«Սրա վերջն ի՞նչ է լինելու». Հովիկ Աբրահամյանն ապշած է Վերահսկիչ պալատի բացահայտումներից

HOVIK_ABRAHAMYANԱզգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված են բազմաթիվ խախտումներ, թերացումներ մի շարք ոլորտներում։ Լուրջ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել հատկապես շինարարության և գնումների ոլորտում:

Հաշվետվության ներկայացումից հետո մինչ պատգամավորները հարցեր կուղղեին Իշխան Զաքարյանին, վերջինիս նախ հարց ուղղեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքն ուղղակի զարմացած է այս փաստաթղթից.  «Փաստորեն, մենք գործ ունենք թալանչիների հետ,-ասաց նա,-ես ուղղակի զարմացած եմ, պարոն Զաքարյան: Էս մարդկանց բոլոր գործերը նախ պետք է ուղարկվի դատախազություն: Բայց կարծես այս ամենը շարունակական բնույթ է կրում: Սրա վերջն ի՞նչ է լինելու: Փաստորեն բյուջեի փողերը լափում են որոշ մարդիկ…»:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ պատասխան են տվել Վերահսկիչ պալատին այն պետական կառույցների ղեկավարները, որտեղ բացահայտվել են չարաշահումները:

Իշխան Զաքարյանը նախ պատասխանեց, որ բոլորն էլ իրենց բացահայտումներն ընդունել են, բացառությամբ երկու դեպքի: Բացի այդ, Հանրապետական կուսակցությունում երկարատև քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում հստակ խնդիր է դրված եղել, որպեսզի պետական գերատեսչությունների ղեկավարները պատասխանեն, թե ինչ է փոխվել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: «Վարչապետը մեկ առ մեկ բոլորին հարցրել է, թե այդ գործերն ինչ ընթացքում են, իսկ մեզ շնորհակալություն է հայտնել մեր կատարած աշխատանքի համար: Բացահայտումների 80 տոկոսի դեպքում մենք ունենք հստակ պատասխաններ, և այդ պատասխանները դրված են կառավարության կայքում»,-ասաց Իշխան Զաքարյանը:

Միաժամանակ նա նկատում է, որ կան նաև պատասխաններ, որոնք ընդամենը պատասխաններ են՝ օրինակ, Վերահսկիչ պալատին չի բավարարել բիոզուգարանների հետ կապված պարզաբանումները:

Վերահսկիչ Պալատի նախագահը ևս մեկ անգամ փաստում է, որ այս պահին ամենալուրջ խնդիրը շինարարության և գնումների ոլորտում է: Որպես օրինակ՝ նա նշում է պետական կարիքների համար գնվող հսկայական հացը: «Մինչև հիմա մենք նորմալ ստանդարտներ չունենք սահմանված»:

Իշխան Զաքարյանը ենթադրում է, որ հավանաբար տարիներ շարունակ այդ բարձիթողի վիճակը ձեռնտու է եղել որոշ մարդկանց, սակայն հիմա իրենք փորձում են շտկել իրավիճակը: «Գուցե պատժի առումով ինչ որ անում ենք, դեռ բավարար չէ, բայց ամեն դեպքում, այս ամենի մասին բաց, հրապարակային խոսելն այս իշխանության հստակ դիրքորոշումն է:  Երեք տարի ես խոսում էի թոշակների մասին այս ամբիոնից, ոչ ոք չէր հավատում, որ ինչ որ բան կփոխվի: Բայց կարծես այսօր այդ թեմայով այլևսչեն խոսում»,-ասաց Զաքարյանը:

Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ուղղակի հանրության մոտ չստեղծվի տպավորություն, որ մենք հայտնաբերում ենք այդ թերությունները, բայց պատիժ չի լինում, որովհետև կստացվի, որ մենք էլ ենք մասնակից դրան: Վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի: Այս ացահայտումները պիտի լուրջ հետևանքներ ունենան: Կեղծիքներով, թալանով, յուրացումներով զբաղված մարդկանց պետք է ազատել աշխատանքից: Անփոխարինելի աշխատողներ չկան»:

«Խորքային առումով ես Ձեզ հետ համամիտ եմ, բայց կարծում եմ՝ որոշակի ժամանակ է պետք այդ խնդիրները լուծելու համար: Կան խնդիրներ, որ տարիներ շարունակ կուտակված են եղել, պետք է դրանք վեր հանենք, խոսենք դրանց մասին, շտկենք և գնանք առաջ»,-պատասխանեց Իշխան Զաքարյանը:

Ըստ Մհեր Շահգելդյանի`Ադրբեջանում հասկացել են, որ պատերազմով արդեն վաղուց ոչնչի հնարավոր չէ հասնել

մհեր շահգելդյանԱյսօր «Հենարան» մամուլի ակումբում  ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, շեշտեց, որԱդրբեջանը հասկացել է մի պարզ բան` պատերազմով արդեն վաղուց ոչնչի հնարավոր չէ հասնել:

«Իլհամ Ալիևի լեքսիկոնն է անգամ փոխվել: Նախկինում նա խոսում էր սպառնալիքի լեզվով, այժմ ավելի դիվանագիտական ուղի է բռնել», – ասաց Մհեր Շահգելդյանը և լրագրողներից մեկի հարցին, թե գուցե այդ մեղմացումը կապված է նախընտրական վիճակի հետ, պատասխանեց, – «Հենց սա է խնդիրը: Ընտրողներին գրավելու համար այդ երկրում ուժի գործոնն ավելի մեծ է, ուստի ևս մեկ անգամ հաստատվում է` Ալիևը հասկացել է, որ արդի աշխարհում ուժով որևէ բան չի փոխի»:

Պետք է իրավական տեսանկյունից հասկանալ` իրո՞ք օվշորային գոտում կարելի է ցանկացած մեկի անունով գործարք կատարել

մհեր շահգելդյանՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին շրջանի աղմկահարույց այն խնդրին, որ, ըստ վարչապետի, իր անվան տակ ինչ-որ մեկը Կիպրոսի օվշորային գոտում սեփականություն է գրանցել:

Ըստ Մհեր Շահգելդյանի` եթե վարչապետը նման կերպ է մեկնաբանում փաստը, ապա դա նրա կարծիքն է, բայց հարցը ամեն դեպքում պետք է մտնի իրավական հարթություն: «Նախ պետք է իրավական տեսանկյունից հասկանալ` իրո՞ք օվշորային գոտում կարելի է ցանկացած մեկի անունով գործարք կատարել: Եթե այո,  ապա  մեր օրենսդրությունը պետք է լուրջ փոփոխություններ կրի` համաշխարհային փորձին համահունչ», – ասաց Մհեր Շահգելդյանը:

Նախարարը խորհուրդ տվեց կարկուտից տուժած բնակիչներին ահազանգել թեժ գծին

timthumbՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներին հայտնեց մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ կարկուտից տուժած Արմավիրի մի շարք համայնքների բնակիչներին բանկերը ստիպում են վճարել տոկոսները` չնայած որ կառավարության որոշմամբ դրանք պետք է սառեցվեին:

Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հաստատեց, որ վարկերի վերաձևակերպման վերաբերյալ որոշում է կայացվել: Նախարարը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկին կից գործում է թեժ գիծ և խորհուրդ տվեց տուժած գյուղացիներին թեժ գծի միջոցով իրենց մտահոգող բոլոր հարցերը հայտնել Կենտրոնական բանկ:

Իրանի դեսպանը գազի հարցում ստե՞լ է, թե՞ չի տիրապետել իրավիճակին

images«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գազի սակագների բարձրացմանը` հիշեցնելով. «Հայտարարեցիք, որ Իրանը մեզ գազ է մատակարարում Ռուսաստանից շատ ավելի բարձր գներով, և այդ գինն աճելու է: Իսկ խողովակաշարը, որը գազ է մատակարարում Հայաստանին, լիովին բավարար է մեր կարիքներն ապահովելու համար»:

Այնուհետև պատգամավորը տեղեկացրեց, որ օրեր անց «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին հայտարարել է, որ Իրանը Հայաստանին առաջարկում է գազ Ռուսաստանից շատ ավելի էժան գնով:

Արզումանյանը պարզաբանում խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարից`թե արդյոք վերջինս պնդում է, որ Ռուսաստանն է ամենաէժան գազամատակարարը Հայաստանին. «Եթե այո, ապա ինչո՞ւ է ստում Իրանի դեսպանը և եթե ոչ, ապա ինչո՞ւ եք դուք մեզ թյուրիմացության մեջ գցում»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պնդեց իր նախորդ տեսակետը: Ավելին, նա հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների ընթացքում ինքը նաև բանակցություններ է վարել Իրանի գազի ազգային ընկերության տնօրենի, փոխնախարարի և նախարարի հետ` Հայաստան մատակարարվող գազի վերաբերյալ. «Պնդում եմ` նրանք չեն կարող մեզ ավելի էժան գազ տալ, քան առաջարկում է ռուսական կողմը»:

Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը, ապա նախարարն անձամբ դեսպանի բերանից դա չի լսել, բայց եթե նա իսկապես նման բան ասել է, ապա, Մովսիսյանի գնահատմամբ, դեսպանն ուղղակի չի տիրապետել իրավիճակին:

Արձագանքելով նախարարին` Արզումանյանն ասաց. «Ես էլ անձամբ չեմ տեսել բերանը բացել-փակելուց, ցիտում եմ լրատվամիջոցից»:

Պատգամավորի կարծիքով` Հայաստանի արտգործնախարարը պետք է համապատասխան զրույցի հրավիրի Իրանի դեսպանին և բացատրի, որ չի կարելի հասարակությանը թյուրիմացության մեջ գցել նման հայտարարություններով:

«Կառավարությունն իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն». Տիգրան Սարգսյան

arm136981121434«Ինչպիսի՞ն պետք է լինի պետական բյուջեի հաշվետվությունը, որ մենք կարողանանք բավարարել մեր ընհդդիմախոսներին և այն պատգամավորներին, որոնք ունեն հարցադրումներ»,-այսպես սկսեց վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ամփոփիչ ելույթը:

Նա հիշեցրեց, որ ներկայացվել է 2600 էջի վրա շարադրված հաշվետվություն, որից 1300-ը վերաբերում է ոչ ֆինանսական խնդիրներին:

Որպես կարևորագույն ձեռքբերում` վարչապետն ընդգծեց ամեն օր օնլայն ռեժիմով բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը` նշելով, որ Հայաստանն այդ առումով աշխարհի հնգյակի մեջ է: «Սա աշխարհում գոյություն ունեցող թափանցիկության ամենաբարձր մակարդակն է, և դա նշանակում է, որ մենք բացարձակապես ձեզանից բան չունենք թաքցնելու»,-ընդգծեց նա:

Այս ամենն, ըստ վարչապետի, դեմոկրատական հասարակություն կառուցելու ճանապարհին լրջագույն ձեռքբերում է: Վարչապետը քաղաքացիական հասարակության կառուցման կարևորագույն քայլերից է համարում նաև խորհրդարանում ծավալվող երկխոսությունը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կառավարության տնտեսական քաղաքականությունը կառուցված է ճիշտ, ճիշտ են ընտրված թիրախներն ու առաջարկվող մեխանիզմները, ասաց, որ այսօրվա փոփոխվող աշխարհում, ցավոք, կանխատեսելիության մակարդակը բավականին ցածր է. «Օրեցօր գնահատականները փոփոխվում են, իսկ մեր հիմնական տնտեսական գործընկերներ հանդիսացող երկրներում կանխատեսումներն այնքան էլ պոզիտիվ չեն, ինչը նշանակում է, որ փոփոխվելու է այն միջավայրը, որում մենք իրականացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը»:

Ո՞րն է այդ դեպքում ելքը: Ըստ վարչապետի` հիմնական շեշտադրումն այս պահին պետք է դնել ներքին ռեսուրսների բացահայտման վրա, առավելագույնս օգտագործել երկրի պոտենցյալը, ի գործխ դնել ներքին խնայողությունները` հաշվի առնելով, որ արտաքին շուկաներից գալու է բացասական ազդեցություն: «Դա նշանակում է, որ արդյունաբերական քաղաքականությունը, որն ունի արտահանման միտում, ամբողջությամբ արդարացված է»,-նշեց նա:

Ինչպե՞ս լուծել սոցիալական ոլորտի խնդիրները` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Ըստ վարչապետի` տարեցտարի պահանջվում է սոցիալական ոլորտի հատկացումների ավելացում, սակայն այդ հատկացումներն անելու համար նախ և առաջ պետք է ապահովել տնտեսական աճ: «Պետք է պայքարել ոչ թե աղքատության դեմ` որպես սոցիալական լուրջ մարտահրավեր, այլ դրանք ծնող պատճառների դեմ»:

Տիգրան Սարգսյանը կարևորեց նաև աշխատավարձերի ռեֆորմը. «Հուլիսի 1-ից ավելացվելու է նվազագույն աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հունվարի մեկից տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում բոլոր ոլորտներում»:

Անդրադառնալով դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականությանը` թե արդյոք այն նպաստել է տնտեսական աճին և ինչպիսին է կառավարության ռազմավարությունը` վարչապետն ասաց. «Սկզբունքային հարցը հետևյալն է. երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար պետք է ապահովել մակրոտնտեսական այնպիսի միջավայր, որ գնաճը լինի կանխատեսելի տնտեսավարող սուբյեկտների համար: Դա կայուն տնտեսական աճ ապահովելու լավագույն նախապայմանն է և աքսեոմատիկ ճշմարտություն»:

Վարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քաղաքական շահարկման և վրա, որի ընթացքում նաև մասնագիտական քննադատությունն են հնչում կառավարության հասցեին, թե. «Թող կառավարությունն իրականացնի ընդլայնողական քաղաքականություն, բայց արտաքին ու ներքին պարտքերը թող չաճեն, իսկ բյուջեի դեֆիցիտը լինի ցածր: Այսինքն, մեզ միևնույն ժամանակ քննադատում են, որ մենք չափից ավելի պարտք ենք վերցնում, բայց մյուս կողմից էլ քննադատում են, որ մենք զսպողական ենք»:

Իրականում, ըստ վարչապետի, կառավարությունն իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն:

«Ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհաստատաի, որ դա անհեթեթություն է». վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին

nara-tigran-sargsyan-copyԿառավարության 2012 թ. կատարողականի հաշվետվության վերաբերալ ամփոփիչ ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օֆշորային գոտում իր անունով ձեռնարկություն ունենալու վերաբերյալ տարածված տեղեկությանը: Նրա խոսքով՝ ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհաստատաի, որ դա անհեթեթություն է:

«Ավելին, որևէ մեկի համար դժվար չէ այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա էլ հենց օֆշորային գոտիների առանձահատկությունն է:

Նա նաև ասաց, որ անհրաժեշտ բացատրություն ինքն այդ ամենի վերաբերյալ արդեն տվել է՝ ասելով, որ դա անհեթեթություն է, և ինքը որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն չի գրանցել, ոչ էլ լիազորել է որրևէ մեկին դա անել: «Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է»:

Նա նկատեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերն իրեն հարցրել էր, թե որտեղ է գտնվել այդ օրը, երբ իր անունով գրանցվել է այդ ձեռնարկությունը: «Ես ասել եմ, որ այդ օրը պաշտոնական այցով գտնվել են Պրագայում, ինձ ուղեկցել են բազմաթիվ լրագրողներ, և բոլորը րոպե առ րոպե գիտեն, թե ես որտեղ եմ եղել: Ես միաժամանակ չէի կարող լինել և Կիպրոսում, և Պրագայում»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, վարչապետը հանգիստ է վերաբերում իր հասցեին հնչող քննադատություններին ու մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը:  «Վերջին տարիներին բազմիցս է իմ անունը կապվել տարբեր տիպի սկանդալային պատմությունների հետ: Դեմոկրատական զարգացումը սա ենթադրում է, և մեր կառավարության, մեր նախագահի հետևողական ջանքերի շնորհիվ մենք ընդունեցինք և կիրառում ենք կարևորագույն մի օրենք, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքը պետք է դառնա հանրային հսկողության առարկա: Սա ճիշտ ճանապարհ է, և ցանկացած պաշտոնատար անձ ի սկզբանե պետք է կաշկանդված լինի»:

Տիգրան Սարգսյանը նաև ուրախ է, որ այսօր թիրախն ինքն է, ասում է, որ պետք է ապագայում էլ պատրաստ լինի նման մեղադրանքների, ինչպես նաև բավարար ապացույցներ ներկայացնելուն:

Ըստ Ստեփան Սաֆարյանի` Դուլյանը արդեն վաղուց «մոնիթորինգի տակ է եղել»

22476381323408855«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանին` ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից հեռացնելու լուրը իրար է խառնել սոցիալական ցանցերի հայկական օգտատերերին: Բոլորը` այդ թվում քաղաքական գործիչները, շտապում են իրենց մեկնաբանությունը տալ կատարվածին: «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը իր վարկածն ունի: Նա կարծում է, որ Դուլյանի վերջին գրառումը ընդամենը պատճառ էր, իսկ իրականում նա արդեն վաղուց «մոնիթորինգի տակ է եղել».
« «Շանթ» հեռուստաընկերության պաշտպանների գրառումներն արդեն սրտխառնոց են առաջացնում: Ավելի շատ մի խայտառակեք ձեզ ու այդ հեռուստաընկերությանը: Դուք արդեն ծիծաղելի եք: Ամոթ է, ավելի լավ է լռեք: Չէի կարծում, թե մակարդակն այդքան պլինդուզից ցածր է: Ավելին ասեմ. ինքս գոնե այն մարդկանց շարքում եմ, ով Դուլյանին աշխատանքից ազատելը համարում է ՖԲ-ում նրա տեւական գրառումների, այլ ոչ թե վերջին գրառման հետեւանք: Իրականում այս դեպքը, կամ վերջին անմեղ գրառումը պատրվակ դարձավ: Փաստացի, պետք է ուսումնասիրել Արմեն Դուլյանի բոլոր գրառումները` հասկանալու համար, որ «անկախ» հեռուստաընկերությունները չեն կարող հանդուրժել նման լրագրողին: Ահա սա է իրականությունը, այլ ոչ թե ինչ-որ մեկի գրառումից հետո նրա թողած գրառումը: Տիգրան Քոչարյանը իր գրառման մեջ տեղը-տեղին նշել է, որ Դուլյանը ֆեյսբուքում ընդդիմադիր էր…. Ասել է, թե Դուլյանին նոր չեն հետեւել… Նա մոնիթորինգի տակ է եղել…»

ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե…

Armen-rustamyanՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին` «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: «Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունն ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս  ուղղությամբ»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` այս խնդիրն առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի նախագահությունը: Նրա համոզմամբ, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները. առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝  ԵԽ-ն պետք է լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Ըստ Ռուստամյանի, աա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունն այդ քննարկումներին: Ըստ նրա` այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:

Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը, հատկապես` կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման  և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ:

«Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի ու ստանդարտների չկիրառմանը»,-համոզված է Արմեն Ռուստամյանը:

Վերջապես` լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գործընթացին, ըստ նրա, կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին` վերահաստատել 1994թ. զինադադարի բիշքեկյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր:

«Հուսով եմ՝ Հայաստանը կօգտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ին մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն»,-ամփոփեց դաշնակցական պատգամավորը:

 

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է Մարտի 1-ի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ

071409153230ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ նախորդ քառօրյայում Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի մերժմանը:

«Ժամանակավոր հանձնաժողովի մերժմամբ, սակայն, Մարտի 1-ի գործը չփակեց,-ասաց նա,-ընդհակառակը, դա հավելյալ բարդություններ հարուցեց: Մարդասպաններին պատժված տեսնելու հույսը զոհերի հարազատների մոտ փոխվեց հուսալքության»,-ասաց նա:

Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտման և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը թե երկրի ներսում, թե միջազգային ատյաններում:

Նա դիմեց Աժ նախագահին` առաջարկելով Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանում կազմակերպել լսումներ (համաձայն են նաև փակ լսումներին): «Հուսով ենք, որ հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած պատգամավորներն այդ լսումների ընթացքում կվերահամոզվեն, որ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտություն է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը օֆշորային սկանդալի մասին պարզաբանում խնդրեց ֆինանսների նախարարից

images (1)Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց 2012 թ. բյուջեի կատարողականը: Ըստ նրա՝ նշված տարում տնտեսական աճը կազմել է 7.2% աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը, գնաճը կազմել է 3.2%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հատկանշական համարելով այն երևույթը, որ բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, որը նշված ժամանակահատվածում կառավարության անդամ չի եղել, ասաց. «Սա իսկապես բնորոշ փաստ է և հերթական անգամ ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ Ազգային ժողովի կանոնակարգը Տիգրան Սարգսյանին հնարավորություն է տալիս Ազգային ժողովում խուսափել հիմնական զեկուցողի կարգավիճակից, նա դա անում է, որովհետև կռահում է, որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար հեշտ չէ»,-ասաց Փաշինյանը:

Դիմելով ֆինանսների նախարարին`ՀԱԿ պատգամավորը հարցրեց. «Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին: Մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից տրված 10 միլիոն դոլարի վարկը, ըստ էության, անհայտ վիճակում է գտնվել, և մամուլում տեղեկություններ կան, որ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանն անձամբ է դերակատարություն ստանձնել, և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ»։

Ընդհանրապես, Փաշինյանի կարծիքով, դա շատ կասկածելի գործարք է, որն ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը` ծառայել ՀՀ ժողովրդին, այլ անձամբ Տիգրան Սարգսյանի:

Փաշինյանին պատասխանեց ֆինանսների նախարարը`հիշեցնելով, որ վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել և ինչ տարբերակով է օգտագործվել համապատասխան պաշտոնյայի անունը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը հենց դրանում է. փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից այդ մասին ասել»:

«Պարո՛ն Փաշինյան, կարծում եմ, որ խնդիրը նրանում է, որ դուք բարձրացնում եք և տալիս եք հարց ոչ թե պատասխան լսելու, այլ հնչեցնելու համար»,-նկատեց Դավիթ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն` վերջերս «Հետք» էլեկտրոնային օրաթերթում հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում իր անունն արծարծելու համար:

 

«Այս ձևը ձև չի». ՀՅԴ-ն նույնպես դեմ է

hyd-xmbakcutyuny-chi-n34542-1Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցը դիտարկեց երեք` կրթական, լեզվաքաղաքական և տնտեսական քաղաքականության հարթության մեջ:

«Առաջինի առումով բոլորս էլ համաձայն ենք: Այո, Հայաստանն ունի մրցակցային մեկ առավելություն՝ ինտելեկտուալ ներուժը: Կրթական ծառայության արտահանման առումով կարևոր է սա: Սակայն, երբ քննարկում էինք Լեզվի և հանրակրթության մասին օրենքները և այս հարցերը բարձրացնում էինք, ասում էիք` բոլոր ծրագրերը մանրամասն ներկայացնելու եք Ազգային ժողով: Ցավոք, մենք հիմա դա չենք տեսնում: Ինչքան էլ ասեք, որ հետագայում կներկայացեք և այլն, երկրորդ անգամ արդեն մենք օդի մեջ քննարկում ենք»:

Արծվիկ Մինասյանի մտահոգությունները վերաբերում են նաև Հայաստանում շնորհաշատ երեխաների համար անվճար և որակյալ կրթություն ապահովելուն և նրանց ներուժը Հայաստանին ծառայեցնելուն: Մինասյանի կարծիքով` ոչինչ չի ստիպում լավ կրթություն ստացածին մնալ Հայաստանում, ուստի պետք է նախ և առաջ պայմաններ ապահովել, որպեսզի այդ կրթությունը ստանալուց հետ նրանք մնան Հայաստանում և ծրագրում ներառել հստակ պայման:

ՀՅԴ պատգամավորը կիսեց գործընկերների մտահոգությունը` կապված ծրագրի բացակայության հետ. «Եթե ծրագիր չկա, ի՞նչն ենք քննարկում: Քննարկում եք, որ ի՞նչ անեք: Ո՞ւմ ենք տալիս արտոնությունը: Այս ձևը ձև չէ»,-ասաց նա:

Տնտեսական քաղաքականության տեսակետից նա գտնում է, որ եթե այս արտոնությունների քաղաքականությունն իսկապես բերելու է այն սոցիալական էֆեկտին, ինչի մասին վստահեցնում է կառավարությունը, ապա  անհրաժեշտ է այն ընդգրկել նաև այլ մրցունակ ճյուղերում:

Մինասյանին նաև հետաքրքրում է, թե ովքեր են դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամները, որտեղի՞ց է դպրոցը ֆինասնավորվելու: Նրա կարծիքով` սրանք ազգային անվտանգության հարցեր են:

Մինասյանն առաջարկեց  առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություն մտցնել և գրել, որ որ արտոնություններ կտրվեն այն դեպքում, երբ խորհրդարանին կներկայացվի ծրագիր: «Մենք հնարավորություն ունենք արտահերթ նիստեր գումարելու, լսումներ անցկացնելունք, սա կրթական քաղաքականություն է ի վերջո»:

Խմբակցության վերջնական տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. «Կառավարությունը պետք է հետաձգի այս օրենքի ընդունումը, ԱԺ-ին հանգամանորեն բոլոր հնարավոր ռիսկերը ներկայացնի, և մենք իմանանք, ինչ ենք ընդունում: Եթե մենք ինքներս մեզ չհարգենք, մեզ ոչ ոք չի հարգի»,-ասաց Վարդանյանը:

«Ռուբեն Վարդանյանը լիներ էս դահլիճում, կթքեր-կհեռանար». Արտաշես Գեղամյան

timthumbԴիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնությունների տալու նախագծի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը շտապեց պաշտպանել նախագիծn ընդդիմադիրների անողոք քննադատություններից: «Մի պահ պատկերացրեցի, որ հարգարժան և շնորհաշատ գործարար Ռուբեն Վարդանյանն էս դահլիճում լիներ ու լսեր էս ամենը, կթքեր կհեռանար»,-ասաց նա:

Գեղամյանը հարց բարձրացրեց, թե մինչև ե՞րբ պետք է այսքան անշնորհակալ լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք գումարներ են հայթայթում և ներդրումներ են անում հայրենիքում:

Գեղամյանն ընդունում է, որ կան մասնակի, տեխնիկական բնույթի թերություններ, բայց այնուամենայնիվ, նա հորդորում է բաց աչքերով նայել ճշմարտությանը, որն այս դեպքում հետևյալն է. հսկայական ներդրում է իրականացվում, որին պետությունը չի կարող անմասն մնալ, և այդ հարկային արտոնությունները պետության ներդրումն է այդ ծրագրին: «Նման ուսումնական հաստատության բացումը ՀՀ ողջ կրթական համակարգի վրա բարերար ազդեցություն կունենա և կբարձրացնի մեր կրթության վարկը»,-վստահ է Գեղամյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, արձագանքելով Գեղամյանին, ասաց. «Ընդհակառակը, եթե Ռուբեն Վարդանյանն այստեղ լիներ, ոչ թե կթքեր-կհեռանար, այլ կհարգեր իր երկրի խորհրդարանը»:

Հովիկ Աբրահամյանը՝ Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տրամադրելու մասին

images (2)Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ արտահերթ կարգով ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա իր զարմանքն արտահայտեց այն պատգամավորների նկատմամբ, ովքեր տնտեսությունից լավ տեղյակ լինելով՝ քննադատում են նախագիծը. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստոնւմ ներդրումներ անելու համար հերթ է, և մենք պետք է որոշենք, թե ում տանք այդ արտոնությունը»,-ասաց նա:

Նրա կարծիքով, եթե կառավարությունը բերում է մի նախագիծ և իր վրա պարտավորություն վերցնում, որ այն մեր պետությանը, մեր երկրի համար լավ նախագիծ է, ապա Ազգային ժողովը պարտավոր է քննարկել և տալ համաձայնություն:

Միաժամանակ խորհրդարանի ղեկավարը համամիտ է ընդդիմադիրների բարձրացրած հարցի հետ՝ ծրագրի բացակայության առումով: «Եթե բերելու են շինարարական ապրանքներ, ո՞վ է վերահսկելու, թե ինչքան են բերելու, ինչ են անելու, միգուցե վերավաճառելու են: Ես էլ եմ այդ հարցը կարևորում: Ինչպե՞ս է  այդ ամենը վերահսկվելու»:

Նա նաև հայտնեց, որ իր այդ հարցադրմանը պատասխանել են, որ պետեկամուտների կոմիտեն խիստ վերահսկողություն է սահմանելու այդ բոլոր գործընթացների վրա:

Հովիկ Աբրահամյանը կարևորում է այս ներդրումային ծրագիրը Հայաստանի համար նաև այն պատճառով, որ Հայաստանը ներդրումների համար համարվում է ռիսկային գոտի, և ներդրումները պակասում են. «Հիմա այդսքան գումար են ներդնում, եթե դա իհարկե իրական է, իսկ մենք քննադատում ենք»:

Հովիկ Աբրահամյանը, առիթից օգտվելով, նաև կոչ արեց պատգամավորներին, որ եթե նրանք ունեն ծանոթներ, որոնք պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել, ապա նախաձեռնեն դա՝ իհարկե նշելով, որ այդ դեպքում էլ արտոնություններ կլինեն: «Տասը միլիոն դոլլարի ներդրում անողին վարչապետն իջնում է վերևից, դիմավորում, սիրաշահում է, որ դա իրականանա»,-նկատում է Հովիկ Աբրահամյանը,-երբ որ Աստծո կամոք մեր մոտ ներդրումներ անողների հերթ կլինի, կնստենք, կքննարկենք՝ տանք արտոնություն, թե չտանք: Բայց հիմա չկա նման բան: Այս ժամանակաշրջանում մենք պետք է նման հարկային արտոնություններ տրամադրենք»,-ամփոփեց նա:

Ծրագիրը գրավիչ է, բայց համոզիչ չէ. «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու

images (1)Դիլիջան միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը: «Նման օրինագիծ ընդունելըը նշանակում է, որ մենք մեր պետության, հասարակության շահերին դեմ ենք գնում»,-նման կոշտ հայտարարություն արեց Զարուհի Փոստանջյանը:

Նա շեշտեց նախագծում ծրագրի և ժամանակացույցի բացակայության հարցերը: Նաև հարցրեց, թե  արդյոք այն անհատները, որոնք աջակցում են ծրագրին այսօր, վաղը կլինեն:

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք բազմիցս կառավարության հետ բանակցել ենք, որպեսզի արտոնություններ տրվեն սահմանամերձ գյուղերին, բայց մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, թե բոլորը պետք  է հավասար լինեն:

«Սա ավանտյուրա է, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը»,-իրեն բնորոշ ոճով հայտարարեց Փոստանջյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում ասաց, որ ներդրումները ողջունելի են, և անձամբ ինքը ճանաչում և վստահում է Ռուբեն Վարդանյանին, որը վայելում է ռուսական ինտելեկտուալ բիզնես շրջանի հարգանքը, բանկային համակարգի լավագույն ինտելեկտուակներից է. «Նպատակը բարի է, գրավիչ, ընդունված է աշխարհում և այն մեր պետության վարկանիշը կբարձրացնի, բայց այլ հարց է, թե ինչքանո՞վ է հնարավոր այդ նպատակն իրականացնել հայաստանյան իրականության պայմաններում: Մեր երկրում կա՞ն մեխանիզմներ դրանք իրականացնելու: Այդտեղ է մեր մտահոգությունը, որը մեր տառապանքի փորձից է գալիս»:

Ինչ վերաբերում է այն մտքին, թե քննադատությունները կարող են բացասաբար անդրադառնալ գաղափարի իրականացման վրա, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Համաշխարհային պրակտկայում նման բան չկա, որ եթե մենք ծրագիր պահանջենք, նախաձեռնողը խրտնի, թողնի գնա, ընդհակառակը, պետք է ամեն ինչ հստակ լինի»:

Նա նաև առաջարկեց, որպեսզի նման արտոնությունների մի մասը տեղափոխվի կրթության ոլորտ, և այդ ոլորտում առկա խնդիրների մի մասը գոնե լուծվի: «Կողմ լինելով գաղափարին, նպատակին և ընդունելով այդ անհատի հեղինակությունը, հայրենասիրությունն ու և բիզնես ոլորտում ունեցած ներդրումները՝ այնուամենայնիվ այս ծրագիրը համոզիչ չի, և մենք պետք է դեմ քվեարկենք»:

Դեմ քվերակելով հանդերձ՝ «Ժառանգությունը» կառաջարկի, որպեսզի երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը ներկայացնի ծրագիր և հիմնավորումներ, որից հետո միգուցե նրանց դիրքորոշումն էլ փոխվի:

Եթե Բագրատյանին տան այդ արտությունները, ինքն աշխարհի լավագույն քոլեջները Հայաստան կբերի

imagesԽորհրդարանում այսօր շարունակվում է երեկ մեկնարկած Դիլիջան միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է  նախագծին: «Մարդիկ մեզնից փող են ուզում, չեն էլ ասում, ինչի համար: Ո՞վ է տեսել նման բան: Ոչ մի ծրագիր չունեն: Չնայած եթե ծրագիր էլ բերած էլ լինեին, ես դեմ էի լինելու, բայց գոնե կասեի՝ խորհրդարանը իրավունք ունի օրենք ընդունելու: Էսքան ասում ենք՝ օլիգարխ-օլիգարխ, բայց Հայաստանում դեռ ոչ մի օլիգարխ էսքան փող չի ուզել պետությունից»:

Բացի ծրագրի բացակայությունից, Բագրատյանն այս ծրագրին այլ պատճառներով էլ է դեմ. «Թող մեր բերանի ջրերը չվազեն, տեսել ենք էլի էդ միջազգային դպրոցները, էդ միջազգային դասախոսներին»:

Պատգամավորը գտնում է, որ պետությունն արդեն իսկ մեծ զիջում է արել դպրոցի ծրագրի հեղինակներին՝ Լեզվի մասին օրենքի հարցում: «Բա մենք թույլ տանք, որ Ազգային ժողովն էսքան իջին՞, պետական մարմինն էսքան իջինի՞: Ով ուզում է լինի էս ամեն ինչի հետևում կանգնած»:

Բագրատյանն ասաց, որ եթե իրեն տրվեն այդ արտոնությունները,  ապա ինքն աշխարհի լավագույն քոլեջները Հայաստան կբերի: Ի դեպ, իր ելույթի ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, արձագանքելով Բարգատյանի հայտարարությանը, ասաց. «Եթե կարող եք, բերեք, չեմ կարծում, որ որևէ մեկը չողջունի»:

Բագրատյանը դեմ է նաև Դիլիջանի միջազգային դպրոցին Ավելացված արժեքի հարկի մասով արտոնություն տալուն, քանի որ, ըստ նրա, դա մի շարք խնդիրներ կարող է առաջ բերել հարկային մարմնի համար. «Ընդհանրապես, եթե արտոնություն են տալիս, խուսափում են ավելացված արժեքի հարկի մասով տալուց: Հարկային տեսչությունից էստեղ պետք է նստած լինեին և հարցնեին, թե պատկերացնո՞ւմ եք ինչ եք առաջարկում»:

Մի խոսքով, Բագրատյանը կտրականապես դեմ է նման արտոնություն տալուն և կոչ է անում չքվեարկել այդ օրինագծի օգտնին. «Մենք հո տիեզերքի անվերջության հետ գործ չունե՞նք, անվերջ արտոնություններ ենք տալիս: Էսպես չի կարելի»,-ամփոփեց նա:

«Մենք լուրջ հետևություններ պետք է անենք». Հովիկ Աբրահամյան

Hovik-AbrahamyanԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ավարտին, կարևորելով հարցը, հանդես եկավ ելույթով: «Բոլորս հասկանում ենք, որ եթե մենք ֆինասավորում ենք էժան ու երկար վարկեր, ապա դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացումը, իսկ եթե դրանք կարճ են և բարձր տոկոսներով, ապա խաթարում են  տնտեսության զարգացումը»:

Նա հորդորեց ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկին մտահոգ լինել և ամեն ինչ անել, որպեսզի տնտեսավարող սուբյեկտներին և վարկառուներին հասնեն երկարաժամկետ և ցածր տոկոսով վարկեր. «Այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են բանկերի կողմից, պետք է իրականանան, հակառակ դեպքում ձախողված է նաև բանկերի աշխատանքը»,-ընդգծեց նա:

Ըստ խորհրդարանի ղեկավարի` այն բոլոր հարցերը, որ այսօր բարձրացվեցին պատգամավորների կողմից, պետք է ճիշտ ընկալվեն. «Մեկ-մեկ մեր գործընկերները մի քիչ խախտում են սահմանները, բայց դուք մի վիրավորվեք, նրանք ուղղակի իրենց մտահոգությունն այդ ձևով են ներկայացնում: Ես համոզված եմ, որ մենք լուրջ հետևություններ պետք է անենք և ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը զարգանա, որից էլ ածանցվում են նույն այսօրվա արտագաղթը, նույն գործազրկությունը, որ 16 տոկոսից ավելի է, նույն աղքատությունը, որ 36-37 տոկոս է:  Դրանք բոլորն ուղղակիորեն կապված են տնտեսության զարգացման հետ»:

Հրանտ Բագրատյանը` բուրժուաֆինանսական պետության, գյուղատնտեսության հեքիաթային աճի և հանրապետության ամորձիների մասին

arm135305742678ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ժամանակ մի շարք հարցեր բարձրացրեց. «Դուք մեզ այդպես էլ չեք ասում բանկային համակարգին սպասվող ռիսկերի մասին: Ոչ մի խոսք չեք ասում Արմավիայի, Տոնուսի մասին, Սթարի մասին: Ո՞ւմ հաշվին եք փակելու այդ պարտքերը: Խոսք չեք ասում նաև ներդրումային քաղաքականության մասին: Բանկերը շուրջ 2 միլիարդ դոլար պարտք ունեն դրսից վերցրած: 24 միլիարդի վրա ավելացրեք: Երկրի արտաքին պարտքը յոթուկես միլիարդ է, և այն, որ դա մասնավոր սեկտորինն է, ավելի վատ` ավելի թանկ է: Դա փրկելու համար միևնույնն է` պետության փողերն ենք տալու: Վերլուծությունը չենք տեսնում, ումի՞ց ենք տալու»:

Անցնելով դեպոզիտներին ու ավանդներին` պատգամավորը նշեց, որ դեպոզիտների մեծ մասը հավաքվում է գյուղացուց, հասարակ մարդուց, և բանկերը կենտրոնացնում են հարստությունը. «Փողը վերցնում են աղքատից, տալիս են հարուստին»:

Ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին խոսելիս Բագրատյանը հարցրեց. «Ո՞ւր են բորսաները: Դուք չեք թողնում, որ էս երկրում բորսա լինի, որովհետև բորսայում այն նույն մարդիկ` մեծահարուստները, օլիգարխները, ստիպված կլինեն փողով արտահայտել իրենց վստահությունը տնտեսության համար: Դուք վախենում եք էդ ցուցանիշից»:

Անդրադառնալով ֆինանսական համակարգի ակտիվներին` պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանում ներդրումային ինստիտուտ չկա, ինչը կանխամտածված ձևով ռմբակոծվում և ոչնչանում է բանկային համակարգի և կառավարության գործունեության հետևանքով: «Ինչպես ամեն տեղ` այս ոլորտում էլ մտածող մարդն ընդունված չի, մեզ հետաքրքրում է միայն խոշորը: Պետությունը դարձել է բուրժուաֆինանսական պետություն»:

Խոշորի մասին խոսելիս`Բագրատյանը հիշեց կառավարության կողմից ներկայացված նախագիծը` «Դիլիջան միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ. «Խոշորը գալիս է, անմիջապես տալիս են: Բա ո~նց…չորս-հինգ հարյուր միլիոն փող ա բերելու: Էդ հլը հարց ա, կբերի, թե չէ: Թող բերի, քավ լիցի: Էդ խոշորի ձեռը մենք կրակն ենք ընկել»:

Քննադատություններին զուգահեռ` Բագրատյանն ուրախ է, որ օրինակ, մակրոտնտեսական ցուցանիշներում Կենտրոնական բանկն ավելի կոնսերվատիվ է: «Ռացիոնալ միտքը ոնց որ թե ավելի սթափ է Կենտրոնական բանկում»,-նկատեց նա:

Բայց…«Էդ աճը չկա, եղբայրներ, գյուղատնտեսության աճը չափազանցված է: Չի կարող լինել 645 000 տոննա կարտոֆիլ, չկա 240 000 տոննա խաղող, չկան էդ այգիները…Էդ բոլորը հեքիաթներ են»:

Եվ վերջում Բագրատյանն ասաց ամենակարևորը. «Մենք ինչո՞ւ քննարկման չենք դնում, թե ինչքան փող պետք է տա Կենտրոնական բանկը բյուջե: ԿԲ շահույթը բյուջեի  լուրջ եկամուտներից մեկը պետք է լինի: Ֆինանսների նախարարությանն էս հարցը չի՞ հուզում»:

Ամփոփելով ելույթը` ՀԱԿ պատգամավորը պատկերավոր ձևով ասաց. «Կենտրոնական բանկը, ֆինանսական համակարգը ամորձիներից բռնել, չեն թողնում հանրապետությունը զարգանա: Սա լրջագույն խնդիր է…:

Հրանտ Բագրատյանի «օֆշորային նախագիծը» մերժվեց

Hrant-Bagratyan456-e1348763474804ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» նախագծերը չմտան ԱԺ օրակարգ: Դրանց դեմ քվեարկեցին Հանրաետականն ու ՕԵԿ-ը:  Պատգամավորի հեղինակած` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվեց։

Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, և հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

Նախագծով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

Հրանտ Բագրատյանի կարծիքով` օրինագծի ընդունումը շեշտակիորեն կնվազեցնի հանքարդյունաբերության ոլորտում առկա ստվերայնությունը:

Կառավարությունը նույնպես ոչ դրական տեսակետ էր ներկայացրել նախագծի վերաբերյալ` հայտնելով, որ կառավարությունում մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաեւ օֆշորի հետ կապված խնդիրները:

 

Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց կրկին հայ-թուրքական արձանագրությունների վեճով

tKQTAnBBJ41SiDu3JlBH_tnԱզգային ժողովը սկսեց հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Գրանցվել է 109 պատգամավոր:

Ավանդույթի համաձայն՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունները կամ ինչպես ինքն է կոչում՝ այդ խարանը ԱԺ մեծ օրակարգից հանելու հարցը:

Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ խորհրդի նիստում քննարկել է հայ-թուրքակամ արձանագրություններն ԱԺ օրակարգից հանելու հարցը, և թե նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ նման քննարկում չի եղել, և կրկնեց ավանդական պատասխանը, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունենի շրջանակում, որն էլ առայժմ նման որոշում չի կայացրել:

Զարուհի Փոստանջյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, թե այսօր Թուրքիան ինչպես է վարվում սիրիահայերի հետ, կարծում է, որ այս խայտառակ արձանագրությունները պետք է դուրս գան ԱԺ օրակարգից, և դրա նախաձեռնողը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը: «Սա ոտնձգություն է մեր անկախության նկատմամբ»,-ամփոփեց նա՝ հորդորելով ՀՀԿ-ին քննարկում իրականացնել այս հարցի վերաբերյալ:

«Շնորհակալություն հորդորների համար, մենք ինքներս կորոշենք»,-արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը շտապեց պաշտպանել հանրապետականին՝ հայտարարելով, որ ինքը «Ռեգնումին» հարցազրույց է տվել հատուկ այդ թեմայով և ասել, որ դա հանրապետության նախագահի հաղթարշավի դրսևորումն է: «Ընդհակառակը, այդ արձանագրությունները հաղթախաղ են Ազգային ժողովում,-ասաց Գեղամյանը,-միայն այն փաստը, որ Հայաստանի հանրապետությունը, չնայած Թուրքայի վարգածին, այնուամենայնիվ, դեռ պահպանում է այդ արձանագրություններն ԱԺ մեծ օրակարգում, համաշխարհային ուժի կենտրոններին հուշում է մի բան, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության, մենք տարածաշրջանում ունենք շատ կոնստրուկտիվ պետություն՝ հակառակ Թուրքիայի»:

Նա գտնում է, որ օրակարգից այդ արձանագրությունների հանումը մեծագույն նվեր կլինի Թուրքիային ու Ադրբեջանին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով արծարծված հարցին, ասաց, որ արձանագրությունների ստորագրման պահից մինչ այսօր բավականին երկար ժամանակ է անցել, և այդ թաստաթղթի վերաբերյալ միջազգային հանրութան կարծիքը փոխփոխվել է:

Նա առաջարկեց Ազգային ժողովում կազմակերպել քննարկում, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնի դրա վերաբերյալ և ոչ թե հոդվածներ գրի և նիստերից առաջ խոսի: