Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման:
Daily Archives: June 13, 2014
Կողոպտչին ճանաչել է ոստիկանության տեսանյութից
Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1960 թ. ծնված Սուսաննա Օ.-ն և հաղորդում տվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի մոտ անհայտ անձը հետևից հրելով և գետին գցելով` բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, բջջային հեռախոսը, անձնագիրը, սոցիալական քարտը, բնակարանի բանալիները և արծաթե 2 մատանի` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Հունիսի 11-ին, ժամը 17.20-ին, Սուսաննա Օ.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը` ճանաչել իրեն կողոպտած, այլ հանցագործություն կատարելու համար ս/թ. հունիսի 5-ին ձերբակալված Գևորգ Խաչատրյանին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հաշմանդամներին ազատել ավտոկայանատեղի տուրքի վճարումից
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի, հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:
Նշված նախագծի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը, ով նաև առաջարկել է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Նախագիծը, որն ի դեպ լիովին համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ներպետական օրենսդրական երաշխիքներին, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձին, այս և այլ առաջարկների հետ միասին կընդգրկվի Երևան քաղաքի Ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Իրենց ձեռքով կլուծեն իրենց սննդամթերքի խնդիրը
Սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ այսուհետև իրենց ձեռքով կլուծեն իրենց սննդամթերքի խնդիրը:
Գյումրիում սոցիալապես ծանր պայմաններում ապրող տասնյակ բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում: Նրանցից շատերն ապրում են ինքնամեկուսացած կյանքով, ավելին՝ չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Համատարած գործազրկության պայմաններում այդ ընտանիքներն ու հատկապես նրանց մանկահասակ երեխաները մշտապես տառապում են թերսնվածությունից: Եվ դա այն դեպքում, երբ նրանց բնակության վայրերը հարմար են գյուղատնտեսական կենդանիների պահման ու խնամքի համար: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» որոշել է սննդամթերքի տրամադրմանը զուգահեռ մի շարք ընտանիքների տրամադրել նախ շինանյութ, որպեսզի կառուցեն փոքրիկ գոմեր, ապա նվիրել հավեր, բադեր, սագեր, որոշ դեպքերում նաև ոչխարներ, այծեր ու կովեր, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան բարիքներ ստեղծել սեփական ընտանիքի սննդի խնդիրը լուծելու համար: Մեր այս նախաձեռնությունը ողջունել և աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ Նյու-Յորքի նահանգից Ռիչարդ Ֆլաերթին՝ իր ընկեր, ներկայումս Հայաստանում գտնվող՝ խաղաղության կորպուսի կամավոր Սամուել Թասսոնի միջոցով:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներըն այս ծրագրի շրջանակներում, մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներից առաջինին նվիրեցին կենդանիներ: Այդ մասին առավել մանրամասն՝ կենտրոնի պատրաստած տեսանյութում:
Իրաքում զինված իսլամիստները շարժվում են դեպի Բաղդադ
«Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» խմբավորման զինյալները , ովքեր զբաղեցրել են Դիալա շրջանը, հայտարարում են, որ այժմ պատրաստվում են շարժվել դեպի Բաղդադ: Սա մեծացնում է երկրի պառակտման սպառնալիքները, գրում է BBC-ն:
Այս պահին, երբ Իրաքի բանակը նահանջում է իսլամիստների ճնշման ներքո, քրդական ռազմական խմբերը լիակատար վերահսկողություն են ձեռք բերել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում:
Դիտորդների կարծիքով` Իրաքն աստիճանաբար երեք մասի է բաժանվում. սունիական, շիական և քրդական:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով Իրաքի կառավարությանն օգնություն է առաջարկել ծայրահեղականների դեմ պայքարում, այդ օգնության տարբեր եղանակներ է քննարկում, այդ թվում` օդային հարվածներ թիրախներին:
Սակայն ամերիկացիների մասնակցությամբ ցամաքային ռազմական գործողության մասին խոսք չի կարող լինել:
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հաստատել է Իրաքում ռազմական տեխնիկայի ներկրման ոլորտում աշխատող ամերիկացիների տարհանման մասին լուրերը:
Գողություն փայտամշակման արհեստանոցից
Հունիսի 11-ին, ժամը 11.00-ին, 1956 թ. ծնված Արամ Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է տվել, որ 1978 թ. ծնված Դավիթ Հ.-ն արհեստանոցի հետնամասի պատուհանը կոտրելով` մի ընկերությանը պատկանող չգործող փայտամշակման արհեստանոցից գողացել է փայտամշակման հաստոցի էլեկտրական 2 շարժիչ և մոտ 20 մ երկարության պղնձյա մալուխ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին (Տեսանյութ)
Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:
Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հետևողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:
Ոստիկանության պետը ներկայացրեց նաև Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները:
Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ոստիկանության զորքերի՝ Դավիթաշենում կառուցվող նոր մասնաշենք, ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին, շրջեց աշխատասենյակներում, ուսումնական ու ցուցադրական սրահներում:
«Սևոլի» նավաբեկությունից հետո պաշտոնից զրկվել են 7 նախարարներ
Հարավային Կորեայում «Սևոլի» նավաբեկությունից հետո պաշտոնից զրկվել են կրթության, աշխատանքի ու զբաղվածության, մշակույթի, գիտության, ինչպես նաև` գենդերային հավասարության ու ընտանիքի հարցերով. Անվտանգության ու հասարակական ադմինիստրացիայի նախարարներն ու էկոնոմիկայի հարցերով փոխվարչապետը, հաղորդում է today.kz-ը:
Այսպես Հարավային Կորեայի նախագահ Պան Կըն Հեն փորձում է վերադարձնել կառավարության նկատմամբ վստահությունը: Նա պաշտոնից ազատել է քաղաքական, սոցիալական, էկոնոմիկայի, կրթության ու մշակույթի հարցերով օգնականներին:
«Սևոլը» խորտակվեց ապրիլի 16-ին. նավում 476 մարդ կար, զոհվեցին 300-ը: Նավաբեկության գործով ձերբակալվել է 20 կասկածյալ:
Լևոն Արոնյանը 7-րդն է
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը և իտալացի Ֆաբիանո Կարուանան ոչ- ոքի խաղացին: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին:
Տեխնիկական արդյունքներ
Արոնյան – Կարուանա` ½;½
Ագդեստեյն – Տոպալով` 0:1
Գրիշչուկ – Գիրի` ½;½
Սվիդլեր – Կառլսեն` ½:½
Կարյակին – Կրամնիկ` 1;0
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Կարյակին | 5 |
|
2. |
Կառլսեն | 4½ |
|
3. |
Կարուանա | 4½ |
|
4. |
Տոպալով | 4 |
|
5. |
Կրամնիկ | 4 |
|
6. |
Գրիշչուկ | 4 |
|
7. |
Արոնյան | 3½ |
|
8. |
Սվիդլեր | 3½ |
|
9. |
Գիրի | 3½ |
|
10. |
Ագդեստեյն | 3½ |
Ուկրաինան Ղազախստանին խնդրել է օգնել վերադարձնելու առևանգված երեխաներին
Անհայտ անձինք առևանգել են ուկրաինացի մի խումբ որբերի ու դուրս են բերել Ռուսաստանի տարածք, հայտնում է Today.kz-ը, հղում անելով Ղազախտսանում Ուկրաինայի դեսպանությանը:
Դեպքը կատարվել է հունիսի 12-ին, Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքում : Զինված մարդիկ առևանգել են 28 քաղաքացիների. 25 որբ երեխայի ու ընտանեկան տիպի մանկատների դաստիարակներին, որոնք ավտոբուսով մեկնում էին Դնեպրոպետրովսկ առողջանալու:
Դեսպանատան տվյալներով, անհայտ անձինք վարորդին ստիպել են Լուգանսկի մարզ գնալ` Դոլժանսկի հսկիչ պարեկային անցակետ, իսկ այնտեղից` Ռուսաստան: Ինչպես դեսպանատանն են հավաստիացնում, ներկայում առևանգված ուղևորները գտնվում են ՌԴ Ռոստովի մարզում:
Ուկրաինական կողմը մեղադրում է Ռուսաստանին ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 11 և 35 հոդվածներով կոպիտ խախտում կատարելու մեջ:
Դեսպանատանը նշում են, որ թույլատրող փաստաթղթերի բացակայությամբ սահմանը հատելու համար, այդ ամենը կարելի է որակել որպես միջազգային առևանգում: «Ռուսական կողմի նման դիրքը, որը ուկրաինացի երեխաներին իրենց քաղաքական խաղերի պատանդն են դարձնում, պետք է համապատասխան գնահատական ստանա միջազգային ընկերակցության կողմից: Դրա հետ կապված, Ուկրաինայի դեսպանատունը դիմել է Ղազախստանի հանրապետության ԱԳՆ-ին, խնդրելով աջակցել` վերադարձնելու Ուկրաինայի անչափահաս քաղաքացիներին հայրենիք»,ասվում է դիմումի մեջ:
Նեյմարը մեկնարկային խաղում` դուբլի հեղինակ
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի «Կորինտիանս Արենա» մարզադաշտում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում աշխարհի հնգակի չեմպիոնը Բրազիլիայի հավաքկանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանիի նկատմամբ:
71-րդ րոպեին մրցավարը կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց Խորվաթիայի հավաքկանի դարպասին, որը հստակ իրացրեց Նեյմարը: Ի դեպ, խորվաթների դարպասապահ Պլետիկոսան մատներով հպվեց գնդակին, սակայն այն հայտնվեց ցանցում:
Իսկ խփած գնդակը շրջադարձային էր բրազիլացիների համար:
Տեխնիկական արդյունքներ
Բրազիլիա – Խորվաթիա՝ 3:1
Նեյմար, 29, 71 (11 մ), Օսկար, 90+1 – Մարսելո, 11 (ինքնագոլ)
Թիմերի կազմերը
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվեշ, Դավիդ Լուիս, Տիագու Սիլվա, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո (Հերնանես, 63), Օսկար, Հալկ (Բեռնարդ, 68), Ֆրեդ, Նեյմար (Ռամիրես, 88):
Խորվաթիա. Ստիպե Պլետիկոսա, Դարիո Սրնա, Վեդրան Չորլուկա, Դեյան Լովրեն, Շիմե Վրսալկո, Լուկա Մոդրիչ, Իվան Ռակիտիչ, Իվան Պերիշիչ, Մատեո Կովաչիչ (Մարսելո Բրազովիչ, 61), Իվիցա Օլիչ, Նիկիցա Ելավիչ (Անտե Ռեբիչ, 78):
Սլավյանսկում նոր «ժողովրդական քաղաքապետ» են նշանակել
Սլավյանսկի նոր «ժողովրդական քաղաքապետ» է դարձել Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Վլադիմիր Պավլեկոն,հաղորդում է Lenta.ru-ն;
Նախկին քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովին կասկածեցին ԴԺՀ-ի փոխվարչապետից ստացած էլեկտրաէերգիայի վճարման համար բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ ԴԺՀ պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը Պոնոմարյովին «ժողովրդական քաղաքապետի» պաշտոնից հեռացնելու որոշում կայացրեց:
«Հումանիտար օգնությունը, որը քաղաք էր մտնում, մարտիկներին ու խաղաղ բնակիչներին չէր հասնում: Մարտիկները դիրքերում ուտելու բան չունեին, իսկ քաղգործկոմում սնվում էին ոնցոր ռեստորանում»,- վճիռն այսպես են մեկնաբանել ԴԺՀ-ի մամլո ծառայությունից:
Ներկայում Պոնոմարյովը ձերբակալված է ու գտնվում է Սլավյանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, որը հսկում են աշխարհազորայինները:
Իսկ նոր քաղաքապետն արդեն անցել է իրավասությունների կատարմանը: Նա հանդիպում է ունեցել Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների հետ ու հաստատել «տարածաշրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին բանակցությունների անցկացման պատրաստակամության մասին»:
Օբամայի պարանոցին բուժզննմամբ մաշկային գոյացություններ են հայտնաբերվել
Բուժզննման ժամանակ Օբամայի պարանոցի վրա բարորակ ոչ մեծ մաշկային գոյացություններ են հայտնաբերվել, հաղորդում է Вести.Ru-ն:
Ընդ որում, բժիշկները հավատացնում են, որ նա հոյակապ առողջության տեր է ու մաշկի քաղցկեղի ոչ մի նշան, սուր ու քրոնիկ մաշկային հիվանդություն չունի: Բուժզննմամբ պարզվեց, որ Օբաման 100%-անոց տեսողություն ունի, լավ լսողություն ու հոտառություն:
Սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի աշխատանքում ոչ մի շեղում չկա: Բժիշկները նշել են, որ Օբաման կանոնավոր կերպով D վիտամին է ընդունում, երբեմն ծամոն օգտագործում թութունային կախվածության դեմ պայքարելու նպատակով և իբուպրոֆեն է խմում աջ ոտնաթաթում ցավի պատճառով:
Բուժախտորոշման մեջ նշվում է, որ «նախագահը ներկայում առողջ է ու առողջ կլինի մինչև իր իրավասությունների վերջ», որն ավարտվում է 2017-ի հունվարին:
Առաջիկայում՝ դարձյալ անձրև և ամպրոպ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Հունիսի 13-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.30C (1993թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.40C (1976թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.30C
Պարզվում է` հիմա էլ լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում ներդրումները քիչ են
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թ. տարեսկզբից մինչ հիմա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, կազմում է 103.6 տոկոս: Երբ դիտարկում ենք ժամանակագրական շարքերը, ապա 2013 թ. այդ նույն ցուցանիշը, նույն ժամանակահատվածի համար կազմել է 103.5 տոկոս, 2012-ին` 107.2 տոկոս, իսկ 2011-ին` 106.1 տոկոս: Պարզ է` տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կամաց-կամաց անկում է ապրում:
Թվերը գաղջ չեն, մթնոլո՞րտն է գաղջ
Այս ցուցանիշը, թերևս, ոչինչ էլ չի ասի, եթե այն չհամադրենք այլ ցուցանիշների հետ: Այսպես, այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում, նույն ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանում թողարկված ապրանքների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 97.2 տոկոս, նվազել է 2.8 տոկոսային կետով: Ավելի պարզ` հայկական արդյունաբերությունն ավելի քիչ ապրանք է արտադրել: Սա հիշենք ու անցնենք առաջ:
Արդեն քանի տարի է, ինչ ՀՀ նախկին կառավարությունը հայտարարել է, թե սկսում է, իսկ նոր կառավարությունը, թե շարունակում է արտահանման խրախուսմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, բայց նույն ԱՎԾ-ի տվյալներով` այս տարվա հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արտահանումը կազմել է 104.1 տոկոս, իսկ ներմուծումը` 109.9 տոկոս: Սա ցույց է տալիս, որ ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը, չնայած` կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես հուշում է տրամաբանությունը, պետք է հակառակ արդյունքների հասցներ: Իսկ դա կարող է նշանակել, որ հայկական տնտեսության համար դրսից ապրանք ներմուծելն ավելի ձեռնտու է, քան տեղում արտադրելը: Սա էլ հիշենք ու շարունակենք:
Ամենակարևոր ցուցանիշներից մեկը. այս տարվա հինգ ամիսներին սպառողական ապրանքները, ընդհանուր առմամբ, թանկացել են 0.9 տոկոսով: Իսկ այս տարվա մայիսին` նախորդ տարվա մայիսի համեմատ, գնաճը կազմել է 3.6 տոկոս:
Այս երեք ցուցանիշները, ամբողջը չեն, բայց հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Հայաստանում արտադրությունը հետընթաց է ապրում, ներմուծումը ավելի շատ է, գներն էլ գնալով աճում են: Փաստորեն, հանրապետությունում գործարար միջավայրի հետ կապված խնդիր կա: Օրինակ` մայիսի վերջին 1 շաբաթվա ընթացքում հատկապես ալյուրի, մակարոնեղենի ու հացի գները բարձրացել են մոտ 5-8 տոկոսով, չնայած միջազգային շուկայում ցորենի կամ ալյուրի գնաճ չի գրանցվել: Ու այս ամենը, ի դեպ, այն դեպքում, երբ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց Հայաստանի խոշոր գործարարներին ու պատվիրեց, որ այսուհետ բոլորն աշխատեն հավասար պայմաններում, ստվերից դուրս գան:
Հիմա էլ լրագրողներն են մեղավոր
Պարզվում է` Հայաստանում գործարարների նորմալ աշխատելուն, ներդրումներին ու տնտեսության զարգացմանը խանգարում են լրագրողների ստեղծած գաղջ մթնոլորտն ու հոռետեսական տրամադրությունները: Համենայն դեպս, արդեն քանիերորդ անգամ նման տեսակետ է հայտնում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջին անգամ էլ հունիսի 2-ին նշեց. «Ինչո՞ւ են ձեր հարցերը բացասական, դուք դրանով ազդում եք ներդրումային ոլորտի վրա, գործարար միջավայրի վրա»:
Լրագրողների հարցին` ուրեմն լրագրողնե՞րն են միայն, որ բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա, նախարարը պատասխանեց. «Նաև դա, երբ մարդ առավոտյան արթնանում է, և նրան միայն բացասական էմոցիաներով են կերակրում, նա չի ուզենա ներդրումներ անել: Չէ՞ որ լրագրողներն են հոգևոր ու մտավոր սնունդ տվողը»:
Այդպիսի բաներ: Ստացվում է` լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում մարդիկ ներդրումներ չեն անում, ոչ թե, օրինակ, կառավարության ու նրա անդամների գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունքն ու անվստահությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, հարկային ու մաքսային վարչարարությունը, արդարադատության համակարգը, կյանքի և գույքի անձեռնմխելիության ինստիտուտների «դռդռալը» և այլն:
Փաստորեն, վերը բերված վիճակագրական տվյալները հիշելով, ըստ ճշմարիտյանական «ախտորոշման», հենց քիչ առաջ մենք մեկ անգամ ևս խանգարեցինք իքս գործարարին, որ Հայաստան էր եկել իր միլիարդավոր միջոցները Հայաստանում ներդնելու «ռազմահայրենասիրական» մտադրությամբ:
Միգուցե էկոնոմիկայի նախարարը հաշվե՞լ է, թե քանի գործարար Հայաստանում այդ անպիտան լրագրողների պատճառով ներդրումներ չի կատարել:
Իսկ բիզնես-խորհրդատու Կարեն Սարգսյանը, որ հունիսի 2-ին ասուլիս էր տալիս հայաստանյան լրատվական ակումբներից մեկում, բոլորովին այլ պատճառներ էր նշում. «Այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում առաջանում են զարգացման տեսանկյունից, ոչ թե կապված են հայկական բիզնեսմենների կողմից մատնանշվող հարկային, մաքսային, օրենսդրության և այլ խնդիրների, այլ ավելի շատ ներքին խնդիրների կարգավորման հետ»:
Բիզնես-խորհրդատուի խոսքով` այսօր Հայաստանում բիզնեսն աճում է, բայց չի զարգանում. աճում է ֆինանսական իմաստով, մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում աճի վրա, ոչ թե զարգացման, այնինչ աճը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:
Ինչևիցե: Նշենք մի քանի օբյեկտիվ իրողություններ էլ: Սովորաբար, երբ երկրում արտագաղթը մեծ է, նշանակում է` շուկան է փոքրանում: Երբ բարձր գնաճ է արձանագրվում, իսկ մարդկանց եկամուտները մնում են անփոփոխ, նշանակում է` մարդիկ չեն կարող գնողունակ պահանջարկ ձևավորել: Երբ հարկային ու մաքսային, կամ առհասարակ պետական վարչարարությունն ուղղված է բիզնեսի կաշին քերթելուն, ոչ թե վստահելուն ու համագործակցելուն, երբ մարդկանց համար ավելի ձեռնտու է ծխել ոչ թե 300 դրամանոց հայկական միջինից ցածր որակի սիգարետ, այլ միջին եվրոպական, այս ամենը ավելի շատ է անդրադառնում թե՛ գործարար, թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ մարդկանց բիզնես ակտիվության վրա: Լրագրողներն այստեղ ընդհանրապես դեր չունեն:
95 տարեկան հասակում մահացել է Թուրքիայում հայտնի հայազգի թենիսի մարզիչ Սարգիս Հարփութլուն
Թուրքիայի ամենահայտնի թենիսի մարզիչ «ուսուցիչների ուսուցիչ» հայազգի Սարգիս Հարփութլուն կյանքից հեռացել է 95 տարեկան հասակում: Հարփութլուն, լինելով մի շարք նշանավոր թենիսիտների մարզիչը, միևնույն ժամանակ հայտնի է որպես Թուրքիայում առաջին հայազգի սպա: Սարգիս Հարփութլուն հանդիսանում է Թուրքիայում «Dalyan Clup», «Caddebostan Raket» և մի շարք այլ թենիսի ակումբների հիմնադիրը: Նա է իրականացրել երկրում թենիսի բազմաթիվ կորտերի բացման աշխատանքները:
Թուրքիայում թենիսի զարգացման գործի մեջ մեծ ներդրում ունեցած Հարփութլուի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Քադըքյոյի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցում, որից հետո նրան կթաղեն Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը:
Հռոմի պապը Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է նշանակել արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանին
Հռոմի պապ Ֆրանցիսկը Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ է նշանակել առաքելական ղեկավար արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանին: Վերջինս հունիսի 10-ին Վատիկանից ուղևորվել է Ստամբուլ՝ պաշտոնապես ստանձնելով կաթոլիկ հայերի առաջնորդությունը: Նույն օրը Սաքըզաղաչի Սուրբ Աստվածածին հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանում անցկացված արարողության ժամանակ Գերապայծառ Զեքիյանը ջերմ ընդունելություն է գտել համայնքի կողմից: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ գալիք կիրակի՝ հունիսի 15-ին, նույն եկեղեցում Լևոն Զեքիյանը կանցկացնի իր առաջին պատարագը որպես Գերապայծառ:
