Նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ

3568~

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք ու նորանոր հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները և պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ-իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:

Վարչապետն ու ԿՏ նախարարը չեկան Գյումրի

IMG_0814Այսօր, օգոստոսի առաջին կիրակին, Հայաստանում և մի շարք երկրներում` Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիայում, Բոլղարիայում,  նշվում է որպես երկաթուղայինի օր: Հայաստանն ունի շուրջ 4000 երկաթուղային աշխատող, իսկ Գյումրիում կազմակերպված այսօրվա տոնին ներկա էին նաև վետերան երկաթուղայիններ:

Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականից, երբ Նիկոլայ 2-րդ ցարը ստորագրեց հրաման Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին: Շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվեց պետական գանձարանի միջոցներով, իսկ շինարարական աշխատանքները վերահսկեց ինժեներ-ճանապարհաշինարար Եվգենի Դմիտրովիչ Վուրցևը: 1899թ. փետվարին, առաջին գնացքը հաղթահարելով 180 կմ-անոց ճանապարհահատվածը, Թիֆլիսից ժամանեց Ալեքսանդրապոլ` Գյումրի, իսկ 1902թ. դեկտեմբերի 6-ին ժամանեց նաև Էրիվան` Երևան: Այդ ժամանակից ի վեր, Հայաստանի համար, որը գտնվում էր ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա և անմիջական ելք չուներ  դեպի ծով, երկաթուղային տրանսպորտն ունեցավ կարևոր ստրատեգիական նշանակություն` ապահովելով հուսալի տրանսպորտային կապ, նպաստելով հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Գյումրիի կայարանամերձ հրապարակում տոնական տրամադրություն էր, ստեղծվել էր Նիկոլայ ցարի ժամանակների աուրան, կային բազմաթիվ հյուրեր, երկաթուղայիններ, պաշտոնյաներ: Շոգեքարշով Երևանից Գյումրի ժամանեց նաև մայրաքաղաքի պատվիրակությունը:

“Գյումրի” կայարանում բացվեց Հայաստանի պատմության մեջ “Երկաթուղային տեխնիկայի” առաջին թանգարանը: Բացման պատիվը շնորհվեց ՌԴ դեսպան Իվան Դոլինկինին, “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:

Ելույթներով հանդես եկան և ոլորտի աշխատակիցներին պարգևատրեցին “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Դոլինկինը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Թեև նախապես հրապարակված ծրագրով նշված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի ելույթները, սակայն վերջիններս ներկա չէին տոնին: Իսկ պաշտոնական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց տոնական երգ ու պարով:

Ի դեպ, այսօր` օգոստոսի 4-ին, Հայաստանում երկաթուղին փոխադրումները կատարում էր բացարձակապես անվճար:

www.ankakh.com-ը երկու շաբաթ թեթև ռեժիմով կաշխատի

անկախՍիրելի ընթերցողներ, «Անկախ»-ի խմբագրակազմը կարճ ժամանակով արձակուրդի է մեկնում: «Անկախի» տպագիր տարբերակի հերթական` 31-րդ համարը կրպակներում կլինի օգոստոսի 22-ին: Իսկ archive2.ankakh.com կայքը օգոստոսի 5-20-ը կաշխատի թեթև ռեժիմով:

«Անկախ»-ն իր ընթերցողներին մաղթում է բարի հանգիստ: Սպասեք մեզ, մենք շուտով ակտիվ աշխատանքի կվերադառնանք:

Պետական նպաստի ի՞նչ տեսակներ կան

նպաստՆախ պետք է նշել, որ հիշյալ հարաբերությունը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 2-րդ հոդվածում նշված է պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, ըստ որի` պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` հիշյալ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Հարկ է նշել, որ պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաև ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամտի մասնակի հատուցումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը:

Օրենքի համաձայն` պետական նպաստների տեսակներն են՝

ա) ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը,

բ) երեխայի խնամքի նպաստը,

գ) երեխայի ծննդյան միանվագ նպաստը,

դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ:

Պետական նպաստը մերժվում է՝

ա) պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

բ) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,

գ) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերում:

Իսկ ինչ վերաբերում է պետական նպաստների վճարմանը, ապա դա իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը:

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ