Օզբիլիսը և Մովսիսյանը գնդակներ խփեցին շվեյցարական թիմի դարպասը

221314251377795455Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում մրցեց շվեյցարական «Սենտ Գալենի» հետ և պարտվեց 2։4 հաշվով։

Փոքր սփոփանք է, որ «Սպարտակի» կազմում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը գոլերի հեղինակներ դարձան:

Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» (Մոսկվա) – «Սենտ Գալեն» (Շվեյցարիա)՝ 2:4 

Արազ Օզբիլիս, 1, Յուրա Մովսիսյան, 83 – Գորան Կարանովիչ, 17, 32, Ռոբերտո Ռոդրիգես, 36, Դեյան Յանյատովիչը, 89

Հենրիխ Մխիթարյանի թիմի մրցակիցները հայտնի են

հենրիկՄոնակոյում կատարվեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթրյանի թիմի` Դարտմունդի «Բորուսիայի» մրցակիցները հայտնի են:

Այն F խմբում է և մրցելու է  «Արսենալի», «Մարսելի», «Նապոլիի» հետ:

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Շախտյոր» (Ուկրաինա)

«Բայեր» (Գերմանիա)

«Ռեալ » (Սոսյեդադ, Իսպանիա)

B խումբ

«Ռեալ» ( Մադրիդ, Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա)

«Կոպենհագեն» (Դանիա)

C խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա)

ՊՍԺ (Ֆրանսիա)

«Օլիմիպիակոս» (Հունաստան)

«Անդերլեխտ» (Բելգիա)

D խումբ

«Բավարիա» (Գերմանիա)

ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Վիկտորիա» (Չեխիա)

E խումբ

«Չելսի» (Անգլիա)

«Շալկե» (Գերմանիա)

«Բազել» (Շվեյցարիա)

«Ստյաու» (Ռումինիա)

F խումբ

«Արսենալ» (Անգլիա)

«Մարսել» (Ֆրանսիա)

«Բորուսիա» (Գերմանիա)

«Նապոլի» (Իտալիա)

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա)

«Աթլետիկո» (Իսպանիա)

«Զենիթ» (Ռուսաստան)

«Աուստրիա» (Ավստրիա)

H խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա)

«Միլան» (Իտալիա)

«Այաքս» (Հոլանդիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա)

 

Սիրիան կարող է ինքն իրեն պաշտպանել. Բաշար Ասադ

ասադ Մինչ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պատրաստվում են ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա, նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ինքն իրեն պաշտպանելու ցանկացած ագրեսիայից: Այս մասին հաղորդում է թուրքական «Haberler»-ը, հիմնվելով Սիրիայի պետական հեռուստաընկերության տարածած տեղեկության վրա: «Սիրիայի նկատմամբ ուղիղ ագրեսիայի սպառնալիքը ավելի կամրապնդի մեր սկզբունքները ժողովրդի անկախության հարցում: Սիրիան իրեն կպաշտպանի ցանկացած ագրեսիայից»,-նշել է Ասադը:

Հիշեցնենք, որ դրությունը Սիրիայում ծայրահեղ է: Արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, սկսեցին բացեիբաց խոսել սիրիական կոնֆլիկտին ռազմական միջամտություն իրականացնելու մասին՝ հիմնվելով քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ  չճշտված տեղեկությունների վրա: Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիա նեխուժելու վերաբերյալ առայժմ որևէ որոշում չի կայացրել:

 

Չինական AR1A համակարգերը լավ այլընտրանք են «Սմերչի» համար

ԱՌԻԱԱնցնող շաբաթ հայկական ու միջազգային լրատվադաշտը միանգամից հեղեղվեց «Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությամբ, թե Հայաստանը Չինաստանից նոր`  AR1A համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ է (ՀԿՌՀ)  ձեռք բերել: Այս լուրը, իհարկե, չհաստատվեց պաշտոնապես, բայց նաև չհերքվեց: Սակայն էականն այս դեպքում այլ հարց է: Անկախ այն հանգամանքից` Հայաստանն այս զինատեսակները ձեռք է բերել, թե ոչ, ձեռքբերման մասով բանակցություններ է վարում, թե սա ապատեղեկատվություն է, միևնույն է, այն շատ կարևոր քաղաքական ուղերձ է:

 Չինական համակարգ`«Սմերչի» փոխարեն ի գիտություն Ռուսաստանի

Ինչպես հիշում ենք, համազարկային կրակի ռուսական «Սմերչ» ռեակտիվ կայաններ ձեռք բերեց մեր ռազմավարական գործընկերոջից մեր հակառակորդը` Ադրբեջանը: Սա բազմապիսի հետևությունների տեղիք տվեց, ինչպես նաև ստվեր ձգեց հայ-ռուսական հարաբերությունների ավանդական պատկերացման վրա: Ռուսական կողմն իր «Սմերչի» և այլ զինտեխնիկայի վաճառքը բացատրում էր բիզնես շահերով, ինչպես նաև Ադրբեջանին իրենից կախման մեջ գցելու մղումով: Ռուս-ադրբեջանական այս գործարքը սթրեսային ընկալում առաջացրեց հայ հասարակության մեջ: Ու հենց այդ գործարքներից անմիջապես հետո հատկանշական էր հայ-չինական ռազմատեխնիկական հարաբերությունների մասին լուրը:

«Մեր երկրի համար խիստ կարևոր է նախ,  որ մեր անվտանգության համակարգը ըստ էության կախված չլինի մեկ երկրից: Որովհետև մենք ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հետո ասում ենք ՀԱՊԿ, որը, ըստ էության, նորից հայ-ռուսական հարաբերություններն են: Կենցաղում, կյանքում մենք հաճախ տեսնում ենք, որ օրինակ` վերելակը, որը 4 մարդ է տանում, բացի հիմնական ճոպանից, լրացուցիչ ճոպան ունի, դրանից բացի, անվտանգության այլ տարրեր էլ ունի, քանի որ մարդկային կյանքերի հետ է կապված: Երկիրն ավելի մեծ մոդել է, և այդտեղ միլիոնավոր մարդկային կյանքերի հետ գործ ունենք: Ու այստեղ հարց է` արդյոք ճի՞շտ է, երբ մի երկրից, այսինքն` մեկ ճոպանից ես կախում ունենում ու փորձում քո անվտանգությունն ապահովել: Կարծում եմ, որ սխալ է: Հետևաբար, մեր անվտանգության հիմնական համակարգը  համարելով Ռուսաստանը կամ մերձռուսական բլոկը, մենք պետք է հնարավորինս այլ համակարգերի կամ երկրների հետ էլ զարգացնենք ռազմական կամ երկկողմ հարաբերություններ»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Առհասարակ ցանկացած պետության համար, հատկապես` փոքր, խիստ կարևոր է մշտապես ունենալ այլընտրանքներ: Որովհետև այլընտրանքի առկայությունը հնարավորություն է տալիս  խուսափելու միակողմանի կախվածությունից: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, լինի սննդի, էներգետիկ անվտանգություն, թե ռազմական անվտանգություն: Ռուսաստանը ցույց տվեց, որ երբ իր շահը թելադրում է, հանգիստ կարող է Հայաստանի անվտանգությունը իր շահին ստորադասել: Քաղաքականության մեջ դա շատ բնական է, բայց լինելով բնական, միևնույն է, մեզ համար վտանգավոր է: Այսինքն` մենք պետք է դիտարկենք  այլընտրանքների հնարավորությանը: Այսօր  մեր արտաքին քաղաքականության վեկտորի շեղվածությունը դեպի ռուսական կողմ համեմատաբար շատ է: Ու այս համատեքստում Չինաստանից ՀԿՌՀ-ների ձեռքբերման մասին խոսակցությունները, ամեն դեպքում,  ճիշտ ուղերձ էին:

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ միայն ինքը չէ զենք մատակարարողը: Այսինքն` գոնե այս կարգի զենք չինացիներն էլ ունեն, որը, ըստ մասնագետների, իր որակով չի զիջում ռուսականին: Իսկ եթե հեռահարությամբ ենք նայում, ապա մի բան էլ գերազանցում է ռուսականին: Հետևաբար, սա ճիշտ է»,- նշեց Արա Պապյանը:

Մի օրինակ պատմեմ. ես մի ընկեր ունեի, որը Կանադայում բիզնես ուներ, և երկու մատակարարից ինչ-որ ապրանք էր առնում` նյութեր: Նա 80 տոկոսը մեկից էր գնում, 20 տոկոսը` մեկ ուրիշից: Ումից որ 20 տոկոս մասն էր առնում, շատ ավելի թանկ էր վճարում` գրեթե 1,5 անգամ թանկ: Երբ հարցրեցի, թե ինչու չես մեկից առնում, նա պարզաբանեց, թե երբ 100 տոկոսն էլ մեկից սկսի գնել, կես տարի հետո նա գինը կբարձրացնի ու մյուսի գնից կանցնի: Բայց քանի որ այդ մատակարարը գիտի, որ ես ունեմ այլընտրանք և սահմանը պարզ է, ինքը միշտ դրանից ցածր է պահելու: Դա շատ պարզ բիզնես օրենք է, որ շատերն են կիրառում: Հիմա նույնը պետք է  կիրառել նաև պետական մակարդակով:

Այսինքն` եթե մեր հիմնական զենքն ու ռազմական տեխնիկան պետք է Ռուսաստանը մատակարարի, ապա մենք գոնե պետք է  պարբերաբար գնումներ կատարենք տարբեր երկրներից, որպեսզի այդ խողովակը բաց թողնենք, բոլորը հասկանան, որ մենք այլընտրանքային ճանապարհներ էլ ունենք, ու լուրջ վերաբերվեն Հայաստանի հետ հարաբերություններին:

Տակտիկա–տեխնիկական տվյալներով էլ չինական համակարգերը չեն զիջում ռուսականին

Ինչ վերաբերում է մեր հակառակորդի ունեցած ՀԿՌՀ-ներին. մեզ համար կարևոր է ոչ թե նույնությամբ գնել այն զինտեխնիկան, ինչ գնում է Ադրբեջանը, այլ այնպիսի զինտեխնիկա ու մարտական միջոցներ, որոնք թույլ կտան չեզոքացնել հակառակորդի տեխնիկան ու զինուժը: Այսինքն` եթե Ադրբեջանը ձեռք է բերել «Սմերչ», նշանակում է, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի տարբերակներ, որոնք ոչ միայն ավելի էժան են, այլև ավելի հեռահար, ավելի օպերատիվ, ավելի քիչ ծախսեր են առաջացնում և ավելի հարմար են մեր բնակլիմայական պայմաններում օգտագործելու համար: Զուտ ռազմական տեսանկյունից դիտարկելիս նույնպես առավելությունն անցնում է չինական ՀԿՌՀ-ների կողմը: «Սմերչերը», որոնց նախագծումն ու մշակումը սկսվել է ԽՍՀՄ-ում, ու շահագործման են հանձնվել 1980-ական թթ., ըստ ռուսական գովազդային հոլովակների, համարվում էին ատոմային ռումբից հետո երկրորդ հզոր զենքը, աշխարհում հավասարը չունեցող և այլն: Հենց սա էլ հայ հասարակության մեջ խուճապ էր առաջացրել: Իրականում այդպես չէ: Իրականում համազարկային կրակի ռեակտիվ կայաններից ամենահզորը համարվում են բրազիլական ASTROS III համակարգերը, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 200-250 կիլոմետրի: Դրանով նրանք համարվում են օպերատիվ-մարտավարական: Սակայն թանկ են ու մարտական գործողությունների ժամանակ փորձված չեն: Մոտ երեք տասնյակ նման համակարգեր կան աշխարհում`տարբեր երկրների կողմից մշակված: Այդ բոլորի մեջ համեմատաբար ամենանորն ու արդիականացվածը համարվում են չինական  AR1A համակարգերը: Սրանց մշակումը սկսվել է 2009 թ., համակարգերը հավաքվել են ռուսական «Սմերչ» համակարգերի բազայի վրա` ավելի արդիականացված պարամետրերով: Այս համակարգերը նաև անհամեմատ ավելի էժան են, քան «ուռճացված» «Սմերչերը»:

Եվ քանի որ մեր հակառակորդը ձեռք է բերել ռուսական «Սմերչ» համակարգեր, ապա համեմատենք դրանք չինական համակարգերի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, աշխարհի ավելի քան 3 տասնյակ նմանատիպ համակարգերից չինականները և՛ ավելի նոր ու արդիական են, և՛ ավելի մատչելի:

Զուտ տակտիկատեխնիկական տվյալներով ևս չինական AR1A համակարգերը չեն զիջում ռուսական «Սմերչներին»: Չինական համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է, իսկ «Սմերչինը»` 43.7 տոննա: Այսինքն` չինականն ավելի թեթև է: Երկու համակարգերն էլ 8*8 անվավոր թափքի բազայի վրա են հավաքված` շարժիչների համարյա հավասար հզորությամբ: Երկու համակարգերի մարտական մեքենաներն էլ զարգացնում են 60 կմ/ժ արագություն: «Սմերչների» վառելիքի պաշարը մի քիչ ավելի երկար` 850 կիլոմետր ճանապարհի է բավականացնում, իսկ չինականների վառելիքի պաշարը` ընդամենը 65 կիլոմետրի: Սակայն դա Հայաստանի պես փոքր երկրի համար լուրջ առավելություն կամ թերություն չէ: Ինչ վերաբերում է մարտական մասին, երկու համակարգերի տրամաչափն էլ 300 միլիմետր է:  «Սմերչն» ունի հրթիռների 12 ուղղորդիչ փող, իսկ AR1A համակարգերը` 10: «Սմերչների» հեռահարությունը հասնում է 70, իսկ որոշ տեսակի հրթիռներով` առավելագույնը 90 կիլոմետրի, իսկ AR1A համակարգերի հեռահարությունը 120-130 կիլոմետրի է հասնում: Այսինքն` էականորեն ավելի հեռահար է, քան «Սմերչը», ինչը նրա հիմնական առավելություններից մեկն է:

Երկրորդ առավելությունը, որ ունեն չինական համակարգերը, վերալիցքավորման ժամանակն է: Չինական հրթիռները վերալիցքավորվում են կոնտեյների տարբերակով. միանգամից բոլոր ուղղորդիչ փողերը, որոնք գտնվում են մեկ կոնտեյներում, հանվում են, ու տեղը դրվում է նոր` լիցքավորված կոնտեյներ: Ամբողջ պրոցեսը տևում է 10-15 րոպե: Իսկ «Սմերչները» լիցքավորվում են յուրաքանչյուր ուղղորդիչը առանձին-առանձին տարբերակով: ժամանակի մասին արտադրողները չեն էլ նշում… Սա մեծացնում է «Սմերչի» վերալիցքավորման ժամանակը, ինչը մարտի ժամանակ լուրջ թերություն է: Մարտական լիցքի ամբողջական պարպումը երկու համակարգերի մոտ էլ նույնն է, երկուսն էլ աշխատում են ծովի մակերևույթից միևնույն` մինչև 3000 մետր բարձրության վրա. «Սմերչները»` -55 -+55 Co, իսկ AR1A համակարգերը`-22-+55 Co ջերմաստիճանային պայմաններում: Այս ամենով հանդերձ, չինական համակարգերն ավելի նախընտրելի են, քանի որ կարող են հարվածել հակառակորդի սահմանից ավելի հեռու, քան նրանց միջոցները: Այսինքն` եթե Հայաստանը ունենա նման համակարգեր, կարող է ավելի շուտ խոցել դեպի հայկական կողմի վրա կրակել պատրաստվող «Սմերչներին», քան նրանք կհասցնեն զբաղեցնել մեր դիրքերին հարվածելու համար անհրաժեշտ նվազագուն հեռավորությամբ կրակակետը:

Թերահավատության միակ առիթը համակարգերի չինական լինելն է: Ինչպես չինական ամեն ինչին, մեր երկրում չեն վստահում չինական արտադրության ռազմատեխնիկայի որակին ևս:

«Եթե խոսքը վերաբերում է զինտեխնիկային, ապա չի կարելի թերահավատորեն վերաբերվել և ոչ մի երկրի ստեղծած տեխնիկային,լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իսրայելը, թե նույնիսկ Հայաստանը: Ու համեմատել Չինաստանի մի ինչ-որ նկուղում, չգիտես թե ինչով պատրաստված հեռախոսները զինտեխնիկայի,առավել ևս նման զինտեխնիկայի հետ, ուղղակի ճիշտ չէ: Եվ մենք ունենք նաև չինական արտադրության ավելի հին մոդելի ՀԿՌՀ-ներ, որոնք իրենց որակով չեն զիջում նույն ռուսական զինտեխնիկային»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Այնպես որ լավ կլինի, որ Հայաստանը կարողանա ձեռք բերել չինական նորագույն AR1A համակարգերից, եթե նույնիսկ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէր, ու դեռ չունենք այդպիսի համակարգեր:

 

Պետական բյուջեն կատարվել է ավելի քան 51 մլրդ դրամ հավելուրդով

բյուջեՕպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ: Ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 9.6 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Տիկին Զարգարյանի պարզաբանմամբ, քանի որ 7 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ յոթ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 76.8 և 71.5 տոկոսով:

Պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.6%‑ով կամ 99 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա յոթ ամիսներին  պետական գանձարանը համալրվել է 570.2 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.6%‑ով կամ 93.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների,  մաքսատուրքի և եկամտային հարկի, որը բաղկացած է նախկին եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, աճով:

Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետն այս անգամ նույնպես հավաստեց, որ   պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի,  պետական մարմինների կողմից ստանձնած  պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով կատարված են: ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1%‑ով կամ շուրջ 36.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Նշված ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 515.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա յոթ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.5%-ով կամ 35.9 մլրդ դրամով:

Գ. Զարգարյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Պոռնոյի ու Աստվածաշնչի համար գնդակահարել են Կիմ Չեն Ինի նախկին ընկերուհուն

kim-jong-un_2655850bԿԺԴՀ-ից ցնցող լուրեր են ստացվում.երգչուհի Հեն Սոլ Վոլին, որը ոչ պաշտոնական տվյալներով Կիմ Չեն Ինի նախկին  սիրելին էր, գնդակահարել են Ինհասու երգչախմբի մյուս արտիստների հետ: Նրանց մեղադրել են պոռնոգրաֆիական ֆիլմում նկարահանվելու մեջ ու մահապատժի ենթարկել:

Տեղեկությունը փոխանցել են հարավկորեական ԶԼՄ-ները հղում անելով չինական աղբյուրներին: Ըստ նրանց  տեղեկությունների, երգչուհի Հեն Սոլ Վոլը և 11 երաժիշտներ գնդակահարվել են օգոստոսի 20-ին: Դրա համա առիթ է ծառայել Չինաստանում իբր հայտնաբերված պոռնոֆիլմերը, որոնց նկարահանումներին մասնակցել են նաև այդ երաժիշտները: Բացի այդ, իբր, երաժիշտների տանը հայտնաբերվել են Աստվածաշնչի օրինակներ, ինչն, ամենայն հավանականությամբ, նպաստել է դատավճռի խստացմանը:

Ոմանք ենթադրում են, որ երաժիշտները կապված են եղել Կիմ Չեն Ինին հակադիր հարավկորեական ճամբարի քաղաքական էլիտայի հետ: Բացի այդ, հաշվի առնելով, որ Կիմ Չեն Ինի ներկայիս կինը` Լի Սոլ Յուն նույնպես Ինհասու նվագախմբից է եղել, հնարավոր է, որ այդ գործում անմիջական դեր է խաղացել:

Առաջին անգամ հյուսիսկորեական առաջնորդի սիրուհու անունը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նա ամուսնանում էր: Հայտնի է, որ Հեն Սոն Վոլը Կիմ Չեն Ինի հետ հանդիպում էր ավելի քան 10 տարի, սակայն առաջնորդի հայրը պնդեց դադարեցնել այդ հարաբերությունները: Դրանից հետո, շշուկների համաձայն, երգչուհին ամուսնացել է հյուսիսկորեացի գեներալներից մեկի հետ, որդի ունեցել ու հեռացել երկրից:

Այսօր միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրն է

միջուկային զենքՄիջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի չորրորդ ամենամյա միջազգային օրվա համաշխարհային տոնակատարությունը տեղի կունենա 2013 թ. օգոստոսի 29-ին` հինգշաբթի օրը:  Օրը կարևորում է ՄԱԿ-ի և դաշնակիցների  աճող համայնքի, այդ թվում`անդամ-պետությունների, միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, գիտական ​​հաստատությունների, երիտասարդական միությունների և ավելի անվտանգ ու ապահով աշխարհ ունենալու համար միջուկային զենքի փորձարկման արգելքի կարևորության մասին տեղեկացնող և ուսուցանող ԶԼՄ-ների ջանքերը:

Միջոցառումները` գիտաժողովներից և համագումարներից մինչև  ցուցահանդեսներ, ինչպես ակնկալվում է, տեղի կունենան ողջ աշխարհում` հրավիրելով ուշադրությունը միջուկային զենքի փորձարկման պայթյունների և մարդկանց ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների, ինչպես նաև բոլոր միջուկային զենքերը և դրանց փորձարկումները իսպառ վերացնելու անհրաժեշտության վրա:

Օրը, այն է` օգոստոսի 29-ը, որպես միջուկային զենքի փորձարկմների դեմ պայքարի ամենամյա հիշատակի օր ընտրվել է Գլխավոր ասամբլեայի կողմից, քանզի 1991 թ. նույն օրը մշտապես փակվեց Սեմիպալատինսկը` Ղազախստանում գտնվող աշխարհի խոշորագույն փորձարկումների վայրը: Այս տարի սեպտեմբերի 5-ին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում` Հոգաբարձուների խորհրդի պալատում, ոչ պաշտոնական հանդիպման ձևաչափով տեղի կունենա Գլխավոր ասամբլեայի նախագահ պրն. Վուկ Երեմիչի կողմից կազմակերպված տոնակատարություն, այդ թվում` Ղազախստանի Հանրապետության Մշտական ​​առաքելության հետ համատեղ հրավիրված բարձր մակարդակի կլոր սեղան:

Գլխավոր ասամբլեայի նախագահը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար պրն. Բան Կի Մունը, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ և Արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար պրն. Ասետ Իշեկեշևը, ինչպես սպասվում է, հանդիպմանը հանդես կգան բացման խոսքով: Տոնակատարությունը մեծապես ուղղված կլինի` հրավիրելու աշխարհի ուշադրությունը միջուկային զենքերի վերացմանը և միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակին:

Բացման արարողությանը կհաջորդի բարձր մակարդակի կլոր սեղան` «Ճանապարհ դեպի զրո. ՄԱԿ-ի դերը միջուկային զինաթափման և չտարածման գործում» թեմայով: Հրավիրված խոսնակների թվում են  ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ տիկին Անգելա Կանեն, ՄԱԿ-ում  Ավստրիայի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մարտին Սաջդիկը, Միջուկային զենքի  փորձարկումների արգելման hամապարփակ դաշնագրի նախապատրաստական հանձնաժողի գործադիր քարտուղար, դոկտոր Լասինա Զերբոն, ՄԱԿ-ի Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենի ներկայացուցիչ պարոն Ջեֆրի Շոուն, ինչպես նաև, «Բժիշկները սոցիալական պատասխանատվության համար» կազմակերպության անմիջականորեն նախկին նախագահ և համատեղությամբ Հյուսիսային Ամերիկայի փոխնախագահ «Աշխարհի բժիշկները միջուկային պատերազմի կանխման համար» կազմակերպության փոխնախագահ դոկտոր Էնդրյու Ս. Կանտերը: Կլոր սեղանի մասնակիցները կանդրադառնան որոշ առանցքային հարցերի, ինպիսիք են միջուկային զինաթափման և չտարածման գործում հետագա առաջընթացի համար անհրաժեշտ քայլերը, միջուկային զենքից զերծ հավելյալ գոտիների հիմնումը և վստահության կառուցումը: Կլոր սեղանը կվարի ՄԱԿ-ում Կոստա Ռիկայի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Էդուարդո Ուլիբարին:

Օրվա տոնակատարության կապակցությամբ «Խաղաղությունը՝ հիմա. վերացնել միջուկային փորձարկումները և զենքերը» խորագրով ցուցահանդեսը, որ կազմակերպվել է ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ​​առաքելության կոզմից`ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ, ևս տեղի կունենա սեպտեմբերի 4 – 8-ը` ՄԱԿ-ի նյու-յորքյան գրասենյակում: Այս ցուցահանդեսին կներկայացվեն աշխարհահռչակ ղազախ նկարիչ պրն. Կարիպբեկ Կույուկովի նկարները, ով, լինելով միջուկային ճառագայթման հետևանքների զոհ, նկարում է միմիայն ոտքերով: Նրա արվեստը պատկերում է մարդկային ոգու հաղթանակը միջուկային զենքի փորձարկման սարսափների նկատմամբ: Նա նշանակվել է Ղազախստանի «Փորձարկումները կանխելը մեր առաքելությունն է» ծրագրի դեսպան և համընդհանուր ճանաչում է ձեռք բերել միջուկային զենքի իսպառ վերացմանն ուղղված իր նպատակասլաց և անխոնջ քարոզների շնորհիվ: Ցուցահանդեսը կբացվի 2013 թ. սեպտեմբերի 4-ին` չորեքշաբթի օրը, ժամը 18:00-ին:

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է միջուկային զենքի տարածումը կանխող հիմնական  պայմանագրերին: Հայաստանը Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագիրը ստորագրել է 1996 թ. հոկտեմբերի 1-ին, իսկ վավերացրել՝ 2006-ի հուլիսի 12-ին: Այս պայմանագիրն արգելում է միջուկային պայթյունները՝ բոլորի կողմից և ցանկացած տեղ՝ Երկիր մոլորակի մակերևույթին, մթնոլորտում, ջրի կամ գետնի տակ, լինի դա ռազմական թե խաղաղ նպատակներով: Պայմանագիրն ունի ստուգման յուրահատուկ և համապարփակ ռեժիմ՝ հավաստիանալու համար, որ միջուկային ոչ մի պայթյուն չմնա չհայտնաբերված: 337 մշտադիտարկման կայաններով և բարձր տեխնոլոգիաներով զինված բարդ համակարգը տեղակայված է աշխարհի 89 պետություններում: Հայաստանում է տեղակայված է Օժանդակ սեյսմիկ կայանը, որը գտվում է Գառնու շրջանում:

Հայաստանի խորհրդարանն ընդունել է Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրն ընդունելու բանաձևը 1991 թ. սեպտեմբերի 24-ին՝ Անկախության հռչակագրի՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին ընդունումից երեք օր հետո: Հայաստանի Հանրապետությունը 2004 թ. հունիսի 24-ից հանդիսանում է նաև Համակողմանի երաշխիքային պայմանագրի (Լրացուցիչ արձանագրությունների) անդամ: 1993 թ. Հայաստանը միացավ Ատոմային էներգայի միջազգային գործակալությանը՝ որպես միջուկային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործող երկիր:

Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը` սահմանված Գլխավոր ասամբլեայի 64/35 որոշմամբ, ապա ներկայացված Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ, առաջին անգամ նշվել է 2010 թվականին`խթանելու այն գաղափարը, որ «ամեն ջանք պետք է գործադրվի` միջուկային զենքի փորձարկումներին վերջ դնելու և մարդկային կյանքերի վրա ունեցած կործանարար ու վնասակար ազդեցությունը կանխելու համար… և, որ միջուկային զենքի փորձարկումների վերջը միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակին հասնելու հիմնական միջոցներից մեկն է»:

Կառավարությունը հնարավորություն կստանա զսպել ուսման վարձի աճը

10639_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը, այն է` առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը` առավել հասցեական և արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը: Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաև կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը, այն է` կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ։ Այսօր այդպիսի հնարավորություն մենք չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձևով և չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգել և հստակ ազդակներ հաղորդել նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաև հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ։ Դրա համար կարծում եմ, որ սա արդիական որոշում է»:
Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները:

Կենսաթոշակի վճարումը կարգավորվել է

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա իրողություններին` ապահովելով այն կենսաթոշակառուների իրավունքների իրականացումը, ովքեր կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են դիմել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություն չկա): Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է մամուլի միջոցով կենսաթոշակառուներին տեղեկացնել, թե ինչ աշխատանք է կատարվել վերջին ամիսներին, որպեսզի թոշակի ուշացում այլևս չլինի:
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգը, որով նախատեսվում է այդ տեղեկությունները փոխանակել առցանց, ինչն էապես կհեշտացնի դրանց ստացումը և ավտոմատ մշակումը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության կայքում ևս ստեղծվել է հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն և հարկ վճարողներին կոչ արել օգտվել այդ բացառիկ հնարավորությունից:
ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի իրականացման համար հատկացրել է մոտ 49 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2013 թ. ծրագիրը հաստատելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ: ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործումն ու ծրագրային ցուցանիշների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրամաշնորհների հատկացման պայմանագրեր կնքել կառավարության հիմնադրած տնտեսվարող սուբյեկտների հետ: Որոշմամբ ձեռնարկվել են ծրագրային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները հստակեցնելու քայլեր:
Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք փաստաթղթերի, պայմանագրերի, նամակների, որոնց նախագծերը քննարկվել են ՀՀ միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ: Դրանք ՀՀ կողմից ստորագրելու նպատակով համապատասխան լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Իր նիստում կառավարությունը փոփոխել և լրացրել է ՀՀ օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության` նախկին որոշումներից մեկով հաստատած կարգը, որով հստակեցվում է տեսահսկման սարքավորումների կիրառման ընթացքը և հնարավորություն ընձեռվում ավելի հուսալի դարձնել օդանավերի և օբյեկտների պահպանությունը:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը սահմանել է, որ այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված ծառայողների թվաքանակը ՀՀ ՊՆ յուրաքանչյուր զորամասում չի կարող գերազանցել տվյալ զորամասի զինծառայողների ընդհանուր թվաքանակի երեք տոկոսը:

Կվերացվեն օրենքով ամրագրված ձևակերպումների տարընթերցումները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը, օրենքից հանել «գենդեր», «գենդերային» և համանման այլ հասկացությունները: Սույն օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն, ըստ կառավարության եզրակացության, խնդրին առավել համապարփակ լուծում կտա արդեն իսկ հավանության արժանացած օրինագիծը, ուստի գործադիրը դեմ է արտահայտվել պատգամավորի առաջարկին:
Կառավարությունը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, նպատակ, որին կառավարությունը մտադիր է հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:
Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերը:
Վերը նշված օրինագծերը և կառավարության որոշումները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՊԿ ակադեմիային շենք է տրամադրվում

ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը, որի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չէ, լուծարվել է. շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմադրամին:
Մեկ այլ որոշմամբ 10 տարով երկարաձգվել է Ուկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղին հատկացված տարածքի օգտագործման պայմանագրի ժամկետը: Նախկինում անբարվոք վիճակում գտնվող տարածքն ուկրաինական կողմի հատկացրած միջոցներով բարեկարգվել է, նորոգվել են շենքի տանիքը, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը, մասնաճյուղը կահավորվել է ժամանակակից գույքով: 2004-2012 թթ. կրթօջախը տվել է 910 շրջանավարտ, որից 83-ը` անվճար հիմունքով:
Կառավարությունը որոշել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից հետ վերցնել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և 50 տարի ժամկետով ամիսը 270 հազար դրամով վարձակալության տրամադրել «Ֆորեստ պարկ» ՍՊԸ-ին, որը նշված շենք-շինություններն օգտագործելու է զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հողատարածքի վարձակալ «Մետէքսիմ» ՍՊԸ-ին` ակնկալելով, որ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման շնորհիվ կավելանան պետբյուջեի մուտքերը:
Կառավարությունը որոշել է «Վարդենիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Վ. Համբարձումյան 5/1 հասցեում գտնվող տարածքը հետ վերցնել և օտարել մրցույթով` ավելացնելով ՏԻՄ բյուջեի մուտքերը և բարեկարգելով տարածքը:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի «Գանձաքար» կինոթատրոնի շենքն ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվի Գանձաքարի համայնքին, որը մտադիր է շենքը նորոգել և օգտագործել որպես մշակութային օջախ:
Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտին հասցնելու և ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար գործադիրը հատկացրել է մոտ 9 մլն դրամ: Մոտ 30 մլն դրամ է հատկացվել մայրաքաղաքի Ա. Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոցի համար գույք և սարքավորում ձեռք բերելու նպատակով:

Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը կշնորհվի նոր ընթացակարգով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Նախագահի` Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու հրամանագրում փոփոխություններ կատարելու նախագծին, որով կկարգավորվի մրցանակի թեկնածուի ընտրության գործընթացի պատշաճ կազմակերպումը, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի լիակատար մասնակցությունը դրա աշխատանքին: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ:
Իր նիստում կառավարությունը որոշել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ակնկալվում է, որ օդանավակայանի գործարկման շնորհիվ ավելի արդյունավետ կլուծվեն արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման հարցերը:
ՀՀ կառավարությունը նոր ենթակետով է լրացրել անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձաչափերը հաստատելու իր նախկին որոշումը: Լրացումը հնարավորություն կտա դյուրացնել անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը, նպաստել անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, ընդլայնել առանց փորձաքննության գրանցվող անասնաբուժական դեղամիջոցների ցանկը:

Իրականացվում է Երևանի կառուցապատման ծրագիրը

ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ: Սույն որոշման նպատակը նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ:
Հաջորդ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5.5 մլն դրամ:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 15-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: 2001 թ. հունիսի 11-ին կնքված նամակ-համաձայնագրի և կատարված 14 լրացումների համաձայն ՀՀ կառավարությանը հատկացվել է շուրջ 18 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական աջակցություն:
Կառավարության որոշմամբ Երևանի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:

ԱՄՆ ուժերի դեմ` կամիկաձե օդաչուների խումբ

i (2)Սիրիայի իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլի դիմել` ԱՄՆ ԶՈՒ հարձակումը կասեցնելու համար, ընդհուպ` կամիկաձե-օդաչուների:

“Եթե մենք չկարողանանք դիմադրել թշնամական ավիացիային, ապա մեզ կօգնեն այն օդաչուները, որոնք պատրաստ են հակառակորդի ինքնաթիռները խոյահարել”,-նշել է Դամասկոսի ՀՕՊ հենակայանի սպաներից մեկը:

Նրա խոսքով, արդեն ստեղծվել է “կամիկաձե-օդաչուների խումբ` 13 հոգուց”:

Բացի այդ, կան նաև 8 հազար մահապարտներ, որոնք ցանկացած պահին կարող են  զոհվել` թշնամու ագրեսիան կասեցնելու համար:

Նյույորքյան մզկիթները` ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

i (1)Նյու Յորքի ոստիկանությունը քաղաքի մզկիթները հավասարեցրել է ահաբեկչական կազմակերպություններին, ինչը թույլ է տալիս դրանք հսկողության տակ վերցնել:

Քաղաքի ոստիկանության կարգադրության համաձայն, օրենքի պահապաններն այսուհետ կարող են մահմեդական հիմնարկներում սարքավորումներ տեղադրել ու իրենց գործակալներին ուղարկել այնտեղ:

Բացի այդ, օրենքը հիմա թույլ է տալիս ցանկացած ծխականի նկատմամբ հետաքննություն սկսել:

Պաշտոնյան աշխատանքի ժամանակ խաղալու համար տուգանվել է

iՃապոնացի պաշտոնյան Սենան քաղաքի ադմինիստրացիային պետք է վերադարձնի 7,6 հազար դոլար` ծառայողական համակարգչով 281 ժամ խաղաթղթով զբաղվելու համար: Ընտրահանձնաժողովի ղեկավարն աշխատանքի ժամանակ այնքան է տարվել խաղով, որ դա նկատել է քաղաքապետարանի աշխատակիցն ու հայտնել կադրերի բաժին: Հետաքննությամբ պարզվեց, որ նա խաղալու վրա 281 ժամ է ծախսել:Այդ ժամերը վերածելով աշխատավարձի` ստացվել է 760 հազար իեն (մոտ 7,6 հազար դոլար):

Սենան քաղաքի ադմինիստրացիան պաշտոնյային պարտավորեցրել է վերադարձնել գումարն ու 2 ամսվա աշխատավարի 10%-ը պահել է: Ադմինիստրացիայի տեղեկացմամբ, սովորաբար համակարգչային խաղերը հեռացվում են բոլոր աշխատանքային համակարգիչներից: Այս պաշտոնյայի դեպքում,անսարքության պատճառոոով  փոխել են համակարգիչը, սակայն մոռացել են խաղերը ջնջել:

Շիրակի մարզի դատախազին մեղադրանք չի առաջադրվել

հքծՇիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որևէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: Վերն հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Դատախազի գործը` ՀՔԾ-ում» վերնագրով հոդվածում ապատեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ դատախազի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
«Անկախ»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը նշեց, որ  Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նա որպես մեղադրյալ չի ներգրավվել:

Լիտվան հետ է կանչել Ադրբեջանում և Հունգարիայում երկրի դեսպաններին

2Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հետ է կանչել Ադրբեջանում և Հունգարիայում երկրի դեսպաններին: Պատճառը ինտերնետում տարածված հեռախոսազրույցն է:

YouTube-ում անգլերեն տիտրերով ձայնագրություն էր դրվել, որում նշվել է, որ խոսում են երկու դիվանագետներ: Ենթադրաբար զրուցում են ԱԳՆ “Արևելյան համագործակցության” քաղաքականության վարչության փոխտնօրեն Զենոնաս Կումետայտիսն ու Հունգարիայում դեսպանատան աշխատակից Ռենատաս Յուշկան:
Նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, Ղարաբաղյան հակամարտությունը, Լիտվայի սեիմում ԼՂՀ հետ բարեկամության խումբ ստեղծելու հարցը:

Բռնություն` ոստիկանության աշխատակցի նկատմամբ

ոստիկանՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը` 2013 թվականի օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում վերջինիս կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Արգիշտի Կիվիրյանն իր հերթին հիվանդանոցում հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցն իրեն ծեծի է ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է:

Կանխատեսելի էին ԱՄՆ ռազմաքայլերը Սիրիայի ուղղությամբ

syria-usa-mideast-plan1Արդեն տևական ժամանակ է, ինչ Արևմուտքի` հատկապես ԱՄՆ–ի կողմից շրջանառվում են մտքեր, թե իբր Սիրիայում կառավարական զորքերը գրոհայինների ու նրանց աջակցող խաղաղ ազգաբնակչության դեմ քիմիական զենք են կիրառել: Դեռևս հունիսին ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել էր, թե փաստեր ունի ապստամբ ուժերի դեմ կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

 Բաշար Ալ Ասադի վարչակարգն էլ պնդում էր, թե ապստամբ ուժերն են քիմիական զենք կիրառել կառավարական զորքերի դեմ: Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ին առաջարկել էին հանձնաժողով գործուղել Սիրիա` հետաքննելու, թե ով ու երբ է քիմիական զենք կիրառել այնտեղ: Այդ առաջարկությունը ՄԱԿ-ն ընդունել էր դեռևս հուլիսին, բայց բանակցություններ էին ընթանում ստուգումների անցկացման մանրամասների կապակցությամբ: Երկու շաբաթ տևած բանակցություններից հետո սիրիական իշխանություններն օգոստոսի սկզբին համաձայնության էին եկել ՄԱԿ-ի հետ երկրում քիմիական զենքի առկայության ուսումնասիրման հարցում: Ըստ ձեռք բերված համաձայնության` ՄԱԿ-ի աշխատակիցները Սիրիայում կարող են մնալ 14 օր` դրանք երկարացնելու հնարավորությամբ, երկու կողմերի միջև նախապես համաձայնեցնելուց հետո:

Եթե քիմիական զենքի օգտագործումը հաստատվի, ապա ԱՄՆ իշխանությունները մտադիր են ռազմական միջամտություն կիրառել Սիրիայի նկատմամբ: Այդ նպատակով, ինչպես նշվեց համաշխարհային մամուլում, Միջերկրական ծովից Սիրիայի ափերին են մոտենում ամերիկյան ռազմանավերը, Պենտագոնն էլ Սպիտակ տանն էր ներկայացրել Սիրիայի դեմ ռազմական հարված իրականացնելու տարբեր սցենարներ… Ինչպես նշվում է, Սպիտակ տունը մտադիր է բավարարվել երկօրյա հրթիռակոծմամբ, որը դաստիարակչական բնույթ է կրելու:

Այս տարբերակը միաձայն ընդունվել է Սպիտակ տան բոլոր ներկայացուցիչների կողմից, քանի որ ԱՄՆ-ն չի ցանկանում տևական պատերազմական գործողություններ ծավալել Սիրիայում, սակայն չի էլ թողնի, որ «Սիրիայի կառավարությունը կամայական գործողություններ  կատարի խաղաղ բնակչության նկատմամբ»:

Նշենք, որ չնայած ՄԱԿ-ի փորձագետները դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեն արել, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին` պնդելով, թե «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»:

Թե ինչ անհերքելի «փաստեր» կան, դեռևս անհայտ է, սակայն մեկ այլ անհերքելի փաստ կա, որին չի կարելի ուշադրություն չդարձնել: Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չէր տալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտելուն: Դա էին վկայում սոցիոլոգիական հարցումները, որոնք համատեղ իրականացրել էին Reuters-ը և Ipsos-ը ապրիլի 26-ից մայիսի 1-ը:

Հարցվածների 61%-ը դեմ էր ԱՄՆ ինտերվենցիային: Հակառակն էր ցանկանում 10%-ը: Բայց այն դեպքում, երբ Դամասկոսը քիմիական զենք կիրառի, այդ թիվը, ըստ հարցումների, կհասնի 27%-ի: Ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն հայտնեց միջամտել Սիրիայի իրադարձություններին միայն այն դեպքում, երբ անհերքելի փաստեր լինեն այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին: Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները համարյա ամեն շաբաթ հայտարարում են, թե կառավարությունը քիմիական զենք է կիրառել, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս չի ապացուցվել: 

Մեկ դար` նույն սցենարով

ԱՄՆ հայտարարությունները քիմիական զենքի կիրառման մասին և պատրաստակամությունը` «պաշտպանելու Սիրիայի  խաղաղ ազգաբնակչությանը», ինքնըստինքյան ԱՄՆ-ի պատմությանը հետադարձ հայացք ձգելու կարիք են առաջացնում:

XX դարասկզբին ԱՄՆ-ն հասցրեց մի քանի ֆինանսական համակարգեր ստեղծել ու վերացնել, որոնց հիմքում բանկիրների կողմից խորամանկորեն առաջարկված նույն ԿԲ-հիմքի վրա գործող համակարգերն էին: Վերջապես 1913 թ. ընդունվեց «Ֆեդերալ ռեզերվ» ստեղծելու մասին բանկիրների համաձայնագիր, որը ներկայացվեց կոնգրես ու հաստատվեց: Պետք է հասկանալ, որ «Ֆեդերալ ռեզերվը» մասնավոր բանկ է, որն ունի դրամ հատելու մենաշնորհ և  պետությանը տոկոսով փող է տալիս: Այս համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել փողի հետ կապված ամեն ինչ, հետևաբար նաև ամբողջ պետությունը:

Բայց մարդկանց կառավարման մեկ այլ միջոց էլ համարվում է պատերազմը: Հատկանշական է, որ 1913 թ. «Ֆեդերալ ռեզերվի» ստեղծումից հետո մի շարք խոշոր ու փոքր պատերազմներ են սանձազերծվել: Դրանցից ամենանշանակալին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն են, Վիետնամական պատերազմը և այլն:

1914 թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ամերիկացիները չէին ուզում խառնվել այդ զինված հակամարտությանը, և ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարեց չեզոքության մասին: Սակայն կուլիսների հետևում ԱՄՆ վարչախումբը փնտրում էր նույնիսկ ամենաչնչին առիթը պատերազմի մեջ մտնելու համար: Այդ ժամանակվա ԱՄն պետքարտուղար Ուիլյամ Ջենինգսն այդ իրավիճակը նկարագրել է հետևյալ կերպ. «Խոշոր բանկիրները հետաքրքրված էին պատերազմով, քանի որ այն դիտարկում էին որպես լրացուցիչ շահույթ ստանալու միջոց»:

Կարևոր է հասկանալ, որ բանկիրների համար պատերազմը  միանգամից հարստանալու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ ստիպում է պետությանը «Ֆեդերալ ռեզերվից» ավելի շատ տոկոսով փող վերցնել պատերազմական ծախսերը հոգալու համար:

Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն ու ներկայացուցիչը գնդապետ Էդուարդ Հաուսն էր: Նրա և Անգլիայի այդ ժամանակվա արտգործնախարար սըր Էդվարդ Գրեյի խոսակցության սղագրություններում, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի` պատերազմի մեջ ներքաշվելուն,  պարզ նշված է հետևյալը: Գրեյը հարցնում է Հաուսին. «Ի՞նչ կանի ԱՄՆ ղեկավարությունը, եթե գերմանական զինուժը կործանի ԱՄՆ քաղաքացիներ տեղափոխող օվկիանոսային նավ»: Հաուսը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ զայրույթի մեծ ալիք կբարձրանա ԱՄՆ-ում, ինչը բավարար պատճառ կլինի, որ ԱՄՆ-ն մտնի պատերազմի մեջ»:

Ահա 1915 թ. մայիսի 7-ին «Լուզիտանիա» նավը Էդվարդ Գրեյի ցուցումով ուղղվեց դեպի գերմանական ռազմածովային ուժերի վերահսկողության ներքո գտնվող ջրեր: Ինչպես և ակնկալվում էր, գերմանական սուզանավը տորպեդահարեց նավը, ինչի  հետևանքով զոհվեց մոտ 1200 մարդ:  Մինչդեռ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանությունը «Նյու Յորք թայմս» թերթում հայտարարություն էր հրապարակել, որ «Լուզիտանիայով» ուղևորվող քաղաքացիները մեծ ռիսկի են դիմում, քանի որ ռազմական գործողությունների վայրով անցնող ցանկացած միջոց ենթակա է կործանման զինվորականների կողմից…

«Լուզիտանիայի» կործանումը ԱՄՆ-ում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, և շուտով ԱՄՆ-ն մտավ պատերազմի մեջ: Այդ պատերազմը ԱՄՆ-ից պահանջեց մոտ 323 հազար մարդկային կյանք: Ջոն Ռոկֆելլերն աշխատեց  200 մլն դոլար` չհաշված պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 30 միլիարդանոց ծախսերը, որոնցից մեծ մասը տոկոսով վերցված էին «Ֆեդերալ ռեզերվից»` էականորեն ավելացնելով բանկիրների եկամուտները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1941 թ. դեկտեմբերի 7-ին, Ճապոնիան հարձակում գործեց Պիրլ Հարբորում տեղակայված ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի վրա, ինչը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն մտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: 60 տարվա լռությունից հետո  տեղեկատվության արտահոսք եղավ, որ Պիրլ Հարբորի վրա հարձակման մասին ոչ միայն հայտնի էր դրանից մեկ շաբաթ առաջ, այլև հենց բուն միջադեպը պրովոկացիա է եղել:

Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որի ընտանիքը Նյու-Յորքում բանկեր ուներ, իսկ հորեղբայր Ֆրեդերիկ Ռուզվելտը «Ֆեդերալ ռեզերվի» խորհրդի անդամ էր, համակրում էր բանկիրներին, իսկ պատերազմը նրանց շահերից էր բխում, քանի որ բանկիրների համար ավելի եկամտաբեր միջոց, քան պատերազմն է, չկա: Դրանից առաջ Ռուզվելտն ամեն ինչ արել է սադրելու համար ճապոնացիներին առաջինը հարվածել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ով է իրական «ագրեսորը». կրճատել, իսկ հետո արգելել է ամերիկյան նավթի մատակարարումները Ճապոնիա, սառեցրել է ԱՄՆ տնտեսության մեջ եղած ճապոնական ակտիվները, ցուցադրաբար գումարներ է փոխառել Չինաստանից և դրանք ուղարկել Անգլիա և այլն: Մինչև Պիրլ Հարբորի միջադեպն ամերիկացիների 83%-ը չի ցանկացել պատերազմի մեջ մտնել, իսկ միջադեպից անմիջապես հետո 1 մլն մարդ կամավորագրվել է բանակին:

Վիետնամական պատերազմի սցենարն էլ կարծես կրկնվում է. 1964 թ. Հյուսիսային Վիետնամին ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելու պաշտոնական մեկնաբանությամբ նշվում է, թե իբր վիետնամական սուզանավերը Տանկինի ծովածոցում հարձակվել են ամերիկյան կործանիչ նավի վրա: Այս դեպքը հայտնի է որպես «Տանկինյան միջադեպ», որը առիթ դարձավ Վիետնամում պատերազմ սկսելու համար: ԱՄՆ աղբյուրների պնդմամբ` ամերիկյան կործանիչ նավի վրա հարձակում երբեք չի եղել, այլ սադրանք է եղել, որպեսզի պատերազմ սկսելու առիթ լինի: ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան շատ տարիներ հետո հրապարակավ հայտարարեց, թե «Տանկինյան միջադեպը» սխալմունք էր, չնայած ամերիկյան մամուլում այդ միջադեպի բազմաթիվ այլ մասնակիցներ պարբերաբար հայտարարել են, որ  դա կեղծիք է, չի եղել…

Արդեն իսկ ամերիկյան իրականության մեջ բարձրաձայն ու բավականին համարձակ տեսակետներ են հնչում, որ սեպտեմբերի 11-ը նույնպես ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից երկար տարիների ընթացքում մշակված ու իրականացված օպերացիա էր: Արդյունքում ԱՄՆ-ն միանգամից երկու` ոչնչով չհիմնավորվող պատերազմներ սկսեց Իրաքում և Աֆղանստանում: Չնայած մի դեպքում ԱՄՆ-ն ասում էր, թե Իրաքում զանգվածային ոչնչացման զենք կա, իսկ Աֆղանստանում իբր Ուսամա Բեն-Լադենն էր թաքնվում:

Բայց պետք է հիշել, որ Իրաքը նախևառաջ նավթ արդյունահանող երկիր է, և երկրորդ` հիանալի ռազմաբազա նավթով հարուստ տարածաշրջանում ներկայություն ապահովելու համար, երրորդ` հենարան` Իրաքի հարևան, խոշոր նավթարդյունահանող Իրանի և Սիրիայի վրա հարձակումներ գործելու համար: Աֆղանստանն էլ միջազգային նարկոթրաֆիքի կարևորագույն ու գլխավոր հանգույցներից է:

Պատմությունը կրկնվում է

Սրանից հետո Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, նախաձեռնեցին «Արաբական գարուն» կոչվող շարժումը, որով բոլոր այն երկրներին, որոնք էներգակիրների խոշոր արդյունահանողներ են կամ կարևորագույն դերակատարություն ունեն իրենց տարածաշրջանում, բայց չեն ուզում ենթարկվել հզոր Արևմուտքի թելադրած խաղի կանոններին, հերթով չեզոքացնում են:

Շատ ենք անդրադարձել Իրանի և սիրիական ճգնաժամերին: Նշենք միայն, որ Սիրիայում, որտեղ ներկա դրությամբ ծավալվում են աշխարհաքաղաքական շահերի դիմակայության հիմնական գործողությունները, տևական ժամանակ է, ինչ «Արաբական գարունը» քնած է, ու հակամարտության ելքը դեռ չի երևում: Բազմաթիվ փորձագետներ բազմիցս նշել են, որ այս հարաբերական բալանսի վիճակը կարող է փոփոխվել միայն արտաքին միջամտությամբ: Ուստի սպասելի էր, որ մի այդպիսի միջամտություն կլինի:

Թեև, ինչպես նշեցինք, ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետքեր փնտրող հանձնաժողովականները դեռ ոչ մի լուրջ ապացույց չեն գտել, այնուամենայնիվ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները վերացնում են քիմիական հարձակման վերաբերյալ ապացույցները: «Քիմիական զենք իսկապես օգտագործվել է Սիրիայում: Եվ այն օգտագործվել է Բաշար Ասադի զորքերի կողմից: Սիրիայում գործող վարչակարգը կարող է քիմիական հարձակումներ իրականացնել`  օգտագործելով հրթիռներ»,- հավելել է պետքարտուղարը` Reuters-ի տեղեկացմամբ:

Պարզ է, որ սոցիոլոգիական հարցումների տրամաբանությանը հետևելով` ԱՄՆ ղեկավարությունը սեփական ժողովրդին նախապատրաստում է մեկ այլ պատերազմի Սիրիայում: Առավել ևս, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մոտեցել են Սիրիայի միջերկրածովյան ափերին:

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ինչպես հայտնի է, Սիրիայի արևմտյան` Միջերկրական ծովին հարող ափերը այժմ գտնվում են ռուս զինվորականների վերահսկողության ներքո, այնտեղ են գտնվում ռուսական նյութատեխնիկական ապահովման բազաները,այլ ռազմաբազաներ ևն: Այսինքն` ռուս զինվորականները, թեև անմիջական մասնակցություն չունեն սիրիական հակամարտությունում, սակայն ֆիզիկապես ներկա են Սիրիայում: Ու եթե Սիրիայում հնարավոր պատերազմական գործողությունների ընթացքում նույնիսկ մեկ ռուս զինվորի կորուստ լինի, դիտավորյալ կամ միտումնավոր ռուսական ռազմաբազային ինչ-որ կերպ վնասվի. ապա այդ հանգամանքը Ռուսաստանի ռազմական միջամտության անմիջական պատճառ կդառնա:

 

 

Կոմիտաս 5-ի պայքարն ու գայլերի վերածված կարմիր գլխարկները

Komitas st.Մեծ զգուշավորություն, բարձր վարպետություն և նիհար կազմվածք է պահանջվում Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքի արգելապատնեշի արանքով հարակից շենքի բակ մուտք գործելու համար:

Առաջին հերթին սկսում ես մտածել այդ շենքի բնակիչների մասին, թե տարիներ տևող շինարարության ժամանակ որքան անհարմարություն է ստեղծվելու նրանց համար, չհաշված ֆորսմաժորային իրավիճակները: Մի խոսքով, առաջին հայացքից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բնակիչների խնդիրներն անպակաս են:

Արգելապատնեշի անցքից երևում էր փորված հսկայական փոսը, որտեղ մի էքսկավատոր էր կանգնած` առանց էքսկավատորավարի: Օգոստոսի 24-ի իրադարձություններից հետո շինարարությունը դադարեցվել է:

Այդ պահին կողքի բակով անցնում էր Կոմիտաս 5ա-ի բնակիչներից մեկը` Միշա Գալոյանը, որն այդ հասցեում է ապրում 1966 թվականից:

Ասաց, որ օգոստոսի 27-ին մի խումբ բնակիչների հետ ինքն էլ է մասնակցել Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Արաբկիրի թաղապետը: Նրա խոսքով` հանդիպման նպատակն իրենց համոզելն էր, բայց չստացվեց: «Մեզ ասում են` շինարարությունն օրենքի սահմաններում է: Այո, իրե՛նց օրենքի սահմաններում: Իսկ մենք արդեն ոչ ոքի չենք հավատում: Լուրեր են տարածում, թե բնակիչները համաձայնել են, կոմպրոմիսի են գնացել, բայց դա այդպես չէ: Արդեն երկու տարի է` մենք դատարաններում ենք, ամեն տեղ դիմել ենք` ոչ մի արդյունք:

Բնակիչները չեն պատրաստվում զիջել և շարունակելու են պայքարը ապօրինի շինարարության դեմ` թույլ չտալով փակել իրենց արևի լույսը, վտանգել իրենց շենքերի սեյսմակայունությունն ու հանդուրժել քաղաքաշինական նորմերին հակասող, ապօրինի շինարարությունը:

Զարմանալին այն է, որ մի կողմից` Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը փորձում են սիրաշահել ժողովրդին, բանակցել, հրավիրել քննարկումների, մյուս կողմից` ոստիկանության աշխատակիցները շարունակում են բերման ենթարկել ակտիվիստներին և նույն բնակիչներին:

231349731369469747Նախախորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Խզմալյանը, որը Կոմիտաս 5-ի իրադարձությունների ամենագործուն անձանցից է, «Անկախի» հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 27-ին` առավոտյան 8:30-ի սահմաններում, նախախորհրդարանի աջակիցներից 63-ամյա Սահակ Պողոսյանը գնացել է տեսնելու, թե ինչ իրավիճակ է տարածքում, և նրան անձամբ ձերբակալել է Արաբկիրի փոխոստիկանապետ, իր սադիստական և սեքսուալ խայտառակ պահվածքով հայտնի փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը: Իսկ երբ բնակիչներից մեկը` 83-ամյա Վանիկ Հովհաննիսյանը, մոտեցել է, որ պարզի` ինչու են նրան ձերբակալում, նրան նույնպես բերման են ենթարկել: Նույն օրը տներից ձերբակալել են նաև երեք երիտասարդ ակտիվիստների: «Սա ճնշում է, ահաբեկչություն, որը ոչ մի օգուտ չի բերելու, ընդհակառակը, մարդիկ ավելի են մոբիլիզացվելու, իսկ իշխանության և հասարակության միջև անջրպետն ավելի է խորանալու»:

Ընդհանուր առմամբ Կոմիտաս 5-ի իրադարձությունները Տիգրան Խզմալյանը համարում է ընդամենը մի մանրակերտ, որտեղից երևում է շատ ավելի խորքային գործընթաց.  «Մարդիկ փոխվել են, և դա այլևս անվերադարձ է»,- համոզված է նա:

Նրա դիտարկմամբ` քաղաքացիական հասարակությունը` ժողովուրդը, գիտակցել է մի քանի կարևոր բան. ոչ ոք չի ներկայացնում ժողովրդի շահերը, և անհրաժեշտ է ինքնակազմակերպվել ու ինքնապաշտպանվել:

Իսկ ինքնակազմակերպվելն ու ինքնապաշտպանվելը Հայաստանի համար ամենևին էլ նոր փորձություն չէ, ընդհակառակը` Հայաստանն այդ առումով լուրջ փորձ ունի: «1988 թվականին` Խորհրդային Միության վերջին տարիներին, հեղափոխական և ժողովրդավարական շարժումների ներկայացուցիչները Ռուսաստանից, Ուկրաինայից, Մերձբալթիկայից Երևան էին գալիս ուսումնասիրելու դիմադրության մեր փորձը և դասեր էին քաղում: Հայաստանը ոչ միայն ժողովրդավարության կղզյակ էր, այլև փարոս բավականին մեծ տարածաշրջանի համար: Բայց, ցավոք, այդ ընդվզումից հետո 25 տարի շարունակ Հայաստանում տեղի ունեցավ նահանջ, որը նախ և առաջ վերաբերում է ժողովրդավարությանը»:

Թվում էր, թե ժողովուրդը թևաթափ է եղել, սակայն վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին հակառակը: Ըստ Խզմալյանի` այսօր վերջնականապես տապալվել է ավանդական քաղաքական ներկայացուցչության համակարգը` կուսակցական կյանքը, և հասարակությունը կորցրել է հետաքրքրությունն ու վստահությունը քաղաքական կուսակցությունների հանդեպ: Իսկ քաղաքական կոլապսը լցվել է քաղաքացիական հասարակության շարժումներով:

Ասպարեզ են եկել քաղաքացիական շարժումներ ու խմբեր, որոնք օրեցօր շատանում են, և Խզմալյանի խոսքով` առաջիկայում բողոքի ակցիաներ են սկսվելու նաև «կարմիր գծերի» (վճարովի ավտոկայանատեղիների) դեմ: «Հակաօրինական ու հակասահմանադրական է, որ տուրքի 70 տոկոսը գնա մասնավորի գրպանը: Փաստորեն, ողջ հասարակությունը դառնում է 1-2 մարդու անթաքույց հպատակը»:

Եվ կրկին, անդրադառնալով Կոմիտաս 5-ին` քաղաքացիական ակտիվիստը ևս մեկ անգամ շեշտում է, որ դա ընդամենը մի փոսի պատմություն չէ: Ինչպես բնակիչներն են ասում, այդ փոսով իշխող համակարգը փորում է իր գերեզմանը. «Մի քանի օրում բնակիչների նեղ, բակային խնդիրը վերածվեց համաքաղաքային, իսկ այսօր արդեն` համազգային խնդրի, քանի որ այդ մասին գրում են նաև սփյուռքի հայկական օջախներում: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ իշխանությունը կորցրել է իր ամենակարևոր լծակը` տեղեկատվական մենաշնորհը, և համացանցի միջոցով մեզ հաջողվում է պարտության մատնել իշխանությանը տեղեկատվական ճակատում»:

Ինչ վերաբերում է հասարակություն-ոստիկանություն հակամարտությանը, ապա նա հիշեցնում է, որ 25 տարի առաջ հայ ժողովուրդը գործ է ունեցել Սովետի պես գերտերության բանակի և ոստիկանության հետ, որը շատ ավելի դաժան էր. «Այսօր մենք գործ ունենք մեր տղաների հետ, որոնց մեջ, իհարկե, կան սադիստներ ու տականքներ, բայց ճնշող մեծամասնությունը մեր ազգի զավակներն են, որոնք բոլորովին էլ երջանիկ չեն այն սարսափելի դերից, որը իրենց վերապահված է»:

komitas_5_2Իսկ Կոմիտաս 5-ում ամեն ինչ սկսվեց հենց նրանից, որ ակտիվիստները տեսան, թե ինչպես են շինարարության դեմ պայքարում 15-16 տատիկ ու մի քանի երիտասարդ կին` փորձելով դիմակայել շինարարների, ոստիկանների բռի և կոպիտ ուժին: «Ես ո՛չ փաստաբան եմ, ո՛չ շինարար, ո՛չ ճարտարապետ և չեմ պատրաստվում մտնել բարդ, մասնագիտական վեճի մեջ, դա իմ գործը չէ: Որպես քաղաքացիական ակտիվիստի` իմ գործն է պաշտպանել քաղաքացիների, մարդու իրավունքներն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բայց աբսուրդն այն է, որ ես նրանց պաշտպանում եմ Հայաստանի ոստիկանությունից, հատուկ ջոկատայիններից, կարմիր բերետավորներից: Այսինքն` կարմիր գլխարկը դարձել է գայլ և հարձակվում է տատիկների ու աղջիկների վրա: Իմ մանկության հեքիաթում գայլը գայլ էր, կարմիր գլխարկը` կարմիր գլխարկ: Հիմա կարմիր գլխարկով գայլեր են…:

Գայլերը կհոշոտե՞ն կարմիր գլխարկին ու նրա տատին, թե՞ որսորդները նրանց կփրկեն, ցույց կտա ապագան, սակայն ակնհայտ է, որ պատմությունն այդքանով չի ավարտվի, քանի որ Կոմիտաս 5-ի իրադարձությունները շղթայական ռեակցիայի էֆեկտով զանգվածային դառնալու միտում ունեն:

Հասարակական տրանսպորտը աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)

5   Թուրքական «CNN Türk»-ը հրապարակել է մի հետաքրքիր ֆոտոշարք, որտեղ պատկերված են աշխարհի տարբեր երկրներում հասարակական տրանպորտի տեսակները, այն խնդիրները, որոնց բախվում են դրանցից օգտվող քաղաքացիները: Մինչ մենք բողոքում ենք մեր մայրաքաղաք Երևանում հասարակական տրանպորտի անհարմարություններից, տեսնենք, թե այն ինչ վիճակում է գտնվում միլիոնանոց քաղաքներում, ինչպես նաև աշխարհի քիչ զարգացած շրջաններում:

Հետաքրքրական է, որ մեր մոլորակի տարբեր մասերում մարդիկ ունեն ճիշտ միևնույն խնդիրները, որոնց հանդիպում ենք նաև մենք մեր առօրյա կյանքում: Լուսանկարներում կարելի է տեսնել երթևեկության կատվածահար վիճակը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, գնացքից կախված ուղևորներ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, Քենիայում, բազմամարդ ավտոբուսները հնդկական Մումբայում, փոխադրման անսովոր միջոցները Բանգլադեշում և ոչ միայն:

Ատոմ Մխիթարյան. «Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է»

kobuleti«Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով:

«Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռևս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն երիտասարդական ծրագրերի հնարավորությունների կամ տարածաշրջանային համագործակցության մասին: Երիտասարդության շրջանում դեռևս պետք է մշակվեն հանրային դիվանագիտության մեխանիզմեր: Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Երիտասարդական երկխոսությունը զարգացնելու և տարածաշրջանում վստահությունն ուժեղացնելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնությունը /FYCA/ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, DRONI վրացական երիտասարդական ու Free Youth Association ադրբեջանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ աջակցում է ակտիվ երիտասարդական խմբերին կամ նախաձեռնություններին, ի մասնավորի տարածաշրջանում որպես հանրային դիվանագետներ հանդիսացող երիտասարդներին: Երիտասարդությունը խաղաղաշինության գործընթացում կարևոր դերակատարում ունի: Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդական ծրագրերի, երիտասարդական ՀԿ-ների զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով, և ներառել նրանց տարածաշրջանի հանրային դիվանագիտության գործընթացներում:

«Եկեք փորձենք» ծրագիրն, ըստ Ատոմ Մխիթարյանի, իր առջև խնդիր է դրել Կովկասում երիտասարդական ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով երկխոսության մթնոլորտ ապահովել: Երեք երկրներում ստեղծվելու են երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում կներառվել 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ: Միաժամանակ, ծրագրի կազմակերպիչները առաջիկայում խրախուսելու են երիտասարդներին լինել առավել ակտիվ՝ օգտագործելով ԶԼՄ-ների բոլոր հնարավորությունները, ինչպես նաև ստեղծվելու է տարածաշրջանային երիտասարդական ցանց:

«Եկեք փորձենք» երիտասարդական ամառային ճամբարում երիտասարդները ծանոթացան մարդու իրավունքների, հաղորդակցության, ԶԼՄ-ների դերի ու հասարակական կարծիքի ձևավորման մեխանիզմներին: Դիտեցին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից պատրաստված տեսաֆիլմը՝ «Երիտասարդություն- քայլ առաջ», Քոբուլեթում և Բաթումում լուսանկարեցին իրենց պատկերացմամբ խաղաղություն բնորոշող լուսանկարներ, որոնք ծրագրի վերջին օրը ցուցադրվեցին Քոբուլեթ քաղաքի ափամերձ հատվածում՝ մարդկանց հոծ բազմությանը: Համատեղ ուժերով կազմակերպվեց ֆլեշմոբ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» թեմայով:

Աստղիկ Ավետիսյան, Քոբուլեթ

Էրդողանը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է հրավիրել

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր արտահերթ նիստ է գումարելու մի շարք նախարարների և պաշտոնատար անձանց հետ քննարկելու համար Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է «CNN Türk»-ը: Նիստի ժամանակ, որին մասնակցելու են Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես նաև ներքին գործերի և պաշտպանության նախարարները, խոսվելու է արևմտյան դաշնակիցների հնարավոր ռազմական ներխուժման մասին Սիրիա:

Ինչպես Թուրքիան, այնպես էլ արևմտյան որոշ երկրներ, կողմ են արտահայտվել Սիրիա ներխուժելու հարցի վերաբերյալ: Նման կարծիք ձևավորվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին ԶԼՄ-ները հաղորդեցին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի լայնածավալ կիրառման մասին: Նախնական տվյալներով՝ հարձակման զոհ է  դարձել մոտ 600 մարդ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ քիմիական զենքի կիրառումը Բաշար Ասադի վարչակարգի համար կդառնա «կարմիր գիծ»: Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Արևմուտքն  իր ռազմական ուժերը նախապատրաստում է Սիրիա մոտալուտ ներխուժման համար:

 

«Կանեփ-կակաչ-2013»-ի շրջանակներում այրվել է 85 տ կանեփի կանաչ զանգված

կանեփՕգոստոսի 25-ին ավարտվեց 20-օր տևած «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի ընթացքում հանրապետության ողջ տարածքում ոստիկանների կողմից իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեց և առգրավվեց անօրինական թմրամիջոցի մեծածավալ զանգված:
Պարբերաբար անդրադառնալով հիշյալ թեմային՝ նշել էինք, որ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2013»  համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Նախքան բուն գործընթացին անցնելն՝ իրականցվեցին բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ: «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու, ինչպես և անհրաժեշտ համագործակցությունն ապահովելու ու օպերատիվ գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու  նպատակով ոստիկանության Երևան քաղաքում և մարզային վարչություններում ստեղծվեցին օպերատիվ շտաբներ,  պատասխանատուներ նշանակվեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվցին մարզեր:
Քսանօրյա քրտնաջան աշխատանքի, համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան ցանկալի արդյունքներ արձանագրել:
Ամփոփելով «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները՝ նշենք, որ 20 օր տևած գործողությունների արդյունքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 85 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 81 դեպք: Առգրավվել են մոտ 3 կգ «մարիխուանա», ավելի քան 1,5 մլ «սուբոտեքս»  և շուրջ  2 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցի զանգվածներ, 43.5 գրամ «ափիոն» և հոգեմետ 48 դեղամիջոց: Հարուցվել է 40 քրեական գործ:
Տնամերձ 159 հողամասից հայտնաբերվել և առգրավվել են նաև ապօրինի աճեցված ու մշակված մոտ հինգ տոննա կանեփի թփեր: Նշված փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, արձանագրվել է զենք և զինամթերք ապօրինի պահելու 14 դեպք: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 415 փամփուշտ, 4 նռնակ և 5 միավոր սառը զենք:
Նշված բոլոր փաստերով նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով: