Ակտիվիստների ցույցը,լուսանկարներ

Activists continue the sit-in in front of the Municipality of Yerevan«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցներն այսօր երթով Ազատության հրապարակից հասան Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ:

 

Նրանց միացան ազատամարտիկներ ու հաշմանդամություն ունեցող անձինք: Ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ ակտիվիսների պահանջը «Երեքի պահանջ» չէ, ինչպես նշել էր Տարոն Մարգարյանը իր վերջերս: Ակցիայի մասնակիցները կրում էին պաստառներ, պլակատներ՝ վրան գրված «Երեքից մեկն էլ ես եմ» ,«Մեկ , երկու, երեք, երեք , երեք , երեք, երեք» , «3+1+1+1+1

»։

Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին քննարկել են ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի հարցը

դավիթ-տոնոյանՕգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին և քննարկել օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին առնչվող հարցերը:

Հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝  Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան

MHM80587 copyԱռնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել  Հայագիտական համահայկական 6-րդ  օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են 8 երկրներից ժամանած  150 դպրոցականներ: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայագիտական համահայկական օլիմպիադան վաղուց դարձել է հայկական աշխարհի կարևոր դրսևորումներից մեկը` միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու հայեցի կրթությամբ շահագրգիռ պատանիներին: “Օլիմպիադան արդեն դարձել է ավանդական միջոցոռում ինչպես մեր, այնպես էլ Սփյուռքի դպրոցականների համար, ովքեր կարևոր առաքելություն ունեն պահպանելու հայ մարդու տեսակը`  անկախ երկրի գտնվելու աշխարհագրական դիրքից, վայրից ու հեռավորությունից: Նրանք  հայրենիք են եկել` իրենց ուժերն են չափելու արդեն վեցերորդ անգամ: Բոլորին ողջունում եմ և մաղթում հաջողություն”,- բացման խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:

Համահայկական 6-րդ օլիմպիադայի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ուղերձում մասնավորապես  նշվում է. “Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած հայագիտական համահայկական այս միջոցառումն աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում է միավորել այսքան երիտասարդների, ովքեր պատանեկան տարիքում կատարում են իրենց կյանքի առաջին կարևոր քայլերից մեկը, մասնակցում են ազգաճանաչողությանն ու հայ ինքնության բացահայտմանը նվիրված այս հետաքրքրական ստուգատեսին: Ձեր հետաքրքրությունը հայ ժողովրդի հարուստ մշակույթի, մեր գեղեցիկ լեզվի ու հերոսական պատմության նկատմամբ ոգևորիչ է: Այն դրական ազդակ է հաղորդում ձեր հազարավոր սերնդակիցներին, խթանում է նրանց հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ: Առաջիկա օրերին դուք հնարավորություն եք ստանալու գործնականում ապացուցել, որ ստացել եք համակողմանի գիտելիքներ: Այս դեպքում է տեղին նշելը, որ ձեզնից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու այնպիսի մրցակցությունում, որտեղ չկան պարտվողներ, որտեղից դուք կտանեք գիտելիքի նորացված պաշար և ձեռք կբերեք նոր ընկերներ: Հայաստանի կառավարության համար հայագիտության զարգացումը գիտական քաղաքականության ոլորտի առաջնայնություններից է: Մեր երկրում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով ստեղծել ենք վարչապետին առընթեր հատուկ խորհուրդ: Այս առումով օլիմպիադայի անցկացումն ամբողջովին համահունչ է մեր ծրագրերին: Մենք խրախուսելու ենք, որ դուք, մասնագիտական կողմնորոշումն ընտրելիս, նախապատվությունը տաք հայագիտությանը: Հուսով եմ, որ օլիմպիադայի արդյունքում դուք էլ ավելի լավ կճանաչեք Հայաստանը և բոլորիս կուրախացնեք ձեր նորանոր հաջողություններով”:
Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան կազմակերպում է  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և այս տարի առաջին անգամ անցկացվելու  է նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթը:  Օլիպիդան կանցկացվի օգոստոսի 9-15-ը` Ծաղկաձորում:
Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները՝ նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը:
Օլիմպիադային և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների, այդ թվում` մեկօրյա դպրոցների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության և պատմության իմացության պահանջը մնում է ուժի մեջ:
Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հետևել է մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի ընդլայնման աշխատանքներին

002Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը “Երևան Ջուր” ընկերության տնօրեն  Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ հետևել է մայրաքաղաքում կառուցվող նոր ջրագծերի, ջրահեռացման համակարգի ընդլայնման և անձրևորսիչների տեղադրման աշխատանքներին: Մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ամբողջ երկարությունը 253 կիլոմետր է: Ցանցն ամբողջապես սպասարկվում է”Երևան Ջուր” ընկերության կողմից, սակայն ոչ բոլոր փողոցներն են ապահովված ջրահեռացման համակարգերով: Թեև ցանցն ընդհանուր առմամբ բավարարում է առկա պահանջներին, այդուհանդերձ առանձին հատվածներում առատ տեղումների ժամանակ ժամանակավոր որոշ դժվարություններ են առաջանում: Խնդրին աստիճանական լուծում տալու համար Երևանի քաղաքապետարանն ու “Երևան Ջուր” ընկերությունը լայնածավալ աշխատանքներ են իրականացնում: Կամո Արեյանը եղել է  քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվող 30 փողոցներից մի քանիսում, ուր, մինչ կապիտալ ասֆալտապատումը կկառուցվեն լրացուցիչ անձրևատար  համակարգեր: Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից և կշարունակվի մինչև տարեվերջ: Հալաբյան փողոցում, մասնավորապես, անցկացվում է ջրատար նոր համակարգ, իրականացվում են նոր դիտահորերի և անձրևընդունիչնրի  տեղադրման աշխատանքներ: Անձրևաջրերի կուտակման առումով խնդրահարույց հատվածներից մեկը Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց հանգույցն էր: Այստեղ կառուցվում է նոր պոմպակայան, որի միջոցով կուտակված ջուրը կմղվի ջրահեռացման համակարգ: Հալաբյան փողոցի Կիևյան փողոցին հարող հատվածում կավելանա անձրևորսիչների թիվը: Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ կապված ինչպես աշխատանքների որակի, այնպես էլ ժամանակացույցի հետ: Լենինգրադյան,Գյուրջյան, Գլինկայի և խնդրահարույց ևս 9 փողոցներում  անձրևաջրերի կուտակման սպառնալիքը վերացել է 2011-2012 թվականներին Երևանի քաղաքապետարանի և “Երևան Ջուր” ընկերության համատեղ ֆինանսավորմամբ կառուցված 2.2 կմ երկարությամբ ջրահեռացման նոր համակարգ անցկացնելու արդյունքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, “Երևան Ջուր” ընկերության հետ կազմվել է վերակառուցման և հեղեղատար նոր համակարգի կառուցման համաքաղաքային ծրագիր, որում ներառվել են 74 փողոցներ: Ծրագրի լիարժեք իրականացման համար կպահանջվի շուրջ 2.2 միլիարդ դրամի ներդրում:  Աշխատանքներ նախ կիրականացվեն հրատապ լուծում պահանջող փողոցներում: 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս թվով 33  փողոցներում վերակառուցվել է շուրջ 850 գծամետր հեղեղատար համակարգ: Գույքագրվել են նաև 22 փողոցներ, որոնցում դիտահորերի նիշային մակարդակը չի բավարարում ջրահեռացումն ամբողջ ծավալով կատարելու համար: Պատասխանատուների խոսքով  կխստացվի նաև վարչարարությունը , որպեսզի բնակիչներն ու տնտեսվարողները  ապօրինի գործողություններով չկարողանան խոչընդոտել ջրահեռացման համակարգերի բնականոն աշխատանքին:   Ջրահեռացման նոր համակարգերի կառուցման, վերակառուցման  և անձրևորսիչների  տեղադրման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

պայթյունՕգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում,  «Մոսկվիչ ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենան  լիցքավորման համար գտնվել է  նշված գազալցակայանում, և այդ ընթացքում պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող հեղուկ գազի համար նախատեսված բալոնը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

ԵՐԵԽԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

շտապօգնություն1Օգոստոսի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 75-րդ կմ-ին  «Միցուբիշի Այտրեկ»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.55-ին, ուղևորներից մեկը` 2007 թ. ծնված  Արթուր Մկրտչյանը,   հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից  9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 13 դեպքից` 11-ը, իսկ կողոպուտի` 1 և խարդախության   9  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և մարմնական վնասվածք հասցնելու  1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

2 (1)ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության և համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-ից 9-ը  գտնվում էր Հայաստանում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:

Խմբի այցի նպատակն էր քննարկել «Բարեվարքության ամրապնդումը – Building Integrity» նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերը և մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում: «Բարեվարքության Ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների և միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպնական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաև Հայաստանը` ի դեմս ՀՀ ՊՆ-ի:

Այցելության ընթացքում ՆԱՏՕ-ի խմբի անդամները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների բարեվարքության ամրապնդման հարցերի պատասխանատուներին ներկայացրին ծրագրի իրականացման փորձը, ծանոթացան այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերին: Նախքան բուն ծրագրի մեկնարկը խմբի անդամներին ներկայացվեցին ՀՀ ՊՆ կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված «Ազնվության փորձարկման» արդյունքները: Վերջինս նպատակ էր հետապնդում պարզել առանձին ստորաբաժանումների կողմից իրենց գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ընկալման և դրանց մասին խոսելու պատրաստակամության աստիճանը:

Խմբի անդամները առանձին հանդիպումներ ունեցան նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ: Նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց բարեվարքության ամրապնդման նախաձեռնության քաղաքականությունը` ՀՀ պաշտպանական բարեփոխումների, Պաշտպանության Ռազմավարական Վերանայման և միջազգային գործընկերների հետ համագործակցության համատեքստում: Կարևորվեց ծրագրի ինքնագնահատման փուլի ընթացքում այլ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՆԱՏՕ-ի կողմից ընթացիկ փորձագիտական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:

Նախարարի տեղակալ Արա Նազարյանը ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, ի հայտ եկած հարցերը, անդրադարձավ հարցաշարի լրացման մեթոդոլոգիական խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջազգային փորձի շրջանակում ծրագրի իրագործման գործիքակազմի փոխառնման հնարավորությունները:

ՀՀ ՊՆ առաջարկությամբ ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ընդունեցին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ: Ներկայացվեցին բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարակից ուղղություններով ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ծավալված համագործակցության արդյունքները, խոսվեց հետագա համագործակցության ուղղությունների մասին:

ՆԱՏՕ-ի խմբի անդամներն այցելեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, որտեղ ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը նրանց ներկայացրեց քաղաքացիական ծառայողների համար իրականացվող հակակոռուպցիոն դասընթացները և ինստիտուտի գործունեության այլ ասպեկտներ:

 

 

Կայացել է 4,850,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՕգոստոսի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,850,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.26 դրամ:

Սյունիք. Հարուցվել է քրեական գործ` շրջակա միջավայրին վնաս պատճառելու փաստի առթիվ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու և անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ:

դատախազությունՆախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության, նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ, կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետևանքով ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել Կապան-Մեղրի ավտոճանապարհի մերձակա հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնին:

Բեյրությում առևանգել են երկու թուրք օդաչուի

3Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում “Թուրքական ավիաուղիներում” աշխատող երկու օդաչու է առևանգվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Սաբահ” լրատվական կայքը, տեղեկությունը հաստատել է Բեյրութում Թուրքիայի դեսպան Ինան Օզյըլդըզը։
Օդաչուները առևանգվել են օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։ Զինված անհայտ անձիք կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոբուսը, օդանավի հրամանատարին ու երկրորդ օդաչուին իջեցրել ու տարել են անհայտ ուղղությամբ։

Սկզբնապես օդաչուների ինքնությունը հայտնի չի եղել: Որոշ ժամանակ անց Լիբանանի անվտանգության մարմինները տեղեկացրել են, որ առևանգվել են օդանավի հրամանատար Մուրաթ Աքփընարը և երկրորդ օդաչու Մուրաթ Աղջան:

Լիբանանի ներքին գործերի նախարար Մերվան Շերբիլ հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում`պարզելու առևանգվածների գտնվելու վայրը:

Ըստ “Սաբահ”-ի`Լիբանանում մինչև այս դետքը առևանգել էին նաև թուրք գործարար Թուֆան Թեքինին և բեռնատարի վարորդ Աբդուլբասիթ Ասլանին, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել:

 

 

Մոսկվայում դանակահարել են ադրբեջանցու

2Մոսկվայի հարավ-արևելքում` մարդատար մեքենայում, Ադրբեջանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 8-ին` գիշերը 1:15-ի սահմաններում, ոստիկանություն է զանգահարել ավտոծառայության պահակը և հայտնել, որ շենքերից մեկի մոտից օգնության կանչեր է լսում:

Այդ հասցեով ժամանակ ոստիկանները “Ժիգուլի” մակնիշի մեքենա են հայտնաբերել, որում եղել է ադրբեջացու դիակ՝ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով, հաղորդում է ԱՊԱ-ն`հղում կատարելով “Ինտերֆաքս”-ին:

Հարուցվել է “Սպանություն” հոդվածով քրեական գործ:

 

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. “Մենք դիտորդներ չենք ուղարկի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին”

1ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը որոշում է կայացրել դիտորդական առաքելություն չուղարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ-ի մամուլի ծառայությունը, նման որոշումը կապված է նրա հետ, որ ընտրությունների օրը համընկնում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հետ, որը կկայանա հոկտեմբերի 13-15-ը Բուդվայում (Չեռնոգորիա)։

“ԵԱՀԿ ԽՎ-ի բազմամյա քաղաքականությունը հիմնվում է նրա վրա, որ դիտորդներ է ուղարկում՝ հետևելու նախագահական և խորհրդարանական ընտրություններին միայն բացառիկ դեպքերում”,-նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ը որոշում է կայացրել դիտորդներ ուղարկել հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ դրանք կկայանան Բուդվայում աշնանային նստաշրջանից 2 շաբաթ անց։

Սեպտեմբերին Ռանկո Կրիվոկապիչը ծրագրում է այցելել մի շարք երկրներ, այդ թվում՝ սեպտեմբերի 16-18-ը Վրաստան։

 

«Մեր ուսանողները սովորում են մի բան, որը չեն ուզում». Կարեն Ավագյան

յյյ«Մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացին կմասնակցի ավագ դպրոցների շուրջ 30 աշակերտ, ովքեր կկարողանան ինֆորմացիան տեղ հասցնել: Ծրագրի միջոցով կփորձենք ավելի շատ ինֆորմացիա տալ աշակերտներին»,-այսօր մեզ հետ զրույցում Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում ծրագրի մասին նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Նրա խոսքով այսօր ընտանիքի անդամներն են որոշում իրենց երեխաների մասնագիտությունը եւ դա բերում է որոշակի խնդիրների, քանի որ շատերը չեն ընտրում այն ինչ իրենք իսկապես ցանկանում են: Մեր ուսանողները սովորում են մի բան, որը չեն ուզում: Անհրաժեշտ է ինքնուրույն կողմնորոշվել: Դիմելով աշակերտներին պրն. Ավագյանը նշեց, որ նրանք սեփական հմտություններն ավելի լավ գիտեն:

Սեմինարի նպատակն է աջակցել հանրապետության ավագ դպրոցների աշակերտներին ավելի լավ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Սեմինարի ընթացքում Գերմանական խորհրդատվական կենտրոնի` մասնագիտական կողմնորոշման ոլորտում վերապատրաստված մասնագետներն աշակերտներին կծանոթացնեն մասնագիտական կողմնորոշման առանձնահատկություններին, բուհերի մասնագիտությունների ցանկին:

Գերմանական խորհրդատվական կենտրոնի ղեկավար Մերի Մուրադյանի պնդմամբ իրենց նպատակն է հատուկ մասնագիտական թեստերի միջոցով պարզել աշակերտների ունակությունները.

«Ցանկանում ենք երեխաների մոտ մասնագիտական կողոմնորոշման հստակություն ավելացնել: Նրանք ընտրում են այն մասնագիտությունները, որոնք ընտանեկան են, կամ նորաձեւ: Հատուկ մասնագիտական թեստերի միջոցով կբացահայտենք իրենց թույլ եւ ուժեղ կողմերը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Վարչապետը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ

MHM80578 copyՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշել է, որ այս գեղեցիկ տոնն ունի իր առանձնահատուկ խորհուրդը՝ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը շինարարի նկատմամբ:

10617_am_2«Դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի պատմության շարունակականության ապահովման մեջ կարևորագույն դերակատարում ունեն հենց շինարարները՝ այն հարուստ ժառանգությամբ, որ թողել են մեզ: Այսօր էլ կարող ենք ուրախությամբ շեշտել, որ ժամանակակից շինարարությունը ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, որոնցով հպարտանում ենք և որոնք որպես ժառանգություն թողնելու ենք մեր ապագա սերունդներին: Այսօր շինարարության համար հեշտ օրեր չեն, այս ոլորտում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և մենք ձեզ հետ պետք է կարողանանք հաղթահարել ժամանակակից մարտահրավերները», – ասել է վարչապետը և այդ համատեքստում կարևորել կառավարության և շինարարների համագործակցությունը:
Տիգրան Սարգսյանը շինարարներին մաղթել է նորանոր ստեղծագործական հաջողություններ ինչպես մասնագիտական բնագավառում, այնպես էլ անձնական կյանքում:
Շինարարի տոնի կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի ճարտարագիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս Թեմուր Մարգարյանին:
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, «Արտալան Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և «Հայնախագիծ» ընկերությունը:

Քաղաքապետարանի անգործությունը հիվանդացրեց երեխայիս

CIMG3042Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 31-րդ շենքի 2 մուտքերից մեկը` դեպի բակի զբոսայգի բացվողը փակ է: Ավելի ճիշտ` ինչ-որ մեկը փակել է, հարմարավետ վերանորոգել, դարձրել գրասենյակ, տվել վարձակալության: Այս հանգամանքն ստիպում է, որ հսկա շենքի 128 բնակարանների  շուրջ 500 բնակիչները բակի զբոսայգի դուրս գալու համար դուրս գան հակառակ կողմից, շրջանցեն շենքը անհարմար, աստիճանապատ և սարսափելի քամոտ արանքներով, քամի, որը նորածին կամ մանկահասակ երեխայի համար մշտական հիվանդանալու պատճառ է դառնում: Իսկ մանկասայլակներն ընդհանրապես անհնար է անցկացնել վերնշյալ կածաններով, եթե չունես մանկասայլակը երեխայով հանդերձ գրկելու ֆիզիկական ուժ: Հետևաբար` մանկասայլակով դեպի շենքի բակ քաղաքակիրթ  դուրս գալու համար պետք է շրջանցես առնվազն մի քանի շենքեր: Էլ չենք խոսում երկրաշարժի, հրդեհի կամ այլ աղետների մասին, որոնց ժամանակ մուտքի փակ լինելը կբերի շենքի թվով շուրջ 500 բնակչության էվակուացիայի էական դժվարացման` իր ծանր հետևանքներով հանդերձ:

Որպես իրավական պետության քաղաքացիներ` դեռ Կ. Կարապետյանի քաղաքապետության ժամանակ դիմեցինք այս խնդրով, կարճ ժամանակ անց հայտնվեց քաղաքապետարանի համապատասխան վարչության պաշտոնյան, խնդիրն ուսումնասիրեց և արագ եկավ պատասխանը, այն է` հարգելի քաղաքացի, ի պատասխան Ձեր դիմումի` նշենք, որ նշյալ մուտքը սեփականաշնորհված է, այն է` ունի սեփականաշնորհման վկայական, տրված այսինչ թվականին, տրված անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի այսինչ բաժանմունքի կողմից (նշված էր նաև սեփականության վկայականի համարը, սեփականատիրոջ անուն ազգանունը): Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Այստեղ զարմանահրաշը բոլորովին այն չէ, որ տվյալ մուտքը, կրկնում ենք` շենքի մուտքը կարող է սեփականել ինչ-որ մեկը, զարմանահրաշն անգամ այն չէ, որ ապօրինի զավթման այդ փաստը կարող է մեր երկրում ունենալ իրավաբանական ձևակերպում, տվյալ պարագայում` սեփականության վկայական (քաղաքապետարանին չէր էլ հետաքրքրել տվյալ իրավախախտման փաստը, իսկ թե ինչ ճանապարհներով է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վկայագիր տվել հանրային օգտագործման մուտքի համար` բոլորին է պարզ), զավեշտն այստեղ այն է, որ քաղաքապետարանը, տեղեկանալով այդ անօրինականության մասին, ոչ միայն քայլ չի ձեռնարկում այն վերացնելու, այլ` քիչ էր մնում մեղադրեր մեզ, որ տեսեք, մարդը մուտքի օրինական տերն է, դուք էլ կանգնել բողոքում եք, մեզ էլ անիմաստ չարչարում:

Կարապետյանին փոխարինեց Մարգարյանը: Մենք, ավելի լավ Երևան ունենալու միամիտ երազանքներով` նորից դիմեցինք քաղաքապետարան, նորից նույն խայտառակ խնդրով: Այս անգամ` ձայն բարբառո հանապատի. անգամ չպատասխանեցին մեր նամակին: Որպես քաղաքացի` մեր վիրավորանքն այն աստիճան էր, որ պատրաստ էինք անգամ շնորհակալագիր ուղարկել Կ. Կարապետյանին` գոնե մեզ, որպես քաղաքացի, հարգելու և պատասխանելու համար: Գոնե այս փաստով տեսանք, թե քաղաքացիների հանդեպ ինչ վերաբերմունք ունեն քաղաքապետարանի ներկայիս պատասխանատուները:

Որպես քաղաքակիրթ մարդիկ` մենք արեցինք այն, ինչը կարող էինք. բարձրացրեցինք խնդիրը պատկան մարմինների առաջ երկու անգամ. զրո արդյունք, սույնով նույնն անում ենք լրատվամիջոցների միջոցով. դրական տեղաշարժերի հույսերը շատ քիչ են: Մնում է հաջորդիվ քայլի մի քանի տարբերակ. 1. իջնել և ուժով վռնդել այս օրերին մուտքը ամենայն ոգևորությամբ վերանորոգող սեփականատեր կոչեցյալի հետ, կերտել ավելի լավ Երևան` ապավինելով ոչ թե մտքին, այլ` բազկին (կան այս քայլի բոլոր իրավական ու բարոյական հիմքերը); 2. հիասթափվել երկրից ու գնալ` սկզբից շենքից, հետո` երկրից; 3. համակերպվել ու լռել:

Հ.Գ. 1. Այս օրերին մեր երկամյա Աստղիկը բարձր ջերմություն ունի, պատճառը` մուտքի ապօրինի զավթման բերումով շենքը շրջանցելն է, որտեղ էլ առկա սուր քամին ուղղակի մտնում է երեխայի թոքերը: Ես այս ամենի ողջ պատասխանատվությունը կապում եմ թաղապետարան-քաղաքապետարանի հանցավոր անգործության հետ:

Հ.Գ. 2. Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք կհանրայնացնեն սույն խնդիրը:

 

 

Վերջը խեր է…

tatron(Ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից Գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել էր. «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»: Ձեռակերտ և անձեռակերտ բազմաթիվ հուշարձաններով հարուստ Լոռին իրոք չնաշխարհիկ է նաև իր անտառներով, իսկ անտառի պահպանության թեման բոլոր ժամանակների համար էլ արդիական է ու հրատապ: Հենց այդ խնդիրներն է քննարկում արձակագրի «Խեր, շառ, Աստված» դրամատիկական գործը, որն Ալավերդու քաղաքային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է հեղինակի հոբելյանի առթիվ` դառնալով շնորհալի երիտասարդ ռեժիսոր, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Արթուր Սիմոնյանի դիպլոմային աշխատանքը` ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ղեկավարությամբ:

… Վերջերս այն կրկին բեմ բարձրացավ որոշակիորեն փոփոխված և նոր դերասանական կազմով: Ռեժիսորն այս անգամ նաև Անտառապահի դերակատարն է: Պարզ ճշմարտություն է, որ գրական ամեն մի ստեղծագործություն պարունակում է իրականի, երևակայականի և հուշապատումի տարրեր, հաճախ նաև` ապագայի ծրագրեր, ու քիչ ճիգեր չեն պահանջվում ճիշտ մեկնաբանության համար: Բեմադրության ավարտին հնչած ծափերը և հիացական դեմքերը գալիս էին հավաստելու, որ ճիգերն այս դեպքում իզուր չեն անցել: Տարեգիր ծերունու` Ալավերդու թատրոնի հնաբնակ Ռուսլան Սադաղյանի ուսանելի խոհերին և ահազանգին ականջալուր է Անտառապահը: Անհրաժեշտ պահին գործին միջամտում է Ոստիկանը: Սերժանտը( Տիգրան Զարգարյան) որոշել է ԳԱՅ-ի պոստ դնել: Կյանքի վայելքներից չի ուզում հետ մնալ Պատգամավորը (Գագիկ Բաբլումյան): Նա որոշել է օլիգարխ դառնալ և ակնկալում է օգնություն ոչ ավելի, ոչ պակաս` Ամերիկայից, անձամբ` Բուշից: Ամերիկուհին դա նրան խոստանում է:

…Բեմի ձևավորումն էլ ինքնանպատակ չէ, ամեն ինչ ունի իր որոշակի գործառույթը, խնդիրն ու նպատակը:

Սատանան (Լիլիթ Երեմյան) հսկում է, հաճախ միջամտում և սպասում է. «Լույսը բացվի, կերևա` ով ով է…»

Ով ով է

Իսկ հանդիսատեսի համակրանքին վաղուց արժանացած Անահիտ Բեգջանյանը այս անգամ նախկին կոլխոզի նախագահ է` իր ազդու գործով ու խոսքով: Ներկայացմանը խիստ համահունչ են Զավեն Օհանյանի երաժշտական ձևավորումը, պարուսույց Լեյլի Հովհաննիսյանի բեմադրած պարերը և սկսնակ դերակատարներ, Արթուր Սիմոնյանի ղեկավարությամբ գործող նորաստեղծ ստուդիայի սաներ` Վարդիթեր Ստեփանյանի (Անառակ կին), Նունե Ասլիկյանի (Ամերիկուհի) կերտած կերպարները:

Նպատակ չունենալով մասնագիտական գնահատականներ տալու ներկայացման սցենարին և նկարչական ձևավորմանը (նկարիչ` Վարդան Տիտանյան), ռեժիսորական մեկնաբանությանը, դերասանական խաղին, դա թողնելով մասնագետներին, միայն ընդգծենք, որ ներկայացումը հաջողված էր և առանձնակի կարևորել ավարտը: Վերջը խեր է` բահերով զինված «Վալեքս» խմբի ընկերության գովազդային շապիկներով երիտասարդները գալիս են անտառ տնկելու: Լուսավոր այս ձեռնարկման նոտայով էլ դահլիճը լուսավորվում է:

Ներկայացման ավարտին բեմ բարձրացավ հեղինակը` մեղմ ժպիտով իր գոհունակությունը հայտնելով: Նրան և բեմադրության մասնակիցներին ողջույնի ու գնահատանքի սրտաբուխ խոսքեր ասացին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և գրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Տեղաբնակները գտել են 40 տարի առաջ Վիետնամի պատերազմի տարիներին ջունգլիներում կորած հորը և որդուն

Ho Van Lang, 41, has been living in the jungle of Vietnam since he was two years oldՎիետնամի ջունգլիներում գտնվել են հայր և որդի, որոնք ԱՄՆ-ի հետ Վիետնամի պատերազմի տարիներին՝ չորս տասնամյակ առաջ, անհետացել էին:

Նրանք իրենց գյուղի տնից հեռացել էին 40 տարի առաջ, երբ ռումբի պայթյունից նրանց ընտանիքի երեք անդամները մահացել էին:

82-ամյա հորը և 41-ամյա որդուն գտել էին ջունգլիներ փայտ հավաքելու գնացած տեղաբնակները:

Երեկ իշխանությունները հաստատել են նրանց ինքնությունը:

Հայրը և որդին անտառում գոյատևել էին միրգ հավաքելով և ցորեն աճեցնելով:

Փայտ հավաքողները, նկատելով տարօրինակ պահվածքով մարդկանց, զգուշացրել են իշխանություններին, որոնք նրանց կարողացել են գտնել միայն հինգ ժամ փնտրտուքից հետո:

Հայրը կարողացել է մի փոքր խոսել տեղի փոքրամասնության լեզվով, սակայն տղան միայն մի քանի բառ է իմացել:

Ջունգլիներից գտնված մարդիկ այժմ բժշկական հետազոտություն են անցնում:

 

Ֆրանսիացի ֆերմերները յուրաքանչյուր օր 100.000 ձու են ջարդում՝ բողոքելով ԵՄ-ի հավերին պաշտպանելու հրահանգի դեմ

French egg producers throw crates of eggs4Բարկացած Ֆրանսիացի ֆերմերները ձվի ցածր գների մեջ մեղադրելով Եվրոպական միությանը՝ յուրաքանչյուր օր ջարդում են հարյուր հազարավոր ձու:

Հյուսիսարևմտյան Բրետանի շրջանում սուպերմարկետների մոտակայքում գտնվող հիմնական ճանապարհների վրա ջարդված ձվերի կույտեր են գոյացել:

Խանութներից մեկի աշխատակիցը նշել է, որ այդ աղբակույտերը իրոք անտանելի են և շուտով դրանցից վատ հոտ է գալու:

French egg producers throw crates of eggs5Թռչուններ բազմացնող ֆերմերները հայտնում են, որ իրենք ստիպված են ոչնչացնել իրենց պահուստները, քանի որ ԵՄ-ում ձվի չափից շատ արտադրություն է իրականացվում՝ պնդելով, որ ԵՄ-ի խիստ հրահանգների պատճառով իրենք չեն կարողանում շահույթ ստանալ:

Ցուցարարների խմբի ներկայացուցիչը Ֆրանսիայի ազգային լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք մինչև կիրակի շարունակելու են յուրաքանչյուր օր 100,000 ձու ջարդել՝ ավելացնելով, որ եթե ցուցարարների պահանջները չկատարվեն, ապա իրենք ավելի մեծ վնասներ են հասցնելու:

Յուրաքանչյուր օր ջարդվող հարյուր հազար ձուն կազմում է յուրաքանչյուր օր արտադրված ձվի հինգ տոկոսը: Ֆերմերները պահանջում են, որ ձվի արտադրության քանակը նվազեցվի հինգ տոկոսով: