ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի ներկայացրած Հայաստանի հերթական վարկային նախաձեռնությանն ու այն կետին, որ Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի հերթական վարկը՝ 60 մլն եվրոյի չափով, արձանագրեց. «Հայաստանի արտաքին պարտքն ընդհուպ մոտենում է 5 մլրդ դոլարի սահմանագծին:Եթե հիշում եք, Հյուսիս-Հարավ ճանապարհին ծախսված միջոցների արդյունավետության վերաբերյալ վերահսկիչ պալատը կիսաաղմկահարույց տվյալներ էր ներկայացրել: Մամուլում ևս բազմաթիվ հրապարակումներ եղան այս ճանապարհի հետ կապված մշակված ատկատների փառահեղ մեխանիզմների մասին: Իսկ այսօր Աժ է բերվել մի նոր նմանատիպ օրինագիծ: Ուզում եմ հայտնել, որ ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ և պահանջելու է, որ կառավարությունն այսուհետ նախքան նոր վարկային նախաձեռնություն ԱԺ բերելը նախ հաշվետվություն ներկայացնի նախկին` առավել խնդրահարույց, խիստ կասկածելի վարկային ծրագրերի հետ կապված»:
Tag Archives: բհկ
«Ժողովուրդ». ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 1974 թ. հետո ծնված ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով իրենց չընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում եւ իրենց նկատմամբ չկիրառել այդ պահումները։ Մեր տեղեկություններով՝ պատգամավորները դիմումները ներկայացնելու են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների պաշտնական հրապարակումից հետո, երբ օրենքն ուժի մեջ մտնի։ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը։ Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տարածվում է ԱԺ 27 պատգամավորի վրա, որոնցից 10-ը ԲՀԿ-ականներ են։ ԲՀԿ-ից դիմում գրելու պատրաստվում են Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահան Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մուշեղ Պետոյանն ու Դավիթ Քոչարյանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Ի՞նչ կանի ԲՀԿ-ն, եթե քառյակը որոշի համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կառավարության ծրագրում 3 հիմնական ցուցանիշ կար` 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում` 65 000 դրամ, աղքատության կրճատում մինչև 10 տոկոս:
Չնայած սրան` ԲՀԿ-ն կառավարության ծրագիրը համարում է հանգրվանային: Պատգամավորը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունների 90 տոկոսը ներառվել է կառավարության ծրագրում, այնուամենայնիվ, մի շատ կարևոր առաջարկ բաց է թողնվել` ծրագրի կառավարման երաշխիքների և պատասխանատվության մասին դրույթը:
Ինչ վերաբերում է ծրագրի քվեարկությանը չմասնակցելուն, ապա ԲՀԿ խմբակցության անդամը հայտարարեց, որ դա քաղաքական բոյկոտ չէր:
Անկախ-ի հարցին, թե այդ դեպքում, եթե քառյակի որոշ անդամներ կրկին առաջարկեն միասնական օրակարգ ձևավորել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ, ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կհայտնի, Միքայել Մելքումյանն ասաց, որ քառյակը դատապարտված չէ բոլոր հարցերում միասնական դիրքորոշում ունենալ, և եթե որևէ հարց տվյալ փուլում առանձին քաղաքական ուժերի այս կամ այն շահերից է բխում, ապա այդ ուժը պետք է տանի իր գիծը. «Քառյակի անդամները պետք է նախ և առաջ լինեն իրենց սկզբունքների մեջ, իսկ եթե կան արմատական հակասություններ, պետք է առաջնորդվեն իրենց սկզբունքներով: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը և շարժվում է իր քաղաքական օրակարգով»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը:
ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն Աժ նախագահի թեկնածուի վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն վաղը
Ազգային ժողովի նախագահի թեկնածուների վերաբերյալ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը՝ քվեարկությունից առաջ: Այս մասին ասացին ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս նաև ավելացրեց, որ քառյակը միասնական թեկնածուով հանդես գալու հարց չի քննարկել, և իրենց համար անակնկալ էր Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը:
ԲՀԿ դիրքորոշումը այս ընտրության վերաբերյալ այն է, որ երկրի առջև ծառացած խնդիրները խորհրդարանում և Աժ նախագահի ընտրությամբ չեն լուծվում:
«Մի նախարար կունենաս, թե տասներկու, միևնույն է, այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես լինի». Արմեն Ռուստամյան
Այսօր կրկին խորհրդարանական քառյակը հրավիրել էր նիստ: Այս անգամ հրավիրող կողմը Դաշնակցությունն էր: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:
«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում, բայց էդ ամբողջապես ընդունելը նշանակում է, որ ամբողջապես պետք է կատարի նա, ով դա առաջարկում է: Հիմա չունենք էդ վիճակը, մեր վարչապետը չի, ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա արդեն խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա: Իսկ եթե չկա, ապա հարց է առաջանում՝ ինչ որակի և չափի կլինի իշխանությունների կողմից այդ ընկալումը և հատկապես որ կետերը կընդունվեն»:
Նրա խոսքով, իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, Մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց Ռուստամյանը:
Մի խոսքով՝ Ռուստամյանը գտնում է, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:
«Մենք իհարկե ակնկալում էինք, որ մեր յոթ կետերը չէին կարող լիարժեք ընդունվել, քանի որ դա նշանակում է իշխանության ռեսուրսների թուլացում»,-ասաց Ռուստամյանը՝ հայտարարելով, որ իրենք էլ մասնակիորեն չեն կարող կառավարության մաս կազմել,-կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»:
Ռուստամյանը նաև ասաց, որ եթե անգամ իրենց առաջարկները մասնակիորեն ընդունվեն, միևնույն է՝ իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք ընդունվեն:
Ռուստամյանը հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:
Նա հայտնեց, որ քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ արդեն ելնելով ՍԴ որոշումից և փորձելու է հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները:
Հնարավոր է, որ քառյակն այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջի արտահերթ նիստ հրավիրել:
Նաև ավելացրեց, որ քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չար գուշակողների: «Մենք շարունակում ենք աշխատել արդյունավետ»,-ասաց նա:
Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:
ԲՀԿ պատգամավորը համակարծիք չէ, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը համամիտ չէ կարծիքին, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել առաջին հերթին ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար: Նա չի կարծում, որ ինչ-որ մեկը որևէ ձևով կարող է կապել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը»:
«Մեր ձեռքն ու ոտքը հնարավոր կլինի կապել միայն լավ աշխատանքի և դրա արդյունքները տեսանելի դարձնելու դեպքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյովա Խաչատրյանը` նշելով, որ միակ բանը, որ իրենք ցանկանում են, կառավարության կողմից արդունավետ աշխատանք տեսնելն է: Մյուս կողմից էլ ԲՀԿ-ական պատգամավորը չի կարծում, որ լավ աշխատանքով էլ հնարավոր կլինի իրենց ձեռքերը կապել, քանի որ այդ դեպքում էլ իրենք ակտիվ կմասնակցեն այդ աշխատանքներին:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր հնարավորություններն իր առջև դրված խնդիրներն իրագործելու համար:
«Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական հմտություններ: Մենք միասին աշխատել ենք Արարատի մարզում, ես շատ լավ ծանոթ եմ նրա աշխատաոճին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով` Հովիկ Աբրահամյանն իր կենսագրության, աշխատանքային փորձի, հեռատեսության և կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ լիովին կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն իր առջև: ՀՀԿ-ական պատգամավորը նոր վարչապետի ընտրությունը ճիշտ է համարում: Ըստ նրա` շուտով բոլորը կզգան այդ ընտրության դրական արդյունքները:
Վարչապետի փոփոխությունը կպատռի բոլորի դիմակները
Ապրիլի 3-ը, հիրավի, բեկումնային օր էր Հայաստանի համար: Անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիրան Սարգսյանը, որ վերջին շրջանում դարձել էր հանրության թիրախը, մարդ, որին էին վերագրվում Հայաստանի բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները, և որի հրաժարականն էին պահանջում չորս կողմից:
Եվ ահա այդ անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ, բայց հանկարծ քաղաքական ու հասարակական ընդդիմադիր դաշտը լցվեց դատարկությամբ, անորոշությամբ ու աննպատակ դեգերումներով, ինչպես լինում է ցանկացած երկար սպասված երազանքի հասնելուց հետո:
Այդ դատարկությունը քաղաքական կուսակցությունները փորձեցին լցնել քաղաքական համաձայնության նոր մարտավարության սցենարով, որը, սակայն, մինչ օրս, մաքրագրված չէ: Իսկ հանրությունը սկսեց զբաղվել ապագա վարչապետի անվան շուրջ գուշակություններ ու վերլուծություններ անելով՝ բացառելով ու հանդուրժելով որոշ անուններ:
Եվ այսպես, ապրիլի 13-ին հայտարարվեց ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Հովիկ Աբրահամյան՝ ոմանց համար սպասելի, ոմանց համար երկար սպասված, ոմանց համար էլ անսպասելի ու միանգամայն անցանկալի անուն:
Հենց նույն օրը ֆեյսբուքյան հանրությունն իր գրառումներում խոր հիասթափություն ու տագնապ արտահայտեց: Այն նույն ֆեյսբուքահայությունը, որ օրեր առաջ դաժանորեն գնդակոծում էր Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությունը, մեկ մարդու պես սկսեց քննադատել դեռևս կառավարության մեջ ոչինչ չարած Հովիկ Աբրահամյանին: Ֆեյսբուքում մոտավորապես տիրում էր ՙՄրից ելանք, մրջուրն ընկանք՚ կամ ՙԱնձրևի տակից դուրս եկանք, կարկուտի տակ ընկանք՚ մտայնությունը:
ՙՉեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարկը կգտնի ինքն իրեն: Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է: Բայց մեկ է, այս քայլով վերջնական ներդաշնակություն դեռ չի լինի. մեկ-երկու նախարարներ էլ կան, որոնք պահանջվածից շատ են կարդացած ու մտածած. նրանց էլ եթե պաշտոնազրկեն, ամեն ինչ կընկնի իր տեղը՚,- գրել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
ՙԴեմ եմ՚ շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր վարչապետի հետ առանձնապես հույսեր չի կապում. ՙԵս հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի հետ, այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահմանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ՚:
Երիտասարդ ակտիվիստը նոր վարչապետին խորհուրդ տվեց դասեր քաղել նախորդների սխալներից և փորձել մոտ լինել հանրությանը, ձեռքը պահել հանրության զարկերակի վրա ու առաջնորդվել ոչ թե նեղ խմբակային, այլ ՀՀ քաղաքացիների շահերով: ՙԱստված լուսավորի նրա միտքը՚,- մաղթեց նա՝ հույսը դնելով Աստծո վրա:
ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր վարչապետի նշանակմամբ կանխատեսեց, որ այն բացասական գործընթացները, որոնք կային երկրում, ավելի խորացված կընթանան, քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտնի է իր ստվերային կապերով, ընտրություններ կեղծելու մեծ կազմակերպչական ջիղով և որպես օլիգարխիայի ներկայացուցիչ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, հստակ հայտարարեց. ՙՀովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը՚:
Նախագահը նաև նշեց, որ Աբրահամյանին անկեղծորեն ներկայացրել է բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ իրենց թիմակիցների շրջանում՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ իրենց հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ, ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել ՀՀԿ-ի շարքերում առկա հնարավոր մտահոգություններն իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և որ ամենակարևորն է՝ աշխատանքի շոշափելի արդյունքներով:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը, գովաբանելով հանդերձ նորանշանակ վարչապետին, նաև ակնարկեց, որ նրա նկատմամբ անգամ թիմի ներսում վերաբերմունքը միանշանակ չէ:
ՙԱյնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրան և անձամբ ամեն ինչ անելու եմ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը՚,- հայտարարեց նախագահը:
Քաղաքական մեծամասնությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հովիկ Աբրահամյանին նաև կադրային քաղաքականություն վարելու լայն ազատություն շնորհեց:
Իսկ նոր կառավարության կազմն այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի այս քայլը շատերը համարում են խորամանկ կոմբինացիա, որի նպատակներից մեկն էլ ԲՀԿ-ի չեզոքացումն էր՝ որպես ընդդիմադիր դաշտում քաղաքական լուրջ գործոնի: Սակայն, ինչպես ցույց տվեցին ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները, այս կուսակցությունը կոալիցիայի մաս կազմելու մտադրություն չունի: Իսկ գուցե մասնակիորե՞ն մասնակից լինի երկրի կառավարմանը, ինչը, թերևս, նույն կոալիցիան է՝ ձևական ալիբիով: Ոչ և դարձյալ ոչ: Սա արդեն ասում է ԲՀԿ-ի ՙծանր հրետանի՚ Նաիրա Զոհրաբյանը, որը ստալինյան ոճով հայտարարեց. ՙՆույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը՚։
Նոր կառավարության կազմում ՀՅԴ-ի մասնակցության հարցն էլ դեռևս հստակ չէ: Ճիշտ է, այս կուսակցությունն ամենից շատ է հակված ներգրավվելու իշխանական համակարգում և պորտֆելներ ձեռք բերելու, սակայն դաշնակցականներն էլ են հայտարարել, որ կոալիցիայի մեջ մտնելու հարց իրենց օրակարկում չկա:
Դե իսկ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚ ի սկզբանե էին հայտարարել, որ իշխող կուսակցության հետ որևէ ձևաչափով չեն համագործակցի:
Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն այսքան ոգևորված Տիգրան Սարգսյանի հրաժարականից և ի՞նչ շահեցին դրանից, եթե միևնույն է՝ իշխող համակարգում որևէ լուրջ տեղաշարժ չեղավ, այլ ընդամենը հանրապետականի թիմից մեկը փոխարինվեց մյուսով: Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ինչ շահեցին Սերժ Սարգսյանն ու հանրապետականը այս փոփոխությունից, եթե միևնույն է՝ ԲՀԿ-ն ցանկություն չունի ներգրավվելու կոալիցիայի կազմում, իսկ հակատիգրանսարգսյանական հանրույթը է՛լ ավելի դժգոհ է նոր նշանակումից:
Իրավիճակն իսկապես անհասկանալի ու անհեթեթ է: Եվ եթե նոր վարչապետը չկարողանա արդարացնել իշխանության ու ընդդիմության հաշվարկները, մյուս կողմից էլ՝ ավելանա հանրության դժգոհությունը, ինչն ըստ ամենայնի հնարավոր է, ապա այս իրավիճակը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման բոլորովին նոր սցենարի, որտեղ արդեն բաց տեքստով հանդես կգան իրական խաղացողները:
Անի Գասպարյան
Այսօր կայացել է ՀԱԿ-ի,ԲՀԿ-ի և ՙՙԺառանգություն՚՚ կուսակցությունների առաջին դեմքերի հանդիպումը
Այսօր, ապրիլի 10-ին կայացել է , Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ` ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հադիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ մամլո հաղորդագրություն
Ով էլ լինի նոր վարչապետը…
Այս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:
Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:
Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում
Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:
«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:
Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:
Սակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:
Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ
Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:
Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:
Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:
Ի՞նչ է մտադիր անել «հրաշալի քառյակը». նոր քննարկում չորս կողմերի մասնակցությամբ
Շաբաթներ առաջ երկարատև քննարկումներից հետո ի վերջո Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», համաձայնության եկան մեկ հարցի շուրջ և ձևավորեցին քաղաքական մեկ միասնական օրակարգ, այն է` ապրիլի 28-ին պահանջել կառավարության հրաժարականը: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, և «հրաշալի քառյակը» կանգնեց ծանր կացության առջև: Ի՞նչ պահանջել հիմա, ինչի՞ շուրջ համախմբվել և վերջապես ու՞մ դարձնել գլխավոր թիրախ:
Վարչապետի հրաժարականը շատերի խաղաքարերը խառնեց: Սակայն ինչպես երևում է, քաղաքական չորս խմբակցություններն ամեն կերպ փորձում են չեզոքացնել այն մտայնությունը, որ իրենց համագործակցությունը սպառվել է: Նրանք շարունակում են քաղաքական կոնսուլտացիաները, հանդես են գալիս համատեղ հայտարարություններով:
Հենց այսօր ՀԱԿ խմբակցության հրավերով տեղի ունեցավ քառյակի նիստ, որի օրակարգում վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի քննարկումն էր: Նիստին մասնակցում էին ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Իսկ ՀԱԿ-ը ներկայացնողը միայն Լևոն Զուրաբյանն էր, որն էլ վարում էր նիստը:
Շուրջ երեք ժամ տևողության քննարկումն ի վերջո ավարտվեց, սակայն պարզվեց, որ այն ոչ թե ավարտվել է, այլ պարզապես ընդմիջվել է Ազատության հրապարակում «Ժառանգության» կողմից անցկացվելիք հանրահավաքի պատճառով:
Ինչպես տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը, քննարկումն այսօր դեռ պետք է շարունակվի, քանի որ վերջնական հայտարարի կողմերը չեն եկել, իսկ ժամանակ շատ չկա:
Զուրաբյանը, սակայն, շտապեց փարատել այն միտքը, որ կողմերը նոր իրավիճակում չեն կարողանում նոր օրակարգ մշակել: «Մեր բանակցությունները շատ կոնստրուկտիվ և արդյունավետ մթնոլորտում են անցնում, համաձայնության դաշտն ենք փորձում լայնացնել և այդ ուղղությամբ բավականին լավ շարժ ունենք»:
Միաժամանակ նա խոստովանեց, որ դիրքորոշումներում ակնհայտ տարբերություններ կան, ինչով էլ պայմանավորված էր քննարկման տևողությունը:
«Կան տարբեր մոտեցումներ, և մենք հիմա փորձում ենք ստեղծել ընդհանուր մարտավարություն: Ի սկզբանե չորս քաղաքական ուժերն ունեցել են տարբեր պատկերացումներ Հայաստանում փոփոխությունների և իշխանության փոփոխության վերաբերյալ, սակայն վերջին շաբաթների ընթացքում մենք կարողացանք այդ մարտավարությունների շուրջ հասնել որոշակի համաձայնության գոնե առաջին քայլերի առումով, դրա համար էլ դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և որոշվեց ապրիլի 28-ին անցկացնել շուրջօրյա հանրահավաքներ: Հիմա ստեծվել է նոր իրավիճակ, որտեղ հետագա քայլերի շուրջ կան տարաձայնություններ: Մենք նորից պետք է մարտավարությունների միասնականություն ապահովենք: Հիմա զբաղված ենք այդ գործով: Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն:»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզված է, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված էր ապրիլի 28-ին տեղի ունենալիք իրադարձություններով, և հենց այդ սպառնալիքն էլ ստիպեց իշխանությանը նահանջել և առաջ ընկնելով` կատարել քառյակի պահանջը:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականով մատ արեց «հրաշալի քառյակին», Զուրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, թե դա ասողները որքանով են տիրապետում շախմատին, բայց եթե շախմատային տերմինալոգիայով խոսենք, ապա Սերժ Սարգսյանը հիմա գտնվում է ցուգցվանգային վիճակում»:
Նա կարծում է, որ վարչապետի հրաժարականը չի վտանգել քառյակի համագործակցությունը, և որ չպետք է իրավիճակը ողբերգական համարել:
Ի դեպ, նույն կարծիքին է նաև ՀՅԴ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` իրենք շարունակելու են պահանջել կառավարության հրաժարականը ապրիլի 28-ին:
Զուրաբյանը այս հայտարարությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դե եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն»:
Վարչապետի հրաժարականը, ըստ Զուրաբյանի, անակնկալ չէր, դա միակ քայլն էր, որ իշխանությունը կարող էր անել այն պահին, երբ ակնհայտ էր, որ ոչ իշխանական չորս ուժերը ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հավաքելու են մարդկային այնպիսի հոծ բազմություն, որը մի քանի անգամ գերազանցելու էր մարտի 1-ին հավաքած զանգվածը:
«Նա արեց այն միակ քյալը, որը կմինիմալիզացնի իր վտանգները, հիմա մենք էլ կանենք մեր քայլերը»:
Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ի պահանջը հետևյալն է` նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:
Հետաքրքիր է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր վերջին հարզազրույցում վարչապետի հրաժարականը կապել է միմիայն քառյակի գործունեության հետ: Այնինչ, շատերն այդ կարծիքին չեն: Միաժամանակ այդ հայտարարությամբ, փաստորեն, Տեր-Պետրոսյանը նսեմացրեց քաղաքացիական հասարակության դերը` մասնավորապես «Դեմ եմ» շարժման, որն իր ցույցերի ժամանակ ավելի շատ մարդ է հավաքում, քան քաղաքական կուսակցությունները:
«Անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել»,-ասել է Տեր-Պետրոսյանը։
Իսկ քառյակն այսօր կշարունակի կիսատ մնացած քննարկումը` ձգտելով հասնել համաձայնության գոնե առաջիկա քայլերի շուրջ:
ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները ՍԴ որոշման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», հանդես են եկել հայտարարությամբ` կապված «Կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հետ: Հայտարարության մեջ ասվում է.
«2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝
1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը եւ անվավեր են,
2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները,
3.օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Միեւնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ եւ հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:
Այսպիսով, մի կողմից Սահմանդրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը եւ հակասահմանադրական ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի եւ երկիմաստ ձեւակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը:
Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից եւ միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձեւափոխված եւ իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար:
Ելնելով վերոհիշյալից`
Պահանջում ենք իշխանություններից.
1.դադարեցնել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը,
2.ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,
3.խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում,
կոչ ենք անում
1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել,
2. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ,
3. գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,
4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին:
Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին:
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար:
ՀՀ ԱԺ խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»
«Հայ Ազգային Կոնգրես»
«Ժառանգություն»
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Իրատես de facto».Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա
«Իրատես de facto»-ն գրել է. «Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի և համալրումներ լինեն: Պորտֆելներ կարող են ստանալ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ապագա կոալիցիոն կառավարությունը շատ ավելի բազմաշերտ է լինելու, և այսօրվա ընդդիմադիրներից ոմանք ևս կարող են պաշտոններ ստանալ: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա «հին, բարի ժամանակների» հանգույն: Այս տարբերակը կարող է իրականանալ, եթե վերջիններիս համար, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, վարչապետի թեկնածուն «ընդունելի լինի»: Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, բացառվում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության մաս կազմեն»:
«Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է միացյալ հրապարակ ստեղծել և ապրիլի 9-ին բոլոր քաղաքական ուժերին և նախաձեռնություններին սպասում է միացյալ հրապարակում: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի խոսքով` իրենց կուսակցությունն իրեն այդ դաշտում չի տեսնում:
««Հայազնը» Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին իրեն չի տեսնում և չի տեսել նաև նախընտրական շրջանում և, ընդհանրապես, մենք նրան չենք տեսնում հարմար թեկնածուի դերում: Եթե նա միացյալ հրապարակն այն ժամանակ ձևավորեր, գուցե ավելի մեծ լիներ արդյունքը: Ակնհայտ է, որ հիմա նրա հնարավորությունները շատ քիչ են որևէ հարթակ ձևավորելու համար: Մենք ունենք հաթակի ձևավորման մեր սկզբունքները, և դեռևս որևէ քաղաքական ուժ այդ առումով առաջարկ չի արել: Անձերի շուրջ ձևավորվող որևէ հարթակի «Հայազնը» չի մասնակցելու կուլիսային քննարկումներում ձևավորվող ձևաչափերի` ևս: Եթե կլինի ինչ-որ ձևաչափ, որը կենթադրի կոլեգիալ ղեկավարություն ընտրական գործընթացի հիման վրա, «Հայազնը» մեծ սիրով կմասնակցի»,- ասաց Արմեն Աղայանը:
Ըստ բանախոսի` քաղաքականությունը միշտ էլ շոուի և պայքարի հանրագումար է եղել, անգամ ամենալուրջ պայքարող ուժերը ստիպված են երբեմն շոու անել` ցույց տալու համար իրենց ուժն ու ինքնուրույնությունը: Եթե դա արդյունավետ է, կարճ ժամանակ հետո կերևա: Սակայն մեր քաղաքական գործիչների մոտ անցյալից դասեր քաղելու դեֆիցիտ կա, նույն բանը պարբերաբար կրկնում են նույն անարդյունավետությամբ: Իսկ դրանց միշտ էլ ժողովուրդն արձագանքում է և օբյեկտիվորեն գնահատում այս կամ այն ուժի քաղաքական հեռանկարը:
«Պետք է հասկանալ, որ անձերի ժամանակն անցել է, իհարկե, կուռքեր դեռ կարող են ստեղծվել, պարբերաբար փորձ է արվում հին տեխնոլոգիաներով նոր կուռքեր ստեղծել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի արդյունքներից հետո այլևս որևէ կուռք չի կարող ավելի լավ արդյունք ձևավորել, այդ ճանապարհը դատապարտված է: Այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն հերթական կուռքին մատուցել ժողովրդին, կստանան դրա պատասխանը` ընտրությունների ժամանակ ձայների ցածր տոկոսներով, հրապարակների սակավամարդությամբ և այլն»,- ասաց Արմեն Աղայանը:
Հարցին` արդյո՞ք չորս ուժերի համախմբման այս գործընթացի հետևում Ռոբերտ Քոչարյանին կանգնած չի տեսնում, Արմեն Աղայանը պատասխանեց. «Դժվար է չնկատել, որ այս գործընթացի մեջ կա նաև Ռոբերտ Քոչարյանը: Բայց մեկ այլ տեսնկյունից դիտարկելիս դա ուղղակի մահացու կլիներ Հայ ազգային կոնգրեսի համար: Մասնակցելով այդ գործընթացներին` նա պետք է երաշխիքներ ունենար, որ այդ ամենի արդյունքում գոնե Ռոբերտ Քոչարյանը չի հայտնվելու, որովհետև կա մարտի 1, կան ՀԱԿ-ի նախկին մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանին ուղղված: Այս առումով բավական բարդ խնդիր կա, չորս ուժերն այս փուլում ինչ-որ ձևով համաձայնության են եկել, այս փուլում չկա Ռոբերտ Քոչարյանը, բայց կան որոշակի ռեսուրսներ, որոնք գուցե նրա հետ կապված են»,- ասաց «Հայազնի» անդամը:
Վերջինս նշեց, որ իրենց համար նախկին և ներկա իշխանավորները մեկ ամբողջություն են, նույն հարթության մեջ են և’ Լևոն Տեր-Պետրոսյանը, և’ Ռոբերտ Քոչարյանը, և’ Սերժ Սարգսյանը, նրանց միջև գաղափարական կամ երկիրը կառավարելու օրինավորության հարցում որևէ տարբերություն չկա: Սա նույն փիլիսոփայությամբ իշխանությունն է: «Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի: Մենք դուրս ենք վերնախավի քաղաքական փիլիսոփայությունից:
Ֆինանսների նախարարը` ԲՀԿ-ին. «Ճիշտը և ճշմարտությունը դառն են, ընտելացեք դրան»
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ առիթն օգտագործեց պատասխանելու ԲՀԿ խմբակցության պատգամավորների, որոնք անդրադարձել էին իրեն: “Այդ արտահայտությունները անցնում են վիրավորանքնի սահմանագիծը: Հարգելիներս, ճիշտը և ճշմարտությունը դառն են, ընտելացեք դրան: Ձեր արձագանքները երեկվա իմ ասածին, ապացույցն են, որ ինչ ասվել է, ճիշտ է ասվել, ցավոք, ձեր պարագայում ճիշտը միակը չէ”:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:
Այդ հայտարարությանն այսօր խորհրդարանում արձագանքել էր նաև ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը` ասելով. “Նորմ է դառնում, որ կառավարության անդամները տղայական պահվածքով գալիս, հոխորտում են, հետո էլ ասում՝ տեսաք՝ ինչ արինք: Իրականում դա տղայական պահվածք չէր, այլ երեխայական: Մնա չափի մեջ և մի խառվի մեծերի գործերին”:
«Մնա չափի մեջ և մի խառվի մեծերի գործերին». ԲՀԿ-ական պատգամավորը` ֆինանսների նախարարին
Երևանի տրանսպորտի հրատապ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի վերաբերյալ ելույթում ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն անդրադարձավ նախօրեին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ելույթին:
“Ինչ վերաբերում է Դավիթ Սարգսյանին, ապա հայտնի չէր՝ ինչի էր եկել, իրեն թույլ տվեց վիրավորել ԲՀԿ –ին: Նորմ է դառնում, որ կառավարության անդամները տղայական պահվածքով գալիս հոխորտում են, հետո էլ ասում՝ տեսաք՝ ինչ արինք: Իրականում դա տղայական պահվածք չէր, այլ երեխայական: Մնա չափի մեջ և մի խառվի մեծերի գործերին: Խաղատների մասին օրինագիծը ներկայացրել է կառավարությունը, նա էլ կառավարության նիստին, հավանաբար, գլուխը կախ քվեարկել է: Կամ այդ հարցն ինչ կապ ունի այստեղ քննարկվող խնդրի հետ: Նա ըստ էության վիրավորեց չորս քաղաքական ուժերին”, -ասաց Ստեփան Մարգարյանը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:
«Փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը». Վահե Էնֆիաջյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու և իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը: Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա: Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը, որը համաժողովրդական աննախադեպ ոգևորություն է առաջացրել՝ վախի և խուճապի նոպաներ է առաջացնում կառավարության որոշ ներկայացուցիչների մոտ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հանդիպումների շարքն ու քննարկումները նոր հույս ու ակնկալիքներ են ստեղծում հայ մարդու և մեր ժողովրդի համար: Սա գոտեպնդում է յուրաքանչյուր քաղաքացու՝ ով վճռական է իր մասնաբաժինն ունենալ այս մեծ հայրենանպաստ գործում: Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը և ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից»:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:
Անկախ
Կարմիր նշագծումների համար այդքան գումար հնարավոր էր ծախսել, եթե Ռեմբրանդտի ներկ օգտագործած լինեին
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում, անդրադառնալով տեսանկարահոնղ սարքերի, վճարովի կանգառների կիրառման կարգերին նշեց, որ անընդունելի է, երբ Ֆրանսիայի, Շոտլանդիայի նման երկրներում ճանապարհային երթևեկության խախտումների հետևանքով հավաքագրված տուրքերն ամբողջությամբ վճարվում են պետական բյուջե, իսկ Հայաստանի նման երկրում, որ կարիքը ունի, վճարվում է ընդամենը 30 տոկոսը, իսկ 70 տոկոսը գնում է մասնավորի գրպանը: <<Ասում են` կարմիր նշագծումների համար այդ ընկերությունը ծախսել է հինգ միլիոն դոլար: Մենք հարցրել ենք մասնագետի` հնարավոր է այդքան մեծ գումարի ծախս անել, նա էլ ասաց, որ մի դեպքում է հնարավոր, եթե Ռեմբրանտի կամ ռենեսանսի այլ աշխարհահռչակ նկարչի ներկ է օգտագործել>>,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու Երևանի տրանսպորտի ոլորտի հրատապ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը:
Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Տիկին Զոհրաբյան, այնքան բարկացած եք խոսում, որ չենք կարողանում լսել, մի քիչ որ ցածր խոսեք, կկարողանանք լսել»:
Չաշխատող մայրերին նպաստ տալու հարցը մինչև 2015 թ. չի քննարկվի. ԲՀԿ նախագիծը մերժվեց
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց և 45 կողմ, 69 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը:
Մինչ այդ նախագծի համահեղինակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց կողմ քվեարկել նախագծին` հիշեցնելով, որ այն վերաբերում է նաև չաշխատող մայրերին ևս նպաստ տալուն, որոնք մինչև երկու տարեկան երեխաների խնամքով են զբաղված:
«Մեծ-մեծ խոսելով չի, որ մենք սոցիալական ողջ փաթեթը ողջ ծավալով ներկայացնում ենք»,-ասաց Զոհրաբյանը,-եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նպաստը, ապա այն մայրերը, որ աշխատող չեն, առավել ևս կարիք ունեն այդ նպաստին»:
Նշենք, որ ԱԺ գլխադասային` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց հետաձգել օրենքի նախագծի քննարկումը` նշելով, որ արդեն երկու տարի է` ՕԵԿ խմբակցության կողմից ներկայացվել է համանման մի նախագիծ:
Բացի այդ, Հակոբյանը պարզաբանեց, որ այս նախագիծը չի նախատեսում չաշխատող մորը երեխայի նպաստ տալուն, այլ վերաբերում է «աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն»: «Մենք խնդիր ունենք` ո՞ր մորը փող տալ` աղքա՞տ ընտանիքի մորը, թե՞ հարուստ, աշխատո՞ղ, թե՞ չաշխատող»,-ասաց Հակոբյանը:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի խոսքով` արդեն երկու տարուց ավելի է` իրենց կողմից համանման օրենքի նախագիծ է ներկայացվել, որը կառավարությունը չի մերժել, սակայն առաջարկել է քննարկել 2015 թվականին: «Այո, բոլոր մայրերը, անկախ նրանից, աշխատում են, թե ոչ, պետք է ստանան միանվագ նպաստ»,-հավելեց Մարգարյանը` առաջարկելով ԲՀԿ-ական գործընկերներին հետաձգել նախագծի քննարկունը, համադրել իրենց նախագծի հետ և միասին քննարկելուց հետո ներկայացնել:
Հովհաննես Մարգարյանի առաջարկը շատ դուր եկավ Հովիկ Աբրահամյանին. «Տիկին Զոհրաբյան, բայց ես չհասկացա, ինչի՞ չեք համաձայնում: Նորմալ առաջարկ է ներկայացնում պարոն Մարգարյանը»:
Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե անգամ կար այլընտրանքային նախագիծ, պետք չէր մերժել ԲՀԿ-ի նախագիծը. «Ցանկացած նախագիծ, որպեսզի այլընտրանքային դիտվի, անհրաժեշտ է, որպեսզի ներառվի օրակարգում: Կարող էր երկուսն էլ քննարկվեր»,-ասաց նա:
«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար». քաղտեխնոլոգ
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նկատեց, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար: Փոխարենը իշխանական և ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա:
Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:
<<Այնպես չէ, որ չորս ոչ իշխանական ուժերը միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Նրանք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց գործընթաց կա>>,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ բոլոր ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը դառնա ԲՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ բավական ժամանակ կա, կարող է մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվել:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ չորս քաղաքական ուժերը չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ հանուն լավի, թե հանուն իշխանության գալու:
«Նրանք հիմնվում են սոցիալական խնդիրների վրա, բայց պարզ չէ, թե ինչպե՞ս են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանության հետ գալու են փոխհամաձայնության վարչապետ ընտրելու հարցում, ինչո՞ւ չի երևում Հանրապետական կուսակցության փոխզիջման պատրաստակամությունը: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է <<ԴԵՄ ԵՄ>> քաղաքացիական նախաձեռնությունը, որին չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Հարցին՝ չորս ոչ իշխանական ուժերից որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, քաղտեխնոլոգը պատասխանեց. « Ինձ համար լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է, որն ապացուցել է իր աշխատանքը բոլոր իրավիճակներում: Այսօր, իհարկե, թույլ է, քան 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս. ԲՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են: Նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է, այն օրը, երբ իշխանություն չեղավ, կուսակցությունում մի բուռ մարդիկ են մնալու»:
Տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ այսօր տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:
Կողմերը որոշեցին շարունակել խորհրդակցությունները:
