Կառավարությունն աշխատում է այս տարի ևս տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու վճռականությամբ

10599_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը, «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել են առաջարկներ, որոնց հիման վրա կառավարությունն ընդունել է երեք որոշում: Դրանք միտված են առողջապահության, մասնավորապես` դեղերի հսկողության ոլորտում բիզնես սկսելու պայմանների բարելավմանը, որպեսզի իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ գործունեությամբ զբաղվեն առանց ավելորդ և անհիմն պահանջների և ծախսի: Կկրճատվեն նաև անհարկի վարչարարությունը և փաստաթղթաշրջանառությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առողջապահության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նվազեցմանն ուղղված որոշումների մանրամասները մամուլի միջոցով փոխանցել հանրությանը:
Վարչապետն առաջարկել է ինչպես անցած տարի, այս տարի ևս ձեռնամուխ լինել տնտեսական աճի ցուցանիշի քննարկմանն ըստ ճյուղերի և ոլորտների: Նախարարները հանձնարարություն են ստացել վերլուծել իրենց ոլորտների տնտեսական աճը, որպեսզի կառավարության հաջորդ նիստն արդեն անդրադառնա այդ հարցին, մանավանդ որ ըստ ճյուղերի վեց ամսվա ամփոփ ցուցանիշներն արդեն հայտնի են: «Մենք պետք է կարողանանք գնահատել առկա ներուժն ու ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս ապահովենք տնտեսական բարձր աճ,-հավելել է Տիգրան Սարգսյանը:- Մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային լուրջ փոփոխություններ, և մենք պետք է կարողանանք ի հայտ բերել այն բացասական միտումները, որոնք առկա են ըստ ճյուղերի և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր: Պետք է պարզել նաև այն ոլորտները, որտեղ ունենք բավականին բարձր աճի տեմպեր և այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ աճի տեմպերը լինեն կայուն: Հաջորդ շաբաթ կառավարության նիստում կանդրադառնանք այս հարցերին»: 

Կավելանա բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը, ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուի քանակությունը, սորտը և ցանքատարածությունները: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Այս, ինչպես նաև մյուս սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը: Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:
Հաջորդ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու:
Աջակցություն են ստանում արտահանող ընկերությունները

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. սեպտեմբերի 29-ը: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակով` իտալական «SARTIS»-ընկերության պատվերների հիման վրա: Պատվիրատուն է տրամադրում ոչ միայն հումքը և նյութերը, այլև տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու համար: Դեռևս 2009թ. «Գլորիան» ներմուծել է 59 անուն մեքենա-սարքավորում, որի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը: 2013թ. հունվարին երկու ընկերությունները համագործակցության պայմանագիր են կնքել ևս հինգ տարով: Հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը և մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը, գործադիրն ընդունել է մաքսային ռեժիմի ժամկետը դարձյալ երկարաձգելու որոշում, որի շնորհիվ կապահովվի «Գլորիայի» բնականոն զարգացումը, կմեծանա արտահանման ծավալը, Լոռու մարզում կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը երկրարաձգել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով երեք հայտարարագրով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմի ժամկետները: Ընկերությունը 2012 թ. ընթացքում Հայաստան է ներմուծել տրիկոտաժե գործվածք, որի որոշ մասով պատվիրված արտադրանքը կարվել և ուղարկվել է հասցեատիրոջը: Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով պատվիրատուն ժամանակավորապես չի կարողանում ֆինանսավորել մնացած պատվերի կատարումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Այդ ընթացքում աշխատանքը կավարտվի և արտադրանքը կարտահանվի, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը:
Հստակեցվում են կառավարության աշխատակազմի լիազորությունները

Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարության աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով ամրագրվում են արդեն իսկ աշխատակազմի կողմից իրականացվող խնդիրը և գործառույթը:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, միանվագ դրամական օգնություն տալու կարգին ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելուն, կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն պաշտոնատար անձին կենսաթոշակ է նշանակվում զոհվածի պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով: Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը պետք է հաշվարկել, վերահաշվարկել` հիմք ընդունելով նրա աշխատավարձի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալը:
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների գործադիրը հաստատել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, նրանց հաշվառման, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության որոշ դրույթներ հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է երկու որոշում, որոնցից մեկով պարզեցվում և ավելի ճկուն է դարձվում դիվանագիտական կադրերի համալրման մեխանիզմը, մյուսով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախարարությունում տպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր:
Գործադիրը սահմանել է հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը:
Օրենսդրորեն կամրագրվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրենքի նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու արժանապատվությունը և ապահովել նրանց արդյունավետ սոցիալական ներառումը` դրանով իսկ այս քաղաքականությունը համապատասխանեցնել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիային, որը Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ից:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունման նպատակն է պաշտպանել քրեական գործով տուժողի և միաժամանակ որպես քաղաքացիական հայցվոր հանդես եկող անձի իրավունքները: Օրինագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություն չունի:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Ներդրվում են ՀԴՄ հանրային հսկողության մեխանիզմներ

ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարության օժանդակությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է բազմագործառնական ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը: Սահմանվել է, որ ամեն ամիս անցկացվող վիճակահանությանը հավասարապես մասնակցելու են նաև հարկ վճարողների կողմից 2013թ. հուլիսի 1-ից շահագործվող ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Պարգևավճար պետք է տրամադրվի հատուկ համարների առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած 5 և ավելի նիշերին համընկնելու դեպքում, ընդ որում, 8 և 7 նիշերի համընկնման դեպքում ս.թ. օգոստոսի 1-ից հետո յուրաքանչյուր վիճակահանության արդյունքում որպես պարգևավճար կտրամադրվի 5 ավտոմեքենա, ինչպես նաև նախապես հայտարարված քանակով այլ գույք կամ իրավունք:
Հաստատվել են նաև ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ների կիրառման կարգը:
Տեխնոլոգիական և գույքային աջակցություն է ցուցաբերվում համայնքներին

ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված ավելի քան 2 մլն դրամ սկզբնական արժեքով գույքը` տախեոմետրը, հետ վերցնել և հանձնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրենություն» ՊՈԱԿ-ին: Տարածքային կառավարման նախարարությանը թույլատրվել է ՊԿՀ հաշվեկշռում գտնվող ավելի քան 25 մլն դրամ արժեքով գույքը նվիրաբերել համայնքներին`գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:
Կառավարության որոշմամբ Սևանի քաղաքային համայնքի Նալբանդյան փողոցի թիվ 36 բազմաբնակարան շենքի երկրորդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծվել են` Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 57,5 մլն դրամի սահմաններում:
Այլ հարցեր

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի կառավարությունների միջև հարկային հարցերի տեղեկատվության փոխանակման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012թ. նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրով Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի կառուցման բաղադրիչի իրականացման, այդ թվում աշխատանքների, ապրանքների, ծառայությունների գնումները համակարգելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու իրավասությունները վերապահվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին:
Կառավարությունն իր նիստում սահմանել է, որ 2013թ. հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում կայացող Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի համար նախատեսված պետտուրքի վճարումից:
Կառավարությունն ընդունել է 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ մինչև ուսումնառության ավարտը` 2014թ. աշնանային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայի համակարգչային գիտությունների ֆակուլտետի սան Տիգրան Գալոյանին:
Կառավարությունը հաստատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Արամ Իսաբեկյանի ընտրության արդյունքը: Նրա հետ աշխատանքային պայմանագիր կկնքվի հինգ տարի ժամկետով:

Ո՞վ գիտի, թե ինքն ինչքան գազ ու հոսանք է ծախսել մինչև հուլիսի 7-ը

gazi hashvichԴեռ չենք մոռացել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  հունիսի 7-ին որոշում ընդունեց սպառողներին  մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել: Չենք մոռացել նաև, որ այդ որոշումը ուժի մեջ էր մտնում հուլիսի 7-ից: Այսինքն` մինչև հուլիսի 7-ը բնակիչները պետք է սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարեն նախկին` էժան գնով, իսկ հուլիսի 7-ից ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի համար` նոր սահմանված` ավելի թանկ գնով: Բայց կարծես այդ մասին մոռացել են սպառողներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարողները:

 Պայմանագրի դրույթները չգործելու դեպքում նոր պայմանագիր պետք է կնքել

Ինչպես գիտենք, գազ ու էլեկտրաէներգիա ստանալու համար առաջին դեպքում պետք է լինել  «Հայռուսգազարդի», իսկ երկրորդ դեպքում` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդներ: Բաժանորդ դառնալու համար քաղաքացին պետք է այդ ընկերությունների հետ պայմանագիր կնքի, որով էլ կարգավորվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները: Այսինքն` պայմանագրով են սահմանվում, թե ինչ սակագնով, ինչ պայմաններով պետք է մատակարարները քաղաքացիներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարեն, ինչ ծառայություններ մատուցեն և այլն: Այդ պայմանագրերով է սահմանվում նաև, թե քաղաքացիներն ինչպես, ինչ ժամկետներում պետք է իրենց սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ անեն և այլն: Այսինքն` սա պայմանագրային հարաբերությունների տիրույթ է: Օրինակ` նույն «Հայռուսգազարդ» ընկերության կայքէջում նշված մեխանիզմի համաձայն` «Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը` պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցելու ցուցմունքի գրանցմանը: Հաշվարկային ժամանակաշրջանն օրացուցային ամիսն է: Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի:  Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը վճարումը կատարում է վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում»:

Պայմանագրային հարաբերությունները մի կարևոր կողմ էլ ունեն. եթե պայմանագրային պայմանների մեջ որոշակի փոփոխություններ են լինում, ապա կողմերի փոխադարձ համաձայնությամբ կա՛մ  նոր պայմանագիր է կնքվում, կա՛մ նախկին պայմանագրի մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ: Որովհետև ինչպես գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն են պայմանագրով կարգավորվում, այնպես էլ դրանց դիմաց վճարումները: Ուստի մատակարարող ընկերությունները բնակիչների հետ պետք է նոր պայմանագրեր կնքեին արդեն նոր` թանկացած սակագներով գազ ու էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Սակայն փաստը մնում է այն, որ մինչ այս պահը բաժանորդների հետ նոր պայմանագրեր չեն կնքվել: Իսկ դա նշանակում է, որ չկա այն հիմքը, համաձայն որի` բնակիչները գազի ու էեկտրաէներգիայի դիմաց պետք է մատակարարող ընկերություններին վճարեն նոր` թանկ  սակագներով:

Բացի այդ, գազի ու էլեկտրաէներգիայի բարձր սակագները, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, գործում են հուլիսի 7-ից: Սակայն, ինչպես գիտենք, այդ «ապրանքների» ծախսի հաշվարկները կատարվում են ամսական կտրվածքով` հաշվարկվելով ամսվա սկզբից մինչև վերջին օրվա ընթացքում կատարված ծախսերը: Ու եթե բարձր սակագները սկսում են գործել ամսվա միջնամասի օրերից մեկից, ապա առանձին հաշվարկ պետք է կատարվի` պարզելու համար, թե յուրաքանչյուր բաժանորդ որքան գազ կամ էլեկտրաէներգիա է սպառել ցածր և որքան` բարձր գներով: Այսինքն` հուլիսի 7-ին համապատասխան հիմնարկների տեսուչները պետք է բաժանորդների գազի ու հոսանքի հաշվիչների թվերը ֆիքսեին բնակիչների ներկայությամբ, ու դրանց մասին տեղյակ պահեին բաժանորդներին:

Բերեմ տողերիս հեղինակի օրինակը: Հուլիսի 20-ի դրությամբ մեր բնակարանի դուռը թակել է միայն «Հայռուսգազարդի» ներկայացուցիչ-տեսուչը, առաջարկել ստորագրել մի փաստաթուղթ, որ իբր տեղյակ ենք, որ ինքը արձանագրել է հուլիսի 7-ի դրությամբ հաշվիչի ցույց տված ցուցմունքները: Նա չի հայտնել անգամ, թե ինչ թիվ է արձանագրված եղել` հուլիսի 7-ի դրությամբ: Ստացվում է` մենք տեղյակ ենք, որ ինչ-որ թիվ է արձանագրվել, սակայն տեղյակ չենք, թե ինչ թիվ է դա: Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի ծախսին` հուլիսի 7-ի դրությամբ, ապա մինչ օրս, անգամ Հայռուսգազարդի` տեղեկացման փաստաթուղթ չի արձանագրվել ու չգիտենք, թե այդ հաշվարկն ինչպես է արվելու:

Այս մտահոգությունը, դատելով առօրյա զրույցներից, բոլոր բնակիչներն ունեն, քանի որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ձևով է կատարվելու իր ծախսած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկները:

Համոզված ենք, որ հաջորդ ամիս` ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման ժամանակ մեզ հավաստիացնելու են, թե ամեն ինչ կարգին է, ոչ ոք ոչ մեկի իրավունքները չի խախտել: Համենայն դեպս, այդպես եղել է միշտ, ու դույզն-ինչ նշան էլ չկա, որ հույս առաջացնի, թե այս անգամ բացառություն է լինելու: Համոզված ենք, որ ընկերությունների մամուլի ծառայությունները նաև «խելամիտ ու համոզիչ» պատասխաններ կգտնեն, թե ինչու քաղաքացիներին չեն վերաբերվում որպես քաղաքացիների կամ իրավունքի սուբյեկտների: Համոզված ենք նաև, որ սուսուփուս մուծելու ենք այն գումարը, որն առաջարկվելու է մեզ` թեկուզ համոզված չլինելով, որ այն ճիշտ է հաշվարկվել ու դրանով իսկ հերթական անգամ հնարավորություն ու առիթ ենք տալու, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես ուզեն, այլ ոչ ինչպես օրենքն  ու մարդակենտրոն հասարակության տրամաբանությունն է պահանջում:

 

Բանջարեղենային կոտլետներ

կոտլետԽճողակի բաղադրությունը

500 գ աղացած միս (ցանկացած)

2 կարտոֆիլ

1 գազար

1 գլ սոխ

1 դդմիկ

3 պճեղ սխտոր

սպիտակաձավար 4 ճ/գդալ

կանաչի (կարելի է նաև չորացրած, ըստ ճաշակի)

ձեթ` տապակելու համար:

Պատրաստման եղանակը`

Կարտոֆիլը, գազարը, սոխն ու դդմիկը  լվանալ,մաքրել, ապա մանր քերիչով անցկացնել ու խառնել հարմար թասի մեջ:

Ավելացնել սպիտակաձավարը, միսը, ապա համեմել, աղ ու պղպեղով, ավելացնել կանաչին ու լավ խառնել: Եթե խճողակը չորոտ է ստացվել, ապա կարելի է մի քիչ ջուր ավելացնել ու խառնել 5 րոպե անց, որ սպիտակաձավարը հասցնի ուռչել:

Այնուհետև, խոնավ ձեռքերով կոտլետներ ձևավորել ու տապակի մեջ ձեթով կարմրացնել երկու կողմից, առնվազն` 3-4 րոպե յուրաքանչյուր երեսը:

Երբ կոտլետները պատրաստ լինեն, պետք է հանել ու դնել անձեռոցիկի վրա, որ ձեթի ավելցուկը դուրս գա:

Այս համեղ կոտլետները կգնահատեն երեխաներն ու տղամարդիկ: Կարելի է մատուցել մակարոնի, կարտոֆիլի խյուսի հետ և ընդհանրապես, ցանկացած ձևով:

«Բարով եկաք». հայրենադարձներն օգնում են նորեկներին հաստատվել հայրենիքում

hayrenadardz-2Օրեր առաջ երևանյան սրճարաններից մեկը վերածվել էր յուրօրինակ հայկական «խառնարանի». հավաքվել էին հայեր աշխարհի տարբեր ծայրերից: Բոլորին միավորել էր մեկ գաղափար` հայրենադարձությունը, իսկ նրանցից շատերն արդեն գաղափարը կյանքի էին կոչել` վերադառնալով և հաստատվելով հայրենիքում:

Նախաձեռնությունը «Վերադարձ Հայաստան» (www.repatarmenia.org) հիմնադրամինն էր, որը պարբերաբար նման հանդիպումներ է անցկացնում` նպատակ ունենալով ներկայացնել արդեն հաստատված հայրենադարձների հաջողված փորձը, ամրապնդել նոր եկածների սոցիալական կապերը: Հանդիպումներին մասնակցում են նաև տեղացիներ, որոնք նույնպես ցանկանում են օգտակար լինել նորեկներին: Միջոցառման անվանումն էր` «Բարով եկաք» (Meet and greet):

«Վերադարձ Հայաստանի» համահիմնադիր Վարդան Մարաշլյանը, որը մոտ երեք տարի առաջ հայրենադարձվել է Ռուսաստանից, ասում է, որ գոյություն ունեն պոտենցիալ հայրենադարձներ, որոնցից շատերը գալիս են Հայաստան, այսպես ասած, մթնոլորտն ուսումնասիրելու, բայց, ցավոք, նրանց մատուցվում է միայն բացասականը, որի մեջ արդեն չեն նկատում այն դրական տեղաշարժերը, որ տեղի են ունենում Հայաստանում: Այդ մարդիկ այլևս չեն ուզում վերադառնալ հայրենիք:

«Վերադարձ Հայաստանի» հիմնական խնդիրն է քարոզել և ճիշտ ներկայացնել  հայրենադարձության գաղափարը` հիմնվելով անձնական օրինակների վրա, կրթական և մշակութային ծրագրեր իրականացնել մինչև հայրենադարձությունը, մարդկանց ներկայացնել առաջնահերթ բոլոր տեղեկությունները Հայաստանի մասին` առավել դյուրին դարձնելով հայրենադարձության գործընթացը և բոլոր փուլերում լինելով այդ մարդկանց կողքին:

Վարդան Մարաշլյանն ասում է, որ կարճ ժամակահատվածում իրենց հաջողվել է լուրջ աշխատանք կատարել: Նախ` հիմնադրամի շուրջ են համախմբվել վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված շուրջ 600 հայրենադարձներ, որոնք սեփական փորձով օրինակ են դառնում մյուսների համար: «Վերջին մեկ ամսվա ընթացքում միայն մենք գիտենք տասը հոգի, որ տեղափոխվել են Հայաստան, և աշխարհագրությունը շատ հետաքրքիր է` Կանադա, Ամերիկա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Լիբանան, Իրան»,-թվարկում է նա:

«Բարով եկաք»-ին մասնակցում էին մի քանի տասնյակ սփյուռքահայեր, որոնք հերթով ներկայացնում էին, թե որտեղից են եկել, ինչով են զբաղվում և այլն: Օրինակ` Սամսոնը ծնվել է Հայաստանում, հետո մեկնել է Շվեդիա, երկար տարիներ ապրել այնտեղ, իսկ 2010-ին վերադարձել է Հայաստան և ներդրումային կազմակերպություն հիմնել: Արշակը նույնպես Հայաստանում է ծնվել, հետո տեղափոխվել Ֆրանսիա, ապրել Փարիզում, սակայն մեկ տարի առաջ վերադարձել է հայրենիք և ծրագրեր է իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անին հանրային առողջության մասնագետ է, Ամերիկայից է եկել, հետազոտություն է անցկացնում կանանց վերարտադրողական առողջության ոլորտում: Թամարը Կանադայից է, առայժմ կայուն աշխատանք չունի, անգլերեն է պարապում: Անահիտն էլ Լոնդոնից է վերադարձել հայրենիք, աշխատում է «Վերադարձ Հայաստանում»` օգնելով նորեկներին աշխատանք գտնելու հարցում:

Վարդան Մարաշլյանը շնորհակալություն է հայտնում բոլորին և ցանկանում, որ ամուր կապեր հաստատեն Հայաստանում. «Կարևորն այն է, որ հոսքն ավելանա, և պահպանելով որակը` ձեռք բերենք նաև քանակ,- ասաց նա` կատակով ավելացնելով,- և տա Աստված, որ դուք ավելի քիչ առիթ ունենաք շփվելու Հայաստանի տաքսու վարորդների հետ և ավելի շատ շփվեք մեզ պես մարդկանց հետ»:

Դիմելով մասնակիցներին` նա ասաց, որ «Վերադարձ Հայաստանի» մասին տեղեկատվությունը դրսում տարածելու ամենալավ միջոցը հենց նրանք են: «Մեզ պիտի ճանաչեն և դիմեն, և մենք պիտի կարողանանք ավելի շատ մարդկանց օգնել, որպեսզի Հայաստան վերադառնալու որոշում կայացնեն: Մեր հիմնական ուժը հենց դուք եք` հայրենադարձներդ»:

Վարդան Մարաշլյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնելու են Օձուն` ցանկացողներին հրավիրելով միանալ իրենց:

Հանդիպմանն ու ծանոթությանը զուգահեռ նման միջոցառումների ժամանակ ամեն անգամ մասնակիցներին ներկայացվում է նաև սոցիալական մի ծրագիր: Այդ օրը ներկայացվեց «One Armenian» միջոցների հայթայթման ծրագիրը, որով բարեգործական ծրագրեր են իրականացվում Հայաստանի գյուղերում ու տարբեր վայրերում: Ցանկացողները միանում են նախաձեռնությանը:

Միջոցառման մասնակիցների մեջ, սակայն, կային սիրիահայեր, որոնք պատերազմի պատճառով էին վերադարձել Հայաստան և առայժմ աշխատանք չունեին, անորոշության մեջ էին: Իսկ, օրինակ` 18-ամյա Սարգսի ընտանիքը մեկ տարի է արդեն` Հայաստանում է և մեկընդմիշտ հաստատվել է այստեղ: Սարգիսն ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, ծնողները բիզնեսով են զբաղվում, սեփական բնակարան ունեն:

Սիրիայից Հայաստան տեղափոխված երիտասարդ Մեղրիկը մինչև Սիրիայում իրավիճակի վատանալն էր եղել Հայաստանում ու Արցախում և շատ էր հավանել: Նրա երազանքն էր հայրենիք վերադառնալ: Սիրիայում սկիզբ առած դեպքերի պատճառով նրա ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Ճիշտ է` դժվարությունները շատ էին, բայց արդեն հաստատվել են, սեփական փոքրիկ բիզնեսն ունեն: Մեղրիկն արդեն չի պատկերացնում իր կյանքը Հայաստանից դուրս: «Այլևս չեմ ուզում Սփյուռքի կոմպլեքսները ապրել, հոգնել եմ,- ասում է նա,- ես իմ մանկության ժամանակ շատ եմ տառապել: Մի օր ծնողներիս հարցրեցի, թե ինչու ենք մենք տանը հայերեն խոսում, դրսում` արաբերեն, մայրս ասաց` որովհետև մենք հայ ենք: Լավ, եթե հայ ենք, ինչո՞ւ Հայաստանում չենք,- զարմացա ես: Չեմ ուզեր, որ իմ երեխաներն էդ կոմպլեքսը ապրին: Թող իմ երեխաները լինեն սովորական հայ` սովորական հայրենիքին մեջ, թեկուզ և փողն ավելի քիչ լինի: Եվ թող ինձ չհամոզեն, որ դրսում կյանքն ավելի լավն է: Ես ինձ էստեղ ապահով եմ զգում: Առաջ ես կարող ա ծիծաղեի, երբ ինձ ասեին` հողի ուժը, իսկ հիմա շատ լավ եմ հասկանում այդ բառի նշանակությունը` իսկապես զգալով այդ հողի ուժը»:

ԱՄՆ հետախուզության զեկույցը. համայն հայությունը պահանջում է հողերի վերադարձը Թուրքիայից

harut-sasunyan6001327137345Վերջերս Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացավ աշխարհասփյուռ հայության մեծ ուշադրությանը և թուրքական կառավարության խիստ քննադատությանը: Չնայած սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտոնյա բարձրացրել էր այս հարցը 1991 թ. երկրի անկախությունից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ: Հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները Թուրքիայից:

Կենտրոնական հետախուզական վարչության կողմից գաղտնազերծված 1943 թվականի մի գաղտնի փաստաթուղթ բացահայտում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը քաջատեղյակ է եղել հայկական պահանջներին՝ «վայրագությունները» ճանաչելու և թուրքական գրավյալ «նահանգները» վերադարձնելու մասին:

Կենտրոնական հետախուզական վարչության նախորդի՝ Ռազմավարական  ծառայությունների վարչության (ՌԾՎ) հեղինակած 1943 թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասվում է. «Միացյալ Նահանգներում հրատարակվող ամբողջ հայկական մամուլը աշխույժ է՝ իր ընթերցողների հիշողության մեջ թարմ պահելու թուրքական կողմի կազմակերպած հայկական ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի [Երկրորդ համաշխարհային պատերազմի] գերմանական վայրագություններն ի վերջո  կմթագնեն նախորդ պատերազմի վայրագությունները, նրանք ուզում են վառ պահել Հայկական հարցն ընդդեմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպես ներկայիս, այնպես էլ անցյալի բողոքներ Թուրքիայի հանդեպ, որտեղ ունեցվածքի հարկի՝ «Վառլիքի» ծանր բեռն ավելի շատ դրված է հայերի, քան Թուրքիայում ապրող որևէ այլ փոքրամասնության վրա: Հայության աչքին առավել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրավամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայության նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին»: ՌԾՎ-ի փաստաթղթի մեկ այլ հատվածում ճշգրտորեն հաղորդվում է, որ «հայերը, գրեթե առանց բացառության, ամենախորը կասկածանքի, թշնամանքի և վախի զգացումներ են տածում» Թուրքիայի հանդեպ:

1944 թ. հուլիսի 31-ին թվագրված երկրորդ գաղտնազերծված փաստաթուղթը զարմանալի վերնագիր է կրում. «Դաշնակները թեքվում են դեպի Խորհրդային Ռուսաստան»: ՌԾՎ-ն նշում է, որ «երբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցությունը (դաշնակ) պաշտոնապես փոխել է իր կողմնորոշումը և թեքվել դեպի Խորհրդային Միությանն աջակցելու ուղղությամբ, որն աստիճանաբար ավելի ակնառու դարձավ վերջին մի քանի ամիսների ընթացքում և իր գագաթնակետին հասավ խորհրդամետ քաղաքականության ընդունմամբ հուլիսի առաջին շաբաթում Բոստոնում կայացած Դաշնակցության տարեկան համագումարում»: ՌԾՎ-ի այս զեկույցը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը հայտարարել էր իր մտադրության մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պահանջել Թուրքիայի արևելյան նահանգները (Կարսը, Արդահանը և Սուրմալուն): Խորհրդային այս պահանջն աջակցություն ստացավ Հայկական եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարության և Սփյուռքի, այդ թվում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից:

ՌԾՎ-ն խորաթափանց կերպով հայտարարեց. «Դաշնակներն իրականում երբեք էլ չեն հրաժարվել իրենց երազանքից ունենալու ազատ և անկախ Հայաստան, այդ թվում՝ թուրքական չմիացված տարածքը, որը լարվածության մեջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ, 1920 թվականին Հայաստանի՝ որպես խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախության տեսլականի նվաղումով, այժմ խորհրդամետ դաշնակներն իրենց ուշադրությունը շրջում են դեպի Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերմանը Խորհրդային Հայաստանի Հանրապետության կողմից»:

Բացատրելով ՀՅԴ կուսակցության հետպատերազմյան ակնկալիքները, ՌԾՎ-ն ասում է. «Եթե Թուրքիան,ինչպես դաշնակները հույս ունեն և հավատում են, ըստ պարոն [Ջեյմս] Մանդալյանի [Բոստոնում գործող ՀՅԴ «Հայրենիք» թերթի խմբագիր], չեզոք մնա [Երկրորդ համաշխարհային պատերազմում], ապա այն մեծապես խոցելի կացության մեջ կհայտնվի  և իր չեզոքության հատուցումներից մեկը կլինի Թուրքահայաստանի զիջումը Խորհրդային Հայաստանին»:

ՌԾՎ-ի 1943 թվականի փաստաթուղթը նաև մի ընդարձակ զեկույց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերյալ, իր ուշադրությունը սևեռելով Միացյալ Նահանգներում հրատարակվող 17 հայկական թերթերից միայն վեցի վրա. «Հայրենիք» և «Ասպարեզ» (Դաշնակցական), դասակարգված որպես «աջակողմյան-ազգայնական», «Պայքար», «Նոր օր» (Ռամկավար) և «Երիտասարդ Հայաստան» (Հնչակյան), դասակարգված որպես «ազատական», և «Լրաբեր» (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա), դասակարգված որպես «ձախակողմյան-կոմունիստական»: Վերջին երկու թերթերն այլևս չեն  հրատարակվում:

Ըստ ՌԾՎ-ի՝ «Հայրենիք» և «Ասպարեզ» թերթերը «խիստ ազգայնական, հակախորհրդային և հակակոմունիստական են», մինչդեռ «Պայքարը» «վճռականորեն դեմ է արտահայտվում դաշնակներին և նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միության մեջ Հայաստանի ընդգրկումը ընդունում են որպես հայկական խնդիրների բավարարման լավագույն ելք և «Պայքար» թերթում տպագրված բազմաթիվ հոդվածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը Հայաստանում, հատկապես Հայ Առաքելական եկեղեցու հետ նրա ունեցած հարաբերություններում»:

ՌԾՎ-ի գնահատմամբ, 1943 թ. Միացյալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակություն էին հաստատել Մասաչուսեթս, Նյու Յորք և Կալիֆորնիա նահանգներում, «բուռն հետաքրքրություն են դրսևորում իրենց հայրենիքի [Խորհրդային Հայաստանի] հանդեպ, բայց մի քանիսը, թերևս ոչ մեկն էլ չի վերադառնա այնտեղ»:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

«Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա»

մառլենՄոնրեալում ապրող հայ կինոռեժիսոր Մառլեն Էդոյանի  «Հողի կանչը»  վավերագրական ֆիլմն ընդգրկված էր «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Ֆիլմի նկարահանման համար Մառլենն այցելել  է Արցախի և Ջավախքի տարածքները, Հայաստանի գյուղերը՝ ծանոթանալով գյուղացիների առօրյային։ Շատ հաճելի էր, որ առիթ ունեցանք անձամբ զրուցելու Մ. Էդոյանի հետ:

– Մառլեն, ինչպե՞ս եք ձեզ զգում Երևանում:

Շատ ուրախ: Իհարկե, առաջին անգամ չեմ այստեղ, բայց անհամբեր սպասում էի, որ վերադառնամ Երևան:

–  Ձեր «Հողի կանչը»  ֆիլմն արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել Ֆրանսիայում: Ինչի՞ մասին է խոսքը:

– Ֆիլմը նկարագրում է հայ գյուղացու կյանքը, նրա առօրյան և կոչ անում շարունակել ապրել հայրենիքում: Յուրաքանչյուր գյուղացի իր պատմությունն ունի: Ոմանք հույսով լցված են, ոմանք` անհույս, բայց բոլորն էլ սիրում են հողի հետ աշխատել:

– Այնուամենայնիվ, ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը:

– Արտագաղթն է: Վերջին շրջանում սկսել են դատարկվել հայկական գյուղերը, և ոչ միայն: Դա իսկապես ցավալի է: Քանի որ ֆիլմը գյուղերում եմ նկարահանել, ինձ միշտ մտահոգում էին այն հարցերը, թե ինչո՞ւ է գյուղերի բնակչության թիվը պակասում, ինչո՞ւ յուրաքանչյուր հայ, թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում, չպետք է կարողանա իր խնդիրները հենց իր երկրի ներսում լուծել, ազատ ստեղծագործել և հպարտանալ սեփական պատմությամբ:

-Ո՞րն է արտագաղթի հիմնական պատճառը:

– Պատճառները շատ են. աշխատատեղերի բացակայությունը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական ծանր վիճակը: Ինչո՞ւ պետք է լքես քո երկիրը և գնաս այլ տեղ ու զրոյից դժվարությամբ ստեղծես: Վստահեցնում եմ, որ ամեն տեղ էլ դժվար է, հետևաբար, ավելի լավ է քո երկրում դիմանալ: Իհարկե, շատ լավ հասկանում եմ հայրենիքը լքող մարդկանց, բայց նրանք միամտաբար են հեռանում՝ չճանաչելով աշխարհը:

– Ասում եք՝ հետ վերադառնալ հայրենիք և շարունակել ապրել այստեղ, բայց դուք պատրա՞ստ եք այդ քայլին:

– Այո, պատրաստ եմ գալ և բնակվել Հայաստանում, հատկապես Ջավախքում, քանի որ այն շատ սիրեցի:

– Ինչպե՞ս որոշեցիք դառնալ ռեժիսոր:

– Ուսանել եմ «Հեռուստատեսություն, ռադիո, բեմադրություն» բաժնում և միշտ էլ  աշխատել եմ այդ ասպարեզում: Սակայն վերջին 7-8 տարում որոշեցի աշխատել միայն վավերագրական ֆիլմերի վրա:

– Դժվա՞ր է վավերագրական ֆիլմեր նկարել:

– Այդքան բարդ չէ: Ժամանակին շատ եմ լուսանկարել, ինչն էլ նպաստեց իմ ապագա մասնագիտության կայացմանը:

– Իսկ խաղարկային ֆիլմեր նկարահանե՞լ եք:

– Այո, նույնիսկ խաղացել եմ այդ ֆիլմերում, բայց դա ինձ այնքան էլ չի հետաքրքրել: Եթե խաղարկային ֆիլմերում լավ սցենար չունես, դժվար թե կարողանաս լավ ֆիլմ նկարել:

– Պատրաստվո՞ւմ եք մասնակցել նաև հաջորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

– Ունեմ երկու ֆիլմ, որոնք պետք է նկարեմ: Ուղղակի ժամանակի հարց է: Հուսամ՝ մի քանի տարի անց կվերջացնեմ դրանք և կրկին կգամ Երևան: Երբ Ջավախքում էի, հստակ գիտեի, որ պետք է վերադառնամ: Անկասկած, հաջորդ վավերագրական ֆիլմը լինելու է Գանձայի և այդ գյուղի ժողովրդի մասին, իսկ երկրորդը հավանաբար կլինի Լիբանանում:

– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

– Փորձում եմ դրական տեսնել: Նախ` կառավարությունը պետք է քաղաքացիներին սատարի, իսկ քաղաքացիները՝ ճանաչեն աշխարհը: Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա: Խնդիրը մեր մեջ է: Գիտեմ, որ կառավարությունը չի անում այն, ինչ պետք է անի, բայց մենք էլ ունենք մեր բաժին սխալը:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

 

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը եւ թուրքական զգուշացումները

քրդստանՀյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը հետզհետե ձեւավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունը իրավական հարթություն տեղափոխելու մասին:  Եւրոպական կառույցներին այս առումով դիմումներ են կատարվում եւ  ներկայացուցչական հաստատություններ առաջացնելու ուղղությամբ բարձրաձայն քննարկումներ են տեղի ունենում: Իբրեւ թե փակ խորհրդակցություններից արտահոսքի ձեւով դուրս եկած տեղեկություններ են հրապարակվում այս բոլորը հաստատող: Նույնիսկ ինքնավար Քուրդիստանի սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման ենթակա է:

Այս բոլորը անշուշտ  հանրային կարծիքը պատրաստելու համար է, թէ Սիրիայում քրդական ինքնավարությունը կայացման ընթացքի մեջ է եւ իբրեւ քաղաքական միավոր ճանաչման հրամայական պիտի առաջադրի: Առաջատար ուժը Ժողովրդավարական միություն կուսակցությունն է, որ այս ուղղությամբ քրդական տարբեր խմբավորումների հետ  է բանակցում:

Առաջադրանքները, որոնք հայտարարվում են Ժողովրդավարական միություն կուսակցության  կողմից, փորձում են զգուշավորություն պահել: Նրանք խնդրո առարկա չեն դարձնում Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ավելի օգտագործում են ինքնակառավարում բառակապակցությունը: Զգուշավորությունը սակայն երկկողմանի է. եւ հակառակ սիրիական տարբեր ճակատների հետ արձանագրված սահմանափակ միջադեպերին, թե՛ կառավարական եւ թե՛ հակակառավարական ուժերը զգուշավորության սահմանագիծը թվում է թե հարգում են քրդերի նկատմամբ:

Խնդիրը սակայն, սիրիական կողմերի նկատմամբ եւ փոխադարձաբար կիրառվող քաղաքականություններին չի վերաբերում, որքան այս զարգացումներով հիմնական մտահոգ եւ անհանգիստ վիճակ ցուցաբերող Անկարային:

Թե՛ թուրքական եւ թե՛ միջազգային մամուլը խոսում է անցնող ուրբաթ Անկարայից հնչած  ազդարարության մասին: Վարչապետ Էրդողանը զգուշացրել էր քրդերին հյուսիսային Սիրիայում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլեր առնելիս` ակնարկելով ինքնավար Քուրդիստանի հայտարարության հավանականությանը:

Նման ոճով, կիսասպառնական հայտարարություններով Անկարան միայն Սիրիայի վարչակարգին եւ Սիրիայի քրդերի հետ չէ, որ խոսում է: Եգիպտոսում ծայր առած շարժումը, իսլամական վարչակարգի տապալումը հայտնապես խոր անհանգստության է մատնել Թուրքիայի իսլամական վարչակարգի ղեկավարներին: Կահիրեի եւ Անկարայի իշխանությունների երեւութական դիմագծերը, անշուշտ տարբեր հանգամանքներով ու պայմաններով զուգահեռներ ունեն (ունեին): Իսլամական վարչակարգերը, որոնց հակակշիռը զինվորականությունն է, որ երկրի ու պետության շահերից մեկնած միջամտություն կատարելու մղձավանջի տակ  է պահում գործող իշխանություններին:

Իսլամական վարչակարգի տապալումը Կահիրեում կշարունակի անհանգիստ վիճակում պահել նույն բնութագիրը ունեցող թուրքական իշխանություններին: Առանց մոռանալու անշուշտ, որ Եգիպտոսը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան հիմնական մրցակիցներ են արաբական աշխարհի եւ հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու առաջնային գործոնի դիրքը գրավելու մրցավազքում:

Սակայն, եթե Եգիպտոսում գաղափարակից վարչակարգի տապալումը անհանգստացնում է Անկարայի վարիչներին, Սիրիայում քրդական ինքնավարության կայացումով համաքրդական միավորման ուրվականը շատ ավելի խոր տագնապի  է առաջնորդում Էրդողանին ու իր վարչախմբին: Այս մեկը արդեն Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող լրջագույն վտանգ է, որը օրից  օր ավելի տեսանելի  է դառնում:

Հիմա նայենք ընդհանուր համապատկերին` Անկարայից դիտված: Վայրիվերումներով հատկանշվող եւ հաճախ մրցակցային լարվածությամբ դրսեւորվող հարաբերություններ Իրանի հետ. ոչ միայն խզված, այլ թշնամական հարաբերություններ Դամասկոսի հետ, սպառնական մոտեցումներ հյուսիսային Սիրիայում ստեղծված ինքնավար Քուրդիստանի հետ: Եւ փակ սահմաններ Հայաստանի Հանրապետության հետ:

Հիշե՞նք, որ ոչ հեռու անցյալում Անկարայի արտգործնախարարությունը հոխորտում էր «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Փղախտով տառապող Աշոտը վերափոխվել է, որ փոխի աշխարհը

Ashot-էսսեԱշոտի համար տարիներ առաջ եկեղեցին տուն էր և օթևան: Բայց օրերից մի օր ծնողազուրկ, մանկատանը մեծացած և անօթևան, մուրացիկ դարձած տղան մի մեղք գործեց, որից հետո  կյանքն ասես երես թեքեց նրանից: Հետո զղջաց, ապաշխարեց, պատիժն օրենքով կրեց, բայց միևնույնն է, մեղքի խարանը մնաց ճակատին: Մեղանչել էր եկեղեցու դեմ:

Բայց ամենաահավորը ոտքերի հիվանդությունն էր, որ սրվեց. հազվադեպ հանդիպող փղախտ հիվանդությունը և բացվող խոցերն անտանելի տառապանք ու ցավ էին պատճառում, որից ազատվելու համար հաճախ էր մտածում ինքնասպանության մասին: Իսկ երբ դուրս էր գալիս փող մուրալու կամ դիմում էր ինչ-որ կազմակերպությունների, որ օգնեն, հաճախ գործած հանցանքը երեսով էին տալիս: «Դու ի՞նչ արժանիք ունես, որ քեզ օգնենք», «Դու աններելի մեղք ես գործել, գո՛ղ…»,- և այդպես շատ դռներ էին նրա առջև փակվում:

Տարիներն անցնում էին, իսկ Աշոտի մեղքը հոգում ավելի էր ծանրանում, ոտքերի վերքերն ու ցավն էլ` խորանում` խորացնելով նաև մարդկանց ու աշխարհի հանդեպ ունեցած մաղձն ու ատելությունը:

Աշխատում էր եկեղեցի չգնալ, բայց հոգու խորքում զգում էր, որ միայն դա իրեն կփրկի: Մի օր Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում նստել, ոտքերը բացել ու ցավից լաց էր լինում: Ոչ ոք չէր մոտենում, բոլորը խուսափում էին: Եկեղեցի հաճախող մի երիտասարդ աղջիկ` Արմինեն, որն Աշոտին վաղուց գիտեր, մոտենում է նրան: Զրուցում է, կարեկցում, և չնայած ընկերները դեմ էին, Արմինեն շարունակում է ամեն անգամ Աշոտին եկեղեցու բակում տեսնելիս մոտենալ ու զրուցել: Կամաց-կամաց Արմինեն ոչ միայն Աշոտին է փոխում, այլև մյուսներին: Բոլորը սկսում են Աշոտի հետ շփվել:

«Ընկերներս հասկացան, որ նա լավ մարդ է: Սկսեցինք օգնել նրան թե՛ հոգեպես, թե՛ նյութապես: Աշոտը շատ փոխվեց, հիմա հաճախ է գալիս եկեղեցի»: Արմինեն պատմում է, որ այս տարի նրա 32-ամյակին ընկերներով հյուր են գնացել և շատ լավ օր անցկացրել: Դա Աշոտի համար աննախադեպ երևույթ էր. նա գրեթե երբեք չէր նշել ծնունդը և միշտ անիծում էր այդ օրը: Հաջորդ օրն Արմինեն իմանում է, որ Աշոտն իրեն տարած ամբողջ սնունդը մի աղքատ ընտանիքի է տվել:

Արմինեն, որն այսօր արդեն Աշոտի ամենամտերիմ ընկերներից է, չի ընդունում, որ մարդիկ մինչ օրս նրա արածը մատնացույց են անում կամ էլ ասում` թող աշխատի, ապրի: «Ո՞նց են պատկերացնում, որ նման մարդը աշխատի: Եթե կարող են օգնել` թող օգնեն, բայց թող չմեղադրեն: Ինքը բոլորից շատ է ուզում աշխատել»:

Արմինեն մի ցանկություն ունի, որ Աշոտն ինչ-որ կերպ հայտնվի Գերմանիայում, և նրա հիվանդությունը բուժվի:

Ashot-2-1024x576Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղն էլ Աշոտին վաղուց գիտի: «Նա պարզունակ մարդ չէ,- ասում է,- շատ եմ շփվել հետը, կարդացել նրա բանաստեղծությունները»:

Տեր Կյուրեղը տեղյակ է նաև եկեղեցու հետ կապված նրա պատմությանը և կարծում է, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Աշոտն անցել է լուրջ ապաշխարության շրջան: «Մարդը հանցանք է կատարել, այո, ծանր հանցանք, բայց նա զղջում է և ապաշխարում, իսկ զղջացողին Աստված ընդունում է,- ասում է տեր Կյուրեղը,- իսկ եթե նրան մերժեինք, նա կհայտնվեր ինչ-որ աղանդում: Ինչևէ, մարդը փորձում է այս վիճակով հանդերձ ապրել: Եթե որևէ մեկն իր աչքով տեսներ նրա ոտքերի վիճակը` կսարսափեր: Հիմա դեպի լավն է գնում, և դա նաև նրա հոգեվիճակից է»:

Ashot-nerkelՍակայն կա մի խնդիր, որն Աշոտը մեծ դժվարությամբ է հաղթահարում. տրտունջը, բողոքը, դժգոհությունը, որն ըստ քահանայի, հոգևոր իմաստով մեղք է: Տեր Կյուրեղը կարծում է, որ մարդ միշտ Աստծուց շնորհակալ լինելու առիթ ունի. լույսը բացվեց, արդեն  պիտի գոհանաս: Եկեղեցու հոգևոր հովիվն Աշոտի հետ բավականին դժվարին աշխատանք է կատարում, որպեսզի նա ձերբազատվի ադ զգացողությունից: Հաջողվում է: «Հիմա մեջս շնորհակալական զգացումն եմ փորձում ամրապնդել,- խոստովանում է Աշոտը, որն այդ պահին եկեղեցու բակի նստարաններն էր ներկում,- սկսել եմ աղոթել էն մարդկանց համար, որոնք ինձ օգնում են, թեկուզ մի դրամով: Ամեն դեպքում մարդիկ ինձ համար ինչ-որ բան անում են, իսկ ե՞ս ինչ եմ անում նրանց համար»:

Առաջ, երբ դուրս էր գալիս փող հավաքելու, և մարդիկ վիրավորում էին, հայհոյում էր, անիծում: Հիմա փորձում է վատ բաներ չասել, չնայած խոստովանում է, որ դժվար է. «Երբ մարդիկ ինձ  արհամարհում են ու վիրավորում, ահավոր ներվայնանում եմ, ու եթե էդ պահին չպատասխանեմ, հնարավոր է` սրտի նոպա ունենամ»:

Ashot-khoterԱշոտի կամավորական աշխատանքը միայն եկեղեցու նստարանները ներկելով չի  սահմանափակվում: Նա խնամում է նաև եկեղեցու բակի ծաղիկներն ու բույսերը, իսկ որ ամենազարմանալին է, եկեղեցու արևելյան հատվածում ցաքուցրիվ եղած բազմաթիվ ծանր քարե թափոններն է մի քանի ամսում կարգի բերել:

Ashot-qarerԱշոտի այդ արարքը շատ է զարմացրել եկեղեցու մոմավաճառ տիկին Շարմաղին. «Եկեղեցում շատ առողջ տղամարդիկ կան, բայց ոչ ոքի մտքով չէր անցել, որ էդ գործերն անեն: Եկեղեցու հետևամասն էն վիճակում էր, որ մարդ չէր կարողանում անցնել: Աշոտն այդ ամենն էնպես է դասավորել, որ ես ապշում եմ` ինչպես է կարողացել»:

Տիկին Շարմաղը բոլոր այն մարդկանց, որոնք Աշոտի մեղքը երեսով են տալիս ու չեն ներում, հորդորում է մի պահ հետ նայել իրենց անցյալին` հիշեցնելով Աստվածաշնչի խոսքը` նախ քո աչքի գերանը հանիր, հետո ուրիշի աչքի շյուղը. «Չի նշանակում, որ մարդ մի անգամ ընկել է ցեխը, կարելի է տրորել, մինչև հիմնահատակ խորտակվի, սուզվի-գնա: Ոչ, եթե կարող ես` մարդուն ցեխից հանիր»:

Միգուցե շատերն ասեն` զուգադիպություն է, բայց ինչ Աշոտը սկսել է իր մտածելակերպը փոխել, իր կյանքն ավելի օգտակար ու դրական բաներով լցնել, ոտքերի վիճակը դեպի լավն է գնում, անգամ խոցերն են փակվել, որոնք անտանելի ցավում էին և տհաճ հոտ արձակում: «Ճիշտ է` դեղերն էլ մեծ նշանակություն ունեն, վերջերս առողջապահության նախարարությունն ինձ որոշակի դեղորայքով օգնել է, տեր Կյուրեղն էլ օգնել է, որ մի քանի կարևոր ու թանկ դեղեր ձեռք բերեմ, բայց ես համոզված եմ, որ ոտքերիս վիճակի թեթևացման մեջ մեծ է Աստծո դերը»:

Ասում է, որ ամեն անգամ, երբ իրեն դրամով օգնում են, իր պարտքն է համարում դրա տասը տոկոսը մի կողմ դնել եկեղեցու համար` որպես տասանորդ: Մեծ ցանկություն ունի այլ եկեղեցիներում ևս կամավորական աշխատանք կատարել, եթե իհարկե ընդունեն:

Միգուցե այդպես Աշոտն ուզում է վերադարձնել եկեղեցուն այն, ինչ տարիներ առաջ անգիտակցաբար խլել է, և մեկընդմիշտ հոգին ազատել մեղքի ծանր բեռից: Բայց ամենից շատ նա ուզում է փոխել իր նկատմամբ մարդկանց վերաբերմունքը և ատելության ու արհամարհանքի փոխարեն արժանանալ սիրո ու կարեկցանքի, որի կարիքն այսօր շատ ունի:

 

«Արաբական գարունը» Եգիպտոսում իմաստազրկվեց

արաբական գարունԲավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետադարձ հայացք ենք ձգում Եգիպտոսում ընթացող զարգացումների  վրա: Այդ զարգացումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ երևակում են մահմեդական աշխարհի լոկոմոտիվի` առաջնորդող երկրի կարգավիճակի համար մղվող պայքարի էությունը, այլև ստվեր գցեցին «արաբական գարուն» երևույթի տրամաբանության վրա: 

Եգիպտոսի իրադարձությունները տարածաշրջանում ճշգրտումների կարիք են առաջացրել

Ինչպես գիտենք, անցյալ ամիս Եգիպտոսում մեծ թափ հավաքեցին հակակառավարական բողոքի ցույցերը, իսկ նախագահ Մուրսին, չնայած բազմամիլիոնանոց ցույցերին, կտրականապես հրաժարվում էր հեռանալ իր պաշտոնից:

Դրանից հետո Եգիպտոսի բանակի գեներալները հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են առնելու երկիրն այն դեպքում, եթե քաղաքական գործիչները մինչև հուլիսի 3-ի երեկոյան ինչ-որ փոխզիջման չհասնեն:

Բանակը, խորհրդարանը, որում մեծամասնությունը իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն էին, լուծարելու և սահմանադրությունը կասեցնելու մտադրություն ուներ: Հուլիսի 3-ի դրությամբ քաղաքական գործիչները փոխզիջման չէին հասել, ուստի բանակը գործի անցավ: Հուլիսի 4-ին զինվորականները Եգիպտոսի պետական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ Մուհամեդ Մուրսին այլևս նախագահ չէ: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է դարձել Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավար Ալի Մանսուրը:Դրանից հետո երկրի ղեկավարությունն անցավ անցումային խորհրդին, որը կնախապարաստի սահմանադրության փոփոխությունները և կանցկացնի համընդահուր ընտրություններ: Նախագահ Մուրսին այդ նախագծից դուրս է մնացել:

Բայց այդքանով «թատրոնը» չավարտվեց, այլ միայն դեպքերի զարգացման նոր սցենարներ բերեց: Որովհետև երկրի իսլամիստական ուժերը` նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցները, պարբերաբար սկսեցին մեծ հանրահավաքներ հրավիրել ու նաև նշել, որ սկսելու են պայքար Մուրսիի պաշտոնը վերականգնելու նպատակով: Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են զինվորականների կողմից պաշտոնից հեռացված նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների բախումները:

Հենց այստեղ էլ ուրվագծվում է այն կարևորությունը, որ նշում էինք: Փաստորեն, այն Եգիպտոսում, որտեղ ընդամենը 2-3 տարի առաջ նույն ժողովուրդը դուրս էր եկել նախկին վարչակարգի դեմ, որտեղ կատարվեց հեղափոխություն, և իշխանության եկան իսլամիստական ուժերը, այդ նույն Եգիպտոսում այդ նույն ժողովուրդն այս օրերին էլ պայքարում էր «արաբական գարնան» արդյունքի` Մուրսիի գլխավորած իսլամիստական վարչակարգի` «Մուսուլման եղբայրների» իշխանության դեմ: Այս առումով, արդեն ոչ թե ենթադրաբար, այլ վստահ պետք է արձանագրել, որ «Արաբական գարուն» նախագիծը միջազգային հարաբերություններում ձախողվեց:

Արժե հիշել, թե ովքեր էին «Արաբական գարնան» ջատագովները և ամենայն հավանականությամբ նաև ճարտարապետները: Բնականաբար Արևմուտքը` ի դեմս ԵՄ-ի ու ԱՄՆ-ի: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ «Մուսուլման եղբայրներին» իշխանությունից հեռացնելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ դիմելով Եգիպտոսի անցումային կառավարությանը` նշեց, թե «Մուսուլման եղբայրներ» շարժումը չպետք է հեռացվի Եգիպտոսի քաղաքականությունից, և անհրաժեշտ է գտնել առաջ գնալու ընդհանուր ուղի:

Թույլ Եգիպտոսը ձեռնտու է Թուրքիային

Առաջ գնալու ուղի «գտավ» Թուրքիան: Նախ` Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Թուրքիան Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը հակաժողովրդավարական քայլ է համարում: Այս հայտարարությունը Եգիպտոսում լուրջ դժգոհություն էր առաջացրել, և Եգիպտոսն էլ իր հերթին կոչ արեց Թուրքիային չխառնվել իր ներքին խնդիրներին:

Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամլո ասուլիսի ժամանակ նշել էր. «Եգիպտոսում զինվորական հեղաշրջումը քննադատելը և այնտեղ ստեղծված կացությամբ մտահոգված լինելը չի նշանակում միջամտություն Եգիպտոսի ներքին հարցերին»: Նա ասել էր նաև, որ Եգիպտոսի կայունությունը հրատապ հարց է ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար, և Թուրքիան Եգիպտոսի ու նրա ժողովրդի բարեկամն է:

Իսկ Եգիպտոսում հեռուստաընկերություններից մեկով հեռարձակված տեսանյութում նշվել է, որ Թուրքիան Եգիպտոս զենք է մատակարարել: Հեռուստառեպորտաժում ներկայացվում էր Թուրքիայից ժամանած նավերից մեկում մեծ քանակությամբ ատրճանակ հայտնաբերելու և առգրավվելու մասին: Եգիպտացի իրավապահները Թուրքիայից ժամանած նավում հայտնաբերել էին մեծ քանակությամբ ակուստիկ ատրճանակներ, որոնք հեշտությամբ կարելի է վերափոխել իրական հրազենի:

Թուրքիայի արտգործնախարարությունն այդ կապակցությամբ գրավոր բացատրություն տվեց, որով նշվում էր. «Եղբայրական Եգիպտոսի կայունությունն ու խաղաղությունը Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի, և ինչ նպատակով էլ լինի, բռնության կիրառումը երկրում անընդունելի է համարում»:

Հիմա իրադարձություններին նայենք այլ տեսանկյունից: Նշենք, որ մահմեդական ազգաբնակչության մեծամասնությունը սունի է: Իսկ սունիների վրա ազդեցություն ունենալու համար երեք հիմնական մրցակից պետություններ են պայքարում` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Թուրքիան: Եգիպտոսի խաղից դուրս գալը հօգուտ Թուրքիայի էր, որովհետեւ Թուրքիան ի սկզբանե շատ ավելի նկրտումներ ուներ  սունի մահմեդականության լիդերության առումով: Բայց այստեղ մեկ հանգամանք կա, որ անպայման պետք է նկատի ունենալ. եգիպտական վերջին զանգվածային բողոքն իսլամական վարչակարգի դեմ էր, Թուրքիան ևս իսլամական վարչակարգ է: Բացի այդ` Արևմուտքի կողմից ընդունելի էր համարվում Թուրքիայի մոդելը, որպես իսլամական երկրի մոդել:

Բայց թուրքական իսլամիստական երկրի մոդելը մեծ հարված կրեց Թուրքիայում ծավալված ներքին խմորումների հետևանքով, որոնք ցույց տվեցին, որ այդքան փառաբանված թուրքական մոդելի պայմաններում Թուրքիայի քաղաքների փողոցներում մարդիկ բարիկադների վրա են: Եվ այս առումով սպասելի էր, որ Թուրքիան պետք է օգտվեր ցանկացած առիթից իր մրցակիցների հաշվին սեփական խնդիրները կոմպենսացնելու համար: Իսկ Եգիպտոսի վիճակից ավելի հարմար առիթ, երևի չէր էլ ունենա: Այսինքն` Թուրքիան շահագրգռված է, որ Եգիպտոսում քաոս լինի, այդպիսով իր դերն էլ ավելի կընդգծվի:

«Նշենք, որ Եգիպտոսում շատ լուրջ վտանգ կա, որ տապալվող իշխանության թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրները», որ իհարկե տարբերվում են Թուրքիայի իսլամիստներից իրենց ծայրահեղականությամբ, անցնեն ընդհատակ: Իսկ ընդհատակն արդեն քաղաքացիական անհնազանդության, բռնամիջոցների կիրառման և ահաբեկչական գործողությունների սկիզբն է: Սա, իրոք, քաոս է»,- ասում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Փաստը մնում է փաստ, որ մինչև «Արաբական գարուն» հզոր Եգիպտոս կար, իսկ այժմ` քայքայված ու ներսից ցնցվող, որը խառնում է այս տարածաշրջանում սցենարի հեղինակների խաղաքարտերը: Եգիպտական ներկա քաոսային իրադարձություններն անպայման տարածաշրջանի համար նախատեսված սցենարների մեջ վերանայումներ ու սրբագրումներ կմտցնեն:

 

Վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում

դատական նիստԹվում էր, թե 90-ական թվականների հետ միասին վաղուց անցյալ են դարձել այն ժամանակները, երբ Հայաստանի բնակչության մի կեսը «տոկոսի տակ էր», մյուս կեսն էլ՝ խաբված պարտատեր: Թվում էր, թե վաղուց արդեն անցել ենք քաղաքակիրթ հարաբերությունների, մանավանդ որ Հայաստանի բանկերը գրեթե ամեն օր սիրաշահում են մեզ՝ առաջարկելով վարկերի տրամադրման հրապուրիչ համակարգեր:

Բայց պարզվում է, որ վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում: Մինչ բնակչության մեծ մասն աշխատանք է փնտրում ու եթե գտնում է, օրնիբուն տքնում է, որ մի կերպ հասնի հարաճուն թանկացումների հետևից ու ծայրը ծայրին հասցնի, չգտնելու դեպքում էլ բռնում է պանդխտության ճանապարհը՝ օտարության մեջ հազարումի փորձանքի հանդիպելով, որոշ մարդիկ, ոչինչ չանելով, միայն ունեցած գումարը սրան-նրան տոկոսով պարտք տալով, հսկայական շահույթներ են ստանում: Եվ թող փորձի այս իրավիճակում որևէ կրպակատեր մի քանի դրամ առևտրի  ժամանակ մոռանալ կտրոն տալ հաճախորդին` բոլորս գիտենք, թե ինչ կանեն:

Այդպիսի հեշտ վաստակող անձանցից է  Տիգրան Մարտիրոսյանը, որը Երևանի տարբեր համայնքների դատարաններում ընթացող դատավարությունների գլխավոր գործող անձ է: Նրա բազմաթիվ պարտապանները սեփական բնակարաններից զրկվելու վտանգի տակ են, թեպետ վաղուց արդեն իրենց վճարած տոկոսներով շատ ավելի գումար են տվել պարտատիրոջը, սակայն այն օրվանից, ինչ այլևս չեն կարողացել վճարել տոկոսները, պարտքը աճել-աճել ու մի քանի անգամ ավելի մեծ գումար է դարձել, որը նրանք կարող են մարել միայն գրավ դրած բնակարանով:

Անշուշտ, առաջին «մեղավորները» հենց այդ պարտապաններն են,  որ ընկնում են վաշխառուների ծուղակը: Բայց, ինչպես ասում են` լավ օրից չէ: Հիմնական պատճառը նրանց միամտությունն է, ավելի ճիշտ՝ անգիտությունը, և մանավանդ նրանց նեղ վիճակը, տվյալ պահին նրանց կյանքում առաջացած ծանր կացությունը, որից էլ այնքան վարպետորեն օգտվում են վաշխառուները:

Տիգրան Մարտիրոսյանի երկու պարտապանները դիմել են իրավապահ մարմիններին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2013 թ. հունվարի 25-ին քրեական գործ է հարուցվել Տիգրան Մարտիրոսյանի կողմից որպես արհեստ վաշխառություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել, որ «2009-2010 թթ. ընկած ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, Անահիտ Դոխոյանին, Արմեն Մկրտչյանին, Լաուրա Սարգսյանին և Սուրեն Սադոևին է տրամադրել ընդհանուր 170 000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որից հետո մինչև 2011 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում որպես տոկոսագումար նրանցից ստացել է ընդհանուր 37 584 500 ՀՀ դրամին համարժեք 101 700 ԱՄՆ դոլար գումար (այդ անձանց նկատմամբ որպես արհեստ վաշխառություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իրականացվում է դատաքննություն)։ Նույն ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը, որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, դեռևս ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Անահիտ Կարապետյանին և Աղասի Վարդանյանին է տրամադրել տոկոսով գումարներ և դրանց դիմաց տևական ժամանակ ստացել տոկոսագումարներ…»:

Հուլիսի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր` Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, քննեց Տիգրան Մարտիրոսյանի գործը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (վաշխառությունը որպես արհեստ):

Ե՛վ Անահիտ Կարապետյանի ու Աղասի Վարդանյանի վկաներն ու ներկայացուցիչները, և՛ Տիգրան Մարտիրոսյանը բերել են իրենց ապացույցներն ու առարկությունները: Սակայն, որքան էլ որ ակնառու են եղել տուժողների վկայություններն ու ապացույցները, որոնք վեր են հանում բազմաթիվ խարդախություններ ու օրինազանցություններ, դատավորը դրանք այնքան էլ հիմնավոր չի համարել և ի վերջո եզրակացրել է. «Ճանաչել և հռչակել ամբաստանյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։ Տուժող Անահիտ Կարապետյանի` Երևան քաղաքի Ն.Ադոնցի փողոցի թիվ 15 շենքի թիվ 42 բնակարանի և վկա Սեդա Վարդանյանի` Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի թիվ 46 բնակարանի վրա նախաքննության մարմնի 2013 թ. ապրիլի 2-ի և ապրիլի 5-ի որոշումներով դրված կալանքը վերացնել»:

Այսքանից հետո, ինչո՞ւ պիտի չծաղկի վաշխառությունը մեր երկրում, եթե մարդը քաղաքի տարբեր ծայրերում բնակվող տասնյակ մարդկանց, որոնք մինչ այդ երբևէ կապ չեն ունեցել իր հետ, տոկոսով պարտք է տալիս նրանց, օգտվելով նրանց նեղ վիճակից ստիպում պայմանագրում ավելի մեծ գումարների դիմաց ստորագրել, այնուհետև գրավ է վերցնում բնակարանը բավական էժան գնով ու հետագայում ավելի թանկ վերավաճառում: Ինչո՞ւ չանի, եթե այսպիսի գործողությունների համար մեղավոր ճանաչվելու դեպքում էլ ՀՀ քրեական օրենսգիրքն ընդամենը նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով տուգանք է նախատեսում կամ առավելագույնը երկու տարի ազատազրկում:

Այսօր Նոր Նորք համայնքի դատարանում տեղի է ունենալու քաղաքացիական հայցով դատավարությունը: «Անկախը» կհետևի դատավարությանը և հաջորդ համարում  կներկայացնի տուժողների հետագա ճակատագիրը, ինչպես նաև նրանց պաշտպանների մեկնաբանությունները:

 

 

Կարկանդակ «Կարտոֆիլ»

pirozhoe-kartoshka (1)Այս կարկանդակը դեռևս խորհրդային տարիներից է հայտնի ու բերվում էր  ԱՊՀ երկրներից:  Սա «Կարտոֆիլի» դասական բաղադրատոմսն է:

650-700 գ թխվածքաբլիթ («Հոբելյանական» կամ «Հատապտղային»)

1բ խտացրած կաթ (380 գ)

180-200 գ կարագ

6-7 ճաշի գդալ կակաո

Զարդարման համար

1 ճ/գդալ կարագ

1թ/գդալ շաքարափոշի

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթներն աղալ կամ քերել: Կարագը փափկացնել ու հարել խտացրած կաթի հետ. ավելի լավ է հարիչով հարել 2-3 րոպե, ապա ավելացնել կակաոն ու կրկին խառնել: Պատրաստի խառնուրդի վրա ավելացնել մանրացրած թխվածքաբլիթն ու այդ զանգվածից  կարտոֆիլի նման ոչ մեծ գնդեր ձևավորել:

Կարտոֆիլների զարդարման համար կարագը փափկացնել ու խառնել 1 ճ/գդալ շաքարափոշու հետ: Ստացված կրեմով  հրուշակագործի ներարկիչով նախշազարդել  կարկանդակներն ու դնել սառնարանը 2-3 ժամ, որից հետո կարելի է վայելել:

Հանրությանը հուզող հարցերը պետք է իշխանության տեսադաշտում լինեն

10575_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երևանում ծավալված քաղաքացիների ինքնաբուխ շարժմանը, որը վարչապետի խոսքով, զերծ է կուսակցականությունից և ունի սոցիալական բնույթ: Տիգրան Սարգսյանը նաև շեշտել է, որ հոծ զանգվածներին առնչվող որոշումները նախօրոք պետք է անպայման քննարկվեն հանրության հետ:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Գործադիրը հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել: Կարևոր է նաև այն, որ երբ խոսքը վերաբերում էր օղու և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմանը, միշտ փաստարկ էր բերվում, որ եթե հարևան երկրներում գները ցածր լինեն, դա կհանգեցնի ստվերային շրջանառության: Հիմա ինձ տեղեկացնում են, որ մեր հարևանները նույնպես մտադիր են բարձրացնել ակցիզային հարկերը: Նաև այդ տեսակետից է պետք խնդիրը քննարկել, որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխման արդյունավետությունն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է ստուգում իրականացնող պետական մարմինների տեսչություններում ստեղծել կառավարման խորհուրդներ, հաստատել խորհրդի կանոնադրության օրինակելի ձևը: Սահմանվել է, որ յուրաքանչյուր խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքը կամփոփվի և կքննարկվի տեսչական բարեփոխման խորհրդում. ծրագիրը հնարավորություն կտա տեսնել նախաձեռնության ուժեղ և թույլ կողմերը, շտկումներ կատարել: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների երկու տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության:
ՀՀ կառավարությունը հաստատել է Սևանա լճի անտառտնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները, ինչի առնչությամբ ՀՀ վարչապետն ասել է. «Այս որոշմամբ մենք իրավական հիմքեր ենք ստեղծում հաշվարկելու այն գումարները, որ տրամադրում ենք Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար: Կարևոր էր ունենալ նաև անկախ փորձաքննական եզրակացություն: Այսօր մենք ստացել ենք նաև այդ եզրակացությունը: Իհարկե, ժամանակ է պետք, որպեսզի այդ բոլոր նորմատիվները փորձարկման ենթարկվեն փաստացի աշխատանքով, և երևի թե նպատակահարմար կլինի ևս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին. տեսնենք այս նորմատիվները ապահովո՞ւմ են աշխատանքների ամբողջական ծավալի կատարումը»:

Բնապահպանական նորմերը և բիզնեսի շահերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և չափորոշիչներին: Սակայն, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սույն օրենքի առնչությամբ շահերի բախում է նկատվել: Չնայած ապահովվել է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, բուռն քննարկումներ են եղել, որովհետև այս օրենքի նախագիծը նաև առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովում: «Այժմ մենք ստանում ենք ազդակներ մասնավոր հատվածից, բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք գտնում են, որ իրենց շահերն են ոտնահարվում այս օրենքով, և գտնում են, որ մենք միակողմանի նախապատվությունը տվել ենք բնապահպանական խնդիրներին: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև մենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ դեբատներ կազմակերպենք, լսենք նրանց կարծիքը, թե որոնք են այն նորմերը, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացումը, որպեսզի նաև Ազգային ժողով ներկայացնելիս երկու տեսակետները հավասարակշռված ձևով առկա լինեն մինչև օրենքի ընդունումը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագրով: Գործող դրույթի համաձայն անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարի գանձումն ապահովելու նպատակով ապրանքներ են վերցվել, կարող է դրանք ստանալ պարտավորության կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով: Կարգավորման նպատակը մաքսային հսկողության ժամկետի կրճատումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումն է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է քաղծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինել քաղծառայողի կատարողականի գնահատման համակարգով:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից. օրինագիծը կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Աջակցություն են ստանում սկսնակ գործարարները

Փոփոխություններ կատարելով «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագրում, կառավարությունն առավել գրավիչ է դարձնում պետական աջակցության այս ուղղությունը և ակտիվացնում է գործարար նախաձեռնությունները: Փոփոխությունը նաև ուղղված է սիրիահայ գործարարների աջակցությանը` Հայաստանում նրանց կողմից նոր գործ հիմնելու հարցում, ուստի համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը:
Գործադիրը որոշել է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացնել 100 մլն դրամ: Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին առաջարկել է այս տեղեկատվությունն ավելի մանրամասն տարածել զանգվածային լրատվամիջոցներով, որպեսզի երիտասարդ գիտնականներն իմանան այս հնարավորությունը և իրենք նույնպես հայտեր ներկայացնեն ու մասնակցեն: «Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորին չափ լայն շրջանակներ, երիտասարդ գիտնականներ ընդգրկվեն ծրագրում, քանի որ շատ են գիտության ֆինանսավորման հարցը բարձրացնում, և հիմա տեսնում ենք, որ մենք փուլ առ փուլ ֆինանսական միջոցները, որոնք ուղղում ենք այս նպատակներին, ավելացնում ենք: Նաև կարևոր է, որպեսզի շահառուների թիվը մեզ համար հասկանալի լինի և մեծանա»,- հավելել է վարչապետը:
Հաշվի առնելով միջազգային օլիմպիադաներին Հայաստանի թիմերի մասնակցությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը, կառավարությունն այլ ծրագրի տնտեսած միջոցներից շուրջ 10 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին:
Կառավարությունն իր որոշմամբ ընդունել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Հրազդան քաղաքի 5-րդ բանավանում գտնվող մասնաշենքի և համապատասխան հողատարածքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև վերահաստատել Կապան քաղաքի Մ. Հարությունյան 5ա հասցեում գտնվող տարածքի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքը ամրացվել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին: Հաջորդ որոշումներով գործադիրը պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է «Վայոցձորառսպաս» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` նպաստելով ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը, Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել «Հանրապետություն» և «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ներին, իսկ Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 2 հանրակացարանի բնակարաններից մեկը նվիրել այնտեղ բնակվող քաղաքացուն:
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է երկրի գազաքիմիական ճյուղի վերակառուցման ավելի իրատեսական ժամկետներ: Այժմ նոր օպերատորի և ֆինանսավորման բացակայությունը խոչընդոտում է համակարգաստեղծ կազմակերպության վերակառուցումը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման ծրագրի ներդրումը և այլն: Որոշմամբ վերակառուցման ծրագրի և նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելու ժամկետները փոխկապակցված են:

Ստեղծվում է ուռուցքաբանության կենտրոն

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել Հայաստանում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի նորացված ծրագրային մոտեցմանը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ արդի գիտատար տեխնոլոգիաներով հագեցած միասնական կենտրոն` հետագայում այն դարձնելով տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոն:
ՀՀ կառավարությունը հաստատել է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը` սահմանելով, որ ծառայությունների փաթեթի մասով բուժօգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է պետբուջեի օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Կկանխվեն բացասական հետևանքները

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը, որի կիրառումը կնպաստի մարդու առողջության վրա այդ սննդամթերքի ազդեցության բացասական հետևանքների կանխարգելմանը,
– ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգի լրացումը, որի շնորհիվ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմինը կարող է արդյունավետ մասնակցություն ունենալ ջրօգտագործողների` հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրի պաշարի օգտագործման և բաշխման գործընթացում,
-այլընտրանքային ծառայության հարցերի հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը, այլընտրանքային ծառայության անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է`
– դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
– բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձին տրամադրելու կարգն ու պայմանները,
– աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը, դրա վերաբերյալ արձանագրության ձևը:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Գործադիրը Գագիկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար։

 

ՀԽ նախագահը տրանսպորտի գնի մասին. գցել-բռնելով որոշում կայացնելը գյուղին բնորոշ մտածելակերպ է

Վազգեն-ՄանուկյանԵրևանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի և գծատերերի հիմնավորումներով մեկ ուղևորի փոխադրման արժեքը 144 դրամ է: Արժանահավա՞տ եք համարում այդ փաստարկները:

– Նրանց պնդումը ստուգել հնարավոր չէ: Առհասարակ Երևանի նման քաղաք աշխարհում չկա, որ տրանսպորտ նստես ու ոչ մագնիսական քարտ լինի, ո՜չ տոմս քեզ տան, ո՜չ կտրոն լինի: Այդպիսի վիճակ գուցե աֆրիկյան երկրների մի երկու-երեք գյուղում է մնացել: Իսկ եթե չկա տոմս տալու գաղափարը, վերահսկել ֆինանսական հոսքերն անհնար է: Այդ պայմաններում ուղղակի անիմաստ է խոսել եկամտաբերության կամ վնասի մասին:

Կառաջարկեի, որ քաղաքապետարանը նախ և առաջ պարտադրեր տոմսի գաղափարը, նոր կտեսներ, թե որն է եկամտաբեր, որը՝ ոչ:

Երկրորդը  կառուցվածքի հարցն է: Ցանկացած բիզնեսի համար, եթե ճշտում ես ֆինանսական հոսքերը, առաջանում է այն հարցը, թե ինչպես օպտիմալացնել եկամուտները, ինչպես պակասեցնել ծախսերը: Այս ժամանակ արդեն սկսում ես կառուցվածքային փոփոխություններ կատարել: Իսկ քաղաքային տրանսպորտի համար կառուցվածքային փոփոխությունը ֆունդամենտալ է, քանի որ գծեր կան, որոնք եկամտաբեր են որոշակի ճանապարհավճարի դեպքում, գծեր կան, որոնք պետք է սպասարկել, բայց մեծ եկամտաբերություն չունեն, ուստի ողջ կառուցվածքը պետք է լինի միասնական: Այսինքն՝ Երևանի ողջ տրանսպորտը պետք է վերահսկի  միասնական ընկերություն, դա կարող է լինել ԲԲԸ, որի մեջ պետությունը կամ քաղաքապետարանը մաս ունենան կամ չունենան (դա քննարկելու հարց է), կարող է լինել կոոպերացիայի հիմքի վրա ստեղծված. տարբեր գծատերերը միավորվեն և ստեղծեն կոոպերացիա: Բայց քաղաքապետարանը պետք է գործ ունենա մեկ կառույցի հետ:

Այս ամենից հետո նոր միայն կարող են առաջանալ գնի մասին խոսակցություններ` բարձրացնել, իջեցնել կամ ինչ անել:

– Քաղաքապետարանը գինը բարձրացրել է` հայտարարելով, որ բարեփոխումները հետագայում կլինեն: Դա իրատեսական ե՞ք համարում:

– Երբ ֆինանսական հոսքերը չեն վերահսկվում, անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Հիմա, երբ սակագինը դարձրեցին 150 դրամ, եթե մինչ այդ գծատերերը իրենց մի քիչ լավ չէին զգում, կսկսեն լավ զգալ, հավանական է` վիճակն այդպես կոնսերվացված էլ կմնա: Եթե բոլորը` քաղաքապետարանը, գծատերերը  գոհ մնան, ժողովուրդը համակերպվի, ինչ-որ բան փոխելու էլ  ի՞նչ  դրդապատճառներ կլինեն:

Քաղաքապետարանը նախ և առաջ պիտի ֆինանսական հոսքերը վերահսկեր, առաջարկեր քաղաքացիներին, թե ինչպիսի  կառուցվածք է ունենալու հասարակական տրանսպորտը, հարցը քննարկեր հանրության հետ, ապա սկսեր իրականացնել դա: Այ,  այդ դեպքում կառաջանար իրական վճարը, թե ինչքան պետք է լինի: Իսկ ներկա պահին օդից վերցրած գին է`  գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են  գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա:

– Շատ է խոսվում, որ այլ երկրներում հասարակական տրանսպորտը սուբսիդավորվում է, մինչդեռ մեզ մոտ շահույթի և անգամ գերշահույթի մասին են խոսում: Ծանո՞թ եք այլ երկրների փորձին:

– Երբ արդեն մտցված լինի տոմսի գաղափարը, վերահսկվեն և հավաստի լինեն ֆինանսական հոսքերը, որոշված լինի քաղաքային տրանսպորտի կառուցվածքը, հնարավոր կլինի հաշվել եկամուտ ապահովող ճանապարհավճարը: Կառաջանա հարց` արդյոք քաղաքացիներն ի վիճակի են վճարել այդ գինը: Առաջ է գալիս քաղաքական հարց` արդյոք իշխանությունը որոշ ծախսեր վերցնում է իր վրա` սուբսիդավորելով քաղաքային տրանսպորտը: Այս հարցին  պետք է պատասխանի քաղաքային իշխանությունը:

Տարբեր քաղաքաներում այս հարցը տարբեր կերպ են լուծում: Քաղաքներ կան, որտեղ չի սուբսիդավորվում, քանի որ գինը համապատասխանում է քաղաքացիների հնարավորություններին, կան քաղաքներ, որտեղ զեղչի մշտական տոմս ունեն երիտասարդները և թոշակառուները, կան նաև քաղաքներ, որտեղ սուբսիդավորում են ամբողջ տրանսպորտի աշխատանքը:  Այ,  այդտեղ են  սկսվում գնի մասին իրական խոսակցությունները:

– Իսկ տրանսպորտի հարցը ՀԽ-ում քննարկվե՞լ է:

– ՀԽ-ն տրանսպորտի հարցն առաջին անգամ քննարկեց տարիներ առաջ, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր: Բավականին կոնստրուկտիվ խոսակցություն եղավ տրանսպորտի բարեկարգման վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, ոչ մի բան էլ չի փոխվել: Գնի փոփոխությունից  մեկ շաբաթ առաջ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկում եղավ գնի վերաբերյալ, քաղաքապետարանից, տրանսպորտի և կապի նախարարությունից ներկայացուցիչներ կային և մի քանի գծատերեր: Գծատերերի մի մասը կարծում էր, որ  պետությունը պետք է սուբսիդավորի և քաղաքացիների համար գինը մնա 100 դրամ: Որոշ գծատերեր էլ հայտարարեցին, որ եթե 200 դրամ չլինի, իրենք չեն աշխատի, կսնանկանան և այլն: Ասացի, որ  խոսակցություններն առանց թվերի անիմաստ է: Գոնե պաշտոնական թվերով պետք է ուսումնասիրել, հասկանալ, եթե ուղևորափոխադրումն   իսկապես 100 դրամից թանկ է արժենում, պետք է քաղաքական հարց դնել` իշխանությունը վերցնո՞ւմ է տարբերության սուբսիդավորումն իր վրա, թե՞ ոչ: Ցավոք սրտի, մեր խոսակցությունն էլ չշարունակվեց: Մինչ հաջորդ հանդիպումը կգար, այդ ընթացքում գները բարձրացվեցին, բայց խնդիրներն էլի մնացին:

– Այսինքն , ըստ ձեզ, թե  պաշտոնական հաշվարկը, ըստ որի մեկ ուղևորի փոխադրման արժեքը  144 դրամ է, թե՜ մասնավոր հաշվարկները, ըստ որոնց իրական արժեքը 77 դրամ է,  արժանահավատ չե՞ն:

– Կարծում եմ, որ դրանք շատ մոտավոր են և հավաստի չեն,  բացի այդ, տարբեր ուղևորափոխադրումների գծեր տարբեր եկամուտներ են բերում: Ինչո՞ւ եմ ասում, որ պետք է միասնական լինի: Որպեսզի, եթե մի գիծը եկամուտով է աշխատում, մյուսը վնասով, այդ եկամուտը ծածկի մյուս գծի վնասը: Ամբողջ քաղաքով ես եկամտաբերությունը հաշվում, ոչ թե գիծ առ գիծ:

– Իսկ քաղաքացիների բողոքն արդարացի՞ եք համարում:

– Եթե Հանրային խորհրդից կարծիք հարցնեին, մենք կբացատրեինք, որ տրանսպորտի գնի բարձրացման նկատմամբ բնակչությունն ավելի զգայուն է, քան, օրինակ, մսի, հացի կամ ծխախոտի գնի բարձրացման նկատմամբ: Եթե մսի գինը բարձրանա, ես կբողոքեմ, կդժգոհեմ, բայց նաև ինձ համար որոշում կկայացնեմ, որ պետք է միս քիչ ուտեմ, եթե ծխախոտի գինը բարձրանա, էլի կբողոքեմ, բայց կսկսեմ քիչ ծխել: Բայց տրանսպորտի դեպքում տնտեսել չես կարող: Եթե քաղաքացին  պիտի գնա  համալսարան կամ աշխատանքի և վերադառնա, ուզի-չուզի, երկու անգամ պիտի օգտվի  տրանսպորտից: Այսինքն՝ անտնտեսելի է: Եվ երկրորդ՝ որոշումը  դիպչում է ամենախոցելի խավերին` երիտասարդներին, որոնք նոր են կյանք մտնում և մեծ գումար չեն կարող աշխատել, և տարեցներին, որոնք արդեն գումար չեն վաստակում:

Որոշմամբ ամենացավոտ տեղին կպան: Պետք է ասեմ, որ զարմացած եմ, ինչ-որ իմաստով նաև հիացած եմ: Ինձ թվում էր, որ ժողովրդի մեջ մահացել է իրար սիրելու, իրար կարեկցելու կարողությունը, պայքարելու ջիղը կորել է: Բայց  տեսնում եմ , որ չէ, մարդիկ կարեկցանքով են վերաբերվում նրանց, ովքեր տուժում են դրանից և ոչ միայն նրանց հետ բողոքում են, այլև օգնում են իրենց մեքենաներով: Մյուս կողմից էլ ընդդիմությունը հիմա այնպիսի վիճակում է, որ պարզ երևում է` հետևում որևէ քաղաքական ուժ չկա, որն ուզում է քաղաքական շահարկումներ անել: Քաղաքացիների բնական ինքնակազմակերպում է գնում, և դա ցույց է տալիս, որ ունենք երիտասարդություն, որի հետ կարող ենք հույսեր կապել ապագայում:

– Շարժումը շատ են նմանեցնում 88-ի շարժմանը: Դուք նմանություններ տեսնո՞ւմ եք:

– Բոլոր շարժումներն էլ իրար նման են, բայց նաև բոլորը միմյանցից տարբերվում են, որովհետև և՜ անձերն են փոխվում, և՜ նպատակները, և՜ միջավայրը, որում կատարվում է:

– Իսկ ստեղծված վիճակն արդյոք ապացուցո՞ւմ է խոսքի ճշմարտացիությունը, թե 25 տարի է հարկավոր նոր քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար:

– Ես կարծում եմ՝ այո: Ես այս ընտրություններից առաջ ասել եմ, որ այս ընտրությունները լինելու են հանդարտ, բայց հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է սպասել բավական լուրջ փոփոխությունների Հայաստանում:

– Պարոն Մանուկյան, իսկ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանը և տրանսպորտի նախարարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ ճիշտ լինի:

– Կարծում եմ, որ կառավարությունը պետք է քաղաքապետարանին հրավիրի և միասին քննարկեն անելիքները, չնայած միմյանցից  բավական անկախ կառույցներ են: Կարծում եմ` ճիշտ կլիներ՝ որոշում ընդուներ  150-ի չանցնել և կատարել այն քայլերը, որոնք արդեն թվարկեցի` անհրաժեշտության դեպքում ապահովելով որոշակի սուբսիդիա:

 

 

 

ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը

բաբաջանյան«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

Հայոց ռազմարվեստի պատմության և հայ ռազմական ոգու կերտման գործում անուրանալի ավանդ ունի ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:

Ապագա մարշալը և «Ոսկե աստղի» ասպետը ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում` Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում:

Խաչատուր Բաբաջանյանն իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ: Նա գյուղի հովիվն էր և հաճախ էր Համազասպին, որ իր երրորդ զավակն էր, հետը սարեր տանում: Այստեղից է ծնվել ապագա զորահրամանատարի ու մարշալի մեծ սերը դեպի հայրենի բնությունը, դեպի իր գյուղը:

Շուտով պատանի Համազասպը ընդունվում է գյուղի ծխական դպրոցը: Սակայն ուսումը կիսատ է թողնում, քանզի 1915 թ. հայրը լավ ապրուստի ակնկալիքով ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս: Այստեղ Համազասպն ընդունվում է հայկական դպրոց, սակայն դարձյալ չի ավարտում այն, քանզի մի քանի տարի անց ընտանիքը դարձյալ տեղափոխվում է հայրենի գյուղ, ուր նա զբաղվում է հողագործությամբ:

Սակայն ուսման և ռազմական գործի տենչը չի մարում Համազասպի սրտում: Շուտով նրա առջև մեծ հեռանկարներ են բացվում, երբ զորակոչվում է: Տեսնելով երիտասարդի ձգտումը` նրան գործուղում են Երևան, և 1925 թ. ապագա մարշալն ընդունվում է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, որը չորս տարի անց ավարտում է գերազանցությամբ: Ապա տեղափոխվում է Թբիլիսի և ուսումը շարունակում Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցում: Ավարտելուց հետո նա ծառայության անցավ Կովկասյան չորրորդ հետևակային գնդում որպես դասակի հրամանատար: Արագ բարձրանալով ծառայողական սանդուղքով` շուտով դառնում է վաշտապետ, ապա` գումարտակի հրամանատար: Այնուհետև նա նոր նշանակում է ստանում և տեղափոխվելով Լենինգրադ` ծառայության է անցնում որպես հետևակային գնդի հրամանատարի տեղակալ:

1939-1940 թթ. Համազասպ Բաբաջանյանը ստացավ իր մարտական մկրտությունը` մասնակցելով խորհրդա-ֆիննական ծանր պատերազմին: Այստեղ ցուցաբերած անձնական քաջության և խիզախության համար Բաբաջանյանն արժանացավ խրախուսանքի:

Հայրենական պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց որպես 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալ` մայորի զինվորական կոչումով: Շուտով նա նշանակվեց 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Որպես հրաձգային գնդի հրամանատար մասնակցեց Սմոլենսկի և Օրյոլի պաշտպանության մարտերին: Այս մարտերում նա աչքի ընկավ համառությամբ, անձնազոհությամբ: Գունդը` Բաբաջանյանի հրամանատարությամբ, առաջինը ԽՍՀՄ-ում ստացավ գվարդիական կոչում:

Պատերազմին զուգահեռ Բաբաջանյանը ուսում էր ստանում: Նա 1942 թ. ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները: Պատերազմի ավարտից հետո Բաբաջանյանը շարունակեց ուսումը և 1948 թ. ավարտեց ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Պատերազմը տաղանդաշատ  զինվորականի համար լավ հարթակ էր, և նա արագ առաջխաղացում ապահովեց իր համար: 1942 թ. Համազասպ Բաբաջանյանն արդեն մեքենայացված բրիգադի հրամանատար էր և այդ պաշտոնում մասնակցեց Կուրսկի ճակատամարտին: Հետագայում այդ ճակատամարտում իրեն լավագույն կողմերով դրսևորած զորահրամանատարը կգրի. «… Հառաչում էր հողը, ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»:

1943 թ. Բաբաջանյանը կարևորագույն դերակատարություն ունեցավ Կիևի ազատագրման և Դեսնայի գետանցման մարտերում: 1944-ից Համազասպ Բաբաջանյանն Առաջին տանկային բանակի 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատարն էր և կռվում էր Բելառուսական ռազմաճակատում:

Նա խորամանկությամբ և հմուտ ռազմավարությամբ աչքի ընկավ Կազատին քաղաքի ազատագրման մարտերում: Ֆաշիստները «Վագր» և «Հովազ» տանկերից բաղկացած 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ-Բելգորոդի ուղղությամբ: Բաբաջանյանի առաջադրանքն էր ճեղքել այդ պաշտպանությունը և գրավել Կազատին քաղաքը: Համազասպը որոշեց քաղաքը գրավել գիշերով և հրամայեց հանկարծակիի բերել թշնամուն` վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները: Հոգեբանական գրոհը տվեց իր ազդեցությունը և այդպիսի շլացուցիչ լույսերի ու ահարկու շաչյունի ազդեցությամբ էլ խորհրդային զորքերը մտան քաղաք ու գրավեցին այն:  Հետագա մի քանի օրում Բաբաջանյանն ազատագրեց բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր:

Երրորդ մեքենայացված կորպուսի հրամանատար գեներալ Ի. Դրեմովը Հ. Բաբաջանյանի պարգևատրման թերթիկում գրել է. «1944 թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը Ստանիսլավի ուղղությամբ ֆաշիստական զավթիչների դեմ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար, աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը, դրսևորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը և կտրեց նրա նահանջի ուղին…»:

Գերագույն գլխավոր հրամանատարությունը գնահատեց Բաբաջանյանի ծառայությունները և նա 1944 թվականի ապրիլի 26-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Իսկ նա իսկապես խիզախ էր մարտում: 1944 թ. ամռանը մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց կոկորդից: Սակայն փոքր ինչ ապաքինվելով` դարձյալ մեկնեց ճակատային գիծ:

1945 թ. Գերագույն գլխավոր հրամանատարությունը գվարդիայի գնդապետ Համազասպ Բաբաջանյանին շնորհեց զրահատանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում, որով էլ նա մասնակցեց Բեռլինի գրավման մարտերին: ԽՍՀՄ ԳԽ նախագահության շրջաբերականում Բեռլինի գրավման մարտերում աչքի ընկած զորամասերի թվում հիշատակվում է նաև Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը և դրա խիզախ հրամանատարի անունը: Հետագայում նրա մասին ակնածանքով է արտահայտվել ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը. «Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

Հայրենական պատերազմի ավարտից հետո գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայեց որպես բանակի շտաբի պետ, ապա` բանակի հրամանատար:

1956 թ. հենց Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան ներխուժեց Հունգարիա և ճնշեց տեղի ապստամբությունը խորհրդային ռեժիմի դեմ:

1959-1967 թթ. Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր: Ապա դարձավ մարշալ Ռ. Մալինովսկու անվան Զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, 1969-ից` ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի հրամանատար:

1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվեց ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի մարշալի կոչում:

Համազասպ Բաբաջանյանը նաև ակտիվ հասարակական կյանքով էր ապրում.  1962-1970 թթ. նա ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր էր:

Նա նաև Զալեշչիկի, Գդինյա, Ելնյա քաղաքների պատվավոր քաղաքացի էր:

Բաբաջանյանը նաև գրում էր: 1981 թ. ԽՍՀՄ Պետհրատը հրատարակեց նրա «Ծառայությունն այսպիսին է` հաղթել» հուշագրությունը, որը մի քանի տարի անց լույս տեսավ նաև հայերեն:

Խորհրդային հայրենիքը ըստ արժանվույն գնահատեց հայազգի զորահրամանատարի վաստակը: Նա արժանացել է Լենինի անվան 4, Կարմիր դրոշի` 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ հայրենիքին ծառայելու համար» երրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանների: Մեծ հայորդին մահկանացուն կնքեց 1977 թ. նոյեմբերի 1-ին` 71 տարեկան հասակում, Մոսկվայում:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Էրդողանին հաջողվեց թշնամանալ թե՛ արաբների, թե՛ հրեաների հետ

Հարութ-Սասունյան1Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ներսում իր բռնապետական իշխանության դեմ բողոքի զանգվածային ալիքը դաժանորեն ճնշելուց հետո այժմ կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առաջ` «հաջողեցնելով» իր դեմ միավորել արաբներին և հրեաներին:

Թուրքիայի վարչապետն արդեն հակադրվել էր Իսրայելին և Սիրիային իր թշնամական գործողություններով ու հայտարարություններով: Վերջին օրերին նա հասցրել էր նաև վիրավորել միլիոնավոր եգիպտացիների՝ մերժելով նրանց նոր կառավարությունը՝ զինվորականների կողմից նախագահ Մուրսիին հեռացնելուց հետո: Չնայած Էրդողանի ձևական առարկությանը Եգիպտոսի «ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի» տապալմանը, ակնհայտ է, որ նա ավելի շատ մտահոգված է իր սեփական կաշին փրկելով՝ վախենալով պատմականորեն հեղաշրջման հակում ունեցող թուրքական զինված ուժերի կողմից նման զավթումից:

Անցյալ շաբաթ Հալեպի համալսարանը Էրդողանին զրկեց միջազգային հարաբերություններում պատվավոր դոկտորի կոչումից, որը նրան շնորհվել էր 2009 թվականին, երբ Սիրիան ու Թուրքիան վայելում էին կարճատև սիրո բերկրանքը: Համալսարանի նախագահ Խոդր Օրֆալին Էրդողանին մեղադրեց «Սիրիայի ժողովրդի դեմ դավադրություններ» հրահրելու և Թուրքիայում ցուցարարների դեմ «բռնապետական» ուժ կիրառելու մեջ:

Թուրքիայի վարչապետն արաբական մրցանակը կորցնելուց հետո կարող է հաջորդը զրկվել «Խիզախության դիմագիծ» մրցանակից, որը նրան շնորհվել  է Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից 2004 թվականին՝ «մշակույթների միջև խաղաղության խթանման» համար: Անցյալ ամիս հրեական «Քոմենթարի» ամսագրում հրապարակված հոդվածում Մայքլ Ռուբինը կոչ արեց հրեական կոնգրեսին չեղյալ համարել նրա շնորհած մրցանակը՝ Էրդողանին նկարագրելով որպես «Համասի առաջատար երկրպագու, ահաբեկչության հովանավոր և տարածաշրջանը ապակայունացնող ուժ»: Այնուհետև Ռուբինը պնդեց, որ «Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնավարության ընթացքում արդեն ուներ կատաղի հակասեմականության և դավադրական տեսություններով հարուստ անցյալ»:

Ռուբինը նաև քննադատեց նախագահ Օբամային «Էրդողանին գովաբանելու» համար և Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 135 անդամներին «Թուրքիայի վատթարագույն խախտումները արդարացնելու» համար, ներառյալ՝ «կամայական ձերբակալություններ, ոստիկանական բռնություններ, արցունքաբեր գազի բացթողում հյուրանոցներում և հյուպատոսություններում, ազատ մամուլի վրա հարձակում, հակասեմական մերկացուցիչ ճառերի արտաբերում և բժշկական անձնակազմի ձերբակալության պատվիրում»: Ռուբինը կասկածի տակ առավ Ներկայացուցիչների պալատի այդ անդամների շարժառիթներն ու հարց առաջ քաշեց, թե արդյոք նրանք «վայելում են թուրքական իշխանությունների հյուրասիրությունները Ստամբուլ կամ Անկարա կատարած իրենց այցելությունների ընթացքում որպես հատուցում» Թուրքիայի աջակցության խմբում անդամության համար: Նա կոչ արեց Կոնգրեսի անդամներին «կասեցնել, եթե ոչ՝ հրաժարվել  իրենց անդամությունից»:

Ռուբինը լուրջ խորհուրդ տվեց Ամերիկայի հրեական կոնգրեսին և հրեական այլ կազմակերպություններին «պարգևներ տրամադրել ամբողջ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար, այլ ոչ թե ցանկալին որպես իրականանություն ներկայացնել: Այլապես, հրեական կոնգրեսի առաքելությանը հակասող դիրքորոշումներին օրինականություն շնորհելու վտանգը շատ մեծ է: Էրդողանին Ամերիկայի հրեական կոնգրեսի շնորհած մրցանակը ոչ միայն չկանգնեցրեց նրա հակասեմականությունը, այլ, ավելի շուտ, ծառայեց այն երկար ժամանակով քողարկելուն: Թերևս կազմակերպությունը կարող է մեղմել իր հասցրած վնասը, ինչպես նաև չեզոքացնել Էրդողանի խեղկատակությունը՝  նրան հրապարակայնորեն զրկելով իր մրցանակից»:

Ցավոք, Ռուբինը ինը տարի ուշացումով է քննադատում Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից Էրդողանի մեծարումը: Դեռևս 2004 թվականին, պարգևատրման արարողության օրերին ես քննադատական հոդված գրեցի Ամերիկայի հրեական կոնգրեսի և նրա նախագահ Ջեկ Ռոսենի հասցեին, ով անհեթեթորեն հայտարարել էր, թե իր կազմակերպությունը մեծարում է Էրդողանին որպես «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի:

Այժմ, երբ ամբողջ աշխարհն «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի ֆասադի հետևում տեսավ Էրդողանի իսկական դեմքը, շատ ուրիշները ևս պետք է վերանայեն իրենց մրցանակները, որոնք առատորեն պարգևել են այս անարժան ղեկավարին:

Օրինակ՝ հրեական «Ընդդեմ զրպարտությունների լիգան» (ADL) պետք է չեղյալ համարի իր հեղինակավոր «Հոգատար արիության մրցանակը», որը շնորհել է Էրդողանին 2005 թվականին: Այդ «երջանիկ» առիթով Թուրքիայի վարչապետը «Ընդդեմ զրպարտությունների լիգայի» ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանին մատնանշեց Թուրքիայի «սերտ հարաբերությունները Իսրայելի հետ» և խոստացավ «զրոյական հանդուրժողականություն հակասեմական ելույթների» համար:

Ահա Էրդողանին շնորհված մի քանի այլ պարգևներ, որոնք պետք է հետ վերցվեն.

Պետական մեդալներ.

– Ռուսական պետական մեդալ նախագահ Վլադիմիր Պուտինից (1 հունիսի 2006 թ.)

– «Բյուրեղյա Հերմես» մրցանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից (15 ապրիլի 2007 թ.)

– «Նիշան է Պակիստան», Պակիստանի բարձրագույն մրցանակը (26 հոկտեմբերի 2009 թ.)

– Ֆեյսալ թագավորի միջազգային մրցանակ «Իսլամին ծառայելու համար» (12 հունվարի 2010 թ.)

– Վրաստանի «Ոսկե գեղմ» շքանշան (17 մայիսի 2010 թ.)

– Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի միջազգային մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության համար (29 նոյեմբերի 2010 թ.)

– Քուվեյթի «Կարկառուն դեմք իսլամակամ աշխարհում» մրցանակ (11 հունվարի 2011 թ.)

 

Պատվավոր դոկտորի կոչում.

– Նյու Յորքի Սենտ Ջոնս համալսարան (26 հունվարի 2004 թ.)

– Մադրիդի եվրոպական համալսարան (18 մայիսի 2010 թ.)

– Մոսկվայի պետական համալսարան (16 մարտի 2011 թ.)

– Շանհայի միջազգային ուսումնասիրությունների համալսարան (11 ապրիլի 2012 թ.)

– Ալժիրի համալսարան (5 հուլիսի 2013 թ.)

 

Պատվավոր քաղաքացի.

– Հարավային Կորեա (փետրվար, 2004 թ.)

– Իրան (փետրվար, 2009 թ.)

– Կոսովո (նոյեմբեր, 2010 թ.)

 

Բոլոր նրանք, ովքեր պարգևատրել են Էրդողանին, ուղղակի անպատվել են իրենք իրենց: Որքան շուտ նրանք չեղյալ համարեն իրենց պարգևները, այնքան շուտ կազատվեն իրենց նախկին ապաշնորհ արարքից:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թանձրատերևուկ(փողի ծառ), Crassulla

EXRA_crassullaՊատկանում է թանձրատերևազգիների( Crassullaceae) ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Ունի շատ տեսակներ, որոնց թե ցողունը և թե տերևները հաստ են, մսոտ, ծաղկաբույլերը հուրանավոր կամ կիսահովանոցաձև, ծաղիկները` փոքր, սպիտակ կամ վարդագույն: Բազմանում են սերմերով, կտրոններով  և տերևներով:

Crassula_lacteaՍպիտակ կաթնագույն թանձրատերևուկը( Crassulla lactea)  ծաղկող է, բարձրությունը հասնում է 30սմ-ի: Ծաղկաբույլերը հուրանավոր են, սպիտակ, բուրավետ ծաղիկներով: Սենյակային պայմաններում 14-15 աստիճան ջերմության դեպքում  ծաղկում է ամբողջ ձմռանը`մինչև գարուն: Տերևները հակառակ ձվաձև են, սուր ծայրերով, հաստ են, մսալի, ներքևի մասով կպած են միմյանց, եզրերի վրա նկատվում են սպիտակ մանրիկ կետեր:

 

Crassula_lycopodioidesԳետնամամռաձև  թանձրատերևուկը( Crassulla Lycopodioides Lam) աչքի է ընկնում ոչ բարձր, բարակ կանաչավուն ցողուններով, որոնք ծածկված են կղմիդրաձև, քառաշարք դասավորված, թեփուկանման տերևիկներով: Ծաղիկները փոքր են, սպիտակ-դեղնավուն: Թփիկը հատուկ ձև չունի, աճում է ինչպես պատահի:

Բոլուզիի թանձրատերևուկը( Crassulla Bolusii) նրբագեղ, փոքրիկ բույս է, որի ցողունների երկարությունը չի անցնում 10-15սմ-ից: Ծաղկում է նաև ձմռանը`սպիտակ, մանր ծաղիկներով: Ցողունիկները ծածկված են սպիտակ մազմզուկներով: Տերևները նշտարաձև են, հակադիր դասավորությամբ, բաց կանաչավուն են, ծածկված մուգ կանաչավուն բծերով, թարթիչանման մազմզուկներով: Բնակարաններում օգտագործվում է որպես կախվող բույս:

derevo111Թանձրատերևուկը լավ է աճում այնպիսի հողախառնուրդում, որը կազմված է 2 մաս այգու հողից, մեկ մաս տերևահողից, մեկ մաս հին, փտած գոմաղբից և մեկ մաս ավազից: Ամռանը պահանջվում է չափավոր, իսկ ձմռանը ավելի պակաս ոռոգում:

 

Գոհար Արմենակյան. «Ես իմ Հայրենիքի մի զինվորն եմ ինձ համարում»

գոհարԶինվորը պաշտպանում է մեր երկրի սահմանները, մեր խաղաղությունը, իսկ պետությունը, ժողովուրդը, ազգը, հասարակությունը պիտի պաշտպանեն զինվորին, հոգան նրա մասին թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ թվացող պայմաններում. ցավոք, նաև յուրայիններից:

Այդպիսի առաքելություն ունի «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Գոհար Արմենակյանի հետ երկրորդ անգամ եմ զրույցի բռնվում` ակամա սկսելով նույն հարցից:

– Տիկի՛ն Արմենակյան, ինչպե՞ս և եր՞բ ստեղծվեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը:

– Դուք արդեն գիտեք, որ Հայոց բանակում խաղաղ պայմաններում յուրայինների ձեռքով սպանվել է միակ որդիս` Անդրանիկ Սիլակյանը: Ցավ, վերք, որ երբեք ու երբեք չի դադարում, չի սպիանում: Սպանել քո զինվորին, քո ընկերոջը, յուրայինին… Ոճրագործություն, որը ոչ մի բառով արտահայտել, որակել չի լինում: Սեպտեմբեր ամսին կորցրեցի որդուս. քառասունքի արարողությունից հետո անմիջապես իմ շուրջը համախմբվեցին խաղաղ պայմաններում բանակում զոհված տղաների մայրերը, նաև նրանք, ովքեր Ղարաբաղյան գոյամարտի տարիներին կորցրել են իրենց ամուսիններին, իսկ խաղաղ պայմաններում` որդիներին:

Ցավով եմ նշում, որ տղայիս կորցնելուց հետո միայն գիտակցեցի, որ կորուստը բոլորինս է, և զինվորը միշտ մեր պաշտպանության կարիքն ունի. պետք է սատար լինենք մեր զինվորներին և չսպասենք, որ կորուստը մերը լինի, դրանից հետո նոր միայն ոտքի կանգնենք: «Ցավում եմ, շա՜տ եմ ցավում» ասելով` մտքում չասենք` իմ որդին չէ: Բոլորն էլ մեր զավակներն են, մեր հարստությունն ու մեր տան ճրագներն են, մեր վաղվա օրն են:

– Տիկի՛ն Արմենակյան, քանի՞ հոգուց է կազմված Ձեր հիմնադրած կազմակերպությունը:

– 50 հոգի է ընդգրկված, երկուսն էլ նոր են միացել:

– Միայն մայրե՞րն են:

– Մեզ հետ են նաև հայրերը, բայց մայրերը յուրօրինակ ուժ են. նրանք որդիներին կորցնելուց հետո ասես առավել հզորացել, զգոն են դարձել, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը:

Անդրադառնալով մեր կանանց, մի քիչ շեղվելով թեմայից` ես կցանկանայի, որ մեր պետական կառույցներում, երկրի ղեկավարման գործընթացում ավելի շատ կանայք ընդգրկվեն: Կինը ցավ է քաշում, երկունք է ապրում, նոր մարդ է լույս աշխարհ բերում և, բնականաբար, իր ստեղծածի և առհասարակ աշխարհի, երկրի հանդեպ ավելի աչալուրջ, ավելի զգոն կլինի:

– Կազմակերպությունը հիմնադրելիս ովքե՞ր ձեզ աջակցեցին, եղա՞ն խոչընդոտներ:

– Ասեմ, որ այս կազմակերպությունը` «Զինվորի պաշտպանության կոմիտեն», գործել է դեռևս 1996-ից, գրանցված է եղել արդարադատության նախարարությունում: Ինչ-ինչ հարցեր են առաջացել, փոխըմբռնման եզրեր չեն գտել, և կազմակերպությունն ամբողջապես լուծարվել է: Ես զրուցել եմ այդ կազմակերպությունից մի քանիսի հետ, որոնցից մեկն այսօր Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն է. խորհրդակցել եմ և գտել, որ այդ կազմակերպությունը պիտի վերակառուցվի ու սկսի իր գործունեությունը:

Ցանկացած բարձրաստիճան զինվորականի մեջ ես  նախ տեսնում եմ զինվորին. գեներալն իր հոգեբանությամբ պիտի զինվոր լինի, որպեսզի միշտ կարողանանք արձանագրել լավը: Չեմ ասի, թե լավը չկա, չէ՛, բայց թե՛ մեր կառույցը, թե՛ ողջ հասարակությունը, առավել ևս` մեր բարձրաստիճան զինվորականները պիտի պայքարեն բանակում տեղ գտնող արտասովոր երևույթների դեմ:

Ինչ վերաբերում է խոչընդոտներին, չեմ կեղծի, մեր կազմակերպության առջև շարունակ պատնեշներ են եղել, քանի որ մենք իրավական դաշտում չէինք գտնվում, պաշտոնապես գրանցված չէինք: Իրավական դաշտում կազմակերպությունը սկսել է գործել 2008-ից: Ո՞վ կուզենար, որ այդպիսի կազմակերպություն լիներ: Մենք պայքարում էինք խաղաղ պայմաններում զոհված, սպանված զինվորների դատական գործընթացների ժամանակ, որտեղ հաճախ տեղի էին ունենում թերի դատավարություններ, երբեմն ամբաստանյալներն իրական հանցագործները չէին, մենք` սևազգեստ բոլոր մայրերս, սևեռված էինք այդ հարցերի վրա, ուստի խոչընդոտներ չէին կարող չլինել:

– Շա՞տ էին կորուստները:

– Այո: Այնքան շատ էին, որ չէինք հասցնում լինել հանրապետության բոլոր դատարաններում, հետևել դատավճիռների կայացմանը, նեցուկ լինել արդեն իսկ ֆիզիկապես, հոգեպես բնաջնջված ծնողին, որ պետության կողմից ասես անպաշտպան լիներ:

Մարդասպանների կողքին բազմաթիվ պաշտպաններ կային, կեղծ վկաներ, կեղծ ցուցմունքներ, կոծկվում էր իրական պատմությունը, իսկ որդին չկար, որ պատմեր, թե ինչ է եղել իրականում: Դատարաններում մեզ բոլորը ճանաչում են: Ասեմ, որ մի 3 տարի առաջ բանակում ավելի շատ էին ողբերգական դեպքերը: Իհարկե, կարևոր է նաև կորուստների թիվը, բայց դրա հետևանքով ստացած ցավը, վերքը հաշվել, կշռել, բնութագրել հնարավոր չէ: Մենք` որդեկորույս մայրերս, ասես ընդամենը մի պատյան լինենք, որում ամփոփված են սոսկ մեր խեղված մարմինները, ճաքած, արնածոր սրտերը:

Մենք ստիպված ենք ապրել, լռել, զսպել, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգեպես չկործանվեն, չհաշմվեն: Մենք ապրում ենք և գոյատևում, պայքարում, որպեսզի չկրկնվեն այդպիսի ողբերգությունները:

– Ինչպե՞ս եք տեղեկանում դատավարությունների մասին: Ձեզ ինչ–որ ձևով տեղեկացնո՞ւմ  են, ծանուցո՞ւմ, թե՞ հրավիրում:

– Ոչ, իհարկե ոչ: Նույնիսկ մեր ներկայությունը ցանկալի չէ, ուր մնաց` ծանուցեն, հրավիրեն: Ծնողներն են մեզ գտնում. վերջերս զանգահարեցին և խնդրեցին, որ ներկա լինենք դիահերձարանում: Ես այլևս չեմ կարողանում, անգամ նկարները նայելիս սարսռում եմ, ուր մնաց դիահերձարանում նայեմ 18-20 տարեկան սպանված զինվորին: Առնվազն պիտի ռոբոտ լինես:

– Եղե՞լ է մի դատավարություն, որին մասնակցել եք, և որը տարիներ շարունակ ձգձգվել է, մեղավորներին չեն հայտնաբերել, չեն պատժել կամ գուցե չեն ուզում  հայտնաբերել:

– Այո, Մատաղիսի գործը, որ արդեն 9-10 տարի ձգվում է, և կալանքի են վերցրել գործի հետ կապ չունեցող 4 երիտասարդների: Քրեական ամբողջ գործով արդեն ապացուցված է, որ այս տղաներն իրական հանցագործները չեն: Դատախազության կողմից վերջերս այս հարցի վերջնական լուծումը տալու միտում եմ նկատում:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ  է ձեռնտու խոչընդոտել այս գործի բացահայտումը:

– Ասեմ, որ դա համակարգային խոչընդոտ է. վախենում են, որ մի գործի իրական բացահայտումից հետո մնացած չբացահայտված գործերի տուժածները ոտքի կկանգնեն:

– Հաճա՞խ եք լինում զորամասերում:

– Այո, մենք աշխատում ենք հնարավորինս լինել զինվորների կողքին: Երբ զորամաս ենք գնում, ես հերթապահ հարցը չեմ տալիս` ինչպե՞ս եք, այլ հարցնում եմ, թե ովքեր կցանկանան պարտադիր զինվորական ծառայությունից հետո շարունակել ծառայել, բայց, ցավոք, այդ հարցիս գրեթե ոչ ոք դրական չի արձագանքում: Եթե արձագանք լիներ, կասեի, որ առաջընթաց ունենք:

– Ձեր կարծիքով` ո՞վ է պատասխանատու  զինվորի կյանքի համար:

– Շատերին թվում է, թե միայն պաշտպանության նախարարն է պատասխանատու: Նա, իսկապես, լավ մարդու, զինվորականի բարձր վարկանիշ ունի, բայց ողջ պատասխանատվությունը գցել նրա վրա, ճիշտ չի լինի. մեր բանակն ունի գլխավոր շտաբի պետ:

– Բանակում լինում են նաև ինքնասպանություններ (այդպես են ձևակերպում): Եթե մարդը հոգեկան ինչ–ինչ շեղումներ է ունենում, ինչո՞ւ է զինվորական բժշկական հանձնախումբը նրանց առողջ որակում, և այդ տղաները զորակոչվում են բանակ:

– Ես էլ եմ հարցնում. ինչո՞ւ են այդպիսի դեպքերը լրատվամիջոցներով հնչում որպես ինքնասպանություն. թող գրանցվի այսպես` ունենք մահվան դեպք: Միայն մանրամասները քննելուց և համապատասխան փորձաքննությունից, փաստերը ճշտելուց հետո կարելի է նման հայտարարություն անել, եթե դա համապատասխանում է իրականությանը: Ինքնասպանություն: Մի՞թե մեզ ձեռք է տալիս թուլամորթ տղաներ ունենալը, հայ մայրերն այդպիսի՞ տղաներ են ծնում: Ժամանակի ընթացքում պարզվում է, որ դրանք ոչ թե ինքնասպանություններ, այլ սպանություններ են: Հաճախ մեր հասարակությունը տղա երեխային ճիշտ չի դաստիարակում` չթողնելով շփվել շրջապատի հետ, մեկուսացնելով նրան: Նա պիտի շփվի ամեն տեսակ մարդկանց հետ, որովհետև բանակում նա հանդիպելու է ամենատարբեր ընտանիքներից, տարբեր հակասական բնավորությունների տեր մարդկանց հետ:

Երբ ընտանիքն իր տեղում, իր դերում լինի, դպրոցն` իր, տղաները ճիշտ կդաստիարակվեն:

Մենք սահմանների պաշտպանության խնդիր ունենք և թերարժեք տղաներ մեծացնելու իրավունք չունենք: Ժողովուրդը ՀՀ նախագահ է ընտրում, մենք` մայրերս, զինված ուժերի գլխավոր հրամանատար, և այս հարցով պիտի դիմենք պարոն Սերժ Սարգսյանին. «Պարո՛ն Ս. Սարգսյան, զոհված զինվորների մայրերը Ձեր կողմից բազմիցս հնչեցրած` «Ինչպե՞ս անենք, որ բանակում զոհեր չունենանք խաղաղ պայմաններում» հարցին պատասխանում են` չպետք է քողարկվեն այդպիսի դեպքերը, պետք է յուրայինների ձեռքերով սպանված զինվորների ծնողները միանվագ 100.000 դոլար գումար ստանան, և ընտանիքը պետք է ազատվի պետական հարկ ու տուրքից, վարձավճարներից: Եթե դիպչենք համապատասխան անձանց գրպաններին, այդ ժամանակ բանակը երևի բանակ կլինի»:

Կոչ եմ անում նաև դպրոցներին, որ ռազմագիտության դասերը նպատակին ծառայեն, ճիշտ դաստիարակեն ապագա զինվորին, չսահմանափակվեն գրքային ուսուցմամբ, աշխատեն նաև հոգեբանական առումով, կոչ եմ անում և պահանջում, որ որոշ պաշտոնյաներ իրենց շատ առողջ զավակներին չպահեն տաքուկ անկյուններում և արտասահմաններում, այլ ուղարկեն ծառայության: Չի կարելի առանձնացնել Ղարաբաղ և Հայաստան, մենք նույնն ենք, նույնն է մեր խնդիրը` պահել սահմանները:

Մեր ձեռքի տակ կա ծնողի դիմում, որով սպանված զինվորի մայրը դիմել է ԵԱՀԿ գրասենյակ` գործի քննության հարցով հետևողական լինելու համար: Ստացվել է պատասխան, որում ասվում է, թե ԼՂՀ-ն առանձին պետություն է, և իրենք իրավասու չեն զբաղվելու այդ հարցով: Այսինքն, եթե այդ սպանությունը լիներ Հայաստանում, իրենք կընդառաջեի՞ն:  Չի կարելի այսպես:  Իսկ ինչո՞ւ միակ որդուս` Անդրանիկ Սիլակյանին Ղարաբաղ զորակոչելուց առաջ չհարցրեցին` տիկին Արմենակյան, Ձեր որդուն տանե՞նք Ղարաբաղ:

– Ձեր կազմակերպությունը գործում է հասարակական հիմունքներով, բայց ունեք գրասենյակ, մեկնում եք զորամասեր, ի՞նչ միջոցներով:

– Մեր իսկ միջոցներով: Ես իմ անձնական թոշակով մեդալներ եմ պատրաստել տալիս, որով խրախուսում ենք զինվորներին:

– Հովանավորներ փնտրե՞լ եք:

– Թերացել եմ այդ հարցում, բայց օգնություն ստացել ենք Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից. նա իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետից ամենաթանկ քաղցրեղենն է տրամադրել զորամասեր տանելու համար, նաև մեր որդեկորույս մայրերին ծաղիկներ ու քաղցրավենիք է նվիրել: Կազմակերպության գրասենյակը եղել է վճարովի, իսկ այս տարվանից` անվճար: Ունենք դահլիճ, որտեղ շատ միջոցառումներ ենք անցկացնում:

– Տիկի՛ն Արմենակյան, սա Ձեզ համար աշխատա՞նք է, պարտավորությո՞ւն, թե՞ վրեժի դրսևորման միջոց:

– Վերջին բառն ինձ սարսռեցրեց: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մայրերից, որ ես, դեռևս կորուստ չունեցած, չէի մտածել այսպիսի կազմակերպություն հիմնելու մասին: Մենք ոչ թե սևազգեստ, այլ սևսիրտ մայրեր ենք, բայց թևաթափ չենք լինում: Ես II կարգի հաշմանդամ եմ, բայց դա երբեք չի խոչընդոտում, որ ես աշխատեմ, ներկա լինեմ դատավարություններին: Այս աշխատանքը սեր է առ հայ զինվորը, առ Հայոց բանակը, իմ Հայրենիքը: Ես ինձ իմ Հայրենիքի մի զինվորն եմ համարում:

– Տիկի՛ն Արմենակյան, տեղեկացա, որ գնդապետի կոչում եք ստացել:

– Դա ոչ թե նախարարությունից, այլ մահապարտների հայրենանվեր կառույցի կողմից եմ ստացել. ըստ իրենց կանոնադրության` նրանք իրավասու են կոչում տալու:

– Ձեր մաղթանքը Հայոց բանակին:

– Երազում եմ տեսնել միավորված, մեծ, հզոր Հայաստան: Բանակին հաջողություններ եմ մաղթում, խաղաղ, առանց փորձանքների ծառայություն: Թող այն լինի խաղաղության հզոր բանակ: –    Բարև’, զինվոր, բարև ասեմ ու գիշերը հանգիստ քնեմ: Երբեք գույժ չլսեմ բանակից:

 

Հարցազրույցը` Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ

Պետությունն է ափսոս

MHM80087 copyՔաղաքակիրթ աշխարհում մի սկզբունք կա. հանրային ծառայությունների ոլորտում թանկացումներ կատարվում են այն դեպքում, երբ ծառայությունների մատուցման որակական նոր փուլ է արձանագրվում: Օրինակ` անթրաշ ու կեղտոտ շորերով ռաբիս երաժշտություն լսող վարորդի ու ավերակ միկրոավտոբուսով  ուղևորափոխադրումների փոխարեն հասարակությանը սկում են տրանսպորտային ծառայություններ մատուցել մաքուր, կոկիկ արտաքինով, օրինակելի հագուկապով, բարեկիրթ վարվելակերպով վարորդները` հարմարավետ ու արժանապատվությունը չվիրավորող մեքենաներով, որոնցում քաղաքացիներին նոր որակի այլ ծառայություններ էլ են մատուցվում: Հայաստանում այս առումով ոչինչ չի փոխվել, բայց երթևեկում ենք արդեն 50 տոկոսով ավելի բարձր ուղեվարձով, քան մեկ շաբաթ առաջ էր:

Քաղաքապետարանը համառորեն փորձում է ապացուցել, որ տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագների վերանայումը պայմանավորված է ոչ թե գազի թանկացմամբ, այլ պահեստամասերի, վառելիքի և ծառայությունների ընդհանուր գնաճով, որը տեղի է ունեցել աստիճանաբար: Եվ որպեսզի ասվածն ավելի համոզիչ թվա, վկա են բերում ուղևորափոխադրող ընկերությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է լրագրողներին ասեն, որ իրենք այս ամբողջ ընթացքում աշխատել են վնասով: Ու քանի որ դա շարունակել այլևս հնարավոր չէր, ուղևորավարձի բարձրացումը մնում էր միակ խելամիտ որոշումը: Մի՞թե:

Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված երթուղային նոր ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 76  երթուղի` 1565 միավոր շարժակազմով, ավտոբուսային 68 երթուղի` 939 միավոր շարժակազմով և տրոլեյբուսային 10 երթուղի` 108 միավոր շարժակազմով:

Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 370-380 միավոր շարժակազմ:

Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 13 մասնավոր  և 2 պետական կազմակերպություններ: 2012 թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 49.3 մլն ուղևոր:

Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 43  մասնավոր կազմակերպություններ: Մայրաքաղաքում ուղևորափոխադրման հիմնական մասն էլ դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի մոտ 68 տոկոսը:  Այսինքն` ինչքան  էլ բարձրանա ուղեվարձը, դրանից քաղաքապետարանը ոչ մի օգուտ չի ունենա, այլ միայն երթուղիները սպասարկող մասնավոր գծատերերը ավելի պատկառելի գերշահույթ կստանան:

MHM80050 copyՎաղուց էր խոսվում, որ մայրաքաղաքի ուղևորափոխադրողները կամ ժողովրդական տարբերակով ասած` գծատերերն այնքան էլ գոհ չէին գործող 100 դրամ սակագնից և բողոքում էին, թե իրենք աշխատում են կորուստներով: Չնայած այստեղ մի հանգամանք կա. պետք է հաշվի առնել, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:

Այսպիսով` տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան են մուծում են ամսական 16 500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում են ամսական 33 800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36 400 դրամ, «Ռաֆ» մակնիշի մեկ մեքենայի համար` 28 600 դրամ, իսկ մեկ ավտոբուսի համար` 44 000 դրամ:

Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կեսաթոշակային վճարները, որոնք ամսական մոտավորապես կազմում են 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` «Ռաֆ» մակնիշի մեքենայի համար` 63 100 դրամ, 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68 300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70 900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78 500 դրամ:

Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկը չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում էր մոտ 10 հազար դրամ: Մի քիչ ավելի կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ էր մուծում գծատիրոջը: Ընդունենք, որ մեկ մեքենան ամբողջ ամիսը չի աշխատում, այլ 25 օր, և գծատիրոջը մուծվում էր 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը` 78 500 դրամ: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերն ամսական ստանում է մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնայած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է իրականացնում:

Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարում ենք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է մոտ 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ այն դեպքում, երբ վառելիքի ծախսը կատարում են վարորդները: Այդ դեպքում գծատերերի եկամուտների գումարն ավելին է, քան 3-5 պատգամավորի կամ նախարարի և մոտ 50 թոշակառուի ամսական աշխատավարձերն են:

Բայց և այնպես քաղաքապետարանը որոշեց 50 տոկոսով բարձրացնել ուղեվարձերը:

Քաղաքակիրթ աշխարհում` հատկապես Արևմտյան Եվրոպայում, մի ուրիշ մոտեցում էլ կա հանրային տրանսպորտի ոլորտում: Այնտեղ հասարակական տրանսպորտը ոչ միայն որպես շահույթ հետապնդող գործունեության ձև` շահութաբեր բիզնես չի դիտարկվում, այլև ինքնածախսածածկում չի ակնկալվում: Համարվում է, որ հասարակական տրանսպորտը քաղաքացիներին` երկրի աշխատող մարդկանց պետք է տնից և այլ տեղերից աշխատանքի վայր տեղափոխվելու համար, որտեղ նրանք աշխատում ու ստեղծում են նյութական բարիքներ: Եվ այդ ստեղծված բարիքների արդյունքից ստացված հարկերից գոյացող սուբսիդավորմամբ էլ պետք է  ծածկվեն տրանսպորտի ոլորտի ծախսերը: Բացի այդ, եվրոպական երկրներում կարելի է միևնույն տոմսով երթևեկել ամբողջ երկրում` ամենուր նույն տոմսը ներկայացնելով: Այդ երկրներում գործում են աբոնենտային վճարումների ճկուն համակարգեր, զեղչեր սոցիալապես անապահովների, թոշակառուների, ուսանողների և այլ սոցիալական շերտերի համար և այլն: Մեր երկրում նման բաներ չկան և տեսանելի ապագայում էլ չեն լինի: Մեր երկրում պետությունը, որը պետք է աշխատի հանուն իր քաղաքացիների շահերի, անտրամաբանական հոգատարություն է ցուցաբերում հարուստների նկատմամբ` ոտնահարելով քաղաքացիների տարրական իրավունքները: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը, տրանսպորտի թանկացման մասին որոշում ընդունելով, առաջնորդվում է ոչ թե քաղաքացիների շահերով, ոչ թե իր բյուջեն հավելյալ եկամուտների հոսքեր ապահովելու մղումով, ոչ թե քաղաքակիրթ տրանսպորտային ոլորտ ունենալու նպատակով, այլ մասնավոր գծատերերի շահույթն անխափան ապահովելու «սուրբ պարտականությամբ»:

Ասում են, թե սրանից հետո երթուղայինների հոգնատանջ վարորդները կսկսեն արժանապատիվ վարձատրություն ստանալ: Չենք հավատում: Նրանք շարունակելու են նույն անարժանապատիվ աշխատավարձով նույն չարքարշ աշխատանքը կատարել, մարդիկ սկսելու են տրանսպորտի համար 50 տոկոսով ավելի վճարել, դրանից պետությանը ոչ մի օգուտ չի հասնելու, իսկ որոշ գծատերեր էլ, որոնք գերշահույթներ էին ստանում, հիմա ավելի շատ են ստանալու:

Որովհետև սա Հայաստանն է: Ու վե՛րջ:

 

«Ես հաղթանակած քաղաքացու հոգեբանությամբ եմ շփվում ադրբեջանական կողմի հետ»

Mariam«Տրանսկովկասյա 2013» նախագծի շրջանակներում Գերմանիայում` Լեհաստանի սահմանակից տարածքում, հուլիսի 12-ին կայացել է «Բանալի-Սահման-Նեորոպա Լանդ արտի» առարկաների բացօթյա ցուցադրությունը, որոնք ստեղծելու համար մի խումբ արվեստագետներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Գերմանիայից մասնակցել են ծրագրին: Հայաստանից` երկու արվեստագետ` Մարիամ Մուղդուսյանն ու Եվա Հարութը:

Ծրագիրը բավականին հետաքրքիր է եղել այն առումով, որ նվիրված է եղել փակ սահմաններին: Մասնակիցներից յուրաքանչյուրը բաց տարածության մեջ այդ թեման առարկայացրել է իր ձևով: Մարիամը, օրինակ, պատրաստել է երազանքի ծառ` հայաստանյան սրբավայրերում հնուց ի վեր ընդունված սովորույթի հիման վրա, երբ մարդիկ սրբավայրի տարածքում գտնվող ծառերին թաշկինակներ էին կապում` երազանք պահելով: Մարիամը մետաքսյա կտորներից յուրաքանչյուրի վրա մանրանկարչական դետալներով  խաղաղություն բառի ամեն մի տառն է գրել և կախել ծառերի ճյուղերին: Որպես արվեստագետ` նա դեմ է փակ սահմաններին և հավատարիմ այն սկզբունքին, որ արվեստը սահմաններ չի ճանաչում:

Պատմում է, որ ադրբեջանցի գործընկերներից մեկն էլ, օրինակ, իր ստեղծագործությունը կառուցել է այսպես. մեծ տարածության մեջ 3 դուռ է դրել` բացատրելով, որ բնությունը որևէ սահմանափակում չունի, և դռները մարդիկ են դնում` արհեստական խոչընդոտներ ստեղծելով բնության համար:

Սակայն, որքան էլ մասնակիցները փորձեին զերծ մնալ քաղաքական նրբերանգներից, դրանից խուսափել հնարավոր չի եղել:

Մի օր երեկոյան, երբ մասնակիցները միասին անկաշկանդ ժամանակ էին անցկացնում, որի ընթացքում նաև երգում էին ազգային երգեր, Մարիամը սկսում է երգել Կոմիտասի «Չինար ես»-ը: Ադրբեջանցի տղամարդ արվեստագետն էլ, որը, ի դեպ, բավականին հայտնի է Ադրբեջանում և Ադրբեջանից դուրս, սկսում է նրա երաժշտության հնչյունների ներքո ադրբեջաներեն ասմունքել: Դա այնքան գեղեցիկ համադրություն է ստեղծում, որ մասնակիցներն առաջարկում են դրա հիման վրա  մի հետաքրքիր ձայնային ներկայացում ստեղծել` համալրելով այն նաև մասնակիցների կողմից ազգային որևէ դետալի միացումով: Բոլորը համաձայնում են, և պայմանավորվում մինչև ցուցահանդեսի ավարտի օրը իրենց գաղափարն իրականացնել, չնայած որ այն դուրս էր ծրագրի օրակարգից:  Սակայն հաջորդ օրը, ի զարմանս բոլորի, Ադրբեջանի մասնակիցը հրաժարվում է մասնակցել: «Նա բավականին չոր հրաժարվեց այդ գաղափարից` պատճառաբանելով, որ դրա համար Ադրբեջանում  ինքը հետապնդումների կենթարկվի և կկորցնի այն ամենը, ինչ ունի: Նա անգամ խնդրեց որևէ տեղ չգրել, չհրապարակել, որ նման գաղափար է քննարկվել»,- պատմում է Մարիամը, որ ցնցված է միջադեպից: Որքան էլ որ նա լսել էր Ադրբեջանում տիրող հակահայկական քարոզչության, արվեստագետների նկատմամբ հետապնդումների և կաշկանդված մթնոլորտի մասին, երբեք չէր կարող պատկերացնել, որ իրականությունն այդ աստիճանի գորշ է:

Նրան ադրբեջանցի գործընկերները նաև հայտնում են, որ իրենց մոտ մեկ ամիս առաջ օրենք է ընդունվել, ըստ որի` արգելվում է հայերի հետ որևէ շփում ունենալը:

Մի հետաքրքիր դեպք էլ այդ միջադեպից հետո է տեղի ունենում: Ֆեյսբուքում` ադրբեջանական մի մշակութային խմբում, որի անդամ էր նաև ադրբեջանցի այդ արվեստագետը, 1800-ականների մի լուսանկար է տեղադրված լինում, որում պատկերված էին երկու կին` հայ և ադրբեջանցի: «Ադրբեջանցի գործընկերն ինձ խնդրեց, որ ես իր անունից լուսանկարի տակ հայերեն քոմենթ գրեմ` թե որքան գեղեցիկ է ադրբեջանցի կինը,- պատմում է Մարիամը:- Ես գրեցի, և չանցած 10 րոպե` այդ արվեստագետը նամակ ստացավ, որ ինքը հեռացված է խմբից, քանի որ հայերեն նախադասություն է գրել, չնայած որ նախադասության բովանդակությունը ադրբեջանամետ էր, գովաբանում էր ադրբեջանցի կնոջ գեղեցկությունը: Ինչևէ, այդ սպառնալից տոնից պարզ դարձավ, որ դա ոչ թէ մշակութային խումբ է, այլ հատուկ ստեղծված է վերահսկելու արվեստագետներին»:

Մարիամն ասում է, որ դրանից հետո այդ մարդու վերաբերմուքն իրենց նկատմամբ փոխվեց. նա վախեցած էր, աշխատում էր չշփվել, ընդհանրապես չէր լուսանկարվում հայերի հետ, պարզապես խուճապի մեջ էր: Տեսնելով նրանց վիճակը` մենք անգամ նրանց ցուցադրություններին չէինք մասնակցում, որ հանգիստ լինեն, քանի որ լուսանկարիչներ, թղթակիցներ կային:  «Ես հասկացա, որ այդ մարդիկ իրենց ազգության գերին են և զոհը իշխանությունների կողմից տարվող քարոզչության: Ինձ համար ուղղակի ցավալի էր տեսնել նման լուրջ և կայացած արվեստագետին այդքան խղճուկ վիճակում: Նրանց մոտ ասես 37 թիվն է»:

4_1024-768x1024Սակայն ամենակարևորն այն է, որ Մարիամը հասկացել է, թե մենք այդ առումով որքան լավ վիճակում ենք. «Մենք շատ խնդիրներ ունենք, մեզ մոտ էլ որոշակի վերահսկողություն կա, բայց դա ուղղակի անհամեմատելի է»:

Գերմանիայում ադրբեջանցի արվեստագետի հետ տեղի ունեցած միջադեպը, ըստ նրա,  վարկաբեկեց Ադրբեջանը և բարձրացրեց Հայաստանի վարկը, քանի որ բոլորը տեսան, որ մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, ավելի ազատ ու դեմոկրատ ենք և չունենք նման խնդիրներ: «Միշտ էլ ծայրահեղությունը, ագրեսիան եկել է ադրբեջանական կողմից: Նման վախի մթնոլորտում Ադրբեջանը մի օր պայթելու է, ամեն մի նման դեպք մի կաթիլ ավելացնելու է հեղափոխության բաժակում»,- կարծում է Մարիամը:

13_1024Ինչ վերաբերում է հայաստանյան ազգայնամոլական երևույթներին, ապա երիտասարդ նկարչուհին դրան հանգիստ է վերաբերվում: Գիտի, որ այստեղ էլ կլինեն մարդիկ, որոնք իրեն կմեղադրեն ադրբեջանցու հետ շփվելու համար, սակայն նա դրանից չի կաշկանդվում. «Ազգայնամոլությունը, սուտ հայրենասիրական կոդեքսը սեփական տգիտությունը թաքցնելու ամենալավ միջոցներից է,- ասում է նա,- ես համարում եմ, որ մենք ազատագրել ենք մեր հողերը, որ մենք հաղթել ենք, և դա ինձ համար իրողություն է: Ես ազատագրված ու հաղթանակած քաղաքացու հոգեբանությամբ եմ շփվում ադրբեջանական կողմի հետ: Իսկ նրանք ագրեսիվ են ու թշնամացած, որովհետև պարտված են, իսկ պարտվածի հոգեբանությունը միշտ ագրեսիվ է: Փառք Աստծո, մենք այդ խնդիրը չունենք»:

 

 

 

Հիվանդների սրտերին մահացածների խթանիչ սարքե՞ր են դրվել. նոր բացահայտումներ Ջամալյանի գործից

Smbat Jamalyan

Սմբատ Ջամալյան

«Անկախը» մի քանի անգամ արդեն անդրադարձել է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում վիրահատված 64-ամյա Հովհաննես Կաթրջյանի պատմությանը: Նրա սիրտը 1985-ից աշխատում է խթանիչ սարքով: Վերջին երկու անգամ` 2004 և 2008 թթ., Կաթրջյանին վիրահատել էր վերոնշյալ կենտրոնի հիմնադիր, այդ ժամանակվա տնօրեն, սրտաբան Սմբատ Ջամալյանը: 2008 թ., երբ Կաթրջյանին վիրահատել էին, հավաստիացրել էին, որ սարքն աշխատելու է մոտ տասը տարի, սակայն հիվանդը սարքն արտադրող ընկերության պաշտոնական կայքից տեղեկացել էր, որ այն նախատեսված է 5,5-6 տարվա համար: Փաստորեն, 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին սարքի ժամկետն ավարտվում է, իսկ Կաթրջյանը 2009-ից սկսած` պայքարում է իր իրավունքների համար` մեծ դժվարությունների գնով հասնելով նրան, որ փաստի առիթով քրեական գործ հարուցվի, Սմբատ Ջամալյանը գործում ներգրավվի` որպես մեղադրյալ, իսկ ինքը` որպես տուժող: Գործը քննվում է Էրեբունու քննչական բաժնում` քննիչ Բունիաթ Եղիազարյանի կողմից: Սակայն  Սմբատ Ջամալյանը Հայաստանից բացակայում է,  Դանիայում է, և չնայած նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրան բերման ենթարկել չեն կարողանում, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չբացակայելը, մինչդեռ նա արդեն իսկ բացակայում է երկրից:

Կաթրջյանի բազմաթիվ դիմումները Ջամալյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու վերաբերյալ` առայժմ ապարդյուն են: Քննիչ Եղիազարյանը կարծում է, որ խափանման միջոցը կալանքով փոխարինելու հիմքեր դեռևս չկան:  Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` գործի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է նշել, որ նոր փաստեր կան, որոնք քննության առարկա են դարձել, և նախաքննությունը շարունակվում է:

Որո՞նք են նոր փաստերը: Կաթրջյանը վերջերս ևս մեկ ցնցող բացահայտում է արել, որը վերաբերում է իր 2004 թ. վիրահատությանը: Որոշ կասկածներ ունենալով` նա հարցում է արել ամերիկյան Medntronic ընկերությանը` պարզելու, թե 2004-ին իր սրտում տեղադրված Prodigy DR 78 60 սարքի ծառայության ժամկետը ինչքան է եղել և արդյոք այն օգտագործված է եղել: Ընկերությունից պատասխանել են, որ սարքի ծառայության ժամկետը մոտ 12 տարի, 3 ամիս է: Ընկերությունից նաև հաստատել են, որ նրա սարքը պաշտոնապես վաճառված և տեղադրված է եղել ԱՄՆ մի քաղաքացու: Փաստորեն, դա է եղել պատճառը, որ 2004-ին տեղադրված սարքը ծառայել է ոչ թե 12 տարի, այլ 4 տարի: «Ստացվում է, որ ես ավելորդ վիրահատություն եմ տարել. եթե 2004-ին ինձ տեղադրեին նոր սարք, ապա վիրահատվելու և նոր սարք տեղադրելու անհրաժեշտություն կլիներ 2016 թվականին, մինչդեռ ինձ 2008-ին կրկին վիրահատեցին, այն էլ` խաբելով»,- ասում է Կաթրջյանը:

Հիվանդը դիմել է դատարան՝ բժշկական կենտրոնից առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար: Սրտաբանական կենտրոնի գույքի և հաշվեհամարի վրա կալանք դրվելու որոշում է կայացվել, սակայն ԴԱՀԿ ծառայությունից մեկ ամիս առաջ նա պատասխան է ստացել, որ սրտաբանական ընկերությունը որևէ աշարժ գույք չունի և հաշվեհամարի վրա էլ որևէ գումար չկա:

Բացում ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի պաշտոնական կայքը: Որպես կենտրոնի հիմնադիր տնօրեն` նշված է Սմբատ Ջամալյանը, իսկ տնօրեն` Մարինե Դանիելյանը: Երբ զանգահարեցինք վերջինիս, նա հայտարարեց, որ ինքն այդ ընկերության հետ որևէ կապ չունի, իսկ երբ հայտնեցինք, որ այդ տեղեկատվությունը կենտրոնի պաշտոնական կայքից է վերցված, նա ասաց, որ կայքը վաղուց չի թարմացվել: Ըստ Դանիելյանի` այս տարվա ապրիլի 23-ից կենտրոնը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Նշենք, որ մենք կայքից էինք վերցրել նաև հեռախոսահամարը և կապ հաստատել նույն Մարինե Դանիելյանի հետ, և զանգահարելու ժամանակ ինքնապատասխանիչը հայտնում էր, որ մենք զանգահարել ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն: Միգուցե հեռախոսահամարներն էլ դեռ չեն թարմացրել…Ինչևէ, Դանիելյանը մեզ լուսավորեց այն տեղեկատվությամբ, որ այժմ իրենք ոչ թե առանձին կենտրոն են, այլ մտել են «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ Մալաթիա բժշկական կենտրոնի մեջ` որպես սրտաբանական բաժանմունք: Ակնհայտ է, որ կենտրոնը մաքրել է իր անցյալի հաշիվները, որպեսզի ամեն կերպ խուսափի պատասխանատվությունից:

Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի մեկ այլ զոհ էլ 62-ամյա Արտյոմ Մելքումյանն է, որը նույնպես բացահայտել է, որ իր սրտին օգտագործված սարք են տեղադրել: Նա պատմեց, որ 2007 թ. նոյեմբերին այդ կենտրոնում տեղի է ունեցել իր առաջին վիրահատությունը Սմբատ Ջամալյանի ձեռքով: Իրեն ասել են, որ սրտի խթանիչ սարքն աշխատելու է 5 տարի: Վիրահատությունից հետո նա մեկնել է Մոսկվա և 2008-ի ապրիլին հերթական բուժզննումն իրականացրել այնտեղ: «Երբ հետազոտվեցի, ամսաթվերից պարզ դարձավ, որ սարքն իմ մարմնում տեղադրվելուց առաջ արդեն տուփից հանված է եղել: Մեջս կասկած մտավ,-պատմում է նա:- 2008 թ. վերջին եկա Հայաստան և կրկին գնացի հետազոտության: Ի զարմանս ինձ` Ջամալյանն ասաց, որ մյուս տարի պետք է ապարատը փոխվի: Հիշեցրի, որ 5 տարվա երաշխիք էին տվել:  Հերքեցին, որ նման բան են ասել: Ցավոք, մեր պայմանագրի մեջ սարքի ժամկետի մասին որևէ բան չի գրվել, ինչն, իմ կարծիքով, միտումնավոր է արվել: Ժամկետի մասին մեզ միայն բանավոր էին ասել, ու ես ոչինչ չկարողացա ապացուցել, չնայած սարքն արտադրող ընկերության կայքէջից պարզել էի, որ իսկապես այն ամենաքիչը 5 տարվա երաշխիք ունի»:

2010 թ. Արտյոմ Մելքումյանը կրկին վիրահատվում է, բայց արդեն Մոսկվայում: Այդ ժամանակ նա իր նախկին սարքն առաջրկում է հանձնել հետազոտման` պարզելու, թե ինչու է այն աշխատել ոչ թե 5 տարի և ավելի, այլ ընդամենը 2,7 տարի: Մեկ ամիս անց Շվեյցարիայից՝ ընկերության եվրոպական գրասենյակից  նրան տեղեկացնում են, որ սարքը 2005 թ. Ֆլորիդա նահանգում տեղադրվել է մի քաղաքացու: «Փաստորեն, սարքն օգտագործված է եղել և իսկապես հինգ տարվա երաշխիք է ունեցել. 2,3 տարի աշխատել է ուրիշ մարդու մեջ, 2,7 տարի էլ ծառայել է ինձ»:

Մելքումյանը ենթադրում է, որ այս ամենի հետևում մի հանցավոր խումբ է կանգնած, որը զբաղվում է մահացած մարդկանց սարքերը վերավաճառելով: «Դա մեկ-երկու դեպք չէ, դրանով մեծ գումարներ չեն աշխատի, հարյուրավոր մարդկանց հետ են այդպես վարվել, պարզապես մեզ հաջողվել է պարզել դա,- ասում է նա:- Իսկ երբ 2011 թ. հանդիպեցի Ջամալյանին և ասացի սարքի օգտագործված լինելու մասին, նա հիստերիայի մեջ ընկավ, ասաց, որ ինքը որևէ կապ չունի: Հետագայում նրա փաստաբանն ինձ պատասխանեց, որ իրենք ընդհանրապես ինձ նման սարք չեն վաճառել»:

Ըստ Մելքումյանի և Կաթրջյանի` Ջամալյանի կենտրոնը երկու հանցավոր ճանապարհով է գումար աշխատել. առաջին՝ մարդկանց տեղադրել է օգտագործած սարքեր, երկրորդ՝ բարեգործական ճանապարհով ստացած բազմաթիվ սարքեր է վաճառել հիվանդներին: Այս փաստերը կարող է հաստատել միայն հետաքննությունը: Առաջիկայում մենք կփորձենք համակողմանի տեղեկություններ հավաքել նաև բարեգործական ճանապարհով Հայաստան ներմուծված խթանիչ սարքրեի վերաբերյալ:

Մելքումյանն անցյալ տարի դիմել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին՝ կցելով բոլոր փաստաթղթերը և խնդրելով, որ Ջամալյանին գոնե զրկեն պրոֆեսիոնալ գործունեությունից: Նրա դիմումն առողջապահության նախարարությունն ուղարկել է Էրեբունու ոստիկանություն` քննիչ Եղիազարյանին:  Սակայն հիվանդները չեն վստահում քննությանը և գործը քննող Եղիազարյանին, որն արդեն իսկ պաշտոնապես փակել է նույն կենտրոնին վերաբերող երկու նմանատիպ գործ: Նրանք կարծում են, որ իրենք բավարար հիմքեր են ներկայացրել, որպեսզի Սմբատ Ջամալյանին կալանավորելու որոշում լինի, բայց դա տեղի չի ունենում:

Մինչդեռ Կաթրջյանի համար գործի բացահայտումը կենսական նշանակություն ունի, քանի որ նրա սրտի խթանիչի աշխատանքին հաշված ամիսներ են մնացել, և նա սեփական միջոցներով հերթական վիրահատությունն անելու հնարավորություն չունի: Ի դեպ, նախորդ վիրահատության գումարը վճարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, քանի որ Կաթրջյանի որդին այդ ժամանակ ծառայում էր բանակում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով գտնելով Սմբատ Ջամալյանի անձնական էջը` նամակով դիմեցինք` խնդրելով իր տեսակետը հայտնել այս փաստերի վերաբերյալ: Ցավոք, նրանից մինչ օրս որևէ արձագանք չկա:

Այս ամենի  խորապատկերում մի հետաքրքրական փաստ ևս. 2009 թ. Սմբատ Ջամալյանին շնորհվել է հանրապետության նախագահի մրցանակ` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:

Նույն թեմայով`

Սրտի խթանիչը կանգ կառնի երկու տարուց, մինչդեռ հիվանդը վճարել է ավելի երկար ժամանակահատվածի համար

Ոստիկանապետին հանդիպելու դիմումը մերժվում է, իսկ կյանքին մնացել են հաշված ամիսներ