ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

պնՍ.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու հոկտեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք  Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցներ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը մայրաքաղաքում կիրականացվի ծառերի սանիտարական էտում

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել “Էրեբունի-Երևան 2795” տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայացել: Քաղաքապետը հանձնարարել է 24 երթուղիների սպասարկման համար նախատեսվող նոր մրցույթի մասին ևս ապահովել զանգվածային լայն իրազեկում, ինչպես նաև առաջարկել է Երևանի ավագանու խմբակցություններին ևս իրենց հերթին հանդես գալ համապատասխան հայտարարություններով:
“Արդեն երրորդ անգամն է, որ տվյալ երթուղիների համար հայտարարվում է մրցույթ, որը, սակայն, հայտերի բացակայության պատճառով այդպես էլ չի կայանում: Քաղաքային տրանսպորտի առավել որակյալ սպասարկում ապահովելու համար պետք է բոլոր երթուղիներն էլ լիարժեք շահագործվեն”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են իրականացվել 65 փողոցներում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել երկրորդական և երրորդական փողոցների փոսանորոգմանն ու ճաքալցմանը և սեղմ ժամկետում ավարտել դրանք:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք, 10 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով պարբերաբար իրազեկել հանրությանը կատարվող աշխատանքների մասին, ինչն իր հերթին որոշակիորեն կնպաստի ապօրինությունների նվազեցմանն ու բացառմանը:
Մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ առաջիկայում ներկրվելու է կակաչներիի 500 հազար սոխուկ և 1 միլիոն այլ ծաղկասածիլ: Բացի այդ, ծաղիկներ կաճեցվեն նաև ջերմոցներում:
“Արդեն այսօրվանից պետք է նախապատարստական աշխատանքներ իրականացնել 2014 թվականի ծաղկապատման ուղղությամբ: Փորձը ցույց է տվել, որ, ընտրելով բազմամյա ծաղիկներ և ապահովելով պատշաճ խնամք, կարող ենք տարեցտարի մայրաքաղաքում կրկնապատկել ծաղկապատ տարածքների ծավալները: Ուստի, պետք է մասնագետների հետ համագործակցված որոշել և ընտրել մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան ծաղկատեսակներ”,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով աշնանային ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 1-ից կմեկնարկեն և մինչև դեկտեմբերի 25-ը կշարունակվեն չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման աշխատանքները: Հանձնարարվել է աշխատանքներ տանել փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով տերևներն այրելու հնարավոր դեպքերը:
Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանողների նկատմամբ նախորդ շաբաթ կազմվել է 67 վարչական արձանագրություն: Զուգահեռ ընթանում են ձռման նախապատրաստական աշխատանքներ:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ պատրաստ են Ժամանակակից արվեստի թանգարանի և Համազգային թատրոնի շինության նախագծանախահաշվային փաստաթղթերը: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են Հյուսիսային պողոտայի սալիկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում

վարդան-պետրոսյանԴերասան Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին «Անկախ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Պետրոսյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը տեղն է, մի քանի ժամ առաջ էլ անջատվել է արհեստական շնչառության ապարատը:

Հունանյանի խոսքով` Վարդան Պետրոսյանը դեռ մի քանի օր կգտնվի ինտենսիվ հսկողության տակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Եղվարդ ավտոճանապարհին:   Երկու մեքենաների բախման հետևանքով 1 մարդ զոհվել էր, 6-ը տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել:

Ավտովթարից հետո դերասան Վարդան Պետրոսյանը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել, որտեղ նրան վիրահատել են. հեռացվել է փայծաղը, կարվել է լյարդը:

Ավտովթարից տուժածներից մեկը ևս «Էրեբունի» ԲԿ-ում է, նրա վիճակը կայուն է, վերջինս ունի ողնաշարի և գլխուղեղի վնասվածքներ:

ԱԺ քառօրյայի մեկնարկը բուռն էր. հանրապետականների նյարդերը տեղի տվեցին

Ազգային-ժողովՄեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Մինչ օրակարգը հաստատելը, ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուսական սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպին: Պատգամավորը ԱԺ նախագահին հիշեցրեց, որ նա խոստացել էր ռուսական կողմից համապատասխան պարզաբանում ստանալուց հետո դիրքորոշում արտահայտել:

Նա նաև հիշեցրեց, որ ինքը դիմել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ հասկանալու համար, թե ինչ իրավական հիմքով են օտարերկյա պետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գործողություններ կատարել Հայաստանի հանրապետության սահմաններում, սակայն տնօրենի տեղակալն իրեն գրավոր խորհուրդ էր տվել դիմել ԱԺ նախագահին:

Փաշինյանը դիմեց ԱԺ նախագահին, իսկ վերջինս պարզաբանեց, որ այդ հարցով խմբակցությունների ղեկավարների՝ այդ թվում նաև “Ժառանգություն” խմբակցության ղեկավարի հետ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում նա ընթերցել է ռուսական կողմի պատասխան նամակի ողջ բովանդակությունը:

Հովիկ Աբրահամյանը այդ նամակից եզրակացրել է, որ ռուսական կողմը որևէ օրենք չի խախտել և չի գործել առանց հայ իրավապահների մասնակցության: Նա պատրաստ է նամակը տրամադրել յուրաքանչյուր պատգամավորի, և եթե կլինեն կարծիքներ, որ օրենքի խախտում է եղել, ապա կրկին հարցը կքննարկվի և պահանջ կներկայացվի ռուսական կողմին:

Այնուհետև խոսակցությանը միացավ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ երբ քաղաքացուն զինված ինչ որ մարդիկ հարցեր են ուղղում՝ այն էլ օտար լեզվով, ավտոմեքենան խուզարկում են, ապա դա  քաղաքացու հիմնարար սահմանադրական իրավունքների խախտում է: «Ես չգիտեմ այդ նամակի բովանդակությունը, պարզապես ուզում եմ Ձեզ հարց տալ, եթե Ձեզ հետ նման բան լիներ, ինչպե՞ս կվարվեիք»,-հարցրեց նա Հովիկ Աբրահամյանին:

Վերջինս էլ պատասխանեց, որ եթե նրա ասածը իրականությանը համապատասխանում է, ապա նա լիովին ճիշտ է, օրենքի խախտում կա,  և Ազգային ժողովը պետք է պահանջի, որպեսզի համապատասխան պատիժ լինի:

Այնուհետև կրկին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ ինքը պարզ հարց է տալիս, բայց հստակ պատասխան չի ստանում. «Ես ուզում եմ, որ հանրությունը ստանա այդ հարցի պատասխանը, իսկ Դուք ինձ անընդհատ հրավիրում եք ինչ որ քննարկումների»,-ասաց նա խորհրդարանի ղեկավարին՝ կրկնելով հարցը՝  ի՞նչ հիմքով են օտարերկրյա քաղաքացիները ՀՀ տարածքում հսկիչ անցագրային կետ սահմանել,-Կարող ա էն հայտնի պիեսի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունն այլևս ինքնիշխան պետություն չի, բայց մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»:

«Պարոն Փաշինյան, նման միջադեպ չի եղել, որ որևէ օտարերկրյա մի կառույց որևէ սահմանային կետ սահմանի, Դուք հիմա խոսում եք մի բան, որ իրականությանը չի համապատասխանում: Կրկնում եմ՝ ռուսական զորքերի հրամանատարը ներկայացրել է գրություն, որ նման բան չի եղել: Դա եղել է մեր ոստիկանւթյան և այլ կառույցների հետ միասին: Դրա համար եմ ասում՝ ծանոթացեք նամակին»,-կրկնեց Հովիկ Աբրահամյանը:

Զարուհի Փոստանջյանին ու Նիկոլ Փաշինյանին վրդովեցրեց այն, որ ԱԺ նախագահը հավատում է ոչ թե իրենց, այլ ռուսական զորքերի հրամանատարին, ինչը մեկ այլ քննարկման առիթ դարձավ:

«Այո, ձեր հայտարարություններին ես չեմ հավատում, որովհետև կյանքը ցույց է տվել, որ Դուք կարող եք նաև զրպարտությամբ զբաղվել, դրա համար ես հավատում եմ պաշտոնատար անձի գրավոր գրած նամակին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին:

Նիկոլ Փաշինյանն էլ, օրենսդրությունը վկայակոչելով, հայտարարեց, որ պետք է իրականացվի ծառայողական քննություն, որպեսզի հայտնի դառնա, թե ում հայտարարությունն է արժանահավատ, ումը՝ ոչ:

Փաշինյանի հայտարարությունից ոգևորված՝ Փոստանջյանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին. «Ձեր վերադասը ФСБ-ն է՞, փաստորեն այդպես է ստացվում»:

ԱԺ նախագահն էլ իր հերթին Փոստանջյանին հարց ուղղեց. «Դուք Ձեր ասածին հավատում ե՞ք»:

Ի վերջո հանրապետական որոշ պատգամավորների նյարդերը տեղի տվեցին, և Մարգարիտ Եսայանը, ելույթի իրավունք ստանալով, մի անեկդոտ հիշեց. «Փեսան զոքանչին ուսերին դրած ման է գալիս, հարցնում են՝ էդքան շատ ե՞ս սիրում, ասում է՝ չէ, դրել եմ ուսերիս, որ չտեսնեմ: Հիմա էսօր դահլիճում որոշ պատգամավորներ կան, որ մենք ուսներիս դրած տանում ենք, որ չտեսնենք»,-ասաց նա՝ հորդորելով «որոշ գործընկերների» չափի զգացումը պահել:

Վարդան Այվազյանն էլ ընդդիմադիր գործընկերներին հորդորեց. «Առաջնորդվե՛ք կանոնակարգով: Հո մենք գերի՞ չենք: 35 րոպե  նույն բանի մասին եք խոսում»:

 

Երևանում բացվեց «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը

582. Combating Racism, Xenophobia and Intolerance in Europe high level conference opened in Yerevan 21.10.2013Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում բացեցին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:

Խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Մայքլ Օ’Բրայենը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնը, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների Կոնֆերանսի  նախագահ Ժան-Մարի Հեյդտը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մոհամեդ Ջավադը։

Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, ԵԽ հիմնական կառույցների՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Գլխավոր քարտուղարության, ինչպես  նաև միջազգային հաստատությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:

Երևանյան երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են ԵԽ անդամ պետությունների հասարակություններին հուզող այպիսի հարցեր, ինչպիսիք են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և այլն:

Գյումրիում մեքենա է այրվել

մեքենա է այրվելՀոկտեմբերի 21-ին, ժամը 11.14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 20 շենքի մոտակայքում մասամբ այրվել է Ա.Գ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 28OU536 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

ՃՏՊ Արարատ-Երևան ավտոճանապարհին

ավտոպատահարՀոկտեմբերի 21-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 27 SO 449 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով, վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Գ.-ը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Կ. Բ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ն.Գ.-ի առողջական վիճակը գնահատվել են բավարար, իսկ Կ.Բ.-ը` միջին ծանրության:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը ներկայացնում է մի հերոսական ընտանիքի

ռոբերտ ՄաթևոսյանԻսկական հերոսները Սերգեյ և Էմիլյա Պողոսյաններն են, որոնք իրենց 14 զավակների հետ 1997թ-ին Աշտարակից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղ, որտեղ և 1998-ին ծնվեց ընտանիքի 15-րդ զավակը` Արցախը: Նրանց 11 զավակները արդեն կազմել են իրենց ընտանիքները: Այսօր Պողոսյանների 11 զավակեր և 16 թոռներ բնակվում են Քաշաթաղի շրջանում:

«Աուդի»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ծառի

ավտոպատահարՀոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նանսենի փողոցի թիվ 1 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառի, ինչի հետևանքով 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ նախագահը կարգադրել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծել

հհ նախագահի կարգադրությունՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.

1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ:

2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

4. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդին՝ մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

Կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Թորբյորն Յագլանդ,ԱԳՆՀոկտեմբերի 21-ին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի  կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել և դրանցից առանձնացրեց  ՀՀ Նախագահի այցելությունը Ստրասբուրգ, Երևանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության  հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը և այսօր բացվելիք բարձրաստիճան խորհրդաժողովը։ Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակների առաջ մղման գործում:

ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց ԵԽ Նախարարների կոմիտեում հայկական նախագահության ծավալած գործունեությունը և արդեն իսկ կատարված աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։

Գլխովին ոչնչացում

4cc9dfd90831b0d60d9ba18867045ce8Times-ը պատմում է Շոտլանդիայի հյուսիսարևմտյան ափերից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կաննա ոչ մեծ կղզու բնակիչներին պատուհասած աղետի մասին: Կղզիաբնակների համար գլխացավանք են դարձել հազարավոր ճագարները, որոնք ազատ տեղաշարժվում են ու ոչնչացնում բուսականությունը:

“Ճագարները խժռում են այդ կղզին,-հայտնել է կղզիաբնակներից մեկը:- Բացի այդ, կենդանիներն անդադրում բներ են փորում իրենց դուր եկած տեղում, օրինակ` գերեզմանատանը, քանդել են գերեզմաններն ու դագաղներից ոսկրերը դուրս գցել: Նրանք ամենուր են: Նրանց պատճառով քանդվում են պատերը, քանի որ փորում են տան հիմքը: Նրանք ավերում են մեր  հնագիտական հուշարձանները”:

Կաննա կղզում այսօր 12 մարդ է ապրում ու առնվազն 16 հազար ճագար, որոնք ոչ մի րոպե չեն մոռանում բազմանալու մասին: Վերջերս նույնիսկ ճանապարհն է փակվել սողանքի պատճառով, որը կրկին ճագարների “հորատման” հետևանք էր: Ճանապարհը մաքրելու համար մեծ գումարով  մայրցամաքից մասնագետներ են հրավիրվել:

Ընդամենը 6 տարի առաջ  Շոտլանդիայի  (որին պատկանում է կղզին)   հուշարձանների պահպանության  ազգային ընկերությունը 600 հազար ֆունտ ծախսեց բազմահազար առնետներին լրիվ ոչնչացնելու համար: Չի բացառվում, որ կրծողների բացակայությունն է հանգեցրել ճագարների թվաքանակի ավելացմանը:

Փաստորեն, ինչպես տեղեկացնում է Times-ը, ճագարներն իրենց անսահման ակտիվությամբ սեփական մահապատիժն են ստորագրել. իշխանությունները թունավոր գազով ճագարների գլխովին ոչնչացման վերաբերյալ որոշում են ընդունել:

Մաշտոցի պողոտայի թունելում մեքենաներ են բախվել

ավտովթարՀոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թունելում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մոտոցիկլետը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

մոտոցիկլՀոկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, «Դնեպր» մակնիշի մոտոցիկլետը Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում  են, որ կատարվում է քննություն:

13-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

վրաերթՀոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տղան բուժօգնության է դիմել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որից հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Մի խումբ երիտասարդներ Արցախ էին այցելել

1393387_662526100438847_1472134446_nՀոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել:

Հայաստանցի երիտասարդներն Արցախում հանդիպել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, Արցախի պետական համալսարանում քննարկումներ են ունեցել տարբեր երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա զարգացումներին, Արցախի ներքին խնդիրներին։ Խոսվել է երիտասարդական պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին։ Ա. Ղուլյանն ընդգծել է, որ երիտասարդությանն ուղղված առաջիկա ծրագրերում ընդգրկված է երիտասարդական խորհրդարանի ստեղծման հարցը, ինչը շատ երիտասարդների ինքնադրսևորվելու, կայանալու հնարավորություն կտա։ ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հասարակական հատվածն Արցախում այնքան էլ զարգացած չէ, ուսանողական կառույցները դեռ ամբողջությամբ չեն մասնակցում բուհի կառավարման գործընթացին։ Այստեղ անելիքներ կան, և այս համատեքստում որոշակի ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մասնավորապես, հենց հաջորդ ամսվանից կմեկնարկեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի երիտասարդական կառույցների համատեղ ծրագրերը։ Ընդ որում, ծրագրեր կիրականացվեն ոչ միայն Արցախում, այլև արցախցի երիտասարդները հնարավորություն կունենան իրենց գաղափարները կյանքի կոչել Հայաստանում։

Ա. Ղուլյանը նաև կոչ է արել հայաստանցի երիտասարդներին հաճախ և երկար ժամանակով այցելել Ղարաբաղ՝ նշելով, որ պետք է տեսնել Արցախը, որպեսզի հասկանալ արցախցուն ու Արցախի խնդիրները։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ այսուհետև Արցախում, արցախցի երիտասարդների շրջանում կանցկացվեն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված, կրթական, մշակութային բազմաոլորտ ծրագրեր, ինչի միջոցով փորձ կարվի խթանել երիտասարդների ակտիվությունը։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ երիտասարդական և ուսանողական կառույցների անդամների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացան այն խնդիրների, նպատակային ծրագրերի մասին, որոնց կարիքն ունի Արցախի երիտասարդությունը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

Մոսկվայում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի 80-ամյակին

sergey-smbatyan_jpg_1313069965Այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը։ Ե՜վ Հայաստանում, և՜ Հայաստանի սահմաններից դուրս տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի հոբելյանին։ Մասնավորապես, հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համերգով հանդես կգա մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ծրագրում կհնչեն Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Լիստի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Յուրի Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Պետերբուրգում դեռահասները քարեր են նետել ադրբեջանցիներին պատկանող տաղավարների ուղղությամբ

2 (2)Մի խումբ դեռահասներ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնի ուղղությամբ քարեր և ծխային ռումբեր են նետել, տեղեկացնում է ադրբեջանական “Հաքին” կայքը։

Հարձակման ենթարկված առևտրի կենտրոնի տաղավարների մեծամասնությունը պատկանում է ադրբեջանցիներին։

“Նախնական տեղեկություններով՝ 16 անչափահասներ քարեր և ծխային ռումբեր են նետել առևտրի կենտրոնի ցուցափեղկերի վրա, որից հետո ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք”,-ասել է ՌԴ Ներքին գործերի նախարարության աղբյուրը։

«Տաշիրը» մանկապարտեզ կկառուցի նաև Ստեփանավանում

mankapatrez-stepanavan«Տաշիր»  բարեգործական հիմնադրամը  Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ  որոշել է նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաև Ստեփանավան քաղաքում: Այն կառուցվելու է քաղաքի «Ռումինական»  կոչվող թաղամասում, որը համեմատաբար նորակառույց  է և լինելով բավական խիտ բնակեցված` մանկապարտեզ չունի: Տեղի բնակիչները ստիպված են ամեն օր զգալի ճանապարհ հաղթահարել` իրենց երեխաներին մանկապարտեզ  հասցնելու համար: Եվ ահա, նոր կառուցվելիք մանկապարտեզը, որի հողային աշխատանքներն մոտ օրերս արդեն կսկսվեն, կլուծի  մանկահասակ երեխաներ ունեցող ստեփանավանցիների այս խնդիրը:

Հիշեցնենք, որ Կարապետյանների ընտանիքը մինչ այս որոշել էր մանկապարտեզ կառուցել Տաշիր քաղաքում: Այս մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:

Ինչ վերաբերում է մյուս շինարարական ծրագրերին, ապա մեծ թափով ընթանում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Վեհարանի հիմնանորոգման, հանդիսությունների սրահի կառուցման, ինչպես նաև Լոռու մարզային հիվանդանոցի ծննդատան կառուցման աշխատանքները:

 

«Տաշիր»  բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Ջոլին ու Փիթը 101-էջանոց ամուսնական պայմանագիր են կնքել

1382273588656Ջոլի և Փիթ ամուսնական զույգն  ընդհանուր 380 մլն դոլար  արժողությամբ 101-էջանոց ամուսնական պայմանագիր է կնքել: Ամուսնալուծության դեպքում Փիթը կպահպանի  իր 209 մլն-անոց կապիտալը, որ նա վաստակել է մինչ Ջոլիի հետ  ամուսնանալը, ինչպես նաև ամուսնալուծվելուց հետո  նրան կհասնի171 մլն դոլար: Ինչ վերաբերում է նրանց 6 երեխաներին, ապա ամուսնալուծության դեպքում երկուսն էլ խնամակալության իրավունք կունենան:

“Անջելինան միշտ էլ դեմ է եղել ամուսնական պայմանագրին, սակայն Բրեդը նրան համոզել է, որ այդպես ճիշտ է: Բրեդը ռոմանտիկ, բայց նաև պրակտիկ մարդ է: Բրեդը հասկանում է, որ Էնջիի հետ ընդահնուր կարողությունը 380 մլն դոլար է, իրենք 6 երեխա  ու ողջ աշխարհում լիքը անշարժ գույք ունեն , այնպես որ դրա մասին պետք է մտածել: Նրանք ամուսնացած են ու երկուսն էլ գիտեն,  թե ինչ կարող է լինել ամուսնալուծության դեպքում: Նրանց պարագայում փաստաթղթերը կարևոր են, երեխաների հարց կա: Բրեդը ցանկանում է, որ բոլոր հնարավոր  տարբերակները   քննվեն”,-պատմել են աղբյուրները:

Խոսակցություններ կան, որ զույգը մտադիր է պաշտոնապես ամուսնանալ Հավայներում: Դա Ջոլիի մոր` Էնջի Մարշելինի սիրած վայրն է: Հանդիսությունը տեղի կունենա զույգին պատկանող   ֆրանսիական Միրավալի  ամրոցներից մեկում, ուր նաև նույնանուն գինի է արտադրվում: MIGnews.com.ua տեղեկացնում է, որ Ջոլին կարծում է, որ իրեն մնացել է 3 տարվա կյանք: Նա վախենում է մոր պես մահանալ քաղցկեղից: Հիմա նա ցանկանում է պաշտոնապես ամուսնանալ Փիթի հետ, որ հետագայում նա դաստիարակի իրենց 6 երեխաներին: