Տարբեր տվյալների համաձայն` հալիտոզով է (այդպես է կոչվում բերանի տհաճ հոտը) տառապում մարդկանց 50%-ը` երբեմն դառնալով լուրջ խնդիր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական կյանքում: Հարցվածների 50%-ը վստահեցնում է, որ բերանի վատ հոտն էականորեն նվազեցնում է հաջող կարիերա անելուն, եթե հատկապես տվյալ մարդու գործունեությունը կապված է շփման հետ, 20%-ը կարծում է, որ հալիտոզը մարդկային անձի ամենավանող դրսևորումն է:
Պատճառները կարող են ինչպես բերանի խոռոչում կատարվող պրոցեսները, այնպես էլ տոնզիլիտները, վերին շնչուղիների, կոկորդի, թոքերի (բրոնխոէկտատիկ հիվանդություններ, աբսցես, գանգրենա, տուբերկուլյոզ), նյութափոխանակության խանգարումները, երիկամային ու լյարդային քրոնիկ անբավարարությունը լինել:
Բերանի խոռոչում գոյություն ունի անաէրոբ միկրոօրգանիզմների մի մեծ խումբ, որոնց կենսագործունեության արդյունքում արտադրվում է ծծումբ պարունակող վատ հոտով նյութ: Եթե դրանց քանակը նորմի մեջ է, ապա հոտ չի լինում, իսկ եթե ավելցուկ է առաջանում, հոտն էլ ուղեկցում է դրան:
Առավոտյան` սննդակարգի լուրջ խանգարումներից հետո, գրեթե բոլորի բերանից վատ հոտ է գալիս: Դա կարելի է ֆիզիոլոգիական երևույթ համարել: Սովորական հիգիենիկ պրոցեդուրաներից հետո (բերանի խոռոչի ողողում, ատամների մաքրում) այդ հոտը լրիվ անցնում է:
Հալիտոզը հիվանդագին է համարվում, եթե բոլոր նշված պրոցեդուրաներից հետո էլ հոտը մնում է:
Ահա մի քանի պատճառներ, որոնք նպաստում են բերանի տհաճ հոտի առաջացմանը.
1. բերանում չորությունը,
2. թանձր թուքը,
3. լորձի ավելցուկը կոկորդում,
4. սպիտակուցներով հարուստ սնունդը,
5. ծխելը,
6. ալկոհոլը,
7. հորմոնալ խանգարումը,
8. բերանում չորություն առաջացնող դեղորայքի կիրառումը,
9. շաքարային դիաբետը,
10. տոնզիլիտը (կոկորդաբորբ),
11. պարադոնտոզը (լնդերի հիվանդությունները),
12. կարիեսը:
Թվարկված պատճառներից վերջին երկուսի դեպքում է միայն բերանի խոռոչի հոտը վերացնելու համար ստոմատոլոգի օգնություն պահանջվում:
Ընդհանուր հիվանդությունների դեպքում (ինֆեկցիոն, նյութափոխանակության խանգարում ու հատկապես ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ` կապված ստամոքսի խոցի հիվանդության, գաստրիտների, աղիների բորբոքումների (կոլիտ), դիսբակտերիոզ ևն) լեզվի արտահայտված փառակալման երևույթ է նկատվում հատկապես լեզվի հիմքի մոտ: Այդ փառի տակ զարգանում են անաէրոբ մանրէներ, որոնք էլ հանգեցնում են բերանից տհաճ հոտի: Նման դեպքում տեղային հիգիենան, ասենք` ողողումը, նույնիսկ հակամանրէ դեղամիջոցներով ու ջրածնի պերօքսիդով, փառի քերումը և մյուս միջոցները ժամանակավոր արդյունք են տալիս: Դրա համար, լավ արդյունք ստանալու նպատակով հարկավոր է խնդրի հիմնավոր լուծում գտնել, այն է` հիվանդությունների բուժում: Նման օրինակները բազում են, երբ ստամոքսաղիքային ֆունկցիայի կարգավորումը հանգեցրել է հոտի իսպառ վերացմանը:
Աֆտոզային ստոմատիտ. ( հաճախ է մանուկների մոտ լինում, սակայն մեծահասակների հետ էլ է պատահում) լեզվի, այտերի ներսի կողմի, լնդերի ու շուրթերի լորձաթաղանթի վրա բշտեր վերքեր, խոցեր են առաջանում, որոնք ծածկված են մոխրագույն ֆիբրինային թաղանթով: Դրանց մեծ քանակության դեպքում առաջանում է դողէրոցք, լիմֆադենիտ, թուլություն, ուժեղ ցավով պայմանավորված ախորժակի կորուստ: Այդ բշտերը սովորաբար վարակիչ հիվանդությունների հետևանք են, սակայն բոլորի մոտ ու միշտ չէ, որ դրանք բորբոքային պրոցեսներ են առաջացնում:Ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիայի խանգարումների ու ավիտամինոզի դեպքում օրգանիզմը թուլանում է, իմունիտետը` ընկնում, ու որպես հետևանք աֆտոզային երևույթ է առաջանում: Ու եթե դրանք շատ են, բնականաբար, վատ հոտն էլ անպակաս է:
Հալիտոզի բուժումը
Կարիեսի դեպքում անմիջապես բուժել ատամները, իսկ եթե անհնար է այլևս փրկել դրանք, ապա հեռացնել: Տարբեր պատճառներով առաջացած ստոմատիտների դեպքում հուսալի ու լավագույն միջոց է համարվում քրքումը, այդ թվում և ռադիոթերապիայի հետևանքով առաջացածները (բերանի խոռոչի քաղցկեղային հիվանդությունների բուժման ժամանակ), ինչպես և քիմիաթերապիայի դեպքում: Մեր տեղեկության համաձայն` քրքումն ամենահրաշալի միջոցն է այս դեպքի համար: Արևելքի բոլոր երկրներում հազարամյակներ շարունակ քրքումն օգտագործվում է որպես համեմունք: Այնպես որ վստահ կարելի է ասել, որ քրքումը բացարձակ անվնաս միջոց է անգամ տարբեր չափաբաժինների պարագայում: Այն հզոր հակամանրէ ու հակավիրուսային տեղային ազդեցություն է ունենում ու հրաշալի հակաբորբոքային ու վերքը սպիացնող միջոց է:
Քրքումն իմունիտետը խթանող հեպատոպրոտեկտոր է ու նույնիսկ լուրջ հակաքաղցկեղային միջոց է: Լավագույն ազդեցության համար երեկոյան երեկոյան քնից առաջ պետք է կես թեյի գդալ աղացած քրքում խմել: Այն բոլորովին տհաճ չէ ու նույնիսկ քմահաճ երեխաները կարող են առանց դժվարության խմել: Դրա համար փոշին լցնում են լեզվի վրա ու ոչ մեծ քանակությամբ ջրով կուլ տալիս: Դրանից հետո բերանը ողողել պետք չէ, քանի որ քրքումի ինչ-որ քանակություն մնում է լեզվի, լնդերի վրա: Այն վառ-նարնջագույն է, այնպես, որ բերանը զննելիս կարելի է հեշտությամբ նկատել: Եթե խնդիրը լուրջ է, ապա կարելի է քրքում ընդունել օրական մի քանի անգամ, սնունդ ընդունելուց հետո: Այն այնքան լավ ազդեցություն է ունենում, որ անգամ առավոտյան բերանից հոտ չի գալիս: Հոտ չի գալիս անգամ ատամնաթելով ատամների արանքները մշակելու ժամանակ:
Քրքումը լավ ազդեցություն է ունենում նաև ստամոքս-աղիքային տրակտի վրա, վերացնում է բորբոքումները, դիսբակտերիոզը, բարձրացնում է իմունիտետը, շատ արագ նպաստում է աֆտոզային խոցերի ապաքինմանը, կտրուկ թեթևանում է լնդաբորբը, գինգիվիտը, ֆարինգիտը, լյարդի ֆունկցիան է կարգավորվում:
Քիմիա- և ռադիոթերապիայի դեպքում քրքումը կիրառվում է ստոմատիտի կանխարգելման կամ բորբոքային պրոցեսները նվազեցնելու նպատակով:
Քիթ-կոկորդի բորբոքային հիվանդություններն ինքնին կարող են բերանից վատ հոտի առաջացման, քթով շնչառության խանգարման ու բերանի չորության պատճառ դառնալ, ինչը կարող է հանգեցնել մանրէների չափազանց բազմացման: Ռինիտների, սինուսիտների, ադենոիդների դեպքում շատ լավ արդյունք է տալիս շնչուղիների մեջ մեկ ամիս շարունակ օրական 3 և ավելի անգամ ծիծեռնախոտի (չիստոտել) հյութ կաթեցնելը: Տոնզիլիտների, ֆարինգիտների դեպքում լավ օգնում է նաև ակնամոմի թուրմը: Հնացած տոնզիլիտի դեպքում առաջարկվում է 5-6 օր ըմպանին 1%-անոց ֆորմալին քսել, օրական մեկ անգամ, առանց ընդմիջման, ցանկալի է քնելուց առաջ: Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կրկնել 1-2 շաբաթից:
Լավ ազդեցություն է ունեում նաև ջրային ոսպը (ռյասկա. լայն տարածում ունեցող ջրային բույս է): Այն կիրառում են մեղրի հետ խառնած 1 թ/գդալ, օրական 1 անգամ, 10 օր, ապա` շաբաթական մեկ անգամ: Այն հրաշալի կանխարգելիչ միջոց է սեզոնային մրսածության հետևանքով հիվանդությունների դեմ, որոնց մեծ մասը վարակիչ բնույթ ունի, ինչպիսին սովորական հերպեսն է կամ էլ աֆտոզային ստոմատիտը:
Եթե անգամ լուրջ բողոքներ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված չկան, այնուամենայնիվ երկարատև ու տհաճ ախտորոշման գործընթացն անցնելու փոխարեն կարելի է մի քանի շաբաթ կղմուխի (դեվյասիլ), մեղվամշկի (պիժմա), խատուտիկի արմատների կամ եղերդակի (ցիկորի) եփուկ խմել:
Բերանի տհաճ հոտը կարող է շատ լուրջ հիվանդության հետևանք լինել, ինչպիսին լյարդի անբավարարությունն է, քաղցկեղը կամ նեկրոտիկ անգինան: Նման հիվանդությունների բուժումը շատ լուրջ խնդիր է ու, բնականաբար, վերը թվարկված միջոցներով այն բուժել հնարավոր չէ:
Սմբատ Գրիգորյան
բուսաբույժ
Tag Archives: առողջական
Հելիկոբակտեր պիրոլի. խոցի առաջացման հիմնական պատճառը
Հելիկոբակտեր պիրոլին (Helicobacter Pilori) պարույրանման միկրոօրգանիզմ է, որը «բնակություն» է հաստատում ստամոքսում, տասներկումատնյա աղիքում ու բազում վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ (գաստրիտ, խոց, էրոզիա, պոլիպ, հեպատիտ ևն):
Ի՞նչ է հելիկոբակտեր պիրոլին
Բժկական վիճակագրության համաձայն` այդ մանրէով է վարակված ողջ մարդկության 60%-ը: Այն հերպեսից հետո ամենատարածված մանրէն է համարվում: Վարակումն այդ մանրէով տեղի է ունենում աղտոտված ջրի կամ սննդի միջոցով, ինչպես նաև վարակված մարդու հետ շփման ճանապարհով, հազի ու փռշտոցի ժամանակ թքի կամ խորխի միջոցով:
Այս մանրէով վարակումն այնքան հեշտ է կատարվում, որ հելիկոբակտերիոզն անգամ համարվում է ընտանեկան հիվանդություն, քանի որ ընտանիքի մի անդամի վարակման դեպքում հաճախ հիվանդանում են նաև մյուսները: Ընդ որում, վարակված մարդը երկար ժամանակ գլխի չի ընկնում դրա մասին, ու ոչ մի հիվանդագին դրսևորում կարող է չունենալ:
Ինչպես և կաթնախտի, սպիտակաթորանքի, սնկային հիվանդությունների կամ վարակիչ մի շարք հիվանդությունների ժամանակ է լինում, հելիկոբակտերի ակտիվացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլանում են, և այլևս չեն կարողանում պայքարել ախտածին մանրէների դեմ:
Երբ թուլանում է իմունիտետը, (ուժեղ սթրեսների, մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների, տրավմաների, թունավորումների, հորմոնալ խանգարումների ժամանակ) օրգանիզմում նիրհող ու երկար ժամանակ իր մասին «լուր չտված» մանրէներն արթնանում են ու սկսում ավերիչ գործունեությունը: Ընդ որում, մարդը հաճախ չի հասկանում, թե ինչ է կատարվում ու անարդյունավետ բուժվում է տարբեր ենթադրյալ հիվանդությունների դեմ:
Ինչպես պարզվել է, հելիկոբակտերը խիստ կենսունակ է ու անգամ կարող է «հաջողությամբ» ապրել ստամոքսի թթվային միջավայրում, ինչն առաջներում համարվում էր անհնար, քանի որ, ինչպես հայտնի է, մանրէների մեծ մասը բարձր թթվայնության պայմաններում ոչնչանում է:
Իսկ նոր բացահայտումը իսկական հեղաշրջում էր բժշկության մեջ, դրա հեղինակները 2005-ին արժանացան Նոբելյան մրցանակի:
Ինչպե՞ս է կատարվում վարակումը
Օրգանիզմում հայտնվելով, հելիկոբակտերն իջնում է իր սիրած վայրը` ստամոքս ու հաստատվում այնտեղ: Ու որպեսզի ստամոքսահյութը չվնասի իրեն, այդ «խելացի» մանրէն իրեն շրջապատում է ֆերմենտներից կազմված պաշտպանական թաղանթով, որը վնասազերծում է թթուն: Իր պարույրաձև բեղիկներով այդ մանրէն «փորում է» լորձաթաղանթը, որը ծածկում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի պատերը, ու կպչում թթվից թաքնված հյուսվածքներին:
Այստեղ այդ մանրէն լայն գործունեություն է ծավալում ու սկսում է ուտել ստամոքսի պատի հյուսվածքներն ու իր կենսագործունեության թունավոր արգասիքները անջատել: Այդ խառնակությունը կյանքի է կոչում նեյտրոֆիլներին, արյան այն բջիջներին, որոնք հետևում են «տեղանքի» կարգուկանոնին: Դրանք դուրս են գալիս մազանոթներից ու սկսում են կարգազանցների հետևից մրցավազքը` ի վերջո ուտելով դրանք: Այդպիսով ոչ միայն հելիկոբակտերներն են ոչնչանում, այլև նրանց վնասած բջիջները: Վնասված հատվածում պաշտպանությունը թուլանում է ու այդ հատված է «աճապարում» աղաթթուն. առաջանում է բորբոքում, ի վերջո, լորձաթաղանթի վրա արատ է գոյանում, այսինքն` խոց: Հելիկոբակտերն ամենաշատը սիրում է ստամոքսի ելքային հատվածն ու տասներկումատնյա աղիքի մուտքային` սկզբնահատվածը, որտեղ էլ հիմնականում գոյանում են խոցերը:
Ախտանշաններն ու ախտորոշումը
Երբ հելիկոբակտերը «բնադրվում» է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի պատերին, կարող է այնտեղ տարիներ ապրել մակաբույծի կյանքով` սպասելով իր «աստեղային ժամին», բարենպաստ պայմանների ստեղծմանը: Օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացման ժամանակ այդ մանրէն ինտենսիվորեն բազմանում է, հսկայական քանակությամբ տոքսիններ ու ֆերմենտներ արտադրում. որոնք հանգեցնում են լորձաթաղանթի վնասման:
Դրա հետևանքն այն է, որ ստամոքսի պատերին ու տասներկումատնյա աղիքում առաջանում են քրոնիկ բորբոքումներ ու խոցեր: Ներկայումս գիտականորեն ապացուցվել է, որ հելիկոբակտերն է գաստրիտների ու խոցերի առաջացման հիմնական «մեղավորը» (դեպքերի 80%-ը): Այդ մանրէն էականորեն մեծացնում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը, չնայած առաջներում համոզմունք կար, որ այդ հիվանդություններն առաջանում են սննդի վատ որակի, ծխելու, ալկոհոլի չարաշահման ու սթրեսների հետևանքով:
Այս մանրէի առկայության ախտանշանները խիստ բազմազան են. հաճախակի փորկապություն, այրոցք, սրտխառնուք, ծանրություն ու ցավ ստամոքսում, բխկոց, ալերգիա. մսամթերքի յուրացման դժվարություն, մազաթափություն, բերանում անդուր համ ու հոտ (հիվանդ ատամների բացակայության պարագայում ), եղունգների սնկային հիվանդություններ ու չափազանց փխրունություն, ուտելուց հետո արագ հագեցում, ստամոքսում պարբերական ցավեր, որոնք դադարում են անմիջապես սնունդ ընդունելուց հետո:
Հելիկոբակտերիոզի բուժումը ժողովրդական միջոցներով
Բացի բժշկական, դեղորայքային բուժումից, արդյունավետ են նաև ժողովրդական միջոցները` տարբեր խոտաբույսերից պատրաստված եփուկները: Գրագետ հավաքված փնջերից պատրաստված եփուկները հնարավորություն կտան, որ կարգավորվի ստամոքսահյութի թթվայնությունը ու վերանան կամ գոնե մեղմանան ցավային զգացումները:
Բարձ թթվայնության դեպքում շատ օգտակար է վուշի սերմերից ստացված եփուկը, որը նույնիսկ կարող է վերականգնել վնասված լորձաթաղանթը, սպիացնել խոցերը: Դրա համար հարկավոր է 1,5 թ.գդալ սերմերի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել ու թրմել 15 րոպե, ապա քամել ու խմել օրական 3 անգամ` 1 ճ.գդալ, ուտելուց կես ժամ հետո:
Թթվայնությունը լավ իջեցնում է նաև երիցուկի, արևքուրիկի, հազարաթերթիկի ու ծիծեռնախոտի (չիստոտել) հավասար չափաբաժիներով փունջը (1-ական ճ.գդալ), որի վրա եռման ջուր են լցնում ու թրմում 2 ժամ: Հարկավոր է այդ եփուկն ընդունել օրական 3-4 անգամ` մեկական ճաշի գդալ:
Ցածր թթվայնության դեպքում հարկավոր է ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ խմել կես բաժակ կաղամբի թարմ հյութ:
Որպես հիվանդության կանխարգելման միջոց առաջարկվում է հետևել անձնական հիգիենային: Պետք է պաշտպանել ստամոքս-աղիքային տրակտը ճիշտ սնունդով, վնասակար սովորույթներից զերծ մնալ: Ու ամենակարևորը` պետք է թե՛ այս, թե՛ մնացած բոլոր հիվանդությունների պարագայում աշխատել իմունիտետի բարձրացման ուղղությամբ:
5 փաստ մանրէների մասին
Մեր մարմնում ավելի քան տրիլիոն մանրէներ են բնակվում, որոնցից մի քանիսը կարող են լուրջ հիվանդության պատճառ դառնալ, իսկ մյուսներն ապահովել օրգանիզմի նորմալ միկրոֆլորան: Դրանք մանրէներ են, սնկեր, որոնք բնակվում են մաշկի մեջ ու օրգաններում:
1. Մարդու օրգանիզմում մանրէներն ավելի շատ են, քան բջիջները: Չնայած գիտնականներին դեռևս չի հաջողվել մանրէների ճշգրիտ քանակն իմանալ, սակայն հայտնի է, որ այդ թիվը տասն անգամ գերազանցում է բջիջների քանակը: Մարդկության զարգացման հետ զարգացել են նաև այդ մանրէները: Մեր մաշկի 1 քսմ-ի վրա ավելի քան 1 մլրդ մանրէ է բնակվում:
2. Մանրէները մարդու օրգանիզմում են հայտնվում ծնվելուց հետո: Հետաքրքրական է, որ մարդը լույս աշխարհ է գալիս առանց մանրէների ու ձեռք է բերում կյանքի առաջին տարիներին:
Երեխան մանրէների առաջին «խմբաքանակը» ձեռք է բերում մոր ծննդուղիներով անցնելիս: Ու զարմանալի բան է. կեսարյան հատման եղանակով ծնվածները բնական եղանակով ծնվածներից տարբերվում են մանրէների տեսակով: Նրանց մոտ ալերգիաների ու գիրանալու ռիսկը մեծ է:
Հիմնականում երեխայի մոտ իմունային, նյութափոխանակության ու մյուս համակարգերի զարգացումը կատարվում է մինչև 3 տարեկան հասակը, և այդ տարիքում են երեխաները ստանում մանրէների առավելագույն քանակը:
3. Օգտակար ու վնասակար մանրէներ
Արդեն հայտնի է, որ որոշ մանրէներ հիվանդածին են, մինչդեռ շատ մանրէներ էլ օգնում են պաշտպանել առողջությունը վարակներից: Իսկ երբեմն էլ միևնույն մանրէն կարող է լինել և՛ վնասակար, և՛ օգտակար:
Օրինակ` արդեն նշվեց հելիկոբակտերի բացասական ազդեցության մասին: Սակայն, մասնագետները նշում են, որ հելիկոբակտերի բացակայությունը կերակրափողի հիվանդության հետևանք կարող է լինել: Այլ կերպ ասած, այդ մանրէն վնասակար է ստամոքսի, սակայն օգտակար` կերակրափողի համար:
4. Հակաբիոտիկների ընդունման հետևանքները
1928-ին պենիցիլինի հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր բժշկության մեջ: Այն ժամանակներից սկսած` լայնորեն կիրառվում են հակաբիոտիկները: Սակայն, դրանց չափազանց կիրառումը կարող է հանգեցնել մանրէների մահացու շտամների առաջացման, որոնք դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ:
Հիմա վկայություններ կան, որ հակաբիոտիկները բարձրացնում են ասթմայի առաջացման, աղիքային բորբոքային հիվանդությունների ու գիրանալու ռիսկը:
Լինում են դեպքեր, երբ հակաբիոտիկներն անհրաժեշտ են, սակայն մանուկ հասակում կոկորդի կամ մրսածության հիվանդություններն անցնում են առանց լուրջ դեղորայքային բուժման:
5. Յոգուրտ և կեֆիր
Այսօր արդեն հաստատ է, որ անվերապահորեն չի կարելի պնդել, որ կեֆիրն ու յոգուրտներն օգտակար են, քանի որ այս բնագավառը քիչ ուսումնասիրված է, ու վերջնական պնդել, որ դրանք օգտակար են, դեռևս վաղ է:
8 փաստ դեմենցիայի մասին
Փաստ 1
Երկարակեցությունն ու դեմենցիան
Դեմենցիան (ձեռքբերովի տկարամտություն) ախտանշան է, որն ուղեկցում է նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների. Ալցհեյմերի հիվանդություն,Հանտինգտոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն ևն: Դրանք հաճախ ախտահարում են այն մարդկանց, որոնք երկար են ապրում: Օրինակ` յուրաքանչյուր երրորդ ծեր ամերիկացին մահանում է Ալցհեյմերի հիվանդությունից կամ էլ դեմենցիայի մեկ այլ տեսակից:
Հիվանդության խելացի կանխարգելման շնորհիվ հնարավոր է մեծերին պաշտպանել այդ ախտից: 2006-ի դրությամբ, աշխարհում հաշվվում էր ուղեղի աշխատանքի խանգարում ունեցող 24 մլն մարդ: Հետազոտության հեղինակները հաշվել են, որ 2040-ին այդ թիվը կհասնի 81 մլն-ի:
Նման տվյալները խնդիր են ոչ միայն բժշկության, այլև տնտեսության համար: 2005-2009-ի տվյալներով` դեմենցիայի ընդհանրական արժեքը կազմել է 422 մլն դոլար: Այդ գումարի մեջ է մտնում բուժախտորոշիչ միջոցառումների, դեղամիջոցների ու հիվանդների խնամքի արժեքը:
Փաստ 2
Վաղ դեմենցիան
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան հաճախ նույնացվում է տարեց մարդկանց հետ, տկարամտության ենթակա են նաև համեմատաբար ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, ասենք` մինչև 65 տարեկանները, երբեմն էլ` մինչև 40 տարեկանները:
Վիճակագրության համաձայն` Մեծ Բրիտանիայում 2003-ին 30-64 տարեկանների խմբում 100 հազարից 54-ը դեմենցիայով էր տառապում:
Վաղ դեմենցիան հիմնականում պայմանավորված է նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով: Հարաբերական երիտասարդ տարիքում դեմենցիայով հիվանդանալը կապում են գեների մուտացիայի հետ: Սակայն մտավոր ֆունկցիաների կորուստ կամ նվազում կարող է առաջանալ նաև գանգուղեղային վնասվածքների հետևանքով կամ էլ երկարատև ալկոհոլային թունավորման պատճառով:
Ցավոք, դժվար է ախտորոշել դեմենցիան վաղ շրջանում: Շատ ախտանշաններ, ինչպիսիք են մոռացկոտությունը, ցրվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, բացատրվում են հոգնածությամբ, սթրեսով, հետևաբար կոգնիտիվ (մտավոր) ֆունկցիաների վատացման դեպքում հարկ է դիմել մասնագետի:
Փաստ 3
Դեմենցիան ու ավելորդ քաշը
Դրանք սերտորեն կապված են: Դա հաստատ է: Սակայն, վերջերս պարզ դարձավ, որ ոչ միայն գիրությունը, այլև ավելորդ քաշը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավելի է) նույնպես ռիսկի գործոն է: Դա հաջողվել է պարզել շվեդ գիտնականներին, որոնք հետևում էին 65-ից բարձր տարիքի երկվորյակներին: Նման եզրահանգում են կատարել նաև ԱՄՆ-ի Կուպերի ինստիտուտի աշխատակիցները` վերլուծելով 19 հազար մարդու ֆիզիկական կեցվածքի տվյալներն ու հետևել նրանց 25 տարի: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք նվազ ֆիզիկական պատրաստվածություն ունեին զննումների սկզում, տարիներ անց կանգնել են դեմենցիայի փաստի առջև:
Ի դեպ, դրա առնչությամբ արժե կրկին հիշել, որ ֆիզիկական մարզումները ոչ միայն նվազեցնում են դեմենցիայի առաջացման ռիսկը, այլև դանդաղեցնում հիվանդության զարգացման ընթացքը:
Ծխելը, հակառակը, բարձրացնում է դեմենցիայի ռիսկը (օրական 2 տուփը կրկնակի է մեծացնում ռիսկը), իսկ ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է նպաստել վաղ դեմենցիայի առաջացմանը:
Փաստ 4
Ճիշտ տրամադրությունը
Միայնակ տարեցները հաճախ են տառապում դեմենցիայից ու դրա դրսևորումներից: Իսկապես, միայնակության զգացում ապրող մարդկանց մոտ դեմենցիան մեկուկես անգամ ավելի արագ է զարգանում:
Հոգեկան դիսկոմֆորտը բոլոր տարիքներում է աղետ: Եթե երիտասարդի մոտ ախտորոշվել է ընկճախտ, ապա անոթային դեմենցիայով հիվանդանալու ռիսկը հասուն տարիքում եռապատկվում է: Նույնը վերաբերում է սթրեսային իրավիճակներին (ամուսնալուծություն, բաժանում ու խնդիրներ աշխատանքում): Համենայն դեպս` կանանց մոտ: Գիտնականների կարծիքով` կուտակված սթրեսն ազդում է առողջության վրա ապագայում. սիրտանոթային, նյարդային ու ներզատիչ համակարգերի խնդիրները հետագայում կարող են դեմենցիայի պատճառ դառնալ:
Փաստ 5
Մտավոր աշխատանքը
Մտավոր աշխատանքի դերը դեմենցիան կանխարգելելու իմաստով ուսումնասիրվում է վաղուց: 300 մարդկանց նկատմամբ իրականացված 20-ամյա ուսումնասիրւթյունը հնարավորություն է տվել պարզելու, որ ողջ կյանքում մտավոր ակտիվ գործունեությամբ զբաղվածների մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը 32%-ով դանդաղում է:
Նրանք, ովքեր քիչ են կարդում, քիչ են տեղեկություններ ստանում ու մշակում, դեմենցիան խիստ արագ է զարգանում: Ի դեպ, հաշվողական տեխնիկայով զբաղված տարեցները հազվադեպ են դեմենցիայով տառապում: Սա այն հազվագյուտ դեպքն է, որ համակարգիչների կիրառումն առողջականի վրա բարերար է ազդում: Համակարգիչներն օգնում են նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ուսումնասիրություներին, աշխարհի հետ փոխազդեցությանը:
Հայտնի է, որ մտավոր աշխատանքը ոչ միայն դանդաղեցնում է դեմենցիայի զարգացումը , այլև բարելավում այդ խնդրի առջև կանգնածների վիճակը:
Փաստ 6
Էստրոգեն հորմոնն ու անեմիան
Տրամադրության անկումը, ավելորդ քաշն ու անբավարար մտավոր գործունեությունը նպաստում են դեմենցիայի առաջացմանը: Այդ գործոններից բացի, դեր ունի նաև կնոջ արյան մեջ հետկլիմաքսային շրջանում էստրոգենների շատ բարձր կամ չափազանց ցածր մակարդակը, ինչը նույնպես հղի է մտավոր խանգարումների ռիսկով: Դիաբետի ու էստրոգենների բարձր մակարդակի համադրությունը ևս սրում է դրությունը: Պատճառը դեռևս պարզված չէ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է էստրոգեն հորմոնի` անոթների վրա ունեցած ազդեցությամբ:
Անեմիան և դեմենցիան նույնպես փոխկապված են: Արյան մեջ հեմոգլոբինի անբավարարությունը տարեց հասակում մտավոր խանգարումների առաջացման կրկնակի ռիսկ է: Գուցե դա պայմանավորված է այն փաստով, որ անեմիայի դեպքում հյուսվածքները նվազ թթվածին են ստանում, ինչը բացասաբար է ազդում ուղեղի վրա:
Փաստ 8
Երաժշտությունը և հիշողությունը
Դեմենցիայի տեսակներ կան, որոնք անբուժելի են, սակայն որոշ միջոցառումներով կարելի է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Բացի դեղորայքից, որոնք ազդում են ուղեղի վրա ու կարգավորում կենսաքիմիական պրոցեսները, գիտնականներն ու բժիշկները դիտարկում են նաև հիվանդներին օգնելու այլընտրանքային տարբերակներ:
Դրանցից մեկն էլ ռեմինիստենտային թերապիան է: Կարծիք կա, որ թերապիան, որի ընթացքում հիվանդները պատմում են անցյալի մասին, հիշողության մեջ վերականգնում այդ իրադարձությունները, վերագնահատում դրանք, օգնում է մտավոր գործունեությանը, բարձրացնում տրամադրությունն ու ազդում վարքի վրա:
Արոմաթերապիան (մասնավորապես մելիսայի (թրնջխոտ) յուղի կիրառումը) նույնպես հարմար է մարդկանց հոգեբանական վիճակը բարելավելու համար, գերգրգռվածությունն է թուլացնում, չնայած 100 %-անոց ապացույցներ չկան: Աշխատանքային ու երաժշտական թերապիան նույնպես ոչ երկարատև, սակայն կարող են բարելավել դեմենցիայով տառապող մարդկանց վիճակն ու ազդել վարքի վրա:
Դեմենցիայի թեստ
Դեմենցիան ժողովուրդն անվանում է ծերունական մարազմ: Այն կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
65-76 տարքիում է, որ մեծամասնության մոտ զարգանում է այդ հիվանդությունը:
Որքան շուտ հայտնաբերվեն դեմենցիայի ախտանշանները, այնքան շուտ կարելի է կանխող միջոցառումների դիմել: Գիտնականները դեմենցիան հայտնաբերելու արդյունավետ միջոցներ մշակելու վրա են աշխատում:
Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը: Արդյունքները վերլուծելով` հնարավոր է եղել դեմենցիան հայտնաբերել վաղ փուլում: Քանի որ նույնիսկ ոչ ցայտուն ախտանշաններ ունեցողները թեստը չեն կարողացել հաջողությամբ անցնել: Թեստը հարմար է 40-65 տարեկանների շրջանում վաղ դեմենցիան հայտնաբերելու համար:
Նույնիսկ սիրտանոթային հիվանդությունների հայտնաբերումը, արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը կարող են հուշել ավելի հասուն տարիքում դեմենցիայի զարգացման վտանգի մասին:
Վիրավորանք. ինչպես կարելի է հաղթահարել
Ցավում է հոգին, կրծքավանդակն է անհասկանալի ճնշվում, ասես մեծ քարաբեկոր է վրան ու խանգարում է արտաշնչել: Կոկորդում ինչ-որ բան խանգարում է կուլ տալ նույնիսկ օդը: Արտասվելու, աղիողորմ արցունք թափելու անհաղթահարելի ցանկություն կա, որը, սակայն, չի ստացվում: Միակ բանը, որ հաջողվում է, շրթունքները կրծոտելով ծվարելն է մութ անկյունում. այնտեղից երբեք դուրս չգալու ցանկությունը ստիպում է մեկուսանալ: Գլխում մտքերն անզուսպ հեղեղով իրար են հաջորդում, մարդկային դաժանությունը հուսահատեցնում է: Միայնակ ես զգում այս ամբողջ, ունայն աշխարհում: Թվում է` այլևս լույս ու հույս չկա, սպառվեց: Վերջ: Վերջակետ:
Զգացմունքային դառնություն
Ինչպե՞ս է վիրավորանքը դրսևորվում: Բացատրական բառարաններում այն ներկայացվում է որպես անտեղի պատճառված ցավ, վիրավորանք ու զգացում, որն առաջանում է դրանց հետևանքով: Կարելի է հասկանալ այն մարդուն, որը վիրավորված է: Սակայն անիմաստ է այդ զգացմանը տրվելը: Վիրավորանքը ներքին աններդաշնակություն է ծնում, ընկճախտի հանգեցնում ու նունիսկ լուրջ հիվանդություններ ծնում:
Որքան ու ինչից ասես կարելի է վիրավորվել ուրիշներից, սակայն հնարավոր է, որ նրանք դրա մասին այդպես էլ չիմանան, մինչդեռ հոգեկան ժանգը կսկսի ներսից կրծել ու քայքայել: Բացի այդ, այն շատ նենգ է: Կարող է վերաճել վրիժառության ծարավի, ինչը շատ վտանգավոր է: Հետևաբար, հարկավոր է վիրավորանքի զգացումը գիտակցաբար հաղթահարել, հնարավորության դեպքում` արմատախիլ անել:
Գիտակից ընտրություն
Երբ մարդը ներում է մյուսին, ապա դրանով ծառայություն է մատուցում ոչ թե նրան, այլ` իրեն: Երբեմն օգնում է ստեղծված իրավիճակի սթափ վերլուծությունը: Շատ հաճախ վիրավորանքն առաջանում է այն դեպքում, երբ ուրիշի խոսքերն ու արարքներն այն չեն, ինչ սպասում ենք լսել ու տեսնել: Այլ կերպ ասած` ինչ-որ մեկն իր արարքով պարզապես հիասթափեցնում է: Հարկ է հիշել, որ ուրիշները պարտավոր չեն համապատասխանել մեր սպասումներին: Վիրավորվելը կամ չվիրավորվելը մարդու ազատ ընտրությունն է: Քանի դեռ վիրավորանքն ու դառնությունը գլուխ չեն բարձրացրել, կարելի իրավիճակի, դրության տերը դառնալ, սանձել այդ զգացումներն ու վանել կամ նայել դրան կողքից: Ասենք` ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ: Փորձեք մտածել, որ նրան էլ ինչ-որ մեկն է վիրավորել, ու դա ինչ- որ կերպ նրա հակազդեցությունն է:
Հաճախ ուրիշի խոսքը ճշմարտության հատիկ է ունենում, ինչն այնքան էլ հաճելի չէ մեզ: Այդ դեպքում գուցե հարկավոր է վերլուծել վիրավորանքը: Գուցե մարդն ինքն իր ես-ի հետ այնքան էլ ազնիվ չէ ու փորձում է ինքն իրենից ինչ-որ բան թաքցնել:
Զգացմունքների սանձում
Ինչ-որ մեկից վիրավորվել նշանակում է նրա ձեռքը հանձնել ձեր նկատմամբ իշխանությունը: Ստացվում է, որ ձեր տրամադրության ու ներաշխարհի վրա պատահական մարդիկ են իշխում, որոնք, դիցուք, տրորել են ձեր ոտքը կամ փողոցում կոպտել: Վիրավորանքը հասկանալի պատասխանն է ձեր զգացմունքային տարածք անհարգալից ներխուժման դիմաց: Սակայն չի կարելի է այդ բացասական զգացմանը թույլ տալ, որ իշխի ձեր հոգում:
Վիրավորանքը ոչ թե ուժեղ բնավորության , այլ թուլության ցուցիչ է: Դրանից մանկան անզորության հոտ է գալիս: Գրեթե միշտ վիրավորանքը սեփական ես-ի հանդեպ խղճահարության զուգընկերն է: Եթե մեկ անգամ կարողանաք հաղթահարել վիրավորանքը, ապա դրանից հետո դա շատ ավելի հեշտ կստացվի: Գուցե ժամանակի ընթացքում կարողանաք սովորել վիրավորանքը ներս չթողնելու արվեստն էլ: Զգացմունքները կառավարելը հեշտ բան չէ: Բայց ամեն ինչ պետք է փորձել, պարզապես հարկավոր է սկսել:
Վիրավորվելը վտանգավոր է առողջության համար
Հոգեբանները հաստատում են անհերքելի մի փաստ. ում հետ ապրում ենք` նրա վրա էլ ամենից շատ ենք բարկանում ու նրանից վիրավորվում: Ու հիմնականում` առանց լուրջ պատճառի:
Զգացմունքներ ու միայն զգացմունքներ
Մարդը 5 հիմնական զգացմունքներ է ապրում, որոնց նաև անվանում են հիմնարար. երջանկություն, վիշտ, զայրույթ, վախ ու տագնապ: Դրանք օգնում են ապրել, հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները, պատրաստվել ինչ-որ բանի և ընդունել ճակատագրի վայրիվերումները: Դրանք նաև կենդանիներին են հատուկ, բայց, ի տարբերություն մարդկանց, կենդանիներն իրենց զգացմունքները չեն կարողանում թաքցնել: Օրինակ` զայրույթի, կատաղության դեպքում գազանները մռնչում են կամ ատամները մերկացնում: Անմիջական են այդ հարցում նաև երեխաները, սակայն ոչ մեծերը: Հասուն մարդիկ տարիներով թաքցնում են զգացմունքները, կուտակում վիրավորանքը, ինչը ֆիզիկական պլանում մեծ լարվածություն է ստեղծում: Քչերը կարող են այսօր պարծենալ, որ առավոտյան անկողնուց վեր են կենում առույգ ու պարզ գլխով: Հիմնականում արթնանում ենք հոգնած ու ճնշված, մշուշոտ աչքերով խոհանոց ենք գնում սուրճի համար, հետո մի կերպ աշխատավայր հասնում` ճանապարհին, բնականաբար վիրավորվելով ցանկացած ռեպլիկից: Իսկ աշխատավայր հասնելով` հիսթերիայի մեջ ենք ընկնում մեր նկատմամբ խղճահարությունից ու տիեզերական անարդարությունից: Ո՞վ է մեղավոր: Մենք` ինքներս, իհարկե:
Վիրավորվելու հետևանքները
Վիրավորանքն առաջին հերթին արտահայտվում է մկանների կծկումով, սեղմումով: Ու որքան մարդ ջանադրաբար է փորձում թաքցնել վիրավորանքը, այնքան շատ են սեղմվում մկանները: Այն մասնագետները, որոնք բավականին ժամանակ են հատկացրել այդ խնդրի ուումնասիրությանը, վստահեցնում են, որ հիմնականում դրանից տուժում են իրանի վերին հատվածը` ստոծանուց վերև, ու հոդերը: Հատկապես խիստ սեղմվում են կրծքավանդակն ու կոկորդի մկանները: Եթե վիրավորանքին անմիջապես պատասխանել չի ստացվում, ապա այդ վիրավորանքը փորձում ենք «կուլ տալ», ինչը, սակայն, չի ստացվում, այն «կոկորդում է մնում»: Ժամանակի հետ միջադեպը մոռացվում է, սակայն կոկորդի մկաններում լարվածությունը չի թուլանում ու երբեմն էլ հիվանդության է հանգեցնում: Բրոնխիալ ասթման, սրտի իշեմիկ հիվանդությունը, միոկարդի ինֆարկտը, ռևմատոիդ արթրիտը, գլխացավերը կուտակված վիրավորանքի հետևանք են:
Եթե մարդը վահանձև գեղձի խնդիր ունի, ապա պետք է մտածի` գուցե շատ շուտ եմ վիրավորվում: Մասնագետներն ասում են, որ տևական հազը ևս կուտակված վիրավորանքի հետևանք է: Այս հիվանդությունների նկարագրությունները կարելի է անվերջ շարունակել, սակայն կա մեկ հետևություն` վիրավորվելը վնասակար է առողջության համար:
Վիրավորվելը նաև հոգեկան հետևանքներ է ունենում: Այն կուտակվելով մի օր կարող է հանգեցնել խոր դեպրեսիայի ու որպես դրա հետևանք` հոգեկան խանգարումների:
Մեկ այլ, ոչ պակաս կարևոր փաստարկ էլ կա վիրավորանքի դեմ, ատելությունը, որն առաջանում է կուտակված դժգոհությունների հանրագումարում: Այդ զգացումը քայքայում է անգամ ամենաիդեալական ընտանիքները, տարիներով կուտակված վիրավորանքն ամուսինների միմյանց նկատմամբ հարգանքն է կործանում: Արհամարհանքից ազատվելը շատ ավելի դժվար է, քան վիրավորանքը ներելը:
Կանայք տղամարդկանցից հաճախ են վիրավորվում, քանի որ մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ առավել զարգացած է գլխուղեղի ձախ կիսագնդի հատվածը (պատասխանատու է տրամաբանության ու վերլուծության համար), իսկ կանանց մոտ` աջ կիսագունդը (համապատասխանաբար` զգացումքի, ինտուիցիայի): Ուստի կանայք ավելի բուռն են արտահայտում իրենց զգացմունքները:
Ինքնատիրապետման երեք միջոց
1. Իրականում ինքնավերահսկողության կարող է հասնել յուրաքանչյուր ոք: Սոկրատեսն ասում էր, որ վիրավորվելը մարդկային արժանապատվությունից ցածր է:
2. Երկրորդը վիրավորանքը դուրս գցելն է:
Թույլ մի տվեք, որ վիրավորանքը ձեզ իշխի: Իսկույն ձեզ վիրավորողին ասեք ինչ մտածում եք: Պարտադիր չէ, որ դա արվի կոպիտ խոսքերով ու արտահայտություններով: Պարզապես կարելի է ասել, որ դա ձեզ զայրացնում է: Ու անպայման պետք է ասել մեկ շնչով, քանի դեռ այն չի «տեղավորվել» ու նստվածք չի տվել ձեր ներսում:
Վիրավորանքը պետք է դեն նետել` աղբամանը գցված անպետք իրի պես:
3.Ներել, ներել ու կրկին ներել` սեփական բարօրության համար: Ներել ոչ թե ընտրովի, ինչ-որ բաներ, այլ ամեն ինչ: Ի՞նչ իմաստ ունի ներել մի բան, իսկ մյուսները մտապահել, հիշել ու նեղվել անընդհատ:
Իսկ որտե՞ղ են բնակվում ապրումները
Վախ. հայտնի արտահայտություն կա` վախից ծնկներս ծալվեցին: Վախի առաջին գոտին ոտքերն են: Վախից առաջացած հիվանդությունները կենտրոնանում են արևահյուսի շրջանում:
Վիրավորանք. վիրավորանքի «բնակության վայրը» կոկորդն է ու կրծքավանդակը:
Զայրույթը նստվածք է տալիս ծնոտներում: Ի դեպ, ասում են, որ նա, ով գիշերն ատամներն է կրճտացնում, ցույց չի տալիս, սակայն զայրույթ է ապրում ու նյարդային է: Զայրույթը սիրում է հաստատվել կոկորդում, կրծքում ու թևերում:
Տագնապն ամենասարսափելի զգացումն է: Այն տարածվում է ամբողջ մարմնում (կծկվում են մկանները), սակայն ամենից շատ դրանից տուժում է սիրտը:
Վիշտ, դրանից ամենից շատ տուժում են կուրծքն ու քունքերը:
Վե՛րջ դրեք կաղամբների և թռչունների գաղափարախոսությանը. սեքսապաթոլոգ
«Ընտանիքը նույնպես համակարգ է, և որքան էլ թվում է, թե հայկական ընտանիքը մատչելի ու տեսանելի է, բայց հայկական ընտանիքը փակ համակարգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ընտանիքի հոգեբանական և սեռական առողջության մասին, ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը` ընդգծելով, որ ընտանիքի հոգեկան առողջության մեջ շատ կարևոր է ընտանիքի անցյալը: Եթե ընտանիքի անդամներից մեկը որևէ հոգեկան, առողջական խնդիր է ունենում, դա ազդում է ընտանիքի բոլոր անդամների՝ հատկապես երեխաների վրա:
Նա նշեց, որ երեխան ընտանիքում առկա խնդիրը կարող է ներկայացնել հոգեկան կամ մարմնական հիվանդության միջոցով:
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը համաձայն է , որ երեխայի ապագայի վրա մեծ ազդեցություն է թողնում նրա ընտանիքը և դաստիարակության ձևերը. «Հետազոտությունները ցույց են տալիս՝ հոգեբանական և սեռական որոշ խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասն այնպիսի երեխաներն են, որոնք դաստիարակվում են ոչ լիարժեք ընտանիքներում: Նման երեխաները կարող են ապագայում ունենալ բազմաթիվ բարդույթներ և դրանից առաջացած խնդիրներ»:
Վրեժ Շահրամանյանը կարևորում է նաև սեռական դաստիարակությունը: ՛՛Սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության մի ճյուղն է: Սեռադաստիարակության բացթողումների հետևանքով երեխաների մոտ առաջանում են խնդիրներ. նա լինում է բարդույթավորված և սկսում է խուսափել շփումից, դա ազդում է նաև նրա հետագա անձնական կյանքի վրա: Պետք է վերջ դնել կաղամբների և թռչունների գաղափարախոսությանը,-ասաց նա, հավելելով,-կա մի սեռական խանգարում, որը կոչվում է վագինիզմ, այն ավելի շատ բնորոշ է հայերին: Վերլուծելով կանանց սեռական խանգարումները՝ պարզվում է, որ պատճառը սխալ սեռական դաստիարակությունն է: Ընտանիքի մթնոլորտից է կախված երեխայի ապագան»,- ասաց սեքսապաթոլոգը:
Սպորտով զբաղվելն օգնում է խելացի դառնալ
Վանկուվերի համալսարանի աշխատակիցներն ապացուցել են սպորտով զբաղվելու դրական ազդեցությունը մարդու գլխուղեղի վրա:
Հետազոտությանը մասնակցել են 70-80 տարեկան 100 կանայք, որոնք հիշողության հետ կապված խնդիրներ են ունեցել: Գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդով ֆիքսել են հիպոկամպի չափերը (գլխուղեղի հատվածում), որը պատասխանատու է հիշողության համար, և այդ կանանց ուղարկել են սպորտով զբաղվելու, գրում է «Դելայտ նյուս»-ը:
Նրանք 6 ամսվա ընթացքում շաբաթական 2 պարապմունք են կատարել: Նրանց բաժանել են 3 խմբի: Առաջին խմբի անդամները ճկունության վարժություններ են կատարել, երկրորդ խումբը՝ աերոբիկայի, երրորդն էլ՝ ուժային: Աերոբիկայով զբաղվող կանանց մոտ հիպոկամպի չափսերը փոքր-ինչ մեծացել են, իսկ մյուս երկու խմբերի մոտ փոփոխություններ չեն նկատվել:
Գիտնականները խորհուրդ են տալիս բոլոր տարիքի մարդկանց զբաղվել աերոբիկայով, քանի որ այն լավացնում է հիշողությունը, որը և բերում է ինտելեկտի բարձրացմանը և լավ սովորելուն:
Պատվաստումները վտա՞նգ են, թե՞ անհրաժեշտություն
Ավելի հեշտ է հիվանդությունները կանխարգելելը, քան բուժելը: Կան վտանգավոր վարակներ, որոնք կարող են երեխայի մահվան կամ հաշմանդամության պատճառ դառնալ: Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սովորաբար սպառնում է հատկապես թիրախային խմբերին` նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:
Աշխարհում նշված հիվանդություններից երեխաներին պաշտպանելու թերևս միակ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել դրանք և ինֆեկցիաները դարձնել կառավարելի:
Նախ փորձենք պարզաբանել, թե որքանով է պատվաստումների անհրաժեշտությունը մեծ և ինչ կարող է սպառնալ դրանցից հրաժարվելու դեպքում:
Սովորաբար պատվաստումների անհրաժեշտությունը երեխաների շրջանում առաջանում է բավական վաղ տարիքում: Մասնագետների դիտարկմամբ, ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ (6 ամսականից սկսած) երեխայի մոտ նվազում է մորից ստացած իմունիտետը, և կարիք է առաջանում հիվանդությունների հարուցիչների նկատմամբ անընկալություն առաջացնելու նպատակով կատարել պատվաստումներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ ամեն տարի հաջողվում է փրկել ավելի քան 3 մլն կյանք: Տեսնենք, թե այս ուղղությամբ ինչպիսին է պատկերը Հայաստանում: Մեր երկրում վերջին տարիներին բավականաչափ նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն` մանկական մահացության ցուցանիշը վերջին երեք տարվա ընթացքում նվազել է մոտ 16 տոկոսով: Այս նվազումը, ի դեպ, ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահեցնում է, որ 1994-1995 թթ. դիֆթերիայի բռնկման դեպքերի և մահացության ցուցանիշների համեմատ` պատվաստումների շնորհիվ իրավիճակը հանրապետությունում կայունացել է, և վերջին տասնամյակում դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել: Եվ եթե նախկինում ամեն տարի արձանագրվում էր պոլիոմիելիտով հիվանդացության 5-10 դեպք, ապա 1995-ից առ այսօր անբուժելի համարվող այս հիվանդության տարածման դեպքեր ևս չեն գրանցվել: Հայաստանը, ի տարբերություն հարևան բոլոր երկրների, համարվում է պոլիոմիելիտի տարածման ամենացածր ռիսկային երկիրը: Իսկ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստումների արդյունավետ իրականացման շնորհիվ ցածր է նաև դրանց վարակման հավանականությունը:
Վերջին 1-2 տարում արձանագրվել են կարմրուկի ընդամենը 11 և կարմրախտի 4 դեպք:, «Այժմ մեզ մոտ համաճարակային իրավիճակը բավական կայուն է, թեպետ ՌԴ-ի հայաշատ վայրերում կարմրուկի բռնկումներ կան, դա մեզ չի սպառնում ամենևին»,- հուսադրում է Գայանե Սահակյանը:
Հայաստանում տարիներ առաջ ներդրվել է նաև հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալետ պատվաստանյութը: Հանրապետությունում, 7 տարվա կտրվածքով, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2,4 անգամ նվազել է մենինգիտով հիվանդացությունը: Հաշվի առնելով նաև աշխարհում տարածված ռոտովիրուսային վարակի ծանր ընթացքը` 2012-ից մեր երկրի առողջապահական ոլորտում ևս ներդրվել է վերոնշյալ վարակների դեմ պատվաստումը: Այդ վարակը սովորաբար ուղեկցվում է ջրազրկումով և համարվում է դիարեաների հիմնական պատճառ: Ինչպես նշում է իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մինչ պատվաստանյութի ներդրումը, ամեն տարի գրանցվում էր վարակների սեզոնային ավելացում և նույնիսկ, մինչև 5 տարեկան երեխաների 50-60 տոկոսի հոսպիտալացում: Իսկ, աշխարհում ամեն տարի ռոտավիրուսային վարակի (ՌՎ) պատճառով մահանում է 527,000 հազար մարդ, և ավելի քան 2 մլն նորածին ու երեխա հոսպիտալացվում են: Զարգացող երկրներում առաջին ՌՎ վարակը, որպես կանոն, ի հայտ է գալիս մինչև 6-9 տարեկան հասակում: Դեպքերի շուրջ 80 տոկոսը արձանագրվում է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում: Պարզվել է նաև, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանը առնվազն մեկ անգամ վարակվում է ռոտավիրուսով: Հայաստանում պատվաստանյութի ներդրման արդյունքում արդեն դիտվում է հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում:
Նախկինում մանկական ազգաբնակչության շրջանում հաճախակի էին նաև սուր հեպատիտ Բ-ով հիվանդացության դեպքերը, որոնք այսօր ևս կառավարելի են համապատասխան պատվաստանյութի ներդրման շնորհիվ: 1999-ից հեպատիտ Բ-ի հիվանդացության դեպքերը նվազել են, իսկ վերջին 5-6 տարիների ընթացքում դրանցով հիվանդացության դեպքեր առհասարակ չեն գրանցվել
Սակայն խնդիրն այն է, որ որոշ ընտանիքներ հրաժարվում են նորածիններին պատվաստման ենթարկել` փաստարկելով, որ դրանք կարող են առողջության վատթարացման պատճառ դառնալ: ԱՆ-ի աշխատակիցները հստակ վիճակագրություն չունեն, թե նորածինների կամ ավելի ուշ տարիքի երեխաների քանի տոկոսն է պարտադիր պատվաստման ենթարկվում: Ծնողների` պատվաստումներից հրաժարվելու ամենատարածված պատճառը հետպատվաստման բարդություններն են, որոնք կարող են ուղեկցվել տարբեր երևույթներով: Պատահում են դեպքեր, երբ երեխաները դժվար են հաղթահարում օրգանիզմում առաջացած սթրեսը: Որոշ ծնողների շրջանում կարծիք կա, որ պատվաստումները կարող են առաջացնել աուտիզմ կամ նպաստել իմունային համակարգի անկմանը: Բացի այդ, հաճախակի են շրջանառվում նաև լուրեր պատվաստանյութերի անհայտ ծագման կամ դրանց ժամկետանց լինելու վերաբերյալ: Ուստի, հաշվի առնելով պատվաստումների խնդրահարույց կողմերը` փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ հենց ոլորտի պատասխանատուներից:
Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը վստահ հերքում է և ապատեղեկատվություն համարում պատվաստանյութերի անորակ լինելու հանգամանքը: Նա հավաստիացնում է, որ երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը գնվում են Բելգիայից, Ֆրանսիայից և Կանադայից: Ինչ վերաբերում է ժամկետայնությանը, ապա ներկրված խմբաքանակը նախատեսված է լինում միայն ընթացիկ տարում օգտագործելու համար ու չնայած 2-3 տարվա պիտանիությանը` մինչև տարեվերջ ամբողջությամբ սպառվում է: Տիկին Սարիբեկյանը վստահեցնում է, որ մարդկանց անհանգստությունն այս կապակցությամբ անհարկի է, միաժամանակ հավելում, որ Հայաստան ներմուծվող պավաստանյութերն ունեն ԱՀԿ-ի կողմից պարտադիր որակավորված սերթիֆիկատ:
Նշենք, որ հետպատվաստման շրջանում օրինաչափ են այն երևույթները, որոնք ուղեկցվում են ներարկման հատվածում այտուցով, բարձր ջերմությամբ ու ցանով և տևում են 2-3 օր, այն էլ` ոչ միշտ: Իսկ շեղումներն անհատական բնույթ ունեն և կախված են տվյալ օրգանիզմի իմունային համակարգից: Հետպատվաստման շրջանում աուտիզմի առաջացման և երեխաների իմունային համակարգի անկման հավանականությունը մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ևս բացառում է` փաստելով, որ այդ ուղղությամբ անցկացված հետազոտությունները հերքել են հետպատվաստման շրջանում դեպքերի նման զարգացումը:
Հետպատվաստման շրջանում ամենածայրահեղ ելքը մահն է: Դժբախտաբար, բայց նման երկու միջադեպ մեզանում արձանագրվել է: Մասնագետները փաստում են, որ երեխաների մահացության պատճառները հետպատվաստման շրջանում ծագած բարդությունների հետ որևէ կապ չունեն և հրապարակված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Երեխաների մոտ այդ շրջանում կայծակնային արագությամբ զարգացած թոքաբորբ է եղել` առանց որևէ դրսևորման: Առաջին երեխայի դեպքում այն վրա է հասել հետպատվաստման շրջանի 7-8 րդ օրը, իսկ մյուսի մոտ` 3 օրվա ընթացքում: «Ապացուցողական բժշկության մեջ նկարագրված չէ, որ պատվաստման շրջանում կարող է թոքաբորբ զարգանալ»,- վստահեցնում է մասնագետը:
Այսօր իսկապես հստակ վիճակագրություն չկա, թե պոտենցիալ պատվաստման ենթակա երեխաներից քանի տոկոսն է պատվաստման ենթարկվում: Կան պարզապես պաշտոնական թվեր, որոնց հավաստիությունը ապացուցված չէ: Գերատեսչության աշխատակիցները վստահեցնում են, որ պատվաստումներից հրաժարվողները հիմնականում աղանդավորական ընտանիքներն են և կազմում են պատվաստման ենթակաների ընդամենը 1-2 տոկոսը: Նրանց մեկնաբանմամբ, լինում են նաև թերի պատվաստման դեպքեր, որոնք ընթացքում փոխլրացվում են: Ոլորտի ներկայացուցիչները հարկ են համարում նշել, որ թերի պատվաստման կամ դրանց միջև երկարատև ընդմիջումների պարագայում երեխաների մոտ կարող են իմունիտետի ձևավորման խնդիրներ ծագել: Նրանք հորդորում են ժամանակին դիմել համաբուժարանների (պոլիկլինիկաներ) տարածքային տեղամասեր և հերթագրվել անհրաժեշտ պատվաստումներ ստանալու համար: Դրանք, անշուշտ, անհրաժեշտ են բոլոր նորածիններին, քանի որ վարակներից ապահովագրվելու պարագայում է միայն հնարավոր ապահովել առողջ սերնդի հետագա զարգացումն ու բազմացումը:
Լ.Ն
Երկար քունը խթանում է իմունային համակարգը
Հայտնի է, որ գիշերվա լավ քունը լավ ինքնազգացողություն է պարգևում, այժմ հետազոտողները վերջապես պարզել են դրա իսկությունը:
Պարզվել է, որ քունը խթանում է իմունային համակարգը՝ հատկապես, եթե օրգանիզմում որևէ վարակ կա:
Ճանճերի վրա իրականացված փորձերի արդյունքում պարզվել է, որ օրգանիզմի լուրջ վարակի դեպքում քունը նույնիսկ կարող է կյանք փրկել:
Փենսիլվանիայի Պերելմանի անվան բժշկական համալսարանի հետազոտողները պարզել են, որ քունը նպաստում է վարակի նկատմամբ իմունային համակարգի արձագանքին և ինֆեկցիաների բուժմանը:
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep ամսագրում:
Ուղեղի քաղցկեղը` բջջային հեռախոսների հետևանք
Բջջային հեռախոսների միկրոալիքային ճառագայթումը չի կարող քաղցկեղ առաջացնել: «Ո՞վ ասաց, որ չի առաջացնում»,- պնդում են որոշ գիտնականներ՝ ասելով, որ բջջային հեռախոսների և ուղեղի քաղցկեղի միջև կապն ապացուցված է:
Այս հիմնահարցը վերջին տարիներին շատ է շրջանառվում համացանցում: Ոմանք ուշադրություն չեն դարձնում դրան, ոմանք էլ խճճվում են իրարամերժ տեսանկյունների, գիտական եզրահանգումների մեջ: Հայաստանում ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, իսկ այլ երկրներում գիտնականները հանգել են որոշ եզրակացությունների։ Օրինակ` դանիացի գիտնականները հայտարարել են, որ բջջային հեռախոսն ուղեղի քաղցկեղ չի կարող առաջացնել, իսկ շվեդ գիտնականները համոզված են, որ գոյություն ունի նույնիսկ բջջային ալերգիա։ Նյու Յորքի Սլոան Քեթերինգի ուռուցքաբանական կենտրոնի մասնագետների մշակած մեթոդն էլ հնարավորություն է տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ գնահատելու բջջայինի ազդեցությունը:
«Ապացույցներ կան, որ բջջային ճառագայթումը կարող է հանգեցնել ուղեղի քաղցկեղի տեսակի՝ գլիոմայի զարգացմանը»,- նշել է ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավար Ջոնաթան Սամեթը: 2013 թ. հունիսին ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում ընդունված օրենքը պարտադրում է, որ բոլոր վաճառվող հեռախոսների վրա նշված լինի ճառագայթման մակարդակը, իսկ Ֆրանսիայում աշխատում են սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը, մինչև 12 տարեկան երեխաներին էլ խիստ արգելել բջջայինից օգտվել։ Ամերիկացի երգչուհի Շերլ Քրոուն էլ իր ուղեղի ուռուցքի պատճառը համարում է բջջային հեռախոսից հաճախակի օգտվելը, մինչդեռ Նորվեգիայի փորձագիտական հանձնաժողովը հավաստիացնում է, որ բջջային հեռախոսներն ու անլար ցանցն առողջական վտանգ չեն առաջացնում:
Ըստ որոշ հետազոտությունների՝ բջջայիններից 10-ը միջինը 290%-ով մեծացրել են ուղեղի ուռուցքի զարգացման վտանգը, և այդ ուռուցքի զարգացումը բացահայտվել է գլխի այն կողմում, որտեղ բջջային հեռախոսն ավելի շատ է օգտագործվել: Բջջային հեռախոսն արձակում է մոտ 1-2 վատ էլեկտրամագնիսական ճառագայթ՝ փոխանցելով ռադիոհաճախականության էներգիա՝ ճառագայթման ոչ-իոնիզացնող տեսակ: Իսկ մեր մարմինն այն ներծծում ու դժվարանում է մշակել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ մարմնական բարդությունների:
Մասնագետները հորդորում են ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար փոքր ճառագայթմամբ հեռախոսներ օգտագործել, օրինակ՝ Samsung Galaxy Note: Խորհուրդ են տալիս կիրառել բարձրախոսով ականջակալներ, քանի որ գարնիտուրայի ճառագայթող հզորությունը 2000 անգամ ավելի ցածր է (1 միլիվատտ), քան բջջային հեռախոսինը (հեռախոսն ավելի շատ ճառագայթում է ինֆորմացիա ուղարկելիս), այն ականջին դնել միացնելուց հետո, որքան հնարավոր է հեռու մնալ հեռախոսից, քնելու ընթացքում հեռու պահել, խոսելու փոխարեն ավելի շատ լսել և տեքստ՝ sms ուղարկել, մեքենա վարելիս էլ բջջային հեռախոս չօգտագործել, քանի որ այդ կերպ հեռախոսն ավելի ակտիվ է ճառագայթում: Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսից օգտվել մետրոյում և այնտեղ, որտեղ կապի որակը թույլ է, հեռախոսը հեռու պահել երեխաներից և հղիներից, որովհետև նրանք ավելի զգայուն են ճառագայթման նկատմամբ, բջջայինը պահել գրպանի կամ պայուսակի մեջ, որովհետև հեռախոսը զանգի ընթացքում է միայն ճառագայթում: Ի վերջո, անհրաժեշտ է տեղադրել էլեկտրամագնիսական դաշտի պաշտպանիչն ու նվազեցնել բջջայինով խոսելը: Հարկ եղած դեպքում էլ օգտագործել Tawkon ծրագիրը, որը կզգուշացնի օգտագործողի ճառագայթման ենթարկվելու աստիճանը:
Այլ գիտնականների կարծիքով էլ բջջային հեռախոսի ճառագայթահարումը վտանգավոր է քաղցկեղածին նյութերի, DDT թույների, մեքենայի արտանետած գազերի նման, քանի որ այն վնասում է նույնիսկ մարդու ԴՆԹ-ի կոդը, թունավոր է դարձնում լյարդի լեղին, ազդում է հորմոնների բաղադրության վրա, թուլացնում մարդու դիմադրողականությունը, նպաստում է վարակահարույց մանրէների զարգացմանը, մեծացնում կենսաբանական տարիքը, բացասաբար ազդում սեռական ֆունկցիաների վրա, ազդում արյունատար անոթների վրա, նվազեցնում արյան մատակարարումը ուղեղին, առաջացնում անքնություն, նևրոզներ, դեպրեսիա, հոգնածություն, վնասում է գլխամաշկի երակները, հիշողությունը՝ ականջներում աղմուկ առաջացնելով, հոտառությունը, մարսողությունը, աչքի և գլխուղեղի քաղցկեղ (գլիոմա) առաջացնում և այլն:
Ճառագայթման հիմնական մասը մարդը ստանում է ճառագայթման հիմնական աղբյուրներից՝ տիեզերքից և երկրակեղևի ռադիոակտիվ նյութերից, իսկ որոշ հեռախոսների մեջ ճառագայթակիրը տատանվում է 1900 մեգահերց (MHz) հաճախականությամբ և վնաս չի հասցնում մարդու առողջությանը: Բայց ավելի շատ հաճախականության ճառագայթման պարագայում արձակվում են զանազան մասնիկներ, օրինակ՝ իոնացնող (տեսանելի լույս), ուլտրամանուշակագույն, ռենտգենյան, գամմա ճառագայթներ, ռադիոալիքներ և այլն: Իոնացնող մասնիկները հանգեցնում են բջիջների քայքայման, արյան բաղադրության փոփոխման և այրվածքների:
Հայ մասնագետների համոզմամբ` տարեկան 620 միլիբեր ճառագայթումը մարդու համար վնասակար չէ, սակայն այն տարիների ընթացքում շատ վատ հետևանքներ կարող է ունենալ: Փրկարար ծառայության տեխնածին վթարների և հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանի կարծիքով` մարդու վրա ճառագայթման բացասական ազդեցությունն անմիջականորեն կապված է նրա օրգանիզմում ջրի 75 տոկոս պարունակության հետ: Ճառագայթումը ջրի կազմության մեջ մեծ փոփոխություններ է առաջացնում, իսկ ճառագայթների հոսքը ստանում է մինչև 500 և ավելի արժեք, ինչն էլ 10-20 տարի անց բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը կարող է կապված լինել ուղեղի քաղցկեղի զարգացման հետ: Մինչդեռ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության նիստում 14 երկրներ ներկայացնող 31 գիտնականներից բաղկացած խումբը հայտարարել է, որ բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ ։ Բայց ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման կապն ապացուցված չէ, իսկ հետագա եզրակացությունը ԱՀԿ-ին կստիպի վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները։
Թեպետ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարող է կապ լինել բջջայինների ճառագայթման և քաղցկեղի միջև, հետազոտությունները դեռ շարունակվում են: Իսկ բջջային հեռախոս արտադրող ընկերություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը` կաշառելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Կարմիր խաչին: Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի սերտ կապը վերջնականապես ապացուցելու պարագայում միայն կարելի է պատկերացնել՝ ինչ վիճակում կհայտնվեն տվյալ ընկերությունները: «Այս ոլորտը դեռ բազմաթիվ ստուգումների կարիք ունի»,- եզրահանգել է համաճարակաբան Փոլ Դիմրսը:
Ելենա Չոբանյան
Հանգիստ քուն. ո ՞ ր մթերքներն են օգտակար և ո ՞ ր մթերքներից է պետք խուսափել
Վիճակագրական տվյալների համաձայն 5 մարդուց յուրաքանչյուր 3-ը շաբաթական ամենաքիչը մեկ անգամ բախվում է հանգիստ քնի հետ կապված խնդիրների:
Ինչպե ՞ ս մեր քունը դարձնենք առողջ, ի ՞ նչն է նպաստում հանգիստ քնին: Պարզվում է, որ քնի համար պատասխանատու են առանձին հորմոններ, որոնք գիտնականները հայտնաբերել են ոչ վաղ անցյալում:
«Մետալոնին». ասպես է կոչվում է քնի հորմոնը: Այն տիրապետում է ոչ միայն հանգստացնող, այլ նաև հակաօքսիդային, երիտասարդացնող հատկանիշների, ամրապնդում է իմունային համակարգը, անգամ պայքարում քաղցկեղային բջիջների դեմ:
Մեր օրգանիզմում մետալոնինի քանակը անհրաժետության դեպքում հնարավոր է բարձրացնել ՝ շնորհիվ որոշակի մթերքների, որոնք պարունակում են այս հորմոնը:
Այսպիսով, ո ՞ ր մթերքներն են ընդգրկված «հանգիստ քնի ճաշացանկում»:
Բանան: Բանանը նպաստում է մեր օրգանիզմում մելատոնինի, ինչպես նաև մագնեզիումի արտադրությանը, որ պատասխանատու է տրամադրության կայունացման ու մկանների թուլացման համար :
Բալ և կեռաս: Այս հատապտուղները մետալոնինի բնական աղբյուր են: Մասնագետները խորհուրդ են տալիս մի բուռ բալ և կեռաս ուտել քնելուց առաջ: Այս մթերքները կարող եք վերցնել ձեզ հետ նաև ինքնաթիռում և գնացքում քնելու համար:
Կաթ: Կացիումի և տրիպտոֆանի միությունը ևս համարվում է քնի լավ միջոց: Երեխաների համար տաք կաթը՝ մեղրով կարող է հիանալի քնաբեր լինել: Կաթը դրականորեն ազդում է նաև հոգեկանի վրա: Իսկ Փենսիլվանիայի համալսարանի բժիշկ, հետազոտող Մալքլ Գրանդերը ուսումնասիրելով 3500 չափահասների կենսակերպը, վերջերս նշել է քնին նպաստող ամենաօգտակար սնունդները՝ դրանց մեջ ներառով մեկ բաժակ կաթն ու մի բուռ բրազիլական ընկույզը:
Հնդկահավի միսը, նուշը, սոճու ընկույզը ևս օգտակար են: Գլյուկոզայի ոչ մեծ քանակությունը /մեղրի կամ մուրաբայի տեսքով/ ևս կկասեցնի ավելորդ նյութերի արտադրությունը, որոնք խանգարում են մեզ քնել: Միայն պետք չէ չարաշահել…քաղցրի մեծ քանակությունը ուղեղը ընկալում է որպես ակտիվ գործունեություն սկսելու ազդակ:
Պատահական չէ, որ երիցուկի թեյը ևս քնին նպաստող ըմպելիքների ցանկում է: Քնելուց առաջ մեկ բաժակ երիցուկի թեյը մարմնի և հոգու մեղմ, բնական և իդեալական հանգստացնող միջոց է:
Խորոված կարտոֆիլի ոչ մեծ չափաբաժինը ներծծում է այն թթուները, որ խանգարում են հանգիստ քնին: Արդյունքն ավելի մեծացնելու համար կարտոֆիլը կարելի է խառնել մեկ գդալ տաք կաթի հետ:
Վարսակի շիլան կաթով և մեկ գդալ մեղրով: Այն կունենա հանգստացնող ներգործություն, կբավարարի քաղցի զգացումը: Եթե քնի խանգարման պատճառն է ընկճախտը, անհաջողությունները, փորձե՛ք երեկոյան շիլային ավելացնել 2 գդալ կտավատի սերմ: Այն հարուստ է տրանադրությունը բարձրացնող նյութերով:
Սոխով ապուր: Սոխը պարունակում է «կվերցետին» հանգստացնող նյութը, որի շնորհիվ դեռ Հին Եգիպտոսում սոխը համարվում էր անքնության դեմ պայքարի արդյունավետ միջոց:
Իսկ հանգիստ քունը խաթարող մթերքների մեջ ներառում են՝
Պահածոյացված ու ապխտած միս: Ուշ ժամին վիչինայով սենդվիչն այնքան էլ լավ գաղափար չէ: Բեկոնը, նրբերշիկը և ապխպտած միսը նպաստում են նորեպինեֆրինի արտադրությանը՝ հորմոնի, որ խթանում է ուղեղի աշխատանքը. առաջանում է անքնություն, թեթևակի նյարդային վիճակ:
Զգույշ պետք է լինել նաև շոկոլադի յուրաքանչյուր տեսակի ընտրության դեպքում: Հասուն տարիքի մարդիկ շուտ են ենթարկվում կոֆեինի ազդեցությանը և դրա անգամ ամենաքիչ քանակությամբ ընդունումը օրինակ՝ պաղպաղակի հետ, կարող է անքնություն առաջացնել:
Հետազոտությունները նաև վկայում են, որ առողջ քուն ունենալու համար պետք է զգուշանալ անգամ օրվա ընթացքում էներգետիկ ընմպելիքների օգտագործումից. դրանք պարունակում են կոֆեին, որն առաջացում է լարվածություն, նպաստում ադրենալինի արտադրությանը:
Կետչուպ: Չիլլի պղպեղը, պիցցան, կծու սնունդը ընդհանրապես դժվարամարս են, հետևաբար, կխաթարեն քունը:
Ալկոհոլ: Երեկոյան մեկ-երկու բաժակ գինին կարող է թուլացնել, նաև կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ալկոհոլը նպաստում է ջրազրկմանը, որի հետևանքով ստիպված կլինեք հաճախ արթնանալ:
Իհարկե, հանգիստ քնին նպաստող կամ այն խաթարող մթերքների թիվը չի սահմանափակվում վերը նշված մթերքներով, բայց խորհուրդները, իհարկե, օգտակար են հանգիստ քուն ունենալու և առողջ կենսակերպ վարելու համար:
Իրանում բուժում ստանալն արտասահմանցիների համար կհեշտանա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծելու է արտոնագրային հատուկ ռեժիմ օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր կժամանեն Իրան բուժման նպատակներով: Սպասվում է, որ այս նոր կարգը կգործի 1,5 ամսից:
Մուտքի արտոնագիրը կտրվի ավելի արագ և ավելի երկար ժամկետով, իսկ արժեքը զգալիորեն կնվազի:
Այս նոր ծրագրի իրագործման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում են ներքին և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Իրանի տուրիստական կազմակերպության անդամներ:
Հանձաժողովի գերխնդիրն է, ինչպես տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, լուծել ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի բուժում ստանալու համար Իրան է գալիս 80 հազար մարդ: Նրանք հիմնականում Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ են:
Իրանն ունի բժշկական զարգացած ենթակառուցվածքներ և բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմ: Իրանում բժշկական ծառայությունների գները մի քանի անգամ ցածր են, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչը նպաստում է, որ ավելի շատ արտասահմանցիներ գան Իրան բուժում ստանալու նպատակով:
Չինացի կնոջ կրծքի իմպլանտները շարժվել են մեջքի և ստամոքսի ուղղությամբ
Չինացի կինը սարսափել է՝ նկատելով, որ իր կրծքի իմպլանտանտները սկսել են շարժվել մեջքի և ստամոքսի ուղղությամբ:
39-ամյա Տյան Հուեյը կուրծքը մեծացնելու նպատակով պլաստիկ վիրահատություն էր անցել 2002թ-ին:
Նա հյուս ուներ, որ այս քայլով ինքը ավելի ինքնավստահ կդառնա՝ իր ամուսնու դավաճանության մասին իմանալուց հետո:
Սակայն վիրահատությունից տաս տարի անց նրա իմպլանտանտները սկսել էին շարժվել:
Տյան նշել է, որ իր ինքնավստահությունը ընկել էր ամուսնու անհավատարմությունից հետո, և նա վիրահատվել էր՝ ամուսնու սերը հետ բերելու համար:
Վիրաբույժները Տյանին վիրահատել են՝ շարժվող կրծքերը հեռացնելու և նոր իմպլանտանտներ տեղադրելու համար:
Որո՞նք են երկարակեցության գաղտնիքները. Հայ գիտնականների խորհուրդները
«Եթե մարդ փող է կորցնում, ապա նա ոչինչ չի կորցնում, եթե մարդը ժամանակ է կորցնում` նա շատ կարևոր բան է կորցնում: Մարդը, ով կորցնում է առողջությունը, կորցնում է ամեն ինչ»,- ամերիկացի գիտնական Պոլ Բերգերի այս խոսքերը հիրավի ճշմարիտ են հնչում բոլոր ժամանակների համար: Սակայն 21-րդ դարի մարդկության համար` շարունակական սթրեսների, աշխատանքի, անշարժության և բնության աղտոտվածության պայմաններում առողջ ապրելը դարձել է հազվագյուտ մի տաղանդ:
Հայ գիտնականները ևս ուսումնասիրում են այն միջոցները, որոնք կօգնեն մարդուն ապրել առողջ և երկար: Հայաստանում ծերաբանության հիմնադիր Գուրգեն Ապրիկյանը նշում է, որ մարդը կարող է առավելագույնս 120 տարի ապրել. «Վրաստանում հայտարարում են, որ կան 150-ամյա վրացիներ, սակայն դա իրականությանը չի համապատսխանում: Աշխարհի բոլոր ժամանակների ամենաշատ ապրած մարդը մի ֆրանսուհի է, ով ապրել է 121 տարի»: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենից շատ ապրում են Դիլիջանում և Սևանի ավազանում: Պատմականորեն հայերը միշտ ասպատակվել են այլ ազգերի կողմից, ինչը ազդել է նրանց սննդակարգի վրա: Ապրիկայնի կարծիքով`հայ մարդու երկարակեցության գաղտնիքը բուսակերությունն է. նման կերակուրների օգտակար նյութերը մտել են հայի գենտիկ կոդի մեջ:
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի դասախոս, բժշկ. գիտ. դոկ. բուսաբույժ-սննդաբույժ Ռաֆայել Հովհաննիսյանը կարծում է, որ այսօր երկար ապրելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ:«Նախ` կարևոր է ֆիզիկական մարզվածությունը: Պետք է պարբերաբար վարժություններ կատարել: Պակաս կարևոր չէ հոգեկան մարզվածությունը: Մարդը պետք է դիմի ռելաքսացիայի և մեդիտացիայի: Սթրեսներից պետք է հեռու մնալ»,- նշում է 78–ամյա , սակայն բավականին երիտասարդ թվացող բուսակեր սննդաբույժը :
Հովհաննիսյանն ընդգծեց, որ մարդու առողջության բանալիներից մեկը դրական լիցքերն են, կյանքին պայծառ աչքերով նայելը: Բոլոր զգացումները բումերանգի պես հարվածում են մարդուն, եթե մարդ անընդհատ վախ, հուսահատություն է զգում , դա ազդում է նրա առողջության վրա և հակառակը:
Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը և թմրանյութերը մարդու կյանքի որակը վնասող որոշիչ գործոններից են: Դրանց օգտագործումը շատ արագ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:
Ամերիկացի գիտնակակներրը հայտնաբերել են, որ մարդու առողջությունը 47 տոկոսով կախված է նրա սննդակարգից: «Մարդ պետք է ընդունի բնությունից ստացած մթերք` պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, բուսական չզտված յուղ, բնական մեղր, հատիկավոր մթերք, ցորեն, գարի, ընկուզեղեն: Արևածաղկի սերմերը ևս շատ օգտակար են, քանի որ հագեցած են օմեգաներով և յուղերով: Այսօր մարդիկ բոլորը ձգտում են գնել զտված բուսական յուղ, ինչը սխալ է: Պետք գնել այնպիսի ձեթ, որը գոնե մի քիչ նստվածք ունի»,- խորհուրդ է տալիս բժիշկը:
Պարոն Հովհաննիսյանը, թվելով վնասակար մթերքի անունները, ընդծեց մսեղենի` տավարի կարմիր մսի և ոչխարի մսի վնասկարությունը: Նա խորհուրդ տվեց անգամ նման սնունդ ընդունելու դեպքում է գործածել դրանից 2-3 անգամ ավելի շատ բուսական սնունդ: Մսե կերակուրներից նա օգտակար է համարում միայն ծովամթերքը և հավի կրծքամիսը:
Առողջ ապրելու համար խորհուրդ է տվում ապրել միջին լեռնային շջաններում:Սակայն քաղաքում ապրողները ևս կարող են հասնել ցանկալի արդյունքի: Սակայն կա որոշակի պայման, բացի վերոնշյալներից. « Հեռու մնացե´ք սուպերմարկետներում վաճառվող ապրանքներից»: Սա բժշկական գիտությունների դոկտորի խորհուրդն է:
Առողջությունն ու երջանկությունը
Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է:
2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարեց Երջանկության միջազգային օր` պաշտպանելով այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար: Օրը կոչված է ցույց տալու նաև, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է:
Առողջություն ու երջանկություն. մարդու համար կարևոր ու նշանակալի են երկուսն էլ: Չէ՞ որ, եթե մարդը լավ առողջություն ունի, ապա նա ցանկացած գործ կարող է անել, ու ցանկացած նպատակակետ հասանելի կդառնա: Կարելի է ճանապարհորդել ու լավ վաստակել, օրերով զբաղվել արվեստով, սպորտով. մի խոսքով, ցանկացած գործով: Իսկ եթե դրան էլ ավելանա երջանկության զգացումը, ապա պարզապես իդեալական կյանք կստացվի` ծով հնարավորություններով ու հաճույքներով:
Իսկ արդյոք երջանկության զգացումն ազդո՞ւմ է առողջության վրա: Ցանկացած մարդ այդ հարցին կպատասխանի` եթե առողջ ես, ուրեմն երջանիկ ես:
Կրոնական տարբեր դավանանքի պատկանողները ծուլությունը, հուսալքությունն ու անհավատությունը սարսափելի մեղք են համարում: Քրիստոնեությունը դրանք մահացու մեղքեր է համարում, որոնք սպանում են հոգին ու մարմնական հիվանդության հանգեցնում:
Իսկ ի՞նչ է մտածում բժշկությունը
Պաշտոնական բժշկության բազմաթիվ հետազոտություններով ու բժշկական պրակտիկայով ապացուցվել է, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հիվանդությունների մեծ մասն առաջանում է ոչ ճիշտ հուզական տրամադրվածության հետևանքով:
Վատ տրամադրության, տրտմության, ծուլության կամ բաժանման ապրումների, դժբախտ սիրո և կամ մտերիմ մարդու մահվան պատճառով մարդիկ տարբեր հիվանդությունների տեր են դառնում. անճանաչելիության աստիճան նիհարում են, տառապում գլխացավերից, կորցնում քունը, թմրանյութեր կամ հակադեպրեսանտներ ընդունում, հաճախ ստամոքսի խնդիրներ են ունենում, քրոնիկ գլխացավեր, ասթմա, բորբոքային ու շնչուղիների, արյան հիվանդություններ, չհիմնավորված տագնապներ ու վախեր և անգամ` քաղցկեղ:
Ինչի՞ց են առաջանում հիվանդությունները
Բնականաբար, հարց կառաջանա, թե ինչպես կարող է վշտից կամ դժբախտությունից հիվանդություն առաջանալ:
Փաստորեն, հիվանդությունների մեծ մասն առաջանում է երջանկության բացակայությունից: Բժիշկների մի մասը կարծում է, որ հիվանդությունները միայն իրական պատճառ կարող են ունենալ: Մինչդեռ հիվանդություններից մեծ մասի պատճառը երջանկության բացակայությունն է: Ինչպես իմաստուն ու իրականում շատ պրակտիկ կրոնն է ասում, հուսահատությունը մահացու մեղք է: Եվ ով տրվում է այդ մեղքին, դատապարտված է դժբախտության ու հայտնվում է ցանկացած հիվանդությամբ հիվանդանալու ռիսկի խմբում: Չէ՞ որ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է:
Շատերն ականատես եղած կլինեն դեպքերի, երբ մարդիկ ապաքինվում են անբուժելի համարվող հիվանդությունից` կյանքի իմաստավորման շնորհիվ: Եվ հակառակը` խամրել են ասես` կորցնելով կյանքի երջանկությունը: Երբեմն մարդն ինքն է իրեն մատնում դեպրեսիայի, գլխացավերի, իսկ հետո հրաժարվում է բուժվելուց կամ էլ դուրս գալուց այդ վիճակից` պատճառաբանելով նույն գլխացավը:
Երջանիկ մարդիկ առողջ են
«Ես գիտեմ «դժվար» բառը, ես գիտեմ «երկարատևը»: Սակայն ես չգիտեմ «անհնարին» բառը»,- ասում է Դևիդ Բեքհեմը:
Այո, քանի որ իրականում երջանիկները հիվանդանալու ժամանակ ու ցանկություն չունեն: Հիվանդանում են հիմնականում նրանք, ովքեր անելու բան չունեն կամ էլ նրանք, ովքեր չեն սիրում աշխատանքն ու ուսումը:
Երջանկությունն ու գեղեցկությունը
Երջանկությունն օգնում է գեղեցիկ լինել: Ընդհանրապես գեղեցկությունն ու երջանկությունն անքակտելի են: Համենայն դեպս, փողոցում երջանիկ մարդկանց վրա շատերն են ուշադրություն դարձնում:
Իհարկե, ավելի շատ դուր է գալիս ժպտացող դեմքը, քան միշտ խոժոռը: Բացի այդ, երջանիկ մարդիկ քիչ կնճիռներ ունեն: Իսկ ե՞րբ է մարդը կնճոռտվում` երբ ինչ-որ բանից դժգոհ է:
Կյանքում նպատակ ունենալը երկարացնում է կյանքը
Սերը, ցանկություններն ու ձգտումները, առավել ևս` երջանկությունը երկարացնում են կյանքը: Երբ տարեցները կորցնում են հետաքրքրությունները, մարում են արագ: «Երջանկությունը բացառում է ծերությունը: Ով կարողանում է պահպանել գեղեցիկը տեսնելու հատկությունը, նա չի ծերանում»,- ասում է Ֆրանց Կաֆկան:
Հետևաբար, որքան շատ ցանկություններ ունեք ու հետաքրքրություններ, այնքան ապրելու ցանկությունը մեծ է ու դրանով ավելի շատ ազատ էներգիա, առողջություն, պատճառ ու երջանկություն կունենաք:
Երջանկությունը երկարացնում է կյանքը
Ակտիվ ստեղծագործելու, արարելու, նոր բան ստեղծելու, աճեցնելու, երջանկությունից ճախրելու ցանկությունն ապրելու ցանկությունն է:
Իսկ հուսահատությունն ու ծուլությունը, ըստ էության, հենց ապրելու ցանկության բացակայությունն է, այսինքն` ինքնասպանությանը հավասարազոր մի բան ու ընդհանրապես, հանցագործություն կյանքի էության նկատմամբ: Ուստի, բոլոր գիտակից ու կիրթ հավատացյալները համոզված են, որ հուսահատությունն ու իր հետ կյանք բերած ծուլությունն է բոլոր դժբախտությունների, հիվանդությունների ու անգամ աղքատության պատճառը:
Երջանկության հորմոններ
Երկու հիմնական նյութեր կան, որոնք ազդում են մեր տրամադրության վրա:
Սերոտոնին: Ում մասին ասում են` ասես ներսից է լուսավորվում, այդ հորմոնի անբավարարություն հաստատ չունի: Գիտնականները պարզել են, որ այդ բնական քիմիական տարրը պաշտպանում է նաև քաղցկեղից: Սերոտոնինը լարվածությունը վերացնում է, ազդում է քնի ու ախորժակի վրա, բավականության զգացում է առաջացնում ու բարձրացնում տրամադրությունը:
Մեծ քանակությամբ սերոտոնին են պարունակում շոկոլադը, բանանը, արմավը, թուզը: Օրգանիզմում սերոտոնինի մակարդակի ու տրամադրության կապը երկուստեք է: Սերոտոնինի ավելացման հետ բարձրանում է տրամադրությունը, ու տրամադրության բարձրացման հետ ավելանում է սերոտոնինի մակարդակը:
Էնդորֆին: Էնդորֆինի բարձր մակարդակը լավատեսությամբ է համակում, մարդն իրեն բացարձակ երջանիկ է զգում: Այդ կենսաբանորեն ակտիվ նյութերը մշակվում են ուղեղի բջիջներից ու նյարդային համակարգից: Հատուկ ռեցեպտորներին միանալով` դրանք հեշտացնում են նյարդային ազդակի «վազքը» դեպի «հաճույքի կենտրոն»: Նյարդային այդ կենտրոնի գրգիռը թեթևության, երջանկության ու սթափության զգացում է հաղորդում:
Էնդորֆինը միայն ներքին «բավարարիչի» դեր չի կատարում: Այն նաև հզոր ցավազրկող, ջերմիջեցնող ու հակաբորբոքային հատկություն ունի: Օրինակ` հղիության ժամանակ էնդորֆինի քանակն ավելանում է, իսկ ծննդաբերությունից հետո` կտրուկ իջնում: Դա հետծննդաբերական դեպրեսիաների պատճառներից մեկն է: Էնդորֆինի սինթեզի խանգարումը, գիտնականների կարծիքով, կարող է քրոնիկ հիվանդությունների ցավային ախտանշանների պատճառ դառնալ:
Ի՞նչն է երջանիկ դարձնում
Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Սեքսը մի քանի անգամ ավելացնում է էնդորֆինի մակարդակը: Պատահական չէ, որ արևելքի բժիշկներն այն համարում են բոլոր հիվանդությունների համադարման: Հնում մի ընդհանուր դեղ էր նշանակվում բրոնխիալ ասթմայի, գաստրիտի և հազար ու մի այլ հիվանդությունների դեպքում: Վիճակագրության համաձայն` շատ հիվանդների վիճակը բարելավվում է նման թերապիայից հետո: Այնպես որ սեքսի բուժական ազդեցությունն ապացուցված է: Եվ այն կանայք, որոնք հրաժարվում են սեքսից` պատճառաբանելով գլխացավը, կորցնում են շուտ ապաքինման հնարավորությունը; Սա հումոր չէ. բանն այն է, որ միգրենով տառապողների մոտ ի ծնե ցածր է «երջանկության հորմոնի» սինթեզը: Այնպես որ, նրանց առաջին հերթին է ցուցված ամեն «հաճելի բան»:
Սնունդ: Բանն այն է, որ բնակչության 40%-ը գերադասում է լավ սնունդը լավ սեքսից: Սակայն ամեն սնունդ չէ, որ միանման է նպաստում էնդորֆինի սինթեզին: Ապացուցված է, որ առաջին տեղում ածխաջրերերով հարուստ սնունդն է, բանանն ու շոկոլադը: Գրեթե նույն ազդեցությունն ունի նաև պաղպաղակը: Այս կարգի մնացյալ սնունդի ազդեցությունը թույլ է: Իսկ ածխաջրերը մեծ ազդեցություն ունեն կանանց վրա: Դա է պատճառը, որ դեպրեսիայի ժամանակ կանայք սկսում են իրենց դժբախտություններն «ուտել» ու գիրանալ:
Հղիություն: Այն կնոջը երջանկություն է պարգևում 9 ամիս: Էնդորֆինների քանակի բարձրակետը համընկնում է ծննդաբերության պահի հետ:
Ուլտրամանուշակագույնը նույնպես ավելացնում է սերոտոնինի խտությունն օրգանիզմում: Դրա համար էլ լուսային օրվա երկարելն ու տաքանալը բարերար ազդեցություն է ունենում հյուսիսաբնակների վրա: Իսկ հարավաբնակների մոտ, որոնք միշտ բնակվում են գրեթե չփոփոխվող կլիմայական պայմաններում, չկան տրամադրության սեզոնային վերելքներ ու սեզոնային դեպրեսիաներ:
Ծիծաղ: Էնդորֆինների մակարդակը կտրուկ բարձրանում է ծիծաղի ժամանակ: ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի գիտնականներն ուսումնասիրությամբ պարզել են, որ ուրախ ֆիլմերի դիտումը բարելավում է արյան շրջանառությունը, մինչդեռ թրիլլերներն ու ժանրով նման ֆիլմերն էմոցիոնալ ցնցում են պատճառում: Այնպես որ` կատակերգությունների դիտումը նույնքան օգուտ է բերում, որքան աերոբիկայով պարապելն ու վիտամինները: Ընդ որում, գիտնականներն առաջարկում են հույզերը չթաքցնել ու բարձրաձայն ծիծաղել, որպեսզի «երջանկության հորմոններ» մշակվեն: Դրանք էլ իրենց հերթին նպաստում են իմունիտետի բարձրացմանն ու ձմեռային դեպրեսիայի հաղթահարմանը:
Արվեստ: Ավստրալացի բժիշկ Դևիդ Էվանսը 19 փորձ է անցկացրել արվեստաթերապիայի կիրառմամբ: Երաժշտության ու գեղանկարչության բուժական չափաբաժին ստացած հիվանդների համար ավելի թույլ չափաբաժնով ցավազրկող է պահանջվել: Բացի այդ, նրանց մոտ էականորեն նվազել է արյան ճնշումը; Հետաքրքիր փորձ է անցկացրել նաև Լոնդոնի խոշորագույն հիվանդանոցներից մեկի ղեկավարությունը: Հիվանդանոցի տարածքը` միջանցքները, հիվանդասենյակներն ու նախասենյակները ներկել են տարբեր ոճերի ու ժանրերի նկարներով: Հիվանդների 80%-ը խոստովանել է,որ գեղանկարչությունն իրենց շեղել է առողջական խնդիրների հետ կապված մտորումներից ու բարձրացրել տրամադրությունը:
Մեկ ուրիշ անգլիական կլինիկայում որոշել են ստուգել արվեստի ազդեցությունը հիվանդների վրա, որոնք քիմիաթերապիայի կուրս են անցել: Մի խումբը լսել է երաժշտական ստեղծագործություն, մյուսը նկարներ է դիտել, իսկ երրորդը սովորական բուժման կուրս է անցել: «Երաժշտական» խմբում ճնշման ու վախի զգացողությունը նվազել է 32%-ով, «գեղանկարչական» խմբում` 18%-ով, իսկ պարզապես բուժման կուրս անցնողների խմբում հիվանդների տրամադրությունը չի փոխվել:
Պարգևավճար
Էնդորֆին է մշակվում նաև առաջադրված նպատակին հասնելու ժամանակ: Խնդիրը ձևակերպեցիր-կատարեցիր-բավականություն ստացար: Հաջողությամբ հաղթահարված ծանրաբեռնվածությունից, դժվարին վիճակից դուրս գալուց հետո օրգանիզմը պարգևավճար է ստանում դրական հույզերի ձևով:
Իսկ օրինակ` մեղքի զգացումը ճնշում է «երջանկության մոլեկուլների» դուրսմղումը: Այդ շղթան հրաշալի բացատրում է շատակերության ու սննդակարգի մեխանիզմը: Եթե մարդն ուտում է ու հետն էլ մեղքի զգացում ունենում (նորից չդիմացա ու կերա), «երջանկության հորմոնների» չափաբաժին չի ստանում ու սկսում է ուտել ու ուտել:Առաջանում է փակ շղթա, որը կարելի է միայն մի միջոցով կանգնեցնել` վերացնել արգելքները, սակայն սահմանափակել բարձրկալորիական սնունդը: Իսկ նիհարները քիչ են ուտում, իրենց չեն մեղադրում մի կտոր երշիկի համար ու հաճույք են ստանում առաջին պատառի հետ: Օրգանիզմը բավարարվում է իր չափաբաժնով ու ավելին չի պահանջում:
Այդպես է բացատվում նաև մարդու բավարարությունը, որ նա ստանում է թվում է թե ոչ համեղ, սակայն առողջարար սննդից: Եթե հրաժարվում է վտանգավոր մթերքից գիտակցաբար, հասկանալով, թե ինչ լավ բան է ինքն իրեն անում, ապա անգամ հազարի տերևը, որը սերոտոնին չի պարունակում, կարող է խթանել «երջանկության հորմոնի» արտանետումը` որպես պարգևավճար նպատակին հասնելու համար:
Ի դեպ, «երջանկության հորմոնները» հայտնաբերվել են անցած դարի կեսերին: Պարզեցին նաև, որ այդ հորմոնները մշակվում են գլխուղեղում ու ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների մոտ:
Թվում է, թե դեղատոմսը շատ պարզ է, երջանիկ լինելու համար պետք է հարթել այդ նյութերի անխափան մշակումը: Սակայն ի՞նչ քանակությամբ ու ինչպե՞ս: «Մարդկանց մեծ մասը երջանիկ է այնքանով, որքանով որոշել է լինել երջանիկ»,- ասել է մեծերից մեկը: Ավաղ, «երջանկության հորմոնի» անալիզ հանձնելն անհնար է, սակայն դրա անբավարարությունը կարելի է որոշել նաև արտաքին նշաններով ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:
Ախտորոշումը ճշտելու նպատակով հիվանդը կկարողանա արտահանել իր արյունը և դրա բաղադրամասերը
ՀՀ կառավարությունն իր նիստում առաջարկել է մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումների բժշկական օգնության մասին» օրենքում: Մասնավորապես, նախատեսվում է արյան բաղադրամասերի պետական պաշարի պահպանումն իրականացնել ոչ թե մեկ տեղում, ինչպես սահմանված է օրենքում, այլ երկրի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա աղետի կամ ռազմական իրավիճակի պայմաններում կանխել այդ ամբողջ պաշարի ոչնչացումը: Օրինագիծը նաև բովանդակում է դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնականոն իրականացման ժամանակ գործընթացներում ներգրավված անձանց առողջության պահպանման դրույթներ: Նախագծի մշակմանը, բացի Առողջապահության նախարարությունից, մասնակցել է պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով և բխում է կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից:
Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը:
ՀՀ կառավարությունն առաջարկում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ՄԱԿ-ի «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961թ. կոնվենցիայի պահանջներից:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակը հետազոտել և գնահատել է մեր երկրում գործող օրենքը, որը, ըստ գնահատականի, ներառում է միջազգային իրավունքի մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք միտված են ապաքաղաքացիությունից խուսափելուն: Դրանցից են քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը, իրենց քաղաքացիությունը զավակներին փոխանցելու հարցում տղամարդկանց և կանանց իրավահավասարությունը և այլն: Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը:
Սեպտեմբերից Հայաստանում կներդրվի պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը
Այս տարվա սեպտեմբեր ամսից Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Մասնագետի խոսքով` պնևմակոկային վարակների հարուցիչը մեր սովորական ուղեկից հարուցիչն է: Անգամ առողջ մարդուն զննելու դեպքում քթըմպանում կարելի է հանդիպել այդ հարուցչին: Սակայն օրգանիմի առանձնահատկությունների, ցածր իմունիտետի, տարբեր վարակիչ հիվանդությունների ագրեսիայի հետևանքով պնևմակոկ հարուցիչը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ:
«Ծանր հիվանդություններից պետք է մասնավորապես առանձնացնել թոքաբորբը, ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ): Այդ էր պատճառը, որ Առողջապահության նախարարությունը որոշեց սեպտեմբերից ներդնել պնևմակոկային պատվաստումները»,- ասաց Գայանե Սահակյանը:
Մասնագետը տեղեկացրեց, որ պատվաստման ենթակա են լինելու մինչև մեկ տարեկան երեխաները: Առաջին դեղաչափը երեխաները կարող են ստանալ 1.5 ամսական հասակում, երկրորդ և երրորդ դեղաչափերը` համապատասխանաբար 3 և 4 ամսական հասակում:
«Այսքան վաղ ենք իրականացնում պատվաստումը, որովհետև սովորաբար մինչև 6 ամսական հասակն արդեն երեխաների մոտ առաջանում են խնդրահարույց հիվանդություններ և, եթե մինչև այդ տարիքը երեխան իմունիտետ չունենա, հետագայում նրա մոտ կարող են զարգանալ շատ ծանր հիվանդություններ: Թոքաբորբը, օրինակ, բազմաթիվ հարուցիչներ ունի, որոնց 40 %-ը կազմում են պնևմակոկային հարուցիչները»,- ասաց Գայանե Սահակյանը:
Անդրադառնալով պատվաստման հետևանքով հնարավոր մահացության դեպքերին` մասնագետը նշեց, որ պատվաստման հետևանքով մահացության դեպքեր չեն կարող գրանցվել:
«Անցած տարի լուրեր տարածվեցին, որ պատվաստման հետևանքով երեխա է մահացել: Նշվում էր նաև, որ երեխայի մոտ գաղտնի թոքաբորբ է ընթացել: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ թոքաբորբը չի կարող գաղտնի ընթանալ, այն կարող է կայծակնային ձևով զարգանալ, և պատվաստումն այդ դեպքում համընկել է թոքաբորբի զարգացման հետ: Իրականում երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը»,- ասաց Գայեն Սահակյանը:
Մենոպաուզայի 15 ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ
Մենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: Յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում ու հիմնականում` 45 տարեկանից սկսած: Հորմոնալ վերակառուցումն անմիջական արտահայտություն է ունենում ինքնազգացողության վրա` մի շարք «անակնկալներ» պատճառելով: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում կնոջ կյանքի ու առողջության վրա:
Տարիներ առաջ կանանց մեծամասնությունը դաշտանադադարն ընկալում էր որպես կանացիության ու սեքսուալ ակտիվության մարում: Բարեբատաբար, ժամանակները փոխվել են, ու այսօր դաշտանադադարն ընկալվում է որպես նոր փուլի ազդանշան, փուլ, որի ընթացքում կինը, ցանկության դեպքում (ու ժամանակակից բժշկության միջամտության շնորհիվ) կարող է նաև ֆիզիոլոգիական լիարժեք կյանքով ապրել:
Ախտանշան 1.Մակընթացություն
Կարելի է ասել, որ մակընթացությունը (այլ կերպ այդ վիճակն անվանում են «տաք բռնկումներ») դաշտանադադարի այցեքարտն է: Կլիմաքսային տարիքի կանանց մոտ 80%-ը նման խնդրի բախվում է:
Դա հանկարծակի դեմքի, պարանոցի կրծքի ու թևերի շրջանում տաքության զգացողությունն է, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, քրտնարտադրությամբ ու օդի անբավարարության զգացումով: Մաշկը կարող է կարմրել կամ ծածկվել կարմիր բծերով: Հաճախ դրան ավելանում է գլխապտույտը, սրտխառնոցն ու տախիկարդիան (հաճախացած սրտխփոցը): Մակընթացությունները սովորաբար կարճատև են` 30 վայրկյանից` 2-3 րոպե:
Ի դեպ, մակընթացություն լինում է նաև տղամարդկանց մոտ, սովորաբար` տեստոստերոնի մակարդակի կտրուկ նվազման հետ կապված, որոշ սեռական օրգանների վիրահատությունների ֆոնին կամ դեղամիջոցների ազդեցությամբ:
2.Գիշերային հիպերհիդրոզ
Գիշերային ուժեղ քրտնարտադրություն: Ոմանք դա համարում են քնի ժամանակ կատարվող մակընթացություն: Դա նույնպես իգական սեռական հորմոնների դեֆիցիտի հետևանք է, որոնք անմիջական ազդեցություն են ունենում հիպոթալամուսում գտնվող ջերմակարգավորման կենտրոնի վրա: Ուղեղի այդ հատվածը կեղծ ազդանշաններ է ստանում, որ օրգանիզմը գերտաքացել է ու միացնում է ավելորդ ջերմության արտանետման մեխանիզմը, քրտնարտադրություն է կատարվում: Սակայն պետք իմանալ, որ հիպերհիդրոզը քնի ժամանակ ոչ միայն դաշտանադադարի ախտանշան կարող է լինել, այլև մի քանի ուրիշ հիվանդությունների մասին կարող է հուշել:
3.Անկանոն դաշտան
Ձվարանների հորմոնալ ֆունկցիայի աստիճանական մարումը հանգեցնում է անկանոնության, ամսականը դառնում է տևողությամբ քիչ, անկանոն ու նվազ: Ամսականների ինտերվալը մեծանում է, ու այդ դադարը կարող է հասնել 40-90 օրվա ու ավելի: Ժամանակի ընթացքում ամսականները կրճատվում են, ու եթե մեկ տարի մենստրուացիա չի լինում, ապա կնշանակի դաշտանադադար է սկսվել:
4.Հեշտոցի չորություն
Տարիքի հետ օրգանիզմում նվազում են նյութափոխանակության պրոցեսները, նվազում է հյուսվածքների, անոթների առաձգականությունն ու խոնավությունը, իսկ ինտիմ գոտիներն առավել զգայուն են այդ փոփոխությունների նկատմամբ: Հեշտոցի պատերը թորշոմում են, ճեղքեր են գոյանում, առաջանում է փոքր կոնքի օրգանների իջեցման , անգամ դուրս ընկնելու հավանականություն: Ախտանշաններից մեկն էլ հեշտոցում օտար մարմնի առկայության զգացումն է: Տարիքի հետ այդ տհաճությունները միայն ավելանում են: Մինչև 45 տարեկան կանանցից 15-30%-ին նման զգացումը ծանոթ է, իսկ 50-ից հետո` գրեթե 40%-ին:
Դաշտանադադարի առաջին ախտանշաններն առաջին անգամ կարող են հայտնվել վերջին դաշտանից 2 ամիս առաջ կամ մեկ տարի առաջ ու զգացնել մի քանի տարի: Հիմնական պատճառն էստրոգենների քանակի նվազումն է (կանացի սեռական հորմոններ):
5.Անքնություն
Սա ամենահաճախ հանդիպող ախտանշանն է դաշտանադադարի ժամանակ: Դրա «մեղավորը» կրկին իգական հորմոններն են:
Էստրոգենների անբավարարությունը մակընթացության ու գիշերային քրտնարտադրության պատճառն են, ինչը խանգարում է հանգիստ քնին և ուղեկցվում է մագնեզիումի ներծծման ու յուրացման խանգարման հետ (հանքանյութ, որը պատասխանատու է մկանների թուլացման համար): Իսկ մյուս հորմոնի` պրոգեստերոնի անբավարարությունը հանգեցնում է անքնության: Պրոգեստերոնը բնական վերականգնող հորմոն է, որը հանգստացնում է, խաղաղեցնում ու քնեցնում:
6. Տրամադրության տատանումներ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է այնպիսի տարածված ախտանշանի, ինչպիսին հոգեզգայական վիճակն է: Առաջանում է լացկանություն, տագնապայնություն, անհանգստություն, լարվածություն, նյարդայնություն և անգամ ագրեսիա: Տրամադրության նման անկումները կարելի է համեմատել ամերիկյան բլուրների հետ. մեկ րոպե առաջ կինը երջանիկ էր և ուրախ, մեկ էլ հանկարծ արցունքներ են հայտնվում:
Ամերիկացի գիտնականները Մասաչուսեթսի հիվանդանոցում հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 50-79 հազար ավելի քան 3000 կին: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց գրեթե 18%-ը այս կամ այն չափով տառապել է տագնապի զգացումից: Գիտնականները կարողացան ապացուցել, որ հանկարծակի տագնապի նման զգացողությունը, ինչպես և հոգեկան խանգարումները համարվում են դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ:
7.Սեքսուալ հակման նվազում
Վիճակագրության համաձայն` 50-60 տարեկան կանանց 80%-ը սեքսուալ տեսանկյունից ակտիվ է: Սակայն պետք է նշել, որ սեքսուալ հակման նվազումը նույնպես դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններից է: Դա ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական պատճառներ ունի: Արդեն նշվեց, որ դաշտանադադարի ժամանակ հեշտոցն ասես չորանում է: Լորձաթաղանթը զգայուն է դառնում ու նվազ առաձգական, ուստի սեռական ակտը տհաճ զգացողություններ է առաջացնում, ցավ: Ինտիմ մերձեցումը դառնում է գրեթե անհնար: Մեկ այլ պատճառ է համարվում դաշտանադադարի ժամանակ հորմոնալ վերակառուցումով պայմանավորված ցավը կրծքում:
8.Փխրուն եղունգներ, բարակած մազեր
Ինչպես և դաշտանադադարի ախտանշաններից մեծ մասի դեպքում, մազաթափությունը ևս պայմանավորված է օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռությամբ:
Դա բավական տարածված խնդիր է, հանդիպում է կլիմաքսային տարիքի կանանց 50-75%-ի մոտ: Սակայն էստրոգենների անբավարարությունից ոչ միայն մազերն են տուժում, այլև եղունգները, դրանք դառնում են փխրուն ու չոր:
9.Սրտի հետ կապված խնդիրներ
Կանացի հորմոնի` էստրոգենի բնական նվազումը կարող է դաշտանադադարի տարիքի կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել: Բանն այն է, որ էստրոգենը օգնում է պահպանելու անոթների ճկունությունն ու առաձգականությունը, ինչն ապահովում է զարկերակներում արյան ազատ հոսքը: Սակայն հետդաշտանադադարային տարիքի կանայք բոլոր զարկերակային հիպերտենզիայով տառապողների 50%-ն են կազմում: Ընդ որում, նրանցից շատերը սրտի հետ կապված խնդիրներ առաջին անգամ են ունենում:
10. Օսթեոպորոզ
Դաշտանադադարի ամենավտանգավոր ախտանշաններից է: Ընդհանրապես դաշտանադադարից հետո ընդհանուր ոսկրազանգվածը նվազում է, իսկ ոսկրահյուսվածքը` դառնում ծակոտկեն: Դա կոտրվածքների վտանգ է առաջացնում, հատկապես դաստակների, ազդրերի ու ողնաշարի շրջանում:
Հիմնականում հիվանդությունն աննկատ է զարգանում, սակայն կարող է որոշ դրսևորումներ ունենալ: Հատկապես կարող է զգացվել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, քայլելու ընթացքում, գոտկատեղի շրջանում: Ընդհանուր թուլություն ու ուժասպառություն կարող է զգացվել:
11. Անմիզապահություն
Միզապարկի ֆունկցիայի խանգարումը դաշտանադադարի ամենատարածված ախտանշանն է : Իգական սեռական հորմոնների անբավարարությունը հանգեցնում է կոնքոսկրի մկանների թուլացման, որոնք պատասխանատու են միզապարկի վերահսկողության համար: Դա հանգեցնում է տհաճ հետևանքների, ինչպիսին, օրինակ` ակամա միզարտադրությունն է:
12. Քաշի ավելացում
Մարմնի զանգվածի ավելացումն ուղեկցում է դաշտանադադարի գրեթե ողջ ընթացքը: Սակայն ավելորդ կգ-ները միշտ չէ, որ կլիմաքսի հետևանք են:
Այս առումով նշանակություն ունեն տարբեր գործոններ, օրինակ` սխալ սննդային հակումները, սերը յուղոտ ու կալորիական սննդի նկատմամբ: Որոշ կանանց մոտ տարիքի հետ ինսուլինի նկատմամբ անընկալունակություն է առաջանում, ինչը ստիպում է օրգանիզմին կալորիաներ պահեստավորել, ոչ թե այրել դրանք: Մի կարևոր գործոն էլ կա. տարիքի հետ օրգանիզմի մկանային զանգվածը նվազում է, իսկ ճարպաշերտը` ավելանում:
13. Մկանային ու գլխացավեր
Դաշտանադադարի ամենահաճախ հանդիպող ախտանշանն է գլխացավը: Այն կարող է արյունատար անոթների տոնուսի փոփոխման հետևանք լինել կամ էլ մակընթացության, անքնության ու սթրեսի հետ կապ ունենալ: Մյուս տհաճությունը մկանային լարվածությունն է, ինչը կապված է օրգանիզմում կալցիումափոխանակության խանգարման հետ:
14 Հիշողության խնդիրներ
Հասուն տարիքի կանայք հաճախ են բողոքում հիշողության կորստից ու կենտրոնանալու անընդունակությունից: Դա դաշտանադադարի հաճախակի հանդիպող ախտանշաններից է ու կապված է կրկին էստրոգենի մակարդակի նվազման հետ: Վիճակագրության համաձայն` դաշտանադադարի տարիքի բոլոր կանանց 2/3-ը նման խնդիր ունի, որը վերանում է հորմոնալ հավասարակշռության վերականգնման հետ:
15.Ալերգիա
Ապացուցված է, որ այս տարիքի կանայք ալերգենների նկատմամբ դառնում են դյուրազգաց ու ավելի հաճախ նման խնդիրներ ունեցողների մոտ ալերգիաների սրում է սկսվում:
Ներզատիչ և իմունային համակարգերը սերտ կապված են միմյանց, և իմունիտետը կարող է հորմոնալ փոփոխություններին պատասխանել նոր ալերգիկ ռեակցիաներով (հաճախ` ալերգիկ ռինիտ, ասթմա, դերմատիտ):
Դաշտանադադարը բարդ ու անխուսափելի փուլ է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եվ բնականաբար, ախտանշանները շատ ավելին են, քան թվարկվածները:
Այդուհանդերձ, դա պատճառ չէ, որ դաշտանադադարը դիտվի անխուսափելի սպառնալիք: Չարժե տագնապել: Այո, օրգանիզմը լուրջ վերակառուցման է ենթարկվում, որը նաև տհաճ ախտանշաններով է ուղեկցվում: Սակայն, ժամանակին մասնագետին դիմելու ու ճիշտ միջոց ընտրելու դեպքում բոլոր անհանգստությունները կարելի է նվազեցնել:
Ուրեմն դաշտանադադարը պետք է ընդունել որպես կյանքի մի անխուսափելի փուլ ու ամենևին դրանից ողբերգություն չսարքել:
Բաց դռների օրեր բժշկական հաստատություններում կանանց տոների մեկամսյակի կապակցությամբ
Վաղվանից կմեկնարկի կանանց տոների մեկամսյակը, ինչի կապակցությամբ ՀՀ բազմաթիվ բժշկական հաստատություններում կլինեն բաց դռների օրեր և՛ խորհրդատվություն, և՛ զննում, և՛ որոշակի բուժում ստանալու հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նրանք մասնավորապես շեշտեցին, որ բաց դռների օրերը նպատակ ունեն շեշտադրել, կարևորել կանանց առաջնային, կանխարգելիչ զննումը: Այս նպատակով մեկամսյակի ընթացքում անվճար կլինեն հատկապես մանկաբարձագինեկոլոգիական, ներզատաբանական, սրտաբանության և ակնաբուժության ոլորտային զննումները, որոնք ծրագրային հստակ ուղղություններն են, բայց սա չի նշանակում, թե այլ ոլորտներում անվճար զննումները բացառված են: Մասնագետները հայտնեցին նաև, որ անվճար չեն լինի միայն բարդ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող բուժման ձևերը:
Հերթերից և կուտակումներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը մշակել է հետևյալ սխեման: Դիմել ցանկացող կնոջ համար առաջին դուռը պետք է լինի պոլիկլինիկան, որտեղից էլ արդեն անհրաժեշտության դեպքում նրան կուղեգրեն համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններ:
Առողջությունը` նաև տոն. Մարտի 8-ից ապրիլը 7-ը` բաց դռների օր
«Առողջությունը ոսկուց թանկ է»: Վ.Շեքսպիրի այս հանրահայտ թևավոր խոսքը միշտ չէ, որ ուղենիշ է մեր կյանքում: Մեզանում տարածված սովորություն կա` բժշկի դիմել միայն դանակը ոսկրին հասնելու դեպքում: Կենցաղային հոգսերն ու սոցիալական պայմանները երբեմն ստիպում են մեզ անուշադրության մատնել առողջությունը: Դրա մասին հիշում ենք միայն, երբ «բանը բանից» անցած է լինում:
Հատկապես կանանց առողջությունը ազգի բարեկեցության հիմքն է, իսկ մոր և մանկան առողջության պահպանումը` առողջ հասարակության և վերարտադրողականության կարևորագույն նախադրյալներից:
Բայց կանայք ուրախանալու առիթ ունեն: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվել է միամսյակ նաև նրանց առողջության պահպանման ոլորտում:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մայրաքաղաքի և մարզային մի շարք բուժհաստատություններում իրականացվելու են բժշկական ամենատարբեր ծառայություններ, ներառյալ` կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհդատվությունը, հետազոտությունները, բուժումը, վիրահատությունները: Բոլոր ծառայությունները լինելու են բացառապես անվճար:
Նախարարության աշխատակիցները վստահեցնում են, որ այս նախաձեռնությունը միամսյակի շրջանակներում լավագույն առիթ է կանանց ուշադրությունը սեփական առողջության վրա դարձնելու, նրանց մոտ վարքագծային փոփոխություններ սերմանելու և տարին գոնե մեկ անգամ բժշկական հետազոտման դիմելու մշակույթի ձևավորման գործում:
Երևանի առաջատար կլինիկաների որակյալ մասնագետները այցելելու են պոլիկլինիկաներ և բուժհաստատություններ` ծառայություններ մատուցելու նաև մարզաբնակ կանանց: Քանի որ հանրապետության գյուղական համայքների բուժհաստատությունները համալրված չեն ախտորոշման որոշ արդիական սարքավորումներով, գյուղաբնակ կանայք կարող են այցելել մերձակա քաղաքներ` այնտեղ գործող կենտրոններում լիակատար հետազոտվելու համար: Առավել որակյալ ծառայություններ ապահովելու նպատակով, մայրաքաղաքից մարզեր են մեկնելու նաև նեղ մասնագիտական որակավորում ունեցող աշխատակիցներ: Բոլոր պոլիկլինիկաներում կլինեն բաց դռների օրեր, որոնց ընթացքում բոլոր կանայք կանցնեն բուժզննման բոլոր սենյակներով, իսկ անհրաժեշտության դեպքում կստանան ուղեգիր այլ բուժհաստատություններ այցելելու համար:
Հաստատվելու է ժամանակացույց և նախանշվելու են այն բուժհաստատությունների անունները, որոնցում ծառայությունները լինելու են պետպատվերի շրջանակներում, նույնիսկ` նեղ մասնագիտական ծառայությունները: Այդ մասին տեղեկատվությունը փակցվելու է նախարարության և քաղաքապետարանի էլեկտրոնային կայքերում:
«Եթե կնոջ մոտ հայտնաբերվի որևէ խնդիր և կարիք առաջանա գինեկոլոգիական առավել խորացված հետազոտության կամ վիրահատության, ապա կուղեգրվի համապատասխան բուժհաստատություն: Մենք պատրաստակամ ենք աջակցելու այդ բոլոր գործընթացներին: Քաղաքապետարանի հետ աշխատանքները կհամակարգվեն համատեղ, կնշանակվեն պատասխանատուներ յուրաքանչյուր բուժհաստատությունում, որպեսզի կանանց հոսքերը չխճճվեն բուժօգնության գործընթացների կազմակերպման ժամանակ: Մենք փորձում ենք այսպիսի միջոցառումներով ավելի ընդգրկուն և մատչելի դարձնել բուժօգնությունը»,- վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Փորձ է արվելու տարբեր հետազոտություններ իրականացնել նաև հիվանդանոցային ամբուլատոր պայմաններում:
Ներկայումս բավական տարածում գտած հիվանդությունները որոշակի առումով կնվազեն, եթե այս օրերին բոլոր կանայք ակտիվ լինեն և պարտադիր հետազոտվեն: Բացի գինեկոլոգիական խնդիրներից, կմատուցվեն նաև խորհդատվական նյարդաբանական, սրտաբանական և ակնաբուժական ծառայություններ: Կլինեն հատուկ օրեր` նվիրված մամոգրաֆիական հետազոտություններին: «Մենք նման լայնածավալ մասշտաբի աշխատանքներ իրականացնում ենք առաջին անգամ` քաջ գիտակցելով, որ առողջ մայրությունը առողջ մանկության, առողջ ընտանիքի գրավականն է, – նշեց Կ.Սարիբեկյանը:
Որպեսզի բոլոր կանայք տեղեկացված լինեն այս նախաձեռնության մասին, կիրականացվեն նաև հանրային իրազեկման և լայնածավալ քարոզչական աշխատանքներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր, որոնցում անդրադարձ կարվի կանանց առողջության պահպանման հիմնախնդիրներին: Նախարարության աշխատակիցները հորդորում են թե՛ երևանաբնակ, թե՛ մարզաբնակ կանանց` մեծացնել ուշադրությունը առողջության նկատմամբ և անպայման դիմել համապատասխան հետազոտության` առկա խնդիրները բացահայտելու և հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով:
Ի դեպ, առողջության պահպանման հաջորդ միջոցառումը նախատեսվում է իրականացնել մայիսի 9-ի կապակցությամբ` ընդգրկելով արդեն հայրենական պատերազմի մասնակիցներին և ազատամարտիկներին: Նմանատիպ նախաձեռնությունների շարք կմեկնարկի նաև երեխաների պաշտպանության կամ գիտության օրվա կապակցությամբ: Վիճակագրական տվյալները վկայում են, որ մեր երկրում վերջին տարիներին էապես նվազել են մայրական և մանկական մահացության դեպքերը, նկատվում է նրանց առողջության և կյանքի որակի բարելավում:
Ուրեմն պահպանենք մեր առողջությունը` այդպիսով ապահովելով նաև առողջ սերունդ:
Լ.Ն
«2013-ին 1000 ծնունդների մեջ 9.2 պրոմիլ մահ է գրանցվել, ինչը վերջին տարիների համեմատ բավականին լավ ցուցանիշ է». Գայանե Ավագյան
ՀՀ առողջապահության նախարարությանՄայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ անկախության տարիներից սկսած մայրերի և երեխաների առողջության պահպանումը գերակա խնդիր է եղել: Վերջին տարիներին խնդիրն ավելի ակնառու էր դարձել, սակայն մի շարք միջոցառումներ ձեռնարկվեցին` լուծումներ գտնելու համար: Գայանե Ավագյանի խոսքով` ձեռնարկված միջոցառումներից էր, օրինակ, ծննդօգնության ծրագրի ներդրումը, որով հղիներն անվճար հետազոտությունների, ծննդաբերության իրավունք ստացան, այդ թվում` կեսարյան հատման ժամանակ: Կարևորելով պոտենցիալ մայրերի առողջությունը` 15 տարեկան աղջիկների համալիր ստուգման ծրագիրը ներդրվեց:
«Առանց առողջ տղամարդու հնարավոր չէ առողջ սերունդ ունենալ, ուստև աղջիկներին զուգահեռ նաև 14-15 տարեկան տղաների ստուգում է կատարվում: Տարին մեկ անգամ նույնիսկ թվացյալ առողջ կինը կարող է ստուգումների համար դիմել պոլիկլինիկաներ և պետք է դիմել, սակայն մեր կանայք հաճախ չեն օգտվում այս ծառայությունից, քանի որ չեն գիտակցում դրա կարևորությունը, մինչև որ հիվանդության ռեալ ախտանիշներ չեն նկատում»,- ասաց Գայանե Ավագյանը` ընդգծելով, որ հղիների մոտ այդ մշակույթն արդեն ձևավորված է, հղիության մասին տեղեկանալու առաջին իսկ օրվանից հղիները դիմում են բժշկի, ինչն էլ նպաստել է մայրական և մանկական մահացությունների թվի նվազմանը:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` 2013-ին 1000 ծնունդների մեջ 9.2 պրոմիլ մահ է գրանցվել, ինչը վերջին տարիների համեմատ բավականին լավ ցուցանիշ է:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն կանանց միամսյակի կապակցությամբ մեծ միջոցառում կանցկացնի: Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանայք և աղջիկները կարող են դիմել պոլիկլինիկաներ, անվճար հետազոտվել և անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում բուժում և ուղեգրեր ստանալ: