ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին

KONICA MINOLTA DIGITAL CAMERA«Երևանը մեր տունն է, և այն բոլորս պետք է բարեկարգենք ու մաքուր պահենք» կարգախոսի ներքո ապրիլի 12-ին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն ու մի շարք զորամասերի զինծառայողներ:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Երևանի փողոցների ու թաղամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներից անմասն չեն մնացել զինծառայողները, ովքեր վաղ առավոտից քաղաքը մաքրում էին կենցաղային ու շինարարական աղբից, չորացած տերևներից ու ճյուղերից:

Մաքուր, բարեկարգ ու կանաչ Երևան ունենալու ցանկությունը բազմաթիվ քաղաքացիների և զինծառայողների համախմբել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հուշահամալիրի հարակից տարածքների, հուշարձանների բարեկարգման աշխատանքերին և ծառատունկին  մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը՝ Սեյրան Օհանյանը բնավ պատահական չի համարել այն, որ բարեկարգման աշխատանքների մեկնարկը տրվել է հենց «Եռաբլուր» պանթեոնից:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շրջել է պանթեոնում, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ տվել գերեզմանաքարերի շրջակա տարածքներն ընդլայնելու, քաղաքացիների այցերի համար դրանք առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը զրուցել է նաև «Եռաբլուր» պանթեոն այցելած զոհված ազատամարտիկների հարազատների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել է նաև մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում իրականացվող բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին:

Ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ զորամասերի զինծառայողները մասնակցել են Հրազդանի կիրճում  իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքներին: Զինծառայողները մասնավորապես բարեկարգել են ԽՍՀՄ հերոս Օլեգ Կոշևոյի հիշատակին նվիրված հուշարձանի, «Հրազդան» մարզադաշտի, «Ծիծեռնակաբերդ» հուշարձան թանգարանի  հարակից տարածքները:

 Անկախ

 

Ծխախոտագործության ոլորտում կբարձրացվեն աշխատավարձերը. ԼՂՀ վարչապետ

imagesԱպրիլի 11-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նոր շեն և Բերդաշեն գյուղեր՝ համայնքապետերի տարեկան հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղերի բնակչությանը հանդիպելու նպատակով:

Վազգենաշենի համայնքապետը ներկայացրեց, որ նախորդ տարի բարեկարգվել և լուսավորվել են գյուղի փողոցները, վերանորոգվել են գյուղապետարանի և բուժկետի շենքերը: Խնդիրներից նա առանձնացրեց խմելու և ոռոգման ջրի սղությունը: Վարչապետն առաջարկեց կառավարության աջակցությամբ և տեղի ուժերով խմելու ջրի նոր ցանց կառուցել: Ոռոգման ջրի խնդրի լուծման համար նա խոստացավ աջակցել արտեզյան հորեր փորել դաշտերում, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքում՝ նաև պոմպակայաններ տեղադրել: Կառավարության ղեկավարը կարևորեց ծխախոտագործության դերը նոր աշխատատեղեր ստեղծելու գործում և կոչ արեց ներկաներին օգտվել այդ տարածքում «Մասիս տոբակո» ընկերության ընձեռած հնարավորություններից և զբաղվել ծխախոտագործությամբ:

Նոր շենի համայնքապետը, ի թիվս այլ աշխատանքների, առանձնացրեց հանդիսությունների սրահի, ակումբի և եկեղեցու նորոգման, ինչպես նաև ճանապարհների խճապատման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքում է: Գյուղատնտեսական աշխատանքների վարման կոլեկտիվ մեթոդի կիրառման առաջարկին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը ողջունեց այն՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այն համայնքներին, որտեղ կոլեկտիվ կերպով են լուծում գյուղատնտեսական և այլ խնդիրները: Վարչապետի խոսքով՝ եթե տարիներ առաջ մեր խնդիրները կենցաղային ու սոցիալական բնույթի էին, այժմ համարյա բոլոր համայնքներն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ հիմնական խնդիրը դարձել է տնտեսական զարգացման ու ակտիվության ապահովումը: Կառավարության ղեկավարը շեշտադրեց, որ գյուղացին սոցիալական լավ պայմաններ է ունենալու, եթե ունենա եկամտի երաշխավորված աղբյուր: Իսկ վերջինս հնարավոր է գրագետ և սրտացավ կերպով գյուղատնտեսությամբ զբաղվելու դեպքում:

Բերդաշենի համայնքապետը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ մատնանշելով բարերարների միջոցներով կառուցված հանդիսությունների սրահը և համայնքի կողմից ճանապարհների բարեկարգումը: Վարչապետը ողջունեց այն հանգամանքը, որ Բերդաշենը պետական դոտացիա չստացող եզակի համայնքներից է: Ոռոգման ջրի խնդիրը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լուծել արտեզյան ջրհորների փորման և ինքնահոս աղբյուրների վերականգնման միջոցով, որոնց իրագործման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ կառավարությունը պլանավորում է այդ տարածքում զարկ տալ ծխախոտագործությանը, ինչը ստեղծելու է զգալի քանակի նոր աշխատատեղեր: Հանդիպումից հետո ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը հանձնարարեց համապատասխան պաշտոնյաներին լուծել ծխախոտի դաշտերի ոռոգման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ գործարանի ներկայացուցիչների հետ կառավարությունը համաձայնության է եկել ողջ հանրապետությունում բարձրացնել այդ ոլորտում աշխատողների աշխատավարձերը, ինչը սոցիալական շոշափելի նշանակություն կունենա: «Մասիս տոբակո»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Արցախում ծխախոտի մշակման ամենամեծ ծավալը Բերդաշենում է՝ հավելելով, որ այս տարի այն կհասնի շուրջ 150 հեկտարի:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի բաժին

Սոցիալական հարցում. հասարակություն-ոստիկանություն

1397298192,048Հանրային կարծիքի հետազոտության նպատակով ՀՀ ոստիկանության կայքէջում զետեղվել է սոցհարցում, որը կանցկացվի ապրիլի 12-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ: Այն նպատակ ունի տեղեկանալու քաղաքացիների գնահատականներին` վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանությունում (հիմնականում քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումներում) տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ:

Հարցման արդյունքները ոստիկանությունում առկա տեղաշարժերի հանդեպ հանրային վերաբերմունքի իրական պատկերը ներկայացնելուց զատ, ՀՀ ոստիկանության ղեկավարությանը նաև հնարավորություն կտան պատկերացում կազմելու ոստիկանության հանդեպ հասարակական հետաքրքրության, պահանջկոտության ու վերահսկողության վիճակի մասին, ինչը շատ կարևոր է հասարակություն-ոստիկանություն համագործակցության ամրապնդման առումով:
Հարցման արդյունքների մասին հանրությանը կիրազեկվի ՀՀ ոստիկանության կայքէջով:

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև Երևանի ավագանու անդամները

unnamed (7)Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանիից, Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքելով՝ միջոցառումների ներգրավվել են նաև Երևանի քաղաքի  ավագանու անդամները: Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի հարակից անտառային  տարածքը մաքրվել և ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների անդամները: Վերոնշյալ աշխատանքներում ներգրավված ավագանու անդամներից  յուրաքանչյուրը շեշտել է, որ համաքաղաքային նմանատիպ միիջոցառումներին  մասնակցում է նախ որպես երևանցի, ով սիրելի քաղաքի հանդեպ վերաբերմունքը նաև այս կերպ  պետք է ապացուցի, ընդ որում, ոչ թե միայն մեկ օրով, այլ՝ յուրաքանչյուր օր: Խմբակցության անդամների հետ իրականացվող աշխատանքներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի ավագանու անդամ Կամո Արեյանը, ով շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության և մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն էլ մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան հարակից հատվածում կազմակերպված ծառատունկին:

Անկախ

Հայոց Ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա միջազգային հանրության ավելի լայն շերտերի

unnamed (6)Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։

Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես են գալիս երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։

Ինչպես տեղեկացնում են «Անկախին» Հայաստանի  երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից , Գիտաժողովին ուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը։ Ուղերձում, մասնավորապես, ասված էր. «Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդն օտար երկրներում 100 և ավելի տարիների ընթացքում ստեղծել է ավելի քան 18 համահայկական կառույցներ և 30 հազարից ավելի հայկական կազմակերպություններ և 80 տարի շարունակ պայքարել է Ցեղասպանության ճանաչման, իր իրավունքների վերականգնման համար։ Այժմ, երբ իրականացել է մեր դարավոր երազանքը, և ունենք 2 անկախ հայկական պետություն, առավել քան հնարավորություններ կան մեր նպատակներին հասնելու համար։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, նրա հետևանքների վերացմանն ուղղված գործընթացները ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթություններից են»,- նշված է ուղերձում։ Տիկին Հակոբյանը, իր ուղերձում դիմելով երիտասարդներին, կոչ է անում սկսել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հուշերը, վկայություններն ու պատմածները գրի առնելու շարժում։

Գիտաժողովի ընթացքում բանախոսները նկատում են, որ հայկական կողմը պետք է կարողանա Ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցույց տալ համայն մարդկությանը։ Եթե Հայոց ողբերգությունն արդարացի կերպով միջազգային հանցագործություն չճանաչվի, հատագայում նման ոճիրները կարող են սպառնալ նաև մյուս ժողովուրդներին։ Երիտասարդ մասնագետները շեշտեցին, որ Հայոց Ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա միջազգային հանրության ավելի լայն շերտերի։

«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով գիտաժողովի նպատակն է վեր հանել թուրքական ժխտողականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում բացահայտել և օգտագործել երիտասարդ գիտնականների ներուժը, համախմբել Ցեղասպանության խնդրով զբաղվող երիտասարդ մասնագետներին և համատեղ մշակել միասնական ռազմավարություն նշված հարցի լուծման նպատակով։

Անկախ

Արևելյան Ուկրաինայում զինված մարդիկ գրավել են ոստիկանության շենքը

unnamed (5)Շուրջ տասնյակ զինված տղամարդիկ գրավել են Արևելյան Ուկրաինայում գտնվող փոքր քաղաքի ոստիկանական բաժանմունքը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ դիմակավորված մարդիկ շաբաթ առավոտյան ներխուժել են Սլովյանսկի ոստիկանական բաժանմունք: Քաղաքը գտնվում է Դոնեցկ շրջկենտրոնից 90 կմ հեռավորության վրա: Շրջկենտրոնում գրեթե մեկ շաբաթ է, ինչ ռուսամետ ուժերը գրավել են կառավարության շենքը:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է խիստ պատասխան տալ ոստիկանական շենքի գրավմանը:

Դոնեցկի կառավարական շենքը գրաված ցուցարարները սկզբում պահանջում էին հանրաքվե անցկացնել երկրից առնաձնանալու վերաբերյալ, սակայն ավելի ուշ սկսեցին քվեարկություն պահանջել Ուկրաինայի կազմում ինքնավարություն ունենալու համար:

 

Բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանի քաղաքապետարանում

unnamed (4)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացմանը։ Ցուցահանդես է այցելել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ցուցադրվող և վաճառվող ապրանքներին, կատարել գնումներ։ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատարյա Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին աջակցության համար։

Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է նման նախաձեռնությունները, ինչը, քաղաքապետի խոսքով, յուրովի մասնակցություն է Երևանի զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ առիթ է բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու։

Ինչպե «Անկախին» տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցել են 30 կազմակերպություններ և 20 դիվանագիտական ներկայացուցչություններ։ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բարեգործական տոնավաճառում ցուցադրվել են կին գործարարների կազմակերպությունների արտադրանքներ ու կին ստեղծագործողների աշխատանքներ։ Տոնավաճառի ողջ հասույթը, ինչպես նաև սրահում հավաքվող հանգանակությամբ հավաքված գումարն ուղղվելու է Երևանի  h. 71 և h. 130 մանկապարտեզների նորոգմանը, ինչպես նաև կհատկացվի սիրիահայ մի քանի ընտանիքների։

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

timthumbՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, հակառակորդը ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում,  հակառակորդը տվել է 3  զոհ (որից մեկը` սպա)  և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Թփապատվում է Ս. Սարգիս եկեղեցու հարակից լանջը

unnamed (3)Հրազդանի կիրճի՝ «Հաղթանակ» կամրջից մինչև Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջն ընկած տարածքում համքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում նախապես իրականացված մաքրման աշխատանքներից հետո մեկնարկել են թփապատումը:

Ինչպես տեղեկացնում է «Անկախին» Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շուրջ 2 հեկտար ընդգրկող հողատարածքը թփապատվում է ցախակեռասենու թփերով: Ի դեպ, տարածքը ոռոգելու նպատակով վերակառուցվել է 2500 գծամետրանոց ոռոգման ցանցը, ինչպես նաև կառուցվել է նոր պոմպակայան:

Թփապատումն ամբողջությամբ կավարտվի առաջիկա օրերին:

Անկախ

 

Իրանը և Պակիստանը շարունակում են փնտրել առևանգված սահմանապահին

unnamed (2)«Թեհրանը և Իսլամաբադը չեն հավատում այն տեղեկությանը, թե «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման կողմից առևանգված սահմանապահ Ջամշիդ Դանաեֆրը սպանվել է: Մենք մտադիր ենք շարունակել որոնողական աշխատանքները»,- այս խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահման Ֆազլին:

Պակիստանում Իրանի դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանը, անդրադառնալով այս խնդրին, ասել է, որ համամիտ է Աբդոլռեզա Ֆազլի կարծիքին և իր հերթին ընգծել է, որ Իրանի և Պակիստանի միջև անցկացված վերջին զորավարժությունները, նպաստել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը: Նա նաև մեջբերել  է, որ շուտով Իրան է այցելելու Պակիստանի վարչապետ Նավազա Շարիֆը:

Ինչ վերաբերում է սահմանապահներին, նրանցից չորսը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ազատ էին արձակվել:

Ավելի վաղ ծայրահեղականները հայտնել էին, որ գլխատել էին հինգերորդ սահմանապահ Ջամշիդ Դանաեֆրին: Իրանը նախ հաստատել է այդ լուրը, ապա հերքել և վերսկսել սահմանապահի որոնողական աշխատանքները:

Անկախ

Հոլանդիայում բանտապահները բանտարկյալներից շատ են

pic_0474851902f23f8772d7cc23acb85569

Նիդեռլանդների կառավարությունը ժամանակակից աշխարհի համար անսովոր խնդրի առջև է կանգնել.բանտերը գերզբաղված են ոչ թե բանտարկյալներով, այլ անձնակազմի անդամներով, հայտնում է DutchNews-ը: Երկրի Արդարադատության նախարարության տվյալներով, նման  թվային հարաբերակցություն առաջին անգամ է գրանցվում:

2008-ին հոլանդական բանտերում 15 հազար բանտարկյալ կար: Սակայն, այս տարվա մարտին, Արդարադատության հաշվարկներով, նրանց թիվը նվազել է մինչև 9,7 հազարի, իսկ հաստիքային աշխատողները 9,9 հազար են: Համեմատության համար. ԱՄՆ-ում մեկ հսկիչի հաշվով  5 բանտարկյալ է ընկնում: Բանտարկյալների թվի նվազումը  կապված է վերջին տարիներին երկրւմ հանցագործության նվազման հետ: Մեկ այլ գործոն էլ կա. տեղաբնակները կարծում են, որ բռնի հանցագործությունների համար չափազանց մեղմ պատիժ են սահմանում:

Նիդեռլանդների արդարատադության նախարարության ներկայացուցիչ Յոհեմ  վան Օփստալը նշել է, որ վարչությունում “ուսումնասիրում են բանտարկյալների թվի նվազումը”: Կառավարությունն արդեն պատիժների իրականացման համակարգում բարեփոխումներ է կատարում, փակելով ու միավորելով  մի շարք բանտեր: Հետևանքը կլինի այն, որ շուրջ 3,5 հազար աշխատատեղ կկրճատվի: Իշխանությունները դիտարկում են նաև պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկայի դադարեցման տարբերակը, եթե բանտարկյալն արդեն  կրել է պատժաժամկետի 2/3-րդ մասը:

Քրեական. ոստիկանությունը տեղեկացնում է

download (1)Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Արբաթ գյուղում 

Ապրիլի 11-ին, ժամը17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները Արբաթ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Տ.-ին, որը հունվարի 1-ից ՌԴ Տամբովի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Դավիթ Տ.-ն կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Հարցը լուծվել էր «գեղական կարգով». գողության մասին ոստիկանություն չհայտնելու համար պահանջել և ստացել էր 700 դոլար 

Ապրիլի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Զարթոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարագ Հ.-ին: Նա խոստովանել է, որ 2012 թ. ապրիլին նույն գյուղում գտնվող մի ավտոտնակից գողություն կատարելու ժամանակ բռնվել է ավտոտնակի սեփականատիրոջ եղբոր` 1972 թ. ծնված Անդրանիկ Պ.-ի կողմից և գողության մասին ոստիկանություն չհայտնելու համար վերջինս իր եղբորից` 1989 թ. ծնված Հակոբ Հ.-ից, պահանջել և ստացել է 700 ԱՄՆ դոլար:
Կատարվում է հետաքննություն:

«Ֆոլքսվագեն Տուառեգ»-ի ձայնաազդանշանային համակարգը միանալուց հետո դիմել են փախուստի 

Ապրիլի 11-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրանյան փողոցի 7 շենքի բակում մեքենայի գող են բռնել, կռվում են, և վնասել են հարևանի տղային:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1989 թ. ծնված Աշոտ Պ.-ն և 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նշված շենքի բակում կայանված «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի` 680.000 դրամ արժողությամբ առջևի աջ լուսարձակը, և ձայնաազդանշանային համակարգը միանալուց հետո դիմել են փախուստի:
Ապրիլի 12-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել Աշոտ Պ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է օգտագործված ներարկիչ` արնանման հետքերով:

Տաքսու վարորդը գողություն է կատարել
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Հետախուզվողներ` գողության և ծեծի մեղադրանքներով

Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Էրեբունի փողոցի թիվ 22 շենքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը ապրիլի 5-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արկադի Մ.-ին, որը 2014 թ. հունվարի 21-ից ՌԴ Չուվաշայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

«ՎԱԶ-2106»-ի փոխանցման տուփը գողացողին հայտնաբերեցին

Ապրիլի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Անիի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մնացական Ա.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, ավտոտնակներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է փոխանցման տուփը` պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 

Տիեզերական սակուրան Ճապոնիայում 6 տարի շուտ է ծաղկել

cherry-blossoms-sakura-spring-19

Ճապոնիայում ծաղկել է տիեզերքում երկար ժամանակ գտնված կորիզից աճեցված սակուրան, սպասվածից 6 տարի շուտ:  Հիմա արդեն 4-ամյա  ծառը աճեցվել է  8 ամիս  Երկրի շուրջ 4,1 հազար պտույտ կատարած միջազգային տիեզերակարանում գտնված կորիզից, հետո այն տնկել են Գիֆու պրեֆեկտուրայում, բուդդայական տաճարի տարածքում: Ապրիլին ծառն արդեն 4 մ հասակ է առել ու անսպասելի ծաղկել: Սովորաբար այդ ընթացքը տևում է  շուրջ 10 տարի:

“Այդ ծառի կորիզները երբեք շիվեր չեն տվել: Մենք շատ ուրախ ենք, քանի որ դա շատ ծեր ծառ է, մոտ 1250 տարեկան”,-հայտնել է տաճարի վանականներից մեկը:

Անկախ

Ավտոճանապարհային պատահարներ

downloadՎթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը վիրահատության ժամանակ մահացել է

Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին միմյանց են բախվել 1961 թ. ծնված Արա Ս.-ի վարած «Օպել-Վեկտրա» և ոմն Արմանի կողմից վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արմանը, նրա ավտոմեքենայում գտնվող մեկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը Օշական գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Մնացականյանն է, որը ապրիլի 12-ի գիշերը նշված բուժկենտրոնում, վիրահատության ժամանակ, մահացել է:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2107»-ը բախվել է ճամփեզրի քարերին և շրջվել

Ապրիլի 11-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին և շրջվել:
Պատահարի հետևանքով մեքենայում գտնվող 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Թուրքալեզու տուրիստական կայքը Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն

78Զբոսաշրջության և ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող թուրքալեզու «ֆուարսեփեթի» կայքը աշխարհի պետությունների ցանկում ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»` հղում անելով Ermenihaber.am-ին:
Դրոշով, պետական լեզվով և դրամական միավորով ներկայացված ԼՂՀ-ի մայրաքաղաք է, սակայն, նշված ոչ թե Ստեփանակերտը, այլ` Հանքենդի թուրքական անվանումը: ԼՂՀ-ի մասին համառոտ ծանոթագրության մեջ նշված է նաև պատմական հայկական անվանումը` Արցախ:
Պատմական ակնարկի մեջ նշվում է, որ Սովետմիության փլուզումից հետո մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Ղարաբաղում բռնկվեց էթնիկ լարվածություն, ինչն էլ հանգեցրեց հայ-ադրբեջանական զինված հակամարտության: Տեղեկացվում է, որ Հայաստանի աջակցության արդյունքում հայերը «իրավական առումով» Ադրբեջանին պատկանած Ղարաբաղի և հարակից 7 շրջանների վրա կարողացան հիմնել անկախ պետություն:
Նշենք, որ հիշյալ կայքը պատկանում է 1980 թվականին Տոկիոյում հիմնադրված «H.I.S. Travel» (Highest International Standards) ընկերությանը, որը Թուրքիայում հանդես է գալիս որպես տուր-օպերատոր: Աշխարհում ունի 368 գործող գրասենյակ և ավելի քան 6000 աշխատակից:

 

Հայտնի են «Նռենի» երգի ամենամյա միջբուհական փառատոնի հաղթողները

unnamed (1)Ապրիլի 11-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնը։ Այն նվիրված էր բուհի ուսխորհրդի 20-ամյակին։ Տարբեր բուհերից նախընտրական փուլն անցել ու փառատոնի եզրափակիչ էր հասել 16 ուսանող։

Ինչպես տեղեկացնում է ՀՊՄՀ-ի ուսանողական խորհուրդը, երգի փառատոնի ժյուրիի կազմում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արզաս Ոսկանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր, երգիչ Հենրիկ Սիմոնյանը, «The Beautified Project» խմբի մեներգիչ, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը:

unnamedՈւսանող երգիչները ներկայացրին տարբեր ժանրերի երգեր։ Թեժ պայքարի արդյունքում հեղինակավոր ժյուրին ընտրեց հաղթողներին. 1-ին հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի «Լոգոպեդիա» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Այվազյանը, 2-րդ տեղում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Էլիզաբեթ Ադիկյանը, իսկ 3-րդ հորզոնականը կիսեցին ՀՊՄՀ ուսանող Վարդան Գալստյանը և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Սահակյանը։ Հատուկ մրցանակի արժանացավ Վանուհի Հովհաննիսյանը (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)։

ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցն ուրախալի համարեց այն փաստը, որ տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողներն այսօր զբաղվում են երաժշտությամբ։

ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ նշեց, որ մշակութային նման ծրագրերն ավելի հետաքրքիր ու բազմազան են դարձնում ուսանողների արտալսարանային կյանքն ու ակտիվացնում են միջբուհական շփումները։

Անկախ

 

 

 

Տավուշի մարզի 1200 շրջանավարտներից 720-ը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու բուհական քննություններին

10257686_726635540692371_9012506895944353058_nՏավուշի մարզպետարանի կրթության վարչության ղեկավարն Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մարզի 1200 շրջանավարտներից 720-ն արդեն հայտ է ներկայացրել՝ մասնակցելու բուհական միասնական քննություններին:

Ըստ Աշոտ Փաշինյանի, Տավուշի մարզում հանրակրթության կազմակերպման համար լուրջ խնդիրներ չկան, խնդիրը աշակերտների քանակն է միայն, որ որոշ համայքներում շատ է նվազել:

1240624_726635384025720_6323248168629086823_nԲերդի տարածաշրջանում ամենքիչ աշակերտները Իծաքար գյուղի դպրոցն ունի՝ 35 աշակերտ, Այգեպարի դպրոցում սովորում է 51, իսկ Չինչինում՝ 56 աշակերտ: «Բերդի տարածաշրջանում ամենաշատ աշակերտներն ունի Արծվաբերդի դպրոցը՝ 309 աշակերտ, Նորաշենի դպրոցականները 181-ն են, իսկ Այգեձորի դպրոցն ունի 243 աշակերտ: Երկկազմ դասարաններ ունեն Իծաքարի, Չինչինի դպրոցները:«1-ին դասարանում 5 հոգի է, 2-րդ ում՝ 2 հոգի, 3-րդ դասարանում 3 աշակերտ է, 4-րդում՝ 4-ը, հետևաբար ավելի նպատակահարմար է ուսուցումը երկկազմ դասարաներում կազմակերպել: Չեմ կարծում, թե նման իրավիճակն ազդում է ուսուցման որակի վրա, այնպես չէ, որ մեծ թվով աշակերտներ ունեցող դասարաններում վունդերկինդ են լինում, սովորողը սովորում է՝ անկախ ամեն ինչից»,-ասաց Աշոտ Փաշինյանը:

10153980_726635440692381_4451597358033341933_nԻծաքար գյուղում 8-րդ դասարան չկա: 1-2, 3-4, 5-6, 7-9 դասարաններն էլ՝ երկկազմ են: Իծաքարի դպրոցի տնօրեն Վարդան Դանիելյանը Անկախ-ին ասաց, որ մասնագետների խնդիր դպրոցը չունի, անգլերենի ուսուցիչը Բերդից է: «Շատ կցանկանայինք, որ մեր լաբորատորիան վերազինվեր, սարքեր ունենայինք: Մարզադահլիճ չունենք, որ եղանակը վատանում է, չենք կարողանում դասն անցկացնել»:

10258084_726635607359031_2952484824640906796_n2014-15 ուսումնական տարում Տավուշի մարզում առաջին դասարան կհաճախի 1500 աշակերտ: «Իհարկե, սա կանխատեսվող թիվն է: Առաջին դասարանցիների թիվն ավելացել է: Ամեն դեպքում, նայել ենք, ծնվածների թիվն այդքան է, թե քանիսն են այստեղ, քանիսը հեռացել են մարզից, դեռ տվյալները վերջնական չեն: Մի խնդիր էլ կա. նույն ծնողը մի քանի դպրոցում է ասում՝ էրեխուն ձեր դպրոց ենք բերելու»,-կես կատակ նշեց Աշոտ Փաշինյանը:

Անկախ

800 բարդի է տնկվում Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում

800 բարդի է տնկվում Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատված Համաքաղաքային ծառատունկի ընթացքում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասից մինչև Փոքր Մհեր կրթահամալիր ընկած ճանապարհահատվածում տնկվում է 800 արագաճ կանադական բարդի։ Տարածքի ծառապատման նպատակը տվյալ տեղանքում անտառպաշտպան շերտ ձևավորելն է։

Ծառատունկին մասնակցում են Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի, կանաչապատող ընկերության, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը վիրահատության ժամանակ մահացել է

ԱվտովթարԱպրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին միմյանց են բախվել 1961 թ. ծնված Արա Ս.-ի վարած «Օպել-Վեկտրա» և ոմն Արմանի կողմից վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արմանը, նրա ավտոմեքենայում գտնվող մեկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը Օշական գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Մնացականյանն է, որը ապրիլի 12-ի գիշերը նշված բուժկենտրոնում, վիրահատության ժամանակ, մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ալիևը կըմբռնի՞ Իրանի պատգամը… Ադրբեջանի ժպտադէմ շրջադարձը դէպի Իրան

BEB52F36-93C0-4490-8377-2CE73C87241C_mw1024_mh1024_s_cy2Նախագահ Ռոհանիի հրաւէրով ապրիլի 9-ին մէկօրեայ այցով Թեհրանում գտնւեց Իլհամ Ալիեւը, որն վերջին անգամ Թեհրան էր այցելել 2009-ին:

Հաշւի առնելով, որ վերջին շուրջ 5 տարիների ընթացքում Իրան-Ադրբեջան փոխյարաբերութիւնների ֆոնին մշտապէս բացասական ու Ադրբեջանի կողմից միակողմանիօրէն ոչ-բարեկամական դրսեւորումներն են ուղեկցւած եղել, ուստիեւ  Ադրբեջանի նախագահի կողմից հրաւէրի հապճեպ ընդունումը (ըստ երեւոյթի, վերջերս Ռոհանին Դաւոսում նման հրաւէր է ուղղել Ալիեւին), որոշակի կռահումների տեղիք է տալիս:

Մէկօրեայ այցը, սակայն, խոշոր տոկոսով ու պաշտօնական տեղեկութիւնների համաձայն՝ բնութագրւեց տնտեսական-էներգետիկ համագործակցութեանց նոր ծրագրերի կենսագործմամբ:

Ենթատեքստում, սակայն, յատկանշական էին պրն. Ալիեւի յայտարարութիւններն առ այն, որ ՙԵրկու իսլ. երկրների համագործակցութիւնը կը նպաստի իսլամի զօրեղացմանը… եւ որ շրջանում իսլ. երկրների միջեւ խռովութիւն հրահրողների ջանքեր են նկատւում…՚ մեղմ ասած՝  տարակուսանքի տեղիք են տալիս, երբ նոյն ալիեւական Ադրբեջանը տարիներ է, ինչ հէնց տնտեսական ու մասնաւորապէս ռազմա-քաղաքական հարթակի ուղղակի թէ անուղղակի դեր էր ստանձնել  յօգուտ շրջանում ընդգծւած հակաիրան պետութիւն համարւող Իսրայէլի սիոնիստական վարչամեքենայի: Մի հարց, որին թէեւ ՙմեսիջի՚ լեզւով, բայց դիպուկ կերպով անդրադարձաւ նոյնինքն հոգեւոր առաջնորդ Խամենէին Ալիեւին ընդունելու ընթացքում: Իսկ իսլամի հզօրացման մասին խօսելու Ալիեւի լարախաղաց պահւածքը, այն էլ ԻԻՀ դիւանագիտական-քաղաքական առաջնակարգ պատասխանատուների ներկայութեամբ, շողոքորթելուց բացի՝  այլ կերպ բնութագրելի չէ, երբ նոյն իսլամի անւամբ Ալիեւը իր հարիւրաւոր ընդդիմադիրներին բանտախուցերում է պահում:

Մի այլ ենթատեքստ եւս, որն որպէս պատգամ փոխանցւեց պրն. Ալիեւին, Արցախի հարցի կապակցութեամբ նախագահ Ռոհանիի սկզբունքային դիրքորոշումն էր, ըստ որի՝   ՙՏարածաշրջանային խնդիրները, այդ թւում Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհներով…՚:

… Այնուամենայնիւ, Ալիեւի  թեհրանեան այցը պահի առումով եւս խորհելու տեղիք է տալիս առ այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական նոր վերիվայրումների ձախորդ հետեւանքներից խոյս տալու համար ժպտադէմ շրջադարձ է կատարել Իրանի ուղղութեամբ. չէ՞ որ Ադրբեջանի հարաւային շրջանների իրանամէտ թալիշների գործօնն է առկայ…

Ինչեւէ, Ալիեւը Թեհրան այցելութեան ընթացքում ունկնդրեց Իրանի Իսլ. Հանրապետութեան բարձրաստիճան պետայրերի պատգամները: Կը լսի՞, առաւել եւս  կըմբռնի ու կը գործադրի՞դրանք, ցոյց կը տայ ապագան, որում ինչ խօսք , որոշիչ է լինելու աւագ եղբօր՝  Թուրքիայի կեցւածքը, որն էլ իր հերթին տարակուսանքի տեղիք է տալիս՝ հաշւի առնելով յատկապէս Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնը՝ մասնաւորապէս Սիրիայի տագնապի առնչութեամբ:

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Անկախ