“Ոսկե ծիրանը” Գյումրիում

IMG_0678Այսօր “Ոսկե ծիրան” հոբելյանական 10-րդ կինոփառատոնի շրջանակներում Գյումրիում մեկներկեց “ԱՊՀ երկրների կինոն Գյումրիում” ծրագիրը: Որը կյանքի է կոչվել ԱՊՀ երկրների միջպետական համագործակցության շնորհիվ և անցկացվում է Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի ներքո:

Այսօր Գյումրիում էին ԱՊՀ մի շարք երկրների կինոռեժիսորներ և 5 օր շարունակ հայրաքաղաքում ցուցադրվելու է 16 ֆիլմ, թևածելու է բարձր տրամադրությունն ու արվեստի ոգին:
Ծրագիրը բացվեց վերջին տարիների ռուսական կինոյի աչքի ընկնող ներկայացուցիչներից Բորիս Խլեբնիկովի “Երկար, երջանիկ կյանք” ֆիլմի ցուցադրմամբ, իսկ Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականով:
IMG_0682“Գյումրիում կցուցադրվի նաև “Միմինո” ֆիլմը, որն այս տարի նշում է իր էկրան բարձրանալու 35-ամյակը և լրացուցիչ խորհուրդ ունի. այն մեզ հարազատ է գյումրեցի Մհեր Մկրտչյանի դերակատարմամբ, որը վաղուց դարձել է մեր ազգային խորհրդանիշներից մեկը”, – իրենց ելույթներում նշեցին “Ոսկե ծիրան” կինոփառատոնի ներկայացուցիչները:
Հուլիսի 9-13-ը Գյումրին կդառնա կինոմայրաքաղաք, կցուցադրվեն երիտասարդ և արդեն կայացած ռեժիսորների գործերը, իսկ ծրագրի փակումը, ինչպես արդեն նշվեց, կտրվի “Միմինո” ֆիլմի ցուցադրմամբ` հուլիսի 13-ին: Բոլոր դիտումներին մուտքը կինոթատրոն անվճար է, յուրաքանչյուր օր Գյումրիում մեծ էկրան կբարձրանա երկու ֆիլմ:
Հավելենք, որ նման լեցուն դահլիճ “Հոկտեմբեր” կինոթատրոնը վաղուց չէր տեսել:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

3469ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը:

Աշխարհահռչակ գերմանացի ռեժիսորը` Ոսկե ծիրանի պատվավոր հյուր

MՖիլմն սկսվում է առաջին կադրից, այն ճանապարհ է բացում դեպի ֆիլմը, ուստի պետք չէ ուշանալ ֆիլմից. այսպիսի խորհուրդ տվեց այսօր աշխարհահռչակ գերմանացի ռեժիսոր և դերասանուհի Մարգարեթե ֆոն Թրոթան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա Ոսկե ծիրան 10-րդ  միջազգային կինոփառատոնի  պատվավոր հյուրերից է:

Ռեժիսորը պատմեց, որ ինքը աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով:

60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը:

«Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննդատա լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

Այսօր երեկոյան Մոսկվա կինոթատրոնում «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրով հանդիսատեսին կներկայացվի ֆոն Թրոթայի հաննա«Հաննա Արենդտ» ֆիլմը:  Այն հրեական ծագումով կին փիլիսոփայի մասին է, որը  1961-ի իր նյույորքյան տարագրությունից մեկնեց Երուսաղեմ, որպեսզի «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանի Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր էր դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ գրագիր մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանք, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի համարձակ ընկալումը միջազգային հետևանքների հանգեցրեց: Նա արժանացավ արհամարհանքի, զրպարտության, կորցրեց վաղեմի բարեկամներին: Ինչևէ, Արենդտը մնաց իր հաստատուն կարծիքին`  փորձելով ամեն դեպքում հասկանալ, եթե նույնիսկ  դա  նշանակում էր «մտածել ցավ զգալու աստիճանի»:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

«Ռուսական կինոյի օրեր» ծրագրի շրջանակներում 6 ֆիլմ կցուցադրվի

գիշերԱյսօր  Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով կմեկնարկի «Ռուսական  ֆիլմերի օրեր» ծրագիրը: Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որոնք պատահել են Մոսկվայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում: Սյուժետային դրվագները կապակցվում են գեր և նիհար մատուցողների պատմությամբ: Նրանք երկուսն էլ անհուսորեն սիրահարված են. մեկը` իր, մյուսը` ուրիշի կնոջը:

Նախագծի շրջանակներում կցուցադրվեն ևս հինգ ֆիլմեր` ստեղծված 2012-2013-ին:  Մասնավորապես`կցուցադրվեն  «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:

արքայադստեր պատերազմըՎլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ  հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:

«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:

Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս  ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել:

«Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:

«Արքայադստեր պատերազմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան` Մոսկվա կինոթատրոնում:

ինտիմ մասերՀուլիսի 12-ին կցուցադրվի «Ինտիմ մասեր» ֆիլմը: Այն միջին խավի մոսկվացիների մասին հեգնական մելոդրամա է:  Նրանցից յուրաքանչյուրն ունի մյուսներից թաքուն անձնական գաղտնիք` «ինտիմ մասերը»: Գլխավեր կերպարը` սկանդալային լուսանկարիչ Իվանը իրեն նայում է մյուսների հետ համեմատության մեջ: Նա համոզված է, որ մարդիկ երջանիկ լինելու համար են ծնվել, իսկ երջանկությունը ինքն իրեն հավատարիմ մնալու ազատությունն է: Սակայն իրական հարցը հետևյալն է. ինչքա՞ն անվտանգ է քո սեփական «ես»-ը դուրս հանելը:

Ինչպես ֆիլմի ռեժիսոր Նատալյա Մերկուլովան ասում է, մեծ քաղաքի բնակիչների հոգեկան խնդիրների մասին պատմում են էրոտիկ ֆոնի վրա: Նրա խոսքով` Եվրոպայում ֆիլմը այնքան մեծ արձագանք չի ունեցել, ինչպես Ռուսաստանում և հետխորհրդային մյուս երկրներում: Պատճառն այն է, որ Եվրոպայում այդ խնդիրների մասին վաղուց են խոսում, հետխորհրդային երկրներում դեռ նոր են սկսում և թեման այստեղ արդիական է:

մայորըՀուլիսի 10-ին հանդիսատեսը կկարողանա դիտել Յուրի Բիկովի «Մայորը» ֆիլմը:  Այն պատմում է ոստիկանության սպայի մասին: Նա  հիվանդանոց է գնում կնոջը տեսակցելու, որտեղ լույս աշխարհ է գալիս իրենց երեխան:  Երջանկությունից իրեն կորցրած` Սոբոլևը վարում է մեքենան չափից արագ, որի արդյունքում վրաերթի է ենթարկում մի տղայի: Տղան մահանում է, և մայորը ունի երկու ելք. գնալ բանտ, կամ թաքցնելով հանցանքը մնալ ազատության մեջ …

կողքիդ կլինեմՊավել Ռումինովի «Կողքիդ կլինեմ» ֆիլմը մի ռուս կնոջ մասին է, որը աշխատում է մոսկովյան մի ռեստորանում, վայելում է աշխատակիցների սերն ու հարգանքը: Իր կյանքում նա նաև ունի հատուկ մեկին` իր վեցամյա տղային` Միտիային: Փոքրիկ տղան նրա համար աշխարհի կենտրոնն է, նրա լավագույն ընկերը և մտերիմը: Նրաք ունեն հուզիչ, բարի, հոգատար և փոխադարձ աջակցությամբ լի հարաբերություններ: Հանկարծ Իննան ահավոր լուր է ստանում. անբուժելի հիվանդություն ունի: Հիմա ամենակարևոր բանը Միտիայի համար ապահով տեղ գտնելն է: Նրա` բարկությամբ, թուլությամբ և սառսափով խառնված ճանապարհորդությունը կտանի անսպասելի դեպքերի, որոնք կբացահայտեն նրա ուժը, ինքնատիրապետումը, և ամենավերջում` հույսը:

մարի«Դաշտային մարիների երկնային կանայք» ֆիլմն էլ դիմանկարների հավաքածու է` ներկայացնում է Մարի կանանց մասին 23 կարճ պատմություն: Այն կցուցադրվի հուլիսի 11-ին:

 

 

 

՛՛Սև հինգշաբթի՛՛ ֆիլմով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը

krauze

Մոսկվա կինոթատրոնում Անտոնի Կրաուզեի ՛՛Սև հինգշաբթի՛՛ ֆիլմի արտամրցութային ցուցադրումով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը:

Ֆիլմի հեղինակը Հայաստան չի ժամանել. նոր ֆիլմի վրա է աշխատում: Նրա ստեղծագործությունը ներկայացրեց Քշիշտոֆ Զանուսին, ով  Կրաուզեին ներկայացրեց որպես իր ուսանող և գործընկեր, ով պատմական անցքերը կարողացել է մեծ վարպետությամբ էկրանավորել:

Ոսկե ծիրանը համագործակցում է տարբեր դեսպանությունների, այդ թվում և Լեհաստանի դեսպանատան հետ`այդ երկրների ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար:Կինոփառատոնում ներկայացված են  մի քանի լեհական ֆիլմեր`մեկը պայքարում է գլխավոր մրցանակի համար, երկուսը`միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում են ներկայացված:

Այսօր ներկայացված ֆիլմը 1970-ի դեկտեմբերի 17-ում  Գդինիայում տեղի ունեցած դեպքերի վերապատմումն է` իրական պատմությունների էկրանավորման և պատմական կադրերի զուգակցմամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են սոցիալիստական Լեհաստանի իշխանությունները բանակին հանում բանվորների դեմ, որոնք ընդամենը խաղաղ գործադուլ էին անում`պահանջելով թանկացումներին համապատասխան աշխատավարձերի բարձրացում: Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ ավելի նախընտրալեի է նավաշինարանը ռմբակոծելը և տեղը նորը կառուցելը, քան թե բողոքավորների պահանջները քննարկելը կամ բավարարելը: Իշխանությունները հայտարարում են, որ բողոքի ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն`անտեսելով տնտեսականը:

Գործադուլի կազմակերպիչներին ձերբակալելուց հետո փոխվարչապետը բնակչությանը կոչ է անում աշխատանքի վերադառնալ: Սակայն վաղ առավոտյան աշխատանքի շտապող բանվորներին դիմավորում են տանկերով ու ավտոմատներով զինված բանակայինները`կրակ բացելով նրանց վրա: Զոհվում է 18 մարդ, վիրավորվում են հարյուրավորները:

Պատմական իրադարձությունները ներկայացվում են նավաշինարանի աշխատակից, բանվոր Բրունո Դրիվայի ընտանիքի  պատմության միջոցով: Վերջինս փոխվարչապետի կոչով աշխատանքի վերադարձած մարդկանցից է, ով սպանվում է արձակված գնդակից: Նրան, ինչպես և մյուս սպանվածներին, հուղարկավորում են գաղտնի`գիշերով, առանց վկաների: Իսկ ընտանիքին փորձում են մյուս սպանվածների ընտանիքների հետ  հեռացնել  քաղաքից, որպեսզի այլոց ոչինչ չհիշեցնի կատարվածի մասին:

 

Տոլման այս տարվա փառատոնին անվճար չի լինի

DSCN4476«Անցյալ տարի տոլմայի փառատոնին ականատեսը եղանք, որ անվճար համտես կազմակերպելը ավարտվում է անհարկի պատկերով, ինչից խուսափելու համար այս տարի կսահմանենք սինվոլիկ գին։ Կուտակված գումարը կօգտագործենք բարեգործական նպատակներով», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

 

Նշենք, որ փառատոնն անցկացվելու է հուլիսի 10-ին Սարդարապատում: Երևանից ուղևորափոխադրում չի լինելու, քանի որ անցյալ տարվա փորձը կրկին հուշեց, որ հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն չի կարողանում հոգալ համապատասխան քանակի ավտոբուսների վարձը։

 

Ռիգայում կայացել է երգի և պարի տոնի գլխավոր միջոցառումը

004Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը: 1873թ-ից սկիզբ առած տոնն ամենասպասվածներից է Ռիգայի բնակիչների և Լատվիայի մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար: Ռիգայի “Մեժապարկ” հանգստյան գոտում կազմակերպված միջոցառմանը շուրջ 15000 երգիչներ իրենց ելույթներով, հերթական անգամ փաստել են, որ յուրօրինակ այդ միջոցառումն իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես բանավոր և ոչնյութական մարդկային ժառանգության գլուխգործոց:

Շնորհավորելով գործընկերոջը երգի և պարի տոնի կապակցությամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ իսկապես տպավորված է տոնի նկատմամբ բնակիչների կողմից դրսևորված հատուկ վերաբերմունքով և տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի բացումը, լուսանկարներ

securedownload (10)Երեկ տեղի ունեցավ “Ոսկե ծիրան” կինոփառատոնի բացումը: “Անկախի” թղթակիցը ներկա էր     բացման արարողություններին. Շառլ Ազնաուրի աստղի բացմանը “Ազնաուրի” հրապարակում, “Ազատության” հրապարակում կարմիր գորգի վրայով հյուրերի և հայ արվեստագետ հասարակության ներկայացուցիչների մուտքը Օպերայի և բալետի շենք: Ուրախալի է, որ հայկական փառատոնը իրոք կայացել է, շատ ոգևորիչ էր բացմանը լսել աշխարահռչակ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, տեսնել աշխարհով սփռված և փառատոնին ներկա վաստակավոր հայ արվեստագետների: Սակայն Օպերայի և բալետի շենքի հարակից “Կարապի լճի” շրջակայքը սարսափելի տպավորություն թողեց: Այն աներևակայելի կեղտոտ էր Վարդավառից հետո: Կարելի էր փառատոնի բացումից  գոնե մեկ ժամ առաջ մաքրել տարածքը,շատ ամոթ էր:

MHM79660 copy

Լուսին Դինքը Բիթլիս է գնում Սարոյանի հետքերով` փորձելով վերակերտել նրա տեսածն ու ապրածը

Լուսին ԴինքՈսկե ծիրանի «Հայկական համայնապատկեր»  մրցույթի «Խաղարկային» ֆիլմերի անվանակարգում է ներկայացված Լուսին Դինքի «Սարոյանլենդ» ֆիլմը:

Այն վավերագրական դրամա է. Ներկայացնում է Վիլյամ Սարոյանի այցելությունը Բիթլիս` իր ծննդավայր, 1964-ին:  Ֆիլմի հեղինակը նույն  ճանապարհն է անցնում` փորձելով հասկանալ Սարոյանի առանձնահատուկ վերաբերմունքն իր արմատների հանդեպ:

Սա Լուսին Դինքի առաջին լիամետրաժ ֆիլմն է:

Նրա խոսքով` Սարոյանի մասին ֆիլմն նկարելը պատահական չէ: «Մենք զգում ու մտածում ենք, իսկ Սարոյանն այդ ամենը բառերով է արտահայտում»,- ասում է Դինքը` հավելելով, որ ինքը միայն սցենարն է գրել, իսկ տեքստերը Սարոյանինն են` նրա տեքստերից կոլաժ է ստացել: Ֆիլմի ոճն ընտրելիս ևս հեղինակը փորձել է այն հնարավորինս նմանեցնել Սարոյանի ստեղծագործությունների ոճին:

Դինքը նաև նշում է, որ տեխնիկական հնարքներ չի կիրառել` ֆիլմում 1964-ի տպավորություն ստեղծելու համար. փորձել է ցույց տալ, թե ինչ կտեսներ Սարոյանը, եթե հիմա` 2013-ին կատարեր իր ճամփորդությունը:

Բրազիլիայում սիրված երգչին սպանել են ելույթի ժամանակ

opsԲրազիլացի երգիչ կատարող Դենիել Պելեգրինին, որը հայտնի է որպես  MC Daleste, սպանվել է Սան Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքի դահլիճներից մեկում:

Ոստիկանությունն արդեն սկսել է ողբերգության հետաքննությունը ու հայտարարել, որ գործին կօգնի համացանցում տեղադրված համերգի տեսագրությունը: Տեսանյութում երևում է, որ MC Daleste դիմում է երաժշտասերներին ու, այդ պահին հնչում է կրակոցը, որ կտրեց նրա կյանքի թելը:

MC Daleste-ը “ֆանկ” ոճով կատարող էր (ռեփի բրազիլական տարբերակը) ու մեծ մասսայականություն էր վայելու տեղի երիտասարդության շրջանում:

«Ամեն մի հայ պարտավոր է կանխել վերանորոգման անվան տակ իրականացվող ցանկացած ոտնձգություն»

gandzasar (2)«Վերանորոգման անվան տակ պարզապես ոչնչացվում է Գանձասարի պատմական պարիսպը»,-ասում է «Հասան-Ջալալյաններ» երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամի ղեկավար, Հանրային խորհրդի ազգային արժեքների պաշպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, որը հունիսի 7-ին է վերադարձել Գանձասարից թարմ տվյաներով:

Այս անգամ պարսպի սալապատված հատվածներում բավականին մեծ խորշեր է նկատել, որոնք ընդհանրապես գոյություն չունեին: Իսկ թե դա ինչ նպատակով է արվել` տեղյակ չէ, նրան անհանգստացնում է երևույթը: Գանձասարը պետք է մնա անաղարտ, այնպիսին, ինչպիսին պատմականորեն հասել է մեզ:

Ասրյանը հիշեցնում է, որ դեռևս անցյալ տարվա մարտ ամսին, հիմք ընդունելով  Հանրային խորհրդի ազգային արժեքների պաշպանության ենթահանձնաժողովի առաջարկը, Գանձասարի պարսպապատման գործընթացն ուսումնասիրելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջկառավարական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ էր ուղարկվել կառավարություն: Սակայն կառավարությունը պատասխանել էր, որ ԼՂՀ օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասները վերացնելու գործընթացին ՀՀ պետական մարմինների մասնակցությունն առաջարկվող ձևաչափով գտնում է ոչ նպատակահարմար:

Ի դեպ, նա նկատում է, որ կառավարութան պատասխանում առկա ձևակերպումը` ԼՂՀ օրենսդրության խախտում, կառավարության գնահատականն է, քանի որ իրենք երբևէ նման ձևակերպում չեն տվել:

2012 թ. հոկտեմբերին Հանրային խորհրդի համապատասխան ենթահանձնաժողովի կողմից ստեղծված մասնագիտական հանձնախումբն այցելել էր Գանձասար և տեղում ծանոթացել իրավիճակին, որից հետո ենթահանձնաժողովում կայացել էր նիստ, և միաձայն որոշվել էր, որ Գանձասարի վանական համալիրի շրջապարսպի վերջերս սալիկապատած հատվածը պետք է ապամոնտաժվի, և վերականգվի պատմականորեն մեզ հասած նախկին տեսքը:

Այդ ամենից հետո ոչինչ չի փոխվել. աալիկապատման գործընթացը շարունակվել է փուլ առ փուլ` դադարեցվելով, հետո նորից վերսկսվելով:

Այս տարի` հունիսի 21-ին, 350 մտավորականների կողմից բաց նամակ հղվեց ՀՀ և ԼՂՀ նախագահներին և Ամենայն հայոց կաթողիկոսին` խնդրելով գործուն միջամտությամբ պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)՝ անմիջապես հրավիրել մասնագետ հնագետների, գեոֆիզիկոսների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների, հուշարձանագետների և մասնագիտորեն կազմակերպել ու սկսել շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները՝ ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ և հուշարձանին վերադարձնել պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը՝ որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:

Մտավորականներն ակնկալում են դրական պատասխան: «Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես է այդ գործընթացն իրականանում, ինչու՞ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը,- զարմանում է Ասրյանը,- չէ՞ որ ամեն մի հայ, որը գնահատում է իր նախնիներից ստացված հարուստ ժառանգությունը, պարտավոր է ամեն գնով կանխել վերանորոգման անվան տակ իրականացվող ցանկացած ոտնձգություն»:

 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

սերժ սարգսյան

 

 Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Երևանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին և իրականացնողներին:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար և հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաև միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի» և մեր երկրի հանդեպ:

Շատ կարևոր է փառատոնի` ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: «Ոսկե ծիրանի» տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի և խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:

Հարգելի՛ բարեկամներ,

Կրկին ողջունում եմ տասներորդ` հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին: Հորդորում եմ ձեզ հավատարիմ լինել «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» նշանաբանին և պահապանել ու խորացնել փառատոնի կարևոր ձեռքբերումներն ու բարձր հեղինակությունը: Կազմակերպիչներին մաղթում եմ ուժ և եռանդ, որպեսզի նույն կորովով շարունակեն տասը տարի առաջ սկսած իրենց ազնիվ գործը:

 

 

՛՛Լյալիկ՛՛. Տիկնիկագործ կինը`վավերագիր ռեժիսորի ֆիլմի հերոս

DSCN8422Արա Ճաղարյանի ՛՛Լյալիկ՛՛ ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի ՛՛Հայկական համայնապատկեր՛՛ մրցույթի  ՛՛Կարճամետրաժ՛՛ անվանակարգում:

Մտերիմներն ու հարազատները նախկին ճարտարապետին և ներկայում տիկնիկներ պատրաստողին քնքշանքով Լյալիկ են կոչում:  Կինը իր 40-ամյակի նախաշեմին անսպասելիորեն թողել է իր մասնագիտությունը և սկսել տիկնիկներ պատրաստել:  Արարքի բացատրությունը կարծես պարզ է. շատ է սիրում տիկնիկներ և իր սիրելի տիկնիկը չի գտել ողջ կյանքում: Տիկնիկագործի  Երևանում գտնվող տունը ստեղծագործելու 10 տարիների ընթացքում վերածվել է տիկնիկների թանգարանի: Ամեն տիկնիկ իր յուրօրինակ դիմագիծն ու կենսագրությունն ունի. մեկը միայնակ է ու թախծոտ, մյուսն իր ընտանիքն ունի, երջանիկ է, մյուսը սպասում է, թե երբ Լյալիկն իր համար կյանքի կես  կստեղծի:

Տիկնիկագործ Հայկուհին ապրում է ձեռքով պատրաստված ծաղիկների վաճառքից ստացված միջոցներով, իսկ  իր տիկնիկներին չի վաճառում և չի նվիրում. ոնց կարող է այդկերպ վարվել իր հարազատի կամ ընկերոջ հետ:   Փոխարենը նրա տան դուռը բաց է բոլոր նրանց առջև, ովքեր կցանկանան դիտել տիկնիկները:

՛՛Կինը իմ կարծիքով մեր իրականությունից դուրս է: Փորձել եմ դա փոխանցել դիտողին՛՛,- ասում է Ճաղարյանը`հավելելով, որ  մեր օրերում հազվադեպ են մարդիկ, ում համար նյութականը որևէ նշանակություն չունի, ուստի անհնար է անտարբեր անցնել նման կերպարի կողքով:

Արա Ճաղարյանը ՀՊՄՆ Ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտ է: Ավելի վաղ հեղինակել է ՛՛Տարազ՛՛, ՛՛Մանրամասն սիրելու երկիրը՛՛, ՛՛Ղողանջ զարթոնքի՛՛, ՛՛Ձայն եկեղեցու՛՛ վավերագրական ֆիլմերը:

 

Հողի կանչը. Հայաստանի ու հայի պատկերը սփյուռքահայ ռեժիսորի աչքերով

DSCN8416Լիբանանում ծնված և Մոնրեալում ստեղծագործող ռեժիսոր Մառլեն Էդոյանի  ՛՛Հողի կանչը՛՛  (Արմենի կերպարը) վավերագրական ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան 10-րդ միջազգային կինոփառատոնի  ՛՛Հայկական համայնապատկեր՛՛  մրցույթի  ՛՛Վավերագրական՛՛ ֆիլմերի  անվանակարգում:  Սա Էդոյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է`ստեղծված 2012-ին:

Նրա խոսքով`հասկացել է`հայ մարդուն հասկանալու համար պետք է շրջես գյուղերով, խոսես գյուղացու հետ, ինչը և ինքը արել է: Իսկ ֆիլմի անգլերեն անվանումը Figure of Armen, սիմվոլիկ նշանակություն ունի. հայի կերպարն է իր մեջ ամփոփում:

՛՛Հողի կանչը՛՛  կարելի է ճանապարհային ֆիլմ կոչել. հեղինակը անցնում է Հայաստանի  գյուղական համայնքներով ու ներկայացնում բնակիչների կյանքը, պատգամը և սերը հողի նկատմամբ: Ճանապարհորդության ընթացքում  Էդոյանը տարբեր իրավիճակների է դեմ առնում. հուսալքություն, լավատեսություն, նվիրվածություն հայրենի հողին:  Արագածոտնում, Շիրակում, օրինակ,  մարդիկ հուսալքված են, դժգոհ իրենց կյանքից, երազում են, որ գեթ մի հնարավորություն ունենան երկրից հեռանալու: Ոմանք արդեն իսկ հեռանալու անհաջող փորձ ունեն. դրսում ձախողվելուց հետո էլի հայրենիք են վերադարձել, բայց միևնույնն է, մտածում են մեկնելու մասին: Իսկ, օրինակ, 20 տարի առաջ ՀՀ-ում հաստատված ջավախքահայ մի ընտանիք չի էլ մտածում հեռանալու մասին:  Ընտանիքի հայրը վստահ է, որ ուր էլ գնաս, հայրենի հողից լավ տեղ չկա, ուստի իր երեխաներին սովորեցրել է բավարարվել ունեցածով ու տեղում պայքարել ավելիին հասնելու համար:

Ամենուր`ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում,  մարդիկ նույն ծանր սոցիալական վիճակում են. չկա աշխատանք, ապրուստի միջոց: Բայց, օրինակ, Արցախում մարդիկ չեն էլ մտածում հեռանալու մասին. արյուն ենք թափել հողի համար, ոնց թողնենք ու հեռանանք:  Այստեղ դեռ թարմ են ոչ վաղ անցյալի պատերազմական հուշերը, ամեն քար ու թուփ հաջողված կամ ձախողված որևէ մարտի  վկան է:

Ջավախքում  ոմանք վախենում են խոսել վրացիների ճնշումների մասին, ոմանք համարձակվում են դժգոհել վրացիների վերաբերմունքից, բայց էլի, որևէ մեկը չի մտածում հեռանալու մասին:

Ֆիլմն ավարտվում է դրական նոտայով. պեմզաշենցի մի կին   Հովհաննես Շիրազի բանաստեղծությամբ է հիշեցնում, որ հայրենի հողը համեմատելի է միայն մայրական սիրո հետ աշխարհում:

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է արտագաղթի թեման. ամենուրեք ծերունիներ են, իսկ իրենց զավակները արտերկրում են ապրում կամ մեկնել են սեզոնային աշխատանքի. Սյունիքում  հերոսը արցախյան ազատամարտի մասնակից է: Երբ պատերազմը սկսվել է, առանց երկար-բարակ մտածելու ինքն ու որդին դուրս են եկել հայրենիքը պաշտպանելու: Հետո որդին զինվորականի մասնագիտությունն է ընտրել: Այժմ, սակայն, թոշակի անցած նախկին զինվորականը Ռուսաստանում է ապրում, իսկ Հայաստանում նրա ծեր հայրն ու մայրն են:

Արցախում ևս հերոսը ազատամարտիկ է: Այժմ, սակայն, ծերունին իր հայրենի գյուղում միայնակ է ապրում, որդիներից մեկը Ստեփանակերտում է, երկուսը`Ռուսաստանում: Իսկ հայրենի հողի արժեքը գիտակցող ծերունին ասում է, որ ուր էլ լինես, միայն հայրենի հողում կարող ես լիիրավ ապրել ու իրավատեր լինել:

Էդոյանն ասում է, որ փորձել է  ցույց տալ, թե ինչու են մարդիկ ստիպված լինում լքել հայրենի հողը. աշխատատեղերի պակաս, մարդիկ իրենց օգտակար չեն զգում, իրենք իրենց խնդիրների հետ մենակ են մնացել, իրենց իրավունքներից տեղյակ  չեն:

Հեղինակի խոսքով`հայրենի հողը դուրը շատ է եկել ու պատրաստ է գալ ու ապրել Հայաստանում: ՛՛Հատկապես շատ սիրեցի Ջավախքը, մտածում եմ մեկ-երկու ամսով այնտեղ ապրել ու նոր ֆիլմ նկարել՛՛,- ասում է Էդոյանը:

 

Հագեցած մշակութային ծրագիր՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում

DSC00777ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այս օրերին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պետերբուրգյան արվեստասեր հասարակայնությունը հնարավորություն է ունեցել մեկ անգամ ևս անմիջականորեն շփվելու հայկական մշակույթին: Պետերբուրգում Երևանյան օրերի մշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հայկական պատվիրակության անդամների հետ այցելել է Կրոնի պետական թանգարանում բացված պետերբուրգցի հայտնի հայ գեղանկարիչ Զավեն Արշակունու <<«Լույս երկնային>> խորագիրը կրող ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվել են արվեստագետի ասվածածաշնչյան թեմաներով շուրջ 30 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ. <<Այս ցուցահանդեսը, ինչպես նաև մշակութային մյուս միջոցառումները հրաշալի հնարավորություն են մեր բարեկամներին ներկայացնելու ոչ միայն դարերի պատմություն ունեցող հայկական մշակույթը, այլև դրա մերօրյա դրսևորումները: Նմանատիպ միջոցառումները նաև առիթ են միմյանց ավելի լավ ճանաչելու ու հասկանալու և, դրանով իսկ, ինքնատիպ խթան են բարեկամ քաղաքների փոխգործակցության համար>>,- նշել է Արամ Սուքիասյանը:

Մշակութային ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Ռայկինի անվան թատրոնի բեմում ներկայացվել է Արմեն Վաթյանի <<Ինտիմ չառաջարկել>> ներկայացումը, որը հանդիսատեսին հայտնի է նաև <<Պետերբուրգյան սինդրոմ>> անունով: Հայ տղայի և պետերբուրգցի աղջկա սիրո մասին պատմող ներկայացումը բեմադրել է <<Արտ-Պիտեր>> պրոդյուսերական կենտրոնը՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի ներկայացուցչության անմիջական աջակցությամբ:
Երևանյան պատվիրակության անդամները, Սանկտ Պետերբուրգում Երևանի ներկայացուցչության անդամների հետ միասին, մասնակցել են նաև պետերբուրգյան բուհերի ղեկավարների հետ կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում քննարկվել են գիտակրթական, ինչպես նաև փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր:
Պետերբուրգի պետական ակադեմիական երգչախմբի բեմում տեղի է ունեցել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Համերգին ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի պատվիրակության և Սանկտ Պետերբուրգի կառավարության անդամներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հյու Ջեքմանը 2013-ի ամենաազդեցիկ դերասան է ճանաչվել

bb_horizontal_bigger19955898Forbes ամսագիրը հունիսի վերջին հրապարակել է 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը: Իսկ հիմա էլ ներկայացրել է 10 ամենահեղինակավոր տղամարդ-դերասանների ցանկը: Հրատարակությունը գնահատել է մասնակիցների եկամուտը, նրանց մասնակցությամբ նախագծերի շահութաբերությունն ու  անձնական ձեռքբերումները: Առաջին հորիզոնականն այս ցուցակում զբաղեցրել է  Հյու Ջեքմանը: Այս ցուցակում են հայտնվել նաև arce233Ռոբերտ-Դաունի-կրտսերը, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Քրուզն ու Չենինգ Տատումը:

Ամսագիրը ոչ միայն գնահատել է Ջեքմանի դերասանական տաղանդը, այլև նրա վոկալ ու պարային ունակությունները: Անցած տարվա վերջին էկրան է բարձրացել “ Թշվառները” մյուզիքլը, որտեղ Ջեքմանը կատարում է  կալանավոր Ժան Վալժանի պարտիան: Այդ դերի համար նա ստացավ իր առաջին “Ոսկե գլոբուսը” ու ներկայացվեց “Օսկարի”: Ջեքմանը Laughing Man թեյ արտադրող ընկերություն ունի, որի ողջ հասույթը բարեգործական հիմնադրամ է գնում:

Երկրորդ հորիզոնականում հայտնված Ռոբերտ Դաունի կրտսերը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, այս տարի նրա եկամուտը կազմել է 75 մլն դոլար:”Վրիժառուները” ֆիլմը, որտեղ  նա Թոնի Սթարքի դերն է կատարում, հավաքել է 1,5 մլրդ դոլար, իսկ “Երկաթյա մարդը 3”-ը` 1,2 մլրդ:

78999-samye-stilnye-637x0-2Երորդ հորիզոնականը զբաղեցրած Լեոնարդո դի Կապրիոն, որի հերոսները հաճախ մահանում կամ էլ խելացնոր են դառնում, Բազա Լուրմանի դերն է կատարել“Մեծն Գեթսբիում”, որը ռեժիսորի համար ամենաեկամտաբեր ֆիմը դարձավ` հավաքելով 300 մլն դոլար:

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորող իրադարձություններ

DSCN4306Այսօր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հանդես եկան Փառատոնի բացմանն ընդառաջ մամլո ասուլիսով: «Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը լրագրողներին ներկայացրեցին «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորող իրադարձությունները:
Փառատոնի բացման օրը` հուլիսի 7-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեծ շանսոնեյի մասնակցությամբ տեղի կունենա անվանական «Աստղի» բացման արարողությունը: Որին կհաջորդի կինոփառատոնի առաջին ցուցադրությունը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմը, որի գլխավոր դերում է հանդես գալիս Ազնավուրը:
Կինոփառաոնի ընթացքում կհանձնվեն նաև մի շարք մրցանակներ: Շառլ Ազնավուրը կպարգևատրվի «Փարաջանովյան թալեր» մրցանակով: Նույն մրցանակը համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար կստանան նաև Մարգարեթե Ֆոն Թրոթան, Իշտվան Սաբոն, Ներսես Հովհաննիսյանն ու Յոս Ստելինգը: Իսկ Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կենրկայացվի փառատոնի արտամրցույթային ծրագրում, կարժանանա փառատոնի «վարպետ» մրցանակին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որը այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

Մշակութային միջոցառում Ստրասբուրգում

OLYMPUS DIGITAL CAMERAՀուլիսի 2-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպեց ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Համերգի ունկնդիրների շարքերում էին ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության եւ Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին հետեւեց ընդունելություն:

Ֆրանսիայի արևմուտքում բացվել է Լուի դը Ֆյունեսի թանգարանը

bb_horizontal_bigger19934714Ֆյունեսի հարազատ Սելյե գյուղում տեղաբնակների խնդրանքով վերջերս բացվել է հայտնի կատակերգակ դերասանի թանգարանը: Սելյեում է նա ապրել մինչև կյանքի վերջ` պաշտելի Կլերմոն տանը, դրա համար էլ  ցուցանմուշները նվիրված են ոչ միայն դերասանի կինեմատոգրաֆիական գործունեությանը, այլև` առօրյա կյանքին: Թանգարանում կներկայացվեն նաև Ֆյունեսի ծանոթների ու հարևանների հետ հարցազրույցների տեսագրույունները: Բոլորը կարող են տեսնել, թե որտեղ էր սիրում զբոսնել դերասանը: Այդ երթուղին ստացել է “Լուիի հետքերով” անունը: Թանգարանում  նախատեսում են նաև նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել:

Սիրելի դերասանը խաղացել է ավելի քան 130 ֆիլմում:

Դերասանը կինոյից հեռացել է 2 սրտի կաթվածից հետո: Կլերմոյում զբաղվել է վարդերի աճեցմամբ: Ծաղկի մի տարատեսակը նրա անունով է կոչվել: Ֆյունեսը մահացավ սրտի 3-րդ կաթվածից` 1983-ի հունվարի 28-ին:

Կայացավ Գրեմիի մրցանակակիր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը

հայկ բոյաջյանՀուլիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կայացավ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը:

Համերգին իր ներկայությամբ պատվել էր կոմպոզիտորը:

Համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի ստեղծագործություններ`  «Կանտիկլ N2» թավջութակի և դաշնամուրի համար (պրեմիերա), նվիրված «Արս լունգա» դուետին, կատարեց «Արս լունգա» դուետը (Ջուլիետա Վարդանյան-դաշնամուր, Արամ Թալալյան-թավջութակ), «32 վարիացիա Բախի թեմայով» դաշնամուրի համար (պրեմիերա), կատարեց Ջուլիետա Վարդանյանը, «Քաղաքավարության կանոններ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Լեոն Դամասի), կատարեցին` Գայանե Գեղամյանը (սոպրանո), Աննա Ճուղուրյանը (դաշնամուր), «Հայկական կանտիկլ» դաշնամուրի համար (հայաստանյան պրեմիերա), կատարեց Արմեն-Լևոն Մանասերյանը (դաշնամուր), լարային կվարտետ N2 «Ազատ» (հայաստանյան պրեմիերա), կատարեց «Թալալյան» կվարտետը, Թերեզա Նաչարյան (1 ջութակ), Ռիմա Միրզոյան, (2 ջութակ), Յանա Դարյան (ալտ),Արամ Թալալյան, (թավջութակ):

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 26-հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք (փառատոնի ծրագիրը կցված է մամուլի հաղորդագրությանը, 2-րդ էջում):

Հայկ Բոյաջյանը Գրեմիիի մրցանակակիր  մրցանակակիր կոմպոզիտոր է: Ծնվել է 1938 թվականին, Փարիզում: Փոքր տարիքում գաղթել է Բուենոս Այրես, Արգենտինա, որտեղ սովորել է Լիստի կոնսերվատորիայում: 1958 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Ներկայում ապրում է Լեքսինգթոնում, Մասաչուսեթս: ԱՄՆ-ում երաժշտական ուսումը շարունակել է որպես հատուկ ուսանող` Նոր Անգլիայի կոնսերվատորիայում, ապա` Բրանդեյս համալսարանում: Ուսուցիչներից են` Բ. Բալցին, Ս.Շիֆրինը, Ա.Լուսիերը և  Է.Քոհենը:

Բոյաջյանը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է, ASCAP միության անդամ, Մաք Դոուել Քոլոնիի անդամ և այլն: Գրեմիի մրցանակի է արժանացել Դաշնամուրային երրորդ սոնատի համար: մրցանակներ է ստացել ASCAP-ից, Լեքսինգթոնի արվեստի խորհրդից և այլն:

Գրել է տարբեր ժանրերում` կամերայինից մինչև սիմֆոնիկ: Ստեղծագործություններից շատերը կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և ձայնագրվել են հայտնի ստուդիաներում: Երաժշտական ստեղծագործությունների  և բանաստեղծությունների մի մասը հրատարակվել են:Ստեղծագործություններն ընդգրկում են դաշնամուրային, երգեհոնային պիեսներ, ձայնի և դաշնամուրի համար, երգչախմբի  համար գրված գործեր, կամերային գործեր` փայտյա փողային, պղնձյա փողային, լարային գործիքների տարբեր համակցություններով, սիմֆոնիկ ստեղծագործություններ` սիմֆոնիաներ, նախերգանք, օրատորիա և այլն: