«Հայրենադարձության» հրաւեր Դաւութօղլուի կողմից` սփյուռքահայությանը

Շահան ԳանտահարյանԹուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին  տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային  նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանականը հասկանալի պատճառներով կամ լռում էր այդ բոլորի մասին, կամ խնամքով անուշադրության մատնում եւ կամ էլ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։

Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան եւ թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։

Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երեւան կապված է նախագահներ Ալիև եւ Սարգսյան Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա եթե մի կողմից Բաքվին հանգստացնելու համար էր, մյուս կողմից նաեւ հանրային կարծիքն ապակողմնորոշել էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դաւութօղլուն զիջել է այցելելու Երեւան։

Մինչ իր որոշելը Դաւութօղլուն արդեն հայտարարել է, որ Երեւան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրե թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը այն էլ եւրոպական ֆինանսավորմամբ։

Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրեւ թե հայկական կողմը համաձայն էր հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դաւութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երեւան, այլ նաեւ ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը։

Թվում էր թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երեւանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եւ ահա «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երեւանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դաւութօղլուն հայրերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային, խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին ասելով, Դաւութօղլուն մշուշի մեջ է թողել, թե ի վերջո ո՞վ է անմարդկայնորեն տեղահանել հայերին։

Անկարա-թուրքական ԶԼՄ-ներ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դաւութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դաւութօղլուի հետ կայացած խոսակցությանը։  Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից որ գաղթել են իրենց պապերը ։

Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետեւ այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձեւով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությոնը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամբով նախաձեռնում է «մարդասիրական» եւ «խաղաղասիրական» գործողություն. տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։

Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դաւութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը, ամփոփենք Դաւութօղլուի հայաստանյան եւ սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։ Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը. իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսելու երկխոսություն վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին եւ ունեցվածքին։ Այլոց կատարած անմարդկային տեղեհանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Ի ՞նչ հարցեր են բարձրացվել Մադրիդում 50-ից ավելի երկրների Հանրային խորհուրդների կողմից

images (1)

Հարցազրույց Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ՝ դեկտեմբերի 3-4-ը Մադրիդում կայացած «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան» թեմայով միջազգային  համաժողովի վերաբերյալ, որին մասնակցել է նաև ՀԽ պատվիրակությունը՝ ի դեմս ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանի և Արշակ Սադոյանի:

–       Պ-ն Սաֆարյան, վերջերս Հանրային Խորհրդի պատվիրակությունը մասնակցեց միջազգային կոնֆերանսի:  Ի՞նչ կոնֆերանս էր դա և ինչ հարցեր են քննարկվել այդ կոնֆերանսում:

 

–       ՀՀ Հանրային Խորհրդի պատվիրակությունը 2013թ դեկտեմբերի 3-4-ը մասնակցեց  Մադրիդում կայացած միջազգային կոնֆերանսի, որի կազմակերպիչներն էին Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունը (ԱՄԿ), Իսպանիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միջազգային ասոցիացիան, որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը: Կոնֆերանսի օրակարգում դրված էր «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի և գործազրկության հաղթահարման ուղղությամբ» հարցը:

 

–       Ինչ երկրներ էին մասնակցում այդ կոնֆերանսին:

 

–       Կոնֆերանսը ներկայացուցչական էր, որի աշխատանքներին մասնակցում էին Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Աֆրիկայի 50-ից ավելի երկրների 125 պատվիրակներ, ինչպես նաև փորձագետներ՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունից (ԱՄԿ), Արժույթի Միջազգային Հիմնադրամից (ԱՄՀ), Եվրամիությունից, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Իսպանիայի ներկայացուցչությունից և այլ կառույցներից:

 

Կոնֆերանսի բացման նիստը վարում էր ԱՀԿ Մադրիդի գրասենյակի տնօրեն Ժոագուին Նիետոն, իսկ բացման խոսքով  հանդես եկան Մարկոս Պենան՝ Իսպանիայի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Սանդա Պոլասկին՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) փոխնախագահը և Եվգենի Վելիխովը Ռուսաստանի Դաշնության Հանրային Պալատի նախագահը, ով միաժամանակ նաև Տնտեսական և սոցիալական Խորհուրդների միջազգային ասոցիացիայի նախագահն է:

 

Գլխավոր զեկուցողը ԱՄԿ-ի Ժնևյան գրասենյակի ներկայացուցիչ Ռայմոնդ Տորեսն էր: Նա ներկայացրեց ծավալուն զեկույց – վերլուծություն, որն  ընդգրկում էր  համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ   կատարած աշխատանքները՝ ելակետ ունենալով  Աֆրիկայի 14, Արաբական 3, Լատինական Ամերիկայի 8, Ասիայի 22  երկրների Տնտեսական և սոցիալական խորհուրդների կողմից նախօրոք ստացված տվյալները: Զեկուցման շուրջ ծավալվեց մտքերի լայն փոխանակում, քննարկումներ, որոնք որոնք շարունակվեցին երկու օր տևած կոնֆերանսի 6 նիստերում: Իրենց տեսակետներն արտահայտեցին 32 երկրների ներկայացուցիչներ:

 

–       Ի՞նչ հարցերի շուրջը ծավալվեցին հիմնական ելույթներն ու քննարկումները:

 

–       Նիստերում քննարկված հիմնական թեմաները օրակարգային հարցի շրջանակում էին: Այսպես օրինակ՝ համաշխարհային տնտեսական, ֆինանսական և աշխատանքային ճգնաժամը, որի դեմ  քայլեր ձեռնարկելու ժամանակն է, տնտեսական և սոցիալական խորհուրդների  ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան, սոցիալական երկխոսության դերը համաշխարհային ֆինանսական, տնտեսական և գործազրկությանն ի պատասխան: Ելույթ ունեցողները խոսում էին 2008 թ. իրենց երկրներին  հասցված տնտեսական ճգնաժամի վնասների մասին, կարևորում ճգնաժամի ժամանակ Կառավարության, Գործատուների և Արհմիությունների միջև սոցիալական երկխոսության ծավալումը՝  փոխըմբռման, կոնֆլիկտների, վեճերի լուծման և այլ հարցերում: Կարևոր միտք հնչեց, որ ճգնաժամի պրոբլեմները գլոբալ են, իսկ դրանց հաղթահարման ճանապարհները՝ տարածաշրջանային կամ ազգային: Եվ անհրաժեշտ է գտնել արդյունավետ մեխանիզմ սոցիալական երկխոսությամբ մեղմացնելու ճգնաժամի հետևանքները: Կարևոր մտքեր արտահայտեց Ալժիրի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ դոկտոր Բաբեսը՝  ճգնաժամերի անցումային պրոցեսների կարգավորման, գիտելիքի վրա հիմնված տնտեսության, մարդու  ինքնադրսևորման, գենդերային հարցերի և այլնի մասին:

 

–       Ի՞նչ խնդիրներ առանձնացրեցին մասնակից մյուս երկների ներկայացուցիչները:

 

–       Իսպանիայի ներկայացուցիչը նշեց, որ իրենց երկրում ճգնաժամի հետևանքով  ազգաբնակչության 26%-ը գործազուրկ է: Հունգարիայի ներկայացուցիչը կարևորեց տնտեսության վերակազմավորումը և հայտնեց, որ ընդհանուր գործազրկության մակարդակը 7% է, իսկ երիտասարդության 28%-ը ոչ աշխատում է, ոչ էլ սովորում:

Հոլանդիայի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց երկրում գործազրկությունը 7% է: Նրանց անհանգստացնում է  արտաքին առևտրի ծավալների կրճատումը:

Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ի. Դիսկինը կարևորեց հանրային պալատների իրավական կարգավիճակի մասին հարցը՝ գտնելով, որ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել հանրային վերահսկողությունը:

Ճապոնիայի ներկայացուցիչը նշեց, որ իրենց մոտ 2012թ գործազրկությունը եղել է 5.5%, իսկ 2013թ այն 4.4%-ի սահմաններում է, միաժամանակ կարևորեց սուբսիդիաների տրամադրումը ձեռնարկություններին ճգնաժամերի ժամանակ:

Սենեգալի ներկայացուցիչը խոսեց, որ Աֆրիկան այսօր դարձել է յուրօրինակ «Էլդորադո» ներդնողների համար:

Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը խոսեց, որ ճգնաժամերի ժամանակ պետք է ճնշում գործադրել կառավարությունների վրա կրճատելու բյուջետային ծախսերը, եթե արտաքին պարտքը նորմատիվից մեծ տոկոս է կազմում ՀՆԱ-ի նկատմամբ:

Եվրոմիության ներկայացուցիչ Էվելինա Պեժոտը խոսեց սոցիալական արդարության, անդրազգային կորպորացիաների, սոցիալական երկխոսությունը որպես խնդիրների լուծման, այլ ոչ թե խնդիրների ստեղծման գործիք դարձնելու մասին: Նա կարևորեց նաև մարդկանց մոտ  ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ վստահության վերականգնման անհրաժեշտությունը:

Եվրոպայի Տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչ Յուան Մենդոզան իր ելույթում ասաց, որ եթե մինչև ճգնաժամը Եվրոպայում 7մլն գործազուրկ կար, ապա ճգնաժամի հետևանքով գործազուրկների թիվն անցել է 27 մլն մարդուց: Սոցիալական լարվածությունը պարարտ հող կարող է հանդիսանալ նացիոնալիստական և ֆաշիստական  կազմակերպությունների ակտիվացման համար:

 

–       Ի՞նչ հարցեր բարձրացվեցին Ձեր կողմից:

 

–       Նախ ասեմ, որ իմ ելույթը նախապես ուղարկվել էր կոնֆերանսի կազմկոմիտե Հանրային խորհրդի կողմից և բաժանվել պատվիրակներին: Քննարկումների ժամանակ մենք մի շարք հարցեր ուղղեցինք ելույթ ունեցողներին: Օրինակ, Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցչին հարց ուղղեցինք, որ լավ կլիներ քնննարկման թեման լիներ ոչ թե ճգնաժամերի հաղթահարման ուղիների, մասնավորապես սոցիալական երխոսության միջոցով, այլ այն մասին, թե ինչպիսի համակարգված գլոբալ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացվի, որպեսզի բացառվեն ճգնաժամերը, քանի որ դրանք առաջ են բերում գործազրկություն, իսկ գործազուրկները տնտեսապես առավել խոցելի երկրներից գնում են քիչ թե շատ պաշտպանված երկրներ և դառնում  սոցիալական լրացուցիչ  բեռ այդ երկրների համար: Մեր հարցադրումներն ուղղված էին նորանկախ երկրների համար տնտեսության զարգացումն ապահովող հարկային, ֆինանսա-վարկային, տարադրամային այնպիսի քաղաքականություն վարելու երաշխավորություններ տալուն, որը կբերի տնտեսության իրական հատվածի զարգացմանը, այլ ոչ թե նրանց կվերածի զարգացած երկրների հումքային կցորդի:

ԱՄՀ ներկայացուցիչ, փորձագետ Պրակաշ Լոունգալին քննադատում էր այն երկրներին, որոնց բյուջետային ծախսերը գերազանցում էին եկամուտների նորմատիվային սահմանները, մեր հարցադրումը նրան այն մասին էր, որ նախ պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ էապես ավելացվեն  եկամուտները, որոնք էլ թույլ կտան մեծացնել բյուջետային  ծախսերը:  Բրազիլիայի ներկայացուցիչ Պաուլո Սիմաոն մեր հարցին ՝ Արդյունաբերության ոլորտի  վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ, իրազեկեց, որ այն 1% -ի սահմաններում է:

Սոցիալ-տնտեսական խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պատրիկ Վենտուրինին հարց ուղղեցինք՝ արդյոք ավելի լավ չէ՞ր, որպեսզի հաջորդ կոնֆերանսը նվիրվեր համաշխարհային տնտեսական ճգնաժամերի կանխարգելման ֆինանսատնտեսական քայլերին:

 

–       Ինչպե՞ս արձագանքեց:

–       Հայտարարվեց, որ հաջորդ կոնֆերանսը կանցկացվի 2014թ փետրվարին՝ Իտալիայում:

 

–       Այդ թեմայո՞վ:

–       Հուսանք…

 

Անկախ

 

Չհիշել չեմ կարող

մարիամ խալաթյանԱռավոտ էր: Պառկած էի օրորոցում, չնայած չորս ամսական էի, բայց մայր ինձ չէր բարուրում. երևի մանկուց կապանքներ չեմ հանդուրժել: Եղբայրս, որ ինձանից երեք տարի էր մեծ, մայրիկիս գիրկը նստած խաղում էր ափսեի խնձորների հետ: Չգիտեմ ինչքան էր անցել իմ արթնանալուց, երբ մի ահավոր դղիրդից օրորոցս շրջվեց, ու ես հայտնվեցի վերմակի, ներքնակի ու փայտե օրորոցի տակ: Ախ, թե մայրիկիս ձայնել իմանայի~: Միգուցե լալիս էի: Մայրս հաստատ ինձ չէր մոռացել, ու մի ձեռքում կրծքին էր սեղմել եղբորս, մյուսով` փորձում ինձ դուրս բերել: Վերջապես, երկու ձգուկներին գիրկն առած վազեց դուրս, բայց իջնելու հնար չկար. շենքի աստիճաններն արդեն փլվել էին: Լուսավոր աստղ. փոշու մեջ երևում է հայրս, ու հաջողվում ընտանիքին դուրս բերել փողոց:

Երկրաշարժ է: Սարսափելի արհավիրք, որ կարողացավ բառացիորեն մեկ վայրկյանում փոշիացնել ամեն ինչ: Զարմանալի բան է բնությունը. սաղմի մարդանալու համար սահմանում է երկար ու ձիգ ինն ամիս, մարդուն ծնունդ տալիս երկունքի բութ, հաճախ անդիմադրելի ցավով, իսկ կյանքը խլում` ակնթարթորեն:
Այդ օրից ամեն ինչ փոխվեց իմ կյանքում:
Մանկություն, որը բառի բուն իմաստի մեջ այդպես էլ ոչ մի կերպ չտեղավորվեց: Ունեի տիկնիկներ, օղակ, պարան… խաղում էի տանը, եղբորս հետ: Չկային մանկական սրճարաններ ու ներկայացումներ, չէին աշխատում կարուսելները:
Պատանեկություն: Առաջին դասարան, փայտե, տնակային դպրոց, սոլյարայուղից անվերջ ծխացող դասարան, մրոտված տետրեր ու գրքեր, կիսասոված, կիսաքուն մանուկներ: Դպրոցում ժամերն արագ էր անցնում, չնայած, իրական, քարաշեն, տաք ու լուսավոր դպրոցի շենք մուտք գործեցի, երբ արդեն ավարտում էի այն:
Բայց պատանեկությունը միայն դպրոցում չէ. դասերից դուրս կային նաև բակային խաղեր ու ընկերներ: Մի տեղ բախտս շատ էր բերել, մեր թաղում բոլոր երեխաները գրեթե հասակակից էին, և բոլորի պատկերացումները երևույթների մասին` նույն զարգացվածության: Հավասար էինք միասին, հավասար էինք առանձին-առանձին:
Մեր շենքը չէր փլվել, բայց ստիպեցին դա անել` խիստ վթարայնության պատճառով: Երբ ամեն ինչ քիչ թե շատ հանդարտվել էր, տեղափոխվեցինք բնակության` ընդարձակ սենյակներով տնակ: Բնական է, բակերում չկային խաղահրապարակներ, բայց մենք անտրտունջ խաղում էինք դիմացի կիսավերակ շենքի մեջ, ջարդուփշուր պանելների վրա, հող ու քարերի հետ: “Անհոգ էինք”, իրոք: Վազում էինք, թռվռում, զվարթ ծիծաղում, ու չիմանալով, որ այդ նույն պանելի կամ քարի տակ մեզ հասակակից, գուցեև մեզանից մի քիչ մեծ մեկուրիշ երեխա իր կյանքն էր ավարտել:
Խաղալիքներ էինք պահում իրար վրա սեղմված պատերի արանքում, մեզանից մեկը գտնում էր այն` ուրախանում, հրճվում էինք, չիմանալով, որ այդ նույն պատերի արանքում մոր արգանդում իր մահն էր կնքել դեռ չծնված մի երեխա:
Ինչ վազքուղներ էինք դարձրել փլված շենքերի տարածքները, մարթոններ էինք անում, հպարտանում, չիմանալով, որ մեր տրորած հողի տակ գուցե այդպես էլ չգտնված մեկի սիրտը, մյուսների ձեռքն ու գլուխն ենք ճեմում-ճզմում:
Ավերակների մեջ բազում կենցաղային իրեր էինք գտնում, ու միամտորեն կարծում` տեսնես ում պայուսակից է ընկել:
Ու այսօր արդեն ափսոսում եմ` երանի ապրեինք չիմանալով, լինեինք “անհոգ”` չիմանալով:
Այո, հասակակիցներ ենք ես և այդ չարաղետ դեկտեմբերի 7-ը: Ու, թեև ես, իմ հասակում ծաղկում եմ, ուզում եմ ու պետք է, որ դեկտեմբերի 7-ը խամրի, հեռանա:
Արցունքներ չեմ սիրում, բայց թող անձրևը գա, որ հողը ոռոգվի ու նոր ծիլեր տա: Ձմեռն էլ չեմ սիրում, բայց այն պետք է գարնան ջերմությունն ավելի լավ զգալու համար:
Թախիծն ու վիշտը երկար պահել, վատը հիշել էլ չեմ սիրում, բայց սրտիս կեսը կտրել, դեն շպրտել, ավաղ, չեմ կարող:

Մարիամ Խալաթյան

Անկախ

«Մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք». Վազգեն Մանուկյան

arm137820609085Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի վերաբերյալ  «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

 

– Պարոն Մանուկյան, իշխանությունները Ռուսաստանի նախագահի այցն աննախադեպ են որակում` թվարկելով մի շարք դրական արդյունքներ:  Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ այցը:

– Նախևառաջ սա Պուտինի առաջին պետական այցն էր, որը միշտ էլ նշանակություն ունի, քանի որ անկախ Մաքսային միությունից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք կնքած, 90-ականներից Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը պայմանագրով տվել ենք Ռուսաստանին, ռազմական բազայի հետ կապված պայմանագիր ունենք և այլն: Դա նշանակում է, որ անվտանգության հարցերում Ռուսաստանը շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, և այդ առումով, իհարկե, այցը կարևոր էր:

Ինչ վերաբերում է ստորագրված որոշ փաստաթղթերին և որոշ խոստումներին, ապա հետագայում կերևա, թե դրանցից ինչ դուրս կգա: Ամեն դեպքում տնտեսական այնպիսի հարցեր են լուծվում, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:

– Հայտարարվեց գազն առավել ցածր գնով ձեռք բերելու մասին, սակայն պարզվում է, որ Հայաստանում գազի սակագինը մնալու է նույնը, ի՞նչ է դա նշանակում:

– Երբ գազի մուտքի գինը բարձրացավ, այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը դիմեց Ռուսաստանին, և գրեթե ողջ ավելցուկը մեկ տարով սուբսիդավորվեց Ռուսաստանի կողմից: Բայց կենցաղային օգտագործման գազի գինը, միևնույն է, բարձրացավ, որովհետև «Հայռուսգազարդն» արդեն մի քանի տարի էր` իր ծախսերն ավելացնելու պահանջ էր դրել՝ աշխատավարձեր և այլն: Հանրային խորհուրդը, ի դեպ, կարծում էր, որ ներկայացված ծախսերը գերազանցված են ցույց տալիս: Այնուամենայնիվ, կառավարությունը գնաց այդ պահանջի կատարմանը, և գազի գինը բարձրացավ դրա պատճառով: Մյուս տարի, երբ  Ռուսաստանի կողմից այլևս սուբսիդիա չլիներ, ապա պետք է ավելանար այդ ավելցուկի արժեքը, իսկ հիմա, փաստորեն, չի ավելանում և արդյունքում գազի սակագինը սպառողների համար մնում է նույնը:

– «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաշխումը ռուսական կողմին ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Ցանկալի կլիներ, որ այդ 20 տոկոսը մենք չտայինք: Իսկ տնտեսական տեսանկյունից դա վճռական նշանակություն չունի: Եթե երկարատև ժամկետներով ենք նայում, մեր ազդելու հնարավորությունները էլի մնում են պետական մեխանիզմների, օրենքների միջոցով, բայց, ամեն դեպքում հաճելի չէ: Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանին պետք էր այնքանով, որ ցույց տա, թե ինքը ինչ-որ բան ստացել է ինչ-որ բանի դիմաց:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի հայտարարությունը, թե իրենք չեն հեռանալու Հարավային Կովկասից, ավելին՝ մտադիր են ամրապնդվել:

– Դա նորություն չէ: Միգուցե նորություն է բացահայտ հնչեցնելու տեսանկյունից: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Անդրկովկասում առաջացավ ազդեցության վակուում, Ռուսաստանն այդ ժամանակ քաղաքականապես կուչ էր եկել, հիմա կամաց-կամաց թևերը տարածում է, իրեն ավելի ուժեղ է զգում, բնականաբար, պետք է փորձի բոլոր այն երկրներում, երկրամասերում, որտեղ ժամանակին Ռուսական կայսրությունը, հետագայում՝ Խորհրդային Միությունը ազդեցություն են ունեցել, վերականգնի: Իհարկե, այլ մեխանիզմներով՝ տնտեսական, ռազմական դաշինքների և այլն: Կհաջողվի՞ դա Ռուսաստանին, թե՞ ոչ` այլ հարց է, բայց դա ողջ աշխարհի աշխարհաքաղաքականությունն է:

– Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

– Լավի ու վատի հարց չկա, դա այդպես է: Դու կարող ես հերոսական ջանքերով դուրս գալ այդ ազդեցությունից և մտնել մեկ այլ ազդեցության տակ, բայց այս տարածաշրջանում որևէ այլ ազդեցություն չկրել, լինել հպարտ մենակության մեջ, ոչ ոք քեզ թույլ չի տա: Եթե նման քայլ անես, պետք է մտածես՝ ինչ ես կորցնում: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք:

– Այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը կրելով մենք շահո՞ւմ ենք:

– Մենք Ռուսաստանից՝ որպես դաշնակցից, շատ դեպքերում դժգոհ ենք մնացել, որն արտահայտվել է, օրինակ, Ցեղասպանության ժամանակ: Երբեմն մենք հույս ենք դրել Ռուսաստանի վրա, բայց մեր հույսը չի արդարացել: Իսկ կա՞ մեկ ուրիշ երկիր, որն ավելի վստահելի է: Մեզ շատ ավելի «քցեցին» եվրոպական երկրները, հենց, օրինակ` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միշտ: Այդ տեսանկյունից պետք է նկատել, որ մենք երբեմն դժգոհ ենք լինում Ռուսաստանից, նրան չենք համարում հարյուրտոկոսանոց հենարան, բայց մյուս կողմից էլ փոխարինող այլ երկիր այս տարածաշրջանում գոյություն չունի: Հարյուրտոկոսանոց վստահություն քաղաքականության մեջ չկա, որովհետև ամեն երկիր ունի իր շահերը: Սակայն անվտանգության տեսանկյունից այսօր կարծես թե Ռուսաստանին ալտերնատիվ երկիր չի երևում:

– Բացի անվտանգության ապահովումից, այլ տեսանկյունից, օրինակ՝ տնտեսական, Ռուսաստանի հետ մերձեցումը ի՞նչ է տալու Հայաստանին:

– Տնտեսական տեսանկյունից, եթե կարճատև՝ 5-10 տարի ժամկետով վերցնենք, մեր օգուտները Մաքսային միությունից անհամեմատ ավելի մեծ են, քան Եվրամիության ասոցացված անդամ լինելուց: Մենք ունենք մի քանի միլիոն հայրենակից Ռուսաստանում, լավ ուսումնասիրված շուկա, բավականին մեծ ազդեցություն, մեր ապրանքը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից ճանաչված է: Օրինակ` հայկական կոնյակը կամ Ջերմուկը Ռուսաստանում բրենդ է, իսկ Եվրոպայում` ոչինչ, կամ հայկական կոշիկները և այլն: Եվրոպական շուկա մտնելու և լուրջ առևտուր, ներդրումներ անելու համար մենք պետք է բավարարենք եվրոպական չափանիշները, իսկ դա բավականին ծանր պրոցես է, որի ընթացքում մենք շատ բան կկորցնենք:

Ինչ վերաբերում է երկարատև ժամկետներին, ապա դա քննարկելու հարց է: Եթե Ռուսաստանը լուրջ մոդեռնիզացիայի չգնա, մնա հումք վաճառող պետության կարգավիճակում և բավարարվի դրանով, ապա մեր տնտեսությունը տուժած դուրս կգա: Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, Ռուսաստանն էլ յուրովի ձգտում է եվրոպական ճանապարհով գնալուն և ջանքեր կգործադրի ներկա կարգավիճակից դուրս գալու համար, ինչը կնպաստի նաև մեր ձգտմանը` ունենալ ժամանակակից չափանիշներին բավարարող տնտեսություն և արտադրություն:

– Պարոն Մանուկյան, Դուք Հայաստանում առաջիններից էիք, որ պայքարում էիք անկախության համար: Այսօր ինչպե՞ս եք ընդունում մի միության կազմի մեջ մտնելը, որտեղ, միևնույն է, կա գերիշխող երկիր՝ Ռուսաստանը:

– Այո, Եվրամիություն ասելով՝ մենք մի պետություն չենք ընդգծում, իսկ Մաքսային միության մասին խոսելիս անընդհատ ասում ենք՝ Ռուսաստան, Ռուսաստան: Բայց տվյալ դեպքում, ինչքան էլ պարադոքսալ թվա, մեզ ձեռնտու է այդ միության մեջ Ռուսաստանի որոշ չափով գերիշխող դիրքը, որովհետև Ղազախստանն իր շահերն ունի` կապված թուրքախոս ժողովուրդների և Թուրքիայի հետ, որը շատ վտանգավոր  է մեզ համար, Բելառուսին էլ մեծ վարկի դիմաց ցանկացած երկիր, այդ թվում և Ադրբեջանը, իր ձեռքը կվերցնի: Հետևաբար, որքան էլ տարօրինակ թվա, մեզ ձեռնտու է, որ գոնե մոտ ժամանակներս Ռուսաստանն ավելի մեծ դերակատարություն ունենա Մաքսային միությունում: Սուվերենության մասին ես չեմ ասում, որովհետև բոլորը մոռացել են, թե այս 10-15 տարում ով էր անընդհատ մատ թափ տալիս մեզ վրա: Ամեն անգամ մեր ղեկավարները փորձում էին Եվրոպայի մոտ արդարանալ կամ ստիպված էին լինում ընդունել ծրագրեր, որոնք մեր ազգային արժեքներին, շահերին դեմ էին: Պարզապես Եվրոպան մեզ սպիտակ ձեռնոցներով էր պարտադրում: Այնպես որ, մենք մեր ինքնուրույնությունն այս տարիների ընթացքում արդեն մասամբ զիջել ենք Եվրոպային: Այստեղ այլ վտանգ կա՝ ստրկամտությունը: Երբեմն Ռուսաստանին անիմաստ քծնում են: Ես օրինակ` կտրականապես դեմ եմ, որ  մեր կառավարությունը գումար է հատկացրել «Что, Где, Когда» հաղորդմանը: Դա կարելի էր շատ հեշտ հայերեն ցուցադրել, ինչպես շատ այլ հաղորդումներ: Ի՞նչ իմաստ ունի քծնել: Ռուսաստանն էլ, որ սովոր է իրեն տեր զգալ, ցիվիլ, եվրոպական ձեռնոցներով չի աշխատում, այլ երբեմն նույնիսկ, անկախ իրենից, կոշտ ձևով ընդգծում է, որ ինքը տեր է: Ես կարծում եմ, որ դրանք և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի կողմից լուրջ խոչընդոտներ են:

– Իսկ մեր քաղաքական դիվանագիտությունն օժտվա՞ծ է իր ազգային շահն արժանապատվորեն առաջ տանելու, միաժամանակ ռազմավարական գործընկերոջը «չնեղացնելու» ձիրքով:

– Կարծում եմ՝ առայժմ ոչ: Խոսում են տնտեսական հարցերից, ընդհանուր շահերից, բայց անընդհատ գլորվում են բարեկամության գիրկը: Մշակութային, ժողովրդական փոխհարաբերություններում բարեկամությունը լավ բան է: Բայց բարեկամությամբ գազի գին չես իջեցնի, տնտեսությունդ չես զարգացնի, Ղարաբաղի հարց չես լուծի: Պետք է հասկանան, որ այդ արևելյան խոսակցությունները օգուտ չեն բերում, այլ երբեմն նվաստացուցիչ են ազգային արժանապատվության համար: Իսկ եթե մենք մեր արժանապատվությունը չպահենք, ապա ի՞նչ պետք է սպասենք դիմացինից: Եթե դու ճիշտ ես տանում քո շահերը և ընդհանուր շահերի շրջանակների մեջ ես, ապա դիմացինը քո քայլերից հետո ավելի մեծ հարգանքով քեզ կվերաբերվի:

 – Պուտինի այցի օրը տեղի ունեցան բողոքի ցույցեր և հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում նաև անչափահաս, բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը:

– Նախևառաջ այդ ցույցերը բնական էին, կազմակերպված չէին ինչ-որ «չար» ուժերի կողմից, այլ արտահայտում էին ցուցարարների անկեղծ գաղափարները: Ինձ նույնիսկ ուրախացնում է, որ նման ցույցեր եղան, որովհետև շարժման սկզբում, երբ ես հայտարարում էի, որ մենք չունենք մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, մարդիկ ասում էին՝ ո՞նց, Ռուսաստանը մեր մշտական բարեկամն է: Այսօր կա մի երիտասարդություն, որն այդպես չի մտածում, և դա դրական է: Ես ուրիշ բանից եմ վախենում. հիմա էլ հանկարծ երիտասարդության մեջ չառաջանա մի շերտ, որը մեր միակ բարեկամը համարի Եվրոպան: Ոչ, մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք, բայց ինքներս մեզ անընդհատ ոտնահարում ենք:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին և թե կոնկրետ ինչ իրավունքներ են խախտվել, ապա կան մարդու իրավունքների պաշտպաններ, համապատասխան կառույցներ, որոնք այդ հարցով զբաղվում են և կտան համապատասխան գնահատական:

 

Հարցազրույցը վարեց Անի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Անկախ

Հայկական ոսկիների լեգենդը թուրքական անբուժելի հիվանդության պատճառ

gandzerՀայտնի է, որ հայերը Օսմանյան կայսրությունում բազմաթիվ արհեստներով են զբաղվել, եղել են լավագույն ոսկերիչները, դերձակներն ու կոշկակարները, ինչպես նաև մշակել են հող, ունեցել են մրգատու այգիներ և դաշտեր: Չնայած կայսրությունում կիրառվող ծանր հարկային համակարգին, հայերը իրենց աշխատասիրության շնորհիվ կարողացել են բարեկեցիկ կյանք ունենալ և նեղ օրվա համար էլ որոշակի ունեցվածք կուտակել: Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ բռնել գաղթի ուղին՝ թողնելով իր տունն ու ունեցած ամեն բան: Իրենց տներից հարկադրաբար հեռացող հայերը խորապես համուզված էին, որ շուտով հետ են վերադառնալու, այդ պատճառով էլ ունեցած ոսկիներն ու թանկարժեք իրերը պահել են այգիներում փորված նկուղներում, տան պատերի մեջ արված գաղտնի պահարաններում, տարբեր անցքերում, գետնի տակ, ինչպես նաև հայկական եկեղեցիներում:

Հայաթափված Արևմտյան Հայաստանում այլևս հետ չվերադարձած հայերի ունեցվածքը՝ տները, դաշտերն ու այգիները մնացին նրանց քուրդ հարևաններին: Վերջիններս էլ, լավ իմանալով հայերի ոսկիների գոյության մասին, սկսեցին ագահորեն փնտրել դրանք՝ անխնա ավերելով հայկական տներն ու եկեղեցիները: Այսպես Թուրքիայում առաջացավ մի նոր հիվանդություն, մի մոլուցք, որով տարված մարդկանց անվանում են գանձախույզներ (թուրքերեն՝ defineci): Տարիների ընթացքում հայերի թողած հարստությունը հայտնաբերվեց և յուրացվեց այդ տարածքներում բնակվող քրդերի կողմից: Սակայն սրանով հանդերձ Թուրքիայում ծնունդ առավ և տարածում գտավ հայկական ոսկիների մասին լեգենդը, որը արդեն հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս այս մոլուցքով տառապող մարդկանց:

Հայկական գանձերը գտնելու ցանկությունը այն աստիճանի է հասել, որ Թուրքիայում ստեղծվել է հատուկ կայք, որն ամբողջությամբ նվիրված է գանձերի որոնման «արվեստին»: Այստեղ ներկայացված է գանձախույզների համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ սկսած հայկական պահոցներին հատուկ տարբերանշանների բացատրություններից, մինչև հայերի տների պատերի մեջ արված փորվածքների հայտնաբերման մեթոդներ:

Այն, որ հայերի ոսկիների լեգենդները դեռ վառ են թուրքական իրականության մեջ, կարելի է հեշտությամբ հասկանալ՝ այցելելով Արևմտյան Հայաստան: Հայկական հողերի այսօրվա բնակիչները՝ քրդերը, նկատելով զբոսաշրջիկ հայերին, իրենց «օգնությունը» առաջարկելու առիթը բաց չեն թողնում: Նրանք լկտիաբար մոտենում են հայերին, հարցուփորձ անում ինչ-որ քարտեզների մասին և առաջարկում միասին փնտրել ոսկիները և ապա իրար մեջ կիսել գտածոն:

Հայտնի է, որ ցեղասպանությունից փրկված հայերը իրենց երեխաներին պատմել են հայրենի հողերում թողած ունեցվածքի մասին, և ավանդելով փնտրել դրանք, նրանց համար կազմել են ուղեցույց քարտեզներ՝ այսպիսով փորձելով հուշել պահոցների գտնվելու տեղերը: Իհարկե, տասնամյակների ընթացքում եղել են դեպքեր, երբ հայերը, նախնիների թողած քարտեզները ձեռքներին, փորձել են գտնել պապենական ոսկիները: Սակայն, եթե մեզ համար սա մի յուրատեսակ ուխտի, խոստման է նմանվում, ապա քրդերի պարագայում խոսքն իսկապես մոլուցքի հասած մի արկածախնդրության մասին է: Այս հորձանուտում հայտնված մարդկանց շարքերում կան նաև այնպիսիք, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրում են հայերի ոսկիները գտնելու և այդպիսով հարստանալու գործին: Այնուհանդերձ այս գանձախույզներին կարելի է հասկանալ, քանի որ նրանք իրենց աչքի առաջ իրական փաստեր ունեն: Ներկայումս Թուրքիայի ամենահարուստ երկու ընտանիքների՝ Քոչ և Սաբանջը տոհմերի հաջողությանը օգնել են հենց հայկական ոսկիները: Ասում են, թե նրանց պապերը իրենց բիզնեսները սկսելու համար հիմք են ծառայեցրել հայերից առգրավված ունեցվածքը՝ արդյունքում դառնալով միլիոնատեր գործարարներ: Այս պարագայում զարմանալի չէ, որ հայկական գանձերը գտնելու երազանքը շարունակ հետապնդում է գանձախույզներին՝ շատերի համար դառնալով կյանքի գերագույն նպատակ:

Հայերի թողած ոսկիների մասին լեգենդը ուրվականի նման շրջում է Թուրքիայով՝ փոխանցվելով սերնդե սերունդ: Չնայած Արևմտյան Հայաստանի տարածքում եղած ոսկիներն ու արժեքավոր իրերը վաղուց արդեն գտնվել և յուրացվել են և քիչ է հավանական, որ գանձեր որոնողները կարող են խոշոր գտածո հայտնաբերել, այնուհանդերձ այս երևույթը կա և շարունակում է ապրել մարդկանց գիտակցության մեջ: Արևմտյան Հայաստանի տարածքում ամեն օր հայկական քչաթիվ կառույցների ավերումը, հայերի գերեզմանների պղծումը սրա վառ ապացույցն է:

Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար է անցել, բայց կոտորածների մասին հուշերը չեն լքել այդ հողերը: Հայերի դահիճների սերունդները ամեն կերպ փորձում են ոչնչացնել հայկական ամեն ինչ, ջնջել հայկական շունչը և այդ տարածքներում հայերի երբեմնի գոյության ճշմարտությունը: Հայկական ջարդերից հարյուրամյակ անց նրանք չեն կորցրել իրենց ցեղասպան էությունը՝ շարունակելով հայերի ունեցվածքի որոնումներն ու թալանը: Հիվանդ հասարակությունը տառապում է ևս մեկ հիվանդությամբ՝ հայկական ոսկիները գտնելու մոլագարությամբ: Միգուցե սա հատուցում է գործած մեղքերի համար, գուցե պատիժ, որն այս հողերում թողեցին նենգաբար սպանված հարյուր հազարավոր հայերի անմեղ հոգիները:

Տաթևիկ Սարգսյան

Թող մեր դարդը մեր բաց թողած սերիան լինի

Լուսանկարը` Media.am-ի

Լուսանկարը` Media.am-ի

Սերիալներ` 90-ականներից մեր կյանք խուժած ու հաղթարշավով առաջ ընթացող հեղեղ, անհատնում հոսք, մեկը մյուսին հերթագայող, մեկը մյուսից գրեթե չտարբերվող, այնքան միօրինակ ու նույնքան սպասվող սերիալ: Այո, լավ բան քիչ կա սերիալում, սակայն  դա մեր կյանքի մի ողջ ճակատ զբաղեցրած տեսահոսք է, առանց որի սոցիալական որոշ խավեր չեն պատկերացնում իրենց կյանքը: Պարզաբանեմ, որոշ խավեր  կատեգորիան:

Հիմնականում սերիալներ են դիտում միջին ու տարեց հասակի մարդիկ: Ինչո՞ւ: Հիշենք` քիչ բան չփոխվեց 90-ականներից այս կողմ: Սթրեսային անդադար իրավիճակներ` պայմանավորված կարգերի փոփոխմամբ: Օրհասական վիճակներ, դժվարին կացություն, անելանելի վիճակ: Երբ այլևս լույսի ծեղ անգամ չէր երևում: Հացի խնդիր, կենաց հարց: Մարդ կգժվեր, եթե չլինեին սերիալները: Օրը բալանսի բերող սերիալները: Անտանելի վիճակը փոխհատուցվում էր` օրական մի քանի րոպեով ուրիշի կյանքը խուժելով:

Երբեմն մտածե՞լ եք, թե ինչու ենք սիրում սուպերմարկետները: Սիրում ենք, որովհետև սուպերմարկետից բարեկեցության հոտ է գալիս, թեկուզ` ոչ մեր: Սերիալն էլ այդ բարեկեցության պես մի բան է` ուրիշի տան երևակայական բնակչի կարգավիճակով: Ուրեմն բոլոր սերիալագետներս սիրում ենք դռան անցքից նայել, ուրիշի եղածը «մեր հագով» չափել ու մխիթարվել մեր տեսածով: Աչքներս տեսնի` հերիք է սկզբունքով:

Հիմա, տարեցներին, որոնք ժամանակի այս խելահեղ ռիթմի հետևից չեն հասցնում, էլ ի՞նչ է մնում անելու,  եթե ոչ մխիթարական անցքից նայելը: Ժամանակի հորձանուտից դուրս են թռել, կյանքն էլ մի տեսակ դատարկվել է, մինչդեռ նրանք սովոր էին հագեցած ու «բովանդակալից» (այս բառը նրանց բառապաշարից է) կյանքով ապրելուն: Ի՞նչ տարբերություն. երիտասարդները կամ նրանք, ովքեր կարողանում են համակարգչից օգտվել, կրկին մուտք են գործում ուրիշի կյանք, սակայն օգտատերի ստատուսով: Մեծերն այդ հմտությունները չեն սովորել, ու նրանց մեծ մասը դժվար թե այդպես էլ սովորի: Ուրեմն նրանք էլ են մուտք գործում ուրիշի կյանք, սակայն պասիվ օգտատերերի կարգավիճակով: Հիմա ստացվում է, որ համացանցային օգտատերն ու սերիալասեր հասարակությունը նույն սոցիալական խավն են, սակայն երկու իրարից թվացյալ հեռու դիրքերից:

Մի բան փաստ է` սերիալը` լավ թե վատ, լցրել է տարեց մարդկանց կյանքը, նրանց, ովքեր էս կյանքում այլևս իրենց տեղը չեն գտնում: Նրանց հմտությունները երիտասարդին հարկավոր չեն, քանի որ մեր երիտասարդներն արդեն մի-մի մագիստրոս են` պատրաստ սովորեցնելու բոլորին այն, ինչը, համոզված են` իրենցից բացի ոչ ոք չի հասկանում: Երիտասարդները լավն են, բան չունեմ ասելու, բայց լավի հետ էլ որակներ ունեն, որոնց հետ մենք` ոչ երիտասարդներս, հաշտվել չենք կարողանում:

Սերիալները կյանք են, այո, կյանք են տարեցների համար: Օրը սկսվում է դրանց քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ ու հանգուցալուծումների սեփական տարբերակնեով:

Կրկին էական չէ` լավն են, թե վատ, կամ լավ է, թե ոչ: Սակայն կենցաղից կտրում են, վիշտը` մեղմում: Պատկերացրեք, թե ինչ կաներ տարեց, ծեր կինն ամուսնու մահից հետո, եթե հանկարծ մի պահ գիտակցեր, որ այդ տարիքում մնացել է մենակ, առանց ընկերոջ, միայնակ` ճակատագրի դեմ: Ողբալ ու  շարունակել տանջվելով ապրել սեփական մահվան սպասելիքով. ինչպե՞ս կարճել այդ անհայտ ժամանակը: Ինչպե՞ս դիմանալ միանգամից այդքան հարվածի: Ընկերովի մահը հարսանիք է, իսկ եթե ընկերդ հեռանում է կյանքից ու քեզ թողնում դաժան իրականության հե՞տ: Հանկարծ հասկանում ես, որ տարիքդ ինչ-որ չափով չէիր զգում, որովհետև ընկերդ էլ նույնքան էր, որքան դու, իսկ հիմա այդ  տարիների բեռը միայնակ ես կրում, ու ամեն կողմից ասես մատնացույց են անում տարիքային անկարողությունդ: Փրկությունը կրկին սերիալն է: Համենայն դեպս, ուրիշ փրկօղակ, բացի սերիալից, դեռ չեն հորինել:

Ես  կողքից դիտողի դերում եմ, նայում եմ, թե ինչպես է մայրս արթնանում, մի կերպ մի քանի ժամ մլուլ տալիս ու սպասում իր սերիալին, չէ` սերիալներին: Թերևս սերիալների ժամերն էլ նրանց կյանքում այն միակ ու ստույգ ժամերն են, որոնք չեն շփոթվում ոչ մի ժամի հետ: Նա չգիտի, թե շաբաթվա որ օրն է, որ թոռը որտեղ է սովորում, սակայն ստույգ գիտի սերիալի ժամը:

Ես չեմ մոռանա, երբ մի անգամ, երբ կրկին տարիքը հիշելով` գնահատում էր իրեն բաժին մնացած ժամանակը, իր ցանկությունը հուզմունքով բարձրաձայնեց` երանի մինչև սերիալի ավարտը չմեռնեմ:

 

Հասմիկ ԱԶԱՐՅԱՆ

Անկախ

Ցամաքային մայրուղուց դեպի օդային ուղիներ

Շահան ԳանտահարյանՏարին մի անգամ աշխարհի հայերն իրենց հայացքներն են սեւեռում արցախաշինության կամ ընդհանրապես հայրենաշինության աշխատանքներից առաջնային կարեւորություն ներկայացնող մի ծրագրի վրա: Հայացքների համազգային կենտրոնացումը իհարկե զուտ ֆինանսական նշանակություն չունի: Համաշխարհային ազգ լինելու եւ ցանցային կառույցից ակնկալված կազմակերպված աշխատանք իրականացնելու կոչված պետական եւ հասարակական մեքենաների  նպատակաուղղված եւ համակարգավորված աշխատելու փաստն է, այն ինչ որ իրականացվում է հերթական տարի այս օրերին:

Այս ծրագիրը կոչվում է հեռուստամարաթոն, հեռախոսամարաթոն թե ռադիոմարաթոն կամ դասական ձեւի դրամահավաք, հետապնդում է ազգովին առաջնային օրակարգի շուրջ համախմբվելու հրամայականի կենսագործումը: Սկզբնական տարիներին առավելաբար Միացյալ Նահանգներում կամ առհասարակ դասական սփյուռքում կենտրոնացած, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցը հետզհետե ընդարձակեց իր տարածքը` իր աշխատանքային հովանոցի տակ ներառելով նաեւ նոր սփյուռքի  կազմակերպվող համայնքները: Ավելի՛ն. Հայրենիքը` Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններով արդեն քանիերորդ տարին լինելով մասնակցում է համահայկական տարողություն նվաճած այս դրամահավաքին:

Հերթական տարի,  ծրագրի  ընտրությունը անշուշտ պատահականության հետ կապ չունի: Ռազմավարական առումով որքան էլ հասկանալի լինի Արցախի իրողական անկախության իրավականացման անհրաժեշտությունը` եթե Հայաստանի Հանրապետության հզորացման համար Արցախն իր կայացած պետականությամբ եւ պաշտպանողական հզոր համակարգով անփոխարինելի երաշխիք է, ապա Արցախը իր հերթին կշնչի, կզարգանա, կբարգավաճի, կազատագրվի, կինքնորոշվի, միջազգայնորեն իբրեւ անկախ կճանանաչվի եւ կինքնապաշտպանվի ամենից առաջ Հայաստանի Հանրապետության նեցուկով:

Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն այս մեկության ամրակայման, անքակտելիության եւ փոխկապակցված անվտանգության երաշխիքի առավել արմատավորման համար կենսական են առարկայական միջոցները, ճանապարհները, կապը ընդհանրապես: Ճանապարհների հարթումը հին պատմական ժամանակներից ի վեր թագավորությունների եւ կայսրությունների համար առաջնային նշանակություն են ունեցել: Պատերազմների համարյա ավարտին հաջորդած ճանապարհաշինությունները ռազմավարական կարեւորագույն նշանակություն են ունեցել: Այդ ճանապարհաշինությունը իհարկե հետապնդել է ավելի հեռահար նպատակներ, որոնց համար տրամադրվել են հսկայական մարդուժ եւ միջոցներ:

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցումը առաջին մեծածավալ ճանապարհաշինության ծրագիրն էր, որը  հաջողացրեց համայն հայությունը: Այժմ Վարդենիս-Մարտակերտը պիտի դառնա այն երկրորդ մայրուղին, որ էապես նպաստած պիտի լինի Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն երկկողմանիորեն ռազմավարական նշանակություն ունեցող համազգային օրակարգին:

Միջազգային ճանաչման ուղղությամբ բոլոր բաղադրիչներն ամբողջացնող Արցախի Հանրապետության համար ավելի քան կարեւոր են մայրուղիները, ենթակառույցները, պետականությունից ակնկալված բոլոր բաժանմունքների կայացումը: Մայրուղիների կառուցման այս կարեւորագույն աշխատանքին զուգահեռ Ստեփանակերտը օդային տարածքով պատրաստ է կապվելու նախ «Զվարթնոց»-ին, ապա արտաքին աշխարհին: Կապը ուրեմն առհասարակ, լինի ցամաքային թե օդային, ռազմավարական գերակա ուղղություն է տվյալ պետության համար:

Պարզ է, որ Բաքուն այսօր հայտնվել է միջազգային ճնշման տակ` ընդունելու համար Ստեփանակերտի օդակայանի գործարկման իրականությունը: Գործարկման առկախումը անշուշտ կապ չունի տեխնիկական պատճառների հետ. Դա զուտ քաղաքական է Բաքվի համար: Հայկական կողմի համար` ռազմավարական:

Գորիս-Ստեփանակերտից հետո, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին միջազգային ընտանիքին ավելի կհամոզի, որ ցամաքային կապի խնդիրները լուծած Ստեփանակերտն ավելի քան պատրաստ է օդային կապն իրականացնելու:

«Հայաստան» հիմնադրամի այս տարվա ծրագիրը կարեւոր է նաեւ ա՛յս իմաստով:

 

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Թուրքիայում 2014 թվականին

Hasan Oktay Հայտնի է, որ 2014 թվականին Թուրքիայում սպասվում է երկու իրադարձություն՝ տեղական և նախագահական ընտրություններ: Այս համատեքստում «Անկախ»-ի լրագրողը զրուցել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, թուրքական Ազգայնական շարժում կուսակցության անդամ, թուրք մտավորական,  պատմական գիտությունների դոկտոր Հասան Օքթայի հետ: Ձեզ ենք ներկայացնում պրն Օքթայի տեսակետները ներկայումս Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի, ուժերի դասավորվածության, Գյուլ-Էրդողան մրցակցության, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի և սպասվող փոփոխությունների մասին:

– Մենք գիտենք, որ 2014 թվակնին Թուրքիայում երկու ընտրություններ են սպասվում՝ տեղական և նախագահական: Ինչպիսի՞ն է ներքաղաքական վիճակը Թուրքիայում 2014-ին ընդառաջ:

-Սկսած 1947 թվականից Թուրքիայում, չնայած որոշակի թերություններով, այնուհանդերձ շարունակվում են ժողովրդավարական գործընթացները, որոնց անբաժան մասն են կազմում ընտրությունները: Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, իսկ այժմ առաջին անգամ ժողովրդի կողմից հանրապետության նախագահն է ընտրվելու, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ՝ հավատալով, որ Թուրքիան կարող է ավելի լավ ղեկավարել՝ երկիրը տանելով նախագահական կառավարման համակարգի: Եթե Աբուլահ Գյուլն էլ որոշի իր թեկնածությունը առաջադրել, ապա Գյուլ-Էրդողան պայքարում հնարավորություն կառաջանա մեկ այլ թեկնածուի հաղթանակի համար: Այնուհանդերձ հնարավոր է, որ նախագահին ընտրի խորհրդարանը՝ այսպիսով ժողովրդին զրկելով ընտրության իրավունքից:

– Արդյո՞ք վարչապետ Էրդողանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2014 թվականին նախագահական ընտրություններում:

-Ամենայն հավանականությամբ Էրդողանը կառաջադրի իր թեկնածությունը, սակայն այստեղ ավելի կարևոր հարց է Գյուլի դիրքորոշումը: Այժմ Արդարություն և զարգացում կուսակցության ներսում առկա ամենադժվար հարցը Գյուլի թեկնածության խնդիրն է.  եթե նա, այնուամենայնիվ, որոշի երկրորդ անգամ նախագահ դառնալու փորձ կատարել, ապա այդ պարագայում բաց կմնա այն հարցը, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

– Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի շանսերը, արդյո՞ք նա ունի մրցակիցներ:

-Շատերը կարծում են, որ եթե ընտրություններում Էրդողանը առաջադրի իր թեկնածությունը, իսկ Գյուլը՝ ոչ, ապա Էրդողանը հեշտությամբ հաղթանակ կտոնի: Սակայն մինչ նախագահական ընտրությունները Թուրքիայի քաղաքական օրակարգում շատ բան կփոխվի և հիմա դժվար է ասել, թե ինչ զարգացումներ են սպասվում: Այնուհանդերձ ակնհայտ է, որ Էրդողանը ամենամեծ շանսեր ունեցող առաջնորդն է համարվում:

– Արդյո՞ք «Գեզի» այգու իրադարձությունները ազդել են Էրդողանի հեղինակության վրա, որի հետևանքով նա կարող է ձայներ կորցնել:

-Կարծում եմ, որ «Գեզի» այգու իրադարձություններն  ամբողջովին փչացրեցին ԱԶ կուսակցության և վարչապետ Էրդողանի հոգեբանությունը, քանի որ «Գեզիի» ցուցարարները ընդդեմ Էրդողանի մեծ ինքնավստահություն ձեռք բերեցին: «Գեզիի» դեպքերը պատճառ հանդիսացան, որպեսզի Էրդողանի կառավարությունը կազմող կոալիցիոն ուժերի միջև այսօր հակասություններ առաջանան:

– Ինչ եք կարծում, վերջերս հրապարակված «ժողովրդավարացման փաթեթը» հաստատում կստանա՞: Արդյո՞ք Էրդողանի նպատակը դրա միջոցով ընտրություններից առաջ աջակիցներ հավաքելն է: 

-Էրդողանի հրապարակած «ժողովրդարացման փաթեթը» և դրան հաջորդած Դիարբեքիրում Բարզանիի հետ տեղի ունեցած հանդիպումը քաղաքական առումով ձայների կորուստի պատճառ կարող է հանդիսանալ՝ այդպիսով լուրջ խոչընդոտ դառնալով Էրդողանի` նախագահ ընտրվելու ճանապարհին: Պետք է նշել, որ Բարզանիի հետ հանդիպումը լուրջ հակասություններ է առաջացրել նաև ԱԶ կուսակցության ներսում:

 – Ի՞նչ ազդեցություն  կունենա Էրդողանի նախաձեռնած Քրդական հարցի լուծման գործընթացը նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

 -Տեղական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա ներազդելու համար ԱԶ կուսակցական շրջանակները օրակագ բերեցին Բարզանիի հետ հանդիպումը: Ինչպես նշեցի, սա անհանգիտս մթնոլորտ առաջացրեց կուսակցության ներսում, և Էրդողանը դադար տվեց: Իրականում Թուրքիայում տեղի ունեցող որոշ իրադարձություններ անտեսվում են: Մասնավորապես երկրի հարավ-արևելքում Հուդափար անունով մի կուսակցություն է հիմնվել, որը առաջիկա ընտրություններում պայքարի մեջ կմտնի: Իրանական կողմնորոշում ունեցող այս կուսակցությունը հարավ-արևելյան շրջաններում աշխատում է այլընտրանք դառնալ ԱԶ և ԽԺ կուսակցություններին, ինչի շնորհիվ որոշ տեղերում քաղաքապետի պաշտոններ ձեռք կբերի:

– Ըստ նախատեսվող սահմանադրական բարեփոխումների՝ Թուրքիան անցնելու է նախագահական կառավարման համակարգի: Արդյո՞ք դա իրատեսական է:

 -Կարծես թե սահմանադրական բարեփոխումները կհետաձգվեն և կդիտարկվեն արդեն 2014 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այս պարագայում անցումը դեպի նախագահական կառավարման համակարգի փակուղի է մտել և դժվար թե իրականանա:

– Քաղաքական ո՞ր կուսակցություններն ու ուժերն (օրինակ նուրջուները) են աջակցում Էրդողանին:

 -Էրդողանի կողմնակիցների թիվն  օրեցօր նվազում է՝ հատկապես  «Գեզի» այգու իրադարձություններից հետո: Ինչ վերաբերում է Գյուլենական շարժման հետևորդներին՝ նուրջուներին, ապա նրանք Էրդողանին պատերազմ են հայտարարել: Գալով Ազգայնական շարժում կուսակցությանը՝ պետք է նշել, որ մենք պատրաստվում ենք նախագահական ընտրություններում առաջադրել մեր թեկնածուին:

 – Եթե Էրդողանը դառնա նախագահ, արդյո՞ք Գյուլը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

 -Այս հարցը դեռևս քննարկվում է, սակայն ամենախելամիտ որոշումը սա կլինի: Այնուհանդերձ իրադարձությունների արագ ընթացքի հետևանքով հնարավոր է, որ Էրդողանը չդիմանա այս լարվածությանը: Եթե ԱԶԿ-ի և գյուլենականների միջև վեճի արդյունքում Ստամբուլի քաղաքապետ դառնա ԺՀԿ-ի երիտասարդ քաղաքական գործիչ Մուստաֆա Սարըգյուլը և պարտության մատնի ԱԶԿ-ին, ապա սա կդառնա Էրդողանի կուսակցության անկման սկիզբը, ինչպես նաև մեծ ազդեցություն կունենա և՛ տեղական, և՛ նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

 – Ի՞նչ կփոխվի Թուրքիայում, եթե Էրդողանը դառնա նախագահ: Ինչպե՞ս դա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա:

 -Եթե Էրդողանը դառնա նախագահ, ապա կփորձարկվի նախագահական կառավարման համակարգը, սակայն կարծում եմ, որ Էրդողանի ԱԶ կուսակցությունը կբռնի անկման ուղին՝ կրկնելով Թուրգութ Օզալի ղեկավարած Մայր հայրենիք կուսակցության ճակատագիրը: Այնուհանդերձ կարծում եմ, որ առաջիկա տասը տարում Թուրքիային շատ ակտիվ և ոգևորիչ ժամանակաշրջան է սպասվում:

Գալով հայ-թուրքական հարաբերություններին` պետք է նշել, որ Էրդողանի նախագահ դառնալու պարագայում այս հարցում որոշակի առաջընթացի կարելի է սպասել: Քանզի Էրդողանը ուժեղ նախագահ լինելու համար մի շարք բարեփոխումներ անցկացրեց և նախագահ դառնալով էլ ավելի կակտիվացնի այդ գործընթացը: Սակայն այս հարցում որոշ անբարենպաստ գործոններ կան: Վերջին շրջանում Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում բավական մեծացել են, և եթե Ադրբեջանը որոշի օգտագործել այս հանգամանքը, ապա Թուրքիան հետ կկանգնի Հայաստանի հետ համաձայնության գալուց՝ սպասելով հայկական կողմի քայլերին: Հայաստանը պետք է վերանայի իր ավանդական քաղաքականությունը, ըստ որի միշտ անուշադրության է մատնել տարածաշրջանային զարգացումներում Թուրքիայի ստանձնած դերակատարությունը: Մասնավորապես Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացումը էլ ավելի կմեկուսացնի Հայաստանին: Էրդողանի պրակտիկ մոտեցումը մի շարք հարցերի լուծման գործին լավ առիթ կարող է հանդիսանալ նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Սակայն կարծում եմ, որ այս հարցում Հայաստանին ևս մեծ աշխատանք է բաժին ընկնում:

 

Հարցազրույցը վարեց Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Վազգեն Մանուկյան. «ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց և չկա վստահություն ընդդիմության նկատմամբ»

imagesNyut.am-ի զրուցակիցն է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: 1980-ականներից քաղաքականության մեջ ակտիվ գործունեություն ծավալած մարդու հետ խոսեցինք արտաքին ու ներքին խնդիրներից, երկրում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտից:

–Պարոն Մանուկյան, մոտենում է վիլնյուսյան գագաթնաժողովը, ի վերջո, մենք որևէ կարևոր փաստաթուղթ կունենա՞նք Վիլնյուսում:

-Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել: Կարծում եմ, այն սկզբունքը, որ որդեգրեց Հայաստանը, այսինքն` կառուցվածքային բարեփոխումների տեսակետից գնում ենք նույն եվրոպական ճանապարհով, որով գնացել ենք մինչև այժմ, բայց դաշինք ենք կազմում Մաքսային միության հետ, իմաստալի մոտեցում է, բայց եվրոպացիները դա կընդունեն, թե չէ` դժվար է ասել: Այնուամենայնիվ, Հայաստանը կարևոր երկիր է, և ոչ մեկը չի ուզի մեզ կորցնել: Միգուցե, այս պահին ինչ-որ մի բան չստորագրվի, բայց խզում տեղի չի ունենա: Այս տարածաշրջանում Հայաստանն, իր փոքրության հետ միասին, կայունության երաշխավորն է:

-Մաքսային միությանը մեր հնարավոր անդամակցման հայտարարությունից հետո բոլորը խոսում են անվտանգության մասին: Ինչ է` Մաքսային միությունը տնտեսական առումով այդքան անհեռանկարայի՞ն է, որ շեշտն անընդհատ դրվում է անվտանգության վրա:

– Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության խնդիրը կապելը նոր երևույթ չէ: Դեռ 90-ականներից Հայաստանն իր անվտանգության հարցերն այս կամ այն ձևով կապել է Ռուսաստանի հետ: Սա նորություն չէ, բայց ինչու՞ են այս հարցն այդքան ընդգծում: Ընդգծում են, որովհետև անբնական է, երբ դու ռազմական դաշինք ունես մի պետության հետ և տնտեսական դաշինք ես ուզում ստեղծել մեկ այլ բլոկի հետ, այն դեպքում, երբ այդ երկու բլոկերն իրար հանդեպ թշնամական են տրամադրած: Մենք բավականին երկար ժամանակ կարողանում էինք երկուսի հետ էլ հաշտ ապրել, որովհետև այս երկուսի հարաբերություններն այսքան սրված չէին: Այստեղ միայն Ռուսաստանի հարցը չէ . Եվրամիությունից, կարծեմ, Լեհաստանի նախագահն էր, որ ասաց` կամ Ռուսաստանի հետ եք, կամ` մեր: Ի  սկզբանե, այս սպառնալիքը Եվրոպայից հնչեց, դե Ռուսաստան էլ շատ հեշտ է թասիբի ընկնում: Մյուս կողմից` այն ժամանակ Մաքսայինի հարցը Հայստանում լուրջ չէր քննարկվում, ոչ էլ Ռուսաստանում էր քննարկվում Հայաստանի Մաքսային միությունում լինելը, քանի որ ընդհանուր սահման էլ չունենք: Պարադոքսալ է, բայց ոչ ոք մինչև վերջ չի հաշվել տնտեսական օգուտներն ու վնասները: Եթե հաշվենք` ոչ առանձնապես մեծ օգուտ ու շահ ունենք Ասոցացման համաձայնագրից, որովհետև իրենց շուկա մտնելը մեզ համար բարդ է, ոչ էլ առանձնապես հաշված է, թե ինչ օգուտներ ու վնասներ ունենք Մաքսային միությունից: Որոշ տնտեսագետների կարծիքով, երբ ՄՄ-ն լրիվ կայացած լինի, և մաքսեր իրար մեջ չլինեն, Հայաստանի բյուջեն էապես կտուժի, որովհետև մենք ավելի շատ ստանում ենք, քան ուղարկում, և այդ ստացած ապրանքներից մաքս է գալիս մեր բյուջե: Տնտեսական հարցն, իսկապես, կարծես դարձել է երկրորդական` և՛ Եվրամիության համար, և՛ Ռուսաստանի: Ավելի շատ երկու ճակատում էլ քննարկվում են քաղաքական, ռազմական հարցեր` Ղարաբաղի հարցը ասենք, քան տնտեասկան հարցեր:

-Իսկ Արցախի խնդրի կարգավորման հարցում ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը` հաշվի առնելով ՄՄ անդամ երկրների ոչ հայանպաստ դիրքորոշումը:

-Բավականին երկար ժամանակ Եվրամիությունում քննարկվում էր Արցախի հարցը, նրանք հստակ կողմնորոշում ունեն այս հարցում: Մի կողմից տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ` ազգերի ինքնորոշումը` ուղղակի զգացվում է, որ արևմուտքը դժվար թե համաձայնի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինի առանց Ադրբեջանի համաձայնության, բայց չգիտի`ոնց դա անի: Այդ տեսակետից Ռուսաստանը մի քիչ ավելի խոստումնալից հայտարարություններ է արել: Բայց այլ է Ղազախստանի դիրքորոշումը: Նրանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավականին խորը ապագա են կառուցում, ինչքանով ենթակա կլինի Ռուսաստանի քաղաքականությանը` դժվար է ասել: Բայց, այստեղ գոնե ինչ-որ շանսեր կան, այն մյուս կողմում այդ շանսերը չեն երևում: Հարցը այսպես է դրվում` ու՞մ հետ է քիչ վտանգավոր թշնամանալը: Եվրամիության հետ թշնամությունը դժվար թե բերի մեծ կոնֆլիկտների մեր տարածաշրջանում: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում` կայունություն պահելու համար, այնքան մեծ է, որ նրա հետ հարաբերությունների լարումը մեծ վտանգներ է պարունակում: Կոպիտ ասած` ավելի լավ է մեզանից մի քիչ Եվրոպան խռոված լինի, քան Ռուսաստանը:

–Ղարաբաղի հարցից խոսեցինք, ուզում եմ հարցնել` ի՞նչ եք կարծում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը որևէ ճեղք կմտցնի Արցախի հարցում:

-Ես չեմ տեսնում նախադրյալներ այդ ճեղքի բացման համար, որովհետև հիմնական հարցը չի լուծվում` ոչ Հայաստանը, ոչ էլ Ղարաբաղը երբեք չեն ստորագրի մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ: Եթե ստորագրեն, շատ անբնական կլինի, առաջին դեպքը կլինի համաշխարհային պատմության մեջ, երբ փաստացի անկախություն ձեռք բերած պետությունը, ով հաղթել է պարտադրված պատերազմը, տասնամյակներ անց, իր կամքից դուրս ստորագրում է փաստաթուղթ ու մտնում մի ուրիշ պետության կազմի մեջ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ղեկավարությունը բացարձակապես պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի, Ղարաբաղն իր կազմի մեջ չպիտի լինի: Այս կետն անլուծելի է, մնացածը բանակցելու խնդիր է: Եվրոպան ու աշխարհն էլ են հասկանում, որ հաղթած երկրին չեն կարող պարտադրել ստորագրել այդպիսի փաստաթուղթ, դա միայն ռազմական ճանապարհով կարող են անել: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անում, որովհետև ինքը միայն այդ ճանապարհով է տեսնում լուծումը:

-Նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը տարբեր քննարկումների, տարբեր վերլուծությունների տեղիք տվեց: Դուք, որ տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք կարծում, ինչու՞ նախագահն այդպես շրջադարձային որոշում ընդունեց: Արդյոք ճի՞շտ են ճնշումների մասին խոսակցությունները:

-Հարցը բավականին երկար ժամանակ զուգահեռ քննարկումների է ենթարկվել` մեկը Եվրամիության, մյուսը` Ռուսաստանի հետ, բայց մեկը եղել է բացահայտ, բոլորն իմացել են, մյուսը` ոչ: Ռուսաստանի հետ բանակցությունները գաղտնի չէին, բայց ինչ-որ չափով քողարկված էին: Դրա համար արդյունքը շատերի համար ապշեցուցիչ էր: Այնպես չեղավ, որ մի օր Ռուսաստանը ճնշեց ու Հայաստանը հանձնվեց, սա բանակցությունների արդյունք էր: Ուղղակի, ես կարծում եմ, որ հասարակությանը պետք էր մի քիչ տեղյակ պահել այս ամենի մասին: Ճիշտ է` նախագահի լիազորությունների մեջ է մտնում արտաքին քաղաքականությունը, բայց արտաքին քաղաքականությունը վերաբերում է մեր ամբողջ պետությանն ու ժողովրդին: Ես մտածում եմ, որ իշխանությունները մի քիչ ավելի բաց պետք է գործեին: Դիտողություների մի մասի հետ ես համաձայն եմ:

-Պարոն Մանուկյան, սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրի ներքաղաքական կյանքում էլ կտրուկ փոփոխություններ եղան: Մի տեսակ, կարծես, լարումն ավելացել է` հեղաշրջման կոչեր, հեղափոխության փորձ. ի՞նչ եք կարծում, սա ինչքանո՞վ կապ ունի Մաքսային միությանը մեր միանալու ցանկության հետ:

-Նայեք, տարբեր թվեր են ասում, թե ժողովրդի որ մասն է ուզում, որ մենք ՄՄ-ին անդամակցենք, որ մասը` ԵՄ-ին, կարող  և վստահելի չեն այդ թվերը: Բայց ճանաչելով մեր ժողովրդի հոգեբանությունը, շփվելով ժողովրդի հետ` միանշանակ կարելի է ասել, որ մեծամասնության համար ավելի ընդունելի է բարեկամությունը Ռուսաստանի հետ: Բայց այն մասը, որ կողմ է Եվրամիությանը, ժողովրդի ակտիվ մասն է, որտեղ երիտասարդներ շատ կան: Նրանց կողմից ընկալվում է, որ Ռուսաստանը ոչ լրիվ դեմոկրատական պետություն է, մի քիչ էլ նման է Խորհրդային Միությանը, մենք հազիվ գնում էինք ազատության ճանապարհով, ես հասկանում եմ այդ մարդկանց: Չնայած, կարծում եմ, որ մենք ազատության ճանապարհով շատ դանդաղ ենք գնացել: Հիմա ասում ենք` խոսքի ազատություն ունենք, և իսկապես ունենք, բայց սա կարող էինք մենք ունենալ 20 տարի առաջ: Ասում ենք` մեկ քայլ առաջընթաց ունենք ընտրություններում, բայց դա կարող էինք ունենալ  95-96 թվականներին, կարող էինք ունենալ մի պետություն, որն այսօրվանից մի 10 անգամ լավ ընտրություն է կազմակերպում: Այսինքն` նույնիսկ Եվրոպայի ճանապարհով գնալով` մենք մարդու ազատության հարցում առանձնապես բարձունքների չենք հասել: Եվ, բնական է, այդ ակտիվ մասսան, որ դեմ է, կարողանում է նաև ակտիվ հանդես գալ: Ճիշտ է` Հայաստանում դժգոհությունների մեջ կա մեծ օբյեկտիվ երանգ, բայց իշխանությունների դեմ ուղղված բողոքը մի քանի անգամ գերազանցում է իրական պատկերը: Թե դա ոնց է արվում, ինչ մամուլի միջոցով, կամ ինչ փսիխոզ է Հայաստանում, այնքան էլ հասկանալի չէ:  Ես տեսնում եմ Հայաստանի թերությունները, տեսնում եմ իշխանությունները որտեղ են շատ վատ բաներ անում, և տեսնում եմ այն դժգոհությունը, որը մի քանի անգամ ավել է, քան պահանջում էր իրականությունը: Այսինքն` բնական դժգոհության հետ միասին ինչ-որ մի արհեստական բողոքի ալիք էլ կա Հայաստանում, եթե կա արհեստականը, ուրեմն կան մարդիկ, ովքեր կարողանում են դա ավելացնել կամ պակասացնել: Ես կարծում եմ այդ ամեն ինչի մեջ բնականի հետ մի քիչ էլ արհեստական կա: Մեր երկրում կան մարդիկ, ովքեր ավելի օտար են, քան դրսի օտարները:

-Այսինքն` Դուք պայթունավտանգ չե՞ք գնահատում այսօրվա մեր քաղաքական իրավիճակը: Որովհետև շատերն ասում են, որ այսօր ավելի վատ վիճակում ենք, քան պատերազմի տարիներին, երբ անգամ լույս չունեինք:

-Սոցիալական վիճակն անհամեմատ բարելավվել է` համեմատած այն ցուրտ ու մութ տարիների: Անարդարության տեսակետից էլ ասեմ` այն ժամանակ ավելի արդար չի եղել, հենց թեկուզ` ով էր կարողանում լույս ունենալ, ով՝ ոչ: Բայց դժգոհությունն այսօր շատերի մոտ ավելի շատ է, քան այն ժամանակ; Որովհետև այն ժամանակ ակտիվ մասսան գիտակցում էր, որ զրկանքների է գնում հանուն ինչ-որ մի կարևոր բանի: Հիմա Հայաստանը կորցրել է մի շատ կարևոր ուղենիշ` չի կարող երկիրն այս ծանր վիճակում, մեծ խնդիրներով գնալ առաջ, եթե հասարակությունը, իշխանությունը` ամբողջ ժողովուրդը միասին ինչ-որ տեսլական չունեն, չեն տեսնում` ինչ նպատակի են ձգտում: Եթե այն ցուրտ ու մութ տարիներին ես կարող էի այդ հարցերին պատասխանել, այժմ` ոչ, և ինչքան դժվար է դառնում այդ հարցին պատասխանելը, այնքան դժգոհությունը մեծանում է: Իրականում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ՛ոչ էլ հասարակությունը չեն դնում իրենց առջև մի տեսլական, մի խնդիր, որը կուզեն լուծել: Եթե այդ խնդիրը լիներ, իշխանությունների գործունեությանը գնահատական տալն էլ, քննադատելն էլ ավելի արդյունավետ ու հասկանալի կլիներ, այսինքն` կլիներ նպատակ ու դու հստակ կարող էիր ասել` կառավարության, նախագահի  գործունեությունը մեզ մոտեցնում են այդ նպատակին, թե՞ հեռացնում: Հայաստանում տնտեսությունը վատ վիճակում է, բայց կարելի է վերականգնել, Հայաստանում կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք օրենքից վեր են կանգնած` այդ հարցն էլ կարելի է լուծել, շատ հարցեր կարելի է լուծել, բայց մեր հիմնական պրոբլեմը այն է, որ հասարակությունն ինքը բզկտված է: Ոչ մեկը ոչ մեկին չի հավատում, ոչ մեկը ոչ մեկին չի սիրում, բոլորն ուզում են հեղափոխություններ անել, իրար փոխել, որովհետև չկա ընդհանուր նպատակ: Ընդհանուր նպատակը մարդկանց բերում է զսպվածության:

-Իսկ ելքեր կա՞ն: Ինչպե՞ս ձևավորել այդ տեսլականը, հանուն որի արժեր պայքարել:

-Իհարկե ելքեր կան, և դա կախված է և՛ պետության ղեկավարներից, և՛ ընդդիմության ղեկավարներից: Մի ժամանակ գոնե ընդդիմությունը իդեալներ ուներ: Հիմա ո՞րն է ընդդիմության իդեալը: Ես կարծում եմ, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կան անհատներ, որոնք կարող են դա անել, ինչու՞ իրենք այդ բեռն իրենց ուսերին չեն վերցնում, ինձ համար հասկանալի չի, բայց առանց դրա, փոքր կարկատաններով, հարց չեն լուծելու:

-Ուզում եք ասել` առանց իշխանափոխության հարց չի՞ լուծվի:

-Չէ, իշխանությունը փոխեն, որ ո՞վ գա: Քադաֆիին փոխեցի, ի՞նչ փոխվեց այդ երկրում, ուղղակի, այդ երկիրը կործանվեց մինչև վերջ: Բայց ոչ որովհետև Քադաֆին ամենալավն էր, այլ որովհետև փոփոխությունն էր ինքնանպատակ: Ինքնանպատակ իշխանափոխությունն անիմաստ է, մանավանդ, որ չկա մարդկանց այն խումբը, որը կրում է գաղափարներ, կրում է փորձ: Մեծամասամբ հիմա իշխանությունն ուզում են փոխել այն մարդիկ,  ովքեր այս նույն իշխանության մեջ եղել են և այդ նույն բանն արել են` զավեշտն այստեղ է: Մարդիկ, ովքեր կեղծել են ընտրություններ, ովքեր օլիգարխական համակարգն են ստեղծել, հիմա ներկա իշխանության դեմ բողոքում են ու ասում` ոնց կարելի է: Ժողովրդի մոտ սա վստահություն չի առաջացնում: ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց չկա վստահություն ընդդիմության նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ, երբ Հայաստանում առաջ է գալիս մի խումբ, որն արժանի է, որպեսզի վերցնի ղեկն իր ձեռքը, մարդիկ գնում են նրա հետևից: Բայց կան հարյուր հազարավոր մարդիկ, որ ցանկացածի հետևից կգնան, ով ուղղակի ուզում է իշխանությունը տապալել: Այսինքն` իրենց համար կարևորը ապագան չի, կարևորը վերժ լուծելն է: Ես պատկանում եմ մարդկանց այն խմբին, որոնց համար երկրի ապագան է կարևոր:  Շատ կարևոր է, որ այս պրոցեսները ճիշտ հասկացվեն` հասկացվի դժգոհության աստիճանը, հասկացվի` ինչու՞ ենք դժգոհ, ո՞նց է պետք այդ հարցը լուծել: Միայն գոռալ-գոչելով խնդիր չի լուծվի: Ես հույս ունեմ, որ մոտակա 2-3 տարում և՛ հասարակության , և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կհասունանա ընդհանուր տեսիլքի, միավորվելու, ընդհանուր երկիր կառուցելու գաղափարը: Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին մենք դրա պտուղները կտեսնենք:

 
Հեղինակ` Սառա Գալստյան

Նիստի խափանումն ու արտախորհրդարանական միջավայրերը

Շահան ԳանտահարյանԴրական միտում կարող էր նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները:  Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ:

Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերին 15-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու համար: Նիստը չէր կայացել ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) խափանման (բոյկոտ) պատճառով: Այս մեկն այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանն ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:

Սա  է ընդհանուր բնութագիրն այն հարցի, որի համար ընդդիմության առաջարկած խորհրդարանական նիստը տապալվեց ԱԺ գործող մեծամասնության կողմից:

Թղթածրարի հավելյալ ծալքերին անդրադառնալուց  ավելի, պետք է կենտրոնանալ մի երեւույթի վրա, որը խորքում հարված էր քաղաքական մշակույթի կայացման գործընթացին:

Երկար ժամանակ միավորման փորձերի ձախողությունից կամ ընդհանրապես բացակայությունից հետո, խորհրդարանական ընդդիմութանը հաջողվել էր միավորվել եւ պահանջել արտահերթ նիստ:

Օրինական ընթացակարգը հարգվել  էր. ապահովվել  էր պատգամավորների անհրաժեշտ թիվը արտահերթ նիստ գումարելու համար:

Խորհրդարանական մեծամասնությունը ուժերի գերլարումով առանձին կարող էր ընդունել կամ չընդունել առաջարկված բարեփոխումները: ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ եւ ԲՀԿ պատգամավորների միացյալ դիմումը` օրինագծի շուրջ խորհրդարանական քննարկումներ ծավալելու, փաստորեն նիստից բացակայելով խափանվեց:

Վեճն այս դեպքում, թե խորհրդարանական նիստը  բացակայությամբ խափանելը սահմանադրակա՞ն է, թե՞ սահմանադրական չէ, այնքան առաջնային չէ, որքան երեւույթը: Ի վերջո կարելի է օրենքի այս կամ այն տառի վրա հենվելով դիմել քայլերի եւ դրանք բացատրել սահմանադրականությամբ կամ օրինականությամբ:

Էականը այս դեպքում ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը խափանելն էր, այլ` ԱԺ սահմանադրականորեն հաստատված իրավունքն անտեսելը:

Ընդառաջման դեպքում, տեղի պիտի ունենար քննարկում: Խորհրդարանում պիտի քննարկվեին, ներկայացվեին այն տեսակետները, որոնք այսօր գրվում են մամուլում, շրջագայվում են համացանցի տարածքների վրա, տեղ  են գրավում լրատվամիջոցերում: Այսինքն, հարցերը արծարծվում են ամեն տեղ, բացի խորհրդարանից, որ սկզբունքով ճիշտ վայրն է այս հարցերի արծարծման:

Ի վերջո քաղաքական մեծամասնությունը, այս դեպքում` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, միասնաբար կարող էին քվեարկությամբ, հետ քննարկման, տապալելու բարեփոխումների որոշումը:

Քննարկումից խուսափումը ԱԺ բաղադրիչ ուժերի, այսինքն նաեւ նրանց ընտրած ժողովրդային զանգվածի տեսակետի անտեսումն է: Իսկ անտեսումը ընդհանրապես ընկալվում է իբրեւ բացասական դիրքորոշում, մանավանդ երբ օրենքով սահմանված կետի հիման վրա քաղաքական միավորման կողմից առնված կարեւոր քայլի է վերաբերվում։

Քաղաքական մշակույթ ձեւավորվում է եւ կայանում հարցերի համատեղ քննարկումներով, առարկությունների դիմաց հակաառակություններ ներկայացնելով, քվեարկելով, ընդունելով կամ չընդունելով:

Խորհրդարանական մեծամասնության այս պահվածքն է, որ ստիպում է հարցի քննարկումը շարունակել արտախորհրդարանական միջավայրերում, քաղաքացիական շարժումներով, ցույցերով, բողոքի դրսեւորումներով: Մինչդեռ, ԱԺ համապատասխան նիստը ճիշտ վայրն էր կենսաթոշակային բարեփոխումների մասին բոլոր տեսակետները լսելու եւ դրանք քննարկման ենթարկելու: Որից հետո միայն քվեարկությամբ որոշելու: Քաղաքական մեծամասնության արձանագրած բացակայությունը մղում է հարցերի արծարծման արտախորհրդարանական եղանակների որդեգրմանը: Ընդդիմություն կազմող խորհրդարանական ուժերը փաստորեն հայտարարու մ էին. «Շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով):)»:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Գ. Էմին-Տերյանի մտքերի շուրջ

Վահե ՍԱՐԳՍՅԱՆՕրերս «Հրապարակ» թերթի կայքում երևաց «Ջավախքը՝ ոչ թե Վրաստանին փետրահան անելու գործիք, այլ շրջափակումը ճեղքելու միջոց» վերտառությամբ մի ակնարկ, որի մեջ սպրդած մի շարք մտքերի և եզրահանգումների կուզենայինք անդրադառնալ ստորև:

Հոդվածագիր Գ. Էմին-Տերյանը, ներկայացնելով Վրաստանը որպես բարեկեցիկ, եվրոպական քաղաքակրթության օրրան հանդիսացող մի երկիր, ինքնին ապացուցում է, որ, կամ վերջինս բոլորովին տեղյակ չէ Վրաստանում տեղի ունեցած իրական գործընթացներից և այդ երկրին ճանաչում է միայն արտաքնապես, կամ` 1963 թվականից ի վեր «Ջավախքի կյանքին ու իրադարձություններին աչալրջորեն հետևած» և Վ. Տերյանի շառավիղը հանդիսացող Գ. Էմին-Տերյանն իր, մեղմ ասված, անգրագետ ու տեղ-տեղ խիստ վտանգավոր մտքերն արտահայտում է դիտավորյալ կերպով:

Եվ այսպես` հոդվածագիրը, հերքելով «Ջավախքի խնդրի» (չակերտները Գ. Էմին-Տերյանինն են) գոյությունը, ՀՀ-ում բնակվող բոլոր քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, ովքեր բարձրաձայնում են Ջավախքի այս կամ խնդրի մասին, ներկայացնում է որպես ՀՀ-ի ու Վրաստանի թշնամիներ: Ավելին, հոդվածագիրը բոլորովին չի երկմտում այս ցանկի մեջ ներառել նաև ջավախքաբնակ գործիչ, Վրաստանի նախորդ իշխանությունների կողմից շուրջ 4,5 տարի անօրինական դատապարտված Վ. Չախալյանին:

Իհարկե` ցավալի է, որ այս խիստ վտանգավոր թեզերի հեղինակը հայազգի լրագրող է, ավելին` կրկնակի ցավալի է, որ այդ հայազգի լրագրողը Տերյանի տոհմի ներկայացուցիչ, արմատներով ջավախահայ մեկն է: Այստեղ ջավախքագիտական դասեր տալը Գ. Էմին-Տերյանին բոլորովին անիմաստ գործ է` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ բնագավառում վերջինս անցել է արդեն հիսնամյա ճանապարհ : Սույն ակնարկով պարզապես կուզենայինք մի քանի հիշեցումներ անել նրան` հուսալով, որ դրանից հետո վերջինս կսկսի գրել միայն իր գիտակցությանը հասանելի թեմաներով, բայց ո’չ Ջավախքի թեմայով:

Նախ այն մասին, որ չկա Ջավախքի խնդիր: Առնվազն զավեշտական է, որ Ջավախքին 50 տարի “աչալուրջ հետևող” Գ. Էմին-Տերյանը մինչ օրս չի տեսել, թե ինչպես էին սահակաշվիլիական ռեժիմի ներկայացուցիչները վախի ու սարսափի մթնոլորտում պահում իր հայրենակիցներին, թե ինչպես էին սահմանային աշխատակիցները ստորաբար խլում գրքերն ու մշակութային առարկաները նույն մարդկանց ձեռքից, թե ինչպես էին դպրոցներում  օրավուր կրճատվում հայրենագիտական դասաժամերը և փոխարինվում վրացերենով, թե ինչպես էին հայերենի կարգավիճակի բացակայության պայմաններում հայ աշխատակիցները մաքրազարդվում պետական հիմնարկներից` փոխարինվելով վրացիներով կամ ազգանվամբ հայերով, թե ինչպես էին ստորաբար աշխատանքից ազատվում այն ուսուցիչները, մտավորականներն ու մշակութային գորիչները, որոնց հարազատները բարձրաձայնում էին Ջավախքին հուզող բազմապիսի հարցերը, թե ինչպես էին հալածվում, հայրենիքը թողնում կամ անօրինական բանտարկվում ջավախահայության արդարացի իրավունքները պաշտպանող գործիչները, էլ չեմ խոսում Վրաստանի օրենսդրական բազայի և միջազգային փաստաթղթերի բնագավառի խնդիրների, հոգևոր-կրոնական, նահանգային-վարչատարածքային, ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխման, տնտեսական և այլ հարցերի մասին: Կարծում ենք` այս աղաղակող փաստերն անհնար էր չտեսնել, մանավանդ, որ հեռացող Սահակաշվիլին մանավանդ վերջին շրջանում ամեն ջանք թափեց` ապացուցելու իր հակահայ կեցվածքը, և Գ. Էմին-Տերյանի այս վարքագծի մեջ գերիշխում է ոչ թե անտեղյակությունը, այլ` սեփական արմատների ու հայրենակիցների խնդիրների հանդեպ ցինիկ պահվածքը:

Ինչ վերաբերում է “սուտ տեղը արհեստականորեն խնդիրներ բարձրաձայնող” ջավախահայ գործիչներին կամ քաղաքագետներին, ապա` հիշեցնենք պ. Գ. Էմին-Տերյանին, որ իրականում այդ մարդիկ արել են ամեն ինչ, որ իր պապ Վահան Տերյանի միջոցառմանը սահակաշվիլիականները չփորձեն անարգել ու ցեխատրոր անել Տերյանի լեզուն` ստիպելով ելույթ ունենալ ռուսերեն կամ վրացերեն, արել են ամեն ինչ, որպիսի իր պապ Վ. Տերյանի ու հայազգի այլ մեծերի գրքերը սահակաշվիլիականները չփորձեն արգելել մտցնելու Ջավախք, արել են ամեն ինչ, որ իր հայրենի Գանձայի և Ջավախքի դպրոցներում դասավանդումը չպարտադրվի իրականացնելու վրացերենով, արել են ամեն ինչ, որ ջավախահայը չբռնի գորիահայության, կախեթահայության, սղնախահայության՝ դեպի ուծացում տանող ճամփան. Ջավախքում հայկական շարունակականությունն այս տարիներին ապահովվեց նաև ա՛յս մարդկանց շնորհիվ, որոնց այս կամ այն պիտակներ կպցնելը, մեղմ ասված, բարոյական չէ: Ի դեպ, Գ. Էմին-Տերյանի նշած նույն “սադրիչ” քաղաքագետները կամ “արտաքին թշնամական ուժերը” դեռ չկային, երբ ընթանում էր քարթվելիզացման գործընթացն՝ իր մեջ կլանելով բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, և զավեշտի ժանրից է, երբ Գ. Էմին-Տերյանը ջավախահայության խնդիրների ի հայտ գալու մեղավոր է համարում ոչ թե իշխող ռեժիմին, այլ` ոչ ավել, ոչ պակաս, նշյալ անձնավորություններին, որոնց բողոքների արդյունքում ծնվեցին խնդիրները. փաստորեն, ըստ Գ. Էմին-Տերյանի մանկական դատողության, Ջավախքում կրթական համակարգը կմնար հայկական, դասագրքերը չէին արգելվի, ուսուցիչները կվերապատրաստվեին Հայաստանում, եթե այդ “վատ” քաղաքագետները նախապես չբողոքեին: Հոդվածագիրը պարզապես գլխիվայր շրջում է իրերի զարգացման տրամաբանությունը` իրեն վերջնականորեն դասելով վանբայբուրդների շարքը: Մեր այս եզրահանգման վառ ապացույցն է Գ. Էմին-Տերյանի հաջորդ ապատեղեկատվությունն առ այն, որ Ջավախքում առկա է բնակչության աճ, բարվոք է ժողովրդագրական վիճակը և Ջավախքը չի հայաթափվում: Եթե անգամ Գ. Էմին-Տերյանին հասու չեն ժողովրդագրական տվյալները, գոնե այդ մասին Երևանում հարցուփորձ աներ իր հայրենակիցներից: Մենք այլևս կասկածում ենք, որ վերջին տարիներին հոդվածագիրը եղել է Ջավախքում, այլապես` կտեսներ իրենց հարևան Փոկա գյուղի օրավուր վրացականացվող վիճակը, դիմացի Ասփարա գյուղը, որի 331  ընտանիքներից (1970 թ.) մնացել են ընդամենը երկուսը և այլն: Համաձայն ենք, որ Աշոցքում կամ այլ շրջաններում առավել վատ է վիճակը, բայց դա ամենևին խնդրի անտեսման կամ վրացական իշխանությունների փառաբանման հիմք չէ: Հոդվածագիրը, որպես բարի գործ, նշում է Ջավախքի ճանապարհների մի մասի վերանորոգումը, և, քանի որ նրա խոսքի սկզբում հիշատակություն կա Ստալինի մասին` նշենք, որ Ջավախքի լավագույն լեռնանցքային ճանապարհները սարքվել են նրա օրոք, բայց ջավախահայությունը լավ չի ապրել, քանի որ նրա սերուցքը աքսորվել ու գնդակահարվել է: Նույնկերպ ջավախահայությունը լավ չի ապրել Սահակաշվիլու բարենորոգ ճանապարհների պայմաններում, քանի որ հոգևոր դաշտում կրել է դաժան հալածանքներ, քանի որ նրա խնդիրը հոգևոր և ազգային-քաղաքական դաշտում է:

Գ. Էմին-Տերյանի հաջորդ և վերջին մտազեղումը, որին կարելի է անվանել ոչ թե կարճատեսություն, սխալ հաշվարկ կամ ոչ իրատեսկան մոտեցում, այլ` սովորական քաղաքական չիմացություն, դա վերաբերում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու գործարկմանը, որն, ըստ հեղինակի, ոչ միայն “ջավախահայությանը կկապի Եվրոպայի հետ, ինչի հետևանքով Ջավախքը փակուղուց կվերածվի խաչմերուկի”, այլև “կօգնի Հայաստանին ճեղքելու բլոկադան”: Թուրք-ադրբեջանական ամենավտանգավոր նախագիծը, որի մուտալուտ գործարկմամբ արդեն օրավուր թուրքանում է Ջավախքը, իսկ ՀՀ-ին սպառնում շրջափակում, ըստ մեր մտածողի, փրկում է և՛ Ջավախքը, և՛ ՀՀ-ն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Չենք կարող ասել, թե ինչ է իրականում թաքնված Գ. Էմին-Տերյանի այս տարօրինակ վարքագծի հետևում,սակայն  կարող ենք հաստատորեն ասել, որ Գ. Էմին-Տերյանն  դատողություններով մեծ վնաս հասցրեց  Տեր-Սուքիասի (Վ. Տերյանի հոր) գերդաստանի, այդ մտավորականների ու ուսուցիչների աստղաբույլի պատիվին: Հաստատենք նաև, որ ջավախահայության խնդիրները ձևախեղողների կամ դրանց գոյությունը մերժողների թիվը մեծ տեմպերով նվազում է, և այժմ Գ. Էմին-Տերյանի նման վանբայբուրդիզմով տառապողները գրեթե հաշվվում են մատների վրա:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հոդվածում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «archive2.ankakh.com»կայքի և “Անկախի ” խմբագրության տեսակետի հետ:

Խաղաղասիրական բլեֆ` 100-ամյակի նախաշեմին

Շահան ԳանտահարյանՈւշագրավ է եւ միաժամանակ գուցե ակնկալելի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը. «2015 թվականին ընդառաջ մեր աշխատանքները շարունակվում են և վերջին փուլում են։ Մեր պահանջն է, որպեսզի հայերը դուրս գան Արցախից։ Սպասում ենք զարգացման այդ հարցում։ Եթե իրականացվի, և սահմանը կբացենք, և երկաթգիծը կգործարկենք, և հարաբերությունները կզարգացնենք։ Սակայն ցանկանում ենք սա անել Ադրբեջանի հետ համատեղ»:

Հայտարարության առաջին նախադասությունը արդեն հայ մարդու համար մտաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Անկարայի կազմակերպելիք գործողությունները: Խաղաղասիրական բնույթի, Հայաստանի հետ կապերի բարելավման միտող, մթնոլորտը հանդարտեցնող խաբկանքի քայլ, որ իբրեւ թե հարաբերությունների բնականոնացում է ենթադրում եւ այդ պարունակում Հայաստանն է ապաշրջափակում։

Թուրք առաջին դիվանագետն այն տպավորությունն է թողնում, որ այս ուղղությամբ բանակցություններ են տարվում. եւ ոչ միայն տարվում են, այլ դրանք գտնվում են վերջին հանգրվանում: Ուր որ է անցակետը կբացվի, եւ ամեն ինչ կբնականոնանա: Եթե…. Այս դրական փուչիկը պայթում է, երբ վերստին գլուխ է ցցում նախապայմանային քաղաքականությունը: Խաղաղասիրական այս գործողությունը կիրականանա, եթե հայերը հեռանան արցախյան տարածքներից: Եւ իհարկե այս նոր զարգացումները տեղի կունենան միայն Ադրբեջանի համաձայնությամբ:

Այս բլեֆը  անշուշտ ունի իր շաժառիթային տրամաբանությունը: Որոշ ուղենշային իմաստ  փոխանցելուց բացի` հարյուրամյակի սեմին Անկարայի ձեռնարկելիք քայլերին, Դավութօղլուի այս ուշագրավ հայտարարությունը իր մեջ պարփակում է դիտարկելի այլ կետեր եւս: Հայաստանի ապաշրջափակումը, երկաթգծի գործարկումը եւ հարաբերությունների բնականոնացումը պատրաստ թղթածրար է, որը գտնվում է վերջնական համաձայնության փուլում: Եթե մի կողմից հարաբերությունների բնականոնացման պատրվակային նախապայմանականությամբ է բացատրվում համաձայնության վերջնականացման արգելակումը, մյուս կողմից սակայն մեկնաբանվում է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը տեղի  չի ունենում Բաքվի պատճառով: Սա այն ուղերձն է, որ Անկարան ուղարկում է այս ձեւով ոչ միայն հայկական կողմին, այլ նաեւ «եղբայր Ադրբեջանին», Եւրամիությանը եւ ընդհանրապես միջազգային ընտանիքին: Այն բոլորին, ովքեր իրենից պահանջում են բացել անցակետը: Միաժամանակ նրան, ով պահանջում է չբացել, մինչեւ որ իր հարցը չլուծվի:

Անցակետի բացման (ան)հավանականության այս բարձրաձայնումը առնչակից չի առաջացրել կողմերի խանդավառությունը։ Նույնիսկ լրատվական-մեկնաբանական մակարդակում դիտարժան հրապարակումների չենք հանդիպել մինչ այժմ ռուսական կամ եւրոպական մամուլում: Ոչ միայն չի խանդավառվել, այլ թվում է, թե մտահոգվել է Բաքուն այս հարցով: Ի՞նչ երաշխիքի հիման վրա են բանակցությունները հասել վերջնակետի: Եթե հայկական ուժերը չեն հեռացել արցախյան տարածքներից եւ եթե այդ ուղղությամբ Անկարան որեւէ հանձնառություն չի ապահովել, ապա ինչո՞ւ են շարունակվել եւ վերջնական փուլ հասել բանակցությունները:

Ավելի ուշ, Թուրքիայի ԱԳՆ-ի քարտուղար Լեւենթ Գհումրուքջուն այս հայտարարությանն իբրեւ արձագանգ հայտնել է. «Մեր երկիրը բազմիցս ասել է, որ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար յուրաքանչյուր քայլ բարձր է գնահատում, Ադրբեջանի  գրավումը դադարեցնելուն զուգահեռ»: Իսկ ադրբեջանական  apa.az-ը, հաստատում էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարություն չի կատարել:

Միայն այն փաստը, որ նման մի հերքում  օրինաչափորեն պետք է գար Թուրքիայի ԱԳՆ-ից եւ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցից, խոսում է արդեն ադրբեջանական անհանգստության մասին:

Փաստորեն անհանգստությունն ակնհայտ էր: Թուրքիայի ԱԳՆ-ն պարտավորվում է երկրորդ անգամ հստակեցնելու, որ շրջանառության մեջ դրված լուրերը անցակետի  բացման հավանականության մասին սխալ չեն:

Բաքվի անհանգտությունն ու մտահոգությունը կարող են անտեղի լինել, եթե կառչած մնանք քաղաքական բլեֆ ի տեսությանը: Ի վերջո, Անկարան անցակետ կբացի կամ փակ կպահի բացառապես իր շահերից մեկնած, թեկուզ առաջադրելով Բաքվի համաձայնությունը: Բայց անտեղի չի լինի հիշել մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրված այն լրատվությունը, որի համաձայն Անկարան խուսափում էր  Ադրբեջանի կառավարության աջակցությամբ «Խոջալու» այգում կառուցված թանգարանը , «խոջալուի թանգարան» անվանելուց:

Սրանք բոլորը, իրենց հերթին: Կարեւորն այն է, որ հարյուրամյակի նախաշեմին Անկարան նման «խաղաղասիրական» գործողություններ  ձեռնարկելու նախանշեր է ցուցադրում։ Նման բեմագրություններ պիտի ակնկալել. ընդհուպ մինչեւ Անկարա-Երեւան արձանագրությունների վերակենդանացում:

 

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Դեպի Արցախ, դեպ Հայաստան

DSC09255Արցախ տանող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն այդ օրը մի առանձին հմայք ուներ: Օրը տաք էր ու ջինջ, եւ Արտաշատի մարզի ողջ երկայնքով մեզ ուղեկցում էր Մասիսը, որի ձյունածածկ գագաթն ու փափուկ ուրվագծերը յուրաքանչյուր հայիս համար այնքան ծանոթ են ու այնպես հարազատ: Մեքենայի ապակիների ետեւում աշուն էր, որ ձգվում էր մինչեւ Մասիսի ձյունատարած լանջերն ու հիշեցնում մոտալուտ ձմռան մասին: Այդ օրը հեռուն ու մոտիկն այնքան մոտ էին, որ թվում էր, թե մոտենաս, հեռվին էլ կհասնես, թեեւ մտքերդ կշարունակեն թափառել հեռվում:

Բնությունը միայն բնապատկեր չէ, գույներ չէ միայն՝ երանգներով լի: Բնությունը տրամադրություն է, տերեւներին, որ ամեն պահ փոխում են գույն ու երանգ եւ անհոգ շաղ գալիս շուրջ բոլոր՝ չճանաչելով եւ ոչ մի սահման: Աշնանն ամառվանից ձգվող ջերմությունն իր մեջ է առնում մոտալուտ սառը շունչն ու դառնում ձմեռ…եւ ուրախություն ու տրտմություն խառնվում են իրար:

Ճանապարհը, որ անցել եմ տասնյակ անգամներ, նման տարվա այս եղանակին թե տխրություն եւ թե ուրախություն բերեց ինձ: Կանգ առանք Արենի գյուղի մոտ, որտեղ ճամփեզրին շարված, բնակիչները տարին բոլոր իրենց հավաքած բերքն ու ամբարած բարիքն են առաջարկում անցնող մեքենաների ուղեւորներին:

Կարճատեւ կանգառի ընթացքում տեսածս ու լսածս ինձ ուղեկցեցին մինչեւ Բերձոր: «Արենին այսօր ունի 2500 բնակիչ,  1200 ընտրող, արդեն ինը տարի է, ինչ աշնանն անցկացվում է գինու փառատոն, որի ընթացքում բնակիչներն ունենում են 100 000-ից մինչեւ անգամ 1միլիոն դրամ եկամուտ: Գինու փառատոնին բնակիչներն անհամբերությամբ են սպասում: Ձմռան շեմին հոգսերը շատ են: Շատ են նաեւ գյուղի շրջանավարտները, ովքեր բարձր առաջադիմություն ունեն եւ ուսումը հաջողությամբ շարունակում են բարձրագույն հաստատություններում»: Այս ամենը պատմելուց հետո արենցի ամուսինները մեզ մեկնեցին լավաշի մեջ փաթաթված տնական ղաուրման եւ մաղթեցին՝ բարի ճանապարհ: Իսկ ճանապարհն ի սկզբանե  ԲԱՐԻ  էր. չէ որ այսօր կա ճանապարհ, որ ձգվում է Գորիսից մինչեւ Ստեփանակերտ եւ նաեւ այդ ճանապարհն է մարդկանց  բերում Արենի:

 Այս անգամ մեր ճանապարհն անցավ  Բերձորով, որի բնակիչները շուտով կունենան ջուր, Շուշիով, որտեղ կառուցվող արհեստագործական ուսումնարանի աշակերտները տարիներ անց կդառնան հյուսն, փականագործ, ատաղձագործ եւ կշենացնեն իրենց հայրենին: Մեր հայրենակիցների նվիրաբերված միջոցները Շուշիում, Քարին Տակում շուտով կդառնան ծնողազուրկ երեխաների խնամքի կենտրոն, գյուղացիների համար համայնքային կենտրոն, դպրոցի սպորտդահլիճ ու ջրագիծ, ինչպես որ դրամահավաք հեռախոսազանգերն են կարճ ժամանակ անց  դառնում դպրոց, մանկապարտեզ ու հիվանդանոց:

Արդեն Արցախում, 2005-ին համայն հայության ուժերով կառուցված  Հյուսիս-հարավն էլ մեզ տարավ Պատարա, Խանձք, Նոր Մարաղա, Շոշ, Կարմիր շուկա, Թաղավարդ, Խաչմաչ, Ակնաղբյուր համայնքներով, ուր խնդիրները բազմաթիվ են, բայց կիսակառույցների առատությունից ու  շինհրապարակում լսվող մեքենաների ձայնից լցվում ես հավատով, որ դժվարությունները թեեւ շատ, բայց մի օր կմնան ետեւում, եթե չկորցնենք հավատն ու մեջք-մեջքի տանք:

DSC02397

Ճանապարհն այնուհետ մեզ բերեց Մուշկապատ, որտեղ բնակիչները
հսկայական «չան» կոչված մետաղե տակառների մեջ անձրեւաջուր են հավաքում՝ իրենց կենցաղային կարիքները հոգալու եւ անասուներին ջուր տալու համար, իսկ խմելու ջուրն էլ հեռավոր մի աղբյուրից ավանակներով են կրում:

Ծովի մակերեւույթից շուրջ 1055 մ բարձրության վրա գտնվող այս համայնքում ձմռան սառը շունչն առավել սուր ես զգում, երբ տեսնում ես փայտի կապոցներով բեռնված ավանակներին: Այս մունջ կենդանիները տան անդամի նման ցանկալի են Արցախի սարերում ու անտառներում ցրված գյուղերում: Նոր բացված շինհրապարակն էլ ամիսներ անց Մուշկապատում կդառնա համայնքին սպասարկող մի մեծ հավաքատեղի, որտեղ գյուղացիները միասին կկարճեն իրենց ձմեռները, կկիսեն ուրախություն ու տխրություն, կհոգան համայնքի խնդիրները, թեւ ու թիկունք կլինեն միմյանց: Համայնքային կենտրոն կոչված այս շինությունների ավարտին անհամբերությամբ են սպասում նաեւ Պատարա, Նոր Մարաղա, Խանձք, Կարմիր Շուկա, Խաչմաչ, Ակնաղբյուր համայնքներում:

Հետդարձի ճանապարհը՝ որ Մարտակերտից մինչեւ Վարդենիս ձգվում է Դրմբոն, Գետավան, Սոտք համայնքների միջով, խառը զգացմունքերի տեղի պիտի տար. աղքատ ու մաքառող գյուղեր, ուր գնալով պակասում է տանիքից ելնող ծուխը, գյուղամիջյան ճանապարհով գլխիկոր ու աննպատակ քայլող անասուններ, խունացած գույներով մետաղյա դարպասներ՝ որ այլեւս օջախ չեն, այլ դարպաս լքված տան:  Տուն, բայց ոչ գյուղ է եղածը, եւ ցուցանակներ, որ դեռ ստիպում են աջ ու ձախ նայել ու աչքերով բնակավայր որոնել:  Այս ճանապարհին լավաշի մեջ փաթաթված ղաուրմա չկար…Աստված գիտե, թե այստեղ վերջին անգամ երբ են ղաուրմա կերել:

Թվում էր, թե ինձ հանդիպած գյուղացու մոլորված հայացքն ու ընտանիքի հոգսերը կծանրանան հոգումս եւ մտովի կուղեկցեն ինձ մինչեւ տուն, թեեւ օրը բարեհաճ էր, իսկ բնությունը` գերող:  Բայց այն ինչ տեսանք Չափառում, անսպասելի էր ու այնքան հուսառատ, որ տխրություն չկար, երբ տեսա հյուղակ հիշեցնող խարխուլ մի շինություն, որը դպրոցն էր`մետաղաձույլ զանգը մուտքի առջեւ կախված: Այս զանգերը վաղուց արդեն հանգրվանել են հայրենի թանգարաններում:  Տխրություն չկար, քանի որ հենց կողքին վեր բարձրացող երկհարկանի կիսակառույցը գյուղի վաղվա դպրոցն էր, իսկ քիչ հեռու տրակտորը լայն շրջագծերով  ճանապարհ էր բացում, որ պիտի բարեկարգվեր ու գյուղն անտառի միջով կապեր Մարտակերտից Վարդենիս ձգվող վաղվա մայրուղուն: Կիսակառույց դպրոցի տանիքից պարզ երեւում էին երկու վարդագույն շինություն` գյուղի նորակառույց մանկապարտեզն ու հավաքների դահլիճը, ուր գյուղացիները  նշում են իրենց տոներն ու կիսում վիշտը:  Չափառում ընտանիքի հայրերն ու զավակները հեռուներից տուն են դառնում, հող մշակում, անասուն պահում կամ աշխատում գյուղի շինհրապարակներում: Այստեղ գյուղացին շինական է, որ ուժ է առնում իր հողից եւ ունի վաղվա օր: Այստեղ կան ձմեռվա հոգսեր, ինչպես ամենուր, բայց եւ հոգատար ձեռք, որ նոր կյանք է տալիս գյուղացուն ու գյուղին: Այստեղ աշունը չի շտապում դառնալ ձմեռ:

Նոր Էրքեջի ցուցանակն անցնելուն պես, դուրս եկանք  գլխավոր ճանապարհից, եւ աջակողմյան արահետ հիշեցնող նեղ հողե ճանապարհով  ուղղվեցինք դեպի Դադիվանք: Մի քանի տասնյակ մետրից հետո մեր առջև բացված տեսարանը անդիմադրելի հմայք ուներ: Հայացքդ ակամա ուղղում ես մերթ դեպի հեռվում նշմարվող վանքը, մերթ դեպի ցած՝ ահազդու անդնդախոր ձորը, եւ վախ ու հիացմունք խառնվում են իրար, եւ  գյուղ ու գյուղացի , ծխնելույզ ու դարպաս մնում են hետեւում: Եվ առաջինը, որ գալիս է մտքիդ, «սա իմ վանքն է,  իմ պատմությունը իմ ճանապարհին»: Եւս 230 կիլոմետր եւ Արցախից դեպի Վարդենիս ձգվող գեղատեսիլ հովիտներով  ու լեռներով երկար ու ձիգ խճապատ ճանապարհը մեզ բերեց տուն:

Ինչ լավ է, երբ երկար է ճանապարհը հայրենիքում:

 

Հասմիկ Վ. Գրիգորյան

  §Հայաստան¦ համահայկական հիմնադրամ

«Մենք չենք ամաչում, սա մեր կյանքի, կենսագրության մի մասն է». Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ի վերակազմավորման մասին

Ալեքսանդր ԱրզումանյանՀոկտեմբերի 27-ին կայացած համագումարում Հայոց համազգային շարժումը վերակազմավորվեց: Այն լուծարվել էր այս տարվա փետրվարին` որպես իրավահաջորդ հայտարարելով ՀԱԿ–ին: Այս թեմայով «Անկախը» հարցազրույց է ունեցել  ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

– Պարոն Արզումանյան, մի քանի օր առաջ կայացած համագումարում ՀՀՇ–ն վերակազմավորվեց: Ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ կար փետրվարին կուսակցությունը լուծարել, իրավահաջորդ հայտարարել, ապա նորից վերակազամավորել:

– ՀՀՇ-ն լուծարելու և այն ՀԱԿ վերանվանելու որոշումը  մի շարք  դժգոհություններ առաջացրեց  մարդկանց մեջ, որոնք ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին  տարաձայնություններ ունեին  ՀՀՇ-ի հետ, բայց կարծում էին, որ նույնիսկ այդ տարաձայնություններով ՀՀՇ-ն իրավունք ուներ շարունակելու աշխատանքները:

Մենք  մեր գործն ենք արել. 25 տարի քաղաքականության մեջ ենք և չէինք կարող հրաժարվել քաղաքականությունից, մեր աշխատանքները շարունակելու ձևեր էինք փնտրում: Երբ որոշվեց լուծարել մի կուսակցություն, որի ակունքներում ենք կանգնած եղել և մշտապես միայն այդ կուսակցության անդամ ենք եղել, մեր մի շարք համախոհների հետ որոշեցինք շարունակել մեր աշխատանքները: Հռչակել ենք, որ այն գաղափարախոսության ժառանգորդն ենք, որի վրա հիմնվել է Հայոց համազգային շարժումը, մենք կրում ենք լիբերալ- ազատական, ժողովրդավարական գաղափարներ և այն տեսլականը, որ ունեինք 88 թվականի համազգային շարժման ժամանակ: Որևէ բան չի փոխվել, մենք շարունակելու ենք պայքարել հայոց պետականության ամրապնդման և ազատական, ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված պետականության կայացման համար:

– Մի՞թե ՀՀՇ–ի իրավահաջորդ ՀԱԿ–ը շեղվել էր այդ ուղուց:

– Կարծում ենք, որ ՀԱԿ-ը կարող է լինել գույքային  առումով իրավահաջորդ, մենք որևէ հավակնություն չունենք գրասենյակների նկատմամբ: ՀԱԿ-ը ստեղծվել է որպես մի քանի կուսակցությունների միավորում,  առանցքը եղել է Հայոց համազգային շարժումը: ՀՀՇ-ն էր, որ 2007-ին նախաձեռնեց մի շարք մարզային այցելություններ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց առաջադրվել 2008-ի նախագահական ընտրություններում: Հենց ՀՀՇ-ի շուրջ  ձևավորվեց այն համաժողովրդական շարժումը, որի արդյունքում 2008-ին, մեր կարծիքով, մեր թեկնածուն հաղթեց ընտրություններում: Այսինքն` ՀՀՇ-ն եղել  է այդ շարժման լոկոմոտիվը:

Փորձ արվեց ինչ-որ ինստիտուցիոնալ ձև տալ այդ  շարժմանը, բայց դա չպետք է արվեր կուսակցությունների ինքնուրույնության հաշվին: Ինչ-ինչ բյուրոկրատական մոտեցումներին ստորադասվեցին  կուսակցությունների աշխատանքները, դա անընդունելի էր: Մի շարք մարդիկ դեռ 2010-ին` ՀՀՇ 16-րդ համագումարից հետո,  դուրս եկան: Կային ներքին տարաձայնություններ, ավելին, նույնիսկ ՀՀՇ վարչության մի շարք անդամներ որակվեցին վնասարար: Այս պիտակավորումն անընդունելի է, բայց, այնուամենայնիվ, որևէ մեկը չփորձեց խոչընդոտել  ՀՀՇ աշխատանքները, այլ  փորձեցին առանձին գործել: Դրա դրսևորումներից էր  նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ստեղծելու փորձը: Բայց երբ նահանջ կատարվեց ազատական գաղափարներից և խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ավելի հակված է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը, դա մեզ  համար անընդունելի էր: Նորից կրկնեմ,  որ դա նրանց ընտրությունն էր:

Մենք չենք ամաչում և  մեր կենսագրությունից հրաժարվելու որևէ պատճառ չունենք:  Եղել են ձախողումներ, եղել են և սխալներ, պետք է  աշխատենք հաղթահարել բոլոր խնդիրները, որ կան:

– Համագումարում եղել են ներկայացուցիչներ մի քանի ընդդիմադիր կուսակցություններից, բայց ոչ ՀԱԿ–ից: Ինչպիսի՞ն են ՀԱԿ–ի և ՀՀՇ–ի հարաբերությունները:

– Մենք որևէ կուսակցության հետ խնդիր չունենք: Որպես լիբերալ ուժ` պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, բայց  խնդիրների շուրջ, այդ համագործակցությունն ինքնանպատակ չէ: Մենք հրավիրել ենք բոլոր համախոհ կուսակցություններին, որոնց հետ պատկերացնում ենք ապագա ճանապարհ: Նրանք շատ ավելի ազատական են և այն ուժերն են, որոնք հռչակել են,  որ Հայաստանի համար անընդունելի է Մաքսային միությանն  անդամակցելը: ՀԱԿ-ից մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված էին, ՀԱԿ-ին մենք չենք հրավիրել, քանի որ դեռ այս  պահին չենք տեսնում ՀԱԿ-ի մոտեցումները, դեռ ավելին, կարծում ենք, որ ՀԱԿ-ն այս պահին աջակցում է այն քաղաքականությանը, որն իրականացնում է իաշխանությունը, այն է` Մաքսային միությանն անդամակցելը:

– Ո՞րն է ՀՀՇ–ի առաքելությունը քաղաքական դաշտում:

– Հայաստանում ազատական գաղափարների լուրջ պակաս կա:  Փորձելու ենք  այդ գիտակցությամբ, այդ գաղափարներով առաջնորդվող մարդկանց հետ միասին մեր ուրույն տեղը զբաղեցնել քաղաքական ներկապնակում, ազգային ժողովում և առաջ տանել այն գաղափարները, որոնք ունեցել ենք 88 թվականից: Այսօր դա ավելի հրամայական է, քանի որ սպառնալիքի տակ է մեր ինքնիշխանությունը: Մեր խորին համոզմամբ` այսօր խախտվում է Հայաստանի սահմանադրությունը. Մաքսային միությանը և նման այլ միավորմանը միանալը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի անկախությանը:

– ՀՀՇ  անվանումը գոնե նախկինում ինչ–որ չափով հեղինակազրկված էր: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար:

– ՀՀՇ-ն կանգնած է հայոց պետականության կայացման ակունքներում, մի շարք պանծալի հաղթանակներ են արձանագրվել այդ շարժման ղեկավարության օրոք, եղել են նաև ձախողումներ, այսօրվա խնդիրներից  շատերը, անշուշտ, այն ժամանակից են գալիս: Բայց սրանք  մեր հասարակության ընդհանուր արատներն են. ինչքան հասարակությունն է արատավորված, այնքան էլ իշխանությունը և ընդդիմությունը.  հավասարաչափ: Դա է պատճառը, որ այսօր այսպիսի տկար վիճակում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:  Մենք պետք է ամեն ինչ կարողանանք կառուցել  այն ամեն լավի վրա, ինչ եղել է: Իսկ վարկաբեկված-չվարկաբեկված լինելը գնահատվում է աշխատանքով:

– Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի նոր էջից շարունակել: 

– Նման մոտեցում էլ կա, բայց մարդ իր կենսագրությունից չպետք է ամաչի: Եթե  որևէ մեկը խնդիր  է ունենում, չի գնում իր անունը փոխում, դա իր անունն է, որով  իրեն ճանաչում են: Ինչքան էլ անունդ փոխես, ի վերջո,  բովանդակությունը չես փոխի: Հիմա բովանդակություն լցնելով պետք է փոխենք մտայնությունը, ոչ թե անվանափոխությամբ: Ինչքան էլ  կուսակցությունները անունները փոխեն, գիտենք` ով իրենից ինչ է ներկայացնում:  Հիմա ցանկացած ինֆորմացիա լույսի արագությամբ  տարածվում է, բոլորն էլ գիտեն բոլորի անցյալը, արած գործերը, և յուրաքանչյուր  մարդ թող ըստ իր արածների ամաչի կամ հպարտանա:

– Նախկինում ինչ–ինչ պատճառներով ՀՀՇ–ն լքած անձանց` հին անդամների հետ  պլանավորո՞ւմ եք նորից վերամիավորվել կամ համագործակցել:

– Մենք շատերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, սա իրոք եղել է համազգային շարժում, ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում  տարբեր մարդիկ որոշել են ուրույն ճանապարհով անցնել, մենք  գտնում ենք, որ այսօրվա վերածնվող  ՀՀՇ-ն ժառանգորդն է հենց այդ շարժման, և մենք բաց ենք  բոլոր այն մեր ընկերների առջև, որոնց հետ մենք 1988 թվականին սկսել ենք այս շարժումը: Մենք նախկինում ՀՀՇ-ի հետ եղած որևէ անհատի կամ կուսակցության հետ խնդիր չունենք: Ավելին, պատկերացնում ենք նաև համատեղ ճանապարհ:

– Համագումարում ընդունվել է նաև կուսակցության ծրագիրը, կներկայացնե՞ք հիմնական դրույթները:

– Հիմնականում խարսխված է այն տեսլականի վրա, որ հնչեցվել է դեռ 1989 թվականին և մի քանի անգամ լրամշակվել  տարբեր համագումարներում, վերջին խմբագրումը եղել է 2001-2002 թվականներին: Այն է`   ազատականություն, ժողովրդավարություն,  ԼՂՀ հարցի լուծման մեր տեսլականը և արդի մի քանի հարցերի վերաբերյալ մոտեցումներ: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ԵՄ լիակատար անդամակցությունն է, մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Եվրոպական ասելով` նկատի ունեմ այն համամարդկային արժեքները, որոնցով առաջնորդվում են մի շարք զարգացած երկրներ` անկախ աշխարհագրական դիրքից: Ամեն ինչ անելու ենք` խորացնելու Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և Հայաստանը վերստին դարձնելու հուսալի գործընկեր  միջազգային հարաբերություններում, որովհետև այսօր վտանգված է Հայաստանի հուսալիության, Հայաստանը որպես գործընկեր ընկալելու հարցը մեր գործընկերների կողմից,  լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն թե ԻԻՀ-ն:

– Իսկ Արցախի խնդրի լուծման Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է:

– Նախ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ներկայացված լինի բոլոր բանակցություններում, առանց ԼՂ-ի Ադրբեջանը և Հայաստանը իրավասու չեն որևէ  լուծում գտնելու: Ամեն ինչ պետք է արվի, որ իրավական կարգավիճակ ստանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը: Մենք պատկերացնում  ենք, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ունենան հուսալի սահման, ԼՂ-ն պետք է ունենա պաշտպանության անհրաժեշտ համակարգեր, որպեսզի պաշտպանի իր  սահմանները, և Հայաստանը պետք է երաշխավոր լինի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Իսկ ինչ ձևակերպումներ և   քայլեր կլինեն, դա արդեն ժամանակը ցույց կտա:

– Գործունեութան ի՞նչ մեթոդ եք  որդեգրելու, ձեր խոսքը  համակիրներին ինչպե՞ս եք հասցնելու:

– Բոլոր հասու  հնարավորություններով՝ երթեր, հանրահավաքներ, սոցիալական ցանցեր:  Կփորձենք հնարավորինս համախոհների լայն շրջանակ ընդգրկել: Մենք հակված ենք ունենալու կոլեգիալ կառավարմամբ կազմակերպություն, որը ոչ միայն պայքարում է ժողովրդավարության համար, այլև ժողովրդավար է իր ներքին կառուցվածքով: Մենք նաև նախատեսում ենք քաղաքացիական խորհրդի  ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն կուսակցության անդամները, այլև համախոհները: Կան մարդիկ, ակտիվիստներ, որոնք ցանկություն չունեն կուսակցական գործիչներ դառնալու, բայց ցանկություն ունեն ազդելու  ներքաղաքական կյանքի վրա, և  դրա լավագույն գործիքը կուսակցությունն է: Վստահ եմ, որ կկարողանանք ձերբազատվել այն մտայնությունից, որ ցավոք, Հայաստանում կա` մեկ առաջնորդի կուսակցություն,  այս կամ այն մարդու ամբիցիաները սպասարկող կուսակցություն: Սա լինելու է հասարակութան մի շերտի պահանջները սպասարկող կուսակցություն:

– Որքա՞ն անդամ եք ակնկալում ունենալ:

– Մենք մեր առջև նման խնդիր չենք դրել, մենք գիգանտամանիայով չենք տառապում որոշ ուժերի պես, որ հռչակում են, թե ունեն 50-60 հազար ընտրող և 30 հազար ձայն են հավաքում ընտրություններին: Հիմա կառույցների ձևավորման վրա ենք աշխատում: Առաջին համագումարին մասնակցում էր 220 պատվիրակ, որոնք ներկայացնում էին հանրապետության հինգ մարզեր: Անդամակցության գործընթացը շարունակվում է:

– Շատ է խոսվում, որ ՀՀՇ–ի վերակազմավորումից հետո «Ազատ դեմոկրատների» ապագան հարցականի տակ է: Ինչ–որ որոշում կա՞, թե ինչպիսին պետք է լինի հետագա համագործացությունը:

– Դեռ վերջնական որոշում չկա: Նույն ՀՀՇ-ից դուրս  եկած մարդիկ ձևավորեցին «Ազատ դեմոկրատները», մենք կարծում ենք, որ նույն դաշտում ենք գործում  և միասին պետք է շարունակենք, որոշումը պետք է իրենք կայացնեն, մենք  պատրաստ ենք համագործակցել, որևէ խնդիր գաղափարական առումով այս պահին չկա:

Ի՞նչ է նշանակում Թուրքիայում ապրել որպես հայ

 Կատյա Հալաչօղլու Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի սան, այժմ Ստամբուլի պետական համալսարանի ուսանողուհի Կատյա Հալաչօղլուն իր անձնական բլոգում հեղինակել է «Հայ սերունդը ասելիք ունի» հոդվածը՝ ներկայացնելով իր մտորումները այն հարցի շուրջ, թե ինչ է նշանակում Թուրքիայում ապրել որպես հայ: Ահա, թե ինչ է գրում Կատյան:

«Ես շատ թուրք ընկերներ ունեմ, ավելի ճիշտ՝ առաջին թուրք ընկերոջս ձեռք բերեցի ավագ դպրոցում սովորելու վերջին տարում: Միշտ հայկական համայնքի ներսում է անցել մանկությունս, հիմա էլ այդպես է անցնում երիտասարդությունս, սակայն թուրք ընկերներ էլ ունեն, այնպիսի ընկերներ, որ քրոջ, եղբոր նման են ինձ համար, առանց նրանց կյանքս անգույն կդառնա: Այնքան լավ մարդիկ են պատահում՝ քաղաքավարի, բանիմաց, կրոնական, լեզվական, ռասայական խտրականություն չդնող, նման բաները չկարևորող: Այո, նման մարդկանցով շրջապատված լինելով՝ սկսում ենք ընկնել վարդագույն երազների մեջ, բոլորին նրանց նման տեսնելով, այսպիսին կարծելով՝ ուրախանում ենք: Այդ ժամանակ ներքին հանգստություն ենք ապրում՝ մտածելով, թե անցյալում մնացած թշնամանքը մեր սերնդի սրտերից ջնջվել է, հետո մի լուր և դրա տակ արված մեկնաբանությունները կարդալիս արյան կանչն ենք լսում և արթնանում երազից: Այո, հայ բառը դեռ հայհոյանք է: Դեռ կան մեզ մեր հողերից վտարելու, մերոնց մեր հողերից քշելու պատրաստ քաջեր, քանզի սարդոստայնով պատված ուղեղներով կարծում են, թե մենք Հայաստանից ենք եղել: Վստահ եմ, ընկերներիս մեծ մասը դեռ մտածում է, թե ես էլ եմ Հայաստանից եկել: Սակայն ես չեմ վշտանում, քանիզի գիտեմ, որ սրա պատճառը պարզապես չիմացությունն է, ոչ թե ատելությունը: Ընկերներս ժամերով հաճույքով կարող եմ պատմել ճիշտը, իսկ մյուսների՞ն: Նրանք ինձ չեն էլ լսի, եթե լսեն էլ, չեն հասկանա, չիմանալով էլ, որ ատելությունը համակել է նրանց սրտերը: Ես իմ ինքնությունը չթաքցնողներից եմ, մեկն եմ, ով քայլում է առանց թաքցնելու դաստակին կապած մեծ մանուշակագույն խաչը: Նրանք, ովքեր լսում են, թե անունս Կատյա է, անմիջապես հարցնում են, թե որտեղացի եմ, որոշ ընկերներ էլ կարծում են, որ մորս ցանկությամբ եմ այս անունով կոչվել: Սակայն ես այնքան եմ հոգնել նման խոսակցություններից, որ անմիջապես ասում եմ, որ հայ եմ՝ ազատվելու համար մի շարք հարցերից: Անցած տարի ընկերուհիս ինձ մի անկյուն տարավ ու խնդրեց, որպեսզի ամեն տեղ չբարձրաձայնեմ իմ հայ լինելու մասին: Ով գիտե՝ հայերի մասին ինչ հայհոյանքներ էր լսել և կարծում էր, որ այդպիսով պաշտպանում է ինձ: Դուք, մենք տարբերակումը մեծ հիմարություն է, այս բաժանումը արվում է ոչ թե թուրքերի և հայերի, այլ սարդոստայնով պատված մտածելակերպ ունեցողների և չունեցողների միջև: Հավատացեք, որ եթե մի օր մի հայի ճանաչեք, ձեր մեջ եղած հիմար և սրտխառնոց առաջացնող թշնամանքը կվերանա: Չմոռանամ երկու բան էլ ասել: Երբ մեզ վատաբանելով կարծում եք, թե պաշտպանում եք ձեր երկիրը, ավելի լավ է նախ նայեք մեր մասին գրված նախադասություններին, կարծում եմ, դրանք երբեմն թուրքերեն էլ չեն: Եվս մեկ բան, գետնին ընկած դրոշները ոտնատակ տալով մի քայլեք: Շատ լավ եմ հիշում ապրիլի 23-ի քայլերթին սարսափահար մենք ենք հավաքել գետնին գցած դրոշները: Մենք՝ հայկական վարժարանը, ձեր մտքում եղած մեծ թշնամիները»:

 

 

 

 

Այս ցրտին «Սեր երկնքո՞ւմ»

դերհովաԴերՀովան ու Հասմիկ Կարապետյանը շուտով նոր զուգերգ են հանձնելու ունկընդիրների դատին: Ներկայացնում ենք «Անկախի» բացառիկ հարցազրույցը երգահան, գործիքավորող, դիջեյ Հարություն Տեր-Հովակիմյանի հետ:

–        ԴերՀովա, կպատմե՞ս, թե ինչպես ծնվեց Հասմիկ Կարապետյանի հետ երկրորդ զուգերգը պատրաստելու գաղափարը:

–        «Անհնարը» երգը, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, ինձ համար շատ անձնական և կարևոր փորձ էր: Մտքովս չէր էլ անցնում, որ Հասմիկ Կարապետյանը կհամաձայներ, ու երգն այդքան լավ կընդունվեր լսարանի կողմից: Չնայած 20 տարի իմ պատրաստած երգերում բեք վոկալ եմ եղել, որպես գլխավոր կատարող երբեք հանդես չէի եկել: Ինձ համար մի փոքր անսովոր էր: Այդ երգի հաջողության շնորհիվ էլ որոշեցինք երկրորդ երգ ստեղծագործել:

–        Եվ ինչպես այն կոչեցի՞ք:

–           «Սերը երկնքում»: Եթե համեմատենք առաջին զուգերգի հետ, ապա այն ավելի ռիթմիկ է՝ պարային: Այս պահին պատրաստվում ենք երգի տեսահոլովակ նկարահանել, սակայն չգիտեմ` երբ ենք այն թողարկելու:

–        Դա է՞լ է նորություն հայկական փոփ ասպարեզում, ինչպես և քո մնացած ստեղծագործությունները:

–           Միանշանակ:

–        Ինչպե՞ս դարձար երգահան և մուտք գործեցիր այս հետաքրքիր, բայց և լարված ասպարեզ՝ շոու բիզնես:

–           Փոքրուց զբաղվել եմ երաժշտությամբ, բայց երբեք երաժշտական կրթություն չեմ ստացել: 16 տարեկանում «Record Label»-ի ընկերության հետ կնքեցի իմ առաջին պայմանագիրը, իսկ 17 տարեկանում թողարկեցի իմ առաջին ձայնասկավառակը: Մինչև Հայաստան տեղափոխվելը Կանադայում և ընդհանրապես արտասահմանում 10 տարի ակտիվ զբաղվում էի շոու-բիզնեսով, իսկ Հայաստանում արդեն 7 տարի ստեղծագործում և համագործակցում եմ հայ երգիչների հետ:

–        Ասում են` Հայաստանում շոու բիզնես չկա: Ինչո՞ւ..

–           «Շոու-բիզնես» բառի մեջ կա «բիզնես» բառը, այսինքն` փող աշխատելու միջոց: Իսկ մեզ մոտ ամենաշատ փող աշխատող երգիչները ռաբիզ երգիչներն են, որոնք գումար են վաստակում հիմնականում սփյուռքում: Ցավոք, Հայաստանի երգիչների մեծ մասը ստիպված է ռեստորաններում և հարսանիքներում երգել՝ մի քիչ փող աշխատելու համար, ձայնասկավառակների վաճառքն էլ մեզ մոտ եկամտաբեր չէ: Իսկ դրսում երգիչների համար ամենամեծ եկամուտ ունենալու միջոցը համերգներն են: Մեր թերությունը փոքր շուկա ունենալն է, ինչն էլ գցում է շոու բիզնեսի վարկանիշը:

–        Բայց մի՞թե մեր միակ թերությունը դա է:

–           Մեր ամենամեծ սխալը նաև այն է, որ չենք փորձում սեփական արվեստը ներկայացնել այլ ազգերին, ավելի մեծ շուկաներում:

–        Մինչ այժմ քանի՞ ստեղծագործած և գործիքավորած երգ ունես:

–           Հստակ չեմ կարող ասել, բայց վերջին 22 տարվա ընթացքում գործիքավորել ու թողարկել եմ մոտավորապես 400 երգ: Սկզբում մենակ էի ստեղծագործում և թողարկում` որպես սոլո արտիստ և մինչ Հայաստան տեղափոխվելն ունեի տարբեր ոճերով, տարբեր կեղծանուններով տարբեր ստեղծագործություններ, բայց այստեղ նման ծրագրեր չեմ ունեցել: Ուղղակի եղել են «featuring» գործեր, որոնց մեջ ներառվել են կարճ կատարումներ, նաև մեկ զուգերգ Հասմիկ Կարապետյանի հետ:

–           Եթե չլինեիր ներկայիս ԴերՀովան, ի՞նչ կլինեիր:

–           Մեծ հաճույքով ճարտարապետ կլինեի:

–           Կրկին ստեղծագործող: Ի դեպ, ստեղծագործության ճանապարհին ի՞նչ դժվարությունների ես հանդիպել:

–           Ամենամեծ խնդիրը պայմանագրի հարցն է եղել: Ինձ թվում է` բոլոր արտասահմանցի երգահանների մոտ այդ խնդիրը գոնե մեկ անգամ եղել է: Դա երկար գործընթաց էր, որն ինձ շատ հոգնեցրեց և ազդեց իմ ստեղծագործության վրա:

–        Նոր ծրագրեր կա՞ն:

–           Այս ամառ արձակուրդ գնալու փոխարեն կենտրոնացա իմ գործերի վրա, որոնք մինչև տարվա վերջ հերթով կթողարկվեն: Բացի Հասմիկի զուգերգից, հոկտեմբերին կթողարկվեն նաև մի քանի այլ երգեր՝ Նարեկ Մակարյանի «Երազանքի գրկում»-ը, Սևակ Ամրոյանի և Ռազմիկ Ամյանի, նոյեմբերին՝ Լիլիթ Հովհաննիսյանի երգը և այլն: Այնուհետև երկու ամիս կկենտրոնանամ շատ լուրջ և բոլորովին այլ ոճի ծրագրերի վրա, որոնց մասին դեռ չեմ խոսի:

–        XXI դարում գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց:

–           Բացի պարզությունից՝ ամեն ինչում: Գուցե փիլիսոփաներն էլ են խոսել այդ մասին: Պարզության մեջ կա մաքրություն, ուրախություն, հանգստություն և նաև իմաստություն:

–           Ինչպիսի՞ն կուզենայիր լիներ կյանքը:

–           Անկեղծ և պարզ վերաբերմունքն եմ կարոտել: 11 տարի է՝ Հայաստանում եմ և ցավում եմ, որ մարդիկ անուշադիր են միմյանց նկատմամբ: Միշտ գովում ենք մեր ազգը, իբր շատ հյուրասեր ու բարի մարդիկ ենք, բայց տարիների ընթացքում հասկացա, որ մարդիկ կոպիտ և ոչ անկեղծ են դարձել: Կցանկանայի՝ այդ ամենը փոխվեր:

–           Ո՞րն է դարմանը:

–           Այդ փոփոխությունը պետք է սկիզբ առնի վերևից՝ մեր ղեկավարներից: Այն օրվանից, երբ նրանք մտածեն սեփական ազգի ու երկրի մասին, համոզված եմ, որ ժողովրդի բնավորությունն էլ կփոխվի դեպի լավը: Մարդիկ վստահությամբ և հույսով կլցվեն, կդառնան ավելի ուրախ, ժպտերես և հաստատ ավելի բարի:

          Հարություն Տեր-Հովակիմյանը (ծնված 1974 թ. փետրվարի 22-ին, Կանադայի Տորոնտո քաղաքում) 1992 թ. «Temperance» բեմական անունով թողարկել է առաջին «Phantasy» ալբոմը, մինչ 2002 թ. միջազգային երաժշտական ասպարեզում գրել և թողարկել է ավելի քան 300 երգ:  Համագործակցել է համաշխարհային առաջատար ձայնագրման ընկերությունների` «Sony», «BMG», «Universal Music»-ի հետ, իսկ 2002-ին տեղափոխվել Երևան, սակայն մինչ 2006 թ. աշխատել է արտասահմանյան շուկայի համար: 2006 թ. վերամշակել, գործիքավորել և թողարկել է առաջին հայկական գործը` «Քամի փչի» «Հայք» խմբի կատարմամբ: Նրա ստեղծագործությունների մեծ մասը դարձել են տարբեր տարիների հիթեր, օրինակ՝ բացի «Քամի փչի» երգից, Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան», Սիրուշոյի «Քելե, քելե», Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը և այլն: 2006-ից համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Արամեի,  Հասմիկ Կարապետյանի, Արփիի, Արսեն Սաֆարյանի, Դավոյի, «Ռեինկարնացիայի», Լիլիթ Հովհաննիսյանի և ուրիշների: Բայց ստեղծագործական շղթան այստեղ դադար չի առնում և մեծ կրքով շարունակում է իր բռնած ուղին…

 

Հարցազրույցը Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 

Հայկական քթի ոդիսականը և լեհահայերի հարստությունը

Երբևէ մտածե՞լ եք, թե Հայաստանից  դուրս` օտար երկրում, ինչպես պետք է կարողանաք արտաքինով տարբերել հային: Առաջինը, որ մտքով անցնում է, հայկական քիթն է: Ու չնայած ինքս հայկական քիթ չունեմ, ես էլ էի փորձում հայերին իրենց քթով  տարբերել:

Հայկական քթերի փնտրտուքը, որն այդպես էլ հաջողությամբ չպսակվեց

պատարագՊատկերացրեք մե~ծ եղեկեցի` լեցուն մի քանի հարյուր հավատացյալներով, որոնք լսում են կիրակնօրյա ժամերգությունը, և ես, որ շարքից շարք եմ անցնում ու հերթով զննում եմ  պատարագը լսողների դեմքերը, մասնավորապես` քթերը:

Հարցուփորձով պարզեցի, որ հայկական համայնքը կիրակի օրը հավաքվելու է պատարագի Բոլոր սրբերի եկեղեցում:

Սրտի թրթիռով բացեցի եկեղեցու մեծ դուռն ու ներս մտա` չիմանալով, թե ներսում ինչ կգտնեմ:

Երբ ներս մտա` պատարագն արդեն սկսվել էր: Եկեղեցում մոտ 2-3  հարյուր, գուցե և ավելի մարդ էր հավաքված: Մի մասը նստած, մյուս մասը կանգնած հոգևորականին էին լսում: Վերջինս խոսում էր լեհերեն, ժամերգությունն էլ էր լեհերեն: Այստեղ հիասթափության առաջին հարվածը զգացի. եթե դա էր հայերի համար պատարագը, ապա այդտեղ հայկական ոչինչ չկար: Սկսեցի շարքից շարք անցնել և ուսումնասիրել  մարդկանց արտաքինը. շեկ մազեր, սուր ու փոքրիկ քիթ, կապտականաչավուն աչքեր: Հուսահատված մտածեցի, որ եկեղեցում հայեր չկան, երբ պատահաբար նկատեցի մի աղջկա, որ հայկական քիթ ուներ ու արտաքուստ էլ լեհի նման չէր: Պարզվեց, որ նա  ևս լեհ է, անունն էլ Ագնեշկա: Նա եկեղեցականից իմացավ, որ հայերի համար պատարագն այլ սրահում է անցկացվում:

Երբ աստիճաններով իջնում էի նկուղային հարկը, որտեղից հայերեն շարականի ձայներ էին լսվում, նորից հուզվեցի ու մոռացա մինչ այդ ապրած հիասթափությունս. վերջապես գտել եմ հայերին: Սակայն տեսածս սառը ցնցուղ էր ինձ համար. ակնկալիքներս ու իրականությունը միմյանց չէին համապատասխանում:

Երբ հայկական աղբյուրներն ես նայում, տեղեկանում ես, որ Լեհաստանում շուրջ 80 հազար ծագումով հայ կա, խոշոր ու հզոր հայկական համայնք ունենք: Նման  տեղեկատվության ֆոնին ակնկալում ես  գոնե մի քանի տասնյակ մարդու գտնել եկեղեցում: Ժամերգությանը, սակայն, ներկա էր ընդամենը 13 մարդ: Ավելի ուշ, երբ հարցնում եմ, թե սովորաբար պատարագին քանի մարդ է մասնակցում, հումորով պատասխանում են. «Այնքան մարդ, որքան հիմա ենք, չհաշված ձեզ»:

Ըստ Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխի` Լեհաստանում առավելագույնը 10 հազար հայ է բնակվում. «Հայկական ծագմամբ մարդիկ շատ կան, սակայն նրանցից քչերն են ընդունում իրենց հայկական արմատները, առավել քիչ մասն է, որ նաև ընդգրկված է որևէ հայկական կազմակերպությունում»: 2011-ի մարդահամարի տվյալներով` Լեհաստանում շուրջ 3 հազար հայ է բնակվում, որոնցից հազարն իրենց համարում են և՛ լեհ, և՛ հայ:

Հաջորդ հարվածն աղոթագիրքն էր. մի քանի րոպե կորցրել էի խոսելու, մտածելու, շարժվելու ունակությունը,  երբ բացեցի ինձ հանձնած աղոթագիրքն ու մեսրոպյան տառերի փոխարեն գտա լեհերեն տառերով և հայերեն բառերով գրվածքներ` կողքին լեհերեն թարգմանությամբ:

Քիչ անց պարզվեց, որ սրահում որևէ մեկը հայերեն չի խոսում, բացառությամբ լեհ քահանայի:

Հայերի հետ անգլերենով և ռուսերենով, լեհի հետ` հայերենով

համայնք

Վարշավայում հայկական համայնքի ներկայացուցիչները

Հայր Ռաֆայել վարդապետ Կռաֆշիկը հայկական ծագում չունի, լեհ է: Ասում է, որ հայերի հետ առաջին անգամ ծանոթացել է Ռուսաստանում` Դոնի Ռոստովում: Այդ ժամանակ էլ որոշել է, որ որպես հոգևոր հովիվ պետք է ծառայի  կաթոլիկ հայերին: Հայկական տարբերակով պատարագ անցկացնելու համար երեք անգամ Հայաստան է այցելել: Այդ ընթացքում էլ սովորել է հայերեն խոսել: Հայր Ռաֆայելի հետ խոսում ենք հայերենով: Ասում է, որ չի ուզում հայերենով խոսելու առիթը բաց թողնել,  Լեհաստանում հայերեն խոսող չկա և աստիճանաբար սովորածը մոռանում է:

Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ էլ շփվում ենք ռուսերենով և անգլերենով: Պարզվում է, որ այստեղ բոլորն ընկերներ են, համայնքային հավաքներն էլ կարծես իրար տեսնելու, միմյանց ողջությունն իմանալու առիթ է: Ինձ էլ ջերմ ընդունում են, անգամ հրավիրում   են օրեր անց կայանալիք հավաքին: Հայ լինելու հանգամանքը բավարար է, որ մարդ այստեղ ջերմ ընդունելություն և բարյացկամ ընկերների պոտենցիալ շրջանակ գտնի:

Լեհահայերն ունեն նաև իրենց պարբերականը` «Ավետիսը», որը հրատարակվում է 2009-ից: Երկլեզու պարբերականը եռամսյա է և տարածվում է անվճար: 2012-ին պարբերականը  Սփյուռքի նախարարության պատվոգրի է արժանացել  Հայրենիք-Սփյուռք գործակցության, հայապահպանության հիմնախնդիրների, Սփյուռքում ծավալվող իրադարձությունների լուսաբանման և վերլուծության, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների ներկայացման ու տարածման համար:

Հայերն ունեն նաև մի քանի շաբաթօրյա դպրոցներ, որոնցից մեկը` Վարշավայում: Դպրոցների գործունեությունը ֆինանսավորում է լեհական կառավարությունը: 2012-ի տվյալներով` Վարշավայի հայկական դպրոցում սովորում է 25 աշակերտ (ցավոք, ժամանակի սղության պատճառով հայկական դպրոցում լինել չհասցրեցինք):

Լեհահայերի հարստությունը` ապահով ձեռքերում

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը ցույց է տալիս ջրից քայքայված գրքի փրկված էջերը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը ցույց է տալիս ջրից քայքայված գրքի փրկված էջերը

Լեհաստանում հայկական համայնքի կյանքը կազմակերպում և ժառանգությունն է պահպանում  Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամը, որը ստեղծվել է 2006-ին: Կազմակերպության գրասենյակի երեք սենյակներում ամփոփված է լեհահայերի հարստությունը` գրքերը: Սենյակներից մեկում պահպանվում են մինչև XIX դարի գրքերը` շուրջ 500 կտոր, հայերեն, լեհերեն և այլ լեզուներով: Հիմնադրամը գումար է հատկացրել գրքերը կոնսերվացնելու, փչացած մասերը վերականգնելու, պաշտպանիչ ծրարներում ամփոփելու համար: Մյուս սենյակում XIX դարում ստեղծված գրքերն են, իսկ երրորդում` լեհահայերի փաստաթղթերն են, ինչպես, օրինակ` եկեղեցական մատյանները  և այլն:

Արմեն Արտվիխը շրջում է լեհահայերի «մատենադարանում» ու հերթով ներկայացնում գրքերը, թե ինչպես  է յուրաքանչյուրն  իրենց հասել, ինչպես են կարողացել վերականգնել, մասնագետները, որքանով են կարևորել գրքի բովանդակությունը: Զգացվում է, որ անցյալն իր մեջ ամփոփող ամեն իր այստեղ գնահատված է ու ապահով ձեռքերում:

Այն հարցին, թե ինչ է նշանակում հայ լինել Լեհաստանում, Արտվիխը պատասխանում է. «Կարծում եմ, որ հայ լինելը բոլորովին չի խանգարում լեհ լինելուն և Լեհաստանի լավ քաղաքացի լինելուն: Նախ` նշանակում է հիշել իր արմատների մասին և երկրորդ` անել ինչ-որ բան Լեհաստանում հայկական մշակույթի պահպանության համար»:

Ձուլվե՞լ, թե՞ չձուլվել. սա է խնդիրը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը ներկայացնում է գրքի պատմությունն ու  նշանակությունը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը ներկայացնում է գրքի պատմությունն ու նշանակությունը

Խոսելով Լեհաստանում հայկական համայնքի կազմավորման մասին` Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչն ասում է, որ  լեհահայերը երեք խմբի են բաժանվում` հայեր, որոնք Լեհաստանում են հաստատվել XIII դարից սկսած. նրանք դեռ այն ժամանակ կորցրել էին  իրենց լեզուն: XVII դարից սկսած` այստեղ հաստատվում են հայախոս հայեր, որոնց մի մասը մինչև Երկրորդ աշխարհամարտը դեռ խոսում էր արևմտահայերենով: Երրորդ խումբը 1988-ից և հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո Լեհաստանում հաստատված հայերն են:

«Այս խմբերի հետաքրքրությունները տարբեր են: Առաջին երկու խմբերն այստեղ են ապրում վաղուց, ունեն Լեհաստանի քաղաքացիություն, իրենց Լեհաստանի քաղաքացի են զգում. լեհեր են, որոնք հպարտանում են իրենց հայկական ծագումով,- բացատրում է հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը:- Երրորդ խումբը  բոլորովին այլ խնդիրներ ունի, նրանք ևս միասեռ չեն, կան մարդիկ, որոնք Լեհաստան են գալիս, բայց Լեհաստանը վերջնակետը չէ, այլ ընդամենը կանգառ Արևմտյան Եվրոպա տանող ճանապարհին: Կան մարդիկ, որոնք Լեհաստանում են ապրում, բայց  վաստակած գումարը Հայաստան են ուղարկում:  Կան մարդիկ, որոնք հաստատվել են Լեհաստանում, ուզում են, որ իրենց երեխաներն այստեղ դպրոց գնան, այստեղ ապրեն»:

Այն հարցին, թե արդյոք շփվու՞մ են «նոր» հայերի հետ, Աբգարովիչը պատասխանում է, որ իրենք բաց են բոլոր ցանկացողների համար:

Հայկական համայնքի, մասնավորապես «նոր» հայերի ապագայի հարցում Արտվիխը և Աբգարովիչը մի փոքր տարակարծիք են: Արտվիխի խոսքով` ամեն քաղաքում գոնե մեկ հայ ընտանիք կա, մինչդեռ ամեն տեղ չէ, որ կա հայկական դպրոց, եկեղեցի, շատ են խառնամուսնությունները, ուստի մեկ-երկու սերունդ հետո ձուլման վտանգը մեծ կլինի:
Մինչդեռ Աբգարովիչը կարծում է, որ երբ «նոր» հայերն էլ տնտեսական առումով բարեկեցության հասնեն, կսկսեն մտածել մշակութայինի, իրենց արմատների մասին, ինչպես «հին» հայերի դեպքում է եղել:

 

 

Վարշավայում ամեն ինչ կոչված է քաղաքացու արժանապատվության պահպանմանը, Երևանում` նվաստացմանը

Yerevan-WarsawՎերջերս առիթ եղավ կարճ ժամանակով ապրելու Վարշավայում` Լեհաստանի մայրաքաղում: Այդ ժամանակամիջոցում ամեն վայրկյան համեմատում էի Վարշավան ու Երևանը: Հասկացա, որ մենք շատ հեռու ենք եվրոպական մտածելակերպից ու արժեքներից, իսկ Երևանը` Վարշավայի համեմատությամբ, գավառական  անհարմար գյուղ է կամ լավագույն դեպքում` գյուղաքաղաք:

Վարշավան` հարմարավետ ու քաղաքակիրթ կյանքի սիրահարների քաղաք

Սևեռված պատուհանից էի նայում, երբ օդանավը վայրէջք էր կատարում Վարշավայում: Ակնկալում էի տեսնել շենք-շինությունների շարաններ, բայց փոխարենը միայն կանաչ էր երևում: Երբ ավելի մոտեցանք, անտառների ու պուրակների միջից սկսեցին հատուկենտ շենքեր երևալ: Միևնույն է, մինչև վերջին վայրկյանը պատուհանից երևացող տեսարանում գերակշռողը կանաչն էր:

Վարշավա-հին քաղաքՎարշավայում գտնվելու սկզբնական օրերին ամեն քայլափոխին զարմանում էի` ինչպե՞ս է, որ իրենց մոտ որևէ գործարարի կամ պաշտոնյայի  մտքով չի  անցել, որ  կիլոմետրերով կանաչ տարածքներ քաղաքին պետք չեն, ավելի «պիտանի»  կլինեն դրանց տեղում կառուցված խանութներն ու սրճարանները: Առավել զարմանալի էր, թե ինչ խնամված ու մաքուր էին պուրակներն ու այգիները: Ցանկության դեպքում անգամ մի ծուռ թուփ գտնել հնարավոր չէ:

Վարշավայում հասարակական տրանսպորտից օգտվելիս նոր միայն հասկանում ես, թե ինչ ասել է քաղաքակիրթ տրանսպորտ: Այստեղ ներքաղաքային հասարակական տրանսպորտը տեղական իշխանություններին է պատկանում, բյուջեից էլ սուբսիդիաներ են հատկացվում տրանսպորտային համակարգի  շարունակական արդիականացման և պահպանման համար:

Եվ քանի որ տրանսպորտային բոլոր տեսակները քաղաքապետարանին են պատկանում, ոչ թե մասնավորին, ամեն ինչ փոխկապակցված է: Նույն տոմսով կարող ես օգտվել թե՛ ավտոբուսից, թե՛ տրամվայից և թե՛ մետրոյից: Ընդ որում, գործում է տոմսերի ճկուն համակարգ. ըստ քո ընտրության կարող ես գնել մեկանգամյա, 15-րոպեանոց, մեկ օրվա, երեք օրվա համար տոմս  կամ էլ ունենալ մշտական քարտ:

Ընդ որում, որքան երկար ժամանակահատվածի համար ես գնում, ֆինանսական առումով այնքան ավելի շահավետ է: Այսպես, օրինակ` 1 օրվա տոմսն արժե 12 զլոտի, 3 օրվա տոմսը` 30 զլոտի(10 դոլար): Ընդ որում, այդ տոմսով երեք օրվա ընթացքում կարող ես անսահմանափակ քանակությամբ օգտվել տրանսպորտի ցանկացած տեսակից: Օրինակ` իմ` Վարշավայում գտնվելու ընթացքում գործի բերումով այնքան էի օգտվում տրանսպորտից, որ Երևանում նման պարագայում օրական նվազագույնը ստիպված կլինեի վճարել 1500 դրամ, Վարշավայում` ոչ, ես տոմս ունեմ:

տրամվայՏոմսը կարելի է ձեռք բերել ցանկացած թերթի կրպակից կամ էլ կանգառների մոտ տեղադրված տերմինալներից: Ավտոբուս մուտք գործելիս  հարկավոր է ընդամենը դակել տոմսը և վերջ, երեք օր կարելի է մոռանալ տոմսի մասին:

Նշեմ, որ թոշակառուների և վետերանների համար տրանսպորտը ձրի է, իսկ ուսանողները և սոցիալապես  խոցելի խավերի ներկայացուցիչներն օգտվում են զեղչային համակարգից:

Հասարակական տրանսպորտի մյուս առավելությունը վայրկենական  ճշգրտությամբ աշխատելն է: Բոլոր կանգառներում  ցուցակ է փակցված, որտեղ նշված են այդ տեղով  անցնող տրանսպորտային միջոցների համարները, կանգառները  և չվացուցակը: Երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ րոպե ուշացման ականատես չեղա. նշված ժամին ավտոբուսը հասնում է կանգառ ու դռները բացում:

Նշեմ, որ այստեղ տրանսպորտը գործում է նաև գիշերվա ժամերին, պարզապես երեկոյան 11-ից հետո,  էլի ըստ չվացուցակի, ժամը մեկ պարբերականությամբ, մինչ առավոտյան 6-ը:

Ուշագրավ է, որ օրվա որևէ ժամի Վարշավայում չտեսա գերբեռնված տրանսպորտ, ինչպիսին Երևանում ամեն քայլափոխի ենք հանդիպում, ամենածանրաբեռնված ժամին ամեն ավտոբուսում մի քանի կանգնած մարդ էր:

Այստեղ ուղևորը վարորդի հետ որևէ առնչություն չի ունենում. ո՛չ գումար է տալիս, ո՛չ գոռում` կանգառում կպահեք: Սպիտակ վերնաշապիկով և փողկապով վարորդը հանգիստ ավտոբուսն է վարում` իր գործից չշեղվելով: Բարձրախոսը նախապես հայտարարում է, թե որն է լինելու հաջորդ կանգառը: Էկրանին գրվում է հաջորդ կանգառի անվանումը, իսկ երթուղին պատկերող էկրանի վրա նախորդ կանգառն արդեն պասիվանում է` կարմիրով ցույց տալով առաջիկա կանգառները: Ավտոբուսն էլ հանգիստ կանգնում է բոլոր նախատեսված կանգառներում:

Վարշավայի և Երևանի տրանսպորտներն ուղղակի անհամեմատելի են. առաջինը ստեղծվել է, որպեսզի քաղաքացին իրեն արժանապատիվ ու հարգված զգա, երկրորդը` որպեսզի քաղաքացուն հնարավորինս նվաստացնի:

Քաղաք` առանց խցանումների. սա իրականություն է, ոչ թե երազանք

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Վարշավայի մյուս առանձնահատկությունը խցանումների բացակայությունն է: Ճիշտ է, քաղաքից ելքի ու մուտքի ճանապարհներին երբեմն խցանումներ լինում են, բայց ոչ երբեք կենտրոնում: Եթե ես Երևանում տնից աշխատավայր եմ հասնում առնվազն  40 րոպեում,  ապա Վարշավայում նույն հեռավորությունն անցնում էի 20 րոպեում, ներառյալ` կանգառում տրանսպորտին սպասելը:

Նշեմ, որ այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված նաև ներքին տուրիզմի համար. ուրբաթ օրը երեկոյան կարող ես հատուկ տոմս գնել  (75 զլոտի կամ 25 դոլար) գնացքի համար և մինչև երկուշաբթի առավոտյան գնացքով ճամփորդել ինչքան ուզում ես, այցելել որ քաղաքը  սիրտդ կուզի:

Այդքանով հանդերձ, Վարշավայի բնակիչները դժգոհ են իրենց քաղաքապետից. ասում են, որ իր նախընտրական ծրագրերն ամբողջությամբ չի կատարել, բացի այդ, տրանսպորտի սակագինը բարձրացրել է: Այդ պատճառով հոկտեմբերի 13-ին այստեղ հանրաքվե տեղի կունենա, կորոշվի քաղաքապետի  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Ըստ օրենքի` քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր  եկող տարի: Այն հարցին, թե ինչու մեկ տարի չսպասեցին և նախընտրեցին ընտրությունների վրա հսկայական գումարներ ծախսել, լեհական հանրային հեռուստաընկերության լրագրողը պատասխանեց, որ այս քայլով ուզում են դաս տալ հետագա քաղաքապետներին` եթե նախընտրական խոստումներ է տվել, ուրեմն պետք է կատարի, այլապես քաղաքացիները, որոնք իրեն իշխանություն են տվել, կզրկեն նրան այդ իշխանությունից:

Լեհաստանում առանց լեհերենի հնարավոր չէ, Հայաստանում առանց հայերենի` խնդրեմ

Վարշավա-հին քաղաք2Ամենից առավել Լեհաստանում հիացնում է լեհերի սերն իրենց երկրի և լեզվի հանդեպ:  Նման բան Հայաստանում հաստատ տեսած չեք լինի: Անգամ ծիծաղելի է Հայաստանը տուրիստական երկիր անվանելը` համեմատելով մեր երկիր այցելող տուրիստների թիվը: Սակայն մեզ մոտ ամենուրեք օտար անուններ են` գրված անգլերենով, սրճարաններում, ռեստորաններում ճաշացանկը պարտադիր անգլերեն թարգմանություն ունի, սպասարկման ոլորտում ցանկացած տեղ աշխատանքի ընդունվելիս պարտադիր պայման է անգլերենի գերազանց իմացությունը:

Իսկ տուրիստական Լեհաստանում (հատկապես Վարշավայի և Կրակովի հին քաղաքներում  ցանկության դեպքում անգամ դժվար է լեհ գտնելը, բոլորը զբոսաշրջիկներ են) խոսում և գրում են միայն լեհերեն: Հյուրանոցներում,  բրենդային և ոչ բրենդային խանութներում, բանկերում, էլ չասեմ փողոցում անգլերեն խոսող մարդ գտնելը մեծ դժվարություն է (ռուսերենի մասին էլ չասեմ), ստիպված ես հաղորդակցվել ժեստերի լեզվով կամ սովորել լեհերենը: Անգամ երկաթուղային կայարանում, որտեղ զբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա, տոմս վաճառողները և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները միայն լեհերեն են խոսում, ուղղորդող վահանակները ևս  միայն լեհերեն են:

Մինչդեռ Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնում, որ իր երկրում գտնվող օտարերկրացին կարող է և գուցե պարտավոր է մի փոքր տիրապետել քո լեզվին: Ո~չ, մենք ամեն ինչ անում ենք, որ օտարերկրացին իրեն լավ զզա:

Լեհաստանում էլ է օտարերկրացին իրեն լավ զգում, բայց ոչ լեհի ազգայինի ստորադասման հաշվին, պարզապես սպասարկումն ու ծառայություններն են որակյալ:

Երևի թե բառերով փոխանցել հնարավոր չէ այն հիացմունքը, որով լեհերը խոսում են իրենց պատմության և մշակութային ժառանգության մասին: Մեր լրագրողական խմբի ուղեկից լեհը առիթը բաց չէր թողնում պատմելու, թե սովետական իշխանությունների դեմ ինչ պայքար են մղել Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիների ավերած հին քաղաքի յուրաքանչյուր շենքը վերականգնելու համար:

Մեզ մոտ լիներ` երևի խոսք էլ չէր լինի վերականգնելու մասին: Մենք անգամ պահպանվածն ենք քանդում, կարծես խանութ սարքելու համար այլ տարածք չկա:  Վարշավայից տարիքով կրկնակի մեծ Երևանում անգամ 100-ամյա շենք գտնելը դժվար է: Մինչդեռ լեհերը քար առ քար վերականգնել են հին Վարշավան, որ 80-90 տոկոսով կործանվել էր գերմանացիների ռմբակոծություններից:

Լեհերն այնպես են գնահատում իրենց մշակութային ժառանգությունը և մեծերին, որ թվում է, թե այդ ամենը բացառիկ է, միայն իրենք ունեն: Բայց երբ մոտիկից ես ծանոթանում, հասկանում ես, որ հայերս գուցե ավելի մեծ արժեքներ ունենք, սակայն օտարն այդ մասին չգիտի:

Անհնար է, որ որևէ զբոսաշրջիկ Վարշավայից հեռանա` առանց իմանալու, որ Շոպենը լեհ է եղել, և հեռանա առանց նրա ստեղծագործություններն ունկնդրելու:  Հայաստան այցելած քանի՞ զբոսաշրջիկ է իմանում, որ հայերս էլ Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան ենք ունեցել: Երևի ոչ ոք:

Ցավալի է, երբ Երևանի և Վարշավայի, Հայաստանի և Լեհաստանի միջև նման տարբերություններ կան, մանավանդ որ սոցիալիստական կարգերից հետո երկուսս էլ նույն դիրքից ենք մեկնարկը տվել:

Հ.Գ.
Նյութը հնարավոր եղավ պատրաստել շնորհիվ «Լեհա-չեխա-սլովակյան համերաշխության հիմնադրամի», որը սեմինար էր կազմակերպել «Անկախ լրատվամիջոցների  զարգացումը Եվրասիայում» խորագրով: Մասնակցում էին լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից և Մոլդովայից:  Սեմինարին Հայաստանը ներկայացնում էր «Անկախ»-ի թղթակիցը:

 

Գևորգ Կոստանյանն այն անձը չէ, որ լուրջ փոփոխություններ բերի. փաստաբան

արտակ զեյնալյանՀայաստանի դատաիրավական համակարգի վերաբերյալ ոլորտի հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ բազմիցս բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնել, վեր հանել, բողոքել: Օրինակ` միշտ էլ կարծիքներ են հնչել դատարանների անկախության, կառուցվածքային խնդիրների մասին և այլն: Փաստաբանների հետ զրույցներում կարմիր թելի պես անցնում են հատկապես դատարաններում փաստաբան–դատախազ հարաբերությունների ու հարաբերակցության մասին մտահոգությունները: Մասնավորապես` փաստաբանները դժգոհում են, որ դատարանը, ըստ էության, հանդես է գալիս, որպես դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության դակիչ, որ դատարանում փաստաբանն ու դատախազը, որն, իր էությամբ, պետության փաստաբանն է դատարանում, պետք է հանդես գան հավասար դիրքերից, սակայն մեր երկրի դատարաններում դատախազները միշտ ավելի բարձր դիրքերից հանդես եկողներ են դիտարկվում:

Այս առումով` հետաքրքիր է, թե դատաիրավական համակարգի վրա ինչպես կազդեն  հատկապես վերջին երկու` ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություները:  Մեր զրուցակիցն է փաստաբան Արտակ Զեյնալյանը:

– Պարո՛ն Զեյնալյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փոփոխություններից, ու ինչպես այդ փոփոխությունները կանդրադառնան դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա:

-Փաստաբանների պալատի նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազի փոփոխություններն ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն: Դրանք զուտ եղած պաշտոններում նոր անձանց նշանակում է: Մի դեպքում փաստաբանների պալատն ուղղակի` անմիջական քվեարկությամբ ընտրեց պալատի նախագահ, և կողմնակի ու օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ էր, որ ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ էին, ընտրություններն օրինական էին: Փաստաբանների պալատի նախագահը լրիվ վայելում է փաստաբանների պալատի աջակցությունը, ընտրված է փաստաբանների կողմից և լեգիտիմ է` անկախ նրանից` բոլորը նրա օգտին են քվեարկել, թե ոչ: Ակնհայտ է, որ օրինական ընտրության արդյունքում փաստաբանների պալատի նախագահը լինելու է Արա Զոհրաբյանը: Սա շատ ողջունելի է, և այն, ինչ կատարվեց փաստաբանների պալատում, շատ դրական է, ինչը չեմ կարող ասել գլխավոր դատախազի նշանակման մասին: Այն, որ քվեարկության արդյունքները կեղծվել են. մեկ քվեաթերթիկի կեղծված լինելն էլ և դրա բացահայտված չլինելն էլ բավական է, որ ցանկացած արդյունք չլինի հավաստի: Որոշ գնահատականներով` 25 դեմ քվեարկված քվեաթերթիկներ են եղել նշանակված գլխավոր դատախազի դեմ: Այն, որ ընտրությունը կեղծված էր,  հավաստի կամ ճշմարիտ կարելի է համարել այն մեկ քվեաթերթիկի հրապարակման փաստով, որ կեղծիք տեղի ունեցել է: Սա, իհարկե, շատ բացասական երևույթ է:

– Ի՞նչ կարող է փոխվել դատախազ–փաստաբան հարաբերությունների մասով:

– Դիրքերի առումով կարծում եմ` կտրուկ փոփոխություններ չեն կարող լինել: Դատախազությունը դրական շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի: Այն սկզբունքներն ու մեթոդները, որոնցով գործում են դատախազները, շատ հնացած են, և դրանց փոփոխմանը կարող է նպաստել միմիայն դատարանների անկախությունը: Եթե դատարաններն իրենց անկախ դրսևորեն, չկատարեն դատախազության կանխավարկածը կամ չառաջնորդվեն այն սկզբունքով, որ դատախազն ինչ ասում է` դատարանը պետք է դա հաստատի, ապա դատախազությունը ստիպված կլինի բարեփոխվել:

Այսօր փաստաբանությունը շատ արագ է զարգանում, որովհետև մշտապես գտնվում է հարվածի տակ, կոնֆլիկտի մեջ ու պետք է կատարելագործվի, որպեսզի կարողանա դիմակայել հարվածներին ու հարձակումներին: Իսկ դատախազությունը` ոչ այնքան. պահպանել է իր ոճը, նույն ձեռագիրը: Մեղադրական եզրակացությունները, ընդհանրապես գործերը կազմելիս պահպանվել է այն ոճը, ինչ կար տասնամյակներ շարունակ:

–Գլխավոր դատախազի անձի փոփոխությունից ինչ–որ բան կախվա՞ծ է:

– Անձանցից, այո՛, որոշ բան կախված է: Բայց չեմ կարծում, թե Գևորգ Կոստանյանն այն անձնավորությունն է, ով նման մեծ ու կտրուկ փոփոխություններ բերի: Նրա վարքագիծը, համենայն դեպս ամենաթարմ` վերջին վարքագիծը` կապված Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերի հետ, չի խոսում այն մասին, որ նա շատ լուրջ փոփոխություններ կկատարի: Քանի որ նա հանդուրժել է դա: Իսկ իր նշանակումն էլ տեղի ունեցավ կեղծիքով, սրանք այդ հույսը չեն տալիս:

– Դուք նշեցիք, որ փաստաբանների պալատն օրինական է ընտրվել, լեգիտիմ է, դա ինչպե՞ս է ազդելու փաստաբանների գործունեության վրա:

– Պալատի նոր նախագահը մանդատը ստացել է փաստաբաններից ու բավականին ուժեղ դիրքերից կարող է հանդես գալ և փաստաբանների հետ միասին կառավարել, ուղղորդել կազմակերպության ներուժը` որոշակի փոփոխությունների հասնելու համար: Նրա թիկունքին կանգնած է ամբողջ փաստաբանությունը:

– Այսինքն` զուտ ինքնավստահությա՞ն գործոնն է ազդելու:

– Ինքնավստահության, որ երկրի ամենամեծ ու հզոր, ամենագործուն և կայացած հասարակական կազմակերպությունը կանգնած է իր թիկունքին: Այսինքն` հասարակական կազմակերպությունը նրա դեմքով է հանդես գալիս:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք, առաջիկայում դատաիրավական համակարգում կլինե՞ն ինչ–որ փոփոխություններ, բարեփոխումներ, թե՞ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես մինչ այժմ էր:

– Որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, կլինեն, իհարկե տեմպերը գոհացուցիչ չեն: Օրինակ` նախապատրաստվում է օրենսգրքի ընդունում, մոտ ապագայում` վարչական դատավարության օրենսգրքի: Նախագծի քննարկումն արդեն եղել է Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովում,  ամսի 10-ից հետո կլինի ևս մեկ քննարկում, սակայն այստեղ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա: Իր էությամբ նախագիծը լրիվ նոր օրենսգիրք է, բայց որպեսզի խուսափեն երեք ընթերցմամբ անցնելու ընթացակարգից, ձևակերպում են հին օրենսգիրքը նոր խմբագրմամբ ընդունելու նպատակ: Իր էությամբ նախագիծը նոր օրենսգրքի նախագիծ է, բայց որպեսզի խուսափեն ԱԺ այդ ընթացակարգից, գնում են այդ տարբերակով: Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու: Մնալու է նույն վերնագիրը, օրենքի նույն համարը, բայց հոդվածների հերթականությունը լրիվ փոխվում է:

– Նաև բովանդակությունը:

– Այո, հերթականությունը երբ փոխվում է, բնականաբար, բովանդակությունն էլ է փոխվում: Սա առաջացնելու է խառնաշփոթ: Մյուս կողմից էլ ինքնանպատակ չէ նոր օրենքը կամ օրենսգիրքը երեք ընթերցմամբ ընթացակարգով ընդունելը: Դա օրենքի ընդունման պարտադիր ատրիբուտներից է` դրա որակի, լեգիտիմությամբ պայմանավորված: Բայց գտել են այդ զարտուղի ճանապարհը` սողանցքը, և երկու ընթերցմամբ պետք է անցկացնեն: Օրենքի որակը թողնենք մի կողմ, որակը լավն է, իհարկե, կարող է շատ ավելի լավը լինել: Բայց բարեփոխումներն այս ձևով անելը խորամանկություն է, կարծում եմ` չարժե ռիսկի տակ դնել այդքան կարևոր նախագիծը ընդամենը մի քանի ամիս շահելու համար: Կարծում եմ` չի կարելի այդ եղանակով բարեփոխումներ անել:

– Այսինքն` առաջիկա գոնե հինգ տարիներին Դուք լուրջ փոփոխության ակնկալիքներ չունե՞ք:

– Այդքան լավատես չեմ այդ առումով, հատկապես այդ Մաքսային միության ուրվականի առկայության պարագայում. լավատես չեմ, թե լուրջ ու էական բարեփոխումներ կլինեն:

Մարդիկ ժպտալու ժամանակ չունեն, բայց այդ հրաշալի օրը կգա

imagesԱբել Աբելյանը ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1996-2001 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի, այնուհետև Թատերարվեստի ռուսական ակադեմիայի դերասանական բաժնում: 2001-ից աշխատել է Մոսկվայի TV6 հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, 2003 թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Հայտնի պատմություններ» հաղորդաշարը, 2005 թ. ,Հ2 հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը, 2006 թ. եղել է «Ար» հեռուստաընկերության «Փոքր քաղաքի մեծ մարդիկ», «Ծանոթանանք, Երևան» հաղորդաշարերի վարողն ու ռեժիսորը: Նկարահանվել է «Չգրված օրենք», «Սրիկաները», «Խավարման օրը», «Մոնարխ», «Դիպուկահար» ֆիլմերում, նաև «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» հեռուստասերիալներում: 2007 թ. հիմնադրել է «Քասթինգի դպրոցը»` հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը, իսկ 2011-ից «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»:

–        Ինչո՞ւ Աբել Աբելյան:

–        Պապիկիս անունը եղել է Աբել Չալաբյան: Բայց, քանի որ նա երիտասարդ ժամանակ երգիչ է եղել, որոշել է իր համար բեմական ազգանուն ընտրել՝ Աբելյան: Եվ այդպես այն փոխանցվել է ինձ:

–        Իսկ ինչո՞ւ հենց դերասան և ռեժիսոր:

– Մայրս ռեժիսոր էր, հայրս՝ դերասան, իսկ ես բեմում էի մեծացել. խաղում էի բոլոր ներկայացումներն ու լավ գիտեի բնագավառի մթնոլորտը: Մայրս ինձ բանակից ազատելու համար ընդունեց թատերական ինստիտուտ, սակայն ես ավելի շատ ցանկանում էի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվել, ինչը, ցավոք, չստացվեց միավորները չբավականացնելու պատճառով: Թատերական հեշտությամբ ընդունվեցի, քանի որ մայրս այնտեղ էր դասավանդում և շատերն ինձ դեռ փոքրուց գիտեին: Առաջին երկու տարին չէի հասկանում՝ ինչ եմ ուզում, չէի սովորում և ավելի շատ կռիվների մեջ էի: Բայց  մեկ տարի անց մայրս իմ առջև հարց դրեց` կա՛մ սովորիր, կա՛մ գնա բանակ: Ես էլ սկսեցի լավ սովորել:

–        Չփնովելով հեռուստասերիալները՝ այնուամենայնիվ ի՞նչ եք մտածում, իրականում ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք:

images (3)–           Սերիալը կա՛մ պետք է լինի ցերեկային ժամերին, տնային տնտեսուհիների համար, կամ լինի մոտ 20-30 սերիա, այնուհետև աստիճանաբար նվազի՝ հասնելով մինչև 4-5 սերիայի, հետո՝ 3-2, ոչ թե շատանա: Փորձը ցույց է տալիս, որ սպառվում է թե՛ հեռուստադիտողը, թե՛ սցենարիստը, չէ՞ որ ամեն օր չես կարող ստեղծագործել, այն էլ` որակով: Դա ծննդաբերության պես մի բան է:

–        Կարծիք կա, որ սերիալներ նկարելու համար ավելի շատ գումար է ներդրվում, քան միջազգային մակարդակի ֆիլմերի:

–           Եթե համեմատենք համաշխարհային կամ նույնիսկ Վրաստանի կինոյի հետ, որտեղ թանկության պատճառով սերիալներ քիչ են նկարվում, մեզ մոտ կինոարտադրության այդ ճյուղի վրա կոպեկներ են ծախսվում: Այսօր կրճատվել է նաև դերասանների աշխատավարձը: Գործարարները կարող են նպաստել այդ ոլորտի զարգացմանը:

–        Բայց նրանք ունե՞ն այդ ցանկությունը:

– Ավելի շատ ստեղծագործողների շրջանում է նկատվում: Այսօր մեր հայրենակիցներից շատերը կարողանում են նույնիսկ փոքր բյուջեով ֆիլմեր նկարել: Կարևորն այն է, որ մարդիկ չեն հիասթափվել, և կարծում եմ՝ կգա մի օր, երբ պետական աջակցությունն ավելի շատ կլինի:

–        Երեք բառով նկարագրեք Ձեր անձը:

–           Ոչ վատ մարդ:

–        Ոչ վատ մարդ, որը հիմնել է սեփական կրթական ստուդիան: Ի՞նչ առանձնահատկություն ունի այն մյուս դպրոցների համեմատ:

– Առաջինը «Քասթինգի դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնն է եղել, հետո բացվեց առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, և լուրեր տարածվեցին, թե ո՞վ է ասել, որ դա առաջին ստուդիան է: Բացատրեմ. առաջին, որովհետև երբ մեր ստուդիան հիմնվում էր (2008 թ. հաղորդավարական, 2011 թ.՝ դերասանական), այդ ժամանակ նման բան չկար և՛ ՀՀ-ում,  և՛ Անդրկովկասում (8-9 առարկա՝ սուսերամարտ, կասկադիորական արվեստ, վոկալ, դերասանական վարպետություն, բեմական խոսք և այլն, գումարած` լուրջ տեխնիկա): Եվ պրոֆեսիոնալ, որովհետև այս հաստատությունում դասավանդում են միայն արհեստավարժ և հայտնի մասնագետներ: Շուտով նոր նախագիծ ենք սկսում, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել: Մեկ տարվա ընթացքում, բացի տեսականից, լինելու է հեռուստառեժիսուրայի, օպերատորական արվեստի և մոնտաժի միասնական գործնական դասընթաց:

–        Այսինքն՝ կադրեր են պատրաստվելու: Բայց արդյոք աշխատատեղերի դռները բա՞ց են այդ երիտասարդների համար:

–           Սա հենց բարդ հիմնահարցերից է: Խորհրդային ժամանակներում պետական հաստատությունները պարտավորված էին շրջանավարտներին աշխատանքի տեղավորել: Ընդունում էին այնքան թվով ուսանողներ, որքան անհրաժեշտ էր աշխատաշուկային, որովհետև նաև մարզեր էին ուղարկում: Իսկ այսօր պատկերն այլ է: Մենք մեր սաներին չենք խոստանում, որ աշխատանքի ենք տեղավորելու: Այդուհանդերձ, փառք աստծո, մեր սաների 20-22 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:

–        XXI դարն արագության և կատաղի մրցակցության դար է: Ինչպե՞ս կարող է շրջանավարտը ոլորտ մտնել:

–           Ոլորտում ներգրավվելու համար անհրաժեշտ է շատ ու շատ համառություն: Հիշում եմ, թե ինչպես էի փորձում մտնել հեռուստատեսություն: Լուրջ նախագծեր էի ներկայացնում, բայց դռները փակում էին, ժամադրում էին, բայց խույս էին տալիս:  Իսկ այսօր նույն մարդիկ իրենք են ինձ խնդրում համագործակցել իրենց հետ, սակայն մերժում եմ:

–        Որքա՞ն ժամանակ պահանջվեց հեռուստաոլորտում կայանալու համար:

– Մոտավորապես 10 տարի: Եվ հաջողվեց միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ էի այդ ոլորտի համար: Կարծում եմ՝ եթե հեշտ և արագ ստացվեր, արդյունք չէի տեսնի: Մինչդեռ այդ նահանջի, վայրէջքների ընթացքում վերանայում էի սխալներս:

–        Միայն համառությունը բավարա՞ր է:

–           Համառության հետ պետք է նաև սովորես և գնաս առաջ: Եվ չպետք է սպասես, որ քեզ փնտրեն: Բայց արի ու տես` կան մարդիկ, որոնք առանց պայքարելու շատ արագ հասնում են հաջողության:

–        Նկարահանվել եք բազմաթիվ ֆիլմերում, հեռուստասերիալներում, բայց քանի՞ ֆիլմ եք նկարել:

–           Նկարել եմ Հայաստանի մասին մեկ վավերագրական ֆիլմ, որը գլուխգործոց չէր, բայց շնորհիվ դասական մոտեցման՝ Վրաստանում արժանացավ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակի:

–        Նոր ծրագրե՞ր…

– Նոր ֆիլմ ենք նկարելու, որի սցենարը դեռ ընթացքի մեջ է: Տեսնենք՝ ինչ կստացվի:

–           Համաձա՞յն եք, որ մեզ մոտ լավ սցենարիստների պակաս կա:

–           Այո, լավ մասնագետները քիչ են: Գուցե նրանից է, որ ժամանակին լուրջ սցենարիստական դպրոց չենք ունեցել:

–       Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց…

–         Բացի մարդկային ջերմությունից: Շփումն է պակասում: Սոցկայքերը լուրջ ձեռքբերումներ են, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ սառել են, նրանց մեջ անտարբերություն կա, ինչը մեր մտածելակերպին այնքան էլ հատուկ չէ:

–           Ինչպիսի՞ն ես տեսնում Հայաստանը 10 տարի հետո:

–           Պայծառ, եթե իհարկե օգտագործենք մեր հզոր ներուժը, չնեղանանք և չլքենք երկիրը: Ես էլ եմ երբեմն ցանկացել հեռանալ հայրենիքից, բայց համբերել եմ: Շատ կուզենայի, որ մոտ ապագայում մեր երկիրը բարգավաճի և մարդկանց դեմքին առողջ ժպիտ հայտնվի: Այսօր խնդիրներն այնքան շատ են և խորը, որ ժամանակ չի էլ մնում ժպտալու: Մի դեպք հիշեցի: Մի անգամ մի մուրացիկի մեծ գումար տվեցի, բայց նա, ի զարմանս ինձ, չուրախացավ: Նրա խնդիրներն այնքան շատ էին, որ այդ գումարը դրանք չէր կարող լուծել: Մենք, քաղաքացիներս, պետք է չհիասթափվենք, նաև թույլ չտանք, որ ուրիշներին էլ հիասթափեցնեն: Հավատում եմ, որ շուտով մի լույս կբացվի, կլուծվեն մեր երկրի առջև դրված խնդիրներն ու մարդիկ նորից կժպտան:

Զրույցը վարեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ