Հոկտեմբերի 30-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արայիկ Ս.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Monthly Archives: October 2013
«Ֆոլքսվագեն»-ը բախվել է պատին
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.18-ին, մարվել՝ 09.20-ին:
Այրվել է “ԳԱԶ-31” մակնիշի 77 ԼՏ 577 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ուռենի» ռեստորանի մոտակայքում՝ ավտոտնակում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.04-ին, մարվել՝ 09.11-ին:
Պարզվել է, որ հրդեհը 3-րդ միկրոշրջանի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվել է «Երևանյան կրկրես» ՍՊԸ-ին պատկանող «Գազ 3110» մակնիշի 514 ՍՍ 63 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Հանքավան գյուղի նախկին հեռուստաաշտարակի մոտակայքում` 40 հա, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտակայքում` 4 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ԹՈՒՄՈ կենտրոնում ընթացող ֆիլմերի ցուցաշարի շրջանակում ԱՄՆ դեսպանատունը հիշատակի տուրք է մատուցում Դենիել Փերլին
2002թ. ահաբեկիչների զոհ դարձած ամերիկյան լրագրող Դանիել Փերլի հիշատակը հարգելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների դեսպանատունը ներկայացրեց «Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը: Դենիել Փերլը Ուոլ սթրիթ ջերնըլի լրագրող էր: Նրա ողբերգական մահվանից հետո Դենիի ընտանիքն ու ընկերները հիմնեցին Դենիել Փերլի անվան հիմնադրամ, որի գործունեությունն ուղղված է ատելության արմատական պատճառների վերացմանը, ատելություն, որը խլեց Դենիելի կյանքը: Հիմնադրամը փորձում է դա անել երաժշտության, ինչպես նաև խոսքի միջոցով: Աշխարհի տարբեր երկրներում Միացյալ Նահանգների դեսպանատներն ամեն տարի կազմակերպում են երաժշտական ու այլ մշակութային միջոցառումներ նվիրված Դենիել Փերլի հիշատակին:
«Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը ներկյացնում է Նյու Յորք թայմս թերթի խմբագրության ներքին խոհանոցը: Այսօր, երբ տպագիր մամուլը պարտվում է համացանցին՝ որպես նորությունների հիմնական աղբյուր, և ողջ աշխարհում լրագրերը կանգնած են կրճատումների ու ստիպողական պարապուրդների առջև, «Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը ժամանակագրում է լրատվական արդյունաբերության վերափոխումը՝ վերջինիս համար լուրջ հուզումների պահին: Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես է արարվում խոշոր լրատվական կազմակերպության «ամենօրյա հրաշքը»: Եվ այդ ամենի միջից, իր բոլոր նրբերանգներով, հառնում է լրագրողների պատկերը, որոնք շարունակում են իրենց բացառիկ գործը՝ ավելի ու ավելի դժվարացող հանգամանքներում: Ֆիլմի խորքում ամերիկյան մամուլի մասին մտահոգ անձանց (անկախ Թայմզի ընթեցող լինել-չլինելու հանգամանքից) հուզող այն հրատապ հարցն է, թե ինչ կպատահի, եթե լրատվամիջոցների սրընթաց մոտեցող ապագան ետևում թողնի փաստերի վրա հիմնված բուն լրագրությունը, որն օգնում է կերպավորել մեր հասարակությունը:
«Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը ԹՈՒՄՈ կենտրոնում մինչև նոյեմբերի 15-ը ընթացող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարում ներառված ֆիլմերից մեկն է:
ԱՄՆ հատուկ ծառայությունները լրտեսել են Հռոմի պապին
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնալսել են ինչպես Կաթոլիկ եկեղեցու ներկայիս առաջնորդ Ֆրանցիսկոս I-ին, այնպես էլ նրա նախորդին` Բենեդիկտոս XVI-ին:
Տեղեկություն կա, որ ԱՄՆ հետախուզությունը գաղտնալսել է կարդինալների բանակցությունները նաև նոր պապի ընտրության, ինչպես և հոգևորականների մուտք ու ելք անող զանգերի մոնիթորինգ է արել Վատիկանի բանկում կոռուպցիոն սկանդալի ժամանակ:
Վատիկանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսող հետախույզները 4 խմբի են բաժանվել.”պայքար առաջնորդության համար”,”ֆինանսական համակարգի սպառնալիք”,”արտաքան քաղաքականության պլաններ” և “մարդու իրավունքներ”:
Սակայն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսման մասին տեղեկությունը հերքում է:
Սահարայի անապատում ծարավից ավելի քան 100 միգրանտ է մահացել
Նիգերի հյուսիսում՝ Սահարա անապատում, գտել են ավելի քան 100 միգրանտի դի, որոնք մահացել են ծարավից:
Մեքենաները, որոնք միգրանտներին էին տեղափոխվում, ջարդվել են, ու նրանք առանց ջրի հայտնվել են են անապատի մեջտեղում: Փրկարարներն արդեն գտել են 113 մարդու դի: Բոլորը մահացել են ծարավից: Դիակներն արդեն սկսել էին քայքայվել, իսկ դրանց մի մասին լեշակերներն են հոշոտել:
BBC-ի Ռուսական ծառայության տվյալներով, միգրանտները հնարավոր է աշխատանքի հետևից Եվրոպա կամ էլ Ալժիր էին ուղևորվել:
Ի՞նչ են թաքցնում Դուբայի գեղեցկուհիները հիջաբների տակ
Բարեկեցիկ արաբական երկրները, որոնք հարուստ են նավթային պաշարներով, չեն զիջում ասիային երկրներին նորաձև հագուստի բարձր պահանջարկի տեսանկյունից: Տեղացի աղջիկները լավ ծանոթ են նորաձևության աշխարհի բոլոր նորություններին և ամենահայտնի դիզայներների հավաքածուներին: Ահա ադրբեջանական «Gapp» կայքում հրապարակվել է մի ուսումնասիրության արդյունքներ արաբական երկրների՝ մասնավորապես Դուբայի կանանց և աղջիկների նախասիրությունների մասին: Պարզվում է, որ Արևելքի բարձրաշխարհիկ տիկնայք, չնայած ոտքից գլուխ փակված են մուսուլմանական ավանդական հագուստով, այնուհանդերձ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են հագնում հիջաբի տակից՝ մշտապես գնելով խանութներում հայտնված նորանոր զգեստները: Այն հարցին, թե «Ինչու՞ եք թանկարժեք իրեր գնում, եթե դրանք կարող են տեսնել միայն ձեր ընտանիքի անդամները», արաբ աղջիկները այսպես են պատասխանում. «Բայց չէ որ ընտանիքն ու ամուսինը ամենակարևորն են մեր կյանքում: Մենք հագնվում ենք նրանց համար: Մեզ բոլորովին էլ չեն հետաքրքրում շրջապատի մարդիկ: Ընտանեկան միջավայրում մենք կարող ենք կրել բացարձակ այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս, նույնիսկ կարճ զգեստներ»:
Ասում են, թե Աբու Դաբիի գիշերային ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցը երկու աղջկա թույլ չի տվել մտնել ակումբ միայն այն պատճառով, որ նրանք հիջաբով են եղել: Այդ ժամանակ աղջիկները ցուցադրաբար հանել են իրենց վերնահագուստը՝ ցույց տալով տակից հագած կարճ գրավիչ զգեստները: Հետաքրքրական է, որ այն հարցին, թե Արևելքում ինչպես են կրում ադամանդները, երբ են դրանք տեղին, իսկ երբ ոչ այնքան, արաբ կանայք չեն շտապում համեստ պատասխան տալ: «Էմիրություններում ադամանդներ կրում են ամենուր: Մենք նույնիսկ քնում ենք դրանցով»,-նշում են նրանք:
Զարմանահրաշ ֆրանսիական հյուրանոցում յուրաքանչյուր սենյակ առանձին պլաստմասե գունդ է (լուսանկարներ)
Այս հյուրանոցի այցելուները բնակվում են յուրաքանչյուրը առանձին գնդի մեջ տեղավորված սենյակում:
Ֆրանսիացի դիզայներները Մարսելից 16կմ հեռավորության վրա գտնվող անտառի սրտում ստեղծել են այս աշխարհից կտրված մի անկյուն:
Attrap’Rjves ընտանեկան հյուրանոցը արկածախնդիր ճանապարհորդներին գիշերը աստղազարդ երկնքի տակ անցկացնելու հնարավորություն է տալիս ՝ առանց վրաններ խփելու:
Երկու անձի համար նախատեսված գնդաձև սենյակներում մեկ գիշերվա գինը սկսվում է 160 դոլարից:
Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին աստղադիտակ և նույնիսկ երկնային քարտեզ, որպեսզի այցելուները կարողանան գրանցել իրենց հայտնագործությունները: Գնդերը պատրաստված են թափանցիկ պլաստմասայից, ինչի շնորհիվ համատեղվում են զարմանահրաշ տեսարանը, բնության գեղեցկությունը և աստղագիտությունը:
2010թ-ին բացվելուց ի վեր մեկուսացված հյուրանոցը դարձել է առանձնանալու հնարավորություն փնտրող ճանապարհորդների երազանքը:
Հյուրանոցի սեփականատեր Մյուրիել Ջովանսիլին նշում է, որ հյուրանոցը հնարավորություն է տալիս իր այցելուներին իրականացնել իրենց մանկության երազանքը կամ պարզապես իրենց սիրելիների հետ ռոմանտիկ երեկո անցկացնել:
Նա նաև հայտնել է, որ համալիրը շատ հարմարավետ է, քանի որ այնտեղ կարելի է հյուրընկալվել տարվա ցանկացած եղանակի:
Կախված հյուրի ցանկությունից՝ յուրաքանչյուր համար տարբեր կերպ է դեկորացաված:
Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով
Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային գրադարանի Մեծ սրահում, բացվեց ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը, որին երկու տասնյակից ավելի ռումինացի ու հայ գիտնականների կողքին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ժամանած հետազոտողներ: Գիտաժողովն անցկացվում է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությանը նվիրված ծրագրի շրջանակներում, Հայաստանի եւ Ռումինիայի մշակույթի նախարարությունների, Հայաստանի դեսպանության եւ Ռումինական ակադեմիայի համատեղ ջանքերով, Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի աջակցությամբ:
Գիտաժողովը հանդիսավորապես բացեցին Ռումինիայի մշակույթի նախարար Դանիել Բարբուն եւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
«Ռումինիան եվրոպական տարածքի վրա, եւ ոչ միայն, հայերի բազմադարյա ներկայության, հայկական մշակութային ժառանգության բացառիկ հարուստ վայրերից է: Դարեր ի վեր հայերն անջնջելի հետք են թողել ռումինական տարածքների վրա, նպաստել այս երկրի ձեւավորմանը եւ զարգացմանը, տվել փայլուն դեմքեր ռումինական կյանքի բոլոր բնագավառներում: Այս մասին շատ է գրվել եւ խոսվել: Այսօր էլ այս նյութը հանրային հետաքրքրության առարկա է թե՛ հասարակության լայն շերտերի, բավական է միայն հետեւել մամուլին եւ հայկական իրադարձությունների ցանկին, թե՛ գիտական-հետազոտական շրջանակների մոտ: Դրա մասին են վկայում ժամանակակից ռումինացի եւ այլ հեղինակների հարյուրավոր ուսումնասիրությունները եւ հրատարակությունները», – իր խոսքի մեջ ասաց դեսպան Գասպարյանը:
Դեսպանը տեղեկացրեց, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում երկու պետությունների միջեւ քայլեր են արվել այդ ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ զարգացման ուղղությամբ, ստեղծվել է իրավական լուրջ հիմք` ստորագրվել են ոլորտը կարգավորող միջպետական մի շարք համաձայնագրեր, որոնց շարքում 2011թ. սեպտեմբերին Բուխարեստում ստորագրված մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հնգամյա ծրագիրը: Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել նաեւ գիտական եւ կրթական հաստատությունների միջեւ, օրինակ, Ռումինիայի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների, Բուխարեստի եւ Երեւանի համալսարանների միջեւ, նման մի համաձայնագիր պատրաստվում է Ազգային արխիվների միջեւ:
Գիտաժողովի զեկուցումներն ընդգրկում են ռումինահայոց պատմության, հոգեւոր եւ մշակութային ժառանգության հարցեր, որոնց վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի անդամներ, Հայաստանի ԳԱԱ պատմության եւ գրականության ինստիտուտների, Հայաստանի Ազգային գրադարանի, Երեւանի Մատենադարանի, Բուխարեստի, Յաշի, Կլուժի, Գալացի մի շարք ակադեմիաների եւ համալսարանների, Լվովի եւ Կրամատորսկի (Ուկրաինա), Լայպցիգի (Գերմանիա) եւ Ֆրանսիայի գիտահետազոտական հիմնարկների հեղինակավոր գիտաշխատողներ եւ հայագետներ:
Երկօրյա բուխարեստյան նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները կուղեւորվեն Սուչավա, ուր դեռեւս 1401թ. հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը, եւ մինչեւ այսօր գործում են հայկական Հաճկատար եւ Զամկա նշանավոր վանքերն ու երեք եկեղեցիներ, ինպես նաեւ Յաշ, Բոտոշան, Ռոման եւ Թըրգու Օկնա քաղաքներ, որոնք հարուստ են հայկական ժառանգությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների անդամները:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և ընդգծեց, որ վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնք չեն կարող մտահոգության առիթ չհանդիսանալ: Այդպիսիք են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և ռազմականացումը, հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը, հարևան երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը և այլն:
Նշվեց, որ այս առումով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները լուրջ անելիքներ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխան քայլեր իրականացնելու և առկա վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Չնայած բողոքի ցույցերին՝ Իսրայելը ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին
Իսրայելը չորեքշաբթի առավոտյան ազատ է արձակել 26 պաղեստինցի բանտարկյալների՝ խթանելով երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները:
Սա պայմանավորված ազատվելիք չորս խմբերից՝ ընդհանուր 100 բանտարկայլ, ազտված բանտարկայլների երկրորդ խումբն էր:
Պաղեստինի բանտային իշխանությունները հաստատել են, որ 21 բանտարկյալներ ազատ են արձակվել Արևմտյան ափին, իսկ մյուս հինգը՝ Գազայում:
Ազատված բանտարկայլներով ավտոբուսներին Արևմտյան ափին ուրախության ճիչերով դիմավորել են նրանց ընտանիքները:
Սակայն որոշ իսրայելցիներ դժգոհ են մնացել բանտարկյալներին ազատելու փաստից և բողոքի ցույց են կազմակերպել Արևմտյան ափի բանտի մոտակայքում, որտեղ նախքան ազատվելը պահվում էին բանտարկյալները:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուն հայտնել է, որ պաղեստինցի բանտարկյալներին ազատելու որոշում կայացնելը իր կարիերայի ամենաբարդ որոշումն է եղել:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ողջունել է բանտարկյալներին ազատ արձակելու փաստը: Սակայն նա զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագիր չի կնքվի մինչև բոլոր պաղեստինցի բանտարկյալները ազատ չարձակվեն:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հաջորդ շաբաթ:
Ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հաղորդել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքու կայցելի հաջորդ շաբաթվա սկզբին: Այցի շրջանակներում միջնորդները հանդիպումներ կունենան Ադրբեջանի պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Բաքվից հետո միջնորդները կմեկնեն Երևան:
Հիշեցնենք, որ համանախագահների այցելության նպատակն է կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը:
Նախագահն ընդունել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցեր:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ եվրոպական համայնքի գործընկերների հետ ակտիվ երկխոսությունն ու շփումները դրական լիցքեր են հաղորդում Հայաստանին՝ եվրամերձեցման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքը կազմող ինստիտուցիոնալ բարեփոխումները և հանձնառու է կառուցել եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն ու այդ ճանապարհին ակնկալում է գործընկերների աջակցությունը:
Միլան Ցաբրնոխը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է Արևելյան գործընկերության շրջանակներում կարևոր երկիր և շարունակելու է աջակցությունն ու համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի հետ երկխոսությունը զարգացնելու գործում նա կարևորել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա ակտիվ աշխատանքը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:
Անակնկալ պատուհասը և չկայացած երեկոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կասկածելի 5 ուղևորներ նույնքան կասկածելի ավտոմեքենայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կնոջը բերման ենթարկեցին հյուրանոցի մոտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՄ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի՝ Մեծ 20-ամյակի առաջնորդներին լրտեսելու վերաբերյալ հայտարարությունը
Եվրոպական միությունը հետաքննում է թերթերի այն հավաստիացումները, թե անցած ամիս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը լրտեսական սարքեր է տեղադրել այլ երկրների ներկայացուցիչների համակարգիչները վրա, սակայն դեռևս որևէ ապացույց չի գտել:
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Ֆրեդերիկ Վինսենտը չորեքշաբթի հայտնել է, որ փորձագետները ուսումնասիրում են Մեծ 20-յակի գագաթնաժողովի ժամանակ օտարերկրյա ներկայացուցչական խմբերին բաժանված USB կրիչները, սակայն դրանց ուսումնասեիրությունները դեռևս անվտանգության հարցերով որևէ լուրջ մտահոգության տեղիք չեն տվել: Նա նաև ավելացրել է, որ հետաքննությունը դեռևս չի ավարտվել:
Վինսենտը հայտնել է, որ ԵՄ դիվանագետների և առաջնորդների համար շատ կարևոր է օտարերկրյա ճամփորդությունների ժամանակ խուսափել բաժանված կամ արտաքին որևէ սարք օգտագործելուց:
Այս հայտարարությունները, որոնք Ռուսաստանը ժխտել է, առաջին անգամ եվրոպական թերթերում հայտնվել են այս շաբաթ:
Իրանում ամեն տարի աղտոտված օդը 2700 մարդու մահվան պատճառ է դառնում
Ամեն տարի Թեհրանում մոտ 2700 մարդ մահանում է օդի աղտոտվածության հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով: Այս մասին է հայտարարել Իրանի առողջապահության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության կենտրոնի նախագահ Քազեմ Նադաֆին: «Օդի աղտոտման պատճառով այժմ հիվանդանոցում սրտանոթային խնդիրներ ունեցող 2522 հիվանդ ունենք, իսկ 4525 հոգի շնչառական հիվանդություններով է տառապում»,-նշել է կենտրոնի ղեկավարը:
Նադաֆիի խոսքերով` վիճակը էլ ավելի է բարդանում մոտ 70 հազար հին մեքենաների օգտագործման հետևանքով: «Եթե մենք կարողանայինք կարգավորել հին մեքենաների շահագործումը, ապա օդի աղտոտվածությունը կնվազեր 30 տոկոսով»,-ասել է Նադաֆին:
Թեհրանի օդը համարվում է աշխարհում ամենաաղտոտվածներից մեկը: Փորձագետների կարծիքով` շատ իրանցիներ սրա հետևանքով առողջական խնդիրներ ունեն: Աղտոտվածության 70 տոկոսի պատճառը ավտոմեքենաներն են, որոնք աշխատում են ցածրորակ բենզինով և դիզելային վառելիքով:



