«Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել». Ալբերտ Աբգարյան

947266_504283082960285_2046683625_nԵրեք տարեկան էլ չկար, երբ դժբախտ պատահարը խլեց Ալբերտի աչքերի լույսը: Փոքրիկ տղան, որ մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շարունակեց նվագել, իսկ 12 տարեկանում արդեն ստեղծագործում էր:

Ընտրությունը կարծես արված էր. Ալբերտը պետք է կրթություն ստանար երաժշտության բնագավառում, ահա թե ինչու նախ ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան: Սակայն կար մի ոլորտ, որը նրան նույնքան հոգեհարազատ էր, որքան երաժշտությունը. դա  իրավաբանությունն էր, և ուսումնարանի վերջին տարում նա իրավաբանական կրթություն ստանալու որոշում է կայացնում: Այդ որոշումն անակնկալ էր ծնողների համար, և նրանք կարծում էին, որ Ալբերտը չի հասցնի մեկ տարում պատրաստվել 2000-ի ընդունելության քննություններին: Սակայն Ալբերտի համար կարևորը նշաձող սահմանելն էր, մնացածը կախված էր իրենից: Ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, պարապում է և փայլուն քննություններ հանձնելով` ընդունվում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

Սակայն երաժշտությունը բնավ չի անտեսում: Ավելին, իրավաբանականին զուգահեռ ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ապա                                                               ուսումը շարունակում իրավաբանականի մագիստրատուրայում, հետո կոնսերվատորիայի ասպիրանտուրայում… Խոստովանում է, որ նման հաջողություններ չէր ունենա, եթե չլինեին ծնողների հետևողականությունն ու ջանքերը: «Այդ հավատը, որ ես կարող եմ, ծնողներիս մեջ կար: Մեծ դեր ուներ նաև նրանց ճիշտ դաստիարակությունը: Ծնողներս ինձ երբեք չեն տարանջատել քրոջիցս ու եղբորիցս. իմ վրա բարկանում էին նույնչափ, որքան նրանց, սիրում, որքան նրանց»:

Համապարփակ և լուրջ գիտելիքներ ձեռք բերելով երկու ոլորտներից էլ` որպես իրավաբան աշխատանքի է անցնում Ազգային ժողովում` շարունակելով ստեղծագործել: 2009-ից մինչ օրս Ալբերտ Աբգարյանն աշխատում է նախագահական ապարատում` որպես իրավաբան. «Ես հասել եմ մի վիճակի, երբ արդեն ինքս ինձ և դիմացինին ապացուցելու բան չունեմ, այդ դժվար փուլն անցել է, ես հիմա ինձ լիարժեք մարդ եմ զգում»:

Ալբերտը լիարժեք կյանքով ապրելու կոչ է անում բոլոր ֆիզիկական խնդիրներ ունեցողներին` ընդգծելով, սակայն, որ դրա համար նախ և առաջ պետք է լիարժեք կրթություն ստանալ` համապատասխան ֆիզիկական, մտավոր կարողություններին և ամենակարևորը` ցանկություններին: «Պետք է ներդնես ձգտում, կամք, աշխատասիրություն: Պետք է ապացուցես, որ ի վիճակի ես: Մյուս կողմից էլ գործատուներին եմ կոչ անում` տվեք հնարավորություն հաշմանդամներին, որովհետև շատ դեպքերում նրանք ավելին կարող են անել, քան ոչ հաշմանդամները»:

Ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց աշխատանքի խնդիրը համարում է ողջ հասարակության խնդիրը, իսկ գործատուն այդ հասարակության մի մասնիկն է: «Էնպես չի, որ նախագահականում բոլորն ինձ էին սպասում: Եթե նախագահի նման մոտեցումը չլիներ, ես  այստեղ չէի լինի…»:

Այսօրվա պես հիշում է. 2007-ի դեկտեմբեր ամիսն էր: Սերժ Սագսյանը որպես վարչապետ հանդիպել էր ՀԿ-ների ղեկավարների հետ: Այդտեղ էր նաև ինքը` որպես ՀԿ-ի ղեկավար: Ելույթ ունենալով` Ալբերտը բարձրացնում է հաշմանդամների աշխատանքի խնդիրը և կոչ անում Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար:

Սերժ Սարգսյանն իմանալով, որ Ալբերտն իրավաբան է և աշխատում է Ազգային ժողովում, ասում է, որ եթե նա որոշի աշխատել կառավարությունում և համապատասխանի իրենց մասնագիտական պահանջներին, ապա նրան անպայման աշխատանքի կվերցնեն:

Երկու ամիս անց Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ` չմոռանալով Ալբերտին: Նրան հրավիրում են նախագահական` հարցազրույցի և անմիջապես աշխատանքի ընդունում:

Albert2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Ալբերտն իր երախտագիտությունը յուրօրինակ ձևով է հայտնում. ստեղծում է նախագահի նախընտրական քարոզարշավի երգը:

Ալբերտը խոստովանում է, որ այդ երգը ծնվել էր 2013-ի նախընտրական քարոզչությունից շատ ավելի վաղ` մոտ երկու տարի առաջ, սակայն հենց այդ նպատակով: Նա համբերատար սպասել էր և ներկայացրել ճիշտ պահին` հավանության արժանանալով նախագահի կողմից:

Ալբերտն ուրախ է, որ իրեն գնահատում են, ինքնավստահ, որ այդ հաջողություններին հասել է իր ջանասիրության ու ձգտման շնորհիվ: Սակայն այսքանով չի պատրաստվում սահմանափակվել. նա սիրում է բարձր նշաձողեր սահմանել և անպայման հասնել դրանց. «Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել»,-ասում է նա:

Ուստի Ալբերտի ձգտումներն ու ջանքերը շարունակվում են: Իսկ այն, որ տեսողության խնդիր ունի, միայն եռապատկում է  դրանք. «Աշխատանքը ժամը 9-ին է սկսվում, բայց ես այստեղ եմ ավելի վաղ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ես ունեմ ֆիզիկական որևէ խնդիր, ապա պետք է այնքան լավ աշխատեմ, որ ոչ միայն հավասարվեմ խնդիր չունեցողների կարողություններին, այլ ավելին` գերազանցեմ նրանց: Ի վերջո, բոլոր գործատուներն ուզում են ունենալ լավ աշխատող, որի վրա կարող են հենվել: Այդ հենարանը ես ապահովում եմ»:

Ասում է, որ պետական համակարգում աշխատելն իր համար լուրջ նպատակների հասնելու ևս մի միջոց է` օգտակար լինել պետությանը: Գուցե վերամբարձ է հնչում, բայց նա համոզված է, որ կարող է և անելու է այնպես, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ լինեն. «Ես զարմանում եմ, երբ մարդիկ ասում են` էս երկիրը երկիր չի, դժգոհում են, բայց փոխարենը ոչինչ չեն անում: Դժգոհելն ամենահեշտ բանն է: Պետք է հասկանալ խնդիրը և փորձել լուծել: Պետք է դնել նպատակ և հասնել: Ես չպիտի մտածեմ` պետությունն ինչ է անում ինձ համար, պիտի մտածեմ` իսկ ե՞ս ինչ եմ անում իմ երկիրը կառուցելու համար: Ես պարտավո՛ր եմ անել, քանի դեռ երիտասարդ եմ, որ հետո ծերության հասակում վայելեմ իմ արածի պտուղներն իմ հայրենիքի մեջ»:

Եթե հանկարծ հրաշք տեղի ունենար և Ալբերտը տեսներ, ի՞նչ կփոխվեր նրա կյանքում: «Կփոխվեր այն, որ անծանոթ վայրեր միայնակ կգնայի կամ մեքենա կվարեի` չնայած քաղաքից դուրս հիմա էլ եմ վարում` հուշումներով: Ուրիշ ոչինչ, հավատացեք, չէր փոխվի, որովհետև ես իսկապես լիարժեք կյանքով եմ ապրում»:

Իսկ  Ալբերտի կյանքում հրաշք արդեն տեղի ունեցել է. սեպտեմբերի 30-ին ծնվել է նրա առաջնեկ որդին` ավելացնելով նրա երջանկությունն ու հաղթահարվելիք ռուբիկոնները…

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատի տալու ավելի լայն հնարավորություններ է ընձեռում

ՄԻԵԴԹեև հաճախ է խոսվում Արդարադատության միջազգային դատարանում (Միջազգային դատարան) Թուրքիայի դեմ հայկական պահանջատիրության հետապնդման մասին, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայց ներկայացնելու հնարավորությունը հազվադեպ է նշվում՝ չնայած վերջինիս բացահայտ առավելություններին:

Այս երկու դատարանների միջև եղած հիմնական տարբերությունն այն է, որ միայն կառավարությունները կարող են դատական հայց ներկայացնել Միջազգային դատարան, մինչդեռ ցանկացած անձ, խումբ կամ պետություն կարող է դիմել ՄԻԵԴ՝ հայերին անհամար հնարավորություններ տալով թուրքական պետության դեմ հայցեր ներկայացնելու համար: Հայցվորները մինչ ՄԻԵԴ դիմելը պետք է սպառեն բոլոր ներպետական միջոցները և լինեն Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններից, որն ընդգրկում է Հայաստանը և Թուրքիան:

Պատահական չէ, որ Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց դեմ ՄԻԵԴ-ում գործեր են հարուցվել, քանի որ միայն վերջին երկուսուկես տարում ավելի քան 20 հազար բողոք է ներկայացվել այդ երկրի դեմ: Հակառակ տարածված կարծիքի՝ Թուրքիան այլընտրանք չունի, քան հնազանդվել ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներին, եթե ցանկանում է պահպանել իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդում: Սրանով է բացատրվում, թե ինչու է Անկարայի կառավարությունը ջանասիրաբար վճարում տասնյակ միլիոնավոր դոլարներ հայցվորներին՝ ՄԻԵԴ-ում հարյուրավոր դատեր կորցնելուց հետո:

Վառ օրինակ է ՄԻԵԴ-ի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի վճիռը, որով դատարանը պարտադրեց Թուրքիային վճարել ավելի քան 5 միլիոն եվրո (մոտ 7 միլիոն դոլար) Յանիս և Եվանգելոս Ֆոկաս հույն եղբայրներին, որոնք ապրում են Հունաստանի Կատերինի քաղաքում: Թուրքական դատարաններն արգելել էին նրանց ժառանգել իրենց քրոջ՝ Պոլիկսենի Պիստիկայի շենքերը Թուրքիայում՝ ազգությամբ հույն լինելու պատճառով:

Ֆոկաս եղբայրներն իրենց դատական հայցում պնդել էին, որ «իրենք զրկվել էին Ստամբուլի Բեյողլու թաղամասում գտնվող սեփականությունից և երեք անշարժ գույքից, այն է՝ երեք շենք և հողամաս, որոնք օրենքով ժառանգել էին իրենց քրոջից»: Բռնագրավված գույքը բաղկացած էր ութ հարկանի շենքից՝ 3.3 միլիոն եվրո, վեց հարկանի շենքից՝ 1.4 միլիոն եվրո և չորս հարկանի շենքից՝ 400 հազար եվրո արժողությամբ, որոնք գնահատվել էին Ստամբուլի անշարժ գույքի գործակալության կողմից:

ՄԻԵԴ-ը վճռեց, որ թուրքական դատարանների «մերժումը՝ ճանաչելու հայցվորների կարգավիճակը որպես ժառանգորդներ, հանդիսանում է միջամտություն իրենց ունեցվածքից անարգել օգտվելու նրանց իրավունքին, և որ նման միջամտությունն անհամատեղելի է օրինականության սկզբունքների հետ …. Հետևաբար, հայցվորների ճանաչումը որպես Պոլիկսենի Պիստիկայի ժառանգորդներ …. նրանց կդնի մի այնպիսի դրության մեջ, որում նրանք կլինեին, եթե Պետությունը [Թուրքիան] չբռնագրավեր հանգուցյալի գույքը…. Այս հանգամանքներում, նյութական վնասի փոխհատուցումը, թվում է, որ առավել նպատակահարմար արդար հատուցումն է (տե՛ս «Նաջարյանը և Տերյանն ընդդեմ Թուրքիայի», թիվ 19558/02 և  27904/02, <<<<16-17, 8 հունվարի, 2008 թ.): Դատարանը գտնում է, որ նման վճիռն սկզբունքորեն համապատասխանում է այն գումարին, որ հայցվորները կարող էին ակնկալել օրինական ձևով ստանալ որպես փոխհատուցում իրենց գույքի կորստի համար, եթե լիներ մի մեխանիզմ նման փոխհատուցում պահանջելու համար»:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը, Եվրոպական դատարանը վճռեց հույն եղբայրներին հատկացնել 5 միլիոն եվրո, նրանց  բռնագրավված անշարժ գույքի դիմաց, ինչպես նաև փոխհատուցելով նրանց «տառապանքների ու հիասթափության համար, որ հայցվորներն ունեցել են տարիներ շարունակ չկարողանալով օգտագործել իրենց սեփականությունը»: Դատարանը պարտավորեցրել էր Թուրքիայի կառավարությանը երեք ամսվա ընթացքում հայցվորներին վճարել փոխհատուցման գումարը:

Հիշատակված՝ «Նաջարյանը և Տերյանն ընդդեմ Թուրքիայի» գործում, ՄԻԵԴ-ը վճռել էր, որ թուրքական դատարանները խախտել էին նաև Երան-Ժանետ Նաջարյանի և Արմեն Տերյանի իրավունքները, պնդելով, որ նրանք, որպես Հունաստանի քաղաքացիներ, չեն կարող ժառանգել իրենց մահացած ազգականի ունեցվածքը Թուրքիայում, «այն հիմքով, որ Հունաստանի և Թուրքիայի միջև փոխադարձության համաձայնություն չկար»: ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր ճանաչեց և 500 հազար եվրո գումար հատկացրեց հունահայ երկու հայցվորներին:

Հուլիսին Երևանում կայացած հայ իրավաբանների միջազգային համաժողովում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց փորձագետների հանձնախմբի ստեղծումը՝ ուսումնասիրելու համար Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու իրավական հիմքերը՝ Հայոց ցեղասպանության հետևանքով ահռելի վնասները հատուցելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ն Եվրոպայի խորհրդի հայցվորների համար շատ ավելի լայն հնարավորություններ է ապահովում, քան Միջազգային դատարանը, իրավաբանների նորաստեղծ հայկական հանձնախումբը պետք է իր աշխատանքի ծիրն ավելի ընդլայնի, ուսումնասիրելով Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպես նաև ազգային և միջազգային դատարաններում:

 

Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Պարզվում է` հեռու գործընկերն ավելի լավ է, քան մոտ դաշնակիցը

ԵՄ-մաքսայինՄաքսային միություն–Եվրամիություն երկընտրանքը, որքան էլ պարզ է ու հասկանալի Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ազգաբնակչության ակտիվ զանգվածի համար, այնուամենայնիվ շատ հարցեր է առաջացրել: Օրինակ` բազմաթիվ մարդիկ այդպես էլ չեն հասկանում` Մաքսային միություն մտնելն ի՞նչ գնային փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին շուկայում: Մարդիկ ելույթ են ունենում ու վստահեցնում, որ Ռուսաստանի հետ ապրանքների շրջանառությունը կմեծանա, որ Հայաստանում ռուսական ներդրումները կշատանան և այլն: Բայց ինչքա՞ն են եղել, որ դեռ կշատանան: Նման հարցերը շատ են: Ու եթե դժվար է այսօր վստահաբար ասել, թե ինչպես կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա Մաքսային միություն մտնելու ընտրությունն ընդհանրապես, գոնե որոշ համեմատություններ հնարավոր է կատարել:

 Ովքեր են Հայաստանի հետ ավելի շատ առևտուր արել

Հավանաբար պետք է հաշվի առնել և՛ Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացումը, և՛ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացումը: Բայց Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՊՀ այլ երկրների միջև դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր: Այնպես որ այս առումով որևէ բան չի փոխվելու: Սակայն շատ փորձագետներ պնդում են, որ մուտքը Մաքսային միություն կհանգեցնի էժանացման: Այս հարցի վերաբերյալ օրերս  ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հարցազրույց է տվել «Ժամանակ» օրաթերթին ու նշել, որ  Մաքսային միության շրջանակներում ներքին առևտրային ռեժիմների փոփոխություն չի լինելու, միակ բանը, որ կարող է հանգեցնել էժանացման, էներգակիրների գնագոյացման խնդիրն է, որը, սակայն, այսօր գործող Մաքսային միության շրջանակներում դեռևս լուծված չէ: Ըստ տնտեսագետի` ավելի սպասելի են թանկացումներ, քանի որ Մաքսային միության անդամ երկրներին, այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության միայն 28 տոկոսը:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքված օպերատիվ տվյալների (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որի աղբյուրը հանդիսանում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և էներգետիկ կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին)` ՀՀ արտաքին առևտուրը 2013 թ.  հունվար-հուլիս ամիսներին կազմել է  1 տրլն 313.4  մլրդ դրամ կամ  3 մլրդ 189.9 մլն դոլար, առևտրի բացասական հաշվեկշիռը եղել է -633.6 մլրդ դրամ, այսինքն` ներմուծումը գերազանցել է արտահանմանը:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշները, ըստ առանձին երկրների, 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 3 189 839.0 հազար դոլար, որից` ԱՊՀ երկրների հետ` 895 460.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրների հետ` 930 756.5 հազար դոլար: Ընդ որում, Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշը  կազմել է 709 502.9 հազար դոլար, Բելառուսի ցուցանիշը` 29 119.7 և Ղազախստանի ցուցանիշը` 3 710.6 հազար դոլար: Այսինքն` ակնհայտ է, որ 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին, ինչպես նաև նախորդ տարիներին, Հայաստանի Հանրապետությունն ավելի շատ առևտուր է արել Եվրամիության, ոչ թե Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների հետ:

Փաստորեն, արտաքին առևտրի առկա կառուցվածքի պայմաններում, երբ մեր երկրի հիմնական գործընկերները հանդիսանում են ԵՄ երկրները, մաքսային նոր ռեժիմների կիրառումը նախևառաջ կհանգեցնի թանկացումների:

Գազի գնի իջեցման սպասումները նույնպես իրատեսական չեն: Հայաստանն արդեն շահեկան վիճակում է ԵՄ երկրների համեմատ: Եթե մենք գազ ստանում ենք 270 դոլարով, ԵՄ երկրի համար գինը 400-ից ավելի է: Այստեղ նույնպես էժանացումը զգալի լինել չի կարող, եթե, իհարկե, Ռուսաստանը չհանի գազի արտահանման հարկը, ինչի լավագույն պատասխանը կարող է լինել ՄՄ-ի մեկ այլ անդամի` Բելառուսի դժգոհությունն այս հարցում:

Ովքեր են ավելի շատ ներդրումներ կատարել Հայաստանում

Բացի նրանից, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք կկորցնենք տարիների ընթացքում ձևավորված արտաքին առևտրի առկա կառուցվածքը, ազատ առևտրի առկա ռեժիմները կփոխարինվեն ՄՄ առևտրային ռեժիմներով: Ահա առաջանում են  նաև ներդրումների հետ կապված հարցեր: Բազմաթիվ հայ տնտեսագետներ, վերլուծաբաններ ու փորձագետներ կանխատեսումներ են անում, թե Հայաստանի տնտեսության մեջ միանգամից ինչքան են ավելանալու Ռուսաստանի ու Մաքսային միության ներդրումները, ու թե դրանք ինչպիսի «հրաշք» են գործելու մեր տնտեսության զարգացման առումով:

Հետևաբար, հիմա էլ նայենք` օտարերկրյա ներդրումների մասով Հայաստանում Մաքսային միության անդամ երկրնե՞րն են ավելի շատ ներդրումներ արել, թե՞ Եվրամիության:

Այսպիսով` 2013 թ. հունվար-հուլիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 293.1 մլն դոլար: Ընդ որում, ՌԴ ներդրումները 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել են 38 մլն 422.6 հազար դոլար, որից ուղղակի ներդրումներ` 32 մլն 816.6 հազար դոլար: ՄՄ անդամ մյուս երկրների կատարած ներդրումների մասին, եթե իհարկե այդպիսիք կան, առանձին տվյալներ հրապարակված չեն: Սա այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրներից միայն Ֆրանսիան ընդհանուր 28 մլն  921.4 հազար դոլարի ներդրումներ է կատարել, որից ուղղակի ներդրումները եղել են 28 մլն 921.4 հազար դոլարի: Գերմանիան  12 մլն 408.2  հազար դոլարի ընդհանուր ներդրումներ է կատարել, բոլորն էլ եղել են ուղղակի ներդրումներ: Այսինքն` միայն Գերմանիան ու Ֆրանսիան միասին ավելի շատ ներդրումներ են արել, քան ՄՄ անդամ երկրները միասին:

Մի հարց էլ կա. մինչև հիմա ի՞նչն էր խանգարում Ռուսաստանին Հայաստանում ավելի շատ ներդրումներ կատարել, ի՞նչն է փոխվել, որ ռազմավարական դաշնակիցը միանգամից սկսի աստղաբաշխական ներդրումներ անել մեր տնտեսության մեջ:  Վերջապես, վերը բերված թվերն էլ, մեղմ ասած, չեն կարող համոզել, որ ռուսական ներդրումներ են համարվում նաև «գույք պարտքի դիմաց» ծրագրով ռուսական վերահսկողության տակ անցած հայկական հիմնարկ-ձեռնարկությունները ևս…

Ու արժե երկար մտածել` արդյոք Ռուսաստանի հետ առանց այն էլ ջերմ հարաբերություններն ավելի ջերմացնե՞լն էր տնտեսապես ձեռնտու, ինչը փորձում են մեզ համոզել վերջին մեկ ամսվա ընթացքում, թե՞ ԵՄ-ի հետ:

 

«Բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը». ազատամարտիկ

Գնել Գրիգորյան«Ամեն մեկս մեր զենքով Հայ դատի Մարտունու գրասենյակում նստում ու սպասում էինք, թե մեզ երբ Ղարաբաղ կուղարկեն: Բայց ինձ հաճախ խաբում չէին ուղարկում: Բոլորն ուզում էին գնալ, բայց օրինակ` 5 հոգի էր պետք: Ինձ, էսպես ասած, փայ չէր հասնում: Դրա համար շա~տ եմ վիճել շտաբի ղեկավարի` Թաթուլ Կարապետյանի հետ»,- պատմում է 54-ամյա Գնել Գրիգորյանը` հիշելով, թե ինչպես է 1988-ին միացել Արցախյան շարժմանը:

Գրիգորյանն ասում է, որ տանը մեծ գրադարան են ունեցել, միշտ պատմական գրքեր է կարդացել, հայրն էլ հայրենասեր մարդ էր ու որդու մեջ դեռ մանկուց սերմանել է հայրենասիրության ոգին: Երբ խառը ժամանակներն են վրա հասնում ու հայրենիքը պաշտպանության կարիք ուներ, Գնել Գրիգորյանը, առանց երկար-բարակ մտածելու, վերցնում է իր 5 փամփուշտանոց որսորդական հրացանն ու միանում շարժմանը: Ընտանիքն էլ` հոր գլխավորությամբ, ողջունում է նրա քայլը: Միայն երկու փոքրիկներն էին նեղվում, չնայած փոքր հասակին` հասկանում էին, որ հայրը կարող է գնալ ու էլ չվերադառնալ:

«Մի անգամ գիշերը 2-3 ժամով տուն եկա հանգստանալու: Դուրս գալիս աստիճանների դիմաց երեխաները չոքեցին, թե պապա մի գնա, բայց ես երեխեքիս վրայով անցա: Հայրենիքը սպասում էր»,- ասում է նա:

Գրիգորյանը հիշում է, որ այն ժամանակ շատերը չէին էլ պատկերացնում, որ պատերազմ կարող է սկսվել, հավատում էին, որ Ղարաբաղի հարցը խաղաղությամբ կարող է լուծվել:

Գյուղից զենքը ձեռքին զինվորագրվում է 7 երիտասարդ, 1992-ից նրանց են միանում ևս երկուսը: Լիճքեցի 9 կամավորները մինչև պատերազմի հաղթական ավարտը մարտնչում են:

Հիշում է, որ սկզբում զինվորագրվողների մասին ասում էին, թե երևի մի շահ ունեն: «Մենք մե~ծ շահ ունեինք, բայց ոչ անձնական: Մեր շահը հայրենիքի պաշտպանությունն էր»,- ասում է Գրիգորյանը:

Երբ 1994-ին Լիճքից 106 երիտասարդներ են նոր կազմավորված հայոց բանակ զորակոչվում, նոր միայն գյուղի բնակիչները հասկանում են պատերազմի լրջությունը և բուն իրավիճակը:

«Մեր պատերազմը սկսվեց բահով, դանակով, եղանով, որսորդական հրացանով, նոր կամաց- կամաց անցանք ավտոմատին, հետո` այլ զինատեսակներին: Կամաց-կամաց սովորեցինք, փորձ ձեռք բերեցինք»,- ասում է Գրիգորյանը` հավելելով, որ սկզբնական շրջանում թշնամին շատ էր նեղում. թվով էլ էին շատ, պաշարներով էլ, ռուսական զորքերն էլ ադրբեջանցիներին օգնում էին:

Պատմում է, որ իրենք բազմաթիվ սոված օրեր են անցկացրել, բայց մարտական ոգին բարձր է եղել: Ասում է, որ զարմանում էին, երբ  ադրբեջանցիների նահանջից հետո տեսնում էին, թե սննդամթերքի ինչ պաշարներ են ունեցել նրանք:

«Թուրքը կռվող ազգ չէ: Քանակը դեռ որակ չի նշանակում: Բացի այդ, հայերից կամավոր զինվորագրվել էին մարդիկ, որոնց հայրենասիրական ոգին բարձր էր: Մենք ախպոր պես էինք, իրար թև-թիկունք, մեկս մյուսի համար պատրաստ մեր կյանքը զոհելու: Դրա համար էլ մենք հաղթեցինք»,- այսպես է բացատրում հայերիս հաղթանակը Գրիգորյանը:

Առաջին մարտական գործողությանը Գրիգորյանը մասնակցել է Վարդենիսում: «Լուրջ բան չէր, մի քանի կրակոց սահմանի վրա»,- հիշում է նա: Իսկ առաջին լուրջ ռազմական գործողությունը նրա մասնակցությամբ եղել է Ճամբարակի Ջիլ գյուղում:

Հիշում է, որ սկզբնական շրջանում դժվար էր թշնամու վրա կրակելը, այն գիտակցությունը կար, որ թշնամին էլ է մարդ: Սակայն հետագայում, երբ տեսնում է ընկերների մահը, ադրբեջանցիների վայրագությունները, վրեժի ծարավով է լցվում. «Էդ ամենը տեսնելով` երդվեցինք, որ վրեժ պիտի լուծենք մեր ընկերների համար ու տրամադրվեցինք, որ կա՛մ ազատություն պիտի լինի, կա՛մ մահ»:

Գրիգորյանը կամավորների հետ մասնակցել է Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերին, ապա Քարվաճառի, Մարտակերտի, Դրմբոնի ազատագրմանը:

Երբ պատերազմն ավարտվում է, Գրիգորյանը չի շտապում քաղաքացիական կյանքին վերադառնալ: «Նոր էր կազմավորվել մեր բանակը, և կադրերի խնդիր կար: Ես դեռ անելիք ունեի»,- ասում է նա: Մինչև 1997-ը նա շարունակում է զինվորական ծառայությունը որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: Հետո արդեն, առողջական խնդիրներով պայմանավորված, ստիպված թողնում է ծառայությունը: 2008-ից Գրիգորյանը Լիճքի գյուղապետն է:

Այժմ 4 թոռների պապ Գնել Գրիգորյանը զբաղված է թոռների դաստիարակությամբ, ինչպես ժամանակին իր երեխաներին է դաստիարակել, որդուն բանակ ուղարկել, որտեղ նա անգամ մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորվել է, ապա կազդուրվելով շարունակել ծառայությունը:

Ասում է, որ անկախ ամեն ինչից, մարդ պետք է պատրաստ լինի հայրենիքը պաշտպանելուն. «Երիտասարդներին խորհուրդ կտայի, որ սիրեն իրենց հայրենիքը, պահեն ու պաշտպանեն: Պատերազմը չարիք է: Բայց եթե հանկարծ թշնամին ոտնձգության դիմի` բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը»:

 

Ճզմած սխտորով ծնեբեկ

1358363f9437893ba5d49b3c95b8c706Ծնեբեկը  К, А, С, Е  և В խմբի վիտամինների աղբյուր է, պարունակում է ֆոլիաթթու, պղինձ, մանգանաթթու, կալիում, կալցիում, երկաթ ու այլ հանքանյութեր, որոնք մաքրում են արյունը, բարերար ազդում լյարդի վրա, դուրս բերում հեղուկը (հրաշալի միզամուղ միջոց է):

Այս ուտեստը պատրաստվում է իմունիտետը բարձրացնող երկու մթերքից:

Բաղադրությունը

500 գ մատղաշ ծնեբեկ

2 ճ/գդալ կարագ

3 պճեղ սխտոր

աղ ու պղպեղ:

3(29)Պատրաստման եղանակը

Ծնեբեկը լվանալ, սխտորը մաքրել ու մանրացնել կամ ճզմել: Տապակը տաքացնել, կարագը  հալեցնելուց հետո ավելացնել ծնեբեկն ու սխտորը, ապա ծածկել կափարիչով ու երբեմն խառնելով շոգեխաշել 10 րոպե: Կրակը նվազեցնել ու եփել ևս 10 րոպե, ապա մատուցել:

Շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով

OLYMPUS DIGITAL CAMERAՇախմատային երկիր ենք համարվում, բայց դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է կազմակերպվել Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն: Սպասվում էր, որ ի վերջո, սառույցը կկոտրվի, և այս տարվա սեպտեմբերին այն կանցկացվի: Ընդ որում,  որպես մրցավայր նախապես ընտրվել էր Գյումրին, բայց ոչինչ չստացվեց: Թե ինչո՞ւ, այդ մասին խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին:

– Նախատեսված էր սեպտեմբերին Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնություն անցկացնել: Հաղթող թիմը խաղալու էր հոկտեմբերի 19-27-ը Հունաստանի Հռոդոս կղզում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությունում, սակայն  մեր հայտարարությունից հետո ոչ մի արձագանք չեղավ: Ընդ որում, մի շարք կազմակերպությունների, շախմատի կենտրոնների դիմեցինք, բայց ցանկացողներ չեղան: Թերևս պատճառն այն է, որ շախմատային ակումբներ, որպես այդպիսին, Հայաստանում չկան, չեն ձևավորվել: Նաև հետաքրքրվեցինք, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ նախկինում եղել են «Միկա», «Բանկային արքա», ՖԻՄԱ-յի շախմատիստների թիմերը, որոնք հաջող են հանդես եկել Եվրոպայի ակումբային առաջնությունում, բայց դրանք ցրվել են, քանի որ Հայաստանում միջավայր չկա ակումբային շախմատի զարգացման համար: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մարզերի ֆեդերացիաների ուժերով փորձում ենք  ակումբային շարժում ձևավորել, որպեսզի եկող տարի առաջնություն կազմակերպվի:

 – Հնարավո՞ր է, որ նախապես որոշվել էր առաջնությունը Գյումրիում անցկացնել, և դա պատճառ դարձավ, որ թիմերը չխաղան:

– Այդ հանգամանքը ոչ մի դեր չի խաղացել: Պարզապես չունենք շախմատի ակումբային այնպիսի շարժում, ինպիսին եվրոպական երկրներում կամ Չինաստանում է: Հայաստանում կա շախմատի շարժում կրթօջախներում, շախմատն ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Կարծում եմ` շախմատի զարգացման համար պետք է խրախուսել ոչ թե դպրոցներում շախմատի քարոզչությունը և տարածումը, այլ` ակումբային շախմատը: Շախմատը ոչ թե խաղ է բոլորի, այլ առավել օժտվածների համար:

 – Անդրադարձաք եվրոպական երկրներին, Չինաստանին: Շախմատի ներուժով Հայաստանը շատ երկրներից առաջ է: Ինչո՞ւ  են մեր երկրի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և ուիշները, խաղում արտասահմանյան լավագույն ակումբներում, քանիցս դարձել են տարբեր երկրների չեմպիոններ և մրցանակակիրներ, սակայն Հայաստանում հանդես գալու հնարավորություն չկա: Գուցե պետք է մե՞ծ փողեր ներդրվեն, գործարարներն այդ աշխատանքում ներգրավվեն:

– Անպայման պետք է գործարարները մասնակցեն այդ շարժմանը: Այդուհանդերձ, գործարար աշխարհի ներկայացուցիչները հենց այնպես փողեր չեն տրամադրում: Նրանք պետք հետաքրքրություն, շահագրգռություն ունենան: Մեր շախմատիստներին և շախմատիստուհիներին եվրոպական և չինական ակումբները գումարներ են տալիս:

 – Բայց շախմատի ակումբային առաջնության անցկացումը մի՞թե կարող է եկամտաբեր դառնալ: Հայաստանում մրցամարտերի ընթացքին հետևելու ցանկություն այդքան շատ մարդ կունենա՞, կատարված ծախսերը կփոխհատուցվե՞ն:

1- nyut լաMagnus-Carlsen-levon-aronian-london-classics2012 – Հայաստանում  մեծ թվով մարդիկ չեն ցանկանա ակումբային առաջնությանը հետևել: Այժմ մեր երկրում անցկացվում են բարձր վարկանիշով միջազգային մրցաշարեր, բարձրակարգ շախմատիստներ են խաղում նաև Հայաստանի տղամարդկանց առաջնություններում, սակայն խաղասրահները նախկինի պես մարդաշատ, լեփ-լեցուն չեն: Կարելի է ասել, որ դրանք նույնիսկ կիսադատարկ չեն: Այնպես որ եկամտի մասին խոսելն ավելորդ է: Իսկ խոշոր կազմակերպություններին ձեռնտու չէ թիմեր պահելը, քանի որ ոչնչով չեն նպաստի դրանց աշխատանքի բարելավմանը, ո՛չ գովազդի, ո՛չ աշխույժ առևտրի առումով:

 – Այն տպավորությունն է, որ հայկական շախմատը սկսել է դոփել տեղում:

– Զարմանալի է, որ նկատել եք դա: Մի բան է, երբ հաջողություններ են լինում, նկատի ունեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, աշխարհի առաջնությունում հաղթանակները, մեկ այլ բան է շախմատի ընդհանուր վիճակը: Հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ ուշադրություն է դարձնում մեր լավագույն խաղացողներով համալրված հավաքականի նախապատրաստությանը և մրցելույթների ընթացքին: Մնացածը, որը պետք է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամներն անեն, այն չէ: Ինձ ևս թվում է, որ շատ բան դոփում է տեղում: Փաստն այն է, որ անկախացումից հետո ունենք  նոր սերնդի շախմատիստներ, որոնք հասնում են գրոսմայստերի մակարդակի, բայց դրանից հետո նրանց արդյունքները սկսում են նվազել: Այդ հատվածի հետ աշխատող օղակ չունենք: Չկա որևէ մարմին, որը գրոսմայստերների հետագա աճն ապահովի: Մի տեսակ ստացվում է, որ շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայումս համալրված է խորհրդային ժամանակների շախմատիստներով: 23 տարի է անցել, բայց հավաքականում նոր խաղացողներ չկան, ոչ էլ  մրցասպարեզում են նշմարվում խաղացողներ, որոնք կարող են թիմը համալրել:

 – Թուրքիայում օրերս կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից ոչ մեկը չդարձավ մրցանակակիր: Ընդ որում, այդ տարիքի շախմատիստների մրցումներում նախկինում գրոսմայստեր Սամվել Տեր–Սահակյանը, լինելով տարիքով ավելի փոքր, համեմատաբար լավ էր հանդես գալիս իրենից ավելի մեծերի հետ պայքարում: Ո՞րն է պատճառը:

– Համամիտ եմ: Կա նաև խրախուսելու, քարոզչության խնդիր: Երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը երկրորդ անգամ որպես գլխավոր մրցավար կսպասարկի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Բայց այդ մասին գրեթե չի խոսվում: Մարզիչներն էլ ուշադրության կարիք ունեն: Մասնավորապես Վրեժ Օրդյանը մեր լավագույն մասնագետներից է, բայց նա այլևս Հայաստանում չի աշխատում, դուրս է եկել, շախմատի հեռակա դպրոց է հիմնել և օգնում է դրսի խաղացողներին: Շախմատային մթնոլորտն այն չէ, կազմակերպչական աշխատանքը կաղում է: Եթե այսպես շարունակվի, արդյունքներն էլ կնվազեն:

 – Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներսում տարաձայնություններ, խմորումներ կա՞ն: Օրինակ` կազմակերպության փոխնախագահ, Հայաստանի շախմատային ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանից դժգոհողները քիչ չեն:

– Ժամանակին առաջին բողոքը բարձրացրել է, չի ցանկացել համատեղ աշխատել Բարսեղ Բեգլարյանը և հրաժարվել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից: Ֆեդերացիայի կանանց շախմատի հանձնաժողովի նախագահ Արգեն Գեղամյանը հրաժարական է տվել, սակայն այն չի ընդունվել, և նա վերընտրվել է: Ինձ համար անհասկանալի է Հայաստանում շախմատային ակադեմիայի գործունեությունը: Ակադեմիան ենթադրում է  ապահովել բարձր մակարդակի շախմատ, սակայն այն զբաղվում է գյուղական բնակավայրերում շախմատը մասսայականացնելու, ինչ-ինչ հարցերով: Ի վերջո, ակադեմիան անցած ժամանակահատվածում  պետք է կադրեր աճեցներ  օլիմպիադայի մասնակցող հավաքականի համար: Չէի ցանկանա ներքին խնդիրների անդրադառնալ և գործընկերներիս մասին հանդիմանական բաներ ասել:

 – Բայց կարելի է մեկ անգամ հավաքվել և շիտակ զրույց սկսել, կնճռոտ հարցերին անդրադառնալ:

– Այո, դրա անհրաժեշտությունը կա:

 – Ինչո՞ւ վերջին շրջանում մեր առաջատար շախմատիստները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և մյուսներն իրենց նման չեն: Մեծ ներուժ ունեցող շախմատիստներ կան, բայց  դա դրսևորել չեն կարողանում:

 – Կազմակերպչական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը խանգարում է: Այս մասին նախագահը տեղյակ չէ: Մասնավորապես, ինքս հարց եմ բարձրացրել, որ այդ մակարդակի խաղացողներն օգնության կարիք ունեն: Փորձառու շախմատիստների հետ համատեղ աշխատելու լուրջ խնդիր կա: Վերջերս Արոնյանին ասել եմ, որ իր արդյունքներն իջնում են, քանի որ ճիշտ չի աշխատում: Լևոնը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Էլինա Դանիելյանն իմ սաներն են եղել: Ինքս վրդովված եմ, քանի որ բոլորն էլ մեծ օգնության կարիք ունեն: Մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը, վերջին երեք տարին տարվա մեծ մասը Հայաստանում է անցկացնում, սակայն շախմատային ոչ մի աշխատանքում ներգրավված չէ: Նա ընտրվել է ֆեդերացիայի գրոսմայստերի հանձնաժողովի նախագահ, բայց աշխատանք դեռևս չի ծավալել:

 – Խնդիրը ֆինանսների բացակայության հե՞տ է կապված:

 – Ոչ, սոսկ կազմակերպչական բնույթի է: Շեշտը դրվել է շախմատը մասսայականացնելու վրա, բայց դա խանգարում է պրոֆեսիոնալիզմին, այն ճանապարհը, որ ընտրվել է, սխալ է: Ինքս դեմ եմ, որ շախմատը որպես առարկա  դասավանդվի  հանրակրթական դպրոցներում: Ի դեպ, 1980-84 թվականներին իմ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ շախմատը դասավանդվել է Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում: Արդյունքը բացասական էր: Ուսումնասիրություններ կատարեցինք պրոֆեսորներ Լալայանի և Քալայանի հետ միասին: Համոզվելու համար միայն մեր փորձին չապավինեցինք : Ժամանակին` 1950-70-ական թվականներին, շախմատը դասավանդվել է եվրոպական երկրների դպրոցներում, և բացահայտվել է, որ երեխաներին չի կարելի սահմանափակել, ստիպել ավելորդ ժամանակ վատնել մի բանի վրա, որը նրանց սրտով չէ: Եթե նախասիրություն չկա, պարտադրաբար չի կարելի շախմատով զբաղվել: Կարելի է դպրոցներում արտադասարանական պարապմունքներ կազմակերպել:

 

Կարամելապատ խնձոր

2(41) (1)Բաղադրությունը

2 խնձոր

կես բաժակ շաքարավազ

1թ/գդալ կիտրոնահյութ

1 թ/գդալ ձեթ:

Պատրաստման եղանակը

Խնձորները լվնանալ ու չորացնել, ապա փայտիկներ խրել վրան, որ հնարավոր լինի աշխատել:

Թավայի մեջ լցնել շաքարավազը,վրան կիտրոնահյութ ավելացնել ու դնել մարմանդ կրակին և խառնել, մինչև շաքարահյութը թանձրանա ու վերածվի կարամելի:

Ափսեն ձեթոտել: Տապակի տակ կրակը նվազեցնել, ապա խնձորը խորասուզել շաքարահյութի մեջ, կարելի է նաև թաթախել, մի խոսքով, այնպես անել, որ ամբողջությամբ պատվի կարամելով: Դնել ասեի մեջ, որ սառչի, ապա կարելի է վայելել:

Խնձոր

Կարգավորում է  աղիքների միկրոֆլորան, բազում վիտամիններ ու միկրոտարրեր ունի, իսկ երկաթի պարունակությամբ ռեկորդակիր է համարվում: Խնձորը օգտակար հատկությունները շատ երկար է պահպանում, մինչև գարուն:

Ռազմավարական դաշնակցին «արջի ընկերությունը» խորթ չէ

15ca931ebbd479ca025f8516e8fԴեռևս 2000 թ. լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ լրագրողի հարցին` իսկ ի՞նչ է երևում այս աշխատասենյակից, ՌԴ նախկին ու ներկա նախագահը պատասխանում է. «Այս աշխատասենյակից երևում է, որ մեր երկիրը ապագա ունենալու համար վերակազմավորման կարիք է զգում: Կան որոշ ակնհայտ երևույթներ, որոնք այս աշխատասենյակից պետք է տեսանելի լինեն: Պետք է հասկանալ, և անկեղծ ասած, դա հասկանալի է, որ շատ կոշտ պայքար է ընթանում ոչ միայն շուկայում` ընկերությունների միջև, այլև երկրների կողմից` միջազգային թատերաբեմերում: Եվ շատ ափսոս, կա որոշակի տագնապ, քանի որ այդ մրցավազքում մենք առաջնորդ չենք հանդիսանում…»:

 Ու սկսվե~ց…

Օրերս, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, աշխարհաքաղաքական ու պատմական դիտարկում կատարեց ու նշեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում  ակնհայտ է նեոկայսերական նոր` երրորդ ալիքը: Պատգամավորի պարզաբանմամբ` Ռուսաստանը սկզբում բավականին հաշտ ու համերաշխ էր ապրում Եվրոպայի հետ, բայց հետզհետե պանսլավոնիստները կարողացան այն վերածել կայսերապաշտական ձգտումներով կայսրության, որը կործանվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այնուհետև, ինչպես համոզված է Վահան Հովհաննիսյանը, ռուս ազգայնականները փորձեցին բոլշևիկների միջոցով պահպանել կայսրությունը, ու դա որոշակիորեն հաջողվեց, և արդյունքում ստեղծվեց ռուսական երկրորդ` այս անգամ բոլշևիկյան կայսրությունը, որը նույնպես տապալվեց: Այժմ Ռուսաստանը նորից փորձում է  հագուրդ տալ իր կայսերապաշտական նկրտումներին, և իրադարձությունները հուշում են, որ նեոկայսերական ալիքով նոր կայսրություն են փորձում ստեղծել:

Նման կայսրության համար հարկավոր են երեք գլխավոր հենասյուներ` ռազմական, տնտեսական և  քաղաքական: Ի դեմս ՀԱՊԿ-ի` Ռուսաստանը լուծել է ռազմական բաղադրիչի հարցը: Մաքսային միությունը, բնականաբար, նոր կայսրության տնտեսական հենասյունն է հանդիսանալու, իսկ երրորդ` քաղաքական հենասյունն էլ, անշուշտ, կլինի Ռուսաստանի կողմից նախաձեռնված Եվրասիական միությունը: Ու կայսրությունը պատրաստ է…

Բնականաբար, այս համատեքստից անջատ հնարավոր չէ դիտարկել Հայաստանում ընթացող որոշ իրադարձությունների ու միջադեպերի տրամաբանությունը:

Այսպես,  սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից ընդամենը 3 շաբաթ անց Հայաստանում երկու կարևոր միջադեպեր եղան, որոնց վրա, այս համատեքստում, հնարավոր չէ ուշադրություն չդարձնել: Առաջին` սեպտեմբերի 25-ին Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ՀՀ միջպետական ճանապարհի վրա կանգնեցրել, խուզարկել ու հայ պատգամավորի ազատ տեղաշարժը խոչընդոտել էին ՌԴ-ի անվտանգության` ԱԴԾ -ի աշխատակիցները: Երբ պատգամավորին ուղեկցողները փորձել են տեսանկարահանել միջադեպը, ՌԴ-ի ներկայացուցիչներից մեկը հարձակվել և կոտրել էր նրանց տեսախցիկը: Իհարկե, այնուհետև միջադեպի կապակցությամբ պարզաբանմամբ հանդես եկավ ռուսական կողմը: Մասնավորապես` ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչությունից ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին հայտնել էին, թե  սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որը, ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:

«Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ: Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը: Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իրեն ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին»,- նշում է ռուսական կողմը: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը, իհարկե, նաև նշել էր, թե ցավում է տեղի ունեցածի համար, բայց միայն այս միջադեպով ամեն ինչ չվերջացավ:

Սրանից հետո Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը  տեղեկատվություն տարածեց, որ Գյումրիի 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ) բնակվող մի քանի հայ ընտանիքներ ահազանգել են, որ իրենց ստիպում են ազատել բնակարանները, որպեսզի դրանք տրամադրվեն Ռուսաստանից ժամանող զինվորականների ընտանիքներին: Ըստ ահազանգողների` թաղամասի բոլոր ընտանիքներին թերթիկներ են բաժանվել, որտեղ նշված է, որ 10-օրյա ժամկետում նրանք պետք է ազատեն իրենց զբաղեցրած բնակարանները, որպեսզի ռուս ընտանիքների համար տեղ բացվի: Իսկ ըստ թաղամասում ապրող ռուս զինվորականների` 102-րդ ռազմաբազան լուրջ համալրումներ է ունենալու, և ևս 3000 ընտանիք տեղափոխվելու են Գյումրիում բնակվելու:

Այս մի միջադեպն էլ դիտարկենք ՌԴ-ի կողմից իրականացվող «հայրենակիցներ» ծրագրի հետ միասին… Ստացվում է, որ Ռուսաստանը, մի կողմից, դատարկում է Հայաստանը, մի այլ կողմից` զենք վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին, իսկ մյուս կողմից էլ համալրում է Հայաստանում տեղակայված իր ռազմական կոնտինգետն ու նաև ռուս զինվորականների ընտանիքներով վերաբնակեցնում Հայաստանը:

 

Ակամա հիշեցինք դեռևս անցյալ տարի ռուս լրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հեղինակային`«Պոեդինոկ» թոք-շոուի հերթական հաղորդումներից մեկը, որը վերաբերում էր Մերձավոր Արևելքի իրադարձություններին ու իսլամական շարժումների համատեքստում ՌԴ-ի իրականացնելիք քաղաքականությանը: Այդ հաղորդման շրջանակներում   բանավիճողները ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ՌԼԴԿ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ու ՌԴ իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալն էին: Վլադիմիր Ժիրինովսկին, անդրադառնալով արաբական գարնան ու համաշխարհային իսլամի դեմ ՌԴ անհրաժեշտ քայլերին, նշեց, որ որպես արաբական աշխարհից ՌԴ-ին սպառնացող իսլամական շարժման դեմ պայքարի միջոց Ռուսաստանը պետք է Կովկասում իրագործի «կենդանի պատնեշի» քաղաքականություն. մասնավորապես` Կովկասի բնակչության 70 տոկոսը պետք է լինի ռուս ազգաբնակչություն…

Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են, քանի որ վերը նշված դեպքերն այս համատեքստում առավել քան խոսուն են:

 

Լավ իմունիտետ` ամուր առողջություն

acquired_immune-2_bigԻմունիտետի ամրապնդումը հարկավոր է սկսել  լյարդից

Իմունիտետ հասկացությունը հայտնի է բոլորին: Շատերն են փորձում գտնել այն բարձրացնելու և ամրապնդելու միջոցները, հատկապես հիմա, երբ սկսվել է գրիպի ու մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների սեզոնը: Սակայն քչերն են գիտակցում, թե ինչ ասել է իմունիտետ այն բարդ ու բազմամակարդակ համակարգի իմաստով, որի ակտիվությունը կապված է ներքին օրգանների աշխատանքի հետ:

Պարզվում է, որ իմունիտետի «աջ ձեռքը» լյարդն է: Գիտականորեն հաստատված է, որ լյարդն ավելի քան 500 ֆունկցիա է կատարում ու նյութափոխանակության գործում «գլխավոր խաղացողն» է համարվում: Եթե համեմատելու լինենք բժշկական լաբորատորիաների հետ, ապա լյարդը ողջ օրգանիզմի հետազոտական ու վերամշակող կենտրոնն է, որն օրվա 24 ժամն ու տարվա 365 օրն աշխատում է  անընդմեջ: Բացի այդ, լյարդն «առանց հանգստյան օրուժամի» իմունագլոբուլինի, հակամարմինների ու ինտերֆերոնի և իմունիտետի համար պահանջվող այլ «աղյուսիկների» համար սպիտակուց արտադրող ֆաբրիկա է:

Լյարդի ֆունկցիայի խանգարման հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիաների նկատմամբ նվազում է: Օրինակ` շաքարային դիաբետով տառապող մարդիկ (երբ մարդը կորցնում է գլյուկոզան նորմալ յուրացնելու ունակությունը) հաճախ հիվանդանում են  բորբոքային քրոնիկ հիվանդություններով, երկար ու վատ են ապաքինվում վարակներից, մրսածությունից ու վնասվածքներից:

Ուրեմն իմունիտետի ամրապնդման համար առաջինը հարկավոր է ուշադրություն դարձնել լյարդի առողջությանը:  Սակայն դժվար է հասկանալ լյարդի վիճակը, քանի որ այն «լուռումունջ» է, ու դրա շեղումները նախնական փուլում ընթանում են առանց հատուկ ու ընդգծված ախտանշանների: Իսկ երբ զգալի են ու ակնհայտ, կնշանակի խնդիրը խորացել է ու բուժման իմաստով բարդացել: Նման ախտանշաններ են ուժահատությունը, շուտ հոգնելը, քնատությունը, սրտխառնուքը, ախորժակի կորուստը, աջ կողատակում ծանրության զգացումը, նույն տեղում` մաշկի քորը, հաճախակի մրսածությունը: Սակայն մեծ մասը գլխի չի ընկնում, որ այդ  տհաճ ախտանշանները կապված են  լյարդի խանգարման հետ:

Լյարդի լիարժեք ու արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է նորմալ սնունդ ստանալ. գլյուկոզա և ճարպաթթուներ, որոնք ծառայում են որպես էներգիայի աղբյուր:

Բնական վիճակում ճարպաթթուներ պարունակում են ձեթը, ընկույզը, ցանկացած սերմը, քնջութը, սոյան, ջրիմուռներն ու ձկան յուղը: Այդ մթերքները  հարկավոր է հնարավորինս հաճախ ընդունել, դրանք են առողջության  համալիր վերականգնման հիմքը:

downloadՀիշեցեք` եթե նույնիսկ փորձում ենք առողջ ապրելակերպ վարել,  միևնույն է, ժամանակակից էկոլոգիական  պայմաններում օրգանիզմը  գուցեև չկարողանա հասցնել մաքրվել: Առողջությանը հետևեք, որ բանը լյարդին չհասնի, քանի որ լյարդի առողջությունը հարկավոր է լավ ինքնազգացողության ու հիվանդություններից խուսափելու համար:

Ինչպես է մեր օրգանիզմը պայքարում հիվանդությունների դեմ

Իմունիտետը օրգանիզմի բնական դիմադրողական պաշտպանությունն է , որը կարող է փոփոխվել զանազան գործոնների ազդեցությամբ: Անծանոթ «թշնամու» հանդիպելով` բնական դիմադրողականությունը պայքարի առաջին դիրքերում  սովորում է  հատուկ նյութեր մշակել` հակամարմիններ, կոնկրետ հակառակորդի դեմ պայքարի համար: Լավ է, իհարկե, եթե այդ ուսուցումը կատարվում է պատվաստանյութերի վրա, որոնց օրգանիզմը  կարողանում է դիմադրել առանց հատուկ ջանքի: Ավելի բարդ է, երբ օրգանիզմը ստիպված է մասնակցել «իրական մարտերի»` իսկական վարակի դեմ: Պատվաստանյութի ազդեցությամբ կամ վարակիչ հիվանդության  հետևանքով արյան մեջ հակամարմիններ են հայտնվում, որոնք կարող են պայքարել հարուցիչի դեմ: Հակամարմինները  ոստիկանությունն են, որի գործողությունների համար պատասխանատու է «կենտրոնական իշխանությունը»: Սակայն, քաղաքապետարանը մարտի գոտում չի քնում: Օրգանների հյուսվածքներում ու բջիջներում «չարագործների» գործողություններին ի պատասխան` մշակվում են լուծվող պաշտպանական նյութեր, որոնք բարձրացնում են հատուկ վարակի հանդեպ տեղի դիմացկունությունը:

Կհիվանդանանք, թե ոչ, դա ոչ միայն հարուցիչի ակտիվությունից է կախված, դրա ախտածնությունից, հիվանդություն առաջացնելու ունակությունից, այլև իմունիտետից: Այն կարող է լինել բնական (բնածին), երբ մեր անընկալությունը պայմանավորված է  բնածին կենսաբանական առանձնահատկություններով: Բնածին իմունիտետը տեսակի, ժառանգաբար փոխանցվող հատկություն է: Ձեռքբերովի իմունիտետը`  մեր օրգանիզմի ու հարուցիչի «շփումների» արդյունք է: Երբեմն մարդն անընկալունակ է այս կամ այն հիվանդության նկատմամբ անհայտ պատճառով: Ավելի շուտ, դա անբավարար ակտիվություն ունեցող մանրէների կամ դրանց փոքր քանակի հետ «շփման» արդյունք է: Նորածինների իմունիտետը բացատրվում է հակամարմինների առկայությամբ, որոնք փոքրիկի օրգանիզմ են ընկնում մոր արգանդից կամ կաթի միջոցով: Արհեստական իմունիտետը բժշկության ձեռքբերում է:

Հետաքրքիր փաստեր

Համբույրը` պատվաստում

Միջին վիճակագրական մեկ համբույրի ժամանակ զույգերը թքի միջոցով միմյանց են  փոխանցում հսկայական քանակությամբ միկրոֆլորա: Ավստրիական ակադեմիայի անցկացրած լայնամասշտաբ ուսումնասիրություններն ապացուցեցին, որ համբույրը պատվաստանյութի ազդեցություն ունի,  ուստի խորհուրդ են տալիս հաճախակի «պատվաստվել»: Ի դեպ, փորձին մասնակցել ցանկացողներն անհամար են եղել:

Իմունիտետն ու նրա տերը

Եթե ձեր ամուսինը փափուկ ու հաշտվող բնավորություն ունի, ապա ուշադրություն դարձրեք նրա  առողջությանը. դա նշանակում է, որ նրա իմունիտետը բնությունից թույլ է: Սա պնդում  են Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները: Նրանց ուսումնասիրությունն ապացուցել է, որ  համառ և նույնիսկ ագրեսիվ տղամարդկանց իմունային համակարգը լավ է պայքարում վարակների դեմ, քանի որ նրանց արյան մեջ միշտ շատ լիմֆոցիտներ կան, որոնք սպանում են օրգանիզմում հայտնված ցանկացած  օտար մանրէ: Սակայն չափազանց ագրեսիվությունը ի չիք է դարձնում այդ առավելությունը:

Սպորտ. վտանգավոր է իմունիտետի համար

Բարեկազմություն կամ պինդ առողջություն ընտրել ստիպված են նրանք, ովքեր տանջում են իրենց մարզասրահում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է  օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիաների նկատմամբ, քանի որ դանդաղեցնում է լիմֆոցիտների մշակումը: Ավստրալացի բժիշկները, հետազոտելով 168 մարզիկի, պարզել են, որ մարզումների ժամանակ նրանք ավելի խոցելի են, հաճախ են հիվանդանում մրսածության հետևանքով առաջացող  հիվանդություններով: Օրինակ` մարաթոնյան վազքից հետո առաջին 2 շաբաթը մրսածության հիվանդություններ ունեին աթլետների 72%-ը: Նվազ ինտենսիվ մարզումները հակառակը` բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական ուժերը: Միջին տեմպով ամենօրյա 45-րոպեանոց զբոսանքը 50%-ով  նվազեցնում է մրսածության ու գրիպի վտանգը:

Իմունային «կլիմա-կոնտրոլ»

Բարերար կլիման միջոց է, որը բարելավում է իմունիտետը, եթե անգամ քաղաքից դուրս գալ կարողանում ենք միայն արձակուրդի ժամանակ: Իմունային համակարգի համար հատկապես օգտակար են ծովի (չափավոր շոգ, թեկուզև խոնավ աղի օդը) և բարձրլեռնային կլիման (չափավոր շոգ չոր օդը` թթվածնի ցածր պարունակությամբ):

 

Իմունիտետն առավոտյան չեն մարզում

Մեծ Բրիտանիայի, Բուռնելի համալսարանի մասնագետները զգուշացնում են, որ առավոտյան մարզումներն ավելի շատ վնաս կարող են պատճառել, քան օգուտ տալ: Դա ապացուցվել է փորձով. տարբեր պատրաստվածություն ունեցող 14 մարդ  սպորտով զբաղվել է առավոտվա 6-ին և երեկոյան 6-ին: Անալիզները ցույց են տվել, որ առավոտյան ծանրաբեռնվածությունների ժամանակ հակամարմիններից Ա դասի մակարդակը նկատելիորեն նվազել է, նշանակում է` մեծացել է հիվանդանալու ռիսկը: Ուստի լավ է մարզումները  երեկոյան անել:

Իմունիտետ. միացնել-անջատել

Կոլումբիական համալսարանի գիտնականները գտել են իմունային համակարգը ժամանակավոր անջատելու միջոցը: Ընդ որում, այդ «վարդակը» հենց մարդու օրգանիզմում է. դրանք  տ-սուպրեսոր կոչված լիմֆոցիտներն են: Դրանք խթանում են հատուկ սպիտակուցների մշակումը, որոնք արգելափակում են իմունային համակարգի ակտիվությունը, և այն ավելի «հանդուրժող» է դառնում օտարածին մարմինների նկատմամբ: Այս բացահայտումը հաջողությամբ կարելի է կիրառել 2 դեպքում. փոխպատվաստման (դա կօգնի լուծելու օրգանիզմի կողմից  դոնորական օրգանի մերժման հարցը) և աուտոիմունային հիվանդությունների բուժման:

Իմունիտետի ամրապնդման միջոցներ

Իմունիտետի ամրապնդման (հատկապես երեխաների) խնդիրը հատկապես սրանում է հիվանդությունների ու քրոնիկ հիվանդությունների  սրման շրջանում: Աշնանային վարակիչ հիվանդությունները վտանգավոր չեն, եթե օրգանիզմի պաշտպանական ուժերը կարգին վիճակում լինեն: Առաջին հերթին վարակիչ հիվանդությունները խոցում են թույլ իմունիտետով մարդկանց: Հետևաբար, իմունիտետի բարձրացումն ու ամրապնդումն այն գլխավոր խնդիրն է, որի համար պետք է հնարավորինս արագ ու շուտ հոգ տանել: Իսկ դա այնքան էլ դժվար չէ:

Նախ պետք է ուշադիր լինել, որ վարակի ախտանշանները շուտ  նկատեք: Ժամանակը թանկ է, ուստի անմիջապես հարկավոր է գործի անցնել: Օրական առնվազն մեկ անգամ օդափոխեք սենյակը թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Առաջին հերթին թթվածինը հարկավոր է ուղեղի, սիրտ-անոթային, նյարդային ու իմունային համակարգի  նորմալ աշխատանքի համար: Երկրորդ, այդպիսով վնասակար մանրէներն ու վարակները սենյակում չեն կուտակվի:

Իմունիտետի բարձրացման համար հարկավոր է շատ շարժվել ու հնարավորության դեպքում մարզվել: Թարմ օդին զբոսանքը կլուծի այդ խնդիրը: Ոտքով 20-30 րոպե զբոսանքն արյունը հարստացնում է թթվածնով, թուլացնում էմոցիոնալ լարվածությունն ու ամրացնում նյարդային համակարգը և այդպիսով օգնում դիմադրելու հիվանդություններին:

Լիարժեք քուն ապահովեք, քրոնիկ անքնությունը կամ կիսատ քունը վնասում է իմունիտետը, հատկապես` երեխայինը, և վատ է անդրադառնում նրա ինքնազգացողության վրա: Քնեք  օրական ամենաքիչը 7-8 ժամ: Բոբիկ քայլեք կամ մերսման սարքի վրա մարզվեք, քանի որ ոտնաթաթի վրա բազում կետեր կան, որոնց վրա ներազդելով` օգնում ենք օրգանիզմին աշխատել ինչպես հարկն է: Հաճախ ժպտացեք. վերջերս հոգեբանները հետաքրքիր բացահայտում կատարեցին.  լավատեսներն ավելի պինդ իմունիտետ ունեն, քան հոռետեսները:

Բուսական միջոցներ կիրառեք, որոնք խթանում են իմունային համակարգի աշխատանքը: Տաք-սառը հերթագայությամբ ցնցուղ ընդունելը ամրապնդում է իմունիտետը, լավացնում արյան շրջանառությունն ու օգնում, որ անոթները կարգին վիճակում լինեն, սակայն մի մոռացեք, որ բարձր ճնշման, սրտի ու արյան հիվանդությունների դեպքում դա հակացուցված է: Ամեն օր  տաք ցնցուղի տակ 10-15 վայրկյան կանգնեք, ապա նույնքան էլ` սառը ցնցուղի տակ: Կրկնեք 3-5 անգամ: Ցնցուղից հետո լավ չորացեք:

Խուսափեք սթրեսներից: Նյարդային ցնցումները բացասական հետևանք են ունենում նաև  ներքին օրգանների վրա: Էմոցիոնալ լարվածությունից կրկին տուժում է իմունիտետը: Ծանր օրվանից հետո 30-40 րոպե զբաղվեք սիրած գործով, որը ձեզ բավականություն է պատճառում:

Բանջարեղեն ու միրգ օգտագործեք, որոնք հարուստ են ցինկով, երկաթով ու C վիտամինով. կիտրոն, լոբի, մասուր, կաղամբ, դդում, սև հաղարջ, սոխ, սև սալոր, խնձոր:

 Հասմիկ ԱԶԱՐՅԱՆ

Ազատամարտիկներին թոշակ նշանակելը ձեռնտու չէ պետության համար

83jQF7f3KQmqsoYUSwBikryyWLԱրդեն ինչքան ժամանակ է, ինչ ազատամարտիկները դուրս են եկել փողոց: Նրանք դուրս են եկել հացադուլով, նստացույցով, բողոքի ակցիաներով` իրենց սոցիալ–կենցաղային խնդիրների վրա մեր երկրի ղեկավարության ուշադրությունը գրավելու համար: Ընդ որում, այն ղեկավարության, որի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն իրենք էլ են պարծենում ազատամարտիկ լինելու հանգամանքով… Սակայն նույնիսկ «յուրայինների»` ղեկավար լինելու հանգամանքը չի օգնում ազատամարտիկներին, որ ոչ թե քաղաքական, տնտեսական, այլ ընդամենը սոցիալ–կենցաղային վիճակին վերաբերող պահանջները բավարարվեն:

 Փող չկա, որ ազատամարտիկներին տան

Ու եթե բոլորն էլ տրամաբանական ու տեղին են համարում, որ ազատամարտիկների բարձրացրած այդ հարցերը պետք է բավարարվեն, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչու, վերջիվերջո, այդ պարզ, տրամաբանական, հասկանալի ու ընդունելի պահանջները չեն բավարարվում:

Նայենք հարցին մեկ այլ տեսանկյունից: Ազատամարտիների բարձրացրած պահանջները, հատկապես թոշակների պահանջը, առաջիկա գոնե մի քանի տարիներին չի բավարարվի: Դրա համար կան «օբյեկտիվ» թվացող պահանջներ: Դժվար չէ հասկանալ մի քանի թվերի համադրությունը: Օրինակ` թերևս ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանում քանի ազատամարտիկ կա: Համենայն դեպս, ԱԺ-ն միայն այս տարի համապատասխան օրենք ընդունեց, որով պետք է սահմանվի, թե ովքեր են ազատամարտիկ, ովքեր` պատերազմի մասնակից և այլն: Ու դրանից հետո միայն պետք է կարգավորվի ու հստակեցվի, թե քանի ազատամարտիկ կա Հայաստանում: Ողջ մնացածներին նկատի ունենք: Մի խոսքով,ոչ պաշտոնական թվերով, Հայաստանում այսօր ապրում է մոտ 50-60 հազար ազատամարտիկ, ներառյալ` եռամսյա հավաքների շրջանակներում արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցները:

Ընդունենք, թե նրանց թիվը  նվազագույն է`50 հազար հոգի: Նրանց, բնականաբար, չեն նշանակի զինվորական նորմալ թոշակներ, այլ ենթադրենք` կառավարությունը կորոշի նրանց ամեն ամիս, որպես թոշակ, վճարել զինվորական նվազագույն թոշակի չափով թոշակ` 60 հազար դրամ: Այդ դեպքում կստացվի, որ միայն ազատամարտիկներին մեկ ամսում պետբյուջեից պետք է վճարվի 3 մլրդ դրամ գումար, իսկ մեկ տարում` 36 մլրդ դրամ: Դա մոտավորապես 88 մլն 235 հազար դոլար է կազմում: Հաջորդ տարվա բյուջեն, ըստ օրերս ԱԺ-ին ներկայացված բյուջեի նախագծի, կկազմի 1,15 տրլն դրամ, և կունենանք մոտ 130 մլրդ դրամի դեֆիցիտ: Այսինքն` ազատամարտիկների թոշակային բավարարումը կազմակերպելու համար պահանջվող ծախսերը բավականին լուրջ մեծություն են: Տրամաբանությունը պարզ է` փող չկա…

Բայց հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Այս մարդիկ` ազատամարտիկները, իրենց կյանքի ու արյան գնով ձեռք են բերել անկախություն, ազատագրել են տարածքներ, ու նրանց ինքնազոհությամբ ապահովել են մեր` պետություն ունենալու իրավունքը` իր բոլոր բաղադրիչներով հանդերձ: Այսինքն` այս երկիրն ինչ չափելի ու անչափելի արժեք ունի, դրա համար պարտական ենք հենց ազատամարտիկներին:

Փո՞ղ չկա, թե՞ փող գտնելու ցանկություն

Հարցին նայենք ևս մեկ կողմից: Սովորաբար երկրներն իրենց այս կամ այն կառույցի արդյունավետությունը կամ նրա գոյության անհրաժեշտությունն արդարացնելու համար այդ կառույցների ստեղծած արժեքը վերածում են չափելի մեծության` եկամտի, ու նշվում է, թե այս կամ այն կառույցը պետությանը որքան օգուտ է տվել:

Հիմա  Հայաստանում ամենաբարձր վարձատրվող պետական աշխատանքներից են պատգամավորների, նախարարների, դեսպանների, դատավորների աշխատավարձերը: Օրինակ` Հայաստանն ամբողջ աշխարհում այս պահին ունի առնվազն 37 դեսպան, որոնք աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են կամ պետք է ներկայացնեն ՀՀ-ն. չհաշված միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հյուպատոսներին և այլն: Այժմ նայենք, թե ինչքան օգուտ են նրանք տվել Հայաստանին չափելի մեծությամբ: Դա անհնար է, քանի որ Հայաստանում երբեք նման հաշվարկ, վերլուծություն, հաշվետվություն չի իրականացվել: Ու եթե մի քանի դեսպաններ իրոք շատ լավ ու արդյունավետ են աշխատել, կարողացել են Հայաստանի համար ապահովել վարկեր, դրամաշնորհներ, նվիրատվություններ, ներդրումներ, կարողացել են այնպես անել, որ Հայաստանն ավելի քիչ ծախսի և այլն, ապա շատերն էլ այդքանը չեն արել: Բայց նրանք շարունակում են բարձր վարձատրվել, իսկ դիվանագիտական ծառայության վերջանալուն պես էլ կստանան բարձր թոշակներ:

Ու եթե դիվանագիտական ծառայություն անցկացնողների աշխատանքը դեռ արդարացված ու թեկուզ անտեսանելի, բայց հույժ կարևորներից է, ու եթե նրանք ֆինանսական կամ չափելի օգուտ էլ չեն տալիս երկրին, գոնե անուրանալի է, որ ինչ-որ օգուտ, այնուամենայնիվ, տալիս են, ուրեմն նայենք մեր «փառապանծ» դատական համակարգին:

Ամենավերջին` 2012 թ. տվյալներով` Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ավելանում են: ՄԻԵԴ-ը մեկը մյուսի հետևից վճիռներ է կայացնում ընդդեմ Հայաստանի: Դատավորների սխալի պատճառով պետբյուջեից մոտ կես մլն եվրո տուգանք կվճարվի: Ըստ ՄԻԵԴ-ի 2012 թ. հաշվետվության` Հայաստանից ուղարկվել է շուրջ 800 գանգատ: Մինչ օրս ընդդեմ Հայաստանի կայացվել է 42 վճիռ, որից 15-ը` միայն 2012 թ. ընթացքում: Ըստ կայացված 42 վճիռների` մեր կառավարությունը պարտավորվել է իր քաղաքացիներին վճարել, ընդհանուր առմամբ, 440 հազար եվրո տուգանք, որից 225 հազար եվրոն արդեն վճարվել է:

Իհարկե, ԱԺ-ին նոր բյուջեի նախագիծը ներկայացնելիս ԱԺ պատգամավորներին Վաչե Գաբրիելյանը հավաստիացնում էր, որ այդ միջոցները հատկացվում են արտաբյուջետային միջոցներից, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. բոլոր դեպքերում մինչ այժմ դեռ ոչ մի դատավոր սխալ վճիռ կայացնելու ու դրանով հանդերձ ՀՀ-ին ֆինանսական վնաս պատճառելու կապակցությամբ չի պատժվել: Ավելին` դատավորները, դատախազները, հանգիստ պաշտոնավարում են, հետո հանգիստ անցնում են թոշակի, հետո էլ, առավել հանգիստ, ստանում իրենց բարձր աշխատավարձին համապատասխան բարձր թոշակ:

Ստացվում է, որ անգնահատելի օգուտ տվածների հարցերը մնում են օդում, իսկ պետությանը վնաս հասցրած մարդիկ անհոգ շորունակում են օգտվել այդ նույն պետության միջոցներից: Իսկ ազատամարտիկները նստացույց են անում, հացադուլ, բողոքի ցույցեր են կազմակերպում, այնուհետև քրեական հետապնդման ենթարկվում, իսկ նրանց բարձրացրած խնդիրներն էլ մնում են օդում, հավանաբար` մինչև հաջորդ պատերազմ:

 

Հասկանալի է` ազատամարտիկների կենսաթոշակային հարցերը լուծելու համար պետությունը միջոցներ չունի` ի տարբերություն դիվանագետների, դատավորների ու պատգամավորների «կարիքները հոգալու» համար պահանջվող միջոցների:  Բայց գոնե կարո՞ղ են լուծվել այնպիսի կոմունալ-կենցաղային հարցեր, ինչպիսիք են կոմունալ վճարների զեղչերի կիրառումը, նրանց երեխաների ուսման վարձը փոխհատուցելը, բժշկական ապահովագրությունը, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելը և այլն: Վերջին երկուսը, իհարկե, պաշտոնապես գործում են, սակայն միայն պաշտոնապես, քանի որ հասարակական տրասնպորտի այն ուղեգծերը, որոնք սպասարկում են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ազատամարտիկի վկայականին ուշադրություն չեն դարձնում, իսկ անվճար բուժօգնությունից օգտվելու համար ազատամարտիկից այնքան թղթեր, տեղեկանքներ, ջանքեր ու միջոցներ են պահանջվում, որ նույնիսկ առողջ մարդն այդ ամբողջը ապահովելու համար կհիվանդանա, իսկ բուժօգնության կարիք ունեցող ազատամարտիկը, մինչև այդ ամբողջ բյուրոկրատական քաշքշուկի միջով անցնի, արդեն ոչ թե բուժօգնության, այլ բոլորովին ուրիշ ծառայության կարիք կունենա. ցավոք սրտի` հետմահու…

Չմոռանանք, որ Հայաստանի համար պատերազմը դեռ ավարտված չէ, հիշենք, որ հիմա ընդամենը հրադադար է, որն ամեն վայրկյան կարող է խաթարվել, ու այդ դեպքում կռվող մարդկանց կարիք նորից կզգացվի…

Կարևորը կայացրած որոշումը չէ, այլ դրա արդյունավետությունը

ԵՄ, թե Մաքսային միություն. քննարկումները չեն դադարում

Hrant-Melik-ShahnazaryanՎերլուծություններ դեռևս չեն արվել` հասկանալու համար, թե Մաքսային միության որոշման արդյունքում ինչ օգուտներ կամ վնասներ կունենա մեր երկրի տնտեսությունը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, սակայն կան կանխատեսումներ, որոնք հնարավորություն են տալիս գոնե հասկանալու և առավել իրատեսորեն գնահատելու իրավիճակը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան

Մաքսային միությանն անդամակցելու անկյունաքարը եկեք դիտարկենք հանրապետության անվտանգության խնդիրների տեսանկյունից: ՀՀ նախագահի հնչեցրած այն բացատությունը, թե երկիրը չի կարող գտնվել անվտանգության մեկ համակարգում և միաժամանակ տնտեսաական զարգացման մեկ այլ համակարգում, կարծում եմ` լավագույնս  ցույց է տալիս այդ որոշման հիմնական պատճառը: Ընդհանրապես, քաղաքական և ժողովրդավարական զարգացման առումով Եվրոպական միության հետ ասոցացման պայմանագիրը և դրան ուղղված նախապատրաստական գործընթացները, ինչպես նաև եվրոմերձեցման քաղաքականությունը նպաստում են Հայաստանում առավել ժողովրդավարական գործընթացների իրականացմանը և դրանց առավել արագ տեմպերին: Իմ կարծիքով, ԵՄ ասոցացման պայմանագրի չստորագրման գաղափարը, այնուամենայնիվ, բացասաբար կանդրադառնա այդ գործընթացների իրականացման վրա:

Իսկ տարածշրջանային և աշխարհաքաղաքական տեսանկյունից հարակից տարածաշրջաններում ԵՄ-ն բավական սահմանափակ  է  իր հնարավորություններով: Նրանք անվտանգության ապահովման որևէ  միջոց ու հնարավորություն չունեն և հիմնականում կենտրոնացած են ԵՄ պետությունների, մասնավորապես` տնտեսական ճգնաժամերի հետևանքների հաղթահարման գործընթացների վրա: Նույնը չի կարելի ասել Ռուսաստանի Դաշնության առումով, որը  գոնե հարակից երկրներում բավական ազդեցիկ է և վճռորոշ դեր ունի քաղաքական գործընթացներում:  Եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա Մաքսային միությանն անդամակցելը, իսկ հետագայում Եվրասիական միավորման ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը կարող են նպաստել նաև հետխորհդային տարածաշրջանում և Հարավային Կովկասում Հայաստանի քաղաքական կշռի բարձրացմանը:

Սովորաբար կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ուստի ձեռնպահ կմնամ, մանավանդ որ Մաքսային միությունը, դեռևս չձևավորված կառույց  լինելով, արդեն իսկ բավական լուրջ խնդիրներ է պարունակում իր մեջ, և խոսքը առաջին հերթին վերաբերում է Բելառուսի հետ Ռուսաստանի հարաբերություններին: Այստեղ մրցակցությունը դեռևս սուր է և կարող է անգամ Մաքսային միության չկայանալու պատճառ դառնալ:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների հետագա ընթացքին, ապա կարծում եմ, որ որևէ սահմանափակում չի լինի: Բոլորս էլ գիտենք, որ Վրաստանի իշխանություններն այնքան էլ ոգևորված չեն այն  հանգամանքով, որ Հայաստանը ավելի է սերտացրել իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, որին Վրաստանը դիտում է որպես հակառակորդ պետություն: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ առկա մարտահրավերները Հայաստանի համար այլ տարբերակ չեն թողնում, և այդ իրավիճակը փաստացի առկա է եղել ԽՍՀՄ փլուզման հենց առաջին օրվանից, երբ Հայաստանը տարածաշրջանում  ՌԴ-ի միակ դաշնակիցն էր:

Իհարկե,  հայ-վրացական հարաբերություններն ապագայում ևս շարունակական կլինեն: Սակայն ավելի լուրջ խոչընդոտող խնդիրներ կան, քան Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Խոսքն ադրբեջանական գործոնի ազդեցության մասին է Վրաստանի հետ, կամ տեղի հայության նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականության: Սրանք ավելի հիմնավոր պատճառներ են հայ-վրացական հարաբերությունների վատթարացման համար, քան Մաքսային միությանն անդամակցելը:

arsen xazaryan.jpg 1ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյան

Իմ կարծիքով` մամուլում,  հասարակական քաղաքական գործիչների  ելույթներում ավելի շատ գերակայում է այս հարցի մշակութային կողմնորոշումը՝ ընտրել Արևմո՞ւտքը, թե՞ Արևելքը: Եթե ամփոփենք մեր պետության  և առհասարակ տնտեսության զարգացումները  այս 22 տարիներին, ապա շատ տրամաբանական է, որ արդեն հասել ենք մի էտապի, երբ ինքներս պետք է ցանկանայինք լինել Մաքսային միության անդամ, քանի որ այն բարձրացնում է մեր տնտեսական և ռազմաքաղաքական անվտանգությունը մի քանի աստիճանով:  1991-ից Հայաստանը դարձավ ԱՊՀ անդամ պետությունների լիիրավ անդամ և եղավ նրա ստեղծման ամենաակտիվ մասնակիցներից: Հետագայում զարգանալով Հայաստանը մտավ Ռազմաքաղաքական դաշինքի մեջ՝ ՀԱՊԿ-ի կազմում, և ՌԴ-ն դարձավ մեր անվտանգության երաշխիքը: Մեր արտահանման զգալի հատվածն իրականացվում է դեպի ԱՊՀ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան:

Այս տարի մենք աննախադեպ ծավալներով ծիրան ենք արտահանել ՌԴ, այժմ նույն տեմպերով շարունակվում է պտուղ-բանջարեղենի արտահանումը, իսկ կոնյակի արտահանումը վերջին երեք տարիներին  շուրջ 10 տոկոսով  աճել է և դեռ կաճի, քանի որ շուկան բավական մեծ է: Դա մի շուկա է, որտեղ մուտք գործելու համար  եվրոպական և ԱՄՆ-ի բիզնես շրջանակները մեծ ջանքեր են գործադրում: Մենք դեռևս տարիներ առաջ ԱՊՀ տարածքում ունեինք առանց մաքսատուրքի ռեժիմ: Մտնելով մեկ միասնական մաքսային համակարգի մեջ՝ մենք երաշխավորում ենք, որ մեր արտահանումները երբևիցե քաղաքական կամայականությունների պատճառով  չեն դադարեցվի:

Քանի որ մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, ապա Եվրոպայից ներկրումները կշարունակվեն, իսկ ՌԴ-ն վերջինիս միացել է երկու տարի առաջ, և մեր միասնական ստանդարտները եվրոպականի հետ համահունչ են: Մուտք գործելով Մաքսային միություն` մենք սկսելու ենք ձեռք բերել հումք, զենք, զինամթերք ներքին շուկայի գներով: Կարծում եմ, որ հացազգիների և վառելիքի զգալի մասը  ևս կսկսենք ՌԴ-ից ներմուծել՝  արտահանման մեջ 30 տոկոս տնտեսելով: Հետայսու կասեցվելու է նաև գազի թանկացումը, որովհետև մենք արդեն այդ շուկայի մեջ ենք, այլ իրավական խիստ ռեժիմով: Իսկ որպես գործարար` ես հստակ տեսնում եմ, որ մեր պոտենցիալի զգալի մասն այդ շուկաներում ավելի հեշտ  է իրացվելու: Խնդիր չի լինելու դեպի Լարս, Բաթում, Փոթի հասնելու հարցում, և շարունակելու ենք այդ տարանցիկ ճանապարհից օգտվել, ինչպես և նախկինում: Եթե նույնիսկ նման որոշում կայացվի Վրաստանի կողմից, ապա դա կկասեցվի միջազգային կոնվենցիաները խախտելու պատճառով:

Ես սկզբունքորեն դեմ եմ այն տեսակետին, որ մի կառույցին անդամակցելով՝ մյուսի ուղղությամբ ճանապարհը փակվելու է: Հայաստանը կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև: Իմ համոզմամբ, ԵՄ-ի հետ բանակցությունները չեն դադարեցվելու, ստեղծվելու են ռեժիմներ, և Հայաստանը դառնալու է մի հարթակ, որը  կապելու է Մաքսային միությունը ԵՄ շուկայի հետ: Մենք չենք հակադրվելու և բարեփոխումներն ու ինտեգրացումները շարունակվելու են: Չպետք է հրապուրվենք ազատ առևտրի պայմանագրերով, քանի որ ցանկացած պետություն իր շուկայի շահերը պաշտպանելու համար որոշ բացառություններ  է ներկայացնում: Հիշում եմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու օրը Ժնևում: Երբ բացվում էին շամպայնները, Թուրքիան հանկարծ հայտարարեց, որ անդամակցում է կազմակերպությանը, սակայն առանց սահմանները բացելու:

Եվրոպայում ողջ գյուղատնտեսությունը դեռևս դոտացիաների վրա է և պահում է իր արտադրողի շահերը: Ինչպե՞ս էինք մրցելու այդ շուկայի հետ: Եվրոպական չափորոշիչները և շուկան, ՌԴ-ն և Մաքսային միությունը տարիներ հետո գալու են ներդաշնակության: Մենք միացյալ տարածք ենք, և չի կարելի մոռանալ ամեն ինչ ու այս քայլը վերագրել ազգային դավաճանության: Գուցե մենք բոլորս մեղավոր ենք, որ հասարակական գիտակցությունը չենք պատրաստել սրան: Սա մեր շահերից բխող շատ լուրջ տնտեսական և քաղաքական քայլ է:

Լ.Ն

Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը

10742_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները: 2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար: Ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով, այն է` ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարի վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարում, որի արդյունքում որակապես կբարելավվի ՀՀ կառավարության արտաքին պարտքի պորտֆելը, պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրի կրճատում, տնտեսության վարկավորում և ներդրում և այլն:
ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է մի շարք պայմանագրեր, որոնց գծով ստանձնել է ընդհանուր առմամբ 1 մլն 773 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճարման պարտավորություն: Կառավարության որոշմամբ այդ նպատակով կօգտագործվի ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված արտաքին տոկոսավճարների գծով առկա տնտեսված գումարը:
10742_am_5Ամփոփելով պարտատոմսերի թողարկման թեման` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել և սևացնել այն: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա տալ հրապարակային պարզաբանումներ: Առաջին, մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկը, որն ունի մեծ հեղինակություն և որը մեզ օգնել է, որպեսզի այս գործընթացը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին՝ հրապարակայնության, գործընթացների կազմակերպման առումով, ինչպես նաև` թե կառավարությունն ինչ վարքագիծ պետք է ունենա եվրոբոնդերի թողարկման ընթացքում:
Երկրորդ, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ՝ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը, որոնց հեղինակությունն այս շուկաներում նույնպես կասկած չի հարուցում:
Երրորդ, մենք տեղաբաշխումն իրականացրել ենք շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին և մեր գործընկերների խորհուրդների շնորհիվ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով:
Չորրորդ՝ այս տեղաբաշխման շնորհիվ մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաև 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաև մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը: Ավելին, այս հաջող գործարքի կապակցությամբ մենք դրական գնահատականներ ենք ստացել միջազգային տարբեր կառույցներից: Տեղյակ եք նաև, որ վերջերս էլ Արժույթի միջազգային հիմնադրամը տվեց իր գնահատականը, որ սա իսկապես չափազանց դրական ձեռքբերում է մեզ համար: Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, և այսուհետ 100-ից ավելի հեղինակավոր ներդրողներ հետևելու են Հայաստանի բոլոր՝ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում և նվազեցնելու է տոկոսադրույքները, որոնք նրանք կարողանում են այսօր ունենալ՝ ֆինանսական շուկաներում ձեռք բերելով պարտավորություններ, իսկ դա նշանակում է ավելի մատչելի ֆինանսական միջոցներ համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Մենք այս ճնշումն զգում էինք մասնավոր հատվածի կողմից, քանի որ բազմաթիվ հարցումներ ենք ստացել նրանցից, որ Հայաստանի Հանրապետության կողմից եվրոբոնդերի չթողարկումը թանկացնում է մասնավոր հատվածի կողմից պարտատոմսերի թողարկումը միջազգային շուկաներում՝ մոտավորապես մեկ տոկոսային կետով, իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է, երբ խոսքը վերաբերում է ներքին շուկայի տոկոսադրույքներին, և դա մոտակա երկու տարիների ընթացքում նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը, ինչը բնականաբար խթանելու է տնտեսական աճը, մի կողմից ցածր տոկոսադրույքներ, մյուս կողմից` հասանելի ֆինանսական միջոցներ:
Այնպես որ, օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ և՛ «Deutsche Bank»-ին, և՛ GP Morgan-ին, և՛ HSBC-ին շատ հաջող գործարքի համար, և մեր գնահատականը նրանց կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ դրական է»: Նիստում նաև նշվել է, որ պարտատոմսերն առաջնային շուկայում տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերել 152 ներդրող, ինչը համարվում է բավական դիվերսիֆիկացված ցուցանիշ, քանի որ մեկ, երկու կամ երեք ներդրողից կախում չկա: Երկրորդ, պարտատոմսերի մեջ ներդրում են իրականացրել 42 տոկոսը՝ ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի ներդրողները, 17 տոկոսը` մայրցամաքային Եվրոպայի ներդրողները, մնացածը` ներդրողներ ամբողջ աշխարհից, ինչը նույնպես շատ կարևոր է:
Վերջնական պահանջարկը, որից ընտրություն է արվել, կազմել է 2 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետի դիտարկմամբ` պահանջարկը նույնպես վկայում է այն մեծ հետաքրքրությունը, որ եղել է հայկական բոնդերի նկատմամբ: «Սա մի գործընթաց է, որը մեր միջազգային հեղինակությունը պետք է բարձրացնի: Ցավոք, կան մարդիկ, որոնք ցանկացած ձեռքբերման վրա ուզում են ցեխ շպրտել: Անհասկանալի է, մենք բազմաթիվ թերություններ ունենք մեր երկրում, բազմաթիվ բացթողումներ, այդ ամենը թողած` ընկել են դրական ձեռքբերումների հետևից», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Կներդրվի նոր տեխնոլոգիա

ՀՀ կառավարությունը որոշել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. հունիսի 17-ը: Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս` ներդնելով Ալբիոն տեսակի տեխնոլոգիա, որը ներառում է հանքաքարից հարստացված խտանյութի ստացումը, դրա գերմանր աղացումը և թթվածնի օգնությամբ խտանյութի սուլֆիդային մասի օքսիդացումը: Ծրագրով նախատեսվում է նաև հիմնովին վերազինել եղած արտադրական հզորությունները, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա 30-35 տոկոսով մեծացնել արտադրանքի ծավալը` զուգահեռաբար ավելացնելով (60-ով) աշխատատեղերը և պետբյուջե ուղղվող հարկային մուտքերը:
Կառավարության որոշմամբ ապահովվել է «Գրանատուս վենչուր ֆոնդ I» ՓԲԸ կանոնադրական կապիտալում պետության մասնակցության հաստատումը և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ պայմանագրերի ստորագրման լիազորության վերապահումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման ծրագրում կառավարությունը կներդնի 3 մլն 300 հազար ԱՄՆ դոլար, մասնավոր հատվածը` 3 մլն ԱՄՆ դոլար:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին, որի ընդունումը բխում է երկրի տնտեսական զարգացման խնդիրների լուծման բնագավառում մարդկային կապիտալի և բնակչության կյանքի որակի արժևորման անհրաժեշտությունից, մարդու մտավոր և ֆիզիկական ընդունակությունների զարգացման պայմանների ստեղծման կարևորության գիտակցումից:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Դրանով իսկ գործադիրն ակնկալում է ավելացնել պետբյուջեի մուտքը, բարելավել տարածքի վիճակը: Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գտնվող շուրջ 950 քառ. մետր մակերեսով պանսիոնատն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է համայնքին` նախատեսելով, որ գնորդը պարտավոր է շենքում բնակվող անօթևաններին հատկացնել (նվիրել) նրանց զբաղեցրած բնակարանները:
Կարկտահարված հողերը նույնպես արդյունավետ կօգտագործվեն

2013 թ. մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի քսաներեք գյուղերի գյուղացիական տնտեսությունների վերականգնմանն աջակցելու համար հատկացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործելու և ավելի մեծ թվով շահառուների աջակցելու նպատակով կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացում, որոնց շնորհիվ մարզի բնակիչների համար կստեղծվեն վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման առավել նպաստավոր պայմաններ: Հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, պատասխանելով վարչապետին, հավաստիացրել է, որ կառավարության ձեռնարկած միջոցներն ստացել են բնակչության դրական արձագանքը:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով սահմանվել են ՀՀ տարածքում արտադրված, ինչպես նաև օտարերկրյա պետություններից ներկրված կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների առավելագույն թույլատրելի մնացորդային քանակները, որպեսզի ձեռնարկվելիք համապատասխան միջոցների արդյունքում բնակչությունը զերծ պահվի թունանյութ պարունակող սննդամթերքի օգտագործումից:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը նպատակ ունի ապահովել առողջապահական ՊՈԱԿ-ների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասով առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի առավել բնականոն ընթացքը և տնօրենի գործառույթների արդյունավետ իրականացումը:
Կստեղծվեն երաշխիքային ֆոնդի գործունեության նպաստավոր պայմաններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան 2013 թ. ընթացքում երաշխիքային ֆոնդի կողմից ստացվող որոշ եկամուտների շահութահարկով հարկման ընթացակարգերն են:
Նիստում հավանություն է ստացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից: Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորա- և բեռնափոխադրման սակագները:
Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում հնարավորություն կտրվի աստիճանաբար անցնել անձը հաստատող առավել պաշտպանված փաստաթղթային համակարգի, վավերականության ժամկետի երկարաձգման միջոցով քաղաքացուն զերծ պահել լրացուցիչ ծախսից:
Գործադիրը քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով գործող օրենքը բովանդակում է դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը, դրույթներից մի քանիսն էլ` ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքին: Կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծին և հանգամանորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով սահմանվում է, որ ՀՀ գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների համակարգում հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բնագավառում գլխադասային մարմինը ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Սահմանվել են նաև նախարարության իրավունքներն իր լիազորության շրջանակում:
Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին և ձեղնահարկում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տալու և պայմանագիր կնքելու կարգը:
Գործադիրը հաստատել է ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքը մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու, վարձակալության տրամադրելու մրցույթի կամ աճուրդի կազմակերպման, հաղթողի որոշման կարգերը:
«Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ ութ միլիոն դրամ: Ուսուցչի օրը ներառված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկ: Այն նշում են 100-ից ավելի պետություններ: ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների` «Արձագանք – 2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզմանը մասնակցելու կարևորությունը: «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումն անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 4-ից և կառավարությունում ամփոփվելու է հոկտեմբերի 8-ին:

Եվրոպայի Խորհուրդը, Հայաստանի և Եվրոպայի գործընկերությունը և Հայաստանի խայտառակությունը` ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը

4027ՀՀ նախագահն ասաց այն, ինչ  սպասում էինք

Երեկ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը:  Նա Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցեց ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես եկավ ելույթով ու պատասխանեց վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

4028Անշուշտ նախագահի այս այցն ու ելույթը կարևոր իրադարձություն էին, ուստի թեʹ հայաստանցիները, թեʹ այլ երկրների քաղաքական ուժերը ուշի ուշով հետևում էին ԵԽ  Խորհրդարանական վեհաժողովի անցուդարձին: Կարևոր երկու պատճառով: Նախ` Հայաստանն առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի նախագահությունը, երկրորդ` այս իրադարձությունը չէր կարող չդիտվել վերջերս նույն Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարության  համատեքստում, որով Հայաստանն ընտրություն կատարեց ոչ թե Եվրոպական գործընկերության, այլ Մաքսային միության օգտին: Բայց հենց այդ հայտարարության ժամանակ էլ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա չի նշանակում, թե խզվում է գործընկերությունը Եվրոպայի խորհրդի հետ: Ընդհակառակը:  Բնական է, որ բոլորին հետաքրքրում էր, թե ինչ է ասելու նա հիմա, Խորհրդարանական վեհաժողովում:  Եվ նա ասաց այն, ինչ ուզում էինք:

«Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք»,- մասնավորապես ասաց նա:

Այնուհետև համառոտ անդրադառնալով մեր անկախ պետության անցած 22-ամյա դժվարին ուղուն, նա շեշտեց, որ  «անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր»:

Ընտրությունները

Թվարկելով անցած 22 տարիներին մեր ունեցած ձեռքբերումները և մանավանդ վերջին երեք ընտրությունները, նա հիշեցրեց, որ բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով: Նախագահական և խորհրդարանական ընտրությունների դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: «Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ  թեʹ Խորհրդարանական վեհաժողովի,  թե միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, և առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:

Նախագահն անդրադարձավ նաև մեր խնդիրներին ու առաջնահերթություններին. գործազրկություն, աղքատություն, կոռուպցիա, իրավունքի գերակայություն, հավասարություն օրենքի առջև: «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ»,- ասաց նա:

Անկախ այն հանգամանքից, արվում է դա, թե ոչ, և եթե նույնիսկ հակառակն է արվում երկրում, ցանկացած երկրի քաղաքացի ուզում է, ոի իր երկրի նախագահը նման բարձր ամբիոնից վերահաստատի այդ արժեքները: Այլ հարց է, որ վերադարձից հետո կարելի է շարունակ «կռիվ» տալ նրա հետ, հիշեցնել և պարտավորեցնել տարբեր քաղաքական ու քաղաքակիրթ միջոցներով,  որ այդ ամենը սոսկ խոսք չլինի, այլ նաև գործ:

Բանախոսը հատուկ անդրադարձավ դատական ոլորտի բարեփոխումներին` հավաստիացնելով, որ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Հղում անելով Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրին` նա վստահեցրեց, որ արդյունքում ունենալու ենք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: «Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ»,- ասաց նա:  Բացի այդ ընդգծեց, որ հենց ինքը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, «որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը»:

ԵՄ Արևելյան գործընկերությունը

Հավանաբար այս հարցին էին ամենից շատ սպասում բանախոսի ելույթին  հետևողները: «Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու»:

Սա էինք  ուզում, և ասվեց:

«Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ,- այնուհետև շարունակեց նա:- Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը»:

Ղարաբաղի հիմնախնդիրը

Բնականաբար, նախագահն անդրադառնալու էր նաև մեր հարցերի հարցին` Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: «Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: …Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ»:

Սա էլ, կարծում ենք, հաղթանակած երկրի նախագահի զուսպ ու կշռադատված խոսք է, ուստի և` ընդդիմախոսություն չընդունող:

Նախագահն իր խոսքը տպավորիչ դարձնելու համար արժանի համարեց  հիշատակել երջանկահիշատակ Սոս Սարգսյանի  վերջին հրապարակային խոսքը` ուղղված Ադրբեջանի մտավորականներին, «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել: Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից: Ինչո՞ւ:  Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»:

Եվս մեկ անգամ հաստատելով, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները, նախագահը  կարևոր համարեց թվարկել Լեռնային Ղարաբաղի ձեռքբերումներն այս ասպարեզում` հղում անելով հենց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եզրակացություններին: «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»,- ամփոփեց նա:

Ցեղասպանությունը

Բանախոսը հիշեցրեց, որ որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի ներկայացուցիչ, չի կարող չկարևորել նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը: «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում»,- ասաց նա:

Սիրիան

Անդրադառնալով Սիրայի իրավիճակին, Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ  այնտեղ ունենք բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում: Ուստի Հայաստանը  ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրերս ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

 

zaruhiԶարուհի Փոստանջյանը` սպասելի ու անսպասելի

Որտեղ Զարուհի Փոստանջյանը, այնտեղ սկանդալ:  Միշտ էլ բոլորն էլ սպասում են նրա հերթական անակնկալին: Բայց այս անգամ նա գերազանցեց իրեն և արեց մի բան, որ ոչ ոքի մտքով չէր անցնի: Կարելի է ցանկացած մակարդակով ցանկացած հարթակ ու ամբիոն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար, բայց անել պատշաճ, քաղաքակիրթ ու կշռադատված: Բայց երբ դուրս ես գալիս բարոյականության ու քաղաքավարության սահմաններից ու հանուն տվյալ բանակռվում հաղթելու նվաստացնում ես հակառակորդիդ` ձեռքի հետ ոտնատակ տալով ժողովրդիդ արժանապատվությունն ու պետությանդ  հեղինակությունը, արդեն քստմնելի բառից բացի, մտքիդ ուրիշ բան չի գալիս: Մեր տանը, մեր մեջ ամեն ինչ կարող ենք ասել,  և ամենախիստ ձևով, բայց դրսում, մանավանդ երբ մեջտեղ ես բերում խոհանոցային բամբասանքի մակարդակի չստուգված աղբ, ուղղակի սահմռկեցուցիչ է: Չգիտենք` ինչ նպատակ ուներ այս պատգամավոր աղմկարար կինը, բայց ակնհայտ է, թե ինչի հասավ: Նա ընդամենը ջուր լցրեց մեր հակառակորդների ջրաղացին և վարկաբեկեց այն քաղաքական ուժը, որին ներկայացնում է: Մնում է կարեկցել այն բոլոր հայրենակիցներին, որոնք ձայն են տվել «Ժառանգություն» կուսակցությանը և այդպիսով պատգամավոր դարձրել Զարուհի Փոստանջյանին:

Հասկանում ենք, որ այս կինը քաղաքական խիզախությունն ու արդարամտությունը շփոթում է  լաչառության հետ: Բայս խայտառակությունը, ինչպես տեսնում ենք, միջազգային կշիռ է սոտանում:

 

«Եթե չասեմ, չգրեմ, սիրտս կպայթի»

սոսՍոս Սարգսյանն այլևս մեր կողքին չէ

«Տառապում եմ, տանջվում, որ թատրոն չեմ կարողանում գնալ, չեմ կարողանում աշխատել»,- հաճախ էր կրկնում անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն իրեն այցելողներին: Կյանքի վերջին ամիսներին տնից գրեթե դուրս չէր գալիս, իսկ այցելուներին սիրով և համբերությամբ էր ընդունում, եթե անգամ ծածուկ ցավից տնքում էր: Հիմա այլևս չենք կարող վարպետին այցելել, որովհետև նա մեր կողքին չէ: Սեպտեմբերի 26-ին  նա հեռացավ երկրային կյանքից:

Հոկտեմբերի 24-ին մեծ վարպետը կդառնար 84 տարեկան: Դեռ կենդանության օրոք չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր ընկերներից՝ Խորեն Աբրահամյանից, Ֆրունզիկ Մկրտչյանից ավելի երկար է ապրում: Ասում էր. «Արդեն ոնց  որ համը հանում եմ: Էսքան ապրե՞լն ում է պետք»: Անելիք շատ ուներ, ստեղծագործողի եռանդն ու միտքը հանգիստ չէին թողնում նրան, բայց ընկերների կարոտն ու բացակայությունը շատ էր տանջում: «Ձեն եմ տալիս, բայց  ո՛չ Ֆրունզը, ո՛չ Խորիկը, ո՛չ էլ մյուսները չեն պատասխանում: Գիտե՞ք՝ ի՜նչ սոսկալի բան է:

Լի էր նրա էությունը, մի տեսակ` փիլիսոփայական գույներով: Նա խինդով էր հիշում իր մանկության տարիները, որոնք այնքան էլ հարթ չէին անցել: Նրա «Ոտնամաններ» գիրքը հենց այդ տարիների՝ նրա մանկության ոտնամաններ ունենալու երազանքի, դիմանալու և խիզախելու մասին էր: «Որքան էլ մակությունը ծանր լինի, քաղցր բան է»,- ժպիտով նշում էր վարպետը: Սովի, պատերազմի տարիներ էին, բայց, մարդիկ դեռ փորձում էին ապրել: Ասում էր. «Եթե չգրեի, էդ մտքերը ինձ կտանջեին: Գուցե այդպես ազատվեմ դրանցից»: Զարմանում էր, թե կյանքը ինչքան է փոխվել: Փոխվել է նաև մարդկանց մտածելակերպը: «Այսօր մուրացկանություն են անում ոչ թե հացի, այլ փողի համար»:

Նրան շատ էր մտատանջում հայ ժողովրդի, ի՛ր ժողովրդի հոգսերն ու լարված կյանքը: «Խե՛ղճ ժողովուրդ, ո՞նց ես ապրում էս թանկուկրակ աշխարհում. ո՛չ հիվանդանալու, ո՛չ էլ մահանալու իրավունք չունես»։ Նա նաև ցավով էր տանում իր ժողովրդի մեջ եղած բացասականությունը:

Չէր սիրում ընտրությունները, մի տեսակ լարվում էր: «Երբ գալիս են ընտրությունները, շատ ներվային վիճակի մեջ եմ հայտնվում և Աստված եմ կանչում, որ դրանք անփորձանք ավարտվեն: Ախր, ժողովրդի համար էդ ընտրությունները  փորձանք են, քանի որ ամեն ինչ խարխլվում է, իսկ ժողովուրդը` իրար խառնվում»:

Նրա սեղանին, գրապահարաններում հազար ու մի գիրք կար: Ի՞նչ էր կարդում, ի՞նչ էր գրում- ջնջում:  Ասում էր. «Եթե չասեմ, չգրեմ, սիրտս կպայթի»: Բայց դեռ շատ գործեր ուներ անելու: Մեծ փափագ ուներ` կառուցել իր հիմնած թատրոնի շենքը, Երևանը նոր մշակութային օջախով հարստացնել: Ավաղ, չհասցրեց:

Նրա սիրտն ու հոգին բեմում էին: Չէր մոռանում իր առաջին քայլերը թատրոնում: Ասում էր՝ դրանք ամենաերջանիկ տարիներն էին, որոնք կուզենար նորից ու նորից վերապրել:

Վարպետի խորհուրդն ազդեցիկ էր շատերի համար: Նա երիտասարդների վրա շատ էր բարկանում, որ չեն ամուսնանում, ընտանիք չեն կազմում: «Մարդիկ չեն հասկանում, որ կյանքի ամենամեծ հաճույքն ու երջանկությունը ընտանիքն է, սերը»: Հորդորում էր միշտ ուշադիր լինել հոգու կանչին, թելադրանքին:

Ասում են՝ հանճարին, տաղանդավոր մարդկանց միայն մահից հետո են հիշում, բայց Սոս Սարգսյանին սիրում էին մեծ թե փոքր, կանայք թե տղամարդիկ… Հենց նրա կենդանության օրոք: Ժողովուրդը նրա ֆիլմերով, խաղացած դերերով հպարտանում էր և դեռ շատ երկար կհպարտանա:

Նրա վերջին ծածուկ երազանքն էլ կատարվեց. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված»: Այդպես էլ եղավ: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար, սակայն ոչ բոլորին է հաջողվում 80-ը բոլորել: Նախախնամությունը XX դարի մշակութային տաշտից, որպես մերան, թթխմոր, Սոս Սարգսյանին պահեց XXI-ի համար…

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում

army-march1-events-yerevan-armeniaԵրկրում ռազմական դրություն հայտարարելն ուղեկցվում է մի շարք միջոցառումների և գործողությունների իրականացմամբ, ներառյալ` սահմանափակմամբ, որոնց պատշաճ իրականացման համար պատասխանատու են ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ քաղաքացիները: Այսպես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 5-ին) 8-րդ հոդվածի համաձայն` ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում,

բ) Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված միջոցառումների իրականացում,

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

դ) ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները,

ե) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն,

զ) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

է) սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

ը) հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում ՀՀ  պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով,

թ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով,

ժ) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից ՀՀ տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում,

ժա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում,

ժբ) օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում,

ժգ) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր,

ժդ) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում,

ժե) բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարհանում առավել անվտանգ տարածքներ:

Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ և հանրաքվեներ չեն անցկացվում մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման ընտրովի և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երկարաձգվում են մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել օրենքով սահմանված կարգով:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ. հայ ժողովուրդը նրան աստվածների դասը կարգեց

hayk-nahapetd5ac-202Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պարծենալ, թե գիտեն իրենց ակունքները: Հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են փաստել իրենց ինքնության օրը. հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պնդել, թե ումից են սերում` հայը կարող է:

Մենք Հայկի զարմն ենք:

Հայկ նահապետը հայության ինքնության հիմնադիրը եղավ: Նա ստեղծեց սրբազան հասարակություն, որ առաջնորդվում էր աստվածային օրենքներով:

Աստվածային և Աստվածամարդ Հայկը Արարչագործության երկրում Արմենական ցեղի առաջնորդն էր: Հայկը, ըստ Մովսես Խորենացու, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր:

Նրա հակապատկերն էր Տիտանյան Բելը, որ համաշխարհային պատմագիտության մեջ հայտնի է նաև Նեբրովթ անունով: Թովմա Արծրունին այսպես է բնորոշում Բելին. «Որ յետ բազում ժամանակի ծախք պիտոյից ասացավ պատրաստել թագավորին ըստ անյաղթ բռնութեան և մեծութեան որովայնի կերակուր Բէլայ: Որպէս և Յոյնք երբեմն համբավեցին` Հերակղէս աստուած յիսուն կոյս ի միում գիշերի ապականէր. զծանականաց և զամօթալեաց իրս` քաջութեան ասել` ըստ այսմ զարմանալիք և Բաբելացվոցն Բէլայ ասացավ, երկոտասան արդու ալեր և քառասուն ոչխար ի միում գիշերի ուտել Բէլայ. վասն որոյ պարծանօք իմն խնդալից սրտիվ ասէ թագավորն Դանիէլի, դու ընդէր ոչ երկիր պագանես Բէլայ, եթե ոչ տեսանես որչափ ուտէ և ըմպէ»:

Իր ժողովրդին Հայկը կառավարում էր աստվածային օրենքներով, և  բոլորը երջանիկ էին: Սակայն Բաբելոնի երկրում Տիտանյան Բելը, իրեն հռչակելով աշխարհի տիրակալ, փորձում է նվաճել Աստվածային արարչագործական երկիրը: Հայկը, որ իր զարմով մասնակցում էր Բաբելոնյան աշտարակաշինությանը, հավաքելով իր տոհմը` խույս է տալիս Բելից և հաստատվում հայրենական տանը` Արարատի երկրում` Տարոնի Հարք գավառում: Այստեղ նա հիմնում է Հայկաշենն ու հաստատվում իր զարմով:

Տիտանյան Բելն իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանցով ուղարկում է Հայկի մոտ, որպեսզի վերջինս իրեն հնազանդվի և վերադառնա Բաբելոն: Պատգամավորների միջոցով հայտնում է նրան, որ նա անտեղի է հեռացել Բաբելոնից և այժմ ապրում է ցուրտ և սառնամանիք երկրում, լավ կլինի` մեղմացնի իր հպարտ բնավորությունը և վերադառնա Բաբելոն, ենթարկվի իրեն ու մշտական բնակություն հաստատի այնտեղ: Հայկը մեծ արհամարհանքով պատգամավորներին հետ է դարձնում Բաբելոն, ինչն իբր թե պատճառ է դառնում երկու հսկաների աշխարհացունց պատերազմին: Իրականում մեր նախահայր Հայկը միակն էր, որ ըմբոստացավ աշխարհակալ Բելին և հաստատեց իր զարմի անկախ ապրելու իրավունքը:

Hayk_defeats_Bel_-_Juliano_ZassoՀետապնդելով Հայկին` Տիտանյան Բելը մեծ բանակով արշավում է Հայաստան: Հայկին Բելի արշավանքի մասին տեղեկացնում է երկրի հարավային սահմաններում  կողմնապահ նշանակված թոռը` Կադմոսը:

Զորահավաք անելով` Հայկն իր բանակն առաջնորդում է Բելի դեմ և ոսոխին դիմավորում Հայոց ձորում:

Խորենացին նկարագրում է, թե մարտից առաջ Հայկն ինչպես է դասավորել իր բանակը: Նա զորքին կանգնեցնում է եռանկյունաձև: Զորաշարքի այս ձևը հնագույններից է համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ: Հետագայում` վաղ միջնադարում, մարտի ժամանակ զորքերի դասավորության այդ ձևը կիրառեցին ֆրանկները և մեծ հաջողությունների հասան:

Հայկի մարտավարությունը կապված էր մարտադաշտի տեղանքից և իր զորքերի սակավությունից: Հայկն իր բանակն այնպես է դասավորել, որ Բելը չկարողանա օգտվել թվական առավելությունից: Աջ թևի հրամանատար կարգեց ավագ որդուն` Արամանյակին, իսկ ձախ թևը վստահեց թոռանը` Կադմոսին:

Երբ մարտից առաջ Բելը հոխորտում է և սպառնալով իր զորքերի բազմությամբ` Հայկին հնազանդության կոչ անում, վերջինս պատասխանում է.

– Տիտանյա՛ ն Բել, նվազ է իմ զորախումբը, բայց աստվածների զորախումբ է: Եվ աստվածները «խաղաղություն» բառը սրի ծայրով են փորագրում…

Ոգևորված իր մեծաթիվ զորքերով` Բելը հախուռն հարձակման է անցնում: Ճակատամարտը թեժ էր: Երկու կողմից էլ մաքառում էին քաջեր: Ճակատամարտի բախտը վճռեց Հայկը: Մարտի թեժ պահին նա իր եռաթև նետով հեռվից նետահարեց և խոցեց Բելին: Նետը սուրալով ճեղքում է Բելի զրահն ու մարմինը, դուրս գալիս մարմնի հակառակ կողմից ու ցցվում գետնին: Հսկայամարմին Տիտանյան Բելի դին տապալվում է գետնին:

Ճակատամարտից հետո Հայկը պատվով թաղում է Բելին, նրա գերեզմանի վրա բլուր բարձրացնում, որպեսզի նրա օրինակը զգուշացում լինի հայոց բոլոր ոսոխներին:

Հետագայում ճակատամարտի վայրի մատույցներում Հայկը կառուցեց Հայկաբերդը:

Հայկի և Բելի մասին պատումը մեզ է ավանդվել ոչ միայն Մովսես Խորենացու շնորհիվ, որ օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից, այլև վրաց պատումից:

Վրաց ավանդույթն ասում է, որ Թորգոմն ութ որդի ուներ, նրանցից ավագը Հայոսն էր, ում էլ բաժին հասավ Թորգոմա տան մեծ մասը: Երկրորդ որդին ավագության կարգով վրացիների նախահայր Քարթլոսն էր, ապա` Բարդոսը, Մովական, Հերոսը, Լեկան, Կովկասը, Եգրոսը: Այս հսկայամարմին քաջերից յուրաքանչյուրին Թորգոմը մեծ երկիր էր ավանդել` պատգամելով միշտ միասնաբար հանդես գալ ոսոխի դեմ:

Շուտով բռնակալ Նեբրովթը (Բելը) հարձակվում է Թորգոմա տան վրա, որպեսզի ստրկացնի հսկաներին: Եղբայրները, Հայկի գլխավորությամբ, կռվի են ելնում: Վրաց պատմիչ Լեոնտի Մրովելին այսպես է ներկայացնում ճակատամարտի ընթացքը.

«Եվ երբ մոտեցավ Նեբրովթը Ատրպատական աշխարհին և կանգնեց այնտեղ, վաթսուն հսկա և նրանց հետ հզոր զորավարներ ուղարկեց թորգոմյաններին կարգի կանչելու համար: Հենց որ Նեբրովթի զորավարները մոտեցան, Հայկի յոթն հսկաները մեծ զորքով դիմավորեցին (նրանց), իսկ Հայկը հզորագույն զորքով կանգնեց հետևից` թիկունքում: Նրանց միջև տեղի ունեցավ սաստիկ պայքար, որ նմանվում էր օդի սաստկությանը, քանի որ նրանց ոտների փոշին նման էր կուտակված ամպերին, նրանց զրահի փայլատակումը` երկնքի կայծին, նրանց բերանի ձայնը` որոտման ձայնին, նրանց նետերի բազմությունն ու քարերի ձգումը` խիտ կարկուտին, և նրանց արյունահոսությունը` կարկուտի առվին: Շարունակվեց պայքարը նրանց միջև, և երկու կողմից էլ եղան անթիվ սպանվածներ:

Իսկ Հայկը  նույն հսկաների հետևիցն էր կանգնած, քաջալերում էր նրանց և մխիթարում ահարկու ձայնով, որ կայծակի ճայթյունին էր նման: Ապա թորգոմյանք հաղթահարեցին և կոտորեցին Նեբրովթյան հսկաներին և նրանց զորավարներին: Իսկ Թորգոմյան յոթն հսկաները` Քարթլոս, Բարդոս, Մովական, Հերոս, Լեկան, Կավկաս և Եգրոս, կենդանի մնալով և չվիրավորվելով, զորավիգ էին և փառաբանում էին աստծուն: Հենց որ Նեբրովթն այս լսեց, բարկացավ և արշավեց նրանց դեմ իր ամբողջ ուժով: Իսկ Հայկը Նեբրովթի չափ զորք չուներ. նա ամրացավ Մասիսի գերբուկներում: Նեբրովթը ցածից մոտեցավ, և նա ոտից մինչև գլուխ զինված էր երկաթով ու պղնձով: Նա ելավ մի սարի վրա` խոսելու Հայկի հետ և պահանջեց նրանից հնազանդություն, որպեսզի իր կամքով գա նրա մոտ: Իսկ Հայկը դիմեց հսկաներին. «Ամրացրեք թիկունքս, որ ես գնամ ընդդեմ Նեբրովթի»: Եվ նա գնաց և դեմ առ դեմ մոտեցավ Նեբրովթին, ձգեց նետը, որն անցնելով պղնձե տախտակով, խոցեց կուրծքը և դուրս եկավ քամակից: Ապա Նեբրովթն ընկավ, և նրա բանակը փախուստի դիմեց»:

Վրաց առասպելաբանության համաձայն` Թորգոմյան անվանի դյուցազունների շարքում, ինչպես ասվեց վերը, ամենամեծ հսկան էր Հայկը, «որովհետև նրա նման ոչ ոք չի եղել երբեք, ոչ ջրհեղեղից առաջ և ոչ էլ հետո, հասակով, ուժով և արիությամբ»: Այդ հսկաների կառավարիչը Հայկն էր: Նրանք «բոլորը մի լեզու ունեին` հայերենը» և իրենց ամբողջ կյանքի ընթացքում ապրում էին կողք կողքի` փոխադարձ սիրով, հաշտ ու համերաշխ:

Հայոց ձորի ճակատամարտը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին` հայոց սրբազան տոմարի Նավասարդ ամսվա 1-ին, որն էլ համարվեց հայոց տոմարի սկիզբը: Դրանից հետո հազարամյակներ շարունակ հայությունը նշել է Նավասարդը որպես Ամանոր: Այն իրավամբ, հայոց ինքնության արտահայտումն է և հայ գենի հաստատման խորհուրդն ունի իր մեջ: Ցավոք, հիմա այն ոչ միայն չի նշվում պետականորեն, այլև եկեղեցին աղավաղել է Նավասարդի խորհուրդն ու հանրությանը ներկայացնում է սոսկ որպես քրիստոնեական տոն: Դա քիչ էր, Հայկի ծագումը արհեստականորեն վերագրվում է Նոյի սերնդին. իբր` Հայկի հայր Թորգոմը Նոյի Հաբեթ որդու զավակն էր:

Հայկի անվամբ հայերը կոչել են Օրիոն համաստեղությունը: Հայոց սրբազան տոմարի օրանուններից շատերը նույնպես կոչված են Հայկի անվամբ:

Առհասարակ Հայկ նահապետից սաղմնավորվեց Հայկյան արքայատոհմը, որ մինչև մ.թ.ա. IV դարը թագավորեց Հայաստանում: Հայկի զարմերից սերվեցին շատ հայկական նախարարական, իշխանական տոհմեր` Վահևունիները, Մանդակունիները, Վարաժնունիները, Խորխոռունիները, Բզնունիները և այլք:

Հետագայում հայ ժողովուրդը Հայկ նահապետին աստվածների դասը կարգեց:

 

 

 

Արեւմտյան Եւրոպայի ճանապարհի ընտրությունը

Շահան ԳանտահարյանՔաղաքական այն տեսաբանությունը, որ Հայաստանի եւրաինտեգրման ճանապարհը ուզում է  բացառապես տեսնել ուղղակի արեւմտաեւրոպական քաղաքներ տանող, թվում է որ գործնականության բաղադրիչներ է պարունակում։

Այս տեսությունը հիմնաւորվում է, երբ նկատի ենք առնում Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների միջնախագահական հանդիպման վերաբերյալ լրատվությունների, հատկապես ՀՀ-ԵՄ համագործակցության հատկացված բաժինը։

«Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:

Փորձենք մանրադիտակի տակ առնել այս բաժինը։ Նախ, իհարկե, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին պիտի վերաբերեր երկու նախագահների խորհրդակացության առաջին բաժինը։ Կարգն էլ այդպէս էր պահանջում, որովհետեւ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ներառված միջպետական հարաբերությունների սերտացումը առաջադրող այս հանդիպումը, ի վերջո, երկու երկրների նախագահների հանդիպման առանցքային բաժինը պիտի կազմեր։ Բայց նույնքան ակնկալելի էր, որ քննարկումը կենտրոնանար հրատապ խնդրի՝ Հայաստանի եւրաինտեգրման այսօրվա իրավիճակի վրա։ Այստեղ պաշտոնական լրահոսը ուղղակի չի անդրադառնում ՀՀ-ի ՄՄ-ի մաս կազմելու որոշման իբրեւ հետեւանք ստեղծված կացությանը։ Հասկանալի է, որ այդ մասին նշում չկա։ Բայց այս բաժնի ներկայացման համար օգտագործված պաշարը ընդգծում է ստեղծված կացության լռելյայնությունը։

Պետք է առաւելագոյն ջանքեր գործադրել պահպանելու համար համագործակցության տեմպն ու որակը։ Պահպանելը այստեղ ինքնին հուշում է, որ ինչ որ վտանգի դիմաց կայացած տեմպն ու որակը պահպանելու խնդիր ունեն կողմերը։ Կողմերը, որովհետեւ խոսվում է համագործակցության մասին եւ այդ համագործակցության տեմպն ու որակը պահպանելու խնդիր կա այսօր երկկողմանիորեն։

Շարունակել Հայաստանի բարեփոխումների գործընթացը։ Այս հաստատումը ինքնին նշանակում է, որ Եւրաինտեգրման իր ուղղվածության մեջ Հայաստանը պիտի շարունակի այն բարեփոխումների քաղաքականությունը, որ որդեգրել էր եւրոպական չափանիշերին ընդառաջ։ Որի համար էլ Հայաստանի նախագահը վերահաստատել է Երեւանի ստանձնած հանձնառությունը։

Իսկ այժմ այս բաժնի եզրակացությունը, որ նախագահ Օլանդի հանձնառության մասին է։ «Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»: Սա շատ ընդհանուր կարգախոս է։ Այստեղ այսուհետ բառը պահպանելու նման մատնում է ինչ որ խնդրի գոյությունը։ Այսուհետը նշանակում է, թե մինչ այդ ինչ որ հարց գոյություն է ունեցել. պարզ է, որ ակնարկությունը Հայաստանի որոշումն է միանալու ՄՄ-ին։

Այս հանդիպման ընթացքում գուցե ՄՄ-ի անդամակցության եւ ԵՄ-ի  ասոցացման (ան)համատեղելիության  հարցը առանքային օրակարգ է եղել։ Այսուհանդերձ քաղաքական երկու եզրերն էլ չեն հիշատակվում պաշտոնական լրահոսում։

Ֆրանսիան Արեւմտյան Եւրոպայի առաջատար երկրներից է։ Զգացվում է տոնայնության եւ շեշտադրումների տարբերությունը Արեւմտյան Եւրոպայի առաջատարի եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի պաշտոնատարների միջեւ։ Կոնկրետ այս հարցում։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Դիտարկումներ հայ, ադրբեջանական և թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ

harut-sasunyan6001327137345Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ.

— Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է: Մինչև այժմ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման որպես թեկնածու խոսում էր դրա մասին. «եթե ես ստանձնեմ նախագահի պաշտոնը` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ դառնալուց հետո նա ամբողջովին անտեսեց դա: Այնպես որ, առկա է դինամիկ քաղաքական խաղ, որը մի քիչ կեղծավոր է», հավաստիացրեց Կիրակոսը:

 

— Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած ընտրություններում գերմանական Բունդեստագում` երկրի խորհրդարանի ստորին պալատում ընտրվել են թուրքական ծագում ունեցող տասնմեկ օրենսդիրներ՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ օրենսդիր մարմնում ունեցած իրենց թվաքանակը: Հայերը չպետք է կուրորեն քննադատեն այս տասնմեկ պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք` լինեն թուրք կամ քուրդ, հնարավոր է համակիր լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

 

— Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային տուգանել է ավելի քան 200 հազար դոլարով` մի թուրք ընտանիքի տունն առանց փոխհատուցման օտարելու համար: Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է ընտանիքի սեփականության իրավունքը: Այս ընտանիքը սպառել էր թուրքական դատարաններում իր բոլոր բողոքարկումները՝ մինչ ՄԻԵԴ դիմելը: Մի ընթերցող հետևյալ հեգնական դիտողությունն է տեղադրել  Turkish Daily News-ի կայքէջում. «Թվում է, թե քրիստոնյա Եվրոպայի դատարանն ավելի հարգանքով է վերաբերվում մահմեդական թուրք ժողովրդին, քան մահմեդական դատարանները Թուրքիայում»:

 

— Եվրամիության հետ կապերի գծով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «Թուրքիան, հավանաբար, երբեք չի դառնա Եվրոպական Միության անդամ` այդ դաշինքի ներկայիս անդամների կոշտ դիմադրության և կանխակալ վերաբերմունքի պատճառով»: Ինչպես միշտ, Բաղիշը սխալվում է: Թուրքիային չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ, ոչ թե արևմտյան նախապաշարումների, այլ` իր երկրի օրենքները եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելուց հրաժարվելու համար:

 

— Սիրիայում «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների կողմից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում հայեր, առևանգվել, սպանվել կամ խեղվել են, սակայն մինչև օրս եվրոպական կամ ամերիկյան որևէ պաշտոնյայի կողմից դատապարտման ոչ մի խոսք չի հնչել: Դեռ ավելին, արևմտյան ղեկավարները մահաբեր զենք են մատակարարում ծայրահեղականներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի շատ անմեղ մարդկանց կյանք խլել: Վաղուց ժամանակն է, որ արևմտյան աշխարհի հանրությունն իր զայրույթն արտահայտի զանգվածային բողոքի ցույցերով և սուր հանդիմանություններով: Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է արգելի զենքի մատակարարումը Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա զինյալներին: Անցյալ շաբաթ Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիները պղծվել և կողոպտվել էին: Ջիհադականներն անամոթաբար մագլցել էին հայկական եկեղեցու գմբեթի վրա և խաչի փոխարեն տեղադրել իրենց սև դրոշը:

 

— Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևն անընդհատ և ակամա աջակցում է Հայ դատին` ատելի հայտարարություններ անելով, որը բացասական տպավորություն է ստեղծում միջազգային հանրության մոտ նրա երկրի մասին: Ալիևի վիրավորական հայտարարությունը, թե «Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են» և «կգա ժամանակը ու մենք այնտեղ կապրենք», մտային խանգարում ունեցող մարդու զառանցանք է: Սպասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ալիևը երրորդ անգամ նախագահ կընտրվի, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել նրա «օգտակար» հայտարարություններից ևս մի քանի տարի:

 

— Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճը սրվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան միմյանց հակասող հայտարարություններով: Ստորեւ ներկայացված են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատվածներ, որոնցում նա մեղադրում է Ադրբեջանի հետևյալ գործողությունները.

 

ա/ «ռազմատենչ և հակահայ ատելություն սերմանող հռետորաբանության օրեցօր ավելացում»,

բ/ «լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակում»,

գ/ «տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների օգտագործում»,

դ/ «կացնահարող մարդասպան Սաֆարովի փառաբանում Ադրբեջանի ղեկավարության կողմից»:

 

Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին… Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Ինչպես ենք պահպանում մեր ազգային հարստությունը

թանգարանՄշակութային  նշանակության կառույցները կարծես վաղուց արժեզրկվել են, քանի որ դուրս են մղվել պետական հոգածությունից: Ամենուր ականատես ենք լինում պետական նշանակության կառույցների կամ նմանատիպ շինությունների բարեկարգման աշխատանքների, մինչդեռ մշակութային արժեք ներկայացնող կառույցներից շատ քչերն են այսօր բարեկարգված ու արդիականացված:

Հայաստանի բնությունը՝ մեկ ցուցադրությամբ

Ամբողջ տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի բնության պետական թանգարանը, որը տարբեր պատճառներով դժվարությամբ է  կարողացել պահպանել իր գոյությունը և երկարատև դադարից հետո վերսկսել գործունեությունը: Թանգարանը հիմնադրվել է 1952 թ.  «Կապույտ» մզկիթի բակում և այդ տարիներին համարվում էր ԽՍՀՄ տարածքում գործող բնության ութ համալիրային թանգարաններից մեկը:

90-ականներին  «Կապույտ» մզկիթի վերանորոգման աշխատանքների պատճառով թանգարանը հիմնովին քանդվել է և նրա հետագա գործունեությունը դադարեցվել է անժամանակ: Այնուհետև թանգարանի զարգացման գործում իր հարուստ գիտելիքներն ու հմտություններն  է ներդրել թանգարանի հիմնադիրներից մեկը՝ Իրեն Ֆրանգյանը: Նրա շնորհիվ է այն վերածնվել և շարունակել  իր գործունեությունը 13 տարվա դադարից հետո: Այստեղ հյուրերը` օտարերկրյա և հայ զբոսաշրջիկները, կարողանում են ծանոթանալ մեր երկրի բնության կենսաբազմազանությանը, ինչպես նաև ընդերքի հարստություններին:

Թանգարանն ունի երեք սրահ, գործում  է նաև ակվարիումային ձկնատեսակների մշտական գործող ցուցադրություն: Այցելուի ծանոթությունը բնության հետ սկսվում  է հենց ՀՀ ռելիեֆի մանրակերտից:

Կիսաանապատային գոտում հանդիպող գիշատիչ թռչունների սրահում ներկայացված են սովորական հողմավար բազեն, լորաճուռակը, արտույտաբազեն, սև ցինը, գաճաճ արծիվը, տափաստանային մկնաճուռակը և բալոբանը: Սրանք հազվադեպ հանդիպող անուններն են, որոնցից երեքը գրանցված են Կարմիր գրքում: Աչքի է զարնում Գոռավանի ավազուտներից մեկի տեսարանը, որը պետական արգելավայրերից է: Այստեղ են կովկասյան ագամանը, մորմը, հաստապոչ կարիճը, անդրկովկասյան տակիրային կլորագլուխը և առավել թունավոր օձերից մեկը՝ գյուրզան:

Ներկայացնելով այդ ցուցանմուշների պատմությունն ու ծագումը`  թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զոբոբուրյանը ցույց տվեց բրածո կաթնասունների տարածման քարտեզի վրա ներկայացված կենդանիներին, որոնք տարածված են եղել մոտ  1 մլն տարի առաջ: Գիտնականների կողմից ապացուցվել է, որ Սևանա լիճը շրջապատված է եղել փարթամ այգիներով, որոնցում ապրել են ազնվացեղ եղջերուներ: Դրանց ոչնչացումից հետո վերացել են նաև բնակիչները: Եղջերուների բրածոները բերվել են լճի հատակից: Այդ ժամանակաշրջանում Շիրակի մարզում ապրել են նաև զուբրեր և մի քանի այլ կենդանատեսակներ` երկսապատավոր ուղտեր, ռնգեջյուրներ, որոնց ոսկորները հայտնաբերվել են նաև Երևանում` Ավանի համայնքում  և Արարատյան դաշտավայրում:

Հայաստանի բնությունը ներկայացվում է ըստ բնական գոտիների: Այստեղ կիսաանապատային գոտին ներկայացված է Արարատյան դաշտի տեսարանով: Կիսաանապատային գոտում բուսականությունը ծայրաստիճան չորասեր է: Բազմաթիվ փաստեր են վկայում, որ մեր երկրում բանջարանոցային բույսերը մշակվել են դեռևս հնագույն շրջանում: Ներկայացված է խաղողի վազը` տարբեր ցրտադիմացկուն տեսակներով: Արևավառ Հայաստանի բարիքները ներկայացված են մոմե և գիպսե կաղապարվածքներով: Այս գոտուն բնորոշ թռչնատեսակներից տարածված են սպիտակ արագիլը, ծիծեռնակը, սերմնաքաղը, սարյակը և այլն: Իսկ ներկայացված գիշատիչ թռչուններից  երեքը գրանցված են Կարմիր գքրում:

Թանգարանի  վերջին սրահը նվիրված է թեհրանաբնակ  բարերարներ տեր և տիկին Ահարոնյանների ընտանիքին: Թանգարանի փոխտնօրենը տեղեկացրեց, որ այս ցուցասրահի ամբողջ հավաքածուն ձեռք է բերվել Ահարոնյան ամուսինների շնորհիվ: Նրանք նվիրաբերել են այնպիսի ցուցանմուշներ, որոնք թանգարանային արժեք ունեն և բազմատեսակ կենդանիների մի անբողջ հավաքածու են: Բացի ցուցանմուշների նվիրաբերումից,  մեծ է եղել նաև նրանց ներդրումը թանգարանի վերանորոգման և վերակառուցման հարցում: 2002 թ. թանգարանն ամբողջովին արդիականացվել է: «Թեպետ կորուստներ շատ են եղել, հատկապես` միջատների պահպանության առումով, ջերմային ոչ արդյունավետ ռեժիմի պատճառով, բայց կարողացել ենք ուժ ու կորով գտնել՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և  պահպանելու բոլոր ավանդույթները»,- ասաց տկն Զոբաբուրյանը:

Նախկինում թանգարանը գործել է  տարբեր անուններով և կրել է ավելի շատ հակակրոնական բնույթ, այնուհետև վերածվել է  «Հանրապետական բնագիտական թանգարանի», վերջապես վերանվանվել «Բնության պետական թանգարան»: «Կյանքի գնով պահպանել ենք այս կառույցը, որ նվիրաբերենք մեր սերունդներին. այն մեծ ազգային հարստություն է»,- ասում է տկն Ռուզաննան՝ հավելելով, որ այս ցուցանմուշները դեռ մի քանի տասնամյակ էլ պահպանվելու ներուժ ունեն, և եթե ժամանակին խնամվեն և ախտահանվեն, ապա դեռ շատ երկար կծառայեն թանգարանին:

Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրքը ևս թանգարանի ցուցանմուշներից է, որը ստեղծվել է բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանն իրազեկելու նպատակով:

Շիրակի մարզում անցած տարի բացվել է թանգարանի մասնաճյուղը, որը գտնվում է Աշոցքում: Արդեն մի քանի տարի է` թանգարանը գործում է  անվճար:

Թե ինչ մեխանիզմով են հավաքվում և թարմացվում ցուցասրահների նմուշները հարցին, թանգարանի փոխտնօրենը պատասխանեց, որ դրանք ձեռք են բերվում տարբեր ճանապարհներով: Մի քանիսը հավաքվում են աշխատակիցների կազմակերպած գիտարշավների արդյունքում: Շատ ցուցանմուշներ այստեղ են հայտնվում առանձին անձանց և հավաքորդների նվիրատվությունների շնորհիվ: Ընդհանուր առմամբ, ցուցանմուշների թիվը 6 հազար  է,  ամեն տարի դրանք մոտ  20-ով ավելանում են:

Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն ասաց, որ տարեցտարի այցելուների թիվն աճում է, թանգարանը տարեկան ունենում է մինչև 25 հազար այցելու: «Երկար տարիներ թանգարանը չի գործել, ուստի այցելուներից շատերը նոր են տեղեկանում, որ այն վերաբացվել է: Նրանցից շատերն իրենց հետ տանում են գիտելիք և ինֆորմացիա, թե ինչպես պահպանեն բնությունն ու չվնասեն այն: Սովորեցնում ենք, որ  էքսկուրսիաների ժամանակ իրենց խոհեմ դրսևորեն, արմատախիլ չանեն ծաղիկները և այլն»,- ասաց տնօրենը:

Այցելուների մեջ թերևս այնքան էլ մեծ տոկոս չեն կազմում օտարերկրյա զբոսաշրջիկները: Պատճառը տնօրենը վերագրում է տուրիստական ընկերությունների հետ պայմանագրեր չունենալուն:  Բացի այդ, թանգարանում օտարալեզու գիտաշխատողների խնդիր կա, ինչն էլ դժվարացնում  է  օտարերկրացիների հետ հաղորդակցվելը: Կադրային  հարցը լուծելու համար գումար է պետք, որը թանգարանի ղեկավարությունը չունի: Ինչպես նշեց Գայանե Ղազարյանը, պետական ֆինանսավորումը չի բավականացնում և մի կերպ ծածկում է  խիստ անհրաժեշտ ծախսերը: Նա ասաց նաև, որ իրենց խնդիրներից մեկն այժմ  թանգարանների մասին  համապատասխան օրենքի ընդունումն է, որի նախագիծը կա: Օրենքի ընդունումն ու կիրառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնելու աշխատանքները:

Լ.Ն

«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը

1009512_408088129300234_1114367913_oՍիրիահայերի Հալեպն արդեն չկա, այն դարձել է անցյալի հիշողություն` պատված սև մոխրի քուլաներով: Հարազատ քաղաքից հեռացած սիրիահայերին կամաց-կամաց լքում է ծննդավայր վերադառնալու հույսը, ու Հալեպն ավելի ու ավելի հեռավոր երազանք է դառնում: Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա եկող տարվա ավարտին Հայաստանում կյանքի կկոչվի Նոր Հալեպը, որը թեև չափազանց տարբեր կլինի իրական Հալեպից, սակայն սիրիահայերին կհամախմբի մեկ վայրում և կդառնա նրանց նոր օրրանը:

Նոր Հալեպի գաղափարը սփյուռքի նախարարությանն է: Նպատակն է ստեղծել թաղամաս, որտեղ սիրիահայերը հնարավորություն կունենան բնակարաններ ձեռք բերելու շատ մատչելի պայմաններով: 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:

Սակայն հողատարածքի անվճար տրամադրումով խնդիրը չի լուծվի, քանի որ ծրագիրը բավականին մեծ է ու ծախսատար, ուստի աշխատանքներ են տարվում հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասը, այնուամենայնիվ, վճարելու են սիրիահայերը, սակայն նախնական կոպիտ հաշվարկներով` դա կազմելու է բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը:

EfLGEJkZuw0gFssF3z3hqk2GhwՍիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանի խոսքով` դիմողների թիվն անսպասելիորեն մեծ է: Այս պահին Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու նպատակով կենտրոնին է դիմել շուրջ 550 ընտանիք, և ամեն օր նոր դիմումներ են ստացվում: Անգամ Սիրիայից են դիմումներ ստացել:

Հալաջյանը նշում է, որ սկզբում տարածքի ընտրության երեք տարբերակ կար` Աշտարակ, Մասիս և Էջմիածին: «Մի խումբ սիրիահայերի հետ գնացինք երեք տարածքները դիտելու, և նրանք ընտրեցին Աշտարակի հողատարածքը»,- նշում է նա:

Նախատեսված է եղել նաև կառուցել մոտ տասը չորսհարկանի շենք, բայց քանի որ դիմումները շատ են եղել, որոշվել է չորսահարկանի շենքերը դարձնել հինգհարկանի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` յոթ:

Այս պահին ծրագրի համար հավաքվել է շուրջ 60 միլիոն դրամ: «Ունենք 1000 դրամի նվիրատու և 100 000 դոլարի նվիրատու, բոլորն էլ մեզ համար հավասարապես ողջունելի են, որովհետև կաթիլ-կաթիլ կարող է ծով դառնալ»,- ասում է կենտրոնի սիրիահայ ղեկավարը:

Հայաստանում ներկայումս շուրջ 10 000 սիրիահայ կա, և թվում է, թե արվում է հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները հոգալու, նրանց աջակցելու և ամենակարևորը՝ Հայաստանում պահելու համար: Սակայն, ինչպես իրավացիորեն նշում են որոշ սիրիահայեր, Հայաստանում մնալու առաջին պայմանն աշխատանք ունենալն է: Եթե դա չկա, ամեն ինչ ապարդյուն է: Լենա Հալաջյանի խոսքով՝ իրենց կենտրոնում գրանցված 5000 սիրիահայ կա, որոնցից մոտ հազարին իրենք օգնել են տեղավորվել աշխատանքի: Կան նաև գործարարներ, որոնցից շատերին բանկերը ցածր տոկոսով (5 տոկոս) վարկեր են տրամադրել, և արդեն 49 բիզնես է դրվել:

Ինչ վերաբերում է որոշ սիրիահայերի կողմից արտահայտած դժգոհությանը, որ պետության կողմից գործնական քայլեր չեն արվում, այլ այդ ամենն ընդամենը գովազդային բնույթ է կրում, Հալաջյանը համամիտ չէ: Նրա խոսքով՝ մարդիկ երբեմն սիրում են ճիշտը չասել: Անգամ թարմ օրինակ է բերում, որ նախօրեին հեռուստատեսությամբ մի սիրիահայ կին բողոքել է, թե իբր եկել է իրենց կենտրոն Նոր Հալեպ թաղամասում բնակարան ձեռք բերելու համար գրանցվելու, սակայն իրենից կանխավճար են պահանջել, և նա հրաժարվել է ծրագրից: «Մինչ օրս մենք որևէ մեկից մեկ լումա անգամ չենք ուզել,- ասում է Հալաջյանը,- այո, երբ քառակուսու արժեքը հստակեցվի, կանխավճար պետք է ուզենք, առանց դրա հնարավոր չի լինի ծրագիրն իրականացնել»:

Ի դեպ, կենտրոնի աշխատակիցներից մեկը նույն պահին իմ ներկայությամբ զանգահարեց այն կնոջը, որը հեռուստատեսությամբ նման բան էր հայտարարել, և վերջինս արդարացավ, որ ինքը նկատի է ունեցել ապագայում պահանջվելիք կանխավճարը: Ինչևէ: Եթե անգամ այդ կինը ստում է, դրա պատճառներից է նաև այն, որ նա ինչ-որ բանից դժգոհ է: Իսկ դժգոհողները քիչ չեն:

Մի սիրիահայ երիտասարդ էլ, որը կնոջ ու երկու փոքր երեխաների հետ Հայաստանում է արդեն մեկ տարի և ապրում է վարձով՝ ծայրը ծայրին հասցնելով (կաշվե իրեր է նորոգում), մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ծրագրին, սակայն չի դիմում, որովհետև չի հավատում, որ այն իրականություն կդառնա: «Այդքան տեղ դիմեցինք, արձանագրվեցինք, ոչինչ դուրս չեկավ,- ասում է նա,- երբ նոր էինք եկել, մեզ Գրողների միության շենքում հավաքեցին, արձանագրեցին բնակարանի համար, կարծեմ «Օգնիր եղբորդ» կազմակերպությունն էր: Բայց անցել է շուրջ մեկ տարի, որևէ արդյունք կամ լուր չկա: Հետո մեզ Դաշնակցության շենք կանչեցին, էլի արձանագրեցին բնակարանի համար, նորից ոչ մի բան: Էնպիսի տպավորություն է, որ իրենց միայն անուն է պետք: Հիմա որ այս նոր ծրագրի մասին իմացանք, այլևս չդիմեցինք՝ մտածելով, որ նորից պիտի անձնագիր ուզեն, գրանցեն, ու վերջ»:

Մեկ ուրիշ սիրիահայ էլ ասում է, որ իրենք դիմել են ծրագրին, սակայն որևէ տեղեկություն չունեն թե՛պայմանների, թե՛ ժամկետների մասին. «Երբ արձանագրվեցանք, մեզի ըսին, որ ժողով պիտի կանչեն և պայմանները տեղեկացնեն: Տակավին չեն կանչել, սպասում ենք: Անցել է արդեն երեք ամիս»:

Հալաջյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, պետք է միայն մի փոքր համբերել. ներկայումս հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում, որը կավարտվի երկու շաբաթից, և եզրակացությունը կներկայացվի Ճարտարագիտական համալսարան, որն իր կողմից անվճար իրականացնելու է շենքերի նախագծումը: «Երբ երկրաբանական տեղեկանքը պատրաստ լինի, բնակարանների արժեքը կհստակեցվի, և հայտ ներկայացրած սիրիահայերին կկանչեն ժողովի, կներկայացնեն պայմանները, կկնքվեն նոտարական պայմանագրեր»,- ասում է Հալաջյանը:

Այդ ժամանակ սիրիահայերը նաև կանխավճար կտան՝ ամբողջ գումարի մեկ երրորդի մասով, իսկ ամբողջական գումարը կարող են վճարել երեք մասով: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի քառակուսու արժեքը մոտ 500 դոլար կարժենա:

Այն դիտարկմանը, որ միևնույն է, սիրիահայերի մեծ մասը Հայաստանում ապագա չի տեսնում և ձգտում է երրորդ երկիր տեղափոխվել, Հալաջյանը նույնպես համամիտ չէ. «Առաջ կհամաձայնեի Ձեզ հետ, բայց այսօրվա դրությամբ` ոչ: Մեկ տարի առաջ այդ միտումը կար, և դա որոշ անձանց վրա շատ թանկ նստեց: Նախ` շատերը Եվրոպա վիզա ստանալու համար ամեն անձի համար 6-7 հազար դոլար ծախսեցին, սակայն նրանց խաբեցին և վիզաները չտվեցին: Բացի այդ, երրորդ երկիր տեղափոխվածների լուրերն այնքան էլ հուսադրող ու վարդագույն չեն: Երրորդ երկիր տեղափոխվելու մտքից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն արդեն ադապտացվել են նոր պայմաններին, աշխատանք գտել: Իսկ ամենամեծ փաստը, որ Հայաստանում մնալ ցանկացողների թիվը մեծ է, այն 500-ից ավելի ընտանիքներն են, որոնք բնակարան ձեռք բերելու հայտ են ներկայացրել»:

Հալաջյանը վստահեցնում է, որ այս ծրագիրը լուրջ է, և կոչ է անում բոլորին՝ Հայաստանում ու Սփյուռքում իրենց ներդրումն ունենալ թեկուզ ամենաչնչին գումարով: Լրատվամիջոցներին էլ խնդրում է ճիշտ լուսաբանել, որովհետև նաև դրանից է կախված ծրագրի հաջողությունը. «Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2014-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»:

Ավելին, եթե Նոր Հալեպն իրականություն դառնա, ապա ծրագիրը կլինի շարունակական, և նման թաղամասեր կկառուցվեն նաև Մասիսում ու Էջմիածնում: