Կանադացի լրագրողը քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ մերկացրել է կուրծքը

canadian journalist1Այս շաբաթ կանադացի ռադիոհաղորդավարը և թերթի լրագրողը քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ հանել է իր վերնազգեստը և կիսամերկ շարունակել հարցեր տալ:

cnadian journalistԼրագրող Լորի Ուելբուրնը Կանադայի Կելոունա քաղաքի քաղաքապետ Ուոլթեր Գրեյի հետ հարցազրույց էր վարում հանրության մեջ կանանց կիսամերկ քայլելու թեմայով:

Լրագրողը հարցնելով, ինչ կլինի եթե ինքը կիսամերկ քայլի քաղաքում՝ խոսափողը փոխանցել է քաղաքապետին և մերկացրել կուրծքը՝ պատճառաբանելով, որ շոգ է:

Քաղաքապետը պատասխանել էր, որ եթե տղամարդիկ կարող են կիսամերկ շրջել, ապա կանայք ևս իրավունք ունեն:

Կանադայում կիսամերկ քայլելը անօրինական չէ, եթե չի անցնում պարկեշտության սահմանները:

Օգոստոսի 25-ին կանանց խմբերը կիսամերկ շրջում էին Նյու Յորքում կիսամերկ քայլելու կանանց իրավունքը նշելու համար: Այս ամենամյա միջոցառումը նշվում է 2007թ-ից ի վեր:

 

Աշխարհի առաջին գրպանի հաշվիչը աճուրդի է հանվել. սպասվում է, որ այն կվաճառվի 100,000 ֆունտով

World's first pocket calculatorՍպասվում է, որ 17-րդ դարում ստեղծված հազվագյուտ գրպանի հաշվիչը աճուրդում կվաճառվի 100.000 ֆունտով:

Հաշվիչը աշխարհի առաջին հաշվողական դյուրակիր սարքերից է:

Անտիկ գրպանի հաշվիչը Քրիստի աճուրդում կցուցադրվի հոկտեմբերին: Այն հանդիսանում է հին ժամանակներից պահպանված երեք հաշվիչ սարքերից մեկը:

1673թ-ին ստեղծված փայտե սարքը ունի 15սմ լայնություն և 32սմ երկարություն:

Այն ստեղծել է փարիզցի մեքենագետ և թագավոր Լուի XIV-ի ժամագործ Ռենե Գրիլե դե Ռովեն:

Աճուրդի ճանապարհորդություն, գիտություն և բնության պատմության բաժնի ղեկավարի խոսքով՝ սարքը համակարգչի պատմության մեջ պահպանված ամենավաղ նմուշներից է:

Հաշվիչ սարքը կատարում է բոլոր մաթեմատիկական գործողությունները՝ ներառյալ գուամրում, հանում, բազմապատկում և բաժանում:

Այս սարքին նմանվող մյուս երկու հաշվիչներից մեկը գտնվում է Փարիզի Արվեստի և արհեստների թանգարանում, իսկ մյուսը Նյու Յորքում՝ IBM-ի հավաքածուի մեջ:

 

Օգոստոսի 17-ին ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում բռնկված հրդեհը դեռևս չեն կարողանում մարել

4Կասպից ծովի Բուլլա կղզում գտնվող ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում օգոստոսի 17-ին բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Խալիք Մամեդովը: “Դեռևս չենք կարողացել կրակը մարել, սակայն այդ ուղղությամբ ակտիվ տեխնիկական աշխատանքներ են տարվում”,-նշել է Մամեդովը:
“Բուլլա-դենիզ” հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառով նավթահանքի ծովային հարթակից էվակուացվել են 62 աշխատակիցներ, զոհեր չկան:
Ներկայումս SOCAR-ի մասնագետները տարբեր մեթոդներ են մշակում`հրդեհը ամբողջությամբ մարելու համար:

Չինական համացանցը իր պատմության մեջ ամենախոշոր հարձակմանն ենթարկվել

china-ddosԿիրակի առավոտյան Չինաստանի համացանցային դոմենը հարձակման է ենթարկվել:

Չինաստանի համացանցի տեղեկատվական կենտրոնը, որը վերահսկում է պետական .cn դոմենը, հայտնում է, որ սա իր բնույթով Չինաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ համացանցային հարձակումն էր:

Պետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկու հարձակումներ են իրականացվել, իսկ այժմ ծառայությունը դանդաղ վերականգնվում է:

Պետական պաշտոնական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումը իրականացվել է .cn դոմենով կայքերի և հայտնի Sina Weibo միկրոբլոգինգային կայքի վրա:

Հարձակումները, որից հետո համակարգը ընդհանրապես չի աշխատում, տեխնիկական չեն համարվում, քանի որ դրանք կարող են իրականացվել առանց համակարգ մուտք գործելու:Սրանք հիմնականում իրականացվում են կայքերը հարցումներով ծանրաբեռնելու միջոցով, որից հետո դրանք անհասանելի են դառնում:

Դեռևս պարզ չէ արդյոք այդ հարձակումը կապ ունի Չինաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հետ:

 

«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱ՞Լ»

derenik_melikyan1-Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դէմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թոյլ տրւող «պատմական սխալը»,- ընդգծել է Լաւրովը,- կը ներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մէջ…»:

2-Նոյն հարցի վերաբերեալ կայացել են հեռախօսազրոյցներ՝ Լաւրովի եւ իր գերման գործընկերոջ եւ Օբամա-Քամերոնի միջեւ, իսկ զուգահեռ սրանց՝ Ֆրանսիան ի նախագունէ խիստ դիրքորոշում որդեգրելով՝ յայտարարել է Սիրիայի դէմ զինուժ կիրառելու մասին՝ վերջնիս կողմից քիմիական զանգւածային զէնք օգտագործելու պատճառով:

3-ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպէս երբեւէ, այս խնդրում եւս հրապարակել է պրոտոկոլային դատապարտանքի յայտարարութիւնը, իսկ հէնց սկզբից Ասադի գահընկէցութիւնն սադրող հակաալաւիական Թուրքիան ու Ս. Արաբիան ակնդէտ սպասում էին «համաշխարհային հանրութեան» նմանատիպ համախոհութեան ձեւաւորման վերջին փուլին, որին հասնելու «յարմարագոյն» գործօնն է հանդիսացել քիմիական զէնքը:

4-Ուրւագծւած սցենարը շատ նմանութիւններ ունի նոյն «համաշխարհային հանրութեան» կողմից Իրաքի դէմ յարձակման սցենարին, այն տարբերութեամբ, սակայն, որ այսօր, թիրախ ընտրած երկրի նախագահ Ասադի դիրքերը օրէօր ոչ թէ թուլանում, այլեւ գնալով աւելիով են ամրապնդւում, յատկապէս, երբ քաղաքական ու դիւանագիտական մակարդակում եւս վայելում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի, իսկ այժմ էլ «բախտակից» Լիբանանի ու Իրաքի հովանաւորութիւնը:

5-«Համաշխարհային հանրութեան» համախմբումը Ասադի դէմ, սակայն, պատկերացնելի չէ առանց քարոզչական համարժէք սցենարների, իսկ այստեղ եւս գործի լծւեցին «Ալջազիրայական» հնարքները՝ քիմիական զէնքերի կիրառման դատապարտելիութեան եւ օգտագործողի, «Ալ Ջազիրա»-ի մատուցմամբ՝ Ասադի իշխանութեան պատժելիութեան արդարացման վերաբերեալ…

6-…Եւ ինչպէս լրահոսից է երեւում, ներկայ պահին ԱՄՆ (ՆԱՏՕ) զինուժերը սպասում են հրահանգի, իսկ «հարեւանների հետ զրօ խնդիր» ունեցող Թուրքիան էլ ուժեղացնում ու զգօնութեան է բերում Սիրիային սահմանակից իր զօրամիաւորումները:

7-Կը հրաժարւի՞ արդեօք «համաշխարհային հանրութիւնը» Լաւրովի ասած «պատմական սխալի» ուղղութեամբ ընթանալուց, թէ՞ Միջին ու Մերձաւոր արեւելեան, Արաբա-աֆրիկեան, Հարաւկովկասեան աշխարհամասերում առգոյ թէժ կէտերը մօտալուտ ապագայում կը վերածւեն աշխարհասասան բռնկւող անմարելի հրդեհների:

Յար եւ նման 100 տարի առաջ թոյլ տրւած «պատմական սխալին», որն էլ յանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ադրբեջանում ամուսնացող անձինք պարտադիր բուժզննում կանցնեն

ամուսնությունԻնչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, վկայակոչելով «Trend»-ի փոխանցած լուրը, Ադրբեջանում սահմանվել են բժշկական զննման այն տեսակները, որոնք պարտադիր կերպով պետք է անցնեն այն անձինք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Այս մասին է հաղորդել ադրբեջանական մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի ներկայացուցչի օգնական Մուսա Գուլիևը, որը միևնույն ժամանակ խորհրդարանի պատգամավոր է: Վերջինս նշել է, որ այս հարցը իր արտացոլումը կգտնի «Բնակչության առողջապահության մասին» օրինագծում:

Պատգամավոր Գուլիևը նշել է, որ ամուսնության գրանցման ժամանակ պետք է պահանջվի առողջական վիճակի մասին վկայող փաստաթուղթ: «Վերջին տարիներին ադրբեջանական մամուլն ու առողջապահության նախարարությունն  այս ուղղությամբ լուսավորչական աշխատանքներ են  տանում: Արդեն եկել է դրական արդյունքների հասնելու ժամանակը: Նման աշխատանքներ տարվում են բոլոր զարգացած պետություններում, և այս ոլորտում արդեն բավական լավ արդյունքներ են գրանցվել»,-ասել է Գուլիևը:

Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը բաժանվել են

pic_2cb4ad2b5005e01ab5c37eab7fd9d080Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը բաժանվել են, տեղեկացրել է Corriere della Sera-ն: Դերասանուհու պաշտոնական  ներկայացուցիչներն արդեն հաստատել են այդ տեղեկությունը: Թե ինչն է բաժանության պատճառը,  չի հայտնվում: Իրենք`  դերասանները, ևս որևէ հայտարարություն չեն արել: Չի հայտնվում նաև` նրանք ամուսնալուծվել են, թե պատրաստվում են դրան: Բելուչին ներկա պահին գտնվում է Սերբիայում` Էմիր Կուստուրիցայի ֆիլմի նկարահանումներին է մասնակցում:

Բելուչին ու Կասելը ծանոթացել են 1990-ականներին: 1999-ին զույգն ամուսնացել է: Նրանք ունեն երկու դուստր` Դևեն ու Լեոնին:

 

 

 

 

Ճապոնուհին սուրճի բաժակով սպանել է ամուսնուն

i (3)Ճապոնիայում տնային տնտեսուհի Էմիկո Խիրոսեն սուրճի բաժակով ծեծելով սպանել է ամուսնուն:

61-ամյա Խիրոսեն 10-ից ավելի հարված է հասցրել 70-ամյա ամուսնու դեմքին ու գլխին: Ի դեպ, ամուսինը Յոկոհամայի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր: Նրան հասցրել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել:

Էմիկոն խոստովանել է, որ ծեծել է ամուսնուն զայրույթի նոպայի պահին: ”Նա սիրավեպ ուներ մի կնոջ հետ, որին ես տանել չեմ կարողանում”,-բացատրել է կինը:

 

 

 

Խորեն Բայրամյանը տեղափոխվել է նոր թիմ

28539Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն այսուհետ կկրի Վոլգոգրադի «Ռոտորի» մարզաշապիկը: Նա վարձավճարով մինչև տարեվերջ կխաղա այդ թիմի կազմում:

«Ռոտորը »Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում անցկացրած 9 խաղից հետո  9-րդ տեղում է:

21-ամյա Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 16 հանդիպման։ «Ռոտորում» նա կխաղա 17 համարի մարզաշապիկով։

«Նրա տրանսֆերի շուրջ սկսել ենք բանակցել հունիսից և վերջապես կարողացանք փոխհամաձայնության գալ։ Լավ գիտենք այդ տղային՝ նա հրավիրվում է Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Բայրամյանն արագաշարժ, տեխնիկապես պատրաստված, լավ դրիբլինգ ունեցող խաղացող է։ Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ կիսապաշտպանության ու  հարձակման գծում։ Հույս ունենք, որ Խորենը կուժեղացնի մեր թիմը»,- ասել է «Ռոտորի» փոխնախագահ Ռոխուս Շոխը:

 

 

 

«Երբ մարդիկ արտագաղթում են, դա ևս սոցիալական բունտի տեսակ է». Անուշ Սեդրակյան

untitledԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանն ասաց, որ հասարակական անհնազանդությունն անցել է սոցիալական բունտի էտապ, ինչը իրեն ոգևորում է: Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ի անդամ Մանվել Բադեյանը հակադարձեց` ասելով, որ, եթե քաղաքացիական գործընթացներն օրենքը չեն խախտում, ապա մարդկանց իրավունքն է այդ ձևով իրենց բողոքն արտահայտելը, բայց եթե դրանք դառնում են ապօրինի, ինքը դեմ է դրանց, քանի որ դեմ է ցանկացած ապօրինության:

«Ցանկացած մարդ կարող է դիմել սահմանադրական դատարան և պաշտպանել իր իրավունքները, ոչ թե բունտ անել», – ասաց Մանվել Բադեյանը: Սա ծիծաղ առաջացրեց Անուշ Սեդրակյանի մոտ, ով պարզապես փորձեց հիշեցնել, թե որքան չակերտներ կան մեր «անկախ դատական համակարգ» ասվածի մեջ: «Ի վերջո` բունտ ասվածը միայն արյունալի հեղափոխությունը չէ: Օրինակ` եթե մարդիկ արտագաղթում են, դա ևս սոցիալական բունտի տեսակ է», – հիշեցրեց Անուշ Սեդրակյանը:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի առաջին անգամ մկրտության արարողություն տեղի կունենա

ahtamarՎանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում ավարտին են մոտենում սեպտեմբերի 8–ին անցկացվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքները: Երկու շաբաթ անց կիրակի օրը եկեղեցում արդեն չորրորդ անգամ (2010-ից ի վեր) սուրբ պատարագ կմատուցվի, ինչպես նաև առաջին անգամ կիրականացվի կնունքի արարողություն: Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը, սպասվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելի շատ մարդիկ կայցելեն եկեղեցի և կմասնակցեն պատարագին:

Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրեն Մուզաֆեր Աքթուղը նշել է, որ Քրդական հարցում սկսված լուծման գործընթացը դրականորեն է ազդել զբոսաշրջության վրա: «Լուծման գործընթացը դրական ազդեցություն է գործել ինչպես շատ բնագավառներում, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի վրա: Նկատվում է տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թվի աճ: Անցած տարվա համեմատ, այս տարի պատարագի մասնակիցների ավելի մեծ թիվ ենք ակնկալում»,-նշել է Աքթուղը:

Թուրքիայում վարչապետ Էրդողանի մասին փաստագրական ֆիլմ է ցուցադրվելու

filmԹուրքական «Beyaz TV» պատրաստվում է ցուցադրության հանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքի մասին պատմող «Վարչապետի պատմությունը»  վերնագրով փաստագրական ֆիլմը: Այս մասին թուրքական «Միլիյեթ» թերթի սյունակագիր Ալի Էյուբօղլուն գրել է իր այսօրվա հոդվածում՝ հեռախոսազրույց ունենալով «Beyaz TV»-ի ղեկավար խորհրդի նախագահ Օսման Գյոքչեքի հետ:

Հայտնի է դարձել, որ վարչապետ Էրդողանի մասին իրենց կարծիքն են հայտնելու արվեստի և սպորտի աշխարհի նշանավոր դեմքերը: Պատրաստված տեսաֆիլմի մեջ Էրդողանի մասին են խոսելու նաև Թուրքիայի տարբեր շրջաններում բնակվող երեխաներ:

«Վարչապետի պատմությունը» ֆիլմը ցուցադրվելու է սեպտեմբերի 3–ին «Beyaz TV»-ի ուղիղ եթերում` վարչապետ Էրդողանի մասնակցությամբ հատուկ հաղորդման ժամանակ: Ֆիլմում ներկայացվելու է Էրդողանի կյանքը՝ ծնված օրից մինչև ԱԶ կուսակղության հիմնումը, վարչապետի աթոռում պաշտոնավարությունը, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Ֆիլմում հատուկ անդրադարձ է կատարվել Էրդողանի՝ բանտում անցկացրած օրերի մասին պատմող անձնական նամակներին:

Նշենք, որ 2014 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում և ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն է: Այս ֆիլմը և նրա վարկանիշի բարձրացման համար մշտապես տարվող աշխատանքները կարելի է որակել որպես նախագահական ընտրությունների շրջանակներում սկսված ոչ պաշտոնական քարոզարշավ:

Սաուդյան թերթ. Ասադի բանակի կիրառած քիմիական մարտագլխիկներով հրթիռները պատրաստվել են Իրանում

da3001377496030Ասադի բանակի կիրառած քիմիական մարտագլխիկներով հրթիռները պատրաստվել են Իրանում. այս մասին  գրել է “Ալ-Վաթան” սաուդյան թերթը, օգոստոսի 26-ին: Աղբյուրների տեղեկացմամբ, հրթիռների պատրաստման համար կիրառվել են հատուկ միջոցներ, որ հնարավորինս անհնար լինի դրանց նույնականացումը: Մասնավորապես, հրթիռների վրա ոչ մի տեղ գործարանային նշան կամ էլ սերիական համար չկա:

Սաուդյան հրատարակությունը նշում է, որ քիմիական զենքի կիրառումն իրականացվել է Իրանի իշխանությունների ուղղորդմամբ:

Վարչապետին խայտառակ է արել սեփական դուստրը

638193-74435ef8-0d31-11e3-bfe4-e8fe552df053Լուսանկարվելով «Paris Design Week»-ի համար էրոտիկ պատկերներում` 20-ամյա Ստեֆանի Քեյը չէր էլ մտածում,  թե ինչ հետևանքներով է հղի դա իր վարչապետ  հոր քաղաքական կարիերայի համար:

stephaniekey2_630Նոր Զելանդիայի  վարչապետ Ջոն Քեյը իր դստերը Փարիզի հեղինակավոր դպրոցում ուսման  ուղարկելով`  չէր սպասում, որ դստեր էրոտիկ լուսանկարները կարող են օգտագործվել որպես «Paris Design Week»-ի մշակութային միջոցառման գովազդ:

stephaniekey_630Իսկ աղջկա լուսանկարներն իսկապես էլ շատ բաց են: Նա բոլոր լուսանկարներում մերկ է ու փորձում է իր կանացի հմայքները ծածկել ձեռքի տակ ընկածով` ութոտնուկով, համբուրգերով կամ էլ  «McDonald’s»-ի  տապակած կարտոֆիլով:

 

Ազատամարտիկ. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88- ին, էլի լինի»

gurgen nazaryanԳուրգեն Նազարյանը Աֆղանստանում ծառայած ու կռված մարտունեցիներից առաջինն էր, որ 1988-ին անդամագրվեց  «Հայ դատ»  հասարակական քաղաքական ՀԿ-ին ու միացավ Ղարաբաղյան շարժմանը:

«Պատերազմ տեսել եմ 18 տարեկան հասակում, Աֆղանստանում: Երբ շարժումը սկսվեց, ասի` ո՞նց, ուրիշի հողի համար գնամ կռվեմ, իսկ իմ հողի համար զենք չվերցնե՞մ»,-  հիշում է շարժմանը միանալու իր  որոշման մասին:

Սկզբում Վարդենիսում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում մասնակցել է  սահմանների պաշտպանությանը, ապա Արցախի ազատագրման համար է պայքարել հինգերորդ  գումարտակի կազմում: Նազարյանը կռվել է հիմնականում Մարտակերտի տարածքում` մասնակցելով Մատաղիսի և Թալիշի ազատագրմանը: Հիշում է, որ սկզբնական շրջանում զենք անգամ չկար, թշնամու դեմ պայքարում էին որսորդական հրացաններով ու ինքնաշեն նռնակներով, բայց, չնայած դրան, «կռվել ենք ու մեր հողն  ազատագրել` առանց վախենալու և ընկճվելու»:

Իր մարտական ընկերների հետ հաճախ է  փոխանակել Աֆղանստանում ձեռք բերված ռազմական փորձը, իր խորհուրդներով օգնել նրանց հաղթահարել վախը:

«Պատերազմի ժամանակ, եթե տեսնում ես կողքինդ սրտով տղա է, պետք եղած ժամանակ կրակում է, կողքիդ է, քեզ  ակտիվ ես զգում, վախի զգացումը նահանջում է, իսկ եթե կողքիդ ընկերը թաքնված է, չի ուզում կրակել կամ հարձակման ժամանակ հետ է մնում, քեզ  էլ վստահ չես զգում, վախի մթնոլորտ է առաջանում»,- ասում է նա:

53-ամյա Նազարյանը պատերազմի մանրամասները հիշել չի ցանկանում, ասում է` չի սիրում նաև, երբ կողքիններն են պատերազմից պատմում. «Միշտ ասել եմ` մեկ Աստված գիտի, մեկ թուրքը, մեկ էլ մենք, թե ինչ է կատարվել: Եթե սիրում ես հայրենիքդ, նվիրված ես, հաստատ չես վախենում, սրտով կռվում ես, հատկապես որ կամավոր ես գնացել»:

Նազարյանը նաև այսպես է բացատրում, թե ինչու չի սիրում պատմել իր անցած ուղու մասին. « Հայրենասեր մարդը,  հետագայի մասին չմտածող կռվող տղեն կյանքում չի գա էստեղ ու գոռա, թե էս եմ արել, էն եմ արել: Ընենց տղերք են զոհվել, հազար ափսոս, ինձանից հազար անգամ լավ տղերք: Նայելով էն տղերքին, նրանց տված կռվին, էսօր ո՞նց կարամ մոռանամ  նրանց ու ասեմ` էս եմ արել, էն եմ արել: Ինչ արել եմ, իմ հող ու ջրի համար եմ արել»:

Հիշելով ազատամարտի  տարիները, երբ հայկական կողմը բավարար քանակությամբ զենք չուներ, ադրբեջանցիներին զիջում էր նաև մարդկային ռեսուրսներով, բայց միևնույն է, հաղթեց, Նազարյանն ասում է, որ գլխավոր գործոնը միասնականությունն էր. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88-ին, էլի լինի: Բոլորով մեկ բան էինք  ուզում. ժողովուրդը մեկ մարդու պես պահանջում էր անկախություն և հողերի ազատագրում, այդպես էլ եղավ»: Նրա խոսքով` հատկապես Ղարաբաղյան շարժման սկզբում բոլորն էին ուզում հայրենիքին մի բանով օգնել, պայքարել, անգամ վիճում էին մարտի գնալու համար (պատահում էր, որ պահանջված թվից ավելի մարդիկ էին ցանկանում մեկնել):

«Այն  ժամանակ հայրենասիրությունը բոլորի մեջ կար: Գուցե կային մարդիկ, որ վախենում, զենք չէին վերցնում, բայց հաստատ հայրենասեր էին:  Այսօր նույնը չեմ կարող ասել,- ասում է նա:- Մենք գիտեինք  մեր պատմությունը, թե ոնց են թուրքերը ջարդել հայերին, թասիբը մեր մեջ եռում էր, ուզում էինք վրեժ լուծել»:

Երբ պատերազմն ավարտվում է հայերիս հաղթանակով, Նազարյանը հայրական օջախ է վերադառնում, էլի ձեռքն է առնում բահն ու գերանդին ու շարունակում գյուղացիական աշխատանքով ապրուստ ստեղծել և դաստիարակել երեխաներին, որոնց թողել էր հայրենիքին օգնության ձեռք մեկնելու համար:

2008-2013 թթ. ղեկավարել է «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի  Մարտունու տարածքային կառույցը, այս տարի, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, հրաժարվել է պարտականություններից: Այժմ աշխատում է  էլեկտրացանցում:

Ասում է, որ երբեք որևէ մեկից որևէ բան չի պահանջել և չի պահանջելու. «Համարել եմ, որ հայրենիքն  իմ օջախն է, ելել եմ պաշտպանելու: Գնամ իմ ընտանիքի՞ց ինչ-որ բան պահանջեմ, չէ, ընտանիքը հարգում է, չի հարգում, ինքը գիտի, ինձնից հասանելիքը ես արել եմ: Կռվող տղեն երբեք հետ չի նայել, հետագայի մասին չի մտածել, նրան  պետք է եղել, որ հողն ազատագրի ու վրեժ լուծի թշնամուց, մնացածը թող հայրենիքը մտածի»:

Ասում է, որ ազատամարտիկի համար ամենակարևորը հարգված լինելն է, երբ կա հարգանք, էլ ուրիշ ոչինչ պետք չէ. «Չեմ ասում, որ պետությունը ազատամարտիկին պիտի ամեն ինչով ապահովի, ոչ, ուղղակի հարգանք է պետք: Ափսոսում եմ, որ երիտասարդ սերունդը, տեսնելով զոհվածների  և ազատամարտիկների ընտանիքների վիճակը, կարող է հիասթափվել էս հող ու ջրից, հայրենիքից: Հատկապես զոհվածների ընտանիքներին պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի»:

Ասում է, որ հիասթափության հիմնական պատճառն անարդարությունն է, այն, ինչ չկար 1988-ին, երբ բոլորը կողք կողքի նույն բանն էին պահանջում և նույն վիճակում էին:

Այսպես, օրինակ` Աֆղանստանում ծառայությունից հետո Նազարյանը տնամերձ հողատարածք է ստացել, որը և ընտանիքով մշակել է: Սակայն պատերազմից վերադառնալուց հետո պարզել է, որ հողն այլևս իրենը չէ. այն սխալմամբ են հատկացրել, քանի որ այդտեղով պետք է ճանապարհ անցներ: Փոխարենը իրեն այլ հողատարածք են հատկացրել, բայց արդեն վարձակալական հիմունքներով: Կիլոմետրերով հայրենի հող ազատագրած ազատամարտիկն ասում է, որ մեկ-երկու անգամ պահանջել է իրեն հատկացնել հասանելիք հողը, բայց ապարդյուն, ինքն էլ այլևս չի շարունակել պայքարը:

Չնայած այս ամենին, Նազարյանը կարծում է, որ ամեն մարդ պետք է ապրի ու արարի իր հայրենիքում: Նա երիտասարդներին կոչ է անում մնալ իրենց հայրենիքում, քանի որ ուր էլ գնան, միևնույն է, հողին այնպես ամուր չեն կարողանա կանգնել, ինչպես իրենց պապերի հայրենիքում:

 

Վարորդների երթ-հանրահավաքը հետաձգվել է. Բեգլարյանը գործադրել է քավոր-սանիկ դիվանագիտությունը

big_1a725948eԱվտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավորապես կասեցվել է այսօր՝ օգոստոսի 26-ին նշանակված ավտոերթ-հանրահավաքը, որին պատրաստվում էին մասնակցել տաքսի ծառայության և երթուղային տրանստպորտի մոտ երկու հազար վարորդներ: Վերջիններս պահանջելու էին ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, քանի որ, ըստ իրենց, նախարարությունը մատնված է անգործության, չունի ոլորտի վերաբերյալ հայեցակարգ, որի պատճառով էլ իրավիճակը ծայրահեղ բարդացել է:

Թե ինչու է ավտոերթ-հանրահավաքը հետաձգվել, Տիգրան Հովհաննիսյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ Գագիկ Բեգլարյանը օրեր առաջ դիմել է իր հարազատներից մեկին՝ ասելով, որ ինքը գտնվում է արտերկրում՝ արձակուրդի մեջ և իր վերադարձից հետո կհանդիպի Տիգրան Հովհանիսյանի հետ՝ քննարկելու տրանսպորտի ոլորտի խնդիրները:

Այսօր՝ ամսի 26-ին, Բեգլարյաննն արդեն աշխատանքի է վերադարձել: Սակայն առայժմ հանդիպումը չի կայացել:

archive2.ankakh.com-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը Տիգրան Հովհաննիսյանի քավոր, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի միջոցով է իր առաջարկը փոխանցել, ինչը Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Սակայն երևում է՝ միջնորդությունը շատ ազդեցիկ է եղել, որ Հովհաննիսյանը որոշել է կասեցնել հազարավոր վարորդների մասնակցությամբ երթը:

Այժմ սպասվում է Բեգլարյանի հետ կայանալիք եռակողմ հանդիպումը՝ Գագիկ Բեգլարյան, Նահապետ Գևորգյան, Տիգրան Հովհաննիսյան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պահանջում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականը և Երևանի քաղաքապետարանից երթ-հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել, որը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 26-ին:

 

 

 

 

 

 

 

Բիզնես-շահերի պաշտպան` Երևանի քաղաքապետարան…

վճարովի ավտոկայանատեղՎերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի նախաձեռնությամբ մի շարք զարգացումներ եղան Երևանում, որոնք կասկածի տակ են առնում «քաղաքապետարան» ինստիտուտի գործունեության տրամաբանությունը, եթե չասենք` հակասում են:

Առաջին դեպքը Մաշտոցի պուրակն էր, որտեղ քաղաքապետարանը քաղաքացիների` հանրային տարածք հանդիսացող այգու հաշվին ուզում էր «լավություն անել» որոշ ձեռներեցների: Այս դեպքը, բարեբախտաբար, դրական ելք ունեցավ` շնորհիվ «Տարո՛ն ջան, սիրուն չի» թևավոր խոսք դարձած արտահայտության: Բայց քաղաքապետարանը կարծես չհաշտվեց պարտության մտքի հետ ու նախաձեռնեց մեկ այլ աղմկահարույց միջոցառում` հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը: Այս դեպքում էլ քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը հիմնված էր այն «փաստարկների» վրա, որ գծատերերը` գործարարները, «վնասով են աշխատում»: Ուզենք թե չուզենք, ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ստանձնում է մասնավոր հատվածի շահերի պաշտպանի դերը, չնայած բոլոր նորմալ մարդակենտրոն հասարակություն ունեցող և ժողովրդավարական չափանիշներով շարժվող երկրներում պետական կառույցները, առավել ևս` տեղական ինքնակառավարման մարմինները, աշխատում են հանրային շահերի պաշտպանության տրամաբանությամբ, ոչ թե մասնավոր ընկերությունների, անհատ ձեռներեցների շահույթ ստանալու նպատակների արդարացման մղումով…

 «Անկախը» բազմիցս է անդրադարձել տրանսպորտին, հատկապես հասարակական տրանսպորտին առնչվող խնդիրներին ու նշել, որ հանրային տրանսպորտը պետք է ծառայի հանրության տեղաշարժի` տեղափոխման նպատակներին, ու այս ոլորտում քաղաքապետարանը պետք է առաջնորդվի ոչ թե գծատերերի «վնասները» ծածկելու պարտավորությամբ, այլ հասարակական տրանսպորտով մարդկանց տեղաշարժը քաղաքակիրթ կազմակերպելու մղումով: Գոնե այդպիսի քաղաքակիրթ ծառայությունների մատուցման մթնոլորտ պետք է ստեղծի իր որոշումներով:

Իսկ եթե քաղաքապետարանի աշխատակիցները չգիտեն, թե դա ինչպես պետք է անել, ապա հեռու գնալու հարկ չկա, կարելի է կազմակերպել մեր պաշտոնյաների «ճանաչողական ուղևորությունը» հարևան Վրաստան ու պահանջել, որ վերադարձին նրանք շարադրություն գրեն «Վրաստանն իմ աչքերով» դպրոցական թեմայով: Հավանաբար այդ դեպքում կտեսնեն, որ քաղաքակիրթ երկիր կառուցել ցանկացող պետություններում առաջին հերթին մարդակենտրոն կառավարում է իրականացվում, մարդն է համարվում գերագույն արժեք, ու հանրային ծառայություններն  էլ մատուցվում են մարդկանց,  և ոչ հակառակը…

Երրորդ «դեպքը», որ դեռ «Մաշտոցի պուրակի» կամ «150-դրամանոց տրանսպորտի» հնչեղություն չի ստացել, մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի հարցն է: Ինչպես գիտենք, Երևանի ավագանու 2012 թ. դեկտեմբերի 25-ի` N561-Ն որոշման համաձայն, Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում պետք է կազմակերպել ավտոկայանատեղեր:

Էլի «Հանրության քթերից` հանուն  մասնավորի գրպանի» մեխանիզմ

Մի խոսքով, ավտոկայանատեղիի գործունեությունը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Բայց Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական  անձանց, որոնք գանձում են տուրք Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Այդ կայանատեղիների համար սահմանվեցին անհրաժեշտ կահավորանքի չափանիշները, թե ինչ տեխնիկական պարամետրեր պետք է ունենան, ու սկսվեցին կայանատեղիները «առանձնացվել»` կարմիր ներկով գծանշվել: Այս վճարովի ծառայության համար, բնականաբար, սահմանվեց նաև կայանման տուրքի չափը, վճարման ձևերը և այլն: Ըստ այդմ` ավտոկայանատեղիի կազմակերպիչը տուրքը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ (որոշումներով) սահմանված դրույքաչափերի սահմաններում և վճարման ձևին համապատասխան:

Երևանի ավագանու որոշման համաձայն` ավտոկայանատեղիի համար սահմանվել են հետևյալ դրույքաչափերը. մեկ ժամի համար` 100 դրամ, ընդ որում, կայանելու պահից մինչև 5 րոպե տուրք չի գանձվում, մեկ օրվա համար` 500 դրամ, – մեկ շաբաթվա համար` 1000 դրամ, ամսվա համար` 2000 դրամ և մեկ տարվա համար` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 12 000 դրամ: Ժամը 24:00-ից մինչև 9:00-նն էլ կայանելու դեպքում տուրք չի գանձվում:

Վճարովի ավտոկայանատեղին առանձնացված է կարմիր գծանշումներով և ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով, տարածքը հսկվում է  հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը: Ավտոկայանատեղիների կազմակերպման նոր գործընթացի համաձայն` տուրքը վճարվելու է անկանխիկ` Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն կայանատեղիներում առկա տեղեկատվական ցուցանակների վրա:  Տուրքը չվճարելու դեպքում կկազմվի հատուկ արձանագրություն և վարորդից կգանձվի 5000 դրամ տուգանք, իսկ 48 ժամից ավելի առանց տուրքի վճարման կայանելու դեպքում, ատոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք կտեղափոխվի, որի դեպքում ևս նախատեսվում է տուգանք օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական տուրք չվճարելու և մեքենան հատուկ տարածքում պահպանելու համար:

Ինչո՞ւ քաղաքի կառավարումն էլ չհանձնենք մասնավոր հատվածին

Մի խոսքով, քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց,  և «պարզ դարձավ», որ Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կառավարումն ու սպասարկումը պետք է իրականացնի «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունը:

Երևանի կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղիների կազմակերպումն առաջին հայացքից  քաղաքակիրթ է երևում: Համենայն դեպս, շատ քաղաքակիրթ երկրներում է նման փորձ կիրառվում: Բայց մեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Օրինակ` վճարման ձևերից ու չափից երևում է, որ կայանման համար գանձվող գումարները չեն ուղղվելու քաղաքային բյուջե, դրանք տնօրինելու է մասնավոր ընկերությունը, որը, բնականաբար, շահույթ ստանալու նպատակով է առաջնորդվում: Իսկ քանի որ մեր քաղաքապետարանն արդեն հասցրել է մասնավոր հատվածի շահերի համար աննկուն պայքարողի համբավ ձեռք բերել, այս անգամ էլ սակագները սահմանելիս առաջնորդվել է հենց «Փարկինգ սիթի սերվիսի» շահերից: Որովհետև կայանման համար գանձվող գումարները, ըստ գանձման ձևի, ֆինանսական միջոցների միանվագ հավաքում են ենթադրում: Իսկ գումարների միանվագ հավաքումը բխում է ընկերության շահերից, քանի որ նվազեցնում է կայանատեղիների սպասարկման ծախսերը, այս դեպքում նվազում են վճարումների վերահսկողության համար կատարվող ծախսերը: Բացի այդ, վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպող ընկերությունը ծախսերը հոգալու է ոչ միայն հավաքվող գումարներից, այլև քաղաքային բյուջեից, և այդ միջոցները հատկացվելու են քաղաքապետարանի բյուջեի «համայնքների պահուստային ֆոնդից»:

Ստացվում է, որ հարկատուների վճարած հարկերի միջոցով կառուցված փողոցներում, որոնք նույնպես հանրային սեփականություն են, քաղաքապետարանի որոշմամբ մասնավոր հատվածի ներկայացուցիչը շահույթ հետապնդող գործունեություն է իրականացնելու, դեռ մի բան էլ նույն հարկատուների մուծած հարկերից ու տուրքերից նրան լրացուցիչ գումարներ են տալու, որ կարողանա վնասով չաշխատել:

Հենց սրա վրա քաղաքակիրթ երկրներում մի կուշտ կծիծաղեն: Որովհետև չեն հասկանա, թե ինչո՞ւ պետք է հենց քաղաքապետարանը չկազմակերպի վճարովի ավտոկայանատեղիները, ինչու պետք է դրանց համար մուծված գումարները հոսեն մասնավորի գրպանը, դեռ մի բան էլ քաղաքային բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացվեն մասնավորին` հանրային սեփականությունը շահույթ ստանալու նպատակով օգտագործելու համար: «Միջոցների բացակայության պատճառով»,- կփորձեն պարզաբանել պարոնայք չինովնիկները: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ քաղաքապետարանն էլ չդարձնենք օֆիս ու քաղաքի կառավարումն էլ չհանձնենք շահույթ հետապնդող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին…

Հուսանք, որ գոնե ապագայում Հայաստանն այնպիսի երկիր կդառնա, որտեղ պետական կառույցները կզբաղվեն ոչ թե մասնավոր հատվածի շահերի պաշտպանությամբ, այլ իրենց անմիջական պարտականություններով` հանրային շահերի գերապատվությամբ ու պաշտպանությամբ:

 

Բրիտանական նավատորմը Սիրիային հարվածելու նախապատրաստություն է տեսնում

Օգոստոսի 25-ին The Telegraph-ը հայտնել է, որ Բրիտանիայի ռազմա-ծովային նավատորմը Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան,  ԱՄՆ-ի հետ Սիրիային հարվածելու նախապատրաստություն է տեսնում:

pic_d2991693a2c17b7597d71b9e060985fdԲրիտանիայի վարչապետ Քեմերոնի ու ամերիկյան իշխանությունների բանակցությունները շարունակվում են: Համաձայնության ձեռքբերման դեպքում, ըստ աղբյուրների, ռազմական գործողություն կիրականացվի արդեն հաջորդ շաբաթ:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի խոսքով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է Սիրիայի նախագահ Ասադին ցույց տան, որ համաշխարհային հասարակայնությունը չի կարող անտարբեր մնալ Սիրիայի բնակչության դեմ  քիմիական զենքի կիրառման  “անպատժելիության”  առիթով:

ԱՄՆ ՌԾՈՒ-ն սկսել են ուժեր բերել Սիրայի տարածք`   քիմիական զենքի մասին տեղեկությունը ստանալուց հետո: Սիրիական ընդդիմությունը քիմիական հարձակման մեջ մեղադրում է  Սիրիայի իշխանություններին, սակայն, պաշտոնական Դամասկոսը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքը: Պետական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին թունելներում ընդդիմության քիմիական զենքի պահեստների հայտնաբերման վերաբերյալ:

1915 թվականը ինձ զրկեց իմ մանկության հայ ընկերոջից

1915Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ որոշակի առաջընթաց է նկատվում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության ձևավորման հարցերում: Ժամանակին արգելված համարվող թեմաներն այժմ լայն քննարկման առարկա են դարձել: Այս փոփոխությունները վերաբերում են նաև Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին գոյություն ունեցող ընկալումներին: Ինչպես թուրք մտավորականության, այնպես էլ մի շարք լրագրողների, որոշ քաղաքական և հասարակական գործիչների և պարզապես հասարակ քաղաքացիների շրջանում ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք սկսում են այլ կերպ մտածել, տեսնել այն, ինչ տասնամյակներ շարունակ ծածկված է եղել պաշտոնական պատմագրության կեղծիքի քողով:

Ճշմարտության բացահայտման այս դժվար գործընթացում մեծ դեր են խաղում նաև թուրք երիտասարդները: Նրանց մի մասը, որդեգրելով եվրոպական արժեհամակարգը, ուզում է ապրել միանգամայն այլ` ժողովրդավար երկրում` այդ ճանապարհին չխուսափելով առերեսվել սեփական պետության պատմական անցյալի հետ: Նման առաջադեմ երիտասարդներից մեկը մեզ հետ կիսվեց իր մտքերով ու գաղափարներով: Նա Բաթուհանն է, Ստամբուլի լավագույն բուհերից մեկի` Բողազիչի համալսարանի 20-ամյա ուսանողը: Ներկայացնում ենք նրա հետ անցկացրած հարցազրույցը, որը շատ բան է պատմում այսօրվա թուրք երիտասարդության մտածելակերպի, հասարակության մեջ տեղի ունեցող տեսանելի փոփոխությունների և սպասումների մասին:

– Ե՞րբ եք առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին: 

– Մինչ ցեղասպանության հարցի մասին խոսելը, կցանկանայի նշել, թե երբ եմ առաջին անգամ ծանոթացել «հայ» հասկացությանը: Թուրքիայում, սկսած տարրական դպրոցի առաջին դասարանից, աշակերտները պատմության դասաժամեր ունեն: Արդեն 4-րդ դասարանում, այսինքն` 9 տարեկանում, մենք սովորում ենք, թե հանրապետության հիմնադրման համար «ո՞ւմ էր պետք հաղթել»: Դասերի ընթացքում գալով հանրապետության հռչակման ժամանակաշրջանին` միշտ ընդգծվում էր, որ մեր երկիրը չորս կողմից օկուպացիայի տակ էր գտնվում: Ըստ մեզ պատմածների` հույներն օկուպացրել էին մեր երկրի արևմուտքը, ֆրանսիացիները` հարավը, իսկ հայերն էլ` արևելքը: Այսպիսով դպրոցական տարիներին ես մի պատանի էի, որը բազմիցս կարդացել և քննություն էր հանձնել պատմությունից, ում մեջ այնպիսի մի տրամաբանություն էր ձևավորվել, որը դժվար էր փոխել:

«Ցեղասպանություն» ձևակերպումը առաջին անգամ 12 տարեկանում եմ լսել, երբ միջնակարգ դպրոցում էի սովորում: Ճիշտ է, ամեն տարի հեռուստացույցով լսում էինք մեր փոսը փորող գազանի` «սփյուռքի» մասին, սակայն ցեղասպանության մասին առաջին անգամ գաղափար կազմեցի, երբ 12-13 տարեկան էի և դպրոցում մեր հերթական դասը «Հայկական հարցը» վերնագիրն ուներ:

 – Ինչպե՞ս արձագանքեցիք այդ փաստին, միանգամի՞ց ընդունեցիք այն:

– Կարող եմ ասել, որ 12 տարեկանում սրան ոչ մի կերպ էլ չարձագանքեցի: Ինչպես նշեցի, մինչև «ցեղասպանություն» բառը լսելը սովորել էինք, որ 1920 թվականին մեր երկիրը իր առաջին պատերազմը մղել էր արևելքում` հայերի դեմ, այսինքն` պատմության դասերին 3-4 տարի սովորել էինք, որ հայերը մեր թշնամիներն են: Մասնավորապես հայերի մասին գիտեինք հետևյալը. նրանք տարիներ շարունակ մեր երկրում արդարության մեջ են ապրել, հավատարմության համար նրանց նույնիսկ millet-i sadıka (հավատարիմ ազգ) էին անվանում: Սակայն նրանք, միավորվելով ռուսների հետ, մեզ թիկունքից հարված հասցրեցին: Իբրև պատիժ այս արարքի համար` նրանց քշեցին այնպիսի վայրեր, որտեղ չէին կարող վտանգ ներկայացնել: Ճանապարհին պատերազմական պայմանների հետևանքով նրանց մի մասը մահացավ: Արդյունքում` 12-13 տարեկան երեխայի համար սա բավական հասկանալի տեղեկություն էր թվում:

 – Ինչո՞ւ սկսեցիք ուսումնասիրել Հայկական հարցը:

-Լիցեյում սովորելու տարիներին սկսեցի Taraf թերթը կարդալ, և իմ մեջ կասկած առաջացավ այն ամենի նկատմամբ, ինչ մեզ սովորեցնում է պաշտոնական պատմագրությունը: Ինչքան շատ էի կարդում, այնքան ավելի էր իմ մեջ բորբոքվում կասկածը, և ես սկսեցի ամբողջովին վերանայել այն, ինչ ինձ դպրոցում էին սովորեցրել: Սա ոչ միայն հայերին է վերաբերում, այլ նաև քրդերին, ալևիներին: Սակայն ինձ համար շատ ցավոտ էր այս բացահայտումների ընթացքը: Քրդերի պարագայում ավելի հեշտ էր, քանի որ դասագրքերում նրանց չեն վարկաբեկել և որպես թշնամու չեն ներկայացրել: Բայց Հայկական հարցի դեպքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Ինձ համար հատկապես դժվար էր գիտակցել, որ մեր հարկերի միջոցով մեզ կրթող դպրոցներում բացահայտ սուտ են ասում: Ես այն ժամանակ «ցեղասպանություն» բառը չէի օգտագործում: Նույնիսկ իմ հիշատակած Taraf թերթից Ահմեդ Ալթանի հոդվածը անընդունելի համարեցի, քանի որ նա «ցեղասպանություն» բառն էր կիրառել: Սակայն իմ կարդացածները բավական էին, որ 16 տարեկանում իմ խղճի վարագույրը բացվեր:

– Գիտեմ, որ ամեն տարի մասնակցում եք Հրանտ Դինքին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ինչպե՞ս եք եկել այդ որոշմանը, արդյոք չե՞ք վախենում ձեր կյանքի ու ապագայի համար:

– Այո՛, մասնակցում եմ: Այս որոշումը մարդուն վախեցնում է, սակայն, ի վերջո, խիղճը թելադրում է այն, ինչ պետք է անել: Մանավանդ Հրանտ Դինքի օրինակը շատ ցավալի է: Չնայած երկու ժողովուրդների միջև եղած խնդիրների` Դինքը բավական զուսպ արտահայտվող անձնավորություն էր: Ցավալի է, որ Դինքի նման մարդը 3-4 տարվա ընթացքում ցուցադրաբար սպանվեց: Շատ եմ կարևորում Դինքի գործունեությունը «Ակօս»-ում, ինչպես նաև այն փաստը, որ նրա մահից հետո Թուրքիայում խիղճ ունեցող մարդիկ սկսեցին համախմբվել նրա անվան ներքո:

Կարող եմ ասել, որ այսօր Թուրքիայում շատ բան է փոխվել, նախկին ճնշումներն այլևս չկան: Օրինակ` այս տարի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունն անցկացվեց ոստիկանության հսկողության ներքո: Հիշում եմ` 2005 թվականին Բողազիչի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով կոնֆերանսից հետո հետաքննություն սկսվեց: 8 տարվա ընթացքում մեր ապրած առաջընթացն, անշուշտ, կարևոր է, սակայն դա չի նշանակում, որ այսօր մենք ցանկացած վայրում կարող ենք արտասանել «ցեղասպանություն» բառը, քանի որ ազգայնական լուրջ ռեֆլեքսներ կան:

– Արդյոք Ձեր շրջապատում ենթարկվո՞ւմ եք քննադատության Ձեր հայացքների պատճառով:

– Չեմ կարող ասել, թե որևէ մեկն ինձ վրա ճնշում է գործադրում: Իհարկե, մտերիմ զրույցների ժամանակ, երբ «ցեղասպանություն» եմ ասում, հանդիպում եմ արդեն անգիր արած դասական ազգայնական արձագանքի, սակայն նման մարդիկ իսկապես կան, և նրանք մեր երկրում մեծամասնություն են կազմում: Մենք պետք է ընդունենք այս ճշմարտությունը:

– Ի՞նչ եք կարծում` թուրքական հասարակության և հատկապես երիտասարդության ժխտողական դիրքորոշման պատճառը իրազեկության պակա՞սն է, թե՞…

-Այո՛, ժխտողականության հիմնական պատճառը չիմացությունն է կամ, այլ կերպ ասած, նրանց չիրազեկելը: Մեզ պատմել են, որ հայերը դավաճան են: Եթե ուզում են վարկաբեկել մեկին, ասում են` նրա մայրը հայ է: Ցավալի է, որ հասարակության մի մասի համար սա ընդունելի է: Մի հասարակ մարդ, որը տարիներ շարունակ իմացել է, թե հայերը թշնամի են, այժմ հեշտությամբ չի կարող ընկալել այն ճշմարտությունը, որ հայերի պատմությունը խեղաթյուրված է ներկայացվում:

 – Ի՞նչ գործունեություն եք ծավալում Ձեր մտերիմների և ընկերների շրջանում հայերի նկատմամբ ընկալումները փոխելու համար:

– Զրույցների ժամանակ աշխատում եմ այնպես խոսել, որ չդիպչեմ ընկերներիս համար ցավոտ հարցերին, նուրբ լարերին: Ավելի շատ աշխատում եմ կասկած առաջացնել նրանց մեջ: Սակայն ես իմ պարտականությունը չեմ համարում բոլոր մարդկանց ճշմարտությունը պատմելը: Հասարակության վերաբերմունքի փոփոխության մասին կասեմ հետևյալը. սա մի գործընթաց է, և ինձ նման երիտասարդներն այս գործընթացի համար խթան են: Անձամբ ես լսում եմ իմ խղճի ձայնը: Ես աշխատում եմ լինել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ընդունում են, որ իրենց պապերը կեղեքել են հայերին:

 – Վերջին տարիներին ցեղասպանության հարցում թուրք հասարակության մեջ որոշակի դրական առաջընթաց է նկատվում: Ըստ Ձեզ` դա անկե՞ղծ է, իսկապե՞ս մարդիկ հասկանում և ընկալում են պատմական ճշմարտությունը:

– Այո՛, Թուրքիայում հասարակության ընկալման մեջ իրոք աստիճանաբար փոփոխություն է տեղի ունենում: Սրա հիմնական պատճառը վերջին տարիներին խոսքի ազատության հարցում կատարված դրական քայլերն են: Ժամանակին հեռուստատեսությամբ կամ որևէ թերթի սյունակում ցեղասպանության մասին գրելը ռիսկային մի բան էր: Բոլորը գիտեն, թե ինչ խնդիրներ ունեցան Էլիֆ Շաֆաքը իր գրքի, իսկ Օրհան Փամուքն էլ իր խոսքերի համար:

Կարծում եմ, որ տեղի ունեցող փոփոխություններն իսկապես անկեղծ են: Պետությունը գիտի, որ չի կարող փախչել 2015 թվականից: Ուստի Թուրքիան աշխատում է մեղմել միջազգային հանրության զայրույթը իր նկատմամբ: Ընդհանրապես ես անհամբերությամբ եմ սպասում 2015 թվականին. այդ տարի Թուրքիան նշելու է Չանաքքալեի պատերազմում իր հաղթանակի 100-ամյակը, իսկ աշխարհի մնացած մասը սգալու է Հայոց ցեղասպանության մեկդարյա վիշտը:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ ճշմարտությունը իմացած մարդիկ անկեղծ են իրենց վերաբերմունքի մեջ, քանի որ չնայած տարվող քարոզչությանը և պաշտոնական պատմագրության թեզերին, նրանք ինքնուրույն ջանք են գործադրել, որ գտնեն այդ ճշմարտությունը: Այսինքն` այս մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ի՛նչ են անում:

 – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ի՞նչ դեր ունեն հայ և թուրք երիտասարդները: 

– Հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ շատ հեշտությամբ կարող ենք տեղեկություն ստանալ: Ինչքան ուզում են, թող գրաքննություն կիրառեն, միևնույն է, հայկական սփյուռքի պատմությունը, որը գիտի, թե Տիգրիսի ափին իրենց պապերին կոտորել են, իսկ տատերին էլ ձուլել, քրդացրել են, մեր համակարգչի էկրանից այն կողմում է: Սփյուռք ասելիս արդեն մի գազանի չենք պատկերացնում: Համացանցում կարդում ենք, որ այդ մարդիկ Անատոլիայի բնիկներն են եղել, որոնք ստիպված էին փախչել իրենց հայրենիքից: Հայ ասելով` մենք վիրավորական բառ չենք հասկանում, այլ հասկանում ենք այս հողերի հնագույն բնիկ մի ժողովուրդ, որը ավելի քան 2000 տարվա քաղաքակրթության կրող է համարվում:

Մենք` որպես երիտասարդներ, պետք է աշխատենք փոխել, լուսավորել մեզնից մեծերի մեջ ձևավորված ընկալումը: Չնայած մեր երիտասարդ տարիքին` անհրաժեշտ է մեր քաղաքական գործիչներին ցույց տալ, որ մենք այլևս չենք ուզում, որ երկու ժողովուրդների միջև պատնեշներ կառուցվեն: Երկու երկրների համալսարանական շրջանակներում հիմնված ուսանողական միությունների միջնորդությամբ պետք է փոխայցելություններ կազմակերպել, երկխոսություն իրականացնել: Օրինակ` սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելով մեր տներում` «Բարով եք եկել ձեր տուն» նախագիծ կարող ենք իրականացնել: Իրականում շատ բան է հնարավոր անել, սակայն ամենակարևորը մի հասարակ երիտասարդի գիտակցության մեջ ինչ-որ բան փոխելն է: Պատմությունը կերտողները մեզ նման մարդիկ են եղել, ուրեմն մենք էլ կարող ենք:

– Եթե մի օր այցելեք Երևան, լինեք Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ի՞նչ կգրեք ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

– Ցեղասպանությունից ավելի վատ բան էլ կա, այն է` դրա ժխտումը: Ես համեմատաբար ավելի փոքր տարիքում եմ առերեսվել այս ճշմարտության հետ: Երանի՜ իմ մանկության ընկերոջ անունը Հակոբ Մկրտչյան լիներ: Այդ ժամանակ Անահիտ անունով մի հարևան մորաքույր էլ կունենայի, նրա տանը տոլմա կուտեինք: Հայ և քուրդ դասարանցիներիս հետ միասին վեճի կբռնվեինք` որոշելու համար, թե ո՛վ է ավելի լավ քաղցրավենիք պատրաստում, միշտ միասին կծիծաղեինք: Սակայն 1915 թվականը ինձ զրկեց միանգամայն այլ մի մթնոլորտից: Ավելին` ոչնչացված մարդկանց դարձրեց իմ երևակայական թշնամիները: Ես էլ, այս հանցանքը ժխտելով, դառնում եմ դրա հանցակիցը: Ցավում եմ այս մեղքի հանցակիցը դարձած թուրք մտերիմներիս համար:

 

Հարցազրույցը վարեց  Տաթևիկ  ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լևոն Պաչաջյանը` գոլի հեղինակ

լպlevon.pachajyanՖուտբոլի Շվեդիայի առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում Լևոն Պաչաջյանի թիմը` «Ասիրիսկան»,  2:2 հաշվով է ավարտել խաղը «Վարանամոյի» հետ:

Հայ ֆուտբոլիստը 23-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Նա իր առաջին գնդակն է խփել շվեդական թիմի կազմում: