Լցոնած խնձոր

OLYMPUS DIGITAL CAMERAՀայտնի է խնձորի մարսողությունը կարգավորելու, ինմունիտետը բարձրացնելու, շաքարի մակարդակը չափավորելու հատկությունը: Կարելի է իհարկե խնձորն ուտել ինչպես կա, սակայն ավելի հետաքրքիր է, երբ այդ միրգն օգտագործվում է նախուտեստի ու այլ ճաշատեսակի ու դեսերտի մեջ: Չէ՞ որ խնձորն ունակ է սովորական ուտելիքին նրբահամ հաղորդել, հավելած, որ խնձորը ջերմամշակման ենթարկվելու դեպքում էլ չի կորցնում օգտակար ու սննդարար արժեքների մեծ մասը:

Բաղադրությունը` 2 անձի համար
2 հատ կարմիր քաղցր խնձոր
նուռ` եթե կա
2 տերև կաղամբ` կալե տեսակի
2 հատ ձու
կիտրոնի հյութ 2ճ/գդալ
յուղազերծված մայոնեզ` 4ճ/գդալ
ծովախեգետին` 200 գ:
Խնձորի լցոնումը
1.Յուրաքանչյուր խնձոր լվանալ ու զգուշորեն հանել միջուկը` ինչպես տոլմայի համար ենք անում, պատերը 5մմ հաստությամբ թողնել, ապա միջուկը մանրացնել, խառնել նռան հատիկները, ցողել կիտրոնահյութով:
2.Ձուն խաշել ու խոշորանցք քերիչով անցկացնել: Ծովախեցգետնի շերտերը նույնպես մանրացնել: Կաղամբի պտղակոթունային հատվածը հեռացնել ու երկար շերտերով կտրատել:
3. Այդ խառնուրդին մայոնեզ ավելացնել, դրանով լցոնել խնձորները ու ափսեի մեջ դնել և վրայից նռան հատիկներով զարդարել:

Ինչպե՞ս լավ հանգստանալ և աշխատանքի վերադառնալ առանց սթրեսների. խորհուրդներ հոգեբանից

անուշ ալեքսանյանԱմառ է, արձակուրդների բուռն սեզոնը, երբ ամեն ոք կա՛մ արդեն արձակուրդում է, կա՛մ էլ ծրագրում է իր առաջիկա հանգիստը: Այս սեզոնին շատ է խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ հանգստանալ: Հանգստի մեկնողներս, որպես կանոն, գիտենք, որ արևի տակ ցերեկային ժամերին չպետք է մնալ, որ ծովափ մեկնելիս արևապաշտպան քսուքները, արևային ակնոցը պարտադիր են, որ պետք է խուսափել շուտ փչացող սննդամթերքից, ինչպես նաև անծանոթ մթերքներից: Այս ամենն ապահովում են ֆիզիկական առողջությունը: Իսկ ինչպե՞ս հանգստանալ, որ ֆիզիկականից բացի կարողանանաք պաշտպանել նաև հոգեկան առողջությունն ու արձակուրդից վերադառնալիս չլինենք շատ ավելի հոգնած ու ուժասպառ, քան արձակուրդի մեկնելուց առաջ էինք:

Այս թեմայով «Անկախը» զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

– Անուշ, ի՞նչո՞ւ են բոլորը ցանկանում ամռանը հանգստի գնալ, սա կարծրատի՞պ է:

– Չեմ կարծում, որ ձևավորված կարծրատիպ է, ավելի շատ եղանակային փոփոխությունների հետ է կապված, շոգ եղանակին մարդկանց աշխատունակությունն ընկնում է, և մարդիկ ձգտում են հանգստանալ: Նաև կապված է ծովափնյա սեզոնի հետ:

– Ինչպե՞ս պետք է հանգստանալ, որ հանգստից վերադառնալիս ավելի շատ հոգնած չլինենք:

– Հանգստի մասին թյուր պատկերացումներ կան, որոնք ևս խանգարում են, որ ճիշտ կազմակերպենք մեր հանգիստը: Օրինակ` շատերը կարծում են, որ ամառային հանգիստը պետք է պարտադիր ծովափին լինի կամ միայն ծովափնյա հանգիստն է հանգիստ: Իրականում այդպես չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն հետևի և հասկանա, թե ինչպես կկարողանա հանգստանալ: Մարդիկ կան, որոնք գեղարվեստական գրքեր կարդալով են հանգստանում: Այս պարագայում կարելի է արձակուրդն անցկացնել հանգիստ և անտառաշատ մի վայրում, որտեղ հնարավոր է ժամերով պառկել ծառի տակ ու կարդալ:
Այն մարդիկ, որոնք պասիվ աշխատանքային գրաֆիկով են ապրում, գուցե նախընտրեն ակտիվ հանգիստը, ոչ թե պասիվը:

Մարդու խառնվածքից էլ է կախված, թե ինչ հանգիստ կնախընտրի: Չկան ընդհանուր հանձնարարականներ կամ խորհուրդներ բոլորի համար, բայց կան անհատական առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հասկանալ և հաշվի առնել: Խորհուրդս այն է, որ չհետևեն հանգստի գովազդվող տեսակներին, չակնկալեն, որ հանգիստը յուրաքանչյուրի համար նույնը լինի:

Հանգիստ կարող է լինել գործունեության տեսակի, բնակության վայրի, տարածքի փոփոխությունը: Ցանկալի է, որ մարդաշատ, խոշոր քաղաքներում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն հանգիստ միջավայր, որտեղ աղմուկը քիչ է: Օրինակ` ցանկալի չէ, որ մեծ քաղաքում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն մարդաշատ և աղմկոտ հանգստի վայր, եթե անգամ դա ծովափ է: Նման պարագայում միջավայրը կարող է փոխվել, բայց ազդակները, որոնք արտաքին աշխարհից գալիս են, չփոխվեն, այսինքն` հանգստանալ պետք է նաև արտաքին ազդակները փոխելով:

– Իսկ ինչպե՞ս մարդ կարող է կողմնորոշվել, թե իրեն հանգստի որ տեսակն է հարկավոր:

– Փորձելով, հանգստի համար ընտրելով այնպիսի միջավայր, որը լրիվ տարբերվում է իրենից: Մարդ կարող է գնալ Լաս Վեգաս հանգստի, որտեղ լիքը էմոցիոնալ զբաղմունքներ կան, ատրակցիոններ, խաղեր, ժամանցի վայրեր, սա կարող է շատ ծանրաբեռնել մարդուն և հոգնեցուցիչ լինել, չնայած միջավայրի փոփոխություն է: Էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը ևս շատ հոգնեցնող է: Սեփական ոճը գտնելու համար մարդ պետք է փորձի վերլուծել և հասկանալ, թե ինչն է իրեն շատ հոգնեցնում: Մարդիկ հաճախ նախընտրում են ընտանիքի հետ հանգիստը, բայց երբեմն ընտանիքի հետ հանգիստը կարող է հանգստացնող չլինել, որովհետև մարդիկ իրենց ընտանիքից, ընտանեկան հարաբերություններից, նույն մարդկանց հետ անընդհատ լինելուց և շփվելուց ևս հոգնում են: Տարվա ընթացքում կարելի է մեկ շաբաթ տրամադրել մենակ հանգստին, ինչը, կարծում եմ, հայկական միջավայրում մի քիչ խորթ կարող է թվալ: Հայերս դժվարանում ենք հանգստանալ, ժամանց կազմակերպել և լիարժեք գոհանալ այդ հանգստով և հանգստյան տնից իսկապես հոգնած ենք գալիս:

– Շատ մարդիկ փորձում են տանն իրենց հանգիստը կազմակերպել, որտեղ չկա միջավայրի փոփոխություն: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հանգստանալ:

– Իսկապես, կան մարդիկ, որոնք հանգստանում են իրենց տանը, այսինքն` կարող են լիարժեք թուլանալ, հանգստանալ իրենց իսկ միջավայրում: Օրինակ` շատ մաքրասեր մարդիկ, որոնք կարևորում են հիգիենայի կանոնները, կարող են հյուրանոցում, որտեղ իրենք չեն ապահովում մաքրությունը, լրացուցիչ լարվածության և անհանգստության մեջ լինել: Նման մարդիկ ավելի լավ է` տանը հանգստանան, իրենք իրենց ժամանակ տրամադրեն: Կարող են ընտանիքի անդամներին ուղարկել հանգստի, իսկ իրենք մնալ տանը և հանգստանալ տան միջավայրում: Սա արդեն անհատական առանձնահատկություն է:

– Իսկ կա՞ հանգստի օպտիմալ ժամանակահատված, որի ընթացքում մարդը վստահաբար կկարողանա ազատվել կուտակված բացասական լիցքերից և դրական էներգիայով լեցուն աշխատանքի վերադառնալ:

– Չկա այդպիսի օպտիմալ ժամանակահատված: Դրանք ավելի շուտ աշխատանքի նկատմամբ հիգիենիկ պահանջներն են, որոնք սահմանվում են աշխատանքային օրենսգրքով: Տարբեր երկրներում տարբեր աշխատանքների համար սահմանվում է հանգստի տարբեր ժամանակահատված: Բայց առհասարակ մարդը ողջ հանգիստը չպիտի թողնի արձակուրդին, այլ աշխատանքային ժամանակահատվածում` ազատ և հանգստյան օրերին, երեկոները կարողանա լիարժեք օգտագործել և հանգստանալ: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանքային ժամանակահատվածում ապահովել իրենց փոքր հանգիստը, սովորաբար չեն կարողանում նաև արձակուրդի ժամանակ հանգստանալ:

Հանգիստը պետք է ոչ միայն արձակուրդի ժամանակ լինի, այլ ամբողջ տարվա ընթացքում: Սա անձնային որակ է, որը մարդ պետք է զարգացնի:

– Իսկ մարդն ինչպե՞ս պետք է զարգացնի այդ կարողությունը: Ընդհանրապես հանգստի մշակույթ ասվածն ինչպե՞ս պետք է ձևավորվի մարդու մեջ:

HOlidays– Այդ մշակույթը ձևավորվում է և՛ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, և՛ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքով ու հարգանքով: Երբ մեր աշխատանքը գերագնահատում ենք, իսկ մեզ թերագնահատում, կարող ենք չափից դուրս մեծ պահանջներ ունենալ մեզնից, սպառել մեր էներգիան մինչև վերջ և հանգստին ժամանակ չտրամադրել ո՛չ աշխատանքային օրվա, ո՛չ շաբաթվա և ո՛չ էլ արձակուրդի ժամանակ: Արձակուրդը և հանգիստը նաև մեր անձի նկատմամբ մեր վերաբերմունքն են: Եթե բավարար չափով հարգում ու սիրում ենք մեր անձը, անպայման ժամանակ կհատկացնենք հանգստի համար, իսկ եթե այդ պահանջմունքին ուշադրություն չենք դարձնում, նշանակում է` բավարար չափով ուշադիր չենք մեր նկատմամբ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք չեն կարող ամուսնուն, երեխաներին թողնել ու գոնե մի քանի օր տրամադրել մենակ հանգստին:

– Մեր մշակույթում ընդունված չէ օգնել մայրերին երեխաների խնամքի հարցում: Սովորաբար, եթե ծնողների հետ են ապրում, նրանք օգնում են կենցաղային հարցերում: Մայրը, իհարկե, պետք է զբաղվի երեխաների խնամքով, բայց այդ հարցում էլ օգնության կարիք ունի: Օրինակ` մայրն ինչ-որ ժամանակ կարիք է ունենում իր երեխաներից հանգստանալու: Չեմ ասում բոլորը, չեմ ասում ռեժիմի նման պետք է լինի, բայց ինչ-որ պահի, եթե մայրը կարիք կունենա հանգստանալու, պիտի լինեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ ընթացքում:

Օրինակ` մի օր տատիկն ու պապիկը կամ հայրիկը կարող են զբաղվել երեխայի խնամքով: Եթե դա սովորություն լինի, օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր հայրը զբաղվի երեխաներով, որպեսզի մայրն իրեն կարողանա ժամանակ հատկացնել, այդ դեպքում գուցե մայրն այդ չափով չհոգնի երեխաների խնամքից: Իսկ հանգստի ժամանակ կարելի է պայմանավորվել հայրիկի հետ, որ մասամբ կամ որևէ կոնկրետ ժամանակահատված նա զբաղվի երեխաների խնամքով: Հանգստի ժամանակ մի փոքր էլ հայրը պետք է իր երեխաներով զբաղվի: Այնպես է ստացվում, որ հաճախ արձակուրդի ժամանակ էլ հայրերը չեն ուզում իրենց երեխաներով զբաղվել: Իրականում նրանց հանգիստն էլ մի քիչ այդպես պետք է կազմակերպվի, որ երեխայի հետ խաղալով, վազվզելով հանգստանան: Դա էլ արդեն մշակույթի խնդիր է: Եթե հայրն ուզում է հանգստանալ երեկոները, շաբաթ և կիրակի, արձակուրդի ժամանակ, այդ դեպքում մայրը ե՞րբ պետք է հանգստանա: Սա էլ արդեն գենդերային անհավասարության խնդիր է:

– Հանգստից հետո, երբ աշխատանքի ենք վերադառնում, առաջին օրերն ամենաբարդն են: Ինչպե՞ս մեղմել այս վիճակը, ի՞նչ անել, որ հանգստից հետո աշխատանքին վերադառնալն ավելի հեշտ լինի:

– Նախ` դա որոշ չափով բնական երևույթ է, որովհետև ցանկացած փոփոխություն մեզ համար սթրեսային է: Որպեսզի այս անցումը հեշտ լինի, ցանկալի է արձակուրդի վերջին օրերը դարձնել աշխատանքին վերադառնալու նախապատրաստական շրջան: Օրինակ` կարելի է գնալ գնումների, որոնք պետք են աշխատանքի գնալու համար, դա կարող է լինել նոր հագուստ, աշխատանքային օրագիր, այլ իրեր, որոնցով կնախապատրաստվենք աշխատանքին, կարելի է առաջիկա աշխատանքային շաբաթը պլանավորել, զանգել գործընկերներին: Եթե մինչև արձակուրդի վերջին օրն ուզում ենք մեզ տրամադրել հանգստին, լրիվ աշխատանքից կտրվելուն, ապա աշխատանքի գնալու առաջին օրը շատ հոգնեցնող կարող է լինել:

 

Խալերն առողջության նշան են, բայցև մաշկի քաղցկեղի վտանգ

խալերՈմանց խալերը կարող են գեղեցկացնել, ոմանց մոտ փչացնել այն: Կուբացի գիտնականների բացահայտմամբ, որքան շատ են կանանց մարմնի խալերը, այնքան ավելի մեծ հաճույքով են սեքսով զբաղվում: Դա բացատրում են խալերում ժառանգական ինֆորմացիայով: Իսկ Մեծ Բրիտանիայի քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր մարմնի վրա 100-ից ավելի խալ ունեն, շատ ավելի ամուր ոսկորներ, ավելի քիչ կնճիռներ, զարգացած մկաններ, առողջ աչքերը և առողջ սիրտ ունեն: Սակայն, մյուս կողմից, խալերը նպաստում են մաշկի քաղցկեղի առաջացմանը:

Պարզվում է` խալերն առաջանում են մելանոցիտ հորմոնի (պիգմենտների հատիկներ պարունակող մաշկային բջիջներ) կուտակման հետևանքով, որոնք ավելանում են արևայրուքի ժամանակ: Խալերը լինում են բնածին և ձեռք բերովի, տարբեր գույնի (մոխրագույն, սև, մուգ շագանակագույն և մարմնագույն), չափի, հարթության և վրայի մազերը վտանգավոր չեն։ Դրանք տարիքի հետ կարող են մգանալ և մեծանալ: Խալերը հաճախ առաջանում են մաշկի` արևի ներգործությանը ենթարկված հատվածներում, բայց պետք է հիշել, որ դրանց վտանգը չարորակ նորագոյացությունների` մելանոմայի վերածվելու հատկությունն է։ Կարծիքներ կան նաև, որ մարմնի վրա խալերի քանակը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

«Մելանոման արագ զարգացող ուռուցք է։ Դրա համար ամռանը անհրաժեշտ է պաշտպանվել արևի ճառագայթներից, հրաժարվել լողափին երկար պառկելուց, կիրառել արևապաշտպան քսուքներ, արևային ակնոց, հովանոց կամ գլխարկ, և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից զգուշանալ հատկապես ժամը 12:00-16:00-ին: Վտանգի տակ են հատկապես շիկահերները, բաց գույնի աչքեր ունեցողները և ալբինոսները (գունագարները)» , – մեզ հետ զրույցում ասել է ռումիանցի բժիշկ-մաշկաբան Անկա Էնեն:

Նրա խոսքով` պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ նկատում ենք, որ խալերի չափերը մեծացել են, շատացել են, գույնը փոփոխվել է, անհամաչափ են դարձել, ճաքեր, թեփուկներ, հեղուկի հոսք, արյունահոսություն է առաջացել: Խալերի սահմանների մոտ գունավոր բծերը չարորակ ուռուցքի նշաններ են, որի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի (ուռուցքաբանի, մաշկաօնկոլոգի)։

Որոշ մասնագետներ ուղղակի դեմ են խալերի հեռացմանը, մինչդեռ այլ բժիշկներ դա անհրաժեշտ են համարում: «Իրականում խալի հեռացումը վտանգավոր չէ, պարզապես պետք է հասկանալ, թե այն ինչ մեթոդով կարելի է հեռացնել: Պետք է կատարել նախնական հետազոտություն, որից հետո նոր որոշել, թե որ մեթոդով է անհրաժեշտ խալը հեռացնել, կամ չհեռացնել: Վտանգավոր խալերը կարելի է հեռացնել ռադիոալիքային հոսանքով, որն առավել արդյունավետ միջամտություններից մեկն է, քանի որ կանխվում է արյունահոսությունը, էլեկտրոագուլացիայով, կրիոդեստրուկցիայով, լազերով (բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խալը շերտ առ շերտ ոչնչանում է) և վիրահատական ճանապարհով: Խալը հեռացնելուց հետո էլ անհրաժեշտ է զերծ մնալ արևի երկարատև ներգործությունից», – հավելել է Ա. Էնեն և շարունակել, որ խալերը խորհուրդ չի տրվում հեռացնել 18 տարեկանից շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ խալը խանգարում է երեխային: Բոլոր դեպքերում վերջնական որոշումը որակյալ բժշկինն է:

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը

առողջական-ՖիլատովԱսում են` խորհրդային անվանի ակնաբույժ Վ.Պ.Ֆիլատովի կլինիկայում տեղեկատվական ցուցանակի վրա փակցված բաղադրատոմսը հիվանդները գրառել ու կիրառել են: Եվ նրանց մոտ վերականգնվել է տեսողությունը, այնքան ակնհայտ արդյունք է ստացվել, որ բաղադրատոմսն իմացողները կանոնավոր օգտագործել են պատրաստված խառնուրդը:
Հալվեի 100 գ հյութ, 500 գ մանրացրած ընկույզ, 300 գ մեղր ու 3-4 կիտրոնի հյութը լավ խառնել և ուտել 1 դեսերտի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Պետք է կիրառել այնքան ժամանակ, մինչև զգալի բարելավում լինի: Ի դեպ, այս խառնուրդը ոչ միայն տեսողությունն է բարելավում, այլև ընդհանուր կազդուրիչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Կարևոր է մի բան հիշել. հալվեն պետք է առնվազն 2-3 տարեկան լինի:
Դրա համար հարկավոր է օգտագործել բույսի ստորին ու միջին տերևները, գագաթին ձեռք չտալ, բայց վերին հատվածից ևս 3-4 տերև պոկել, ապա լվանալ եռման ջրով, հեռացնել ատամիկները, մանրացնել մնացածը, լավ տրորել ու հյութաքամիչով կամ երկտակ թանզիֆով քամել:
Ակադեմիկոսը խորհուրդ էր տալիս լվացած տերևներն իսկույն չկտրատել, այլ ափսեով դնել սառնարանը 10-12 օր: Հալվեի տերևներում նման պայմաններում առաջանում է մի նյութ, որը ստացել է «կենսածին խթանիչ» անվանումը: Այն խթանում է բջիջների կենսագործունեությունը: Դրանից հետո հալվեի տերևները կրկին լվանում են ու անում այն, ինչ շարադրված էր վերը:
Մի բան էլ պետք է հիշել. տվյալ խառնուրդը չպետք է շատ երկար օգտագործել, քանի որ կարող է գրգռել աղիքների լորձաթաղանթն ու բորբոքում առաջացնել:
Տարիքի հետ ի՞նչ է պատահում տեսողությանն ու աչքերին
Ծննդյան պահից երեխաները շատ զգայուն են լույսի նկատմամբ, սակայն չեն կարողանում հայացքը կենտրոնացնել օբյեկտների վրա կամ տարբերակել գույները: Երեխայի տեսողությունը շարունակում է զարգանալ ծննդյան առաջին մի քանի ամիսների ընթացքում:
Առաջին ամսում նրանց տեսողությունը սկսում է կենտրոնանալ 1 մ հեռավորության վրա գտնվող որոշակի օբյեկտի վրա: 4-րդ ամսում երեխան հստակ տարբերում է իրերը, որոնք գտնվում են սենյակի հակառակ կողմում: Բացի այդ, երեխան լրիվ տարբերում է գույներն ու երանգները:
Տեսողության ստուգումն առաջին անգամ
Մանկաբույժը կարող է ստուգել երեխայի տեսողությունը կյանքի առաջին տարում պլանային ստուգման ժամանակ: Իսկ տեսողական խնդիրներ, ինչպիսիք են կարճատեսությունը կամ հեռատեսությունը, երեխայի մոտ կարող են հայտնաբերվել կյանքի 3-րդ տարում:
Պետ՞ք է, որ երեխան ակնոց դնի
Դպրոցահասակ տարիքի երեխաներից 4-ից մեկը տեսողական խնդիր ունի, հիմնականում` կարճատեսություն, սակայն նրանց միայն մեկ երրորդն է դիմում ակնաբույժի: Մասնագետների մեծ մասը կարծում է, որ տեսողությունը լրջորեն պետք է ստուգել դպրոց ընդունվելուց առաջ, քանի որ հետագայում խնդիրը կարող է խորանալ: Իսկ ընդհանրապես տեսողությունը հարկ է ստուգել երկու տարին մեկ:
Ի՞նչ է նշանակում «ծույլ աչք»
Ամբլիօպիան կամ «ծույ աչքի» համախտանիշը հանդիպում է 100 երեխայից 2-3-ի մոտ: Դա առաջանում է այն ժամանակ, երբ ուղեղի ու աչքերից մեկի նյարդային ազդակները պետք եղածին պես չեն աշխատում: Երեխաների մեծ մասին բուժում են մեկ աչքին կապ դնելով կամ այլ մեթոդներով:
Շլությունն առաջանում է այն ժամանակ, երբ աչքերից մեկը շեղվում է տեսողական առանցքից: Հատուկ ակնոցը, վիրահատությունը կարող են շտկել խնդիրը:
Համակարգիչ ու աչքերի գերլարվածություն
Համակարգչի, սմարթֆոնի ու տեսախաղերի ժամանակ էկրանին սևեռուն ու երկարատև հայացքը կարող է աչքերի գերլարվածություն, չորություն ու հոգնածություն առաջացնել: Այդ լարվածությունը թուլացնելու համար պետք է, որ մոնիտորը տեսադաշտում լինի 60 սմ հեռավորության վրա: Լավ կլինի կիրառել նաև սեղանի լամպեր, էկրանի փայլը նվազեցնելու համար ու աչքերին հանգստություն պարգևել աշխատանքի յուրաքանչյուր 2 ժամը մեկ: Դրա համար հարկավոր է պարզապես հայացքը հառել մոնտիտորից ավելի հեռուն գտնվող օբյեկտներին:
Մեծե՛ր, պահպանեք տեսողությունը
Առողջ մեծերը մինչև 40 տարեկան տեսողական խնդիրներ չեն ունենում: Աչքերի առողջությունը պահպանելու համար պետք է արևապաշտպան ակնոց դնել, ցանկալի է` ուլտրամանուշակագույն պաշտպանությամբ: Պետք է միշտ պաշտպանական ակնոց դնել նաև սպորտային խաղերի, մեխանիկական սարքավորումների կամ քիմիկատներով աշխատելու ժամանակ:
Ակնոց ընթերցանության համար՛
Ընթերցանության համար անպայման ակնոց դնելու պահանջը միջին տարիքի ամենաառաջին նշաններից է: Մինչև 40-45 տարեկանը հնարավոր է, որ տարբեր ֆունկցիաների համար տարբեր ակնոցներ պահանջվեն: Դա նորմալ երևույթ է այդ տարիքի համար, իսկ փոփոխությունն այդ կոչվում է պրեսբիօպիա: Նման դեպքերում արդյունք է տալիս երբեմն լազերային վիրահատությունը:
Ինչ է պրեսբիօպիան
Մինչև 40 տարեկանն աչքի բյուրեղիկը շատ ճկուն է ու այդ հատկության շնորհիվ էլ աչքը կարողանում է ինչպես մոտ, այնպես էլ հեռադիր իրերի վրա տեսողությունը կենտրոնացնել: Պրեսբիօպիայի առաջին ախտանշանն այն է, որ ճաշացանկը կամ գրքի տեքստը տեսնելու համար փոքր-ինչ ստիպված եք գիրքը կամ տվյալ օբյեկտը հեռացնել:
Տարիքային հիվանդություններն ու տեսողությունը
Որոշ հիվանություններ, ինչպիսին, ասենք, շաքարային դիաբետն է կամ արյան բարձր ճնշումը, կարող է ազդել տեսողության ու աչքերի առողջության վրա:
Դիաբետը հասուն մարդկանց կուրության հիմնական պատճառն է: Ազդում է նաև դիաբետիկ ռետինոպաթիան (ցանցաթաղանթի արյունատար անոթների վնասումը): Արյան բարձր ճնշումը կարող է վնասել աչքի արյունատար անոթներն ու նյարդերը, ինչը կարող է հանգեցնել տեսողության լրիվ կորստի:
Կատարակտ ու գլաուկոմա
Կատարակտն ու գլաուկոման կարող է ցանկացած տարիքում առաջանալ, սակայն հիմնականում այդ հիվանդությունների տարիք է համարվում 60-ը և դրանից հետո: Կատարակտը աչքի բյուրեղիկի մգացումն է, խամրումը: Այն հեշտությամբ կարելի է հեռացնել ու փոխարինել հատուկ բյուրեղիկով: Գլաուկոման աչքի ոսպնյակի կապտավուն մթագնումն է, որը տարբեր անուններով է հայտնի` «սև, դեղին կամ կանաչ ջուր»: Հիմանական ախտանշանը ներակնային ճնշման բարձրացումն է: Գլաուկոման բուժվում է ներակնային ճնշումն իջեցնող դեղորայքով, աչքի կաթիլներով կամ վիրաբուժական եղանակով:
Մակուլյար դիսթրոֆիա
Սա ևս 60 ու ավելի տարիքի մարդկանց հատուկ աչքի հիվանդություն է ու կարող է տեսողության մասնակի կորստի պատճառ դառնալ: Խոնավ մակուլյար դիսթրոֆիան զարգանում է այն ժամանակ, երբ անցանկալի արյունատար անոթներ են սկսում գոյանալ աչքի մեջ: Հիանդությունը բուժվում է դեղորայքով: Այդ դիսթրոֆիան նվազ ընդգծված արտահայտություն ունի ու հատուկ բուժում չի պահանջվում: Սակայն վիտամինները կարող են դանդաղեցնել դրա զարգացումը:

Սնունդն ու տեսողությունը
Ճիշտ սնվելն օգնում է աչքերի առողջությանը: Սակայն որոշ սննդատեսակներ վնասում են տեսողությունը:
Լյուտեինը, օմեգա-3-ը, ճարպաթթուները, C, E վիտամինները կօգնեն պաշտպանելու աչքերի առողջությունը: Պետք է հետևել, որ սննդաբաժնում բավարար քանակությամբ ցիտրուսներ լինեն, կանաչ ու տերևավոր բանջարեղեն, ընկույզ ու յուղոտ ձուկ: Ձկան ու տերևավոր բանջարեղենի կիրառումը կարող է կանխել տարիքային մակուլյար դիսթրոֆիան:

Իսկ պայծառատես Վանգան առողջությունը պահպանելու համար խորհուրդ էր տալիս զուսպ լինել, շատ ուտելուց խուսափել:
«Դա շատ հեշտ է, ես ոչ մի առանձնահատուկ բաղադրատոմս չունեմ, ու յուրաքանչյուր ոք լավ գիտի, թե ինչ չպետք է անել: Առաջին հերթին` շատ չուտել: Մթերքն առանց այդ էլ վատն է դարձել մեծ քանակությամբ պարարտանյութերի պատճառով, իսկ մարդու բոլոր օրգաններն են տուժում ավելորդ սննդից: Եթե մեզ պետք լիներ շատ ուտել, ապա բնությունը մեզ 2 ստամոքս կտար, իսկ մեկի համար այդ ամենը չափազանց շատ է:
Ավելի շատ սպիտակ սնունդ կերեք: Հաճախակի անտառային խոտերից թեյ խմեք: Կրճատեք սննդի մեջ ճարպերի քանակը: Նա, ով առողջ է, աստիճանաբար պետք է նվազեցնի մսի քանակն ու ի վերջո հրաժարվի դրանից: Գոնե շաբաթական մեկ անգամ խաշած ցորեն կերեք ու անպայման ջուր խմեք ուժեղ լինելու համար: Մի ծխեք:
Մարդը պետք է առաջին հերթին հոգ տանի իր հոգեկան առողջության մասին, ապրի իր, մարդկանց ու շրջակա միջավայրի հետ ներդաշնակության մեջ: Բարությունն է կարևորագույն որակը: Յուրաքանչյուրն այս կյանքում իր առաքելությունն է անում, ենթարկվում տիեզերական ռիթմին ու կարգուկանոնին: Դրա խանգարումը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնց համար մարդկությունն ուշ թե շուտ պետք է վճարի: Ու վճարում է արդեն հիմա»:

Թայվանում գիշատիչ մանրէները խժռել են աղջկա աչքը

1165-390x290 (1)Թայվանում 23-ամյա ուսանողուհի Լիան Կաոն կես տարի չի հանել կոնտակտային լինզաները, ինչի հետևանքով, գիշակեր մանրէները խժռել են նրա աչքերի խնձորակները  :

Բժիշկներն աղջկա մոտ ախտորոշել են հազվադեպ մի հիվանդություն, որը կոչվում է ականտամեաբային կերատիտ: Հիվանդությունը զարգանում է մի քանի տարում ու զգացնել տալիս այն ժամանակ, երբ արդեն ոչինչ հնարավոր չ անել:

Աղջիկը լինզաները չի մաքրել ու չի հանել լողանալու ժամանակ:Հետևանքը եղել է այն, որ լինզաների ներքին մակերեսին մանրէների համար պարարտ միջավայր է ստեղծվել: Գիշատիչ մանրէները խժռել են աչքի խնձորակները, ինչի հետևանքով նա լրիվ կուրացել է:

Փայբեյի հիվանդանոցի գլխավոր ակնաբույժը, որը բուժում է  աղջկան, կոնտակտային լինզաներ օգտագործողներին խորհուրդ է տալիս հետևել հիգիենայի կանոններին ու անպայման դրանք գիշերը  դնել հատուկ լուծույթի մեջ:

Անկախ

Դդմիկը մայոնեզով

OLYMPUS DIGITAL CAMERAԲաղադրությունը
2 ոչ մեծ դդմիկ
2 ճ/գդալ մայոնեզ
2 պինդ խաշած ձու, աղ, կանաչի:
Պատրաստման եղանակը
Դդմիկը խաշել աղ արած ջրի մեջ 10-15 րոպե, քամել, հովանալուց հետո կիսել ու գդալով մի քիչ միջուկից հանել: Փոսիկների մեջ լցնել խոշոր խորանարդներով ձվի, կտրատած կանաչու և մայոնեզի խառնուրդը:
Նույնը կարելի է անել տապակած դդմիկով և փաթաթել ռուլետի նման:

Տնական պաղպաղակ

պաղպաղակԲաղադրությունը
Բանան
ելակ
կիվի
յոգուրտ (յուղազերծված)
Պարաստման եղանակը
Միրգը լվանալ, չորացնել ու կտրատելուց հետո լցնել համապատասխան կաղապարների մեջ, ապա ավելացնել յոգուրտը: Դնել սառցախցիկը 2-3 ժամ, ապա վայելել:

Արևը` որպես դեղամիջոց

արևի օգտակարությունը

Բոստոնի բժշկական կենտրոնից Միքայել Հելիկը պնդում է` աշխարհում մոտ 1  միլիարդ մարդ պարբերաբար վիտամին D-ի պակաս է ունենում: Ընդ որում, խոսքը չի գնում միայն հյուսիսի ցուրտ գոտիներում ապրողների մասին. այս վիտամինի պակասի վտանգի առջև հաճախ կանգնում են նաև արևադարձային գոտիների բնակիչները:

Ավանդաբար համարվում էր, որ այս վիտամինի պակասը զգում են հատկապես հյուսիսի բնակիչները: Սակայն սա մոլորություն է, քանի որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի կամ Հնդկաստանի բնակիչների մոտ ևս նկատվում է այս վիտամինի պակաս:

Բանն այն է, որ այս երկրների բնակիչները նախընտրում են փակ հագուստ կրել: Նրանք նաև մուգ մաշկ ունեն, որն  արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցմանը օրգանիզմ, որն էլ հենց պատասխանատու է D վիտամինի ստեղծման համար: Պետք է նաև հիշել, որ արևապաշտպան քսուքները կարող են 95% -ով կրճատել D վիտամինի ստեղծումը /սակայն սա, իհարկե, չի նշանակում,որ պետք է հրաժարվել արևապաշտպան քսուքներից. մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը չի վերանում/:

Այս պատճառով էլ, ինչպես ցույց է տալիս փորձը, որ  երկրում էլ ապրեք, արևի վիտամինը ստանալը բավականին դժվար է: Անհրաժեշտ է օգտագործել այս վիտամինով հարուստ սնունդ: Յուղոտ ձուկն օգտակար է այս առումով, իսկ կաթը պարունակում է օրական օրգանիզմին անհրաժեշտ վիտամինի քանակի քառորդ մասը:

D վիտամինի պակասը կարող հարուցել հիվանդություններ, ինչպիսիք են ռախիտը, նաև կոտրվածքների հավանականությունն է մեծանում այն պատճառով, որ  օրգանիզմ ներթափանցող կալցիումի 10–15%  է միայն կարող յուրացվել օրգանիզմի կողմից առանց վիտամին D-ի: Բացի դրանից, մարդիկ, ովքեր քիչ են ստանում D վիտամին, հակված են հիվանդությունների` օստեպորոզ կամ քաղցկեղ: Նրանց շրջանում են հանդիպում նաև ավելորդ քաշ ունեցողները:

Հիշեցնենք նաև, որ ըստ վերջին հետազոտությունների` D վիտամինը երկարացնում է կյանքը: Մահացությունը երկու անգամ ավելի բարձր է D  վիտամինի պակաս ունեցողների շրջանում: Իսկ վիտամինի փոքր քանակության և մահացության դեպքերի միջև կապը դեռևս բացահայտված չէ:

 

Երեխայի խնդիրների հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը. հոգեբան

Իրինա Խանամիրյան-1Երեխայի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը:

Նա նշեց, որ երեխաների ագրեսիվությունը վերջին տարիներին շատացել է. «Ինձ հաճախ են դիմում ագրեսիայի խնդիրների պատճառով, ցավոք դա շատ տարածված  է: Երեխան հենց այնպես չի ունենում վարքային խնդիրներ: Պետք է հասկանանք` ինչն է հուզում նրանց և փորձենք օգնել: Երբեմն ծնողներն իրենք են հասցնում նրան, որ երեխան լալիս է: Կան նաև ամուսնալուծության հետ հետևանքով  առաջացած խնդիրներ: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք ամուսնալուծությունը այնպես անել, որ նվազագույն կերպով անդրադառնա երեխաների վրա», -ասաց հոգեաբանը:

Ըստ նրա` խնդիրների պատճառները տարբեր են լինում, և ծնողը միշտ հետամուտ պետք է լինի դրանք հայտնաբերելու: Երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջություն վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք ենք ծնողները, շրջապատը, համացանցը սերիալները, հեքիաթները, մուլտֆիլմերը և այլն:  Բոլորի ազդեցությունն էլ կարելի է դրականի վերածել, եթե ծնողը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով դրանք մատուցի երեխային:

Մուլտֆիլմերը մեծ  ազդեցություն են ունենում: Երբեմն երեխաները ժամանակակից մուլտֆիլմերի ուղերձները չեն կարողանում ընկալել  և  նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են ձևավորվում:

Շատ կարևոր գործոն են նաև հեքիաթները, քանի որ, ըստ էության, դրանք փորձի փոխանակում են սերունդից սերունդ: «Հեքիաթներն այնպիսի որակներ են տալիս, որոնք անհրաժեշտ են անձի ձևավորման համար: Կարևոր է, որ ծնողը կողմնորոշվի, որ տարիքում ինչ հեքիաթ կարդալ: Նախադպրոցական տարիքում ճիշտ է կենդանիների մասին հեքիաթներ պատմել: Դա բարոյական կրթության զարգացման տարիք է, նա այդ տարիքում է սովորում ճիշտն ու սխալը, բարոյական նորմերը: Իսկ կենդանիների մասին հեքիաթներում դա կա»,- ասաց Իրինա Խանամիրյանը:

Նրա խոսքով ` երեխաների վրա շատ վատ են անդրադառնում սերիալները. «Այն, ինչ հիմա նրանք սերիալներում տեսնում են, ուղղակի սարսափելի է: Դրանք բացարձակապես  չեն նպաստում առողջ անձի ձևավորմանը: Բայց արդյունքում ծնողը հայտնվում է երկու քարի արանքում, որովհետև, եթե թույլ չտա նայել, երեխան   հետ է մնում հասարակությունից, մյուս կողմից` եթե թույլ տա նախօրոք գիտի , թե դա ինչ ազդեցություն է թողնելու:  Երեխայի զարգացման համար շատ կարևոր է հերոսի առկայությունը: Տեսեք` ովքեր են սերիալներում հերոսներ. անկիրթ, ագրեսիվ անձինք», – ասաց հոգեբանը` հավելելով. «Հարցը պետք է պետական մակարդակով լուծել, պետք է հասկանալ ինչ սերունդ ենք ցանկանում դաստիարակել: Այսօրվա սերիալները ոչ մի կերպ չեն նպաստում անձի ճիշտ դաստիարակմանը»:

 

Անկախ

Չիկունգունյա. նոր հիվանդություն, որի դեմ առայժմ պայքարել չի հաջողվում

o_794020Կարիբյան կղզիներում նոր հիվանդության բռնկում է արձանագրվել: Դոմինիկյան հանրապետությունում, ու Հաիթիում կես տարում ավելի քան 260 հազար մարդ է վարակվել, ու այն տարածվում է դեպի Կենտրոնական ու Հարավային Ամերիկա: Վարակի դեպքեր են եղել նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Չիկունգունյա է նոր հիվանդության անունը.ախտանշաններն են, բարձր ջերմությունը, մաշկի ցանն ու հոդացավը: Վարակը փոխանցում են միջատները:

CNN-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին ամերիկյան Ջորջիա նահանգում առաջին դեպքն է արձանագրվել: Բժիշկները հայտնել են, որ հիվանդը վարակվել է  Կարիբներ ուղևորության ժամանակ:Վարակման դեպքեր են եղել նաև Հյուսիսային Կարոլինայում, Թեննեսիում ու Ֆլորիդայում: Առնվազն 6 հիվանդ է հայտնաբերվել Կուբայում: Ամերիկայի բժիշկները հայտնել են ԱՄՆ-ում հիվանդության տարածման մասին. Նրանք կարծում են, որ դրա տարածումը միայն ժամանակի հարց է, քանի որ բազմաթիվ  մարդիկ են Կարիբյան կղզիներից  վերադառնում տուն` արդեն վարակված:

Իսկ Ֆրանսիայում  տեղյակ են 70 հիվանդի մասին:

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մյասնիկովը պարզաբանել է, որ  այս հիվանդության ախտանշանները շատ նման են Դենգե հիվանդությանը, այն տարբերությամբ,որ չիկունգունյայից մարդիկ հզվադեպ են մահանում: Նա նշում է, որ հիվանդությունն առաջին հերթին ախտահարում է հոդերը ու դա կարող է քրոնիկ բնույթ ստանալ: Թանզանիայում, օրինակ, այդ հիվանդությունն անվանում են”կանգնեցնող”, կամ “քայլել չթողնող”:

Բժիշկը հաստատել է, որ այդ հիվանդության դեմ դեռևս ոչ դեղորայք կա ոչ էլ պատվաստանյութ: “Հիմա պատվաստանյութի մշակումն ԱՄՆ-ում դեռևս առաջին փուլում է գտնվում,սակայն կլինիկական կիրառություն չի եղել: Սովորաբար, հիվանդությունն ինքն իրեն է անցնում”:

Իսկ փորձագետներն այդ երկրներ ուղևորվող զբոսաշրջիկներին կոչ են անում միջատների դեմ ցողաշիթ օգտագործել (այս հիվանդությունը մոսկիտներն են տարածում): Խուսափել ջրամբարներից ու կանգնած ջրերից, հրաժարվել ջրով լի տարաներից (նույնիսկ ծաղկամաններից), որտեղ միջատներ կարող են հավաքվել: Եվ հիմնականում, խորհուրդ է տրվում ամբողջ մարմինը պաշտպանող հագուստ հագնել:

Ի դեպ, հիվանդությունը տարածող միջատներն ակտիվ են միայն ցերեկվա ժամերին կամ էլ` լույսով: Իսկ մարդուց մարդուն չիկունգունյան չի փոխանցվում:

Անկախ

Ֆրանսիական նախուտեստ

նախուտեստԲաղադրությունը
4 ձվի սպիտակուց
200 գ կոշտ պանիր
1 ճ.գդալ ալյուր
ձեթ` տապակելու համար
նեխուր, սամիթ կամ համեմ, տեղին կլինի նաև ուրցը
սև պղպեղ
աղ:
Պատրաստման եղանակը
Սպիտակուցը հարել, կամաց-կամաց ավելացնել քերած պանիրը: Ստացված զանգվածը համեմել աղ ու պղպեղով: Ապա մանր գնդեր ձևավորել, թաթախել ալյուրի մեջ ու տապակել ձեթով (շատ հարմար է այս դեպքում ֆրիտյուրը): Երբ այդ գնդերն էկլերի պես փքվեն, պետք է զգուշությամբ հանել ձեթից, շարել անձռոցիկի վրա, որ ձեթը քամվի, ու մատուցել տաքացրած ափսեով:Կանաչին մանրացնել ու ցանել գնդերի վրա:

Հոտած ձկան հոտով երգչուհին

22-ամյա երգչուհի Քեսի Գրեյվսը տառապում է մի բացառիկ հիվանդությամբ, որը կոչվում է տրիմեթիլամինուրիա: Աղջկա մարմնից անընդհատ տհաճ հոտ է բուրում` նման հոտած ձկան: Հիվանդությունն աղջկան բազում անհարմարություններ  է  պատճառում, սակայն նա ոչինչ չի կարողանում անել դրա դեմ:

o_976787Ապագա արտիստի մոտ այդ հիվանդությունը հայտնաբերվել է 3 տարեկանում, պատճառն օրգանիզմում տրիմեթիլամինի կուտակումն է: Մեզի, քրտինքի ու արտաշնչած օդի հետ տարածվում է  օրգանական տհաճ հոտով:

Աղջիկը խոստովանում է, որ իր կյանքն ավելի հաջող կլիներ, եթե «հոտավետ» հիվանդություն չունենար:

«Ձեզ ծանոթ է հին ձկան հոտը, երբ շուկա եք մտնում: Ահա այդպես եմ ես բուրում ամեն օր,-պատմում է սկսնակ երգչուհին: – Հոտն արձակվում է իմ մազերից, մաշկից: Ես կարող եմ լողանալ օրը 3 անգամ, սակայն դա ինձ չի օգնում»:

Մի քանի միջոց կա այդ հիվանդության դեմ պայքարելու համար. Սակայն դրանցից և ոչ մեկը խնդրից վերջնականապես ազատման երաշխիք չի տալիս: Քեսին մտադիր է  դասախոսություններ կազմակերպել իր հիվանդության վերաբերյալ, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ բան իմանալ ու իրենց վերաբերմունքը փոխել այն  հիվանդների նկատմամբ, ովքեր վատ են բուրում:

Անկախ

Կորյակ, ծակոտիներ, յուղոտ մաշկ. հավերժական պրոբլեմների լուծումները

7516_originalԸնթերցողների հարցերին պատասխանում է կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը

Յուղոտ մաշկ
«Թեթևակի արևահարվեք, սննդի մեջ սահմանափակեք թթուն, կծուն, յուղոտ և ալյուրով պատրաստված կերակուրը: Առավոտյան դեմքը լվացեք տաք ջրով ու օճառով, ապա մաքրեք 20% սպիրտ պարունակող լոսյոնով, վերջում էլ կիսայուղոտ քսուքով մերսեք»:
Կոսմետոլոգն առաջարկում է նաև դիմակներ յուղոտ մաշկի
համար.

«Մեկ ձվի սպիտակուցը հարեք, ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և քսեք դեմքին: 10-15 րոպե թողնելուց հետո լվացվեք գոլ ջրով, ապա սառը ջրով շփեք: Կամ մեկ ձվի դեղնուցն ու մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար, ավելացրեք մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթ և կես բաճակ հերկուլես, ապա քսեք մաշկին: 15-20 րոպե թողնելուց հետո դեմքը լվացեք գոլ ջրով, ապա սառը ջրով շփեք: Սառը ջրով շփումը պարտադիր է, որովհետև, որպես կանոն, յուղոտ մաշկը նաև լայն ծակոտիներ է ունենում, իսկ սառը շփումները նպաստում են, որպեսզի ծակոտիները նեղանան»:

 

3MlSg8rWBJM

Սև կորյակներ ու ծակոտիներ

Յուղոտ մաշկն ու սև կորյակները գրեթե միշտ անբաժան են: Սև կորյակները յուղոտ մաշկի հետևանք են, սակայն դրանք կարող են առաջանալ նաև կոսմետիկ միջոցների` կարմրաներկի (ռումյանա), դեկորատիվ քսուքների օգտագործման հետևանքով:
«Մեր կանայք սովորություն ունեն դեմքի սև կորյակները հեռացնել եղունգներով` հաճախ ուշադրություն չդարձնելով դրանց մաքրությանը,-ասում է կոսմետոլոգը,- հետևանքը լինում է այն, որ նրանք ոչ միայն չեն հեռացնում կորյակները, այլև գրգռում ու բորբոքում են մաշկը»:

Սև կորյակների դեմ պայքարի վերաբերյալ կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը խորհուրդ է տալիս.
«Ամսական գոնե մեկ անգամ կատարեք դեմքի մաքրում: Դեմքի ճիշտ մաքրումը կատարվում է հետևյալ կերպ. սկզբում մաշկը գոլորշիով կամ տաք թրջոցներով լավ փափկեցնում են, որպեսզի ծակոտիները լայնանան, ապա մեջտեղում կտրվածք ունեցող հատուկ գդալիկով հեռացնում են սև կորյակները»:
Կոսմետոլոգն ասում է, որ ծակոտիների առաջացումը կանխելու համար օգտակար են սպիրտային լուծույթով, շպարահան լոսյոնները:

Իսկ ինչի՞ց է առաջանում ծակոտիների լայնացումը:

«Ցանկացած տաք պրոցեդուրայի ոչ ճիշտ կիրառումը հանգեցնում է ճարպագեղձերի ծորանների լայնացմանը: Չափից ավելի տաք թրջոցները, շոգեբաղնիքները, արևի տակ երկարատև մնալը, ինչպես նաև սև կորյակների հաճախակի հեռացումը կարող են դառնալ ծակոտիների լայնացման պատճառ: Լայն ծակոտիները կարող են լինել նաև ժառանգական երևույթ»:

Լայն ծակոտիների դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս չչարաշահել դիմափոշին ու յուղոտ քսուքները:

«Եթե ալերգիկ չեք, ապա օգտակար է կիտրոնի հյութով լոսյոնների, դիմակների և քսուքների օգտագործումը: Աշխատեք նաև զերծ մնալ սնդիկ և բիսմուտ պարունակող քսուքներից»:

Լոսյոն և տոնիկ. դրանց տարբերությունն ու առանձնահատկությունները

1400618581_uxod_za_kozhej_yhod_za_kogei-1«Լոսյոնն ու տոնիկը մաշկի խնամքի համար նախատեսված հիգիենիկ-կոսմետիկ միջոցներ են: Տարբերությունն այն է, որ լոսյոնը նախատեսված է շպարը, մաշկի մակերեսին կուտակված կեղտը մաքրելու համար, իսկ տոնիկն ունի մաշկը կարգավորող, մաշկի տոնուսը բարձրացնող հատկություն: Ընդհանրապես, ճիշտ է մաշկը լոսյոնով մաքրելուց հետո մաքրել նաև տոնիկով»:

«Հաճախ կանայք իրենց մաշկը սովորեցնում են որևէ կոսմետիկ միջոցի և երկար ժամանակ օգտագործում են այն: Սակայն հարկավոր է ժամանակ առ ժամանակ վերանայել տվյալ կոսմետիկ միջոցի ազդեցությունը մաշկի վրա, քանի որ մաշկը կարող է փոփոխվել, ինչի դեպքում կոսմետիկան նույն ազդեցությունը չի ունենա մաշկի վրա, ինչ ուներ առաջ: Ուստի, կանանց խորհուրդ եմ տալիս նախքան մաշկի խնամքի համար որևէ կոսմետիկ միջոց ընտրելը խորհրդակցել կոսմետոլոգի հետ»:

Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս խնամքի կոսմետիկ միջոցներ ընտրելիս անպայման հաշվի առնել մաշկի առանձնահատկությունները:

 

Անկախ

Առողջապահության նախարարի հետ են հանդիպել շրջանավարտներն ու ոլորտի առաջատար մասնագետները

10438303_1486264158281375_4866667899555314591_nԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները և առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:

Ողջունելով մասնակիցներին, այդ թվում` իր ուսուցիչներին, ավագ և երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները:

«Ես կցանկանայի, որ շատ ակեղծ քննարկում ծավալենք, կիսվենք մեր անհանգտություններով, մտահոգություններով, որոնք սովորաբար ծառանում են մասնագիտական ընտրություն կատարելիս: Ես պետք է հիշատակեմ ականավոր բժիշկների, բժշկապետերի, պրոֆեսորների անուններ` ներողամտություն հայցելով, եթե չեմ ներառել բոլոր իմ ուսուցիչներին»,- ասաց նախարարը` խոստովանելով, որ հարազատ բուհում հանդիպմանը խիստ պատասխանատվությամբ է պատրաստվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժշկի կյանքում մասնագիտության ընտրությունը երկրորդ կարևոր որոշումն է` ընտանիք կազմելուց հետո։

10463883_1486264148281376_7226894054666191958_nՆա ներկայացրեց բոլոր այն ուղիները, որոնք այսօր բաց են ԵՊԲՀ-ի շրջանավարտների առաջ: Առանձին-առանձին անդրադարձավ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-տեսաբան և պրակտիկ-բժիշկ դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին: Նախարարն առանձնակի շետադրեց շրջանավարտների ուսումն ավարտելուց հետո մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորությունը:

«Մարզերում որակյալ մասնագետների` մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ նյութատեխնիկական իրենց հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երևանի բժշկական կենտրոններին»,-ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ:

Նաև տեղեկացրեց, որ մարզում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն կընձեռնի:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար կձևավորվի այնպիսի մոտեցում, համաձայն որի մարզային բժշկական հաստատություններ ուղեգրվելը մասնագիտական լուրջ փորձ ձեռք բերելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի հնարավորություն է:

Ոլորտի ղեկավարը շրջաավարտներին հորդորեց առաջին հերթին առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցակությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով:

Որպես բժիշկ, վիրաբույժ և առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը կատարելիս:

10448781_1486264184948039_1709809825365920138_n

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններ ուղղեց հանդիպմանը ներկա առողջապահական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներին` Յուրի Զոհրաբյանին, Հայրապետ Գալստյանին, Ռաֆայել Գրիգորյանին և ուրիշների, ինչպես նաև ավելի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ոլորտի զարգացման և կայացման գործում:

Նա ուսանողներին հորդորեց բաց չթողնել իրենց գործի գիտակ, ականավոր բժիշկների հետ շփվելու, նրանց աշակերտելու հրաշալի հնարավորությունը:

Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև աշխարհում և մեզանում հայտնի թրուենտների (մասնագիտությամբ բժիշկ, բայց մասնագիտությամբ չաշխատող), ովքեր իրենց հաջողությամբ դրսևորել են գրականության, արվեստի, քաղաքականության, երգարվեստի, լրագրության և շատ այլ ոլորտերում:

Նախարարը պատասխանեց ինչպես ուսանողներին, այնպես էլ` պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական, հետբուհական համակարգին, բժիշկների իրավունքներին և այլ հարցերին:

Լսարանի ուշադրությունից անմասն չմնաց Մարիտիրոս Սարյանի «Հայրենիք» նկարով և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ ավարտվող սլայդը, որը խորհրդանշում էր հայրենիքում ապրելու, աշխատելու, կայանալու և մեր երկրի տարբեր ոլորտները զարգացնելու գաղափարը:

 

Անկախ

Ոչ պիտանի մթերքների օգտագործումը

01005115.961045.2988Վաշինգտոնում սննդաբան Սառա Շենկերն ու խոհարար Ալդո Զլլին մի քանի բաղադրատոմս են  մշակել բանանի, սոխի կլեպի ու բոլոր բույսերի այն հատվածներից, որոնք սովորաբար աղբաման են նետվում, հաղորդում է rosbalt.ru-ն:

Դա ոչ միայն օգնում է տնտեսել, այլև հնարավորություն է տալիս առավելագույնս օգտագործել դրանց սննդանյութերը: Օրինակ, բանանի կեղևը հարուստ է  սերոտոնինով` երջանկության հորմոնով ու լյուտեինով. հակաօքսիդանտ, որը պաշտպանում է աչքերը:

Դրա համար հարկավոր է բանանի կեղևի վրայից հեռացնել մուգ հատվածները, մի քանի օր այն ջրի մեջ պահել, ապա եփել ու խյուսի վերածել: Ստացվածը կարելի է ավելացնել կարկանդակներին ու չիզքեյքին:

Սոխի կլեպը պարունակում է  ավելի շատ քանակությամբ կվերցետին ու այլ հակաօքսիդանտներ, քան հենց սոխը: Ու դրա համար պետք է  կեղևն ավելացնել ապուրներին եփի ժամանակ ու հեռացնել պատրաստ լինելուն պես:

Անանասի կոշտ միջուկն ավելի շատ բրոմելայն է պարունակում, քան պտղամիսը: Դրանից կարելի է չիփսեր պատրաստել. Դրա համար պետք է  բարակ կտրատել ու չորացնել ջեռոցում` նվազագույն ջերմության պայմաններում:

Անկախ

Հելիկոբակտեր պիրոլի. խոցի առաջացման հիմնական պատճառը

հելիկոբակտերՀելիկոբակտեր պիրոլին (Helicobacter Pilori) պարույրանման միկրոօրգանիզմ է, որը «բնակություն» է հաստատում ստամոքսում, տասներկումատնյա աղիքում ու բազում վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ (գաստրիտ, խոց, էրոզիա, պոլիպ, հեպատիտ ևն):
Ի՞նչ է հելիկոբակտեր պիրոլին
Բժկական վիճակագրության համաձայն` այդ մանրէով է վարակված ողջ մարդկության 60%-ը: Այն հերպեսից հետո ամենատարածված մանրէն է համարվում: Վարակումն այդ մանրէով տեղի է ունենում աղտոտված ջրի կամ սննդի միջոցով, ինչպես նաև վարակված մարդու հետ շփման ճանապարհով, հազի ու փռշտոցի ժամանակ թքի կամ խորխի միջոցով:
Այս մանրէով վարակումն այնքան հեշտ է կատարվում, որ հելիկոբակտերիոզն անգամ համարվում է ընտանեկան հիվանդություն, քանի որ ընտանիքի մի անդամի վարակման դեպքում հաճախ հիվանդանում են նաև մյուսները: Ընդ որում, վարակված մարդը երկար ժամանակ գլխի չի ընկնում դրա մասին, ու ոչ մի հիվանդագին դրսևորում կարող է չունենալ:
Ինչպես և կաթնախտի, սպիտակաթորանքի, սնկային հիվանդությունների կամ վարակիչ մի շարք հիվանդությունների ժամանակ է լինում, հելիկոբակտերի ակտիվացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլանում են, և այլևս չեն կարողանում պայքարել ախտածին մանրէների դեմ:
Երբ թուլանում է իմունիտետը, (ուժեղ սթրեսների, մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների, տրավմաների, թունավորումների, հորմոնալ խանգարումների ժամանակ) օրգանիզմում նիրհող ու երկար ժամանակ իր մասին «լուր չտված» մանրէներն արթնանում են ու սկսում ավերիչ գործունեությունը: Ընդ որում, մարդը հաճախ չի հասկանում, թե ինչ է կատարվում ու անարդյունավետ բուժվում է տարբեր ենթադրյալ հիվանդությունների դեմ:
Ինչպես պարզվել է, հելիկոբակտերը խիստ կենսունակ է ու անգամ կարող է «հաջողությամբ» ապրել ստամոքսի թթվային միջավայրում, ինչն առաջներում համարվում էր անհնար, քանի որ, ինչպես հայտնի է, մանրէների մեծ մասը բարձր թթվայնության պայմաններում ոչնչանում է:
Իսկ նոր բացահայտումը իսկական հեղաշրջում էր բժշկության մեջ, դրա հեղինակները 2005-ին արժանացան Նոբելյան մրցանակի:
Ինչպե՞ս է կատարվում վարակումը
Օրգանիզմում հայտնվելով, հելիկոբակտերն իջնում է իր սիրած վայրը` ստամոքս ու հաստատվում այնտեղ: Ու որպեսզի ստամոքսահյութը չվնասի իրեն, այդ «խելացի» մանրէն իրեն շրջապատում է ֆերմենտներից կազմված պաշտպանական թաղանթով, որը վնասազերծում է թթուն: Իր պարույրաձև բեղիկներով այդ մանրէն «փորում է» լորձաթաղանթը, որը ծածկում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի պատերը, ու կպչում թթվից թաքնված հյուսվածքներին:
Այստեղ այդ մանրէն լայն գործունեություն է ծավալում ու սկսում է ուտել ստամոքսի պատի հյուսվածքներն ու իր կենսագործունեության թունավոր արգասիքները անջատել: Այդ խառնակությունը կյանքի է կոչում նեյտրոֆիլներին, արյան այն բջիջներին, որոնք հետևում են «տեղանքի» կարգուկանոնին: Դրանք դուրս են գալիս մազանոթներից ու սկսում են կարգազանցների հետևից մրցավազքը` ի վերջո ուտելով դրանք: Այդպիսով ոչ միայն հելիկոբակտերներն են ոչնչանում, այլև նրանց վնասած բջիջները: Վնասված հատվածում պաշտպանությունը թուլանում է ու այդ հատված է «աճապարում» աղաթթուն. առաջանում է բորբոքում, ի վերջո, լորձաթաղանթի վրա արատ է գոյանում, այսինքն` խոց: Հելիկոբակտերն ամենաշատը սիրում է ստամոքսի ելքային հատվածն ու տասներկումատնյա աղիքի մուտքային` սկզբնահատվածը, որտեղ էլ հիմնականում գոյանում են խոցերը:

Ախտանշաններն ու ախտորոշումը
Երբ հելիկոբակտերը «բնադրվում» է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի պատերին, կարող է այնտեղ տարիներ ապրել մակաբույծի կյանքով` սպասելով իր «աստեղային ժամին», բարենպաստ պայմանների ստեղծմանը: Օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացման ժամանակ այդ մանրէն ինտենսիվորեն բազմանում է, հսկայական քանակությամբ տոքսիններ ու ֆերմենտներ արտադրում. որոնք հանգեցնում են լորձաթաղանթի վնասման:
Դրա հետևանքն այն է, որ ստամոքսի պատերին ու տասներկումատնյա աղիքում առաջանում են քրոնիկ բորբոքումներ ու խոցեր: Ներկայումս գիտականորեն ապացուցվել է, որ հելիկոբակտերն է գաստրիտների ու խոցերի առաջացման հիմնական «մեղավորը» (դեպքերի 80%-ը): Այդ մանրէն էականորեն մեծացնում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը, չնայած առաջներում համոզմունք կար, որ այդ հիվանդություններն առաջանում են սննդի վատ որակի, ծխելու, ալկոհոլի չարաշահման ու սթրեսների հետևանքով:
Այս մանրէի առկայության ախտանշանները խիստ բազմազան են. հաճախակի փորկապություն, այրոցք, սրտխառնուք, ծանրություն ու ցավ ստամոքսում, բխկոց, ալերգիա. մսամթերքի յուրացման դժվարություն, մազաթափություն, բերանում անդուր համ ու հոտ (հիվանդ ատամների բացակայության պարագայում ), եղունգների սնկային հիվանդություններ ու չափազանց փխրունություն, ուտելուց հետո արագ հագեցում, ստամոքսում պարբերական ցավեր, որոնք դադարում են անմիջապես սնունդ ընդունելուց հետո:
Հելիկոբակտերիոզի բուժումը ժողովրդական միջոցներով
Բացի բժշկական, դեղորայքային բուժումից, արդյունավետ են նաև ժողովրդական միջոցները` տարբեր խոտաբույսերից պատրաստված եփուկները: Գրագետ հավաքված փնջերից պատրաստված եփուկները հնարավորություն կտան, որ կարգավորվի ստամոքսահյութի թթվայնությունը ու վերանան կամ գոնե մեղմանան ցավային զգացումները:
Բարձ թթվայնության դեպքում շատ օգտակար է վուշի սերմերից ստացված եփուկը, որը նույնիսկ կարող է վերականգնել վնասված լորձաթաղանթը, սպիացնել խոցերը: Դրա համար հարկավոր է 1,5 թ.գդալ սերմերի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել ու թրմել 15 րոպե, ապա քամել ու խմել օրական 3 անգամ` 1 ճ.գդալ, ուտելուց կես ժամ հետո:
Թթվայնությունը լավ իջեցնում է նաև երիցուկի, արևքուրիկի, հազարաթերթիկի ու ծիծեռնախոտի (չիստոտել) հավասար չափաբաժիներով փունջը (1-ական ճ.գդալ), որի վրա եռման ջուր են լցնում ու թրմում 2 ժամ: Հարկավոր է այդ եփուկն ընդունել օրական 3-4 անգամ` մեկական ճաշի գդալ:
Ցածր թթվայնության դեպքում հարկավոր է ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ խմել կես բաժակ կաղամբի թարմ հյութ:
Որպես հիվանդության կանխարգելման միջոց առաջարկվում է հետևել անձնական հիգիենային: Պետք է պաշտպանել ստամոքս-աղիքային տրակտը ճիշտ սնունդով, վնասակար սովորույթներից զերծ մնալ: Ու ամենակարևորը` պետք է թե՛ այս, թե՛ մնացած բոլոր հիվանդությունների պարագայում աշխատել իմունիտետի բարձրացման ուղղությամբ:
5 փաստ մանրէների մասին
Մեր մարմնում ավելի քան տրիլիոն մանրէներ են բնակվում, որոնցից մի քանիսը կարող են լուրջ հիվանդության պատճառ դառնալ, իսկ մյուսներն ապահովել օրգանիզմի նորմալ միկրոֆլորան: Դրանք մանրէներ են, սնկեր, որոնք բնակվում են մաշկի մեջ ու օրգաններում:
1. Մարդու օրգանիզմում մանրէներն ավելի շատ են, քան բջիջները: Չնայած գիտնականներին դեռևս չի հաջողվել մանրէների ճշգրիտ քանակն իմանալ, սակայն հայտնի է, որ այդ թիվը տասն անգամ գերազանցում է բջիջների քանակը: Մարդկության զարգացման հետ զարգացել են նաև այդ մանրէները: Մեր մաշկի 1 քսմ-ի վրա ավելի քան 1 մլրդ մանրէ է բնակվում:
2. Մանրէները մարդու օրգանիզմում են հայտնվում ծնվելուց հետո: Հետաքրքրական է, որ մարդը լույս աշխարհ է գալիս առանց մանրէների ու ձեռք է բերում կյանքի առաջին տարիներին:
Երեխան մանրէների առաջին «խմբաքանակը» ձեռք է բերում մոր ծննդուղիներով անցնելիս: Ու զարմանալի բան է. կեսարյան հատման եղանակով ծնվածները բնական եղանակով ծնվածներից տարբերվում են մանրէների տեսակով: Նրանց մոտ ալերգիաների ու գիրանալու ռիսկը մեծ է:
Հիմնականում երեխայի մոտ իմունային, նյութափոխանակության ու մյուս համակարգերի զարգացումը կատարվում է մինչև 3 տարեկան հասակը, և այդ տարիքում են երեխաները ստանում մանրէների առավելագույն քանակը:
3. Օգտակար ու վնասակար մանրէներ
Արդեն հայտնի է, որ որոշ մանրէներ հիվանդածին են, մինչդեռ շատ մանրէներ էլ օգնում են պաշտպանել առողջությունը վարակներից: Իսկ երբեմն էլ միևնույն մանրէն կարող է լինել և՛ վնասակար, և՛ օգտակար:
Օրինակ` արդեն նշվեց հելիկոբակտերի բացասական ազդեցության մասին: Սակայն, մասնագետները նշում են, որ հելիկոբակտերի բացակայությունը կերակրափողի հիվանդության հետևանք կարող է լինել: Այլ կերպ ասած, այդ մանրէն վնասակար է ստամոքսի, սակայն օգտակար` կերակրափողի համար:
4. Հակաբիոտիկների ընդունման հետևանքները
1928-ին պենիցիլինի հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր բժշկության մեջ: Այն ժամանակներից սկսած` լայնորեն կիրառվում են հակաբիոտիկները: Սակայն, դրանց չափազանց կիրառումը կարող է հանգեցնել մանրէների մահացու շտամների առաջացման, որոնք դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ:
Հիմա վկայություններ կան, որ հակաբիոտիկները բարձրացնում են ասթմայի առաջացման, աղիքային բորբոքային հիվանդությունների ու գիրանալու ռիսկը:
Լինում են դեպքեր, երբ հակաբիոտիկներն անհրաժեշտ են, սակայն մանուկ հասակում կոկորդի կամ մրսածության հիվանդություններն անցնում են առանց լուրջ դեղորայքային բուժման:
5. Յոգուրտ և կեֆիր
Այսօր արդեն հաստատ է, որ անվերապահորեն չի կարելի պնդել, որ կեֆիրն ու յոգուրտներն օգտակար են, քանի որ այս բնագավառը քիչ ուսումնասիրված է, ու վերջնական պնդել, որ դրանք օգտակար են, դեռևս վաղ է:

Խորհուրդներ հղիներին շոգ սեզոնին

Պավել ՍոցկիՀղիության ընթացքը մեծամասնության դեպքում համընկնում է տոթ սեզոնին, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ հղի կինը իրեն վատ զգա: Այսօր  այս թեմայի վերաբերյալ  լրագրողների հետ զրուցեց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:

Նա նախ նշեց, որ հղիներին խորհուրդ չի տրվում կիզիչ արևի տակ երկար մնալ: Հղի կանայք պետք է շատ զբոսնեն, սակայն առավոտյան և երեկոյան ժամերին:

«Հղիների համար հանգստի մեկնելը ևս շատ օգտակար է, բայց կան որոշակի կանոններ: Նախ` մինչև մեկնելը պետք է բժշկի հետ խորհրդակցել, հետազոտություն անցնել: Անպայման պետք է դեղարկղ վերցնել ուղևորության ժամանակ և բժշկական ապահովագրություն ունենալ», – ասաց Պավել Սոցկին, հավելելով, որ ճանապարհորդության ընթացքում պետք է պարբերաբար փոխել դիրքը և հաճախ դուրս գալ օդ շնչելու, եթե ճանապարհը մեքենայով են անցնում:

Ինքնաթիռով ճանապարհորդելը հակացուցված է հղիության 7 ամսից հետո:

Բժիշկը հղիներին խորհուրդ է տալիս հանգստանալ ծովափում, սակայն անհրաժեշտ է անպայման օգտագործել քսուքներ հատուկ հղիների համար: «Լողալը շատ օգտակար է, քանի որ շնչառական մկանային համակարգը մարզում է, վերականգնվում է իմունային համակարգը, բայց երկար չլողալ, սառը ջրի մեջ չմտնել և ափից շատ չհեռանալ: Ջրավազաններում խորհուրդ չի տրվում խորասուզվել. ջրում կարող են լինել վարակի հարուցիչներ», – ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

Ապագա մայրերը պետք է կանոնավոր սննդակարգ ունենան. Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում սնվել 5-6 անգամ փոքր չափաբաժիններով: Վիտամինների ընդունումը շատ կարևոր է. կերակուրը պետք է ունենա միկրոէլեմենտներ և սպիտակուցներ: Դրանցով հարուստ են բանջարեղենը և մրգերը, սակայն անհրաժեշտ է հնարավորինս հեռու մնալ մրգերից, որոնք առաջացնում են ալերգիա,  օրինակ, ելակից կամ նարինջից:

Բժիշկը հղիներին խորհուրդ է տալիս նաև ամռանը հաճախ լոգանք ընդունել. «Տուն վերադառնալիս անհրաժեշտ է լողանալ: Զբոսանքից վերադառնալուց հետո պետք է լվանալ մազերը, քանի որ մազերի մեջ կարող են  քամու հետևանքով մնալ որոշ բույսերի մնացորդներ,  որոնք կարող են առաջացնել ալերգիա»:

 

Անկախ

Ջուրը մեկ անգամից ավելի եռացնելը վտանգավոր է

ջրի եռացում

Ջուրը կյանքի աղբյուր է, որ կազմում է մեր օրգանիզմի 80%-ը /երեխաների մոտ 90%/.այս է պատճառը, որ դրա որակին պետք է ներկայացվեն առանձնահատուկ խիստ պահանջներ։

Ցավոք սրտի, այն ջուրը, որ հասնում է մարդկանց բնակարաններ ջրամատակարարման համակարգերի միջոցով,  իր բաղադրության մեջ պարունակում է ոչ միայն օգտակար հատկություններ, այլ նաև քլոր, զանազան բարդ միացություններ և վտանգավոր նյութեր, որոնք անգամ ժամանակակից զտիչները չեն հեռացնում։ Իսկ ստորգետնյա աղբյուրների ջրերը, ըստ մասնագետներ,  հողի ներկա աղտոտման պայմաններում չեն երաշխավորում  այն բյուրեղային մաքրությունը, որով օժտված է ջուրը։

Ջրի  վնասազերծման, դրա որակի կատարելագործման հիմնական մեթոդներից է եղել ու մնում այն եռացնելը, որի շնորհիվ մանրէները սպանվում են, քլորի պարունակությունը նվազում է, ջուրը դառնում է  ավելի փափուկ։ Սակայն… եռացված ջրի բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ ծանր մետաղները չեն ոչնչանում ջրի նման մշակման արդյունքում, իսկ քլորի որոշ մասնիկներ կարող են շփման մեջ մտնել այլ տարրերի հետ՝ վերածվելով խիստ վտանգավոր նյութերի։

Իսկ եթե նույն ջուրը մի քանի անգամ եռացնել, ինչը հաճախ անում են հատկապես  գրասենյակներում և միջոցառումների ժամանակ, ապա այդ վտանգավոր նյութերի կոնցետնտրացումը մեծանում է ամեն անգամ, իսկ թթվածնի օգտակար միացությունների քանակը նվազում՝ հասնելով նվազագույնի։ Այլ կերպ՝ “կենդանի” և օգտակար ջուրը վերածվում է “մեռած” և վտանգավոր ջրի։

Կաղամբն օգնում է ասթմայի ու թոքերի հիվանդությունների դեպքում

kaleԱվստրալացի գիտնականները պարզել են, որ խաչածաղկավոր բանջարեղենն օգտակար է  շնչառական համակարգի շատ հիվանդությունների բուժման նպատակով: Օրինակ, շոգեխաշած բրոկկոլին կարելի  է կիրառել ասթմայի թերապիայի համար, իսկ ավանդականը կամ էլ բրյուսելյանը հարմար են վնասված թոքերի վերականգնման համար:

Բրոկկոլիում կա սուլֆորոֆան օրգանական միացություն, որը հակաքաղցկեղային ու հակաբակտերիալ ազդեցություն ունեն: Սուլֆորոֆանը շատ արդյունավետ է թոքերի հիվանդությունների բուժման համար: Մելբուռնի համալսարանի մասնագետները պարզել են, որ  շոգեխաշած 2 բաժակ բրոկկոլին կարող է ասթմայի բուժման նոր ու շատ գործուն միջոց դառնալ:

Բրոկկոլին հագեցած է А, С և В-6 վիտամիններ, երկաթով, կալցիումով ու դիետիկ  բջջանքով:

Իսկ սպիտակագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, կալեն ամեն օր սննդաբաժնում  ներառելու դեպքում կարելի է նվազեցնել թոքերի վնասումն ու որոշ դեպքերում անգամ, վերականգնել բաց թողնված ժամանակը:

Ինչպես հետազոտության հեղինակներն են ասում, ստացված տվյալները կարող են հատկապես օգտակար լինել այն հիվանդներին, ովքեր դեղորայքային մեթոդներից արդյունք չեն ունենում:

Ավստրալացի գիտնականների հետազոտությունները դեռևս փորձարարական փուլում են: Ուստի այդ միջոցներին դիմել առայժմ վաղ է:

Անկախ

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին

նարեկացի«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:

Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան: Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը:

Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում և բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է:

Նարեկաբուժություն

«Նարեկաբուժություն» տերմինը, ըստ հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի, հենց իր կողմից է առաջին անգամ շրջանառության մեջ մտել:

Տարիներ շարունակ ուսումնասիրելով հոգեթերապիայի տարբեր մեթոդներ՝ մի օր բժիշկ-հոգեթերապևտը հասկանում է, որ դրանք իրեն չեն բավարարում, պետք է մի նոր մեթոդ: Նոր մեթոդը գտնելու հարցում նրան օգնում է գենետիկ հիշողությունը. «Իմ երկու տատն էլ հեքիմ են եղել: Հիշում եմ՝ մեկը դեղաբույսերով էր բուժում, մյուսն աղոթք էր կարդում»,- պատմում է արդեն 18 տարի նարեկաբուժությամբ զբաղվող Արմեն Ներսիսյանը:

Նա սկսում է «Նարեկ» կարդալ: Բայց քանի որ խորհրդային ժամանակաշրջանում «Նարեկը» պոեմների էր վերածվել, իսկ իրականում դա արձակ ստեղծագործություն է, հոգեթերապևտը զգում էր, որ դրանք այն չեն, ինչն իրեն պետք է:

IMG_44501993 թվականն էր: Մի օր արթնանում է և ասես նախախնամության ցուցումով քայլերն ուղղում դեպի Վերնիսաժ: Գնում կանգում է գրքերի մի կույտի առջև, նայում վերևից ներքև ու ամենաստորին մասում հայտնաբերում «Նարեկը»՝ առաջին աշխարհաբար թարգմանությամբ, չափածո վիճակում, հրատարակված 1902 թ.՝ Միսաք Գոչունյանի կողմից:

Հոգեթերապևտը հենց առաջին էջին կարդում է գրքի բովանդակությունն ու տեսնում, որ այնտեղ կան ցուցումներ: Ուշագրավ է հետևյալ ցուցումը. «Զորավոր սպեղանի անբժշկելի վերքերի, անտեսանելի ցավերի վրա ազդող դեղ»:

Նա տեսնում է, որ գրքում մանրամասն ներկայացված են մարդկային մտքի և հոգու բոլոր շեղումները՝ դեպրեսիա, անձի խանգարում, մաշկային հիվանդություններ և այլն և այլն: Նկարագրված են և տրված բուժման աղոթքները:

Եվ այսպես, տարեցտարի նա հայտնաբերում է «Նարեկի» ողջ զորությունը, հասկանում ու հավատում, որ այն պարզապես գիրք չէ, այլ ողջ մարդկությանը տրված մի հրաշալի նվեր, երկրորդ Աստվածաշունչ:

Սակայն այդ ամենին զուգահեռ` պետք էր կարողանալ հասկանալ այդ գրքի ճիշտ մեկնությունը, որպեսզի այն իսկապես հրաշագործ ազդեցություն թողներ: Այլ կերպ ասած՝ պետք էր մեռած գիրը դարձնել կենդանի խոսք: «Խոսքը հզորագույն բուժական միջոց է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: Այսօր ես՝ որպես բժիշկ և գիտությունների թեկնածու, մի կողմ դրած իմ բժշկությունը, զբաղվում եմ խոսքի բժշկությամբ և միջազգային կոնգրեսներում ցույց եմ տալիս, որ «Նարեկը» հոգեբուժության գիրք է»,- ասում է Արմեն Ներսիսյանը:

Ըստ նրա՝ «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ:

2004 թ. Արմեն Ներսիսյանը թողարկում է «Նարեկի» աղոթքներով իր առաջին ձայնասկավառակը: Այս տարիների ընթացքում նա բուժել է տարբեր հիվանդություններ, որոնք բժշկությունը համարել է բարդ ու անբուժելի. չարորակ ուռուցքներ, երևանյան հիվանդություն, նյարդային, մաշկային հիվանդություններ, անգամ Դաունի համախտանիշ:

Այժմ նա աշխատում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում՝ որպես բժիշկ-հոգեթերապևտ, որտեղ նույնպես, մյուս մեթոդներին զուգահեռ, կիրառում է այս մեթոդը: Արդյունքները, ըստ հոգեթերապևտի, ապշեցուցիչ են: «Նարեկի» աղոթքները կարողանում են բարձրացնել մարդու իմունային համակարգը: Արմեն Ներսիսյանը համոզված է, որ «Նարեկով» կարելի է բուժել դարի չարիք համարվող այս հիվանդությունը:

Եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը

hqdefault«Մարդիկ ուզում են «Նարեկով» բուժվել, սակայն համապատասխան տեղեկատվություն չունեն: Առաջ «Նարեկը» բարձի տակ դնելու ավանդույթ կար, սակայն կարծում եմ, որ եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը,- ասում է հոգեթերապևտը:- Չի կարելի խաբվելով ապրել, թե «Նարեկը» գլխի տակ դնելով` բոլոր հարցերը կլուծվեն, իսկ արդյունք չլինելու դեպքում` արժեզրկել ողջ ճշմարտությունը: «Նարեկը» պիտի կարդալ, Նարեկը պիտի խոսք դարձնել: Եվ ամենակարևորը՝ պետք է հավատալ, քանի որ այս ճանապարհով լավանում է միայն նա, ով հավատով է ընտրում բուժման այս տարբերակը»,- ասում է Ներսիսյանը:
Ըստ նարեկաբույժի՝ հրաշագործ այս գիրքն այլ ցուցումներ էլ ունի և կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Օրինակ` երեխայի մեջ ավելի մաքուր արժեհամակարգ ստեղծել՝ զերծ պահելով նրան ապագայում կատարելիք մեղքերից ու դրանցից բխող հետևանքներից: Ուստի, նա կարծում է, որ երեխան, սկսած մանկապարտեզից, պետք է անընդհատ «Նարեկ» լսի, որպեսզի լինի խաղաղ, ներդաշնակ ու առաքինի:

Նարեկաբույժն իր փորձից գիտի, թե դա ինչ ազդեցություն է թողել 10-12 երեխաների վրա, որոնք լսել են իր աղոթքների սկավառակները և հետո իրենց տպավորությունները գրել: «Էսօր որոշել էի մեկին ծեծել, բայց պետք ա ներողություն խնդրեմ, որովհետև ես էի մեղավոր: Որ կարենամ խնդրեմ` շատ լավ կլինի»,- լսելուց հետո գրել է աշակերտներից մեկը:
«Չեմ կարում չխաբեմ, սուտ չխոսեմ, դրանից կայֆ եմ բռնում: Հիմա վատ եմ զգում, որ էդքան խաբել եմ: Հետո կթարգեմ, թե չէ, չգիտեմ»,- գրել է մեկ ուրիշը:

«Նարեկում» կան աղոթքներ, որոնք մարդուն զղջման և հոգու թեթևացման են տանում: Դրանք օգտակար են հատկապես այն մարդկանց համար, որոնք հասել են կյանքի մայրամուտին և ինչ-ինչ պատճառներով տանջվում են՝ չհասկանալով տանջանքի բուն պատճառները: Այդ աղոթքներն օգնում են մարդուն տեսնելու իր հոգու խորքը, վերաիմաստավորելու իր կյանքը, բացահայտելու իր մեղքերն ու զղջալու, ապա հանգիստ խղճով հոգին ավանդելու:

«Նարեկն ազդում է և՛ մարմնի, և՛ հոգու վրա,- ասում է Արմեն Ներսիսյանը,-ընդհանրապես, մարդ իր խնդիրները, հարցերը լուծելու համար նախևառաջ պետք է ձերբազատվի ատելությունից ու չարությունից: Ինչպես հաճախ մաքրում ենք մեր մարմինը, հոգին էլ ժամանակ առ ժամանակ մաքրվելու կարիք ունի, քանի որ մի օր կարող է հիվանդանալ, որից էլ ի հայտ են գալիս բոլոր երևացող հիվանդությունները»:

Նարեկաբույժը կարծում է, որ հիմա հոգու սովի ժամանակաշրջան է, և մարդուն խոսք է պետք՝ բարի, ճշմարիտ խոսք: «Նարեկը» հենց այդ խոսքն է՝ ուղենիշը դեպի Աստված:

 

Վերածնված Անին ու «Նարեկը»

IMG_4436Անի Մաջնունյանը ծնվել է Իրանի Ուրմիա քաղաքում: Նրա պապը՝ տեր Հովսեփը, տեղի քահանան էր, որը մի օր երազ է տեսնում և երազի հետքերով գնալով՝ գտնում «Նարեկը», որն այլ մասունքների հետ թաքցված էր եկեղեցում:

Այսպիսով, XIX դարից փրկված սուրբ գիրքը հավանաբար հենց Աստծո կամքով գտնում է իր տիրոջը՝ Տեր Հովսեփին, որը սկսում է դրանով բուժել մարդկանց: Անիի մայրը պատմել է, թե ինչպես է պապը մեկ օրում բուժել հոգեկանը խանգարված մի երիտասարդի, որին ոչ մի հոգեբույժ չի կարողացել օգնել: «Երբ տեսնում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, գյուղի ժողովուրդը որոշում է դիմել հարևան գյուղերից մեկում գտնվող մի մոլլայի, որը մարդկանց բուժում էր: Տղային տանում են նրա մոտ: Սակայն մոլլան ասում է, որ չի կարող հիվանդին օգնել և խորհուրդ է տալիս դիմել գյուղի հոգևոր հորը՝ տեր Հովսեփին՝ ասելով, որ վերջինս թող իր գրքից աղոթք գրի, միայն դա կբուժի»:

Տեր Հովսեփը երկար մի թղթի վրա «Նարեկից» աղոթք է գրում: Երբ տղան քնած է լինում, դա ամրացնում են նրա հագուստին, «Նարեկն» էլ դնում գլխի տակ: Մեկ էլ տղան առանց ծնկները ծալելու, աչքերը փակ վիճակում՝ կանգնում է և սկսում խոսել Հիսուսի հետ: Երբ խոսքը վերջացնում է, նորից նույն ձևով պառկում է: Քիչ անց արթնանում է, ձեռքը տանում բարձի տակ, գիրքը հանում, համբուրում և ասում, որ տեր Հովսեփին կանչեն: «Երբ պապս գալիս, է ընկնում է ոտքերը, շնորհակալություն հայտնում, ասում, որ այլևս հիվանդ չէ»,- պատմում է Անին:

Անին փոքր է եղել, լավ չի հիշում պապի հրաշագործությունները, բայց հիշում է, որ նրա գիրքն իրենց տան սուրբ մասունքն էր, որը միշտ իրենց գլխի տակ էր, երբ հիվանդանում էին: Այդ գիրքն իրենց ընտանիքի պահապանն էր, մահից փրկել էր եղբորը, իրեն: Գրքի սուրբ ուժն առաջինը տարածվել է հենց Անիի վրա դեռ նորածին հասակում, երբ նրան բժիշկները հաշված օրերի կյանք էին կանխատեսել՝ համարելով նվազ երեխա: Պապն էլ, որպես եկեղեցու սպասավոր, որոշել էր մինչև «հոգին Աստծուն հանձնելը»` կնքել երեխային, որպեսզի անկնունք չմահանա: Կնքել էր: Հետո  «Նարեկը» դրել էին երեխայի բարձի տակ, ու նա խոր քուն էր մտել և… արթնացել բոլորովին առույգ ու առողջ:

Երկրորդ անգամ Անին «Նարեկի» շնորհիվ վերածնվում է 1992 թ.՝ սարսափելի ավտովթարից հետո, երբ նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: «Մորս խնդրեցի, որ «Նարեկը» բերի: Դրեցի գլխիս տակ,- պատմում է նա,- իհարկե, ես իմ բժշկին պաշտում եմ, նրան համարում իմ երկրորդ ծնողը, բայց այդ ժամանակ իմ վիճակն այնպիսին էր, որ ոչ ոք հրաշքի չէր սպասում»:

Մի օր էլ, երբ Շողակաթ եկեղեցում հոգևոր երգեր երգող Անին Գևորգյան ճեմարանի սաներից մեկին ասում է, որ տանը «Նարեկ» ունի, մեկ շաբաթ անց վերջինս իր տուն է գալիս՝ ձեռքին

Նա սկսում է «Նարեկով» բուժել: Նախ իր հարազատների, ընկերների վրա է զգում գրքի հրաշագործ ազդեցությունը, հետո շատ-շատերին է իր գրքի սուրբ զորությունը մատուցում:«Նարեկի» այն աղոթքների ցանկը, թե որով որ հիվանդությունն են բուժում: «Հասկացա, որ դա նախանշան է»,-ասում է Անին:

Տարիներ առաջ «սկայպով» մի գերմանացի կնոջ հետ է ծանոթանում, որի որդին հոգեկան խնդիրներ ուներ: Հեռվից հեռու նրա ապաքինման համար աղոթքներ է կարդում: Արդյունքը դրական էր: Փաստորեն, հրաշագործ գիրքը սահմաններ չէր ճանաչում: Հետագայում այդ կինն իր որդու հետ գալիս է Հայաստան, մկրտվում հայկական եկեղեցում: «Ես երբեք չեմ հայտարարում, որ քաղցկեղ եմ բուժում կամ բնածին արատներ: Բայց իմ փորձից կարող եմ ասել, որ շնորհիվ «Նարեկի» աղոթքների՝ կարող եմ բուժել հոդացավեր, մաշկային հիվանդություններ, սեռական, հոգեկան խնդիրներ և այլն»,- թվարկում է նա:

Մինչ բուն հիվանդության դեմ ուղղված աղոթքը կարդալը, Անին նախ կարդում է չարխափան աղոթքը, որը մարդու բացասական էներգետիկան է մաքրում, խաղաղեցնում հոգին, որպեսզի բուժական աղոթքն իր ազդեցությունն ունենա: Բուժական գործընթացն ավարտվում է «Հայր մեր» աղոթքով:

IMG_4439

Պապի սուրբ գիրքն այժմ Անիի անբաժան ընկերն է: Նա այդ գրքով է ապրում և օրեցօր ավելի ու ավելի ոգևորվում նրա զորությամբ: Դա նրա համար ավելին է, քան գիրքը, մի պաշտելի երևույթ, որին մեծ ակնածանքով է վերաբերվում և դիպչում միմիայն թաշկինակով:

 

«Մատեանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրեա՜լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր:
Սկսածն այս իմ իր ավարտին հասցրու դու,
Եվ թող քո հոգին խառնվի սրան:
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փա՜ռք բոլորից. Ամեն…»:

 

Անի Գասպարյան

Անկախ