Ներկայացնում ենք Ժոռ Դիլբարյանի երգի նոր տեսահոլովակը

դերասանուհի,ՎրաստանՕրեր առաջ տեղի ունեցավ երգիչ Ժոռ Դիլբարյանի երգերից մեկի տեսահոլովակի նկարահանումը: Ինչպես և նախորդ՝ «Շտապիր սիրել» երգի տեսահոլովակը, այս տեսահոլովակի նկարահանումները ևս վստահվել էր հայկական տեսահոլովակների լավագույն ռեժիսորներից մեկին՝ Սերժ Գաբյանին: Տեսահոլովակը ստեղծելու համար վերջինս էլ իր հերթին համագործակցեց հայտնի օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ: Սերժ Գաբյանին և նրա նկարահանող խմբին հաջողվեց ստեղծել հետաքրքրաշարժ, արդիական, գեղեցիկ լուծումներով համեմված հուզիչ, դրամատիկ տեսահոլովակ, որի վերջաբանը, թերևս՝ ամենահետաքրքիրն է: Չակերտները մի փոքր բացելով կցանկանայի նշել նաև, որ տեսահոլովակի դերասանուհին հրավիրվել է Սերժ ԳաբյանՎրաստանի Հանրապետությունից: Մի խոսքով ևս մեկ սպասված գործ, որը սիրով հանրության դատին կհանձնվի շատ շուտով: Մեզ մնում է միայն մաղթել հաճելի դիտում և ունկնդրում:

Հայաստանն օձերի ու կարիճների երկիր չէ…

հայ (1)Արդեն տասներկու տարի է՝ «Մունետիկ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է հանրապետական, միջազգային ֆորումներ, ցուցահանդեսներ և սիմպոզիումներ Հայաստանում և արտերկրում: Առաջին տարիներին սիմպոզիումները միայն մանկապատանեկան էին, հետագայում սկսեցին կազմակերպվել երկու փուլով՝ պատանիների և երիտասարդների համար:

Արագածոտնի մարզի գեղատեսիլ բնության գրկում՝ անտառում, գետի ափին, տեղի գյուղացիների պարզ ու անկեղծ միջավայրում ամեն ամառ շուրջ 30 օր հայ և օտարերկրացի պատանիներն ու երիտասարդները ստեղծագործում են, քննարկումներ անցկացնում, ապրում հայկական կենցաղով, շնչում հայկական լեռնաշխարհի մաքուր օդն ու քնում վրանների տակ: Թերևս չկա ավելի արդյունավետ ու հաճելի լուծում տարբեր մշակույթների սերտացման համար, որքան բնության հետ ներդաշնակումը:

«Մունետիկ» ՀԿ-ի նախագահն ու ծրագրի ղեկավարը երիտասարդ քանդակագործ, խեցեգործ ու գեղանկարիչ Հրաչյա Համբարձումյանն է: Նման սիմպոզիումները նա կարևորում է նաև նրանով, որ հայ երիտասարդները մշակութային կապեր ձևավորեն, իրենց հերթին հնարավորություն ունենան մասնակցելու այլ երկրներում անցկացվող նմանատիպ միջոցառումների, դուրս գան հայկական սահմաններից, ինտեգրվեն եվրոպական մշակութային անցուդարձին՝ ըստ արժանվույն ներկայացնելով ազգայինը և միաժամանակ վերցնելով օտարից օգտակարը: Պատանի ստեղծագործողների համար նույնպես նման միջոցառումները հիանալի հնարավորություն են ծանոթանալու միջազգային հեղինակավոր կառույցների պահանջներին ու չափանիշներին, հաղորդակցվելու տարեկից համախոհների հետ, նախադրյալներ ստեղծելու միջազգային ծանոթությունների ու մտերմիկ հանդիպումների համար:

1458775_677565472262688_582966343_nԱյս ամառ երիտասարդ ստեղծագործողների սիմպոզիումին մասնակցում էին Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Գերմանիայի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչներ: Մինչ սիմպոզիումի մեկնարկը նրանք հնարավորություն են ունեցել մի քանի օր ուսումնասիրելու Ապարանը, շփվելու տեղի գյուղացիների հետ և անգամ լեզուն չհասկանալով՝ շատ բան իմանալու մեր երկրի մասին. «Խոտ են հնձել, թոնրի կողքը նստել, կով կթել»,- թվարկում է Հրաչյա Համբարձումյանը:

Նա նշում է, որ հայ ստեղծագործողների համար շատ կարևոր է ծանոթանալ հատկապես եվրոպացի գործընկերների մտածելակերպին, տեսնել գործի նկատմամբ նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը. «Բացի այդ, նրանց փորձը շատ ավելի մեծ է, քանի որ ողջ Եվրոպայի տարածքում շրջագայում են՝ անընդհատ մասնակցելով նմանատիպ միջոցառումների, իսկ մենք մեր երկրի սահմաններից դուրս գալու հնարավորություն հազվադեպ ենք ունենում: Մեր երիտասարդների համար, մասնագիտական գիտելիքներից բացի, շատ օգտակար է նաև լեզվական հմտություններ ձեռք բերելը»:

Ամառային վերջին սիմպոզիումին մասնակցել են օտարերկրացի երիտասարդ ճարտարապետներ, դիզայներներ, դերասաններ, ռեժիսորներ: Հայկական կողմից մասնակցել են երիտասարդ գրողներ, արվեստաբաններ, նկարիչներ, քանդակագործներ:

հայՄասնակից բոլոր օտարերկրացիներն առաջին անգամ են եղել Հայաստանում: Ճիշտ է՝ ֆինանսները չեն ներել հյուրերին Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը ցույց տալու համար, սակայն, 10 օր ապրելով հայաստանյան անկրկնելի բնության մեջ՝ սիրել ու բարձր են գնահատել մեր երկիրը: Ի դեպ, մասնակիցներից մեկը խոստովանել է, որ մինչ Հայաստան գալը համացանցի միջոցով տեղեկություններ հավաքելիս տպավորություն է ստացել, թե սա մի տափաստանային երկիր է՝ լի օձերով ու կարիճներով, ուստի ամռան շոգին Հայաստան է եկել ճտքակոշիկներով, որպեսզի «օձերն ու կարիճները» ոտքերը չվնասեն: Հետո շատ է զարմացել՝ տեսնելով հարուստ բնություն, անտառներ ու լեռներ, անկրկնելի լիճ:

1461984_677564088929493_1725599908_nՄիաժամանակ օտարերկրացիները 30 օրվա ընթացքում հասցրել են հասկանալ, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ գեղեցիկ է, օրինակ` օրենքներն այնքան էլ չեն գործում, անգամ «նախանձել են», որ այստեղ կարելի է մեկ զանգով բազմաթիվ հարցեր լուծել:

Այդ ընթացքում հյուրերը նաև հասկացել են, որ Հայաստանն ավելի արժեքավոր երկիր է, քան ասենք, Վրաստանը, որն իրեն ներկայացնում է առաջադեմ ու եվրոպական:

Քննարկումները միշտ չէ, որ խաղաղ են անցել, հատկապես, երբ խոսքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է եղել, Հայոց ցեղասպանության մասին: Ի վերջո, այդ քննարկումները հանգեցրել են նրան, որ օտարերկրյա հյուրերը սկսել են այլ աչքով նայել Հայաստանին, այլ տեսանկյունից դիտել Մատենադարանը, Օպերայի շենքը… Զարմացել ու հիացել են, որ ունենալով պատմության նման քարքարոտ ընթացք՝ հայերը միաժամանակ կարողացել են նման բարձր մշակույթ ունենալ:

«Ընդհանուր առմամբ՝ մեր եվրոպացի գործընկերները հասկացան, որ Հայաստանի հետ կապված ծրագրերում, որոշումներում, կարծիքներում պետք է այլ մոտեցում ցուցաբերեն, քան ասենք՝  Վրաստանի կամ Ադրբեջանի դեպքում, քանի որ մեզ մոտ խնդիրներն ու իրավիճակն այլ են»,- ասում է երիտասարդ արվեստագետը:

1385361_634698896570246_529139792_nՍիմպոզիումների ավարտից հետո, ծրագրի մասնակիցների միջև կապերն ակտիվորեն շարունակվում են, իսկ ծրագրի ղեկավարը պատրաստվում է հաջորդ հանդիպմանը, որը կրկին տեղի կունենա ամռանը, նույն վայրում:

Արդեն երկու տարի է՝ ծրագրի անցկացմանն օժանդակում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Որպես հովանավորներ` նաև տեղացի արտադրողներն են ներգրավվում՝ մասնակիցներին ապահովելով սեփական արտադրանքի սննդով:

Նշենք, որ «Մունետիկ» հասարակական կազմակերպությունը քանդակագործ, խեցեգործ և գեղանկարիչ Հենրիկ Համբարձումյանը հիմնադրել է 2002 թ., իսկ տաղանդավոր արվեստագետի մահից հետո նրա գործը շարունակում ու ղեկավարում է որդին՝ Հրաչյա Համբարձումյանը:

 

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո

«Մանկական Եվրատեսիլ- 2013» , Հայաստան,«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Վիճակահանության տվյալներով մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ.

1.Շվեդիա

2.Ադրբեջան
3.Հայաստան
4.Սան-Մարինո
5.Մակեդոնիա
6.Ուկրաինա
7.Բելառուս
8.Մոլդովա
9.Վրաստան
10.Նիդերլանդներ
11.Մալթա
12.Ռուսաստան

Այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է կատարվել: Վիճակահանությանը մասնակցել են հենց մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները, ինչպես եղել է նախկինում:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:

Ընդհանուր առմամբ, մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:

Տեղեկացնենք նաեւ, որ սկսվել է մասնակիցների մրցութային հագեցած շաբաթը: Նկարահանվել է արդեն մասնակիցների ելույթից առաջ ցուցադրվող բացիկը: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է «Be Creative» խորագիրը:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:

          Մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին:  

 

 

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎՍՏԱՀԵՑ «ՕՐԴՖԻԼՄԻՆ»

HAYK 1 «Օրդֆիլմ» ընկերության ստեղծագործական հաջողություններին «Անկախ» շաբաթաթերթն անդրադարձել է: Հայկ Օրդյանը, որ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է ու նաև ընկերության տնօրենը, հետաքրքիր նորություններ ունի: «Օրդֆիլմը» շուտով հանդիսատեսի դատին կհանձնի մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մասին վավերագրական ֆիլմը:

 ՍՈՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ

Երբ սկսեցինք զրուցել Հայկ Օրդյանի հետ իր վերջերս նկարահանած «Սոս Սարգսյան. ինքն իր հետ» վավերագրական ֆիլմի մասին, նա առաջարկեց նախ և առաջ զրուցել ֆիլմի հեղինակ, լրագրող Նաիրա Փայտյանի հետ:

– Հայտնի է, որ մահից առաջ վարպետը՝ Սոս Սարգսյանը, մի քանի ամիս ծանր հիվանդ էր, տնից գրեթե դուրս չէր գալիս, բժիշկների հսկողության տակ էր: Արտիստին շատերն էին այցելում, ցանկանում վայելել նրա ընկերակցությունը, թանկ հիշողություններ կորզել՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր վայրկյանը հետո մի ամբողջ տարվա արժեք է ունենալու: Սոս Սարգսյանը կյանքի վերջին ամիսներին խուսափում էր լրագրողներին ընդունելուց. հարցազրույցները հոգնեցնում էին, տանջում, թեև ասելու շատ բան կար,- ասում է Նաիրա Փայտյանը:- Վարպետին լսելու, նրա բյուրեղացած կերպարը, թևավոր խոսքերը որպես վերջին պատգամ սերունդներին ներկայացնելու ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մի օր հանդիպեցի վարպետին տեսակցող բժիշկ, ՀՀ գլխավոր ուրոլոգ Արմեն Մուրադյանին: Նրանից մանրամասն տեղեկանալով վարպետի առողջական վիճակի մասին` հայտնեցի ցանկությունս: Բժիշկը դրա մասին ակնարկել էր վարպետին:

Նաիրան անակնկալ նորությունը շտապում է հայտնել Հայկ Օրդյանին:

– Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նկարահանող խումբը հաշված րոպեների ընթացքում պատրաստվեց: Մեկ ժամ հետո մենք Սոս Սարգսյանի բնակարանում էինք: Նա նստած էր բազմոցին:  Սեղանին դրված էին գրքեր: Թումանյանի «Քառյակների» էջը բաց էր, վրան` նշումներ: Անխախտ աշխատաոճիս համաձայն` հարցերի շարք էի գրել-պատրաստել, բայց ներքին համոզմունքով գիտեի, որ սա այն դեպքն է, երբ չպետք է հարցազրույցին հատուկ ուղղություն տալ,- նշում է ֆիլմի հեղինակը:

Տեսախցիկը մեկ ժամից ավելի նկարահանել է 83-ամյա վարպետին, որ բազմոցին նստած, տեսախցիկի միջոցով, դանդաղ, բայց հստակ նախադասություններով փոխանցել է իր տխրությունն ու ոգևորությունը, սերն ու բողոքը, միաձուլված անցյալն ու ներկան:

Նաիրան պատմում է, որ շատ անգամ է հնարավորություն ունեցել մեծ դերասանից հարցազրույց վերցնելու, բայց առաջին անգամ է մարդկային ապրումների, հույզերի, մտքերի, զգացողությունների նման հրաբուխ տեսել:

– Գիտեք, դա Սոս Սարգսյանի վերջին հարցազրույցն էր, վերջին նկարահանումը: Չգիտեմ` առաջին անգամ ով է նկարահանել վարպետին ֆիլմ պատրաստելու նպատակով, բայց ես, ցավոք, եղա վերջինը: Մշակույթի նախարարության աջակցությամբ ու «Օրդֆիլմ» ընկերության հետ համատեղ  վավերագրական նոր ֆիլմը պատրաստ է:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն ասում է, որ ամբողջ ֆիլմում Սոս Սարգսյանը խոսում է ինքն իր հետ, սակայն իր խոսքն ուղղում է նաև մեզ, որպեսզի սիրենք մեր երկիրը, մեկս մյուսին, լինենք բարի ու հանդուրժող:

– Իր բոլոր ապրումները, բոլոր հույզերը, զգացողությունները, թեմաները բազմազան էին ու հետաքրքիր: Այդ բազմազանությունն ինձ չխճճեց, հակառակը, հետաքրքիր լուծումներով ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություն տվեց: Պատկերացնում եք՝ այն բոլոր թեմաների մասին, որ վարպետը խոսում էր, կինոյում արդեն կերտած դեր ուներ,- ասում է Հայկ Օրդյանը:

Հայկ Օրդյանի անդրադարձը ռուսական աղմկահարույց թոք–շոուին

Վերջերս ռուսական НТВ հեռուստաընկերության ցուցադրած «Խոսում և ցուցադրում ենք» թոք-շոուն մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասին որոշ թատերասերների, թատերագետների ու հասարակության լայն զանգվածների շրջանում քննարկման թեմա է դարձել:

Հաղորդմանը մասնակցում էին հյուրեր Հայաստանից, բայց ամենակարևոր հյուրը դերասանի միակ թոռն էր՝ Իռենը, որ ճակատագրի բերումով բնակվում է Արգենտինայում:

Ցավոք, ռուսաստանյան հեղինակավոր թոք-շոուի նպատակը ոչ թե Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծագործական կյանքն ու թողած վաստակը ներկայացնելն էր, այլ անդրադառնալը արտիստի անձնական կյանքի կենցաղային դրվագներին:

HAYK 4Հենց այդ թոք-շոուի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց հեղինակավոր կարծիքը շտապեցին արտահայտել շատերը: Մկրտչյանի ազգականները վրդովվել են նրա փեսայի՝ կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հնչեցրած մեղադրանքներից: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը ևս շատ դժգոհ է մնացել հաղորդումից, որին ինքն էլ էր մասնակցում:

Ռուսական հեղինակավոր НТВ հեռուստաընկերության թոք-շոուին մասնակցել է նաև Հայկ Օրդյանը, որ 2007-ին հանրության ուշադրությանը ներկայացրեց «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» վավերագրական ֆիլմը:

Հետաքրքիր էր, թե դերասանի կենսագրությանն անդրադարձած ռեժիսորն ինչ գնահատական է տալիս ռուսական հեռուստաընկերության կազմակերպած թոք-շոուին:

Օրդյանն ասում է, որ հաղորդումն ընդամենը թոք-շոու է, որն ունի իր հստակ ձևաչափը, նյութը ներկայացնելու սկզբունքը:

– Դա ամենևին չի նշանակում, որ հարկավոր էր այդքան կենցաղային մակարդակով ի ցույց դնել դերասանի կյանքը և ջրի երես հանել Ֆրուզիկ Մկրտչյանի ազգականների ոչ բարիդրացիական հարաբերությունները: Գիտեք, հաղորդման հյուրերը դերասանի մասին շատ ավելի հետաքրքիր ու արժեքավոր դրվագներ էլ էին պատմել: Դրանք, ըստ էության, մոնտաժվել էին գուցե ժամանակի սղության պատճառով: Չգիտես ինչու, ես էլ քննադատության տարափի տակ հայտնվեցի: Այդ հաղորդմանը հրավիրվել եմ որպես Մհեր Մկրտչյանի մասին «Կյանքը ժապավենի վրա» ֆիլմի հեղինակ, բայց պատմել եմ այն, ինչ կադրից դուրս է եղել, հիշողության մի դրվագ Դոնարա Մկրտչյանի հետ երկարատև զրույցներից: Պատմածս ականատեսի վկայություն էր և ոչ գնահատական կամ կարծիք, ընդ որում` ստեղծագործող կերպարի մասին` դերասանուհու, որ հոգեբուժարանում էլ բեմից չհրաժարվեց: Սա արտիստին արժանի հուշ է, այլ մեկնաբանություններն այլ շոուից են, այլ նպատակով: Գուցե ոմանց դուր չի եկել, որ ես եմ հրավիրված եղել և ոչ իրենք: Խանդի հողի վրա խանդավառվողները պետք է դիմեն HTB հեռուստաալիք և ոչ թե քննարկեն հուշ ունենալու «հանդգնությունս», մանավանդ իրենք էլ կարծեմ դերասանուհու կենսագիրը չեն ու հուշերից այն կողմ չէին անցնելու:

Մհեր Մկրտչյանի ազգականներից մեկը, ռուսական հաղորդումից դժգոհելով, անհասկանալիորեն իմ ֆիլմն էր քննադատել, այն դեպքում, երբ այն, ինչ պատմել եմ հաղորդման ընթացքում, չի առնչվել ֆիլմիս: Սա ուշադրության պակասից է, «վրդովվողը» պետք է նկատած լիներ, որ ֆիլմում խոսում եմ ոչ թե ես, այլ հանրահայտ մարդիկ, և արտիստի կյանքը բացվում է մտերիմների հուշերով, որևէ անհարգալից ակնարկ անգամ նկատելը միայն շոու կզարդարեր: «Վրդովվողը» մոռացել է նաև իր շնորհակալությունը, որ հայտնել է ինձ ֆիլմը  նկարահանելու համար, մոռացել է երևի «վրդովմունքի» մթագնումից ու ֆիլմն արդեն որպես հաղորդում է հիշատակում: Ալբերտ Մկրտչյանի բնութագիրը ֆիլմիս վերաբերյալ չեմ մեջբերում, բայց խորհուրդ կտայի կարդալ «վրդովմունքը» հանդարտեցնելու համար:

Գիտեք, ֆիլմը նկարահանումից 6 տարի անց որոշեցի այն տեղադրել համացանցում, հույսով, որ դիտողին կհամակի մեծարանքի այն զգացումը, որն ինձ մղել է ֆիլմ նկարահանելու մեր Ֆրունզի մասին:

Հաշմանդամությունն «Օրդֆիլմում» տաբու չէ

«Օրդֆիլմ» ընկերության տնօրենն ասում է, որ իրենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ են ապահովում:

– Դա մեր և «Փրկեք երեխաներին» (Save the Children International) կազմակերպության հետ համատեղ, USAID-ի աջակցությամբ «Լայֆ» («Կյանք») ծրագրի շրջանակներում է իրականացվում: Հիշեցնեմ, որ  համագործակցության արդյունքում հայտարարվել է հեռուստատեսային վերպետության եռամսյա դասընթաց, որին մասնակցում են հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ դասընթացին զուգահեռ ընկերության աշխատակազմը համալրվել է երեք նոր աշխատակիցներով` հենց նույն ծրագրով հայտարարված աշխատանքի ընդունման բաց մրցույթի արդյունքում,- ասում է Հայկ Օրդյանը:- Ի դեպ, մեզ մոտ դեռևս թափուր աշխատատեղեր կան:

«Անկախի» այն հարցին, թե ընկերությունը հիմնականում որ ոլորտի աշխատակիցների կարիք է զգում, Օրդյանը պատասխանեց.

– Մեզ մոտ կարող են դիմել լրագրողի, օպերատորի, ռեժիսորի, մոնտաժողի և պրոդյուսերի մասնագիտական հմտությունների տիրապետող հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է տալիս հասկանալու, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ ֆիլմարտադրությամբ զբաղվելու համար: Պետք է փոխել մարդկանց մեջ այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը ենթադրում է ֆիզիկական սահմանափակ կարողություններ:

Ի դեպ, թեև հայտարարված դասընթացը տարիքային սահմանափակում չուներ,  այն հետաքրքրություն է առաջացրել հիմնականում 25-35 տարեկան երիտասարդների շրջանում:

«Օրդֆիլմի» ղեկավարն ասում է, որ չի սահմանափակվելու եղածով ու շարունակելու է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը: Ռեժիսորն ուրախ կլինի,  եթե իրենք լավ օրինակ ծառայեն նաև ֆիլմարտադրությամբ զբաղվող այլ ընկերությունների համար: Դա հնարավորություն է տալիս ապահովելու առողջ մրցակցություն:

«ՕՐԴՖԻԼՄԻ» ԱՌԱՋԻԿԱ  ԾՐԱԳՐԵՐԸ   

Հայկ Օրդյանն ասում է, որ ծրագրերը շատ են և բազմազան: Երկար-բարակ չի սիրում խոսել ծրագրերից:

– Ցանկանում ենք մեր կապերն ընդլայնել արտերկրի հետ, և շուտով բավականաչափ հետաքրքիր նախագծեր կլինեն արտերկրի մեր գործընկերների հետ: Երևի տեղյակ եք, որ ես` որպես ռեժիսոր, մասնակցեցի ռուսաստանյան համապետական «Ռոսիա -1» հեռուստակայանի համար նկարահանվող «Մեր մարմնի գաղտնագրերը» փաստագրական  ֆիլմաշարի աշխատանքներին, որի հետագա սերիաների նկարահանումներին, հուսամ, կմասնակցենք արդեն «Օրդֆիլմի» առավել ընդգրկուն կազմով:

 

 

Բելառուսիայում լույս է տեսել «Սիրում եմ քեզ, հայրենիք» գիրքը

Բելառուսիա, «Սիրում եմ քեզ, հայրենիք»«Ընթերցասեր հասարակությունն էլ պետք է իմանա, որ գրականության ոլորտում անընդհատ ծրագրեր են իրականցվում եւ  գրական պատերը շարժուն են: «Զվեզդա» հրատարակչության հետ մենք շարունակելու ենք աշխատել»,-այսօր գրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսիայում լույս տեսած “Люблю тебя, отчезна” («Սիրում եմ քեզ, հայրենիք») գիրքի մասին նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Բելառուսական «Զվեզդա» հրատարակչության կողմից հրատարակած «Սիրում եմ քեզ, հայրենիք» վերնագրով ռուսերեն անթոլոգիայում միաժամանակ ընդգրկված են հայ և բելոռուս հեղինակների ստեղծագործությունները, ինչն ավելի հետաքրքիր ու ինտրիգային է դարձնում հայ և ռուս գրականությունների հետ ծանոթությունը: «Սիրում եմ քեզ, հայրենիք» անթոլոգիայում տեղ են գտել Արևշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Հրաչյա Թամրազյանի, Ռազմիկ Դավոյանի, Ղուկաս Սիրունյանի չափածո և Ռուբեն Հովսեփյանի, Լևոն Խեչոյանի, Վահագն Մուղնեցյանի, Վրեժ Իսրայելյանի, Վահագն Գրիգորյանի, Նորայր Ադալյանի արձակ գործերից:

Անթոլոգիայում տպագրվել են նաև բելառուս հեղինակներ Օլեգ Ժդանի, Միկոլա Մալյավկայի, Կազիմիր Կամեյշայի, Միկոլա Չեռնյավցկու և այլոց ստեղծագործությունները:

Վերջերս Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հայկական և բելառուսական տաղավարներում տեղի ունեցավ այս գրքի շնորհանդեսը, որին գրողների, արվեստագետների, ընթերցողների հետ մասնակցում էին «Զվեզդա» հրատարակչության ներկայացուցիչները:

Շնորհանդեսներում մեկ անգամ ևս կարևորվեց գրական կապերի ամրապնդումը, գրականությունների համագործակցությունն ու տարբեր մշակույթների փոխհարստացման անհրաժեշտությունը:

Պրն. Միլիտոնյանի համոզմամբ  սա շատ լավ նախագիծ է: Գրքում տեղ են գտել 15 հայ հեղինակների ստեղծագործություններ, որոնցից 6-ը արձակագիր են, իսկ 9-ը՝ բանաստեղծ: Ընտրվել են նախագահի եւ պետական մրցանակներ ստացած հեղինակները:


Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Ֆարել Ուիլյամսն առաջինն աշխարհում 24-ժամանոց տեսահոլովակ է թողարկել(տեսանյութ)

pic_2dc9856c09f9f23d655709684ce0b27eՌեփեր Ֆարել Ուիլյամսն առաջինն աշխարհում 24-ժամանոց տեսահոլովակ է նկարահանել իր նոր  «Happy» երգի վրա: Այն կարելի է գտնել 24hoursofhappy.com-ում:  Տեսանյութը միանում է այն պահից, որը համապատասխանում է օգտատիրոջ համակարգչի ժամին: Պատկերի վրա երևում է ինտերակտիվ թվացույց, որի միջոցով կարելի է կլիպի ցանկացած հատված տեղափոխվել ու ցանկացած վայրկյանից  “կիսվել”.տեղադրել սոցցանցերից  մեկում, կոնկրետ դուր եկած պահից: Երգը ձայնագրվել է որպես “Անճոռնի ես 2” մուլտֆիլմի սաունթտրեք:

Նոյեմբերի 19-ին  համացանցում ևս մեկ ինտերակտիվ տեսահոլովակ է հայտնվել Բոբ Դիլանի «Like A Rolling Stone»-ի վրա նկարահանված: Տեսահոլովակը հեռուստացույցի կոճակներով էկրան է ներկայացնում, որի վրա սեղմելով կարելի է միանալ 16-17 ալիքներ, որոնցից յուրաքանչյուրն իր ծրագիրն ունի: Ծրագրի հերոսները Դիլանի երգի հետ համաժամանակ բացում են բերանները:

Հայկական գորգի մարող հիշողությունը

68935_560230393995855_284442688_nԳորգագործությունը հայոց պատմամշակութային ժառանգության կարևորագույն բնագավառներից է, որը հայտնի է դեռևս մ.թ.ա. IV-III հազարամյակներից։ Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոններ են եղել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը:

Արաբական խալիֆաթի ողջ տարածքում հայկական գորգը մեծ հեղինակություն վայելող մշակութային արժեք է եղել և համարվել հարստության, անհատի ունեցած բարձր դիրքի չափանիշ: Ժամանակակիցների վկայությամբ` այդ ամենը բացատրվում էր հայոց գորգերի գունային հարուստ երանգների ներդաշնակությամբ ու գեղազարդման մանրամասների ինքնատիպությամբ, հումքի լավագույն հատկություններով և գործման բարձր մակարդակով: Արաբական աղբյուրները վկայում են նաև, որ հայկական գորգերին մեծ հռչակ էին հաղորդում մանավանդ հանրահայտ որդան կարմիր ներկանյութից ստացված կարմրավուն երանգները: Հայոց գորգերին բնորոշող մի առանձնահատկությունն էլ հորինվածքների ու առանձին նախշերի ոճավորվածությունն է: Դրանք խորհրդանշաններ են և իմաստավորում են հայոց ավանդական, հնամենի ծիսապաշտամունքային պատկերացումների մի շարք՝ կապված կյանքի ու բնության հավերժության և առհասարակ աշխարհընկալման համակարգի հետ։

загруженноеՑավոք, հայոց գորգագործական մշակույթի դերն ու նշանակությունը մինչ օրս լիարժեք ուսումնասիրված և արժևորված չեն: Հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ։ Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավական երկար ուղի, հիմնականում վերոհիշյալ պատճառներով է, որ արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն։

Նաև դա է պատճառը, որ հարևան ադրբեջանցիները, դեռևս խորհրդային ժամանակներից սկսած, հետևողականորեն իրականացնում են հայկական գորգարվեստը յուրացնելու գործընթաց, և դժբախտաբար նրանց ջանքերն անարդյունք չեն մնում: Անգամ «Եվրանյուզ» միջազգային հայտնի հեռուստաալիքով Ադրբեջանը ներկայացնող սոցիալական գովազդը կառուցված է գորգարվեստի վրա, և պատմությունից անտեղյակ սովորական եվրոպացին միանգամից կկարծի, որ գորգը ադրբեջանական երևույթ է:

Աշխունջ Պողոսյան

Աշխունջ Պողոսյան

Գորգագետ Աշխունջ Պողոսյանը հարևան Ադրբեջանի կողմից հայկական գորգարվեստի նկատմամբ իրականացվող գործընթացը շատ պարզ է բնութագրում` ազգային ժառանգության սեփականացում: «Արել են, անում են և անելու են»,- ասում է նա` նշելով, որ այդ խոսքերի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Ադրբեջանում 50-ականներից այդ գործունեությունը սկսած ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկինը` Լաթիֆ Չերիմովինը:

Աշխունջ Պողոսյանը պատմում է, որ երբ 1981 թ. որպես Հայաստանի ազգագրության թանգարանի գորգի բաժնի վարիչ մեկնել է Բաքու` ծանոթանալու Բաքվի գորգի թանգարանին, և Լաթիֆ Չերիմովը սկսել է ներկայացնել «ադրբեջանական» գորգերը, հայ գորգագետն ապշել է, որ ադրբեջանցիները հայկական գորգերը ներկայացնում են որպես իրենցը: Քիչ անց զարմանքը կրկնապատկվել է թանգարանի տնօրեն Լաթիֆ Չերիմովի շքեղ առանձնասենյակում` մտքում համեմատելով այն իրենց թանգարանի աշխատակիցների փոքրիկ խցեր հիշեցնող սենյակների հետ. «Զրույցի ընթացքում փորձեցի բացատրել, որ դրանք հայկական գորգեր են, հետո, երբ անցա կոշտ փաստարկների, Չերիմովը, չկարողանալով հակափաստարկներ բերել, ասաց` կարողանում եք` դուք էլ արեք»:

Գորգագետը հանգուցյալ Չերիմովի այս վերջին մտքին լիովին համամիտ է. «Այո, թող մենք էլ անենք, ոչ թե քնաթաթախ միայն խոսենք»:

Արդեն 40 տարի գորգագիտության բնագավառն ուսումնասիրող մասնագետը հոգնել է ասելով, որ Հայաստանին գորգի թանգարան-հետազոտական կենտրոն է անհրաժեշտ: Այո, Հայաստանը, լինելով գորգարվեստի բնօրրան, այսօր չունի գորգի թանգարան, մինչդեռ Ադրբեջանում գորգի 12 թանգարան կա:

timthumbԻնչևէ, ուրախալի է, որ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ  մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Այդ շրջանակներում ողջ տարվա ընթացքում մշակույթի նախարարության կողմից իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ: Իսկ գորգի հանրահռչակման տարին նշանավորվեց «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովով, որն ընթանում է Հայաստանում նոյեմբերի 20-22-ը:

IMG_1714Գիտաժողովին հրավիրված են բազմաթիվ հյուրեր նաև արտերկրից: Նրանց մեջ է գերմանացի նշանավոր արվեստաբան Ֆ.Գանցհոռնը, որն իր «Արևելաքրիստոնեական գորգ» աշխատության մեջ շատ խորությամբ ներկայացրել է հայկական գորգի տիպաբանությունը և վերլուծել բազմաթիվ գաղտնագրեր:

«Անկախը» հնարավորություն ունեցավ զրուցելու մեծանուն արվեստաբանի հետ: Նա խոստովանեց, որ սկսել է գորգերի ուսումնասիրությունը` կարծելով, թե դրանք մահմեդական ծագում ունեն, իսկ երբ խորամուխ է եղել այդ ուսումնասիրությունների մեջ, համոզվել է, որ արևելյան գորգերն ունեն հայկական ծագում:

IMG_1737

Ֆ. Գանցհոռն

Գանցհոռնի «Արևելաքրիստոնեական գորգ» աշխատությունը նախ լույս է տեսել 1990 թ. 835 հազար տպաքանակով և թարգմանվել չորս լեզուներով, հետագայում վերահրատարակվել «Արևելյան գորգեր»անվանումով, սակայն բովանդակությունը մնացել է նույնը: Հեղինակը քրիստոնեական բառը դիտավորյալ է վերնագրից հանել, որպեսզի այն բոլորին գրավի որպես արևելյան գորգի պատմություն, սակայն անակնկալի բերի` ցույց տալով, որ արևելյան կոչվածը հենց հայկականն է:

Օրեր անց տեղի կունենա գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, ինչի համար Գանցհոռնը շատ երջանիկ է, քանի որ համարում է, որ գրքի հայերեն հրատարակությունը իր ողջ գործունեության պսակն է:

Զրուցեցինք նաև Միացյալ նահանգներից գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի հետ: Ընկերության գորգերն արտադրվում են Հայաստանում` արտահանվելով ԱՄՆ, Եվրոպա: Նրա խոսքով` Եվրոպայում իրենք լրջորեն գովազդում են հայկական գորգերը` դրա վրա ծախսելով տարեկան 350-500 հազար ԱՄՆ դոլար: «Մեգերյան կարպետ» գորգերի հիմնական հաճախորդները օտարերկրացիներն են: Միայն Միացյալ Նահանգներում կա Մեգերյան գորգերի 50-ից ավելի խանութ-սրահ, և բոլոր գորգերն անխտիր ստորագրված են հայերեն` Մեգերյան:

Րաֆֆի Մեգերյան

Րաֆֆի Մեգերյան

Ցավոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է  թողել նաև գորգերի արտադրության վրա: Եթե 7-8 տարի առաջ ընկերությունն արտադրում էր մոտ 1500 մետր գորգ, կարողանում էր պահել 1700-1800 աշխատող, ապա այսօր արտադրանքի ծավալներն ու աշխատակիցների թիվը կրճատվել են: Սակայն Մեգերյանը համոզված է, որ դա ժամանակավոր երևույթ է:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից հայկական գորգերը սեփականացնելու համառ ջանքերին, ապա գործարարը կարծում է, որ պետք է ոչ թե վիճել ու գոռալ, այլ փաստերով խոսել. «Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը 20-30 մլն դոլար ծախսեց` ղարաբաղյան հին հայկական գորգեր գնելով, որ ասի, թե իբր դրանք ադրբեջանական են: Մի օր, երբ Նյու Յորքում հարցազրույց էի տալիս այդ հարցի վերաբերյալ, ասացի` բերեք մի գորգ, փռեք գետնին և նայեք: Փռեցին: Ի՞նչ եք տեսնում` խաչեր, հայկական գրեր: Դե մի հատ էլ ադրբեջանական գորգ բերեք: Չկա, որտեղի՞ց բերեն»:

Րաֆֆի Մեգերյանը կարծում է, որ աշխարհում հայկական գորգարվեստն ամրապնդելու և տարածելու համար շատ կարևոր է նաև, որ գորգի արտադրության բնագավառում աշխատող հայերը գործեն համախմբված: Նա, օրինակ, շուտով ձեռնամուխ է լինելու հայկական գորգերի միություն ստեղծելուն, որը պետք է զբաղվի նաև հայկական գորգագործության բնագավառում գիտահետազոտական աշխատանքով:

Svetlana-Pogosyan-150x150Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նույնպես կարծում է, որ վաղուց ժամանակն է տեր կանգնել մեր մշակութային ժառանգությանը:  Հիշում է, որ 1983 թ. երիտասարդ գիտաշխատողների խմբով գնացել էին Բաքու` մասնակցելու արևելյան գորգի սիմպոզիումին և ականատես եղան, թե ինչպես են Ադրբեջանի կառավարությունը, մտավորականությունը, ժողովուրդը միահամուռ հայկական գորգարվեստը ներկայացնում իբրև ադրբեջանական մշակույթի մի մաս: Նաև հիշում է, որ մի անգլիացի գիտնական իրենց խմբին զարմացած հարցրեց, որ մի՞թե չեն տեսնում, թե ինչպես է ղարաբաղյան գորգը ներկայացվում որպես ադրբեջանական: Անգլիացի մասնագետը հայ գիտաշխատողներին հորդորեց չսպասել և գործուն քայլեր ձեռնարկել հայկական գորգարվեստը պաշտպանելու և ներկայացնելու ուղղությամբ:

Ցավոք, հայկական կողմը սպասեց և սպասում է արդեն 30 տարի:

«Այսօր Ադրբեջանը տեղեկատվական դաշտի տերն է և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում է հայկական գորգարվեստը յուրացնելու համար»,- փաստում է Սվետլանա Պողոսյանը:

Հայկական գորգերի հիշողությունը վերականգնելը մնում է Հայաստանի ուսերին:

2013-ի ամենասեքսուալ տղամարդն ըստ People-ի

iPeople ամսագրի վարկածով 2013-ի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել ամերիկյան փոփ-ռոք Maroon 5 խմբի   երաժիշտ Ադամ Լևին:

Նա հայտարարել է, որ չէր սպասում նման ճանաչման ու սկզբում այն  որպես հումոր է ընկալել: ”Ես ցնցված ու զարմացած եմ”,-մեջբերվում է նրա խոսքը:

Ի դեպ, Maroon 5 խումբը 5 անգամ արժանացել է  Grammy մրցանակի 2005-ին, 2006-ին ու 2007-ին:

Անցած տարի,  ըստ People-ի, տարվա ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչվել դերասան Չենինգ Տատումը:

Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

DSC_0130Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցան մի շարք մրցանակաբաշխություններ, մասնավորապես, հիմնադրամի կողմից Samsung tab մրցանակի արժանացավ ֆեյսբուքյան գրառումների մրցույթի հաղթող Հռիփսիմե Հովսեփյանը։ Մրցանակը հաղթողին հանձնեցին ժյուրիի անդամներ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը։

Երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներում գործուն մասնակցության և ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ ՀՀ վարչապետի շնորհակալագրով և հուշանվերներով խրախուսվեցին մի շարք երիտասարդներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամի իրականացրած ծրագրերը երիտասարդական տարբեր խմբերի հետաքրքրությունները բավարարելու նպատակ ունեին։ Սակայն նա հատկապես ընդգծեց այն քննարկումները, որտեղ բարձրացվում էին երիտասարդական հիմնախնդիրները։ «Վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել երիտասարդության ոլորտում՝ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, երիտասարդներին արտոնյալ վարկերի տրամադրում, ուսման վարձերի փոխհատուցում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծում, որը լրացուցիչ խթան է ուսանողական և երիտասարդական կառույցների զարգացման գործում։ Եվ այս ամենն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականության արդյունքում։ Մեր կարգախոսը պատահան չի ընտրված. երիտասա′րդ, դու ես։ Այո, դու ես մեր զինվորն ու զորավարը, դու ես մեր վաղվա բժիշկն ու ուսուցիչը, մի խոսքով, դու ես մեր վաղվա օրը։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն պատասխանատվությամբ և խնամքով վերաբերվել երիտասարդական տարիներին։ Հույս ունեմ, որ այս ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները կօգտագործեք միայն ու միայն մեր երկրի ու ձեր բարօրության համար»,- դիմելով երիտասարդներին՝ ասաց Կարեն Ավագյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը բարձր գնահատեց երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությունը և հատկապես այն փաստը, որ երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով։ «Սա լավ քայլ էր մեծ թվով երիտասարդների բարձր արվեստին մոտեցնելու առումով»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայ աղջիկներն ընկնում են թուրքական ռաբիսի ալիքի տակ. Նորա Հայրապետյան

նորա«Բազմաթիվ հայ աղջիկներ իրենց աչքերը սեւ սուրմայով պատելով եւ բազմազան շարֆեր գլուխներին փաթաթելով կամաց-կամաց թուրքացման են գնում»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում հայ աղջիկների հագ ու կապի դեպի թուրքականը ձգտելու միտումի մասին նշեց ուսանողուհի Նորա Հայրապետյանը:

Facebook-յան իր էջում Նորան տեղադրել էր հետեւյալը՝ Տանել չեմ կարողանում, երբ հայ աղջիկներն արաբական և թուրքական մուղամներ են լսում, ԶՌՏԻԿՆԵՐ են կրում, նկարվում են չադրայատիպ ձևերով:

Մեզ հետ զրույցում Նորան նշեց, որ հայ աղջիկները տարվում են թուրքական մշակույթով, երգերով, հագուստով եւ ոճով: Վառ օրինակ կարող է ներկայացնել ոչ պակաս հայ աղջիկ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին, ով նույնպես ըստ նրա օր օրի թուրքանում է.

«Գուցե իմ հայացքները շովինիստական են եւ շատ սխալ, բայց համոզված եմ՝ թուրքն այն եզակի ազգն է, որի ժողովրդին լավ մարդ համարել չեմ կարող, միայն իմանալով նրա ազգությունը պարզապես կարհամարեմ: Չեմ հասկանում, թե ինչպես են հայ աղջիկներն ամուսնանում թուրքերի, արաբների եւ այլ մահմեդական ժողովուրդների ներկայացուցիչների հետ, ինչպես կարող ես շփվել այն ազգի հետ, ով մարդասպան է՝ թուրք, կենդանի»:

Ուսանողուհու համոզմամբ երիտասարդությունն այսօր տեղեկացված չէ հայկական մշակույթից եւ ավանդույթներից: Արդյոք ինչ է քրիստոնեությունը, ինչու ենք մենք քրիստոնյա, որն է հայ ժողովրդի պատմությունը: Հետեւաբար ուզած-չուզած նրանք ընկնում են թուրքական ռաբիսի ալիքի տակ եւ նրա հունով գնում դեպի անդունդը: Միակ լուծումն այն է, որ արգելվեն նմանօրինակ հագուստների կամ երգերի մուտքը Հայաստան, իսկ եթե դրանք հենց հայերն են անում պարզապես ենթարկել գրաքննության, կամ տուգանքներ նշանակել, այլապես հայ ազգը կոչնչանա եւ կմոռացվի ավանդույթն ու հայ ժողովրդին հարիր վարքն ու բարքը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Պրահայում

Արամ Խաչատրյանի 110-ամյակ,ՊրահաՆոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ողջունելով հանդիսատեսներին, որոնց թվում էին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի սենատորներ եւ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի եւ չեխ հասարակության  ներկայացուցիչներ, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարանում՝ ընդգծելով, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով հայ երաժշտությունը եւ արվեստը ճանաչելի են դարձել աշխարհի համար:

Եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը հանդիսատեսին ներկայացրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ գործերից, ինչպես նաեւ Սերգեյ Րախմանինովի, Անտոնին Դվորժակի եւ Առնո Բաբաջյանի առանձին ստեղծագործությունները:

Ձեռնարկի վերջում չեխ հանրահայտ սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին հանձնեց մեծանուն կոմպոզիտորի՝ Պրահայում եղած ժամանակ գրված ձեռագիր նամակը:

Միջոցառումը, որը լուսաբանում էին «Օրեր» պարբերականը եւ Չեխիայի հանրային հեռուստատեսությունը, ավարտվեց ընդունելությամբ:

«Աչաջուր»-ի սիրահարներն այսուհետ սրճարանը կվայելեն նաև ձմռանը՝ փակ վայրում

IMG_1568Երևանի ամենայուրօրինակ ու գեղատեսիլ վայրերից մեկում՝ Սիրահարների այգում գտնվող «Աչաջուր» սրճարանը նրանց համար է, ովքեր նախընտրում են ջերմ, մշակութային մթնոլորտ և ամենակարևորը՝ թարմ ու բնական սնունդ:Այստեղ կարծես ամեն ինչ ստեղծված է ազատ ժամանակը վայելելու, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ կազմակերպելու, ճաշակելու համեղ սնունդ և պարզապես այգով հիանալու համար:

Սակայն ձմռան ամիսներին սրճարանը փակվում է, և այցելուները ժամանակավորապես կարծես կտրվում են աչաջուրյան միջավայրից: Դա էր պատճառը, որ սրճարանի ղեկավարությունը նախաձեռնեց «Աչաջուր» փակ սրճարանի ստեղծումը:

IMG_1578Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ նոր «Աչաջուր»-ի պաշտոնական բացումը Փարպեցի 22 հասցեում, որտեղ այդ օրը հավաքված էին սրճարանի հին ու նոր բարեկամները՝թարմ սննդի, գինու և կենդանի երաժշտության ներքո շնորհավորելով միմյանց սրճարանի գործունեության մեկնարկի առթիվ:

«Աչաջուր» սրճարանների տնօրենի խոսքով՝ փակ սրճարանի նպատակը աչաջուրյան ջերմ շունչը նաև ձմռան ամիսներին իր հաճախորդներին փոխանցելն է. «Այստեղ եկողները պետք է իրենց զգան, ինչպես տանը: Մենք փորձում ենք ապահովել տնային, տաք մթնոլորտ մեր հաճախորդների համար՝ միևնույն ժամանակ խուսափելով տնավարի մոտեցումներից»:

IMG_1596«Աչաջուր»-ի հաճախորդները լավ գիտեն, որ այնտեղ չկան քարացած մոտեցումներ, ամեն ինչի նկատմամբ կա ստեղծագործական մոտեցում և աշխատանք: Կերակուրների ցանկն  անգամ քարացած չէ և կարող է ամեն օր փոփոխվել՝ կախված հենց իրենց նախասիրություններից ու խորհուրդներից:

IMG_1573Տնօրենը վստահեցնում է, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն նաև նոր«Աչաջուր»-ում: Ավելին, որպես փակ սրճարան՝ այն առավել լայն հնարավորություններ կստեղծի զանազան քննարկումների, սեմինարների, հանդիպումների, մշակութային, հասարակական միջոցառումների անցկացման համար:

988762_646361672053119_996166367_nԿարևոր է նաև նշել, որ«Աչաջուր»-ի գործունեությունը զուտ ֆինանսական շահույթ հետապնդող բիզնես չէ: Դրա ստեղծման նպատակն ի սկզբանե եղել և մնում է Սիրահարների այգու պահպանմանն ուղղված ծախսերը հոգալը: Նոր սրճարանի շահույթը նույնպես կուղղվի այգու պահպանմանը, որի համար բավականին մեծ ռեսուրսներ են պահանջվում՝ չնայած որ ծախսերի մի մասը հոգում է Երևանի քաղաքապետարանը: Նոր«Աչաջուր»-ի ստեղծման նպատակներից մեկն էլ այն է, որ այգին անցնի հարյուր տոկոս ինքնաֆինանսավորման, ինչն, իհարկե, հնարավոր կլինի միայն մի քանի տարի անց:

 

 

Հայկական հուշադրամն առաջին տեղն է գրավել Վիչենցայի միջազգային դրամագիտական մրցույթում

Հայկական հուշադրամՍեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անց է կացվել հերթական՝ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica): Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ և էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`
1. «Աշխարհի լավագույն մետաղադրամը»,
2. «Լավագույն մետաղադրամը ճարտարապետական կառույցի պատկերով»:
Մրցույթում «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) պատվով արժանացել է առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում:
Հայկական հուշադրամՄիջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից և դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը: Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլև Հայաստանի ու իր մայրաքաղաք Երևանի միջազգային մշակութային դերը:

«Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում». լրանում է Բենջամին Բրիտտենի 100-ամյակը

Լուսանկարը`Ռոլանդ Հաուփթի, ըստ www.britten100.org կայքիԲենջամին Բրիտտենը ծնվել է Լոուստոֆթում 1913 թվականի նոյեմբերի 22-ին` երաժշտության սուրբ բարեխոս Սեսիլիայի տոնին: Կոմպոզիտորի մայրն անչափ հպարտանում էր այս փաստից և այն համարում ճակատագրի բարեխոսություն` հույս հայտնելով, որ իր որդին Բախից, Բեթհովենից և Բրամսից հետո դառնալու է «Բ» տառով սկսվող ազգանունը կրող կոմպոզիտորների աստղաբույլի չորրորդ անդամը: Եվ, իսկապես, դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից  մեկը:

Բրիտտենը երաժշտությամբ տարվում է դեռ վաղ տարիքից: Նա պատմում էր, որ պարզապես հիացած էր կետիկների և գծիկների փոխկապակցմամբ և նրանց ներշնչած հնչյուններով:

Բրիտտենի ժառանգություննն առավել խոսուն է Ալդեբուրգ քաղաքում, ուր 1948 թվականին նա համահիմնադրել է համանուն փառատոնը, իսկ այնուհետև մշտապես հաստատվել այդ քաղաքում: Հենց այստեղ է նա ստեղծել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Պատերազմի ռեքվիեմը»:

1965 թվականին Բենջամին Բրիտտենը և օպերային երգիչ Փիթեր Փիրսը  ժամանում են Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Նրանց հետ Հայաստանում հանգստանում են նաև դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչն իր տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի հետ:

Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը:  Հայաստանում հանգստանալու օրերին Բրիտտենը Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա գրում է վոկալ շարք: Հայաստան կատարած այցելությունից հետո կոմպոզիտորը գրում է. «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»:

Կոմպոզիտորի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:Միջոցառումները կշարունակվեն հետագա օրերին ևս: Նոյեմբերի 22-ին Միրզոյան քառյակըԲրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս, իսկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն Բրիտտենին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:

 

Ազգագրագետ. «Ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար»

Gayane ShagoyanՀարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ

– Հաճախ է խոսվում ավանդական հայկական հարսանիքի մասին: Ի վերջո,  ի՞նչ ասել է ավանդական հայկական հարսանիք, ի՞նչ է այն ենթադրում:

– Նախ պետք է հասկանանք, որ ավանդական բառն ունի տարբեր բովանդակություն` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսվում,  ավանդական ասելով` ինչ բովանդակություն է դրանում դրվում: Եթե կոպիտ բաժանենք, այն երկու ընկալում ունի, որոնք էլի շատ պայմանական են:

Մեկը գիտականն է:  Ազգագրության մեջ ավանդական հարսանիք, ավանդական մշակույթ ասելով` հիմնականում հասկանում են XIX դարում գրանցված ծեսերը, քանի որ մինչ այդ հայ ավանդական մշակույթի նման մանրամասնություններով նկարագրություններ չունենք:

Գիտական մեկ այլ մոտեցման համաձայն էլ` ավանդականը ժառանգաբար փոխանցվող բանավոր մշակութային պաշար է: Այսինքն` մի բան, որ կրկնվում է միայն այն պատճառով, որ նախադեպ ունի, որ  արվում է ոչ թե որպես նորարարություն, այլ ինչ-որ բանի կրկնություն, ինքնըստինքյան դառնում է ավանդական:

Ժողովրդի մեջ կա մեկ այլ պատկերացում, եթե ասում ենք ավանդական, ուրեմն այն պետք է շատ հին ժամանակներից գա: Կոնկրետ ժամանակաշրջան, իհարկե, չի նշվում, բայց կարծես չարտաբերելով,  այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հազարամյակներ տևող սովորություններ են: Դրա մեջ մի փոքր ճշմարտություն կա այն իմաստով, որ կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, փոփոխությունների տարբեր արագություն ունի: Այն, ինչ ունենք XXI դարում, շատ արագ է փոփոխվում:  Դա կապված է տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Մինչև մոդեռնացման ժամանակաշրջանն  ունենք այսպես ասած` դանդաղ ընթացող  ժամանակ: Բայց և չենք կարող ասել, թե որևէ փոփոխություն չի եղել:

Այն, ինչ ունեինք XIX դարում, բավականին բազմազան էր ի տարբերություն կենցաղային սպասումների, թե որքան հին, այնքան նույնական: Իրար կողքի գտնվող գյուղերն անգամ ներփակված են եղել, այնպես որ մի գյուղում տեղի ունեցողը կարող էր մեծապես տարբերվել հարևան գյուղի ավանդույթներից: Մեր ազգագրական նյութը ցույց է տալիս, որ նույնիսկ նույն գյուղում գտնվող տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեն միմյանցից բավականաչափ տարբերվող հարսանիքներ: Նույնական հարսանիք ունենալու արեալը կարող էր  լինել փոքր, մեծ, համընկնել ինչ-որ շրջանի, եթե այն հարթավայրային էր և կոմունիկացիայի խնդիր չկար:

– Ե՞րբ և որտե՞ղ է  սկիզբ առել ժամանակակից սպիտակազգեստ հարսանիքը:

– XIX դարում բրիտանական արքունիքի հարսանիքը դարձավ մոդելային` սկիզբ դնելով սպիտակազգեստ հարսանիքին: Պատճառները մի քանիսն են:  Նախ` հարսանիքի մեջ կա այն գաղափարը, որ սա թագավորական արարողություն է: Այսինքն` ամեն մի հասարակություն իր հարս ու փեսային վերագրում է առաջին մարդու կերպարը: Քանի որ միջնադարում և միջնադարից դեպի մոդեռնացման ժամանակաշրջանը առաջին մարդը թագավորի և թագուհու հետ էր նույնանում, սկսեցին կրկնօրինակել պահպանողական մշակույթի շնորհիվ  պահպանվածը:

Մյուս պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան  ծովային ամենահզոր կայսրություններից մեկն էր, որի գաղութները սփռված էին աշխարհով մեկ: Նաև շնորհիվ աշխույժ առևտրական հնարավորությունների,   այս դեպքում շուկան դառնում է ամենակարևոր գործոններից մեկը` այն ինչ արտադրում է մետրոպոլիան, շուկայի միջոցով տարածվում է:

– Իսկ Հայաստանում սպիտակազգեստ հարսանիքները երբվանի՞ց են:

– Քաղաքային բնակչության մոտ արդեն XIX դարում սպիտակազգեստ համալիր հանդիպում է: Բայց մինչև Ցեղասպանությունը բոլոր գյուղական բնակավայրերում անխտիր որպես հարսի զգեստ կիրառվել է  ամեն մի շրջանի տեղական տարազի ավելի շքեղ տարբերակը, ընդ որում հարսանիքին այն հագել են առաջին անգամ: Զգեստը  պարտադիր պետք է նոր լիներ,  կային հատուկ ծեսեր, որոնց ընթացքում հագուստը կարվում էր: 1915-ի ցեղասպանությունից հետո այդ մշակույթն ընդհատվում է:

Քաղաքներում, ասենք` Վանում, Երևանում, XIX դարի վերջին և XX-րդ դարի սկզբին  արդեն ունեինք սպիտակազգեստ հարսանիքներ: Դրանք համատարած չեն, հիմնականում վերնախավին են բնորոշ: Պետք է ասեմ, որ քաղաքային միջավայրը, շնորհիվ շուկայի, ավելի է նպաստում այդ նորաձևության տարածմանը:

Բայց նույնիսկ ԽՄ տարիներին, հատկապես պատերազմի պատճառով, երբ ոչ միայն սպիտակ, այլև անգամ նոր զգեստ գնելն էր խնդիր, կարում էին այն, ինչ հնարավոր էր: Երկար ժամանակ ընդունված էր զգեստը պարտքով վերցնել, կամ եթե գնում էին` մի քանի սերունդ էր հագնում:

Այդպիսով հարսանեկան շքեղ զգեստը, որ առաջին անգամ հագնում էին հարսանիքին, բայց հետո կարող էին հագնել նաև այլ տոնական միջոցառումներին, փոխվեց  մի անգամ հագնելու զգեստի: Սպիտակի տարածման հետ հարսանեկան շորը վերածվեց մեկ անգամ հագնելու ծիսական զգեստի: ԽՍՀՄ-ում 60-70-ականներին նոր միայն կարող ենք խոսել դրա համատարած կիրառման  մասին:

– Հայկական հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ պահպանվել են և որո՞նք են, որ գլոբալացման ազդեցության հետևանք են:

– Սպիտակ հարսանիք  կոչվող համալիրն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնք տարածվեցին: Առաջինը սպիտակ զգեստն էր, երկրորդը ծաղկեփունջն էր, որը չենք ունեցել, մեզ մոտ  դա շատ ուշ մտավ: Խորհրդային տարիներին հարսն ու փեսան մեխակներ էին դնում որևէ հուշարձանի մոտ. դա էր ծաղկեփնջի ողջ գործառույթը: Իսկ փեսայի կողմից հարսին ծաղկեփունջ փոխանցելու երևույթը և հետո այդ ծաղկեփնջով եկեղեցի մտնելը բրիտանական հարսանիքի  մաս է:

Շքախմբով,   երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը ևս բրիտանական հարսանիքից է վերցված: Մեզ մոտ դա ձևափոխվեց այնպես, որ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ հարսն ու փեսան մտնում են հարսանեկան հանդիսության դահլիճ, ԽՄ տարիներին` զագս:

Մյուսը` տարոսիկները: Մերօրյա ձևով տարոսիկներ ավանդական տարբերակում չեն եղել: Այն գաղափարը, որ հարս ու փեսայից մյուսներին պետք է քաղցր բան փոխանցվի, եղել է: Օրինակ` հարսի գլխին գաթա են կոտրել և բաժանել կամ չորացրած մրգեր են շաղ տվել և հավաքել, դրան են ասել տարոս: Այսօր այդ գործողությունն էլի փոխվել է արևմտյան տարբերակի, երբ բրինձ և վարդի թերթեր են շաղ տալիս հարսի ու փեսայի գլխին, և դա այլևս չի կոչվում տարոս:

Փոխառվել է դրսից մեկ այլ բան, որ դրսում կոչվում է հարսանեկան հուշանվեր: Մեզ մոտ քաղցրը տանում էին որպես հարսանիքի մի մասնիկ, որը չամուսնացած երիտասարդներին ամուսնանալու խորհուրդը պիտի փոխանցեր: Խորհրդային շրջանում, նմանակելով եվրոպական հուշանվերները, սկսում են կոնֆետները հելունով գործված և շաքարաջրով քարացած զամբյուղներում բաժանել, հիմա քաղցրի գաղափարը վերանում է, և լրիվ փոխարինվում է հուշանվերներով:

kate-william-royal-wedding– Ըստ Ձեզ`  կգա՞ ժամանակ, երբ գլոբալացված շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ  ողջ աշխարհում հարսանիքը քիչ թե շատ նույնական կլինի, այսինքն` չեն լինի տարբերակող  տարրերը, որոնք ավանդական ենք համարում:

– Կարող եմ ասել, որ գրեթե այդ ժամանակաշրջանում ենք: Այն,  ինչ թվարկեցի` սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, վարդ ու բրինձ շաղ տալ, կիրառվում են Երկրի  մեծ մասում: Խոսուն օրինակ է, որ  2011-ի բրիտանական արքայական զույգի ամուսնությունը երկու մլրդ մարդ  էր դիտում ուղիղ  եթերով: Եվ հաջորդ օրն իսկ Չինաստանում հարսանեկան զգեստը կրկնօրինակել էին:

– Այսինքն` հարսանեկան ավանդույթի նման փոփոխությունները բնակա՞ն են:

– Չես կարող  ցանկապատ քաշել և ասել` ամեն ինչ կարող է փոխվել, բայց հարսանիքը, որը ես հայտարարում եմ ազգային, պիտի չփոխվի, մանավանդ որ չկա այն խիստ ազգայինը, որ ասես սա է, եկեք փրկենք:

– Տիկին Շագոյան, այսօրվա  հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ ավանդական են և  եղել են նաև XIX դարում:

– Այսօրվա հարսանեկան համալիրում ամենապահպանված քայլերի հաջորդականությունը, որը վերցված է ոչ թե սպիտակ հարսանիքից, այլ ընդհանրացված տեղական տարբերակներից, շեմային ծեսերն են, որոնք  սովորաբար կատարում են փեսայի տուն մտնելիս.  ափսե կոտրել, ուսին լավաշ գցել, գաթա պարեցնել, մեղր կերցնել:

Բայց շուկան  իր գործն անում է: Գյուղերում, որտեղ չկան ռեստորանային համալիներ, սկսել են հարսանիք անել որևէ քաղաքի ռեստորանում, որպեսզի ժամանակին համահունչ լինեն: Եվ տեխնիկապես անհարմար է լինում քաղաքից նորից փեսայի տուն վերադառնալ` այդ շեմային ծեսերը կատարելու: Այդպես XIX դարի հարսանիքի վերջին կռվանը  սկսում է քանդվել, քանի որ տեղավորվում է ռեստորան մտնելու համալիրի մեջ, կա՛մ արվում է, կա՛մ չի արվում: Եթե անգամ արվում է, իր բովանդակային տրամաբանությունն է կորցնում, քանի որ  կապված էր հենց տուն տեղափոխվելու գաղափարի հետ:

– Իսկ կա՞ն հարսանեկան ծեսեր, որոնց բովանդակությունը պահպանվել է, բայց ձևը փոխվել է:

– Կան բազմաթիվ ծեսեր, ինձ համար շատ հետաքրքիր են  եզնմորթեքի և տորթ կտրելու ծեսերը: Տորթ կտրելն ամբողջությամբ եվրոպական հարսանիքից է փոխառված:

Եզնմորթեքի ծեսը և հարսանիքն ունեն  այս կամ այն հանրության միասնությունը վերահաստատող գործառույթ: XIX դարի եզնմորթեքի դեպքում հարսանիքի ընթացքում պետք է որևէ մի ուտեստի միջոցով այդ ամբողջ խմբին միավորեին: Եզնմորթեքի ծեսի ժամանակ դա լինում էր մսացուն, որը դառնում էր հարսանիքի խոհանոցային հիմքը: Անասունը մորթելիս կարևոր էր  առաջին կտրվածքը, դա հաճախ անում էր փեսան, եթե անգամ մսագործն էր անում, ապա առաջին արյամբ փեսայի ճակատին խաչ էին հանում, կտրվածքի համար գումար էին տալիս, կտրվածքից հետո  զուռնա էին փչում, պար էին բռնում:  Այսօրվա հարսանիքի դեպքում տորթն է, որ պարտադիր պետք է բոլորը ճաշակեն, որի առաջին կտրվածքը շատ հանդիսավոր ձևով է արվում, զուռնայի  ձայնին կարող է փոխարինել  շամպայնի  բացվելու ձայնը:

– Իսկ պե՞տք է արդյոք պահպանել հայկականության որոշ տարրեր հարսանիքում:

– Այսպես կարող եմ ասել` դա ճաշակի հարց է, երկրորդ` ինքնության հարց է, եթե մարդ ուզում է շեշտել հայկական ինքնությունը, կարող է այդպես անել: Բայց եթե ես հայկական տարրերով հարսանիք չեմ անում, չի նշանակում, որ ես հայ չեմ: Դեմ եմ, երբ պարտադրանք է լինում:

Հիմա հայկական հարսանիք ասելով` հասկանում են նաև սպիտակ զգեստը, այսինքն` հայկականության նշանները փոփոխական են և այն, ինչ այսօր հայտարարվել է, էլի պայմանական բան է:

Այն ինչ այսօր կոչվում է հայկական հարսանիք, իր մեջ պարունակում է, իմ տեսանկյունով, բազմաթիվ անհեթեթություններ: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի իր ժամանակին համահունչ: Դա չի նշանակում, որ պետք է հարսանիք անի ինչպես, օրինակ` Ֆրանսիայում: Բայց  ինձ համար առնվազն ծիծաղելի է, երբ ինքնուրույն կյանքով ապրող 30-35 տարեկան հարսնացուն պետք է կարմիր խնձորի ծես կատարի, որին  այսօր ընդունված է հայկականության իմաստ վերագրել: Եթե դրա հաշվին է հարսանիքը լինելու հայկական, ավելի լավ է` չլինի:

Դա բնական էր XIX դարում և բազմաթիվ բացատրություններ ունի, բայց դա անհեթեթ է հնչում XX դարում, էլ չասեմ` XXI դարում:

Վերապահումով եմ մոտենում այն պահանջներին, որ պետք է անենք ճիշտ հայկական ավանդական հարսանիք, քանի որ ավանդականը պայմանական է, ավանդականը տարընթերցումներ ունի, և ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար:

 

Արդեն ամուսանլուծված Սոս Ջանիբեկյանն իր մոտ ընդունեց ամուսնալուծվող Արման Նշանյանին

Սոս Ջանիբեկյան,Արման ՆշանյանՆոյեմբերի 14-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Արման Նշանյանի «Կենտ զույգը» կատակերգության պրեմիերան: Կլասիկ-կոմեդիան ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի համանուն ստեղծագործության հիման վրա էր: Գլխավոր դերերում էին Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը: Նրանք մտերիմ ընկերներ էին՝ տարակարծիք ու խիստ տարբեր: Ամուսնալուծությունից հետո որոշում են միասին ապրել՝ փորձելով կոտրել միայնությունն ու կանանց կողմից լքված լինելու զգացումը: Խենթ արարքներն ու զավեշտալի իրավիճակները հետապնդում են տղաներին: Դերասանները ստեղծված իրավիճակից յուրովի են դուրս գալիս, գտնում զանազան լուծումներ, հանդիսատեսին պարգեւում լիաթոք ծիծաղ: Ներկայացման բեմադրիչ Արման Նշանյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ Նիլ Սայմոնի բոլոր գործերն իրեն հարազատ են.

«Ես եւ Սոսը օգտագործեցինք հանրությանը հայտնի լինելու փաստը, ոչ թե մեր շահերի՝ այլ երիտասարդներին թատրոն բերելու համար: Փորձեցինք թատրոնը դարձնել հաճելի, ժամանակակից: Շոուի ժամանակ դերասանն անում է ծիծաղելի արարքներ, որպեսզի հանդիսատեսը զվարճանա, իսկ լուրջ կոմեդիայի ժամանակ հանդիսատեսը դրությունից ելնելով է կարողանում ծիծաղել իր իսկ թերությունների վրա»:

Արման Նշանյանի համոզմամբ ցանկալի է ծիծաղել, լավ ժամանակ անցկացնել, բայց պետք է նաեւ մտածել, հանդիսատեսին մտածելու տեղիք տալ՝ այս կերպ կատակերգությունը դառնում է արվեստ.

«Դրամատուրգի հույզերն ու հոգեւիճակն էի փոխանցում հանդիսատեսին: Այս գործը հարազատ էր իմ հոգուն: Ռեժիսորներ կան, որոնք փորձում են փոխել իրադարձությունների ընթացքը, իսկ ես ոչինչ չեմ փոխել, ամեն ինչ նույնն է: Յուրաքանչյուրս կարող ենք փոխվել դեպի լավը, եթե միայն ցանկանանք եւ ուժ ունենանք»:

Ինչ վերաբերում էր իր կերպարին բեմադրիչը նշեց, որ նա ապրել է, զգացել հերոսին: Կերպարն իրենն էր, իր մասնիկը, բջիջն անգամ: Հերոսի նման Արմանն էլ է բծախնդիր, պատասխանատու, դա իրեն եւ խանգարում եւ շատ օգնում է: Արվեստում չես կարող բծախնդիր չլինել, եթե չլինես, ուրեմն կեղծ ես, իսկ կյանքում շատ անգամ խանգարում է:

Ամուսնալուծությունը մեծ խնդիր է, ներկայացման մեջ մի դարձվածք կա, որը շատ դիպուկ է: Հերոսներից մեկն ասում է՝ 12 տարվա ամուսնական կյանքը դեռ չի նշանակում երջանիկ կյանք, նշանակում է երկարատեւ: Չպետք է վախենալ, պետք է փորձել դառնալ ավելի լավը, մենք եզակի չենք այս խնդիրներով: Ամուսանական կյանքը հեշտ չէ՝ պայքար է կռիվ, ցանկացած հարաբերություն ամենօրյա աշխատանք է: Մենք մենակ չենք այս կյանքում, չպետք է դիմել ամուսնալուծությանը միանգամից, դա ամենավերջին միջոցն է, որը ցանկալի չէ:

Դերասան Սոս Ջանիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պրեմիերայի օրն իր կյանքի այն օրերից էր, որը դժողքից մինչեւ դրախտ էր: Ուսերից մեծ բեռ ու պատասխանատվություն է ընկել.

«Ոտքս դրեցի բեմի վրա եւ չզգացի բեմը, որովհետեւ ոտքերս դողում էին, իսկ ընթացքում հանդիսատեսի էներգիայից եւ սիրուց թեթեւացա: Ընկերների անհամատեղելի կյանքի կատակերգական իրավիճակն էինք ներկայացնում: Որպես դերասան զգում էի ահավոր մեծ պատասխանատվություն, իսկ մյուս կողմից ներկայացումը ստեղծողի պատասխանատվություն ունեի: Ես եւ Արմանը քրտնաջան աշխատանք ենք կատարել, տանջվել ու մտածել, թե արդյոք ամեն ինչ լավ հունով կընթանա: Մեր նպատակներից մեկն էր ճանաչված լինելու համբավը օգտագործել եւ մատուցել դասական ասելիքով, մտածելու տեղիք տալ մի բան, որը շոու չէ, այլ տեղայնացված մենտալիտալ հումոր չէ՝ դրությունների ու խոսքի հումոր է: Մենք գիտենք, թե մարդիկ երբ են տխրում, երբ լարվում, երբ լացում, երբ վախենում, իսկ ծիծաղը սուբյեկտիվ երեւույթ է՝ դա է ամբողջ բարդությունը»:

Դերասանը համոզված է՝ այս բարդ կյանքում մենք ազատվում ենք այն մարդկանցից, ովքեր ցույց են տալիս մեր իսկ սխալները, այլ ոչ թե ազատվում ենք այդ սխալներից, որովհետեւ դա ավելի դժվար է: Ներկայացումն ապրել է, կար վախ, հուզմունք, բայց ամեն ինչ ընթացքում մարել է: Կարծում է, որ այս ներկայացումը երկար կյանք կունենա, իրենք սիրել ու կյանքի են կոչել նրան, այդ էներգիան դեռ երկար կշրջանառվի իրենց եւ ներկայացման մեջ: Վստահ է՝ դեռ բազմաթիվ ներկայացումներ կտեսնի հանդիսատեսը, որի բեմադրիչը կլինի Արման Նշանյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում

DSC_9520Նոյեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։

Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը տեղեկացրեց, որ գիտական նստաշրջանին մասնակցում են ինչպես Արվեստի ինստիտուտի երիտասարդ արվեստաբանները, այնպես էլ երիտասարդ գիտնականներ հանրապետության կրթական, մշակութային այլ օջախներից, ինչպես նաև՝ արտասահմանից։ «Վերջերս շատ է խոսվում գիտության ծերացման մասին, սակայն մենք տեսնում ենք, որ գոնե արվեստագիտությունը ծերացման վտանգից զերծ է։ Մեր թիկունքում կան շատ շնորհալի, խոստումնալի երիտասարդ արվեստաբաններ։ Եվ անցկացվող նման գիտաժողովները դրա վկայությունն են»,- նշեց Աննա Ասատրյանը։

Եռօրյա նստաշրջանի չորս նիստերի ընթացքում ընթերցվելու է 40 զեկուցում, որոնցում ներկայացվելու են արվեստագիտության տարբեր գիտաճյուղերը. կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն և կինոգիտություն: Գիտաժողովի նյութերը հետագայում կհրատարակվեն առանձին ժողովածուով։ 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

««Ոսկե ծիրանն» անվիների վրա» կհյուրընկալվի Տավուշի մարզում

Yeregnadzor 2«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնը, որն անց է կացվում հուլիս ամսին Երևան քաղաքում, արդեն յոթ տարի է ինչ կազմակերպում է ««Ոսկե ծիրանն» անիվների վրա» շրջիկ փառատոնը: «Ոսկե ծիրանն» անիվների վրա»-ն նպատակ ունի փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված լավագույն ֆիլմերը ներկայացնել Հայաստանի մարզերում, ԼՂՀ-ում, Ջավախքում և այլ հայաշատ վայրերում:

Այս տարի  «Ոսկե ծիրանն» անիվների վրա ծրագիրը հոկտեմբերի 20-23-ը հյուրընկալվեց Վայոց Ձորի  մարզում, հոկտեմբերի 22-24-ը` Սյունիքի մարզում, նոյեմբերի` 8-10-ը` Շիրակում, նոյեմբերի 12-14-ը` Լոռու մարզում: «Ոսկե ծիրան» կինոփառառատոնը մարզային փառատոներն իրականացրեց   չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի,  տարածաշրջանային «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և «Սակդոկ» գործընկեր- կազմակերպությունների կողմից անցկացվող CAUCADOC ծրագրի հետ համատեղ: Հայաստանի մարզերում ցուցադրվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2012-13թթ-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:

Նոյեմբերի 8-11-ը  «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը եղավ Ջավախքում: Ցուցադրությունները կազմակերպվեցին «Ոսկե ծիրան» կինոդահլիճում: Ջավախքում փառատոնը մեկնարկեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով: Հաջորդ օրերին ցուցադրվեցին Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն», Արամ Շահբազյանի «Ջավախք. հավերժական հայրենիք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» և Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմերը: Ռուսուդան Չկոնիան անձամբ ներկա էր իր ֆիլմի ցուցադրությանը և ֆիլմի ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարևորագույն առաքելություններից է տարածաշրջանային կինոցանցի ձևավորումը: Այդ իմաստով կարևոր է «Ոսկե ծիրանի» միջնորդությամբ` Ռուսուդան Չկոնիայի և Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի միջև ձեռքբերված համաձայնությունը, ըստ որի «Ժպտացեք» ֆիլմը նոյեմբերի 15-ից  կլինի կինոթատրոնի էկրաններին: Ֆիլմը մեծ հաջողություններ է գրանցել, ինչպես հեղինակավոր կինոփառատոներում, այնպես էլ վրացական կինովարձութում:

«Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի հեղինակ Կարինե Խոդիկյանին «Ոսկե ծիրանն անիվների» վրա փառատոնի շրջանակներում արժանացավ Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

«Ոսկե ծիրանն» անիվների վրա փառատոնը նոյեմբերի 20-ից կհյուրընկալվի Տավուշի մարզում:

Թութանհամոնի 3000-ամյա քրոջն առևանգել են թանգարանից

o_849622Փարավոն Թութանհամոնի քրոջ անգին քանդակը, որը համարվում է  3000 տարեկան, գողացել են Եգիպտոսի թանգարանից: Երկրի իշխանությունները ”Էխնաթոն փարավոնի դուստր”, անվանված արվեստի այդ  գործի առևանգման  առիթով միջազգային հետախուզում են հայտարարել: Դրա հետ միասին, թանգարանից տարել են ևս 1000 ցուցանմուշ: Քանդակը Մալավի քաղաքի թանգարանից անհետացել է այս ամառ, ոստիկանության ու իսլամիստների բախումների ժամանակ: Փորձագետները մտավախություն ունեն, որ  դրանք առևանգվել են պատվերով ու հնարավոր է, որ վաճառված լինեն արտասահմանում:

Թութանհամոնի քրոջ արձանը թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշն էր: Այն պետք է փոխանցեին Թութանհամոնի հոր` Էխնաթոնի ընտանիքին նվիրված նոր թանգարանին: Վերջին ամիսներին ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ավելի քան 600 գողացված թանկարժեք իրեր, սակայն ոսկեդրամները, սրբազան իբիս թռչնի քանդակն ու Էխնաթոնի դստեր արձանը մինչ օրս չի հայտնաբերվել:

Թանգարանի աշխատակիցների կարծիքով, թալանչիները գիտեին` ինչ են փնտրում: Նրանք թողել են միայն արվեստի 46 փայտե նմուշ, որոնք պարզապես շատ ծանր են եղել տանելու համար: 2011-ին, հեղափոխության առաջին օրերին հանցագործներն առևանգել են Թութանհամոնի դամբարանի գանձերը, որոնք ցուցադրված էին Կահիրեի Թահրիր հրապարակի Եգիպտոսի ազգային թանգարանում:

«ՌեԱնիմանիա»-ի տնօրենն ամփոփել է 5-րդ կինոփառատոնի արդյունքները

1374726_748244921858313_1678597567_nԱյսօր, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա»  5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին խոսեց արդեն 5-րդ անգամ իրականացված «ՌեԱնիմանիայի» ձեռքբերումների մասին և ներկայացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Մովսիսյանին, ինչպես նաև նշեց, որ այսուհետ փառատոնի խորհրդի անդամ` Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն  Տիցիանա Լոսկին աշխատելու է նաև փառատոնի ներսից, որպեսզի փառատոնն ավելի մեծ մասշտաբի և հորիզոնների հասնի:

Այս տարի փառատոնն առաջին անգամ անցակվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Երեք օր շարունակ՝ նոյեմբերի 1-3-ը, փառատոնի լավագույն ֆիլմերը ցուցադրվեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոդահլիճում, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում։ «ՌեԱնիմանիա» թիմն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ԼՂՀ-ում փառատոնի անցկացմանն աջակցելու համար:

Անդրադառնալով փառատոնի հյուրերին՝ Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնի հյուրերը, որոնց թվում էին ֆրանսիացի անիմատորներ Մարկ Բորեալը, Բաստիեն Դյուբուան, Զուլի Նոբելեն, Նատալիա Միրզոյանը Ռուսաստանից, փառատոնի պատվավոր հյուր, Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին և այլոք, ևս առիթ ունեցան այդ օրերին գտնվելու ԼՂՀ-ում և այցելելու ԼՂՀ պատմամշակութային վայրեր։

Արցախում ցուցադրվեց նաև Բաստիեն Դուբուայի Արցախի մասին ֆիլմը` «Դիմանկարներ ճանապարհորդություններից» շարքից։ Անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմությանը՝ նշենք որ, լինելով «ՌեԱնիմանիա» փառատոնի հյուրերը 2011 թվականին, Բաստիեն Դուբուան և Զուլի Նոբելեն իրենց վարձակալած մեքենայով ճամփորդում են Հայաստանով և հայտնվում Արցախում։ Այստեղից էլ սկսվում են նրանց արկածները, արդյունքում անիմատորները նկարում են ֆիլմ Արցախի մասին։

Վրեժ Քասունին նաև հպարտությամբ նշեց, որ նոյեմբերի 4-ին «ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն 5-րդ հոբելյանական կինոփառատոնի պատվավոր հյուր, Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով՝ համաշխարհային ժամանակակից անիմացիոն կինոարվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի, ինչպես նաև հայ անիմատորների հետ ունեցած համագործակցության և մասնագիտական օժանդակության համար։

«ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում էր հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հենրիկ Մալյան անվան կինոդերասանի թատրոնում, Նարեկացի արվեստի կենտրոնում, Ափ Թաուն ակումբում, Պողոսյան պարտեզներում։ Վարպետության դասընթացներ անկացրեցին համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ։

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվեց ՀՀ նախագահի աջակցությամբ: