Մենք նորից ուզում ենք Սևանի բախտի հետ խաղալ. բնապահպան

DSC00259Բնապահպանները բազմիցս բարձրաձայնում են Սևանա լճում առկա խնդիրների և դրանց հավանական հետևանքների մասին: Ըստ բնապահպան Գագիկ Սուխուդյանի ՝ Սևանի խնդիրները անկախ Հայաստանում այդպես էլ չեն լուծվում. «Մենք Սևանին նայում ենք որպես սովորական ոռոգման ջրամբարի: Պետք է վերանայել այդ վերաբերմունքը: Չեմ հավատում, թե ցանկանում են բարձրացնել մակարդակը, այլապես արդեն մշակված նախագիծ կլիներ: Մենք նորից ուզում ենք Սևանի բախտի հետ խաղալ», – ասաց նա:

Ըստ բնապահպանի՝լճի մակարդակի իջեցումը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ: Այդ խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է հստակ նախագիծ կազմել, ինչը մինչև այժմ չի արվել: «Հին Հայաստանում ջուրը ընկալվում էր որպես սրբություն: Այժմ դա ինչ-որ բանալ կերպով է դիտարկվում: Յուրքանչյուր երկիր և ժողովուրդ մոմ պետք է վառի, եթե իր տարածքով որևէ գետ է հոսում: Միայն Երևանի տարածքով 3 գետ է հոսում: Սևանից դուրս եկող բոլոր 28 գետերը պարզապես աղբատարներ են», – նշեց բնապահպանը:

Ըստ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի ՝ հետևանքներից խուսափելու համար ձկնաբուծարանները պետք է փոխեն իրենց աշխատանքի ձևը: Ըստնրա՝եթե նույն ջուրը  3-րդ անգամ օգտագործվի Սևանից դուրս եկող ջրի ծավալները կտրուկ կնվազեն: «Պետք է կաթիլային մեթոդով կատարվի ոռոգումը: Մենք քոչվոր ցեղեր չենք: Այնպես չի, որ այսօր օգտագործելու են ջուրը, վաղը՝ հեռանանք, որ հետևանքների մասին չմտածենք»:

Ըստ նավապետի՝ ակնհայտ է, որ երբ ջրի մակարդակը բարձրանում է, լիճը սկսում է ինքնամաքրման գործընթացը. «2012-ին Սևանի ջրի թափանցիկությունը կտրուկ բարձրացել էր, դա նշանակում է, որՍևանն անցել էր ինքնամաքրման բնական գործընթացի: Բայց մինչ այդ, երբ մակարդակը ցածր էր, ջրի մեջ բազմանում էին կապտականաչ ջրիմուռները: Ջրի մակարդակի իջնելու դեպքում կրկին նման վիճակ կլինի», – ասաց նավապետը:

«6 օր Սևանի շուրջ». կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները

загруженноеOգոստոսի 8-13-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի ու «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:

Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը,  կայուն տուրիզմը տեղական և ազգային  մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։

Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել 53-ամյա տղամարդու դի

խեղդվում էՀուլիսի 8-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝ լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1961 թվականին ծնված Վ. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Ջրափրկարարներն Սևանա լճից ափ են դուրս բերել երկու երիտասարդի

Ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը Հուլիսի 6-ին, ժամը 16.59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.50-ին ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Սևանա լճում՝ առաջին հանրային լողափից մոտ 2 մետր հեռավորության վրա, նկատել են, որ ուժեղ ալիքի պատճառով երկու քաղաքացի դժվարանում են ափ դուրս գալ:

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել 1989 թ. ծնված Ա. և 1997 թ. ծնված Ա. Դանաղյաններին:

Սևանի հանրային լողափերը նախապատրաստվել են հանգստի շրջանի բացմանը

լողափ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վ. Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝  հուլիսի 1-ին նախատեսված բացման  նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ  կատարված աշխատանքներին:  Լողափերում անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը քննարկում է անցկացրել տարածքային ոստիկանական, փրկարար և բժշկական ծառայություն իրականացնող մարմինների պատասխանատուների հետ: «Սևան» ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն՝  հանգստյան ժամանակահատվածին լողափերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ:

լողափ   Աշխատանքային այցի շրջանակներում «Սևան» ազգային պարկ են ժամանել նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները, Սևանից լրացուցիչ ջրառի պատճառների հիմնավորումները, կլիմայական փոփոխությունների հետևանքով նկատվող սակավաջրությունը: Թեմայի շուրջ հանդես են եկել  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:

Արամայիս Գրիգորյանն, իր ելույթում կարևորելով արտագնա նիստերի ձևաչափով անցկացվող հանդիպում-քննարկումները,  նշել է. «Սևանը մեր հարստությունն է,  յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը պետք է լինի «Սևան» ազգային հարստության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Սևանա լճի հիմնախնդիրը մեր երկրի ռազմավարական նշանակության խնդիրներից է, և պատասխանատու բոլոր գերատեսչությունների ջանքներն ուղղված են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչը մեզ հաջողվել է և այսօր մենք ունենք նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշ: Սա մեծ ձեռքբերում է, որը պետք է կարողանանք պահպանել: Ինչ վերաբերում է Սևանից լրացուցիչ ջրառի խնդրին, ապա պետք է նշեմ, որ ցավալի է, որ մենք ստիպված ենք նախատեսվածից ավել ջուր բաց թողնել Սևանից, սակայն այս բացթողումը մասնագիտորեն հիմնավորված է` կապված կլիմայական փոփոխություններով պայմանավորված սակավաջուր տարվա հետ»: Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Սևան» ազգային պարկի աշխատակազմը, իրականացնելով համապատասխան հանձնարարականները, ՀՀ ԱԻՆ, ոստիկանական ծառայության և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լիարժեք պատրաստվածության  են բերել ծառայությունների մատուցմամբ 3 հանրային լողափերը, որոնք հուլիսի 1-ից կընդունեն հանգստացողներին: Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ  նախատեսվում է առաջիկայում ավելացնել ծառայությունների մատուցմամբ հանրային լողափերի թիվը:

Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում այցելուների համար ապահովել առավելագույն հարմարավետություն:

 

 

 

 

Հ.Գ.

Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է Հանրապետության Նախագահի հանձնարարականով և ներկայում գործում է 11 լողափ /3-ը ծառայությունների մատուցմամբ/: Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի  իրականացրած «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողափերի հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: Այս տարի նույնպես հանրային լողափերում գործելու  են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, նորաբաց էկոանկյունը: Առաջիկայում նախատեսվում է բացել նոր հանրային լողափեր: Հանրային  լողափերում գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն:

 

 

 

 

Սևանա լճում մնացած նավակները դուրս են բերվել ափ

սևանա լիճՄայիսի 24-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ քամի) երկու նավակներ չեն կարողանում մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ նավակները տեղի ուժերով դուրս են բերվել ափ:

Սևանը՝ փրկագին…

ՍևանՍևանա լճից օրենքով նախատեսված տարեկան 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ ջրի բացթողումը 5 տարի ժամկետով Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ամենաբուռն քննարկվող հարցերից մեկն էր, եթե ոչ ամենավիճահարույցը: Բանը հասավ նրան, որ կառավարությունն անգամ զիջումների գնաց, և նախագիծն ընդունվեց ոչ թե հինգ տարի ժամկետով, այլ` մեկ:

Խնդիրն այն է, որ Արարատյան դաշտավայրում ձկնային տնտեսությունների կողմից խորքային հորերի բացման և ջրային ավազանի անխնա ու անկառավարելի օգտագործման հետևանքով այսօր արտեզյան ավազանի ջուրը գրեթե ցամաքել է, և հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման ու խմելու ջրի: Եվ այդ խնդիրը լուծելու միակ տարբերակը կրկին մնում է Սևանը, որը միշտ էլ օրհասական պահերին օգնության է հասնում ժողովրդին:

Սևանից տարեկան 70 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագծի ամենաթունդ քննադատողներից մեկը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էր, որն իր ելույթում նաև սենսացիոն հայտարարություններ արեց: Ըստ պատգամավորի, ոռոգման խնդրից բացի, ջրի բաղթողումը նաև այլ խնդիրներ է լուծում, հատկապես հարուստների` Սևանի ափին գտնվող օբյեկտների, ամառանոցների ջրի տակ անցնելու վտանգը և էլեկտրական հոսանքի արտադրությամբ միլիոնավոր դոլարների ստացումը:
Մեզ հետ զրույցում պատգամավորն իր «համեստ» հաշվարկներն արեց. այս ջրի բացթողնման արդյունքում տարեկան 10 մլն դոլար արժեցող լրացուցիչ էլեկտրաներգիա կարտադրվի:

Ի դեպ, նման մի հաշվարկ էլ արել է «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իբր ջրի բացթողնման իրական պատճառը 50 մլն դոլար արտասահմանյան վարկն է, որի տևողությունը 5 տարի է՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան կառավարությունն ուզում է Սևանից հավելյալ ջուր բաց թողնել: «Հինգ տարվա ընթացքում, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, հավելյալ բաց թողնված ջրով արտադրվելու է 50 մլն դոլարի էլեկտրաէներգիա, որով էլ պիտի փակվի այս վարկը: Իսկ թե 50 մլն վարկային միջոցների ճակատագիրն ինչ է լինելու` բոլորիս էլ հայտնի է»,- գրել էր նա:

Որոշ բնապահպաններ էլ պնդում են, որ հենց հիմա էլ Սևանից բաց է թողնվում օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից էլ ավելի ջուր՝ մոտ 450-500 մլն խմ, և դա տեղի է ունենում օրենքի մեկ այլ խախտումով. ջուրը բաց է թողնվում օրենքով նախատեսված հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածից ավելի շուտ, որպեսզի այդ մեծ թիվը չերևա:

Բնապահպանները մի երևույթի մասին էլ են բարձրաձայնում, որը, ըստ Մանուկյանի, սկանդալ է, եթե հաստատվի. Սևան մտնող Արփայի ջուրը չի հաշվարկվում մուտքի ժամանակ: «Դա ջուր է, որը չի երևում և որը փող է դառնում»,- ասում է պատգամավորը:

Արամ Մանուկյան (1)Նա նաև հայտարարում է, որ կառավարությունը նպատակային ձևով վերջին 3-4 տարվա ընթացքում դադարեցրել է Սևանա լճի մակարդակի բարձրացումը, որպեսզի հարակից տարածքների հարուստ օբյեկտները ջրի տակ չանցնեն. պետական ծրագրով նախատեսված է ջրի մակարդակը բարձրացնել մինչև 6 մետր, սակայն այսօր այն դեռևս 3,9 մետրով է բարձրացել:

Պատգամավորը կարծում է, որ այս ամենը վերահսկող չկա, և Սևանի հետ վարվում են այնպես, ինչպես որոշ պաշտոնյաների անձնական շահն է թելադրում:

Նա մի խնդրի վրա էլ է ուշադրություն հրավիրում, որը բարձրաձայնում են նաև բնապահպանները: Արարատյան դաշտավայրի ջրային ավազանի վնասման հետևանքով հողի տակ սնամեջ տարածքներ են առաջացել, ինչը կարող է հանգեցնել բնական աղետների՝ նստվածքների, երկրաշարժերի և այլն:

Պատգամավորի բարձրաձայնած խնդիրներից թերևս այս մեկի հետ համամիտ է «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը. իսկապես Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներն օգտագործվել են չափազանց սխալ ձևով:

Ինչ վերաբերում է լճից էլեկտրաԷներգիա ստանալու նպատակով ջրի բացթողնմանը, մասնավոր անձանց տարածքները ջրի տակ անցնելու խնդրին կամ գաղտնի ձևով նախատեսվածից ավելի ջուր բաց թողնելուն, Ջավադյանն այս ամենին իր հակափաստարկներն է ներկայացնում: «Սևանա լիճը հսկվում է մի քանի կառույցի կողմից՝ բնապահպանության նախարարության, ՀայպետՀիդրոմետ ծառայության, Ջրպետկոմի, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի և այլն: Հնարավոր չէ որևէ լիտր ջուր ավելի հանել, որ ոչ ոք չիմանա: Այդ ամենը հսկվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան: Ոչ էլ կարող են չորս-հինգ կառույցներ միանալ իրար ու գողություն անել: Դա հիմարություն է, թող ներեն ինձ, իհարկե»:

Այն մտահոգությանը, թե ինչու է այս տարի ջրառն իրականացվել նախատեսված ժամկետից շուտ, Ջավադյանը պարզաբանում է. «Այս տարի խիստ ջրասակավ տարի է, այդ պատճառով էլ ջուրը բաց ենք թողել ապրիլի վերջին, և այսօրվա դրությամբ 18 մլն 600 խմ ջուր արդեն բաց է թողնվել: Եթե անցյալ տարի մայիսին, օրինակ, Հրազդան գետում կար մոտ 33 մլն խմ ջուր, այս տարի՝ մոտ 13 մլն խմ է: Լիքն էր Ազատի ջրամբարը, կիսով չափ լցված էր Յուրի ՋավադյանԱպարանի ջրամբարը: Անցյալ տարի ամբողջ մայիս ամիսն անձրևային էր, դրա համար էլ ջրառը տեղի է ունեցել ժամանակին՝ հունիս ամսին»:

Ընդդիմադիր պատգամավորի և որոշ բնապահպանների դիտարկումը, թե Սևան մտնող Արփայի ջուրը չի վերահսկվում, Ջավադյանը նույնպես հերքում է՝ ասելով, որ մի քանի չափման սարքեր կան տեղադրված, իսկ վերջինը, դեպի Սևանա լիճ իջնող հատվածում, արբանյակային ծրագրով վերահսկվում է նաև ամերիկացիների կողմից:

Իսկ թե ինչու է վերջին տարիներին կասեցվել ջրի մակարդակի բարձրացման գործընթացը, բացատրում է. « Սևանը 6 մետր բարձրացման պետք է հասնի մինչև 2029 թվականը: Այսօրվա վիճակը դեռ մի բան էլ ավելին է, մենք հիմա առաջընթաց բարձրացում ունենք և՛ բնության գործոնով պայմանավորված, և՛ մեր խիստ վերահսկողության շնորհիվ, և արդյունքում հասել ենք 2019 թ. մակարդակին»:

Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրի մասին խոսելիս «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրենն ավելի կոշտ քննադատություն է հնչեցնում ՝ փաստելով, որ դաշտավայրի ջրերի սխալ կառավարման պատճառով 31 համայնքներ զրկվել են խմելու և ոռոգման ջրից, իսկ այսօր արդեն մեծ ռիսկեր կան ատոմակայանի հետ կապված, քանի որ հովացման համակարգի պոմպերը չեն աշխատում ջուր չլինելու պատճառով: «Այժմ միջոցառումներ են ընթանում այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- ասում է Ջավադյանը, որը հենց նոր էր վերադարձել Մեծամորի ատոմակայանից:

Նա նաև հիշեցնում է, որ Հանրային խորհուրդն իր ստեղծման օրվանից ի վեր՝ հինգ տարի շարունակ, բարձրացրել է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը՝ հասցնելով այն նաև կառավարության ղեկավարին ու երկրի նախագահին: Եվ միայն վերջերս նախորդ կառավարությունը որոշեց ընթացք տալ այդ խնդրին և կասեցնել ձկնաբուծության նպատակով ջրի անարդյունավետ ու ապօրինի օգտագործման գործընթացը, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հանրային խորհրդին այդ հարցը հետևողականորեն բարձրացնելու համար: «Ոչ միայն ասել ենք, այլև մեկ տարի շարունակ ուսումնասիրել ենք խնդիրը, ծրագիր կազմել, ներկայացրել կառավարություն, որն էլ դրա հիման վրա սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել»:

Ինչ վերաբերում է իրավիճակը շտկելու հնարավորություններին, ապա Ջավադյանի խոսքով՝ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ բոլոր ձկնային տնտեսություններն անցնեն կիսափակ համակարգի. «Այսինքն` ընդերքից հանեն 30 տոկոս ջուր, և հանածի 70 տոկոսը պտտացնեն»:

Նշենք, որ կառավարության սկսած միջոցառումներից հետո 77 ձկնային տնտեսություն արդեն վերացել է՝ չկարողանալով բավարարել անհրաժեշտ չափանիշները: «Պետք է ծախսեր, ներդրումներ անեն: Ավելի գրագետ շահագործելով՝ կարող են շահույթ ստանալ, ճիշտ է՝ վերադարձը կարող է մի փոքր ուշ լինել, բայց կլինի: Իսկ էս վիճակում, պարզ է, գերշահույթներ էլ կստանան»:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հասնել նրան, որ արտեզյան ջրային ավազանից վայրկյանում 22.7 խմ հանվի ոռոգման և խմելու ջրերի համար, իսկ 12 խմ՝ բոլոր ձկնային տնտեսությունների: Այժմ ձկնային տնտեսություններն օգտագործում են մոտ երեք անգամ ավելի ջուր՝ 30 խմ վայրկյանում: «Երբ որ կառավարությունը հասնի դրան, այդ օրվանից սկսած` 4-5 տարի հետո մենք կունենանք ջրերի բարձրացում, և արտեզյան ավազանը կսկսի վերականգնվել: Ինչքան ուշացնենք այդ գործընթացը, ամեն տարի 10 տոկոսով վիճակն ավելի կվատանա»:

Բնապահպանների այն պնդմանը, որ արտեզյան ջրային ավազանի սխալ օգտագործման հետևանքով հողի տակ առաջացել են սնամեջ տարածքներ, որոնք կարող են բնական աղետների պատճառ դառնալ, Ջավադյանը հակադարձում է՝ ասելով, որ մտահոգվելու լուրջ պատճառ չկա, քանի որ դրանք ոչ թե սնամեջ ավազաններ են, այլ ընդամենը ճեղքեր:

Միաժամանակ ինքն էլ է փաստում, որ այն շրջաններում, որտեղ գրունտային հողերն իջել են, տների կրող պատերը սկսել են ճաքել, և այժմ քաղաքաշինության ու արտակարգ իրավիճակների նախարարությունները համապատասխան ուսումնասիրություններ են իրականացնում տեղանքում: «Խոսքը շուրջ 20 000 հեկտարի մասին է, հիմնականում` Մասիս քաղաքը` իր գյուղերով: Եվ եթե ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկվեն, լուրջ հետևանքներ տեղի չեն ունենա»:

Այս խնդիրների տրցակը, իհարկե, ծառացած չէր լինի մեր իշխանությունների ու ժողովրդի առջև, և Սևանն էլ ստիպված չէր լինի փրկագին վճարել, եթե ժամանակին բարձրացված խնդիրներին երկրի ղեկավարությունն օպերատիվորեն արձագանքած լիներ: Բայց քանի որ մեր երկրում ամեն ինչ փոխկապակցված է, այդ թվում նաև ձկնային տնտեսություններն ու իշխանական որոշ շրջանակներ, օլիգարխ-իշխանավորներին չդիպչելու արատովոր երևույթի պատճառով դանակը հասավ ոսկորին: Հիմա պետք է փրկել գոնե այս իրավիճակը, իսկ մեղավորներին պատժել խստագույնս:

Գլխավոր դատախազությունն արդեն մի քանի ամիս է՝ քննում է գործը: Մնում է, որ այստեղ էլ չբախվեն օլիգարխաիշխանական շահերը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը հաստատվեց որոշակի զիջումով

Սևանա լիճ“Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը, սակայն, նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով հարցի շուրջ տեղի ունեցած բուռն քննարկումները, հասարակական կարծիքը, կառավարությունն առաջարկում է օրենքի գործողության ժամկետը այս պահին սահմանափակել և տեղավորվել մեկ տարվա ժամկետում. «Բայց նաև առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն Ձեզ»,-հավելեց նա:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել էին հինգ տարին սահմանափակել մեկ տարով, որովհետև առնվազն հասկանալի չէր, թե որ Նոստրադամուսը կարող էր հինգ տարվա կանխատեսում անել:

Միաժամանակ Զոհրաբյանն ասաց, որ իրենք սա համարում են իրավիճակային ելք. «Տասնյակ  գյուղերի բնակիչներ դիմել են մեզ՝ասելով, որ ջուր չլինելու պատճառով հողերը զրկված են ոռոգման հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին՝ հասկանալով, որ խնդիրը պետք է գլոբալ և լրջագույն ստուգում ստանա, ինչպես նաև մենք առաջարկում ենք Հիդրոմետին, որը «Սևանի մասին» օրենքի համաձայն անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնի մշտադիտարկման արդյունքները բալանսի հետ կապված»:

Հիշեցնենք, որ խնդրահարույց օրենքի նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ մտավախություն կա, որ դա մեծ վնաս կհասցնի ջրի էկոհամակարգին:

 

Անկախ

Վարդան Այվազյանն առաջարկեց կտրել իր ձեռքը, եթե ինքն է գողանում Սևանի ջուրը

g_imageՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանում  “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” հարցի քննարկման ժամանակ շտապեց պաշտպանել Սևանից հավելյալ 70 խմ ջուր բաց թողնելու նախագիծը:

«Կարծես՝ հիշողության կորուստ է: 2006 թվականի դեկտեմբերին ՀՀԿ-ն ընդունեց պատմական որոշում՝ էներգետիկ նպատակով Սևանա լճից ջրի բացթողումն արգելելու մասին: Ցանկացած գաղափար կարելի է սևացնել՝ ինչպես ուզում եք: Հերի՛ք է բառախաղով զբաղվեք: Էդ գյուղացիքին ջուր որտեղի՞ց եք տալու: Խոսում եք արտագաղթից ու ասում եք՝ եկեք ջուր չտանք: Էս ի՜նչ մի սկսեցիք կասկածել ադրբեջանական համագործակցության մեջ: Միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք, պրծնեք: Խոսելով հո չի՞, էդ անտեր լեզուն ոնց ուզում, պտտվում ա: Բայց որ արդեն թվեր են խեղաթյուրվում, դա է ինձ անհանգստացնում»,-վրդովվեց Վարդան Այվազյանը:

Նա ասաց, որ համամիտ է Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների անխնա օգտագործման հետ, երկու ձեռքով կողմ է ավելի խիստ չափանիշներ դնելուն: Պատրաստ է նաև միանալ Սևանա լճիից ջրի կորուստների ստուգման հարցով զբաղվելուն. «Եկե՛ք նայենք, որ մի խորանարդ մետր ջուր չգողանան: Եթե ես եմ գողանում, իմ ձեռքը կտրենք, մեկ ուրիշն է գողանում, նրա ձեռքը կտրենք: Անխնա օգտագործողներին եկեք պատժենք»,-առաջարկեց Այվազյանը:

Նա կառավարությանը քննադատողներին  հիշեցրեց, որ այս «շատ վատ կառավարության» գալուց հետո Սևանը հասցվել է 1960 թվականի մակարդակին: «Իսկ էն մի իշխանությունը, որը շատ լավն էր, ջուրն իջացրեց ամենացածր մակարդակի»,-ակնարկեց նա ՀԱԿ-ին:

 

Անկախ

Արամ Մանուկյանը կոչ է անում հետաքննել Սևանից ջուր բաց թողնելու իրական դրդապատճառները և իրական ծավալը

123416ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Սևանից հավելյալ 70 միլիոն խմ ջրի բացթողումը համարում է չհիմանվորված և Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների անթույլատրելի քանակի օգտագործման հետևանք:

Նա հիշեցրեց, որ վերջին 60 տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 16 մետրով, և դա էկոլոգիական լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ: “Անգամ լույս չեղած տարիներին կառավարության այդքան ջուր դուրս չի եկել”,-ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ կառավարությունը նպատակային ձևով վերջին 3-4 տարվա ընթացքում դադարեցրել է Սևանա լճի մակարդակի բարձրացումը:

Ի դեպ, նա նաև նշեց, որ 2011 թվականին, երբ Հայաստանը միացել է Բալթյան համակարգին, թղթի վրա 20 սմ-ով Սևանի մակարդակը արհեստականորեն բարձրացվել է:

Արամ Մանուկյանը կարծում է, որ ոռոգման խնդրով պայմանավորված չէ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու խնդիրը, այլ դրանով իրականում այլ խնդիրեր են լուծվում՝ այդ թվում նաև Սևանա լճի շուրջ հավելյալ կառույցների պաշտպանվածության հարցը:

Բացի այդ, պատգամավորը հաշվարկել է, որ ջրի բացթողումը տարեկան միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում: “Մեր չինովնիկները և Սևանը պահելու համար են փող աշխատում, և Սևանից ջուր բաց թողնելով: Կրկնակի բիզնես է”,-ասաց նա:

Մանուկյանը հիշեցրեց երկրի նախագահի և կառավարության հայտարարությունները, որ պետք է 3 ջրամբարներ կառուցվեն: Մինչդեռ պատգամավորը դիմել է կառավարություն և ստացել է պատասխան, որ այդ ջրամբարների կառուցման համար դեռևս նախագծեր չկան: “Այդ խնդիրը չլուծելու համար առնվազն պետք է կառավարությանը դատի տալ”,-ասաց նա:

Պատգամավորը հարց բարձրացրեց՝ եթե կառավարությունը ջրամբարների կառուցման հարցը չի կարողանում լուծել, այդ դեպքում ինչո՞ւ վաճառեց Որոտանի չորս կասկադները և այն էլ իր արժեքից այդքան պակաս գնով: Ընդ որում, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այդ չնչին գումարն էլ դեռևս չի փոխանցվել:

Դիմելով լրագրողներին՝ նա կոչ արեց հետաքննություն անել, քանի որ իրենք տեղեկություն ունեն, որ Սևանից բաց է թողնվելու օրենքի նախագծով առաջարկվող 70 միլիոն խմից ավելին՝ ջրառը հասնցենլով ընդհուպ 500 խմ-ի:

Նրա ձեռքին է նաև էկոլոգների դիմումը, որով խնդրում են Սևանի հետ կապված քվեարկությունը չիրականացնել:

“Ամոթ է, որ Հայաստանում կան գիտնականներ, որոնք պնդում են, թե Սևանի բարձրացումը կարող է վնասել լճին՝ առաջացնելով էկոլոգիական վտանգ”,-հավելեց նա:

 

Անկախ

Սևանի վտանգը չի գիտակցվում. Կարինե Դանիելյան

բնապահպաններ“Այս տարի սակավաջուր տարի է, Արարատյան դաշտավայրի ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, իսկ ջրի պահանջարկը մեծ է”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սակավաջրության պատճառներից կարող են լինել ձկնաբուծարանները, տեղումների քանակը և այլ գործոններ:

Իսկ “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ, իսկապես, Արարատյան դաշտի հետ կապված խնդիր կա. այն կանգնել է անապատացման վտանգի առջև, սակայն խնդրի լուծման այլ տարբերակներ է պետք մտածել, քանի որ միջազգային փորձագետները փաստում են, որ լճի մակարդակի բարձրացման արդյունքում  են միայն բարելավվում Սևանի բոլոր ցուցանիշները` քիմիական, կենսաբանական, սանիտարական: Նա նշեց, որ մասնագետները վկայում են, որ Սևանի ինքնամաքրման ներուժը շատ բարձր է և մակարդակի բարձրացումը կանգնեցնել նշանակում է մեծ հարված հասնել Սևանին, ուստի, անընդունելի է Սևանա լճից 5 տարի ժամկետով մինչև 240 մլն խմ ջրառի թույլտվությունը:  “Մեզ հատկապես լճի մակարդակի բացասական բալանսի հնարավորությունն է հետաքրքրում”,-նշեց Կարինե Դանիելյանը:

Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ Սևանի մասին օրենքը, իհարկե, նախատեսում է ռիսկային տարում սահմանված չափից ավելի ջուր վերցնել, սակայն ինչո՞ւ 5 տարով: “Կառավարությունն ու Ազգային ժողովը չեն փախչի: Այսօր վստահություն չկա, որ հինգ տարի շարունակ մեզ այդքան ջուր է հարկավոր”-նշեց Կարինե Դանիելյանը: Նաև հավելեց, որ 2007-2013թթ. Արարատյան դաշտում արտեզյան ավազանից թույլատրելի քանակից 2 անգամ ավել ջուր է վերցվել, և  իշխանությունն  այսօր այդ սխալը փորձում է լուծել մեկ այլ սխալով, և Սևանի իրական վտանգը պարզապես չի գիտակցվում:

Իսկ “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը 5 տարի ժամանակահատվածը բացատրեց նրանով, որ այս ժամանակահատվածում աշխատանքներ են տարվելու ` կառուցվելու են ջրամբարներ, Եղվարդի  ջրամբարն է վերականգնվելու, նաև կառուցվելու է Վեդու ջրամբարը և այլն:

Հիշեցնենք, որ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 5 տարվա ընթացքում Uևանի ջրի բացթողնման տարեկան չափաքանակ է սահմանվելու 240 մլն խմ՝ ներկայիս 170 մլն-ի փոխարեն:

 

Ամեն ինչի համար կվճարի Սևանը. խորհրդարանում քննարկվում է վիճահարույց օրինագիծը

imagesԱյս պահին խորհրդարանը քննարկում է “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” հարցը:

Նախագծով նախատեսվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով: Օրենքի նախագծի դեմ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ բնապահպաններ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ 2001 թվականից ի վեր՝ “Սևանի մասին” օրենքն ընդունվելուց հետո, կառավարությունն ընդամենը երկու անգամ է դիմել խորհրդարանին ջրառը ավելացնելու համար, սակայն դա արել է ստիպված:

“Արդյոք մենք իրավունք ունե՞նք Արարատյան դաշտավայրին ջուր չտալու ոռոգման համար, բոլորն էլ համամիտ են, որ ոչ: Մյուս կողմից , մենք թույլատրել ենք տնտեսության և ձկնարտադրության զարգացման համար օգտագործել Արարատյան դաշտավայրի ջրերը”,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ձկնարտադրության հարցը պետք է լուծել 3-4 տարվա մեջ՝ ձկնարտադրողներին աստիճանաբար հանելով Արարատյան դաշտավայրից և թողնելով, որ ջրային պաշարները վերականգնվեն:

Խոսելով Ախուրյանի ջրամբարի ջրառի հետ կապված հարցի մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ Թուրքիան արդեն Արաքսի վտակների վրա հինգերորդ ջրամբարն է կառուցում, մինչդեռ, ըստ բոլոր միջազգային պայմանագրերի, այն պետք է օգտագործվի համատեղ:

“Այսինքն, Թուրքիան արդեն մեկուկես միլիարդ խմ վերցնում է, իսկ ինչ մնում է՝ կիսում է մեզ հետ: Մենք այստեղ լուրջ խնդիր ունենք և պետք է ռեսուրսներ չխնայենք ջրամբարներ կառուցելու համար: Բացի այդ, պետք է շարունակենքնաև Սևանա լճի բարձրացման մակարդակը”:

Ինչ վերաբերում է Սևանից հավելյալ ջուր հանելուն, ապա Հակոբ Հակոբյանը այս պահին դրան այլընտրանք չի տեսնում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ հայտարարեց, որ իրենք անընդունելի են համարում այս օրինագիծը: “Ակնհայտ է, որ սա լուրջ խնդիրներ է առաջացնելու՝ հակասելով 2001 թվականին ընդունված “Սևանա լճի մասին օրենքին”, վտանգելու է լճի էկոհամակարգը, նպաստելու է լճի ճահճացման գործընթացին”:

Նա նաև դեմ արտահայտվեց արհեստական կերով 50 գազար տոննա ձկան աճեցումը Սևանում:

Փոխարենը առաջարկեց ձեռնամուխ լինել “Սևանա լճի մասին” օրենքով սահմանված գործառույթներին:

Խոսելով Արարատյան դաշտավայրի սակավաջրության և դրա հետևանքով առաջացած իրավիճակի մասին՝ նա ասաց, որ այս ծանր իրավիճակն առաջացել է ջրային պաշարների անխնա օգտագործման հետևանքվո՝ մասնավորապես ձկնաբուծարանների շահագործման հետ կապված:

“Ո՞վ է այդ ամենի համար պատասխան տվել,-հարցրեց պատգամավորը,-կառավարությունը հիմա գտել է ամենահեշտ լուծումը՝ ամեն ինչի համար կվճարի Սևանը: Այս վիճակի գլխավոր պատճառը ոչ արդունավետ կառավարումն է, կոռուպցիան, ամենաթողությունն ու սեփական բիզնես շահերի սպասարկումը”:

Հարցը քննարկումը շարունակվում է:

Անկախ

 

«Փրկենք Սևանը» բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց

102026174556«S.O.S. Սևան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց (Մարշալ Բաղրամյան 19) տեղի կունենա «S.O.S. Սևան»նախաձեռնության հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը:

Նախաձեռնությունը պայքարում է երկու կառավարական որոշումների դեմ, որոնք սպառնում են Սևանա լճի գոյությանը: Դրանք են`

  • ՀՀ կառավարության հեղինակած եւ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքումլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճըկսկսի իջնել ու ճահճանալ
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիրծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:

 

Սևանի իշխանի վերականգնման նպատակով ստեղծված տնտեսությունները չեն վնասի լճի էկոլոգիան

20.09.12-7417իշխան ձուկՍևանա լճում ձկնատեսակների և ջրի էկոլոգիական խնդիրները շարունակում են արդիական մնալ: Դեկտեմբերի տվյալներով այժմ Սևանում կա 324 տոննա սիգ,  90-100 լճածածան և այլ ձկնատեսաակներ: Սրանց պոպուլյացիայի համար լավագույն տարիները կարելի է համարել ութսունականների վերջը, երբ Սևանում կար  28-30 հազար սիգ: 2013 թվականի տվյալներով ևս սիգը բազմացել է, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում ձկնորսների համար շահավետ չէր դրա որսով ձբաղվելը: Այդ հանգամանքը հնարավորություն տվեց սիգերին բազմանալ: Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ հայտնեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Չունենք ձկնային հարուստ պաշարներ: Կա միայն լճածածանը, որը ներմուծված ձկնատեսակ է, և մենք այն արժեքավոր չենք համարում: Իսկ իշխանը, կողակը, սիգը, որոնք դիտարկվում են  որպես արժեավոր տեսակ,  անհամեմատ քիչ են: Սակայն գործընթացը գնում է Սևանի իշխանի պաշարները  արհեստական աճման եղանակով վերականգնելու ուղղությամբ, ինչը ողջունելի  է, որովհետև պոպուլյացիան վերականգնվում է: Արդեն հինգ-վեց տարի է,  մանաձուկ է բերվում և բաց է թողնվում լիճ, ինչը շատ ողջունելի է, սակայն ձկները, որ հասունացած են ու պետք է բազմանան,  որսվում են: Դառնում է այնպես, որ մի կողմից բազմացնում ենք, բայց մյուս կողմից բռնում, ստացվում է, որ ոչ էֆեկտիվ գործողություններ են կատարվում»,-ասաց Գաբրիելյանը:

Նախատեսվում է ցանցավանդակով ձկնային տնտեսություն ստեղծել և նույն ծրագրով պետք է ստեղծվի ձկնաբուծարան, որը  պետական հովանավորության տակ է լինելու: « Մինչև այսօր մենք չունենք որևէ ձկնաբուծարան, որը պետական հովանավորության տակի լինի»,- ասում է Գաբրիելյանը:

Ձկնատեսակներն  այնտեղ կսնվեն Դանիայից բերված սննդով: Թեև դա շատերի կարծիքով վնասակար է, սակայն  գիտնականը կարծում  է, որ , երբ սահմանները չեն անցնում, վնաս չի կարող տալ ոչ ձկներին, ոչ ընդհանուր առմամբ Սևանի ջրի էկոլոգիային.« Ռիսկ կա ջրի էկոլոգիայի համար, բայց կան սահմաններ: Բոլոր վնասակար հետևանքները կանխելու համար պետք է շարունակաբար խիստ մոնիտորինգ անցկացվի: Չպետք է թույլ տանք, որ այդ ցուցանիշները գերազանցվեն, հետո միայն ասենք, վերջ, արդեն վնասը հասցվել է»:

Կենսաբանը նշեց նաև, որ գենոմոդիֆիկացած այդ սննդով բոլոր ձկնատեսակները չէ, որ կսնվեն: Դրանով սնվում է հիմնականում միայն իշխանը, իսկ , օրինակ, սիգը ` ոչ:

«Ես գիտեմ, որ  հնարավոր չէ ամբողջ տարին վերահսկել Սևանի ամբողջ տարածքը, սակայն գոնե նոյեմբեր-դեկտեմբեր ընկած հատվածում, երբ սկսվում է բազմացման շրջանը,  պետք է խիստ  վերահսկողություն լինի»,-  հավելեց պրոֆեսորը:

Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ Ծրագրի իրականացման առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ

կառավարությունՍևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել:

Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլացիան վերականգնելու նպատակով ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ: Սակայն գեղարքունին և ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու համար դա բավարար չէ: Խնդրի արդյունավետ լուծում կարող է դառնալ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի անհրաժեշտ է մշակել և հաստատել նախատեսված քանակությամբ ցանցավանդակային տնտեսությունների տեղադրման տարածքները, այդ տնտեսությունների կողմից թույլատրելի արտանետումների նորմատիվները և դրանց մշտադիտարկման կարգը և այլն: Ակնկալվում է, որ ծրագրի առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի և կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ: Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձևավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ենթադրվում է, որ Սևանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ: Նախատեսվում է նաև ստեղծվող տնտեսությունների վճարների հաշվին միջոցներ ձևավորել լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրի կառավարիչ է նշանակվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:

Անկախ

Սևանից 240 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը հասավ խորհրդարան

19396699Խորհրդարանում քննարկվում էր “Սևանա լճի էկոհոմոկորգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով:

Նրա խոսքով` հատկապես Սև ջուր ջրավազանային տարածքում` շուրջ 29 բնակավայրերի հողատարածքներում, ջրի լուրջ դեֆիցիտ է առաջացել, և այլընտրանքային ռեսոուրսների բացակայությունը ստիպում է կառավարությանը դիմել Սևանա լճին:

Հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել, ասենք, 2-3 տարվա համար, ոչ թե հինգ: Անդրեասյանը պարզաբանեց, որ 240 միլիոնը դա ամենամեծ թիվն է, և հնարավոր է, որ բանը դրան չհասնի:

Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց, թե արդյո՞ք հարցը քննարկվել է բնապահպանների հետ, և հաշվի են առնվել նրանց դիտողություններն ու առաջարկները:

Անդրեասյանը պատասխանեց, որ բնապահպանների հետ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ձևաչափերով, բայց, ցավոք, խոսակցությունը մտել է էմոցիոնալ դաշտ: Ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն երկխոսություն միշտ եղել է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, կարևորելով ձկնաբուծությունը որպես շահավետ ու հեռանկարային բիզնես, հարցրեց, թե ինչո՞ւ կառավարությունը նախօրոք չի կանխատեսել այն հետևանքները, որոնք ի հայտ են եկել Արարատյան դաշտավայրի ջրային ավազանում, ինչո՞ւ բիզնեսը համապատասխան ձևով չի կարգավորել և անվերահսկելի է թողել դաշտը:

Պատասխանողի խոսքով` Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգը հնարավոր է, որ միայն պայմանավորված չլինի ձկնաբուծարաններով, քանի որ երկրաբանական խորը ուսումնասիրություններ դեռևս արված չեն: Ինչ վերաբերում է կառավարության կողմից ոլորտի վերահսկմանը, ապա նա հավաստիացրեց, որ ոլորտը կարգավորման դաշտում է, պարզապես որպես լիբերալ տնտեսության ուղենիշի կրող, կառավարությունը որոշակի սահմանից սկսած ազատ է թողել տնտեսվարողներին: Այնուամենայնիվ, Անդրեասյանը վստահ է, որ այժմ տարվող միջոցառումները` ուղղված Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կարգավորմանը, դրական արդյունք են տալու:

Ջրամբարների կառուցման անհրաժեշտության հարցը բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ասելով. «Վախենամ, հենց մենք քվեարկենք, հինգ տարի ոչ մի ջրամբար չկառուցվի, և հինգ տարի հետո նորից գաք, ասեք` Սևանից ջուր է պետք բաց թողնել»:

Պատասխանողը հայտնեց, որ երկու ջրամբարների նախագծային աշխատանքները սկսված են, իսկ Եղվարդի ջրամբարը նախանախագծային փուլում է:

Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ջհանգիրյանին հուսադրեց. «Ես խոսել եմ Հանրապետության նախագահի հետ, պարոն Ջհանգիրյան, այդ ջրամբարները ՀՀ նախագահի վերահսկողության տակ են իրականացվելու»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ խիստ կասկածեց, որ առաջիկա հինգ տարում այդ ջրամբարների ծրագրերը կյանքի կկոչվեն: Փոխարենը նա առաջարկեց գումարները ծախսել ոչ թե մեծ ու անիրականանալի խնդիրների ուղղությամբ, այլ գոնե փոքր խնդիրների լուծման:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Արարատյան դաշտավայրում ապօրինի ձկնային տնտեսություններ կառուցած և դաշտավայրի ջրային ավազանը վնասած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: «2007 թվականից էդ պրոցեսը սկսված է: Ես զարմանում եմ, էդ փաստերի առթիվ որևէ քրեական գործ հարուցվե՞լ է, կա՞ն ձերբակալվածներ: Հիմա ձեր իսկ կողմից թույլ տված հանցագործությունը կոծկելու համար դնում, Սևանից հերթական ջուրն եք բաց թողնում: Եթե մարդիկ պատասխանատվություն չկրեն, Սևանն էլ նույն հաջողությամբ կցամաքեցնեք»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այդ ձկնաբուծարանների սեփականատերերի մեծ մասն այս դահլիճում և ԱԺ նախագահությունում նստած է:

Այնուհետև, մեջբերելով Հովիկ Աբրահամյանի խոսքը, թե ինքը խոսել է Հանրապետության ղեկավարի հետ, և այդ ջրամբարների կառուցումը նրա վերահսկողության տակ է, Փաշինյանն ավելացրեց. «Լեզվի տակ ոսկոր չկա, դուք նաև ասում էիք` էն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, պիտի հրաժարական տա, ձեր ասածի մեջ գյոլ չկա…»:

«Ձեր լեզվի տակ էլ փուշ չկա, ինչ ուզում ասում եք»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Հարցի քննարկումն ընդհատվեց քառօրյայի աշխատանքների ավարտի պատճառով և կշարունակվի արդեն ապրիլ ամսին:

Անկախ

Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած Սևանում ձկնաբուծարան կառուցելու ծրագրի հետևում

sevan2cu8Առաջիկա 5 տարում Սևանա լճի տարածքի մի մասը կվերածվի ձկնաբուծարանի: Դրա համար լճի տարածքում կկառուցվեն ցանցավանդակային տնտեսություններ: Այլ կերպ ասած՝ հենց լճի մեջ կսկսեն ձկներ բուծել: Այս ծրագիրն արդեն արժանացել է կառավարության հավանությանը, անգամ բնապահպանության նախարարն է հասցրել գովաբանել այն: Ավելին, կառավարությունը պետական բյուջեից 8.4 մլն դրամ է հատկացնել «Գրանթ Թորոնթոն» ՓԲԸ-ին` ծրագիրն անկախ տնտեսագիտական փորձաքննության ենթարկելու համար: Եվ փորձաքննությունն էլ արդեն կանաչ լույս է վառել լճում արդյունագործական ձեռնարկություն հիմնելու նախաձեռնության առաջ:

Ծրագրի իրականացմանը, սակայն, դեմ է, Հայաստանի բնապահպանական հանրույթը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնագետները վստահ են, որ այս ծրագիրն ուղղակի դատավճիռ է Սևանի համար: «Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ծրագրի հետևում, «Էկո լուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պատասխանեց. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է, վերցնում են մի կազմակերպություն` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ, որը պետք է իրականացնի այս ծրագիրը: Հիմա իրենք ասում են, որ այս մասշտաբային ծրագրի իրականացման մեջ պետք է մասնակցություն ունենա նաև մեր կառավարությունը, որ դա մի մասով կլինի պետական ծրագիր»:

Ի դեպ, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերության կապիտալում ՀՀ կառավարությունը 2011թվականից սկսած 49 տոկոսի չափով մասնակցություն ունի: 2011-ի հոկտեմբերի 27-ին գործադիրը 4 մլն 900 հազար դրամով գնել է ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը: Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին այս ընկերությունն ստեղծվել էր մասնավորապես ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով, և, ինչպես ժամանակին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս ընկերության նպատակը Հայաստանում ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու ակնկալիքով նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն էր:

Սևանում ձկնաբուծական տնտեսությունների մասին այն ժամանակ դեռ ոչ մի խոսք չկար:    Իսկ ներկայացված նոր ծրագրով նախատեսվում է, որ այս ընկերությունը 74 ձկնաբուծական տնտեսություն կստեղծի, որոնք 5 տարի աշխատելով, տարեկան 50 000 տոննա ձուկ կարտադրեն:  Իսկ ձկներին կերակրելու համար տարեկան 50 000 տոննա կեր պետք է լցվի լիճը կամ, ինչպես պատկերավոր նշեց մասնագետներից մեկը, տարեկան 1000 վագոն:   Արդյունքում, ըստ մասնագետների, լճի հատակը կպատվի թանձր նստվածքով, լիճն էլ անդառնալիորեն կճահճանա:

Այս կործանարար ծրագրի իրականացումը կանխելու համար բնապահպաններն արդեն դիմել են երկրի նախագահին ու վարչապետին և ակնկալում են նրանց միջամտությունը: Ի դեպ, մեր հարցին, թե որքանո՞վ են հավատում նման մեծ բիզնես ծրագիրը չեղյալ հայտարարելու հավանականությանը, ջրային էկոհամակարգերի մասնագետ, բնապահպան Սեյրան Մինասյանը հիշեց տարիներ առաջ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան Սոթք տեղափոխելու ծրագրի դրական օրինակը: «Այն ժամանակ շատ մեծ մարդիկ էին կանգնած և շատ բարձր մակարդակով էր որոշումներն ընդունվում: Ավելին` ԳԱԱ 3 ինստիտուտներից 2-ը դրական եզրակացություն էին տվել և ինձ ասում էին, մեկ է՝ դրական է լինելու, լավ է միանգամից համաձայնենք, դեմ էր արտահայտվել միայն Հիդրոէկոլոգիայի ինստիտուտը: Ես չեմ ասում միայն այդ ինստիտուտի շնորհիվ էր, բայց այս ինստիտուտը պայքարեց մինչև վերջ, և վերջ ի վերջո, տարբեր առվակներ միանալով այս պայքարին, դարձան գետի նման, և առաջին դեմքի մակարդակով ծրագրի վրա վետո դրվեց»,- ասաց Սեյրան Մինասյանը՝ հույս հայտնելով, որ այսօր էլ նման հնարավորություն կա:

Փաստինֆո

 

Անկախ

«Սևանա լիճը գտնվում է էկոլոգիապես անհավասարակշիռ վիճակում, ճահճացման վտանգ կա». փորձագետ

imagesՍևանում ձկնաբուծության զարգացման և Սևանից ջրբացթողումների մասին ծրագրերից խոսելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հիմնախնդիր` էկոլոգիական, ազգային անվտանգության, ինֆորմացիոն-գիտատեխնիկական, ինչպես նաև՝ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման խնդիրը, որը մենք անում ենք փոփոխական հաջողությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը:

Մասնագետի խոսքով` Սևանա լճի էկոլոգիական վիճակը նկարագրելիս պարզ է դառնում, որ այն գտնվում է խիստ անհավասարակշիռ վիճակում: Այս իրավիճակում լճի վրա էքսպերիմենտներ անելն անթույլատրելի է:

«Լճից ջրի բացթողման հետևանքով տեղի է ունեցել ֆոսֆորի կոնցենտրացիայի անկում, Սևանը հիմա դարձել է սովորական լիճ: Փոխարենը բաձրացել է ազոտի կոնցենտրացիան անասնապահության, գյուղատնտեսության, կենցաղային ջրերի արտահոսքի պատճառով: Կենցաղային աղբը տարածված է ամբողջ ավազանով մեկ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կարպիի նման կայուն ձկնատեսակի դնթ-ն վնասված է 30-40 %-ով: Դրանից ելնելով ոչ թե պետք է կասեցնել, այլ պետք է շարունակել լճի մակարդակի բարձրացումը»,- ասաց Սեյրան Մինասյանը:

Ըստ փորձագետի` երկրորդ խնդիրն ազգային ավտանգության խնդիրն է: 1990-ականներին, երբ պատերազմ էր, ճանապարհները փակ էին, չկար հոսանք, սննդամթերք, ժողովրդին փրկեց Սևանա լիճը, ջրի բացթողումներ եղան էլեկտրաէներգիա ապահովելու համար, իսկ ձկնապաշարներով սնվեց ժողովուրդն ու բանակը: Նրա խոսքով` ոչ ոք չի կարող երաշխավորվել, որ նման իրավիճակում նորից չենք հայտնվի: Ազգային անվտանգության տեսանկյունից դիտարկելիս` մենք պետք է ունենանք ոչ միայն այդ ավելացող ջուրը, այլև 2-3 մետր ավել ջուր ապահովենք, որը կարող է պետք գալ ֆորս-մաժորային իրավիճակում:

«Տարեկան մենք Սևանում պետք է ունենանք 20-25 հազար տոննա վերարտադրվող ձկնապաշար, որովհետև Սևանում սնուցիչ նյութերի կոնցենտրացիան բարձրացել է, կենսազանգվածի աճն ինտենսիվացել: Ձկան սնունդը կա, բայց ձուկ չկա, որ սնվի դրանով: Եթե արագորեն չլուծվի այդ խնդիրը, լիճը կսկի ճահճանալ, և մենք կկորցնենք ողջ Գեղարքունիքի մարզը: Իսկ ծծմբաջրածնի և ամոնիումի հոտը կհասնի մինչև Երևան»,- ասաց փորձագետը:

 

Անկախ

Բնապահպանները նամակ կուղարկեն ՀՀ նախագահին Սևանի նկատմամբ ոտնձգությունները կանխելու համար

sevan«2001 թվականի մայիսի 15-ին ընդունված <<Սևանի մասին>> ՀՀ օրենքը մեծ հրամայական էր, անհրաժեշտություն: Օրենքն ընդունվեց մեծ չարչարանքներից հետո: Օրենքի ընդունումից հետո 12 տարի է անցել, իսկ Սևանի նկատմամբ բազում ոտնձգություններ են կատարվել: Սևանի նկատմամբ ոտնձգություններն ազգային անվտանգության և ազգային արժանապատվության նկատմամբ ոտնձգություններ են»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սևանում ձկնաբուծության զարգացման և Սևանից ջրբացթողումների մասին ծրագրերի բացասական հետևանքներին, ասաց «Սևանի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Թադևոսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ մոտ 50 բնապահպանական կազմակերպություններ իրենց համաձայնությունն են տվել ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի ներքո և հույս հայտնեց, որ նախագահը կկանխի այս ծրագրերի ընդունումը, ինչպես որ 2009-ին կանխեց Սևանի կողքին ոսկու հանքի պոչամբարի կառուցումը:

«Օրենքի համաձայն` Սևանը բաժանված է գոտիների, որոնցում ցակացած տնտեսական գործունեություն արգելվում է: Առաջինը խախտումը Սևան լցվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էր, տնտեսական գործունեություն, որը խախտում է Սևանի էկոհամակագը` թույլ չտալով, որ ձկան պաշարները բնական ճանապարհով բարձրանան գետերի ակունքները ձվադրման համար: Հիմա էլ նոր ոտնձգություն է կատարվում: Ցանկնում են 74 ֆերմա ստեծել լճի ջրավազանի մեջ, 50 000 ձուկ արտադրել, 50 000 տոննա ազոտական կեր լցնել լիճը, որը վտանգավոր է ջրի ճահճացման համար»,- ասաց Սամվել Թադևոսյանը` հավելելով, որ խախտվել են Սևանի մասին օրենքի 10, 11, 13, 15, 16, 28 հոդվածները:

Ըստ բանախոսի` խախտվել է ջրի դրական հաշվեկշիռը: Համառորեն չի վերանորոգվում Արփա-Սևան ջրատարը: Այն ջրի ֆիզիկական ծավալները, որոնք պետք է լցվեն լիճ, չեն լցվում:

«Մի կողմից արհեստական կերերի միջոցով է ջուրն աղտոտվում, մյուս կողմից դրական հաշվեկշիռն է խախվտում: Եթե մենք չկարողանանք բարձրացնել ջրի մակարդակը, ապա չենք կարող պահպանել նաև այսօրվա մակարդակը: Հենց ջրի անշեղ բարձրացումը իջեցվի, մենք կկորցնենք Սևանը` որպես քացրահամ ջրի աղբյուր: Օրենքն ասում է, որ ձկնաբուծությունը պետք է լինի բնական ճանապարհով: Եթե անգամ արհեստական ճանապարհով լինի, ապա այն չպետք է վնասի ջրային համակարգն ու էկոհամակարգը: Աս ծրագրերը, որոնք կառավարության կողմից բերվում են ԱԺ, խախտում են նաև միջազգային կոնվենցիաները: Սևանա լիճը բնական հուշարձան է, եթե այդ տարածքում բնակավայրեր չլինեին, ՅՈՒՆՍԵԿՈ-ն այն կպահպաներ որպես բնական հուշարձան»,- ասաց Սամվել Թադևոսյանը` հավելելով, որ Սևանը միայն մեր ազգային հարստությունը չէ, այն տարածաշրջանային հարստություն է:

 

Անկախ