Եթե որոշել են, որ էլեկտրաէներգիան պետք է դառնա 43 դրամ, ուրեմն կդառնա

էլ.Դեռևս այս տարվա փետրվարին առաջին անգամ Yerkir.am կայքը գրեց, որ ՀԷՑ-ում ճգնաժամ է, ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է: Մանրամասն նկարագրվեց հավելագրումների, պարգևավճարների, կորուստների ծածկադմփոցի մի հետաքրքիր մեխանիզմ: Քանի որ անցյալ տարեվերջին էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան, սպառողները սկսեցին խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել, էլեկտրական հոսանքի սպառման ծավալները փոքրացան: Հենց վիճակագրական ծառայության տվյալներով` էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել են 39 տոկոսով: Քանի որ սպառման ծավալները փոքրանում են, իսկ էլեկտրաէներգիա արտադրողներից գնվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ բարձրացել է, ստացվել է, որ ընկերությունը միայն մատակարարների գումարներն է կարողանում վճարել ու սկսել է վնասով աշխատել: ՀԷՑ-ը սկզբում լուռ մնաց, բայց միառժամանակ անց ակնարկեց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Խոստովանեց հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը, որ թանկ էլեկտրաէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս:

Ստեղծված իրավիճակում, ինչպես նշվում էր տարբեր լրագրողների ու վերլուծաբանների կողմից, ՀԷՑ-ի համար հարցերը կլուծվեին, եթե ընկերությունը կարողանար հասնել հասարակությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուն:
Այս տարվա մայիսի սկզբին արդեն մամուլը գրեց, որ ՀԷՑ-ը պատրաստվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ըստ շրջանառվող խոսակցությունների` սակագինը կարող էր գործող 38 դրամ/կվտ.ժամից հասցվել 45 դրամի: Դա նույնպես անարձագանք մնաց:
Մայիս ամսին Աժ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ էլեկտրաէներգիան թանկանալու է և 38 դրամի փոխարեն դառնալու է 45 դրամ` 1 ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Ապա հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին` թանկանալո՞ւ է, թե՞ ոչ: Փոխնախարարն ասաց, որ նման բան չկա:
Դրանից հետո, հունիսի 2-ին, ԱԺ-ին 2013 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց Խաչատուր Քոքոբելյանը, թե ճի՞շտ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 45 դրամ, ինչին ի պատասխան Արա Սիմոնյանն ասաց. «Քննարկումներն ընթանում են, եթե դրանք պետք է հանգեցնեն նրան, որ պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի սակագները, ուրեմն պետք է վերանայվեն: Որոշակի բան չեմ կարող ասել»:

Հիմա ՀԾԿՀ-ն ժողովրդի՞ կողմից է, թե՞ արջի

Հունիսի 4-ին արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Իր տարածած հայտարարության մեջ հանձնաժողովը նշում էր, որ շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թթ. կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թթ. սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»,- նշվում էր ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությունում:
Լրացուցիչ պարզաբանումներից պարզ դարձավ, մասնավորապես, որ ծախսերի մեծացման վրա մեծ ազդեցություն է ունեցել ՀԱԷԿ-ի չաշխատելը, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն էր ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի մեջ, բացի այդ, այլ ծախսեր կան և այլն: Ու սկսվեց…

Տնտեսագետները չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված ծախսերի փոփոխությունը, ինչու պետք է դրանք ազգաբնակչությունը ծածկի: Անցած տարվա հուլիսին էլեկտրաէներգիան թանկացավ միանգամից 25 տոկոսով: Այն ժամանակ այդ թանկացումը պայմանավորված էր գազի սակագնի թանկացմամբ, որից հայկական ՋԷԿ-երում էլեկտրաէներգիա են ստանում: Հիմա էլ էլեկտրաէներգիան պետք է թանկանա ևս մոտ 10 տոկոսով: Ստացվում է, որ 1 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է մոտ 35 տոկոսով:
ՀԾԿՀ-ն փորձում է հիմնավորել, թե համակարգի ֆինանսական կայունության, անխափան էներգամատակարարման համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամի ներդրում, որպեսզի ապահովվի անխափան աշխատանքը, բայց չկա կանխատեսելիություն, թե որքան ժամանակի համար է այդ թանկացումը: Եվ ինչպես արդարացիորեն նշել է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նորից նույն պատճառաբանությամբ ասեն` 40 միլիարդի ծախսեր են հարկավոր համակարգի արդիականացման համար ու սակագինը բարձրացնեն: Տնտեսագետի խոսքով, Հայաստանում էներգետիկ համակարգերն իսկապես հին ու մաշված են, արդիականացման խնդիր կա, մեր էներգետիկ համակարգերը հիմնականում ռուսական ընկերություններին են պատկանում, իսկ ռուսական էներգետիկ ոլորտն այսօր արտաքին լուրջ պատժամիջոցների առջև է կանգնած: Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ այդ պատժամիջոցները դեռ կխստանան, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ռուսական էներգետիկ ընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն:

Արժե հիշել, որ Հայաստանը, ներքաշվելով Եվրասիական նախագծերի մեջ, ըստ էության, իրեն զրկել է էներգետիկ համակարգի զարգացման այլընտրանքային հնարավորություններից, նույնիսկ Իրանի հետ էներգետիկ նախագծերի առումով:
Թե ինչ հետևանքներ կունենա այս թանկացումը, դժվար չէ ենթադրել: Հիշենք միայն մի «փոքրիկ» հանգամանք. յուրաքանչյուր ամիս վիճակագրական ծառայությունը հրապարակում է գնաճի ցուցանիշները, և արդեն քանիերորդ ամիսն է` ծառայության ներկայացուցիչնեը նշում են, որ գնաճի ցուցանիշների մեջ էական դեր ունեն անցած տարվա հուլիսի գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը, հաշվել են տնտեսագետները, Հայաստանում կհանգեցնի մոտ 15 տոկոս գնաճի, քանի որ այն ազդեցություն ունի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Բայց ինչպես տեսնում ենք, ՀԷՑ-ը լուրջ է տրամադրված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցում, իսկ ՀԿԾՀ-ն կարծես մոռացել է, որ ՀՀ պետական մարմինների համար առաջնահերթ պետք է լինի Հայաստանի քաղաքացու շահը:

 

Էլի մեր «ոխերիմ բարեկամը»

ալիև-պուտինԱյս էլ որերորդ անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է մեր ռազմավարական դաշնակիցը զինում մեր ոխերիմ թշնամուն (չխուսափենք այդ որակավորումից):

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը մայիսի 24-ին հայտարարեց, որ ՌԴ-ն ավարտել է 100 հատ T-90C տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է` նույն քանակով նոր խմբաքանակի մատակարարումը նույն երկրին:
Նշված տանկերը համարվում են հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում որ երկրին է Ադրբեջանն անընդհատ սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այդ զենքը…

Այո, առաջին անգամ չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական «քիրվայության» ականատեսն ենք դառնում:

2012 թ. փետրվարի 10-ին տեղեկություն տարածվեց, թե 2011-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր` T90C մարտական տանկեր գնելու մասին: Դրանից հետո` 2013 թ. ամռանը, հայտնի դարձավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը 1 մլրդ դոլարի այլ հարձակողական սպառազինություն էլ էր վաճառել Ադրբեջանին. հիշում ենք 94 հատ նույն T90C տանկերի, մոտ 100 ՀՄՄ-3-ների, 18 «Սմերչ»-ների և այլ սարսափելի ու հզոր զենքերի մասին:
Ու հանկարծ, անցյալ տարվա օգոստոսին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում, ռուսական «Ведомости»-ն գրեց, թե «Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևն առաջին անգամ բարձրաձայնեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալները: Նրա խոսքով` գործարքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար և աճի միտում ունի»:

Թվերը, մեղմ ասած, տպավորիչ են: Իսկ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ռուսական տանկերի նոր խմբաքանակը Ադրբեջանին մատակարարվելու վերաբերյալ ասում է, թե Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանի համար զուտ կոմերցիոն գործարք է. «Դա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա, և պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որևէ կրիմինալ չեմ տեսնում, սարսափելի ոչինչ չկա: Հայաստանի հետ նույնպես մենք ունենք ռազմատեխնիկական հարաբերություններ, առևտուր, այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա»: Եվ հայկական կողմը հաճույքով մոռանում է, որ Ռուսաստանը, բացի կոմերցիոն շահերից, նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ու անվտանգության հարցերում որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:
Եվ իզուր էին բոլոր նախադեպերի ժամանակ ռուս վերլուծաբանները, դիվանագետները կամ այլ տրամաչափի գործիչները փորձում համոզել ու «փաստարկել», թե դա կոմերցիոն հարց է, թե զենքի մատակարարումներն Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին` պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են Բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում: Իզուր են համեմատում այն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Իզուր, նման ջանքերի կարիք չկա, որովհետև հայ գործիչներն ու պաշտոնյաները Ռուսաստանի նման կեցվածքն ու գործելաոճն արդարացնում են ավելի ջերմեռանդորեն:
Թերևս ամենաանկեղծն այս հարցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, որ ոչ թե շտապեց արդարացնել դաշնակցի արարքները, այլ պարզապես նշեց. «Որպես ռազմական գերատեսչության ղեկավար, իհարկե, ես չեմ կարող դրան նայել բարի աչքով, բայց ես նաև դա քննարկելու իրավունք չունեմ»:
ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ յուրաքանչյուր պետություն իր ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցում է իր պլանների ու քաղաքականության շրջանակներում, և «Ռուսաստանի Դաշնությունը, լինելով մեր ռազմավարական գործընկերը, անկասկած, առաջին հերթին, ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական հարցերին»: Բայց նա հավելում է, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան բարձր մակարդակ ունի: Ուրիշ ի՞նչ կարող էր ասել նախարարը. հո չէ՞ր ասի, փախչենք` Ադրբեջանը, շնորհիվ մեր դաշնակցի, օրեցօր հզորանում է:

«Մանրուքներ», որոնք անչափ կարևոր են

Կարևոր է շեշտել մի քանի հանգամանք: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին: Բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, բայց եթե ռազմական գործողություններ սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները և Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն…
Բացի այդ, ենթադրենք, որ Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով իրենից: Հնարավոր չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու, չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք:
Այս համատեքստում արժե դիտարկել մեկ այլ հանգամանք ևս. աշխարհի քաղաքական քարտեզին առաջին անգամ հայտնվելու` Ադրբեջանի անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահ Ալիևն իր ելույթի գերակշիռ մասը «նվիրեց» Հայաստանին, արեց հայտարարություններ` նախազգուշացնելով «մութ ճակատագրի» մասին:

Եվ եթե ռուսական երկգլխանի արծիվը, որը նաև որոշակի ստորագրված պարտավորություներ ունի Հայաստանի նկատմամբ, հայացքը թաքցնում էր իր կողմից իր դաշնակցի թշնամուն վաճառված նորագույն տանկերի հետևում, որքան էլ որ տարօրինակ թվա, մեզ «օգնության» հասավ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, որ մայսի 30-ին իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ Ալիևի հայտարարության կապակցությամբ նշեց. «Թույլ տվեք նախ ասել, որ սադրիչ հռետորությունն ու հայտարարությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, լարում են իրավիճակը տարածաշրջանում և վնասում խաղաղ գործընթացը»:
Մինչդեռ Հայաստանի հետ Ռուսաստանի, ոչ թե ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցությունն է հուշում, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են իր դաշնակցի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքները հաստատ սպառնում են. ապացույցը այդ գործարքներից հետո հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի սադրանքներն ու արկածախնդրությունները:

Ուշադրություն հրավիրենք մի հետաքրքրաշարժ փաստի վրա էլ: 2009 թ. հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, որ ՌԴ-ն Հայաստանին փոխանցել է 800 մլն դոլարի զենք, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ շատ կտրուկ հայտարարություններով: Նույնիսկ Ռուսաստանի դեսպանին կանչեցին բացատրություններ տալու:
Բայց այս էլ երրորդ անգամն է, որ Ադրբեջանին ռուսական կողմից զենքերի վաճառքի մասին է նշվում, այն էլ մեր երկրի ամբողջ պետբյուջեի չափ արժեք ունեցող գործարքների մասին, բայց ՀՀ-ից ոչ մի արձագանք չի լսվում:

Հանուն արդարության, սակայն, նշենք, որ մայիսի 29-ին ԱԺ-ում, երբ ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանին լրագրողները հարց տվեցին, թե ինչ է անում Հայաստանը, որպեսզի թույլ չտա այլևս նման մասշտաբով զենքի վաճառք, նա պատասխանեց, որ քայլեր արվում են, կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն` ֆիքսված է սպառազինության քանակությունը, և այդ ուղղությամբ բավական մեծ քայլեր իրականացվում և իրականացվելու են, որպեսզի բոլորը մնան պայմանագրերի շրջանակներում:

«Եթե Ռուսաստանը զենք է վաճառել երկրորդ, երրորդ երկրի, այդ թվում` ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք բարեկամ հարաբերությունների մեջ չենք, դրանից չպետք է եզրակացնել, որ մեր հարաբերությունները նվազել են, մեր ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն: Զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում: Պետք չի շատ հասարակ ձևով նայել էս ամենին»: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչ պետք է եզրակացնել այդ ամենից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ոչ մի բան: Եզրակացրեք, որ կյանքը շարունակվում է»:

Ապագա գործընկերոջ «բարեկամական» ապտակը Հայաստանին

նազարբաևԱնցնող շաբաթ հայության ուշադրության կենտրոնում մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստն էր, մասնավորապես` դրա ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արած հայտարարություն-առաջարկը, այն է` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ ՀՀ-ն դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում: Սա բացատրվեց «իրենց մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում չգրգռելու» նկատառումով: Եվ դիմելով Սերժ Սարգսյանին` նա ասաց. «Դուք այդպես եք մտել ԱՀԿ, նախադեպը կա»: Ի լրումն` ավելորդ չհամարեց ընդգծել, որ ՄՄ նախագահները նման պահանջով նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից:

Ըստ էության` Նազարբաևի հայտարարությունը նշանակում է Հայաստանի անդամակցության նախապայման, և Ղազախստանի նախագահի նման կեցվածքը բնավ տարօրինակ չէ: Երբ այս տարվա սկզբներին քննարկվում էր Մաքսային միությանը Հայաստանի միանալու և դրա համար անհրաժեշտ «ճանապարհային քարտեզ» մշակելու հարցը, Ղազախստանի նախագահը հստակ հայտարարեց, որ Հայաստանի անդամակցության վերաբերյալ հատուկ կարծիք ունի ԼՂՀ-ի հետ սահմանային հարցերի ճշգրտման կապակցությամբ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Նազարբաևի հայտարարությանը, նշեց, որ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ նման սահմանների հարց չի եղել, ՄԱԿ-ում Հայաստանի սահման չի ամրագրվել, ինչպես և ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասի դեպքում: Փաստորեն, Նազարբաևը բերեց մի փաստարկ, որը գոյություն չունի:

Որքան տհաճ, այնքան էլ ձևական հայտարարություն

Արժե ուշադրություն դարձնել, որ Նազարբաևի նախապայմանում չի խոսվում ամենակարևոր խնդրի` Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանագծին անցակետեր դնելու անհրաժեշտության մասին, ու հայտարարությունն ավելի շատ ձևական բնույթ է կրում: Հարցն այն է, որ Հայաստանի և Արցախի միասնականության հարց` դիվանագիտական առումով, ընդհանրապես գոյություն չունի: Արցախը, և դա բազմիցս հայտարարվել է նաև ՀՀ-ի կողմից, երբեք Հայաստանին չի պատկանել և չի պատկանում: Հետևաբար, խնդիրն այն ձևակերպմամբ, որով փորձում է մատուցել Նազարբաևը, ընդհանրապես գոյություն չունի:

Հայտարարությունից անմիջապես հետո բոլորը հույս էին հայտնում, որ ՀՀ նախագահն ըստ արժանվույն կպատասխանի Ղազախստանի նախագահի հայտարարությանը: Սակայն Սերժ Սարգսյանը Աստանայում ոչինչ չասաց: Եվ միայն Հայաստանում` Ծաղկաձորում, մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին, նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի կազմում այսօր: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

Ինչ վերաբերում է օրերս լայնորեն քննարկվող այն տեսակետին, թե Նազարբաևի հայտարարությունը ենթադրել է տալիս, որ ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ կտեղադրվի, ապա դրան բավական հստակ է պատասխանել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հայաստանն արդեն 11 տարի է, ինչ ԱՀԿ-ին է անդամակցում, այս ընթացքում որևէ մեկը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ տեսե՞լ է»,- ասել է նա:- Հայաստանն ու ԼՂՀ-ն իրար հետ մի ընդհանուր տնտեսական տարածք են կազմում, ու այդ տարածքում մաքսակետեր չեն լինելու»:

Ղազախստանին, իր «բարեկամասիրության» համար, դեռ ոչ ոք չի սաստել

Բայց շատ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք, որը «հուշեց» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` նշելով, թե Նազարբաևը, իր իր խոսքում մեջբերելով Ադրբեջանի նախագահի նամակը, կասկածի տակ է դնում Եվրասիական տնտեսական միության ապագան. «Որովհետև Եվրասիական տնտեսական միությունն անվտանգության միջավայր է, և եթե այդ անվտանգության միջավայրում այդ միջավայրին ոչ մասնակից երկրի միջնորդությունը քաղաքական հայտարարություններ անելու հիմք է այդ անվտանգության միջավայրին մասնակից երկրի ղեկավարի համար, դա նշանակում է, որ այդ ղեկավարը դրանով կասկածի տակ է դնում միջավայրի ապագան»: Իրոք, Նազարբաևի հայտարարությունից պարզ է դառնում, որ Եվրասիական տնտեսական միությունում դրան ոչ մասնակից Ադրբեջանի տեսակետն ավելի շատ է հարգվում, քան մասնակից դառնալ փորձող Հայաստանի, ու հարց է առաջանում` ո՞րն է նման միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, չարժե՞, որ Հայաստանը վերանայի իր արտաքին քաղաքականությունը: Այս առումով էլ ԼՂՀ փոխվարչապետը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունը, անկախ նրանից, թե որ անվտանգության միջավայրում է գործունեություն իրականացնում, պետք է միշտ հաշվի առնի այն հանգամանքը, որ ՀՀ-ն եղել և մնալու է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը:

Մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է առկախ Հայաստանի համար: Բացառված չէ նոր, արհեստական խոչընդոտների հարուցումը նույն Ղազախստանի կողմից: Որովհետև Նազարբաևն իր «ընկերոջը»` Ադրբեջանի նախագահ Ալիևին չնեղացնելու պատճառաբանությամբ արդեն բազմիցս Հայաստանի համար խնդիրներ է ստեղծել տարբեր հարթակներում` Իսլամական երկրների կոնֆերանսում, ՄԱԿ-ում, ամենուր: Բայց ամենացցուն օրինակները, թերևս, կապված են ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցի հետ: Նազարբաևին քանիցս հաջողվել է խանգարել Հայաստանի անդամակցելուն, և ոչ միայն, նաև ԵՏՄ-ի հիմնադիր անդամ դառնալուն, որով մեր ղազախ «բարեկամը» կասեցեց Հայաստանի` համահիմնադրի կարգավիճակից բխող շահաբաժիններից, քաղաքական առավելություններից, որոշումների վրա ազդելու հնարավորություններից օգտվելու շանսերը: Եվ Ղազախստանի կողմից նման «բարեկամական ժեստերը» ապագայում էլ բացառված չեն, առավել ևս, որ դրանց համար ոչ ոք նրան չի սաստում:

 

Նախագահական ընտրություներից հետո Սիրիայում իրավիճակը չի խաղաղվի

Syria_electionsՍիրիայում ավարտվեցին հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները պաշտոնապես հայտնի կլինեն հունիսի 5-ին: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը, ըստ հրապարակումների, կազմել է 95 տոկոս, իսկ նախնական հարցումների ու արդյունքների համաձայն` ընտրություններին մասնակցածների գերակշիռ մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է գործող նախագահ Բաշար Ասադին: Նշենք, որ սիրիական օրենքների համաձայն` ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար պահանջվում է ստանալ ձայների 50 տոկոսը` գումարած 1 քվե:

Արժե նայել, թե ինչ պայմաններում էին անցնում այդ ընտրությունները:
Ըստ Սիրիայի սահմանադրության` ընտրությունները պետք է տեղի ունենային մինչև հուլիս ամիսը, քանի որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին:
Առաջին անգամ ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու մեկից ավելի թեկածուներ, քանի որ 50 տարվա մեջ առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ զուգահեռ` երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2 այլ ներկայացուցիչներ: Սակայն մեծ մասը կասկած չուներ, որ կհաղթի Բաշար ալ Ասադը, որ Սիրիայում իշխանության ղեկին է 2000 թվականից և նախագահի պաշտոնում փոխարինել է հորը` ՀաՖես Ասադին:

Սիրիայի քաղաքացիներն առաջին անգամ, 2012 թ. նոր սահմանադրության համաձայն, 7 տարի ժամկետով պետք է ընտրեին երկրի նախագահին: Ըստ 2012 թ. փետրվարի 28-ին ուժի մեջ մտած Սիրիայի նոր սահմանադրության 88-րդ հոդվածի` նախագահը ժողովրդի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ: Սիրիայում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում հետևում էին իշխանության գործադիր ղեկավարները, իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Սկզբնական փուլում անհասկանալի էր, թե ինչպես է կառավարությունը մտադիր կազմակերպել քվեարկությունը երկրի այն հատվածներում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ: Չէր նշվում նաև, թե ինչպես են վարվելու այն միլիոնավոր մարդկանց հետ, որոնք վերջին երեք տարում տեղահանվել են իրենց տներից և փախստականի կարգավիճակով գտնվում են հարևան երկրներում, որտեղ, ի դեպ, 2011-ից ի վեր սիրիական դեսպանությունները փակվել են: Սիրիայում ԿԸՀ-ին փոխարինող արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեի ղեկավար Հիշամ Աշ-Շահարը հայտարարել էր. «Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է, ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ կարող է»: Բայց պարզ էր, որ քվեարկությունն անցկացվելու է այն շրջաններում, որոնք գտնվում էին կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Նայենք, թե ինչ քաղաքական խորապատկերում անցան ընտրությունները: Հենց այն պահից, երբ Մոհամմեդ Լահամը հայտարարեց Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Ասադի հակառակորդ գործիչներն անմիջապես հանդես եկան հայտարարությամբ` դա անվանելով «ֆարս», իսկ Ասադի հակառակորդների կողմնակից միջազգային ուժերը ընտրություններ անցկացնելու ծրագիրը համարեցին «ժողովրդավարության ծաղրանք»: Ընդդիմադիր զինյալները նախազգուշացրել էին, որ փորձելու են խափանել քվեարկությունը, իսկ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ընտրությունները բոյկոտեց: Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրություններն անվանեց «սիրիացիների արյամբ բեմադրված թատրոն»:
Արևմուտքի ղեկավարները դատապարտեցին չավարտված պատերազմի ընթացքում ընտրություն անցկացնելու որոշումը:

arm140177689321Հիշեցնենք` Սիրիան 2011 թ. մարտից գտնվում է ներքաղաքական ճգնաժամի` փաստացի քաղաքացիական պատերազմի մեջ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված:

Ասադը փորձում է ռեաբիլիտացիայի ենթարկվել, Արևմուտքը` խանգարել դրան

Սիրիայի իշխանությունների կարծիքով` այս ընտրությունը կարող է պատերազմի ավարտի հանգեցնել: Եթե ժողովուրդն Ասադին ընտրի, զինված հակամարտությունը պետք է դադարեցվի, իսկ եթե չընտրի` Ասադը պետք է հեռանա:
Երբ հայտարարվեց ընտրությունների անցկացման մասին, վերլուծաբանները նշում էին, որ Սիրիայի իշխանությունները ձգտում են այս քվեարկությունն ամեն կերպ ներկայացնել որպես ճգնաժամը լուծելու միջոց: Ու չէին սխալվում: Սիրիայի գործող նախագահ Ասադն ապրիլի կեսերին ասել էր, որ հակամարտությունը թևակոխել է «շրջադարձային փուլ» ապստամբների նկատմամբ Սիրիայի ուժերի առավելություն ձեռք բերելու շնորհիվ: Հետո Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին ասաց, որ այս ընտրությունը պատմական իրադարձություն է Սիրիայի համար, և մասնակցության բարձր մակարդակն աշխարհին կապացուցի, որ Սիրիայի ժողովուրդը որոշել է և վճռական է ընտրական գործընթացը հաջողությամբ պսակելու հարցում:

Բուն ընտրությունները, ճիշտ է, ուղեկցվեցին հրաձգություններով, մարտերով և այլն, բայց առանձնապես ոչ մի արտառոց բան չեղավ: Քվեարկության ընթացքին հետևում էին խորհրդարանականներ 30 բարեկամ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից:
Սիրիացիների մասնակցությունը ընտրություններին, եթե, իհարկե, հնարավոր է դատել միջազգային լրատվամիջոցներով հրապարակված տեսա-լուսանկարահանված կադրերից, աննախադեպ ակտիվ էր:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն արդեն անդրադարձել է Սիրիայում երեկ կայացած նախագահական ընտրություններին` դրանք որակելով «խայտառակություն»: Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում ինքնառաջադրված Բաշար ալ Ասադը, որ նաև գործող նախագահն է, չի վայելում Միացյալ Նահանգների վստահությունը:
Արևմուտքն ու Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ, ինչը նշանակում է, որ Արևմուտքն ու նրա մերձավորարևելյան դաշնակիցները Ասադի հետ` որպես լեգիտիմ նախագահի, չեն պատրաստվում նստել բանակցությունների սեղանին ու շարունակելու են աջակցել ապստամբներին:
Բայց Սիրիան Արևմուտքի ու նրա մերձավորարևելյան ուղեկիցների դեմ մենակ չմնաց. ի հակադրություն Արևմուտքի, Իրանն ու Ռուսաստանը հանդես եկան սիրիական ընտրություններն աջակցող հայտարարություններով: «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ու ճգնաժամից դուրս գալուն, և ի վերջո այդ երկրում կհաստատվի կայունությունն ու խաղաղությունը»,- ասվում է մասնավորապես Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ընտրությունների ընթացքին հետևող Ռուսաստանի պատվիրակությունն էլ հայտարարեց, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Այսպիսով, Բաշար Ասադը կշարունակի պաշտոնավարել արդեն որպես Սիրիայի լեգիտիմ նախագահ` ունենալով Իրանի, Ռուսաստանի և մի շարք այլ բարեկամ երկրների աջակցությունը: Եվ, համապատասխանաբար, իր հակաքայլերն է անելու Արևմուտքի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայում իրավիճակը ոչ թե խաղաղվելու է, այլ ավելի է թեժանալու:

 

ՀՀԿ-ի մղձավանջը սկսվել է

մրցավազքՔաղաքական պայքարն արդեն դուրս է եկել միջկուսակցական մրցակցության տիրույթից ու մտել ներկուսակցական խաղերի ու ինտրիգների փուլ: Եթե նախկինում կարելի էր միայն ենթադրություններ անել` դատելով հատուկենտ երևակվող դրվագներից ու դեպքերից, ապա այժմ դրանք սովորական առօրյա են դարձել:

Որ իշխող ՀՀԿ-ն ներկուսակցական լուրջ խմորումների փուլում է, երևում է ամեն ինչից: Նախ` դա հստակ երևաց Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի ու դրան հաջորդած ներիշխանական վերադասավորումների ընթացքում: Եթե համեմատաբար ավելի արագ կատարվեց նոր վարչապետի ընտրությունը, ապա հասարակությունը երկար ժամանակ ուշի ուշով հետևում էր, թե ինչպես է իշխանական բուրգը վերադասավորվում, ինչպես են վերաբաշխվում կառավարական պաշտոններն ու պորտֆելները, ովքեր և ինչպես են պաշտոններ ստանում: Ինտրիգը հատկապես սրվեց ԱԺ նախագահի, քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավարի, նախարարների, քաղաքական ու հայեցողական մյուս կարևոր պաշտոններն ու դիրքերը բաժանելիս:

Այդ ժամանակ ՀՀԿ մի շարք անդամներ ասացին, որ կուսակցության ներսում լուրջ կադրային խնդիր կա: Նրանք, ովքեր իսկապես համապատասխանում են նախարարի պորտֆել կրելու չափանիշներին, փորձում են հրաժարվել, իսկ գործադիր պաշտոնների համար ՀՀԿ-ն պատրաստված թեկնածուներ շատ չունի: Սա, թերևս, ապացուցվեց այն ժամանակ, երբ կառավարությունը կազմավորվեց հիմնականում նախկին պաշտոնյաներից:
Առաջին շարժառիթը, որ ՀՀԿ-ի ներսում տարաձայնությունների տեղիք տվեց, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Գալուստ Սահակյանի` ԱԺ նախագահ ընտրվելն էր, ավելի ճիշտ` նշանակումը, քանի որ հանրապետական պատգամավորներին հրահանգվել էր քվեարկել Գալուստ Գրիգորիչի օգտին: Եվ ուշագրավ էր, որ նրա թեկնածությունը պաշտպանող հանրապետականները միայն մեկ արժանիք էին հիշում` փորձառությունը: Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ, ինչը ոչ միայն ընդդիմության սրտով չէր (ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը), այլև` հենց ՀՀԿ-ականների: Ընտրության օրը, ինչպես հիշում ենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության` տարաբնույթ սկանդալային պատմությունների հերոս Մհեր Սեդրակյանը չկարողացավ զսպել իր դժգոհությունը, ԱԺ նախագահ դառնալու հավակնություններն ու չիրականացած ցանկությունները: Մեզ հասած տեղեկություններով` Գրիգորիչի ԱԺ նախագահ դառնալու հանգամանքով ոգևորված չեն նաև երիտհանրապետականները: Մամուլը նույնիսկ ուշադրությամբ հետևեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի դիմախաղին ու արձանագրեց, որ Գալուստ Սահակյանի յուրաքանչյուր սայթաքումին Շարմազանովը քմծիծաղով կամ ժպիտով է արձագանքում: Բայց դա շուտով հարթվեց:

ՀՀԿ շարքերի ամրության առումով հաջորդ «թեստը» թերևս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությունն էր, որն ընթացավ դարձյալ հակասությունների ծիրով, թե ինչու խմբակցության ղեկավարի դիրքում ամենահարմար թեկնածուն համարվեց ընդամենը 3 տարի առաջ ՀՀԿ շարքերը համալրած Վահրամ Բաղդասարյանը: Հին հանրապետականներն այս որոշման դեմ գաղտնի, թե վախվորած, բայց, այնուամենայնիվ, բողոքեցին, սակայն նույն` վերևների ձեռքը սեղանին խփելու տարբերակով համակերպվեցին այդ մտքի հետ ևս:

Մինչև ե՞րբ կհաջողվի զսպել կուսակիցների ախորժակը

Որ հանրապետական կուսակցությունում խմորումները շարունակվում են, հստակ արտահայտվեց նաև հուլիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական զարգացումներից: Այստեղ բավականին ուշագրավ քաղաքական ինտրիգների շարան արձանագրվեց:
Առաջադրված 4 թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ական էին (ըստ ԿԸՀ տվյալների): Այդ երեք թեկնածուներից Վաչագան Ադունցին առաջադրել էր հենց ՀՀԿ-ն, և նա համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, մյուս երկու ՀՀԿ-ականները ինքնառաջադրված Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանն էին: Առաջինը Սյունիքի գործող մարզպետի ընկերն է, երկրորդը` անցյալ տարի Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը: Ընդ որում, այս երկու թեկնածուներն ընկերներ են ու հենց սկզբում հայտարարեցին, որ միևնույն ճակատն են ներկայացնում:
Ինքնառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները բարձրաձայնեցին նաև, որ Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, և վերջինս հենց այս թեկնածուի միջոցով փորձում է պահպանել իր դիրքերը Գորիսում, հետագայում նաև վերահաստատել դիրքերն ընդհանրապես Սյունիքում: Ու թեև Արա Բուդաղյանը ինքնաբացարկ ներկայացրեց և հայտարարեց, որ աջակցում է Տիգրան Կարապետյանին, հենց նույն օրը Տիգրան Կարապետյանն էլ, որ համարվում էր գորիսեցիների ճնշող մեծամասնության համակրանքն ու, ամենայն հավանականութամբ, վստահությունը վայելող թեկնածուն, անսպասելի ինքնաբացարկ ներկայացրեց` հայտարարելով, որ ստեղծված պայմաններում դա ամենաճիշտ որոշումն էր:
Իսկ ի՞նչ պայմաններ էին ստեղծված: Առաջին հայացքից` գուցե նախկին ու նոր մարզպետների մրցակցությունը. փաստորեն հաղթեց նախկին մարզպետը: Բայց ոչ: Սուրիկ Խաչատրյանը, ինչպես մեզ հայտնեցին լավատեղյակ անձինք, հաջողել էր ավելի շուտ կուսակցական վերնախավին ներկայացնել իր թեկնածուին և ընտրություններում իր թեկնածուի համար պաշտպանություն ապահովել: Եվ երբ մյուս երկու ՀՀԿ-ականներն ինքնառաջադրվեցին, ՀՀԿ-ն արդեն Գորիսում առաջադրված թեկնածու ուներ: Սկզբում գործերն այնքան էլ վատ չէին առաջ գնում, քանի դեռ Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը չէին հայտարարել, որ Գորիսում, ճիշտ է, ՀՀԿ-ն առաջադրել է Ադունցի թեկնածությունը, բայց ՀՀԿ-ականները սատարում են իրենց:
Դա ճակատագրական սխալ էր, որ ՀՀԿ-ի վերևներում ընկալվեց որպես ՀՀԿ միասնականությանը սպառնացող վտանգ, քանի որ ինքնառաջադրված ՀՀԿ-ականները հայտարարում էին (և Գորիսից հասնող լուրերն էլ դա հաստատում էին),որ Գորիսի ՀՀԿ-ականները սատարում են ոչ թե Սուրիկ Խաչատրյանի առաջարկած ու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին, այլ ինքնառաջադրված կուսակցական ընկերոջը: Իսկ դա նշանակում էր, որ շարքային ՀՀԿ-ականները դուրս էին գալիս «ի վերուստ» եկած հրահանգների դեմ: Ակնհայտ էր, որ ընտրություններում հաղթելու էր Տիգրան Կարապետյանը: Սա, իր հերթին, նշանակում էր, որ ՀՀԿ-ն կպարտվեր ՀՀԿ-ականներին: Դա արդեն կարող էր վարակիչ լինել կուսակցության մյուս կառույցների համար, ինչի նախադրյալները կային: Նման դրսևորումն անկառավարելի կդարձներ կուսակցական ամբողջական օրգանիզմը: Եվ ՀՀԿ-ում հստակ որոշեցին` Տիգրան Կարապետյանը պետք է ինքնաբացարկ հայտնի: Մնացածն արդեն տեխնիկայի խնդիր էր:
Մյուս ուշագրավ հանգամանքը վերաբերում է մայիսի 24-ին կայացած ՀՀԿ 15-րդ համագումարին: Համագումարի նախօրյակին, ինչպես մեզ պատմեց մեկ այլ երիտհհկական, պետք է ընդլայնվեր ՀՀԿ ԳՄ կազմը. այնտեղ պետք է հայտնվեին նոր անուններ: Այսպես, յուրաքանչյուր հեղինակավոր ՀՀԿ-ական առաջադրել է իր ուզած թեկնածությունները, որոնք պետք է դառնային ՀՀԿ ԳՄ անդամ` հետագայում կշիռ բերելով իրենց առաջադրած հեղինակավորին: Այդ անունների շարքում եղել են նաև անձինք, որոնք ՀՀԿ շարքերը համալրել են 1-2 տարի առաջ: Սա առաջացրել է ՀՀԿ հավատարիմ զինվորների` Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու նրանց «թևի» ներկայացուցիչների զայրույթը: Նրանք այս հարցի կապակցությամբ դիմել են Սերժ Սարգսյանին, որն էլ համաձայնել է քաղաքական մարտերի իր «կռվող» զինվորների նկատառումներին, ու վերջին պահին ՀՀԿ ԳՄ կազմը համալրողների ցուցակը վերախմբագրվել է: Սա էլ եղել է իրավիճակային լուծում` ակնհայտ արտահայտված դժգոհության ալիքը սկզբնավորման պահից իսկ կանխելու նկատառումներով:

Ըստ երևույթին, սեփական կուսակիցների` իշխանություն վայելելու ցանկությունները շատ երկար չի հաջողվի զսպել, եթե իրերն այսպիսի ընթացք ունենան:
Այս ամենը գալիս են հաստատելու նախկինում հրապարակված մեր այն դիտարկումները, որ ՀՀԿ-ն, արտաքին ճնշումը` ընդդիմության ազդեցությունը չեզոքացնելով, արդեն ներքին համախմբվածությունը կորցնելու և օրեցօր թուլանալու է: Դրանից բխող բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետևանքներով:

 

Նախագահական ընտրություններն էլ Ուկրաինային խաղաղություն չբերեցին

պորոշենկոՈւկրաինայում կիրակի կայացան նախագահական ընտրություններ: Ենթադրություններ կային, որ ընտրություններին քաղաքացիների անհրաժեշտ քանակությամբ մասնակցություն չի լինի և ելքը կորոշվի երկրորդ փուլով, բայց ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմեց 60,29%, ընտրությունները կայացած համարվեցին: Ուկրաինան նոր նախագահ ունի, որ «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է:

Դեռևս մայիսի 12-ին Ուկրաինայի արևելյան նահանգներում` Դոնեցկում և Լուգանսկում, անցկացվեցին հանրաքվեներ` ինքնավարության հարցով, և երկու դեպքում էլ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Հռչակվեցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքն այդ հանրաքվեների արդյունքները չընդունեցին, ինչպես որ չէին ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այնուհետև, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն հայտնեց առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ` մատնանշելով Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարեց, որ Ուկրաինայի որոշ շրջաններում արդեն անհնար է անցկացնել նորմալ քվեարկություն: Բայց և նշեց, որ տվյալ ընտրատարածքներում ընտրություններ չանցկացնելը չի նշանակում, թե Ուկրաինայում առհասարակ չեն կայանալու ընտրությունները:

Ուկրաինայի իշխանություններին չմտահոգեց անգամ ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Յուջին Ռումերի և Էնդրյու Վայսի կոչն Ուկրաինայում նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Քաղաքագետները հայտարարել էին, որ այն պայմաններում, երբ երկիրը բոլորի աչքի առաջ փլուզվում է, անհնար է ընտրությունների համոզիչ արդյունքներ ապահովել:

Մայիսի 22-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ինքնավարություններն ուշագրավ հայտարարություն արեցին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ որոշել է դիմել Ռուսաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարեց, որ ռազմական դրություն է մտցնում հանրապետությունում: Բոլորը սպասում էին Ռուսաստանի դիրքորոշմանը: Այն չուշացավ: Մայիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում նշեց. «Մենք հասկանում, տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են` երկիրը դուրս գա այդ ճգնաժամից: Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում և կհարգենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»:

Սա, փաստորեն, Ռուսաստանի «կանաչ լույսն» էր ուկրաինական ընտրություններին: Այսուհանդերձ, հաջորդ օրը` մայիսի 24-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց երկրի քաղաքացիներին, որ նորընտիր նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել: «Մենք անպայման կունենանք օրինական ճանապարհով ընտրված նախագահ, որն իր առաջին այցը կկատարի միավորված Եվրոպայի մայրաքաղաք և ստորագրություն կդնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի տակ»,- ասաց նա: Սա նշանակում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տիրույթում չի լինելու, ինչը չի խանգարում Ռուսաստանին երկխոսություն սկսել ուկրաինական իշխանությունների հետ:

«Կայսրը մեռավ, կեցցե՛ կայսրը»

Այս ամենից հետո Ուկրաինայի, ավելի ճիշտ` Ուկրաինայում մնացած տարածքների նախագահ ընտրվեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Սա, կարծես, զավեշտի ժանրից լինի. մի երկրում, որտեղ ընդամենը ամիսներ առաջ ամբոխը պայքարում էր օլիգարխների դեմ, հետո հպարտանում, թե հաղթեց օլիգարխիային, լեգիտիմ ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց նույն օլիգարխիայի ներկայացուցիչը: Պորոշենկոյի միասնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարեց անգամ, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընտրարշավի համար ծախսել է 90 մլն գրիվեն (մոտ 7,7 մլն դոլար): Սրանով, այսպես ասած, ավարտվեց Մայդանի տենդը, այլևս ոչ ոք չի հայտարարում նոր նախագահին լյուստրացիա անելու անհրաժեշտության մասին:

ukraine-rallyԸնտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո` մայիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապեց շնորհավորել Ուկրաինային ընտրությունների կայացման կապակցությամբ: Օբաման հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում դարձան քայլ դեպի երկրի միասնություն:

ԱՄՆ-ի նախագահից հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշեց, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան: «Այս ընտրությունները հաստատել են ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ուղեգիծը»,- ասել է դիտորդական խմբի համակարգող Ժոաո Սոարեսը:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես հայտարարեց, որ կհարգի նախագահական ընտրությունների արդյունքները, թեև ընտրությունների օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը: Յանուկովիչի խոսքով` նոր իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ երկրում իրավիճակը կայունացնելն է:

Այս առումով բավականին հետաքրքիր էր Ուկրաինայի նորընտիր նախագահի հայտարարությունը: Երբ արդեն պարզ էր, որ հենց Պորոշենկոն է ընտրվել Ուկրաինայի նախագահ, նա հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկանում է հունիսի առաջին կեսին հանդիպել ռուսական ղեկավարության հետ: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք Պուտինի հետ գիտենք միմյանց»,- ընդգծել է նա` հավելելով, որ Ուկրաինայի արևելքում կայունություն ու խաղաղություն հաստատելն առանց Մոսկվայի միջամտության հնարավոր չի լինի:

Կարծես լուրջ նախադրյալներ ստեղծվեցին ուկրաինական խնդրի կարգավորման համար, որովհետև, ի պատասխան Պորոշենկոյի հայտարարության` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք լսում ենք` ինչ մտադրությունների մասին է խոսում Պորոշենկոն` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Նա դրանք ամենից կարևոր է համարում: Մենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, պատրաստ ենք Կիևի ներկայացուցիչների հետ երկխոսության, մենք պատրաստ ենք Պորոշենկոյի հետ երկխոսության»:

ԵՄ-ն, իր հերթին, ողջունելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները, ի դեմս Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարեց, որ ողջունում է ռուսական կողմի` ընտրությունների արդյունքները հարգելու և նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ հայտարարությունները:

Պորոշենկոն հայտարարեց նաև, որ նախագահի պաշտոնում իր համար առաջնահերթություն կլինի եվրաինտեգրումը: Բայց ընտրությունների հենց հաջորդ օրը հայտարարեց, որ աջակցում է արևելյան Ուկրաինայում ուժային գործողությունների շարունակմանը և առաջարկեց ակտիվացնել դրանք: Հենց նույն օրն ուկրաինացի զինվորականները ծանր հրետանային զենքից կրակ բացեցին Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա ավանի վրա: Հաղորդվեց, որ ավիացիան ռմբակոծում է նաև Դոնեցկի օդանավակայանը: Ինտերֆաքսը տեղեկացրեց, որ Վոստոչնի ավանում հրաձգության տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները:

Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարած տվյալների` մայիսի 26-ին Կիևի անցկացրած ուժային գործողությունների հետևանքով 100 մարդ է զոհվել` ավելի քան 50 աշխարհազորային և մոտ 50 խաղաղ բնակիչ, իսկ հիվանդանոցում մոտ 31 վիրավոր է գտնվում: Այս դեպքում միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ արեց դադարեցնել ուժային գործողությունները և հայտարարեց, որ Մոսկվան ԵԱՀԿ-ից օբյեկտիվ տվյալներ է ակնկալում Դոնեցկի ծայրամասում բախումների վերաբերյալ:

Ընտրություններին հաջորդած ամենահետաքրքիր զարգացումներից մեկն էլ այն էր, որ մայիսի 27-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարեց, որ Ուկրաինան սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը:

Սրան, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն Ռուսաստանի հակաքայլերը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատասխանները, և վիճակը, կայունանալու փոխարեն` էլ ավելի կսրվի:

 

 

Կառավարության համար` «հավակնոտ», մեր բակի վարպետ Աբոյի համար` հերթական ծրագիրը

RA Government presented its program to the RA NA«Արա՛մ ջան, ինձ մի տուփ սիգարետ տուր»,- դիմում եմ մեր բակի խանութպանին, որ իր ավտոտնակը վերափոխել է «վաճառատնակի»: Մինչ Արամը թեքվում է դեպի սիգարետների դարակաշարը, որ իմ ուզած ապրանքը տա, նրա վաճառասեղանի դիմաց փոքրիկ հեռուստացույցն ուրախ-ուրախ աղմկում է, թե ԱԺ-ում այսօր այսքան դեմ, այսքան կողմ, այսքան ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացավ կառավարության նոր ծրագիրը: Հետո ռեպորտաժը պատրաստած լրագրողը սկսում է թվարկել, թե ինչ «բարիքներ» է նախատեսում կառավարության նոր ծրագիրը փոքր ու միջին բիզնեսի համար, որ այն ուղղված է լինելու ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, որ խթանվելու են ներդրումները, որ, որ, որ…

– Արա՛մ,- ասում եմ,- տե՛ս, կառավարությունը սկսել է քո մասին մտածել, որոշել է քեզ համար շրջանառության հարկը զրոյացնել, որ զարգանաս, հարկայինին էլ հրահանգել է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնել քո խանութում, որ ավելորդ անգամ չանհանգստանաս հարկայինի բադին-կոզբադինների անհարկի ու անսպասելի այցելություններից, որ դուքանդ դարձնես մարդավարի խանութ, դուրս գաս քո էս գարաժից ու լույս աշխարհում նորմալ բիզնես անես:

Արամը, որ իմ ասածից հետո փորձում է էկրանից գեղեցիկ արտաքինով լուրեր հրամցնող հաղորդավարուհու ասածները համադրել հենց նոր ինձնից լսածի հետ, սիգարետը ինձ մեկնած` քարացել ու լսում է իր «փրկության բարի լուրն ավետող» ճարտասանությունը: Հենց այդպես, առանց հայացքը էկրանից կտրելու էլ մյուս` դատարկ ձեռքը թափահարեց օդում.
– Չէ, աղբեր ջան, ով փալանն ըլնի, մեկ ա, էշը մենք ենք:

Հետաքրքրվում եմ` չի՞ հավատում նոր կառավարության նոր ծրագրին: Արամը զարմացած դեմքիս է նայում, ուզում է ստուգել` կատա՞կ եմ անում, թե՞ լուրջ եմ խոսում: Ժպտում եմ քթիս տակ, Արամը հանգստացած շունչ է քաշում:

Վերցնում եմ սիգարետս, Արամին թողնում հեռուստացույցի «հավակնոտ» թեմաների մասին պատմող ռեպորտաժների հետ ու քայլերս ուղղում դեպի տուն: Համարյա մուտքի մոտ եմ հասնում, ու հանկարծ մի միտք է ծագում. հենց միայն մեր շենքի մոտակայքում 3 կրպակ կա, 2 մթերքի խանութ, 1 համակարգչային խաղերի սրահ, կարելի է ընդամենը մի 15-20 րոպեանոց շրջայցով հասկանալ, թե դրանց տերերը կամ աշխատեցնողները, որոնք համարվում են մանր բիզնեսի ներկայացուցիչ, ինչպես են վերաբերվում նոր կառավարության ծրագրին ու հայտարարություններին կամ գոնե գիտե՞ն, որ Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ, որոնք հավաքվել ու կառավարություն են կազմել, գիշեր-ցերեկ մտածում են` ինչ անեն, որ մեր շենքի մոտակայքի կրպակատերերն ու առահասարակ մանր բիզնեսի բոլոր ներկայացուցիչները սկսեն լավ ապրել:

Քայլերս ուղղում եմ դեպի մեր հարևան Սամվելի` շենքի հետևում` փոքրիկ այգու մոտ գտնվող կրպակը, որտեղ նա պտուղ-բանջարեղեն, ձեռքի հետ էլ հաց, պաղպաղակ, խմորեղեն, ձեթ, լուցկի ու այլ մանր-մունր բաներ է վաճառում: Սամվելը կամ Սամոն, իր կրպակի մոտքի առջև «կապած» հովանոցի տակ նստած, ագահորեն սիգարետի ծուխ է կուլ տալիս ու հպարտ կեցվածքով, գլխի թեթև շարժումով իր դուքանի պատուհանին փակցված գնատախտակի վրա է հրավիրում ուշադրությունս. «Լավաշ» գրվածքի դիմացի «100 դրամ» նշումը մեծ խաչով ջնջված է, վերևում ավելի մեծ չափերով գրված է` «75»: Հեռվից բարձր կանչում եմ.
– Ես էլ եկել եմ աչքալուսանք տալու. սրանից հետո փոքր բիզնեսդ ծաղկելու է, ու մի 2-3 տարուց ոչ թե պստիկ կրպակի, այլ մեծ խանութի, հնարավոր է նույնիսկ` մի քանի խանութների տեր ես լինելու, ա՛յ Սամո, բայց արդեն տեսնում եմ, որ բիզնեսդ առանց իմ բարի լուրի էլ սկսել է ծաղկել,արդեն լավաշը 25 տոկոսով էժանացրել ես: Հետո էլ բողոքում ես, թե իշխանությունները քեզ մոռացել են:
Սամոն էլ խոսքս բերանումս է թողնում.
– Տո քեզ էլ, քո իշխանություններին էլ, որ իրանք ոչ մի բան չանեն, ավելի շատ օգուտ տված կլինեն:
– Փաստորեն, Սամո՛, դու էլ հայրենի կառավարության ծրագրին չես հավատում: Մարդիկ հայտարարում են, որ սրանից հետո կանգնելու են սամոների կողքին, փոքր ու միջին բիզնես են զարգացնելու:
– Հա, կանգնելու են, բայց ոչ թե մեր կողքին, այլ մեր կոկորդին… Ասում են` ստվերից դուրս եկեք. գիտե՞ս` էդ ինչ ա նշանակում,- քմծիծաղով հարցնում է Սամոն,- իսկ էդ նշանակում ա, որ ոչ թե էթալու են էդ օլիգարխներին ստվերից հանելու, այլ ուղիղ գալու են իմ «բուդկա» ու ասեն` պամիդոր-խիարդ ստվերի տակ ես ծախում: Դե արի դրանց բացատրի, որ երբ իրանց շեֆն ասում ա` ստվեր, էդ լույսից պաշտպանող ստվերը նկատի չունի. չնայած…

Մտքումս կազմած ցուցակիս մեջ Արամից հետո Սամոյի անվան դիմաց էլ «մինուս» նշումն եմ անում, Սամոն էլ չի հավատում կառավարությանը:

Շարունակում եմ ճանապարհս, հասնում եմ կողքի շենքի պատին անվստահ «հենված» փոքրիկ տնակ-խանութին: Այդ շենքից երկու ծեր թոշակառու ամուսիններ են աշխատեցնում` վարպետ Աբոն ու նրա կինը` Լիդան: Մտնում եմ նրանց խանութ. միայն Աբոն է խանութում: Բերանը հենց նոր կերած մածունի ու հացի մնացորդներից մաքրելով` խանութի վաճառողի հլու և ծառայելու պատրաստ դեմքի արտահայտությամբ հարցնում է.

– Ի՞նչ ես ուզում, շե՛ֆ ջան,-չեմ էլ նկատել, թե երբվանից են ինձնից 2.5 անգամ տարեց Աբոն ու Լիդան սկսել ինձ «շեֆ»-ով դիմել:
– Եկել եմ ասելու, վարպե՛տ Աբո, որ կառավարությունը խոշոր գործարարներին հավաքել է ու բոլորով որոշել են, որ սրանից հետո դու, մեկ էլ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը` դե էն Լֆիկ Սամոն, էլի, հավասար պայմաններում եք աշխատելու: Արդեն կարող ես ազատ մրցակցել «Երևան Սիթի»-ների հետ:
Վարպետ Աբոն խեթ-խեթ նայում է ու.
– Որ իմանամ հանաք չես անում, որ իմանամ իսկականից հավատում ես քո ասածին, էդ կառավարությանը, չեմ ալարի, կանցնեմ էդ կողմն ու մի սիլլա կտամ, որ մանկությունդ հիշես ու սաղ կյանքումդ էլ չմոռանաս:
– Բայց ինչո՞ւ չես հավատում:
– Որովհետև 10-ից ավելի տենց ծրագիր եմ տեսել, որից հետո քո էդ Լֆիկի սուպերմարկետներն ավելացել են, իսկ իմ խանութի ապրանքները` գնալով քչացել:

Էլ երկար-բարակ «հարցախույզի» կարիք չկա. մտքիս ցուցակում Աբոյենց խանութի դիմաց էլ է հայտնվում «մինուս» նշանը: Մեկական մինուս էլ դնում եմ համակարգչային խաղերի սրահից ու մթերքի խանութներից դուրս գալուց հետո:

Փաստորեն, բնակությանս տարածքի ոչ մի մանր բիզնեսի ներկայացուցիչ, որի վրա պետք է տարածվեն նոր կառավարության նոր ծրագրերն ու որոշումները, քաղաքականություններն ու հայտարարությունները, որևէ դրական սպասելիք չունի: Իսկ դա հավանաբար ամենահմուտ վերլուծաբանի կամ տեսաբանի գնահատականից ավելի պերճախոս գնահատական է:

Ուկրաինան շարունակում է «ռինգ» մնալ աշխարհաքաղաքական խաղացողների համար

ukraine-crimea-russia-usa1Ուկրաինական ճգնաժամը սուր հակասություններ է առաջացրել Արևելքի և Արևմուտքի միջև:

Ամերիկացի փորձագետ, Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մակադամսի կարծիքով` Արևմուտքի համար ամենաշահավետ դիրքորոշումը ներկայիս հանգամանքներում կարող է լինել չմիջամտելու քաղաքականությունը: «Ռուսաստանի հետ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից: Կարծում եմ` եվրոպացիները հասկանում են դա, ինչի մասին վկայում է, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումը», – նշել է փորձագետը:
Բայց Արևմուտքը տուրք է տալիս ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքի թելադրանքով ստեղծվող լարվածությանը:

Ուշագրավ է ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերի և հիմնադրամի հետազոտական աշխատանքների գծով փոխնախագահ Էնդրյու Վայսի դիտարկումն ուկրաինական Ճգնաժամի վերաբերյալ Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածում. «Ճգնաժամը հետզհետե ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսանյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երևույթ են դառնում»:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ մայիսի 14-ին հայտարարեց, որ Ուկրաինայում սուր ներքաղաքական ճգնաժամը մոտ է վերաճելու քաղաքացիական պատերազմի, և ակնարկեց բանակցությունների անհրաժեշտության մասին:

Վերջին շրջանում արդեն հարյուրավոր զինվորականներ, ցուցարարներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվել Օդեսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում, Լուգանսկում, հարակից գյուղերում, ամենուր: Այնպես որ, Ուկրաինային ոչ թե սպառնում է քաղաքացիական պատերազմ, այլ երկիրը, եթե կարելի է Ուկրաինային դեռ այդպես կոչել, արդեն իսկ քաղաքացիական պատերազմի մեջ է:

Մեկ այլ ուշագրավ փաստ էլ է արձանագրվում: Ճգնաժամի ալիքն օգտագործելով` ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի սահմաններին ավելի ու ավելի մոտիկ ամրապնդել իր դիրքերը: Այս առումով բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ ու կոչեր են հնչել: Վերջիններից էր մայիսի 15-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը. «Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արևելյան սահմանային երկրներում, կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»:
Նրա խոսքով` Դաշինքի ենթակառուցվածքը և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արևելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Բարձրաձայնվեց անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Իհարկե, Մոսկվան կտրականապես դեմ է դրան: «Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են ազդելու եվրոպական անվտանգության համակարգի վրա, և մենք կտրականապես դեմ ենք»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Մինչ ռուսական կողմը սպառնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում` կապված Վրաստանի հանդեպ Մոսկվայի հնարավոր քայլերի հետ: ԱՄՆ դեսպանն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հարցը, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:

Նման հայտարարությունները կարծես միտված էին ստիպելու, որ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանից հետ քաշվեին: Բայց եթե ՆԱՏՕ-ն որոշի կայաններ տեղակայել Վրաստանում, ապա ռուսական զորքն ավեի շուտ կկապիտուլացնի Թբիլիսին, քան թույլ կտա, որ իր քթի տակ ՆԱՏՕ-ական բազա հայտնվի:

Սա, ինչ խոսք, հայտնի է արևմտյան քաղաքականության «հաշվապահներին»: Ուստի ԱՄՆ-ին մնում է դարձյալ դիմել ավելի փորձված քալերի` տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների: Այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներին, ի դեպ, բացի Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից, միացավ նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Արևմուտքի «պատժամիջոցները» Ռուսաստանում միայն ժպիտ են առաջացնում

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, The Wall Street Journal-ում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսը, որ այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավարն է, գրեց, թե Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սև ոսկի» արդյունահանող երկրների հետ:
«Հաշիվները սառեցնելուն և Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արևմուտքի, Չինաստանի և Հնդկաստանի համար»,- ասել է նա:
Թերևս իրավացի է ԿՀՎ նախկին ղեկավարն արևմտյան պատժամիջոցների դեմ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Հիշենք թեկուզ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կապված պատմությունը, որ չմտավ Եվրամիության պատժամիջոցների ցուցակ իր եվրոպացի գործընկերների շնորհիվ: Գերմանական, ֆրանսիական և իտալական էներգակոնցեռնների ղեկավարները քաղաքական գործիչներին ստիպեցին հանել նրա անունը ցուցակից` զգուշանալով բիզնեսին սպառնացող հետևանքներից: Արևմուտքը հատկապես մտքափոխվեց այն բանից հետո, երբ Միլլերն ակնարկեց, որ պատժամիջոցների շարունակության դեպքում «Գազպրոմը» կհայտնվի սնանկացման եզրին: Սա, ավեի շուտ, ակնարկ չէր, այլ սպառնալիք: Որովհետև փաստ է` Եվրոպային մատակարարվող գազի 30 տոկոսից ավելին բաժին է հասնում ռուսական գազին: Ու եթե «Գազպրոմը» որոշի, որ սնանկ է, ապա ԵՄ-ում էներգետիկ, հետևաբար նաև արդյունաբերական, տնտեսական, սոցիալական լուրջ ճգնաժամ կսկսվի: Սա, բնականաբար, Եվրոպայի երազանքը չէ:
Ենթադրենք, թե Եվրոպան էլ, իր հերթին, Ռուսաստանին պատժելու համար կարող է հրաժարվել ռուսական գազից: Սակայն այդ դեպքի համար էլ Ռուսաստանը պահեստային տարբերակ ունի: Մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այսինքն` Ռուսաստանն էլ տնտեսական հակապատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի, հենց միայն գազի առումով, եթե չհաշվենք, օրինակ, եվրոպական գիգանտ կորպորացիաների դուստր ձեռնարկությունների առկայությունը Ռուսաստանում: Եվ այս օրերին Ռուսաստանն իր այդ հակաքայլերի, այսպես ասած,«զորավարժություններն» է անցկացնում Ուկրաինայում` ցույց տալով Եվրոպային, թե ինչ կարող է անել` պարզապես գազի խողովակի փականի հետ «խաղալով»:

«Գազպրոմի» տվյալների համաձայն, Ուկրաինան գազի դիմաց պարտք է մոտ 3.5 մլրդ դոլար: Այժմ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ 480 դոլար է: Ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել` ըստ որի, եթե Ուկրաինան չվճարի պարտքը, ապա հունիսից գազ կստանա այնքան, որքան վճարել է: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 4 մլրդ դոլար վճարել գազի գնի իջեցման դեպքում` մոտ 300 դոլար: Այդ մասին Welt պարբերականին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գազի պարտքերի պատճառով Ռուսաստանը որոշել է կանխավճար սահմանել երկրի համար:
Թե ինչ նշանակություն են ստանում Ռուսաստանի գազային քմահաճությունները, թերևս ամենից դիպուկ է բնութագրել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը. «Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների վրա ճնշում գործադրելու սիրած ձևաչափն է»:

Բայց ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր միայն ռուսական կողմն է համագործակցության ու բանակցային գործընթաց սկսելու առաջարկ արել: Իսկ եթե Արևմուտքի միակ հաղթաթուղթը Ռուսաստանին «քլնգելու» հարցում ռուս-ուկրաինական սահմանին մոտեցված ռուսական զորքերն էին, ապա մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարգադրեց Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերին մշտական տեղակայման վայրեր վերադառնալ: Գոնե միառժամանակ կթուլացնի՞ սա լարվածությունը, դժվար է գուշակել: Առավել ևս, որ ուկրաինական ճգնաժամում կրքերը գնալով ոչ թե հանդարտվում, այլ էլ ավելի են թեժանում. ո՛չ Արևելյան Ուկրաինայի անջատողականներն են պատրաստվում համակերպվել Կիևի մայդանական իշխանությունների հետ, ո՛չ էլ նոր իշխանություններն ու նրանց զինյալներն են պատրաստվում առանց զենքի, առանց զոհ ու արյան հրաժարվել արևելքից:

Պարտադիր կուտակային բաղադրիչը որևէ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կամ օրենքով չի կարող ամրագրվել

արծվիկ մինասյանԱնցյալ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ԱԺ ներկայացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրինագիծ, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այդ նոր նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ, մտքեր ու մեկնաբանություններ են հնչում, որոնք հաճախ հակասական ու շփոթեցնող են: Ուստի, մեկնաբանություն ու պարզաբանում ստանալու ակնկալիքով, «Անկախը» դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը «Պարտադիր կուտակայինի» դեմ հանդես եկող ամենաակտիվ քաղաքական գործիչներից էր, ՍԴ-ում այդ օրենքի դեմ հանդես եկող կողմ էր:

– Պարո՛ն Մինասյան, խնդրում ենք պարզ ներկայացնել` ի՞նչ նախագիծ էր դա, ի՞նչ ամրագրվեց, ի՞նչ նորություն ունի և ինչպե՞ս պետք է շարքային քաղաքացին ընկալի այդ նոր նախագիծը:

– Հայտնի է, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո խնդրի լուծումը երկու փուլի բաժանվեց: Առաջին փուլը, այսպես կոչված, միջանկյալն է, այսինքն` մինչև օրենսդրության ամբողջական վերանայումը: Անհրաժեշտ էր ընդունել այնպիսի իրավակարգավորումներ, որոնցով քաղաքացու կամարտահայտությունը պետք է հաշվի առնվեր և, ըստ էության, պարտադիր բաղադրիչը վերածվեր կամավորի կամ քաղաքացու կամարտահայտությունը նկարագրող մոտեցման:
Նախագիծը, որ ԱԺ-ում երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց և հիմա գտնվում է նախագահի մոտ` ստորագրման փուլում, անդրադառնում է հենց այս հարցին: Հստակ գրված է, որ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել պարտադիր բաղադրիչին, իրենց գրավոր կամարտահայտությունը դիմումի տեսքով, առձեռն կամ փոստային առաքմամբ ներկայացնում են գործատուին, որի դեպքում քաղաքացու այդ, ինչպես նաև դրան հաջորդող ամիսների համար որևէ կուտակային վճարի պահում չի կատարվում:
Եթե գործատուն դիմումի ներկայացման նախորդ ամիսների ընթացքում չի փոխանցել գումարները, այդ դեպքում դրանք նույն դիմումի հիման վրա հետ են վերադարձվում քաղաքացիներին, և որևէ պարտավորություն թե՛ աշխատակցի, թե՛ գործատուի համար չի առաջանում:
Երկրորդ կարևոր արձանագրումն այն էր, որ հունվարի 1-ից հետո առաջացած որևէ հարաբերության համար, որում գործատուն պետք է պահեր ու փոխանցում կատարեր, որևէ պատասխանատվություն չի առաջանում, ու եթե որևէ ձևով գործատուի նկատմամբ նման տույժ-տուգանք է հաշվարկված, բոլորը զրոյացվում են:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ գործատուն ցանկացած ժամանակ իր կողմից ներկայացված հաշվետվություններում ճշգրտումներ է կատարում` ելնելով հենց այդ հանգամանքից, թե արդյոք աշխատակիցը համաձայնե՞լ է, տվե՞լ է որևէ դիմում, թե՞ ցանկանում է մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:

– Այսպիսով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցի՞ն, թե՞ ոչ:

– Սա անցումային փուլի շրջան էր` կարգավորման հատված էր, որը, սակայն, չի նշանակում, թե խնդիրն ամբողջությամբ լուծվել է: Խնդիրն ամբողջությամբ կլուծվի, երբ ամբողջ օրենսդրությունը վերանայվի: Ըստ էության, ՍԴ որոշմամբ սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել պարտադիր կուտակային բաղադրիչը նկարագրող օրեսնդրության հիմնական դրույթները: Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը նոր օրենսդրական որևէ նախաձեռնության մեջ, որևէ օրենքով չի կարող ամրագրվել, քանի որ սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերը չեն կարող կրկնվել: Մյուս կողմից` որևէ նման իրավական ակտի ընդունումն ինքնին իրավաբանական ուժ ունենալ չի կարող, հետևաբար, այն չի կարող նաև գործադրվել: Իսկ դա գործադրող որևէ պաշտոնատար անձ պետք է պատասխանատվություն կրի քրեական հանցագործության շրջանակներում և քրեական օրեսնգրքի համապատասխան հոդվածի համաձայն` նա կդիտվի որպես պաշտոնական լիազորությունները չարաշահած անձ:

– Ճի՞շտ հասկացա, ներդրվել է ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, այլ ընդամենը կուտակայի՞ն:

– Այս անցումային փուլում ներդրված է քաղաքացու կամարտահայտությունը հաշվի առնող կուտակային համակարգ, որտեղ պարտադիր բաղադրիչը, ըստ էության, վերածվել է կամավորի:

– Դա լա՞վ էր, այսինքն` ա՞յն էր, ինչի համար պայքարում էիք:

– Առաջին` միջանկյալ, անցումային փուլում սա այն նվազագույնն էր, որի ակնկալիքները կային: Բայց կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահպանված են: Մասնավորապես` այն աշխատողների մասով, որոնց գումարներն արդեն իսկ գտնվում են կենսաթոշակային ֆոնդերում, այդ գումարների վերադարձի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն նոր վերանայվող փաթեթով, որն ամբողջությամբ շուրջ 130 իրավական ակտերի ամբողջություն պետք է լինի:

– Մտավախություն չկա՞, որ նույն գործատուները, զուտ վարչական կամ սուբյեկտիվ նկատառումներից ելնելով, կարող են աշխատողներին ստիպել պարտադիրից հրաժարվելու դիմումներ չգրել:

– Այդ մտավախությունը միշտ պահպանվում է, սակայն պետք է միշտ հաշվի առնել 2-3 կարևորագույն հանգամանք: Առաջին` գործատուի տնտեսական շահագրգռվածությունը ո՞րը պետք է լինի, որ իր աշխատողին վնա՞ս պատճառի: Երկրորդ` գործատուն այս դեպքում պետք է պատրաստ լինի առնվազն պատասխանատվություն կրելու` թե՛ քաղաքացիա-իրավական, թե՛ վարչա-իրավական, թե՛, առանձին դեպքերում, քրեական բնույթի:
Եվ, վերջապես, երրորդ կարևորագույն հանգամանքը` եթե նման դեպքեր լինեն, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ մեր մասնակցությամբ արագ կհարթվեն: Եթե հանկարծ նման երևույթները լինեն զանգվածային բնույթի, ապա արտահերթ նիստի միջոցով օրենքի առավել խստացնող նորմերի ընդունումը կդառնա հրատապ: Այդ դեպքում հատկապես քաղաքական չորս ուժերը պատրաստ են կոնկրետ քայլեր իրականացնել:

– Գործողությունների հաջորդ փուլը ո՞րն է լինելու:

– Ներկայումս ընթացքի մեջ օրենսդրական ամբողջական վերանայման փուլն է: Սա, փաստորեն, նշանակում է, որ պարտադիր կուտակայինի դեմ ձևավորված շարժումն ավելի պետք է ակտիվանա, և կարծում եմ, որ շարժումը պետք է ունենա հստակ սկզբունքներ, թե ինչ համակարգ պետք է կառուցվի և այդ սկզբունքներին ինչպես պետք է համապատասխանի:
Այդ սկզբունքներով արդեն կառավարությունում ձևավորված համապատասխան աշխատանքային թիմը պետք է փորձի համակարգը փոփոխել դրան համապատասխան, որում, բնականաբար, ինչպես արդեն նշեցի, պարզապես չի կարող պարտադիր բաղադրիչը լինել:
Սա նշանակում է, որ շարժումը մտնում է նոր փուլ, այն է` պահանջատիրական փուլը, թե համակարգն ինչ պայմանների պետք է բավարարի կամ ինչ պետք է իր մեջ ներառի կամ չներառի:
Ասեմ նաև, որ մեր խմբակցությունն ակտիվ մասնակցելու է վերանայման գործընթացին, մենք արդեն ներկայացրել ենք մեր մասնագետ թեկնածուներին այդ խմբում ընդգրկվելու համար, որոնք նաև պետք է ապահովեն «Դեմ եմ!» շարժման պահանջների իրացումը:

 

Վարչապետը հեղափոխությո՞ւն է անում

1299824128Հայաստանի տնտեսական կյանքում ակնհայտ է մի բան` փողի պակաս կա: Այդ պակասը զգացվում է ամենուրեք ու ամեն ինչից: Փող չկա պետության համար. դա երևում է պետության` սոցիալական ծախսերը լիարժեք հոգալու, իր ֆունկցիաները կատարելու անկարողությունից, հակառակ պարագայում հարկային քաղաքականությունն ուղղված չէր լինի հնարավոր յուրաքանչյուր անկյունից փող «քերելուն»: Բիզնեսի համար էլ փող չկա, որովհետև այդ բիզնեսի ստեղծած բարիքներից` ապրանքներից ու ծառայություններից օգտվող հասարակությունը փող չունի. լայն սպառողի գումարները, որոնցով գոյանում է մեծ բիզնեսը, օրավուր նվազում են: Մարդիկ սկսել են խնայել անգամ սննդի ծախսերը: Գործարարներն ու ձեռներեցներն ամեն ինչ անում են այս դժվար ժամանակներում գոյատևելու համար, պետությունը` նույնպես: Այսինքն` գործադիրի գործունեության մեջ ինչ-որ բան այն չի եղել կամ սխալ հունով է ընթացել: Ուստի, նոր կառավարությունից ակնկալվում էր տնտեսական քաղաքականության փոփոխություն` արմատական քայլեր:

Տնտեսությունը փրկել են ուզում «խորհրդավոր» հանդիպումներով

Տնտեսական քաղաքականության փոփոխության առումով ուշագրավ էր մայիսի 14-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մոտ 100 խոշոր գործարարների ու բանկերի ներկայացուցիչների հետ: Համաժողովը փակ էր, հատկապես` լրագրողների համար: Կազմակերպիչների պարզաբանմամբ` որպեսզի գործարարներն ավելի ազատ ու անկաշկանդ լինեն:
Հանդիպման մասին կառավարության կայքից տեղեկանում ենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:

Սրանով, ինչպես ասում են, վերջանում է այդ խորհրդավոր հանդիպման պաշտոնական մասը: Իսկ հանդիպումից հետո բոլորը հայտարարեցին, թե այսուհետ սահմանված են խաղի նոր կանոններ, բոլորը գործելու են հավասար պայմաններում, հավասար դաշտում:

Իհարկե, կառավարության որդեգրած տնտեսական ուղեգծում առանցքայինը կառավարության ներկայացրած ծրագիրն է: Բայց թղթի վրա գրվածից, առավել կարևոր է ամրագրված դրույթների ընկալումն ու մեկնաբանումը թե՛ հեղինակների կողմից, թե՛ նրանց կողմից, որոնց վրա անմիջականորեն պետք է տարածվեն կառավարության ծրագրով նախատեսվող խաղի նոր կանոնները:
Հայ խոշոր գործարարների հետ կառավարության նախաձեռնած գործարար համաժողովից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին հայտնեց, որ համաժողովը, ընդհանուր առմամբ, նպատակ ուներ, որ երկրի խոշոր արտադրողները, սպառողները, ընդհանրապես բոլորը տեղյակ լինեն կառավարության հետագա ծրագրերից: Թե ինչ երաշխիք կա, որ այս անգամ ամեն ինչ նորմալ ընթացք կունենա և խոստումներից ու պայմանավորվածություններից անցում կլինի գործուն քայլերի, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, թե այդ երաշխիքները գալիս են հետևողական աշխատանքով, ծրագրերով, կոնկրետ ներդրումային ծրագրերին աջակցելով, ներդրում անողի համար ճիշտ շարժառիթներ ստեղծելու միջոցով:

«Այսինքն` էական չէ` դա 100 միլիոն դոլար է, թե 100 հազար դրամ է: Այնուամենայնիվ, դա պետք է շարժառիթ լինի, հատկապես` բիզնեսի համար: Եթե շարժառիթ չկա, ապա ներդրումներ չեն լինի: Իսկ դա ներդրումային լավագույն միջավայրն է, ներդրողի համար լավագույն պայմաններն են, որ կան, որ կառավարությունն իր իրավասությունների շրջանակներում կարող է տրամադրել: Սա ընդհանուր գաղափարախոսությունն էր»,- նշեց Կարեն Ճշմարիտյանը:

Ու այս հանդիպումից հետո խորհրդավորության շղարշը սկսեց քիչ-քիչ ցրվել:
Լրատվամիջոցներում սկսվեցին մանրամասներ հրապարակվել այդ հանդիպման վերաբերյալ: Այսպես. գործարարների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն առանձնապես շատ չի խոսել, ներկայացրել է իր սպասելիքները գործարարներից, ասել է, թե որոշել է հստակեցնել խաղի կանոնները, պարզեցնել իրավիճակը, քանի որ խնդիրները լուրջ են, մանավանդ` կապված հարկահավաքության հետ, երկրում մոլեգնում է արտագաթը, որի չափերն ահռելի են, պետք է կատարվի հարկային դաշտի հավասարեցում, բյուջեն այլևս գերավճարներով չպետք է լցվի, ավելացված արժեքի հարկի նկատմամբ մոտեցումը պետք է վերանայել և այլն:

«Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են»

աբրահամյանԿառավարության մայիսի 15-ի նիստի ժամանակ արդեն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախորդ օրը հանդիպել է հայաստանյան գործարարների հետ, և հանդիպման ընթացքում սահմանվել են խաղի ընդհանուր կանոններ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում և դուրս գան ստվերից: Մինչև հուլիսի 1-ը վարչապետը գործարարներին հնարավորություն տվեց դուրս գալու ստվերից և նորմալ աշխատելու: Ըստ վարչապետի` գործարարները պետք է պահպանեն խաղի կանոնները, իսկ եթե չպահպանեն, ապա կառավարությունն իր լծակներով կստիպի անել դա:
Կառավարության նիստից հետո էլ ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասաց. «Շատ հստակ ասվեց, որ այսուհետ ոչ ոք, անկախ իր ծագումնաբանությունից, խնամիական, բարեկամական կապերից, բիզնեսում ներկայացվածությունից, քաղաքական և կառավարական հովանավորությունից` բացառություններից չի օգտվելու. վերջ: Գիծ է քաշվում, որից հետո բոլորս աշխատելու ենք հավասար դաշտում,- և հավելեց,- դա, իհարկե, մի քիչ դժվար կլինի»:

Ինչպես ասում է Օրուելը «Անասնաֆերմայում», «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են»: Խոշոր գործարարների հետ վարչապետի ու կառավարության հանդիպմանը ներկա չէր, օրինակ, ամենախոշոր գործարարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, որքան էլ Հովիկ Աբրահամյանն ու նրա նախարարը` Կ. Ճշմարիտյանը, հավատացնում էին, թե «համահավասարության» սկզբունքի կիրառումը սկսվելու է հենց իրենցից` իրենց մերձավորներից ու հարազատներից:

Այնուամենայնիվ, հանդիպմանը ներկա որոշ գործարարներ իսկապես ոգևորված էին այդ հանդիպումից: Ավարտից հետո գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ), օրինակ, լրագրողներին ասաց, թե շատ լավ, գործարար մթնոլորտ էր տնտեսական համաժողովում, և այդ ջերմ մթնոլորտում կառավարությունն ու գործարարները ելքեր էին փնտրում, թե ինչ անեն, որ երկրի տնտեսությունը զարգանա, տնտեսություն, կառավարություն, հարկային դաշտ` ամեն ինչ լավ լինի.
«Ես վստահ եմ, որ նոր վարչապետի նախաձեռնած ծրագրերը կյանքի են կոչվելու, և գործարար միությունը մեծ զարգացում է ապրելու»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ-ի սեփականատեր Ալիկ Պետրոսյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետն ասել է, թե ազնիվ աշխատելու համար, եթե պետք լինի փոխել օրենսդրությունը, ապա անպայման կփոխվի այն: Պատգամավորը վստահեցնում էր, որ բոլոր գործարարների համար ցանկալի է, որ աշխատեն օրենքի դաշտում, ոչ թե ստվերում, բայց եթե օրենքներ կան, որ ժամանակին ընդունվել են ու այսօրվա պայմաններին չեն համապատասխանում, ուրեմն դրանք պետք է փոխվեն: «Պետք է դրական բարեփոխումներ լինեն, օրենսդրությունը փոփոխվի, որ հնարավորություն լինի ազնիվ աշխատելու, որ գործարարները կարողանան մեծացնել իրենց բիզնեսը, մուծեն հարկերը, ոչ թե լինի քերելու տարբերակով»,- ասաց Ալիկ Պետրոսյանը:

«Մի տնտեսական փուլում ենք, երբ այս հարցի լուծումը, այսինքն` ստվերի կրճատումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության և խոշոր ձեռնարկությունների միջև հարաբերությունների կարգավորումը, ընդհանրապես սոցիալ-տնտեսական զարգացմամբ նախատեսվող ծրագրին աջակցությունը, ծրագրի կատարումն էապես կախված է նրանից, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»,- կառավարության նիստից հետո ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ մինչ այդ էլ կային խաղի կանոններ, բայց բավարար չէին:

Խաղի նոր կանոնների սահմանման նպատակը, ըստ Կարեն Ճշմարիտյանի, ամենևին էլ բյուջեի եկամուտներն ավելացնելը չէ, այլ ավելի շատ երկրում սպառման դաշտն ավելացնելը, եկամուտների վերաբաշխման հարցը լուծելը: Նախարարի խոսքով` երբ եկամուտների կենտրոնացում է տեղի ունենում, դա երկրի տնտեսության վրա բավական բացասական է ազդում: Նախարարը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի` «եկամուտների վերաբաշխում» ասելով. եկամուտները կլինեն ոչ թե կենտրոնացված, այլ վերաբաշխված հասարակության տարբեր շերտերի միջև: Ավելի պարզ` նրանք, ովքեր կարողանում են ինչ-որ արդյունք ստեղծել, իրենց գործով զբաղվել, լիարժեք ներդնել իրենց մտավոր ու ֆիզիկական ունակությունները, դրա դիմաց կստանան համարժեք նյութական, բարոյական, հոգևոր և այլ փոխհատուցում:

Այստեղ արժե հիշել, որ սոցիալ-տնտեսական հարաբերություններում սովորաբար եկամուտների ու փողերի վերաբաշխումն իրականանում է հեղափոխության կամ հեղաշրջման ճանապարհով: Ու եթե կառավարությունն է հայտարարում վերաբաշխման անհրաժեշտության մասին, կնշանակի ականատես ենք լինելու հեղափոխական փոփոխությունների` աննախադեպ` իշխանությունների կողմից ձեռնարկված: Որքան էլ պարադոքսալ հնչի: Եթե, իհարկե, այս հայտարարությունները հերթական պոպուլիստական ելույթներ չեն:

Նոր վարչապետի առաջին նախագծերը

Աբրահամյան հովիկՎարչապետի պաշտոնում իր պաշտոնավարումը բավական ուշագրավ սկսեց Հովիկ Աբրահամյանը. վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում նշեց, որ նոր կառավարության գերխնդիրը քաղաքացու բարեկեցության և արժանապատիվ կյանքի ապահովումն է. տնտեսության աճը, բյուջեի համալրումը կամ հարկերի հավաքումը, բոլորը պետք է ծառայեն մեկ խնդրի` ՀՀ քաղաքացու արժանապատիվ և բարեկեցիկ կյանքին:

Թե ինչ էր դա նշանակում, առաջին մեկնաբանությունները հրապարակ նետեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, թե դրան կարելի է հասնել և՚ փոքր ու միջին բիզնեսի արտոնությունների ու խրախուսման ռեժիմների սահմանման ուղիով, և՚ սոցիալական արդարության, տնտեսական արդարության:

Եվ վարչապետն անցավ գործի: Հենց առաջին նիստում քննարկվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» համաձայն` ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014 թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով:

Գործադրի որոշմամբ` համապատասխան փոփոխություններ են կատարվել կառավարության նախկին` վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ: Քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին: «Հարգելի՚ գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որ փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ: … Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը, կառավարության կազմը ձևավորելուց հետո, մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»,- ասաց կառավարության ղեկավարը:

Շրջանառության հարկը նույնը չի մնա

Թե ինչ քայլ է լինելու դա, օրերս արդեն բացահայտեց նույն Վարդան Այվազյանը, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվարկեց այն քայլերը, որոնք պատրաստվում է իրագործել կառավարությունն առաջին հերթին: Առաջինը «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է, որով բավականին «հեղափոխական» փոփոխություններ են նախատեսվում, և որը նորակազմ կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել:

Այդ նախաձեռնությամբ, ըստ Այվազյանի, կառավարությունն առաջարկում է, որ մինչև 10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներն ազատվեն հարկից, իսկ մինչև 53 մլն ունեցողների համար հարկային դրույքաչափը իջեցվի մինչև 1 տոկոս, թեև դեռ քննարկվում է մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար այս հարկատեսակի դրույքաչափը զրոյացնելու հարցը:

Իրոք` տարեկան 10 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը ենթադրում է, որ ամսական շրջանառությունը 1 մլն դրամից էլ քիչ է, ընդ որում այդ 1 մլն-ի փոքր տոկոսն է որպես եկամուտ մնում բիզնես վարողին: Եթե անգամ ընդունենք, որ շրջանառության 20 տոկոսի չափով եկամուտ է մնում, ապա տնտեսվարողի շահույթն ամսական 200 հազար դրամից պակաս է, այսինքն` սրանք իրոք օրվա հացի խնդիր լուծող տնտեսվարողներն են: Ուստի, բոլորն են կարծում, որ այս հատվածին պետք է աջակցել և զարգանալու հնարավորություն տալ: Սակայն հարց է առաջանում` այդ չգանձվող հարկերի բացն ինչպե՞ս պետք է ծածկվի:
Այս նախաձեռնությունը, եթե ճիշտ կիրառվի, իհարկե, նման խնդիր չի առաջանա, հատկապես Հայաստանում, որտեղ ստվերը մեծ է համարվում: Օրինակ` շատ լավ գործիք կարող է լինել այն տնտեսվարողներից, որոնք պետք է օգտվեն այս արտոնությունից, սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու պահանջը: Այս դեպքում այդ մանր բիզնեսների ներկայացուցիչները կարող են պահանջել խոշորներից, որ իրենց հետ գործարքները կատարեն փաստաթղթերով, ինչը ստվերի ռիսկը կկրճատի: Այսինքն` խոշորներից կսկսեն ավելի շատ հարկեր գանձվել հօգուտ պետբյուջեի: Կարծես հենց այդ էլ փորձելու է անել կառավարությունը:

Պարտադիր աուդիտն էլ արդեն պարտադիր չի լինի, գյուղում էլ կոոպերացիաներ կարող են ի հայտ գալ

Երկրորդ քայլը, որ ամենայն հավանականությամբ կձեռնարկի Հովիկ Աբրահամյանը և որի մասին դարձյալ առաջինը խոսեց Վարդան Այվազյանը, պարտադիր աուդիտի պահանջի վերացումն է բիզնեսի համար: Այս քաղաքականության ճարտարապետները կարծում են, որ պարտադիր աուդիտի պահանջի դեպքում տնտեսվարողն անիմաստ գումար է վճարում աուդիտորին: «Ենթադրենք` ես կոշիկ եմ արտադրում ու մի հատ 500 միլիոնանոց հաստոց ունեմ: Եթե պետական գնումներին չեմ մասնակցում, ինչո՞ւ պետք է ամեն տարի պարտադիր աուդիտ անցկացնեմ, որ աուդիտորը գա ու հաստատի, որ իմ ստանոկը 500 մլն արժի: Եթե պետական գնումներին եմ մասնակցում, ուրիշ հարց, բայց եթե չեմ մասնակցում, ինչո՞ւ աուդիտ անեմ, որ դեռ մի բան էլ աուդիտորը իմ ռիսկերը չկիսի ու պատասխան չտա իր կատարած աուդիտի համար, երբ ինձ, օրինակ, տուգանում են»,- նշեց Այվազյանը:

Երրորդ խոշոր նախագիծը, որ ամենայն հավանականությամբ, կիրականացնի նոր կառավարությունը, գյուղատնտեսության ոլորտում է: Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին, երբ այցելեց Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ, հայտարարեց. «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին` փաստ է»:

Խոսելով կառավարության առաջիկա ծրագրերի մասին` վարչապետը նշել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ծրագրերի իրականացման հարցը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, և կառավարությունն ամեն ինչ անելու է, որ ֆինանսական ռեսուրսներ հայթայթի խնդիրներին լուծումներ տալու համար:

Ի դեպ, արդեն քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե վարչապետը դիմելու է բարձրաստիճան պետական գործիչներին, որպեսզի նրանք հրաժարվեն առաջիկայում իրենց աշխատավարձերի բարձրացումից:

Այս ամենն իրականացնելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է նաև մի կարևոր հանգամանք` Հայաստանի, այսպես ասած «խոշոր խաղացողների» ոտքը տրորելու քաղաքական կամք: Որովհետև ժողովրդի բարեկեցությունը ենթադրում է հարված որոշակի շրջանակների շահերին: Հովիկ Աբրահամյանը նրանց շահերին դիպչելու համարձակություն կունենա՞ կամ քաղաքական մեծամասնության կողմից անհրաժեշտ աջակցություն կգտնի՞: Վերջինի համար ՀՀԿ խմբակցության արդեն նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հստակ պատասխանում է` այո՚, կգտնի:

Իսկ քաղաքական կամքի առումով ուշագրավ է հենց Հովիկ Աբրահամյանի պատասխանն այս հարցին: Կառավարության մայիսի 8-ի նիստը Հովիկ Աբրահամյանը սկսեց հիշեցումով, որ ըստ Սահմանադրության` նոր կառավարությունը 20 օրում պետք է ներկայացնի իր ծրագիրը: Նա հույս հայտնեց, որ այն պետք է լինի իրատեսական, և փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Շեշտեց, որ կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ծրագրի կատարման և արդյունքների համար: «Կառավարության այն անդամը, որը չի լինի պատասխանատու, նրա հետ մեր ճանապարհները կբաժանվեն, որքան էլ մենք իրար հետ երկար ճանապարհ անցած լինենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Եթե մենք խոսում ենք օլիգարխիայի դեմ պայքարի մասին, և եթե նույն կառավարության այն անդամները, որոնք խոշոր բիզնեսի մեջ մասնակցություն ունեն, սկսեն իրենցից, նշանակում է` վստահություն էլ կձևավորվի ու ծրագիրն էլ կյանքի կկոչվի: Եթե դրանք լինեն զուտ խոսքեր, բնականաբար, վստահություն էլ չի լինի»:

Իսկ Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Հավասար դաշտ է ստեղծվելու: Շատ, շատ մերձավորների ցավեցնելու ենք: Դա բոլորը պետք է հասկանան` իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու: Հավասար դաշտի ստեղծումը իմ սկզբունքն է լինելու, և սա թող մեսիջ լինի իմ բոլոր մերձավորներին»:

Տեսնենք:

 

 

 

 

Մեզնից պահանջում են ազատագրված շրջաններ, իսկ Ադրբեջա՞նն ինչ է պատրաստ փոխզիջել

ջեյմս ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մայիսի 7-ին ելույթ ունենալով «Քարնեգի» հիմնադրամում, ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Ամերիկացի համանախագահը նշեց, որ կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն, սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն կա, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը:

Ուորլիքը ներկայացրեց «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում:

«Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը: Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է, համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,- ասաց Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշում է այդ հիմքի վեց տարր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Ընդ որում` դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն:

«Առաջին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը` կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում, սա, ընդ որում, ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ` Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Չորրորդ` պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ` տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ վերջապես վեցերորդ` կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Նրա ասածների մեջ, իհարկե, նոր բան չկա: 2009 թ. հուլիսից համանախագահող երկների նախագահները ամեն տարի հրապարակել են երեք սկզբունք` հակամարտության խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Նորությունն այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահողը Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդրի: Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետև հիմնական սկզբունքների հետ հայկական կողմը հարցեր չունի, սակայն հարցն այդ սկզբունքների հիման վրա արվող առաջարկներն են:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս հայտարարության կապակցությամբ նշեց, որ իրեն անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հայտարարության ` Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը: «Ինձ թվում է` Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում, Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է ,- ասաց Լևոն Շիրինյանը:- Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Նրա կողմից ներկայացված 6 կետերը մեզ համար հավասարազոր են մահվան»:

Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը մայիսի 9-ին Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, որ պետք է վերադարձնենք տարածքները: Հստակ բոլոր քայլերը պետք է հնչեցվեն, և այդ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, դա է լինելու մեր սկզբունքը»:

Ուորլիքի հայտարարությանն անմիջապես արձագանքեց ԼՂՀ ԱԳՆ-ն: «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ` ազատ և իրավական կամարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության: Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչո՞ւ ակտիվացան դիվանագետները

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանեց, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6-կետանոց հիմնարար սկզբունքները: «Դրա համար կա երեք պատճառ. առաջին` լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ` վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ուորլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին: Եվ երրորդ` համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են, դրա հետ կապված արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»:

Ակնհայտ է, որ Ուորլիքն ինքնագլուխ հայտարարություն չի արել, այլ կանխամտածված, ԱՄՆ իշխանությունների ու արտաքին քաղաքական կուրսի հետ փոխհամաձայնեցված:

Ուորլիքի հայտարարությունից 3 օր հետո միայն ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունն է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ելույթի վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասվում է, որ ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության, սակայն Բաքվի հետքայլերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրելու տարբեր գագաթաժողովներում, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների:
«Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծման»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Պատերազմ, փոխզիջում կամ ստատուս քվո. ամերիկացի համանախագահի առաջ քաշած հակամարտության հանգուցալուծման երեք կետերից քաղաքագետ Սերգեյ Մինասյանը առաջին երկուսը բացառում է, մնում է ստատուս քվոն, քանի որ հնարավոր չէ դրանից խուսափել, երբ կողմերից մեկը պատրաստ չէ որևէ փոխզիջումային համաձայնության:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունից օրեր անց`մայիսի 12-ին, հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով, գրեթե կրկնվում է Ուորլիքի հայտարարության բովանդակությունը:

Համանախագահների այս հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կա Մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Իսկ որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում:
Մասնավորապես խոսքը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյի անդրադարձին: Շ.Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որոնց շուրջ, ակնհայտ է, կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները:

Նշենք մի կարևոր հանգամանք. Ադրբեջանը պարբերաբար ձախողել ու չի կատարել բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ցույց է տալիս, որ դեպքերի ու իրադարձությունների` մեզ համար անցանկալի ընթացքի դեպքում մի անգամ էլ հավանաբար Հայաստանի կողմից լինի պայմանավորվածություններից հրաժարում: Հուսով ենք, որ բանը դրան չի հասնի, բայց այս տարբերակն էլ կա:

 

Օլանդը եկավ ու գնաց` թողնելով կոչեր ու հայտարարություններ

olandԱպրիլի 13-ին ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` հարավկովկասյան եռօրյա շրջագայության շրջանակներում Հայաստան կատարած պետական այցը:

Սկզբում այն ներկայացվեց որպես ՀՀ նախագահի հրավերով այց, բայց ստացվեց, որ Օլանդը տարածաշրջանային այցի շրջանակներում է գալիս Հայաստան: Այսուհանդերձ, եթե նրա այցը Ադրբեջան և Վրաստան պաշտոնական կարգավիճակ ուներ, ապա հայաստանյան այցի մակարդակն ավելի բարձր էր` պետական: Նման մակարդակի այց Ֆրանսիայի կողմից 4 տարվա մեջ կատարվում է արդեն երկրորդ անգամ (2011 թ. Նիկոլա Սարկոզիից հետո): Եվ եթե հիմնվենք Երևանում Օլանդի արած այն հայտարարության վրա, թե Ցեղասպանության 100-ամյակի արարողությունների շրջանակում 2015-ին ևս մեկ այց է կատարելու Երևան, ակնհայտ է դառնում երկկողմ հարաբերությունների ջերմությունն ընդգծելու ցանկությունը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն արդեն քանիերորդ անգամ շեշտում է, թե այս փաստը կապված է ՌԴ ագրեսիվ քաղաքականության հետ: «Ռուսաստանի նման կոշտ քաղաքականությունը մտահոգեց Արևմուտքին և ԱՄՆ-ին, դա է պատճառը, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ն ակտիվ շոշափում է ղարաբաղյան հարցը: Եվրոպան և ԱՄՆ-ն մտահոգված են, որ ՌԴ-ն ուզում է տարածաշրջանում բոլորին վանել»- նշում է նա` հավելելով, թե այն, որ Ֆրանսիայի նախագահը հենց այժմ տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկաս, Եվրոպան ցույց է տալիս, որ իրենց հետաքրքրությունները տարածաշրջանում մնում են:

Թեև Ֆրանսիայի նախագահը Հայաստանում մասնակցեց հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին ու Հայաստանում ֆրանսիական հայտնի բրենդի` «Կարֆուրի» բացմանը, թեև հատուկ ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցությունն ու ապրանքաշրջանառությունը չեն համապատասխանում այն հարաբերություններին, որ ունեն երկու երկրները քաղաքական և հասարակական ոլորտներում, նրա այցը Հայաստան ուներ հստակ ընդգծված քաղաքական շեշտադրում ու ենթատեքստ:

Ֆրանսիայի նախագահի համար սա մեծ հաշվով սիմվոլիկ նշանակություն ունի: Դրանով նախ և առաջ ընդգծվում է Ֆրանսիայի` տարածաշրջանում որոշակի քաղաքական ներկայացվածություն ունենալու և այս առումով Հայաստանը հենարան դարձնելու ցանկությունը:

Նախագահները նաև ակնարկներ փոխանակեցին
Հայաստանի համար, սակայն, Ֆրանսիայի նախագահի այս այցը խիստ քաղաքական նշանակություն ունի, և երկու օր շարունակ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձներով նման շեշտադրումներ էր կատարում:
Մասնավորապես, պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, Սերժ Սարգսյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Նախ ընդգծեց, որ հայ-ռուսական ջերմ հարաբերությունների հիմքը դարավոր բարեկամությունն է: «Մենք շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության, մի պետականության մեջ: Կապված ենք մշակույթով, տնտեսական հարաբերություններով: Որևէ մեկի համար տարօրինակ չէր ՀՀ-ի ցանկությունը անդամակցելու ՄՄ-ին, որովհետև տնտեսական փոխկապակցվությունը բարձր մակարդակի վրա է: Մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ բարեկամության պայմանագիր, անվտանգության միևնույն համակարգում ենք: ՄՄ-ն որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին: Անդամակցելով ՄՄ-ին` չենք դադարեցնում կամ իսպառ վերացնում ԵՄ-ի հետ հարաբերւթյյունները», -հայտարարեց Սերժ Սարգսյանը և շեշտեց, որ ցանկալի կլինի` ասոցացման առանձնակի առաջարկություն լինի ՀՀ-ի համար:

Ուշադրության է արժանի Սերժ Սարգսյանի «առանձնակի առաջարկություն» ակնարկը հատկապես այս ամսվա վերջին Եվրասիական միության ստեղծման պայմանագրի ստորագրման և Երևանի` դրան միանալու ուղու համատեքստում:
Սա, այսպես ասած, դիվանագիտական «էստի համեցեքն» է` հայկական կատարմամբ: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ակնկալում է, որ Օլանդը պետք է ԵՄ-ին բացատրի, թե որքան կարևոր ու անհրաժեշտ անայլընտրանք է Հայաստանի` ԵՄ-ի հետ «առանձնակի ասոցացման» գնալու մտադրությունը:
Օլանդն էլ կարծես հենց դրան էր սպասում: «Մենք պետք է գտնենք Եվրամիության հետ Հայաստանի ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն,- հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` հատուկ շեշտելով, որ
իրենք չեն ստիպում Հայաստանին ընտրություն կատարել, որը հակասի Հայաստանի շահերին:- Այդ մասին ես խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Ես կարծում եմ` կարելի է գտնել խելացի մոդել: Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում»:

Դրա համար, ըստ նրա, պետք է Հայաստանի դիրքորոշումը քաջալերվի, ԵՄ-ն պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմաններում է ապրում: Ըստ էության, նա հասկացրեց, որ իր համար ընդունելի է «առանձնակի ասոցացման» հայաստանյան առաջարկը և կարող է այն հասցնել Եվրոպա: «Կարծում եմ՝ կարող ենք գտնել ողջամիտ, եզակի, բացառիկ մոդել՝ ընդունելով Հայաստանին որպես մի երկրի, որը կապված է իր աշխարհաքաղաքական միջավայրին, տարածաշրջանին և միաժամանակ ցանկանում է Եվրոպայի հետ մասնակցել ընդհանուր ծրագրի, մասնավորապես` մարդու իրավունքների, քաղաքական երկխոսության և ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցության դաշտում»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը մինչև Հայաստան գալը, ինչպես նշեցինք, եղել է նաև Ադրբեջանում, որտեղ հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պաշտոնական Փարիզը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար:

Ցեղասպանության մասին էլ հիշվեց` ուղղակի հիշելու համար

Ֆրանսիայի նախագահը Հայոց Ցեղասպանությանն էլ անդրադարձավ: Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ լրագրողների հարցին, անդրադարձավ Էրդողանի ապրիլքսանչորսյան հայտարարությանը, որի մասին հիշատակել էր լրագրողը, և ընդգծեց, որ սովորաբար միշտ փորձում է դրական տարրեր գտնել նման հայտարարություններում. «Բայց, իհարկե, ես կենտրոնական հարցը համարում եմ այն, որ այդ ջարդերը որակվեն իբրև ցեղասպանություն: Կա մեկ լուծում և դա Ցեղասպանության ճանաչումն է»:
Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան այցից հետո կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Բյուջեի եկամուտների աճը լա՞վ է, թե՞ վատ

budget calculationԸստ վիճակագրական տվյալների` 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7%-ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով:

Սա լա՞վ է, թե՞ վատ: Դժվար է ասել: Իհարկե լավ է, որ այս հավելաճի պայմաններում, ՀՀ պետական բյուջեի 2014-ի առաջին եռամսյակի կատարողականի համաձայն, ապահովվել է նաև պետական բյուջեի ծախսային ծրագրերի ամբողջական կատարումը: Գումարային արտահայտությամբ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք, համապատասխանաբար, 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը, ինչը, բնականաբար, լավ է:

Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Բյուջեի եկամուտների հավելաճը, ինչպես նշվում է համապատասխան փատաթղթերում, ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այսինքն` պետբյուջեի եկամուտների գերակշիռ մասը բաժին է հասնում հարկերին. ավելի շատ հարկեր-տուրքեր են հավաքվել: Իսկ հարկեր-տուրքերը հավաքվում են տնտեսվարողներից և աշխատողներից: Ու որպեսզի հարկ ու տուրք հավաքելը հնարավոր լինի, հարկավոր է առնվազն մեկ պայման` հարկատուն ունենա այդ միջոցները: Այս առումով ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ ապրիլի 30-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է:
Ընդ որում, նվազում է արձանագրվել այնպիսի ապրանքատեսակների արտադրության ծավալներում, որոնք կարելի է առանձնապես մտահոգիչ համարել: Մասնավորապես 50- 75%-ով նվազել է շարժիչների, ռելեների, ավտոգենային սարքավորումների, տրանսֆորմատորների արտադրությունը: Սննդի արդյունաբերությունում 5-50% նվազում է արձանագրվել կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, մայոնեզի արտադրությունում: (Թե ինչով է պայմանավորված առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրության ծավալների նվազումը, թերևս առանձին ուսումնասիրության կարիք ունի:) 1.3%-ով նվազել է անգամ հացի արտադրության ծավալը: Իհարկե, տնտեսությունը չի սահմանափակվում միայն արտադրությամբ, սակայն տնտեսությունից հարկերի հավաքման ամբողջ ծավալի մեջ հիմնական բաժինը հասնում է հենց արտադրությանը: Ու եթե այս ոլորտում ոչ միայն աճ չի արձանագրվել, այլև անկում է արձանագրվել, հարց է առաջանում, թե ինչի շնորհիվ է ՊԵԿ-ը ապահովել պետբյուջեի եկամուտների աճը:

Իսկ համատարած թանկացումնե՞րը

Նույն ԱՎԾ-ի հրապարակման համաձայն` ինչպես օրերս լրագրողներին ներկայացրեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, այս տարվա առաջին 4 ամիսների ընդհանուր գնաճը հանրապետությունում կազմել է 1,7%: Իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների գնաճը, համեմատած 2013 թ. հունվար-ապրիլի գնաճի հետ, 4,6% հավելաճ է արձանագրել:

«12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4% գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը
Այս տարվա առաջին 4 ամիսների սպառողական գների 1,7% հավելաճի պարագայում պարենային ապրանքները թանկացել են 3,3%-ով, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,7%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:
Հարկ է շեշտել, որ ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը 2,5 տոկոսային կետի չափով, այսինքն` 8,5% գնաճի միայն 2,5 տոկոսային կետն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
2014 թ. հունվար-մարտ ամիսներին ամենից շատ թանկացել են կարտոֆիլի և բանջարեղենի գները, 5,4% գնաճ է արձանագրվել այս ապրանքախմբում, միրգ ապրանքախմբում գնաճը կազմել է 1,8%, կաթնամթերքի ապրանքախմբում` 2,1%, հրուշակեղենի ու այլ ապրանքախմբերում` 0,3%, ոչ ոգելից խմիչքների գներն աճել են 0,3, իսկ ոգելից խմիչքների ու ծխախոտի գները 0,2%-ով:
Այս ժամանակահատվածում 4,8%-ով թանկացել է կաթնամթերքը, միրգը` 4,7%-ով, իսկ ամենաբարձր գնաճ գրանցած բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում գնաճը կազմել է 29,2%, ինչը, մասնավորապես, պայմանավորված է կարտոֆիլի, կաղամբի ու գազարի թանկացմամբ: Հունվար-ապրիլին 5,4% գների աճ է արձանագրվել նաև ոգելից խմիչքների ու ծխախոտի ապրանքախմբում, ինչը պայամանավորված է հունվարի 1-ից ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմամբ գրանցված թանկացմամբ:
Վերջին մեկ ամսում 470 անուն ապրանք-ծառայություններից թանկացում է արձանագրվել 248-ի համար, գնանկում՚ 179-ի համար, իսկ 43 ապրանք-ծառայությունների գներ մնացել են անփոփոխ:
Ըստ Մարտիրոսյանի` եթե հասկանալի է, թե ինչով է պայմանավորված, օրինակ, ծխախոտի թանկացումը՚ ակցիզային հարկի բարձրացմամբ, ապա ԱՎԾ-ն չի ուսումնասիրում, թե ինչ պատճառահետևանքային կապերով են պայմանավորված կարտոֆիլի ու բանջարեղենի թանկացումները:

Իսկ այս տարվա ցրտահարությունը, նրա կարծիքով, իր դերն ունեցել է բանջարեղենի ու կարտոֆիլի գների աճի վրա, թեև դեռ վաճառվում է անցյալ տարվա բերքը:

Այս ամենը նշեցինք այն պարզ նպատակով, որ հասկանալի լինի` ապրանքներն ու ծառայությունները թանկացել են, նշանակում է, որ զուտ գումարային արժեքի մեծությամբ ՊԵԿ-ն ավելի շատ փող է հարկել, քանի որ հարկումը հաստատագրված չէ, այլ եկամտի կամ շահույթի նկատմամաբ համապատասխան դրույքաչափով է կատարվում. հարկվում է ստացված գումարի այսինչ տոկոսը: Ու եթե, օրինակ, կարտոֆիլն անցյալ տարի այս ժամանակահատվածում արժեր 150 դրամ, ու կարտոֆիլ աճեցնողը կարողացել էր վաճառել 100 կգ կարտոֆիլ` ստանալով 15000 դրամ հասույթ, որի, ենթադրենք, կեսն է իր մաքուր շահույթը, ապա հարկերը կիրառվել են այդ 15 հազարի կեսի` 7.5 հազարի նկատմամբ (կհարկվի դրա 10%-ը): Ու եթե այս տարի կարտոֆիլն արժի 250 դրամ, նույն կարտոֆիլ աճեցնողը վաճառում է նույնքան կարտոֆիլ, արդեն կստանա ոչ թե անցյալ տարվա պես 15 հազար, այլ 25 հազար դրամ հասույթ, և եթե ընդունենք, որ այս դեպքում ևս այդ գումարի կեսն է իր շահույթը, ուրեմն արդն 12.5 հազարի 10%-ը կհարկվի: Փաստորեն ավելի թանկ ապրանքի վաճառքից ավելի շատ հարկ կհարկվի, քան անցյալ տարի: Նման դեպքերում, իհարկե, օգտագործվում է ինդեքսավորում` գնաճին համապատասխան: Սակայն երբ նայում ենք պետական բյուջեի եկամուտների աճի վերաբերյալ տվյալներին, ապա դրանք ներկայացված են գումարի տեսքով` անցյալ տարի եկամուտները կազմել են այսքան միլիարդ, այս տարի` այսքան միլիարդով ավելի, հետևաբար այդ եկամուտների աճը կազմում է այսքան տոկոս: Եթե եկամուտներն աճում են այս եղանակով, ապա այդ դեպքում արդեն չի կարելի ասել, թե դա լավ է:

 

Ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանն ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս

եռյակՈւկրաինան` տարածքով Եվրոպայի ամենամեծ երկիը, որը բավականին հարուստ ռեսուրսներ, բնակլիմայական պայմաններ ու հարմար աշխարհագրական դիրք ունի, բոլորի աչքի առաջ օր օրի կործանվում է: Այս տարվա փետրվարին, երբ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվեցին Ուկրաինայի նախկին իշխանությունների դեմ սանկցիաներ կիրառել երկրում չդադարող բռնությունների կապակցությամբ, ANSWER հակառազմական կոալիցիայի կոորդինատոր, փորձագետ Բրայան Բեկկերը նշեց, որ իր կարծիքով` Արևմուտքն ակնհայտորեն պաշտպանում է ցուցարարներին` հստակ շահերից ելնելով. Արևմուտքը ջանում է Ուկրաինայում նոր կառավարություն բերել իշխանության, որը երկիրը կտանի դեպի Եվրամիություն:

Իհարկե` Արևմուտքի ծրագրերն այս ուղղությամբ չիրականացան հայտնի պատճառներով: Ճիշտ է` Մայդանը իշխանության բերեց Արևմուտքի հովանավորյալներին, բայց Ուկրաինան այլևս նախկինը չէ: Համենայն դեպս Ղրիմն արդեն անվերադարձ կորած է Ուկրաինայի համար, իսկ Արևելյան Ուկրաինայի հարցն էլ օր օրի ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում: Փաստացի, այսօր Ուկրաինան գտնվում է պասիվ քաղաքացիական պատերազմի վիճակում: Գրեթե ամեն օր Կիևի մայդանական կառավարության զինված ուժերի ու խմբավորումների և երկրի արևելյան շրջանների բնակչության միջև զինված բախումներ են լինում, հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին: Արդեն որքան ժամանակ է` ուկրաինացի զինվորականների շրջափակման օղակում է գտնվում Սլավյանսկը: Այլ քաղաքներում ևս իրավիճակը ռազմական է:
Ուկրաինական հարցի առաջին փուլում Ռուսաստանը, կարելի է ասել, փառահեղ հաղթանակ տարավ: Հիմա Արևմուտքի ռևանշի հերթն է: Ակնհայտ է, որ Արևմուտքը չէր պատրաստվում և հիմա էլ չի պատրաստվում թուլացնել իր դիրքերը Ուկրաինայի հարցում ու որոշակի քայլերի պետք է գնա:
Արևմուտքի ու Ռուսաստանի հակադրությունը Ուկրաինայում օրըստօրե խորանում է` միջազգային ու եվրոպական անվտանգության համար նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ ստեղծելով:
Արևմուտքն ակտիվորեն սկսել է քննադատել Ռուսաստանին ուկրաինական ճգնաժամը խորացնելու և անջատողականներին աջակցություն ցույց տալու մեղադրանքներով:
Ինչպես օրերս հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ՆԱՏՕ-ն կարող է Ռուսաստանի քայլերին ի պատասխան Արևելյան Եվրոպայում մշտական ռազմական կոնտինգենտ տեղակայել: Գեներալի խոսքով` զինուժի նախկին դասավորվածությունը, Ղրիմի` Ռուսաստանին միանալու պարագայում, արդեն չի համապատասխանում իրավիճակին:
Ներկայումս ՆԱՏՕ-ն էապես ավելացրել է ռազմական ներկայությունն իր արևելյան սահմաններում: Լիտվա, Լեհաստան, Լատվիա և Էստոնիա են տեղափոխվել ՆԱՏՕ-ի բավական լուրջ ռազմական ուժեր: Այդ միջոցները, ինչպես նշում է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը, ձեռնարկվել են որպես նախազգուշացում Ռուսաստանի կողմից Արևելյան Եվրոպայի երկրների հանդեպ հնարավոր ագրեսիայի դեմ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի շուրջը ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտը մեծանում է, ռուսական զինուժը պարապ նստած չէ: Բացի այդ, Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի անդամ Ալեքսանդր Պերենջևի հավաստմամբ, Ուկրաինայի սահմանին իր զորքերն է մոտեցրել նաև Սլովակիան: «Սլովակիայի իշխանությունները բացահայտ հայտարարել են, որ պատրաստ են Ուկրաինայի տարածքի մի մասը վերցնել` այն նույն Գալիցիան, որին ապօրինի տիրում է Ուկրաինան: Նրանք կարող են իմիտացիա անել, թե գործում են ԱՄՆ-ի կողմից, բայց հետապնդում են հենց սեփական ազգային ու պետական շահերը»,- նշել է փորձագետը:

Ռազմական առճակատման գնալ Ռուսաստանի հետ, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի ուզում և չի փորձի, բոլորն են հասկանում ռուսական զինվորական մեքենայի ուժը: Ուստի մնում է մեկ այլ տարբերակ` քաղաքական, այսինքն` սանկցիաների միջոցով ճնշել Ռուսաստանին կամ բանակցությունների սեղանի շուրջ զիջումներ կորզել: Այս երկուսի առումով էլ մի հանգամանք կա, որ որոշիչ է. ուկրաինական դեպքերի կապակցությամբ Արևմուտքը հետզհետե տարակարծության ուղիով գնաց, իսկ Ռուսաստանում ընդհակառակը` կոնսոլիդացիա դրսևորովեց:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ Ուկրաինայի արևելյան շրջաններում հանրաքվե անցկացնելու հարցի քննարկումից հետո ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ ունեցած համատեղ ասուլիսում նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները երկրի հարավային ու արևելյան շրջաններին առօրյա ինքնակառավարման հարցում ավելի մեծ լիազորություններ են տալիս, քան Ռուսաստանն իր ռեգիոններին, և Ռուսաստանին սպառնաց նոր սանկցիաներով` ուղղված ռուսական տնտեսության ամբողջական սեկտորների դեմ. «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Դոնեցկի և Լուգանսկի պրոռուսական անջատողականների կողմից մայիսի 11-ին կեղծ հանրաքվե անցկացնելու փորձերով: Մենք լիովին մերժում ենք Ուկրաինայի մասնատման այդ փորձը: Դա Ղրիմի սցենարի կրկնությունն է, և ոչ մի քաղաքակիրթ ազգ այդ հանրաքվեն չի ճանաչի: Իսկ մայիսի 25-ին նախատեսվող նախագահական ընտրությունները ռուսական տարրերի կողմից սաբոտաժի ենթարկելը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից նոր սանկցիաների կհանգեցնեն»,- նշել է Քերրին:

Արևմուտքն ամենևին էլ Արևմուտք չէ

Այս դեպքում, իհարկե, պետք է որոշակի վերապահումով մոտենալ ԵՄ եզրույթին: Օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սպիտակ տուն հասցրեց գերմանական բիզնես լոբբիի հստակ մեսիջը: Ինչպես նշվում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ում, վերջին շաբաթների ընթացքում գերմանական խոշորագույն ընկերությունները, ներառյալ քիմիական BASF կոնցեռնը, Siemens ընկերությունների խումբը, Volkswagen-ը, Adidas-ը, Deutsche Bank-ը և այլն, իրենց աներկբայելի անհամաձայնությունն են հայտնել Ռուսաստանի դեմ ավելի լայն տնտեսական պատժամիջոցների կիրառման կապակցությամբ: Պարբերականը նշում է, որ ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգընթաց` գերմանացի պաշտոնյաների գլխին սկսել է տեղալ ընկերությունների թոփ-մենեջերների հեռախոսազանգերի տարափը, որոնցով նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին չդիմել քայլերի, որոնք կարող են վնաս հասցնել Ռուսաստանում գերմանական բիզնեսի շահերին:
Կարնեգի հիմնադրամի եվրոպական կենտրոնի հետազոտող Ուլի Շպեկի կարծիքով` ուկրաինական ճգնաժամում Գերմանիան չեզոք դիրք է բռնում:
Ու թեև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր թվիթերյան էջում դեռևս ապրիլի 4-ին գրել էր, թե «ոչ ոք չպետք է կասկած ունենա ԵՄ-ի` Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառելու վճռականության հարցում», Շպեկը նշում է, որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել Ուկրաինան:
«Դիվանագիտությունը չհաջողվեց. ԵՄ-ն պետք է էական սանկցիաներ հղանա ու կիրառի հիմա կամ էլ կկորցնի իր հանդեպ ամբողջ վստահությունը»,- համոզված է փորձագետը:
Նրա կարծիքով` գերմանացիները պատրաստ չեն Ռուսաստանին դիմակայելու, ուստի «որքան ԱՄՆ-ի դերը բարձրանում է ուկրաինական ճգնաժամի հարցում, այնքան ավելի շատ Գերմանիան անցնում է իր սիրելի դիրքավորմանը` չեզոքությանը»:
Գերմանիան Եվրոպայի միակ երկիրը չէ, որ չի ցանկանում Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել: Իտալիան և Հունաստանը նույնպես Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման դեմ են արտահայտվում: Բացի այդ, The Wall Street Journal-ը նշում է, որ ամերիկյան գործարարները ևս, որոնց համար Ռուսաստանում ավելի քիչ բան է դրված խաղաքարտերին, Օբամայի վարչակազմին իրենց մտահոգություններն են հայտնել հետագա պատժամիջոցների կապակցությամբ:
Ռուսաստանի դեմ ավելի կոպիտ պատժամիջոցների կիրառման դեմ է հանդես գալիս նաև Չինաստանը: Փաստորեն փոքրանում է պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ազդելու հավանականությունը:
Կարելի է փաստել, որ Արևմուտքը չի կարողանում կոնսոլիդացված հանդես գալ Ռուսաստանի դեմ, և օր օրի ավելի են շատանում այն մարդիկ ու պետությունները, որոնք արտահայտվում են, այսպես ասած, Արևմուտքի շահերի տիրույթից դուրս: Չփորձելով մեջբերել արևմտյան լրատվամիջոցների, տարբեր վերլուծաբանների, տեսաբանների ու գործիչների տեսակետներն այս հարցում, նշենք միայն մի հետաքրքիր մասնագիտական տեսակետ:
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Ֆինիան Քաննինգհեմը կարծում է, որ ուկրաինական իշխանությունների գործողությունները, առաջնորդվելով Արևմուտքի ցուցումով, նպատակաուղղված են հրահրել ՌԴ-ին, որ պատասխան քայլեր անի և Արևելյան Ուկրաինայի տարածք զորք մտցնի:
Իրանական Press TV լրատվամիջոցի համար գրված հոդվածում Քաննինգհեմը նշում է, որ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն և իր եվրոպացի դաշնակիցները ակտիվորեն Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի հարավում և արևելքում անցկացվող բողոքի ցույցերն ուղղորդելու մեջ` դրա համար ոչ մի հիմնավոր փաստարկ չունենալով:
Վաշինգտոնը պնդում է, թե Մոսկվան առիթ է փնտրում Ուկրաինայի տարածք ներխուժելու համար: Քաննինգհեմի կարծիքով` եթե Մոսկվան հիմա արձագանքի այս հայտարարություններին ու խառնվի ստեղծված իրավիճակին, ապա Արևմուտքը «կպայթի» հայտարարություններով, թե իբր իրականացան իրենց ամենաահավոր ենթադրությունները:
Քաննինգհեմը հավելում է, որ Ռուսաստանին պետք չէ արձագանքել արևմտյան պրոպագանդային և ուշադրություն դարձնել սպառնալիքների վրա, այլ հիմնվելով իրական փաստերի վրա` պետք է ավելի վստահ ու խիզախ գործի:
Վերլուծաբանի կարծիքով` եթե մի կողմ շպրտվեն արևմտյան քաղաքական գործիչների պահանջները, ապա փաստերը ցույց են տալիս, որ Ուկրաինայում անկարգություններն ու բռնությունը Արևմուտքի դիվերսիայի արդյունքն են:

Մեկնաբանը ենթադրում է, որ Ռուսաստանի վճռական քայլերը 2008 թ. Հարավային Օսիայի հարցում ստիպեցին Վաշինգտոնին հրաժարվել իրենց նպատակադրած պլաններից: Նրա կարծիքով` ամերիկացի քաղաքական գործիչները օրիգինալ չեն ու մեկ անգամ ևս կիրառում են նույն տակտիկան, սակայն Ռուսաստանի նախագահի վրա ճնշումներ բանեցնելը, Քաննինգհեմի կարծիքով, «վախկոտ բլեֆ» է: Ըստ նրա` ամբողջ աշխարհում, ներառյալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում, ավելի ու ավելի է շատանում այն մարդկանց թիվը, որոնք ստի ու պրոպագանդայի մշուշի միջից սկսում են տեսնել Ուկրաինայում ստեղծված վիճակի իրական պատկերը: Վերլուծաբանը ավելացնում է, որ եթե Մոսկվան ուկրաինական ճգնաժամի հարցում անցնի վճռական գործողությունների, ապա միջազգային հանրությունը նրա կողմից կլինի:
Թե ինչ ուղղություն կստանան հետագա գործընթացները, դժվար է ասել, բայց սառը պատերազմը կարծես հետզհետե վերածվում է տաքի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով…

 

Կառուցվածքային փոփոխությունների հետքերով

գագիկ խաչատրյանՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին որոշեց վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` միացնելով ֆինանսների նախարարությանը և սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

Այսպիսով ստեղծվեց սուպերնախարարություն, ունեցանք սուպերնախարար, քանի որ ստացվում է` այս նոր պետական մարմինը և՛ հարկերն է գանձելու, և՛ որոշելու է, թե ինչպես բաշխել դրանք: Կառուցվածքային այս փոփոխությունը իշխանությունները հիմնավորում են որպես արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման հերթական քայլ:

ՊԵԿ-ի միավորումը ֆինանսների նախարարության հետ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նորմալ կառուցվածքային փոփոխություն է համարում և նշում, որ բյուջեի ապահովումն ու տնտեսական աճի պատասխանատուները չպետք է առանձին մարմիններ լինեն, այլ երկուսն էլ պատասխան տան տնտեսական աճի և բյուջեի կատարողականի համար: «Այսինքն` բյուջեի կատարողականն ու տնտեսական աճը պետք է միավորված լինեն մեկ ընդհանուր գաղափարախոսության մեջ»,- ասաց Վ. Այվազյանը:

Պատգամավորը նշեց, որ աշխարհում պետբյուջեի եկամուտներն ապահովողները մեծ մասամբ եղել են ֆինանսների նախարարության կազմում, իսկ մեր իրականության մեջ ՊԵԿ-ը, մինչ ֆիննախի հետ միավորումը, մեկ խնդիր ուներ` կատարել պետական բյուջեն, թե ինչ միջոցով, ինչպես կկատարվեր, տնտեսական աճի՞ հաշվին, թե՞ տնտեսական աճ ապահովող սուբյեկտների ջանքերի, տարբերակում չկար: «Տնտեսական աճի համար պետք է տնտեսական նախադրյալներ ապահովել, եթե մեկի գործարանը փակվելու է, ապա պետք է մտածել, թե դրա ազդեցությունն ինչ կլինի»,- պարզաբանեց պատգամավորը:

Գրեթե նույն տեսակետն ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որ ողջունում է հարկային ու մաքսային մարմինների միավորումը ֆինանսների նախարարության հետ` նշելով, որ ինքը միշտ էլ տրամաբանական ու արդյունավետ է համարել հարկային և մաքսային մարմինների ֆինանսների նախարարության տիրույթում գտնվելը: Ըստ տնտեսագետի` քանի որ կառավարության կողմից պետական բյուջեի նախագծի կազմման լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, ապա նա պետք է բյուջեի մուտքերի ու ելքերի վերաբերյալ մշտապես օպերատիվ տեղեկատվություն ունենա: Իսկ դա կարող էր ապահովվել միայն այս երկու կառույցների միացումով: Ցանկացած բյուջե կազմելիս իրատեսականորեն պետք է ելնել հնարավոր եկամուտներից, որոնք պետք է լինեն հաջորդ ֆինանսական տարում: Այդ առումով, ըստ տնտեսագետի, ֆինանսների նախարարությունը, ըստ էության, մինչ օրս չի ունեցել հանրապետությունում սպասվող և հնարավոր բյուջետային մուտքերի վերաբերյալ ճիշտ և օպերատիվ իրազեկվելու հնարավորություն: Սա հանգեցրել է բյուջեի կազմման պրոցեսի արդյունավետության որոշակի անկման:

Բայց հակառակ կարծիքը, թե այս միացման արդյունքում Հայաստանում տնտեսության և ֆինանսների կառավարման խիստ աղճատված համակարգ է ստեղծվելու, առավել գերիշխող է հայկական վերլուծական ու լրատվական շրջանակներում:

Հարցն այն է, որ տնտեսության կառավարման ժամանակակից սկզբունքների համաձայն` ֆինանսների նախարարության հիմնական գործառույթը պետական բյուջե մշակելն է, որի եկամտային մասը պետք է ապահովի պետեկամուտների կոմիտեն: Ֆինանսների նախարարությունը նաև բյուջեի ծախսերի պատասխանատուն է: Եվ այս երկու կառույցների ներքին հակամարտությունն ու բանավեճը ստեղծում է հակակշիռների մեխանիզմ, որի շնորհիվ կառավարումը դառնում է արդյունավետ: Նախկինում Հայաստանում ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունն առանձնացվեցին` ելնելով հենց այս նկատառումներից: Իսկ այժմ, երբ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ն անցնում են միևնույն մարմնի` միևնույն անձի լիակատար վերահսկողության տակ, այդ հակակշիռների մեխանիզմը հիմնովին ջախջախվում է:

Հակակշիռների մեխանիզմ պետք չէ՞

Այս երկու մոտեցումներն էլ խիստ պայմանական են: Եթե նշվում է արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ապա պետք է հստակ նշվի, թե որքանով է անարդյունավետ եղել նախկին համակարգը կամ կառուցվածքը: Շատ կարճ ժամանակահատվածի համար սա կարող է նույնիսկ դրական արդյունքներ տալ: Կարելի է սպասել նույնիսկ, որ հարկային եկամուտները կավելանան: Բայց դա շատ կարճ կտևի, իսկ ավելի երկարատև հեռանկարում վատ, շատ վատ հետևանքներ է ունենալու` թեկուզ նույն արդյունավետության առումով, եթե մնացած բազմաթիվ հարցերը նշելու չլինենք:

Ավելին` մամուլում արդեն իսկ սկսել են լուրեր շրջանառվել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը:

Նշված կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքման և ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է տվյալ ոլորտներում պետական կառավարման արդյունավետությունը: Նշենք, որ այդ միավորման շուրջ մտահոգություններ ունեն նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանները, հիմնականում` արևմտյան երկրների:

Հակակշիռների մասին դիտարկումները, ի դեպ, անուղղակի ձևով հաստատում են հենց այս կառուցվածքային փոփոխության պաշտպանները: Նույն Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Այս կառուցվածքային փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, կտա իր դրական արդյունքը: Որովհետև երբ ֆինանսների նախարարությունն ազատականացման էր գնում, ՊԵԿ-ը հակառակ կարծիքն ուներ: ՊԵԿ-ն էր գնում ուրիշ բանի, ֆինանսների նախարարությունն էր հակառակն ասում: Հիմա այս երկուսը միավորված են նույն խնդրի շուրջ: Այս երկուսի խնդիրը տնտեսական աճի ապահովումն ու դրա շնորհիվ պետական բյուջեի կատարումն է: Այսինքն` այդ երկուսը պետք է դառնան ոչ թե նպատակ, այլ պարզապես պետք է դառնան գործիք: Իսկ նպատակը մեկն է` քաղաքացու բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը: Սա պետք է լինի առաջնահերթ խնդիր, ոչ թե տնտեսական աճի ապահովումը կամ պետբյուջեի կատարման խնդիրը»:

Ինչ վերաբերում է քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովելու «բուռն ցանկությանը», ապա հարկ է նշել, որ այս կարգի փոփոխությունները տեղի են ունենում` ելնելով զուտ քաղաքական կոնյունկտուրայից:

Հիմա ուշադրություն դարձնենք մի քանի հետաքրքիր «զուգադիպությունների»: Դեռ ֆինանսների նախարար չդարձած` ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը նորանշանակ վարչապետի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստում կառավարության հաստատմանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» օրենքի նախագիծը և հավանություն «կորզեց», որը համարվում է հարկային վարչարարության ֆեոդալական ձև. քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգին, երբ ստուգումներ իրականացվում են միայն այն դեպքում, երբ ինչ-որ հարկատուի առնչությամբ հարկային մարմիններում, դինամիկ վերահսկողության ու վերլուծության արդյունքում, կասկածներ են ի հայտ գալիս:

Հաջորդիվ կառավարությունը մտմտում է փոփոխել շրջանառության հարկին վերաբերող օրենսդրական բազան` շրջանառության հարկի դրույքաչափն իջեցնել մինչև 1 տոկոս, սակայն շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների համար շրջանառության նախատեսված շեմը նույնպես սեղմել ու իջեցնել մինչև 30 մլն դրամ, այսինքն` մնացածն արդեն կանցնեն ավելի բարձր դրույքներով` այլ հարկատեսակով հարկման տիրույթ:

Մյուս ուշագրավ նախաձեռնությունն այս ոլորտում վերաբերում է փոստային կամ էլեկտրոնային գնման եղանակով ներմուծված ապրանքների մաքսազերծման դրույքաչափերին, ըստ որի` եթե նախկինում յուրաքանչյուր ոք իրավունք ուներ առանց մաքսազերծման տարեկան մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքներ ձեռք բերել միջազգային էլեկտրոնային գնումների համակարգերով, ապա այժմ այդ շեմը փորձում են իջեցնել մինչև 50 հազար դրամ: Այս ամենով հանդերձ, եթե իշխանություններն ասում են, թե ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության միավորումը բարենորոգիչ առաքելություն ունի, ապա մյուս կողմից քայլեր են անում, որոնք, համենայն դեպս, հակասում են այդ մոտեցմանը:

 

 

 

Սերունդ կրթելու փոխարեն` դեպի խոպան

Գևորգ Ավչյան«Գոնե էս 50 հազար դրամը շուտ տան. էլի մի 3 ամիս «փամփերսի» մասին չեմ մտածի, թե չէ առավոտից իրիկուն տելեվիզրով իրանց ճղում են, թե ինչ անում են, երեխեքի` նոր սերնդի համար են անում: Սուտ ա, ոչ մի տենց բան էլ չկա, երկրորդ երեխես ա ծնվել, ու արդեն դժվարանում ենք պահել-մեծացնել»,- օրերս Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի միջանցքում սրտնեղած պատմում էր հազիվ 24-26 տարեկան երիտասարդ մի մայր: Հետո իմացա` անունն Անուշ է:

Երբ արդեն 4-րդ օրն էր, ինչ պետական այս հիմնարկից վազում էի մյուսը` հիվանդանոցից` ՔԱԿԳՎ բաժին` «դասական հայերենով» ասած` ԶԱԳՍ, այնտեղից` նորից հիվանդանոց, այնտեղից` թաղապետարան, թաղապետարանից` սոցապ բաժին, սոցապից` ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին, հետո` նորից սոցապ, ընթացքում մի ամբողջ թղթապանակ փաստաթղթերի պատճեններ անելով, այս բյուրոկրատական քաշքշուկի նախավերջին օղակում` անձնագրային և վիզաների բաժնում Անուշին հանդիպեցի: Ուսից կախված «կենգուրուի» մեջ փաթաթված նորածնին գրկած` նա լուռ լսում էր բաժնի աշխատակցուհու ցուցումներն ու փորձում հասկանալ, թե ուր պետք է ներկայացնի երեխայի սոցիալական համարանիշը, որպեսզի ստանա երեխայի ծնվելու կապակցությամբ պետության կողմից միանվագ տրամադրվող նպաստը:
Անուշին ցուցումներ տվող աշխատակցուհին նրան ուղղորդում էր նույն անիմաստ տեղը` թաղապետարան, որտեղ, իբրև, պետք է լիներ սոցապ բաժինը: Քանի որ ընդամենը 2 օր առաջ էի նույն ճանապարհով անտեղի անցել, հետո ինքնուրույն գտել, թե ուր, երբ ու ինչպես պետք է գնամ թղթաբանական ամբողջ շղթան ավարտելու համար, միանգամից մեջ ընկա ու Անուշին ասացի, թե իրականում ուր պետք է գնա: Նա շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ: Նրանից հետո ինձ էլ տվեցին նորածիններին տրամադրվող սոցիալական համարանիշը հավաստող տեղեկանքը, ու ես էլ դուրս եկա: Անուշն անվստահ քայլերով գնում էր իմ մատնանշած ուղղությամբ, ասացի, որ ես էլ եմ սոցապ բաժին գնում, ցանկության դեպքում կարող է ինձ հետ գալ` տեղը հաստատ իմանալու համար: Ուրախացավ ու քայլեց:
Հասանք սոցապ բաժին, գործավարուհին խնդրեց սպասել, մինչև համապատասխան աշխատակցուհին կվերջացներ մեկ այլ քաղաքացու սպասարկելը: Ժամանակը սպանելու համար սկսեցինք դեսից-դենից զրուցել: Այդ ընթացքում հավանաբար իմ հանդեպ Անուշի վստահությունը մեծացավ, հետո էլ երբ իմացավ, որ թերթում եմ աշխատում, մի փոքրիկ պատմություն պատմեց իր մասին:
Անուշի ծնողները բանվոր են, ներկայումս` գործազուրկ: Հինգ տարի առաջ ավարտել է մանկավարժական համալսարանը և այդպես էլ ըստ մասնագիտության աշխատանք չի գտել: Համալսարանն ավարտելուց երկու տարի անց ամուսնացել է: Ամուսնու հետ տեղափոխվել է ապրելու վարձու բնակարանում: Սկզբում ամուսինը պտուղ-բանջարեղենի մի փոքրիկ կրպակ է բացել իրենց բակում ու դրանով սկսել ընտանիքի հոգսը հոգալու համար վաստակել:
«Սկզբում գործերը վատ չէին, ես օգնում էի Հովիկին (ամուսնու անունն է), առևտուր էինք անում ու ապրում: Համենայն դեպս` և՛ տան վարձն էինք վճարում, և՛ մենք էինք կարողանում լավից-վատից ապրել: Գոհ էինք: Բայց ամսից ամիս մեր առևտուրը նստեց` մարդիկ կամաց-կամաց սկսեցին ավելի քիչ այցելել մեր կրպակ, այցելելիս էլ` ավելի քիչ առևտուր անել: Դե բոլորի վիճակն էլ նույնն ա, մարդիկ փող չունեն: Ամուսինս էլ, կրպակի ապրանքը չդատարկվելու համար միշտ թարմ ապրանք էր բերում, ու քանի որ մեր ապրանքը շուտ փչացող էր ու արդեն քիչ էր ծախվում, գործերը սկսեցին վատանալ, կամաց-կամաց պարտքեր սկսեցին կուտակվել: Հարկայինը, սանէպիդկայանը, կրպակի մնացած բոլոր ծախսերն էլ մի կողմից` ամսեամիս ընկանք պարտքերի տակ»,- պատմեց Անուշը:
Երեք տարի առաջ, երբ ծնվեց նրանց առաջնեկը, Անուշի ամուսինը երեխայի քառասունքը դուրս գալուց հետո որոշեց մեկնել արտագնա աշխատանքի` խոպան: Ամուսիններով որոշում են, որ ամուսինը կգնա, բարեկամի մոտ մի քիչ կաշխատի, կվերադառնա: Իսկ Անուշն այն ժամանակ ոչ մի կերպ չէր մտածում Հայաստանը լքելու մասին:
«Ամուսինս գնաց, սկսեց աշխատել, սկսեց նաև գումար ուղարկել: Բայց հետո Ռուսաստանում վիճակը վատացավ, ու նա ամեն անգամ սկսեց ավելի քիչ գումար ուղարկել: Ստիպված էի փոխել վարձով բնակարանը, գումարը չէր հերիքում, իսկ նախկին բնակարանը համեմատաբար ավելի թանկ էր, ամեն կերպ սկսեցի խնայել: Էլի նորմալ էր, չէի դժգոհում»:
Ամուսինը վերադառնում է` իր հետ բերելով մի փոքրիկ գումար, որը փորձում են նոր փոքրիկ գործի մեջ դնել, բայց դարձյալ չի հաջողվում: Անուշի ամուսինը դարձյալ բռնում է Ռուսաստանի ճանապարհը, այդ ժամանակ նրանք սպասում էին երկրորդ երեխային: Ամուսինը հիմա Ռուսաստանում է, Անուշին էլ կանչում է իր մոտ:
«Ասում ա` արի էստեղ ապրենք, որովհետև Հայաստանում չեմ կարողանում գործ անել, երկու անգամ փորձեցի, չստացվեց: Ասում ա, ինքը Ռուսաստանում կարող ա մեզ պահել, քանի որ էդքան աշխատում ա, ու եթե երկու տեղ չլինենք, այլ միասին ապրենք` նորմալ կլինի, ստիպված չի լինի տարվա մեջ կիսատ թողնել գործերն ու գալ մեզ տեսության` ավելի փող ծախսելով: Ես անկեղծ չեմ ուզում մեկնել Հայաստանից, չեմ պատկերացնում, թե ոնց պիտի ապրեմ Հայաստանից դուրս, ես իմ երկիրը շատ եմ սիրում: Բայց արդեն ամենավերջին, ամենակարևոր բանն եմ կորցրել` ապագայի հավատը: Ու երևի ես էլ գնամ ամուսնուս մոտ: Ճիշտ է, Հայաստանի բնակչությունը միանգամից 4 հոգով էլ կպակասի, բայց դե ինչ անեմ, էսպես չի կարող շարունակվել»,- եզրափակեց Անուշը` հավելելով, որ համալսարանն ավարտելիս հույս ուներ` իրեն, որպես լավ սովորած, կրթություն ստացած երիտասարդ ուսուցչուհու, հեշտ կլինի հաստատվել ու կայանալ Հայաստանում, երեխաներին դասավանդել, սերունդ կրթել ու դրանով երջանիկ լինել, քանի որ միշտ էլ հավանել է ուսուցչի կերպարը: Իսկ հիմա ստիպված է լքել իր սիրած Հայաստանը, Երևանը:

Առանց այդ էլ հարկերից ճռռացող տնտեսվարողներին GPRS-ով համակարգն էր պակաս

Անվտանգության-համակարգերի-տեղադրում_4Մի անգամ պապս, որ վաստակաշատ մանկավարժ էր ու լրագրող, նաև համոզված կոմունիստ, ինչ-որ պետական հիմնարկից գալով, իր գեղեցիկ դարչնագույն ցիլինդրն ու ձեռնափայտը ջղային շարժումով միջանցքի կոմոդի վրա նետելով, շուռ եկավ դեպի ինձ, որ այդ պահին հասել էի նրան, ու բարկացած, խիստ տոնով վրա բերեց` «Սովետը, որ քանդվեց` բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»: Շատ փոքր էի, որպեսզի հասկանայի, թե ինչ նկատի ուներ հասակ առած ու կյանքի բովում եփված պապս, բայց օրերս պապիս այս փոքրիկ «դասը» հիշեցի, երբ ծանոթացա բյուրոկրատական խոչընդոտների ու կամայականությունների հերթական պատմությանը:

Օրերս մեր խմբագրությանը դիմեց մի բավականին պատկառելի խանութ-սրահի տնօրեն. դժգոհում էր պետական կառույցների կամայականություններից: Ի թիվս նրա մատնանշած բազմաթիվ խնդիրների, մեկը խիստ ուշագրավ էր, հատկապես` պապիս խոսքերը հիշելուց հետո:

Մեզ դիմած Ա.Մ-ն պատմեց, որ ըստ կարգի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող օբյեկտները պետք է որոշակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության չափանիշներ ապահովեն: Տվյալ դեպքում` հակահրդեհային անվտանգության համակարգեր ունենան: Բնականաբար, որպես այս հարցում գլխադասային մարմին, ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումներն էլ, այս առումով, ներկայացնում են տեխնիկական անվտանգության պահանջների չափանիշները,համապատասխան «հսկողություն» են իրականացնում, թե ինչպես են պահպանվում այդ անվտանգության կանոնները, ինչպիսի սարք-սարքավորանք է անհրաժեշտ այս նորմը պահպանելու համար և այլն: Եվ մեզ դիմած Ա.Մ.-ն պատմեց, թե իրականում ինչ է կատարվել իր ղեկավարած խանութ-սրահում:

ԱԻՆ-ի համապատասխան կառույցի ներկայացուցիչները այցելել են նրա ղեկավարած խանութ-սրահ, ներկայացրել, թե ինչ տեխնիկական պահանջներ կան, որ պետք է ապահովի օբյեկտի տնօրինությունը: Հետո մատնանշել են խանութ-սրահում առկա հակահրդեհային անվտանգության համակարգն ու ասել, որ դա հին է, չի համապատասխանում սահմանված կարգով ամրագրված պահանջներին, ապա ներկայացրել են իրենց պահանջները: Նաև նշել են, թե կոնկրետ ինչ սարքավորումներ, գույք ու համակարգ է պետք տեղադրել` մատնանշելով կոնկրետ ապրանքանիշի կոնկրետ ապրանք: Երբ Ա.Մ.-ն ցանկացել է ձեռք բերել այդ համակարգը, պարզվել է, որ դա շատ թանկ արժի` մոտ 300 հազար դրամ` չհաշված հարակից ծառայությունների արժեքը: Ու որոշել է հրաժարվել այդ համակարգը տեղադրելուց: Իր ծանոթ գործընկերեներից տեղեկացել է նաև, որ նրանց էլ են այցելել համապատասխան մարդիկ ու ներկայացրել հակահրդեհային անվտանգության համակարգերի «անհրաժեշտությունն» ու պահանջվող համակարգերի տեխնիկական բնութագրերը` դարձյալ նշելով կոնկրետ ապրանքանիշ ու ապրանքատեսակներ:

Ինչպես հիշում ենք հանրահայտ ու բոլորին հուզած նոր ՀԴՄ-ների պատմությունից, այդ հակահրդեհային անվտանգության համակարգերը, բնականաբար, Հայաստան է ներկրում կոնկրետ մեկ մարդ, և այլ տեղից հնարավոր չէ ձեռք բերել այդ համակարգերը: Ու քանի որ Ա.Մ.-ն ու նրա ծանոթ գործընկերները հրաժարվել են ձեռք բերել ու տեղադրել այդ համակարգերը, քանի որ համարել են, որ իրենց ունեցած համակարգերը լիովին բավարարում են անվտանգության ապահովման պահանջները, հիմա նրանց առջև ծառացած է տուգանվելու խնդիրը: Իսկ տուգանքների հարցը Հայաստանում, բոլորս գիտենք` ինչպես է դրված…

Փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը:

Ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետով` 2012 թ. հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը արձակել է N 263-Ն հրամանը հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին: «Հրդեհային անվտանգության կանոններ» կոչվող փաստաթղթի 81-րդ կետով էլ սահմանվում է. «Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի»: Այդ հավելվածով թվարկվում են, թե որքան տարածք ունեցող ու ինչպիսի օբյեկտներում են հակահրդեհային անվտանգության համակարգերը պարտադիր և այլն: Կանոնների այս կետը սահմանում է նաև, որ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Iոterոet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն): Ընդ որում 3000 քմ և ավելի տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:

Ամեն ինչ կարծես պարզ ու հստակ է, և ավելացնելու կամ զարմանալու ոչինչ չկա: Համենայն դեպս, ԱԻՆ-ի աշխատակիցները, երբ այցելում են համապատասխան օբյեկտներ ու ներկայացնում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջ, դա ինքնագլուխ չեն անում, այլ սահմանված կարգին համապատասխան:
Բայց ուշագրավ է նույն փաստաթղթի հաջորդ` 82-րդ կետը, որում, մասնավորապես, նշվում է. «Հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների, հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի տեսակը, շիջման ձևը, կրակմարիչ միջոցները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` կախված պաշտպանվող շենքերի ու կառույցների տեխնոլոգիական, կառուցողական և ծավալա-հատակագծային առանձնահատկություններից»:
Այս կետով, փաստորեն, հակահրդեհային անվտանգություն իրականացնողին կամ համակարգը նախագծողին, որը Հայաստանում պարտադիր ԱԻՆ-ն է, տրվում է լայն հնարավորություն ներկայացնելու իր նախընտրած կամ պատկերացրած ու իր մատնանշած անվտանգության համակարգ տեղադրելու պահանջ:

Դե ԱԻՆ-ում հո չեն հաստատի, թե իրենք ինչ-որ կանխամտածված կամ կանխակալ որոշում են ընդունում այս առումով ու զարկ տալիս իրենց նախընտրելի տնտեսվարողի կամ կառույցի ներկրած կամ արտադրած համակարգերի վաճառքին` հակահրդեհային անվտանգության համակարգեր տեղադրելու պահանջի ներքո գործող օբյեկտների տնօրինողներին «ուղղորդելով» դեպի կոնկրետ համակարգ: Անգամ այդ դեպքում նրանք արդարացում ունեն. մասնագետն իրենք են, հետևաբար իրենք են որոշում, թե որ օբյեկտում ինչպիսի տեխնիկական չափանիշներին համապատասխան համակարգեր պետք է տեղադրված լինեն, ուրեմն իրենք իրավունք ունեն ասելու, թե այդ չափանիշներին հատկապես որ համակարգն է համապատասխանում:

Միգուցե սա արդար է, չենք փորձում ինչ-որ մեկին մեղադրել, բայց հաշվի առնելով հայաստանյան իրականության փորձը, երբ պետությունն ավելի շահագրգիռ է ինչ-որ կազմակերպության կամ ընկերության բիզնես շահերը պաշտպանելու հարցում, քան հասարակ քաղաքացիների, արդեն ակամա սկսում ենք մտածել, որ այս դեպքում ևս պետական կառույցն առաջնորդվում է նույն սկզբունքով, ինչ նոր ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջի, ճանապարհային տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը մասնավոր ընկերության տնօրինմանը հանձնելու ու տուգանքներ նշանակելու, կարմիր գծանշումներով բոլորի սեփականությունը համարվող փողոցից մասնավոր ընկերության համար տարածք առանձնացնելու ու վճարովի ավտոկայանատեղ դարձնելու և մնացած այլ համանման դեպքերում: Նման գործելաոճի պարագայում համապատասխան իրավական ակտերը` թղթի վրա գրված կանոնները, հրամանները, նորմերն ու օրենքները միշտ պետության կամ պետության կողմից հովանավորվող ընկերությունների շահերից են ելնում:

Եվ նման դեպքերում հիշում եմ պապիս` արդեն ինձ հանճարեղ թվացող խոսքերը. «Սովետը, որ քանդվեց, բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»:

Նոր քաղաքական իրողություն. ՀՀԿ-ն մնաց հպարտ միայնության մեջ

Galust Sahakyan is elected as the new chairman of the RA NAԲավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ այդպես արագ հրաժեշտ կտանք նախկին վարչապետին, որ նոր վարչապետի աթոռին կտեսնենք Հովիկ Աբրահամյանին ու դեռ ավելին` ԱԺ ամբիոնի կենտրոնական աթոռին էլ կբազմի Գալուստ Սահակյանը: Եթե սրան էլ գումարենք «տարած-հետ բերած» ընդդիմադիրի` ՕԵԿ-ի նոր կարգավիճակը, ապա համապատկերն առավել գունագեղ ու հետաքրքիր է դառնում…

Մեր միշտ հին ու նոր կառավարությունը

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո որոշակիորեն ակտիվացան այն տեսակետները, թե նոր վարչապետն իր անձնական որակների` ամենատարբեր մարդկանց և քաղաքական ուժերի հետ «լեզու գտնելու» կարողության շնորհիվ դրական փոփոխություններ կմտցնի ներքաղաքական միապաղաղ կյանքում, նույնիսկ աշխույժ շրջանառվում էին տարբեր ձևերով ու դասավորություններով կոալիցիաների կազմման կանխատեսումներ: Բայց արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ոչ միայն նոր կոալիցիոն գործընկեր ձեռք չբերեց, այլև կորցրեց իր կոալիցիոն միակ դաշնակցին` ՕԵԿ-ին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ ապրիլի 28-ի նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրելով, տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն այսուհետ ընդդիմադիր ուժ է: Հաջորդ օրը` ապրիլի 29-ին Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին անգամ իբրև ընդդիմադիր հանդես գալով` նշեց, որ իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը:

Բայց առավել ուշագրավ էր ՕԵԿ պատգամավորի մեկ այլ հայտարարություն: Անդրադառնալով ՕԵԿ-ի հասցեին հնչող քննադատություններին` Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ժողովուրդը կտա ամեն ինչի արժանի գնահատականը, քանի որ ժողովուրդն է ամենաիմաստունը, իսկ ժամանակը` արդար դատավոր:
«Երկիրը փոքր է, բոլորը բոլորին լավ ճանաչում են, և ինչքան էլ հանդես գան ոմանք որպես աղավնի և իրենց բերնում դնեն ձիթենու պտուղ, միևնույն է, տեսանելի է, որ բորենին երբեք աղավնի չի դառնում»,- ասաց նա:

Իսկ նոր կառավարությունն էլ, պարզվեց, այնքան էլ նոր չէ: Կառավարության 18 նախարարներից ու աշխատակազմի ղեկավար-նախարարից 9-ը վերանշանակվեցին: Ընդ որում, եթե ուշադիր նայենք, վերանշանակվեցին, պայմանականորեն ասած, առավել ծանրակշիռ դիրք ունեցող նախկին ու արդեն իսկ նոր նախարարները: Այսինքն` պարզ է, որ կառավարության ծրագրերի, ռազմավարության ու մարտավարության մեջ էական փոփոխություններ չեն լինի: Նոր նշանակված չորս նախարարների ու աշխատակազմի ղեկավար-նախարարի անունները նույնպես ամենևին էլ թարմություն չեն խոստանում: Մասնավորապես, նոր կառավարության կազմում նոր պաշտոններ ստացան ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը կբռնի ֆինանսների նախարարի պորտֆելը և կառավարությունում նոր մարդ չէ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որին Երևանը «քաղաքաշինելուց» հետո հիմա էլ վստահեցին ամբողջ Հայաստանի քաղաքաշինության գործը, նոր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի նոր պորտֆելն էլ վերցրեց Կարեն Ճշմարիտյանը` նախկին նախարար, մինչև նշանակումն էլ նույն «հին» ՀՀԿ-ի անդամ ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր: «Միշտ հին ու նոր» կառավարության կազմում միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է հայտնություն: Մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին էլ մամուլում նշվում են անուններ, որոնք, մեղմ ասած, նոր ոչինչ չեն ասում, բացի հին վերքերը բորբոքելուց;

Մի խոսքով, կառավարությունը թարմացնել չհաջողվեց, կամ ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Հայաստանի ներքին քաղաքականությունը նման է թատերական ներկայացման, որտեղ դերասանները չեն փոխվում, փոխվում են նրանց դերերը»: Մեսրոբյանը հավելեց նաև, որ Հայաստանում ձևավորված է օլիգարխիկ պետական համակարգ, որն ամբողջ աշխարհում համարվում է հետամնաց համակարգ, հետևաբար անիմաստ է սպասել որևէ առաջընթացի, այս պայմաններում Հայաստանը ապագա չունի:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը վարչապետի փոփոխությունից հետո կառավարության ձևավորման գործընթացում կարևորում է ընդդիմության և իշխանության դերակատարումները: Քաղաքագետն օրերս կայացած մամլո ասուլիսում առանձնացրեց վարչապետի հրաժարականից հետո երեք սցենար, որով կարող էին գնալ ՀՀԿ-ն և ընդդիմությունը: Ըստ նրա` առաջին սցենարը հիմնական դերակատարների` ՀՀԿ-ի ու ընդդիմության շրջանակներում կառավարություն ձևավորելն էր, երկրորդ սցենարը` գտնել տարբերակ նվազագույն կոալիցիայի պահպանման համար և երրորդ սցենարը` եթե օրակարգում եղել է լայն կոալիցիայի ձևավորման հարց` փորձել ձևավորել այդ լայն կոալիցիան: Այս իրադարձություններին ընդդիմադիր դաշտի արձագանքը, ըստ քաղաքագետի, ցույց տվեց, որ նրանք պատրաստ չէին նման զարգացումների: «Փաստորեն, ըստ էության կատարվեց առաջին սցենարը, այսինքն` մեկ քաղաքական ուժի պայմաններում ստեղծել կառավարություն»,- ասաց նա:

Այսպիսով, մենք ունենք նոր վարչապետ, նոր կառավարություն, և բացառությամբ տնտեսական բլոկի մի մասի, մնացած բոլոր նախարարները շարունակում են մնալ իրենց պաշտոններում: Ապրիլի 29-ին քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այդ փաստը բացատրեց այն հանգամանքով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարճաժամկետ քաղաքական ապագայում` առնվազն մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի սկիզբը, նպատակ ունի ավելի կայուն քաղաքական հենարան ստեղծել: Նա կարծում է, որ այդ պատճառով նպատակ էր դրված նոր վարչապետի շուրջ համախմբել որոշ քաղաքական ուժերի, սակայն դա չստացվեց: Այս կառավարությունը, ըստ Մարգարովի, ցույց տվեց այն, ինչի մասին խոսվում էր անցյալ տարի. շատ բարդ է գտնել նոր կադրեր, գտնել այն նոր սերունդը, որը կարող է մտնել բարձր էշելոնի կազմ և հանդես գալ որպես նոր ղեկավարների սերունդ:

Ո՞վ Գրիգորիչի համար ապահովեց երկրի երկրորդ դեմքը լինելու տիտղոսը

Ինչ վերաբերում է կադրերի հարցին, ապա արժե անդրադառնալ նաև ԱԺ նոր նախագահի ընտրության թեմային: Ապրիլի 29-ին կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Դեռ շատերն են հիշում Գալուստ Գրիգորիչի «շուլուխները», տարբեր ուշագրավ արտահայտություններն ու հայտարարությունները, բայց նա ԱԺ նախագահ ընտրվեց 101 կողմ ձայներով: Նրա միակ մրցակիցն էր ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը, որը ստացավ 3 ձայն: Քվեարկությանը 131 պատգամավորներից մասնակցել են 106-ը, գրանցվել է 2 անվավեր թերթիկ: Այդ նիստից բացակայում էր 10 պատգամավոր, ԱԺ նախագահի ընտրությունը բոյկոտել էր 15 պատգամավոր. «Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Հիշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված է ընդամենը 70 պատգամավոր, 2 պատգամավոր, ինչպես գիտենք, ազատ են համարվում, որոնցից մեկը` Էդմոն Մարուքյանը, բացակայում էր նիստից, բայց Գալուստ Սահակյանը ստացավ 101 քվե:

Ստացվում է, որ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի նախագահ ընտրվեց իրեն ընդդիմություն հայտարարած ՕԵԿ և այլընտրանք համարվող ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների շնորհիվ: Թեև ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունները մինչ քվեարկությունը հայտարարել էին, որ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության հարցում, փաստորեն, այն պատգամավորները, որոնք նախընտրել են մասնակցել քվեարկությանը, իրենց ձայնը տվել են մեծամասնական խմբակցության թեկնածուին: Իսկ իրենց պատգամավորներին «ազատություն» տալու մասին ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի խոսքերը վաղուց հայտնի են քաղտեխնոլոգիային: Այդպես վարվում են այն ուժերը, որոնք վախենում են իրենց իրական դիրքորոշումն ուղիղ հայտնելուց և դա անում են անհատներին «ազատություն» տալով:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը նշել էին, որ քվեարկել են հօգուտ Բագրատյանի: Բագրատյանի ստացած 3-րդ կողմը, ըստ ամենայնի, քվեարկել է ինքը` պատգամավորը:

Անդրադառնալով Աժ խոսնակի առաջադրմանը` Մարգարովը նկատեց, որ ընդդիմադիր ուժերը կրկին չկարողացան պատրաստ ու համախմբված գործել և առաջարկել միասնական թեկնածու: Խորհրդարանական չորս ուժերը, ինչպես ասաց քաղաքագետը, կորցրին ԱԺ նախագահի հարցում միասնաբար հանդես գալու հնարավորությունը: «Ընդդիմադիր դաշտն այսօր ուներ հնարավորություն` փորձել հանդես գալ միասնական ճակատով, գուցե հայտնի արդյունքով, բայց փորձել հանդես գալ մեկ միասնական ճակատով: Եվ մենք տեսնում ենք, որ դա կա՛մ չհաջողվեց, կա՛մ ցանկություն չեղավ»,- ասաց բանախոսը:

Իսկ արդյունքներ, ըստ նրա, այդ քայլը կունենար. մի կողմից` կարող էր ցույց տալ նրանց համախմբվածության աստիճանը, մյուս կողմից` նրանց որպես ուժ հանդես գալու ունակությունը, որը կարող է պայմանավորվել իր ներսում, իր համար ավելի նպատակահարմար թեկնածուի շուրջ, ինչն ի ցույց կդներ քառյակի բանակցային ներուժը:
Իսկ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում, նշեց քաղաքագետը, անակնկալ եղավ որոշ ուժերի համար, քանի որ ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում արդեն պառակտում կա:

Վճարովի ավտոկայանատեղերի համար չվճարելու դեպքում ԴԱՀԿ-ն է անցնում գործի

New parking rules entered into force from 1 July in ArmeniaԵրևանում «կարմիր գծանշումներ» վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրները դրանց ներդրման օրվանից տարբեր ու տարաբնույթ դժգոհությունների և բողոքների տեղիք են տվել: Վերջերս էլ «Անկախը» բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել այդ ավտոկայանատեղերում ավտոմեքենաները կայանելու դիմաց վճարումները կատարելու կամ դրանից հրաժարվելու դեպքում վճարման պարտադրանքի կապակցությամբ:

Մեզ բողոքում են, որ անգամ այն դեպքում, երբ իրենք համաձայն չեն այդ կայանատեղերում իրենց կայանելու համար արձանագրված ժամանակին, հետևաբար նաև գանձվելիք գումարի մեծությանը և ուշացնում են վճարումը բողոքելու կամ դատարան դիմելու մտադրությամբ, միևնույն է, իրենցից բռնագանձում են վճարվելիք գումարները. ԴԱՀԿ-ի միջոցով արգելք է դրվում, օրինակ, իրենց հաշվի կամ աշխատավարձի վրա:

«Ես կայանել եմ «Անի» հյուրանոցի մոտ շուրջ 1.5 ժամ, բայց ինձ ուղարկված թղթով նշվում է, թե 10-15 րոպե եմ կայանել, հետո կցված ինչ-որ նկարներ են ուղարկել, որ տուգանվել եմ, բայց այդ լուսանկարների որակն այնքան վատ է, որ չի երևում անգամ` ի՞մ մեքենան է լուսանկարված, թե՞ մեկ այլ… Պատրաստվում էի տուգանքի կապակցությամբ դիմել դատարան, մեկ էլ իմացա, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել բանկային հաշվիս վրա»,- պատմեց Վ.Ի.-ն:

Մեզ դիմած քաղաքացիները ԴԱՀԿ-ի «գործին խառնվելը» պայմանավորում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը շահագործող ընկերության տիրոջ անձի հետ, որը, ըստ շրջանառվող լուրերի, ամենասերտ կապեր ունի ԴԱՀԿ-ի հետ: Ընդ որում` մեզ բողոքող քաղաքացիներից մեկն էլ նշում էր, որ ինքը տուգանվել է 5000 դրամի չափով, բայց իր հաշվից 10 000 դրամի վրա է կալանք դրված, պատճառաբանել են, որ 5000 դրամն էլ ԴԱՀԿ-ին վճարվելիք գումարն է կատարած գործողությունների դիմաց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս կապակցությամբ ասաց` զարմանալի է, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում չեն բողոքում, բայց հետո սկսում են դժգոհել, այնինչ կարող են ուղղակի ներկայանալ քաղաքապետարանի` նշանակված տուգանքների քննարկման համար հրավիրված նիստերին ու իրենց բողոքները կամ դժգոհությունները բարձրաձայնել:

վճարովի ավտոկայանատեղի (3)Երևանի քաղաքապետարանին ևս մեկ անգամ զարմանք չպատճառելու համար որոշեցինք օգտվել խորհրդից և բարձրաձայնել մեր ասելիքը` խնդրեցինք պարզաբանել, թե ինչ սկզբունքներով է կատարվում գումարը հարկադիր գանձելու գործընթացը, ինչ հիմքերով ու մեխանիզմներով է տեղի ունենում վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձումը և ինչ հավելյալ գումարներ է գանձում ԴԱՀԿ-ն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը պարզաբանեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մի խոսքով`օրենքն այս դեպքում կարմիր գծանշումները շահագործող տնտեսվարողի, տուգանող մարմնի ու ԴԱՀԿ-ի օգտին է «արտահայտվում»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:
Այսինքն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու պահից 10 օր անց դառնում է անբողոքարկելի և կարող է ներկայացվել հարկադիր կատարման կայացման պահից եռամսյա ժամկետում:
Իսկ դրանից հետո եռամսյա ժամկետում արդեն դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, եթե այդ ընթացքում տուգանքը չի մուծվում:

Ի՞նչ 5000 դրամ է մնում ԴԱՀԿ-ին

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ԴԱՀԿ-ն նշանակված տույժ-տուգանքով սահմանված գումարից ավելի` 5000 դրամ գումար պահում, ապա քաղաքապետարանից նշում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարվում է ոչ թե վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձում, այլ իրականացվում է նշված տեղական տուրքը վճարած չլինելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված 5.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումարի գանձում: Այս դեպքում արդեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը սահմանում է, թե ինչ գումարներն են դրանք. «կատարողական գործողությունների կատարման կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցներ»: Փաստորեն, նույն օրենքի մեկ այլ` 67-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից. մինչև 10.000 դրամի չափով` պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացվելուց հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներ համապատասխան գումարի գանձումն ապահովելու նպատակով: Այսինքն` կարող է կալանք դրվել ինչպես հաշվի, այնպես էլ աշխատավարձի վրա, նաև կարող է տվյալ անձի գույքը բռնագանձվել…

Ստացվում է, որ եթե արդեն որևէ քաղաքացու տուգանել են, ու նա չի պատրաստվում վճարել այն, այլ ցանկանում է իրեն նշանակված տույժ-տուգանքի վերաբերյալ որոշումը բողոքարկել դատարանում, ապա պետք է իմանա, որ առաջին հերթին պարտավոր է 10-օրյա ժամկետում բողոքարկել այդ որոշումը: Հակառակ դեպքում դատարանը չի ընդունի քաղաքացու փաստարկը, թե չի իմացել 10-օրյա ժամկետում իրեն նշանակված տուգանքը կամ տույժը բողոքարկելու դրույթի մասին: Որովհետև օրենքի կամ իրավանորմի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Եվ օրենքն այդ դեպքում կլինի «կարմիր գծերը» շահագործողի օգտին: