ՀՅԴ երիտասարդական միությունը հորդորում է ՀՀ նախագահինհետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:

Բաց նամակ

ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Նախագահ,

– Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ  հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,

– Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,

– Նկատի ունենալով «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին  ՀՀ  նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիրը,

– Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը,

– Հիմք ընդունելով ՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,

Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին,  համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում մարդու իրավունքներ չեն եղել և չկան. եվրահանձնակատար

4“Ադրբեջանում կարծիքների արտահայտման, հավաքների և միավորումների  ազատությունը դժբախտաբար տարեցատարի վատթարանում է: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում իշխանություններին ուշադրությունը սևեռել այս հարցերի վրա, որպեսզի Ադրբեջանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, կատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները”,- ասված է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսի հայտարարության մեջ:

Ըստ նրա` Ադրբեջանում չեն դադարում հետապնդել տարբեր տեսակետներ արտահայտող լրագրողններին, բլոգերներին և ակտիվիստներին: “Սա անթույլատրելի է: Իրենց հայացքների համար ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն”,- նշել է Նիլս Մուժնիեքսը:

Նա ցավով է արձանագրում Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ձերբակալությունների, ազգային փոքրամասնությունների հետապնդումների փաստը:

Ըստ եվրահանձնակատարի` զրպարտության ապաքրեականացման և դատական ոչ համարժեք տուգանքների սահմանման հարցում առաջընթացի բացակայությունը լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին համապատասխանելու համար:

 Անկախ

Հակաերևանյան ծրագիր, քերթման մեխանիզմ. կարմիր գծերի հարցը հասավ խորհրդարանական լսումներին

amn-um-karmir-gcer-c-p2440-1Ապրիլի 23-ին Ազգային ժողովում կազմակերպված «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ լսարանում գրեթե ասեղ գցելու տեղ չկար:

Խնդիրն իսկապես հետաքրքիր և մտահոգիչ էր շատերի համար, և լսումներին մասնակցում էին գրեթե ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը:

Հատկապես հետաքրքիր քննարկում ծավալվեց ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպման թեմայի ժամանակ, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրենը և ԱԺ բոլոր խմբակցությունները:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը բարձրացրեց ոլորտում իրականացվող ծրագրում հայեցակարգի բացակայության հարցը և մի շարք հարակից հարցեր: «Ինչ էինք ուզում ստանալ այս ոլորտում նման փոփոխություն անելու արդյունքում և ի՞նչ ենք սպասում: Ի՞նչ եմ ես շահում որպես քաղաքացի, որպես վարորդ ու սեփականատեր, ի՞նչ առավելություն է դա, և բացի այդ, ի՞նչ է շահում դրանից մեր քաղաքը»::

Պատգամավորի խոսքով, եթե կարմիր գծերով լուծվի քաղաքի բեռնաթափման խնդիրը,  էկոլոգիական խնդիրը կամ մեկ այլ գլոբալ խնդիր, գոնե կարելի է դա ընդունել: «Սակայն քաղաքացու կողմից տարեկան 12 000 դրամ վճարից քաղաքային բյուջե է մտնում ընդամենը 3600-ը: Էդ դեպքում ինչո՞ւ ես չեմ վճարում 3600 դրամ, եթե դա քաղաքի բյուջեին անհրաժեշտ է, և մեկ ուրիշին եմ տալիս մնացած գումարը»:

Պատգամավորն առաջարկում է լավացնել ճանապարհային նշանները, և եթե անհրաժեշտ է` այդ նշանները տեղադրելու համար սահմանել քաղաքային միասնական տուրք, որպեսզի մարդիկ ինչ որ անհասկանալի ծառայության դիմաց գումարներ չտան:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ծրագիրն անվանեց հակաերևանյան:

«Դուք այստեղ առաջնորդվել եք ոչ Երևանի քաղաքապետարանի, և ոչ էլ երևանցու շահերով, որովհետև, եթե դուք պատճառաբանում եք, որ 10  միլիոն դոլար չունեինք, որ ներդրում անեիք և եկամուտ ստանայիք, և մտավախություն ունեիք, որ կարող էիք այդ գումարը հետ չբերել, կներեք, բայց ուրեմն դուք շատ սիրողական մակարդակով եք վարվել, որովհետև սա գերշահույթ ապահովող ոլորտ է»:

Ինչ վերաբերում է պայմանագրերին, ապա պատգամավորը նշեց, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչպես են անցկացվում մրցույթները և կնքվում պայմանագրերը. հաղթող կազմակերպությունը 4 ամիս առաջ արդեն գիտի, որ ինքը հաղթելու է: Մի խոսքով` Ռուբեն Հակոբյանը սա համարում է շատ վատ պայմանագիր, իր բնորոշմամբ` Երևանի մասին չմտածող, Երևանին ոչինչ չտվող, կոռուպցիոն դաշտում կնքված պայմանագիր:

«Եկեք մարդավարի, ազնիվ խոսենք` էս պայմանագրով դուք Երևանին հարվածում եք: Երբ ես իմ բնակարանից դուրս եմ գալիս ու տեսնում եմ էդ կարմիր գծերը, ինձ ոնց որ հայհոյեն, ինչ որ մեկը, ասես, իմ վրա նալոգ է դրել: Մի խոսքով, մտածեք, որ սա հակաերևանյան օրենք է, իսկ մենք պատրաստ ենք ձեզ օգնել, փրկել, որ նորմալ օրենք ունենանք, Երևանն էլ օգտվի»,-ամփոփեց Ռուբեն Հակոբյանը:

Ավտոկայանատեղիների գործունեությանը քննադատողներին միացավ նաև «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա էլ հետաքրքրվեց, թե այդ ինչի՞ վրա է ծախսել ընկերությունը այդ երկու  միլիարդ դրամը, եթե շատ պարզ սարքավորումներ են դրվել: «Միգուցե ներկանյո՞ւթն է բավականին թանկ: Բայց դե բոլորին էլ պարզ է, թե ինչ ներկանյութ է` սովորական  ներկանյութ»:

ՕԵԿ-ական պատգամավորը բարձրացրեց նաև այդ ավտոկայանատեղիներում կայանած ավտոմեքենաների անվտանգության խնդիրը, որը նույնպես լուծված չէ: «Մեկ խոսքով ասած` ստացվում է, որ միայն Երևանի բյուջեին է գումար եկել, ինչն իհարկե ողջունելի է, բայց քաղաքացիները դժգոհ են»:

Հովհաննես Մարգարյանը հանդես եկավ նաև առաջարկությամբ` ավելացնել 5 րոպե անվճար կայանելու ժամանակահատվածը` դարձնելով գոնե 10 րոպե:

Ինչ վերաբերում է վճարման մեխանիզմներին, ապա պատգամավորը sms ծառայությամբ վճարումներ կատարելը համարում է սխալ, քանի որ կան քաղաքացիներ, որ հեռախոս չունեն կամ հարմար չէ դրանից օգտվելը,կամ էլ, ինչպես Մարգարյանն ասաց. «Ոչ բոլոր քաղաքացիները կարող են sms-կայի միջոցով ուղարկել»:

Որքան էլ տարօրինակ է, ոլորտը քարկոծողներին միացավ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը` իհարկե, ավելի նուրբ քարեր նետելով քաղաքապետարանի ուղղությամբ: Նա մասնավորապես կիսեց Ստեփան Մարգարյանի մտահոգությունը, որ այդ գործընթացում բացակայում է հայեցակարգը: Նա քննադատեց նաև ծառայության ծավալը. «Այդ ծառայության սահմանումը պետք է շատ հստակ լինի, և լինի երկուստեք պատասխանատվություն»:

Խոսրով Հարությունյանը որպես խնդիր առանձնացրեց նաև 30-70 տոկոս համամասնության հարցը. «Միգուցե ծրագրի մեկնարկի ժամանակ` գումարները հետ բերելու առումով, 30-70 տոկոսը արդարացված է, բայց եթե գա պահը, որ ընկերության ծախսերը նվազեն, և շահույթ առաջանա, ապա պայմանագիը պետք է նախատեսի այդ փոփոխությունը, միշտ չի կարող լինել 30-70 համամասնություն»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ծրագիրը ներառեց այն բոլոր ծրագրերի շարքին, որոնց համար իրենք սահմանել են «քերթման սխեմա» ձևակերպումը` դրա մեջ ընգրևկելով նաև արագաչափերը, պարտադիր կուտակային համակարգը և այլն: «Ուղղակի տպավորություն է, որ վերջին ժամանակներում կառավարությունը, իշխանությունները զբաղված են հարկահավաքի սխեմաների մոգոնմամբ»:

Լևոն Զուրաբյանի համար այս ծրագրում չկա նպատակ, փոխարենը այն կրում է ակնհայտ կոռուպցիոն բնույթ, որն ապացուցվում է երկու գործոնով` 30-70 տոկոս բաշխումը և այն հանգամանքը, որ մրցույթին ներկայացվել է ընդամենը մեկ հայտ:

«Ի՞նչ է նշանակում մի այսպիսի անհասկանալի հարկահավաք հաստատել մի երկրում, որտեղ լուծվում է տնտեսական գոյատևման հարց: Սա նույնն է, որ ասենք, խորտակվող նավի վրա կայմը ներկեն, թե իբր դա կարևոր է ընդհանուր կարգուկանոնի համար: Աբսո´ւրդ»:

Պատգամավորն ընդգծեց նաև, որ քաղաքապետարանը մինչ օրս չունի այն հաշվարկները, թե ինչ շահույթներ է ունենալու այդ ընկերությունն ապագայում:

Մի խոսքով` ՀԱԿ-ը դեմ է «քերթման սխեմաներին» և կամիր գծերի վերաբերյալ նրանց միակ առաջարկը հետևյալն է` անմիջապես վերացնել այդ կարմիր գծերը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` որպես տնտեսագետ, հայտարարեց, որ այն մեխանիզմը, որ այսօր կիրառվում է այս ծառայության դեպքում,  բացարձակապես տնտեսական հիմնավորում չունի, և որ դրա հետևանքով կորչել են հսկայական թվով աշխատատեղեր` ինչը կարող էր կազմակերպվել շատ ավելի լավ ձևով` հնարավորություն ընձեռելով անձանց ներգրավվել աշխատանքի մեջ:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:  Նա խոստովանեց, որ Երևանի քաղաքապետարանը իսկապես լուրջ հույսեր է կապում այս ծառայությունից ստացված գումարների վրա` տեղեկացնելով, որ միայն անցած հուլիսից մինչև փետրվարի 28-ը Երևանի բյուջե է մտել շուրջ 96 միլիոն դրամ: «Սա լուրջ օգուտ է, բայց թե դրա փոխարեն Երևանցի՞ն ինչ օգուտ է ստանում` մի շար գլխացավանքներ»:

Գլխացավանքներից մեկն էլ այն է, որ օրինակ, քաղաքացին վճարել է տարեկան 12 000 դրամ վճարը, սակայն տարբեր առևտրային կազմակերպություններ արգելքներ են դրել և չեն թողնում վարորդներին կայանել այս կամ այն վայրում: Կամ էլ վճարել են, բայց անդորագրերի մեջ ինչ-ինչ սխալներ են ի հայտ եկել, և մարդին պատմությունների մեջ են ընկել:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, որը բավականին պատրաստված էր ներկայացել քննարկմանը և անգամ գովեստի խոսքեր ստացավ ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանից, շտապեց արձագանքել ներկաների բարձրացրած հարցերին:

Նա ասաց, որ օրենքը քարացած չէ, և կյանքն իր փոփոխությունները կմտցնի այնտեղ, բայց այս պահին օրենքը հաջողված է, և Հայաստանում նոր մշակույթ է ձևավորվում:

Նա իր ընդդիմախոսներին հորդորեց հիշել ոչ հեռու անցյալը, երբ քաղաքում տիրում էր անարխիկ, խայտառակ վիճակ և դրամաշորթություն: Ըստ նրա` այս ծրագրով, այդ երևույթը կարգավորվել է, և անորմալ վիճակին փոխարինելու է եկել օրենքով կարգավորված դաշտը:

Անդրադառնալով հայեցակարգի խնդրին` նա ասաց, որ այս ծրագրի համար առանձին հայեցակարգ գոյություն չունի, քանի որ այն Երևան քաղաքում տրանսպորտի կարգավորման ընդհանուր հայեցակարգի բաղկացուցիչ մասն է:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա նա նշեց, որ օրենքով կազմակերպչի վրա նման  պարտավորություն դրված չէ:

Այնուամենայնիվ, փոխքաղաքապետը զիջումների մասին էլ խոսեց:

Նա համաձայնեց, որ իսկապես 5 րոպե անվճար կայանելու ժամկետը քիչ է, և այն կարելի է դարձնել 10 րոպե:

Վճարման մեխանիզմների առումով էլ ասաց, որ հնարավոր է sms-ներով վճարելու  հարցը վերանայվի և տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության հետ բանակցում են ավտոկայանատեղիներում պարկոմատերի տեղադրամն հարցի շուրջ, որպեսզի վճարումները կատարվեն այդ եղանակով և ոչ թե sms-ով:

Ինչ վերաբերում է 30-70 տոկոս համամասնությանը, ապա փոխքաղաքապետը վստահեցրեց, որ այն ենթակա է փոփոխման, հենց որ մասնավոր ընկերությունը հետ բերի իր ծախսերը և սկսի գերշահույթ ստանալ:

Ծառայողական ավտոկայանատեղիների դեպքում, երբ տվյալ տնտեսվարողը արդեն տարվա համար վճարումը կատարած է լինում, սակայն վարորդը, չիմանալով, կրկնակի վճարում է կատարում, Կամո Արեյանը հետևյալ լուծումն առաջարկեց. օրենքում փոխել այն դրույթը, որը սահմանում է կարմիր գույն պարտադրանքը, և տնտեսվարողները հնարավորություն ունենան իրենց հատվածը ներկել այլ գույնով, ինչից նաև վարորդները կհասկանան, որ այդ հատվածում կարող են արդեն կայանել անվճար:

Ի դեպ, Կամո Արեյանն ընդհանուր առմամբ չհամաձայնեց պատգամավորների հնչեցրած այն մտահոգությանը, որ կարմիր գծերը հանրության շրջանում զայրույթ և լարվածություն են առաջացրել. «Մենք այս հարցում ընդգծված սոցիալական բողոք չենք նկատել»,-ասաց նա:

Թե ի՞նչ արդյունք կտան խորհրդարանական այս լսումները, ցույց կտա ապագան, բայց եթե դրանք չլինեն շոշափելի, այն կհամալրեն այն ձևական միջոցառումների շարքը, որոնք սովորաբար կազմակերպվում են` մեղմելու հանրային դժգոհությունը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

 

Էրդողանը փորձում է հավասարության նշան դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ. Արամ Անանյան

Արամ ԱնանյանԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին առաջին անգամ հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանի հետ:

– Պարոն Անանյան, առաջին անգամն է, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի նախօրեին դիմում է հայ ժողովրդին: Որոշ միջազգային լրատվամիջոցներ էլ ասում են, թե Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ցավակցեց հայերին: Ինչպե՞ս կգնահատեիք Էրդողանի նման քայլը:

– Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է հավասարության նշան է դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ: Թուրքիայի քաղաքական ու լրատվական իսթեբլիշմենթն ամեն ինչ անելու է տեղի ունեցածը որպես պատմական իրադարձություն ներկայացնելու համար: Իրականությունն այն է, որ գագաթնակետին է հասել Թուրքիայի վախը, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է:

Պատմությունը փաստում է, որ Թուրիքայի ցուցադրական-էպատաժային քայլերը միշտ նախորդում են անշրջելի գործընթացներին: Այսինքն` տեսնելով, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունը դատապարտվելու է, թուրքական կողմը մատնվում է խուճապի, ու այս անգամ խուճապի դեմքը Էրդողանի այսօրվա հայտարարությունն է:

Գիտեք` եթե Թուրքիան իսկապես ազնիվ ու արդար լիներ իր մոտեցումներում, ոչինչ չէր խանգարի մեր հարևանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա փոխարեն Թուրքիան կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Անկարան որևէ քայլ չի անում Օսմանյան Թուրքիայում նախապարտաստված ու իրականացված հանցագործության դատապարտման ուղղությամբ: Էրդողանի խոսքում այդ մասին որևէ բան չկա:

– Վերլուծելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` կարո՞ղ եք նախանշել թուրքական ժխտողականության նոր բնութագրիչները:

– Իրավացի եք` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան զարգացնում է ժխտողականության գործիքակազմը:

Թուրքիայի վարչապետը, ավելի շատ կարևորում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից խուսափելը: Հայտարարության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան ոչ մի նոր բան չի ասում: Տեղի է ունենում թուրքական արտաքին քաղաքական դոկտրինի վերաշարադրանքը`միայն համաշխարհային հանրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շահագրգռիռ կողմերին մոլորության մեջ մտցնելու նպատակով: Հայտարարությունում օգտագործվող բառամթերքը նոր չէ, այն թուրքական ժխտողական թեզերի ամփոփ վերաշարադրանքն է: Էրդողանի վկայակոչած «ընդհանուր ցավը» թուրք քաղաքական վերնախավի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ոչ զգում է, ոչ էլ երբևէ զգացել է: Բարոյական առումով, Էրդողանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է, քանի որ այն շահարկում է հայ և Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա ժողովուրդների պատմական հիշողությունը: Մնացյալի մասով՝ Էրդողանը վերաձևակերպում է թուրքական պատմագրության կողմից չարչրկված թեզերը` թե՛ պատմաբանների հանձնաժողովի, թե՛ իբր բաց արխիվների, թե իրադարձությունների ընկալման առումներով: Ամենից կարևորն այն է, որ հայտարարությունում չկա զղջում, չկա Թուրքիայի կողմից այդ գործողություններին ճշմարիտ գնահատական տալու փորձ:

– Էրդողանի հայտարարությունում նշվում է, իբր Թուրքիայում 1915-ի վերաբերյալ բազմակարծություն կա: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Թուրքական ժխտողականությունն ունի մի մեթոդ. դա կիսաճշմարտությունների և ստի միախառնումն է: Էրդողանի հայտարարությամբ Թուրքիան որևէ հետքայլ չի անում տասնամյակներ շարունակ իր կողմից հնչեցրած դիրքորոշումից, այլ փորձում է մեր ցավի հաշվին լրացուցիչ քաղաքական դիվիդենտներ քաղել ապրիլի 24-ին ընդառաջ: Անձամբ ինձ համար որևէ տարբերություն չկա, թե այդ հայտարարությունը տեղադրված է թուրքական թերուս պատմաբանի, թե Թուրքիայի կառավարության կայքէջին` միակ տարբերությամբ, որ կառավարության կայքէջն երևի ավելի շատ ընթերցող ունի:

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի խումբ մտավորականների ու պատմաբանների խիզախ մոտեցումները ո’չ Էրդողանի, ո’չ էլ նրա կառավարության ձեռբերումը չեն: Հիշենք միայն «Արդարություն ու զարգացում» կուսակցության միահեծան իշխանության տարիներին թուրքականությունը վիրավորելը քրեականացնող 301-րդ հոդվածով դատարան մտած գործերի թիվը, Հրանտ Դինքի սպանությունն ու այդ հանցագործության բացահայտման ժամանակ ի հայտ եկած սկանդալները: Սա միայն Հայոց ցեղասպանության և պատմական հիշողության մասով: Իսկ ինչպե՞ս պետք է բնութագրել երկրի ներսում ամիսներ առաջ ժողովրդավարական ընդվզման ճնշման և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լռեցնելու, սոցիալական մեդիայի գործիքները փակելու սպառնալիքները: Մի՞թե այսպիսին է փոփոխվող Թուրքիայի սարսափած դեմքը:

 

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի

Անկախ

Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի եւ խցակիցների միջեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վեճ է տեղի ունեցել .«Փաստինֆո»

ոստիկանԱռանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ  գործով այսօր հարցաքննվեց   ոստիկանություն հաղորդում տված վկան,հաղորդում է «Փաստինֆոն»:

Ըստ վկա Գևորգ Ավագյանի, ով Ջրվեժում պարսպապատ հողամաս ունի, «առավոտ կանուխ» տեսել է տուժողին՝  դստեր հետ, ովքեր տնային շորերով էին, այլայլված ու լաց եղած: Տուժողը պատմել է, որ  իրենց  տանը գողությունից հետո իրենց առևանգել են, բեռնախցիկի մեջ մտցրել   և  խնդրել է  օգնել իրենց, ինքը զանգահարել է  ոստիկանություն:

Վկան նշեց նաև, որ իր  մայրը առաջարկել է տուժողին նստել, սակայն վերջինս ասել է, որ չի կարող ու ձեռքերով դեմքը ծածկել ու լաց եղել, ինչից վկան հասկացել է, որ նրան բռնաբարել են: Նա տեղեկացել է նաև, որ տուժողի ու նրա դստեր աչքերին «գազ են փչել»:

Վկան մինչ այդ լսել է երկաթի դմփոց՝ «ոնց  որ  ձեռքերով խփես դռանը» ու երեխայի ձայնը՝ «մամա՛»:  70-80 մ հեռավորության վրա ինքը տեսել է «Մերսեդես»  մակնիշի  մեքենա, սակայն չի կարող պնդել, որ դա այն մեքենան է, որով տուժողին ու նրա դստերը առևանգել են, ըստ տուժողի, առևանգիչը  «դեմքը փակած է եղել», սակայն նա ունեցել է բաց գույնի աչքեր:

Տուժողի գործընկերուհի Լենա Թաշչյանը հայտնեց, որ  տեսել է տուժողի տունը խառնաշփոթ վիճակում, պատուհանը ջարդված էր,  հեռուստացույցն էլ չկար, տուժողն ասել է   իրեն, որ հեռուստացույցը գողացել են:

Վկա Ռադիկ Հարությունյանը ներկա է եղել, երբ  ոստիկանները գնացել են ամբաստանյալի վարձակալած բնակարանը խուզարկելու:    Տեսել է  շոր, կոշիկ, ոստիկանական համազգեստ, կլարնետ, խաղալիք ատրճանակ, այս առարկաների մասին, ի դեպ, նա նախաքննական ցուցմունքում չի հայտնել,  այլ հայտնել է  որ տեսել է սև գույնի մեծ   «բատարեյ»՝  լուսարձակ: Դատարանում վկան հայտնեց, որ վերջինս տրուբայի նման էր: Իր ցուցմունքը, որը քննիչը բարձրաձայն կարդալով՝ գրել է, վկան չի կարդացել:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Եկատերինբուրգում հիմնադրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համալսարանական լիգան

IMG_043325 բարձրագույն ուսումնական հաստատություն Եկատերինբուրգում հիմնադրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համալսարանական լիգան:Երևանի պետական համալսարանը ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադիր ժողովին ներկայացնում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Ո՞վ է Վոլոդյա Ավետիսյանը և ինչո՞ւ է ձերբակալված

Վոլոդյա ԱվետիսյանՈ՞վ է Վոլոդյա Ավետիսյանը։ Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ չպարզված հանգամանքներում անօրինաբար մեղադրվելով կաշառք վերցնելու մեջ։ 1988թ-ից մասնակցել է Արցախի ազգային ազատագրական շարժմանը։ Պատերազմի տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Քարվաճառի ազատագրման պայքարին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի տեղակալ, ինչպես նաև ղեկավարել է Վարդենիսի ջոկատը։

 

Մանրամասները՝ տեսնյութում.

«Ո՞վ է Վոլոդյա Ավետիսյանը և ինչո՞ւ է ձերբակալված»

 

Անկախ

Մայրաքաղաքում ընթանում են նոր ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ

001

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014 թվականի ծրագրի շրջանակում մեկնարկել են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Այս տարի նախատեսվում է ոռոգման համակարգն ընդլայնել 22 կիլոմետրով։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից։

Ներկայում ընթացքում են խողովակների տեղադրման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով տարվա ընթացքում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև առկա ցանցի վնասված հատվածները։

Կանաչ տարածքների պահպանման, ինչպես նաև նորերի ստեղծման համար ոռոգման նոր համակարգերի անցկացումը կենսական նշանակություն ունեցող ծրագիր է, որը տարեցտարի առավել ընդգրկուն է դառնում։

 Անկախ

Ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան

 Ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ազատամարտիկ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել ԼՂՀ Մարտակերտի շրջան՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի ժամանակ այդ շրջանում զոհված շենգավիթցի 14 ազատամարտիկների: Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամաների ու հարազատների հետ   ուխտագնացությանը մասնակցել են նաև ԵԿՄ վարչության անդամներ Գառնիկ Հովսեփյանը և Մուշեղ Ղազարյանը: Այցելության շրջանակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքար է տեղադրվել: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը. ««Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսի արդիականության լավագույն ապացույցն այս ուխտագնացություն-այցելությունն է և մեր ազտամարտիկների հիշատակը հավերժացնող այս խաչքարը: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա և միշտ առանձնակի երախտագիտությամբ կհիշի բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Արցախի ազատագրության»,- նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այս ուխտագնացությունը ևս մի առիթ է խոնարհումի ու ոգեկոչման՝ հանուն Արցախի  զոհված հայորդիների հիշատակի. «Զոհված ազատամարտիկների ընտանիքների և, ընդհանրապես, արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ ուշադրությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրային առաջնահերթություններից են և գտնվում են նրա մշտական ուշադրության կենտրոնում: Այս այցելությունն էլ իրականացվեց քաղաքապետի հետևողական ուշադրության ու անմիջական աջակցության շնորհիվ», – նշել է Արմեն Սարգսյանը:

Հանդիսավոր արարողության շրջանակում Արմեն Սարգսյանը և Մուշեղ Ղազարյանը պարգևատրվել են ԼՂՀ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով: Պատվոգրերով և հուշանվերներով են պարգևատրվել նաև զոհված ազատամարտիկների հարազատներն ու ընտանիքի անդամները: Վերջիններիս խնդրանքով ուխտագնացներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Կարմրավանի հակաօդային պաշտպանության զորամաս, հանդիպել զինծառայողների հետ, հանձնել են նվերներ: Չմերժելով ազատամարտիկների ծնողների խնդրանքը՝ զորամասի հրամանատարությունը ծառայությունում աչքի ընկած ու բարձր կարգապահություն ցուցաբերած երեք զինծառայողի տասնօրյա արտահերթ արձակուրդ է տրամադրել:

Վերադարձին՝ արդեն Երևանում, ուխտագնացները նաև Եռաբլուր պանթեոն են այցելել և հարգանքի տուրք մատուցել այնտեղ ամփոփված ազատամարտիկների շիրիմներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Հայաստանի արտգործնախարարի և Լիտվայի պաշտպանության նախարարի հանդիպումը

163. Minister Nalbandian met with Lithuanian DM 23.04.2014 (2)Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին:

 

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։

 

Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ  հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահություն հայտնեց, որ դրանք առավել կընդլայնվեն։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 22-ից 23-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, կաշառակերության 1 և խարդախության 10 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Չինական երկնաքերում կտեղադրվի աշխարհի ամենաարագընթաց վերելակը

Guangzhou CTF finance CentreHitachi-ն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Չինաստանի Գուանչժոու քաղաքում կառուցվող երկնաքերում տեղադրել աշխարհի ամենաարագաընթաց վերելակները:

Երկնաքերի կառուցումը կավարտվի 2016 թ-ին, որի ներսում տեղադրված վերելակները 95 հարկը կբարձնան ընդամենը 43 վայրկյանում:

Երկնաքերում կտրամադրվեն օֆիսային, հյուրանոցային և բնակության տարածքներ:

Կառույցը գետնի վրա 111 հարկ կունենա, ինչպես նաև հինգ ստորգետնյա հարկեր:

Կառույցը 95 վերելակ կունենա, որոնցից միայն երկուսը կլինեն աշխարհի ամենաարագընթաց վերելակները:

Hitachi-ն հայտնել է, որ վերելակները հագեցած կլինեն անվտանգություն և հարմարավետություն ապահովող համակարգերով, իսկ ուղևորները նույնիսկ նման արագության դեպքում իրենց հարմարավետ կզգան:

 Անկախ

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Հայ-հրեական հուշ-երեկո Մոսկվայում

162.Genocide commemoration event in Moscow 23.04.2014Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն.Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում անցկացվեց հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին:

Երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի, «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի հետ համատեղ:

Երեկոյին ներկա էին և ելույթներով հանդես եկան ռուսաստանյան պետական մարմինների ներկայացուցիչներ, ռուս, հրեա և հայազգի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ` ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Բալբերովը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ի.Չերնիշենկոն,  Մոսկվայի կառավարությանը կից Ազգությունների հարցերով խորհրդի խորհրդական Վ.Կարապետյանը, ՌԴ Հասարակական պալատի անդամ, լրագրող, կինոքննադատ, «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ Ա.Գերբերը, «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահ Ա.Ալտմանը, ՌԴ Գրողների միության անդամ, «Рука помощи» հրեական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալ.Կիրնոսը, «Ռուս-հայկական համագործակցության»  նախագահ  Յու.Նավոյանը, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը: Ներկաներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ Հայոց ցեղասպանությանը ժամանակին և համապատասխան իրավական, քաղաքական գնահատական տալու դեպքում, հնարավոր կլիներ կանխել Հոլոքոստը և մարդկության դեմ գործված՝ պատմությանը հայտնի  այլ հանցագործությունները:

Կազմակերպիչները նշեցին նաև, որ նպատակ ունեն հետագայում ևս հանդես գալ համատեղ նախաձեռնություններով ` ընդգրկելով նաև ցեղասպանության և մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների ենթարկված ազգերի համայնքներին:

Երեկոյի մասնակիցները խոսեցին նաև 20-րդ դարում երկու ժողովուրդների հետ տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքների, դրանց համաշխարհային հնչեղությանն, միջազգային ճանաչման կարևորության մասին:

Երեկոյի շրջանակներում ներկայացվեց Մեծ եղեռնին և Հոլոքոստին նվիրված, Հայաստանից ժամանած երիտասարդ նկարիչ` Վաչագան Պողոսյանի անհատական գեղանկարչական ցուցահանդեսը:

Այնուհետև հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ և հայ ու հրեական դասականների ստեղծագործությունների երաժշտական կատարումներ:

 Անկախ

Բաշար Ասադի հաղթանակը 90 տոկոսով ապահովված է

բաշար ասադ Հունիսի 3-ին Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններում գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակը գրթեթ կասկածից վեր է: Ասադը թեկնածության հայտ առայժմ չի ներկայացրել, սակայն ոչ ոք չի կասկածում, որ նրան հաղթանակ է սպասվում, քանի որ խորհրդարանը այս ընտրություններին լավ պատրաստվել է: Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են դառնալ վերջին տասը տարում Սիրիայում ապրած քաղաքացիները: Այս պարագայում դժվար է ասել, թե սիրիական ընդդիմությունից ով կկարողանա առաջադրվել: Ընտրությունների հետ կապված մեկ այլ հարց էլ վերաբերում է քվեարկությանը: Դեռևս պատերազմական վիճակում գտնվող երկրից հազարավոր մարդիկ են հեռացել, ուստի ընտրություններին կարող են մասնակցել ոչ բոլորը: Սիրիական խորհրդարանի խոսնակը նշել է, որ փախստականները կարող են քվեարկել Սիրիայի արտասահմանյան ներկայացուցչուններում: Սակայն դրանց մեծ մասը պատերազմի պատճառով փակվել է:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բեռլինում գտնվող Գիտական և քաղաքական հիմնադրամի տնօրենը նշել է, որ ամենայն հավանականությամբ Ասադը կվերընտրվի՝ հավաքելով ձայների 90 տոկոսը:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին

6186

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:

Հանրապետության Նախագահը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության օրակարգը, բարձր գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ներկայիս մակարդակը և նախանշել համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Անկախ

Համաշխարհային հայկական կառույցների ստեղծում. Հայոց ցեղասպանության լավագույն պատասխանը՝ ըստ Վազգեն Մանուկյանի

Վազգեն ՄանուկյանՀայոց ցեղասպանության տարելիցի առթիվ «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

– Պարո՛ն Մանուկյան, մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ի՞նչ ձեռքբերումներ կարող ենք արձանագրել Հայ դատի ոլորտում այս տարելիցի նախաշեմին:
– Նախ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից անմիջապես հետո: 1915-16 թթ. եվրոպական, ամերիկյան ողջ մամուլը, անգամ գրականությունը ողողված էր այդ սարսափելի ողբերգության դեպքերով, և այդ ժամանակ բոլորը տեղյակ էին, թե ինչ է կատարվել: Դա միջազգային մեծ իրադարձություն էր: Դրանից հետո, ինչ-որ ժամանակ անց, Հայոց ցեղասպանությունը մոռացվեց: Հայության այն հատվածը, որը մնաց Խորհրդային Միությունում, երկաթյա վարագույրով փակվեց աշխարհից, իսկ Խորհրդային Միության ներսում ազգային հարց գոյություն չուներ, այդ հարցերը մոռացության էին մատնվում: Այդ հարցը կրկին բարձրացվեց 1965 թ. ապրիլի 24-ին:
Իսկ դրսում ապրող մազապուրծ հայերը շատ ծանր վիճակում էին և պետք է կազմակերպեին իրենց կյանքը՝ ներառվելով տարբեր երկրների հասարակությունների մեջ, ինչը հսկայական ջանքեր պահանջեց: Եվ տասնամյակներ անցան, մինչև հայերն իրենց տեղը գտան աշխարհում: Պետք է նշել, որ հայկական հարցում շատ մեծ նշանակություն ունեցան հայկական ավանդական կուսակցությունները՝ Դաշնակցությունը, Հնչակյանը և Ռամկավարը: Ամեն մեկն իր թերություններն ու դրական կողմերն ուներ, բայց առաջին անգամ նոր տիպի համաշխարհային կառույց էր ստեղծվում: Եթե այդ կուսակցությունները չլինեին, հայերը տարբեր տարածաշրջաններում իրարից կտրված պետք է լինեին: Այդ կուսակցությունները, որոնք ռեգիոնալից դարձան համաշխարհային, աշխարհի ողջ հայությանը կապեցին իրար: Իհարկե, այդ դերը կատարում էր նաև եկեղեցին: Բայց առաջին միջազգային քաղաքական կառույցներ ստեղծողները, փաստորեն, հայերն ու հրեաներն էին, որոնք ստեղծեցին համաշխարհային քաղաքական ցանց: Ի դեպ, կարծում եմ, որ այդ ոլորտը խորությամբ մինչ օրս ուսումնասիրված չէ, և արժե ուսումնասիրել, որովհետև դա համաշխարհային պատմության մեջ մի նոր ու հետաքրքիր երևույթ էր:

– Երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային մի շարք կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ժամանակ առ ժամանակ որևէ երկրի կամ նահանգի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն այսօր որքանո՞վ է նպաստում հարցի վերջնական լուծմանը, և արդյոք այդ ձևաչափը չի՞ սպառել իրեն՝ դառնալով, կարծես, ինքնանպատակ:
– Մեր ցանկությունը, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը, շատ բնական էր: Դա նաև մեր ժողովրդի բարոյական պարտքն էր՝ աշխարհին ցույց տալ, հիշեցնել տեղի ունեցածը և մեղավորներին պատժել: Իսկ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անուղղակի ձևով պատիժ է Թուրքիայի համար, և պատահական չէ, որ Թուրքիան դիմադրում է ամեն մի ճանաչմանը: Եթե հարցը միայն ցեղասպանության ճանաչումով էլ սահմանափակվի, արդեն շատ կարևոր է:

– Ենթադրենք՝ Թուրքիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի կողմից ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն դրան, և մենք պատրա՞ստ ենք այդ քայլերին:
– Նախ և առաջ, առանց պրագմատիկ արդյունքների, միայն բարոյական սկզբունքը, որով առաջնորդվում է յուրաքանչյուր մարդ իր կենցաղում և որով պետք է առաջնորդվի նաև հասարակական կյանքում, պարտքն է նախնիների նկատմամբ և հանցագործի գոնե բանավոր պատիժ կրելը: Դրա համար իսկապես արժե ջանքեր թափել:
Կա նաև համամարդկային մի նպատակ` հանցագործությունը պետք է դատապարտվի, որպեսզի դրա կրկնվելու հավանականությունը նվազի: Այդ առումով նույնպես մենք կարևոր խնդիր ենք լուծում:
Երրորդը վերաբերում է մեզ: Ինչպես Քեսաբի դեպքում, այնպես էլ ընդհանրապես Թուրքիայի համար Հայաստանի հանդեպ նոր ոտնձգություն անելը Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում տասնապատիկ ավելի դժվար կլինի, քան եթե ճանաչումը չլինի և աշխարհը ծանոթ չլինի այդ իրադարձությանը: Դա բավական զսպող հանգամանք է Թուրքիայի համար:
Եվ ի վերջո, եթե տեղի է ունեցել հանցագործություն, և բոլորը ճանաչել են այն, հանցագործն էլ ճանաչել կամ չի ճանաչել, ապա առաջ է գալիս փոխհատուցման հարցը, որը կարող է լինել տարածքային, նյութական, ունեցվածքային, իրավունքների և այլն:
Հիմա քննարկվում են հատուցման հետ կապված տարբեր հարցեր, բայց այդ ամենը շատ ավելի նպատակաուղղված կլինի, եթե համաշխարհային հայությունն ավելի կազմակերպված լինի:
– Իսկ ինչպե՞ս պետք է հայությունն ինքնակազմակերպվի, և ի՞նչը կլինի Հայ դատի լիակատար հաղթանակը:
– Դեռևս 60-ական թվականներին մենք երազում էինք համաշխարհային հայկական կառույցների ստեղծման մասին: Երբ 90-ականներին եկանք անկախության և իշխանության, այդ խնդիրը շատ հստակ դրվեց: Ցավոք, հետագայում մեր իշխանավորներն այնքան էլ խորությամբ չընկալեցին այդ հարցը, այսինքն` ընկալումը կար, որ Սփյուռքից պետք է օգտվել, որովհետև ակնհայտ երևում էին և՛ Սփյուռքի ֆինանսական հզորությունը, որն այսօր շատ ծիծաղելի ձևով է օգտագործվում՝ հիմնադրամի այդ չնչին գումարները հավաքելով, և՛ մարդկային ռեսուրսները, և՛ քաղաքական լոբբինգը և այլն: Բայց դա ճիշտ ձևով չօգտագործվեց: Մենք դեռ լուրջ քայլեր չենք արել համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Սփյուռքի նախարարության ստեղծումը կարող է լինել այդ ուղղությամբ առաջին քայլը, բայց կարծում եմ՝ այդ նախարարությունը, իր բազմազան գործունեությամբ հանդերձ, որը ողջունելի է, առաջին հերթին պետք է բարձրացնի համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու հարցը, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը իսկապես միանան: Ես կարող եմ որոշակի լուծումներ առաջարկել, մի ուրիշն էլ կարող է այլ լուծումներ առաջ քաշել, բայց այն, որ պետք է դրա շուրջ համախմբում լինի, պետք է այդ հարցը քննարկվի, և հանգենք ինչ-որ գաղափարի` հաստատ է: Եվ դա Հայոց ցեղասպանության ամենամեծ պատասխանը կլինի, որովհետև դրանից հետո շատ հարցեր կլուծվեն արդեն այլ ձևով: Միշտ պետք է չարիքն օգտագործել ի նպաստ քեզ: Չպետք է կոտրվել և պետք է ստեղծել ինչ-որ նոր բան: Մենք չկոտրվեցինք, իսկ նոր բանն էլ, կարծում եմ, կամաց-կամաց կստեղծենք:
– Վերջին շրջանում միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցով ճնշում գործադրելու միտում է նկատվում: Ինչպե՞ս եք գնահատում այդ իրողությունը, դրա հետ կարելի՞ է լուրջ հույսեր կապել, թե՞ դրանք հիմնականում շահադիտական հայտարարություններ են:
– Երբ 1965 թվականից հետո հայերը սկսեցին քարոզել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հայտնվեցին ուժեր, որոնց համար դա կարող էր նաև ձեռնտու լինել: Բայց դա բնական է, որովհետև եթե դու միջազգային ասպարեզում օգտագործելի չես ուրիշների համար և չես կարողանում օգտագործել ուրիշներին` անհետաքրքիր ես: Քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ բարոյականության սկզբունքներից ելնելով է լինում: Դու պիտի օգտակար լինես ուրիշներին, ուրիշներն էլ՝ քեզ, այդ փոխհարաբերություններն են գործում: Դրանից հետո տասնյակ երկրներ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը տարբեր պատճառներով, բայց կարևորն այն է, որ ընդունեցին: Եվ ընդունման ժամանակ, անկախ նրանից, թե քաղաքական գործիչներն ինչ հետին մտքեր ունեին, այդ երկրների հասարակություններն անկեղծորեն վրդովվում էին և անկեղծորեն ընդունում:
Վերցնենք Քեսաբի դեպքերը: Ինչքա՛ն միջազգային կառույցներ ու մարդիկ արձագանքեցին դրան: Եթե ցեղասպանության ճանաչման հարցը չլիներ, Քեսաբի դեպքերը նման արձագանք չէին ստանա: Փաստորեն, մենք կարողացանք մասամբ օգտագործել դա մեր ժողովրդի մի հատվածին պաշտպանելու համար՝ ստեղծելով միջազգային հասարակական կարծիք:
– Ի՞նչ կշահի Թուրքիան Հայոց ցեղասպանության ընդունումից:
– Տարիներ առաջ Ճապոնիայի վարչապետը ներողություն խնդրեց հարևան ժողովուրդներից, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել էին Ճապոնիայի ագրեսիայից: Այդ ժողովուրդների մեջ ոչինչ չփոխվեց, բայց մեծացավ նրանց վստահությունը Ճապոնիայի նկատմամբ: Գերմանիան Հոլոքոստի ընդունմամբ մաքրեց իրեն և կարողացավ եվրոպական ընտանիքում լիարժեք անդամ դառնալ, հիմա՝ դեռ մի բան էլ ավելին: Այսինքն, դա նաև երկրին հզորացնող գործոն է: Եվ ես կարծում եմ, որ զուտ պրագմատիկ շահերի տեսանկյունից Թուրքիային ձեռնտու կլիներ Հայոց ցեղասպանության ընդունումը: Բայց Թուրքիան այդ ճանապարով չի գնում մի քանի պատճառներով: Նախ, եթե պետությունը ներողություն է խնդրում, դա նշանակում է, որ երկրի ներսում ինչ- որ գործընթացներ են տեղի ունեցել: Երբ լսում եմ Էրդողանին, ինձ թվում է, թե նա շարունակում է Թուրքիայի XX դարասկզբի քաղաքականությունը:
Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան հարցեր ունի նաև այլ ժողովուրդների հետ: Ճապոնիան ներողություն խնդրեց, երբ իր բոլոր հարցերը լուծել էր մյուսների հետ: Թուրքիան մեծ խնդիր ունի քրդերի հետ և մինչև այդ խնդիրը չլուծի, նման բան չի հայտարարի:

– Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիան առավել մեծ եռանդով է պատրաստվում: Այդ քայլերը վտանգավո՞ր են մեր գործունեության արդյունավետությունը նվազեցնելու տեսանկյունից:
– Մենք այն ենք անում, ինչ որ արել ենք վերջին տասնամյակների ընթացքում. միգուցե ավելի ակտիվ, քանի որ 100-ամյակ է: Թուրքիան էլ, մեր ակտիվությանը զուգահեռ, իր ակտիվությունն է ավելացնում: Թուրքիայում այսօր զարմանալի ձևով երկու փոփոխություն է կատարվում. մի կողմից` հուսադրող զարգացում հանրության մեջ, մյուս կողմից՝ հետադիմական իշխանությունների կողմից այդ զարգացման խոչընդոտում: Այդ ամենի արդյունքում մենք տեսնում ենք Հայոց ցեղասպանության հարցի ակտիվացում հօգուտ մեզ և հակառակը՝ հակահայկական քարոզչություն:
Ժողովրդի շրջանում իսկապես այդ հասունացումը կա, որը մենք տեսնում ենք ցույցերից, գրականությունից, տարբեր հայտարարություններից, իսկ երկրի ղեկավարության մեջ` ոչ: Ես նույնիսկ կասեի, որ Էրդողանի վարչապետության օրոք այդ առումով մի քայլ հետընթաց է եղել: Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ Թուրքիայում գործընթաց կա: Ընդհանրապես շատ դժվար է հասարակական կարծիքին դեմ գնալը, և այն, որ այսօր հազարավոր թուրքեր դեմ են արտահայտվում հասարակական ընդունված կարծիքին և փորձում են ձևավորել նոր հասարակական կարծիք, հույս է ներշնչում, որ ապագայում ինչ-որ փոփոխություններ կլինեն այդ երկրում, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության հարցի և մեր երկու երկրների հարաբերությունների վրա: Ի վերջո, մենք կողք կողքի ենք ապրում, և մեզ համար դա մեծ նշանակություն ունի:

Անկախ

Իմ ցավակցություններն եմ հայտնում 20-րդ դարասկզբին զոհված հայերի թոռներին. Թայիփ Էրդողան

Էրդողան   Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Թայիփ Էրդողանի ուղերձը՝ նվիրված ապրիլի 24-ին: «Անհերքելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներն,  առանց կրոնական և էթնիկական տարբերության,  թուրքերի, քրդերի, արաբների, հայերի և օսմանյան մյուս քաղաքացիների համար վշտերով լի, դժվար մի ժամանակաշրջան էին: Որպես Օսմանյան կայսրության քաղաքացիներ՝ այդ շրջանում հայերի ապրած ցավն ու հիշողությունները հասկանալն ու կիսելը մարդկային մի պարտականություն է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մեր համընդհանուր ցավն են: Ցանկանում եմ, որ հանգստության մեջ հանգչեն 20-րդ դարասկզբին առկա պայմաններին զոհ գնացած հայերը, իմ ցավակցություններն եմ հայտնում նրանց թոռներին»,-ասված է ուղերձում:

Վարչապետ Էրդողանը կրկնել է 1915 թվականի դեպքերը գիտական մակարդակով ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով կազմավորելու Թուրքիայի կոչը: Նրա խոսքերով՝ հայ, թուրք և միջազգային պատմաբանների համատեղ աշխատանքները «լույս կսփռեն 1915 թվականի դեպքերի վրա և կարևոր դեր կխաղան պատմությունը ճիշտ հասկանալու գործում»: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար և այնտեղ գտնվող հարյուրավոր փաստաթղթերը բոլոր պատմաբանների տրամադրության տակ են:

Նշենք, որ Էրդողանի ուղերձը թարգմանվել է աշխարհի 9 լեզուներով, այդ թվում նաև արևմտահայերեն:

Հ.Գ.
Էրդողանի հայտարարությունը, ենթադրաբար, Թուրքիայի «փափուկ» ժխտողական քաղաքականության շրջանակներում է արվել: Կամ գուցե ժխտողական քաղաքականության նոր ուղղության վկայությունն է: Թեմային առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Անկախ