Ինչպես են տոնում Նոր տարին մյուս ազգերը

Նոր տարիԱյսօրվա Ամանորին շատ նման էին հին հույների Դիոնիսոսին նվիրված տոնակատարությունները: Իսկ Հին աշխարհի ժողովուրդների մեջ «ամանորյա աստվածություններից» ամենակատարյալը, թերևս, հռոմեական Յանուսի պաշտամունքն էր: Նա տարվա խորհրդանիշն էր: Յանուսն ուներ 365 մատ և բոլոր գործերի սկիզբն էր խորհրդանշում: Մինչ Յանուսի պաշտամունքը, Հռոմում նոր տարին տոնում էին մարտի 1-ին: Հուլիոս Կեսարը մթա 46 թ. իր բարեփոխումներով նոր տարին սահմանեց հունվարի մեկին, երբ կոնսուլները ստանձնում էին իրենց պաշտոնները: Հունվար ամիսն էլ անվանակոչվեց Յանուսի անունով: Ամանորյա տոնակատարությունները Հռոմում շատ բուռն էին և կոչվում էին Կալենդար:

Միայն IV դարում քրիստոնյաները երկար հաշվարկներից հետո Քրիստոսի ծնունդը «հարմարեցրին» նոր տարուն և նշում են կամ դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 6-ին:

Եգիպտացիները նոր տարին նշում էին Նեղոսի վարարման շրջանում, երբ երկնակամարում հայտնվում էր սրբազան աստղ Սիրիուսը: Քրմերի հրավերով մարդիկ հավաքվում էին գետի ափին և վարարումն սկսելուն պես մեկնարկում ժողովրդական տոնախմբությունը, որն ուղեկցվում էր աստվածներին նվիրված երգ ու պարով, զոհաբերություններով:

Բաբելոնում Ամանորը` Մարդուկի տոնը, նշվում էր գարնանային գիշերահավասարին հաջորդած առաջին լիալուսնի օրը, և տոնակատարություններն այստեղ տևում էին խորհրդանշական 12 օր: Այս օրերի ընթացքում խելահեղ ծիսակատարություններ էին արվում, և մարդկանց կամքն ու ցանկությունները սահմանափակող որևէ օրենք, նորմ չէր գործում:

Իսկ հրեաների համար հունվարի 1-ը սովորական աշխատանքային օր է: Հրեաների նոր տարին` Ռոշ-ա- Շանան, նշվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով: Երբ 1918 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի  1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ` նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը:

Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ): Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին` Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով` սառեցնում են անցորդներին: Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է:

Շատ երկրներում, բացի  տոնածառից, բնակարանը զարդարվում է օմելայի փնջերով: Այս սովորությունը գալիս է Անգլիայից: Տոնական  օրը անգլիացիների տունը զարդարվում է այդ  բույսով: Օմելայի փնջեր կան անգամ լամպերի ու ջահերի վրա, և ըստ սովորույթի`  կարող ես համբուրել այն մարդուն, ով կանգնած է սենյակի մեջտեղում` օմելայի փնջի տակ:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ հավատալիքների` այդ գիշերը կախարդական ցախավելի վրա սավառնելով` գալիս է բարի փերի Բեֆանան, փոքրիկ ոսկե բանալիով բացում է դռները և մտնելով երեխաների սենյակները` նվերներ է լցնում հատուկ կախված գուլպաների մեջ: Եթե տվյալ երեխաները վատ են սովորել կամ չարություն են արել, Բեֆանան նրանց գուլպաները լցնում է ածուխով: Իտալացիների Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում համարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով: Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտել հին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ կրքոտությամբ. պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլ հնոտիք: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն անպայման կզբաղեցնեն նորերը: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայման պետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող` երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ: Իտալիայի գավառներում սովորույթ կա հունվարի 1-ին առավոտ կանուխ աղբյուրից ջուր բերել: «Եթե ոչինչ չունես նվիրելու,- ասում են նրանք,- ջուր և ձիթենու ճյուղ նվիրիր»: Համարվում է, որ ջուրը երջանկություն է բերում: Իտալացիների համար շատ կարևոր է նաև, թե ում առաջինը կհանդիպեն նոր տարում: Եթե հոգևորական լինի, վատ է, ցանկալի չէ նաև փոքր երեխան, իսկ ահա կուզիկ պապիկը շատ լավ նշան է:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Պարիս Հերունու հիշատակի ղողանջ` նվիրված ծննդյան 80-ամյակին

ՔԱՐԱՀՈՒՆՋ-12013 թ. դեկտեմբերի 17-ին ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին կդառնար 80 տարեկան: Նշանավոր գիտնականը, ջերմեռանդ հայրենասերը գնաց դեպի իր տարերքը` անեզր տիեզերք 2008 թ. դեկտեմբերի 5-ին:

2007 թ. էր, ես և հայրս, Գեորգի Բադալյանի ուղեկցությամբ, Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում հանդիպեցինք Պարիս Հերունու հետ: Աշխատասենյակը կարծես գիտության տաճար լիներ, նրա սեղանին թղթեր էին` հաշվարկներով ծանրաբեռնված: Հանկարծ նկատեցի նրա «տիեզերական ալեհավաքի» մոդելը: Մենք եղել էիք նաև Արագածոտնի մարզի Օրգով գյուղում գտնվող Ռադիոօպտիկական աստղադիտարանում, որտեղ էլ գտնվում էին ալեհավաքները, և հրաշք էր դրանցից ամենամեծը:

Հիշարժան էր նաև Հերունու ստեղծած բազմաֆունկցիոնալ արեգակնային ժամացույց-օրացույցը:

Մենք Հերունուն նվիրեցինք փոքրիկ փաթեթներով հող Էրզրումից, Կարսից, Իգդիրից, նաև ջուր Վանա լճից, որը բերել էր հայրս կորուսյալ հայրենիքից: Հերունին երեխայի պես ուրախացավ, հետո հուզվեց, քանի որ հայրը` Միսակ Հերունին, ծնվել էր Հաճն քաղաքում (Կիլիկիա), մայրը` Սեդա Հերունին, Իգդիրից էր:

Այնուհետև ես  նրան մատուցեցի երկրորդ անակնկալը:  Նկարչուհի Հեղինե Աբրահամյանի օգնությամբ, կազմել էի մի գրքույկ «Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանի պատմությունը», որում նաև Պարիս Հերունու հոր` Միսակ Հերունու մասին նյութ  կար:  Միսակ Հերունին տատիկիս եղբոր` Կորյուն Սիմոնյանի, նաև      Հ.Աբրահամյանի հետ դասավանդել էր ուսումնարանում: Մ.Հերունին եղել էր  ուսումնարանի արհկոմի նախագահը, 1945-1947թթ.` ուսումնարանի տնօրենը, նաև պատմություն էր դասավանդել:

Պ.Հերունին շատ հուզվեց: Նա գրադարակից հանեց նոր հրատարակված «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրքը, մակագրեց և ասաց. «Սա էլ իմ անակնկալն է ձեզ»:  Ապա ասաց, որ գիրքը սկզբում տպագրել է անգլերենով, ուղղել ամբողջ աշխարհին, որ վերականգնվի հայոց պատմությունը, իսկ դրա ապացույցների հիմքում հնագույն աստղադիտարան Քարահունջն է:

Օգտագործելով երկրագնդի առանցքի պրեցեսիայի երևույթի օրինաչափությունները և աստղագիտական այլ օրենքներ` նա որոշել էր Քարահունջի տարիքը: Այդ մասին նյութերը հրատարակվել են Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Արգենտինայում: Հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետն ուղղվածության բարձր ճշտությունը և կայունությունը: Նախքան Քարահունջը կառուցելը պետք էր դեռ հազարամյակներ առաջ գիր ունենալ, նախապես կուտակված գիտելիքներ աստղագիտության, մաթեմատիկայի և տեխնոլոգիայի բնագավառներում: 1999 թ. փետրվարին Քարահունջին վերաբերվող բոլոր նյութերը, այդ թվում նաև նրա տարիքի հաշվարկները, Հերունին ուղարկում է պրոֆեսոր Ջ.Ս.Հուոկինսին (Վաշինգտոն), որը աստղագիտական մեթոդներով հնագույն կոթողների թվագրման խոշորագույն մասնագետն է աշխարհում, և խնդրել էր նրան կարծիք հայտնել:

– Ես շատ երախտապարտ եմ նրան, որ նա տվեց իր սիրալիր համաձայնությունը և մեծ աշխատանք կատարեց` ստուգելով իմ ստացած արդյունքներն ու բարձր գնահատականի արժանացրեց դրանք: Մեր Քարահունջն ունի 7500 տարվա պատմություն, այն հին է Սթոունհենջից 3500 տարով, Մեծ Եգիպտական բուրգերից` 3000 տարով, Շումերի և Եգիպտոսի հնագույն քաղաքակրթություններ ծագելուց` 2500 տարով, այն աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Սթուոնհենջը և մեծ բուրգը կառուցել է մեր թագավոր Հայկը 5000 տարի առաջ: Հայերը գնացել են Եգիպտոս, հավաքել են վայրի ցեղերին և ստեղծել առաջին եգիպտական պետությունը, դրանից հետո բոլոր եգիպտական փարավոնները հայ են եղել մինչև 18-րդ դինաստիան: Իրենց բուրգերի պատերին գրել են հայերեն գրերով` հին գրաբարով: Հայաստանի քաղաքակրթությունն ամենահինն է աշխարհում: Քարահունջի ժամանակներում նախապատմական հայ գիտնականները գիտեին հետևյալը. Երկիրը գնդաձև է, շառավիղը 6300 կմ է, Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը 1 օր տարբերությամբ և Արեգակի շուրջը` 365.25 օր տարբերությամբ,- պատմում էր Հերունին:

 – Բայց այդ ժամանակ կայի՞ն հայերեն տառերը.- հարցրի:

հերունի– Որ գիտենք` Մաշտոցն է հայերեն գիրը ստեղծել, այնքան էլ այդպես չէ, ի՞նչ է, մինչև քրիստոնեություն ընդունելը` 301 թ., հայերը անգրագե՞տ են եղել, կիսավայրի՞: Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակ տեղի է ունեցել մեծ աղետ, բոլոր նախաքրիստոնեական տաճարները, բացի Գառնու տաճարից, քանդվել և ջախջախվել են, բոլոր գրքերն այրվել ու ոչնչացվել են: Հայկական այբուբենը, որպես հեթանոսական, արգելված էր, օգտագործվում էին հունական և սիրիական  այբուբեններն ու գրքերը: Մաշտոցը սկսեց փնտրել գրերը, դրանք չկային, որովհետև բոլոր գրքերը վառել էին: Նա գնաց դրսում որոնելու պահպանված գրքերը: Պատմաբանները, լեզվաբանները դեմ են ինձ, թող արտահայտվեն, ես ամեն ինչ հաշվարկել և ապացուցել եմ: Առաջին հայկական այբուբենն ուներ 19 տառ,ստեղծվել է մոտավորապես 15-12 հազար տարի առաջ: Զարգացած այբուբենը` իր 34 տառով, գոյություն է ունեցել մ.թ.ա. VI հազարամյակում (Քարահունջի ժամանակ): Այդ այբուբենը հիմք է ծառայել աշխարհի բոլոր այբուբենների համար: Այն վերականգնվել է միայն մ.թ. 406 թ. Մեսրոպ Մաշտոցի ձեռքով, համաձայն Վռամշապուհ թագավորի և կաթողիկոս Սահակի որոշման: Մեր հին պատմաբաններն այդ մասին գրել են:

Մեզանից գողացել են ամեն ինչ, օրինակ` Ուրարտու են հնարել, իբր այստեղ հայերից առաջ եղել է Ուրարտական պետություն: Ես ապացուցում եմ, որ դա ճիշտ չէ, եղել է միայն Հայկական պետություն: Եղել են երկու պետություններ` Նաիրի մեծ երկիրը` Անի մայրաքաղաքով և այստեղի Արարատյան թագավորությունը, միացել են իրար և անունը դրել Բիհայնա` կրկնակի հայկական երկիր: Այդ Բիհայնա երկրների թագավորների անունները աղավաղել են` Ուրարտուի Արգիշտի թագավոր, այնինչ նա Բիհայնայի Արգիստ թագավորն է:  Հայտնաբերված վկայությունն է սեպագիր քարը մ.թ.ա. 782.թ., որի վրա գրված է. «Ես` Արգիստի թագավորս, այս գեղեցիկ քաղաքը հիմնադրեցի ի փառս Բիհայնա երկրի»: Ես այս ամենի մասին գրել եմ իմ անգլերեն գրքում: Անգլիայից Արքայազն Չարլզը գրեց, որ շատ հիացած է գրքով, Կալիֆոռնիայի նահանգապետ Շվարցնեգերը մի հոյակապ շնորհակալական նամակ է ուղարկել: Այժմ գիրքս լույս է տեսել հայերեն, լրացումն էլ սա է.

դրախտն է, ծառ է, վրան խնձորը, Եվան կանգնած է` խնձորը բռնած: Մի մեծ օձ, մարդկանցից էլ մեծ, եկել է Եվային թելադրում է. «Պոկի՛ր, պոկի՛ր»: Իսկ աստված ասել էր` «Չպոկես»: Սա Ադամն է ծառի տակ, բանից անտեղյակ: Այս ժայռապատկերը գտել և ինձ են ուղարկել Սիսիանից: Գրել եմ, որ Ավետարանի գրողներն ուղղակի մոռացել են նշել, որ սա հին հայկական լեգենդ է: Այսինքն` հենց այն ժամանակվանից են սկսել գողանալ մեզանից և՛ պատմությունը, և՛ կուլտուրան և ամեն ինչ: Ես շատ նամակներ եմ ստանում, հայ կանայք ինձ գրում են. «Սա մեր հայկական ավետարանն է, հայկական բիբլիան»:

Մենք փոքր ազգ ենք, բանի տեղ չեն դնում, չեն հավատում, թող գան ստուգեն:

Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ՌԳՀԻ), որ վեց ուղղություններով առաջատար է աշխարհում,  հիմնադրել եմ Երևանում 1968-70 թթ., նրա նպատակն է եղել ստեղծել նոր սիստեմի, բարձր էֆեկտիվ, հզոր ռադիոաստղադիտակ, որը կլինի աշխարհում առաջին հզոր ռադիոօպտիկական աստղադիտակը: Դա ՌՕԴ-54/2.6-ն է,  նրա անշարժ կիսասֆերիկ մեծ հայելին ունի 54 մ տրամագիծ, փոքրը` 5 մ, իսկ օպտիկական հայելու տրամագիծը 2.6 մ է: Առաջին դիտումը կատարվեց 1985 թ. Երկվորյակների համաստեղությունում. Էտտա աստղի վրա առաջին անգամ հայտնաբերվեց հզոր բռնկում մոտ 15 րոպե տևողությամբ:

Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց և հեռացանք հարստացած ներքնաշխարհով, որում  բարություն կար և հպարտություն, որ մենք աշխարհի ամենահին ազգն ենք ու ամեն ինչ այս մոլորակում սկիզբ է առել մեզնից:

 

Կարինե  ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

Լեգենդար հայկական կոնյակի պատմությունը

հայկական կոնյակԵրբեք ճաշից մի՛ ուշացեք, ծխե՛ք հավայան սիգարներ ու խմե՛ք հայկական կոնյակ:
Ուինսթոն Չերչիլ
Հայկական կոնյակն ունի դարերի պատմություն, որին սկիզբ դրեց բիբլիական Նոյ նահապետը՝ տնկելով առաջին խաղողի որթը Հայկական լեռնաշխարհում: Իսկ հետո…
Սկսած 1887 թվականից՝ Հայաստանում հիմնվեց կոնյակի արտադրություն, երբ վաճառական Ներսես Թահիրյանը կառուցեց առաջին գինու-կոնյակի գործարանը, որը հետագայում դարձավ Երևանի Կոնյակի գործարան: 1899 թվականին գործարանը գնվեց ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովի կողմից: Վերջինս բացառիկ մարդ էր՝ օժտված իր ժամանակի համար շատ առաջադեմ ձեռնարկատիրական ունակություններով, որը զբաղվում էր հայկական կոնյակի առաջխախացմամբ արտասահմանյան շուկայում: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է «Գրան-Պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրվում է իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի, այլ կոնյակ անվանումով: Նշենք, որ կոնյակ անվանումը առաջացել է ֆրանսիական Շարանդա նահանգի Կոնյակ քաղաքի անունից, որտեղ էլ առաջին անգամ տեղական հումքով պատրասվել է ալկոհոլային «Cognac» խմիչքը:
Հայկական կոնյակը մեծ ճանաչում ստացավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությանը թույլատրվեց իր արտադրանքը մատակարարել ռուսական կայսերական արքունիքին: Այդպիսի տիտղոս Ռուսաստանում ունեին շատ քիչ թվով արտադրողներ: 1917 թվականի հեղափոխությունից հետո հայկական կոնյակի արտադրությունը հարցականի տակ դրվեց:
Կոնյակի գործարանի «վերածնունդը» տեղի ունեցավ արդեն Խորհրդային Միության տարիներին՝ «Արարատ» գինու-կոնյակի տրեստ անվանումով: Գործարանի գլխավոր տեխնոլոգ դարձավ Մակար Սեդրակյանը, նա կիրառեց կոնյակի պատրաստման նոր, առաջադեմ տեխնոլոգիա, բացի այդ հայկական կոնյակը ստացավ նոր դիզայն, շշերի վրա հայտնվեց Արարատ լեռը՝ որպես այդ խմիչքի ծագման խորհրդանիշ:
1937 թվականին Մակար Սեդրակյանը ստեղծում է ԽՍՀՄ-ում պատրաստված առաջին կոնյակը՝ «Հոբելյանական»-ը, որն ուներ 10 տարվա հնեցում և 43 աստիճան թնդություն, ապա հաջորդաբար ստեղծվեցին տարբեր հնեցման ժամկետի և թնդության հայկական կոնյակի «Հայաստան», «Դվին», «Երևան», «Ախթամար», «Նաիրի», «Անի», «Վասպուրական», «Էրեբունի» տարատեսակները: Ի դեպ, «Վասպուրական»-ը 1890 թվականին Մ. Սեդրակյանի աշակերտները ստեղծում են նրա պատվին:
Խոսելով բուն արտադրության մասին՝ նշենք, որ կոնյակ պատրաստելու համար օգտագործվում է 13 տեսակի խաղող, որոնցից են՝ «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն»: Գյուղացիները բերքահավաքն անում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ցածր գնով մեծ քանակությամբ վաճառում այն կոնյակի գործարանին: Ապա պատրաստվում է խաղողի գինի, որն էլ որոշ ժամանակ անց դառնում է 12-14 աստիճան թնդությամբ կոնյակի սպիրտ և վերածվում կուպաժի:
Կուպաժը կոնյակի տարբեր հնության սպիրտերի որոշակի չափի միախառնումն է: Պատրաստի կուպաժը լցնում են 70 տարեկան կաղնու փայտից պատրաստված տակառների մեջ, որտեղ նորածին կոնյակը պետք է որոշ ժամանակ «հանգստանա»: Հանգստի տևողությունը կախված է կոնյակի տեսակից. սովորական խմիչքներին (3-5 տարվա հնության) վեց ամիսն էլ բավարար է, իսկ հին կոնյակը թողնում են ավելի երկար: Օրինակ, տաս տարեկան կոնյակները հանգստանում են 1-1,5 տարի: Սովորական ու տեսակավոր կոնյակներն էլ են հանգստանում տարբեր պայմաններում: Տեսակավորները պահում են 400 լիտրանոց տակառներում, իսկ սովորականները՝ հատուկ 35.000 լիտրանոց կաղնե «Չան» կոչվող տակառներում կամ նույն չափի էմալապատ կաթսաներում: Բնականաբար տեսակավոր կոնյակների գները ավելի բարձր են, դրանք սկսկվում են մոտ 1000 ԱՄՆ դոլարից: Հետաքրքիր մի փաստ ևս: Կոնյակի որակը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ լցնել ձեռքի ափի մեջ և շփել, հետո ափերը սեղմել իրար: Եթե ափերը չեն կպչում իրար, ուրեմն կոնյակը բարձրորակ է:
1998 թվականից «Արարատ» լեգենդար կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը դարձավ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող համաշխարհային աջառատար «Pernod Ricard» խմբի անդամ: Ցավոք, հետագայում ֆրանսիացիների կողմից Երևանի կոնյակի գործարանը գնելուց հետո մեր կոնյակի շշերի վրա կորցրինք «կոնյակ» անվանումը գրելու իրավունքը. ըստ ֆրանսիացիների՝ միայն իրենք այդ իրավունքն ունեն, այն էլ՝ միայն Ֆրանսիայում: Եվ այժմ արտադրվող նոր խմիչքի վրա գրվում է «բրենդի» անվանումը, որն, ի դեպ, թարգմանաբար նշանակում է «այրված գինի»: Այնուամենայնիվ, այն փաստը, որ հայկական կոնյակը իսկապես լեգենդար է, ապացուցված է պատմությունով: Ասում են՝ այս կոնյակը շատ է սիրել Յ. Գագարինը, իսկ Վ. Չերչիլը, լինելով իսկական կոնյակի մեծ սիրահար, օրական մեկ շիշ կոնյակ էր խմում այն էլ ՝ հայկական «Դվին» կոնյակը:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտը` հայ մրցավարի աչքերով

շախմատՀնդկաստանի Չեննայ քաղաքում օրերս ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որում նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթեց   Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին: Եվ այդ մրցամարտի գլխավոր մրցավարը երևանցի միջազգային մրցավար, Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի Երևանի  ֆեդերացիայի նախագահ  Աշոտ Վարդապետյանն էր: Ի դեպ, նա երկրորդ անգամ էր մրցամարտ սպասարկում գլխավոր մրցավարի կարգավիճակով: Նախորդ` Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի և Անանդի մրցամարտը ևս Վարդապետյանն է վարել: Սա աննախադեպ էր հայկական շախմատում, նաև այլ մարզաձևերում: Վերադարձից հետո ճանաչված մասնագետը մանրամասներ պատմեց Հնդկաստանում կատարվածի մասին: 

– Չեննայը նախկին Մադրասն է և ոչ միայն Հնդկաստանի այլև Ասիայի խոշորագույն քաղաքներից է: Անգլիայի տիրապետության տարիներին այդ տարածաշրջանի կենտրոն է համարվել և Անգլիայից նշանակված ղեկավարի նստավայրն է եղել: Չեննայի նավահանգստում մեծ նավատորմ է եղել, քաղաքում էլ առևտուրը ծաղկել է: Մադրասում բնակված հայերն ունեցել են իրենց նավատորմը, որը ոչ միայն մրցել, այլև գերազանցել է անգլիական նավատորմին: Անգլիացիները չեն կարողացել դիմանալ հայերի առևտրի թափին: Մրցակցությունը տանուլ տալու պատճառով, անգլիացիները գործարքի մեջ են մտել ծովահենների հետ և նրանց միջոցով կործանել են հայկական նավատորմը: Ներկայումս քաղաքը տխուր տպավորություն է թողնում: Հին շենքերը, շինությունները, աղքատները շատ են: Բայց նաև եվրոպական մակարդակի շինություններ կան:

Գիտեի, որ հայկական եկեղեցի կա և այցելեցի այն: Բայց ականատես դարձա տհաճ պատկերի: Եկեղեցու ճակատին գրված էր, որ այն հիմնադրվել է 1717-ին և Հարավային Ասիայում հայկական ամենահին եկեղեցին է: Մտնել չհաջողվեց, թեև կիրակի օր էր, կեսօր: Մտածում էի, որ նաև մեր հայրենակիցների կհանդիպեմ: Հայաստանի անունը կրող փողոցում գտնվող եկեղեցին փակ էր: Փողոցն էլ աղքատներով և մուրացկաններով լեցուն, կեղտոտ: Տեղաբնակներից իմացա, որ  եկեղեցու միակ աշխատողը պահակն է, որը տիրություն է անում: Ասացին, որ եկեղեցու ներսում լավ վիճակ է, բայց դրսից այն խղճուկ տեսք ուներ: Լավ էր, որ ինձ հետ չէին արտասահմանցի գործընկերներս, որոնց ասել էի, որ այդ քաղաքում հայկական եկեղեցի կա: Ոչ մի հայրենակցի չհանդիպեցի, հայերի թիվը քաղաքում փոքր է: Թերևս դա է պատճառը, որ եկեղեցին չի գործում:

Ի դեպ, հայկական եկեղեցուց 50 մ հեռու  հունահռոմեական մի եկեղեցի կա, և այն մեծ թվով տեղացիներ էին այցելում, քանի որ 10 մլն բնակիչ ունեցող Հնդկաստանի այդ քաղաքում տարբեր  դավանանքի մարդիկ են բնակվում, և քրիստոնյաները քիչ չեն: Իմ կարծիքով` Չեննայի բնակչության թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալը: Բանն այն է, որ բոլորին հաշվառել հնարավոր չէ: Հազարավոր մարդիկ փողոցներում, լողափին են բնակվում` բաց երկնքի տակ և այդտեղ էլ մահանում են: Ի դեպ, փողոցում քայլելիս` երկու անգամ դիակ եմ տեսել: Բայց մրցամարտի մասնակիցները բոլորովին այլ պայմաններում էին:

 – Հետաքրքիր է` ինչպիսի՞:

– Մրցամարտը կազմակերպվել էր շատ շքեղ, «Հայաթ Ռեջերսի» հինգաստղանի հյուրանոցում: Այն քաղաքի կենտրոնում էր, պարսպով շրջափակված: Երբ ներս էիր մտնում, թվում էր, թե այլ աշխարհում ես: Սպասարկումը բարձր մակարդակի էր: Կարելի է ասել, որ հինգաստղանի եվրոպական շատ հյուրանոցներում այդպիսի սպասարկում չկա: Դահլիճը, որում կայանում էին պարտիաները, մեծ չէր: Այն ուներ շուրջ 400 նստատեղ: Ընդ որում, դասակարգում կար: Մրցամարտի հովանավորները հատուկ տեղեր ունեին, որտեղ ուտելիք, զովացուցիչ ըմպելիքներ էին մատուցվում: Պաշտոնական հյուրերի համար տեղեր էին առանձնացվել առաջին շարքում: Իսկ մնացած տեղերի համար տարբեր գների տոմսեր էին վաճառվում: Ուշագրավն այն է, որ ամբողջ մրցամարտի ընթացքում թեկուզ մեկ աթոռ ազատ չէր: Մրցամարտը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր: Տեղի լրագրողները շատ էին: Ու թեև արտասահմանյան տարբեր երկրների լրագրողներն էլ քիչ չէին, տեղացիների հոծ շարքերում նրանք աննկատ էին մնում: Հարյուրից ավելի լուսանկարիչներ էին աշխատում: Պարտիաների ավարտից հետո, երբ մրցամարտի մասնակիցներն ասուլիսների համար նախատեսված սրահում հանդիպում էին լրագրողներին, ուղղակի ասեղ գցելու տեղ չկար: Շախմատի պատմության ընթացքում առաջին անգամ ամբողջ մրցամարտը, ամեն պարտիայի առաջին քայլից մինչև վերջինն ուղիղ եթերով հեռարձակվում էր: Այդ իրավունքը գնել էր Հնդկաստանի հեռուստալիքներից մեկը: Նորվեգիայի մի հեռուստաալիք հնդկական այդ հեռուստաընկերության հետ ընդհանուր հայտարարի էր եկել և նույնպես ուղիղ եթերով հեռարձակում էր հանդիպումները:

 – Երկու շախմատիստնեը նո՞ւյն հյուրանոցում էին իջևանել:

– Այո: Բայց այնպես էր դասավորված, որ նրանք միմյանց հետ շփվեն միայն շախմատի խաղասեղանի առջև: Հանդիպելու ոչ մի այլ հնարավորություն չկար: Երկուսին էլ առանձին տարածքներ էին հատկացվել, և նրանք այդտեղ էլ սնվում էին: Ի դեպ, Կառլսենը եկել էր իր խոհարարի հետ, որը սպասարկում էր գրոսմայստերին նաև պարտիաների ընթացքում, հանգստի սենյակում էր լինում: Ընդ որում, մթերքն ամբողջովին բերվել էր  Նորվեգիայից: Նույնիսկ հնդկական ընկույզը, որով հայտնի է Հնդկաստանը, բերվել էր Նորվեգիայից:

 – Իսկ ինչպե՞ս էիք սնվում Դուք և մյուսները, որոնք սպասարկում էին մրցաշարը:

– Կազմակերպիչները երեք ռեստորան էին տրամադրել, մեկում հնդկական կերակուրներ էին, մյուսում` չինական, երրորդում` իտալական: Եվ յուրաքանչյուր ոք կարող էր սնվել ըստ իր նախասիրության:

 – Կառլսենի շախմատային կնքահայրը համարվում է Գարրի Կասպարովը: Նա խոստացել էր հնարավորն անել, որ նորվեգացին աշխարհի չեմպիոն դառնա, և այժմ դա փաստ է: Աշխարհի 13-րդ չեմպիոնն ի՞նչ դեր ուներ մրցավայրում:

– Նա եկավ երբ մրցամարտում մի քանի պարտիա արդեն խաղացվել էր, և այդ օրն էլ Կառլսենն իր առաջին հաղթանակը տարավ: Կասպարովը երկու օրով էր եկել: Նրա այցելությունը մեծ աղմուկ առաջացրեց: Ընդ որում, դա արդարացված չէր: Բանն այն է, Կասպարովի այցը պաշտոնական չէր: Նա նույնիսկ կազմակերպիչներին տեղյակ չէր պահել, որ գալու է:  Նա ներկայացավ որպես զբոսաշրջիկ: Հետագայում, երբ շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները բացահայտեցին, որ Կասպարովը մրցավայրում է, հնարավորն արվեց, որ նա իրեն ավելի անկաշկանդ զգա, բայց դրա կարիքը չկար: Չգիտեմ` Կասպարովը հանդիպե՞ց Կառլսենին, թե՞ ոչ, քանի որ վերջինս ընդհանրապես խուսափում էր շփումներից: Հնարավոր է, որ նրանք խորհրդակցել են, բայց դա գաղտնի է պահվել: Ուշագրավն այն է, որ նորվեգացի գրոսմայստերը և Անանդն իրենց զբաղեցրած հարկաբաժիններից առանձին վերելակներով էին իջնում, և անպես էր կազմակերպված, որ նրանք իրենց ճանապարհին ոչ ոքի հետ չտեսնվեն:

 – Կառլսենը չէր ցանկանում, որ այդ մրցամարտը կայանա Հնդկաստանում, զգուշանում էր, քանի որ մրցակիցը տանն էր խաղալու: Այդ տագնապների համար հիմքեր կայի՞ն:

– Կառլսենը չեմպիոն դառնալուց հետո հրապարակավ հայտարարեց, որ երբևէ չի մասնակցել այդպիսի բարձր մակարդակով կազմակերպված մրցամարտի: Կազմակերպիչները հնարավորն արել էին, որ ոչ մի բաղթողում չլինի: Այդուհանդերձ, եթե նորվեգացի գրոսմայստերը սկզբում այդպիսի խնդիրներ նրանց առջև չդներ, հնարավոր է տարբեր հարցեր ծագեին, մրցամարտն էլ այդպիսի բարձր մակարդակի չլիներ: Մրցամարտից հետո Կառլսենը, իր շքախմբի ուղեկցությամբ, անկաշկանդ  հանդիպումներ էր ունենում: Ի դեպ, սկզբում գաղտնի էր պահվում, բայց հետո բացահայտվեց, որ Կառլսենը հանգստյան օրն անցկացնում էր օվկիանոսի ափին գտնվող շքեղ մի առանձնատանը: Պարզ չէ` նա վարձե՞լ էր, թե՞ մտերիմներից մեկն էր տրամադրել: Այն հիանալի պայմաններ ուներ, մարզասրահ: Կառլսենն այնտեղ բասկետբոլ, ֆուտբոլ էր խաղում, ընկերների միջավարում լիցքաթափվում: Փաստորեն, նա և Անանդը տարբեր ձևով էին անցկացնում հանգիստը: Վերջինս իր հարկաբաժնից ընդհանրապես դուրս չէր գալիս, նախընտրում էր տնային պայմաններում և  միջավայրում նախապատրաստվել, իսկ Կառլսենը նախըտրում էր ակտիվ հանգիստը:

 – Օրնաչա՞փ էր, որ նորվեգացին մրցամարտում հաղթեց 6,5 : 3,5 հաշվով:

– Այո, քանի որ Կառլսենը մրցամարտն անցկացրեց բարձր մակարդակով: Նա չզարմացրեց նորույթներ կիրառելով, սկզբանախաղային նորարարություններով, այդուհանդերձ, մրցամարտում հիանալի խաղաց: Իսկ հաջողության հասնելու հիմնական գրավականը հոգեբանական լավ պատրաստվածությունն էր: Անանդն ավելի շատ հոգեբանորեն պարտվեց, քանի որ մեծ ցանկություն ուներ հաղթելու, մանավանդ որ խաղում էր իր ծննդավայրում: Եթե նա 5-րդ և 6-րդ պարտիաներում չկորցներ ոչ-ոքի անելու հնարավորությունները, որոնք ուներ,  թերևս ամեն ինչ հոգեբանական առումով այլ հունով ընթանար: Բայց եղավ այն, ինչ եղավ: Ըստ մրցակարգի` վերջին երկու պարտիաները չկայացան, քանի որ Կառլսենն արդեն անհասանելի էր: Մրցամարտն ավելի տևական էր նախատեսվում, մինչդեռ, այն կտրուկ ավարտվեց: 9-րդ պարտիայից հետո ակնհայտ էր, որ 10-րդ պարտիան կարող է վերջինը լինել, և բանակցություններ էին ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի մրցամարտի փակումը: Կազմակերպիչները ցանկանում էին այնպես անել, որ անպայման ներկա լինի Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի գլխավոր նախարարը, կարելի է ասել` նահանգի ղեկավարը: Եվ ընդմիջումը նախատեսվածից մեկ օր ավելի տևեց:

 – Որևէ խնդիր չառաջացա՞վ, Ձեր միջամտության կարիքը չզգացվե՞ց:

– Լավ մրցավարության գաղտնիքն այն է, որ ամեն ինչ այնպես արվի, որ խնդիրներ չառաջանան: Կազմակերպիչներն ամեն բարձրացված հարցին անմիջապես արձագանքում էին և կատարում էին բոլոր պահանջները: Ուրախ եմ, որ մրցամարտն ընթացավ և ավարտվեց մարզական ազնիվ պայքարում: Ի դեպ, խաղացողները միմյանց նկատմամբ շատ հարգալից էին: 

– Հաջորդ մրցաշարը ո՞րն է լինելու, որը սպասարկելու եք որպես գլխավոր մրցավար:

– Իրաքի Քուրդիստանում առաջիկայում անցկացվելու է բաց մրցաշար, որին հայտնի շախմատիստներ են մասնակցելու: Ցավոք, Հայաստանից խաղացող չի լինելու:

 – Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին սոսկ 5-րդն էր: Դա անհաջողություն կարելի է  համարել, քանի որ մերոնք  ստուգատեսին մասնակցում էին աշխարհի չեմպիոնի կարգավիճակով: Ո՞րն է մերոնց կրած մի շարք պարտությունների պատճառը: Ընդ որում, Հայաստանի հավաքականը վերջերս Լեհաստանում կազմակերպված Եվրոպայի թիմային առաջնությունում էլ անմասն էր մնացել խաղարկված մրցանակներից :

– Աշխարհի առաջնության մասնակից 10 հավաքականներից միայն Եգիպտոսի և Թուրքիայի թիմերն էին թույլ, մյուսներն ուժեղ էին: Բայց անգամ այդ թույլ թիմերն անակնկալներ կարող էին մատուցել: Կարծում եմ` Հայաստանի հավաքականի համար դժվար էր իրար հաջորդող երկու մրցամարտի մասնակցել: Եվրոպայի առաջնությունից հետո մի շարք հավաքականներ` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ներկայացուցիչները փոփոխված կազմերով էին խաղում: Մինչդեռ Հայաստանի հավաքականն այդպիսի թարմություն չուներ: Թերևս Եվրոպայի առաջնությանը կարելի էր մասնակցելու հնարավորություն տալ մեր երիտասարդ շախմատիստներին: Պետք է մտածել, որ Հայաստանի հավաքականը համալրողներ ունենա:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Բացառիկ հարցազրույց Վազգեն Մանուկյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպման վերաբերյալ

Վազգեն-Մանուկյան

Վազգեն Մանուկյան.   «Եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ»:

 

– Պարոն Մանուկյան, մեզ հայտնի դարձավ, որ Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն:

– Ոչ պաշտոնական հանդիպում էր:  Այդ օրն առավոտյան ինձ

Դավութօղլու

զանգահարեց Թուրքիայի արտգործնախարարի պատվիրակության անդամներից մեկը և առաջարկեց հանդիպում կազմակերպել Դավութօղլուի հետ, եթե դեմ չեմ: Ես տվեցի իմ համաձայնությունը, և երեկոյան Հանրային խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի ուղեկցությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սուրճի սեղանի շուրջ հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև թուրքական պատվիրակության անդամներ, այդ թվում` ազգությամբ հայ Սամսոն Օզարարատը, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբրե Քոփթաշը:

 

– Ի՞նչ զրույց ծավալվեց հանդիպման ժամանակ:

– Դավութօղլուն նախ նշեց, որ ինքը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի («Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար): Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարը խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները երկար ժամանակ միասնական ճանապարհ են անցել, նույնիսկ ձևավորել մի ընդհանուր քաղաքակրթություն: Նա կարևորեց հայերի դերը Թուրքիայի պատմության մեջ՝  նկատելով, որ այն շենքերից մեկը, որտեղ իր նստավայրն է, նույնպես հայի է պատկանել: Խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները պետք է բարեկամանան, և չնայած տեղի են ունեցել որոշ իրադարձություններ, որոնք սեպ են խրել երկու ժողովուրդների միջև, պետք է առաջ գնալ և այլն:

Ես պատասխանեցի, որ մեր երկու ժողովուրդների միջև մեծ ճեղք է առաջացել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, սակայն երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որոշ ժամանակ անց Ղարաբաղ կոմիտեն որդեգրեց նոր քաղաքականություն Թուրքիայի նկատմամբ, այն է` չանտեսելով Ցեղասպանության հարցը՝ զուգահեռ փորձել Թուրքիայի հետ իրականացնել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հարաբերություններ: Մենք կարծում էինք, որ եթե Հայաստանը գնում է անկախության ճանապարհով, իր հարևանների հետ պետք է կարողանա ինքնուրույն հարաբերություններ հաստատել: Դա դարձավ ընդհանուր գաղափարախոսություն Ղարաբաղ կոմիտեի համար, և դրա վառ արտահայտությունն էր նաև Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածը, որում ասվում էր, որ հայերն ու թուրքերը պետք է կարողանան իրար հետ խոսել առանց միջնորդի կամ ուրիշների միջամտության: Իշխանության գալով 1990 թ.` մենք փորձում էինք իրականացնել այդ քաղաքականությունը: Արվեցին որոշ քայլեր: Մենք մտածում էինք, որ Ղարաբաղի հարցը չպետք է խոչընդոտ լինի այդ քաղաքականությունը վարելու համար: Ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար էթնիկական կամ կրոնական պայքար չէր, այլ միայն Հայաստանի օժանդակությամբ Ղարաբաղի ժողովրդի կողմից պատմական արդարության և ազգերի ինքնորոշման, ազատության սկզբունքների իրականացում: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես լինի, այդպես գիտակցվի,և դա այդպես էր:

Բայց  մենք մեծ հիասթափություն ապրեցինք, երբ 1993 թվականին, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված,  Թուրքիան միակողմանի փակեց ճանապարհները Հայաստանի հետ` ծանր սոցիալական վիճակում գտնվող Հայաստանի ժողովրդին  զրկելով այդ ճանապարհով սնունդ ստանալու հնարավորությունից:

Շատերի համար Թուրքիայի այդ քայլը ապացույց դարձավ, որ «նոր քաղաքականությունը» սնանկ է և ոչ իրատեսական: Այնուհետև 2008 թ. Թուրքիայի հետ հարաբերվելու երկրորդ փորձը սկսվեց՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումով, բայց նորից ապարդյուն և ոչ Հայաստանի մեղքով:

Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ: Վրաստանի հետ խնդիր չուներ, քանի որ Վրաստանը տարաձայնություններ ուներ Ռուսաստանի հետ՝ կապված Աբխազիայի և Օսիայի հետ, Ադրբեջանը բոլոր դեպքերում Թուրքիայի հետ կլիներ, բայց առանց Հայաստանի Թուրքիայի ներկայությունն Անդրկովկասում ամբողջական և արդյունավետ չէր լինի, ուստի Թուրքիան այդ ժամանակ պետք է փորձեր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ընթացքում չեզոքություն դրսևորել Ղարաբաղի հարցում, մանավանդ որ այդ հարցն իր անմիջական պետական շահերին չէր դիպչում:

 

– Ինչպե՞ս արձագանքեց Դավութօղլուն Ձեր տեսակետին, ընդունե՞ց:

– Իմ տպավորությամբ՝ մասամբ ընդունեց՝ նշելով, որ իսկապես, երբ խզում ես հարաբերությունները, ապա հետո չես կարողանում ազդել, և եթե 1993-ին իրենք ավելի ճկուն լինեին, հնարավոր է, որ քաղաքական ազդեցություն ունենային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչի հնարավորությունն իրենք կորցրեցին: Իհարկե, մի առանձին խոսակցություն էլ եղավ  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իրենց մասնակցության և ազդեցության  հարցի շուրջ, որին ես, բնականաբար, դեմ արտահայտվեցի՝ ասելով, որ Թուրքիան արդեն ապացուցել է, որ այդ հարցում միակողմանի դիրքորոշում ունի` սկսած 1993 թվականից և դատավորի կամ կարգավորողի դեր չի կարող կատարել:

Դավութօղլուն էլ հարցրեց, թե այն երկրները, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են, իրենց շահերը չունե՞ն,  անաչա՞ռ են:

Ասացի, որ այո, նրանք էլ իրենց շահերն ունեն Ղարաբաղի հարցում, անաչառ չեն, բայց Թուրքիայի հետ համեմատելի չէ: Համենայն դեպս, այդ երկրները մեզ չեն «խեղդել» մեր ամենածանր պահին՝ 1993 թվականին:

 

– Քննարկվե՞ց հայ-թուրքական արձանագրություններից հետո ստեղծված իրավիճակը, որը, փաստորեն, փակուղի է մտցրել երկու երկրների հնարավոր հարաբերությունները:

– Այո: Նախ փաստեցի, որ արձանագրությունների նախաստորագրումը քաղաքական հարց էր, քանի որ Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանը բացելը տնտեսական տեսանկյունից առանձնապես մեծ բան չէր, եթե հաշվի առնենք Հայաստանի շուկայի փոքր լինելը: Հայաստանի համար էլ պարզ չէր՝ սահմանների բացումը տնտեսական առումով ավելի շատ վնա՞ս կբերի, թե՞ օգուտ, որովհետև, մի կողմից, կարող էր խթանել զարգացումը, բայց մյուս կողմից՝ թուրքական էժան ապրանքների  մեծ ներհոսքը կարող էր վնասել մեր քիչ թե շատ կայացող տեղական արտադրությանը: Այսինքն` հայ-թուրքական սահմանի բացման հարցը քաղաքական տեսանկյունից էր դրված: Եվ եթե ինքը խոսում է բարեկամության, երկկողմ հարաբերությունների մասին, ապա այդպիսի հարաբերություններ ստեղծելու հնարավորություն կար և Հայաստանի  պատճառով չէ, որ դա տեղի չի ունեցել:

Իհարկե բնական է, որ Դավութօղլուն, լինելով բարձր մակարդակի դիվանագետ, որի հետ անգամ հետաքրքիր էր զրուցել և վիճել, նման հարցադրումներին որոշակի պատասխան չտվեց և երբեք չէր տա:

 

– Իսկ Ցեղասպանության մասին խոսեցի՞ք:

– Ինչպես արդեն նշեցի, Դավութօղլուն Ցեղասպանության հարցը հիշատակեց նախ իր խոսքի սկզբում, երբ նշեց, որ տեղի են ունեցել որոշ իրադարձություններ: Այնուհետև զրույցի ընթացքում, երբ խոսեցինք երկու երկրների հարաբերությունների հաստատման մասին, ասացի, որ անկախ  այն հանգամանքից՝ Հայաստանն ինչ քաղաքականություն կվարի Թուրքիայի հետ, ինչ իշխանություններ կգան, միևնույն է, հայ ժողովուրդը Հայաստանում թե Սփյուռքում հետևողականորեն տանելու է Ցեղասպանության ճանաչման հարցը, հատկապես` Թուրքիայի կողմից ճանաչման: Նշեցի, որ դա հայերի համար զուտ վերացական պատմական հիշողություն չէ, և պատմեցի մեր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է պապս Վանա լճի ափից՝ Մոկսից, հինգ որդիներով գաղթել Հայաստան, սակայն տեղ է հասել միայն փոքր որդու` հորս հետ: Դա եղել է մեր ընտանիքի առօրյա խոսակցության թեման, որը մոռացված էջ չէ, և մենք պարտք ունենք մեր ծնողների և մեր պատմության առջև: Իսկ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք է նաև, որ այն այլևս չկրկնվի:  Նաև ասացի, որ հայ ժողովուրդն այդ գործընթացն առաջ է տանում առանց ատելության թուրք ժողովրդի նկատմամբ:

 

– Ինչպիսի՞ն էր Դավութօղլուի արձագանքը Ձեր դիտարկումներին:

– Բնականաբար, որպես փորձառու դիվանագետ, նա միայն ընդունեց, որ իսկապես եղել են դեպքեր, ասաց, որ եթե Մոկսում լինի, անպայման կաղոթի հորս զոհված եղբայրների համար, միաժամանակ ասաց, որ մենք էլ չպետք է մոռանանք Առաջին համաշխարհային պատերազմի այն բոլոր զոհերին, որ տվել են թուրքերը:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ եթե տարիներ առաջ Թուրքիայում Ցեղասպանության մասին ընդհանրապես հնարավոր չէր խոսել, ապա այսօր այդ հարցը քննարկվում է (նա, իհարկե, չէր օգտագործում ցեղասպանություն բառը):

Այդ պահին զրույցն ընդհատեց Սամսոն Օզարարատը` ինձ ու տիկնոջս ապրիլի 24-ին հրավիրելով Ստամբուլ, որտեղ հայերն ու թուրքերը միասին հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Դավութօղլուն ողջունեց այդ հրավերը:

 

– Հատուկ խոսվե՞ց Ղարաբաղի հարցի ներկա վիճակի կարգավորման մասին:

– Այո, ես ասացի, որ այդ հարցի կարգավորում ասելով` կողմերը տարբեր բաներ են հասկանում, և կուզենայի, որ Դավութօղլուն հստակ պատկերացնի իրական վիճակը: Հարցը պարունակում է երեք բաղադրիչ` փախստականների հարցը, որը, իհարկե, լուրջ հարց է, սակայն այն կարելի է բանակցելով լուծել, և մենք կարծում ենք, որ որոշակի պայմաններ ապահովելու դեպքում հայ և ադրբեջանցի փախստականները ուշ թե շուտ կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը:

Երկրորդը սահմանների, տարածքների հստակեցման հարցն է, որը նույնպես հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով:

Բայց հարցի մեխը Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է: Ղարաբաղում ապրում է մի սերունդ, որն աղոտ է հիշում այն ժամանակները, երբ անկախ չեն եղել, կամ ընդհանրապես չի հիշում: Եվ ինչո՞ւ պիտի ինչ-որ պետություններ թուղթ ստորագրեն, լինեն Հայաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը թե ԱՄՆ-ն, որով իրենք կկորցնեն իրենց անկախությունը: Բացի այդ, ասացի, որ եթե անգամ ազգային հարցն էլ մի կողմ թողնենք, միջազգային մամուլով էլ այսօր փաստում են, որ Ղարաբաղում մարդու իրավունքները, ազատություններն անհամեմատ ավելի բարձր մակարդակում են, քան Ադրբեջանում: Նշեցի, որ հենց երեկ եմ բլոգերից մեկում Հայաստանի և Ադրբեջանի համեմատական վերլուծություն կարդացել` սոցիալական տեսանկյունից, որում հստակ երևում է, որ Հայաստանն անհամեմատ ավելի գրավիչ է, քան Ադրբեջանը նաև այդ տեսանկյունից: Այսինքն` և՛ ազգային հարց կա, և՛ ազատության ու անկախության, և՛ սոցիալական, և ոչ մի դեպքում Ղարաբաղը չի համաձայնի կորցնել իր անկախությունը: Նշեցի, որ Ալիևն էլ է շատ լավ հասկանում այդ ամենը, և պատահական չէ, որ խոսում է պատերազմով հարցը լուծելու մասին: Ասացի, որ ես կտրականապես դեմ եմ պատերազմին, բայց այնուամենայնիվ, եթե պատերազմ հայտարարվի, ապա նաև որպես նախկին պաշտպանության նախարար գտնում եմ, որ այն շատ կատաղի կլինի, և մենք  ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք, ինչպես նախորդ դեպքում: Նշեցի նաև, որ տարբեր պետություններ, առիթից օգտվելով, կփորձեն խցկվել այդ իրադարձությունների մեջ, և Թուրքիան պետք է մտածի՝ արդյոք իրեն պե՞տք է, որ իր հյուսիսում նման կաթսա պայթի:

Դավութօղլուն, իհարկե, պատասխանեց, որ իրենք նույնպես դեմ են պատերազմին, ուզում են՝ հարցը խաղաղ ձևով լուծվի և այլն:

 

– Ինչպե՞ս ավարտվեց զրույցը և ապագայի նկատմամբ ի՞նչ մոտեցումներ ընդգծվեցին:

– Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշեց նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիք, որտեղից որ գաղթել են իրենց պապերը: Ժամանակի սղության պատճառով հնարավորություն չեղավ քննարկելու նաև այդ հարցը:

Զրույցի ավարտին նա ասաց, որ երազում է այն օրվա մասին, երբ սահմանները նշանակություն չեն ունենա, մեր ինքնաթիռները Երևանից Վան կթչռեն, Վանից՝ Երևան, երբ ողջ տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կլինի ընդհանուր և այլն: Ես էլ ասացի, որ այո, լավ կլիներ, եթե մեր տարածաշրջանում էլ, ինչպես Եվրոպայում, նվազեր սահմանների նշանակությունը: Հետո պատմեցի, որ երբ նախագահական վերջին ընտրություններից մեկի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն ինձ հրավիրել էր ճաշկերույթի, որտեղ հրավիրված էին նաև եվրոպական շատ այլ երկրների դեսպաններ, ես կեսլուրջ-կեսկատակ նրանց առաջարկեցի, որ Եվրամիությունը 20-30 տարով Ղարաբաղի ողջ տարածքի վրա սահմանի պրոտեկտորատ, մինչև որ ժամանակները մեղմանան, սահմաններին մեծ նշանակություն չտրվի,  և այդ ժամանակ Ղարաբաղի հարցին շատ ավելի հեշտ լուծում կտրվի:

 

– Պարոն Մանուկյան, Դավութօղլուի այցը Հայաստան թուրքական խորամանկ դիվանագիտության հերթական քայլը չէ՞ր, որն ընդամենը դրսում տպավորություն ստեղծելու նպատակ ունի:  

– Անկեղծ ասած՝ մեր զրույցի ընթացում նրա այցի մասին խոսք չեղավ: Համենայն դեպս,  ես կարծում եմ, որ Դավութօղլուին կարող էր փոխարինել ավելի ցածրաստիճան պաշտոնյա, սակայն դա մտածված տեղի չէր ունեցել, և ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:

Մենք մեր ազգային շահը պետք է պաշտպանենք ու առաջ տանենք, բայց միաժամանակ պետք է կարողանանք հարևանների հետ արժանապատվորեն այս կամ այն ձևով հարաբերվել, և դա պետք է լինի ոչ միայն պետական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի միջոցով: Համենայն դեպս, ես ավելի լավատես եմ ապագայի նկատմամբ և մի կարևոր բան եմ նկատել. եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ:

 

 Զրույցը վարեց Անի Գասպարյանը

Անկախ

 

Համակարգի՞չն է ուսումնասիրում մարդու էրիթրոցիտի թաղանթը

էրիթրոցիտէրիթրոցիտԱյսօր կենսաթաղանթների համակարգչային հետազոտությունը լայն տարածում է գտել: Մաթեմատիկոս, քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանն իր գործընկերների հետ հետազոտում է էրիթրոցիտի (արյան կարմիր գնդիկներ) բջջաթաղանթի դերը և փորձում բացահայտել մոլեկուլների, ատոմների ու այլ մասնիկների վարքը:

Վերջին 10-20 տարվա ընթացքում իրական և վիրտուալ փորձեր են իրականացվել կենսաբանական թաղանթների վրա: Մինչ այժմ ուսումնասիրվել են էրիթրոցիտների մոլեկուլյար կազմի դինամիկ փոփոխություններն ու սպիտակուցային մոլեկուլի առանձին մասերի փոխգործակցությունը: Եվ այդ բոլորը համակարգչի՝ հաշվողական մեծ ցանցի օգնությամբ:

Գիտնականները կատարել են մոտ 500 նսմ (նանոսանտիմետր) մարդու էրիթրոցիտների ասիմետրիկ (անհամաչափ) թաղանթի մոլեկուլյար դինամիկայի մոդելավորում: Թաղանթների  հետազոտության համար կան տարբեր մոդելավորման մեթոդներ, որոնցից մեկն էլ մոլեկուլյար դինամիկան է (ՄԴ), որի օգնությամբ հասկանալի է դառնում ներ- և միջմոլեկուլյար կենսաբանական համակարգերի կառուցվածքը:

Այդ համակարգը բաղկացած է գլխավոր ֆոսֆոլիպիդային մոլեկուլներից (լիպիդներ՝ ճարպեր, որոնք բոլոր բջիջների թաղանթների գլխավոր բաղադրիչն են): Թաղանթե մոդելի կառուցվածքն իրականացվել է Hyperchem software համակարգչային ծրագրի միջոցով (իսկ մոդելավորման համար՝ NAMD ծրագրային փաթեթի), որը ստեղծում է էրիթրոցիտի թաղանթի ճշգրիտ մոդել՝ նմանակելով իրական կենսաբանական թաղանթը, ինչն էլ օգնում է ավելի լավ հասկանալու թաղանթի վարքագիծը:

Այս իրողության շուրջն է մեր զրույցը գիտնականի հետ:

– Ո՞ր երկրներն են զբաղվում այդ մեթոդով:

–  Շատ երկրներ՝ ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, նաև Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրները: Փորձը կատարվում է գերհամակարգիչների օգնությամբ, համացանցի միջոցով: Մեզ՝ հայ գիտնականներիս տրամադրվում է աշխատանքային ժամանակ, երբ համացանցի միջոցով մեր խնդիրները տեղադրում ենք այդ հաշվողական գերհամակարգիչներում՝ մեր ծրագրային փաթեթներն ուղարկելով այնտեղ, այնուհետև այլ գիտնականներ սկսում են աշխատել մեր ուղարկած տվյալների հիման վրա:

– Մեր պետությունը ֆինանսավորո՞ւմ է՝ փորձերն իրականացնելու հարցում:

– Աջակցում է որոշ չափով: Ունենք նաև դրամաշնորհ Բելառուսից, բայց դրանցով չենք կարող հսկա սարքեր գնել:

–       Ինչո՞ւ եք որպես ուսումնասիրման օբյեկտ ընտրել եք մարդու էրիթրոցիտների թաղանթը:

–        Որովհետև այն օգտակար է մարդկության համար: Բացի այդ, չենք կարող միաժամանակ հետազոտել ամեն ինչ: Դրա համար աշխատում ենք միայն մեկ մասնիկի՝ էրիթրոցիտի բջջի թաղանթի վրա (որն արդեն ինքնին բարդ է, քանի որ մեկ բջջում կան միլիարդավոր մոլեկուլներ):

–        Ի՞նչ եք ուսումնասիրում և ուշադրությունը կոնկրետ ինչի՞ վրա եք սևեռում:

–        Ուսումնասիրվում են նյութի կառուցվածքի այնպիսի մանրամասներ, որոնք այլ մեթոդներով հնարավոր չէ ուսումնասիրել, կամ իրականացնելու դեպքում մեծ և թանկ սարքեր են անհրաժեշտ: Այս մեթոդի կիրառումը նաև խնայողական է: Դեռևս չեն ստեղծվել այլ հզոր սարքեր, որոնք կարողանան նյութն ուսումնասիրել մոլեկուլի մակարդակով: Ուսումնասիրում ենք նաև սպիտակուցային մոլեկուլների (GpA) միջթաղանթային մասերի փոփոխությունների դինամիկան:

–   Ո՞րն է այդ մեթոդի նպատակը:

–  Մոդելավորման գլխավոր նպատակը բջիջների, սպիտակուցային մոլեկուլների թաղանթում դինամիկայի, վարքագծի, շարժման, տեղանքի և փոխազդեցության բացահայտումն է: Թեպետ ֆիզիկական մեթոդներով հնարավոր է միջին արդյունքներ ստանալ, սակայն դրանք չեն կարող ցույց տալ բջջի մեջ փոքր մասնիկների շարժումը: Փորձի վերջում այս մեթոդով ստացած արդյունքներն անպայման համեմատում ենք ֆիզիկական մեթոդի արդյունքների հետ, հակառակ դեպքում կստացվի, որ վիրտուալ աշխատանք ենք կատարել:

–    Բացահայտումներն ի՞նչ կտան մարդկությանը:

–  Ստացված արդյունքները կարող են կիրառվել դեղորայքի պատրաստման, զանազան հիվանդութունների (արյան, ուռուցքային, քաղցկեղային) կանխման և բուժման համար:

– Մինչ այժմ ի՞նչ եք բացահայտել:

–        Գտել ենք, որ խոլեստերոլը պատասխանատու է այսպես կոչված` թաղանթի խիտ փաթեթավորման համար, բացահայտել ենք նաև, որ թաղանթի ազատ էներգիան մոտ 89.7 ՞ 35.4 կկալ/մոլ է: Այդ տվյալները համեմատելով համակարգչի ստացած տվյալների հետ (43 ՞ 0.5 կկալ /մոլ)՝ կարելի է ասել, որ 12-14 նմ մոդելավորումից հետո ստացանք էրիթրոցիտի թաղանթի մոդելի թերմոդինամիկական հավասարակշռության վիճակ, որը համապատասխանում է փորձարարական տվյալներին: Դրանից զատ, ստացել ենք էրիթրոցիտի ասիմետրիկ թաղանթի  հավասարակշռված մոդել, նաև բացահայտել ֆոսֆոլիպիդների և խոլեստերոլի շրջապատող սպիտակուցից անջատման հետևանքները:

– Կպատմե՞ք՝ ինչպես եք իրականացնում հետազոտությունը:

– Օրինակ՝ սպիտակուցը վիրտուալ կերպով տեղադրվում է 10 Ա շառավղով գլանի մեջ և հետազոտվում ֆոսֆոլիպիդների և խոլեստերոլի վիրտուալ 20 Ա շառավղով գլանի մեջ: Այդ տվյալները համեմատվում են համապատասխան խտությամբ ամբողջ թաղանթի հետ: Քանի որ թաղանթը ասիմետրիկ է ֆոսֆոլիպիդների բովանդակության պատճառով, վերևի և ներքևի թաղանթի շերտերի տվյալները տարբերվում են: Հիմնական կառուցվածքային պարամետրերից մեկը բնորոշում է սպիտակուցը և թաղանթում սպիտակուցային մոլեկուլների առանձին մասերի փոխադարձ ուղղվածությունը:

– Իսկ ի՞նչ չեք կարողացել հայտնաբերել:

– Շատ անպատասխան հարցեր կան: Օրինակ՝  դեռ քննարկվում է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ բջիջների հարևան լիպիդներն ու խոլեստերոլը սպիտակուցի կառուցվածքային հատկությունների վրա և այլն:

 

Անկախ

Տևական պարապուրդ հայկական ֆուտբոլում

ֆուտբոլՀայաստանում ավարտվեց ֆուտբոլային տարին: Մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից սակավաթիվ թիմերի ստուգատեսը կիսվեց: Կայացած 14 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը»: Առաջնությունը եկող հաջորդ տարվա մարտի 1-ին:

«Արարատն» ունի 30, «Շիրակը»` 22, «Գանձասարը»` 20, «Բանանցը»` 19, «Միկան»` 19, «Փյունիկը»` 17, «Ուլիսը»` 13, «Ալաշկերտը»` 9 միավոր:

«Արարատը» զգալիորեն առաջ է անցել, քանի որ հետապնդող թիմերը վերջին տուրերում միավորներ են կորցրել, անհավասար մրցելույթներ են ունեցել:

Այս տարվա առաջնությունն էլ նախորդներից չի տարբերվում, այն անցնում է անհետաքրքիր, խաղերին հանդիսականներ գրեթե չեն լինում: Մինչդեռ ֆուտբոլն այն մարզաձևն է, որի երկրպագուները շատ են: Մերն ուրիշ է: Թե ով է կատարվածի մեղավորը, դժվար է միանշանակ ասել, բայց որ բանը բանից անցել է` ակնառու է, և բոլորն են դժգոհ:

Զարմանալին այն է, որ թեև  ցածր մակարդակի ֆուտբոլ ունենք, եվրոպական մակարդակի խաղեր սպասարկելու հնարավորություն ստացած մեր մրցավարները 2013-ին այնպիսի դատապարտելի քայլեր են ձեռնարկել, որ միայն զարմանալ կարելի է. փորձել էին գրավախաղերի արդյունքներ ապահովել: Ի վերջո, կարգազանցները պատժվեցին, սակայն կատարվածը մեր երկրում շատ սովորական ընդունվեց: Նախկինում էլ մեր «լավագույն» մրցավարները գողություն են կատարել արտասահմանում:

Մարդիկ անտարբերություն են դրսևորում  ներհայաստանյան ֆուտբոլի նկատմամբ: Նույն կերպ են վարվում նաև արտասահմանում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցները: Մեծ փողեր ֆուտբոլում ոչ ոք չի ցանկանում ներդնել, և բոլորը համակերպվել են դրա հետ: Տարօրինակ է, որովհետև ֆուտբոլը բիզնես է, այն էլ` խոշոր…

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  իր ձեռքբերումը համարում է այն, որ հիմնականում դրսի կադրերի, արտասահմանյան թիմերում թրծված և վարպետություն ստացած ֆուտբոլիստների ուժերով մեր երկրի  ընտրական մրցաշարից մրցաշար մի քանի հաղթական խաղ է անցկացնում (ձախողումներին գերադասում են չանդրադառնալ):

Ինչևէ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 209 երկրների ցուցակում 34-րդն է, որը ռեկորդային ցուցանիշ է:

Ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչներից երկու երկրների հավաքականներ ավելի բարձր դիրքի են հասել: 1996-ին Ռուսաստանի թիմը 3-րդն է եղել, Ուկրաինայի հավաքականն էլ 2007-ին գրավել է 11-րդ, հետո էլ` 34-րդ տեղը:

Վիճակագրությունը լավ բան է, բայց որ տարբեր տարիքի մեր երիտասարդական հավաքականները, ակումբային թիմերն անմրցունակ են միջազգային ստուգատեսներում, միայն տխրեցնում է:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա այն կվերակենդանանա միայն 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մասնակցության հարցը:

Այնպես որ, հայկական ֆուտբոլային կյանքում տևական պարապուրդ է լինելու:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Սիրիայի նկատմամբ նախկինի պես խիստ չեն

սիրիաԸստ  ՄԱԿ–ի վերջերս հրապարակած տվյալների` Սիրիայում իսկական հումանիտար աղետ է, որի հաղթահարման համար տասնամյակներ կպահանջվեն: Սիրիացի փախստականների թիվն այս պահին հասնում է 9.5 միլիոնի, իսկ հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 100.000-ը: Իսկ բրիտանական «Oxford Research Group» կազմակերպության հրապակած տվյալներով` սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 11.420 երեխա:

Ինչպես գիտենք, Սիրիայում այս պահին ընթացող դաժան մարտերին անմիջական ու միջնորդավորված մասնակցություն են  ունեցել ինչպես տարածաշրջանի մի շարք երկրներ, այնպես էլ համաշխարհային քաղաքականության «խաղացողները»:

Արևմուտքը փորձում է տապալել նախագահ Բաշար Ասադին` օգտագործելով իր տարածաշրջանային դաշնակիցներին` Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Քաթարին և այլն: Վերջիններս, զինելով և աջակցելով Ասադի դեմ պայքարող «Սիրիայի ազատ բանակին», իսլամիստական ու ահաբեկչական տարբեր խմբավորումներին, փորձում են թուլացնել Իրանի տարածաշրջանային դիրքերը Մերձավոր Արևելքում: Փաստորեն, բոլորն աջակցում և օգնում են Սիրիայում կռվող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին, օրինակ` «Ալ-Քաիդա»-ն է:

Բայց վերջին շրջանում  նկատվում է Արևմուտքի դիրքորոշումների կտրուկ փոփոխություն: ԱՄՆ-ի լրատվամիջոցներն այլևս խիստ ու կտրուկ  կարծիքներ չեն հայտնում սիրիական հակամարտության ու Սիրիայի կառավարական ուժերի մասին, քննարկվում են հարցեր, որոնք հակամարտության նախորդ 2.5 տարիներին չէին քննարկվում և այլն: ԱՄՆ ղեկավարությունն էլ կարծես սկսել է շատ խիստ չարտահայտվել Ասադի ռեժիմի մասին: Նույն «ձնհալն» է նկատվում նաև Եվրամիության կողմից:

Բազմիցս նշվել է, որ ԵՄ-ն էլ սիրիական հակամարտությունից իր  բաժին վնասներն է ստանալու, որովհետև, ըստ հրապարակված տվյալների, Սիրիայում իսլամիստական դրոշի ներքո նախագահ Բաշար Ասադի դեմ պատերազմում են ԵՄ-ի 11 երկրների ներկայացուցիչներ:  Եվ հիմնավոր մտավախություն կա, որ Սիրիայում պատերազմի ավարտից հետո նրանք վերադառնալու են ԵՄ, ինչը ահաբեկչությունների, իսլամիստական ծայրահեղականության աճի  լրացուցիչ հնարավորություն է ստեղծում:

Եվրոպական մի շարք լրատվամիջոցներում էլ արդեն նկատվում է, որ Սիրիայի նկատմամբ դիրքորոշումներում «սառույցը հալվել է»:

«Գարդիան» թերթը, օրինակ, վերջերս հրապարակեց մի հոդված, որը պատում էր, թե ինչպես է նախկինում Սիրիայի ապստամբների կողմից կռվող զինյալը հիասթափվել իր երկրում ծայրահեղ իսլամիստական կազմակերպություների գործողություններից: Այժմ նա հանդես է գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի զորքի կազմում ու կռվում է իր նախկին զինակիցների` ապստամբերի դեմ:

Պարբերականը հարց է բարձրացնում, որ հնարավոր է` Սիրիայի հարցում Արևմուտքը սխալվել է, քանի որ ամբողջ աշխարհից տարբեր ահաբեկչական, իսլամիստ ծայրահեղական խմբավորումներ են ժամանում Սիրիա, որոնց օգնում է ոչ ավելի, ոչ պակաս, Արևմուտքը` ԱՄՆ-ի և Եվրամիության առաջատար պետությունների գլխավորությամբ:

Բայց միայն «Գարդիան»-ում չէ, որ նման հարց է բարձրացվում: Այդպիսի տեսակետներ, որոնք, ի դեպ, նախկինում միշտ էլ հնչում էին Ասադի կողմնակիցների կողմից, արդեն սկսել են ավելի հաճախակի հնչել: Օրինակ` հետաքրքիր է, թե այն նույն ԱՄՆ-ն, որ «Ալ Քաիդային» հայտարարել էր որպես իր համար մեկ թշնամի, ինչու է սիրիական հակամարտության առաջին իսկ օրվանից այդ ահաբեկչական ցանցի անդամներին զենք-զինամթերք, միջոցներ մատակարարում` Ասադի դեմ հանդես գալու համար:

Այս մտահոգություններն արդեն Եվրոպայում էլ են ակնհայտ: Օրինակ`այս տարվա հոկտեմբերին տեղեկություն հրապարակվեց, թե մոտավորապես  200 իսլամիստներ Գերմանիայից մեկնել են Սիրիա` ապստամբների կողմից պատերազմին մասնակցելու համար: Այդ մասին էլ, հղում անելով Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության գաղտնի տվյալներին, տեղեկացնում էր Spiegel-ը: Եվ հնչում են մտահոգություններ, թե սիրիական հակամարտության ավարտից հետո ինչով պետք է զբաղվեն այդ մարդիկ ու կազմակերպությունները:

Սիրիայի պատերազմին մասնակցելու համար եվրոպական երկրներից այդ երկիր ժամանած իսլամիստների ընդհանուր թիվը մոտավորապես  1000 է: 2012 թ. վերջերի տվյալներով` նրանցից 120-ը ժամանել է Բելգիայից, 90-ը` Մեծ Բրիտանիայից, 50-ը` Դանիայից, 150-ը` Կոսովոյից: Նշվում է նաև Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը, մասնավորապես`       Հյուսիսային Կովկասից: Սա, իրոք, լուրջ վտանգներ է պարունակում առաջին հերթին հենց այս «խմորը հունցողների» համար:

Նմանօրինակ հետաքրքիր հոդված էր հրապարակել նաև «Ինդիփենդիդ»-ը: Պարբերականը նշում էր, թե ինչ պայմաններում են ապրում 1915 թ. Մեծ եղեռնից հետո մազապուրծ ու Սիրիայում ապաստանած հայերի ժառանգները, որոնք մեկ դարի ընթացքում երկրորդ անգամ են ենթարկվում ցեղասպանության:

«Ինդիփենդիդ»-ի հրապարկման մեջ նշվում է, մասնավորապես, թե ինչպես են թուրքերը կանխամտածված ուղղորդում սիրիացի ապստամբներին, մասնավորապես` «Ալ Քաիդայի» զինյալներին, վնասել ու ավերել Դեր-Զորի հայկական եկեղեցին, ուղղորդում են սպանել հայերին և այլն: Եվ դա, նշում է պարբերականը, անում է «Նոր Թուրքիան» ` համագործակցեով ծայրահեղական իսլամիստների հետ:

Այսինքն`այն լրատվամիջոցները, որոնք էական ազդեցություն ունեն Արևմուտքի քաղաքական ու հասարակական գործընթացների վրա, արդեն սկսել են այլ տեսանկյունից դիտարկել սիրիական հակամարտության խնդիրը:

Միգուցե վախեցան ռուսական արջի «փնթփնթոցից»

Բայց այս «ջերմացումը» մեկ այլ պատճառ էլ կարող է ունենալ: Ինչպես գիտենք, Սիրիան իր դեմ հանդես եկող աշխարհաքաղաքական խաղացողների  առջև միայնակ չէ: Նախ` Սիրիան հանդիսանում է Իրանի տարածաշրջանային դաշնակիցը և Լիբանանում գործող «Հզբոլահ» շիական կազմակերպության ու Թեհրանի միջև կապող օղակ է` օգտվելով նաև  Իրանի ռազմաքաղաքական աջակցությունից: Այս առումով Իրանը մեծ դեր ունեցավ` դրդելով «Հզբոլահին» ներգրավվել Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններում, որի արդյունքում հակամարտության մի որոշակի փուլում Ասադի կառավարական ուժերը առավելություն ստացան:

Բայց առավել կարևոր են տարածաշրջանից դուրս գտնվող Սիրիայի երկու «բարեկամները»`Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք հակամարտության հենց ամենաառաջին օրվանից ամեն կերպ փորձում էին խոչընդոտել Սիրիայի դեմ ավելի կոշտ քայլերի կիրառումը, և արդարության համար նշենք, որ մինչ օրս հաջողել են իրենց այդ կեցվածքով:

Այս հարցում հատկապես անուրանանալի է Ռուսաստանի դերը, որը նախաձեռնեց «Ժնև-1»-ը, իսկ այժմ էլ ակտիվորեն կառուցում է «Ժնև-2» բանակցային գործընթացները` Սիրիայի հարցում որոշակի տեղաշարժեր կատարելու ակնկալիքով: Անհրաժեշտ է հիշել նաև, որ հենց ռուսական զինուժի ներկայությամբ էր պայմանավորված, որ Սիրիայի արևմուտքում` ծովափնյա շրջաններում, հարաբերական անդորր է:

Արևմուտքի  նորահայտ զիջողականությունն էլ, ամենայն հավանականությամբ, հենց պայմանավորված է Ռուսաստանի ջանքերով, որը վերջին շրջանում բավականին ակտիվ, կարելի է ասել նաև`ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում: Իսկ Արևմուտքը լավ գիտի, թե ինչ է պատահում այն որսորդին, որը ձմռան կեսին փորձում է մտնել քնած արջի որջը:

Այնպես որ, ստեղծված իրավիճակը կարծես ձեռնտու է միայն Ռուսաստանին, որը Սիրիայում դուրս էր եկել, ինչպես բազմիցս նշում էին  որոշ հայ փորձագետներ, իր վերջին կենաց ու մահու կռվին: Եվ այդ կռվում Ռուսաստանը չի ցանկանում պարտվել: Ուստի դեռ երկար ու անկանխատեսելի իրադաձություններ են սպասվում Սիրիայի հակամարտության առնչությամբ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

Աղցան «Մեծ տոն»

աղցանԲաղադրությունը

Չորահաց (կարելի է պատրաստել տանը հնացած հացից)

ապխտած միս` 200 գ

մարինացված սունկ` 200 գ

3 հատ պինդ խաշած ձու

մայոնեզ

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Ապխտած միսը բարակ շերտերով կտրատել, սունկը նույնպես, ձուն` խորանարդներով, մայոնեզապատել, համեմել աղով ու պղպեղով, մատուցելուց առաջ խառնել չորահացի խորանարդիկները:

Անկախ

Հայկական պլանշետներ ու սմարթֆոններ էլ կլինեն

պլանշետ22Մոտ 7 տարի Technology and Science Dynamics Inc. ընկերության նախագահ Վահան Շաքարյանի ամերիկացի ընկեր, իսկ այժմ արդեն նաև գործընկեր Էրիկ Ռայընը նրան համոզում է փոքրիկ ներդրում կատարել իր վարած էլեկտրոնիկայի բիզնեսում:  Սկզբնական մի փոքրիկ ներդրում կատարելուց ու շատ կարճ ժամանակում բավականին լավ արդյունք ստանալուց հետո, Շաքարյանը սկսում է ավելի շատ ներգրավվել այդ աշխատանքում որպես ներդրող: Հետո միտք է ծագում: Քանի որ Հայաստանում կան բավականին լավ ծրագրավորող երիտասարդներ, ընկերություններ, մասնագետներ, նա իր ամերիկացի ընկերոջը   համոզում է, որ իրենց աշխատանքի մի մասը կարելի է անել Հայաստանում: Որոշ ժամանակ անց Էրիկ Ռայընը մի փոքր ծրագիր, որը ԱՄՆ-ում դժվարանում են անել, փորձնական ուղարկում է Հայաստան` տեսնելու կարո՞ղ են հայ մասնագետներն իրագործել այն, թե՞ ոչ:

«Նա  ասում էր` եթե մի 6 ամսվա ընթացքում կարողանան անել, մի չտեսնված բան կլինի: Մեր տղաներն այստեղ դա արեցին մոտ մեկուկես ամսվա ընթացքում, և նա մնաց հիացած: Ու դրանից հետո սկսեցինք աշխատել խելացի հայ տղաների հետ: Բայց ես նրան  հենց սկզբում ասացի, որ պայմանը պետք է լինի այն, որ մեր տղաները չպետք է վարձատրվեն, ինչպես չինացի մասնագետները, որովհետև սրանք բարձր որակի մասնագետներ են, և ընդհանրապես  մարդը պետք է խթան ունենա, պետք է լավ աշխատավարձ ստանա: Ու սկսեցինք աշխատել»,- պատմում է Վահան Շաքարյանը:

Դրանից հետո սկսվում է աշխարհում IPad-ի  իրարանցումը: ԵվՎահան Շաքարյանը նկատում է, որ դպրոցների, ուսումնական հաստատությունների համար դա բավական թանկ հաճույք է. ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ գնել պլանշետային համակարգիչ իր դպրոցահասակ երեխաների համար, բացի այդ, նմանատիպ պլանշետային  համակարգիչները հատուկ դպրոցական ուղղվածության ծրագրեր չունեին: Ու երկու ընկերները գաղափար են հղանում սկսել նոր ծրագիր` արտադրել այդպիսի համակարգիչներ դպրոցների և ուսումնական հաստատությունների համար, որոնք ունենան հատուկ ծրագրեր` կրթական հաստատությունների համար:

Նրանք կապ են հաստատում  չորս տարբեր համալսարանների դասախոսական կազմերի և դոկտորանտուրայում սովորողների հետ ու կազմում գիտահետազոտական խումբ` ուսումնասիրելու, թե ինչպիսի ծրագրեր կարելի է պատրաստել, ինչն է կարևոր ամերիկյան դպրոցների համար այսօր: Ավելի քան երկու տարի ուսումնասիրելու ընթացքում նրանք նաև փորձում են գտնել համապատասխան արտադրական միջոցներ` բաղադրիչները որտեղից կարելի է գնել, ով կարող է հավաքել, որտեղ պետք է հավաքվի` Չինաստանո՞ւմ, Հոնկոնգո՞ւմ, թե՞ Թայվանում և այլն, մասնակցում են տարբեր շոուների, գնում հարյուրավոր առաջարկներ և օրինակներ, ուսումնասիրում դրանք և այլն:

Այս ամենի արդյունքում ծնվեց ամերիկյան շուկայում հայտնի ապրանքանիշ` «Minno» պլանշետային համակարգիչը: «Minno»-ն վերջին երեք տարում բավականին մեծ  հռչակ ձեռք բերեց ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, և այսօր ընկերներն արդեն  նպատակահարմար են գտնում տեղափոխվել եվրոպական մայրցամաք: Եվ քանի որ իրենց արտադրած պլանշետների ծրագրային ու գործիքային համակարգերը, դիզայնը մշակվում էին Հայաստանում, որոշում են  արտադրությունը տեղափոխել Հայաստան և ունենալ « Minno»-յի զավակը` «Արմթաբը»:

Այսպիսով, որոշում են Հայաստանում արտադրել հայկական առաջին պլանշետային համակարգիչներն ու սմարթֆոնը:

Վահան Շաքարյանի համար ամենակարևորը մեր ժողովրդի վերաբերմունքն է «Արմթաբի» նկատմամբ, այն ոգևորությունը, որն անսպասելի էր իր համար, և որն  ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը:

Այսօր Technology and Science Dynamics Inc. ընկերությունը  փորձնական հավաքված տարբերակով ունի 7.8 դյույմանոց` wi-fi -ով, 7.85 դյույմանոց` 3G-ով և հեռախոսով, 9 դյույմանոց, 9.7 դյույմանոց և  նաև 10.1 դյույմանոց պլանշետներ: Ընկերությունը փորձնական հավաքել է նաև մեկ սմարթֆոն` հեռախոս: Այս տարբերակը փորձնական էր ոչ միայն «Արմթաբի», այլև «Միննո»-ի համար, քանի որ ընկերությունը երբեք հեռախոսների արտադրությամբ չի  զբաղվել. «Ուղղակի Երևանի տղաներն անընդհատ ասում էին` հեռախոս հավաքենք, բերել ենք, հավաքել ենք, հիմա ընկել ենք կրակը, բոլորն ուզում են: Մենք հեռախոսներով ընդհանրապես չենք զբաղվել, սա առաջին ու առայժմ միակ օրինակն է, »,- նշեց Վահան Շաքարյանը:

Հայկական պլանշետների գներն էլ բավականին գրավիչ են` երկու անգամ ավելի էժան նմանատիպ հռչակավոր բրենդներից, սակայն որակով չզիջելով նրանց:

«Այսպիսի գները,- բացատրում է «Արմթաբի» ղեկավարը,- պայմանավորված են ոչ թե բրենդի հայտնիությամբ կամ որակով, այլ ուղղակի IPad-ն ունի ինվեստորների մեծ խումբ: Նրանք պետք է շատ փող աշխատեն, իսկ «Արմթաբը» դրա կարիքը չունի` փորձում է բավարարվել եղածով և քիչ է ավելացնում եկամուտը: Իսկ բաղադրամասերը թե՛ հայկական պլանշետների, թե՛ միջազգային հայտնի բրենդների համար գնվում են միևնույն ընկերություններից:

Արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան 40 հազար պլանշետ արտադրել

Այն հարցին, թե արտադրության որ փուլերն են Հայաստանում լինելու, որոնք`

Հոնկոնգում ու ԱՄՆ-ում, պրն Շաքարյանը պատասխանեց. գործնականում ոչ մի փուլ Հոնկոնգում կամ ԱՄՆ-ում չի լինելու: Այսինքն` հավաքման պրոցեսն ամբողջովին կատարվելու է Հայաստանում: Հոնկոնգում լինելու է մայր պլատաների արտադրությունը, որոշ անտենաների արտադրությունը, Թայվանից իրաններն ենք առնում և այլն: Բացի մայր պլատայից, բացի դրայվերներից ու չիպերից, այլ բան դրսում չի հավաքվում: Այսօր ուղղակի Հայաստանն ի վիճակի չէ այդ ամենն այստեղ անելու: Մենք հույս ունենք, որ մի երկու տարի հետո հնարավոր կլինի դա էլ այստեղ անել: Մենք համագործակցում ենք հայկական համապատասխան տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի սկսենք աշխատանքները մայր պլատաների ձևավորման, դիզայնի և այլնի համար, բայց դեռևս դրանց արտադրությունը Հայաստանում չունենք»:

Նա նշեց նաև, որ Հայաստանում այսօր կարող են տարեկան արտադրել 40 հազար և ավելի պլանշետներ: «Բայց եթե վաղը մենք պատվեր ունենանք 100 հազարի, ուրեմն կարող ենք 2000 մարդու էլ ընդունել աշխատանքի, սովորեցնել հավաքման պրոցեսը և ավելին արտադրել»:

Ընկերությունն առայժմ   տարածք չունի, սպասում է կառավարության որոշմանը, քանի որ նախնական պայմանավորվածություն ունի «Մարս» գործարանի հետ, որտեղ համապատասխան արտադրատարածք կա:

Բացվելիք աշխատատեղերի մասին Վահան Շաքարյանը նշեց, թե բավականին մեծ թվով աշխատատեղեր կբացվեն: Նույնիսկ, ինչպես ասաց նա, այնքան աշխատատեղ կարող է ստեղծվել, որ կոնկրետ թվեր ասել ինքը վախենում է:

Ամբողջությամբ Հայաստանում հավաքված ու վրան «Արմթաբի» տարբերանշանով «Ա» տառով պլանշետներն էլ շուտով կհայտնվեն վաճառքում: Չնայած արդեն վաճառքում է «Մինո» պլանշետը, որն «Արմթաբի», այսպես ասած, «ծնողն» է: «Արմթաբում» հույս ունեն, որ մի օր հնարավոր կլինի նաև հայկական օպերացիոն համակարգերն էլ տեղադրել պլանշետների վրա:

 

Գևորգ Ավչյան

Անկախ

 

Օդային հաղորդակցության ոլորտի ազատականացման նոր փուլը

կառավարությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու գործառույթներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ներգրավելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Արդեն իսկ կնքված կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերը վերանայվելու են սահմանափակումների վերացման իմաստով, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:
Իրականացվում է երկարատև սեյսմիկ մոնիթորինգ
ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ տարածքի երկրակեղևի տեղաշարժի մոնիթորինգ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ից ներմուծված երկրաֆիզիկական ցնցումների ընդունիչ սարքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. նոյեմբերի 28-ը: 2008 թվականին ներմուծված սարքը նախատեսված է երկրադինամիկական գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Հաշվի առնելով, որ երկրաֆիզիկական երևույթները դանդաղ են ընթանում, անհրաժեշտ է իրականացնել տևական դիտարկումներ, որոնց ընթացքում հավաքված տվյալներն օգտագործվում են սեյսմիկ վտանգի գնահատման համար:
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերել 80 կայանք: Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին: Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների կողմից տեղադրված հակակարկտային կայանքները համապատասխանացվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքային սկզբունքների համաձայն: Լրացում և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երեքում, կառավարությունը պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության արտոնագրման գործառույթը վերապահել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավաստագրման և արտոնագրման գործակալությանը: Հարակից արտոնագրման ընթացակարգերը և համապատասխան վերահսկողությունը նույնպես կիրականացվեն ՀՀ ԱԻՆ-ի կողմից, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը և քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով ծառայություն մատուցելու` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության իրագործմանը:
ՀՀ 2013թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թույլ կտան ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական կանոնակարգման ծրագրերը:
Կզարգանա պետական պարտատոմսերի առաջնային շուկան
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարված լրացումների նպատակն է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան, ինչը բխում է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագրից: Մասնավորապես հետաձգվել է գործարքի իրականացման օրը, ինչը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաև կնպաստի պարտատոմսերի պահանջարկի աճին: (T+n) սկզբունքով գործարքները «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կիրականացվեն 2014թ. ընթացքում:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանվում է, որ պետական մարմինները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ տեղեկություն` ըստ շահառուների, կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենը: Որոշումը միտված է ՀՀ պետբյուջեից իրավաբանական անձանց հատկացված սուբսիդիաների արդյունավետ օգտագործմանը:
Գործադիրը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ գումարի վերադարձման կարգը, ինչը նախատեսված է օրենքով:
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի Երևանի Օրբելու 23 հասցեում գտնվող համալիրի վերակառուցման նպատակով կառավարությունն հատկացրել է շուրջ 230 մլն դրամ:
Կառավարությունն ընդունել է մի շարք աշխատանքների պետական գնումներն անհետաձգելի համարելու որոշում, որը թելադրված է հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշուներից մեկում` ավելացնելով առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով հավաքված գումարից «Երևան» հիմնադրամին վճարման ենթակա գումարը` Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին ֆինանսական լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով: Մինչև օրս ամբողջությամբ վճարվել է նախորդ որոշմամբ նախատեսված գումարը:
Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013թ. տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 մլն դրամ:
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի N 7 տարածքը և համապատասխան հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ» ՍՊԸ-ին:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցումը, որի համար հատկացվել է 10 մլն դրամ, պետք է իրականացվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի միջոցով` կենտրոնացված ձևով:
Կառավարությունը որոշել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Էկո Ան Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի (Սիանս Պո)» հետ համատեղ հիմնադրել «Սիանս-Պո Արմենիա» հիմնադրամ:
Գործադիրը որոշել է Երևանում անցկացվելիք «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» համաժողովը կազմակերպելու համար հատկացնել 4.5 մլն դրամ: Համաժողովը կազմակերպվում է Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կենտրոնի հետ համատեղ և նվիրված է անցումային ժամանակաշրջանի ռիսկի ապահովման համակարգի քննարկմանը:
Առողջապահության ոլորտում ներդրվում է տեսչական նոր համակարգ
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտ 67.5 մլն դրամ հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշված գումարը կտրամադրվի գործող երեք տեսչությունների միավորմամբ ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` մինչև տարեվերջ իր գործառույթներն անխափան իրականացնելու, ինչպես նաև վերակազմավորման և կառուցվածքային փոփոխության արդյունքում աշխատանքից դուրս մնացած անձանց վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարը վճարելու նպատակով: Տեսչությունների օպտիմալացման ծրագրով կմեծանա պետության կողմից ծախսվող միջոցների արդյունավետությունը:
Նիստում լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը թելադրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի ընդունմամբ, որի նպատական է տեսչական բարեփոխման իրականացմամբ նոր ռիսկի վրա հիմնված ստուգման ներդրումը: Հաստատվել են այդպիսի ստուգման ստուգաթերթերը:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) կենտրոնական ապարատում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող (բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների) առողջապահական փաթեթով, բանկերի կողմից հաշվետվության ներկայացման ժամանակահատվածը բաշխել ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով և այլն:
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը որոշել է փակել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հակատուբերկուլոզային բաժանմունքները, որոնք հիվանդներով թերծանրաբեռնված են, եղած հիվանդներն էլ ուղեգրվում են Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր: Որոշումը պայմանավորված է ՀՀ մարզերի առողջապահական համակարգերում ընթացող օպտիմալացման ծրագրով և մարզերում մատուցվող բժշկական ծառայությունների որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացմամբ: Նույնանման հիմնավորմամբ կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն», «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն», «Նորք» հոգեբուժական կենտրոն», «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները:
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 62.5 մլն դրամ:

 

Կբարելավվի ներդրումային և գործարար միջավայրը
Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակը` ձևավորելով ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը. նա առաջարկում է արգելել գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ավելացումը, քանի որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել հատկապես երեխաների առողջության վրա: Դրական գնահատելով նախաձեռնությունը, կառավարությունը նշել է, որ հստակեցման կարիք ունի «ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացում» հասկացությունը:
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է պատվավոր կոչումների համար սահմանել ամենամսյա պատվովճար: Գործադիրը բացասական եզրակացություն է տվել օրենքի փոփոխությանը, քանի որ այն կառաջացնի բյուջետային լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը սահմանել է ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը, համազգեստ կրելու ժամկետները:
Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Տեղերի գյուղական համայնքում գտնվող վանական համալիրը, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, «Ժողովրդական տուն» կառույցը անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն` սկզբնական նշանակությամբ օգտագործելու համար:
Նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը (մշտական բնակությունը` ԱՄՆ):

Անկախ

Աղքատության ճիրաններում

աղքատությունԱզգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) վերջերս հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որում ներկայացված է 2008-2012 թթ. Հայաստանի աղքատության պատկերը:

Ըստ այդմ` 2012 թ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը կազմել է 32.4 տոկոս. այսինքն` Հայաստանի ազգաբնակչության ամեն երրորդ մարդը եղել է աղքատ: Նրանցից 13.5 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: 2012-ին աղքատների թիվը կազմել է մոտ 980 հազար, շատ աղքատների թիվը` 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` մոտ 85 հազար մարդ:

Ընդ որում` 2008 թ. հետ համեմատած` աղքատության մակարդակն աստիճանաբար աճել է: Այսինքն` 2008 թ. աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվել 17 հազար 644 դրամը, ստորին ընդհանուր գիծ` 24 հազար  388 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 29 հազար 903 դրամը:

Այդ զեկույցի թվերը համեմատելիս պարզ է դառնում, որ սկսած 2008-ից` Հայաստանում աղքատության մակարդակը բարձրացել է մինչև 2011 թ. (ըստ ԱՎԾ թվերի): Աղքատության մակարդակը 2008 թ. եղել է 27,6 տոկոս, այնինչ արդեն 2009 թ. կազմել է 34,1 տոկոս ու շարունակել է աճել` 2010 թ. հասնելով 35,8 տոկոսի: 2011-ին աղքատության մակարդակը նվազել է` կազմելով 35 տոկոս:

Աղքատության մակարդակի աճը ԱՎԾ-ում պայմանավորում են տնտեսության խորը` 14,1 տոկոսանոց անկմամբ:

2008 թ. նկատմամբ 2012 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը բարձրացել է ` 1.8 անգամ: Շատ աղքատների  թիվն այդ ընթացքում ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատության թիվը` 17.4 տոկոսով:

2008-ից հետո` մինչև 2011 թ., աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում աճել է  շուրջ 250 000 հոգով`  2011 թ. կազմելով մոտ 1.1 միլիոն մարդ: Իսկ 2012 թ., ինչպես նշում է ՀՀ ԱՎԾ-ն, աղքատների թվաքանակը նվազել է շուրջ 30 000-ով` կազմելով մոտ 980 000 մարդ: ԱՎԾ-ն այս երևույթը փորձում է պարզաբանել տնտեսական աճով:

2012 թ. աղքատության խորությունը գնահատվել է 5.6 տոկոս`  2008 թ. 5.1 տոկոսի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6 տոկոս`  2008-ի 1.4 տոկոսի համեմատ:

Ըստ ԱՎԾ զեկույցի` Հայաստանում աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվում 21 հազար 732 դրամը, աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամը: Այսինքն` աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ` նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

Ահա առաջ են գալիս մի շարք ուշագրավ հանգամանքներ: Նույն ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներով` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2012 թ., միջին ընթացիկ քաղաքային գներով, մեկ շնչի համար ամսական կտրվածքով, կազմել է 45 հազար 212,5 դրամ, որից միայն նվազագույն պարենային զամբյուղը` ամսական կտրվածքով, կազմել է 25 հազար 548 դրամ: Այսինքն` այն նվազագույն գումարը, որ պետք է մարդը ծախսի մեկ ամսում սնվելու համար` եղել է 25 հազար 548 դրամ, իսկ ընդհանուր նվազագույն ծախսերը` 45 հազար 212 դրամ: Եթե համեմատում ենք  նվազագույն սպառողական զամբյուղը` աղքատության վերին շեմի հետ, ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր. այսինքն` ըստ պաշտոնական մոտեցման, այն մարդը, որը ամսվա կտրվածքով ծախսում է, օրինակ, 37 հազար 50 դրամ կամ ունի այդքան եկամուտ, այլևս աղքատ չի համարվում: Ու հարց է ծագում` եթե նվազագույն ծախսերը 45 հազար են, ապա ամսական 37 հազար 44 դրամից մինչև 45 հազար դրամ ծախսող քաղաքացին աղքա՞տ է, թե՞ ոչ: ԱՎԾ-ն ասում է` ո՛չ: Բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդն ի վիճակի չէ կատարելու իր համար նվազագույն հաշվարկված ծախսերը, ուրեմն աղքատ է: Համենայն դեպս, նորմալ երկրներում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկում են նաև հասկանալու համար, թե քանի մարդ ի վիճակի չէ այդ զամբյուղին համապատասխ ծախսեր կատարել, ու այդ մարդիկ համարվում են աղքատ:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Ըստ նույն ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակման` Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են 2 մլն 260 հազար 800 մարդ: Այիսնքն` այդքան մարդ աշխատունակ տարիքում է` դեռահասությունից մինչև կենսաթոշակային տարիք: Չնայած այդ ցուցանիշը 2010 թ. համեմատ էլի անկում է ապրել շուրջ 130 հազար հոգով, բայց նույնիսկ այդ պայմաններում այդ 2 մլն 260 հազար մարդուց միայն 1 մլն 418 հազար 300 հոգին են տնտեսապես ակտիվ, որից 1 մլն 172 հազարը  տնտեսությունում զբաղվածներն են, իսկ 2456 հազար 500 հոգին` գործազուրկները: Աշխատանքային ռեսուրսների մնացյալ հատվածի վերաբերյալ, բացի զբաղվածներից ու գործազուրկներից, մնացած 842 հազար մարդու մասին  տվյալներ չկան:

Այստեղ էլ բավականին ուշագրավ իրողություն Է արձանագրվում.  պաշտոնապես գործազուրկների թիվը մոտ 3-4 անգամ ավելի փոքր է, քան աղքատների թիվը: Այս դեպքում ստացվում է, որ մարդիկ աշխատում են, բնականաբար` դրա դիմաց ստանում որոշակի աշխատավարձ, եկամուտ և այլն, բայց միևնույն է, չեն կարողանում հաղթահարել աղքատությունը:  Սա դեռ միայն պաշտոնական թվերով: Իսկ իրականում ոչ ոք հստակ չգիտի, թե Հայաստանում այդ թվերի իրական մեծությունը որն է:

Բայց խնդիրը նույնիսկ սա էլ չէ, այլ այն, որ իրեն սոցիալական երկիր հռչակած ցանկացած պետություն, ինչպիսին  նաև Հայաստանն է, նման պատկերից, մեղմ ասած, պետք է ամաչի: Ու եթե մի որևէ նորմալ երկրում, նույնիսկ պաշտոնական թվերով, մարդիկ աշխատում են, սակայն չեն կարողանում հաղթահարել աղքատությունը, հիանալի առիթ, որ այդ երկրում որևէ մեկը գոնե կառավարության հրաժարականը պահանջի, այն դեպքում, երբ կառավարությունն ինքնուրույն հրաժարական չի տալիս:

Իսկ մեր կառավարությունը հրաժարական չի տալիս: Նույնիսկ ավելին` հաջորդ տարվա բյուջեի նախագիծ է ներկայացնում, որում մեծացնում է բյուջետային մուտքերի չափը, սակայն ոչ ստվերի կրճատման հաշվին: Դրա համար, ինչպես գիտենք, նշում են, թե մուտքերի ավելացումը նախատեսվում է ապահովել տնտեսական աճի միջոցով: Սակայն ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք լինել, եթե ընդամենը 3 միլիոնանոց (սա էլ խիստ վերապահումով,էլի պաշտոնական թվերով) շուկայի մեկ երրորդը աղքատ է:

 

 Գևորգ Ավչյան

Անկախ

 

Ո՞վքեր են համարվում շրջանառության հարկ վճարողներ

հարկ«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 19-ին) 4 հոդվածում թվարկվում է այն սուբյեկտների ցանկը, ովքեր հիշյալ օրենքի իմաստով համարվում են շրջանառության հարկ վճարողներ:

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում ստորև սահմանված պայմանները բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները:

Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը: Սույն դրույթի կիրառման առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), իսկ առևտրային կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, առանձնացում, բաժանում, վերակազմավորում) դեպքում գործող կազմակերպության (կազմակերպությունների) իրացման շրջանառության հաշվարկման համար հիմք են ընդունվում վերակազմակերպմանը մասնակցող բոլոր կազմակերպությունների նախորդ օրացուցային տարվա իրացման շրջանառությունները:

Օրենքի նույն հոդվածում նշված է նաև այն սուբյեկտների ցանկը, ովքեր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ: Դրանք են`

1) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով,

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները,

3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները,

4) առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե`

ա. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին,

բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

գ. առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

5) երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձինք, եթե նրանց ընդհանուր իրացման շրջանառությունը գերազանցում է 58,35 մլն դրամը,

6) համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձինք:

Հարկ վճարողները համարվում են շրջանառության հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով:«Շրջանառության հարկի մասին» ՀՀօրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Նախուտեստ «Համով գնդիկներ»

գնդիկներԲաղադրությունը

Հավի կամ տավարի միս

մայոնեզ

մանրացրած ընկույզ

կանաչի (սամիթ, համեմ)

կարագ

սխտոր

պանիր

սև բիբար

աղ

Հեշտ է պատրաստվում, համեղ է: Հստակ չափաբաժիններ չկան:

Խաշած միսը մսաղացով անցկացնել, սխտորի ու կարագի հետ խառնել, համեմել աղ ու պղպեղով, ավելացնել թթվասեր կամ մայոնեզ, ապա լավ խառնել ու այդ զանգվածից գնդեր ձևավորել:

Պանիրը քերել մանր անցքերով քերիչով, խառնել մանրացրած ընկույզի ու  կտրատած կանաչու հետ: Մսի գնդիկները գլորել պանրախառնուրդի մեջ ու դասավորել գեղեցիկ ափսեի մեջ:

 

«Արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին». ազատամարտիկ

Ապարանցի-Վլե«Հպարտ եմ, որ ապրել եմ պատմական այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ թե հողեր ենք կորցրել, այլ հետ ենք բերել,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակիցներից  56-ամյա Վոլոդյա Մաթևոսյանը:-  Եթե XX դարի  վերջին 10-12 շրջան վերցրինք, մի այդքան էլ XXI դարում կվերցնենք: Ասել եմ` ապրելու եմ մինչև Նախիջևանը, Շահումյանը և  Գետաշենը  հետ վերցնենք»:

Մաթևոսյանին իր զինակիցները և հանրությունը գիտեն որպես Ապարանցի Վլե:

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վոլոդյա Մաթևոսյանը ևս միացավ շարժմանը` իր մեքենաները տրամադրելով ազգանպաստ գործին: Նրան շարժմանը միանալուց հետ չպահեց անգամ ԿԳԲ կանչվելը:

Վոլոդյայի մորաքրոջ տղան` հայր Վահանը, այդ ժամանակ հոգևորական էր Բաքվում: Երբ այնտեղ խժդժություններ են սկսվում, նա հայերին ապաստան է տալիս եկեղեցում: Երբ եկեղեցին գրավում են, հայր Վահանն էլ հայտնվում է ադրբեջանցիների ձեռքում: Սակայն մեր կաթողիկոսի և ադրբեջանցիների մոլլայի միջամտությամբ նա ազատ է արձակվում ու Հայաստան վերադառնում: Կաթողիկոսը ցանկանում էր նրան նշանակել Հնդկաստանում հայոց թեմի առաջնորդ: Սակայն հայր Վահանը հրաժարվում է` ցանկություն հայտնելով սահմանամերձ բնակավայրում հաստատվել, որտեղ կծառայեր նաև հայրենիքին:  Հայր Վահանը նշանակվում է Մակարավանքի վանահայր և միաժամանակ դառնում է տեղի պաշտպանական ջոկատի հրամանատարը: 1989-ի դեկտեմբերի մարտից հետո նա անհետ կորչում է, ենթադրաբար`  գերի է ընկնում ադրբեջանցիների մոտ:

Վոլոդյան, որ խորհրդային բանակում ընդամենը 4 ամիս էր  ծառայել, ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը, որն էլ տեղից տեղ  էր շրջում` մասնակցելով բնակավայրերի պաշտպանությանը: Մաթևոսյանն էլ փորձում էր ինչ-որ կերպ  տեղեկություն ստանալ իր եղբոր մասին:

«Իմ միակ ցանկությունը հայրենիքս պաշտպանելն էր և  եղբորս գտնելը»,- հիշում  է նա:

1991-ին իր ջոկատի հետ  Արցախ է տեղափոխվում` այնտեղ մարտեր մղելով ադրբեջանցիների դեմ: Երբ ծնվում է նրա դուստրը, անգամ չի կարողանում փոքրիկին տեսակցության գալ. լուրեր էին ստացվել, որ հայերի դեմ Թուրքիայից կռվելու են եկել «Գորշ գայլերի» անդամներ, Աֆղանստանից` մոջահեդներ, Չեչնիայից` Շամիլ Բասաևն իր խմբով: Նման պայմաններում Ապարանցի Վլեն չէր կարող իր ջոկատը թողնել ու Երևան վերադառնալ, նրա հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ևս դեմ էր դրան:

1992-ի դեկտեմբերին, երբ հերթական անգամ վիրավորվում է, կարճ ժամանակով Երևան է գալիս` թե՛ արդեն կես տարեկան փոքրիկին տեսնելու, թե՛ բուժվելու համար: Մի քանի օր անց, սակայն, լուր է ստանում, որ իր մարտական ընկերներից Բասմաչը (Նեֆեսով Կուրբան Միրատ Բազարբաևիչ) զոհվել է:

Մաթևոսյանը պատմում է, որ իր ջոկատը բազմազգ էր. իր հետ թշնամու դեմ,  հայերից բացի, պայքարում էին  եզդիներ, ռուսներ, ասորի, հույն, թուրքմեն: Հենց թուրքմեն ազատամարտիկը Բասմաչն էր: Նա Հայաստանում էր անցել զինծառայությունը: Եվ Արցախի համար պայքարում էլ հայերին էր միացել` ադրբեջանցիներից լուծելու նաև իր անձնական վրեժը:

բասմաչ«Շատ ուժեղ տանկիստ էր, նավոդչիկ, իսկական հերոս»,- ասում է Մաթևոսյանը:

Հիշում է, որ սկզբում կասկածանքով էր վերաբերվում Բասմաչին` նրան հետախուզության էր ուղարկում, հետևից էլ մեկ ուրիշին` թուրքմեն զինակցին հետևելու: Ասում է, որ Աղդաբանի (տարածք Քարվաճառում, այժմ այստեղ բնակավայր չկա) ազատագրման օպերացիայից առաջ Բասմաչը հայտնում է, որ ադրբեջանցիները տանկային գումարտակ ունեն: Նրա հայտնած կոորդինատներով խմբի անդամներից Գրադի Ժորան ադրբեջանցիների 6 տանկ է ոչնչացնում:

Սկզբում Մաթևոսյանը ցանկանում էր իր զինակցի` Բասմաչի դիակը Աշգաբադ տեղափոխել, բայց  նրան զգուշացնում են, որ իրավիճակը լարված է և այնտեղ մեկնելը վտանգավոր է: Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

«Ինքն այստեղ մի  հայ աղջկա էր սիրահարվել, ուզում էր ամուսնանալ, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ,- ասում է Մաթևոսյանը:- Միակ մահմեդականն է, որ թաղված է Եռաբլուրում: Ամեն տարի դեկտեմբերի 13-ին մնացած ընկերներով  միշտ այցելում ենք Եռաբլուր.  նա այստեղ այլ հարազատներ չունի»:

Այս տարի ևս դեկտեմբերի 13-ին ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջ հիշատակը կհարգեն Եռաբլուրում:

Խոսելով պատերազմի մասին` Մաթևոսյանն ասում է, որ  հրամանատարից շատ բան է կախված: Երբ հրամանատարը բանիմաց ու հնարամիտ է, կարող են անգամ 12 հոգով առանց կորստի գյուղ գրավել, ինչպես տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի 3-րդ սովխոզ գյուղի (տարածք Մարտակերտում,  այժմ չեզոք գոտում է գտնվում և բնակեցված չէ) դեպքում. մարտական գործողությունը ղեկավարում էր Հայկազ Բաղմանյանը:

Մաթևոսյանը հիշում է, որ հենց այդ գյուղում մի երիտասարդ ադրբեջանցու են գերեվարում: «Հարցրի, թե կռվող չես, ինչո՞ւ ես եկել»,- հիշում է Մաթևոսյանը: Ի պատասխան ադրբեջանցի երիտասարդն ասել է, որ համալսարանն ավարտել է, բայց դիպլոմը չեն տվել` պարտադրելով, որ ռազմաճակատ մեկնի:

մարտակերտՄաթևոսյանի կարծիքով` մարդուն ստիպողաբար հայրենասեր չես դարձնի: Հայ մարտիկների ոգին բարձր էր, և նրանք անհավասար մարտերում անգամ կարողանում  էին հաղթել, քանի որ կամավոր էին մեկնել հայրենիքը պաշտպանելու:

«Իմ 7 տարվա կռիվների ընթացքում ո՛չ կին եմ սպանել, ո՛չ երեխա , ո՛չ էլ անզեն տարիքով մարդ, իմ թշնամիները զենքով են դեմս դուրս եկել»,- ասում է Մաթևոսյանը` հավելելով, որ անգամ վիրավոր գերեվարված ադրբեջանցիներին են բուժել, կերակրել, մարդավայել  վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Ապարանցի վլեԵրբ զինադադարով  պատերազմն ավարտվում է, Վոլոդյա Մաթևոսյանի ծառայությունը չի ավարտվում. նա շարունակում է զինվորական ծառայությունը. այս անգամ Օմարի լեռնանցքն էր պաշտպանում հակառակորդից: Սակայն 1996-ին հերթական անգամ պայթում է ականի վրա` վիրավորվելով: Դրանից հետո այլևս ստիպված թողնում է զինվորական ծառայությունը` շարունակելով արդեն պայքարը քաղաքացիական հարթությունում: 1996-ի սեպտեմբերին, որպես քաղբանտարկյալ, ձերբակալվում է:

Ներկայումս  ազատամարտիկ Ապարանցի Վլեն դարձյալ դատական քաշքշուկների մեջ է, բայց այս անգամ` բնակարանային հարցով: Բնակարանը, որ ստացել է որպես ազատամարտիկ ու որտեղ ապրում է շուրջ 10 տարի, ցանկանում են նրանից խլել. հայտնվել է ինչ-որ մարդ, որը բնակարանը, չգիտես թե ինչպես, գնել է  երկու տարի առաջ:

Խոսելով ներկայի մասին` Մաթևոսյանը  մարդկանց, ովքեր Արցախի հարցով են զբաղվում կամ հետագայում կզբաղվեն, հիշեցնում է` արյունով ազատագրած  հողը  չենք թողնի տան ուրիշին: Իսկ երիտասարդներին կոչ է անում սիրել հայրենիքը և երբեք չլքել Հայաստանը. «Իմ թոռներին էլ սովորեցնում եմ, որ Հայաստանից էն կողմ պետություն չունենք:  Մի՛ խաբվեք, մի՛ հրապուրվեք արտասահմանով»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապող օղակ

Եթե հայաստանյան գիտնականն իր հետազոտությունների  արդյունքում որևէ բացահայտում անի, որը կարող է կիրառական նշանակություն ունենալ տնտեսության մեջ, ապա բարդ խնդրի առջև կկանգնի. կա՛մ  պետք է բավարար գործարար հմտություններ ունենա, որպեսզի  ապահովի իր գաղափարի առևտրայնացումը և մուտքը տնտեսություն,  կա՛մ էլ պետք է սպասի, որ նույն հայտնագործությունը իրենից հետո օտարերկրյա որևէ այլ գիտնական անի և վայելի դափնիները: Հայաստանում չկա այն օղակը, որն ապահովում է գիտություն-տնտեսություն կապը:

«Գիտնականը չի կարող ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել»

վարդան գևորգյան«Տնտեսական զարգացման ցուցանիշներն այլևս նավթն ու բենզինը չեն: Երկրները գերտնտեսական աճ են ունենում միայն նորարարական տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված ընկերությունների շնորհիվ:  Բայց դա Հայաստանի համար չի ասված, քանի որ մեզ մոտ  այս պահին այդ բեռը թողնված է գիտական հաստատությունների և գիտնականների վրա,- ասում է PSI ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը:- Գիտնականը չի կարող   ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել, գիտնականը պետք է գիտությամբ զբաղվի,  իսկ  գիտանորարարական համակարգը  պիտի ապահովի  գիտության արդյունքի կիրառական դառնալը և շուկա մուտք գործելը»:

PSI (precision sensors and instruments) ընկերությունը հիմնադրվել է 2008-ին:  Մի խումբ հայ գիտնականներ, որոնք  ունեին կիրառական նշանակություն ունեցող գաղափար, որոշել են ինքնուրույն իրենց  մտքի արտադրանքը շուկա հանել: 2008-2009 թթ. ընկերությունը մասնակցել է «Global security challenge»  համաշխարհային մրցույթին, որ կազմակերպում է Լոնդոնի բիզնես դպրոցը, դրան մոտ 1200 ընկերություններ են մասնակցում ողջ աշխարհից: PSI-ը երկու տարի հայտնվել է լավագույն վեցնյակի  մեջ, որից հետո սկսել է համագործակցել սինգապուրյան մի ընկերության հետ: Ընկերության ստեղծած տեխնոլոգիայի վրա  սենսորներ են ստեղծվում, որոնցով այժմ հետաքրքրվում են նաև ամերիկյան ընկերությունները: Սենսորները կարող են կիրառվել բժշկության, սեյսմիկ պաշտպանության, ռազմական անվտանգության ոլորտում:

Սենսորները 200 մետրից զգում են մարդու քայլքը և ահազանգում, մինչդեռ միջազգային  շուկայում առկա նմանատիպ սենսորները առավելագույնը 30 մետրից են շարժը զգում:

Գևորգյանն ասում է, որ այսօր մոդայիկ թեմա է խոսել գիտելիքահենք տնտեսության մասին,  բայց փաստն այն է, որ Հայաստանում այսօր գիտությունն ամենացածր ֆինանսավորվող ոլորտներից է. «Խելոք մարդիկ Հայաստանից գնում են և գնացել են զուտ ֆինանսական պատճառով: Եթե ոլորտը գերակա ես հայտարարում, բայց այն ամենաթերֆինանսավորվող ոլորտն  է, ո՞նց կարող ես գիտելիքահենք տնտեսություն կառուցել: Մանավանդ որ, միայն գիտությունը ֆինանսավորելով, հարցը չի լուծվում, պետք է նաև ստեղծել ազգային նորարարական համակարգ»:

Գևորգյանի կարծիքով` միայն ֆինանսավորման ավելացմամբ ո՛չ  գիտելիքահենք տնտեսություն կստեղծվի,  ո՛չ էլ գիտություն-տնտեսություն կապ: Հարկավոր է համակարգված մոտեցում. գիտանորարարական համակարգի ստեղծում, գիտության մենեջերների պատրաստում, գիտական հետազոտությունների ուղղորդում` տնտեսության պահանջները գիտության ոլորտ բերելով,  մտավոր սեփականության հարցի կարգավորում ևն:

Իսկ առայժմ ոչ միայն դա չկա, այլև գործող օրենսդրական դաշտը խանգարում է անհատներին ինքնուրույն այդ ամենն  անել. «Օրինակ, եթե մենք հիմա կարիք ունենք  որևէ սարք  ինչ-որ  ցուցահանդես տանելու` հասարակ մի սենսոր, մի ամիս ձևական թղթաբանությամբ ենք զբաղվում, երեք կառույցից թույլտվություն ենք ստանում, որ այդ սարքը կարելի է  արտահանել, հսկայական գումար ենք ծախսում, որպեսզի սարքն  ընդամենը մի շաբաթով ցուցահանդես տանենք  հետո նորից հետ բերենք: Աբսուրդ է, այս ողջ ոլորտը պետք է կարգավորվի»:

PSI-ն առայժմ այլ գաղափարների առևտրայնացմանբ չի զբաղվում, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, իսկ գործը` աշխատատար ու դժվար: Սակայն առաջիկայում մտադիր են համագործակցել հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների հետ նրանց մոտ առկա գիտական նորարարությունները շուկա մտցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում»

գիտություն-տնտեսությունԱնդրադառնալով պետական մակարդակով անհրաժեշտ քայլերին այս ոլորտում, Գևորգյանն ասում է. «Այս պահին առաջին անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում, գոնե դրանից պետք է սկսել, որովհետև հետո գուցե փորձես գիտելիքահենք տնտեսություն ստեղծել, բայց պարզվի, որ գիտելիք այլևս չկա»:

Նրա խոսքով` Հայաստանում գոնե մեկ technology transfer (տեխնոլոգիաների փոխակերպման)  գրասենյակ է հարկավոր, որը զբաղվի ողջ երկրի գիտական նորարարությունների առևտրայնացմամբ:

Այս հարցում համակարծիք է նաև «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ի  գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խաչունցը:

Նա ասում է, ոչ Խորհրդային Միությունում առաջնահերթ և ավելի ճանաչման արժանացող աշխատանքները հիմնարար գիտությանն էին վերաբերում:

Խորհրդային տարիներից  շարունակվող իներցիայով, գիտնականների միջավայրում հիմնարար  հետազոտությունների արդյունքներն ավելի բարձր են դասվում: Միաժամանակ մոտեցում կա, որ ավելի ճիշտ է տպագրվել  բարձր հղման ինդեքս ունեցող արտասահմանյան մամուլում, որը կապահովի հետագայում միջազգային դրամաշնորհներում ներառվելը`  անկախ շուկայականացման պոտենցիալից: Այսինքն, ըստ Խաչունցի,  շուկայի մեծ պոտենցիալը լրջորեն չի գնահատվում և չի դիտարկվում:

«Կարևոր խնդիր  է, որ անկախության  հռչակումից  հետո արդեն 20 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց բուհերում որևէ վերակառուցում չեղավ, որպեսզի ուսանողության, երիտասարդների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար գիտության առևտրայնացման ուղիների մասին ուսուցում կազմակերպվի և նման բաժիններ ու ենթաբաժիններ բացվեն բուհերի ստորաբաժանումներում, որտեղ ճշգրիտ գիտությամբ են զբաղվում»,- ասում է Խաչունցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում  չկա այն ենթակառուցվածքը, որը գաղափարների, արդյունքի շուկայականացման առումով նեցուկ կկանգնի գիտնականներին, նրանք  էլ   հիմնականում տեղյակ չեն, թե ինչ գործընթաց է գիտության առևտրայնացումը և ինչ չափանիշների պետք է բավարարի գաղափարը շուկա մուտք գործելու պոտենցիալ ունենալու համար, «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ն 2005-2006-ին ծրագիր իրականացրեց  գիտության արդյունքների շուկայականացման վերաբերյալ:

Առաջին փուլում 50 հայտ ստացան և բոլորին ընդհանուր գիտելիքներ մատուցեցին շուկայականացման գործըթնացի մասին, հետո թիմերին առաջարկվեց ներկայացնել  իրենց գաղափարի շուկայական պոտենցիալը, ինչի արդյունքում մնացին 15 թիմ և 16 հայտ: Այս թիմերին արդեն գործնական հմտություններ մատուցվեցին,  ու երկլեզու բուկլետ տպագրվեց, որում ներկայացվում էր ծրագիրը, ինչպես նաև բիզնես ֆորում կազմակերպվեց: Հենց այս սեմինարի հիմքի վրա հետագայում ստեղծվեց PSI-ը:

ՀԿ-ն, սակայն, հետագայում նման ծրագրեր այլևս չի իրականացրել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. դոնորների համար նման ներդրումները ռիսկային են:

Խաչունցն ասում է, որ հարկավոր է երկու-երեք հաջողված փորձ, որպեսզի «համը գիտնականների բերանն ընկնի»: Այժմ  գիտեն միայն   բաց ամսագրերում տպագրվելը, գրանտներով ֆինանսավորվելը, իրենք տեսադաշտը նեղացրած  միայն այդ ուղիով են գերադասում շարժվել, եթե գիտության արդյունքի շուկայականացման  մի քանի ակնհայտ հաջող տարբերակ լինի,  դա կտանի նրան, որ  գիտնականների մի մասը գոնե հարցին այլ կերպ կսկսի նայել»:

Բայց անգամ այս պարագայում, առանց պետական համակարգված գործունեության, գործն առաջ չի գնա. «Եթե ներդրման համար նպաստավոր պայմաններ չստեղծվեն, ներդրողն անգամ   արժանի գիտական արտադրանքի դեպքում կառաջարկի ներդրման համար երրորդ երկիր ընտրել: Դրանք պետք է փոխշահավետ լինեն թե՛ հեղինակի, թե՛ ներդրողի համար, և պետք է լինի մի կառուց, որը կաջակցի գործընթացին»:

Խաչունցը կարևորում է նաև, որ բուհերում  գիտության առևտրայնացման վերաբերյալ դասաժամ ներառվի, ընդ որում` ոչ միայն ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետներում, այլ նաև տնտեսագիտության և իրավաբանության, քանի որ շուկայականացման գործընթացում ծագում են թե՛ իրավական, թե՛ տնտեսագիտական հարցեր:

Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն ստեղծելու հարցը քննարկվում է արդեն 2 տարի` դեռևս  ապարդյուն

գպկԳիտություն-տնտեսություն կապի ստեղծմանը և կիրառական արդյունքի ձեռքբերմանը միտված  թեմաների մշակման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում Գիտության պետական կոմիտեն: «Գիտություն-տնտեսություն կապի մակարդակը մեզ մոտ բավականին թույլ է, մեր գործունեության նպատակն էլ այն է, որ  ստեղծվի կրթություն-գիտություն-տնտեսություն համապարփակ կապը,  դրա  զարգացման համար տարբեր միջոցառումներ են  իրականացվում»,- ասում է ԳՊԿ  գիտական քաղաքականության վարչության պետ  Վարդան Սահակյանը:

Նրա խոսքով` հիմնարար գիտության կարևորությունն այն է նաև, որ ստեղծում է անհրաժեշտ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են զարգանալ ինովացիոն կամ կիրառական արդյունքների ձեռքբերմանը միտված ծրագրերը:

«Մեզ մոտ կան կիրառական միտվածություն ունեցող  լավ հետազոտություններ ֆիզիկայի, կենսաբանության ոլորտում: Մեզ մոտ խնդիրն այդ արդյունքները տնտեսության մեջ ներդնելն է»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես   հնարավոր չէ  բաժանարար գիծ անցկացնել, թե այս գիտական հետազոտությունը  խիստ կիրառական է կամ  խիստ հիմնարար: Խնդիր է նաև, որ գիտական արտադրանքը պետք է պահանջված լինի տնտեսության մեջ, այն իր կարիքները, պահանջարկը պետք է ներկայացնի գիտությանը,  որն  էլ առաջարկը ներկայացնի. «Լինելով  զարգացող երկիր այստեղ երկակի խնդիր ունենք լուծելու»:

Դրա համար, ըստ Սահակյանի, հարկավոր է մասնավոր ներդրումներ ներգրավել գիտության ֆինանսավորման մեջ, այլապես, չհաշված միջազգային դրամաշնորհները, գիտության ֆինանսավորումը Հայաստանում ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից:

Այս նպատակով ԳՊԿ-ն արդեն երկրորդ անգամ   գիտական կիրառական արդյունքների ձեռքբերման մրցույթ է իրականացնում մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Առաջին ծրագիրն իրականացրել են 2011-ին, երբ 17 ծրագիր ֆինանսավորվեց, յուրաքանչյուրում մասնավոր  հատվածի ներդրումը կազմում էր առնվազն 15 տոկոս:  Երկրորդ` այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով 12 ծրագիր է երաշխավորվել ֆինանսավորման, այս անգամ  մասնավոր հատվածի ներդրման ծավալը յուրաքանչյուր ծրագրում  ընդհանուր արժեքի 25 տոկոսն է կազմել: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է կատարվի ծրագրի սկզբում, քանի որ եթե մասնավոր հատվածը ներդրում է կատարում, շահագրգռված կլինի դրա իրականացման հարցում:

Սահակյանն ասում է, որ գիտություն-տնտեսություն կապի իրականացումը մեկ օրվա գործ չէ, այն հնարավոր է ստեղծել  միայն երկարատև ու հասցեական գործունեության շնորհիվ:

2011-ի դեկտեմբերին ԳՊԿ նախագահի առաջարկով վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգ է ընդգրկվել գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն-հիմնադրամ ստեղծելու հարցը: Այն դեռևս քննարկման փուլում է: Իսկ մինչ  նման հիմնադրամ կստեղծվի, գիտնականը ստիպված կլինի նախ ինքնուրույն Հայաստանում ամրագրել իր հեղինակային իրավունքը (հայաստանյան արտոնագիրը միջազգային ճանաչում չունի), ապա միջազգային արտոնագիր ստանալ, որից հետո էլ գտնել դրանով հետաքրքրված ընկերություն, որը կպահի արտոնագիրն ու ներդրումներ կանի գիտության արտադրանքը տնտեսությունում ներդնելու համար:

Նշենք, որ Հայաստանում տարեկան միջինը 160-170 տեղական արտոնագիր է գրանցվում, սակայն միջազգային արտոնագրերի առումով թվաքանակը շատ փոքր է:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

 

 

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովի անդամ. «գառը գայլին պահ են տվել»

ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովԱյս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:

Սպառնալիքներով հաջողության չհասնելուց հետո Թուրքիան անցյալ ամիս ձեռնամուխ եղավ գործողության մեկ այլ մեթոդի՝ կաշառքի: Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն նոյեմբերի 10-ին հայտարարեց. «Թուրքիան կրկնապատկել է իր ներդրումը ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ), որը հայտնվել  է ֆինանսական ճգնաժամի մեջ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրենց անդամավճարները չվճարելու պատճառով»:

Նախարար Ավջըն նույնիսկ չի էլ փորձել թաքցնել Թուրքիայի առատաձեռնության բուն պատճառը: Նա բացահայտել է, որ «էական առաջընթաց է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի ընտրությունների համար Թուրքիայի թեկնածության հարցում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 19-ին»: Իրոք, թուրք նախարարի կանխատեսումն իրականացավ, երբ նրա երկիրը Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 21-րդ անդամ ընտրվեց առաջիկա չորս տարիների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ որպես այդ Հանձնաժողովի անդամ «Թուրքիան մտադիր է կիսել իր փորձն ու գիտելիքները միջազգային մասշտաբով, որ կուտակել է համաշխարհային ժառանգության իր սեփական 11 շրջանների կառավարման և պաշտպանության ընթացքում, որոնք ներկայացնում են անատոլիական քաղաքակրթության տարբեր շերտերը, այդ թվում՝ նեոլիթյան, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան դարաշրջանները»:

Թուրքիայի ընտրությունը մի մարմնում, որ կոչված է պահպանելու մշակութային արժեքները, հավասարազոր է գառը գայլին պահ տալուն:  Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների  խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակություն չի արվել հայկական բազմաթիվ կրոնական և մշակութային կոթողների մասին, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Միայն վերջերս, մտադիր լինելով հեշտացնել Եվրամիության թեկնածության իր ճանապարհը, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտ ապահովելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը վերանորոգել է մի քանի հայկական և հունական եկեղեցիներ, տասնամյակներով դրանք անուշադրության մատնելուց, պարբերաբար սրբապղծելուց և ոչնչացնելուց հետո:

Այժմ, երբ Թուրքիան անարժան կերպով անդամակցել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ունի առաջիկա չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մատնանշել այն զավեշտալի իրավիճակը, որին բախվելու է Թուրքիան` ունենալով մշակութային կոթողների պահպանության հանձնարարականը և շարունակելով մնալ որպես այլ ազգերի մշակութային ժառանգության ամենամեծ բռնազավթողներից մեկը:

Թուրքիայի մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրեն Մուրադ Սուսլուն, դեմքի անվրդով արտահայտությամբ «Նյու Յորք թայմս» թերթին ասել է. «Մենք միայն ցանկանում ենք վերադարձնել այն ամենը, ինչն արդարացիորեն մերն է…. Եթե դուք գաք իմ տուն և ինձանից գողանաք արժեքավոր իրեր, ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ դրանք հետ ստանալ»: Պարոն Սուսլուին, որը պնդում է, որ գողությունն ու թալանը սխալ են անկախ այն բանից, թե դրանք երբ են տեղի ունեցել, պետք է հիշեցնել, որ Թուրքիան կարող է նման պահանջներ ներկայացնել միայն` ալևիներին, ասորիներին, արաբներին, կիպրացիներին, հայերին, հույներին և քրդերին այն ամենը վերադարձնելուց հետո, ինչն արդարացիորեն պատկանում է նրանց:

Նույնքան զավեշտալի էր Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայի հայտարարությունը, որ նա արել է «Էկոնոմիստ» շաբաթաթերթին. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ յուրաքանչյուր հնություն աշխարհի ցանկացած մասում ի վերջո պետք է վերադառնա իր հայրենիքը: Թեկուզև այդ իրերը պատրաստված են քարից, ինչպես որ մարդիկ, այնպես էլ կենդանիները, բույսերն ու հուշարձանները հոգի ունեն: Հուշարձանի հեռացնելն ապակայունացնում է աշխարհն և անհարգալից վերաբերմունք է պատմության հանդեպ»:

Թուրք պաշտոնյաներն իրենց երկիրը որպես թալանի զոհ ներկայացնելու փոխարեն պետք է գիտակցեն, որ նրանք յուրացրել են բազմաթիվ հնություններ, որոնք իրենց օսմանյան նախնիները բռնազավթել են ավելի քան մեկ տասնյակ հարևան երկրների գրավման ժամանակ: Օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը, որը 1887 թվականին հայտնաբերվել է Լիբանանում, Սիդոնի մերձակայքում, և Սուլթան Աբդուլ Համիդ II հրամանով առաքվել Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ էլ այն պահվում է մինչ օրս որպես թանգարանի ունեցվածքի ամենաթանկարժեք նմուշներից մեկը: Այժմ Լիբանանը կարող է Թուրքիայից հետ պահանջել այս արժեքավոր մշակութային գանձը: Սաուդյան Արաբիան ևս իրավունք ունի պահանջելու բազում իսլամական սուրբ մասունքներ, որոնք օսմանյան իշխանությունների կողմից 19-րդ դարում տեղափոխվել են Մեքքայից:

Թուրքիայի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին և այլ ազգերին` աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրքական կառավարության կողմից իրենց մշակութային ժառանգության ապօրինի բռնազավթման վրա և պահանջել դրանց անհապաղ վերադարձը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

ՄԵՆՈՒԱ

մենուա«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր»

Լեո 

Վանի Արարատյան թագավորությունը, որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին:

Մենուան թագավորել է մ.թ.ա.  810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի (մ.թ.ա. 825-810) գահակիցն էր:

Իշպուինին հորից` Սարդուրի Ա (մ.թ.ա.  835-825) արքայից ժառանգել էր հզորության ուղին բռնող փոքրիկ թագավորություն: Նա գործուն քայլեր ձեռնարկեց Հայաստանի միավորման համար: Եվ ահա նրա թագավորության օրոք հայոց արքան ու գահաժառանգ Մենուան մի քանի նշանակալից ռազմերթ են իրականացնում` մեծացնելով իրենց թագավորության սահմանները: Մասնավորապես` Վանի Արարատյան թագավորության զորքերն արշավանքներ են ձեռնարկում երկրի հարավարևելյան ուղղությամբ և այդ երկրները միավորում հայոց թագավորությանը: Վանի թագավորությունը սահմանակից է դառնում Մանա և Բարրշուա երկրներին, միաժամանակ ահեղ Ասորեստանին` արևելյան կողմից: Դա արդեն լուրջ մարտահրավեր էր Ասորեստանի թագավորությանը, քանզի այդ քայլով հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանում արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա:

Սակայն Իշպուինիի թագավորության ժամանակաշրջանում Ասորեստանը, որ տարված էր ներքին երկպառակությունների խնդիրներով, այդպես էլ չկարողացավ հակադարձել հայոց առաջխաղացմանը:

Երբ հոր մահից հետո հայոց գահին միանձնյա տիրում է Մենուա թագավորը, նա շատ ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում:

Սակայն մինչ արտաքին նվաճումների գնալը, ապահովելով իր երկիրը ներսից, Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր:

Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Դրանք զարդարեց որմնանկարներով` աստվածների պատկերներով, ռազմի տեսարաններով…

Մենուան նաև կրոնական բարեփոխումներ իրականացրեց երկրում, ինչի շնորհիվ վերջնականապես ձևավորվեց հայոց աստվածների դիցարանը: Մենուա թագավորը կարգավորեց հայոց տոնացույցը. Համաձայն պահպանված արձանագրությունների`  նա հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, ինչը, իրավամբ, Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է:

Այս ամենից հետո նա անցավ Հայկական լեռնաշխարհի միավորմանը:

Արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք: Նա ավարտին հասցրեց Տուշպայի պաշտպանական համակարգը:

Սակայն Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից կարևորագույնը, ինչ խոսք, Մանազկերտի կառուցումն էր: Այն Վանա լճի հյուսիսում հզոր ու ամուր քաղաք էր և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր ունեցավ հայոց պատմության մեջ: Ճիշտ է, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը մ.թ.ա.  2020 թ., սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ ձեռնարկումներ կատարեց, որ, իրավամբ, նրան կարելի է համարել Մանազկերտի շինարարության համահեղինակ, ինչը վկայում են բազում շինարարական արձանագրություններ, որ հայտնաբերվել են Մանազկերտում:

Ապա Մենուա արքան անցավ նվաճումների և  ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Հաստատվելով հյուսիսում` Մենուա արքան իր սուրն ուղղեց դեպի արևմուտք և արշավանքներ ձեռնարկելով` ազատագրեց ու իր տերությանը միավորեց Ծուփանիու (Ծոփք), Ալզիի (Աղձնիք), Մելետայի (Մալաթիա) երկրները:

Ամրապնդելով իր տերության սահմանները հյուսիսում, արևելքում և արևմուտքում` նա արշավանքներ ձեռնարկեց նաև դեպի հարավ` Արարատյան թագավորության սահմանները հասցնելով Ասորեստանի սահմաններին, քանզի հայոց արքան արագ ռազմերթով նվաճեց Ասորեստանին սահմանակից բոլոր երկրները: Եթե մինչ Մենուայի թագավորությունը հայ-ասորական պատերազմների ժամանակ Հայաստանը միշտ պաշտպանական պատերազմ էր մղում, Մենուայից սկսած` հայոց բանակը նախահարձակ է լինում և Մենուայի տիրապետության տակ միավորում շատ հայկական երկրամասեր: Ավարտելով իր արշավանքը հարավում` Մենուան զորքով անցավ Եփրատն ու իրեն ենթարկեց Մելետինեի խեթական թագավորությունը` պատմության ասպարեզից վերացնելով այն:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց: Վանի թագավորության ողջ տարածքով ոռոգման կայուն ցանց ստեղծեց` զարկ տալով գյուղատնտեսությանը:

Նրա կառուցած 72 կմ երկարությամբ ջրանցքը (Շամիրամի առու) մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է, որ ջուր է մատակարարում Վանին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից: Ջրանցքի կառուցման հետ կապված` մեզ է հասել Մենուա արքայի թողած 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով…

Նա ջրանցքներ անցկացրեց նաև իր թագավորության մյուս շրջաններում,

այգիներով պատեց ողջ հայոց աշխարհը:

Արտամետ գյուղի մոտակայքում նա մեծ ու գեղեցիկ այգի հիմնեց, որ կոչեց իր դստեր անունով` Թարիրիախինելե, քանզի Թարիրիա էր թե՛ հայոց թագուհու, թե՛ հայոց արքայադստեր անունը: Սա վանեցիների ամենասիրած վայրերից էր, ուր մինչև հայոց ցեղասպանությունը շատերն էին ուխտի գնում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Վահե Անթանեսյան

 

 

«Մոգությունն ինձ համար ոչ թե գումար աշխատելու միջոց է, այլ առաքելություն»

ritaՍոցիալական վատ վիճակից, անհաջողություններից, սեփական ապագան իմանալու ցանկությունից կամ պարզապես հաճույքի համար, այսօր մեզանում շատերն են այցելում գուշակների կամ այսպես ասած` պայծառատեսների և ծախսում նույնիսկ մեծ գումարներ: Հայաստանում շուրջ 300-400 գուշակ կա, որոնցից շատերը թերևս կարողացել են այցելուների մեծ բանակ հավաքել:

Սովորաբար գուշակությամբ զբաղվում են ոչ միայն գնչուները: Թերևս, գուշակության բազմաթիվ տեսակներ կան բոլոր հին ժողովուրդների հավատալիքներում, և դրանք փոխանցվում են սերնդեսերունդ: Ոմանք ճակատագիրն են կանխատեսում սուրճի մրուրով, թռչունների թռիչքով, լոբի նետելով, խաղաթղթերի օգնությամբ, ոմանք` ձեռքի ափի, մոմի միջոցով, երազների մեկնությամբ և այլն: 

Ապագան վաղօրոք կանխագուշակելը մարդկանց շրջանում սնահավատությո՞ւն է, թե՞ նախասիրություն, կարծիքները տարբեր են: 

Հայաստանում գուշակությամբ և մոգությամբ զբաղվող տիկին Ռիտայի հետ հարցազրույցը հնարավորություն կտա բացահայտելու, թե մոգական ուժի արդյունքում հնարավո՞ր է արդյոք ապագան կանխագուշակել կամ հիվանդին ապաքինել: 

Նա պատմում է, որ իրեն ուղղված 3 կրակոց է եղել, բայց 3-ն էլ չնշանակետին չեն դիպել: Այդ դեպքից հետո իր համար ծանր հոգեբանական շրջան է սկսվել: Օգնություն է փնտրել մոգերի տիբեթյան կենտրոնում: Վերականգնվելուն զուգահեռ ուսումնասիրել է մոգերի ուսմունքն ու ձեռք բերել մասնագիտություն: Այնուհետև իրեն կոչել նոր անուններով` Գերդա, Գրետա, Ռիտա:

– Առհասարակ գուշակությունն ու պայծառատեսությունն արվե՞ստ է, նախասիրությու՞ն, մասնագիտությու՞ն, թե՞ շնորհ:

– Գուշակությունը նախասիրություն է այն մարդկանց համար, ովքեր շահադիտական և միայն գումար վաստակելու համար են դրանով զբաղվում: Սակայն, իրականում կան բնածին տաղանդով օժտված մարդիկ, որոնք Աստծուց են ժառանգում այդ շնորհը: Այս պարագայում մարդը մտածում է դիմացինին օգտակար լինելու և ինչ-որ լավ գործ անելու մասին: Եթե մարդը կարող է տեսնել, լսել, հաղորդակցվել և ստանալ անհանգստացնող հարցերի պատասխաններ, կանխագուշակել վտանգներ և մահեր, կարծում եմ, պետք է իր առաքելությունը համարի գուշակությամբ ու պայծառատեսությամբ զբաղվելն ու մարդկանց վտանգից զերծ պահելը: Գուշակները շատ են Հայաստանում, բայց ես չեմ կարող ասել, որ  բոլորը ճիշտ են գուշակում, ինձ թվում է՝ դա աշխատանք է:

– Ինչպե՞ս կարող է մարդը զգալ, որ օժտված է  ապագան կանխատեսելու շնորհով:

– Առաջին հերթին պետք է հիմնվի իր կատարած աշխատանքների արդյունքների վրա, թե ինչքանով է կարողանում մարդկանց օգտակար լինել: Այս հարցում պակաս կարևոր չէ նաև գենետիկան, քանի որ այդ շնորհը կարող է սերնդեսերունդ փոխանցվել:

– Իսկ ովքե՞ր են ավելի շատ հակված գուշակություններին հավատալու:

– Կարծում եմ` բոլորը, իսկ նրանք, ովքեր դա սնահավատություն են համարում, իրենց հոգու խորքում ավելի շատ են հակված գուշակների այցելելու: Յուրաքանչյուրը պետք է հավատով դիմի գուշակին, առանց հավատի գալը ճիշտ և խոհեմ չէ: Եթե մարդն ընկնում է անելանելի վիճակի մեջ, երբ նույնիսկ բժիշկը չի կարող օգնել, խորհուրդ են տալիս դիմել ինձ: Ես հոգեբանորեն կարողանում եմ մարդկանց հոգեվիճակը կայունացնել: Վանգան ասում էր. «Ես չեմ կարող աշխատել, եթե դուք ինձ չեք հավատում, հեռացեք այստեղից»: Ինձ հավատացողը կարող է հետ կանգնել յուրաքանչյուր վատ երևույթից:

– Երբեմն գուշակներին դիմելը ոչ թե հոգեպես լիցքաթափում, այլ հակառակը` հոգեբանորեն բացասական ազդեցություն է թողնում այցելուի  վրա:

– Իսկապես, նման գուշակներ շատ կան, որոնք ներգործում են մարդկանց վրա իրենց չար մտքերով, որպեսզի ավելի շատ գումարներ շորթելու հնարավորություն ունենան, բայց այդպիսի բան չի կարելի անել: Առանց այդ էլ մարդը գալիս է այլայլված, լքված, բաժանված, ծեծված: Երկրորդ հարվածը գուշակն է տալիս, որը մեծ հոգեկան ցնցումներ է առաջացնում: Երբեմն ինձ հարցնում են՝ դուք խաբո՞ւմ եք, ես ասում եմ՝ այո, խաբում եմ, քանի որ այդ սուտը շատ անգամ  նրանց երջանկություն է բերում, ես խաբում եմ, մինչև այդ մարդը դուրս գա այդ հոգեկան ճգնաժամից: Ես նրանց միայն օգնում եմ:

– Իսկ մարդիկ ինչպիսի՞ խնդիրներով են ավելի շատ դիմում: Լինո՞ւմ են դեպքեր, երբ մերժում եք:

– Ամենատարբեր հարցերով են դիմում, երբ ընտանիքում խնդիրներ ունեն, դժբախտ են, ուզում են ամուսնանալ ընտանիք կազմել, սակայն միջոցներ չունեն կամ անառողջ են: Գալիս են բիզնեսում հաջողություններ չունենալու կամ զավակներ չունենալու, դավաճանությունների և սոցիալական տարբեր իրավիճակների պատճառով: Եթե այցելուն ունի չախտորոշված անբուժելի հիվանդություն, ես նրան կարողանում են առողջացնել: Իմ աշխատանքից հետո նրանք երազներ են տեսնում: Ես ունեմ մի ընդունակություն, ունեմ ներքին ձայն, կարդում եմ մարդկանց մտքերը, տեսնում եմ վտանգները: Ես ունեմ 22-23 տարվա փորձ, հիմնվում եմ դրանց վրա, սկզբնական շրջանում ինքս էլ չէի հավատում, որ կարող եմ օգնել մարդկանց: Շատ են գալիս ինձ մոտ նաև չար նպատակներով, բայց ես հրաժարվում եմ նրանց օգնել:

– Ասում են` սպիտակ և սև մոգություն. կտարանջատե՞ք դրանք:

– Ցավով պետք է նշեմ, որ շատ պետություններ խրախուսում և փառաբանում են պայծառատեսների և հրաշագործների աշխատանքը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծում, իսկ մեզանում դա բացակայում է: Սև մոգությանը տիրապետում եմ, սակայն դրանով չեմ զբաղվում, դա վատ գործ է, իսկ սպիտակ մոգությունը, մարդկանց ապագան կանխագուշակելով, նրանց վատ արարքներից հետ պահելն է: Չար մոգությունը և կախարդությունը հիմնականում կապված են սատանաների  և չար հոգիների հետ, որոնց միջոցով մարդիկ թուղթուգիր են անում:

– Իսկ պետությունը Ձեր գործունեության  ինչ–որ սահմանափակումներ դնու՞մ է:

– Իսկ ինչու՞ պետք է պետությունը սահմանափակումներ դնի: Ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տալիս տարբեր լրատվամիջոցներով, և շատերը վախենում են, որ ես շատ բաներ ի հայտ կբերեմ: 2008 թ. մուսուլմանական երկրներում` Եգիպտոսում, Սիրիայում և Լիբանանում ծագած պատերազմական գործողությունները ես էի կանխատեսել, հայտնել էի նաև վրա հասնող երկրաշարժերի մասին, իսկ օրեր առաջ կանխազգացել եմ Մոսկվայում տեղի ունեցող ահաբեկչական պայթյունը: Բայց ես չեմ կարող բարձրաձայն այդ մասին երկրի իշխանություններին հայտնել, որովհետև չգիտեմ` ի՞նչ կարող է ապագայում ինձ հետ լինել: Ես, իմ էներգիան վատնելով, պետությանը հարկեր եմ վճարում, ինչո՞ւ պետք է պետությունն արգելքներ սահմանի իմ գործունեության համար, մանավանդ երբ օգնում և դարձի եմ բերում մարդկանց, վերացնում թուղթուգրերը:

– Գուշակությունը հատուկ է հեթանոսական մշակույթին, եկեղեցին դեմ է գուշակություններին:

– Եթե այսօր Աստված ինձ չի պատժում իմ կատարածի համար, ուրեմն ես լավ արարքներ եմ անում: Քանի որ այդ շնորհն ինձ Տերն է տվել, նա էլ կարող է ինձնից դա վերցնել: Այսօր ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի կարող արգելել: Ինչո՞ւ եկեղեցին չի արգելում միասեռ ամուսնությունը: Ես սիրում եմ եկեղեցին, բայց եթե այն Աստծո տուն է, ինչո՞ւ է նման բաներ թույլ տալիս: Դա ընդունվո՞ւմ է Աստծո կողմից: Ես պատրաստում եմ նաև հաջողության թալիսմաններ: Բացի մոգությունն ինձ համար ոչ թէ գումար վաստակելու միջոց է, այլ առաքելություն: Ես  ֆինանսապես ապահով եմ, և այդ միջոցով գումարներ աշխատելը չէ իմ նպատակը:

– Ձեզ դիմում են նաև հանրապետության կարկառուն դեմքեր, խոսքս հայտնի օլիգարխների, քաղաքական գործիչների,  շոու–բիզնեսի ներկայացուցիչների մասին է:

– Տարբերություն չկա  դիրքի առումով: Բոլորն էլ այցելում են: Որքան էլ նրանք հաջողակ են իրենց գործում, միևնույն է, իմ կարիքն ունեն: Մարդիկ վախ ունեն չարից, թուղթուգրից, ես սպիտակ մոգուհի եմ, չարերի դեմ եմ պայքարում:

– Իսկ ձեր երեխաներին փոխանցելո՞ւ եք ձեր շնորհը

– Որդի ու դուստր ունեմ: Աղջկաս մեջ նկատել եմ այդ շնորհը, բայց նա առայժմ պատրաստ չէ: Նրա մեջ իմ հետնորդին եմ տեսնում:

– Ի՞նչ կասեք աշխարհի վերջի գուշակությունների մասին:

– Ոչ ոք չի կարող ասել, թե երբ է վրա հասնելու աշխարհի վերջը: Բայց կարող եմ ասել, որ այն, ինչ սկիզբ ունի, ունենալու է նաև վերջ: Իմ կանխագուշակումներում այդ հավանական տարեթիվը 2202-ն է: Կոչնչանա աշխարհի մարդկության մեծամասնությունը, բայց որոշ պետություններ կպահպանվեն: Ասեմ, որ առաջին հերթին կործանվելու է ԱՄՆ-ն, վրա հասնող աղետների հետևանքով ժանտախտ է լինելու: Տեղի են ունենալու պատերազմներ, ցունամիներ ու երկրաշարժեր:

 

Լ.Ն

Անկախ

 

Խնձոր. օգտակար հատկությունները

խնձորԹվում է, թե էլ ի՞նչ կա ասելու. խնձորը` խնձոր է: Սա մշակաբույս է, որի մասին հայտնի է դեռևս V դարից: Այն լայնորեն տարածված էր արևմուտքից արևելք: Քաղաքակիրթ բոլոր երկրներում խնձորը գնահատվում է իր համեղ պտուղներով ու դրա օգտակար հատկություններով:

Խնձորը հարուստ է հանքանյութերով, մակրո ու միկրատարրերով. երկաթ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, մանգանաթթու, պղինձ, ցիրկոնիում, ալյումին, սելեն, յոդ: Խնձորենու տերևները հարուստ են  С վիտամինով, տարբեր պոլիֆենոլային միացություններով:

Խնձորը բացառիկ  արժեքավոր դիետիկ մթերք է:

Խնձորում առկա կալիումը կարգավորում է սրտամկանի աշխատանքը: Պեկտինները չեզոքացնում ու օրգանիզմից դուրս են բերում թունավոր նյութերը և ծանր մետաղների աղերը (պողպատ, նիկել, կոբալտ): Ի դեպ, պեկտինները պահպանվում են նույնիսկ խնձորը երկար պահելու դեպքում:

Քլորագենային թթուն կանխում է քարագոյացումը: Ժողովուրդն ասում է` երեկոյան մեկ խնձոր ուտողին բժիշկ  պետք չէ:

Խնձոր է առաջարկվում սակավարյունության ժամանակ, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, փորկապության նախնական փուլում: Սակավարյունության դեպքում խորհուրդ է տրվում օրական 3-5 խնձոր ուտել կամ այդ պտուղների հյութը խմել: Ախորժակը բացելու նպատակով առաջարկվում է ուտելուց առաջ 2-3 խնձոր ուտել, այն էլ` կեղևով:

Թարմ, շոգեխաշած կամ փուռը դրած խնձորներն ուտում են քաղցած ստամոքսին, վատ մարսողության դեպքում, ստամոքս աղիքային խանգարումների ժամանակ: Այն միզամուղ հատկություն ունի, առաջարկվում է տարբեր ծագման այտուցների դեպքում: Խնձորն առաջարկում են սկլերոզի, հոդաբորբի, քրոնիկ ռևմաիզմի, երիկամաքարային հիվանդությունների դեպքում:

Բոլոր թվարկված հիվանդությունների դեպքում լավ արդյունք է տալիս խնձորով թեյի  կիրառումը:Դրա համար հարկավոր է  3-5 հատ խնձոր լվանալ, կտրատել ու վրան մեկ լիտր ջուր լցնել և եփել 15 րոպե: Այս եփուկը խորհուրդ է տրվում կիրառել մրսածության, հազի ու խռպոտության դեպքում: Նման եփուկ կարելի է պատրաստել նաև չորացրած խնձորից:

Քաղցր խնձոր է առաջարկվում քրոնիկ կոլիտ ունեցողներին: Երկաթի պարունակության շնորհիվ այն առաջարկվում է սակավարյունության դեպքում, իսկ Cև P վիտամինների շնորհիվ նպաստում է ճնշման իջեցմանը, նվազեցնում բորբոքային պրոցեսները:  Խնձորի թարմ հյութը լեղամուղ, միզամուղ ու հեղուկամուղ  հատկություն ունի; Այն կիրառվում է երիկամաքարային հիվանդությունների , աթերոսկլերոզի, ճարպակալման դեպքում:

Խնձորից պատրաստված կոմպոտը սրտային հիվանդությունների, իսկ առանց շաքարի պատրաստվածը` շաքարային դիաբետի ու գիրացման դեպքում է առաջարկվում:

Օրական սննդաբաժնում պետք է 2-3 խնձոր օգտագործել, դա նվազեցնում է խոլեստերինն ու ճառագայթման անբարենպաստ ազդեցությունը:

Խնձորը կարելի է օգտագործել նաև որպես արտաքին կիրառման միջոց. թարմ պտուղներից պատրաստված քերուկը դնում են մաշկի վրա այրվածքների, տրոֆիկ խոցերի, ցրտահարված մաշկի, կերակրող մայրերի ճաքած պտուկների ճեղքերին:

Արդեն հասկանալի է, որ խնձորն այն մթերքն է, որը պետք է օգտագործել շուրջտարին, ու փառք աստծո, որ շուրջտարին էլ խնձոր կա:

 

Անկախ