Համացանցի վտանգները երեխայի հոգեկան առողջության համար

համացանցՄանկական հոգեբաններն ու հոգեբույժները գտնում են, որ 21-րդ դարում երեխաների հիմնական հիվանդությունների պատճառը հեռուստացույցն և համացանցն է: Երեխայի վրա համացանցի բացասական ազդեցության խնդիրը հայտնվել է մանկավարժների, հոգեբանների, ծնողների  ուշադրության  կենտրոնում: Այդ բացասական հետևանքները կարող են արտահայտվել թե՛  ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա:  Այս խնդրի վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց  հոգեբան–մանկավարժ  Աննա Առաքելյանը:

  

 Ինչպե˚ս կարող է ազդել  համացանցը երեխաների հոգեկան առողջության վրա ընդհանրապես:

Համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխաների հոգեկանի վրա անհրաժեշտ է  գնահատել 2 տեսանկյունից՝ դրական և բացասական: Ժամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար այն կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով. խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր են: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, ՙՙինչուների՚՚ պատասխանները կարող են գտնվել համացանցում: Երեխաների ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը կարելի է զարգացնել ճիշտ ընտրված խաղերի ու առաջադրանքների շնորհիվ:  Միաժամանակ, համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխայի հոգեկան զարգացման վրա բացասական հետևանքներ կարող է ունենալ: Նախ համակարգչի առջև շատ  ժամանակ  անցկացնելու արդյունքում երեխաների մոտ ընդհանուր թուլություն և հոգնածություն է դրսևորվում, քնի խանգարումներ: Բացասական հետևանքները կարող են իրենց հետքը թողնել հոգեկան գործընթացների վրա ( մասնավորապես երեխայի  հիշողությունն է վատացում, դպրոցում դասերի ժամանակ դժվարությամբ են կենտրոնացնում ուշադրությունը, հասկանում ու դատողություններ անում), հոգեվիճակների, անձնային հատկությունների ձևավորման  վրա, միջանձնային հարաբերությունների ոլորտում: Առավել շատ են հանդիպում հուզական խաթարումները, դրդապատճառային ոլորտի ձևավորման բացասական միտումները՝  կապված ինֆորմացիոն ներգործության հետ:

Կարելի˚ է ասել, որ համացանցը ազդում է երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա:

Ինֆորմացիոն աշխարհն իր բոլոր դրսևորումներով ազդում է մարդու արժեքային համակարգի, արժեքային կողմնորոշումների ու  դիրքորոշումների,   նպատակների ու ցանկությունների, երազանքների ու իդեալների ձևավորման, մարդկային փոխհարաբերությունների կառուցման վրա:

 Ո˚ր տեսակի նյութերն կամ կայքերն են առավել  վտանգավոր են երեխաների համար:

 

Համացանցի լուրջ բացասական կողմերից մեկն այն է, որ այստեղ չի վերահսկվում ինֆորմացիան, չկան տարիքային սահմանափակումներ ու արգելքներ: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք  կարող են կլանել անգամ  հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիաի հանդիպեն: Նախադպրոցական տարիքը, առավել ևս դեռահասության տարիքը սեռային ինքնագիտակցության, սեռական նույնականության ձևավորման, սեռային դերերի ու բնութագրերի յուրացման կարևոր շրջաններն են: Սեռերին ու սեռական կյանքին վերաբերող  տեղեկատվության և տեսանյութերի, անառողջ  փոխհարաբերությունների անարգելք ներկայացումը կարող է խեղաթյուրել դեռահասների ու պատանիների սեռական ոլորտի մասին պատկերացումները, բացասաբար ազդել սեռական հասունացման ընթացքի վրա, բացասական հետևանքներ ունենալ տարիքին բնութագրական տվյալ ոլորտի նկատմամբ դրսևորվող գերուշադրության ու հետաքրքրության վրա, ընդհանրապես  չձևավորված սեռական, սոցիալական, հոգեկան ոլորտների զարգացման ընթացքների վրա: Դեռահասների, պատանիների ու երիտասարդների մոտ կախվածություններ են առաջանում սոցիալական ցանցերից, որոնք դարձել են հաղորդակցման այլընտրանքային ձևեր, ծանոթության և շփման հասանելի միջոցներ:

 Իսկ ինչպիսի˚ ազդեցություն կարող են ունենալ ինտերնետային խաղերը:

Բուռն երևակայության շրջան համարվող մանկական տարիքում համակարգչային խաղերն իրենց գունավոր աշխարհներով, հերոսներով, հաղթանակներով ու պարտություններով, հետաքրքիր վիրտուալ մրցակիցներով կարող են ամբողջովին կլանել երեխային: Շատ ավելի լուրջ  հետևանքներ  է ունենում  այն փաստը, որ շատ  խաղերում ագրեսիվ  վարքի ձևեր ու մոդելներ են դրսևորվում, որոնք երեխաներն առանց գիտակցական վերաբերմունքի ու գնահատականի նմանակման ուժով յուրացնում են: Խաղալով  երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով  ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել, կտրել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ  կարող  է  ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա  դա կարելի  է անել նաև իրական աշխարհում: Դրանք կարող են նաև մանկական  վախերի առաջացման պատճառներից մեկը լինել: Չէ որ երեխան դեռ չի կարող  տարբերել արվեստն ու իրականությունը: Մեծ մասամբ երեխաների մոտ հոգեբանական կախվածություն առաջանում է դերային խաղերի նկատմամբ: Համակարգչային դերային խաղերում երեխան իր վրա համակարգչային հերոսի դերն է ստանձնում, այն պարտադրում է խաղացող երեխային հանդես գալ կոնկրետ կամ երևակայվող հերոսի դերում: Հենց այս խաղերի ժամանակ է տեղի ունենում երեխայի ամբողջական խորը ներգրավումը խաղի մեջ: Երբեմն, անգամ երևակայության մեջ շարունակում են կարծես  թե  գործել համակարգչային հերոսի անձի դիրքերից՝ գտնվելով իրական կենսական իրադրություններում:

 Բացի տեխնիկական միջոցներից,  ծնողներն ինչպե˚ս կարող են ստիպել երեխաներին համացանցից շատ չօգտվել կամ այդ ազդեցությունը մինիմալի հասցնել:

 

Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ցանկացած տիպի դերային խաղից երեխային դժվար է կտրվելը, իրական աշխարհը վերջինիս հետ համեմատած անգույն  է ու անհետաքրքիր: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում: Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մեջ: Առանց սահմանափակումների համակարգչից օգտվելը կհանգեցնի այլ զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորստի, շփման շրջանակի նեղացման, ծնողների հետ շփումների աստիճանական կորստի, իրական կյանքում ակտիվության նվազման, սահմանափակումների նկատմամբ դրսևորվող կամակորության, նյարդայնության:

Խաղը  դադարեցնել  դժվար է,  քանի որ հաղթելով  ցանկանում են այն ամրապնդել, պարտվելով՝ հաղթել, այսպես դժվար է կտրվել խաղից: Հոգեբանները, մանկավարժները ընդհանրապես  խաղերին դեմ չեն , խաղն անհրաժեշտ է երեխային զարգանալու համար, դեմ են կոնկրետ տեսակի խաղերին, որոնք խաթարում են հոգեկանը: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինի:  Ծնողներին խորհուրդ է տրվում  բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և  «լավ» , որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն  ծնողին: Անհրաժեշտ է համակարգչում ծրագրային այնպիսի ապահովություն ունենալ, որը ծնողական հոսկողության դերը կապահովի: Ցանակալի է, որ համակարգիչը երեխայի սենյակում չլինի, որպեսզի երեխան չգայթակղվի:

Ամենապարզ  և   գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ, իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ: Երեխաների առողջության և հոգեկանի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար ցանկալի է, որ ծնողները երեխային բավականին ժամանակ, խնամք և հոգատարություն հատկացնեն: Երեխաները հաճախ համակարգչային աշխարհ են ընկղմվում նաև ընտանիքում անբավարար հուզական հարաբերությունների արդյունքում: Կարևոր է, որ  ծնողները հետաքրքրվեն ոչ միայն երեխայի  ուսման հաջողություններով, այլ նաև նրա հնարավոր անհանգստություններով, անհրաժեշտ է միշտ զրուցել երեխայի հետ, հարցնել  նրան խնդիրների և երազանքների մասին, կիսվել իր ապրումներով: Ծնողները պետք է երեխայի  մոտ իր նկատմամբ վստահություն զարգացնեն, աջակցեն, խրախուսեն նրա նվաճումները, միշտ ընդգծեն նրա հաջողությունները:  Անհրաժեշտ է երեխաների մոտ  զարգացնել  սոցիալական հմտություններ, եթե երեխաները դժվարություններ  են ունենում հասակակիցների հետ շփվելիս, ամաչկոտ են, երկչոտ, համակարգիչը շատ հեշտորեն կդառնա փոխարինող, չէ՞ որ վիրտուալ տարածությունում երեխան իրեն կարող է զգալ ուժեղ, համարձակ և շփվող: Ցանկալի չէ համակարգչի մոտ անցկացնելը լավ վարքի կամ ուսման խրախուսանք դարձնել: Դա ոչ առողջ մոտիվացիա կձևավորի: Խորհուրդ չի տրվում երեխային լիովին ազատություն տալ համակարգչային խաղեր ընտրելիս, որոշ խաղեր անհրաժեշտ է լիովին բացառել: Եթե ամեն դեպքում կախվածություն առաջացել է, պետք է  գործել համառորեն: Ոչ մի դեպքում պետք  չէ , որ ծնողները երեխայի, դեռահասի խնդիրների լուծումները վերցնեն իրենց վրա, թեթևացնեն, որոնք  առաջացել են համակարգչի մոտ կորցրած ժամանակի արդյունքում: Երեխան պետք է դեմ առ դեմ հանդիպի իր խնդրին, որպեսզի ցանկանա փոխվել:

Անկախ

 

Քարաթափում Անտառային փողոցում

քարաթափումԱպրիլի 6-ին, ժամը 15.17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի թիվ 190 շենքի մոտակա լանջից քար է պոկվել և ընկել բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ լանջից պոկված քարերը թափվել են Անտառային  փողոցի թիվ 190 շենքի բակ, ինչի հետևանքով վնասվել է բակում կայանված «ԿԻԱ» մակնիշի 201 ԼԼ 11 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:

Անկախ

 

Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով

աջ134424105321Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում հունահռոմեական ոճի 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը  բավարարվեց արծաթե մեդալով:

2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինին:

Ջուլֆալակյանը  1/16 եզրափակչում հաղթել էր խորվաթ Նևեն Զուհաջին (6:0), ապա` ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0), դանիացի Մարկ Մադսենին (2:2):

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն այսօր անհաջող են հանդես եկել:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին:

80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը, լատվիացի Ցեսլավս Բեստենիսին, ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում զիջել էր վրացի Գեորգի Ցիրեկիձեին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում առավելության էր հասել հունգարացի Վիկտոր Լորենցին, բայց  պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին:

Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 մեդալով:

Երեկ երրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը::

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքանը Ֆինլանդիայում տիրացել էր 3 մեդալի`1 արծաթե և 2 բրոնզե:

Անկախ

ԼՂՀ վարչապետի երախտագիտության խոսքը Տիգրան Սարգսյանին

արա հարությունյան, տիգրան սարգսյանԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նամակ է հղել Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է՝
«Հարգարժան Տիգրան Սուրենի
Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին:
Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով:
Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:
Հարգանքով ու բարեմաղթանքներով`
ԼՂՀ վարչապետ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Անկախ

Միխայել Շումախերը սկսել է ճանաչել հարազատների ձայները

շումախեր“Ֆորմուլա-1” -ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սկսել է արձագանքել ձայներին և տեսողական կապ հաստատել, հաղորդում է  “Россия 24” ալիքը վկայակոչելով սպորտային նորությունների  “Մոտորսպորտ” կայքը:

Մի քանի օր առաջ բժիշկները   Շումախերի մոտ հայտնաբերեցին արթնանալու նշաններ՝երեք ամիս արհեստական կոմայից հետո նա սկսեց արթնանալու նշաններ ցույց տալ: Շարունակությունը կարդացեք այստեղ: 

 

Անկախ

Մայդանում պարետային ժամ է

մայդանԿիևի անկախության Մայդանում պարետային ժամ է: Այդ որոշումը ընդունել է “Մայդանի հարյուրների Ռադան”, որը կազմված է կիսառազմական միավորումների ղեկավարներից և առաջացել է ուժայինների հետ առաջացած հակասություններից:

Ապրիլի 6-ի գիշերվա ժ.մեկից մինչև առավոտյան հինգը Անկախության հրապարակի միտինգավորների վրանային ճամբարում արգելվում են հասարակական գործունեությունը և զանգվածային հավաքները, որոնք  “Մայդանի հրամանատարության շտաբը” նախապես չի թույլատրել: Այդ ժամերին չի կարելի նաև տեղաշարժվել Մայդանի տարածքում: Գիշերվա ընթացքում կկազմակերպվի հերթապահություն փաստաթղթերը ստուգելու համար:

ՙՙՀարյուրների ռադայի՚՚ ներկայացուցիչները այդ ամենը բացատրում են “անվտանգություն ապահովելու և Մայդանի բնակիչների հանգստությունն ու հանգստի իրավունքը” պահպանելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Հոմսում ահաբեկչության հետևանքով քառասուն զինվոր է զոհվել

հոմսՍիրիայի Հոմս քաղաքում հզոր պայթյունի հետևանքով մոտ քառասուն մարդ է զոհվել: Շուկաներից մեկում օդ է բարձրացել ականապատված ավտոմեքենան: Որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն բոլոր զոհվածները Սիրիայի ազատ բանակի զինյալներ են, որոնց թվում կան դաշտային հրամանատարներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Երեխան դուրս է բերվել գետից

աինԱպրիլի 6-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում` «Արզնու ձոր» կոչվող տարածքում, երեխա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Լազերևի անվան առողջարանի մոտակայքից տեղի ուժերով գետից դուրս է բերվել 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

սերժ սարգսյան, տաուշՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Սերժ Սարգսյանը ծանոթացել է պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, հանձնարարականներ տվել այդ ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնող պատասխանատուներին:

5938Նախագահի այցը մեկնարկել է Բերդ քաղաքից, որտեղ նա շրջայց է կատարել համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում, ծանոթացել 2013թ. ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման նպատակով հատկացված միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, մանկապարտեզի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին: Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Բերդի Սբ. Գևորգ եկեղեցու շինհրապարակ, որտեղ նաև հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ: Սբ. Գևորգ եկեղեցու շինարարությունն սկսվել է դեռևս 2012թ. ապրիլին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին: Տավուշի սահմանամերձ այդ քաղաքային համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին ևս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, կտեղակայվեն բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների անցկացումը:

սերժԱվարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը: Սահմանամերձ Պառավաքար համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ 01.04.2014թ. դրությամբ 2.9կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 30.06.2014 թվականին: Հանրապետության սերժ սարգսյան, գումարտակՆախագահն այնուհետ այցելել է Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պառավաքարի վերակառուցված համայնքային կենտրոն: Համայնքի մշակութային կենտրոնի հրապարակում Նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, որտեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում: Սերժ Սարգսյանը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում Նախագահը ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել` 2013թ. տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ: Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը: Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:

Անկախ

Շիրակ գյուղում ավտոբուս է այրվել

ավտոբուս է այրվելԱպրիլի 6-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում` գերեզմա­նա­տան մոտակայքում, այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.46-ին, մարվել` 09.00-ին:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր (Մ-7) ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Ա. Հ.-ի պատկանող «ՊԱԶ» մակնիշի  45 US 204 պետհամարանիշով ի սրահը:

Անկախ

Անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի միջազգային մրցաշար

կարենԱնցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Կազմակերպությունը գլխավորում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որին անդամակցում են մեր երկրի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, անօրինական է համարում Բաղդասարյանի այդ պաշտոնը զբաղեցնելը: Այդուհանդերձ, Հայաստանում վոլեյբոլը շարունակում է իր գոյությունը: Իսկ տեղաշարժեր կտարվե՞լ են: Պարզաբանում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

– 2014-ից սկսել ենք ծրագրերի իրականացումը: Ինքս գնահատականներ տալուց փորձում եմ զերծ մնալ, սակայն ակնառու է, որ կազմակերպչական մի շարք հարցեր, մարզագույքի խնդիրներ են լուծվել, գնդակներ են ձեռք բերվել և այլն: Ներկայումս ներհայաստանյան մրցումները կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասախան: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ եղած մարզասրահներն իրենց պայմաններով դեռևս գոհացնող չեն, բայց մնացածը բարձր մակարդակի վրա է:

– Մարզագույքի բացն ինչպե՞ս է հաջողվել լուծել:
– Հիմնականում աջակցել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Մեր երկրի ֆեդերացիան համագործակցության համաձայնագիր է կնքել այդ կազմակերպության հետ: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը Ստանիսլավ Շևչենկոն է, իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այդ կազմակերպության հսկողական խորհրդի նախագահն է: Նա լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի իր գործընկերոջ` Արթուր Բաղդասարյանի հետ: Գնդակներ են ուղարկվել, մարզագույք, մրցավարական հանդերձանք: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան էլ իր հերթին մարզահագուստ է տրամադրել ապրիլին Պորտուգալիայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների թիմերին:
Ռուսաստանի ներկայացուցիչները խոստացել են շարունակել աջակցությունը, մարզագույքի նոր խմբաքանակ է սպասվում: Բացի այդ, ամռանը Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականները Անապայում ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Վերջերս Մոսկվայում հանդիպել եմ այդ կազմակերպության նախագահի հետ, հստակեցրել առաջիկա անելիքը: Հունիսին «Վոլեյգրադում» ոչ միայն ուսումնամարզական հավաք է նախատեսվում, այլև մերոնք խաղալու են Ռուսաստանի լողափնյա վոլեյբոլի բաց առաջնությունում: Բացի այս ամենից, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆինանսական կարիքները հոգում է կազմակերպության նախագահը:

– Եղե՞լ եք «Վոլեյգրադում», ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
– Անապայի մոտ է գտնվում, հատուկ վոլեյբոլի համար կառուցված մեծ «քաղաք» է: Եթե նախկինում այն միայն վոլեյբոլի համար էր, ապա այժմ արդեն պարապելու նպատակով գալիս են ձյուդոյիստները, սամբիստները, արևելյան տարբեր մարտարվեստի ձևերի ներկայացուցիչները: 2014-ի հոկտեմբերին եմ եղել «Վոլեյգրադում» և շատ զարմացել եմ, ուղղակի հրաշալի պայմաններ են: Լողափնյա վոլեյբոլի 4 խաղահրապարակ կա, լողափնյա վոլեյբոլի մեկ ծածկած մարզասրահ, որի ավազը տաքացվում է, և անգամ ձմռան ամիսներին միջազգային մրցաշարեր են անցկացվում:

– Նախկինում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն նա ակտիվ դերակատարությունը վստահել էր Ռազմիկ Սուլթանյանին: Տարաձայնությունները քիչ չէին կազմակերպության նախագահության կազմի ներկայացուցիչների միջև: Այս առումով ի՞նչ է փոխվել:
– Ֆեդերացիան 11 հանձնաժողով ունի: Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը: Ֆեդերացիայում 7 վարչական աշխատող կա: Հավաքվել են երիտասարդներ, նրանց կողքին են ֆեդերացիայի փորձառու ներկայացուցիչները: Կարևորն այն է, որ որևէ փորձառու մասնագետ անտեսված չէ, բոլորն էլ աշխատելու, օգտակար լինելու հնարավորություն են ստացել: Իսկ որևէ հարց վճռելու համար համատեղ նիստ է հրավիրվում, և համապատասխան որոշում է ընդունվում: Օրինակ` Պորտուգալիա ուղևորվող դպրոցական թիմերի պատվիրակության կազմի թեկնածուների ընտրության հետ կապված խնդիրներ կային: Վերջերս համատեղ քննարկվեց և որոշվեց, թե ինչ պետք է արվի: Նախկին գործելաոճը, երբ հայտարարվում էր, որ այդպես պետք է արվի և վերջ, իսպառ վերացել է: Եթե նախկինում մեծամասնությունը տեղյակ չէր , թե ինչ է կատարվում, ապա այժմ բոլորն են տեղեկացված: Ընտրվում են հավաքական թիմերի մարզիչներ, կազմակերպիչներ միջոցառումների անցացման համար և այլն: Աշխատանքը խոչընդոտողներ չկան: Սուլթանյանը մարզչական հանձնաժողովի նախագահն է, նա հրավիրվում է նախագահության նիստերին, հայտնում իր կարծիքը, և այն հաշվի է առնվում:

խաղ– Ինչպես խաղային բոլոր մարզաձևերը, գարնանը վոլեյբոլը ևս աշխուժանում է: Ինչո՞ւ միայն գարնանը, ո՞րն է ձմեռային պարապուրդի պատճառը, ի՞նչ է արվում ներկայումս:
– Իրոք: Հնարավոր է` ֆեդերացիային աջակցության կարգով պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը առաջիկայում մեծանա, այժմ այն տարեկան 8 մլն դրամ է: Դրա հետ կապված` հավանական է, որ աշխատանքի ծավալն ավելի մեծանա: Թեև արդեն հայտնի է, թե ինչքան են ստանալու ֆեդերացիաները, հնարավոր է` փոփոխություններ կատարվեն: Օրինակ` եթե Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի բյուջեն 10 մլն դրամով ավելանա` էական տեղաշարժեր կլինեն: Ինչ վերաբերում է ձմեռային շրջանին, ապա ջեռուցվող մարզադահլիճների, թիմերի խաղացողների մարզվածության խնդիր կա: Ի վերջո, թիմերը ոչ միայն Երևանից են, այլև Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից են գալիս: Ձմռանն այդ խնդիրը լուծելը դժվարությունների հետ է կապված: Արդեն Սիսիանում և Երևանում մինչև 17 տարեկան վելոյբոլիստուհիների և վոլեյբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարեր են անցկացվել: Առաջիկայում եզրափակիչ մրցաշարերն են: Միանալու են ևս 4-ական թիմեր: Մեծահասակների Հայաստանի առաջնության փնջային մրցաշար է անցկացվել տղամարդկանց 5, կանանց 2 թիմերի մասնակցությամբ: Տղամարդկանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. 1. «Դինամո-Նոր Նորք», 2. Գյումրի, 3. Վանաձոր, 4. Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, 5. Բժշկական համալսարան: Կանանց մրցաշարում` 1. Ավան, 2. ԽՄՕՄՄ: Առաջին տեղերը գրավողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

– «Դինամո-Նոր Նորքը» նոր թիմ չէ, ինչո՞ւ էր այն փնջային մրցաշարի մասնակցում:
– Անցյալ տարի այն եզրափակել է մրցաշարային աղյուսակը և տեղը կորցրել է բարձրագույն խմբում: Այդ թիմը մարզում է փորձառու մասնագետ Նիկոլայ Նիկողոսյանը: Ի դեպ, նրան վստահվել է նաև Հայաստանի հավաքականի ղեկը: Թեև Նիկողոսյանի թիմն անցած տարի հրաժեշտ է տվել ուժեղագույնների խմբին, սակայն առաջարկ եղավ, որ նա գլխավորի հավաքականը, և նիստում հաստատվեց դա:

– Ինչո՞ւ է փոքր կանանց մրցաշարերի մասնակցող թիմերի թիվը:
– ԽՄՕՄՄ-ը, ևս երեք թիմեր կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Արթիկում շարժ է նկատվում, և առաջիկայում հավանաբար թիմ մասնակցի Հայաստանի ուժեղագույնների պայքարին: Բանն այն է, որ մարզերում այս մարզաձևը եռանդուն մարդկանց ջանքերով է գոյատևում: Եթե այս կամ այն մասնագետը հեռանում է` թիմը ցրվում է: Արթիկում այդպիսի իրավիճակ էր, և նոր-նոր է տեղաշարժ սկսվել: Գյումրիում ընդհանրապես ոչինչ չունենք: Սիսիանում թիմ կա: Հայաստանում դժվար է կանանց թիմեր պահելը: Կարծում եմ` Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակից 5 և 4 թիմերի քանակը նորմալ է: Ապրիլին Արմավիրում Հայաստանի առաջնությունը կվիճարկեն տղամարդկանց ՖԻՄԱ, Ստեփանակերտ, ԽՄՕՄՄ, Արմավիր, «Դինամո-Նոր Նորք» թիմերը: Կանանց առաջնությանը, որը կանցկացվի Գորիսում մայիսի սկզբին, կմասնակցեն Երևանի «Նժդեհը», ԽՄՕՄՄ-ի, Սիսիանի, Ստեփանակերտի հավաքականները:

-Ինչո՞ւ այդ մրցումերից որևէ մեկը Երևանում չի անցկացվում:
– Որոշում է կայացվել, որ մայրաքաղաքից դուրս մրցումներ անցկացվեն, քանի որ մարզերում էլ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, լավ թիմերը քիչ չեն: 1996-ից հետո Արմավիրում Հայաստանի առաջնություն չի անցկացվել: Մինչդեռ տեղի թիմը եղել է մեր երկրի չեմպիոն, այժմ էլ ուժեղ թիմ է մրցասպարեզ հանում: Արմավիրի մարզպետը, քաղաքապետը վոլեյբոլի մեծ սիրահարներ են և պատրաստ են աջակցել, որպեսզի ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի: Վոլեյբոլիստուհիների առաջնություն նախկինում Սիսիանում է անցկացվել, բայց որոշվեց այն Գորիսում կազմակերպել: Սիսիանում մարզասրահի հետ կապված խնդիրներ կային, մինչդեռ Գորիսի մարզաբազան լավն է, նաև հանդիսականների համար տրիբունաներ կան: Իսկ ահա երկրորդ շրջանի խաղերը կկայանան Երևանում:
Սեպտեմբերին նախատեսվում է Երևանում անցկացնել վոլեյբոլիստների միջազգային մրցաշար, որին կմասնակցի 8 թիմ: Անկախացումից հետո Հայաստանում վոլեյբոլի միջազգային մրցաշար չի անցկացվել: Արդեն խաղալու համաձայնություն են տվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչները: Հնարավոր է նաև Լեհաստանի կամ Գերմանիայի թիմերի մասնակցությունը: Միայն թե մարզասրահի խնդիր կա: Եղածը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, հատակն այն չէ: «Միկան» վոլեյբոլի ոչ մի հարմարություն չունի: Հնարավոր է` մրցաշարը կայանա «Դինամո» կամ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզասրահում: Ի դեպ, Ռուսաստանի վոլեյբոի ֆեդերացիան խոստացել է, որ հատակի ժամանակակից ծածկ կտրամադրի: Դա թանկ արժի` 40 հազար եվրո: Հայաստանի ներկայացուցիչները Մինսկում (մարզուհիներ), Վիլնյուսում, Բաթումում ( երկուսն էլ` տղամարդիկ) լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարերի կմասնակցեն: Նոյեմբերին նախատեսվում է Կիևում դասական վոլեյբոլի պատանեկան մրցաշարի մասնակցություն: Հնարավոր է` ամռանը Երևանի «Գրանդ սան» ակումբում լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար անցկացնենք:

– Ֆեդերացիան թիմերին գնդակներ տրամադրո՞ւմ է:
– Ներկայումս միայն մրցումների անցկացման ժամանակ են դրանք տրամադրվում, և թիմերը մրցավայր գնդակներ բերելու կարիք չեն ունենում: Գնդակներ հատկացվում են նաև Հայաստանի հավաքական թիմերին: Հետագայում հիմնականում օգնելու ենք մանկապատանեկան մարզադպրոցներին: Իսկ ակումբների համար գնդակներ չեն նախատեսվում: Ֆեդերացիան պարտավոր չէ ակումբներին գնդակներ հատկացնել:

– Մրցավարների վճարման չափն ավելացե՞լ է:
– Դեռևս նույնն է` մրցումների ընթացքում օրական 2 հազար դրամ: Բայց ֆեդերացիայի նախագահը խոստացել է պահուստային հիմնադրամից ֆինանսներ տրամադրել մրցավարական աշխատանքները լավ կազմակերպելու համար:

ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

ռուբեն տեր մինասյանԱռաջին աշխարհամարտից առաջ ռուսական կառավարությունն առաջարկեց հայ ազատամարտի առաջատար Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ համաժողովրդական ապստամբություն բարձրացնի Թուրքիայում: Գրեթե նույն առաջարկն արեցին թուրքերը. ՀՅԴ-ն պետք է ապստամբեցներ արևելահայությանը:

Դաշնակցությունը, մերժելով երկու կողմին էլ, ընդունեց իր պատմության մեջ թերևս ամենասխալ ու վնասակար որոշումը. արևմտահայերը պետք է հավատարմորեն ծառայեն Թուրքիային, արևելահայերը` Ռուսաստանին: Ոչ ոք չլսեց անգամ Ռուբեն Տեր-Մինասյանի խորհուրդը, որ էր` խաբել Թուրքիային, զինվել նրա զենքով ու այդ զենքը շրջել հենց թուրքի դեմ: Իդեալական ծրագիր: Հիմա պատմությունն այլ կերպ կընթանար:
Այս առթիվ հետագայում Ռուբենը գրել է. «Դաշնակցությունը, դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականությանը, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողով) հորդորել հայ ժողովուրդին՝ կռվի դեպքում անթերի կատարել իր պարտականությունը Թուրքիո հանդեպ:
Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունն այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, և այս մոռացումը, անշուշտ, մեծ ճակատագրական սխալ էր: Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000 հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին, նաև ռուսական հսկա օժանդակությունները զորքով, սնունդով և ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունն ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվելուց` մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ»:

Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է 1882 թ., Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում: Ծնողների ցանկությամբ շուտով մեկնում է Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան: Սակայն նրա ձգտումը հոգևորական դառնալը չէր. Տակավին պատանի` Ռուբենը զգաց իր հոգու փոթորիկն ու իր կոչումը` ազատամարտ:
Եվ ահա, լքելով ճեմարանը, նա մեկնում է Մոսկվա և ընդունվում Լազարյան ճեմարան: Այստեղ էլ տիրող հեղափոխական մթնոլորտի ազդեցության տակ անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Իր եռանդուն ու փոթորկոտ բնավորությամբ Ռուբենը շատ արագ ներգրավվեց կուսակցական գործունեության մեջ և արագ աչքի ընկավ:
1903 թ. նա Թիֆլիս ժամանեց Արևմտյան Հայաստան մեկնելու հաստատակամությամբ: Սակայն մինչ Երկիր հասնելը նա հաստատվեց Կարսում և ինչպես հետագայում իր հուշերում գրեց, Կարսի հնոցի մեջ ոչ միայն զարգացրեց իր գիտակցությունը, այլև կոփվեց կամքով և գաղափարապես: Ավելորդ չէ նշել, որ այդ օրերին ՀՅԴ Կարսի Կենտրոնական կոմիտեի ղեկավարն էր Արամ Մանուկյանը, որ մեծ դեր ունեցավ Ռուբենի` որպես հեղափոխականի ձևավորման մեջ:

Կարսում շուրջ երկու տարի անցկացնելուց հետո, Ռուբենը 1905 թ. անցնում է Վան` Լեռնապարի կոմիտեություն, ուր Վանա Իշխանի հետ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով: Շուտով Վանում է հաստատվում նաև Արամ Մանուկյանը, իսկ Ռուբենը Սասուն մեկնելու հանձնարարություն է ստանում, ուր Վարդան Շահբազը մարտական պարապմունքներ էր անցկացնում անփորձ դաշնակցականների և նորաթուխ ֆիդայիների համար:

Սասունում Ռուբենը Գևորգ Չաուշի հետ գործի անցավ և ձեռնամուխ եղավ շրջանի ինքնապաշտպանական ուժերի կազմակերպմանն ու ամրապնդմանը: Նա իր առաջ խնդիր դրեց նախ և առաջ կարգ ու կանոն հաստատել ֆիդայիների հարաբերություններում, սրբագրել ներքին չգրված կանոնակարգը: Իր ծրագիրն իրագործելու համար երիտասարդ Ռուբենը կանգ չէր առնում ծայրահեղ միջոցների առաջ. անգամ զինաթափեց մեծ անուն ու համբավ ունեցող տարեց ֆիդայուն` Սպաղանաց Մակարին:
Սասունում եղած ժամանակ Գևորգ Չաուշի ղեկավարությամբ էլ նա մարտական մկրտություն ստացավ, բազում մարտերի մասնակցեց և թրծվեց իբրև քաջ ու անվեհեր մարտիկ:

Ռուբենը մասնակցեց նաև 1907 թ. մայիսի 27-ի Սուլուխի տխրահռչակ կռվին, որտեղ զոհվեց Գևորգ Չաուշը: Ռուբենը մի քանի մարտիկների հետ հազիվ կարողացավ ճեղքել պաշարման շղթան ու բարձրանալ սարերը:

1908 թ. հռչակվեց Օսմանյան սահմանադրությունը: Այս գործի մեջ ուրույն մասնակցություն ուներ նաև ՀՅԴ-ն, որի գործիչներից շատերը, շլացած այս «փառահեղ հաղթանակով», ցրեցին ֆիդայական խմբերը: ՀՅԴ գործիչներն ամենուր «սիրախաղի» մեջ էին երիտթուրքերի հետ: Ռուբեն Տեր-Մինասյանն այն եզակիներից էր, որ կոչ էր անում չհավատալ ու չվստահել երիտթուրքերին, չկորցնել զգոնությունը:
Ավաղ, նրան լսող գրեթե չկար:

Գուցե թե հենց հիասթափությունն էր պատճառը, որ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Ռուբենը որոշ ժամանակ հեռացավ կուսակցական գործունեությունից և ուղևորվեց Եվրոպա, ուր 1913 թ. ավարտեց Ժնևի համալսարանի քիմիական ֆակուլտետը:

Սակայն իրադրությունն աշխարհում լարված էր, արդեն ուրվագծվում էր առաջիկա պատերազմը, և 1913 թ. ՀՅԴ բյուրոյի հրահանգով Ռուբենը դարձյալ հայտնվում է Սասունում և անցնում կազմակերպչական աշխատանքների: Նրան է վստահվում Դուրան-Բարձրավանդակի և Սոլնո ձորի կոմիտեությունների պատասխանատվությունը: Իսկ դա շատ պատասխանատու պաշտոն էր, քանզի այդ կոմիտեությունն ընդգրկում էր ողջ Սասունը և Տարոնը. այդ շրջանը երկար ժամանակ հայ ազատամարտի հնոցն է եղել:
Գևորգ Չաուշի եղերական մահից հետո տարածաշրջանում շատ բան կար անելու: 1915 թ. Ռուբենը գլխավորեց Տարոնի ինքնապաշտպանությունը, որի եղերական տապալումից հետո անցավ Կովկաս:

Այստեղ ևս Ռուբեն Տեր-Մինասյանը ակտիվ հասարակական կյանքով է ապրում: Դառնալով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամ` նա մասնակցեց Անդրկովկասյան սեյմի աշխատանքներին:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Ռուբենն ընտրվում է Հայաստանի խորհրդարանի անդամ, ապա նշանակվում զինվորական նախարար, զորավար Արարատյանի օգնական, ներքին գործերի նախարար, իսկ Խատիսյանի կառավարության օրոք` Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար: Ռուբեն Տեր-Մինասյանը նաև մինչև իր կյանքի վերջը ՀՅԴ Բյուրոյի անդամ էր:
Մեծ է Ռուբենի` որպես զինվորական նախարարի ներդրումը հայկական բանակի կազմավորման գործում: Բանակը, որ կազմավորվեց` հիմք ունենալով նախկին ցարական բանակում ծառայած զինվորականներին և կամավորական խմբերին, ուներ պարենավորման, հանդերձավորման դժվարություններ, ինչն ամբողջությամբ պետական միջոցների հաշվին անելը գրեթե անհնարին էր, քանզի Հայաստանի Հանրապետությունը ծանր դրության մեջ էր: Եվ Ռուբենը, ով անցել էր շարքային հայդուկից մինչև ռազմական նախարարի պաշտոն դժվարին ճանապարհը, պատվով լուծեց այդ խնդիրները: Նա նաև ձեռնամուխ եղավ Հայաստանում ռազմական ուսումնարանի ստեղծմանը, սակայն վերահաս ռուս-թուրքական ներխուժումը վիժեցրեց այդ ծրագիրը:

Դեռ մինչև նախարար դառնալը նա աչքի ընկավ Արարատյան դաշտավայրի թուրքական գյուղերի ապստամբությունները ճնշելով և այդ բնակավայրերը կառավարությանը ենթարկեցնելով:

Նա նաև հիանալի վարչարար էր: Պատերազմի հետևանքով դատարկված շատ բնակավայրեր Ռուբենը բնակեցրեց գաղթական ընտանիքներով:

ՀՀ անկումից հետո Ռուբեն Տեր- Մինասյանն անցավ արտասահման: Նա բնակություն հաստատեց նախ Իրանում, ապա` Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում:

Կյանքի մայրամուտը Ռուբեն Տեր-Մինասյանն անցկացրեց Ֆրանսիայում, որտեղ էլ մահացավ 1951 թ. նոյեմբերի 27-ին:

Սակայն Ռուբեն Տեր-Մինասյանը սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն որպես ազատագրական շարժման կամ ռազմական-վարչական գործիչ: Սփյուռքում ապրած տարիներին նրա զենքը գրիչն էր: Իր երկար թափառումների ու մաքառումների տարեգրությունը Ռուբենը թղթին հանձնեց և լույս ընծայեց «Հայ յեղափոխականի մը հիշողությունները» բազմահատոր աշխատությունը, ինչը մեծ արժեք է ներկայացնում պատմագիտության համար ոչ միայն ՀՅԴ պատմության, այլև առհասարակ. ժամանակաշրջանի հայոց պատմության ուսումնասիրության համար: