Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` արծաթե մեդալակիր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ժուան Պեսոա քաղաքում ավարտված շախմատի Բրազիլիայի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը:

9,5 միավորով չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն:

Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու հայտեր են ստացվել 14 երկրներից

հխ4602781387804538Համահայկական ձմեռային առաջին խաղերը կանցկացվեն 2014-ի փետրվարի 24-ից մինչև  մարտի 2-ը: Ծրագրում 4 մարզաձև է` դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ և տափօղակով հոկեյ:

Խաղերը կանցկացվեն Ծաղկաձորի մարզաբազայում: Միայն հոկեյի մրցաշարը կկայանա Երևանում` Մարզահամերգային համալիրում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը հայտնեց, որ կոմիտեն արդեն ստացել է մասնակցության հայտեր աշխարհի 14 երկրներից: Հայտերի ընդունվելու են մինչև հունվարի 25-ը:

Ի դեպ, մարզիկների գիշերավարձի և սննդի ծախսերը հոգալու է խաղերի կազմկոմիտեն:

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը կհստակեցվի միայն միջազգային փորձություններից հետո

աarayikԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո այս մրցաձևի մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնեց, որ ստուգատեսին առաջտարներից չեն մասնակցել միայն աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիևը:

Նշվեց, որ հաղթողները փետրվարի 15-16-ը Թուրքիայում մասնակցելու են միջազգային մրցաշարի: Հավաքականի 2-րդ համարները, 65 կգ և 86 կգ քաշային կարգերի հաղթողները փետրվարի 6-7-ին կարողություննեևրը կփորձեն Իրանում կայանալիք միջազգային մրցաշարում:

Միայն  այդ փորձություններից հետո կհստակեցվի հավաքականի կազմը, որը մասնակցելու ԱՄՆ-ում, Ֆինլյանդիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերին, Եվրոպայի առաջնությանը:

Գլուխգործոցներ` «Ոսկե դար» պատկերասրահում

լթ200702202Երևանը հարստացավ ևս մեկ մշակութային օջախով: Այն առաջիկայում հաճելի վայր կդառնա մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Այսուհետև Սպենդիարյան 5 հասցեում գտնվող «Ոսկե դար» պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան հետևելու քանդակի, գեղանկարչական և գրաֆիկական գործերի, հնաոճ իրերի ցուցահանդեսների, աննախադեպ ցուցադրությունների, արվեստի տարբեր նախագծերի: 2014-ի մարտին նախատեսվում է կազմակերպել կենդանի աճուրդ և վաճառք:

«ԱԱ աուկցիոն»-ը (տնօրեն` Աննա Գրիգորյան), որը հայտնի է մի շարք նորարարական քայլերով և փորձում է աշխուժացնել մշակութային միջավայրը, հետաքրությունը մեծացնել ժամանակակից արվեստի, անցյալ դարի հայ կերպարվեստի ներկայացուցիչների թողած ժառանգության նկատմամբ, նաև` դրանց կոմերցիայի, վաճառքի համար նոր հեռանակարներ ստեղծել:

Ճաշակով  ցուցասրահներ են  ձևավորվել, ներկայացվում են արվեստի բարձրաժեք գործեր, հնարավորություն է ստեղծվել հիանալու, նաև մտածել դրանք գնելու, սեփական հավաքածուները հարստացնելու համար:

«ԱԱ աուկցիոնը» և www.hi-artonline.com նախագիծը հարթակ են  հիմնել և հավակնում են կերպարվեստի նոր միջավայր Հայաստանում ձևավորելու:

Նոր կենտրոնի բացմանը ներկա էին  արվեստագետներ, գեղարվեստի սիրահարներ, լրագրողներ:

Հաճելիորեն զարմացրեց այն ցուցաբաժինը, որում ներկայացված են հայ գեղանկարչության խոշոր դեմքերից մեկի` Եղիշե Թադևոսյանի գեղանկարչական, գրաֆիկական գործերը, էսքիզները: Ի դեպ, նաև նրա կյանքի մասին պատմող արխիվային նյութերի ուշագրավ ցուցափեղկեր են պատրաստվել: Այդ ամենը Վահագն Գրիգորյանի մասնավոր հավաքածուից է: «Գեղանկարչության մեծ սիրահար եմ, ունեմ հավաքածուներ: Եղիշե Թադեևոսյանի գործերը հավաքում եմ արդեն չորս տասնամյակ: Դա ինձ համար անբացատրելի հետաքրքրություն է, զբաղմունք, և առաջին անգամ է, որ հավաքածուի 8 տասնյակից ավելի աշխատանքներ ցուցադրվում են մեկտեղ: Նոր կենտրոնը հիանալի պայմաններ է ստեղծում, որպեսզի բարձրարժեք գործերը ներկայացվեն»,-ասաց  Գրիգորյանը:

Սակայն անակնկալները դրանով չեն ավարտվում: Ցուցադրված են նաև եվրոպական սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկի`Լևոն Թութունջյանի գեղանկարները: Նա հայտնի է որպես ցեղասպանության թեման սյուրռեալիզմի ոճով ներկայացրած առաջին գեղանկարիչը: Եվ ահա, հավաքածուներ կազմող, արվեստի գործերի գնահատող և սիրահար Սարգիս Գրիգորյանի ջանքերով, մանկության տարիներին ցեղասպանության սարսափը տեսած և հետագայում այն արտացոլած Թութունջյանի բացառիկ ստեղծագործությունները Հայաստանում են և անմիջականորեն տեսնելու հնարավորություն է տրվել:  Անկասկած, սա կարևոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում:

Նույն ցուցասրահում ներկայացված են Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի և հայտնի այլ գեղնկարիչների գլուխգործոցները:

Ցուցադրվում են նաև ժամանակակից վերացական արվեստի ներկայացուցիչներ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Կարապետյանի, Խաչատուր Մարտիրոսյանի նկարչական աշխատանքները:

Ամանորի և Սուրբ ծննդի տոների շեմին բացված ցուցահանդեսը նախատոնական լավ նվեր է արվեստի սիրահարների համար: Բացառիկ աշխատանքները կցուցադրվեն նաև հունվարին, փետրվարին: Դեռ ժամանակ կա և դրանք տեսնելու առիթը չպետք է բաց թողնել:

Անկախ

 

Ո՞ր հարցերում էին մերոնք սխալվել շախմատի աշխարհի առաջնությունից առաջ

շախմատիստ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս Վարշավայում և Անթալիայում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններին` զբաղեցնելով, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք անմասն մնացին մրցանակներից, նաև կորցրին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, սպորտի վարպետ Հրաչյա Թավադյանից, որը Հայաստանի հավաքականից անբաժան էր, Լեհաստանում և Թուրքիայում` գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը:

– Շուրջ մեկ ամիս բացակայել եմ Երևանից: Սկզբում Վարշավայում էինք, հետո Անթալիա ուղևորվեցինք, ապա վերդարձանք Երևան: 

– Ինչո՞ւ հավաքականը Լեհաստանից մեկնեց Թուրքիա, աշխահի առաջնության նախապատրաստությունը չշարունակեց Հայաստանում:

– Այդպիսի որոշում էր կայացրել Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Նպատակն այն էր, որ թիմն Անթալիայում հանգստանա, հետո էլ ժամանակ չկորցնի մրցավայր հասնելու համար: Նախապատրաստվելու համար Թուրքիայում լավագույն պայմաններ էին, մերոնք իջևանել էին ծովափնյա հարմարավետ հյուրանոցում:

 – Ի՞չն է Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում մերոնց ձախողման պատճառը:

– Վարշավայում թիմը բաժանեց 2-4-րդ տեղերը և միայն լրացուցիչ ցուցանիշներով չդարձավ մրցանակակիր: Բախտը մեր շախմատիստներին ուղեկից չէր: Եթե նրանք վերջին տուրում հաղթեին Ադրբեջանի հավաքականին, թեկուզ նվազագույն առավելությամբ` 2,5:1,5 հաշվով, չեմպիոն էին դառնալու: Այդպիսի հրավիճակում էին մերոնք հայտնվել նաև Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության վերջին տուրում, և այն անգամ էլ չհաջողվեց հաղթել Գերմանիայի ընտրանուն, մինչդեռ կրկին չեմպիոն հռչակվելու հնարավորություն կար: Պատմությունը կրկնվեց: Լեհաստանում Հայաստանի հավաքականը վերջին խաղում բավարարվեց խաղաղ արդյունքով (2:2) և մնաց ձեռնունայն: Ի դեպ, սկզբում էլ Հայաստանի հավաքականին բախտը չէր ժպտում: Գաբրիել Սարգսյանը մի շարք մրցամարտերում նպաստավոր դիրքեր էր ստանում, սակայն  չէր հաջողվում պարտիաները հասցնել հաղթական վերջաբանի: Նա իր լավագույն մարզավիճակում չէր: Մինչդեռ, այն հանդիպումներում, որոնք Սարգսյանը պետք է հեշտորեն հաղթեր, վրիպումների պատճառով ոչ ցանկալի ելքեր էին գրանցվում: Դեպքեր եղան, երբ Գաբրիելը շատ մոտ էր հաջողությանը, նրան մեկ քայլ էր բաժանում հաղթանակից, բայց մեր մարզիկը չէր նկատում ցանկալի շարունակությունը, և դրանից տուժում էր թիմը:

 – Իսկ Սերգեյ Մովսիսյանի՞ն ինչ էր պատահել, որ անգամ չմասնակցեց վերջին վճռական մրցամարտերին: Նա վատառո՞ղջ էր:

– Սերգեյի ինքնազգացողությունը լավ էր, բայց նա շատ վատ էր խաղում: Մեր գրոսմայստերը, երբ նույնիսկ հանդես  էր գալիս սպիտակ ֆիգուրներով, սկզբնախաղից հետո պարտիաների մեծ մասում հայտնվում էր վատ դիրքերում: Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը: Հնարավոր է, որ նրան խանգարում էր հոգնածությունը: Մովսիսյանն ինքն էլ խոստովանեց, որ խաղը չի ստացվում, և դա անդրադառնում էր թիմի ցույց տված արդյունքի վրա: Նա այնպիսի սխալներ էր թույլ տալիս, որ վարպետներն անգամ այդ չէին անի, անհասկանալի էր: Այնուհանդերձ, հեշտ չէ կարճ ժամանակահատվածում` մեկ ամսվա ընթացքում, լարված մրցաշարերում 17-18 պարտիա անցկացնել:  Անկասկած, դա ճիշտ չէր, բայց հանգամանքների բերումով երկու առաջնություններն այս տարի իրար էին հաջորդում, և որոշվել էր, որ մերոնք երկու մրցավայրում էլ առանց կազմի փոփոխության են խաղալու: Ընդ որում, մարզիչն այդ որոշումը միայնակ չէր ընդունել, նա խորհրդակցել էր խաղացողների հետ և ստացել նրանց համաձայնությունը:

Թիմի անդամներն այն կարծիքին էին, որ եթե Վարշավայից հետո Անթալիա հասնեն, մեկ շաբաթը լիովին բավական է ուժերը վերականգնելու և նոր մրցամարտին պատրաստ լինելու համար: Բայց աշխարհի առաջնության առաջին իսկ տուրից ակնհայտ էր, որ հավաքականի անդամները հոգնած են: Մասնավորապես, առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ, և Սարգսյանի մրցակիցը` Յան Նեպոմնյաշչին, պետք է ուղղակի հանձնվեր, բայց պարտիան  խաղաղ ելք ունեցավ, մրցամարտը` նույնպես: Նույն պատմությունը կրկնվեց, երբ մերոնք մրցում էին չինացի շախմատիստների հետ: Մերոնք պետք է հաղթեին առնվազն 3:1 հաշվով, բայց Գաբրիելը ոչ-ոքի ավարտեց պարտիան Յու Յանյիի հետ: Վլադիմիր Հակոբյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը, վերջում էլ պարտվեց Բու Քսյանջիին:

 – Եվրոպայի առաջնությանը մասնակցած հավաքականները, այդ թվում նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, աշխարհի առաջնությանը ներկայացել էին փոփոխված կազմերով: Մի՞թե ավելի նպատակահարմար չէր, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնեին մեր երիտասարդ շախմատիստները, նաև միջազգային ստուգատեսներում հանդես գալու փորձ ձեռք բերեին:

– Ադրբեջանցիները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ոչ ուժեղ կազմով և, չեմպիոն դառնալուց հետո իմաստ  չէին գտել աշխարհի առաջնությանը ներկայանալ նույն թիմով: Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, որպես կանոն, իրար հաջորդաբար չեն կազմակերպվում, բայց այս անգամ այդպես էր ստացվել: Թերևս, նախապատրաստական աշխատանքի լավագույն տարբերակը չէինք ընտրել, այդուհանդերձ, խաղացողների կողմից դժգոհություն չկար, որ չեն կարող խաղալ: Թիմը համաձայնվել էր, որ այդ կազմով խաղա, մասնակցի նաև Եվրոպայի առաջնությանը: Ցավալի է, որ այս անգամ էլ այսպես ստացվեց, անցանկալի բացթողումներ շատ եղան: Թերևս, իմաստ չուներ 18 օր Անթալիայում մնալ: Ընդ որում, շարունակ նույն սնունդն էր, նույն պայմանները: Ավելի նպատակահարմար կլիներ, որ հավաքականը այդ 8 օրը, եթե Հայաստանում չէր անցկացնելու,  գոնե լիներ Ստամբուլում: Անակնկալ էր, որ Անթալիայում այս եղանակին կյանքը լրիվ ուրիշ էր, մեռյալ շրջան էր: Գներն էժան էին, սակայն հաստատությունների մեծ մասը` ժամանցի վայրերը, սրճարանները, ռեստորանները, չէին գործում: Լևոն Արոնյանը գերադասել էր հանգստանալ Ստամբուլում և միայն աշխահի առաջնության մեկնարկից առաջ ժամանեց մրցավայր: Ընդ որում, Արոնյանը լավ խաղաց և առաջին խաղատախտակի առջև հադես եկող շախմատիստների պայքարում արժանացավ ոսկե մեդալի: Նա 8 հնարավորից վաստակեց 6 միավոր:

– Այդուհանդերձ, Գերմանիայի ներկայացուցիչ Գեորգ Մեյերի հետ հանդիպումն Արոնյանն անփույթ անցկացրեց, բավարարվեց կես միավորով: Մինչդեռ մրցամարտը մերոնց համար կարևոր էր և, ի վերջո, տանուլ տրվեց 1:3 հաշվով:

– Նա բոլոր պարտիաներում հաղթանակի էր ձգտում, իսկ սևերով դժվար է այդ անել: Հնարավոր է, որ մեկ-մեկ էլ այդպես ստացվի:

 – Փաստորեն, 2013-ը Հայաստանի շախմատիստների համար այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ պետք է արվի, որ գալիք տարում նույնը չկրկնվի:

– Այժմվանից պետք է մտածենք, որ մեր երկրի տղամարդկանց հավաքականը 2014-ի օգոստոսին հաջող խաղա Նորվեգիայում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր շախմատիստները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես սկզբնախաղերին, դրանք կիրառելու հարուստ զինանոց ունենան:

 – Հավաքականի կազմում որևէ փոփոխություն կկատարվի՞:

– Հունվարի 11-21-ը Երևանում կկայանա Հայաստանի առաջնությունը, չեմպիոնը կհամալրի հավաքականի կազմը: Մյուս թեկնածուներից կընտրվեն նրանք, ովքեր ամենաբարձր վարկանիշն ունեն: Բայց մեծ փոփոխություններ չեն լինի: Վերջին 10 տարվա փորձը դա է վկայում:

 – Ճի՞շտ է դա: 1990-ականների Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար ասվում էր, որ դեռ 20 տարի կխաղա, բայց այդ մոտեցումը տխուր հետևանքներ ունեցավ, երիտասարդներից շատերը նեղացան, ոմանք էլ հեռացան: Ի դեպ, վերջիններիս թվում էին նաև Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը:

– Վատ է, որ արժանի հերթափոխ չկա: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ և մի շարք այլ հարցեր կքննարկի, հնարավոր քայլերը կձեռնակի: Մրցակցություն չկա, թերևս այդ է պատճառը, որ թիմը շարունակ գրեթե նույն կազմով է խաղում:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

 

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը` 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ

դավիթ սաֆարյանԱվանդույթի համաձայն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցման արդյունքով որոշել է 2013-ի լավագույն մարզիկին: Այդ պատվին է արժանացել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը:

Այս անգամ քվեարկությունից առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ խորհրդակցություն անցկացվեց, որին, մարզական լրագրողներից բացի, մասնակցում էին գերատեսչության պատասխանատու աշխատողներ, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Ի վերջո, որոշվեց, որ լավագույնի կոչմանը հավակնողների անուններն առաջին անգամ փորձնական պետք է քվեարկության ներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Դա միանշանակ չընդունվեց: Փաստորեն, հասարակական կազմակերպությանը պարտադրանք էր ներկայացվել: Այդուհանդերձ, դա չկանխվեց:

Իսկ հետագայում, երբ պարզվեց, որ  նախարարության հավանությամբ լրագրողներին ներկայացված ցուցակում չկա  որևէ ֆուտբոլիստի և Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի անունը, նախարարությունը որոշեց փոխել խաղի կանոնները, ինքնուրույն քվեարկություն անցկացնել` դարձյալ դիմելով լրագրողների «օգնությանը»:

Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախարարությունը չի անցկացնում, ասենք, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշող քվեարկություն: Ինչպես հայտնի է, այն շատ «ինքնատիպ» ձևաչափով կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ընդ որում, այդ կապակցությամբ տարաբնույթ խոսակցությունները շատ են…

Ինչևէ, ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով արդեն հայտնի են մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անունները: Ի դեպ, կազմակերպությունը սահմանված կարգով այս անգամ էլ քվեարկությանը թույլ է տվել մասնակցել մարզական լրագրության ոլորտում առնվազն 3 տարվա  փորձ ունեցող լրագրողներին:

Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող  22  լրագրող:

Ահա թե ովքեր են 10 արժանավորները.

1.  Դավիթ Սաֆարյան   (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր

2.  Արթուր Ալեքսանյան  (հունահռոմեական ոճի  ըմբշամարտ) 187

3.  Արսեն Ջուլֆալակյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155

4.  Ռոման Ամոյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119

5.  Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6.  Արթուր Դավթյան (մարմնամարզություն)  88

7.  Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8.  Մաքսիմ Մանուկյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52

9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9-10. Արթուր Շահինյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում  նշել են ևս  9 մարզիկների անուններ: Այդ պատվին են արժանացել շախմատիստներ` Լիլիթ Մկրտչյանը, Զավեն Անդրիասյանը, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանը, Հենրիկ Մոքոյանը, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը, Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, Երջանիկ Կարապետյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը:

Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական-թիմային առաջնությունում երրորդ տեղ գրաված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:

Ընդհանրապես, 2013-ի մրցաշրջանը բերքառատ չէ: Պարգևների առումով այդպիսի ցածր ցուցանիշ մերոնք վերջին տարիներին չեն ունեցել: Թե ով պետք է կատարվածի համար պատասխան տա` դեռևս պարզ չէ: Մինչդեռ, այս տարի

կունենանք լավագույն մարզիկների երկու տարբեր տասնյակներ: Ինչպես նշվեց, Հայաստանի պետական մարզական կառույցը նույնպես պատրաստվում է տարբերակ ներկայացնել:

Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Նոր տարվա հանդիսավոր արարողությունը և արժանավորների մեծարումը կազմակերպելու է դեկտեմբերի 26-ին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներն այս հարցում էլ են  «նորույթ» կիրառելու: Որոշվել է առաջ ընկնել մեկ օրով և նույնատիպ արարողություն կազմակերպել: Նախկինում ՀԱՕԿ-ը և նախարարությունը համատեղ են անցկացրել լավագույնների մեծարման հանդիսությունը: Պարզապես վիճակը զավեշտական է և շատ ցավալի:

 Գագիկ Բեգլարյան

Անկախ

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը տեղափոխվել է այլ խումբ, որպեսզի չխաղա Ադրբեջանի թիմի հետ

ֆiL7hcquaJAc1y3lb69ZwEi9yWfԵվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների 2014/2015 թթ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները պետք է լինեին Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել փոփոխություններ կատարել մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության վիճակահանությունում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չհանդիպեն միմյանց հետ: ՈՒԵՖԱ-ի նոր որոշմամբ, Հայաստանի փոխարեն այդ խմբում հանդես կգա Սլովենիայի ընտրանին, իսկ մեր հավաքականը տեղափոխվել է 9-րդ խումբ, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Սերբիայի և Սան Մարինոյի մինչև 19 տարեկանների հավաքականները: Հանդիպումները կկայանան 2014թ. հոկտեմբերի 10-ին, 12-ին և 15-ին:

«Արցախը»` Ստեփանակերտի հանդբոլի առաջնության հաղթող

IMG_5347-1Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում կայացավ Ստեփանակերտի հանդբոլի առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց հանդբոլիստների 6 թիմ: Հաղթող դարձավ  «Արցախ» կամավոր ֆիզկուլտուրային մարզական ընկերության թիմը: Ապա հաջորդեցին Պաշտպանության բանակի, Արցախի պետական համալսարանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի, Փրկարար

ծառայության և Արցախբանկի թիմերը:Առաջնության լավագույն հանդբոլիստ ճանաչվեց քաղաքապետարանի թիմի խաղացող Վարդգես Մխիթարյանը: Նրան հանձնվեց Ստեփանակերտցիների համաշխարհային ակումբի կողմից սահմանված դրամական պարգևը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացան դիպլոմների և դրամական պարգևների:

Անկախ

Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտը` հայ մրցավարի աչքերով

շախմատՀնդկաստանի Չեննայ քաղաքում օրերս ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որում նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթեց   Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին: Եվ այդ մրցամարտի գլխավոր մրցավարը երևանցի միջազգային մրցավար, Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի Երևանի  ֆեդերացիայի նախագահ  Աշոտ Վարդապետյանն էր: Ի դեպ, նա երկրորդ անգամ էր մրցամարտ սպասարկում գլխավոր մրցավարի կարգավիճակով: Նախորդ` Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի և Անանդի մրցամարտը ևս Վարդապետյանն է վարել: Սա աննախադեպ էր հայկական շախմատում, նաև այլ մարզաձևերում: Վերադարձից հետո ճանաչված մասնագետը մանրամասներ պատմեց Հնդկաստանում կատարվածի մասին: 

– Չեննայը նախկին Մադրասն է և ոչ միայն Հնդկաստանի այլև Ասիայի խոշորագույն քաղաքներից է: Անգլիայի տիրապետության տարիներին այդ տարածաշրջանի կենտրոն է համարվել և Անգլիայից նշանակված ղեկավարի նստավայրն է եղել: Չեննայի նավահանգստում մեծ նավատորմ է եղել, քաղաքում էլ առևտուրը ծաղկել է: Մադրասում բնակված հայերն ունեցել են իրենց նավատորմը, որը ոչ միայն մրցել, այլև գերազանցել է անգլիական նավատորմին: Անգլիացիները չեն կարողացել դիմանալ հայերի առևտրի թափին: Մրցակցությունը տանուլ տալու պատճառով, անգլիացիները գործարքի մեջ են մտել ծովահենների հետ և նրանց միջոցով կործանել են հայկական նավատորմը: Ներկայումս քաղաքը տխուր տպավորություն է թողնում: Հին շենքերը, շինությունները, աղքատները շատ են: Բայց նաև եվրոպական մակարդակի շինություններ կան:

Գիտեի, որ հայկական եկեղեցի կա և այցելեցի այն: Բայց ականատես դարձա տհաճ պատկերի: Եկեղեցու ճակատին գրված էր, որ այն հիմնադրվել է 1717-ին և Հարավային Ասիայում հայկական ամենահին եկեղեցին է: Մտնել չհաջողվեց, թեև կիրակի օր էր, կեսօր: Մտածում էի, որ նաև մեր հայրենակիցների կհանդիպեմ: Հայաստանի անունը կրող փողոցում գտնվող եկեղեցին փակ էր: Փողոցն էլ աղքատներով և մուրացկաններով լեցուն, կեղտոտ: Տեղաբնակներից իմացա, որ  եկեղեցու միակ աշխատողը պահակն է, որը տիրություն է անում: Ասացին, որ եկեղեցու ներսում լավ վիճակ է, բայց դրսից այն խղճուկ տեսք ուներ: Լավ էր, որ ինձ հետ չէին արտասահմանցի գործընկերներս, որոնց ասել էի, որ այդ քաղաքում հայկական եկեղեցի կա: Ոչ մի հայրենակցի չհանդիպեցի, հայերի թիվը քաղաքում փոքր է: Թերևս դա է պատճառը, որ եկեղեցին չի գործում:

Ի դեպ, հայկական եկեղեցուց 50 մ հեռու  հունահռոմեական մի եկեղեցի կա, և այն մեծ թվով տեղացիներ էին այցելում, քանի որ 10 մլն բնակիչ ունեցող Հնդկաստանի այդ քաղաքում տարբեր  դավանանքի մարդիկ են բնակվում, և քրիստոնյաները քիչ չեն: Իմ կարծիքով` Չեննայի բնակչության թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալը: Բանն այն է, որ բոլորին հաշվառել հնարավոր չէ: Հազարավոր մարդիկ փողոցներում, լողափին են բնակվում` բաց երկնքի տակ և այդտեղ էլ մահանում են: Ի դեպ, փողոցում քայլելիս` երկու անգամ դիակ եմ տեսել: Բայց մրցամարտի մասնակիցները բոլորովին այլ պայմաններում էին:

 – Հետաքրքիր է` ինչպիսի՞:

– Մրցամարտը կազմակերպվել էր շատ շքեղ, «Հայաթ Ռեջերսի» հինգաստղանի հյուրանոցում: Այն քաղաքի կենտրոնում էր, պարսպով շրջափակված: Երբ ներս էիր մտնում, թվում էր, թե այլ աշխարհում ես: Սպասարկումը բարձր մակարդակի էր: Կարելի է ասել, որ հինգաստղանի եվրոպական շատ հյուրանոցներում այդպիսի սպասարկում չկա: Դահլիճը, որում կայանում էին պարտիաները, մեծ չէր: Այն ուներ շուրջ 400 նստատեղ: Ընդ որում, դասակարգում կար: Մրցամարտի հովանավորները հատուկ տեղեր ունեին, որտեղ ուտելիք, զովացուցիչ ըմպելիքներ էին մատուցվում: Պաշտոնական հյուրերի համար տեղեր էին առանձնացվել առաջին շարքում: Իսկ մնացած տեղերի համար տարբեր գների տոմսեր էին վաճառվում: Ուշագրավն այն է, որ ամբողջ մրցամարտի ընթացքում թեկուզ մեկ աթոռ ազատ չէր: Մրցամարտը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր: Տեղի լրագրողները շատ էին: Ու թեև արտասահմանյան տարբեր երկրների լրագրողներն էլ քիչ չէին, տեղացիների հոծ շարքերում նրանք աննկատ էին մնում: Հարյուրից ավելի լուսանկարիչներ էին աշխատում: Պարտիաների ավարտից հետո, երբ մրցամարտի մասնակիցներն ասուլիսների համար նախատեսված սրահում հանդիպում էին լրագրողներին, ուղղակի ասեղ գցելու տեղ չկար: Շախմատի պատմության ընթացքում առաջին անգամ ամբողջ մրցամարտը, ամեն պարտիայի առաջին քայլից մինչև վերջինն ուղիղ եթերով հեռարձակվում էր: Այդ իրավունքը գնել էր Հնդկաստանի հեռուստալիքներից մեկը: Նորվեգիայի մի հեռուստաալիք հնդկական այդ հեռուստաընկերության հետ ընդհանուր հայտարարի էր եկել և նույնպես ուղիղ եթերով հեռարձակում էր հանդիպումները:

 – Երկու շախմատիստնեը նո՞ւյն հյուրանոցում էին իջևանել:

– Այո: Բայց այնպես էր դասավորված, որ նրանք միմյանց հետ շփվեն միայն շախմատի խաղասեղանի առջև: Հանդիպելու ոչ մի այլ հնարավորություն չկար: Երկուսին էլ առանձին տարածքներ էին հատկացվել, և նրանք այդտեղ էլ սնվում էին: Ի դեպ, Կառլսենը եկել էր իր խոհարարի հետ, որը սպասարկում էր գրոսմայստերին նաև պարտիաների ընթացքում, հանգստի սենյակում էր լինում: Ընդ որում, մթերքն ամբողջովին բերվել էր  Նորվեգիայից: Նույնիսկ հնդկական ընկույզը, որով հայտնի է Հնդկաստանը, բերվել էր Նորվեգիայից:

 – Իսկ ինչպե՞ս էիք սնվում Դուք և մյուսները, որոնք սպասարկում էին մրցաշարը:

– Կազմակերպիչները երեք ռեստորան էին տրամադրել, մեկում հնդկական կերակուրներ էին, մյուսում` չինական, երրորդում` իտալական: Եվ յուրաքանչյուր ոք կարող էր սնվել ըստ իր նախասիրության:

 – Կառլսենի շախմատային կնքահայրը համարվում է Գարրի Կասպարովը: Նա խոստացել էր հնարավորն անել, որ նորվեգացին աշխարհի չեմպիոն դառնա, և այժմ դա փաստ է: Աշխարհի 13-րդ չեմպիոնն ի՞նչ դեր ուներ մրցավայրում:

– Նա եկավ երբ մրցամարտում մի քանի պարտիա արդեն խաղացվել էր, և այդ օրն էլ Կառլսենն իր առաջին հաղթանակը տարավ: Կասպարովը երկու օրով էր եկել: Նրա այցելությունը մեծ աղմուկ առաջացրեց: Ընդ որում, դա արդարացված չէր: Բանն այն է, Կասպարովի այցը պաշտոնական չէր: Նա նույնիսկ կազմակերպիչներին տեղյակ չէր պահել, որ գալու է:  Նա ներկայացավ որպես զբոսաշրջիկ: Հետագայում, երբ շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները բացահայտեցին, որ Կասպարովը մրցավայրում է, հնարավորն արվեց, որ նա իրեն ավելի անկաշկանդ զգա, բայց դրա կարիքը չկար: Չգիտեմ` Կասպարովը հանդիպե՞ց Կառլսենին, թե՞ ոչ, քանի որ վերջինս ընդհանրապես խուսափում էր շփումներից: Հնարավոր է, որ նրանք խորհրդակցել են, բայց դա գաղտնի է պահվել: Ուշագրավն այն է, որ նորվեգացի գրոսմայստերը և Անանդն իրենց զբաղեցրած հարկաբաժիններից առանձին վերելակներով էին իջնում, և անպես էր կազմակերպված, որ նրանք իրենց ճանապարհին ոչ ոքի հետ չտեսնվեն:

 – Կառլսենը չէր ցանկանում, որ այդ մրցամարտը կայանա Հնդկաստանում, զգուշանում էր, քանի որ մրցակիցը տանն էր խաղալու: Այդ տագնապների համար հիմքեր կայի՞ն:

– Կառլսենը չեմպիոն դառնալուց հետո հրապարակավ հայտարարեց, որ երբևէ չի մասնակցել այդպիսի բարձր մակարդակով կազմակերպված մրցամարտի: Կազմակերպիչները հնարավորն արել էին, որ ոչ մի բաղթողում չլինի: Այդուհանդերձ, եթե նորվեգացի գրոսմայստերը սկզբում այդպիսի խնդիրներ նրանց առջև չդներ, հնարավոր է տարբեր հարցեր ծագեին, մրցամարտն էլ այդպիսի բարձր մակարդակի չլիներ: Մրցամարտից հետո Կառլսենը, իր շքախմբի ուղեկցությամբ, անկաշկանդ  հանդիպումներ էր ունենում: Ի դեպ, սկզբում գաղտնի էր պահվում, բայց հետո բացահայտվեց, որ Կառլսենը հանգստյան օրն անցկացնում էր օվկիանոսի ափին գտնվող շքեղ մի առանձնատանը: Պարզ չէ` նա վարձե՞լ էր, թե՞ մտերիմներից մեկն էր տրամադրել: Այն հիանալի պայմաններ ուներ, մարզասրահ: Կառլսենն այնտեղ բասկետբոլ, ֆուտբոլ էր խաղում, ընկերների միջավարում լիցքաթափվում: Փաստորեն, նա և Անանդը տարբեր ձևով էին անցկացնում հանգիստը: Վերջինս իր հարկաբաժնից ընդհանրապես դուրս չէր գալիս, նախընտրում էր տնային պայմաններում և  միջավայրում նախապատրաստվել, իսկ Կառլսենը նախըտրում էր ակտիվ հանգիստը:

 – Օրնաչա՞փ էր, որ նորվեգացին մրցամարտում հաղթեց 6,5 : 3,5 հաշվով:

– Այո, քանի որ Կառլսենը մրցամարտն անցկացրեց բարձր մակարդակով: Նա չզարմացրեց նորույթներ կիրառելով, սկզբանախաղային նորարարություններով, այդուհանդերձ, մրցամարտում հիանալի խաղաց: Իսկ հաջողության հասնելու հիմնական գրավականը հոգեբանական լավ պատրաստվածությունն էր: Անանդն ավելի շատ հոգեբանորեն պարտվեց, քանի որ մեծ ցանկություն ուներ հաղթելու, մանավանդ որ խաղում էր իր ծննդավայրում: Եթե նա 5-րդ և 6-րդ պարտիաներում չկորցներ ոչ-ոքի անելու հնարավորությունները, որոնք ուներ,  թերևս ամեն ինչ հոգեբանական առումով այլ հունով ընթանար: Բայց եղավ այն, ինչ եղավ: Ըստ մրցակարգի` վերջին երկու պարտիաները չկայացան, քանի որ Կառլսենն արդեն անհասանելի էր: Մրցամարտն ավելի տևական էր նախատեսվում, մինչդեռ, այն կտրուկ ավարտվեց: 9-րդ պարտիայից հետո ակնհայտ էր, որ 10-րդ պարտիան կարող է վերջինը լինել, և բանակցություններ էին ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի մրցամարտի փակումը: Կազմակերպիչները ցանկանում էին այնպես անել, որ անպայման ներկա լինի Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի գլխավոր նախարարը, կարելի է ասել` նահանգի ղեկավարը: Եվ ընդմիջումը նախատեսվածից մեկ օր ավելի տևեց:

 – Որևէ խնդիր չառաջացա՞վ, Ձեր միջամտության կարիքը չզգացվե՞ց:

– Լավ մրցավարության գաղտնիքն այն է, որ ամեն ինչ այնպես արվի, որ խնդիրներ չառաջանան: Կազմակերպիչներն ամեն բարձրացված հարցին անմիջապես արձագանքում էին և կատարում էին բոլոր պահանջները: Ուրախ եմ, որ մրցամարտն ընթացավ և ավարտվեց մարզական ազնիվ պայքարում: Ի դեպ, խաղացողները միմյանց նկատմամբ շատ հարգալից էին: 

– Հաջորդ մրցաշարը ո՞րն է լինելու, որը սպասարկելու եք որպես գլխավոր մրցավար:

– Իրաքի Քուրդիստանում առաջիկայում անցկացվելու է բաց մրցաշար, որին հայտնի շախմատիստներ են մասնակցելու: Ցավոք, Հայաստանից խաղացող չի լինելու:

 – Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին սոսկ 5-րդն էր: Դա անհաջողություն կարելի է  համարել, քանի որ մերոնք  ստուգատեսին մասնակցում էին աշխարհի չեմպիոնի կարգավիճակով: Ո՞րն է մերոնց կրած մի շարք պարտությունների պատճառը: Ընդ որում, Հայաստանի հավաքականը վերջերս Լեհաստանում կազմակերպված Եվրոպայի թիմային առաջնությունում էլ անմասն էր մնացել խաղարկված մրցանակներից :

– Աշխարհի առաջնության մասնակից 10 հավաքականներից միայն Եգիպտոսի և Թուրքիայի թիմերն էին թույլ, մյուսներն ուժեղ էին: Բայց անգամ այդ թույլ թիմերն անակնկալներ կարող էին մատուցել: Կարծում եմ` Հայաստանի հավաքականի համար դժվար էր իրար հաջորդող երկու մրցամարտի մասնակցել: Եվրոպայի առաջնությունից հետո մի շարք հավաքականներ` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ներկայացուցիչները փոփոխված կազմերով էին խաղում: Մինչդեռ Հայաստանի հավաքականն այդպիսի թարմություն չուներ: Թերևս Եվրոպայի առաջնությանը կարելի էր մասնակցելու հնարավորություն տալ մեր երիտասարդ շախմատիստներին: Պետք է մտածել, որ Հայաստանի հավաքականը համալրողներ ունենա:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Տևական պարապուրդ հայկական ֆուտբոլում

ֆուտբոլՀայաստանում ավարտվեց ֆուտբոլային տարին: Մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից սակավաթիվ թիմերի ստուգատեսը կիսվեց: Կայացած 14 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը»: Առաջնությունը եկող հաջորդ տարվա մարտի 1-ին:

«Արարատն» ունի 30, «Շիրակը»` 22, «Գանձասարը»` 20, «Բանանցը»` 19, «Միկան»` 19, «Փյունիկը»` 17, «Ուլիսը»` 13, «Ալաշկերտը»` 9 միավոր:

«Արարատը» զգալիորեն առաջ է անցել, քանի որ հետապնդող թիմերը վերջին տուրերում միավորներ են կորցրել, անհավասար մրցելույթներ են ունեցել:

Այս տարվա առաջնությունն էլ նախորդներից չի տարբերվում, այն անցնում է անհետաքրքիր, խաղերին հանդիսականներ գրեթե չեն լինում: Մինչդեռ ֆուտբոլն այն մարզաձևն է, որի երկրպագուները շատ են: Մերն ուրիշ է: Թե ով է կատարվածի մեղավորը, դժվար է միանշանակ ասել, բայց որ բանը բանից անցել է` ակնառու է, և բոլորն են դժգոհ:

Զարմանալին այն է, որ թեև  ցածր մակարդակի ֆուտբոլ ունենք, եվրոպական մակարդակի խաղեր սպասարկելու հնարավորություն ստացած մեր մրցավարները 2013-ին այնպիսի դատապարտելի քայլեր են ձեռնարկել, որ միայն զարմանալ կարելի է. փորձել էին գրավախաղերի արդյունքներ ապահովել: Ի վերջո, կարգազանցները պատժվեցին, սակայն կատարվածը մեր երկրում շատ սովորական ընդունվեց: Նախկինում էլ մեր «լավագույն» մրցավարները գողություն են կատարել արտասահմանում:

Մարդիկ անտարբերություն են դրսևորում  ներհայաստանյան ֆուտբոլի նկատմամբ: Նույն կերպ են վարվում նաև արտասահմանում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցները: Մեծ փողեր ֆուտբոլում ոչ ոք չի ցանկանում ներդնել, և բոլորը համակերպվել են դրա հետ: Տարօրինակ է, որովհետև ֆուտբոլը բիզնես է, այն էլ` խոշոր…

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  իր ձեռքբերումը համարում է այն, որ հիմնականում դրսի կադրերի, արտասահմանյան թիմերում թրծված և վարպետություն ստացած ֆուտբոլիստների ուժերով մեր երկրի  ընտրական մրցաշարից մրցաշար մի քանի հաղթական խաղ է անցկացնում (ձախողումներին գերադասում են չանդրադառնալ):

Ինչևէ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 209 երկրների ցուցակում 34-րդն է, որը ռեկորդային ցուցանիշ է:

Ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչներից երկու երկրների հավաքականներ ավելի բարձր դիրքի են հասել: 1996-ին Ռուսաստանի թիմը 3-րդն է եղել, Ուկրաինայի հավաքականն էլ 2007-ին գրավել է 11-րդ, հետո էլ` 34-րդ տեղը:

Վիճակագրությունը լավ բան է, բայց որ տարբեր տարիքի մեր երիտասարդական հավաքականները, ակումբային թիմերն անմրցունակ են միջազգային ստուգատեսներում, միայն տխրեցնում է:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա այն կվերակենդանանա միայն 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մասնակցության հարցը:

Այնպես որ, հայկական ֆուտբոլային կյանքում տևական պարապուրդ է լինելու:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Գևորգ Ղազրյանի թիմը պարտվեց. ֆուտբոլի Եվրոպա լիգայի բոլոր մասնակիցները

գղGevorg_GhazaryanՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», արտագնա խաղում 1։2 հաշվով զիջեց Հայֆայի «Մակքաբիին»։

Ղազարյանի գեղեցիկ անցումը կասեցվեց և 11 մ-ոց տուգանային հարված նշանակվեց մրցակցի դարպասին: Այն հստակորեն իրացրեց Ռոխեր Կանյասը։ Ղազարյանը փոխարինվեց 86-րդ րոպեին։ «Շախտյորը» վաստակած 2 միավորով L խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Այս խմբից պայքարը կշարունակեն հունական ՊԱՕԿ-ը և հոլանդական «ԱԶ Ալկմարը»։

Այսպիսով, հայտնի են այն բոլոր ակումբները, որոնք իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչին:

Դրանք են են` «Վալենսիան» (Իսպանիա), «Սուոնսին» (Անգլիա), «Լուդոգորեցը» (Բուլղարիա),  «Չեռնոմորեցը» (Ուկրաինա), «Զալցբուրգը» (Ավստրիա), «Էսբյերգը» (Դանիա), «Ռուբինը» (Ռուսաստան), «Մարիբորը» (Սլովենիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Դնեպրը» (Ուկրաինա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Մաքաբին» (Իսրայել), «Գենկը» (Բելգիա), «Դինամոն» (Կիև, Ուկրաինա), «Սևիլիան» (Իսպանիա), «Սլովանը» (Չեխիա), «Լիոնը» (Ֆրանսիա), «Բետիսը» (Իսպանիա), «Տրաբզոնսփորը» (Թուրքիա), «Լացիոն» (Իտալիա), «Տոտտենհեմը» (Անգլիա), «Անժին» (Ռուսաստան), «ԱԶ Ալկմարը» (Հոլանդիա) և ՊԱՕԿ-ը (Հունաստան):

Հավելենք, որ Եվրոպայի լիգայի մրցաշարին մասնակցելու են նաև «Շախտյորը» (Ուկրաինա), «Յուվենթուսը» (Իտալիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Վիկտորիան» (Չեխիա), «Բազելը» (Շվեյցարիա), «Նապոլին» (Իտալիա), «Պորտոն» (Պորտուգալիա), «Այաքսը» (Հոլանդիա):

Անկախ

«Չելսիի» ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել աշխատանքային պայմանագիրը Սամուել Էտո’Օ-ի հետ

սէ_74371bf467339f1e00da601b7c97a24aԱնգլիական «Չելսի» ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջարկել է ձմռանը հարձակվողներ գնել, սակայն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը նրան մերժել է, այդ նպատակով փող չի տրամադրվի: Այնպես որ, պորտուգալացի մասնագետը ստիպված կլինի ապավինել իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների ուժերին:

Ի դեպ, «Չելսիի» ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել աշխատանքային պայմանագիրը հարձակվող Սամուել Էտո’Օ-ի հետ: Նա թիմի կազմում կխաղա մինչև 2014-ի ամառը:

32-ամյա ֆուտբոլիստը հավանական է հանդես գա հյուսիսամերիկյան գլխավոր լիգայում: հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում «Լոս Անջելես Գելակսիի» և «Դի Սի Յունայթեդի» ղեկավարները:

Ընթացիկ մրցաշրջանում կամերունցի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում 15 խաղի է մասնակցել և մրցակիցների դարպասը 4 գնդակ է խփել:

Էտո’Օ-ն 2013-ի օգոստոսին Մախաչկալայի «Անժիից» տեղափոխվել էր լոնդոնյան ակումբ: Որպես փոխհատոևցում վճարվել էր շուրջ 6 մլն եվրո:

Մախաչկալայի ակումբում նա խաղում էր 2011-ից, իսկ հեռացել է թիմի ֆինանսական դժվարությունների պատճառով: Նախկինում հարձակվողը պաշտպանել է նաև Միլանի «Ինտերի», իսպանական «Բարսելոնայի» և «Մալյորկայի» պատիվը:

Անկախ

Վիկտոր Պոլոտենկո. «Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում»

Viktor Polotenko«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարում մեր երկրի երիտասարդական հավաքականը, առաջ անցնելով Ուկրաինայի ներկայացուցիչներից, Վրաստանի, Ռուսաստանի թիմերից հետո գրավեց 3-րդ տեղը: Չնայած զբաղվածությանը` մեկ օրով Երևան էր այցելել Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն: Որպես Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում անցկացվող խաղին ներկա գտնվելու համար, նա Հայաստանի մայրաքաղաքից ուղևորվեց Սերբիա: Իսկ մինչ այդ Պոլոտենկոն  սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին:

 – Ինչպիսի՞ն են Ռուսաստանի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիաների համագործակցության հիմնական ուղղությունները:

– Հնարավորն արվում է, որպեսզի ավելի շատ համատեղ միջոցառումներ կազմակերպվեն, երկու երկրների հանդբոլիստները խաղան մրցաշարերում, մրցափորձ կուտակեն: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ կապերը սերտ են, և կազմակերպության նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել, նոր ծրագրեր ենք կազմել, պայմանավորվել ենք, որ թիմերը միասին պարապեն, խաղեր անցկացնեն: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանում սեմինարներ կկազմակերպվեն, որոնց կգործուղվեն ռուսաստանցի մասնագետները: Կօգնենք մրցավարների պատրաստման հարցում: Ի դեպ, Ռուսաստանում քիչ չեն բարձրակարգ հայ մասնագետները: Ճանաչված են նաև մրցավարներ Զոպունյան քույրերը: Նրանք բնակվում են Կրասնոդարում: Կաջակցենք նաև տեսուչների պատրաստման հարցում: Մարզիչների աճեցման խնդիրը մի փոքր ուրիշ է, ավելի դժվար: Բայց գլխավորն այն է, որ Ռուսաստանի, Հայաստանի  պատանիները և աղջիկները միմյանց հետ մրցումների մասնակցեն: Նախընտրելի է, որ Հայաստանին մոտ Ռուսաստանի տարածաշրջանների հետ այդ կապը լինի: Գաղտնիք չէ, որ փոխադրամիջոցներից օգտվելու համար զգալի ծախսեր են պահանջվում: Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները երևանյան մրցաշարին մասնակցելու համար ավտոբուսներով էին ժամանել Հայաստան: Մենք կարող էինք հնարավորություն տալ ինքնաթիռով գալու, բայց տոմսերը զեղչով էինք գնել, քանի որ ֆինանսների պակասը ներկայումս հիմնախնդիրներ է առաջացնում: Մտածում ենք պարբերաբար միջազգային պատանեկան մրցաշարեր կազմակերպել և հրավիրել նախկին Խորհրդային  Միության հանրապետությունների հանդբոլիստների թիմեր: Տոլյատիում այդպիսի մրցաշար է անցկացվելու, շուրջ 5 տասնյակ թիմ է հավաքվելու: 9-16 տարեկանների թիմեր են հանդես գալու: Ցանկալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն էլ խաղան:

 – Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի ֆինանսական վիճակը կայո՞ւն է, որո՞նք են հիմնական խնդիրները:

– Ցանկալի է, որ ֆինանսական վիճակն ավելի լավ լինի: Գլխավոր հիմնախնդիրը ֆեդերացիայի հովանավորներ գտնելն է:

հանդբոլ – Ինչքա՞ն է Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի բյուջեն: Ինչպիսի՞ն այն պետք է լինի, որ աշխատանքը բնականոն կազմակերպվի:

– Մեր երկում այլ համակարգ է: Հավաքականներին ֆինանսավորում է պետությունը` սպորտի նախարարությունը: Իսկ մյուս հարցերը կարգավորվում են այն միջոցների հաշվին, որոնք հայթայթվում են: Հեռարձակումների խնդիր կա: Ցուցադրության համար ֆեդերացիան է վճարում, քանի որ քարոզչության խնդիր կա: Հետխորհրդային շրջանի մեծ տարբերությունը Արևմուտքի հետ դա է: Եվրոպական երկրներում հեռուստաընկերություններն են վճարում, որպեսզի սպորտ ցուցադրեն, իսկ ներկայումս Ռուսաստանում սպորտի ներկայացուցիչներն են ցուցադրության համար փողեր տրամադրում հեռուստաընկերություններին: Դուք էլ այդ խնդիրն ունեք: Մինչև դա չկարգավորվի, իրավիճակը չի փոխվի: Իսկ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան պահանջում է, որ տարբեր երկրներում խաղերը պարտադիր հեռարձակվեն: Եվ եթե Հայաստանում կազմակերպվի եվրոպական պաշտոնական ստուգատեսի շրջանակում  մրցաշար, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան խնդիր է դնելու, որ Հայաստանից հեռարձակման ազդանշան լինի, իսկ դրա համար պետք է վճարի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Այս առումով իրավիճակը բարդ է, և շատ բան կախված է զանգվածային լրատվամիջոցներից և հովանավորներից: Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով տարեկան շուրջ մեկ միլիոն դոլար է ստանում: Ռուսաստանի նման խոշոր երկրի համար դա քիչ է, եթե հաշվի առնենք, որ 10 հավաքական կա: Տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների 3-ական թիմեր ունենք, մարզիկների և մարզուհիների  2-ական թիմ էլ լողափնյա հանդբոլում է: Դրանք մասնակցում են միջազգային բոլոր ստուգատեսներին, և պարզ է, թե ինչպիսի ահռելի ծախսեր են անհրաժեշտ: Դժվար է ասել, թե ինքան փող կպահանջվի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար, դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ տարին ինչ մրցումներ են անցկացվելու: Ցանկալի արդյունքի հասնելու համար ֆինանսներն ինչքան շատ լինեն, այնքան լավ:

 – Հայաստանում գործարարները խուսափում են հանդբոլը զարգացնելու համար փողեր ներդնելուց: Ռուսաստանո՞ւմ էլ նույն պատկերն է:

– Պետությունից չդժգոհելու խնդիր չկա, քանի որ ղեկավար այրերի համար այդ ամենն ավելի տեսանելի է: Ցավալին այն է, որ մեխանիզմ չկա, որպեսզի հովանավորները շահագրգռված լինեն սպորտին օգնել, փողեր ներդնել: Այդ պարագայում ինչպե՞ս կարող է խաղային մարզաձևերի պրոֆեսիոնալ ակումբը գոյատևել: Խաղերի քանի՞ տոմս է պահանջվում վաճառել, որպեսզի թիմերը փող ունենան: Ենթադրենք` հազար հանդիսական է հավաքվում, դա հարցի լուծում չէ: Նախկին խորհրդային հանրապետություններում սպորտը սոցիալական բաղադրիչ էր համարվում: Մինչդեռ ներկայումս սպորտը պրոֆեսիոնալ է դարձել, մարդիկ դրա միջոցով փորձում են վաստակել:

 – Նախագիծ կար հետխորհրդային երկրների, դրանց հարակից երկրների հետ համատեղ լիգա ստեղծելու: Այն ուժի մե՞ջ է մնում:

– Չորս տարի առաջ էր, որ այդ մասին խոսակցություններ սկսվեցին: Բայց կրկին հովանավորների խնդիր կա: Եթե բասկետբոլում, տափօղակով հոկեյում հովանավորների օգնությամբ լիգաներ են ստեղծվել, ապա հանդբոլում դա դժվար է: Գաղափարը կա, մնում է: Բարդ է այն իրագործելը: Հարց է, թե  ով պետք է վճարի, ասենք, Տաշքենդից ինքնաթիռով Տալլին ուղևորվող թիմի ծախսերը, կամ էլ Դուշանբեի թիմն ինչպես, ինչ միջոցներով պետք է հասնի Երևան և այլն:

 

– Ձեր կարծիքով` ներկայումս Հայաստանում հանդբոլն ի՞նչ մակարդակ ունի:

– Խնդիրները նույնն են, որոնք կան նաև մեր երկրում: Ինչքան հաճախակի հանդիպեն, միասին պարապեն, խաղան Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն իրար հետ, այնքան արագ էլ մարզաձևը երկու երկրներում կզարգանա: Ռուսաստանը ներկայումս հանդբոլի առաջատար երկիր չէ: Հետ ենք մնացել, և այդ մասին աներկյուղ ասում եմ: Հետ ենք մնացել մարզիչների, խաղացողների պատրաստման հարցերում: Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում: Հայաստանի ներկայացուցիչներն էլ համանման խնդիրներ ունեն: Օրինակ` երևանյան միջազգային մրցաշարն անցկացվում է «Դինամո» մարզասրահում, որի դահլիճը հանդբոլ խաղալու համար փոքր է: Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպումներ է անցկացնելու այստեղ, իսկ հունվարին խաղալու է Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, ուժերն է չափելու տանտերերի, Թուրքիայի հավաքականների հետ: Դժվար է լինելու այն առումով, որ Ռումինիայում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահում են խաղերն անցկացվելու: Ստացվում է, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճում մրցելու: Ընդ որում, Ռումինիայի հավաքականից վախենում է անգամ Ռուսաստանի ընտրանին:

 – Ռուսաստանի հավաքականի առաջատարներից է Սամվել Ասլանյանը, որը «Չեխովսկիե մեդվեդի» ակումբից տեղափոխվել է ուժեղ նոր թիմ: Նա իրեն ինչպե՞ս է զգում «Պերմսկիե մեդվեդի» թիմի կազմում:

– Առաջինը Մոսկվայի մարզի թիմ է: Եվ փոխվել է քաղաքանությունը, պրոֆեսիոնալ ակումբն այլևս պետական աջակցություն չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ թիմում էին հանդես գալիս Ռուսաստանի հավաքականի բոլոր հանդբոլիստները: Այժմ այդ խաղացողները կարողություններն են փորձում արտասահմանյան տարբեր ակումբներում: Հնարավոր է, որ դա ավելի լավ է: Ժամանակը ցույց կտա: Մեծ մասը տեղափոխվել է Մակեդոնիա և խաղում է մի թիմում, որը ռուսաստանցի գործարար է հովանավորում: Ստացվում է, որ այդ երկրում փողեր ներդնելը հանդբոլում ավելի ձեռնտու է, քան Ռուսաստանում: Ընդ որում, նա ֆինանսավորում է հանդբոլիստների և հանդբոլիստուհիների թիմեր: Դա որոշ առումով վիրավորական է: Ինչ վերաբերում է Ասլանյանին, ապա նոր թիմում նա պետք է կրկին փորձի իրեն առաջատար դրսևորել:

 – Ռուսական թիմերում կա՞ն հայ խաղացողներ: Արգելքներ չե՞ն ծագի, եթե ոմանք ցանկանան խաղալ Հայաստանի դրոշի ներքո:

– Ոչ մի խնդիր չկա: Երջանիկ կլինի ամեն հայ, եթե ազգային թիմի պատիվը պաշտպանի: Այդպիսի հնարավորությունն օգտագործելուց հրաժարվել չի կարելի:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Չորոշվեց` ինչպես ավելի լավ որոշել տարվա լավագույն մարզիկին

լրագրող2013 թվականը ավարտվում է, նշանակում է, որ պետք հանրագումարի բերվեն մրցաշրջանի արդյունքները, նաև հրապարակվեն Հայաստանի տասը լավագույն մարզիկների անունները: Վերջինս Հայաստանում խորհրդանշական բնույթ ունի,  մարզիկների համար պարգև չի նախատեսված, սակայն հեղինակավոր է, քանի որ որոշվում է մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով: Բայց վերջին տարիներին հրապարակումներին հաջորդում է մեծ աղմուկը: Ընդ որում, բարձրաձայնում, տեսակետներ են հայտնում ավելի շատ նրանք, ովքեր կապ չունեն սպորտի ու մարզական լրագրության հետ:

Փաստն այն է, որ սահմանված չափորոշիչներով հրապարակվում է լավագույնների ցանկը, նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձևերի, տարածում ունեցող մարզաձևերի ներկայացուցիչներին: Իսկ մնացածն այնքանով է կարևոր, որ Հայաստանի սպորտի պետական կառույցը հնուց ի վեր այդ քվեարկության արդյունքը համարում  է նախընտրելի:

Ուշագրավն այն է, որ վերջինս տասնամյակներ շարունակ անցկացնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, մի կազմակերպություն, որի մասին քիչ բան է հայտնի, քիչ  էլ խոսվում է: Բայց  կա սահամանված կարգ: Նախապես հրապարակված մարզիկների անունների հիման վրա էլ քվեարկությանը մասնակցում են որոշակի փորձ, լրագրության ոլորտում աշխատող կամ աշխատած մարզական լրագրողները: Ընդ որում, ոչ բոլոր ցանկացողներին է  թույլատրվում քվեարկել, պետք է որոշակի մասնագիտական աշխատանքի ստաժ ունենալ: Եվ յուրաքանչյուր քվեարկող ներկայացնում է լավագույնների տասնյակի իր տարբերակը: Առաջին տեղում հայտնվողին տրվում է 10 միավոր, երկրորդ տեղում գտնվողին` 9 միավոր, և այդպես շարունակ: Տասնյակը եզրափակող մարզիկը ստանում է 1 միավոր: Ապա հանրագումարի են բերվում արդյունքները, և ամենից շատ միավորներ վաստակած մարզիկը ճանաչվում է լավագույնը:

Թվում է, թե ամեն ինչ պարզից էլ պարզ է, բայց քվեարկությունից հետո վեճերն անպակաս են: Հավանականությունը քիչ է, որ նույն բանն այս տարի էլ չի կրկնվի:

Եվ ահա, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնություն է հանդես բերել: Եվ որպեսզի հարվածի թիրախ չդառնա, գերատեսչությունը խորհրդակցություն է հրավիրել, թե ինչպես կարելի է որոշել լավագույններին, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն:

Ինքնին հասկանալի է, որ դա անելն անիմաստ էր, քանի որ հասարակական կազմակերպությունն է որոշողը:

Առաջարկվել էր սահմանել չափորոշիչների և միավորների սահմանման նոր կարգ: Բայց պարզ չէր, թե ինչպես պետք է միավորներ ստանան  խաղային մարզաձևերի ներկայացուցիչները, նաև արտասահմանյան ակումբների պատիվը պաշտպանող մեր ֆուտբոլիստները: Արդյոք, նրանք կարո՞ղ են հավակնել Հայաստանի լավագույն մարզիկների շարքում տեղ գրավելուն, եթե ազգային հավաքականի կազմում առանձնապես  աչքի չեն ընկել:

Ի վերջո, ժամեր տևած քննարկումներն անպտուղ էին: Տարվա լավագույն մարզիկի որոշման հարցում այդպես էլ ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այդուհանդերձ, մեկ նորամուծություն արվեց. որոշվեց, որ այդ կոչմանը հավակնող թեկնածուների ցանկը պետք է ներկայացնի Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Ի դեպ, նախկինում թեկնածուների ցանկ չէր էլ ներկայացվում, իսկ հետագայում դա արվում էր, որպեսզի քվեարկողները կողմնորոշվեն և աղաղակող փաստեր չգրանցվեն:

Ինչևէ, եթե նախարարությունն է թեկնածուների ցանկը ներկայացնելու, ուրեմն ստացվում է, որ նախաձեռնությունը ոչ թե հասարակական կազմակերպությանն է, այլ գերատեսչությանը: Ինքնին հարց է ծագում, թե ինչու նախարարությունը չի հրապարակում մարզիկների լավագույն տասնյակը: Թերևս գլխացավանքից, անախորժ հարձակումներից խուսափելու համար:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Լևոն Արոնյանը երկրորդն է

լևոնimagesՇախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է` 2803 միավոր է: Մեր մարզիկը ետ է մնում աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից (2872):

Ապա հաջորդում են` Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2793), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2786), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2785), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 2783), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2777), Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2773) և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2758):
Սերգեյ Մովսիսյանը (2689) 56-րդն է, Վլադիմիր Հակոբյանը (2684)՝ 61-րդը, Գաբրիել Սարգսյանը (2675)՝ 72-րդը:

Հայաստանի 2013 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը դուրս է մնացել 100 լավագույնների շարքից: Իսկ ահա, Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը (2656) 92-րդ հորիզոնականում է:

Հայաստանի ծանրորդների որակազրկման գործում դեր ունեն Թուրքիայի ներկայացուցիչները

սպորտՎերջերս արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել է Հայաստանի 6 ծանրորդ: Խոսակցություններ կան, որ այս մարզաձևի ներկայացուցիչների նոր որակազրկումներ են սպասվում: Ընդ որում, մերոնց հանցանքում բռնել են թուրք մասնագետները: Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի աշխատողների վարկանիշն աշխարհում բարձր է, սակայն նրանց չեն հանձնարարել Հայաստանի ծանրորդների հակադոպինգային ստուգումը: Այդ և արգելված դեղամիջոցներ օգտագործողների դեմ պայքարի հետ կապված մի շարք խնդիրների մասին զրուցեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանի հետ:  

– Օրերս  Հարավաֆրիկյան Հանրապետության  Յոհաննեսբուրգ քաղաքում անցկացվեց հակադոպինգային համաշխարհային «ՎԱԴԱ» կազմակերպության համաժողովը, որում ընտրվեց կազմակերպության նոր նախագահ: Ավստրալացի 68-ամյա Ջոն Ֆեյխին փոխարինեց բրիտանացի, Շոտլանդիան ներկայացնող ՄՕԿ-ի 72-ամյա  փոխնախագահ Կրեգ Ռիդը: Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր և կսկսի պաշտոնավարել 2014-ի հունվարից: Նախագահի պաշտոնի ընտրություններ անցկացնելու համար 7 տարին մեկ է համաժողով կազմակերպվում: Մասնակցում էին 174 երկրների 917 մասնագետներ: Համաժողովում ներկայացվեցին ընդունված հակադոպինգային բոլոր փոփոխությունները: Առաջարկ եղավ արգելել նաև ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Դա կքննարկվի: Նոր կանոնները 2015-ի հունվարից են ուժի մեջ լինելու: Մեծ փոփոխությունները 18-ն են: Դրանցից ամենագլխավորն այն է, որ  ընթացք է տրվելու բոլոր ահազանգերին և ուսումնասիրություններ են կատարվելու:

Բանն այն է, որ մի շարք արգելված դեղամիջոցներ կան, որոնք դժվար է հայտնաբերել, պարզել` այս կամ այն մարզիկն օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Այդպես բացահայտվեց ամերիկացի պրոֆեսիոնալ հանրածանոթ հեծանվորդ Լուիս Արմսթրոնգի  հանցանքը: Նամակներ էին ուղարկվել, նշվում էր, որ փաստեր կան: Հետաքննություն սկսվեց, անգամ մարզիկի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները լսեցին, և հաստատվեց, որ նա արգելված դեղամիջոցներ է օգտագործել: Ահա այդպիսի ահազանգերին այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու: Որևէ նամակ, որ կուղարկի որևէ մեկը հակադոպինգային կազմակերպությանը, անպայման  քննարկվելու է, փաստերը ստուգվելու են: Եվ եթե հանցանքը հաստատվի, ապա մարզիկը կարող է որակազրկվել:

 – Ստացվում է, որ ալկոհոլի օտագործումը առայժմ թույլատրելի՞ է: Օրինակ` ֆուտբոլիստները կարո՞ղ են դրա օգնությամբ տրամադրությունները բարձրացրած խաղադաշտ դուրս գալ:

– Այո, ֆուտբոլիստները կարող են խմիչք օգտագործել: Ալկոհոլը միայն մի քանի մարզաձևում է արգելված. կարատե, ավտոմոտոսպորտ, հրաձգություն, նետաձգություն:

 – Նույնիսկ շախմատիստնե՞րը կարող են ուտել–խմել և հետո խաղատախտակի առջև նստել:

– Շախմատում դոպինգ հսկողությունը պարտադիր չէ: Այդ է պատճառը, որ շախմատն օլիմպիական մարզաձևերի թվում չէ:

 – Յոհաննեսբուրգում ի՞նչ առիթով են գովել Հայաստանի հակադոպինգային մասնագետներին:

– Հակադոպինգային աշխատանքներ կատարող նոր զարգացող երկրներից լավագույնն է ճանաչվել Հայաստանը, և բոլորը մեզ շնորհավորեցին: Դա պատահական չէ: 2012-ին դարձել ենք աշխարհում 23-րդ երկիրը, որն ունի հակադոպինգային աշխատանք կատարելու որակի հավաստագիր: Այսինքն` այն ամենը, ինչ այդ ուղղությամբ կատարում են մեր երկրի մասնագետները, համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՅՈւՆԵՍԿՕ-ն գրքույկ էր տպագրել, որում Հայաստանի հակադոպինգային մասնագետների լուսանկարն է, և այդ կազմակերպության հովանավորությամբ կատարված նախագծային  աշխատանքներում մեր երկիրը լավագույնն է ճանաչվել: Նվիրատվական այդ միջոցների շնորհիվ էր, որ կարողացանք միջազգային հավաստագիր ստանալ: 

սպորտ (1)– Ինչո՞ւ նախկին նախագահը չվերընտրվեց, անգամ այդպիսի առաջարկ չեղավ, առավելևս, որ նորընտիր նախագահից նա տարիքով ավելի փոքր է:

– Դժվարանում եմ ասել: Համենայն դեպս, նախկինում չի եղել, որ որևէ նախագահ վերընտրվի:

 – Դա ստվերայի՞ն կառույց է, մութ գործարքները շա՞տ են:

– Ամենևին: Ամեն ինչ շատ պարզ և թափանցիկ է կատարվում: Կազմակերպության նախագահն ընդհանրապես չի խառնվում որակազրկումներին, պատժամիջոցներին: Ամեն ինչ գլխավորում է գործադիր տնօրենը:

 – Հրապարակվել է, որ լավագույն երկիրը ճապոնիան է, որի ոչ մի մարզիկ վերջին 10 տարում միջազգային մրցումներում չի բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար:

– Այո, սակայն նրանց երկրում կարգազանցներին հայտնաբերում և որակազրկում են: Իսկ արգելված դեղամիջոցներ օգտագործողներին  սեփական ուժերով ամենից շատ բացահայտել և պատժել են Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Միայն  անցյալ տարի որակազրվել են այդ երկրների 1000, 500 և 430 մարզիկներ` համապատասխանաբար:

 – Իսկ Հայաստանում մեր մասնագետներն այդպիսի բացահայտումներ կատարե՞լ են:

– Ոչ, ստուգումներ կազմակերպվում են, եթե դիմում են, կամ էլ, եթե տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներն են առաջարկում այդ անել: Ստուգել ենք մեր ըմբիշներին, ձյուդոյիստներին, թհեքվանդոյիստներին: Դոպինգի առումով դրանք ռիսկային մարզաձևեր չեն:

 – Այդ առումով ծանրամարտը յուրօրինակ է: Խոսվում է այն մասին, որ այդ մարզաձևի ներկայացուցիչների մեծ մասն արգելված դեղամիջոցների օգնության է դիմում և դա խելացիորեն  անողները չեն բացահայտվում, իսկ ոչ խելացիները բռնվում են և որակազրկվում: Ընդ որում, Հայաստանում երկար ժամանակ արգելված դեղամիջոցներ օգտագործելու պատճառով ծանրորդները չէին որակազրկվում, սակայն վերջին տարիներին արդեն  այդպիսի դեպքերը շատացել են:

– Թերևս ճիշտ է, խելոքները հետևում են խորհրդին: Ընդհանրապես ամբողջ աշխարհում մեծ թվով մարզիկներ են որակազրկվել այն դեղամիջոցներն օգտագործելու համար, որոնք նաև մերոնք են կիրառել: Հիմնականում օգտագործում են «Ստանոզոլոլ»: Դա հորմոնալ դեղամիջոց է: Քանիցս սեմինարներ ենք կազմակերպել, բացատրել մեր մարզիկներին դրա վնասակար ազդեցության, նաև բռնվելու վտանգի մասին,  ասել ենք, որ պետք է զգույշ լինել, բայց ասողին լսող է պետք:

 – Որակազրկված վերջին 6 ծանրորդներին Հայաստանի հակադոպինգային մասնագետները ստուգե՞լ էին:

– Մեր մասնագետները նրանցից ոչ մի փորձանմուշ չեն վերցրել: Անցյալ տարի և այս տարի մերոնցից փորձանմուշներ էին վերցրել Թուրքիայի և Ռուսաստանի հակադոպինգային սպաները:

 – Հակադոպինգային միջազգային «Վադա» կազմակերպությո՞ւնն էր այդ առաջադրանքը նրանց տվել:

– «ՎԱԴԱ»-ն երբեք չի խառնվում այդ գործերին: Փորձաքննությունը կատարվում է տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների առաջարկով: Այնպես որ, թուրք և ռուս մասնագետները հանձնարարականով են եկել Հայաստան և մերոնց ստուգել:

 – Թուրքիայի հակադոպինգային մասնագետները բա՞րձր մակարդակի են:

– Ոչինչ չեմ կարող ասել, թուրք մարզիկներն էլ են հաճախակի բռնվում: Հակադոպինգային միջազգային կազմակերպության համաժողովներում Թուրքիան ներկայացնում է այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը, որը բարձրակարգ մասնագետ է: Չպետք է անտեսել, որ  «ՎԱԴԱ»-ի փոխնախագահը  նաև Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է:

 – Հնարավո՞ր է, որ միտում կա նաև մեր հայրենակից, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի կողմից:

– Ոչինչ չեմ կարող ասել: Մարտին խոսակցություն է եղել, որ պետք է մեզ հանձնարարեն Հայաստանի մարզիկների ստուգումներ կատարել, բայց, ինչպես երևում է, դարձյալ մեզ չեն վստահում:

 – Առաջիկայում ի՞նչ է սպասում հակադոպինգի մեր մասնագետներին:

– 2015-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու է Եվրոպայի օլիմպիական երիտասարդական օրեր փառատոնը, որը պետք է սպասարկի մեր տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպությունը: Այդ է պատճառը, որ ՄՕԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կանցկացնենք որակավորման սեմինար: Բանն այն է, որ փոփոխություններ են կատարվել որոշ ստանդարտներում: Հայաստանն ունի 6 դոպինգ սպա: Նրանցից  Դավիթ Մոսինյանը, Անժելա Սահակյանը, Խորեն Մանուկյանը պետք սպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն` Հայաստան-Ադրբեջան` 2:2

շ հհ32504Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում  աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
Վերջերս  Լեհաստանում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում երկու երկրների հավաքականների մրցամարտում նույնպես գրանցվել էր մարտական ոչ-ոքի`2:2:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մրցանակը հանձնեց հաղթող դարձած հավաքականին

MHM83684 copy-1«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի վերջին` Հայաստան-Ուկրաինա հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետոթյան վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խաղից հետո նա մարզասրահում մասնակցեց ստուգատեսի փակման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը շնորհավորեց կազմակերպիչներին մրցաշարը հաջող անցկացնելու համար և պարգև հանձնեց Տիգրան Սարգսյանին` սպորտի զարգացմանը մեծ ուշադրություն դարձնելու համար:

«Դինամո» մարզընկերության նախագահ Գառնիկ Հայրապետյանը Հայաստանի վարչապետին խորհրդանշական պարգև հանձնեց` նախորդ դարում պատրաստված «Դինամո»-ի  հուշագավաթ: Նա  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին նվիրեց  «Դինամո» մարզընկերության տարեգրությանը նվիրված բացառիկ հրատարակություն: Հայրապետյանը Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանին հանձնեց  «Դինամո» մարզընկորոյան վկայական, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը նախկինում այդ կազմակերպության դրոշի ներքո էր հանդես եկել:

ՀՀֆ նախագահը հայտնեց, որ տոնական օրեր էին, և միջացառումը ստացվել է, մարզասերներն էլ հաճելի բազմաթիվ ակնթարթների ականատեսն են դարձել: Նշվեց նաև, որ միջազգային այս մրցաշարը շարունակական է լինելու:

Հետո բոլոր թիմերի ներկայացուցիչներին որպես հուշանվեր հանձնվեցին ձեռքի ժամացույցներ:

Դա կատարեցին Սարգիս Գրիգորյանը, Յուրի վարդանյանը, Վահրամ Առաքելյանը և Գառնիկ Հայրապետյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, միջազգային մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար, գեղեցիկ հուշագավաթ նվիրեց ՀՀՖ նախագահ Սարգիս Գրիգորյանին:

Հայաստանի վարչապետը գլխավոր մրցանակը հանձնեց Վրաստանի հավաքականի ներկայացուցիչներին: Ի դեպ, այն մարզասրահ բերեցին կրկեսային արտիստները` ուշագրավ բեմականացումով: Դա անակնակալ էր և ոգևորություն առաջացրեց մասնակիցների և հանդիսականների շարքերում:

Պարգևատրվեցին նաև տարբեր անվանակարգերի լավագույն խաղացողները` Ալեքսանդր Ցխվիարաշվիլին (Վրաստան, ձախ անկյուն), Թեյմուրազ Օրջոնիկիձեն (Վրաստան, ձախ կիսամիջին), Տիմոֆեյ Մասլեննիկովը (Ռուսաստան, աջ անկյուն), Մաքսիմ Ստրելնիկովը (աջ կիսամիջին, Ուկրարնա), Հրաչիկ Մարգարյանը (Հայաստան, խաղարկող), Ալեքսանդր Կոչետկով (Ռուսաստան, գծի խաղացող), Զուրաբ Ցինցինաձեն (Վրաստան, դարպասապահ): Լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը հանձնվեց Թեյմուրազ Օրջոնիկիձեին (Վրաստան):

Վերջում հրավառություն եղավ:

Նորը և հինը` հայկական բռնցքամարտում

Կարեն Աղամալյան13704Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը: Նա  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Գևորգյանը  նախկինում բռնցքամարտիկ է եղել, միջազգային կարգի սպորտի վարպետ է, տեղյակ է  այս մարզաձևի խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԲՖ–ի նախկին նախագահը Արման Մուրադյանն էր, որի ընտանիքին է պատկանում նաև Երևանի մարզահամերգային համալիրը: Նա հրաժարական էր տվել պատճառաբանելով, որ Մոսկվայում է լինում, զբաղված է: Իսկ հրաժարականի հիմնական պատճառ կարելի է համարել մեր մարզիկների ձախողումները վերջին շրջանի միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, մասնավորապես` 2012-ին կայացած օլիմպիական խաղերում, օրերս անցկացված աշխարհի առաջնությունում:

Նորընտիր նախագահը երկու շաբաթ ժամանակ է խնդրել, որ ամիջականորեն ծանոթանա իրավիճակին և հստակեցնի, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գխավորում է Կարեն Աղամալյանը: Հետաքրքիր է, թե նա ինչն է համարում պատճառը, որ օրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգ դուրս եկած մեր երկրի 6 մարզիկներն էլ անմասն մնացին աշխարհի առաջնությունում խաղարկված պարգևներից:

Աղամալյանը հայտնեց, որ բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ ունեցել է, սակայն աշխարհի առաջնությունում մրցակցությունը մեծ է: Ընդ որում, Հայաստանի հավաքականի 4 մարզիկ առաջին հանդիպումները տանուլ է տվել և պայքարից դուրս է մնացել` մրցակիցներին զիջելով 1:2 հաշվով: Այնուամենայնիվ, նա չթաքցրեց, որ վստահ է եղել, որ  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մյուսներից ավելի հաջող հանդես կգա:

Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է`  նրա պարտվելու պատճառն այն է, որ նա երկար ժամանակ խոշորամասշտաբ ստուգատեսների չի մասնակցել, մասնագետը հայտնեց, որ  օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներից հետո ավելի ներկայացուցչական ստուգատեսներ չեն եղել, բայց Կորյունը դարձել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն: Աղամալյանն այն կարծիքին է, որ Սողոմոնյանը երիտասարդական բռնցքամարտ է վարում, որը մեծահասակների ռինգում հաջողություն չի կարող բերել: Աշխարհի առաջնությունում էլ նա հավասար պայքարում է պարտվել Կոստա Ռիկայի ներկայացուցչին, որը հետագայում դարձել է մրցանակակիր:

«Թեև մեր մարզիկներն աշխարհի առաջնությունում մեդալի չտիրացան, սակայն մեծ աճ կա: Հավաքականը երիտասարդ է, միջին տարիքն է` 20-20,5-ը, և բոլորն էլ պայքարող են: Իմ կարծիքով, ոչ մի բռնցքամարտիկ չի ձախողվել: Հովհաննես Բաչկովի (60 կգ), Արման Հովիկյանի (75 կգ) մրցամարտերն անկողմնակալ չէին: Բայց չեմ ցանկանում մեդալ չստանալու համար մրցավարներին մեղադրել: Այդուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանն այսպիսի ստուգատեսներում մրցավար ունենա: Կարծում եմ, որ մեր բռնցքամարտիկներն աճելու տեղ ունեն, և հետագայում հաղթանակները նրանց ուղեկից կլինեն: Բոլորից էլ մեծ սպասելիքներ ունեմ: Հայաստանի հավաքականի անդամներից երեքին հրավիրել են ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումների` Արամ Ամիրխանյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Դանիելյանին: Ընդ որում, պրոֆեսիոնալների մրցումներում հնարավոր է վարկանիշ լրացնել հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս կարգը նորություն չէ, 4-րդ տարին է գործում, սակայն նախկինում Հայաստանից բռնցքամարտիկներ չեն մասնակցել այդ մրցումներին: Իսկ 2014-ի մրցումների օրացուցային պլանը դեռևս հստակեցված չէ: Փետրվարին անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, սակայն ինձ համար կարևոր է միջազգային մրցաշարերի արդյունքը: Բռնցքամարտիկ կա, որ մեր երկրի եռակի չեմպիոն է դարձել, բայց դրսում կազմակերպված միջազգային մրցաշարերում ոչ մի հաղթանակ չի կարողացել տանել»,- ասաց  Աղամալյանը:

Կառլեն Մկրտչյանի մասնակցությունը Եվրոպայի լիգայի մրցաշարի հերթական խաղին հարցական է

կմkarlenԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Մախաչկալայի «Անժին», Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցելու է Մոլդովայի «Շերիֆի» հետ:

Չի բացառվում, որ հայ ֆոտբոլիստը չմասնակցի այդ խաղին: Մախաչկալայի թիմի գլխավոր մարզիչ Հաջի Հաջիևը հայտնել է, որ Մկրտչյանը վնասվածք ունի և նրա մասնակցությունը հանդիպմանը հարցական է: