Քթի վիրահատությունը զիջել է իր տեղը

աշոտՀՀ–ում առաջին պլաստիկ վիրահատությունները կատարվել են 1970-ականներին, բայց մասնագետներն այնքան էլ հմուտ չէին և  նման վիրահատությունները (մասնավորապես` քթի) հիմնականում կատարվում էին տեղային անզգայացմամբ: Իսկ թե այսօր ինչ վիճակում է պլաստիկ վիրաբուժությունը, պարզեցինք  «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Աշոտ Միքայելյանի (Լյուդվիգովիչ) հետ զրույցում:

– Պրն. Միքայելյան, 2013 թ. ի՞նչ փոփոխություններ են եղել պլաստիկ վիրաբուժության ասպարեզում: Դարձյալ քիթ «կտրելու» պահա՞նջ է նկատվում:

– Քթի վիրահատությունն իր տեղը սկսել է զիջել այլ վիրահատությունների: 2013 թ. կտրուկ աճել է ոտքերի ուղղումը՝ սրունքների իմպլանտացիան: Եթե առաջ նման վիրահատություն տարին մեկ  անգամ էլ  չէր լինում, այսօր այն 10 անգամ ավելացել է:

– Եվ լա՞վ է ստացվում;

– Գրեթե միշտ: Իհարկե, բոլոր վիրահատություններն ունենում են բացասական կողմեր, բարդություններ անկախ նրանից, թե ինչ ծավալի է վիրահատությունը: Օրինակ՝ սրունքների վիրահատության գործընթացը կարճ է տևում և կատարվում է նաև տեղային անզգայացման պայմաններում: Դեռևս ոչ մի բարդություն չենք ունեցել, սակայն չեմ կարող ասել, որ երբեք չի լինի:

– Որոշ պլաստիկ վիրաբույժներ կտրուկ դեմ են մինչև 18 տարեկան անձանց վիրահատելուն: Կա՞ն տարիքային սահմանափակումներ:

– Յուրաքանչյուր վիրահատության համար կա ցանկալի տարիք: Օրինակ` ականջների (լոշտակության) խնդիրը կարելի է շտկել նույնիսկ 5-6 տարեկանում: Իսկ  քթի վիրահատությունը աղջիկների դեպքում թույլատրելի է 16, տղաներինը` 18 տարեկանում: Սակայն, օրինակ՝ կրծքերի մեծացումը կատարվում է միայն 18 տարեկանից հետո, փոքրացումը կամ ձգումը, որովայնի միջամտությունները՝ հղիությունից հետո, անկախ տարիքից:

– Ձեզ մոտենո՞ւմ են արտառոց պահանջներով հիվանդներ:

– Անշուշտ, ամեն ինչ էլ պատահում է: Եղել են դեպքեր, երբ կասկածելի անձինք ինձ դիմել են յուրահատուկ պահանջներով կամ անճանաչելի դառնալու ցանկությամբ: Նման դեպքերում կտրականապես դեմ ենք վիրահատությանը:

– Մի քիչ խոսենք հետվիրահատական բարդություններից:

– Ամբողջ աշխարհում նման բարդությունների որոշակի տոկոս կա: Հիվանդը նախապես կլինիկայի հետ պայմանագիր է կնքում, որում նշված են բոլոր հնարավոր բացասական հետևանքները: Դրանց մասին հիվանդը նախապես տեղեկանում է: Սակայն, ցավոք, միշտ չէ, որ հիվանդն ընթերցում է պայմանագիրը: Այնուամենայնիվ, Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, որոնց աշխատանքին պետք է վստահել:

– Բայց քիչ չեն նաև մահվան ելքով վիրահատությունները:

– Այո, բայց ի տարբերություն Ռուսաստանի, մեզ մոտ վիրաբույժները շատ ուշադիր և աչալուրջ են: Հիմնականում խնդիրներ կարող են առաջանալ գերարյունությունից, ինֆեկցիաներից, վերքերի ոչ շուտ լավացումից և այլն: Օրինակ՝ քթի վիրահատությունից հետո կարող է այն մի փոքր թեքվել՝ առաջացնելով շնչառական խնդիրներ: Իսկ կրծքերի պլաստիկ վիրահատությունից հետո հաճախ հանդիպող բարդությունը հեմատոման է (արյան մի տեղում կուտակումը): Դեպքերը տարբեր են և անհատական:

– Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները վիրահատության վրա:

– Բոլոր հիվանդություններն ինչ-որ կերպ առնչություն ունեն վիրահատության հետ: Պետք է հաշվի առնել, թե անձը նախնական ինչ խնդիրներ է ունեցել: Եթե հիվանդն ասում է, որ իր կյանքում երկու անգամ եղել են ուշագնացության դեպքեր, պետք է հասկանալ, թե որն է պատճառը: Այդ պարագայում որոշում ենք՝ վիրահատե՞լ, թե՞ ոչ, կամ վիրահատել նարկոզո՞վ, թե՞ էպիգրալ անզգայացմամբ, որի ժամանակ փոխում ենք նաև նյութերը: Օրինակ՝ սրտի արատի ժամանակ վիրահատություն խուրհուրդ չի տրվում, քանի որ կյանքը կարող է վտանգվել: Սակայն դժբախտ պատահարների, օրինակ՝ ավտովթարի հետևանքով առաջացած խնդիրները շտկելու և կյանքը փրկելու նպատակով, անկախ լուրջ հիվանդություններից, կատարվում է վիրահատություն՝ մեծ ուշադրություն դարձնելով այդ հիվանդություններին: Պարզապես պետք է հասկանալ՝ որքանով են ռիսկերն արդարացված:

– Ինչո՞ւ եք վիրահատությունից առաջ հասակն ու քաշը չափում:

– Դա ավելի շատ հետաքրքրում է անեսթեզիոլոգին՝ դեղանյութերի չափաբաժինը որոշելու համար, քանի որ հասակ/քաշ գործակցից է կախված նյութերի ճիշտ որոշումը: Իսկ պլաստիկ վիրաբույժին այն հետաքրքրում է մարմին/դեմք համաչափության համար:

– Բժշկական էթիկան և գաղտնիությունը պահպանո՞ւմ եք:

– Շատ հաճախ մարդիկ իրենք են խնդրում գաղտնի պահել, որ վիրահատվել են, ինչը պետք է անպայման հաշվի առնել:

– Գուցե պատճառը հասարակության աչքին կատարյալ անձ երևա՞լն է:

– Հիմնականում` այո:

– Ինչպե՞ս եք ազատվում վիրահատական սթրեսից:

– Կարելի է ասել, որ սթրեսներ չեն լինում: Խուճապի չեմ մատնվում, որովհետև եթե վիրաբույժ ես, ի սկզբանե պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Այդուհանդերձ, երբեմն կարող են լարված պահեր լինել, բայց դրանք կապված չեն հիվանդի առողջական վիճակի հետ, չէ՞ որ մինչ վիրահատվելը հիվանդը մանրամասն հետազոտվում է` սկսած ՄԻԱՎ-ից և վերջացրած հեպատիտներով ու այլ հիվանդություններով:

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

Կողնորոշվելու վերջնագիրը կամաց-կամաց մոտենում է Հայաստանին

Armenia-UEՉնայած այն հանգամանքին, որ արդեն բավական երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ վերաձևակերպումներ չեն կատարվում, Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, բայց  այդ գործելաոճը, վերջին շրջանում, կարծես անընդունելի է դառնում աշխարհի ուժային կենտրոնների ու քաղաքական բևեռների համար: Եթե մինչև այժմ միջազգային հարաբերությունների երկու ուժերի առճակատումն այնքան էլ ընդգծված չէր, և այդ պայմաններում Հայաստանին հաջողվում էր բավականին հաջող «սպրդել» շահերի բախման տիրույթից, ապա այսօր վիճակն օրեցօր փոփոխվում է:

 Հետզհետե ավելի զգալի է դառնում Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժգնացումը: Այդ ճնշումները, ճիշտ է, նոր չեն սկսվել, բայց Արևմուտք-Ռուսաստան` Եվրամիություն-Եվրասիական միություն, ՆԱՏՕ-ՀԱՊԿ առճակատման խորացմանը զուգընթաց, հատկապես G8 գագաթաժողովից հետո, երբ Պուտինը բավականին կոշտ ու հատու շեշտադրումներ կատարեց:

Արդեն այս գարնանից այդ ճնշումը նկատվում էր Հայաստանի վրա Եվրոպայից, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ բացահայտ նշում էին, որ Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհով և ում հետ է շարունակում իր ընթացքը, չնայած ՀՀ ղեկավարությունը մինչ օրս էլ պնդում է, թե նման երկընտրանք իրենց երբեք չի առաջադրվել: Այդ ճնշումը զգացվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկզբում Հայաստան ներմուծվող գազը թանկացրեց, հետո զենք վաճառեց մեր հակառակորդին և այլն:

Ռուսաստանի կողմից հարցը թերևս պարզ է` իր նախաձեռնությամբ հռչակված Եվրասիական միության գաղափարին աջակցելն ու Մաքսային միությանն անդամակցելը:

«Բայց ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ինչի մասին այսօր շատ-շատ են խոսում, անկեղծ ասած, ես չեմ հասկանում` ինչի մասին են խոսում, այդպիսի միություն դեռ չկա: Կուրգինյաինը եկավ Հայաստան, վերադարձավ ու այնտեղից շատ կոպիտ ու գռեհիկ ձևով մեղադրեց Հայաստանին, որը չի համաձայնվում մտնել նոր Խորհրդային Միություն. նրա բառերն են: Եթե չկա այն կազմակերպությունը, նույնիսկ չկա նրա կանոնադրությունը, ապա ինչի՞ մասին կարելի է խոսել, ինչպե՞ս կարող է Հայաստանը ցանկություն հայտնել մտնել մի կազմակերպության մեջ, որն ուղղակի գոյություն չունի»,- ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Ռուսաստանը, իհարկե, պատրաստվում է նոր աշխարհաքաղաքական բևեռ ստեղծել: Ու թեև այս պահին Արևելքի` ի դեմս Ռուսաստանի, և Արևմուտքի միջև ակնհայտ առճակատում չկա, դա դեռ չի նշանակում, թե այն չի լինի: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, երկու կողմերից յուրաքանչյուրն արդեն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ բռնել իր կողմը: Այդ դեպքում մենք բավականին տհաճ իրավիճակում կհայտնվենք:

«Մինչև վերջերս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան կոշտ չէին, հետևաբար, Հայաստանը հնարավորություն ուներ երկուսի հետ էլ հավասարաչափ հարաբերություններ զարգացնելու` երբեմն ինչ-որ տատանումներով: Հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանը սկսել է ավելի հակադրվել Արևմուտքին, բացի այդ, փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Դրա համար, իմ կարծիքով, Հայաստանի առջև երկու կողմն էլ դրել են հստակ կողմնորոշվելու հարցը, որ Հայաստանը ընտրություն կատարի: Ես անձամբ կողմնակից եմ Եվրոպական ուղղության, որովհետև չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնելն իմաստ ունի, որովհետև ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ պրոհայկական դիրքորոշում է բռնում: Բայց նման բան չկա: Հետևաբար, եթե Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը, դա Արևմուտքն էլ կարող է անել, և չարժե կորցնել այն մեծ առավելությունը, որ տալիս է Արևմուտքը»,- ասում է նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Իհարկե, խելամիտ ընտրությունը ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» տարբերակն է, բայց  ինչքանո՞վ դա կհաջողվի Հայաստանին, առավել ևս` ներկա պայմաններում, դժվար է ասել:

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը հայտարարում են, որ Հայաստանի` Եվրոպային ավելի շատ ինտեգրվելու քայլերը որևէ այլ երկրի դեմ ուղղված չեն:

Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ ջղագրգիռ քայլերն էլ ոչ թե արդարացում, այլ տրամաբանական պատճառ ունեն. Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը Եվրամիության հետ ազատ ու համապարփակ առևտրի պայմանագիր և ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախաշեմին է և այլն, և դրանից նյարդայնանում է, Հայաստանը կորցնելու վտանգ է զգում` հակառակ նախկին ԽՍՀՄ տարածքներում իր գերակայության վերահաստատման ձգտումների:

Օրինակ` վերջերս Հայաստանում էր Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որ Հայաստան չէր եկել «թիթեռ նկարելու», այլ ասոցացման համաձայնագրի կետերը վերջնական փուլից առաջ մեկ անգամ ևս համաձայնեցնելու: Իսկ այդ կապակցությամբ ի՞նչ քայլեր արեց Ռուսաստանը: Հիվանդանոցից զոռով ՀՀ քաղաքացուն, ցուցադրաբար կանացի խալաթ հագցրած և նվաստացած վիճակում դատարան քարշ տվեց ու իր լրագրողների բերանով անընդհատ սկսեց շեշտել նրա ազգությունն ու քաղաքացիությունը:

Այսինքն` բարդ իրավիճակ է ստեղծված Հայաստանի համար: Ռազմական անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի կողմնորոշված է դեպի ռուսական կողմը: Բայց մյուս կողմից էլ` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Օրինակ` դեռ Ֆյուլեի նախորդ տարվա այցից հետո հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 43 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում: Ռուսաստանը մեր անկախության այսքան տարիների ընթացքում երբևէ լուրջ առավելություններով վարկ չի տվել մեզ, եթե չասենք հակառակը` բռնազավթել է մեր տնտեսության գերակշիռ` ռազմավարական նշանակություն ունեցող հատվածը: Այսինքն` ֆինանսական առումով էլ Հայաստանին ձեռնտու է հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ: Ֆյուլեի այցից հետո` անցյալ շաբաթ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էր անդրադարձել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և նշել, որ այն նոր խթան կդառնա ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

«Հայաստանում արդեն ավարտին են մոտենում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որն ունի նաև տնտեսական առևտրային բաղադրյալ: Նախանշված է, որ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում վերջնամշակումից հետո տեղի կունենա համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: Ես ասեմ, որ սա կարևոր ձեռքբերում է, և այս առումով ես կցանկանայի իմ շնորհավորանքն ուղղել Հայաստանին, որ իր ստանձնած պարտավորություններն ավարտին հասցնելու փուլում է: Այս պայմանագիրն իսկապես նոր թափ պետք է հաղորդի ՀՀ -ԵՄ հարաբերություններին: Բնականաբար, ենթադրվում են օրենսդրական առումով որոշակի փոփոխություններ, իսկ նման փուլի ավարտից հետո այն ենթադրում է տնտեսության շոշափելի արդիականացում, որից անմասն չեն մնալու առևտրատնտեսական փոխանակումները»,- հայտարարել էր դեսպանը:

Ակնարկը պարզ է ու հասկանալի. ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համար Հայաստանին «պարգևավճար» կտան` առևտրատնտեսական փոխանակումների, թերևս նաև վարկերի ու դրամաշնորհների տեսքով:

Բացի այդ, Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ հակատանկային հրթիռներ տրամադրեց: Այսինքն` Եվրոպան ցույց տվեց, որ պատրաստ է ստանձնել նաև Հայաստանի ռազմական անվտանգության որոշ հարցեր:

«Արտաքին կողմնորոշումն այնքան էլ էական ազդեցություն չի ունենա, որովհետև, ի վերջո, եթե Ռուսաստանը դժգոհ եղավ, ի՞նչ պետք է անի, բազան հանի-տանի՞ Հայաստանից: Բնականաբար, բազան թողնելու է, որովհետև այդ բազան առաջին հերթին պետք է իրեն, հետո նոր` մեզ: Այն արտոնյալ պայմանները, որով ինքն այսօր մեզ մոտ ռազմաբազա ունի, ոչ մի տեղ չի կարող գտնել, ո՛չ ֆիզիկապես տեղ կա, ո՛չ էլ այդ պայմանները: Հետևաբար, նա կշարունակի Հայաստանի հետ հարաբերություները: Այստեղ իշխանությունների հարցն է, այսինքն` Ռուսաստանը այստեղ կարող է վրեժ լուծել այն մարդկանցից, ում մեղավոր կգտնի այս իրավիճակի համար: Արդյոք մեր իշխանություններն այդքան կամքի ուժ կունենա՞ն իրենց գիծը պահելու, թե՞ ոչ: Կարծում եմ` կկարողանան, պիտի կարողանան, որովհետև այլ ելք չկա»,- համոզմունք հայտնեց  Արա Պապյանը:

Մի խոսքով, իրադարձություններն աշխարհում, մեզ անմիջապես հարող ու մի քիչ հեռու տարածաշրջաններում բավականին արագ ու հետաքրքիր զարգացումներ են ապրում, և այս պայմաններում դժվար է կանխատեսել անգամ, թե ինչ վիճակ կստեղծվի Հայաստանի համար նույնիսկ մինչև այս տարեվերջ:

 

 

 

Ժյուլյեն

ժուլյենՍա ժյուլյեն պատրաստելու տարբերակներից մեկն է, որի համար կպահանջվի`

1 կգ շամպինյոն

150 գ կարագ

3-4 գլուխ սոխ

խաշած հավի  միս` 300գ

150-200գ կոշտ պանիր

աղ:

Պատրաստման եղանակը

Սունկը հարկավոր է լավ լվանալ, չորացնել, ապա տապակել կարագով: Հավի միսը խաշել, ապա խորանարդներով կտրատել: Պանիրը քերել: Սխեռած անել: Թավայի մեջ լցնել սունկը, տապակած սոխը, միսը, ու վրայից ցանել քերած պանիրը: Ապա տապակը հարկավոր է ջեռոցը դնել 20-30 րոպե:

Երբ վրայի շերտը վարդագունի` պետք է հանել ու մատուցել տաք-տաք, չնայած, ժյուլյենը համեղ է նաև սառը վիճակում:

Վերևից «դաբրոն» տվել են: Տաշտունում փորձում են նախապատրաստել ընդերքի հերթական թալանը

 IMG_2463Ինչպես գիտեք, սույն թվականի մայիսին Մեղրիում ստորագրահավաք անցկացվեց`  ընդդեմ այդ տարածաշրջանում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքերի հետագա շահագործման, որի տակ ստորագրեցին մոտ 2500 մեղրեցիներ: Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ լիցենզիաների տրման, աշխատանքների իրականացման հարցում ոչ ոք հաշվի չի նստել տեղաբնակների կարծիքի հետ: Բազմաթիվ հանքավայրերի մեջ առանձնահատուկ է Տաշտուն համայնքի տարածքում գտնվող հանքավայրը` այնտեղ իրականացվող աշխատանքներով։

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) որոշեց ավելի մանրամասն զբաղվել սույն խնդրով: Դեռևս հունիսի 7-9-ը ՀԲՃ-ի երկու անդամ այցելեցին Մեղրու տարածքաշրջանի Տաշտուն գյուղական համայնք և պարզեցին, որ այստեղ ոչ միայն անցկացվում են հետախուզական աշխատանքներ, այլ նաև գյուղին շատ մոտ սկսվել են հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները: Կան տեղեկություններ, որ Տաշտունում հայտնաբերել են տարբեր տեսակի ազնիվ և լանթանոիդների շարքին պատկանող հազվագյուտ մետաղներ: Հայտնի է նաև, որ այդ հազվագյուտ մետաղներն օգտագործվում են հրթիռաշինության մեջ: Տաշտունի բնակիչները նշում են, որ հանքի տերը ազգությամբ ռուս է, իսկ տիրոջ ներկայացուցիչն այս պահին տուն է վարձում գյուղում և զբաղվում է աշխատանքների կարգավորմամբ: Հետաքրքրական է, որ Տաշտունում հանք բացող «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի մասին չկար որևէ տեղեկություն: Գյուղապետը նշում էր, որ իր մոտ կան հանքի բացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, որ հանքարդյունաբերող ընկերությունը քառամյա զարգացման ծրագիր է իրականացնելու գյուղում:

IMG_2466 Այդ այցից հետո մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որի արդյունքում պարզվեց հետևյալը.

2007թ-ի օգոստոսի 8-ից մինչև 2012թ-ի հունիսի 15-ը «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ին տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ՀՀ Սյունիքի մարզի Քարասարի և Պրիխրեպտովոյի երևակման 300 հա մակերեսով տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: 2012թ-ի օգոստոսի 15-ին այդ թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ-ի հունիսի 15-ը: Սակայն նույն 2012թ-ի դեկտեմբերի 14-ին «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ն իր այդ իրավունքները փոխանցում է «Վենտմայն» ՍՊԸ-ին, իսկ դրանից 12 օր անց` դեկտեմբերի 26-ին, արդեն «Վենտմայն» ՍՊԸ-ն էլ իր հերթին այն փոխանցում է դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված՝ վերը նշված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ին։

Ֆուտբոլային այս արագընթաց կոմբինացիայից հետո, ՀՀ կառավարությունը` ոչ պակաս արագությամբ, 2013թ-ի մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունում` ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով երկարաձգելու մասին: Այդ որոշման մեջ նշված են նաև ակնկալվող արդյունքները, որոնք են` ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թվականին թողարկել շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ ՀՀ դրամի: Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ-ի և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲԸ-ի կողմից, որոնք հանդիսանում են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը (ի դեպ այդ երկու կազմակերպություններն էլ ռուսական են): Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն 2013 թվականին նախատեսում է ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի:

Արդեն Սյունիք կատարած հնգօրյա այցի շրջանակներում` Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ հունիսի 28-ին նորից այցելեցին Տաշտուն, որտեղ ականատես եղան, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն կատարում է հողաշինարարական աշխատանքներ։ (http://www.youtube.com/watch?v=Kc-CnsOqNME&feature=youtu.be) Արդեն փորված էր մոտ տասը մետր խորությամբ բավականին մեծ մակերեսով փոս, իսկ հանված հողի շերտը լցվում էր մոտակայքով անցնող Տաշտուն գետի հովիտը: Ավելի վերևում կատարվում էին նաև բետոնապատման աշխատանքներ։ Քանի որ տարածքում բացակայում էր շինարարության մասին տեղեկություններ հաղորդող որևէ ցուցանակ, ՀԲՃ-ի անդամները տեղի աշխատակիցներից պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին շինթույլտվության առկայությունը: Որոշ ժամանակ բնապահպանները կարողանում են կանգնեցնել աշխատանքները, սակայն փաստաթղթեր այդպես էլ չեն ներկայացվում: ՀԲՃ-ն ահազանգ է փոխանցում ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարություն` տեղյակ պահելով կատարվող շինարարության ու փաստաթղթերի բացակայության մասին:

Հաջորդ օրը` հունիսի 29-ին, ՀԲՃ-ի Կանաչ ջոկատի 14 անդամներ կրկին այցելում են Տաշտուն: Այս անգամ սկզբում գնում են հանքավայրի տարածք` որտեղ նույնպես ականատես են լինում կատարված հողաշինարարական աշխատանքների, ինչը բոլորովին նման չէր երկրաբանական ուսումնասիրությունների, այլ ավելի շուտ իրենից ներկայացնում էր հանքի մակաբացման աշխատանքներ: Այստեղ ոչ մի պատասխանատու չկար` բացի պահակից, որը ըստ իր խոսքերի` ոչ մի բանից տեղյակ չէր: Քիչ անց մեքենայով մոտենում են երկու աշխատակից, որոնք նույնպես ոչ մի փաստաթուղթ չեն կարողանում ներկայացնել կատարվող աշխատանքների վերաբերյալ: Դրանից հետո իջնելով գյուղ` նախորդ օրը կատարվող շինարարության վայր, բնապահպանները տեսնում են, որ շինարարությունը շարունակվում է: Նրանք մոտավորապես մեկ և կես ժամ դադարեցնում են շինարարական աշխատանքները` պահանջելով համապատասխան փաստաթղթեր, սակայն` ապարդյուն: Այդ ընթացքում մի խումբ գյուղացիներ` մոտ 25-30 հոգի, գալիս են դեպքի վայր և բանավեճի բռնվում բնապահպանների հետ` պահանջելով, որ թույլ տան շարունակել աշխատանքները:  Քիչ անց ժամանում է նաև Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը։ Սակայն ո´չ գյուղապետը, ո´չ ընկերության ներկայացուցիչը, ո´չ տեղում շինարարություն իրականացող աշխատակիցները բնապահպաններին չներկայացրին որևէ փաստաթուղթ, որը կփաստեր շինթույլտվություն ունենալը, կամ գոնե կներկայացներ իրականացվող շինարարության մյուս մանրամասները: Դրա փոխարեն պատասխանատուներից մեկը, որը ազգությամբ ռուս էր, փորձում էր մեզ բացատրել, որ իրենք վերևից «դաբրոն» ունեն և խորհուրդ էր տալիս հանդես չգալ վերևների դեմ։

ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ ահա ՀՀ բնապահպանության նախարարությունից պաշտոնական պատասխան դեռևս չունենք, սակայն դրա փոխարեն իրենց կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում։

Ողջունելի է, որ բնապահպանության նախարարությունը դադարեցնում է Տաշտունում կատարվող ապօրինի շինարարությունը, սակայն չպետք է աղավաղել իրականությունը: Իրականում տեսչությունը չի հայտնաբերել ապօրինի շինարարությունը, այլ ստիպված է եղել «տեսնել» դա մեր ահազանգից հետո: Իսկ շինարարական աշխատանքներն այդ տարածքում սկսվել էին վաղուց, և ցանկության  դեպքում կարելի էր հայտնաբերել դրանք առանց մեր ահազանգի: Բացի դրանից հերթական անգամ տեսնում ենք, որ պետական մարմինները չեն ուզում գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը և ստիպել փոխհատուցել այն, պարզել ապօրինի շինարարություն իրականացնողների պատասխանատվության չափը և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Փորձը ցույց է տալիս, որ պետական մարմինները նմանօրինակ դեպքերին լավագույն դեպքում արձագանքում են միայն ահազանգերից և հանրային ճնշումներից հետո, իսկ խախտումներ թույլ տվողները հիմնականում մնում են անպատիժ, քանի որ Հայաստանում օրենքները գործում են միայն «մեջք» չունեցողների համար, իսկ ունեցողներին թույլատրված է ամեն ինչ:

Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, այսօրվա դրությամբ չունենալով այդ բոլոր կարևոր թույլտվությունները, 300 միլիոն դրամի սարքավորումներ է սկսում ներմուծել մեր ազգային հարստությունը թալանելու համար և հայտարարում, որ 2013թ-ի ընթացքում թողարկելու է շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք։ Հարց է առաջանում, իսկապե՞ս այդ ընկերությունում չգիտեն ՀՀ օրենքները, թե՞ դրանց կատարումը պարտադիր չէ վերևներում «դաբրո» ունեցողների համար։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

 

Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront

Ֆեյսբուքյան խումբ`    https://www.facebook.com/groups/armecofront/

Էլ. փոստ`                      [email protected]

Արաբագետ. «Հայերը տեղ չունեն բորբոքված կրքերով Մերձավոր Արևելքում: Սուննի-շիա հակամարտությունը Մերձավոր Արևելքում և հայկական համայնքների ապագան

Հուլիսի սկզբին Եգիպտոսում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ. բանակը պաշտոնից հեռացրեց «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիին: Այնուհետև հայտարարեցին, որ Մուրսին ծրագրել էր սրել շիաների ու սուննիների հակասությունները` հրահրելով տարածաշրջանային պատերազմ սուննիների և շիաների միջև:

Ո՞րն է սուննիների ու շիաների տարբերությունը

սուննի-շիաՀարց է առաջանում` ի՞նչ հակասություններ կան սուննիների և շիաների միջև, որ պատրաստ են անգամ պատերազմել միմյանց դեմ: Ովքե՞ր են սուննիները և ովքե՞ր են շիաները:

Ըստ տարբեր տվյալների` աշխարհում իսլամի հետևորդների թիվը 1-1,6 մլրդ է: Նրանց ճնշող մեծամասնությունը` ավելի  քան 80%-ը, իսլամի սուննի ուղղության հետևորդ է: Շիա ուղղությունը իսլամի երկրորդ ամենազանգվածային ուղղությունն է. մահմեդականների մոտ 15 և ավելի տոկոսն այս ուղղության հետևորդ է:

Իսլամում սուննի և շիա ուղղությունը սկիզբ է առել 632 թվականից: Մուհամմեդ մարգարեի մահվանից հետո  նրա հետևորդների միջև առաջնորդի աթոռի  համար պայքար է սկսվում, և հարց է առաջանում, թե պաշտոնն  ինչ սկզբունքով պետք է փոխանցվի ժառանգորդներին: Չորրորդ խալիֆ Ալին, որ Մուհամմեդի զարմիկն ու փեսան էր, պնդում էր, որ խալիֆի պաշտոնը կարող են ժառանգել միայն Մուհամմեդի ցեղի ներկայացուցիչները, մինչդեռ Մուհամմեդի ընկեր Աբու Բակրը և նրա կողմնակիցները կարծում էին, որ իմամին պետք է ընտրեն: Ալիի, ապա նաև նրա երկու որդիների սպանությամբ իսլամում սկիզբ է դրվում երկու ուղղությունների:

Շիա թարգմանաբար նշանակում է  «Ալիի հետևորդներ»:  Նրանք Մուհամմեդին հաջորդած չորս առաջնորդներից միայն Ալիին են ճանաչում:

Սուննի բառն էլ թարգմանաբար նշանակում է «սուննայի (ճանապարհի) մարդիկ»: Սուննան Մուհամմեդ մարգարեի կյանքի ու գործունեության  պատմությունն է և մտքերի ժողովածուն`  սկսած այն պահից, ինչ նա մարգարե դարձավ:

քարտեզԸստ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի` սուննի մահմեդականների համար նրանց սուրբ գիրքը մեկնաբանությունների ենթակա չէ` նրանց ընկալումները սահմանափակված են դոգմաներով: Շիաների դեպքում Ղուրանի մեկնաբանությունը հնարավոր է: Իհարկե, դա կարող է անել միայն անձը,  որը դրա իրավունքն ունի: Բացի այդ, շիաներն  իրենց իմամին ընկալում են որպես Ալլահի ներկայացուցիչ երկրի վրա, մինչդեռ սուննիները աստծո հետ ուղղակի հաղորդակցման կողմնակից են` իմամներին համարելով ուղղակի հարգանքի  և մեծարանքի արժանի կրոնական գործիչներ:

Չնայած տարբերություններին` սուննիներն ու շիաները ունեն նաև ընդհանրություններ. բոլորի համար միակ աստվածն Ալլահն է, իսկ Մուհամմեդը` նրա առաքյալը,  երկուսն  էլ հետևում են իսլամի հինգ պատվիրաններին,  պահում  են պասի ամիս Ռամադանը և սուրբ գիրք են համարում Ղուրանը:

Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում,  Իրաքում, Բահրեյնում, Լիբանանում, ինչպես նաև Ադրբեջանում: Սիրիայում  սուննիներն են մեծամասնություն, սակայն իշխանությունները շիա ուղղության հետևորդ են:

Շիա բնակչություն`  որպես փոքրամասնություն, ունեն Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Պակիստանը, Եմենը, որտեղ շիաներին  համարում են անջատողական: Բոլոր երկրներում, որտեղ շիաները փոքրամասնություն են, սուննի իշխանությունները ճնշում են նրանց: Այդպիսի երկրներ են Պակիստանը, Աֆղանստանը, Քուվեյթը,  Սաուդյան Արաբիան:

Մահմեդական տարակարծությունները զենք` ազդեցության գոտիների համար պայքարում

բաժանումԱշխարհաքաղաքագետ Ալեքսանդր դը Վալը Ֆրանսիական Atlantico-ում տպագրված հոդվածում նշում է, որ չնայած ԶԼՄ-ներում շիաները հաճախ ներկայացվում են որպես ծայրահեղական, իսկ սուննիները` չափավոր մահմեդականներ, ըստ գաղափարախոսության` ճիշտ հակառակն է: Եթե շիաները երբևէ վերջակետ չեն դրել Ղուրանի մեկնաբանությունների առումով, ապա սուննիները X դարից արգելել են Ղուրանի որևէ մեկնաբանություն և խստիվ հետևում են դոգմաներին: Բացի այդ, պատմությանը հայտնի ծայրահեղ իսլամիստական ուղղությունները սուննիներն են հիմնադրել:

Դը Վալի կարծիքով` տարբեր շահերից բացի, Արևմուտքը մի կողմից և Ռուսաստանն ու Չինաստանը մյուս կողմից առաջնորդվում են սառը պատերազմի տրամաբանությամբ: Եթե մեկը պաշտպանում է սուննիներին, ապա մյուսը` շիաներին: Ներկայում Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են շիաներին` ի դեմս Իրանի և Սիրիայի, Արևմուտքը` սուննիներին:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը ևս համամիտ է, որ ներկայիս սրված իրավիճակն ընդամենը էներգակիրներով հարուստ տարածաշրջանում ազդեցության հաստատման պայքարի հետևանք է: ԱՄՆ-ն ցանկանում է, որ տարածաշրջանն իր համար կանխատեսելի և կառավարելի լինի: Բացի այդ, արաբական աշխարհը պառակտելով,  ԱՄՆ-ն նաև անվտանգ միջավայր է ստեղծում  իր գործընկեր Իսրայելի համար. «Ներկա վիճակում Իսրայելն իրեն ավելի անվտանգ է զգում, քան նախկինում»:

Իսկ օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Քուվեյթում չեն ուզում ժողովրդավարություն հաստատել, քանի որ այդ երկրներն անսխալ կատարում են իրենց որդեգրած պրոամերիկյան քաղաքականությունը, Իսրայելի համար էլ որևէ վտանգ չեն ներկայացնում:

Դիկտատուրան` արդյունավետ կառավարման միջոց Արևելքում

Չալըմյան ՆուբարՉալըմյանն ասում է, որ շիա-սուննի տարաձայնությունները միշտ էլ եղել են, սակայն նախկինում այդ երկրների ղեկավարությունները մշտապես ճնշել են դրանք` թույլ չտալով զարգանալ: Այսպես օրինակ` 80-ականներին Սիրիայում «Մահմեդական եղբայրները» ակտիվացան, սակայն Հաֆեզ  Ասադը արագ ճնշեց նրանց: Իհարկե, ոչ դեմոկրատական եղանակով:

Նույնը Լիբիայում,  Իրանում. կրոնական հեղափոխությունից հետո շիական համայնքը մի քանի օր  կտրուկ  ակտիվացավ, սակայն Քադաֆին անմիջապես ճնշեց, քանի որ հաջորդիվ մյուս կրոնական համայնքները կակտիվանային: Սակայն հիմա կրոնական տարաձայնությունները դարձյալ սրվել են, քանի որ չկան այն վարչակարգերը, որոնք մշտապես ճնշել են այդ տարաձայնությունները: Մարդիկ տասնամյակներ են սպասել, որպեսզի իրենց հաշիվները մաքրեն, և հիմա հարմար առիթ է ստեղծվել:

Մասնագետի խոսքով` այնպես չէ, որ  ղեկավարները, որոնցից  Արևմուտքը փորձում է ազատվել, իրենց դրածոները չեն եղել: Օրինակ` Հոսնի Մուբարաքն իշխանության գալուց ի վեր ամերիկամետ քաղաքականություն էր վարում: Պարզապես Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ցանկանում էր այդ երկրներում նոր ղեկավարներ տեսնել:

Գործընթացը սկսվեց 2003-ից, Իրաքից: Այն ժամանակ Մուամար Քադաֆին ՄԱԿ-ում, դեն նետելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, մատնացույց արեց Ասադին, Մուբարաքին ու իրեն` հայտարարելով, որ հաջորդն  իրենք են: Այդպես էլ եղավ:

«Երբ ԱՄՆ-ն Իրաք ներխուժեց,  ակնկալում էր, որ շիա-սուննի հարաբերությունները կլարվեն, ինքն էլ դրանից օգուտ կքաղի: Սկզբում այդպես էլ եղավ, շիաները ողջունեցին ԱՄՆ-ի քայլը, որ իրենց ազատեց  Սադամ Հուսեյնից: Սակայն որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ ամերիկացիներն իրենց երկրից հեռանալու մտադրություն չունեն, շիաներն ու սուննիները միավորվեցին ընդհանուր թշնամու` ամերիկացիների դեմ»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` շիաներն ու սուննիները միմյանց կողք- կողքի կարող են խաղաղ ապրել, եթե լինի դիկտատորական վարչակարգ, որը թույլ չի տա, որ տարաձայնությունները խորանան ու հակամարտության վերածվեն. «Իսլամը ուժեղ կրոն է, ավելի ուժեղ, քան քրիստոնեությունը: Իսլամը վերածվել է կենցաղավարության:  Այդ երկու գաղափարախոսություններն էլ միմյանց հանդեպ անհանդուրժող են: Մահմեդականները շատ հավատավոր են, ուստի անընդհատ խաբվում են Արևմուտքի կողմից»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Չալըմյանն ասում է, որ երկու կուսակցությունների քաղաքականությունները տարբերվում են: Հանրապետականները կողմ են ինտերվենցիային, ուժով հարցը լուծելուն: Դեմոկրատները` հանձին Օբամայի, նախընտրում են երկրի ներսի ուժերին միմյանց դեմ լարել և սպասել օգուտ քաղելու հարմար պահին: Այսպես նաև միջոցներ են խնայում, ամերիկյան զինվորներ չեն զոհվում: «Օրինակ` Եգիպտոսն արդեն հոգնած վիճակում է: Եվ ԱՄՆ-ն բառացիորեն փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր մարդուն` Մուհամմեդ  Էլ Բարադեյին: Ամեն տեղ էլ նույն վիճակն է. սպասում են, որ երկիրը հոգնի»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` «Մահմեդական եղբայրներին» իշխանությունից հեռացնելով` ԱՄՆ-ն նաև մեսիջ ուներ Իրանի ժողովրդին` ցույց տալով, որ  Եգիպտոսում կրոնական իշխանությունները  մեկ տարի շարունակ իրենց չարդարացրեցին: Նույնը և Իրանում է,  և Ժամանակն է նրանց էլ հեռացնելու:

Չալըմյանի կարծիքով` Մերձավոր Արևելքը գնում է դեպի մասնատում: Իրաքը, հնարավոր է, երեք մասի բաժանվի` սուննիական, շիական և քրդական: Չի բացառվում նաև Սիրիայի տրոհումը: Բայց մյուս կողմից էլ Թուրքիան հաստատ չի ցանկանա, որ Սիրիայում կամ Իրաքում քրդական ինքնավարություն ստեղծվի, քանի որ նույն քրդական խնդիրն ինքն էլ ունի:

Խոսելով հայկական համայնքների ապագայից` Չալըմյանն ասում է, որ հայերն  առաջիկայում տեղ և անելիք չունեն Մերձավոր Արևելքում: Նախընտրելի տարբերակը հայրենիք վերադառնալն է և Արցախը բնակեցնելը: Ստեղծված պայմաններում հայերը այդ երկրներում ո՛չ իրենց նախկին կենսամակարդակը կարող են ունենալ, ո՛չ էլ նախկին վերաբերմունքի հույսը: Տարիներ են պետք,  որ բորբոքված կրքերը հանդարտվեն:

 

Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը

10555_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին: Որոշման արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, ընդհանուր առմամբ կիրականացվի շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: «Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու ներդրող է մեզ համար, – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Մենք այսօր խրախուսում ենք 10 մլն և ավելի դոլարին համարժեք ներդրումային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ծրագրեր, որոնք ապահովում են ժամանակակից բարձր վարձատրվող աշխատատեղեր, համահունչ են կառավարության ծրագրի գերակայություններին: Սա այդ ծրագրերից մեկն է, որը գերազանցում է 10 միլիոնը, և դրա համար մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ներդրողի հետ քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը: Այսօր համապատասխան համաձայնագիր կստորագրվի ներդրողի հետ, որտեղ կամրագրվեն ներդրողի և պետության մոտեցումները, քանի որ սա պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո իրականացվող ծրագիր է», – ասել է վարչապետը:
Շարունակելով մինչև 300 միլիոն դրամը գերազանցող խոշոր ներդրումային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությունը` կառավարությունը որոշել է մինչև երեք տարի ժամկետով հետաձգել մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը «Կագա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ: «Կագա Գրուպ»-ը Կոտայքի մարզում կառուցվող 3 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել 1.25 մլրդ դրամի չափով ներդրում, ներկրել հոլանդական ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 60 աշխատատեղ, իսկ «Ռուսալ Արմենալը» նախատեսում է իրականացնել արտադրության հերթական վերազինումը, որի արդյունքում կստեղծվի շուրջ 55 աշխատատեղ, կնվազեցվեն արտանետումները և վնասակար գործոնները, կբարելավվի աշխատապայմանները: Կարևորելով խոշոր ներդրողներին աջակցություն տրամադրելու կառավարության հերթական նախաձեռնությունները` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջերմոցային տնտեսությունը ներդրումների համար բավական հետաքրքիր ոլորտ է դարձել, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներմուծվում` 300 մլն դրամը գերազանցող, ինչը շատ ողջունելի է, և պետք է շարունակենք խրախուսել, քանի որ առաջին փորձերը ցույց տվեցին, որ սա շահութաբեր բիզնես է` և՛ աշխատատեղեր են ստեղծվում, և՛ ամբողջ տարվա ընթացքում են աշխատում, և՛ արտահանման մեծ ներուժ է ձևավորվում: «Արմենալ»-ում նույնպես ժամանակակից տեխնոլոգիա են ներմուծում, որն էապես կրճատում է յուղի ծախսը, այսինքն` նաև ներմուծման լրացուցիչ անհրաժեշտություն չի լինելու: Էկոլոգիական վիճակն է բարելավվում, ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, կարևոր է, որ նաև էկոլոգիական խնդիր է լուծվում»:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել ազատ տնտեսական գոտի` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սահմանվել են ԱՏԳ-ի գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հաստատվել են միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Կառավարությունը հաստատել է 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Փաստաթուղթը լրամշակվել է 2013 թվականի մայիսին հաստատված ՀՀ կառավարության նոր ծրագրի հիմնական ուղղությունների և ոլորտային ծրագրերի համադրումով, յուրաքանչյուր միջոցառում և գերակա խնդիր ներկայացված են համապատասխան հիմնավորումներով, հստակ նշված են միջոցառումների անվանումը, նպատակը, կատարման պատասխանատու մարմինը և ֆինանսավորման աղբյուրը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի «ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշումը, ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի զեկուցումն այդ որոշման` 2013 թ. հունվարի 10-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը, ըստ որի կատարման ենթակա 42 կետերից 2013 թ. հուլիսի 17-ի դրությամբ կատարվել է 41-ը կամ 97.6 տոկոսը:
Քննարկելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը, գործադիրը, նկատի ունենալով, որ ներկայումս կառավարությունում քննարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատգամավորի մի շարք առաջարկներ հստակեցման, պարզաբանման և հիմնավորման կարիք ունեն, պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակի հետ, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ կառավարությունում գտնվող ՀՀ նոր օրենքի նախագծի շրջանակում:
Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, մասնավորապես, ուսման վարձի վերին շեմը սահմանելու մասին նախագծի վերաբերյալ նույնպես կառավարությունն առաջարկել է հեղինակների հետ միասին քննարկել առկա խնդիրները համապարփակ լուծում ապահովող նախագիծ մշակելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հերթական աջակցությունը ՓՄՁ սուբյեկտներին

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներում` կառավարությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել է 200 մլն դրամ բյուջետային վարկ` 1 տարի մարման ժամկետով, տարեկան 0.1 տոկոսադրույքով, ինչը նպատակ ունի նպաստել նոր փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծմանը, նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում:
Կառավարությունը հավանություն է տվել առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին, նոր խմբագրությամբ շարադրել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» 2010 թ. մարտի 11-ի թիվ 235-Ն որոշման հավելվածը, լրացում կատարել 2013 թ. ապրիլի 25-ի թիվ 472-Ն որոշման մեջ, որ վերաբերում է կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գներին և միտված է օպտիմալացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերը:
Հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բյուրականյան միջազգային ամառային դպրոց երիտասարդ աստղագետների համար` նվիրված Անանիա Շիրակացու 1400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը:

Արդիականացվում է Սևանա լճի ավազանի նախագիծը

Կառավարությունը 2003 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը շարադրել է նոր խմբագրությամբ, ինչը պայմանավորված է ՀՀ ավազանային կառավարման տարածքները սահմանող դրույթների փոփոխություններին համապատասխանեցնելու, ինչպես նաև` նախագծի որոշ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու, քարտեզագրական նյութերը ճշտելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հստակեցվել են Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտին, թունելի երկարությամբ և առանցքից երեք հազարական մետր հորիզոնական շերտագիծն ընդունվել է որպես Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է լիճ տեղափոխող ջրահոսքերի որակական և քանակական ցուցանիշների վրա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է բնապահպանական կազմակերպությունների մասնակցությունը նմանատիպ հարցերի քննարկման գործընթացին:
Փոփոխություններ և վերաբաշխում կատարելով 2012 թ. թիվ 1616-Ն որոշման մեջ` կառավարությունն էներգակիրների նոր սակագների ուժի մեջ մտնելու կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման համակարգերում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսեր է նախատեսել ՀՀ 2013 թ. պետական բյուջեում և դրանց իրականացման համար անհրաժեշտ ծավալով ֆինանսավորման աղբյուրներ է առանձնացրել:
Արգիճի, Կավարտ գետերում, Խանջյանի հեղեղատարում հակահեղեղային աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած չնախատեսված լրացուցիչ աշխատանքների կատարման նպատակով գործադիրը հատկացրել է գումար և սահմանել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրացուցիչ աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով:

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն գործադիրը սահմանել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով նախկին որոշումը:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա ունենալ ամբողջական վիճակագրություն և բարձրացնել իրավախախտումների նախականխման աշխատանքների արդյունավետությունը:
Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության և Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացման ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. ծախսերի նախահաշիվը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացրել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություններում առկա սև և գունավոր մետաղների ջարդոնն անհատույց կօտարվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Այլ հարցեր

Կառավարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող ՀՀ 3 քաղաքացիներին նվիրել է իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է իր տնօրինության Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի 20 շենքի թիվ 61 հասցեում գտնվող ոչ բնակելի նշանակության շինությունը և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան 47/2 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունն օտարել մրցույթով:
Կառավարությունը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքի ղեկավար Սաիդ Ամոյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ, և համայնքի ընտրատարածքում 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Հովակիմյանին և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գարիկ Խլղաթյանին:

Զենքը սպասելիքները չարդարացրեց. հերթը ուղեղներինն է

ապստամբԴեռևս  այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը հայտարարեց, որ անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենք մատակարարելը, և կոչ արեց Անվտանգության խորհրդին (ԱԽ) միասնական լինել ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ընդգծել է ապրիլի 22-ին Նյու Յորքում Աֆրիկյան պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ «զենքի հոսքը» դեպի Սիրիա ավելի շատ զոհեր և ավերածություններ է նշանակում:

Սակայն Եվրամիության երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին Բրյուսելում, քննարկելով Սիրիայի հակամարտությունը, որոշեցին հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու արգելքը, բայց որոշվեց Սիրիայի նկատմամբ Եվրամիության սահմանած ֆինանսատնտեսական արգելքները երկարաձգել մեկ տարով: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել էր, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվող ապստամբներին զենք մատակարարելու ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:

Եվրամիության արտգործնախարարների այս որոշման առնչությամբ իր հիասթափությունն արտահայտեց Ռուսաստանը` ընդգծելով, որ այն ուղղակիորեն վնաս կհասցնի սիրիական խնդրի շուրջ խաղաղության համաժողովի անցկացման հեռանկարներին: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Եվրամիությանն այդ ժամանակ նաև մեղադրեց երկակի չափանիշներ կիրառելու մեջ,  քանի որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ է թողել, և հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան պահպանում է Դամասկոսին հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր տրամադրելու իրավունքը: Նման քայլը, ըստ Ռյաբկովի, «կայունացնող գործոն» կդառնա Սիրիայի հակամարտությանը արտաքին միջամտության դեմ:

Ինչևիցե: Եվրամիության նախարարների` Սիրիային զենք մատակարարելու արգելքի վերացման գործընթացներին զուգահեռ` ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը մայիսի 6-ին Սենատի հաստատմանը ներկայացրեց մի օրինագիծ, որով թույլատրվում է զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են զենք մատակարարել այն ապստամբ խմբավորումներին, որոնք նախևառաջ մանրամասն ստուգումներ պետք է անցնեն, որպեսզի պարզվի, թե արդյոք հարգո՞ւմ են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները և արդյոք կապ չունե՞ն ահաբեկիչների հետ: Իհարկե, դժվար է պարզել, թե այն դահիճները, որոնք կտրում էին կաթոլիկ քահանայի գլուխը, ինչպե՞ս են դիտարկվում ԱՄՆ ղեկավարության կողմից մարդու հիմնարարա իրավունքների ու ազատությունների առումով:

Մենենդեսի օրինագիծը նախատեսում է նաև սիրիացի ընդդիմադիրների հետ համագործակցություն, համաձայն որի` նրանք ռազմական պատրաստվածություն են անցնելու, ստեղծվելու է 250 մլն դոլար արժողությամբ հիմնադրամ` անցումային շրջանում իշխանության ինստիտուտներ ձևավորելու համար, և պատժամիջոցներ են կիրառվելու նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին:

Putin-Obama (1)Այս փաստաթուղթը նախ պետք է հաստատվեր հանձնաժողովի, ապա կոնգրեսի երկու պալատների կողմից և այնուհետ ստորագրվեր նախագահի կողմից: Այդպես էլ եղավ, և հունիսի 14-ին օրինագիծը հավանության արժանացնելու որոշում ընդունեց Բարաք Օբաման:

 ԵՄ արտգործնախարարների և ԱՄՆ սենատորների այդ քայլերը, հասկանալի է, պայմանավորված էին Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխմամբ, քանի որ մայիսի կեսերից Սիրիայի կառավարական զորքերն սկսեցին զանգվածային հարձակում երկրի արևմուտքում գտնվող Ալ–Կուսեյր բնակավայրի վրա, որն ապստամբների հիմնական հենակետն է համարվում:

 «Ռուսական արջի» կաշին ավելի հաստ էր

Բայց հետաքրքիր է, թե ինչպես էր  Մենենդեսի օրինագծով նախատեսվում «պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին»:  Չէ՞ որ Վլադիմիր Պուտինը հունիսին` Լոնդոնում  G8-ի գագաթաժողովին մասնակցելու ժամանակ, հայտարարել էր. «Եթե խոսենք առանց զգացմունքի, ապա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարությանը զենք է մատակարարում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. մենք ոչինչ չենք խախտում»: Այսինքն` ԱՄՆ-ն պետք է պայքարեր Ռուսաստանի դեմ:

Երբ լրագրողները Պուտինին հարցրեցին, թե այդ պահին արդիակա՞ն է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացումը,  քանի որ ԱՄՆ-ն որոշել է զինել Սիրիայի ընդդիմությանը, նա պատասխանեց, թե չի կարծում, որ կոնֆերանսի գաղափարը վերջնականապես թաղվել է. «Դուք չեք հերքի, որ դժվար թե արժե աջակցել այն մարդկանց, որոնք սպանում են իրենց թշնամիներին, թաքցնում մարմինները և բոլորի աչքի առջև ուտում նրանց ներքին օրգանները»,- նշել էր Պուտինը:

Նման պայմաններում, ինչպես նշում էին հենց արևմտյան վերլուծաբանները,  ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան,որոնք կողմ էին հանդես գալիս Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում, հայտնվել էին բարդ իրավիճակում: Որովհետև նշված եռյակն ունակ չէր խաղաղ կոնֆերանսում ապահովել զինված ընդդիմության ներկայությունը, որի ներսում պայքար է սկսվել: Ի տարբերություն նրանց, Ռուսաստանի կուրսը, որը հանդես է գալիս խնդրի լուծման քաղաքական մեթոդների օգտին, ունակ է ապահովել բանակցությունների սեղանի շուրջ Ասադի ռեժիմի ներկայացուցիչների ներկայությունը և դրանով իսկ առավել տպավորիչ էր թվում:

Նման երկար «վայրիվերումներից» հետո` արդեն հուլիսի 10-ին, ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հանձնաժողովների անդամները դեմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն ցույց տալու մասին որոշմանը:

Օրենսդիրները կողմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում խիստ սահմանափակումներ մտցնելուն: Նման որոշման պատճառ են դարձել այն մտավախությունները, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` Ալ-Քաիդայի ձեռքում, որի ներկայացուցիչներից շատերը սերտ համագործակցում էին Սիրիայի որոշ հակակառավարական խմբերի հետ:

Հանձնաժողովների անդամների կարծիքով` ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը լավ մտածված չէ, քանի որ չի դիտարկում Սիրիա զենք մատակարարումների վերահսկողության հնարավորությունը: Վարչակազմից հայտնել են, որ օրենսդիրները խոչընդոտում են ապստամբներին զինելու պլանը` չառաջարկելով այլ տարբերակներ: Ակնհայտ է, որ ԱՄՆ կոնգրեսականները լսել են նաև Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, չնայած նշվում է, որ Վաշինգտոնում նման որոշում են կայացրել գաղտնի փաստաթղթերի հիման վրա:

Եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ հետաձգվում են նաև Սիրիայի հակակառավարական ուժերին զինամթերքի մատակարարումները  Սաուդյան Արաբիայից, ապա ամերիկյան զենքի կորուստը կարող է վճռական դառնալ գրոհայիների համար:

 Այսինքն` շուրջ երկու տարի ձգձգվող սիրիական ռազմական թատերաբեմը, ամենայն հավանականությամբ, չարդարացրեց Արևմուտքի սպասելիքները, ու հիմա Սիրիայի քաղաքների փողոցներում մկանների մարզանքը կփոխարինվի ուղեղների մարզանքով` քաղաքական հարցերի սեղանի շուրջ:

 

 

 

Ի՞նչ է իրեղեն ապացույցը

ապացույցԴատավարական իրավունքում կարևոր տեղ ու նշանակություն ունեն իրեղեն ապացույցները: Որպես այդպիսիք հանդես են գալիս այն առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ: Այն իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար: Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը, համաձայն ՀՀ օրենսդրության, բաշխվում են կողմերի միջև:

Դատարանն անհապաղ զննում և հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները` դրանց գտնվելու վայրում: Գործին մասնակցող անձինք անհապաղ տեղեկացվում են ապացույցները զննելու և հետազոտելու վայրի ու ժամանակի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ իրեղեն ապացույցները զննելու և հետազոտելու համար:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:

Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին: Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Կանաչ լոբով ու կարտոֆիլով աղցան

SONY DSCԲաղադրությունը

500 գ կանաչ լոբի

2 կարտոֆիլ

1-2 ձու

սամիթ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ, ու խաշել, ապա կեղևը հեռացնել ու կտրատել մանր խորանարդներով: Լոբին կտրատել ու  խաշել (կարելի է նաև պահածոյացվածը օգտագործել), ապա հովանալուց հետո ավելացնել կարտոֆիլի վրա:

Ձուն պինդ  խաշել ու մանր կտրատելուց հետո ավելացնել մնացած բաղադրիչներին:  Այնուհետև համեմել մայոնեզով և վրան մանրացրած կանաչի ցանել:

Ի վերջո, մի սայլը տեղից շարժվեց

պռոշյան (1)Հուլիսի 9-ին, ի վերջո, կայացավ Պռոշյան համանքի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի արդեն 3–րդ ընտրությունը, սակայն այս անգամ էլ տնօրեն չընտրվեց բավարար ձայն չհավաքելու պատճառով: Իսկ քվորում ապահովել, չապահովելն էլ այստեղ հարաբերական է այնքանով, որ խորհրդի 8 անդամի փոխարեն մասնակցում էին 7-ը, որովհետև մեկ անդամն արդեն տնօրենի թեկնածու էր:

Ընտրությունը կայացավ. 4 թեկնածուներից երկուսը 0, իսկ երկուսը` 4 և 3 ձայն ստացան:   Ձայն չստացած երկու թեկնածուներն էլ մայրաքաղաքից էին:

Ըստ ընտրության արդյունքների` երկու հիմնական թեկնածուները դպրոցի կադրեր են: Մեկը` 11 տարի դպրոցի տնօրեն աշխատած Դավիթ Դավթյանը, որ հունվարյան ընտրությանը 5 ձայն էր ստացել, բայց չէր հաստատվել: Իսկ   մյուսը Ռուզաննա Վարդանյան էր, որ հուլիսի 9-ին կայացած ընտրության  երկու փուլում էլ 3 ձայն է ստացել: Նույն դպրոցի շրջանավարտը 1990-ից մինչ օրս  աշխատում է նույն  դպրոցում` ֆիզիկա դասավանդելով: Իսկ վերջին երեք տարիներին, որպես մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալն է: Նա նաև դպրոցի խորհրդի անդամ է: Ուստի տնօրենի ընտրությանը մասնակցելու պատճառով, օրենքի համաձայն և մարզպետի որոշմամբ կասեցվել է նրա անդամությունը: Այդ պատճառով էր, որ 8 անդամի փոխարեն ընտրությանը մասնեկցեցին 7-ը: Սակայն եթե օրենքը ասում է, որ ընտրությունը կայացած է համարվում այն դեպքում, երբ թեկնածուն ստանում է խորհրդի անդամների կեսից ավելի ձայն, ասել է թե` 8 անդամից 5 ձայն, ապա 7-ի դեպքում  օրենքը որևէ ցուցում չունի: Խորհրդի 4 անդամների  ձայները  գնացին Դավիթ Դավթյանի, իսկ 3-ը`  Ռուզաննա  Վարդանյանի օգտին, նույն արդյունքը գրանցվեց նույն օրը կայացած երկրորդ ընտրության ժամանակ: Հետևաբար մրցույթը կայացված համարվեց, բայց վերջնարդյունքում դպրոցի տնօրեն այդպես էլ չընտրվեց, որովհետև 5 ձայն ստացող այդպես էլ չեղավ:

պռոշյանիՉի բացառվում, որ հաջորդ ընտրության արդյունքը նույնպես այդպիսին լինի, որովհետև արդեն ակնհայտ են խորհրդի անդամների կողմնորոշումները: Ըստ խորհրդի նախագախ Արմեն Խաչատրյանի, եթե հաջորդ ընտրությանն էլ նույն արդյունքը գրանցվի ու այդպիսով տնօրեն չընտրվի, գործերն արդեն նախարարություն կուղարկվեն:

Իսկ արդեն  չորրորդ ընտրության օրը նշանակված է` օգոստոսի 19-ին, հայտարարությունն էլ տրված է:

Իսկ այս մտահոգությունս, անշուշտ, չէր ծնվի, եթե Ռուզաննա Վարդանյանի հետ հանդիպումից օրեր անց «Անկախի» կայքում իմ նախորդ`«Տերով անտերություն» հոդվածի տակ չգտնեի նրա հետևյալ գրառումը. «Եթե ծախու չլինեիք, կփորձեիք զրուցել նաև այն մարդու հետ, ում անունը գրում եք Ձեր նյութում և իմ կողքով երկու  անգամ անցաք հարցազրույցի օրը»:

Ի՞նչ է ստացվում. տիկին Արմինեի հետ  հանդիպելու իմ ցանկությունը մերժվեց «ծախու  լրագրողի» հետ չհանդիպելու պիտակավորմամբ, հիմա էլ այս տիկինն է նրա  թելը թելում, թե` «կողքովս անցար ու հարցազրույց չունեցար: Փափկասուն տիկնայք, հայոց աշխարհի, գոնե գրեիք, թե ում եմ ծախվել:

Երկուսդ էլ, դպրոցի խորհրդի անդամ լինելով, ինձնից լավ գիտեք, որ այդ 13 տարվա ընթացքում  մարզպետը դպրոցից ավելի շատ տարել է, քան տվել, այդքանով հանդերձ ինձ եք ծախված համարում… Հարգարժան տիկնայք, կարծում եմ` հասկացաք, թե առակս ինչ կուսուցանե, նաև, որ դպրոց եկա ոչ թե կուսակցական պատվեր կատարելու, այլ իմ անաչառ հրապարակումով ինչ-որ բան փոխելու, որն էլ, ասես, չուշացավ: Ամենևին հակված չեմ մտածելու, որ հունիսի 27-ին հրապարակած իմ հոդվածում արծարծված փաստերն այնպես բարիացրին մարզպետին, որ տարիների նիհրից արթնացավ ու  հուլիսի 4-ին դպրոցին աչքալուսանք տվեց, թե  31 միլիոն դրամ է հատկացրել կոյուղու շինարարության և սանհանգույցների կապիտալ վերանորոգման համար: Կամ էլ հասկացավ, որ դասադուլով սկսվող նոր ուսումնական տարին իր վրա ավելի թանկ կնստի, քան այդ 31 միլոնը, որովհետև հոդվածում մտահոգություն էի հայտնել, որ նոր ուսումնական տարին դպրոցը կսկսի հին խնդիրներով, որին կգումարվի նաև դասադուլը, որովհետև շատ ծնողներ միակ ելքը համարում են իրենց երեխաներին սեպտեմբերի 1-ին դպրոց չուղարկելը, որպեսզի իշխանությունը խելքի գա:

Իսկ իշխանությունը, թեև ուշացումով, բայց խելքի եկավ ու տարիների թնջուկը մի շնչով գլուխ բերեց:  Թեև կառավարման խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը հավատացած է, որ բնակիչների ստորագրությամբ նախագահին ուղղված  բողոք-դիմումները, ի վերջո, նպատակին ծառայեցին, բայց հավատացած եմ, որ գործը նախագահին չհասավ, այլ խնդիրը լուծվեց մարզպետարանի ջանքերով:

«Առանց մրցույթի (տենդեր)` գումարը տրամադրվել է «Եղվարդշինին», որպեսզի հարցը շտապ  կարգավորվի: Դա էլ վստահեցրեց Խաչատրյանը: Իհարկե, չի բացառվում նաև, որ դա նոր հանրապետական գյուղապետի  մատաղացուն լինի…

Ինչ էլ լինի, լավ է, որ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցը, ի վերջո, նորմալ դպրոց կլինի:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ 

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Փափազյանն էր դերասան»

վարդան պետրոսյանԱյսօր  հավանաբար հատուկենտ են այն դերասաններն ու բեմադրիչները, որոնց նոր ներկայացումը դեռ չավարտված` հասարակությունը սպասում է հաջորդին: Վարդան Պետրոսյանին հաջողվում է ողբերգությունն ու կատակերգությունը մեկտեղել, յուրաքանչյուր թեման հետաքրքրական ու բովանդակալից մատուցել:

Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ դերասանական կոչումը Վարդան Պետրոսյանը չի ընդունում:

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

Վարդան Պետրոսյանը ցեղասպանություն ապրած ընտանիքի որդի է: Հայրը ծնունդով Մանազկերտ քաղաքից է: Իսկ ինքը տան ամենափոքրն է:

– Եղբայրներս արդեն վաթսունն անց են: Երեք եղբայր ենք և մի քույր: 3-4 տարեկանում հորս փախցրել են կոտորածներից և բերել Լենինականի ամերիկյան մանկատուն: Նա հետագայում ուսումը շարունակել է, գրականագետ դարձել, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր: Ուսումնասիրել է հատկապես արևմտահայ գրականությունը:

Վ. Պետրոսյանի մոր ծնողները քահանաներ են եղել, Սալմաստից էին:

– Երբ գյուղի ժողովուրդը  գաղթել է դեպի Գառնի, իրենք մնացել են եկեղեցիների մոտ ու սպանվել թուրքերի կողմից: Մեր տանն այդ մասին միշտ խոսակցություններ եղել են, և ես իմացել եմ ցեղասպանության մասին: Չեմ կարող մարսել ցեղասպանությունը, ես չեմ կարող ներել թուրքերին: Միայն թե բոլշևիկյան Ռուսաստանի դերակատարության մասին չգիտեի: Ծնողներս  աշխատում էին մեզ հեռու պահել այդ թեմաներից: Մի օր ուղղակի եղբայրս մորս հետ բանավեճ ունեցավ ու ասաց. «Էդ էլ ձեր Լենինը, որ Էնվեր փաշային ասում էր` ընկեր Էնվեր»: Ես 9 տարեկան էի այդ ժամանակ, և դա ինձ համար մեծ շոկ էր, քանի որ այն տարիներին Լենինի կերպարը մեզ այլ կերպ էր ներշնչվել: Հիշո՞ւմ եք` «Լենինը մեզ նման փոքրիկ է եղել…»: Ես հուզվեցի: Հիշում եմ՝ գնացի բաղնիքում լաց եղա: Ինձ համար դա մեծ հիասթափություն էր: Բայց այդ օրվանից ես Լենինին չներեցի:

ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ ՈՒ ՆԵՐԿԱ

Վարդան Պետրոսյանն ասում է, որ որպես հայ ձևավորվել է դեռ մանկության տարիներից: Ասում է, որ հայ քրիստոնյա է, ու քրիստոնեական վարդապետությունը համարում է մեծագույն տիեզերական վարդապետություն:

– Իմ պապերից իմ մեջ սարսափելի մի բան է փոխանցվել, որ ես չեմ կարողանում բացատրել: Նույնիսկ հոգեպես ուժ չունեմ, որ գնամ Դեր Զոր, Թուրքիա, մեր պապենական հողերը ես չեմ տեսել: Գիտեք, ես կրում եմ այդ ամենն ու ուզում եմ փոխանցել: Մենք սարսափելի արհավիրք ենք ապրել, ու այն, որ այսօր կանգուն ենք, նշանակում է՝ շատ կարգին ժողովուրդ ենք: Մենք ունենք և՛ հերոսական անցյալ, և՛ հերոսական ներկա:

«ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ԴԵՐԱՍԱՆ»

Վարդան Պետրոսյանի ծնողներն արվեստին, առավել ևս՝ թատրոնին, իր հավաստմամբ, մեծ տեղ են տվել: Ասում է՝ դերասան դառնալու ոչ տենդագին փափագ է ունեցել, ոչ էլ ինչ-որ մեկը կողմնորոշել է:

– Դերասան դառնալու որոշում երբեք չի եղել, նման հարց ես չեմ քննարկել: Գիտեք, դա ստացվեց կամաց-կամաց, քանի որ ինստիտուտում կերպարվեստի բաժնում էի սովորում: Ունեինք դերասանական մի խումբ, նպատակը ոչ թե լուրջ թատրոն ստեղծելն էր, այլ կատակներ անելը, տարբեր տեսակի գժություններ կազմակերպելը: Հիմնականում նկարիչներ էին: Սուքիասի հետ ենք սկսել: Հետո մեր այդ խմբին միացավ Վահրամը Սահակյան, ու ստեղծեցինք «Ոզնիները»: Այդ ժամանակ մի լավ բան կար, որ դերասաններն ու նկարիչները նույն տեղում էին սովորում, և մեր ձևավորումն այդ միախառնված մթնոլորտում էր տեղի ունեում: Դա էր, որ ինձ կամաց-կամաց դերասանության տարավ:

Թե ինչու չի ընդունում «դերասան» բառը` ասում է.

– Կարծում եմ՝ մեծ ժողովրդականություն վայելող մարդ եմ: Դերասանը Փափազյանն էր: Օրինակ՝ Հենրիկ Հովհաննիսյանը որքան էլ հաճախ կրկնի, որ ես դերասան եմ, չէ՛, ես Վարդան Պետրոսյանն եմ, որը պարզապես համարձակություն ունի բեմ բարձրանալու և սրտի եկածն արտահայտելու:

…ԲԱԽՏ ՎԻՃԱԿՎԵՑ ԽԱՂԱԼ ՌՈԲԵՐ ՕՍԵՅՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ

Որքան էլ Վարդան Պետրոսյանը խոսի հայերի, հայկական արժեքների ու հայ մշակույթի մասին, նրա կենսագրության էական մասն անցել է Փարիզում: Երբ խնդրեցինք համեմատել ֆրանսիացի ու հայ մշակութասեր հասարակությանը, արվեստագետը ժպտալով պատասխանեց:

– Աշխատանքի բովանդակությունը թերևս մնում է նույնը, ուղղակի Հայաստանում ես ընդունված դերասան եմ: Այստեղ իմ աշխատանքային ճակատը շատ մեծ է: Ընդունված դերասան լինելը մի կողմից շատ հեշտացնում է քո գործը, մյուս կողմից, պետք է ասեմ, նաև շատ դժվարացնում է: Հեշտացնում է, քանի որ արդեն ունես մի հանդիսատես, որը նախապես գալիս է քեզ շատ սիրելով, բայց մյուս կողմից՝  պատասխանատվության սանդղակը, նշաձողը շատ մեծ է, որ բարձրացրել ես, ու իրավունք չունես ավելի «ցածրանալու»: Ֆրանսիայում, օրինակ, այդպես չէ: Այնտեղ շատ ավելի ծանր է ու դժվար: Ընդունված դերասան չեմ բոլորովին: Սրճարան-թատրոններում ամբողջ օրը աշխատելով` հացի փող եմ միայն վաստակել, ինչպես տեղի բոլոր դերասանները:

… Բաց դա դեռ սկիզբն էր: Հետո բախտ վիճակվեց խաղալ Ռոբեր Օսեյնի ծրագրում, նախ փոքր դերակատարումներով, զանգվածային տեսարաններում: Մի քանի տարի անց նաև համագործակցել է շատ ավելի լավ թատերախմբերի հետ:

– Գիտեք, երեք անգամ իմ կյանքում շատ մեծ դռներ են բացվել, բայց նույն պահին, զուգահեռ նաև Հայաստան գնալու ծրագիր է բացվել: 1997-1998 թթ.  հայտնի պրոդյուսերներ Պոլ Լեդերմանը և Ֆիլիպ Բուվարդը հմայված էին իմ խաղով ու առաջարկում էին աշխատել իրենց հետ: Սակայն ես եկա Հայաստան, որովհետև այլևս ի վիճակի չէի այնտեղ մնալու: Դրանից երկու ամիս առաջ «Խաթաբալադան» էի տեսել, չէի քնել: Մտածում էի` տղաները հիմա ինչ են անում այնտեղ: Ինձ համար շատ կարևոր բան էր դա: Ու նորից եկա Հայաստան, չեմ փոշմանել: Այդ օրվանից սկսեցի աշխատել և ամեն տարի նոր ներկայացում բեմադրեցի: 1999-ին ֆրանսիական հեռուստատեսությունն իր դուռը բացեց իմ առջև, և էլի համառ աշխատանքից հետո: Էրվե Ուբեր շատ հայտնի պրոդյուսերը ինձ մեծ հնարավորություն էր տալիս հեռուստատեսային ծրագրի մեջ աշխատել և հայտնի դառնալ: Օրինակ՝ Շառլ Ազնավուրի պես մարդը կարող է 40 տարի տքնաջան աշխատել, որ հայտնի մարդ դառնա, իսկ այսօր հեռուստատեսության շնորհիվ կարող է տասը ապուշ հաղորդման մասնակցես ու հայտնի մարդ դառնաս: Եվ էլի դա թողեցի ու եկա, քանի որ «Ծերունին և ծովը» պետք է խաղայի Խորեն Աբրահամյանի հետ, ինչը ինձ համար շատ կարևոր էր: 2003-ին, երբ Մարինի թատրոնում  ծանր ներկայացում խաղացի ու շատ ծանր հոգեվիճակների մեջ էի, կրկին դուռը բացված էր, և նոր դժվարությունների ու տառապանքների սկիզբն էր դրված: Բայց նորից եկա Հայաստան: Սա ճակատագրի պես մի բան է: Կա հոգու կանչ և դերասանի բնազդ, ինչպես Փափազյանն էր ասում: Նա է քեզ տանում առաջ, դա տրամաբանությամբ ու խելքով չէ: Այդ հոտառությունն ու այդ սիրտն էր, որ ինձ շպրտում էր այստեղ:  Մի խոսքով, հենց այդ տարի` 2003-ին, «Արմմոնոյում»  գլխավոր դերակատարի համար լավագույն մրցանակը ստացա, հյուրախաղերով մեկնեցի Ռուսաստան: Բայց հանուն երեխաներիս և ընտանիքիս հրաժարվեցի ու կրկին մեկնեցի Փարիզ, նրանց մոտ: Բացի այդ, Օսեյնի թատրոնում էլ պայմանագիր ունեի, որ չէի կարող դադարեցնել:

 Հարցազրույցը` Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԻ

 

 

Լուրջ քաղաքական տեղաշարժ. Հայաստանն իր հողերն է պահանջում Թուրքիայից

Հարութ-Սասունյան11991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի ղեկավարները դժկամ էին Հայոց ցեղասպանության ճանաչումից անդին այլ պահանջներ ներկայացնել Թուրքիային:

 

Հայ պաշտոնատարները միայն վերջին տարիներին են սկսել խոսել «ցեղասպանության հետևանքների վերացման մասին»՝ առանց նշելու «հետևանքները» և դրանց «վերացման» միջոցները:

 

Սակայն այս ամսվա սկզբին լուրջ տեղաշարժ հայտարարվեց Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի առնչությամբ, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իրավաբանների համահայկական միջազգային համաժողովում կոչ արեց վերադարձնել հայկական պատմական տարածքները: Սա առաջին անգամն է, որ պետական բարձրաստիճան մի պաշտոնյա հանդես է գալիս հրապարակային նման պահանջով Թուրքիայից:

 

Աղվան Հովսեփյանն իր ծավալուն և համապարփակ ելույթում հայտարարեց, որ տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «հուզական-բարոյական» հարց է: Գլխավոր դատախազը կոչ անելով անցում կատարել դեպի «իրավական դաշտ», նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու համար «ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

 

Գլխավոր դատախազ Հովսեփյանը պնդեց, որ եթե հայերը այս ավելի համարձակ մոտեցումը չորդեգրեն՝ ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասնի հաջորդ հարյուրամյակում, ինչպես որ չեն հասել վերջին հարյուր տարվա ընթացքում: Նա առաջարկեց վերանայել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորող բոլոր միջազգային պայմանագրերը՝ սկսած Բեռլինի 1878 թվականի Կոնգրեսից մինչև 2009 թվականի ստորագրված, բայց չվավերացված արձանագրությունները: Նա նաև Նախիջևանի շրջանը հայտարարեց «Հայաստանի անբաժանելի մաս, բայց բռնազավթված Ադրբեջանի կողմից»: Հովսեփյանը կոչ արեց աշխարհի չորս կողմից հավաքված հայ իրավաբաններին պատրաստել իրավական փաթեթ Ադրբեջանից և Թուրքիայից տարածքային պահանջների մասին և այն ներկայացնել Հայաստանի կառավարությանը՝ հետագայում Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար:

 

Սովորաբար, որևէ երկրի գլխավոր դատախազի հայտարարությունները մեծ կշիռ չեն ունենում միջազգային հարաբերություններում, եթե չլիներ այն հանգամանքը, որ մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, նույնպես ելույթներ ունեցան արդարության վերականգնման մասին իրավաբանների համաժողովում: Ակնհայտ էր, որ Գլխավոր դատախազը նշանակվել էր որպես Հայաստանի կառավարության խոսնակ՝ Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Թուրքիայի հանդեպ նրա ավելի կոշտ դիրքորոշումն արտահայտելու համար:

 

Նախագահ Սարգսյանն ավելի շրջահայաց լեզու օգտագործելով, քան թե Գլխավոր դատախազը, իրավաբանների համաժողովում ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի Հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված այս մեծագույն հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից»:

 

Ըստ կառավարության նոր քաղաքականության ուղղվածության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստեղծվելու է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության պահանջներին հետամուտ լինելու համար անհրաժեշտ իրավական թղթածրար պատրաստելու նպատակով:

 

Վերջում, համաժողովի մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, պնդելով, որ «հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը ոչ թե  Ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումն է, այլ՝ հետևանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը»:

 

Սա ողջունելի իրադարձություն է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև համախոհություն ստեղծելու առումով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միասնական նպատակներ իրագործելու համար:

 

Սակայն, զուտ հուզական ոգեշունչ հայտարարության շրջանակներից դուրս գալու համար Հայաստանի ղեկավարները պետք է ձեռնարկեն հետևյալ երկու անհապաղ քայլերը.

 

1.Հետ կանչել Հայաստանի կառարավարության ստորագրությունը անարդյունավետ հայ-թուրքական արձանագրություններից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին անիմաստ է առաջ շարժվել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ապարդյուն ջանքերով՝ միաժամանակ դատական հայցադիմում պատրաստելով փոխհատուցման համար:

 

2. Ստեղծել միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ՝ Թուրքիայի դեմ Միջազգային դատարանում և/կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատական գործի կազմակերպումը սկսելու համար:

 

Թեպետ թերահավատները կարող են լրջորեն չընդունել Հայաստանի իշխանությունների վերջին քաղաքական հայտարարությունները՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նման կասկածներ չունի: Նախորդ շաբաթ Անկարան դատապարտեց Հայաստանի տարածքային պահանջները՝ զայրացած հայտարարելով, որ «ոչ ոք չի համարձակվի տարածքներ պահանջել Թուրքիայից»:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Կունենանք առաջին ազատ տնտեսական գոտին. Ի՞նչ նպատակներով են շահագործվեու այդ տարածքները

ոսկերչությունԱզատ տնտեսական գոտիները համաշխարհային տնտեսության մեջ սկսել են շահագործվել դեռևս երկու-երեք տասնամյակ առաջ: Դրանց միջոցով պետությունները փորձում են աշխուժացնել տնտեսությունը, ակտիվացնել  միջազգային ապրանքաշրջանառության ծավալները, ներգրավել նոր ներդրումներ:  Շատ երկրներ ազատ տնտեսական գոտիները

դիտարկում են որպես գերշահույթ ստանալու նպաստավոր տարածաշրջան: Օրինակ` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ազատ տնտեսական գոտիները հաճախ ձևավորվել են արտաքին տնտեսական կապերի ակտիվացման ու ընդլայնման, իսկ այլ երկրներում` միջին և մանր ձեռնարկատիրության զարգացման նպատակով, ինչպես նաև աշխուժացման տարածաշրջանային քաղաքականության իրացման և միջտարածաշրջանային զարգացման տարբերությունները բացահայտելու համար:

Ազատ տնտեսական գոտիները կարևոր դեր են խաղում ոչ միայն ազգային տնտեսությունների զարգացման ու ընդլայնման, այլև համընդհանուր զարգացման ու համաշխարհային շուկայում ինտեգրվելու գործում: Դրանք հիմնականում ստեղծվում և զարգանում են տնտեսապես առաջընթաց ունեցող երկրներում, մասնավորապես ակտիվորեն գործում են Չինաստանում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ ԱՊՀ երկրներից միայն ՌԴ-ում գործում է 15 տնտեսական գոտի, Ուկրաինայում` 12, Լիտվայում` 2: Տարաշրջանային երկրներից Վրաստանում ևս առաջին քայլերն են ձեռնարկվում ԱՏԳ-ների ձևավորման ուղղությամբ: Իսկ այն երկրներում, որտեղ ԱՏԳ-ներ չկան, հիմնականում միջոցների պակասի և ենթակառուցվածքների թերզարգացածության արդյունք են:

Այսօր աշխարհի մոտ 120 երկրում  գործում են շուրջ 3 հազար հատուկ տնտեսական գոտիներ` իրենց տարատեսակներով, որոնց վերջին տարիներին բաժին է  ընկել 600 մլրդ դոլարի արտահանում, իսկ ոլորտում զբաղվածների թիվը հասնում է   50 մլն-ի:

Պարզվում է, որ մեր երկրում ևս քայլեր են ձեռնարկվում շահագործելու նման տարածքներ:

Կառավարությունը դեռ տարիներ առաջ էր խոստումներ տալիս, որ Հայաստանում ևս ստեղծվելու և զարգանալու են ԱՏԳ-ներ: Նախ համապատասխան օրենքն ընդունվեց 2011 թ. մայիս ամսին, իսկ այս տարվա փետրվարի 2-ից մեկնարկեց դրանց  ձևավորման գործընթացը:

 Գաղափար կա, տարածք չկա

ԱՏԳ ստեղծելու հիմնական նախադրյալը ոչ միայն մեր երկրի աշխարհագրական դիրքն է, այլև մարդկային ռեսուրսները, որոնք առկա են ոսկերչության, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և ժամագործության ոլորտներում: Նորություն չէ, որ հայերը ոսկերչության ոլորտում մեծ ճանաչում են վայելում աշխարհում և լավագույնների թվում են իրենց մասնագիտական հմտություններով: Այս ուղղությամբ ԱՏԳ-ի ձևավորումը մի քանի հեռահար նպատակ ունի: Այս մեխանիզմով պետությունը  նախատեսում է զարկ տալ արտաքին կապիտալի, դեպի Հայաստան դրամական հոսքերի ներգրավմանը, առաջավոր տեխնոլոգիաների և կառավարման միջազգային փորձի յուրացմանը և բնակչության զբաղվածության ապահովմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների զարգացման և շուկաների մրցունակության ծրագրի, «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ՓԲԸ-ի աջակցությամբ արդեն իսկ մշակել է ոսկերչության և ադամանդագործության ոլորտների ռազմավարությունն ու դրանք ապահովող գործողությունների ծրագիրը, որը նախատեսվում է  իրականացնել 2013-2015 թթ.: Ազատ տնտեսական գոտու ստեղծման և օտարերկրյա ընկերությունների ներգրավման ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացմանն աջակցում է  Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան, որն արդեն բավականաչափ աշխատանքներ է իրականացրել ԱՏԳ-ների ստեղծման ուղղությամբ:

Այս ծրագիրը, ի դեպ, ՀՀ ղեկավարությունը  հաստատել է և առաջարկել իր օժանդակությունը: Ոսկերչության ճյուղը դիտվում է որպես հզոր միջոց արտերկրից եկամուտ ստանալու, նոր աշխատատեղեր ստեղծելու  և տեխնոլոգիական նորամուծությունների շնորհիվ միջազգային հարթակում լուրջ առաջընթաց ապահովելու տեսանկյունից:

Նշենք, որ ոսկեգործության ոլորտում այսօր գործում է 32 ոսկեգործական և 6  ադամանդագործական ընկերություն, և ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, արդեն իսկ ստեղծվել է հայկական արտադրության ժամացույցների  ապրանքանիշ, որն իր գործունեության մեջ արդեն կայացել է:

Անցած տարի   ոսկերչության ոլորտում արտադրական ծավալներն աճել են 16 տոկոսով` թողարկելով 13,3 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշռող մասն արտահանվել է: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Հայ ոսկերիչների միության և Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նորանշանակ նախագահ Գագիկ Գևորգյանի վստահեցմամբ, հայ ոսկերիչները աշխարհի տարբեր երկրներում բոլոր ժամանակներում էլ առանձնացել են իրենց վարպետությամբ: Ուստի կան բոլոր նախադրյալներն այդ ներուժը սեփական երկրում օգտագործելու համար: Ինչպես նշեց Գագիկ Գևորգյանը, իրենց հիմնական նպատակն է լինելու արտերկրում ոսկերչության բնագավառում  գործունեություն ծավալող գործարարներին Հայաստան բերելը, ինչի համար գործարարները պետք է հստակ պատկերացնեն այստեղ գալու դրդապատճառները:

Ի դեպ, ծրագիրը ոչ միայն հայ գործարարների համար է, այլև օտարերկրյա ձեռնարկատերերի, որոնք կարող են Հայաստան գալ և նոր աշխատատեղեր հիմնել: Իհարկե, գաղափարը ոգևորիչ է, իսկ ծրագիրը հեռանկարային, սակայն խնդիր է դեռևս ոսկերչական գործունեության համար համապատասխան տարածք գտնելը: Արդեն մոտ 50  օտարերկրյա գործարարներ համաձայնվել են Հայաստան ժամանել և իրենց բիզնեսն այստեղ տեղափոխել: Այժմ  ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանում համապատասխան արտադրական տարածք ձեռք բերելու ուղղությամբ: Պարզվում է, որ նման գործարան հիմնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 20 հազար քմ տարածք, որը տեղակայված լինի մայրաքաղաքում՝ աշխատակիցներին հասանելի վայրում:

Ներկայումս լայնածավալ աշխատանքներ  են սկսվել շուրջ 50 հազար քմ տարածքում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ, որի մոտ կեսը նախատեսվում է տրամադրել հենց ոսկերչական արտադրության կազմակերպմանը:  Նախատեսվում է, որ ոսկերչական ազատ տնտեսական գոտում կգործի մոտ 120 ընկերություն  աշխարհի տարբեր երկրներից, արդյունքում կբացվի 1500 նոր աշխատատեղ:

Ռազմավարության  ծրագրում ներառված ուղղություններն ընդգրկում են օրենսդրական բարեփոխումներ, մատչելի հումքի ապահովում, որակի ապահովման վերահսկում, մասնագիտական կադրերի ապահովում, ներդրումների և արտահանման ֆինանսական աջակցություն, ոլորտի առաջմղում, ազատ տնտեսական գոտիների ստեղծում ու օտարերկրյա ընկերությունների ներգրավում: Ըստ ոլորտի պատասխանատուների` օրենսդրական դաշտում խնդիրներ չկան և աշխատանքներ են տարվում համապատասխան վայր ընտրելու կապակցությամբ: Հավանական տարածք է   համարվում նաև Մերգելյան ինստիտուտը: Ի դեպ, բանակցությունների կողմերն ակնկալում են լուծել սեղմ ժամկետներում:

Հավելենք, որ օտարերկրյա գործարարները դժվար թե երկար սպասեն իրենց բիզնեսի ծաղկմանը, մի երկրում, որտեղ լուրջ արտադրական գործունեություն սկսելու համար համապատասխան տարածք չկա: Եթե մեր երկրի ղեկավարությունն առավել հետևողական լինի այս խնդրի լուծման հարցում, ապա հեռանկարում գուցե իրագործված տեսնեք այս բավական լուրջ ծրագիրը:

  Լ.Ն

 

 

ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը…

Աշոտ-Երկաթ-թագաւորի-խաչ-924-929-Անի«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:

Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում:

Աշոտ Բ Բագրատունուն ծանր գահակալություն բաժին հասավ: Նա ավագ որդին էր և թագաժառանգը Սմբատ Ա արքայի (890-914), որը, պայքարելով արաբական տիրակալության դեմ, եղերական մահ ունեցավ: Խաբեությամբ ձեռք գցելով Սմբատ Ա-ին` արաբները նրան տանջամահ արեցին, գլխատեցին Դվինում և մարմինը խաչեցին: Թվում է, թե այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը կվհատվի և անձնատուր կլինի թշնամու ողորմածությունը: Բայց ոչ: Աշոտ Երկրորդն իր երկաթե կամքի ու քաջության շնորհիվ սուր ճոճեց թշնամու դեմ և հաղթեց:

Աշոտ  Երկրորդի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 910 թ., երբ նա իր Մուշեղ եղբոր հետ Նիգ գավառում`  Ձկնավաճառի ճակատամարտում, առաջնորդեց հայոց բանակը Հայաստան ներխուժած Ատրպատականի Սաջյան Յուսուֆ ամիրայի դեմ: Այս ճակատամարտում հայոց բանակը ծանր պարտություն կրեց, արքայորդի Մուշեղը գերվեց և գլխատվեց թշնամու կողմից, իսկ Աշոտը զորքի մնացորդներով խույս տվեց Հայաստանի հյուսիսային գավառները:

Ձեռք գցելով Սմբատ Ա արքային և գլխատելով նրան` Յուսուֆը տիրացավ գրեթե ողջ հայոց թագավորությանը: Նա գրավում, քարուքանդ էր անում հայոց շեները, բերդերը, քաղաքները:

Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի հավաստմամբ` երկրում սարսափելի քաոս և սով էր տիրում: Եվ այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը պետք է համախմբեր երկրի պառակտված ուժերը, թշնամուն դուրս շպրտեր Հայաստանից, միավորեր երկիրը, ճնշեր անհնազանդ իշխաններին, ժողովրդին դուրս բերեր ծանր վիճակից:

Դեռևս 908 թ., խզելով դաշինքը Սմբատ Ա արքայի հետ, Գագիկ Արծրունի իշխանը Վասպուրականում իրեն հռչակել էր հայոց թագավոր` փաստորեն հիմքը դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորության (908-1021): Յուսուֆն անմիջապես ճանաչեց Գագիկի թագավորությունը` ձգտելով նման կերպ պառակտել Հայաստանը: Սակայն Յուսուֆի հաշվարկները չարդարացան: Գագիկ Արծրունին, բավարարվելով Վասպուրականով, Բագրատունիների դեմ Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց:

Քիչ էին այս արհավիրքները, հյուսիսային լեռնական ցեղերը սկսեցին ասպատակել Հայաստանը` ավերելով նրա կենտրոնական գավառները և բնակչությանը գերեվարելով, քշելով ստրկության:

Երկրում կատարյալ քաոս էր, սով: Հովհաննես Դրասխանակերտցու պատմելով` սովն այնքան մեծ ավերածություններ գործեց, որ ամբողջ շեներ և քաղաքներ ամայացան: Ի հայտ եկան անգամ մարդակերության դեպքեր:

915 թ. Յուսուֆը թագ և արքայական շնորհներ հանձնեց Աշոտ Բ Երկաթի հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին, որը, ընկնելով Յուսուֆի լարած ծուղակը, շլանալով հայոց թագավոր դառնալու հեռանկարից, դավաճանեց հայությանն ու պայքար սկսեց օրինական թագավորի դեմ:

Չցանկանալով եղբայրասպան պատերազմ սկսել` Աշոտ Երկրորդը Հովհաննես Դրասխանակերտցու միջոցով բանակցություններ սկսեց իր հարազատի հետ: Նա պատրաստ էր ճանաչել Աշոտ Շապուհյանի իշխանությունը Վաղարշապատում և նրա շրջակայքում` առանց ժառանգության իրավունքի: Համաձայնություն ձեռք բերվեց, և Աշոտ Շապուհյանը, ստանալով ձևական թագավորական տիտղոս, դադարեց պայքարելուց:

Ապա Աշոտ Երկրորդն իր եղբոր` սպարապետ Աբաս Բագրատունու հետ զորարշավ սկսեց Հայաստանում` իր թռուցիկ խմբերով անակնկալի բերելով և ջարդելով արաբական զորաբանակները: Նա զորաշարժով ազատագրեց Շիրակը, Բագրևանդը, Աղստևի հովիտը, Գուգարքը, Հայաստանի կենտրոնական նահանգները, անգամ արշավեց հյուսիս ու գրավելով Տփղիսը` ջարդ տվեց Տփղիսի արաբ ամիրային: Իր արշավանքներում նա ամենուր ստանում էր ժողովրդի աջակցությունը, որ պարտիզանական գնդերով օգնության էր հասնում արքային:

Թվում է` Աշոտը կարողացավ արագ հաղթահարել խոչընդոտները և ազատագրել երկիրը, սակայն դժվարությունները դեռ առջևում էին: Սաջյան Յուսուֆ ամիրային փոխարինած Նասրը և նրա Բեշիր զորավարը մեծ զորքով դարձյալ շարժվեցին Հայաստան: Հասկանալով, որ միայնակ ու բզկտված ուժերով դժվար կլինի դիմակայել թշնամուն, Աշոտ Երկրորդն ուղևորվեց Բյուզանդիա` օգնություն խնդրելու այնտեղ իշխող հայազգի կայսր Կոստանդին Է Ծիրանածինից: Բյուզանդիան, որ իր շահերն էր հետապնդում Հայաստանում, օգնական զորք տրամադրեց Աշոտ Երկրորդին: Սակայն նրան հեշտ պայքար չէր սպասում: Այնուամենայնիվ, Աշոտ Երկաթը կարողացավ կտրուկ հարվածներով մաքրել երկիրը թշնամուց և վերահաստատել իր իշխանությունը:

Սակայն դրանով Հայաստանի խնդիրները չավարտվեցին: Աշոտ Երկաթի դեմ ապստամբեցին Գուգարքի իշխանները` Շամշուլդեի բերդակալներ Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրները և Գարդմանի տեր Սահակ Սևադան, որ, ի դեպ, արքայի աներն էր: Արքան գրավեց Շամշուլդեն, մահապատժի ենթարկեց ըմբոստներին, իսկ Սահակ Սևադային ու իր որդուն կուրացրեց: Թվում էր` երկպառակություններն ավարտված են, սակայն շուտով իր հավակնություններով դարձյալ հանդես եկավ Աշոտ Շապուհյանը` փորձելով տիրանալ արքայապատկան հողերին: Գործին դարձյալ միջամտեց Հովհաննես Դրասխանակերտցին և հաշտեցրեց հարազատներին:

Ապա հաջորդեց Ուտիքի Մովսես իշխանի ապստամբությունը: Արքան ճնշեց ապստամբությունը, կուրացրեց և շնորհազրկեց իշխանին: Սակայն շատ չանցած` նրա դեմ ապստամբեց Ուտիքում նոր կարգված կառավարիչը` Ցլիկ Ամրամը: Արքան դժվարությամբ կարողացավ ճնշել նաև Ցլիկ Ամրամի ապստամբությունը:

Ամենածանրը թերևս արքայի հարազատ եղբոր` Աբասի ապստամբությունն էր Աշոտ Երկաթի դեմ: Աբասը, դաշնակցած իր աներոջ` Կախեթի Գուրգեն իշխանի հետ, դավ նյութեց եղբոր դեմ: Արքան չընկավ լարված ծուղակը, հալածեց Աբասին և Գուրգենին երկրից, ասպատակեց Կախեթը:

Այս ամենը պառակտեց երկիրը, թուլացրեց հայոց զինուժը: Նասըր ամիրան, օգտվելով առիթից, դարձյալ արշավեց Հայաստան: Աշոտ Երկաթը փոքրաթիվ զորաբանակով ապաստանեց Սևանա կղզում: Բեշիրը պաշարեց Սևանը:

921 թ. Սևանի մոտ Աշոտ Երկաթը, անակնկալի բերելով թշնամուն, փոքրաթիվ ուժերով սարսափելի ջարդ տվեց թշնամուն, որը ծանր կորուստներով փախուստի դիմեց: Սևանի ճակատամարտը բեկումնային եղավ հայ-արաբական պատերազմում: Ասես մեկ մարդու նման` հայոց իշխաններն ու զորականները ջարդեցինև  իրենց գավառներից վտարեցին արաբական զորքերը: Միավորվելով հայոց արքայի հետ` հայ զինուժը կարճ ժամանակամիջոցում Հայաստանը մաքրեց թշնամիներից: Իր հերթին արաբներին իրենց երկրներից վտարեցին Գագիկ Արծրունի թագավորը, Սահակ և Սմբատ Սյունյաց իշխանները: Հակաարաբական պայքարը համաժողովրդական բնույթ էր ստացել: Արաբական խալիֆը ստիպված էր հաշտվել ստեղծված կացության հետ և 922 թ. Աշոտ Երկաթին շնորհեց «Հայոց և վրաց շահնշահ»` արքայից արքա կոչումը: Սա լիակատար հաղթանակ էր ոսոխի դեմ: Այս հաղթանակով Հայաստանը ամրապնդվեց, և Աշոտ Երկաթի հեղինակությունը մեծացավ:

Սա դուր չեկավ Բյուզանդական կայսրությանը, որ մտավախություն ուներ Հայաստանի և արաբական խալիֆայության մերձեցումից: 922 թ. բյուզանդական բանակը արշավեց Դվինի վրա: Աշոտ Երկաթը, դաշնակցած Դվինի Սբուք ամիրայի հետ, ջարդեց բյուզանդական զորքը, որն ամոթահար նահանջեց…

Առհասարակ Բյուզանդիան վերապահումով էր մոտենում հայոց անկախությանը: Ճիշտ է, բյուզանդական կայսրերը Հայաստանն ընկալում էին որպես անկախ պետություն, սակայն, թերևս բացառությամբ Վասիլ Ա կայսեր, հայոց արքաներին դիմում էին որպես իշխանների:

«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Քաջարի և երկաթակամ արքան մահացավ երիտասարդ տարիքում` 928 թ.` ժառանգ չթողնելով: Նրա գահը ժառանգեց եղբայրը` Աբասը (928-953), որ Աշոտ Բ Երկաթի զինակիցն ու հայոց զորքերի սպարապետն էր:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Միջնաժամկետ հիմնական ծախսերն ուղղվելու են թոշակներին ու աշխատավարձերին

ծախսԱռհասարակ, յուրաքանչյուր երկրում կարևոր տեղ է հատկացվում տվյալ երկրի միջնաժամկետ ծախսային ծրագրերին: Դա կարևոր է այնքանով, որ ցանկացած բյուջետային ծրագիր հետապնդում է 1 տարվա նպատակների իրականացում: Սակայն կան բազմաթիվ, հատկապես կապիտալ բնույթի միջոցառումներ` ծախսեր, որոնք ոչ թե 1 տարվա պլանավորում են պահանջում, այլ շարունակական բնույթ ունեն: Այդ առումով չափազանց կարևոր է միջնաժամկետ ծախսային ծրագրերի ինստիտուտը, և հասկանալի է, որ դա պետք է երկրում իրականացվող շարունակական ծրագրերի իրականացման ժամանակ  ծառայի ծրագրերի կայունությունը, ռիթմիկությունը, շարունակականությունն ապահովելուն: Այսինքն`  միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ըստ էության, կարևոր է աշխարհի ցանկացած երկրում բյուջետային համակարգի արդյունավետությունը բարձր պահելու համար:

Այդպես է նաև Հայաստանի Հանրապետությունում, համենայն դեպս` «բյուջետային համակարգի մասին» օրենքով: Ու հենց օրենքին համապատասխան էլ կառավարությունը ներկայացնում է միջնաժամկետ ծախսային ծրագիր: Այդպիսի մի ծրագիր էլ` «2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», կառավարությունը հաստատեց իր  անցյալ նիստի ժամանակ: Հայաստանում այն խնդիրներն ու նպատակները, որոնք անհետաձգելի են եղել, գերխնդիրներ ու գերնպատակներ են հետապնդել և պահանջել են շարունակական բնույթ, ծախսային ծրագրում ունեցել են իրենց արտացոլումը և հնարավոր այն ֆինանսական մակարդակները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերն իրականացնելու համար: Այդպես է ներկայացրել գործադիրը:

Հայաստանում այնքան ծրագրեր են տապալվել կամ այլ ուղիով ընթացել, որ ակամա հարց է առաջանում` արդյոք այս անգամ ներկայացված ծրագիրը համապատասխանո՞ւմ է մեր երկրի համար գերակա համարվող խնդիրների լուծման անհրաժեշտությանը. «Որպես կանոն, փոքր-ինչ շեղումներով, տարբեր տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերը համապատասխանել են այն բոլոր խնդիրներին, ինչը որ դրված է եղել: Այս ծրագիրը ևս իրատեսական է: Իրատեսականության հարցում կարող եք չկասկածել, այստեղ միակ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կարող է պատահել, չկարողանա այդքան ծավալի հատկացումներ ապահովել»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոլոր դեպքերում, միջնաժամկետ ծախսային ծրագրերի ներկայացման մեխանիզմն այնպես է նախատեսված, որ գործում է հանձնաժողով, որտեղ կոլեգիալության սկզբունքով նշվում են գերակա խնդիրները, հիմնական ուղղությունները, և հնարավոր հատկացումների ծավալը գնահատելով, ինչպես նաև գնահատելով տվյալ տարվա համար պետական բյուջեի հնարավոր մուտքերը` կազմվում է միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

«2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իհարկե, համապատասխանում է այն խնդիրների ու հարցերի լուծման տրամաբանությանը, որոնք այսօր լուծում են պահանջում: Այլ բան է` դրանք արդյունավե՞տ կիրականացվեն, թե՞ ոչ, բայց համապատասխանության հարցում կասկածել պետք չէ: Իհարկե, ՀՀ միջոցները ամենազանազան ծրագրերի նախագծերի համար միշտ էլ բավարար չեն, մենք չունենք մեծ հնարավորություններ, բայց ինչ վերաբերում է չափաքանականերին, ուղղորդումներին` տարիների կտրվածքով, բնականաբար, դրանք հետապնդում են ավելի գերակա խնդիրների իրականացում և հատկապես ուղղվում են նման լուծումներ պահանջող  տեղամասեր»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Կառավարությանը ներկայացնելով ծրագրի հիմնական թվերն ու ուղղությունները` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ մասնավորապես 2014 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նոմինալ 6.9 տոկոս աճ, շուրջ 10 տոկոս նոմինալ աճ` 2015 թվականին և շուրջ 11 տոկոս` 2016 թվականին: Այս աճերի պարագայում ենթադրվում է, որ պետական բյուջեի եկամուտների գումարը 2014 թ. կկազմի 1 տրիլիոն 146 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.63 տոկոսը: Ընդ որում`113 միլիարդ դրամով ավելացման մեծ մասը (շուրջ 110 միլիարդ դրամի չափով` 2013 թվականի համեմատ) տեղի է ունենալու հարկային եկամուտների հաշվին:

«Նմանատիպ աճեր 2015 և 2016 թ2. նույնպես նախատեսված են. 116 միլիարդ հարկային եկամուտների աճ 2015 թ. և նմանատիպ սկզբունքով հաշվարկ` նաև 2016 թ. համար: Հիմնական սցենարով հարկերի հավաքագրման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի միջինը 0.3 տոկոսի չափով: Ըստ այդմ` նաև ծրագրված են պետական բյուջեի ծախսերը, որոնք 2014 թ. համար կկազմեն 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,93 տոկոսը,  այլ կերպ ասած` 2013 թ. համեմատ աճը կկազմի շուրջ 105 միլիարդ դրամ: Նմանատիպ ծախսերի նախատեսում արված է նաև 2015 և 2016 թթ. համար»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:

Առաջիկա երեք տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական շեշտադրումները վերաբերում են երկու խոշոր ծախսային հոդվածներին: Առաջինը աշխատավարձերի բարձրացումն է, քանի որ ենթադրվում է, որ 2014 թ. հունվարի 1-ից հանրային բոլոր բնագավառներում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ` տարբեր չափերով,  դա կկազմի շուրջ 51 միլիարդ դրամի ծախս: Դրանից բացի, քանի որ հունվարի 1-ից սպասվում է նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացում մինչև 50 հազար դրամ, ապա ևս 10 միլիարդ դրամ կուղղվի աշխատավարձերի այդ բարձրացմանը:

«Ընդհանուր առմամբ` մենք ունենք 240 միլիարդից ավելի աշխատավարձի ֆոնդ, որը վճարվում է պետության կողմից: Աճը հաջորդ տարի կկազմի 60 միլիարդ կամ շուրջ 40 տոկոս: Բայց դա միջինացված է, քանի որ տարբեր սանդղակներով, տարբեր աշխատատեղերի համար ու տարբեր սկզբունքներով է կատարվելու»,- նշեց ֆինանսների նախարարը:

Ծախսերի ավելացման հաջորդ խոշոր ուղղությունը կենսաթոշակներն են: Մի կողմից` շուրջ 20 միլիարդ դրամ լրացուցիչ ծախսեր են նախատեսվում` պայմանավորված այն հանգամանքով, որ 2014 թ. ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը, որով քաղաքացիները պարտավոր են իրենց եկամտի 5 տոկոսի չափով գումար փոխանցել իրենց անձնական հաշիվներին որպես ապագա կենսաթոշակ, իսկ պետությունը ևս 5 տոկոսի չափով մասնակցելու է այդ կուտակմանը: Ուստի այդ ծրագիրը շուրջ 20 միլիարդ դրամ է պահանջելու: Դրանից բացի, ծախսեր են լինելու սոցիալական ոլորտում, իսկ ընդհանուր առմամբ կենսաթոշակային ծախսերը, բացի կուտակային համակարգի ծրագրից, կազմելու են շուրջ 37.7 միլիարդ դրամ: Կան այլ ուղղություններ ևս: «Օրինակ` պաշտպանության, գիտության ֆինանսավորման ավելացումը և մնացած բոլոր հոդվածները, որոնք, որպես սկզբունք, վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես ավելացվել են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Այս ծրագրին չի հավատում տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը: Նա նույնիսկ չուզեց խոսել կառավարության որևէ ծրագրի մասին. «Ի՞նչ կարելի է սպասել այս կառավարությունից, թող նրանք օֆշորներում իրենց փողերը լվան»,- ասաց նա:

 

Ուղերձը տեղ է հասել

Շահան ԳանտահարյանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունը աննկատ չի անցել թուրքական կողմից։ Նախ, թուրքական մամուլի մի ներկայացուցիչ շատ զուսպ եւ զուտ լրատվական սահմաններում անդրադարձել է հարցին, թողնելով այն տպավորությունը, որ թուրքական պետությունը կամ առհասարակ թուրքական դաշտը խնամքով անուշադրության է ուզում մատնել կարևոր այս հայտարարությունը։

Նման հայտարարությանը հակազդելու առումով բաւական ուշացած համարվող հակադարձությունը ի վերջո երեւաց։

«Հայաստանի հավակնությունները թուրքական հողերի նկատմամբ հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնց անդամն է հանդիսանում պաշտոնական Երևանը», ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Երևանում հուլիսի 5-ին անցկացված Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Թուրքիայից վերադարձնի իր կորցրած տարածքները:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի կառավարության այդպիսի աստիճանի պաշտոնական անձի նման հայտարարությունը խոսում է Հայաստանում տիրող խնդրահարույց մտայնության մասին»:

«Բոլորը պետք է հստակ հասկանան, որ ոչ ոք չունի Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախ պէտք է ասել, որ հակադարձությունը ուշացած է։ Երեւանում գումարված իրաւաբանների ժողովի թվականը հուլիսի 5-ն է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 5 օր սպասել է իր հակազդեցությունը պաշտոնական կայքի վրա տեղադրելու։

Երկրորդ արագ նկատվող երեւույթը  հակազդեցության եղանակն է։ Նշենք, որ հակազդեցությունը ըստ ձեւի կատարված հատուկ հայտարարություն չէ։ Երկրորդ, արտգործնախարարի կողմից չէ, այլ նախարարության խոսնակի։ Երրորդ, նույնիսկ խոսնակը, ոչ թե տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով է խոսել այս մասին, այլ պատասխանել  մի լրագրողի հարցին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի թուրքերեն բաժինը լուրը տեղադրել էր շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին։ Անգլերեն բաժնում թարգմանությունը երևաց մեկ օր հետո։

Այսինքն, հուլիսի 5-ից մինչև հուլիսի 14-ը պաշտոնական Անկարան նախընտրել էր լուռ մնալ։ Թերեւս շարունակվեր լռությունը, եթե լրագրողը այդ մասին հարցում չաներ։ Այստեղ պետք չէ բացառել պատվեր-հարցման հաւանականությունը, հարցի մասին ուշացումով, երկրորդ մակարդակով եւ ոչ թե հատուկ, այլ իմիջիայլոց անդրադառնալու համար։

Գլխավոր դատախազի հայտարարությունում կար բաժին նաեւ հայ-թուրքական սահմանի վիճելի լինելու մասին «մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես նաեւ Ադրբեջանի հետ»։  Թուրք խոսնակը այս բաժինը ճիշտ էր ընկալել ու վերարտադրել, հավելելով, որ ըստ գլխավոր դատախազի, հայ-թուրքական սահմանը երբեք իրաւականորեն չի հաստատվել։

Թեկուզ ուշացած հակազդեցությամբ, թեկուզ, երկրորդ մակարդակով, թեկուզ պատահական հարցման պատասխանելով, այսուհանդերձ հստակ է, որ Հայաստանի պետական ուղերձը տեղ է հասել։ Այդ ուղերձը հայ-թուրքական ներկա սահմանի  չճանաչումն է, տարածքների պահանջն է եւ առհասարակ մեր պահանջատիրության անթերի իրաւականացման մեկնարկն է։ Պաշտոնական Անկարան հասկացել է  նաեւ, որ այս գլխավոր դատախազի անձնական համոզումը չէ։ Արտաքին գործերի նախարարության բանբերը նշում էր, որ գլխավոր դատախազը այս հայտարարությունը արել է հուլիսի 5-6-ին Երեւանում տեղի ունեցած հայ իրավաբանների համահայկական համաժողովին, որի բացումը կատարվել է նախագահ Սարգսյանի ողջույնի խոսքով։ Այո՜. ուղերձը հղվել է բարձրագույն մակարդակից եւ, իհարկե, տեղ է հասել։ Երեւանը վիճելի է նկատում հայ-թուրքական սահմանը եւ տարածքներ է պահանջում Թուրքիայից։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Ջերմային հարված. ախտանշանները

ջերմայինՄարդու մարմնում ներքին հսկայական ջերմություն է ստեղծվում:  Սովորաբար մարմինը հովանում է քրտնարտադրության շնորհիվ: Բարձր ջերմաստիճանի դեպքում, ֆիզիկական ինտենսիվ վարժությունների ժամանակ, բարձր խոնավության պայմաններում օրգանիզմի «հովացման» բնական համակարգը թուլանում է ու ներքին ջերմությունը բարձրանում է, երբեմն հասնում  վտանգավոր մակարդակի: Դրա հետևանքով հնարավոր է` օրգանիզմի գերտաքացում առաջանա, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ջերմային ցնցումների, ջերմահյուծման կամ էլ ջերմային հարվածի:

Ջերմային ցնցումներ

Կարող են առաջանալ ինտենսիվ մարզումների ժամանակ կամ հետո` էքստրեմալ բարձր ջերմության պայմաններում: Քրտնարտադրությունը ստիպում է օրգանիզմին աղ ու հեղուկ  դուրս հանել, ինչը հանգեցնում է մկանների կծկման:

Երեխաները, եթե բավարար քանակությամբ հեղուկ չեն խմում, ապա հնարավոր է` ջերմային ցնցումներ ունենան: Չնայած վիճակի ծանրությանը` ջերմային ցնցումները վտանգավոր չեն:

Ի՞նչ պետք է անել. ջերմային ցնցումների ժամանակ հիմնականում հատուկ բուժում չի պահանջվում: Պետք է պարզապես տեղափոխվել զով վայր ու ծարավը հագեցնել: Մկանների մերսումը նույնպես կարող է օգնել:

Ջերմահյուծում

Առաջանում է տապի ժամանակ, հեղուկի անբավարարության հետևանքով: Ախտանշաններից են` ջրազրկումը, հոգնածությունը, թուլությունը, կպչուն մաշկը, գլխացավը, սրտխառնուքը կամ փսխումը, հիպերվենտիլյացիան (արագացած շնչառությունը), գրգռվածությունը:

Ի՞նչ կարելի է անել: Եթե տուժածը երեխա է,ապա տեղափոխեք նրան զով վայր, հանեք հագուստը կամ քանդեք կոճակները, ուտելիք ու խմելու բան տվեք նրան: Երեխային գոլ ջրով լողացրեք (ոչ սառը): Եթե երեխան դեռևս թույլ է և հաց ուտել ու խմել չի կարողանում, ապա դիմեք բժշկի: Եթե վերը թվարկված միջոցները չձեռնարկվեն, ապա ջերմային հյուծումը կարող է վերածվել ջերմային հարվածի, որը, ցավոք, կարող է ճակատագրական լինել:

Այս շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Ճապոնիայում բաց երկնքի տակ սպորտային  մրցույթի մասնակցած 30 երեխա է հոսպիտալացվել ջերմային հարվածով: Նրանց մի մասը գտնվում է վերակենդանացման բաժնում: Ուստի աշխատենք չհասցնել այդ վիճակին:

Ջերմային հարված

Սա օրգանիզմի գերտաքացման ամենաբարդ ձևն է, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել կյանքի համար: Օրգանիզմը կորցնում է ջերմափոխանակության ունակությունը: Մարմնի ջերմությունը կարող է հասնել անգամ 41,10 և ավելի,  ինչը հանգեցնում է ուղեղի վնասման ու նույնիսկ մահվան, եթե մարմնի ջերմությունը  չկարգավորվի:

Ջերմային հարվածի առաջացման գործոններից են ավելորդ տաք հագուստը, շոգ եղանակին ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հեղուկի անբավարար քանակությունը: Երեխան ջերմային հարված կարող է ստանալ շոգին փակ ավտոմեքենայի մեջ:

Անցած տարի նման ողբերգական դեպք կատարվեց Մոսկվայում. ծնողները  նորածին երեխային փակել էին ավտոմեքենայում ու իրենք առևտրի գնացել: Վերադառնալով երեխային ավտոմեքենայում մահացած էին գտել: Երբ դրսում ջերմությունը 330 է, ավտոմեքենայի մեջ այն կարող է հասնել մինչև 520-ի: Նման պայմաններում ընդամենը 20 րոպեում մարմնի ջերմությունը կարող է բարձրանալ կյանքի համար վտանգավոր աստիճանի:

Ի՞նչ կարելի է անել

– եթե ձեր երեխայի մաշկը կարմրած է ու չոր, քրտնքի հետք  էլ չկա,

– եթե նրա մարմնի ջերմաստիճանը 400 ու ավելի է,

– եթե ծանր, սրտխփոցի նմանվող գլխացավ կա,

– թուլություն, գլխապտույտ, գիտակցության  մթագնում,

– թուլություն ու հոգնածություն,

– զգայնության կորուստ կամ էլ նվազում,

– գիտակցության կորուստ,

ապա հարկավոր է անմիջապես դիմել մասնագիտական օգնության:

Օրգանիզմի գերտաքացման դեպքում  առաջին բուժօգնությունը

Երեխային կամ  մեծին տեղափոխեք զով վայր կամ ստվերոտ տեղ, հանեք հագուստը, մարմինը տրորեք խոնավ սառը սպունգով:

Կանխարգելումը

Սովորեցրեք երեխային  մինչ ինչ-որ բան անելը կամ  ընթացքում անընդհատ շատ հեղուկ ընդունել, եթե անգամ խմել չեն ուզում:

Ինքներդ հագեք ու երեխային էլ հագցրեք բաց գույնի ու ազատ հագուստ:

Երեխայի ակտիվությունը կեսօրից հետո սահմանափակեք: Խաղի համար հարմար ժամեր են մինչ կեսօրն ու երեկոն` 6-ից հետո: Փորձեք նաև երեխաներին բացատրել, որ պետք է տուն կամ շենք մտնեն, երբ զգան, որ շոգում են:

Ամառ. հանգստի ու աղիքային վարակի սեզոն

Տաք օրեր, հանգիստ բնության գրկում, քաղաքից դուրս, օտար երկրներում, թարմ միրգ ու բանջարեղեն և աղիքային վարակներ, ինչը կարող է պարզապես փչացնել հանգստի համն ու հոտը: Տաք եղանակը նպաստում է  աղիքային վարակների բազմացման պայմանների ստեղծմանը:

Ի՞նչ բողոք ունեք

Թուլութուն, ջերմություն, ախորժակի բացակայություն, գլխացավ, պայծառ լույսի նկատմամբ սուր ռեակցիա: Սրանք ախտանշաններ են, որոնք հատուկ են շատ ու շատ հիվանդությունների: Եթե դրանք ուղեկցվում են սրտխառնուքով, փսխումով, փորլուծով, փորացավով, ապա  դա ավելի շուտ աղիքային ինֆեկցիա է: Դրա տեսակից կախված` ախտանշանները կարող են տարբեր լինել: Սակայն բոլոր աղիքային վարակների դեպքում մի ընդհանրություն գոյություն ունի` ջրազրկում:

Առողջ մարդու օրգանիզմում աղիքային վարակի հարուցիչը հայտնվում է  սննդի, ջրի ու կեղտոտ ձեռքերի միջոցով: Բացի այդ, ամռանը սննդի մեջ մեծ քանակությամբ հում բանջարեղեն ու թարմ միրգ է օգտագործվում, որոնց անլվա մակերեսին հսկայական քանակությամբ մանրէներ են բնակվում: Ամռանը կաթնամթերքի, ձկան, արգանակի մեջ հայտնվելով` այդ մանրէները հսկայական արագությամբ բազմանում են ու հասնում այն քանակի, որ «հաջողությամբ » կարող են վնասել ստամոքս-աղիքային տրակտի պաշտպանական պատնեշները: Որոշ դեպքերում այդ մանրէներն այնքան վտանգավոր չեն, որքան դրանց կենսագործունեության արգասիքները` տոքսինները: Ի դեպ, աղիքային վարակների գրեթե բոլոր հարուցիչները չափազանց կենսունակ են: Ցավն այն է, որ դրանցով վարակված սննդամթերքը չի փոխում գույնը, համը, տեսքը:

Սովորաբար հիվանդությունը սուր ընթացք է ունենում, առաջանում է փորացավ ու փորլուծ, սրտխառնոց, փսխում, թուլություն ու ջերմության բարձրացում: Այդ վարակների հետևանքով է, որ հիվանդանում ենք սալմոնելոզով, վիրուսային հեպատիտ А -ով, դիզինտերիայով. գաստորոէնթերոկոլիտով:

Դիզենտերիան հանդիպում է  բոլոր կլիմայական գոտիներում ու բոլոր սոցիալական խմբերում, սակայն ամենից հաճախ այն հանդիպում է կլիմայական շոգ գոտիներում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ անձնական հիգիենան չպահպանելը, դրա համար է,որ այս հիվանդությունն այլ կերպ անվանում են  «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»:

Սալմոնելոզը մանր շարժուն մանրէներ են, որոնք կենսունակ են նաև արտաքին միջավայրում: Վարակի ուղիները  բազում են, ամենահաճախ հանդիպում է  սննդային սալմոնելոզը, երբ սննդի մեջ օգտագործվում են վարակված մթերք, հաճախ` կենդանիների ու թռչունների միս, ձու, որոնք անբավարար մշակում են անցնում: Վարակում կարող է կատարվել նաև կեղտոտ ջրից, խմելու կամ անգամ լողանալու դեպքում:

Աղիքային հիվանդություններով չվարակվելու համար հարկավոր է հետևյալ կանոններին հետևել.

– Որտեղ էլ լինեք` տանը թե դրսում, առողջարանում թե հանգստյան վայրում, միշտ լավ, հոսող ջրով լվացվեք ու լվացեք միրգն ու բանջարեղենը, իսկ եթե դրանք նախատեսված են շատ փոքրիկների համար, հնարավորության դեպքում լվացեք եռման ջրով:

– Միշտ հետևեք գնված մթերքի պահպանման ժամկետին:

– Անհարմար մի զգացեք հարցեր ուղղել վաճառողին կասկածելի մթերքի վերաբերյալ, իսկ եթե այն ձեզ ինչ-որ բանով դուր չի գալիս, ապա հաստատապես հրաժարվեք դրանից:

– Կաթը, կաթնաշոռը, հատկապես մասնավոր անձանցից ձեռք բերած մթերքը լավ ջերմամշակման ենթարկեք:

– Շուտ փչացող մթերքը պահեք սառնարանում:

– Լողալիս ջուր մի կուլ տվեք (հատկապես  սա վերաբերում է երեխաներին):

– Մի գնեք կիսած ձմերուկ, սեխ:

Ամեն ինչ էլ վերահսկելի է

Երբեմն աղիքային վարակները լինում են տնից հեռու, հանգստավայրում որտեղ բուժօգնությունն այնքան էլ հասանելի չէ: Հետևաբար կարելի է 1-2 օր լրիվ հրաժարվել սննդից, սակայն շատ հեղուկ ընդունել, որպեսզի օրգանիզմում դրա պակասը լրացվի: Քանի որ փորլուծի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև օգտակար միկրոտարրեր, պետք է այդ պակասը ևս լրացվի:  Սակայն բացառեք թարմ հյութերն ու ցանկացած կաթնամթերքը:

Մանրէների դեմ պայքարելուն կօգնի, ասենք, երիցուկի եփուկը. դրա համար պետք է 1 թ/գդալ երիցուկի  հումքի վրա մեկ բաժակ  եռման ջուր լցնել ու խմել օրական 3-4 բաժակ:

– Բրձի թանձր եփուկ պատրաստեք ու այդ հեղուկը խմեք. այն հրաշալի պաշտպանում է ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը գրգռիչներից:

– Թույների ու մանրէների դուրսբերման համար պետք է սորբենտներ օգտագործել, ինչպիսին ակտիվացված ածուխն է:

2-3 օրից  ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե փորլուծը չդադարի, ապա անպայման դիմեք մասնագետի: Դա նշանակում է, որ աղիքային վարակը չափազանց լուրջ է ու ինքներդ չեք կարող այդ վիճակը կարգավորել:

Ամենակարևորը` մի հասցրեք ձեզ այդ վիճակին: Ամռանը հիգիենայի առումով ավելի լուրջ մոտեցում է պահանջվում:

Աղիքային վարակների հետևանքները կարող են ծայրահեղ լուրջ լինել: Ջրազրկումը, որ տեղի է ունենում վարակման հետևանքով, կարող է սրտի, երիկամների և ուղեղի գործունեության խանգարման հանգեցնել: Ամառը հանգստի շրջան է, ու աշխատեք, որ այդ հանգիստը չվերածվի վատ հիշողության:

 

Ծրագիր, որ իրոք կարող է խթանել այգեգործությունը

այգիՆույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում 14 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի 4 տոկոսը կառավարությունն է սուբսիդավորում, ու գյուղացին վարկը ստանում է 10 տոկոսով, միևնույն է, այդ վարկերը մեր գյուղացիների համար թանկ են, քանի որ պետք է ձեռք բերեն վառելանյութ,  պարարտանյութ, թունաքիմիկատներ, սերմացու, անասունների ցեղական մայրեր, կեր, աշխատանքներ կատարեն իրենց գյուղացիական տնտեսությունների վրա:

 Զարգացնել գյուղատնտեսությունը, նշանակում է նորմալ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար

Դրա համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղացիական տնտեսությունների վրա: Այս կարծիքին են գյուղատնտեսության ոլորտի` կառավարության հետ կապ չունեցող կամ քիչ կապ ունեցող մասնագետները: Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, օրինակ, նշում է Եվրամիության երկրներում գյուղացիական տնտեսություններին պետության տրամադրած սուբսիդիաների չափն ու ձևերը` որպես օրինակելի ձևեր. «Եվրամիությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը` ծախսերի 35, 40, նույնիսկ 45 տոկոսի չափով: Եվրամիության ամբողջ բյուջեն, որ մոտավորապես 540 միլիարդ եվրոյի է հասնում, գրեթե կեսը գնում է գյուղատնտեսության սուբսիդավորմանը: Դրա համար էլ նրանք գյուղմթերքները ստանում են դեմպինգային գներով: Եվ որևէ մի երկիր, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե մի ուրիշը, իր գյուղմթերքները չի կարող եվրոպական շուկայում վաճառել, որովհետև նրանց մթերքներն ի սկզբանե դեմպինգային են, այսինքն` ինքնարժեքից ցածր գներով են ստացվում: Այդպիսին է գյուղի նկատմամբ մոտեցումը: Այն երկրները, այդ թվում նաև Հայաստանը, որոնք գյուղը դիտում են որպես շուկայական տնտեսության գործառույթի բաղադրիչ, այդպիսի երկրները ժամանակի ընթացքում պետք է վերանայեն իրենց մոտեցումները: Եվ կգան դրան»,- նշեց Սաֆարյանը:

Հայաստանում էլ սուբսիդավորումը կատարվում է փոքր-ինչ  միջնորդավորված: Օրինակ` դիզելային վառելանյութն է 100 դրամով սուբսիդավորում, պարարտանյութն է սուբսիդավորում: Բայց այնպիսի քայլեր, ինչպիսիք են, օրինակ` սահմանային գյուղերում ջրի վարձի համար  խորհրդանշական գին սահմանելը կամ խթանելը այնպիսի արդյունաբերությունը, որը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, դեռևս իրատեսական չէ մեր երկրի համար:

Բայց Հայաստանում գործում են նաև այնպիսի ծրագրեր, որոնք օրինակելի են և կարող են էապես նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Օրինակ` մի բավականին հետաքրքիր ծրագիր է այժմ  իրականացվում «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից: Հանրապետության երեք մարզերում`  Վայոց ձորում, Տավուշում և Արագածոտնում, այդ ծրագրի շրջանակներում, մոտ 300 հա հողատարածքի վրա հիմնվելու են նոր` ինտենսիվ տիպի այգիներ, որոնց համար Հայաստան կներկրվեն ժամանակակից սորտերի տնկիներ, ոռոգումն ապահովելու նպատակով կտեղադրվի ոռոգման կաթիլային համակարգ և կորիզավոր պտղատուները կարկուտից պաշտպանելու համար կներդրվեն հակակարկտային ցանցեր:

«Այցելելով մարզեր` մենք ընտրում ենք հողատարածքներ, որոնք բնակլիմայական տեսանկյունից հարմար են պտղատուներ աճեցնելու համար: Այդ հողատարածքները պետք է ապահովված լինեն ոռոգման ջրով, ունենան դեպի այգի տանող անցանելի ճանապարհներ: Յուրաքանչյուր հողակտորի չափը 1-2 հա է: Կողք-կողքի գտնվող փոքրածավալ ֆերմերային տնտեսություններ, որոնք համաձայն են ծրագրի պայմաններին, միավորվում են և ստեղծում մեկ ընդհանուր հողատարածք, բոլորի հողակտորները միասին դիտարկվում են, որպես մեկ այգի: Մենք արդեն ընտրել ենք այդպիսի 4 այգի: Մեկն արդեն հիմնված է. Տավուշի մարզի Արճիս համայնքում տնկված է 4 հա այգի: Մեկը նախապատրաստական փուլում է, համապատասխան աշխատանքները կատարվել են ու սպասում ենք տնկանյութի ձեռքբերմանը և կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ գարնանը տնկման աշխատանքները կիրականացնենք»,- պատմեց այս ծրագիրն իրականացնող «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Ալվինա Ավագյանը` հավելելով, որ 2014 թ. կկատարվեն ևս 50 հա այգու տարածքների նախապատրաստական ու այգիների տնկման աշխատանքները:

Ծրագիրն իրականացնողներն առաջարկում են հողի տեր գյուղացիներին, ըստ ցանկության, ստեղծել կոոպերատիվներ հետագայում այգիների կառավարելիությունը բարձրացնելու և իրացման ու պահպանման խնդիրները լուծելու համար: Այգետերերից հողի վարձակալության` գյուղատնտեսական հողատարածքի ժամանակավոր օգտագործման պայմանագրերը կնքվում են 12 տարի ժամկետով: Պայմանագիրը գրանցվում է կադաստրում: Ըստ պայմանագրի` առաջին 4 տարիներին հողատերը ստանում է 100 հազար դրամ մեկ հեկտարի դիմաց` որպես կանխավճար հետագա եկամուտների հաշվին: Իսկ 5-րդ տարուց սկսած` մինչև 12-րդ տարին ստանում է բերքի 25 տոկոսը կա՛մ ստացված մթերքի տեսքով, կա՛մ դրա արժեքին համապատասխան գումար` ըստ ցանկության: Հողատերերը, եթե ունեն ցանկություն, իրավունք ունեն աշխատելու իրենց հողերում:

«Որովհետև այգին միշտ աշխատուժի պահանջարկ ունի, պահպանումը պահանջում է և՛ ոռոգում, և՛ քաղհան, և՛ կուլտիվացիա և այլն, մշտական տեխնիկական միջոցառումներն իրականացնելու համար պահանջվում է բանվորական ուժ, և մենք առաջարկում ենք հենց հողատերերին այդ աշխատանքները: Քանի որ ամբողջ ընթացքում նրանք շարունակում են մնալ հողատեր, պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք այգին վերադարձնում ենք  նրանց»,- ասում է Ալվինա Ավագյանը:

Այսպիսի միջոցառման հիմնական նպատակն է ցույց տալ, որ այգեգործությունը կարող է լինել շատ եկամտաբեր: Որովհետև, օրինակ, ոռոգման կաթիլային համակարգերը և հակակարկտային ցանցերը մեղմում են այգեգործությանը սպառնացող ռիսկերը: Այս ծրագրով նաև ուզում են ներկայացնել մեր գյուղացիներին նոր տիպի այգիների մոդելը, որտեղ ծառերը կիսագաճաճ կամ գաճաճ տիպի են, պատվաստված ծառեր են, բացի այդ, կորիզավոր պտղատուների դեպքում մեկ հեկտարի վրա մոտ 1500 տնկի է տնկվում:

«Դա հնարավորություն է ստեղծում 1 հեկտարի` միավորի հաշվարկով ավելի շատ բերք ստանալ: Դրանք նոր տիպի այգիներ են, մշակության նոր կուլտուրա է, որ մենք ուզում ենք ներդնել մեր հանրապետությունում»,- ասաց «Հայկական միրգ» ընկերության տնօրենը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է  ունենալ 300 հա ցուցադրական այգիներ: Իսկ դրանք էլ, իրենց հերքին, կծառայեն նմանատիպ այգիների տարածմանը` այլ գյուղացիների մոտ ևս ցանկություն կառաջանա նմանատիպ այգիներ հիմնել, իսկ ծրագիրն էլ այդ դեպքում կտրամադրի խորհրդատվություն:

Երբ պտղատու այգիներ են տնկվում, ծրագրի շրջանակներում կոոպերատիվներ են կազմվում, սովորեցնում են, թե ինչպես կարելի է լավ այգի տնկել, պահպանել այդ այգին, հակակարկտային միջոցառումներ իրականացնել, հողը նախօրոք պարարտացնել ու բերել այն մակարդակին, որտեղ ծառը նորմալ կաճի, սա շատ լավ կուլտուրա է այգեգործությունը զարգացնելու համար: «Շատ լավ ծրագիր է: Նաև շատ օգտակար է այն գյուղացիների համար, որոնք իրենց հողերը միավորում են, կոոպերատիվներ են ստեղծում, հետո` 10 տարի հետո անվճար այդ նույն կոոպերատիվին են հանձնում իրենց հողերը: Սա մեծ կուլտուրա է` սահմանազատում են հողը` արգելապատնեշներ են ստեղծում, որ ոչ ոքի չխանգարի, պահակ են պահում, զուգարաններ են տեղադրում, կահավորում են աշխատանքային տարածքներ աշխատողների համար և այլն: Այսինքն` մեր ժողովրդին գյուղատնտեսական նորմալ կուլտուրա են սովորեցնում մաքուր ու որակյալ բերք ստանալու համար».- նշեց ՀԽ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Այլ խոսքերով` սա ծրագիր է, որն իրոք կարող է Հայաստանում խթանել ժամանակակից ու որակյալ այգեգործության զարգացումը:

 

Սնոուդենի հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի

սնոուդենՎիկիլիքսյան բացահայտումներից հետո ԱՄՆ–ի համար երկրորդ աղմկահարույց սկանդալն է գնալով թափ առնում: Ինչպես հիշում ենք, դեռևս հունիսի սկզբին ամերիկյան Washington  ու  բրիտանական Guardian թերթերը ԱՄՆ ղեկավարության կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ նյութեր հրապարակեցին: Տեղեկությունները թերթերին էր հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, 29-ամյա Էդվարդ Սնոուդենը: Նա բացահայտել էր ԱՄՆ–ի քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը PRISM ծրագրի միջոցով: Չինական South China Morning Post թերթի տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը նախկինում չինական հեռահաղորդակցական ընկերությունների վրա կիբեռհարձակումներ է իրականացրել` ՉԺՀ–ի բնակիչների sms հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, ինչպես նաև պատմել էր, որ ամերիկացիները նաև կիբեռհարձակում են կազմակերպել Ցինհուայի համալսարանի ներքին ցանցի և Pacnet հեռահաղորդակցական ընկերության` Հոնկոնգում գտնվող շտաբ–գրասենյակի համակարգիչների վրա: 

Իսկ օտարերկրացիներին գաղտնալսելու իրավունք  ԱՄՆ-ին ո՞վ է տվել 

Հետաքրքիր էր հատկապես Սնոուդենի` իր արարքի պատճառաբանությունը. Սնոուդենը մերժում է  անմեղ  քաղաքացիներին լրտեսելը: Նա ենթադրում է, որ գաղտնի ծրագրային լրտեսումը կդառնա հասարակական  լայն քննարկումների թեմա և հույս ունի, որ մարդիկ կկարողանան դատարանի միջոցով պաշտպանել իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Սկզբում Սնոուդենը գտնվում էր Հոնկոնգում: Նա հայտնել էր, որ մտադիր է  ապաստան խնդրել «խոսքի ազատությանը հավատացող» ցանկացած երկրում: Նախօրեին` տեղեկատուի մասին տվյալների հրապարակումից հետո,  NSA-ն  պահանջել է հետաքննել ու հայտնաբերել  տեղեկությունների արտահոսքի հանգամանքները:   Համապատասխան հարցում է ուղարկվել ԱՄՆ արդարադատության նախարարություն: NSA-ի  տնօրեն Ջեյմս Կլեպերը հատուկ հայտարարության մեջ խոստովանել է, որ PRISM լրտեսական ծրագիրը, որի մասին գրել է The Washington Post-ը իրականում գոյություն ունի, սակայն ընդգծել է, որ այն աշխատում էր օրինական հիմունքներով, ամերիկյան Կոնգրեսի սանկցիայով: Բացի այդ, Կլեպերը հավաստիացրել է, որ տվյալներ են հավաքում ոչ թե ամերիկացիների, այլ միայն օտարերկրացիների մասին:

Ստացվում է, որ եթե ԱՄՆ քաղաքացիներին չեն գաղտնալսել, այլ օտարերկրացիներին, ապա դա հերոսության պես մի բան է: Հետաքրքիր է նաև այն նշումը, որ Կոնգրեսն է գաղտնալսումների սանկցիա տվել: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո գործում է սահմանադրության մի ուղղում, ըստ որի` ԱՄՆ հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվում «ահաբեկչության դեմ պայքարի» կարգախոսի ներքո ոչ միայն գաղտնալսել, այլ ահաբեկչության կասկածի դեպքում անգամ ցանկացած մարդու կալանավորել ու կտտանքների ենթարկել:

Ինչևիցե, Սնոուդենը թողեց Հոնկոնգը և հասավ Մոսկվա` Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտի: Հենց այդ ժամանակ էլ «Սնոուդենի հարցը» ստացավ քաղաքական նշանակություն: Հարցն այն էր, որ ԱՄՆ-ն սկզբում Չինաստանից, իսկ այնուհետև Ռուսաստանից պահանջում էր ձերբակալել Սնոուդենին ու փոխանցել ԱՄՆ-ին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին ակնարկեց Սնոուդենին չհանձնելու հնարավոր հետևանքների` երկու երկրների հարաբերությունների վատթարացման մասին: Նա նշեց, որ ԱՄՆ-ում պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի կողմից հետապնդվող հանցագործներ, և ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի հետ` նրանց ձերբակալելու և Ռուսաստան վերադարձնելու հարցերում:

Պուտինն էլ, ի պատասխան, հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք չունի մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտել. ֆորմալ առումով Սնոուդենը չի էլ հատել Ռուսաստանի սահմանը, նա գտնվում է  տարանցիկ գոտում, նրան ռուսական վիզա պետք չէ, և նա Ռուսաստանում օրենք չի խախտել: Ռուսական կողմը հայտարարել է, որ Սնոուդենի հարցում որևէ միջոց ձեռնարկելու մտադրություն չունի:

 ԱՄՆ-ի քթին էլ խփեցին 

Այս առումով ԱՄՆ տարբեր գործիչներ արդեն հանդես են գալիս մեկնաբանություններով: Սենատոր Ջոն Մակքեյնը նշում է, որ ԱՄՆ-ն պետք է տրամաբանորեն մոտենա Պուտինին` հասկանալով, թե ով է նա: Այնուհետև Մակքեյնը մասնավորեցնում է իր միտքը, թե Պուտինը հին «ապարատչիկ» է ԿԳԲ-ից, որ երազում է կայսերական Ռուսաստանի օրերի մասին ու փորձում է իրենց խանգարել ամենատարբեր միջոցներով:

ԱՄՆ-ն քննադատում է անգամ Չինաստանին, որ Սնոուդենին թույլ տվեց լքել Հոնկոնգը:

ԱՄՆ-ի այս պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ լկտիություն: Որովհետև նրանք, նախևառաջ, մոռանում են չինական գիտահետազոտական ընկերությունների գաղտնալսումների մասին: ԱՄՆ-ի լկտիությունն է մատնանշում անգամ այդ երկրի պետքարտուղարի արտահայտությունը, ինչպես նաև այլ պաշտոնյաների կողմից գաղտնալսումների վերաբերյալ «արդարացումները», թե  իրենք կոնկրետ մարդկանց չեն գաղտնալսել, այլ անոնիմ են լրտեսել:  Լրագրողի «Միլիոնավոր չինացի քաղաքացիների ու գիտնականների՞» հարցին Քերին պատասխանում է. «Անոնիմ, որպեսզի հետևենք տեռորիստներին: Եթե ահաբեկչություն լինի, կամ մենք նկատենք ինչ-որ կապ, ինչ-որ ցուցիչ…»: «Չինաստանո՞ւմ»,- հարցնում է լրագրողը: «Որտեղ պատահի, աշխարհի ցանկացած կետում, դրանից հետո պետք է փաստերը ներկայացնել դատարան, ստանալ համապատասխան թույլտվություն, որպեսզի ձեռնարկենք ինչ-որ միջոցներ կոնկրետ մարդկանց նկատմամբ` անվանական»:

Ստացվում է, որ ԱՄՆ-ն ահաբեկիչներ էր փնտրում Չինաստանի հետազոտական կենտրոնների աշխատակիցների շրջանում: Սա բավական ծիծաղելի պատասխան էր, որը չեն ընդունի անգամ ԱՄՆ քաղաքացիները, էլ ուր մնաց Չինաստանը: Բայց դեռ մի բան էլ ԱՄՆ-ն է խոսում սադրանքի ու սպառնալիքների լեզվով, թե իբր Չինաստանի` Սնոուդենին չձերբակալելու և իրենց չփոխանցելու քայլը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Նույն սպառնալիքն է հնչեցնում ԱՄՆ պետքարտուղարը նաև Ռուսաստանի հասցեին: Ի պատասխան ՌԴ նախագահի հայտարարության, թե «պարոն Սնոուդենը ազատ մարդ է, ֆորմալ առումով Ռուսաստանի տարածքում չի գտնվում ու Ռուսաստանում օրենք չի խախտել», նաև «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիր չկա», Ջիմ Քերին հայտարարում է, թե չպետք  է երկու երկրների միջև առկա հարաբերությունները վտանգել: «Համաձայնագիր չկա, սակայն կան որոշակի նորմեր գործընկեր երկրների միջև: Մենք ուղղակի մեր ռուս գործընկերներին կոչ ենք անում ձեռնարկել նորմալ միջոցներ իրավական համակարգի տիրույթում, որի նպատակը արդարադատության հաղթանակն է»,- նշել է Քերին:

Հավանաբար ԱՄՆ-ում մոռացել  էին այդ «ընկերական ժեստի» մասին, երբ Ռուսաստանից Արևմուտք էր «փախել» ռուսական ՀԴԲ-ի նախկին գործակալ Լիտվինենկոն ու այնտեղից ռուսական գաղտնի ծառայությունների գաղտնիքներն էր հրապարակում:

Սնвուդենը «Վիկիլիքսի» միջոցով  դիմել է Էկվադորին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Եվ հիմա Էկվադորի իշխանությունները քննարկում են այդ դիմումը: Սակայն պետք  է հիշել, որ Էկվադորը նախկինում արդեն ապաստան տվել է Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Այդ ընթացքում Վենեսուելայի նախագահը հայտարարեց, որ քաղաքական ապաստան կտա Սնвուդենին: Սակայն հարց է առաջանում, թե Սնոուդենն ինչպես պետք է հասնի Կարակաս: Խնդիրն այն է, որ Սնոուդենը գտնվում է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանից Կարակաս ուղիղ կոմերցիոն չվերթներ չկան: Նա պետք է վայրէջք կատարի Հավանայում, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ կպահանջի դեպի Հավանա թռչող այն ինքնաթիռի վայրէջքը, որում կլինի Սնոուդենը: Մի խոսքով, Սնոուդենի կարգավիճակը դեռ մնում է անորոշ, սակայն նրա «հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Այս պատմությունը դեռ նոր-նոր է հասունանում, ու արդեն դարձել է գերտերությունների առճակատման առիթ:

 

 

«Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»

հայկան«Դու միշտ կմնաս մեր հիշողություններում, Աստված հոգիդ լուսավորի…», «Ի՞նչ ենք անելու առանց մեր արևի, առանց մեր խելառի, առանց մեր հրեշտակի…», «Հրեշտակները երկրի վրա չեն մնում, երևի դրա համար էլ աստված քեզ իր մոտ տարավ, գեղեցկուհիս, կկարոտեմ…», «Իմ սրտում ես, իմ աղոթքներում, իմ մտքերում…», «Ճակատագիրն անկանխատեսելի է, և այն մարդիկ, ովքեր նախատեսված են քեզ համար, ինչ էլ լինի, քեզ հետ կլինեն… նույնիսկ այն դեպքում, երբ դու համոզված ես, որ էլ երբեք չես հանդիպելու նրանց…»:

Սրանք մի կենսախինդ, գեղեցիկ ու լուսավոր աղջկա` Հայկան Սիմոնյանի ընկերների ֆեյսբուքյան գրառումներն են` արված հուլիսի 2-ի չարաբաստիկ օրվանից հետո, երբ նրանք ստիպված եղան ընդունել այն փաստը, որ այլևս երբեք չեն տեսնելու իրենց սիրելի ընկերուհուն: Այդ օրը Հայկանը Երևանից տուն էր գնում` Սպիտակ, բայց Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարը խլեց նրա երիտասարդ կյանքը: Սեպտեմբերի 12-ին նա կդառնար 19 տարեկան…

1001609_288534481290200_1721033512_n

Ձախից՝ Արմենուհին, աջից՝ Հայկանը

Ընկերներից մեկը` Արմենուհի Այվազյանը, դեռ երկար ժամանակ կամ գուցե երբեք  չհամակերպվի այն մտքի հետ, որ Հայկանն այլևս չկա, քանի որ, ինչպես ինքն է ասում, Հայկանն իր կեսն էր: «Ամեն ինչ կանցնի ու կգնա, միայն կմնա ԿԱՐՈՏԸ, որն անվերջ ցավ կպատճառի»,- գրել է Արմենուհին:

Հայկանի հետ մանկության ընկերներ էին: Նույն դասարանում էին սովորել, հետո միասին ընդունվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ: Ամեն օր միասին էին:

«Ինքը հրեշտակ էր, իր նման մարդիկ շատ քիչ են աշխարհում,- ասում է Արմենուհին,- նա մարդամոտ էր, ընկերասեր, նվիրվող: Շատ ուժեղ մարդ էր: Ամեն վատ բանի մեջ էլ մեծ հույս էր տեսնում: Միշտ խորհուրդներ էր տալիս: Եթե մի սխալ բան էի արած լինում, ելք էր փնտրում ինձ հետ միասին»:

Արմենուհին պատմում է, որ Հայկանը շատ տաղանդավոր էր` դաշնամուր ու կիթառ էր նվագում, երգում էր, երգեր գրում: «Մատներով սեղանին նվագում էր, մի ձեռքով ծափ էր տալիս,- հիշում է ընկերուհին,- շատ էր սիրում նաև պարել, միշտ պարում էր: Առանց երգ ու երաժշտության կյանք չուներ: Վերջերս երաժշտություն էր գրել, ցավոք, չենք կարողանում գտնել: Միշտ ասում էր. «Ժողից» դուրս եմ գալիս, գնամ կոնսերվատորիա»:

Վերջին անգամ Արմենուհին Հայկանի հետ խոսել էր դեպքից մեկ ժամ առաջ, իմացել էր` որտեղ է, անհամբեր նրան էր սպասում: Իսկ մահվանից մոտ տասը րոպե առաջ նրանից sms էր ստացել. «Ես Սպիակում էի: Պիտի գար, որ միասին տեղ գնայինք: Բայց գրեց, որ հոգնած է, ասաց, որ ես գնամ իրենց տուն: Կարոտել էինք իրար, տասը օր էր` իրար չէինք տեսել ու էդպես էլ չտեսանք…»:

Արմենուհին ասում է, որ համարյա միշտ միասին էին Երևանից Սպիտակ գնում: Այդ անգամ Հայկանը մի քիչ գործեր ուներ, իր հետ չէր գնացել: Հիշում է, որ երբ միասին Սպիտակ էին գնում, և ճանապարհին հանկարծ ինչ-որ աննշան վթարային իրավիճակ էր լինում, ինքը ծիծաղելով ասում էր` պատկերացնո՞ւմ ես, որ միասին մահանանք: «Ասում էր` սուս մնա,  կատակով էլ նման բան չասես: Վախենում էր էդ մտքից»:

1044547_291795014297480_166517867_n

Հայկանը գեղեցիկ ժպիտ ուներ, իր ժպիտով լուսավորում էր բոլորին: Կատակասեր էր: Որքան էլ փորձեին նրա հետ վատ վարվել, միևնույնն է, ոչ ոքից չէր նեղանում, չէր վիճում: Բայց ինչքան էլ ուրախ լիներ ու ժպտար, միևնույնն է, նրա մեջ ինչ-որ տխրություն կար, որի պատճառն անգամ ամենամտերիմ ընկերուհին չէր հասկանում: «Երազանքների մասին չէր խոսում, շատ բան միայն իր մեջ էր պահում»:

Արմենուհին հիշում է, որ նա հաճախ էր ասում, թե շուտ է մահանալու, իսկ իրենք կատակի էին տալիս, լուրջ չէին վերաբերվում: Ինչո՞ւ պետք է գեղեցիկ ու երիտասարդ աղջիկը մահվան մասին մտածեր: Արմենուհին կարծում է, որ նման մտքերի պատճառը հավանաբար այն էր, որ նա կրում էր իր մահացած քրոջ անունը, որը 17 տարեկանում դարձել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհը: Ի դեպ, նրա 17-ամյա քույրն այդ արհավիրքի միակ զոհը չէր. երկրաշարժը խլել էր նաև նրա մյուս քրոջ` 19-ամյա Գայանեի կյանքը: Բարեբախտաբար, կենդանի էր մնացել եղբայրը, և դրանից վեց տարի անց` 1994 թ., ծնողներն ուժ էին գտել, դուստրերի ցավը սրտում, լույս աշխարհ բերել ևս մի աղջիկ և նրան անվանել Հայկանդուխտ` Հայկան, ի հիշատակ մահացած քույրերից ավագի:

Արմենուհին հիշում է, որ երբ վերջերս նրանց տանն էին և հին լուսանկարներն էին նայում, Հայկանը ուշադիր, մեծ հետաքրքրությամբ մահացած քրոջ` Հայկանի լուսանկարին էր նայում ու եղբորը հարցեր տալիս նրա մասին:

Արմենուհին չի ուզում ընկերուհուն տխուր հիշել, ուզում է պահել իր սրտում ամենալուսավոր ու խենթ պահերը, իսկ այդպիսիք շատ-շատ էին: «Ոչ ոք չի կարող փոխարինել նրան, նրա նման ընկեր էլ երբեք չեմ ունենա: Հիմա ինձ լրիվ մենակ եմ զգում, նա մի ուրիշ աշխարհ էր ինձ համար: Մոտ երկու ամիս առաջ մեր տանն էր մնացել, ինձ ասաց` խոստացիր, որ միշտ միասին ենք լինելու: Խոստացա…»:

Հիմա էլ է խոստանում ու համոզված է, որ Հայկանի հոգին էլ երբևէ իրեն չի լքի: Ֆեյսբուքյան իր պատին Արմենուհին գրել է. «Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»: