Սահմանադրական փոփոխությունները մտահոգում են քաղաքագետներին ու քաղաքական ուժերին

նախագահի հետ հանդիպումԻնչպես գիտենք, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 10-ին հանրությանն ու հանրապետության նախագահին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 4-ին, ըստ որի` այդ հանձնաժողովը պետք է մշակեր ու ներկայացներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ: Թեև այդ նախագիծը, ինչպես նշեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս նախնական տարբերակն է ու անպայման պետք է դրվի լայն քննարկման` ողնաշարն արդեն տեսանելի է:

Հայաստանում քաղաքական ու կառավարման համակարգի խնդիրների հնարավոր լուծումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում կան խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով, առաջարկվում են հետևյալ մոտեցումները:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ուղղակի ներգրավված չլինի քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական լինի, անաչառ և կատարի առաջին հերթին հաշտարարի ու միջնորդի դեր` ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն:

Հաջորդիվ առաջարկվում է, որ վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Ազգային ժողովը, որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը: Այդ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար խորհրդարանական կայուն մեծամասնության առկայություն:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` առաջարկվող փոփոխությունները վատագույն տարբերակն են, քանի որ երկիրը կա՛մ պետք է նախագահական լինի` ԱՄՆ-ի տարբերակով, կա՛մ խորհրդարանական: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի պարագայում ճիշտ չի համարում: «Որովհետև Հայաստանում տևականորեն կուսակցություններ չեն կայանում: Իսկ երբ չկան կուսակցություններ, կուսակցությունների քաղաքական ղեկավարությունն օլիգարխանում է, այդտեղ ուրեմն, ոչ մի լավ բան չի ստացվելու: Ինձ թվում է` նախագահն իր հայտարարությամբ ուզում է ասել, թե ինքն անաչառ է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթի նկատմամբ: Բայց այդպես կլինի՞, թե ո՞չ: Ոչ: Վաղը կարող է ասել, օրինակ` հանգամանքները փոխվել են, մտածելակերպս փոխել եմ: Դա դեռևս ոչինչ չի նշանակում»,- նշեց նա:

Հայաստանում, ասաց Շիրինյանը, ընդհանուր ճգնաժամ է, իսկ մնացած բոլոր քաղաքական գործընթացները` վարչապետի հրաժարական, սահմանադրական փոփոխությունների փաթեթ և այլն, կապված են ավտորիտար ռեժիմի զարգացման ուղիներ որոնելու հետ:

«Ծավալվող պրոցեսները փակուղին խորացնում են, արմատական լուծում չի առաջարկվում: Եթե Հայաստանում, դասական իմաստով, լիներ պոտենցիալով քաղաքական ղեկավարություն կամ շատ հայրենանվեր զինվորականություն, իշխանությունը դիկտատուրայով կսահմանափակեր, ճգնաժամը կհաղթահարեր ու հետո կմտածեր ժողովրդավարության և այլնի մասին»,- նշում է քաղաքագետն ու հավելում, որ ճիշտ կլիներ, եթե նախագահը դուրս գար ՀՀԿ-ից (3-4 տարի է մնում պաշտոնավարմանը), իշխանությունը, առանց ՀՀԿ-ի կողմը նայելու, կենտրոնացներ իր ձեռքերում, կոնսենսուսով գնար առաջ:

Այդ հնարավորությունը, սակայն, Շիրինյանի կարծիքով` չկա. «Հանրապետականն ինքը չի փոխվում, ինչպե՞ս կարող է երկիր փոխել, իսկ ով հենվում է ՀՀԿ-ի ռեսուրսի վրա, ի՞նչ է անելու»:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներն իրենց նախագծում նշում են, թե առաջարկվող համակարգով միասնական գործադիր իշխանություն կլինի` վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը, խորհրդարանի և հանրապետության նախագահի միջև առճակատում չի լինի, քանի որ հանրապետության նախագահը վերկուսակցական անաչառ արբիտր կլինի, պատահական անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը, չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում` չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև:

Նշվում է նաև, որ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը, կբարձրանա խորհրդարանի` որպես օրենսդիր և վերահսկող մարմնի քաղաքական դերը, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը: Խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը, վերջապես, երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և նվազ չափով անձնավորված:

Քաղաքական ուժերից մեկը` ՀԱԿ-ը, հայտարարեց, որ կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխությունների գործընթացին ու ներկայացված նախագծին և կոչ արեց քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա:

«Կենտրոն» հեռուստաալիքի եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Մոտ երկու տարի առաջ խորհրդարանական կառավարման ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առթիվ հանրային քննարկումներ հրավիրած և օրենսդրական նախաձեռնություն հեղինակած «Ժառանգությունը» ևս կարծում է, որ այս պահին չպետք է անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին և քննարկման դնել դրանք:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անձամբ խորհրդարանական համակարգի կողմնակից է, բայց ոչ այն տարբերակով, որ առաջարկվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից: «Առաջարկվածն իրենից կոմունիստական մոդել է ներկայացնում: Նվազագույն դեմոկրատական տեսքը պահվում է, բայց հիմա ԱԺ նախագահին տալիս են եգիպտական փարավոնների լիազորություններ, և ըստ էության` գենսեկի կարգավիճակով համակարգ է ձևավորվում: Փաստացի խորհրդային մոդել է, հասկանալի է, թե ում համար է նախապատրաստվում: Եվ իզուր չէ, որ այս համակարգում թե՛ հանրապետության նախագահը, որ ընտրվում է անկուսակցական ԱԺ կողմից, թե՛ վարչապետը, որ տեխնիկական բնույթ պետք է ունենա, շինծու պաշտոններ են: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ շինծու պաշտոններին չի ուզի գնալ »,- նշեց Բոզոյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոփոխությունների փաթեթը հանրությանն ու նախագահին ներկայացնելու ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին` նկատի ունենալով այն, որ 2017-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018-ին` նախագահական:

Բոզոյանն այս կապակցությամբ շեշտում է, որ սահմանադրական հանրաքվե պետք է անցկացնել միմիայն նոր իշխանությունների կողմից: Իսկ եթե իշխանություններն ուզում են շուտ անցկացնել այդ հանրաքվեն, ապա պետք է անցկացնեն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որից հետո արդեն կքննարկվի, թե որ համակարգն է ավելի ճիշտ Հայաստանի համար` պառլամենտակա՞ն, թե՞ կիսանախագահական, ու ամենավերջում նոր` սահմանադրական հանրաքվեն:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իր մոտեցումը հայտնի է. «Եվ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս` ես այդպես եմ կարծում»:

Բայց նախագահը նշեց նաև, որ Սահմանադրությունը սերունդների համար է, և անում է առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումներն իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով, քննարկումների փուլը սկսելուց առաջ էլ պաշտոնապես հայտարարեց, որ անձամբ այլևս չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:

«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ Հայաստանում մեկ մարդն իր կյանքում երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս հայտարարության առիթով քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես հնչեցրել է սեփական մոտեցումը սեփական ճակատագրի վերաբերյալ, բայց մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. «Սահմանադրական փոփոխություններից հետո, այո, ստեղծվում է ավելի ուժեղ վարչապետի ինստիտուտ, բայց նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանում վարչապետ լինել: Մենք պետք է առնվազն ուրախանանք, որ նա չի ցանկանում երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, և փաստացի դա հայտարարեց: Դրա տակ ինչ-որ բան փնտրել կարելի է, բայց ես ինքս ոչինչ չեմ տեսնում: Չնայած դրա հետ մեկտեղ մի հանգամանք ևս կա. Սերժ Սարգսյանը խոսեց նախագահի և վարչապետի պաշտոնների մասին, բայց ոչ մի խոսք չասաց ԱԺ խոսնակի պաշտոնի մասին»:

Ցրտահարության հետևանքները կփորձեն մեղմել, իսկ հետո՞…

ցրտահարությունԱրդեն երկու շաբաթ է անցել Արարատյան հարթավայրի ու հանրապետության ցածրադիր վայրերի գյուղատնտեսությանը պատուհասած ցրտահարությունից: Եղածն անդառնալի է, ոչինչ փոխել հնարավոր չէ: Ու հիմա գլխավոր հարցը մնում է գյուղացիական տնտեսությունների վնասի փոխհատուցումը, գյուղացիների հոգսի գեթ մասամբ մեղմացումը:

Կառավարությունը, ինչ խոսք, հայտարարեց իր աջակցության մասին: Ցրտահարությունից հետո կայացած առաջին նիստում էլ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ցրտահարության խնդրին, թե շուրջ 11 հազար 500 հեկտար տարածքի վրա արձանագրվել են վնասներ, դրանց վերջնական չափերն ու ծավալներն էլ ճշգրտման փուլում են: Նա շեշտեց, որ վնաս կրած գյուղացիներին տրամադրվելիք օգնությունն ու օժանդակությունն առարկայական կլինի:

«Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Գյուղացիների, գյուղապետների, մարզպետների բարձրացրած ամենակարևոր հարցերից մեկը, բնականաբար, գյուղացիների վարկային պարտավորություններին էր վերաբերում: Գյուղացիները վերցրած վարկեր ունեն, որոնք հիմնականում փակում են իրենց այգիներից ստացված բերքը վաճառելով: Ու քանի որ այդ բերքն այլևս չկա, պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ մի քանի ամսից մի քանի հազար գյուղացի չհայտնվի ԴԱՀԿ տեսադաշտում: Այս կապակցությամբ, ինչպես այն ժամանակ հայտարարեց Տիգրան Սարգսյանը, կառավարությունը խնդրել է ԿԲ-ին, որպեսզի քննարկվեն ֆինանսական խնդիրները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արվել են, տարբեր գյուղերում հարցումներ են կատարվել, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Արթուր Ջավադյանը, մոտ 6 մլրդ վարկային ներդրումների մասին է խոսքը: Այսինքն` ինչպես անցած տարի Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցին վարկային միջոցներով, վերաձևակերպումներով, տոկոսադրույքները սուբսիդավորելով, այս տարի նույն գործիքը կօգտագործվի, և պետական բյուջեն կաջակցի գյուղացիներին այդ հարցում: Բայց պետական բյուջեով կառավարությունը կօգնի գյուղացիական տնտեսություններին նաև ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել և՛ գարնանացանը, և՛ աշնանացանը:
Կառավարությունը հաջորդ նիստում, արդեն առանց Տիգրան Սարգսյանի, կրկին անդրադարձավ այս խնդրին և հաստատեց ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասները հնարավորինս մեղմելու և նրանց աջակցություն և օգնություն տրամադրելու մի շարք որոշումներ:

Օգնության ձևն ու չափը պարզ են

Առաջինը «Սերմացուների ձեռքբերումը թույլատրելու և դրանք մարզերի` ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին հատկացնելու մասին» որոշման նախագիծն էր, որով նախատեսվում է, ըստ առաջացած պահանջարկի, ձեռք բերել 85 մլն դրամ արժողությամբ տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ և դրանք անհատույց հատկացնել ցրտահարությունից առավել տուժած այգետերերին: Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ ձեռք կբերվեն հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ 3.5 տոննա տարբեր սերմեր ու սերմացուներ:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2014 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցնել 150 դրամի: Իսկ 2014 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի և դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում որոշվեց ազոտական պարարտանյութի և վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած այգետերերին մատակարարել առանց սահմանափակման` փաստացի ունեցած հողատարածքի չափով:

ցրտահարությունԿառավարությանը մի որոշման նախագիծ էլ ներկայացրել էր տարածքային կառավարման նախարարությունը, ըստ որի` ցրտահարությունից տուժած մարզերին որոշակի օժանդակություն տրամադրելու նպատակով մարզերին հրատապ ծրագրերի իրականացման համար տրամադրված 10 մլրդ դրամից, որոշ ծրագրերի իրականացումը հետաձգելով, առանձնացնել ընդհանուր մոտ 750 մլն դրամ, որից 450 մլն ջրի վարձի 50 տոկոսը փոխհատուցելու և 271 մլն դրամ` հողի հարկի վճարումները կատարելու համար:

«Մեր պայմանավորվածությունը նաև հետևյալն է. մարզային իշխանությունները տեղական իշխանությունների հետ միասին պետք է կազմեն այն բոլոր շահառուների ցուցակը, որոնք այս օժանդակությունից օգտվելու են: Այդ ցուցակները պետք է լինեն հրապարակային»,- հայտարարեց նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Ցրտահարությունից տուժածներին ցուցաբերվող օժանդակության և օգնության ծրագրերը, նշեց Արմեն Գևորգյանը, շարունակություն են ունենալու նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ժամանակավոր զբաղվածության ծրագրերի շրջանակներում այդ տնտեսություններին ցուցաբերվելիք օժանդակության մանրամասները: Ըստ այդմ` այն գյուղացիական տնտեսությունների համար, որոնք կհամապատասխանեն չափորոշիչներին, կիրականացվի նույնպիսի ծրագիր, ինչ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելիս: Հիշեցնենք, որ անցած տարի 630 տնտեսությունների 120 մլն դրամի չափով օժանդակություն ցույց տրվեց` փոխհատուցելով աշխատողների օրական աշխատավարձը 4000 դրամի չափով: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ այս նպատակով նախատեսվել է 150-200 մլն դրամի գումար, ինչը, Արմեն Գևորգյանի մեկնաբանությամբ, որոշ չափով կթեթևացնի ցրտահարությունից տուժած տնտեսություններում առաջացած ֆինանսական խնդիրները:

Սրանք նախկին կառավարության որոշումներն էին, և վստահաբար կարելի է ասել, որ նոր կառավարությունը կշարունակի այս մոտեցումը:

Բայց մի կարևոր հարց է բաց մնում: Ինչո՞ւ չեն ստեղծվում այնպիսի մեխանիզմներ, որ կառավարության միջամտության ու առարկայական աջակցության կարիքը ծայրահեղ դեպքերում զգացվի: Ինչո՞ւ գյուղատնտեսության ոլորտում չի ներդրվում ապահովագրության ինստիտուտը, ինչի մասին թե՛ գյուղացիները, թե՛ ոլորտի մասնագետները բազմիցս նշում են: Այդ մասին անցյալ տարի մայիսին ԱԺ-ում հայտարարում էր անգամ գյուղատնտեսության նախարարը: Կամ ինչո՞ւ է կառավարությունը, ի դեմս գյուղնախարարության, ամեն տարի ցրտահարության դեմ պայքարելու համար խորհուրդ տալիս դիմել ավանդական միջոցների ու քայլեր չի ձեռնարկում միջազգային առաջադեմ փորձը Հայաստանում ներդնելու ուղղությամբ:

Մի խոսքով` գյուղացիները հավանաբար արդարացի են իրենց բողոքներով, երբ նշում են, որ իրենք մենակ են բնության ու նրա արհավիրքների դեմ, իսկ իրենց հույսն էլ Աստծո ողորմածությունն է:

 

 

Հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագնի շուրջ կրքերը նորից սկսում են թեժանալ

100 դրամԵրևանի քաղաքապետարանում օրեր առաջ տեղի ունեցավ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը նշեց, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի սահմանման նպատակով դեկտեմբերի ընթացքում միջազգային խորհրդատուն կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն պատրաստ են:

Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների կենտրոնի կողմից: Քաղաքապետարանի հրապարակած համապատասխան տեղեկատվությամբ նշվում է. «Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն, մանրամասնորեն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա ու տարվա կտրվածքով` հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքներում ներգրավվել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են շահագործվող բոլոր 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ, նշվել է, որ մեկ տարվա միջինացված կտրվածքով` մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի»:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որը քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում, Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները` ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի` գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2 դրամ, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների` 196.2 դրամ և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների` 252.3 դրամ:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այդ ուսումնասիրությունն անվանում է «պարտիզանություն», քանի որ հանձնաժողովն աշխատել է հուլիսից մինչև ապրիլի 4-ը, բայց հանձնաժողովի անդամներն այդ տվյալների մասին իմանում են միայն ապրիլի 4-ին: Այնինչ, իրենք պետք է տեղյակ լինեին, թե որ կազմակերպությունն է հաշվարկներ կատարում, որ արժանիքների համար է այդ կազմակերպությունն ընտրվել, որ մեթոդիկայով են աշխատում և այլն:
Ով այդ հետազոտությունը պատվիրել ու վճարել է, նշեց ՀԿ-ի նախագահը, նա էլ հստակ պարամետրեր է տվել արդյունքների համար: Այդ զեկույցում քաղաքացիներին հետաքրքրող հիմնական պատասխանը չի երևում` որքա՞ն ուղևոր է փոխադրում մեկ միկրոավտոբուսը մեկ օրում: Որովհետև, պարզաբանեց Պողոսյանը, ուղեվարձերի սակագները գոյանում են` ծախսերը բաժանելով ուղևորների թվի վրա, ու այստեղ այլ մաթեմատիկա հնարելու կարիք չկա:

«Եթե այդ զեկույցի մեջ ոչ մի տեղ ուղևորների թիվը չի նշվում, էլ ինչների՞ս է պետք այդ հետազոտությունը: Մի թիվ էլ հրապարակեցին` 613 հազար մարդ է երթևեկում: Ես հազարավոր անգամ հայտարարել եմ, որ Երևանում երթևեկում է 600 հազարից ավելի ուղևոր, ու Իտալիայից կամ ինչ-որ երկրից կազմակերպություն հրավիրել պետք չէր այս թիվը ստանալու համար, մեզ այն հայտնի էր: Երեկ էլ մեզ ասում են` 613 հազար, ի՞նչը փոխվեց: Կամ ասում են, թե քանի վարորդ է առանց սափրվելու մեքենա վարում: Դա արհամարհանք է, նշանակում է, որ ովքեր պատվիրել են, իրենց գործը չեն հասկանում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Ընդ որում, հետազոտության տվյալների հավաստիությանը Արմեն Պողոսյանը չի կասկածում, կասկածում է մեթոդիկային, համարում է, որ ճիշտ մեթոդիկա ընտրված չի եղել: Արդյունքն էլ այն է, որ սակագինը 200 դրամի շրջանակներում ստացվեց:

Ո՞վ է «հուշել» մեթոդաբանությունը

Այս ուսումնասիրության մեջ, վերջնական գին ստանալու համար, առանցքային նշանակություն է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների համար պահանջվող ծախսերի հաշվարկը: Որովհետև հասարակական տրանսպորտի գները հաշվարկելիս, ինչպես նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ըստ էության, հաշվի են առնվել քաղաքապետարանի կողմից ընդունված նախորդ հաշվարկները: Իսկ նախորդ ծախսի մասով բազմաթիվ դիտարկումներ կան, որոնք մինչ օրս քաղաքապետարանի կողմից հրապարակավ չեն ժխտվել ու դեռ պետք է քննարկվեն:
Ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կատարվող կամ անհրաժեշտ ծախսերը, որ ներկայացվում են քաղաքապետարանի կողմից, մեկ տրանսպորտային միավորի հաշվարկով, հետևյալն են `

1 միկրոավտոբուսի համար 1 մլն 45 հազար 90 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսների համար` 1 մլն 870 հազար 907 դրամ, իսկ գազով աշխատող ավտոբուսի համար` 1 մլն 454 հազար 209 դրամ:

«Երբ կապվեցինք «Այ Փի Էս Սի»-ի հետ, մեզ ասացին, որ մեթոդաբանությունն իրենցը չէ: Նախ` ինձ համար զարմանալի է, որ հետազոտությունն արած ընկերությունն իրեն պատասխանատու չի համարում այն հարցում, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվել աշխատանքը: Որովհետև ուսումնասիրության հիմքում առաջին հերթին ընկած է մեթոդաբանությունը, մասնավորապես` ընտրանքը: Կոնկրետ «Այ Փի Էս Սի»-ն ասաց, որ մեթոդաբանությունն իրենցը չէ, իրենք չգիտեն, թե ումն է, ընդհանուր լղոզված պատասխան եմ ստացել: Միգուցե պատվիրատուն ասել է, թե դա ճիշտ է, բայց մի քանի էական կետեր կան, որոնց մասին պետք է խոսել»,- ասաց Պիպոյանը:

Մասնավորապես, պարզաբանում է Բապկեն Պիպոյանը, 10 լավագույն երթուղիների ու իդեալական վիճակի համար պահանջվող ծախսերի ու առկա վիճակի համար ծախսերի հաշվարկների արդյունքների տարբերությունը: Դրանք անհամադրելի արժեքներ են, ինչը հետազոտություն անողը պետք է իրականացներ, հասկանար, թե լավ ու վատ վիճակների միջև շեղման տոկոսը որքան է:

Նա նշեց, որ խնդիր կա նաև ընդհանրացման առնչությամբ` հասարակական տրանսպորտի ուղևորահոսքի համեմատությունը մետրոյի ուղևորահոսքի հետ` համապատասխան դասիչով:

«Ավելի պարզ ասած` ենթադրենք` դեկտեմբերին մետրոյով տեղափոխվում է 1000 մարդ, դա պայմանական 1 միավոր է ընդունվում ու համեմատվում է մնացած ամիսների հետ: Ըստ այդմ` 1, 1.1 կամ 0.8 միավորների հետ բաշխում ենք մետրոն ու քաղաքային տրանսպորտը` փաստացի ստացված ուղևորահոսքը` համեմատելով մետրոյի համապատասխան դասիչի հետ: Այս կերպով են «Այ Փի Էս Սի»-ում հաշվարկը կատարել: Ես չգիտեմ, թե ով է այս մեթոդաբանության հեղինակը, բայց սա անգրագիտության գագաթնակետն է: Չեմ կարծում, թե միջազգային փորձում նման մեթոդաբանություն կա, բայց եթե անգամ այդպիսի բան կա, ապա այդ միջազգային փորձը կարող էր գործել, եթե հասարակական տրանսպորտի չվացուցակը պահպանված լիներ»,- պարզաբանեց Բաբկեն Պիպոյանը:

Հնարավոր է 100 դրամ սակագնով հասարակական տրանսպորտ ունենալ

Ուղեվարձի ստացված սակագնի վերաբերյալ էլ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տարեկան հոսքի համադրությամբ ստացված գինը չի կարող իրատեսական լինել, և դա փաստում է նաև քաղաքապետարանը: Վահե Նիկոյանը հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ, այդուամենայնիվ, անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորինս նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը:
«Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ` մենք պետք է քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորինս նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Տեսեք, թե խոսքը ուր է հասնում քաջ որսկանի գյուլլի պես: Տրամաբանությունը պարզ է, չէ՞, «միջազգային խորհրդատուն նշում է, որ ուղեվարձի սակագինը 207 դրամ է, իսկ «մարդասեր» քաղաքապետարանը նետվում է փրկելու սեփական ժողովրդին ու «մի կերպ հաջողում» հասարակական տրանսպորտի սակագինը պահել 150 դրամի սահմաններում:

Բաբկեն Պիպոյանը սեփական հաշվարկներն ունի, ու նշում է, որ անգամ քաղաքապետարանի միջազգային խորհրդատուի ուսումնասիրության արդյունքը` հանգեցնում է նրան, որ գրագետ կառավարման դեպքում մենք միանշանակ կարող ենք ունենալ շատ լավ հանրային տրանսպորտ. «Ուսումնասիրությունն էլ փաստեց, որ մենք ունենք անարդյունավետ գծեր, ունենք լրիվ նույն մարդատարությամբ երկու մեքենա, և եթե մեկի ծախսերը մյուսին գերազանցում է 50 տոկոսով, դա նշանակում է, որ պետությունն է սխալ քաղաքականություն իրականացնում: Այսինքն` պետք էր ի սկզբանե հասկանալ, թե որի ծախսն է ավելի ցածր, դա էլ ներկրեինք: Եվ եթե դա պետական մարմինները չեն արել, սխալվել են, ապա այդ սխալի հետևանքով քաղաքացի՞ն պետք է տուժի»:

Ներքաղաքային ուղեվարձերի նրա հաշվարկների արդյունքում ստացվում է, որ եթե ճիշտ մոդելով կառավարվի քաղաքային տրանսպորտը, ապա ոչ միայն հնարավոր է Երևանում ունենալ 100 դրամով ներքաղաքային հանրային տրանսպորտ, այլև, եթե ունենանք կենտրոնացված ավտոպարկ ու տրանսպորտից ստացված եկամուտները ծառայեն նաև քաղաքային բյուջեին, ապա ստացված միջոցներով հնարավոր կլինի ապահովել անգամ քաղաքի գիշերային լուսավորությունը:

Ով էլ լինի նոր վարչապետը…

իսկանդարյանԱյս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:

Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:

Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում

Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:

«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:

Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:

քառյակՍակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:

Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ

Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:

Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:

Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

Աշխարհաքաղաքական խաղացողները Քեսաբն օգտագործում են սեփական նպատակներով

քեսաբՎերջին մի քանի օրերին ռուսական ԶԼՄ-ներով մի քանի անգամ բավական ընդարձակ հրապարակումներ եղան Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Նշվում էր, որ Քեսաբում հայերին կոտորում են, քշում են, որ միջազգային հանրությունը լուռ է այս ողբերգության նկատմամբ և այլն: Պետք է արձանագրել, որ համացանցում կասկածելի բովանդակություն ունեցող տեսանյութերը, ամենասուր ձևակերպումները Քեսաբում տիրող իրավիճակի և ծավալվող իրադարձությունների մասին հնչեցվում ու տիրաժավորվում են հենց ռուսական ԶԼՄ-ների միջոցով:

Քեսաբի հարցում Ռուսաստանը, իհարկե, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մի շարք երկրների հետ միասին պաշտոնական դիրքորոշում հայտնեց, բայց ի տարբերություն Արևմուտքի` ոչ միայն բավարարվեց «մտահոգությամբ», այլև անցավ բուն գործողությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկեց Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ բանաձև ընդունել, ինչը ԱԽ մյուս մշտական անդամների կողմից չընդունվեց ու տապալվեց:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց ՌԴ-ի նախաձեռնությունը, այն է` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես գալ համապատասխան բանաձևով, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ապրիլի 8-ին` Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի շատ մշտական անդամներ Սիրիայում իրենց նպատակն են հետապնդում, որը Բաշար Ասադի ռեժիմի տապալումն է, և այդ նպատակին հասնելու համար նրանք աչք են փակում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վրա:

«Խոսքը ոչ միայն հայերի մասին է, այլև քրիստոնյա և իսլամական աշխարհների բախման, դա անթույլատրելի է, քանի որ եթե դա տեղի ունենա, իմ կարծիքով, երրորդ համաշխարհային պատերազմն իրական կդառնա: Ընդ որում` դա կլինի պատերազմ մինչև վերջնական ոչնչացում: Այդ պատերազմում, սակայն, հաղթողներ չեն մնա»,- նշեց Վ. Ջաբարովը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ Հ1 հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարում կարծիք հայտնեց, որ Սիրիայում, մասնավորապես` Քեսաբում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի կողմից ակտիվորեն խաղարկվում են որպես ուկրաինական հարցից աշխարհի ուշադրությունը շեղող մանյովր:

Սաֆրաստյան

Ռուբեն Սաֆրաստյան

Այս տեսակետը կարծես հաստատվում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովի խոսքով, որ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին նշեց, թե Արևմուտքն այսօր ավելի մտահոգված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով, որոնք Ուկրաինայի ներքին գործերն են, և ՄԱԿ-ն ու միջազգային կառույցները ձևացնում են, թե Քեսաբի իրադարձությունները լոկալ բնույթ են կրում, չնայած դա այդպես չէ: «Այսօր միջազգային հանրությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի ոչ թե Ուկրաինայի վրա, այլ Սիրիայի, որտեղ արյուն է հոսում»,- նշեց Ռաֆայիլ Զինուրովը:
Ռուսները կարծես գտել են նաև դրա լավագույն միջոցը` հայերի ամենանուրբ լարերին դիպչել` անընդհատ վանկարկելով «հայերի նոր Ցեղասպանության» մասին, ոտքի հանել աշխարհի հայերին և նրանց բարձրացրած բողոքի ալիքի միջոցով փորձել դիվիդենտներ շահել: Դրան, իհարկե, նպաստում է այն հանգամանքը, որ հենց Թուրքիան կազմակերպեց և ուղղորդեց Քեսաբի դեմ իրականացված գործողությունը, ինչը բոլոր հիմքերը տալիս է հայկական կողմին հայտարարելու, թե Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան նոր գրոհներ է իրականացնում հայերի նկատմամբ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն օրերս նշեց, որ էթնիկ զտումները, որոնք իրականացվեցին Քեսաբում Թուրքիայի օգնությամբ և ուղղորդմամբ, հիմք են նախապատրաստում Հյուսիսային Սիրիայի որոշ շրջանների վրա Թուրքիայի կողմից տարածքային էքսպանսիա իրագործելու համար: Եվ այս առումով` Քեսաբը Թուրքիայի կողմից այդ շրջանների անեքսիայի նախապատրաստական առաջին քայլն էր: Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Մերձավոր Արևելքը նպատակաուղղված հայաթափվում է:
Որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու արշավն արդեն ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության ծրագրի է վերածվել, ընդ որում` Արևմուտքի լուռ համաձայնության պարագայում, նույնպես ակնհայտ է դառնում: Հակառակ դեպքում էլ ինչպե՞ս կարելի է բացատրել Սիրիայում կռվող ծայրահեղականների հայտարարությունները` «քրիստոնյաները` Լիբանան, ալևիները` գերեզման»…

Թուրքիան հերթական անգամ օգտվում է առիթից

արեշև

Անդրեյ Արեշև

ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Քեսաբի իրադարձությունների կապակցությամբ նշում է, որ քեսաբցիների բախտն ուղղակի չբերեց` հայտնվելով գրոհայինների հերթական գրոհի ճանապարհին, որն ուղղված էր կոնկրետ նշանակետի: «Էրդողանը վերականգնում է Օսմանյան կայսրությունը, և դա բացահայտ հայտարարվել է. «Մենք նոր օսմաններն ենք»: Դրա մասին հայտարարում է Ահմեդ Դավութօղլուն, ուստի էքստրեմիստական կուրսի պաշտպանությունն ուղղված է թուրանական սոցիումի ներսում իսլամի միջազգային դերի բարձրացմանը, ինչը միանշանակ հանգեցնում է ծայրահեղ իսլամի աջակցությանը: Այս իմաստով արևմտյան կոլեգաներին դիմելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների կամ հայերի պաշտպանության խնդրանքով, վախենամ` անիմաստ քայլ է, քանի որ XX դարասկզբի հայերի ցեղասպանությունը Եվրոպայում քչերին էր հետաքրքրում»,- ասաց Սատանովսկին` հավելելով, որ ըստ էության` Արևմուտքին չի հետաքրքրում, որ իրենց դաշնակիցն ինչ-որ մարդկանց է կոտորում, վերջին հաշվով, Ասադի ռեժիմի տապալման հարցում հետաքրքրված են թե՛ Ֆրանսիան, թե՛ Գերմանիան ու Անգլիան: Այս առումով չպետք է աջակցություն սպասել այն երկրներից, որոնց դաշնակիցը Քեսաբի կոտորածի կազմակերպիչն է:
Հայկական սփյուռքի կողմից տարբեր երկրներում անցկացվող բողոքի ակցիաների առումով գրեթե համանման տեսակետ ունի նաև ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նա ասում է, որ դա անիմաստ է, քանի որ երբ հարցը հասնում է, օրինակ, ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ազգային շահերին, իսկ Սիրիայի իրադարձությունները հենց այդպիսիք են, նրանք ոչինչ չեն անի:
Ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` ամփոփելով Թուրքիայում ՏԻՄ ընտրություններով պայմանավորված իրավիճակը, Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից վարչապետ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակով դուրս եկան, ինչը հիմք է տալիս վերջիններիս ամուր պաշարով մոտենալ նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնցում կրկին ֆավորիտի դերում են: Այս ամենից կարող ենք հետևություն անել, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի առնի, որ իշխանությունը շարունակում է մնալ Էրդողանի ձեռքում, եթե չլինեն անսպասելի զարգացումներ: Ամենակարևորը` Հայաստանն ու հայերս պետք է ընդունենք ու հասկանանք թուրքական ընտրություններում արձանագրված այն իրականությունը, որ Հայաստանին սահմանամերձ ներկայիս Թուրքիայի նահանգներում ազգայնականներն իրենցից որոշակի ուժ են ներկայացնում, իսկ նրանց համար ձայներ են ապահովում նաև այդտեղ հաստատված ադրբեջանցիները:

Ակնհայտ է` ուկրաինական իրադարձություններից հետո աշխարհը կարծեցյալ սառը պատերազմից մտավ խոր անտագոնիզմի մեջ` ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ երկրների ու Ռուսաստանի: Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործողություններում, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի նկրտումները իսլամական աշխարհում լիակատար առաջնորդի դերը ստանձնելու ուղղությամբ, Թուրքիան դառնալու է Մերձավոր Արևելքում Արևմուտքի հիմնական հենասյուներից մեկը, ինչից մեր ոխերիմ հարևանն ակնհայտորեն փորձում է օգտվել իր շահերն առաջ մղելու համար: Առավել ևս, որ ուկրաինական «ճակատում» կրած անհաջողությունն Արևմուտքը փորձելու է լրացնել սիրիական ճակատում:
Ուստի Քեսաբի իրադարձությունները, ինչպես նշում են հայ, ռուս և այլ ազգությունների փորձագետներն ու վերլուծաբանները, դեռ մեծ գործընթացի սկիզբն են, որը հնարավոր չէ դադարեցնել: Որովհետև Սիրիայում իրավիճակը կփոխվի, եթե փող չմատակարարվի ու գրոհայիններին այլևս աջակցություն ցույց չտրվի:

 

Բնական աղետներն այս տարի էլ մարտահրավեր նետեցին հայ գյուղացուն

ցրտահարությունՄարտի 28-ին գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարություն-նախազգուշացումով, որ հանրապետությունում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և ցրտահարություն, որից պաշտպանվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական միջոցների` այգիները ծխեցնել, և եթե հնարավոր է` առատ ոռոգել:

Ցուրտ էին սպասում` ձյուն ստացան

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ ցրտահարությունից տուժելու վտանգի առջև են հայտնվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, դեղձենիները, որոշ շրջաններում` վաղահաս խաղողի վազերը: Այնուհետև Գառնիկ Պետրոսյանը երկար ու մանրամասն բացատրում էր «ավանդական» մեթոդների կիրառման տեխնոլոգիաները` ժամերը և այլն, քանի որ վստահ էր, որ -1-ից -2 աստիճան ցրտի դեպքում ցրտահարությունից հնարավոր կլիներ 100 տոկոսով պաշտպանվել, իսկ մինչև -6 կամ -7 աստիճան ցրտի դեպքում` ցրտահարության վտանգն էականորեն մեղմել:

Գյուղնախարարությունում նույնիսկ արտակարգ նիստ-խորհրդակցություն հրավիրեցին, քննարկեցին ցրտահարության դեմ պայքարի միջոցները, կազմեցին ծրագրեր, այնուհետև լրատվամիջոցներով ու երեք բջջային օպերատորների կողմից ուղարկվող sms հաղորդագրությունների միջոցով լայնորեն տեղեկացրին ցրտահարության վտանգի ու «ավանդական» միջոցներով դրա դեմ պայքարելու մասին: Սա, ինչպես նշում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, իհարկե ճիշտ են արել:

Ուշադրություն դարձնենք, սակայն, մի հանգամանքի վրա. նախարարությունը խորհուրդ էր տալիս ոռոգել այգիները, իսկ այն հարցին` ոռոգման հնարավորություն կա՞, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշում էր, թե կան բավականաչափ մեծ տարածքներ, որտեղ ինքնահոս ոռոգման համակարգեր են գործում, և այդ վայրերում ոռոգումը հնարավոր է, իսկ քանի որ ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, պոմպակայանները դեռ պատրաստ չեն աշխատանքի, ապա, ցավոք, պոմպակայանների միջոցով ոռոգվող վայրերում ոռոգման հնարավորությունը բացակայում է:
Այս էլ որերորդ տարին է, որ Հայաստանում խոսվում է ցրտահարության վտանգի, դրա դեմ ծխահարությամբ ու առատ ոռոգումով պայքարելու մասին, բայց հենց գալիս է վճռական պահը, պարզվում է, որ ոռոգման սեզոն չլինելու պատճառով պոմպակայանները պատրաստ չեն աշխատանքին: Ընդ որում` նույնիսկ 1-2 օրով հնարավոր չի լինում այդ պոմպակայանները բերել աշխատանքային վիճակի:

Բայց այս պահին սա հարցի ոչ այնքան կարևոր կողմն է: Որովհետև մարտի 31-ին, երբ արդեն պարզ էր, որ ցրտահարությունն ուղեկցվել է առատ ձյան տեղումներով, պարզվեց, որ Արարատյան հարթավայրում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը, լրիվ ցրտահարվել են բաց դաշտում տնկված սածիլները: Վնասվել են Արարատի, Արմավիրի գրեթե բոլոր համայնքները, իսկ Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերը` մասամբ:

Ինչպես նշում էր Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը մարզում գետնի մակերեսին գրանցվել է ոչ թե -1 կամ -2 աստիճան ցուրտ, այլ -3.5 աստիճան հողի մակերևույթին ու -2.5 աստիճան` օդում: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն էլ Հայպետհիդրոմետը ցուրտ էր կանխատեսում -6-ից -7 աստիճանի սահմաններում, սակայն պարզվեց, որ որոշ համայնքներում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10 աստիճան:

Եղանակներն ինքնուրույն կտաքանան, բայց գյուղացիների վարկերն ինքնուրույն չեն մարվի

Այստեղ արդեն ակնհայտ է, որ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները` ավանդական միջոցներով` ծխահարելով ու առատ ոռոգումով պայքարել ցրտահարության դեմ, օգուտ չէին տալու: Ցրտահարության դեմ պայքարելու աշխատանքների առումով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց. «Ձյունը գալիս է, ցրտահարություն է, ձյան դեմ ի՞նչ աշխատանքներ պետք է անել, որ վնասները շատ չլինեն: Ցրտահարություն է: Ո՞վ է ուզում, որ այդպես լինի»:

Վայոց ձորի մարզում, ինչպես տեղեկացրեց մարզպետ Էդգար Ղազարյանը, ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում, քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ ցրտահարության դեմ իրականացվող աշխատանքների մասով մարզպետը նշեց, որ այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ են եղել, որովհետև սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում և նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել: Անցած օրերի ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկի` Արմավիրի մարզի Այգևան համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանը պատմեց, թե ինչ տիտանական ջանքեր են թափել ինքն ու իր համայնքի ժողովուրդը ցրտահարության գիշերներին. փորձել են ծխահարումով պաշտպանել այգիները, առատ ոռոգել են, քանի որ այդպես են իրենց խորհուրդ տվել գյուղնախարարությունից, ամբողջ երկու գիշեր դաշտերում ու այգիներում են եղել, ովքեր ջերմոցներ ունեն, ջերմոցներում են գիշերել, շորերով, լաթերով, էլեկտրական սալօջախներով ու գազով, սովորական կրակով փորձել են գոնե բերքից ինչ-որ բան փրկել, բայց ապարդյուն:

Ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկն էլ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքն է, որի ղեկավար Եսայի Մովսիսյանը ձեռնարկված միջոցառումների արդյունավետության առումով նշեց. «20 սանտիմետր ձյուն է դրել, ի՞նչ միջոց ձեռնարկեինք: Ծխահարելն էլ, ոռոգումն էլ այդ դեպքում սխալ բաներ են, հնարավոր չէ ձյան դեմ պայքարել: Դա բնության աղետ է, ու ո՛չ պետությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ որևէ մեկն ի զորու չէր ինչ-որ ձևով օգնել: Շատ չարչարվեցինք, բայց ինչ էլ արեցինք` անօգուտ էր»:

Մայիսյանի և Այգևանի համայնքապետները նշեցին, որ համարյա բոլոր գյուղացիները վարկեր ունեին, մեծ մասի հույսը տարվա բերքն էր, որը, սակայն, փչացավ: Սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում, չնայած այլ հարցեր էլ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է ցրտահարությունից տուժած մարզեր` ստեղծված իրավիճակին ծանոթանալու և առաջացած խնդիրների լուծման միջոցներ գտնելու համար: Այդ այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները, մասնավորապես` բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնելու և այլ միջոցներով: Համայնքների ղեկավարները և բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում հնչած մտահոգություններին` փոխվարչապետը նշեց. «Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որ վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաև հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետևանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:
Իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ իր ղեկավարած նախարարությունն աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային մշակաբույսերի որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ մշակաբույսերի սերմեր: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը:

Ցրտահարության հասցրած ամբողջ վնասը դեռ վերջնականապես կճշտվի ու կհրապարակվի, բայց ակնհայտ է` այս տարի ծիրանը «կարոտով» ենք հիշելու, ու խիստ «հարգանքով» ենք վերաբերվելու վաղահաս կեռասին, դեղձին, խաղողի սեղանի սորտերին: Բայց կարևորն այն է, որ առանց այն էլ հոգսաշատ ու վարկերի տակ «ճկռած» գյուղացիներին անհրաժեշտ օգնությունը տեղ հասնի, ինչպես որ խոստանում են պատկան մարմինները:

 

ՍԴ-ն հաճելիորեն զարմացրեց . «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են

սդԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թ. ապրիլի 2-ին որոշում ընդունեց, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ ու դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին:

Անվավեր ճանաչվեց վիճարկվող հոդվածների ու դրույթների մեծ մասը

Մասնավորապես ՍԴ-ն որոշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` անվավեր ճանաչվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 6-րդ կետի «…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ևս ճանաչվեցին Սահմանադրության համապատասխան պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանավեցին վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» և 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով սեփականության իրավունքը սահմանափակող դրույթները ևս` երկրորդի մասով հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում սույն օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի (հարկային գործակալի) անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:

Սահմանադրական դատարանը վճռեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, մասնավորապես` տվյալ որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և 80-ից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ տվյալ որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, բարձր դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թ. սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ԱԺ-ին և կառավարությանն իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու տվյալ որոշման պահանջներին:

Թերևս ՍԴ-ի որոշման ամենակարևոր կիզակետերից մեկն էլ վերաբերում է արդեն իսկ հաշվարկված պարտադիր վճարներին: Այս առումով որոշման մեջ նշվում է, որ տվյալ որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 2014 թվականի ապրիլի 2-ից:

ՍԴ որոշումը դեռ պետք է ուսումնասիրել, բայց քաղաքական գործիչները ոգևորված են

Օրենքի դրույթների ուժը կորցրած ճանաչելու ժամկետ սահմանելու կապակցությամբ ՍԴ-ում օրենքի դրույթների սահմանադրականությունը վիճարկող խմբի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ` ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամանակ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ չպետք է շտապել: Ըստ պատգամավորի` ՍԴ-ի որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:
«Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի վերաբերյալ մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեցին դա»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կսկսվի դատական հայցերի նոր փուլ քաղաքացիների, աշխատակիցների և գործատուների կողմից, որոնք պահանջելու են իրենց վճարները հետ վերադարձնել: Ընդհանուր առմամաբ Արծվիկ Մինասյանը ՍԴ-ի որոշումը գոհացուցիչ համարեց:

Որոշումը դրական գնահատեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, սակայն, որ որոշման վերաբերյալ վերջնական կարծիք կարող է հայտնել միայն վճռին մանրամասնորեն ծանոթանալուց հետո:
ՍԴ-ի որոշումը, բնականաբար, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ: Այն լսելուց անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմիջապես պետք է հրաժարական տա:
Նման միտք էլ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով անուններ, որոնք, իր կարծիքով, ՍԴ որոշումից անմիջապես հետո պետք է հրաժարական տան: Շնորհակալություն հայտնելով քառյակին` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, «Դեմ եմ» շարժմանը, Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյնալյանին և Մարինե Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին այս որոշման համար` Բագրատյանը նշում է. «Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և Համաշխարհային բանկը` Հայաստանի Հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար: Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ Ա. Ասատրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ. Սարգսյանը, Հ. Թովմասյանը, ԿԲ-ից` Ա. Ջավադյանը և Ն. Երիցյանը»:
Ինչ վերաբերում Հրայր Թովմասյանին, ապա նա էլ իր ֆեյսբուքյան էջում իր վերաբերմունքն արտահայտեց ՍԴ-ի որոշման վերաբերյալ. «Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես` իրավաբաններին հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ` այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում: Հուսով եմ` առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»:

ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ նաև ՍԴ-ում օրենքը պաշտպանողներից էր, ՍԴ-ի շենքից դուրս գալով` հայտարարեց, որ ինքը, միևնույն է, մնում է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման կողմնակից: Լրագրողների հետ զրուցում նա նշեց, որ ՍԴ-ն ոչ թե օրենքն է հակասահմանադրական ճանաչել, այլ օրենքի հոդվածները, «սահմանադրական դատարանն ասաց, որ սա սա, սա չի համապատասխանում սահմանադրականությանը, հետևաբար մենք դա, դա, դան` պետք է փոխենք»,- նշեց պատգամավորը, իսկ արդեն ՍԴ-ի շենքի բակում, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, թե ինչու իրենց պաշտպանած օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, հայտարարեց, որ իրավական դաշտն է թերի:
«Դրա պատճառը ոչ թե ես եմ կամ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը, դրա պատճառները շատ-շատ են»,- ասաց պատգամավորը:
ՍԴ որոշման վերաբերյալ մեկնաբանությունները, պարզաբանումները, իրոք, հնարավոր կլինի լսել, ստանալ կամ նշել այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո միայն: Ուստի այդ որոշմանը դեռ կանդրադառնանք:

Քեսաբը դարձավ խաղաքարտ

քեսաբ3Հայությանը համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց մարտի 21-ից հետո Քեսաբում ծավալվող իրադարձություններին համաշխարհային հնչեղություն տալ ու քննարկման առարկա դարձնել: Հատկապես վերջին օրերին ոգևորվում ենք այս կամ այն աշխարհահռչակ անձի կամ որևէ երկրի կողմից Քեսաբի ու քեսաբահայության խնդիրների արծարծումից: Բայց մի պահ պետք է մտածել` արժե՞ ուրախանալ ու ոգևորվել, գուցե պետք է սթափ մտածել ծավալվող իրադարձությունների շուրջ:

ԱՄՆ-ն մեղադրում է իր աջակցությունը վայելողների՞ն

Սկզբում Հայաստանի մի խումբ պատգամավորներ մեկնեցին Քեսաբ, հանդիպումներ ունեցան թե՛ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի, թե՛ Սիրիայի իշխանությունների հետ: Սա, ինչպես նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, դրական քայլ էր, քանի որ ակտիվորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլով, հարցի վրա կենտրոնացրեց միջազգային հանրության ուշադրությունը, ոգևորեց քեսաբահայերին, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադից հայերին պաշտպանելու և Քեսաբն ազատագրելու խոստում ստացվեց:
Դրանից բացի, մարտի 31-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ հղեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Նա մասնավորապես կոչ էր անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու, թե հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես` Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Քեսաբի դեպքերը Հաագայում դատապարտեց ՀՀ նախագահը: Կարծես այս հարցի շուրջ աշխարհի հայերի համախմբումը տվեց իր արդյունքները:

Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Քեսաբի հարցում ոգևորության մեծ ալիք բարձրացավ, երբ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը մարտի 27-ին հանդես եկան Սիրիայի հայաշատ Քեսաբի վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն առընթեր ծայրահեղական իսլամիստների հարձակումները դատապարտող հայտարարությամբ:
Այս կոնգրեսականները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայամետությամբ ու ԱՄՆ Կոնգրեսում հայամետ դիրքորոշմամբ: Ու երբ նրանց միացավ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը` դատապարտելով Քեսաբում տեղի ունեցած դեպքերը, իսկ համատեղ հայտարարությանը միացան Ֆրանկ Փելլոնը, Մայքլ Գրիմմը, Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆֆը, Բրեդ Շերմանը և Ջեյմս Մակգավերնը, արդեն, ինչպես ասում են, «կենացները քաղցրացան»:

Վերջին շրջանում, դատելով համաշխարհային մամուլում տեղ գտնող անդրադարձներից, միջազգային հանրության ու հատկապես Արևմուտքի հասարակությունների դժգոհություններից ընդդեմ Արևմուտքի կողմից Սիրիայում կռվող ծայրահեղականների աջակցության, արդեն որոշակիորեն զգացվում էր, որ Արևմուտքն այնքան էլ ջանասիրաբար չի կպել Սիրիան քանդելու գործին: Ու տպավորություն ստեղծվեց, որ ԱՄՆ-ն իր հերթին փորձում է Սիրիայի ապստամբներից «ձեռք քաշել»` հատկապես հաշվի առնելով ապստամբների շարքերում ակտիվ դերակատարություն ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների, ծայրահեղականների հանդեպ արևմտյան հասարակությունների անհանդուրժողականությունը:
Ուստի սպասելի էր, որ Սիրիայում փոքրամասնությունների դեմ ծայրահեղականների քայլերը առիթ էին հանդիսանալու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար` իրենց «դժգոհությունը» հայտնելու: Այդ դիրքորոշումը չուշացավ. «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը` դրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը` շարունակելով:- Այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում քեսաբ2են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»:

Պետքարտուղարության խոսնակը նաև հիշեցրել է գրոհայինների տարածած մի շարք հաղորդագրությունների մասին, որոնցում վերջիններս հավաստիացնում են, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն հանդիսանում: «Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կպահպանվեն: Իսկ Միացյալ Նահանգներն էլ կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում` հայերին: Մենք վաղուց տագնապած ենք դաժան ծայրահեղականներից բխող վտանգից, և հայ բնակչության առջև ծառացած վերջին սպառնալիքները միայն ընդգծում են մեր մտահոգությունը», – ասել է Մարի Հարֆը:

Հենց նա հայտնեց, որ Քեսաբի հարցն իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև նախագահ Օբաման և Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սա, ի դեպ, կարող է հիանալի առիթ լինել Արևմուտքի համար, որպեսզի «տեռորի ենթարկվող» սիրիահայերին «պաշտպանելու» պատրվակով հայտնի Սիրիա «խաղաղապահ» կոնտինգենտ գործուղելու մասին:

Քեսաբի դեպքերը լավ առիթ էին նաև Ռուսաստանի համար

Քեսաբի հարցում մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ ի հայտ եկավ: Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումը վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, վերջին օրերին Սիրիայի Քեսաբ բնակավայրի և քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ արեցին թե՛ պաշտոնական Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան:
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին մարտի 29-ին տարածած հայտարարությունում, մտահոգություն հայտնելով Սիրիայի` Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հրետանու և ծանր զինտեխնիկայի օժանդակությամբ իրականացված հարձակման կապակցությամբ և վճռականորեն դատապարտելով ահաբեկչությունն ու խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, հստակորեն նշում է, որ տանկերը գործի են դրվել հենց Թուրքիայի տարածքից:

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայաբնակ Քեսաբի հետ կապված իրավիճակը: «Վերջին օրերին իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի ու անօրինական զինված խմբավորումների միջև հակամարտության կտրուկ սրմամբ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: Ինչպես նշում է աղբյուրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արևմուտքում, մարտի 21-ին «Ալ Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Թուրքիային սահմանամերձ հայաբնակ Քեսաբի վրա: Նշվում է նաև, որ սիրիացի զինվորականները գրոհայիններից հետ են վերցրել ռազմավարական կարևորության դիրքերը և մտադիր են մոտ ժամանակներս վերականգնել վերահսկողությունը Քեսաբի սահմանային անցակետի վրա:

«ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն քննադատում է ահաբեկչական և այլ բնույթի հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծությունները: Այնպիսի տպավորություն է, որ գրոհայինների ակտիվացման նպատակն է թույլ չտալ միջսիրիական բանակցությունները, խափանել քիմիական զենքի չեզոքացումը, ինչն անթույլատրելի է: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ Սիրիայում ներքին արյունահեղ հակամարտության դադարեցման համար 2012-ի հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեի իրականացման հիման վրա»,- ասվում է մեկնաբանությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ նման սցենարն անթույլատրելի է, և ՌԴ-ն առաջվա պես պատրաստ է Սիրիայում արյունահեղությանը վերջ դնելուն ուղղված իր և իր գործընկերների փոխգործակցությանը:

Ակնհայտ է` Քեսաբի վրա զինված հարձակումն առաջին հերթին ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, որը Լաթաքիայի շրջանում ռազմաբազա ունի: Ու եթե զինված միջադեպեր են տեղի ունենում Ռուսաստանի շահերի տիրույթում, բնական ու տրամաբանական է, որ Ռուսաստանն էլ իր հերթին է հող նախապատրաստում հալածյալ քեսաբահայերի «անվտանգությունն ապահովելու» պատրվակն օգտագործելու բուն Սիրիայում իր ռազմական ներկայությունը լեգիտիմորեն օգտագործելու համար:
Ընդ որում` Ռուսաստանը ոչ թե պաշտոնական, այլ անհատական մակարդակով, հայտնի լրագրող Սոլովյովի, Չեչնիայի նախագահ Կադիրովի բերանով նաև որոշ ուղերձներ էլ է հնչեցնում` ակնարկելով Արևմուտքի անպատասխանատվությունը Քեսաբի հարցում այն դեպքում, երբ Ղրիմում նույն Արևմուտքը դատապարտում է Ռուսաստանին: Բացի այդ, Ռուսաստանը Քեսաբի հարցով իսկական տեղեկատվական պատերազմ է սկսել Արևմուտքի դեմ` փորձելով շահարկել սիրիահայերին սպառնացող վտանգի հարցը:

Ինչ վերաբերում է բուն Սիրիային, ապա իշխանությունները տարբեր մակարդակներով հավաստիացրել են, որ իրենք կպաշտպանեն քեսաբահայերի անվտանգությունը: Սա էլ հայերի «սիրուն աչքերի» համար չէ: Ուղղակի Քեսաբը, ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, փակում էր Թուրքիայի ակտիվ աջակցությամբ Սիրիա մտած գրոհայինների մուտքը Լաթաքիա` նախագահ Բաշար Ասադի ծննդավայր ու հիմնական հենակետ: Եվ պաշտպանելով Քեսաբը` Սիրիայի իշխանություններն առաջին հերթին պաշտպանում են Լաթաքիան:

Բայց իրադարձություններն ու հարցի հնչեղությունը հուշում են, որ Քեսաբի իրադարձությունները սիրիական զարգացումներում անկյունաքարային դեր են ունենալու:

Հայ թոշակառուները օվկիանոսի ափին կոկոսի կոկտեյլ խմել չե՞ն սիրում

տիգրան սարգսյան«Թոշակս 21 հազար դրամ ա, բալա՛ ջան, ստանում եմ, 6 հազարը դնում եմ մի կողմ` հացի փող, դեղերս առնում եմ, տակն էլ ինչ մնում ա, էդ հա՛մ իմ ուտելու փողն ա, հա՛մ ապրելու, հա՛մ լույսի, հա՛մ գազի, ամեն ինչի»,- հառաչելով պատմում էր ծանոթներիցս մեկը` Ազատուհի տատը, որ ընդհանրապես դժգոհելու և գանգատվելու սովորություն չունի, բայց երկար համոզելուց հետո, որոշեց իր փորձը փոխանցել, թե ինչպես կարելի է ամսական 21 հազար դրամով ողջ մնալ: Հարցրի. «Ազատուհի՛ տատ, բա հացից բացի ուրիշ բան չե՞ս ուտում, ոնց էլ հաշվում եմ, հացի ու դեղերիդ փողը հանած, հազիվ մի 5-6 հազար դրամ փող է մնում»: Ազատուհի տատն էլ թե. «Երևի պետությունը որոշել ա, որ իմ կերածը կորած ա, դե ես էլ ամբողջ կյանքում օրինապահ քաղաքացի եմ եղել, որ որոշել ա, ես ի՞նչ անեմ, հո չեմ կարա պետությանը դեմ գնամ, ստիպված յոլա եմ գնում, էսպես էլ մնա` լավ է…»,- արդեն կատակելով պատասխանեց Ազատուհի տատը, բայց տարիների բեռից հոգնած աչքերի մեջ զայրույթի կայծեր երևացին:

Ազատուհի տատի հետ զրույցից հետո մի ամբողջ շաբաթ անընդհատ մտքում փորձում էի, դպրոցում հանրահաշվի դասերից ստացած գիտելիքներս բանեցնելով, ամբողջ ամիսը 21 հազար դրամով գոյատևելու բանաձև` օրվա կարգացուցակ ու ճաշացուցակ կազմել, որ Ազատուհի տատի «կերածը կորած չլինի»: Բայց թեև հանրահաշվից միշտ էլ գերազանց թվանշաններ եմ ստացել, ինչպես էլ համադրում էի տիկին Ազատուհու օրվա կարգացուցակն ու ճաշացուցակը ստացած թոշակի հետ, մեկ է, վերջում ծեր կինը «սոված էր քնում»…

արտեմ ասատրյանԲայց Ազատուհի տատը Հայաստանում ապրող թոշակառուների մեջ եզակի բացառություններից չէ, ոչ թե տասնյակ, այլ հարյուրհազարավոր աղքատ թոշակառուներից մեկն է: Նրա հետ խոսել էի կառավարության մարտի 19-ի նիստից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է թողնում Հայաստանում աղքատության կրճատման վրա:
«Քանի որ գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուներից 350 հազարն առնչվում են աղքատության խնդրի հետ, և մենք, այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով բարձրացնելով թոշակները, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որպեսզի առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նախարար Ասատրյանն էլ պատասխանեց վարչապետի հարցին ու նշեց, որ 2014 թ. բյուջեում ներառվեց 29 միլիարդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով, և վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի ԱԺ-ին ներկայացվի թոշակների հաշվարկման կարգի հետ կապված փոփոխություն ու հիմնական շեշտադրումը լինի առավել աղքատ կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացումը:

Մինչև 2014 թ. հունվարի 1-ը, ըստ նախարարի, Հայաստանում կար 68 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ, և 333 հազար կենսաթոշակառու` կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը, որոնք ստանում էին աղքատության վերին գծից ցածր կենսաթոշակ:

Եվ նախարարը հպարտացավ. «Բարձրացման արդյունքում շուրջ 5 անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակներ ստացողների թիվը: Հունվարի 1-ի դրությամբ նրանց թվաքանակը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու: 230 հազար անձանցից, որոնք ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, ունենք 138 հազար 300 անձ, որոնք ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ: Այսինքն` շուրջ 40 տոկոսով նվազել է ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: Եվ 333 հազար անձի փոխարեն, որոնք ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ, մենք բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ»,- ասաց նախարարը` շեշտելով, որ թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը:
թոշակՎարչապետն այս կապակցությամբ նշեց, որ հասկանալի է` կենսաթոշակների բարձրացումը դեռևս շոշափելի չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակների բարձրացումներն ուղղվելու են այդ ծախսերին: Բայց դրանք, ըստ Տիգրան Սարգսյանի, շոշափելի փոփոխություններ են, և կառավարությունն այս ռազմավարությունը պետք է շարունակի` այն դիտարկելով որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք:

Դեռ մի կողմ թողնենք, որ ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ճիշտ չէին նշում Հայաստանում կենսաթոշակառուների թիվը, որովհետև պաշտոնական` ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն` Հայաստանում ապրում է 512 հազար 505 թոշակառու: Կարևոր է մի ուրիշ հանգամանք. Հայաստանում, նույն ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ: Եթե այս մեծությունը համեմատենք աղքատության գծի հետ` դրամական այն արժեքի, որից քիչ ամսական սպառում ունեցողները համարվում են աղքատ, ապա պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Հայաստանում աղքատության 3 գիծ կա` ծայրահեղ աղքատություն կամ պարենային գիծ, որը 21 հազար 700 դրամ է (այսինքն` այն մարդիկ, որոնք ամսական այսքան գումարից քիչ են սպառում, համարվում են ծայրահեղ աղքատ), աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամ, և վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամ: Փաստորեն, Հայաստանում կենսաթոշակների միջին չափը գտնվում է ծայրահեղ աղքատության ու աղքատության ներքին շեմի միջակայքում:
Բայց դա ամենևին էլ չի շանակում, թե նրանք, ովքեր ինչ-որ հրաշքով 37 հազար դրամից ավելի բարձր թոշակ են ստանում, արդեն աղքատ չեն:
Պատճառը շատ պարզ է: Հայաստանում գոյություն ունի նաև նվազագույն սպառողական զամբյուղ հասկացությունը, այսինքն` մեկ չափահաս անձի համար, ամսվա կտրվածքով, անհրաժեշտ նվազագույն գնումների համախումբը, որի մեջ մտնում են պարենը և առաջին անհրաժեշտության ապրանքները: Եվ այդ նվազագույն սպառողական զամբյուղը, նույն ԱՎԾ-ի հաշվարկներով, 2013 թ. ամենավերջին տվյալներով կազմել է 56 հազար 200 դրամ: Անհասկանալի է ուրեմն, թե ինչու աղքատ չեն համարվում այն մարդիկ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից պակաս գումար են ծախսում:

Այս հաշվարկների ժամանակ հիշեցի, որ երկու տարի առաջ ամառային արձակուրդն անցկացնում էի Շրի Լանկայում, 15 օրվա էկոնոմ կարգի ուղեգրերի համար ստիպված էինք եղել խնայել մի ամբողջ տարի: Իսկ մեր չորսաստղանի հյուրանոցում հանգստացողների ճնշող մեծամասնությունը` մոտ 90 տոկոսը, անգլիացի, շվեդ, նորվեգացի ու շոտլանդացի թոշակառուներ էին, որոնք ձեռք էին բերել հիմնականում 1-1.5 ամիս տևողությամբ «օլ ինքլյուզիվ» ուղեգրեր, պառկում էին կոկոսի ծառերի տակ, հիանում օվկիանոսի գեղեցկությամբ, ընդունում արևային լոգանք, իսկ հյուրանոցի աշխատակիցները նրանց էին մատուցում կոկոսի կոկտեյլներ ու էկզոտիկ մրգեր… Իսկ Հայաստանում ազատուհիները, եթե բարեկամ-հարազատի օգնություն չեն ստանում, ստիպված են թաքուն երազել կուշտ լինելու մասին: Անգամ նրանք, որոնց թոշակը բարձր է համարվում: Որովհետև, ինչպես նշում են կառավարության հարգելի անդամները, միջազգային տնտեսական ճգնաժամ կա, տնտեսական խնդիրներ կան և այլն, և այլն:
Հիմա մե՞նք են ավանդապահ, մեծին հարգող, մեծի արժեքն իմացող, թե՞ եվրոպացիները: Միգուցե հայ թոշակառուները օվկիանոսների ափերին կոկոսի կոկտեյլներ խմել չե՞ն սիրում…

 

Մարտի 28-ին ընդառաջ` գործող իշխանությունները կանգնած են ընտրության առջև

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՆախորդ 6 ամիսների ընթացքում, այսինքն` այն օրվանից, երբ կառավարությունը հայտարարեց, թե հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ու դրա հետևանքով սկիզբ առավ երիտասարդների բողոքի շարժումը, որը հետո ստացավ «Դեմ եմ պարտադիրին» անունը, իշխանություններն ու կառավարությունը տարբեր ձևերով ու մեթոդներով փորձեցին լուծել այդ խնդիրը, բայց բոլոր դեպքերում անսասան մնաց համակարգը ներդնելու նպատակը: Զուգահեռաբար արեցին քայլեր, որոնք ամենևին չէին առնչվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, բայց ժողովրդի տարբեր հանրույթների մեջ զայրույթ ու բողոք առաջացրին` սկսած գազային պայմանագրերից մինչև պետական խոշոր գույքի վաճառքը, արտաքին քաղաքական դիրքորոշումը և այլն:

Մի կողմից`ակնհայտ էր, որ պայքարը քաղաքական է, քանի որ տարվում է քաղաքական որոշման դեմ, մյուս կողմից` պետք էր գտնել այնպիսի լուծում, որ ոչ մի քաղաքական ուժ չկարողանար շարժման շնորհիվ քաղաքական շահաբաժին ունենալ:

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները հայտարարեցին, որ շարժումը գտնվում է քաղաքական հարթությունում, սակայն քաղաքական չէ այնքանով, որքանով շարժման անդամները չեն ուզում այս պայքարի արդյունքում գալ իշխանության: Սա թերևս ամենաճիշտ դիրքորոշումն ու ձևն էր, որ ընտրեցին շարժման մասնակիցները և զերծ մնացին թե՛ քաղաքական շահարկումներից, թե՛ քաղաքական ուժերի կողմից ուղղորդվելու վտանգից:

«Մեր շարժումը համագործակցում է քաղաքական չորս խմբակցությունների հետ, նրանք խորհրդարանում ներկայացնում են մեր շահերը: Ուստի այս շարժումը չի կարող քաղաքականացվել, այն ի սկզբանե եղել է քաղաքացիական, այդպիսին էլ կմնա»,- նշում են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները:
Երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ վերջիվերջո հասկացան, որ չի հաջողվի «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը քաղաքական պիտակներ փակցնել, ուշագրավ նախադեպ գրանցվեց:
Մարտի 19-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի ռեֆորմի վերաբերյալ հայտարարություն արեց և արձանագրեց, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: «Դա նշանակում է, որ մենք` որպես կառավարություն, պետք է շտկենք մեր գործունեությունը»,- նշեց վարչապետը` հավելելով, որ կառավարությունը պետք է այնպես անի, որ իր գործունեությամբ բավարարի քաղաքացիական հասարակության պահանջները:
Անդրադառնալով «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը` Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրա անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք կառավարությանը դիմում են բազմաթիվ նամակներով, և դրանցում մտահոգություն կա երկրի ապագայի վերաբերյալ: Երիտասարդները նամակներում գրում են, որ սիրում են Հայաստանը և ամեն ինչ անում են հանուն դրա պայծառ ապագայի: «Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության «Դեմ եմ պարտադիրին» շարժման հետ: «Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» տարբերակն անընդունելի է: Մենք ընդունում ենք, որ օրենքները չեն կարող լինել առանց թերությունների, և հենց այդ թերություններն են մատնանշում մեր ընդդիմադիրները: Ճիշտ պատասխանը երկխոսելն է, և մենք հրավիրում ենք երկխոսության»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նա հավելեց, որ երկխոսությունը օգտակար կլինի թե՛ կառավարության, թե՛ շարժման համար: Վարչապետը հույս հայտնեց նաև, որ «Դեմ եմ»-ը կվերափոխվի ու կդառնա «Հանուն» շարժում, որը էական նշանակություն կունենա ՀՀ ապագայի զարգացման համար:
Ու երբ նման հայտարարություն արվում է շարժման ձևավորումից ու զարգացումից 6 ամիս հետո միայն, երբ անօգուտ էին այն արժեզրկելու, նրա վրա ուշադրություն չդարձնելու, քաղաքականացնելու ու մարելու տարաբնույթ փորձերը, երբ պարտադիր կուտակայինի սահմանադրականությունը վիճարկող ՍԴ քննությանն ընդամենը 9 օր, իսկ շարժման հրավիրած բազմամարդ հանրահավաքին 3 օր էր մնում, մտածելու տեղիք է տալիս` արդյոք կառավարությունն անկե՞ղծ է, և իրո՞ք ուզում է երկխոսել, թե՞ էլի դեկլարատիվ բնույթի հայտարարություն էր դա կամ ավելի «կառուցողական» երևալու փորձ: Այսինքն` հետքա՞յլ է անում իր անդրդվելի նպատակադրումից, թե՞, այնուամենայնիվ, պատրաստ է զիջումների գնալու:

Երբ լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեցին` եթե վարչապետն իր հայտարարության մեջ նշեց, որ անընդունելի է «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկզբունքը, ի՞նչ է զիջելու կառավարությունը, ու եթե երկխոսությունը սկսվելու է ու ոչինչ չի զիջվելու, ի՞նչ իմաստ ունի այդ երկխոսությունը: «Կառավարությունը, նախատեսված և իրականացվող քաղաքականության առումով իրականացնելու է իր քայլերը: Այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, դիտարկումներ ու խնդիրներ, որոնք հիմա բազմակողմանի քննարկում են պահանջում, որոնց շրջանակներում կարող են լինել տարբեր միտումներ»,- ասաց նախարարը: Փաստորեն, ոչինչ էլ չի նախատեսվում զիջել:

Ուստի սպասված էր «Դեմ եմ»-ի պատասխանը վարչապետ Տիգրան Սարգսյանի երկխոսելու առաջարկին, որով շարժման անդամները, ըստ էության, մերժեցին այն. «Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ` առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության` նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դեմ եմ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում: Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք»:

Սրանից հետո հետո հետաքրքիր էր, թե ինչպիսի զարգացումներ կգրանցվեն մարտի 22-ին` Ազատության հրապարակում «Դեմ եմ պարտադիրին» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Բացի շարժման հաղթանակի վերաբերյալ վստահություն հայտնող բազմաթիվ ելույթներից, հանրահավաքի ժամանակ մեկ անգամ ևս ակնարկ հնչեց, թե ինչպես կարող են իշխանությունները լեզու գտնել հասարակության հետ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքացիները կունենան հաղթանակ, եթե կարողանան միավորվել: Նա ասաց, որ շարժումը չի գործում միմիայն «դեմ» տրամաբանությամբ, որովհետև շարժման բոլոր անդամները կողմ են ռեֆորմների` առանց պարտադիր բաղադրիչի: Այսինքն` կառավարությանը հուշեցին, թե որն է իրավիճակը փրկելու իրական ճանապարհը:
Այսպիսով, մարտի 28-ին ՍԴ-ում պարզ կլինի` իշխանությունները իրոք կկատարե՞ն հասարակության պատվերը, թե ինչպես ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, հանրության 80 տոկոսը դժգոհ է պարտադիր բաղադրիչից, սակայն, միևնույն է, իրենք ներդնելու են այդ համակարգը:

Ու եթե այդպես լինի, ապա հարց է առաջանում` ի՞նչ պետք է անի շարժումը: Այս հարցի պատասխանը շարժման ներկայացուցիչները տվել են հանրահավաքից մեկ օր առաջ` պատասխանելով լրագրողների հարցին: Եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի օրենքը, եթե սպառվեն ինստիտուցիոնալ պայքարի բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները, նրանք անցնելու են ոչ ինստիտուցիոնալ պայքարի` քաղաքացիական անհնազանդության, որը կարող է ներառել բազմաթիվ մեխանիզմներ:

«Սկսելու ենք փողոցային պայքար, բայց ոչ այդ արտահայտության վուլգար իմաստով, բնականաբար, օրենքի շրջանակներում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության գործնական քայլերի: Դրանց ձևերը շատ են, մենք կկարողանանք ինքնակազմակերպվել և ընդունել ճիշտ որոշումներ, թե որ գործողությունը երբ պետք է իրականացնենք»,- ասել են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները: Նրանց խոսքով` քաղաքացիական անհնազանդության դերը չպետք է թերագնահատել, որովհետև այն հզոր գործիք է, մնում է ճիշտ կիրառել:

Այժմ իշխանությունները դժվարին ընտրության առջև են կանգնած: Մի կողմում` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու իրենց ձգտման նահանջն է: Իսկ դա կնշանակի, որ նախագահի` համակարգը ներդնելու հավաստիացումը չեղյալ է համարվում, ինչը դժվար սպասելի է, քանի որ գործող իշխանությունները երբեք չեն ընդունել իրենց սխալները: Մյուս կողմից` արդեն ոչ սահմանադրական պայքարի սպառնալիքն է, որն իրենց համար հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով, քանի որ «Դեմ եմ» շարժումն էլ իր հերթին է ապացուցել, որ վճռական է տրամադրված իր պահանջների հարցում և գնալով ոչ թե մարում, այլ ավելի է ուժգնանում:

Թե որ ուղին կընտրեն իշխանությունները, հստակ կլինի մարտի 28-ին` ՍԴ նիստից հետո:

 

Քեսաբը հայերի համար կարևոր օջախ է Թուրքիայի դեմ…

qesabՄարտի 21-ի առավոտյան Թուրքիայի երեք սահմանային կետերից «Ալ Նուսրա» և «Իսլամի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվեցին Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա:

Քեսաբը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ առաջին հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1861 թ. Անտոնյան միաբանության հայերի կողմից: Մինչև Առաջին աշխարհամարտն այստեղ 4760 հայ էր բնակվում: Քեսաբին կից 9 գյուղերում ընդհանուր առմամբ մոտ 4000 հայ կար: Այսօր Սիրիայի Լազիկիե նահանգի կազմի մեջ մտնող Քեսաբի բնակչության մեծամասնությունը հայեր են: Քեսաբի և շրջակա գյուղերի հայ բնակչության թիվը մոտ 2 հազար է:

Սիրիական բանակին հաջողվեց վերագրավել այն դիրքերը, որոնք Քեսաբի վրա հարձակված զինյալների վերահսկողության տակ էին անցել, բայց հաջորդ օրը կրկին սկսվեց զինյալների հարձակումը: Իսկ ահաբեկիչների դեմ դուրս եկած սիրիական ռազմական ինքնաթիռը խոցվեց թուրքական կործանիչների կողմից: Քեսաբն ամբողջությամբ տարհանվեց. բնակիչները վտանգից հեռու մնալու համար տեղափոխվեցին Լաթաքիա և մոտակա Էքիզոլուք շրջանը: Փաստորեն, հայաբնակ Քեսաբը հայաթափվում է…

Քեսաբի վրա հարձակման վտանգը, ինչպես նշեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, գոյություն ուներ պատերազմի սկզբից: Իսկ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Թուրքիայից Քեսաբի ուղղությամբ զինյալ ջոկատներ ուղարկվելու և Քեսաբի հայաթափման կապակցությամբ ասում է, որ Քեսաբը մեծ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետության համար կրկնակի կարևորություն է ստանում: Թուրքիան փորձում է և՛ հարվածել Ասադի դիրքերին, և՛ թուլացնել սիրիահայ համայնքը:

Գևորգ Պետրոսյանի խոսքով` նախկինում ևս անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, թե Թուրքիան Սիրիայում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայ համայնքին, Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող պետության համար կարևոր է, որ հարևան երկրում վերջնականապես թուլացնի հայկական հզոր համայնքը: Եվ արդեն 130 տարի է, ըստ Գևորգ Պետրոսյանի, Թուրքիան ուզում է հայերից մաքրել այս ամբողջ տարածաշրջանը` ընդհուպ մինչև Հաթային կից հայկական բնակավայրերը, որոնք սահմանակից են Թուրքիային:

Gevorg PetrosyanԱյսպիսով Թուրքիայի ակտիվ միջամտությունը Սիրիայի ներքին խնդրին կապված է Անկարայի` հարևան երկրում ազդեցությունը մեծացնելու ցանկության հետ, և այս համատեքստում Քեսաբը, որը նաև աշխարհագրորեն մոտ է Թուրքիային, Անկարայի համար ավելի ձեռնտու կլինի տեսնել առանց հայերի: Որովհետև, ինչպես պարզաբանեց թուրքագետը, Սիրիայի հայերը մեծ հաշվով Ասադի կողմնակիցն են, Ցեղասպանության ուղիղ պահանջատեր են, քանի որ շատերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են, որոշակիորեն փակում են Լաթաքիայի մուտքը Թուրքիայի համար, իսկ Լաթաքիան համարվում է Բաշար Ասադի հենակետը: Վերջապես, այստեղ գործում է «չկա հայ, չկա Եղեռն, չկա խնդիր, չկա հակաթուրքական զանգված» սկզբունքը:

«Թուրքիան այս ամենի համար օգտագործում է ոչ միայն սեփական ուժերը, այլև Սիրիայում պատերազմող իսլամիստներին, վարձկաններին: Հերթական նման դեպքին ականատես եղանք Քեսաբում, որտեղ զինյալները փորձում են առավելություն ստանալ թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ: Հետաքրքիր է, որ հենց այս վայրում թուրքական F-16-երը վայր գցեցին Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-23 կործանիչը, ինչը հերթական անգամ վկայում է Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին,- նշեց Գևորգ Պետրոսյանը և հավելեց:- Խիստ կարևոր է, որ Սիրիայի կառավարական ուժերը հնարավորինս շուտ իրավիճակն իրենց վերահսկողության տակ առնեն, քանի որ հակառակ դեպքում ժամանակը գործելու է թուրքական կողմի օգտին»: Այսինքն` շատ կարևոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման և զինուժի տրամադրման հանգամանքների վրա և ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը:

Շահան ԳանտահարյանԻսկ թե ինչու Թուրքիան հենց հիմա որոշեց այս ուղղությամբ հարձակվել, Շահան Գանտահարյանը երկու հանգամանք է նշում: Առաջին` սա պատասխան է վերջին շրջանում Սիրիայի տարբեր քաղաքներում կառավարական ուժերի արձանագրած առաջխաղացմանը: Երկրորդ` այս գործողությունները հետաձգվում էին կամ չէին մեկնարկում` նաև նկատի ունենալով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը: «Չմոռանանք` այժմ Ռուսաստանն ավելի կենտրոնացած է Ուկրաինայի և Ղրիմի հարցերի վրա: Սա կարող է ավելի հարմար պահ լինել Թուրքիայի համար իր տարածքներից զինյալ խմբավորումներ բաց թողնելու»,- գրում է Շահան Գանտահարյանը:
Նա համոզմունք է հայտնում, որ ամբողջ հայությունը` պետություն, Սփյուռք, իր ուշադրության կիզակետում պետք է պահի քեսաբահայության խնդիրը և համապատասխան միջոցների դիմի: Պետություն-սփյուռք կառույցների համակարգված աշխատակարգի անհրաժեշտություն կա: Շահան Գանտահարյանը նշում է նաև բայց մեկ այլ խնդիր. անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվեն ճգնաժամերի բերումով տարհանվող կամ հեռացող հայրենակիցներին հայրենիք ուղղորդելու աշխատանքներ:

Քեսաբի առնչությամբ Հայաստանի «պատասխանը» Թուրքիային

Ակնհայտ է, որ Սիրիայի այս հայկական բնակավայրին նույնպես դարավոր թշնամու ջանքերով սպառնում է վերանալու վտանգը,: Ու հարց է առաջանում` ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում կամ պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու համար:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Քեսաբի դեպքերից 3 օր հետո նշել է, որ ԱԳՆ-ի կողմից անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են, որոնք, սակայն, հրապարակման ենթակա չեն: Փաստորեն, ոչ միայն Քեսաբի հայաթափվելու ընթացքում, այլև արդեն հայաթափվելուց հետո անգամ հայտնի չէր, թե ինչով է զբաղված ԱԳՆ-ն, ինչ քայլեր է անում քեսաբահայությանն օգնելու ուղղությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի քայլերը, օրինակ, տեսանելի ու հասկանալի էին: Նա դեպքերի ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել, առավոտյան շուտ էլ տեղում իրավիճակին ծանոթանալու և անհրաժեշտ օգնության քայլեր ձեռնարկելու համար պատվիրակություն է ուղարկել Լաթաքիա, ուր ապաստան էին գտել քեսաբահայերը, հանդիպել է Լիբանանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին: Իսկ ԱԳՆ-ի քայլերը «հրապարակման ենթակա չեն»:
Սփյուռքի նախարարությունից էլ հայտնեցին, որ նախարարությունը պարբերաբար կապի մեջ է հայ համայնքի հետ, ուշադիր հետևում է Քեսաբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:

Ուշագրավ էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը Քեսաբում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հարցը ԱԺ-ում քննարկելու վերաբերյալ ԱԺ պատգամավորներից մեկի առաջարկին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հղում արեց «այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքին` շեշտելով, որ պաշտոնական արձագանքի կարիք չկա:

Լավ է, որ գոնե ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ` որում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս նողկալի դեպքերի վերաբերյալ` ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ` փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը` միավորել ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:

Սա, իհարկե, բավականին կոշտ հայտարարություն է, բայց ոչ թե պաշտոնական, այլ մի քանի պատգամավորների կողմից: Այս ամենով պարզ է դառնում, որ Հայաստանը` որպես պետություն, պատրաստ չէր անմիջապես ու հստակ դիրքորոշում հայտնելու կամ որոշակի քայլեր ձեռնարկելու: Ցավոք սրտի: Այնինչ Թուրքիան, անգամ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, երբ բոլորն ու ամենուր աղաղակում են Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու կամ դրանք ուժեղացնելու վերաբերյալ, շատ հանգիստ կարողանում է իրագործել իր համար ոչ ցանկալի հայկական գաղութները վնասազերծելու խնդիրը:

Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը հնչեց ավելի ուշ` Հաագայում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասաց նա:

Հանրապետության նախագահը հիշեցրել է 1909 և 1915 թվականներին քեսաբահայերին պատուհասած տեղահանություններն ու կոտորածները Թուրքիայի կողմից և ընդգծել. «Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության XXI դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ` բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»:

Ուշագրավ էր այն, որ նախագահը շնորհակալություն հայտնեց Սիրիայի իշխանություններին այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար: «Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Սա, անշուշտ, արդեն բավականին ուշագրավ գնահատական ու դիրքորոշում էր, որը նաև որոշակի քայլեր ու հետևանքներ պետք է բխեցնի: Միգուցե հաջորդիվ Հայաստանն ավելի պատրա՞ստ լինի նման իրադարձություններին, որոնք, հատկապես Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, քիչ չեն լինելու, ինչպես երևում է Թուրքիայի վարքագծից:

Նոր օրինագիծը «սպառնում» է դրական ազդել ՏՏ ոլորտի զարգացման վրա

Անցյալ շաբաթ կառավարությունն աննախադեպ քայլ արեց` հավանության արժանացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՏՏ ոլորտի մինչև 15 աշխատակից ունեցող և սկսնակ ձեռնարկություններին պետական աջակցություն ու հարկային արտոնությունների տրամադրում:

Հայաստանում առաջին անգամ հարկային ռադիկալ արտոնություն է սահմանվում

վահրամ ավանեսյանԸստ նոր օրինագծի` ՏՏ ոլորտում սկսնակ ձեռնարկություններին, որոնք ունեն ոչ ավելի, քան 15 աշխատող, տրամադրվելու է պետական աջակցություն երկու ուղղությամբ: «Մեկը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին: Ներառվում են նաև ներդրումային ծրագրերը` դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, միասնական վենչուրային հիմնադրամի կողմից ներդրումային ծրագրեր: Երկրորդը վերաբերում է հարկային արտոնություններին` ՏՏ սկսնակ ձեռնարկությունները կստանան շահութահարկի արտոնություն, շահութահարկը սահմանվելու է 0 տոկոս, նաև եկամտահարկի արտոնություն, որի համար սահմանվելու է 10 տոկոս ֆիքսված դրույքաչափ»,- հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Հարկային արտոնությունները տրվելու են 3 տարով: Օրինագիծը նույնպես ժամանակավոր է, նախատեսված է, որ պետք է գործի մինչև 2020 թ.: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նոր օրինագծի կապակցությամբ նշեց, որ այն 7- 8 տարի առաջ` 2000-ականների սկզբներին պետք է ընդունված լիներ, երբ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների «բում» էր, և ՏՏ ոլորտում Հայաստանը հիմա ավելի լուրջ արդյունքների հասած կլիներ: Թեև ուշացումով, բայց օրինագիծն արդեն շրջանառության մեջ է, ու վերջնական ընդունումից հետո միայն կերևա, թե ինչպես կաշխատի:
«Սա ոլորտի համար ամենակարևոր բաներից մեկն է: Ոլորտի աճը երկու հիմնական հանգամանքից է կախված`մեկը որակյալ մասնագետների առկայությունն է, և երկրորդը ձեռներեցներն են, այսինքն` որոնք կազմակերպում են պատվերների հոսքը: Եվ առաջարկված օրենքն ուղղված է ձեռներեցներին խրախուսելուն, որպեսզի նոր ձեռներեցներ ի հայտ գան: Ու Karen-Vardanyanդա շատ կարևոր է»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Այս նոր օրինագծից կառավարության ակնկալիքն այն է, որ Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները դինամիկ աճ ապրեն: Սակայն ՏՏ ընկերությունների համար համաշխարհային մրցակցությունը շատ խիստ է: Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ տարբեր երկրներ աջակցության ու արտոնությունների տարբեր սխեմաներ են կիրառում, որպեսզի այս ոլորտում իրենց երկիրը համարվի գրավիչ: Հայաստանում այս նախաձեռնությամբ ակնկալվում է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում տարեկան ստեղծվեն 40-60 սկսնակ ձեռնարկություններ ու գործունեություն ծավալեն: Դրանց հիմնական նպատակը լինելու է այս ոլորտում ինտելեկտուալ սեփականության ապրանքների ստեղծումը:

«Ակնկալում ենք նաև, որ այստեղ լինելու են այն ձեռնարկությունները, որոնք ՀՀ-ն կնախընտրեն այլ պետություններից, ու որոնցում կաշխատեն հիմնականում հայաստանցի աշխատողներ: Մենք չենք կարծում, որ Հայաստանում ֆորմալ գործող ձեռնարկությունները հնարավորություն կունենան այս արտոնություններից օգտվելու»,- ասաց նախարարը: Նա նշեց նաև մի կարևոր հանգամանք. ՏՏ ոլորտի արտադրանքը բնույթով շարժունակ է, արագ տեղաշարժվում է երկրից երկիր, և ամենակարևորն այն է, որ գործունեության 3 տարիների ընթացքում այդպիսի նորաստեղծ ձեռնարկությունները կա՛մ ցույց են տալիս արդյունք, կա՛մ ոչ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական ձեռներեցությունը թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, թե՛ ՀՆԱ-ի աճի կարևոր գործիքներից է, դա է վկայում Իսրայելի, Հոլանդիայի, Սինգապուրի փորձը:
«Ես կարծում եմ, որ կստեղծվեն ոչ թե տարեկան 40-60 ձեռնարկություններ, այլ ավելի շատ: Միգուցե առաջին տարին 40-50 կլինեն: Բայց ես կարծում եմ, որ 1-2 տարի հետո տարեկան մոտ 100 նորաստեղծ ձեռնարկություններ առաջ կգան»,- նշեց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ իրենց վերաբերմունքը այս օրինագծի վերաբերյալ շատ դրական է, մնում է սպասել, որ երիտասարդները նպատակ դնեն իրենց առջև, ձեռնարկություններ ստեղծեն, կարողանան լուծումներ գտնել, այդ լուծումները ճիշտ ներկայացնել, ճիշտ վաճառել:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այս պահին իր զարգացածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկություններով, իր հարաբերական առավելություններով գրավի իր հատուկ տեղը»,- կառավարությունում օրինագծի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա կարծիքով` օրենքի այս նախագիծը, այլ գործիքակազմի հետ միասին այդպիսի նախադրյալներ է ստեղծում: Վարչապետը մասնավորապես հիշատակեց վենչուրային հիմնադրամը, որի միջոցները նույնպես կարող են ուղղվել սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորմանը: «Մենք այսօր, ձեզ հետ միասին, բացառիկ հնարավորություն ենք ստեղծում այդ ոլորտի համար` ազատելով բոլոր տիպի հարկերից, թողնելով միայն եկամտահարկ` ֆիքսված 10 տոկոսով, ազատելով շահութահարկից: Դա լրջագույն խթան է լինելու start up-ների համար: Այս ոլորտում, կարծում եմ, կապահովվի նաև նոր առաջընթաց»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

Նոր օրինագծի թեր ու դեմ կողմերը

ITԻհարկե, այս դաշտում ռադիկալ փոփոխություններ են նախատեսվում, որ անկասկած դրական են, եթե կիրառվեն: Այս կարգի փոփոխություններով զարգացել է, օրինակ, Հնդկաստանի Բանգալորի գոտին, Հնդկաստանի ազատ տնտեսական գոտին, որտեղ վերջին 10 տարիներին ՏՏ ընկերությունների բում է:

«20-25 տոկոս եկամտահարկը փաստորեն իջնում է 10 տոկոսի, 25 տոկոս շահութահարկը զրոյացվում է, դա աննախադեպ բան է»,- ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Բացի հարկային արտոնություններից, ոլորտի սկսնակ ձռնարկություններին նախատեսվում է տրամադրել նաև նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն: Վահրամ Ավանեսյանն ասաց, որ կառավարության որոշմամբ հաստատված ծրագիր կլինի, որի համաձայն` կտրամադրվեն դրամաշնորհներ: Բացի այդ, կառավարությունն այսօր էլ իրականացնում է դոնորական մի շարք ծրագրեր, որոնցում նույնպես կան դրամաշնորհների տրամադրման գործիքներ: Այսօր ստեղծված է նաև վենչուրային հիմնադրամ, և ակնկալվում է, որ այդ հիմնադրամը ևս հետաքրքրված է լինելու այս ձեռնարկություններում ներդրումներ կատարելու հարցում: Դա, իր հերթին, խթան կարող է դառնալ կրթական, ֆինանսական, տնտեսական սեկտորների համար, քանի որ երբ մի ոլորտում ներդրումներ անելը դառնում է գրավիչ, միայն վենչուրային հիմնադրամները չէ, որ կարող են ակտիվ լինել, կարող են նաև ներդրումային հիմնադրամներ ձևավորվել, բանկերը ևս կարող են ակտիվանալ այս ոլորտում:

Տնտեսագիտական տեսանկյունից արտոնություն տալ մի հատվածի, նշանակում է այդ հատվածը դնել ջերմոցային պայմանների մեջ: Բայց քանի որ սա համակարգային` ենթակառուցվածքային ոլորտ է, կարող է նաև խթանել ավանդական հատվածներին: ՏՏ ոորտի ծառայությունների գները կիջնեն, քանի որ եթե հարկերը նվազեցվում կամ զրոյացվում են, շահույթները չեն հարկվում կամ քիչ են հարկվում, ոլորտի ծառայությունները պետք է էժանանան:

Այսօր այս ոլորտում զբաղվածների թիվը մոտ 4-5 հազար է: Ատոմ Մարգարյանը կարծում է, որ առաջիկա 2-3 տարիներին այդ թիվը կարող է եռապատկվել, եթե խաղի կանոնները չփոխվեն, եթե այս որոշումն ու փոփոխությունը կոնյուկտուրային չեն: Որովհետև կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակտիվ բողոքողները հիմնականում բարձր տեխնոլոգիական սեկտորի ներկայացուցիչներն են, որոնք նույնիսկ սպառնում են, թե կհեռանան Հայաստանից:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նոր օրինագիծը «Դեմ եմ կուտակայինին» շարժման մասնակիցների ֆինանսական կորուստները փոխատուցելու և նրանց «կողմ» դարձնելու միտում ունի, էկոնոմիկայի նախարարը նշեց. «Եթե իսկապես հնարավոր է որևէ նախաձեռնություն, որով «Դեմ եմ» շարժումը «կողմ» լինի, ապա ես կարող եմ պնդել, որ, այո, դրա համար ենք անում: Իսկ եթե ավելի լայն տեսանկյունով նայենք հարցին, ապա չեմ կարծում, թե այստեղ լինելու է այդ հնարավորությունը, որ ՏՏ ոլորտի այսօրվա աշխատողները, որոնք բարձր աշխատավարձեր ունեն ու աշխատում են տարբեր ընկերություններում, միանգամից սկսելու են իրենց ընկերությունները ստեղծել»,- ասաց Վահրամ Ավանեսյանը` ակնարկելով, որ այս քայլը «դեմ եմ»-ին «կողմ» դարձնելու համար չէ այնուամենայնիվ:

Շատ դժվար է ՏՏ ոլորտը վերահսկել այնպես, ինչպես ավանդական ոլորտները, ուստի այս ոլորտում ստվերը բավական մեծ ծավալներ ունի: Այս փոփոխությունների արդյունքում հավանական է, որ մի զգալի հատված դուրս կգա ստվերից: Ի վերջո, ստվերում գործելն իր բացասական կողմերն ունի. ստվերում գործողները չեն կարող լեգալ վարկային ռեսուրսներ ներգրավել, լեգալ իրավական պաշտպանություն ունենալ և այլն:
Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կան այնպիսի խմբեր, որոնք այսօր ոչ ֆորմալ դաշտում են գործում, իրենց արտադրանքը ստեղծելու համար գործում են այն երկրներում, որտեղ այս դաշտում համապատասխան արտոնություններ կան: Ուստի, այս նոր օրինագծով այդ խնդիրը ևս լուծելու հնարավորություն կլինի:

Մի քանի հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են: Իսկ եթե արդեն իսկ գործող խոշոր ընկերությունները տրոհվեն ու հարկային արտոնություններից օգտվելու համար վերաձևակերպվե՞ն որպես սկսնակ ձեռնարկատերեր: Ինչպե՞ս են բացառվելու աութսորսինգն ու մանր` նորաստեղծ ընկերությունների միջոցով խոշոր ընկերությունների համար «հարցեր» լուծելու երևույթները:
«Այս ընկերությունները պետք է ստանան հավաստագիր, որը տրամադրվելու է ստեղծված հանձնաժողովի կողմից, որտեղ լինելու են 3 պետական ներկայացուցիչներ և 2 տվյալ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացի դրանից` այս ընկերությունները պետք է հայտարարագրեն, որ չեն ստեղծվում այլ ընկերության տրոհման ճանապարհով»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Օրենքով նախատեսված է նաև այս ոլորտում գործող ձեռնարկությունների ռեգիստր, բացի այդ, լինելու է ռեեստր, որտեղ հնարավոր կլինի տեսնել այն աշխատողներին, որոնք աշխատում են և՛ այս ձեռնարկությունների համար, և՛ այս արտոնություններից չօգտվող ձեռնարկությունների համար:

Ղրիմը «ռուսաֆիկացվեց»

հանրաքվեՌուսների ազգային արժանապատվությունն ու ինքնագիտակցությունը բորբոքող միջոցներն այնքան էլ շատ չեն: Ու այդ քիչ միջոցներից մեկն էլ «նացիզմ» բառն է, որ հունից հանում է նրանց: Նացիզմը ռուսներն ընկալում են որպես իրենց գոյությանը սպառնացող երևույթ: Ու եթե մի պահ մի կողմ դնենք տարբեր պայծառատեսների դեռևս 5 տարի արած գուշակությունները, թե Ուկրաինան պետք է բաժանվի երեք մասի, մի կողմ դնենք անգամ ռուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե Ուկրաինայի մասնատման ծրագիրը Ռուսաստանում մշակվել է դեռևս 6 տարի առաջ, միայն այն հանգամանքը, որ Կիևում փաստացի իշխանությունը նեոնացիստներին` բենդերներին անցավ, այն էլ սուր հակառուսական դրսևորումներով, ապա միանգամայն սպասելի էին այն գործընթացները, որ սկսվեցին ու դեռ կընթանան Ուկրաինայում ու նրան առնչվող երկրներում:

Ղրիմի հանրաքվեն ռուսների համար լեգիտիմ է, Արևմուտքի համար` անընդունելի

Բայց Ուկրաինայում, բացի ռուսների համար ազգային դեպրեսիա առաջացնող նեոնացիստներից, այլ մարտահրավեր-վտանգներ էլ էին ստեղծվել: Արևմուտքն ու նրա ռազմական կցորդը` ՆԱՏՕ-ն, Ռուսաստանի սահմաններին օրըստօրե մոտենալու փորձեր էին անում: Այս մասին բաց տեքստով մարտի 18-ին հայտարարեց նաև Վլադիմիր Պուտինը` նշելով, թե Արևմուտքը միշտ որդեգրել է այն գործելաոճը, որ Ռուսաստանին կանգնեցրել է արդեն իսկ կատարված փաստի առջև` ՆԱՏՕ-ի հենակետերը մոտեցնելով ռուսական սահմաններին ու հայտարարելով, թե դրանք Ռուսաստանի դեմ չեն: Եվ այդ խորապատկերում Ռուսաստանին պետք էր աշխարհաքաղաքական հենակետեր գրավելու և պահպանելու նկատառումներով ամրապնդել իր դիրքերը Ղրիմում:

Եվ ահա մարտի 16-ին Ղրիմում ու Սևաստոպոլում անցկացվեց հանրաքվե, որով Ղրիմի ու Սևաստոպոլի ազգաբնակչությունը վճռեց մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Ղրիմում հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 96,77%-ը, իսկ Սևաստոպոլում` 95,6%-ը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին: Միջազգային դիտորդներն էլ որևէ լուրջ խախտում չարձանագրեցին: Հաջորդ օրն էլ` մարտի 17-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրաման ստորագրեց, որով այն ճանաչվեց անկախ պետություն:

«Հաշվի առնելով Ղրիմի ժողովրդի կամքը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ և ինքնիշխան պետություն»,- նշված է հրամանագրում. Հրամանն ուժի մեջ մտավ դրա ստորագրման պահից:
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ այս կապակցությամբ, որից հետո Ռուսաստանը և Ղրիմը ստորագրեցին Ղրիմն ու Աևաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի Հանրապետության վարչապետ Սերգեյ Աքսեոնովը և Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին:

«Ղրիմի Ռուսաստանի կազմ մտնելու պահից Ուկրաինայի քաղաքացիներն ու առանց քաղաքացիության անձինք, որոնք այսօրվա դրությամբ Ղրիմի Հանրապետությունում մշտական բնակություն ունեն, հայտարարվում են ՌԴ քաղաքացիներ»,- այս խոսքերով էր սկսվում ստորագրված պայմանագիրը:

Ամերիկյան ԶԼՄ-ները` CNN-ը, BBC-ն, թեկուզ մերժողական կեցվածքով, անվանեցին այն «դարի ստորագրություն»:

Պուտինը դիմեց Ռուսաստանի Դաշնային խորհրդին Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու խնդրանքով: Նա նշեց, որ այսօր խորհրդարանին է ներկայացնում Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու մասին օրինագիծը և կդիմի Ռուսաստանի սահմանադրական դատարան` այդ պայմանագրի սահմանադրականությանը գնահատական տալու համար:

Աշխարհաքաղաքական հարթակներում Ռուսաստանի նկատմամբ «վհուկների որսն», ամեն դեպքում, սկսված է: Ղրիմում կայացած հանրաքվեին առաջինը, ինչպես և սպասելի էր, արձագանքեց Սպիտակ տունը` հրաժարվելով ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները և կրկին պատժամիջոցներով սպառնաց ՌԴ-ին` Ղրիմ զորք մտցնելու դեպքում: «Անցել են այն օրերը, երբ միջազգային հանրությունը հետևում է` ինչպես է մեկ կողմը բռնությամբ գրավում մեկ այլ կողմի տարածքը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Ու հենց նույն օրը նախագահ Բարաք Օբաման ստորագրեց մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաների սեփականությունն արգելափակելու մասին հրամանագիր: Ըստ հրամանագրի` կարգելափակվի դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի սեփականությունը:

Հանրաքվեի հաջորդ օրը պարզ դարձավ, որ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան նույնպես չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: «Ղրիմում կայացած հանրաքվեն անօրինական է, և ԵՄ-ն չի ճանաչում դրա արդյունքները»,- նշված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի համատեղ հայտարարությունում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնպես անդրադարձել է հանրաքվեին՝ հայտարարելով, որ Բրիտանիան չի ընդունում հանրաքվեն և դրա արդյունքները: «Մենք կոչ ենք անում ՌԴ-ին երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ և լուծել խնդիրը միջազգային օրենսդրության շրջանակներում»,- ասել է նա: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը նույնպես հրաժարվել է ընդունել հանրաքվեի արդյունքները: Կանադան համարում է այն ոչ լեգիտիմ և իրավական ուժ չունեցող: Ճապոնիան էլ, չճանաչելով հանրաքվեի արդյունքները, կոչ արեց Ռուսաստանին «ուկրաինական շրջանի անեքսիա» չիրականացնել:

Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարեց արևմտյան երկրների մեծ ութնյակին Ռուսաստանի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշման մասին: «Այսօր երեկոյան բոլոր 7 խոշոր պետությունները կհավաքվեն միասին, սակայն առանց Ռուսաստանի»,- հավելել է նա: Միաժամանակ, ըստ նախարարի, ՌԴ նախագահ Պուտինին արված հունիսի 6-ին Ֆրանսիա այցելելու հրավերը մնում է ուժի մեջ:

Ռուսական արջը զարթնեց

Արևմուտքի պատժամիջոցներին, սակայն, հումորով են վերաբերվում Ռուսաստանում: Պետդումայի պատգամավորները համատեղ հայտարարություն են ընդունել, որում խնդրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԵՄ-ին մարտի 17-ին ընդունած պատժամիջոցներն իրենց բոլորի վրա տարածել: Փաստաթղթի օգտին քվեարկել է 353 պատգամավոր: «Մարտի 17-ին հերթական անգամ ԱՄՆ պետդեպարտամենտը, Օբաման ու ԵՄ-ն ոզնի վախեցնելու անհեթեթ քայլ են ձեռնարկել …»,- ասել է Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Մարկելովը:

Ակնհայտ էր, որ ուկրաինական կողմը, ավելի ճիշտ` Կիևի նորընծա ղեկավարները չէին համակերպվելու Ղրիմը կորցնելու մտքի հետ: Եվ, բնականաբար, քննարկել են նաև Ղրիմը զենքի ուժով Ուկրաինայի կազմում պահելու հարցը: Մարտի 14-ին լրատվամիջոցները, վկայակոչելով The Wall Street Journal-ը, նշեցին, որ Կիևը վերջերս Վաշինգտոնին խնդրել էր օգնություն ցույց տալ ուկրաինական զինված ուժերին, մասնավորապես՝ տրամադրել զենք-զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ, ավիացիոն վառելիք: Բացի այդ, Ուկրաինան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն նաև հետախուզական տեղեկություններ տրամադրեր: Սակայն ԱՄՆ իշխանությունները մերժել են Ուկրաինայի նոր իշխանությունների՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքը:

Ատամ ցույց տալու մի քայլ էլ Ուկրաինայի կողմից տանկերն ու զրահամեքենաները ռուսական սահմանին մոտեցնելն ու Ուկրաինայում զորահավաք անցկացնելն էր: Հանրաքվեից մեկ օր անց Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրաման ստորագրեց, որով Ուկրաինայում ռազմական դրություն ու երկրի ողջ տարածքում մասնակի զորահավաք հայտարարվեց:

Բայց դե ատամ ցույց տալը մի բան է, կծելը` այլ բան: Ու արդեն մարտի 18-ին Տուրչինովը, դիմելով ուկրաինացիներին, նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները կանեն հնարավորը Ռուսաստանի հետ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական պետության համար պատերազմի վտանգն իրական է: Նա ընդգծել է, որ Կիևը պատրաստ է Ղրիմի ապագայի վերաբերյալ բանակցություններին, սակայն երբեք չի հաշտվի Ղրիմի անեքսիայի հետ:
Ռազմական ամբիցիաների խաղաղմանը զուգահեռ, իրավիճակն ու իրերի իրական դասավորությունը վերլուծելով` արդեն մարտի 18-ին Ուկրաինան հանդես եկավ, մեղմ ասած, զառանցանքի ժանրի նախաձեռնությամբ. Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանից պահանջել ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները՝ 80 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարեց երկրի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Պուտինն իր ուղերձում հայտարարեց, որ Ղրիմը մարդկանց սրտերում եղել և մնում է Ռուսաստանի անբաժան մաս, ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հանգամանքները չեն կարող պայքարել այդ համոզմունքի դեմ: ՌԴ նախագահը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղրիմն Ուկրաինայի կազմում թողնելը հավասարազոր էր թալանի: «Դեռ այն ժամանակ Ռուսաստանը զգաց, որ իրեն ոչ միայն վիրավորել են, այլև թալանել»,- ասել է նա:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ Ղրիմը կարող է լինել բոլորի տունը` և՛ ուկրաինացիների, և՛ թաթարների, և՛ ռուսների, բայց երբեք չի կարող լինել բենդերականներինը, և այդ ճակատագրից այսօր Ղրիմին կարող է փրկել միայն Ռուսաստանը:

«Արևմտյան ինչ-որ գործիչներ ինձ հորդորում էին մինչև Ղրիմի մասին վերջնական որոշում ընդունելը բանակցել ուկրաինական նոր իշխանությունների հետ: Ուզում եմ նրանց տեղեկացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սովոր է բանակցել միայն լեգիտիմ` ոչ ինքնահռչակ ուժերի հետ: Ո՞ւմ հետ բանակցեմ, ինչ-որ տղաների՞, որոնք օրեր առաջ փողոցային կյանքով էին ապրում ու հոթ-դոգ ուտում, մի տղայի՞, որ Անգելա Մերկելի հետ հանդիպելիս չգիտեր, որ արարողակարգային ձեռքսեղմումը պարտադիր բան է: Արևմտյան ինչ-որ քաղաքական գործիչներ սպառնում են մեզ ոչ միայն ինչ-որ էժան սանկցիաներով, այլև ներքին խնդիրների սրումով: Կուզեի իմանալ` ի՞նչ նկատի ունեն նրանք, ինչ-որ 5-րդ գաղութի գործողություննե՞ր, ազգայնական դավաճանների՞, թե՞ հույսը դնում են այն բանի վրա, որ կարող են վատացնել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու դրանով սադրել մարդկանց դժգոհությունները»,- իր ելույթում հայտարարեց ՌԴ նախագահը:
Այնուհետև, ռուսական կողմն էլ պատասխանեց Արևմուտքի սանկցիաներ կիրառելու ջանքերին, ընդ որում դա արեց ռուսական արջին բնորոշ ձևով. Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ու կիրառվելիք սանկցիաները անպատասխան չեն մնա, չնայած Ռուսաստանը չի ձգտում Արևմուտքի ու միջազգային հանրության հետ կոնֆլիկտի: Թե ինչ հետևություններ կանեն արևմտյան երկրները, դեռ կերևա: Մի բան ակնհայտ է` Ղրիմի անկախության հռչակմամբ, ապա Ռուսաստանին միանալու որոշումով, իհարկե, գործընթացները չեն ավարտվում, այլ սկսվում են: Արևմուտքը թերևս հեշտ չի հանձնվի, իսկ Ռուսաստանն էլ Ղրիմով չի սահմանափակվի: Ըստ ամենայնի` Արևելյան Ուկրաինան էլ ՌԴ-ի տեսադաշտում է: Ու այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

 

 

Ինչ են հուշում բանկերն ու նրանց տոկոսադրույքները շարքային քաղաքացիներին

դոլար-դրամՆախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե որոշ բանկերում դրամով ավանդներ ընդունում են մինչև 1 մլն դրամի դեպքում` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի շրջանակներում, իսկ 1 մլն-ից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` ավելի բարձր տոկոսադրույքներով: Իսկ արտարժույթով, մասնավորապես` ռուսական ռուբլով ու ԱՄն դոլարով ավանդների համար տոկոսադրույքները դրանից անհամեմատ ավելի ցածր են` 4, 5 կամ 6 տոկոս, նայած բանկի: Սրանից փոքր-ինչ ավելի ցածր տոկոսադրույքներ են սահմանված եվրոյով ավանդների համար:

Հասկանալու համար, թե ինչ է սա կամ ինչ կարող է ցույց տալ, պետք է նախ հասկանանք, թե ինչ է ավանդը, և ինչպես է ազդում տնտեսության վրա: Ավանդները ընտանիքների կամ մարդկանց կողմից խնայված միջոցներն են: Մարդիկ իրենց վաստակած եկամտի մի մասը չեն ծախսում ու խնայում են: Տնտեսագիտական իմաստով, խնայողութուն է համարվում չծախսված փողի` դրամատներում կամ ֆինանսական հիմնարկներում պահելը: Այդ խնայողությունները մեծ նշանակություն ունեն տնտեսության համար:

Բանկերը, ֆինանսական հաստատությունները մարդկանց ու ընտանիքների կողմից խնայված փողերը տոկոսով վերցնում են ու դրանք տալիս գործարար հատվածին ավելի բարձր տոկոսադրույքներով` արդյունքում շահելով տոկոսադրույքների տարբերությունը: Այսինքն` խնայողութունները գործիք են, որը ծառայում է գործարար հատվածին ներդրումների պահանջի բավարարման ժամանակ:

Սովորաբար, որքան ավանդների ժամկետները երկար են լինում, այնքան տոկոսադրույքները բարձր են լինում: Բայց եթե կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են իջեցվում, դա կարող է նաև նշանակել, որ բանկերում մտածում են, թե դրամը կարժեզրկվի, հիմնականում արտարժույթի պահանջարկ կլինի: Եթե օրինակ` դոլարով ու դրամով ավանդների տոկոսադրույքների միջև այդպիսի մեծ տարբերություն է լինում, նշանակում է, որ բանկը կանխատեսում է, որ դրամն արժեզրկվելու է, այսինքն` արտարժույթը` ռուբլին, դոլարը կամ եվրոն, ավելի կայուն է, ուստի եթե ինքը բարձր տոկոսադրույքով դրամ վերցնի մարդկանցից, ապա դրամի արժեզրկվելուց հետո ավելի քիչ կվճարի:
Ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների տարբերության համար, սակայն, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այլ պատճառներ է մատնանշում` դրամային իրացվելիության խնդիր կա, բանկերը միշտ էլ այդ խնդիրն ունեն:

«Նախ` արժութային նորմատիվ կա, որը պետք է պահպանել, և մեր վիճակում, երբ ժողովուրդը նախընտրում է դոլարով պահել իր միջոցները, բանկերը պետք է այդ տեխնիկական խնդիրը լուծելու համար բարձր դիրք ապահովեն դրամի համար: Բացի այդ, կա պահուստառման նորմատիվ, որի դեպքում, եթե արտարժույթով ես ներգրավում միջոցները, կրկնապատիկ ավելի բարձր է, քան երբ դրամով ես ներգրավում: Այսինքն` դոլար ներգրավելը բանկերի վրա թանկ է նստում, քան դրամը, դրա համար բանկերը ցածր տոկոս են տալիս,- նշեց Բագրատ Ասատրյանը:- Եվ պարտադիր չէ, որ դրամով ու արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսագումարների տարբերությունն անպայման մատնանշի դրամի արժեզրկում»:
Երևույթներ, որոնք դրամի արժեզրկում են «գուժում»

Ամեն դեպքում, ուշադրություն դարձնենք այլ հանգամանքների վրա: Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված է եղել ավելի քան 15 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել ֆոնդային բորսայում դրամի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու համար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների` դրամի կայունությունն ապահովելու նպատակով փետրվար ամսին էլ ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 մլն դոլար կանխիկ փող: Իսկ միայն մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացքում` մոտ 25 մլն դոլար: Նման ծավալներով արտարժույթի ներարկումներ ԿԲ-ն անում էր այն ժամանակ, երբ Հայաստանում կիրառվում էր ոչ թե լողացող, այլ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, և արտարժույթի փոխարժեքը որոշվում էր ոչ թե շուկայում, այլ ԿԲ առանձնասենյակներում:

«Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը մեզ ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ նրա` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքներն անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը գրեթե բոլոր բանկերում` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով երկու հիմնական գործոն է արձանագրվում: Նախ` բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, և դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետև արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա արհեստական ձևով` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով, որպեսզի դրամը պահանջարկված լինի ու չարժեզրկվի:
Մյուս կողմից` ավանդների տոկոսադրույքների այս տարբերությունը մի շարք զուտ տնտեսագիտական օբյեկտիվ պատճառներ ունի: Այսօրվա դրությամբ, ինչպես փաստում են տարբեր բանկերի տարբեր աշխատակիցներ անհատական զրույցների ժամանակ, բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Գործարարները խուսափում են բանկերից վարկեր վերցնելուց, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, հնարավոր չէ վստահ լինել, որ դրական զարգացումներ կլինեն ու վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, բանկերն ավանդ են ներգրավում հետագայում ավելի բարձր տոկոսներով որպես վարկեր տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով, և քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձևավորվում: Ուստի, բանկին ձեռնտու չէ անկանխատեսելի` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:

Ի դեպ, արտարժութային ավանդների տոկոսադրույքների կտրուկ նվազումը բազմաթիվ մասնագետներ բացատրում են նաև նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված` բանկերը սկսել են նաև զգուշանալ տնտեսական հետևանքներից: Այնպես որ, հայաստանյան բանկերը գոնե իրենց ավանդների տոկոսադրույքներով հուշում կամ զգուշացնում են դրամի անկայունության և արտարժույթի կայունության մասին: Ի դեպ, այս բոլոր դրսևորումներից հետո` 2-3 օր առաջ արդեն դոլարը դրամի նկատմամբ 2-3 դրամով թանկացել էր:

Անկախ

Ռուսաստանը չի հաջողացնի Ղրիմը հեշտությամբ պոկել, բայց…

ուկրաինա-քարտեզՈւկրաինայում ծավալվող իրադարձությունները և Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախումն արդեն նմանվում են նախորդ դարի 60-ականների Կարիբյան ճգնաժամին: Հստակ ուրվագծվում են Ռուսաստանի աշխարհաքաղաքակրթական նկրտումները Ուկրաինայի որոշ հատվածների նկատմամբ, իսկ Արևմուտքը պայքարի մեջ է մտել` Ուկրաինան Ռուսաստանից «խլելու» մտադրությամբ: Ու այն պահից, երբ ՌԴ դաշնային խորհուրդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլատրեց Ուկրաինայում օգտագործել ՌԴ զինված ուժերը, աշխարհը շունչը պահած սպասում է նոր պատերազմի բռնկմանը:

Ռուսաստանը մնացել է միայնակ. դեռևս

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ավելի հակված է կարծելու, որ Ուկրաինայում պատերազմը քիչ հավանական է, նա 80 տոկոսով համոզված է, որ պատերազմ չի սկսվի:
Բոլոր դեպքերում, բացի Ռուսաստանից, մարտական պատրաստության փուլում են նաև ՆԱՏՕ-ն, որ հայտարարել էր, թե անօդաչու թռչող սարքերով կհետևի Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին, և հենց բուն Ուկրաինան: Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը մարտի 11-ին հանդես եկավ հայտարարությամբ, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են լրիվ մարտական պատրաստության. վարժանքներ են անցկացվել և սկսում են վերականգնել բանակը: Սակայն Տուրչինովի խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ է նաև տեխնիկական և ռազմական օգնություն:
Ներկայումս Ռուսաստանը Ուկրաինայի հարցում հայտնվել է, կարծես, մեկուսացման վիճակում: Համենայն դեպս, այսօր չկա մի պետություն, որ ըստ էության, պաշտոնապես պաշտպանած լինի Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: Անգամ Բելառուսն ու Ղազախստանն այս հարցում պաշտոնապես իրենց աջակցությունը չեն հայտնել: Բելառուսը դեռ լռում է, իսկ Ղազախստանն անգամ հակադրվում է ռուսական քաղաքականությանն այս հարցում:
Բայց Արևմուտքը ոչ միայն համաձայն չէ Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, այլև գործուն քայլեր է իրականացնում Ռուսաստանի դեմ: Համաշխարհային բանկը, ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն, պատրաստ է այս տարվա ընթացքում 3 մլրդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային` բարեփոխումներին և ենթակառուցվածքային նախագծերին աջակցելու նպատակով: Օգնության տրամադրման պայմանները դեռևս հայտնի չեն, սակայն ՀԲ-ի հայտարարությունում նշվում է, որ Ուկրաինայից կառուցվածքային բարեփոխումներ են սպասում:
Դոնի Ռոստովում մարտի 11-ին կարճ ճեպազրույցով հանդես եկավ պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նշեց, որ ինքն է Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը և բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Եվ ավելացրեց, որ կվերադառնա Ուկրաինա, երբ նպաստավոր պայմաններ ստեղծվեն, իսկ իշխանության ցանկացած մարմին, որն այսօր ձևավորվել է Ուկրաինայում, չի կարող լեգիտիմ լինել:
Վիկտոր Յանուկովիչը նաև մեղադրանքներ հնչեցրեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի հասցեին, հայտարարեց, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողություններն անօրինական են, նրանք աջակցում են ավազակային ռեժիմին, կուրացել են ու մոռացել, թե ինչ է ֆաշիզմը: Նա հայտարարեց նաև, որ կդիմի ԱՄՆ Սենատին, Կոնգրեսին ու գերագույն դատարանին` խնդրելով վերանայել Օբամայի վարչակազմի գործողությունների օրինականությունը Ուկրաինայի հարցում:
«Ես լսել եմ, որ ԱՄՆ-ն մտադիր է ֆինանսական օգնություն տրամադրել այդ հանցագործներին: Սակայն դա հակասում է ամերիկյան օրենքին, որն արգելում է օգնություն տրամադրել մի երկրի, որում ապօրինաբար պաշտոնից հեռացվել է տվյալ երկրի նախագահը»,- ասաց Յանուկովիչը:
Երբ ռուսները սկսում են կռվել…

Կարծես Ռուսաստանին հաջողվեց իրագործել Ղրիմն իրենով անելու օպերացիան ու առաջին հայացքից Ռուսաստանին էլ ոչինչ չի խանգարում: Բայց դա միայն առաջին հայացքից: Ինչպես նշում են ռուս վերլուծաբանները, այս պահի դրությամբ հենց Ռուսաստանի ներքին օրենքները թույլ չեն տալիս, որ ոչ միայն Ղրիմը, այլև որևէ այլ տարածք այդպես հեշտ ու հանգիստ անցնի Ռուսաստանին: Ռուսական օրենսդրությունը հստակ սահմանում է այն բոլոր դեպքերը, երբ կարող է մի որևէ երկրի տարածք կամ մի որևէ երկիր անցնել Ռուսաստանի կազմ: Ըստ այդմ` մի որևէ երկրի տարածք Ռուսաստանի կազմ անցնելու համար նախ պետք է, որ այն ինքնորոշվի ու լեգիտիմ եղանակով` հանրաքվեով ու լեգիտիմ իշխանությունների համաձայնությամբ հայտարարի Ռուսաստանի կազմ մտնելու ցանկության մասին: Ինչին պետք է արձագանքի ռուսական կողմն ու ներքին ընթացակարգերն անցնելուց հետո հայտարարի, որ դեմ չէ իր կազմում տվյալ տարածքը ներառելուն:

Ռուսաստանը կարծես հաջողացրեց այս հարցի ֆորմալ լուծումը. մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը ինքնավար հանրապետության և Սևաստոպոլի անկախության մասին հռչակագիր ընդունեց: Հռչակագրին կողմ են քվեարկել 100 պատգամավորներից 78-ը, ինչպես նաև Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը: Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կտա իրավաբանորեն ձևակերպելու թերակղզու ներառումը ՌԴ կազմում, ինչպես նաև մարտի 16-ին անցկացնելու հանրաքվեն:
Սակայն անգամ այդ դեպքում Ռուսաստանի` Ղրիմին տիրանալու ցանկությունն անխոչընդոտ չի մնում: Որովհետև ակնհայտ է, որ համաշխարհային հանրությունը չի համակերպվի Ուկրաինայի մասնատման ու Ղրիմը Ռուսաստանին թողնելու մտքի հետ, կսկսի իր պատասխան գործողությունները: Դրա նախադրյալներն էլ կան. նույն օրը, երբ Ղրիմում Ռուսաստանին միանալու հռչակագիր էին հրապարակում, հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և նշեց, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ:
«Ղրիմում սպասվող հանրաքվեն անօրինական է. մենք չենք կարող նման բան թույլ տալ, քանի որ դա Ուկրաինայում անկայունության կհանգեցնի: Հետևաբար, մենք պատժամիջոցներ կկիրառենք»,- ասաց Ֆաբիուսը, բայց ակնարկեց, որ եթե Մոսկվան փոխի իր դիրքորոշումն ու համապատասխան քայլեր ձեռնարկի, ապա պատժամիջոցների կիրառման հարցը կվերանայի:

Կվերանայի Ռուսաստանն իր դիրքորոշումը, թե ոչ, դեռ վաղ է ասել: Ամեն դեպքում ռուսական կողմն արդեն իսկ հասկացրել է միջազգային խաղացողներին, որ իր հանդեպ պատժամիջոցների կիրառման դեպքում չի կատարի իր վերցրած վարկային պարտավորությունները, ինչը հուժկու հարված կարող է հասցնել համաշխարհային տնտեսությանը: Մյուս կողից, սակայն, Ռուսաստանը հապաղում է կտրուկ ու վճռական գործողությունների անցնել Ուկրաինայում: Գուցե դա պայմանավորված է հարցերը ֆորմալ լուծելու քայլերով: Սակայն պետք է հիշել մեկ այլ հանգամանք: Արևմուտքը գտավ Ռուսաստանի` Ղրիմում իր քաղաքացիների ու հայրենակիցների անվտանգությունն ապահովելու պատճառաբանության հակաքայլը: Նույն կերպ Թուրքիան էլ իր հերթին է հայտարարել, թե օգնության կհասնի Ղրիմում բնակվող իր 250 հազար թաթար եղբայրներին, իսկ համաշխարհային լրատվամիջոցները գրեցին, թե թուրքական ռազմանավերը մոտենում են Ղրիմին:

Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ստեղծված իրավիճակից օգուտներ քաղել, և պատմական փորձը ցույց է տալիս, որ թուրքերն այդ «շնորքն» ունեն, կարողանում են պղտոր ջրում ձուկ որսալ:
«Ամեն դեպքում` Թուրքիան այսօր սևծովյան ավազանում գործոն է: Այսինքն` եթե այսօր ուկրաինացիներն ու ռուսները գժտվում են, ապա Թուրքերը հաստատ օգտվում են: Ցավոք սրտի, ինձ թվում է, որ թուրքական ազդեցությունն ընդհանրապես կմեծանա մեր տարածաշրջանում: Որովհետև, եթե Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները լարվում են, բնական է, որ Արևմուտքը պետք է աջակցի Թուրքիային ի հակակշիռ ռուսական շահերի ու ներկայության, որտեղ մենք տուժելու ենք»,- ասում է Արա Պապյանը:

Թուրքիան, բնականաբար, ինքնագլուխ, առանց Արևմուտքի քաջալերման քայլեր չէր ձեռնարկի, այն էլ Ռուսաստանի դեմ: Բայց պարզ է նաև, որ եթե Ռուսաստանը որոշել է վերցնել Ղրիմը, վերցնելու է, դա հեշտ չի լինելու, բայց երբ ռուսների հետ խոսում են զենքի սպառնալիքով, ռուսները սկսում են կռվել: Իսկ երբ ռուսները սկսում են կռվել…

Անկախ

Աշխարհն այսօր հայտնվել է «սառը պատերազմ լայթս» վիճակում

սերժ սարգսյանՆերկայումս, երբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նկատվում է Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրացում, Հայաստանում հարց են տալիս, թե պե՞տք է շարունակել ՄՄ անդամակցության գործընթացները:

Իսկ վերջին օրերին մի քանի ուշագրավ հայտարարություններ եղան, որոնք այս համատեքստում ոչ թե պատասխանեցին առկախ հարցերին, այլ նորանոր հարցեր առաջացրին:

Անդրադառնալով Հայաստանի «արագացված ջանքերին»` ՄՄ անդամակցության հարցում շտապողականությանն ու կատարած քայլերին` ռուս չինովնիկներից մեկը հայտարարեց, որ «Հայաստանը հանձնել է քննությունները, շուտով դիպլոմը կստանա»: Դա արդեն ակնարկ էլ չէ, այլ պարզ ու հստակ հայտարարություն, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը ֆորմալ առումով այլևս ոչինչ չի խանգարում: Գրեթե նույն ժամանակ, երբ Հայաստանը հանձնել էր «քննությունները», Դուբլինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մասնակցում էր ԵԺԿ համագումարին, հանդես եկավ ելույթով, որում, բացի մեր արևմտյան ու արևելյան հարևաններին դատափետելու ավանդական հատվածներից, նաև բավականին հետաքրքիր «մանրուքներ» հնչեցրեց, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ճակատագրին:

«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը` լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ինչպես և նախկինում, գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:

Սա, կարծես Հայաստանի նախագահի կողմից ՄՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ-ի հետ երկար տարիներով ու մեծ դժվարությամբ ձեռք բերված «ընկերությունը» չկորցնելու փորձ լիներ:

«Հայաստանը, ըստ իս, իսկապես պատրաստվում է մտնել ՄՄ կազմ,դա առաջինը և երկրորդ`մասնակցել Եվրասիական միության ձևավորման գործընթացին ու դրա հետ մեկտեղ` պահպանել հարաբերությունները Եվրամիության հետ: Դա հնչեցված ծրագիր է»,- այս կապակցությամբ նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
ՄՄ-ին անդամակցելով ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը քաղաքագետը լիովին իրագործելի է համարում: Ընդ որում, հնարավոր է համարում անգամ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ու դրա համատեքստում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին: Ուղղակի ուկրաինական հարցում Հայաստանը, ըստ քաղաքագետի, չպետք է այսօր և մոտ ժամանակներս հստակ հնչեցնի իր մոտեցումները:

Այս առումով թերևս ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթի մեկ այլ հատված: Շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին 2013 թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար` Սերժ Սարգսյանը նշեց նաև. «Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015 թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ»:

Արա ՊապյանԱյսինքն` Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս փորձեց առաջ տանել «և-և»-ի քաղաքականությունը: Այդ մոտեցումը քաղաքագետ, նախկին դեսպան Արա Պապյանը խելամիտ քայլ է համարում, բայց այն իրագործելու հնարավորությունը որակում խիստ կասկածելի: Որովհետև Արևմուտքը հստակ է արտահայտել իր դիրքորշումն այդ մոտեցման շուրջ և նշել, որ որևէ մաքսային միություն, այսինքն` միություն, որտեղ տարածքը սահմանափակվում է, անհամատեղելի է ազատ առևտրի սկզբունքների հետ և, հետևաբար, համատեղել ՄՄ-ն ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հետ հնարավոր չէ: Թեկուզ «և-և»-ի սկզբունքն Արա Պապյանի` որպես քաղաքացու համար շատ ցանկալի տարբերակ է, բայց որպես քաղաքագետ նա կարծում է, որ դա հնարավոր չէ իրականացնել` հատկապես հաշվի առնելով Արևմուտքի ու Ռուսաստանի` որպես ՄՄ հիմնական դերակատարի հարաբերությունների սրված իրավիճակը: Ընդ որում, քաղաքագետն այդ հարաբերությունների լրացուցիչ սրում է կանխատեսում:

«Ես չեմ կարծում, որ նախագահի ելույթը պայմանավորված է միայն Ուկրաինայի իրադարձություններով, պարզապես ակնհայտ է, որ ախր այդ ՄՄ-ն այդքան էլ լավ բան չէ. բոլորն են դա հասկանում: Այսինքն` դա կատարվել է որպես ընտրություն` «չարյաց փոքրագույնը» տարբերակով: Մեզ ասել են, որ վատ կլինի ձեզ համար, հատկապես Ղարաբաղի հարցում, ու նրանք այդ ընտրությունն են արել, բայց դա չի նշանակում, թե ՄՄ-ն լավ բան է: Պարզ է, որ ՄՄ-ն բերելու է գների թանկացում Հայաստանում: Այսինքն`առաջին սպառման ապրանքների թանկացում, որովհետև հասկանալի է առաջին հայացքից` երբ խանութ ենք մտնում, պարզ երևում է, որ ապրանքների հիմնական մասը բերված է Չինաստանից, Թուրքիայից ու Արաբական Միացյալ Էմիրություներից, սկսած կահույքից, վերջացրած կոշիկով, սննդի տեսակներով և այլն: Այսինքն`այդ ամբողջը թանկանալու է: Ուզում եմ ասել, որ ՄՄ-ն մի երևելի բան չէ, պարզապես այսպիսի խնդիր էր, քանի որ մեր իշխանությունները կանգնել են ընտրության առաջ` ժողովրդի բարեկեցությունն ու երկրի անվտանգությունը, նրանք ընտրել են անվտանգությունը և ոչ բարեկեցությունը»,- նշեց Արա Պապյանը:

Այս պայմաններում, որքան էլ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած ցանկություններն ու դիտարկումները ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացման հրավեր լինեն, չեն կարող այդ հարաբերությունները, առավել ևս Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը շեղել սեպտեմբերի 3-ին նշված ուղուց: Որովհետև, ինչպես նշեց Արա Պապյանը, եթե Հայաստանը Ուկրաինայի պես հրաժարվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, բայց չպարտավորվեր ՄՄ-ին անդամակցել, այդ դեպքում արտաքին քաղաքականության հարցն այլ կերպ կլիներ: Բայց երբ արդեն պարտավորվել ենք, գնում ենք ՄՄ ուղղությամբ: Ավելին, նախկին դիվանագետը մեկ անգամ ևս վերահաստատեց բազմիցս իր կողմից հնչեցված կանխատեսումը, որ 2014 թ., հատկապես` օլիմպիադայից հետո, իրավիճակը շատ կսրվի. «2014 թվականը ծանրագույն տարի է լինելու բոլոր առումներով, մինչև 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսները, հետո իրավիճակն արդեն կհստակվի: Որովհետև աշխարհն այսօր հայտնվել է սառը պատերազմ լայթս վիճակում` թեթև սառը պատերազմի վիճակում, ու դա շարունակելու է խորանալ, ցավոք սրտի: Ցավոք սրտի, որովհետև մենք մնալու ենք երկուսի արանքում»:

 Անկախ

 

ՀՆԱ-ի գետը նախատեսածից քիչ է վարարել

մանասերյան թաթուլԹեև դեռ նախորդ տարեվերջին պարզ էր, որ ՀՆԱ-ի աճը չի լինելու այն մեծության, որը կառավարությունը կանխատեսել էր 2013 թվականի համար` 6,2 տոկոս, բայց ԱՎԾ-ի` փետրվարի 28-ին հրապարակած ցուցանիշներից արդեն վերջնականապես ու պաշտոնապես պարզ դարձավ, որ ՀՆԱ-ի աճը 2013 թ. կազմել է ընդամենը 3,5 տոկոս:

Ի՞նչ է ՀՆԱ-ն, ու հասարակ քաղաքացին իր վրա կզգա՞ ՀՆԱ-ի աճը

Երբ երկրի տնտեսությանը պայմանականորեն նայենք ինչպես ինքնաթիռի իլյումինատորից` լուսամուտից, ապա կերևա ձեռնարկություններով, տնային տնտեսություններով, կառավարական գործակալություններով, տարբեր հիմնարկներով, խանութներով ու էլի շատ բաներով մի լայնածավալ դաշտ: Այդ բոլոր ձեռնարկությունները, ընկերությունները, գործակալությունները, մարդիկ` բոլորը միասին, աշխատում ու ստեղծում են արդյունք: Այդ ամբողջ ստեղծվածն էլ հենց ՀՆԱ-ն` համախառն ներքին արդյունքն է: Այսինքն` ՀՆԱ-ն արտադրանքի այն լայնահուն գետն է, որտեղ լցվում են բոլոր մանր, միջին, մեծ, պետական ու մասնավոր հիմնարկների ու ձեռնարկությունների, երկրի բոլոր քաղաքացիների կողմից ստեղծված նյութական, հոգևոր, մշակութային արդյունքները: Ու երբ տնտեսագետներն ասում են, թե ՀՆԱ-ն աճել կամ նվազել է, նկատի ունեն, որ արտադրանքի այդ գետը հորդացել կամ ծանծաղել է: Որ բոլորը միասին արտադրում են ավելի շատ կամ քիչ, նշանակություն չունի, թե ով ինչ է արտադրում:

ՀՆԱ-ն հիմնական երկու մեծ խմբի կարելի է բաժանել`սպառողական արտադրանքի` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք մենք ամեն օր գնում, օգագործում ու սպառում ենք, ու ներդրման միջոցների` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք չեն սպառվում, օրինակ` ԱԺ ընդունած օրենքները, պետության կողմից կառուցվող ճանապարհը, երկաթգիծը և այլն: Եվ ՀՆԱ-ն հենց այս երկու խումբ` սպառողական ու ներդրման ապրանքների «վաճառքի» գումարն է: ՀՆԱ-ի մեջ հաշվարկվում են 4 հիմնական բաղադրիչներ` անձնական սպառման ծախսերը, մասնավոր տնային տնտեսությունների ներդրումային ծախսերը, պետական գնումները և արտահանման հաշվեկշիռը` արտահանման ու ներմուծման ցուցանիշների տարբերությունը:

Ու հարց է առաջանում` լա՞վ է, երբ ՀՆԱ-ն աճում է, և վա՞տ, երբ նվազում է,ՀՆԱ-ի աճելով մենք ավելի լա՞վ ենք ապրում: Ահա պատասխանը միանշանակ չէ, և՛ այո, և՛ ոչ: Իհարկե լավ է, որ ընդհանուր արտադրանքի ծավալն աճում է, հետևաբար, աճում են նաև եկամուտները, աշխատատեղեր են բացվում և այն: Բայց ՀՆԱ-ն նաև ապակողմնորոշիչ է ու մի շարք թերություններ ունի: Նախ և առաջ` ՀՆԱ-ն գումարային արտահայտություն ունի, այլ ոչ ապրանքային, հետևաբար, գնաճի հետ ճշգրտման կարիք ունի: Այսինքն` եթե այս տարի ապրանքների գներն ավելի բարձր են, քան անցյալ տարվա գները, ապա այս տարվա ՀՆԱ-ն ավելի մեծ կստացվի: Այսինքն` տնտեսության իրական աճն այս դեպքում հասկանալու համար պետք է ՀՆԱ ցուցանիշից հանվի գնաճը: Մյուս թերությունն այն է, որ որոշ ժամանակի ընթացքում արտադրվող ապրանքների կամ ծառայությունների որակն է փոխվում` տեխնոլոգիական առաջընթացից ելնելով, ու այդ փոփոխություններով պայմանավորված էլ դժվարանում է որոշել, թե ՀՆԱ-ն իրականում ինչքանով է աճել, որովհետև օրինակ` մի քանի տարի առաջ 40 հազար դրամով կարելի էր ձեռք բերել սովորական հեռախոս, իսկ այսօր` սմարթֆոն: Որակի տարբերություններն այստեղ ակնհայտ են, բայց ՀՆԱ-ով այս տարբերությունը չի արտահայտվում` միայն գումարն է արձանագրվում:

Երրորդ թերությունը ՀՆԱ-ի «կուրությունն» է արտադրանքի վերջնական օգտագործման նկատմամբ: Այսինքն` եթե մի տարի կառավարությունը մեծ գումարներ է ներդնում, օրինակ` կրթության ոլորտում, իսկ հաջորդ տարի` նույնքան ներդրումներ է կատարում, օրինակ` մի ինչ-որ ձախողված նախագծի վրա, ենթադրենք` ոչ ոքի պետք չեկող ավտոմեքենա է արտադրում, միևնույն է, երկու դեպքում էլ թվերը ՀՆԱ աճի միևնույն քանակն են ցույց տալու: Եվ վերջապես, մեծ թերություն է, որ ՀՆԱ-ն ոչինչ չի ասում ՀՆԱ-ի սոցիալական հետևանքների կամ բաշխվածության մասին, որովհետև հասարակության մեջ ապրանքների ու ծառայությունների սպառումը համաչափ չի բաշխվում:

Տնտեսագետները երկնիշ աճի հնարավորության մասին են խոսում

բոստանջյան վարդանԱյս ամենով հանդերձ, ՀՆԱ-ն տնտեսական գործունեության ընդհանուր մակարդակի պարզագույն, բայց անչափ կարևոր ուղին է, ցույց է տալիս ընդհանուր տնտեսության աճը:
Մի խոսքով, 2013 թ. ՀՀ-ում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Ու դա տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լավ ցուցանիշ չի համարում, քանի որ եթե նաև ելնենք նախորդ տարիների, այսպես կոչված, տնտեսական աճի ցուցանիշներից ու այդ ցուցանիշին համադրենք ՀՆԱ-ի այս տարվա պաշտոնական թիվը, ապա այն չի առաջացրել այն պոտենցիալը, այն հիմքերը, որոնք պետք է ապահովեին որոշակի թռիչք` զարկ հետագա զարգացման համար:

«Նման պատկերը տխուր է ներկայանում բազմաթիվ առումներով: Անընդհատ այդ սպասողական վիճակը, թե հիմա կհայտնվեն միտումներ, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնց պարագայում մենք ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրենք, այդ հույսերը չեն արդարանում: Եվ այդ առումով էլ պայմանավորված` այդ ցուցանիշները համարվում են ոչ բարձր: Բոլոր դեպքերում, եթե մենք ուշադրություն դարձնենք նախորդ տարիների դինամիկային, անցած ամբողջ ժամանակահատվածում մենք տեսել ենք, որ տնտեսական աճի առումով երբեք չենք գրանցել այնպիսի թվեր, ինչի վերաբերյալ կանխատեսումներ են եղել: Իհարկե, նման ձախողումների պարագայում նրանք միշտ հղումներ են կատարել, միջազգային տնտեսական ճգնաժամին, որն, իբր, դեռևս շարունակվում է»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Նրա բնորոշմամբ` Հայաստանում այսօր ընդհանուր տնտեսությունը, գործարար միջավայրը տեղում դոփում է, չի զարգանում, իսկ հասարակ մարդկանց ոչինչ չի ասում ՀՆԱ-ի 3.5-տոկոսանոց աճը, քանի որ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա զգում է օրեցօր ծանրացող սոցիալական խնդիրների բեռը:

Իսկ կանխատեսված 6.2 տոկոս ՀՆԱ աճի փոխարեն ընդամենը 3.5 տոկոս աճի ցուցանիշ ստանալու առումով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ մեր հարևաններին կամ համաշխարհային տնտեսությանը նայելով` ակնհայտ է, որ մի քանի անգամ փոփոխվել են ՀՆԱ աճի կանխատեսումները: Այսինքն` այնպես չէ, որ մի որևէ երկիր դրել է կոնկրետ ՀՆԱ աճի կանխատեսում ու հասել է դրան: Դա Թաթուլ Մանասերյանը բացատրում է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո առկա անորոշությամբ ու այն հանգամանքով, որ ոչ մի երկիր հստակ ձևավորված տնտեսության մոդել չունի. նեոլիբերալիզմը վաղուց իր տեղը զիջել է, բայց թե ինչ մոդելներ են ավելի ընդունելի տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար` դեռևս անորոշ է: Իսկ Հայաստանում գրանցված ՀՆԱ աճի տեմպի մասին, ինչպես նշեց տնտեսագետը, կարելի է ասել նաև, որ գոյություն ունեցող հնարավորությունները լավ չեն օգտագործվել:

«Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, դրանից ավելի խիստ էլ կարելի է ասել, որ երկրի ղեկավարի կողմից էլ 6-7 տոկոս տնտեսական աճի պահանջ էր դրվել: Եվ ես ասեմ, որ դա ամենահամեստ պահանջն է, որովհետև դրանից ավելի պակաս տնտեսկան աճ արձանագրելով` չի կարելի հավակնել մրցակցային առավելությունների բացահայտման ու իրացման, երկրորդ` թեկուզ հենց տարածաշրջանում, եթե ոչ համաշխարհային տնտեսությունում, սեփական տեղը զբաղեցնելուն: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի տնտեսությունն այս պահին, եթե մեր ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները ճիշտ հաշվի առնենք ու օգտագործենք` երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունի»,- նշեց Թաթուլ Մանասերյանը` մասնավորեցնելով, թե այդ ռեսուրսների օգտագործումը, առանց չափազանցնելու, ընդհուպ մինչև 10-15 տոկոս, իսկ առավելագույնը մինչև 30 տոկոս տնտեսական աճի հնարավորություններ կստեղծի:

Հարկ է նշել նաև, որ զարգացող երկրները գրանցում են ոչ թե կայուն տնտեսական, այլ վերականգնողական աճ. դա կայուն տնտեսական աճից էապես տարբերվում է:
Օրինակ` 1-2 տոկոս տնտեսական աճը ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում բավականին շոշափելի կլինի, իսկ Հայաստանում անգամ երկնիշ տնտեսական աճը չի անդրադառնում կամ շատ քիչ է անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա : Այսինքն` Հայաստանի պես զարգացող երկրներում, նշում է Թաթուլ Մանասերյանը, տնտեսական աճը չի կարող սահմանափակվել միանիշ թվերով:

Ի դեպ, 2014 թվականի բյուջեով էլ կառավարությունը կանխատեսում է ոչ թե Մանասերյանի նշած երկնիշ աճը, այլ ընդամենը 5,2 տոկոս: Եվ 2013 թվականի դառը փորձը ցույց է տալիս` բացառված չէ, որ այս կանխատեսումն էլ արժանանա այս տարվա ցուցանիշի ճակատագրին:

 

Բացի խոհանոցից, կանայք այլ ոլորտներ էլ լավ կղեկավարեն

ԳՐԱՖԻԿԱՕրերս հին բարեկամուհիներիցս մի օրիորդի` բուհերից մեկի կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Շուշանիկ Ա.-ին առաջիկա տոների կապակցությամբ բարեմաղթանքներ ուղղեցի. «Առաջիկա տոներդ շնորհավոր, Շուշանիկ ջան, ուսմանդ մեջ հաջողություններ, իսկ հետագա ծրագրերիդ` կատարում. մի օր վարչապետ դառնաս ու երկրի տնտեսությունը նորմալ կառավարես»:

Շուշանիկն էլ, քաղաքավարությունից ելնելով, շնորհակալություն հայտնեց, բայց նաև չմոռացավ ավելացնել. «Մեր երկրի նորագույն պատմության մեջ քանի՞ կին վարչապետ ես տեսել, որ ես էլ հնարավորություն ունենամ վարչապետ դառնալու: Երկրի կառավարումը, բարձրագույն իշխանության համակարգը տղամարդկանց մոնոպոլիան է: Իսկ կանանց թողել եք տնային գործերը կառավարելու սրբազան պարտականությունը»:

Չօգնեց անգամ իմ այն փաստարկը, թե կին նախարարներ, պատգամավորներ էլ ունենք: Շուշանիկի մեկնաբանությամբ` մի երկու պաշտոն ձևի համար տղամարդկանց իշխանության կողմից ուղղակի թողնվել է կանանց:
«Չե՞ս հավատում, շուրջդ նայիր, ուսումնասիրիր, թե երկրի բարձրագույն իշխանությունների կազմում քանի կին կա, ու ինչպիսի համամասնությամբ են ներկայացված իշխանության տարբեր ճյուղերում»,- խորհուրդ տվեց բարեկամուհիս:

Հայաստանում հստակ արտահայտված «հայրիշխանություն» է

Հետաքրքիր «առաջադրանք» էր, որոշեցինք հաշվել: Իրավիճակը, մեղմ ասած, Շուշանիկի «կողմից էր» ու ստացվեց հետևյալ պատկերը:
Երկրի գործադիր մարմնում` կառավարությունում, 18 նախարարներից ու 1 կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից միայն 2-ն են կին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այսինքն` տոկոսային հարաբերակցության առումով կառավարության կազմում կանայք կազմում են նախարարների 10.5 տոկոսը:
Փոխնախարարների շրջանում համատարած հայրիշխանություն է: 62 փոխնախարարներից միայն 7-ն են կին` աշխատանքի ու սոցիալական հարցերի 2 փոխնախարարները, էկոնոմիկայի, ԿԳՆ-ի, մշակույթի, քաղաքաշինության և ֆինանսների 1-ական փոխնախարարները: Այսինքն` փոխնախարարների մեջ կանայք կազմում են 12.3 տոկոս: Կառավարությանն առընթեր 8 մարմիններից վարչություններից ու ծառայություններից և ոչ մեկը կին չի ղեկավարում: Նույնիսկ դրանց ղեկավարների տեղակալների մեջ էլ, ըստ կայքերում հրապարակված տեղեկատվության, կանայք բացակայում են:10 մարզերն ու մայրաքաղաքն էլ են 100 տոկոսով տղամարդիկ ղեկավարում: Ինչ վերաբերում է տեղակալներին, ապա Երևանի քաղաքապետի 4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ, ՀՀ 25 փոխմարզպետներից էլ ընդամենը 2-ը կամ 8 տոկոսն են կանայք` Արմավիրի ու Արագածոտնի 1-ական փոխմարզպետները:

Ինչ վերաբերում է երկրի օրենսդիր իշխանությանը` Ազգային ժողովին, ապա այստեղ մի քանի տարի առաջ, ինչպես հիշում ենք, հայ օրենսդիրները գնացին կանանց թվաքանակի քվոտավորման ճանապարհով: Այսինքն` պատգամավորների որոշակի տոկոսը պետք է լինեն կանայք: Նայենք ներկա ԱԺ-ին:131 պատգամավորներից միայն 12-ը կամ 9.16 տոկոսն են կանայք: Մասնավորապես` ՀՀԿ խմբակցության 70 պատգամավորներից կանայք 8 հոգի են և կազմում են խմբակցության մոտ 11.43 տոկոսը, ԲՀԿ 36 պատգամավորներից 2-ն են կանայք և կազմում են խմբակցության մոտ 5.5 տոկոսը, ՕԵԿ 6 պատգամավորներից միայն 1-ն է կին, ինչի արդյունքում խմբակցութան մոտ 17 տոկոսն է կազմում իգական սեռի ներկայությունը, ՀՅԴ-ի 5 պատգամավորներից և ոչ մեկը կին չէ, «Ժառանգությունում» էլ Զարուհի Փոստանջյանի հեռանալուց հետո կանայք բացակա են: Խումբ-խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավորներն էլ տղամարդիկ են: ԱԺ կին պատգամավորներից 1-ը` ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, փոխխոսնակ է, 1 կին խմբակցության ղեկավար է` Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), մեկ կին էլ խմբակցության քարտուղար է` Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):
Եթե անուններով նշենք, ԱԺ կին պատգամավորներն են` ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մարինե Մարաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանն ու Կարինե Պողոսյանը: ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը և ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Միայն անուններին նայելով` արդեն իսկ պարզ է, որ ԱԺ կին պատգամավորները հիմնականում ակտիվ են, մշտապես մամուլի ու հասարակության ուշադրության գոտում են, շատ դեպքերում ԱԺ իրենց գործընկերներից շատ ավելի ակտիվ են ու արդյունավետ են աշխատում:

Դատական իշխանություններում էլ գրեթե նույն պատկերն է. սահմանադրական դատարանի 9 անդամներից միայն 1-ն է կին, արդարադատության խորհրդի 11 անդամներից միայն 2-ն են կանայք, իսկ դատարանների նախագահների խորհրդի 23 անդամներից և ոչ մեկը կին չէ: Այսինքն` իշխանության այս ճյուղում ևս հայրիշխանություն է. ոլորտի բարձրագույն կառավարման օղակներում 43 հոգուց ընդամենը 3-ն են կանայք:

Այսպիսով ստացվում է, որ հանրապետության իշխանության 3 ճյուղերի ղեկավար օղակներում 303 բարձրաստիճան պաշտոնյաներից ընդամենը 26-ն են կանայք:

(այստեղ պետք է լինի գրաֆիկը)

Նայելով համաշխարհային պատմությանը` տեսնում ենք, որ հռչակավոր կին առաջնորդների օրինակներ, թեկուզ քիչ, բայց կան: Օրինակ` Ժաննա Դ’Արկը, Մարգարետ Թետչերը, Ինդիրա Գանդին և այլք: Ներկայումս էլ կան երկրներ, որոնց ղեկավարները կանայք են: Օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ աշխարհաքաղաքական գործընթացներում բավական ազդեցիկ գործիչ է, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբգաուսկայտեն, որ նույնպես բավականին հանրաճանաչ ղեկավար ու ակտիվ գործիչ է, և այլն:

Իսկ Հայաստանում ղեկավար պաշտոններում կանանց քիչ հայտնվելը հոգեբաններն ու սոցիոլոգները, ինչպես նաև բազմաթիվ ուսումնասիրողներ ու վերլուծաբաններ ազգային մենթալիտետի հետ են կապում: Հայերիս մոտ ավանդաբար ձևավորված մոտեցում է` կինը պետք է տան հոգսը հոգա, իսկ տղամարդը աշխատի, կռվի, ղեկավարի տունը, երկիրը և այլն:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կանայք հատկապես իրենց հեռատեսության, արագ կողմնորոշվելու շնորհիվ (որը կենսահոգեբանների պնդմամբ` մայրական բնազդ է) ինքնադրսևորվում են որպես բավական հաջողված ղեկավարներ: Բազմաթիվ հաջողակ կին գործարարներ կան մեր կողքին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Բայց քաղաքականության մեջ կանայք իրենց ուղին դեռ չեն հարթել: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ տղամարդիկ քաղաքական կուսակցությունները, իշխանական պոստերը վերածում են տղամարդկային ակումբների ու ամեն ինչ անում են, որ կանայք այդ ակումբներ հնարավորինս քիչ մուտք գործեն: Սա առաջին հերթին պայմանավորված է տղամարդկանց` կանանց հետ մրցակցությունից վախենալով, քանի որ կանայք, լինելով ավելի գրավիչ, ավելի կոռեկտ, միշտ էլ ավելի լավ այլընտրանք են եղել տղամարդ թեկնածուների համար: Ուստի տղամարդիկ ամեն ինչ անում են, որ կանայք քիչ հայտնվեն քաղաքական գործընթացներում: Տղամարդ քաղաքական գործիչները մեխանիկորեն փոքրացնում են իրենց մրցակիցների զուտ ֆիզիկական թվաքանակը:

Ամեն դեպքում, բացի որոշ հաջողված ու խոստումնալից օրինակներից, հայաստանյան քաղաքական գործընթացներում, վարչական բարձր պաշտոններում կանայք դեռ շատ փոքր թիվ են կազմում:

Սա իր օբյեկտիվ պատճառն էլ ունի. նույն մենթալիտետից ելնելով, ինչպես նաև տնային բազմաթիվ հոգսերով ծանրաբեռնված լինելով, կանայք ավելի քիչ ժամանակ ու ցանկություն են ունենում քաղաքականությամբ զբաղվելու, հետևաբար, նաև ավելի դժվար են վեր բարձրանում քաղաքական կարիերայի սանդուղքով: Տարբեր կուսակցությունների ու քաղաքական միությունների ներկայացուցիչների հետ մեր ունեցած զրույցներից դատելով էլ կարելի է ասել, որ քաղաքականապես պատրաստված ու շատ ակտիվ կանայք շատ չեն` միայն անհատներ են: Արդյունքում ունենք վերոհիշյալ պատկերը:

Ինչևիցե, շնորհավոր բոլոր կանանց, աղջիկների, մայրերի ու քույրերի միամսյակը, ու թող ղեկավար պաշտոններում նշանակվել-չնշանակվելու հարցերն այլևս պայմանավորված չլինեն քնքուշ սեռի հետ մրցակցելուց վախենալու հանգամանքով:

Ոգևորվե՞լ ուկրաինա-ղրիմյան իրադարձություններից, թե՞ ոչ. սա միակ խնդիրը չէ

Սաշկո բելիՀենց այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն թույլ տվեց նախագահ Պուտինին «Ուկրաինայի թնջուկում» կիրառել երկրի զինված ուժերը, Հայաստանում որոշակիորեն աշխուժացան տեսակետները, թե Ղրիմի անջատումն Ուկրաինայից Արցախի հարցի լուծման հարցում լավ նախադեպ է, և եթե դա տեղի ունենա, ապա մոտ կլինի նաև Արցախի հարցի կարգավորումը:

Մայդանի շրջադարձային իրադարձություններից հետո ռուսական ամբողջ քարոզչամեքենան, բոլոր հնարավոր միջոցներով փորձում է նախ իր սեփական ժողովրդին, հետո համաշխարհային հանրությանը համոզել, թե Ուկրաինայում` Մայդանում, իշխանության են եկել նացիստ-շովինիստները, հակառուսները, որ ռուսական տարրն Ուկրաինայում վտանգված է, Ղրիմը ռուսի արյամբ «ազատագրված» հող է, որը միայն խրուշչովյան քմահաճությամբ, գրչի մեկ շարժումով է հայտնվել Ուկրաինայի կազմում և այլն: Եվ որոշ հայեր ոգևորվել են, թե կա, այնուամենայնիվ, աշխարհում պատմական արդարության սկզբունքը, հակառակ դեպքում Ռուսաստանն ինչպե՞ս պետք է զորք մտցնի Ուկրաինա` Ղրիմ:

Թե՛ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, թե՛ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը օրերս լրագրողներին ասացին, խոսակցություններն այն մասին, թե Ղրիմի հնարավոր անկախությունը կամ Ուկրաինայից անջատումը կարող է նախադեպ լինել Արցախի դեպքում, զավեշտ և անլուրջ մոտեցում են: Ալեքսանդր Իսկանդարյանը մասնավորապես նշեց. «Արցախի հիմնախնդրի լուծումը և անկախության ճանաչումը կախված է ոչ թե դոմինոյի էֆեկտից, այլ քաղաքական իրողությունից»:

Արժե հիշել, որ նույն ոգևորության ալիքը բարձրացավ հայերիս մոտ, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի, հետո` Հարավային Օսիայի անկախությունը: Բայց դա, ինչպես տեսանք, ամենևին էլ նախադեպ չդարձավ, որպեսզի նույն Ռուսաստանը ճանաչեր ԼՂՀ անկախությունը: Նույնպիսի մի ոգևորություն առաջացավ հայ հանրության շրջանում, երբ Արևմուտքի կողմից ճանաչվեց Կոսովոյի անկախությունը. այդ ժամանակ էլ թնդացնում էինք, թե ազգերի ինքնորոշման իրավունքն այնուամենայնիվ գերադասվեց տարածքային ամբողջականության սկզբունքից և այլն:

Յարոշ, Սաշկո Բիլիյ ու եվրաչինովնիկներ, կամ Պուտին ու ՌԴ. մեր ընտրությունը մեծ չէ

Ամենայն հավանականությամբ Ռուսաստանն ամենևին էլ մտադիր չէ Ղրիմին վերատիրանալու հարցում Ուկրաինայում ստեղծված հիանալի առիթից հրաժարվել: Եվ, հավանաբար, Ռուսաստանին այս հարցում իր մտադրությունից հետ չի պահի անգամ աշխարհի մյուս հզորների բացասական վերաբերմունքը: Պաշտոնական Մոսկվան այսօր իրավամբ ակնհայտ սպառնալիք է տեսնում Ուկրաինայի` Մայդանից բարձրացած նոր իշխանությունների կողմից, ու այդ իրավունքը նրան տվել են դմիտրիյարոշներն ու սաշկոբիլիները:

Ծայրահեղական աջ սեկտորի ղեկավար Դմիտրի Յարոշն ու նրա թիմը, ներառյալ` Սաշկո Բելիյը, որ հայտնի է որպես չեչեն գեներալ Ջոհար Դուդաևի թիկնապահ և կալաշնիկովն օդում ճոճելով լեղաճաք է անում ոչ միայն ուկրաինացի նախկին իշխանություններին, այլև ընդամենը մի քանի օր առաջ իր կողքին բարիկադների վրա կռվող «ժողովրդին», բենդերականներ են: Ու ասելով «բենդերական»` պետք է հիշենք, որ բենդերականներն ուկրաինական նացիոնալիստ ՕՈՒՆ-ի`«Ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության» առաջնորդ Ստեփան Բենդերի հետևորդներն են: Այդ նույն բենդերներն են Վոլինյան ջարդերն իրականացնողները, որոնք 1943 թ. կոտորեցին 60 հազար լեհերի, իսկ որոշ գյուղերում էլ` նաև հրեաների, հայերի և այլն: Եվ այդ նույն բենդերները դեռևս 1942-ին իրենց ծրագրում նշում էին. «Անկախության համար ռազմական գործողությունների սկզբում ամեն գնով վերացնել ազգային փոքրամասնություններին: Իսկ այդ հարցը լուծելու համար պետք է ազգային փոքրամասնություններին ոչնչացնել… Ռուս ակտիվիստներին, որոնք պայքարում են ուկրաինացիների դեմ, անպայման ոչնչացնել… Հրեաներին պետք չի ոչնչացնել, բայց քշել Ուկրաինայից: Համարվում է որ նրանք մեծ ազդեցություն ունեն Անգլիայում և Ամերիկայում: Հայերին մեկնաբանել որպես հրեաներ` հաշվի առնելով, որ նրանք նվիրված են Ռուսաստանին» (բերված է Tert.am- ի` Վահան Իշխանյանի բլոգում` նրա կողմից):

Մի՞թե անցյալ դարակեսին հայերի հանդեպ «հատուկ» վերաբերմունք ունեցող բենդերներն այսօր ավելի բարեկիրթ ու «եվրոպական արժեքների» կրող են դարձել: Դատելով նրանց գազանությունների նկատմամբ Եվրոպայի հիացմունքից ու արձագանքներից, կարելի է ասել` այո: Սակայն եվրոպական արժեքներ ասելով` մենք թերևս մի քիչ այլ բան ենք հասկանում:
Եվ հայերին ուկրաինացի նեոնացիստների կողմից սպառնացող վտանգը չի կարելի չեզոք համարել միայն այն բանի համար, որ դրանց կողքին` Մայդանի բարիկադների վրա, հայեր էլ զոհվեցին: Այո, երկու հայ զոհվեց, իսկ Ուկրաինայի հայ համա՞յնքը…
Ուկրաինայի հայկական համայնքը հայտարարել է, որ չեզոքություն է պահպանում: Արդյոք սա կներե՞ն սաշկոբիլիներն ու դմիտրիյարոշները: Դժվար թե…

Հայ եղբայրներին ո՞վ պետք է օգնի…

Արդեն հասունանում է Հայաստանի ու հայության` ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ հստակ դիրքորոշումը արտահայտելու հարցը: Քանի որ Ուկրաինայի գործընթացները Հայաստանի համար որոշակի անհարմարություններ կարող են ստեղծել: Որովհետև Հայաստանն ու Ուկրաինան ԱՊՀ անդամ են, բացի այդ, Հայաստանը Ուկրաինայի հետ գործընկեր է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, բավականին զարգացած մշակութային, տնտեսական և այլ կապեր ունի: Մյուս կողմից` Ուկրաինայում այսօր հասունացող քաղաքական խնդրի մի կողմն էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է` Ռուսաստանը, որի նախագահն օրերս Ուկրաինայում զինուժի հնարավորությունները օգտագործելու իրավունք ստացավ: Այսինքն` հայկական կողմը չի կարող, ասենք, Շվեդիայի արտգործնախարարի օրինակով, հանդիմանել Ուկրաինայի վերջին ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին կամ չճանաչել նրա իշխանության լեգիտիմությունը, քանի որ Ռուսաստանը հակառակ կարծիքի է:
Մյուս կողմից էլ չի կարող չճանաչել կամ չհարգել ԵՄ երկրների դիրքորոշումը Կիևի նոր իշխանությունների վերաբերյալ, քանի որ բազմիցս հայտարարել է, որ «եվրոպական արժեհամակարգի» որդեգրման առումով Հայաստանի համար այլընտրանք չկա, իսկ եվրոպացիներն այսօր պնդում են, թե Մայդանում հաղթեցին հենց եվրոպական արժեքները: Բացի այդ, դեմ արտահայտվելով Կիևում զինված ու իրենց ամենաապահովը զգացող ծայրահեղական նեոնացիստներին, կարող են վտանգել հայ համայնքը:
Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ Հայաստանը նաև որոշակի պարտավորություններ ունի ՀԱՊԿ շրջանակներում, ուստի այդ առումով օրախնդիր հարցեր են առաջանում`ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, ինչպիսի՞ քաղաքականություն վարի այս ուղղությամբ: Թերևս հասկանալի է ՀՀ ԱԳՆ-ի լռություն պահպանելու դիրքորոշումն ու այս հարցերին որևէ կերպ մեկնաբանելուց հրաժարվելը:

Մինչ Մայդանի ակտիվիստների հաղթանակից ոգևորվելը, թե իշխանություններին հնարավոր է նաև հաղթել, կամ մինչև ռուսների «ղրիմյան արշավանքից» ոգևորվելը, թե այն կարող է ԼՂՀ ճանաչման հարցում նախադեպ ստեղծել, կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիրներ են ստեղծվել կամ ինչ խնդիրներ կարող են ստեղծվել ուկրաինահայության համար:

Չնայած այս առումով ՀՀ սփյուռքի նախարարությունից հավաստիացրին, թե Ուկրաինայի հայ համայնքի հետ մշտապես գործող կապ կա, հայերը չեն խառնվում քաղաքական գործընթացներին, սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանն էլ նշեց, թե «կոնկրետ հայ համայնքի հետ ինչ-որ խնդիրներ, բախումներ չկան, մարդիկ ապրում են նորմալ ու բնականոն կյանքով», այնուամենայնիվ, մեզ չի հաջողվի երկար լռել: Որովհետև Ուկրաինայում ներկայումս ստեղծվել է բավական բարդ քաղաքական իրավիճակ, որն արտաքնապես համեմատելի է Կարիբյան ճգնաժամի հետ: Իսկ այդպիսի ճգնաժամերում, երբ աշխարհաքաղաքական խաղացողների միջև ի հայտ է գալիս լուրջ առճակատում, պետք է հստակեցնես, թե ում թիմից ես խաղում: Առավել ևս, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ղրիմի թաթարների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք: Մենք առաջինը կշտապենք մեր դժվարության մեջ հայտնված եղբայրներին օգնության»:
Իսկ հայ եղբայրներին ո՞վ պետք է օգնի:

 

Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը Հայաստանի շահերից չի բխում

արժեզրկումՎերջին օրերն անցնում են ռուբլու էական արժեզրկմամբ: Ռուս մասնագետների հաշվարկներով` միայն այս տարվա սկզբից դոլարի նկատմամբ ռուբլու գնողունակ պահանջարկը նվազել է 8 տոկոսով: Անցյալ շաբաթվա կեսերին մոսկովյան բորսաներում դոլարը հատեց 35 ռուբլու սահմանը` թարմացնելով առավելագույն արժևորման վերջին ամենաբարձր` 2009 թ. մարտին արձանագրված ցուցանիշը: Ռուսական «Բիզնես օնլայն» տեղեկատվական հարթակի մասնագետները սպասում են ռուբլու վայրիվերումների, բայց հույս ունեն, որ ռուբլին դեռ կարող է կորուստները վերականգնել:

Ռուբլին արագ արժեզրկվում է. պետք է սպասել հետևանքներին

ԱՄՆ դոլարի և եվրոյի արժևորումը ռուսական ռուբլու նկատմամբ սկսվեց դեռևս 2013 թ. գարնանը: Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը, ինչպես ժամանակին Հայաստանում էր, կարգավորվում է երկրի ԿԲ-ի կողմից: Ռուսական ղեկավարությունը մտադիր է աստիճանաբար լողացող փոխարժեքի քաղաքականության անցնել: Նման պայմաններում նախորդ տարվա գարնանը ռուբլին արժեզրկվեց մոտ 10 տոկոսով, որը դրական անդրադարձ չունեցավ ռուսական տնտեսական վիճակի վրա: 2014 թվականի հունվարից, երբ ՌԴ կենտրոնական բանկը «իջեցրեց» փոխարժեքը, արժեզրկումը դանդաղ ընթացքից տեղափոխվեց արագ ընթացքի փուլ` սկսեց ավելի արագ արժեզրկվել:

Այն հիմնական իրադարձությունները, որ տեղի են ունենում Ռուսաստանում, մեր տնտեսության համար չափազանց կարևոր են, որովհետև Ռուսաստանը մեր թիվ մեկ տնտեսական գործընկերն է: Այս փաստն օրերս արձանագրեց նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե տարեսկզբից դիտարկվող ռուբլու շարունակական արժեզրկումն ինչպես կանդրադառնա հայկական դրամի վրա:
Ըստ նախարարի` Հայաստանի համար կարևոր է հասկանալ Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընթացները: ՌԴ-ում, ինչպես և մի շարք այլ զարգացող երկրներում, նշեց նախարարը, 2013 թվականը նշանավորվեց նրանով, որ տնտեսական աճի էական դանդաղում արձանագրվեց: Իսկ մեր հիմնական առևտրային ու ներդրումային գործընկեր Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը մեզ վրա չի կարող չազդել:

«Այս առումով մեր վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե բացի տնտեսական աճի ու ներդրումների ցուցանիշներից, ինչ այլ գործոնների վրա մենք կարող ենք զգալ գործընթացների ազդեցությունը, արդյոք կլինի ազդեցություն փոխարժեքի՞, թե՞ այլ ցուցանիշների վրա»,- հայտնեց Դավիթ Սարգսյանը:
Իսկ թե ինչու է Ռուսաստանում ռուբլին արժեզրկվում, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պարզաբանեց, որ ՌԴ կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի ռեժիմի անցման արժութային քաղաքականություն է իրականացնում, նրանց մոտ կա «փոխարժեքային միջակայք» և յուրաքանչյուր ամիս արժույթը չպետք է տատանվի այդ միջակայքի սահմաններից վերև կամ ներքև: Ռուսական կողմն աստիճանաբար ընդլայնում է այդ միջակայքը` անցում կատարելով դեպի լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

Սակայն հունվարի 31-ին ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը հայտարարեց, որ 2013 թ. Ռուսաստանում ինֆլյացիան կարող է ավելի բարձր լինել, քան 4.8 տոկոս կանխատեսումը և կազմել 5.2 տոկոս, սակայն կմնա նախասահմանված 4.5-5.5 տոկոսի սահմաններում, բայց ամենայն հավանականությամբ, ավելի բարձր չի լինի 5.5 տոկոսից:

Ռուսաստանում երկար ժամանակ տնտեսական աճը պայմանավորված է եղել նավթի գների շարունակական աճով, Հայաստանում` անշարժ գույքի գների շարունակական աճով և այլն: Բայց այսօր, նշեց նախարարը, աշխարհում իրադրությունը փոխվել է, և ամբողջ աշխարհը, այդ թվում և Ռուսաստանն ու Հայաստանը, կանգնած են այն հարցի առջև, թե որն է հաջորդ տարիների տնտեսական աճի բանալին:

Ամեն դեպքում` բացասական սպասումներ ունենք

Այս կապակցությամբ միանգամայն այլ տեսակետ ունի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա բնորոշմամբ` կառավարության անդամները տեղյակ չեն, թե աշխարհում ինչ է կատարվում, կամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր տնտեսության վիճակն աշխարհում վատացել է, դրա հետևանքով մեզ մոտ էլ է վատանում: Ճիշտ հակառակը` աշխարհում տնտեսության վիճակը լավ է, գրանցվել է 3 տոկոսանոց աճ, ԱՄՆ-ում` 2,9 տոկոս տնտեսական աճ, որն անսպասելի է, Չինաստանում` 7,4 տոկոսի փոխարեն` 7,7 տոկոս:

«Եվ քանի որ աշխարհում, հատկապես` Արևմուտքում, վիճակը լավացել է, վերջին եռամսյակը եվրոպական տնտեսությունը փակեց աճով, ու այս տարի արդեն 1 տոկոս աճ է սպասվում Եվրոպայում, փողերը, այսպես կոչված, էմերջինգ շուկաներից, փոխանցումային շուկաներից, այն երկրներից, որոնք արագ են զարգանում, գնում են դեպի Արևևմուտք»,- պարզաբանեց Բագրատյանը:

Սա Հրանտ Բագրատյանի բերած պատճառներից մեկն էր: Երկրորդը` ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի QI ծրագիրը, համաձայն որի ֆեդերալ ռեզերվ համակարգը 85 մլրդ փող էր տպում ու տալիս բանկերին, հասավ նրան, որ արդեն պետք է դադարեցնի այդ գործընթացը` տնտեսությունը «չեռացնելու» համար: Այսինքն` դրությունն Արևմուտքում լավացել է, արևմտյան արժեթղթերի եկամտաբերությունը բարձրացել է, ու այդ պատճառով փողը Չինաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից տանում են այնտեղ:

Օրինակ, ռուսական բանկերի ընդհանուր պարտավորությունները կազմում են մոտ 1,5 տրիլիոն դոլար, որից 550 միլիարդը արտասահմանյան փողեր են, ու արտասահմանցին արդեն իր փողը տանում ու ԱՄՆ-ում ներդրում է կատարում, քանի որ ավելի վստահ է ԱՄՆ-ի այդ 3 տոկոս աճին:

Այս առումով Հայաստանի վրա առաջին հերթին ոչ թե ռուսական ռուբլու արժեզրկումը կանդրադառնա, այլ այն, որ մեր բանկերում մոտ 1,5 միլիարդ դոլար արևմտյան փող կա: Եվ եթե այդ փողի արտահոսք սկսվի, վարկերը կթանկանան ու տնտեսության առանց այդ էլ շատ ցածր աճի տեմպերը կդառնան 0 կամ մինուս:
«Սրանից հետո միայն ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է անդրադառնալ հայկական տնտեսության վրա»,- նշեց պատգամավորն ու շարունակեց, որ այդ արժեզրկումը, իհարկե, Հայաստանում կհանգեցնի որոշակի գնաճի:

Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ռուսական «Ռոսբալտը», գլոբալիզացիայի և սոցիալական շարժումների հետազոտական ինստիտուտում եկել են այն եզրահանգման, որ ռուբլու արժեզրկումը ռուսական տնտեսության համար դժվարություններ կստեղծի, բայց չի քանդի այն: Ինչպես նշում են կայքի փորձագետները, արժեզրկումը կթուլացնի սպառողներին ու արդյունաբերությունը, կծնի պարտքերի վճարման նոր տարկետումներ և կարագացնի գործազրկության աճը:
Սրանք են բոլոր գործընթացներն ու զարգացումները, որոնք ազդում են համաշխարհային տնտեսության, այդ թվում և Հայաստանի տնտեսության վրա:
Ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարի պնդմանը, թե հենց ռուս փորձագետներն են նշում` այնպես չէ, որ ռուբլու արժեզրկումը միանշանակ վատ ազդեցություն է ունենալու ռուսական տնտեսության վրա, այլ կարող է նաև էժան փողի հնարավորություն ստեղծել ու խթանել արտահանման միտումները, ապա այս առումով ուշագրավ է ռուս փորձագետների կանխատեսումը. «Ռուբլու արժեզրկումից չպետք է ներմուծման նկատմամբ հաղթանակ ակնկալել: ԱՄՀ շրջանակներում արտասահմանյան ապրանքներն ավելի պատրաստ են ՌԴ քաղաքացիների գնողունակության անկմանը»,- համոզված են ռուս փորձագետները: