Օպերատիվ իրավիճակը Հայաստանում

imagesՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 18-ին, ժամը 01.25-ին, Ուֆա-Երևան ավտոբուսի երթուղով ՀՀ պետական սահմանը հատելիս` «Բագրատաշեն» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գասպար Մ.-ն, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

2013 թ. օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը :
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը և Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց:
18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

Օգոստոսի 17-ին, ժամը 17.45-ին, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Թթուջուր-Ծաղկունյաց լեռնաշղթա ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել 4-րդ ոլորանի վերջնամասի հողածածք ճանապարհից և շուրջ 100 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Ապարան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ը կողաշրջվել է ձորակը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Օգոստոսի 17-ին, ժամը 03.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց::
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող «Արզնի» գործարանի պահեստներին կից հրդեհ է:
Պարզել է, որ հրդեհվել է նշված հասցեում գտնվող կահույքի և փայտի արտադրամասը:
Նույն օրը, Ժամը 09.00-ին, հրդեհը մարվել է:
Վնասի չափը պարզվում է:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Այսօր խաղողօրհնեք է՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը

xarorՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ:

Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Qahana.am