5 հատ կարտոֆիլ
150 գ կոշտ պանիր
սամիթ կամ այլ կանաչի` մի քանի ցողուն
ձեթ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել ու կեղևահանել, կտրատել օղակներով, պանիրը` բարակ շերտերով, սամիթը նույնպես լվանալ ու մանրացնել:
Կարտոֆիլի օղակները տապակել ձեթի մեջ մինչև վարդագունելը, հետո, յուրաքանչյուր կտորի վրա դնել պանրաշերտը, ու մարմանդ կրակի վրա, փակ կափարիչով թավայում եփել այնքան, որ պանիրը հալչի, ապա թավան վերցնել կրակից, կարտոֆիլի պատրաստի կտորները շարել ափսեի մեջ, վրան կանաչի ցանել ու մատուցել:
Պանրով նախուտեստ
Բաղադրությունը
150 գ կոշտ պանիր
1 լոլիկ
2 պճեղ սխտոր
հազար` 2 տերև
մայոնեզ
կարտոֆիլե չիփս
զեյթուն` ձևավորման համար:
Պատրաստման եղանակը
Լոլիկի վրա եռման ջուր լցնել, որ հեշտությամբ կեղևահանվի, ապա միջուկը նույնպես հանել; Մանրացնել ու լցնել փոքր թասի մեջ: Հազարի տերևները լվանալ ու թողնել որ չորանան:
Պանիրը քերել ոչ մեծ անցքերով, սամիթը մանրացնել, սխտորն էլ ճզմել: Պանիրը, կանաչին ու սխտորը լցնել լոլիկի վրա, ավելացնել մայոնեզ ըստ ճաշակի ու խառնել իրար:
Պանրային այդ խառնուրդը լցնել հազարի տերևներով ափսեի մեջ կիտած չիփսի բլրի վրա, ձևավորել կտրած զեյթունով ու մատուցել:
Մեկ այլ տարբերակ
Նույն զանգվածը կարելի է լցնել հացուտիկների (տարտալետկա) մեջ, կամ էլ գնդեր ձևավորել ու կանաչու և լոլիկի հավելումով տարբեր գույներ ստանալ:
Նախագահական ընտրություններն էլ Ուկրաինային խաղաղություն չբերեցին
Ուկրաինայում կիրակի կայացան նախագահական ընտրություններ: Ենթադրություններ կային, որ ընտրություններին քաղաքացիների անհրաժեշտ քանակությամբ մասնակցություն չի լինի և ելքը կորոշվի երկրորդ փուլով, բայց ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմեց 60,29%, ընտրությունները կայացած համարվեցին: Ուկրաինան նոր նախագահ ունի, որ «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է:
Դեռևս մայիսի 12-ին Ուկրաինայի արևելյան նահանգներում` Դոնեցկում և Լուգանսկում, անցկացվեցին հանրաքվեներ` ինքնավարության հարցով, և երկու դեպքում էլ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Հռչակվեցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքն այդ հանրաքվեների արդյունքները չընդունեցին, ինչպես որ չէին ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այնուհետև, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն հայտնեց առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ` մատնանշելով Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարեց, որ Ուկրաինայի որոշ շրջաններում արդեն անհնար է անցկացնել նորմալ քվեարկություն: Բայց և նշեց, որ տվյալ ընտրատարածքներում ընտրություններ չանցկացնելը չի նշանակում, թե Ուկրաինայում առհասարակ չեն կայանալու ընտրությունները:
Ուկրաինայի իշխանություններին չմտահոգեց անգամ ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Յուջին Ռումերի և Էնդրյու Վայսի կոչն Ուկրաինայում նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Քաղաքագետները հայտարարել էին, որ այն պայմաններում, երբ երկիրը բոլորի աչքի առաջ փլուզվում է, անհնար է ընտրությունների համոզիչ արդյունքներ ապահովել:
Մայիսի 22-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ինքնավարություններն ուշագրավ հայտարարություն արեցին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ որոշել է դիմել Ռուսաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարեց, որ ռազմական դրություն է մտցնում հանրապետությունում: Բոլորը սպասում էին Ռուսաստանի դիրքորոշմանը: Այն չուշացավ: Մայիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում նշեց. «Մենք հասկանում, տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են` երկիրը դուրս գա այդ ճգնաժամից: Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում և կհարգենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»:
Սա, փաստորեն, Ռուսաստանի «կանաչ լույսն» էր ուկրաինական ընտրություններին: Այսուհանդերձ, հաջորդ օրը` մայիսի 24-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց երկրի քաղաքացիներին, որ նորընտիր նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել: «Մենք անպայման կունենանք օրինական ճանապարհով ընտրված նախագահ, որն իր առաջին այցը կկատարի միավորված Եվրոպայի մայրաքաղաք և ստորագրություն կդնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի տակ»,- ասաց նա: Սա նշանակում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տիրույթում չի լինելու, ինչը չի խանգարում Ռուսաստանին երկխոսություն սկսել ուկրաինական իշխանությունների հետ:
«Կայսրը մեռավ, կեցցե՛ կայսրը»
Այս ամենից հետո Ուկրաինայի, ավելի ճիշտ` Ուկրաինայում մնացած տարածքների նախագահ ընտրվեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Սա, կարծես, զավեշտի ժանրից լինի. մի երկրում, որտեղ ընդամենը ամիսներ առաջ ամբոխը պայքարում էր օլիգարխների դեմ, հետո հպարտանում, թե հաղթեց օլիգարխիային, լեգիտիմ ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց նույն օլիգարխիայի ներկայացուցիչը: Պորոշենկոյի միասնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարեց անգամ, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընտրարշավի համար ծախսել է 90 մլն գրիվեն (մոտ 7,7 մլն դոլար): Սրանով, այսպես ասած, ավարտվեց Մայդանի տենդը, այլևս ոչ ոք չի հայտարարում նոր նախագահին լյուստրացիա անելու անհրաժեշտության մասին:
Ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո` մայիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապեց շնորհավորել Ուկրաինային ընտրությունների կայացման կապակցությամբ: Օբաման հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում դարձան քայլ դեպի երկրի միասնություն:
ԱՄՆ-ի նախագահից հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշեց, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան: «Այս ընտրությունները հաստատել են ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ուղեգիծը»,- ասել է դիտորդական խմբի համակարգող Ժոաո Սոարեսը:
Ուշագրավ է, որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես հայտարարեց, որ կհարգի նախագահական ընտրությունների արդյունքները, թեև ընտրությունների օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը: Յանուկովիչի խոսքով` նոր իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ երկրում իրավիճակը կայունացնելն է:
Այս առումով բավականին հետաքրքիր էր Ուկրաինայի նորընտիր նախագահի հայտարարությունը: Երբ արդեն պարզ էր, որ հենց Պորոշենկոն է ընտրվել Ուկրաինայի նախագահ, նա հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկանում է հունիսի առաջին կեսին հանդիպել ռուսական ղեկավարության հետ: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք Պուտինի հետ գիտենք միմյանց»,- ընդգծել է նա` հավելելով, որ Ուկրաինայի արևելքում կայունություն ու խաղաղություն հաստատելն առանց Մոսկվայի միջամտության հնարավոր չի լինի:
Կարծես լուրջ նախադրյալներ ստեղծվեցին ուկրաինական խնդրի կարգավորման համար, որովհետև, ի պատասխան Պորոշենկոյի հայտարարության` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք լսում ենք` ինչ մտադրությունների մասին է խոսում Պորոշենկոն` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Նա դրանք ամենից կարևոր է համարում: Մենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, պատրաստ ենք Կիևի ներկայացուցիչների հետ երկխոսության, մենք պատրաստ ենք Պորոշենկոյի հետ երկխոսության»:
ԵՄ-ն, իր հերթին, ողջունելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները, ի դեմս Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարեց, որ ողջունում է ռուսական կողմի` ընտրությունների արդյունքները հարգելու և նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ հայտարարությունները:
Պորոշենկոն հայտարարեց նաև, որ նախագահի պաշտոնում իր համար առաջնահերթություն կլինի եվրաինտեգրումը: Բայց ընտրությունների հենց հաջորդ օրը հայտարարեց, որ աջակցում է արևելյան Ուկրաինայում ուժային գործողությունների շարունակմանը և առաջարկեց ակտիվացնել դրանք: Հենց նույն օրն ուկրաինացի զինվորականները ծանր հրետանային զենքից կրակ բացեցին Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա ավանի վրա: Հաղորդվեց, որ ավիացիան ռմբակոծում է նաև Դոնեցկի օդանավակայանը: Ինտերֆաքսը տեղեկացրեց, որ Վոստոչնի ավանում հրաձգության տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները:
Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարած տվյալների` մայիսի 26-ին Կիևի անցկացրած ուժային գործողությունների հետևանքով 100 մարդ է զոհվել` ավելի քան 50 աշխարհազորային և մոտ 50 խաղաղ բնակիչ, իսկ հիվանդանոցում մոտ 31 վիրավոր է գտնվում: Այս դեպքում միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ արեց դադարեցնել ուժային գործողությունները և հայտարարեց, որ Մոսկվան ԵԱՀԿ-ից օբյեկտիվ տվյալներ է ակնկալում Դոնեցկի ծայրամասում բախումների վերաբերյալ:
Ընտրություններին հաջորդած ամենահետաքրքիր զարգացումներից մեկն էլ այն էր, որ մայիսի 27-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարեց, որ Ուկրաինան սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը:
Սրան, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն Ռուսաստանի հակաքայլերը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատասխանները, և վիճակը, կայունանալու փոխարեն` էլ ավելի կսրվի:
Կառավարության համար` «հավակնոտ», մեր բակի վարպետ Աբոյի համար` հերթական ծրագիրը
«Արա՛մ ջան, ինձ մի տուփ սիգարետ տուր»,- դիմում եմ մեր բակի խանութպանին, որ իր ավտոտնակը վերափոխել է «վաճառատնակի»: Մինչ Արամը թեքվում է դեպի սիգարետների դարակաշարը, որ իմ ուզած ապրանքը տա, նրա վաճառասեղանի դիմաց փոքրիկ հեռուստացույցն ուրախ-ուրախ աղմկում է, թե ԱԺ-ում այսօր այսքան դեմ, այսքան կողմ, այսքան ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացավ կառավարության նոր ծրագիրը: Հետո ռեպորտաժը պատրաստած լրագրողը սկսում է թվարկել, թե ինչ «բարիքներ» է նախատեսում կառավարության նոր ծրագիրը փոքր ու միջին բիզնեսի համար, որ այն ուղղված է լինելու ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, որ խթանվելու են ներդրումները, որ, որ, որ…
– Արա՛մ,- ասում եմ,- տե՛ս, կառավարությունը սկսել է քո մասին մտածել, որոշել է քեզ համար շրջանառության հարկը զրոյացնել, որ զարգանաս, հարկայինին էլ հրահանգել է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնել քո խանութում, որ ավելորդ անգամ չանհանգստանաս հարկայինի բադին-կոզբադինների անհարկի ու անսպասելի այցելություններից, որ դուքանդ դարձնես մարդավարի խանութ, դուրս գաս քո էս գարաժից ու լույս աշխարհում նորմալ բիզնես անես:
Արամը, որ իմ ասածից հետո փորձում է էկրանից գեղեցիկ արտաքինով լուրեր հրամցնող հաղորդավարուհու ասածները համադրել հենց նոր ինձնից լսածի հետ, սիգարետը ինձ մեկնած` քարացել ու լսում է իր «փրկության բարի լուրն ավետող» ճարտասանությունը: Հենց այդպես, առանց հայացքը էկրանից կտրելու էլ մյուս` դատարկ ձեռքը թափահարեց օդում.
– Չէ, աղբեր ջան, ով փալանն ըլնի, մեկ ա, էշը մենք ենք:
Հետաքրքրվում եմ` չի՞ հավատում նոր կառավարության նոր ծրագրին: Արամը զարմացած դեմքիս է նայում, ուզում է ստուգել` կատա՞կ եմ անում, թե՞ լուրջ եմ խոսում: Ժպտում եմ քթիս տակ, Արամը հանգստացած շունչ է քաշում:
Վերցնում եմ սիգարետս, Արամին թողնում հեռուստացույցի «հավակնոտ» թեմաների մասին պատմող ռեպորտաժների հետ ու քայլերս ուղղում դեպի տուն: Համարյա մուտքի մոտ եմ հասնում, ու հանկարծ մի միտք է ծագում. հենց միայն մեր շենքի մոտակայքում 3 կրպակ կա, 2 մթերքի խանութ, 1 համակարգչային խաղերի սրահ, կարելի է ընդամենը մի 15-20 րոպեանոց շրջայցով հասկանալ, թե դրանց տերերը կամ աշխատեցնողները, որոնք համարվում են մանր բիզնեսի ներկայացուցիչ, ինչպես են վերաբերվում նոր կառավարության ծրագրին ու հայտարարություններին կամ գոնե գիտե՞ն, որ Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ, որոնք հավաքվել ու կառավարություն են կազմել, գիշեր-ցերեկ մտածում են` ինչ անեն, որ մեր շենքի մոտակայքի կրպակատերերն ու առահասարակ մանր բիզնեսի բոլոր ներկայացուցիչները սկսեն լավ ապրել:
Քայլերս ուղղում եմ դեպի մեր հարևան Սամվելի` շենքի հետևում` փոքրիկ այգու մոտ գտնվող կրպակը, որտեղ նա պտուղ-բանջարեղեն, ձեռքի հետ էլ հաց, պաղպաղակ, խմորեղեն, ձեթ, լուցկի ու այլ մանր-մունր բաներ է վաճառում: Սամվելը կամ Սամոն, իր կրպակի մոտքի առջև «կապած» հովանոցի տակ նստած, ագահորեն սիգարետի ծուխ է կուլ տալիս ու հպարտ կեցվածքով, գլխի թեթև շարժումով իր դուքանի պատուհանին փակցված գնատախտակի վրա է հրավիրում ուշադրությունս. «Լավաշ» գրվածքի դիմացի «100 դրամ» նշումը մեծ խաչով ջնջված է, վերևում ավելի մեծ չափերով գրված է` «75»: Հեռվից բարձր կանչում եմ.
– Ես էլ եկել եմ աչքալուսանք տալու. սրանից հետո փոքր բիզնեսդ ծաղկելու է, ու մի 2-3 տարուց ոչ թե պստիկ կրպակի, այլ մեծ խանութի, հնարավոր է նույնիսկ` մի քանի խանութների տեր ես լինելու, ա՛յ Սամո, բայց արդեն տեսնում եմ, որ բիզնեսդ առանց իմ բարի լուրի էլ սկսել է ծաղկել,արդեն լավաշը 25 տոկոսով էժանացրել ես: Հետո էլ բողոքում ես, թե իշխանությունները քեզ մոռացել են:
Սամոն էլ խոսքս բերանումս է թողնում.
– Տո քեզ էլ, քո իշխանություններին էլ, որ իրանք ոչ մի բան չանեն, ավելի շատ օգուտ տված կլինեն:
– Փաստորեն, Սամո՛, դու էլ հայրենի կառավարության ծրագրին չես հավատում: Մարդիկ հայտարարում են, որ սրանից հետո կանգնելու են սամոների կողքին, փոքր ու միջին բիզնես են զարգացնելու:
– Հա, կանգնելու են, բայց ոչ թե մեր կողքին, այլ մեր կոկորդին… Ասում են` ստվերից դուրս եկեք. գիտե՞ս` էդ ինչ ա նշանակում,- քմծիծաղով հարցնում է Սամոն,- իսկ էդ նշանակում ա, որ ոչ թե էթալու են էդ օլիգարխներին ստվերից հանելու, այլ ուղիղ գալու են իմ «բուդկա» ու ասեն` պամիդոր-խիարդ ստվերի տակ ես ծախում: Դե արի դրանց բացատրի, որ երբ իրանց շեֆն ասում ա` ստվեր, էդ լույսից պաշտպանող ստվերը նկատի չունի. չնայած…
Մտքումս կազմած ցուցակիս մեջ Արամից հետո Սամոյի անվան դիմաց էլ «մինուս» նշումն եմ անում, Սամոն էլ չի հավատում կառավարությանը:
Շարունակում եմ ճանապարհս, հասնում եմ կողքի շենքի պատին անվստահ «հենված» փոքրիկ տնակ-խանութին: Այդ շենքից երկու ծեր թոշակառու ամուսիններ են աշխատեցնում` վարպետ Աբոն ու նրա կինը` Լիդան: Մտնում եմ նրանց խանութ. միայն Աբոն է խանութում: Բերանը հենց նոր կերած մածունի ու հացի մնացորդներից մաքրելով` խանութի վաճառողի հլու և ծառայելու պատրաստ դեմքի արտահայտությամբ հարցնում է.
– Ի՞նչ ես ուզում, շե՛ֆ ջան,-չեմ էլ նկատել, թե երբվանից են ինձնից 2.5 անգամ տարեց Աբոն ու Լիդան սկսել ինձ «շեֆ»-ով դիմել:
– Եկել եմ ասելու, վարպե՛տ Աբո, որ կառավարությունը խոշոր գործարարներին հավաքել է ու բոլորով որոշել են, որ սրանից հետո դու, մեկ էլ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը` դե էն Լֆիկ Սամոն, էլի, հավասար պայմաններում եք աշխատելու: Արդեն կարող ես ազատ մրցակցել «Երևան Սիթի»-ների հետ:
Վարպետ Աբոն խեթ-խեթ նայում է ու.
– Որ իմանամ հանաք չես անում, որ իմանամ իսկականից հավատում ես քո ասածին, էդ կառավարությանը, չեմ ալարի, կանցնեմ էդ կողմն ու մի սիլլա կտամ, որ մանկությունդ հիշես ու սաղ կյանքումդ էլ չմոռանաս:
– Բայց ինչո՞ւ չես հավատում:
– Որովհետև 10-ից ավելի տենց ծրագիր եմ տեսել, որից հետո քո էդ Լֆիկի սուպերմարկետներն ավելացել են, իսկ իմ խանութի ապրանքները` գնալով քչացել:
Էլ երկար-բարակ «հարցախույզի» կարիք չկա. մտքիս ցուցակում Աբոյենց խանութի դիմաց էլ է հայտնվում «մինուս» նշանը: Մեկական մինուս էլ դնում եմ համակարգչային խաղերի սրահից ու մթերքի խանութներից դուրս գալուց հետո:
Փաստորեն, բնակությանս տարածքի ոչ մի մանր բիզնեսի ներկայացուցիչ, որի վրա պետք է տարածվեն նոր կառավարության նոր ծրագրերն ու որոշումները, քաղաքականություններն ու հայտարարությունները, որևէ դրական սպասելիք չունի: Իսկ դա հավանաբար ամենահմուտ վերլուծաբանի կամ տեսաբանի գնահատականից ավելի պերճախոս գնահատական է:
Ի՞նչ ճակատագիր է սպասում Մարզահամերգային համալիրին
19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 48 մլն դոլար). օրեր առաջ այս նախնական գնով աճուրդի հանվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով: Շենքն օտարելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է, բայց այդպես էլ գնորդ չհայտնվեց, և աճուրդը դադարեցվեց: Աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտի երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ, և լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:
ԴԱՀԿ պաշտոնական հայտարարության մեջ նշված այն փաստը, որ շենքը գրավի առարկա է, և մասնավոր ընկերության գույքն աճուրդի է հանում պետությունը, մի շարք հարցեր առաջ քաշեց:
Բայց նախ հիշենք շենքի մասնավորեցման գործընթացը: Համալիրը կառավարության որոշմամբ օտարվել է դեռ 2005 թ. 5 մլն 750 հազար դոլարով մոսկվաբնակ գործարարներ Մուրադյան եղբայրներին պատկանող «Բամո» ընկերությանը: Պայմանագրի համաձայն՝ ավելի քան 10 մլն դոլար ներդրումներ անելուց հետո, շենքը շահագործման է հանձնվել 2008 թ.:
Փաստորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ սեփականատերը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները՝ առանց որևէ վնաս հասցնելու շենքի պատմա-մշակութային կողմին: Համալիրը բերվել է պատշաճ տեսքի ու մակարդակի: Սակայն սա հարցի մի կողմն է:
Իսկ թե ինչ կապ ուներ այս պատմության հետ պետությունը, մասնավորապես` պաշտպանության նախարարությունը, պարզվեց, որ «Բամո» ընկերությունը շենքը գնելուց հետո գրավ է դրել Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, և համալիրը, որպես գրավի առարկա, անցել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:
Վարկը տրամադրվել է ռուսական կողմից. 2008 թ. ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունը 500 մլն դոլարի ռուսական վարկ է ստացել, որից 20 մլն դոլար տրվել է «Բամո» ընկերությանը: Ռուսական վարկը Հայաստանի իշխանությունների կողմից մարվել է 2013 թ.: Ամենայն հավանականությամբ, համալիրի սեփականատերերը, ավելի ճիշտ՝ սեփականատերը, քանի որ Մուրադյան եղբայրներից մեկը Մոսկվայում սպանվեց, չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, և շենքը հանվել է աճուրդի:
Սակայն, Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելու համալիրն աճուրդով վաճառելու որոշումը և ԴԱՀԿ գործողությունները՝ դրանք համարելով անօրինական:
«Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի` որպես պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել: ԴԱՀԿ-ն հրաժարվում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն տրամադրելուց: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 մլրդ ՀՀ դրամ: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում, աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը: 2014 թ. մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ն հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի»,- նշված է մարզահամերգային համալիրի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Այս պատմության մեջ իրավական կողմը, իհարկե, կարևոր է, մանավանդ որ կողմերից մեկը պետությունն է, սակայն հանրությանն առավել անհանգստացնում է հանրապետական նշանակության կառույցի ճակատագիրը, քանի որ շենքի աճուրդի վերաբերյալ հայտարարության մեջ որևէ կետով նշված չէ կառույցի կարգավիճակը, և ստացվում է, որ նոր գնորդը կարող է վարվել դրա հետ որպես սովորական մի շինության:
«Դա տարրական անգրագիտության հետևանք է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը, ի դեպ, եղել է այդ փառավոր շենքի երկու կոնստրուկտորներից մեկը:
Գրիգոր Ազիզյանն ասում է, որ աճուրդի դրված օբյեկտը ճիշտ չի ձևակերպված, նշված չէ, որ այն պատմամշակութային հուշարձան է, և գնորդը պարտավոր է պահպանողական պայմանագիր կնքել և այլն: «Նույնն էլ արվեց Ծածկած շուկայի դեպքում, չնայած այն դեպքում դիտավորյալ էր արված, իսկ մարզահամերգայինի դեպքում, կարելի է ասել, եղել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից թույլ տրված տարրական սխալ և անգրագիտություն»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ սխալը կշտկվի, քանի որ այն խիստ ակնհայտ է, և պատմամշակութային շենքին որևէ վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է պետության և մասնավոր ընկերության միջև ծագած վեճին, ապա Ազիզյանը կարծում է, որ այնուամենայնիվ, համալիրի սեփականատերը եղել է բարեխիղճ, իր պարտավորությունները կատարել է պատվով, և այսօր շենքը շատ լավ վիճակում է: «Սակայն համալիրի ղեկավարները լավ մենեջերներ չեն եղել, քանի որ դա այնպիսի շենք է, որ պետք է ավելի լուրջ ձևով շահագործվեր, կազմակերպվեին լուրջ միջոցառումներ, համերգներ: Դա էլ, հավանաբար, հանգեցրել է պարտքերի գոյացման»:
Ազիզյանը նշում է, որ շենքը ո՛չ ժամանակին է իրական արժեքով վաճառվել, ո՛չ էլ այսօր է իրական արժեքով աճուրդի հանվել, քանի որ դրա իրական արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
Մարզահամերգային համալիրի համահեղինակ, Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ շենքի կառուցումը նախատեսված էր սկսել 60-ականներին և մինչև 1970 թվականը հասցնել ավարտին՝ որպես նվեր Խորհրդային Միությունից Խորհրդային Հայաստանին ՝ խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի կապակցությամբ: Սակայն ֆիզիկապես հնարավոր չեղավ հասցնել, ուստի որպես նվեր կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը:
Հիշում է, որ համալիրի շինարարությունը սկսվեց 70-ականների վերջերին, իսկ 1980-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար օլիմպիադան, և ֆինանսավորում ստանալու համար շատ բարդ ժամանակաշրջան էր: Սակայն, Հայաստանի իշխանություններին հաջողվեց գումար ստանալ շենքի շինարարության համար:
Կառույցը 1987 թ. Խորհրդային Միության կողմից ստացավ պետական մրցանակ, ինչն աննախադեպ էր Խորհրդային Հայաստանի պատմության մեջ:
«Ինձ ոչ թե աճուրդն է մտահոգում, այլ այն, թե ում է շենքը վաճառվելու, և շենքի գնորդն արդյոք ի վիճակի է նույն ձևով պահպանել կառույցը, թե ոչ,- ասում է Մուշեղյանը,- պայմանագրային հարաբերությունները պետք է այնպես կազմվեն, որ անկախ նրանից՝ ով է սեփականատերը, շենքը պահպանվի նույնությամբ: Իսկ այսօրվա սեփականատերը պասիվ է շենքն օգտագործում, թե ակտիվ, նորմալ ձևով շենքը պահպանում է, և ցանկացած միջոցառում, ցանկացած պահի այնտեղ կարելի է իրականացնել»:
Սարդարապատ. կատարվեց անսպասելին
Մայիսը հայոց համար դարձել է խորհրդանշական հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Դժվար է համեմատել կամ գերագնահատել այս հաղթանակները: Բոլորն էլ բախտորոշ նշանակություն ունեցան հայոց կյանքում:
1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք` Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր:
Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք` դեպի նախնյաց երկիր…ու այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած` հայը:
«Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն-արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք» (Թուրքիայի կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամմեդ փաշա. 1918 թ.):
Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել` իսպառ ոչնչացման վտանգը: Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու:
Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը` որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր: Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր: Բայց կատարվեց անսպասելին:
Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում: Քաղաքական, հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանը հուսահատ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար:
Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայն զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար:
Հայոց մարտական ջոկատների կորիզը կազմեց մարտերում կոփված արցախցի մահապարտների 5-րդ գունդը: Հին աշխարհի իմաստուններից մեկն ասել է. «Հայրենիքը պահում են ոչ թե նրա համար մեռնելով, այլ թշնամուն ստիպելով անել դա…»: Արցախցի մահապարտն այդ դասը լավ էր սերտել. Դանիելբեկ Փիրումյանի հրամանատարությամբ նրա հուժկու բռունցքն իջավ թուրքի դեմքին, ու հայ զինվորը տեսավ փախչող թուրքի թիկունքը:
Օրնիբուն Արարատյան դաշտում լսվում էր հայոց եկեղեցիների կոչնակը: Բայց այս անգամ զանգերը հայությանը պատարագի չէին կանչում, այս անգամ եկեղեցին ժողովրդին Քրիստոսի խաչելության պատմությունը չէր բացատրում, այլ կանչում էր կենաց մարտի: Հայ եկեղեցին առաջին անգամ ի զեն էր կոչում հավատացյալ հայությանը, և խաչի ու խաչվառի փոխարեն հայ հոգևորականը զենք վերցրեց ու մարտադաշտ ելավ:
Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը տնից տուն, գյուղից գյուղ էր շրջում` զենքի կոչելով հավատացյալ հայությանը, խրամատից խրամատ էր շրջում` ոգևորելով զինվորին: Իսկ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը ոչ միայն հրաժարվեց փախչել և ապաստանել ապահով վայրում, այլև նախադեպը չունեցող հրաման արձակեց. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Եվ 500 հոգևորականներից բաղկացած սքեմավորների գունդը զինավառ Սարդարապատի դաշտ իջավ հայ զինվորի հետ կողք կողքի կռվելու ու թուրքին քշելու հայոց երկրից:Շարունակությունը կարդացեք այստեղ:
Հայաստանի Հանրապետություն
1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում իրադրությունը կտրուկ փոխվեց: Այստեղ իրավիճակը ծայրաստիճան լարված էր: Անդրկովկասյան ժողովուրդները չընդունեցին նոր ստեղծված խորհրդային կարգերը: Իրավիճակը խիստ սրվեց հատկապես այն ժամանակ, երբ ռուսական զորքերը մեծ խմբերով լքեցին թուրքական ճակատը` այդպիսով երկրամասի դռները բացելով թուրք ջարդարարների առաջ:
Ստեղծված իրավիճակում Անդրկովկասյան ժողովուրդների առաջնորդները և քաղաքական կուսակցությունները` Ադրբեջանի Մուսաֆաթը, վրաց մենշևիկները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, խորհրդակցություն հրավիրեցին և որոշում ընդունեցին` ստեղծել Անդրկովկասյան միասնական պետություն` Անդրկովկասյան Սեյմը: Շուտով Սեյմում մեծամասնություն կազմող վրաց մենշևիկներն ու Ադրբեջանի մուսաֆաթականները, տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, Սեյմը հռչակեցին Ռուսաստանից անկախ հանրապետություն: Սա ավելի կազմալուծեց հայկական ճակատն ու արձակեց թուրքերի ձեռքերը:
Թուրքական մեծ բանակի դեմ մնացին միայն հայկական նոր կազմավորվող նոսր զորամիավորումները: Չնայած հայերի համառ դիմադրությանը` թուրքերին հաջողվեց կոտրել դիմադրությունն ու մտնել Անդրկովկասի խորքերը` Արարատյան ու Շիրակի դաշտավայրեր: Թուրքական բանակն այստեղ բաժանվեց երկու մասի: Մի մասը նպատակ էր դրել Լոռու վրայով արշավել Թիֆլիսի ուղղությամբ, մյուս մասը, գրավելով Երևանը, պիտի արշավեր Բաքու: Երևանի վրա թուրքերը գրոհեցին երկու ուղղությամբ` Արարատյան դաշտով դեպի Սարդարապատ և հյուսիսից` Բաշ- Ապարանով:
Այս օրհասական պահին Արարատյան երկրի դիկտատոր Արամ Մանուկյանը, ի մի բերելով հայկական կազմալուծված զորամիավորումները, կարողացավ ժողովրդական զանգվածների աջակցությամբ ճակատ կազմել և Սարդարապատում ու Բաշ- Ապարանում կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումն ու պարտության մատնել` ստիպելով փախուստի դիմել: Միաժամանակ Ղարաքիլիսայում հայկական աշխարհազորը համառ մարտերի արդյունքում կարողացավ կոտրել դեպի Թիֆլիս արշավող թուրքական բանակի թափը:
1918 թ. մայիսի 26-ին Վրաստանը, 27-ին` Ադրբեջանը, 28-ին` Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը: Հայաստանի անկախությունը, ըստ երևույթին, պարտադրված էր: Երկիրը պատրաստ չէր և անկարող էր նման պայմաններում գոյատևել: Հայաստանում մոլեգնում էին սովը, համաճարակները, երկիրը լի էր փախստականներով, կազմալուծված էր ողջ տնտեսությունը:
Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ընդամենը 12 հազար քկմ տարածքի վրա:
Անկախության հռչակումից շատ չանցած` ՀՀ կառավարությունը Բաթումում բանակցությունների նստեց Թուրքիայի ներկայացուցիչների հետ: 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիան առաջինը պաշտոնապես ճանաչեց ՀՀ անկախությունը:
Թիֆլիսում կազմավորվեց ՀՀ առաջին կառավարությունը` վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Կառավարության կազմի մեջ մտան նաև Ալեքսանդր Խատիսյանը` արտաքին գործերի նախարար, Խաչատուր Կարճիկյանը` ելևմտային, Արամ Մանուկյանը` ներքին գործերի, Հովհաննես Հախվերդյանը` զինվորական և այլն…
Հուլիսի 17-ին կառավարությունը գնացքով ժամանեց Երևան:
Այսպիսով, չնայած քաղաքական ծանր պայմաններին, համարյա 900 տարի պետականության կորստից հետո այս փոքրիկ հողակտորի վրա վեր հառնեց հայկական առաջին հանրապետությունը:
Ժամանելով Երևան` կառավարությունն անմիջապես գործի լծվեց: Ստեղծվեց խորհրդարան, որ իր առաջին նիստը գումարեց 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբում:
Հաստատվեցին հայոց պետության խորհրդանիշները` կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, գերբը և պետական օրհներգը` Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» Կանաչյանի երաժշտությամբ:
Հայաստանի կառավարությունը ծանր պայմաններում էր աշխատում: Երկրում կային մոտ կես միլիոն անօթևան փախստականներ, չէր բավարարում պարենը: Խոլերան, բծավոր տիֆը ուղղակի հնձում էին: Բծավոր տիֆի զոհ դարձավ նաև Արամ Մանուկյանը:
Առաջնային էր հատկապես բնակչության պարենավորման հարցը. երկարատև առճակատումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռ չէր ավարտվել, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ մտավ նաև հյուսիսային հարևանի` Վրաստանի դեմ: Վրացիները զավթել էին Լոռին, և երբ դիվանագիտական միջոցները սպառվեցին, Հայաստանի կառավարությունը հանձնարարեց զորավար Դրոյին մաքրել Լոռին վրացիներից: Դրոն հայ աշխարհազորի աջակցությամբ պատվով կատարեց հանձնարարությունը:
Շուտով Եռյակ միության պարտության արդյունքում թուրքական զորքերը ստիպված էին հեռանալ Անդրկովկասից, և Հայաստանի Հանրապետությանը միացան Կարսի, Սուրմալուի մարզերը:
1919 թ. մայիսին ՀՀ զորքերն ազատագրեցին նաև Նախիջևան քաղաքը:
ՀՀ տարածքն այդ ժամանակ կազմում էր 65 հազար քկմ և բաժանված էր տասը վարչական միավորների` գավառների: 1919 թ. դեկտեմբերին հայերենը ՀՀ տարածքում հայտարարվեց միակ պետական լեզու: Բացվեց Երևանի ռադիոկայանը, Հայաստանում բացվեցին 430 տարրական, 20 միջնակարգ դպրոցներ: 1919 թ. հուլիսի 15-ին Գյումրիում բացվեց Հայաստանի համալսարանը, ապա` Հանրային գրադարանը: Բացվեցին երաժշտական, մանկավարժական, թատերական, պրոֆտեխնիկական ուսումնարաններ: Վահան Չերազի ջանքերով ստեղծվեց մարզա-սկաուտական շարժումը, որ աջակցություն գտավ կառավարության կողմից:
Շուտով կառավարությունը ձեռնամուխ եղավ պետականության մյուս բաղադրիչի` ազգային տարադրամի թողարկմանը, որ ձեռնարկվեց 1919 թ.: Հայկական ռուբլին բնակչության մեջ ավելի շատ հայտնի էր «Ճախարակ» անվամբ:Շարունակությունը կարդացեք այստեղ:
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր միացություններով՝ բենզոլ, ֆորմալդեհիդներ, ածխածնի օքսիդ, ամոնիակ և այլն։
Իսկ բնակարանում օդը մաքրելու համար լավագույն միջոց են սենյակային բույսերի հետևյալ տեսակները՝
Շեֆլերա կամ “հովանոցային ծառ” (Schéfflera) – Այս բույսը բառացիորեն ստեղծված է այն տարածքների համար, որտեղ ծխում են։ Այն հիանալիորեն չեզոքացնում է նիկոտինն ու այլ նյութերը, որոնք առկա են ծխախոտի ծխի մեջ։
“Ոսկե սցինդապսուս” (Epipremnum аureum) -մաքրում է բնակարանը բենզոլից։ Դրա լայն տերևները անմիջապես կլանում են այդ նյութի հսկայական զանգված։ Այն աճում է արագ, իսկ ջրել պետք է ոչ հաճախ։
“Դրացենա” (Dracaena) –Այս բույսը չեզոքացնում է ֆորմադեհիդների թունավոր գոլորշին, որը, ճիշտ է, քիչ, բայց տարածում են լաքերը, սոսինձները, կահույքը։
“Քլորոֆիտում” (Chlorophytum)– բավականին արդյունավետ է աշխատում արտանետված գազերի կլանման հարցում. այս պատճառով այն առավել ձեռնտու է բնակելի շենքի առաջին և երկրորդ հարկի բնակիչների համար։
“Էլեգանտ համեդորեա” կամ սենյակային պալմա (Chamaedorea)– այս բույսը ակտիվ խոնավացնում է օդը ու զտում այն վնասակար նյութերը, որ ստացվում են պլաստմասե իրերից։
Բաղեղ (Hedera helix)
“Ֆիկուս Բենջամինա” (Ficus benjamina) վերջին երկու բույսերն էլ ռեկորդային արդյունք են գրանցում սենյակի օդի մաքրման հարցում։
Սրանք կլանում են թունավոր նութերի զանգվածները, այդ թվում՝ ֆորմալդեհիդը, բենզոլն ու ամոնիակը։ Իսկ Ֆիկսուսը մագնիսի նման կլանում է սենյակի փոշին։
Մաքրե՛ք Ձեր սենյակի օդը գեղեցիկ բույսերի միջոցով և եղե՛ք առողջ։
Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:
Երիտասարդների ցանկությունն աստիճանաբար վերածվեց գաղափարն իրագործելու ցանկության: Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հենց իրենք կնախաձեռնեն ու կիրականացնեն դա:
«Cornpop cinema». բացօթյա այս կինոթատրոնը հունիսի 1-ից երևանցիներին կհյուրընկալի մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին՝ առաջարկելով տարբեր ֆիլմեր՝ թեմատիկ, դասական, հին ու նոր, սիրված ու գնահատված, կլինեն նաև մուլտֆիլմեր երեխաների համար, ինչպես նաև` ֆիլմեր օտար լեզուներով արտերկրի հյուրերի կամ սփյուռքահայերի համար:
Կինոթատրոնի նպատակն ամենավերջին ֆիլմերի ցուցադրությունը չի լինելու, այլ հաճելի ժամանցի ապահովումն ու կինոթատրոն հաճախելու մշակույթի վերականգնումը:
«Cornpop cinema»-ի ֆեյսբուքյան էջում նախապես տեղադրվելու է ֆիլմերի ցանկ, և մարդկանց կողմից ամենաշատ հավանությանն առաջացած ֆիլմերն էլ ընտրվելու են ցուցադրության համար:
«Cornpop cinema»-ի առանձնահատկություններից մեկն էլ լինելու է մատչելիությունը: Այս կինոթատրոնից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության հեղինակներն իրավացիորեն նշում են, որ եթե մարդ ուզում է Երևանում ամառային երեկոներին դուրս գալ տնից և ժամանակ անցկացնել, չի կարող առանց կլորիկ գումար ծախսելու վերադառնալ, քանի որ ազատ զբոսայգիները խիստ սահմանափակ են, սրճարանները՝ թանկ: Ուստի իրենց կինոթատրոնի մուտքը սահմանել են ընդամենը 1000 դրամ, իսկ դրա դիմաց այցելուներին մի քանի անգամ ավելի մեծ ծառայություն են մատուցելու:
Տոմսերի փոխարեն այցելուն ստանալու է հատուկ ապարանջան, որն ամրացնելու է թևին՝ դրանով տարբերվելով որպես «օրինական ֆիլմ դիտող», քանի որ տարածքը շուրջ 2000 քմ է:
Այս կինոթատրոնը տարբերվելու է նաև նրանով, որ մարդիկ ֆիլմը կարող են դիտել սեփական ավտոմեքենաների մեջ նստած, ինչն ընդունված բան է արտերկրում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա:
Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:
Կինոդիտման տարածքում լինելու է նաև մի հին «Երազ» մակնիշի ավտոմեքենա: Այդ անսարք ու կիսախարխուլ ավտոմեքենան, որը երիտասարդները գտել են քաղաքից դուրս գտնվող մի վայրում, այժմ ներկվել ու յուրօրինակ տեսք է ստացել, քանի որ կարևոր առաքելություն ունի. այն ծառայելու է որպես սննդի փոքրիկ կետ, որտեղից այցելուները կարող են գնել զովացուցիչ ըմպելիքներ, պոպկոռն, քաղցրավենիք և այլն: Ավտոմեքենա-կրպակն արդեն անուն էլ ունի` «hripsikimot»:
Կինոթատրոնը կգործի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը:
Նախաձեռնության հեղինակներից Տաթև Մխիթարյանը Մոսկվայից է վերադարձել Երևան: Նա 9 տարեկան էր, երբ 1996 թ. ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Չնայած հաջողությամբ ավարտում է դպրոցը, ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, իսկ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցնում Ռուսաստանի ամենախոշոր կինոմատակարար և ֆիլմարտադրության ոլորտի առաջատար կինոընկերությունում՝ «Централ Партнершип»-ում, Հայաստանը ձգում էր: Նա ցանկացած հնարավորության դեպքում գալիս էր Երևան, իսկ Մոսկվա վերադառնալիս մի լավ սթրես ապրում: Ի վերջո, 2011 թ. որոշում է դուրս գալ աշխատանքից և տեղափոխվել Հայաստան՝ չմտածելով, անգամ, թե ինչով պետք է զբաղվի այստեղ:
Աշխատանք, իհարկե, գտնում է, բայց որոշ ժամանակ անց, երբ ձանձրանում է և փորձում որևէ այլ հետաքրքիր բան գտնել, պարզվում է, որ Հայաստանում դա այնքան էլ հեշտ չէ. ինչպես ասում են՝ գործը թափված չէր: Իսկ երիտասարդ, զարգացած, եռանդով ու էնտուզիազմով լի աղջկա համար ոչնչով զբաղվելն անհնարին էր:
Եվ երբ երկու տարի առաջ ծանոթանում է Գևորգի՝ հիմա արդեն գործընկերոջ հետ, նրան հանգիստ չի տալիս Երևանում հետաքրքիր ժամանցի կենտրոն, հատկապես բացօթյա կինոթատրոն ստեղծելու գաղափարը, որով անչափ ոգևորված ու տարված էր նաև Գևորգ Մարգարյանը` DJ Guevo-ն: «Սակայն դրա համար մեծ միջոցներ էին հարկավոր, որը մենք չունեինք,- խոստովանում է նա,- և սկսեցինք մեր ընկերներին, ծանոթներին խառնել, հարցուփորձ անել, թե որտեղից կարող ենք ձեռք բերել տեխնիկա կամ ֆինանսներ: Հետո որոշեցինք վարձակալել: Մեզ խորհուրդ տվեցին դիմել Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը: Հիմա համագործակցում ենք, վարձակալում ենք համալիրի տարածքի մի մասն ու տեխնիկան»:
Երիտասարդները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը կհաջողվի, քանի որ Հայաստանում արդեն ձևավորվել է մի խավ, որին դա կարող է հետաքրքրել, մանավանդ որ աշխարհի զարգացած երկրներում այն վաղուց արդեն նորույթ չէ:
Սակայն նրանք այսօր ավելի շատ գործում են էնտուզիազմով և իրենց գաղափարը չեն դիտում որպես շահույթ հետապնդող բիզնես, թեև այն հետագայում կարող է նաև այդպիսին լինել: Առայժմ միայն ծախսեր են անում: Իսկ թե երբ կկարողանան շահույթ ստանալ, առայժմ չեն կարող ասել:
Բայց երբ պատմում են իրենց արկածների մասին վարկային կազմակերպություններում ու բանկերում, թե ինչպես են բոլորից մերժում ստացել, երբ ցանկացել են բիզնես վարկ ձեռք բերել նախաձեռնության իրականացման համար, միանգամից հառնում է հայաստանյան տխուր իրականությունը: «Մենք հասկացանք, որ եթե մարդ ուզում է Հայաստանում ինչ-որ նոր բան ստեղծել զրոյից, որը կարող է նպաստել նաև բնակչության զարգացմանը, ապա կանգնում է մի շարք խնդիրների առջև և ուղղակի կարող է հուսահատվել ու հրաժարվել իր բիզնես նախագծից,- ասում է Գևորգը:
Բարեբախտաբար, այս երիտասարդներն այնքան լավատես են ու այնքան դրական էներգիայով լի, որ այդ մերժումներից հետո թևաթափ չեն լինում ու չեն հրաժարվում իրենց գաղափարից, չնայած, ի վերջո, ստիպված են լինում իրենց ունեցվածքը գրավ դնել գումար ձեռք բերելու և ծախսերը հոգալու համար:
Իսկ Տաթևը Մոսկվա վերադառնալու մասին արդեն չի էլ մտածում: Նա ընդմիշտ կապվել է Հայաստանին:
Անի Գասպարյան
Ղարաքիլիսայի ճակատամարտը
1918 թ. մայիսն ամենաօրհասականն էր հայոց պատմության մեջ: Այդ օրերին Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայությունը գոյապայքարի էր ելել թուրքական յաթաղանի դեմ: Առաջին երկու դեպքում հայերը հաղթեցին ու թշնամին նահանջեց: Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտը ողբերգական ավարտ ունեցավ: Բայց հենց Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին էր, որ թուրք զորահրամանատար Վեհիբ փաշան օրեր անց ասաց. «Այս պատերազմում Դարդանելից հետո Ղարաքիլիսան ամենալուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի: Ղարաքիլիսայի մոտ հայերը ապացուցեցին, որ կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել»: Անցյալ դարասկզբի հայ քաղաքական, մշակութային գործիչներից մեկը` Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտն անվանեց XX դարի Ավարայր:
Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի բաժանվեց: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս և գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետևանքներ: Թիֆլիսում և շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:
Թուրքերը, շատ լավ հասկանալով Թիֆլիսի նշանակությունը Անդրկովկասի յուրացման գործում, մեծ ուժեր էին կենտրոնացրել Ղարաքիլիսայի ուղղությամբ: Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի անկումից հետո իսկական շփոթ էր սկսվել Լոռու ձորում: Տեղացիների խուճապը բազմապատկվում էր գաղթականների մեծ հոսքով ու նրանց պատմություններով: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա: Թվում էր` թուրքական արշավող ենիչերին այլևս անպարտելի է, և ոչինչ չի կարող նրան կանգնեցնել: Եվ թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, կրնկակոխ հետապնդելով փախչող հայ գյուղացուն, արդեն մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:
Պետք է նշել, որ համատարած այս քաոսին, փախչելու մոլուցքին չենթարկվեց Լոռու բնակչությունը, որն անդրդվելիորեն մնաց տեղում` պատրաստ դիմագրավելու արհավիրքը: Սակայն կազմակերպված դիմադրություն ցույց տալու համար չկար որևէ զինվորական կամ վարչական մարմին, չկար զորք: Բնակչությունը վատ էր զինված, և գրեթե անիմաստ էր թվում դիմադրությունը: Այս պայմաններում թշնամին արագ երթով մոտենում է Համամլուին:
Ղարաքիլիսայի բնակչությունը որոշում է բանակցել թուրքերի հետ. անձնատուր լինել թշնամուն անձի և ինչքի ապահովության երաշխիք ստանալու դեպքում: Անգամ պատգամավորություն է ընտրվում` Վանո Արսենյանի ղեկավարությամբ: Պատգամավորությունը շարժվեց դեպի Համամլու` դիմավորելու թուրքերին: Արջուտի մոտ նրանց շրջապատեցին շրջակա թուրքական գյուղերի բնակիչները, և հայերը վտանգը զգալով` հետ գնացին:
Մի քանի օր Ղարաքիլիսայի հայերն ապրեցին սարսափի ու հուսահատության մեջ: Թվում էր` կործանումն անխուսափելի է: Բայց մայիսի 24-ին եկավ փրկությունը` Նժդեհն իր խմբով, որ Դիլիջանից փութաց Ղարաքիլիսա` փակելու թուրքի ճանապարհը: Լոռեցիները Նժդեհին դիմավորեցին որպես փրկչի:
Հասնելով Ղարաքիլիսա` Նժդեհն իզուր ժամանակ չկորցրեց: Մինչ այդ ճակատի այս գծի հրամանատարությունը ստանձնել էր գեներալ Արեշյանը, որը, սակայն, հրամանատարությունը հանձնելով գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանին, մեկնեց Թիֆլիս: Բեյ-Մամիկոնյանին պետք է օգներ գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպեցին հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` հրամայեց դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:
Մայիսի 25-ին թուրքական բանակը թնդանոթային նախապատրաստությունից հետո հարձակման անցավ: Հայկական ուժերը չընկրկեցին թշնամու առջև և պահեցին պաշտպանական գիծը: Համընդհանուր ոգևորությունը տիրել էր բոլորին: Ընդամենը երկու օր առաջ հուսալքված լոռեցին այլևս բռունցք դարձած հաղթական կռիվ տվեց թուրքական կանոնավոր բանակի դեմ: Հայկական ուժերը ոչ միայն պահեցին գիծը, այլև որոշ վայրերում աշխարհազորը շրջապատման մեջ առավ թուրքական առանձին զորախմբեր: Ամեն դեպքում, եռօրյա մարտերից հետո թուրքական բանակը կարողացավ գրավել Աչաուրթի և Բզովդալի բարձունքները: Հայկական դիրքերն աստիճանաբար օղակվում էին թշնամու ուժերի կողմից: Օրհասական պահին փայլում է գնդապետ Սամարցևը, որ մի քանի հարյուրյակներով անակնկալ հարձակումով գրավում է Մայմեխը և հետ շպրտում թշնամուն ճակատի աջ թևից` փրկելով հայերին շրջապատումից: Այնուամենայնիվ, մեկ օր անց թշնամին կարողանում է հետ մղել հայերին և սեղմել օղակը: Ուժեղ մարտեր են ծավալվում Հաջի-Ղարայի դիրքերում: Թշնամուն հաջողվում է այստեղ ևս ընկճել հայերի դիմադրությունն ու չորս կողմից ակցանի մեջ առնել Ղարաքիլիսան:
Օրհասական պահին թվում էր` մի հույս կա. թվում էր` միայն մոտակայքում` Դսեղում գտնվող Անդրանիկը կարող էր փրկել հուսահատ պաշարյալներին: Անդրանիկը Դսեղում էր իր մարտունակ զորաբանակով: Դսեղից Ղարաքիլիսա մեկ ժամվա ճանապարհ էր, բայց Անդրանիկը չկար… Անդրանիկը հրաժարվեց կռվի բռնվել:
Մայիսի 28-ին, երբ հայությունը տոնում էր հայոց անկախության հռչակումը, երբ Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամին ճողոպրում էր, Ղարաքիլիսան ընկավ: Ղարաքիլիսայում սկսվեց թուրքական նախճիրը:
Թշնամին, ճիշտ է, հավաստիացրեց քաղաքի անձնատվությունը հաստատող հայ բանբերներին, որ բնակչությունը չի տուժի, սակայն թուրքի խոսքը ե՞րբ է հավաստի: Անձնատվության օրն իսկ` կեսգիշերին, թուրքական բանակը Վարդանլու գյուղի խուժանի առաջնորդությամբ Ղարաքիլիսայում սկսեց թալանը, որ ուղեկցվում էր բռնաբարություններով ու սպանություններով: Ամբողջ մեկ շաբաթ թշնամին չէր կարողանում հագուրդ տալ արյան ծարավին: Քաղաքից դուրս գնդակահարություններ էին կատարվում: Տեղական թուրքերի մատնությամբ ձերբակալվում էին երևելի հայերը, երիտասարդները և տեղում գնդակահարվում: Ավարի, բռնությունների ու կոտորածների ենթարկվեցին Ղարաքիլիսայի շրջակա բոլոր հայկական բնակավայրերը: Հատկապես գազանաբար էին գործում տեղացի թուրքերը, որոնք, մոռացած հարևանության, հայերի հետ դրացիության մասին, հագուրդ էին տալիս իրենց գազանային կրքերին: Թուրք խուժանն ուղղակի գերի էր բռնում հայերին, մատնության սպառնալիքով թալանում նրանց ու հանձնում ասկյարներին:
Թուրքերը Ղարաքիլիսայի կենտրոնում ժողովում են գերիներին և նրանց խումբ-խումբ քաղաքից դուրս հանելով` գնդակահարում: Երկու օրվա մեջ հազարավոր գերյալներ են գնդակահարվում գյուղաքաղաքի մատույցներում:
Նախճիրը շարունակվեց մինչև հունիսի 10-ը: Միայն տասն օր անց թուրքական հրամանատարությունը, հագենալով հայերի արյունով, վերջ տվեց սպանություններին ու բռնություններին, որոնց զոհ գնաց մոտ 10000 հայ:
Սակայն փրկվելով թուրքի յաթաղանից` լոռեցին հայտնվեց սովի ճիրաններում: Երկշաբաթյա կռիվն ու թալանը լրիվ քայքայեցին Ղարաքիլիսայի և շրջակա բնակավայրերի բնակչության տնտեսությունը: Թշնամին ու տեղական թուրք ամբոխը այնպես էին թալանել հայերին, որ հիմա էլ սովը սկսեց իր հունձը հայության շրջանում:
Սովին հետևեց համաճարակը: Շոգ ամառը, հազարավոր անթաղ դիակները նպաստեցին համաճարակի արագ տարածմանը: Հազարավոր մարդիկ զոհ գնացին սովին ու համաճարակին, իսկ թուրքական իշխանությունները, բնականաբար, ոչինչ չէին ձեռնարկում դրանց դեմն առնելու համար:
Այս ամենը չէր լինի, եթե Անդրանիկը ժամանակին օգնության հասներ Ղարաքիլիսայի ճակատին: Մինչդեռ նրան Ղարաքիլիսայում սպասում էին անհամբեր, որպես փրկչի: Բայց նա չկար ու չկար: Անգամ գնդապետ Ա.Բեյ-Մամիկոնյանը գրավոր լուր է ուղարկում Անդրանիկին, որում, նկարագրելով իրերի վիճակը, խնդրում է օգնության փութալ: Անդրանիկը, զանց առնելով խնդրանքը, հրաժարվում է ճակատ մտնել` պատճառաբանելով, թե հսկում է երկաթգիծը:
Իր զորաբանակով նահանջելով առաջացող թշնամու առջև` նա մայիսի վերջին մտավ Լոռու դաշտ` Ջալալօղլի: Սակայն չամրանալով այնտեղ` շարունակեց նահանջը: Հետևելով Անդրանիկի օրինակին` փախուստի դիմեց նաև Ջալալօղլիի բնակչությունը: Վարդաբլուրում պայթեցնելով զինապահեստը` զորավար Անդրանիկը իջավ Լոռու ձոր ու հաստատվեց Դսեղում:
Առհասարակ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովն Անդրանիկին չէր վստահում: Դեռևս Էրզրումի անկումից հետո Անդրանիկը Հայոց ազգային խորհրդին էր ներկայացրել իր հրաժարականը: Խորհուրդը մերժեց, և զորավարը պայման դրեց, որ պետք է ենթարկվի միայն Նազարբեկովի հրամանատարությանը:Շարունակությունը կարդացեք այստեղ:
Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը
Տասնյակ հազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվում են, սպանվում: Գերյալներին խարանում են աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն են կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:
Հայաստանը աղանդավորական շարժումների կենտրոն է եղել: Դրա պատճառները բազում են. սոցիալական խնդիրներ, եկեղեցու կողմից բնակչության կեղեքում և այլն…
Աղանդավորական շարժումների մեջ ամենաուժեղն ու ամենատարածվածը թոնդրակյան շարժումն էր: Ովքե՞ր էին թոնդրակեցիները և ի՞նչ էր նրանց պահանջը: Շրջագայելով միջնադարյան Հայաստանում` փորձենք պատասխաններ գտնել մեր հարցերին:
Առհասարակ, թոնդրակեցիների մասին անվերապահորեն ասել, թե դա աղանդավորական շարժում էր, սխալ է: Շատ ուսումնասիրողներ թոնդրակեցիներին համարում են արորդիներ, ոմանց կարծիքով` նրանք լրիվ այլ կրոն էին ստեղծել, թոնդրակեցիների պաշտամունքն ամենևին աղերս չուներ քրիստոնեության հետ:
Ինչևէ: Թոնդրակեցիների անվանումն առաջացել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղից իր գործունեությունն է սկսել շարժման առաջնորդ Սմբատ Զարեհավանցին:
Սմբատ Զարեհավանցին ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում: Նա երկար ճամփորդել է Հայաստանում և հարևան երկրներում` ծանոթանալով ժամանակի բոլոր ուսմունքներին ու գաղափարախոսություններին: Եղել է նաև պավլիկյան շարժման կենտրոնում` Տևրիկ քաղաքում, որտեղ մանրամասն ուսումնասիրել է նաև պավլիկյանների գաղափարաբանությունը:
Վերադառնալով հայրենիք` նա հաստատվել է Ապահունիքի Թոնդրակ գյուղում և քարոզել իր մտքերը: Ժամանակի սոցիալ-տնտեսական բարդ հարաբերություններում, երբ զարգացող ֆեոդալիզմը մի կողմից, հայ առաքելական եկեղեցին մյուս կողմից կեղեքում էին ազգաբնակչությանը` պարարտ հող էր ստեղծվել թոնդրակյան գաղափարախոսության զարգացման ու տարածման համար:
Թոնդրակեցիների մասին շատ սկզբնաղբյուրներ կան, սակայն դրանք, որպես կանոն, միակողմանիորեն արտահայտում են կղերական տեսակետը: Թե՛ Գրիգոր Մագիստրոսը, թե՛ Անանիա Նարեկացին, թե՛ Անանիա Մոկացի կաթողիկոսը, Գրիգոր Նարեկացին, Արիստակես Լաստիվերցին, աստվածաբան Պողոս Տարոնեցին, կաթողիկոս Ներսես Շնորհալին թոնդրակեցիներին անվանում են շներ, իսկ նրանց կենտրոնները` շնավաններ: «Թոնդրակեցիների չար աղանդի մասին» գլխում Լաստիվերցին լուտանքի հեղեղ է թափում ` «կեղծ», «խոսքերը ճարակում են քաղցկեղի նման», «վնասակար որոմ», «պիղծ», «շուն», իսկ Թոնդրակ ավանի մասին` «սատանայի բնակարան», «գազանների որջ»:
Այս շարժման առաջնորդի մասին խոսելիս հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշում է, որ «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին»: Ըստ Մագիստրոսի` Սմբատ Զարեհավանցին իր ուսմունքը սովորել է ոմն Մրջուսիկ անունով պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից: Սա ևս լրացուցիչ կռվան է, որ թոնդրակեցիները քրիստոնեության աղանդ չէին, այլ պարսիկ զրադաշտականության ազդեցությամբ վերածնունդ առած հայ արիականություն:
Թոնդրակեցիները, մերժելով քրիստոնեական շատ դրույթներ, չէին ընդունում մեռելներից հարության գաղափարը, հանդերձյալ կյանքը, հոգու անմահությունը, եկեղեցական նվիրապետությունը, հաղորդության, մկրտության խորհուրդները, պատարագը, մերժում էին Քրիստոսի զոհաբերության խորհուրդը, ծնրադրությունը, եկեղեցական ծեսերն ու տոները, մատաղը: Նրանք կուռքեր էին համարում խաչը, սրբապատկերները: Հիսուս Քրիստոսին համարում էին սովորական մահկանացու` մերժելով նրա աստվածային էությունը:
Թոնդրակյան գաղափարախոսության հիմքում ազատ սերն էր: Դա հակառակորդներին հիմք է տվել մեղադրելու նրանց անբարո վարքագծի և անառակ բարքերի մեջ, ինչն անշուշտ, անհեթեթություն է:
Թոնդրակյան շարժումը շատ կենսունակ եղավ և շուրջ 2 հարյուր տարի ցնցեց Հայաստանն ու Բյուզանդիան: Սմբատ Զարեհավանցուց հետո շարժումը գլխավորեցին Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը:
Սմբատ Զարեհավանցին շարժումը սկսեց 830-ական թվականներին: Շարժումը հախուռն էր ու սոցիալական բնույթից զատ, նաև զինված ապստամբությամբ էր դրսևորվում: Այնքան, որ անհանգստացրեց արաբական խալիֆայությանը: Սա վկայում է, որ այն նաև ազգային-ազատագրական պայքար էր և լուրջ վտանգ էր ներկայացնում արաբական տիրապետությանը նույնպես: Մասնավորապես, Մանազկերտի կայսիկ ամիրա Աբդուլ Բարդն անմիջապես ձեռնամուխ եղավ Զարեհավանցու շարժման ճնշմանը: Խոշոր ճակատամարտում թոնդրակեցիները պարտվեցին, իսկ նրանց առաջնորդ Սմբատ Զարեհավանցին սպանվեց: Սակայն Սմբատի մահով թոնդրակյան շարժումը չմարեց: Այն էլ ավելի տարածվեց և հզորացավ: Թոնդրակյան նոր կենտրոններ դարձան Մանանաղի Կաշե գյուղը, Թուլայլը, Աղյուսոն, շատ բնակավայրեր Խնուսում, Վասպուրականում, Դարանաղում, Այրարատում, Ռշտունիքում:
Թոնդրակյան շարժումը մեծ ծավալում ստացավ հատկապես X դարում: Թոնդրակեցիներն արդեն ունեին իրենց ամրացված բնակավայրերը, զինված ջոկատները, տասնյակհազարավոր հետնորդներ: Շարժումն ընդգծված սոցիալական բնույթ է ստանում և երբեմն ապստամբության դրոշ է բարձրացնում: 906 թ. Տաթևի գյուղացիական ապստամբությանն աջակցում են թոնդրակեցիները, որոնք, հարձակվելով եկեղեցու վրա, գրավում ու ավերում են այն:
Շատ գիտնականներ թոնդրակյաններին են վերագրում նաև հայոց սպարապետ Վասակ Պահլավունու մահը, որ Սերկևիլի ճակատամարտից հետո, իբր, հոգնած քուն է մտել մոտակա լեռան քարածերպերից մեկում և սպանվել է մի գյուղացու ձեռքով: Սա, ինչ խոսք, եկեղեցական պատմագրության հերյուրանք է, քանզի բացառված է որ հայոց սպարապետը դաժան ճակատամարտից հետո անմիջապես առանձնանար մի ժայռի մոտ ու քուն մտներ առանց թիկնազորի:
Թոնդրակյան շարժմանը հարեցին շատ բարձրաստիճան հոգևորականներ, ազնվականներ: Մասնավորապես թոնդրակեցիների առաջին շարքերում պայքարում էին իշխան Վրվեռը, իշխանուհիներ Կամարան, Հրանուշը, Ախնին, որոնք իրենց ձեռքով եկեղեցիներ էին ավերում ու խաչեր կործանում:
Բարձրաստիճան հոգևորականներից թոնդրակյան շարժմանը հարեց եպիսկոպոս Հակոբ Հարքացին, որ կարգալույծ արեց շատ հոգևորականների, արգելեց հայ եկեղեցու ծիսակարգը:
Բնականաբար, թոնդրակեցիներն ուժեղ հակազդեցության հանդիպեցին եկեղեցու և իշխանությունների կողմից: Նրանց դեմ ուժեղ էր պայքարը հատկապես Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի ժամանակ: Նա ոչ միայն կարգալույծ հայտարարեց Հակոբ Հարքացուն, այլև աղվեսակերպ դրոշմեց նրա ճակատը և բանտարկեց, որտեղ էլ նա մահացավ:
Թոնդրակեցիների դեմ պայքարում միավորվեցին հայոց պետությունը, Բյուզանդիան, արաբական խալիֆայությունը, հայ եկեղեցին…
Գերի ընկած թոնդրակեցիներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով, սպանում, բռնագրավում նրանց գույքը, հայտարարում օրենքից դուրս: Թոնդրակյան շարժման դեմ մեծ պայքար սկսեց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Նա 1045 թ., իր հայրենի տիրույթները հանձնելով Բյուզանդիային, հաստատվեց Միջագետքում` ստանալով Միջագետքի դուքսի պաշտոնը: Բյուզանդական կայսր Կոստանդին Թ Մոնոմախի հրահանգով նա թոնդրակեցիներին բնաջնջելու նպատակով մեծ բանակով շարժվեց Հայաստան:
Գրիգոր Մագիստրոսը դաժանաբար ավերեց թոնդրակյան բնակավայրերը, ամրոցներն ու շեները: Թոնդրակ գյուղը հողին հավասարեցվեց: Տասնյակհազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվեցին ու նահատակվեցին: Գերյալներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն էին կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:
Գերյալ թոնդրակեցիների մի մասին բյուզանդական կայսրությունը տեղափոխեց և վերաբնակեցրեց Բալկաններում:
Սա, բնականաբար, տվեց իր սպասված արդյունքը` Հայաստանում թոնդրակյան շարժումը թուլացավ և մարեց, սակայն այս հարկադրյալ գաղթի հետևանքով այն տարածվեց Բայկանյան թերակղզում ու Արևմտյան Եվրոպայում:
Կարիճ. խայթոցի հետևանքները
Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի: Չէր հասցրել նա ավարտել իր խոսքը, երբ նրան աննկատ մոտեցավ կարիճն ու խայթեց քաջին, թունավորելով իր թույնով: Օլիմպոսի աստվածները վախեցած էին Օրիոնի խոսքերից, ուստի ուրախացան, նրա մահով: Ու, կարիճին որպես երախտագիտության նշան, տեղափոխեցին երկինք ու տեղադրեցին Զոդիակի համաստեղությունների կողքին: Այդ օրից մինչ օրս, Օրիոնը թաքնվում է իրեն սպանողից: Երբ երկնքում հայտնվում է Կարիճի համաստեղությունը, Օրիոնը թաքնվում է հորիզոնի ետևում:
Երկրագնդի վրա հաշվվում է կարիճների 1500 տեսակ, որոնք մեր մոլորակի ողջ տարածքի 45%-ի վրա են տարածված: Կարիճի խայթոցը կարող է առողջ մարդու մահվան պատճառ դառնալ:
Վիճակագրությունն ասում է, որ Երևանում կարիճների ակտիվացում կա, ուստի տեղեկացված լինելը կօգնի խուսափելու վտանգից ու խուճապի չմատնվելու:
Կարիճները պատկանում են հոդվածոտանիների ընտանիքին, ունեն 8 վերջույթ: Մարմնի տերմինալային հատվածում տեղակայված գեղձերը թույն են արտադրում, որը զոհի մեջ է ներցայտում պոչի ծայրին գտնվող խայթի միջոցով: Կարիճները հաճախ են տներ թափանցում: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Նրանք միտումնավոր, նպատակային չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ տուժել եք
Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպիսին մեղվի խայթոցի ժամանակ է լինում: Սակայն որոշ տեսակների խայթոցից այրող ցավ է առաջանում ու տեղային այտուց , երբեմն էլ` բշտեր:
Այնինչ մահվան ելքով խայթոցների դեպքում ռեակցիան աննշան է: Խայթոցին հաջորդում է այրոցքի զգացումը, որից հետո զարգանում է տեղային պարեստենզիա (ասեղների ծակծկոցի զգացում) կամ անզգայացում: Այդ զգացումն ամբողջ վերջույթի վրա է տարածվում ու 1-2 րոպե անց տկարություն է առաջանում, տագնապ, նյարդաբանական գրգռվածություն, արցունքահոսություն, քթից է սկսում ակամայից հոսել, թքարտադրություն, սրտխառնուք ու փսխում է սկսվում:
Գերգրգռվածությունը վերածվում է կոմայի, ապա զարգանում են ցնցումները: Դրանից հետո հավանական է տարբեր առիթմիաների, տախիկարդիայի ու պանկրեատիտի առաջացումը: Մահը վրա է հասնում 12 ժամ անց, երբեմն էլ` խայթոցից 2 օր հետո:
Կարիճի թույնը նեյրոտոքսին է պարունակում, որը նյարդային համակարգի ախտահարում ու կաթված է առաջացնում: Դա իր հերթին վտանգավոր է սրտամկանի ու շնչառական մկանների համար:
Սակայն ասվածը չի նշանակում, որ կարիճի հետ շփումը միշտ էլ ճակատագրական ելք է ունենում:
Կանխարգելման միջոցները
Կանխարգելման հաջողությունը պայմանավորված է որոշ նախապատրաստական կանոններին հետևելով: Կարիճի հետ շփումից խուսափելու նպատակով հարկավոր է առավոտյան թափ տալ այն կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել: Զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել բոլոր ճեղքերը, կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարը, ցախն ու փայտը:
Երբեմն տուժածները չգիտեն, թե ինչ բժշկի դիմեն օգնության համար: Կարիճի, ինչպես և օձի խայթոցի դեպքում պետք է դիմել տրավմատոլոգի կամ վիրաբույժի օգնության:
Երևանում նույնպես կարիճ շատ կա, շատերին է «բախտ վիճակվել» կարիճ տեսնել բակում, տանը, իսկ բազմահարկ շենքերի բնակիչները` նաև տանիքում: Բայց քիչ չեն նրանք, ովքեր տեսնելու դեպքում անգամ չեն կարող պատկերացնել, որ հենց դա է կարիճը: Տեսքից այն փոքր խեցգետնի նման է, երկարությունը 12-18 սմ է: Ունի 8 ոտք, զույգ աքցան ու ճկուն պոչ, որը մեջքի վրա է բարձրանում: Իսկ պոչի ծայրին խայթն է:
Խայթոցի դեպքում ցավը մեղմելու նպատակով սառույցի կտոր են դնում վերքին կամ էլ ցավազրկող քսուք օգտագործում, որը հակահիստամինային, ցավազրկող ու կորտիկոստերոիդային նյութեր է պարունակում: Մկանային ցնցումների ու բարձր զարկերակային ճնշման դեպքում նաև այլ դեղամիջոցներ պետք է կիրառել:Տուժածն անկողնային ռեժիմ պետք է պահպանի ու առաջին 8-12 ժամը ոչինչ չուտի: Հակաթույն ներարկվում է միայն ծանր թունավորումների դեպքում:
Կարիճները տարածված են ամենուր, հանդիպում են անտառներում, լեռներում, անապատներում ու անգամ 4000 մ բարձրության վրա:
Կարիճները բոլոր սարդանմանների պես վատ տեսողություն ունեն: Գիշերային գիշատիչներ են, որոնք իրենց բները կառուցում են ավազի մեջ, թափված տերևների, քարերի ու տապալված ծառերի տակ:
Կարիճի խայթոցի դեպքում թույլ ցավով ծակոցի զգացում է լինում: Մի քանի ժամ անց կծածի տեղում այտուց է առաջանում: Արյան մեջ ներթափանցելով` թույնը երկար ժամանակ նյարդային համակարգը գերգրգռված վիճակում է պահում, ինչի դեպքում տուժածը անհանգստություն է ունենում: Հնարավոր են ուժեղ գլխացավեր, սրտխառնուք, ցավ ստամոքսի ու որովայնի առաջնային պատի շրջանում, գլխապտույտ, մկանային որոշ խմբերի սպազմ:
Եթե տուժողը երեխա է, ապա հնարավոր է, որ շնչառական խանգարում առաջանա, շնչահեղձության նոպաներ լինեն ու ցնցումներ: Եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի, հավանական է, որ շոկ առաջա` բոլոր հետևանքներով հանդերձ:
Կարիճները լինում են կարմիր, դեղին ու սև: Առաջին երկուսի թույնը վտանգավոր չէ կյանքի համար: Դրանց խայթոցից օրեր անց ցավը մեղմանում է, ու միայն թեթևակի այտուց է լինում: Իսկ սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է: Տուժածի մոտ շատ արագ այրող ցավեր են առաջանում, որոնք ժամանակ առ ժամանակ հանդարտվում են, ապա դառնում անտանելի: Տուժածը ցավից տեղը չի գտնում: Խայթոցից 20-30 րոպե հետո ցավ է առաջանում լեզվի ու լնդերի շրջանում: Հիվանդի շնչառությունը դժվարանում է, շնչահեղձությունն ուժգնանում է: Հիվանդի դեմքը ծածկվում է քրտինքով, նա գունատվում է, իսկ ճնշումը` իջնում:
Սև կարիճի խայթոցի հետևանքներից է դեմքի և ուսագոտու մկանի ջղակծկումը (մյուս տեսակների խայթոցի դեպքում նման ախտանշաններ չեն լինում), որը ժամանակ առ ժամանակ կրկնվում է: Դա հատկապես զգալի, նկատելի է արտահայտվում այն ժամանակ, երբ հիվանդը սկսում է ծամելու կամ էլ կլլման շարժումներ կատարել: Ուստի մինչ շտապօգնության գալը պետք է հիվանդին զգուշացնել, որ փորձի նման շարժումներ չկատարել ու հնարավորինս հանգիստ վիճակ պահպանել:
Եթե համոզված եք, որ ձեր տկարությունն ու թուլությունը կարիճի խայթոցի հետևանք են ու չգիտեք, թե երբ պետք է բժիշկ կանչել, ապա հիշեք` անհետաձգելի բուժօգնության կարիք է զգացվում, եթե
– բարձր ջերմություն ունեք ու սրտխառնուք է առաջացել, քնատություն ու ցնցումներ կան,
– դժվարացել է շնչառությունը,
– կաթվածահարության նշաններ կան,
– զարկերակային ճնշումն ընկել է, թուլություն ու շնչահեղձություն ունեք:
Ուրեմն մեկ անգամ էլ վերհիշենք բոլոր ախտանշանները
Գլխացավ, սրտխփոց, ցնցումներ, գլխապտույտ, շնչահեղձություն, արցունքոտություն, աչքերի ակամա շարժում, գիտակցության մակարդակի անկում, մթագնում, մկանային թուլություն, շփման դեպքում` կտրուկ ցավ, դժվարացած շնչառություն, հաճախասրտություն, հիվանդագին կարմիր մաշկ խայթոցի տեղում, բշտի առաջացում, թքահոսություն:
Առաջին բուժօգնություն
1.Ավանդաբար խորհուրդ է տրվում խայթոցից հետո 5-10 րոպեում թույնն արտածծելով հեռացնել: Սակայն դժվար թե գտնվի մեկը, որի բերանի խոռոչում ոչ մի խնդիր չլինի: Ուստի բերանով թույնն արտածծելն օգնություն ցուցաբերողի համար մեծ ռիսկի հետ է կապված. օգնությունը կվերածվի մեծ գլխացավանքի ու ողբերգության: Արտածծվող թույնը օգնություն ցուցաբերողի արյունատար համակարգում կհայտնվի:
Այսօր գոյություն ունեն հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է թույնն ինչ-որ չափով դուրս բերել մաշկից:
2. Դրանից հետո հարկավոր է վնասված հատվածը շփել սպիրտով ու հակասեպտիկ վիրակապ դնել` վտանգավոր մանրէների ներթափանցումը վերքի մեջ կանխելու նպատակով:
3. Ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար պետք է սառույց դնել վրան:
4. Հարկավոր է տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը:
5. Մոտակա բուժկայան հասցնել հետագա մասնագիտական օգնություն ստանալու համար:
Հետաքրքիր փաստեր
Խիստ թունավոր կարիճների ճանկերը շատ փոքր են, իսկ խայթը հսկայական է: Եվ հակառակը` նվազ թունավոր հոդվածոտանիների ճանկերը խայթի համեմատ հսկայական են թվում:
Կարիճների թույնը եզակի է նրանով, որ մի քանի թույներ կան դրա բաղադրության մեջ, որոնք ընտրովի են ազդում անողնաշարավորների, սառնարյունների, տաքարյունների վրա: Կարիճների տարբեր տեսակների մոտ այդ թույների հարաբերակցությունը նույնպես տարբեր է:
Կարիճների խայթոցից թունավորումների բոլոր դեպքերի 80%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հյուսիսում բնակվող հաստապոչ անդրոկոտոնուս կարիճներին:
Դեղին պաղեստինյան կարիճի թույնն իր ուժով նման է կոբրայի թույնին: Սակայն կարիճն այն ավելի նվազ քանակությամբ է արտազատում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո կարիճները լուսարձակում են կանաչ գույնով: Պայծառ արևի լույսի տակ էլ են ներկվում կանաչ գույնով: Այդ երևույթի պատճառը օրգանական խիալին նյութն է, որի քիմիական բաղադրությունն առայժմ չեն պարզել:
Մաշկափոխությունից հետո կարիճը չի լուսարձակում, սակայն դրա կարծրացման հետ ֆլյուորեսենցիայի հատկությունը վերականգնվում է: Հնարավոր է, որ այդ երևույթն առաջանում է ներզատիչ գեղձերի ֆունկցիայի արդյունքում:
Սպիրտը, որի մեջ պահում են կարիճը, նույնպես ֆլյուորեսցենտային հատկություն է ստանում:
Որոշ գիտնականներ կարծում են, որ լուսարձակման հատկությունն այդ գիշերային հոդվածոտանիների մոտ փարոսի դեր է կատարում միմյանց գտնելու համար:
Ձյունակարիճների արյան մեջ անտիֆրիզ կա, ինչի շնորհիվ էլ այդ կարիճները դիմանում են մինչև -6 աստիճան ցրտի պայմաններում: Բայց եթե այդ կարիճը ձեռքդ վերցնես, կսատկի:
Ելակի մուրաբա
Մի պատառ գարուն:
Ելակի սեզոնն է: Այն այնքան էլ տևական չէ, մինչդեռ ձմռանը կարոտում ես ու երազում գարնանային տաք օրերի մասին, ինչը թերևս կարելի է «մեղմել» մուրաբաներով:
Շատերն իհարկե գիտեն` ինչպես պետք է եփել մուրաբան, սակայն հազարավոր տնտեսուհիներ էլ խոստովանում են, որ լավ մուրաբա եփել չի հաջողվում: Այս բաղադրամոսը վերցված է «Հայկական խոհանոց» ժողովածուից, որը կուտակված փորձի արդյունքում է ստեղծվել ու հրաշալի խորհրդատու է:
Այսպիսով, ելակի մուրաբա պատրաստելու համար հարկավոր է `
ընտրել ելակը, յուրաքանչյուր պտուղն ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, որից հետո հեռացնել պտղակոթունը:
Նախապատրաստած պտուղները լցնել թասի մեջ, վրան ավելացնել շաքարավազ` նախատեսված նորմի կեսը: Մնացած շաքարավազից օշարակ եփել: Պատրաստի օշարակը վերցնել կրակի վրայից, ելակի պտուղները հյութի հետ լցնել մեջը ու թասը զգուշությամբ թափահարել, որ պտուղները ընկղմվեն օշարակի մեջ: Թասը դնել մարմանդ կրակի վրա ու եփել մինչև պատրաստ լինելը, իսկ վերջում քափը հեռացնել:
Եթե ելակը շատ հյութալի է, ապա 5-6 ժամ շաքարավազի մեջ պահելուց հետո, պետք է վրան ավելացնել մնացած շաքարավազն ու եփել մինչև պատրաստ լինելը:
Չափաբաժինը. 1 կգ ելակին` 1,2 կգ շաքարավազ և 100 գ ջուր:
Հայաստանի նազելիները Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրական հնարավորություններ ունեն
2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում հնարավոր է` Հայաստանը մասնակից ունենա: Նման նախադեպ չի եղել: Թերևս այդ է պատճառը, որ այդ նպատակին հասնելու համար լուրջ քայլեր են կատարվում:
Օրերս Լիլիթ Հարությունյանը Փարիզից ոչ հեռու գտնվող Կորբելեսոն քաղաքում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում հանդես գալով` նա պետք է փորձի միավորներ վաստակել, բարձրացնել վարկանիշը: Մեկ ամիս առաջ էլ Լիլիթը Իտալիայի Պոզարո քաղաքում է մրցելույթ ունեցել:
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը դժգոհ չէ իր սանի մրցելույթներից, առավել ևս, որ նա միջազգային մրցումներում տարբեր առարկաներով վարժությունները կատարելիս բարձր` 16-ական միավորներ է կարողանում վաստակել: Հարությունյանն աշխարհի 25 լավագույնների ցուցակում ընդգրկվելու դեպքում ձեռք կբերի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքը: Ի դեպ, բազմամարտի մի շարք մրցաձևերում նա աշխարհում 19-20-րդ տեղերում է և մոտ է հաջողությանը: Հայ նազելին վարպետության դասեր է ստացել Նիժնի Նովգորոդում: Նա Նատալյա Տիշինայի սանն է: Այդ մասնագետի ղեկավարությամբ է պարապել և ակնառու հաջողությունների հասել ռուսաստանցի հանրածանոթ մարզուհի Ալինա Կոբաևան:
Նպատակային քայլեր են կատարվել նաև Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերում մասնակից ունենալու համար:
Եթե Հայաստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետրոսյանը փետրվարին Մոսկվայում անցկացված վարկանիշային մրցումներում 7-րդը ճանաչվեր բազմամարտում, ապա կարող էր այդ պատվին արժանանալ: Մրցումների առաջին օրը նա 9-րդն էր, սակայն չկարողացավ բարելավել ցուցանիշը և դուրս մնաց: Բանն այն է, որ մարզուհին երկար ժամանակ նախապատրաստվել էր Մոսկվայում, վարպետությունը կատարելագործել ռուսաստանցի ճանաչված մասնագետների ղեկավարությամբ:
«Մեր այս երկու առաջատարների հետ միասին Հայաստանի պատիվն է պաշտպանում նաև Հայաստանի քաղաքացիություն ունեցող Աննա Սվիրինան: Նա Հայաստանի հավաքականի թիմակիցների հետ ուղևորվել է Յարոսավլ: Մերոնք երկու` ավագ և կրտսեր տարիքի մարզուհիների միջազգային մրցաշարի են մասնակցելու: Նրանք նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունն այս տարի` մայիսի վերջին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում է անցկացվելու, և մերոնք բաց կթողնեն այն: Իսկ աշխարհի թիմային առաջնությունը սեպտեմբերի 21- 28-ը կայանալու է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Հայաստանից կմասակցեն Լիլիթ Հարությունյանը, Աննա Սվիրինան, Լուիզա Սադյանը, Կլարա Սիմոնյանը: Մայիսի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը հյուրընկալելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մասնակիցներին: Նախատեսվում է, որ հանդես կգա Հարությունյանը: Մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում է կայանալու աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը, որին կմասնակցի Սվիրինան: Օգոստոսի 9-11-ը Լիլիթը կարողությունները կփորձի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, սեպտեմբերի 5-7-ին էլ` Ռուսաստանի Կազան քաղաքում կազմակերպվելիք ստուգատեսներում: Մրցաշրջանը մեր մարզուհիների համար հագեցած է, մնում է, որ ցանկալի արդյունք ստացվի»,- ասաց Ներսիսյանը:
Ի դեպ, երկար ժամանակ Հայաստանից մրցավար ներկա չէր լինում միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում: Պատճառն այն էր, որ մեր մասնագետները չունեին համապատասխան որակավորում: Եվ ահա, այդ բացը լրացվել է: Վերջերս Գայանե Ներսիսյանը Կիևում մասնակցել է սեմինարի, հաջողությամբ քննություններ հանձնել, 2-րդ կարգի միջազգային մրցավարի կոչման արժանացել և միջազգային, այդ թվում նաև` օլիմպիական խաղերի մրցաշարեր սպասարկելու իրավունք ստացել:
Քանի որ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի մասնագետների տարաձայնությունները քիչ չեն, հետաքրքրվեցինք, թե ներկայումս այդ առումով ինչ վիճակ է, կրքերը հանդարտվե՞լ են, թե՞ ոչ:
Ներսիսյանը պարզաբանեց, որ առայժմ խաղաղ է, սակայն աշխատանքը խոչընդոտելու փորձեր, այնուամենայնիվ, արվում են: Վերջերս փոխվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Գաբրիել Ղազարյանը նախկինում զբաղվել է գեղարվեստական մարմնամարզության մասնագետների տարաձայնությունները վերացնելու խնդիրներով, քաջատեղյակ է իրավիճակին և հայտնել է, որ հնարավորինս աջակցություն ցույց կտրվի, որպեսզի այս գրավիչ մարզաձևը մեր երկրում զարգանա և հնարավորություններն օգտագործվեն 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:
Տարիներ շարունակ խոստումներ են տրվել, որ նազելիների հոգսերը փոքր-ինչ կթեթևանան, նրանք բարվոք պայմաններում` հարմարավետ մարզասրահներում պարապելու հնարավորություն կունենան, մարզումների համար ժամանակակից գորգեր կստանան, դրսում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն և այլն: Մարզչի վկայությամբ` արդեն աստիճանաբար երևում է, որ խնդիրները կարող են լուծվել:
«Աշխարհի առջնությունից առաջ մեր ընտրանին նախատեսում է ուսումնամարզական հավաք անցկացնել Նիժնի Նովգորոդում: Արդեն պայմանավորվել ենք, որ օգնելու են ռուսաստանցի մեր գործընկերները: Ֆինանսները քիչ են: Աջակցության կարգով պետությունից տարեկան 7 մլն դրամ ենք ստանում: Սակայն հնարավորությունների սահմաններում փորձում են օգնել բոլորը, ովքեր սրտացավ են այս մարզաձևի համար: Մարզվողների ծնողները, հարազատները ևս հնարավորն անում են: Նպատակը մեկն է, որ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզուհիները բարձրացնեն իրենց պատրաստվածության մակարդակը, առաջ գնան և աշխարհում ճանաչում ձեռք բերեն: Հունիսի 25-28-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի բաց առաջնությունը: Լիլիթ Հարությունյանն այն բաց կթողնի: Նա անհատական ծրագրով է նախապատրաստվում և միջազգային մրցումների կմասնակցի Իսրայելում: Աննա Սվիրինան և ռուսաստանցի մի քանի մարզուհիներ կմասնակցեն այդ տուգատեսին»,- ասաց Ներսիսյանը:
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում.Սեռական կարողության խանգարման պատճառները
Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում: Ուրոլոգ Դավիթ Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, թե ինչ է իմպոտենցիան և ինչպես բուժել այն:
Ոչ այնքան հիվանդություն, որքան սինդրոմ
– Իմ պատկերացմամբ, իմպոտենցիան ավելի շատ ոչ թե հիվանդություն է, այլ սինդրոմ, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Պատճառները շատ են՝ հոգեբանականից մինչև օրգանական: Ապացուցված է, որ օրգանական գործոնը գերակայում է հոգեբանականին: Եթե հոգեբանական գործոնը կախված է որոշ հոգեբանական խնդիրներից, օրինակ՝ կնոջ և տղամարդու սեռական անհամատեղելիությունից, սթրեսային վիճակից, ապա օրգանական գործոնն ավելի լուրջ է, անոթների ախտահարման հետևանք է,- ասում է Դավիթ Ներսիսյանը:- Տղամարդու առնանդամի գրգռումը սեքսուալության առավել բնորոշ դրսևորումն է՝ որպես սեռական մերձեցման պայման: Սերմնաժայթքումն ապահովում է սեռական ակտիվության կենսաբանական նպատակը՝ սերմնահեղուկի արտազատումը: Սեռական կյանքի բնականոնությունը մեծապես կախված է հոգեկան աշխարհից, որով պայմանավորված է զուգընկերոջ ընտրությունը և սեռական ակտիվության աստիճանը:
Մեր այն հարցին, թե ում կարող է սպառնալ իմպոտենցիան, բժիշկը նշում է.
– Իմպոտենցիան կարող է սպառնալ ցանկացած տարիքի տղամարդու՝ 20-ից մինչև 70 տարեկան: Բայց առավել թիրախային խումբը 35-50 տարեկաններն են:
Անշուշտ, մեզ հետաքրքրում էին նաև իմպոտենցիայի առաջացման հիմնական պատճառները:
– Ասեմ, որ հիմնական պատճառներն են շաքարախտը, հիպերտոնիկ, սրտային հիվանդությունները, այսինքն՝ այն հիվանդությունները, որոնք ախտահարում են անոթները: Ախտահարված անոթները նվազեցնում են նաև փոքր կոնքի օրգանների սնուցումը՝ հետզհետե հանգեցնելով իմպոտենցիայի: Էրեկտիլ դիսֆունկցիայով մարդկանց սեռական կյանքը թերի է, քանի որ առնանդամը բավարար չի պնդանում, որպեսզի տեղի ունենա սեռական ակտ: Կարելի է սրանից խուսափել: Օրվա ընթացքում պետք է ավելի շատ ոտքի վրա լինել: Սպորտով զբաղվելն ուղղակի պարտադիր պայման է: Որքան մարդը շարժման մեջ է, այնքան արյունն ակտիվ է շրջանառվում, ու խնդիրներ չեն առաջանում: Իսկ ճարպային կուտակումները, օրինակ, հանգեցնում են հորմոնային հարաբերակցության խախտման. տղամարդու արյան մեջ սկսում են նվազել արական հորմոնները, և հակառակը՝ ավելանում են իգական հորմոնները:
Ուրոլոգն ասում է, որ տղամարդը պետք է հրաժարվի ծխախոտից, բայց չի բացառում խմիչքը, խրախուսում է միայն չափի մեջ խմիչքի օգտագործումը: Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, որ օրական մեկ-երկու բաժակ չոր գինին կամ կոնյակն օգտակար են:
Պարոն Ներսիսյանին խնդրեցինք նաև մի քանի խորհուրդ տալ, որոնք կօգնեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:
– Գիտեք, սեռական հարաբերությունները պետք է բնականոն լինեն: Գերադասելի է շաբաթական ունենալ երկու-երեք հարաբերություն: Իսկ եթե ամեն օր է լինում, ապա ավելի լավ: Պետք է անկեղծ ասեմ՝ շատ բան որոշում է նաև զուգընկերուհին, քանի որ կինը կարող է առողջ տղամարդուն իմպոտենտ դարձնել և հակառակը՝ հանել այդ դրությունից: Պարզապես կինը պետք է շատ մտերիմ լինի տղամարդուն: Վստահեցնում եմ՝ նա կարող է բուժել ամուսնուն նույնիսկ առանց բժշկի միջամտության: Նման դեպքեր պատահել են:
Մեր այն հարցին էլ, թե արդյոք այս հիվանդությունն ազգային պատկանելություն ունի, պարոն Ներսիսյանը պատասխանեց.
– Այս հիվանդությունը ազգային հատուկ հակվածություն չունի. չկա վիճակագրություն, որ հստակեցներ՝ հայ տղամարդկանց էրեկցիայի խանգարման դեպքե՞րն են ավելի շատ, թե՞, ասենք, ռուսներինը: Սա զուտ կենսաբանական խնդիր է: Ազգային խառնվածքն աննշան ազդեցություն ունի. հայ տղամարդիկ տաքարյուն են, ինչը հիվանդության հակվածությունը կարող է փոքր-ինչ թուլացնել:
Բուժել եմ ինքնուրույն
Մեր զրուցակիցը` 29-ամյա Կարինե Դ.-ն (անունը փոխել ենք հերոսուհու խնդրանքով,- հեղ.), ասում է, որ համատեղ ամուսնական կյանքում դժվարություններ շատ է կրել: Ըստ Կարինե Դ.-ի՝ ամուսնության առաջին տարին դեռ չէր բոլորել, որ կանգնեց ֆիզիոլոգիական մի բարդ խնդրի առաջ: Հասկացավ, որ ամուսինը խուսափում է իրենից:
– Մենք շատ օրինակելի զույգ ենք: Մեր բոլոր ընկերները հենց մեզնից են օրինակ վերցրել, ավանդական, իսկական հայկական ընտանիք ենք,- ասում է Կարինեն:- Ես, ճիշտն ասած, չէի կարողանում հղիանալ, ու ինքս ինձ անընդհատ հարց էի տալիս՝ միգուցե Աստված ինձ այսպես է ստեղծել, իսկապես տառապանքի մեջ էի: Ընկերուհուս խորհրդով դիմեցի գինեկոլոգին: Նա ինձ ստուգեց ու ասաց՝ ամուսնուցդ է: Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ ուժ հավաքեմ ու ամուսնուս ասեմ այդ մասին:
Կարինեի հարցերն ամուսնուն ամենևին էլ անակնկալի չեն բերում, նա ասում է, որ ինքը պրոբլեմ ունի ու չի ցանկանում դրանով ծանրաբեռնել նաև կնոջը:
– Մենք շատ համերաշխ էինք ապրում, բայց ես մի բան հստակ հասկացա, եթե ամուսիններն անհամատեղելի են անկողնում, ամենաերջանիկ թվացող զույգն էլ վտանգի տակ է: Դիմեցի ամենամտերիմ ընկերուհուս: Եթե նա չլիներ, վստահ եմ՝ հիմա մեր ընտանիքը չէր լինի: Նա ինձ մի քանի խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է գերգրգռել տղամարդուն,- ասում է Կարինեն:
Եվ երբ ամուսինը գնացել է ուրոլոգի մոտ, բժիշկը զարմացել է: Նա լրիվ բուժվել է:
– Անցավ մի քանի ամիս, և ես հղիացա: Որ հիմա հիշում եմ, ուղղակի աներևակայելի հեքիաթ է թվում,- ասում է Կարինեն,- ես հիմա գիտեմ, թե որն է իսկական երջանկությունը: Մենք ճիշտ է՝ լավ ենք ապրել, բայց շատ ու շատ դժվարություններ էլ ենք ունեցել, անհաջող իրավիճակներ, որոնց կենտրոնում ամուսինս էր: Պատկերացրեք` իր այդ վիճակն իրեն այնքան էր անհանգստացնում, որ մի պահ զգացի՝ կամ նարկոման է դառնալու, կամ էլ՝ հարբեցող: Ամուսինս այն ժամանակ շատ նյարդային էր, պահի տակ կորցնում էր իրեն, բայց մենք միասին հաղթահարեցինք դա: Ընկերուհիներ ունեմ, որոնց արդեն ես եմ խորհուրդ տալիս, որովհետև լավ գիտեմ, թե ինչ է դա, երբ տղամարդը ցանկանում է քեզ, բայց ոչինչ չի ստացվում:
Կարինեն հիմա երկու երեխա ունի:
Հոգեբանի միջամտությունը կարևոր է
Հոգեբանական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Արամ Մկրտչյանը տարիների ընթացքում ուսումնասիրել է այն հիվանդությունները, որոնք բժիշկների համար անհաղթահարելի են: Եվ այդ շարքի առաջին հորիզոնականներում է նաև էրեկտիլ դիսֆունկցիան:
– 2010 թ. Ֆրանսիայում մի հետաքրքիր գիտաժողովի էի մասնակցում, հոգեբաններն ասում էին, որ էրեկտիլ դիսֆունկցիան միմիայն բժշկությանն է վերաբերում, հոգեբաններն այստեղ տեղ չունեն: Բայց ես շատ պրոֆեսիոնալ բժիշկ-ուրոլոգների, սեքսապաթոլոգների հետ զրույցների ժամանակ հասկացա, որ այս թեման իսկապես գիտական որակավորման խնդիր ունի,- ասում է հոգեբանը:- Սկսեցի բավական լուրջ հետազոտություններ իրականացնել ու շատ կարճ ժամանակում հասկացա, որ շատերն են տառապում այս հիվանդությամբ: Այս հիվանդությունը չի կարող բուժել անգամ ամենապրոֆեսիոնալ բժիշկը, այն կարող է բուժել միմիայն լավ հոգեբանը կամ տղամարդու զուգընկերուհին:
Արամ Մկրտչյանը փորձով գիտի, որ խնդիրը զուտ հոգեբանական է, և զույգերը անգամ, առանց մասնագետների դիմելու, կարող են ինքնուրույն հաղթահարել:
– Դեպքեր են եղել, երբ տղամարդիկ եկել են, դժգոհել են, բայց վախեցել են իրենց կանանց ասել այդ մասին՝ մտածելով, որ նրանք գուցե չկարողանան ընկալել,- նշում է հոգեբանը,- բայց դեպքեր էլ են եղել, երբ զույգերը բաժանվել են, և այդպես էլ կինը չի իմացել բաժանման իրական պատճառը: Եթե ամուսինները ցանկանում են համերաշխ ու ներդաշնակ ապրել, պետք է շատ մտերիմ լինեն իրենց կանանց հետ: Շատ դեպքերում կողակից կինը կարող է հրաշքներ գործել, բայց կարող է անել նաև հակառակը:
Հոգեբան Արամ Մկրտչյանի դիտարկմամբ՝ ամուսնությունների երկարակեցության գաղտնիքը միմիայն ներդաշնակ կյանքն է:
«Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան` իրենց վերջը կգա»…
«Գեղեցիկ յոլկա նախշերով մանրահատակ էր»,- երկհարկանի տան երկրորդ հարկի ննջարանն է հիշում Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Հենրիկ Գալստյանը: Նրա տունը, որ ուղղահայաց նայում է դիմացի բարձունքին ամրացած ադրբեջանական դիպուկահարին, առաջին անգամ հրետակոծվել է 1994 թ.: Քսան տարի է անցել, բայց գյուղի պատմության ուսուցիչը դեռևս չի կարողացել վերացնել գնդակոծության հետևանքները, տունը նորոգել չի ստացվել: Տան այդ հատվածն ամբողջությաբ ավերված է: Դեռ չի եղել կրակոց, որ Հենրիկ Գալստյանի տունն ու այգին շրջանցի:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ վերջին շրջանի գնդակոծությունների հետևանքով վնասվել է նաև Հենրիկ Գալստյանի ավտոմեքենան, որը 2004-ին նրան` որպես շրջանի տարվա լավագույն ուսուցչի, նվիրել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բարեբախտաբար, փամփուշը լուրջ հետևանքներ չի ունեցել, միայն թեթևակի քերծել է մեքենայի դիմապակին:
Այս օրերին համագյուղացիների հետ միասին Հենրիկ Գալստյանը շատ զբաղված է. գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, նաև ժամանակն է ամփոփել ուսումնական տարին:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի 109 աշակերտներից ավարտական դասարանի 12 աշակերտներ այս ուսումնական տարում հրաժեշտ կտան դպրոցին: Վերջին զանգի օրը դեռ ստույգ չէ, հարաբերական է, բայց կլինի մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում: «Երաժիշտը Բերդից է հրավիրվում ու քանի որ մի քանի դպրոցում է միջոցառումներ իրականացնում, հնարավոր է` մեր գյուղում մի օր շուտ կամ ուշ լինի դպրոցական վերջին զանգը: Երաժշտի գրաֆիկից է կախված»,- նշում է Հենրիկ Գալստյանը:
Ավագ` 10-12-րդ դասարաններում երեխաներ կան, որոնք, ըստ գյուղի դպրոցի պատմության ուսուցչի, շատ շնորհալի են, համալսարանական մակարդակ ունեն և իրենց ուժերով կարող են շարունակել կրթությունը: «Այնպես որ` մեզ արժանի փոխարինողներ կան: 4-5 հոգի համալսարան են դիմել, արդեն հայտ են ներկայացրել` մասնակցելու բուհական քննություններին: Հիմնականում` օտար լեզուների ֆակուլտետներ: Շրջկենտրոնում` Բերդում, կրկնուսույցի մոտ են պարապում, քանի որ գյուղում անգլերենի ժամաքանակը շատ չէ: Եթե իմ առարկայից էլ գնային, չէին նեղվի: Վերջին տարիներին մոտ 20 երեխա ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ. այս փլված գյուղից: Որդիս` Հրաչյա Գալստյանն էլ է սովորում պատմականում, 4-րդ կուրսում է, հեռակա ուսուցման համակարգում: Հիմա այստեղ է, գյուղում է ապրում, Բերդում աշխատում»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի պատմության ուսուցիչ Հենրիկ Գալստյանը:
Նրա խոսքով, երեխաներն ինքնանպատակ չեն դիմել բուհեր: «Ես նրանց անընդհատ ուղղություն եմ տալիս, որ էն բանը, ինչ իրենց սրտով է, անպայման էդ ուղղությամբ աշխատեն, ուղղակի տոլստոյական միտքը` եթե որոշել ես մի բան կատարել, ուրեմն կատարի: Երբ կատարում ես, լավ կատարի: Եթե մի բան մոռացել ես` աշխատիր հիշել, ոչ թե փորփրել գրքերը»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Դպրոցականները, ըստ ընկեր Գալստյանի, ուժեր ունեն և կարող են պատվով անցնել բարձրագույն քննական ստուգատեսը: Դպրոցական խնդիրներից Հենրիկ Գալստյանն առանձնացնում է երկկազմ դասարանները և դասերի հնգօրյա կազմակերպումը: «8,7 ժամ երեխան չի կարող նստել: Թեկուզ 5-րդ, 6-րդ դասարանի երեխան 7-րդ ժամին արդեն ֆիզիկապես չի կարող դիմանալ: Շապուհի դպրոցին է նմանվում, երբ Աբովյանը մտավ, արգելեց, թե երեխաներին ինչու եք այդքան երկար տանջում»:
Հենրիկ Գալստյանի դասղեկական դասարանը դպրոցի 11-րդ դասարանն է, որտեղ աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար է: Ինչպես հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները, այնպես էլ սահմանապահ այս գյուղի կրթական հաստատությունը պատրաստվում է վերջին զանգի արարողությանը: «Սցենարը շատ ընտիր, արդիական կլինի, հայկականություն, արդիականություն: Բոլորն օգտվում են համացանցից: Չնայած գյուղական դպրոց է, բայց շնորհալի ուսուցիչներ ունենք, որոնք օժանդակում են»,- նշում է Գալստյանը:
Հակառակորդի արձակած կրակահերթերը երբևէ ներքինկարմիրաղբյուրցիների դասերը չեն ընդհատել: Գիշերային ինտենսիվ գնդակոծությանը հաջորդող առավոտյան անգամ առաջին դասարանցիները պարտաճանաչ դպրոց են ներկայանում: «Այս զոնան մահացու է (խոսքն իր տան հատվածի մասին է, որից ոչ հեռու տեղակայված է նաև գյուղի դպրոցը), կրակահերթից հետո բռերով փամփուշտ ենք հավաքում տան տարբեր հատվածներից ու այգուց: Վտանգավոր է հատկապես տեղանքին անծանոթ մարդկանց համար: Պետք է իմանաս, որ երբ կրակում են` թաքնվես որևէ պատի հետևում, գոնե կյանքի փրկությունը 70 տոկոսով այդ դեպքում հնարավոր է: Մեր գյուղը մի քանի հենակետից են խփում: Այնպիսի զինատեսակներից, որոնք արգելված են: Ես նորից կարող եմ ասել 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան, չորս համաձայնագրերը, 1977-ի երկու լրացուցիչ արձանագրությունները, Ժնևի իրավունք, Հաագայի իրավունք: Ես ամաչելով եմ բացատրում երեխաներին: Դպրոցն ավարտողներն արդեն հասկանում են, որ չի կարելի թափորի վրա կրակել, գյուղի վրա կրակել, մանկապարտեզի, կրթական, բնակելի օբյեկտների վրա կրակել»,- նշում է Հենրիկ Գալստյանը` ավելացնելով, որ արդեն հիասթափված է և վստահ, որ ադրբեջանցիները միջազգային իրավունքի այբուբենն անգամ ի վիճակի չեն սովորել:
Գյուղի պատմության ուսուցիչը 1990-ականների թեժ կռիվներին շատերի նման գրիչը զենքով է փոխարինել: Սակայն նշում է, որ սահմանին որքան էլ լարված իրավիճակ է եղել, ինքը զենքն ադրբեջանցի հնձվորի կամ հովվի վրա չի ուղղել: «Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան, իրենց վերջը կգա: Նախազգուշական կրակել եմ, որ հեռանան»,- շեշտում է Հենրիկ Գալստյանը:
Նա հայրենի գյուղի բոլոր հենակետերում հերթապահել է. անցյալում` կռվելով, այսօր արդեն` ապրելով, պաշտպանելով սահմանը: «Իմ բոլոր աշակերտները տիրապետում են այդ նորմերին, հասկանում, որ պատերազմն էլ իր կանոններն ունի, հատկապես` զինանդադարի խախտման վերաբերյալ»:
Զեփյուռ Ավագյանը մեկն է նրանցից, ովքեր լավ են սերտել ընկեր Գալստյանի դասերը: Կփորձի տուրիզմի բաժին ընդունվել, նպատակ ունի զբոսաշրջիկների համար բացահայտել Ներքին Կարմիրաղբյուրի գրավչությունները` սահմանից այն կողմ դարանակալած անհաջող հարևաններին հասկացնելով` չլինի, որ աչք դնեն իր չքնաղ գյուղի վրա…
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ուկրաինան շարունակում է «ռինգ» մնալ աշխարհաքաղաքական խաղացողների համար
Ուկրաինական ճգնաժամը սուր հակասություններ է առաջացրել Արևելքի և Արևմուտքի միջև:
Ամերիկացի փորձագետ, Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մակադամսի կարծիքով` Արևմուտքի համար ամենաշահավետ դիրքորոշումը ներկայիս հանգամանքներում կարող է լինել չմիջամտելու քաղաքականությունը: «Ռուսաստանի հետ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից: Կարծում եմ` եվրոպացիները հասկանում են դա, ինչի մասին վկայում է, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումը», – նշել է փորձագետը:
Բայց Արևմուտքը տուրք է տալիս ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքի թելադրանքով ստեղծվող լարվածությանը:
Ուշագրավ է ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերի և հիմնադրամի հետազոտական աշխատանքների գծով փոխնախագահ Էնդրյու Վայսի դիտարկումն ուկրաինական Ճգնաժամի վերաբերյալ Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածում. «Ճգնաժամը հետզհետե ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսանյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երևույթ են դառնում»:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ մայիսի 14-ին հայտարարեց, որ Ուկրաինայում սուր ներքաղաքական ճգնաժամը մոտ է վերաճելու քաղաքացիական պատերազմի, և ակնարկեց բանակցությունների անհրաժեշտության մասին:
Վերջին շրջանում արդեն հարյուրավոր զինվորականներ, ցուցարարներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվել Օդեսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում, Լուգանսկում, հարակից գյուղերում, ամենուր: Այնպես որ, Ուկրաինային ոչ թե սպառնում է քաղաքացիական պատերազմ, այլ երկիրը, եթե կարելի է Ուկրաինային դեռ այդպես կոչել, արդեն իսկ քաղաքացիական պատերազմի մեջ է:
Մեկ այլ ուշագրավ փաստ էլ է արձանագրվում: Ճգնաժամի ալիքն օգտագործելով` ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի սահմաններին ավելի ու ավելի մոտիկ ամրապնդել իր դիրքերը: Այս առումով բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ ու կոչեր են հնչել: Վերջիններից էր մայիսի 15-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը. «Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արևելյան սահմանային երկրներում, կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»:
Նրա խոսքով` Դաշինքի ենթակառուցվածքը և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արևելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Բարձրաձայնվեց անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Իհարկե, Մոսկվան կտրականապես դեմ է դրան: «Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են ազդելու եվրոպական անվտանգության համակարգի վրա, և մենք կտրականապես դեմ ենք»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Մինչ ռուսական կողմը սպառնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում` կապված Վրաստանի հանդեպ Մոսկվայի հնարավոր քայլերի հետ: ԱՄՆ դեսպանն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հարցը, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:
Նման հայտարարությունները կարծես միտված էին ստիպելու, որ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանից հետ քաշվեին: Բայց եթե ՆԱՏՕ-ն որոշի կայաններ տեղակայել Վրաստանում, ապա ռուսական զորքն ավեի շուտ կկապիտուլացնի Թբիլիսին, քան թույլ կտա, որ իր քթի տակ ՆԱՏՕ-ական բազա հայտնվի:
Սա, ինչ խոսք, հայտնի է արևմտյան քաղաքականության «հաշվապահներին»: Ուստի ԱՄՆ-ին մնում է դարձյալ դիմել ավելի փորձված քալերի` տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների: Այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներին, ի դեպ, բացի Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից, միացավ նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Արևմուտքի «պատժամիջոցները» Ռուսաստանում միայն ժպիտ են առաջացնում
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, The Wall Street Journal-ում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսը, որ այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավարն է, գրեց, թե Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սև ոսկի» արդյունահանող երկրների հետ:
«Հաշիվները սառեցնելուն և Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արևմուտքի, Չինաստանի և Հնդկաստանի համար»,- ասել է նա:
Թերևս իրավացի է ԿՀՎ նախկին ղեկավարն արևմտյան պատժամիջոցների դեմ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Հիշենք թեկուզ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կապված պատմությունը, որ չմտավ Եվրամիության պատժամիջոցների ցուցակ իր եվրոպացի գործընկերների շնորհիվ: Գերմանական, ֆրանսիական և իտալական էներգակոնցեռնների ղեկավարները քաղաքական գործիչներին ստիպեցին հանել նրա անունը ցուցակից` զգուշանալով բիզնեսին սպառնացող հետևանքներից: Արևմուտքը հատկապես մտքափոխվեց այն բանից հետո, երբ Միլլերն ակնարկեց, որ պատժամիջոցների շարունակության դեպքում «Գազպրոմը» կհայտնվի սնանկացման եզրին: Սա, ավեի շուտ, ակնարկ չէր, այլ սպառնալիք: Որովհետև փաստ է` Եվրոպային մատակարարվող գազի 30 տոկոսից ավելին բաժին է հասնում ռուսական գազին: Ու եթե «Գազպրոմը» որոշի, որ սնանկ է, ապա ԵՄ-ում էներգետիկ, հետևաբար նաև արդյունաբերական, տնտեսական, սոցիալական լուրջ ճգնաժամ կսկսվի: Սա, բնականաբար, Եվրոպայի երազանքը չէ:
Ենթադրենք, թե Եվրոպան էլ, իր հերթին, Ռուսաստանին պատժելու համար կարող է հրաժարվել ռուսական գազից: Սակայն այդ դեպքի համար էլ Ռուսաստանը պահեստային տարբերակ ունի: Մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այսինքն` Ռուսաստանն էլ տնտեսական հակապատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի, հենց միայն գազի առումով, եթե չհաշվենք, օրինակ, եվրոպական գիգանտ կորպորացիաների դուստր ձեռնարկությունների առկայությունը Ռուսաստանում: Եվ այս օրերին Ռուսաստանն իր այդ հակաքայլերի, այսպես ասած,«զորավարժություններն» է անցկացնում Ուկրաինայում` ցույց տալով Եվրոպային, թե ինչ կարող է անել` պարզապես գազի խողովակի փականի հետ «խաղալով»:
«Գազպրոմի» տվյալների համաձայն, Ուկրաինան գազի դիմաց պարտք է մոտ 3.5 մլրդ դոլար: Այժմ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ 480 դոլար է: Ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել` ըստ որի, եթե Ուկրաինան չվճարի պարտքը, ապա հունիսից գազ կստանա այնքան, որքան վճարել է: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 4 մլրդ դոլար վճարել գազի գնի իջեցման դեպքում` մոտ 300 դոլար: Այդ մասին Welt պարբերականին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գազի պարտքերի պատճառով Ռուսաստանը որոշել է կանխավճար սահմանել երկրի համար:
Թե ինչ նշանակություն են ստանում Ռուսաստանի գազային քմահաճությունները, թերևս ամենից դիպուկ է բնութագրել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը. «Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների վրա ճնշում գործադրելու սիրած ձևաչափն է»:
Բայց ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր միայն ռուսական կողմն է համագործակցության ու բանակցային գործընթաց սկսելու առաջարկ արել: Իսկ եթե Արևմուտքի միակ հաղթաթուղթը Ռուսաստանին «քլնգելու» հարցում ռուս-ուկրաինական սահմանին մոտեցված ռուսական զորքերն էին, ապա մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարգադրեց Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերին մշտական տեղակայման վայրեր վերադառնալ: Գոնե միառժամանակ կթուլացնի՞ սա լարվածությունը, դժվար է գուշակել: Առավել ևս, որ ուկրաինական ճգնաժամում կրքերը գնալով ոչ թե հանդարտվում, այլ էլ ավելի են թեժանում. ո՛չ Արևելյան Ուկրաինայի անջատողականներն են պատրաստվում համակերպվել Կիևի մայդանական իշխանությունների հետ, ո՛չ էլ նոր իշխանություններն ու նրանց զինյալներն են պատրաստվում առանց զենքի, առանց զոհ ու արյան հրաժարվել արևելքից:
Փաշիկ Ալավերդյան. «Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում»
Լեհաստանի Չեխանովո քաղաքում կայացած Եվրոպայի ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնությունը կարևոր էր այն առումով, որ մեդալներից բացի, խաղարկվում էին նաև այս տարվա օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի ուղեգրեր: Եթե մեր պատանիները մինչև այդ մեկնարկն արդեն տիրացել էին երկու ուղեգրի, ապա մեր մարզուհիները պետք է փորձեին նրանց հասնել: Ու թեև ծանրորդուհիների մրցաշարում մեդալակիր չունեցանք, ի վերջո, առաջադրանքը կատարվեց: Թե ինչպես, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:
– Հայաստանի պատանիները նվաճեցին 2 ոսկե,1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Մերոնք թիմային հաշվարկով, իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանի ներկայացուցիչներին, գրավեցին 2-րդ տեղը: Ընդ որում, նախորդ տարվա ստուգատեսում մերոնք առաջինն էին ճանաչվել: Մարզուհիների առջև խնդիր էր դրվել առնվազն 4-րդ տեղը գրավել: Եվ նրանք 3-րդն էին, ինչն էլ հնարավորություն կտա պատանեկան օլիմպիական խաղերում մրցահարթակ դուրս բերելու երկու մասնակցի: Ավելի վաղ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում մեր երկրի պատանիները երկու ուղեգիր են ձեռք բերել:
– Արդեն հայտնի՞ է, թե Հայաստանից ովքեր են մասնակցելու պատանեկան օլիմպիական խաղերին:
– Մասամբ, մարզուհիներից առաջատար է 63 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Եթե անցանկալի որևէ բան չկատարվի, վնասվածքը չխանգարի, նրան կմիանա նաև + 69 կգ քաշային Արփինե Դալալյանը: Պատանիներից երեք մարզիկ է հավակնում Չինաստան մեկնելու: Պատանիների Եվրոպայի չեմպիոն, ծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը հաստատ կմասնակցի խաղերին: Իսկ թե ով նրան կընկերակցի` կորոշի մարզչական խորհուրդը: Արժանավոր մարզիկներ ունենք 69 կգ և 85 կգ քաշային կարգերում: Երեք ծանրորդներն էլ ուսումնամարզական նախապատրաստական հավաքներին մասնաացելու են: Նախորդ պատանեկան օլիմպիական խաղերում ունեցել ենք արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Ծանրքաշային Գոռ Մինասյանը զբաղեցրել է երկրորդ, Սմբատ Մարգարյանը (56 կգ)` երրորդ տեղը:
– Հայաստանի աղջիկների հավաքականը գխավորում էր աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Նա նախկինում սաներ չի աճեցրել, դժվար չէ՞ր միանգամից հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնելը:
– Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում: Կարևորն այն է, որ Նազիկը ցույց տվեց, որ մարզչական աշխատանքով զբաղվելու հնարավորություններ ունի և իր փորձը կարող է հաղորդել աղջիկներին: Ավդալյանի կողքին փորձառու մարզիչներ են աշխատում` Երվանդ Կիրակոսյանը և Արման Ղազարյանը, կօգնի նաև Ավդալյանի անձնական մարզիչը` Արտաշես Ներսիսյանը:
– Մեր ծանրորդներին առաջիկայում ի՞նչ փորձություններ են սպասում:
– Նրանք նախապատրատվում են հունիսի 20-29-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականը փոքր կազմով հանդես կգա: 2-3 մասնակից կունենանք, ոչ ավելի: Բանն այն է, որ հանդես են գալու մինչև 20 տարեկանները, իսկ այդ տարիքի մեր մարզիկները զինվորական ծառայություն են անցնում: Ընդ որում, մարզավիճակը պահպանում են միայն նրանք, ովքեր զիվորական վաշտում են և ԲԿՄԱ-ի կազմում են հանդես գալիս: Աշխարհի երիտասարդական առաջնությունում հիմնականում հանդես կգան նրանք, ովքեր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում են սովորում: Աշխարհի երիտասարդական առաջնությունում ծանրորդուհիներ մրցահարթակ չենք հանի: Նրանք կնախապատրաստվեն Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցելուն: Այն վարկանիշային է լինելու 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի համար:
– Խնդիրներ առաջանո՞ւմ են բանակային մարզիկներին ուսումնամարզական հավաքներում ներգրավելու, մրցումների գործուղելու հարցերում:
– Չեմ կարծում, առաջիկայում դա կերևա: Զինծառայությունում գտնվող մեր ծանրորդները համաժամանակ բանակային մարզիկների միջազգային մրցումներ ունեն: Յուրաքանչյուր մարզիկի համար որ մրցումն ավելի կարևոր կլինի, այնտեղ էլ կփորձի կարողությունները: Մեր երիտասարդ հեռանկարային մարզիկներից բանակում են Անդրանիկ Կարապետյանը և Միշա Հարությունյանը: Նրանք նոյեմբերին կարող են օգտակար լինել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականին:
– Հայաստանի ծանրորդները քանի՞ մեդալ են ընթացիկ մրցաշրջանում միջազգային ստուգատեսներում նվաճել:
– 22 մեդալ, որից 7 ոսկե, 6 արծաթե, 9 բրոնզե: Պարգևներն ավելի շատ կլինեին, եթե, ինչպես նախորդ տարի, առանձին անցկացվեին պատանիների և աղջիկների 13-15, 16-17 տարեկանների Եվրոպայի առաջնություններ: Իսկ այս տարի միայն մեկական թիմ էինք մրցասպարեզ դուրս բերել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային ստուգատես էր: Փաստորեն,13-15 տարեկանների առաջնությունը չկայացավ: Նպատակն այն էր, որ երկրներն ուժերը նպատակաուղղեին ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությանը նախպատրաստվելուն, քանի որ այն վարկանիշային էր: Ստեղծված իրավիճակում քիչ ֆինանս ծախսվեց, քանի որ առաջնությունում երկուսի փոխարեն մեկ թիմ ունեինք: Ընդ որում, այն լավն էր: Ի դեպ, եթե կրտսեր տարիքի ներկայացուցիչների առաջնություն ևս անցկացվեր, մեր մարզիկները նույնպես անմասն չէին մնա մեդալներից, քանի որ հեռանկարային ծանրորդներ ունենք:
Բերդի զարգացման մշակութային ու զբոսաշրջային այցեքարտը
Թանգարանային գիշերը Բերդի թանգարանի դռները նույնպես բաց էին արվեստասեր այցելուների առաջ:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանն այս տարի ունեցել է երկու հազարից ավելի այցելու: Այդ ցուցանիշը, անցած տարվա համեմատ, կրկնապատկվել է: Այցելուների հոսքը մեծ է եղել հատկապես ապրիլի 24-ին և մայիսի 9-ին:
Տուֆակերտ թանգարանը «Սորան» ազգային պարկի հարևանությամբ գործում է արդեն 33 տարի և այժմ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ է: Թանգարանում են պահպանվում տարածաշրջանի հնագիտական պեղումների գտածոները` սափորներ, ջրամաններ, պղնձե, կավե թասեր:
Ցուցադրվող խողովակները, ի դեպ, վկայում են, որ Տավշո ամրոցն ապահովված է եղել ջրամատակարարմամբ: Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից` կավե փողրակներով, որոնց մնացորդները պահպանվել և այժմ գտնվում են Բերդի թանգարանում:
«Թանգարանը քաղաքի կենտրոնից հեռու է, այդ պատճառով այցելուների թիվը մեծ չէ: Հիմա քննարկվում է, որ քաղաքի կենտրոնում կամ քաղաքապետարանի առաջին հարկում և կամ մեկ այլ հարմար սրահում ցուցադրություն ներկայացնենք: Մեկը քաղաքապետարան է գալիս, մեկը` սոցապ ծառայություն, մարդիկ նաև պարապ են, և քաղաքի կենտրոնական մասում մարդկանց հոսքն ու շարժը մեծ է: Կարծում ենք, որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովել շամշադինցիների ու Բերդ այցելած հյուրերի հաղորդակցումը մեր մշակույթին ու թանգարանային արժեքներին: Մեր կանխատեսմամբ` օրը 50 մարդ կդիտի ցուցադրությունը: Իսկ տոնական օրերին մարդիկ կարող են գալ արդեն թանգարան: Նաև մտածում ենք ֆինանսական մեխանիզմի ստեղծման մասին, որով հնարավոր լինի հոգալ թանգարանի խնդիրները»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը:
Թանգարանում պահպանվող ցուցանմուշներն ամբողջական պատկերացում են տալիս Բերդի տարածաշրջանի կենցաղի, մշակույթի, ավադույթների մասին: Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը: Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ: Բերդցիները խնամքով պահպանում են նաև հարևան Ադրբեջանի նվերը` Ստեփան Շահումյանի պատկերով գույնզգույն գորգը:
Թանգարանի աշխատակից Զինա Բադալյանի խոսքով` հնագույն գտածոների տարիքը դեռևս հստակեցման կարիք ունի, ուստի այս պահին չի կարող ասել` որն է թանգարանի ամենահին ցուցանմուշը: Թանգարանն ունի տատիկի, մոր և մանկան անկյուններ, ներկայացված են հնագույն նվագարաններ: Բերդցի նկարիչ Միշա Հովհաննիսյանի գծանկարները թանգարանը պատկերասրահի է վերածել: Ներկայացված են հայ գրականության, գիտության, մշակույթի, արվեստի, շախմատի, թատերարվեստի ու կինոյի մեծերի` Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի դիմանկարները: Ցուցադրվում են նաև քաղաքի նկարիչ Ռոմեո Մելիքյանի կտավները:
Թանգարանի ֆոնդերում պահպանվում են նաև Արցախյան ազատամարտին և Մեծ հայրենականին մասնակցած ու կյանքը նվիրաբերած տավուշցիների ու ընդհանրապես հայ հերոսների մասին իրեր, փաստեր ու լուսանկարներ:
Մշակույթի նախարարության աջակցությամբ թանգարանի շենքում այժմ մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Միաժամանակ մշակույթի նախարարության հետ միասին քննարկվում է արգելոց-թանգարանի ստեղծման գաղափարը: Նախատեսվում է ամբողջական համալիրում ընդգրկել Տավշո և Կիկլոպյան ամրոցները, բերդցիներին հայտնի Ղալի քարը, «Սորան» ազգային պարկը` մոտ վեց հեկտար տարածք: «Եթե կարողանանք ցանկապատել, դիտահրապարակներ պատրաստել, եթե Ղալի քարի վրա` անդունդի եզրին, դիտահրապարակ ստեղծենք, կգան մարդիկ, դա աշխարհում զբոսաշրջության մեջ կիրառելի մեթոդ է, էքստրեմալ տուրիզմի մի տեսակ: Արգելոցի ստեղծման գործընթացը սկսված է, և մինչև ամսվա վերջ համակարգը ձևավորված կլինի»,- նշեց Արթուր Երկանյանը:
Բերդն իր անունը ստացել է հենց Տավուշի բերդի անունից, որը հիշատակվում է Հովհաննես Դրասխանակերտցու մոտ: Բերդի անունն էլ կապվում է Ցլիկ Ամրամի հետ: Դիտարժան է հատկապես Բերդի տարբեր հատվածներից տեսանելի Տավշո ամրոցը, որտեղ, ըստ Մուրացանի Գևորգ Մարզպետունու պատմավեպի, հաճախ էր հյուրընկալվում Աշոտ Երկաթը` տեսնելու Ասպրամին` Ցլիկ Ամրամի տիկնոջը:
«Կիկլոպյան ամրոցից ահագին բան է պահպանվել, ես էլ նոր եմ բացահայտել, հետնամասում պատեր կան պահպանված: Սակայն թե՛ այդտեղ, թե՛ Բերդում ընդհանրապես պեղումներ քիչ են կատարվել, Բերդն ամբողջությամբ ուսումնասիրված չէ»,- ասաց թանգարանի տնօրենը:
Տավուշի բերդը X-XI դարերում պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, ապա` Զաքարյաններին: Պահպանված են բերդի պարսպի մնացորդները, մինչև 12 մ բարձրությամբ, խոշոր քարերով և կիկլոպյան շարվածքով եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր: Պատմամշակութային հարուստ պատմություն ունենալով, ըստ Արթուր Երկանյանի, պետք է մշակել տուրիստական երթուղի, որը կլինի դեպի Տավուշ` Դիլիջան-Իջևանի շարունակությունը` ընդգրկելով Շամշադինը: «Միայն թե հակառակորդի կրակոցներն են խանգարում: Սակայն վստահ եմ` արտերկրում աշխատանքի մեկնած տավուշցիների մեջ մի օր արթնանալու է կարոտը, նրանք ցանկանալու են վերադառնալ ու տեսնել այս գեղատեսիլ տարածքները»:
Արգելոց-թանգարանի ստեղծման ծրագիրը կյանքի կոչելու գլխավոր քայլերից մեկը ենթակառուցվածքների ապահովումն է: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի նախաձեռնությամբ շուտով կսկեն «Սորան» ազգային պարկ տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, արդեն իսկ կառուցվում են ճանապարհի հենապատերը: «Ինչ վերաբերում է Ցլիկ Ամրամի բերդին, ապա միջնաբերդն է պահպանված, հրաշք տեսարան է, որտեղ էլ հովանավոր գտնելու դեպքում կարելի կլինի կառուցել դիտահրապարակ: Մշակույթը պետք է փողով լինի, ամբողջ աշխարհում է այդպես: Տուրիզմի զարգացումը կնպաստի ոչ միայն Տավուշի գրավչությունների ներկայացմանը, այլև տարածաշրջանի տնտեսական առաջընթացին»,- նշում է թանգարանի տնօրենը:
Թանգարանը տարածաշրջանի գյուղերում, հատկապես համայնքերի կրթամշակութային շենքերում կազմակերպում է շրջիկ ցուցադրություններ: Արթուր Երկանյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին այցելություն է նախատեսված սահմանամերձ Չինարի, որտեղ կցուցադրվեն բերդցի նկարիչ Արտակ Ադամյանի նկարները: Բերդի դպրոցականները չինարեցիների համար կասմունքեն Սևակ, իսկ Շամշադինում հայտնի երգիչ Սերժիկ Վարդազարյանը սահմանապահ Չինարիում կհնչեցնի հայտնի «Դռները բացեք, գարուն է գալիս» երգը:
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պարտադիր կուտակային բաղադրիչը որևէ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կամ օրենքով չի կարող ամրագրվել
Անցյալ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ԱԺ ներկայացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրինագիծ, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այդ նոր նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ, մտքեր ու մեկնաբանություններ են հնչում, որոնք հաճախ հակասական ու շփոթեցնող են: Ուստի, մեկնաբանություն ու պարզաբանում ստանալու ակնկալիքով, «Անկախը» դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը «Պարտադիր կուտակայինի» դեմ հանդես եկող ամենաակտիվ քաղաքական գործիչներից էր, ՍԴ-ում այդ օրենքի դեմ հանդես եկող կողմ էր:
– Պարո՛ն Մինասյան, խնդրում ենք պարզ ներկայացնել` ի՞նչ նախագիծ էր դա, ի՞նչ ամրագրվեց, ի՞նչ նորություն ունի և ինչպե՞ս պետք է շարքային քաղաքացին ընկալի այդ նոր նախագիծը:
– Հայտնի է, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո խնդրի լուծումը երկու փուլի բաժանվեց: Առաջին փուլը, այսպես կոչված, միջանկյալն է, այսինքն` մինչև օրենսդրության ամբողջական վերանայումը: Անհրաժեշտ էր ընդունել այնպիսի իրավակարգավորումներ, որոնցով քաղաքացու կամարտահայտությունը պետք է հաշվի առնվեր և, ըստ էության, պարտադիր բաղադրիչը վերածվեր կամավորի կամ քաղաքացու կամարտահայտությունը նկարագրող մոտեցման:
Նախագիծը, որ ԱԺ-ում երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց և հիմա գտնվում է նախագահի մոտ` ստորագրման փուլում, անդրադառնում է հենց այս հարցին: Հստակ գրված է, որ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել պարտադիր բաղադրիչին, իրենց գրավոր կամարտահայտությունը դիմումի տեսքով, առձեռն կամ փոստային առաքմամբ ներկայացնում են գործատուին, որի դեպքում քաղաքացու այդ, ինչպես նաև դրան հաջորդող ամիսների համար որևէ կուտակային վճարի պահում չի կատարվում:
Եթե գործատուն դիմումի ներկայացման նախորդ ամիսների ընթացքում չի փոխանցել գումարները, այդ դեպքում դրանք նույն դիմումի հիման վրա հետ են վերադարձվում քաղաքացիներին, և որևէ պարտավորություն թե՛ աշխատակցի, թե՛ գործատուի համար չի առաջանում:
Երկրորդ կարևոր արձանագրումն այն էր, որ հունվարի 1-ից հետո առաջացած որևէ հարաբերության համար, որում գործատուն պետք է պահեր ու փոխանցում կատարեր, որևէ պատասխանատվություն չի առաջանում, ու եթե որևէ ձևով գործատուի նկատմամբ նման տույժ-տուգանք է հաշվարկված, բոլորը զրոյացվում են:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ գործատուն ցանկացած ժամանակ իր կողմից ներկայացված հաշվետվություններում ճշգրտումներ է կատարում` ելնելով հենց այդ հանգամանքից, թե արդյոք աշխատակիցը համաձայնե՞լ է, տվե՞լ է որևէ դիմում, թե՞ ցանկանում է մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:
– Այսպիսով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցի՞ն, թե՞ ոչ:
– Սա անցումային փուլի շրջան էր` կարգավորման հատված էր, որը, սակայն, չի նշանակում, թե խնդիրն ամբողջությամբ լուծվել է: Խնդիրն ամբողջությամբ կլուծվի, երբ ամբողջ օրենսդրությունը վերանայվի: Ըստ էության, ՍԴ որոշմամբ սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել պարտադիր կուտակային բաղադրիչը նկարագրող օրեսնդրության հիմնական դրույթները: Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը նոր օրենսդրական որևէ նախաձեռնության մեջ, որևէ օրենքով չի կարող ամրագրվել, քանի որ սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերը չեն կարող կրկնվել: Մյուս կողմից` որևէ նման իրավական ակտի ընդունումն ինքնին իրավաբանական ուժ ունենալ չի կարող, հետևաբար, այն չի կարող նաև գործադրվել: Իսկ դա գործադրող որևէ պաշտոնատար անձ պետք է պատասխանատվություն կրի քրեական հանցագործության շրջանակներում և քրեական օրեսնգրքի համապատասխան հոդվածի համաձայն` նա կդիտվի որպես պաշտոնական լիազորությունները չարաշահած անձ:
– Ճի՞շտ հասկացա, ներդրվել է ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, այլ ընդամենը կուտակայի՞ն:
– Այս անցումային փուլում ներդրված է քաղաքացու կամարտահայտությունը հաշվի առնող կուտակային համակարգ, որտեղ պարտադիր բաղադրիչը, ըստ էության, վերածվել է կամավորի:
– Դա լա՞վ էր, այսինքն` ա՞յն էր, ինչի համար պայքարում էիք:
– Առաջին` միջանկյալ, անցումային փուլում սա այն նվազագույնն էր, որի ակնկալիքները կային: Բայց կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահպանված են: Մասնավորապես` այն աշխատողների մասով, որոնց գումարներն արդեն իսկ գտնվում են կենսաթոշակային ֆոնդերում, այդ գումարների վերադարձի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն նոր վերանայվող փաթեթով, որն ամբողջությամբ շուրջ 130 իրավական ակտերի ամբողջություն պետք է լինի:
– Մտավախություն չկա՞, որ նույն գործատուները, զուտ վարչական կամ սուբյեկտիվ նկատառումներից ելնելով, կարող են աշխատողներին ստիպել պարտադիրից հրաժարվելու դիմումներ չգրել:
– Այդ մտավախությունը միշտ պահպանվում է, սակայն պետք է միշտ հաշվի առնել 2-3 կարևորագույն հանգամանք: Առաջին` գործատուի տնտեսական շահագրգռվածությունը ո՞րը պետք է լինի, որ իր աշխատողին վնա՞ս պատճառի: Երկրորդ` գործատուն այս դեպքում պետք է պատրաստ լինի առնվազն պատասխանատվություն կրելու` թե՛ քաղաքացիա-իրավական, թե՛ վարչա-իրավական, թե՛, առանձին դեպքերում, քրեական բնույթի:
Եվ, վերջապես, երրորդ կարևորագույն հանգամանքը` եթե նման դեպքեր լինեն, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ մեր մասնակցությամբ արագ կհարթվեն: Եթե հանկարծ նման երևույթները լինեն զանգվածային բնույթի, ապա արտահերթ նիստի միջոցով օրենքի առավել խստացնող նորմերի ընդունումը կդառնա հրատապ: Այդ դեպքում հատկապես քաղաքական չորս ուժերը պատրաստ են կոնկրետ քայլեր իրականացնել:
– Գործողությունների հաջորդ փուլը ո՞րն է լինելու:
– Ներկայումս ընթացքի մեջ օրենսդրական ամբողջական վերանայման փուլն է: Սա, փաստորեն, նշանակում է, որ պարտադիր կուտակայինի դեմ ձևավորված շարժումն ավելի պետք է ակտիվանա, և կարծում եմ, որ շարժումը պետք է ունենա հստակ սկզբունքներ, թե ինչ համակարգ պետք է կառուցվի և այդ սկզբունքներին ինչպես պետք է համապատասխանի:
Այդ սկզբունքներով արդեն կառավարությունում ձևավորված համապատասխան աշխատանքային թիմը պետք է փորձի համակարգը փոփոխել դրան համապատասխան, որում, բնականաբար, ինչպես արդեն նշեցի, պարզապես չի կարող պարտադիր բաղադրիչը լինել:
Սա նշանակում է, որ շարժումը մտնում է նոր փուլ, այն է` պահանջատիրական փուլը, թե համակարգն ինչ պայմանների պետք է բավարարի կամ ինչ պետք է իր մեջ ներառի կամ չներառի:
Ասեմ նաև, որ մեր խմբակցությունն ակտիվ մասնակցելու է վերանայման գործընթացին, մենք արդեն ներկայացրել ենք մեր մասնագետ թեկնածուներին այդ խմբում ընդգրկվելու համար, որոնք նաև պետք է ապահովեն «Դեմ եմ!» շարժման պահանջների իրացումը:
Վարչապետը հեղափոխությո՞ւն է անում
Հայաստանի տնտեսական կյանքում ակնհայտ է մի բան` փողի պակաս կա: Այդ պակասը զգացվում է ամենուրեք ու ամեն ինչից: Փող չկա պետության համար. դա երևում է պետության` սոցիալական ծախսերը լիարժեք հոգալու, իր ֆունկցիաները կատարելու անկարողությունից, հակառակ պարագայում հարկային քաղաքականությունն ուղղված չէր լինի հնարավոր յուրաքանչյուր անկյունից փող «քերելուն»: Բիզնեսի համար էլ փող չկա, որովհետև այդ բիզնեսի ստեղծած բարիքներից` ապրանքներից ու ծառայություններից օգտվող հասարակությունը փող չունի. լայն սպառողի գումարները, որոնցով գոյանում է մեծ բիզնեսը, օրավուր նվազում են: Մարդիկ սկսել են խնայել անգամ սննդի ծախսերը: Գործարարներն ու ձեռներեցներն ամեն ինչ անում են այս դժվար ժամանակներում գոյատևելու համար, պետությունը` նույնպես: Այսինքն` գործադիրի գործունեության մեջ ինչ-որ բան այն չի եղել կամ սխալ հունով է ընթացել: Ուստի, նոր կառավարությունից ակնկալվում էր տնտեսական քաղաքականության փոփոխություն` արմատական քայլեր:
Տնտեսությունը փրկել են ուզում «խորհրդավոր» հանդիպումներով
Տնտեսական քաղաքականության փոփոխության առումով ուշագրավ էր մայիսի 14-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մոտ 100 խոշոր գործարարների ու բանկերի ներկայացուցիչների հետ: Համաժողովը փակ էր, հատկապես` լրագրողների համար: Կազմակերպիչների պարզաբանմամբ` որպեսզի գործարարներն ավելի ազատ ու անկաշկանդ լինեն:
Հանդիպման մասին կառավարության կայքից տեղեկանում ենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:
Սրանով, ինչպես ասում են, վերջանում է այդ խորհրդավոր հանդիպման պաշտոնական մասը: Իսկ հանդիպումից հետո բոլորը հայտարարեցին, թե այսուհետ սահմանված են խաղի նոր կանոններ, բոլորը գործելու են հավասար պայմաններում, հավասար դաշտում:
Իհարկե, կառավարության որդեգրած տնտեսական ուղեգծում առանցքայինը կառավարության ներկայացրած ծրագիրն է: Բայց թղթի վրա գրվածից, առավել կարևոր է ամրագրված դրույթների ընկալումն ու մեկնաբանումը թե՛ հեղինակների կողմից, թե՛ նրանց կողմից, որոնց վրա անմիջականորեն պետք է տարածվեն կառավարության ծրագրով նախատեսվող խաղի նոր կանոնները:
Հայ խոշոր գործարարների հետ կառավարության նախաձեռնած գործարար համաժողովից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին հայտնեց, որ համաժողովը, ընդհանուր առմամբ, նպատակ ուներ, որ երկրի խոշոր արտադրողները, սպառողները, ընդհանրապես բոլորը տեղյակ լինեն կառավարության հետագա ծրագրերից: Թե ինչ երաշխիք կա, որ այս անգամ ամեն ինչ նորմալ ընթացք կունենա և խոստումներից ու պայմանավորվածություններից անցում կլինի գործուն քայլերի, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, թե այդ երաշխիքները գալիս են հետևողական աշխատանքով, ծրագրերով, կոնկրետ ներդրումային ծրագրերին աջակցելով, ներդրում անողի համար ճիշտ շարժառիթներ ստեղծելու միջոցով:
«Այսինքն` էական չէ` դա 100 միլիոն դոլար է, թե 100 հազար դրամ է: Այնուամենայնիվ, դա պետք է շարժառիթ լինի, հատկապես` բիզնեսի համար: Եթե շարժառիթ չկա, ապա ներդրումներ չեն լինի: Իսկ դա ներդրումային լավագույն միջավայրն է, ներդրողի համար լավագույն պայմաններն են, որ կան, որ կառավարությունն իր իրավասությունների շրջանակներում կարող է տրամադրել: Սա ընդհանուր գաղափարախոսությունն էր»,- նշեց Կարեն Ճշմարիտյանը:
Ու այս հանդիպումից հետո խորհրդավորության շղարշը սկսեց քիչ-քիչ ցրվել:
Լրատվամիջոցներում սկսվեցին մանրամասներ հրապարակվել այդ հանդիպման վերաբերյալ: Այսպես. գործարարների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն առանձնապես շատ չի խոսել, ներկայացրել է իր սպասելիքները գործարարներից, ասել է, թե որոշել է հստակեցնել խաղի կանոնները, պարզեցնել իրավիճակը, քանի որ խնդիրները լուրջ են, մանավանդ` կապված հարկահավաքության հետ, երկրում մոլեգնում է արտագաթը, որի չափերն ահռելի են, պետք է կատարվի հարկային դաշտի հավասարեցում, բյուջեն այլևս գերավճարներով չպետք է լցվի, ավելացված արժեքի հարկի նկատմամբ մոտեցումը պետք է վերանայել և այլն:
«Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են»
Կառավարության մայիսի 15-ի նիստի ժամանակ արդեն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախորդ օրը հանդիպել է հայաստանյան գործարարների հետ, և հանդիպման ընթացքում սահմանվել են խաղի ընդհանուր կանոններ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում և դուրս գան ստվերից: Մինչև հուլիսի 1-ը վարչապետը գործարարներին հնարավորություն տվեց դուրս գալու ստվերից և նորմալ աշխատելու: Ըստ վարչապետի` գործարարները պետք է պահպանեն խաղի կանոնները, իսկ եթե չպահպանեն, ապա կառավարությունն իր լծակներով կստիպի անել դա:
Կառավարության նիստից հետո էլ ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասաց. «Շատ հստակ ասվեց, որ այսուհետ ոչ ոք, անկախ իր ծագումնաբանությունից, խնամիական, բարեկամական կապերից, բիզնեսում ներկայացվածությունից, քաղաքական և կառավարական հովանավորությունից` բացառություններից չի օգտվելու. վերջ: Գիծ է քաշվում, որից հետո բոլորս աշխատելու ենք հավասար դաշտում,- և հավելեց,- դա, իհարկե, մի քիչ դժվար կլինի»:
Ինչպես ասում է Օրուելը «Անասնաֆերմայում», «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են»: Խոշոր գործարարների հետ վարչապետի ու կառավարության հանդիպմանը ներկա չէր, օրինակ, ամենախոշոր գործարարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, որքան էլ Հովիկ Աբրահամյանն ու նրա նախարարը` Կ. Ճշմարիտյանը, հավատացնում էին, թե «համահավասարության» սկզբունքի կիրառումը սկսվելու է հենց իրենցից` իրենց մերձավորներից ու հարազատներից:
Այնուամենայնիվ, հանդիպմանը ներկա որոշ գործարարներ իսկապես ոգևորված էին այդ հանդիպումից: Ավարտից հետո գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ), օրինակ, լրագրողներին ասաց, թե շատ լավ, գործարար մթնոլորտ էր տնտեսական համաժողովում, և այդ ջերմ մթնոլորտում կառավարությունն ու գործարարները ելքեր էին փնտրում, թե ինչ անեն, որ երկրի տնտեսությունը զարգանա, տնտեսություն, կառավարություն, հարկային դաշտ` ամեն ինչ լավ լինի.
«Ես վստահ եմ, որ նոր վարչապետի նախաձեռնած ծրագրերը կյանքի են կոչվելու, և գործարար միությունը մեծ զարգացում է ապրելու»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ-ի սեփականատեր Ալիկ Պետրոսյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետն ասել է, թե ազնիվ աշխատելու համար, եթե պետք լինի փոխել օրենսդրությունը, ապա անպայման կփոխվի այն: Պատգամավորը վստահեցնում էր, որ բոլոր գործարարների համար ցանկալի է, որ աշխատեն օրենքի դաշտում, ոչ թե ստվերում, բայց եթե օրենքներ կան, որ ժամանակին ընդունվել են ու այսօրվա պայմաններին չեն համապատասխանում, ուրեմն դրանք պետք է փոխվեն: «Պետք է դրական բարեփոխումներ լինեն, օրենսդրությունը փոփոխվի, որ հնարավորություն լինի ազնիվ աշխատելու, որ գործարարները կարողանան մեծացնել իրենց բիզնեսը, մուծեն հարկերը, ոչ թե լինի քերելու տարբերակով»,- ասաց Ալիկ Պետրոսյանը:
«Մի տնտեսական փուլում ենք, երբ այս հարցի լուծումը, այսինքն` ստվերի կրճատումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության և խոշոր ձեռնարկությունների միջև հարաբերությունների կարգավորումը, ընդհանրապես սոցիալ-տնտեսական զարգացմամբ նախատեսվող ծրագրին աջակցությունը, ծրագրի կատարումն էապես կախված է նրանից, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»,- կառավարության նիստից հետո ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ մինչ այդ էլ կային խաղի կանոններ, բայց բավարար չէին:
Խաղի նոր կանոնների սահմանման նպատակը, ըստ Կարեն Ճշմարիտյանի, ամենևին էլ բյուջեի եկամուտներն ավելացնելը չէ, այլ ավելի շատ երկրում սպառման դաշտն ավելացնելը, եկամուտների վերաբաշխման հարցը լուծելը: Նախարարի խոսքով` երբ եկամուտների կենտրոնացում է տեղի ունենում, դա երկրի տնտեսության վրա բավական բացասական է ազդում: Նախարարը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի` «եկամուտների վերաբաշխում» ասելով. եկամուտները կլինեն ոչ թե կենտրոնացված, այլ վերաբաշխված հասարակության տարբեր շերտերի միջև: Ավելի պարզ` նրանք, ովքեր կարողանում են ինչ-որ արդյունք ստեղծել, իրենց գործով զբաղվել, լիարժեք ներդնել իրենց մտավոր ու ֆիզիկական ունակությունները, դրա դիմաց կստանան համարժեք նյութական, բարոյական, հոգևոր և այլ փոխհատուցում:
Այստեղ արժե հիշել, որ սոցիալ-տնտեսական հարաբերություններում սովորաբար եկամուտների ու փողերի վերաբաշխումն իրականանում է հեղափոխության կամ հեղաշրջման ճանապարհով: Ու եթե կառավարությունն է հայտարարում վերաբաշխման անհրաժեշտության մասին, կնշանակի ականատես ենք լինելու հեղափոխական փոփոխությունների` աննախադեպ` իշխանությունների կողմից ձեռնարկված: Որքան էլ պարադոքսալ հնչի: Եթե, իհարկե, այս հայտարարությունները հերթական պոպուլիստական ելույթներ չեն:







