Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը: Շնորհավորելով երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Տարեցտարի այս հավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ավելացնում է ֆինանսավորումը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան անցկացնել այս բացառիկ հավաքը: Կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ բազեական շարժումը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այն գեղեցիկ ավանդույթները, որ դուք ձևավորում եք՝ նպաստում են երիտասարդության շրջանում հայրենասիրության, տարբեր ազգային արժեքների և գաղափարների տարածմանը: Այդ առաքելության մեջ մաղթում եմ ձեզ հաջողություններ»:
Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է երիտասարդների հետ՝ պատասխանել նրանց հուզող հարցերին: Անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշել է, որ օրինագծի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է: Վարչապետը խորհուրդ է տվել բազեականներին հավաքի ընթացքում ևս քննարկել օրինագիծը և ներկայացնել իրենց առաջարկներն ու տեսակետները:
Բուհերի վարձավճարների բարձրացման հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը համապատասխան օրինագծի միջոցով սահմանելու է ուսման վարձի առավելագույն սահման, որի հիմքում պետք է դրվի այն տրամաբանությունը, թե ինչ սահմանից ավելի չպետք է լինի ուսման վարձը: «Այսօր մենք իրավունք չունենք միջամտելու բուհերի աշխատանքների կազմակերպմանը և թելադրել նրանց, թե ինչպես կարգավորեն գնային քաղաքականությունը: Սակայն դա մենք անելու ենք օրենքի միջոցով, որի մշակմանը հրավիրում ենք նաև երիտասարդներին»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ոլորտը գործադիրի գերակա ուղղություններից մեկն է, և կառավարության նպատակն է զբոսաշրջության տարեկան ծավալները ներկայիս 800 հազարի փոխարեն հասցնել 3 միլիոնի: Զբոսաշրջության զարգացման նպատակով առաջիկայում կզարգացվեն ենթակառուցվածքները, ավիաոլորտում իրականացվելիք ռազմավարությունը ևս կնպաստի տուրիզմի զարգացմանն ու ընդլայնմանը:
Խոսելով երիտասարդական քաղաքականության մասին՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվում է երիտասարդների անմիջական մասնակցությամբ: Ֆինանսական միջոցները տարբեր ծրագրերի իրականացման նպատակով հատկացվում են հենց երիտասարդներին և վերջիններս են որոշում դրանց բաշխման ուղղությունները:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ վարչապետին կից երիտասարդական խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում մեծ կարևորություն ունեցող երիտասարդներին բնակարաններով ապահովելու լայնամասշտաբ ծրագիրը:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են 500 երիտասարդներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային և ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։
Daily Archives: August 12, 2013
Ավետիք Իշխանյանի մեկնաբանությունը, թե ինչու վերադարձվեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար տուգանքի նախագիծը
Օրերս ոստիկանությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին։ Ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ ուղարկեց:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադառնալով այդ նախագծին՝ ասել է, որ նախ խոսենք այն մասին, թե ընդհանրապես ինչի համար էր այդ նախագիծը .«Դա զուտ ենթադրությունների ոլորտից էր: Կարելի է ենթադրել, որ հերթական անգամ իշխանությունները փորձեցին կուրծք ծեծել, իրենց ցույց տալ ազգային եւ հայրենասեր, որովհետեւ անընդհատ քննադատվում են տարբեր ուղղություններով եւ պաշտպանվելու ձեւ չունեն, դրա համար էլ փորձեցին ցույց տալ թե հայրենասեր են, ինչն արտահայտվում է տարբեր ձեւելով՝ ընդհուպ մինչեւ Թուրքիայից հողեր պահանջելով»:
Իշխանյանի մեկնաբանմամբ՝ ամենայն հավանականությամբ, նախագիծը կապված էր այնպիսի մտահոգության հետ, որ ցույց տան, թե ինչպես են մտածում ազգի մասին, կամ՝ «Քանի որ Ռուսաստանում այդպիսի նախագիծ ընդունվեց, սա Ռուսաստանին կապվելու ձեւ էր, թե մենք ռուսների կողմն ենք այս հարցում: Եթե այսպես են մտածում, ապա սա շատ պարզունակ մտածողություն է: Բայց սա շատ վտանգավոր նախագիծ կարող է լինել: Իսկ թե ինչու հանեցին այն շրջանառությունից, կարծում եմ, երեւի խելոք մարդիկ են եղել, որոնք ասել են՝ հիմա իզուր տեղը չարժե հերթական աղմուկը ստեղծել եւ ավելին ասեմ, արեւմուտքից, որը խոստացել է ասոցացման պայմանագրի դեպքում միլիարդներ նվիրի՝ գուցե բարկանան: Իմ կարծիքով այսպիսի պրագմատիկ մոտեցում է եղել»:
Հարցին՝ արդյոք Եվրոպա գնալու ճանապարհին մեզ նման նախագի՞ծ է պետք, Իշխանյանը պատասխանել . «Ինչ է նշանակում Եվրոպա ենք գնում, մի՞թե տոմսերը բոլորիս առել են, մենք էլ գնում ենք: Ես Եվրոպա գնալը չեմ ընդունում: Եվրոպական ասոցացման պայմանագիրը արդյոք նշանակո՞ւմ է Եվրոպա ենք գնում: Կամ միթե ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո հայաստանյան ընտրությունները չեն կեղծվելու, օլիգարխները չե՞ն լինելու, լիսկաները չե՞ն կրակելու …Ես հարց եմ տալիս: Գնում ենք ասոցացման պայմանագիրը ստորագրելու, որպեսզի միլիարդները ստանանք: Իսկ այդպիսի նախագծի ընդունումը կարող է խոչընդոտել այդ փողերի գալուն»:
Ադրբեջան կայցելեն Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան`թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին Գաբալայում:
Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի կենտրոնական կոմունիկացիոն ծառայության աշխատակից Բոլաթ Սադըգովը, հաղորդում է “ԱՊԱ”-ն`հղում կատարելով Ղազախստանի լրատվամիջոցներին:
Ակնկալվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Գյուլը Ադրբեջան կայցելի օգոստոսի 14-ին, Աթամբաևը`օգօստոսի 15-ին:
Թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհուրդը հիմնադրվել է 2009-ին: Անդամ երկրներն են Ադրբեջանը Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:
Շուրջ 650 երևանցի ծնողներ հանդիպել են ժամկետային զինծառայող իրենց որդիների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին ավելի քան 650 երևանցի ծնողներ մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ հանդիպելու բանակում գտնվող իրենց ժամկետային զինծառայող որդիների հետ: Երևանի քաղաքապետի արդեն ավանդական դարձող այս նախաձեռնությունը, որքան սպասված, նույնքան 1l անակնկալ էր ծնողների համար:
Վերջինները հնարավորություն են ստացել հենց տեղում անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել, որ իրենց զավակների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:
Ծնողների այցելության առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ:
Հանդիսավոր արարողությունների շրջանակում ծառայության մեջ առավել աչքի ընկած ու պարտաճանաչ զինվորներին Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր են հանձնվել: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 15-ը, գողության 19 դեպքից` 9-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է:Օգոստոսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա է բախվել գովազդային վահանակի հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1986 թ. ծնված Ալիկ Ավետյանը, մահացել է: Կատարվում է քննություն:
Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա բանակցությունների արդյունքում ակնկալվում է 5-6 փաստաթղթի ստորագրում, այդ թվում` էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով “ՌԻԱ Նովոստի” գործակալությանը։
“Ռուսական պատվիրակության կազմն ընդգծում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների գրեթե ողջ համալիրը”,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Կողմերը քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության կազմում լինելու են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, “Ռոսօբորոնէքսպորտի” տնօրեն Անատոլի Իսայկինը, այլք։
Ուշակովը նշել է, որ օգոստոսի 13-ին, երբ տեղի կունենան ռուս-ադրբեջանական բանակցությունները, Բաքվում բարեկամական այցով գտնվելու են Կասպիական նավատորմի ռուսական նավերը` “Դաղստան” հակահրթիռային նավը և “Վոլգոդոնսկ” փոքր հրետանային նավը:
Մրցունակ Հայաստան նշանակում է գիտելիքի վրա հիմնված պետություն. ՀՀ վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին, ծանոթացել նրանց առօրյային, ճամբարի պայմաններին:
Վարչապետը զրուցել է ճամբարականների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և ներկայացրել իր տեսլականը Հայաստանի զարգացման հարցում: «Մրցունակ Հայաստան նշանակում է գիտելիքի վրա հիմնված պետություն: Սա է մեր երկրի զարգացման հիմքը: Որպեսզի համարվենք զարգացած երկիր, պետք է արագորեն հարմարվենք արագ փոփոխություններին, ինչը թելադրում է նոր գիտելիքների ստեղծում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է գիտելիքի զարգացմանն ու նոր գաղափարների իրականացմանը ձգտող երիտասարդների առկայությունը, կրթական հաստատությունների կողմից որակյալ կրթություն տրամադրելու հնարավորությունը: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարության առաջնային նպատակներից մեկն առաջիկա տարիների համար առնվազն հինգ հայկական բուհի միջազգային հավատարմագրումն է, ինչը բարձրորակ կրթության առաջին նախապայմանն է:
Պատասխանելով վերջին տարիների ընթացքում մեր երկրում իրականացված կարևորագույն բարեփոխումների մասին հարցին՝ վարչապետն առանձնացրել է հատկապես կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որը կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք այս համակարգի ներդրմանը պատրաստվել ենք 10 տարի: Այն ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամի և ընդգրկում է բոլոր ոլորտները: Այս մոդելը ենթադրում է մտածողության փոփոխություն և առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր հասարակության մտածողությունը որակապես կփոխվի: Այսուհետ ձեր կենսաթոշակի, բարվոք ծերության մասին պետք է մտածի ոչ միայն պետությունը, այլև դուք՝ ձեր աշխատելու առաջին իսկ օրվանից: Յուրաքանչյուր ամիս ձեր անհատական հաշվին պետք է փոխանցեք եկամտի 5 տոկոսը, ինքնուրույն ընտրելով նաև այն հիմնադրամը, որտեղ պետք է բացեք ձեր անհատական հաշիվը»,- դիմելով երիտասարդներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ընդգծել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է օրինակելի, քանի որ այս ոլորտում բարեփոխումները մեր երկիրն իրականացրել է՝ հաշվի առնելով տարբեր պետությունների դրական և բացասական քայլերը:
Որպես արդյունավետ բարեփոխում՝ վարչապետն առանձնացրել է նաև կենսաթոշակային ոլորտում էլեկտրոնային տվյալների բազայի ներդրումը, որի արդյունքում էապես նվազեցվել են չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը և տնտեսվել մեծածավալ միջոցներ:
«Բացի այդ, մեր երկրում այսօր ընդամենը 15 րոպեում ինտերնետի միջոցով հնարավոր է գրանցել ձեռնարկություն, ինչը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ունի մեծ նշանակություն: Մենք դասվում ենք աշխարհի առաջին չորս երկրների շարքին, որոնք հնարավորություն են տվել քաղաքացիներին աշխարհի յուրաքանչյուր ծայրից հետևել պետական բյուջեի ծախսերին: Սա ապահովում է հանրության վերահսկելիությունը բյուջետային միջոցների նկատմամբ, ինչը մենք մեծապես կարևորում ենք»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով այլ բարեփոխումներին ևս:
Այնուհետև երիտասարդների խնդրանքով կառավարության ղեկավարը խոսել է մշակույթի, կրթության և այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
«Արատավոր երևույթների դեմ պայքար. բարեփոխումներին աջակցություն» խորագրով անցկացվող Ճամբարին մասնակցում են «Միասին» երիտասարդական շարժման 200 ակտիվիստներ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Երիտասարդության միջազգային օրվան
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձէ հղել Երիտասարդւոյթնա միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.
“Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնակատարության ուշագրավ հարցը երիտասարդության միգրացիան է: Տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային
Միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռևս շատ քիչ բան է հայտնի նրանց
անցած դժվարությունների և ապրումների մասին:
Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ընտանիքի՝ ծնողների, քույր-եղբայրների և նույնիսկ իրենց երեխաների հետ: Ոմանք ունեն համայնքներ, որոնց կարող են միանալ, մյուսները ստիպված են նոր կապեր հաստատել: Ճանապարհին և իրենց վերջնական նշանակակետերում, շատ երիտասարդ միգրանտներ հանդիպում են նախկինին հավասար կամ ավելի մեծ դժվարությունների, այդ թվում՝ ռասիզմի, քսենոֆոբիայի, խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման: Մասնավորապես, երիտասարդ կանայք ենթարկվում են սեռական
շահագործման և բռնության:
Աղքատությունը, բազմամարդ ու ոչ սանիտարահիգիենիկ պայմանները և արժանապատիվ աշխատանք գտնելու մարտահրավերները դարձել են միգրանտների կյանքի սովորական բնորոշիչները: Այս մարտահրավերները սրվում են ներկայիս համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի
պայմաններում:
Հաճախհամայնքները և քաղաքական գործիչները մեղադրում են միգրանտներին տեղացիներին աշխատանքից զրկելու մեջ՝ ենթարկելով նրանց էլ ավելի մեծ խտրականության ռիսկի: Այլ դեպքերում, գաղթող ծնողների կողմից լքված երիտասարդները բախվում են հոգեբանական և սոցիալական խնդիրների և էլ ավելի մեծ խոցելիության:
Հատկանշական է երիտասարդ միգրանտների ունեցած դրական ներդրումը այն հասարակությունների տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտների հարստացման վրա, որտեղից նրանք սերում են, որտեղ հայտնվում են կյանքի բերումով և որտեղ ի վերջո հանգրվանում են: Շատերը ծանր աշխատանք են կատարում ապրուստ վաստակելու և իրենց կենսապայմանները բարելավելու համար: Իրենց հարազատ երկրներում ապրող ընտանիքներին աջակցելու համար նրանց կատարած դրամական փոխանցումները խթանում են տնտեսության զարգացմանը ողջ աշխարհում: Երիտասարդ միգրանտները, վերադառնալով տուն, հաճախ նպաստում են զարգացմանը` կիրառելով արտասահմանում ձեռք բերած հմտություններն ու գաղափարները: Եվ շատ
դեպքերում կանայք միգրացիայի շնորհիվ հզորություն են ձեռք բերում՝ ստանալով ֆինանսական և սոցիալական անկախություն:
Հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա երկրորդ բարձր մակարդակի երխոսությունը միջազգային միգրացիայի և զարգացման հարցերի շուրջ: Կոչ եմ անում անդամ պետություններին ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային: Երիտասարդների հետ և նրանց համար աշխատելը իմ գլխավոր առաջնահերթություններից է: Երիտասարդության այս միջազգային օրը ես քաջալերում եմ անդամ պետություններին, երիտասարդական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերի գործել՝ նպաստելու բոլոր երիտասարդ միգրանտների իրավունքների պաշտպանությանը և առավելագույնին հասցնել երիտասարդական միգրացիայի զարգացման ներուժը”:
«Դուք եք այն ուժը, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի». Տարոն Մարգարյանը` երիտասարդներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել երիտասարդներին միջազգային օրվա առթիվ` նշելով.
“Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել հասարակության զարգացման շարժիչ ուժը և այսօր էլ, արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Համոզված եմ, որ այսօր էլ երիտասարդական ձեր ողջ եռանդով ու կարողություններով դուք պատրաստ եք արժանապատիվ մասնակցություն ունենալ մեր երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում օժանդակել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն օգտակար կլինի մեր սիրելի Երևանի ու երևանցիների համար”:
«Երիտասարդությունն այսօր մեր երկրում հզոր ուժ է, ում հետ հաշվի են նստում». Կարեն Ավագյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորական ուղերձ հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.
“Սիրելի երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունն այսօր մեր երկրում հզոր ուժ է, ում հետ հաշվի են նստում, հարգում են, ում վստահում են ամենապատասխանատու ծրագրերը։ Այսօրվա 20, 30 տարեկան երիտասարդներն են վաղը դառնալու Հայաստանի զարգացման ծրագրերի գլխավոր գործող անձինք։
Մեր երկրի ապագան խելացի, կրթված ու լայնախոհ երիտասարդներինն է։ Մաղթանքս է, որպեսզի կարևորեք այն պատասխանատվությունը, որ դրված է ձեզ վրա։ Երիտասարդությունը լավագույն տարիքն է գիտելիքներ կուտակելու համար։ Տքնաջան սովորեք ու աշխատեք, և հաջողությունն ինքը կգա ձեզ ընդառաջ։ Միշտ հավատացեք նրան, ինչ անում եք, եղեք համարձակ և մի վախեցեք նախաձեռնողականությունից ու պատասխանատվությունից։ Գիտեմ, շատ դժվար է կատարել առաջին քայլը, բայց արեք դա, և կգտնվեն մարդիկ, ուժեր, որոնք կկանգնեն ձեր կողքին ու կօգնեն իրականություն դարձնել ձեր և մեր բոլորի երազանքը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և ցանկանում հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում”։
Կարեն Ավագյան
ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ «…Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»
Հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական:
Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն: Նման գործողություններից է 1896 թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների կողմից: Գործողության կազմակերպիչները ՀՅԴ անվանի գործիչներ, հայ ազատամարտի նվիրյալներ Արմեն Գարոն և Բաբկեն Սյունին էին: Ուսումնասիրողներից շատերը Բանկ Օտոմանի գործողությունը համարում են սխալ` մտածելով, որ այն Արևմտյան Հայաստանում հայերի նոր կոտորածների առիթ դարձավ: Այս տեսակետը հնարավոր չէ արդարացի համարել, քանզի արդեն 1895 թ. Արևմտյան Հայաստանում սոսկալի ջարդեր էին: Եվ առհասարակ պատմությունը ցույց է տալիս, որ օսմանյան կառավարության համար հայերին կոտորելու համար առանձնապես առիթներ պետք չէին: Դա նպատակադրված պետական ծրագիր էր, որ թուրք սուլթաններն իրականացնում էին ջանադրաբար: Հետևաբար հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական: Արտաքին ակնկալվող ազդեցությունից զատ, ՀՅԴ-ի որդեգրած այդ քաղաքականությունը նաև ներքին խնդիր ուներ` բարձրացնել հայի ազատատենչ ոգին:
Դեռևս 1895 թ. Ռուսաստանի և եվրոպական տերությունների ճնշման տակ Օսմանյան կառավարությունն ընդունեց մայիսյան բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսված էր ողջ Օսմանյան կայսրության տարածքում, հատկապես` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունքը պետք է լիներ ազգային ճնշումների դադարեցումը, տեղական կառավարման մարմիններում տեղաբնակների ներգրավումը, տնտեսական բարեփոխումները և այլն:
Սակայն թուրքական կառավարությունն ամենևին մտադիր չէր կյանքի կոչել Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, ավելին` 1895 թ. Արևմտյան Հայաստանում հետևեցին նոր կոտորածներ, որոնց զոհ գնաց ավելի քան 300 հազար հայ:
Եվ ահա ՀՅԴ որոշմամբ` 1896 թ. օգոստոսի 14-ին 31 հայ զինյալներ, որոնց թվում` Վարդան Շահպազը (Մինաս Տոնիկյան), Ավոն (Ավետիս Մաղաքյան), Զարեհ Խաչիկյանը, Մուշեղը (Ենովք Անուշյան), Հաճին (Հակոբ Խոճիկյան), Միհրան Կարապետյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստարմաջյան), Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան), Հրաչը (Հայկ Թիրաքյան), Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի ղեկավարությամբ Կոստանդնուպոլսի կենտրոնում գրավում են օսմանյան կայսրության կենտրոնական դրամատունը և պատանդ վերցնում բանկի 150 աշխատակիցների: Հայ զինյալներն այս քայլով փորձում էին օտարերկրյա տերությունների ուշադրությունը բևեռել Հայկական հարցի վրա և ճնշում գործադրել Օսմանյան պետության վրա` կյանքի կոչելու Մայիսյան բարեփոխումների ծրագիրը:
Հայ վրիժառուները նախապես որոշել էին, որ բանկի գրավման օրը միաժամանակ մի քանի այլ գործողություններ էլ իրականացնեն Կոստանդնուպոլսի տարբեր հաստատություններում, սակայն վերջին պահին այդ պլանը մերժվում է:
Բանկը գրավելով` հայ զինյալները հայտագրեր ուղղեցին Կոստանդնուպոլսում հավատարմագրված եվրոպական դիվանագետներին` կոչ անելով ճնշում գործադրել Պոլսի կառավարության վրա` հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բանկը:
Հայ վրիժառուների հետ օսմանյան կառավարության և եվրոպական դիվանագետների անունից բանակցությունների մեջ է մտնում ռուսական դեսպանատան թարգմանիչ Մաքսիմովը:
Հետագայում Բանկ Օտոմանի գործողության վերաբերյալ իր հուշերն է տպագրել նրա առաջնորդներից Արմեն Գարոն. «Կը բաւեր, որ 8-10 հոգի մտնէին բանկը եւ դռներ ներսէն գոցեին, եւրոպական պատերազմական նաւերը անմիջապես զինուոր պիտի հանէին ցամաք… թուրք զօրքին եւ խուժանին դէմ… եթե մեր յուսացածին պէս ձեռնարկը յաջող դուրս գար, 24 ժամէն Պոլիսը գրաւուած կը լինէր եւրոպական զինուորներով, եւ Հայկական Հարցը կը ստանար իր ցանկալի լուծումը»:
Գրվածը վերլուծելով` կարելի է ենթադրել, որ նախքան գործողությունը կազմակերպիչները որոշ խոստումներ ու հավաստիացումներ էին ստացել եվրոպական կամ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Նույն նոթերում Արմեն Գարոն գրում է. «Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»: Նենգ Եվրոպան ըստ երևույթին հերթական անգամ օգտագործեց հայ ազատագրական շարժումը, հայի արյունը իր տնտեսական, դիվանագիտական նպատակների համար` միգուցե ինչ-որ զիջումներ խլելով Թուրքիայից:
Շուրջ 13 ժամ տևած բանակցությունների արդյունքում զինյալները և Մաքսիմովը գալիս են համաձայնության, ըստ որի` եվրոպական դիվանագետները պարտավորվում են հետամուտ լինել, որ օսմանյան կառավարությունը իրագործի Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, իսկ վրիժառուներն իրենց տրամադրված ֆրանսիական «Ժիրտ» նավով մեկնում են Մարսել:
Օսմանյան բանկի գրոհի ժամանակ հայ վրիժառուներից զոհվում են Բաբկեն Սյունին և մի քանի այլ զինյալներ:
Այս գործողությունը ծանր հարված էր Օսմանյան Թուրքիայի միջազգային հեղինակությանը և բարոյականից զատ ուներ նաև տնտեսական նշանակություն, քանզի եվրոպական տերությունները մեծ ներդրումներ էին կատարում օսմանյան տերության մեջ և հետայսու նրանք անվստահությամբ կվերաբերվեին օսմանյան դրամատանը:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ