Ինչ կտան փոփոխությունները

20702 ազատ ոճՕրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Մասնավորապես, ընտրվեց կազմակերպության նոր նախագահ, որոշվեց հիմնովին փոփոխել  ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները: Համաժողովում ներկա գտնված Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախին» հայտնեց իր տպավորությունները: 

– Համաժողովին, ինձնից բացի, մեր երկրից մասնակցում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: 111 երկրների պատվիրակներ էին: Դա ռեկորդային ցուցանիշ էր: Նախկինում ոչ մի համաժողովի այդքան ներկայացուցչական կազմ չէր հավաքվել: Ներկա էին նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության 21 անդամները: Քվեարկությանը մասնակցեց 132 մարդ, թեև երկրներ կային, որոնք 4-5 պատվիրակով էին ներկայացել: Բայց ամեն երկրից քվեարկելու իրավունք ուներ միայն մեկը: Ի վերջո, 125 կողմ, 7 դեմ ձայներով կազմակերպության նախագահ ընտրվեց Սերբիայի ներկայացուցիչ, մինչև այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար նշանակված Նենադ Լալովիչը: 

– Համաժողովից առաջ խոսակցություններ կային, որ նախագահի միայն մեկ թեկնածու չի լինելու: Մասնավորապես նշվում էր, որ առաջադրվելու է նաև նախկին նախագահ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտինետին:

– Մենք էլ այդ մասին լսել էինք, սպասվում էր, որ անգամ կարող է նախագահի պաշտոնի 4 հավակնորդ լինել: Ի դեպ, Մարտինետին Լոզանի արբիտրաժ դատարան բողոք էր ներկայացրել, որ իրեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության Թաիլանդում կայացած նիստում անհիմն են հեռացրել զբաղեցրած պաշտոնից, նաև` նախագահության կազմից: Նա այդ դատը շահել  էր և լիովին իրավունք ուներ կրկին առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Բայց Մարտինետին և նրանք, ովքեր կարող էին այդ անել, անգամ իրենց  թեկնածությունը չառաջադրեցին: Թերևս պատճառն այն էր, որ ակնհայտ էր` հաղթելու ամենամեծ հնարավորություններն ուներ Լալովիչը:

 – Վերջինիս հետ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերություններն ինչպե՞ս են:

 – Ընտրություններից հետո մեր պատվիրակությունը հանդիպեց և զրուցեց Լալովիչի հետ: Նա հայտնեց, որ հնարավորն արվելու է, որպեսզի ըմբշամարտում ամեն ինչ արդար լինի, բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվել, որպեսզի մարզաձևը զարգանա, ավելի մասսայական դառնա: Իսկ առաջնահերթ խնդիրն այն է, որ ըմբշամարտը 2020-ին ևս մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Այժմ բանակցություններ են ընթանում աշխարհում հայտնի տարբեր ֆիրմաների հետ, ընդհանուր, նաև բիզնես ծրագրեր կազմվում: Եթե ըմբշամարտը եղել է օլիմպիական խաղերի հիմնադրման օրից ստուգատեսի ծրագրում, ապա ինչպե՞ս կարելի է այն հանել:

 – Ադրբեջանը կրկին շարունակելո՞ւ է մնալ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորը:

– Առայժմ պարզ չէ, թե ֆեդերացիայի նորընտիր նախագահն ինչ պայմանագրեր կկնքի:

 – Իսկ ի՞նչ փոփոխություններ են կատարվել մրցակարգերում:

– Նախկինում, եթե ըմբիշներն ուժերն էին չափում 3 մրցափուլում` 2-ական րոպեով, ապա այժմ  պայքարելու են 2 մրցափուլում, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 3 րոպե: Նախկինում ամեն խաղափուլում պետք է հաղթող լիներ, այժմ այդպիսի պահանջ չկա: Մրցափուլերում ըմբիշների հավաքած միավորները գումարվելու են: 15-20 տարի առաջ էր այդպիսի մրցակարգ, և այն իրեն արդարացնում էր: Փոխվել է նաև միավորների հաշվարկի կարգը: Մրցակցին մրցագորգ իջեցնելու համար այժմ 2 միավոր է շնորհվելու, ոչ թե 1 միավոր, ինչպես նախկինում էր: Ազատ ոճի ըմբշամարտում հանդիպումը վաղաժամ կավարտվի, եթե մրցակիցների միավորների տարբերությունը հասնի 10-ի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտում այդ սահմանը 7-ն է: Մի շարք նրբություններ կան երկու մրցաձևերում` ոչ ակտիվ մարզիկներին պատժելու համար: Այդ կանոնները թարգմանվելու են և մասնագետներին  են տրվելու:

Ի դեպ, քննարկվեց, թե նոր մրցակարգը երբվանից գործի դնելու հարցը: Նպատակահարմար դիտվեց այն կիրառել ոչ թե 2014-ի հունվարից, այլ` այժմվանից: Փաստորեն, բոլոր երկրների ըմբիշների համար նույն պայմաններն են: Մարզիկները մրցումների ժամանակ պետք է իրենց մարտավարությունը փոխեն: Ինչպես ազատ ոճի, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, եթե նախկինում մրցակցին մրցագորգից  դուրս բերելով կարելի էր հաղթել, ապա այժմ պետք է պայքարել: Վիճակահանությունը երկու մրցաձևում էլ վերացել է: Հնարավոր է` ընթացքում կանոնների նոր փոփոխություններ լինեն: Նպատակն այն է, որ ըմբշամարտն ավելի դիտարժան դառնա: Ի դեպ, եթե նախկինում  մարզիկներին նկատողություն քիչ էր տրվում, ապա այժմ նկատողությունների թիվը կարող է ավելանալ: Կպատժվեն ոչ ակտիվ ըմբիշները: Ընդ որում, հավասար արդյունքի դեպքում հաղթանակը կշնորհվի այն մարզիկին, որը նկատողություն չի ստացել: Նոր կանոնները ձեռնտու են այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ավանդույթներ ունեն, մրցումների ժամանակ  տեխնիկական բազմապիսի հնարքներ կարող են կիրառել:

 – Ի՞նչ է նախատեսվում անել, որպեսզի 2020-ին ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում:

– Բանակցություններ են վարվում: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ևս հայտնել է, որ կաջակցի: 

– Ի տարբերություն մենապայքարային այլ մարզաձևերի, ըմբշամարտն ունի երկու մրցաձև: Հնարավո՞ր է, որ դրանցից միայն մեկը թողնվի օլիմպիական խաղերի ծրագրում:

– Պայքարում են, որ երկու մրցաձևերն էլ օլիմպիական խաղերի ծրագրում մնան, նաև` կանանց ազատ ոճի ըմբշամարտը: Հնարավոր է, որ փոփոխություններ լինեն տարբեր քաշային կարգերում: Տղամարդկանց ըմբշամարտում դրանք 7-ն են, և ֆեդերացիայի նորընտիր նախագահն առաջարկել է, որ քաշային կարգերը դառնան 6-ը: Կանանց ըմբշամարտում առայժմ 4 քաշային կարգեր են: Օլիմպիական խաղերում ըմբիշները վիճարկում են 72 մեդալ: Հնարավոր է` ՄՕԿ-ը պահանջ ներկայացնի, որ ըմբշամարտի օլիմպիական մեդալները նվազեցվեն: Ի դեպ, դժգոհություն հայտնվեց, որ գերծանր քաշային կարգում սահմանափակում չկա: Առաջարկվեց, որ +120 կգ քաշային կարգ սահմանվի կամ էլ 110 կգ քաշային կարգից հետո լինի +150 կգ: Առայժմ քաշային կարգերում փոփոխություններ չկան, բայց հնարավոր է, որ մինչև տարեվերջ դա արվի: Այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՄՕԿ-ի հերթական համաժողովը, որում կազմակերպվելու են 2020-ի օլիմպիական խաղերում ընդգրկվելու հավակնորդ մարզաձևերի, այդ թվում նաև ըմբշամարտի շնորհանդեսները: Իսկ վերջնական որոշումը կայացվելու է սեպտեմբերի 10-15-ը Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում:

 – Նոր մրցակարգով մեր ըմբիշները ե՞րբ են խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում փորձելու իրենց կարողությունները:

– Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Մուսա Մուրթազալիևը (84 կգ) կմասնակցեն հունիսի 1-2-ը Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցաշարի: Հունիսի 24-ից մեր առաջատար գրեթե բոլոր մարզիկները կմասնակցեն Կազանում կայանալիք Համաշխարհային ունիվերսիադային: Դեռ պարզ չէ, թե ովքեր կընդգրկվեն  թիմում: Առայժմ միայն որոշված է, որ կարողություններն են փորձելու Սաֆարյանը,  Մուրթազալիևը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Մյուս քաշային կարգերում մրցակցություն կա, 2-3 մարզիկ հավակնորդ է ընդգրկվելու հավաքականում: Փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում անցկացվելիք Ստեփան Սարգսյանի պարգևների խաղարկության միջազգային մրցաշարը, որից հետո էլ կհստակեցվի, թե ովքեր են մեր երկրի պատիվը պաշտպանելու սեպտեմբերի 16-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Այդ ստուգատեսին մտադրություն ունենք մասնակցել 6 մարզիկով: Թերևս մասնակից չենք ունենա միայն գերծանր քաշային կարգում: Բայց 23-ամյա Անդրանիկ Գալստյանն էլ, եթե իրեն լավ դրսևորի առաջիկա միջազգային մրցաշարերում, կմեկնի Բուդապեշտ: Այս տարի Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Սաֆարյանը դարձել էր չեմպիոն, Մուրթազալիևը բավարարվել է արծաթե մեդալով: Աշխարհի առաջնությունում ևս կփորձենք պարգևների արժանանալ: Այժմ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների վարկանիշային աղյուսակներ է կազմել: Սաֆարյանն իր քաշային կարգում առաջինն է, Մուրթազալիևը` 3-րդը, Արթուր Ալեքսանյանն (96 կգ) առաջինն է: Ի դեպ, հնարավոր է` աշխարհի 4 ուժեղագույններին աշխարհի առաջնությունում այնպես տեղաբաշխեն, որ վիճակահանությունից հետո նրանք միմյանց հետ մրցեն միայն կիսաեզրափակչում:

 – Խոսակցություններ կային, թե հնարավոր է` Բելառուսից, Ռուսաստանից ազատ ոճի մարզուհիներ համալրեն Հայաստանի ընտրանին:

– Եթե այդ մարզուհիները ցանկանան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ և արդյունք ունենան, ապա ամեն բան կարվի, որ նրանք շարունակեն մրցելույթները: Սակայն իմաստ չունի նրանց հրավիրել և ֆինանսներ ծախսել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար: Ողբերգություն չի լինի, եթե մարզուհիների թիմ չունենանք:

 

Բնօրրանային խնդիրներն իբրեւ հակաքայլ հատուցման պահանջներին

Շահան1Թուրքական www.kultur.gov.tr  կայքը «Հայկական պնդումներ եւ իրողություններ. Արեւելյան Անատոլիան հայերի հայրենի՞քն է» խորագրով հոդված է հրապարակել, որը դիտարժան մի քանի կարեւոր կետ է հաւաքել.

Նախ կայքը պաշտոնական-պետական բնույթ ունի, հետեւաբար պետական քաղաքականության համահունչ հրապարակում է։ Հոդվածի հրապարակման շարժառիթը, այնտեղ հայտնված մտքերը, շեշտադրումներն ու եզրակացությունը ըստ այնմ պետք է դիտարկել, փորձել հասկանալու համար, թե Անկարան հայկական հարցի այս թղթածրարի ուղղությամբ ի՞նչ նախապատրաստության մեջ է։

Հայ ժողովրդի բնօրրանի հետ կապված տեսությունները նոր չէ, որ արծարծվում են թուրքական պաշտոնական շրջանակների կողմից։ Այստեղ հստակ է տրամաբանությունը. պարզեցված ձեւով շեշտել, որ Արեւմտահայաստանը հայ ժողովրդի պատմական հայրենիքը չի եղել։ Մնացյալը վարկածային ոլորապտույտների մեջ առաջնորդելն է ընթերցողին։

Ժխտողականության յուրահատուկ մարտավարական քայլ են առնում Անկարայի համապատասխան բաժանմունքի վարիչները ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը։

Սա իհարկե նման չէ ցեղասպանությունը ժխտելու դասական մոտեցմանը։ Նման վարկածների առաջ քաշումը միտում ունի ձեւաւորել այն համոզումը, որ ի սկզբանե Արեւմտահայաստանը հայերի հայրենիքը չի եղել։

Թե ինչո՜ւ հիմա նման ծագումնաբանական խնդիր պետական մակարդակով է արծարծվում, արժի մտածել։ Առաջին մտածումը գնում է հակաքայլ առնելու մարտավարական դիրքորոշման ուղղությամբ։ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, երբ հետզհետե զարգանում են ճանաչումից հատուցում կամ պատմական իրաւունքների վերականգնման հրամայականները, Անկարայի մղձաւանջը ինքն իրեն վերադարձնում է բարձրաձայնելու համար, որ ի սկզբանե հայկական հողամասերը չի կարելի համարել այն տարածքները, որոնց հատուցման պատրաստության համար իրաւական թղթածրարի առաջադրանք է հայտարարում հայ ժողովուրդը՝ միաժամանակ թե՜ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՜ Սփյուռքում։

Այս մեկը ուրեմն թուրքական անհանգստության տեղի տվող լուրջ ահազանգ է, որի համար պետք է պատրաստվել եւ պատրաստել հանրային կարծիքը։ Անկարան, թվում է, որ իր գիտահետազոտական բաժանմունքներին ազդանշան է տվել այս հարցով զբաղվելու եւ ողողելու լրատվադաշտն ու գիտական աշխարհը։

Փորձենք շարունակել Անկարայի պետական քաղաքականության տրամաբանությունը։ Նման վարկածների ընդունմամբ ցեղասպանության թղթածրարը սահմանափակել սոսկ ճանաչումով։ Ահա այստեղ ընդունում-ճանաչում-ներողությունը կարող է աշխատել, եթե միջազգային ընտանիքը համոզվի տարածքների ոչ հայապատկանելիությանը։ Գործադրված ցեղասպանության համար ներողությունից անդին նույնիսկ նյութական հատուցում եւ….վերջ։

Մղձաւանջը բնօրրանային խնդրի վրա է եւ այդ իսկ պատճառով ծագումնաբանական, բնիկ թե եկվոր լինելու վրա է կենտրոնացնելու ամբողջ քարոզչաքաղաքական տեսաբանությունը։ Ճիշտ այստեղ է ուրեմն, որ հայկական կողմը պատմահետազոտական իր որոնումներում զգույշ պիտի լինի բնիկ-եկվորի ներհայկական բանավեճեր չսարքելու առումով։ Որովհետեւ, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքի այս հոդվածը իր ներածականում խոսում է հայերի պատմական հայրենիքի վերաբերյալ հայ պատմաբանների իրար հակասող տեսակետների մասին։

Հետաքրքիր է, որ  բնօրրանային այս խնդիրը չի վերաբերում միայն Արեւմտահայաստանին, ինչպես հոդվածի խորագիրը հուշում էր։ Աւարտին, խոսւում է հայ ժողովրդի հարաւային կոկվասյան ցեղ լինելու հաւանականության մասին, եզրակացնելու համար, որ հայերը կովկասյան ցեղերի հետ որեւէ աղերս չունեն։

Այս վերջին տեսակետը ծառայել է Բաքվի հաշիւներին։ «Հաքին ազ» կայքն արքայազն Չարլզի Հայաստան այցելությունը մեկնաբանելով գրել է.  “… Միևնույն ժամանակ հուսանք, որ, որ արքայազն Չարլզը ուշադրություն կդարձնի Հայաստանի միատարր բնակչային վիճակի վրա, որ բնականաբար հարցեր կառաջացնի բնիկ ժողովրդի մասին, որին բռնի ուժով քշել են այդտեղից…”

«Բնիկը» այստեղ ադրբեջանցիների  նախնիններն են։ Հարցը պատմական անհեթեթության մասին չէ, որքան թուրք-ադրբեջանական քարոզչաքաղաքական միացյալ մեքենայի նոր արտադրության շուկայացման։

Հայկական կողմը զգոնությամբ պիտի չներքաշվի թելադրված խաղի այս նոր կանոնների մեջ։ Հայկական գիտահետազոտությունը պահանջատիրության եւ հատուցման իրաւականացման վրա պիտի կենտրոնացնի իր ներուժը։ Ճանաչմանը հաջորդող հանգրվանը հատուցումն է եւ ոչ թէ բնօրրանային խնդիրները, ինչպես որ ուզում են օրակարգի վերածել Անկարան եւ Բաքուն։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի խմբագիր

 

Երեխայի դաստիարակությունը ոչ թե հոգս է, այլ վայելք, եթե…

Anna

Աննան՝ որդու՝ Հակոբի հետ

Աննան այն երջանիկ ծնողներից է, որի երեխան` 4-ամյա Հակոբը, ներդաշնակ մանկություն է վայելում` հաշտ ու խաղաղ ինքն իր հետ, ծնողների հետ, միջավայրի հետ: Նա անկաշկանդ է, արտահայտում է իր մտածածը, մարդկանց հետ հեշտությամբ շփվում:

Համաձայնեք, որ շատ երեխաների համար այդ ամենը լուրջ խնդիր է, ինչը հաճախ ծնողներն ավելի են խորացնում` չիմանալով այն լուծելու ճիշտ եղանակները:

Աննայի երեխան ծնվել է ամուսնանալուց մի քանի տարի անց: Եվ Աննան այդ տարիները որոշել է արդյունավետ օգտագործել` նախ և առաջ տեղեկություններ հավաքելով երեխա մեծացնելու, դաստիարակելու, առօրյա խնամքի և այլ բաների մասին. «Ինքս ինձ մտածեցի`  բուհ ընդունվելիս ինչքա՜ն շատ ենք պարապում, իսկ հիմա իմ կյանքի ամենակարևոր փուլին եմ պատրաստվում ` մայր դառնալուն, բայց շատ քիչ բան գիտեմ դրա մասին»:

Այդ ընթացքում շատ գրքեր են նրա ձեռքի տակով անցել, սակայն դրանցից մեկն է լուրջ հետք թողել նրա կյանքում` ամերիկացի կին հոգեբան Նաումի Էլդրթի  «Դաստիարակենք մեր երեխաներին, դաստիարակենք ինքներս մեզ» գիրքը, որը լրիվ այլ մոտեցում է առաջարկում: «Կարդալով գիրքը` նախ մանկությունս աչքիս առջևով անցավ, զգացի, թե այն որքան է ազդել իմ աշխարհայացքի, իմ ձևավորման վրա,- ասում է Աննան,- իսկ ամենակարևոր բանը, որ այդ գրքից վերցրի, հետևյալ գաղափարն է. վայելել մայրությունը` ընդունելով երեխային հենց այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե փորձել նրան փոխել, հարմարեցնել քեզ կամ քո ժամանակներին ու բարքերին»:

naomi2012

Նաումի Էլդրթ

Ի՞նչ է ասում Նաումի Էլդրթը. «Դաստիարակիր այնպիսի երեխա, որի գիտակից արարքները պայմանավորված են ոչ թե վախով, այլ ուրախությամբ և սիրո դրսևորումներով»:

Գրքի հիմքում ընկած է  երեխաների հետ համագործակցության գաղափարը, որն ամենևին չի նշանակում, թե ծնողի վերահսկողությունը վերանում է, պարզապես դա քողարկվում է: «Հսկողությունն անարդյունավետ միջոց է, քանի որ մարդու էությունը դիմադրում է դրան:  Եթե նույնիսկ հսկողությունն արտահայտվում է մեղմ պարտադրանքի կամ թաքնված մանիպուլյացիայի միջոցով, դրա գոյությունն  արդեն իսկ առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք փորձում ենք հետագայում լուծել»,- ասում է Էլդրթը:

Իսկ ինքնուրույն երեխան, որի կյանքն իր իսկ հունով է ընթանում, ըստ հոգեբանի, ապրում է լիարժեք. նա գործում է` ելնելով երջանկության ու սիրո զգացումից, ոչ թե վախից կամ հավանության արժանանալու ձգտումից դրդված: Հոգեբանը նաև համոզված է, որ երեխայի կամքը կոտրելը հանգեցնում է  բազում դժվարությունների, և հաջողակ է այն երեխան, որն իր կամքի տերն է:

Գրքի կարևոր գաղափարներից մեկն էլ այն է, որ ոչ միայն ծնողն է ուսուցիչ, այլև երեխան, և ծնողը երեխայից շատ բան ունի սովորելու: «Ինքնահաստատված և ինքնուրույն մարդիկ գալիս են այնպիսի ընտանիքներից, որտեղ ծնողները հավասարապես դաստիարակվում են երեխաների հետ»,- ասում է նա:

Քանի որ գիրքն Աննայի կյանքում շատ բան է փոխել, նա նպատակադրվել է այն թարգմանել ու հրատարակել նաև հայերեն, որպեսզի մյուս հայ ծնողներին նույնպես հասանելի լինի: Թարգմանությունն ավարտված է, սակայն առայժմ ֆինանսական միջոցների պատճառով չի հրատարակվում:  Նշենք, որ գիրքը լույս է տեսել 2006-ին, թարգմանվել 13 լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ու եվրոպական մի շարք երկրներում դարձել է բեսթսելլեր:

Աննան համոզված է, որ գիրքն ամենևին էլ խորթ չէ մեր մտածելակերպին, այն համամարդկային արժեքների մասին է: «Չէ՞ որ երեխան, երբ գալիս է լույս աշխարհ, իր հիմնական անհատականությունն արդեն իր մեջ կրում է, և պետք է դա հնարավորինս պահպանել,- ասում է նա:- Ծնողները պետք է տարբերեն իրենց մտածածը, իրենց ցանկությունները երեխայինից: Ինձ համար ընդունելի չէ, երբ օրինակ` մեծերը խառնվում են երեխաների հարաբերություններին` հանդես գալով որպես դատավոր, երեխաների ճիշտն ու սխալն են որոշում և այլն: Այդ խնդիրները երեխաներն իրենց մեջ ավելի հեշտ են հարթում, քան մեծերը»:

Հոգեբան Անահիտ Արզումանյանը, որ արդեն տասը տարի է` զբաղվում է մանկական հոգեբանությամբ, երկու տարի առաջ իր հոգեբանական կենտրոնն է ստեղծել և զբաղվում է որոշակի վարքային շեղումներ ունեցող և ռիսկային խմբի (հակում ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի նկատմամբ, սանձարձակություն, անկառավարելիություն և այլն) երեխաների ու դեռահասների խնդիրներով: Ասում է, որ ծառայության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, այնուամենայնիվ մեր հասարակությունն առայժմ պատրաստ չէ  դրամ ծախսել հոգեբանական ծառայության վրա. «Մեզ մոտ պատրաստ են բժշկին շատ գումար տալ, բայց հոգեբանին` ոչ: Մարդիկ կարծում են, որ հոգեբանական ծառայությունը շատ արագ ազդող բան է, արագ էֆեկտ են ակնկալում: Իսկ երբ ծնողին կամ երեխային բացատրում ես, որ դա մի աշխատանք է, որ նախ և առաջ իրենք պետք է անեն, արդեն չեն ուզում»,- ասում է նա:

Հոգեբանը երեխաների վարքի շեղման միջավայր է համարում նաև այսօրվա դպրոցը և ցավով արձանագրում, որ իր հաճախորդների մեծ մասը հենց դպրոցահասակ երեխաներն են:

Հոգեբանական ծառայության առաջին փուլում մասնագետները նախ պարզում են, թե որքանով է ծնողի գանգատն ադեկվատ. միգուցե ծնողն ի՞նքն ունի խնդիրներ, բարդույթներ, որոնք էլ փոխանցվել են երեխային: «70 տոկոսի դեպքում պարզվում է, որ խնդիրը գալիս է ծնողից»,- ասում է Անահիտ Արզումանյանը:

Ընդհանրապես նա կարծում է, որ մեզ մոտ ծնողավարության մշակույթի լուրջ խնդիր կա. ծնողները չեն ճանաչում սեփական սահմանները, խառնվում են այն հարցերին, որոնք երեխայի անհատականությունն են ձևավորում, խառնվում են երեխայի ցանկություններին ու նպատակներին:

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս կարդալ համապատասխան գրականություն, հասկանալ երեխայի հոգեբանությունն ու ներաշխարհը, նրա ճգնաժամային փուլերը, ճանաչել ինքն իրեն և չխառնել իր ու երեխայի եսը, իսկ խնդիրների դեպքում դիմել մասնագետներին: Նա միաժամանակ հասկանում է, որ ժամանակակից հայ ծնողը գերզբաղված է, որովհետև օրվա հացի խնդիր է լուծում և հաճախ դիմում է դայակների ծառայություններին, իսկ երբ երեկոյան հոգնած տուն է գնում, ո՛չ նյարդերն են ներում, ո՛չ էլ ժամանակը երեխայի հետ զբաղվելու համար: «Բայց եթե խնդիրների շարքում առաջնային դիրքերում երեխան է, ապա պե՛տք է ժամանակ ծախսել»,- ասում է հոգեբանը` հիշեցնելով, որ վաղն այդ խնդիրները լուծելը շատ ավելի բարդ կամ այլևս անհնարին կարող է լինել:

«Իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում». Րաֆֆի Էլլիոտտ

raffiՐաֆֆի Էլլիոտտը 24 տարեկան է: Նրա իռլանդացի հայրն ու սիրիահայ մայրը սիրահարվել ու ամուսնացել են  Մոնրեալում, որտեղ հայրն իրավաբանություն էր սովորում, մայրը` ատամնաբուժություն: Հայրը շատ հայ ընկերներ ուներ, և մի հավաքույթի ժամանակ ծանոթանում է մոր հետ: Վերջինս ակնարկում է, որ դեղնավուն մազերով ու կարճահասակ տղաների չի հավանում, սակայն ճակատագիրն այնպես է անում, որ ամուսնանում է հենց այդպիսի տղայի հետ: Ազգային պատկանելությունը նրանց ամուսնությանը չի խանգարում, քանի որ երկուսի համար նույնն էին ընտանեկան արժեքները: Միայն թե հայրը սկսում է հայերենի դասերի հաճախել, և հիմա հայերեն ավելի լավ գիտի, քան սիրիահայ մայրը:

Րաֆֆին նրանց առաջնեկն է և միայն արտաքինով է տարբերվում սովորական հայից: Նա ունի նաև քույր ու եղբայր: Հայրը երեք երեխաներին էլ հայկական դպրոց է ուղարկել: Րաֆֆին հիշում է, որ հայրն էր դասերը պարապում, ուղղում իրենց հայերենի սխալները: «Մենք տիպիկ սփյուռքահայի կյանքով էինք ապրում»,- ասում է նա:

Միգուցե շատերին տարօրինակ թվա, որ իռլանդացի հայրն իր երեխաների մեջ ջերմեռանդորեն  հայություն էր սերմանում, սակայն Րաֆֆին դա հետևյալ կերպ է բացատրում. «Նախ` հայրս մորս շատ էր սիրում, բայց կար նաև այլ պատճառ. հայրս հասկանում էր հայոց պայքարը, որ մենք ցեղասպանության սերունդներն ենք, և եթե մենք էլ հայ չմեծանանք, ապա դրանով ցեղասպանությունը կշարունակվի»:

Ամեն կիրակի հայրը ստիպում էր, որ երեխաները գնան հայկական եկեղեցի, հաճախեն հայկական խմբակներ: Սակայն Րաֆֆին խոստովանում է, որ սկզբում դա իրեն դուր չէր գալիս. մտածում էր` ինչո՞ւ պիտի իր ընկերներն անգլերեն, ֆրանսերեն սովորեն, իսկ ինքն այդ դժվար հայոց լեզուն:

Րաֆֆիի մայրը 88-ի երկրաշարժից հետո սերտ կապեր է հաստատում Գյումրիի հետ, զբաղվում բարեգործությամբ և հաճախ էր Րաֆֆիի հետ այցելում Գյումրի: Պատահական չէ, որ Րաֆֆիի ֆեյսբուքյան էջի անձնական տվյալներում նշված է, որ ինքը ոչ թե Կանադայից է կամ Երևանից, այլ Գյումրիից: Ի դեպ, ֆեյսբուքում նա իր ազգանվանը նաև «յան» է ավելացրել`դարձնելով Էլլիոտտյան:

2006-ին, երբ 14 տարեկան էր, Հայաստան է գալիս ընկերների հետ և երեք շաբաթ մանկատներից մեկում կամավորական աշխատանք կատարում: Վերադառնալով Կանադա` զգում է, որ այս այցն իր մեջ շատ բան է փոխել: «Ես միշտ զգում էի, որ Կանադայում անհանգիստ եմ, բայց պատճառը չէի հասկանում»,- ասում է նա ու բացատրում,- հայրս արմատներով իռլանդացի է, բայց մենք մի քանի սերունդ արդեն Կանադայում ենք և խորը արմատներ ենք գցել այնտեղ: Հորս քեռին Կանադայի վարչապետն է եղել 1983-93 թվականներին, և մեզ համար որևէ բարդություն չի եղել: Սակայն ես չէի հասկանում` ո՞րն է կանադացին, ինձ համար անընդունելի էր, որ մի քանի սերունդ այնտեղ ապրողը և մի քանի օր առաջ եկածը նույն կանադացին են:  Իսկ Հայաստանում ուրիշ է`մի ազգ է, մի մշակույթ, մեզ միավորում են նույն ցավերը, նույն նպատակը, և դա ինձ ավելի հոգեհարազատ է»:

Րաֆֆին սկսում է պայքարել Հայաստանի համար: Բոլոր հայկական նախաձեռնություններին արդեն մասնակցում է ոչ թե պարտադրաբար, այլ մեծ ցանկությամբ: Ավելին, քոլեջում և համալսարանում հայ ուսանողական միություն է հիմնում: Երկու տարի առաջ նա մի ծրագրով գալիս է Հայաստան աշխատելու և որոշում է մնալ: Այժմ արդեն սեփական բիզնեսն է հիմնել բարձր տեխնոլոգիաների ծառայությունների ոլորտում, որը գտնվում է Գյումրիում: Ասում է, որ մարզերը պետք է զարգացնել, այնտեղ նույնպես ներուժ կա: Աշխատում է նաև իր մասնագիտությամբ` քաղաքական տնտեսագիտությամբ` խորհրդատվություն իրականացնելով տարբեր կազմակերպությունների համար:

Րաֆֆին սիրում է Հայաստանը և անկեղծորեն զարմանում, որ մարդիկ այստեղից հեռանում են: Մյուս կողմից`  խիստ քննադատաբար է վերաբերվում իշխանություններին և հասկանում, որ լուրջ քայլեր են անհրաժեշտ երկրի վիճակը փոխելու համար: Ինչ վերաբերում է հայկական մտածելակերպին, ապա շփվելով հայերի հետ աշխարհի տարբեր վայրերում` նկատել է, որ նրանք  ամեն տեղ նույնն են` սիրում են տխուր հոգեվիճակը. «Երբ հային հարցնում ես` ո՞նց ես, երբեք չի ասում` լավ, միշտ ասում է` ոչինչ, վատ կամ շատ վատ: Հայերն իրենց մեջ մտցրել են, որ չի կարելի լավ կյանք ունենալ, և եթե հայ ես, ուրեմն պիտի դժգոհ լինես: Շատերը նույնիսկ մտածում են, որ օտար երկիր գնալուն պես իրենց կյանքը կփոխվի: Ոչ, էդպես չի»,- ասում է նա:

Նաև նկատել է, որ հայերը սիրում են ուրիշին մեղադրել, բայց երբեք սեփական սխալները չեն ընդունում: Օրինակ, երբ տաքսի է նստում, վարորդը հարցուփորձ է անում և երբ իմանում է, որ Կանադայից է եկել, զարմանում է, ասում, թե այստեղ ի՞նչ կա, բոլորը խաբում են, սուտ են խոսում և այլն. «Բայց վերջում նույն վարորդը մինիմալ ճանապարհի համար ինձանից 2000 դրամ է ուզում… և կարծում է, որ եթե գնա Կանադա, ապա իր բոլոր խնդիրները կլուծվեն: Ոչ, որովհետև ինքն է անառողջ, նախ ինքն իր մեջ պետք է խնդիրները լուծի»:

Րաֆֆին նաև զարմանում է, որ բոլորը դժգոհ են, բայց չեն պայքարում իրենց իրավունքների համար, մինչդեռ Կանադան հեշտությամբ ձեռք չի բերել այն, ինչ այսօր ունի. մարդիկ 200 տարի պայքարել են դրա համար: Այնուամենայնիվ, նա երիտասարդների մեջ ներուժ տեսնում է և հավատում, որ երիտասարդությունը պիտի փոխի հայաստանյան իրավիճակը. «Վախը միայն այն է, որ շատերը գնացել են և կարող է` այդ մի փոքր առողջ հատվածն էլ գնա»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է իրեն, ապա իր համար Հայաստանը լավ երկիր է, և կնախընտրեր իր զավակներին այստեղ մեծացնել: «Ես հարգում եմ իմ իռլանդական, կանադական արմատները, բայց իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Իսկ իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում»,- ասում է նա:

 

 

Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են ի հայտ գալիս

syria-civil-war-spreading-to-lebanon (1)Սիրիայում ավելի քան երկու տարի ձգվող իրավիճակը սրել է իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում: «Անկախը» բազմիցս ներկայացրել է տարբեր արևելագետների, ուսումնասիրողների ու փորձագետների կարծիքներ, ըստ որոնց` սպասելի էր, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը դուրս կգար բուն Սիրիայի սահմաններից և կտարածվեր հարևան երկրներում, առաջին հերթին` Լիբանանում:

 Սիրիան դեռ «չմարսած»` Լիբանանն ակտիվացավ

Որ հենց այդպես էլ կլինի, նշել էին հայ փորձագետներից թե՛ Ռուբեն Սաֆրաստյանը, թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Լևոն Մելիք-Շահնազարյանը. բոլորը: Եվ նրանց կանխատեսումները երկար չսպասեցրին. վերջին օրերին Սիրիային զուգահեռ, իրավիճակը կտրուկ սրվեց նաև հարևան Լիբանանում:

Նախ` Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքի ալավիների և սունիների թաղամասերի միջև ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի գնդացիրների  կիրառմամբ դաժան փոխհրաձգություն էր սկսվել դեռևս մայիսի 19-ին, զոհվել էր առնվազն 9 մարդ, վիրավորների թիվը գերազանցել էր 60-ը: Թեև Տրիպոլիում տեղակայվել էին լիբանանյան բանակի և ժանդարմության ստորաբաժանումները, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը մարտերն առավել թեժացան, ինչի հետևանքով քաղաքում ևս 6 մարդ զոհվեց, 27-ը վիրավորվեցին: Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայիզ Հոսնը հանդես է եկել իրադրության լրջության վերաբերյալ նախազգուշական հայտարարությամբ: Ըստ նրա` Տրիպոլիում միջկրոնական բախումներ հրահրելու փորձերը կարող են  ընդգրկել ամբողջ երկիրը և ներգրավել բոլորին` առանց բացառության: Նախարարը վստահեցրել է, որ բանակը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ`  երկրում ամբողջականության պահպանման,  կայունության և անվտանգության ապահովման համար:

Սակայն դրանից հետո Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը հայտնեց, որ մայիսի 23-ին քաղաքում սաստկացել է փոխհրաձգությունը: Լիբանանյան հեռուստատեսության ցուցադրած կադրերում երևում է, որ բնակելի թաղամասերում կրակոցներ են, կան կիսավեր տներ: Այդ օրն ալավիների ու սունիների միջև բախումների զոհ դարձավ ևս 9 հոգի: Դրանից հետո արդեն հակամարտության գոտուց արձակված երեք հրթիռներ պայթեցին պաղեստինցի փախստականների Ալ Բադաուի ճամբարի մոտ` վնասելով 3 մարդու:

Մի խոսքով` Լիբանանում այս օրերին ստեղծված իրավիճակը խիստ նմանվում է սիրիական «սցենարին»: Արտաքին աշխարհի դերակատարները, ինչպես բազմիցս նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, ամեն ինչ արեցին,  որ իրավիճակը լարվի արաբական այս երկրում ևս, որտեղ առանց այն էլ սիրիական իրադարձությունների ազդեցությամբ, իրավիճակը շարունակում էր պայթյունավտանգ մնալ:

Հատկանշական էր, որ այս «միջադեպերը» տեղի են ունենում այնպիսի իրադարձություններին զուգահեռ, ինչպիսին է մայիսի 23-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից  միաձայն բանաձևի ընդունումը, որն Իսրայելին աջակցում է իրանական միջուկային սպառնալիքի դեմ ուղղված ցանկացած գործողությունների դեպքում:

«Եթե Իսրայելը ստիպված  լինի իր ժողովրդին իրանական միջուկային ծրագրից պաշտպանելու համար պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի հրեական պետությանը՝ օգտագործելով ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ռեսուրսները»,- նշված է բանաձևում, որով նաև կոչ է արվում խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Այս բանաձևի ընդունումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի անցկացման հարցերն է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Ու այս համատեքստում ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները մայիսի 27-ին Բիշքեկում ստորագրեցին Սիրիայի հարցով միջազգային  խորհրդաժողով հրավիրելու մասին ռուս-ամերիկյան նախաձեռնությունը: ՀԱՊԿ ԱԳ նախարարների  ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս սիրիական հակամարտության շուտափույթ հաղթահարման օգտին` հենց սիրիացիների ջանքերով և Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելով: «Այդ առնչությամբ ՀԱՊԿ երկրներն անհրաժեշտ են համարում այդ երկրում բռնությունների անհապաղ դադարեցումը, որտեղից էլ դրանք գան, լայն քաղաքական երկխոսության սկսումն իշխանությունների և ընդդիմության միջև` առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրները «վճռականորեն դատապարտում են խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչության և բռնության ցանկացած դրսևորում» և հանդես են գալիս ընդդեմ հակաիրավական գործողությունների, որոնք ուղղված են Սիրիայում ներքին հակամարտության ռազմականացմանը, ներառյալ` զինված ընդդիմության գրոհայիններին զենքի մատակարարումները:

Այսինքն` Մերձավոր Արևելքի գործընթացները մտնում են ակտիվ միջնորդությունների փուլ. արտաքին ուժերն ակտիվացնում են իրենց լծակները սիրիական խնդրում:

Լիբանանը չէր կարող «չազդվել» սիրիական զարգացումներից

Իսկ ինչո՞ւ պետք է սիրիական սցենարները «արտահանվեին» Լիբանան. կամ ի՞նչ կապ ունի Լիբանանը սիրիական զարգացումների հետ: Նշենք, որ սիրիական գործոնն ամենաազդեցիկն է Լիբանանի քաղաքական ու տնտեսական կյանքում. մինչև 2005 թվականը, երբ սիրիական զորքերը դուրս բերվեցին Լիբանանից, այս երկրի համար բոլոր կարևոր որոշումները կայացվում էին հարևան Սիրիայի մայրաքաղաքում: Նույն ազդեցությունը նաև այսօր է զգացվում, քանի որ Բաշար Ասադն ալավի է, այսինքն` Լիբանանի բնակչության մեծամասնությունը, որ նույնպես ալավի է, նրա կողմնակիցներն են: Իսկ նրան դեմ է հիմնականում երկրի սունի մահմեդական բնակչությունը, որին աջակցում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան ԱՄԷ-ն և այլք, որոնք Սիրիայում  օժանդակում են հակակառավարական զինված խմբավորումներին:  Ահա Տրիպոլիում  մահմեդական ահաբեկչական խմբավորումները ցանկանում են ստեղծել անկախ էմիրություն, ինչին նպաստում է սուննիական աշխարհը` ի դեմս Թուրքիայի:

Իսրայելն ու Արևմուտքը, ինչպես գիտենք, ձգտում են «նվաճել» ևս մեկ էներգակիրներով հարուստ երկիր` Իրանը, քանի որ վերջինս չի ենթարկվում նրանց թելադրած խաղի կանոններին: Հետևաբար,  Արևմուտքը նախևառաջ պետք է շարքից հանի Սիրիային, ինչպես բազմիցս նշվել է: Այդ դեպքում տարածաշրջանի իրանամետ երկրներից մյուսը` Լիբանանը, ինքնըստինքյան կթեքվի Արևմուտքից «փչող քամուն» համընթաց: Սակայն երբ Սիրիայում Արևմուտքի «գործերը» դանդաղում են, պարզ է, որ աշխարհի հզորները պետք է փորձեն թուլացնել Սիրիայի իշխանությունների բոլոր հենակները, ներառյալ` Լիբանանում ստեղծեն խառնակ իրավիճակ: Սա մի քանի նպատակ կարող է ունենալ. նախ` ի դեմս Լիբանանի ալավիների, հզոր աջակցությունից զրկել Բաշար Ալ Ասադի վարչակարգին, և երկրորդ` տարածաշրջանում ստեղծել այնպիսի վիճակ, որ ցանկացած պահի հնարավոր լինի հայտարարել, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով այդտեղ պետք է խաղաղապահ զորքեր մտցվեն:

 

Իհարկե, մինչ այժմ Արևմուտքը տարածաշրջանն ապակայունացնելու գրեթե բոլոր գործողություններն իրականացրել է Թուրքիայի միջոցով: Որովհետև Թուրքիան, որ կարծես եվրաինտեգրման հույսը կտրել է, իր արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել է դեպի Արևելք, ու Մերձավոր Արևելք` առաջին հերթին:  Հետևաբար, Թուրքիան ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում մեկը մյուսի հետևից երկրները ներքին խառնակություններ ունենան ու դրանով իսկ թուլանան: Դա միմիայն կուժեղացնի Թուրքիայի դիրքերը` իր նեոօսմանիզմի գաղափարներով հանդերձ:

Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին մեզ` հայերիս համար,  քանի որ այս զարգացումնեը տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ, բացի այդ,  ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունի հենց Թուրքիան, որը Սիրիայի օրինակով ցույց տվեց, որ իր հիմնական թիրախները մնում են իր պետական սահմաններին սահմանակից երկրների հայկական գաղթօջախները:

 

Մոռացել ենք առաջին hանրապետության ղեկավարների ազնվությունը

այրերՀայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը: Ճիշտ է, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ժամանակ պետականությունը` անկախությունը, մեր ժողովրդին տրվեց իրադրության հանգամանքների պայմաններում, բայց այն մեզ չտրվեց ինքնըստինքյան, ինչպես երկար ժամանակ նշվում էր:

  Ուրիշները անկախություն ստացան, մենք` վերանվաճեցինք

Հիշենք, որ 1918 թ. դեռևս գործում էր Անդրկովկասյան սեյմը, որը բաղկացած էր հայերի, վրացիների և ադրբեջանցիների ազգային խորհուրդներից: Այդ ժամանակ թուրքական կողմը պահանջում էր առանձին երկրների հետ պայմանագրերի կնքում, և կովկասյան իշխանություններն էլ արդեն որոշ չափով հեղինակազրկվել էին: Այս իրավիճակում մայիսի 26-ին Սեյմը նիստ գումարեց, ու հենց այդ նիստի ժամանակ էլ լուծարվեց: Դրանից հետո Վրաց ազգային խորհուրդը մայիսի 26-ին նիստ գումարեց ու Վրաստանը հայտարարեց անկախ: Դրա հաջորդ օրը` մայիսի 27-ին, արդեն Ադրբեջանի ազգային խորհուրդը նիստ գումարեց և անկախ հռչակեց թաթարական այդ պետությունը` Ադրբեջանական Հանրապետությունը: Եվ այդ պայմաններում Հայաստանն արդեն մնացել էր միայնակ: Ուստի մայիսի 28-ին էլ Հայոց ազգային խորհուրդը Հայստանը հռչակեց անկախ պետություն, Թիֆլիսում էլ իրեն հռչակեց Հանրապետության գերագույն մարմին:

Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2.5 տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում ստեղծվեցին օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններ, իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ, օրենքներ մշակվեցին, որ պետք է դրվեին շրջանառության մեջ և այլն:

Բայց, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի անկախությունը ինքնըստինքյան չկայացավ, դրա համար հայ ժողովուրդը դեռ պետք է հերոսամարտ մղեր: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվեց այնպիսի ծանր պայմաններում, երբ միայն 180 հազար հոգի զոհ գնացին սովին ու համաճարակներին, այդ ժամանակ Էջմիածնում և հարակից շրջաններում կային ավելի քան 450 հազար գաղթականներ և այլն: Այս պայմաններում նորաստեղծ պետականության իշխանությունների գերխնդիրները շատ-շատ էին. պետք էր այդ մարդկանց կերակրել, օթևանով ապահովել, աշխատանք տալ և այլն: Եվ այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով ու այդպիսի ծանր պայմաններում, թուրքական հոծ բանակի սպառնալիքի ներքո, հայերը վերագտան իրենց անկախությունն ու պետականությունը: Այդ իսկ պատճառով արդարև Հայաստանի երրորդ Հանրապետությունը համարվում է առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը:

Եթե համեմատենք առաջին և երրորդ հանրապետությունների ձևավորման սկզբնական ժամանակները, ապա տեսնում ենք, որ որոշակի տարբերություններով,  բայց իրավիճակային խիստ նմանություններ կան` սով, գաղթականություն, աղքատություն, պատերազմ առաջին հանարապետության դեպքում և երկրաշարժ, պատերազմ, ԽՍՀՄ փլուզում, թուրք-ադրբեջանական շրջափակում, այս անգամ Ադրբեջանից հայ փախստականների հոսք դեպի հանրապետություն և  երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրերին:

 Առաջին հանրապետության ղեկավարների տված դասերը չենք սերտել

Չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, թե ինչպես գոյատևեց այդ 2.5 տարիներին առաջին հանրապետությունը, և ինչու կորցրեց իր անկախությունը, անցնենք այլ հարցի:

Այժմ արդեն անհրաժեշտություն է առաջանում հիշել, որ առաջին Հանրապետության ղեկավարներն ազնիվ մարդիկ էին, ինչպես հիմա պնդում են պատմագետներն ու պատմաբանները:

Բերենք մի քանի օրինակ: Հովհաննես Քաջազնունին, որ առաջին հանրապետության վարչապետն էր 1919 թ., գտնվելով ծանր սոցիալական վիճակում ու գումար չունենալով, արտասահման մեկնեց` վաճառելով իր վերարկուն ու դրանից ստացված գումարով տոմս գնեց: «Հավաստի տվյալներ եմ ասում. քանի որ հնարավորություններ չունեին, պետությունը սուղ միջոցներ ուներ ու պայմանների տեսանկյունից բավականին ծանր վիճակում գոյատևող պետություն էր, ու հենց այդ պայմաններում վարչապետը ստիպված էր Ամերիկա մեկնելուց առաջ վաճառել իր վերարկուն ու ստացված գումարը ծախսել տոմս գնելու վրա: Եվ հետաքրքիրն այն է, որ մինչ 1919 թ. մարտից մայիսն ընկած շրջանը, երբ Հայաստանն արտասահմանից առաջին օգնությունը ստացավ, նա թողեց վարչապետությունը` զբաղվելու համար այդ օգնությունը Հայաստան հասցնելու գործերով, քանի որ գլխավորը դա էր համարում»,- առաջին հանրապետության ղեկավարների մասին պատմում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Մի ուրիշ օրինակ է այն փաստը, որ Հայաստանի առաջին Հանրապետության ՛ վարչապետներ Քաջազնունու և Համո Օհանջանյանի որդիները զոհվեցին 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ:

Հարկ է հիշել, որ Էջմիածնի վեհարանի դռները Հովհաննես Թումանյանի պահանջով բացվեցին գաղթականներին օթևան տալու համար: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտերին մասնակցում էին բոլորը` սկսած կաթողիկոսից, գրողներից և վերջացրած հարուստներով, գյուղացիներով, ժողովրդով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից գլխավորը` Արամ Մանուկյանը. մահացավ այդ օրերին հազարավոր հայերի կյանք խլած համաճարակից` բծավոր տիֆից: Որովհետև, ինչպես նշում են պատմաբանները, Երևանի դիկտատորը հրաժարվել էր իրեն հասանելիք դեղամիջոցից, որպեսզի իր բաժին  դեղով ուրիշ` աղքատ մարդիկ ապաքինվեին:

«Այսօրվա ղեկավարության մեջ էլ, իհարկե, նվիրյալ մարդիկ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ինքնազոհողության, բայց այն նվիրումը, որ այն ժամանակվա ղեկավարության մեծ մասի մոտ կար, այսօր, ցավոք սրտի, ոչ բոլորի մոտ կա: Ընդհանուր առմամբ եմ ասում, երբ ղեկավարներին համեմատության մեջ ենք դնում, այն ազնվությունը, ազնիվ մղումը հիմա ես չեմ կարծում, որ ղեկավարության մեջ լինի այնքան շատ, ինչքան առաջին հանրապետությունում, ավելի շատ շահադիտական նկատառումներ եմ տեսնում այսօր: Մյուս կարևոր հանգամանքը. նրանք չէին խորշում անգամ իրենց որդիներին բանակ զորակոչելուց, ինչպես Համո Օհանջանյանի որդին զոհվեց հենց պատերազմի ժամանակ: Եվ բոլոր ղեկավարների զավակների միջև հավասարություն էին դնում, տարբերություն չկար մեծահարուստի, պաշտոնյայի ու հասարակ քաղաքացու միջև: Իսկ այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է մեկնում ծառայության, ու մեկնելիս էլ ինչպիսի՞ պայմաններում է ծառայում»,- նշում է Էդիկ Մինասյանը:

Այսպիսի օրինակներն առաջին Հանրապետության ղեկավարների մեջ շատ են:  Ու հենց նրանց ջանքերի շնորհիվ էր, որ առաջին շրջանում պետականության կառուցումը կայացավ: Մենք, իսկապես, շատ դասեր ունենք քաղելու այդ ղեկավարներից, առաջին հանրապետության կարճ, բայց բուռն ու բովանդակալից գոյության պատմությունից: Հենց այն պարզ պատճառով, որ պատմությունը շատ հաճախ կրկնվում է:

Եվ երբ նայում ենք առաջին հանրապետության ղեկավարների վարքին ու կենցաղավարությանը,  ապա նայում ենք նեկայիս հանրապետության «էլիտայի» վարքուբարքին, հարց է առաջանում` ներկայիս հանրապետության ղեկավարները դասեր քաղե՞լ են առաջին հանրապետության ղեկավարների  թե՛ սխալներից, թե՛   ուսանելի փորձից ու կենսակերպից: Եվ ուզո՞ւմ են քաղել:

 

 

Այն ամենը, ինչ պետք է անի կառավարությունը 2013-ին…

10428_am_4Անցյալ շաբաթ` թեժ քննարկումներից հետո, Ազգայն ժողովը հաստատեց կառավարության 2013 թվականի ծրագիրը:  Ըստ ներածության` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ` իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր` յուրաքանչյուր հայի համար: 

Խոստանում է կառավարությունը

«Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում: Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ` միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն: Կրթությունը և աշխատանքը դառնալու են աղքատության դեմ պայքարի մեր հիմնական զենքը»,- նշվում է ծրագրում:

Բայց կառավարության ներկայացրած ծրագիրը խոստանում է նաև, որ յուրաքանչյուր ոք կստանա որակյալ կրթություն և բժշկական օգնություն ու սպասարկում` անկախ բնակության վայրից, հանրային դիրքից և եկամտի չափից: Քայլեր կձեռնարկվեն միջին մասնագիտական կրթության ոլորտն ընդլայնելու ուղղությամբ, անապահով ընտանիքների երեխաները կունենան անվճար ուսում ստանալու հնարավորություն: Աստիճանաբար կընդլայնվի առողջության ապահովագրության համակարգը` ապահովելով բոլոր քաղաքացիների համար բժշկական ծառայությունների լայն տեսականու մատչելիություն:

Գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Ներկայիս կենսաթոշակների աճին զուգընթաց` այն հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիների տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և նույնչափ պետությունից` որպես աջակցություն ստացած գումարները: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կապահովի թե՛ նվազագույն կենսաթոշակ բոլորի համար, թե՛ ավելի արդարացի աշխատանքային կենսաթոշակ` համակարգի մասնակիցների համար:

«Նշված բոլոր փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն տնտեսության աճի և զարգացման պայմաններում: Տնտեսական աճ կարող ենք ապահովել արդար, օրենսդրորեն հստակ կարգավորված պայմանների պահպանման և միաժամանակ տնտեսվարողին հասցեական, թափանցիկ աջակցություն ապահովելու դեպքում: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աշխատատեղ ստեղծող և արտահանում ապահովող ձեռնարկությունները կստանան առարկայական և թիրախային օժանդակություն»,- ասում է կառավարությունը և հավելում, որ յուրաքանչյուրը պետք է վճարի իր ունեցվածքին և եկամտին համապատասխան հարկեր:

Ծրագրին կողմ քվեարկածները համաձայն են այն մտքին, որ ՀՀ կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները` նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Հայաստանում շատ ծրագրեր են «գերեզման իջել»

Բայց փոխարենը համակարծիք չեն ընդդիմության` Աժ-ում կառավարության ծրագրին դեմ քվեարկած ներկայացուցիչները: Մեր երկրում «ավանդաբար» այնպես է ստացվել, որ ազգաբնակչությունը հիմնականում դժգոհում է: Ու նաև այնպես են դասավորվել իրադարձությունները, որ ընդդիմությունը, հատկապես վերջին մի քանի տարիներին, անընդհատ քննադատել է իշխանություններին ամենալուսեղ և իրատեսական ծրագրերն անգամ ձախողելու մեջ: Կառավարության այս տարվա ներկայացրած ծրագիրն էլ բացառություն չէր. ընդդիմությունը բացթողումներն է նշում.

մինասյան«Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է` մշուշոտ և անհեռանկարային կետերով: Թիրախային չէ և տարեկան կտրվածքով ցուցանիշներ չի ծրագրված, ինչը դարձնում է անվերահսկելի»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ կառավարության 2013 թվականի ծրագրի մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` նույն անվերահսկելիության հետևանքն է, որ կառավարությունը պատասխանատվություն չի կրել նախորդ ծրագրի չիրականացման համար: Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել այս ծրագրին, քանի որ կան նաև լուրջ բացթողումներ: «Ոչ միայն նոր ատոմակայանի, այլև ազգային փոխադրողի մասին, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է: Եթե այս ամենին գումարենք գյուղոլորտի ծանր վիճակն ու թանկացումները, որ շղթայական ռեակցիայի ազդեցություն կարող է ունենալ ժողովրդի կենսամակարդակի վրա, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները ունակ չեն իրականացնելու երկրում հիմնարար բարեփոխումներ»,-  ասաց Արծվիկ Մինասյանը:

Նման կածիք ունի նաև ոչ խորհրդարանական գործիչ, տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նրա համոզմամբ` կառավարությունն արդեն ցույց է տվել, որ իր ծրագրերին չպետք է լուրջ վերաբերվել, որովհետև նախորդ 5 տարիներին ներկայացված բոլոր  խոստումները, որ տվել է` չեն իրականացվել:

«Եվ այն  մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվել են, հիմք  են տալիս ենթադրելու, որ անիմաստ է քննարկել անորոշ ձևակերպումներով և ոչ մի կոնկրետություն չպարունակող ծրագիրը: Միակ հիմնական տոկոսները, որ խոստացվել են այս ծրագրով, 5-7 տոկոս ՀՆԱ աճն է. Ու սպասվող գնաճի պայմաններում անվանական ՀՆԱ-ի աճը նույնիսկ ավելի շատ կարող է լինել, բայց դա որևէ կապ չի ունենա իրական տնտեսական փոփոխությունների հետ: Այսինքն` սպասվող ինֆլյացիան ոչ միայն 5-7 տոկոս, այլև երկնիշ թվով ՀՆԱ աճ ցույց կտա, բայց դա վճարունակ պահանջարկի և ժողովրդի եկամուտների հետ ոչ մի կապ չի ունենա»,- ասաց տնտեսագետը:

Ըստ էության` կառավարության ներկայացրած ծրագրում իրոք պակասում են թվային և ցուցանիշային արտահայտությունները, ինչը սովորաբար արվում է այն ժամանակ, երբ ծրագիր գրողը վստահ չէ, որ կիրականանան իր ծրագրային դրույթները: Այսինքն` չկան թվեր, հետևաբար չկա նաև կոնկրետ ցուցանիշ, որը կարող են պահանջել ընդդիմախոսներն այդպիսի ծրագիր ներկայացնողից:

Andranik TevanyanԱյսինքն` իրոք ակնհայտ է, որ Հայաստանում գազը թանկանում է, էլեկտրաէներգիան նույնպես, հետևաբար` շղթայական ռեակցիայով այդ թանկացումները կտարածվեն բոլոր ոլորտներում: Սա նշանակում է, որ զուտ տոկոսային արտահայտությամբ երկրի համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, ավելի մեծ թվային արտահայտություն կունենա տարեվերջին: Բայց եթե ՀՆԱ աճն այնպիսին չէ, որ ապահովի վճարունակ պահանջարկի աճ, այսինքն` մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտներ ունենալ և դառնալ ավելի գնողունակ, ապա այդ ՀՆԱ ցուցանիշը, եթե կատարվի, անգամ գերակատարվի էլ, ոչ մի տարբերություն չի լինելու:

Բայց քանի որ կառավարության անդամները պնդում են, համոզված են, որ իրենց ծրագիրը լավ, իրատեսական ու իրականանալի և Հայաստանի ներկա պահանջերին համապատասխան ծրագիր է, սպասենք, թե ինչպես կիրականացվի այս հերթական ծրագիրը:

Հարկ է նշել մեկ հանգամանք ևս. նախորդ տարիներին, երբ կառավարությունը ինչ-որ ծրագիր էր ներկայացնում, ընդդիմադիր ուժերի կողմից, նրանցից գոնե մեկնումեկը, ներկայացնում էին նաև այլընտրանքային ծրագիր: Բայց այս տարի այդ այլընտրանքային ծրագիրն էլ չկա, ու կառավարության ծրագիրը հենված է ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի դրույթների վրա:

 

Խորոված դդմիկ` պանրով ու լոլիկով

խոհանոց2Սա պարզ բաղադրատոմս է, պատրաստվում է շատ արագ, ջեռոցում:

Կարելի պատրաստելնաև բադրիջանով. համեղ է ստացվում: Պանիր կարելի է դնել ոչ միայն վրայից, այլև բանջարեղենների արանքում:

Բաղադրությունը

1-2 դդմիկ (ցանկալի է` մատղաշ)

լոլիկ 2-3 հատ

պինդ պանիր` 50 գ

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Դդմիկը կամ բադրիջանը կտրատել  շրջանաձև 1,5-2 սմ հաստությամբ,համեմել աղով ու պղպեղով, եփել 7 րոպե 1800 տաքացված ջեռոցում:

Ապա, յուրաքանչյուր շերտի վրա լոլիկի շրջանաձև կտրած կտոր դնել ու եփել 5 րոպե: Տապակը հանել ջեռոցից, յուրաքանչյուրի վրա պանիր քերել ու կրկին դնել ջեռոցը: Պանիրը պետք է հալչի:

Այն համեղ է թե՛ տաք և թե՛ սառը վիճակում: Ցանկության դեպքում կարելի է պանիր քերել յուրաքաչյուր շերտի արանքում: Վրայից թեթևակի մայոնեզապատել ու կտրատած կանաչի ցանել (համեմ, սամիթ):

Արյեն Ռոբենը`«Բավարիայի» հրեշտակ

ռոբենԼոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ  Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: «Բավարիան» 5-րդ  անգամ ուժեղագույն ճանաչվեց  եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրացաշարում և այժմ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին» ու իտալական  «Միլանին», որոնց հաջողությունն ուղեկից է եղել 9 և 7 անգամ:

Գերմանական հակամարտությունը ստացվեց: Թեև գրավախաղերի կազմակերպիչները հանդիպումից առաջ նախապատվությունը տալիս էին Գերմանիայի վերջին առաջնության չեմպիոն «Բավարիային», խաղադաշտում անհաշտ մրցակցություն էր ծավալվել, հավասար պայքար: Ընդ որում, «Բորուսիան» հարձակողական ֆուտբոլ էր խաղում: Իսկ հանդիպման ելքը վճռեց մինչև այդ ՉԼ մրցաշարում անհաջողակ համարվող հոլանդացի Արյեն Ռոբենի 89-րդ րոպեին խփած գնդակը: Ավելի վաղ` 60-րդ և 68-րդ րոպեներին գոլերի հեղինակներ էին դարձել նրա թիմակից Մարիո Մանջուկիչը և «Բորուսիայի» խաղացող Իլկայ Գյունդողանը` 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ: Իսկ Ռոբենը նախկինում  «Բավարիայի» կազմում երկու անգամ խաղացել էր գավաթային այս ստուգատեսի եզրափակչում և իր թիմակիցների հետ պարտվել: Ի դեպ, եզրափակիչ հանդիպման ընթացքում, մինչև խփած վճռական գոլը, նա քանիցս նպաստավոր դիրքերում հայտնվելով, չէր կարողանում գնդակն ուղարկել ցանցից ներս:

Թվում էր, թե Ռոբենի համար ձախորդությունը շարունակվելու է, բայց ֆուտբոլիստը հերոսացավ և ամենայն փառքի տիրացավ: Նրան լրատվամիջոցները կոչեցին  «Բավարիայի» հրեշտակ: Իսկ «Բավարիան» «Միլանից» հետո դարձավ երկրորդ ակումբը, որին հաջողվեց տիրանալ գավաթին նախորդ մրցաշրջանի եզրափակչում կրած պարտությունից հետո:

Փաստորեն, մյունխենցիների համար սփոփանք և մոռանալու առիթ է, որ նախորդ տարի սեփական խաղադաշտում կայացած ՉԼ մրցաշարի վճռական խաղում 11 մ-ոց տուգանային հարվածաշարով զիջել էին Լոնդոնի «Չելսիին»:

Ի դեպ, «Բավարիայի» մարզիչ Յուպ Հայնկեսն իր թիմի հետ երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Նա 1996/97-ին օգնել էր այդ բարձունքը նվաճել Մադրիդի «Ռեալին»:  Ընդ որում,  Հայնկեսը դարձավ 4-րդ մարզիչը, որին հաջողվել է ՉԼ մրցաշարում հաղթել` երկու տարբեր ակումբներ գլխավորելով: Նախկինում այդպիսի հաջողության են հասել Ժոզե Մոուրինյոն («Պորտու», «Ինտեր»),  Էրնստ Հապելը («Ֆեյնորդ», «Համբուրգ»), Օտմար Հիտցֆելդը («Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա»):

Շոկոլադապատ ադի բուդի

ադի բուդիԲաղադրությունը

100 գ ադի բուդի

200գ ելակ

250 գ սև շոկոլադ

4 ճաշի գդալ մեղր

100 գ կարագ

Պատրաստման եղանակը

Շոկոլադը մանրացնել ու  գոլորշու վրա հալեցնել կարագի ու մեղրի հետ: Խառնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված:

Ելակը լվանալ, չորացնել ու մանր կտորներով կտրատել, ապա խառնել ադի բուդիի հետ, վրան լցնել շոկոլադե խառնուրդը և լավ խառնել:

Վերցնել կաղափար ու սննդի թաղանթով ծածկել հատակն ու կողերը, ստացված զանգվածը լցնել վրան, հավասարեցնել ու դնել սառնարանը: Երբ սառչի ու պնդանա, կարելի է  հավասարաչափ կտորներ կտրատել ու մատուցել, կամ էլ սառնարանում պահել մինչև սեղանին դնելը:

Համեղ կստացվի նաև նույնը` եգիպտացորենի ձողիկներով:

Հայերենը ամենահին լեզո՞ւն է

անհայտԼեզուների հայրենիքի տեղորոշման, այդ թվում նաև հայոց լեզվի հարցը, որ սկիզբ է առել  XIX դարում, մինչ օրս շարունակվում է մնալ ոչ միայն լեզվաբանների, այլև մարդաբանների ու հոգեբանների ուշադրության կենտրոնում: Այդ կնճռոտ թեմայի շուրջ էլ զրուցեցինք դասախոս, դոցենտ Նազելի Մարգարյանի հետ, ըստ որի՝ ամերիկացի լեզվաբան Մերրիեթ Ռուհլինի «Լեզուների ծագումը» (1994) գրքում, որը նվիրված է հնդեվրոպական լեզուների նախահայրենիքին, մանրամասն քննարկվում է այդ լեզուների նախահայրենիքի բազմիցս չարչրկված հարցը` համաշխարհային գենետիկական լաբորատորիաների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: «Ըստ այդ ուսումնասիրությունների՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում վերջին 100 տարվա ընթացքում հնագիտական պեղումների արդյունքները բացահայտ ցույց են տալիս, որ առաջին անգամ ամբողջ աշխարհում երկրագործության զարգացումն առաջացել է մոտավորապես 10 հազար տարի առաջ, հայկական լեռնաշխարհում և տարածվել մինչև Միջագետք»,- ասում է Ն. Մարգարյանը: Դրանք հնագիտական փաստեր են, որոնք ընդունվում են հայտնի գիտական կենտրոնների կողմից:

Ուսումնասիրության հեղինակ Ռուհլենը, մանրամասն ու հիմնավոր յոթ վերլուծություններով փաստում է, որ գենետիկ հետազոտությունները հիմնավորում են այն տեսակետը, որ Փոքր Ասիայի և Արևելյան Անատոլիայի հնագույն հողագործների գենն է արտագաղթել Եվրոպա: «Տարօրինակն այն է, որ գենետիկական ճշգրիտ գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք ներկայացրել է գիտնական, հնագետ Ռենֆրիուն, անհիմն մերժվեցին, քանի որ դեռևս 1926 թ. մի շարք գիտնականների՝ Գորդոն Չայդի, Սարիջա Գիմբուտասի և այլոց կողմից ենթադրաբար ընդունվել էր հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը Սև ծովի հյուսիսային ափին՝ Ուկրանիայում գտնվելու մասին վարկածը», – նշում է գիտնականը և հավելում, որ հետագա 80 տարիների ընթացքում այդ թեմային առնչվող բազմաթիվ աշխատություններ են գրվել, սակայն այդ սխալ տեսության հեղինակներից և ոչ մեկը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Նույնիսկ հնդեվրոպական լեզուների մայր լեզվից տրոհման ընդունված ժամանակշրջանը՝ Ք.ա 4000-3000 թթ., որևէ գիտական հիմք չունի: Այդուհանդերձ, վերջին 20 տարիների լաբորատոր գենետիկական հետազոտություններն ապացուցել են, որ հողագործ հնդեվրոպացու գենը Եվրոպա է գաղթել հայկական լեռնաշխարհից առնվազն Ք.ա. 7000-8000 թթ.:

Ն. Մարգարյանի խոսքով` Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի հոգեբանության ամբիոնի երկու գիտնականներ՝ Ռասսել Դ. Գրեյն ու Քվենտին Դ. Ատկինսոնը, հիմնվելով համեմատական լեզվաբանության ուսումնասիրության արդեն գործադրված բոլոր եղանակների վրա,  2003 թ. համեմատելով 87 հնդեվրոպական լեզուները, հերքում են մինչ այժմ շրջանառության մեջ եղած թյուր տեսակետները: Նրանց գործածած նորագույն մեթոդը հաստատեց հնդեվրոպական լեզուների տարանջատման ժամանակաշրջանը, որը սկսվում է 7.800-9800 տարի առաջ:

«Այսօր հնդեվրոպական լեզուներով խոսում է երկրագնդի բնակչության կեսը: Հայոց լեզուն ևս պատկանում է այդ մեծ լեզվաընտանիքին,  սակայն հայերենն իր զբաղեցրած առանձնահատուկ տեղով համարվում է այդ լեզվաընտանիքի հնագույն և ինքնուրույն լեզուներից մեկը,- ընդգծում է գիտնականը:- Հնդեվրոպական հնագույն մշակույթի տարրեր են համարվում մարտական անվավոր կառքը, բրուտագործությունը և մետաղագործությունը»: Հնդեվրոպական տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն էր, որսորդությունը, ձկնորսությունը, հետագայում նաև հողագործությունը, իսկ գինեգործության (Արենու քարանձավի հայտնագործությունները, Ք.ա. IV հազարամյակ) հայրենիքը Հայաստանն է:

լեզուՄասնագետը բացատրում է, որ դեռևս 1970 թ. սկզբին գիտնականներ Թ. Գամկրելիձեն և Վ. Իվանովը նշել են, որ հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը պետք է տեղադրել Առաջավոր Ասիայում, հատկապես Հայկական բարձրավանդակում և Հյուսիսային Իրանում: Այդ տեսակետը հիմնավորելու համար նրանք հիմք են ընդունում հնդեվրոպական և հին արևելյան մշակութային կապը, այնպիսի բույսերի և կենդանիների առկայությունը, որոնք տարածված չեն Հյուսիսում (առյուծ-ինձ, վարդ, խաղող-գինի, նուռ, ցորեն և այլն), հնդեվրոպացիների անվավոր կառքեր ունենալը, որը հատկապես կապված էր առաջավոր Ասիայի՝ Հայկական բարձրավանդակի մետաղի մշակության հետ և խոսում է հնդեվրոպական նախահայրենիքի՝ Կուր-Արաքսյան մշակույթի շրջանի հետ համընկնելու մասին, նշված տարածքին հին հնդեվրոպացի ժողովուրդների՝ հեթերի, հույների և արիացիների մոտ լինելը, անատոլիական հիդրոնիմայի՝ ջրանունների և տեղանունների հնդեվրոպական բնույթը և այլն:

«Ռ. Գրեյի և Ք. Ատկինսոնի կարծիքով` լեզուներն ու գեները, որպես կենսական նյութ, տալիս են անհրաժեշտ տեղեկություններ մարդկային պատմության մասին: Այդուհանդերձ, հնդեվրոպական լեզվաընտանիքի ծագման գենետիկական ուսումնասիրությունները վերջնական արդյունքների չեն հանգեցրել»,- նշում է Ն. Մարգարյանը, բայց և շարունակում, որ մ.թ.ա. II հազարամյակին հայկական լեռնաշխարհը զգալի չափով բնակեցնում էին նույն խուռիները, իսկ հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան ծայրամասերն անմիջականորեն մտնում էին խեթական թագավորության (պատմական Հայաստանի Բարձր և ամբողջ Փոքր Հայքը) և միտանական թագավորությունների կազմի մեջ: Բացի այդ, անվիճելի է այն, որ մ.թ.ա. II հազարամյակի հենց սկզբից անատոլիական լեզուներն արդեն տարածված էին, համենայն դեպս` թերակղզու արևելյան մասում:

«Հայերենի և հեթերենի առնչությունների հարցը գիտնականների ուշադրությունը գրավել է դեռևս այն ժամանակ, երբ հեթերենի գիտական ուսումնասիրության հիմքերը չէին դրվել և հեթերենը հիերոգլիֆ լեզվից դեռևս տարբերակված չէր: Նորվեգացի գիտնական Պ. Ենսենն առաջինը հայտարարեց, որ հեթերը հայերի նախնիններն են: Օրինակ՝  1905-ին լույս տեսած Ամոնին նվիրված հիմների մեջ Hai-t նշանակում է արև, լույս, լուսատու, իսկ 1906-ի բառարաններից մեկում նշանակում է բարձրագույն քրմական կամ հոգևոր կոչում»,-  ասում է մասնագետը: Հայտնի լեզվաբան Ի. Դյակոնովը նույնպես որոշակի անհամարձակությամբ պաշտպանեց Պ. Ենսենի տեսակետը: «Ամենայն հավանականությամբ, նա չի կարողացել դեմ գնալ խորհրդային ընդունված տեսակետին՝  հաշվի առնելով նաև այն, որ ՍՍՀՄ  ԳԱ-ն հենց նրան էր պատվիրել գրել և հիմնավորել ադրբեջանցի կոչվող արհեստածին պետության և ժողովրդի լեզվի մասին: Ուստի նա հստակ դիրքորոշում չի հայտարարել», – բացատրում է Ն. Մարգարյանը: Ըստ նրա՝ հայ-հեթ էթնիկ մարդաբանության տեսակետի օգտին են խոսում նաև XIX – XX դդ. մարդաբանությունը և գերմանացի մարդաբանների ուսումնասիրությունները, որոնք մինչ օրս որևէ մեկի կողմից չեն հերքվել: Ավստրիացի բժիշկ-մարդաբան Ֆելիքս Ֆոն Լուշանը, անդրադառնալով հայերին, գրում է, որ չնայած հաճախ փոփոխվող օտարերկրյա տիրապետողներին` հայերի մարմնակազմական առանձնահատկությունները զարմանալիորեն պահպանվել են միատարր, իրենց նախնական գենին հարազատ: Եվ նրանց կարելի է համարել հին խեթերի անմիջական ժառանգորդը, որոնց արտաքինին՝ գլխի և դեմքի կառուցվածքին քաջ ծանոթ ենք հին ասորական և եգիպտական բարձրավանդակներից:

1          2          3          4          5          6          7          8          9          10

Ա         1          Ժ         10        Ճ          100      Ռ         1000    1111    ԱՌՃԺԱ

Բ          2          Ի          20        Մ         200      Ս         2000    2222    ԲՌՄԻԲ

Գ         3          Լ          30        Յ          300      Վ         3000    3333    ԳՌՅԼԳ

Դ         4          Խ         40        Ն         400      Տ          4000    4444    ԴՌՆԽԴ

Ե          5          Ծ         50        Շ          500      Ր          5000    5555    ԵՌՇԾԵ

Զ          6          Կ         60        Ո         600      Ց          6000    6666    ՋՌՈԿԶ

Է          7          Հ          70        Չ          700      Ու        7000    7777    ԷՌՉՀԷ

Ը          8          Ձ          80        Պ         800      Փ         8000    8888    ԸՌՊՋԸ

Թ         9          Ղ         90        Ջ          900      Ք          9000    9999    ԹՌՋՂԹ

45                    450                  4500                45000  49995  ՂՔՋՂԵ

ԽԵ                   ՆԾ                   ՏՇ                    ԴՐ       ԴՔՋՂԵ

 «Ինչ վերաբերում է ձայնարկման առաջին բաղաձայն  հ-ին, այն կարող է արտացոլել կա՛մ հին հնդեվրոպական p, կա՛մ Hx՝ ձայնարկումները, որոնք անհետացել են համարյա բոլոր ավելի ուշ ձևավորված հնդեվրոպական լեզուների հեթթական խմբում, որին պատկանում են հին հայերի հարևան հին փոքրասիական ցեղերից շատերը: Այդ երկձայնությունն ամենայն հավանականությամբ փոխանցում է ati, ate հին համադրությունը: Այսինքն՝ հին հայկական «հայ» անվանումը պետք է վերագրել ավելի հին Hati-ին կամ pati-ին: Այդ իսկ պատճառով  ենթադրություն ենք անում, որ հին հայերի ինքնաանվանումն եղել է հաթթի, Hxat(t)i՝ հայ», – կարծիք է հայտնում մասնագետը, որի համոզմամբ` հայ մատենագրության մեջ Անանիա Շիրակացին առաջինն էր, որն օգտագործել է նախաքրիստոնեական շրջանից դեռևս գործածության մեջ գտնվող տոմարական անուններ և հաշվարկներ, որոնց հիմքում ընկած էր հին հայկական մեհենական տոմարագիտությունը: Այդ մասին են վկայում նաև հայկական ամսօրերի անվանումները: Շիրակացին մատնանշում է այն թվաբանական աղյուսակը, որտեղ պարզորոշ երևում է հայոց բուն թվականը: Ստորև ներկայացնում ենք այդ ձեռագրից մի պատառիկ, որն ապացուցում է գիտական այդ բացահայտումը՝ համոզիչ կերպով հիմնավորված Գրեյի և Ատկինսոնի կողմ

«Այդ ձեռագրում որպես հայոց բուն թվական ներկայացված է մաթեմատիկական ճշգրտությամբ ՑՇ-ն, այսինքն՝ 6500 թիվը, որը մինչև Քրիստոսի ծնունդը Հայ ժողովրդի կողմից գրանցված, հաշվարկված տարիների թիվն է: Ըստ պատմական լեզվաբանության ուսումնասիրության՝ հայոց լեզվի տարիքը 7300 է, հեթիթերենինը՝ 8700, թոխարերենինը՝ 7900: Եթե 6500-ին գումարենք ևս 2000 տարի՝ Քրիստոսի ծննդից մինչ այժմ, ապա  հայերենի ճշգրիտ թիվը 8500 է», – եզրափակում է Ն. Մարգարյանը:

Պատրաստեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ

Իրավական մշակույթի կարևորությունն առօրյա կյանքում

իրավական մշակույթԱյսօր Հայաստանի Հանրապետությունը իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում է, որն անհնար է առանց քաղաքացիների իրավական մշակույթի բարձրացման և ակտիվ կենսադիրքորոշման ձևավորման: Այդ ճանապարհին կարևոր շարժիչ ուժ է համարվում ոչ միայն պետական իշխանության մարմինների նպատակասլաց քաղաքականությունը, այլև քաղաքացիների կողմից այդ հիմնախնդիրների լուծմանը գործուն աջակցություն ցույց տալը: Սակայն նախքան այդ գործին լծվելը քաղաքացիները պետք է լիովին պատրաստ լինեն դրան, որը ենթադրում է անհրաժեշտ և ցանկալի գիտելիքների առկայություն: Մի բան, որին կարելի է տալ իրավական մշակույթ բնորոշումը:

Քաղաքացիների և ամբողջ հասարակության իրավական մշակույթի բարձրացման համար անհրաժեշտ է տնտեսական, քաղաքական, կազմակերպական, վարչական, դատական, դաստիարակչական, կրթական միջոցառումների համալիր, որոնք կոչված են հարգանք սերմանելու իրավունքի նկատմամբ և խթանելու դրական իրավական ակտիվությունը: Իրավական մշակույթի հիմնական նպատակն է հասնել հասարակության յուրաքանչյուր անդամի իրավաչափ վարքագծի: Հասարակության իրավական մշակույթն ուղղակի ազդեցություն է  ունենում անձի իրավական մշակույթի վրա, ինչպես նաև անհատական իրավագիտակցության վրա:

Անձի իրավագիտակցության կայացման քաղաքակիրթ ուղին իրավական դաստիարակությունն ու կրթությունն է, որն օգնում է գիտակցելու իրավունքի սոցիալական արժեքը, հասկանալու գործող օրենքների իմաստը, դրանց կարևորությունը: Ընդ որում, բախվելով բացասական երևույթների, մարդը դրանք ընկալում է ոչ թե որպես կյանքի նորմ, այլ որպես անոմալիա, որոնք հակասում են իրավունքին և պահանջում են վերացնել դրանք:

Իրավական դաստիարակությունն անձի իրավական սոցիալականացման կարևորագույն բաղադրատարր է, որը բնութագրվում է որպես միջոցների համակարգ, որոնք ուղղված են իրավական նորմերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորմանը: Նրա նպատակն անհատի մեջ սեփական արարքները հասարակության  համար ընդունելի իրավական նորմերի հետ հարաբերակցելու սովորության ձևավորումն է, ինչը նպաստում է նրա իրավական մշակույթին: Իրավական դաստիարակությունը, լինելով անհատի իրավագիտակցության ձևավորման կարևոր միջոց, սահմանում է նաև իրավական մշակույթի մակարդակը:

Իրավական կրթությունը քաղաքացու մեջ և հասարակությունում իրավական մշակույթի մասին գիտելիքների, հմտությունների և ունակությունների ձևավորումն է: Այն ներառում է`

  • իրավունքի և նրա բովանդակած մարդասիրական սկզբունքների, հասարակությունում գործող իրավական նորմերի, դրանց կիրառման, քաղաքացիների իրավունքների, ազատությունների, պարտականությունների, դրանց իրացման եղանակների, այդ իրավունքների և պարտականությունների պաշտպանության մասին համակարգված գիտելիքներ,
  • հարգանք դեպի իրավունքը, իրավակարգի խախտման չընդունումը, օրինապահ դիրքորոշում, իրավական գիտելիքների գործնական կիրառում անձնական կենսական խնդիրների լուծման համար, իրավական կարգադրությունների ընդունում և դրանց կատարման համար անհրաժեշտ կամք դրսևորելու պատրաստակամություն,
  • անձի` իրավունքների և ազատությունների գիտակցված իրացմամբ արտահայտվող սոցիալապես օգտակար վարքագիծ, քաղաքացու պարտականությունների ազնիվ և բարեխիղճ կատարում, կյանքի տարբեր իրավիճակներում իրավաբանորեն գրագետ գործելու կարողություն և այլն:

Գործնական տեսանկյունից իրավական մշակույթն անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, կարողանա իրականացնել և իրավական միջոցների օգնությամբ պաշտպանել դրանք:

Հենց ամենօրյա հարցերի լուծման  ժամանակ բարոյա-իրավական իրազեկությունը և իրավական մշակույթի բարձր մակարդակն է ի զորու Հայաստանի Հանրապետությունը դարձնելու իրավական պետություն: Մեզ համար իրավական մշակույթն արժեքավոր է ոչ միայն նրա համար, որ ծառայում է մեր պետության իդեալներին, այլև նրանով, որ պարփակում է մարդասիրության և արդարության համամարդկային իդեալները: Եթե իրավական մշակույթը խզում է կապերը այդ իդեալների հետ, դադարում է ծառայել և՛ իրավունքին, և՛ քաղաքակրթությանը:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պետք է բացառել էլեկտրոնային կրիչների ստվերային շրջանառությունը

10428_am_2Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով սույն օրենքը կհամապատասխանեցվի ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 5-րդ խմբագրությանը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Հիշեցնելով, որ անցյալ նիստերից մեկում քննարկվել է սկավառակ արտադրողների և ներմուծողների արտադրանքի իրացման խնդիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացով։ Ըստ ՊԵԿ տեղեկության հարցի կարգավորման առաջարկություններ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Բացի այդ, պարզվել է, որ սկավառակների որոշ քանակություն առկա է նաև վաճառակետերում, ուստի առաջացել է դրանց գույքագրման կարիք։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը և պարզել, թե որքան արտադրանք է կուտակվել արտադրողների մոտ և վաճառակետերում, որպեսզի բացառվի սկավառակների ստվերային շրջանառությունը։
Երկու որոշմամբ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսը համապատասխանեցրել է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Երկու դեպքում էլ կանոնակարգվում են հանձնարարողի (պրինցիպալի) անունից հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կամ հարկային մարմին համատեղ գործունեությամբ հարկերը հաշվարկելու վերաբերյալ թղթային և էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու հարցերը։
Գործադիրը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն պետբյուջե է վճարվելու մոտ 17 մլն դրամ` իբրև ս.թ. առաջին եռամսյակում Սիրիայի հայ քաղաքացիներին հանձնված անձնագրերի դիմաց չվճարված պետտուրք։ Այսպիսով, կառավարությունն աջակցում է արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայ մեր հայրենակիցներին։
Կառավարության որոշմամբ Երևանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի ՀՀ սեփականությունը հանդիսացող ավելի քան 24 մլն դրամ արժեքով բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին։ Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի պետբյուջեի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 2012 թ. իրականացված Սևանա լճի անտառմաքրման աշխատանքի դիմաց ԱԱՀ, եկամտահարկ վճարելու և սոցիալական վճարում կատարելու համար «Սևան» ազգային պարկին տրամադրելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանն է հատկացվել ավելի քան 46 մլն դրամ։

Ժողովուրդների ցուցաբերած արիությունը չի մոռացվի

ՀՀ կառավարությունը որոշել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագրի իրականացման լիազոր մարմին նշանակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Համաձայնագիրը պարտավորեցնում է հայտնաբերել, վերականգնել զինվորական գերեզմանատներն ու զինվորական հուշարձանները, բարեկարգել և պահպանել քանդվածները, ինչպես նաև ձեռնարկել դրանց անարգման և վանդալիզմի դեպքերի բացառման ու խափանման միջոցներ։
ԱՊՀ մասնակից պետությունների ստորագրած օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում այդ պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման համաձայնագրի իրականացման լիազոր մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Փաստաթուղթը միտված է ԱՊՀ երկրների, այդ թվում` ՀՀ օդային տարածքի օգտագործման անվտանգության ապահովմանը։
Կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է Եվրոպական հարևանության և գործընկերության միջոցով իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թթ. դրամաշնորհային ծրագիրը ՀՀ 2013 թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ, որով կապահովվեն ստանձնած պարտավորությունները և մասնակցությունը։

Կբարելավվի հրդեհի դեմ պայքարը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը,
– ՀՀ ազգային վիճծառայության «Միջազգային համադրումներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը։
Կառավարությունը հավանություն է տվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական արձանագրության փոփոխության, Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման, Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Կառավարության որոշմամբ մեկ տարի ժամկետով ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել Երևանի «Սոֆտեքս» ՍՊԸ-ին։

 

Կրթության որակը դպրոցներում. արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները միջին և միջինից ցածր են

կրթությունՉնայած ուսումնական տարին ավարտվում է, սակայն Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դեռ չի վերլուծել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին անցկացված արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները: ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Բայաթյանն ասում է, որ հավանաբար վերլուծությունը կհրապարակվի սեպտեմբերին, երբ թարմ ուժերով կսկսեն նոր ուսումնական տարին, վերլուծությանն էլ դպրոցները ավելի գործնական մոտեցում կցուցաբերեն:

Նշենք, որ գարնանը հանրապետության բոլոր դպրոցների 11-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում է իրականացվել հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից:

Արտաքին ընթացիկ գնահատման նպատակներն են` բացահայտել և վեր հանել  կրթության ոլորտում առկա խնդիրները,  նպաստել կրթության որակի բարելավմանը:

Նրա խոսքով` ԳԹԿ-ն  մատնանշում է  խնդիրը, սակայն չի  առաջարկում այն լուծելու տարբերակներ, ոչ էլ վերահսկողի իրավասություն ունի: Մարզային վարչություններում են քննարկումներ կազմակերպվում` հիմնված ԳԹԿ վերլուծության վրա, որտեղ էլ որոշում են առկա թերությունների շտկման եղանակները:

Բայաթյանն ասում է, որ այս անգամ 11-րդ դասարանում են (վարժարանների, միջնակարգ և ավագ դպրոցների) ստուգողական թեստեր հանձնարարել, որպեսզի համեմատության մեջ տեսնեն, թե որ տիպի դպրոցն ինչպիսի կրթություն է ապահովում, նաև համեմատել են քաղաքային և գյուղական դպրոցների մատուցած կրթությունը: «Այդ առումով նշեմ, որ ինչքան խոշոր քաղաքներից հեռանում ենք դեպի մարզերի հեռավոր գյուղեր, այնքան արդյունքները նվազում են, այսինքն` մեր հանրապետությունում հավասար կրթության իրավունք կարծես թե բոլորը չունեն»,- ասում է Բայաթյանը` խուսափելով պատճառներ նշելուց:

Սակայն ուշագրավ է, որ սահմանամերձ գյուղերում միջին գնահատականը հավասար է միջին քաղաքներին, եթե ոչ խոշորներին:

Արդյունքներն ամփոփելով` Բայաթյանն ասում է, որ թեստերի մակարդակը մնացել է նույնը, սակայն արդյունքները համեմատաբար բարելավվել են, ինչը նշանակում է, որ ավագ դպրոցները կայանալու ճանապարհին են.  «Երևում է, որ ավագ դպրոցներն աճել են  և՛ իրենց նախորդ տվյալների,  և՛ միջնակարգ դպրոցների, և՛ թեկուզ վարժարանների համեմատությամբ»:

«Անկախը» մի շարք դպրոցներից դժգոհություններ էր ստացել, որ արտաքին ընթացիկ գնահատման թեստերը հաշվի չեն առել հոսքային տարանջատումները, օրինակ` հայոց լեզվի թեստերը բարդ են եղել բնագիտա-մաթեմատիկական հոսքի համար, մաթեմատիկայի թեստերը բարդ են եղել հումանիտար հոսքի համար: Այս առումով Բայաթյանն ասում է, որ թեստերը ընդհանուր հոսքի միջին մակարդակով են կազմվել.  «Միասնական քննություններն էլ նույն սկզբունքով են անցկացվում, հումանիտար հոսքից և ֆիզմաթ հոսքից եկածները լրիվ տարբեր արդյունքներ են տալիս: Ենթադրվում է, որ առարկան խորացված ուսումնասիրած աշակերտը պետք է ավելի լավ արդյունք ցույց տա, իսկ ոչ խորացված աշակերտը` ավելի ցածր արդյունք, դա նորմալ է:  Շերտավորում անցկացնելու իմաստ ուղղակի չկար: Թեստերը կազմված են եղել ընդհանուր հոսքի միջին մակարդակով` ելնելով չափորոշիչների պահանջներից»:

Նրա խոսքով` ոչ հոսքային առարկաներից արձանագրված ցածր գնահատականները դպրոցների վատ որակի մասին չեն վկայի:

Նշենք, որ հանրապետության մակարդակով հայոց լեզվի միջին միավորը 4,1 է (10 բալանի համակարգով), հայ գրականությանը`  5,1, հանրահաշվինը` 3, երկրաչափությանը` 3:  2012-ի նոյեմբերին կայացած արտաքին ընթացիկ գնահատումների ժամանակ հայոց լեզվի միջին գնահատականն էր 4, հայ գրականությանը` 3,7, հանրահաշվինը` 4, երկրաչափությանը` 1,7:

Անկախ փորձագետների և մասնագետների կարծիքներն «Անկախը» կներկայացնի հետագայում, երբ արդյունքներն ամբողջովին վերլուծված և հրապարակված կլինեն:

Հայցվորների ջախջախիչ պատասխանը Միացյալ Նահանգների կառավարության հակահայկական միջնորդագրին

Supreme CourtԱնցյալ շաբաթ փաստաբանները հայ հայցվորների անունից պատասխանեցին Միացյալ Նահանգների կառավարության միջնորդագրին, որը կոչ էր արել Գերագույն դատարանին չվերանայել Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը հարվածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների վերաբերյալ վաղեմության ժամկետը երկարացնող Կալիֆորնիայի օրենքը:

Գլխավոր փաստաբանը Միացյալ Նահանգների անունից ներկայացրել էր քաղաքական միտումներով և թերի մի միջնորդագիր, որն ամբողջովին խեղաթյուրում էր ապահովագրական գործն ու անհիմն հարցեր բարձրացնում Կալիֆորնիայի օրենքի օրինականության վերաբերյալ:

Իգոր Տիմոֆեևը հայցվորների անունից ներկայացրած միջնորդագրում պնդում է, որ Կալիֆորնիայի  օրենսդրական ակտը (Բաժին 354.4) չի խախտում որևէ դաշնային սահմանված քաղաքականություն և այդ պատճառով չպետք է կարճվի: Նա պնդում է, որ Կալիֆորնիայի նահանգն իրավասու է կարգավորելու ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք գտնվում են նահանգի իրավազորության և իրավասության ավանդական ոլորտում:

Հայցվորների փաստաբանը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը առաջ մղելու համար «դաշնային գործերի կարճման աննախադեպ մի տեսություն: Բոլոր պահանջները, որոնք ծագում են միջազգային միջադեպերից, բացառապես դաշնային իրավասության շրջանակում են, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ պահանջները կապված են մասնավոր անձանց ու մասնավոր պայմանագրերի հետ, և դաշնային կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել դրանց լուծման համար»:

Տիմոֆեևը Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը որակում է որպես «հեղափոխական» և «նահանգների՝ որպես առանձին ինքնավարության հանդեպ հարգանքին հակասող»: Այնուհետև նա շարադրում է իր հակափաստարկները վեց կետից բաղկացած ամփոփագրում.

1. «Արդարացնելու համար 9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը, Կառավարությունը դրսևորում է արտաքին գործերի դաշտի խափանման տեսության աննախադեպ լայնախոհություն»: Տիմոֆեևը պնդում է. «Հայցվորների պահանջները մասնավոր [գերմանական ապահովագրական] ընկերության դեմ են և ոչ թե օտար ինքնիշխանության: Այս պահանջներն հիմնական մաս չեն կազմում Միացյալ Նահանգների և օտար պետության միջև «արտաքին քաղաքականության լուրջ բանավեճի»: Կալիֆորնիայի նահանգը լինելով «ամերիկահայերի ճնշող մեծամասնության բնակավայրը» ունի «օրինական հետաքրքրություն իր տուժած բնակիչների փոխհատուցումը ապահովելու համար, անկախ այն բանից, թե այդ վնասը պատճառվել է երկրի ներսում կամ արտերկրում»:

2. «Վերաքննիչ դատարանը հիմնական սխալ է թույլ տվել. այն անօրինական է համարում նահանգի հիմնավորված հետաքրքրությունն ապահովագրության կարգավորման գործում՝ վաղեմության ժամկետ հաստատելով նահանգի իրավական պահանջների և իր տուժած բնակիչների փոխհատուցման ապահովման համար միայն այն պատճառով, որ այդ իրադարձությունները ծագել են արտերկրում: Սա չէ օրենքի պահանջը»:

3. Հակադրվելով Կառավարության պնդմանը, թե 354.4-րդ բաժինը հիմնված է «արտաքին քաղաքականության կոնկրետ հարցի վերաբերյալ հատուկ քաղաքական տեսակետի վրա … որը դատապարտում է Օսմանյան կայսրության գործողությունները», Տիմոֆեևը դատարանին հիշեցնում է, որ նախագահ Օբաման անձամբ է ընդունել, որ օսմանյան զանգվածային ջարդերը եղել են «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը»: Բացի այդ, Նախագահը ջատագովել է այն նահանգներին, որոնք ոգեկոչել են հայերի «ջարդերը Օսմանյան կայսրության վերջին օրերին»: Տիմոֆեևը նաև պնդում է, որ «Նախագահի կրկնակի գովասանքը նահանգների ոգեկոչման ջանքերի մասին, հիմնովին հակասում է Կառավարության պահանջին, թե արտաքին գործերի հայեցակարգը ինքնաբերաբար մերժում է այս հարցի վերաբերյալ «տեսակետ» արտահայտող նահանգի ցանկացած գործողություն»:

4. «Կառավարությունը փորձում է ամրապնդել իր կարճման փաստարկը, հիշատակելով Միացյալ Նահանգների ջանքերը բանակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի պահանջների լուծման համար…. Կառավարությունն ընդունում է, որ 354.4-րդ բաժինը «չի հակասում» այդ դիվանագիտական ջանքերից որևէ մեկին: Իրոք, Կառավարությունը գիտակցում է, որ «Միացյալ Նահանգները չի …. փորձել բանակցել լուծելու համար հայերի պահանջները, ովքեր այդ ժամանակաշրջանում տուժել են Օսմանյան կայսրությունում»: Փաստորեն, պատճառներից մեկը, թե ինչու Միացյալ Նահանգների Սենատը հրաժարվում է վավերացնել Ամերիկյան Լոզանի դաշնագիրը՝ «պայմանագրի դրույթների բացակայությունն էր Օսմանյան կայսրությունից հայ փախստականների և արտաքսյալների համար»:

5. Կառավարությունը կարծես թե անհանգստացած է, որ 354.4-րդ բաժինը ««ցեղասպանության» քաղաքական պիտակ է փակցնում» Թուրքիային, որը «կարող է առաջ բերել Թուրքիայի զայրույթը: Սակայն վախը «օտար պետություններին վշտացնելուց…. նույնիսկ երբ Դաշնային կառավարությունը հուսահատորեն ցանկանում է խուսափել օտար պետություններին վշտացնելուց, իրավական պատճառ չի հանդիսանում խափանելու համար ավանդական նահանգային գործունեությունը…. Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե ինչու 354.4-րդ բաժնով կիրառվող «Հայոց ցեղասպանություն» եզրույթը վնասակար ազդեցություն կունենա արտաքին գործերի վրա, սակայն նույնը չի կարելի ասել շուրջ քառասուն նահանգների կողմից ընդունված օրենքների և բանաձևերի դեպքում, որոնք հստակորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Կառավարությունը չի բացատրում նաև, թե ինչու «դատական պաշտպանության իրավունքներ ստեղծելու» օրենսդրական ակտն ավելի վիրավորական է Թուրքիայի համար, քան նահանգային օրենքները՝ Հայոց ցեղասպանությունն ընդգրկելով որպես դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրերի մաս»:

6. «9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը շփոթություն է առաջ բերում ավելի ցածր ատյանների դատարաններում»:

Տիմոֆեևն արդարացիորեն իր միջնորդագիրը եզրափակում է կոչ անելով Գերագույն դատարանին «վերանայել և ուղղել 9-րդ շրջանային դատարանի որոշումը` նախքան ավելի մեծ չարիք պատճառելը»:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Մեծամտությունը չարորակ ուռուցք է հավատացնում են հոգեբանները

նարգիզի սինդրոմՆարցիսիզմը հոգեբանական խնդիր է, որի արմատները թաքնված են սեռական գիտակցության խորքերում, և դրսևորվում է սեփական մարմնի կամ կերպարի կատարելության գիտակցմամբ: Իրականում  այս բարդույթը կարող է հանդիպել մեզանից յուրաքանչյուրի մոտ:

Դեռևս հին ժամանակներից հունական դիցաբանությունն անդրադարձել է նարցիսիզմին: Ժամանակին ապրում էր Նարկիսոս (Նարցիս) անունով մի գեղեցիկ, բարեկազմ երիտասարդ, որը գետի աստված Կեփիսոսի և հավերժահարս Լավրիոնեի որդին էր: Նա այնքան ինքնահավան էր, որ մերժում էր բոլորի, նույնիսկ` հավերժահարսների սերը: Սիրո աստվածուհի Աֆրոդիտեն իր շնորհները չընդունելու և ժխտելու պատճառով նրան պատժում է: Հավերժահարսներից մեկն էլ ցանկանում է, որպեսզի Նարկիսոսը սիրահարվի այնպես, ինչպես իրենք են սիրահարվել նրան, և սիրի անպատասխան սիրով: Մի անգամ, երբ Նարկիսոսն անտառում որս անելիս մոլորվում է և մարդ է փնտրում, որի միջոցով կարողանա դուրս գալ այդ վիճակից, նրան մոտենում է սիրահարված արձագանքը՝ Էքոն, որն արդեն պատժված էր Հերա աստվածուհու կողմից՝ զրկվելով խոսելու ունակությունից: Նա մոտենում է Նարկիսոսին և սեր խոստովանում, սակայն Նարկիսոսը պատասխանում է. «Ավելի լավ է մեռնել, քան սիրել քեզ նման մեկին»: Երբ տեսնում է իր արտացոլանքը զուլալ ջրի մեջ, սիրահարվում է իր իսկ արտապատկերին: Փորձում է մոտենալ դրան, բայց չի կարողանում հասնել: Եվ երբ հանկարծ գիտակցում է, որ սիրահարվել է ինքն իրեն, սկսվում են տառապանքն ու տվայտանքները: Ի վերջո, Նարկիսոսը մահանում է սեփական անձի նկատմամբ սիրուց: Հավերժահարսները շիրիմ կառուցելու ժամանակ տեսնում են, որ կանաչ խոտերի մեջ նրա դիակի փոխարեն գեղեցիկ ծաղիկ է աճել, մահվան ծաղիկ՝ նարցիս (նարգիզ):

– Առասպելը սեփական անձի նկատմամբ սիրո մասին է,- նշում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը,- նարցիսիզմով տառապողները  մշտապես բարձրաձայնում են իրենց առավելությունների և կարևորության մասին, սիրում են նաև նկարահանել կամ լուսանկարել սեփական արտաքինը: Կ. Գ. Յունգը պաթոլոգիական նարցիսիզմը համարում էր չարորակ ուռուցք, իսկ հոգեվերլուծության նախահայր Զիգմունդ Ֆրոյդը տարանջատում էր երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային նարցիսիզմ: Առաջնայինը բնականոն զարգացման փուլ է, վաղ մանկության տարիներին, երբ երեխային թվում է, թե ամբողջ աշխարհը պտտվում է իր շուրջ, իսկ երկրորդայինը վտանգավոր է: Ֆրոյդն այսպես է վերլուծում. երբ լիբիդոն, սեռական էներգիան, սեփական անձից պետք է բնական հունով ուղղվի օբյեկտին` դիմացինին, նա որպես օբյեկտ ընտրում է սեփական անձը: Նարցիսիզմն առաջ է գալիս սեռական հասունացման պրոցեսում`  ճգնաժամի պատճառով: Այդ եսասեր մարդիկ  երբեք չեն մտերմանում ուրիշների հետ, չեն հաշտվում այլոց ինքնության հետ և հեշտությամբ կարող են հրաժարվել նույնիսկ ամենահարազատ մարդկանցից: Նարցիսները մշտապես կատարելության փնտրտուքների մեջ են, որովհետև կարծում են, թե իրենք արժանի են  գերագույնին, իսկ այլոց կարծիքը համարում են  թերի  ու անկատար: Ցավոք, նարցիսները միշտ մենակ են անցնում իրենց կյանքն ու իրականում  չափազանց դժբախտ են:

«Որո՞նք են նարցիսիզմի պատճառները» հարցին տիկին Ավետիսյանը պատասխանում է.

– Բազմաթիվ են, սակայն սկզբնաղբյուրը ընտանիքն է, այն ինստիտուտը, որը պատասխանատու է երեխայի դաստիարակման համար: Այսօր մեր հայ իրականության մեջ նարցիսիզմը գերակշռում է տղամարդկանց մոտ, քանի որ մայրերն առանձնահատուկ ուշադրություն և հոգատարություն են ցուցաբերում արու զավակների նկատմամբ: Իհարկե, չենք խոսում բացառությունների մասին, երբ աղջիկներն են ուշադրության կենտրոնում՝ որոշակի խնդիրներ ունենալու պատճառով: Արու երեխայի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը բացատրվում է նաև պատերազմների պատճառով, որոնց հետևանքով շատ երիտասարդներ ենք կորցրել: Ուստի տղամարդիկ իրենցից արժեք են ներկայացնում, ինչը նկատելի է նաև նրանց դիրքորոշումից. իրենց ավելի բարձր են դասում, քան կանանց:

Կ. Ավետիսյանի համոզմամբ` գերհոգատարության պատճառով երեխան դառնում է մանկամիտ (ինֆանտիլ) և լիարժեք չի զարգանում, քանի որ սովոր է, որ միշտ իր փոխարեն ինչ-որ մեկը գործի, և հետագայում չի կարողանում ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները:

– Եթե դժբախտաբար նրանց մասին հոգ տանողները հեռանում են նրանց կյանքից, նրանք ապակողմնորոշվում են: Նարցիսիզմի մեկ այլ պատճառ կարող է լինել ոչ լիարժեք ընտանիքը, հիմնականում` ամուսնու բացակայության փաստը: Վիրավորանք, որը երեխայի մեջ զարգացնում է մեծամտություն՝ «ես ամենից լավն եմ, իմ նմանը չկա և այլն», որը ոչ այլ ինչ է,  եթե ոչ պաշտպանական ռեակցիա, պատնեշ հասարակությունից: Սակայն նրանք իրականում շատ խոցելի են ու վախկոտ: Նարցիսը մեծամիտ է, գոռոզ նույնիսկ հարազատների, ընկերների նկատմամբ և միշտ իրեն վեր է դասում ուրիշներից: Նրան կարելի է նույնիսկ հեռվից նկատել, քանի որ ուշադրություն է հրավիրում իր վրա: Նարցիսը մարդկանց կա՛մ գերագնահատում է, իդեալականացնում, կա՛մ թերագնահատում, արժեզրկում: Ուստի հասուն նարցիսը պարբերաբար խորը հիասթափությունների արդյունք է: Մինչդեռ նորմալ հոգեբանություն ունեցող հասուն մարդիկ ընդունում են իրենց թերություններն ու սահմանափակումները, անհաջողություններն ու պարտությունները: Նարցիսը միշտ կախվածության մեջ է ուրիշներից, որոնց գովասանքները գալիս են ընդգծելու  իրենց մեծարգո անձը:

Տիկին Ավետիսյանը շարունակում է բացատրել, որ նարցիսիզմի առաջացման մեկ այլ պատճառ է հոգատարության բացակայությունը: Կարծես ամբողջ կյանքի ընթացքում նա վրեժխնդիր է լինում: Նարցիսն ի վիճակի չէ ապրումակցել, սիրել ու հասկանալ դիմացինին: Նա բացի «ես»-ից ոչինչ չունի, նույնիսկ «գերես», որը մեր խիղճն է ու դատավորը: Ըստ  մասնագետի՝ նարցիսի զուգընկերոջ համար դաժան կյանք է սկսվում, քանի որ  նարցիսը միշտ և անսահման ուշադրության պահանջ ունի: Զուգընկերը նրան պետք է իբրև հայելի, որպեսզի նարցիսն իրեն տեսնի ու հիանա: «Էլ չենք խոսում սեռական շեղումների մասին, երբ  սեռական գրգռումն առաջանում է սեփական մարմինը զննելիս կամ դրա արտացոլումը հայելու մեջ նայելիս»,- ասում է նա։

Մասնագետները հավաստիացնում են, որ նարցիսիզմի բուժման նպատակն է հիվանդին օգնել մեծացնելու ապրումակցման ունակությունը, ընդունելու մերժումն ու սխալները,  գծելու սեփական հնարավորությունների ավելի իրատեսական հեռանկար` հրաժարվելով անբանական նպատակներից: Սակայն բուժումն իսկական մարտահրավեր է նարցիսի անհատականության համար, որովհետև այդ կերպ նրանց թուլությունները կարող են բացահայտվել: Այնուամենայնիվ, հոգեբանները համոզված են, որ բուժել հնարավոր է, եթե նրանք գիտակցեն, որ իրենց մեջ կա այդ խնդիրը, ինչը խանգարում է լիարժեք կյանքով ապրելուն:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

«Հետքերով որբերի հայոց», Ռոքֆելերի արխիվային կենտրոնի լուսանկարները

480657_524703530898221_1297133948_n Աննկարագրելի ապրումներով դիտեցի «Հետքերով որբերի հայոց» վերնագրով ցուցահանդեսը: Այն արյան հիշողություն արթնացրեց, որ անհնար է սպանել, վերացնել, այն փոխանցվում է ժառանգաբար: Իմ Սաթիկ տատիկը, նրա եղբայրը` Կորյունը, Արիստակես պապիկս եղեռնից մազապուրծ ապաստանել են ամերիկյան որբանոցներում` սկզբում Կարսի, Էրզրումի, այնուհետև Ալեքսանդրապոլի: Ես միշտ կլանված լսում էի նրանց հիշողությունները, որբանոցներում ապրած տարիների մասին: Պատմում էին, որ իրենց վերցնելուց հետո բժշկական օգնություն էին ցուցաբերել, լողացրել, նոր շորեր էին  հագցրել: Տատիկս պատմում էր, թե ինչ մաքուր ու տաք վերմակներ էին տվել, որ ուրախությունից ամբողջ գիշեր չէին կարողացել քնել: Հապա կերակուրը, սպիտակ հացը, խտացրած կաթը, որ բոլոր որբերն էլ հիշում էին որպես իրենց մանկության ամենաքաղցր հուշ: Նա պատմում էր, որ իրենց արհեստներ էին սովորեցնում` կարել, ասեղնագործել, ճիշտ արդուկել վերնաշապիկը, սովորեցնում էին հայերեն կարդալ, գրել, անգլերեն էլ էին սովորեցնում, քաղաքավարի վարվելակերպի կանոններին էլ էին սովորեցնում: Կորյունը, որ Կազաչի պոստում էր, դուրս գալիս արդեն ուներ երկու վկայական` դպրոցի և նկարչական արվեստանոցի:

Երբ Պետական արխիվում նրանց մասին տեղեկություններ էի որոնում, ինձ տվեցին Ամերկոմի Լենինականի տեղամասի որբանոցների  որբերի ցուցակը: Ապշել էի, որ նրանք այդքան մեծաքանակ էին:

Հանկարծակի լսելով, որ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Նարեկացի արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի, Ամերկոմի` Ցեղասպանությունից փրկված` «Հետքերով որբերի հայոց» վերնագրով լուսանկարների բացառիկ հավաքածուն, մոտ 200 հատ, շտապեցի դիտելու: Այն բացվեց մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 26-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում և մայիսի 27-ին՝ Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը և գործելու է մինչև 2013թ.-ի հունիսի 8-ը:

Լուսանկարներում որբերն էին, նրանց առօրյան: Եվ զարմանալի հոգեկան հանգստությունը, որ կարողացել էին նրանց համար ստեղծել որբանոցում: Ահա որբերը նվագում են, աղջիկները պարում են: Պատկերված է կարպետի գործման արվեստանոցը, ֆիզկուլտուրայի դասերը, ընթերցանությունը բնության գրկում և էլի շատ ու շատ տեսարաններ: Ես շատ հուզվեցի, երբ տեսա Յոհաննես Լեփսիուսի`«Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» տեսավավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությունը: Այնտեղ տեսա նկարչական արվեստանոցը, որտեղ հաճախել էր նաև տատիկիս եղբայրը` Կորյուն Սիմոնյանն ու իր ընկերները:

cucahandes

 

Աջ կողմում իմ ունեցած նկարն է. Լենինականի մանկատան մանուկ նկարիչները ուսուցիչների հետ 1920-1921թթ. Ձախից աջ ներքևի շարք-Մեսրոպ Բաղդասարյան, Կորյուն Սիմոնյան, “, Անդրանիկ Մարկոսյան, Հմայակ Ավետիսյան,”,”, Մեջտեղի շարք ձախից աջ-“,Շավարշ Վաղարշակյան, Մամիկոն Փանոսյան, Ստեփան Ալթունյան, Արմենակ Գյոզալյան, Պետրոս Ռաշոյան,” Վերևի շարք ձախից աջ-“,”, Սարգիս Ալեքսանյան, Վանիկ Կարապետյան, “,Լևոն Տոնականյան

Այս սաների մեծ մասը դարձան հայտնի նկարիչներ: Ցավոք, որբի դաժան ճակատագիրը նրանց ուղեկցեց հետո էլ, Հայրենական մեծ պատերազմ, որտեղ շատերը զոհվեցին, այդ թվում նաև Կորյուն Սիմոնյանը: Նա հասցրեց հասնել մինչև Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա և մեր ազգին թողեց իր 20-ից ավելի գործերը, որոնք պահպանվում են Ազգային պատկերասրահում:

Պատկերված բոլոր երեխաներն էլ Արևմտյան Հայաստանից են և ծնողներին կորցրել են Ցեղասպանության հետևանքով: Ալեքսանդրապոլն այդ տարիներին անվանում էին «որբերի քաղաք»: Միայն Գյումրիի որբանոցներում փրկվել է մոտ 30 հազար հայ երեխա:

Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն՝ Ամերկոմը, որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Բոստոնում, հիմնադրվել է 1915թ. սեպտեմբերին՝ Թուրքիայում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուի խնդրանքով: Դեսպանն ԱՄՆ պետքարտուղարին հեռագիր էր ուղարկել՝ խնդրելով միջնորդել, որ նախագահը ստեղծի մի կոմիտե, որը կօգնի փրկել հայերին: Պետքարտուղարը գրությունը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Այնուհետև ամերիկյան մի քանի մտավորականի ջանքերով հիմնվել է կազմակերպությունը:

Ամերկոմի գործունեության շնորհիվ փրկվել է 132000-ից ավելի հայ որբեր, ովքեր ապրել են այդ կազմակերպության որբանոցներում: Այդ տարիների ընթացքում Ամերկոմը հանգանակությունների միջոցով հավաքել է 116 մլն դոլար, որը համարժեք է այսօրվա մոտ 3 մլրդ դոլարին: Կազմակերպությունը հիմնել է շուրջ 200 որբանոց, բազմաթիվ դպրոցներ, մասնագիտական ուսուցման կենտրոններ, հիվանդանոցներ, կանանց ապաստարաններ Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Եվրոպայի և ԱՄՆ տարբեր բնակավայրերում:

Ռոքֆելերի արխիվային կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհում ամենախոշոր պահոցներից է: Դրա 60 մլն փաստաթղթի, 500 հազար լուսանկարի ու 2000 ֆիլմի հավաքածուի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի՝ Հայաստանում ծավալած որբախնամ գործունեությանը:

«Այս ցուցահանդեսները, ներկայացնում են ողբերգական իրադարձություններ, բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի հրաշալի պատմություն: Սա ցույց է տալիս, թե ինչպես ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը, համադրվելով հայ ժողովրդի տոկունության հետ, օգնել է փրկել հայ ժողովրդին»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Այս միջոցառումների նպատակը առաջին հերթին հայ ժողովրդի կողմից, առաջին անգամ լինելով, երախտապարտության խոսք հայտնելն է, լուսաբանելն է և խոնարհվել այն մարդկանց առջև, որոնք կարողացել են հասնել, փրկել մեր որբերին».- հավելել է Նարեկ Հարթունյանը, որ նույնպես այդ որբերի ժառանգն է:

Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսեանը ևս ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել հատուկ ցուցահանդեսին մասնակցելու համար, նա ասաց, որ իր տատը ևս փրկվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գործունեության արդյունքում: Շանթ Մարտիրոսեանի խոսքով՝ մինչ օրս բարեգործական բոլոր խոշոր միջազգային կազմակերպություններն իրենց գործունեությունը կառուցում են Ամերկոմի մոդելով:

 

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

ՋԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ. «Չեմ ուզում լսել, որ ընկերներս մտադիր են լքել Հայաստանը»

ջեքԱրգենտինահայ դերասան, լրագրող ու կինոգործիչ Ջեք Պողոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանձնախմբի պատվավոր անդամ է: Ջեքի առաջին այցելությունը Հայաստան 2001-ին էր: Տասներկու տարի առաջ նա հայոց լեզվով ընդամենը մի քանի բառ էր արտահայտում, այդքանը գիտեր, իսկ հիմա հայերեն է խոսում: Հետաքրքրական է, որ նրա այցելությունները Հայաստան ավելի են հաճախակիացել:

Բուենոս Այրեսում, որտեղ Ջեքն ապրում և աշխատում է, փորձ է անում ներկայացնել նաև հայկական մշակույթը: Ապացույցն այն է, որ նա Արգենտինայում հիմնել է «Սինեմատիկա Արմենիա» ընկերությունը և արտասահմանյան ֆիլմերի կողքին

հետաքրքրված հանդիսատեսին նաև հայկական ֆիլմարտադրությանն է ծանոթացնում՝ ցուցադրելով ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր երկրներում:

 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

– Երբ առաջին անգամ՝ 2001 թ., որոշեցի գալ Հայաստան, անսովոր բաներ էի լսում, որոնք պարզվեց` այնքան էլ իրական չէին: Ինձ համար անհասկանալի էր սփյուռք-Հայաստան կապ արտահայտությունը: Մեզ՝ սփյուռքահայերիս հասնող տեղեկատվությունը պաշտոնական է և չի կարող հույզեր, զգացումներ առաջացնել: Հետո հասկանում ես, որ դա ուրիշ բան է, իսկ քո առնչությունը քո արմատներին` ուրիշ: Ես եկա և փորձեցի սովորել հայերեն: Հիմա հասկանում եմ լեզուն, խոսում եմ որոշ չափով,- ասում է Ջեք Պողոսյանը:- Ամեն մեկն իր անձական փորձով չի կարող ստույգ սահմանել, թե ինչ կապեր են առաջանում սփյուռքահայի և Հայաստանի միջև: Մենք երեք եղբայր ենք. իրավաբան եղբայրս այցելեց Հայաստան և առանձնապես չոգևորվեց, մյուսը, որը չի եղել Հայաստանում, սիրում է երկիրը հեռավորությունից:  Իսկ ես գիտակցում եմ, որ հայ եմ և ունեմ երկու հայրենիք:

 ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

– Մեծացել ես հայկական համեստ ընտանիքում: Արգենտինայում կա նաև հայկական համայնք. առնչություններն արմատներիդ հետ պետք է որ այնտեղ սկսվեին:

– Ծնվել եմ Մոնտեվիդեոյում և ավարտել օտարալեզու դպրոց: Այստեղ առնչություններ գրեթե չկային: Ճիշտ է՝ ես չունեի հայկական կրթություն, բայց ունեի հայկական ընտանիք ու արյանս մեջ էի զգում հայկական միջավայրի, լեզվի տաքությունը: Ավելի ուշ Արգենտինայում սկսեցի հաճախել հայկական ակումբ, որտեղ ուսումնասիրում էին հայկական մշակույթն ու հայոց պատմությունը:

Սկսեցի աշխատել հայ համայնքի համար, բայց, ցավոք, ամեն տարի կրկնվում էին կամ գրեթե կրկնվում էին միջոցառումները: Ես ուզում էի նույն կետում չմնալ: Որոշ առումով դադարեցրի աշխատանքս: Հետո հետաքրքիր բան կատարվեց. լսեցի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի մասին, դիտեցի, որից հետո էլ որոշեցի գալ Հայաստան: Հիշում եմ՝ այն ժամանակ դեռ «Ոսկե ծիրանը» չէր մեկնարկել: 

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՆ…

Ջեք Պողոսյանը հայկական կինոն մեծ էկրան բարձրացնելու մեկ տասնյակից ավելի տարիների փորձ ունի: Դժվարությունների մասին ժպիտով է պատմում:

– Գիտեք, դժվարություններն արդեն հաղթահարված են: Երբ այս «Սինեմատիկա Արմենիան» նոր էի սկսել, օտարազգիներից ոչ ոք գաղափար չուներ հայկական ֆիլմարտադրության մասին, կամ եթե գիտեին, մտածում էին, որ դրանք հիմնականում ողբերգական, ծանր, ճնշող, գաղափարախոսական ձանձրալի սյուժե ունեցող ֆիլմեր են: Շատ արագ հասկացա, որ անհրաժեշտ է կոտրել այդ կարծրատիպերը,- ասում է պրն Պողոսյանը:

Նա վստահությամբ է խոսում հայ ռեժիսորների՝ արտերկրում ճանաչված լինելու մասին: Ասում է, որ դժվարությամբ, բայց հանդիսատեսին տարիների ընթացքում սովորեցրել է նաև հետաքրքրվել հայկական կինոմշակույթով:

– Ինձ համար կրկնակի հաճելի է խոսել այն մասին, որ այսօր դրսում շատերն են ճանաչում հայ ռեժիսորներին, սիրում և դիտում են նրանց նկարահանած ֆիլմերը: «Սինեմատիկա Արմենիան» հենց Բուենոս Այրեսում է, սակայն հայկական ֆիլմերն ամբողջ Լատինական Ամերիկայում են ցուցադրվում՝ սկսած դասական համր ֆիլմերից մինչև ժամանակակիցները, գեղարվեստականն ու վավերագրականը:

– Հիմնականում հայազգի՞, թե՞ օտար հանդիսատեսն է հետաքրքրված:

– Թե՛ սփյուռքահայերը, թե՛ օտարները: Ես կինոսրահում արժևորում եմ հատկապես օտար հանդիսատեսի ներկայությունը, հետաքրքրությունն ու գուցե զարմանքը,  քանի որ մեզ համար շատ կարևոր է օտարին հասկացնել, որ մեր մշակույթը շատ լուրջ ու դարավոր հիմքեր ունի, հազարամյակների պատմություն ունի: Մեր ֆիլմերը դիտելով՝ արգենտինացի շատ դերասաններ, կինոռեժիսորներ, մտավորականներ խոստովանում են, որ, այո՛, հայկական կինո գոյություն ունի: Սա ինձ համար շատ հաճելի է: Գլուխգովանություն չեմ սիրում, բայց աշխատանքիս պտուղները ակնհայտ են դառնում:

Ջեք Պողոսյանը հայկական կինոն միայն ցուցասրահներում չէ, որ ներկայացնում է: Նաև անընդհատ հարցազրույցներ է տալիս արգենտինյան և այլ երկրների լրատվամիջոցներին, ժամանակ առ ժամանակ հոդվածներ է տպագրում միջազգային հեղինակավոր մշակութային ուղղվածության պարբերականներում:

– Հայկական կինոն միայն մեկ ուղղությամբ չեն ճանաչի: Անում եմ ամենահնարավորն ու անհնարինը: Ասենք, մեր կինոմշակույթի մասին օտարին տեղեկացնում եմ նաև տպագրածս հոդվածներով, որոնք լույս են տեսնում օտարերկրյա տպագիր և էլեկտրոնային մամուլում:

ՍՓՅՈՒՌՔԸ ՍԻՐՈՒՄ Է ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆԸ…

Ջեք Պողոսյանը ցավով է նկատում, որ սփյուռքահայ հանդիսատեսն այնքան էլ ոգևորված չէ հայկական ֆիլմերի ցուցադրությամբ:

– Սփյուռքում վատ միտում կա: Հայկական սփյուռքն ավելի շատ տարված է հոլիվուդյան պարզունակ ֆիլմերով, և նրանց համար դրանք են չափորոշիչը, նրանք սովոր են այդպիսի ֆիլմերին: Նկատել եմ՝ հաճախ հայկական խորիմաստ ֆիլմերը, ինչպիսիք են, ասենք, Փելեշյանի, Էգոյանի, Փարաջանովի գործերը, չեն ընկալում: Զարմանալի է, որ օտար հանդիսատեսն ավելի լավ է ընդունում հայկական կինոն, որովհետև հասկանում է կինոն, այս կամ այն ֆիլմը դիտելուց հետո ուզում է ավելին իմանալ ռեժիսորի, դերասանների մասին: Օրինակ՝ երբ մի անգամ ցուցադրեցի Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, բազմաթիվ լրագրողներ սկսեցին հարցուփորձ անել Հարությունի մասին և գրեցին մամուլում, արձագանքը, տպավորությունը գոհացուցիչ էր:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ  Է ՎԱՅԵԼՈՒՄ

– Բոլորն ինձ ասում են. «Ջեք, խնդրում ենք կատակերգություններ բեր»: Մարդիկ ուզում են ծիծաղել: Մենք հիասքանչ դասական հայկական կատակերգություններ ունենք, ինչպիսիք են, ասենք, «Տժվժիկը», «Ոսկե ցլիկը»: Դա իմ ամենասիրած ժանրը չէ, բայց մենք փորձում ենք նաև կատակերգություններ էլ ցուցադրել: Ոչ փառատոնային օրերին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կարելի է տեսնել սարսափելի ամերիկյան ֆիլմեր, բայց, ի զարմանս ինձ, դրանց շարքում կան երկու հայկական կատակերգություններ, որոնք բավական երկար մնում են վարձույթում: Հայկական կինոյին պետք չեն կատակերգություններ, պետք են ֆիլմեր, որոնք ռեժիսորները ցանկանում են նկարահանել:

– Ո՞ր ֆիլմերը պահանջարկ ունեն արտերկրում: 

– Ես կարծում եմ, որ ռեժիսորները, նախ և առաջ, պետք է աշխատեն իրենց համար, անեն այն, ինչ իրենց է դուր գալիս, ոչ թե, ինչ ուզում է հանդիսատեսը: Երբ դու ի սկզբանե ինչ-որ բան ես անում ուրիշի համար, սխալ ես անում: Ռեժիսորը պետք է անի այն, ինչն անհրաժեշտ է համարում, ոչ թե իր ֆիլմը նվիրի այլոց:

Կատակերգությունների առնչությամբ էլ արգենտինահայ կինոգործիչն ասում է, որ գուցե խնդիրը հայոց ցեղասպանությունն է: Մարդիկ այլևս ողբերգություններ չեն ցանկանում դիտել, քանի որ ցավը խորն է:

ԿԻՆՈՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

– Մենք շատ հայկական հաստատություններ ունենք, ունենք հայկական դպրոցներ, որոնցից մեկում էլ, օրինակ, դասավանդում եմ: Կան հայկական թերթեր, հայկական ռադիո: Հիմնականում դրանք երաժշտական միջոցառումներ են, հայկական երգչախմբի, պարային համույթի համերգներ: Հնարավոր է` մենք տարբեր երևույթների տարբեր տեսակետից ենք նայում: Բայց, ի վերջո, մենք հայ ենք, չէ՞: Երբ հաջորդ անգամ գամ, չեմ ուզում լսել, որ իմ ընկերները մտադիր են լքել Հայաստանը: Ես ուզում եմ, որ նրանք արժանապատիվ աշխատանք ու գնահատված աշխատավարձ ունենան: Ես ուզում եմ, որ ամեն բան փոխվի դեպի լավը, որպեսզի լինեն նոր, հետաքրքիր ֆիլմեր: Ուզում եմ շատ կինոթատրոններ տեսնել Հայաստանում: Ես յուրաքանչյուր հայի համար լավ կյանք եմ ուզում ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում:

 Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետություն

timthumb1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում իրադրությունը կտրուկ փոխվեց: Այստեղ իրավիճակը ծայրաստիճան լարված էր: Անդրկովկասյան ժողովուրդները չընդունեցին նոր ստեղծված խորհրդային կարգերը: Իրավիճակը խիստ սրվեց հատկապես այն ժամանակ, երբ ռուսական զորքերը մեծ խմբերով լքեցին թուրքական ճակատը` այդպիսով երկրամասի 72525_162894943744036_100000705951911_349424_62522դռները բացելով թուրք ջարդարարների առաջ:

Ստեղծված իրավիճակում Անդրկովկասյան ժողովուրդների առաջնորդները և քաղաքական կուսակցությունները` Ադրբեջանի Մուսաֆաթը, վրաց մենշևիկները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, խորհրդակցություն հրավիրեցին և որոշում ընդունեցին` ստեղծել Անդրկովկասյան միասնական պետություն` Անդրկովկասյան Սեյմը: Շուտով Սեյմում մեծամասնություն կազմող վրաց մենշևիկներն ու Ադրբեջանի մուսաֆաթականները, տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, Սեյմը հռչակեցին Ռուսաստանից անկախ հանրապետություն: Սա ավելի կազմալուծեց հայկական ճակատն ու արձակեց թուրքերի ձեռքերը:

Թուրքական մեծ բանակի դեմ մնացին միայն հայկական նոր կազմավորվող նոսր զորամիավորումները: Չնայած հայերի համառ դիմադրությանը` թուրքերին հաջողվեց կոտրել դիմադրությունն ու մտնել Անդրկովկասի խորքերը` Արարատյան ու Շիրակի դաշտավայրեր: Թուրքական բանակն այստեղ բաժանվեց երկու մասի: Մի մասը նպատակ էր դրել Լոռու վրայով արշավել Թիֆլիսի ուղղությամբ, մյուս մասը, գրավելով Երևանը, պիտի արշավեր Բաքու: Երևանի վրա թուրքերը գրոհեցին երկու ուղղությամբ` Արարատյան դաշտով դեպի Սարդարապատ և հյուսիսից` Բաշ- Ապարանով:

Այս օրհասական պահին Արարատյան երկրի դիկտատոր Արամ Մանուկյանը, ի մի բերելով հայկական կազմալուծված զորամիավորումները, կարողացավ ժողովրդական զանգվածների աջակցությամբ ճակատ կազմել և Սարդարապատում ու Բաշ- Ապարանում կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումն ու պարտության մատնել` ստիպելով փախուստի դիմել: Միաժամանակ Ղարաքիլիսայում հայկական աշխարհազորը համառ մարտերի արդյունքում կարողացավ կոտրել դեպի Թիֆլիս արշավող թուրքական բանակի թափը:

1918 թ. մայիսի 26-ին Վրաստանը, 27-ին` Ադրբեջանը, 28-ին` Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը: Հայաստանի անկախությունը, ըստ երևույթին, պարտադրված էր: Երկիրը պատրաստ չէր և անկարող էր նման պայմաններում գոյատևել: Հայաստանում մոլեգնում էին սովը, համաճարակները, երկիրը լի էր փախստականներով, կազմալուծված էր ողջ տնտեսությունը:

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ընդամենը 12 հազար քկմ տարածքի վրա:

Անկախության հռչակումից շատ չանցած` ՀՀ կառավարությունը Բաթումում բանակցությունների նստեց Թուրքիայի ներկայացուցիչների հետ: 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիան առաջինը պաշտոնապես ճանաչեց ՀՀ անկախությունը:

Թիֆլիսում կազմավորվեց ՀՀ առաջին կառավարությունը` վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Կառավարության կազմի մեջ մտան նաև Ալեքսանդր Խատիսյանը` արտաքին գործերի նախարար, Խաչատուր Կարճիկյանը` ելևմտային, Արամ Մանուկյանը` ներքին գործերի, Հովհաննես Հախվերդյանը` զինվորական և այլն…

Հուլիսի 17-ին կառավարությունը գնացքով ժամանեց Երևան:

Այսպիսով, չնայած քաղաքական ծանր պայմաններին, համարյա 900 տարի պետականության կորստից հետո այս փոքրիկ հողակտորի վրա վեր հառնեց հայկական առաջին հանրապետությունը:

Ժամանելով Երևան` կառավարությունն անմիջապես գործի լծվեց: Ստեղծվեց խորհրդարան, որ իր առաջին նիստը գումարեց 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբում:

Հաստատվեցին հայոց պետության խորհրդանիշները` կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, գերբը և պետական օրհներգը` Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» Կանաչյանի երաժշտությամբ:

Հայաստանի կառավարությունը ծանր պայմաններում էր աշխատում: Երկրում կային մոտ կես միլիոն անօթևան փախստականներ, չէր բավարարում պարենը: Խոլերան, բծավոր տիֆը ուղղակի հնձում էին: Բծավոր տիֆի զոհ դարձավ նաև Արամ Մանուկյանը:

 Շարունակությունը այստեղ

Համատեղ մարզումներ նաև Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականի հե՞տ

բռնցքամարտՄայիսի 30-ից մինչև հունիսի 9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ընտրանին, որ նախապատրաստվում է այդ ստուգատեսին, այս օրերին` մայիսի 19-ից սկսած, ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Կոնչե Զասպեի հարմարվետ մարզաբազայում: Վերջում մեր մարզիկները ստուգողական հանդիպումներ կանցկացնեն նույն մարզաբազայում հանգրվանած տարբեր երկրների կաշվե ձեռնոցի վարպետների,  գուցե նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ուկրաինա մեկնելուց առաջ ահա թե ինչ ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: 

– Իմ գլխավորությամբ Հայաստանի մեծահասակների հավաքականն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նախկինում հին աշխարհամասի առաջնությունում ռինգ եմ դուրս բերել մեր երկրի մինչև 23 տարեկանների հավաքականը: 2012-ին Կալինինգրադում կայացած այդ ստուգատեսում  ունեցել ենք մեկական չեմպիոն` 2-րդ և 3-րդ մրցանակակիր: Ինչ վերաբերում է մեծահասակների թիմին, ապա այն իմ ղեկավարությամբ 2012-ին մասնակցել է Ստամբուլում կազմակերպված օլիմպիական վարկանիշային մրցաշարի և մնացել է առանց ուղեգրի: Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում էլ  հաջողությունը ուղեկից չէր: Ի դեպ, մեր թիմի անդամների մեծ մասն առաջին անգամ է կարողությունները փորձելու այդպիսի ներկայացուցչական ստուգատեսում: Մեր ընտրանին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում վերջերս համատեղ մարզումներ է անցկացրել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Պարապմունքներն օգտակար էին: Նախապատրաստական այդ շրջանում, թեև հիմնական ուշադրությունը դարձվում էր մարզիկների ընդհանուր ֆիզիկական և հատուկ պատրաստականությունը բարելավելուն, օգտվելով առիթից, չորս անգամ Հայաստանի ներկայացուցիչները ստուգողական մրցամարտեր անցկացրին ռուսաստանցի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականի մարզիկները լավ տպավորություն թողեցին, մրցակիցներին տեխնիկական և տակտիկական պատրաստականության մակարդակով ոչնչով չզիջեցին: Այդուհանդերձ, ստուգողական հանդիպումները պաշտոնական մրցումներից տարբերվում են:

 – Ռուսաստանի  և Հայաստանի հավաքականների համալրման հնարավորությունների տարբերություն չկա՞:

– Ռուսաստանի ներկայացուցիչները չորս թիմով էին մարզվում. 52 բռնցքամարտիկ էր պարապում: Բոլորն էլ հետո Ղրղըզստան` հաջորդ ուսումնամարզական հավաքին մեկնեցին: Մինչդեռ Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնությանը պատրաստվում է ներկայանալ ոչ լիվ կազմով` 7 մարզիկով: 69 կգ քաշային կարգում  ներկայացուցիչ չունենք: Այդ քաշային կարգում նախկինում հավաքականում հանդես է եկել Սամվել Մաթևոսյանը: Այժմ էլ հույս չկա, որ որևէ մեկը կարող է իրեն արդարացնել: Մարդ տանել, որն առաջին իսկ հանդիպումում կպարտվի, իմաստ չունի: Նույն բանը կարելի է ասել մեր 81 կգ և 91 կգ քաշային մարզիկների մասին: Կան տղաներ, բայց ներկայումս նրանք Եվրոպայի առաջնությունում պատվով հանդես գալու մակարդակ չունեն: Իսկ նախապատրաստվում են Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

 – Հավաքականում ինչո՞ւ չի ընդգրկվել 75 կգ քաշային փորձառու բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Նա թողե՞լ է ակտիվ սպորտը:

– Կարելի է ասել, որ Անդրանիկը 90 տոկոսով թողել է բռնցքամարտը: Ինքս նրա հետ զրուցել եմ, հայտնել, որ շատ բան է արել հայկական բռնցքամարտի համար և պետք է որոշում կայացնի: Ինձ համար այդ վճիռը կողմնորոշիչ կլինի: Հակոբյանը 32 տարեկան է, և պատրաստ ենք նրան ընդառաջել, միջազգային մրցելույթները շարունակելու հնարավորություն տալ, նաև օգնել բոլոր հարցերում: Ամեն դեպքում նա առաջիկա Եվրոպայի առաջնությանը չի նախապատրաստվել և չի մասնակցելու, թե ինչ կլինի հետո, առայժմ անորոշ է:

 – Հավաքականի բռնցքամարտիկների մասին ի՞նչ կասեք: Նրանցից ամենաճանաչվածը Եվրոպայի նախկին չեմպիոն Դանիելյանն է: Մյուսների մասին քիչ բան է հայտնի:

– Դանիելյանը երկու տարի շարունակ տարբեր խնդիրներ է ունեցել, նաև կենցաղային բնույթի: Նա 26 տարեկան է, ուսի վնասվածքը շատ է խանգարել: Հիմա Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է: Վերջերս Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում նա լավ տպավորություն թողեց, եթե հոգեբանորեն տրամադրվի, վստահություն ձեռք բերի իր ուժերի նկատմամբ, ապա Եվրոպայի առաջնությունում լավ հանդես կգա: Ի դեպ, այս քաշային կարգում ունենք նաև լավ երիտասարդ բռնցքամարտիկ: Կորյուն Սողոմոնյանը նախապատրաստվում է, որ հանդես գա Կազանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերում, նաև աշխարհի առաջնությունում: Դա բավական է, մարզիկը չի կարող մեկ տարվա ընթացքում երեք խոշորամասշտաբ մրցման մասնակցել: Աբգարյանը, Ավագյանը, Բաչկովը երկրորդ տասնամյակը նոր թևակոխած բռնցքամարտիկներ են, ունեն մրցակցության փորձ: Մասնավորապես, Ավագյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե, Աբգարյանը` բրոնզե մեդալակիր է: Բաչկովը Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում ուժեղ բռնցքամարտիկների հաղթեց և երկրորդը ճանաչվեց: Պուլուզյանն էլ փորձառու է, տեսնենք , թե ինչպես իրեն կդրսևորի:

 – Վաղուց է, ինչ նա հավաքականում է: Դա բռնցքամարտիկի վերջի՞ն հնարավորությունն է:

– Չէի ցանկանա ասել, բայց այդպես է:

 – Իսկ Հովիկյանը և Սիմոնյանը ի՞նչ հույսեր են ներշնչում:

– Առաջինը 23 տարեկան է: Նա ռինգում մարտական է, չի ցանկանում զիջել մրցակիցներին: Ցանկալի է, որ այդպիսի կամային հատկանիշներ մեր բոլոր բռնցքամարտիկները դրևսորեն: Սիմոնյանը Ուկրաինայից է` Լուգանսկ քաղաքից: Կալինինգրադում` Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա մի հաղթանակ տարավ, սակայն երկրորդ մրցամարտը վատ անցկացրեց: Պատճառն այն էր, որ հոգեբանորեն չէր տրամադրվել հանդիպմանը, վստահություն չուներ: Նա Չեխիայում միջազգային մրցաշարի  մասնակցեց: Տպավորությունն այն է, որ 20-ամյա մարզիկն աստիճանաբար առաջադիմում է:

– Հնարավո՞ր է, մեր հավաքականի մարզիկներին Եվրոպայի առաջնությունում խանգարի հենց մրցափորձի պակասը:

– Դա չպետք է բացառել: Այդուհանդերձ, կամային հատկանիշները հաճախ լրացնում եմ մարզիկների մրցափորձի պակասը:

– Այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնությունում ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Հույսով ենք գնում, որ մեդալներ կբերենք: Ընթացքը ցույց կտա:  Հաջողությունը և անհաջողությունը չէի ցանկանա վիճակահանության հետ կապել: Միայն կարող եմ ասել, որ մեր տղաները մրցավայր կներկայանան պայքարի պատրաստ:

 – Մեր թիմում կա՞ն մարզիկներ, որոնք շեշտը դնելու են նոկաուտով հաղթելու վրա, թե՞ բոլորն էլ խաղարկային բռնցքամարտիկներ են, փորձելու են հնարավորինս շատ, բայց ոչ այնքան ուժեղ հարվածներ հասցնել և միավորներով առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:

– Հիմնականում տեղաշարժվող, խաղարկային բռնցքամարտիկներ ունենք: Վերջին մեկ տարին աշխատում ենք, որ նրանք նաև ուժեղ հարվածներ հասցնեն:

 – Այդ դեպքում շատ բան կարող է որոշել այն հանգամանքը, թե ինչքանով անաչառ կլինեն մրցավարները: Հայաստանից մրցավար սպասարկելո՞ւ է Եվրոպայի առաջնությունը:

– Եթե մրցավարները կողմնակալություն դրսևորեն, միևնույն է, ոչինչ  չենք կարող անել: Մեր երկրից Մինսկում մրցավար չի լինելու: Հրավիրվել են միայն այն մասնագետները, որոնց միջազգային կարգը 3 աստղ է: Հայաստանում այդ կարգի մրցավար չկա: Այդ առումով դժվար է լինելու: Արդեն քանի տարի է` այդ հարց այդպես էլ չի կարգավորվում:

 – Բռնցքամարտով զբաղվելը դժվարին գործ է: Ինչպե՞ս է լուծվում Հայաստանի հավաքականի անդամների վարձատրության հարցը:

– Ովքեր միջազգային  մրցասպարեզներում հաջողություններ ունեն, վարձատրվում են, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ստանում են մեր երկրի նախագահի սահմանած սանդղակով թոշակ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը ևս աջակցում է արժանավորներին: Ոչ ոք ուշադրությունից դուրս չի մնում: Այնպես որ, ֆինանսական խնդիրներ չկան:

 – Ի՞նչ է նախատեսված նախապատրաստական վերջին փուլում:

– Մինչև մայիսի 29-ը մեր ընտրանին Կոնչե Զասպեում համատեղ պարապմունքներ և ստուգողական հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

 – Ադրբեջանի թիմն ի՞նչ կապ կարող է ունենալ մեր երկրի հավաքականի հետ:

– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը` Վադիմ Զոլոտարյովը, ուկրաինացի է: Նա նախկինում բարձրակարգ բռնցքամարտիկ է եղել, լավ հարաբերութուններ է պահպանում Հայաստանի ներկայացուցիչների հետ: Այնպես որ համատեղ աշխատանքը կարող է միայն փոխշահավետ լինել: Կիևից էլ կմեկնենք մրցավայր` Մինսկ: