Թուրքիայի Տրաբզոն քաղաքում ակցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցում է պատանիների 22 և աղջիկների 21 թիմ:
Հայաստանի պատիվը պաշտպանում է Վանաձորի պատանիների թիմը (մարզիչ` Արարատ Բարսեղյան):
Վիճակահանությամբ մերոնց ուժեղ մրցակիցներ են բաժին հասել: Եվ այս ստուգատեսում նորամուտ նշող Հայաստանի հանդբոլիստները պարտվել են Բելգիայի (8:25), Սլովենիայի (11:34), Իրանի (15:40), Գերմանիայի (6:44) իրենց հասակակիցներին:
Daily Archives: June 25, 2014
“Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ Հիլալ Մամեդովի վճիռը մնացել է անփոփոխ
Ադրբեջանի գերագույն դատարանը՝ Ինգլաբ Նասիրովի նախագահությամբ, դիտարկել է “Թալըշի սյադո” (Թալիշի ձայն) թալիշական թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի սահմանադրական բողոքը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Դատարանը մերժել է Մամեդովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշում, որը հրաժարվել էր կասեցնել Մամեդովին ազատազրկելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այսօրվա նիստը փակ դռների ներքո է տեղի ունեցել:
Մամեդովը ձերբակալվել է 2012թ.-ի հունիսի 21-ին: Որպես “Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ հայտնի Մամեդովը մողադրվում էր “պետական դավաճանության”, “ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք սերմանելու” և “խոշոր չափերի թմրանյութեր պատրաստելու, պահպանելու և տեղափոխելու” մեջ։
Բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է, 10 դիմորդ հեռացվել է քննասենյակից հեռախոսից օգտվելու համար
Այս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:
– Պարոն Իսպիրյան, եթե ամփոփենք միասնական քննությունների առաջին փուլը, ինչո՞վ առանձնացան այս տարվա քննությունները:
– Հունիսի 23-ին ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը ռուսաց լեզու առարկայով: Ամփոփելով ասեմ, որ քննություններն այս տարի ընդհանուր առմամբ շատ խաղաղ ու հանգիստ անցան, բողոքարկումների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ նվազել է: Ըստ էության, ունեցանք բավական լավ քննություններ: Կարող ենք փաստել, որ նախորդ տարվա համեմատ` երկու առարկաներից ունեցանք արդյունքների նվազում, էականորեն նվազեցին կենսաբանություն և անգլերեն առարկաների թե՛ բարձր, թե՛ միջին միավորները, մնացած առարկաների դեպքում ունեցանք գրեթե նույն իրավիճակը, ինչ նախորդ տարիներին էր: Ամենաշատ անբավարար ստացել են կենսաբանությունից` մոտ 25-26 տոկոս: Մնացած բոլոր առումներով կարելի է համարել դրական լիցքերով անցած քննություն, որևէ միջադեպ չունեցանք: Նաև փաստենք, որ այս քննությունների ընթացքում թեստերում բովանդակային խնդիրներ չեղան:
– Անցած տարի քննություններից հետո պարզ դարձավ, որ որոշ շտեմարաններ լրացնելու կարիք կա: Այս տարի ինչ-որ խնդիր, բացթողում նկատվե՞լ է, որը հետագայում պետք է շտկվի:
– Առայժմ հաջորդ տարվա համար որևէ կառուցվածքային փոփոխություն ծրագրված չէ: Քննարկումները մասնագետների հետ կսկսվեն օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ կունենանք այս տարվա քննությունների արդյունքների ամբողջական վերլուծությունը: Քննարկումների արդյունքում, եթե որևէ որոշում կայացվի, հանրությանը տեղյակ կպահենք, ուղեցույցները կսկսենք պատրաստել դրան համապատասխան:
– Իսկ այս տարվա գնահատականները նորմալ մրցույթ կազմակերպելու հնարավորություն ընձեռո՞ւմ են:
– Այս տարի գրեթե բոլոր առարկաներից բավական հաջող գնահատականներ են, այսինքն` բոլորն էլ մրցույթ ապահովող չափերի մեջ են: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, մենք չունենք այնպիսի առարկա, որի արդյունքներն էականորեն աճած կամ նվազած լինեն, բացի քիչ առաջ նշված երկուսից: Անցած տարի դրանցից բավականին բարձր միավորներ էին: Խնդիրը ոչ թե թեստերի բարդությունն է, այլ պարզապես այս տարի առաջին անգամ այդ առարկաների համար անցել ենք կարճ պատասխաններով առաջադրանքների: Կարճ պատասխանների դեպքում դիմորդների կողմից պատահականորեն ճիշտ նշում անելու հավանականությունը քչանում է: Եթե մյուս դեպքերում կարող է կռահել, ապա այս դեպքում պատասխանը պետք է հստակ իմանա: Երբ ներառվեցին այդ առաջադրանքները, ենթադրվում էր, որ այդ երկու առարկաների գնահատականները կարող են նվազել: Իհարկե, ցավալի է, որ որոշ առարկաներից` կենսաբանությունից, ֆիզիկայից մենք 20 տոկոսից ավելի անբավարարներ ունենք, բայց բավարար գիտելիքներ ունենալը և գոնե 7,5 ստանալը պարտադիր է: Մեր դիմորդներն այդ երկու առարկաներից պարզապես լավ պատրաստ չեն եղել:
– Դիմորդները միաձայն նշում են, որ պնդումների փունջ առաջադրանքները խնդրահարույց են գնահատման առումով: Որքանո՞վ եք համամիտ ասվածին: Հնարավո՞ր է, որ այդ հարցերը վերանայվեն շտեմարաններում:
– Համամիտ չեմ: Ամեն թեստում երկու նման առաջադրանք կա: Դրա միջոցով նախ հստակ տարբերակում ենք լավ իմացողին մի փոքր տատանվող երեխայից: Այդ առաջադրանքի էությունն այն է, որ մեկ հարց է վեց ենթահարցով, եթե մեկին պատահական ճիշտ ես պատասխանում, իսկ մյուսը սխալ, ճիշտ պատասխանած հարցի միավորն էլ ես կորցնում: Քանի որ երկու առաջադրանք է, 20- միավորանոց համակարգում կարող է ընդամենը երեք միավորի դեր խաղալ:
Այդ առաջադրանքը պահանջում է, որ ենթադրելով չնշես, եթե չգիտես, պետք է պարզապես նշել` չգիտեմ: Բայց երեխաների մեջ չի ձևավորվել այդ մոտեցումը, որ եթե չգիտես, ուրեմն կասկածելով մի գրիր, պարզապես նշիր` չգիտեմ:
Արդեն 4-5 տարի այս առաջադրանքը կիրառվում է: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ծառայում է իր նպատակին: Ասեմ նույնիսկ, որ Ռուսաստանի և ԱՊՀ տարբեր երկրների ԳԹԿ համակարգի մասնագետները բավականին բարձր են գնահատել այդ առաջադրանքը և քննարկում են իրենց մոտ էլ նմանատիպ առաջադրանքներ ներառելու հարցը:
– Պարոն Իսպիրյան, իսկ ԳԹԿ-ն ինչպե՞ս է պայքարում օրեցօր զարգացող տեխնոլոգիաները քննության ժամանակ կիրառելու դեմ: Այս տարի արտագրելու, հեռախոսով թելադրելու դեպքեր արձանագրվե՞լ են:
– Փորձում ենք ամեն ինչ անել նոր տեխնոլոգիաները քննասենյակում կիրառելու դեմ: Իհարկե, խլացուցիչները գործում են, իսկ առանց հեռախոսի ականջակալները պիտանի չեն: Չնայած փորձողներ եղել են: Հեռախոսների և այլ կապի միջոցներից օգտվելու համար մոտ 10 դիմորդ է հեռացվել քննասենյակից: Բայց, ըստ էության, այս տարի այդքան շատ չէր, մենք կարողացանք վերահսկել, ներկայացուցիչներն ավելի զգոն էին, սանհանգույց կամ բժշկի մոտ անձամբ էին ուղեկցում, որպեսզի այնտեղ սարքերից օգտվելու հնարավորություն չունենան: Աշխատել ենք հնարավորինս վերահսկել և կարծում եմ` ստացվել է, քանի որ արդյունքներում թռիչքներ չունենք:
– Նշեցիք, որ բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է: Իսկ բովանդակային առումով ինչպիսի՞ն են եղել բողոքարկումները:
– Թեստի բովանդակությանը վերաբերող բողոք առայժմ չենք ունեցել: Թեստերի շուրջ երկու բողոք է եղել. համաշխարհային պատմության և ռուսերենի մեկական տարբերակների մի առաջադրանքում տեխնիկական սխալ է տեղ գտել: Թեստերի հետ կապված խնդիր չենք ունեցել, և թեստերը գնահատվել են հաջողված: Բողոքարկումների մոտ 70 տոկոսը վերահաշվարկի պահանջ է եղել: Վաղվանից հանձնաժողովն անհատապես կքննարկի բողոքարկումները, և դիմորդներին հեռախոսով կամ նամակով կտեղեկացնեն արդյունքների մասին: Հունիսի 28-29-ը արդեն կկախենք բողոքարկումների արդյունքները: Իսկ մոտ 30 տոկոսը երեխային երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալու խնդրանքներ են:
– Այս տարի ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների կարող են ընդունվել: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի այդ փորձն ավելի ընդլայնվի:
– Ոչ թե առանց քննությունների, այլ` նաև առանց քննությունների: Նախ ընդունվում են միասնական քննություն հանձնած դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում` նոր միայն դպրոցական գնահատականներով դիմածները:
Ինչ վերաբերում է այն հարցին` հաջորդ տարի այդպես կլինի, թե ոչ, այսօր չենք կարող ասել, որովհետև տեղերը և տեղերի համար առաջարկվող փոփոխությունները նախատեսում է նախարարությունը: Այդ մասին կլինի կառավարության համապատասխան որոշում: Եթե հետագայում պարզվի, որ էլի մասնագիտություններ կան, որոնք պետական նշանակություն ունեն, բայց դիմորդներ չունեն, իհարկե հնարավոր է, որ դրանց համար հեշտացումներ լինեն:
– Հուլիսի 2-ից քննությունների երկրորդ փուլն է մեկնարկում: Կարծիք կա, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ են, հսկողությունն ավելի մեղմ է, և ավելի ձեռնտու է երկրորդ փուլով քննություն հանձնել: Այս մասին ի՞նչ կասեք:
– Երկրորդ փուլի արդյունքները միշտ ավելի ցածր են լինում, քան առաջին փուլում: Այն, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ կլինեն, ճիշտ չէ: Թեստեր գրողները տարբեր մարդիկ են և գրելիս չգիտեն` առաջի՞ն փուլի համար են գրում, թե՞ երկրորդ: Հսկողությունն էլ խիստ է, քանի որ երկրորդ փուլում մեկ քննակենտրոն է, որտեղ կաշխատեն հենց մեր աշխատակիցները, որոնք ավելի փորձառու են, խլացուցիչներն էլ շատ կլինեն: Մեզ համար նրանք բոլորը դիմորդներ են, և տարբերություն չկա նրանց մեջ:
– Ե՞րբ կամփոփվեն ընդունելության արդյունքները: Եվ այս տարի ընդունելության երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ:
– Մենք ամփոփումն անելու ենք հուլիսի 15-ին, ընդունվածների ցուցակները կփակցվեն հուլիսի 16-ին, և հուլիսի 16-22-ը կհրապարակենք նաև թափուր տեղերի ցուցակը: Այդ ժամանակահատվածում այն դիմորդները, որոնք ունեն դրական գնահատական, բայց որևէ տեղ չեն ընդունվել, համապատասխան թափուր տեղի առկայության դեպքում կկարողանան դիմել այդ տեղերի համար:
Ծովայինը վստահեցնում է, որ 17 տարի ծառայել է Մարսի վրա
Ամերիկացի պաշտոնաթող ծովայինը ցնցող հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է, թե վերջին 1և տարին ծառայել է ոչ դես ոչ դեն` Մարսի վրա: Նախկին զինվորականի խոսքով, որը ներկայանում է որպես կապիտան Քեյ, իր պարտականությունների մեջ է եղել մարդկանց այլմոլորակային հենակայանների պաշտպանությունը ոչ բարեհաճ տեղացիներից, հաղորդում է Mirror-ը:
Նա պատմում է , որ տիեզերական գաղտնի տորմիղի հրամանատարներից մեկն է եղել, որը պատկանում էր բազմազգ մի կազմակերպության` Earth Defense Force-ին (Երկրի պաշտպանության ծառայություն):
Ծառայության 17 տարիների ընթացքում նա աշխատել է ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների հետ: Կապիտանի գլխավոր առաքելությունը եղել է 5 հետազոտական բազաների պաշտպանությունը Մարսը բնակեցրած ագրեսիվ «տեղաբնակներից»:
Մի քանի երկրների իշխանություններ ավելի քան 3 տարի նրան նախապատրաստել են այլմոլորակային ծառայության: Այդ ընթացքում նա սովորել է 3 տարբեր տեսակի տիեզերասարքեր ու բազմաթիվ ռմբակոծիչներ վարել, որոնք հատուկ անօդ տարածության տարածության մեջ մարտական գործողությունների համար են կառուցվում: Ուսուցումը կատարվել է լուսնային գաղտնի հենակայանում` Lunar Operations Command: Իսկ քանի ծառայակիցներ կային հարցին նա չի պատասխանել:
«Ես հոգնել եմ ծառայությունից»,-խոստովանել է նա: Ղեկավարությունը նրա պաշտոնաթողության խնդրանքին ըմբռնումով է մոտեցել ու հրաժեշտի կապակցությամբ շքեղ հանդիսություն կազմակերպել, որին մասնակցել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոլադ Ռամսֆելդը:
Կապիտանի պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն, նա միակը չէ, որ վստահեցնում է, թե Մարսի վրա գաղտնի ռազմահենակայաններ կան: UFO TV հեռուստաալիքը դրա մասին կեսժամանոց ֆիլմ է նկարահանել:
Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից: «Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», – ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», – հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Անկախ
Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև կնքվել է գործընկերային համագործակցության մասին հուշագիր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:
Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:
Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:
Այն ներառում և վերահաստատում է 2007 և 2010 թվականներին կնքված երկկողմ հուշագրերով նախատեսված դրույթները, ինչպես նաև նախանշում ոլորտի աշխատողների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների՝ գիտաժողովների, դասախոսությունների, գործնական հանդիպումների կազմակերպում և անցկացումª Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու հարցում կողմերը կարևորել են էլեկտրոնային համակարգերի ներդրումը:
ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը ու վստահություն հայտնել, որ այն կնպաստի ավելի զարգացած ու իրավական պետություն ունենալուն: «Ես ինձ իմ հայրենիքում եմ զգում: Այս այցը ոչ միայն արդյունավետ է փոխգործակցության համատեքստում, այլև հետաքրքիր ապրումներ է պարգևում մեզ. մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում, որտեղ և որոշվել է մեր հայրենիքի և ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Հովհաննես Մանուկյանը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին, արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ներդրումների համար, պարգևատրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով:
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարություն
Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային և անհատական առաջնության եզրափակիչ փուլին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել հունիսի 21-ին մեկնարկած գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային և անհատական առաջնության եզրափակիչ փուլին, որն ընթանում էր Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում:
Առաջնությանը մասնակցում էին շուրջ 35-40 մարզուհի՝ Երևանի վարչական շրջաններից (Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր), Գեղարվեստական մարմնամարզության դպրոցից (ԳՄԴ), Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից (ԳՄԱՕՄ) և ՀՀ մարզերից (Գյումրի, Քաջարան, Կապան):
Հայաստանի թիմային և անհատական առաջնության ամփոփիչ արդյունքներն են՝
Թիմային պայքար՝
2-րդ տեղ. Լուսինե Չթրյան (Կենտրոն)
3-րդ տեղ. Ելենա Ավետիսյան(Կենտրոն) և Ժաննա Բալոյան(Գյումրի)
3-րդ տեղ. Լուիզա Սադյան(ԳՄԴ)
Նշենք, որ առաջնությանը ներկա էին նաև Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնի տնօրեն, Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրա Բեգլարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, ինչպես նաև ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքից հատուկ հրավիրված հյուր, մի շարք չեմպիոնուհիների գլխավոր մարզիչ Նատալիա Բարիսովնա Տիշենան:
Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարը հնարավոր է դառնա միջազգային
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, հանդիպելով լրագրողներին տեղեկացրեց հունիսի 18-19-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համարգործակցության խորհրդի նիստի արդյունքներին:
Նիստի ընթացքում, ի թիվս համագործակցության շրջանակներում քննարկվող այլ հարցերի, լսվել է նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Քննարկման դրված «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձևերի մրցաշարը համատեղ իրականացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ Ա. Նազարյանը ներկայացրել է հատուկ կարծիք` մնալով ձեռնպահ և հանդես է եկել առաջարկով` ՀՀ-ում անցկացվող մարզական-մասսայական ծրագրերից ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի օրինակով անցկացնել ԱՊՀ անդամ երկրների «Լավագույն մարզական ընտանիք» միջազգային մրցաշար: Նախարարի տեղակալի առաջարկն արձանագրվել է և որոշվել է այդ հարցը քննարկել Խորհրդի հաջորդ նիստի ընթացքում:
Արտաշես Նազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2013 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կատարված աշխատանքները և որպես դրական փաստ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել և խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի և մարզիչի աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը»,- նշել է փոխնախարարը և ավելացրել, որ ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման 2 օրենքներ են գործում ինչպես Հայաստանում` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքները:
Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ 6 երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հանրապետությունները
Արևահարությունը կախվածություն է առաջացնում
Որոշ մարդկանց հակումն արևային լոգանքերի նկատմամբ կարելի է բացատրել նրանով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ ուղիղ շփումը բավականին լուրջ կախվածություն կարող է առաջացնել, այնպիսին, ինչպիսին թմրակախվածությունն է:
Դա բացատրվում է նրանով, որ արևի ճառագայթների ազդեցության ներքո մշակվում են էնդորֆիններ, որոնք բարձրացնում են տրամադրությունը, նվազեցնում ցավային զգացումները:
Ընդ որում, կախվածություն կարող է առաջանալ ոչ միայն արեգակի ճառագայթների ազդեցությունից այև սոլյարի հաճախելուց: Գուցե պատճառը դա է, որ սոլյարին մեծ մասսայականություն է վայելում, չնայած մաշկի քաղցկեղի առաջացման մասին բազմատեսակ նախազգուշացումներին:
Հարվարդի Բժշկական դպրոցի մասնագետները համապատասխան եզրահանգումներ են կատարել լաբորատոր մկների վրա փորձերի արդյունքների հիման վրա: Ու նրանք ենթադրում են, որ արևի ճառագայթները նմանատիպ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա:isra.com
Լուիս Սուարեսը հնարավոր է կարգապահական տույժի ենթարկվի մրցակցին կծելու համար (տեսանյութ)
Այսօր Լուիս Սուարեսին մեղադրել են ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հակառակորդին կծելու համար, ինչի պատճառով հնարավոր է նրան երկու տարի արգելեն ֆուտբոլ խաղալ:
Ուրուգվայի հարձակվողը մեղադրվում է Բրազիլիայում Իտալիայի թիմի պաշտպան Ջորջո Կելինի ուսը կծելու համար: Այս դեպքից 14 ամիս առաջ Սուարեսը ստիպված էր ներողություն խնդրել Բրիտանիայում կրկին նման բան անելու համար:
Այս առավոտ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հայտնել էր, որ իրենք գործ են բացել Լիվերպուլի խաղացող Սուարեսի դեմ և խնդրել են նրա թիմին ապացույցներ ներկայացնել:
Նրա մեղավորության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև շաբաթ օրը, երբ Ուրուգվայը կխաղա Կոլումբիայի դեմ:
ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ կիրառված արգելքը վերաբերվում է և՛ միջազգային, և՛ երկրի ներսում տեղի ունեցող խաղերին:
Երեկ բախումը տեղի էր ունեցել Բրազիլիայի Նատալ քաղաքի Arena das Dunas մարզադաշտում Իտալիա Ուրուգվայ լարված խաղի վերջին 15 րոպեների ընթացքում:
Երկու թիմերը պայքարում էին հաջորդ փուլ անցնելու համար, իսկ հաշիվը դեռևս 0-0 էր:
Ամեն դեպքում Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի աստղ Սուարեսը դեղին կամ կարմիր քարտ չի ստացել, և բախումից րոպեներ անց Ուրուգվայը հաշիվը դարձրել է 1-0՝ որակավորվելով մրցումների հաջորդ փուլերի համար:
Իտալիայի Յուվենտուս թիմում խաղացող Կելինին բարկացել է և պնդել, որ իրեն կծել են:
Մայրաքաղաքում ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրի շրջանակում ապրիլի սկզբից մեկնարկել են մայթերի սալիկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 32000 քմ տարածք, որից 26400 մետրը՝ նոր սալիկներով, իսկ 4500 քմ տարածքում կհանվեն և նորոգումից հետո կվերատեղադրվեն հին սալիկները: Նորերով կփոխարինվեն Հանրապետության հրապարակի ավելի քան 500 քմ մակերեսով բետոնե մեծ սալերը: Մայրաքաղաքի 13 հասցեներում սալիկապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, 5 հասցեներում դեռևս ընթանում են: Այս ուղղությամբ աշխատանքները վարչական շրջաններից ստացված հայտերի համաձայն կշարունակվեն նաև մայրաքաղաքի մի շարք այլ վայրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ոստիկանությունը մի քանի քայլ հետ է գնացել. ակտիվիստներ
«Երեկ նախատեսված էր խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացումների, սակայն ոստիկանները բռնարարքների դիմեցին և 27 քաղաքացի բերման ենթարկվեց», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Արման Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենց ակցիայի նպատակն էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հիմնավորումներ ստանալ, թե ինչու պետք է տեղի ունենա թանկացում:
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է սա այն բանով, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:
«Ակցիան կլիներ բացառապես խաղաղ, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս շենքին մոտենալ և իրենց պահանջներն էլ չէին ներկայացնում: Ոստիկանները արգելում էին ոչ միայն ցուցարարներին, այլև անցորդ քաղաքացիներին շարժվել, մոտենալ շենքին: Երբ մենք պահանջեցինք հիմնավորել, թե ինչու են մարդկանց տանում, ոչ մի պատասխան չհնչեց: Ցուցարարները արդեն գտնվում էին շենքից հեռու և ինքնաբերաբար փակում էին ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը: Սկսվեց բռնարարք մարդկանց նկատմամբ: Ցուցարարները իջան Սարյան փողոց, ամեն ինչ ուղեկցվեց մարդկանց նկատմամբ վայրագ գործողություններով», – տեղեկացրեց ակտիվիստը ասելով, որ ոչ ադեկվատ է գնահատում ոստիկանության գործողությունները և պահանջեց, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն: «Այլ բողոքի ակցիաների էլ ենք մասնակցել, բայց այսպիսի վերաբերմունքը մեզ համար անակնկալ էր, ոստիկանության համար սա անկում էր: Այն մի քանի քայլ հետ էր գնացել», -ասաց նա:
Բողոքի ակցիայի մասնակցիներից ևս մեկը` Արսեն Ադամյանը նշեց, որ բերման ենթարկվածներից մեկը ինքն է եղել, սակայն իրեն նույնպես այդպես էլ չեն հիմնավորել դրա պատճառը: Այնուամենայնիվ ակտիվիստները հայտարարեցին, որ չնայած այս ամենին, իրենք շարունակելու են պայքարել թանկացման դեմ. «Մեզ բացարձակ չվախեցրին ոստիկանների գործողությունները, գնալու ենք մինչև վերջ, եթե հարկ լինի և՛ հայցեր, և՛ հակընդդեմ հայցեր ենք ներկայացնելու: Անելու ենք ամեն ինչ՝ կեղծիքները բացահայտելու համար», -ասաց Արսեն Ադամյանը:
ԵԽԽՎ նախագահը կրկին մեկնում է Ադրբեջան՝ քաղբանտարկյալների հետ հանդիպելու համար
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը կրկին մեկնելու է Ադրբեջանի: Այս մասին վերջինս գրել է իր “Twitter”-ի էջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
“Չենք կարող լուծել խնդիրները՝ դրանք հերքելով: Մենք պետք է շարունակենք բաց և անկեղծ երկխոսությունը խնդրի լուծման համար: Ես կրկին մեկնելու եմ Բաքու՝ մի շարք բանտարկյալների հետ հանդիպելու համար”,-տեղեկացրել է Անն Բրասսերը:
Նշենք, որ մայիսի 22-ին Բաքվում պաշտոնական այցելությամբ գտնվում էր ԵԱՀԿ նախագահը՝ այդ կառույցի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում մի քանի պայթյուններ են եղել
Ռուսաստանի բանտերում ոստիկանների արտահագուստ ու ավտոմեքենաներ կարտադրվեն
Ռուսաստանի ուղղիչ հիմնարկներում սկսելու են ոստիկանների համար գլխարկներ կարել ու ավտոմեքենաներ արտադրել, հաղորդում է Газета.Ru-ն:
Պատիժների իրականացման դաշնային ծառայության մամլո բյուրոյի տվյալներով, գլխարկների արտադրության համար պայմանագրերն արդեն ստորագրվել են: Հետագայում պլանավորում են պայմանագիր կնքել նաև հատուկ ավտոմեքենաների արտադրության համար:
Այդ արտադրանքների առևտրով կզբաղվի հատուկ ստեղծված առևտրի տունը:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 24-ից 25-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 9 դեպքից` 8, մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, կողոպուտի 1 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Հունիսի 24-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցի սկզբնամասում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գառնի-Ջրվեժ ճանապարհի 11-րդ կմ-ին «Միցուբիշի Իո Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի սյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի բակում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արարատ Խ.-ն` հայտարարելով, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով:
Պարվզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Արարատ Խ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապան-Մեղրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Կատարվում է քննություն:
ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա չորս հանդիպում: Ուշագրավ մրցամարտեր են սպասվում:
Երրորդ տուր
F խումբ
Նիգերիա – Արգենտինա
ժամը 20:00-ին
«Բեյրա Ռիո» մարզադաշտ, Պորտու Ալեգրի
Բոսնիա և Հերցեգովինա – Իրան
ժամը 20:00-ին
«Արենա Ֆոնտե Նովա» մարզադածտ, Սալվադոր
E խումբ
Էկվադոր – Ֆրանսիա
ժամը 00:00-ին
«Մարականա» մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հոնդուրաս – Շվեյցարիա
ժամը 00։00-ին
«Ամազոնիա» մարզադաշտ, Մանաուս
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեցին ներբուհական քննությունները (լուսանկարներ)
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ “դերասանի վարպետություն” առարկայի քննությամբ մեկնարկեցին ինստիտուտի ներբուհական քննությունները: Դիմորդներից Ալվարդ Ասատրյանը “Անկախի” հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ դիմում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, իսկ քննություններին պատրաստվել նրան օգնել է մասնագետ, սական ոչ այս ինստիտուտից:
Քննակենտրոն ժամանեց նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի և ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ եղավ քննասենյակում, մասնակցեց մի քանի դիմորդների ցուցադրած համարներին:
Լրագրողների հետ զրույցուԱրմեն Աշոտանը նշեց, որ այս տարի Կրթության և գիտության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում են բոլոր համալսարանների ընդունելության քննությունները և այս ինստիտուտը ևս բացառություն չի կազմում:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի ընդունելության քննությունների ընթացքում կանխվել են նորագույն տեխնոլոգիաների միջամտությամբ քննական թեսթերի պատասխաններն իմանալու բազում փորձեր, իսկ ծնողներն ու դիմորդները, նախարարի խոսքերով նման հարցերում բացառիկ ստեղծարար են:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այս տարի ամենաարդիական մասնագիտություններն ըստ դիմորդների ներկայացրած հայտերի որո՞նք են, նախարարը նշեց. “Ցավոք սրտի, այս տարի ևս դիմորդների համար շարունակում են արդիական մնալ այն մասնագիտություները, որոնք հայկական աշխատաշուկայում մեծ պահանջարկ չունեն”: Ըստ նախարարի՝ բոլորն էլ գիտակցում են շատ մասնագիտությունների անհրաժեշտությունը, սակայն երբ հարցը վերաբերում է սեփական երեխային ու հարազատին, կրկին ուղղորդում են դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ուսումնասիրելու իրավագիտություն, միջազգային հարաբերություններ և այլն: Արդյունքում, այն մասնագիտությունները համար դիմորդների թիվն է փոքր, որոնց կարքին իսկապես մեր հասարակությունը զգում է:
Փոքր է նաև, ըստ նախարարի, մասնավոր բուհերի դիմողների թիվը. մասնավոր բուհերը, ըստ Աշոտյանի, պետք է ջանքեր գործադրեն իրենց հեղինակությունը, մատուցվող կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ:
Մեկնարկել են ներբուհական քննությունները
Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: <Դերասանի վարպետություն> մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ` հաջողություն մաղթելով բոլորին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել, որ ներբուհական քննությունները ևս անցկացվում են ԿԳՆ-ի հսկողության տակ: «Թատերական ինստիտուտը հետաքրքրություն հարուցող ինստիտուտ է: Ինչքան էլ խոսում ենք, որ մենք հումանիտար ու տնտեսագիտական բլոկում ունենք դիմորդների մեծ քանակ, այնուհանդերձ, արվեստի ու մշակույթի ինստիտուտներն ունենում են իրենց դիմորդները, որոնք սեփական նախապատրաստական աշխատանքներն են տանում այստեղ ընդունվելու համար: Չեմ կարող ասել, որ մրցույթը բարձր է, բայց կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հատուկ ուշադրության տակ ենք պահելու մշակույթի, արվեստի բուհերում պետական պատվերի ձևավորման գործընթացը: Եթե լինեն տաղանդավոր դիմորդներ, ապա մենք արդեն իսկ պետպատվերի շրջանակում հատկացված տեղերից, անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշել է Ա. Աշոտյանը: ՎԵրջինիս խոսքով` ավարտվել է ընդունելության քննությունների առաջին փուլը և թեստերից ու ընթացակարգերից լուրջ դժգոհություններ չկան: «Հանրությունն արդեն հանգիստ է ընդունում ընդունելության քննությունները:Արդեն երրորդ տարին է մեզ հաջողվում է քննությունները կազմակերպել այնպիսի մակարդակով, որ չի հարուցում անհանգստություն: Առջևում լրացուցիչ փուլն է՝ հուլիսի 2-ից 8-ը: Այդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցել առաջին փուլին՝ բանակից զորացրված երիտասարդները, Ջավախքի ու սփյուռքի դիմորդները, ինչպես նաև հիվանդության պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդները»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կանխվել են նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, որոնց միջոցով դիմորդները պատասխանել են քննության հարցերին: «Այդ դիմորդները հեռացվել են լսարանից, հիմա փորձում են դիմումներ գրել, որ թույլատրենք նորից մասնակցեն: Նախարարության տեսակետն այստեղ շատ խիստ է ու արդար. մենք չենք թույլ տալու նման դիմորդներին նորից մասնակցելու քննություններին, որովհետև հասարակությանը, նախարարությանը, ԳԹԿ-ին խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել և թող դաս լինի մյուսների համար, ովքեր կցանկանան քննություն ստանալ ոչ իրենց գիտելիքով և, բնականաբար, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից»,- նշել է նա:
Նշենք, որ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 191 դիմորդ:





