Վիլնյուսում կայացավ Ջիվան Գասպարյանի եւ Հասմիկ Գրիգորյանի համերգը

459.Concert in Vilnius 15.08.2013Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ:

Համերգի սկզբին կազմակերպվեց ընդունելություն, որին ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը:

Նա, մասնավորապես նշեց, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների մերձեցման ամենակարեւոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարեւորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրեւ հայ եւ լիտվացի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության, եւ փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:

Միեւնույն ժամանակ դեսպանն առանձնացրեց 2013 թվականի կարեւորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի եւ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաեւ հսկայական պատասխանատվություն: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արեեւլյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ եւ փոխշահավետ գործակցության նոր փուլ:

Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգին հնչեցին հայկական, լիտվական եւ եվրոպական կատարումներ:

Ապօրինության հեղինակները պատժվել են

davtashen «Մեր քաղաքը»հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն երեկ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի և մյուս շրջանի ասֆալտապատման խնդիրներին: Հրապարակման մեջ հայտարարության հեղինակներն անդրադարձել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքներին՝ կոյուղագիծ անցկացնելու համար։ Այս հրապարակմանը չէինք արձագանքի, եթե հեղինակները նշած չլինեին, որ «թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները»: Նախ նշենք, որ տնտեսվարողի կողմից կոյուղագծի անցկացումն իրականացվել է ինքնակամ, որը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները նկատել են հերթական շրջայցի ժամանակ, աշխատանքների հաջորդ իսկ օրը, փորելու ընթացքում։ Ապօրինության հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կազմվել է արձանագրություն՝ համապատասխան տուգանքի կիրառմամբ։ Ավելին՝ երկրորդ շրջայցի ժամանակ կրկին նկատել են, որ իրավախախտները խողովակ են անցկացնում, ինչի կապակցությամբ կրկին արձագարություն է կազմվել և նրանց տրամադրվել է սեղմ ժամկետ տարածքը նախկին տեսքին բերելու համար: Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի խոսքերով՝ ողջունելի է, որ հասարակական նախաձեռնությունները ուշադրության կենտրոնում են պահում հատկապես ծայրամասային շրջանների խնդիրները, սակայն վարչական շրջանի համապատասխան կառույցները տիրապետում են իրավիճակին, խնդիրների մասին ավելի վաղ են տեղեկանում ու միջոցներ ձեռնարկում դրանց լուծման համար, իսկ ապօրինություններ չեն արտոնվում։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ «Երևանի կենտրոնում քանդում են նոր ասֆալտը, իսկ ծայրամասերը խայտառակ վիճակում են», Ռ. Բաղդասարյանն արձագանքել է. «Նման կարծիք ունեցող բոլոր ցանկացողներին հրավիրում եմ Դավթաշեն։ Միասին կշրջենք Դավթաշենի գլխավոր, երկրորդական, նույնիսկ երրորդական փողոցներով, որից հետո եզրակացություններ անելու իրավունքը կթողնեմ մեր հյուրերին»։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ

Մրցույթները չեն կայացել

Երևանի քաղաքապետարանՀայաստանի Հանրապետություն օրաթերթում և  զանգվածային լրատվության այլ  միջոցներով նախապես տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 15-ին պետք է կայանար Երևանի ներքաղաքային ուղեվորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթ: Տնտեսվարող կազմակերպությունների կողմից հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթն այսօր տեղի չի ունեցել: Ըստ Երևան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռևս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 և միկրոավտոբուսային 1 մեկ երթուղիներ: Բացի այդ, ուղևորափոխադրումներ իրականացնող  ընկերությունները այժմ ունեն շուրջ 220 վարորդի կարիք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ցույց Փարիզի Ռուսական դեսպանատան առջեւ

2013 թվականի օգոստոսի 5-ին  «Հայրենաբաղձ Հայերը Յանուն Հայաստանի Ազատագրութեան» նախաձեռնող խմբի անդամներ պարոնայք Կարէն Սիմոնեանի, Գեւորգ Մանուկեանի եւ տիկին Լիլիթ Սիմոնեան-Լէ Կադրի նախաձեռնությամբ կազմակերպվեց ցույց  Փարիզի Ռուսական դեսպանատան առջեւ:

Ցույցին պրն. Կարէն Ա. Սիմոնեանն ու տիկ. Լիլիթ Սիոմոնեան-Լէ Կադրը իրենց ելույթների մեջ ներկայացրին Հայաստանի իրականությունը եւ ,,Հայրենաբաղձ Հայերը Յանուն Հայաստանի Ազատագրութեան,, նախաձեռնող խմբի անունից իրենց դժգոհությունն արտահայտեցին Հայաստանի նկատմամբ պուտինյան եւ Ռուսաստանի
գաղութային քաղաքականության վերաբերյալ:
Ցույցը արտոնված էր Փարիզի Ոստիկանական վարչության ու Նահանգապետարանի կողմից: Ժամը 15 անց 30 րոպեին Ռուսաստանի դեսպանատան անվտանգության ու արտաքին հարաբերությունների հանձնակատար պաշտոնյաները ընդունեցին հանրահավաքի պատվիրակությանը: Զրույցը տեւեց 55 րոպե որի ընթացքին  Կարէն Սիմոնեանն ու Լիլիթ Սիմոնեան-Լէ Կադրը հանձնեցին հանրահավաքի անունից հրովարտակներ:

Տեսահոլովակներ 2013 թվականի օգոստոս 5-ին Փարիզի Ռուսական դեսպանատան առջեւ տեղի ունեցած ցույցից:

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=aYSYaHIYGpc

http://www.youtube.com/watch?v=GBoPslaLieo&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=4W4IqoQOanI

 

 

ՙԲազե՚, օր 4-րդ. հայտնի են միջճակատային մրցույթների առաջին հաղթողները,լուսանկարներ

 

6Օգոստոսի 15-ին ՙԲազե՚ երիտասարդական հավաքում հայտնի դարձան ֆուտբոլի, լողի, շախմատի, նկարչության միջճակատային մրցույթների հաղթողները։ Հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ տարեցտարի ավելանում է մարզված, ինտելեկտուալ և մշակութային պատրաստվածություն ունեցող երիտասարդների թիվը։ Նա նկատում է, որ հավաքի նախընտրական փուլերում բավականին բարդ է եղել մասնակիցների ընտրությունը, քանի որ շատ են ակտիվ ու պատրաստված երիտասարդները։ Հովհաննես Գաբրիելյանը գնահատում է այդ ակտիվությունը՝ նշելով, որ նախաձեռնող երիտասարդները մեր ապագան են։

Մարզամշակութային մրցույթներին զուգահեռ բազեականները հանդիպումներ են ունենում պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Հովհաննես Գաբրիելյանը նկատում է, որ այդ հանդիպումների ընթացքում երիտասարդներն անկաշկանդ մթնոլորտում բարձրացնում են իրենց հուզող հարցերը և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնում այն տրամադրություններն ու խնդիրները, որոնք կան երիտասարդության շրջանում։ Մասնավորապես այս օրերին հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Իսկ վաղը բազեականները հյուրընկալելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

ՙԵրևան-1՚ ջոկատը ներկայացնող Գրիգորի Սահակյանը հավաքում մասնակցել է պարանի ձգման, բազկամարտի մրցույթներին և իր ջոկատի ընկերների հետ բավականին հաջողություններ ունի։ Մայրաքաղաքը ներկայացնող երիտասարդը նշում է, որ ՙԲազեն՚ երիտասարդությանը համախմբող ծրագրերից մեկն է, ինչը նաև իրենց ինքնադրսևորման, առաջին քայլերը կատարելու հանարավորություն է տալիս։

Երիտասարդների մշակութային ելույթներն ու սպորտային մրցույթները գնահատում են մարզական ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները և պրոֆեսիոնալ ժյուրին։ Մասնավորապես, երգի մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ժյուրիի կազմում են Նադեժդա Սարգսյանը, Աննա Մայիլյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատմամբ՝ երգի մրցույթում շատ լավ, շնորհալի երգիչ-երգչուհիներ կան։ Լեյլա Սարիբեկյանը նշում է, որ առաջին հերթին գնահատում է հոգին, որ ներդնում են կատարողները ստեղծագործության մեջ։ ՙԻսկ եթե հոգու հետ միանում է նաև գեղեցիկ ձայնը, տեմբրը, ասելիքը, ապա կարող ենք ասել, որ մարդը ոչ թե պարզապես կատարում է, այլ երգում։ Ես կարևորում եմ ճաշակով երգի ընտրությունը՚,- ասում է Լեյլա Սարիբեկյանը։ Աննա Մայիլյանն էլ նկատում է, որ իր համար շատ կարևոր է կատարողի արտաքինի, ձայնի, երաժշտականության, երգի մեկնաբանման համադրումը։ ՙԲազե՚ հավաքում, ըստ երգչուհու, կան այդպիսի երիտասարդներ։

Հիշեցնենք, որ ՙԲազե՚ հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։

 

Դոլարը շարունակում է իջնել

դոլարՕգոստոսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,550,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը

1 (1)Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ  Տոնոյանը հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:

Դ.Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է,  որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:

Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ.Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ պատվիրակին հայտնել է, որ ՀՀ–ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:

Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ն ի գիտություն է ընդունել:

«Երևանյան ամառ» ակցիայի հերթական անակնկալը երեխաներին

001 (6)Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ օգոստոսի մեկից  մեկնարկած  <<Երևանյան ամառ>> մեկամսյա ծրագրի միջոցառումներից հերթականը <<Հաղթանակ >> զբոսայգում էր: Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 –ն բոլոր կարուսելներն ու խաղային ատրակցիոնները  մինչև 16 տարեկան երեխաների համար անվճար են եղել:  Երեխաների հետ զբոսայգի եկած ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին  այս նախաձեռնության համար՝ ուրախությամբ հատկանշելով, որ նմանատիպ ակցիաները  պարբերական բնույթ են կրում: <<Հաղթանակ>> զբոսայգու տարածքում միջոցառումների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Մինչ այս,  առանձին օրերի,  անվճար ակցիաներ են անցկացվել Երևանի կենդանաբանական այգում ու մանկական երկաթուղում: <<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մշակութային, մարզական ու առողջապահական միջոցառումներ, իսկ բակերում ` նաև բակային ճամբարներ: <<Երևանյան ամառը >> ծավալուն ծրագիր է, որի հիմնական նպատակը ամռան վերջին ամիսը փոքրիկ երևանցիների ու նաև նրանց ծնողների համար հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բարեխիղճ տնտեսվարողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով

001 (5)Երևան քաղաքի  Ավագանու <<Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող աշնարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին>> որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող  96 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը ավանդական է դառնալու:

<<Վարչական շրջաններ կատարած այցերի ընթացքում քաղաքապետի աչքից չվրիպեցին այն կազմակերպությունների տարածքները, որոնք, անկախ գործունեության տեսակից, բարեխղճորեն պահպանում են պարտադիր բարեկարգման նորմերը: Շնորհակալագրերի արժանացած կազմակերպությունների ցանկում են նաև պետական կառույցներ: Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է, որի նպատակը յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումով Երևանը ավելի բարեկարգ դարձնելն է>>,-նշել է Արայիկ Քոթանջյանն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կդառնան այլ օբյեկտների համար:

Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և  գնահատականի համար, նշել են, որ քաղաքապետի ուշադրությունը հաճելի անակնկալ էր, նաև՝ պարտավորեցնող:

Նշենք, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրականացվող ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 4000 օբյեկտների հարակից տարածքներ բարեկարգվել ու կանչապատվել են, շուրջ 500-ում էլ համապատասխան աշխատանքներ են ընթանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կրասովսկու ջոկատի և հայ աշխարհազորայինների հաղթանակի 186-ամյակը

z7V9eSN4SHAG4rOreeTVpPQ5RbՕգոստոսի 17-ին Արմավիրի մարզում գտնվող Օշականի հուշահամալիրում կնշվի  թվով տասն անգամ գերազանցող պարսից բանակից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար մղվող Օշականի ճակատամարտում (1826-1827թթ. ռուս-պարսկական պատերազմ)  գեներալ Կրասովսկու ջոկատի և հայ աշխարհազորայինների հաղթանակի 186-ամյակը:

Այդ ակցիայի շրջանակներում «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ կդրվեն պսակներ և ծաղիկներ, և կմատուցվի զոհված զինվորների հոգեհանգստի պատարագ` Հայ Առաքելական և Ռուսական Ուղղափառ եկեղեցու ծեսերով:

Օշականի հերոսներին զինվորական պատիվներ կմատուցի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Արմավիրի սահմանապահ ջոկատի Պատվո պահակախմբի վաշտը:

Նույն օրը Էջմիածին քաղաքի հրապարակում` քաղաքապետարանի հարևանությամբ, կկայանա մեծ տոնական համերգ:

Ակցիային կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսենի Գրիգորյանցը:

Կազմակերպիչներ. «Ռոսիա» հասարակական կազմակերպություն  (Էջմիածնի մասնաճյուղ), Էջմիածնի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, Հայաստանում «Ռուսհամագործություն» դաշնային գործակալության ներկայացուցչություն:

Մասնակիցներ. Արմավիրի և Արագածոտնի մարզպետարաններ, Օշական գյուղի ադմինիստրացիա, Ռուսական  102-րդ ռազմական բազա, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչություն, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն,  Հայ Առաքելական և Ռուսական Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ռուս հայրենակիցներ, հասարակական, երիտասարդական, վետերանական և կրոնական կազմակերպություններ, կազակական միավորումներ, Երևանի, Էջմիածնի և Օշականի հասարակայնությունը:

Ակցիային մասնակցել ցանկացողների համար. մեկնումը` Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունից  (Պռոշյանի 1-ին նրբ., 20/14)`  օգոստոսի  17-ին ժ.  9.00: Հեռ.`   520340 (ավ.36):

 

Հայաստանում Ռուսհամագործակցության

 ներկայացուցչության մամուլի ծառայություն

 

 

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանում է

4 (4)Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օգոստոսի 14-ին ժամանել է Ադրեջան:

Գաբալայի միջազգային օդանավակայանում Գյուլին դիմավորել են Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը և այլ պաշտոնատար անձիք, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Գյուլը Ադրբեջանում մասնակցելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովին, որը կայանալու է օգոստոսի 16-ին Գաբալայում:

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը հիմնադրվել է 2009թ.-ին: Անդամ երկրներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:

 

Ադրբեջանը միջազգային դիտորդների է հրավիրել նախագահական ընտրություններին

3 (6)Ադրբեջանը պաշտոնապես միջազգային դիտորդների է հրավիրել՝ մասնակցելու կայանալիք նախագահական ընտրություններին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական “1նյուզ” լրատվական կայքը, ընտրություններին դիտորդներ ուղարկելու հրավեր են ստացել 9 միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՍՏՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ-ն, ՎՈւԱՄ-ը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԻՀԿ-ն և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին: Հիմնական հավակնորդը գործող նախագահ Իլհամ Ալիևն է, ով այդ պաշտոնում է 2003թ.-ից:

Նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2008թ.-ի հոկտեմբերի 15-ին: Այս ընտրությունը Ադրբեջանում տեղի են ունենում հինգ տարին մեկ:

Դիարբեքիրում կառուցվելու է «Համատեղ ցավի» հուշարձան` կոտորված ազգերի հիշատակին

2 (5)Դիարբեքիրի Սուրի շրջանում Թուրքիայի հանրապետությունից առաջ և հետո կոտորված հայերի, քաղդեացիների, ասորիների, քրդերի, եզդիների, մուսուլմանների և հրեաների հիշատակին “Համատեղ ցավի” հուշարձան է կառուցվելու։

Այս մասին հայտարարել է նախաձեռնության հեղինակ, քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության ներկայացուցիչ, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, տեղեկացնում է “Միլլիյեթը”։

Դեմիրբաշը, ընդգծելով, որ Միջագետքում բնակված ժողովուրդների պատմության մեջ շատ ցավալի էջեր են եղել, ասել է. “Մենք բոլորս ոչ թե մեր ցավերը  պետք է միմյանց դեմ կռվեցնենք, այլ դրանք միավորելով` ցավերին վերջ տալու համար քայլեր պետք է ձեռնարկենք։ Այդ նպատակով մենք ընդհանուր խղճի հուշարձան ենք կառուցելու։ Դա մեր պատմության հետ առերեսման խորհրդանիշն է լինելու: Այս նախաձեռնության նպատակը Դիարբեքիրը որպես ժողովուրդների և հավատքների հավաքական վայր ցուցադրելն է”։

 

 

Ստամբուլի օդանավակայանի ինքնաթիռներից մեկում ռումբի առկայության մասին անանուն զանգ է ստացվել

1 (9)Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում դադարեցվել է Ստամբուլից Գերմանիա ուղևորվող Թուրքական ավիաուղիներին պատկանող 5 ինքնաթիռների չվերթը:

Ինչպես հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը, Աթաթուրքի օդանավակայանից դեպի Գերմանիայի Բեռլին, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Շտուտգարտ և Մյունխեն քաղաքներ չվերթից առաջ անանուն զանգ է ստացվել, որով հաղորդվում էր, որ այդ օդանավերից մեկում ռումբ կա:

Անվտանգության աշխատակիցները անմիջապես չեղյալ են հայտարարել Գերմանիա ուղևորվող չվերթները: Օդանավերի ուղևորները դուրս են բերվել, և մոտ 4 ժամ տևողությամբ ստուգում է իրականացվել:

Ստուգման ընթացքում որևէ ռումբ չի հայտնաբերվել:

Ֆրանտիշեկ Միկլոշկոյի «Ժամանակի նշանները»

f_mikloskoՎերջերս Ադրբեջանը հրատարակեց իր համար անցանկալի օտարերկրացիներին <<persona non grata>> կարգավիճակ տալու մասին: Սլովակիայից այդ ցուցակում ներգրավված են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի(ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սլովակիայի Ազգային Ժողովի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Աշոտ Գրիգորյանը տարիներ առաջ Սլովակիայի արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կառավարական պատվիրակության կազմում պաշտոնական այցով եղել է Բաքվում և շատ համեմատելու բաներ ունի: Երկրորդ անգամ Բաքու այցելել պարոն Գրիգորյանը չի պլանավորելև համարում է ժամանակի կորուստ: Ըստ պարոն Միկլոշկոյի, այսօր ժամանակը նույնպես այնքան թանկ է, որ երբևիցե Ադրբեջան այցելելու մտադրություն նա չունի և չէր կարող ունենալ, եթե իհարկե ադրբեջանական իշխանությունները հատուկ խնդրանքով չդիմեին նրան և չստեղծվեր առանձնահատուկ առիթ: Սա իմիջիայլոց: Իսկ այսօր մենք ուզում ենք խոսել մի քանի ամիս առաջ մայիսին, Բրատիսլավայում հրատարակված Ֆրանտիշեկ Միկլոշկոյի <<Ժամանակի նշանները>> գրքի շուրջ, որը ուներ նաև <<Սլովակիայի կոորդինատները 1982-2012>> ենթավերնագիր: Հեղինակը, ով կոմունիզմի ժամանակ 20 տարիների ընթացքում մասնակցել է  ընդհատակյա կաթոլիկ եկեղեցու աշխատանքներին և հետագա 20 տարիների ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ` եղել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ (1990-1992) և պատգամավոր (1992-2010), այս գրքում ներկայացնում է իր մտքերը 1982-2012 ժամանակահատվածի հասարակական զարգացումների վերաբերյալ:

Մինչ կոմունիզմի անկումը,  նա ինքնուրույն հրատարակել է հոդվածներ, այնուհետև ունեցել հասարակական ելույթներ:  Գիրքը առաջին հերթին նվիրված է Սլովակիային, սլովակ ժողովրդի մտածելակերպին և նրա առջև ծառացած խնդիրներին: Սակայն Ֆրանտիշեկ Միկլոշկոն գրքում ներառել է երկու հոդվածներ, որոնք առաջին հայացքից այդքան էլ չէին համապատասխանում ընդհանուր համատեքստին, իսկ դրանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայի և անցյալի վերաբերյալ մտորումներ և կարծիքներ են:

Հայությանը նվիրված հոդվածներում հեղինակը արտահայտում է իր հիացմունքն ու խոնարհումը հայերի հանդեպ, և մասնավորապես նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, իսկ որպես հիմնական գաղափար նշում է, որ Արցախի հայերը ակամայից պայքարում են հենց Եվրոպայի մշակութային և քրիստոնեական ժառանգությունը պահպանելու համար:

Հեղինակը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը քրիստոնեական Եվրոպայի կարևորագույն օղակն է հանդիսանում և Արցախի ժողովրդի պայքարը դա յուրօրինակ կոչ է Եվրոպայում ապրող մյուս մարդկանց, որոնք կարծես թե կորցնում են իրենց քրիստոնեական արմատների հետ կապը և նրանց հանդեպ հետաքրքրությունը:

Նա Հայաստանը և հայկական եկեղեցին գնահատում է որպես Արևելյան Եվրոպայի “թոքեր”, առանց որի Եվրոպան չէր լինի Եվրոպա, և ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ 20-րդ դարում ցեղասպանությունների հիմքը ազդարարվեց հենց 1915 թվականի Հայոց Ցեղասպանությամբ: Հեղինակը հստակ ընդգծում է, որ հայերի խնդիրը համարվում է ողջ Եվրոպայինը, այդ թվում նաև Սլովակիայի խնդիրը:

Գնահատելով Ֆրանտիշեկ Միկլոշկոյի <<Ժամանակի նշանները>> գիրքը, կարելի է եզրակացնել, որ այն ընթերցողին տանում է դեպի Հայաստան` դարձնելով այն ավելի բարեկամական երկիր սլովակների համար` միաժամանակ օրինակ ծառայելով ազգային արժեքների պահպանման գործին նվիրյալների համար:

Ըստ պարոն Միկլոշկոյի, Եվրոպայի քրիստոնեական մշակութային արժեքները լրջորեն վտանգված են, և Եվրոպան պարտավոր է այն պաշտպանել և դրա պաշտպանությունը պետք է սկսել քրիստոնեական մշակույթի համար <<ֆորպոստ>> հանդիսացող Արցախից, քանի որ Արցախը միայնակ մաքառում է մուսուլմանական ոտնձգությունների դեմ և քրիստոնեական Եվրոպայի օգնության մեծ կարիքն ունի: <<Կորցնենք Արցախը, կկորցնենք Հայաստանը և կվտանգենք ողջ Եվրոպայի ապագան>>,- ահա պարոն Միկլոշկոյի կրեդոն, որն արտահայտվում է վերջին տարիների նրա ողջ գործունեության մեջ:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

15.08.2013թ.

 

Ամրենի(ոսկեշիվ), Solidago)

ЗолотарникՊատկանում է բարդազգիների ընտանիքին: Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում: Տարբեր տեսակների բարձրությունները տատանվում են 0,4-2,0 մ-ի սահմաններում: ՍոլիդագոSolidago) – ոսկեշիվի բուսաբանական անվանումն է, այն լատինական  solidus բառից է  առաջացել, որ նշանակում է ամուր և ago`առողջացնող: Ոսկեշիվը  իր պատմական հայրենիքում, Հյուսիսային Ամերիկայումհնուց օգտագործվել է որպես դեղաբոյս: Ամերիկյան հնդիկները հավատում էին բույսի հակամանրեային, վերքը բուժող, ցավազրկող հատկություններին(ժամանակակից բժշկությունը այդ հատկությունները մասամբ հաստատում ): Ոսկեշիվը Եվրոպա է մուտք գործել մոտ 200 տարի առաջ: Մշակության մեջ տարածված է կանադական ամրենին(S.canadensis L), որի բարձրությունը հասնում է 1-2 մետրի:Ծաղիկները շատ մանր են, միասին խմբված կազմում են հուրանավոր ծաղկաբույլեր, որոնք կտրված վիճակում ջրի մեջ դիմանում են 10-14օր:ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղիկը մեղրատու է, ունի թեթև բուրմունք: Բույսը լուսասեր է, պետք է տնկել արևոտ հողամասերում, սննդանյութերով առատ հողում, բույսը բույսից 0,6-1.0 մետր հեռավորությոն վրա: Պահանջում է չափավոր ոռոգում:

Մշակության մեջ հաճախ  հանդիպում է Շորտի ամրենին(S.Schortu Hort), որի բարձրությունը հասնում է160սմ-ի: Ծաղկում է դեղնագույն ծաղիկներով`հուլիս ամսից:Ծաղկաբույլերը խոշոր են, հուրանավոր:

Սովորական ամրենու կարճահասակ այլատեսակը(S.virgaurea nana L) տեսակը նույնպես հաճախ է հանդիպում: բարձրությունը հասնում է 40սմ, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, դեղնականաչ ծաղիկներով: Թե երկրորդ և թե երրորդ տեսակի ծաղիկները նույնպես մեղրատու են և արձակում են թեթև բումունք:

SolidagogiganteaԲազմացնում են թփերի բաժանումով վաղ գարնանը,3-4տարին մեկ, հեշտությամբ բազմանում է նաև կտրոններով և սերմերով:

Հ.Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու

g_image-էՀ.Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյան

Հայրենիք վերադառնալու դեպքում գերեվարված զինվորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու. ՊՆ խոսնակ

g_image-էՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հ.Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ՝ նշելով, որ նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը:

“Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու”,-հայտարարել է:

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում իր մտահոգությունն էր հայտնում Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ էր անում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Հայտարարությունը ներկայացված է ստորև:

“Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:

ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն, ինչը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում մենք առնվազն մտահոգիչ ենք համարում:

Ավելին, տեղեկացնում ենք, որ «haqqin.az» կայքում տեղադրվել և հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ ադրբեջանական լրատվական գործակալությանը տված «հարցազրույցի» տեսանյութը (www.haqqin.az/news/8462): Նշված տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, «որպեսզի զգա հայկական և ադրբեջանական համազգեստների տարբերությունը»` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա և վիրավորել արժանապատվությունը:

Դրա հետևանքով խախտվել են Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ:

Մասնավորապես, Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունից»: Հետևաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց և կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել:

Բացի այդ, Ժնևյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:

Ժնևյան երրորդ կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ պահպանության տակ գտնվող անձինք «…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն Կոնվենցիայով…»:

ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկանալի հետևանքները: ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովվեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 և 2010թթ. գերեվարվել և սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել և որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել՝ ողբերգական նախադեպեր են: Նմանօրինակ հանցագործությունները պետք է դատապարտվեն և կանխարգելվեն բոլոր հնարավոր միջոցներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ և կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:

Կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենաայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան”:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք: Օգոստոսի 12-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում  Ինջիղուլյանը հարցազրույց էր տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին:

Պետության խնդիրը սոցիալապես անապահով ուսանողին աջակցելն է

 Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն oգոստոսի 14-ին «Բազե»  համահայկական երիտասարդական հավաքի հյուրն է եղել: Երիտասարդների հետ շուրջ 2 ժամ տևած զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Երիտասարդներին հետաքրքրող առաջին ամենակարևոր խնդիրը  բուհերում ուսման վարձավճարների բարձրացումն էր՝ արդյոք հնարավոր չէր այդ քայլին չգնալ կամ վերանայել որոշումը։ Նշելով, որ վարձավճարների բարձրացման խնդիրն առաջ է եկել դեռ  4-5 տարի առաջ, ինչը սակայն տևական ժամանակ կասեցվել է, նախարարն ընդգծել  է. «Ոչ ոք լավ կյանքից թանկացումների չի գնում։ Ո՜չ բուհերը, որ կայացրել են այս որոշումները, ո՜չ կրթության ոլորտի լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ուրախ չեն և չեն կարող ողջունել, որ ուսման վարձերը բարձրացվել են։ Մի շարք բուհերի բյուջեներ այսօր  իսկապես զարգացման հնարավարություն չեն տալիս, իսկ որակյալ կրթություն ապահովելու համար բուհն անպայման պետք է նոր տեխնոլոգիաներ ներդնի, պրոֆեսիոնալ ու առաջատար մասնագետների հրավիրի, ովքեր պահանջում են համապատասխան վարձատրություն: Ստեղծված իրավիճակում մենք հասկանում և ըմբռնումով ենք մոտենում բուհերում վճարների թանկացման որոշմանը, սակայն  այս համատեքստում պետք է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր կլինի ուժեղացնել պետության աջակցությունը սոցիալապես անապահով և առավել խոցելի խմբերի ուսանողներին: Միայն առաջին կուրսեցիների վրա է տարածվելու թանկացումը, և առաջին կուրսեցու կրթության մատչելիության խնդիրը նախևառաջ պետության խնդիրն է, պարտքն ու հոգսը»։ Ըստ Ա. Աշոտյանի՝ ուսանողները միշտ եղել են խոցելի խավ, և թիվ մեկ հարցն այն է, թե ում և ինչպես օգնել, որպեսզի ուսման վարձերի թանկացումները չազդեն կրթության մատչելիության վրա։ Նախարարը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից հստակ պահանջ է դրված՝ ապահովել և գործի դնել սոցիալական փաթեթների այնպիսի մեխանիզմներ, որ որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով դուրս չմնա բուհից: «Առաջիկա 4-5 տարիների ընթացքում պետք է հասնենք այդ սկզբունքի լիակատար կիրառմանը՝ ոչ մի լավ սովորող ուսանող վարձը չմուծելու պատճառով  բուհից  պետք է դուրս  չմնա, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության ստանալու հնարավորությունից : Այս լրջագույն նպատակին հասնելու համար արդեն իսկ կա 2 հստակ ծրագիր, որոնցից առաջինը արդեն կգործի սեպտեմբերի 1-ից։ Մասնավորապես, «Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես ամենաանապահով ընտանիքների երեխաների համար պետությունը 50-100 տոկոսանոց զեղչեր է նախատեսում՝ կախված իրենց անապահովության նիշից։ Այդ ծրագիրը տարածվելու է մոտ 2500 ուսանողների վրա։ Երկրորդ թիրախը միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն են, ում վճարունակությունը թույլ կտա վերցնել արտոնյալ ուսանողական վարկեր։ Դրանք տրվում են ավելի երկար ժամկետով, ավելի ցածր տոկոսադրույքով:  Պետությունը գերազանց առաջադիմություն ունեցողների համար փոխհատուցում է վարկի 3 տոկոսը, իսկ լավ առաջադիմություն ունեցողների համար՝ 2 տոկոսը՚»,- նշել է ԿԳ նախարարը։
Անդրադառնալով  ուսանողական զեղչերի համակարգին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ այն արդյունավետ չի  կիրառվում, քանի որ զեղչի կիրառման չափը որոշվում է բուհերի կողմից ու հստակ չափանիշներ սահմանված չեն: Այժմ մշակման փուլում է գտնվում “Ուսանողական զեղչերի մասին” օրինագիծը, որտեղ հստակ թվարկված են բոլոր այն խավերը, որոնց պետությունը երաշխավորում է ուսման զեղչ 20-50 տոկոսի սահմաններում։ Օրինագծում ամրագրվում է, նաև, որ բուհերը իրենց բյուջեների որոշակի  տոկոսը պարտավոր են ուղղել ուսման վարձերի զեղչմանը։ “Մենք օրենքով ցանկանում ենք սահմանել ֆինանսական ծավալի այնպիսի շեմ, որով բուհը պարտավորվում է ուսանողի վճարած գումարի մի մասը վերադարձնել ուսանողներին՝ զեղչերի տեսքով,- պարզաբանել է նախարարն ու շարունակել,- Մեկ և ավելի երեխա ունեցող ուսանողուհի մայրերին, հաշմանդամ ծնող ունեցողներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին, զոհված ազատամարտիկների երեխաներին մենք ներառել ենք այդ թիրախային խմբերում”:  Ընդառաջելով երիտասարդների առաջարկին՝  նախարարը  խոստացել է օրինագիծը դնել հանրային քննարկման՝ ներառելով երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների առաջարկները:
Նախարարը նաև հորդորել է  ուսանողներին ավելի ակտիվ լինել ու բուհերից պահանջել, որպեսզի իրենց վարձավճարներից գոյացած գումարների ծախսման գործընթացը լինի ավելի թափանցիկ ու հրապարակային։
Ուսանողները ԿԳ նախարարին հարցեր են ուղղել նաև բուհական ճաշարանների, միջազգային հավատարմագրման, կրթության որակի և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ:

 

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը քննարկեց շինարարության արժեքի հաշվարկման հարցը

IMG_0421Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

Այս անգամ հինականում քննարկումը ծավալվեց շինարարության ոլորտի աշխատավարձի ձևաչափի սահմանման շուրջ: Հանձնաժողովականների մոտեցումները 2 սկզբունքային տեսակետների էին բաժանվում: Առաջինը` Վերահսկիչ պալատի տեսակետն էր, որի համաձայն առաջարկվում է աշխատավարձի 1 ժամվա դրույքաչափը հաշվարկելիս հիմք ընդունել ազգային վիճակագրական ծառայության տվյալը` ամսական միջին աշխատավարձի վերաբերյալ: Երկրորդ տեսակետը, որի կողմնակից էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները` առաջարկվում է աշխատավարձը հաշվարկելիս հիմք ընդունել նվազագույն աշխատավարձի նկատմամբ համապատասխան գործակցը:

Նախարար Ս. Թադևոսյանը, շեշտելով հարցի կարևորությունը, հորդորեց ներկաներին զգուշավորություն ցուցաբերել հատկապես աշխատավարձի նոր սխեմայի ձևավորման հարցում, քանի որ ոչ միայն այս սկզբունքային հարցից են ածանցվում վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի և այլ կարևոր հաշվարկները, այլ նաև կարող է ուղղակի ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա:

Նախատեսվում է շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը կառավարություն ներկայացնել սեպտեմբերին, ուստի պարոն Թադևոսյանը կոչ արեց հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում ամփոփել ներկայացված առաջարկներ:

Նիստում քննարկում ծավալվեց նաև վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի հաշվարկների, շինմոնտաժային աշխատանքներում նյութերի և այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջարկությունների քննարկման նպատակով:

 ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին