Ո՞վ կլինի Վիկ Դարչինյանի հաջորդ մրցակիցը

վիկ դարչինյանՕրերս թեթևքաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ԱՄՆ Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» մրցամարտ անցկացրեց մեքսիկացի Հավիեր Գոլոյի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ: Թեև  նախատեսված էր, որ բռնցքամարտիկները պետք  մրցեն 10 ռաունդ, սակայն  4-րդ ռաունդում  Դարչինյանի մրցակիցը հատնվեց ռինգի հատակին և այլևս չշարունակեց պայքարը: Այսպիսով, մեր մարզիկը հաղթեց  նոկաուտով:

 Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնեց, որ նպատակն այն էր, որ Դարչինյանը հաղթի և դառնա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, չեմպիոնական գոտու համար մրցամարտ անցկացնի: Ներկայումս Դարչինյանը հանդես է գալիս նոր քաշային կարգում և կշռում է 56 կգ:  Հայ բռնցքամարտիկն արդեն 38 տարեկան է և ցանկանում է ռեկորդ սահմանել: «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, բացի տարած հաղթանակների քանակից, կարևոր նշանակություն ունի, թե քանի քաշային կարգում է տվյալ բռնցքամարտիկը չեմպիոն դարձել: Դարչինյանը երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել և ցանկանում է ևս մեկ քաշային կարգում այդպիսի հաջողության հասնել: Նա երբեք չի խոսում ռինգին հրաժեշտ տալու մասին, միայն մենք ենք երբեմն ակնարկում: Բայց պետք է տարիքի հետ հաշվի նստել և ժամանակին փառքով հեռանալ»,- ասաց Բադալյանը:

Հետաքրքիր էր, թե ինչու այս անգամ մարզիչն իր սանի կողքին չէր, երբ նա մրցամարտ էր անցկացնում: Բադալյանը պարզաբանեց, որ սկզբում նախատեսվում էր մրցամարտը կազմակերպել Մեքսիկայում: Բայց դա անվտանգ չէր: «Խորհուրդ տվեցի Դարչինյանին, որ նա մրցավայրը փոխելու պահանջ ներկայացնի: Եվ չեզոք վայր ընտրվեց` Տեխասը: Թեև  այն ԱՄՆ-ի տարածք է, Մեքսիկայի սահմանին մոտ է, մեքսիկացի հանդիսականները մրցավայրում շատ էին: Չգնացի, քանի որ տեխնիկական հարցեր առաջացան: Մի ամիս առաջ անհրաժեշտ էր տեղյակ պահել, որ պատրաստվում եմ Տեխաս ուղևորվել, թույլտվություն ստանալ: Բացի այդ, նախատեսվում էր իմ գեղանկարչական գործերի ցուցահանդեսի բացումը: 76 աշխատանք մայիսի 17-27-ը ներկայացված է  Գեղագիտական ազգային կենտրոնի երևանյան ցուցասրահում: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, թեև նախկինում քանիցս տարբեր ցուցահանդեսներում իմ գործերը ներկայացվել են»,- ասաց Բադալյանը:

Ի դեպ, Տեխասում են եղել նաև Դարչինյանի կինը` Օլգան և որդին` Ռուբենը: Այդ է պատճառը, որ նա ընտանիքով վերադարձել է Ավստրալիա: Բռնցքամարտիկը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Հայաստան կժամանի, որպեսզի մտերիմների շրջապատում նշի հաջողությունը:

Դեռևս պարզ չէ, թե ով կլինի Դարչինյանի հաջորդ մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, նա չեմպիոնական գոտու համար մրցամարտ կանցկացնի օգոստոսին կամ սեպտեմբերին: Բանակցությունները երկար կտևեն: Եթե մեր մարզիկը ևս մեկ գոտի ձեռք բերի, կլինի 9-րդը: Դա մեծ ձեռքբերում կհամարվի:

Քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ստել

 «Չպետք է հաճախ ստել, բայց երբեմն

անհրաժեշտ է խուսափողական լինել»

Մարգարետ Թետչեր

ստելՄարդուն միշտ էլ հետաքրքրել է բացահայտել դիմացինի հոգեբանությունը, մտքերն ու հույզերը,  բայց առանց հաղորդակցվելու և որևէ բառ փախանակելու` հնարավո՞ր է դա: Պարզվում է` այո, բայց դա էլ ունի իր կանոնները, որոնք սովորել է պետք:

«Պարզ մեխանիզմներն արտահայտվում են ինչպես հարալեզվական միջոցների (ձայնի ինտոնացիա, խոսքի դադարներ և այլն), այնպես էլ ժեստերի           (նստելու, կանգնելու ձև, միմիկա և այլն) միջոցով»,- ասում է հոգեբան Լուսինե Կտիկյանը:  Նրա խոսքով` հաղորդակցությունը լինում է երկու տեսակ` ոչ վերբալ (կամ ոչ խոսքային) և վերբալ (կամ խոսքային): Ոչ վերբալ հաղորդակցությունը նաև համարվում է մարմնի լեզու` կինետիկա, երբ խոսքի փոխարեն ակտիվ են մարմնական շարժումները: Փորձառու քաղաքական գործիչները դրանց օգնությամբ կարողանում են գաղափար կազմել զրուցակցի մտքերի, հոգեկան վիճակի և զգացումների մասին, նույնիսկ կանխատեսել նրա հետագա գործողությունները:

«Քաղաքականության մեջ եղել են այնպիսի փայլուն հռետորներ, ինչպիսիք են Մաքիավելին, Թալեյրանը, Բիսմարկը, Գորչակովը, իսկ Չերչիլի ռադիոելույթները վճռական դեր են խաղացել Գերմանիայի դեմ Անգլիայի պատերազմում: Սակայն հազիվ թե այդ գործիչները նույն հաջողությունն ունենային՝ հայտնվելով հեռուստաէկրաններին, այսինքն` մարդկանց տեսադաշտում»,- նշում է մասնագետը՝ ավելացնելով, որ կարող ենք հիշել նախագահական թեկնածուներ Նիքսոնի և Քենեդիի ընտրապայքարը: Քանի դեռ այն ընթանում էր գրավոր ելույթների և ռադիոուղերձների շրջանակներում, հաղթելու հավանականությունն առաջինի կողմն էր, սակայն երբ երևացին հեռուստատեսությամբ, իրադրությունը կտրուկ փոխվեց, և Քենեդին հաղթեց: Գաղտնիքն այն է, որ Ջոն Քենեդին, հմուտ հռետոր լինելուց բացի, տիրապետում էր ոչ վերբալ արվեստի նրբություններին: «Քաղաքական գործիչներին, հատկապես` կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս: Թե ում և որքանով է դա հաջողվում, այլ հարց է»,- ընդգծում է Լ. Կտիկյանը՝ շարունակելով, որ պոլիտտեխնոլոգները, որոնք պատրաստում են քաղաքական գործիչներ, ժեստերի և միմիկայի վրա աշխատում են նույն պատասխանատվությամբ, որքան նրանց ելույթների: Եթե զրուցակիցը խոսում է վերամբարձ, ժամանակավրեպ, կյանքից կտրված, արհեստական լեզվով, որը մասամբ կամ ամենևին չի համապատասխանում խոսակցության թեմային, նա լավագույն դեպքում առաջացնում է դիմացինի ներողամիտ ժպիտը: Անհրաժեշտ պայման է, որ ոչ վերբալ և վերբալ լեզուները համապատասխանեն  և լրացնեն միմյանց:

Մասնագետի համոզմամբ, Հայաստանի քաղաքական համակարգում ճիշտ չեն օգտագործվում ոչ վերբալ հաղորդակցության միջոցները: «Նոր ձևավորվող և զարգացող պետությունում, ինչպիսին Հայաստանն է,  դեռևս չկան այնպիսի քաղաքական լիդերներ, որոնց խոսքի, ժեստերի, միմիկայի միջոցով կարող է ստեղծվել որոշակի քաղաքական իմիջ: Շատ հաճախ մարդիկ իրենց իրական մտքերը, զգացմունքներն ու հույզերը թաքցնելու նպատակով, խոսքի ոչ վերբալ և վերբալ միջոցներն օգտագործելուց բացի, սկսում են նաև ստել, ինչն իրականում պահանջում է ուղեղի լարված աշխատանք և հիշողություն», – հավելում է հոգեբանը: Սակայն երբ մարդն ակնեղծ է, խոսքն ու հուզական ռեակցիան համապատասխանում են միմյանց:  Սակայն խաբելու հարցում հմտացած մեկը կարող է շատ ուշադիր նայել դիմացինի աչքերին և ստել: Օրինակ՝ ստելու դեպքում մարդիկ հաճախ ակամա փախցնում են հայացքը կամ սկսում թարթել աչքերը: Եթե խոսելիս մարմնի երկկողմ մասերից (ուսը, ձեռքը, ոտքը) միայն մի կողմն է ակտիվ, դա ցույց է տալիս, որ նա չի ասում այն, ինչ մտածում է: Կարող է խոսելիս մեկ քայլ ետ գնալ, որը ևս կապացուցի, որ ինքը չի հավատում իր ասածին:

Այնուամենայնիվ, մասնագետը հավաստիացնում է. «Հարկավոր է անպայման նշել, որ մարդկանց, քաղաքական գործիչներին միայն ժեստերի, դիմախաղի՝ միմիկաների, մարմնի դիրքով դատելը ամենևին էլ ճիշտ չէ: Եթե զրուցակիցը խոսակցության ժամանակ քորում է իր քիթը, դա դեռ չի նշանակում, որ նա ստում է: Կամ եթե ելույթի ժամանակ աչքերն իջեցնում է ներքև, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա փորձում է ինչ-որ բան  թաքցնել: Չի բացառվում, որ կենտրոնանալու համար  հենման կետ է ծառայում աչքերը ներքև իջեցնելը»:

Ինչ վերաբերում է աչքերի` հոգու հայելին լինելու մասին ասույթի ճշմարտացիությանը, հոգեբանը նշում է, որ իրականում աչքերը շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացին՝ անընդհատ գտնվելով շարժման մեջ: Օրինակ՝ եթե զրուցակցի աչքերը նայում են աջ և վերև, դա նշանակում է երևակայական հիշողության ակտիվացում, ձախ և վերև՝ նկարի կոնստրուկտավորում, ձախ՝  հորինում է ձայն, աջ ՝ փորձում է հիշել այն, ինչ լսել է, ներքև և ձախ՝ ստուգում է զգացողությունները և հույզերը, ներքև և աջ՝ վերլուծում է իրավիճակը, ուղիղ՝ տեղեկատվության ընկալում (հիշելով, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմերը հակառակ են):

Եվ վերջում մասնագետն ավելացրեց, որ յուրաքանչյուր վերլուծություն անհրաժեշտ է կատարել  ծանոթ մարդկանց հետ, այլապես կարող ես մեկին ճիշտ բացահայտել, մյուսին` ոչ:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Սպասենք մինչև…

հայփոստՆախորդ համարում անդրադարձել էինք այն հարցին, որ «Հայփոստ» ՓԲԸ–ում, որը հանդիսանում է Հայաստանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին»  «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրել էր, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել: Նախատեսված է եղել աշխատանքից ազատել մոտ 100 աշխատակցի:

 Ինչեր են «մոգոնել» «Հայփոստում»

Նշել էինք նաև, որ «Հայփոստի» արգենտինացի կառավարիչները, ստանձնելով ընկերության կառավարումը, ստանձնել էին նաև որոշ պարտավորություններ, օրինակ` աշխատողների աշխատանքային իրավունքների պահպանում, աշխատավարձերի փուլային բարձրացում և այլն: Այս պայմանագրային դրույթների իրագործման վերահսկողությունն էլ վերապահված է ՀՀ կառավարությանը: Բայց մեր արգենտինացի բարեկամները մի քանի տասնյակ հոգու` «իրենց մարդկանց», բավականին բարձր աշխատավարձով ու լավ աշխատանքային պայմաններով ընդունել են աշխատանքի, ու վերահսկիչ մարմիններին հենց այդ մարդկանց տվյալները ցույց տալով էլ «թոզ են փչում» մեր կառավարության աչքերին, թե կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները: Իսկ ովքեր բողոքում են աշխատանքային վատ պայմաններից կամ ցածր աշխատավարձերից, նրանց ստիպում են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:

Անցյալ շաբաթվա ընթացքում «Անկախին» այս ընկերության կադրային «քաղաքականության» վերաբերյալ այլ մանրամասներ  հայտնեցին: Օրինակ` նշեցին, որ մարզերում «Հայփոստի» բաժանմունքների տնօրենները ստանում են ընդամենը 50-60 հազար դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնող մարմիններն ընկերության կառավարումը ստանձնելիս պարտավորվել էին որոշ չափով աշխատավարձերը բարձրացնել: Ավելին, որոշ գրասենյակներում աշխատակիցների կրճատումներն արվել են այնպիսի անտրամաբանական ձևերով, որ, օրինակ, ստացվել է` բաժնի վարիչն այժմ նաև պարտավոր է կատարել բաժանմունքի հավաքարարի պարտականությունները, մեկ այլ բաժնի վարիչի վրա են դրվել միանգամից երկու կամ երեք բաժինների աշխատանքները և այլն: Աշխատակիցներն էլ վախենում են «ծպտուն» հանել, քանի որ հաջորդ  վայրկյանին նրանցից կպահանջեն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Իսկ վերևում մեր հիշատակած «իրենց մարդիկ» ուղղակի ազատ ման են գալիս, մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանում ու ոչնչից գլուխ չեն հանում, քանի, որ ո՛չ ոլորտի մասնագետ են, և ո՛չ էլ համապատասխան աշխատանքային փորձ ունեն, որ հասկանան, թե հիմնարկում ինչ աշխատանքներ, երբ և ինչպես են իրականացվում: Մի խոսքով` նրանց պարտականություններն էլ են կատարում ցածր աշխատավարձով «հները», որոնք չեն վայելում բարձրագույն ղեկավարության հովանավորությունը…

Գոնե հերքելու համարձակություն ունենային

Այս բոլոր խոսակցությունների կապակցությամբ «Անկախին» չհաջողվեց «Հայփոստից» պաշտոնական պարզաբանում ստանալ, որովհետև «Հայփոստի» օպերատորի տված հեռախոսահամարներով ոչ ոք չպատասխանեց:

Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությանը, որից հարցրել էինք, թե արդյոք տեղյա՞կ են, նման խնդիր գոյություն ունի՞, կամ արդյոք ընկերության որևէ աշխատակցից բողոք ստացե՞լ են, ապա տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը հայտնեց, որ  այս տարվա ընթացքում` 2013 թվականի հունվարից մինչ այսօր, տեսչությունը «Հայփոստ» ընկերության աշխատողներից աշխատանքային իրավունքների կամ աշխատանքային օրենսդրության որևէ խախտման մասին որևէ դիմում-բողոք չի ստացել:

«Մեր վերահսկողությունը, աշխատանքի պետական տեսչության մասին օրենքի համաձայն, իրականացվում է երկու եղանակով. մեկը նախապես` տարեսկզբին հաստատված ժամանակացույցի համաձայն, իսկ մյուսն իրականացվում է, ըստ անհրաժեշտության` դիմում-բողոքների հիման վրա: Ըստ էության, մեզ մոտ այս տարվա ընթացքում դիմում-բողոք չկա, որպեսզի դրանց հիման վրա վարույթ իրականացվի»,- տեղեկացրեց Վարազդատ Դանիելյանը:

«Հայփոստում» աշխատողների աշխատանքային իրավունքների կամ դրանց խախտման վերաբերյալ ստուգումներ աշխատանքի պետական տեսչությունը կատարել է 2007 թ. վերջին կամ 2008 թ. սկզբին: Այդ ժամանակ տեսչությունը ստուգումներ է իրականացրել աշխատողների աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների, աշխատավարձերի  չափի և վճարման սահմանված կարգերի, հավելումների և այլնի վերաբերյալ, քանի որ այդ ոլորտներում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, խախտումներ շատ են լինում: Այն ժամանակ տեսչությունը վարչական տույժեր է կիրառել ընկերության նկատմամբ, որովհետև շատ խախտումներ են եղել:

Դանիելյանը հիշեց նաև, որ դեռևս 2011 թ. վերջերից «Հայփոստի» շուրջ 8 աշխատողներ իրենց աշխատանքային իրավունքների վերաբերյալ տարբեր հարցերով հայցադիմումներ են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, և այդ բոլոր գործերով աշխատանքի պետական տեսչությունը դատական նիստերին ներգրավվել է որպես պահանջ չունեցող երրորդ անձ: Այսինքն` աշխատանքի պետական տեսչությունը պետական հսկողության և վերահսկողության ոլորտում հանդես է գալիս ոչ թե որպես լիազոր մարմին, այլ ուղղակի մասնակցություն է ապահովում և հայտնում տեսչության դիրքորոշումն այդ խախտումների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեկ էլ երբ Աշխատանքի պետական տեսչությունը կարող է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել «Հայփոստում», Վարազդատ Դանիելյանը հայտնեց, որ մինչ այժմ ստուգումների ժամանակացույցները ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումներ իրականացնելու տրամաբանությամբ չեն անցկացվել: Այդպիսի ստուգումների սկզբունքը դեռ նոր է ներդրվում համակարգում, ու հենց ստուգումների ժամանակացույցը հաստատվի, ըստ այդ ժամանակացույցի իրենք նոր տեսչական ստուգում կիրականացնեն «Հայփոստում»: «Բայց եթե հանկարծ որևէ քաղաքացու դիմում-բողոք լինի տեսչությունում, անմիջապես տեսչությունը պետք է նույն օրվա ընթացքում ստուգում սկսի»,- հավելեց տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետը:

 

Հոգեբանական վամպիրներ

վամպիրՀոգեբանական վամպիրը մարդկային մի տեսակ է, որը զգացմունքային պահանջմունքի բավարարման համար օբյեկտներ է փնտրում: Նրան վամպիր են անվանում, քանի որ ֆիզիոլոգիական մակարդակում արյունը մարմնավորում է օրգանիզմի էներգետիկ հենքը: Նման մարդիկ չեն կարողանում բնական աղբյուրներից վերցնել, կուտակել այդ էներգիան ու դրա փոխարեն վերցնում են պատրաստի վիճակում, ուրիշ մարդկանցից, ավելի ստույգ` նրանցից, ովքեր դա թույլ են տալիս: Նման մարդու կողքին պարզապես անհարմարության զգացում ես ունենում: Նրա հետ շփումից երբեմն սառնության, դատարկության ու հոգնածության զգացում է առաջանում: Մեր հարազատն անգամ կարող է մեզ համար վամպիր լինել: Տարբերությունն ինքներդ կարող եք զգալ: Իսկապես, բարի կամք ունեցողի հետ շփումից թեթևության զգացում է մնում, ազատության, ընտրության իրավունք, իսկ  վամպիրի հետ շփումից ասես խեղդվես, անելանելի վիճակում հայտնվես:Ընդ որում, ինչն առավել ծանր է, նա հաճախ խեղդում է սիրով, ուշադրությամբ, հոգածությամբ, այն աստիճան, որ նրա հետ, նրա կողքին լինելն այլևս անհնար է դառնում, չնայած տպավորությունը կարող է այնպիսին լինել,  որ նա  հոգին չի խնայում ձեզ համար:

Ի՞նչ է վամպիրությունը

Շատերը զգացած կլինեն, որ որոշ մարդկանց հետ շփումից (նույնիսկ խիստ կարճատև, նույնիսկ մեր հարազատի դեպքում) ինչ ծանր զգացողություն է մնում հոգու վրա,ուժերն ասես լքում են, տրամադրության անկում է առաջանում, անդառնալի ու անհույս հեռանում է լավատեսությունը: Ու նկատում ենք, որ ամեն անգամ ընկերական, գործնական, հարազատական  կամ էլ բարեկամական կապով պարտադրված այդ շփումներից հետո նմանատիպ կերպափոխություններ են առաջանում:

Ու եթե այդ վիճակում ու նման բողոքով դիմեք համապատասխան մասնագետի` «կենսաթերապևտի», ապա նա անմիջապես կպատրաստի  հմայիլներ` «էներգետիկ վամպիրներից» պաշտպանության համար: Իսկ ավելի սթափ դատողները կդիմեն հոգեբանի: Հոգեբանության մեջ նույնիսկ գոյություն ունի «հոգեբանական վամպիր» եզրույթը: Սակայն այն բոլորովին այլ կերպ է բացատրվում: Նրանց կարծիքով, «հոգեբանական վամպիրներն»  այն մարդիկ են, որոնց հետ իսկապես դժվար է շփվել. նրանց խոսքում, շարժուձևում, հայացքում ինչ-որ բան  կա, որը կարող է համբերությունից հանել զրուցակցին, զրկել վերջինիս հավասարակշռությունից ու նույնիսկ ագրեսիայի պատճառ դառնալ:  Իսկ այդ ամենը կարելի է համարել վարքի կանխամտածված կամ էլ չկանխամտածված սխալ, որն ունի տարատեսակներ.

Առաջինը` չափազանց դանդաղ կամ էլ չափազանց արագ խոսքն է: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր խոսքի տեմպը ու նույն ալգորիթմով էլ նա ուրիշի խոսքն է ընդունում: Ու եթե զրուցակցի խոսքը մի քանի անգամ գերազանցում է սեփականի արագությունը, ապա նա մշտապես կկորցնի զրույցի թելն ու շուտով կսկսի զրուցակցի  շատախոսությունից ու դատարկախոսությունից զայրանալ: Նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ զրուցակիցը խոսում է չափազանց դանդաղ, նման «ծերունական» ռիթմին հարմարվելու համար նույնպես ուժեր են պահանջվում:

Երկրորդ` բացասականի ավելցուկ: Ինչպես լուսավոր ու դրական մարդիկ կարողանում են մի կատակով, քնքուշ հայացքով տրամադրություն բարձրացնել,  նույն կերպ հոռետեսները կարող են  ամբողջ օրը ներկել սև գույնով ընդամենը մեկ բառով կամ դիտողությամբ: Ու ահավոր է այն մարդու վիճակը, որը ստիպված է աշխատել  ասենք` նման պետի հետ. ընդամենը 5 րոպե շփումը կարող է «զոհին» զրկել ուժից ու ոգեշնչումից:

Նման մարդկանց զայրացնում են ուրիշի երջանկությունը, ուրախությունը, ու նրանք մեծ բավականություն են ստանում` այդ ժպիտն ուրիշի դեմքից «մաքրելով»:

Երրորդ` ժամանակն իզուր կորցնելը:  Այդ մարդիկ միշտ խլում են ուրիշի ժամանակը: Հասարակությունը նրանց շատ չի հարգում, նույնիսկ նրանց անվանում է քրոնոֆագ, այսինք` ուրիշի ժամանակը գողացող: Նրանք պարզապես հիմար հարցերի գծով ռեկորդակիր են: Ժողովուրդն իրավամբ նրանց մակաբույծ է անվանում: Այն ժամանակ, երբ կարելի է աշխատանքն ավարտին հասցնել կամ էլ մեկ այլ կարևոր գործ կատարել, ստիպված ես ինչ որ նման մեկի հերթական անգամ օգնել ինչ-որ մանրուքում կամ էլ անընդհատ լսել նրա դժգոհություններն անձնական կյանքից: Նման մարդիկ իրականում մահու չափ վախենում են միայնությունից ու այդպես էլ չեն հասկանում, թե ինչու աշխատակիցների մեծ մասը խուսափում է իրենցից: Իրականում ամեն մեկը չէ, որ կարող է նման մարդու հետ կոպիտ խոսել, սակայն սպասել, թե երբ նա կսկսի իր գործով զբաղվել, տառապալից ու տհաճ է:

Չորրորդ` ագրեսիվություն: Հավասարակշռված ու հանգիստ մարդկանց ընկերակցությամբ մենք միշտ պաշտպանված ենք զգում: Բայց եթե զրուցակիցը բռնկվող է ու անկանխատեսելի, ապա նրան շրջապատող մարդկանց  հոգեկանը մշտապես «մարտական պատրաստվածության» վիճակում (չէ՞ որ ամեն պահի կարող է թեկուզ բառերով պաշտպանվելու անհրաժեշտություն առաջանալ):

Եվ, ի դեպ, երբ նման մարդը դուրս է գալիս շենքից, բոլորն ասես ազատ շունչ են քաշում: Այս  շփումը բնականաբար հոգնեցնում է: Սա այն ենթատեսակն է, որը քննադատում է, մեղադրում (երբեմն կոպիտ ու անողոք), երբեմն  կռիվ ու վեճ բորբոքում, և ի դեպ, նրանց համար ամնևին էլ նշանակություն չունի, թե ինչ հողի վրա: Գխավորը` հասարակությանը, շրջապատին ապշեցնելն է, զգացմունքներ առաջացնելը: Նրանք «դաժան կատակների» հեղինակ են, վիրավորանք ու ցավ են պատճառում իրենց «զոհին»: Նրանք սովորաբար վարպետորեն ամենացավոտ տեղին են հարվածում, տրորում այդ կետը: Ու երբ զոհը բացահայտ արտահայտում է իր վրդովմունքը, վամպիրը գոհ է ու բավարարված:

Կա նաև մեկ այլ ենթատեսակ` «աղբահավաք», որը սնվում է մերձավորի բացասական էներգիայից:  Դրա համար աննկատ սկանդալներ ու վեճեր է բորբոքում` տիկնիկավարի նման անընդհատ քաշքշելով թելերը:

Հաջորդ ենթատեսակը «գիշակերներն» են, որոնք  զանգվածային ողբերգության էներգիայից են սնվում, ասենք`  տարերային աղետից, վթարից, թաղումից ու նման դժբախտություններից:

Վերջին ենթատեսակն ակտիվ օգնականներն են, անփոխարինելի մարդիկ: Երբեմն նման տեսակի են վերածվում չափազանց սիրող մարդիկ, որոնք սեփական հետաքրքրություններից ու անձնական կյանքից զուրկ են (հաճախ`մայրերը և հոգյակ կանայք):

Հոգեբանական վամպիրի հետ շփումից հետո այնպիսի զգացում է առաջանում, ասես մի քանի  վագոն ես բեռնաթափել: Սակայն խոսքն ամենևին էլ  էներգիան ծծելու  հատկության մասին չէ: Երբ մարդը վիշտ է ունենում կամ ինչ-որ բանից ճնշված է, ապա խիստ  զգում է ինչ-որ մեկի աջակցության կարիքը, ինչը երբեմն ասես ուժով է ուրիշներից քաշում, ստանում: Նման մարդկանց հետ աշխատելը հոգնեցնում է, իսկ իրենք չեն էլ գլխի ընկնում, որ «վամպիրություն»  են անում:

Սակայն կան մարդիկ, որոնք մեծ բավարարվածության զգացում են ունենում ուրիշի դեպրեսիայից. նրանց համար ուրիշի  հուսահատությունը  երանելի բան է:

Բոլոր թվարկված տիպերից էլ կարելի է պաշտպանվել:

Ո՞վ է դառնում վամպիրի զոհ: Այն մարդիկ, որոնք կախվածության  հակում, ցածր ինքնագնահատական ունեն կամ էլ նման են հայտնի մուլտֆիլմի Լեոպոլդ կատվին, որը պարզապես վախենում է, խուսափում վեճերից ու ընդհարումներից:

Հետևաբար, վամպիրի զոհ չդառնալու համար հարկավոր է երկու տարրական  կանոն հիշել. «Ես լավն եմ, ու դա  ապացույցի կարիք չունի և երկրորդ` ես վեճերից չեմ վախենում, դրանք նման են բժշկի վիրադանակի, երբեմն միջամտությունը տեղին է»:

Պետք է միշտ հիշել, որ առաջին տեղում ինքնագնահատականն է, իսկ շրջապատի կարծիքը երկրորդական է. դուք դրամ չեք, որ բոլորին դուր գաք:

Եթե այնուամենայնիվ  ենթարկվել եք վամպիրի «հարձակման» , փորձեք խույս տալ  նրա հետ խոսակցություն  ծավալելուց կամ էլ խոսակցությունը ձեր անձից տեղափոխեք նրա կամ ուրիշների կողմ: Երբեք չափազանց  հետաքրքրվածություն նրա խոսքի հանդեպ մի ցուցաբերեք: Եթե նա ձեր հարազատն է, ապա փորձեք նրան լսել այնպես,  ինչպես կլսեք ռադիոն կամ էլ ինչ-որ ձայնային ֆոն: Մի փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Երբեմն դրանք անհրաժեշտ են, դրանցից խուսափել անհնար է: Ագրեսորը, միևնույն է, կհրահրի այն, ուրեմն արժե դրան նախապես ու բարոյապես պատրաստ լինել:

Փորձեք պատկերացնել, որ ամեն ինչ կատարվում է ոչ թե ձեզ հետ, այլ ինչ-որ այլ տեղ, ասենք` լուսամուտից այն կողմ, բեմում: Ուշադրություն դարձրեք  «հարձակվողի» դիրքին. սովորաբար վամպիրները  բնածին հոգեբաններ են ու կարողանում են  հարմարվել նրան, ում հետ վիճում են:  Ուստի առանձնահատուկ գիտելիքներ դրա համար հարկավոր չեն: Վամպիրն ընդունում է նույն դիրքը, ինչ նրա զոհը, շնչառությունը նույն  հաճախության բերում, ներխուժում անմիջապես անձնական տիրույթ (10-15 սմ-ից ավելի): Ձեր խնդիրն է հեռանալ, փոխել դիրքը, նայել մեկ ուրիշ կողմ, շեղվել: Եթե ագրեսորը փորձում է անցնել հարձակման, ապա հարկ է լուռ նայել նրա աչքերին, ընդմիջում տալ ու փորձել հասկացնել, որ ըմբռնել եք նրա հնարքը: Դա խափանում է հարձակման սցենարը: Պետք է ուղիղ նրան ասել, թե ինչը ձեզ դուր չի գալիս, հնարավորինս հանգիստ, առանց էմոցիայի (նրա ուզածը հենց էմոցիան է):

Ի դեպ, կարելի է ագրեսորի հետ հարցերը լուծել նամակագրությամբ, դա էականորեն կթեթևացնի շփվելու անհրաժեշտությունը, ու ամեն ինչին վերաբերվեք փիլիսոփայորեն:

Հոգեբանական վամպիրության մասին տեղեկացվածությունն ու դրանից պաշտպանվելու այս պարզ միջոցները հնարավորություն կտան օրն ավելի արդյունավետ կազմակերպելու: Առանց այդ էլ, մի շարք օբյեկտիվ պատճառներով պայմանավորված , օրվա վերջում զգում ենք ուժերի անկում, էներգիայի պակաս կամ էլ բացակայություն: Նման միջոցներով կարող ենք մեր էներգետիկ պաշարները պաշտպանել «վամպիրներից»:

Եղրևանի/Syringa/

Syringa1Պատկանում է ձիթենազգիների/Oleaceae/ ընտանիքին: Ծաղիկները բուրավետ են,մանր,խողովակաձև,հասարակ կամ լիաթերթ,հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում,սպիտակ, բաց մանուշակագույն,կարմրավուն:

syringa_vulgaris_miss_ellen_willmottԵղրևանին հիանալի ձմեռում է բաց գրունտում:Հողի նկատմամբ  պահանջկոտ չէ:

Եղրևանու հիմնական տեսակներն են `սովորականը/S.vulgaris L/,պարսկականը/Spersica L/, չինականն/S.chinensis Wild/ ու հունգարականը/S. Josikaea Jacb./: Սովորական եղրևանին ունի բազմաթիվ այլատեսակներ ու սորտեր, որոնք ծաղկում են սպիտակ և մանուշակագույն: Պարսկականը ունի բաց մանուշակագույն ծաղիկներ, որոնք ավելի ուշ են բացվում: Տերևները նշտարաձև են: Որոշ այլատեսակներ ունեն փետրաձև  կամ խորը կտրտված տերևներ և սպիտակ ծաղիկներ: Չինականը`պարսկականի և սովորականի հիբրիտն է: Ծաղիկները խոշոր են, հիմնականում կարմրամանուշակագույն, իսկ որոշ սորտերինը` սպիտակ,վարդագույն և այլն:Հունգարականը սովորական եղրևանուց երկու շաբաթ ուշ է ծաղկում: Ծաղիկները կարմրավուն և բաց մանուշակագույն են:

SyringaVulgaris_04Եղրևանին բազմանում է սերմերով, կտրոններով, արմատածիլերով,անդալիսով , թփի բաժանումով և պատվաստով: Օգտագործվում է դեկորատիվ տարբեր ձևավորումներում:

Տնկումը կատարվում է  աշնանը կամ վաղ գարնանը, բույսը բույսից 2-2.5մ հեռավորության վրա:

Syringa reticulataԵղրևանու ամենավտանգավոր թշնամին վնասատուներից բողբոջային տիզն է, որը շատ փոքր է և սովորական աչքով հազիվ տեսանելի: Այն վնասում է բույսի բողբոջներին և նոր աճող շիվերը:

Դրանով վարակված բողբոջները համեմատաբար ուռած են և փայլը կորցրած: Այդ վնասատուները ձմեռում են բողբոջների թեփուկների արանքում: գարնանը բողբոջների ուռչելու հետ զուգընթաց, նրանք արթնանում են և առաջին տերևները երևալուն Syringa_meyeri__Palibin_1պես սկսում են տարածվել բույսերի նոր աճող մասերի վրա և ձվադրել: Վնասված բողբոջները չորանում են, որի պատճառով ծաղկատվությունը զգալի պակասում է:

Բաշ-Ապարանի հերոսամարտը

բաշ ապարանԵթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու (Սպիտակ), Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում...

Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Առհասարակ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից որևէ մեկին նախապատվություն տալը սխալ է, քանզի թե՛ Սարդարապատում, թե՛ Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտության դեպքում կասկածի տակ կլիներ արևելահայության, մասնավորապես` Արարատյան դաշտավայրի և Լոռի-Թիֆլիս առանցքում բնակվող հայության ֆիզիկական գոյությունը:

Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան, բաժանվեց երեք մասի: Առաջին զորախումբը Ղարաքիլիսայի ուղղությամբ արշավեց հյուսիս` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը, երկրորդ զորամասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց դեպի Երևան Արարատյան դաշտով, իսկ երրորդ զորախումբը փորձեց Երևանը գրոհել հյուսիսից և գրավելով Համամլուն` շարժվեց Բաշ-Ապարանի ուղղությամբ:

1918 թ. մայիսի 22-ին` Սարդարապատի ճակատամարտի օրը, թուրքական 10000-ոց զորաբանակը (9-րդ դիվիզիան) Ասադ փաշայի հրամանատարությամբ և  տեղացի 4000 բաշիբոզուկների ուղեկցությամբ հայտնվեց Բաշ-Ապարանի մատույցներում: Թուրքական բանակին հայ աշխարհազորայինները համազարկերով դիմավորեցին արդեն Միրաք գյուղի մատույցներում: Սակայն ապարանցիների նախնական դիմադրությունը անհույս կլիներ, եթե գործին չմիջամտեր Դրոն: Մինչ Դրոյի Ապարան հասնելն այստեղ համատարած խուճապ էր: Չկար ինքնապաշտպանության պլան, չկար կազմակերպված դիմադրություն:

Ապարանի գյուղերն արագ դատարկվում էին: Մինչ Դրոյի ժամանելը  որոշ աշխատանքներ էին կատարել Ապարանի գավառապետը` Սեդրակ Ջալալյանը և տեղի բնակիչներից Արսեն Տեր-Պողոսյանը: Նրանք շրջում էին գյուղեգյուղ և ժողովրդին ինքնապաշտպանության կոչեր անում, փորձում տեղի ուժերով կազմակերպել հայերի դիմադրությունը: Նրանք կազմեցին ինքնապաշտպանական խորհուրդ`  քահանա Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ: Ինքնապաշտպանական խորհուրդը ստեղծեց թռուցիկ խմբեր, փակեց բնակչության նահանջի ճանապարհը, զենք կրելու ունակ բոլոր տղամարդկանց զորակոչ հայտարարեց և մայիսի 17-ին Ապարանի գավառում հայտարարեց պատերազմական իրավիճակ: Ինքնապաշտպանական խորհուրդը որոշեց թուրքական բանակին դիմակայելու համար ճակատի գիծ հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի մեջտեղն ընկած բլուրները: Մի քանի օրվա ընթացքում հավաքագրվեց և պաշտպանական գիծ մեկնեց մոտ 1500 զինյալ: Մի քանի օր անց զինված աշխարհազորայինների թվաքանակը հասավ 3500 մարդու: Սակայն վերապահությամբ կարելի է հայ աշխարհազորայիններին անվանել զինված: Ճակատի գիծը հսկում էր ընդամենը երկու գնդացիր, թնդանոթներ չկային, իսկ առկա հրացանները հնաոճ էին:

Ինչևէ, մայիսի 22-ին թուրքական առաջապահ զորքերը հասան հայկական դիրքեր և դիմադրության հանդիպեցին: Անակնկալի եկած թուրքերը նահանջեցին և սպասեցին հիմնական ուժերի մոտենալուն, որպեսզի անցնեն վճռական գրոհի:

Մայիսի 22-ի երեկոյան, Երևանի հայոց ազգային խորհրդի որոշմամբ, որպես Բաշ-Ապարանի ռազմաճակատի հրամանատար` իր մարտունակ գնդով Ապարան է ժամանում Դրոն` Դրաստամատ Կանայանը:

Մինչ Դրոն կծանոթանար ստեղծված իրադրությանը և մարտի մեջ կմտներ, թուրքերը կարողացան ճեղքել հայերի պաշտպանական դիրքերը և հայկական աշխարհազորը Արսեն Տեր-Պողոսյանի հրամանով նահանջեց պաշտպանական երկրորդ գիծ:

Սակայն շուտով հայկական աշխարհազորը ստվարացավ: Մի քանի հարյուր կամավորներ ժամանեցին Աշտարակի գյուղերից, և հայկական զինուժն ամուր դիրքավորվեց պաշտպանական երկրորդ գծում: Դրանից զատ, ճակատը համալրեցին փորձառու հայ կամավորները բուլանաղցի Մուրադի, Զեմլյակի, սասունցի Մանուկի, Քաչալ Ղազարի, Յապոնի, գառնեցի Մարտիրոսի հրամանատարությամբ:

Կռիվների երրորդ օրը Դրոյի խնդրանքով Արամ Մանուկյանը Սարդարապատի ճակատից Ապարան ուղարկեց նաև կանոնավոր զորագնդեր:  Մասնավորապես, արագ երթով Ապարան հասավ գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը և փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը: Հայկական ուժերը համալրվեցին նաև հրանոթներով: Սարդարապատի ճակատից այստեղ տեղափոխվեցին կապիտաններ Կլիչի և Սակելյարիի մարտկոցները: Այսպիսով, հայկական կողմից ճակատային գծում դիրքավորվել էր մոտ 8000 մարտիկ: Հայկական ուժերին աջակցում էր նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:

Մայիսի 25-ը վճռական էր Բաշ-Ապարանի ճակատամարտի համար: Վեհիբ փաշայի հրամանով ողջ ճակատով թուրքական զորքերը հարձակման անցան: Թուրքական բանակը փորձեց Սարալանջ գյուղի մոտ շրջանցել հայկական դիրքերը և թիկունքից անակնկալ հարվածել մեր դիրքերին: Սակայն նրանք հայտնվեցին հայկական ուժերի լավ քողարկած ծուղակում և ջախջախվեցին: Գրավելով Սարալանջ գյուղի մատույցներում գերիշխող բլուրները` հայոց զորքը Քասախ գետի հովտում ջարդ տվեց ելուզակներին:

Սակայն Արագածի փեշերին դիրքավորված հայ աշխարհազորայինները թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ տեղի տվեցին: Թուրքերը ճեղքելով հայոց պաշտպանական դիրքերը` հայտնվեցին հայերի թիկունքում և առաջ շարժվեցին ավելի քան մեկ կիլոմետր: Վրա հասած գնդապետ Զալինյանի գունդն ու Գևորգ քահանայի գլխավորած աշխարհազորը շրջապատում են թուրքական բանակն ու խաչաձև կրակի տակ առնում: Ի վերջո, թուրքական այս գունդը գլխովին ոչնչանում է:

Շուտով թուրքական կանոնավոր բանակին օգնության են շտապում Ապարանի գավառում բնակվող թուրքերը: Սակայն Կարմիր վանքի մատույցներում նրանց դեմը փակում է աշխարհազորը, և թուրք բաշիբոզուկները, տասնյակ զոհեր տալով, նահանջում են: Պարտվելով կարմիր վանքի մատույցներում` թուրքերը նոր ճակատ են բացում Բուժական գյուղի ուղղությամբ: Սակայն հայ աշխարհազորը այստեղ ևս հերոսական դիմադրություն է ցուցաբերում թուրքերին և նահանջի մատնում նրանց: Այդ օրը թուրքական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 1000 զոհ: Հայոց զինուժը ձեռք բերեց հսկայական ռազմավար:

Մայիսի 26-ին թուրքական բանակը հայկական պաշտպանական գիծը ճեղքելու մի քանի անհաջող փորձ է անում, սակայն ապարդյուն: Ավելին` քանի որ Սարդարապատում արդեն բեկումնային իրավիճակ էր, Արամ Մանուկյանի հրամանով Սարդարապատից Բաշ-Ապարանի ճակատ են տեղափոխվում կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցն ու հրաձգային 5-րդ գունդը` գնդապետ Հովսեփյանի հրամանատարությամբ:

Դրա հետ մեկտեղ, խանդավառվելով հայոց զինուժի հաղթանակներից, ճակատի գիծը համալրեցին մինչ այժմ մարտից խույս տված շատ բնակիչներ, և հայոց զորքի թվաքանակը, էլ ավելի ստվարանալով, մոտեցավ 10000-ի: Մայիսի 27-ին թուրքական բանակն արդեն ռազմաճակատի որոշ հատվածներում նահանջել էր, իսկ հայոց գնդերը հարձակման էին անցնում գրեթե ողջ ճակատով:

Մայիսի 28-ին Դրոն հայոց գնդերին ընդհանուր հարձակման հրաման է տալիս: Ողջ ճակատով հայկական գնդերն ու աշխարհազորը գրոհելով թուրքերին հետ են շպրտում ելման դիրքերը: Գրոհն անկասելի էր, և թուրքական բանակն արյունաքամ փախուստի է դիմում մարտադաշտից:

Մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության ծնունդը և Բաթումում հաշտության բանակցություններ սկսում թուրքական հրամանատարության հետ: Կնքվում է զինադադար, որի արդյունքում Թիֆլիսում ձևավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայկական գնդերին կարգադրում է դադարեցնել հարձակումը:

Պատերազմն ավարտված էր: Սակայն դա, ինչ խոսք, անժամանակ և մարտավարական տեսանկյունից ոչ ճիշտ որոշում էր: Թուրքական բանակի մնացորդները, նահանջելով Սարդարապատից և Բաշ-Ապարանից, կենտրոնացան Ալեքսանդրապոլում, և միայն Մուդրուսի զինադադարից հետո  հեռացան Արևելյան Հայաստանից: Բացի այդ, եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու, Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Գազի անխուսափելի թանկացումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը

 գազի գինՀայաստանի Հանրապետությունում այժմ ամենաքննարկվող ու հասարակությանն ամենահուզող հարցը թերևս գազի թանկացումն է: Անցյալ շաբաթ «Հայռուսգազարդն» իր մատակարարած գազի թանկացման մասին դիմում ներկայացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դիմումով «Հայռուսգազարդը» ցանկանում է Հայաստանում գազի գինը մոտ 67%-ով բարձրացնել: Բոլորն են հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է այս թանկացումն ունենալ ոչ միայն հայկական տնտեսության, այլև սոցիալական ու հասարակական–քաղաքական կյանքի վրա: 

Այ քեզ ռազմավարական դաշնակից…

2012 թ. օգոստոսին 7-8-ը Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, հատուկ անդրադառնալով Հայաստան մատակարարվող գազի սակագնին, նշել էր. «Կարծում եմ` դրա ձևավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»:

Այսինքն` դեռևս անցած տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանել է, որ գազի թանկացումն այլընտրանք չունի, որ ռուսական կողմն այս հարցում զիջման չի գնացել, այսինքն` Հայաստանը պետք է հաշվի առնի ստեղծված նոր իրողությունը: Դրանից հետո միակ հարցը, որ կարող էր լինել հայ-ռուսական բանակցությունների օրակարգում, այն էր, թե ինչ չափով կբարձրանա գազի սակագինը Հայաստանի սահմանին:

Ուշագրավն այն է, որ գազամատակարարումը և հատկապես դրա գնային սակարկությունները ռուսական կողմի համար միշտ էլ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կատեգորիա են եղել: Եթե այդպես չլիներ, գազի սակագնի վերանայումը ոչ թե տեղի կունենար երկու երկրների նախագահների մակարդակով, այլ «Գազպրոմի» և ՀՀ կառավարության: Էներգետիկ ռեսուրսների գնային քաղաքականությունը Մոսկվայի համար առաջին հերթին իր գործընկերներից քաղաքական զիջումներ կորզելու գործիք է, որը կիրառում է թե՛ ԱՊՀ և թե՛ ԵՄ երկրների հետ հարաբերություններում:

Չպետք է մոռանալ, որ Հայաստանն ու Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ: Իսկ ռազմավարական գործընկերությունը սովորական դաշնակիցներից տարբերվում է նրանով, որ ռազմավարականի դեպքում դաշնակից կողմերից մեկը պարտավոր է իր ֆինանսա-տնտեսական շահը զոհել հանուն իր դաշնակցի ազգային անվտանգության ու կենսական նշանակության հարցերի:

Գազի թանկացումը Հայաստանի պարագայում նշանակում է, որ ամեն ինչ կթանկանա: Մեզ պես երկրում, որտեղ աղքատության շեմը սահմանված է նվազագույն սպառողական զամբյուղի կեսի չափով և դրանով  հանդերձ անգամ աղքատության մակարդակը պաշտոնապես 35% է,  յուրաքանչյուր թանկացում հղի է սոցիալական բունտի, այնուհետև նաև ներքին անվտանգության խարխլման վտանգներով: Իսկ հաշվի առնելով այն տարածաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում գտնվում է Հայաստանը, ուղղակի ազգային անվտանգության խնդիր է առաջացնում:

Եվ ո՞րն է տրամաբանությունը, երբ ռազմավարական գործընկերը, որը նաև քո անվտանգության երաշխավորն է ու անհրաժետության դեպքում պարտավոր է ապահովել քո անվտանգությունը, դեռ մի բան էլ ինքն է այդ անվտանգությանը սպառնացող իրավիճակ ստեղծում:

«Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար: Ո՞վ է ասում, որ գազի գինը Հայաստանում ցածր է, հակառակը` գազն ավելի թանկ է, քան Վրաստանում: Անգամ եվրոպական երկրների հետ ենք համեմատել, և ստացվում է` մեզ մոտ գազը թանկ է: Իրան-Հայաստան գազամուղը չպետք է հանձնվեր ՌԴ-ին: Այլընտրանքային էներգիայի աղբյուրները պետք է կարևորվեին, բայց դա չի արվում»,- գազի թանկացման շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ Ռուսաստանն այս քաղաքականությամբ հայաթափում է Հայաստանը:

Պատգամավորը, այսօրվա իշխանություններին համարելով «ամենաթույլիկը», նշեց, որ նրանք պետք է համարժեք գործողություններ իրականացնեն:

Համարժեք գործողությունների մասով տղերքը երևակայության պակաս ունեն

Իսկ կառավարության «համարժեք» գործողությունները նույնպես պարզ են. կառավարության մայիսի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի գնի վերանայման կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վարչապետն ասաց, որ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի գինը: Սոցիալապես անապահով ընտանիքները նաև կստանան աջակցություն:

Իհարկե, հիմա նման հիմար վիճակի առջև կանգնած չէինք լինի, եթե Հայաստանը ժամանակին էներգետիկ դիվերսիֆիկացիայի նպատակով կառուցված Իրան-Հայաստան գազամուղը չհանձներ «Հայռուսգազարդի» ղեկավարմանը: Որովհետև իրանական գազը, թեև ավելի ցածր կալորիականություն ունի, բայց անհամեմատ ավելի էժան է ռուսական գազից: Բայց, ինչպես ասում են, այդ ո՞նց պետք է ռազմավարական դաշնակից Հայաստանն իր «ավագ եղբորը» զրկեր Հայաստանը էներգետիկ վերահսկողության տակ պահելուց:

Էհ, եղածն արդեն եղած է, ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Եվ այժմ պետք է ուղղակի նայենք, թե գազի գնի այդ կտրուկ բարձրանալու դեմ ինչ միջոցներ կարող է ձեռնարկել հայկական կողմը, որ Հայաստանը չվերածվի հայերի համար առանց պատերի բանտի:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գազի գնի հետ կապված երկու ասպեկտ է մատնանշում: «Առաջինն այն է, որ բնականաբար Ռուսաստանի Դաշնությունն է սակագինը բարձրացնում և ոչ միայն Հայաստանի համար, այլ բոլոր այն երկրների, որտեղ առաքվում է ռուսական գազ, և այդտեղ մենք շատ մեծ անելիքներ չունենք. լավագույն դեպքում կարող ենք բանակցել և ակնկալիք ունենալ, որ մի փոքր ավելի քիչ կլինի, քան մյուսների համար: Բայց ոչ պակաս  ռեսուրսներ կան հենց Հայաստանում: Այսինքն` հենց «Հայռուսգազարդի» շահույթի նորմը` այն ծախսերը, որ նախկինում ներդրումների համար նախատեսում էին շահույթի մեջ, դրանք հիմա կարելի է նվազեցնել, որովհետև  այսօր այդ ծավալի ներդրումներ ընկերության կողմից չեն արվում: Իհարկե, որոշ բաներ միգուցե արվում են,  բայց ոչ այն ծավալներով, ինչ տարիներ առաջ, քանի որ, ըստ էության, Հայաստանի գազիֆիկացիան ավարտվել է, ու մենք դրանով իսկ Հայաստանի գազի սակագնի վրա ազդելու հնարավորություն ենք ստանում: Եթե օրինակ` նախատեսվում է 67%, ապա մեր հաշվարկներով` առնվազն 10-15%, եթե ոչ ավելի, կարող ենք գոնե այդ մասում իջեցնելու, սակագինը նվազեցնելու տեղ ունենալ»,- նշեց Մանասերյանը:

Կան նաև լծակներ, որոնք, կապված են գազի որակի, բաղադրության, խտության հետ: Գազի հաշվիչները վերջին 10 տարվա ընթացքում ընդհանրապես չափագրման չեն ենթարկվել, մեծ մասը,  բայց վերջին հաշվով սահմանագծին չափիչ խոշոր կայան կա, որի ստեղծման համար մեզանից պահանջվել է 1.5 միլիոն եվրո գումար. դա  նույնպես շատ օգտակար է` ստուգելու համար գազի բաղադրությունը` թե ինչ կալորիականություն ունի, ինչ խտություն ունի և այլն: Այս ամենը գազի գնի կարգավորման համար պետքական գործիքներ են, բայց, ինչպես նշեց տնտեսագետը, չեն օգտագործվում: Այսինքն` մենք պետք է նայենք նաև ներքին հնարավորություններին, ոչ միայն արտաքին:

Օրերս Աժ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ «հպանցիկ» անդրադարձավ այս հարցին, որ եթե Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնած մաքսային միության անդամ լիներ, ապա գազը 30%-ով պակաս կթանկանար: Այս մասին հայկական 1in.am լրատվական կայքին ասել էր նաև կովկասագետների միության նախագահ, ռուս քաղաքագետ, վերլուծաբան  Ալեքսանդր Կռիլովը` նշելով. «Շատ է խոսվում ԵվրԱզԷսի, Մաքսային միության մասին: Իսկապես, Հայաստանը չի հանդիսանում ո՛չ Մաքսային միության, ո՛չ ԵվրԱզԷսի անդամ: Ինձ մոտ տպավություն է ստեղծվել, որ Հայաստանի համար բավական ընդունելի է եվրոպական վեկտորը, գուցե շատ դեպքերում, այո՛, այն առավել գրավիչ է, բայց գուցե Մաքսային միության ներսում ա՞յլ գներ լինեին: Այստեղ Հայաստանի որոշելիքն է. եթե նա նախընտրում է եվրոպական վեկտորը, ապա դա չի կարող չազդել նաև ռուսական էներգասպասարկումների գների վրա: Հայաստանը պետք է համակերպվի, որ չի օգտվում այն արտոնություններից, որոնք տրվում են Ղազախստանին և Բելառուսին: Հետխորհրդային երկրներն ունեն ընտրության հնարավորություն` մտնել այդ կառույցի մեջ կամ չմտնել, դա կախված է հայ քաղաքական գործիչների ընտրությունից»:

Բնականաբար, հարց է առաջանում` պատահական զուգադիպությո՞ւն է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում 30%-ով սուբսիդավորել գազի գինը: Արդեն խոսակցություններ կան, որ այդ սուբսիդավորման ծախսերը Հայաստանի եվրոպացի «բարեկամները» կփոխհատուցեն: Բայց մնացած` 37%-ն էլ Հայաստանը  հեշտ չի մարսի: Այնպես որ ինչպես անխուսափելի է գազի թանկացումը Հայաստանում, այնպես էլ անխուսափելի են ցնցումները սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և արտաքին հարաբերություններում:

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

կարկուտԱնցյալ շաբաթը Հայաստանի գյուղատնտեսության համար ծանր սկսվեց: Արարատյան դաշտին պատուհասած կարկուտը վնասել է ավելի քան 17 հազար հեկտար տարածք ու գյուղացիներին պատճառել մոտ 35-40 մլն դոլարի վնաս: Գյուղնախարարությունը հայտարարում է, թե վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել է աշխատանքային շտաբ`  առաջին  փոխնախարար  Գրիշա  Բաղիյանի  գլխավորությամբ, գյուղնախարարի կարգադրությամբ ճշգրտվում են հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները անհրաժեշտության դեպքում տուժած  տնտեսություններին  տրամադրելու  համար, Արմավիրի մարզի` կարկուտից տուժած գյուղերի բնակիչները, որպես բողոքի նշան, փակում են դեպի Երևան եկող  ճանապարհը` պահանջելով փոխհատուցում ու երկու տարով իրենց վերցրած վարկերի սառեցում, իսկ գյուղնախարարի տեղակալն ասում է, որ այդ բանկերը սեփական են, և պետությունը ոչինչ անել չի կարող:

 Բայց նախ տեսնենք, թե ինչու կարկուտն այդքան վնաս տվեց և ինչպես կարելի է հետագայում խուսափել նման աղետներից: 

Ինչո՞վ էին զբաղված հակակարկտային կայանները

Չէ՞ որ գյուղնախարարությունն արդեն մոտ 8-9 տարի է` գլուխ է գովում, թե հակակարկտային կայաններ է տեղադրում, թե դրանք աշխատում են չգիտես թե ինչ անգերազանցելի ցուցանիշներով և այլն:  Ուրեմն ինչո՞ւ երկրի գյուղատնտեսությանը նման հսկայական վնաս հասավ, չէ՞ որ կարկուտից տուժած համայնքներում այդ հակակարկտային կայաններն ամենախիտն են տեղադրված: Գյուղացիների մի մասն ասում է, թե այդ կայանները կարկուտի չարաբաստիկ օրն աշխատել ու կրակել են, մի մասն ասում է, թե չեն աշխատել: Ամեն դեպքում գյուղնախարարությունից պնդում են, թե աշխատել են: Ավելի վատ, քանի որ եթե այդ կայանները աշխատել են, բայց արդյունքում գյուղացիների բերքն ամբողջությամբ կամ 70%-ով ոչնչացել է, նշանակում է, որ կայանները չեն համապատասխանում Հայաստանի պայմաններին:  Ուրեմն ի՞նչ գործ ունեն Հայաստանում:

«Նախկին «Ալազան» տիպը բոլորովին այլ էր, բավականին թանկ հաճույք էր, դա չկա արդեն. նա կրակելով էր աշխատում, ավելի մեծ էֆեկտ էր տալիս: Սրանք փոքր կայաններ են, և ամբողջ տարածքը պետք է ծածկվի, քանի որ եթե ամբողջ օդային տարածքը չի ծածկվում, մանավանդ սահմանային գոտում բավականին բարդություններ են առաջանում. մեկ էլ տեսար` ամպը գոյանում է սահմանի վրա ու չես կարողանում կրակել, և գալիս ու կարկուտը թափվում է: Թափվելուց հետո հազարավոր պարկուճ էլ որ կրակես, միևնույն է` ոչ մի օգուտ այլևս չի տա: Իսկ ընդհանրապես հակակարկտային այս կայանները միջինը կարող են մինչև 60 տոկոս արդունավետություն ապահովել»,- այս կապակցությամբ նշեց Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը` հավելելով, որ աշխարհում ավելի մեծ հակակարկտային կայաններ, քան Հայստանում են, չկան: Հատկապես Եվրոպայում ու ասիական մասերում, բացի Հայաստանից, ոչ մի տեղ հակակարկտային կայաններ չկան: Իսկ այդպիսի մեկ կայանը, նայած տարածքի, կարող է ծածկել 50 հա տարածքից մինչև 80 հա, ոչ ավելի:

Այս հարցի առնչությամբ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը պատմեց հակակարկտային ծառայության ստեղծման հիմքերի մասին` նշելով, որ ստեղծվել էր գյուղատնտեսության հիմնադրամ, ինքը խորհրդի անդամ էր, որտեղ էլ  հենց  8-9 տարի առաջ որոշվեց, որ Արգենտինայից պետք է ձեռք բերվեն այս հակակարկտային սարքերը: «Խորհրդի 11 անդամներից ես միակն էի, որ դեմ  ստորագրեցի այս սարքերին, և հիմնավորեցի, որ այդ սարքերը Հայաստանում չեն փորձարկվել: Երկրորդ դժբախտությունը եղավ այն, որ ացետիլենային այս համակարգերը ներկրվեցին և հետագայում դրանց ացետիլենային պարկուճները փոխարինվեցին պրոպան-բութանով»,- ասաց Հրաչ Բերբերյանը:- Երրորդ դժբախտությունն այն էր, որ  սարքերը տեղադրվել են գյուղերում` այսինքն` ով գումար է ունեցել, կարողացել է ձեռք բերել, ծանոթ է ունեցել` տեղադրել է: Սակայն, իմ խորին համոզմամբ, դա պետք է այլ կերպ արվեր: Մենք ունենք կարկուտնեի հստակ ուղղություններ, որոնք գալիս են  Միջերկրական ծովից: Շիրակի, Արմավիրի` Մասիսի գոտով մտնում են այդ ամպերը, և մենք պետք է երկու էշելոնով դնեինք այդ սարքերը, ոչ թե ցաքուցրիվ անեինք, ուժերը ցրեինք, որպեսզի փորձեինք կանգնեցնել այդ ամպերը, եթե իհարկե ացետիլեն կրակեինք»:

կարկուտ (1) Աշխարհը հրաժարվում է հակակարկտային կայաններից ու անցնում հակակարկտային ցանցերին

Այնուհետև Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասաց, որ Եվրոպան վաղուց արդեն հրաժարվել է ացետիլենից,իսկ որտեղ էլ որ դեռևս կան այս տիպի հակակարկտային համակարգեր, այնտեղ էլ հրաժարվում են դրանցից, ու ներկայացրեց հատուկ հակակարկտային ցանցեր, որոնք, նրա հավաստմամբ, 100%-ով գյուղացիական տնտեսությունները կպաշտպանեն կարկուտներից, տարերային աղետներից և նույնիսկ ցրտահարության  ժամանակ 2-3 աստիճան ջերմաստիճանի տարբերություն կապահովեն: Նման ցանցերը 12-15 տարվա երաշխիք ունեն: Մեկ հակակարկտային սարքն Արգենտինայից ձեռք է բերվում  մոտ 30 հազար դոլարով,  իսկ մեկ հեկտարի համար նման ցանցն  արժի մոտ 2500 եվրո: «Եթե ցանցային եղանակը կա, որով գյուղացին հենց ինքը կարող է հոգալ իր հարցերը, ինչո՞ւ թանկ ու մեծ միջոցների մասին մտածենք: Այդ արգենտինական կայանները չեն արդարացնում իրենց»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Այնուհետև  նա ներկայացրեց թվեր, ըստ որոնց, նույն Արգենտինայում, որտեղից Հայաստան են ներկրվել հակակարկտային կայանները, այս տարի մոտ 10 հազար հեկտար խնձորենիների այգիներ են կարկտահարությունից ոչնչացվել, ու եթե Արգենտինայում այդ սարքերն աշխատեին, ապա հենց  նրանց կօգնեին:

Որ ամբողջ աշխարհում անցել են հակակարկտային ցանցերի, Բերբերյանից  բացի նշեց նաև Յուրի Ջավադյանը` շեշտելով. որ Հայաստանում աճող գյուղատնտեսական բույսերից, բացի ընկուզենիներից, մնացած բոլորը այդ հակակարկտային ցանցերով պատելի են:

Ջավադյանի ներկայացմամբ, այդ հակակարկտային ցանցերը պայքարում են ոչ միայն կարկուտի դեմ, այլև վարակների տարածման, նաև հովացնում են բույսերը տոթի ժամանակ, ու արևի ճառագայթները բույսի վրա անմիջական ազդեցություն չեն ունենում: Իսկ վարակների տարածման դեմ պայքարում են  այնքանով, որ նախ` թռչունները չեն ուտում և փչացնում միրգն ու այլ մշակաբույսերը, երկրորդ` բզեզները, որոնք վարակ են տարածում, ավելի դժվար են ներթափանցում ցանքատարածություններ: Այսինքն` բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն: Հակակարկտային ցանցերը, իհարկե, ավելի թանկ են հակակարկտային կայանների համեմատությամբ, բայց մշտական ապահովություն են երաշխավորում: Դրանք սինթետիկ նյութերից են գործված, բայց հսկայական` մինչև 5 մետրանոց հենակներ պետք է ունենան, այդ հենակների վրա փռվեն, ձմռանը հավաքվեն և այլն:

Ցանցային միջոցները, Հրաչ Բերբերյանի կարծիքով, կարելի է ներդնել պետական սուբսիդիաների միջոցով, հետագայում գյուղացիների կողմից կամաց-կամաց փակելու պայմանով: Նա նշեց, որ եթե մենք մեկ տարում 40 միլիոն դոլարի վնաս պետք է ունենանք, ապա այդ գումարով մեր ամբողջ հանրապետության տարածքը ցանցերով կփակվի:

 

 

Կառավարությունը ձեռք է մեկնում կարկտահարությունից տուժածներին

10416_am_2Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի հարցերից չորսը վերաբերել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին։ Գործադիրը որոշել է ավելացնել հակակարկտային կայանների քանակը և դրանք ներառել ընդհանուր լոկացիոն ցանց, տուժած համայնքներն ազատել հողի հարկից և ջրի վարձից, երկարաձգել վարկերի դրամայնացման և սուբսիդավորման մարման ժամկետները։ Նշված հարցերը կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ արծարծված բացահայտումներին, որոնք վերաբերում են ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին։ ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարները ներկայացրել են ստուգման արդյունքների վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, հաշվետվության մեջ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։ Ամփոփելով քննարկումը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Առաջին հերթին արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատը մեծածավալ աշխատանք է կատարել։ Բացահայտված խնդիրների գրեթե 80 տոկոսի հետ նաև դուք համաձայնել եք, և կա խնդիրների 20 տոկոսը, որտեղ անհամաձայնություն կա, դրանք էլ անհրաժեշտ է համատեղ աշխատել և պարզաբանում տալ։ Կառավարության անունից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վերահսկիչ պալատի անձնակազմին` կատարած աշխատանքի համար։ Երկրորդը` հանձնարարվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին, որպեսզի բոլոր պարզաբանումները, բացատրությունները, որ տրվեցին նախարարությունների կողմից, տեղադրվեն կառավարության կայքէջում։ Եվ երրորդ, որպեսզի մենք պատրաստ լինենք հրապարակային քննարկմանը և թե ինչ ձևաչափով և ինչպես պետք է հանրությանը ներկայացվեն կատարված և կատարվելիք աշխատանքները»։
Ընդունվել է Կենտրոնական բանկի հաշվետվությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
– ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի և ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ պատասխանել և պարզաբանում տալ խնդրո առարկայի վերաբերյալ վերջերս հնչած հրապարակային քննադատությանը,
– համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թթ. միջոցառումների ցանկին։
Կառավարությունն իր նիստում հաստատել է երկրաբանական տեղեկության հանձնման կարգը, սահմանել ազգային գրադարանային հավաքածու ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը։
Գործադիրը խթանում է հերթական ներդրումային ծրագիրը

ՀՀ կառավարությունը «Ատ-մետալս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. մայիսի 30-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։ Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս, հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառել շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում։ 2013 թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ։
Կբարելավվեն սպայական անձնակազմի կենցաղային պայմանները

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և ՀՀ ԿԱ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել սպայական անձնակազմի համար ֆինանսական հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանը` հաշվի առնելով վերոնշյալ ոլորտների բնականոն ու անխափան գործունեության խիստ կարևորությունը պետության, հասարակության և անձի անվտանգության պահպանման տեսանկյունից։ Հաջորդ որոշմամբ տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 30 մլն դրամ։
Բնակմակերեսով են ապահովվում անապահով անձինք

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել մոտ 63 մլն դրամ Երևանի Թբիլիսյան խճուղի N3 հասցեի ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգումը և կից տարածքի բարեկարգումն ավարտին հասցնելու նպատակով։ Շենքի շահագործումով կլուծվի մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 45 մանկատների շրջանավարտների և սոցիալապես անապահով այլ անձանց բնակելի մակերեսով ապահովելու հարցը։
Երկու այլ որոշումներով կառավարությունն Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի, Երևան քաղաքի Աճառյան 20/3 և Շիրակի 2ա N7 և Մոլդովական 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 23 ընտանիքներին սեփականաշնորհել է իրենց զբաղեցրած բնակելի տարածքները։
Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը հստակեցրել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամանակ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմնի գործառույթները. դրա շնորհիվ լիազոր մարմինն արդյունավետ մասնակցություն կարող է ունենալ ջրօգտագործողների` հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրային պաշարի օգտագործման և բաշխման գործընթացին։
Կիրականացվի կադրային ճկուն քաղաքականություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որն ընդունելու դեպքում միասնական քաղաքականություն կիրականացվի հանրային ծառայության կազմակերպման ոլորտում։
Կառավարության հավանությունն է ստացել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերով բացառապես անվճար հիմունքով իրականացվող ատամնաբուժական գործունեության հարկման համակարգն է։
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանը։ Մասնավորապես, առաջարկվում է էապես վերափոխել օրենսգրքի 18-րդ գլուխը, որում նախատեսված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև մի շարք այլ դրույթներ։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի։
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Համագործակցում են ԱՊՀ անդամ երկրները

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ շրջանակներում վեց համաձայնագրի և արձանագրության կնքման առաջարկություններին։ Փաստաթղթերը վերաբերում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման, պաշտոնական վիճակագրության, միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման, գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարման բնագավառներին և ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կանոնադրության ստեղծմանը։
Նիստում համաձայնություն է տրվել Ազատ առևտրի գոտու մասին 2011 թ. հոկտեմբերի 18-ի Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև այն կիրառելու արձանագրության կնքման առաջարկությանը։
Այլ հարցեր

Կառավարության որոշմամբ Երևանում գտնվող «Որսորդմիություն» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտ) արտադրության արտոնագիր (արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզի Զովունի համայնքում)։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու` ավելի վաղ ընդունված որոշման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թ. աշնանային զորակոչ։

Տապակած վարունգ

վարունգՎարունգը լվանալ, մաքրել ու  երկայնակի շերտատել: Աղ ցանել  հավասարաչափ, ապա թաթախել ալյուրի մեջ և տապակել ձեթով երկու կողմից, մինչև վարդագունելը:

Դասավորել ափսեի մեջ, վրան թարմ սամիթ, համեմ կտրատել ու սխտոր ճզմել կամ էլ գլուխ սոխի շերտերով զարդարել:

Վարունգ

Վարունգը 6 հազար տարվա կենսագրություն ունի: Հայրենիքը  Հնդկաստանի ու Չինաստանի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններն են, որտեղ մինչ օրս վարունգն աճում է  բնական  պայմաններում:

Վարունգի 95%-ը ջուր է, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի  պարունակությունը` չնչին:Վարունգի մեջ այնպիսի ֆերմենտներ կան, որոնք  բարերար ազդեցություն են ունենում կենդանական ծագման ճարպերի յուրացման տեսանկյունից:  Ուստի այն գերազանց է մսային ուտելիքի հետ համադրելու առումով: Վարունգի մեջ С, В1, В2, Р,  վիտամիններ կան ու պրովիտամին  А, ֆերմենտներ, հոտավետ ու հանքային նյութեր (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում և երկաթ): Հանքային աղերից շատ է կալիումը: Վարունգի բջջանքն օգնում է աղիքների շարժունակությանը:

Թարմ վարունգ է առաջարկվում սիրտանոթային, լյարդի, երիկամների, ճարպակալման հիվանդություններով տառապողներին: Վարունգը բարելավում է ախորժակը, օժտված է լեղամուղ, միզամուղ ու թուլացնող հատկությամբ: Հիմնային աղերի պարունակությամբ այն միայն զիջում է սև բողկին: Այդ աղերը չեզոքացնում են սննդամթերքի մեջ պարունակվող  թթվային միացությունները, որոնք խախտում են նյութափոխանակության պրոցեսներն ու հանգեցնում օրգանիզմի ժամանակից շուտ ծերացման, երիկամներում ու լեղապարկում`  բյուրեղային միացությունների նստվածքի (քարեր): Վարունգը, ինչպես և բողկը,  համարում են օրգանիզմի սանիտար:

Վարունգը յոդի հրաշալի աղբյուր է: Եվ քանի որ վարունգի մեջ չնչին տոկոս են կազմում սպիտակուցներն ու ճարպերը, օգտագործելու դեպքում ոչ ոքի գիրանալու վտանգ չի սպառնում: Ավելին, վարունգ ուտելիս սառը ջուր կամ կաթ խմելու դեպքում հնարավոր է լավ ու արագ մաքրել աղիքները:

Գարուն է. բացվել է վարունգի սեզոնը: Իսկ մենք այն օգտագործում ենք միայն հում վիճակում, քանի որ տապակածին սովոր չենք: Սակայն բավական է մեկ անգամ, կոտրելով այդ «կարծրատիպը», տապակենք ու կտեսնենք, թե ինչ է ստացվում դրանից: Եվ գուցե այն մեր սեղանից անպակաս ուտեստի վերածվի, գնահատվի ու սիրվի: Իսկ ով սիրում է դդմիկ, կսիրի նաև տապակած վարունգը: Ի վերջո, միշտ էլ կարելի է  նոր բաղադրատոմսերով նոր ու անկրկնելի, քիմքը շոյող համ գտնել:

Ի՞նչ ընթացակարգերով են կատարվում գնումները

գնումՆախ պետք է նշել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

Օրենքի համաձայն` գնումը պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:

Նույն Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` գնում կատարելու ընթացակարգերն են`

1) բաց ընթացակարգ,

2) մրցակցային երկխոսության,

3) սահմանափակ ընթացակարգ,

4) բանակցային ընթացակարգ:

Գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է: Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով` բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:

Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր: Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի     3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Հակառակ դեպքում կնքվում է պայմանագիր:

Եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով:

Մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և երկխոսության հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Երկխոսության նպատակն է մշակել պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Երկխոսության արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:

Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:

Սահմանափակ ընթացակարգի դեպքում`

1) բանակցություններ չեն կազմակերպվում,

2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քառասուն օրացուցային օրից, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակի հայտարարման պահից:

Սահմանափակ ընթացակարգը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:

Բանակցային ընթացակարգի դեպքում պատվիրատուն պայմանագրի պայմանների շուրջ բանակցում է նախապես որակավորված մասնակիցների հետ և կնքում պայմանագիր:

Բանակցային ընթացակարգը կազմակերպվում է`

1) գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կամ

2) առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

Գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կարող է բանակցային ընթացակարգ կազմակերպվել, եթե`

1) գնումը կատարվում է ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման` աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով,

2) արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, որի բնույթը կամ դրան առնչվող ռիսկերը տվյալ գնումը բաց կամ սահմանափակ ընթացակարգով իրականացնելը ժամկետի առումով դարձնում են անհնար, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մշակույթի նախարարի և սփյուռքահայ արվեստաբանի խիստ տարբեր ընկալումները մշակութային քաղաքականության վերաբերյալ

Հասմիկ ՊողոսյանՀայաստանում կա,՞ արդյոք, պետական մշակութային քաղաքականություն: Այս հարցը վերջին շրջանում շատերն են բարձրացնում՝ տեսնելով երկրում մշակութային արժեքների անկումը, ցածրաճաշակ, օտար ու վտանգավոր արժեքների ներմուծումը և որ ամենացավալին է՝ միջազգային ոլորտում հայկական մշակույթն ի շահ երկրի չօգտագործելու իրողությունը:

Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որն արդեն երկար տարիներ ի վեր զբաղվում է հայկական կերպարվեստը միջազգային ամենահեղինակավոր ցուցահանդեսներում ներկայացնելու գործով, վստահաբար ասում է՝ Հայաստանում գոյություն չունի պետական մշակութային քաղաքականություն:

ՀերկելյանՆա այդ խնդրի վերաբերյալ զրուցել է և՛ վարչապետի, և՛ մշակույթի նախարարի, և՛ Հանրային խորհրդի նախագահի, և՛ շատերի հետ: Բոլորը համաձայնել են և ողջունել նրա առաջարկը, որը հետևյալն է՝ մշակել և իրականացնել այդ քաղաքականությունը Հայաստանի և Սփյուռքի տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանցից բաղկացած խորհուրդ ստեղծելով. «Նախ պետք է կազմակերպվի խորհրդաժողով, որի ընթացքում յուրաքանչյուրն իր մասնագիտական կարծիքը հայտնի՝ ելնելով իր փորձառությունից»: Խմբում պետք է ներգրավված լինեն միջազգային ոլորտում հաջողված սփյուռքահայեր, Հայաստանի տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ՝ մշակույթ, էկոնոմիկա, սպորտ, արվեստագետներ, գործարարներ, իրավաբաններ  և այլն:

Հերկելյանը համոզված է, որ ճիշտ կազմակերպելու դեպքում դա անպայման արդյունք կտա՝  կապահովի տնտեսական աճ, մեր վարկը կբարձրացնի միջազգային ասպարեզում, և երկիրը կօգտվի նաև քաղաքականապես: «Բայց եթե այդ ամենը թողնենք միայն անհատների վրա, դա կբերի այն արդյունքը, ինչ որ այսօր է՝ մենք կմնանք երկրորդ պլանում: Իսկ մշակույթով մենք աշխարհում կարող ենք լինել առաջինների շարքում,-համոզված է նա,-մեր ստեղծագործ միտքը դարերի ընթացքում ծառայել է օտարներին, հիմա էլ է ծառայում օտարներին, որովհետև այստեղ համապատասխան մթնոլորտ չենք ստեղծում: Ուրիշները, ենթադրենք, Շագալի հոբելյանն են տոնում, դրա մասին ոչ միայն աշխարհն է իմանում, այլև օգտվում են տնտեսապես: Մենք տոնում ենք Արամ Խաչատրյանի հարյուրամյակը, ոչ միայն չենք օգտվում, նույնիսկ մեր երկրում չենք կարողանում դա մասսայականացնել»:

Մշակույթի նախարարը Հերկելյանին փոխանցել է նախարարության ծրագիրը, որպեսզի ինքը ծանոթանա և դրա վերաբերյալ իր կարծիքը հայտնի: «Այդ ծրագրում նշված է, թե ի՛նչ պետք է անել, բայց քաղաքականության մեջ պետք է ամրագրվի, թե ինչպե՛ս պետք է անել: Տեսությունը հեշտ է, բոլորս էլ գիտենք, որ մշակույթի տարբեր բնագավառները պետք է զարգացնենք, տարածենք և այլն, բայց կարևոր է իմանալ, թե ինչպես դա անել»:

«Անկախ»-ը մշակույթի նախարարի հետ զրույցում պարզեց, որ նախարարն ամենևին էլ չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանում մշակութային պետական քաղաքականություն գոյություն չունի: «Ո՞նց չունի,-զարմանում է նա,-ասողները թող հիմնավորեն: Դա նրանից է, որ այդ ասողները չեն էլ հետաքրքրվում, թե իրականում ինչ է կատարվում»:

Իսկ իրականում, ըստ նախարարի, շատ բան է կատարվում. օրիանակ՝ գրադարանների վերանորոգման ծրագիրը. «Ի՞նչ է, դա քաղաքականություն չէ՞,-հարցնում է նա,-քաղաքականություն է նաև հանրային գրադարանների ցանցի ստեղծումը, գրադարանների ֆոնդի թվայնացումը, մարզային գրադարանների ցանցի ստեղծումը, պետական աջակցությունը համայնքային մակարդակով, ընթերցանության ծրագրերը, գրախանութների, տպագրության ընդլայնումը, թարգմանությունների իրականացումը, ֆիլմերի թվայնացումը,  երաժշտական դպրոցների հետ կապված քաղաքականությունը, որի արդյուքը երևում է միջազգային փառատոններում և այլն: Այսինքն, զարգացման գիծը կա»:

Նախարարը կարծում է, որ այդ ամենը չեն տեսնում նաև նրանք, ովքեր չեն հետաքրքրվում և ողջ օրը նստած հեռուստատեսային ծրագրեր դիտելով են փորձում հասկանալ մշակութային քաղաքականությունը. «Մեզ այսօր մեղադրում են, որ մշակույթը չի երևում հեռուստատեսությամբ, նշանակում է՝ չկա մշակութային քաղաքականություն: Ես խորհուրդ կտամ դուրս գալ տներից, երեկոյան գնալ ցուցասրահներ, մտնել համերգային դահլիճներ, հետևել աֆիշներին և փորձել հասկանալ՝ մշակութային քաղաքականություն կա՞, թե չկա:»

Ինչ վերաբերում է Հերկելյանի ծրագրին, Հասմիկ Պողոսյանը դա հետաքրքիր առաջարկ է համարում, սակայն խորհուրդ է տալիս հաշվի առնել, որ մի խորհրդով նման ռազմավարություն հնարավոր չէ քննարկել: Մշակութային ռազմավարություն մշակելու համար գոյություն ունեն տարբեր ձևաչափեր, որոնց Հայաստանի մշակույթի նախարարությունը մասնակցում է. օրինակ Եվրոպայի խորհրդի մշակույթի նախարարների խորհուրդը, երբ տարին մեկ նախարարները հավաքվում են և քննարկում գլոբալ ռազմավարությունները: «Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չի, դու պետք է այնպիսի ռազմավարություն մշակես, որ ինտեգրվես ընդհանուր հոսքի մեջ»,-ասում է նախարարը:

Մշակույթի նախարարությունը երկու տարին մեկ կազմակերպում է նաև միջազգային կոնֆերանս՝ Եվրոպայի և ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝  «Մշակութային քաղաքականությո՞ւն, թե՞ քաղաքականություն մշակույթի համար» թեմայով: «Ունենք նաև մասնագիտական խորհուրդ նախարարության ներսում, որտեղ առանձին ուղղությունների վերաբերյալ ռազմավարություններ ենք քննարկում»,-ավելացնում է նա:

Մի խոսքով, մշակույթի նախարարությունն այդ ամենով ակտիվ զբաղվում է, բայց չգիտես ինչու՝ մարդիկ գոհ չեն. «Ես չեմ ընդունում, երբ մարդիկ ուղղակի գնում-գալիս են Հայաստան և ձեռքի հետ ասում են, որ Հայաստանում մշակութային քաղաքականություն չկա: Մշակութային քաղաքականությունը զգալու համար պետք է այստեղ ապրել, նստել, շնչել էդ քաղաքականությունը, որ հասկանաս կա՞, թե չկա»:

Մովսես Հերկելյանը հակադարձում է նախարարի կարծիքին. «Սփյուռքում ապրելով՝ չի նշանակում, որ մենք ոչինչ չենք տեսնում: Իմ պարագայում, հատկապես, դա այդպես չէ, քանի որ ես տարին մի քանի անգամ Հայաստան եմ գալիս, ամիսներով մնում են այստեղ և մշակութային հարցերով գործնականում եմ զբաղվում»:

Նշենք, որ Հերկելյանը համագործակցում է հայաստանյան մի շարք նկարիչների հետ և նրանց կտավները ներկայացնում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում: Արդյունքներն ավելի քան տպավորիչ են, ուստի Հերկելյանը ցանկանում է, որ դա դառնա մասսայական. «Եթե մենք մեր մշակկույթը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում և ճիշտ ձևով կարողանանք ներկայացնել, ապա աշխարհում կլինենք մրցունակ, որը մեզ և՛ փող կբերի, և՛ կամրապնդի մեր պետության վարկը, և՛ կնպաստի մեր խնդիրների լուծմանը»:

Հաջորդ տարի Հերկելյանը մի հեղինակավոր ընկերության հետ պատրաստվում է Հայաստանում կազմակերպել միջազգային  ցուցահանդես, որը լուրջ իրադարձություն կլինի մեր երկրի համար: «Թող ների ինձ մշակութի նախարարը, բայց մենք պետական մշակութային քաղաքականություն դեռևս չունենք»,-իր կարծիքին է մնում արվեստաբանը:

 

 

 

 

 

 

Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները` լրագրողների ուշադրության կենտրոնում

սեմինար125 լրագրողներ երկու օր շարունակ Աղվերանում ուսումնասիրում էին անչափահասների գործերով արդարադատության հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները: Համանուն սեմինարը կազմակերպել էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը  և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը:

Օրենսդրական բացերը` երեխաների իրավունքների խախտման պատճառ

ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը, խոսելով օրենսդրական բացերի մասին, ասում է, որ Հայաստանում չկան անչափահասների հարցերով մասնագիտացած դատարաններ: 2012-ին ոլորտում առաջընթաց եղավ` այդուհետ անչափահասների գործերը միշտ նույն դատավորներն են քննում, սակայն ոլորտում դեռ անելիքներ կան.  պետք են նաև մասնագիտացած քննիչներ, դատախազներ, փաստաբաններ:

Ղարիբյանն ասում է, որ  անչափահասների նկատմամբ կալանք կարող է կիրառվել միան միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ներկայում կալանքը լայնորեն կիրառվում է` հաշվի առնելով միայն հանցանքի ծանրությունը և անտեսելով մնացած հանգամանքները: Որպես պատիժ` լայնորեն կիրառվում  է նաև ազատազրկումը, չնայած քրեական օրենսգիրը նաև այլ պատիժներ է նախատեսում: Ըստ փաստաբանի` դրա պատճառներից մեկն էլ ուսումնա-դաստիարակչական հիմնարկների բացակայությունն է, որտեղ, ըստ օրենքի, դատավորը կարող է ուղղորդել օրենքը խախտած անչափահասին: Ուստի դատավորները հաճախ դիմում են կա՛մ ազատազրկման, կա՛մ էլ երեխային հանձնում են ծնողի հսկողությանը, ինչը միշտ չէ, որ արդյունավետ է:

Մասնագիտացված դատարան չունենալու բացասական կողմերից է և այն, որ դատավարության ընթացքում և դատավճիռը հրապարակելիս կիրառում են իրավաբանական տերմիններ` առանց դրանք բացատրելու, հաշվի չառնելով անչափահասի տարիքային առանձնահատկությունները:

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության համակարգող  Հայկ  Խեմչյանն էլ պարզաբանում է, որ անչափահասների գործերով արդարադատությունը վերաբերում է ոչ միայն իրավախախտում կատարած, այլև հանցագործությունից տուժած և վկա երեխաներին:

Խեմչյանի խոսքով` ներկայում խախտվում են կալանավորված անչափահասների իրավունքները, քանի որ վերջիններս, ըստ օրենքի, օրական 22 ժամ փակի տակ են` խցանման կառույցներում: Դատապարտվելուց հետո արդեն պահվում են հանրակացարանային տիպի շինություններում, որտեղ ավելի թեթև պայմաններ են: Նրա խոսքով` կալանավայրի պայմանները հակասում են միջազգային օրենսդրությանը:

ՔՀԻ ՀԿ  նախագահ Արման Դանիելյանն էլ ասում է, որ անչափահասների արդարադատության հիմնական սկզբունքն արարքի պատճառը և երեխայի կարիքները բացահայտելն է: Սակայն մեզ մոտ դա թերի է կատարվում,  քանի որ չկան սոցիալական աշխատողներ: Ոստիկանին վերապահվում է սոցիալական աշխատողի դեր, քննիչին` հոգեբանի, մինչդեռ վերջիններս մասնագետներ չեն:

Երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները պարտադրված են և ոչ արդյունավետ

ՀՕՖ ԵԱԿՀ  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասում է, որ Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում ինքնաբուխ ռեֆորմներ չեն լինում, դրանք կատարվում են արտաքին ճնշումների ներքո: Եվ քանի որ դրանք ներքևից բխող  զարգացումներ չեն, բարեփոխումները կատարվում են  ապրիորի: Որպես օրինակ նշում է մանկատները և գիշերօթիկները բեռնաթափելու ծրագիրը: Ծրագրի արդյունքում 19 գիշերօթիկ դպրոցներից 9-ը վերածվեցին հանրակրթական դպրոցների, սակայն փոխարենը ստեղծվեցին խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ (սոցիալական տներ), որոնք նման մոդելով, ըստ Անտոնյանի, գործում են միայն Հայաստանում:

«Մենք ունենք 45 տոկոս մանկական աղքատություն երկրում, աղքատության սովորական ցուցանիշից գրեթե կրկնակի ավելի»,- ասում է Անտոնյանը` հավելելով, որ մանկական աղքատություն նշանակում է ոչ միայն ֆինանսների սղություն կամ բացակայություն, այլև ծառայությունների անմատչելիություն և տաղանդը, ունակությունները զարգացնելու հնարավորության բացակայություն:

Մանկական աղքատությունը կրճատելու նպատակով Անտոնյանն առաջարկում է Ուկրաինայի օրինակով սահմանել  համընդհանուր կանխարգելման նպաստ, ըստ որի` յուրաքանչյուր երեխայի, անկախ ընտանիքի սոցիալական կարգավիճակից, ամեն ամիս որոշակի չափով նպաստ կհատկացվի:

Անտոնյանն անարդյունավետ է համարում պետության վարած ներկայիս սոցիալական քաղաքականությունը, այն է` օգնել աղքատների մեջ ամենաաղքատին: Ասում է, որ այս հարցում սովորելու բան ունենք Վրաստանից, որն  ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցնելուց հետո երկրում աղքատությունը կրճատեց 27 տոկոսով, իսկ այժմ մանկատներում ընդամենը 360 երեխա ունեն:

Ըստ այդ մոդելի` պետությունը պետք է գնահատի բոլոր ընտանիքների սոցիալական վիճակը և թիրախավորի` ծայրահեղ աղքատներին օգնելը թողնելով բարեգործական հիմնադրամներին, աղքատներին օգնելը` ՀԿ-ներին կամ այլ կառույցի, իսկ սակավ աղքատներին ինքը օգնի. «Աղքատներին ուղղված ներդրումներն արդյունավետ են, քանի որ օգնում են մարդկանց հաղթահարել աղքատության շեմը»:

Անտոնյանը նաև թվային տվյալներով է փաստում պետական անարդյունավետ քաղաքականությունը. այսպես, մանկատան մեկ երեխայի տարեկան խնամքն արժի 12 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում` 7800 դոլար, գիշերօթիկ կրթական հաստատություններում` 6500 դոլար, խնամատար ընտանիքներում` 3500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ: Ասում է, որ աբսուրդ է իրավիճակը, երբ պետությունը, օրինակ` հրաժարվում է օգնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալությունը ստանձնելու պատրաստ տատիկ-պապիկին,  բայց պատրաստ է տարեկան 12 հազար դոլար վճարել, եթե երեխային նույն տատիկ-պապիկն էլ այլևս չպահեն ու մանկատուն ուղարկեն:

Խնամատար ընտանիքների ինստիտուտը ևս չի զարգանում, չնայած այն պետությանը եռակի էժան կարժենար:

Սեմինարի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց  անչափահասների գործերի լուսաբանման տերմինաբանությանը, էթիկական առանձնահատկություններին:

 

 

Դժգոհ են ոչ միայն վարորդները, այլև գծատերերը. ոլորտն այլևս շահութաբեր չէ

տրանսպորտՄեր զրուցակից երթուղային տրանսպորտի (գազել) վարորդն ասում է, որ հնարավորության դեպքում ինքն էլ շատերի պես կմեկնի Ռուսաստան` նույն աշխատանքն անհամեմատ լավ պայմամններում անելու համար: «Օրական մոտ 25  հազար դրամ դուրս եմ տալիս՝ 16  հազար դրամ պլան, 7 հազար՝ գազի փող,  հազար դրամ՝ դիսպետչերին,  հազար դրամ էլ սիգարետ, մի կտոր հաց, տակը մնում ա 5-6 հազար դրամ, բայց դրա համար արժի՞ էս տանջանքը»:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ընդունում է, որ վարորդներն այսօր, մեղմ ասած, նախանձելի վիճակում չեն, ավելին, նա հայտարարում է, որ այսօր վարորդների մեծ պահանջարկ կա, քանի որ շատերն են հրաժարվում նման պայմաններում աշխատելուց. «Ե՛վ ավտոբուսային, և՛ միկրոավտոբուսային երթուղիներում մենք վարորդների պահանջարկ ունենք,- ասում է նա,- ճիշտ է` ամսվա ընթացքում համեմատաբար բարձր  գումար են վաստակում, բայց ելնելով աշխատանքի լարվածությունից, ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև վթարային իրավիճակի ռիսկայնությունից` մարդիկ խուսափում են այս աշխատանքից: Որպեսզի չխուսափեն, պետք է ավելի ապահով զգան իրենց և պետք է այնքան վաստակեն, որ գոնե այդ ռիսկն արդարացվի»:

Ըստ Նավասարդյանի` այսօր վարորդների մոտ 30 տոկոսը տարեցներ են, ինչը նույնպես լուրջ խնդիր է, քանի որ տարիքի հետ մարդ կորցնում է զգոնությունը, ռեակցիան:

Սակայն պարզվում է` իրենց վաստակից դժգոհ են ոչ միայն վարորդները, այլև գծատերերը. Նավասարդյանը հավաստիացնում է, որ երթուղի սպասարկող ընկերությունների սեփականատերերը հրաժարվում են երթուղուց, քանի որ ներդրումներ են կատարում, վարկային պարտավորությունների տակ մտնում, սակայն համոզված չեն` կկարողանա՞ն տակից դուրս գալ: «Մեր ժողովրդին թվում է, թե գծի տերերը գերշահույթներ են ստանում, ո՛չ, ոլորտն այլևս շահութաբեր չէ»,-ասում է նա:

Պաշտոնյայի խոսքով` այսօր կան սպասարկողներ (գծատերեր), որոնք հարկային պարտավորությունները չկատարելու համար հարկադիր կատարման  դռներն են ընկել, բանկերի հետ խնդիրներ ունեն, գրավ դրված գույքը ձեռքներից վերցրել են և այլն:

Հարց է ծագում` եթե ոլորտը շահութաբեր չէ, ինչո՞ւ են դրանով զբաղվում. «Դե, այլ զբաղմունք չունեն կամ մտածում են` կգա մի ժամանակ, երբ այս խնդիրները կկարգավորվեն»,- ենթադրում է նա:

Իրավիճակն այլ էր մոտ 8-10 տարի առաջ. «Մրցույթների ժամանակ մեկ երթուղու  համար 4-5 ընկերություն էր պայքարում, անգամ վեճեր էին լինում, իրար ձեռքից խլում էին, իրար վրա զենք էին բարձրացնում, բայց այսօր ոլորտը դարձել է ռիսկային: Օրինակ` մոտ մեկ ամիս առաջ  ավտոբուսային երթուղու մի ընկերություն հրաժարվեց հետագա սպասարկումներից»,- ասում է Նավասարդյանը:

Պատճառները, ըստ պաշտոնյայի, շատ են. անձնական ավտոմեքենաների թիվն է ավելացել, տաքսի ծառայություններն են ավելացել և մատչելի գներով ծառայություն են մատուցում, միկրոավտոբուսների և ավտոբուսների գներն են բարձրացել (տասը տարի առաջ գազել մակնիշի ավտոմեքենան արժեր 9-11 հազար դոլար, այսօր՝ 20 հազար, բոգդաններն արժեին 34-35 հազար դոլար, այսօր՝ 46 հազար), բարձրացել  է նաև դիզվառելանյութի և գազի գինը, ավտոբուսներում, օրինակ, օրվա եկամտի 70 տոկոսը ծախսվում է դիզվառելանյութի վրա, թանկացել են նաև ավտոպահեստամասերը և այլն: «Այդ ամենին զուգահեռ` ուղեվարձը մնացել է նույնը` 100 դրամ: Բնական է, որ այս ոլորտը պետք է ռիսկային դառնար և շահութաբեր չլիներ»,- ասում է նա:

Ստացվում է` ոլորտի կարգավորման միակ տարբերակը ուղեվարձը բարձրացնելն է: Մեր դիտարկման հետ Նավասարդյանը համամիտ է, բայց չի ցանկանում իր կողմից դա հնչեցնել, որպեսզի իր վրա քննադատական նետեր չուղղի: «Այո, եթե պետական սուբսիդավորում չլինի, վառելանյութը չէժանանա, հարկային պարտավորությունները չնվազեն, ապա ուղեվարձի գինը պետք է բարձրանա, սակայն դա այս պահին իրականացնել հնարավոր չէ, քանի որ երկրի սոցիալական վիճակը լարված է»:

Փաստորեն, վարորդը տառապում է գծատիրոջ կողմից սահմանված պլանային վճարից, իր հերթին գծատերը տառապում է վարկային պարտավորություններից, ուստի ստիպված է պլանը բարձր սահմանել, իսկ ժողովուրդը ստիպված է հանդուրժել կռացած մեջքով ու մի ոտքի վրա կանգնած երթևեկությունը, քանի որ պետությունը չի ցանկանում ուղեվարձը թանկացնելու հաշվին իրավիճակը շտկել, իսկ այլ ձևով դա անելու համար ֆինանսական միջոցներ չունի: Այս մեխանիզմով աշխատելու դեպքում գերբեռնվածության խնդիրն անլուծելի է դառնում. «Այո, եթե գերբեռնված չաշխատեն, ապա ծախսերը չեն հանի, և ուղղակի հաջորդ օրը գիծ դուրս չեն գա»,- խոստովանում է Նավասարդյանը:

Նա հիշեցնում է, որ քաղաքակիրթ երկրներում ոլորտը պետության կողմից սուբսիդավորվում է, իսկ մեզ մոտ նման բան չկա:

Ոլորտի խնդիրներից է նաև վարորդների աշխատանքային իրավունքների ոտնահարումը: ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ոլորտը աշխատանքային իրավունքների խախտման տեսանկյունից համարվում է բարձր ռիսկային ոլորտ: Նրա խոսքով` դեռևս 2011 թ. վարչապետի հանձնարարականով իրենք ուսումնասիրություններ են իրականացրել շուրջ 92 տաքսի և երթուղային սպասարկման ընկերություններում, որտեղ հայտնաբերել են 988 չձևակերպված աշխատող: «Արձանագրել ենք նաև, որ արտաժամյա աշխատանքի ներգրավելու հետևանքով գործատուներն աշխատողներին չեն վճարել ընդհանուր 51 միլիոն դրամ աշխատավարձ: Հայտնաբերել ենք բազմաթիվ խախտումներ ամենամյա արձակուրդների ձևակերպման, բժշկական զննություն չանցնելու, օրվա հանգիստը չապահովելու և այլ խնդիրների վերաբերյալ: Նման խախտումներն այս ոլորտում մասսայական են»,- ասում է նա:

Հենրիկ Նավասարդյանը համամիտ չէ, որ այդ խնդիրները մասսայական են. «Թույլ տվեք համամիտ չլինեմ, բոլոր տեղերում այդպես չէ, ունենք շատ օրինակելի երթուղի սպասարկող ընկերություններ»:

Մի խնդիր էլ D կարգի վարորդական իրավունքի բացակայությունն է: Բազմաթիվ վարորդներ իրենք են խոստովանում, որ աշխատում են առանց D կարգի վարորդական իրավունքի, մինչդեռ Նավասարյանը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր մրցույթի ժամանակ բոլորը ներկայանում են D կարգի վարորդական իրավունքով:

Ինչ վերաբերում է մեքենաների տեխզննման և անսարք վիճակում շահագործելու խնդիրներին, քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով` դա նույնպես չափազանցված է. «Եթե մենք վարորդներին լսենք, կստացվի, որ իրենք առանց մեքենան սարքելու կարող են ամբողջ տարին վարել: Անսարք վիճակում ո՞նց են քշելու: Այո, կան դեռևս ոչ լավ վիճակում գտնվող մեքենաներ, որոնք դեռ սպասարկում են, և դրանցից վատագույնները պետք է փոխարինվեն ավտոբուսներով: Վտանգավոր է այդպես շահագործելը, բայց չենք էլ կարող դրանք լրիվ շահագործումից հանել մինչև փոխարինումը, քանի որ դա էլ հասարակության դժգոհությունը կբարձրացնի»:

Նշենք, որ այս պահին Երևան քաղաքում գործում է 76 մասնավոր միկրոավտոբուսային երթուղի և 25 պետական ավտոբուսային երթուղի: Ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսված է հասցնել 68-ի:

Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրեց, որ այս տարի մոտ հարյուր ավտոբուս պետք է ներկրվի Հայաստան Հյուսիսային Կորեայից` փոխարինելով միկրոավտոբուսներին:

Քաղաքապետարանի պաշտոնյան հավաստիացնում է, որ ոլորտը բարելավելու ուղղությամբ իրենք երկարաժամկետ ծրագիր ունեն և կամաց-կամաց փորձում են դա իրականացնել: Սակայն ակնհայտ է, որ այս մեխանիզմով աշխատելու դեպքում անգամ հեռավոր ապագայում խնդրի լուծում ակնկալել հնարավոր չէ:

Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն

harut-sasunyan6001327137345Ողջունելի է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի չորս անդամներ բանաձև են ներկայացրել, որը պաշտպանում է Կոնգրեսում Հայոց իրավունքների հետապնդման մի նոր մոտեցում՝ դուրս գալով Ցեղասպանության ճանաչման շրջանակներից:

 

Կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Մայքլ Գրիմի (Հանրապետական, Նյու Յորք) և Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ներկայացրած երկկուսակցական այս նոր նախաձեռնությունը պատշաճորեն կոչվում է «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ակտ»:

 

Հանրածանոթ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մի քանի անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից՝ Արդարադատության միջազգային դատարան պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով, այնուհետև նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թվականի ապրիլի 22-ի նախագահական Հռչակագրով և Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների երկու բանաձևերի միջոցով:

 

Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ հիմքում ունենալով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և դրա ընթացիկ հետևանքների լիարժեք ճանաչման, ինչպես նաև մարդկության դեմ իրականացված այս հանցագործության միջազգային մակարդակով իրավացի, արդար և համապարփակ լուծման հարցերը», տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

 

Ժամանակն է, որ ամերիկահայերն աջակցեն Կոնգրեսի ցուցաբերած այն ջանքերին, որոնք դուրս են գալիս Հայոց ցեղասպանության փաստերի կրկնակի ճանաչումներից, և հետամուտ լինել արդարության հաստատման ավելի իմաստալից նպատակի, որը հանգեցնում է Ցեղասպանության հետևանքով կրած վնասների հատուցման և վերականգնման, ներառյալ անհատական և համայնքային սեփականությունը և Արևմտյան Հայաստանի բռնագրավված տարածքները: Դժվար է պատկերացնել, թե որևէ մեկը կհամարձակվի առարկել արդարության համընդհանուր ընդունված գաղափարին, նույնիսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գլխավորում է «Արդարություն և զարգացում» անունը կրող կուսակցությունը:

 

Հասկանալի է, որ երկար տարիներ շարունակ անհրաժեշտ էր հետամուտ լինել Ցեղասպանության ճանաչմանը, քանի որ աշխարհն անտեղյակ էր Հայոց ցեղասպանության մասին: Սակայն, այլևս կարիք չկա շարունակելու Ցեղասպանության ճանաչման հետապնդումը, քանի որ հայկական Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության գործադրած հարատև ջանքերի շնորհիվ տապալված է թուրքական հետևողական ժխտողական քաղաքականությունը: Հաղթանակ հայտարարելով և առաջ շարժվելով իրենց արդար պահանջների հետապնդման ուղղությամբ, հայերը պետք է խուսափեն թուրքական թակարդն ընկնելուց՝ փորձելով անվերջ վերահաստատել Հայոց ցեղասպանության փաստերը: Մինչ այդ, թուրքական կառավարությունը շարունակելու է իր ամոթալի ժխտողականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կամ էլ զբաղվելու է մասնակի և անիմաստ ներողություն խնդրելու խաբուսիկ խաղերով՝ մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին:

 

Ներկայացուցիչների պալատի նոր բանաձևը նաև փորձում է Միացյալ Նահանգների ջանքերը շեղել չարաբաստիկ Հայ-թուրքական արձանագրություններից և Օբամայի վարչակազմի ուշադրությունը սևեռել Թուրքիայից հայության արդարացի պահանջների վրա: Կոնգրեսի բանաձևը նախագահ Օբամային հիշեցնում է նրա՝ 2012 թ. Ապրիլ 24-ի ուղերձի մասին, որտեղ նա կողմնակից էր, որ «փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից: Անհնար է ապագա կերտել՝ առանց հաշվի նստելու անցյալի հետ»:

 

Բանաձևն ընդգծում է, որ Թուրքիայի Հանրապետությունը, փոխանակ «հաշվի նստելու իր անցյալի փաստերի հետ», էլ ավելի է «լարում Հայոց ցեղասպանության ժխտման իր միջազգային արշավը՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, և ուժեղացնելով իր ճնշումը թուրքական քաղաքացիական, թեև փոքր, սակայն ընդլայնվող շարժման վրա, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ արդարություն հետապնդելով համակարգված արշավներից իրենց բիբլիական հայրենի երկրներում բնաջնջված միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, Պոնտոսի հույների, սիրիացիների և այլ քրիստոնյաների համար»:

 

Կոնգրեսի բանաձևում նաև հայտարարվում է, որ Միացյալ Նահանգների «ազգային շահերը՝ հայերի և թուրքերի միջև արդար, կառուցողական, կայուն և մնայուն հարաբերությունների հաստատման մեջ, չեն կարող նշանակալից հաջողությունների հասնել շրջանցելով կամ այլ կերպ փորձելով խուսափել լուծումներ առաջարկելուց այս երկու երկրների միջև առկա պետական քաղաքական, իրավական, անվտանգության և բարոյական խնդիրներին՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության ժխտմանը»:

 

Վերջերս ներկայացված բանաձևը հստակեցնում է, որ հայերը Ցեղասպանության հայտնի փաստերն անընդհատ կրկնելով բավարարվելու փոխարեն, պահանջում են արդար լուծում՝ լիարժեք և համապարփակ հատուցման միջոցով:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Դեպի համընդհանուր ներառում. Ինչպիսի՞ն կլինի հատուկ կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխելուց հետո

սաղյան

Իվետա Սաղյանը ցույց է տալիս Գոռի աշխատանքները

10-ամյա Գոռն այն երեխաներից է, որոնց մասին ասում են` զարգացման հապաղում ունի, ինչի պատճառով էլ նա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի: Այժմ նա  սովորում է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում` երկրորդ դասարանում:  Գոռի ուսուցչուհին` Իվետա Սաղյանը, ասում է, որ երեխայի մեջ առաջընթացն ակնհայտ է. նախկինում դասին մի քանի րոպե էր նստում, հետո դուրս էր գալիս դասարանից, իսկ այժմ դասի մեծ մասը դասարանում է անցկացնում: Սաղյանը պատմում է, որ սկզբում դժվար էր, Գոռը շատ էր աղմկում, պահանջում էր այնքան ուշադրություն, որքան ողջ դասարանը, ինչի պատճառով, դասն այնքան արդյունավետ չէր լինում, որքան ինքն էր ակնկալում:  Բայց դասարանն ի վերջո սովորեց ուշադրություն չդարձնել Գոռի աղմուկին: Այժմ Գոռը դասարանում արդեն ընկեր ունի` Գևորգը, միշտ միասին են խաղում:  Գոռը նաև ուսուցչի «օգնականն» է դասարանում, ընկեր Սաղյանը Գոռին է հանձնարարել դասարանային բույսերից մեկի խնամքը, ինչն էլ պատասխանատվությամբ կատարում է:

Թիվ 21 հիմնական դպրոցը մեկն է հանրապետությունում գործող 98 ներառական կրթություն իրականացնող դպրոցներից: Այստեղ ներկայումս  սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 12 աշակերտ:

Դպրոցի հատուկ մանկավարժ Վարդուհի Պալյանն ասում է, որ ներառական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք քայլեր են հարկավոր, օրինակ` դպրոցները պետք է համալրվեն ուսումնաօժանդակ նյութերով`  գունազարդ հեքիաթների գրքերով, փազլներով, այլ զարգացնող խաղերով, որոնցով հնարավոր կլինի զարգացման հապաղում ունեցող երեխաների ուսուցումն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել:

Վարդուհի Պալյան

Վարդուհի Պալյան

Ըստ Պալյանի` հարկավոր է նաև ուսուցիչներին հոգեբանորեն վերապատրաստել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել և աշխատել, ինչպես նաև փոխել ծնողների մեջ ներառական և հատուկ կրթության վերաբերյալ բացասական ընկալումը. «Ծնողները պետք է հասկանան, որ ներառական համակարգում ընդգրկվելու մեջ ամոթալի բան չկա»: Ասում է` շատ երեխաներ կան, որոնք կարիք ունեն, որ հատուկ մանկավարժն ու հոգեբանը աշխատեն իրենց հետ, սակայն ծնողը հրաժարվում է` ներառական ասվածը մերժելով: Մինչդեռ արդյունավետ ու ճիշտ աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց  երեխան կարող է այլևս առանձնահատուկ կրթության կարիք չունենալ, ինչը կբացահայտվի պարբերաբար կատարվող վերագնահատման միջոցով:

Ըստ նրա` որոշ ծնողներ էլ խուսափում են հատուկ դպրոցներից` առանց հաշվի առնելու, թե որ դպրոցում իրենց երեխայի կրթությունն ավելի արդյունավետ կլինի: «Ծնողը պետք է գիտակցի, որ որոշ դեպքերում երեխան հատուկ դպրոցում կարող է ավելի լավ կրթություն ստանալ, քան այլ  դպրոցում»,- ասում է Պալյանը` հավելելով, որ ծնողը հոգեբույժի կարիք ունեցող երեխային հանրակրթական դպրոց բերելով` նախ և առաջ իր երեխային է վնասում, քանի որ այստեղ երեխան չի ունենա այն առաջընթացը, ինչ կարող էր ունենալ հատուկ դպրոցում:

Պալյանն առաջարկում է, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում ներառվի նաև դրույթ, որը նախ կբացառի, որ փոքր խնդիրներ ունեցող երեխաները հայտնվեն հատուկ դպրոցներում, իսկ արդեն խորը մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին էլ գոնե որոշ ժամանակով կուղղորդի դեպի հատուկ դպրոց:

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

ԿԳՆ  հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, սակայն, նշում է, որ հետընթացի ճանապարհ չկա, պետք է գնալ դեպի համընդհանուր ներառում. օրենքի նոր փոփոխությունը կապահովի յուրաքանչյուր երեխայի` իր համայնքին մոտ դպրոցում կրթություն ստանալու իրավունքը. «Ներառական կրթություն հասկացությունն իրավունքից է բխել, յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքից:  Երկու հիմնարար իրավունքները համատեղելու` ընտանիքում ապրելու և կրթություն ստանալու իրավունքը համատեղելու համար անհրաժեշտ է ներառական կրթության գաղափարը: Այլևս չի քննարկվում, թե որ երեխան իրավունք ունի, որը ոչ: Հիմա հարցն այն է, թե ինչ անենք, որ բոլոր երեխաների կրթության իրավունքը ապահովենք»:  Փոխարենը`  օրենքով կհստակեցվեն  կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման չափանիշները և սանդղակներ կսահմանվեն, որ այն երեխաները, որոնք թեթև  խնդիրներ ունեն, չհայտնվեն հատուկ դպրոցում և կտրվեն ընտանիքից:

Ըստ Մուրադյանի` հատուկ դպրոցների գաղափարախոսությունն ավարտված չէ, նույնիսկ եթե օրենքն ընդունվի, հատուկ դպրոցները շարունակելու են  գործել:

2012-ի հոկտեմբերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2013-ի փետրվարին  նախագծի նիստերի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: Այժմ ընթանում են հանրային քննարկումներ, շահագրգիռ կողմերն իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացնում նախագծի վերաբերյալ: Ընդունվելու դեպքում նոր օրենքը կփոխարինի նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության մասին» օրենքին:

Ըստ նախագծի` մինչև 2022 թ. հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան նաև ներառական, այն է`  կարողանան երեխային համարժեք կրթական ծառայություններ մատուցել:

Ըստ այդմ` հատուկ կրթությունը կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը կլինեն հանրակրթական դպրոցները: Ներկայում գործող 23 հատուկ դպրոցների մի մասը  կվերակազմակերպվի, և ամեն մարզում կգործի մեկական  հոգեբանամանկավարժական կենտրոն: Այդ կենտրոնները  կստանձնեն հանրակրթական դպրոցներում հատուկ կրթությունը վերահսկողի և վերապատրաստողի դերը: Երրորդ աստիճանը կլինեն հանրապետական նշանակության հատուկ դպրոցները, որտեղ կկազմակերպեն այն երեխաների կրթությունը, որոնց կրթությունը հանրակրթական դպրոցում կազմակերպելն անհնար է:

Խոսելով այն մասին, թե որքանով հնարավոր կլինի արդյունավետ դաս կազմակերպել  բոլորի համար, եթե դասարանում առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների թիվը մեծ լինի, Մուրադյանն ասում է, որ ըստ գործող ներառական կրթությունն իրականացնելու կարգի` մեկ դասարանում կարող է ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության:

«Նոր օրենքը ենթադրում է, որ յուրաքանչյուր դպրոցում 100 երեխայի հաշվով կլինի մեկ ուսուցչի օգնականի հաստիք, ուսուցչի օգնականն արդեն աջակցող մասնագետ է, բացի այդ,  տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնները պետք է գործուղեն մասնագետների, որոնք ինչ-որ պարբերականությամբ պետք է դպրոցում լինեն և վարեն երեխայի ուսումնական պլանը»,- ասում է Մուրադյանը:

Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման չափանիշները հստակ չեն, Մուրադյանն ասում  է. «Նախարարը հաստատել է կրթության կազմակերպման կարգը, որում ասվում է, որ  կրթության  առանձնահատուկ կարիք ունեցող երեխան սովորում է անհատական ուսուցման պլանով: Կրթության մեջ սկզբունքներ գոյություն ունեն, օրինակ` 6 տարեկանին չեք կարող 18 տարեկանին համապատասխանող պահանջներ ներկայացնել, այստեղ էլ 6 տարեկան երեխան, եթե դպրոց է եկել,  բայց երկու տարեկանի զարգացում ունի, նրա կրթական ծրագիրը չի կարող լինել 6 տարեկան երեխային համապատասխան: Այսինքն` նրա անհատական ուսուցման պլանը պետք է մեկ կամ երկու քայլ ավելի լինի իր այսօրվա զարգացման մակարդակից:  Հետևաբար, մենք գնահատում ենք երեխայի առաջխաղացումն իր նախորդ վիճակի համեմատությամբ: Նրա առաջադիմության գնահատման համար անհատական ուսուցման պլանի առաջխաղացումներն են դեր կատարում: Կա ներառական  կրթության իրականացման կարգը, որում գրված է, թե երեխան ինչ ծրագրով պետք է սովորի, ինչպես պետք է ամփոփվի նրա առաջադիմությունը, ինչպես պետք է գնահատվի»:

Իսկ դպրոցների ֆիզիկական մատչելիության մասին խոսելով` Մուրադյանն ասում է, որ  այդ գործոնը հաշվի առնելու դեպքում որևէ դպրոցի ներառական կրթություն իրականացնելու իրավունք չէր տրվի. «Ֆիզիկական մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, դա ենթակառուցվածքների հարց է: Մենք ստիպում ենք տնօրեններին, որ թեքահարթակներ կառուցեն, սանհանգույցներում բռնակներ լինեն, բայց դա ավելի շատ ռեկլամային բնույթ է կրում: Դա ավելի շատ քաղաքաշինական խնդիր է»:

Նրա խոսքով` դպրոցաշինության պատվիրատուն ոչ թե ԿԳՆ-ն է, այլ քաղաքաշինության նախարարությունը, և վերջինս դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման ժամանակ պետք է հաշվի առնի նաև մատչելիության խնդիրը: Իսկ մինչ այդ դպրոցների տնօրենները պետք է փորձեն եղած միջոցներով հնարավորինս մատչելի միջավայր ապահովել աշակերտների համար, օրինակ` տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների դասարանները պետք է առաջին հարկում տեղակայեն:

Թբիլիսիում միասեռականների շքերթը զանգվածային անկարգություններով է ավարտվել

geo_anti_gay_riotՎրաստանի իշխանությունների համար ամոթալի ու տհաճ միջադեպի վերածվեց Թբիլիսիում միասեռականների առաջին շքերթը, որը ծեծկռտուքով ավարտվեց:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում միասեռականների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ անցկացված շքերթը վերաճեց զանգվածային անկարգությունների, երբ շքերթի մասնակիցների վրա հարձակվեց զայրացած ամբոխը`ճեղքելով մասնակիցներին պաշտպանող ոստիկանների շարքերը:

Ծեծկռտուքի ու զանգվածային անկարգությունների ժամանակ տասնյակ վիրավորներ եղան, այդ թվում`լրագրողներ եւ ոստիկաններ, որոնք փորձում էին շքերթի մասնակիցներին պաշտպանել հարձակումներից:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դատապարտեց մայիսի 17-ին տեղի ունեցածը`հայտարարելով. «Խաղաղ հավաքների եւ սեփական կարծիքն արտահայտելու ազատության իրավունքը մեր ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է»:

Հոմոֆոբիայի դեմ կազմակերպված շքերթի հակառակորդները դեռ նախորդ օրը սկսել էին հավաքվել մայրաքաղաքի կենտրոնական`Ռուսթավելի փողոցում եւ մինչեւ շքերթի անմիջական սկիզբը, նրանց թիվը հասնում էր մի քանի հազարի:

Ոստիկանությունը պաշտպանական օղակ էր կազմել Թբիլիսիի Ազատության հրապարակի այն հատվածում, որտեղ հավաքվել էին մի քանի տասնյակ ակտիվիստներ, ովքեր լի էին միասեռականների շքերթն  անցկացնելու վճռականությամբ: Միջոցառումը դեռ չէր սկսվել, երբ զայրացած ամբոխը շարժվեց դեպի հրապարակ, եւ ոստիկանությունը ստիպված եղավ շքերթի մասնակիցների մեծամասնությանն ավտոբուսներով առավել անվտանգ վայր տեղափոխել, մինչեւ ամբոխը կհասցներ ներխուժել հրապարակ:

Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականների ուղեկցությամբ շարժվող, մահակներով, քարերով եւ այլ իրերով զինված ցուցարարները հարձակվեցին շքերթի մասնակիցներին տեղափոխող երթուղայինի վրա`կոտրելով պատուհանների ապակիները եւ քարկոծելով ներսում եղած ակտիվիստներին:

Կատարվածից ոգեւորվելով`շքերթի հակառակորդներից ոմանք գրավեցին հրապարակը, տոնելով իրենց հաղթանակը, մինչդեռ մյուսները շարժվեցին մայրաքաղաքի տարբեր ուղղություններով:

Միասեռականների դեմ բողոքողների համար քաջալերող դեր էր ունեցել նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իլյա Երկրորդի արած հայտարարությունը, որտեղ վերջինս միասեռականությունը համեմատում է հիվանդության հետ եւ կոչ է անում քաղաքապետին  արգելել շքերթը:

Ի պատասխան`մայրաքաղաքի իշխանությունները հայտարարեցին, որ ցույցեր անցկացնելու համար նախնական թույլտվության կարիք չկա, եւ որ կազմակերպիչները պարզապես պետք է տեղեկացնեն իշխանություններին իրենց ծրագրերի մասին:

Մինչ այդ, Իվանիշվիլին խոստացել էր, որ հոմոֆոբիայի դեմ անցկացվելիք շքերթի մասնակիցների պաշտպանության մասին հոգ կտարվի անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիքի են մյուսները միջոցառման մասին:

«Կան մարդիկ, ովքեր չեն կարող սա ընդունել, բայց մենք կանենք ամեն հնարավորը`ցանկացած փոքրամասնության իրավունքները պաշտպանելու համար: Ահա թե ինչ պետք է լինի նման պարագայում», – հայտարարել էր վարչապետը:

Սակայն տեղի ունեցածից հետո, Իվանիշվիլին հավանության արժանացրեց ոստիկանության ձեռնարկած միջոցառումները եւ վստահեցրեց, որ բռնությունների ու անկարգությունների մեղավորները կպատժվեն: Վարչապետի խոսքերով` միասեռականների շքերթի ընթացքում անցանկալի պատահարները կանխելու նպատակով ոստիկանության 2 000 աշխատակիցներ են աշխատել այդ օրն Ազատության հրապարակում, սակայն ոստիկանների շարքերը պարզապես տեղի էին տվել մի քանի հազարի հասնող հակամիասեռական ցուցարարների ճնշմանը:

Այնուամենայնիվ, Իվանիշվիլու կառավարությանը մեղադրում են նրանում, որ ոստիկանությունը չի կարողացել պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցածին:

«Վրաստանի որոշ քաղաքացիների հնարավորություն չտրվեց օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից: Պետությունն ի վիճակի չէր եղել միջոցառման անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել կամ բռնությունը կանխել», – հայտարարել էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին`դեպքի վայր ժամանելով:

Թբիլիսիում գործող Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ալեկո Ցկիթիշվիլին նշում է, որ շատերը կարծում էին, թե հոմոֆոբիայի դեմ նախատեսված շքերթը պետք է խաղաղ ընթանար, հատկապես երբ վարչապետը խոստացել էր ապահովել մասնակիցների անվտանգությունը:

«Խաղաղ եւ հստակ բովանդակությամբ հայտարարություններ տարածվեցին, որտեղ կառավարությունը խոստանում էր հոգալ կարգուկանոնի պահպանման մասին: Սակայն, դժբախտաբար, ողբերգություն տեղի ունեցավ, եւ մարդիկ տուժեցին», – ասում է Ցկիթիշվիլին`հավելելով, որ ականատեսների վկայությամբ, ոստիկաններն ունեին համապատասխան միջոցներ անկարգությունները կանխելու համար:

«Վստահ եմ, որ պետք է բարձրացնել ներքին գործերի նախարարի ու ոստիկանության  համապատասխան պաշտոնյաների պատասխանատվության հարցը», – նշում է նա:

Այլ իրավապաշտպան կազմակերպությունները եւ ընդդիմադիր ուժերն այն կարծիքին են, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով`կառավարությունն ու ոստիկանությունը հեղինակազրկվեցին:

«Մեզ պետք է պետություն, որը պատրաստ է արձագանքել ագրեսիային», – ասում է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Չիորա Տակտակիշվիլին:

Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ստիպեցին շատերին մտահոգվել կրոնական անհանդուրժողականության հնարավոր վերելքի եւ երկրի հեղինակությանը հասցված վնասի կապակցությամբ:

«Շատ դժվար է տեսնել, թե ինչպես են հոգեւորականները մասնակցում այդ ամենին եւ անամոթաբար թույլ տալիս, որպեսզի երեխաներն իրենց մասնակցությունն ունենան այդ բռնություններին», – ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Տակտակիշվիլին:

«Ցավոք, տեղի ունեցածի պատճառով կառավարության հեղինակությանը լուրջ վնաս է հասցվել, եւ որ ամենացավալին է`ողջ պետության հեղինակությանը նույնպես», – ասում է Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ցկիթիշվիլին:

«Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս ողբերգության մեջ, պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն: Ո’չ քահանայի սքեմը, ո’չ թագավորական թագը, ո’չ էլ նախագահի աթոռը չպետք է անպատժելիություն երաշխավորեն», – եզրակացնում է նա:

 

Թինա Ժվանիա, Կովկաս

Կովկասյան լրատու # 688

Թինա Ժվանիան ազատ լրագրող է Վրաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net

 

 

«Նաիրիտը» չի գործում, բայց աշխատակիցները դեռ հավատում են, որ այն կվերագործարկվի

նաիրիտԿաուչուկ արտադրող երեւանյան գործարանն արդեն ապրել է իր դարը, սակայն «Նաիրիտի» աշխատակիցները դեռ հույս ունեն, որ այն կրկին կսկսեն շահագործել:

Արփի Բեգլարյան, Կովկաս

Կովկասյան լրատու # 688

18-ը մայիսի, 2013թ.

Երբեմնի հզոր «Նաիրիտ» գործարանը, որն ունի մոտ 3000 աշխատող, 2010թ-ից չի աշխատում, արտադրանք չի տալիս, բայց աշխատակիցները շարունակում են աշխատանքի գնալ, չնայած աշխատավարձ ստանալու հույս էլ չունեն:

«Արդեն երրորդ տարին է, որ «Նաիրիտը» կանգնած է, չի աշխատում ու աշխատողների 70%-ը 2/3 աշխատավարձով նստած է տանը: Նրանց 2/3-ի չափով աշխատավարձ է գրվում ու նրանք ստիպված պարապուրդի են մատնվում, մնում են տանը: Մնացած 30%-ն աշխատանքի են գնում, որ քիմիական գործարանը նորմալ վիճակում պահվի՝ ոչինչ չփչանա, չգողանան, հետո նյութեր կան, որոնք պետք է պահպանված լինեն, որ շրջապատին էլ վնաս չտան: Այդ 30%-ին աշխատավարձ տրվում է 100%-ով, բայց ուշացումներով՝ 40 օրը մեկ, երկու ամիսը մեկ», – պատմում է 1972թ-ի հոկտեմբերից մինչ օրս առանց ընդմիջման «Նաիրիտ» գործարանի ացետիլենի արտադրությունում հերթափոխի վարպետ Սերժիկ Բեժանյանը:

Գործարանի աշխատակիցներն ապրիլի 29-ին հերթական ցույցն էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել 10 ամսվա չվճարված աշխատավարձը: Սա «Նաիրիտի» աշխատակիցների նմանատիպ առաջին բողոքը չէր: 11 ամսվա չվճարված աշխատավարձը վճարելու պահանջով նրանք կառավարության շենքի դիմաց հավաքվել էին նաեւ 2012թ-ի նոյեմբերին:

Դեռ նոյեմբերի բողոքի ցույցի ժամանակ, աշխատողներին, ինչպես եւ այս անգամ, խոստացել էին հաջորդ օրը վճարել մեկ, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ երկրորդ ամիսների աշխատավարձերը: Ավելին, նախագահական նստավայրում աշխատակիցներին խոստացել էին մինչեւ նոյեմբերի 25-ը լուծել գործարանի գործարկման հարցը:

«Չորս-հինգ անգամ արդեն եղել ենք նախագահական նստավայրի առաջ, ամեն բողոքից հետո մի երկու ամսվանը տվել են ու հետո նորից երկար ժամանակ չեն տվել: Վերջին անգամ արդեն գնացինք կառավարություն, այնտեղ խոստացան, որ մեկ օր անց կտան: Տվեցին: Այս անգամ ստացա անցած տարվա`2012թ. մայիսի աշխատավարձը: Եթե հնարավոր էր այդ գումարը տալ, ինչո՞ւ չէին տալիս, եթե պարտք էին վերցնելու, էլի թող վերցնեին… չենք հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասում է Սերժիկ Բեժանյանը:

Արհեստական կաուչուկ արտադրող երեւանյան «Նաիրիտ» գործարանը հիմնադրվել է 1940թ-ին: Գործարանը ԽՍՀՄ երկրներին եւ ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք: «Նաիրիտը» Անկախ պետությունների համագործակցության եւ Արեւելյան Եվրոպայի տարածքում քլորոպրենային կաուչուկների եւ լատեքսների միակ արտադրողն էր:

Կառավարության հաշվարկներով`«Նաիրիտի» վերազինման եւ վերագործարկման համար անհրաժեշտ է 512 միլիոն դոլար, որից 146-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, իսկ 366-ը` գործարանի արդիականացմանը:

Դեռ 2006 թվականին «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնվեցին Rhinoville Property Limited անվանմամբ օֆշորային ընկերությանը, որն այդ բաժնետոմսերը գրավ դրեց ԱՊՀ միջպետական բանկում, վարկ վերցրեց ու վճարեց ՀՀ կառավարությանը: Մի քանի տարի հետո պարզվեց, սակայն, որ չնայած գործարանը գործում էր, նրա պարտքն ավելի է մեծացել, դառնալով ավելին, քան բաժնետոմսերի գինն էր: Rhinoville Property Limited-ն այդպես էլ չփակեց ԱՊՀ միջպետական բանկից վերցրած վարկը, ինչի հետեւանքով «Նաիրիտի» բաժնետոմսերը դարձան այդ բանկի սեփականությունը:

2009թ. «Նաիրիտում» խոշոր պայթյուն տեղի ունեցավ, որից հետո գործարանն այդպես էլ մինչեւ վերջ չվերագործարկվեց: 2011թ.-ին «Նաիրիտի» նոր օպերատոր ընտրելու համար մրցույթ հայտարարվեց: Մրցույթում հաղթեց գերմանական C.A.C  ընկերությունը, որը որոշ ժամանակ անց անհայտացավ:

«Նաիրիտ» գործարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալը շատ դժվար է։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը նշել է, որ գործով զբաղվում է հենց նախարարը՝ Արմեն Մովսիսյանը։

Իր վերջին՝ ապրիլի 15-ի հարցազրույցում նախարարը, այդուհանդերձ, հնարավոր է համարել ու չի բացառել, որ «Նաիրիտ» գործարանի սեփականատեր առաջիկայում կարող է դառնալ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը։

«Նախապես ներդրումային առաջարկ «Ռոսնեֆտ»-ը չի ներկայացրել։ «Ռոսնեֆտը» նոր է սկսել։ «Ռոսնեֆտ»-ն աշխարհի ամենահզոր ընկերություններից մեկն է: Եթե նրանք այսօր ցանկություն են հայտնել ուսումնասիրելու Հայաստանի էներգետիկ դաշտը՝ համարելով, որ կարելի է նաեւ այստեղ ծավալվել, դա ՀՀ-ի համար բավական մեծ հաջողություն է»,– ասել է Ա.Մովսիսյանը www.1in.am էլեկտրոնային պարբերականի թղթակցի հետ հարցազրույցում:

Մինչ այս, էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու երեք ընկերությունների առաջարկներ է քննարկել, սակայն, որոնք են այդ ընկերությունները, նախարարը հրաժարվել է պարզաբանել։

Միաժամանակ, ռուսական ԶԼՄ-ներից «Իզվեստիա» պարբերականում տեղ գտած հրապարակման համաձայն`Ռուսաստանը համաձայնել է «ԵվրԱզէՍ» հիմնադրամից 400 միլիոն դոլարի վարկ հատկացնել «Նաիրիտի» արդիականացման համար:

Սակայն անգամ հնարավոր ներդրողների առկայության դեպում, դեռեւս անհայտ է`կկարողանա արդյո՞ք «Նաիրիտը» վերագտնել իր տեղը ժամանակակից համաշխարհային շուկայում, եւ որքան գումար կպահանջվի այն պատշաճ մակարդակի հասցնելու համար:

«Գործարանը տարեց տարի կորցնում է իր արտադրանքի մասով գրավչությունը, ինչպես նաեւ ազդեցությունը համաշխարհային շուկայում, եթե նախկինում ունեինք գերիշխող դիրք, ապա այսօր եւ՛ կաուչուկի մասով, եւ՛ մյուս արտադրատեսակների, շատ ավելի նվազ մրցունակ ենք ու պահանջարկ կարող ենք ունենալ, որովհետեւ չինական ընկերությունները համաշխարհային շուկայում բավական լուրջ եղանակ են ստեղծում»,- կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի կարծիքով, նույնիսկ եթե գործարանը բերվի կատարյալ վիճակի, այն արդեն կորցրել է շուկաների զգալի մասը, այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոններին, որոնք պայմանավորում են գործարանի աշխատանքի արդյունավետությունը: Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով հնարավոր կլինի գրավիչ ու շահութաբեր բիզնես պլան կազմել, այսօրվա իրավիճակից ելնելով, եւ շահագրգռել պոտենցիալ ներդրողին:

«Շահավետ բիզնես պլանի ներուժ գործարանն ունի,- այդուհանդերձ կարծում է Թ.Մանասերյանն ու հավելում, – Բայց դա շատ կարճ ժամանակահատվածի խնդիր չէ, այսինքն` արագ լուծման խնդիր չէ: Դրանք կարող են լինել արդյունաբերական հսկաներ կամ միջազգային կորպորացիաներ, որոնց համար ռիսկի գործոնն արդարացված կլինի եւ երկար տարիների ընթացքում կարող են իրենց թույլ տալ ներդրումներ անել, որոնց արդյունքները ոչ թե շուտ կերեւան ու միանգամից շահույթներ կբերեն, այլ կամաց-կամաց»:

Սակայն գործարանի վարպետ Սերժիկ Բեժանյանը պնդում է,որ իրենք բազմիցս են լսել «Նաիրիտի» հետ կապված հնարավոր գործարքների մասին:

«Մեզ ամեն անգամ խոստանում են, որ բանակցություններ են ընթանում ու կգա ժամանակ, որ գործարանը նորմալ կաշխատի: Անգլիայից եկան նայեցին գործարանը, Ռուսաստանից, հույս ունենք, որ այն կաշխատի, բայց երբ՝ չգիտենք: Վերջին անգամ ասացին, որ երեք ամսից պարզ կլինի կաշխատի՞, թե ոչ», – ցավով նշում է նա:

Չնայած գործարանի աշխատանքային անձնակազմը պահպանվում է, տնտեսագետ Մանասերյանը մտահոգվում է, որ «Նաիրիտի» համար կարեւորագույն նշանակություն ունեցող մասնագետները լքում են Հայաստանը:

«Պետք է հաշվի առնել հատկապես ինժեներատեխնիկական կադրերը, որոնցից շատերն արդեն Հայաստանում չեն: Կադրերի արտահոսքը նոր խնդիր չէ, բայց եղած մասնագետներին պահելու, հատկապես լավ մասնագետներ պատրաստելու համար նպատակային ծրագրեր են անհրաժեշտ ու համոզմունք եղած աշխատողների մոտ, որ իրենք կպահպանեն իրենց տեղը: Սա բավական լուրջ խնդիր է»,- նշում է նա:

 

Արփի Բեգլարյանը emedia.am  լրատվական կայքի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net

Մայիսյան հերոսամարտերը

օրհնանք 1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:

Հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ճակատային գիծը և վերադարձավ Ռուսաստան: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից` թուրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակման անցան:

Անդրկովկասյան Սեյմի և Թուրքիայի միջև Տրապիզոնի հաշտության բանակցությունների տապալումից հետո թուրքական բանակը վերսկսեց հարձակումը: Թեև թուրքերի հարձակման նպատակը ողջ Անդրկովկասի նվաճումն էր, մի քանի հարյուր կիլոմետր ձգվող ռազմաճակատի գիծը պաշտպանում էին միայն հայկական փոքրաթիվ ուժերը: Վրացիներն ու ադրբեջանցիները ոչ միայն հրաժարվեցին թուրքերի դեմ կռվելուց, այլև իրենց պառակտիչ գործունեությամբ քայքայում էին հայկական ճակատը:

Մարտին թուրքերը գրավեցին Սարիղամիշը: Հայերի հույսը լավ ամրացված Կարսն էր, սակայն քաղաքը երկար չդիմադրեց` Անդրկովկասյան Սեյմի ղեկավարության ապաշնորհության պատճառով: Ճանապարհը դեպի Կովկաս թուրքական զորքերի համար այլևս բաց էր: Հայության գլխին կրկին կախվեց ոչնչացման սպառնալիքը:

Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրեթե առանց դիմադրության գրավեցին Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը: Այստեղից թուրքական բանակը բաժանվեց երեք մասի: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ արշավեց դեպի Արարատյան դաշտ և Երևան, մյուս մասը, շրջանցելով Արագած լեռը, Երևանի վրա արշավեց Բաշ-Ապարանի ճանապարհով, երրորդ մասն արշավեց Լոռի` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը: Երևանի և Թիֆլիսի առումից հետո թուրքերը տարբեր ուղղություններով պիտի արշավեին Բաքվի վրա:

Բնականաբար, թուրքական բանակն իր ճանապարհին կողոպտում ու սպանում էր հայ ժողովրդին: Հայության արևելյան հատվածի գլխին ևս կախվեց ցեղասպանության սպառնալիքը:

Թուրքերին դիմագրավելու համար հայությունը լարեց բոլոր ուժերը: Հայ քաղաքական միավորումները համախմբված գործի անցան: Հիմնական ծանրությունն ընկավ Հայկական կորպուսի երևանյան զորախմբի վրա, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը: Արարատյան երկրում պաշտպանության կազմակերպումը ստանձնեց Արամ Մանուկյանը:

սարդարապատԶարգացնելով հաջողությունը` թուրքական զորքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատը: Հայկական զինուժը թուրքերին դիմավորեց Սարդարապատ կայարանի մատույցներում: Սարդարապատի ճակատամարտի հրամանատարությունը հանձն առավ գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը: Առաջին իսկ օրը հրետանային համազարկից հետո հայկական բանակը հակահարձակման անցավ և հետ գրավեց Սարդարապատ գյուղն ու կայարանը: Թուրքերը նահանջեցին Արաքս կայարան, ապա համախմբելով ուժերը` կրկին գրոհի անցան: Մի քանի օր տևած կռիվների արդյունքում թուրքական 15000-ոց բանակը գլխովին ջախջախված փախուստի դիմեց դեպի Ալեքսանդրապոլ:

Սարդարապատի ճակատամարտը, բացի ռազմական հաղթանակ լինելուց, կարևորվեց նաև նրանով, որ ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Սարդարապատն այսօր նաև հայոց միասնության խորհուրդն է ամփոփում:

Սարդարապատի հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ժողովրդի մեջ ու քաղաքական շրջանակներում: Առաջին անգամ ողջ պատմության ընթացքում թուրքական կանոնավոր բանակի դեմ հայերը բաց դաշտում ճակատամարտ տվեցին ու հաղթեցին:

Սարդարապատից զատ միաժամանակ ճակատամարտ էր ընթանում Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում:

Բաշ Ապարանում թուրքական բանակի 9-րդ դիվիզիայի նպատակն էր արագ երթով ջարդել հայկական զինված խմբավորումները, շրջանցել Սարդարապատի զորախումբը թիկունքից, աքցանի մեջ առնել հայկական բանակն  ու ոչնչացնել: Թուրքերի մտահղացումը կռահելով` գեներալ Սիլիկյանը Բաշ-Ապարան ուղարկեց Դրաստամատ Կանայանին 6000-ոց զորախմբով: Հայկական զինուժին հաջողվեց նախ Ալի-Քուչակում ջախջախել թուրքական առաջնապահ ուժերին և ոչնչացնել հրետանին, ապա Դրոն, կազմակերպելով նաև տեղական աշխարհազորը, հակահարձակման անցնելով, ջարդեց թուրքական բանակի հիմնական ուժերը, կասեցրեց թուրքերի առաջխաղացումն ու հզոր հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն, որ դարձյալ նահանջեց Ալեքսանդրապոլ: Պետք է նշել, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում մեծ աջակցություն ցուցաբերեց նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:

Փոքր-ինչ այլ էր իրավիճակը Ղարաքիլիսայում: Թուրքական բանակը Ղարաքիլիսային մոտեցավ երկու ուղղություններով: Հիմնական ուժերը երկաթուղու ուղղությամբ Շիրակի դաշտավայրից մոտեցան Ղարաքիլիսային, իսկ մյուս զորաբանակը մտավ Դաշտային Լոռի, գրավեց Ջալալօղլին և Վորոնցովկան (Տաշիր) և մայիսի 20-ին երկու բանակները մոտեցան Ղարաքիլիսային: Մայիսի 24-28-ը տևած արյունահեղ կռիվների ընթացքում հայերը հերոսաբար դիմադրեցին մեծաքանակ թշնամուն` փակելով Լոռվա ձորի մուտքը և ճանապարհը դեպի Թիֆլիս, որտեղ կենտրոնացած էր հայության մեծագույն հատվածը: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր: Ճակատամարտի ընթացքում թուրքական բանակին օգնում էր նաև տեղի թուրք-մահմեդական բնակչությունը: Թուրքերի գերազանց սպառազինության դեմ հայկական կողմն ուներ 6000 կռվող` 10 հրանոթներով և 20-ից պակաս գնդացիրներով: Ավելորդ չէ նշել, որ Ղարաքիլիսային շատ մոտ` Դսեղում էր գտնվում զորավար Անդրանիկն իր մարտունակ զորաջոկատով, սակայն նա հրաժարվեց մարտի բռնվել թուրքերի դեմ և ճակատամարտից հետո անցավ Դիլիջան: Իսկ Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատարը հայկական բանակի գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանն էր: Ղարաքիլիսայում աչքի ընկան Գ.Նժդեհը, գնդապետ Ն.Ղորղանովը և ուրիշներ…

Ճակատամարտն ահեղ էր: Երկուստեք մեծ կորուստներ եղան: Հայերն առաջին օրերին հակահարձակման անցան և թուրքերին հետ քշեցին ելման դիրքերը:  Սակայն թուրքերին, այնուամենայնիվ, համալրում ստանալուց հետո հաջողվեց գրավել Ղարաքիլիսան: Թշնամին քաղաքում իսկական նախճիր սարքեց: Մի քանի օրվա ընթացքում Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրքական յաթաղանի զոհ գնացին 5000-ից ավելի հայեր: Չնայած Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտությանը` կասեցվեց թուրքերի առաջխաղացումը: Եվ եթե Սարդարապատի տակ և Բաշ-Ապարանում հայերը փրկեցին Երևանը, ապա Ղարաքիլիսայի հերոսամարտի արդյունքում փրկվեց ողջ Կովկասը և Թիֆլիսը` մասնավորապես: Ավելին, մայիսյան հերոսամարտերի արդյունքում մասնակիորեն կասեցվեց թուրքերի առաջխաղացումը Բաքու, ավելի ստույգ` դանդաղեցվեց, որից շահեց Բաքվի կոմունան: Ղարաքիլիսայի ճակատամարտից շատ չանցած` թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան խոստովանեց. «Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»:

Մի խոսքով, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գոյամարտի ելած հայությունը կարողացավ ոչ միայն խափանել թուրքական հրամանատարության պլաններն ու զենքով ամրագրել ապրելու իրավունքը, այլև հաստատել ապրելու և  անկախ պետականություն կերտելու իրավունքը:

Մնում էր, որ հայ քաղաքական ուժերը կարողանային ամրագրել մայիսյան հերոսամարտերի հաղթանակները դիվանագիտության ասպարեզում:

Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի անկախությունը: Դա այն առավելագույնն էր, որ կարողացավ անել հայ քաղաքական միտքն այդ տարիներին:

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Սիսեռ (Cicer arietinum)

Cicer arietinumՍիսեռը բակլազգիների ընտանիքից է,  որը քաղաքակրթությանը հայտնի է  հնագույն ժամանակներից: Սիսեռն աճեցնում էին Մերձավոր Արևելքում: Բրոնզե դարում  այն արդեն  հայտնվեց Հունաստանում ու Հռոմում: Մատուցվում էր ձիթապտղի յուղով տապակված ու պանրի հետ: Սիսեռի մասին առաջին հիշատակումը հանդիպում է Հոմերոսի «Իլիականում»:

XVII դարից սկսած` սիսեռը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Այն Եվրոպայում կիրառվել է նաև որպես սուրճի փոխարինիչ:

Հին ժամանակներից սիսեռ աճեցնում են Հնդկաստանում և Պակիստանում: Այն ընկույզի համ է հիշեցնում: Այսօր շատ տարածված է արևելյան «հումուս» ուտեստը, ինչպես նաև արաբական խոհանոցի «ֆալաֆելը»` սիսեռի խյուսից ձևավորած գնդիկները, որոնք տապակվում են այնքան, որ խրթխրթան կեղև ունենան:

Հնդկական խոհանոցում լայն տարածում ունի սիսեռալյուրը, որը, ի դեպ, արդեն հաջողությամբ կիրառում են նաև իտալացի խոհարարները. դրանից պատրաստում են հատուկ բլիթներ` ֆարինատներ: Իսկ ֆիլիպինցիները  գիտեն սիսեռը թանձրահյութով պահածոյացնելու մի տարբերակ, որը մատուցում են որպես  աղանդեր` «հալո-հալո» (ֆիլիպինյան պաղպաղակ): Եթե բրնձից կարելի է սաքե պատրատել, ապա սիսեռն էլ կարող է ալկոհոլային խմիչքների համար հումք  դառնալ:

Բաղադրությունը և հատկությունները

Սիսեռը հարուստ է սպիտակուցներով ու ածխաջրերով, ինչպես և բոլոր բակլազգի մշակաբույսերը: Սիսեռը պարբերաբար օգտագործելը նվազեցնում է օգանիզմում խոլեստերինի մակարդակը: Սիսեռի մեջ օրգանիզմին անհրաժեշտ կալիում ու մագնեզիում կա: Իսկ  դրա պարունակած կալցիումն ու ֆոսֆորը կամրացնեն ոսկրահյուսվածքը:

Չնայած սիսեռի ցողունն ու տերևները խոհարարական կիրառություն չեն գտել, սակայն պարունակում են խնձորաթթու, որը նույնպես օգտակար է: Սիսեռը հարուստ է B, A, E և C խմբի վիտամիններ, հանքանյութեր: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը երիտասարդացնող և իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հարաշալի միջոց է համարվում:

Սիսեռից պատրաստված սնունդ է առաջարկվում գեր  ու շաքարային դիաբետով մարդկանց սննդակարգերի համար: Սննդաբաժնում սիսեռի ամենօրյա կիրառումը կարգավորում է լյարդի, երիկամների գործունեությունը, օրգանիզմը մաքրում թույներից ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի կուտակումը:

Բացի թվարկվածներից, սիսեռն օգնում է  պահպանելու կառուցվածքը, բարձրացնում տրամադրությունը: Դեռևս հնում էին սիսեռը կիրառում որպես մարսողական խնդիրների ու մաշկի դարման:  Մատղաշ ցողուններից թրջոցներով բուժում էին վերքերը, իսկ տերևների թուրմը զարմանալի ազդեցություն էր ունենում զույգի սեքսուալ հնարավորությունների վրա: Անցած դարերում կանայք սիսեռի օգնությամբ ազատվում էին  ցավոտ դաշտանից, իսկ կերակրող մայրերը բարելավում էին կաթի որակը: Սակայն  անվերապահորեն ասել, որ սիսեռը միայն օգուտ է տալիս, ճիշտ չի լինի:

Կան մարդիկ, որոնք սիսեռը «չեն մարսում»: Ուստի սիսեռով «տարվելուց» առաջ հարկավոր է խորհրդակցել սննդաբան բժշկի հետ:

Իսկ սիսեռից ինչ-որ բան պատրաստելուց առաջ հարկավոր է նախապես թրջել այն սառը ջրում` 8-12 ժամ, ապա լվանալ հոսող ջրով: Իսկ եթե ինչ-որ մեկը զգուշանում է սիսեռ ուտելուց` խուսափելով գազառաջացումից, ապա կարելի է  եփի ընթացքում ջրին ուրց կամ կոճապղպեղ ավելացնել: Սիսեռը կարելի է խաշել ու տապակել, ավելացնել ապուրներին ու բանջարեղենին, մսային կերակրատեսակներին: Նույնիսկ երեխաներին  է առաջարկվում սիսեռից խյուսեր  օգտագործել` ավելացնելով մրգի կտորներ կամ մեղր: Իսկ գինու քացախով թրջած սիսեռից հրաշալի աղցան է ստացվում: