Գարիկ Բարսեղյանը` Եվրոպայի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

ըմբշամարտ1Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալը պարգևեց 57 քաշային Գարիկ Բարսեղյանը:

Նա 1/8 եզրափակիչում զիջել էր Մոնակոյի ներկայացուցիչ Գենադի Տուլբեային: Բայց վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել:

Բարսեղյանը, հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Ղալիգ Ալիևին, հետո էլ առավելության հասավ ռումինացի Անդրեյ Դյուկովի նկատմամբ և դարձավ բրոնզե մեդալակիր:

Անկախ

Թուրքական դատարանը կարգադրել է հանել «Թվիթեր»-ի արգելափակումը

թվիթեր     Թուրքիայի Սահմանադրական դատարանը այսօր քննել է «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ ներկայացված դատական հայցը: Դատարանը արձանագրել է, որ կայքի արգելափակումը հակասում է օգտատերերի ազատության իրավունքին՝ որոշում կայացնելով հանել արգելափակումը: Որոշման կատարման կարգադրությունը ուղարկվել է համապատասխան մարմիններին:

Նշենք, որ «Թվիթեր»-ը Թուրքիայում արգելափակվեց մարտի 21-ին՝ առժանանալով քաղաքացիների և միջազգային հանրության սուր քննադատությանը:
Անկախ

Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը

Ջեյմս Ուորլիք  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը ապրիլի 4-ին Մոսկվայում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին Ուորլիքը գրել է իր «Twitter»-յան էջում: Ուորլիքը նաև հայտնել է, որ մեկնում է Վիենա ԵԱՀԿ-ում քննարկումների մասնակցելու, ապա մեկնելու է Մոսկվա վերոնշյալ հանդիպման համար:
Անկախ

Սաուդյան Արաբիայում աթեիստները այսուհետ ահաբեկիչներ կհամարվեն

Աբդուլահ    Սաուդյան Արաբիայում իրականացված օրենսդրական փոփոխությամբ աթեիստները այսուհետ համարվելու են ահաբեկիչներ և դատապարտվելու 20 տարվա ազատազրկման: «Ռադիկալի» հաղորդմամբ՝  սաուդ արքա Աբդուլահի որոշմամբ աթեիստները հայտնվելու են «Ալ Քայիդայի» և «Հըզբոլահի» նման ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Այսպես աթեիզմի գաղափարախոսության կրողները դատապարտվելու են համաձայն «ահաբեկչության դեմ պայքարի» օրենքի: Այս փոփոխությունը քննադատության է արժանացել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:

Անկախ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնել Ադրբեջան

ԷրդողանԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, տեղեկացնում են ադրբեջանական լիրատվամիջոցները:

 

Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Էրդողանը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Ըստ ադրբեջանական “Հագին” կայքի` Թուրքիան և Ադրբեջանը նոր, մասշտաբային ռազմական համաձայնագիր են նախապատրաստում, ըստ որի սահմանվելու են կոնկրետ պարտավորություններ արտաքին ագրեսիայի դեպքում:

 Անկախ

 

Թունելի հարևանությամբ հայտնաբերվել է ինքնաձիգ և ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 120 փամփուշտով

փամփուշտԱպրիլի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարյան փողոցի մոտ գտնվող թունելի աղբամանների մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Մանուել Վալսին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

տիգրանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը:
Հայաստանը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պատմական հինավուրց կապերի վրա խարսխված հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կխորանան` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը զինծառայող կանանց և բազմազավակ մայրերի հետ

ՊՆԱպրիլի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիպել է ՊՆ համակարգի լավագույն կին զինծառայողների և բազմազավակ մայրերի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

Հանդիպումը, պաշտպանության նախարարի բնորոշմամբ, փորձ էր անկեղծ զրուցել կանանց հետ բանակաշինության, ձեռքբերումների, խնդիրների մասին, դրանց նայել կնոջ աչքերով, ծավալել անկեղծ ու անմիջական երկխոսություն, ինչպես նաև քննարկել ծառայողական և անձնական բնույթի հարցեր:

Սեյրան Օհանյանն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ հայ կինը եղել ու մնում է հայրենիքի ուժի, պաշտպանվածության և հուսալի ապագայի ամենակարևոր երաշխավորը, քանի որ հայ կինն է ծնում և դաստիարակում հայրենիքի ապագա զինվորին, շինարարին ու նախարարին, հայ կինն է վառ պահում օջախի կրակը, և վտանգի պահին հայ կինն է զենք առնում ու կանգնում հայրենիքը թշնամուց պաշտպանող հայորդու կողքին: Հայոց բանակի կազմավորման տարիներին էլ հայ կինն իր մեջ ուժ է գտել զինվորանալու, կրելու ուսադիրների ամբողջ ծանրությունը և իր ներկայությամբ զորություն, բարություն, հանդուրժողականություն, սեր ու քնքշանք տարածելու զինված ուժերում:

Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել և իրենց լուծումն են գտել կին զինծառայողներին և բազմազավակ մայրերին մտահոգող բազմազան հարցեր ու խնդիրներ: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ նման անմիջական երկխոսությունը այսուհետ կդառնա պարբերական և կընդգրկի ավելի մեծ ծավալներ:

ՀՀ պաշտպանության նախարարը անակնկալ նվեր է մատուցել հանդիպմանը մասնակցող բազմազավակ այն մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են զինված ուժերում: Բազմազավակ մայրերի զինվոր որդիներին շնորհվել է 10-օրյա խրախուսական արձակուրդ:

          Անկախ

Տարածվող կեղծ լուրերը վտանգավոր են

Samvel MartirosyanՄարտի վերջին համացանցը, հատկապես` սոցցանցերը ողողված են Քեսաբում ապրող քրիստոնյաների, մասնավորապես` հայերի վտանգված կյանքի մասին արյունալի և սարսափազդու նյութերով: Այդ առիթով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ շատ արագ տարածվող կեղծ տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերը կարող են բացասական հետևանք ունենալ թե՛ Հայաստանի քաղաքականության, թե՛ հայերի համար: Սովորական քաղաքացիների արարքն ինչ-որ չափով կարելի է հասկանալ, բայց խմբագրությունները չեն էլ ստուգում այդ լուրերի իսկությունը:
Տարբեր աղբյուրների համաձայն` մարտի 21-ի առավոտյան սիրիացի ապստամբները Թուրքիայի կողմից ներխուժել են Քեսաբ, տեղի հայերն էլ լքել են բնակավայրերն ու տեղափոխվել Լաթաքիա: Ներկա պահին աշխարհը հետևում է Սիրիայի, մանավանդ Քեսաբի իրադարձությունների զարգացմանը, իսկ տվյալ ներխուժման դեպքից հետո #SaveKessab տեղեկատվական արշավին միացել են շատ հայտնի դեմքեր: Օրինակ՝ ամերիկյան շոու բիզնեսի նշանավոր դեմք Քիմ Քարդաշյանը, որ գրառում է կատարել Twitter-ում, հայտնի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը, Շերիլին Սարգսյանը (Շերը), իսկ ամերիկահայ լրագրող Լիանա Աղաջանյանն իր Twitter-յան էջում գրել է, որ 1915 թ. Ցեղասպանության և Քեսաբում հայազգի զոհերի մասին իրականությանը չհամապատասխանող լուրերի միջև հավասարության նշան է դրվում: Բայց միջազգային կառույցը «բերանը ջուր առած» լռում ու լռում է:
Սարսափ առաջացնող զանգվածային գնդակահարության տեսարանները, որոնք Քեսաբի հետ ոչ մի կապ չունեն, կեղծ են, դրանք տարածել է ռուսական LifeNews-ը (սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրվել է մինչև Քեսաբի գրավումը՝ մարտի 20-ին): Հայ մասնագետները հավատացնում են, որ Քեսաբից դեռ հնարավոր չէ օբյեկտիվ, հավաստի և լիարժեք տեղեկություններ ստանալ, իսկ հայ զոհերի մասին տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
«Քեսաբի վերաբերյալ կեղծ տեսանյութեր տարածելը և Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակելը հանգեցնելու է հետևյալին․ թուրքերը մի քանի օրից ասելու են, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են, այն, ինչ արել են 15 թվականի վերաբերյալ», – բացատրում է մեդիափորձագետ Ս. Մարտիրոսյանը։ Բայց և շեշտել է, որ թյուր կարծիք չձևավորվի, թե Քեսաբի դեպքերը չի համարում ողբերգական։ «Հենց քեսաբցիների համար է պետք միայն ճշգրիտ տեղեկատվություն։ Թուրքերին պատասխանատվության կանչելու համար պետք է զգոն լինենք», – հավելել է փորձագետը: Որոշ հայ մասնագետներ էլ են վստահեցնում, որ պետք է շարունակել արձագանքել այդ ոգով: Իսկ ներկա պահին քեսաբաբնակ հայերին պետք է աջակցել գումարով և սննդով, որոնք կուղարկվեն աջակցող հայկական կառույցների միջոցով:

Կողոպուտ` շուկայի հետնամասում

կողոպուտՈստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս Կոմիտասի պողոտայում գտնվող գյուղատնտեսական շուկայի հետնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ի կեսօրին շուկայի հետնամասում ձեռքով հարվածելով ոմն Վարդգեսի կրծքավանդակին` բացահայտ հափշտակել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդգեսը 1955 թ. ծնված Վարդգես Ս.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Հեռախոսի քարտն առգրավված է, ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հրաչ Մուրադյանի հարազատները, համագյուղացիներն ու ընկերներն այսօր փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը

Հրաչ Մուրադյան Պռոշյանի նախկին գյուղապետ, ազատամարտիկ, անցած տարի ապրիլի 2-ին դավադիր գնդակից զոհված Հրաչ Մուրադյանի հարազատները, համագյուղացիներն ու ընկերներն այսօր փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը: Մինչ ճանապարհը փակելը գյուղի պանթեոնում իրենց հանգուցյալ գյուղապետի, ընկերոջ մահվան տարելիցը խնկարկեցին պռոշյանցիները։ hrach-muradyan-300x240Հավաքվածների զայրույթի ու դժգոհության պատճառը մեկ տարվա ընթացքում Հրաչ Մուրադյանի սպանության գործով որևէ բացահայտում չիրկանացնելն էր: Բողոքի ակցիայի մասնակիցները բացականչում են “Ամոթ, ամոթ… Պահանջում ենք բացահայտում…”։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև հանրապետության գլխավոր դատախազը և ոստիկանապետը չգան ու չբացատրեն, թե ինչո՞ւ չեն բացահայտում Հրաչ Մուրադյանի սպանությունը և ի՞նչ է թաքնված այդ ամենի հետևում։

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհը փակած Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը պահանջող բողոքի ակցիայ մասնակիցների հետ քիչ առաջ հանդիպել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը։ Բողոքողները հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր դատախազի և Ոստիկանապետի հետ: Արամ Զաքարյանը հանրապետության գլխավոր դատախազի չգալը բացատրել է նրա` Տավուշի մարզում գտնվելով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն առաջարկել է դատախազի և ոստիկանապետի հետ հանդիպել վաղն առավոտյան, Գլխավոր դատախազությունում և հորդորել, բացել ճանապարհը։ Սկզբում հավաքվածները չեն համաձայնել և մեծ քարեր են դրել` արգելափակելով մեքենաների ընթացքը։ Հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը ՀՀ ոստիկանապետը կգնա Պռոշյան գյուղ և կպատասխանի բնակիչներին հուզող բոլոր հարցերին:

Անկախ

Ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի. մինչև ո՞ւր

Haykuhi-Barseghyan1Ծիծաղի միջազգային օրը հայկական լրատվադաշտում կատարվողը առիթ դարձավ մտածելու, թե ինչպես ենք մեզանում օգտագործում երգիծանքը: Ինչպես գիտենք, երգիծանքը կարող է լինել բուժող դեղամիջոց, բայց նաև հակառակ ազդեցությունն ունեցող` կախված նրանից, թե ինչպես ու որ պարագայում ենք այն օգտագործում: Պետք է նշել, որ մեր իրականությունը զննելիս պարզ է դառնում, որ առավել հաճախ երգիծանքը մեզ մոտ սխալ է կիրառվում. կյանքի որևէ ասպարեզ զերծ չի մնացել, ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի, որն իրականում անգամ ժպիտ չի առաջացնում, փոխարենը արժեզրկում է այն, ինչին որ դիպչում է:
Պատանիների, նոր կյանք մտնող սերնդի հետ խոսելիս սովորություն ունեմ առիթն օգտագործել ու հայրենիքից, երկրի հանդեպ պարտքից ու սիրուց խոսել` հասկանալու նրանց տրամադրվածությունը և մտածելակերպը: Վերջերս, սակայն, ամեն անգամ նման խոսակցություններից տհաճ եզրակացություն եմ անում. ազգային ինչ արժեքից էլ խոսք լինի` ավարտվում է ինչ-որ հիմար արտահայտությամբ, որն իբրև թե հումոր է, համենայն դեպս, այդ արտահայտությունները մեր ռեյթինգ վայելող երգիծական հեռուստահաղորդումները որպես այդպիսին են ներկայացրել:
Արդյունքում` Րաֆֆու Սամվելի արարքը դառնում է ոչ թե հայրենասիրության ծայրագույն դրսևորում, այլ «դարի մեծագույն կրիմինալ, որն արդարացվում է «հայրենասիրություն» սուտ եզրույթով», բանակը դառնում է «անկարողների» վայր, հայրենիքը` ոչինչ չասող ու չնշանակող բառ ու այսպես շարունակ:
Կյանքում արժեքներ կան, որոնք անձեռնմխելի են: Կան, չէ՞, հնագիտական արժեք ունեցող իրեր, որոնք վակուումում են պահվում օդի հետ շփումը բացառելու և իրը քայքայումից փրկելու համար: Այդպես էլ մի շարք ազգային ու բարոյական արժեքներ և գաղափարներ կան, որոնք պետք է վակուումում պահել` բոլորի համար անձեռնմխելի վիճակում: Սակայն երբ դա չենք գիտակցում ու արժեքն իջեցնում ենք իր անձեռնմխելիության պատվանդանից կամ էլ հանում վակուումից, միանգամից վրա է հասնում քայքայումը, իմաստազրկումը:
Այս պահը մեր իրականությունում արդեն վրա է հասել: Մի ողջ սերունդ դաստիարակվում է առանց արժեքների, որոնք պիտի հիմք դառնան երկրի ու ազգի պահպանությանը: Ժամանակն է դա գիտակցել ու ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել: Սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում. հետզհետե ամեն ինչ ոտնատակ տվողների ու արժեզրկողների բանակն ավելանում է: Ապրիլի 1-ին լրատվադաշտում կատարվողը դրա վառ ապացույցն էր:
Քլիքամանիայուվ տառապող լրատվամիջոցներից շատերը հնարեցին հրատապ լուրեր` առանց ընթերցողին տեղյակ պահելու, որ դա ապրլիմեկյան կատակ է: Մարդիկ, բնականաբար, շփոթության մեջ ընկած, աջ ու ձախ փորձում էին ճշտել` իսկապե՞ս եղել է. երկրի նախագահը Քեսաբ է մեկնել, ՍԴ-ն որոշումը հրապարակել է, ինչի կարիք ունեն նորածին յոթնյակի ծնողներն ու այդպես շարունակ: Եվ քանի որ «կատակ անողները» չէին բարեհաճել գոնե վերջում իրենց ընթերցողին տեղեկացնել, որ դա իրականությանը չհամապատասխանող լուր է, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ արտատպել էին լուրերը:
Փաստորեն, հայկական լրատվադաշտի որևէ լուր այդ օրը հավաստիություն չէր ենթադրում: Ի՞նչ տեղի ունեցավ. գուցե մի քանի կայքեր այդ մեկ օրը մի քանի տասնյակ կամ հարյուրյակ ավելի դիտում ունեցան: Փոխարենը վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ ևս մեկ աստիճանով ընկավ, լրատվամիջոցներն էլ իրենց հեղինակության բարձունքից ևս մեկ աստիճանով իջան: Եվ կարևոր չէ, թե որոնք են մասնակցել բոլորովին ոչ ծիծաղելի հումորին . լսարանի վերաբերմունքը մեծ մասամբ ընդհանրացված է: Ընթերցողն այլևս նյութ կարդալիս միշտ ներքուստ կասկած կունենա` հնարավոր է, որ սա ևս չի համապատասխանում իրականությանը…
Վերջում հումորասերներին հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ հումորի սահմանումներից մեկի համաձայն` այն ծիծաղելին հասկանալու, տեսնելու և դա ի ցույց դնելու կարողությունն է:
Կյանքում ծիծաղելի բաներ կան ինչքան ուզեք, վեր հանեք դրանք: Բայց արժեքները, որոնք բոլորովին էլ ծիծաղելի չեն, չպետք է արհեստականորեն ծիծաղի առարկա դարձնել:

 

 

ՍԴ-ն հաճելիորեն զարմացրեց . «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են

սդԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թ. ապրիլի 2-ին որոշում ընդունեց, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ ու դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին:

Անվավեր ճանաչվեց վիճարկվող հոդվածների ու դրույթների մեծ մասը

Մասնավորապես ՍԴ-ն որոշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` անվավեր ճանաչվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 6-րդ կետի «…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ևս ճանաչվեցին Սահմանադրության համապատասխան պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանավեցին վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» և 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով սեփականության իրավունքը սահմանափակող դրույթները ևս` երկրորդի մասով հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում սույն օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի (հարկային գործակալի) անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:

Սահմանադրական դատարանը վճռեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, մասնավորապես` տվյալ որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և 80-ից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ տվյալ որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, բարձր դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թ. սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ԱԺ-ին և կառավարությանն իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու տվյալ որոշման պահանջներին:

Թերևս ՍԴ-ի որոշման ամենակարևոր կիզակետերից մեկն էլ վերաբերում է արդեն իսկ հաշվարկված պարտադիր վճարներին: Այս առումով որոշման մեջ նշվում է, որ տվյալ որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 2014 թվականի ապրիլի 2-ից:

ՍԴ որոշումը դեռ պետք է ուսումնասիրել, բայց քաղաքական գործիչները ոգևորված են

Օրենքի դրույթների ուժը կորցրած ճանաչելու ժամկետ սահմանելու կապակցությամբ ՍԴ-ում օրենքի դրույթների սահմանադրականությունը վիճարկող խմբի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ` ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամանակ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ չպետք է շտապել: Ըստ պատգամավորի` ՍԴ-ի որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:
«Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի վերաբերյալ մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեցին դա»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կսկսվի դատական հայցերի նոր փուլ քաղաքացիների, աշխատակիցների և գործատուների կողմից, որոնք պահանջելու են իրենց վճարները հետ վերադարձնել: Ընդհանուր առմամաբ Արծվիկ Մինասյանը ՍԴ-ի որոշումը գոհացուցիչ համարեց:

Որոշումը դրական գնահատեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, սակայն, որ որոշման վերաբերյալ վերջնական կարծիք կարող է հայտնել միայն վճռին մանրամասնորեն ծանոթանալուց հետո:
ՍԴ-ի որոշումը, բնականաբար, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ: Այն լսելուց անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմիջապես պետք է հրաժարական տա:
Նման միտք էլ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով անուններ, որոնք, իր կարծիքով, ՍԴ որոշումից անմիջապես հետո պետք է հրաժարական տան: Շնորհակալություն հայտնելով քառյակին` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, «Դեմ եմ» շարժմանը, Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյնալյանին և Մարինե Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին այս որոշման համար` Բագրատյանը նշում է. «Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և Համաշխարհային բանկը` Հայաստանի Հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար: Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ Ա. Ասատրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ. Սարգսյանը, Հ. Թովմասյանը, ԿԲ-ից` Ա. Ջավադյանը և Ն. Երիցյանը»:
Ինչ վերաբերում Հրայր Թովմասյանին, ապա նա էլ իր ֆեյսբուքյան էջում իր վերաբերմունքն արտահայտեց ՍԴ-ի որոշման վերաբերյալ. «Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես` իրավաբաններին հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ` այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում: Հուսով եմ` առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»:

ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ նաև ՍԴ-ում օրենքը պաշտպանողներից էր, ՍԴ-ի շենքից դուրս գալով` հայտարարեց, որ ինքը, միևնույն է, մնում է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման կողմնակից: Լրագրողների հետ զրուցում նա նշեց, որ ՍԴ-ն ոչ թե օրենքն է հակասահմանադրական ճանաչել, այլ օրենքի հոդվածները, «սահմանադրական դատարանն ասաց, որ սա սա, սա չի համապատասխանում սահմանադրականությանը, հետևաբար մենք դա, դա, դան` պետք է փոխենք»,- նշեց պատգամավորը, իսկ արդեն ՍԴ-ի շենքի բակում, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, թե ինչու իրենց պաշտպանած օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, հայտարարեց, որ իրավական դաշտն է թերի:
«Դրա պատճառը ոչ թե ես եմ կամ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը, դրա պատճառները շատ-շատ են»,- ասաց պատգամավորը:
ՍԴ որոշման վերաբերյալ մեկնաբանությունները, պարզաբանումները, իրոք, հնարավոր կլինի լսել, ստանալ կամ նշել այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո միայն: Ուստի այդ որոշմանը դեռ կանդրադառնանք:

Քեսաբը դարձավ խաղաքարտ

քեսաբ3Հայությանը համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց մարտի 21-ից հետո Քեսաբում ծավալվող իրադարձություններին համաշխարհային հնչեղություն տալ ու քննարկման առարկա դարձնել: Հատկապես վերջին օրերին ոգևորվում ենք այս կամ այն աշխարհահռչակ անձի կամ որևէ երկրի կողմից Քեսաբի ու քեսաբահայության խնդիրների արծարծումից: Բայց մի պահ պետք է մտածել` արժե՞ ուրախանալ ու ոգևորվել, գուցե պետք է սթափ մտածել ծավալվող իրադարձությունների շուրջ:

ԱՄՆ-ն մեղադրում է իր աջակցությունը վայելողների՞ն

Սկզբում Հայաստանի մի խումբ պատգամավորներ մեկնեցին Քեսաբ, հանդիպումներ ունեցան թե՛ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի, թե՛ Սիրիայի իշխանությունների հետ: Սա, ինչպես նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, դրական քայլ էր, քանի որ ակտիվորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլով, հարցի վրա կենտրոնացրեց միջազգային հանրության ուշադրությունը, ոգևորեց քեսաբահայերին, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադից հայերին պաշտպանելու և Քեսաբն ազատագրելու խոստում ստացվեց:
Դրանից բացի, մարտի 31-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ հղեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Նա մասնավորապես կոչ էր անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու, թե հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես` Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Քեսաբի դեպքերը Հաագայում դատապարտեց ՀՀ նախագահը: Կարծես այս հարցի շուրջ աշխարհի հայերի համախմբումը տվեց իր արդյունքները:

Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Քեսաբի հարցում ոգևորության մեծ ալիք բարձրացավ, երբ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը մարտի 27-ին հանդես եկան Սիրիայի հայաշատ Քեսաբի վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն առընթեր ծայրահեղական իսլամիստների հարձակումները դատապարտող հայտարարությամբ:
Այս կոնգրեսականները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայամետությամբ ու ԱՄՆ Կոնգրեսում հայամետ դիրքորոշմամբ: Ու երբ նրանց միացավ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը` դատապարտելով Քեսաբում տեղի ունեցած դեպքերը, իսկ համատեղ հայտարարությանը միացան Ֆրանկ Փելլոնը, Մայքլ Գրիմմը, Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆֆը, Բրեդ Շերմանը և Ջեյմս Մակգավերնը, արդեն, ինչպես ասում են, «կենացները քաղցրացան»:

Վերջին շրջանում, դատելով համաշխարհային մամուլում տեղ գտնող անդրադարձներից, միջազգային հանրության ու հատկապես Արևմուտքի հասարակությունների դժգոհություններից ընդդեմ Արևմուտքի կողմից Սիրիայում կռվող ծայրահեղականների աջակցության, արդեն որոշակիորեն զգացվում էր, որ Արևմուտքն այնքան էլ ջանասիրաբար չի կպել Սիրիան քանդելու գործին: Ու տպավորություն ստեղծվեց, որ ԱՄՆ-ն իր հերթին փորձում է Սիրիայի ապստամբներից «ձեռք քաշել»` հատկապես հաշվի առնելով ապստամբների շարքերում ակտիվ դերակատարություն ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների, ծայրահեղականների հանդեպ արևմտյան հասարակությունների անհանդուրժողականությունը:
Ուստի սպասելի էր, որ Սիրիայում փոքրամասնությունների դեմ ծայրահեղականների քայլերը առիթ էին հանդիսանալու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար` իրենց «դժգոհությունը» հայտնելու: Այդ դիրքորոշումը չուշացավ. «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը` դրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը` շարունակելով:- Այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում քեսաբ2են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»:

Պետքարտուղարության խոսնակը նաև հիշեցրել է գրոհայինների տարածած մի շարք հաղորդագրությունների մասին, որոնցում վերջիններս հավաստիացնում են, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն հանդիսանում: «Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կպահպանվեն: Իսկ Միացյալ Նահանգներն էլ կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում` հայերին: Մենք վաղուց տագնապած ենք դաժան ծայրահեղականներից բխող վտանգից, և հայ բնակչության առջև ծառացած վերջին սպառնալիքները միայն ընդգծում են մեր մտահոգությունը», – ասել է Մարի Հարֆը:

Հենց նա հայտնեց, որ Քեսաբի հարցն իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև նախագահ Օբաման և Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սա, ի դեպ, կարող է հիանալի առիթ լինել Արևմուտքի համար, որպեսզի «տեռորի ենթարկվող» սիրիահայերին «պաշտպանելու» պատրվակով հայտնի Սիրիա «խաղաղապահ» կոնտինգենտ գործուղելու մասին:

Քեսաբի դեպքերը լավ առիթ էին նաև Ռուսաստանի համար

Քեսաբի հարցում մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ ի հայտ եկավ: Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումը վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, վերջին օրերին Սիրիայի Քեսաբ բնակավայրի և քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ արեցին թե՛ պաշտոնական Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան:
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին մարտի 29-ին տարածած հայտարարությունում, մտահոգություն հայտնելով Սիրիայի` Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հրետանու և ծանր զինտեխնիկայի օժանդակությամբ իրականացված հարձակման կապակցությամբ և վճռականորեն դատապարտելով ահաբեկչությունն ու խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, հստակորեն նշում է, որ տանկերը գործի են դրվել հենց Թուրքիայի տարածքից:

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայաբնակ Քեսաբի հետ կապված իրավիճակը: «Վերջին օրերին իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի ու անօրինական զինված խմբավորումների միջև հակամարտության կտրուկ սրմամբ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: Ինչպես նշում է աղբյուրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արևմուտքում, մարտի 21-ին «Ալ Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Թուրքիային սահմանամերձ հայաբնակ Քեսաբի վրա: Նշվում է նաև, որ սիրիացի զինվորականները գրոհայիններից հետ են վերցրել ռազմավարական կարևորության դիրքերը և մտադիր են մոտ ժամանակներս վերականգնել վերահսկողությունը Քեսաբի սահմանային անցակետի վրա:

«ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն քննադատում է ահաբեկչական և այլ բնույթի հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծությունները: Այնպիսի տպավորություն է, որ գրոհայինների ակտիվացման նպատակն է թույլ չտալ միջսիրիական բանակցությունները, խափանել քիմիական զենքի չեզոքացումը, ինչն անթույլատրելի է: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ Սիրիայում ներքին արյունահեղ հակամարտության դադարեցման համար 2012-ի հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեի իրականացման հիման վրա»,- ասվում է մեկնաբանությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ նման սցենարն անթույլատրելի է, և ՌԴ-ն առաջվա պես պատրաստ է Սիրիայում արյունահեղությանը վերջ դնելուն ուղղված իր և իր գործընկերների փոխգործակցությանը:

Ակնհայտ է` Քեսաբի վրա զինված հարձակումն առաջին հերթին ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, որը Լաթաքիայի շրջանում ռազմաբազա ունի: Ու եթե զինված միջադեպեր են տեղի ունենում Ռուսաստանի շահերի տիրույթում, բնական ու տրամաբանական է, որ Ռուսաստանն էլ իր հերթին է հող նախապատրաստում հալածյալ քեսաբահայերի «անվտանգությունն ապահովելու» պատրվակն օգտագործելու բուն Սիրիայում իր ռազմական ներկայությունը լեգիտիմորեն օգտագործելու համար:
Ընդ որում` Ռուսաստանը ոչ թե պաշտոնական, այլ անհատական մակարդակով, հայտնի լրագրող Սոլովյովի, Չեչնիայի նախագահ Կադիրովի բերանով նաև որոշ ուղերձներ էլ է հնչեցնում` ակնարկելով Արևմուտքի անպատասխանատվությունը Քեսաբի հարցում այն դեպքում, երբ Ղրիմում նույն Արևմուտքը դատապարտում է Ռուսաստանին: Բացի այդ, Ռուսաստանը Քեսաբի հարցով իսկական տեղեկատվական պատերազմ է սկսել Արևմուտքի դեմ` փորձելով շահարկել սիրիահայերին սպառնացող վտանգի հարցը:

Ինչ վերաբերում է բուն Սիրիային, ապա իշխանությունները տարբեր մակարդակներով հավաստիացրել են, որ իրենք կպաշտպանեն քեսաբահայերի անվտանգությունը: Սա էլ հայերի «սիրուն աչքերի» համար չէ: Ուղղակի Քեսաբը, ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, փակում էր Թուրքիայի ակտիվ աջակցությամբ Սիրիա մտած գրոհայինների մուտքը Լաթաքիա` նախագահ Բաշար Ասադի ծննդավայր ու հիմնական հենակետ: Եվ պաշտպանելով Քեսաբը` Սիրիայի իշխանություններն առաջին հերթին պաշտպանում են Լաթաքիան:

Բայց իրադարձություններն ու հարցի հնչեղությունը հուշում են, որ Քեսաբի իրադարձությունները սիրիական զարգացումներում անկյունաքարային դեր են ունենալու:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

 Էդվարդ Նալբանդյան Մարտի 28­-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ:  Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների  գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից միաձայն ընդունված 2139 և 2118 բանաձևերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար:

Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում և դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարևոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար:

Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:

 Անկախ

Իրանցիները նշում են Սիզդահ բեդարը, տոն, որը սովորեցնում է, թե ինչպես տնից հանել չար ոգիներին

Սիզդահ բեդարԱյսօր Իրանում նշվում է Սիզդահ բեդար տոնը: Այն նշվում է իրանական Նովուզից (Նոր տարի) 13 օր հետո: Իրանցիներն այդ օրն անցկացնում  են իրենց ընկերների և հարազատների հետ`  բնության գրկում: Տոնն ուղեկցվում է երգով, պարով, զանազան խաղերով:

Սովորույթի համաձայն,  այդ օրը նրանք գետն են գցում նովրուզյան սեղանի համար աճեցրած խոտը, որպեսզի իրենց տներից հանեն չար ոգիներին: Սա խորհրդանշում է կյանքի նոր սկիզբ:

Մեկ այլ սովորույթի համաձայն, այդ օրը երիտասարդ աղջիկները կանաչ խոտով հյուսքեր են պատրաստում, երազանք պահում և դրանք կրկին գցում գետը:

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվեց ՄԳԻՄՈ-ի պատվավոր դոկտորի կոչում

122. Minister Nalbandian lecture at MGIMO - 02.04.2014Ապրիլի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում) տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ԲՈւՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։

 

Միջոցառումը բացելով՝ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշեց, որ ինստիտուտում տարիների ընթացքում սովորել և այսօր էլ սովորում և դասավանդում են բազմաթիվ հայեր ու ընդգծեց, որ իր ղեկավարած կրթօջախն ինչ-որ իմաստով հանդիսանում է շուրջ 200 տարի առաջ Լազարյանների կողմից Մոսկվայում հիմնադրած Արևելյան լեզուների ինստիտուտի իրավահաջորդը։   Կրթօջախի ղեկավարն ասաց, որ ինստիտուտի շրջանավարտ Էդվարդ Նալբանդյանը հանդիսացել է ՄԳԻՄՈ-ի լավագույն ուսանողներից մեկը, ով հաջողությամբ ավարտելով համալսարանը դիվանագիտական կարիերայի լուրջ ճանապարհ է անցել և այժմ զբաղեցնում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը։

 

Ակադեմիկոս Տորկունովը ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարին պատվո դոկտորի կոչում շնորհելու մասին Գիտական խորհրդի որոշումը նշեց, որ այն կայացվել է հաշվի առնելով միջազգային համագործակցության զարգացման, խաղաղության, միջազգային անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Էդվարդ Նալբանդյանի ակնառու ներդրումը և Էդվարդ Նալբանդյանին հանձնեց պատվո դոկտորի դիպլոմն ու դոկտորական թիկնոցը։

 

Այնուհետև ելույթով հանդես եկավ նախարար Նալբանդյանը, ով      շնորհակալություն հայտնելով Գիտական խորհրդին պատվո դոկտորի կոչման պատվին արժանանալու համար՝ ասաց. “Կարծես դա եղել է վերջերս, բայց իրականում արդեն 40 տարուց ավել է անցել, երբ ես ընդունվեցի ինստիտուտ։ Ես հպարտ եմ, որ ավարտել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որ միջազգայնագետների պատրաստման ոլորտում աշխարհի լավագույն  կրթօջախներից է  հանդիսանում։

 

Այս կոչումը ես ընդունում եմ նաև որպես հարգանքի տուրք ՄԳԻՄՈ-ի բոլոր հայ շրջանավարտներին, որոնք այստեղ ստացած գիտելիքները ներ են դրել իրենց Հայրենիքին ծառայելու, նրա շահերը պաշտպանելու և առաջ մղելու գործում։”

 

Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունները, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, հարևան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը, այլ մայրցամաքների և երկրների հետ փոխգործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղված հետևողական քայլերը։

 

Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների հարցերին։

Անկախ

Օպերայի շենքի ճակատային մասն այս երեկո կլուսավորվի կապույտ լուսարձակներով

Untitled-6Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով: «Autism speaks» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մասնավորապես նախորդ տարի աշխարհի 101 երկրների 1350 քաղաքներ այսկերպ են նշել Աուտիզմի խնդրի իրազեկման միջազգային օրը: Այսպիսով, Երևանը ևս ընդգրկվեց խորհրդանշական ակցիայի մասնակից քաղաքների շարքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 ԱՆԿԱԽ

Իրանի ԱԳՆ-ն հերքել է մեղադրանքները

Մարիզե ԱֆհամԻրանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադի մեղադրանքները:Վերջինս հայտարարել էր, որ Իրանը միջամտում է արաբական այս հանրապետության ներքին գործերին: Մասնավորապես, Հադին մեղադրում է Իրանին` Եմենի հյուսիսում և հարավում գործող անջատողականներին աջակցելու համար: ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Մարիզե Աֆհամն այս մեղադրանքները անհիմն է համարել: Նա ասել է որ, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես բարեկամաբար է տրամադրված, կողմ է եղել Եմենում արդարության, խաղաղության և կայունության հաստատմանը:

«Զարմանալի է, որ նշվում է միայն Իրանի անունը և անտեսվում է Եմենին սահմանակից մի շարք արաբական երկրների միջամտություններն այդ երկրի ներքին իրավիճակին»,-ասել է Մարիզե Աֆհամը:

Իրանի ԱԳՆ  մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Իրանը կողմ է, որպեսզի Եմենում անկայուն վիճակը խաղաղ կարգավորվի, և դրան հասնելու համար պետք է, տարբեր կրոնական ու քաղաքական խմբերը, առանց որևէ արտաքին միջամտության, երխոսություն ճանապարհն ընտրեն: