Daily Archives: August 4, 2013
Եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք…
Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացան 10 մեդալի (1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե) և ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին 32-րդ տեղը: Վերադարձից հետո տպավորությունները հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:
– 160 երկրների պատվիրակներ էին մասնակցում: Նախորդ` Չինաստանի Շենժեն քաղաքում կազմակերպված խաղերում ուժերն էին չափել 152 պետությունների ներկայացուցիչներ: Կազանում ստուգատեսը բարձր մակարդակով էր կազմակերպվել: Վստահորեն կարելի է ասել, որ նախկինում ոչ մի երկրում խաղերն այդպիսի շուքով չէին անցկացվել: Ռուսաստանը նախապատրաստման համար 1 մլրդ 200 մլն դոլար էր ծախսել: Համեմատության համար նշենք, որ Շենժենում անցկացված խաղերի կազմակերպիչները ծախսել էին 800 մլն դոլար: Հայաստանի պատվիրակության կազմում 39 մարզիկ կար: Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ ) դարձավ չեմպիոն: Նրա թիմակիցներ Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանն (+100 կգ) արժանացան բրոնզե պարգևների: Արծաթե մեդալների տիրացան բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), շախմատիստ Զավեն Անդրիասյանը: Բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը (56 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կանգնեցին պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: 62 երկրների ներկայացուցիչներ են մեդալներ նվաճել: Նվաճած պարգևների հաշվարկով Հայաստանից հետ են մնացել մարզական համարում ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Սերբիան, Բուլղարիան, Լատվիան, Արգենտինան, Հունաստանը, Ֆինլանդիան, Վրաստանը, Իրանը և այլն:
– Զուգահեռներ անցկացնենք մեր սահմանակից երկրների հետ: Հետաքրքիր է, թե ինչպես է Ադրբեջանը շրջանցել Թուրքիային: Այդ երկրների ներկայացուցիչները համապատասխանաբար 19-րդ (4 ոսկի, 5 արծաթ, 7բրոնզ) և 29-րդ (2-0-5) տեղերում են:
– Ադրբեջանի ներկայացուցիչները մեծ փողեր են ծախսում սպորտը զարգացնելու համար: Թուրքիան հանպատրաստից էր մասնակցում: Նախկինում այդ երկրի ներկայացուցիչները շատ ավելի լրջորեն էին նախապատրաստվում և մասնակցում խաղերին: Ի դեպ, եթե կազմակերպիչները մի շարք մարզաձևեր լրացուցիչ չընդգրկեին խաղերի ծրագրում, Հայաստանի ներկայացուցիչներն էլ այդպիսի ավար չէին ունենա: Խաղերի պարտադիր մարզաձևերի շարքում մենապայքարային մի շարք մարզաձևեր չեն նախատեսված, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչների առաջարկով խաղերի ծրագրում էին հայտնվել ըմբշամարտը, գոտիներով ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, սամբոն: Դա ձեռնտու էր Հայաստանի ներկայացուցիչներին:
– Զարմանալի է, որ մարզական մեծ ներուժ ունեցող Իրանը մեզնից հետ է մնացել, 33-րդ տեղում է (1-5-3): Նույնը կարելի է ասել նաև 48-րդ հորիզոնականում հայտնված Վրաստանի մասին (0+1+2):
– Իրանի ներկայացուցիչները նախկինում կազմակերպված խաղերում էլ առանձնապես չեն փայլել: Վրաստանի ներկայացուցիչները նույնպես նախկինում մեզանից առաջ երբեք տեղեր չեն զբաղեցրել:
– Օրինաչափ էր, որ առաջին երկու տեղերը գրավել են Ռուսաստանի (155-75-62) և Չինաստանի (26-29-22) ներկայացուցիչները: Բայց զարմանալի է, որ 3-րդ տեղում ճապոնացիներն են (24-28-32):
– Բանն այն է, որ տարբեր երկրներում յուրովի են նախապատրաստվում խաղերին: Հայաստանի կառավարությունը, մեր երկրի ԿԳ նախարարությունը, կարևորելով խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստվելը և մասնակցությունը, ամեն ինչ արել էին, որ նրանք լավ հանդես գան: Եվ դա տվեց իր արդյունքը: Տրամադրվել էր 23 մլն դրամ: Ֆինանսական մեծ միջոցներ չեն առանձնացվել, սակայն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և մի շարք այլ մարզաձևերի ֆեդերացիաների համագործակցությունը հանգեցրեց նրան, որ մեր մարզիկները կարողացան լավ նախապատրաստվել և մեդալներ նվաճել: Հայաստանի մի շարք մարզաձևերի ֆեդերացիաներ լրացուցիչ ներդրումներ են կատարել: Մեր երկրի ներկայացուցիչները հանդես եկան բռնցքամարտի, գոտիներով ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, լողի, աթլետիկայի, շախմատի, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, սամբոյի մրցումներում:
– Մեր երկրի` բոլո՞ր մարզաձևերի ներկայացուցիչների մրցելույթներից եք գոհ: Կա՞ն այնպիսի մարզաձևեր, որոնց ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները:
– Լավ հանդես եկան մեր ըմբիշները: Ուրախալի է, որ մեդալներ բերեցին Հայաստանի սամբիստները, բռնցքամարտիկները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լրացուցիչ երկու մարզիկի էր գործուղել Կազան և հոգացել էր բոլոր ծախսերը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան էլ լրացուցիչ 6 մարզիկի մասնակցելու ծախսերն էր հոգացել: Հայաստանից լրացուցիչ 4 սամբիստ էր մասնակցում: Դա մեծ աջակցություն էր: Ինչ վերաբերում է չարդարացած հույսերին, ապա հարց կարող է առաջանալ, թե ինչպես հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Համաշխարհային ուսանողական խաղերում սոսկ 3-րդն է: Բանն այն է, որ վիճակահանության քմահաճույքով Արսենը մրցեց օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ, որին պարտվել էր 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի եզրափակչում: Երկրորդ գոտեմարտում Ջուլֆալակյանը ռուսաստանցի ըմբիշին կրկին զիջեց լարված մրցակցությունում: Դրանից հետո մեր մարզիկը կարող էր պայքարել միայն 3-րդ տեղի համար: Սպասելիքներն ավելի մեծ էին նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանից: Բայց նրա գոտեմարտի ժամանակ մրցավարական կողմնակալ վերաբերմունք եղավ: Եվ եթե մեր երկու առաջատար ըմբիշներներին ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել, ապա նրանք ուժեղ մրցակիցների են պարտվել:
– Իսկ ազատ ոճի մեր ըմբիշների հավաքականի նվաճած մեկ մեդալը քիչ չէ՞: 49 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանից էլ մեծ ակնկալիքներ կային:
– Եթե մեդալ կա, արդեն լավ է: Սպորտում ամեն ինչ հնարավոր է, և Սողոմոնյանի համար մրցամարտը նույնպես ցանկալի հունով չընթացավ: Մի փոքր տակտիկական սխալը, հնարավորությունները ժամանակին չօգտագործելն իր հետևանքներն ունեցավ: Ընդ որում, առաջին իսկ մրցամարտում նրա հակառակորդը Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի մարզիկ էր: Իսկ ահա դժգոհ ենք Հայաստանի ծանրորդների մրցելույթներից: Մեր երկրից մրցահարթակ դուրս եկած երեք մարզիկներն էլ չդրսևորեցին իրենց կարողությունները: Աղասի Աղասյանը, որը Շենժենում չեմպիոն էր դարձել, 77 կգ քաշային կարգից տեղափոխվել է 85 կգ քաշային կարգ և դժվարացավ: 95 կգ քաշային Վարդան Դավթյանը, չկարողանալով բարձրացնել իր պատվիրած ծանրությունը, 0 ստացավ: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը բավարարվեց 5-րդ տեղով: Բայց ընդհանուր առմամբ մեր պատվիրակների մասնակցությունը խաղերին կարելի է գնահատել լավ: Գերազանց կլիներ, եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք: Առնվազն երեք ոսկե պարգև պետք է նվաճեինք: Ի դեպ, չեմպիոն դառնալուն շատ մոտ էր Զավեն Անդրեասյանը: Նա և ֆիլիպինցի Ուեսլի Սոն հավասար միավորներ հավաքեցին, բայց քանի որ լրացուցիչ ոսկե մեդալ չկար, մրցավարական հանձնաժողովը որոշեց «արագ» շախմատի միկրոմրցամարտ անցկացնել: Եվ հաջողությունը մեր գրոսմայստերին ուղեկից չեղավ: Այդուհանդերձ, այս խաղերում ամենից շատ մեդալներ ենք նվաճել: 2015-ին Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում կայանալիք խաղերում մեդալների այսպիսի քանակ չենք ունենա: Բանն այն է, որ կորեացիները, պարտադիր ծրագրով մարզաձևերից բացի, ընդգրկել են այնպիսի մարզաձևեր, որոնցում Հայաստանի ներկայացուցիչներն այնքան էլ մեծ հաջողություններ չունեն: Հոռետեսություն չէ, սակայն նախապես կարելի է ասել, որ իրատես լինելով` մեծ ակնկալիքներ չենք ունենա: Նախորդ` Չինաստանում կայացած խաղերում Հայաստանն ընդամենը երկու մեդալ ուներ: Ծանրորդ Աղասի Աղասյանը չեմպիոն էր հռչակվել, արծաթե մեդալակիր էր դարձել նրա թիմակից Հայկ Հակոբյանը:
– Ի՞նչ պարգևներ են սպասում Կազանում աչքի ընկնողներին:
– Սահմանված կարգով տարեվերջին բոլորն էլ պետության կողմից պարգևների կարժանանան: Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է և խրախուսանքի կարժանացնի մեդալակիրներին: Դա նախատեսվում է հոկտեմբերին` Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ավարտից հետո, այդ ստուգատեսի լավագույններին պարգևատրելու ժամանակ: Խաղերն ընթացքում են, մնացել են հանդբոլի և մինի ֆուտբոլի մրցաշարերը:
Բալասանյանը տեսախցիկներ կտեղադրի Գյումրու այգիներում, և ոչ միայն
Շատ շուտով Գյումրիի այգիներում ու պուրակներում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք թույլ կտան վերահսկել այդ տարածքները:
“Շատ լավ է, որ մենք քաղաքում ունեցանք “հրեշտակների” խումբ, որոնք շրջում են փողոցներում, այգիներում: …Այսօր կանաչապատման խնդիր ունենք, կուզենայի, որ հաջորդ տարվա հետ կապված կանաչապատման ծրագիր ներկայացնեիք: Ես դժգոհ եմ կանաչապատման այսօրվա մեր կատարած գործառույթից, որովհետև մենք չունենք ոգոռման համակարգ: Բացի դա, եթե մեր զբոսայգիների հետ կապված կունենաք ծրագրեր՝ Գորկու այգու, Խաղաղության օղակի, պուրակների հետ կապված, որոնք վարձակալությամբ հիմա վերցված են, որոշները ավարտվել են և նոր ծրագրեր ենք ուզում իրականացնել: Մենք մեր զբոսայգիները էֆեկտիվ չենք օգտագործում, և հասարակությունը նման պահանջ ունի, որպեսզի իրենց երեխայի, թոռնիկի հետ պապիկը, տատիկը դուրս գա և կարողանա համապատասխան ժամանց ունենալ: Խաղաղության օղակի հետ կապված ներդրողներ են գալու Ամերիկայից, որպեսզի մեր երեխաները ունենան համապատասխան ժամանցի վայրեր, խաղահրապարակներ”, – ասում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Իսկ տեսախցիկների մասով նշում. “Ինձ Չինաստանում մի լավ ծրագիր առաջարկեցին, պարզապես մեծ գումարներ են անհրաժեշտ. լինի մի պլանշետ, որտեղ տեսնենք ամբողջ քաղաքը: Արդեն GPS-ներ ենք տեղադրել աղբատարների վրա, որպեսզի արագ չքշեն, ծախսը հասկանանք”, – ու տեսախցիկներով կարողանան տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում, որտեղ աղբ է կուտակված, որտեղ աղբարկղ է բացակայում և այլն:
Ի դեպ, Բալասանյանի ակնարկած Գորկու այգին, որը Գյումրիի կենտրոնական զբասայգին է, որը պատկանում է Ղուկասյան ընտանիքին:
Հռոմի նոր քաղաքապետը արգելել է մեքենա վարել Կոլիզեումի մոտակայքում
Հռոմը արգելել է մեքենաների և սկուտերների մուտքը դեպի Կոլիզեում ձգվող Հռոմեական ֆորումների բուլվարներից՝ փորձելով պաշտպանել իր հինավուրց հմայնքը ժամանակակից չարիքներից:
Ճանապարհային ոստիկանները շաբաթ օրը ստիպել են մեքենաների սեփականատերերին իրենց մեքենաները վարել ծայրամասային փողոցներով, որպեսզի նրանք այլևս չխցանեն հայտնի Վիա դեյ Ֆորի Իմպերլիալին:
Բուլվարով անցնելու իրավունք ունեն միայն տաքսիները, ավտոբուսները և հետիոտները: Բուլվարը կառուցվել է 1930-ականներին դիկտատոր Բենիտո Մուսոլինիի կողմից, որպեսզի ռազմականները քայլերթով անցնեն Հռոմեական կայսրության հուշակոթողների կողքով:
Հռոմի նոր քաղաքապետ Իգնասիո Մարինոն հայտնել է, որ այս նոր արգելքը Կոլիզեումը կթեթևացնի երթևեկությունից և կնվազեցնի օդի աղտոտվածության մակարդակը:
Մայթերը ևս լայնացվել են, որպեսզի հետիոտները կարողանան իրենց հանգիստի ժամերին հանգիստ զբոսնեն բուլվարում:
Նիդեռլանդների կենդանաբանական այգիներից մեկի շնակապիկները տարօրինակ վարք են ցուցաբերել՝ մեջքով դեպի այցելուները քարացած նստելով գետնին
|
Հյուսիսային Նիդեռլանդներում գտնվող Emmen Dierenpark-ի 112 շնակապիկները, որ սովորաբար անընդհատ վազվզում են, իրենց մեջքը այցելուներին դրձրած, քարացած նստել են գետնին: Այգու անհանգստացած կենդանաբանը հայտնում է, որ շնակապիկները նույնիսկ իրենց ախորժակն են կորցրել: Նա տեղեկացնում է, որ կապիկները երկուշաբթի օրը տագնապած են եղել և տարօրինակ վարք են դրսևորել, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի նրանք պարզապես քարացած նստել են գետնին և հազիվ են որևէ բան կերել: Կենդանաբանը ավելացնում է, որ տարբեր բացատրություններ են առաջարկվել՝ ներառյալ այն, որ կապիկները այցելուների շապիկին հնարավոր է գիշատչի նկար տեսած լինեն կամ երկրաշարժի ցնցումներ են զգացել՝ տեղեկացնելով, որ դեռևս ոչ մի խելամիտ բացատրություն չի տրվել կենդանիների վարքին: Emmen Dierenpark-ի աշխատակիցները տեղեկացնում են, որ կապիկները վերջին 20 տարվա ընթացքում չորս անգամ իրենց նման կերպ են պահել: Ըստ Huffington Post-ի՝ նման վարք ազատության մեջ կամ փակի տակ գտնվող շնակապիկների մոտ երբևէ չի նկատվել: Փորձագետները դեռևս որևէ պատասխան չեն գտել կենդանիների նման վարքի կապակցությամբ, սակայն կապիկները արդեն դանդաղ վերադառնում են իրենց սովորական պահվածքին:
|
Նոր ձևաչափ գործարար մարդկանց շփման համար
Երևանում այս տարվա մայիսին ստեղծվեց Ֆրայդեյ Երևան (Fryday Yerevan) համայնքային կազմակերպությունը, որն առաջարկում է գործարար մարդկանց շփման շատ ազատ և ոչ ֆորմալ ձևաչափ: Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ անգամ այս բարձր տեխնոլոգիաների դարում, երբ գոյություն ունեն բազմաթիվ առցանց հարթակներ, որտեղ կարելի է ձեռք բերել նոր ընկերներ, և նույնիսկ գործընկերներ, ոչինչ չի կարող փոխարինել անձնական շփմանը՝ նոր կապերի, իրական համագործակցության և վստահության ձևավորմանը համար:
Ֆրայդեյ ցանցը ստեղծվել է Ուկրաինայում Անդերս Օստլանդի և Գուստավ Հալթգրենի կողմից: Ֆրայդեյը միավորում է մասնագետների ԱՊՀ բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաև մի շարք եվրոպական մայրաքաղաքներում՝ Սոֆիա, Պրագա, Բուդապեշտ, Բուխարեստ:
Երևանում Ֆրայդեյը ներկայացնում են Զարա Օհանջանյանը, ով հանդիսանում է Մարքեթ Ռիսրչ էնդ Քոնսալթինգ կազմակերպության փոխտնօրենը և Արմենուհի Բուրմանյանը` Մարքեթ Ռիսրչ էնդ Քոնսալթինգ կազմակերպության ծրագրերի համակարգող:
Օգոստոսի մեկին տեղի ունեցավ հաշվով չորրորդ Ֆրայդեյը Երևանում, որին ներկա էին տեղական և միջազգային ընկերությունների միջին և բարձր օղակի մենեջերներ, մասնագետներ: Այս անգամ Ֆրայդեյը թեմատիկ էր և թեման ներկայացրեց Սամվել Բարեյանը, ով հանդիսանում է ֆինանսական ոլորտի բարձրակարգ մասնագետ:
Ֆրայդեյը ստեղծում է բոլոր պայմանները շփվելու և ծանոթանալու համար: Այս միջոցառումը, ինչպես և բոլոր նախորդներն ուներ հովանավորներ, որոնք սովորաբար պատրաստում են նվերներ հյուրերի համար: Գլխավոր հովանավորն էր Ռոստելեկոմ ընկերությունը, որը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար օպերատորներից մեկը: Ավելի մանրամասն տեղեկատվություն այս միջացառման և ընդհանրապես Ֆրայդեյ Երևանի մասին կարող եք գտնել Ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Ֆրայդեյի կայքում`
Դևիդ Բեքհեմը պատրաստվում է հանդես գալ որպես դերասան. նրան դեր են առաջարկել լրտեսական ֆիլմում
Այս տարվա սկզբին ֆուտբոլից հեռանալուց հետո նա դեռ պետք է հաստատի ապագայի իր անելիքները:
Ըստ երևույթին՝ Դեյվիդ Բեքհեմը պատրաստվում է դերասանի կարիերա սկսել, քանի որ լուրեր են տարածվել, որ նա պատրաստվում է հանդես գալ նոր լրտեսական ֆիլմում՝ Գաղտնի ծառայությունում:
Աղբյուրը The Sun-ին հայտնել է, որ նրան առաջարկել են խաղալ սրիկայի դեր, սակայն նա դեռ պետք է հաստատի իր մասնակցությունը:
Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլից հեռանալուց հետո ֆուտբոլիստին բազմաթիվ դերեր են առաջարկել, սակայն նա դեռ որոշում չի կայացրել:
Մինչ Բեքհեմը մտածում է իր հաջորդ քայլի մասին, կինոարտադրության մասնագետները նրա մեջքին կանգնած են՝ հասկանալով, որ նրա ճանաչվածությունը մեծ քանակությամբ հանդիսատես կգրավի:
Սակայն ինչպես երևում է Բեքհեմի կինը՝ Վիկտորիան ևս ցանկանում է մտնել կինոարտադրության բնագավառ, քանի որ նա Glamour-ին հայտնել է, որ ինքը հանդես է եկել Spice World-ում և հրաշալի է հանդես եկել:

