Monthly Archives: June 2014
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը` միանձնյա առաջատար
Ռուսաստանցի հայ շախմատիստն առաջատարների թվում է
Ներքին կարմիրաղբյուրում գիշերվա կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը
Երեկ գիշեր մի քանի ժամ հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը , Չորաթանի Ներքին շեն հանդամասը, որտեղ այդ պահին աշխատելիս են եղել գյուղացիները:
Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Անկախի թղթակցին ասել է, որ հակառակորդի անընդմեջ կրակահերթի պատճառով գյուղացիները չեն կարողացել այգիներից երկար ժամանակ դուրս գալ:ՙՙՀակառակորդը խփել է չորաթանցի Լեռնիկ Քալանթարյանի նաև Լևոն Քալանթարյանի ավտոմեքենաներին, գնդակներից մեկը պայթել է շարժիչի մեջ, մյուսը ջարդուխուրդ արել մեքենայի դիմապակին: Բարեբախտաբար, մեքենայի վարորդները չեն տուժել:ՙՙԱյնքան ինտենսիվ են դարձել կրակոցները, որ երևի մեր գյուղացիները չկարողանան այլևս մշակել այգիները: Ներքին շենը ադրբեջանական գյուղից հեռու է մի քանի հարյուր մետր, որտեղ Չորաթան գյուղի 30-40հա խաղողի այգիներն են՚՚,-ասել է Վարուժան Բաղմանյանը:
Նա ասաց, որ ինքն այդ պահին գտնվել է սահմանամերձ Չինարի գյուղում, որը ևս գիշերը գնդակոծվել է, կրակել են գյուղի կենտրոնական փողոցների, տների տանիքների, դարպասների ուղղությամբ: Ներքին կարմիրաղբյուրում կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը:
Երեկ ուշ երեկոյան Անկախը գրել էր, որ ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում են Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղերը:
Թուրք բժիշկները փորձում են փրկել Անթալիայում լողավազանը ընկած 5-ամյա ռուս երեխայի կյանքը
Թուրք բժիշկները անում են հնարավոր ամեն բան 5-ամյա ռուս աղջկա կյանքը փրկելու համար: Փոքրիկ Ալյոնան ընկել է լողավազանը Անթալիա քաղաքի հանգստյան գոտիներից մեկում: Առանց հսկողության մնացած երեխան մոտ 20 րոպե մնացել էր ջրի տակ, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը շատ ծանր է: Թուրք բժիշկները երեխայի մորը՝ Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Յուլյա Պանկրատովային, առաջարկել են անջատել աղջկա թոքերը օդափոխող սարքավորումը և նրան օգտագործել որպես օրգանների դոնոր, քանի որ Ալյոնային փրկելու շատ քիչ հավանականություն կա:
«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին
«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:
Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան: Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը:
Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում և բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է:
Նարեկաբուժություն
«Նարեկաբուժություն» տերմինը, ըստ հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի, հենց իր կողմից է առաջին անգամ շրջանառության մեջ մտել:
Տարիներ շարունակ ուսումնասիրելով հոգեթերապիայի տարբեր մեթոդներ՝ մի օր բժիշկ-հոգեթերապևտը հասկանում է, որ դրանք իրեն չեն բավարարում, պետք է մի նոր մեթոդ: Նոր մեթոդը գտնելու հարցում նրան օգնում է գենետիկ հիշողությունը. «Իմ երկու տատն էլ հեքիմ են եղել: Հիշում եմ՝ մեկը դեղաբույսերով էր բուժում, մյուսն աղոթք էր կարդում»,- պատմում է արդեն 18 տարի նարեկաբուժությամբ զբաղվող Արմեն Ներսիսյանը:
Նա սկսում է «Նարեկ» կարդալ: Բայց քանի որ խորհրդային ժամանակաշրջանում «Նարեկը» պոեմների էր վերածվել, իսկ իրականում դա արձակ ստեղծագործություն է, հոգեթերապևտը զգում էր, որ դրանք այն չեն, ինչն իրեն պետք է:
1993 թվականն էր: Մի օր արթնանում է և ասես նախախնամության ցուցումով քայլերն ուղղում դեպի Վերնիսաժ: Գնում կանգում է գրքերի մի կույտի առջև, նայում վերևից ներքև ու ամենաստորին մասում հայտնաբերում «Նարեկը»՝ առաջին աշխարհաբար թարգմանությամբ, չափածո վիճակում, հրատարակված 1902 թ.՝ Միսաք Գոչունյանի կողմից:
Հոգեթերապևտը հենց առաջին էջին կարդում է գրքի բովանդակությունն ու տեսնում, որ այնտեղ կան ցուցումներ: Ուշագրավ է հետևյալ ցուցումը. «Զորավոր սպեղանի անբժշկելի վերքերի, անտեսանելի ցավերի վրա ազդող դեղ»:
Նա տեսնում է, որ գրքում մանրամասն ներկայացված են մարդկային մտքի և հոգու բոլոր շեղումները՝ դեպրեսիա, անձի խանգարում, մաշկային հիվանդություններ և այլն և այլն: Նկարագրված են և տրված բուժման աղոթքները:
Եվ այսպես, տարեցտարի նա հայտնաբերում է «Նարեկի» ողջ զորությունը, հասկանում ու հավատում, որ այն պարզապես գիրք չէ, այլ ողջ մարդկությանը տրված մի հրաշալի նվեր, երկրորդ Աստվածաշունչ:
Սակայն այդ ամենին զուգահեռ` պետք էր կարողանալ հասկանալ այդ գրքի ճիշտ մեկնությունը, որպեսզի այն իսկապես հրաշագործ ազդեցություն թողներ: Այլ կերպ ասած՝ պետք էր մեռած գիրը դարձնել կենդանի խոսք: «Խոսքը հզորագույն բուժական միջոց է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: Այսօր ես՝ որպես բժիշկ և գիտությունների թեկնածու, մի կողմ դրած իմ բժշկությունը, զբաղվում եմ խոսքի բժշկությամբ և միջազգային կոնգրեսներում ցույց եմ տալիս, որ «Նարեկը» հոգեբուժության գիրք է»,- ասում է Արմեն Ներսիսյանը:
Ըստ նրա՝ «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ:
2004 թ. Արմեն Ներսիսյանը թողարկում է «Նարեկի» աղոթքներով իր առաջին ձայնասկավառակը: Այս տարիների ընթացքում նա բուժել է տարբեր հիվանդություններ, որոնք բժշկությունը համարել է բարդ ու անբուժելի. չարորակ ուռուցքներ, երևանյան հիվանդություն, նյարդային, մաշկային հիվանդություններ, անգամ Դաունի համախտանիշ:
Այժմ նա աշխատում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում՝ որպես բժիշկ-հոգեթերապևտ, որտեղ նույնպես, մյուս մեթոդներին զուգահեռ, կիրառում է այս մեթոդը: Արդյունքները, ըստ հոգեթերապևտի, ապշեցուցիչ են: «Նարեկի» աղոթքները կարողանում են բարձրացնել մարդու իմունային համակարգը: Արմեն Ներսիսյանը համոզված է, որ «Նարեկով» կարելի է բուժել դարի չարիք համարվող այս հիվանդությունը:
Եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը
«Մարդիկ ուզում են «Նարեկով» բուժվել, սակայն համապատասխան տեղեկատվություն չունեն: Առաջ «Նարեկը» բարձի տակ դնելու ավանդույթ կար, սակայն կարծում եմ, որ եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը,- ասում է հոգեթերապևտը:- Չի կարելի խաբվելով ապրել, թե «Նարեկը» գլխի տակ դնելով` բոլոր հարցերը կլուծվեն, իսկ արդյունք չլինելու դեպքում` արժեզրկել ողջ ճշմարտությունը: «Նարեկը» պիտի կարդալ, Նարեկը պիտի խոսք դարձնել: Եվ ամենակարևորը՝ պետք է հավատալ, քանի որ այս ճանապարհով լավանում է միայն նա, ով հավատով է ընտրում բուժման այս տարբերակը»,- ասում է Ներսիսյանը:
Ըստ նարեկաբույժի՝ հրաշագործ այս գիրքն այլ ցուցումներ էլ ունի և կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Օրինակ` երեխայի մեջ ավելի մաքուր արժեհամակարգ ստեղծել՝ զերծ պահելով նրան ապագայում կատարելիք մեղքերից ու դրանցից բխող հետևանքներից: Ուստի, նա կարծում է, որ երեխան, սկսած մանկապարտեզից, պետք է անընդհատ «Նարեկ» լսի, որպեսզի լինի խաղաղ, ներդաշնակ ու առաքինի:
Նարեկաբույժն իր փորձից գիտի, թե դա ինչ ազդեցություն է թողել 10-12 երեխաների վրա, որոնք լսել են իր աղոթքների սկավառակները և հետո իրենց տպավորությունները գրել: «Էսօր որոշել էի մեկին ծեծել, բայց պետք ա ներողություն խնդրեմ, որովհետև ես էի մեղավոր: Որ կարենամ խնդրեմ` շատ լավ կլինի»,- լսելուց հետո գրել է աշակերտներից մեկը:
«Չեմ կարում չխաբեմ, սուտ չխոսեմ, դրանից կայֆ եմ բռնում: Հիմա վատ եմ զգում, որ էդքան խաբել եմ: Հետո կթարգեմ, թե չէ, չգիտեմ»,- գրել է մեկ ուրիշը:
«Նարեկում» կան աղոթքներ, որոնք մարդուն զղջման և հոգու թեթևացման են տանում: Դրանք օգտակար են հատկապես այն մարդկանց համար, որոնք հասել են կյանքի մայրամուտին և ինչ-ինչ պատճառներով տանջվում են՝ չհասկանալով տանջանքի բուն պատճառները: Այդ աղոթքներն օգնում են մարդուն տեսնելու իր հոգու խորքը, վերաիմաստավորելու իր կյանքը, բացահայտելու իր մեղքերն ու զղջալու, ապա հանգիստ խղճով հոգին ավանդելու:
«Նարեկն ազդում է և՛ մարմնի, և՛ հոգու վրա,- ասում է Արմեն Ներսիսյանը,-ընդհանրապես, մարդ իր խնդիրները, հարցերը լուծելու համար նախևառաջ պետք է ձերբազատվի ատելությունից ու չարությունից: Ինչպես հաճախ մաքրում ենք մեր մարմինը, հոգին էլ ժամանակ առ ժամանակ մաքրվելու կարիք ունի, քանի որ մի օր կարող է հիվանդանալ, որից էլ ի հայտ են գալիս բոլոր երևացող հիվանդությունները»:
Նարեկաբույժը կարծում է, որ հիմա հոգու սովի ժամանակաշրջան է, և մարդուն խոսք է պետք՝ բարի, ճշմարիտ խոսք: «Նարեկը» հենց այդ խոսքն է՝ ուղենիշը դեպի Աստված:
Վերածնված Անին ու «Նարեկը»
Անի Մաջնունյանը ծնվել է Իրանի Ուրմիա քաղաքում: Նրա պապը՝ տեր Հովսեփը, տեղի քահանան էր, որը մի օր երազ է տեսնում և երազի հետքերով գնալով՝ գտնում «Նարեկը», որն այլ մասունքների հետ թաքցված էր եկեղեցում:
Այսպիսով, XIX դարից փրկված սուրբ գիրքը հավանաբար հենց Աստծո կամքով գտնում է իր տիրոջը՝ Տեր Հովսեփին, որը սկսում է դրանով բուժել մարդկանց: Անիի մայրը պատմել է, թե ինչպես է պապը մեկ օրում բուժել հոգեկանը խանգարված մի երիտասարդի, որին ոչ մի հոգեբույժ չի կարողացել օգնել: «Երբ տեսնում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, գյուղի ժողովուրդը որոշում է դիմել հարևան գյուղերից մեկում գտնվող մի մոլլայի, որը մարդկանց բուժում էր: Տղային տանում են նրա մոտ: Սակայն մոլլան ասում է, որ չի կարող հիվանդին օգնել և խորհուրդ է տալիս դիմել գյուղի հոգևոր հորը՝ տեր Հովսեփին՝ ասելով, որ վերջինս թող իր գրքից աղոթք գրի, միայն դա կբուժի»:
Տեր Հովսեփը երկար մի թղթի վրա «Նարեկից» աղոթք է գրում: Երբ տղան քնած է լինում, դա ամրացնում են նրա հագուստին, «Նարեկն» էլ դնում գլխի տակ: Մեկ էլ տղան առանց ծնկները ծալելու, աչքերը փակ վիճակում՝ կանգնում է և սկսում խոսել Հիսուսի հետ: Երբ խոսքը վերջացնում է, նորից նույն ձևով պառկում է: Քիչ անց արթնանում է, ձեռքը տանում բարձի տակ, գիրքը հանում, համբուրում և ասում, որ տեր Հովսեփին կանչեն: «Երբ պապս գալիս, է ընկնում է ոտքերը, շնորհակալություն հայտնում, ասում, որ այլևս հիվանդ չէ»,- պատմում է Անին:
Անին փոքր է եղել, լավ չի հիշում պապի հրաշագործությունները, բայց հիշում է, որ նրա գիրքն իրենց տան սուրբ մասունքն էր, որը միշտ իրենց գլխի տակ էր, երբ հիվանդանում էին: Այդ գիրքն իրենց ընտանիքի պահապանն էր, մահից փրկել էր եղբորը, իրեն: Գրքի սուրբ ուժն առաջինը տարածվել է հենց Անիի վրա դեռ նորածին հասակում, երբ նրան բժիշկները հաշված օրերի կյանք էին կանխատեսել՝ համարելով նվազ երեխա: Պապն էլ, որպես եկեղեցու սպասավոր, որոշել էր մինչև «հոգին Աստծուն հանձնելը»` կնքել երեխային, որպեսզի անկնունք չմահանա: Կնքել էր: Հետո «Նարեկը» դրել էին երեխայի բարձի տակ, ու նա խոր քուն էր մտել և… արթնացել բոլորովին առույգ ու առողջ:
Երկրորդ անգամ Անին «Նարեկի» շնորհիվ վերածնվում է 1992 թ.՝ սարսափելի ավտովթարից հետո, երբ նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: «Մորս խնդրեցի, որ «Նարեկը» բերի: Դրեցի գլխիս տակ,- պատմում է նա,- իհարկե, ես իմ բժշկին պաշտում եմ, նրան համարում իմ երկրորդ ծնողը, բայց այդ ժամանակ իմ վիճակն այնպիսին էր, որ ոչ ոք հրաշքի չէր սպասում»:
Մի օր էլ, երբ Շողակաթ եկեղեցում հոգևոր երգեր երգող Անին Գևորգյան ճեմարանի սաներից մեկին ասում է, որ տանը «Նարեկ» ունի, մեկ շաբաթ անց վերջինս իր տուն է գալիս՝ ձեռքին
Նա սկսում է «Նարեկով» բուժել: Նախ իր հարազատների, ընկերների վրա է զգում գրքի հրաշագործ ազդեցությունը, հետո շատ-շատերին է իր գրքի սուրբ զորությունը մատուցում:«Նարեկի» այն աղոթքների ցանկը, թե որով որ հիվանդությունն են բուժում: «Հասկացա, որ դա նախանշան է»,-ասում է Անին:
Տարիներ առաջ «սկայպով» մի գերմանացի կնոջ հետ է ծանոթանում, որի որդին հոգեկան խնդիրներ ուներ: Հեռվից հեռու նրա ապաքինման համար աղոթքներ է կարդում: Արդյունքը դրական էր: Փաստորեն, հրաշագործ գիրքը սահմաններ չէր ճանաչում: Հետագայում այդ կինն իր որդու հետ գալիս է Հայաստան, մկրտվում հայկական եկեղեցում: «Ես երբեք չեմ հայտարարում, որ քաղցկեղ եմ բուժում կամ բնածին արատներ: Բայց իմ փորձից կարող եմ ասել, որ շնորհիվ «Նարեկի» աղոթքների՝ կարող եմ բուժել հոդացավեր, մաշկային հիվանդություններ, սեռական, հոգեկան խնդիրներ և այլն»,- թվարկում է նա:
Մինչ բուն հիվանդության դեմ ուղղված աղոթքը կարդալը, Անին նախ կարդում է չարխափան աղոթքը, որը մարդու բացասական էներգետիկան է մաքրում, խաղաղեցնում հոգին, որպեսզի բուժական աղոթքն իր ազդեցությունն ունենա: Բուժական գործընթացն ավարտվում է «Հայր մեր» աղոթքով:

Պապի սուրբ գիրքն այժմ Անիի անբաժան ընկերն է: Նա այդ գրքով է ապրում և օրեցօր ավելի ու ավելի ոգևորվում նրա զորությամբ: Դա նրա համար ավելին է, քան գիրքը, մի պաշտելի երևույթ, որին մեծ ակնածանքով է վերաբերվում և դիպչում միմիայն թաշկինակով:
«Մատեանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրեա՜լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր:
Սկսածն այս իմ իր ավարտին հասցրու դու,
Եվ թող քո հոգին խառնվի սրան:
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փա՜ռք բոլորից. Ամեն…»:
Անի Գասպարյան
Կարատե` սիրված, բայց և անտեսված սպորտաձև

Մեր երկրում կարատեի շուրջ 150 գրանցված ֆեդերացիաներ կան, սակայն դրանցից փաստացի գործում Է 15-ը: Այս սպորտաձևով զբաղվողների թիվը Հայաստանում հատում է 15 հազարի սահմանը: Հարյուրավոր սաներ այսօր կարատեին տիրապետում են նաև ճապոնական Կենդո կարատեի ֆեդերացիայում: Կարատեի այս ֆեդերացիան իր մասնաճյուղերն ունի աշխարհի շուրջ 98 երկրներում: Այս սպորտաձևը հենց ճապոնական ծագում ունի, որն աշխարհում իր տարածումն է գտել դեռևս 1760-ական թվականներից: 2006-ից Կենդո կարատեի ֆեդերացիան իր մասնաճյուղն է հիմնել նաև մեր երկրում, որտեղ ամենակրտսեր սանը 5, իսկ ամենաավագը 43 տարեկան է: Ֆեդերացիայի հիմնադիր Շահեն Պետրոսյանի հետ մեր զրույցը ծավալվեց արևելյան այս մարտարվեստի զարգացման շուրջ` ավարտվելով կարատեի ներկայի ու ապագայի դիտարկումներով:
– Կա՞ ոճային տարանջատում կարատե սպորտաձևի մեջ:
– Այսօր համաշխարհային ճանաչում ունեցող կարատեի երկու ֆեդերացիա կա և երկու ոճ` ավանդական և սպորտային, որոնց հիման վրա անցկացվում են աշխարհի առաջնությունները: Ցանկացած պետություն, որում հիմնվել են այդ ֆեդերացիաների ճյուղերը, իրավունք ունեն առաջնությանը մասնակցելու: Մեր ֆեդերացիան համագործակցում է ճապոնական կարատեի ասոցիացիայի հետ և մասնակցում է նրանց միջոցառումներին:
– Ըստ շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշինի` կարատեն մաքրում է մարդուն եսասիրությունից և չար մտքերից, բացի այդ, կարատե պարապողը չպետք է երբեք հեշտությամբ կռվի մեջ ներքաշվի: Համաձայն ե՞ք նրա տեսակետին:
– Այո, կա նման հասկացողություն: Եթե մարզիկը գիտակցում է, որ կարող է որևէ մեկին վնաս հասցնել, չպետք է առաջինը մարտի մեջ ներքաշվի: Նա կարող է դրան գնալ միայն ամենածայրահեղ դեպքում:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս մարտարվեստում հաջողություններ ունենալու գրավականներից մեկը դրանով վաղ տարիքում զբաղվելն է:
– Իհարկե, վաղ տարիքում սպորտով պարապելն արդեն իսկ կարևոր նախադրյալ է ի ցույց դնելու սեփական ունակությունները: Սպորտը տքնաջան աշխատանք է պահանջում, պետք է սիրել ու նվիրվել արդյունք ստանալու համար:
– Ո՞ր տարիքից է խրախուսվում այս մարտարվեստով զբաղվելը:
– Ամենաբարենպաստ տարիքը 5 տարեկանն է, քանի որ երեխայի առջև չեն դրվում բարդ խնդիրներ: Նախախատրաստական փուլերից 2-3 տարի հետո միայն սկսվում է պրոֆեսիոնալ մարզման փուլը:
– Ներկայումս ֆեդերացիայի կազմում ընդգրկված հարյուրավոր սաներից քանի՞սը, ըստ Ձեզ, կարող են մարզիկներ դառնալ:
– Բոլորն էլ ջանում են հաջողակ լինել, սակայն մենք նրանց չենք քարոզում այն գաղափարը, որ պետք է անպայման մարզիկ կամ մրցանակակիր դառնան, այլ փորձում ենք նրանց մեջ սերմանել ֆիզիկական զարգացածության կարևորությունը, որը օգտակար է և՛ առողջ կենսակերպի և՛ զուտ ինքնապաշտպանված զգալու տեսանկյունից:
– Մի փոքր խոսենք նաև խնդիրներից: Արևելյան այս մարտարվեստն այսօր սիրահարների մեծ բանակ ունի Հայաստանում, սակայն մարզիկների հաջողություններն այնքան էլ ակնառու չեն: Ինչու՞
– Արևելյան մարտարվեստի կովկասյան ոճը տարբերվում է այլ երկրներում ուսուցանվող կարատեի տեսակներից: Խնդիրն այն է, որ մեր երկրում կարատեի զարգացումը խոչընդոտող լուրջ գործոններ կան: Օրինակ` եվրոպական երկրներում ինչու՞ են հաջողություններ արձանագրվում, որովհետև սպորտի այդ տեսակը հովանավորվում է պետության կողմից, իսկ հայ սպորտսմենները, ցավոք սրտի, պետական աջակցությունից զուրկ են: Օտարերկրյա լավագույն սպորտսմենները նույնիսկ պետության կողմից ամենամսյա խրախուսական վարձավճար են ստանում և այն խնդիրները չունեն, ինչ հայ մարզիկները: Իսկ ընդհանուր առմամբ, լավ արդյունքներ ունենք, պարզապես գործող տարբեր ֆեդերացիաներից շատերը պրոֆեսիոնալ չեն սպորտաձևը ներկայացնում: Շատ նեղ ու փոքր շրջանակներում մրցաշարեր են կազմակերպվում, որոնք որակավորվում են իբրև բաց առաջնություններ:
– Իսկ ինչո՞ւ պետությունը չի ֆինանսավորում:
– Մեկնաբանվում է , որ կարատեն դուրս է օլիմպիական ձևերից: Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ այսօր այս մարտարվեստով հետաքրքրվողների և այն տիրապետողների թիվը գերազանցում է մյուս բոլոր սպորտաձևերով զբաղվողների թիվը: Խոսքը հենց բուն օլիմպիական ձևերում ընդգրկված մարզիկների թվաքանակի մասին է:
– Իսկ աջակցողներ գոնե լինու՞մ են մրցաշարեր կամ այլ միջոցառումներ կազմակերպելիս:
– Իհարկե, երբեմն լինում են: Բայց հիմնականում վարձավճարների շնորհիվ ենք կարողանում ֆեդերացիայի գործունեությունը պահպանել: Իսկ ֆինանսավորման պարագայում կկարողանայինք վերանորոգել մարզադահլիճները: Այսօր քաղաքապետարանը խնդիր է դրել դպրոցներում պարապունքներն իրականացնել վճարովի հիմունքներով միայն, ինչից էլ և բյուջեն է գոյանում:
– Ուրիշ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում:
– Անընդհատ բացվում ու իրենց ֆեդերացիաներ են հռչակում տարբեր կազմակերպություններ: Դա իհարկե ցավալի խնդիր է: Հիմնադրումից առ այսօր կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ ու փառատոներ` նպատակ ունենալով զարգացնել մարտարվեստի այս ճյուղը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող մյուս ֆեդերացիաներից շատերը, չունենալով առավելություններ, չեն կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերին ու աշխարհի առաջնություններին: Փորձում ենք գոնե լրացնել այդ բացը և ժամանակ առ ժամանակ առաջնությունների մասնակցել:
Հիմնական խնդիրն այն է, որ դաշտը բաց է, և ցանկացած կազմակերպություն իրեն իրավունք է վերապահում սան կրթելու: Սպորտի նախարարությունում արևելյան մարտարվեստի բաժին կա, սակայն վերահսկման որևէ գործառույթ իրականացնելուց բավականաչափ հեռու է: Այս երևույթը լի է վտանգավոր հետևանքներով, ընդհուպ` երեխաների առողջությունը վտանգելը: Օրինակ` 5 տարեկան երեխայի հետ մարտարվեստով զբաղվելը ռիսկեր ունի, որոնք կարող են ի հայտ գալ ոչ ճիշտ մարզման հետևանքով: Մեզ մոտ բոլոր երեխաներն անցնում են բժշկական հետազոտություն: Այն երեխաները, որոնց մոտ նկատվում են որոշ առողջական շեղումներ, նրանց նկատմամբ դրվում են այլ խնդիրներ:
– Բացի ֆիզիկական զարգացածությունից, է՞լ ինչ է ուսանում կարատեն:
– Կարատեն զուտ սպորտաձև լինելուց ավելի շատ դաստիարակչական նշանակություն ունի, և շատ կարևոր է երեխայի մեջ ճիշտ կենսակերպը արմատավորելը հենց մտավոր զարգացման վաղ ժամանակաշրջանից: Կարատեն սկսվում է հենց կարգապահության հորդորով` հարգանք սերմանելով թե՛ ուսուցչի, թե՛ ծնողների հանդեպ:
– Մարզիչներն ունե՞ն միջազգային որակավորում: Ինչպե՞ս են ընտրվում:
– Իհարկե, բոլոր 15 մարզիչներն էլ ունեն միջազգային որակավորում: Ավելին ասեմ, սաներին կրթելու պատասխանատու առաքելությունը կրողները մեր ճապոնացի գործընկերների կողմից հավանության արժանացած մարզիկներն են, որոնք պարտադիր լիցենզավորվում են մարզչական գործունեություն ծավալելու համար:
– Մարզիկ դառնալու լավագույն 3 նախապայմանները:
– Ամենակարևոր գործոնը ցանկությունն է, ծնողի դերը և լավագույն մարզչի ընտրությունը:
– Ե՞րբ է լինելու հաջորդ բաց առաջնությունը, և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ մրցաշարից:
– Այս տարվա օգոստոսին լինելու է աշխարհի բաց առաջնությունը, որին մասնակցելու է 60 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մրցակցությունը բավական մեծ է: Կարծում եմ` այս տարի ևս կունենանք լավ արդյունքներ, ինչպես նախկինում: Մեր ֆեդերացիայի առջև 2007-ից պարտականություն է դրված` անցկացվող փառատոների միջոցով խրախուսել կարատեի բոլոր ֆեդերացիաների միավորումը: Մենք առաջարկել են ստեղծել ֆեդերացիայի նախագահների խորհուրդ, քանի որ Հայաստանը ներկայացվում է մեկ ընդհանուր դրոշի ներքո, չպետք է ֆեդերացիաների տարբերակում մտցնել: Մեզ հետ արդեն պայմանագիր է կնքել 7 ֆեդերացիա: Ուստի, հորդորում ենք բոլոր ֆեդերացիաներին համագործակցել մեզ հետ` միասին անցկացնելու Հայաստանի առաջնությունը: Մենք չենք առաջարկում նրանց դառնալ մեր ֆեդերացիայի անդամ, ոչ, պարզապես համագործակցել: Եթե մեր կազմում ունենք 500 աշակերտ, իսկ այդ սպորատձևում ընդգրկվածների թիվը հասնում է 15 հազարի, կարծում ենք` լավագույններին ընտրել միայն մեր սաների շրջանակներում սխալ մոտեցում կլինի:
Հարցազրույցը` Լ.Ն.
Արտակարգ իրավիճակ Շամշադինում. հակառակորդը գնդակոծում է սահմանամերձ գյուղերը (լրացված)
Րոպեներ առաջ ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներից սկսել են գնդակոծել Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղերը: Քիչ առաջ Տավուշի մարզի Մովսեսի բնակչուհի Անուշ Անտոնյանը, որը բնակվում է գյուղի կենտրոնական հատվածում, եկեղեցու հարևանությամբ ասել է, որ գնդակոծությունը նոր է սկսվել և շատ ուժեղ է:
Մեր թղթակիցը հեռախոսով լսել է կրակոցների ձայները: Կրակահերթերն ուղղված են գյուղի վրա, գնդակներից մեկը պայթել է բնակելի տան բակում, խփել գյուղապետարանին ու դպրոցին: Այգեպարից ևս հայտնել են, որ կրակոցներն ուժեղ են և գյուղի ուղղությամբ:
ՙՙԱյգեպարը մաղում են, պատերազմ ա սկսված, Այգեպարն ա, Ներքին կարմիրը և Մովսեսը: Բարեկամի տանն եմ, չեմ կարում դուրս գամ՚՚,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է այգեպարցի մի բնակիչ:
Լրացված. ժամը՝ 01:00
Հակառակորդը շարունակում է գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս պահին, թեև ոչ այդքան ինտենսիվ, բայց դարձյալ տարբեր տրամաչափի զենքերից ադրբեջանական դիրքապահները կրակում են Մովսես գյուղի ուղղությամբ: Մեր տեղեկություններով գյուղի լույսերն անջատած են, և գյուղացիները, զգուշանալով, թաքնված են ապաստարաններում:
Մովսեսցիները մեր թղթակցին ասել են, որ հյուսիսարևելյան սահմանին իրավիճակն արդեն մի քանի օր է` լարված է: <<Եթե տենաս է, դպրոցի պատը ոնց որ փորագրած լինի, ամբողջությամբ քանդված է, եկեղեցուց ևս քար է ընկել: Ամսի 25-ին Մովսեսի դպրոցի շրջանավարների ավարտական միջոցառումը պետք ա լիներ, բայց չկարողացան բարձրանան խաչի թաղը, կրակում էին>>,-պատմել է մովսեցի Անուշը:
Նա նաև նշել է, որ այս պահին վնասների մասին դժվար է ասել, ամեն ինչ առավոտյան պար կլինի: Նա ավելացրել է, որ այսօրվա կրակոցները տարբերվեցին նախորդներից, նախ ինտենսիվ են, ապա խոշոր տրամաչափի զինատեսակներից, այնքան, որ կրակահերթերի ձայներն անգամ Մովսեսից բավական հեռավորության վրա գտնվող Բերդում են լսվում:
Աբդուլահ Գյուլը Թուրքիայի նախագահի թեկնածու չի առաջադրվի
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն այսօր ընդունել է Թուրքիայում Մալիի Հանրապետության դեսպան Բրահիմ Սումարեին:
Ընդունելությունից առաջ, որի ժամանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերը, Գյուլը լրագրողներին ասել է. «Գիտեք, որ սա մեր վերջին ընդունելությունն է»:
Հանդիպումից հետո նախագահի մամլո խոսնակ Ահմեդ Սևերը ևս նշել է, որ ընդունելությունը վերջինն է: Այս հայտարարությունը որակվել է որպես հրաժեշտի խոսք, այսինքն մեկ անգամ ևս հաստատվել է այն փաստը, որ Աբդուլահ Գյուլի թեկնածությունը չի առաջադրվելու գալիք նախագահական ընտրություններում:
Ադրբեջանում Rolls Royce ավտոմեքենայի վարորդը նվաստացրել է ոստիկանին
Ադրբեջանում շքեղ, մոտ 1 միլիոն արժողությամբ Rolls Royce ավտոմեքենայի վարորդը անցորդների ներկայցությամբ նվաստացրել է ճանապարհային ոստիկանության աշխատակցին, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը` վկայակոչելով միջադեպի ականատեսներին:
Ըստ տեղեկության` դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին`գիշերվա ժամը մեկին, երբ մեքենայի վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, մեքենան սխալ տեղում է կայանել: Այդ պահին օրինախախտին է մոտեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցը և պահանջել է ցույց տալ փաստաթղթերը: Ի պատասխան` շքեղ մեքենային վարորդը դուրս է եկել մեքենայից և վիրավորել ոստիկանին: Աղմուկ լսելով` նրանց են մոտեցել անցորդները և որպեսզի նրանց ծիծաղի առարկան չդառնա` ոստիկանը կրկին պահանջել է ցույց տալ փաստաթղթերը:
Արդյունքում` երիտասարդ վարորդը մոտեցել է ոստիկանին և տվել 20 կոպեկ` նշելով. “Փող էիր ուզում, վերցրու այն ու ինձ հանգիստ թող”: Այս ամենը հավաքվածների ծիծաղն է առաջացրել, ինչը ստիպել է ոստիկանին կրկին առաջ տանել իր պահանջը: Շուտով նրանց է մոտեցել շքեղ ավտոմեքենայի ուղևորը` ատլետիկ կառուցվածքով, և ուժեղ հրել է ոստիկանության աշխատակցին դեպի ավտոմեքենան` հայտարարելով. “Չես տեսնում` տղան նյարդային է, ուղղակի նստի՛ր մեքենադ ու չքվի՛ր”:
Ապշահար ոստիկանին դեպքի վայրից արագ անհետանալուց բացի՝ ոչինչ չի մնացել:
Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Թուրքական «Հյուրիեթ» թերթից Ֆըրաթ Ալքաչի հաղորդմամբ՝ Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող լատինական կաթոլիկ եկեղեցին ենթարկվել է ավազակային հարձակման: Այն պահին, երբ եկեղեցում մկրտության արարողություն է ընթացել, ութ հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են եկեղեցի՝ սպառնալով հավաքվածներին:
Ականատեսների վկայությամբ՝ ներկաները տագնապի րոպեներ են ապրել: Հանցագործներն այնուհետև դուրս են եկել եկեղեցու բակ և դանակով սպառնացել հոգևորականներին: Այդ ժամանակ եկեղեցու սպասավորներից Դողան Յըլդըրըմը մոտեցել է խմբին և պահանջել լքել տարածքը: Բեյօղլու թաղամասի ասորական Սուրբ Աստվածածնի եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Քենան Գյուրդալը հարձակման դեպքի մասին նշել է. «Վերջին շրջանում այս հարձակումները հաճախակի են դառնում: Համայնքը վախենում է գալ եկեղեցի: Դիմելու ենք համապատասխան մարմիններին»:
Եգիպտոսի բողոքներից հետո Չինաստանը կապամոնտաժի Սֆինքսի կրկնօրինակը
Եգիպտոսի բողոքներից հետո Չինաստանում գտնվող Գիզայի հայտնի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը կապամոնտաժվի:
Հեբեյ նահանգի հյուսիսում գտնվող 30 մետր բարձրություն, 60 մետր երկարություն ունեցող կառույցը զայրացրել էր Եգիպտոսի հնությունների նախարարությանը, որը իր բողոքը արտահայտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Չինացի պաշտոնյաների խոսքով՝ երկաթից և ցեմենտից պատրաստված կրկնօրինակը կօգտագործվի միայն որպես ֆիլմեր նկարահանելու ժամանակավոր վայր:
Չինաստանը ստեղծել է նաև Էյֆելյան աշտարակի և ամբողջական ավստրիական գյուղի կրկնօրինակները:
Գիզայի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում, որոնք հավաքվում են կառույցի մոտ լուսանկարվելու համար:
Սակայն ի տարբերություն կրաքարից պատրաստված օրիգինալի՝ չինական տարբերակը պատրաստված է ցեմենտից:
Չինական սֆինքսի կառուցման համար պահանջվել է ընդամենը երկու ամիս:
Ճապոնիայում զբոսաշրջիկների թվի աճի պատճառով օդաչուների պակաս է զգացվում
Ճապոնիայում զբոսաշրջության աճի հետ մեկտեղ երկրի օդանավակայանները մեծ ջանքեր են գործադրում մարդկանց տեղափոխման պահանջարկն ապահովելու համար, քանի որ բնակչության ծերացման պատճառով օդաչուների պակաս է զգացվում:
Զբոսաշրջությունը Ճապոնիայում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, որտեղ ապրիլին գրանցել է արտասահմանյան այցելուների թվի ռեկորդային ցուցանիշ, որը 33 տոկոսով ավելին է անցած տարվա համեմատությամբ:
Այս թիվն աճելու միտում ունի, քանի որ երկրի կառավարությունը նպատակադրվել է Ճապոնիայի զբոսաշրջիկների թիվը հասցնել 20 միլիոնի:
Այս ամենի հետ մեկտեղ երկրի ավիացիան այս ամառվա ընթացքում հազարավոր թռիչքներ հետաձգելու խնդրի առջև է կանգնել:
Ճապոնիայի վարչապետ Յուրիկո Կոիկեն, որն աշխատում է ծնելիությունը խթանելու ծրագրերի ուղղությամբ, հայտնել է, որ խնդիրը կրիտիկական մակարդակի վրա է:
Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կանխատեսել էր, որ օդաչուների պահանջարկը կկրկնապատկվի:
Կանխատեսվել էր, որ 2010թ-ին պահանջվող 463,386 օդաչուների համեմատությամբ՝ 2030 թ-ին նրանց պահանջարկը կհասնի 980,799-ի:
Կիթառի լեգենդ Էրիկ Կլեպտոնը պատրաստվում է թողնել համերգային շրջագայությունները
Էրիկ Կլեպտոնը հայտնել է, որ 50 տարի ճանապարհներին լինելուց հետո պատրաստ է թողնել համերգային շրջագայությունները:
69-ամյա բրիտանացի երաժիշտը նշել է, որ ճանապարհորդելը անտանելի է դարձել, և ինքն անհանգստանում է իր առողջության համար:
Չորս երեխայի հայր Կլեպոտնը, որը նաև պապիկ է դարձել անցած տարի, ավելացրել է, որ ճանապարհորդելու նկատմամբ իր սերը հիմնականում կորել է այն բանի պատճառով, որ երկրների մեծ մասն այժմ դարձել է Ամերիկայի մեկ այլ տարբերակը:
Կլեպտոնը կարծում է, որ շուտով կգա մի օր, երբ ինքն այլևս չի կարողանա կիթառ նվագել:
Երաժիշտը 17 Գրեմի մրցանակներով հանդիսանում է ամենաշատ Գրեմի մրցանակ ստացած բրիտանացին: Նա իր ներկայիս կնոջ հետ ամուսնացել է 2002թ-ին: Նրանք ունեն երեք դուստր:
«Ընդհանուր ապագա» եւ միակողմանի հատուցում
Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:
Մինչեւ այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձեւի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:
Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր եւ ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները եւ քաղաքագետները կողմերի միջեւ հոգեբանական պատվարները հաղթահարելու եւ արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:
Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. եւ եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին, մտավորականներից եւ քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջեւ գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միեւնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է պատմագետներ եւ գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է պատմաբանների միացյալ հանձնաժողովի միեւնույն ծուղակը: Նույն Դավութողլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:
Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաեւ թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:
Հիմնավորումները զարգանում են. եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը եւ երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստ թուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում է ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաեւ գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:
Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, եւ հիմա ընդհանուր ապագա: Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:
Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ հատուցման բանաձեւը 4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:
Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եւ այստեղ հոգեբաններից եւ մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. եւ արդեն կատարում են։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հայաստանի արտգործնախարարն այցելեց Լատվիա
Հունիսի 26-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Ռիգա:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, և երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ։ Սոլվիտա Աբոլտինան ընդգծեց, որ Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է, կարևորեց երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության ձևավորումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության կարևոր ձևաչափ:
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ, ինչը լրջորեն նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Կարևորվեցին անցյալ տարի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և դրա անդրանիկ նիստի արդյունավետ անցկացումը։
Լատվիայի Սեյմասի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների որոնումը։
Հանդիպմանն արծարածվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, 2015թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում լատվիական նախագահության առաջնահերթությունները։
Զրուցակիները մտքեր փոխանակեցին նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաև հանդիպումը Սեյմասի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսի և խմբի անդամների հետ:
Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկևիչի հետ:
Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Լատվիայի արտգործնախարարն ասաց, որ ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցելությունը և ուրախ է, որ այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչը անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։
Նախարարներն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար:
Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը:
Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և հարկավոր է այն համալրել կրթական, գիտական և մշակութային փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։
2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:
Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։
Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Քեթի Փերին ճանաչվել է թվային տիրույթում ամենաշատ մրցանակներ ունեցող
Ոսկե և պլատինե ձայնագրություններ տրամադրող ընկերությունը Քեթի Փերիին ճանաչել է թվային տիրույթում ամենաշատ գնահատված երգչուհի:
Ամերիկյան ձայնագրությունների արտադրական ասոցիացիայի տեղեկություններով՝ Փերիի երկրպագուները առցանց գնել են 72 միլիոն սինգլ, որը 20 միլիոնով ավել է Ռիհաննայի վաճառած թվային սինգլներից: Թեյլոր Սվիֆթը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը վաճառված 51 միլիոն թվային սինգլներով:
Երաժշտության արտադրության խումբը ձայնագրությունների վաճառքի մրցանակ սկսել է շնորհել 1958թ-ից, իսկ թվային ձայնագրությունների վաճառքի մրցանակ սկսել է շնորհել 2004թ-ից, երբ երաժշտության ներբեռնումը դարձավ երգեր գնելու հիմնական ձև:
Փերին վաստակել է 18 ոսկե, 16 պլատինե և 56 մուլտիպլատինե թվային սինգլների մրցանակներ՝ չհաշված իր «Teenage Dream» ալբոմի համար ստացած մուլտիպլատինե, «One of the Boys» ալբոմի համար ստացած պլատինե մրցանակները:
Մահվան ելքով պատահար Երևանի Գևորգ Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում
Հունիսի 26-ին, ժամը 23.40-ին, Երևանի Գևորգ Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը` 1979 թ. ծնված Տիգրան Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
uf
Տղամարդը տրակտորի քարշակին բարձած խոտի հակերի վրայից ցած է ընկել և մահացել
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 26-ին, ժամը 17.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 13.20-ին, «քթի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 6-ամյա տղա, որի հայրը հայտարարել է, որ Երևանի Շարուրի փողոցում մեքենան, արգելակելու ժամանակ, հարվածել է երեխային:
Նույն օրը ոստիկանություն է ներկայացել 45-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 13.00-ին, երեխան վազելով դիպել է Շարուրի փողոցի թիվ 18 շենքի մոտ կայնված, իրեն ամրակցված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 18.05-ին Երևանի Թևոսյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 9/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 21.30-ին, Նարեկ-Ոստան գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 11.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 10 և 8 տարեկան տղաներ:
Մեկնած օպերատիվ խմբին 57-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, թոռների վարած կվադրոցիկլը Նորատուս գյուղում շրջվել է:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Ճամբարակ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Կապան ճանապարհի 250-րդ կմ-ին «ԿամԱԶ 55111» մակնիշի ավտոմեքենան բախվել է աջակողմյա ժայռին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 19.15-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


