Օգոստոսի 12-ին, ժամը 14.20-ին, անհայտ ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել է «Յամահա» մակնիշի մոտոցիկլետի: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Daily Archives: August 13, 2014
«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի
Ծաղկաձորից Թեղենիս սարը բարձրացող ճանապարհին կվադրոցիկլից 20-ամյա երիտասարդ է ընկել
Ջուլիան Ասանժի հետ ճաշը` աճուրդով
WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ճաշելու հնարավորությունը` աճուրդով է վաճառվելու:
Charitybuzz առևտրային կազմակերպության տվյալներով (բարեգործական աճուրդներ է կազմակերպում հայտնի մարդկանց հետ), Ասանժի հետ ճաշելու հնարավորության նախնական գինը 50 հազար դոլար է:
Հաղթողը ոչ միայն կարող է Ասանժի հետ ճաշել Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, այլև բջջային հեռախոսի ու նոթբուքի ինֆորմացիոն անվտանգության որոշ գաղտնիքներ իմանալ և համաշխարհային քաղաքականության ու անվտանգության վերաբերյալ հարցեր քննարկել:
WikiLeaks-ի շուրջ սկանդալը բորբոքվեց 2010-ի աշնանը: Մեծ Բրիտանիայի դատարանը որոշեց Ասանժին արտահանձնել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործության մեջ: Սակայն, տղամարդը ապաստան ստացավ Էկվադորի դեսպանատանը: Իսկ ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմանդիրին կարող է անգամ մահապատիժ սպառնալ:
Հանրապետությունում լայն թափով շարունակվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:
”Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք, դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ: Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը”,- գրում է Հովհաննիսյանը:
Կանադան Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ կուղարկի Աֆրիկա
Կանադան Աֆրիկա կուղարկի մինչև 1000 չափաբաժին փորձարարական պատվաստանյութ Էբոլայի տենդի դեմ: Դեղամիջոցը կփոխանցվի ԱՀԿ-ին, հաղորդում է Associated Press-ն` վկայակոչելով Կանադայի առողջապահության նախարար Ռոն Ամբրոզին:
Պատվաստանյութը մշակվել է Միկրոբիոլոգիայի ազգային պետական լաբորատորիայում: Ընդ որում, Ամբրոզը ընդգծել է, որ Կանադայի իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել համաճարակի դեմ պայքարի համար` ներառյալ ֆինանսական միջոցների ու բուժանձնակազմի տրամադրումը:
Այսօր արդեն 3 տեսակ դեղամիջոցներ են հետազոտվում, որոնք կարող են օգնել այդ հիվանդության դեմ պայքարին, որն առայժմ անբուժելի է համարվում: Այսօրվա դրությամբ Էբոլայի տենդից մահացել է 1013 մարդ:
Չիլիում թալանչիները 11 մլն դոլար են խլել ինկասատորներից
Չիլիում ինկասատորական ավտոմեքենայի վրա հարձակվելով, թալանչիները գրեթե 11 մլն դոլար են խլել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` տեղի ԶԼՄ-ներին հղում անելով:
Սանտյագոյի օդանավակայանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր գողություններից մեկը: Հանցագործները զենքով ներխուժել են տերմինալի հսկվող տարածք այն ժամանակ, երբ ինկասատորները գումարն էին բեռնում ինքնաթիռ մեջ:
Հետապնդումից խուսափելու համար, գողերը ամբողջ ճանապարհի վրա մեխ են շաղ տվել:
Ինկասատոների ավտոմեքենան հսկում էր մասնավոր մի ֆիրմա: Օդանավակայանի կանոնների համաձայն, պահակները տերմինալի տարածքում առանց զենքի էին: Իսկ թալանչիները զինված էին ու փաստաթուղթ էլ ունեին, որի օգնությամբ անցել էին բեռների գոտի: Չիլիի ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյալիլոն հայտարարել է, որ “խոսքը կազմակերպված ավազակային հարձակման մասին է”:
Ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում ու փորձում պարզել հանգամանքներն ու թալանչիների ինքնությունը:
Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։
Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում ակտիվ երիտասարդների ու երիտասարդական խմբերի նախաձեռնությունների բացահայտմանն ու աջակցմանը։
Համաժողովը նպատակ ունի ինտեգրել ակտիվ երիտասարդներին արդի խնդիրների լուծման գործընթացին։
Միջազգային երիտասարդական համաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Խաչիկ Զաքարյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն՝ քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքականություն, կրթություն և դաստիարակություն, ինֆորմացիոն համակարգեր, տնտեսություն և ձեռներեցություն, զբոսաշրջություն, արվեստ և մշակույթ, որոնց շուրջ անցկացվում են քննարկումներ։ Մեր պատվիրակության անդամները քննարկումների ընթացքում ներկայացնում են նշված ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու ձեռքբերումները։
Օգոստոսի 12-ին «Մաշուկ-2014» համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա մասնակցել է թեմատիկ քննարկումներին և պատասխանել երիտասարդների հարցերին։
Դանիայում 12 մարդ է մահացել նրբերշիկից թունավորումից
Երշիկեղենը պատրաստված է եղել Կոպենհագենի մոտ գտնվող մսի կոմբինատում, վարակված մսից: Արդյունաբերության ազգային ինստիտուտում հաղորդել են, որ արտադրանքի մեջ վտանգավոր մանրէներ` լիստերիաներ են հայտնաբերվել: Արտադրությունը փակել են ու ամբողջ արտադրանքը առգրավել: Բժիշկների խոսքով, հիվանդությունը մահացու վտանգավոր է հատկապես երեխաների ու տարեցների համար:
“Դա շատ վտանգավոր հիվանդություն է: Վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր վարակված հիվադ մահանում է : Ու որքան տարեց է հիվանդը, այնքան ռիսկը մեծ է”,-հայտնել է Դանիայի արդյունաբերության ազգային ինստիտուտի ավագ խորհրդատու Անդերսենը:
Ռոբին Ուիլյամսի երեխաները ժառանգությունը մաս-մաս կստանան
Կարգադրության համաձայն,նախօրեին ինքնասպանություն գործած դերասանի զավակները ժառանգությունը կստանան մաս-մաս, հաղրոդում է TMZ–ն:
22- ամյա Կոդին, 25-ամյա Զելդան ու 31-ամյա Զաքարիան 2009-ին Ուիլյամսի բացած հաշվից գումար կստանան որոշակի տարիքի հասնելուց հետո: Գումարի երրորդ մասը փոխանցվել է 3-ին` 21 տարին լրանալուց հետո, ժառանգները մնացած գումարի կեսը կստանան 25-ը լրանալուց հետո, իսկ ամբողջ ծավալով այն կվճարվի 30 տարին լրանալու ժամանակ:
Ենթադրվում է, որ նման կերպ Ուիլամսը ցանկացել է պաշտպանել զավակներին ամբողջ գումարը միանգամից ծախսելու գայթակղությունից:
Նշվում է նաև, որ Ուիլյասն ուրիշ հաշիվներ էլ է ունեցել, որոնց ժառանգման իրավունքը պատկանում է իր այրուն` Սյուզան Շնայդերին:
Ռոբին Ուիլամսը ինքնասպանություն է գործել օգոստոսի 12-ին, վաղ առավոտյան, իր տանը:
Դատական փորձագիտական քննությունը հաստատել է ինքնասպանության փաստը:
Էկվադորում 5,1 մագնիտուդով երկրաշարժից 18 մարդ է տուժել
Օգոստոսի 12-ի Էկվադորում երկրաշարժ է եղել, զոհվել է առնվազն 5 մարդ: ԶԼՄ-ները հայտնում են 18 տուժածների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կիտոյի քաղաքապետը հայտնել է մեկ զոհված երեխայի մասին:
Երկրաշարի էպիկենտրոնը գտնվում է Կիտո քաղաքից 2 կմ հեռավորության, օջախը` 5-7 կմ խորության վրա: Առաջին ցնցման մագնիտուդը 5,1 է կազմել, կես ժամից հետևել է երկրորդ ցնցումը` 4,1 մագնիտուդով: Երկրի նախագահ Ռաֆայել Կորեան ցավակցություն է հայտնել երկրաշարժի զոհերի հարազատներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ
1896 թ. ամառային մի օր Թեոդոսիայի բնակիչները մի զվարճալի տեսարանի ականատես եղան: Արդեն անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին քայլում է քաղաքի փողոցներով, նրա կողքին ծովանկարչի շունն է, որի վզին մեդալներ են կախված: Լուռ, շրջապատի մարդկանց հարցապնդումներին անհաղորդ` ծովանկարիչը շան հետ ծովափ իջավ, նավակ նստեց ու թիավարեց դեպի ծովը, ապա շան վզից արձակեց կապած մեդալներն ու շպրտելով` հետ վերադարձավ…
Մեծ ծովանկարիչը ծովի խորքերը նետեց թուրքական սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի պարգևները, որ ստացել էր նրանից թուրքական պալատների նկարազարդումների և Բարձր դռան պատվերով արված կտավների համար: Մեծ հայորդին այդպես իր բողոքն ու դժգոհությունն արտահայտեց Արևմտյան Հայաստանում սկսված զանգվածային կոտորածների դեմ:
Երբ տակավին պատանի Հովհաննես Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա ընդունակությունները, փորձում է նրան՝ ասելով.
– Ուսումնարանի առաջին հարկում ջրավազան կա, գնա և այնտեղից դույլով ջուր բեր:
Պատանին գնում է, տեսնում, որ ջրավազանն իրականում պատի վրա արված նկար է: Նա նկարի վրա ավելացնում է ջրի մեջ խեղդվող շուն, առանց ջրի գնում տնօրենի մոտ և արդարանալով ասում. «Ավազանի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:
Տնօրենը գնում տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շունն ու նրան ընդունում է իր մոտ սովորելու:
Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսական կայսերական ակադեմիայի անդամ, Ամստերդամի, Շտուտգարտի, Ֆլորենցիայի, Հռոմի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի բարձրագույն` Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվզովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 29-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում:
Տեղի ծխական քահանայի ծխամատյանում գրանցված է որպես Օաննես Այվազյան: Հետագայում` մինչև 1843 թ., իր կտավները մեծ ծովանկարիչը այդպես էլ ստորագրում էր` հայերեն:
Հովհաննես Այվազովսկին դեռ երիտասարդ ժամանակ նվաճեց ծովանկարչության առաջամարտիկի դիրքը ու մինչ օրս պահպանեց այն: Աշխարհում ոչ ոք չկարողացավ այլևս ծովանկարչության ասպարեզում ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կարողանային չափվել հայորդու ստեղծածի հետ: Նա արտակարգ տեսողական հիշողություն ուներ և տարբեր երկրներում տեսածը ամիսներ անց կարողանում էր արագ վերարտադրել իր կտավներում:
Նրա հայրը Մոլդովայից Ղրիմ գաղթած Գեորգի Այվազն էր, ով հետագայում անհայտ պատճառով փոխեց իր անունը` Կոստանդին:
Մանկությունն ու պատանեկությունն անցան հայրենի քաղաքում, որտեղ Հովհաննեսը հաճախեց տեղի հայկական ծխական դպրոց:
Հովհաննեսը սիրում էր նկարել ու հաճախ էր ածուխի կտորներով «մրոտում» քաղաքի պատերը, զանազան շինություններ:
Տեսնելով որդու հակումը` հայրը նրան ուսման տվեց Սիմֆերոպոլի գիմնազիայում, ուր սովորեց 1830-1833 թթ.: Այստեղ նա նվաճեց առաջին պարգևը. իր «Անդորր» կտավի համար արժանացավ գիմնազիայի առաջին կարգի ոսկե մեդալի: Հետագայում` 1837 թ. Այվազովսկին ոսկե մեդալով ավարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան:
Այնուհետև ,Այվազովսկին շրջագայեց Եվրոպայում` կատարելագործելով իր արվեստը: Նա եղավ Եվրոպայի մշակութային կենտրոններում` Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, մասնակցեց բազում ցուցահանդեսների, ինչը ճանաչում բերեց ծովանկարչին:
Չորս տարի անց` 1844 թ. վերադառնալով Ռուսաստան` նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: Չնայած նոր նշանակմանը` նա չհաստատվեց մայրաքաղաքում, այլ մշտական բնակության մեկնեց հայրենի քաղաք` Թեոդոսիա: Այվազովսկին չէր պատկերացնում կյանքն առանց ծովի:
Ղրիմի պատերազմի ծանր օրերին նա գործուն աջակցություն ցույց տվեց Սևաստոպոլի պաշտպաններին: Անգամ պատերազմի թոհուբոհը չխանգարեց, որ նա քաղաքում ցուցահանդես բացի, ոգևորի պաշարված քաղաքի բնակիչներին:
Պատերազմից հետո նա մեկնեց երկարատև ճամփորդության. եղավ Եվրոպայում, ամերիկյան մայրցամաքում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքի երկրներում, Կովկասում, Հայաստանում:
Հենց նրա ջանքերով 1869 թ. Թիֆլիսում բացվեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրության դրեց իր կովկասյան բնանկարները և հայ իրականությանն առնչվող կտավները:
Հովհաննես Այվազովսկին նյութապես ապահովված մարդ էր և միշտ իր միջոցներից բաժին էր հանում կարիքավորներին: Նա նաև նյութական աջակցություն ցույց տվեց Ղրիմի հայ փախստականներին: Առհասարակ, Հայկական հարցը նրա ուշադրության կենտրոնում էր, և շուտով ծնվեցին «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին», «Հայերի ջարդը Տրապիզոնում» ու այլ կտավներ: Նա հայկական թեմաներով ստեղծել է նաև «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Արարատ լեռան հովիտը», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում», «Սևանա լիճը», «Բայրոնի այցը սուրբ Ղազար կղզի», «Ադանայի ջարդը», «Վարդան զորավար», այլ կտավներ, որոնցում պատկերված են թիֆլիսյան բնանկարներ, հայության կենցաղը…
Հայաստանի ազատագրության և լուսավորության համար պայքարող հայկական կազմակերպություններն էլ անմասն չեն մնացել Հովհաննես Այվազովսկու նյութական աջակցությունից: Նրա նյութական աջակցությունից զուրկ չմնացին նաև ազատության համար պայքարող հույներն ու իտալացիները:Նա հայրենի քաղաքում հնագիտական թանգարան և գեղարվեստի դպրոց բացեց, համերգային դահլիճ, պատկերասրահ:
Այվազովսկու տարերքը ծովն էր: Նա իր կտավներում պատկերել է ծովն իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ` տարբեր եղանակների, տարբեր ժամերի, փոթորկի պահին, խաղաղ ծփալիս…
Իր բեղուն կյանքի ընթացքում Այվազովսկին ստեղծեց շուրջ 6000 կտավ: Նրա գլուխգործոցն է «Իններորդ ալիքը», որ վրձնեց 1850 թ.: Պակաս արժեքավոր չեն նաև «Փոթորիկ Նիցայի ափին» կտավը (1885 թ.), «Սև ծովը» (1881):
Առհասարակ Այվազովսկին աշխարհի ամենահարուստ ժառանգություն թողած նկարիչներից է: Նրա որոշ կտավներ վաճառվել են մինչև 2 մլն ԱՄՆ դոլարով և ավելի արժողությամբ: Վերջին աշխատանքը խորհրդանշական էր` «Թուրքական նավի պայթյունը»:
Նա մահացավ 1900 թ. մայիսի 5-ին և զինվորական պատիվներով թաղվեց Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Շիրիմին հայերեն արձանագրված է քերթողահայր Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունից. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող» տողը:
Նրա մահից հետո Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անվանական թոշակ սահմանեց Հովհաննես Այվազովսկու անունով:
Թուրքական խմբերը ֆինանսավորել են կոնգրեսականների խնդրահարույց շրջագայությունը Ադրբեջանում
Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:
Նորագույն բացահայտումը հրապարակվել է «Հյուստոնյան խրոնիկայի» (Houston Chronicle) կողմից հուլիսի 27-ին` «Կոնգրեսականների շրջագայությունը ահազանգ է հնչեցնում» խորագրով: Հոդվածը բացահայտել է, որ թուրքական շահույթ չհետապնդող հինգ խմբեր ծախսել են 274 459 դոլար` Կոնգրեսի տասը անդամների և 35 աշխատակիցների ճոխ ճամփորդության վրա 2013 թվականի մայիսին: Այդ դրամական միջոցները նվիրաբերել էին.
– Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը (Հյուստոն) – 101 680 դոլար.
– Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական միությունը (Չիկագո) – 68 324 դոլար.
– Ամերիկայի թուրքական դաշինքը (Վաշինգտոն) – 52 975 դոլար.
– Ամերիկայի հարավ-արևելյան հատվածի թուրքական միությունը (Ատլանտա) – 26 550 դոլար.
– Թուրք-ամերիկյան ընկերակցությունների խորհուրդը (Նյու Յորք) – 24 930 դոլար:
Ահա այն տասը կոնգրեսականները, որոնց դեպի Բաքու ճամփորդության բոլոր ծախսերն ամբողջովին վճարվել էին.
– Դենի Դևիս – 24 084 դոլար.
– Ռուբեն Հինոջոզա – 19 962 դոլար.
– Ջիմ Բրայդենշտին – 14 173 դոլար.
– Թեդ Պո – 13 431 դոլար.
– Սթիվ Սթոքման – 13 431 դոլար.
– Միշել Լուhան Գրիշեմ – 12 780 դոլար.
– Շիլա Ջեկսոն Լի – 12 034 դոլար.
– Լենարդ Լանս – 9 798 դոլար.
– Իվետ Քլարկ – 8 701 դոլար.
– Գրեգորի Միքս – 6 431 դոլար:
Կոնգրեսականների ուղևորության իրական նպատակը մի համաժողովի մասնակցելն էր, որը մասամբ ֆինանսավորվել էր SOCAR-ի (Ադրբեջանի ազգային նավթային ընկերություն) կողմից, և որն իր գործընկերներից մեկի՝ NIOC-ի (Իրանի ազգային նավթային ընկերություն) հետ միասին ձեռնարկել էր 28 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր՝ «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործելու համար: Պատահական չէր, որ շրջագայությունը կազմակերպվել էր հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ադրբեջանցիներին և նրանց իրանցի գործընկերներին խիստ անհրաժեշտ էր Կոնգրեսից ստանալ արտոնություն՝ այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար: Զարմանալի չէ, որ կոնգրեսական պատվիրակության շքեղ ճամփորդությունից վերադառնալուց հետո, դեռ երկու ամիս չանցած, Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այդ ցանկալի արտոնությանը…
«Հյուստոնյան խրոնիկան» օրինագծի շուտափույթ հաստատումը սովորաբար դանդաղաշարժ Կոնգրեսի կողմից բացատրում է նրանով, որ «SOCAR-ը, ադրբեջանական այլ պետական միավորների հետ մեկտեղ դարձել է Վաշինգտոնի խոշորագույն փող ծախսողներից մեկը՝ ամերիկյան գործընկերներ ապահովելով իր նավթամթերքները համաշխարհային շուկաներ հանելու համար… Լոբբիստները, Ադրբեջանի կառավարությունը և էներգետիկ ընկերությունները, բոլորը մասնակցել էին Բաքվի հավաքույթին» Հեյդար Ալիևի շքեղ կենտրոնում, որտեղ գլխավոր բանախոսը նախագահ Իլհամ Ալիևն էր: «Առնվազն չորս կոնգրեսականների ընկերակցել էին իրենց կանայք կամ նշանածները: Ոմանք օգտվել էին առաջին կարգի թռիչքներից և իրենց ուղևորությունը երկարաձգել՝ մնալով Թուրքիայի շքեղ հյուրանոցներում: Միայն կոնգրեսականների ճամփորդական ծախսերը կազմել էին 270 հազար դոլար»:
Հետաքրքրական է, որ այցելության գլխավոր կազմակերպիչը՝ Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը, «չի բացահայտել որևէ առևտրական ընկերության աջակցություն կամ օտարերկրյա կառավարության օգնություն դեպի Բաքու կոնգրեսականների կատարած ուղևորությունների համար», ինչպես պահանջվում է դաշնային օրենքով, հաղորդում է «Խրոնիկան»: Թուրքական շահույթ չհետապնդող հինգ կազմակերպությունները և տասը կոնգրեսականները հնարավոր է խախտել են Կոնգրեսի էթիկայի կանոնները և դաշնային օրենքը՝ չբացահայտելով առևտրական նվիրատվությունները ուղևորության համար, հայտարարում է «Խրոնիկան»:
Արձանագրությունները ցույց են տալիս, որ կոնգրեսական Միքսը «չի բացահայտել Բաքու կատարած իր ճամփորդության ծախսերը վերջնաժամկետից մեկ տարի անց», պարզել է «Խրոնիկան»: Ավելին, կոնգրեսական Սթոքմանը լրացուցիչ ստացել է 5 հազար դոլար քարոզչական նպատակներով երեք վճարումներով, նույն ամսվա ուղևորության ընթացում, Թուրքական խորհրդի նախագահ Քեմալ Օքսուզից, որը ղեկավարում է շահույթ չհետապնդող երկու խմբեր, ընդ որում դրանք Հյուստոնում գրանցված են միևնույն հասցեում: «Երկու խմբերն էլ ճանաչվել են որպես Բաքվի համաժողովի հովանավորներ կամ կազմակերպիչներ և երկուսն էլ գումար են վերցրել SOCAR-ից: Մի խումբը՝ Ադրբեջանի բարեկամների ասամբլեան, գործում է որպես SOCAR-ի ամերիկյան հանրային կապերի թև»՝ ըստ «Խրոնիկայի» տեղեկությունների:
Օքսուզը Բաքվում հայտնել է մի ամերիկացի լրագրողի, որ նավթային համաժողովի ծախսը կազմել է 1.5 մլն դոլար: Նա նաև ասել է, որ հյուրերը որպես նվեր ստացել են ձեռագործ գորգեր, որը խախտում կհամարվի, եթե դրանց մասին չհայտնեն ԱՄՆ համապատասխան մարմիններին:
«Խրոնիկան» պարզել է, որ «այդ ոչ առևտրային խմբերից շատերը ղեկավարվում են թուրք նախկին իմամ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների կողմից, որն ապրում է Փենսիլվանիայում… Ընդհանուր առմամբ, թուրքական խմբերը կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի համար 2009-2013 թվականներին ֆինանսավորել են 272 արտասահմանյան ուղևորություններ» դեպի Ադրբեջան և Թուրքիա:
«Հյուստոնյան խրոնիկան», ի լրումն իր մերկացնող հետաքննական հոդվածի, նաև հրապարակել է խիստ քննադատական մի խմբագրական՝ հանդիմանելով տասը կոնգրեսականներին` «ահավոր միամիտ կամ նողկալի կաշառակեր լինելու» համար, և «մի քանի գրպանած նվիրատվությունների» դիմաց ծառայելու համար Ադրբեջանի շահերին՝ «մի կոռումպացված ավազակապետության, ուր իշխում է Ալիևների ընտանիքը, որ ապօրինի գումարներ է կուտակում՝ խեղդելով քաղաքական այլախոհությունը»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Օրացույցի այս օրը
Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է 1992-ի օգոստոսի 13-ին` Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ, որը ստեղծվել է 1990-ին: Այդ օրը ողջ աշխարհի ձախլիկները ձգտում են ապրանքարտադրողների ուշադրությունը հրավիրել իրենց կողմն ու կոչ են անում հաշվի առնել նաև իրենց հարմարությունները:
Վիճակագրության համաձայն, մոլորակի բնակչության 10%-ը ձախլիկ է, ու դեռ շատ երկրներում են փորձում ձախլիկներին ստիպել աջով աշխատել:
Համենայն դեպս, հոգեբանները կարծում են, որ ձախլիկները ուժեղ բնավորություն ունեն ու ստեղծագործելու հզոր ներուժ:
Ձախլիկ հայտնիները. Մարկ Տվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Ռախմանինով, Հուլիոս Կեսար, Ալեքսանդր Մաkեդոնացի, Նապոլեոն, Չերչիլ, Ժաննա Դ’Արկ:
Որոշ գիտնականներ կարծում են, որ ՌԴ նախագահ Պուտինը թաքնված ձախլիկ է:



