Փոքր սփոփանք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

տմTigran-MartirosyanԹել Ավիվում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում 342 (157+185) կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Փոքր սփոփանք կարելի է համարել, որ նա  հրում վարժությունում լավագույնն էր:

Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն մեր ծանրորդից սպասելիքներն ավելի մեծ էին: Թերևս, խանգարեց այն, որ նա տևական, երկու տարուց ավելի  միջազգային մրցումների չէր մասնակցել:

Ստվերում էր մնացել նաև մեր մյուս տիտղոսակիր ծանրորդը` Առաքել Միրզոյանը: Նա էլ բավարարվեց 10-րդ տեղով`322  (147+175) կգ:

349 (155+194) կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ալբանացի Էրկան Քերիմայը, ով իր հայրենակից Դանիել Գոնդելիին գերազանցեց  անձնական քաշի շնորհիվ:

Ռուսաստանի հավաքականի անդամ  Ռազմիկ Հունանյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Տեխնիկական արդյունքներ

1. Էրկան Քերիմայ (Ալբանիա)` 349  (155+194) կգ

2. Դանիել Գոնդելի (Ալբանիա)` 349  (157+192) կգ

3. Ռազմիկ Հունանյան (Ռուսաստան)` 344 (152+192) կգ

4. Տիգրան Մարտիրոսյան (Հայաստան)`  342  (157 +185) կգ

10. Առաքել Միրզոյան (Հայաստան)`  322 (147+175) կգ

Խխունջները «գրոհել են» Տավուշի մարզը

1549265_725193590836566_5257177339573039724_nՏավուշի մարզի մի շարք գյուղերում շարունակվում է խխունջների <<դիվերսիոն ներխուժումը>>: Արտասահմանում էլիտար ուտեստ համարվող փափկամարմինները մարզում դարձել են չարիքի պատճառ:

Սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղն այս անգամ ենթարկվել է խխունջների արշավանքի: Գյուղի բնակիչ Ներսես Ադամյանը պատմում է, որ խաղողի դաշտերում անգամ մեկ խխունջ չկա, իսկ ահա տնամերձ հողամասերում փափկամարմինները <<զորքով են>>: <<30 տարուց ավելի է՝ խխունջները կան: Գյուղի եկեղեցու թաղամասում էդ տարիներին Քռից ավազ էին բերել, երևի դրա հետ են եկել: Այդ թաղամասում դասընկեր ունեի, հիշում եմ, երբ գնում էի իրենց տուն, լիքն էին խխունջները>>,-ասում է կարմիրաղբյուրցի Ներսեսը:

Պատյանավոր վնասատուները շատ համառ են, անգամ մեղվի խայթից չեն զգուշանում, բազմանում են հենց փեթակների տակ: Խխունջները բնադրում են բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ` վնասելով նախ սածիլները, ապա բերքը: Բուսակերը վնասում է հատկապես երիտասարդ շիվերը, տերևներն ու պտուղները: Փափկամորթ <<հակառակորդի>> թիրախում են նաև պտղատու ծառերը: Ծառերի ճյուղերին փաթաթված խխունջները հեռվից նայելիս տոնածառի խաղալիք են հիշեցնում:

Վնասատուներով վարակաված է նաև Չինչին գյուղը: Գյուղացիների պայքարի միջոցները 100 տոկոսանոց արդյունք չեն տվել: Խխունջները հավաքում են, աղ լցնում, բայց կրկին պատյանավոր վնասատուները վերակենդանանում են:

Խխունջները մենյուի մեջ ներառել տավուշցիները չեն պատրաստվում: <<Եռման ջուրը լցրել եմ խխունջների վրա, պնդել են, ոնց որ հավի քարաջիկ լինի, չէ, համն էլ էն չի>>,-ասաց գյուղի բնակչուհի Ռիտա Գալստյանը: Իսկ գյուղատնտեսները խխունջների դեմ պայքարի երեք տարբերակ են առաջարկում` ագրոտեխնիկական, մեխանիկական և քիմիական: Մեխանիկականը հավաքելն է:

Տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանը հորդորում է վարակված վայրերում լցնել խխունջների համար որպես գրավչանյութ հանդիսացող մետալալդեհիդ: Մեկ հեկտարի համար կպահնաջվի 30 կիլոգրամ: Սպիրտն էլ կարող է ճար ու դարման լինել. ալկոհոլից խխունջները կորցնում են հիշողությունը և մոռանում հետդարձի ճանապարհը:

 

Կանաչ թեյը օգտակար է հիշողության համար

Կանաչ թեյԿանաչ թեյը միշտ ամենաառողջարար տաք ըմպելիքն է համարվել: Այժմ պարզվել է, որ այն նաև լավ է հիշողության համար:

Գիտնականները պնդում են, որ կանաչ թեյը զարգացնում է մի շարք ճանաչողական գործառույթներ՝ հատկապես աշխատանքային հիշողությունը:

Նոր հետազոտության համաձայն՝ կանաչ թեյը կարող է նաև օգտակար լինել մտագարության և այլ հոգեկան խանգարումների բուժման ժամանակ:

Բազելի համալսարանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանաչ թեյի հյութը ուժեղացնում է գլխուղեղի արդյունավետ փոխկապակցվածությունը:

Կանաչ թեյը օգտակար է հոգեկան տարբեր խանգարումների ընթացքում առաջացած հիշողության կորստի բուժման նպատակով:

 Անկախ

Քերրին Ռուսաստանին զգուշացրել է խիստ պատժամիջոցների կիրառման մասին

ջոն քերրիՊետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին նախազգուշացրել է ավելի խիստ տնտեսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, եթե հետ չկանգնի Ուկրաինայում իր ներգրավածությունից:

Երեքշաբթի օրը Քերրին այդ մասին հայտնել է սենատին: Նրա տեղեկություններով՝ Խարկովի և Դոնեցկի շրջանային կառավարության գրասենյակներում ռուսամետ ցույցերը ռազմական ինտերվենցիայի ենթատեքստ ունեն:

Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպայի դաշնակիցները միավորվել են և ցանկանում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության, բանկային համակարգի և հանքարդյունաբերության ոլորտի վրա, եթե Մոսկվան չընդունի Ուկրաինայի սուվերենությունը:

Քերին հաջորդ շաբաթ Եվրոպայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը ընտրություն ունի և կարող է աշխատել միջազգային հանրության հետ:

         Անկախ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք ելույթի սղագրությունը, տեսագրությունն ուղարկել էինք ավելի վաղ:

Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարյանը նոր է վերադարձել Սիրիայից: 

– Պարոն Մարգարյան որտեղ եղաք, ինչ տեսաք, ում հանդիպեցիք եւ ինչ տպավորություններով վերադարաձաք:

-Եղա Հալեպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բավական մեծ կազմակերպվածություն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպության անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականության հետ: Ինչ որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մեջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապես սիրիահայության իրավիճակի օրակարգով:

– Քեսաբից ինչ նորություններ ունեք: Այստեղ ամենատարբեր լուրեր են հասնում:

-Իրականության մեջ այսօր ինչ է կատարվում , ինչ կա Քեսաբում, այսօր ոչինչ էլ չկա: Քեսաբը գրավված է այդ ուժերի կողմից, այնտեղ հայություն չկա, մի քանի տարեց անձինք են՝ տեղափոխվել են Թուրքիա: Եվ  ժողովուրդ, ժողովրդի մնացորդաց գոյություն չունի: 28 հոգի են մնացել Քեսաբում: Հայություն չի կարելի դրանց ասել` մնացողները ծերեր են, անկարողներ: Քեսաբում այսօր  պատերազմ է: Քեսաբը առճակատման գիծ է` մի կողմից սիրիական բանակն է, մյուս կողմից՝ ընդդիմությունը` Թուրքիայի զորակցությունն ունենալով ու անմիջական մասնակցությամբ:

-Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթից հետո մնացել էին ու տեղափոխվել Թուրքիա` նրանց ճակատագր մասին, որեւէ տեղեկություն կա՞:

 

– Քեսաբի շուրջ բարձրացված արձագանքը այնքան մեծ է եղել,  որ Թուրքիան պետք է ամեն գնով փորձի քարոզչական նպատակով օգտագործել այդ մի քանի ծերերին, ապաստան տալ եւ չեմ կարծում, թե նրանց վտանգ սպառնա: Հինականը ժողովուրդն է, որ գաղթական է դարձել, որ տնից – տեղից կտրվել է եւ հիմա Լաթաքիայում է:

-Ինչպես է իրեն զգում Քեսաբի ժողովուրդ Լաթաքիայում: Գիտենք , որ մի մասը եկեղեցում է տեղավորվել, մյուս մասը` իրենց կամ հարազատների: Ինչ վիճակ է, ինչի կարիք ունեն:

– Սպասողական վիճակ է: Ամենալավ երեւույթն այն է, որ քեսաբցին սպասում է, որ վերադառնա Քեսաբ: Մտածում է ժամանակավոր կեցության մասին է հարցը, ոչ թե հիմնավոր: Եվ սա լավ է, որովհետեւ առանց քեսաբցիների` Քեսաբի վերակագնումն անիմաստ է: Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է, այն, որ նրանք ավելի շատ մտահոգ են իրենց պարտեզներով, քան բնակարաններով: Սիրիայի վերջին դեպքերը, ռազմական իրողությունը նկատի ունենալով, հաշտվել են այն գաղափարին, որ բնակարանները պետք է վնասված լինեն, բայց հույս ունեն, որ պարտեզները անվնաս կմնան, որպեսզի իրենց համար կարելի դառնա Քեսաբ վերադարձը եւ Քեսաբի վերականգնումը: Մեր հայ ժողովրդի առջեւ դրված է մի խնդիր. Մենք ամեն ինչ պետք է անենք, որ քեսաբցիները մնան Լաթաքիայում՝ Քեսաբի կողքը, որպեսզի իմաստ ունենա Քեսաբի վերականգնումը: Ինչպես ամեն մի գաղթական ժողովուրդ, բնականաբար նրանք եւս  ունեն բազում դժվարություններ: Նրանք, ովքեր տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների բնակարաններում, նրանք էլ շատ հարմար վիճակի մեջ չեն ապրում: Դա ժամանակավոր լուծում է, ոչ թե՝ հիմնավոր: Նրանք ովքեր եկեղեցում են, կենցաղային մեծ դժվարություններ ունեն,  բայց այսօրվա իրենց մտահոգությունը, խնդիրը եւ այն ինչ որ տանելի է դարձնում այդ պայմանները` շուտով Քեսաբ վերադարձն  է:

-Իսկ ինչի կարիք ունեն ամենից շատ:

-Չեմ կարող ասել, թե մասնավոր որեւէ բանի կարիք ունեն: Սնունդը, շատ դժվար չի իրենց համար ձեռք բերել. Տարբեր բարեգործական կազմակերպություններ են գործում, նաեւ Սիրիայի հայկական շտաբը, որ այս օգնության առումով է կազմակերպվել: Այդ առումով լուրջ խնդիր գոյություն չունի: Բայց գոյություն ունի հիմնական խնդիր` ժամանակավոր կեցությունը որքան կերկարի, այդքանով խնդիրները կմեծանան: Դա վերաբերում է կացարանին եւ կրթությանը, բնականոն բոլոր խնդիրներին: Այսօրվա դրությամբ նրանց թվում է, որ Քեսաբի ազատագրումը 7 սարերի հետեւում չի եւ իրենք կվերադառնան իրենց գյուղը:

-Պարոն Մարգարյան , սպասելի՞ էր, որ նման բան տեղի կունենա Քեսաբի հետ: Այս հարցը ես հաճախ տալիս եմ, նկատի ունենալով, որ Քեսաբը այս ողջ հակամարտության ընթացքում ընդունված էր համարել ամենաապահով,  անվտանգ վայրը:

– Անցած մեկուկես – երկու տարվա ընթացքում, Քեսաբը նվազագույն վնասն է կրել: Հիմնական պատճառը եղել է այն, որ համաձայնություն է տեղի ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Եվ այդ սահմանից թափանցումների հարցը, սահմանի ապահովությունը ստանձնել է Թուրքիան: Սա եղել է փոխադարձ համաձայնությամբ, որովհետեւ սիրիական բանակ գոյություն չի ունեցել այն նկատառումով, որ սիրիական բանակը կարող է հարձակման թիրախ դառնալ եւ հարձակումներից կարող է վնասվել նաեւ խաղաղ բնակչությունը: Սահմանի անվտանգությունը ամբողջությամբ վերապահված է եղել Թուրքիային: Հարձակումից մի գիշեր առաջ, սահմանապահ զորքը քաշվել է եւ տեղի է ունեցել հարձակում: Ինչը որ կրկնակիորեն է ապացուցում, որ այս հարձակումը եղել է թրքական պետականության անմիջական մասնակցությամբ եւ համագործակցությամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելուն` պատերազմի ժամանակ, ամեն բան կանխատեսելի է: Սիրիական պետությունը ունի մեծ փորձ Թուրքիային վստահելու եւ հուսախաբ լինելու առումով: Այն մասը, որ վստահում էր, հենց այդ մասում էր խնդիրը: Սակայն ինձ թվում է, որ այս գործողությունը շատ ավելի հեռուն գնացող նպատակ է ունեցել, քան Քեսաբը: Նրանց հարձակման  հիմնական նպատակը եղել է շրջափակել Քեսաբը եւ ամբողջ բնակչությանը վերցնել իբրեւ պատանդ: Պատանդ վերցնելով, իրենք պետք է ապահովեին իրենց սիրիական զորքի կոպիտ միջամտություններից: Դրան զուգահեռ նրանք գրավում էին Քեսաբի կողքին գտնվող բարձունքները, որից հետո սկսում էին վտանգել Լաթաքիան: Մի խոսքով իրենք հարվածում էին Ալավիններով բնակեցված ավաններին,  ցույց տալիս թե Ալավիների անվտանգությունը  որքան խախուտ երեւույթ է: Այս հարցին կարելի է զանազան մեկնաբանություններ տալ, քաղաքական վերլուծություններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես հավատում եմ նաեւ, որ այստեղ կա Ղրիմի հարց, այստեղ կա Ռուսաստանի երկրորդ՝ խորքային ապահով նավահանգիստը վտանգելու հարցը, Թարթուս-Լաթաքիա նավահանգստային քաղաքների խնդիրը կար, Ղրիմի դիմաց այս նավահանգիստը կորցնելու ծրագիրը կար: Ոտքի տակ է գնացել Քեսաբը, Թուրքիան ի միջի այլոց լուծել է նաեւ  իր հիմնական նպատակներից մեկը` էթնիկական զտումի է ենթարկել Սիրիան, տարածքը ազատել հայերից, քրդերից, քրիստոնյաներից: Մեկ այլ կռվի, շատ մեծ կռվի զոհ է գնացել Քեսաբը: Դրա համար մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել: Շատ կարեւոր մի հարց, որ ուզում եմ ասել, անցած երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը ունեցել է մեկ քաղաքականություն: Մի քաղաքականություն, որ եղել է Սիրիայի կողքին, եղել է Սիրիայի անկախության կողքին, եղել է Սիրիայի զարգացման երաշխիքների կողքին, բայց դեմ է եղել եղբայրասպան կռվին, դեմ է եղել ներքին առճակատմանը, արտաքին միջամտությանը եւ իրեն այս պատերազմի մեջ կողմ չի համարել, եւ ոչ մի ձեւով մասնակից չի դարձել այս պատերազմին, ի նպաստ մեկի՝ ընդդեմ մյուսի: Եվ այս քաղաքականությունը արդյունք է տվել, արդյունք` այն առումով, որ վերջապես այս երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը իբրեւ հայություն, թիրախ չի դարձել: Ճիշտ է սիրիահայությունը շատ է վնասվել, բայց վնասվել են իբրեւ սիրիայի քաղաքակցիներ, ոչ թե իբրեւ սիրիահայեր, իբրեւ հայություն՝ առանձնաբար: Մենք միշտ պետք է գիտակցենք, որ այս քաղաքականությունը պետք է կարողանանք շարունակական դարձնել: Այսինք Սիրիայի մեջ կռիվը մեր կռիվը չի: Պետք չի, որ մենք այդ կռվին կողմ լինենք՝ ոչ այս եւ ոչ էլ այն կողմից: Սա է, որ մենք պետք է գիտակցենք եւ հասկանանք եւ սիրիահայությունից էլ համապատասխան ակնկալիք ունենանք: Որովհետեւ այդքան ասում ենք քեսաբահություն, այնինչ խոսքը մոտ երեք հարյուր ընտանիքի մասին է, երեք հազար՝ հիմնականում ծերացած հասարակության մասին, որովհետեւ երիտասարդությունը տարիներ ընթացքում միշտ աշխատանքի փնտրտուքով գտնվել է Սիրիայից դուրս: Մենք պետք չունենք ոգեւորվելու, անիմաստ հայտարարություններ անելու, անիմաստ կտրուկ շարժումներ անելու, այլ պետք է հասկանանք, որ սա մեր կռիվը չի: Այս կռվից վնասվում է Սիրիան եւ Սիրիայի բնակչությունն ընդհանրապես, որոնց շարքում նաեւ մենք: Սա այն կռիվը չէ, որին մենք իբրեւ համայնք  լինենք կողմ եւ մասնակից: Սա մենք բոլորս պետք է գիտակցենք եւ մեր քայլերի ու հայտարարությունների մեջ ունենանք այն զգուշավորությունը, որ ավելորդ անզգուշություններ չդրսեւորենք, որի գինը կարող է վճարել սիրիահայությունը:

-Արդյո՞ք, այն ինչ տեղի է ունեցել Քեսաբում եւ Լաթաքիայում,  ավելի շատ եւ ավելի շուտ պայմանավորված է նրա դիրքով, ռազմավարական նշանակությամբ եւ ոչ թե այլ խնդիրներով, ասենք Հայաստանում դոմինատ է այն տեսակետը, որ սա Թուրքիայի հակահայ քաղաքականության հետեւանքով է տեղի ունեցալ:

– Ինչ որ Թուրքիայի մասին ասում են, ես կողմնակից եմ եւ մենք պետք է այդ ուղղությամբ իսկապես հիմնավորված աշխատանք տանենք: Բայց ինձ թվում է, որ Քեսաբը եղել է Հյուսիսային շրջանի համեմատաբար խաղաղ վիճակի մեջ գտնվող Սիրիայի դարպասը: Այդ դարպասի հետ ինչպես են վարվել, նաեւ փորձել են էթնիկական զտումի ենթարկել շրջանը: Ճիշտ դրա համար, մենք երկու բանում պետք է պահանջատեր լինենք` մեկ պահանջատեր պետք է լինենք աշխարհով մեկ Թուրքիայից, որ ապահովի սահմանի անվտանգությունը, եւ հետ կանչի զորքերը, պահանջատեր պետք է լինենք Սիրիայի պետությունից, որովհետեւ Սիրիայի պետությունը իր քաղաքացիների անվտանգության պատասախանատուն է: Պետք է ակնկալել Քեսաբի ազատագրումը Սիրիայի իշխանությունից: Եվ անիմաստ է այս հարցով այլ ակնկալիք ունենալ քեսաբցիներից, կամ փորձել հերոսի կեցվածք ընդունել: Քեսաբի հարցը այնպիսի հարց էր, որ ունեցավ մեծ միջազգային արձագանք:

 

–Միջազգային արձագանքը ինչ ազդեցություն ունեցավ:

Միաջազգային մեծ արձագանքը կարող է  պատճառ դառնալ, որ շահագրգռված կողմը, որն այս անգամ կարծեմ Սիրիայի պետությունն է, ցանկանա, որ հայկական գործոնը անընդհատ դերակատար մնա այդ հակադրության մեջ, որովհետեւ իրենք տեսան, որ երբ  հարվածեցին Քեսաբին, իբրեւ զուտ հայկական տարածքի, այն ունեցավ մեծ միջազգային արձագանք: Ինչ-որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում, ոչ մի շրջանի ավերածությունն ու անմարդաբնակ դառնալը չէր ունեցել: Ուրեմն կա շահագրգռված կողմ մեզ ներքաշելու մի կռվի մեջ, որը մեր կռիվը չի: Մենք պետք է կարողանանք սա հասկանալ: Եվ պետք է հասկանանք, որ մի գործ, որ պետք է անի սիրիական պետությունը, պետք է անի ինքը:

Սիրիական պետությունը պետք է ազատագրի թե Քեսաբը, եւ թե ապահովի քեսաբցիների ժամանակավոր կեցությունը եւ հոգսերի բավարարումը: Մենք կողքից կոգնենք քեսաբցիներին, մենք կօգնենք, որ այդ ժամանակավոր կեցությունը ավելի հեշտ լինի, ավելի դյուրին լինի, ավելի տանելի լինի, ավելի մարդկային լինի: Այո, կանենք դա: Բայց մենք պետք է ակնկալիք ունենանք սիրիական պետությունից, որ հայության համար անվտանգության երաշխիք ստեղծի:

–Այսինք, հայկական գործոնը բուն իրադարձության ժամանակ չուներ կամ այնքան էլ կարեւորություն չուներ, որքան իրադարձություններից հետո այս ամբողջ տեղեկատվական շրջապտույտի մեջ:

-Այո, դա է իրականությունը, բոլորը շահագրգռված են այդ գործոնը օգտագործել: Մենք պետք է այդ գործոնը ակտիվ պահենք, Թուրքիայի վրա ճնշում գործադրենք , որ  զորքերը հետ քաշի Քեսաբից, որ սահմանը ապահովի: Այդ գործոնը պետք է մնա ակտիվ եւ լինի դերակատար: Սակայն պետք է զգուշանանք, որ այդ գործոնը չծառայի այլ նպատակի: Մեր հիմնական նպատակը` Քեսաբն է, Քեսաբի վերականգնումը եւ ժողովրդի վերադարձը` Քեսաբ: Քեսաբցիները պետք է ապրեն այդ միջավայրում,  հարեւանությամբ` մուսուլման՝ թուրքմեն ժողովրդի:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողջ միջազգային արձագանքին.Պաշտոնական հատարարություններ պաշտոնական Վաշինգտոնից,  պաշտոնական Մոսկվայից եւ այլ տեղերից:

– Ես կարծում եմ,  դա հայկական գործոնի դերակատարության արդյունքն է՝ մեր ուժի ցուցադրումը: Դա վկայում է այն փաստի մասին, որ հայությունը կարողանում է ստեղծել միջազգային մթնոլորտ` քարոզչական, տեղեկատվական մթնոլորտ, որն անշուշտ դրական է: Բայց անպայման չի, որ ցանկացած ակտիվություն, այլոց ակտիվություն` ի նպաստ հայ ժողովրդի է: Մենք պետք է կարողանանք այս մթնոլորտը օգտագործել, հիմնական հարցը լուծելու` Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու, որ դադարեցնի օժանդաությունը ու հետ քաշի զորքը եւ սահմանի վրա ապահովության երաշխիք ստեղծի: Որպեսզի հնարավոր լինի Քեսաբը վերականգնել եւ քեսաբցիներին վերադարձնել իրենց բնօրրանը:

-Ինչպես եք վերաբերվում միջազգայի մամուլի արձագանքներն` հաճախ լինում են չճշտված տեղեկատվություն, ապատեղեկատվություն:

-Ապատեղեկատվությունը երկու պատճառ ունի` նախ անտեղյակությունը, սակայն ապատեղեկատվության մեջ մեկ բաժին կա, որ կազմակերպված է /նկարների ցուցադրում, բռնաբարված աղջիկներ, եռագույն հագած զինյալներ որ գնում են Քեսաբն ազատագրելու/, սա  էլ մյուս պատճառն է, երբ իրենք ուզում են հայկական գործոնը առճակատման կողմ ցույց տալ այս պայքարում, սրանով իրենք այլ նպատակ պետք է հաջողեցնեն: Այստեղ է, որ մենք իրենց ջրաղացին ջուր չպետք է լցնենք:

-Իսկ Հայաստանի արձագանքը, լինի դա պետական մակարդակով` կառավարական , խորհրդարանական եւ կամ հանրային:

-Կարծում եմ դրական է եւ բնական: Ճիշտ է,  այստեղ էլ կար որոշ անտեղյակություն, որը պատճառ դարձավ քայլերի, որոնք եթե չարվեին եւ կամ չունենանային հրապարակային արձագանք  ավելի ճիշտ կլիներ, բայց ընդհանուր առմամբ միտումը եղել է դրական, եղել է ազգային,  եւ համապատասխան:

– Հայաստանում նաեւ կոչեր հնչեցին, հավաքվել, զինվորագրվել, գնալ, պայքարել, կռվել:

-Դա գալիս է նրանից, որ մարդիկ չգիտենք ինչի մասին են  խոսում: Բայց մոտեցումն ազնիվ է, ուզում են մի բան արած լինել, բայց չիմանալով մի քիչ ավելին են ցանկանում, քան կարելի է: Սա միջպետական պատերազմ է միջերկրական ծովի ափին: Գնալ դրան մասնակցել, կարծում եմ, որ մի քիչ  երեւակայությունից էլ դուրս է: Թեեւ միտումը կարծում եմ ազնիվ է:

-Ինչ է Քեսաբը ոչ միայն սիրիահայության, քեսաբահայության, այլ ընդհանրապես հայության համար, որն է նրա կարեւոր առանձնահատկությունը:

-Կիլիկիայի թագավորությունից հետո  երկու հայաբնակ օջախներ էին մնացել` Քեսաբը եւ Մուսա լեռը: Այս առումով խորհրդանշական էին, լինելով սիրիական հող , միաժամանակ մեզ համար հարազատ հայրենի հող էին: Նրանց պատմությունը այնքան հին է, այնքան է հետ գնում, որ մի քիչ դժվար է զանազանել կամ նույնացնել այլ տարածքների, Սփյուռքի այլ գաղթօջախների հետ: Նրանք ինչ որ առումով հայկական էին: Երկար դարերի ընթացքում մշակույթ է կերտվել, սերունդներ դաստիարակվել, նրանք մարդուժով մատակարարել են Սփյուռքի շատ ու շատ օջախներ, շատ ու շատ հաստատություններ: Քեսաբցիների գործոնը հայակական իրականության մեջ աննկատ գործոն չի, մեծ գործոն է: Վեհափառ ենք ունեցել, գիտնականներ, մարդուժ, որ մեր, հայ ժողովրդի  կապիտալին են մաս կազմում, բավական մեծ տոկոս են կազմում:

-Դուք անցյալ ժամանակով եք արդեն խոսում:

-Անցյալը Մուսա Լեռին էր վերաբերում, որովհետեւ այնտեղ հիմա մի քանի հայ ընտանիք կա: Բուն մուսալեռցիք տեղափոխվել են  Լիբանանի Այնճար գյուղ:

-Որն է ելքը Քեսաբին այս վիճակից դուրս բերելու:

-Առաջին հերթին պետք է կարելի դարձնել քեսաբցիների ժամանակավոր կեցությունը  Քեսաբի մոտ` Լաթաքիայում: Դրա համար համահայկական ուժերը պետք է մոբիլիզացնել: Առանց այդ ժողովրդի Քեսաբի վերականգնումը անիմաստ է: Սա առաջին ամենակարեւոր հարցն է: Երկրորդը` քարոզչությամբ, ցուցական աշխատանքով: Պետք է կարողանալ միջազգային ճնշում ապահովել Թուրքիայի վրա: Թուրքիան այս հարցում ունի բանալի դերակատարություն: Եվ երրորդ. մեր հարաբերական աշխատանքով պետք է կարողանանք սիրիական պետությանը ներկայացնել մեր ակնկալիքները` որ սահմանը ապահով լինի, Քեսաբն ազատագրված, եւ ժողովուրդն իր հետագա կեցությունը պետք է կարելի դարձնի Քեսաբում:

-Ձեր թվարկած երեք ուղղություններով, ներկա վիճակում ինչ մակարդակի , արդյունավետության աշխատանք է կատարվել:

-Միջազգային առումով, կատարվել է մեծ աշխատանք եւ պետք է շարունակվի ցուցական եւ քարոզչական առումով: Քեսաբի ժամանակավոր կեցության առումով, կարծում եմ, որ անմիջական անհրաժեշտն արված է: Բայց եթե այդ ժամանակն ավելի երկարի, լուրջ աշխատանք է պետք տանել: Իսկ սիրիական պետության ուղղությամբ, կարծում եմ մենք ճանապարհի սկզբում ենք:

-Պարոն Մարգարյան մեր այսօրվա թեման Քեսաբն էր, բայց հաշվի առնելով այն իրողություններին, որ Հայաստանում այսօր կատարվում են, չենք կարող չանդրադառնալ: Վերջին իրադարձությունները` վարչապետի հրաժարական, խորհրդակցություններ, նոր կառավարության ձեւավորում: ՀՅԴ-ն այս ամենին ինչպես է վերաբերվում, ինչ մասնակցություն ունի, եւ ինչ է տեսնում:

-Չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, բայց ուզում եմ ասել՝ հայկական իրականության մեջ, վերջին շրջանում, տիրում էր համատարած հուսահատական մթնոլորտ: Լավ կյանքի հանդեպ ունեցած հույսը կարծես վերացել է երկրում: Մարդիկ մտածում են արտագաղթի եւ ծայրահեղ քայլերի մասին: Վարչապետի ուշացած հրաժարականը տալիս է հնարավորություն, ժողովրդի համար հույսի նշույլ ստեղծել: Մենք կարող ենք թունելի վերջում մի լույս ցույց տալ: Եթե կարողանանք, որ այս մասը գործի` նոր վարչապետ, նոր կառավարություն, կառավարության նոր ծրագիր ` կկարողանանք լավ լուծումների հանգել: Ոչ թե միայն մարդը փոխենք, այլ փոխենք նաեւ քաղաքականությունը, փոխենք մոտեցումը եւ կարողանանք այդ հույսը ներշնչել մեր ժողովրդին: Ես կարծում եմ կուտակայինի հարցով Սահմանադրական Դատարանի որոշումը, վարչապետի ուշացած հրաժարականը կարող են դառնալ այդ հույսը եւ այս մասում է պետք գործը չփչացնել, ամրապնդել այդ հույսը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ սկսվում է մի գործընթաց, որը  դրական ուղղությամբ է գնում: Շատերը կարող են ինձ երեւակայող համարել, մտածել, որ նման հույս ունենալը լավ բանի մասին չի խոսում: Ես այդպես չեմ մտածում` այն ինչ տեղի է ունենում, ինչ կա այս երկրում կուտակված, այնքան մեծ է, որ պետք է  սթափեցնի երկրի իշխանություններին եւ պատճառ դառնա լուրջ վերանայումների:

 

 Անկախ

 

 

 

 

 

 

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն

թուրքմենիստան

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայաստանի Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ հայ-թուրքմենական հարաբերությունների, Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար: Սերժ Սարգսյանը խոսելով երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունների մասին՝ նշել է, որ դրանք հարյուրամյակների պատմություն ունեն՝ հայ-թուրքմենական առաջին շփումները հասնում են մինչև 13-15-րդ դարեր: Նախագահի համոզմամբ, պատմական անցյալը վկայում է երկու ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի, դժվարին պահին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա հիմնված խորը հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում երախտագիտությամբ է հիշել բարեկամ թուրքմեն ժողովրդի սրտացավ և հյուրընկալ վերաբերմունքը դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր որպես փախստականներ լաստանավերով հասել են նախկին Կրասնովոդսկ՝ փնտրելով փրկություն 20-րդ դարի ինչպես սկզբում, այնպես էլ վերջում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ:

Նախագահը գոհունակությամբ է խոսել Թուրքմենստանում տարբեր բնագավառներում զգալի հաջողությունների հասած հայերի մասին, ընդգծելով, որ նրանք միշտ պատրաստակամությամբ և անկեղծ ցանկությամբ են մասնակցություն ունեցել Թուրքմենստանի զարգացման, հետագա բարգավաճման գործին: Թվարկելով մի շարք անուններ՝ Նախագահը նշել է, որ այդպիսի անունները և օրինակները հայ և թուրքմեն ժողովուրդների բարեկամական հարաբերությունների պատմության մեջ մեծաթիվ են: Սերժ Սարգսյանը կարևորել է հարաբերությունների նման բնույթը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, որին է միտված նաև ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման ու երկու երկրների ժողովուրդների խաղաղության և բարեկեցության համար:

Անկախ

Փարիզը լավագույն այցելության վայրի տիտղոսը զիջել է Ստամբուլին

ՓարիզՓարիզը աշխարհում այցելության առաջին վայր լինելու դիրքը զիջել է Ստամբուլին:

Չնայած 2013թ-ին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունելու փաստին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը իր դիրքերը զիջել է Թուրքիային՝ այս տարվա զբոսաշրջիկների նախըտրելի ուղղություն մրցանակաբաշխության ժամանակ զբաղեցնելով յոթերորդ տեղը:

ՍտամբուլՍտամբուլին ցանկում հաջորդում է Հռոմը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, որը անցած տարի զբաղեցնում էր չորրորդ տեղը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Նյու Յորքը այս տարի դուրս է մնացել TripAdvisor-ի գլխավոր տասնյակից՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:

Լոնդոնը ինչպես անցած տարի, այս տարի ևս զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Այս տարի աշխարհի այցելության լավագույն վայրերի ցուցակում Չինաստանի մայրաքաղաք Պեկինը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ հինգերորդը Չեխիայի հանրապետության մայրաքաղաք Պրահան:

 Անկախ

Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի բնակիչները պայքարում են գյուղի անունը փրկելու համար

Վաքըֆլը գյուղ   Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի բնակիչները անհանգստացած են, քանի որ գյուղի անունը հնարավոր է փոփոխվի: 35 տուն և 135 բնակիչ ունեցող գյուղը կարող է անվանափոխվել՝ դառնալով Վաքըֆլը թաղամաս: Գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի «Վաքըֆլը թաղամաս» անվան փոխարեն հաստատվի «Վաքըֆլը գյուղ թաղամաս» անվանումը՝ այսպիսով պահապնելով գյուղի նախկին անունը: 53-ամյա Պերճ Քարթունը, որը 21 տարի շարունակ գյուղի ավագանու պաշտոնն է զբաղեցնում, «Անադոլու» գործակալության լրագրողին պատմել է, որ Վաքըֆլը գյուղը  և՛ երկրում, և՛ երկրի սահմաններից դուրս հայտնի է այս անունով և իրենք ուզում են այն պահպանել: «Միշտ որպես գյուղ ենք հիշատակվել և այդպես ճանաչվել: Շատ կվշտանանք, եթե մեր գյուղի անունը փոխվի: Ուզում ենք, որ այսուհետ գոնե Վաքըֆլը գյուղ թաղամաս կոչվի: Քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի չփոխվի գյուղի անվանումը: Տա Աստված, որ մեր քայլերը կարևորվեն»,-նշել է ավագանի Քարթունը:

Անկախ

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծՄարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացի Արման Մնացականովի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Մնացականովի հաղորդման` 2014թ. մարտի 24-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու անձ բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին:
Կատարվում է նախաքննություն:

Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել

սերգո կարապետյանԱշխատանքային այցը  Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է  մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին: «Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում:  Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց բացի, կառավարությունը կարողանում է որոշակի ֆինանսական փոխհատուցում տալ նաև բնական աղետից տուժած համայնքներին: Սակայն ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը, հիշեցնելով, որ միայն գյուղացուն օժանդակելու չորս ծրագրով պետությունը 4,5 միլիարդ  դրամով  սուբսիդավորում է իրականացրել, ասել է՝ թե այդքանով թեթևացրել է գյուղացու բեռը:

  «Այս,  և գյուղատնտեսությանն առնչվող մյուս բոլոր խնդիրները, ինչպես և նախկինում, այսօր նույնպես հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վերջին  նման հանձնարարականը, որ տրվել է Նախագահի կողմից, Հայաստան ներկրված գարու սերմացուն,  նախատեսված 200-ի   փոխարեն  130 դրամով գյուղացիներին տրամադրելու մասին է »,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության  ոլորտի հիմնախնդիրներին, նա համայնքապետերի ուշադրությունը հատուկ հրավիրել է մարզում կարտոֆիլի ցանքերի ավելացման անհրաժեշտությանը, մանավանդ, որ կարտոֆիլի իրացման խնդիրներ այսօր չկան և վաճառքի գներից էլ գյուղացիները գոհ են: Կարևորվել է  նաև տեխնիկական պարկի թարմացումն ու համալրումը: «Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ,տարբեր ծրագրերով հանրապետություն են ներկրվել և լիզինգային եղանակով գյուղացիներին տրամադրվել 200-ից ավելի  տարբեր հզորության տրակտորներ: Օրերս  նույն  ծրագրով Հայաստան կներկրվի 10 հացահատիկահավաք կոմբայն, որից 2-ը կտրամադրվի Գեղարքունիքի մարզին»,-ասել է Սերգո Կարապետյանը:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարի պաշտոնակատարը  «Գյուղատնտեսության նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին և ֆերմեր Վանիկ Հարությունյանին՝ Գանձակ համայնքից: Մարզի գյուղատնտեսության ևս 12 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին  նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել է Սիրականյան եղբայրների Վարդաձոր համայնքում գտնվող կաթնապրանքային ֆերման  և կատոֆիլի պահպանության պահեստարանները, ծանոթացել արտադրությանն ու զրուցել  աշխատակիցների հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն

 

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է եռամսյակային հաշվետվություններ

Կամո ԱրեյանԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում աշխատանքների 2014 թվականի առաջին եռամսյակում համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Խոսելով շինարարության և բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ Կամո Արեյանը նշել է, որ առաջին եռամսյակում կազմվել է թվով 300 փողոցների ընթացիկ և 20 փողոցների հիմնանորոգման ծրագիրը:  Հաշվետու ժամանակահատվածում հայտարարվել են ասֆալտապատված և սալապատված մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար մրցույթները:

«Այս ոլորտում առանձին բաղադրիչ են ճանապարհաշինությունը և մայրաքաղաքի ընդհանուր օտագործման փողոցների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Ավարտական փուլում է Իսակով-Լենինգրադյան նոր ավտոճանապարհի կառուցումը: Մեկնարկել է նաև Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակում Արգավանդի խաչմերուկից մինչև Նորագավիթի առաջին փողոց մագիստրալ ճանապարհի կառուցման առաջին փուլը»,-նշել է Կամո Արեյանը:

Շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մրցույթի անցկացումից հետո սահմանված ժամկետում կիրականացվեն կամուրջների ամրացման և նորոգման աշխատանքներ: Կհիմնանորոգվի  թվով 18 հենապատ: Կնորոգվի նաև ստորգետնյա հետիոտնային 3 անցում:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը միջոցներ է հատկացրել թեքահարթակների կառուցման համար:

«Մեզ համար առաջնահերթ խնդիր է թեքահարթակների կառուցումը: 2013-ին առաջին անգամ աննախադեպ ծավալով իրականացված աշխատանքներից հետո, այս տարի կրկնակի միջոցներ են հատկացվել այդ աշխատանքների համար: Այստեղ կարևոր է, որ ինչպես նախագծման, այնպես էլ կառուցման աշխատանքները համաձայնեցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ: Ծրագրի արդյունքում մայրաքաղաքում այս տարի կկառուցվի ավելի քան 200 թեքահարթակ»,-նշել է Կամո Արեյանը:

4-րդ աստիճանի վթարային շենքերի մասով քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ընթացիկ տարում 2.7 մլրդ դրամի աշխատանք է նախատեսված, որի արդյունքում նոր բնակարաններով կապահովվի շուրջ 470 ընտանիք:  Այս աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Մեկնարկել է նաև բակային տարածքների բարեկարգման ծրագիրը: Այս տարի բարեկարգվելու, կանաչապատվելու և կահավորվելու է շուրջ 600 բակ: Կայացել են նաև նոր մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման, ինչպես նաև նախկինում կառուցվածների վերանորոգման մրցույթները, և շուտով կսկվեն բուն շինարարական աշխատանքները:

Մեկանարկել են մանկապարտեզների հիմնանորոգման, երաժշտական և արվեստի դպրոցների, գրադարանների վերանորոգման, նաև մարզադպրոցների ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները:

Անդրադառնալով կոմունալ տնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Կամո Արեյանը նշել է, որ մեկնարկել են թվով 727 շքամուտքերի, 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիքների նորոգման աշխատանքները: Լայնածավալ աշխատանք է տարվելու շքապաշտգամբների վերանորգման ուղղությամբ:  Նշվել է, որ ավարտվել են գետերի հուների մաքրման աշխատանքները:

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ քաղաքապետարանը հատկապես կարևորում է նոր հանգստի գոտիների ստեղծումը: Շուրջ 25 հեկտար տարածք ընդգրկող 10 այգիների և պուրակների շինաշխատանքների հետ կապված՝ նշվել է, որ դրանցից մի մասի համար արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերն ու հայտարարվել է համապատասխան մրցույթ: Կանաչապատման աշխատանքների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու ծառատունկերի կազմակերպմանը: Ծառատեսակների ընտրությունը նախապես համաձայնեցվում է մասնագետների հետ: Կայացել է ոռոգման ցանցի ընդլայնման, մասնավորապես՝ նոր ոռոգման ցանցերի ստեղծման նպատակով աշխատանքների իրականացման համար  հայտարարված մրցույթը:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, որպես նոր մոտեցում  այս տարի ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից շարունակվում են  հաղորդալարերի և հենասյուների թարմացման և նորերով փոխարինման աշխատանքները:

Քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը  ընթանում են սահմանված ժամանակացույցով, նաև ընդգծել, որ բոլոր մրցույթները հայտարարավել են ձմեռային ամիսներին՝ հնարավորություն տալով եղանակային պայմանները թույլ տալուն պես սկսել բուն աշխատանքները:

Անդրադառնալով սոցիալական պահովության ոլորտում տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքներին՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ նախատեսված բոլոր աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Վարչության կողմից մշակվում և իրականացվում են նաև համագործակցության ծրագրեր ոչ պետական տարբեր կազմակերպությունների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լևոն Արոնյանը ԱՄՆ-ում կգլխավորի շախմատային ճամբարը

լևոն35236Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հուլիսի 9-13-ը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում:
Ճամբարը կազմակերպում են «Մետրոպոլիտեն չես» ընկերությունը և Ամերիկյան շախմատի ակադեմիան (տնօրեն` Արմեն Համբարձումյան): Պարապմունքների ընթացքում Արոնյանի օգնականները կլինեն, գրոսմայստերներ Մելիքսեթ Խաչիյանը, Տաթև Աբրահամյանը, միջազգային վարպետներ Անդրանիկ Մատիկոզյանը, Արմեն Համբարձումյանը:

Երևանի և Աշգաբադի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր

2(2)Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ՝ քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովի հետ, ստորագրել են «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիր:

Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի և Թուրքմենստանի մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել առևտրատնտեսական, կրթության,  մշակույթի,  զբոսաշրջության,  երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  ոլորտներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լիբանանը ձգտում է ամրապնդել դատական կապերը Իրանի հետ

Iran Leban.Լիբանանի արդարադատության նախարար Աշրաֆ Ռիֆին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ստորագրել դատական համագործակցության փաստաթղթեր:

Այդ մասին նա հարց է բարձրացրել Լիբանանում Իրանի դեսպան Ղազար Ռոքնաբադի հետ հանդիպման ժամանակ:

Իրանի դեսպանը իր հերթին պարզաբանել է, որ դատական համագործակցության երեք փաստաթուղթ արդեն պատրաստ է, ու հնարավոր է, որ դրանք վերջնականորեն հաստատեն Իրանի և Լիբանանի ներկայացուցիչները:

Ռոքնաբադին նաև դիմել է Իրանի արդարադատության նախարարության ղեկավարությանը, որպեսզի պատրաստ լինեն ստորագրելու այդ փաստաթղթերը:

Երկու կողմերը քննարկել են նաև Լիբանանում Իրանի դեսպանատան առջև կատարված ահաբեկչական պայթյունների և մի քանի անձանց ձերբակալությունների հետ կապված միջադեպերը:

Լիբանանի արդարադատության նախարար Աշրաֆ Ռիֆին հավաստիացրել է Իրանի դեսպանին, որ Բեյրութը, այս ամենի հետ կապված, հետևողական ուսումնասիրություն կանցկացնի և մեղավորներին պատասխանատվության կենթարկի:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Ադրբեջանում զինծառայողը սպանել է իր կնոջը

4(1)Ապրիլի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Ռաշադ Մամեդովը Դաշքեսանի շրջանի Բայան ավանում խանդի հողի վրա խեղդել է իր քաղաքացիական կնոջը՝ Թունզալ Բաբաևային: Վերջինս տեղում մահացել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայողն անձամբ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել հանցանքը։ Կնոջը սպանելուց հետո Մամեդովը թունավոր հեղուկ էր ընդունել, ծանր վիճակով նրան տեղափոխել են հիվանդանոց։

 

Դոլարի գինը բորսայում` 415 դրամ

դոլարԱպրիլի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:

NASDAQ OMX Armenia

Հայ զինծառայողները կանխել են ադրբեջանցիների դիվերսիան ԼՂՀ սահմանին

պբՀամաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3  զոհ (որից մեկը` սպա)  և 6 վիրավոր:
ԼՂՀ ՊԲ  մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական  խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի պայթյունից 3  զինծառայող է զոհվել, 6-ը` վիրավորվել:

«Դեմ եմ»-ը Մատենադարանի մոտ հավաք կանցկացնի

դեմ եմ«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Մատենադարանի մոտ անցկացվելիք հավաքին:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:

Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով:

Եվ այսպես, ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորս հանդիպում ենք նույն վայրում՝ Մատենադարանի մոտ:

Յուրի Վարդանյանի շնորհավորանքը՝ Արթուր Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին

աա13969470964ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարարի պաշտոնակատար ՅուրիՎարդանյանը շնորհավորել է հունա-հռոմեականոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին՝ Եվրոպայիմեծահասակների առաջնությունում փայլուն հաղթանակ տանելու, Արսեն Ջուլֆալակյանին՝ արծաթե մեդալ նվաճելու, նրանց մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին՝ վերը նշված հաղթանակների և վերջինիս 50-ամյակի կապակցությամբ:

«Բոլոր մենամարտերը գրագետ ու անպարտելի անցկացնելով՝ դուք հերթական անգամ բարձր պահեցիք մեր երկրի հեղինակությունը, ձեր շնորհիվ մեր եռագույնը մեկանգամ ևս ծածանվեց միջազգային մրցասպարեզում՝ կրկին ապացուցելով հայկական ըմբշամարտի բարձր կարգը: Համոզված եմ, որ դուք հետագայում էլ մեզ և բոլոր երկրպագուներին կպարգևեք նոր և ավելի մեծ հաղթանակներ»,- ասված է Յուրի Վարդանյանի շնորհավորանքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ապրիլի 5-ին և 6-ինմրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: 98 կգ քաշային կարգումգերազանց հանդես եկավ Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին՝գրավելով առաջին տեղը: Ընդ որում Արթուրը բոլոր գոտեմարտերն ավարտեց «չոր» հաշվով:

Արթուրի անձնական մարզիչն է հայրը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: Նշենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն Ա. Ալեքսանյանն հաղթանակը նվիրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին, որն այդ օրը տոնում էր ծննդյան 50-ամյակը:

Հունա-հռոմեական ըմբիշներից հաջող հանդես եկավ նաև Արսեն Ջուլֆալակյանը, որը 75 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Ավելացնենք նաև, որ մեր հավաքական թիմը գրավեց յոթերորդ տեղը:

Սպորտի և երիտասարդության նախարարության մամլո ծառայություն

Արտակարգ դեպք թուրքական խորհրդարանում. հարձակվել են ԺՀԿ-ի առաջնորդի վրա (տեսանյութ)

kilicdaroglu_6420    Րոպեներ առաջ թուրքական ԶԼՄ-ները լուրեր են տարածել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա իրականացրած հարձակման մասին: Նախնական լուրերի համաձայն՝ Քըլըչդարօղլուն թուրքական մեջլիս մտնելիս է եղել, երբ նրա վրա հարձակվել է որպես այցելու խորհրդարան եկած անհայտ մի անձ և բռունցքի 4 հարված հասցրել քաղաքական գործչին: Արդյունքում կոտրվել է վերջինիս ակնոցը, ինչպես նաև աչքի շրջանում կապտուկ է գոյացել: Կուսակցականները միջամտել են և ծեծի ենթարկել անհայտ «բռնցքամարտիկին»: Նա վնասազերծվել և ձերբակալվել է մեջլիսի ոստիկանության կողմից:

    «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Քըլըչդարօղլուն, այնուամենայնիվ, մասնակցել է կուսակցության ժողովին՝ հայտարարելով. «Բոլորին հրավիրում եմ մահափորձ կատարելու: Ժողովրդավարության տանող ճանապարհը լի է խոչընդոտներով: Սա առաջին հարձակումը չէ ԺՀԿ-ականների վրա: Բռունցքի մի հարվածի պատճառով երբեք հետադարձ քայլ չենք կատարելու: Ճնշումներն ու բռնությունը մեզ չեն կարող խանգարել: Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ այս երկիրը տանել դեպի առողջ ժողովրդավարություն»: