«Բարին հաղթել է». Հայդուկ Շամլեան

images (4)«Սիրտն ու հոգին նա նվիրում է բոլորին: Մարդկային եւ բարոյական հոգատարություն է: Մեծատառով մարդ է, հայրենասեր: Իբրեւ գրող իր ստեղծագործություններում հազար ու մի պատգամ կա, հոգեւոր ուղղվածություն, խորհուրդ,  կա կոչ, դեպի համախմբվածություն: Ուշացած հայրենասիրական կենացները թող իրականություն դառնան եւ մենք անցնենք գործնականի»,-այսօր մեզ հետ զրույցում Հայդուկ Շամլեանի «Շ» գրքի շնորհանդեսի մասին նշեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

«Մենք 1000 տարվա ծանոթներ ենք, գիրքը շատ հարազատ է: Այն Շուշիում ապրող մարդկանց եւ երեխաների համար է: Նրանք ունեին առաքելություն, եւ դա հենց Շուշիում էր, նրանք ապրում ու արարում էին»:

Գիրքը նվիրված է Շուշիին՝ նրա բոլոր կողմերով հանդերձ: Հայդուկ Շամլյանը փորձել է ներկայացնել այդ գողտրիկ քաղաքն իր լուսավոր իրականության մեջ: Հայդուկ Շամլյանը մասնագիտությամբ իրավաբան է, նաև հրապարակագիր: Ունի հրապարակված երեք գրքեր, որոնցից երկուսը բանաստեղծությունների ժողովածուներ են, դրանցից մեկը հրատարակվել է Ստեփանակերտում: Հայդուկ եւ Աիդա Շամլյանները դեռևս 2004թ.-ին այցելել են Արցախ և սիրահարվել այդ հողին ու ջրին: Աիդա Շամլյանի նախաձեռնությամբ Շուշիում հիմնադրվել է «Արամ Մանուկյան» ճամբարը, որոնց մասնակից երեխաների թիվը տարեցտարի աճում է՝ հասնելով 400-ի:

Գրող Հայդուկ Շամլեանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր «Շ» գրքից 600 օրինակ կա.

«Շուշի քաղաքը վատ վիճակի մեջ էր, ուրվականների եւ փլատակների քաղաք էր: Ես զորեղ կերպով զգացի նրա հմայքն ու գեղեցկությունը, այդ երեւույթական խավարից այն կողմ կար ներքին գեղեցկություն: Նա արցախյան պատերազմի խորհրդանիշ էր հանդիսանում, հաղթանակի հանգրվանն էր: Թուրքերն էլ երեւի զգացել էին այդ քաղաքի առանձնահատկությունը: Բոլորը կարծում էին, թե սեւ, մռայլ, մթին գիրք պետք է գրեմ, բայց առանց խաբկանքի եմ գրել: Տիրապետողը լույսն էր, հավատը, ապահովությունն եւ վստահությունը: Մարդկային ձեւով է մաքրվել Շուշին, մեկ թուրք անգամ այնտեղ գոյություն չունի: Բարին հաղթել է»:

Նարեկ Հարթունյանի խոսքով Հայդուկն առաջին հերթին բանաստեղծ է, իբրեւ մարդ շնորհված է բացառիկ առավելություններով: Ունի մեծ սեր, իսկ ընտանիքը ամենավեհն է: Խստապահանջ է, պարկեշտ, բարի, վեհ: Կանադայում ամբողջ տարին աշխատելով, իրենց չարչարանքի արդյունքը բերում ու նվիրում են Շուշիի բնակիչներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Օբաման չեղյալ է հայտարարել Պուտինի հետ հանդիպումը Սնոուդենին ապաստան տրամադրելուց հետո

barack_obama_putinԱյսօր Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Օբաման հաջորդ ամիս չի այցելի Մոսկվա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար՝ մեջբերելով Ռուսաստանի հիասթափեցնող որոշումը ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկություններ հրապարակած Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելը և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առաջընթացի բացակայությունը:

Օբաման երեքշաբթի հայտնել էր, որ չնայած երկու երկրները էկստրադիցիայի պայմանագիր չունեն՝ այնուամենայնիվ իրենք հաշվի են առնում Ռուսաստանի օրինազանցների առկայությունը, սակայն Ռուսաստանը նույնը չի անում իրենց նկատմամբ:

Ամեն դեպքում նախագահ Օբաման սեպտեմբերի 5-6-ը կայցելի Սանկտ Պետերբուրգ G-20 գագաթնաժողովին մասնակցելու համար:

Սպիտակ տան տեղեկություններով՝ Օբաման Մոսկվա այցելության փոխարեն կայցելի Ստոկհոլմ՝ նախքան Ռուսաստան գնալը:

 

Հյուսիսային կորեացի կատակերգուն ածխի հանքում տաժանակիր աշխատանքի է ուղարկվել՝ ներկայացման ժամանակ իշխանությունների վերաբերյալ լեզվի սայթաքման համար

Kim Jong UnՀյուսիսային կորեացի կատակերգուն տաժանակիր աշխատանքի է ուղարկվել ածխի հանք՝ ներկայացման ժամանակ երկրի դրակոնյան ռեժիմի վերաբերյալ լեզվի սայթաքում ունենալու համար:

Ըստ տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեայում իր սատիրայով հայտնի կատակերգու Լի Չուն Գոնգը ղեկավարության հասցեին ոչ տեղին արտահայտություններ էր թույլ տվել հսկայական ֆերմայի աշխատակիցների համար երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատվերով կազմակերպված ներկայացման ընթացքում հանդես գալիս:

Կատակերգուին անմիջապես ուղարկել են ածխի հանքում աշխատելու՝ նույնիսկ թույլ չտալով հրաժեշտ տալ իր ընտանիքի անդամներին:

Դեռևս պարզ չէ, թե ինչքան ժամանակ նա կանցկացնի հանքում, սակայն սովորաբար տաժանակիր աշխատանքի ուղարկված մարդիկ վեց ամիս գնահատման շրջան են անցկացնում հանքում, որի ընթացքում նրանց հետևում են՝ նախքան նրանց ազատելու որոշում կայացնելը:

Տեղեկատվության մեջ չի հրապարակվել, թե ինչ է ասել կատակերգում, սակայն սա երկրորդ անգամն է եղել, որ նա վրդովեցրել է հյուսիսային Կորեայի իշխանություններին. նա նաև 2000 թվականին էր ուղարկվել ուղղիչ աշխատանք կատարելու կրկին «սխալ» խոսելու համար:

 

Ամփոփվել են “Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք – 2013” համաքաղաքային բակային փառատոնի արդյունքները

0001“Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական փառատոնի նախնական փուլին այս տարի ներգրավված են եղել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 295 թիմեր` 4389 մասնակիցներով: Թվով 84 թիմերի 636 երեխաներ ուժերն են չափել նաև տարբեր մարզաձևերի եզրափակիչ փուլում: Մրցումները կազմակերպվել են 7 մարզաձևերից` շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ և ֆուտբոլ: Առաջինից երրորդ տեղեր գրաված թիմերի ներկայացուցիչները պարգևատրվել են դիպլոմներով ու մեդալներով, իսկ առաջին տեղ գրաված թիմերը՝ նաև գավաթներով:  Փառատոնին ընդհանուր հաշվարկով 63 միավորով առաջին տեղը գրավել և Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին է արժանացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Երկրորդ տեղում 60 միավորով հանգրվանել է Շենգավիթ վարչական շրջանը և երրորդ տեղում՝ 57 միավորով`Կենտրոն վարչական շրջանը:  Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կառավարության և IFAD-ի համատեղ ծրագրերը լուրջ առաջընթաց են ապահովել գյուղատնտեսության ոլորտում

10608_am_2ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահին:

Ողջունելով հյուրին, կառավարության ղեկավարը կարևորել է IFAD-ի հետ համագործակցությունը, մասնավորապես դիտարկելով այն որպես կարևորագույն շարժիչ ուժ՝ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներն առաջ տանելու համար:«Գյուղատնտեսությունը կառավարության ծրագրային առաջնահերթություններից մեկն է, և ունենք մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար»,-ասել է վարչապետ Սարգսյանը:
Մ. Նուրալլահն անդրադարձել է հիմնադրամի կողմից իրականացրած և նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ներկայացված նոր ծրագրին առնչվող հարցեր: IFAD-ի հայաստանյան ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԳԶՄՀ-ի պատվիրակության նախորդ այցելության ընթացքում համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախապես քննարկվել և նախանշվել են նոր ծրագրի նախնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև ոլորտում առկա խնդիրներն ու ձեռք բերված հաջողությունները:

Դոլարը իջնում է

դոլարՕգոստոսի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,000,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:

Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

3 Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյր

ան Օհանյանը ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ.Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց գնդապետ Ա.Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում: Ս.Օհանյանը բարձր գնահատեց դիվանագիտական առաքելությունն ավարտող գնդապետ Վ.Գլագոլևի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը ամառային ուսումնական փուլի մեկնարկելը դիմավորել է սահմանային զորամասում

9Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղելու նպատակով  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:

Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` նախարարը նշեց, որ իր համար պատիվ է ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում: «Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է: Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից և գիտելիքներից»,- ասաց Ս.Օհանյանը: Նախարարն անդրադարձավ նաև ՊՆ կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ` թույլ կտա զարգացնել զինծառաողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղավ զորամասի սպաների համար կառուցվող հանգստի և ժամանցի գոտու շինհրապարակում: Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից կառուցվող շինությունը  ապահովված է լինելու լողավազանով, թենիսի և բիլիարդի սեղաններով:

Նախարարը ներկա գտնվեց նաև գումարտակներից մեկի համար կառուցված զորանոցի, ճաշարանի և կաթսայատան բացման հանդիսավոր արարողությանը: Դիմելով զինանձնակազմին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով անում է ամեն հնարավորը զինվորների և սպաների կենցաղային պայմանները բարելավելու համար: Նախարարը նկատեց նաև, որ մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը: Զորանոցի բացումը ազդարարող կարմիր ժապավենը համատեղ կտրեցին գումարտակի լավագույն զինվորը, սերժանտն ու սպան: Շրջելով զորանոցի և ճաշարանի տարածքով` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումանական պայմանները: Սեյրան Օհանյանը եղավ նաև զորամասի մարտական հենակետերում: Հանդիպեց ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա սահմանագոտու  պահպանությունն իրականացնող զինվորներին, հետաքրքրվեց նրանց կենցաղային պայմաններով: Բարձր գնահատելով զինծառայողների ծառայողական պարտականությունների իմացությունը՝ նախարարը նրանցից մեկին՝ Կոլյա Սարդարյանին պարգևատրեց ԶՈՒ զինանշանը պատկերող ժամացույցով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային շրջայցի երկրորդ օրը մեկնարկեց թիկունքային զորամասերից մեկում, որտեղ Ս.Օհանյանը զինվորների հետ միասին նախաճաշեց զորամասի ճաշարանում: Նախարարը հետաքրքրվեց զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Այդուհետ նախարարը շրջեց ճաշարանի տարածքով, ծանոթացավ դրա պայմաններին:

Հանդիսավոր միտինգին դիմելով զորամասի զինանձնակազմին՝ նախարարը նշեց, որ մենք պատմության ամբողջ ընթացքում ստիպված ենք եղել անընդմեջ ուշադրություն դարձնել ռազմարվեստին:  Որպես արդյունք՝ որտեղ էլ որ հայտնվել է հայը, նա մշտապես հանդես է եկել որպես առաջնակարգ մարտիկ և ստրատեգ: Սեյրան Օհանյանը պատվիրեց գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ դրանից է կախված առկա փխրուն խաղաղության հարատևությունը:

Աշխատանքային շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը եղավ Վահան գյուղում, որտեղ հանդիպեց գյուղացիներին, նրանց հետ ծաղիկներ դրեց Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Խաղաղության կորպուսը մեկնարկեց

images (3)«Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ, երեք առաքելություն՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալվող երկրին, օգնել հյուրընկալել երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին եւ օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին»,-այսօր 31 ԱՄՆ Խաղաղության կորպուսի /ԽԿ/ կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի եւ կաշխատեն ԽԿ-ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում եւ համայնքի ու երիտասարդության զարգացում: Միջոցառումը նաեւ տոնում էր 11 շաբաթյա հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաեւ սովորել էին ինտենսիվ հայերեն:

Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ, եւ հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները: Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:

Դեսպանի խոսքով կամավորներն ապրելու են հայ ընտանիքների հետ, նրանք մեր լավագույն դեսպաններն են:  Ամերիկացի կամավոր Լիեմ Զաերը մեզ հետ զրույցում նշեց, որ անգլերենի ուսուցիչ է աշխատելու Սեւանում 2 տարի: Հայաստան այցելում է առաջին անգամ եւ շատ է հավանել մարդկանց, երաժշտությունը, պատմությունն, ուտելիքը եւ լեզուն: Լեզուն շատ դժվար է, նրանք զրոյից ամեն ինչ սովորելու են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

«Սատանայի սլաքներն ուղղված են այստեղ». Տեր Գրիգոր

__54355988_640000«Այսպիսի մարդիկ չեն կարող պահել իրենց հողը: Այս բազայի վրա զարգանում են համասեռամոլների եւ այլասերումների համակարգը: Փոփոխություններն երեւում են եվրոպական հողում, այն կանգ չի առնում, մեր արժեհամակարգն այդպիսի տարրերից զուրկ է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների օրենքի ծուղակների, և հայ ավանդական ընտանիքին ուղղված մարտահրավերների մասին նշեց ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը:

Մայիսի 20-ին ընդունվել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայ ժողովրդի մոտ:

Բանախոսի պնդմամբ Հայաստանում հասարակության մեջ մեծամասնությունն օտարում է այս ուղղությունը, եթե օրենքում կա միջազգային օրենքի գերակայությունը, ապա այդ փաթեթը նույնպես պետք է դրվի սեղանին: Ոչ մեկին օրենքի չիմացության համար աշխատանքից չեն ազատելու:

Հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով օրենքն իր սրով ուղղված է ընտանիքի դեմ:  Այնտեղ կանայք եւ տղամարդիկ չեն հիշատակվում, այլ գենդերը, որը սոցիալական սեռ է: Գենդերային օրենքներն ընդունվել են ամենուր, որի հետեւից գալիս են միասեռության պահպանման, արյունապղծություն եւ այլ տարբեր այլասերումներ: Ամոթ այն 108 հոգուն, ով կողմ է քվեարկել:

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող Արման Բոշյանն էլ պնդում է, որ գենդերը ոչ գիտություն է, ոչ էլ ուղղություն, այն գաղափարախոսություն է.

«Գերմանիայում, Շվեդիայում, Շվեցիարիայում բաժանումների եւ ծննդաբերության թիվը կրճատվել է երկու անգամ, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից ոչ մեկին ձեռնտու չէ, որ մեր երկրում ներքին հակասություններ սկսվի: Այսօր այլասերվածության բոլոր տեսակներն իրականացվել են: Մենք խոսում ենք մարդու կենդանի դառնալու մասին: Սա համամարդկային պայքար է, ինձ համար ընտանիքը սրբություն է»:

Սբ. Սարգիս եկեղեցու հովիվ Տեր Գրիգորի համոզմամբ եկեղեցու հիմնական առաքելությունը դաստիարակությունն է, քարոզչության միջոցով.

«Սա մեղք է` պղծության օրինականացում, ավելի լավ է հալածվել, քան թե արժանանալ Աստծո պատժին: Երբ փողը, դրամը, ոսկին թագավորում է, ապա այսպիսի վիճակի է գալիս երկիրը: Ընտանիքն ամենապարզ բջիջն է, ամեն ինչ սկսվում է ընտանիքից: Սատանայի սլաքներն ուղղված են այստեղ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում

456.Discussion at the UNSC 07.07.2013Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկում:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների նախագահությամբ տեղի ունեցած այս քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների արտգործնախարարներ ու դեսպաններ, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների (Աֆրիկյան Միություն, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Հարավամերիկյան պետությունների միություն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների ընկերակցություն) ներկայացուցիչներ:
Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, ողջունում է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ միջեւ ընդլայնվող երկխոսությունն ու սերտ գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների դիմակայման նպատակով փոխադարձ կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում:
Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ նշելով, որ միջազգայնորեն համաձայնեցված այս ձեւաչափով շարունակվող բանակցությունները հակամարտության կողմերի միջեւ 1994թ. ստորագրված հրադադարի պահպանման գլխավոր նախադրյալներից են:
Տեղեկացնելով, որ Հայաստանն ընթացիկ տարվա մայիս ամսից ստանձնել է ՄԱԿ-ի առանցքային գործընկեր հանդիսացող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահությունը, Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանային միջկառավարական այս կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության խթանումը, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդումը` հարցեր որոնք առաջնային են համարվում նաեւ ՄԱԿ-ի ու ԵԽ-ի անդամ պետությունների համար:
ՄԱԿ-ոմ ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ արեց խրախուսել եւ սատարել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են գործընկերների միջեւ կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության նոր եզրեր գտնելուն` հանուն միջազգային խաղաղության եւ անվտանգության:

Թուրքական առաջատար “Անադոլու” գործակալությունը կներկայացվի նաև քրդերենով

1Թուրքական “Անադոլու” լրատվական գործակալությունը 2013թ.-ի սեպտեմբերի 1-ից կներկայացվի նաև քրդերենի կուրմնաջի և սորանի բարբառներով`նպատակ ունենալով հասանելի լինել նաև քրդերենով խոսող օգտատերերին:
Ներկայումս “Անադոլու” գործակալությունը իր գործունեությունը ծավալում է թուրքերեն, անգլերեն, արաբերեն, ռուսերեն և սերբերեն լեզուներով:
Անադոլուն նպատակ ունի իր հիմնադրման 100-ամյակին ներկայացված լինել 11 լեզվով:
Կիսապաշտոնական “Անադոլու” գործակալությունը ստեղծվել է 1920թ.-ի ապրիլի 6-ին Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքի նածաձեռնությամբ:

Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

2 (1)ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգլը Վաշինգտոնում ընդունել է իր ադրբեջանցի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևին: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության տարբեր ասպեկտներ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Չաք Հեյգլի հրավերով Վաշինգտոն այցելած Աբիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է “օկուպացիայի” մեջ: “Ադրբեջանական տարածքներն արդեն 20 տարի է` գրավված են, իսկ ԱՄՆ-ը և միջազգային կազմակերպությունները, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, տարբերություն չեն դնում ագրեսորի և ագրեսիայի ենթարկված երկրի միջև”,- հայտարարել է Աբիևը։
Աբիևը հանդիպման ժամանակ հիշատակել է նաև ադրբեջանցի փախստականներին`ընդգծելով, որ “Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետևանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի դարձել է փախստական կամ բռնի տեղահանված”։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է, որ “եթե Ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, և Ադրբեջանի հողերը չազատագրվեն, տարածաշրջանում կշարունակվի պահպանվել լարված ռազմա-քաղաքական դրություն”:

«Էլ ի~նչ տուրիստ, որին գոնե մեկ անգամ չեն խաբել»

վրաստան1Ամռան ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ամառային արձակուրդներն անմոռանալի կազմակերպելու հարցը: Ու սա, անկախ սոցիալական, հասարակական դիրքից, կարգավիճակից ու կարողություններից: Այսինքն` յուրաքանչյուրն էլ փորձում է իր հանգիստը կազմակերպել` սեփական գրպանի պարունակությանը համապատասխան: Ամառային հանգստի աժիոտաժի մեջ արդեն մի քանի տարի է, ինչ իր ուրույն տեղն ունի հարևան Վրաստանը, մասնավորապես, Աջարիայի ծովափնյա բնակավայրերը` Բաթումին, Քոբուլեթին, Ուրեկին, Սարփին և այլն: Սրա համար մի շարք պատճառներ կան, իսկ առաջինը` հենց այդ ուղղությամբ է ամենակարճ, ամենաէժան ճանապարհը դեպի ծով: Սրանում կարելի է համոզվել ամենահասարակ` հայտարարությունների կայքերում ու սոցցանցերում հանգստի կազմակերպման համար համապատասխան որոնումների ընթացքում. նման կայքերում արդեն պարզ է դառնում, որ ծովափնյա հանգստի բոլոր առաջարկվող ուղղություններից Աջարիայի լողափերի համար, հիմնականում, ամենաքիչ ծախսերն են պահանջվում: Երբեմն, նույնիսկ, ավելի քիչ, քան հենց Հայաստանում հանգստի անցկացման համար: Թողնենք Հայաստանի ու Վրաստանի տուրիստական ոլորտների գների ու ծախսերի համեմատությունը ու անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի:

Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում ամառային արձակուրդն անցկացնել Աջարիայում, մի բնական ու տրամաբանական հարց է ծագում. իսկ արդյոք առաջարկվող ծառայություններն ու գները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ իրականությունն այլ է` արդյոք չե՞ն խաբում իրենց:

Այս առումով տուրիզմի համար մի հին ասացվածք կա. «Էլ ի~նչ տուրիստ, որին չեն խաբել…»: Աջարիայում հանգստի որակի, առաջարկվող ծառայությունների գների ու, առհասարակ, ծախսերի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում միշտ: Բայց նաև բավական հաճախակի են հանդիպում այնպիսիք, ովքեր պնդում են, որ Աջարիայում խաբեությունը շատ է:

Հանուն արդարության նշենք, որ խաբեություն, իհարկե, պատահում է, ինչպես և Հայաստանում: Մասնավորապես, հաճախակի են դեպքերը, որ Հայաստանում Աջարիայի հյուրանոցների ուղեգրեր վաճառողները հաճախորդներին վաճառում են մի փաթեթ, բայց հաճախորդները տեղում հանդիպում են այլ պայմանների: Օրինակ` հենց այն հյուրանոցում, ուր կանգ էինք առել մենք, նույն օրը եկան նաև 3 այլ հայ ընտանիքներ: Միջանցքում հանդիպեցինք ընտանիքների տղամարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանից դժգոհ էին ու «ակտիվ բանակցությունների» մեջ էին հյուրանոցի ադմինիստրացիայի հետ: Պարզվեց, որ նրանք Երևանում տուրիստական ընկերությունում պատվիրել են 3 հատ 4 տեղանոց համարներ, բայց Քոբուլեթիի հյուրանոցում նրանց ասում էին, թե իրենց պատվիրել են 4 հատ 3 տեղանոց համարներ:

Հայերից Կարենը, արդեն հայերենով, ասաց, որ եթե տուրիստական ընկերության աշխատակցուհին հենց իր ներկայությամբ զանգած ու ճշտած չլիներ պատվերի մանրամասները, ապա ինքը կհավատար, թե իրոք տուրիստական ընկերությունն է վրիպել: Մի խոսքով` նրանց փորձում էին պարտադրել 4 համարներն էլ զբաղեցնել, քանի որ պատվերն այդպիսին է եղել: Հետո, իհարկե, համաձայնության եկան, սակայն երևույթը ամենևին էլ հաճելիներից չէր: Նման «պատահական թյուրըմբռնումներ» վրացիների մոտ, կարծես, շատ են պատահում: Օրինակ` մենք էլ, ծանոթ լինելով այդ հյուրանոցին, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ հենց այնտեղ ենք հանգրվանում, պատվիրել էինք երկու տեղանոց մեկ համար` անպայման պատշգամբով: Բայց մեզ առաջարկում էին համար առանց պատշգամբի: Մեր դեպքում, որպես հին հաճախորդների, հարցը շատ արագ լուծվեց, սակայն էլի վրիպակի համար հղում կատարեցին տուրիստական գործակալությանը: Համենայն դեպս, մասնավոր զրույցներից դատելով էլ, բավական շատ են դժգոհությունները, որ վրացի հյուրանոցատերերը շատ են խաբում, այլ բան են ներկայացնում, այսպես ասած` վաճառքի, սակայն վերջում փորձում են այլ բան վաճառել: Ի դեպ, եթե հյուրանոցում համարն էլ նախօրոք չես պատվիրել ու դրա համար վճարել, տեղում կարող է պարզվել, որ բոլորովին այլ գին պետք է վճարել: Սա նույնպես, կարծես, օրինաչափություն է, որը հունից հանում է հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Աջարիայում անցկացնում իրենց հանգիստը: Մի փոքր այլ է պատկերը մասնավոր բնակարաններ կամ տներում սենյակներ վարձելու առումով: Սակայն այստեղ էլ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել բնակարանատիրոջ կողմից նախօրոք` առանց կացարանը տեսնելու առաջարկած պայմանները, քանի որ վրացիները, ինչպես արևելյան բոլոր ժողովուրդները, իրենց ապրանքը գերագնահատելու սովորությունից զերծ չեն: Մի խոսքով, փոքրիկ աչալրջությունը ոչ ոքի էլ, բոլոր դեպքերում, չի խանգարում:

Այլ տեսանկյունից նայենք Աջարիայում հանգստի անցկացմանը. «Էժան գներով բնակարան չե՞ք ուզում, մատչելի գներով տաքսի~, լավ պայմաններով տուն` հենց ծովի ափին, 100 մետր հեռավորությամբ…»,- ու էլի բազմաթիվ նման` կոտրած ռուսերենով բացականչություններ, որ լսում են Աջարիայի ծովափնյա բնակավայրերում ավտոբուսներից, մեքենաներից, գնացքից իջնող հայերը: Արևի այրող ճառագայթների ու ծովի խոնավ օդի հետ միախառնվելով` այս բացականչություններն արևելյան խառնաշփոթ շուկայի կերպարանք են ստանում երկար ճանապարհից հոգնած, մի քանի օր ինքնամոռաց ծովի ալիքներին ու ափի արևին տրվել վրաստան2ցանկացող հովեկների համար, ովքեր դեռ չեն էլ հասցրել թոթափել ճանապարհի փոշին ու հոգնությունը: Ծով, ծովափ ու արև երազող հայացքները ավտոբուսների, գնացքի, մեքենաների դռների հետևում հանդիպում են ոչ թե տուրօպերատորների կեղծավոր, արհեստական, բայցևայնպես քաղաքավարի ու բարեհամբույր ժպիտներին, այլ մարդկային դեմքերի մի ամբողջ հեղեղի` իր գունեղ առաջարկություններով և վրացական առոգանությամբ ռուսերենի տարափով. «զդայուտցա կվարտիրի, խառոշի կոմնատ, ս կոնդիցիոներ, պո սամոյ նիզկոյ ցենե, տաքսի, բիջո, նե խոչիշ տաքսի, դավայտե յա բուդու պամագատ վաս ս վեշամի»: Հովեկները չեն էլ հասցնում ուշքի գալ, թե արևախանձ դեմքով վրացին ինչ է ուզում իրենցից` բերանում կարծես տաք կարտոֆիլ պահած ինչ-որ անհասկանալի բառեր արտաբերելով:

Ու մեկ էլ տեսնում ես, որ ճամպրուկներդ արդեն, անկախ քո կամքից ու ցանկությունից, հենց այդ «բիջոյի» թեթև ձեռքով ուղևորվում են դեպի իր «տեխնիկայի վերջին ճիչ» ավտոմեքենան, իսկ վրացին էլ դեռ գոռգոռում է. «Դավայ, յա պամագու, բիջո…»: Մեզ մի անգամ «բախտ» վիճակվեց նկատել, թե ինչ ջանասիրությամբ է մեր ճամպրուկները իր` նախորդ դարի 80-ականների արտադրության փոքրիկ ԲՄՎ-ի մեջ խցկում մի կարճլիկ վրացի, ընթացքում վրացերեն շաղակրատելով ու աչքերը խորամանկորեն փայլեցնելով: Փորձեցի առարկել, թե մեզ իր տաքսին պետք չէ, քանի որ շատ փոքր է, ես մենակ չեմ, այլ ևս հինգ հոգու ուղեկցությամբ, որ բոլորի իրերը տեղավորելուց հետո մեզ էլ տեղ չի մնա և այլն… Վրացին էլ` իր ջանասիրությամբ ու գործնականությամբ «համոզեց», թե իր մեքենան մենք իրենից լավ չգիտենք, ու դեռ կարող ենք մի երկու հոգու էլ կողքից հրավիրել` միասին տեղ հասնելու համար: Հետո, երբ փորձում էի առարկել, նա վճռականորեն շրջվեց, թե բոլոր տաքսիստներին ինքը կասի, որ մեզ չտանեն, եթե մենք իր մեքենայով չուղևորվենք հյուրանոց, քանի որ ինքը, զբաղված լինելով մեզանով ու մեր իրերով, չի կարողացել իր համար այցելու «ապահովել»:

Լուրջ չընդունեցինք ու սկսեցինք կայարանի մեծ ավտոկանգառում, ուր այդ պահին մոտ 20-30 տաքսի կանգնած կլիներ, այլ մեքենա փնտրել: Բայց, ո~վ զարմանք, ոչ ոք չի համաձայնում մեզ տեղափոխել` բոլորը հայացքով ցույց են տալիս մեր «հին բարեկամի» ուղղությամբ: Ստիպված համաձայնեցինք ու մի կերպ` խցկված, հասանք հյուրանոց: Բայց տեղում էլ պարզվեց, որ պետք է վճարենք ոչ թե նախօրոք պայմանավորված գումարը, այլ կրկնակին, քանի որ վարորդը միանգամից երկու մեքենայի ուղեբեռ և ուղևոր է տեղափոխել…

Նման տարաբնույթ առաջարկություններից առաջին անգամ օգտվողները, ովքեր ծանոթ չեն տեղական գներին, վրացիների կողմից դիտարկվում են ճիշտ այնպես, ինչպես պարսիկ տուրիստները` հայ տաքսիստների աչքին` որպես փողի քսակ: Նման դեպքերում, իհարկե, տաքսին, օրինակ, 1 վրացական լարի վերցնելու փոխարեն հանգստացողից վերցում է 2-3, երբեմն էլ 4 կամ 5 լարի: Եվ համեստ ու ամոթխած հովեկները շատ են ընկնում այս թակարդը:

Հատուկ ուշադրության է արժանի Աջարիայում` Հայաստանից տուրիստական հոսքի մեծանալուն զուգընթաց դիտարկվող «գնային վարիացիաների» երևույթը: Օրինակ` հուլիսի կեսին, երբ տուրիստական հոսքերը դեռ փոքր են, շուկայում 1 կիլոգրամ լոլիկն արժեր 70-80 տետրի (վրացական մանրադրամ, մոտ 175-200 ՀՀ դրամին համարժեք), արդեն հուլիսի երկրորդ տասնօրյակում լոլիկի գինը հասավ 1 լարիի (250-260) դրամ, իսկ հուլիսի վերջին, երբ արդեն սկսվում է Հայաստանից տուրիստների ամենամեծ հոսքը, նույն վաճառողի մոտ լոլիկն արդեն արժեր 1,5 լարի (մոտ 360-370 դրամ): Այսինքն` ընդամենը 10 օրում գինը բարձրացավ 50 տոկոսով ու դեռ ավելի կբարձրանա օգոստոսին: Նշեցինք միայն լոլիկի օրինակը, սակայն նույնը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին:

Բոլոր հայ տուրիստներն էլ, ովքեր մեկնում են Աջարիա, պետք է հաշվի առնեն մեկ հանգամանք. նույն ապրանքը տուրիստների համար մի գին ունի, տեղացիների համար` մեկ ուրիշ: Անձնական օրինակից ելնելով` նշեմ, որ, օրինակ` վաճառողը խաշած եգիպտացորենը մեզ վաճառեց 2 լարիով (50-520 դրամ), իսկ անմիջապես մեր հետևից մոտեցած վրացուն, աչքով-ունքով հասկացրեց, որ թաքուն տա 1 լարի: Սա արդեն խաբեություն էլ չէ, այլ հայերի համար` աջարական առօրյա…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ, Երևան-Քոբուլեթի-Բաթումի-Երևան

Գյումրու տնակներում կյանքն անտանելի է

Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կացարաններ կոչվող վագոն-տնակներում:  Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու առավել մեծ տնակային ավաններից մեկում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա,  երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, Մանուկյան ամուսինների կացարանային պայմանների  մասին է:

http://www.youtube.com/watch?v=AM_45hq0aKw&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի հետ սահմանային ընդհարում հրահրելը

Հարութ-Սասունյան1Հուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի մահացու միջադեպ` հավանական լուրջ հետևանքներով:

Հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել այս միջադեպի առնչությամբ: Սակայն մի հարցում նրանք համամիտ են՝ թուրք հովիվը կրակոցից սպանվել է Հայաստանի տարածքն անցնելուց հետո:

Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն պնդում է, որ «հայ զինվորներն» առանց նախազգուշացնելու կրակ են բացել 35-ամյա Մուստաֆա Ուլքերի վրա, երբ վերջինս փորձում էր հետ բերել իր ոչխարները հայկական կողմից: Թուրք նահանգապետը մեղադրել է հայերին «անհամաչափ ուժ» կիրառելու մեջ՝ պնդելով, որ «հովիվն անզեն է եղել»: Մեկ այլ թուրք պաշտոնյա, Օսման Ուղուրլուն, բացահայտել է, որ սահմանախախտը ադրբեջանական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի է, որը զինված է եղել միայն դանակով և սպանվել է թիկունքից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք պատահականությամբ տեղի ունեցած սահմանային փոքր խախտման համար անմեղ քաղաքացու վրա կրակելը: Պատշաճ բացատրություն գոյություն չունի այս սովորական միջադեպի առնչությամբ հայկական կողմից անհամաչափ ուժ կիրառելու համար»:  Մեկ այլ հրապարակային հայտարարության մեջ Անկարան կոչ է արել Հայաստանին «խելամտություն» ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ նախագզուշացնելով Երևանին սխալ քայլերի ծանր հետևանքների մասին, որոնք կարող են վտանգի ենթարկել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Հայաստանը մերժել է իրադարձությունների թուրքական վարկածը՝ պնդելով, որ երկու թուրք երիտասարդներ ոչխար գողանալու նպատակով գիշերը ժամը 3-ին հատել են հայ-թուրքական սահմանը: Երբ Հայաստանի սահմանին կանգնած ռուս  սահմանապահները զգուշացրել են, որ սահմանախախտները հետ դառնան, թուրքերը ծաղրել են նրանց և հրաժարվել նահանջել: Այնուհետև սահմանապահները երկու անգամ նախազգուշական կրակոցներ են արձակել օդում, և այդ պահին թուրքերից մեկը կրակ է բացել նրանց վրա: Ըստ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանամերձ վարչության՝ ռուսական զորքերը պատասխան կրակոցով սպանել են թուրք սահմանախախտներից մեկին:

Թուրքական աղբյուրները բազմիցս ընդգծել են, որ հայերն են սպանել հովիվին, չնայած որ Անկարան շատ լավ իրազեկված է, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները հսկում են ռուսական զորքերը՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև կնքված 1992 թվականի համաձայնագրի: Թուրքական կառավարությունը ռուսներին մեղադրելու փոխարեն պնդում է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում հովվի սպանության համար՝ այն վերածելով հայ-թուրքական միջադեպի, այլ ոչ թե ռուս-թուրքական հակամարտության:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել զուսպ հայտարարությամբ, որտեղ ցավ է արտահայտել դեպքի կապակցությամբ և հույս հայտնել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Ակնհայտ է, որ Երևանը չի ցանկանում բորբոքել կրքերը և հրահրել ավելի լուրջ միջադեպեր՝ անկանխատեսելի հետևանքներով:

Հասկանալի է, որ թուրք ղեկավարները կցանկանային ուռճացնել այս համեմատաբար փոքր սահմանային միջադեպը, որպեսզի շեղեն ուշադրությունը Թուրքիայի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներից, ինչպիսիք են.

·         Շարունակվող զանգվածային ցույցերը Թուրքիայում, որոնք վիճարկում են վարչապետ Էրդողանի բռնապետական իշխանությունը:

·         Երեք հազար ցուցարարների ձերբակալությունը, ութ հազար վիրավորվածն ու հինգ հոգու սպանությունը՝ որպես հետևանք թուրքական ոստիկանության կողմից «անհամաչափ ուժի կիրառման»:

·         Ամերիկյան, բրիտանական և գերմանական խոշոր թերթերում տեղադրված հայտարարությունները, որոնք դատապարտում են Էրդողանի «նացիստական» գործողությունները: Թուրքիայի վարչապետի սպառնալիքները` դատի տալու բրիտանական հայտնի «Թայմս» թերթին մի ամբողջ էջում վճարովի նամակի հրապարակման համար՝ ստորագրված արևմտյան հայտնի մտավորականների և արվեստագետների կողմից, ավելի լայնորեն կբացահայտի նրա կեղեքիչ   գործելակերպը:

·         Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 46 անդամների կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հղված նամակը, որում խնդրում են նրան դատապարտել վերջերս թուրք ղեկավարների, այդ թվում՝ Էրդողանի կողմից արված հակասեմական հայտարարությունները, ով սիոնիզմին անդրադարձել էր որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» և Գեզի այգում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել էր հրեա սադրիչներին:

·         Ներքին լուրջ թշնամանքը քրդական խմբավորումների, ընդդիմադիր կուսակցությունների և բանտարկված բարձրաստիճան զինվորական ղեկավարների հետ:

·         Հաճախակի ռազմական ներխուժումները իրաքյան Քուրդիստան:

·         Լարված հարաբերությունները Եգիպտոսի նոր իշխանությունների հետ՝ Էրդողանի իսլամիստ գործընկերոջ նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո:

·         Տարաձայնությունները Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Իսրայելի հետ, ինչպես նաև պատերազմական գործողություններ Սիրիայի հետ:

·         Անցյալ շաբաթ Թուրքիայի դեսպանատան պայթեցումը Սոմալիում Ալ-Քաիդայի հետ առնչություն ունեցող մի խմբի կողմից:

Թուրքիայում և նրա շուրջ գոյություն ունեցող այս բոլոր խնդիրների հորձանուտում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն արդեն վերածվել է «զրո հարևաններ՝ առանց խնդիրների»:

Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը պատրաստվում է աշխարհով մեկ ոգեկոչման միջոցառումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, Թուրքիայի շահերից չի բխում իր բազմաթիվ խնդիրներին ավելացնել սահմանային ընդհարում Հայաստանի հետ, որը միայն կծառայի Թուրքիայի անցյալի և ներկայի ոճիրների երկար ցուցակի բացահայտմանը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Ամերիկացի զբոսաշրջիկը Ֆլորենցիայի թանգարաններից մեկում պատահաբար պոկել է 600-ամյա մարմարե արձանի մատը

An American tourist broke the pinky finger off a 600-year-old marble statue at a Florentine museumԱմերիկացի զբոսաշրջիկը մեծ խախտում է կատարել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ թանգարաններից մեկում պատահաբար պոկելով կույս Մարիամի 600-ամյա արձանի մատը:

Կոննեկտիկուտ նահանգից 55-ամյա զբոսաշրջիկը, որի անունը չի նշվել, ցանկացել է իր մատը համեմատել մարմարե արձանի մատի հետ, սակայն այն պոկվել է:

statue of the Virgin Mary1Անվտանգության աշխատակիցը նկատել է զբոսաշրջիկին և ցանկացել է թույլ չտալ անել դա, սակայն արդեն ուշ է եղել:

Ամերիկացին, որը իր կնոջ և մեկ այլ զույգի հետ արձակուրդներն անց էր կացնում Ֆլորենցիայում, շատ է զղջացել և ներողություն խնդրել կատարվածի համար՝ վախենալով, որ պատմական արվեստի գործը վնասելու համար իր նկատմամբ դատական գործ կհարուցվի և մեծ չափերի տուգանքի կենթարկվի:

Արձանը կերտել է Ֆլորենտին Ջովաննի դ Ամբրոջոն 14 կամ 15-րդ դարերում:

Ֆլորենցիայում Սակրալ արվեստի թեմական գրասենյակի, Եկեղեցու մշակութային ժառանգության և Տաճարի հիմնադրամի թանգարանի ղեկավար ամերիկացի Տիմոտի Վերդոն քննադատել է իր համերկրացու պահվածքը:

Նա նշել էր, որ արձանի մատը օրիգինալը չէր, այլ հետագայում վերականգնված տարբերակն էր՝ ավելացնելով, որ ինքը չգիտի, թե ինչքան կարժենա այն վերանորոգելը կամ արդյո՞ք դա հնարավոր կլինի:

«Մեր գլոբալիզացված աշխարհում թանգարան այցելելու հիմնական կանոնները մոռացվել են, այն է՝ աշխատանքներին ձեռք չտալ» ասել է Վերդոն:

Ամեն դեպքում թանգարանի ներկայացուցիչը MailOnline-ին հայտնել է, որ զբոսաշրջիկը չի տուգանվի կամ դատական գործընթաց չի սկսվի նրա նկատմամբ, քանի որ թանգարանը ունի վերանորոգողների հատուկ խումբ, իսկ արձանը նախկինում արդեն երեք անգամ ջարդվել է: