Հունիսի 17-ին, ժամը 07.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զ. Սարկավագի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.40-ին, նշված փողոցում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ամբողջությամբ այրվել է Սմբատ Խ.-ին վստահված «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ:
Daily Archives: June 18, 2014
Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընթացքից և կարևորել բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Ֆրանսիայի կողմից Հայաստանին ֆինանսական ու տեխնիկական օժանդակության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի գործադրած ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները և նախանշել հնարավոր ուղղությունները: Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է մեր երկրում ֆրանսիական ձեռնարկությունների ակտիվ գործունեությունը և կարևորել տարբեր ոլորտներում նոր ներդրումների ներգրավումը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի զարգացնել առկա ձեռքբերումները: Անրի Ռենոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում նաև՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու հարցում:
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկելու նպատակով Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 17-ից 18-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության` 5, խուլիգանության` 2, ապօրինի ծառահատման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 7, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եգիպտոսում 10 ամսվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակիցը
Եգիպտոսի իշխանություններն որոշում են կայացրել ազատ արձակելու 10 ամիս շարունակ բանտարկության մեջ գտնվող «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակից Աբդուլահ աշ Շամիին: 26-ամյա լրագրողին ձերբակալել էին 2013 թվականի օգոստոսի 14-ին, այն ժամանակ, երբ երկրում բողոքի ցույցեր էին ընթանում ռազմական հեղաշրջման դեմ: Աշ Շամիին ազատելու որոշումը կայացվել է նրա առողջական վիճակի վատացման պատճառով, քանի որ բանտարկյալը 130 օր առաջ հացադուլ էր հայտարարել:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ աշ Շամիի հետ միասին առողջական խնդիրների պատճառով ևս 12 հոգի ազատ է արձակվել: Միևնույն ժամանակ Եգիպտոսում մի շարք լրագրողներ շարունակում են մնալ անազատության մեջ:
Իրաքի նավթի ամենամեծ երկրպագուն Չինաստանն է
ԱՄՆ-ի` Իրաք 2003թ.-ի ներխուժումից հետո Իրաքը դարձել է աշխարհի խոշորագույն նավթարտադրողներից, իսկ Չինաստանն այժմ դրա ամենամեծ սպառողն է:
Չինաստանն արդեն գնում է Իրաքում արտադրվող նավթի մոտ կեսը` օրական մոտ 1.5 միլլիոն բարրել նավթ և այսքանով դեռ չի սահմանափակվում:
<<Չինաստանը հետսադամյան նավթային արդյունաբերության զարգացման ամենամեծ շահառուն է,-նշում է Դենիս Նատալին ` Վաշինգտոնի Ազգային անվտանգության համալսարանի` Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետը:,-Նրանք էներգիա են ցանկանում և ցանկանում են մտնել նավթի շուկա >>, -նշում է Դենիս Նատալին:
Մինչև ներխուժումը Իրաքի նավթային արդյունաբերությունը դուրս էր մնում համաշխարհային շուկայից `Սադամ Հուսեյնի կառավարության նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների հետևանքով, ուստի նրա տապալումը խոստանում էր այս երկրի առատ պաշարների նկատմամբ անարգել տիրապետության հնարավորություն: Չինաստանի պետական սեփականություն համարվող ընկերությունները օգտվեցին այս հնարավորությունից` այստեղ կատարելով տարեկան շուրջ 2 միլարդ դոլլարի ներդրում ու հարյուրավոր աշխատողներ բերեցին Իրաք` պատրաստակաություն ցույց տալով շարժվել Իրաքի նոր կառավարության կանոններով:
Իրանի սահմանին գտվող անապատում Չինաստանը վերջերս իր սեփական օդանավակայանն է կառուցել, և ինքնաթիռներն այստեղից պատրաստվում են ուղիղ չվերթ կատարել Պեկինից ու Շանհայից դեպի Բաղդադ:
Ի տարբերություն Արևմտյան նավթային հսկաների, ինչպիսիք են էքսոն Մոսբիլը և այլն, Չինաստանն ընդունում է իրաքյան նավթային պայմանագրերի խիստ պայմանները, որոնք ընդամենը մինիմալ շահույթ են բերում Չինաստանին: Չինաստանն ավելի շահագրգռված է իր տնտեսությունը վառելիքով հարստացնելու, քան շահույթ հետապնդելու մեջ: Չնաստանն այժմ քայել է ձեռնարկում Իրաքի նավթի նկատմամբ իր հնարավորություններն ընդլայնելու համար, քանի որ Իրաքը հակասության մեջ է այն նավթային ընկերությունների հետ, որոնք առանձին պայմանագրեր են կնքել Իրաքի կիսաինքնավար Քուրդիստան շրջանի ղեկավարների հետ: Քրդերն ավելի նպաստավոր պայմաններ են առաջարկում, քան Իրաքի կենտրոնական կառավարությունը, սակայն Իրաքն ու ԱՄՆ-ն նման պայմանագրերը համարում են անօրինական:
Եթե Միացյալ Նահանգների ներխուժումը Իրաք Չինաստանի համար եկամտաբեր եղավ, ապա ամերիկյան էներգետիկայի հարցերով փորձագետները նշում են, որ իրադարձությունների անսպասելի ընթացքը, հնարավոր է, վատ չանդրադառնա ԱՄՆ-ի շահերի վրա: Իրաքի նավթի աճող արդյունաբերությունը, որ մեծ մասնամբ չինացի աշխատողներն են դուրս բերում, կարող է համաշխարհային տնտեսությունը պաշտպանել նավթի գների այն բարձրացումից, որ հավանական է կսպասվի, եթե Արևմուտքի պատժամիջոցներ կիրառի Իրանի նավթային արտահանումների նկատմամբ: Եվ ամերիկյան տեղական նավթային արտադրության աճը, որ գերազանցել է սպասելիքները, թուլացնում է կախվածությունը Մերձավոր Արևելքից ու իրաքյան նավթի ոլորտ ԱՄՆ-ի մուտքը դարձնում ոչ այնքան կենսական:
Չինաստանի համար, փաստորեն, Իրաքն այն երկրենրից է, որի վրա Չինաստանը հենվում է այժմ իր տնտեսության բարգավաճման համար: Չինաստանը վերջերս դարձել է նավթի ամենամեծ ներկրողը և սպառման աճի հետ մեկտեղ Չինաստանը ներդրումներն է մեծացնում ` աշխարհում նավթի ու գազի ոլորտներում տարեկան շուրջ 12 միլիարդ դոլլար: Չինաստանը նավթի մոտ 50%-ը ներկրում է Մերձավոր Արևելքից, իսկ Իրանից ներկրումը վերջին տարիներին նվազել է: Իսկ Չինաստանի էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Ջիանջուն Տուն նշում է. <<Չինաստանը ավելի մեծ էներգետիկայի կարիք ունի և կարիք ունի նաև դիվերսիֆիկացնելու այդ էներգետիկայի ստացման աղբյուրները>>:
Իրաքում ահաբեկիչները 60 օտարերկրացու պատանդ են վերցրել
Թուրքական մամուլում լուրեր են տարածվել, թե «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները պատանդ են վերցրել 60 օտարերկրացու, այդ թվում Թուրքիայի 15 քաղաքացու: Օտարերկրացիները աշխատել են Տիկրիտ քաղաքում` հիվանդանոցի շինարարությունում: Քաղաքի վրա հարձակման ժամանակ նրանք, ինչպես նաև իրաքցի աշխատողները, փորձել են Տիկրիտից Քերքուք փախչել: Ահաբեկիչները բաց են թողել իրաքցիներին՝ պատանդ պահելով օտարերկրացիներին: Վերջիններս ցանկացել են հասնել Սուլեյմանիե քաղաք, որտեղ միջազգային օդանավակայան կա, և մեկնել տուն:
Ազգային ժողովը դակող մարմին չէ. պատգամավորները պահանջում են հետ տանել արտահերթ կարգով խորհրդարան բերված նախագծերը
Կառավարության նախաձեռնությամբ քիչ առաջ խորհրդարանն սկսեց արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված են հանրությանը հուզող մի շարք նախագծեր:
Սակայն, ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին առ այն, որ կառավարությունը վերջին պահին խորհրդարան է բերել կարևոր նախագծեր, որոնք նախապես հանրային քննարկումների չեն ենթարկվել, մասնագիտական հանձնաժողովներում չեն քննարկվել, անգամ պատգամավորների սեղաններին դրված չեն:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ նախագիծը մշակող մարմինը պետք է կազմակերպի նախգծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց ժամկետը չի կարող 15 օրից պակաս լինել:
«Դիմում եմ Ձեզ, որպեսզի կառավարությանն առաջարկեք՝ փոփոխության ենթարկել օրակարգը և հանել այն հարցերը, որոնք չեն բավարարում օրենքի պահանջին»,-առաջարկեց Մինասյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ խորհրդարանը նոր է ավարտել խիստ լարված գարնանային նստաշրջանը, և հիմա կառավարության կողմից Ազգային ժողով հայեցակարգային նախագծեր բերելը և սեղմ ժամկետներում քննարկելը ոտնձգություն է օրենսդիր մարմնի նկատմամբ: «Եվ սա արվել է մի մարդու կողմից, որը միշտ խոսում էր ԱԺ դերի բարձարցման մասին»,-ասաց Զուրաբյանը՝ ի նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանին::
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նույնպես շեշտեց, որ օրենքի կատարողը առաջին հերթին խպետք է լինի երկրի օրենսդիր մարմինը, և իրավիճակը համարեց օրենքի խախտում: «Մենք տարիներ շարունակ բարձրաձայն, դու էլ միգուցե ոչ բարձրաձայն, դժգոհել ենք այս աշխատաոճի դեմ, սակայն սա շարունակվում է»,-նշեց նա:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ միացավ գործընկերներին. «Մեր դժգոհությունն այն է, որ օրակարգում ընդգրկված նախագծերի գերակշիռ մասը չեն անցել համապատասխան քննարկումներ հանձնաժողովներում: Թող նախապես ուղարկած լինեին, մենք էլ հիմա դեմ չէինք լինի: Բայց մտնում ենք լիագումար նիստ՝ առանց մասնագիտական հանձնաժողովներում համապատասխան քննարկման: Կամա թե ակամա Ազգային ժողովը դառնում է դակող մարմին»:
Արամ Մանուկյանը խոսեց օրենքների արդյունավետության, ճիշտ, լավ օրենքներ ընդունելու անհրաժեշտության մասին: «Մենք հիմա չունենք այդ հնարավորությունը: Մոտ տասը օրենքների նախագծերի ընդհանրապես ծանոթ չենք: Կարող ենք անորակ, բռակ օրենքին կողմ սեղմել: Կառավարությանն առաջարկեք, թող հետ կանչի դրանք»:
ՕԵԿ խմակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեցրեց, որ այս խնդիրը տարիներ ի վեր առկախված է. «Մենք քննադատում ենք կառավարությանը, երբ հրավիրում են արտահերթ նիստեր և բերում նախագծեր, որոնց մասին մենք ոչ միայն տեղյակ չենք, այլ դրանք լուրջ քննարկման կարիք ունեն: Մենք չպետք է թույլ տզնք, որ ԱԺ-ն շրջանցվի: Ձեռագիրը, փաստորեն, կրկնվում է: Արդար չէ»,-ասաց Բիշարյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չկիսեց գործընկերների բարձրացրած մտահոգությունը: Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքն ունի համապատասխան մեկնություններ արտահերթի վերաբերյալ, և որ կանոնակարգ օրենքը որևէ հակասություն չի տեսնում արտահերթի և ներկայացված նախագծերի առումով: «Մենք ողջ գարնանային նստաշրջանն ավելի շատ քաղաքականացված անցկացրեցինք, իսկ օրենսդրական աշխատանքը հետ մնաց: Բացի այդ, որևէ մեկը չի ասում՝ օրենքները չքննարկենք, քննարկելու ենք»,-ասաց Սահակյանը:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ ասաց, որ ընդդիմախոսների ասածը այնքան էլ այնպես չէ, ինչպես իրենք են ներկայացնում: «Օրենքների 70 տոկոսը ձեր կողմից քննարկվել է կամ կազմում է ձեր նախընտրական ծրագրերի մի մասը: Եթե ձեր հիշողությունը կորել է, կարող եմ հիշեցնել»:
Լևոն Զուրաբյանն առաջարկեց քսան րոպես ընդմիջում՝ ԱԺ նախագահի հետ քննարկելու իրենց կողմից բարձրացրած մտահոգությունը:
Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջ բերեց էլեկտրաէներգիայի հարցի շուրջ հանրայհին դժգոհության հարցը՝ նշելով, որ ԱԺ լսումները ցույց տվեցին, որ շատ բան հասկանալի չէ այդ ոլորտում: «Առաջարկում եմ, որ ԱԺ-ն ստեղծի ժամանակավոր հանձանժողով էներգետիկայի ոլորտի ուսումնասիրությունների հետ կապված: Սա զուտ անվտանգության խնդիր է»,-ասաց նա:
Խորհրդարանը քսան րոպես ընդմիջումից հետո վերսկսեց աշխատանքը, սակայն քիչ անց կրկին ստիպված եղավ ևս քսան րոպեով ընդմիջել՝ այս անգամ արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահանջով: Բանն այն է, որ երբ ընդմիջումն ավարտվեց, ՀՀԿ-ականների մի մասը դեռևս չէր եկել դահլիճ, սակայն Գալուստ Սահակյանը, մի քիչ սպասելուց հետո ստիպված եղավ վերսկսել աշխատանքը: Ոչ իշխանական ուժերը, նկատելով, որ քվորում ապահովելու համար հանրապետականը չունի անհրաժեշտ 66 ձայնը, սկսեց չքվեարկել, ինչի հետևանքով նախագծերը սկսեցին չանցնել՝ չհավաքելով բավարար ձայներ: Դրա համար էլ Վահրամ Բաղդասարյանը շտապեց 20 րոպե ընդմիջում վերցրել։
Էդ երեխան պատահական է կրակել. զինվորի մայրը չի ցանկանում, որ որդու վրա կրակած Վոլոդյային դատեն. NEWS.am
ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին մարտական ընկերոջ կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին, որպեսզի չդատեն որդուն կրակած Վոլոդյա Բաբիկյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինվորի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:
“Անահիտը՝ Դերենիկի մայրը, պատրաստվում է նամակով դիմել նախարարությանը, որ Վոլոդյային չդատեն, որովհետեւ էդ երեխան պատահական է կրակել, միտումնավոր ոչինչ չի արել, իսկ Դերենիկն ու Վոլոդյան շատ մտերիմ ընկերներ են: Դեպքի պահին դիրքերում է եղել նաեւ նրանց երրորդ ընկերը՝ Նարեկը, որը մեզ պատմել է, որ ամեն ինչ պատահական է եղել, իրենք երեք ընկերներով ոչ մի խնդիր չեն ունեցել”,- ասաց նա:
Տիկին Սուսաննայի պատմելով՝ կալանավորված Վոլոդյա Բաբիկյանն էլ այժմ ահավոր ծանր վիճակում է, դեպրեսիայի մեջ է, իսկ մայրն էլ քաղցկեղով հիվանդ է. “Վոլոդյայի մայրն էլ էր թաղմանը եկել, բայց վերեւ չբարձրացավ: Դերենիկի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել, ուրիշ ոչ մի բան”:
Անդրադառնալով Դերենիկի մոր առողջական վիճակին՝ հարեւանուհին հայտնեց, որ վերջինս նույնիսկ հուղարկավորությանը չի մասնակցել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
“Դերենիկին հենց բակ իջեցրին, Անահիտը վատացավ ու նորից հիվանդանոց տարան: Սպասում ենք, որ մի քիչ լավանա, որպեսզի գերեզմանոց տանենք”,- ավելացրեց նա:
Նշենք, որ Դերենիկը ծառայում էր ԼՂՀ-ում, եղբոր հետ նույն զորամասում: Վերջինս ծառայությունից ազատել են:
Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Ֆիզիկայից 20 է ստացել 49 դիմորդ, իսկ արդյունքները բողոքարկել են 28-ը
Ֆիզիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել են 28 դիմորդներ:ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր առարկաների բողոքարկումների արդյունքները կհրապարակվեն միասնական քննությունների ավարտից հետո:
Ֆիզիկայի քննությանը մասնակցել է 2058 դիմորդ: Միջին գնահատականը 11,78 է: Անբավարար է ստացել 448 դիմորդ (21,77 տոկոս): 7,5-13,25 է ստացել 804 դիմորդ (39,07 տոկոս), 73,5-17,25 է ստացել 457 դիմորդ (22,21 տոկոս), 17,5-20 է ստացել 349 դիմորդ (16,96 դիմորդ): 20 բալ է ստացել 49 դիմորդ:
2013-ին ֆիզիկայի միջին գնահատականը 11,64 էր, անբավարար էր ստացել դիմորդների 22 տոկոսը, իսկ 20 էր ստացել 35 դիմորդ: Նախորդ տարի Ֆիզիկաի միասնական քննության արդյունքները բողոքարկել էր 41 դիմորդ:
Օտար լեզուներից 231 դիմորդ 20 է ստացել
Հրապարակվել են հունիսի 13-ին կայացած Օտար լեզվի միասնական քննության գնահատականները:
ԳԹԿ-ից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ Անգլերենից հայտագրվել էր 5494 դիմորդ, քննությանը մասնակցել են 5242-ը: Միջին գնահատականը 14,01 է: Անբավարար է ստացել 451 դիմորդ (8,6 տոկոսը): Նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25 է ստացել 1771 դիմորդ (33,78 տոկոսը), 13,5-17,25 է ստացել 1463 դիմորդ (27,91 տոկոս), իսկ 17,5-20 է հավաքել 1557 դիմորդ (29,70 տոկոս): Անգլերենից 20 բալ է ստացել 201 դիմորդ:
Ֆրանսերենից հայտագրվել էր 229 դիմորդ, քննությանը ներկայացել են 224-ը: Միջին գնահատականը 15,84 է: Կտրվել է 10 դիմորդ (4,46 տոկոս): 7,5-13,25 է հավաքել 46 դիմորդ (20,54 տոկոս), 13,5-17,25 է ստացել 59 դիմորդ (26,34 տոկոս), 17,5-20 է ստացել 109 դիմորդ (48,66 տոկոս): Ֆրանսերենից 20 է ստացել 17 դիմորդ:
Գերմաներենից հայտագրվել էր 277 դիմորդ, քննությանը ներկայացել են 270-ը: Միջին գնահատականը 14,15 է: Անբավարար է ստացել 21 դիմորդ (7,78 տոկոս): 7,5-13,25 է ստացել 89 դիմորդ (32,96 տոկոս), 13,5-17,25 է ստացել 81 դիմորդ (30 տոկոս), 17,5-20 է ստացել 79 դիմորդ (29,26 տոկոս): Գերմաներենից 20 բալ է ստացել 13 դիմորդ:
Իսպաներենից հայտագրվել է 15 դիմորդ, մասնակցել է 14-ը: Միջին գնահատականը 16,21 է: Անբավարար ստացողներ չկան: 7,5-13,25 է ստացել 1 դիմորդ (7,14 տոկոսը), 13,5-17,25 է ստացել 8 դիմորդ (57,14 տոկոս), 17,5-20 է ստացել 5 դիմորդ (35,71 տոկոս): 20 ստացող ևս չի եղել:
Նշենք, որ նախորդ տարի 6 օտար լեզուներից արձանագրվել էր 372 20 միավոր:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշել են, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարևոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և Վլադիմիր Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաև, ընդհանուր առմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին և զարգացման ծրագրերին: Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետևողական կատարման գործում մեծապես կարևորել է անձամբ Վլադիմիր Յակունինի դերը և ընդգծել, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կյանքի կոչել փոխշահավետ համատեղ նախագծերը:
«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել». պատմում է 50 տարվա աշխատանքային կենսագրութամբ, անօթևան միայնակ տարեցը
Լենինականի երբեմնի հզոր ձեռնարկություններից մեկում՝ «Լենտեքստիլ» կոմբինատում 50 տարի աշխատած և ամբողջ կյանքը հանրակացարանում բնակված միայնակ տարեց կինը ներկայումս էլ շարունակում է բնակվել կիսաքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ նախկին գործարանային նույն հանրակացարանի շինությունում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ միայնակ տարեց կինը պատմել է, որ իր աշխատանքային կենսագրությունը Լենինականի տեքստիլ կոմբինատում սկսել է դեռ 12 տարեկան հասակից, այնտեղ իրեն բերել են մանկատնից: Հիմա էլ կարոտով ու ափսոսանքով է հիշում երբեմնի հզոր ու հազարավոր աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունը և ամեն օր՝ առավոտից մինչև ուշ երեկո գնում նստում է նրա փլատակների մոտ:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Ադրբեջանում զինվորը մահացել է հիվանդությունից
Ադրբեջանական բանակը հերթական կորուստն է ունեցել: Այս անգամ պատճառը հիվանդությունն է:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում: 1995թ.-ին ծնված զինծառայող Ջեյհուն Ռամիզ օղլու Ջահանգիրովը մահացել է հիվանդությունից:
Ըստ գործակալության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել են այս փաստը:
Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով հետախուզվող` Մրգավանում
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված երկու օրենք
Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան
Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:
Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:
«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:
«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:
– Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
– Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:
– Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:
– Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:
– Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե …
– Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:
– Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:
– Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:
– Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:
– Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:
– Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
– Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:
– Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:
– Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:
Մեքենաների առևանգումներ` նույն ձեռագրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրանում ազգային համացանցի համակարգ է մշակվում
Իրանում ազգային համացանցի համակարգ է մշակվում: Դրա մասին պատմել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մոհդի Սանաին:
«Մենք պատրաստվում ենք այն զարգացնել»,-հավելել է դեսպանը, նշելով, որ մեծ նշանակություն է տալիս վիրտուալ տիրույթին:
«Կարծում ենք, այնպիսի երկրներ, ինչպիսին Իրանն ու Ռուսաստանն են, հասկանում ենք, թե ինչ օգուտ դա կտա: Այդուհանդերձ, Իրանն ու Ռուսաստանն այլ արժեքներ ունեն, իրենց մշակույթը, իրենց հատուկ սկզբունքները»,-ասել է հյուպատոսը: Նրա կարծիքով, իրանցիների երիտասարդ սերունդը «ենթարկվել է արևմուտքի վիրտուալ տիրույթի ազդեցությանն ու մշակութային քաոսի քարոզին»:
Սանաին վստահ է, որ ազգային համացանցի զարգացումը վիրտուալ տիրույթի զարգացման ամենաօպտիմալ ուղիներից մեկն է:


