ԱՐՇԱԿ ՏԵՐ- ՂՈՒԿԱՍՈՎ` քաջ, հմուտ զինվորական և ազնվագույն անձնավորություն

լեյտենանտ Արշակ (Արզաս) Հարությունի Տեր-Ղուկասով,մեծԴեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ  ասաց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:

Հայ զինվորական միտքը փայլատակել է հազարամյակներ շարունակ: Ցավոք, ոչ միշտ է հայ զորականը զենք բարձրացրել հայոց պետականության համար: Հանգամանքների բերումով հազարավոր հայեր ծառայել են օտար բանակներում: Սակայն անգամ օտար դրոշի տակ բարձր են պահել հայի ու հայ զինվորականության պատիվը:

Այդ երախտավորներից է ռուսական կայսերական բանակի զորավար, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշակ (Արզաս) Հարությունի Տեր-Ղուկասովը:

Փառապանծ է նրա ուղին:

Ապագա զորավարը ծնվել է 1819 թ. հունվարի 8-ին Թիֆլիսում: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի հայության կրթական դարբնոցում` Ներսիսյան վարժարանում: Ավարտելով դպրոցը` նա տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել ճանապարհային հաղորդակցության ինստիտուտը և ավարտել 1839 թ.: Ստանալով ճարտարագետի որակավորում` Արշակ Տեր-Ղուկասովը վերադառնում է Կովկաս և աշխատանքի անցնում Ռազմավիրական ճանապարհի շինարարությունում: Շուտով նրա պաշտոնը բարձրացնում են, և շնորհալի ճարտարագետը նշանակում է ստանում Կովկասի հաղորդակցության վարչությունում որպես երկրորդ վարչության կառավարիչ:

Սակայն Արշակ Տեր-Ղուկասովը, չնայած հաջող աշխատանքին և գրավիչ հեռանկարին, թողնում է ամեն ինչ և 1850 թ. անցնում զինվորական ծառայության: Այս բնագավառում էլ շնորհալի հայորդին արագ աչքի է ընկնում և վեր սլանում ծառայողական սանդղակով:

Արշակ Տեր-Ղուկասովի ծառայությունն անցնում է Կովկասում` Բաքվում: 1852 թ. նա արդեն գումարտակի հրամանատարի պաշտոն էր ստացել Ապշերոնյան գնդում` մայորի զինվորական կոչումով: Այս պաշտոնում նա Դաղստանում մասնակցեց Կովկասի լեռնականների դեմ պատերազմին և աչքի ընկավ Բուրդալա և Դիլիմ աուլների մարտերում:

Մարտերում ցուցաբերած խիզախության և հմտության համար Տեր-Ղուկասովը շուտով (1859 թ.) նշանակվում է գնդի հրամանատար: Հենց նրա առաջնորդությամբ ռուսական բանակը գրավեց Շամիլի ապաստարանը` Գունիբ քաղաքը: Այս օպերացիայի համար Արշակ Տեր-Ղուկասովը պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով:

1865 թ. Արշակ Տեր-Ղուկասովն արժանացավ գեներալական ուսադիրների և նոր նշանակում ստացավ` 19-րդ հրետանային դիվիզիայի փոխհրամանատար` միաժամանակ ստանձնելով Թերեքի մարզի կառավարչի պաշտոնը: Մեկ տարի անց նա նշանակվում է 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, իսկ 1874 թ. արժանանում գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման:

1877 թ. սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, որը նոր հորիզոններ է բացում գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի համար:

Նա ստանձնեց Երևանյան զորաջոկատի հրամանատարությունը և մարտի դաշտ նետվեց: Նրա սուրը փայլեց հատկապես Բայազետի ճակատում: Դեռևս ապրիլ ամսին նրա զորախումբը, առանց դիմադրության, մտավ թուրքերից դատարկված Բայազետ` հին հայկական Դարոյնք քաղաքը: Արշակ Տեր-Ղուկասովի զորաբանակի առաջին իսկ հարվածներից հետո Ալի Քեմալ փաշան փախուստի դիմեց: Տեր-Ղուկասովը, այստեղ թողնելով սակավաթիվ բերդապահ զորք, ճակատի հրամանատար կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ շարժվում է Էրզրումի (Կարին) ուղղությամբ` ճանապարհին գրավելով Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտի հովիտը:

Այստեղ` հունիսի 4-ին Դրամդաղի ճակատամարտում, Արշակ Տեր-Ղուկասովը ջախջախիչ հարված հասցրեց Մուխտար փաշայի մեծաքանակ զորքերին և շարունակեց հաղթական երթը դեպի Էրզրում: Սակայն Արշակ Տեր-Ղուկասովին վիճակված չէր մասնակցել Էրզրումի ազատագրմանը:

Տեսնելով ռազմաճակատում թուրքական բանակի անհուսալի վիճակը` Վանի Իսմայիլ փաշան, 25000-ոց բանակով հարավից շրջանցելով ռուսական բանակը, հայտնվեց նրա թիկունքում ու արշավեց Բայազետի վրա` պաշարելով ամրոցը: Բայազետի ամրոցը պաշտպանում էին 1600 ռուս զինվորներ ու մոտ 20000 հայ բնակիչներ: Թուրքերը մեծաքանակ բանակով պաշարեցին այն ու գրոհի անցան: Ամրոցի պաշտպանները  հերոսաբար դիմադրում էին: Սակայն զենք-զինամթերքի և սննդամթերքի միջոցները սուղ էին: Բայազետի անկումով ռուսական բանակը կհայտնվեր շրջապատման վտանգի տակ: Եվ ահա ռազմաճակատի հրամանատար կոմս Լոռիս-Մելիքովի հրամանով Արշակ Տեր-Ղուկասովը օգնության է շտապում պաշարյալներին: Դեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ արտասանեց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:

Ութ օրում անցնելով 200 վերստից ավելի ճանապարհ` նա արագ երթով իր զորաջոկատը հունիսի 28-ին հասցրեց Բայազետ, հարվածեց թշնամուն, նահանջի մատնեց նրան և ազատեց պաշարյալներին, որոնք արդեն 27 օր հերոսաբար դիմադրում էին ասկյարներին: Այս սխրանքի համար ռուսական կայսերական կառավարությունը Արշակ Տեր-Ղուկասովին պարգևատրեց «Սպիտակ արծիվ» և Սուրբ Գեորգիի երրորդ աստիճանի շքանշաններով, իսկ հետագայում օտարազգի ռազմագետները Տեր-Ղուկասովի այս արշավանքը համեմատեցին մ.թ.ա 400 թ. հույն զորավար և պատմիչ Քսենոֆոնի նշանավոր նահանջի հետ:

Այս իրադարձությունները հետագայում տեղ գտան մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպում:

Բայազետից հետո Արշակ Տեր-Ղուկասովը դարձյալ զորաշարժ է կատարում դեպի արևմուտք և հոկտեմբերի վերջին Դևեբոյնի վճռական ճակատամարտում ջախջախում է Մուխտար փաշայի թվական գերակշռություն ունեցող բանակը:

1878 թ. հունվարին Արշակ Տեր-Ղուկասովը նշանակվեց Ախալցխայի զորախմբի հրամանատար: Իսկ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո նշանակվեց Անդրկասպյան զորքերի հրամանատար,  որոշ ժամանակ անց` Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար:

Նրա ժամանակակիցները և զինակիցները, առանց բացառության, գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին նկարագրում են որպես քաջ, հմուտ զինվորական և ազնվագույն անձնավորություն:

Արշակ Տեր-Ղուկասովը շատ արագ զինվորական կարիերա ապահովեց իր համար: Սակայն դա նրա առողջության վրա թանկ նստեց: 1880 թ. նրան շնորհվեց գեներալ-համհարզի (գեներալ-ադյուտանտ) զինվորական կոչում: Բայց դա այլևս չէր կարող ուրախացնել շնորհալի և քաջ հայորդուն: Նրա առջողությունը քայքայվում էր: Արշակ Տեր-Ղուկասովը մեկնեց արտասահման բուժվելու: Սակայն բուժումը արդյունք չտվեց: Կիսատ թողնելով` նա վերադարձավ Թիֆլիս, իջևանեց Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում,  ուր անցկացրեց կյանքի վերջին օրերը: 1881 թ. հունվարի 8-ին քաջարի գեներալը 62 տարեկան հասակում կնքեց մահկանացուն:

Ռուսական կառավարությունը ստանձնեց գեներալի թաղման ծախսերը: Աճյունն ամփոփեցին Թիֆլիսի սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Տեր-Ղուկասովի թաղմանը ներկա էր ողջ Թիֆլիսը` արհեստավորից մինչև ազնվական: Նրա դագաղը տանողների մեջ էր Կովկասի փոխարքան` կայսեր եղբայր Միխայիլ Նիկոլաևիչ Ռոմանովը:

Ժամանակագիրները նշում են, որ թաղման ավարտին Արշակ Տեր-Ղուկասովի շիրմաթումբը զարդարված էր երկու ծաղկեպսակով` «Ալաշկերտի հայ գաղթականների կողմից» և «Թիֆլիսահայության կողմից»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Անցած ընտրությունների առանձնահատկությունները. բույլերով վստահված անձինք, կողմնակալ դիտորդներ և մկանուտ «անծանոթներ»

ավագանու ընտրություններՄայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց մեկ տարուց ավելի տևած ընտրական եռուզեռի փուլը. առաջիկա չորս տարիներին կկարողանանք հանգիստ շունչ քաշել ու մի փոքր հանգստանալ քաղաքական գզվռտոցի ու միմյանց վրա ցեխ  շպրտելու բացասական մթնոլորտից, որում ապրում էինք վերջին մեկուկես տարիների ընթացքում:

Ավագանու ընտրությունները նախորդ երկուսի` ԱԺ և նախագահի ընտրությունների համատեքստում մի շարք առանձնահատկություններ ունեին:

Նախ և առաջ այս ընտրություններն աչքի էր զարնում չափազանց մեծ ակտիվությամբ, որ անգամ համապետական ընտրություններին չի նկատվել:

Որոշ քաղաքական ուժեր առաջնորդվել էին «վստահված անձը շատ չի լինում» կարգախոսով

Եթե նախագահական ընտրություններին, որ պետք է ամենակարևորը լիներ  բոլոր ընտրություններից, հետևում էր տեղական 6250 դիտորդ, ապա ավագանու ընտրություններից հետևում էր362-ով ավելի` 6612 դիտորդ: Ընդ որում, դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների թվում կան այնպիսիք, որոնք նորելուկ են որպես դիտորդական առաքելություն իրականացնող և կասկած են հարուցում անաչառության առումով:

Օրինակ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը  և նախագահը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է:

Միջազգային միակ դիտորդական խումբն էլ մտահոգություն էր հայտնել այս փաստի առնչությամբ, որ դիտորդների մեջ եղել են տարատեսակ քաղաքական ուժերի համակիրներ, մինչդեռ դիտորդը պետք է անաչառ լինի:

Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ օրվա վերջում գրանցամատյանի դիտորդ-ԶԼՄ էջը կիսով չափ էլ լրացված չէր, այս անգամ ընտրությունների մեկնարկից րոպեներ անց արդեն մի քանի էջ դիտորդներ էին գրանցված. այսպես, 9/17 ընտրատեղամասում 8:15 րոպե, ընտրությունների մեկնարկից ընդամենը 15 րոպե անց, հանձնաժողովի քարտուղարն արդեն գրանցամատյանում մեկ էջ լրացրել էր: Ու չկար որևէ ընտրատեղամաս, որտեղ մտնեիր ու դիտորդների չհանդիպեիր:

Ընտրատեղամասերում մարդաշատությունն ապահովում էին նաև լրատվամիջոցները. գրեթե բոլոր տեղերում «Կենտրոն» ՀԸ լրագրող ու օպերատոր էին ներկա, որոնք տեսանկարահանում էին իրականացնում: Վստահված անձանց պակաս  ևս չէր զգացվում:

Օրվա ընթացքում «Անկախ»-ի լրագրողը ՔՀԻ դիտորդական խմբի հետ այցելել է մոտ 15 ընտրատեղամաս: Ընտրատեղամասից միայն երեքում է վստահված անձ ունեցել «Բարև Երևան» դաշինքը, ընդ որում 9/28 ընտրատեղամասում դաշինքի վստահված անձին այդպես էլ գտնել չհաջողվեց. բոլորը նշում էին, որ տարածքում է, բայց թե որտեղ, ոչ ոք չգիտեր:

Միայն մեկ ընտրատեղամասում(9/28) է վստահված անձ ունեցել «Առաքելություն» կուսակցությունը: ՀՅԴ-ն,  ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը գրեթե բոլոր ընտրատեղամասերում ունեցել են  վստահված անձ:

Yerevan City Council elections 2013Իսկ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մոտ վստահված անձանց ավելցուկ էր: Այս երկու ուժերը, օրենքը շրջանցելով, ամեն տեղում մի բույլ վստահված անձ ունեին: Մինչդեռ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի` «Ընտրական հանձնաժողովի նիստին և  քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր թեկնածուի և  համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկական վստահված անձ»:

Այսպես, 11/05 ընտրատեղամասում պաշտոնապես միաժամանակ ներկա էին երկուական վստահված անձինք ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից: Հանձնաժողովի անդամները և ընտրատեղամասում ներկա ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի վստահված անձինք չէին առարկում երկու վստահված անձանց ներկայությանը և նշում, որ որևէ խախտում չկա:

Իսկ 9/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առնվազն 3-ական վստահված անձինք ունեին:

Նորագյուղում վստահված անձինք ակնհայտ խախտումներն էլ չէին նկատում

Դեռ նախագահական ընտրություններին մենք ներկայացրել էինք, որ նույն շենքում գտնվող 9/27 և 9/28 ընտրատեղամասում առանց փաստաթղթերի մարդիկ են շրջում` խումբ-խումբ ուղղորդելով ընտրողներին: Մեքենաներով էլ մարդկանց էին բերում:

Այս ընտրությունները ևս բացառություն չէին: Դեռ մի բան էլ ավելին, ընտրատեղամասում մոտ 15-20 ամրակազմ երիտասարդներ էին հավաքված, բոլորն էլ առանց փաստաթղթերի: Շատ պնդումներից հետո նրանցից մի քանիսը ցույց տվեցին ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վստահված անձի վկայական:

Ընտրատեղամասում ներկա ՀՅԴ և «Առաքելություն» կուսակցության վստահված անձինք հանգիստ էին ընդունում առանց փաստաթղթերի անձանց ներկայությունը ընտրատեղամասում:  ՀՅԴ քրտնափչած ներկայացուցիչն անգամ նշեց, թե «ջեբերում երևի փաստաթուղթ ունեն»:

Այստեղ բոլորի վրա գոռգոռալով հրամաններ էր աձակում, ընտրողներին ներս ու դուրս ուղեկցում մոխրագույն կոստյումով մի տղամարդ: Վերջինս սկզբում փաստաթուղթ չուներ, ՔՀԻ դիտորդի պնդումներից հետո գրպանում դիտորդի վկայական դրեց, որը, հանգիստ կարող էր իրենը չլինել. վրան պարզապես անուն ազգանուն է գրված (Վերջինս նաև իր պարտքը համարեց դիտորդին հիշեցնել, որ հետագայի մասին մտածի` բա որ ձեզ գողանան):

Այս անգամ ևս ընտրատեղամասում էր Իրինա Միրզոյանը, որը նախագահական ընտրությունների ժամանակ մարդկանց ցուցակներով ներս ու դուրս էր անում: Այս անգամ տիկնոջ մոտ դիտորդի վկայական էր, որի վրա չկար նշված, թե որ կազմակերպությունն է ներկայացնում: Պնդումներից հետո, թե փաստաթուղթը թերի է, փակցրեց ՀՀԿ վստահված անձի վկայականը:

Այս տեղամասում գտնվելու մեկ ժամվա ընթացքում ընտրողների ակտիվությունը մեծ չէր, հատ ու կենտ մարդիկ էին ընտրելու գալիս: Սակայն զարմանալիորեն մեկ ժամ անց` 19:20-ին պարզվեց, որ մեկ ժամվա ընթացքում ընտրել է 200-ից ավել  մարդ. ընտրած անձանց թիվը մոտ 1100-ից հասել էր 1380-ի: Վստահված անձինք դրան որևէ կերպ չարձագանքեցին, իսկ քանի որ այս ընտրատեղամասում վստահված անձանցից ոչ մեկը իր ցուցակում նշում չէր կատարում ընտրողների թվի մասին, որևէ բան ապացուցելն այլևս անհնար էր:

Ամեն ինչ բացի արձանագրությունից

Այս ընտրություններին բնորոշ գծերից էր նաև ընտրացուցակներում անճշտությունները:

13/22 ընտրատեղամասում, օրինակ, ընտրության եկած քաղաքացին հանձնաժողովների անդամներին հերթով տեղեկացրեց, որ իր հասցեում երրորդ անձ է գրանցված, որն արդեն 15 տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Ռոբերտ Ավետիքյանը պնդում էր, որ ամեն անգամ ընտրությունների ժամանակ անհայտ անձի անունը հայտնվում է ընտրացուցակում, չնայած իրազեկում է, որ իր բնակարանում նման մարդ չկա գրանցված:

Հանձնաժողովի նախագահը, ով կարող էր արձանագրել քաղաքացու հայտարարությունը, նրան հանգստացրեց և ճանապարհեց` առանց արձանագրության:

Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովների նախագահները պատրաստ են ամեն ինչի, միայն թե հանկարծ արձանագրություն չկազմվի:

Այսպես, 3/07 ընտրատեղամասը, որի կահավորանքը անհարմար էր և երկու կողմից էլ հնարավոր էր խախտել քվեարկության գաղտնիությունը կամ ուղղորդել ընտրողին, մի լրատվամիջոցի ներկայացուցիչ աստիճանների վերևից նկարահանում էր քվեախցիկների ներսի անցուդարձը`խախտելով քվեարկության գաղտնիությունը: Մեր նկատառումից հետո հանձնաժողովի նախագահը միջամտեց և պահանջեց այլ տեղից նկարահանել: Սակայն ամեն կերպ հրաժարվեց արձանագրություն կազմելուց:

1/08 ընտրատեղամասում էլ, որտեղ առավոտյան անհետացել էր անձնագրերի համար նախատեսված դրոշմակնքիը, հանձնաժողովի նախագահն ամեն կերպ փորձում էր թաքցնել փաստը` վստահեցնելով, որ որևէ արձանագրություն չի կազմվել: Այստեղ արձանագրություն չէր կազմվել նաև փաստի վերաբերյալ, որ 30 րոպե շարունակ ընտրատեղամասում ներկա են եղել 15-ից ավելի ընտրողներ, օրվա ընթացքում էլ կուտակումները պարբերաբար կրկնվել են:

Ուշագրավ էր նաև ընտրողների թվացյալ չիմացությունը: 11/05 ընտրատեղամասում մի կին, օրինակ, իր քվեաթրթիկը ծրարով թաքցրել էր քվեախցիկի տակ և փորձում էր աննկատ հեռանալ:  Հանձնաժողովի ՀՅԴ անդամի ուշադրության շնորհիվ կնոջ աննկատ հեռանալը չստացվեց: Ծրարը քվեատուփ գցելուց հետո կինն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել անձնագիրը կնիքելուն, խնդրում էր գոնե առաջին էջում կնիքը դնել, ոչ թե վերջում: Դեմքը մեծ ակնոցների տակ թաքցրած կնոջ «չիմացությունն» առնվազն կասկածելի էր:

1/08-ում էլ, մի տղամարդ, որ դժգոհում էր, որ ստիպված ընտրության է եկել, շտապ ծրարը տուփը գցեց` թույլ չտալով, որ կնքվի:

Երևի ավելորդ է խոսել ամեն տեղ մարդկանց գազելներով ու տաքսիներով խումբ-խումբ բերելու երևույթի մասին. սա կարծես արդեն պարտադիր բնույթ է կրում:

Ամփոփելով, պետք է նշել, որ այս անգամ հիմնական նկատելի խախտումը ընտրատեղամասերում առանց փաստաթղթերի մարդկանց կուտակումն էր, թույլատրելիից ավելի վստահված անձանց ներկայությունը, ընտրողների կուտակումները:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետևաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի քաղաքապետ:  ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 23,05 տոկոս, երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը`8,47 տոկոս: Մյուս 4 ուժերը բավարար քանակությամբ քվեներ չեն քավաքել` ավագանու աթոռ ստանալու համար:

ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի հետ միասին տուժած տասնյակ քաղաքացիներն իրենց բնակարաններն են պահանջում

Edmond new picԱմերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով հիմնադրված, սակայն հետագայում “գործընկերների” միջոցով սնանկության հասցված ընկերությունից սփյուռքահայ գործարարի հետ միասին տուժած տասնյակ քաղաքացիները իրենց բնակարաններն են պահանջում: Թվով մոտ 10 քաղաքացիներից յուրաքանչյուրը տարիների ընթացքում կուտակած գումարները կորցնելու իր պատմությունն ունի, սակայն դրանցից յուրաքնաչյուրում ինչպես թալանի հերոսներն, այնպես էլ տուժած քաղաքացիների գումարների յուրացման ճանապարհները նույնն են, իսկ այս քաղաքացիներն արդեն հոգնել են այդ ամենի մասին խոսելուց: Նրանք հիմա պարզապես իրենց բնակարաններն են պահանջում, որոնք ի դեպ “Վ.Մ.Գ գրուպ”  ՓԲԸ-ի ներկայումս կալանքի մեջ գտնվող սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի ձեռքով արդեն գրավադրված են բանկում:

“Արին Կապիտալ” ներդրումային ՍՊԸ-ի սնանկությունից տուժած անձանց ցուցակը բավական լայն է: Տուժած քաղաքացիների ցուցակում են ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ Հայաստանաբնակ հայեր, սակայն նրանցից միայն տուժած Լուսինե Գյուլխասյանին է մինչ օրս հաջողվել բնակարանի թալանի վերաբերյալ գործով առանձին քրեական գործի հարուցման հասնել և ի վերջո այն հասցնել դատարան: Մյուս տուժած գնորդների դեպքում առանձին քրեական գործեր չեն հարուցվել: Այս անձինք սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հետ միասին արդեն 2 տարի է սպասում են հարուցված քրեական  գործով նախաքննության ավարտին, որը ինչպես բազմիցս հայտնել ենք ՊԵԿ քննչական վարչությունից շուրջ մեկ ամիս առաջ ուղարկվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Թե քննչական այս մարմնում նախաքննությանն ինչ ժամկետներ կվիճակվի, առայժմ պարզ չէ: Սա էլ դեռ բավական չէ քաղաքացիների բնակարանները, որոնք գրավադրված են բանկում, մինչ օրս արգելանքի տակ չեն առնվել: Դրանք մնացել են պարզապես ճակատագրի քմահաճույքին:

Տուժած գնորդներից  օրինակ ԱՄՆ քաղաքացի Աշոտ Աբրահամյանը  300 հազար ԱՄՆ դոլար է վճարել շենքի 3-րդ հարկում բնակարան գնելու համար: Խոսքը շենքի թիվ 18 տարածքի մասին է`104.1քմ մակերեսով և նույն շենքի 10-րդ հարկի թիվ 47բնակարանի` 160քմ մակերեսով: Բացի նշվածներից գնորդը վճարել է նաև 2 տեղանոց ավտոհանգրվանի համար: Այս գնորդը, ինչպես և մնացածները, «Արին կապիտալի» ՍՊԸ-ի հետ ունի պայմանագիր, սակայն անվերջանալի քաշքշուկներից հոգնած նա միայն բնակարանի գումարն է ցանկանում հետ ստանալ:

Նշենք, որ ըստ Սնանկության գործով որոշման` ինչպես քաղաքացի Աշոտ Աբրահամյանի, այնպես էլ մյուս տուժածների բնակարանները «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել են Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանց: Մասնավորապես Աշոտ Աբրահամյանի թիվ 18 տարածքը 17.05.2011թ. որոշմամբ տրվել է ոմն Արթուր Հրաչյայի Հովսեփյանին, իսկ 09.07.2012թ. որոշմամբ` ոմն Լուսինե Ռոբերտի Մաիլյանին, իսկ 47բն.-17.05.2011թ. որոշմամբ` Ավետիք Հարությունի Վարսանյանին: Ի դեպ կեղծ գնորդների ցուցակներում Հովսեփյան և Վարսանյան ազգանունները մի քանի անգամ են հիշատակվում:

Մյուս տուժած քաղաքացու` Էդգար Շահբազյանի կողմից շենքի 10-րդ հարկում 168 քմ մակերեսով թիվ 46 բնակարանը ևս սնանկության գործով որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանցից Ավետիք Հարությունի Վարսանյանին: Հերթական տուժած ԱՄՆ քաղաքացին էլ իր բնակարանի համար վճարած 188.000 $ գումարն է պահանջում:

Մաշտոցի 33 շենքում բնակարան գնած ու խաբված մյուս ԱՄՆ քաղաքացի Հռիփսիմե Ֆիլիկյանն էլ այս անվերջանալի քաշքշուկներից հոգնած իր բնակարանի փոխարեն նույնպես վճարած գումարն է պահանջում: Նա վճարել է շենքի 3-րդ հարկի 56.4քմ մակերեսով թիվ 13 տարածքի և շենքի  7-րդ հարկի 74քմ մակերեսով թիվ 26 բնակարանի համար: Հռիփսիմե Ֆիլիկյանը նաև 17 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունենալու համար է վճարում կատարել: Ընդանուր վճարված գումարը կազմել է 160.000 $: Այս տիկինն ունի նաև պայմանագիր «Արին կապիտալի» ՍՊԸ-ի հետ, սակայն անկախ այդ հանգանամանքից` թիվ 13 տարածքը 17.05.2011թ սնանկության որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանցից Կարեն Հրանտի Ավդալյանին, իսկ 26 բնակարանը`Մերի Վիկտորի Հարությունովային:

Նույն դառը ճակատագրին է արժանացել նաև ԻԻՀ քաղաքացի Կարհին Բեգջյանը, որը 52.000 $ է վճարել շենքի 12-րդ հարկի 52.5քմ մակերես ունեցող թիվ 59 բնակարանի համար, մինչդեռ նրա բնակարանն էլ 17.05.2011թ. սնանկության որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է Բարսեղ Արտավազդի Նազարյանին:  Այս քաղաքացին ևս այժմ բնակարանի փոխարեն իր գումարն է պահանջում:

Վերջերս Երևանի Կենտրոնի դատարանում իր սեփականության իրավունքի ճանաչումն էր պահանջում Մաշտոցի 33/1 շենքի թիվ 21 բնակարանը գնած, իսկ հետագայում սեփականության վկայական չստացած խաբված գնորդներից սփյուռքահայ Արա Միրզայանը: Այս քաղաքացին իր բնակարանը գնելուց հետո այն վերանորոգել, կահավորել է և 3 տարի ապրելուց հետո է միայն պարզել է, որ Վլադիսլավ Մանգասարյանի թեթև ձեռքով բնակարանն այլևս իրենը չէ: Քաղաքացու բնակարանը Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է այլ անձանց: Իսկ խոսքը վերաբերում է մի բնակարանի, որի համար գնորդը դեռևս 2007թ. վճարել է 120.000 ԱՄՆ դոլար:

“Ես դարձել եմ անօրինականությունների, խարդախության, խաբեության զոհ և ընտանիքիս հետ հայտնվել եմ անելանելի իրավիճակում: 2007 թվականին ես վճարելով բնակարանի ամբողջ արժեքը: Ինձ ընդամենը հանձնվեցին պատեր և մնացած վերանորոգումը կատարել եմ ես իմ միջոցներով: Ես սկսեցի տիրապետել գույքս, կատարեցի վերանորոգում, տեղադրեցի մուտքի դուռը, 50 հազար ԱՄՆ դոլարի կահույք բերեցի Իրանի հանրապետությունից, լիովին կահավորեցի բնակարանս: Յուրաքանչյուր տարի մի քանի անգամ ընտանիքիս հետ գալիս էինք հայրենիք և բնակվում մեր տանը”,- պատմում է տուժած քաղաքացին և հիշում այն չարաբաստիկ օրը, երբ հերթական անգամ գալով Երևան պարզվում է, որ բնակարանի մուտքի դռան կողպեքը փոխված է և չի կարող մուտք գործել իր տուն.  “մեր բնակարան հայտնաբերեցինք, որ կողպեքները փոխված են: Ինչ է եղել բնակարանումս գտնվող գույքի հետ անհայտ է, ով է մուտք գործել իմ բնակարան, անհայտ է: Միայն ասեկոսներից իմացա, որ բնակարանս վաճառվել է այլ անձանց”:

Արա Միրզայանը վստահ է, որ կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հանցագործություն, որի բացահայտումը միայն դատախազության միջոցով հնարավոր կլինի գտնել, իսկ այս ամենի գլխավոր դերակատարը ըստ գնորդի հենց Վլադիսլավ Մանգասարյանն է. <<Ես վստահ եմ, որ ամեն բան Վլադն է արել, նա պետք է ինձ տար վկայականը, բայց չէր տալիս, անընդհատ ձգձգում էր, այսօր վաղն էր անում: Ու մի օր էլ հանկարծ Վլադն ասաց, որ բնակարանս ուրիշին են վաճառել, ինձ էլ ասում էր արի դատարակի տունը ապրանքներից, դու էստեղ բնակարան չունես>>,- պատմում է քաղաքացին:

ԻԻՀ քաղաքացի Ռաֆի Եսային ևս ընկել է միևնույն պատմության մեջ: Վերջինս  60.480.000 հազար ՀՀ դրամ է վճարել շենքի 2-րդ հարկի թիվ 6 տարածքի համար, իսկ նրա բնակարանը 09.07.2012թվականի որոշմամբ տրվել է Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանցից Էլմիրա Աբրահամի Աբգարյանին:

Ռուսաստանաբնակ Արմեն Բագիրովը 65.375 դոլար է վճարել շենքի 4-րդ հարկում բնակարան գնելու համար, իսկ նրա բնակարանը նույն 17.05.2011թ. որոշմամբ տրվել է Մանգասարյանի մատնանշած անձանցից Հրանտ Կարենի Ավդալյանին:

Երևանաբնակ Դավիթ Հարությունյանը 152.677 դոլար է վճարել շենքի 2-րդ հարկում գտնվող թիվ 7 տարածքի համար, մինչդեռ նրա տարածքը 17.05.2011թ. որոշմամբ հանձնվել է Աշոտ Օնիկի Հովսեփյանին:

ՌԴ քաղաքացի Նունե Սահակյանը  4-րդ հարկ, թիվ 6 բնակարանի համար վճարել է 146.300 դոլարր: Վլադիսլավ Մանգասարյանը «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ միջոցով 08.12.2010թ. պայմանագիր է կնքել բնակարանը հանձնելու մասին և լրացուցիչ 10.000 $ է ստացել: Սակայն բնակարանն այդպես էլ Նունեին չի հանձնվել: Նունե Սահակյանի բնակարանը 09.07.2012թ. որոշմամբ հանձնվել է Ահարոն Հենրիկի Ստեփանյանին: Տուժած գնորդը կամ բնակարանն է ցանկանում, կամ գումարային փոխհատուցում:
Երևանաբնակ Վլադիմիր Սարգսյանը  160.000 ԱՄՆ դոլար է վճարել շենքի 7-րդ հարկի թիվ 27 բնակարանի համար, սակայն վերջինիս բնակարանն էլ 09.07.2012թ. որոշմամբ տրվել է Մանգասարյանի մատնանշած անձանցից Իրինա Գագիկի Մհերյանին:

<< Բոլորի նման ես էլ խաբվածների ցուցակում եմ, գումարը ամբողջությամբ վճարել եմ բնակարան ստանալու համար, բայց ցավոք չեմ ստացել: Արդեն 3 տարի է նույն բաներն եմ լսում այս պատմության հեղինակներից, փորձում եմ իրավաբանորեն լուծել այս հարցը>>,- պատմում է տուժած քաղաքացին:

Սիրիայի քաղաքացի Բարսիխ Բարսիխյանը շենքի 7-րդ հարկում բնակարան ունենալու համար է 180.000 ԱՄՆ դոլար վճարել և հիմա միայն իր գումարն է պահանջում: Մյուս տուժած գնորդ Միքայել Կեմեչեչյանը 149.000 ԱՄՆ դոլար է վճարել շենքի 4-րդ հարկի 3-րդ բնակարանի համար: Քաղաքացու բնակարանը 17.05.2011թ. որոշմամբ ոմն Լևոն Պետրոսի Դանիելյանին է հանձնվել, իսկ քաղաքացին հիմա իր գումարն է պահանջում: Իր բնակարանը պահանջող մյուս տուժած քաղաքացի Սարգիս Պետրոսյանը 147.800 ԱՄՆ դոլար է վճարել թիվ 24բնակարանի համար: Այս քաղաքացուց Վլադիսլավ Մանգասարյանը գումարներ է ստացել ու ստացական տվել, մինչդեռ բնակարանը 17.05.2011թ. որոշմամբ հանձնվել է Մնագասարյանի մատնանշած անձանցից ոմն Մագդա Վալենտինի Սարգսյանին:

Ինչ վերաբերում է շենքի հիմնադիր և այս պատմության մեջ ամենախոշոր տույժերը կրած ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանին, վերջինս շենքի 10-րդ հարկի թիվ 45 բնակարանի համար է 170.000 ԱՄՆ դոլար վճարել: Ըստ գործարարի փաստաբանների ունեցած տեղեկությունների` Վլադիսլավ Մանգասարյանը 16.06.2010թ-ին 200.000 ԱՄՆ դոլարով այս բնակարանն ու ավտոհանգրվանը վաճառել է և գումարը գրպանել: Այնուհետև գումարի կեսը /37.400.000 դրամ/ նույն օրով, որպես «ՎՄԳ գրուպ»-ի կողմից «Արին կապիտալին» տրված փոխառություն է ձևակերպել, իսկ բնակարանի օտարման պայմանագիրը կնքվել է  04.08.2010թ.` Հարություն  Նիկողոսյանի հետ:  Շենքի 3-րդ հարկի թիվ 17 տարածքի համար Էդմոնդ Խուդյանը վճարել է 80.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ Վլադիսլավ Մանգասարյանը 30.000 ԱՄՆ դոլար անձնական պարտքի դիմաց 07.08.2010թ. պայմանագրով տարածքը հանձնել է Արմեն Գալստյանին: Սակայն ամերիկահայ գործարարի կրած վնասներն այս բնակարաններով չեն սահմանափակվում: 01.10.2007թ. եռակողմ պայմանագրով նախատեսված ներդրման դիմաց գործարարին չվճարված գումարը կազմում է ավելի քան 1.000.000 ԱՄՆ դոլար: Վերջին 3 տարիների ընթացքում ԱՄՆ քաղաքացին մեծ ծախսեր է կատարել Հայաստանում իր իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տուժած սփյուռքահայերի վնասների մասնակի փոխհատուցման նպատակով:

Նկատենք, որ Մաշտոցի 33/1 շենքից թալանված նույն այս տարածքները շարունակում են մնալ ճակատագրի քմահաճույքին: Թեև դեռևս ապրիլի 2-ից ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, ՀՔԾ-ն ևս մինչ օրս արգելանք չի դրել այն տարածքների վրա, որոնք “Վ.Մ.Գ գրուպ” ՓԲԸ տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանն է գրավադրել բանկում: Սա անկախ այն հանգամանքից, որ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրած մեղադրանքում հստակ հիմնավորել էր, որ սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության տարածքները Վլադիսլավ Մանգասարյանը կեղծ պարտավորությունների հիման վրա է գրավադրել բանկում: Իսկ քանի որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված 33/1 շենքի այդ հսկայական տարածքները մինչ օրս արգելանքի տակ չեն վերցվել, դրանք հերթով անցնում են բանկի տիրապետմանը, ինչը էլ ավելի կդժվարացնի հետագայում բնակարանների վերադարձման գործը:

Ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանը «Արին կապիտալ» ընկերությունից ապօրինաբար անհատույց ձեռք բերած Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը, ինչպես հայտնի  է նույնպես գրավադրել է «Հայբիզնեսբանկ»-ում: Բանկում գրավադրված տարածքների գումարային արժեքը կազմում է շուրջ 3 մլն 500 հազար դոլար: Իսկ մի քանի ամիս առաջ պարզ դարձավ, որ «Հայբիզնեսբանկն» օժանդակում է վաճառել սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքները: (http://www.panorama.am/am/society/2009/02/13/kb/www.regnum.ru/news/polit/1515007.htm/?sw):

Սակայն հիմա էլ, նոր քննիչները ՀՔԾ-ում  թեև շարունակում են գործի քննությունը և տեղյակ են կեղծ փոխառությամբ գրավադրված տարածքների մասին, կրկին արգելանք չեն դնում տարածքների վրա և դրանք մնացել են ճակատագրի քմահաճույքին: Տուժած գնորդներից մեկը, Դավիթ Հարությունյանն, օրինակ, արդեն պարզել է, որ որ իր բնակարանը, որը գտնվում է այդ գրավադրված տարածքների մեջ, արդեն անցել է բանկի տիրապետմանը:

 Ի դեպ, տուժած քաղաքացիների կողմից կատարված վճարումներից իր մասնաբաժինն ունի Վլադիսլավ Մանգասարյանի գործընկեր, ներկայումս սնանկ ճանաչված ընկերության մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը:

Մասնավորապես, Արա Մալեք Միրզայանի կողմից բնակարանի համար վճարված գումարի մի մասը «Արին Կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը 2007 թվ. նոյեմբերի 16-ին  ընկերության բանկային հաշվին մուտք է արել, իբրև, Ղևոնդ Ղալումյանի անունից ընկերությանը տրված  փոխառություն:

Ղևոնդ Ղալումյանը 2007-2009թ.թ. շուրջ 9 և ավելի գնորդների կողմից կատարված  վճարներից նույն այս եղանակով իրականացված գործարքներից հետո, որպես կեղծ փոխառությունների վերադարձ, ընկերությունից ստացել է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.275.870 ՀՀ դրամ գումար: Ղևոնդ Ղալումյանի մասով նույնը փաստվում է նաև տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի գործով:

 

 

«Ինչո՞ւ ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին». աշխատակիցները տարակուսած են

կոնտինենտեքս22012 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Կոմիտաս 15 հասցեում գտնվող 4368 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, որտեղ տեղակայված է ՀՀ ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը, ուղղակի ձևով վաճառվել է «ԿԱԷՌ քընսթրաքշըն» ՍՊԸ-ին:

«Կոնտինենտտեքսի» աշխատակիցները, որոնցից մի մասն այդ ընկերությունում է աշխատում արդեն 35-40 տարի, խիստ անհանգստացած են, քանի որ իրենց որևէ տեղեկություն չի տրվել այդ գործարքի մասին, այժմ էլ պարզաբանում չի տրվում իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

Ոստիկանությանը պատկանող կարի ֆաբրիկան շուրջ կես դարի պատմություն ունի: Տասնամյակներ շարունակ այստեղ են կարվել ոստիկանության համազգեստները: Սակայն այսօր, ըստ աշխատակիցների, տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս են աշխատում, քանի որ պատվեր չկա:  Եղած աշխատանքի դիմաց էլ արդեն չորրորդ–հինգերորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, իսկ շենքի վաճառքի մասին իմացել են պատահաբար:  «Օրերից մի օր էլի աշխատավարձի կռիվ եղավ, որ գործ չունենք, պարապ ենք, և երբ կրքերը բորբոքվեցին, իմացանք, որ շենքը վաճառված է: Մեզ էլ ասացին, որ եթե տեղ տան` կգնանք, կաշխատենք, եթե չէ` բոլորիս հաջողություն, ֆաբրիկան էլ կլուծարվի»,- ասում է արտադրամասի վարպետներից մեկը:

Բանն այն է, որ ժամանակին կարի ֆաբրիկան ոստիկանության համազգեստները կարելու մենաշնորհ ուներ, իսկ նոր օրենքների ընդունումից հետո, որոնք պարտադրում են մրցակցային դաշտի ապահովում, ոստիկանությունը պարտավոր է մրցույթ հայտարարել: Սակայն զարմանալին այն է, որ բազմամյա տարիների փորձ ու հմուտ աշխատողներ ունեցող պետական ֆաբրիկան մրցույթներում չի հաղթում, այլ հաղթում են մասնավոր, փոքր ընկերությունները:

Աշխատակիցները նշում են, որ նախկինում իրենք այդ մրցույթներին մասնակցում էին և ինչ-որ ծավալի աշխատանք շահում, սակայն ներկայիս տնօրենի գալուց ի վեր գրեթե գործ չունեն. «Տնօրենն ասում է` տենդերը չենք շահում: Բայց ո՞նց է, որ առաջ շահում էինք, հիմա՝ չէ: Էնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ուզում են հիմնարկը սնանկացնել և լուծարել»,- դժգոհում են աշխատակիցները:

2013-04-17 15.52.11Ֆաբրիկայի աշխատակիցները հպարտությամբ ցույց են տալիս այդ տարիների ընթացքում ստեղծած համազգեստների նմուշները, որոնք մանեկենների վրա ցուցադրված են հատուկ սենյակում: Լաբորատորիայի աշխատակիցն ասում է, որ համազգեստի նմուշների վերջնական տեսքի ստացման համար հատուկ մասնագիտական խումբ էր աշխատում,  իսկ այսօր իրենց մոդելները «գողանում են» մասնավոր ընկերություններն ու բազմացնում: «Մասնավորները գնում, անորակ կտորը Թուրքիայից բերում են, կարում, տալիս ոստիկանությանը, իսկ էս հսկայական հիմնարկն անգործության է մատնված: Ոստիկանները միշտ մեզ ասում են` ձեր կարի նման կար չկա, խի՞ դուք չեք կարում»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Ընկերության տնօրեն Սամվել Բեկչյանը չցանկացավ այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն տալ` առանց ոստիկանության համապատասխան մարմինների հետ համաձայնեցման: Փոխարենը բավականին պարզ խոսեց արտադրության պետ Աշոտ Հովհաննիսյանը. «Սա շահույթ հետապնդող ձեռնարկություն է, պետք է մասնակցի այդ մրցակցությանը: Դա նորմալ է: Բայց տնօրենները մի տեսակ ուրիշ (պետական չինովնիկի) հոգեբանությամբ են գալիս էստեղ, և բավարար կոմպետենտության բացակայության դեպքում առաջանում են դժվարություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են անհաղթահարելի:  Ինչպես ասում են` տնօրենները գալիս ու գնում են, բայց ոչինչ չի փոխվում»:

Ըստ Հովհաննիսյանի` ընկերությունը մրցակցությանը չի դիմանում ոչ միայն տնօրենի աշխատաոճի պատճառով, այլև մի շարք օբյեկտիվ պատճառներով. «Մեր հաստատուն ծախսերը` կոմունալ ծախսեր, սոցապ վճարներ, կրեդիտորական պարտքեր և այլն, գերազանցում են մեր արտադրանքի իրացումից եկած գումարները: Դրան գումարած` ամսական մոտ 650 հազար դրամ հարկային պարտավորությունների գումար ենք տալիս, պարզ է, որ եկամուտ չունենալու դեպքում ոչ միայն այդ վճարները չենք կարողանա փակել, այլև պարտքերի տակ կհայտնվենք»,- ասում է նա:

Բանն այն է, որ աշխատողների մեծ մասի հետ անժամկետ պայմանագրեր են կնքվել, և ստացվում է, որ հիմնարկն այդքան պատվեր չունի, բայց ունի անթիվ-անհամար աշխատողներ (մոտ 200), որոնց համար առաջանում են պարտադիր սոցիալական վճարներ: Ըստ Հովհաննիսյանի, եթե պայմանագրերը ժամանակավոր լինեին, ապա դրանց ժամկետները լրանալուն պես նրանց մի մասին այլևս աշխատանքի չէին վերցնի, իսկ այս դեպքում նաև պետք է լրացուցիչ ծախսեր անեն և նրանց ազատեն աշխատանքից:

Կարճ ասած՝ արտադրության պետն իրավիճակն այսպես է ձևակերպում. ապրանքն արտադրելու համար ծախսում ես, ենթադրենք, 5000 դրամ, հետո այն վաճառում 4000-ով:

կոնտինենտեքսՍակայն նա դեռ հույսը մեռած չի համարում. «Պետք է վերը նշված անիմաստ ծախսերը կրճատվեն, այդ թվում նաև ավելորդ կադրերը, որոնք պարտադրվել են տնօրենին, իսկ ընկերությունը պետք է ղեկավարվի լիազոր մարմնի մասնակցությամբ և կոմպետենտ ձևով: Էստեղ շատ լավ մասնագետներ կան, որոնք պատրաստ են և ունակ աշխատելու, խնդիրը միայն պատվերների բացակայությունն է: Եթե լիազոր մարմինը մեզ հնարավորություն տա, կարող ենք վերականգնվել և մրցունակ դառնալ»,- ասում է նա:

Նշենք, որ Կոմիտաս 15 հասցեում գտնվող շենքի տեսքն ու դիրքն այնքան գրավիչ են, որ հավանական է թվում աշխատակիցների առաջ քաշած վարկածներից մեկը, թե շենքի վրա շատերն աչք ունեին, և խանգարողն իրենք էին, հիմա ուզում են իրենցից ազատվել և շենքն առավել «նպատակային» օգտագործել:

«Մենք շատ վիրավորված ենք մեր ղեկավարության նման վերաբերմունքից. որոշ ժամանակ առաջ բողոքի ակցիա արեցինք, լրագրողներ հրավիրեցինք, բայց ոստիկանության արձագանքն այդպես էլ չլսեցինք»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ ավելացնում է. «Մեր շենքի ցուցանակի վրա գրված է` «ՀՀ ոստիկանության Կոնտինենտտեքս ՓԲԸ»: Էդ ինչի՞ են կախել, եթե ոստիկանության վերնահագուստը մենք չենք կարում, եթե ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին»:

Ի դեպ, կառավարությունը գնորդին նաև պարտավորեցրել է, որ շենքի առաջին հարկում գտնվող 116,250 քմ տարածքն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության միջոցով) օտարի ՀՀ քաղաքացի Արտակ Մակարյանին:

Այդ տարածքում այժմ հարմարավետորեն տեղակայվել է ՀՀԿ Արաբկիրի գրասենյակը, որի դիմացի հատվածն էլ քաղաքապետարանը խնամքով բարեկարգել ու ծաղկապատել է:

Աշխատակիցների բարձրացրած հարցերի պատասխանները ստանալու համար «Անկախը» գրավոր դիմեց ՀՀ ոստիկանությանը` փորձելով պարզել` ինչպե՞ս է լուծվելու  ընկերության հետագա գործունեության հարցը, ինչո՞ւ չեն վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, ո՞վ է դրա համար պատասխանատու և, ի վերջո, եթե ընկերությունը չի կարողանում շահել համապատասխան մրցույթներն ու պատվեր ապահովել, նպատակահարմա՞ր է այդքան մեծ թվով աշխատողներ պահելը:

Ամենօրյա հիշեցումներից հետո ոստիկանության լրատվական ծառայությունից 8 օր անց «պատասխանեցին», որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն մեզ կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Հավանաբար, այդ հարցերի պատասխաններն այս պահին ոստիկանությունն էլ չունի կամ էլ ունի, պարզապես դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ դժգոհության նոր ալիք կբարձրանա: Մնում է սպասել ու տեսնել, թե 30 օրվա մեջ ինչ դատավճիռ կկայացնի ոստիկանությունը սեփական ընկերության նկատմամբ:

Բեխտերևի հիվանդություն. դատավճի՞ռ է դա, թե՞ դեռ կա հույս

հիվանդությունՈղնաշարի առողջությունը

Ողնաշարի առողջության համար հարկավոր է ամենօրյա մարզումներ կատարել, իսկ  ձգումներ առաջարկվում է անել  20 տարեկանից հետո, բոլորին, քանի որ մոտավորապես այդ տարիքում են առաջանում միջողնային սկավառակների ձևախախտումները. դրանք  սկսում են ծերանալ, մաշվել կամ քայքայվել: Բազում գործոններ (էկոլոգիա, վատ ջուր, անորակ սնունդ, մթերք ևն) նպաստում են այդ գործընթացին: Եվ վերահսկել, կառավարել վիճակը թերևս միշտ հնարավոր չլինի, սակայն հուսահատվել չարժե, դրա փոխարեն հարկավոր է ակտիվ գործունեություն ծավալել այդ բացասական գործոնների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:

Տարիքի հետ մարդու բոյը նվազում է. 60-70 տարեկանում մադու հասակը  25-30 տարեկանի համեմատ 7-12 սմ-ով պակասում է: Մենք նույնիսկ օրվա ընթացքում ենք, առավոտվա համեմատ, «կարճանում»: Բոյի փոփոխությունները կատարվում են միջողնային սկավառակների ճնշման, ճզմման հետևանքով: Սակայն ցավն այն է, որ այդ փոփոխությունները միայն հասակի կարճանալով չեն սահմանափակվում: Դրա մասին չարժե անգամ մտածել. կյանքում  կարճ բոյից շատ ավելի լուրջ խնդիրներ կան:

Ողները, մեկը մյուսին  սեղմվելով, ճնշում են ողնուղեղը, ինչը հանգեցնում է լուրջ խնդիրների, որոնցից ամենացայտունը մեջքի ցավն է:

Ավելի լուրջ ու բացահայտ արտահայտություն է  ողնաշարի նյարդարմատների ճնշումը, ինչն էլ հանգեցնում է ողնուղեղի   տվյալ հատվածին համապատասխանող  ներքին օրգանների հիվանդությունների: Ընդ որում, տվյալ օրգանների աշխատանքը վատանում է գրեթե 40-60%-ով: Օրինակ, եթե ճզմված են պարանոցի վերին հատվածի նյարդաթելիկները, ապա հավանական է, որ ուժեղ գլխացավեր առաջանան: Ընդ որում, չարժե հույսը դնել դեղի վրա, քանի դեռ չի վերականգնվել ողների ճիշտ դիրքը: Առաջին հերթին հարկավոր է ողնաշարի վիճակը բարելավելու համար «մեծացնել» միջողնային տարածությունը («ձգել» ողները): Դրա համար հարկավոր է ամեն օր վարժություններ կատարել. լավագույն ժամանակ է  համարվում երեկոն:

Յուրաքանչյուրը, բժշկի հետ խորհրդակցելով, կընտրի իրեն հարմար վարժությունը, եթե չի կարող համալիր մարզանք կատարել: Կարևորը հանգստությունն է, անշտապությունը, շարժումների մեղմությունը: Կտրուկ շարժումների դեպքում հնարավոր է` ցավ առաջանա:

Ու մի հանգամանք էլ. մեզ բնորոշ է խնդրի առաջացման ժամանակ, իսկ երբեմն էլ շատ ավելի ուշ սկսել մարզվել, երբեմն էլ խիստ ժամանակավրեպ: Ուստի չպետք է սպասել, որ  ողնաշարը սկսի խշրտալ կամ խնդիրն ինքն իրեն անցնի: Օրական մարզումները կօգնեն ոչ միայն ողնաշարին, այլև ներքին օրգանների աշխատանքին:

 Ողնաշարային խնդիրները երբեմն հանգեցնում են այնպիսի հիվանդությունների, որոնք խիստ ազդում են կյանքի որակի վրա և անընդհատ ուղեկցում հիվանդին:

Սակայն անգամ Բեխտերևի հիվանդություն ախտորոշումը դատավճիռ չէ:

Նախ` հիվանդության մասին, որքանով է այն վտանգավոր, և հնարավո՞ր է այն բուժել:

Սա ռևմատիկ հիվանդություն է, որն ախտահարում է  շարժողական համակարգը: Առաջին հերթին հարվածի տակ է հայտնվում ողնաշարը, որն ի վերջո լրիվ ոսկրանում է: Կարող են ախտահարվել նաև մյուս հոդերը (ինչպես և լինում է հիմնականում) և օրգանները: Սա հոդերի ու ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Ի դեպ, այդ հիվանդությունից է մահացել Նիկոլայ Օստրովսկին («Ինչպես է կոփվում պողպատը»),  այդ հիվանդությունից են տառապել շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը, չեխ գրող Կարել Չապեկը:

Բեխտերևը չի հայտնաբերել  հիվանդությունը: Բնականաբար, դրանով հիվանդացել են նաև հազարամյակներ առաջ: Հիվանդության նկարագրություններ կան փարավոնների կյանքի տարեգրություններում: Պարզապես Բեխտերևն առաջինն էր, որ կարողացավ ճշգրտորեն նկարագրել  հիվանդությունն ու դրա առաջացման պատճառները: Իսկ թե ինչու է այդ հիվանդությունը ստացել տաղանդավոր ու հայտնի գիտնականի անունը, ճշգրիտ հայտնի չէ:

Սակայն կարևորը դա չէ: Ամեն դեպքում Բեխտերևն անգնահատելի ներդրում ունի այդ հիվանդության ուսումնասիրման գործում: Նա աշխատություն է հրապարակել հիվանդության ախտանշանների նկարագրությամբ: Այս հիվանդությունը սահմանափակումներ չունի, հիվանդանում է  և՛ ահելը, և ՛ջահելը` անկախ կենսակերպից, ունեցվածքից և նույնիսկ առողջական վիճակից: Սակայն կա վիճակագրություն, որի համաձայն` Բեխտերևի հիվանդությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է պատահում: Գիտնականներն այդ հանգամանքը կապում են  հատուկ գենի հետ, որը միայն արական սեռն է կրում: Այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է երիտասարդ օրգանիզմը. հիվանդների գերակշռող մեծամասնությունը 20-30 տարեկան է: Եվ ամենակարևորը` գենը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն` եթե ցեղում կա այդ հիվանդությունը, ապա մնացած բոլոր սերունդների տղամարդիկ պետք է զգուշանան:

Վատն այն է, որ հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ շփոթում են սովորական օսթեխոնդրոզի կամ էլ արթրիտի հետ: Պետք է հիշել, սակայն, տարբերակիչ ախտանշանների մասին. այս հիվանդությունը զգացվում է ողնաշարի ու հոդերի ցավով անգամ պառկած վիճակում , այսինքն` հիվանդը ցավ է զգում առավոտյան, քնից հետո կամ երկար պառկած հանգստից հետո:

Սակայն, եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական փուլում, ապա կարելի է բուժվել, միջոցներ ձեռնարկել վիճակը կայունացնելու համար: Եթե հիվանդությունը նոր-նոր է սկսվել, ապա մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայով կարելի է 100%-ով ախտորոշել այն:  Բայց ցավն այն է, որ այդ միջոցը մատչելիներից չէ, բացի այդ, ամեն ցավի ժամանակ չէ, որ վազում ենք հետազոտման:

Ողնաշարի ախտահարման ախտանշանները

Ամենակարևոր ախտանշանը ցավն ու  ողնաշարի հատվածում  կաշկանդվածության զգացումն է, որը շատ հաճախ առաջանում է գիշերը և ուժգնանում լուսադեմին, ինչը տևում է  2 ժամից ավելի ու նվազում ֆիզիկական ակտիվության հետ, տաք ցնցուղից: Օրվա ընթացքում  ողնաշարի ցավն ու կաշկանդվածությունը կրկին զգացվում են հանգստի վիճակում, իսկ օրվա երկրորդ կեսին` երբեմն անհետանում: Ողնաշարի ախտահարումն այս հիվանդության դեպքում պարտադիր ախտանշան է:

Աստիճանաբար  առաջանում է կիֆոզ (կուզ), որը երբեմն  այնքան ընդգծված է լինում, որ նույնիսկ  «հեռավորության» վրա կարելի է այն հիվանդի  տեսքից ախտորոշել: Այս հիվանդությունը սովորաբար դանդաղընթաց է, բազմամյա, սրացումների ու վիճակի բարելավման հերթափուլերով:

Բեխտերևի հիվանդության կարևոր դրսևորում է  սրբոսկրի բորբոքումը, ինչը հաճախ շփոթվում է ռադիկուլիտի, միջողնային սկավառակի ճողվածքի կամ նստանյարդի բորբոքման հետ:

Հիվանդությունը սովորաբար սկսվում է  կյանքի երկրորդ տասնամյակի վերջին կամ երրորդ տասնամյակի սկզբին, սակայն մասնագետները վկայում են, որ վերջին  ժամանակներս հիվանդանում են նաև դեռահասության տարիներին : Այդ տարիքում հիվանդությունն ուղեկցվում է մարմնի ջերմության թեթևակի բարձրացմամբ:

Ի դեպ, վիճակը չծանրացնելու համար հարկավոր է հիշել, որ քաշի ավելացումը հոդերի համար գերբեռնվածություն է ստեղծում, ուրեմն հարկավոր է  ուշադրություն դարձնել քաշին:

Հիվանդության բուժմանը միտված միջոցներից են ֆիզիկական ակտիվությունը, դրա համար էլ գուցե պետք է ցավն անտեսելով  կատարել ֆիզիկական վարժություններ ամեն օր: Ի դեպ, ընդմիջված պարապմունքների ընթացքում հնարավոր է, որ անցանկալի փոփոխություններ առաջանան:

Քրոնիկական հիվանդությունների նման այս հիվանդության դեպքում էլ պետք է սնունդը հավասարակշռված լինի: Այն երբեք չպետք է նպաստի քաշի ավելացմանը, ինչը կարող է  վերջույթների  համար վերածվել լուրջ ծանրաբեռնվածության: Սպիտակուցներ պետք է լինեն բավարար քանակով, ընդ որում, նախընտրելի են ձուկը, կաթնամթերքը:

Ախտահարման հաճախակի պատճառներից են`

  • քրոնիկական տոնզիլիտն ու ֆարինգիտը (նշագեղձերի ու կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը,
  • հարքթային խոռոչների բորբոքումը,
  • հերպեսը (պարբերաբար շուրթերին կամ սեռական օրգաններին ցանի առաջացումը),
  • աղիների դիսբակտերիոզը և աղիների մակաբույծները,
  • միզասեռական համակարգի ինֆեկցիաները (պրոստատիտ, ուրեթրիտ, ցիստիտ ևն),
  • ատամների արմատների մոտ կիստոզային բորբոքումները:

Իդեպ, սեզոնային վարակիչ հիվանդությունները ևս կարող են նպաստել արթրիտների սրացման:

Ինչն է օգտակար և ինչը` վնասակար այս հիվանդության դեպքում.

  • լողը (օգնում է աշխատեցնել ողնաշարն ու հոդերը),
  • ամենօրյա  մարմնամարզությունը, սակայն` դանդաղ,
  • եթե սրացում չկա, ապա օգտակար են  նաև մերսումները:

Վնասում են`

  • այն մարզաձևերըը, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ (վազք, թռիչք, կտրուկ շարժումներ),
  • հակացուցված է սառեցումը,  ուստի մարզումները պետք է անել հարմարավետ  պայմաններում և նորմալ ջերմաստիճանում:

Ընդհանրապես ցանկացած տեսակի մերսում և պրոցեդուրա հակացուցված են սրացումների ժամանակ:

Սողանքներն այսօր կանխարգելե՞լի են

սողանքՀայաստանում այսօր 2504 սողանքային տեղամասեր կան, որոնք ընդգրկում են 1220 քմ մակերես: 233 համայնքներ ՀՀ տարածքում  գտնվում են սողանքային գոտում: Ավտոմոբիլային ճանապարհների 236 կմ-ը գտնվում է սողանքային ազդեցության գոտում, իսկ երկաթգծի` 4,8 կմ հատվածը:

2007 թ. հունվարի 11-ին կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը, կազմվել է ժամանակացույց, որում ներառվել է 131 առավել ակտիվ սողանքային տեղամաս, և նշվել է կոնկրետ միջոցառումների շարք:

ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչությունից տեղեկացանք, որ սողանքային առավել ակտիվ տեղամասերից է Նուբարաշենի գերեզմանոցի հատվածը, Երևան-Թբիլիսի երկաթգծի Օձուն գյուղի սողանքը, որտեղ տարիներ առաջ ավտովթար է տեղի ունեցել, և Ողջաբերդը, որտեղից բնակիչները հիմնականում տարհանվել են: Գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ Լևոն Քոսյանի տեղեկացմամբ` այն  նոր հատվածներում, որտեղ տարհանված բնակչությանը ժամանակավոր կացարաններ են հատկացվել, նույնպես սողանքներ են առաջացել հիմնականում ինժեներա-երկրաբանական հետազննությունների  թերի կամ դրանց ոչ բավարար իրականացման պատճառով:

Ինչու՞, որովհետև, քաղաքաշինական նպատակներով հողահատկացումները պետք է կատարվեն համապատասխան եզրակացությունների հիման վրա: Պետք է գնահատվի` տվյալ տեղամասում հնարավո՞ր է սողանքների առաջացում, թե՞ ոչ:   Ի դեպ, կավային շերտերի առկայության դեպքում, ոռոգման սխալ մեթոդների կիրառման պայմաններում, հնարավոր է, որ նորից սողանքային երևույթներ առաջանան: Սողանքների ուսումնասիրությունները երկարատև գործընթաց են: Մասնագետների դիտարկմամբ,  եթե օրինակ նախատեսվում է գրունտի բեռնաթափում իրականացնել սողանքային մարմնի գլխամասից, ապա այնտեղ պետք է մշտադիտարկում իրականացվի: Նրա խոսքով` դա կօգնի հետագա նախագծերը կազմելու առավել արդյունավետ հիմքի վրա` ելնելով այդ միջոցառման հիմնական ազդեցությունից: Սողանքների կանխմանն ուղղված աշխատանքները, որոնք երկարատև ժամանակ են պահանջում, ենթադրում են հետազննության անցկացում, սարքի մակերևույթների տեղադրման խորության ճշգրտում, նախագծի մշակում և այլն:

«ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի արդյունքում մի քանի տարի առաջ (2004-2005 թթ.) Ճապոնիայից մասնագետներ էին Հայաստան ժամանել և որոշ տեղամասերում պիլոտային ծրագրեր իրականացրել: Չափիչ սարքեր էին տեղադրվել Գեղարքունիքի մարզում` հետագայում մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Լևոն Քոսյանը մտահոգությամբ նշեց, որ այդ չափիչ սարքերն օգուտ չտվեցին, քանի որ մատնվեցին բարձիթողի վիճակի. հսկողությունը պետք է իրականացնեին համայնքները:

 Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանի  տեղեկացմամբ` սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի գույքագրման տվյալների, կազմել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը` շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար:

«Ակտիվացած սողանքները ՀՀ փրկարար ծառայության մասնագետների կողմից ուսումնասիրվել են, բնակչությանը սպառնացող վտանգները գնահատվել են, հարցը բարձրացվել է կառավարությունում և համապատասխան գերատեսչություններում, որպեսզի յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով մասնակից լինի կանխարգելիչ միջոցառումներին և անհրաժեշտության դեպքում աջակցի բնակչության անհապաղ վերաբնակեցման հարցերին»,- նշեց Արթուր Մուրադյանը: Նրա դիտարկմամբ, այս կարևորագույն խնդրի լուծումը պահանջում է համակարգված մոտեցում, հատուկ ռազմավարության մշակում և իրականացում: «Դեպքերի զարգացման արագության դեպքում արձագանքը չի կարող օպերատիվ լինել, քանի որ ֆինանսական ահռելի միջոցներ են անհրաժեշտ: Օպերատիվ արձագանքում ենք միայն մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հարցերին: Խոսքը վերաբերում է բնակչության վերաբնակեցմանը», – նշեց Արթուր Մուրադյանը` հավաստիացնելով, որ բարեբախտաբար, սողանքային ակտիվացման հետևանքով մարդկային զոհեր  դեռևս չեն արձանագրվել:

  Լ.Ն

 

 

 

 

 

Լսել նշանակում է տեսնել

կինԱյս մոտեցմամբ է «Խոսող գրքեր» նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը ցանկանում օգտակար լինել տեսողական խնդիրներ ունեցողներին

 Գայանե Կլեկչյանն իր գործով հեքիաթների մի մեծ աշխարհ է պարգևում սեփական աչքերով տեսնելու և կարդալու հնարավորությունից զրկվածներին:

Դեռևս 2006-ից նա իր շուրջը հավաքեց դերասանների մի խումբ, և «Խոսող գրքեր» նախագծով նրանք պատրաստեցին 6 Mp3 ձևաչափով ձայնասկավառակ: «Խոսող գրքեր» ձայնասկավառակից մեկում դերասաններ Հովհաննես Բաբախանյանը, Տիգրան Ներսիսյանը, Աննա Էլբակյանը, Ժիրայր Դադասյանը և ուրիշներ կարդում են Հովհաննես Թումանյանի, Անդերսենի, Օսկար Ուայլդի, Գրիմ եղբայրների 21 հեքիաթ:

Այս անգամ էլ Գայանե Կլեկչյանն անակնկալներ ունի: Վերջին օրերին թողարկվեց «Խոսող գրքեր» մատենաշարի 6-րդ ձայնագիրքը ու դարձավ լավագույն նվերը ինչպես տեսողական խնդիրներ ունեցողների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լավ գրականություն:

«Անկախն» այս թեմաների շուրջ սիրով զրուցեց «Խոսող գրքեր» նախագծի հեղինակ և պրոդյուսեր Գայանե Կլեկչյանի հետ:

– Արդեն ութ տարի է, ինչ իրականացնում եք «Խոսող գրքեր» նախագիծը. ինչի՞ց սկսվեց:

– Կարծում եմ՝ «Խոսող գրքերը» տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ արել եմ: Աշխատել եմ Խարբերդի մտավոր թերի զարգացած երեխաների մանկատանը, այնուհետև «Փյունիկ» հաշմանդամային միությունում, հետո՝ «Զատիկ» մանկատանը: 90-ական թվականներն էին: Դրանից հետո ընդմիջում եղավ ու արդեն հասունացել էր պահը ինչ-որ բան անելու, ու երևի սերը գրականության, երաժշտության, մարդու հանդեպ ստիպեցին իրականացնել հենց «Խոսող գրքեր» նախագիծը: Երևի սա ավելի շատ ստեղծագործական դաշտ է ինձ համար:

– Ո՞րն է «Խոսող գրքերի» հիմնական նպատակը:

– Հայ և արտասահմանյան գրականության մատուցումը տեսողական խնդիրներ ունեցողների համար: «Խոսող գրքերի» բաժանորդը տեսողական խնդիր ունեցող անձնավորությունն է, բայց բոլորը կարող են օգտվել:

– Կարելի՞ է ասել՝ Դուք նախագծի պրոդյուսերն եք: Ինչի՞ց եք սկսել և ո՞ւր եք հասել:   

– Սկսեցինք Հովհաննես Թումանյանից, ներկայացրինք նրա հեքիաթները, հետո Օսկար Ուայլդի «Աստղամանուկը», «Երջանիկ արքայազնը», «Եսամոլ հսկան», Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը», Գրիմ Եղբայրների «Մոխրոտիկը», Եղիշե Չարենցի «Նավզիկեն», Վիլյամ Սարոյանի «Նարինջները», Լեոնիդ Ենգիբարյանի նովելները, Սայաթ-Նովայի բանաստեղծությունները, Անտուան դը Սնետ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ղազարոս Աղայանի «Զանգի-զրանգի», «Օձամանուկ և Արևահատ», «Քիչ էլ, քիչ էլ» գործերը, Ստեփան Զորյանի «Դատավոր հովիվը», «Սիրտը», Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե տոկուն զինվորիկը», «Թիթեռնիկը», Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Եղիշե Չարենցի բանաստեղծություններն ու Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:

Իսկ արդեն նոր՝ 6-րդ ձայնասկավառակում ընդգրկված են Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում», Օ’ Հենրիի «Վերջին տերևը», Վահան Վարդանյանի ստեղծագործությունները:

– Ինչպե՞ս եք ընտրում, թե որ ստեղծագործությունը պետք է դառնա խոսող գիրք:

– Վերջնական ընտրությունն իմն է: Ու ես ուրախ եմ, որ ազատ եմ աշխատանքի մեջ, մաքսիմալ ազատ: Եթե ընտրել եմ մի գործ, վերջին վայրկյանին կարող էր  միանգամից փոխվել: Բացի այն, որ որոշում կայացնողը ես եմ, իմ կողքին կան մարդիկ, որոնք իրենց խորհուրդներով օգնում են ինձ: Նրանք «Խոսող գրքերի» լավ ու մշտական բարեկամներն են: Նշեմ  Ժիրայր Դադասյանի անունը. նա բոլոր հարցերով իմ կողքին է կանգնած:

– Գայանե, այսքան տարիների ընթացքում հասցրել եք նաև ձեր շուրջը համախմբել լուրջ ստեղծագործական թիմ՝ կազմված վաստակավոր–ժողովրդական արտիստներից:

գրքեր– Գիտեք, ես դերասաններին ճանաչում եմ բեմից այն կողմ: Նրանք իմ սիրելի դերասաններն են: Ու երբ զանգահարում ու ասում ես, որ դրամաշնորհային կամ կոմերցիոն ծրագիր չես իրականացնում, ծրագիր, որն արվում է տեսողական խնդիրներ ունեցողների համար, նրանք անգամ չեն ասում՝ կմտածենք, սիրով համաձայնում են: Երբ արդեն ընտրվում է գրական գործը, ընտրվում է նաև դերասանի հավանական տարբերակը, ու գիտեք` փորձը ցույց է տալիս, որ ընտրությունը ճիշտ է կատարվում:

– Կա՞ն մրցակիցներ այս ոլորտում:

– Ինձ համար ձայնագիրքը դուրս է մրցակցությունից: Անգամ արտասահմանի փորձն ենք ուսումնասիրել. շատ դեպքերում հրամցնում են ընդամենը գրական ինֆորմացիա: Գրական ինֆորմացիան տեսողական խնդիր ունեցողի համար կարող է կարդալ նաև իր ծնողը: Կարծում եմ` անհրաժեշտ է գրականությունը ճիշտ ներկայացնել: Ասեմ ձեզ, որ այսքան տարիների ընթացքում որևէ խնդրի չենք բախվել: Ո՛չ դերասանների հետ ենք խնդիր ունեցել, ո՛չ ստուդիայի. շատ համբերատար, ջանասիրաբար ինձ դիմակայել են մարդիկ, դիմակայել, քանի որ սարսափելի պահանջկոտ եմ:

– Ութ տարի առաջ սկսեցիք «Խոսող գրքերը»: Բայց ոնց որ մի քիչ ընդմիջումներով եք

աշխատում, ինչո՞վ է սա պայմանավորված:

– Դա ստեղծագործական գործընթաց է: Այ, եթե սա լիներ աշխատանք, կլիներ ռիթմի մեջ ու շարունակական: Բայց երբ դու ստեղծագործական գործընթացների մեջ ես, չես կարող տարին մեկ անգամ, ասենք, գիրք գրել: Եթե վերլուծենք, ապա կարող եմ վստահ ասել, որ ընդմիջումները շատ չեն. տարեկան գոնե մեկ սկավառակ թողարկվում է: Պատահել են նաև դեպքեր, որ միանգամից երեք CD եմ ներկայացրել:

– Չե՞ք կարծում, որ շատ երեխաներ, լսելով Օսկար Ուայլդի կամ Թումանյանի հեքիաթները, էլ գիրք չեն կարդա… Պարզապես կծանոթանան գրական գործին ու վերջ:

– Անկախ ամեն ինչից, ես ինքս նախընտրում եմ ստեղծագործությունների գրքային տարբերակը: Եվ հետո լսելը դեռ շատ քիչ է: Ի՞նչ ես լսում, եթե լավ գրականություն է, ապա այն քեզ մտածելու, խորհելու հնարավորություն է տալիս: CD-ներում տեղ գտած ստեղծագործություններն այնքան պատկերավոր են մատուցվում, որ կարող են նաև սեր առաջացնել գրքի հանդեպ: Կարող եմ բերել հենց մեր տան օրինակը: Մի օր լսում էի Չարենցի «Նավզիկեն», երաժշտական հատվածն էի խմբագրում: Նկատեցի, որ տղաս գնաց, վերցրեց գիրքն ու սկսեց կարդալ: Նա հասկացավ, որ գրքով շատ ավելի լավ է ընկալում: Դա մարդու տեսակի խնդիր է: Մարդ կա, որ գուցե ինքը ամբողջ կյանքում ո՛չ լսի այս ստեղծագործությունները, ո՛չ էլ կարդա:

– Լսել եմ, որ նախագծի երաժշտական ձևավորողը Վահան Նահապետյանն է, կարծեմ նա էլ տեսողական խնդիրներ ունի...

– Այո՛, ես շատ շնորհակալ եմ Վահանին: «Խոսող գրքեր» նախագիծը կարևորում է մատուցվող գրական ստեղծագործությունների երաժշտական ձևավորումը: Փորձել ենք ընտրված գրական երկերին ճաշակով ու գեղեցիկ երաժշտական ձևավորում տալ, ինչպես նաև ապահովել համապատասխան ձայնային էֆեկտներով: Երաժշտական ու ձայնային ձևավորման հեղինակը մեր լավ բարեկամ Վահան Նահապետյանն է. ունենալով տեսողական խնդիրներ՝ իսկապես բավական նուրբ գործ է կատարել:

Մեր ծանոթությունն էլ շատ հետաքրքիր էր: Այն մարդիկ, ովքեր կոնսերվատորիայում են սովորել, երեկոյան հավաքվում էին դպրոցում: Այդ ընթացքում հանդիպեցի Վահանին ու հասկացա, որ մենք պետք է համագործակցելու եզրեր գտնենք ու փաստորեն «Խոսող գրքեր» նախագծում այսքան տարիներ միասին աշխատում ենք:

– Գայանե, «Խոսող գրքերի» նոր ձայնասկավառակն արդեն պատրաստ է: Տեսնում եմ անուններ, որոնք ինձ հայտնի են, բայց ստեղծագործություններ, որոնք ծանոթ չեն...

– Ես հաճելիորեն զարմացած եմ: Նախ՝ Մարկեսին այլ ձևաչափով եմ ներկայացրել: 50-ական թվականների նրա գրածներն եմ գտել, թարգմանել ու ներկայացրել: Նրա «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում» գործը թերևս բեմադրվել է, քիչ թե շատ ծանոթ է, իսկ «Երկնագույն շան աչքերը» թարգմանված է անգլերենից: Երկուսն էլ հրաշալի ստեղծագործություններ են:

 – Դուք գրականության հանդեպ թերևս ունեք հատուկ վերաբերմունք, բանասիրակա՞ն կրթություն ունեք:

– Չէ՛, կրթությունս բարձրագույն է, բայց բանասեր չեմ:

– Հետաքրքիր է՝ «Խոսող գրքերում» ներկայացվող ստեղծագործությունների մեծ մասն արտասահմանցի հեղինակների թարգմանություններ են:

– Մեծ մասը չեն: Կան և՛ հայ հեղինակների գործեր, և՛ արտասահմանցի հեղինակների գործեր: Կարևորը` լավ գրականություն է ընտրված և հայերեն: Ես կարծում եմ` բացարձակ կարևոր չէ` հայերենով Օսկար Ուայլդի՞ն ես ներկայացրել, թե՞ Ռիչարդ Բախին: Բոլոր գործերը ներկայացվում են հայերենով: Նկատի ունեցեք, որ «Խոսող գրքերում» էական տեղ ունեն հայ գրականության գործերը:

Օրինակ՝ հիմա նոր սփյուռք է ձևավորվում, որ 90-ականներին է գնացել: Նրանց երեխաները դժվարությամբ են խոսում հայերեն, «Խոսող գրքերը» լավագույն տարբերակն է այդ երեխաների համար:   

– Լրատվամիջոցներին  ծանոթ Գայանե Կլեկչյանը զուտ «Խոսող գրքեր» նախագծի հեղինակ է: Ինչո՞վ եք զբաղվում:

– Հիմա դադար է: Ժամանակին, այո՛, բիզնեսով զբաղվել եմ: Հարսանյաց սրահ ունեի: Բոլոր գործերիս մեջ միշտ ներգրավել եմ բոլորին:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Մենք փոքրամասնություն ենք ու համագործակցում ենք փոքրամասնությունների հետ

4.05.2013, Քյոլն_ԳԿԽ-ի խոսքը դերսիմցիների ցույցինՄայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա` Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. կազմակերպված ցեղասպանության 76-րդ տարելիցի առթիվ: Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) համակազմակերպիչն է այս միջոցառման և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

–         Ազատ, ինչո ՞ւ եք մասնակցում դերսիմիցիների ցեղասպանության տարելիցին ու արդյոք այդ և այլ ցեղասպանությունները տեղի կունենային, եթե մինչ այդ Թուրքիան պարտավորված լիներ 1915թ.-ի հայոց ցեղասպանությունը ճանաչելու.

–         Սա բողոքի ցույց է թուրքական պետության դեմ ու Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է արել մեր հայրենակիցներին Գերմանիայում մասնակցել այս ցույցին և իրենց համերաշխությունը դրսևորեն դերսիմցիների ցավի, խնդրի նկատմամբ:

Դերսիմի ցեղասպանության զոհերի հիշատակի ցույցի պաստառըԵս անձամբ այն կարծիքին չեմ, որ եթե հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Հոլոքոստն էլ դատապարտվեց և դրանից հետո էլ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան: Բայց ցեղասպանությունները պետք է անշուշտ ճանաչել ու դատապարտել:

–         Ինչո՞վ է կարևոր հայերի ու դերսիմցիների միջև բարեկամությունը.

–         Դերսիմցիների մեջ կան տասնյակ հազարավոր հայկական ծագումով մարդիկ, ովքեր ունեն իրենց դերսիմյան ինքնությունը, բայց հիշողության մեջ վառ են պահում հայկական արմատները կամ վերադառնում են վերջիններիս: Բացի այն, որ դերսիմցիները կիսում են հայերիս վիշտը ցեղասպանության հարցում ու մասնակցում են մեր միջոցառումներին, մենք կոալիցիա ենք թուրքական ժխտողական քաղաքականության, ռասսիստական պետության նկատմամբ:

–         Փաստորեն հայերս լինելով փոքրամասնություն Գերմանիայում համագործակցում ենք այլ փոքրամասնությունների հետ: Կպատմե՞ք այդ կապերի մասին.

–         Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը շատ ինտենսիվ համագործակցում է Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների հետ` դերսիմցիների հետ, ասորիների, եզդիների ու հույների հետ, Արևմտյան Հայաստանի և նրա հարակից շրջաններում ապրող մյուս ժողովուրդների հետ: Միայն վերջին տասն օրերի օրինակով ասեմ` Դերսիմի համայնքների եվրոպական դաշնության նախագահության անդամներից տիկին Դիրեն Յեսիլը ելույթ ունեցավ ապրիլի 24-ի Ֆրանկֆուրտի մեր ծրագրին, 5 օր անց` 29-ին Բեռլինում մենք մասնակցեցինք Դերսիմցիներին նվիրված կոնֆերանսին, իսկ այսօր` մայիսի 4-ին, հայերս ներկա ենք դերսիմցիների ակցիային Քյոլն քաղաքում:

4.05.2013, Քյոլն_Հայերը, ասորիները, հույները և ալեվիները դերսիմցիների ցույցին–         Ինչպե՞ս է ընկալվում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունը Գերմանիայի կառավարության կողմից.

–         Ամբողջ կառավարության տեսակետը մեզ համար թափանցիկ չէ, բայց ակնառու է, որ տարբեր թվով քաղաքական գործիչներ ու պատգամավորներ դա ողջունում են: Սրանով մենք օգնում ենք գերմանացիներին իրենց միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվել, քանի որ մինչ այժմ Գերմանիայում տիրում է այն թյուր կարծիքը, որ որևէ երկրից ներգաղթածը տվյալ ազգության մարդ է: Բայց մենք ցույց ենք տալիս, որ Թուրքիայից եկած ամեն մի քաղաքացուն չպետք է թուրք համարել: Բացի այդ, մեր համագործակցությունների ու վիճակագրական ճշտումների արդյունքում թուլանում է թուրքական համայնքի ուժը Գերմանիայում, դա է պատճառը, որ թուրքական կառավարությունն անհանգստացած է նման համագործակցություններով և ուզում է սեպ խրել այս գործընթացների մեջ:

–         Իսկ գերմանական հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում այս համագործակցություններին.

–         Այս ցույցերը, համերաշխության նախաձեռնությունները կոտրում է այն կարծրատիպը, որ Գերմանիայում 2.5-3 միլիոն թուրք է ապրում: Այսպիսի համատեղ աշխատանքները գերմանացիների համար ևս կարևոր են` հասկանալու` ով ով է Գերմանիայում:

–         Տեղյակ եմ, որ այս տարի ցեղասպանությանն ուղղված բազում ակցիաներ են անցկացվել Գերմանիայում: Կներկայացնե՞ք հակիրճ, թե ինչեր են իրագործվել Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդի, հայկական համայնքների կողմից.

–         2013 թվականին ցեղասպանության զոհերի հիշատանին նվիրված ծրագրերի առանձնահատկությունները հետևյալն էին` նախ ընդլայնվեց աշխարհագրությունը` 15-ից ավելի քաղաքներում ամենատարբեր ձևաչափերի ծրագրեր ունեցանք: Մեր ազգային հուշատոնին մասնակցեցին տարբեր ազգեր, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքի ազգային փոքրամասնություններ: Օրինակ` ցեղասպանության զոհերի հիշատակի ֆրանկֆուրտյան կենտրոնական ծրագրի հոգեհանգստի արարողությունը կատարեցին ասորի հոգևորականները: Բացի դահլիճային ծրագրերից, եղան նաև ցույցեր` Ֆրանկֆուրտում, Քյոլնում, Համբուրգում և Բեռլինում:

–         Ցեղասպանության հարյուրամյակին ուղղված ի՞նչ նախագծեր և մտահղացումներ ունեք.

–         Հիմա մենք` Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը ստեղծում է մի առանձին կոմիտե` հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար: Համայնքը ակտիվ է, աշխույժ և իրեն պարտավորված է զգում հավերժացնել զոհերի հիշատակը: Պիտի ձգտենք մեծացնել հուշակոթողների ու խաչքարերի տեղադրումը գերմանական քաղաքներում, պիտի ձգտենք, որ Հայկական հարցը մտնի գերմանական դասագրքերի մեջ և հնարավորության դեպքում որևէ երկրամաս ընդունի հայոց ցեղասպանությունը, ինչով Ցեղասպանության ճանաչման գործընթացը Բունդեսթագի` 2005 թվականի ընդունած որոշումից մի քայլ առաջ կտանի:

 

Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի

 

Հաղթանակները վստահություն են ներշնչել

հանդբոլՔիչ ժամանակ է մնացել Վիեննայում կայանալիք մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության 5-րդ խմբի ընտրական մրցաշարի մեկնարկին: Այն մայիսի 17-19-ը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Տանտերերի թիմից բացի, այդ ստուգատեսում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են  նաև Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչները:

Բոլորն էլ ուժեղ են, այդ երկրներում հանդբոլը բարձր մակարդակի վրա է: Եվրոպական երկրների թիմերի խաղացողները միջազգային մրցաշարերի մասնակցելու և խաղային փորձ կուտակելու մեծ հնարավորություններ ունեն: Մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչների հնարավորությունները սահմանափակ են:

Ստուգատեսին նախապատրաստվող մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի ընտրանին օրերս  ուղևորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Հայաստանի և Վրաստանի հանդբոլի ֆեդերացիաների միջև սերտ փոխհամագործակցություն կա, և երկու երկրների ներկայացուցիչները հաճախակի են փոխայցելություններ կատարում: Ստուգողական հանդիպումներ են կազմակերպվում, և երկու երկրների ներկայացուցիչները միմյանց հետ խաղալու հնարավորություն են ստանում:

Ահա մեր երկրի մարզուհիների ընտրանին  չորս խաղ անցկացրեց իր հասակակիցների թիմերի հետ և բոլոր հանդիպումներն էլ ավարտեց իր օգտին: Հայաստանի հավաքականն առավելության հասավ «Կվարելիի» (30:20), «Մարտվեի» (28:20), «Իմեդիի» (35:28), Թբիլիսիի հավաքականի (31:21) նկատմամբ:

Ինչ խոսք, մերոնք բարձր տրամադրությամբ կմեկնեն Վիեննա` եվրոպական ստուգատեսին մասնակցելու համար:

Թե ինչ տվեցին ստուգողական խաղերը, հարցրինք Հայաստանի հավաքականի մարզիչներին: Ահա թե ինչ ասացին նրանք.

 Անահիտ Հարությունյան.- Վերջին շրջանում Վրաստանում կանանց հանդբոլն առաջադիմել է, և մեր մրցակիցներն արժանի խաղեր ցուցադրեցին: Հայաստանի հավաքականի համար ստուգողական հանդիպումները շատ կարևոր էին: Փաստորեն, մեր թիմի խաղացողներին գործնականում ստուգելու առիթ էր ստեղծվել: Բացահայտվեց, որ անելիքներ ունենք, և հնարավոր է ավելի լավ նախապատրաստվել առաջիկա փորձությանը: Պարզապես ժամանակը սահմանափակ է: Աղջիկս` Անի Ասատրյանը,  մեր թիմի առաջատարն է, և ուրախալի է, որ նա աստիճանաբար վերականգնում է իր լավ մարզավիճակը:

Աստղիկ Գյուրջինյան.- Ինչպես հայտնի է, մեր թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք է ստացել, վիրահատվել և չի կարող օգնել թիմին: Նրան արժանի փոխարինող գտնելը դժվար է: Մտավախություն ունեինք, բայց Սոֆիկ Թորոսյանը, որը 5 ամիս է, ինչ մեր թիմի հիմնական դարպասապահի դերում է, զգալիորեն բարելավել է իր խաղամակարդակը: Թբիլիսիում նա հուսալի խաղ ցուցադրեց: Առաջիկայում պետք է փորձենք ուղղել այն սխալները, որոնք հավաքականը թույլ է տալիս: Պետք է աշխատել, որ հարվածները դարպասին ավելի դիպուկ լինեն: Աշխատանք կա թիմի տեխնիկատակտիկական խաղամակարդակը բարելավելու ուղղությամբ: Հոգեբանական առումով այս հաղթանակները վստահություն են ներշնչել թիմի խաղացողներին:

 

«Ստանիսլավսկու «Սիստեմը» և խաղի պարադոքսը» գրքի մասին

գիրք2012 թ, «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակված Հ. Հովհաննիս­յանի այս գիրքն ինձ հետաքրքրեց մի քանի տեսանկյունից, որի մասին չեմ կարող թաքցնել առաջացած մտքերը: Ինչպես  վկայում է հեղինակը գիրքը վերաբերում է դերասանի արվեստի գեղագիտական համակարգը քննելու խնդրին:

Թատրոնն այն ավանդական արվեստն է, որի ձևերի ու մեթոդների, առանձնահատ­կությունների մասին շատերն են անդրադարձել ու գրել հրաշալի վերլուծություններ:

Ստանիսլավսկու «սիստեմը» թատրոնում կիրառելը հարյուրամյա պատմություն ունի: Այդ մասին հայ թատրոնի բեմադրիչները (Լևոն Քալանթար, Վավիկ Վարդանյան, Արմեն Գուլակյան և ուրիշներ) ժամանակին և՛ գրել են, և՛ կիրառել: Սակայն դարն ապրած անցյալին անդրադառնալը, որպես կիրառելի կարգ, ժամանակավրեպ է: Ստանիսլավսկու հետևորդները նրա արվեստից օգտվեցին, կիրառեցին, որից հետո գեղագիտորեն առաջ եկան ժամանակակից գաղափարներով դրամատուրգիա, բեմահոգեբանական կամ փորձարարական նոր համակարգ: Բեմարվեստը, դերասանի խաղը միշտ հակված է գեղեցիկ լինելու, բեմում ճշմարիտ հույզեր արտահայտելու, մարդուն գեղագիտական հաճույք պատճառելու համար: Ճշմարտությունն այն է, որ բեմի, դերասանի և հանդիսատեսի կապը ընդունելի լինի գեղագիտորեն:

Արդի թատերական արվեստը, մասնավորապես թատրոնները հեռացել են անցյալի դասական և գեղագիտորեն բարձրարվեստ ներկայացումներ բեմադրելուց, ոչ միայն այն պատճառով, որ չունենք ժամանակակից արժեքավոր դրամատուրգիա, ռեժիսորներ և տաղանդավոր դերասաններ, այլև զարգացնող և պահանջներ ներկայացնող թատերա­գիտություն: Թատրոնները վաղուց հեռացել են ոչ միայն Ստանիսլավսկու, այլև անցյալի ավանդական բարձրակարգ և դասական եղանակներից: Իսկ պահանջնել կամ փորձել ուսուցանել այդ «սիստեմը» ոչ միայն անիրականալի է, այլև անիմաստ: Թատրոնն իր սիստեմը ձևավորում է ռեժիսորի և դերասանի անձնավորումից: Ռեժիսորը պետք է լինի հոգեբան, բեմական արվեստի մեծ և ճանաչելի փորձարար, ոչ միայն դերասանի, այլև հանդիսատեսի համար ընդունելի անուն, որպեսզի դերասանի մոտ որոնի և արթնացնի արվեստի բարոյական և ընդունելի արժեքը: Ցավոք, այս առումով Ստանիսլավսկու «սիստեմը» անիմաստ երա­զանք է:  Թատերագետը որոնումների ընթացքում չպետք է հեռանա ժամանակակից իրական պատմությունից: Նորը չտեսնելով ու չգնահատելով, կառչել դարերի խորքերին, նշանակում է ոչինչ չանել:

Գիտությունը զարգանում է, հինը հնանում, երբեմն էլ մնում է այն կարևորն ու առաջադիմականը, քանի դեռ չի ստեղծվել նորը: Նորը ստեղծելու համար պետք է նոր մտածելակերպ ունենալ և հնի մեջբերումներով փորձել նոր խոսք ասել, նշանակում է զբաղվել կեղծարարությամբ: Գիտական դասերն անհրաժեշտ են, իսկ հնացած մտքերը նորություն չեն:

Գրքի հեղինակ Հ. Հովհաննիսյանը գիտականորեն և գիտակցորեն պետք է հասկանա, որ գրքից գիրք ռուսական մամուլից ու թատերագիտական գրքերից ծայրահեղորեն խեղդող և ձանձրացնող մեջբերումներով լցված մտքերն ոչ միայն ժամանակակից չեն, այլև ձանձրալի: 200 էջանոց գրքում կա 287 մեջբերում, որը կազմում է 70-80 էջ, անընդունելի է: Չի կարելի հիանալ հնացած մեթոդներով և փորձել ընթերցողին ու մասնագետներին համոզել, որ այդ դատողություններն օգտակար են բեմարվեստում: Յուրաքանչյուր հեղինակ պետք է ի զորու լինի և իրարից տարբերի օգտակարն ու անօգուտը: Այս ամենը կարելի էր ներկայացնել մի ընդարձակ հոդվածում և զուր ջանքեր ու միջոցներ չվատնել ասելիքը, համոզիչ դարձնելու համար: Այդ դեպքում կշահեր և՛ հեղինակը, և՛ ընթերցող-մասնագետները: Բավական է հիշենք, որ այս գիրքը հեղինակի «Դերասանի արվեստի բնույթը» (2002) գրքի շարունակվող կրկնությունն է:

Ռուս թատրոնի մեկնաբանների «սիստեմը», նրանց բեմական հոգեբանությանը վերաբերող մտքերն արդի հայ բեմի սահմաններից դուրս է և անիրականանալի: Թատրոնը կորցրեց իր տեղն ու դերը, երբ ժամանակակից թույլ դրամատուրգիան մուտք գործեց բեմ: Իդեալականացվեց դրանց հասարակական հնչեղությունը: Իսկ թատերգությունը լռեց, հրապուրվեց սերիալներով: Հարկ չեմ համարում խոսել գրքի մյուս մանրամասների մասին: Բայց կցանկանայի, որ այս գիրքը մի քանի տասնյակ մասնագետ ընթերցող ունենար:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

Գրականագետ, արվեստաբան,

պրոֆեսոր

Ինչպես «գողացան» Արթուր Դավթյանի արծաթե մեդալը

ԴավթյանՄարմնամարզության Եվրոպայի երրորդ անընդմեջ առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչը վերադառնում է մեդալով: 2011-ին Բեռլինում և 2012-ին Մոնպելյեում կայացած ստուգատեսներում նժույգաթափերում բրոնզե պարգևի էր արժանացել Հարություն Մերդինյանը: Եվ ահա օրերս Մոսկվայում հին աշխարհամասի բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը: Հենացատկերում մեր երկրի ներկայացուցիչը պետք է արծաթե մեդալակիր դառնար, սակայն նա անդրկուլիսյան խարդավանքների զոհ է դարձել: Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված ստուգատեսի, կատարված կողմնակալ մրցավարության մասին պատմեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

– Հայաստանից 5 մարմնամարզիկ էր մասնակցում, սպասում էինք, որ ցանկալի արդյունք կլինի: Նախատեսել էինք, որ մեր երկու բազմամարտիկները նախնական փուլի մրցելույթներից հետո պայքարը կշարունակեն եզրափակչում` 24 լավագույնների խմբում: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը բազմամարտում զբաղեցրին համապատասխանաբար 8-րդ և 19-րդ տեղերը: Ընդ որում, այս մրցաձևում պարգևատրվում են մինչև 8-րդ տեղը գրավողները: Եվրոպայում այսպիսի ցուցանիշ ունենալը պատվաբեր է: Բազմամարտի առանձին մրցաձևերի եզրափակիչներում էլ մասնակիցներ ունեինք: Դավթյանը 3-րդն էր իր նախասիրած մրցաձևում` հենացատկերում: Իսկ Հարություն Մերդինյանը 5-րդը ճանաչվեց նժույգաթափերում: Երկուսն էլ առանց սայթաքումների հանդես եկան: Մեր մարմնամարզիկների մրցելույթից  գոհ ենք:

Իսկ որ Արթուր Դավթյանը կողմնակալ մրցավարությունից տուժել է, դա ոչ թե միայն մենք ենք նկատել, այլև տարբեր երկրների մասնագետներ: Ընդ որում, մեզ էին մոտենում  մարդիկ, որոնց հետ նախկինում չէինք շփվել: Միասնական տեսակետն այն է, որ  Արթուր Դավթյանը պետք է արծաթե մեդալակիր դառնար: Հենացատկերի գլխավոր մրցավար, ռուսաստանցի Դմիտրի Անդրեևի հետ, որին լավ եմ ճանաչում, սպասարկել եմ միջազգային տարբեր ստուգատեսներ: Նա ինձ  ասաց, որ այդ հարցում ներողամիտ լինենք: Երկրորդ մրցանակակիրը ռումինացի Ֆլաուս Կոչին է: Բանն այն է, որ Ռումինիայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահն է: Ի դեպ, ինքս մրցավարական աշխատանքներում պարբերաբար ներգրավված եմ լինում և նկատել եմ, որ ռումինացի մարմնամարզիկները միշտ էլ ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան արժանի են: Մրցավարների երկյուղն է պատճառը, թե այլ հանգամանք, սակայն այդ գործոնն ակնառու է: Օրինակ` եթե կատարված վարժություններում որևէ բան կասկածելի է, ապա Հայաստանի ներկայացուցիչների գնահատականից միավորներ են հանվում, իսկ ռումինացիներին այդպիսի իրավիճակում ընդառաջում են: Ի դեպ, Կոչին Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր: Նա մեր մարզիկից առաջ անցավ 0,021 միավորով: Դավթյանի ցուցանիշն է` 14,866 միավոր:

 – Շա՞տ էիք սրտնեղել:

– Կարծում էինք, թե Արթուրն արդեն 2-րդ մրցանակակիր է: Նա առաջինն էր ավարտել մրցելույթը: Ռումինացին վերջինն էր հանդես գալիս: Բարձր գնահատական ստանալու համար նա պետք է ցատկը կատարեր օդում ուղիղ դիրքով, բայց սխալվեց` ծալվեց: Ըստ սահմանված կարգի, մարմնամարզիկի կատարած վարժությունների  բարդության միավորներից պետք է առնվազն նվազեցվեր 0,8 միավոր: Բայց նա ստացավ այն գնահատականը, որն անհրաժեշտ էր մեր մարզիկին շրջանցելու համար: Չեմ կարող ասել, թե  կողային մրցավարները միտումնավոր են դա արել: Նրանց խնդիրը սխալները հաշվարկելն է, իսկ վարժությունների բարդությունը որոշում է տվյալ մրցաձևի գլխավոր մրցավարը:

Հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ, երբ միասին սեղանի շուրջն էինք նստած, Անդրեևը դա խոստովանեց: Կոչին էլ մեզ մոտեցավ և անձամբ հայտնեց, որ իր մրցելույթից դժգոհ է, և Հայաստանի ներկայացուցիչը պետք է կանգներ պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին: Նրան պատասխանեցի, որ ինքը մեղք չունի: Այսպես ահա մեզանից «գողացան» արծաթե մեդալը: Թերևս մեր մեղքը միայն այն էր, որ մրցումներից առաջ բրոնզե պարգևի տիրանալը երազանք էինք համարում: Մինչդեռ մեր մարմնամարզիկները ներկայումս կարող են պայքարել նաև ազնիվ փայլով մեդալների համար: Ի դեպ, պայքարը շատ լուրջ էր, և հաղթեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը: Ընդ որում, մեր մարզիկը շրջանցեց օլիմպիական խաղերի մրցանակակրի, նաև տիտղոսակիր մի շարք մարզիկների և իր մարզական կենսագրությունում ամենամեծ հաջողությանը հասավ: 20-ամյա Դավթյանը նախկինում` 2010-ին, դարձել էր հենացատկերի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, որից հետո վարկանիշ էր ձեռք բերել և 2012-ին հանդես եկել Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերում:

  – Եվրոպայի վերջին երկու առաջնություններում մեդալներ նվաճելուց հետո ինչո՞ւ Մերդինյանն այս անգամ ձեռնունայն մնաց:

– Նա վերջին տարիների իր ամենալավ մրցելույթն ունեցավ: Ինքս առաջադրանք եմ տալիս անել առավելագույնը, իսկ թե հետո ինչ տեղում կհայտնվի, դա այլ խնդիր է: Մերդինյանն իր մարզական կենսագրությունում ամենաբարձր գնահատականն է ստացել (15,366), ավելի բարձր, քան Եվրոպայի նախորդ առաջնություններում: Դա Մերդինյանի համար ռեկորդային ցուցանիշ է: Եվրոպայի նախորդ առաջնություններում 29-ամյա մեր մարզիկը 14,975 և 15,3 միավորներով մրցանակակիր էր դարձել, բայց այս անգամ չստացվեց: Բանն այն է, որ մոսկովյան ստուգատեսում մրցակցությունը շատ ուժեղ էր: Նժույգը եվրոպական մարզագործիք է համարվում: Աշխարհի առաջնությունում 1-8-րդ տեղերը գրավողները հին աշխարհամասի ներկայացուցիչներ են: Ընդ որում, օլիմպիական խաղերի չեմպիոն, հունգարացի Քրիստիան Բերկին ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Չեմպիոն դարձավ  անգլիացի Դանիել Քեյտինգը: Նրա հայրենակից Մաքս Վիտոկը, որն օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր է, Եվրոպայի առաջնությունում էլ 3-րդն էր: 4-րդն օլիմպիական խաղերում 4-րդ տեղը գրաված իտալացի Ալբերտո Բուսնարին էր: Ընդ որում, Մերդինյանը միավորներով շատ մոտ էր մրցանակակիր դառնալու: Վիճակահանությամբ մեր մարզիկը առաջինը սկսեց մրցելույթը, իսկ դա մարմնամարզիկների համար անցանկալի է: Եվ նա վստահ կատարեց վարժությունները, պատվով դուրս եկավ այդ փորձությունից:

 – Հայաստանի հավաքականի մարմնամարզիկների համար մեդալի արժանանալու այլ հնարավորություններ չկայի՞ն:

– Վահագն Դավթյանից և Արթուր Թովմասյանից սպասելիքներ ունեինք օղակներով վարժություններում: Վերջինիս խանգարեց թեթև վրիպումը: Իսկ Վահագնը կատարեց վարժությունը, նա 11-րդն էր, պահեստային էր, սակայն եզրափակչին մասնակցելու հանարավորություն չստացավ:

 – Սեպտեմբերի վերջին Բելգիայի Անթվերպեն քաղաքի մարզապալատում մեկանարկելու է աշխարհի առաջնությունը: Ի՞նչ նկատառումներով այդ ստուգատեսին կնախապատրաստվի Հայաստանի ընտրանին:

– Մեր երկրից 2-3 մարզիկ հանդես կգա այդ ստուգատեսում: Թիմային պայքարին չենք մասնակցի, քանի որ պետք է 6 մարզիկ մրցահարթակ դուրս բերել: Մինչդեռ ֆինանսական հնարավորություններ չունենք լրիվ կազմով հավաքական մրցավայր գործուղելու համար: Այդուհանդերձ, ամեն ինչ արվելու է, որ 2014-ին մասնակցենք  աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ 24 լավագույններն իրավունք են ստանալու կարողությունները փորձելու օլիմպիական վարկանիշային ստուգատեսում: Հավանական է, որ աշխարհի առաջնությունում կարողությունները կփորձեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և 30-ամյա Վահագն Ստեփանյանը: Վերջինս նժույգի վրա վարժությունների բարդ ծրագիր է պատրաստում: Բոլորն էլ եզրափակիչ մտնելու համար են պայքարելու:

 – Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ուղեգիր նվաճելու ուղղությամբ ի՞նչ է արվում:

– 16-ամյա Վիգեն Խաչատրյանը շնորհալի մարմնամարզիկ է, և նրա հետ մեծ հույսեր ենք կապում: 2014-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը վարկանիշային է: Վստահ եմ, որ նա ուղեգրի կտիրանա: Դրա համար բազմամարտում անհրաժեշտ է լինել 16 լավագույնների շարքում: Հուլիսին Հոլանդիաում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր փառատոնը: Վիգենը կփորձի կարողությունները: Նրանից բացի, մեր երկրից հանդես է գալու ևս երկու մարմնամարզիկ:

Վերլուծումներ, միտումներ և արդյունքներ

Շահան1Աշխարհաքաղաքական ծրագրերի մասին ուսումնասիրություն կատարող տարբեր վերլուծական կենտրոնների եւ միջազգային մամուլի աշխատակից Ալեքսանդրա դել Վալը գիտահետազոտական աշխատասիրություններ ունի հետքեմալական Թուրքիայի, Եւրոպական Միության համարկման ճիգերի եւ ընդհանրապես իսլամական աշխարհում կատարվող զարգացումների մասին։ Սիրիայի խնդիրներին վերաբերող իր վերջին հրապարակումով Ալեքսանդրա դել Վալը շեշտել է սիրիահայության նկատմամբ Անկարայի կողմից գալիք վտանգը։ Այստեղ կա ծայրահեղացման միտում։ Դել Վալը «վկայակոչում է» սիրիահայ համայնքը եւ խոսում հարյուրաւոր սպանվածների եւ հայկական Քեսաբ գյուղի դեմ իրականացված հարձակման մասին. վերլուծումը հանգում է այն ենթադրության, որ հոգուտ կառավարական ուժերի հայերի կողմնորոշման դեպքում, նրանց սպառնում է նոր ցեղասպանություն Սիրիայում ապրող թուրքմենների ձեռքով, որոնք զինվում և ֆինանսավորվում են Անկարայի կողմից։

Մի պահ անտեսենք դել Վալի հաղորդածների ծայրահեղացված լինելու փաստը եւ քաղաքական միտումի համոզումը եւ տեսնենք երկրում ծարահեղ իսլամականության կայացման դրսեւորումները, հակաքրիստոնյա մոլուցքի երեւույթները, քրիստոնյա հոգեւոր առաջնորդների առեւանգումները եւ նմանատիպ դեպքեր, որոնք հիշեցնում են Իրաքի քրիստոնյաների նկատմամբ կիրառված քաղաքականությունն ու դրա արդյունքը։ Բնական է, որ ճգնաժամը, անապահովությունը, պատերազմական գործողությունները կհանգեն բնակչության որոշ տեղաշարժերի։ Իսկ երբ նախադրյալները հուշում են ազգաբնակչության որոշ խաւի թիրախաւորված լինելու մասին, տեղաշարժի մղումները բազմապատկվում են։ Տեղաշարժը կարող է լինել ներքին, Իրաքի դեպքում դեպի ինքնավար Քուրդիստան, եւ հատկապես արտաքին, մասնաւորաբար դեպի Եւրոպա եւ դեպի Շվեդիա։

Քրիստոնյա տարրը շրջանից դատարկելու քաղաքականության կիրառման մասին մտածելու որոշ տվալներ կան անշուշտ։ Խուճապային տրամադրություններ ստեղծելը, դեպքերը խոշորացույցի տակ առնելը եւ արագ եզրակացություններ կատարելը, ընդհուպ մինչեւ յուրաքանչուր քրիստոնյայի սպանության դիմաց փրկագների ճշտում կամ  նոր ցեղասպանության նախապատրաստություն, այս բոլորը անշուշտ զուտ տեղեկատվական կամ ապատեղեկատվական պարագայական արտադրություններ չեն, այլ  նախանշում են որոշ ուժերի քաղաքական մի վարքագիծ։

Հրապարակագրական ենթադրությունները, վերլուծումները քաղաքական ոսպնյակների ազդեցություն են կրում անշուշտ։ Փաստերը սակայն մանաւանդ արդյունքները մտածել են տալիս այդ բոլորի քաղաքական շարժառիթների մասին։ Թե՛ Իրաքի եւ թե՛ Սիրիայի դեպքում քրիստոնյա ազգաբնակչություններին դեպի Շվեդիա ուղղորդելու համար ընծայված դյուրությունները հեռու են պատահականության տեսությունից։

Որոշ սիրիահայերի դեպքում հայաստանյան քաղաքացիության շատ արագ տրամադրումը առաջին դուռն է Երեւանի ժամանակաւոր կանգառից դեպի Շվեդիա կամ այլուր մեկնելու։ Համապատասխան գրասենյակները արագ են գործում այս ուղղությունները ապահովելու համար։ Վճարները որոշված են եւ ընթացակարգը հայտնի։

Բայց նախքան այդ ամբողջ գործընթացի սկսելը նախ համոզումը պետք է ձեւաւորել։ Եւ այստեղ է, որ Ալեքսանդրա դել Վալի հոդվածների կարիքն է զգացվում։ Անկարա, թուրքմեններ, հարձակում հայկական գյուղի վրա եւ  նոր ցեղասպանության սպառնալիք։

Առանց թերագնահատելու թուրքական գործոնի վտանգը՝ դել Վալի մատնանշած սպառնալիքը տեսանելի չի թվում։ Բայց կա քրիստոնյա տարրի հեռացումը երկրից եւ շրջանից։ Իսկ այստեղ է ահա, որ պարզեցված կարգով եւ հատուկ դյուրությամբ ու արագությամբ  քաղաքացիություն շնորհելը ինքնին կարող է նպատակին չծառայել, եթէ չկա համալիր ծրագիր՝ ճգնաժամի հետեւանքով հայրինիքում հայտնված հայ մարդուն ոչ ժամանակաւոր հայրենադարձի կարգավիճակ ապահովելու համար։

Ստեղծված պայմաններում առաջադրված ելքը դեպի Հայաստանն է, ուր քաղաքացիություն ստանալը եւ կեցության օրինականացումը բաւարար չեն անշուշտ։ Բնակարանային հարցի լուծումը ինքնին չի նպաստում ճգնաժամային պայմանների բերումով սկսած հայրենադարձության սահմանափակ գործընթացին։ Աշխատանքի ապահովումը, արդարացված աշխատավարձը, կենցաղային խնդիրների լուծումը աւելի քան անհրաժեշտ գործոններ են, որոնց ապահովումը այս բոլոր բարդ եւ անկանխատեսելի իրավիճակներում կարող է առավել իրականանալի թվա պետական մակարդակի վրա հակաճգնաժամային ծրագիր գործադրելու համար։

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Շղթայակապ, անծայր թուր, մահամերձ առյուծ, խեղճացած արծիվ… միտումնավո՞ր են արդյոք մեր գերբի թերությունները

զինանշանՀայաստանի գերբը մի շարք թերություններ ունի, որոնք անզեն աչքով էլ կարելի է նկատել: Սակայն շատերը գուցե չեն նկատում, քանի որ տեղյակ չեն պատկերների գաղափարական նշանակությանը: Պարզվում է` մեր գերբի թերությունները ոչ միայն տեխնիկական են, գծագրային ու գեղարվեստական, այլև գաղափարական, որը, ըստ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի, միայն մեծ հրճվանք կարող է պատճառել մեր թշնամիներին:

– Թուրը չի կարող ծայր չունենալ, իսկ մեր գերբի թրի ծայրը չկա, թաքնված է: Բայց կան նաև տարբերակներ, որտեղ կտրված թուր է պատկերված: Ես այստեղ միտումնավոր բան եմ տեսնում,- ասում է նա,- կտրած թուրը նշանակում է, որ դու ուժ չունես: Գերբի վրայի շղթաները նույնպես թերի են: Թուրը ոչ թե կտրել է դրանք, այլ ընդհակառակը` թուրն է շղթայված: Ամոթ մեզ, որ մեր գերբի վրա շղթայակապ թուր ենք պատկերում: Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Իրականում այն չի համապատասխանում գրվածքին. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն:

Էլ չեմ ասում, որ կան գերբի տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Արարատի գագաթին պատկերվածը ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը: Պատկերված է մի առյուծ, որը առյուծ չէ, ծիծաղաշարժ ինչ-որ կերպար է: Ամոթ չէ՞, որ մեր գերբի վրա լինի այս ծաղրածուն, գլխին էլ ոչ թե թագ է, այլ ինչ-որ գիծ: Մյուս կողմում, իբր, վերցրել են Տիգրան Մեծի սաղավարտի նշանը, որը պետք է արև լինի, բայց մեր գերբի վրա պատկերվածն արև չէ, կամ էլ, եթե արև է, ապա դրա շողերը շրջանակի մեջ են վերցված, փակված են, ինչը շատ վատ նշան է և փչացնում է իմաստը:

Գերբի վերին մասում` աջից, ինչ-որ երկգլխանի անհասկանալի թռչուն է, որը ո՛չ արծիվ է, ո՛չ աղավնի: Պետք է լինի երկգլխանի արծիվ, արծիվն էլ պիտի ունենա մագիլներ: Սա խեղճացած ինչ-որ բան է: Վերևի ձախ մասում Անիի պարսպի վրայից վերցված առյուծի կրկնապատկերն է, որի գլուխը իրականում կոտրված է: Թող վերականգնեին և կարգին առյուծ պատկերեին, ոչ թե այս անգլուխ, անհասկանալի կենդանուն: Գերբի ամենահիմնական կերպարները` արծիվն ու առյուծը, նույնպես խեղաթյուրված են. առողջ առյուծն ունենում է բաշ, սա հիվանդ, ճաղատ կենդանի է` մահվան եզրին: Խղճուկ բերան ունի, լացակումած մռութ, տգեղ և երկար ականջներ, որը չի համապատասխանում առյուծի ականջներին: Սրանք ավելի շատ ավանակի ականջներ են: Ամենաներքևում էլ մի անիմաստ ժապավեն կա. սովորաբար գերբերի վրա ժապավեն է լինում, որպեսզի վրան ինչ-որ բան գրվի: Ինչի՞ համար է այս դատարկ ժապավենը` առանց այն էլ խճճված ու բազմակերպար գերբի վրա, հայտնի չէ: Ընդհանրապես հերալդիկան` գերբագիտությունը,  իր օրենքներն ունի, որոնցից մեկն էլ այն է, որ առյուծն ու արծիվը պատկերվում են բաց բերանով և երևացող ժանիքներով ու լեզվով: Մեր գերբում անգամ այդ տարրական օրենքները պահպանված չեն,- ասում է պրն, Աղամյանը:

Մի խոսքով, Կարեն Աղամյանն արդեն մեկ տարի է` բարձրաձայնում է այս թերությունների մասին, սակայն չգիտի, թե ում դիմի և ով է այդ ամենի պատասխանատուն:

zinansan nor 1.1

Ձախից` Կարեն Աղամյանի էսքիզը, աջից` ներկայիս գերբը

Քննադատությանը զուգահեռ բազմաթիվ էսքիզներ է արել` իհարկե ոչ վերջնական: Որպես հիմք` ընտրել է ներկայիս գերբը` իր նկատած թերություններն ուղղած:

Լսել է, որ ուզում են վերջապես Հայաստանում զինանշանագիտության խորհուրդ ստեղծել, որը կհամակարգի ոլորտը: Եթե նման բան լինի, ապա նա էսքիզները կներկայացնի խորհրդին:

SAM_1629Նշենք, որ Հանրային խորհրդի վերջին լիագումար նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հենց այդ խորհրդի ստեղծմանը: Հանրային խորհուրդ էր դիմել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը` առաջարկելով ստեղծել ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ: Նշված հարցը Հանրային խորհրդի հանձնարարությամբ և հրավիրված մասնագետների մասնակցությամբ քննարկվել էր ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում: Քննարկման ընթացքում պարզ էր դարձել, որ տարածքային մարմինների և պետական կառույցների կողմից սահմանվող խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման ոլորտում հաստատված են այնպիսի խորհրդանշաններ, շքանշաններ ու մեդալներ, որոնք երբեմն անհեթեթ են և հերալդիկ ու գաղափարական խիստ թերություններ ունեն:

Ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրն ի հայտ է եկել դեռևս այն ժամանակ, երբ ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Այն  թույլ է տալիս ցանկացած համայնքի ունենալ իր զինանշանը: «Անցյալ տարի նշվում էր համայնքների ստեղծման 15-ամյակը: Մեծ միջոցառում տեղի ունեցավ, որի ծրագրի մեջ կային նաև համայնքային սիմվոլիկայի մասին ցուցահանդես և գիտաժողով: Ես այդ միջոցառումներն էի համակարգում: Այդ ժամանակ հասկացանք, որ իրավիճակը սարսափելի է. զինանշանների ցնցող օրինակներ: Դրանք ծիծաղելի մակարդակում էին թե՛ գաղափարական, թե՛ ձևավորման, թե՛ զինանշանագիտության օրենքների տեսանկյունից»:

Հանրային խորհուրդը դրական եզրակացություն է տվել նման խորհուրդ ստեղծելու գաղափարին և իր որոշումն ուղարկել ՀՀ նախագահին ու կառավարությանը: Գագիկ Մանասյանը կարծում է, որ մենք անգամ ուշացել ենք այդ հարցում, քանի որ նման խորհուրդներ կան հետխորհրդային բոլոր հանրապետություններում, ընդ որում, մեծ մասը գործում է նախագահին կից:

Ըստ Մանասյանի` այդ խորհուրդը կկանոնակարգի ոլորտը, որպեսզի, օրինակ, ամեն մի համայնք իր զինանշանը ստեղծելիս առաջնորդվի ոչ թե իր նախասիրություններով, այլ երկրի, պետության գաղափարախոսությամբ ու սկզբունքներով:

Մեկ այլ խնդիր էլ, ըստ Մանասյանի, տարբեր գերատեսչությունների կողմից զանազան հուշամեդալների ստեղծումն է: «Մեկ էլ լսում ես` այսինչ այսինչյանը պարգևատրվեց նախարարության ոսկե մեդալով: Ոսկե մեդալ ունենալու իրավունք նախարարությունը չունի, նա կարող է ունենալ միայն հուշամեդալ, և դրանք պետական պարգևներ չեն: Համալսարաններն իրենց հերթին ունեն հուշամեդալներ, որոնց մի մասը կրկնվում է: Գրիգոր Նարեկացու անվան 10 մեդալ կա Հայաստանում: Կամ ինչ-որ մեկն Ազգային ժողովի ամբիոնից իր ինքնակենսագրությունն է կարդում` ես պարգևատրվել եմ այսինչ մեդալով, այնինչ մեդալով, բայց պարզվում է` դա ինչ-որ կազմակերպության կողմից տրված հուշամեդալ է, որը ուրիշ նշանակություն ունի: Մի խոսքով, այդ խորհուրդը նաև այս հարցերը կկարգավորի»:

Ընդհանրապես Մանասյանը կարծում է, որ և՛ Հայաստանի օրհներգը, և՛ զինանշանը սարսափելի վատ վիճակում են: Նա ասում է, որ մինչև 2000 թվականը մեր գերբում առյուծը պատկերված էր կապույտ հատվածում, արծիվը` կարմիր: «Նման բան չի կարող լինել. արծիվը պետք է լինի օդում` կապույտի մեջ, իսկ առյուծը` կարմիրի մեջ, քանի որ մենք Եվրոպային տվել ենք կիլիկյան կարմիր առյուծը: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը իմանալով, որ ես այդ հարցը բարձրացրել եմ, ինձ կանչեց իր մոտ, զրուցեցինք, շատ լավ ընկալեց խնդիրը և արագ հարցը լուծվեց. առյուծը գնաց կարմիրի մեջ, արծիվը` կապույտի»:

Ինչ վերաբերում է գերբի մյուս թերություններին, ապա Մանասյանը համամիտ է Աղամյանի դիտողություններին և կարծում է, որ դրանք շուտափույթ լուծման կարիք ունեն:

Առիթից օգտվելով` Մանասյանը մի երկու խոսք էլ Հայաստանի օրհներգի մասին ասաց. «Նախ` դա հայկական ստեղծագործություն չէ, և բարեբախտաբար չի օգտագործվում 5-րդ տունը, որտեղ գրված է. «Կեցցե Իտալիան, կորչի Ավստրիան»: Բացի այդ, մեր օրհներգը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» օպերայից: Դրանք արդեն իսկ  լուրջ պատճառներ են, որպեսզի հիմնը փոխվի»:

Հիշեցնենք, որ վերջերս մի խումբ մտավորականներ դիմել էին ՀՀ նախագահին` առաջարկելով փոխել ՀՀ զինանշանը, դրոշն ու օրհներգը:

Նման խորհրդի ստեղծումը հավանաբար հնարավորություն կտա այսպիսի դեպքերում դիմել առավել ճիշտ հասցեատիրոջ:

zinansan nor 1.12

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.13

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.14

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.15

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

 

Կորստի և հաղթանակների ճամփաբաժանում…

19-14-1-1Ապրիլ… Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ նաև 1915 թ. ապրիլ 24-ն է խորհրդանշում: Ով իմանար, որ տասնամյակներ անց նույն այդ ամիսն արդեն հայոց նորագույն պատմություն պիտի մտնի  և՛ տխուր, և՛ հիշարժան տարեթվերով: Խոսքն այս դեպքում, իհարկե, արցախյան գոյամարտի տարեգրության մասին է, որի հաղթական դրվագներն էլ, ցավոք, պարտություններն էլ արդեն պատմություն են դառնում: Սա անցյալը վերհիշելու լավ առիթ է, թերևս:

 Եթե թերթենք տարեգրության այդ էջը, ապա առաջին հերթին պիտի վերհիշենք «ԿՈԼՑՈ» տխրահռչակ օպերացիան, Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի սպանդը, իսկ փառահեղ հաղթանակների առումով պիտի առանձնանան Քարվաճառի և պատմական Թալիշի ազատագրումները:

Հյուսիսային Արցախում` Մռավ լեռան հյուսիսում է գտնվում հայոց լեռնաշխարհի հնագույն գյուղերից մեկը` Գետաշենը: Թեև գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է XVII դարից, տարածքից հայտնաբերված գտածոները վկայում են, որ գյուղը գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարից: XIX դարավերջին այն իր բնակչությամբ երկրորդ տեղն էր գրավում Արցախում: Թերևս այդ պատճառով էր, որ XIX դարասկզբին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ   օսմանյան և մուսաֆաթական զորքերը խուսափեցին անգամ գյուղին մոտենալ: Իսկ արդեն դարավերջին Ադրբեջանն ի կատար ածեց վաղուց մշակված գաղտնի ծրագիրը: Իհարկե, Մոսկվայի աջակցությամբ, որովհետև   Գորբաչովն ու իր համախոհները  չէին ճանաչում, չէին ընդունում Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունը, վերջինս էլ իր հերթին, «յոթերորդ երկնքում» գտնվելով, չէր շտապում ոչ միայն կենտրոնի հետ հարաբերությունները բարելավել, այլև Գետաշեն, Մարտունաշենը փրկել:

Այդ խառնակ օրերին Գետաշենից հանվեց ՀՀՇ-ի ջոկատը: Չօգնեցին նաև օրհասական կռիվներն ու երեքամյա շրջափակումը: Եվ 1991 թ. ապրիլի 30-ին հազարամյա գյուղում մարեց կյանքը: Այդ օրը հերոսին վայել մահով ընկան նաև Գետաշենի գյուղի պատմության ուսուցիչ, պաշտպան Թաթուլ Կրպեյանն ու նրա մարտական ընկերներ Հրաչը, Արթուրը, իսկ Մարտունաշենում` Սիմոն Աչիկգյոզյանը:

Ապրիլին ծնված ազգային հերոս Թաթուլը, որի ծնունդը (1965 թ. ապրիլի 21) ասես նշանավորվեց մեր բանտված ապրումների համազգային պոռթկումով, զոհվեց հենց ապրիլին:

 ՀՈՂ ԵՎ ՄՈՐՄՈՔ

ՄԱՐԱՂԱ… 1829 թ. հիմնադրված գյուղը, որի բնակչության մեծ մասը տեղափոխվել էր Պարսկաստանի համանուն բնակավայրից, Մարտակերտից 16 կմ հյուսիս արևելք էր գտնվում:

1960 թ. Լենինավանը (Մարգուշավան) և Մարաղան միավորվել և մեկ կոլտնտեսություն են դարձել: Ասում են, որ Մարտակերտի սև օրը սկսվեց Մարաղայից: Այն, ինչ 1992 թ. ապրիլի 10-ին տեղի ունեցավ 700 բնակիչ ունեցող գյուղում, իր ողբերգությամբ ու դաժանությամբ շարունակությունն էր Մեծ եղեռնի ու Սումգայիթի: Ովքեր հասցրել էին գյուղը նախապես թողնել, փրկվել էին, իսկ չհեռացողներից 51-ը ժանիքն արյունոտ թուրք գազանի հոշոտմանն էր արժանացել: 60-ին էլ պատանդ էին  տարել:

Սա է XX դարավերջի «քաղաքակիրթ» թուրքի ձեռագիրը «քաղաքակիրթ» աշխարհի հովանու ներքո: Ինչպես կասեր եղեռնից մազապուրծ առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկը` սփյուռքահայ գրող Արամ Հայկազը. « Թուրքը արարչագործության մեծագույն սխալն է ու ամոթը… Շնչավորներուն ամենեն վայրագն ու ստորինը…»:

1995 թ. Ասկերան-Մարտակերտ  ճանապարհի ձախակողմյան հատվածում` հիմա արդեն Տիգրանակերտ  հնավայրի հարևանությամբ, հիմնադրվեց Նոր Մարաղա գյուղը, որն այսօր ունի 450 բնակիչ: Գյուղի հիմնական կորիզը մարաղեցիք ու մարգուշավանցիք են, թեև այլ բնակավայրերից եկածներ էլ կան: Գյուղ, որի ամենամեծ խնդիրն այսօր բնակարանաշինությունն է, իսկ բնակչության հիմնական զբաղմունքը` հողագործությունն ու անասնապահությունը: Բնակիչներից շատերն էլ ներգրավված են Տիգրանակերտի պեղումներում, մի քանիսն էլ`թանգարանի աշխատակիցներն են: Տիգրանակերտի թանգարանից երևում է նռան և թզենու այգիների մեջ թաղված գյուղը, որը կամաց-կամաց փոխում է իր դիմագիծը, բայց, այնուհանդերձ, գյուղի նոր բնակիչներն իրենց  հայրենի շեն վերադառնալու հույսը դեռ պահում են…

ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ…

1993 թ. ապրիլի 1-ին Լեռնային Ղարաբաղի բանակի մարտիկներն ազատագրեցին Քարվաճառ քաղաքը, իսկ օրեր անց դուրս եկան Օմարի լեռնանցք: Այդ փառահեղ օպերացիայի շնորհիվ ազատագրվեց պատմական Ծար գավառը, և դրանով իսկ ապահովվեց  Մարտակերտի , Լաչինի միջանցքի անվտանգությունը:

Երբ հրադադարից տարիներ անց Գանձասար այցելեցի, հոգևոր առաջնորդ հայր Հովհաննեսն ինձ ցույց տվեց Քարվաճառի ազատագրման ժամանակ Երկրագիտական թանգարանից բերված, Քարվաճառի ազնիվ քարից պատրաստված  «ՀԿԵ, 916» թվագրությամբ մի խաչքար, որն իրեն էին հանձնել ազատամարտիկները: Բացի զարմանքից, ուրիշ զգացում դժվար է արտահայտել: Սա, իհարկե, առաջին հայացքից, բայց երբ գիտակցում ես, որ սա ընդամենը թուրքին բնորոշ  ձեռագիր է` նվաճել, թալանել ոչ միայն ուրիշի տարածքը, այլև մշակույթը,  զարմանալու ու զայրանալու կարողությունն էլ ես կորցնում:

Այս տարի լրացավ Քարվաճառի ազատագրման 20-ամյակը: Եվ օրվա խորհուրդն այս հող ու ջրի իրական տերերին, տարածքը բիրտ ոսոխից ազատագրողներին  իրար գլխի էր հավաքել: Քարվաճառում իսկական տոն էր, որպիսին չէր տեսել հողն այդ հայոց: Քարվաճառցիների ուրախությանը մասնակցելու էր եկել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

ԹԱԼԻՇԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՐԿՕՂԱԿԸ ԵՂԱՎ

Երբ 1992 թ. հունիսի 13-ին ընկավ Շահումյանը, երեք օր անց Մարտակերտի շատ գյուղեր, այդ թվում նաև պատմական Թալիշը, հայտնվեցին մահվան օղակում: Թալիշցիները քաջ գիտակցում էին, որ սեփական հողի վրա ապրելու իրավունքը կռվով, զենքով պիտի պաշտպանես, եթե հակառակորդը հողիդ վրա  աչք ունի: Իսկ թշնամին ամեն կերպ փորձում էր պահել Թալիշը, որովհետև դրանով Շահումյանի շրջանը կտրում էր Ղարաբաղից: Թալիշցի պաշտպանները երկու տարի քուն ու դադար կորցրեցին, շատերն անդամագրվեցին Շահեն Մեղրյանի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին և հանգստացան միայն այն ժամանակ, երբ հայրենի գյուղն ազատագրեցին բիրտ ոսոխից: Իսկ դա 1994 թ.ապրիլի 14-ին էր:

Ասում են` պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ մեռնում է վերջին զինվորը: Կյանքը ցույց տվեց,որ դեռ վաղ է խոսել Արցախյան պատերազմի ավարտի մասին, քանի որ այսօր այն արդեն դիվանագիտական փուլ է տեղափոխվել: Պատերազմ, որ մենք չհորինեցինք, այլ մեզ պարտադրեցին, ինչպես պարտադրեցին հրադադարը: Հակառակ դեպքում հաղթանակն ավելին կլիներ, քանի որ մեր ազատամարտիկների ոգին գագաթնակետին էր հասել: Դա հասկացել էր նաև խորամանկ Ալիևը, որը, սիրտն ահ ու դող ընկած, «քառատրոփ» Մոսկվա հասավ, և մեկ ամիս անց մեզ հրադադար պարտադրվեց: Թալիշը Արցախյան պատերազմի վերջին փրկօղակը եղավ…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ  

Մայիսի 5-ից էլ «ընտրացավից» չենք տառապի

voting2Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան նախընտրական քարոզարշավներն ու քարոզչամիջոցներն ավելի «մանկապարտեզային» են դառնում: Շատ ու շատ քաղաքական գործիչներ հավանաբար դեռ չեն գիտակցում, թե որն է քաղաքական գործունեությունը, պայքարն ու քաղաքականությունն ընդհանրապես:

 Օրինակ` օրերից մի օր` «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, դաշինքի ներկայացուցիչներից Անահիտ Բախշյանը կանգնեց ու, ոչ ավելի, ոչ պակաս, շարադրեց իր միտքն այսպես. «Գիտեք, չէ՞, ժողովուրդ, իսկական ընդդիմությունը նա է, որը երբեք իշխանության մաս չի կազմել»: Այսինքն` ըստ Բախշյանի տրամաբանության, նաև չի կեղտոտվել:

Ուղղակի ապշել կարելի է. տպավորություն է ստեղծվում, որ քաղաքագիտական այս ֆարսով Անահիտ Բախշյանը քաղաքական նոր ուղղություն է հիմնադրում: Ու ասենք վաղը, մյուս օրը քաղաքական այս ուղղությունը կոչվելու է, ենթադրենք` քաղաքագիտության «Բախշյանական» դպրոց… Զավեշտ է, որովհետև գոնե Հայաստանում գրանցված են մի քանի տասնյակ տարբեր տրամաչափի` մանր-մունր կուսակցություններ, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Ու ի՞նչ է, այդ բոլոր մանրմունրներն ընդդիմությո՞ւն են,  մանավանդ նրանք, որ ընտրությունից ընտրություն այս կամ այն իշխանական ուժին աջակցության առաջարկ են անում:

«Դա լվացք անողի չափանիշ է. այն շորը որը երբեք չես հագել, դրանով փողոց դուրս չես եկել, այլ միշտ  պահարանում կախած է, իհարկե, մի քիչ ավելի մաքուր է, քան այն շորը, որով աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ,  նշանակում է` նաև աշխատանքի այն բաժինը չես վերցրել քո ուսերին ու փորձ էլ չես ձեռք բերել: Երբ աշխատում ես, այո՛, կարող ես նաև փոշոտվել, բայց այդ փոշին կարելի է նաև մաքրել, իսկ  պահարանում կախած վերարկուն կարող է երկար կախվել ու մոդայից դուրս գալ»,- այս առումով նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ինչևէ, չկենտրոնանանք Բախշյանի խոսքերի վրա, համարենք պատահականություն:

Իհարկե, Ինչպես ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, «բարևոլյուցիայի» սկզբում բազմաթիվ քաղաքական ուժեր քննադատեցին Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած քաղաքական ուժը,  բայց երբ նույն ոգով և ավելի էժանագին որակումներով արդեն իրենք են հանդես գալիս, դա տունտունիկի է վերածվում: Կամ, ինչպես սիրում էր ասել մեր ծեր հարևանը, «ֆուտբոլի դաշտում զիլինա են խաղում…»:

Օրերս «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները հայտարարեցին, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փող են բաժանում: «Եթե նրանց թվում է, որ նման ապատեղեկատվություն տարածելով` նվազեցնում են ԲՀԿ-ի վարկանիշը, իսկ իրենց ընկած վարկանիշը դրանից բարձրանալու է, ապա սխալվում են: Եվ դա ամենաճիշտ ու ազնիվ ուղին չէ»,- այդ  առիթով ընդգծել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ընտրությունները, հասկանալի է, թանձրացնում են քաղաքական դաշտի գույները, որոշ ուժերի ու գործիչների լարման պատճառ են դառնում: Բայց կան բաներ, որոնք ուղղակի անընդունելի են: Օրինակ` չի կարելի իշխանական մենաշնորհի դեմ պայքարում քար նետել նույն նպատակի համար պայքարող ուժի բոստանը: Դա, մեղմ ասած, պատշաճ չէ, իսկ քաղաքագիտորեն ասած` տակտիկական սխալ է, որը հետագայում կարող է դառնալ ստրատեգիական սխալի սկիզբ: Որովհետև, երբ քաղաքական ուժերը թշնամանում են իրար նկատմամբ և անում են բաներ, որոնք կամուրջ են այրում, հետագա համագործակցության հնարավորությունից  զրկում են այդ ուժերին, ինչը չի կարելի անել նույնիսկ իշխանությունների հետ:  Եթե վաղն անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետությանը, որ այդ ուժերը համագործակցեն այս կամ այն քաղաքական ուժի հետ, նրանք չպետք է  իրենց  պահվածքով ստեղծած լինեն մի վիճակ, որ դա հնարավոր չլինի:

Ու այնպես չէ, որ ամենաբարձր հայհոյողները իսկական ընդդիմադիր են: Մենք ունենք այս առումով «հաջողված» օրինակ: Երբևէ որևէ մեկն ավելի բարձր հայհոյե՞լ է իշխանություններին, ինչպես ժամանակին Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը:  Հավանաբար` ոչ: Իսկ ո՞ւր են հիմա, ո՞ր դաշտում և ո՞ւմ թիմից են խաղում այժմ նրանք:

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 30-ի հանրահավաքում կոչ արեց ընդդիմադիր ուժերին համախմբել ուժերը` կանխելու իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Այդպիսի կոչեր արդեն քանիերորդ անգամ արել են նաև ՀՅԴ-ականները:

Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ` ավագանու ընտրություններին հաջորդող չորս տարիներին կարևոր նշանակության ընտրական գործընթաց չի լինելու, այդ պատճառով մայրաքաղաքի ընտրությունները վճռական նշանակություն են ձեռք բերել:

«Ու դեմքերն իսկ սազում են սրանց…»

Սա, ըստ ՀԱԿ առաջնորդի, ավելի լավ հասկանում են նաև իշխանությունները, ու դրա համար նրանք էլ քնած չեն:  Դեռ մի կողմ թողնենք այն, որ հրապարակային քարոզարշավ են իրականացնում, օրինակ` ապրիլի 30-ին ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին: ՀՀԿ-ն այլ` ստվերային գործողություններ էլ է անցկացնում: Օրինակ` որոշ մարզպետներ «Տարոնին 40 հազար ձայն տալու» խոստումներ են տալիս, թաղային հեղինակությունների համար քեֆեր են կազմակերպում, ցուցակների մանիպուլյացիա են անում և այլն, և այլն:

Այս պահին հետաքրքիր է նաև քաղաքական խաղաքարտերի դասավորումը կոալիցիոն ճամբարում: Օրինակ`  ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը, ՕԵԿ-ի կանանց հետ հանդիպման ժամանակ նշել է, թե փորձը ցույց է տալիս, որ վերևներում որոշումներ են կայացվում, իսկ ինչքան իջնում է  ներքև, այնքան այդ որոշումներն ինչ-որ տեղ կորչում են: «Այսօր, երբ երևանցու հետ խոսում ես համատիրության մասին, դա վերջն ա, քիչ ա մնում քեզ տեղում սպանեն: Դրա համար ես հիմա դաստիարակվել եմ: Սկզբում խոսում էի համատիրության մասին, հիմա ավելի քիչ եմ խոսում: Բայց, վերջիվերջո, բնակիչները շարունակում են դժգոհել, որ դրանք միայն փող են հավաքում, իսկ փողը տանելուց հետո էլ նրանց չեն տեսնում: Այդ գումարները, որ հավաքում են, ո՞ւր են գնում: Դրա համար առաջարկում եմ, որ յուրաքանչյուր երևանցի տեսնի, որ այդ կոպեկը, որը երեխայի բերանից կտրում է, տալիս պետությանը, որտեղ և ինչ նպատակների համար է ծառայելու»,- ասել է Արմեն Երիցյանը:

Այ քեզ զարմանալի բան. իշխանությունները սկսել են քննադատել իրենց կոալիցիոն «ավագ եղբորը»: Արդեն սկսում ենք վախենալ Արմեն Երիցյանի հետագա քաղաքական ճակատագրի համար. մարդը դեռևս ԱԻՆ նախարարի պաշտոնակատար է, հանկարծ կարո՞ղ է չափն անցնել, ՀՀԿ-ից էլ ճիշտ չհասկանան, ու մեկ էլ մի օր Երիցյանը զարթնի ու տեսնի, որ իր հետ վարվել են այնպես, ինչպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների հետ են վարվում…

Զառամախտի է հասնում նաև ՀՀԿ-ական որոշ պատգամավորների «հումորը»: Մասնավորապես` ՀՀԿ-ական պատգամավոր, «փուչիկների գործից» ավելի հայտնի Կարեն Ավագյանը Աժ հայտարարությունների ժամին խնդրեց նախընտրական շրջանում քաղաքական ուժերի նկատմամբ ուշադիր լինել և տարբերել կեղծ քաղաքական ապրանքանիշներից: «Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշներ: ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի: Զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյանով: Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է: «Ժառանգության» նոր տարբերակը` մայիսի 5-ից հետո, քանի որ հինը արտադրությունից դուրս է մնացել: Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար»,- «հումոր» էր անում Կարեն Ավագյանն ու շարունակում, թե երկրի կառավարումն արկածախնդրության տեղ չէ. սա շատ լավ ընկալում է ընտրողը, ինչն արտահայտում է իր տված քվեով: Այստեղ են ասում` ով խոսի-չխոսի, դուք պետք է լռեք, երբ խոսքը վերաբերում է արկածախնդրությանը, ընտրողների քաղաքական պահվածքին և այլն:

Հավանաբար պարոն Ավագյանը չի նկատում անգամ, որ հենց իր այդ հայտարարությունը քաղաքական արկածախնդրության, անլրջության  ցայտուն օրինակ է:

Մի խոսքով, բան չմնաց. մայիսի 5-ին կավարտվի քաղաքական այս կլոունադան ևս, ու մի 4-5 տարի էլ «ընտրացավից» չենք տառապի:

Գյուղնախարարության հաղորդագրությունը ուշացած էլ չլիներ` անտեղի էր

ցրտահարությունԱյս տարի էլ բնությունը հաշտ չեղավ հայ գյուղացիների հետ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում են Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերի բնակիչներին, որոնք բողոքում են, որ  ապրիլի 23-ի ցրտահարությունը փչացրեց իրենց այգիները, ցանքատարածությունները և այլն:

Գյուղացիների դժգոհության հիմնական պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշացած հաղորդագրություններն են, որոնք երկրի բնակիչները ստացան ապրիլի 24-ի երեկոյան. «Այսօր սպասվում է ցրտահարություն, խորհուրդ է տրվում այգիները ծխահարել կամ առատ ոռոգել»…

 Ծղոտ լիներ` անասուններին կկերակրեին

Բայց խնդիրն այն է, որ այդ հաղորդագրություններից մեկ օր առաջ` ապրիլի 23-ի երեկոյան, արդեն ցուրտը հասցրել էր իր «սև գործն» անել: Այսինքն` գյուղնախարարությունը «շատ չէր ուշացել»` ընդամենը մեկ օր…

Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մի այսպիսի միջադեպ է լինում,  գյուղնախարարությունը հաղորդագրությունն է ուշացնում, կամ նախարարը մի ինչ-որ բան է ասում, որոնք ընդհանուր աղերս անգամ չեն ունենում գյուղատնտեսության հետ, դեռ չի եղել մի դեպք, որ դրանից հետո կառավարության նիստում այդ հարցի առնչությամբ գոնե մեկ ակնարկ արվեր ՀՀ գյուղնախարարին ու հիշատակվեր, որ ինքը կամ իր ղեկավարած ոլորտը թերացել են: Ու ճիշտ է գյուղացիների այն դիտարկումը, թե ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, իսկ Հայաստանում` կրկնակի, քանի որ ունենք այսպիսի գյուղնախարարություն:

Իսկ ունենք այնպիսի գյուղնախարարություն, որը կարող է «ընդամենը» 24 ժամ ուշացնել ցրտահարության մասին զգուշացումը իր քաղաքացիներին, իսկ հետո` տարին ամփոփելիս, բոլոր մեղքերը բարդել «աննախադեպ» ցրտահարությունների վրա…

Բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Լավ, ենթադրենք, որ օդերևութաբանները ճիշտ կանխատեսում չեն կարողացել անել ու մեկ օրով հաղորդագրություն-զգուշացումն ուշացրել են, մի պահ մոռանանք, որ նույնիսկ հաղորդագրությունն են ուշացրել. ընդունենք, թե ճիշտ ժամանակին էլ ուղարկել են: Զավեշտը հաղորդագրության բովանդակությունն է` «ծխահարել կամ առատ ոռոգել»: Ահա հիշեցինք մի հին ու բարի անեկդոտ. գայլերն անխնա ոչնչացնում են նապաստակներին: Նապաստակների ցեղի մեծերը հավաքվում են երեցների ժողովի, որպեսզի որոշեն, թե ինչպես կարելի է փրկվել վերահաս աղետից: Մի ծեր նապաստակ առաջարկում է, որ բուն իմաստուն թռչուն է` մտավորական, փիլիսոփա, ու կարելի է բվից խորհուրդ հարցնել: Գնում են բվի դուռը, խնդրում են, որ մի խորհուրդ տա, թե իրենք ինչպես փրկեն իրենց ազնիվ ցեղը գայլերից: Բուն խորասուզվում է մտքերի մեջ, բվվում, ու մեկ էլ, թե որոշեցի` որպեսզի փրկվեք, պետք է գնաք ու բոլորդ ոզնիներ դառնաք, երբ գայլերը գան ձեզ ուտելու, կկծկվեք, կծակեք նրանց երախները, ու հա՛մ դուք կփրկվեք, հա՛մ էլ անպատկառ գայլերի հախից կգաք: Նապաստակները, ուրախացած, երգու պարով, ոգևորված, շտապում են իրենց գյուղը, մեկ էլ ճանապարհից մեկ այլ ծեր նապաստակ հարցնում է` բա լավ, ինչպե՞ս ենք ոզնի դառնալու: Նորից վերադառնում են բվի մոտ, ու թե, ա՛յ բու, բա մենք ինչպե՞ս պետք է ոզնի դառնանք: Բուն էլ  պատասխանում է. «Ես ստրատեգ եմ, ռազմավարություն եմ մշակում, իսկ մանր-մունր տակտիկական հարցերն ինքներդ լուծեք»:

Վերադառնանք մեր գյուղնախարարության հաղորդագրությանը` ծխահարելուն ու ոռոգելուն: Իհարկե, ցրտահարության դեմ պայքարի լավագույն միջոցները համարվում են այգիների ու ցանքատարածությունների ծխահարումն ու առատ ոռոգումը: Բայց դա դասագրքային միջոց է, և հայկական իրականության մեջ նման «ստրատեգիական» խորհուրդ տալը նման է զառանցանքի:

«Դա ցնդաբանություն է, ինչպե՞ս կարելի է գյուղացուն գարնանը ասել` գնա՛ ու այգիդ ծխահարի՛ր. իսկ ինչո՞վ այդ գյուղացին պետք է ծխահարի, աթարո՞վ, թե՞ ծղոտով: Աթարը գարնանն արդեն վերջացած է լինում: Ծղոտը` նույնպես»,- նշեց գյուղատնտես Էդուարդ Հակոբյանը:

Ենթադրենք, թե աթարն ու ծղոտը չեն էլ վերջացել: Այդ «միջոցները» կարող են ունենալ նրանք, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, քանի որ աթարը, ի գիտություն գյուղնախարարության, անասունի թրիքից են ստանում, իսկ Արարատյան դաշտավայրում անասնապահությունն այնքան էլ զարգացած ու տարածված չէ, այստեղ գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Ինչ վերաբերում է ծղոտին, ապա սովորաբար ծղոտ ունենում են նրանք, ովքեր կա՛մ էլի անասնապահությամբ են զբաղվում ու այդ ծղոտը ամբարում են ձմռանն իրենց անասուններին կերակրելու համար, կա՛մ հացահատիկների մշակությամբ են զբաղվում: Բայց սրանք էլ աշնանն իրենց ունեցած ծղոտը վաճառում են անասնապահներին: Իսկ ծղոտը, որպես կեր, ամբարվում է այնքան ժամանակի համար, որքան անասունը պետք է արոտ չհանվի և պահվի գոմերում:

Արարատյան դաշտավայրում էլ անասուններին արոտի հանելու սեզոնը, էլի ի գիտություն գյուղնախարարությանը, վաղ է սկսվում, ոչ հիմա: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ, երբ շուկայում հայկական արտադրության պանրի բացակայության աղմուկը բարձրացավ, ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը, բացատրելով պանրի քիչ լինելու հանգամանքը, ասել էր, որ դրա պատճառը եղել է այն, որ «անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»: Այսինքն` գյուղացիները որ ծղոտ ունենային` իրենց անասուններին կկերակրեին:

Իհարկե, այգիներն ու ցանքատարածությունները ծխահարելու մեկ այլ տարբերակ էլ կա` անվադողեր վառելը: Բայց դա իրատեսական չէ. նախ` անվադողերի այնպիսի քանակ է անհրաժեշտ, որ ամբողջ Արարատյան դաշտին բավականացնի,  բացի այդ, գյուղացիները  դրանք ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենան: Մի խոսքով, գյուղնախարարության «ստրատեգները» ծխահարելու մասով մի քիչ չափն անցել են:

Ինչ վերաբերում է «առատ ոռոգելուն», ապա գյուղատնտես Էդուարդ Հակոբյանն այս առումով էլ մի հետաքրքիր դիտարկում է անում` իսկ ինչո՞վ ոռոգեն…

Իրոք, Հայաստանում գյուղատնտեսական ամենահրատապ խնդիրներից մեկը եղել ու մնում է ոռոգման խնդիրը: Գյուղացին, չնայած այն հանգամանքին, որ ջուրը համարվում է հանրային սեփականություն, ջրի տերը չէ: Ու ամեն տարի, երբ սկսվում է ոռոգմոն սեզոնը, ամենաբարձրաձայնվող հարցերը գյուղատնտեսության համար լինում են ջրի առկայության, այն ժամանակին և անհրաժեշտ ծավալներով դաշտ հասցնելու հարցերը: Ուրեմն ամենահարուստ երևակայություն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ գյուղացիները ցրտահարությունից փրկվելու համար պետք է միասին միաժամանակ առատ ոռոգեին իրենց հողամասերը:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են գյուղնախարարության տղերքը խորհուրդ տալիս իրականացնել «առատ ոռոգումը»: «Մարտավարական հարցերն ինքներդ լուծեք»,- կասեր մեր անեկդոտի բուն, իսկ գյուղնախարարությունն ու կառավարությունը դա էլ չեն ասում…

 

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս

10371_am_7Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ հինգ տարում պլանային ստուգումների քանակն ութ անգամ կրճատվել է։ «Սա կարևորագույն ցուցանիշ է տեսչական բարեփոխման տեսակետից, նշել է վարչապետը։ – Չնայած ստուգումների քանակը կտրուկ նվազել է՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետև ցույց է տալիս, որ բարձրացել է նաև արդյունավետությունը։ Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում և ոլորտներում, և տեսնում ենք, որ ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է։ Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են և որտեղ մենք կարող ենք ակնկալել մեծածավալ վերականգնումներ»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։ Վերջինիս գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ։ Հարցի քննարկման ժամանակ արծարծվել է նաև այլընտրանքային զինծառայության խնդիրը։ Ի պատասխան վարչապետի այն հարցի, թե երբ են այլընտրանքային ծառայողների համար հնարավորություններ ստեղծվելու, ՀՀ արդարադատության նախարարն իբրև վերջնական ժամկետ նշել է ս.թ. աշնանային զորակոչը։

Բացառվելու են հարկումից խուսափելու դեպքերը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության շեշտակի կրճատմանը։ Կառավարությունը, նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է և դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձևով կառավարել վերոնշյալ ռիսկը։ Գործադիրն իր հերթին ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության։ Այս պատճառաբանությամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել Հ. Բագրատյանի առաջարկած օրինագծի ընդունումը։ Քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից։ Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք։ Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»։
Մեկ այլ որոշմամբ ի գիտություն են ընդունվել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թ. ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը և տեղեկանքները։ Նշված ժամանակամիջոցում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 125 կազմակերպություն։ Կազմակերպություններից 52-ն իրականացրել է երկարաժամկետ` ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր, իսկ 73-ը` կարճաժամկետ` միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր։ Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 2.67 մլրդ դրամ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 1.38 մլրդ դրամ և մի շարք այլ կազմակերպություններ։

 

Կարգավորվում և հստակեցվում է Խաղային գործի բնագավառը

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ։ Դրանց համաձայն 2013 թ. հունվարի 1-ից նախատեսված է խաղատան կամ շահումով խաղի գործունեության իրականացում կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության սահմանած որոշակի հեռավորությամբ գտնվող տարածքներում։ Նոր որոշմամբ կարգավորվում է Խաղային գործը, ներդրվում են արտոնագրման պայմանների հստակեցման մեխանիզմներ։ Հաջորդ որոշումը նույնպես թելադրված է վերը նշված օրենքով` Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում գտնվող խաղատան կամ շահումով խաղի գործունեության վերաբերմամբ։
Կառավարությունն ընդունել է «Գույք հանձնելու մասին» որոշումը, որի համաձայն ՀՀ-ում հատուկ վտանգավոր ախտածիններին առնչվող գործունեության անվտանգության ապահովման նպատակով հիմնվելիք կենտրոնական լաբորատոր հաստատությունը տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Պ. Սևակի 5/2 հասցեում գտնվող մասնաշենքերում։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի հանձնարարականով կառավարությունը բարելավել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի վթարային բնակարաններում ապրող հինգ ընտանիքի բնակարանային պայմանները` նրանց անհատույց պետական աջակցություն տրամադրելու միջոցով։


Կբարելավվի շինարարության ոլորտի բիզնես կարգավորման համակարգը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը նպատակ ունի բացառել եղած էլեկտրոնային հաղորդակցության կապուղիների վնասումը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, չսահմանափակել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների մրցակցային հնարավորությունները, ապահովել գործարար միջավայրի բարելավումը հարցի կարգավորման մեխանիզմները մշակելիս և այլն։
Կառավարության մեկ այլ որոշում ուղղված է հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը. խոսքը վերաբերում է Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքին, որն այս որոշմամբ հնարավորություն կունենա առաջնային խնդիր հանդիսացող մանկապարտեզի շենքը կառուցել նպատակահարմար հողամասում։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպելով և ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն, իսկ որակի ենթակառուցվածքների վարչությունը վերանվանել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության։
Մեկ այլ որոշման փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ՀՀ նախարարությունների կազմում գործող` ծրագրերի իրականացման գրասենյակներում թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների փաստաթղթային փուլում գնահատման ընդհանուր միավորների հանրագումարի հաշվարկը, պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատման անցկացումը, մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով ստացման վերջնաժամկետները։
Խնդիրը տնտեսության բեկումնային առաջընթացի ապահովումն է

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացմամբ ակնկալվում է խթանել երկրի տնտեսության զարգացումը, թափ հաղորդել ընտրված թիրախային ոլորտներին և այլն,
– պետբյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները,
– «2013-2015 թթ. գյուղատնտեսական կենդանիների հիվանդության լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննության իրականացում» ծրագիրը,
– նախկին որոշումներից մեկի փոփոխությունները և լրացումը, որոնք կօգնեն ավելի ամբողջական բավարարելու միջազգային կազմակերպություններին կենդանիների հիվանդության վերաբերյալ ներկայացվող պահանջները,
– Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքի մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմաները,
– նախկին որոշումներից մեկի փոփոխությունները, որոնց համաձայն Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին թույլատրվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության մի շարք տեսակներ,
– ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությունը, որով արդյունավետ կդառնան Լոռու և Տավուշի մարզերի բնության հուշարձանների կառավարման գործընթացները։
Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանում «Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կրթօջախը կստեղծի Հայաստանում ռուսաց լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու և որակյալ կրթություն կազմակերպելու բարենպաստ պայմաններ։
Իր նիստում կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացրել է 10 մլն դրամ։ Վերակառուցումը, որն իրականացվում է «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով, մոտենում է ավարտին։ Ս.թ. սեպտեմբերին տեղի կունենա դպրոցի բացումը, որին կմասնակցի նաև Deep Purple-ի մենակատար Իեն Գիլանը։ 2009-2012 թթ. դպրոցի վերակառուցման նպատակով հավաքվել է 110 հազար ԱՄՆ դոլար։ 2012 թ. Մարդիքյան ընտանիքի հիմնադրամը եռապատկել է հավաքված գումարը, 21 հազար 200 ԱՄՆ դոլարի գործիքներ է տրամադրելու Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը։
Կառավարության որոշմամբ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ։ Դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Պրոպարկո մասնաճյուղի հաստատման և գործունեության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը սահմանում է ԶՖԳ խմբի, որի մեջ մտնում է նաև դրա մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ մասնագիտացած Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության մասնաճյուղը (Պրոպարկո), Հայաստանում հաստատվելու, կարգավիճակի և գործունեության իրավաբանական, հարկային, ֆինանսական և այլ պայմանները։
ՀՀ կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում։

Գործադիրը որոշել է ս.թ. մայիսի 10-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել ս.թ. մայիսի 18` շաբաթ օր։

 

Խտացրած կաթով կոնֆետներ

խոհանոցԲաղադրությունը

300 գ խտ.կաթ, 2 ճ/գդալ կարագ, 300 գ  կոկոսի քերած միջուկ (վաճառվում է), 50 գ նուշ ` միջուկի համար:

Պատրաստման եղանակը

Խտացրած կաթը դատարկել հաստ  տակ ունեցող ամանի մեջ, ավելացնել կարագը, դնել  մարմանդ կրակի վրա ու անընդհատ խառնելով եփել այնքան, որ կարագը հալչի: Կրակից վերցնել, մեջը լցնել կոկոսի փաթիլներ ու խառնել, ապա դնել սառնարանը ողջ գիշեր: Առավոտյան սառեցված զանգվածից ոչ մեծ գնդեր  ձևավորել,  լցոնել  նուշով, ապա գունդը թաթախել կոկոսի փաթիլների մեջ:

Ի դեպ, գնդերի մեջ կարելի է նաև չիր կամ չամիչ դնել: Իսկ  կոկոսի փաթիլների փոխարեն կարելի է օգտագործել մանրացրած վաֆլի:

Բարի ախորժակ

 

Ո՞ր դեպքում կարող է մերժվել օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզայի տրամադրումը

վիզա«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝

ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի,

բ) նա «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի,

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

– վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

– իրականացնել ահաբեկչական գործունեություն,

– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

– իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ,

դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:

Վերոհիշյալ դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականներ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:

 Ներկայացրեց       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Կրքեր «Անուշ» օպերայի շուրջ. մտավորականները կպահանջեն արգելել նոր «Անուշի» ներկայացումը Ֆրանսիայում

Սերժ ԱվետիքյանԱպրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Այն Հայաստանում կցուցադրվի նաև մայիսի 3-ին և 4-ին, այնուհետև կներկայացվի  Ֆրանսիայում:

Բեմադրության և լիբրետոյի ադապտացիան  ֆրանսահայ  դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանինն է, բեմի ձևավորումը, հագուստները, խորեոգրաֆիան՝ Նիկոլյա Մյուզեինը, գործիքավորումը և երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը, դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, լուսային ձևավորումը՝ Ժան-Մարկ Սկաչկոյի:

Դերերում` Անուշ` Սոֆյա Սայադյան, Սարո` Լիպարիտ Ավետիսյան, Մոսի` Գուրգեն Բավեյան: Բեմում հանդես են գալիս 15 երաժիշտներ և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար` Սոնա Հովհաննիսյան):

Պատահական չէ ընտրված նաև  բեմադրության  վայրը` ազգային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` «Անուշը» դասական օպերա չէ, որ օպերային թատրոնում բեմադվի:

«Անուշի» նորովի մեկնաբանությունը, սակայն, հայ մտավորականների մի մասի  շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Մտավորականների մի խումբ պատրաստվում է առաջիկայում բաց նամակով հանդես գալ, որով ՀՀ նախագահին կոչ կանեն միջամտել և թույլ չտալ, որ Ավետիքյանի մեկնաբանությամբ «Անուշը» ցուցադրվի Ֆրանսիայում:

«Եթե սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կարոտախտը հրահրում է նմանատիպ ցածր որակի բեմադրություններ անել իրենց սիրողական ուժերով, ապա  ոչ միայն կարող ես աչք փակել թերությունների վրա, այլև ողջունել: Բայց երբ փորձ է արվում արտահանել Հայաստանի անունը կրող, Հայաստանում պատրաստված այսպիսի մի խայտառակ խառնաշփոթ, մի բալագանային ներկայացում, ապա ժամանակն է, որ մեր մտավորականությունը ոտքի կանգնի և թույլ չտա  արտահանել այն և դրանով իսկ դրսում վարկաբեկել ոչ միայն հայ ժողովրդին, այլև արվեստի գոհարներից «Անուշ» օպերան»,- ասում է դիրիժոր Արա Պետրոսյանը:

Նրա  խոսքով` Ավետիքյանի բեմադրած Անուշը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբը իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի  աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Խախտվել են  գործիքավորման հարմոնիայի ամենատարրական կանոնները: Իբր թե մտցրել են ժողովրդական գործիքներ, բայց չկա գործիքավորում: Եթե վերցնեին սիմֆոնիկ նվագախմբի «Անուշի» արդեն գործիքավորված պարտիտուրը, փոփոխություն դրանում մտցնեին, դեռ հասկանալի կլիներ: Բայց երբ անգրագետ էքսպերիմենտներ են անում, դա ընդունելի չէ,- ասում է Պետրոսյանը հավելելով,- ի՞նչ նորամուծություն եք «Անուշում» մտցրել, բացի ճչացող անճաշակությունից և գռեհկության հասնող խառնաշփոթից: Բավական է ոտնահարվեն մեր դասական արժեքները»:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը ևս բացասական է ընդունել «Անուշի» նոր մեկնաբանությունը. «Այնտեղ ռեժիսուրա չկա, ո՛չ ձևավորում կա, ո՛չ զգեստների հագուկապ կա, ոչինչ չկա: Հասկանում եմ, որ ուզում էր նոր խոսք ասել, բայց չստացվեց: Այդ միջակ ներկայացումը չի կարելի Փարիզ տանել, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին»:

AnoushԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի համար էլ նոր ներկայացումը բոլորովին ընդունելի չէ` սկսած հագուստներից մինչև ռեժիսուրան. «Ինձ հատկապես զայրացնում է Թումանյանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը»:

Գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը կարծում է, որ Անուշի նոր մեկնաբանությամբ Ավետիքյանը խախտել է Թումանյանի ու Տիգրանյանի հեղինակային իրավունքները. «Մոնտաժ անելը կամ անկիրթ ձևով Թումանյանին կամ Տիգրանյանին խմբագրելը որևէ ռեժիսորի իրավունքը չէ, դա  առնվազն հանցագործություն է : Չկա նորմալ ձևավորում, սյուժե: Սա կատարելագործված խայտառակություն է, որը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանից դուրս բերել ու որևէ տեղ ցուցադրել»:

Դավթյանն ասում է, որ 1947-ին, երբ  Գոհար Գասպարյանը  Հայաստան եկավ և Անուշ պիտի կատարեր, 6 ամիս Լոռիում ապրեց, ուսումնասիրեց բնությունը, քարերը, սարերը, տները, կենցաղը, որ կարողանա  Անուշ երգել, իսկ «այս մարդիկ ոնց որ ձեռք առնեն»:

Անդրադառնալով նկատառմանը, թե Ավետիքյանն աշխատել է «Անուշ» օպերայի առաջին տարբերակի վրա` վերականգնելով մինչխորհրդային տարիների տարբերակը, Դավթյանն ասում է. «Սովետական կարգերի ժամանակ Անուշը հնչել է աշխարհով մեկ և դա փառք ու պատիվ է բերել ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ սովետական երաժշտական արվեստին: Այդպիսի բան չկա: Տիգրան Լևոնյանի բեմադրությունն արդեն մաքրված ու հստակ էր: Անուշը համաշխարհային գործ է և ոչ մի կապ չունի սովետական կարգերի հետ»:

Երևանի կոնսերվատորիայի վոկալի տեսական ֆալուկտետի թիվ 1-ին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին «Անուշի» նոր մեկնաբանությունում դուր չեն եկել կտրտված արիաները, որոնք փոխվում են գրական տեքստով. «Դեմ եմ, որ դա անվանվի օպերա` «Անուշ» օպերա, այն դեպքում, երբ  այդքան կրճատումներ են կատարվում, ոճը փոխվում է և դառնում է ժամանակակից բեմադրություն:  Հետաքրքիր բաներ կային մեջը, բայց սա «Անուշ» օպերա չէ, սա կարող է լինել գրական-երաժշտական կոմպոզիցիա, բայց ոչ «Անուշ» օպերա»:

Մարտիրոսյանի կարծիքով` ավելի հաջողված կլիներ, եթե Ավետիքյանն ուրիշ ստեղծագործությունների վրա էքսպերիմենտներ աներ, օրինակ` Կոմիտասի «Անուշը» վերցներ, որը հանդիսատեսին հայտնի չէ նախկին բեմադրություններով:

«Հիմա սա ինչի՞ համար է արվում, իմաստը չեմ հասկանում: Որպես մոդեռն ստեղծագործություն ներկայացվում է, որպեսզի մոռացվի՞ դասականը: Չհուզեց ինձ այն, ինչ տեսա, դա «Անուշ» չէր ինձ համար, դա ուրիշ անուն կարող էր ունենալ: Գոնե աճող սերունդը պետք է հասկանա, թե որն է «Անուշ» օպերան, սա «Անուշը» չէր»:

Ավետիքյանը, պրեմիերայի օրն անդրադառնալով հակասական կարծիքներին, ասել է. «Ժողովրդին է պատկանում այն, ինչ ուզում են, թող անեն: Դա էլ ինձ չի պատկանում, վերջացավ, ես տվեցի այսպիսով, հանձնեցի, ինչպես ասում են: Չսպասեք ինձնից, որ ասեմ` ա, ինչու են սա ասում, ա, լավ էր»:

«Անկախը» մինչ նյութի տպագրությունը չկարողացավ կապ հաստատել Ավետիքյանի հետ` նրանից մեկնաբանություն ստանալու համար:

Ավելի վաղ, սակայն,  Սերժ Ավետիքյանը Bravo.am-ի հետ հարցազրույցում, խոսելով «Անուշի» նոր բեմադրության մասին, ասել է, որ փորձել է լիբրետոյում վերականգնել այն, ինչ կտրել, կրճատել էր Խորհրդային Միությունը. «Դրանք կարճ հատվածներ են, բայց շատ կարևոր հաղորդագրություն ունեն, ներկայացնում են երիտասարդների դիրքորոշումը Անուշի և Սարոյի, նրանց վարքի հանդեպ, հոր դիրքն Անուշի հանդեպ, քահանայի դիրքն Անուշի ծնողների և  գյուղի հանդեպ: Թումանյանը XIX դարի վերջին համամարդկային գործ է գրել երիտասարդ աղջկա և  տղայի մասին, որոնք ուզում են ազատորեն վայելել միմյանց հանդեպ սերը, սակայն  նրանց չեն թույլատրում, որովհետև գոյություն ունեն ադաթներ կամ, ինչպես ասում են, չգրված օրենքներ»:

Անդրադառնալով նոր բեմադրության ասելիքին` Ավետիքյանը նշել է, որ ցանկանում է`  գործը նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանա. «Շատ կարևոր է ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն: Անհրաժեշտ է կարողանալ օրենքների և ադաթների շրջանակում կառուցել սեփական ներքին ազատությունը, որովհետև դրանից դուրս, մեկ է, չես կարող ապրել»: