Ի՞նչ կաներ Փարաջանովը

փարաջանովՄարտի 22-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմի պրեմիերան, դրանից մի օր առաջ` մարտի 21-ին, ՀՀ նախագահը պետական մրցանակ հանձնեց ֆիլմը ստեղծողներին: Բայց այս իրադարձությունը ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական իրարանցում առաջացրեց:
Անողոք ու քմահաճ տիկին է այդ ճակատագիր կոչվածը, որ պարզվում է` մարդուն կարող է հետապնդել անգամ նրա մահից երկար տարիներ հետո էլ: Սերգեյ Փարաջանովը հալածվեց խորհրդային իշխանությունների կողմից, քանիցս բանտ նետվեց այն պատճառով, որ ուզում էր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում, ոչ այնպես, ինչպես կոմունիստական կուսակցությունն էր թելադրում, այն պատճառով, որ չէր վարանում ու վախենում ասել այն, ինչ մտածում էր: Ահա նրա մահից այսքան տարի անց նրան նվիրված կենսագրական ֆիլմն էլ կրկին քաղաքական բախումների առարկա դարձավ:
Բանն այն է, որ ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունից երկու օր առաջ ֆիլմի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան մամուլում հրապարակավ հրաժարվեց Հայաստանի պետական մրցանակը ստանալուց: Ուկրաինական «Կոմենտարի»-ին գրեց, որ «Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան չի ներկայանա Հայաստանի պետական մրցանակի շնորհման արարողությանը, որը տրվել է Փարաջանովի մասին գեղարվեստական կինոնկարի համար: Ֆետիսովայի խոսքով` բոյկոտի պատճառը Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումն է:
«Քանի որ դուք արտահայտվել եք Ղրիմում անցկացված հանրաքվեի օգտին` անվանելով այն «ժողովուրդների` ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», բայց որը իմ`որպես Ուկրաինայի քաղաքացու տեսանկյունից միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների խախտում է, նաև Ուկրաինայի քաղաքացիների և համայն մարդկության խաղաղությանն ու հանգստությանը սպառնացող վտանգ է պարունակում, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում իմ մասնակցությունը ֆիլմի ստեղծողների պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին, Երևանում: Իսկ պարգևի ինձ հասանելիք մասը խնդրում եմ փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար,- ասված է Ֆետիսովայի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:- Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»- եզրափակել է նա:
Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել ու չհարգել յուրաքանչյուր մարդու սեփական քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումն ունենալու և ազատորեն արտահայտելու իրավունքը: Եվ բոլորս կհասկանայինք ուկրաինացի ռեժիսորին, եթե նա իր հրաժարումը մրցանակից արտահայտեր մեր դիրքորոշումը հարգելով, քաջ իմանալով, որ իր նման հազար ռեժիսոր էլ լինի, հազար Ուկրաինա էլ լինի, հայերս` ունենալով Արցախի խնդիրը, միշտ էլ պաշտպանել ու պաշտպանելու ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ինչպես ասում են` ասելուն ձև կա, ինչո՞ւ այսպես վիրավորելով, ինչո՞ւ այսքան անհարգալից: Իր կամքն է պարգևից հրաժարվելը, բայց ինչո՞ւ է թելադրում, թե այդ դրամը ինչ անենք` «փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար»: Ո՞ր հայ որբերի, որոնց ծնողները նահատա՞կ եղան իրենց հայրենի տան շեմին, որոնց ծնողները զոհվեցի՞ն ազատագրական մարտերում, թշնամուն դիմակայելիս: Եվ առնվազն բարոյական չէ խոսել Փարաջանովի անունից, որը կենդանի չէ և այսօր չի կարող ո՛չ առարկել, ո՛չ հաստատել այն, ինչ ասվում է իր փոխարեն:
Ահավասիկ հասարակության մեջ նախօրոք կանխակալ կարծիք առաջացավ կինոնկարի նկատմամբ, մտածում էիր` եթե կինոնկարի ուկրաինուհի հեղինակն այսքան անհանդուժող է ուրիշի` սեփական ճակատագիրը տնօրինելու կամքի հարցում, ապա ի՞նչ պիտի նկարահանած լինի մի մարդու մասին, որն իր կյանքում չափազանց թանկ վճարեց իր ազատության, իր կամքն արտահայտելու համարձակության համար:
Այսպես թե այնպես հասարակությունը սպասում էր իշխանությունների արձագանքին: Ակնկալվում էր, որ տիկին ռեժիսորի հայտարարությունը կընդունեն որպես ի գիտություն և առաջ կացնեն: Բայց ոչ, հետևեցին տարօրինակ ռևերանսներ:
Հանրապետության նախագահը մրցանակները հանձնելիս հայտարարեց, որ առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով հանրապետության նախագահի հիմնադրամից»,- ասաց նա:
Պարզվեց, որ նույն անձնավորությունը մի օրվա տարբերությամբ անհարգալից բաց նամակ է հղում ՀՀ նախագին, ապա շատ հարգալից փակ նամակ: Ինչո՞ւ ուրեմն չհրապարակվեց այդ հարգալից նամակը, որ տեսնեինք ու տարակուսանքները փարատվեին: Եվ արժե՞ր արդյոք երկար-բարակ հիշեցնել տիկին Ֆետիսովային հայ և ուկրաինական ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Իսկ եթե այդ բարեկամության դարավոր պատմությունը չլիներ, կարելի՞ էր անհարգալից լինել: Ամեն դեպքում կարելի է հասկանալ նախագահի` այս միջադեպը դիվանագիտորեն հարթելու ցանկությունը: «Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ ես խնդրում եմ գործընկերներին մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարց է ծագում` ո՞վ է «Փարաջանով» ֆիլմի այս կադրի մտահղացողը, Ելենա Ֆետիսովա՞ն, թե՞ համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Սերգեյ Փարաջանովը` նստած Բրեժնևի ուսերին, երբեմնի խորհրդային շքերթների ժամանակ, երբ միշտ թմբակահարվում էր ժողովուրդների համերաշխությունը: Ամենայն հավանականությամբ ոչ Ֆետիսովան: Այլապես կհասկանար, որ քաղաքական գործիչները գալիս գնում են, քաղաքական իրադրությունները փոխվում են, ու հանդուրժենք թե ոչ, միևնույն է, պատմության ուսերին նստած են արվեստագետները, նրանք են, որ մնում են հավերժության մեջ…
Այնպես որ մնում է ևս մեկ անգամ հարց տալ, հռետորական հարց` ի՞նչ կաներ այս իրավիճակում Փարաջանովը: Ամեն ոք ազատ է իր մտքի չափով պատասխանելու այս հարցին: Եվ մնում է գոհանալ, որ գոնե այս անգամ Փարաջանովը խուսափեց քաղաքական խաղերի զոհը դառնալուց, քանի որ ուկրաինական դեպքերը սկսվեցին ավելի ուշ, քան կավարտվեր ֆիլմը: Ինքը` Սերժ Ավետիքյանն էլ մամլո ասուլիսի ժամանակ դժվարացավ ասել, թե այդ դեպքում ինչ կլիներ ֆիլմի ճակատագիրը:

 

Հյուսիսարևելյան դարպասի ամրությունն ապահովված է նաև մշակութային հզոր զենքով

որմնանկար 1Մինչև 2013-ի սեպտեմբերը Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի «Հայաստան» որմնակարն անհայտ էր: Եթե լրագրող Անահիտ Կորյունը մի օր գյումրեցի նկարչին չհարցներ՝ վարպետ, բա որմնանկար չունե՞ք, հնարավոր է, որ «Հայաստանն» այդպես էլ չբացահայտվեր:
Վարպետի մահից հետո նկարիչ Խաչիկ Հարությունյանը տեղեկանալով, որ Անահիտ Կորյունը զբաղվում է Արծրունյանի արվեստի ուսումնասիրությամբ, զանգահարում է և ասում, որ վարպետի հետ որմնանկար են ստեղծել: Իսկ Էդուարդ Արծրունյանը կարծել է, թե շենքը, որտեղ իր «Հայաստանն» էր, քանդվել է: Անահիտն ամիջապես ուղևորվել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ: Զորանոցը գտնվում է գյուղից վերև՝ բարձունքին: Խորհրդային տարիներին այն եղել է «Տյումենգազի» հանգստյան տունը, իսկ 1992-ից առայսօր համալիրն ամբողջությամբ պաշտպանության նախարարության ենթակայության տակ է:
Պատը, որի վրա Արծրունյանը վրձնել է որմնանկարը, տարիներ ի վեր ծառայել է կինոցուցադրության համար, կինոէկրանի պաստառը քողարկել է «Հայաստանն» ու թաքուն պահել բոլորի աչքից: Գետահովտի զորամասի փոխգնդապետ Գարիկ Առաքելյանը զարմացած է. արվեստի այս գործը, նրա խոսքով, ոչ թե զորամասի, այլ ամբողջ տարածաշրջանի ու հայրենիքի հարստությունն է: «Ես սա համեմատում եմ «Դեն պոբեդի» երգի հետ, ոնց որ այդ հիթն է պատերազմի 5-6 տարիներն ամփոփում, այնպես էլ այս որմնանկարը Հայաստանի պատմության նկարագրությունն է: Այստեղ Կոմիտասն է, Մաշտոցը, Չարենցը, 1915 թվականի դեպքերը, չգիտեմ… Սա հզոր գործ է, ում էլ պատկանի սա, պետք է սրբությամբ պահպանի»,- ասում է նա:
Անահիտ Կորյունի խոսքով` որմնանկարը Էդուարդ Արծրունյանի արվեստի խտացումն է, գլուխգործոցը: «Հայաստանն» ընդգրկում է ազգային ամբողջ սիմվոլիզմը՝ դրանով կերտելով մեր երկրի մանրակերտը` հազարամյակների տարեգրությամբ: «Վարպետի որմնանկարը, կարծում եմ, այս գյուղի բրենդն է, զբոսաշրջային այցեքարտը: Հայաստանի արծրունյանական մեկնաբանությունն ուղղակի ապշեցնող է, նայում ես ու աչքիդ առաջ հառնում է հազարամյակներին դիմակայած մեր պետության ողջ ընթացքը»,- նշում է Անահիտը:
որմնանկար2Մարտի 14-ին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը որմնանկարին տվել է հուշարձանի կարգավիճակ: Իսկ դա նշանակում է, որ այս գործը պահպանվելու է պետության կողմից: Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, թե նախկին առողջարանային այս համալիրը սեփականատեր ունի: Նշվում է, թե տարածքը պատկանում է ԲՀԿ ղեկավարին: Նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, սակայն, ասաց, որ Գագիկ Ծառուկյանը Գետահովտի զորամասի այդ տարածքի հետ որևէ առնչություն չունի:
«Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի խոսքով` եթե անգամ շենքը մասնավոր սեփականություն է, ըստ կարգի, համազգային մշակութային այդ ժառանգությունը չէր կարող չընդգրկվել հուշարձանների ցանկում: Այդպես է նաև Իտալիայում: Հակոբ Սիմոնյանը Վենետիկի, Ֆլորենցիայի, Հռոմի օրինակն է բերում: Վաճառքը մեծ խնդիր չէ, միայն թե սեփականատերը պետք է պարտավորվի չաղճատել, չքանդել, չփչացնել հուշարձանը: «Այդ պարտավորություններն ամրագրված են օրենքով, կառավարության որոշմամբ և կնքվող պայմանագրով: Սեփականատերը հուշարձանի պատշաճ պահպանության համար կարող է ակնկալել պետական աջակցություն, բայց չի կարող այնպիսի գործունեություն ծավալել, որը կվտանգի մշակութային արժեքի ֆիզիկական ու բարոյական վիճակը, չի կարող քանդել, վնասել այն»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Հարցը գրեթե լուծված է, որմնանկարին տրվել է հուշարձանի կարգավիճակ: Հանձնաժողովի խորհուրդը ստեղծել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են հեղինակավոր նկարիչներ, նաև` Էդուարդ Արծրունյանի որդին: Խմբի անդամներն առաջիկայում կմեկնեն Գետահովիտ` ևս մեկ անգամ ուսումնասիրելու «Հայաստան» որմնանկարը, նաև պարզելու` վարպետը, բացի «Հայաստանից», այլ որմնանկար ունի՞, թե՞ ոչ: Ավելի վաղ մշակույթի նախարարությունը Գետահովիտ էր գործուղել որմնանկարի մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանին: «Եկանք այն եզրակացության, որ որմնանկարը պետք է դասվի XX դարի լավագույն որմնանկարների շարքը: Բավականին արժեքավոր որմնանկար է, ես ծանոթ եմ Արծրունյանի արվեստին, սա նրա ստեղծագործության բարձրակետն է: Շատ մեծ սեր կա այնտեղ: Մենք կազմել ենք որմնանկարի` որպես մշակութային ժառանգության անձնագիրը, և ես վստահ էի, որ այն կընդգրկվի մշակութային արժեքների ցանկում»,- ասում է Արժանիկ Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքով` կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո պետք է զբաղվել որմնանկարի ամրացման ու վերականգնման հարցերով, քանի որ պատը, որի վրա նկարել է ժողովրդական նկարիչը, նախատեսված չի եղել որմնանկարի համար, հնարավոր է, որ բարակ պատն ուժեղ ցնցումների դեպքում փլվի: Ուստի, մասնագետի կարծիքով, կառուցվածքային խնդրի լուծումն առաջնային է:
Էդուարդ Արծրունյանը «Հայաստան» որմնանկարը ստեղծել է 1989 թ.: Այդ ժամանակաշրջանը նրա համար չափազանց բեղուն էր: Մոսկվայում իր 60-ամյակին նվիրված միջոցառմանն Արծրունյանն արժանացել է արծաթե մեդալի: Ստացել նաև ժողովրդական նկարչի կոչում: Վարպետի համար 2014-ը կրկնակի հոբելյանական է: Կնշվեն նկարչի ծննդյան 85 և որմնանկարի 25-ամյակները: «Հայաստանը» կմնա Գետահովտում, թե կտեղափոխվի այլ վայր պահպանության համար, դեռևս հայտնի չէ: Այն, որ որմնանկարը համազգային մշակութային բացառիկ արժեք է,ինչպես տեսնում ենք, մասնագետներն են հաստատում: զինվորներԷդուարդ Արծրունյանը Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, հետևաբար, ֆիդայիների կերպարները որմնանկարում պատահական չեն: Կերպարներ, որոնք շաղկապված են մեր երկրի պատմությանը և հատկանշում են Հայաստանի տարեգրության որոշակի շրջափուլեր: Որմնանկարի առանցքում են Մեսրոպ Մաշտոցը` հայոց գրերով, Ցեղասպանության հուշահամալիրը, Կոմիտասն ու մեծ երգահանի դրամատիկ հայացքը 1915-ի դեպքերին, խաչքարեր, եկեղեցիներ, վանքեր, հայոց ավանդական պարերը, Չարենցը: Մասնագետների խոսքով` հայ նշանավոր դեմքերի կերպարների արծրունյանական մեկնաբանությունները նոր ու հարուստ ուսումնասիրության նյութ են:
Եթե անգամ հատուկ միջոցառում չկա, զորանոցի զինվորների քայլերն ուղղվում են դահլիճ: Տեսարանը, որ բացվում է զինվորների ու սպաների առջև, ավելի քան պարտավորեցնող է, ներշնչող: Հյուսիսարևելյան դարպասի ամրությունն ապահովված է ոչ միայն սովորական, այլև մշակութային հզոր զենքով….
Մայա Խաչատրյան

«Իմ Շեքսպիրը» մրցույթը` Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին ընդառաջ

birthday024Այս տարի ողջ աշխարհում կազմակերպվում են բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի նվիրված միջոցառումներ: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ևս անմասն չի մնում և կազմակերպում է «Իմ Շեքսպիրը» մրցույթը:

Մայրաքաղաքի և մարզերի 7 դպրոցի (ԱՅԲ դպրոց, Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոց, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց և Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոց) 56 աշակերտներ կմրցեն Շեքսպիրի մասին իրենց գիտելիքներով: Մրցույթի ընթացքում կհնչեն հարցեր Շեքսպիրի կյանքից և ստեղծագործություններից, ինչպես նաև աշակերտները կներկայացնեն Շեքսպիրի պիեսների բեմադրությունները`ժամանակակից մեկնաբանմամբ:

Աշակերտներին կգնահատեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԵՊՀ դասախոս և Օքսֆորդի շրջանավարտ Անի Կոջոյանը և Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Հաղթող թիմի մասնակիցները կստանան eReader-ներ: Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ, իսկ դպրոցների գրադարաններին Բրիտանական խորհուրդը կնվիրի Շեքսպիրի «Համլետ» պիեսի հայերեն թարգմանությունը:

Շեքսպիրի 450-ամյակն ապրիլի 23-ին մեծ շուքով կնշվի Ստրեդֆորդ քաղաքում և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: Անգլիացի մեծագույն դրամատուրգի ծննդյան օրը յուրաքանչյուր տարի նշվում է Շեքսպիրի ծննդավայրում: Առաջին անգամ Ստրետֆորդում Շեքսպիրի ծննդյան օրը նշվել է 1824 թվականին և այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս:

Այս տարի ծննդյան տոնակատարություններին մասնակցելու համար Ստրետֆորդ կժամանեն դերասաններ, արվեստագետներ, շեքսպիրագետներ և դեսպաններ ողջ աշխարհից:

22,5 մլն դրամ`«Միայն սիրո մասին» համերգային ծրագրի համար

պողոսյան-նիստՆախորդ տարի «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է աշխարհի 34 երկրի 920 սփյուռքահայ երիտասարդ:
Այս տարի ևս հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայերին հյուրընկալելուն զուգահեռ նախատեսվում է կազմակերպել «Արի տուն» երիտասարդական ճամբարը:
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը այսօրվա նիստի օրակարգում է, մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներգրավված մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները: 2014թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:
«Քվանտը» ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից է, այլև հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն հանրակրթության ոլորտ են ներդրվել:
Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները` նաև ՄԲ դիպլոմ, որը առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու հիմք է:
Նկատի առնելով այս ամենը և այն, որ «Քվանտի» համար տարածքի հարցը կենսական նշանակություն ունի, կառավարության որոշմամբ վարժարանին են նվիրաբերվել մի շարք շինություններ: «Քվանտն» իր հերթին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որի համաձայն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացնի մոտ 100 մլն դրամի ներդրում:
Կառավարությունը կարևորել է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը: Եվ քանի որ դրա իրականացման ծախսը նախատեսված չի եղել Մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով, համերգի կազմակերպիչ «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ:

Ազգի համար հպարտություն է նման գիտնական ունենալը

գիտաժողովՓետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայր բուհում` Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ), տեղի են ունեցել ծագումով Լեռնային Ղարաբաղից, հանրահայտ ռուս իրավաբան, պետության և իրավունքի տեսության ու պատմության, իրավունքի փիլիսոփայության, իրավաքաղաքական ուսմունքների պատմության ոլորտների խոշորագույն մասնագետ Վլադիկ Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ, դասախոսներ, ուսանողներ և հրավիրվածներ։
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնումն ու կազմակերպումը՝ նշելով, որ դրանք կարևոր են ինչպես համալսարանականների, այնպես էլ ներկա գտնվող հյուրերի համար. ուսանողները կկարողանան իրենց մեջ զարգացնել գիտական ներուժը, ձևավորել գիտական ընթերցմամբ հանդես գալու մշակույթ, իսկ պետական այրերն այստեղ կտեսնեն իրենց ապագա կադրերին, կկարողանան իրենց պատգամներն ու խորհուրդները տալ նրանց, ինչը ևս պետական քաղաքականության մաս է։
Իր խոսքում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանն ասաց, որ Ներսեսյանցին նվիրված գիտական ընթերցումներ անցկացնելու գաղափարն իր մեջ ծնվել է դեռևս մագիստրատուրայում սովորելու տարիներին, երբ խորությամբ սկսել է ուսումնասիրել ակադեմիկոսի աշխատությունները, իսկ ներկայումս դրա անհրաժեշտությունն ավելի է զգացվում, քանզի Ներսեսյանցի մեծության մասին տեղեկատվությունն ու գաղափարները հանրության սեփականությունը դարձնելու հրամայական կա։
Ա. Հարությունյանի խոսքով՝ կազմակերպված միջոցառումն ամենևին էլ չի հավակնում ամբողջովին ու բազմակողմանիորեն բացահայտելու ակադեմիկոսին, որովհետև մեկ միջոցառմամբ դա անհնար է։ «Սա մի համեստ ձեռնարկում է նրա գիտական ժառանգությունն արժևորելու համար»,- ասաց բանախոսը։ Շուրջ 400 գիտական աշխատանք է հեղինակել Ներսեսյանցը, որոնց թվում՝ 16 մենագրություն։ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալերի Զորկինը Ներսեսյանցին համարում է իրավունքի փիլիսոփայության ամենամեծ գիտնականներից մեկը և դասում այնպիսի համաշխարհային նշանակության գիտնականների շարքը, ինչպիսիք են Բորիս Չիչերինը, Ալեքսանդր Գրադովսկին, Նիկոլայ Կորկունովը, Սերգեյ Մուրոմցևը և այլք։
Գիտական ընթերցումների ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր, ԼՂՀ դատավորների միության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք ՀարությունյանՀասմիկ Խաչատրյանը և ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանը:
Իրավունքի թեմայով զեկուցումներ կարդացին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրանտներ Լուսինե Բարխուդարյանը, Անուշ Դանիելյանը և Արմինե Դանիելյանը։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ազատության մասին գիտության տեսաբանի ու մեկնաբանի՝ Վ. Ներսեսյանցի կենդանի ձայնը՝ դիտելով տեսագրությունը, որտեղ նա խոսում է ազատական-իրավաբանական հայեցակարգի մասին։
Գիտական ընթերցումներն ամփոփեց և եզրափակիչ խոսք ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը։ Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ռեկտորատին և միջոցառման նախաձեռնողներին՝ Ա. Ղուլյանը նշեց, որ այն հետաքրքիր նախաձեռնությունների մեկնարկ է։ ԱԺ նախագահի խոսքով՝ միանգամայն տեղին է, որ սկիզբը դրվեց համերկրացի, խորհրդային, ռուսական իրավաբանական գիտության մեջ հայտնի Վ. Ներսեսյանցի գիտական գործունեության ուսումնասիրմամբ, որը ուսանողների համար մեծ ծավալի աշխատանքի ճակատ է բացում։ Զուգահեռներ անցկացնելով անվանի գիտնականի ապրած ժամանակաշրջանի և ներկայի միջև՝ Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց. «Բարեբախտություն է, որ նա մեր հայրենակիցն է, որովհետև միայն նրա կենսագրության առաջին տողերը ստիպելու են մարդկանց համացանցում փնտրել և գտնել Ստեփանակերտը, հասկանալու են, որ Վ. Ներսեսյանցի ազատական արժեքներն ունեցել են շարունակություն, որոնց հիման վրա հռչակվել է դեռևս չճանաչված, բայց մեծ երազանքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ

 

 

 

ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԴՐԱՄԱ «Հոգեվարքը» ֆիլմ է բոլոր արտագաղթածների մասին

hogevarq 1– Այս ֆիլմը նկարահանելու գաղափարն ավելի քան յոթ տարվա պատմություն ունի,-
ասում է ռեժիսոր, «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը, որ հանրությանն առավել հայտնի է իր փաստավավերագրական ֆիլմերով: Մենք հենց վերջերս իմացանք, որ նա այս օրերին խաղարկային կարճամետրաժ «Հոգեվարք» ֆիլմի հետարտադրական աշխատանքներն է կատարում:

«Հոգեվարքը» կամերային դրամա է: Ռեժիսորն ասում է, որ գործողությունը տեղի է ունենում մի սենյակում: Երկխոսությունները ֆիլմում շատ քիչ են: Նրա խոսքով՝ շեշտը դրված է հերոսների դրամատիկական ապրումների վրա, որի զարգացումն էլ հանգեցնում է կուլմինացիային:

Օրդյանն ասում է, որ շատ երկար է մտածել` ովքեր են լինելու ֆիլմի հերոսները: Հատուկ դերընտրություն չի իրականացրել, համոզվել է, որ գլխավոր հերոսի դերը կարող է վստահել միայն ՀՀ ժողովրդական արտիստ, երկարամյա ու փորձառու ռեժիսոր Հրաչյա Աշուղյանին: Իսկ ֆիլմում Աշուղյանի կերտած կերպարի կնոջ դերը, նրա իսկ խորհրդով, Հ. Օրդյանը վստահել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանն ասում է, որ քիչ են պատահում երիտասարդ ռեժիսորներ, որոնց գրեթե բոլոր փաստավավերագրական ֆիլմերը մրցանակ են ստանում արտասահմանյան երկրների փառատոներում:

– Ես շատ ուրախ եմ Հայկի հաջողությունների համար և որախ եմ, որ նրա առաջին գեղարվեստական ֆիլմում ես և իմ շատ մոտ ընկերուհի, մեր մայր թատրոնի դերասանուհի Գրետա Մեջլումյանը միասին հանդես եկանք այս ֆիլմում: Ուրախ եմ նաև, որ մեզ վստահվեց գլխավոր դերերը,- ասում է Հրաչյա Աշուղյանը:- Ֆիլմը, ըստ իս, շատ կարևոր հարցադրումներ ունի այսօրվա մեր կյանքի, սոցիալական վիճակի վերաբերյալ: Շատ երեխաներ, ցավոք, թողնում են մեր երկիրը, մեր հայրենիքը և աշխատանք փնտրելու հեռանկարներով գնում են արտասահման: Մեծ հույսերով են գնում՝ երբեմն լավ, երբեմն վատ: Իհարկե, ոչ ոք երաշխիքներ չունի, որ բոլոր գնացողների գործերը հաջող կլինեն, ոմանք հանդիպում են հաջողության, ոմանք` անհաջողության: Վստահ եմ, որ բոլոր ծնողներն էլ այսօր սպասում են իրենց զավակների վերադարձին:

Հրաչյա Աշուղյանի համար այս ֆիլմը դեբյուտային չենք կարող համարել. նա դեռ խորհրդային տարիներին մի քանի ֆիլմերում հանդես է եկել էպիզոդիկ դերերով:

– Գիտեք, իմ տարիքի մարդու համար դեբյուտային հասկացությունը տարօրինակ է երևի, որովհետև ես նկարվել եմ տարբեր էպիզոդիկ դերերում, ինքս արել եմ շատ բեմադրություններ թե՛ Սունդուկյան թատրոնում, թե՛ հանրապետության շատ թատրոններում, շատ մասսայական միջոցառումներ եմ կազմակերպել, ունեմ բազմաթիվ պարգևներ, կոչումներ:
«Հոգեվարք» ֆիլմի գլխավոր հերոսուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի համոզմամբ՝ ֆիլմի թեմատիկան, գաղափարախոսությունը, ասելիքը մեր օրերում շատ արդիական են, որովհետև մեկ բառով ասած՝ դա մեր կյանքն է:

hogevarq 3– Կարծում եմ՝ ոչ մի ընտանիքից պակաս չէ այս խնդիրը, սա, իրոք, մեծ խնդիր է: Փոխանակ արտագաղթողների թիվը կրճատվի, գնալով ավելանում է,- սրտնեղած ասում է դերասանուհին:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն էլ փաստում է, որ ֆիլմի հերոսները հենց իր համար էին բացահայտում.

– Վստահ եմ՝ հանդիսատեսի համար կրկնակի բացահայտում է լինելու: Ես պատահական չեմ ասում, նրանք պատահական ընտրված հերոսներ չեն: Հրաչյա Աշուղյանն անձնական ցավն ունի. նրա երկու դուստրերը հազարավոր կիլոմետր հեռու են ապրում, և հենց այդ անձնական ցավը կարողացավ Աշուղյանը բերել էկրան, առաջին իսկ տեսարանի ժամանակ դա միանգամից նկատեցի:

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այս տարիների ընթացքում կամաց-կամաց վերամշակել, հղկել է սցենարը, պարբերաբար անդրադարձել, պարբերաբար մոռացել.

– Այս սցենարը սրվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ մեր երկրում արտագաղթողներն ավելի են շատանում: Արտագաղթ ասված չարիքին ականատես եղա` սկսած մեր գյուղից, սկսած իմ հարազատներից, իմ բարեկամներից, իմ լավ ընկերներից, որոնք հերթով լքեցին Հայաստանը սոցիալական, տնտեսական և այլ պատճառներով: Դա էլ իմ բողոքն էր, այս ձևով ցանկացա արտահայտվել:

Ֆիլմի ռեժիսորը նշում է, որ «Հոգեվարք» վերնագիրը երկիմաստ է. մի դեպքում՝ այն անհատի հոգեվարքն է, մյուսում՝ մի ամբողջ ժողովրդինը:

– Արտագաղթն այն երևույթն է, որը երկրին իսկապես հոգեվարքի է հասցնում, մենք սկսում ենք կարծես ցայտնոտի մեջ ընկնել, հոգեբանորեն սկսում ենք չհասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ: Խնդիրն այս դեպքում անհատի վրա կենտրոնանալը չէր: Միջոցը դիպուկ էր. իմ աչքով եմ տեսել՝ որքան ծնողներ, չկարողանալով վերջին րոպեին բռնել իրենց զավակների ձեռքը, հրաժեշտ են տվել կյանքին,- պատմում է Հ. Օրդյանը:

Օրդյանի խոսքով՝ այս ֆիլմը նաև ուղերձ է հայրենիքը լքած մարդկանց, որոնք հեռացել են երկրից, բայց այստեղ են նրանց ամենաթանկ մարդիկ՝ ծնողները:

– Գիտեք, եթե մարդը նայի ֆիլմը, էական չէ նրա ազգությունը կամ հեռավորությունը: Այդ տարածության մեջ նա կկարողանա գտնել իր ծնողին: Միայն մարդ ծնողի մասին չէ խոսքը, նաև հայրենիքի,- ասում է Հայկ Օրդյանը,- ֆիլմը լավ հնարավորություն է ընձեռում հիշելու կամ վերհիշելու հայրենիքը՝ քո տունը, բակը, խաղահրապարակը, ծառերը, ի վերջո, հարևաններին, ընկերներին, մարդկանց, որոնց ճանաչել ես մանկությունից: Մարդը նաև հենց այդ հատկանիշները պետք է կրի, եթե նա այդ զգացողությունները չունեցավ` կկորցնի իր տեսակը: Ես շատերին եմ ճանաչում, որոնք հեռացել են, հեռացել ամեն ինչից, ու երբ հանդիպում եմ նրանց, զգում եմ, որ կորցրել են իրենց մարդկային դիմագիծը:

«Հոգեվարք» ֆիլմի օպերատորն Արման Օրդյանն է: Նրա օպերատորական արհեստավարժությունը գնահատում են թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան երկրների ֆիլմարտադրության հսկաները:

– Հետաքրքիր է, որ գրեթե ամեն ինչի մասին խոսում են կադրերն ու ձայնը: Շատ թաքնված շերտեր կան դրանցում,- ասում է Արման Օրդյանը,- գրեթե բոլոր կադրերում սիմվոլիկաներ կան, ու կադրերի հաջորդականությունն իրենք իրենց հերթին ունեն նույն սիմվոլիկաներն ու ասելիքը: Օրինակ՝ հենց տուն մուտք գործելը: Ինչպե՞ս մտանք տուն ու ինչպե՞ս դուրս եկանք այնտեղից: Տեսախցիկը կարծես մուտք գործեց մարդկանց կյանքի մեջ. այդ ամբողջը սիմվոլիկայով է ստացվել, ու շատ նուրբ է ներկայացվել:

Ֆինանսական տնօրեն Մհեր Սողոմոնյանն էլ սեփական փորձով է գնահատում: Ասում է, որ նմանօրինակ ֆիլմերի ստեղծման ժամանակ ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է.

– Գիտեք, նմանօրինակ ֆիլմերը կոմերցիոն չեն, և այս առումով պետք է ասեմ, որ քիչ են հետաքրքրում ֆինանսավորողներին: Սակայն այդ փաստն է՛լ ավելի պարտավորեցնող եղավ, որպեսզի կարողանանք նկարահանել որակյալ ֆիլմ: Թեման բոլորիս շատ հոգեհարազատ էր, և վստահեցնում եմ ՝ չի խնայվել ոչ մի միջոց: Արվել է ամեն ինչ, որ նյութը մատուցվի պատշաճ որակով:

Հայկ Օրդյանը հայտնեց նաև, որ «Հոգեվարք» ֆիլմի առաջին դիտումը հավանաբար կհամընկնի «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության հոբելյանական` 5-րդ տարեդարձի հետ:

 

«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը մարտի 2-ի լույս 3-ին՝ Առաջին ալիքի եթերում

Մեկնաբաններ (640x360)Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին՝ ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն կմեկնաբանեն սիրված հաղորդավարներ Աննա Ավանեսյանը եւ Ավետ Բարսեղյանը:

Հանրային հեռուստաընկերությունը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է եւ իր հեռուստադիտողներին կներկայացնի ինչպես բուն մրցանակաբաշխությունը, այնպես էլ կարմիր գորգի արարողությունը:

«Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։

Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքը յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 23:30-ին, ցուցադրել է օսկարակիր ֆիլմեր՝ «Միլիոնատերը հետնախորշից», «Արտիստը», «Թարգմանության դժվարություններ», «Գեյշայի հուշերը»:

Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 22-ին

A «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին։  Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին ժամը 16.00-ին Մոսկվա կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ  Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:  Քրիսթին Բարդսլին իր այցելության ընթացքում կհանդիպի ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում երկուստեք կփորձեն ընդգծել հայկական և բրիտանական կինոարտադրության կապերի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

«Մշակութային ծրագրերը մշտապես գտնվում են «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության կենտրոնում. աջակցելով այս ծրագրի իրականացմանն՝ համոզված եմ, որ մենք հնարավորություն կունենանք ներդնել մեր լուման ներառական և հաղորդակցության խնդիրների լուծման գործում՝ դարձնելով կյանքն ավելի լավ։ Ավելին, կհայտնաբերենք երիտասարդ նոր անուններ, ովքեր իրենց տաղանդով և ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին և հայկական մշակույթին»,-ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի միջոց է բրիտանական կինոարվեստը ներկայացնելու հայ հանդիսատեսին, բացահայտելու որոտի վերջին զարգացումները և ստեղծելու կապեր հայ և բրիտանական կինոարտադրողների միջև: Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնն սպասված իրադարձություն է դարձել, ինչը ոգևորիչ է և ուրախալի »,– ասաց

Փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ մայրաքաղաքում և մարզերում։  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Փետրվարի 28-ին ողջ օրը Սինեմա Սթար կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր Նաիրի կինոթատրոնում։ Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Փառատոնի շրջանակում կանցկավի արդեն ավանդական դարձած գրախոսականի մրցույթը, որի գլխավոր մրցանակակիրը կարժանան iPad Air-ի։

Նշենք, որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հ2 հեռուստաընկերությունը, Դար 21, Լայմ, Երկիր Մեդիա, Շողակաթ հեռուստաընկերությունները, Սիվիլնեթը, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, FM 105.5, ArmRadio FM 107-ը և Bravo.am, imyerevan.com, emporium.am:

«Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում հարստացած». անգլիացի Օլքոթին հիշում ենք միայն փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը

GIRQ 4Փետրվարի 19-ին մեր երկրում նշեցինք Գիրք նվիրելու օրը: Այս օրվա ընտրությունը թերևս պայմանավորված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձով: Այս բարի ավանդույթը սկիզբ է առել 2008-ից, երբ Գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանը որոշեց այն կյանքի կոչել:
Տոնի առթիվ «Անկախ»-ը զրուցել է ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ:
Իհարկե, տոնական օրվա ընթացքում ոչ բոլոր գրողները հնարավորություն ունեցան ընթերցողներին նվիրելու իրենց գրքերը, բայց տարբեր սերունդների, մասնագիտության և խառնվածքի տեր անձինք մասնակցեցին տոնին:
Գրքի օրվա առթիվ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե՝ գրականությունն ու գիրքը նո՞ւյնպես ապրանք են, դրանք պե՞տք է համապատասխանեն սպառողների կարիքներին:

– Գիտեք, չնայած այս հարցի շուրջ առկա տեսակետների հակասականությանը, ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ «ստեղծագործական ազատության» կողմնակիցները չափազանցում են գրական շուկայից իրենց անկախությունը: Գիրքը միշտ գրողի և ընթերցողի շփումն է: Եթե հեղինակը գրքի վրա աշխատելիս չի մտածում ապագա ընթերցողի մասին, ասենք` ինչպես համոզել նրան իր գաղափարների ճշմարտացիության մեջ, ինչպես ի ցույց դնել իր աշխարհն այնպես, ինչպես ինքն է այն տեսնում և այլն, ապա դա ոչ թե գրականություն է, այլ մենախոսություն հայելու առջև: Ես կարծում եմ, որ գիրքը միշտ հետադարձ կապ է ընթերցողի հետ, իսկ բոլոր այն տեղերում, որտեղ կա նման կապ, բնականաբար, սկսվում է մարքեթինգը:
Սակայն, մյուս կողմից` գիրքը, որպես հոգևոր-մշակութային արժեքների կրիչ, ավելին է, քան ապրանքը: Բերեմ Գերմանիայի օրինակը, որտեղ գիրքն ընդամենը 5% ԱԱՀ-ով է հարկվում, այն դեպքում, երբ մնացած ապրանքները հարկվում են 19%-ով: Այսինքն` ընդհանուր շուկայական հարաբերությունների մեջ գիրքն առանձնացվում է հանրայնորեն: Գրաշրջանառության համար հատկապես պետական խողովակներում բոլոր լույսերը պետք է կանաչ լինեն:

«Անկախի» այն հարցին էլ, թե այսօր Հայաստանում էլեկտրոնային գրականությունը կարծես հասանելիության առումով մի քանի քայլ առաջ է գնացել թղթային կրիչներից, հարկավո՞ր է շեշտն այս ուղղության վրա դնել` ասում է.

– Գիտեք, գրքի հետ կապված խնդիրները դրանից չեն փոխվում: Թղթով թե էլեկտրոնային` իրականում դրանք միևնույն ապրանքներն են տարբեր կրիչների վրա և արտադրության նույն ծախսերն են պահանջում: Այլ հարց է, որ այո՛, գիրքը պետք է հրատարակել բոլոր հնարավոր ու հասանելի ձևաչափերով: Եվ ամենևին կարևոր չէ, թե մարդն ինչ ձևով է հաղորդակցվում գիտելիքի աղբյուրին, կարևորն այն է, որ այդ գիտելիքը հասնի նրան: Որտեղ ընթերցողն է, այնտեղ էլ պետք է լինի հրատարակիչը, նա պետք է հարմարվի ընթերցողին: Եթե փոքրիկ երեխան ուզում է լողանալու ընթացքում գրքի հետ լինել, ուրեմն դու պետք է արտադրես գիրք, որը չի վախենում ջրից: Գիրքն այնտեղ պետք է լինի, որտեղ նրան սպասում է ընթերցողը:

Գրքի ու ընթերցողների մասին խոսեցինք նաև գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Երիտասարդ գրաքննադատից հետաքրքրվեցինք՝ արդյոք գրողը պե՞տք է հասանելի լինի ընթերցողներին:
– Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ որոշ գրողներ` շփման համար «փակ» վարքագծով, ավելի մեծ ազդեցություն ունեն, քան նրանք, որոնք ավելի, այսպես ասած, «բաց» են: Պատահում է, երբ գրողները փակված մնում են իրենց «քարանձավներում»՝ ստեղծագործական աշխարհում, ու լինում են գրողներ, որոնք իրենց բացության շնորհիվ կարողանում են ընթերցողական և գրողական ազդեցության դաշտի մեծ շրջանակ ապահովել: Մյուս կողմից էլ, այնուամենայնիվ, մի լավ խոսք կա՝ կտավը դիտելուց հետո մի շփվիր նկարչի հետ: Նույնը կարելի է ասել նաև գրողների մասին. գրականությունը որքան էլ իր մեջ կրի անձնական, անհատական ենթաշերտեր, այնուամենայնիվ, մի փոքր հեռու է գրողից: Հնարավոր է, որ գրողի հետ հարաբերվելը որոշ հիասթափություն առաջացնի ընթերցողի մեջ,- ասում է գրաքննադատը:

Գրականագետ, բազմաթիվ աշխատությունների և գրքերի հեղինակ Վարդան Դևրիկյանն էլ ասում է, որ աշխատում է ամեն ինչ անել, որ իր գրքերը միմիայն մասնագիտական շրջանակի համար չընկալվեն:
– Գիտեք, խորհրդային շրջանում էլ չէին գրում բոլորի համար, նախաբանում նշում էին՝ նախատեսված է մասնագետների և ընթերցողների որոշակի շրջանակի համար: Ամեն դեպքում, ինչ որ գրել եմ, գուցե դրանից անգամ տուժել եմ, գուցե դրա պատճառով ինչ-որ չափով գրածներս լուրջ չեն ընկալվել, բայց միշտ նկատի եմ ունեցել ընթերցողների լայն շրջանը,- ասում է Վարդան Դևրիկյանը,-դա առաջին հերթին շարադրանքի դժվարություն է պահանջում, որովհետև այն, ինչ գրում ես գիտական տիրույթում, ինքնին հասկանալի է, բայց երբ գրում ես ավելի լայն շրջանակի համար, ապա թեկուզ նուրբ ձևով, պետք է բացատրել: Հետո ասեմ, որ բարդ գրելը գիտական խելոքության նշան չէ, բարդ շարադրանքը ցույց է տալիս, որ նյութը մարսված չէ: Մարսված նյութը շատերի համար բավականին պարզ ու հասկանալի է լինում:

Պարզվեց, որ Դևրիկյանի համար լավագույն գիրքը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն է:
– Աբովյանի վեպն ինձ համար շրջադարձային է: Մեր գրականությունն իրապես երկու սկիզբ ունի: Առաջինը Խորենացին է «Հայոց պատմություն»-ով, երկրորդը Աբովյանն է` «Վերք Հայաստանի»-ով: Իմ կյանքը, վստահ եմ, այլ ուղղություն կունենար, եթե Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն չլիներ,- եզրափակում է գրականագետը:

Բեռլինի Պերգամոնյան խորանը 5 տարի փակ կլինի այցելուների համար

Pergamon Altar1Բեռլինի թանգարանների պատասխանատու պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքի ամենահայտնի մշակութային գանձերից մեկը՝ մթա 2-րդ դարում կառուցված Պերգամոնյան խորանը, սեպտեմբերից ի վեր հինգ տարի շարունակ փակ կլինի այցելուների համար, քանի որ կառույցում, որտեղ այն տեղակայված  է,  վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու:

Մարմարե ֆրիզով զարդարված խորանը կառուցվել է մթա 197-156 թթ. Բերգամա քաղաքում, որն այժմ Թուրքիայի տարածքում է գտնվում: Այն Բեռլինի Պերգամոն թանգարանի գլխավոր ցուցադրանմուշն է հանդիսանում:

Բեռլինի հանրային թանգարանների պատասխանատու պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են, որ կենտրոնական դահլիճը, որտեղ գտնվում է խորանը, կփակվի սեպտեմբերի 29-ին և հավանաբար կվերաբացվի 2019թ-ին՝ չնայած իրենք նախատեսում են կառույցի մոտակայքում խորանի բնօրինակ մասնիկներով ցուցադրություն բացել:

Երկու կենսագրությունների խաչմերուկներում. «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար»

գևարգյանցԵրկու մեծանուն արվեստագետների անցած ուղիների հատման կետերն են ամփոփված «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գրքում: Հեղինակը կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցն է: Գիրքը հանրությանն է ներկայացվել նախորդ տարեվերջին:
Գրքի շապիկը գուցե այնքան էլ գրավիչ չէ, սակայն բովանդակությունն անկրկնելի է. մի քանի տող կարդացած անձը կարծես «ծուղակն է ընկնում» ու չի կարողանում դադար տալ, քանի դեռ գիրքը չի կարդացել-վերջացրել:
Հեղինակի մասնագիտությունը մեծապես ազդել է գրքի շարադրանքի վրա. սեղմ, բայց գրավիչ ու բովանդակալից: Երբ կարդում ես` թվում է, թե ֆիլմ ես դիտում, այնքան կենդանի, պատկերավոր է գրքի լեզուն:
Հենց գրքի յուրահատկության` շարադրանքի շնորհիվ մոռանում ես, որ Փարաջանովին տեսնում ես Գևորգյանցի աչքերով, զուգահեռաբար էլ ծանոթանում ես նաև Գևորգյանցի անցած ուղուն: Թվում է, թե դա քո կյանքի ճանապարհն է, Փարաջանովի երիտասարդ ընկերն էլ դու ես` ընթերցողդ:
«Այս գիրքը գեղարվեստական ստեղծագործության հավակնություն չունի: Միայն ուրվագծեր, ճեպանկարներ, էտյուդներ, սրտազարկերի կորագիծ, հուշեր իմ ու Սերգեյ Փարաջանովի հանդիպումներից, որի հետ, չնայած տարիքների տարբերությանը, ընկերություն էինք անում: Այս գիրքը նաև այն ժամանակների մասին է, նաև այն ժամանակվա մարդկանց մասին, նաև Փարաջանովի ժամանակի մասին»,- ընթերցողին իրազեկում է Գևորգյանցը` մինչ բուն պատմությանն անցնելը:
Գևորգյանցի հուշերից բացի, գրքում ներառված են նաև պատառիկներ Փարաջանովի անձնական նամակներից, ինչպես նաև աշխարհահռչակ գործիչների հուշերից:
«Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում ընկերներիս հետ զրուցում էինք սրճարանում: Ես ինչ-որ դրվագներ էի պատմում Փարաջանովի հետ իմ հանդիպումներից: «Դե բավական է պատմես, նստիր ու գրիր, ինչ որ պատմում ես»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Դա էլ հենց եղավ շարժառիթը: Հենց հաջորդ օրը նստեցի ու սկսեցի գրել` իմ առջև հստակ պահանջ դնելով ամեն օր գրել առնվազն մեկ էջ: Հանեցի իմ բոլոր 14 նոթատետրերը, որոնց մեջ տարիների ընթացքում փոքրիկ գրառումներ էի արել, առանձնացրեցի այն ամենը, ինչ առնչվում էր Սերգեյ Փարաջանովին: Պարզվեց, որ բավականին հետաքրքրիր նյութ կա կուտակված, որովհետև նրա հետ շատ հանդիպումներ էի ունեցել»,- գրքի շնորհանդեսին, ըստ «Կինոաշխարհ» պարբերականի, ասել է Ռուբեն Գևորգյանցը` անդրադառնալով գիրքը գրելու դրդապատճառներին:
փարաջանովՄեկ այլ դրդապատճառի Գևորգյանցը նաև գրքում է անդրադարձել` կինոռեժիսոր Օթար Իոսելիանիի հայտարարությանը, թե Փարաջանովը հայ չէ և ընդհանուր ոչինչ չունի Հայաստանի հետ, «պարզապես հայերը գողացել են Փարաջանովի ամբողջ արխիվը, նրան էլ տարել-թաղել են կագեբեական Արամ !աչատրյանի կողքին»: Գիրքը կարծես պատասխան է հակահայկական տրամադրվածություն ունեցող կինոռեժիսորին: Փարաջանովի տողերը` գրված իր մասին, լավագույն հերքումն են. «Ինձ համար Հայաստանն արվեստ է ու պատմություն, Հայաստանը իմ ընկերներն են, իմ բերկրանքը, մեր ստեղծագործական կորուստները….Բոլորը գիտեն, որ ես երեք հայրենիք ունեմ: Ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում և պատրաստվում եմ մեռնել Հայաստանում»:
Պատմությունը սկսվում է հեռավոր 1978-ի մի ձմեռային առավոտից, երբ Գևորգյանցն ու իր ընկերը րոպեներն էին հաշվում, թե երբ գնացքը կշարժվի դեպի Թբիլիսի, ուր կկարողանային տեսնել բանտից նոր ազատված Փարաջանովին:
Պատմության ընթացքը միագիծ չէ ժամանակային առումով: Ինչպե՞ս է մարդկային հիշողությունը, որ ժամանակից ժամանակ է թռչում, սկսում մի տեղից, հետո մի այլ բան հիշում, հետո երրորդը, ապա նորից վերադառնում առաջինին: Հենց այսպես էլ շարադրված է, բայց այդ ամենն այնքան բնական է, որ թվում է` այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ դու` ընթերցողդ ես այդ ամենը վերհիշում:
Գրքում տեսնում ենք Փարաջանով ընկերոջը, մարդուն, հանճարին, պարզապես քաղաքացուն` կյանքի տարբեր ոլորտներում ու դրսևորումներում:
«Հագնվում էր շատ պարզ ու հարմարավետ` վելվետե տաբատ, վար թողած մգագույն վերնաշապիկ` որպես կանոն, խոշոր վրադիր գրպաններով: Շրջում էր փողոցներով, ուր նրա համար ամեն ինչ հետաքրքիր էր (և ի՞նչն էր լինում հետևանքը): Օրինակ` ճաշի էր գալիս մեզ մոտ, իսկ 10-15 րոպե անց նրա այցելությունը վերածվում էր 60-100 հոգիանոց երթի: Կանգ էր առնում ամեն քարի, պատի, հուշարձանի մոտ, ինչ-որ բաներ էր մեկնաբանում, մատնացույց անում, կատակում: Եվ շուրջը հավաքվածները լսում էին նրան բերանները բաց: Հիմնականում նրանք պարզ մարդիկ էին` վարորդներ, բանվորներ, վարսավիրներ և այլն: Նրանք, որպես կանոն, ոչինչ չէին հասկանում, թե ինչեր է ասում (և ոչ այն պատճառով, որ խոսում էր ռուսերեն): Բայց մարդիկ գնում էին նրա հետևից, ասես մեսիա լիներ…»,- այսպես է Գևորգյանցը ներկայացնում, թե որքան սիրված ու ընդունված էր Փարաջանովը:
Այնպես է ստացվում, որ Գևորգյանցն առաջիններից է իմանում թե՛ Փարաջանովի ձերբակալության, թե՛ ազատ արձակման մասին: «70-ականներին քաղաքական մոտիվներով ձերբակալություններ էին լինում, բայց դրանք մեզ չէին վերաբերում, մեր հոգը չէին: Իսկ հիմա վերաբերում էր…»,- հիշում է նա:
Անդրադառնալով մեղադրանքին, որը մինչ օրս էլ շահարկումների թեմա է, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի համար հորինել էին կեղտոտ մեղադրանք` արվամոլություն, բռնաբարություն, նույնիսկ գտել էին մի տուժածի` երիտասարդի, որը երկու անգամ մարմնեղ էր Սերգեյ Իոսիֆովիչից: Եվ դրան բռնաբարել էր Փարաջանովը: Եվ մեկ էլ նրան մեղադրում էին պոռնոգրաֆիա տարածելու համար: Մոտը մի ինքնահոս գրիչ էին գտել, որպիսին այն ժամանակ ունեին նույնիսկ շատ դպրոցականներ: Թեքում ես գրիչը, և լողազգեստով աղջիկը մերկանում է: Ծիծաղելի է, չէ՞: Եվ տվեցին հինգ տարի»:
Հետագայում Գևորգյանցը հնարավորություն է ունեցել իր «Փարաջանով. վերջին կոլաժը» վավերաֆիլմի նկարահանման ժամանակ Փարաջանովի գործը վարած քննիչին հարցնել. «Պարոն Մաշկով, իսկ ձեզ խիղճը չի՞ տանջում»: Ապա եզրակացրել է. «Ես միամիտ հարց տվեցի խղճի մասին: Այդպիսի մարդկանց խիղճը երբեք չի տանջում»:
Վերջաբանում, ամփոփելով աշխատանքը, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի մասին կարելի է գրել ու գրել: Ճիշտ է, նրա հետ կապված պատմություններից շատերը հորինված են: Գրում, պատմում են մարդիկ, ովքեր թերևս կյանքում սոսկ մեկ անգամ են տեսել նրան, այն էլ` հեռվից: Բայց սա, երևի, վատ չէ: Նա լեգենդ է դարձել, քանզի եղել ու մնում է լեգենդ»:

Նիմֆոմանուհի» ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկը «Սինեմա Սթար» կինոթատրոնի տգետ մարքեթինգի հետևանք է. Զավեն Բոյաջյան

նիմֆոմանուհիՎերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում էր մեծ աղմուկ բարձրացրած «Նիմֆոմանուհի» ֆիլմը, որը պետք է ցուցադրվեր «Սինեմա Սթար» կինոթատրոնում և, որի ցուցադրությունը, ի վերջո, արգելվեց:

Կինոգետ Զավեն Բոյաջյանի խոսքով՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմը ներկայացվել է որպես պոռնոդրամա, բայց ֆիլմի նման ժանր իրականում գոյություն չունի:

«Ֆիլմի ցուցադրությամբ կինոթատրոնը նպատակ ուներ իր շուրջն աղմուկ բարձրացնել: Հետո կա՛մ սթափվել է, կա՛մ ինչ-որ հրահանգներ է ստացել ու հայտարարել, որ ֆիլմը չի ցուցադրվի՝ բերելով մի քանի պատճառաբանություններ: Իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ ֆիլմի ցուցադրությանը դեմ են որոշ անձինք և հասարակական խմբեր: Շատ մշուշոտ է պատճառաբանությունը: Այդպես էլ չհայտնվեցին այդ անձինք կամ հասարակական խմբերը: Կինոթատրոնի մարքետինգի տնօրենի խոսքով՝ Հայաստանը պատրաստ չէ նման ֆիլմերի ցուցադրությանը: Իմ կարծիքով՝ այս ամենը պարզապես այդ կինոթատրոնի վատ, սխալ և տգետ մարքեթինգի հետևանքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զավեն Բոյաջյանը՝ հավելելով, որ ինքն այդպես էլ հասարակական ընդվզում և բողոքներ չտեսավ ֆիլմին ուղղված: Նրա խոսքով՝ 21-րդ դարում ցանկացած ինտերնետ ակումբում ժամերով կարելի է դիտել նման ֆիլմեր:

««Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը ցուցադրվում է տարբեր կինոթատրոններում անարգել, առանց տարիքային սահմանափակման: Այդ ֆիլմում բազում բաց տեսարաններ կան: Այն, որ կինոթատրոնն ինքնակամ ստանձնում է ցենզորի դեր և որոշում հանդիսատեսն ինչ դիտի, անհեթեթություն է: «Նիմֆոմանուհի»-ն պոռնոգրաֆիկ ֆիլմ չէ, սա արթ հաուզ է»,- ասաց կինոգետը:

Տեղի կունենա Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով. գիրք հմայության» գրքի շնորհանդեսը

անտաշյանի գիրք«Անտարես» հրատարակչությունը հրավիրում է մասնակցելու հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով» գրքի շնորհանդեսին, որը կկայանա փետրվարի 15-ին, ժամը 16:00-ին «Ականաթ» մշակութային ակումբում (Կողբացի 28):

Հեղինակի նախորդ երկու գրքերի պես «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմամբ: Լեզվական տարբեր փորձարարություններով ստեղծագործող Կարեն Անտաշյանն իր հայեցակարգը մեկնաբանում է հետևյալ բնաբանով՝

«Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և  հմայական հետազոտությունների գիրք է: Ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Ծիլի-Ծով մետաֆորը սահմանում եմ իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն»:

Գիրքը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորումով:

Գիրքը վաճառքում կլինի միայն 365 անվանական օրինակով՝ յուրաքանչյուրը տարվա մեկ օրվան համապատասխան: Օրինակ՝  «Լեվոն Լուսինյան, Գիրք N 001, Քաղոց Լուսնակ  / Հունվարի 1»: Հետևյալ  առցանց օրացույցից՝ http://karen.antashyan.com/booking/, ընթերցողնրը կարող են ընտրել իրենց ուզած օրվա անվանական օրինակը և նախապես ամրագրել այն՝ շնորհանդեսի օրը  համապատասխան անվանական էջանիշով ստանալու պայմանով: Շնորհանդեսի օրը, ինչպես նաև առցանց ամրագրման դեպքում գիրքը կարելի է ձեռք բերել 2000 դրամով՝ սովորական 3000-ի փոխարեն:

Կարեն Անտաշյանը ծնվել է 1983թ. Փետրվարի 3-ին, Վանաձորում: 2009 թվականին գրող և գրաքննադատ ընկերների հետ սկսել է «Գրանիշ» գրական նախագիծը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է (granish.org): 

Նախորդ գրքերը՝ «Վերջից հետո – Սկզբից առաջ», 2004թ., «Անտաշատ», 2009թ.:

Կարեն Անտաշյանն ինքն իր բնորոշմամբ. «բանվորությունից պարապ ժամերին ես կանաչավուն ձախ սոցիալիստ եմ` համընդհանուր փոխազդեցությունների տեսություն և բանաստեղծություններ հորինելու անհաղթահարելի հակումով»:

Ուխտավորները լուռ են գնում վանք, հավատով, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը

խորանաշատՏասը խորան ունենալու համար վանքը Խորանաշատ են կոչել: Միջնադարյան հզոր հոգևոր կենտրոնի մասին Չինարիում անցյալով չեն սիրում խոսել: Սրբավայրը հակառակորդի հենակետից ընդամենը 70 մ հեռավորության վրա է` մինչև ատամները զինված ադրբեջանցի դիպուկահարների անմիջական թիրախում:

Խորանաշատից վերջին ու թարմ  լուրերը չինարեցի երիտասարդ Արմեն Պետրոսյանն է սովորաբար գյուղ բերում: Հայրենի բնությունը Արմենին իմաստնացրել է, ամրացրել հայրենի Չինարին պաշտպանելու նրա մղումը: Նա պատմում է, որ վերջին անգամ Խորանաշատ է բարձրացել մի քանի օր առաջ` հունվարի 28-ին, երբ Հայաստանը նշում էր բանակի տարեդարձը: «Ընկերներով առիթ ենք փնտրում, որ վանք գնանք: Ծնունդ լինի թե այլ առիթ, վախ չկա: Եթե ստացվում է` մեքենայով, եթե չէ` ոտքով, դե մեր գյուղից մեկ կիլոմետր է մինչև Խորանաշատ, գնում ենք: Մի քիչ ռիսկային է սրբատեղի տանող հիմնական ճանապարհը, բայց եթե մառախուղ է, հակառակորդի համար տեսադաշտը` փակ, այդ ճանապարհով ենք գնում, եթե չէ, անտառամիջով»,- ասում է Արմենը` ավելացնելով, որ գյուղ այցելած հյուրերին մեծ սիրով Խորանաշատ է ուղեկցում:

Վանքի զորությանը Չինարիում անվերապահորեն հավատում են: 1994 թ. մարտի 28-ին հակառակորդը կրակ բացեց Խորանաշատի ուղղությամբ, կռիվը բարձունքի` Տանձուտի գրավման համար էր: Չինարեցի Սեյրան Պետրոսյանը հենց այստեղ վիրավորվեց` վանքի մոտ: Այն ժամանակ նա 33 տարեկան էր, կորցրեց ոտքը: «Երևի վանքը պահեց, որ փրկվեցի»,- տարիների հեռվից ասում է Սեյրանը, որ ի հեճուկս հակառակորդի` ընտանիքը մեծացրեց. երեխաներ, թոռներ:

1624259_695075363848389_1881792128_nՀին հայկական վանքը գերեվարած հակառակորդի դեմ հիմա պայքարում են` ապրելով 7 հոգանոց ընտանիքով, հենց վանքի տակ:  Հունվարի 28-ը Արմենի հետ միասին Խորանաշատում է նշել նաև Սեյրան Պետրոսյանի որդին: Սահմանապահ ընտանիքը հակառակորդի մասին չի էլ հիշում, երբ խոսքը հայրենի Չինարիում մնալուն է վերաբերում, միայն թե ջահելների համար գործ լինի: Ամիսը 2-3 անգամ Խորանաշատ ուխտի գնալը գյուղի ղեկավարի համար պարտադիր է:

Ամեն տարի մայիսին Խորանաշատում հայրենասեր չինարեցիները շաբաթօրյակ են հայտարարում: 15-20 հոգով, ձեռքներին սղոց, գերանդի, եղան, գնում մաքրում, բարեկարգում են սրբավայրն ու նրա տարածքը: «Իհարկե, մեզ շատ են օգնում զինվորական հերթապահություն իրականացնող մեր տղաները:  Անցած տարի ցեմենտ, ավազ էինք հետներս տարել, որոշ հատվածներ ամրացրինք, ընկած քարերը տեղը դրեցինք, մոշի, մասրենու ճյուղերը կտրեցինք, 30 զինվոր էլ մեզ հետ` մաքրեցինք վանքը, տարածքը»,- ասում է Սամվել Սաղոյանը` հավելելով, որ սառնորակ ջուրը 1962-ին վանքի մոտ է հասցրել իր պապը:

Աղբյուրի մոտ հետագայում Սամվել Սաղոյանը ծածկ է ավելացրել, որ ուխտավորները նստելու, մատաղի հնարավորություն ունենան: Չինարիի գյուղապետը հիշում է, որ Խորանաշատում մինչև կռվի տարիները, հատկապես` մայիսի 1-ին  ու  9-ին, մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում: Ներկա էին լինում Շամշադինի բոլոր գյուղերի բնակիչները, նաև տարածաշրջանից, Ադրբեջանից` Ալիբեյլիից, Աղդամից ու Ջիրդախանից էին հյուրեր գալիս: «Ես հազար ասեմ, դու երկու հազար ասա, ամբողջ ժողովուրդը հավաքվում էր վանքի մոտ, Խորանաշատում հոգևոր վերազարթոնք էր: Զուռնա-դհոլով ազգային կոխի մրցումներ էին կազմակերպվում, փահլևաններ էին գալիս, երգ, պար, այդպես էինք նշում Աշխատավորության միջազգային օրն ու Մեծ հայրենականի փառավոր հաղթանակի տոնը»,- հիշում է Սամվել Սաղոյանը:

1654988_695074993848426_2124185172_nՏոնախմբության ձայները հիմա չկան, ուխտավորները լուռ են գնում վանք, մոմ վառում, աղոթք անում: Միջնադարյան վանական համալիրը հատկապես առաջին գծում ծառայություն իրականացնող զինվորների աղոթատեղին է, նրանք այնտեղ սրբապատկերներ են տարել, հաճախ են մտնում, վառում խաղաղության հանգած մոմերն ու դուրս գալիս` նվիրական պարտքը կատարելու:

Տեր Արամ քահանա Միրզոյանին հոգևոր կրթության, իսկ հետո ծառայության է մղել հայրենի գյուղի դարերին դիմակայած հոյակերտ սրբատեղին: Իր երազանքներից մեկն էր, որ գյուղի ու տարածաշրջանի ծնունդ-կնունքները, պսակները, եկեղեցական տոները անցկացնի Խորանաշատում, որն այսօր գերեվարված է հակառակորդի կողմից: «Առանց Խորանաշատի հնարավոր չէ պատկերացնել հայ միջնադարյան պատմագիտական միտքը: Խորանաշատը գրչության կենտրոն էր, վանքն ունեցել է ժամանակի չափանիշներով գործող համալսարան, հիմնադիրը Մխիթար Գոշի աշակերտներից է` Վանական Վարդապետը: Խորանաշատում ուսանել են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մաղաքիա Աբեղան, Ատեփանոս Աղթամարցին, շատ այլ նշանավոր դեմքեր»:

Խորանաշատի պատմական նշանակությունն ընդգծելիս Տեր Արամը շարունակում է, որ երբ Հռոմի պապը նամակ է ուղարկում հայոց կաթողիկոսին (որի ժամանակ կաթողիկոսության նստավայրը Սիս քաղաքն էր), հայերի դավանանքի փոփոխության վերաբերյալ, որ հայերը կաթոլիկություն ընդունեն, հայոց կաթողիկոսը Խորանաշատի առաջնորդին` Վանական Վարդապետին է հանձնարարում հայտնել հայերի ու կաթողիկոսության պաշտոնական դիրքորոշումը: Բացի այս հատկանշական պատմական փաստից, Խորանաշատը Մատենադարանին պահ է տվել մոտ 12 ձեռագիր մատյաններ, այդ թվում` ծաղկած ձեռագրեր:  Այս բացահայտումները տեղ են գտել  Տեր  Արամի ավարտաճառում: Տեր Արամն ուխտ էր արել, որ իր պսակադրությունը պետք է կատարվի հայրենի գյուղի սրբավայրում: «2006 թ. օգոստոսի 23-ին զինվորների ուղեկցությամբ գնացինք,  մեր հարսանեկան արարողության ավտոմեքենան հրամանատարի զինվորական վիլիսն էր, բարձրացանք Խորանաշատ, և կայացավ իմ պսակադրությունը: Իհարկե, ռիսկը շատ մեծ էր, և կարող էին մեզ արգելել, բայց երազանքս իրականացավ: Երբ արդեն վերադառնում էինք,  հրամանատարը` Թեմուր Շահմանզարյանը, ասաց, որ այսօր մենք հաղթեցինք թշնամուն»,- նշում է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվը:

1654496_695074820515110_413693256_nXIII դարի առաջին կեսին կառուցված պատմական այս կոթողն այժմ խոնարհված է: Տեր Արամը վստահ է, որ եթե չլինի անվտանգության հարցը, միջոցներ կհայթայթեն կիսավեր վանքը վերականգնելու համար: Խորանաշատի շուրջը կարկուտի պես ռումբեր են պայթել ու շարունակում են պայթել, սակայն Աստծո պահպանությամբ Խորանաշատն անվնաս է մնում…

Վիքիպեդիայի «Հիմնական տեղեկություններ» բաժնում Խորանաշատի կարգավիճակի մասին գրված է` չգործող: Այս ցավալի իրականությունը փորձում են փոխել չինարեցիները` ռիսկի դիմելով, բայց հասնելով Խորանաշատ, պատարագ չլսելով, բայց մոմ վառելով, լուռ, բայց կիսավեր գմբեթից առ Աստված աղոթք բարձրացնելով:

Հավատավոր գյուղացիները վստահ են` քանի կանգուն է Սուրբ Խորանաշատը` կանգուն կլինի նաև Չինարին: Բնությանը ձուլված վանքի փրկության,  սրբավայրի հոգևոր զարթոնքին սպասող չինարեցիները հավատում են, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը…

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ

Ընդունվում են հայտեր «Հայակ-2014» ազգային կինոյի մրցանակաբաշխության համար

MHM85132 «Հայակ» ազգային  կինոյի մրցանակաբաշխությունը այս տարի արդեն երրորդ անգամ կգնահատի եւ կարժեւորի հայկական կինոարտադրանքը։  2014 թ. մայիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, եւ լավագույն աշխատանքները եւ դրանց  հեղինակները կարժանանան ազգային կինոյի մրցանակին։

Մրցանակաբաշխության կազմակերպիչները արդեն հայտարարել են հայտերի ընդունման գործընթացը` 2014թ.  փետրվարի 3-ից,  որը կշարունակվի մինչեւ մարտի 10-ը: 2014թ.  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2012թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն նեկայացվել նախորդ մրցույթին, եւ 2013թ. արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների: Հիշեցնենք, որ 2012թ. առաջին մրցանակաբաշխությանը մասնակցել են անկախության ժամանակահատվածում (20 տարվա արտադրանքը) ստեղծված  ֆիլմերը` 1991-2011թթ.:

Մրցանակաբաշխության գեղարվեստական խորհուրդի որոշմամբ  «ՀԱՅԱԿ -2014-ը» նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամայկին, ինչի կապակցությամբ եւ  սահմանվելու է Փարաջանովի անվան  «Հայակ» հատուկ  մրցանակը։ Բացի այդ, առաջին անգամ կսահմանվեն եւս երկու  նոր հատուկ մրցանակներ՝ Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ՝ կինոյում ունեցած վաստակի համար եւ  Համո Բեկնազարյանի անվան մրցանակ՝ հայկական կինոյում ունեցած ներդրման համար:

Այս տարի  «ՀԱՅԱԿԻ» մրցութային հանձնաժողովը կգլխավորի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Մրցութային հանձնաժողովի անդամները նախագահի գլխավորությամբ՝ հայտերի ընդունման ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում  կդիտեն  ֆիլմերը, որից  հետո  ապրիլի 1-ին  կհայտարարվեն  հավակնորդ ֆիլմերը: Յուրաքանչյուր  անվանակարգին  վերաբերողորոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնիէ: Ժյուրի ինախագահը կողմ  եւ  դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունքունի: Ժյուրիի անդամները տվյալ տարվա մրցանակաբաշխությանը հայտ չեն կարող ներկայացնել։

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը  2014 թ. նույնպես կունենա 15 անվանակարգ. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիհ եղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն  դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ,  երկրորդական դերի լավագույն դերասան,  երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք): Լավագույն արտասհմանյան ֆիլմ անվանակարգում կարող են ներկայացվել միայն  2013 թ. արտերկրում արտադրված   ֆիլմերը:

Նշենք, որ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն  միտված է խթանելու  եւ  զարգացնելու  ազգային  կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը,  հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Հիշեցնենք, նաեւ, որ մրցանակաբաշխության մրցանակի պատկերը երկու ձեռքերի միացությունը երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է  որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է  “Визир”, իսկ հայերենում` հայակ, ըստ այդմ էլ, մրցանակը անվանվեց  “ՀԱՅԱԿ”:  Արձանիկի  պատվանդանը մարմարից է,  իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատ եւ ոսկեջուր: Մրցանակի հեղինակը  Իզաբելլա Ներսիսյանն է:

Մրցանակաբաշխության հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել www.hayak.am կայքում:

«Հայակ» ազգային մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն այս տարի «Աֆինա Պալադա» ընկերությունների միությունն է ՝ ի դեմս միության նախագահ Հայկ Մաղաքելյանի, ով եւ մեծ պատրաստակամությամբ հանձն է առել կանգնել ազգանվեր այս ձեռնարկի թիկունքում։ «Օրանժ Արմենիա» ընկերությունը այս տարի կրկին հովանավորելու է մրցույթը: ՀՀ մշակույթի նախրարությունը, Երեւանի քաղաքապետարանն ու INECOBANK-ը եւս  կշարունակեն աջակցել մշակութային այս կարեւոր միջոցառմանը:

 

Արժե՞ հավատալ գովազդներին

գովազդ«Գովազդ» բառն արտաբերելիս իսկույն հիշում ենք բարձր ձայնով խոսող կնոջ կամ տղամարդու` այս կամ այն ապրանքի գովքը: Դա վատ չէ, եթե գովազդը պատրաստվում է պատշաճ, օրենքի սահմաններում:

Մարդն օրական ստանում է 50-70 հազար գովազդային ազդանշան, այն էլ, մեծ մասամբ` ենթագիտակցության համար բացասական երանգով:

Գույնի, ձևի և բովանդակության ներդաշնակությունը հաջողություն են բերում: Գույնի ազդեցության 20%-ն ընկալում է տեսողությունը, իսկ 80%-ը` նյարդային համակարգը: Գույների ազդեցությամբ մարդու տրամադրությունը բարձրանում է՝ առաջացնելով գովազդվող ապրանքը գնելու ցանկություն: Հաճախ սև-սպիտակ երանգները հանդիպում են օծանելիքի գովազդներում, իսկ սև հիմնագույնի վրա բաց գույնը, գունագեղ տեքստն առավել լավ են ընկալվում:

Ըստ մասնագետների՝ առավել ազդեցիկ են դեղինը, մանուշակագույնն ու փիրուզագույնը, իսկ կարմիրը  վճռականության գույն է համարվում, դրա չարաշահումն էլ առաջացնում է ագրեսիվություն: Նարնջագույնը  լավատեսության, միաժամանակ անհանգստության գույն է, իսկ կապույտն ու կանաչը՝ հանգստության: Ցուցակը կարելի է անվերջ շարունակել՝ բերելով տարբեր օրինակներ, սակայն գովազդ պատրաստելիս պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք` լսարանի ազգային, մշակութային առանձնահատկությունները (օրինակ՝ Ճապոնիայում սևն ուրախության գույն է): Լեզվաբաններն էլ իրենց հերթին են հորդորում չմոռանալ յուրաքանչյուր ազգի ինֆորմացիայի ընկալման առանձնահատկությունները:

Բացահայտենք գովազդի փոքրիկ գաղտնիքները

Յուրաքանչյուր գույն համապատասխանում է երաժշտական հնչյունի և թվի: Օրինակ՝ 1 թիվը համապատսխանում է կարմիրին, 2-ը` նարնջագույնին, 3-ը` դեղինին, 4-ը` կանաչին, 5-ը` մանուշակագույնին, 6-ը` վարդագույնին, 7-ը` երկնագույնին, 8-ը` բրոնզագույնին, 9-ը` արծաթագույնին, իսկ 10-ը` ոսկեգույնին:

Ամեն տարի գովազդների վրա ծախսվում է ավելի քան 500 միլիոն դոլար:  Մինչև 65 տարեկանը մարդը  դիտում է մոտ 2 միլիոն գովազդային հոլովակ: Տարվա ընթացքում երեխան դիտում է մոտ 40.000 գովազդային հոլովակ:

Գովազդային հոլովակներում սեքսուալ կերպարների օգտագործումը գալիս է 1800-ական թվականներից: Երեխաների մեծ մասն ի վիճակի չէ քննադատորեն վերաբերվելու գովազդին: Գովազդից ստացվող միջոցներով 1938 թ. ռադիոն գերազանցեց ամսագրերին:

Ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը, ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ, գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդը ժամը 7:00-21:00-ին, զենքի, թմրադեղերի, ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցների գովազդը, երեխաների մասնակցությամբ մեծահասակներին վերաբերող ապրանքների գովազդները:

Ուսումնասիրվել է հեռուստատեսությամբ հեռարձակվող 652 գովազդ, որից 273-ում կնոջ կերպար կա, 363-ը` գլխավոր դերում: Հեռուստատեսային գովազդների  80%-ի դեպքում լսվում է տղամարդու ձայն, իսկ 12%-ի` կնոջ: Հեռուստատեսային  գովազդներում  ներգրավված  գլխավոր  կին  կերպարների  81%-ն ընդհանրապես չի խոսում, ինչը  նշանակում է, որ կանայք ցուցադրվում են որպես կարծիքից, ձայնից զուրկ պատկերներ, սեռական օբյեկտ՝ այդ կերպ ենթագիտակցորեն ամրապնդելով կնոջ մասին կարծրատիպային պատկերացումները: Քաղցրավենիքի, ծխախոտի, խմիչքների, խաղատների գովազդը բացասաբար է ազդում մարդու ենթագիտակցության վրա:

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կրկնվող գովազդները մարդու հոգեբանության վրա (ըստ Թոմաս Սմիթի «Հուշանվեր ապագա գովազդատուներին» գրքի):

1-ին անգամ մարդը դիտում է գովազդը, բայց այն չի տեսնում,  2-րդ անգամ չի նկատում, 3-րդ անգամ նրան արդեն հայտնի է գովազդվող ապրանքի գոյությունը, 4-րդ անգամ աղոտ հիշում է, որ ինչ-որ տեղ արդեն տեսել է այն, 5-րդ անգամ  կարդում է այն, 6-րդ անգամ արհամարհական շրջվում է, 7-րդ անգամ վերընթերցում է և բացականչում.  «Օ՜, Աստված իմ…»: 8-րդ անգամ ասում է. «Էլի այս հիմարությունը»: 9-րդ անգամ մտքերի գիրկն է ընկնում` արդյոք սա որևէ նշանակություն ունի՞: 10-րդ անգամ հարցնում է հարևանին՝ երբևէ օգտվե՞լ է դրանից: 11-րդ անգամ նրա մեջ հարց է ծագում՝ ինչպե՞ս է գովազդն օգնում դրա վաճառքին; 12-րդ  անգամ մտածում է, որ ապրանքը կարող է այնքան էլ վատը չլինել: 13-րդ  անգամ  մտածում է, որ կարելի է փորձել: 14-րդ  անգամ  հանկարծ հիշում է, որ վաղուց էր ուզում այդ ապրանքը: 15-րդ  անգամ որոշում է երբևէ անպայման ձեռք բերել այն: 16-րդ անգամ գովազդվող ապրանքի մասին նշումներ է կատարում: 17-րդ  անգամ ափսոսանքով մտածում է, թե ինքն ինչքան խեղճ է և զուրկ: 18-րդ  անգամ լրջորեն հաշվարկում է իր փողերը: 19-րդ  անգամ, երբ տեսնում է գովազդը, գնում է ապրանքը և  նույնը խորհուրդ տալիս մտերիմներին:

Հիմա` օգտվե՞լ գովազդից, թե՞ ոչ: Սա է հարցը:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Անկախ

Ադրբեջանում “Ազգային խոհարարական մշակույթի մասին” օրինագիծ է մշակվում

3 (5)Ադրբեջանում մշակվում է օրինագիծ՝ ազգային խոհարարական մշակույթի մասին: Այս մասին ասել է Միլի մեջլիսի (խորհրդարան) մշակույթի գծով հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Վերջինս նշել է, որ նոր օրենքը կարգավորելու է Ադրբեջանի խոհարարական մշակույթի պահպանման, ուսումնասիրման, քարոզչության և զարգացման հարցերը:

Ըստ գործակալության՝ օրենքը միևնույն ժամանակ ապահովելու է գրագողության դեպքում միջոցառումներ ձեռնարկելու համար անհրաժեշտ իրավական հիմք:

Անկախ

ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ

Թէ տային ինծի

Թագ եւ ադամանդ, գաւազան,
Քեզ զայն ձօնէի,
Թագուհեաց դժխոյ, Հայաստան…
(«Ըղձանք» Խորեն Նար Պէյ )

լուզինյանԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ (6.09.1831- 4.11.1892) – հայ հոգևոր և հասարակական գործիչ, դավանաբան, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ. Archbishop Khorene Nar Bey de Lusignan of Constantinople
ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ (Գվիդոն, 1826-1906) Ամբրոսիոս Լուզինյան Յուսուֆ բեյ, Իշխան Լուզինյան Խալֆա, Ամբրոսիոս Խալֆա-բանասեր, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան. Guy DE LUSIGNAN

ԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ
Հայագիտության արևմտահայ երախտավորների մեջ Գալֆայան եղբայրներն իրենց ուրույն ներդրումն ունեն։ Նրանք տարբերվում են մեր բազմաթիվ հոգևոր հայրերից իրենց զարմանալի, նաև արկածախնդիր ճակատագրով ու գործունեությամբ։
Ծնվել են Կ. Պոլսում, հայ կաթոլիկների ընտանիքում։ Փոքր հասակից մայրական հորդորով երկու եղբայրները՝ Խորենը և Ամբրոսիոսը, 1843թ. ուղարկվել են Վենետիկ` Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանք, որտեղ հրաշալի կրթություն են ստացել։
1855 թ. Խորենը ձեռնադրվել է վարդապետ, նշանակվել աբբահայր Գևորգ Հուրմիզյանի քարտուղար, մասնակցել «Բազմավեպ» ամսագրի հրատարակությանը, ապա պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ 1856 թ. գժտվել է միաբանության հետ և եղբոր` Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ միասին հրաժարվել կաթոլիկական դավանանքից, վերադարձել առաքելական եկեղեցու գիրկը, Փարիզում հիմնել Հայկազյան վարժարանը, տնօրինել, դասավանդել (1857- 59 թթ.)։
Փարիզյան շրջանն արտասովոր ազդեցություն է ունեցել երկու եղբայրների հետագա ճակատագրի վրա։ Փարիզում գեղեցիկ արտաքին, շուրջ 7 լեզուների տիրապետող ու բազմակողմանի, հրաշալի կրթություն ունեցող ապագա հայագետները ծանոթացել ու մտերմացել են Վիկտոր Հյուգոյի, ֆրանսիացի լուսավորիչ գրողների, մտավորականության սերուցքի հետ, մուտք ունեցել փարիզյան հայտնի սալոնները, եղել ուշադրության կենտրոնում, թրծվել եվրոպական երկրների մշակութային այս ջահակրի մթնոլորտում։ Նրանք մինչև իրենց կյանքի վերջը մնացել են այդ մթնոլորտում, նամակագրական աշխույժ կապ պահպանել Ֆրանսիայի մտավորական ու ազդեցիկ շրջանակների հետ։
Փարիզյան շրջանում, ի թիվս շատ հանրահայտ դեմքերի, Խորեն Գալֆայանը բարեկամացել է Ալֆոնս Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունն ամենախրթին գրաբարով, որը հրատարակել է 1859 թ. «Դաշնակք Լամարթինեան» խորագրով։ Նա 1850-ական թթ. գրական-հրապարակախոսական նշանակալի գործունեություն է ունեցել։ Հեղինակել է մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ դավանաբանության, գրականության, լեզվաբանության, թատերգության բնագավառում։
Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։
Փարիզում Հայկազյան վարժարանի փակումից հետո, Գալֆայանները վերադարձել են Պոլիս, ապա 1859 թ. մեկնել Թեոդոսիա, որպես ուսուցիչ և փոխտնօրեն պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխված «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել են մի շարք երկեր, դասագրքեր, բառարաններ։
1864-ին Խորեն Գալֆայանը կրկին մեկնել է Պոլիս, հայ առաքելական եկեղեցու դիրքերից զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել հասարակական-քաղաքական-կրթական բուռն գործունեություն։ Այս կրթյալ հոգևորականի հրաժարումը պապական վեղարից և վերադարձը ավանդական առաքելական եկեղեցու գիրկը պիտի օրինակ ծառայեր շատ շատերի համար, որպեսզի արևմտահայությունը դիմագրավեր, չխանդավառվեր կաթոլիկությամբ, ծվեն-ծվեն չլիներ, միաձույլ մնար հանուն իր ապագայի։
1867 թ. Խորեն Գալֆայանը սբ. Էջմիածին է ուղեկցում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորրորդին, ուր և եպիսկոպոսի աստիճան է ստանում, դառնում հայտնի դեմք ոչ միայն արևմտահայ ու արևելահայ շրջանակներում, այլև օսմանյան, ռուսական արքունիքներում` միշտ մնալով եվրոպական արժեքներ կրող հայրենասեր գործիչ, դիվանագետ, որի ոչ բոլոր քայլերն են համարժեքորեն բացատրվել շրջապատի ու ժամանակակիցների կողմից։ Բնականաբար, պայքարող դիվանագետի ոչ բոլոր գործողություններն են բացահայտ ու հայտարարագրվելու իրավունք ունեցել։ Իսկ այն, ինչ քողի ներքո է, կասկածելի, միշտ էլ կարող է ծայրահեղորեն հակադարձ իմաստով ընկալվել կամ մեկնաբանվել, ինչպես որ պատահել է այս դեպքում։
Խորեն Գալֆայանը երբեք չի դադարեցնում իր գրական, թարգմանական գործունեությունը, որը ողջ կյանքում ուղեկցում է նրան, երբեմն ավելի բուռն դառնում, երբեմն էլ զիջում նրա քաղաքական գործունեությանը։ Այս շրջանում Նար Բեյը ֆրանսերենից թարգմանում է Դարտելի «Տարեգրությունը», որոշ հատվածներ Հոմերոսի «Իլիականից», հրատարակում մեր պատմական անցյալի դրվագները ներկայացնող «Ստվերք հայկական» պոեմների ժողովածուն և այլ գործեր։
1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, Մինաս Չերազի և Ստեփան Փափազյանի հետ մաս է կազմել ռուսական արքունիքի հետ դիվանագիտական բանակցությունների նպատակով Մոսկվա և Ս.Պետերբուրգ մեկնած պատվիրակության` Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Այս առաքելությունը նախապատրաստություն էր հայերի մասնակցությանը 1878 թ. Բեռլինի կոնգրեսին։
Ս.Պետերբուրգում Խորեն Գալֆայանը կարևոր հանդիպումներ է ունեցել արքունիքի մի շարք ազդեցիկ անդամների՝ իշխան Նիկոլայ Իգնատևի, արտաքին գործոց նախարար Ալեքսանդր Գորչակովի և այլոց հետ։ Նրան ընդունել է Ալեքսանդր Երկրորդ կայսրը: Գալֆայանը նրան է ներկայացրել Ներսես Վարժապետյան պատրիարքի «Հայկական ավտոնոմիայի ծրագիրը», որի հիմնական գաղափարը Հայաստանի վարչական անկախությունն էր ռուսական հովանու ներքո։
«Северный Вестник» թերթին տված հարցազրույցում Գալֆայանն ասել է. «Ռուսաստանը ցույց է տվել, որ Թուրքիայի քրիստոնյաների պաշտպանն է։ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ի տարբերություն Թուրքիայում ապրողների, շատ ավելի ազատ ու պաշտպանված են։ Ավելի քան 20 տարի գոյություն ունեցող օսմանյան սահմանադրությունը չի կարող մեզ բավարարել։ Այն ինքնուրույնություն է տվել միայն մեր դպրոցներին, եկեղեցիներին և բարեսիրական կազմակերպություններին։ Մենք ինքներս ազատ չենք, այլ տիրակալների ստրուկներ ենք։ Մեր ժողովուրդը սեփական հողեր չունի, իսկ մենք կախված ենք թուրք պաշտոնյաների ամենաթողությունից»։
1878 թ. հունիս-հուլիս ամիսներին խորհրդական-թարգմանչի պաշտոնով նա մասնակցում է Բեռլինի կոնգրեսին` ջանալով «Հայկական հարցը» ներկայացնել միջազգային դիվանագիտության դատին։ Ապարդյուն ջանքեր։
Նա Էջմիածնի կաթողիկոսական գահին հավակնող 6 հոգևորականներից մեկն էր։ Ռուսական արքունիքը և սուլթանական կառավարությունը նույնպիսի անհանգստությամբ են վերաբերվել ապագա հայ կաթողիկոսի ընտրությանը, նրա անձին։ Ռուսական արքունիքի համար գաղտնի ոստիկանության, մասնավորապես` Էրզրումում գլխավոր հյուպատոս Ա.Դաննեթի հայկական հարցերի խնդրով 29.03.1883 թ. զեկուցագիրը նվիրված է բոլոր հավակնորդների անհատական վերլուծությանը։ Խնդիրը պարզ էր։ Մինչ որոշելը, թե ով կբազմի հայոց վեհափառի գահին, հարկ էր պարզաբանել նրա վերաբերմունքը ռուսական և օսմանյան արքունիքների նկատմամբ և ապագա հնարավոր քայլերը, դրանց օգուտն ու վնասները, կառավարելիությունը կամ հանդգնությունը։ Արքեպիսկոպոս Խորեն Նար Բեյ Պեշիկթաշցին (Կոստանդնուպոլսեցին) այս տեղեկագրում ներկայացվում է ոչ նախընտրելի թեկնածու. «Նա տարբերվում է իր կրթվածությամբ, մի քանի եվրոպական լեզուների է տիրապետում, հրաշալի հրապարակախոս է, նրա բնավորության բարոյական չափանիշները անբավարար են։ Նա խորամանկ է, դավադիր, հպարտ։ Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ անբարյացկամ վերաբերմունք է տածում» ։
Նա սուլթանական կառավարությանը ևս նախընտրելի հավակնորդ չէր կարող լինել նույն պատճառներով, և այս դեպքում Խորեն Նար Բեյը դիտվել է ոչ միայն եվրոպական բարձր ու մտավորական շրջանակներում հայտնի և որոշակի ազդեցություն ունեցող մեկը, այլև ռուսամետ գործիչ։ Կաթողիկոսական թեկնածուների մասին այս տեղեկագրերը դիվանագիտական խողովակներով փոխանցվել են նաև համիդյան կառավարական շրջանակներին` համատեղ, փոխադարձ համաձայնությամբ երկնպաստ ընտրություն կատարելու համար։
Կյանքի վերջին տարիներին Խորեն Գալֆայան Նար-Բեյն անցկացրել է Պոլսում, աշխույժ նամակագրություն վարել եվրոպական մշակույթի ու հասարակական գործիչների հետ ։ Իր ամենօրյա նամակաբերի կողմից նա մատնվել, ոստիկանատուն է տարվել, մեղադրվել լրտեսության մեջ, որի տրամաբանական ավարտը երկարատև տաժանելի բանտարկությունն էր կամ մահապատիժը։
Սուլթան Աբդուլ Համիդի հետ երկժամյա զրույցից հետո նա, որքան էլ ապշեցուցիչ է, վերադարձել է տուն։ Նրանց զրույցի մասին որևէ տեղեկություն մեզ չի հասել։ Բայց որ Հայաստանի ապագայով, նրա ազատագրման ու անկախացման հույսերով ապրող ու գործող հայտնի այս հոգևորական գործչի դիվանագիտությունն ու վարկը, եվրոպական հայտնի շրջանակների հետ նրա մտերիմ կապերն ու ունեցած մեծագույն հեղինակությունը զսպել են Աբդուլ Համիդին, փաստ է։ Խորեն Նար Բեյի` ֆրանսիական մշակույթն ու կենցաղը վայելած, գեղագետ, ճաշակավոր մտավորականի, հարուստ մարդու ու հազվագյուտ իրերի սիրահարի բնակարանը դավադրաբար «հանկարծ» հրո ճարակ է դարձել։ Նա կորցրել էր իր գրադարանը, հազվագյուտ ձեռագրեր ու բոլոր նվիրական իրերը։ Նա հուսախաբ, լքված ու վիրավոր մենակյացի չափազանց ծանր շրջան է ապրել։
Նույն Սուլթան Համիդի հրամանով նրան նոր բնակարան են հատկացրել, սակայն մերձավոր շրջանակի ու Պոլսո Պատրիարքի հետևողական հալածանքի, խարդավանքների, որոգայթների ու մատնությունների զոհ է դարձել, մահացել Պոլսում 1892 թ. նոյեմբերի 4 (16)-ին հանելուկային հանգամանքներում։ Թաղված է Շիշլիի մտավորականների գերեզմանատանը։
Եղբայրը` Ամբրոսիոս Գալֆայանը, Թեոդոսիայում Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը, միառժամանակ աշխատել տեղի Խալիպյան ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել մի հարուստ ազնվական ֆրանսուհու` Մարի Լուիզի հետ, երկու զավակների հայր դարձել։ 1858 թ. Աբդուլ Մեջիդ սուլթանից որպես բանակի մատակարար ստացել է ՄԵՋԻԴԻՅԵ պատվանշանը։ Նա ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստումը, հրատարակել «Նոր բառգիրք ֆրանսահայ» (Ա հ., Փարիզ, 1900, Բ հ., 1903) բառարանը, որը հայտնի է «Լուսինյան բառարան» անունով։ Այն մինչ օրս չգերազանցված գործ է և այսօր էլ հիմք է ծառայում ֆրանսիացի լեզվաբանների համար ֆրանսերեն բառարաններ կազմելիս։ Լուզինյան թագավորական տան շքանշանները դադարել են Ամբրոսիոս Գալֆայանի կյանքի ավարտին զուգահեռ։
Ամբրոսիոս Գալֆայանը հայերեն է թարգմանել ֆրանսիացի մի շարք գրողների գործերը, մեծ օգնություն է ցուցաբերել ֆրանսիացի վիրավորներին, իր ներդրումն ունեցել Պադուայում Լեգեոնի պալատի վերանորոգման աշխատանքներում։ Նա իրեն նվիրել է գիտությանը, մասնավորապես` լեզվաբանությանը, բառարանագիտությանը, կազմել զրուցարաններ, բառարաններ, գրել է թվաբանության, հայկական գեղագրության, պատմության դասագրքեր։
Այդ տարիներին եվրոպական բարձրաշխարհիկ շրջանակներում մեծ հաջողություն ունեին Լուզինյան արքայական տան շքանշանները։ Դեռևս Ռիչարդ Առյուծասրտի ժամանակներում այս հին տոհմը զբաղեցնում էր Կիպրոսի թագավորների գահը։ XIX դարի վերջում այս թագի աղքատացած ժառանգներից Տետրուա Պելենդերին եպիսկոպոս Խորեն Նար-Բեյին է վաճառում գահակալի իրենց իրավունքները` ներկայացնելով վերջիններիս որպես իրենց «մերձավոր ազգականների»։ Նորընծա ժառանգները 1888 թ., ի փառս Լուզինյան հին տոհմի պահապան փերի Մելուզինի, շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։ Փերի Մելուզինի շքանշանը Լուզինյան արքայական տան այս նոր տիրակալների՝ Գալֆայան եղբայրների կողմից տրվում էր «հանուն հայ ազգի և Լուզինյան թագավորական տան նկատմամբ ունեցած հումանիզմի վաստակի»։ Այն, ըստ աստիճանների, արժեր 400-1200 ֆրանկ, կից՝ այն հաստատող փաստաթղթերը։ Այն համարվել է գոյություն ունեցող 10 ամենաշքեղ շքանշաններից մեկը։ Շատ -շատերն են ցանկացել իրենց կրծքին կրել այդ գեղեցիկ, թանկարժեք ու շքեղ «զարդը»։
Հայկական ձեռներեցության այս դրսևորումն այնպիսի մեծ հաջողություն է ունենում Եվրոպայի ազնվական ու հարուստ շրջանակներում, որ 1891 թ. Գալֆայան եղբայրները մի նոր` «Սինայի սուրբ Եկատերինայի» շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, ասպետական սուրը՝ զարդարված շքեղ թագով, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։
Երկու շքանշաններն էլ մեծ հաջողությամբ վաճառվում են մինչև 1905 թվականը` Գալֆայան եղբայրների վախճանը։
Ահա այսպիսին է ուրվագիծը Խորեն և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրների` Լուզինյան արքայական տան երկու հայ ժառանգների, գիտությամբ, դիվանագիտությամբ և արկածախնդրությամբ հագեցած երկու հայրենասեր դեմքերի ոդիսականը։

Լուզինյան թագավորական տան հիմնադիր Գի դը Լուզինյան խաչակիր ասպետը
Լուզինյան տան հովանավոր Մելուզին փերիի պատկերները տարբեր փորագրանկարներում և գրքերի կազմերին
Լուզինյան թագավորական տան շքանշանները
Սինայի սուրբ Եկատերինայի շքանշանը

Պատրաստեց Հասմիկ Ստեփանյանը

Անկախ

 

Վասիլե Էրնու. «Ինձ հետաքրքրում է հայերի կյանքը»

vasile-ernu1Ռումինացի գրող Վասիլե Էրնուն եկել էր Հայաստան՝ իր գրական աշխատանքները ներկայացնելու: Նա ծնվել է 1971 թ. Խորհրդային Միությունում: Ապրել է ծնողների հետ Մոլդովայում, իսկ 1990 թ. տեղափոխվել Ռումինիա, որտեղ էլ մինչ օրս շարունակում է ապրել: Աշխատակցել է բազմաթիվ և բազմազան հրատարակությունների, օրինակ՝ Philosophy&Stuff, Idea arta-societate պարբերականներին և այլն:

– Պրն. Էրնու, ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեզ համար,  լա՞վ եք զգում այստեղ:

– Հիանալի: Հայաստանն ինձ համար նորություն է, որովհետև երբեք չեմ եղել այստեղ: Առիթ ունեցա տեսնելու շատ գեատեսիլ վայրեր, օրինակ՝ եկեղեցիներ, ցուցահանդեսներ, մի քանի գյուղ և այլն: Ընդհանուր պատկերացում կազմեցի այս փոքրիկ, բայց և հետաքրքիր երկրի մասին: Ուզում եմ շատ բան իմանալ Հայաստանի և հայ ժողովրդի, ձեր սոցիալ-տնտեսա-քաղաքական խնդիրների, անցյալի և ներկայի մասին:

– Սկզբում աշխատել եք Philosophy&Stuff-ին: Ինչպիսի՞ ամսագիր էր այն:

– Կլուժ քաղաքում էի, փիլիսոփայության Ֆակուլտետի ուսանող, երբ ցանկացա համագործակցել ուսանողական  Philosophy&Stuff ամսագրին: Մեծ սիրով էի դա անում: Այնուհետև սկսեցի այլ աշխատանքներ անել:

– Ինչպե՞ս որոշեցիք գրել:

– Սկսեցի գրել ավելի ուշ՝ 2006 թ., երբ հրատարակվեց իմ առաջին գիրքը՝ «ՌԴ-ում ծնված»: Այն թարգմանվել է 9 լեզվով՝ ռուսերեն, վրացերեն, հունգարերեն, իսպաներեն, իտալերեն, իսկ անգլերեն տարբերակը շուտով կհրատարակվի: 2009 թ. հրատարակվել է «Կայսրության վերջին աղանդավորները», 2010 թ.՝  Բոգդան Ալեքսանդրու Ստընեսկուի հետ գրած «Այն, ինչ մեզ բաժանում է» գիրքը, իսկ 2012 թ.՝ «Այսօրվա ռուս մտավորականները»:

– Այլ աշխատանքնե՞ր:

– Իհարկե: Այսօր համակարգում եմ «Հակակոմունիզմի պատրանքը» գիրքը (2008 թ., www.ernu.ro):

– Իսկ ո՞րն է Ձեր վերջին գիրքը:

– Կոչվում է «Ձախի մարդ եմ»:

– Ո՞րն է ձեր գրքերի գլխավոր իմաստը, միջուկը:

– Յուրաքանչյուր գիրք ունի առանձին իմաստ: Եթե առաջին գրքում ինձ ավելի շատ հետաքրքրում էր մարդու անցյալը և դրա մասին անվրդով խոսելը կոմունիստական ժամանակաշրջանում, ապա հաջորդ աշխատանքներում խոսվում է այսօրվա խնդիրների,  ամենօրյա կյանքի մասին՝ անցյալի համեմունքներով: Իմ գրքի գլխավոր հերոսները գաղափարներն են: Ես փորձում եմ հասկանալ հասարակությանը, այն վերլուծել և քննարկել՝ ավելի որակով ապագա կառուցելու ակնկալիքով:

– Կարծում եք` կա՞ արդարություն, թե՞ մարդն է այն հորինել:

– Չարն ու բարին մարդն է հորինել: Կարծում եմ, որ պետք է ձգտենք ավելի լավ, որակով  կյանքի, այլապես արհամարհանքն ավելի վատ կլինի: Քանի դեռ չենք հետաքրքրվում մյուսներով և արհամարհված ենք, նահանջում ենք, որակազրկվում:

– Ինչպիսի՞ անհարթությունների եք հանդիպել աշխատանքի ընթացքում:

– Ամենամեծ բարդությունները կապված են եղել այն փաստի հետ, որ միայն գրելով չես կարող ապրել: Ուստի գրողների մեծ մասը կողմնակի աշխատանքներ ունի:

– Սթրեսային վիճակում ի վիճակի՞ եք գրել:

– Անհնար չէ, բայց այդ դեպքում պետք է ավելի մեծ ջանք գործադրես: Սակայն թիվ մեկ խնդիրը ժամանակի հետ է կապված:

– Այդպես է ամենուրե՞ք:

– Այո, հատկապես ոչ զարգացած երկրներում:

– Ի՞նչ փիլիսոփայությամբ եք առաջնորդվում:

– Կարողանամ հնարավորինս կյանքը փոխել:

– Եվ ստացվո՞ւմ է:

– Դժվար է ասել՝ կարողանում եմ այն փոխել, թե ոչ: Հնարավոր է, որ երբեք չտեսնենք մարդկանց որոշ խմբերի որոշ աշխատանքների արդյունքները, ի տարբերություն մեր երեխաների: Պետք է դա քաջ գիտակցենք:

– Ի՞նչ ծրագրեր ունեք:

–  Վերջերս  լույս տեսավ «Ձախի մարդ եմ» գիրքը: Այժմ էլ աշխատում եմ մարգինալ խմբերի մասին գրքի վրա:

–  Այսի՞նքն…

– Այսինքն՝ որոշ կրոնական մարգինալ խմբերի հարյուր տարվա կյանքի մասին, և այն լինելու է վավերագրական վեպի պես մի գրվածք:

 

Հարցազրույցը Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Անկախ

Միջնադարյան հայկական քաղաքային հաղորդակցությունները

մեծամոր-արմավիրԱռևտրա–վաշխառուական այս խավն աստիճանաբար ձևավորում էր հայկական բուրժուական հասարակարգը: Եվրոպայում նման զարգացումներ ի հայտ եկան միայն երեք դար հետո:

Յուրաքանչյուր հասարակարգի զարգացման մեջ առանձնակի կարևորություն ունի քաղաքաշինությունը և քաղաքային մշակույթի ձևավորումը:

Հայկական քաղաքների տեղադրումը, հատակագծումը, կառուցապատումը կանոնակարգված էին որոշակի ամրաշինական չափանիշներով` պայմանավորված քաղաքի գործունեությունն ապահովող բազմաթիվ գործոններով. բնակլիմայական բարենպաստ պայմաններ, միջազգային տարանցիկ առևտրի մայրուղիներ, սրբավայրի առկայություն և այլն: Այդ չափանիշներին ենթարկվել են հայկական բոլոր քաղաքները` չնչին բացառություններով (Արծն, Արշակավան):

Հայկական առաջին քաղաքը Վան-Տուշպան է, որ կառուցել է Վանի Արարատյան թագավորության տիրակալ Սարդուրի Առաջինը (մ.թ.ա. 840-825 թթ.): Վանն ամուր պաշտպանված քաղաք էր, հարուստ պաշտամունքային դիցարան ուներ:

Երկրի գլխավոր դիցարանը մայրաքաղաքում էր գտնվում նաև Երվանդունիների օրոք, երբ Արմավիրում հայոց արքաները կառուցեցին Արևի, Տիրի, Լուսինի, Անահիտի տաճարները, Սոսյաց անտառներ գցեցին:

Հայաստանում տարածված էր եռաքաղաք համակարգը. այսինքն` քաղաքը բաժանված էր երեք մասի. արքունիք, սրբավայր, բնակավայր:

Հայոց արքաներից առաջինը Երվանդ Դ-ն (մ.թ.ա. 220-200) էր, որ մայրաքաղաքից անջատեց հոգևոր իշխանությունն ու ստեղծեց եռաքաղաք: Նա տարանջատեց աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները: Արքունիքը տեղափոխեց Երվանդաշատ, կուռքերը` Բագարան, իսկ Երվանդակերտում գեղատեսիլ դաստակերտ կառուցեց:

Արտաշես Ա-ն (մ.թ.ա.  189-160) Արտաշատ մայրաքաղաքը կառուցեց Երասխ և Մեծամոր գետերի կազմած թերակղզու բլրաշարի վրա: Նա քաղաքի պարիսպը պատեց բլուրների լանջերով և տարանջատեց քաղաքն արքունի-վարչական, պաշտամունքային և բնակելի շրջանների: Առհասարակ Արտաշատն իր քաղաքային ուրույն հաղորդակցություններով դասական քաղաք էր և հին աշխարհի նշանավոր քաղաքներից: Պատմիչների հավաստմամբ` Արտաշատի կառուցման գործում հայոց արքային իր խորհուրդներով օգնել է Կարթագենի զորավար Հաննիբալը, որ Հռոմից հալածված` ապաստանել էր նրա մոտ: Ավանդույթը պատմում է նաև, որ Արտաշատի հատակագիծը հայոց արքան գծել է տվել իր կնոջ` հայոց թագուհի Սաթենիկի աչքի նմանությամբ:

Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55 թթ.) ստեղծելով իր հզոր կայսրությունը` երկրի կենտրոնում կառուցեց իր նոր մայրաքաղաքը` Տիգրանակերտը, որ դարձյալ եռաքաղաք էր` բուն քաղաքը սրբավայրով, պալատը` իր ընդարձակ որսատեղիներով, լճերով, զբոսայգիներով և բերդը, որ իրենից ներկայացնում էր քաղաքի միջնաբերդը: Հետաքրքիր է, որ Արտաշատում բերդ չկար: Դա պայմանավորված էր նրանով, որ բնակչությունը միատարր չէր. այստեղ մեծ կշիռ ունեին օտարազգիները, բացի այդ, Արտաշատը միակենտրոն քաղաք էր:

Հետագայում, 330 թ. Խոսրով Գ Կոտակը (330-338) Հայաստանի մայրաքաղաքն Արտաշատից տեղափոխեց Դվին: Պատմիչների վկայությամբ` Արաքսը փոխել էր հունը, և քաղաքի շրջակայքում առաջացած ճահիճները վատթարացրել էին միջավայրը: Սակայն դա չէր կարող վճռորոշ պատճառ լինել: Պատմությունը ցույց է տալիս, որ դրանից հետո էլ Արտաշատում կյանքը շարունակվում էր նույն հունով, և քաղաքը հետագայում էլ ստանձնեց Հայաստանի մայրաքաղաքը լինելու պատիվը:

Ուստի երևույթը պետք է դիտարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից: Արքան պայքար էր մղում կենտրոնախույս ուժերի դեմ: Նա անգամ կանգ չառավ արյունահեղության առջև և իսպառ ոչնչացրեց Մանազվաղյանների, Որդունիների, Բզնունիների նախարարական հզոր տները: Բնականաբար, երկրի մայրաքաղաք Արտաշատում` ազնվականության շրջանում, արքայի հանդեպ հզոր ընդդիմություն գոյություն ուներ, որի ներկայությամբ հայոց արքան իրեն ապահով չէր զգում: Հատկանշական է, որ արքան Դվին չտեղափոխեց Հայոց կաթողիկոսությունը, քանզի եկեղեցին էլ հզոր նախարարությունների նման հանդես էր գալիս ապակենտրոն քաղաքականությամբ: Այսինքն` հայոց թագավորը ստեղծեց վարչական միավոր, որում հստակ տարանջատված էին քաղաքական, հոգևոր և վարչական իշխանությունները:

Վասպուրականում Գագիկ Արծրունի թագավորն (908 – 943 թթ.) իր մայրաքաղաքը նույնպես կառուցեց եռաքաղաք սկզբունքով` կառուցելով Վան-Ոստան-Աղթամար եռյակը: Երեքն էլ կառուցված էին պարսպապատ, ամրաշինական, գեղագիտական նրբագեղությամբ: Թագավորը նստում էր Ոստանում, բուն քաղաքը Վանում էր, իսկ Աղթամարը կաթողիկոսական նստավայր էր, ուր Գագիկ Արծրունու հրավերով 927 թ. հաստատվեց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը:

I-II դարերում Հայաստանում բուռն զարգացում էին ապրում Նիկոպոլիսը, Նեոկեսարիան, Սեբաստիան, Վաղարշապատը, Մծուրքը: Այս նորերի հետ զարգանում էին նաև հին քաղաքները` Արտաշատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Արշամաշատը, Տիգրանակերտը, Արզնը, Վանը:

Առհասարակ քաղաքների զարգացման համար  որոշ նախապայմաններ էին անհրաժեշտ` մեղմ և բարեբեր կլիմա, առևտրային ճանապարհների մոտիկություն: Չինաստանից և Հնդկաստանից եկող Մետաքսի ճանապարհն Իրանի վրայով մտնում էր Հայաստան և ձգվում արևելքից արևմուտք: Առհասարակ քաղաքների զարգացման և բնականոն գոյության համար կարևոր նախապայման էր առևտրական ճանապարհներին մոտ լինելը:

Դեռևս 166 թ. Հռոմեական կայսրությունը և Պարթևստանը կնքում են համաձայնագիր, որով պայմանավորվում են միջազգային ապրանքափոխանակությունը կատարել երեք քաղաքներում: Դրանցից մեկն Արտաշատն էր:

Արտաշատը գտնվում էր բանուկ առևտրային ճանապարհների վրա, և այնտեղ արհեստների հետ զարգացած էր նաև առևտուրը: Հույն պատմիչ Ստրաբոնը նշում է, որ պոնտական Կոմանա քաղաքի բարգավաճումը կապված է բացառապես Հայաստանից բերված ապրանքների և Հայաստանի հետ կատարվող առևտրի շնորհիվ: Հայաստանի առևտրային շրջանառությունը միայն Փոքր Ասիայով չէր սահմանափակվում: Առևտուրն ընթանում էր Հյուսիսային Աֆրիկայի երկրների, Միջագետքի, անգամ` Հնդկաստանի հետ: Սակայն առևտրային հիմնական ուղիները ցամաքով էին անցնում և Չինաստանից եկող Մետաքսի ճանապարհն անցնում էր Հայաստանով, մասնավորապես` Արտաշատով:

Պետությունների արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն դեր ուներ միջազգային առևտրային ուղիների վրա վերահսկողություն հաստատելը: Տիգրան Մեծի  նվաճումներում կարևոր դեր էր  խաղում հենց հարավային առևտրային ճանապարհների վրա վերահսկողությունը, որն էլ առաջնահերթ իրականացրեց արտաքին նվաճողական քաղաքականություն վարող հայոց արքան:

Տիգրանը հատուկ ուշադրություն դարձրեց հատկապես Եփրատի գետանցներին, որոնց հսկողությունը վստահեց իր հպատակ արաբական ցեղերին:

Հարավային ճանապարհների վրա հսկողություն սահմանելու արդյունքում Հայաստանում բարձրացավ նաև Մծբին քաղաքի դերը:

Այս ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքները շարունակում էին պահել իրենց բնույթն իբրև քաղաքային համայնքներ, որ ունեին ներքին ինքնավարություն, բայց ենթարկվում էին թագավորի կողմից նշանակված շահապին:

Հայաստանի քաղաքների բնակչության կազմը միատարր չէր, ապրում էին հույներ, պարսիկներ, ասորիներ, հրեաներ: Սրանք  բնակվում էին առանձին թաղամասերով` ավաններում: Այս համայնական թաղամասերի գլուխը ռեսն էր:

Ավաններում էին բնակվում նաև օտարազգի վաճառականները, որոնք իրավունք չունեին գիշերելու Շահաստանում (Քաղաքամեջ) և քաղաքի դարպասները փակվելուց առաջ պարտավոր էին լքել Շահաստանի տարածքը: Օտարականների և այլ եկվորների համար արվարձաններում կառուցված էին պանդխտանոցներ:

Սակայն, անգամ խառն ազգաբնակչությամբ քաղաքներում ռազմա-ստրկատիրական ավագանին և քրմական դասը բացառապես բաղկացած էին հայերից:

Ազատ քաղաքացիներն ունեին իրենց «գործոց տները», որտեղ աշխատում էին ստրուկները:

Հայկական քաղաքների հիմնական բաղադրիչներն էին շուկան, թատրոնը և սրբավայրը` մեհյանը: Արտաշատի հովանավորն աստվածամայր Անահիտն էր: Քաղաքի միջնաբերդը` պարսպապատ մասը, համարվում էր բուն քաղաք, նրա շուրջը փռված բնակավայրն ավանն էր: «Գործոց տները» գտնվում էին ավանում: Ամեն քաղաք ուներ իր քաղաքային գավառը, որտեղ մեծահարուստներն ունեին իրենց ագարակները, ամառանոցները, դաստակերտերը` կցված հողագործ ազգաբնակչությամբ (Նախճավանի գավառ, Տոսպ գավառ, Զարեհավան գավառ)

Գործոց տներում արտադրվում էին զանազան ապրանքներ` սկսած զենքից և վերջացրած կենցաղում օգտագործվող մանրուքներով:

Քաղաքների կյանքում կարևորագույն դեր էր խաղում շուկան: Այն գտնվում էր Շահաստանում` պարիսպներից ներս:

Հայկական մեծ քաղաքներում կային նաև ցորենի, գարու, առաջին անհրաժեշտության ապրանքների պետական շտեմարաններ, որտեղ ամբարված ապրանքն օգտագործվում էր բացառապես պատերազմների, պաշարումների կամ սովի ժամանակ: Այս շտեմարանների, առհասարակ քաղաքի կարգուկանոնի հսկողությունը արքայի նշանակած շահապի ձեռքում էր:

Միջնադարյան քաղաքների կարևորագույն բաղկացուցիչ մասն էր կազմում նաև թատրոնը: Այն մեծ մասսայականություն էր վայելում բնակչության բոլոր խավերի մեջ: Եկեղեցին թատրոնը համարում էր հեթանոսական մնացուկ և պայքարում էր դրա դեմ, բայց ապարդյուն. թատրոնը քաղաքային բնակչության ժամանցի ամենակարևոր վայրն էր: Մանավանդ ժողովրդական տոներին մեծ էր թատրոնի այցելուների թիվը: Կային նաև շրջիկ թատրոններ, որոնք շրջում էին Հայաստանի փոքր ու միջին քաղաքներով:

Քաղաքային հաղորդակցությունների մեջ կարևորագույն տեղ ունեին քաղաքի պաշտպանական պարիսպները: Դրանք միշտ իշխանության և ժողովրդի հոգածության ներքո են եղել, քանզի ապահովել են բնակչության բոլոր խավերի անվտանգությունը: Պարիսպները երբեմն եղել են երկշերտ, եռաշերտ, ամրացված բուրգերով ու աշտարակներով: Երբեմն խաղաղ ժամանակներում պարիսպները ծառայեցրել են կենցաղային նպատակներով:

ախթալաՊարիսպներից դուրս եղել է խրամը` մի քանի մետր լայնությամբ խոր ջրանցքը, որ ունեցել է երկու նշանակություն. պատերազմների ժամանակ այն լցված էր, որպեսզի հարձակվող թշնամու բանակների հարձակողական թափը կոտրի, իսկ խաղաղ ժամանակներում ջրմուղի ջուրն օգտագործվում էր ոռոգման նպատակներով:

Խրամի և պարսպի մեջտեղում ևս մեկ կառույց կար` հողապատնեշը, որ նույնպես պաշտպանական նշանակություն ուներ:

Պարիսպների մեջ էր գտնվում քաղաքի դարպասը: Մեծ քաղաքները մի քանի դարպասներ են ունեցել: Երեկոյան` սահմանված ժամին բերդապետը կողպում էր քաղաքի դարպասները և բանալիները հանձնում իշխանին կամ քաղաքի ավագանուն: Առանց իշխանավորի թույլտվության քաղաքի դարպասները ոչ ոք չէր կարող բացել:

Արքայանիստ քաղաքը որ էր հայոց մայրաքաղաքը, կոչվել է «Ոստան հայոց»: Նման կոչում պատմիչները տվել են հատկապես Դվինին, որ մայրաքաղաք դարձավ IV դարում: Դվինը հատկապես հայտնի էր իր դրամահատարանով, խեցեգործությամբ, ապակե արտադրությամբ, գորգագործությամբ: Դվինը` որպես մայրաքաղաք, փոխարինեց Արտաշատին և իր նախորդի պես երկար ժամանակ կենսունակ եղավ:

Դվինը նույնպես գտնվում էր բանուկ առևտրային ճանապարհների վրա: Ուներ հինգ գլխավոր ճանապարհ և դուռ` արևմտյան, որ Կարինի ուղղությամբ էր տանում, հարավարևմտյան, որ դեպի Խլաթ էր տանում, արևելյան, որ տանում էր դեպի Արցախ և Պարտավ, հարավարևելյան` դեպի Նախիջևան և Թավրիզ և հյուսիսային, որ Լոռիով դեպի Թիֆլիս էր տանում:

Միջնադարում Հայաստանում արդեն ձևավորվում է քաղաքային դասը` իր ուրույն բնակչությամբ:

Քաղաքային բնակչությունն օրենքով ամրագրված իրավունքներ ուներ և արտոնություններ` գյուղական բնակչության համեմատ: Դեռ քերթողահայր Խորենացին է գրել, որ հայոց Վաղարշակ  արքան օժտել է արտոնություններով քաղաքաբնակներին և «հրաման է տալիս, որ քաղաքացիների հարգն ու պատիվը ավելի լինի, քան գյուղացիներինը, որ գյուղացիները պատվեն քաղաքացիներին ինչպես իշխանների…»:

Սա ամրագրված էր նաև Մխիթար Գոշի «Դատաստանագրքում»,որ սահմանադրության դեր էր կատարում հայոց մեջ: Քաղաքը, փաստորեն գրավիչ էր բնակչության բոլոր խավերի համար և դա խթան էր, որ Հայաստանում զարգանան քաղաքներն ու արհեստները:

Քաղաքի բնակչությունն ազատ էր, գյուղացիներն անազատ դաս էին: Այսպիսով, քաղաքների զարգացումը Հայաստանում ուներ լուրջ սոցիալական խթան:

Միայն IX-XIV դարերում Հայաստանում առաջացան 30 մեծ ու փոքր քաղաքներ և 20-ից ավելի գյուղաքաղաքներ: Դրանց զարգացմանը նպաստեց նաև այն, որ Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Հայաստանը համարվում էր չեզոք երկիր, և միջազգային առևտուրը բացառապես կատարվում էր Հայաստանի տարածքում:

Հայաստանում սելջուկյան արշավանքներից հետո քաղաքային կյանքն աշխուժացավ, երբ Զաքարյաններն ազատագրեցին երկիրը և քաղաքային կյանքը նոր շունչ ստացավ: Արագ թափով զարգացան արհեստները: Արտադրության ձևերը կատարելագործվեցին: Դեռևս X դարում ստեղծվեցին առաջին համքարությունները: Դրանք կազմակերպություններ էին, որոնք միավորում էին նույն արհեստով զբաղվող մարդկանց: Համքարությունները, փաստորեն, ներկայիս արհմիությունների նախատիպն էին: Նրանցում միավորված արհեստավորները պաշտպանում էին միմյանց շահերը, միասին որոշում շուկայում իրենց արտադրանքի գները:

Կային մշակված որոշակի կանոններ համքարության անդամների համար: Համքարության մեջ վեճերը լուծվում էին «Ծերոց ատյաններում», որոնք կազմված էին առավել տարեց, հմուտ վարպետներից: Համքարությունների անդամները նաև ապրում էին նույն փողոցում, շարքով: Անիում հայտնի էին Դարբինների, Թամբագործների փողոցները, Կոշկակարոցը և այլն: Նրանք իրենց արհեստը փոխանցում էին սերնդեսերունդ: Երբ վարպետը կամ հայրը համարում էր, որ ավարտվել է աշակերտի ուսումը և, նա կարող էր ինքնուրույն աշխատել ու ներկայանալ որպես վարպետ, իր ձեռքերը լվանում էր աշակերտի ձեռքերի վրա, որպեսզի իր ձեռքի շնորհն անցնի աշակերտին: Համքարության մեջ մտած և վարպետ համարվող անդամը կարող էր ունենալ իր կնիքը: Յուրահատուկ ծես գոյություն ուներ համքարության մեջ նոր անդամ ընդունելու համար: Այն կատարվում էր բոլոր անդամների ներկայությամբ: Համքարություններն ունեին իրենց նշան- դրոշները:

Հայաստանում քաղաքները բաժանվում էին երկու մասի. արքունի և ինքնավար: Վերջիններն ունեին որոշ ներքին ինքնավարություն և կառավարվում էին ավագանու կողմից: Այս քաղաքներն անգամ իրենց սեփական զորքն ունեին, որ կազմված էր արհեստավորներից:

Քաղաքները հիմնականում կառուցված էին առևտրային ճանապարհների վրա: Հյուսիսային առևտրային ճանապարհների վրա էին Անին, Կարսը, Դվինը, Երևանը, Երզնկան, Նախիջևանը: Հարավային ուղիների վրա էին Վանը, Արճեշը, Ոստանը, Խլաթը, Մանազկերտը:

Հայկական քաղաքներում կյանքը եռում էր աշխատանքով, հանդեսներով, տոնախմբությամբ, թատրոնով: Այստեղ մշակութային օջախների հետ մեկտեղ առկա էին բոլոր պայմանները ցոփ կյանքի համար:

Այդուհանդերձ, ակտիվ առևտրի գոյությունը ենթադրում էր այդ առևտրի անվտանգությունն ու հարմարվետությունն ապահովող հաստատությունների առկայություն:

Առևտուրն ապահովելու համար Հայաստանի քաղաքներում ամենուր պանդոկներ էին կառուցվում: Սրանք ունեին ամենայն անհրաժեշտը ճամփորդներին ու առևտրական քարավաններին սպասարկելու համար: Անհատ առևտրականները կամ ամբողջ քարավանները պանդոկներում ու քարվանատներում կարող էին օթևանի հետ մեկտեղ գտնել սնունդ, կեր անասունների համար, փոխադրամիջոց, անգամ զինված պահպանություն: Պանդոկներ ունեին ոչ միայն իշխաններն ու արքաները, այլև եկեղեցին ու նոր բարձրացող հայոց առևտրական, վաշխառուական խավը:

Իրենց տարածքով անցնող քարավանների ապահովության համար իշխաններն ու ֆեոդալները ստեղծել էին հատուկ զինվորական ջոկատներ, որոնք ուղեկցում էին քարավանները իշխանության տարածքում:

Հայոց քաղաքներում առանձնահատուկ տեղ ունեին բաղնիքները: Նրանք քաղաքային մշակույթի կարևոր տարրերից էին և ամենևին զեխության վայրեր չէին, ինչպես Ռուսաստանում և Արևելքում:

Արտաշատն ուներ ջեռուցվող բաղնիքներ. կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք: Այս մեխանիզմը տարածում գտավ աշխարհում միայն երկու տասնամյակ առաջ: Հայաստանի տարածքում համեմատաբար լավ են պահպանվել Ախթալայի, Ամբերդի, Լոռի բերդի բաղնիքները:

Կիլիկյան Հայաստանում քաղաքները գլխավորել են թագավորների ներկայացուցիչները` կապիտանները: Վերջիններս, հատկապես նավահանգստային քաղաքներում, ունեցել են քաղաքական, վարչական և ոստիկանական լայն լիազորություններ: Քաղաքային կարևորագույն պաշտոնյաներ էին ձեռներեցները, մուխթասիբները և դուկերը, որ հսկում էին շուկայում չափի ու կշռի կարգավորումները, գները, հավաքում էին հարկերն ու տուրքերը:

Կիլիկիո մայրաքաղաք Սիսում էին գտնվում արքայական պալատը, բանտը, դրամատունը, իշխանաց տունը, գրադարանը, համալսարանը` դպրատունը: Քաղաքում էին կենտրոնացած օտարերկրյա դեսպանատները: XII դարի վերջին Սիս է այցելում ավստրիական դեսպան Վիլլեբրանդ Օլդենբուրգցին և հիանում է քաղաքի գեղեցկությամբ ու ճոխությամբ:

Իր գեղեցկությամբ ու ամրությամբ աչքի էր ընկնում ծովափնյա Տարսոն քաղաքը: Այստեղ ավանդաբար կատարվում էին թագադրման արարողություններ:

Նշանավոր էին Ադանան, Մամեստիան: Տնտեսական նշանակությամբ մեծ էր հատկապես Այաս նավահանգստային քաղաքի դերը: Այն առևտրական կապող օղակ էր Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի միջև: Մի օրինակ միայն Այասի նշանակությունն ընդգծելու համար: Այասում նստող վենետիկյան պայլը, իր հպատակների առևտրական գործունեությունից գանձելով  ընդամենը կես տոկոս մաքս, մեկուկես տարվա ընթացքում ստացել է 7200 ֆրանկ եկամուտ: Այսպիսով, միայն վենետիկցիների առևտրական շրջանառությունը տարեկան կազմում էր մոտ մեկուկես միլիոն ֆրանկ, որից 2-4 տոկոսը` որպես մաքս, մտնում էր Սսի արքունիք:

1323-1337 թթ. Եգիպտոսը որպես հարկ հայոց պետությունից Այասից ստացել է 1200000 դրամ հարկ, որ միայն շրջանառու միջոցների մի փոքր մասն է կազմել:

Քաղաքային բնակչությունը բաժանվում էր մի քանի մասերի: Ստորին խավը` մանր առևտրականներ, սևագործ բանվորներ, համարվում էր ռամիկ: Ապահով զանգվածը կազմում էր ազատանին: Կար նաև հատուկ վարձով աշխատողների դաս` մշակ:

XIII դարում Հայաստանում առաջացավ նոր խավ` մեծատունների խավը: Սրանք առևտրական դասի այն ներկայացուցիչներն էին, որ կուտակելով հսկայական հարստություն` մեծ դերակատարություն ունեցան հասարակական կյանքում: Դրանցից ամենանշանավորն անեցի Տիգրան Հոնենցն էր: Նա հասարակ ծագում ուներ, սակայն, հետագայում, Զաքարյանների մոտ պաշտոն ստանձնեց և նրանց հարկային վերակացուն էր քաղաքում: Տիգրան Հոնենցը մեծ կալվածքներ, ամառանոցներ, ջրաղացներ, ագարակներ ձեռք բերեց: Նա նաև վաշխառությամբ էր զբաղվում: Որպես կանոն` հայ մեծատունները բարեգործությամբ էին զբաղվում: Տիգրան Հոնենցը 1215 թ. Անիում կառուցեց քաղաքի հրաշագեղ եկեղեցիներից մեկը, այն զարդարեց արվեստի գործերով:

Մյուս հայտնի մեծատունը մանազկերտցի Ումեկն էր, որ իր առևտրա-վաշխառուական գործունեությունը ծավալել է Կարինում: Ումեկը հետագայում հաստատվեց Տփղիսում: Նա 40000 դուկատով Զաքարյաններից գնել է Գետիկը և նվիրատվություններ է արել Գոշավանքին:

Ավելի հաջողակ ու մեծահարուստ Ավետենց Սահմադդինը 1263 թ. գնեց մայրաքաղաք Անին: Սահմադդինին էր պատկանում նաև Երևան քաղաքը:

Առևտրա-վաշխառուական այս խավն աստիճանաբար ձևավորում էր հայկական բուրժուական հասարակարգը: Եվրոպայում նման զարգացումներ ի հայտ եկան միայն երեք դար հետո: Սակայն հայ հասարակարգի զարգացումը կանգ առավ մոնղոլական արշավանքների պատճառով:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ