«Արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին». ազատամարտիկ

Ապարանցի-Վլե«Հպարտ եմ, որ ապրել եմ պատմական այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ թե հողեր ենք կորցրել, այլ հետ ենք բերել,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակիցներից  56-ամյա Վոլոդյա Մաթևոսյանը:-  Եթե XX դարի  վերջին 10-12 շրջան վերցրինք, մի այդքան էլ XXI դարում կվերցնենք: Ասել եմ` ապրելու եմ մինչև Նախիջևանը, Շահումյանը և  Գետաշենը  հետ վերցնենք»:

Մաթևոսյանին իր զինակիցները և հանրությունը գիտեն որպես Ապարանցի Վլե:

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վոլոդյա Մաթևոսյանը ևս միացավ շարժմանը` իր մեքենաները տրամադրելով ազգանպաստ գործին: Նրան շարժմանը միանալուց հետ չպահեց անգամ ԿԳԲ կանչվելը:

Վոլոդյայի մորաքրոջ տղան` հայր Վահանը, այդ ժամանակ հոգևորական էր Բաքվում: Երբ այնտեղ խժդժություններ են սկսվում, նա հայերին ապաստան է տալիս եկեղեցում: Երբ եկեղեցին գրավում են, հայր Վահանն էլ հայտնվում է ադրբեջանցիների ձեռքում: Սակայն մեր կաթողիկոսի և ադրբեջանցիների մոլլայի միջամտությամբ նա ազատ է արձակվում ու Հայաստան վերադառնում: Կաթողիկոսը ցանկանում էր նրան նշանակել Հնդկաստանում հայոց թեմի առաջնորդ: Սակայն հայր Վահանը հրաժարվում է` ցանկություն հայտնելով սահմանամերձ բնակավայրում հաստատվել, որտեղ կծառայեր նաև հայրենիքին:  Հայր Վահանը նշանակվում է Մակարավանքի վանահայր և միաժամանակ դառնում է տեղի պաշտպանական ջոկատի հրամանատարը: 1989-ի դեկտեմբերի մարտից հետո նա անհետ կորչում է, ենթադրաբար`  գերի է ընկնում ադրբեջանցիների մոտ:

Վոլոդյան, որ խորհրդային բանակում ընդամենը 4 ամիս էր  ծառայել, ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը, որն էլ տեղից տեղ  էր շրջում` մասնակցելով բնակավայրերի պաշտպանությանը: Մաթևոսյանն էլ փորձում էր ինչ-որ կերպ  տեղեկություն ստանալ իր եղբոր մասին:

«Իմ միակ ցանկությունը հայրենիքս պաշտպանելն էր և  եղբորս գտնելը»,- հիշում  է նա:

1991-ին իր ջոկատի հետ  Արցախ է տեղափոխվում` այնտեղ մարտեր մղելով ադրբեջանցիների դեմ: Երբ ծնվում է նրա դուստրը, անգամ չի կարողանում փոքրիկին տեսակցության գալ. լուրեր էին ստացվել, որ հայերի դեմ Թուրքիայից կռվելու են եկել «Գորշ գայլերի» անդամներ, Աֆղանստանից` մոջահեդներ, Չեչնիայից` Շամիլ Բասաևն իր խմբով: Նման պայմաններում Ապարանցի Վլեն չէր կարող իր ջոկատը թողնել ու Երևան վերադառնալ, նրա հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ևս դեմ էր դրան:

1992-ի դեկտեմբերին, երբ հերթական անգամ վիրավորվում է, կարճ ժամանակով Երևան է գալիս` թե՛ արդեն կես տարեկան փոքրիկին տեսնելու, թե՛ բուժվելու համար: Մի քանի օր անց, սակայն, լուր է ստանում, որ իր մարտական ընկերներից Բասմաչը (Նեֆեսով Կուրբան Միրատ Բազարբաևիչ) զոհվել է:

Մաթևոսյանը պատմում է, որ իր ջոկատը բազմազգ էր. իր հետ թշնամու դեմ,  հայերից բացի, պայքարում էին  եզդիներ, ռուսներ, ասորի, հույն, թուրքմեն: Հենց թուրքմեն ազատամարտիկը Բասմաչն էր: Նա Հայաստանում էր անցել զինծառայությունը: Եվ Արցախի համար պայքարում էլ հայերին էր միացել` ադրբեջանցիներից լուծելու նաև իր անձնական վրեժը:

բասմաչ«Շատ ուժեղ տանկիստ էր, նավոդչիկ, իսկական հերոս»,- ասում է Մաթևոսյանը:

Հիշում է, որ սկզբում կասկածանքով էր վերաբերվում Բասմաչին` նրան հետախուզության էր ուղարկում, հետևից էլ մեկ ուրիշին` թուրքմեն զինակցին հետևելու: Ասում է, որ Աղդաբանի (տարածք Քարվաճառում, այժմ այստեղ բնակավայր չկա) ազատագրման օպերացիայից առաջ Բասմաչը հայտնում է, որ ադրբեջանցիները տանկային գումարտակ ունեն: Նրա հայտնած կոորդինատներով խմբի անդամներից Գրադի Ժորան ադրբեջանցիների 6 տանկ է ոչնչացնում:

Սկզբում Մաթևոսյանը ցանկանում էր իր զինակցի` Բասմաչի դիակը Աշգաբադ տեղափոխել, բայց  նրան զգուշացնում են, որ իրավիճակը լարված է և այնտեղ մեկնելը վտանգավոր է: Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

«Ինքն այստեղ մի  հայ աղջկա էր սիրահարվել, ուզում էր ամուսնանալ, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ,- ասում է Մաթևոսյանը:- Միակ մահմեդականն է, որ թաղված է Եռաբլուրում: Ամեն տարի դեկտեմբերի 13-ին մնացած ընկերներով  միշտ այցելում ենք Եռաբլուր.  նա այստեղ այլ հարազատներ չունի»:

Այս տարի ևս դեկտեմբերի 13-ին ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջ հիշատակը կհարգեն Եռաբլուրում:

Խոսելով պատերազմի մասին` Մաթևոսյանն ասում է, որ  հրամանատարից շատ բան է կախված: Երբ հրամանատարը բանիմաց ու հնարամիտ է, կարող են անգամ 12 հոգով առանց կորստի գյուղ գրավել, ինչպես տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի 3-րդ սովխոզ գյուղի (տարածք Մարտակերտում,  այժմ չեզոք գոտում է գտնվում և բնակեցված չէ) դեպքում. մարտական գործողությունը ղեկավարում էր Հայկազ Բաղմանյանը:

Մաթևոսյանը հիշում է, որ հենց այդ գյուղում մի երիտասարդ ադրբեջանցու են գերեվարում: «Հարցրի, թե կռվող չես, ինչո՞ւ ես եկել»,- հիշում է Մաթևոսյանը: Ի պատասխան ադրբեջանցի երիտասարդն ասել է, որ համալսարանն ավարտել է, բայց դիպլոմը չեն տվել` պարտադրելով, որ ռազմաճակատ մեկնի:

մարտակերտՄաթևոսյանի կարծիքով` մարդուն ստիպողաբար հայրենասեր չես դարձնի: Հայ մարտիկների ոգին բարձր էր, և նրանք անհավասար մարտերում անգամ կարողանում  էին հաղթել, քանի որ կամավոր էին մեկնել հայրենիքը պաշտպանելու:

«Իմ 7 տարվա կռիվների ընթացքում ո՛չ կին եմ սպանել, ո՛չ երեխա , ո՛չ էլ անզեն տարիքով մարդ, իմ թշնամիները զենքով են դեմս դուրս եկել»,- ասում է Մաթևոսյանը` հավելելով, որ անգամ վիրավոր գերեվարված ադրբեջանցիներին են բուժել, կերակրել, մարդավայել  վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Ապարանցի վլեԵրբ զինադադարով  պատերազմն ավարտվում է, Վոլոդյա Մաթևոսյանի ծառայությունը չի ավարտվում. նա շարունակում է զինվորական ծառայությունը. այս անգամ Օմարի լեռնանցքն էր պաշտպանում հակառակորդից: Սակայն 1996-ին հերթական անգամ պայթում է ականի վրա` վիրավորվելով: Դրանից հետո այլևս ստիպված թողնում է զինվորական ծառայությունը` շարունակելով արդեն պայքարը քաղաքացիական հարթությունում: 1996-ի սեպտեմբերին, որպես քաղբանտարկյալ, ձերբակալվում է:

Ներկայումս  ազատամարտիկ Ապարանցի Վլեն դարձյալ դատական քաշքշուկների մեջ է, բայց այս անգամ` բնակարանային հարցով: Բնակարանը, որ ստացել է որպես ազատամարտիկ ու որտեղ ապրում է շուրջ 10 տարի, ցանկանում են նրանից խլել. հայտնվել է ինչ-որ մարդ, որը բնակարանը, չգիտես թե ինչպես, գնել է  երկու տարի առաջ:

Խոսելով ներկայի մասին` Մաթևոսյանը  մարդկանց, ովքեր Արցախի հարցով են զբաղվում կամ հետագայում կզբաղվեն, հիշեցնում է` արյունով ազատագրած  հողը  չենք թողնի տան ուրիշին: Իսկ երիտասարդներին կոչ է անում սիրել հայրենիքը և երբեք չլքել Հայաստանը. «Իմ թոռներին էլ սովորեցնում եմ, որ Հայաստանից էն կողմ պետություն չունենք:  Մի՛ խաբվեք, մի՛ հրապուրվեք արտասահմանով»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապող օղակ

Եթե հայաստանյան գիտնականն իր հետազոտությունների  արդյունքում որևէ բացահայտում անի, որը կարող է կիրառական նշանակություն ունենալ տնտեսության մեջ, ապա բարդ խնդրի առջև կկանգնի. կա՛մ  պետք է բավարար գործարար հմտություններ ունենա, որպեսզի  ապահովի իր գաղափարի առևտրայնացումը և մուտքը տնտեսություն,  կա՛մ էլ պետք է սպասի, որ նույն հայտնագործությունը իրենից հետո օտարերկրյա որևէ այլ գիտնական անի և վայելի դափնիները: Հայաստանում չկա այն օղակը, որն ապահովում է գիտություն-տնտեսություն կապը:

«Գիտնականը չի կարող ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել»

վարդան գևորգյան«Տնտեսական զարգացման ցուցանիշներն այլևս նավթն ու բենզինը չեն: Երկրները գերտնտեսական աճ են ունենում միայն նորարարական տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված ընկերությունների շնորհիվ:  Բայց դա Հայաստանի համար չի ասված, քանի որ մեզ մոտ  այս պահին այդ բեռը թողնված է գիտական հաստատությունների և գիտնականների վրա,- ասում է PSI ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը:- Գիտնականը չի կարող   ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել, գիտնականը պետք է գիտությամբ զբաղվի,  իսկ  գիտանորարարական համակարգը  պիտի ապահովի  գիտության արդյունքի կիրառական դառնալը և շուկա մուտք գործելը»:

PSI (precision sensors and instruments) ընկերությունը հիմնադրվել է 2008-ին:  Մի խումբ հայ գիտնականներ, որոնք  ունեին կիրառական նշանակություն ունեցող գաղափար, որոշել են ինքնուրույն իրենց  մտքի արտադրանքը շուկա հանել: 2008-2009 թթ. ընկերությունը մասնակցել է «Global security challenge»  համաշխարհային մրցույթին, որ կազմակերպում է Լոնդոնի բիզնես դպրոցը, դրան մոտ 1200 ընկերություններ են մասնակցում ողջ աշխարհից: PSI-ը երկու տարի հայտնվել է լավագույն վեցնյակի  մեջ, որից հետո սկսել է համագործակցել սինգապուրյան մի ընկերության հետ: Ընկերության ստեղծած տեխնոլոգիայի վրա  սենսորներ են ստեղծվում, որոնցով այժմ հետաքրքրվում են նաև ամերիկյան ընկերությունները: Սենսորները կարող են կիրառվել բժշկության, սեյսմիկ պաշտպանության, ռազմական անվտանգության ոլորտում:

Սենսորները 200 մետրից զգում են մարդու քայլքը և ահազանգում, մինչդեռ միջազգային  շուկայում առկա նմանատիպ սենսորները առավելագույնը 30 մետրից են շարժը զգում:

Գևորգյանն ասում է, որ այսօր մոդայիկ թեմա է խոսել գիտելիքահենք տնտեսության մասին,  բայց փաստն այն է, որ Հայաստանում այսօր գիտությունն ամենացածր ֆինանսավորվող ոլորտներից է. «Խելոք մարդիկ Հայաստանից գնում են և գնացել են զուտ ֆինանսական պատճառով: Եթե ոլորտը գերակա ես հայտարարում, բայց այն ամենաթերֆինանսավորվող ոլորտն  է, ո՞նց կարող ես գիտելիքահենք տնտեսություն կառուցել: Մանավանդ որ, միայն գիտությունը ֆինանսավորելով, հարցը չի լուծվում, պետք է նաև ստեղծել ազգային նորարարական համակարգ»:

Գևորգյանի կարծիքով` միայն ֆինանսավորման ավելացմամբ ո՛չ  գիտելիքահենք տնտեսություն կստեղծվի,  ո՛չ էլ գիտություն-տնտեսություն կապ: Հարկավոր է համակարգված մոտեցում. գիտանորարարական համակարգի ստեղծում, գիտության մենեջերների պատրաստում, գիտական հետազոտությունների ուղղորդում` տնտեսության պահանջները գիտության ոլորտ բերելով,  մտավոր սեփականության հարցի կարգավորում ևն:

Իսկ առայժմ ոչ միայն դա չկա, այլև գործող օրենսդրական դաշտը խանգարում է անհատներին ինքնուրույն այդ ամենն  անել. «Օրինակ, եթե մենք հիմա կարիք ունենք  որևէ սարք  ինչ-որ  ցուցահանդես տանելու` հասարակ մի սենսոր, մի ամիս ձևական թղթաբանությամբ ենք զբաղվում, երեք կառույցից թույլտվություն ենք ստանում, որ այդ սարքը կարելի է  արտահանել, հսկայական գումար ենք ծախսում, որպեսզի սարքն  ընդամենը մի շաբաթով ցուցահանդես տանենք  հետո նորից հետ բերենք: Աբսուրդ է, այս ողջ ոլորտը պետք է կարգավորվի»:

PSI-ն առայժմ այլ գաղափարների առևտրայնացմանբ չի զբաղվում, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, իսկ գործը` աշխատատար ու դժվար: Սակայն առաջիկայում մտադիր են համագործակցել հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների հետ նրանց մոտ առկա գիտական նորարարությունները շուկա մտցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում»

գիտություն-տնտեսությունԱնդրադառնալով պետական մակարդակով անհրաժեշտ քայլերին այս ոլորտում, Գևորգյանն ասում է. «Այս պահին առաջին անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում, գոնե դրանից պետք է սկսել, որովհետև հետո գուցե փորձես գիտելիքահենք տնտեսություն ստեղծել, բայց պարզվի, որ գիտելիք այլևս չկա»:

Նրա խոսքով` Հայաստանում գոնե մեկ technology transfer (տեխնոլոգիաների փոխակերպման)  գրասենյակ է հարկավոր, որը զբաղվի ողջ երկրի գիտական նորարարությունների առևտրայնացմամբ:

Այս հարցում համակարծիք է նաև «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ի  գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խաչունցը:

Նա ասում է, ոչ Խորհրդային Միությունում առաջնահերթ և ավելի ճանաչման արժանացող աշխատանքները հիմնարար գիտությանն էին վերաբերում:

Խորհրդային տարիներից  շարունակվող իներցիայով, գիտնականների միջավայրում հիմնարար  հետազոտությունների արդյունքներն ավելի բարձր են դասվում: Միաժամանակ մոտեցում կա, որ ավելի ճիշտ է տպագրվել  բարձր հղման ինդեքս ունեցող արտասահմանյան մամուլում, որը կապահովի հետագայում միջազգային դրամաշնորհներում ներառվելը`  անկախ շուկայականացման պոտենցիալից: Այսինքն, ըստ Խաչունցի,  շուկայի մեծ պոտենցիալը լրջորեն չի գնահատվում և չի դիտարկվում:

«Կարևոր խնդիր  է, որ անկախության  հռչակումից  հետո արդեն 20 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց բուհերում որևէ վերակառուցում չեղավ, որպեսզի ուսանողության, երիտասարդների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար գիտության առևտրայնացման ուղիների մասին ուսուցում կազմակերպվի և նման բաժիններ ու ենթաբաժիններ բացվեն բուհերի ստորաբաժանումներում, որտեղ ճշգրիտ գիտությամբ են զբաղվում»,- ասում է Խաչունցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում  չկա այն ենթակառուցվածքը, որը գաղափարների, արդյունքի շուկայականացման առումով նեցուկ կկանգնի գիտնականներին, նրանք  էլ   հիմնականում տեղյակ չեն, թե ինչ գործընթաց է գիտության առևտրայնացումը և ինչ չափանիշների պետք է բավարարի գաղափարը շուկա մուտք գործելու պոտենցիալ ունենալու համար, «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ն 2005-2006-ին ծրագիր իրականացրեց  գիտության արդյունքների շուկայականացման վերաբերյալ:

Առաջին փուլում 50 հայտ ստացան և բոլորին ընդհանուր գիտելիքներ մատուցեցին շուկայականացման գործըթնացի մասին, հետո թիմերին առաջարկվեց ներկայացնել  իրենց գաղափարի շուկայական պոտենցիալը, ինչի արդյունքում մնացին 15 թիմ և 16 հայտ: Այս թիմերին արդեն գործնական հմտություններ մատուցվեցին,  ու երկլեզու բուկլետ տպագրվեց, որում ներկայացվում էր ծրագիրը, ինչպես նաև բիզնես ֆորում կազմակերպվեց: Հենց այս սեմինարի հիմքի վրա հետագայում ստեղծվեց PSI-ը:

ՀԿ-ն, սակայն, հետագայում նման ծրագրեր այլևս չի իրականացրել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. դոնորների համար նման ներդրումները ռիսկային են:

Խաչունցն ասում է, որ հարկավոր է երկու-երեք հաջողված փորձ, որպեսզի «համը գիտնականների բերանն ընկնի»: Այժմ  գիտեն միայն   բաց ամսագրերում տպագրվելը, գրանտներով ֆինանսավորվելը, իրենք տեսադաշտը նեղացրած  միայն այդ ուղիով են գերադասում շարժվել, եթե գիտության արդյունքի շուկայականացման  մի քանի ակնհայտ հաջող տարբերակ լինի,  դա կտանի նրան, որ  գիտնականների մի մասը գոնե հարցին այլ կերպ կսկսի նայել»:

Բայց անգամ այս պարագայում, առանց պետական համակարգված գործունեության, գործն առաջ չի գնա. «Եթե ներդրման համար նպաստավոր պայմաններ չստեղծվեն, ներդրողն անգամ   արժանի գիտական արտադրանքի դեպքում կառաջարկի ներդրման համար երրորդ երկիր ընտրել: Դրանք պետք է փոխշահավետ լինեն թե՛ հեղինակի, թե՛ ներդրողի համար, և պետք է լինի մի կառուց, որը կաջակցի գործընթացին»:

Խաչունցը կարևորում է նաև, որ բուհերում  գիտության առևտրայնացման վերաբերյալ դասաժամ ներառվի, ընդ որում` ոչ միայն ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետներում, այլ նաև տնտեսագիտության և իրավաբանության, քանի որ շուկայականացման գործընթացում ծագում են թե՛ իրավական, թե՛ տնտեսագիտական հարցեր:

Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն ստեղծելու հարցը քննարկվում է արդեն 2 տարի` դեռևս  ապարդյուն

գպկԳիտություն-տնտեսություն կապի ստեղծմանը և կիրառական արդյունքի ձեռքբերմանը միտված  թեմաների մշակման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում Գիտության պետական կոմիտեն: «Գիտություն-տնտեսություն կապի մակարդակը մեզ մոտ բավականին թույլ է, մեր գործունեության նպատակն էլ այն է, որ  ստեղծվի կրթություն-գիտություն-տնտեսություն համապարփակ կապը,  դրա  զարգացման համար տարբեր միջոցառումներ են  իրականացվում»,- ասում է ԳՊԿ  գիտական քաղաքականության վարչության պետ  Վարդան Սահակյանը:

Նրա խոսքով` հիմնարար գիտության կարևորությունն այն է նաև, որ ստեղծում է անհրաժեշտ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են զարգանալ ինովացիոն կամ կիրառական արդյունքների ձեռքբերմանը միտված ծրագրերը:

«Մեզ մոտ կան կիրառական միտվածություն ունեցող  լավ հետազոտություններ ֆիզիկայի, կենսաբանության ոլորտում: Մեզ մոտ խնդիրն այդ արդյունքները տնտեսության մեջ ներդնելն է»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես   հնարավոր չէ  բաժանարար գիծ անցկացնել, թե այս գիտական հետազոտությունը  խիստ կիրառական է կամ  խիստ հիմնարար: Խնդիր է նաև, որ գիտական արտադրանքը պետք է պահանջված լինի տնտեսության մեջ, այն իր կարիքները, պահանջարկը պետք է ներկայացնի գիտությանը,  որն  էլ առաջարկը ներկայացնի. «Լինելով  զարգացող երկիր այստեղ երկակի խնդիր ունենք լուծելու»:

Դրա համար, ըստ Սահակյանի, հարկավոր է մասնավոր ներդրումներ ներգրավել գիտության ֆինանսավորման մեջ, այլապես, չհաշված միջազգային դրամաշնորհները, գիտության ֆինանսավորումը Հայաստանում ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից:

Այս նպատակով ԳՊԿ-ն արդեն երկրորդ անգամ   գիտական կիրառական արդյունքների ձեռքբերման մրցույթ է իրականացնում մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Առաջին ծրագիրն իրականացրել են 2011-ին, երբ 17 ծրագիր ֆինանսավորվեց, յուրաքանչյուրում մասնավոր  հատվածի ներդրումը կազմում էր առնվազն 15 տոկոս:  Երկրորդ` այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով 12 ծրագիր է երաշխավորվել ֆինանսավորման, այս անգամ  մասնավոր հատվածի ներդրման ծավալը յուրաքանչյուր ծրագրում  ընդհանուր արժեքի 25 տոկոսն է կազմել: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է կատարվի ծրագրի սկզբում, քանի որ եթե մասնավոր հատվածը ներդրում է կատարում, շահագրգռված կլինի դրա իրականացման հարցում:

Սահակյանն ասում է, որ գիտություն-տնտեսություն կապի իրականացումը մեկ օրվա գործ չէ, այն հնարավոր է ստեղծել  միայն երկարատև ու հասցեական գործունեության շնորհիվ:

2011-ի դեկտեմբերին ԳՊԿ նախագահի առաջարկով վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգ է ընդգրկվել գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն-հիմնադրամ ստեղծելու հարցը: Այն դեռևս քննարկման փուլում է: Իսկ մինչ  նման հիմնադրամ կստեղծվի, գիտնականը ստիպված կլինի նախ ինքնուրույն Հայաստանում ամրագրել իր հեղինակային իրավունքը (հայաստանյան արտոնագիրը միջազգային ճանաչում չունի), ապա միջազգային արտոնագիր ստանալ, որից հետո էլ գտնել դրանով հետաքրքրված ընկերություն, որը կպահի արտոնագիրն ու ներդրումներ կանի գիտության արտադրանքը տնտեսությունում ներդնելու համար:

Նշենք, որ Հայաստանում տարեկան միջինը 160-170 տեղական արտոնագիր է գրանցվում, սակայն միջազգային արտոնագրերի առումով թվաքանակը շատ փոքր է:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

 

 

«Եղեգան փողը» աշակերտների գրչով կպատմի աշակերտների առօրյայից

153 դպրոց«Եղեգան փող». այսպես է կոչվում դպրոցական ամսագիրը, որն արդեն պատրաստ է հրատարակության  և  մի  քանի օրից  կներկայացվի Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի աշակերտների ու ծնողների դատին:

Ամսագիրը  հրատարակվում է դպրոցի մանկավարժական կազմի և աշակերտական խորհրդի անդամների ջանքերով:  Դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ, ամսագրի  խմբագիր  Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նյութերի հեղինակները դպրոցի աշակերտներն են, որոնց, բնականաբար, օգնում են հայոց լեզվի և գրականության ուսուցիչները. «Երբ երեխային արժևորում ես,  համարձակություն ես ներշնչում, շատ ավելի լավ է աշխատում: Երբեք չենք ասում` ընդունակ չես, չես կարող: Երեխաներն էլ իրար մեջ մրցում են, թե ով ավելի լավ նյութ կգրի, որպեսզի իր նյութը հայտնվի թերթում»:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ թերթի հրատարակումով նախ և առաջ նպատակ ունեն դպրոցական անցուդարձից տեղյակ պահել թե աշակերտներին, թե ծնողներին: Այդ իսկ պատճառով  թերթի համար ընտրել են «Եղեգան փող» անվանումը, քանի որ այն դպրոցի կյանքն է լուսաբանում, «դպրոցի եղեգան փողն է»:

Նախկինում դպրոցը թերթ հրատարակելու փորձ ունեցել է: Ըստ այդմ, Սարգսյանն ասում է, որ պահանջարկը մեծ է, ծնողներից յուրաքանչյուրը ցանկանում է ժամանակին տեղեկանալ, թե ինչ է կատարվում դպրոցում, որտեղ իր երեխան է սովորում: Պարզապես աշակերտների թվաքանակով թերթը տպելը ծախսատար է, ուստի կտպեն այնքան, որքան դպրոցի միջոցները կբավարարեն: Հույս ունեն, որ «Եղեգան փողը» լույս կընծայվի երկու ամիսը մեկ, չնայած ասելիքը շատ է, և ամեն ինչ լուսաբանելու համար շաբաթական պարբերականությունը հազիվ բավարարեր:

Թերթն ունի մի քանի բաժիններ, որոնք կոչված են թե՛ կրթելու ընթերցողին, թե՛ տեղեկացնելու դպրոցի կյանքից:

Խորագրերից մեկը երեխաներին տեղեկացնելու է, թե դպրոցին հարակից փողոցներն ում անունով են կոչված, երբվանից և ինչու, նաև ներկայացնելու է անվանակրի վաստակը, կենսագրությունը:

Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նման միտք առաջացել է, երբ աշակերտներից մեկը չի իմացել, թե իր բնակության փողոցն ում անունով է: «Երեխան պիտի իմանա գոնե իր բնակավայրի կենսագրությունը:  Այս խորագրով  երեխայի մեջ ձևավորվելու է հետաքրքրասիրություն, որը  փողոցից անցնելու է մեկ այլ ոլորտ, օրինակ` երաժշտություն լսելիս էլ պիտի փորձի հասկանալ, թե ով է հեղինակը, որ գործն է հնչում, ինչ բովանդակություն ունի: Այսինքն` սրանով փորձում ենք այդ անտարբերության քողը երեխայից մի կողմ  տանել»,- ասում է Անուշ Սարգսյանը:

Հաջորդ խորագիրը կոչվում է «Մեր թոթովանքները»: Այստեղ զետեղվում են դպրոցի շնորհաշատ աշակերտների ստեղծագործությունները` բանաստեղծություններ, արձակ գործեր, անգամ կտավների լուսանկարներ: Սարգսյանի խոսքով` խորագրի անվանումը  պատահական չէ. ներկայացվածը երեխաների առաջին քայլերն են, թոթովանքներն արվեստի ոլորտում. «Ստեղծագործող երեխային գոնե խթան պիտի տանք,  ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի երեխան հասկանա, որ իր աշխատանքը նկատել ու գնահատել են»:

Ամսագրում  տեղ է հատկացված նաև տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտների արձանագրած հաջողությունները լուսաբանելուն: Առաջիկա համարում, օրինակ, կներկայացվեն դպրոցի  կարատեի երեք չեմպիոնները, որոնք վերջերս են մրցանակի արժանացել տարբեր տարիքային խմբերում:

«Չեմպիոնների դպրոց ենք առանց սպորտդահլիճի»,- արձանագրում է Սարգսյանը:

Թերթի առանցքային նպատակներից է լինելու  Ռաֆայել Իշխանյան անձի, քաղաքացու ճանաչումը. « Երեխան պիտի իմանա, թե ում անվան դպրոցում է սովորում, ինչու է դպրոցն անվանակոչվել Ռաֆայել Իշխանյանի անունով, ի վերջո,  սովորի, որպեսզի անցյալի բազմաթիվ սխալները չկրկնի, ապագան պիտի լինի սխալների ուղղման, դաս քաղելու ապագա»:

Թերթի առաջին համարում կներկայացվի Իշխանյանի կենսագրությունը,  նաև տարվա կտրվածքով Իշխանյանին նվիրված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ, տարրական դասարաններում աշակերտները վայելչագրության տետրերում կարտագրեն Ռաֆայել Իշխանյանի մտքերը, որոնք թևավոր խոսքերի են վերածվել` վայելչագրության մրցույթի նյութ դառնալով: Սարգսյանն ասում է, որ այսպիսով երեխաները, մի կողմից,  Իշխանյան են սովորում, մյուս կողմից` վայելուչ գրելու արվեստին են տիրապետում:

Միջին դասարաններում շեշտը կդրվի ուղղագրության ուսուցման վրա, ինչի համար կկիրառվի Ռաֆայել Իշխանյանի «600 բառ» գրքույկը: Մի քանի դասարանների կհանձնարարվի սերտել որևէ բաժին, ապա ուղղագրությունից կմրցեն միմյանց հետ, որից հետո նաև կհանձնարարվի բառերի բացատրությունը ներկայացնել  հոմանիշներով: «Այսպես խաղը վերածվում է գիտելիքների բազայի հարստացման մի յուրատեսակ մեթոդի»:

թերթՆախատեսվում է նաև Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ  պատմություն հայոց» նոր հրատարակված  գրքի շնորհանդես-միջոցառում իրականացնել  դպրոցում, որտեղ գրքից վերցված պատմական դրվագները  կներկայացվեն թատերականացված ձևով:

Իսկ Իշխանյանի ծննդյանը նախորդող շաբաթվա ընթացքում  դասղեկական ժամերը կանցկացվեն Իշխանյանի անվան սենյակում, որտեղ աշակերտները ևս մեկ անգամ կկարողանան մոտիկից ծանոթանալ նրա  վաստակին ու գաղափարներին:

Ամսագրի խորագրերից մեկն էլ լուսաբանում է դպրոցի համագործակցությունը ծնողների հետ: Այս տարվա սեպտեմբերին աշակերտական խորհուրդն առաջարկել  և մանկավարժական խորհուրդն էլ հավանության է արժանացրել դասղեկական ժամերին որոշակի պարբերականությամբ տարբեր մասնագիտությունների տեր ծնողների հրավիրելը, որպեսզի դասաժամը նրանք վարեն: Ծնողներն աշակերտներին են ներկայացնում իրենց մասնագիտության յուրահատկությունները, խորհուրդներ տալիս ոլորտով հետաքրքրվողներին:  Նախաձեռնությանը միացել է նաև դպրոցի հոգեբանը, որ տարբեր թեմաներով քննարկումներ է կազմակերպում դպրոցականների հետ:

«Սա  խթան է մասնագիտական կողմնորոշման համար, որովհետև հիմնական դպրոցի առաքելությունն է նաև աշակերտի մասնագիտական կողմնորոշումը, քանի որ երեխան ավագ դպրոց գնալիս արդեն  պիտի կողմնորոշված լինի, թե  որ մասնագիտացված խումբը պիտի գնա և ինչ ոլորտ է նախընտրում: Ահա սա երեխաներին կողմնորոշելու ձևերից մեկն է»,- ասում է Սարգսյանը` հավելելով, որ սա նաև ամրապնդում է ծնող-դպրոց կապը:

Ամսագրի վերջին էջը հատկացված է վիկտորինային: Այստեղ ներառված են հարցեր, որոնց պատասխաններն աշակերտները կարող են գտնել «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքում: Առաջիկա համարում, օրինակ` աշակերտից կպահանջվի իմանալ, թե որն է հայերի մարդաբանական տեսակը, ինչ առանձնահատկություններ ունի, ինչպես էին հայկական լեռնաշխարհն անվանում Միջագետքի հին բնակիչները` աքքադացիները, Արտաշեսյան արքայատոհմի որ թագավորն էր, որ գլուխ չխոնարհեց Կլեոպատրայի առջև և գլխատվեց, ով է Տիգրան  Մեծին կնքել Արքայից արքա տիտղոսով և այլն:

Հայկուհի Բարսեղյան

Անկախ

 

Հայապահպանությունը Ռումինիայում. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա»

գիտաժողովՀայ և ռումինացի գիտնականները քննարկել են ռումինահայերի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Բուխարեստում տեղի ունեցավ «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր երկու երկրների մշակույթի նախարարությունների հովանավորությամբ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին ռումիներենը , հայերենը և անգլերենը:

Հայաստանից գիտաժողովին մասնակցել է 9 անձից բաղկացած պատվիրակություն`  ԵՊՀ  Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուքասզյանի գլխավորությամբ: Գիտաժողովի ընթացքում հայ և օտարերկրացի մասնագետները 30 զեկույց են ներկայացրել` նվիրված ռումինահայերի պատմությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանը:

հակոբ սիրունիԳիտաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակներից էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանը: Նրա «Հակոբ Սիրունին և նրա «Պոլիս և իր դերը» մենագրությունը»  զեկույցը ներկայացնում է ռումինահայ ականավոր գործիչ, պատմաբան, հայագետ, արևելագետ և գրականագետ  Հակոբ Սիրունու բացառիկ քառահատոր աշխատությունը, որին անգամ նրա  ռումինագիր կենսագիրներից   մեկը, որ մասնակցում էր գիտաժողովին, ծանոթ չի եղել:

Հակոբ Ջոլոյան Սիրունին ծնվել է Կոստանդնուպոլսում 1890 թ.: 1911-ին նա Պոլսում հրատարակում է «Մարմնամարզ» հանդեսը, որը  նպատակ ուներ հայ երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակել և առողջ ապրելակերպ քարոզել: Եղեռնից փրկված Սիրունին 1922-ին Բուխարեստ է մեկնում` ինչ-որ գործով ռումինացի ականավոր պատմաբան Նիկոլայե Յորգային հանդիպելու համար: Այստեղ է, որ Յորգան, հիացած հայ երիտասարդի գիտելիքներով, նրան առաջարկում է մնալ Ռումինիայում: Հետագայում, սակայն, Սիրունին Սիբիր է աքսորվում ազգային գաղափարների համար, ապա պատիժը կրելուց հետո նորից Ռումինիա վերադառնում: Սիրունին մահացել է 1973-ին: 2012-ին Ռումինիայի  գիտությունների ակադեմիան Սիրունուն հետմահու շնորհեց ակադեմիայի անդամի կոչում:

«Պոլիս և իր դերը» մենագրությունը Սիրունին գրել է կաթողիկոսի խնդրանքով: Այստեղ ներկայացնում է Կոստանդնուպոլսի պատմությունը` Բյուզանդիայից սկսած:

«Հայերենով, թուրքերենով կամ որևէ այլ լեզվով, էլ չեմ ասում օսմաներենով, չկա մի աշխատություն, որ հակակշռի այս գործին, այսինքն` այսօր սա անմրցելի կոթողային գործ է Պոլսի պատմության մասին,- ասում է Ստեփանյանը` հավելելով,- եթե այս աշխատությունը և նման գրքերը թարգմանվեին կա՛մ ֆրանսերենով, կա՛մ թուրքերենով, կկարողանայինք բազմաթիվ խեղաթյուրումներ կանխել, թույլ չէինք տա, որ մեր պատմությունը աղավաղվեր»:

Ստեփանյանը նշում է, որ մեծ է Սիրունու  ներդրումը  նաև ռումինական մշակույթում.  ռումիներենով բազմաթիվ գրքեր ունի ռումինական գրականության, պատմագրության մասին. «Կասկած չի կարող լինել, որ նրան համարում են նաև ռումիանցի մեծ մտավորական»:

Միայն նրա  արխիվի մատենագիտությունը հազար էջից ավելի է, մեծ մասը գտնվում է ռումինական պետության արխիվում, քիչ մասը` Ռումինահայոց թեմի  առաջնորդարանի գրադարանում:

«Եթե կարողանանք մասնագետներ պատրաստել, որ նրա արխիվը ուսումնասիրեն, իսկ դրա մեծ մասը հայերեն է,  որոշ մասը` նույնիսկ հայատառ թուրքերեն, ուրեմն մեծ գործ արած կլինենք հայագիտության համար,- ասում է Ստեփանյանը,- դրա համար, գուցե պետք է, ասենք, Ռումինիայի գաղութը կամ մշակույթն ուսումնասիրող Յորգայի անվան կենտրոն ունենանք Հայաստանում և Սիրունու անվան հայագիտության ուսումնասիրության կենտրոն Ռումինիայում:  Նման կենտրոնները շատ հեշտացնում են գիտնականների աշխատանքը, նպաստում գիտության զարգացմանը»:

Հայկական տներ Գեռլայում

Հայկական տներ Գեռլայում

Խոսելով հայ-ռումինական բարեկամության մասին` Ստեփանյանն ասում է, որ այժմ Ռումինիայում մեծ է Թուրքիայի ազդեցությունը, հատկապես տնտեսական առումով, ուստի շատ բաների, որոնց կարող էինք ժամանակին հասնել, օրինակ` ցեղասպանության ճանաչման հարցում, հիմա անգամ մտածել չենք կարող:

«Գոնե գիտության մարդկանց, մտավորականների և պետական այրերի բարեկամության, համագործակցության միջոցով կհաջողվի ինչ-որ բանի  հասնել, հետո նոր մտածել մնացածի մասին»:

Անդրադառնալով գիտաժողովի մյուս զեկույցներին` Ստեփանյանն ասում է, որ հատկապես կարևորում է Տրանսիլվանիայի հայերին նվիրված բաժինը:

Ներկայիս Ռումինիայի տարածքում հայերի ներկայության պատմությունը սկսվում է դեռևս V-XII դարերից, թեև երկրում հաստատման պաշտոնական տարեթիվը համարվում է 1350-ը:

ՍուրբԵրրորդություն կաթողիկե տաճարը Գեռլայում

ՍուրբԵրրորդություն կաթողիկե տաճարը Գեռլայում

XVII դարում ռումինաբնակ հայերի մեծ մասը հաստատվել է արևմտյան Տրանսիլվանիա գավառում, որը հետագայում անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, և հայերն արագ կաթոլիկացել են: Տրանսիլվահայության մեծ մասը հետագայում, երբ Տրանսիլվանիան անցել է Ռումինիային, տեղափոխվել է Հունգարիա:

Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակած «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքի` ներկայում Ռումինիայում հայկական արմատներով բնակչության թիվը շուրջ 7500-10000 է, որոնցից շուրջ 5 հազարը հայկական ծագման մասին հիշողությունը պահած տրանսիլվահայության ձուլված շառավիղներն են:

Տրանսիլվանիայում է գտնվում և Գեռլա քաղաքը, որը XVIII դարում կայսեր հրամանով կառուցել են հայերը: Այն մինչև 1920 թ. կոչվել է Արմենոպոլիս (Հայաքաղաք):

Մինչ օրս Տրանսիլվանիայի բնակավայրերում պահպանվել են հայկական կոթողները: Հայերին, ինչպես Արա Պապյանն է նշում «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքում, այստեղ հիշում են որպես հարուստ առևտրականների, որոնց դիպչելով կարելի է հաջողակ դառնալ: Տրանսիլվանիայի հայերը հիմնականում հունգարախոս են:

«Կաթիլներ են մնացել գաղութից, բայց անասելի գանձեր է  այն իր մեջ պարունակում` վանքեր, եկեղեցիներ, ձեռագրեր, արխիվներ: Եթե ուշադրություն չդարձնես, կապ չպահպանես, չգիտես, թե վաղն ինչ կլինի և ուր կգնա մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը»,- ասում է Ստեփանյանը:

Հայկական հարուստ հետքով քաղաքներից  է նաև Սուչավան, որտեղ կա 2 հայկական վանք և 3 եկեղեցի, սակայն այստեղ ապրում է ընդամենը մի քանի տասնյակ հայ:

Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում, հատկապես` Տրանսիլվանիայում,  այսօր շատ կարևոր է հայապահպանության հարցը. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա, և սա դեռ մի գաղթավայրում է»:

Այդ առումով, ըստ նրա,  մեծ գործ է  անում թե՛ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, որ մշտապես կապ է պահպանում հայ համայնքի հետ, թե՛  թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հայ քահանաները, որոնք տարբեր բնակավայրերով շրջում են ու հայկական եկեղեցիներում պատարագ մատուցում:

Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում հայ հոգևորականները նաև գիտնականներ են` ուսումնասիրություններ են կատարում, թեզեր պաշտպանում` նպաստելով հայագիտության զարգացմանը:

Առաջնորդարանին առընթեր մատենադարան-թանգարանը կամ Հայ մշակույթի տունը, ըստ Ստեփանյանի, միշտ բաց է գիտնականների առջև, որոնք կուզենան ուսումնասիրություններ կատարել: Տաթև սրբազանը նաև ԵՊՀ-ից է ուսանողների հրավիրում, որպեսզի նրանք ուսումնասիրեն ռումինահայերի մշակութային ժառանգությունը:

Տեսարան Արմենոպոլիսից

Տեսարան Արմենոպոլիսից

Չնայած ջանքերին` ռումինական պատկերասրահներում, թանգարաններում  առկա են հայկական մշակույթի խեղաթյուրումներ:  «Ցավալին այն է, որ տարբեր հավաքածուներում տեղ գտած արծաթեղենը, տեքստիլը, որոնք հայկական մշակույթի ակնհայտ արժեքներ են, ներկայացված են որպես օտարինը. արծաթեղենը` թուրքական, տեքստիլը, գորգերը` որպես կովկասյան, որոշ կիրառական իրեր` որպես բալկանյան,- ասում է նա:- Ահա նման գիտաժողովները կարևոր են, որպեսզի շահենք նրանց վստահությունը որպես գիտական մակարդակի կրողներ, ինչը  հնարավորություն կտա, որ այս չարաշահումներն ու սխալները կարողանանք ուղղել:

 

Ազգագրագետ. «Ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար»

Gayane ShagoyanՀարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ

– Հաճախ է խոսվում ավանդական հայկական հարսանիքի մասին: Ի վերջո,  ի՞նչ ասել է ավանդական հայկական հարսանիք, ի՞նչ է այն ենթադրում:

– Նախ պետք է հասկանանք, որ ավանդական բառն ունի տարբեր բովանդակություն` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսվում,  ավանդական ասելով` ինչ բովանդակություն է դրանում դրվում: Եթե կոպիտ բաժանենք, այն երկու ընկալում ունի, որոնք էլի շատ պայմանական են:

Մեկը գիտականն է:  Ազգագրության մեջ ավանդական հարսանիք, ավանդական մշակույթ ասելով` հիմնականում հասկանում են XIX դարում գրանցված ծեսերը, քանի որ մինչ այդ հայ ավանդական մշակույթի նման մանրամասնություններով նկարագրություններ չունենք:

Գիտական մեկ այլ մոտեցման համաձայն էլ` ավանդականը ժառանգաբար փոխանցվող բանավոր մշակութային պաշար է: Այսինքն` մի բան, որ կրկնվում է միայն այն պատճառով, որ նախադեպ ունի, որ  արվում է ոչ թե որպես նորարարություն, այլ ինչ-որ բանի կրկնություն, ինքնըստինքյան դառնում է ավանդական:

Ժողովրդի մեջ կա մեկ այլ պատկերացում, եթե ասում ենք ավանդական, ուրեմն այն պետք է շատ հին ժամանակներից գա: Կոնկրետ ժամանակաշրջան, իհարկե, չի նշվում, բայց կարծես չարտաբերելով,  այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հազարամյակներ տևող սովորություններ են: Դրա մեջ մի փոքր ճշմարտություն կա այն իմաստով, որ կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, փոփոխությունների տարբեր արագություն ունի: Այն, ինչ ունենք XXI դարում, շատ արագ է փոփոխվում:  Դա կապված է տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Մինչև մոդեռնացման ժամանակաշրջանն  ունենք այսպես ասած` դանդաղ ընթացող  ժամանակ: Բայց և չենք կարող ասել, թե որևէ փոփոխություն չի եղել:

Այն, ինչ ունեինք XIX դարում, բավականին բազմազան էր ի տարբերություն կենցաղային սպասումների, թե որքան հին, այնքան նույնական: Իրար կողքի գտնվող գյուղերն անգամ ներփակված են եղել, այնպես որ մի գյուղում տեղի ունեցողը կարող էր մեծապես տարբերվել հարևան գյուղի ավանդույթներից: Մեր ազգագրական նյութը ցույց է տալիս, որ նույնիսկ նույն գյուղում գտնվող տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեն միմյանցից բավականաչափ տարբերվող հարսանիքներ: Նույնական հարսանիք ունենալու արեալը կարող էր  լինել փոքր, մեծ, համընկնել ինչ-որ շրջանի, եթե այն հարթավայրային էր և կոմունիկացիայի խնդիր չկար:

– Ե՞րբ և որտե՞ղ է  սկիզբ առել ժամանակակից սպիտակազգեստ հարսանիքը:

– XIX դարում բրիտանական արքունիքի հարսանիքը դարձավ մոդելային` սկիզբ դնելով սպիտակազգեստ հարսանիքին: Պատճառները մի քանիսն են:  Նախ` հարսանիքի մեջ կա այն գաղափարը, որ սա թագավորական արարողություն է: Այսինքն` ամեն մի հասարակություն իր հարս ու փեսային վերագրում է առաջին մարդու կերպարը: Քանի որ միջնադարում և միջնադարից դեպի մոդեռնացման ժամանակաշրջանը առաջին մարդը թագավորի և թագուհու հետ էր նույնանում, սկսեցին կրկնօրինակել պահպանողական մշակույթի շնորհիվ  պահպանվածը:

Մյուս պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան  ծովային ամենահզոր կայսրություններից մեկն էր, որի գաղութները սփռված էին աշխարհով մեկ: Նաև շնորհիվ աշխույժ առևտրական հնարավորությունների,   այս դեպքում շուկան դառնում է ամենակարևոր գործոններից մեկը` այն ինչ արտադրում է մետրոպոլիան, շուկայի միջոցով տարածվում է:

– Իսկ Հայաստանում սպիտակազգեստ հարսանիքները երբվանի՞ց են:

– Քաղաքային բնակչության մոտ արդեն XIX դարում սպիտակազգեստ համալիր հանդիպում է: Բայց մինչև Ցեղասպանությունը բոլոր գյուղական բնակավայրերում անխտիր որպես հարսի զգեստ կիրառվել է  ամեն մի շրջանի տեղական տարազի ավելի շքեղ տարբերակը, ընդ որում հարսանիքին այն հագել են առաջին անգամ: Զգեստը  պարտադիր պետք է նոր լիներ,  կային հատուկ ծեսեր, որոնց ընթացքում հագուստը կարվում էր: 1915-ի ցեղասպանությունից հետո այդ մշակույթն ընդհատվում է:

Քաղաքներում, ասենք` Վանում, Երևանում, XIX դարի վերջին և XX-րդ դարի սկզբին  արդեն ունեինք սպիտակազգեստ հարսանիքներ: Դրանք համատարած չեն, հիմնականում վերնախավին են բնորոշ: Պետք է ասեմ, որ քաղաքային միջավայրը, շնորհիվ շուկայի, ավելի է նպաստում այդ նորաձևության տարածմանը:

Բայց նույնիսկ ԽՄ տարիներին, հատկապես պատերազմի պատճառով, երբ ոչ միայն սպիտակ, այլև անգամ նոր զգեստ գնելն էր խնդիր, կարում էին այն, ինչ հնարավոր էր: Երկար ժամանակ ընդունված էր զգեստը պարտքով վերցնել, կամ եթե գնում էին` մի քանի սերունդ էր հագնում:

Այդպիսով հարսանեկան շքեղ զգեստը, որ առաջին անգամ հագնում էին հարսանիքին, բայց հետո կարող էին հագնել նաև այլ տոնական միջոցառումներին, փոխվեց  մի անգամ հագնելու զգեստի: Սպիտակի տարածման հետ հարսանեկան շորը վերածվեց մեկ անգամ հագնելու ծիսական զգեստի: ԽՍՀՄ-ում 60-70-ականներին նոր միայն կարող ենք խոսել դրա համատարած կիրառման  մասին:

– Հայկական հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ պահպանվել են և որո՞նք են, որ գլոբալացման ազդեցության հետևանք են:

– Սպիտակ հարսանիք  կոչվող համալիրն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնք տարածվեցին: Առաջինը սպիտակ զգեստն էր, երկրորդը ծաղկեփունջն էր, որը չենք ունեցել, մեզ մոտ  դա շատ ուշ մտավ: Խորհրդային տարիներին հարսն ու փեսան մեխակներ էին դնում որևէ հուշարձանի մոտ. դա էր ծաղկեփնջի ողջ գործառույթը: Իսկ փեսայի կողմից հարսին ծաղկեփունջ փոխանցելու երևույթը և հետո այդ ծաղկեփնջով եկեղեցի մտնելը բրիտանական հարսանիքի  մաս է:

Շքախմբով,   երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը ևս բրիտանական հարսանիքից է վերցված: Մեզ մոտ դա ձևափոխվեց այնպես, որ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ հարսն ու փեսան մտնում են հարսանեկան հանդիսության դահլիճ, ԽՄ տարիներին` զագս:

Մյուսը` տարոսիկները: Մերօրյա ձևով տարոսիկներ ավանդական տարբերակում չեն եղել: Այն գաղափարը, որ հարս ու փեսայից մյուսներին պետք է քաղցր բան փոխանցվի, եղել է: Օրինակ` հարսի գլխին գաթա են կոտրել և բաժանել կամ չորացրած մրգեր են շաղ տվել և հավաքել, դրան են ասել տարոս: Այսօր այդ գործողությունն էլի փոխվել է արևմտյան տարբերակի, երբ բրինձ և վարդի թերթեր են շաղ տալիս հարսի ու փեսայի գլխին, և դա այլևս չի կոչվում տարոս:

Փոխառվել է դրսից մեկ այլ բան, որ դրսում կոչվում է հարսանեկան հուշանվեր: Մեզ մոտ քաղցրը տանում էին որպես հարսանիքի մի մասնիկ, որը չամուսնացած երիտասարդներին ամուսնանալու խորհուրդը պիտի փոխանցեր: Խորհրդային շրջանում, նմանակելով եվրոպական հուշանվերները, սկսում են կոնֆետները հելունով գործված և շաքարաջրով քարացած զամբյուղներում բաժանել, հիմա քաղցրի գաղափարը վերանում է, և լրիվ փոխարինվում է հուշանվերներով:

kate-william-royal-wedding– Ըստ Ձեզ`  կգա՞ ժամանակ, երբ գլոբալացված շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ  ողջ աշխարհում հարսանիքը քիչ թե շատ նույնական կլինի, այսինքն` չեն լինի տարբերակող  տարրերը, որոնք ավանդական ենք համարում:

– Կարող եմ ասել, որ գրեթե այդ ժամանակաշրջանում ենք: Այն,  ինչ թվարկեցի` սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, վարդ ու բրինձ շաղ տալ, կիրառվում են Երկրի  մեծ մասում: Խոսուն օրինակ է, որ  2011-ի բրիտանական արքայական զույգի ամուսնությունը երկու մլրդ մարդ  էր դիտում ուղիղ  եթերով: Եվ հաջորդ օրն իսկ Չինաստանում հարսանեկան զգեստը կրկնօրինակել էին:

– Այսինքն` հարսանեկան ավանդույթի նման փոփոխությունները բնակա՞ն են:

– Չես կարող  ցանկապատ քաշել և ասել` ամեն ինչ կարող է փոխվել, բայց հարսանիքը, որը ես հայտարարում եմ ազգային, պիտի չփոխվի, մանավանդ որ չկա այն խիստ ազգայինը, որ ասես սա է, եկեք փրկենք:

– Տիկին Շագոյան, այսօրվա  հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ ավանդական են և  եղել են նաև XIX դարում:

– Այսօրվա հարսանեկան համալիրում ամենապահպանված քայլերի հաջորդականությունը, որը վերցված է ոչ թե սպիտակ հարսանիքից, այլ ընդհանրացված տեղական տարբերակներից, շեմային ծեսերն են, որոնք  սովորաբար կատարում են փեսայի տուն մտնելիս.  ափսե կոտրել, ուսին լավաշ գցել, գաթա պարեցնել, մեղր կերցնել:

Բայց շուկան  իր գործն անում է: Գյուղերում, որտեղ չկան ռեստորանային համալիներ, սկսել են հարսանիք անել որևէ քաղաքի ռեստորանում, որպեսզի ժամանակին համահունչ լինեն: Եվ տեխնիկապես անհարմար է լինում քաղաքից նորից փեսայի տուն վերադառնալ` այդ շեմային ծեսերը կատարելու: Այդպես XIX դարի հարսանիքի վերջին կռվանը  սկսում է քանդվել, քանի որ տեղավորվում է ռեստորան մտնելու համալիրի մեջ, կա՛մ արվում է, կա՛մ չի արվում: Եթե անգամ արվում է, իր բովանդակային տրամաբանությունն է կորցնում, քանի որ  կապված էր հենց տուն տեղափոխվելու գաղափարի հետ:

– Իսկ կա՞ն հարսանեկան ծեսեր, որոնց բովանդակությունը պահպանվել է, բայց ձևը փոխվել է:

– Կան բազմաթիվ ծեսեր, ինձ համար շատ հետաքրքիր են  եզնմորթեքի և տորթ կտրելու ծեսերը: Տորթ կտրելն ամբողջությամբ եվրոպական հարսանիքից է փոխառված:

Եզնմորթեքի ծեսը և հարսանիքն ունեն  այս կամ այն հանրության միասնությունը վերահաստատող գործառույթ: XIX դարի եզնմորթեքի դեպքում հարսանիքի ընթացքում պետք է որևէ մի ուտեստի միջոցով այդ ամբողջ խմբին միավորեին: Եզնմորթեքի ծեսի ժամանակ դա լինում էր մսացուն, որը դառնում էր հարսանիքի խոհանոցային հիմքը: Անասունը մորթելիս կարևոր էր  առաջին կտրվածքը, դա հաճախ անում էր փեսան, եթե անգամ մսագործն էր անում, ապա առաջին արյամբ փեսայի ճակատին խաչ էին հանում, կտրվածքի համար գումար էին տալիս, կտրվածքից հետո  զուռնա էին փչում, պար էին բռնում:  Այսօրվա հարսանիքի դեպքում տորթն է, որ պարտադիր պետք է բոլորը ճաշակեն, որի առաջին կտրվածքը շատ հանդիսավոր ձևով է արվում, զուռնայի  ձայնին կարող է փոխարինել  շամպայնի  բացվելու ձայնը:

– Իսկ պե՞տք է արդյոք պահպանել հայկականության որոշ տարրեր հարսանիքում:

– Այսպես կարող եմ ասել` դա ճաշակի հարց է, երկրորդ` ինքնության հարց է, եթե մարդ ուզում է շեշտել հայկական ինքնությունը, կարող է այդպես անել: Բայց եթե ես հայկական տարրերով հարսանիք չեմ անում, չի նշանակում, որ ես հայ չեմ: Դեմ եմ, երբ պարտադրանք է լինում:

Հիմա հայկական հարսանիք ասելով` հասկանում են նաև սպիտակ զգեստը, այսինքն` հայկականության նշանները փոփոխական են և այն, ինչ այսօր հայտարարվել է, էլի պայմանական բան է:

Այն ինչ այսօր կոչվում է հայկական հարսանիք, իր մեջ պարունակում է, իմ տեսանկյունով, բազմաթիվ անհեթեթություններ: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի իր ժամանակին համահունչ: Դա չի նշանակում, որ պետք է հարսանիք անի ինչպես, օրինակ` Ֆրանսիայում: Բայց  ինձ համար առնվազն ծիծաղելի է, երբ ինքնուրույն կյանքով ապրող 30-35 տարեկան հարսնացուն պետք է կարմիր խնձորի ծես կատարի, որին  այսօր ընդունված է հայկականության իմաստ վերագրել: Եթե դրա հաշվին է հարսանիքը լինելու հայկական, ավելի լավ է` չլինի:

Դա բնական էր XIX դարում և բազմաթիվ բացատրություններ ունի, բայց դա անհեթեթ է հնչում XX դարում, էլ չասեմ` XXI դարում:

Վերապահումով եմ մոտենում այն պահանջներին, որ պետք է անենք ճիշտ հայկական ավանդական հարսանիք, քանի որ ավանդականը պայմանական է, ավանդականը տարընթերցումներ ունի, և ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար:

 

«Մենք չենք ամաչում, սա մեր կյանքի, կենսագրության մի մասն է». Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ի վերակազմավորման մասին

Ալեքսանդր ԱրզումանյանՀոկտեմբերի 27-ին կայացած համագումարում Հայոց համազգային շարժումը վերակազմավորվեց: Այն լուծարվել էր այս տարվա փետրվարին` որպես իրավահաջորդ հայտարարելով ՀԱԿ–ին: Այս թեմայով «Անկախը» հարցազրույց է ունեցել  ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

– Պարոն Արզումանյան, մի քանի օր առաջ կայացած համագումարում ՀՀՇ–ն վերակազմավորվեց: Ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ կար փետրվարին կուսակցությունը լուծարել, իրավահաջորդ հայտարարել, ապա նորից վերակազամավորել:

– ՀՀՇ-ն լուծարելու և այն ՀԱԿ վերանվանելու որոշումը  մի շարք  դժգոհություններ առաջացրեց  մարդկանց մեջ, որոնք ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին  տարաձայնություններ ունեին  ՀՀՇ-ի հետ, բայց կարծում էին, որ նույնիսկ այդ տարաձայնություններով ՀՀՇ-ն իրավունք ուներ շարունակելու աշխատանքները:

Մենք  մեր գործն ենք արել. 25 տարի քաղաքականության մեջ ենք և չէինք կարող հրաժարվել քաղաքականությունից, մեր աշխատանքները շարունակելու ձևեր էինք փնտրում: Երբ որոշվեց լուծարել մի կուսակցություն, որի ակունքներում ենք կանգնած եղել և մշտապես միայն այդ կուսակցության անդամ ենք եղել, մեր մի շարք համախոհների հետ որոշեցինք շարունակել մեր աշխատանքները: Հռչակել ենք, որ այն գաղափարախոսության ժառանգորդն ենք, որի վրա հիմնվել է Հայոց համազգային շարժումը, մենք կրում ենք լիբերալ- ազատական, ժողովրդավարական գաղափարներ և այն տեսլականը, որ ունեինք 88 թվականի համազգային շարժման ժամանակ: Որևէ բան չի փոխվել, մենք շարունակելու ենք պայքարել հայոց պետականության ամրապնդման և ազատական, ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված պետականության կայացման համար:

– Մի՞թե ՀՀՇ–ի իրավահաջորդ ՀԱԿ–ը շեղվել էր այդ ուղուց:

– Կարծում ենք, որ ՀԱԿ-ը կարող է լինել գույքային  առումով իրավահաջորդ, մենք որևէ հավակնություն չունենք գրասենյակների նկատմամբ: ՀԱԿ-ը ստեղծվել է որպես մի քանի կուսակցությունների միավորում,  առանցքը եղել է Հայոց համազգային շարժումը: ՀՀՇ-ն էր, որ 2007-ին նախաձեռնեց մի շարք մարզային այցելություններ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց առաջադրվել 2008-ի նախագահական ընտրություններում: Հենց ՀՀՇ-ի շուրջ  ձևավորվեց այն համաժողովրդական շարժումը, որի արդյունքում 2008-ին, մեր կարծիքով, մեր թեկնածուն հաղթեց ընտրություններում: Այսինքն` ՀՀՇ-ն եղել  է այդ շարժման լոկոմոտիվը:

Փորձ արվեց ինչ-որ ինստիտուցիոնալ ձև տալ այդ  շարժմանը, բայց դա չպետք է արվեր կուսակցությունների ինքնուրույնության հաշվին: Ինչ-ինչ բյուրոկրատական մոտեցումներին ստորադասվեցին  կուսակցությունների աշխատանքները, դա անընդունելի էր: Մի շարք մարդիկ դեռ 2010-ին` ՀՀՇ 16-րդ համագումարից հետո,  դուրս եկան: Կային ներքին տարաձայնություններ, ավելին, նույնիսկ ՀՀՇ վարչության մի շարք անդամներ որակվեցին վնասարար: Այս պիտակավորումն անընդունելի է, բայց, այնուամենայնիվ, որևէ մեկը չփորձեց խոչընդոտել  ՀՀՇ աշխատանքները, այլ  փորձեցին առանձին գործել: Դրա դրսևորումներից էր  նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ստեղծելու փորձը: Բայց երբ նահանջ կատարվեց ազատական գաղափարներից և խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ավելի հակված է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը, դա մեզ  համար անընդունելի էր: Նորից կրկնեմ,  որ դա նրանց ընտրությունն էր:

Մենք չենք ամաչում և  մեր կենսագրությունից հրաժարվելու որևէ պատճառ չունենք:  Եղել են ձախողումներ, եղել են և սխալներ, պետք է  աշխատենք հաղթահարել բոլոր խնդիրները, որ կան:

– Համագումարում եղել են ներկայացուցիչներ մի քանի ընդդիմադիր կուսակցություններից, բայց ոչ ՀԱԿ–ից: Ինչպիսի՞ն են ՀԱԿ–ի և ՀՀՇ–ի հարաբերությունները:

– Մենք որևէ կուսակցության հետ խնդիր չունենք: Որպես լիբերալ ուժ` պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, բայց  խնդիրների շուրջ, այդ համագործակցությունն ինքնանպատակ չէ: Մենք հրավիրել ենք բոլոր համախոհ կուսակցություններին, որոնց հետ պատկերացնում ենք ապագա ճանապարհ: Նրանք շատ ավելի ազատական են և այն ուժերն են, որոնք հռչակել են,  որ Հայաստանի համար անընդունելի է Մաքսային միությանն  անդամակցելը: ՀԱԿ-ից մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված էին, ՀԱԿ-ին մենք չենք հրավիրել, քանի որ դեռ այս  պահին չենք տեսնում ՀԱԿ-ի մոտեցումները, դեռ ավելին, կարծում ենք, որ ՀԱԿ-ն այս պահին աջակցում է այն քաղաքականությանը, որն իրականացնում է իաշխանությունը, այն է` Մաքսային միությանն անդամակցելը:

– Ո՞րն է ՀՀՇ–ի առաքելությունը քաղաքական դաշտում:

– Հայաստանում ազատական գաղափարների լուրջ պակաս կա:  Փորձելու ենք  այդ գիտակցությամբ, այդ գաղափարներով առաջնորդվող մարդկանց հետ միասին մեր ուրույն տեղը զբաղեցնել քաղաքական ներկապնակում, ազգային ժողովում և առաջ տանել այն գաղափարները, որոնք ունեցել ենք 88 թվականից: Այսօր դա ավելի հրամայական է, քանի որ սպառնալիքի տակ է մեր ինքնիշխանությունը: Մեր խորին համոզմամբ` այսօր խախտվում է Հայաստանի սահմանադրությունը. Մաքսային միությանը և նման այլ միավորմանը միանալը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի անկախությանը:

– ՀՀՇ  անվանումը գոնե նախկինում ինչ–որ չափով հեղինակազրկված էր: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար:

– ՀՀՇ-ն կանգնած է հայոց պետականության կայացման ակունքներում, մի շարք պանծալի հաղթանակներ են արձանագրվել այդ շարժման ղեկավարության օրոք, եղել են նաև ձախողումներ, այսօրվա խնդիրներից  շատերը, անշուշտ, այն ժամանակից են գալիս: Բայց սրանք  մեր հասարակության ընդհանուր արատներն են. ինչքան հասարակությունն է արատավորված, այնքան էլ իշխանությունը և ընդդիմությունը.  հավասարաչափ: Դա է պատճառը, որ այսօր այսպիսի տկար վիճակում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:  Մենք պետք է ամեն ինչ կարողանանք կառուցել  այն ամեն լավի վրա, ինչ եղել է: Իսկ վարկաբեկված-չվարկաբեկված լինելը գնահատվում է աշխատանքով:

– Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի նոր էջից շարունակել: 

– Նման մոտեցում էլ կա, բայց մարդ իր կենսագրությունից չպետք է ամաչի: Եթե  որևէ մեկը խնդիր  է ունենում, չի գնում իր անունը փոխում, դա իր անունն է, որով  իրեն ճանաչում են: Ինչքան էլ անունդ փոխես, ի վերջո,  բովանդակությունը չես փոխի: Հիմա բովանդակություն լցնելով պետք է փոխենք մտայնությունը, ոչ թե անվանափոխությամբ: Ինչքան էլ  կուսակցությունները անունները փոխեն, գիտենք` ով իրենից ինչ է ներկայացնում:  Հիմա ցանկացած ինֆորմացիա լույսի արագությամբ  տարածվում է, բոլորն էլ գիտեն բոլորի անցյալը, արած գործերը, և յուրաքանչյուր  մարդ թող ըստ իր արածների ամաչի կամ հպարտանա:

– Նախկինում ինչ–ինչ պատճառներով ՀՀՇ–ն լքած անձանց` հին անդամների հետ  պլանավորո՞ւմ եք նորից վերամիավորվել կամ համագործակցել:

– Մենք շատերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, սա իրոք եղել է համազգային շարժում, ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում  տարբեր մարդիկ որոշել են ուրույն ճանապարհով անցնել, մենք  գտնում ենք, որ այսօրվա վերածնվող  ՀՀՇ-ն ժառանգորդն է հենց այդ շարժման, և մենք բաց ենք  բոլոր այն մեր ընկերների առջև, որոնց հետ մենք 1988 թվականին սկսել ենք այս շարժումը: Մենք նախկինում ՀՀՇ-ի հետ եղած որևէ անհատի կամ կուսակցության հետ խնդիր չունենք: Ավելին, պատկերացնում ենք նաև համատեղ ճանապարհ:

– Համագումարում ընդունվել է նաև կուսակցության ծրագիրը, կներկայացնե՞ք հիմնական դրույթները:

– Հիմնականում խարսխված է այն տեսլականի վրա, որ հնչեցվել է դեռ 1989 թվականին և մի քանի անգամ լրամշակվել  տարբեր համագումարներում, վերջին խմբագրումը եղել է 2001-2002 թվականներին: Այն է`   ազատականություն, ժողովրդավարություն,  ԼՂՀ հարցի լուծման մեր տեսլականը և արդի մի քանի հարցերի վերաբերյալ մոտեցումներ: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ԵՄ լիակատար անդամակցությունն է, մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Եվրոպական ասելով` նկատի ունեմ այն համամարդկային արժեքները, որոնցով առաջնորդվում են մի շարք զարգացած երկրներ` անկախ աշխարհագրական դիրքից: Ամեն ինչ անելու ենք` խորացնելու Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և Հայաստանը վերստին դարձնելու հուսալի գործընկեր  միջազգային հարաբերություններում, որովհետև այսօր վտանգված է Հայաստանի հուսալիության, Հայաստանը որպես գործընկեր ընկալելու հարցը մեր գործընկերների կողմից,  լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն թե ԻԻՀ-ն:

– Իսկ Արցախի խնդրի լուծման Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է:

– Նախ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ներկայացված լինի բոլոր բանակցություններում, առանց ԼՂ-ի Ադրբեջանը և Հայաստանը իրավասու չեն որևէ  լուծում գտնելու: Ամեն ինչ պետք է արվի, որ իրավական կարգավիճակ ստանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը: Մենք պատկերացնում  ենք, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ունենան հուսալի սահման, ԼՂ-ն պետք է ունենա պաշտպանության անհրաժեշտ համակարգեր, որպեսզի պաշտպանի իր  սահմանները, և Հայաստանը պետք է երաշխավոր լինի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Իսկ ինչ ձևակերպումներ և   քայլեր կլինեն, դա արդեն ժամանակը ցույց կտա:

– Գործունեութան ի՞նչ մեթոդ եք  որդեգրելու, ձեր խոսքը  համակիրներին ինչպե՞ս եք հասցնելու:

– Բոլոր հասու  հնարավորություններով՝ երթեր, հանրահավաքներ, սոցիալական ցանցեր:  Կփորձենք հնարավորինս համախոհների լայն շրջանակ ընդգրկել: Մենք հակված ենք ունենալու կոլեգիալ կառավարմամբ կազմակերպություն, որը ոչ միայն պայքարում է ժողովրդավարության համար, այլև ժողովրդավար է իր ներքին կառուցվածքով: Մենք նաև նախատեսում ենք քաղաքացիական խորհրդի  ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն կուսակցության անդամները, այլև համախոհները: Կան մարդիկ, ակտիվիստներ, որոնք ցանկություն չունեն կուսակցական գործիչներ դառնալու, բայց ցանկություն ունեն ազդելու  ներքաղաքական կյանքի վրա, և  դրա լավագույն գործիքը կուսակցությունն է: Վստահ եմ, որ կկարողանանք ձերբազատվել այն մտայնությունից, որ ցավոք, Հայաստանում կա` մեկ առաջնորդի կուսակցություն,  այս կամ այն մարդու ամբիցիաները սպասարկող կուսակցություն: Սա լինելու է հասարակութան մի շերտի պահանջները սպասարկող կուսակցություն:

– Որքա՞ն անդամ եք ակնկալում ունենալ:

– Մենք մեր առջև նման խնդիր չենք դրել, մենք գիգանտամանիայով չենք տառապում որոշ ուժերի պես, որ հռչակում են, թե ունեն 50-60 հազար ընտրող և 30 հազար ձայն են հավաքում ընտրություններին: Հիմա կառույցների ձևավորման վրա ենք աշխատում: Առաջին համագումարին մասնակցում էր 220 պատվիրակ, որոնք ներկայացնում էին հանրապետության հինգ մարզեր: Անդամակցության գործընթացը շարունակվում է:

– Շատ է խոսվում, որ ՀՀՇ–ի վերակազմավորումից հետո «Ազատ դեմոկրատների» ապագան հարցականի տակ է: Ինչ–որ որոշում կա՞, թե ինչպիսին պետք է լինի հետագա համագործացությունը:

– Դեռ վերջնական որոշում չկա: Նույն ՀՀՇ-ից դուրս  եկած մարդիկ ձևավորեցին «Ազատ դեմոկրատները», մենք կարծում ենք, որ նույն դաշտում ենք գործում  և միասին պետք է շարունակենք, որոշումը պետք է իրենք կայացնեն, մենք  պատրաստ ենք համագործակցել, որևէ խնդիր գաղափարական առումով այս պահին չկա:

Կյանքը` դիպուկահարի նշանառության տակ. սահմանապահ Բերքաբերի առօրյան

բերքաբեր

Բերքաբեր` գյուղ Տավուշի մարզում: Ունի 548 բնակիչ: Բարձրությունը ծովի մակարդակից` 700 մետր: Հեռավորությունը Երևանից` 161 կմ, մարզկենտրոն Իջևանից` 25,5 կմ, ադրբեջանական դիրքերից` 750-1000 մետր:

Գյուղը գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, բայց ջրամբարից օգտվել չի կարողանում: Գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջուր չունի, գազաֆիկացված չէ:  Համայնքապատկան 1131 հա հողատարածքից 830 հեկտարը մշակում են ադրբեջանցիները. տարածքն այժմ նրանք են վերահսկում: Գյուղի բնակիչներին մնացել են տնամերձ հողերը և ջրամբարի ափին գտնվող 301 հեկտարը, որը մշակում են ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ:

Արթուր Մադաթյան

Արթուր Մադաթյան. «Անգամ բանկերը մեզ վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»

Գյուղի տարեկան բյուջեն 8,6 մլն դրամ է, աշխատավարձերը և հարկերը մուծելուց հետո` մնում է 1,5 մլն դրամ, որով էլ ողջ տարին պետք է համայնք պահեն ու բարեկարգեն:

Չնայած այս ամենին, գյուղի բնակիչները լավատեսորեն են տրամադրված, խնդրում են միայն իրենց ապահովել խմելու ջրով և աշխատանքով:

«Մեր գյուղը շատ պինդ գյուղ է: Չնայած  չունենք աշխատատեղեր, նորմալ ապրելու միջոցներ, ամեն դեպքում մեր գյուղի ժողովուրդը` մեծից փոքր, ձիգ է, դիմանում են դժվարություններին»,- ասում է գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Գյուղապետը դժգոհում է, որ ձեռներեցները, բարերարները և առհասարակ, բոլորն իրենց գյուղի մասին մոռացել են: Խորհրդային տարիներին գյուղում 7-8 արտադրամաս է եղել, այժմ ոչ մեկը չկա: «Մարդիկ վախենում են, որ գան մեր գյուղում  մի գործ անեն:  Հիմա անգամ բանկերը մեզ  վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»,- դժգոհում է Մադաթյանը:

Գյուղում ջրի  միակ աղբյուրը գյուղապետարանի հարևանությամբ է գտնվում. ողջ գյուղը բարակ հոսող աղբյուրից է գալիս ջուր տանում: Խորհրդային տարիներին գյուղը խմելու ջուր ունեցել է, սակայն խողովակները քայքայվել են: Հարկավոր է 16-17 կմ երկարությամբ խողովակները փոխել կամ նոր գիծ անցկացնել: Մադաթյանն ասում է, որ վերջերս գյուղ կատարած այցելության ժամանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել է հարցին լուծում տալ, այժմ լիահույս ողջ գյուղը սպասում է խոստման կատարմանը:

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Գյուղն ունի երկու խանութ կամ ավելի ճիշտ` կրպակ: Խանութներից մեկը Վազգեն Գևորգյանինն է, որն արդեն գործում է  7 տարի: Գևորգյանը նշում է, որ առևտրի ակտիվ սեզոնը ամառն է, երբ մարդիկ հանդ են գնում ու ստիպված խանութից ուտելիք են գնում: Մնացած ժամանակ առևտուրը պասիվ է` մի օր կարող է լինել, մի օր էլ` ոչ: Ապրանք գնելուց էլ հիմնականում պարտքով են տանում, մինչև թոշակը կամ նպաստը կստանան: «Աշխատանք չկա, մարդիկ փող չունեն, որ աշխատանք ունենան, առևտուր էլ լինի»,- ասում է Գևորգյանը:

Դպրոց` 37 աշակերտով և 5 դասարանով

Գյուղը, շնորհիվ «Սահման» ՀԿ-ի, ունի նաև գործող մանկապարտեզ. հին և չգործող մանկապարտեզի սենյակներից մեկը վերանորոգվել է, կահավորվել և հոկտեմբերի 25-ին իր դռները բացել մանուկների առջև: Ակնկալվում է, որ մանկապարտեզը կունենա մոտ 25 սան:

Գյուղի 37 աշակերտներն էլ շուտով իրենց ուսումը կշարունակեն հիմնովին վերանորոգված դպրոցում. այժմ ընթանում են ներքին հարդարման վերջին աշխատանքները: Դպրոցում կգործի նաև 7 համակարգիչներով և ինտերնետ կապով ապահովված ինֆորմատիկայի դասարանը:

Դպրոցի փոխտնօրեն Փաշիկ Աղամյանը,  մեզ հետ զրուցելով, շրջում է 182 աշակերտի համար նախատեսված երկհարկանի վերանորոգված դպրոցով ու լույսերն անջատում` բանվորներին զգուշացնելով, որ դպրոցը  հոսանքի վարձը վճարելու միջոցներ չունի, ուստի կարիք չկա, որ լույսը զուր տեղը միացված մնա:

աղամյան

Աղամյանի խոսքով` երեխաներն օգտակար զբաղմունք կունենան, եթե սպորտային խմբակներ գործեն

Աղամյանը հիշում է, որ խորհրդային տարիներին  ամեն դասարանում գոնե 15 աշակերտ կար, մինչդեռ այժմ ողջ դպրոցում 5 երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարան է գործում, և ընդամենը 14 ուսուցիչ է դասավանդում:

Անցած տարի 46 աշակերտ են ունեցել, այս տարի, սակայն, ընտանիքի հետ  3 երեխա է Ռուսաստան տեղափոխվել, 2-ը` Վանաձոր, մեկը` Իջևան: «Ամեն օր կրակոց, աշխատանք չկա, դրա պատճառով էլ ընտանիքներով գնում են»:

Աղամյանն ասում է, որ քիչ թե շատ սովորող երեխաներին ծնողներն այլ դպրոցներ են ուղարկում կամ 9-րդ դասարանն ավարտելուց հետո Իջևանի տեխնիկում են տանում. «Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանում երեխան ի՞նչ պիտի սովորի, դրա համար ում երեխան որ մի քիչ սովորում է` այլ դպրոց են տանում»:

Վերջին տարիներին դպրոցի շրջանավարտներից երևանյան բուհերի դիմորդներ չեն եղել: Լավագույն դեպքում Իջևանում են ուսում ստանում, այն էլ, ըստ Աղամյանի, դա իմաստ չունի. միևնույն է, ավարտելուց հետո աշխատանք չեն ունենա:

Գյուղի միակ գրադարանը դպրոցում է գործում, սակայն, ըստ Աղամյանի, գիրք կարդացող չկա. հա՛մ գրականությունն է հնացած, հա՛մ էլ մերօրյա երեխաներին ավելի շատ իրենց հեռախոսներն են հետաքրքրում:

Կարծում է, որ եթե դպրոցում սպորտային խմբակներ գործեն, երեխաների առօրյան բազմազան կդառնա, հետաքրքրությունն էլ մեծ կլինի: Մանավանդ, որ վերանորոգված սպորտդահլիճում իրատեսական կլինի խմբակներ կազմակերպելը:

Աղամյանը նշում է, որ մինչև վերանորոգումը դպրոցի տանիքը ծակոտկեն էր դարձել ադրբեջանցիների գնդակներից, պատուհանների վրա էլ վնասված մասեր կային: Թե ինչպիսին է վիճակը վերանորոգումից հետո` չգիտի, դեռ ուսումնասիրելու առիթ չի եղել:

Նշում է, որ կրակոցներից պաշտպանվածության առումով  առաջին հարկի դասարաններն ավելի ապահով են, աշակերտներն էլ գիտեն, որ կրակոցների դեպքում պետք է հեռու քաշվեն պատուհաններից, անկյուններում սպասեն մինչ կրակահերթը դադարի:

«Չէի ուզենա, որ երեխաներս  էս կրակոցների տակ մեծանան»

Դպրոցի 37 աշակերտներից 4-ը Աղբալյանների ընտանիքից են: Սա գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկն է: Ընտանիքը վեց երեխա ունի` երեք աղջիկ և երեք տղա.  ավագը 13 տարեկան է, կրտսերը` 4:

աղբալյանՍամվել Աղբալյանը բանակում ծառայելուց հետո 10 տարի Ուկրաինայում է ապրել: Սակայն 80-ականների վերջին, երբ  իրավիճակը լարված էր, հայրենիք է վերադարձել. ծնողները  մենակ էին սահմանի վրա: Այստեղ էլ ընտանիք է կազմել ու այժմ հայրենական տնից հեռանալու որևէ մտադրություն չունի: Դժգոհում է, որ աշխատանք չկա,  արտագնա աշխատանքի մեկնել էլ չի կարող. «Էրեխեքին ո՞նց բրախես գնաս, մեկ էլ ու կրակոցը սկսեց, ո՞նց անեն: Վախում են, գոնե որ կողքին ես, հույս ես տալիս»:

Ութ անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 60 հազար դրամ նպաստով,  ուլերի վաճառքից ստացած եկամտով և հողագործությամբ ստացված բերքով:  Սամվելի կինը` Իրինան, նշում է, որ երեխաները սոված չեն մնում, օրվա հացն ապահովել կարողանում են, սակայն խնդիր է երեխաներին հագուստով ապահովելը (մեր այցելության ժամանակ, երբ բավականին ցուրտ էր անգամ տաք հագուստով,  երեխաները թաց բակում ոտաբոբիկ էին վազվզում): Դժվար է նաև երեխաներին գրքերով ու գրենական պիտույքներով ապահովելը: Չորս  դպրոցականներից երկուսը դեռ տարրական դասարաններում են սովորում և գրքերն անվճար են ստանում: Սակայն երկու ավագների  դասագրքերի համար ստիպված է վճարել:

իրինաԻրինան ասում է` լավ կլիներ, եթե նպաստը մի քիչ ավելի լիներ, որ կարողանային ծայրը ծայրին հասցնել: Իսկ Սամվելն ասում է` եթե աշխատատեղ լիներ…

Խոսելով երեխաների ապագայի մասին` թե նրանց ապագան գյուղում է պատկերացնում,  Սամվելը ասում է. «Եթե սենց շարունակվի` ամեն օր կռիվ, չէ: Եթե խաղաղություն լինի, որ գոնե չեն կրակի` հա: Ես կյանքիս մեծ մասն ապրել եմ, սենց էլ կապրեմ, բայց չէի ուզենա, որ երեխաներս էս կրակոցների տակ մեծանան»:

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

Երբ կրակոցների մասին է խոսք լինում, երրորդդասարանցի Արսինեն սկսում է պատմել, որ կրակոցների ժամանակ մայրիկն  իրենց արագ-արագ տուն է ուղարկում` խորքի սենյակում թաքնվելու. ծնողների կարծիքով դա տան ամենաապահով մասն է:

Բերքաբերում լավ բաներ էլ են կատարվում

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Օրերս Բերքաբերում բացվեց նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցին: Սփյուռքահայ բարերարների` Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների աջակցությամբ եկեղեցի է կառուցվել հին` խորհրդային տարիներին քանդված  եկեղեցու վայրում:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում  Բերքաբերի ազգագրական թանգարանը, որը գործում է արդեն 35 տարի: Գյուղապետի աջակցությամբ վերանորոգվել է շենքի տանիքը և թարմացվել է արտաքին հարդարանքը: Այստեղ պահվում են գյուղի հետ առնչություն ունեցող հնությունները` կահ-կարասի, գործիքներ, ձեռագործ աշխատանքներ և այլն:

«Սահման» ՀԿ-ի աջակցությամբ գյուղում հիմնվում են նաև ջերմոցային տնտեսություններ: Գործող երկուսից բացի, առաջիկայում կհիմնվեն ևս 4-ը:

Գյուղապետի խոսքով` այս տարի գյուղացիները 3 տոննա մեղր են ստացել: Եթե բնակիչներին օգնեն փեթակների ձեռքբերման և մեղրի իրացման հարցում` գյուղում մեղվաբուծությունը մեծ թափ կստանա:

Եվ ամենակարևոր ու դրական լուրը` այս տարի Բերքաբերում 6 երեխա է ծնվել. սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար:

Ինքնաշեն նռնակներից մինչև բնակավայրերի ինքնապաշտպանություն. ազատամարտիկի հուշերը

Թաթուլ ԿարապետյանԵրեք  երեխաների հայր և հինգ թոռնիկների պապ, 53-ամյա  Թաթուլ Կարապետյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է եղել: Միջին տարիքի մարտունեցիները  նրա գործունեության մասին հիացմունքով են խոսում: Սակայն  երիտասարդներից քչերը գիտեն Կարապետյանի վաստակի մասին. նա պարզապես չի սիրում խոսել իր արածի մասին:

80-ականների վերջին Թաթուլ Կարապետյանը Մարտունու երաժշտական դպրոցում երեխաներին դուդուկ նվագել էր սովորեցնում, ուներ  իր ընտանիքը. արդեն երեք երեխաների հայր էր: Երբ հնարավորություն է ստեղծվում  պատմական հայրենիքից մի փոքր մաս անգամ վերադարձնելու, Կարապետյանն առանց մտածելու, ոգևորությամբ  գործի է անցնում:

1987-ի ամռանն արդեն նա Մարտունիում ստորագրություններ էր հավաքում Ղարաբաղի` Հայաստանին միանալու օգտին: 1987-ի վերջին Երևանում ստեղծվում է «Հայ դատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Մարտունիում կազմակերպության մասնաճյուղը ղեկավարում է Կարապետյանը: Հիշում է, որ իրենց շտաբ կոչվածը մի սենյակ էր Մշակույթի պալատում: Պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը, որը կլիներ, եթե կյանքի կոչվեր Սևրի պայմանագիրը: Ասում է, որ հայոց պատմության մասին զրույցներից հետո հանկարծ մարդիկ, որոնցից չէր էլ սպասում, հայտարարում էին, որ իրենք էլ են զինվորագրվում:

1988-ի փետրվարի 25-ին Կարապետյանի ջանքերով Մարտունիում կազմակերպվում է քաղաքի պատմության մեջ առաջին բազմահազարանոց ցույցը: Նույն գիշերը տուն են այցելում ոստիկանները և Կարապետյանին բաժին տանում: Անփորձ երիտասարդը փորձության առջև է կանգնում. չգիտեր` ինչպես իրեն պահի, որ հարցին պատասխանի և որին` ոչ: Մեղադրում էին հակասովետական քարոզչության մեջ: Մեղադրականը, սակայն, հրաժարվում է ստորագրել: Մի քանի ժամ հարցաքննությունից հետո բաց են թողնում, սակայն հետագայում պարբերաբար կանչում են:

«Երբ նպատակ կա, էլ բռնելն աչքիդ չի գալիս»,- ասում է Կարապետյանը` խոսելով իրավիճակի մասին, երբ ամեն վայրկյան որպես հակապետական գործիչ կարող էր ազատազրկվել:

1988-ի նոյեմբերի 24-ին Վարդենիսի Շաֆակ գյուղում թուրքերը կրակել էին մարտունեցիների մեքենաների վրա:  Երբ լուրը Մարտունի է հասնում, բնակչությունը հավաքվում է` ամեն գնով Վարդենիս հասնելու մտադրությամբ: Կարապետյանը հանգստացնում է բնակչությանը և խումբ ուղարկում Շաֆակ` իրավիճակը պարզելու:

Շտապ սկսում են հավաքագրել որսորդական հրացանները: Այս շրջանում զենքի պակասն ինչ-որ կերպ լրացնելու համար գործարաններում սկսում են ինքնաշեն նռնակ պատրաստելու փորձեր անել Երևանից բերված մի նռնակի օրինակով: «Ուազ» մակնիշի  մեքենայի վրա էլ ալազան տիպի հրթիռ են հավաքում, որը կիրառվում է Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերում:

Մեկ-երկու օրվա ընթացքում 60-70 հոգանոց խումբ է ձևավորվում` զինված որսորդական հրացաններով: Խումբը  կազմ-պատրաստ սպասում է Արծվանիստում` հարկ եղած դեպքում լեռներով Վարդենիսի հայությանն օգնության հասնելու համար (ռուսական կայազորը փակել էր ճանապարհը Կարճաղբյուր գյուղի մոտ և թույլ չէր տալիս անցուդարձ անել):

Նույն ամսում էլ  Հայ դատի Մարտունու գրասենյակը ձեռնամուխ է լինում հարևան Վարդենիսի տարածաշրջանը ադրբեջանցիներից  մաքրելու ծրագրին: Համագործակցում են Վարդենիսի ռայկոմի երկրորդ քարտուղար Կորյուն Հակոբյանի հետ: Քննարկում և որոշում են, որ ադրբեջանցիները պետք է հնարավորինս հանգիստ ու անվնաս հեռանան, որպեսզի հանկարծ Մոսկվան չմիջամտի: Դեկտեմբերի 2-ին արդեն ադրբեջանցիների  բեռներով վերջին մեքենաներն են հեռանում Վարդենիսից: Հայերը մեքենաներով նրանց  ուղեկցում են մինչև սահման` հնարավոր բախումները բացառելու համար:

«Օրհասական էր Հայաստանի մաքրումը: Իրենք ամենուր էին ու բազմապատիկ արագ բազմանում էին: Մասիսում, Վարդենիսում, Ամասիայում ու այլ տեղերում թուրքեր էին, մեր բոլոր սահմաններին իրենք էին ապրում: Այնքան էին շատացել, որ Վարդենիսում գործկոմի նախագահը պարտադիր թուրք էր լինում,- ասում է Կարապետյանը և հայերի զսպվածությունը, թուրքերին անվնաս ճանապարհելն այսպես բացատրում:- Եթե Վարդենիսի շրջանից 40-50 հազար թուրք հեռանում են, ընդունենք` երկուսը սատկել են, ի՞նչ է փոխում դա, ոչ մի բան: Փոխեց էն, որ այսօր այդ տարածքում հայեր են ապրում, թուրքեր չկան»:

Ադրբեջանցիներին  հեռացնելուց հետո ձեռնամուխ են լինում  սահմանների պաշտպանությանը` սկսելով հենց Վարդենիսից:

1989-ին օգնության խնդրանքով «Հայ դատին»  են դիմում ԼՂԻՄ-ի  Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Մարտունեցիների կամավորների  առաջնային նպատակն է  դառնում Բերդաձորի չորս հայկական գյուղերի անվտանգությունն ապահովելը, որը և պատվով կատարում են:

«Բերդաձորը չորս կողմից թուրքերի շրջապատման մեջ էր: Մինչև Գորիսի սահմանը բոլորը թուրքեր էին ապրում: Մենք էլ հասկանում էինք, որ Բերդաձորը կորցնելու դեպքում Գորիսից մինչև Ստեփանակերտ այլևս հայեր չեն լինի: Չորս փոքր գյուղեր էին, բայց հայեր էին ապրում,- ասում  է Կարապետյանը:- Մենք ստանձնեցինք Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերի պաշտպանությունը, ինչը ենթադրում էր  զինված խմբեր, պարբերաբար իրականացվող  հերթափոխ,  ուղղաթիռային թռիչքներ, քանի որ որևէ այլ տրանսպորտով հնարավոր չէր գնալ Բերդաձոր, ամենուր թուրքեր էին, դա նշանակում էր սնունդ, գրականություն և ամեն ինչ տեղի բնակիչների համար»:

Նախ Բերդաձոր էին ուղարկում խմբի անձնագրերը` տեղի գրանցում ապահովելու համար, հետո արդեն խումբն էր ուղղաթիռով մեկնում: «Կոլցո» օպերացիայի ժամանակ այնպես է ստացվում, որ պաշտպանող խմբից ոչ ոք Բերդաձորում չի լինում: Ադրբեջանցիները բացահայտում են զենքի թաքստոցները, գյուղից 5 ակտիվիստների էլ իրենց հետ են տանում: Նրանցից երկուսը խոշտանգումներից մահանում են:

Իրավիճակի թեժացմանը համընթաց` Մարտունեցի կամավորների խումբը  մասնակցում է նաև Նոյեմբերյանի, Խաչիկի և այլ բնակավայրերի պաշտպանությանը, հետո արդեն Արցախում  մասնակցում են մարտերին  Քաշաթաղում, Մարտակերտում, Քարվաճառում:

92-ից արդեն կամավորներին են միանում նոր կազմավորվող բանակի առաջին զինվորները: Կարապետյանն ասում է, որ երիտասարդ զինվորներն իրենց քաջությամբ ու մարտական ոգով չէին զիջում:

«Քարվաճառում մի դիրք կար, որին  անընդհատ ականանետներով հարվածում էին: Բայց մեր երիտասարդ զինվորներից և ոչ մեկը չթողեց դիրքը: Նույն դիրքում մի օրվա ընթացքում երեք մարտունեցի զոհվեց,- հիշում է նա:- Մի անգամ էլ մայրաքաղաքային գնդից 10-15 զինվոր մեզ մոտ եկան, պայթեցումներ պիտի անեինք: Գիշերը զինվորներին պատմեցի 1901-ի Առաքելոց վանքի կռվի մասին: Մյուս օրը բեռներով ու զենքով մինչև 3500 մետր բարձրության հասանք, այդ  երեխաներն իրենց բեռը ոչ մեկին չտվեցին. ֆիդայիների պատմությամբ ոգևորված էին»:

Երբ պատերազմն ավարտվում է, Կարապետյանը հայրենի օջախ է վերադառնում` հրաժարվելով կապիտանի կոչումից, որ ցանկանում էին շնորհել իրեն: Որոշ ժամանակ շարունակում է դասավանդել երաժշտական դպրոցում, ապա  նշանակվում է շրջանի մշակույթի բաժնի վարիչ, հետո` Գավառում` մարզպետարանում,  համապատասխան բաժնի գլխավոր մասնագետ: 2002-ից «Մարտունի  ՋՕԸ»-ի տնօրենն է:

Խոսելով 1988-ի և ներկայում տիրող մթոնոլորտի մասին` Կարապետյանն ասում է, որ այն ժամանակվա միասնությանը  գուցե էլ չկարողանանք հասնել: Ասում է, որ այն ժամանակ հեռուստատեսությունը, տպագիր միջոցները, դպրոցն ազգային արժեքներ ու մշակույթ էին քարոզում, ինչն էլ ազգային զարթոնքի հիմք դարձավ: Մինչդեռ այսօր ոչ միայն ազգայինը չի քարոզվում, այլև «ամեն վատ բանի վրա ազգայինի պիտակն են կպցնում, որ մարդ հիասթափվի ու հրաժարվի ազգայինից»:

Հայկական քթի ոդիսականը և լեհահայերի հարստությունը

Երբևէ մտածե՞լ եք, թե Հայաստանից  դուրս` օտար երկրում, ինչպես պետք է կարողանաք արտաքինով տարբերել հային: Առաջինը, որ մտքով անցնում է, հայկական քիթն է: Ու չնայած ինքս հայկական քիթ չունեմ, ես էլ էի փորձում հայերին իրենց քթով  տարբերել:

Հայկական քթերի փնտրտուքը, որն այդպես էլ հաջողությամբ չպսակվեց

պատարագՊատկերացրեք մե~ծ եղեկեցի` լեցուն մի քանի հարյուր հավատացյալներով, որոնք լսում են կիրակնօրյա ժամերգությունը, և ես, որ շարքից շարք եմ անցնում ու հերթով զննում եմ  պատարագը լսողների դեմքերը, մասնավորապես` քթերը:

Հարցուփորձով պարզեցի, որ հայկական համայնքը կիրակի օրը հավաքվելու է պատարագի Բոլոր սրբերի եկեղեցում:

Սրտի թրթիռով բացեցի եկեղեցու մեծ դուռն ու ներս մտա` չիմանալով, թե ներսում ինչ կգտնեմ:

Երբ ներս մտա` պատարագն արդեն սկսվել էր: Եկեղեցում մոտ 2-3  հարյուր, գուցե և ավելի մարդ էր հավաքված: Մի մասը նստած, մյուս մասը կանգնած հոգևորականին էին լսում: Վերջինս խոսում էր լեհերեն, ժամերգությունն էլ էր լեհերեն: Այստեղ հիասթափության առաջին հարվածը զգացի. եթե դա էր հայերի համար պատարագը, ապա այդտեղ հայկական ոչինչ չկար: Սկսեցի շարքից շարք անցնել և ուսումնասիրել  մարդկանց արտաքինը. շեկ մազեր, սուր ու փոքրիկ քիթ, կապտականաչավուն աչքեր: Հուսահատված մտածեցի, որ եկեղեցում հայեր չկան, երբ պատահաբար նկատեցի մի աղջկա, որ հայկական քիթ ուներ ու արտաքուստ էլ լեհի նման չէր: Պարզվեց, որ նա  ևս լեհ է, անունն էլ Ագնեշկա: Նա եկեղեցականից իմացավ, որ հայերի համար պատարագն այլ սրահում է անցկացվում:

Երբ աստիճաններով իջնում էի նկուղային հարկը, որտեղից հայերեն շարականի ձայներ էին լսվում, նորից հուզվեցի ու մոռացա մինչ այդ ապրած հիասթափությունս. վերջապես գտել եմ հայերին: Սակայն տեսածս սառը ցնցուղ էր ինձ համար. ակնկալիքներս ու իրականությունը միմյանց չէին համապատասխանում:

Երբ հայկական աղբյուրներն ես նայում, տեղեկանում ես, որ Լեհաստանում շուրջ 80 հազար ծագումով հայ կա, խոշոր ու հզոր հայկական համայնք ունենք: Նման  տեղեկատվության ֆոնին ակնկալում ես  գոնե մի քանի տասնյակ մարդու գտնել եկեղեցում: Ժամերգությանը, սակայն, ներկա էր ընդամենը 13 մարդ: Ավելի ուշ, երբ հարցնում եմ, թե սովորաբար պատարագին քանի մարդ է մասնակցում, հումորով պատասխանում են. «Այնքան մարդ, որքան հիմա ենք, չհաշված ձեզ»:

Ըստ Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխի` Լեհաստանում առավելագույնը 10 հազար հայ է բնակվում. «Հայկական ծագմամբ մարդիկ շատ կան, սակայն նրանցից քչերն են ընդունում իրենց հայկական արմատները, առավել քիչ մասն է, որ նաև ընդգրկված է որևէ հայկական կազմակերպությունում»: 2011-ի մարդահամարի տվյալներով` Լեհաստանում շուրջ 3 հազար հայ է բնակվում, որոնցից հազարն իրենց համարում են և՛ լեհ, և՛ հայ:

Հաջորդ հարվածն աղոթագիրքն էր. մի քանի րոպե կորցրել էի խոսելու, մտածելու, շարժվելու ունակությունը,  երբ բացեցի ինձ հանձնած աղոթագիրքն ու մեսրոպյան տառերի փոխարեն գտա լեհերեն տառերով և հայերեն բառերով գրվածքներ` կողքին լեհերեն թարգմանությամբ:

Քիչ անց պարզվեց, որ սրահում որևէ մեկը հայերեն չի խոսում, բացառությամբ լեհ քահանայի:

Հայերի հետ անգլերենով և ռուսերենով, լեհի հետ` հայերենով

համայնք

Վարշավայում հայկական համայնքի ներկայացուցիչները

Հայր Ռաֆայել վարդապետ Կռաֆշիկը հայկական ծագում չունի, լեհ է: Ասում է, որ հայերի հետ առաջին անգամ ծանոթացել է Ռուսաստանում` Դոնի Ռոստովում: Այդ ժամանակ էլ որոշել է, որ որպես հոգևոր հովիվ պետք է ծառայի  կաթոլիկ հայերին: Հայկական տարբերակով պատարագ անցկացնելու համար երեք անգամ Հայաստան է այցելել: Այդ ընթացքում էլ սովորել է հայերեն խոսել: Հայր Ռաֆայելի հետ խոսում ենք հայերենով: Ասում է, որ չի ուզում հայերենով խոսելու առիթը բաց թողնել,  Լեհաստանում հայերեն խոսող չկա և աստիճանաբար սովորածը մոռանում է:

Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ էլ շփվում ենք ռուսերենով և անգլերենով: Պարզվում է, որ այստեղ բոլորն ընկերներ են, համայնքային հավաքներն էլ կարծես իրար տեսնելու, միմյանց ողջությունն իմանալու առիթ է: Ինձ էլ ջերմ ընդունում են, անգամ հրավիրում   են օրեր անց կայանալիք հավաքին: Հայ լինելու հանգամանքը բավարար է, որ մարդ այստեղ ջերմ ընդունելություն և բարյացկամ ընկերների պոտենցիալ շրջանակ գտնի:

Լեհահայերն ունեն նաև իրենց պարբերականը` «Ավետիսը», որը հրատարակվում է 2009-ից: Երկլեզու պարբերականը եռամսյա է և տարածվում է անվճար: 2012-ին պարբերականը  Սփյուռքի նախարարության պատվոգրի է արժանացել  Հայրենիք-Սփյուռք գործակցության, հայապահպանության հիմնախնդիրների, Սփյուռքում ծավալվող իրադարձությունների լուսաբանման և վերլուծության, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների ներկայացման ու տարածման համար:

Հայերն ունեն նաև մի քանի շաբաթօրյա դպրոցներ, որոնցից մեկը` Վարշավայում: Դպրոցների գործունեությունը ֆինանսավորում է լեհական կառավարությունը: 2012-ի տվյալներով` Վարշավայի հայկական դպրոցում սովորում է 25 աշակերտ (ցավոք, ժամանակի սղության պատճառով հայկական դպրոցում լինել չհասցրեցինք):

Լեհահայերի հարստությունը` ապահով ձեռքերում

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը ցույց է տալիս ջրից քայքայված գրքի փրկված էջերը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը ցույց է տալիս ջրից քայքայված գրքի փրկված էջերը

Լեհաստանում հայկական համայնքի կյանքը կազմակերպում և ժառանգությունն է պահպանում  Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամը, որը ստեղծվել է 2006-ին: Կազմակերպության գրասենյակի երեք սենյակներում ամփոփված է լեհահայերի հարստությունը` գրքերը: Սենյակներից մեկում պահպանվում են մինչև XIX դարի գրքերը` շուրջ 500 կտոր, հայերեն, լեհերեն և այլ լեզուներով: Հիմնադրամը գումար է հատկացրել գրքերը կոնսերվացնելու, փչացած մասերը վերականգնելու, պաշտպանիչ ծրարներում ամփոփելու համար: Մյուս սենյակում XIX դարում ստեղծված գրքերն են, իսկ երրորդում` լեհահայերի փաստաթղթերն են, ինչպես, օրինակ` եկեղեցական մատյանները  և այլն:

Արմեն Արտվիխը շրջում է լեհահայերի «մատենադարանում» ու հերթով ներկայացնում գրքերը, թե ինչպես  է յուրաքանչյուրն  իրենց հասել, ինչպես են կարողացել վերականգնել, մասնագետները, որքանով են կարևորել գրքի բովանդակությունը: Զգացվում է, որ անցյալն իր մեջ ամփոփող ամեն իր այստեղ գնահատված է ու ապահով ձեռքերում:

Այն հարցին, թե ինչ է նշանակում հայ լինել Լեհաստանում, Արտվիխը պատասխանում է. «Կարծում եմ, որ հայ լինելը բոլորովին չի խանգարում լեհ լինելուն և Լեհաստանի լավ քաղաքացի լինելուն: Նախ` նշանակում է հիշել իր արմատների մասին և երկրորդ` անել ինչ-որ բան Լեհաստանում հայկական մշակույթի պահպանության համար»:

Ձուլվե՞լ, թե՞ չձուլվել. սա է խնդիրը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը ներկայացնում է գրքի պատմությունն ու  նշանակությունը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը ներկայացնում է գրքի պատմությունն ու նշանակությունը

Խոսելով Լեհաստանում հայկական համայնքի կազմավորման մասին` Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչն ասում է, որ  լեհահայերը երեք խմբի են բաժանվում` հայեր, որոնք Լեհաստանում են հաստատվել XIII դարից սկսած. նրանք դեռ այն ժամանակ կորցրել էին  իրենց լեզուն: XVII դարից սկսած` այստեղ հաստատվում են հայախոս հայեր, որոնց մի մասը մինչև Երկրորդ աշխարհամարտը դեռ խոսում էր արևմտահայերենով: Երրորդ խումբը 1988-ից և հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո Լեհաստանում հաստատված հայերն են:

«Այս խմբերի հետաքրքրությունները տարբեր են: Առաջին երկու խմբերն այստեղ են ապրում վաղուց, ունեն Լեհաստանի քաղաքացիություն, իրենց Լեհաստանի քաղաքացի են զգում. լեհեր են, որոնք հպարտանում են իրենց հայկական ծագումով,- բացատրում է հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը:- Երրորդ խումբը  բոլորովին այլ խնդիրներ ունի, նրանք ևս միասեռ չեն, կան մարդիկ, որոնք Լեհաստան են գալիս, բայց Լեհաստանը վերջնակետը չէ, այլ ընդամենը կանգառ Արևմտյան Եվրոպա տանող ճանապարհին: Կան մարդիկ, որոնք Լեհաստանում են ապրում, բայց  վաստակած գումարը Հայաստան են ուղարկում:  Կան մարդիկ, որոնք հաստատվել են Լեհաստանում, ուզում են, որ իրենց երեխաներն այստեղ դպրոց գնան, այստեղ ապրեն»:

Այն հարցին, թե արդյոք շփվու՞մ են «նոր» հայերի հետ, Աբգարովիչը պատասխանում է, որ իրենք բաց են բոլոր ցանկացողների համար:

Հայկական համայնքի, մասնավորապես «նոր» հայերի ապագայի հարցում Արտվիխը և Աբգարովիչը մի փոքր տարակարծիք են: Արտվիխի խոսքով` ամեն քաղաքում գոնե մեկ հայ ընտանիք կա, մինչդեռ ամեն տեղ չէ, որ կա հայկական դպրոց, եկեղեցի, շատ են խառնամուսնությունները, ուստի մեկ-երկու սերունդ հետո ձուլման վտանգը մեծ կլինի:
Մինչդեռ Աբգարովիչը կարծում է, որ երբ «նոր» հայերն էլ տնտեսական առումով բարեկեցության հասնեն, կսկսեն մտածել մշակութայինի, իրենց արմատների մասին, ինչպես «հին» հայերի դեպքում է եղել:

 

 

Վարշավայում ամեն ինչ կոչված է քաղաքացու արժանապատվության պահպանմանը, Երևանում` նվաստացմանը

Yerevan-WarsawՎերջերս առիթ եղավ կարճ ժամանակով ապրելու Վարշավայում` Լեհաստանի մայրաքաղում: Այդ ժամանակամիջոցում ամեն վայրկյան համեմատում էի Վարշավան ու Երևանը: Հասկացա, որ մենք շատ հեռու ենք եվրոպական մտածելակերպից ու արժեքներից, իսկ Երևանը` Վարշավայի համեմատությամբ, գավառական  անհարմար գյուղ է կամ լավագույն դեպքում` գյուղաքաղաք:

Վարշավան` հարմարավետ ու քաղաքակիրթ կյանքի սիրահարների քաղաք

Սևեռված պատուհանից էի նայում, երբ օդանավը վայրէջք էր կատարում Վարշավայում: Ակնկալում էի տեսնել շենք-շինությունների շարաններ, բայց փոխարենը միայն կանաչ էր երևում: Երբ ավելի մոտեցանք, անտառների ու պուրակների միջից սկսեցին հատուկենտ շենքեր երևալ: Միևնույն է, մինչև վերջին վայրկյանը պատուհանից երևացող տեսարանում գերակշռողը կանաչն էր:

Վարշավա-հին քաղաքՎարշավայում գտնվելու սկզբնական օրերին ամեն քայլափոխին զարմանում էի` ինչպե՞ս է, որ իրենց մոտ որևէ գործարարի կամ պաշտոնյայի  մտքով չի  անցել, որ  կիլոմետրերով կանաչ տարածքներ քաղաքին պետք չեն, ավելի «պիտանի»  կլինեն դրանց տեղում կառուցված խանութներն ու սրճարանները: Առավել զարմանալի էր, թե ինչ խնամված ու մաքուր էին պուրակներն ու այգիները: Ցանկության դեպքում անգամ մի ծուռ թուփ գտնել հնարավոր չէ:

Վարշավայում հասարակական տրանսպորտից օգտվելիս նոր միայն հասկանում ես, թե ինչ ասել է քաղաքակիրթ տրանսպորտ: Այստեղ ներքաղաքային հասարակական տրանսպորտը տեղական իշխանություններին է պատկանում, բյուջեից էլ սուբսիդիաներ են հատկացվում տրանսպորտային համակարգի  շարունակական արդիականացման և պահպանման համար:

Եվ քանի որ տրանսպորտային բոլոր տեսակները քաղաքապետարանին են պատկանում, ոչ թե մասնավորին, ամեն ինչ փոխկապակցված է: Նույն տոմսով կարող ես օգտվել թե՛ ավտոբուսից, թե՛ տրամվայից և թե՛ մետրոյից: Ընդ որում, գործում է տոմսերի ճկուն համակարգ. ըստ քո ընտրության կարող ես գնել մեկանգամյա, 15-րոպեանոց, մեկ օրվա, երեք օրվա համար տոմս  կամ էլ ունենալ մշտական քարտ:

Ընդ որում, որքան երկար ժամանակահատվածի համար ես գնում, ֆինանսական առումով այնքան ավելի շահավետ է: Այսպես, օրինակ` 1 օրվա տոմսն արժե 12 զլոտի, 3 օրվա տոմսը` 30 զլոտի(10 դոլար): Ընդ որում, այդ տոմսով երեք օրվա ընթացքում կարող ես անսահմանափակ քանակությամբ օգտվել տրանսպորտի ցանկացած տեսակից: Օրինակ` իմ` Վարշավայում գտնվելու ընթացքում գործի բերումով այնքան էի օգտվում տրանսպորտից, որ Երևանում նման պարագայում օրական նվազագույնը ստիպված կլինեի վճարել 1500 դրամ, Վարշավայում` ոչ, ես տոմս ունեմ:

տրամվայՏոմսը կարելի է ձեռք բերել ցանկացած թերթի կրպակից կամ էլ կանգառների մոտ տեղադրված տերմինալներից: Ավտոբուս մուտք գործելիս  հարկավոր է ընդամենը դակել տոմսը և վերջ, երեք օր կարելի է մոռանալ տոմսի մասին:

Նշեմ, որ թոշակառուների և վետերանների համար տրանսպորտը ձրի է, իսկ ուսանողները և սոցիալապես  խոցելի խավերի ներկայացուցիչներն օգտվում են զեղչային համակարգից:

Հասարակական տրանսպորտի մյուս առավելությունը վայրկենական  ճշգրտությամբ աշխատելն է: Բոլոր կանգառներում  ցուցակ է փակցված, որտեղ նշված են այդ տեղով  անցնող տրանսպորտային միջոցների համարները, կանգառները  և չվացուցակը: Երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ րոպե ուշացման ականատես չեղա. նշված ժամին ավտոբուսը հասնում է կանգառ ու դռները բացում:

Նշեմ, որ այստեղ տրանսպորտը գործում է նաև գիշերվա ժամերին, պարզապես երեկոյան 11-ից հետո,  էլի ըստ չվացուցակի, ժամը մեկ պարբերականությամբ, մինչ առավոտյան 6-ը:

Ուշագրավ է, որ օրվա որևէ ժամի Վարշավայում չտեսա գերբեռնված տրանսպորտ, ինչպիսին Երևանում ամեն քայլափոխի ենք հանդիպում, ամենածանրաբեռնված ժամին ամեն ավտոբուսում մի քանի կանգնած մարդ էր:

Այստեղ ուղևորը վարորդի հետ որևէ առնչություն չի ունենում. ո՛չ գումար է տալիս, ո՛չ գոռում` կանգառում կպահեք: Սպիտակ վերնաշապիկով և փողկապով վարորդը հանգիստ ավտոբուսն է վարում` իր գործից չշեղվելով: Բարձրախոսը նախապես հայտարարում է, թե որն է լինելու հաջորդ կանգառը: Էկրանին գրվում է հաջորդ կանգառի անվանումը, իսկ երթուղին պատկերող էկրանի վրա նախորդ կանգառն արդեն պասիվանում է` կարմիրով ցույց տալով առաջիկա կանգառները: Ավտոբուսն էլ հանգիստ կանգնում է բոլոր նախատեսված կանգառներում:

Վարշավայի և Երևանի տրանսպորտներն ուղղակի անհամեմատելի են. առաջինը ստեղծվել է, որպեսզի քաղաքացին իրեն արժանապատիվ ու հարգված զգա, երկրորդը` որպեսզի քաղաքացուն հնարավորինս նվաստացնի:

Քաղաք` առանց խցանումների. սա իրականություն է, ոչ թե երազանք

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Վարշավայի մյուս առանձնահատկությունը խցանումների բացակայությունն է: Ճիշտ է, քաղաքից ելքի ու մուտքի ճանապարհներին երբեմն խցանումներ լինում են, բայց ոչ երբեք կենտրոնում: Եթե ես Երևանում տնից աշխատավայր եմ հասնում առնվազն  40 րոպեում,  ապա Վարշավայում նույն հեռավորությունն անցնում էի 20 րոպեում, ներառյալ` կանգառում տրանսպորտին սպասելը:

Նշեմ, որ այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված նաև ներքին տուրիզմի համար. ուրբաթ օրը երեկոյան կարող ես հատուկ տոմս գնել  (75 զլոտի կամ 25 դոլար) գնացքի համար և մինչև երկուշաբթի առավոտյան գնացքով ճամփորդել ինչքան ուզում ես, այցելել որ քաղաքը  սիրտդ կուզի:

Այդքանով հանդերձ, Վարշավայի բնակիչները դժգոհ են իրենց քաղաքապետից. ասում են, որ իր նախընտրական ծրագրերն ամբողջությամբ չի կատարել, բացի այդ, տրանսպորտի սակագինը բարձրացրել է: Այդ պատճառով հոկտեմբերի 13-ին այստեղ հանրաքվե տեղի կունենա, կորոշվի քաղաքապետի  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Ըստ օրենքի` քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր  եկող տարի: Այն հարցին, թե ինչու մեկ տարի չսպասեցին և նախընտրեցին ընտրությունների վրա հսկայական գումարներ ծախսել, լեհական հանրային հեռուստաընկերության լրագրողը պատասխանեց, որ այս քայլով ուզում են դաս տալ հետագա քաղաքապետներին` եթե նախընտրական խոստումներ է տվել, ուրեմն պետք է կատարի, այլապես քաղաքացիները, որոնք իրեն իշխանություն են տվել, կզրկեն նրան այդ իշխանությունից:

Լեհաստանում առանց լեհերենի հնարավոր չէ, Հայաստանում առանց հայերենի` խնդրեմ

Վարշավա-հին քաղաք2Ամենից առավել Լեհաստանում հիացնում է լեհերի սերն իրենց երկրի և լեզվի հանդեպ:  Նման բան Հայաստանում հաստատ տեսած չեք լինի: Անգամ ծիծաղելի է Հայաստանը տուրիստական երկիր անվանելը` համեմատելով մեր երկիր այցելող տուրիստների թիվը: Սակայն մեզ մոտ ամենուրեք օտար անուններ են` գրված անգլերենով, սրճարաններում, ռեստորաններում ճաշացանկը պարտադիր անգլերեն թարգմանություն ունի, սպասարկման ոլորտում ցանկացած տեղ աշխատանքի ընդունվելիս պարտադիր պայման է անգլերենի գերազանց իմացությունը:

Իսկ տուրիստական Լեհաստանում (հատկապես Վարշավայի և Կրակովի հին քաղաքներում  ցանկության դեպքում անգամ դժվար է լեհ գտնելը, բոլորը զբոսաշրջիկներ են) խոսում և գրում են միայն լեհերեն: Հյուրանոցներում,  բրենդային և ոչ բրենդային խանութներում, բանկերում, էլ չասեմ փողոցում անգլերեն խոսող մարդ գտնելը մեծ դժվարություն է (ռուսերենի մասին էլ չասեմ), ստիպված ես հաղորդակցվել ժեստերի լեզվով կամ սովորել լեհերենը: Անգամ երկաթուղային կայարանում, որտեղ զբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա, տոմս վաճառողները և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները միայն լեհերեն են խոսում, ուղղորդող վահանակները ևս  միայն լեհերեն են:

Մինչդեռ Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնում, որ իր երկրում գտնվող օտարերկրացին կարող է և գուցե պարտավոր է մի փոքր տիրապետել քո լեզվին: Ո~չ, մենք ամեն ինչ անում ենք, որ օտարերկրացին իրեն լավ զզա:

Լեհաստանում էլ է օտարերկրացին իրեն լավ զգում, բայց ոչ լեհի ազգայինի ստորադասման հաշվին, պարզապես սպասարկումն ու ծառայություններն են որակյալ:

Երևի թե բառերով փոխանցել հնարավոր չէ այն հիացմունքը, որով լեհերը խոսում են իրենց պատմության և մշակութային ժառանգության մասին: Մեր լրագրողական խմբի ուղեկից լեհը առիթը բաց չէր թողնում պատմելու, թե սովետական իշխանությունների դեմ ինչ պայքար են մղել Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիների ավերած հին քաղաքի յուրաքանչյուր շենքը վերականգնելու համար:

Մեզ մոտ լիներ` երևի խոսք էլ չէր լինի վերականգնելու մասին: Մենք անգամ պահպանվածն ենք քանդում, կարծես խանութ սարքելու համար այլ տարածք չկա:  Վարշավայից տարիքով կրկնակի մեծ Երևանում անգամ 100-ամյա շենք գտնելը դժվար է: Մինչդեռ լեհերը քար առ քար վերականգնել են հին Վարշավան, որ 80-90 տոկոսով կործանվել էր գերմանացիների ռմբակոծություններից:

Լեհերն այնպես են գնահատում իրենց մշակութային ժառանգությունը և մեծերին, որ թվում է, թե այդ ամենը բացառիկ է, միայն իրենք ունեն: Բայց երբ մոտիկից ես ծանոթանում, հասկանում ես, որ հայերս գուցե ավելի մեծ արժեքներ ունենք, սակայն օտարն այդ մասին չգիտի:

Անհնար է, որ որևէ զբոսաշրջիկ Վարշավայից հեռանա` առանց իմանալու, որ Շոպենը լեհ է եղել, և հեռանա առանց նրա ստեղծագործություններն ունկնդրելու:  Հայաստան այցելած քանի՞ զբոսաշրջիկ է իմանում, որ հայերս էլ Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան ենք ունեցել: Երևի ոչ ոք:

Ցավալի է, երբ Երևանի և Վարշավայի, Հայաստանի և Լեհաստանի միջև նման տարբերություններ կան, մանավանդ որ սոցիալիստական կարգերից հետո երկուսս էլ նույն դիրքից ենք մեկնարկը տվել:

Հ.Գ.
Նյութը հնարավոր եղավ պատրաստել շնորհիվ «Լեհա-չեխա-սլովակյան համերաշխության հիմնադրամի», որը սեմինար էր կազմակերպել «Անկախ լրատվամիջոցների  զարգացումը Եվրասիայում» խորագրով: Մասնակցում էին լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից և Մոլդովայից:  Սեմինարին Հայաստանը ներկայացնում էր «Անկախ»-ի թղթակիցը:

 

«Բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը». ազատամարտիկ

Գնել Գրիգորյան«Ամեն մեկս մեր զենքով Հայ դատի Մարտունու գրասենյակում նստում ու սպասում էինք, թե մեզ երբ Ղարաբաղ կուղարկեն: Բայց ինձ հաճախ խաբում չէին ուղարկում: Բոլորն ուզում էին գնալ, բայց օրինակ` 5 հոգի էր պետք: Ինձ, էսպես ասած, փայ չէր հասնում: Դրա համար շա~տ եմ վիճել շտաբի ղեկավարի` Թաթուլ Կարապետյանի հետ»,- պատմում է 54-ամյա Գնել Գրիգորյանը` հիշելով, թե ինչպես է 1988-ին միացել Արցախյան շարժմանը:

Գրիգորյանն ասում է, որ տանը մեծ գրադարան են ունեցել, միշտ պատմական գրքեր է կարդացել, հայրն էլ հայրենասեր մարդ էր ու որդու մեջ դեռ մանկուց սերմանել է հայրենասիրության ոգին: Երբ խառը ժամանակներն են վրա հասնում ու հայրենիքը պաշտպանության կարիք ուներ, Գնել Գրիգորյանը, առանց երկար-բարակ մտածելու, վերցնում է իր 5 փամփուշտանոց որսորդական հրացանն ու միանում շարժմանը: Ընտանիքն էլ` հոր գլխավորությամբ, ողջունում է նրա քայլը: Միայն երկու փոքրիկներն էին նեղվում, չնայած փոքր հասակին` հասկանում էին, որ հայրը կարող է գնալ ու էլ չվերադառնալ:

«Մի անգամ գիշերը 2-3 ժամով տուն եկա հանգստանալու: Դուրս գալիս աստիճանների դիմաց երեխաները չոքեցին, թե պապա մի գնա, բայց ես երեխեքիս վրայով անցա: Հայրենիքը սպասում էր»,- ասում է նա:

Գրիգորյանը հիշում է, որ այն ժամանակ շատերը չէին էլ պատկերացնում, որ պատերազմ կարող է սկսվել, հավատում էին, որ Ղարաբաղի հարցը խաղաղությամբ կարող է լուծվել:

Գյուղից զենքը ձեռքին զինվորագրվում է 7 երիտասարդ, 1992-ից նրանց են միանում ևս երկուսը: Լիճքեցի 9 կամավորները մինչև պատերազմի հաղթական ավարտը մարտնչում են:

Հիշում է, որ սկզբում զինվորագրվողների մասին ասում էին, թե երևի մի շահ ունեն: «Մենք մե~ծ շահ ունեինք, բայց ոչ անձնական: Մեր շահը հայրենիքի պաշտպանությունն էր»,- ասում է Գրիգորյանը:

Երբ 1994-ին Լիճքից 106 երիտասարդներ են նոր կազմավորված հայոց բանակ զորակոչվում, նոր միայն գյուղի բնակիչները հասկանում են պատերազմի լրջությունը և բուն իրավիճակը:

«Մեր պատերազմը սկսվեց բահով, դանակով, եղանով, որսորդական հրացանով, նոր կամաց- կամաց անցանք ավտոմատին, հետո` այլ զինատեսակներին: Կամաց-կամաց սովորեցինք, փորձ ձեռք բերեցինք»,- ասում է Գրիգորյանը` հավելելով, որ սկզբնական շրջանում թշնամին շատ էր նեղում. թվով էլ էին շատ, պաշարներով էլ, ռուսական զորքերն էլ ադրբեջանցիներին օգնում էին:

Պատմում է, որ իրենք բազմաթիվ սոված օրեր են անցկացրել, բայց մարտական ոգին բարձր է եղել: Ասում է, որ զարմանում էին, երբ  ադրբեջանցիների նահանջից հետո տեսնում էին, թե սննդամթերքի ինչ պաշարներ են ունեցել նրանք:

«Թուրքը կռվող ազգ չէ: Քանակը դեռ որակ չի նշանակում: Բացի այդ, հայերից կամավոր զինվորագրվել էին մարդիկ, որոնց հայրենասիրական ոգին բարձր էր: Մենք ախպոր պես էինք, իրար թև-թիկունք, մեկս մյուսի համար պատրաստ մեր կյանքը զոհելու: Դրա համար էլ մենք հաղթեցինք»,- այսպես է բացատրում հայերիս հաղթանակը Գրիգորյանը:

Առաջին մարտական գործողությանը Գրիգորյանը մասնակցել է Վարդենիսում: «Լուրջ բան չէր, մի քանի կրակոց սահմանի վրա»,- հիշում է նա: Իսկ առաջին լուրջ ռազմական գործողությունը նրա մասնակցությամբ եղել է Ճամբարակի Ջիլ գյուղում:

Հիշում է, որ սկզբնական շրջանում դժվար էր թշնամու վրա կրակելը, այն գիտակցությունը կար, որ թշնամին էլ է մարդ: Սակայն հետագայում, երբ տեսնում է ընկերների մահը, ադրբեջանցիների վայրագությունները, վրեժի ծարավով է լցվում. «Էդ ամենը տեսնելով` երդվեցինք, որ վրեժ պիտի լուծենք մեր ընկերների համար ու տրամադրվեցինք, որ կա՛մ ազատություն պիտի լինի, կա՛մ մահ»:

Գրիգորյանը կամավորների հետ մասնակցել է Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերին, ապա Քարվաճառի, Մարտակերտի, Դրմբոնի ազատագրմանը:

Երբ պատերազմն ավարտվում է, Գրիգորյանը չի շտապում քաղաքացիական կյանքին վերադառնալ: «Նոր էր կազմավորվել մեր բանակը, և կադրերի խնդիր կար: Ես դեռ անելիք ունեի»,- ասում է նա: Մինչև 1997-ը նա շարունակում է զինվորական ծառայությունը որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: Հետո արդեն, առողջական խնդիրներով պայմանավորված, ստիպված թողնում է ծառայությունը: 2008-ից Գրիգորյանը Լիճքի գյուղապետն է:

Այժմ 4 թոռների պապ Գնել Գրիգորյանը զբաղված է թոռների դաստիարակությամբ, ինչպես ժամանակին իր երեխաներին է դաստիարակել, որդուն բանակ ուղարկել, որտեղ նա անգամ մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորվել է, ապա կազդուրվելով շարունակել ծառայությունը:

Ասում է, որ անկախ ամեն ինչից, մարդ պետք է պատրաստ լինի հայրենիքը պաշտպանելուն. «Երիտասարդներին խորհուրդ կտայի, որ սիրեն իրենց հայրենիքը, պահեն ու պաշտպանեն: Պատերազմը չարիք է: Բայց եթե հանկարծ թշնամին ոտնձգության դիմի` բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը»:

 

Հոր գերեզմանը գտել է մահվանից 68 տարի անց

հոգեհանգստի արարողությունըԱյս տարի նշվում է «Կուրսկի աղեղ» օպերացիայի 70-ամյակը: 50 օր տևած այս մարտը Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ գործողություններից է: Հենց այստեղ է տեղի ունեցել պատմությանը հայտնի ամենախոշոր տանկային մարտը, որին մասնակցել  են 2 միլիոն մարդ, 6 հազար տանկ և 4 հազար ինքնաթիռ:

Այս մարտում մասնակցություն են ունեցել նաև հայերը: «Անկախը» զրուցել է փոխգնդապետ Մկրտիչ Միխայելյանցի դստեր հետ, որը 1943-ին եղել է Վորոնեժյան ճակատի հրետանային գնդի հրամանատարը և հենց այդ մարտերում էլ զոհվել է:

75-ամյա Լյուսյա Միխայելյանցը պատմում է, որ հոր հետ կապված հուշերն իրեն հիմնականում հասել են մոր միջոցով: 1912-ին ծնված մեղրեցի Մկրտիչը, որ վաղ տարիքում կորցրել էր մորը, 13 տարեկան հասակում փախչում է տնից ու ոտքով ճանապարհվում Տաշքենդ: Լսել էր, որ այնտեղ հարուստ մեղրեցիներ են ապրում, և հույս ուներ, որ իրեն կօգնեն գտնել իր տեղը կյանքում:

Հրաշքով Տաշքենդ հասած որբ տղան ընդունվում է Սուվորովյան ռազմական ուսումնարան, ավարտում է գերազանցությամբ, նաև դառնում է Ուզբեկստանի չեմպիոնը ծանրամարտից:

Գերազանց առաջադիմության ու լավ տվյալների շնորհիվ Մկրտիչին Մոսկվայի հրետանային ակադեմիայում ուսանելու են ուղարկում: Ակադեմիան ավարտելուց ու զինվորական  կոչում ստանալուց հետո 25-ամյա երիտասարդը հայրենիք է վերադառնում` գտնելու իր կյանքի կեսին: Փնտրում ու գտնում է Աստղիկին, որի հետ Մեղրու դպրոցում նույն նստարանին էին նստում: Ամուսնանալուց հետո  մեկնում են Մոլդովա, որտեղ էլ ծառայության է անցնում: 1938-ին գործուղվում է Հեռավոր Արևելք, որտեղ մարտեր էին ընթանում Ճապոնիայի դեմ: Այստեղ էլ ծնվում է նրանց առաջնեկը` Լյուսյան:

Զինվորականի ընտանիքի շրջագայությունները շարունակվում են ըստ ռազմական գործողությունների վայրերի` Ֆինլանդիա, ապա Մոլդովա: Երբ վրա է հասնում Հայրենական մեծ պատերազմը, Մկրտիչ Միխայելյանցի բազմանդամ ընտանիքը Մոլդովայում  էր. ունեցել էր երկվորյակ տղաներ, իսկ կրտսեր դուստրն էլ 4 ամսական էր: Այդ ժամանակ Մկրտիչ Միխայելյանցն արդեն գնդի հրամանատար էր:

Հունիսի 22-ին կինն ամուսնուն գտնում է հեռախոսի մոտ արցունքախեղդ: Կնոջն ասում է, որ պատերազմ է սկսվել և  սպասում է հարձակման հրամանի, բայց ինչպես պիտի հարձակվեն` չգիտի. շատ քիչ զենք ունեն:

Հրամանատարությունից խիստ հրահանգ է գալիս` ոչ մի դեպքում ողջ-ողջ չհանձնվել: Խաղաղ բնակչության տարհանման հրահանգ էլ, սակայն զինվորականների ընտանիքներին տարհանել թույլ չեն տալիս: «Ո՞ր մի հայրը կնահանջի, երբ գիտի, որ իր ընտանիքը դեռ տեղում է: Արյան գնով պահել են, մինչև բոլորին կտարհանեն»,- պատմում է տիկին Լյուսյան:

Բնակչությանը ռազմական գործողությունների վայրից 50-60 կմ հեռացնելուց հետո տարհանում են նաև զինվորականների ընտանիքներին: Այդուհետ բոլորը ստիպված ոտքով են առաջ գնում:

«Մայրս փոքր քույրիկիս բարուրը  գցել է սետկայի մեջ ու կախել մի թևից: Երկու եղբայրներիս գրկել է, ես էլ, որ արդեն 3,5 տարեկան էի, ձեռքս պինդ կապել է իր փեշին, որ հանկարծ չկորցնի: Քայլելով ու դադարներով մարդիկ հասել են մինչև Դոնբաս: Այնուհետև դեպի Միջին Ասիա գնալու հրաման է եկել: Մայրս, սակայն, խնդրել է, որ թույլ տան իր երեխաների հետ Հայաստան գնա, որտեղ հարազատներ ունի»,- պատմում է տիկին Լյուսյան:

Ոտքով մայրը և չորս երեխաները ամիսներ շարունակ քայլել են դեպի Հայաստան: Ուշ աշնանը Թիֆլիս են հասել, որտեղից էլ գնացքով պետք է Հայաստան հասնեին: Կանգառներից մեկում, մինչ տիկին Աստղիկը ջուր կբերեր երեխաներին, մի ծեր կին լացող երկվորյակ տղաներին պատուհանից դուրս է նետում: Երբ մայրը նկատում է երեխաների բացակայությունը, գնացքն արդեն շարժվել էր: Հետագայում իր 1,5 տարեկան փոքրիկներին գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Ամիսներ տևած թափառումից հետո տիկին Աստղիկը երկու դուստրերի հետ Երևան է հասնում, ընդ որում, կրտսեր դստեր մաշկը` ոչ հիգիենիկ պայմաններից  քայքայված, քիթը` պայթյունի արկից վնասված: «Այնքան էինք ոջլոտել, որ մեզ  լողացնում էին, թասի մեջ ոջիլները լող էին տալիս»,- հիշում է տիկին Լյուսյան:

Երևանում փախստական ընտանիքին սենյակ են հատկացնում մետաքսի գործարանում: Վերջապես վերահաստատվում է կապն ընտանիքի և հոր միջև, վերջինս ամիսներ շարունակ փնտրել էր ընտանիքին ու նամակներ գրել կնոջ քրոջը` հարցուփորձ անելով նրանց մասին:

1942-ից գնդի հրամանատար Միխայելյանցը կանոնավոր կերպով իր աշխատավարձը կնոջն էր ուղարկում, որ կերակրի երեխաներին: Հնարավորության դեպքում ուղարկում էր նաև իրեն հատկացված կտորեղենը և այլ պարագաները: «Մայրս այդ ամենը շալակած գյուղից գյուղ էր անցնում` ապրանքը սննդի հետ փոխանակելու համար»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը:

Այդ ժամանակ արդեն տիկին Աստղիկի հույսին էին 8 երեխաներ` իր երկու դուստրերից բացի, նաև պատերազմի մեկնած ու աքսորավայրում գտնվող հարազատների երեխաները: «Սև հացը որ ձեթի մեջ տապակում էր, խրթխրթան էր դառնում, դա մեր ամենահամեղ ուտելիքն էր: Իսկ եթե որևէ օր կարտոֆիլ էինք ուտում, դա իսկական տոն էր»,- այդ օրերն այսպես է բնութագրում տիկին Լյուսյան:

1943-ին ընտանիքը գրություն է ստանում, որը գուժում էր հոր մահը. «Ձեր ամուսինը մահացել է Կուրսկի դուգայում: Պինդ եղեք: Մենք ձեզ հետ ենք: Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի»: Նամակում որևէ այլ տվյալ չկար:

Պատերազմի ավարտից հետո պետությունը հոգում է զոհված զինվորականի ընտանիքի կարիքները: Երեխաները զբաղվում են երաժշտությամբ, սպորտով, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն տարիներ շարունակ հոր գերեզմանը գտնելու բոլոր ջանքներն ապարդյուն են անցնում: Տիկին Լյուսյան անգամ Պոդոլսկ է մեկնում, որտեղ կենտրոնացրել էին Հայրենական պատերազմի ողջ արխիվը:

Երբ թվում էր, որ Մկրտիչ Միխայելյանցի գերեզմանը գտնելու բոլոր հույսերը մարել են, հանկարծ այն գտնվում է: Միխայելյանցի կրտսեր դստեր թոռները որոշում են իրենց տատիկին անակնկալ մատուցել ու ամիսներ շարունակ համացանցով արխիվներն են փորփրում` իրենց ուզած անուն-ազգանունը գտնելու համար:

2011-ին պարզվում է, որ փոխգնդապետ Միխայելյանցը հուղարկավորված է ՌԴ Կուրսկի մարզի Պոգոժեե գյուղում:

Տիկին Լյուսյան, որ ամուսնու մահից հետո Մոսկվա է տեղափոխվել` որդու մոտ, անմիջապես նշված գյուղ է շտապում: Լուսաբացին մայր ու որդի Պոգոժեե են հասնում:

Եղբայրական գերեզմանը և հուշարձանը Պոգոժեե գյուղում«Փնտրեցի ու հորս ազգանունն իսկույն գտա: Ինչքա~ն եմ լացել, իսկ երբ տղաս դուդուկի նվագով երաժշտություն միացրեց, երկուսով սկսեցինք լացել: Մի քանի ժամ էդպես նստած էինք, երբ մարդկանց անցուդարձը սկսվեց»,- պատմում է Լյուսյա Միխայելյանցը: Հոգեհանգստի փոքրիկ արարողություն են անցկացնում: Ապա հանդիպում ու շնորհակալության խոսքեր են ասում դպրոցականներին, որոնք էլ խնամում ու մաքուր են պահում հուշարձանը:

Այսքան տարիներ անց էլ, արցունքները կոկորդում խեղդելով, տիկին Լյուսյան ասում է, որ գոնե լավ է, հոր գերեզմանը գտնել կարողացան, բայց, ցավոք, հոր մահվան մասին որևէ տվյալ իմանալ չեն կարողացել. մսաղաց է եղել, հազարավոր մարդիկ են մահացել:

 

Հայը, որին մեղադրում էին Ստալինի դեմ մահափորձի մեջ

Stalin3ԼՕԺ. այսպես է 1937-ին «ինքնախոստովանական» ցուցմունքի տակ ստորագրել Վահագն Ազատյանը, որին մեղադրում էին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի դեմ մահափորձ իրականացնելու մեջ:

Ազատյանը ծագումով մեղրեցի է, ծնվել է 1901-ին: Հայրը, որ Լայպցիգում էր տնտեսագիտություն ուսումնասիրել, քաջ գիտակցում էր կրթության կարևորությունը: Ուստի երբ հիմնվում է Երևանի պետական համալսարանը, ավագ որդուն՝ Վահագնին Երևան է ուղարկում՝ տնտեսագիտություն ուսանելու: Հետո Վահագնը կրթությունը շարունակում է Մոսկվայում:

Խորհրդային Միության կազմավորման տարիներին որակյալ կրթությամբ կադրերի պահանջարկ կար: Այնպես որ Վահագնը նախ Երևանում ռայկոմի քարտուղար է նշանակվում, ապա Մոսկվա մեկնում՝ նշանակվելով ԽՍՀՄ վիճակագրական ծառայության պետ:

Խորհրդային Միության բոլոր ծայրերից տնտեսական ցուցանիշներն Ազատյանի ղեկավարած կառույցում էին կուտակվում ու ամփոփվում, ուստի նա պարբերաբար Ստալինին զեկույց էր ներկայացնում:

«Ստալինի բոլոր ելույթները տնտեսական թեմաներով գրում էր իմ քեռին, հետո Ստալինը կարդում էր, իր շտկումներն անում, ու ելույթը պատրաստ էր»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը՝ Վահագն Ազատյանի քրոջ դուստրը:

Ստալինի հետ հաճախակի հանդիպումները նաև որոշ մտերմիկ, ընկերական կապ էին ստեղծել երկուսի միջև: Հետագայում Ազատյանն իր հարազատների հետ զրույցում կհիշի, որ չնայած մտերմությանը` իրենց մեջ միշտ որոշ պատնեշ է եղել. Ստալինը խիստ մարդ էր ու չէր սիրում խառնել անձնական և գործնական հարաբերությունները:

1937-ին, երբ սկսվում են ռեպրեսիաները, ձերբակալվում է նաև Ազատյանը: Գրեթե ամեն օր Ստալինի հետ ժամերով մեկուսի աշխատող Ազատյանին մեղադրում են ԽՍՀՄ առաջնորդին սպանելու փորձի մեջ: Կարճ ժամանակ անց Մեղրիում ձերբակալում են նաև Ազատյանի հորը՝ 67-ամյա Ավետիս Ազատյանին և գնդակահարում նրան որպես ժողովրդի թշնամի, որը հակառակվում է կոմունիստական կուսակցության որոշումներին: Ավետիսը դեմ էր, որ շերամի որդերին նաև ամռանը թթի ճյուղերով կերակրեն երկրորդ  բերք ստանալու համար: Ասում էր, որ այդպիսի շահը կարճաժամկետ է, թթենիները չեն հասցնի վերականգնվել և  կչորանան նման պայմաններում:

Որդուն, սակայն, հորից տարբեր ճակատագիր էր սպասում: Նրան զանազան խոշտանգումներով ու կտտանքներով փորձում էին ստիպել, որ ընդունի մեղքը:

Լյուսյա Միխայելյանց

Լյուսյա Միխայելյանցը

«Քեռուս խոշտանգումների միջոցով  ստիպել են, որ խոստովանի իր մեղքը: Ծեծ ու ջարդից բացի, նաև հատուկ խոշտանգման միջոցներ են ունեցել: Օրերով չեն  թողել, որ քնի, սոված են  պահել: Օրերով անշարժ վիճակում ջրի կաթոցի տակ են թողել, եղունգների տակ ասեղներ են մտցրել: Այդ ամենը մենք իմացանք, երբ նա ազատվեց ու վերադարձավ: Մինչ այդ ոչինչ չգիտեինք,- ասում է Լյուսյա Միխայելյանցը հավելելով,- քեռուս ձեռքերի ու ոտքերի եղունգները մեծ էին: Որ ասում էինք՝ քեռի, թող կտրենք, չէր համաձայնում, թե մի արեք, ինձ թվում է, որ էլի նույն ցավը կլինի»:

Եվ ահա, Ազատյանը ելք է գտնում, թե ինչպես և՛ ազատվի խոշտանգումներից, և՛ իր վրա չվերցնի մեղքը մի արարքի համար, որը չի  արել: Նա ռուսերեն «սուտ» բառը գրում է հայերեն տառերով՝ ասելով, թե դա իր ստորագրությունն է:

Մեղքն ընդունելուց հետո Ազատյանին 25 տարվա ազատազրկման են դատապարտում:

1954-ին, երբ Ստալինի մահից հետո դատապարտվածների գործերն էին վերանայվում, Խրուշչովը Ազատյանին իր մոտ է կանչում (Խրուշչովի հետ ևս վաղեմի ծանոթներ էին):

Երբ Մուրմանսկում բանտապետը հրամայել է Ազատյանին լողանալ, վարսավիրը մազերն է կտրել և կոստյում են հագցրել, վախեցած հարցրել է, թե ինչ են ուզում իրեն անել: Պարզվում է, որ պետք է Մոսկվա ուղարկեն՝ Խրուշչովի հետ հանդիպման:

Նիկիտա Խրուշչովին Ազատյանը ասել է, որ իրեն զուր տեղն են դատապարտել, ինքն անգամ չարածի համար մեղքը չի ընդունել: Որպես ապացույց պահանջել է, որ գործերից հանեն իր մեղայականը և հայերենի թարգմանիչ կանչեն:

Այսպես իրողությունը բացահայտվել է, և Ազատյանին 17 տարվա ազատազրկումից հետո արդարացրել ու ազատ են արձակել:

Նրան նորից Վիճակագրական ծառայությունում են աշխատանքի նշանակում, բայց այժմ որպես տնտեսության զարգացման բաժնի պետ:

Այս ամենից տուժում է նաև Ազատյանի ընտանիքը: Նրա երկու դուստրերն ու որդին այդպես էլ չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Համարվում էր, որ ազգի թշնամու երեխաներին միջնակարգ կրթությունն էլ բավարար է:

Ազատվելուց հետո` 1956-ին, Ազատյանը Հայաստան է գալիս՝ այստեղի իր հարազատներին տեսակցելու: Հենց նման այցելությունների ըթնացքում էլ նա հարազատներին պատմել է իր գլխին եկած ողջ եղելությունը:

Նրա քրոջ դուստրը՝ Լյուսյա Միխայելյանցը, ասում է, որ քեռին մինչև կյանքի վերջը՝ 1973-ը,  վստահ էր, որ լավագույն և ամենակատարյալ  հասարակարգը սոցիալիզմն է, կուսակցական էր   և Ստալինին էլ չէր մեղադրում իրեն պատահածի համար: «Ասում էր, որ դա արել են իր շրջապատի մարդիկ, որ նրա աչքը մտնեն: Ասում էր՝ Ստալինը չի մեղավոր, ոչ էլ պարտիան, ժամանակն է մեղավոր»,- հիշում է տիկին Լյուսյան:

ԵՄ Ազատ առևտրի գոտի՞, թե՞ Մաքսային միություն. Եթե չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, միայն վնասներ ենք կրելու

Նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից հետո, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, քննարկումները չեն դադարում: Ամենուրեք և ամենքը քննարկում են այն հարցը, թե Հայաստանի համար որն է ավելի նախընտրելի, Եվրասիական միության Մաքսային միությանը միանա՞լը, թե՞ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը և Առևտրի ազատ գոտուն միանալը: Անգամ հանրաքվե անցկացնելու պահանջ եղավ:

ԵՄ-մաքսայինՉնայած բազմաթիվ քննարկումներին, այդպես էլ շարքային քաղաքացուն չի ներկայացվում, թե ինչ են  իրենցից ներկայացնում Մաքսային միությունը և Ազատ առևտրի գոտին, կառույցներից յուրաքանչյուրին միանալու դեպքում Հայաստանը ինչ ձեռքբերումներ և կորուստներ կունենա, որպեսզի  նա ճիշտ կողմնորոշվի:

Մաքսային միության դրականն ու բացասականը այլոց փորձով

ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի հիմքը դրվել է  2008-ին: Այն ենթադրում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում ԽՍՀՄ նախկին  երկրներից  Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ: Գործընկերության շրջանակներում նախատեսվում է այդ երկրների և ԵՄ-ի միջև կնքել ասոցացման համաձայնագիր, որի մի բաղադրիչն է  խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին:

Ազատ առևտրի գոտի հասկացությունը Վիքիպեդիա օն-լայն հանրագիտարանն այսպես է սահմանում. «Սա միջազգային ինտեգրման  տեսակ է, որի դեպքում մասնակից երկրների միջև վերացվում են մաքսատուրքը, հարկերը և առևտրային  քանակական  սահմանափակումները` համաձայն միջազգային պայմանագրի: Յուրաքանչյուր երկրի իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմը: Մեծ մասամբ ազատ առևտրային գոտու պայմանները տարածվում են բոլոր ապրանքների վրա, բացառությամբ գյուղմթերքի»:

2007-ին ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը համաձայնագիր ստորագրեցին մաքսային միություն ստեղծելու մասին: «Մաքսային միության նպատակն է ստեղծել միասնական մաքսային տարածք, որի սահմաններում կկիրառվի միասնական մաքսային  տուրք  և այլ միասնական առևտրային քայլեր երրորդ երկրների հետ»,- ասված է Եվրասիական  միության կայքում:

Ըստ այդմ` միասնական տնտեսական տարածքն ընդգրկում է համաձայնագրի անդամ երկրները: Այստեղ  գործում են  տնտեսության կարգավորման միանման մեխանիզմներ` հիմնված  ընդհանուր շուկայական մոտեցումների վրա, գործում է միասնական ենթակառուցվածք և կիրառվում է համաձայնեցված հարկային, դրամա-ֆինանսական ու մաքսային քաղաքականություն, որն ապահովում է ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Եթե Հայաստանի առումով դեռ որևէ վերլուծություն չկա, թե ինչ օգուտ և վնաս կտա Մաքսային միությանն անդամակցելը, ապա Բելառուսի և Ղազախստանի դեպքում այդպես չէ. կան բազմաթիվ վերլուծություններ:

Օրինակ` Բելառուսական բիզնես (http://economics.bel.biz/) կայքի վերլուծության համաձայն` Մաքսային միությունը Բելառուսի համար նախընտրելի այլընտրանք է, քանի որ կկարողանա էներգակիրներ ստանալ համեմատաբար ցածր գներով, բացի այդ, ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը փոքր է, քան Մաքսային միության երկրների հետ: Ավելին,   ազատ առևտրի գոտուն միանալու պարագայում  դժվար թե ծավալները կարողանան մեծացնել, քանի որ բելառուսական ապրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին:

Չնայած  ցանկալի այլընտրանք լինելուն` Մաքսային միությունն ունեցավ նաև բացասական ազդեցություն Բելառուսի տնտեսության վրա: 2011-ին պարենամթերքի էժան գներով արտահանումը Ռուսաստան կանխել չկարողացան, ինչի հետևանքով երկրի բնակչությունը պարենամթերքի պակասի խնդրի առջև կանգնեց: Սա բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է:

Իսկ Համաշխարհային բանկն էլ, վերլուծելով Ղազախստանի կորուստներն ու ձեռքբերումները, նշում է, որ Մաքսային միության իրագործման ամենամեծ խոչընդոտը միասնական արտաքին մաքսատուրքի սահմանումն է, որը տվյալ դեպքում Ղազախստանին տնտեսական կորուստներ է պատճառում:

«Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»

Հասմիկ ՀովհաննիսյանՊարզելու համար, թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելը,  «Անկախը» զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

Նրա խոսքով` որևէ միության անդամակցելուց առաջ հարկավոր է խորը և լուրջ հետազոտություն կատարել` պարզելու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը. «Չի կարելի բացասել հանուն բացասման կամ գովաբանել հանուն գովաբանման»: Բացառություն չէ և Մաքսային միությունը:

Հովհաննիսյանը  ներկայացրեց Մաքսային միությանը միանալու հնարավոր դրական և բացասական կողմերը` կարճաժամկետ առումով (տնտեսագիտության տեսանկյունից սա 1-3 տարի ժամանակահատվածն է):

Ըստ այդմ, Մաքսային միությանն անդամակցելը կարճաժամկետ առումով կտա հիմնական ռեսուրսների էժան, այդ շրջանակներում առավել սերտ համագործակցության և նոր ռուսական վարկի ձեռքբերման հնարավորություն:

Որպես հնարավոր բացասական ազդեցություն Հովհաննիսյանը նշում է, որ կարող է թանկանալ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքը, ինչ-որ առումով կսահմանափակվի երկրի ինքնիշխանության ֆունկցիան և կզգանք ռուսական բիզնեսի ներկայությունը: Անդրադառնալով ինքնիշխանության սահմանափակմանը`  ասում է. «Նույնը կարող է լինել, եթե մենք անդամակցեինք մեկ այլ կառույցի, քանի որ փոխհամաձայնության  պիտի գնանք: Չնայած այժմ էլ այդ քայլին գնում ենք:  Որևէ  նոր քաղաքականություն մշակելիս մենք այն համապատասխանեցնում ենք այս կամ այն կառույցի հետ կնքված համաձայնագրերին»:

Իսկ այն հարցին, թե իսկապե՞ս Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է վերադարձ Խորհրդային միությանը, մասնագետն ասում է. «Ցանկացած մաքսային միություն իր ենթատեքստում դա  ենթադրում է, որքան էլ որ պնդեն հակառակը: Եթե մտածում ենք, որ կառույցը կատարյալ միություն է, արդեն սխալվում  ենք և կորցնում ենք, ում էլ որ հարենք»:

Անդրադառնալով հնարավոր սցենարին, որ կարող էր ի հայտ գալ,  եթե Հայաստանը ստորագրեր  ԵՄ ասոցացման համաձայնագիրը, տնտեսագետն ասում է. «Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու  դեպքում էլ որոշ սահմաններում չէինք կարողանալու ինքնուրույն որոշումներ ընդունել: Այստեղ նաև միգրացիոն խնդիր կառաջանար, քանի որ որակյալ աշխատուժը շատ ավելի ազատ կտեղաշարժվեր ԵՄ անդամ երկրներ:  Կառաջանար նաև   գների աճ`՝ պայմանավորված  հիմնական ռեսուրսների թանկացմամբ և գործազրկության աճ»:

Հովհաննիսյանը  վստահ է, որ  հայաստանյան արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, հետևաբար  սկզբնական փուլում չի կարողանա արտահանվել եվրոպական շուկա: Բացի այդ, Հայաստան ապրանք կներմուծվի  հիմնականում Եվրոպայից, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում, հետևաբար ապրանքի գինն  էլ ավելի բարձր կլինի:

Չնայած այս ամենին` Հովհաննիսյանն ասում է, որ  տվյալ պահին որևէ մեկը միանշանակ չի կարող ասել, թե որն է Հայաստանի համար ավելի ձեռնտու, Մաքսային միությա՞նը, թե՞ ԵՄ ազատ առևտրի գոտուն անդամակցելը. «Ուսումնասիրություն է պետք, որպեսզի հասկանանք, թե որ կառույցին միանալու դեպքում ինչ օգուտներ և վնասներ կունենանք: Կարևորը, որ երկու դեպքում էլ կառուցողական մոտեցում ցուցաբերենք:  Եթե  չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, լինելու են  և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ վնասներ»:

Տեսականորեն հնարավոր է նաև երրորդ տարբերակը. Հայաստանը չի անդամակցում որևէ կառույցի և շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը: Այս տարբերակը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, հավանաբար հնարավոր չլինի տեսականից գործնականի վերածել, քանի որ Հայաստանը արտադրողականության առումով սահմանափակ հնարավորություններ ունի:

Անդրադառնալով այն խնդրին, որ Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի, Հովհաննիսյանն  ասում է, որ եթե անդամակցում ենք, ապա այդ մարտահրավերը պետք է դրվի Մաքսային միության առջև փոխշահավետ լուծման ակնկալիքով. «Եթե մենք չենք ունենում լիարժեք պատասխան մեր բարձրացրած հարցին, պետք է այլ քայլերի դիմենք:  Խնդիրն այն է, որ բոլորս փորձում ենք ենթադրություններ անել դեռ չտեսնելով ընդհանուր առաջարկությունների փաթեթը»:

Եզրափակելով Հովհաննիսյանն   ասում է, որ նախ պետք է կողմնորոշվենք, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել և իրավիճակը ճիշտ գնահատել. «Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»:

 

 

 

Գիրք, որ ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է կարդա

ռաֆայել իշխանյանԼույս է տեսել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի նոր հրատարակությունը: Մինչև սեպտեմբերի կեսը գիրքն արդեն գրախանութներում կլինի:

«Անտարես» հրատարակչությունը եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրավիչ արտաքին, որակյալ թուղթ, ընթերցելու համար հարմար  տառաչափ և հնագիտական գտածոների ու պատմական դրվագների  բազմաթիվ նկարներ: Գիրքն առաջին անգամ ձեռքը վերցնելիս այս հատկանիշներն են աչքի զարնում:

Իսկ մի  քանի էջ կարդալուց  հետո ընթերցողը կհասկանա, որ հենց այս գրքով է պետք կրթել աճող սերնդին: Սա գիրք է, որից կարող են օրինակ վերցնել ժամանակակից դասագիրք գրողները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում լուծել գիտականության և մատչելիության համատեղելիության խնդիրը:

Երեք մասից կազմված գրքում  մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը` սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների թագավորության անկումը:

Գրքի առաջին մասում ներկայացված են հայ ժողովրդի ծագումը, հայոց հնագույն պատմությունն ըստ այլալեզու վկայությունների, Վանի Արարատյան թագավորության, Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերի պատմությունը:

Երկրորդ գրքում հեղինակը ներկայացնում է քրիստոնեության ընդունումը, Արշակունիների հարստության անկումը, հայ դպրության սկզբնավորումը և հայոց պետականության անկումը:

Երրորդ գրքում արդեն ներկայացված են Պարսկաստանին ենթակա Մարզպանական Հայաստանի պատմությունն ու ազատագրական պայքարները, արաբական տիրապետությունը Հայաստանում և Բագրատունիների կողմից հայոց պետականության վերականգնումը, ապա դինաստիայի անկումը:

Ցավոք սրտի, հեղինակը չի հասցրել գրել գրքի չորրորդ հատորը, որում պետք է ներկայացներ Կիլիկյան Հայաստանի պատմությունը: 90-ականների դժվարին օրերին հեղինակն ասում էր, որ գրքի 4-րդ մասը մտքում պատրաստի ունի, մնում է միայն շարադրել: Բայց չէր շտապում, քանի որ  նրա գրքերը սովորաբար երկարատև պայքարի արդյունքում էին հրատարակվում, իսկ գրքի 2-րդ և 3-րդ հատորները դեռևս տպագրված չէին:  Մինչդեռ, ըստ նախնական գաղափարի, գիրքը պետք է վեցհատորյակ լիներ:

պատկերազարդ պատմություն հայոցՀետաքրքիր զուգադիպությամբ գիրքն առաջին անգամ հրատարակվել է Արցախյան շարժման տարիներին և կոչված  էր հայ մանուկին ու երիտասարդին ոչ միայն սովորեցնել իր պատմությունը, օգնել խուսափելու պատմական սխալների կրկնությունից:

Այսօր ևս Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, երբ անընդմեջ երկընտրանքի առջև ենք: Եվ մեծից փոքր հասկանում ենք, որ հարկ է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի դարերի խորքից մինչև XXI դարը հասած հայությունը կարողանա պահպանել պետականությունը: Վերահրատարակված գիրքը  ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին, որ արևմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ` նախ պետք է լինել հայամետ: Եվ սա արվում է ոչ թե քարոզով, այլ պատմական փաստերը կողք կողքի դնելով:

Իշխանյանը պատմական օրինակներով ընթերցողի մեջ սերմանում է այն միտքը, որ պետք է հավասարակշռված  անկախ քաղաքականություն վարել հարևանների հետ` հօգուտ հայրենիքի և պետականության:  Նա հիշեցնում է, որ «քաղաքականության  մեջ միևնույն կրոնը դավանելը նշանակություն չունի, որ ամեն պետություն իր շահն ունի, և հայերի գեղեցիկ աչքերի համար ոչ ոք նրանց չի օգնել և չի օգնի»:

Ասվածի ապացույցը Արշակունիների հարստությունից Արշակ Երկրորդի և նրա որդու` Պապի վախճանն է: «Հայրը զոհ գնաց մի հակառակորդի` պարսիկների, իսկ որդին մյուսի` Հռոմի դավերին: Հայքը թուլանում էր»,- գրում է հեղինակը:

Գրքի ամենակարևոր յուրահատկությունն այն է, որ  հեղինակը կարողացել է հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները ներկայացնել մատչելի լեզվով: Գիրքը հավասարապես ըմբռնելի ու գրավիչ է  թե՛ դպրոցահասակ փոքրիկի համար, որը նոր-նոր է սկսում պատմության ուսումնասիրությունը,  թե՛ գիտակ  մեծահասակի համար:

Հեղինակը աշխատության սկզբում բացատրում է ընթերցողին պատմական տերմինները և մի շարք բառեր, որոնք ներկայիս դասագրքերը չեն բացատրում, և բեռը մնում է ծնողի ուսերին, մինչդեռ ամեն ծնող չէ, որ ունի բավարար գիտելիք կամ ժամանակ այդ ամենը երեխային բացատրելու համար: Օրինակ` սովորեցնում է, թե ինչ է «մ.թ.ա»-ն և «մ.թ.»-ն, ինչպես հաշվել, թե օրինակ` մ.թ.ա. 95 թվականը մեզանից քանի տարի առաջ է եղել, ինչպես որոշել, թե տվյալ թվականը որ դարն է: Նա անհրաժեշտ է համարել նաև տեղեկացնել ընթերցողին, թե ինչ են պապիրուսը, մագաղաթը, ինչպես են պատրաստվել և կիրառվել: Ավելին, ընթերցողը գիտելիք է ստանում նաև, թե մեր պատմության մասին  տեղեկություններն ինչ աղբյուրներից ենք ստանում, ինչպես է պատմությունը գրվում:

Այս ամենը ժամանակին տողերիս հեղինակին բացատրել են ծնողները, քանի որ դասագիրքը նման գիտելիքներ չէր տալիս: Այս աշխատությունը, փաստորեն, լուծում է երեխայի` դասն ինքնուրույն սովորելու խնդիրը,  թեպետ այն դպրոցական դասագիրք չէ:

Աշխատության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ մշտապես կարևորվում է լեզվի` որպես ազգ կերտող և պահող գործոնի դերը: «Զուտ հայկական ամեն առանձնահատկություն իր հիմքում ունի հայոց լեզուն,- բացատրում է Իշխանյանն իր ընթերցողին:- Իրոք, դարերի ընթացքում հայերի գլխավոր ու վճռական առանձնահատկությունը, որը միայն հայերինն է եղել, և որը չի ունեցել ու չունի ուրիշ որևէ ժողովուրդ, լեզուն է` հայոց լեզուն»:

Իշխանյանը հմտորեն կապակցում է հայոց լեզուն և հայոց պատմությունը, ընթերցողին բացատրում, որ չկա հայ առանց հայոց լեզվի,  և չկա հայոց լեզու առանց հայի, քանի որ այն լեզուն, որով չեն խոսում, մեռած է:

Ցավոք, այսօր դպրոցում միջառարկայական կապն այնքան էլ հստակ չէ: Մինդեռ ներկայիս դասագրքերի հեղինակները կարող են Իշխանյանից օրինակ վերցնել, թե ինչպես է պետք մատուցել միջառարկայական կապը:

Կասկած չկա, որ «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը կարդացած աշակերտն իր գիտելիքներով կփայլի ոչ միայն պատմության, այլև մայրենիի դասաժամին:

«Պատկերազարդ պատմություն հայոց»-ը գիրք է, որ ամեն հայ գեթ մեկ անգամ պետք է կարդա, որպեսզի ներսում խլրտա ազգասիրության ոգին, հպարտությունը, որպեսզի երբևէ հանկարծ չարտաբերի օտարների կողմից հայերի մեջ սերմանված այն միտքը,  թե հայոց պատմությունը պարտությունների շարան է, թե հայերը եկվոր են կամ իրենց մեջ ամփոփում են ամենայն վատը: Սա գիրք է, որ ամեն օր պետք է աչքի առաջ ունենալ, իսկ կարդացած ամեն մի տողն էլ ականջին օղ անել:

 

 

Ձեռքբերումները բազմաթիվ են և հավատացած ենք, որ ավելին կլինեն. քաշաթաղցի

ռոբերտ«Անկախը» ԼՂՀ Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման գործընթացի, շրջանի կյանքի, խնդիրների ու ձեռքբերումների մասին է զրուցել  շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ:

Մաթևոսյանը Երևանից Քաշաթաղ է տեղափոխվել 1995-ին և մինչ օրս էլ այնտեղ է ապրում:

-Պարոն Մաթևոսյան, որպես Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ կներկայացնե՞ք, թե ինչպես է ընթանում վերաբնակեցումը: Այս տարի քանի՞ ընտանիք է հաջողությամբ վերաբնակեցվել Քաշաթաղում:

– Փաստացի վերաբնակեցումը սկսվել է հախուռն` դեռևս 1992 թ.  մայիսի 18-ից հետո, երբ  բացվեց կյանքի ճանապարհը` ազատագրվեց Բերձորը և Արցախը ցամաքային կապով միացավ մայր հայրենիքին: Շահումյանի շրջանից, Գետաշենի ենթաշրջանից և Մարտակերտի օկուպացված տարածքներից առաջին ընտանիքները եկան և բնակություն հաստատեցին: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ այս տարածքներում ստեղծելու որոշ կառույցներ` դպրոցներ, ոստիկանություն, ինքնակառավարման մարմիններ և այլն: Հիմնական վերաբնակիչները փախստականներ են, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն կարողացել լուծել իրենց  բնակարանային խնդիրները, ապրում էին կա՛մ ժամանակավոր կացարաններում, կա՛մ ծանոթ-բարեկամների տանը: Իհարկե, մասնագետների բացը լրացնելու համար հրավիրվում են նաև ոչ փախստական ընտանիքներ:

Իսկ այս տարի շրջան է տեղափոխվել 45 նոր ընտանիք:

 –Սիրիահայերը, որոնք հաստատվել էին Քաշաթաղում, արդյոք ինտեգրվել ու հարմարվե՞լ են նոր միջավայրին: Քանի՞ սիրիահայ ընտանիք է այժմ ապրում Քաշաթաղում, ինչպե՞ս են նրանք ապրուստ վաստակում:

-Այո, չեմ ժխտում, Քաշաթաղի շրջանում հաստատվել են մոտ 40 սիրիահայ ընտանիքներ, որոնք այստեղ են տեղափոխվել Սիրիայի հայտնի դեպքերից հետո: Քանի որ քաշաթաղցին տեսել էր պատերազմի և գաղթի արհավիրքները, պատրաստ էր պատերազմից տուժած մեր հայրենակիցներին իր  հարկի տակ ընդունել: Այդ իսկ պատճառով շրջանում հայտնվեցին առաջին սիրիահայ ընտանիքները, հիմնականում` Սիրիայի Ղամիշլի քաղաքից: Նրանք լավ հողագործներ էին և Քաշաթաղում էլ իրենց ապրուստը հոգում են հողագործությամբ: Կան նաև այլ մասնագետներ` բժիշկ, մեխանիզատոր, վարորդ և այլն, բոլորին էլ ապահովել ենք համապատասխան աշխատանքով:

Սիրիահայերն ավանդապահ և աշխատասեր են, և մենք շատ բան ունենք սովորելու  նրանցից, իսկ ինչ վերաբերում է  ինտեգրվելուն, ապա սա իրենց հայրենիքն է, և հարմարվում են նոր միջավայրին:

– Ի՞նչ  դժվարություններ ու խնդիրներ են առաջ գալիս  վերաբնակեցման ծրագիրն իրագործելիս:

– Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մի ծրագիր ընդունի «Արտագաղթի կասեցման հրատապ միջոցառումների և հայրենադարձության մասին», որով պետք է փորձ արվի ամրապնդել ինչպես  հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, այնպես էլ Արցախը: Հայկական վերաբնակեցումը տարբերվում է ռուսական և հրեական վերաբնակեցումից, որտեղ մեծ գումարներ են ծախսվում: Մենք չունենք այդ միջոցները, հետևաբար, այն կարելի է իրականացնել գաղափարական և տնտեսական (առավել բարենպաստ պայմաններ  տնտեսվարող սուբյեկտներին) հարթություններում:

– Պարոն Մաթևոսյան, ի՞նչ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ ունի այսօր Քաշաթաղը:

– Առաջնահերթ եմ համարում ճանապարհների և կապի խնդիրը: Իմ կարծիքով` անհրաժեշտ է վերանորոգել Քարվաճառ-Բերձոր-Կովսական ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ճանապարհը և Քարվաճառ-Բերձոր-Կովսական երթուղիով պետք է իրականացվի կանոնավոր ուղերթ, թեկուզ` շահույթի տեսանկյունից վնասաբեր:

Հրատապ է նաև բնակարանաշինության խնդիրը. մոտ 2000 ընտանիք բնակվում է անմխիթար պայմաններում:

Դպրոցների շենքային և նյութական պայմանների բարելավման խնդիրներ կան. շրջանում կան դպրոցներ, որտեղ աշխատող չկա, չկան թեկուզ հին համակարգիչներ:

քարտեզԽնդիրները բազում են, բայց քաշաթաղցին տեսնում է , որ իր խնդիրներն  ուշադրության կենտրոնում են, և նա հավատով է լցված վաղվա օրվա հանդեպ:

– Բնակչության զբաղվածության հարցը շրջանում որքանո՞վ է լուծված, և ի՞նչ մասնագետների կարիք է այժմ զգացվում:
– Քանի որ շրջանը հիմնականում գյուղատնտեսական է, բնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղատնտեսությամբ զբաղվողներին բավական շահավետ պայմաններով հատկացվում են  վարկեր գյուղտեխնիկա ձեռք բերելու,  հացահատիկային կուլտուրաներ մշակելու, անասնապահության համար և այլն:

Շրջանում դեռևս կա  ուսուցիչների, մեխանիզատորների, գյուղատնտեսների, բուժքույրերի պահանջարկ:

– Ամենուրեք խոսվում է արտագաղթի մասին: Կա՞ արդյոք արտագաղթ Քաշաթաղից:

– Այո, կա: Ամեն դեպքում արտագաղթի ցուցանիշները 1000 բնակչի հաշվով մի քանի անգամ զիջում են միջին հանրապետական ցուցանիշին, սակայն դա մեզ չի բավարարում, և փորձում ենք  հասկանալ ամեն մի հեռացողի մեկնման իսկական պատճառները:

– Մի քանի օրից Սեպտեմբերի 1-ն է` կրթական տարվա մեկնարկը: Քաշաթաղում դպրոցները որքանո՞վ են համալրված կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, պարագաներով և կադրերով: Քանի՞ առաջին դասարանցի այս սեպտեմբերի մեկին դպրոց կհաճախի:

– Շրջանում գործում են ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ, որոնք հիմնականում ապահովված են դասագրքերով, աշակերտական նստարաններով, գրատախտակներով: Դպրոցական գրադարանների հարցը լուծվում է կա՛մ տեղական, կա՛մ բարերարների միջոցներով: Օգտվելով առիթից` հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Զորակն» գիտակրթական, երիտասարդական հիմնադրամին, որի ջանքերով շրջանի մի շարք գրադարաններ համալրվեցին հանրագիտարաններով և ծրագրային գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցներում խնդիր է առարկայական դասարանների և լաբորատորիաների կահավորումը:

Կադրերով հիմնականում ապահովված են, միայն շրջանի մի քանի հեռավոր բնակավայրերում ունենք ուսուցիչների խնդիր:

Այս տարի դպրոց կհաճախեն մոտ 230 առաջին դասարանցիներ: Անցած ուսումնական տարվա համեմատությամբ` այս ցուցանիշն ավելացել է 38-ով:

– Իսկ ի՞նչ ձեռքբերումներ և հաջողություններ են գրանցվել շրջանում: Մի փոքր պատմեք նաև արձանագրված հաջողություններից և իրականացված ծրագրերից:

– Այսօր Քաշաթաղի շրջանում կան 53 համայնքներ  ավելի քան 100 բնակավայրերով, որոնցից 4-ը համարվում են քաղաքային` Բերձոր, Կովսական, Միջնավան և Որոտան: Շրջանում տարեցտարի ավելանում են ամուսնությունների և ծնունդների թվերը:

Շրջանում նոր թափ է  ստացել շինարարությունը: Այսպես, ավարտվում է Արտաշավի գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը, հիմնավորապես վերանորոգվել է  Այգեհովիտ գյուղի դպրոցի շենքը, ավարտական փուլում  է Կումայրիի և Միջնավանի դպրոցների շենքերի շինարարությունը, նախատեսված է  նոր դպրոց կառուցել Հայկազյանում:  Կովսականի մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտական փուլում է: Շարունակվում են  շրջանային հիվանդանոցի կառուցման աշխատանքները Բերձորում, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով:

Նաև բարելավվում են միջշրջանային ճանապարհները, խմելու և ոռոգման ջրագծերը:

Մեր շրջանավարտներից շատերը հաջողությամբ ընդունվում են պետական բուհեր և  ցուցաբերում են բարձր առաջադիմություն: Դպրոցական օլիմպիադաներում (Արցախում անցկացվող) մեր աշակերտներից շատերը նվաճում են մրցանակային տեղեր: Շրջանում գործում են պարի և  ժողգործիքների պետական համույթներ:

Ձեռքբերումները բազմաթիվ են, և հավատացած ենք, որ ավելին կլինեն:

Ազատամարտիկ. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88- ին, էլի լինի»

gurgen nazaryanԳուրգեն Նազարյանը Աֆղանստանում ծառայած ու կռված մարտունեցիներից առաջինն էր, որ 1988-ին անդամագրվեց  «Հայ դատ»  հասարակական քաղաքական ՀԿ-ին ու միացավ Ղարաբաղյան շարժմանը:

«Պատերազմ տեսել եմ 18 տարեկան հասակում, Աֆղանստանում: Երբ շարժումը սկսվեց, ասի` ո՞նց, ուրիշի հողի համար գնամ կռվեմ, իսկ իմ հողի համար զենք չվերցնե՞մ»,-  հիշում է շարժմանը միանալու իր  որոշման մասին:

Սկզբում Վարդենիսում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում մասնակցել է  սահմանների պաշտպանությանը, ապա Արցախի ազատագրման համար է պայքարել հինգերորդ  գումարտակի կազմում: Նազարյանը կռվել է հիմնականում Մարտակերտի տարածքում` մասնակցելով Մատաղիսի և Թալիշի ազատագրմանը: Հիշում է, որ սկզբնական շրջանում զենք անգամ չկար, թշնամու դեմ պայքարում էին որսորդական հրացաններով ու ինքնաշեն նռնակներով, բայց, չնայած դրան, «կռվել ենք ու մեր հողն  ազատագրել` առանց վախենալու և ընկճվելու»:

Իր մարտական ընկերների հետ հաճախ է  փոխանակել Աֆղանստանում ձեռք բերված ռազմական փորձը, իր խորհուրդներով օգնել նրանց հաղթահարել վախը:

«Պատերազմի ժամանակ, եթե տեսնում ես կողքինդ սրտով տղա է, պետք եղած ժամանակ կրակում է, կողքիդ է, քեզ  ակտիվ ես զգում, վախի զգացումը նահանջում է, իսկ եթե կողքիդ ընկերը թաքնված է, չի ուզում կրակել կամ հարձակման ժամանակ հետ է մնում, քեզ  էլ վստահ չես զգում, վախի մթնոլորտ է առաջանում»,- ասում է նա:

53-ամյա Նազարյանը պատերազմի մանրամասները հիշել չի ցանկանում, ասում է` չի սիրում նաև, երբ կողքիններն են պատերազմից պատմում. «Միշտ ասել եմ` մեկ Աստված գիտի, մեկ թուրքը, մեկ էլ մենք, թե ինչ է կատարվել: Եթե սիրում ես հայրենիքդ, նվիրված ես, հաստատ չես վախենում, սրտով կռվում ես, հատկապես որ կամավոր ես գնացել»:

Նազարյանը նաև այսպես է բացատրում, թե ինչու չի սիրում պատմել իր անցած ուղու մասին. « Հայրենասեր մարդը,  հետագայի մասին չմտածող կռվող տղեն կյանքում չի գա էստեղ ու գոռա, թե էս եմ արել, էն եմ արել: Ընենց տղերք են զոհվել, հազար ափսոս, ինձանից հազար անգամ լավ տղերք: Նայելով էն տղերքին, նրանց տված կռվին, էսօր ո՞նց կարամ մոռանամ  նրանց ու ասեմ` էս եմ արել, էն եմ արել: Ինչ արել եմ, իմ հող ու ջրի համար եմ արել»:

Հիշելով ազատամարտի  տարիները, երբ հայկական կողմը բավարար քանակությամբ զենք չուներ, ադրբեջանցիներին զիջում էր նաև մարդկային ռեսուրսներով, բայց միևնույն է, հաղթեց, Նազարյանն ասում է, որ գլխավոր գործոնը միասնականությունն էր. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88-ին, էլի լինի: Բոլորով մեկ բան էինք  ուզում. ժողովուրդը մեկ մարդու պես պահանջում էր անկախություն և հողերի ազատագրում, այդպես էլ եղավ»: Նրա խոսքով` հատկապես Ղարաբաղյան շարժման սկզբում բոլորն էին ուզում հայրենիքին մի բանով օգնել, պայքարել, անգամ վիճում էին մարտի գնալու համար (պատահում էր, որ պահանջված թվից ավելի մարդիկ էին ցանկանում մեկնել):

«Այն  ժամանակ հայրենասիրությունը բոլորի մեջ կար: Գուցե կային մարդիկ, որ վախենում, զենք չէին վերցնում, բայց հաստատ հայրենասեր էին:  Այսօր նույնը չեմ կարող ասել,- ասում է նա:- Մենք գիտեինք  մեր պատմությունը, թե ոնց են թուրքերը ջարդել հայերին, թասիբը մեր մեջ եռում էր, ուզում էինք վրեժ լուծել»:

Երբ պատերազմն ավարտվում է հայերիս հաղթանակով, Նազարյանը հայրական օջախ է վերադառնում, էլի ձեռքն է առնում բահն ու գերանդին ու շարունակում գյուղացիական աշխատանքով ապրուստ ստեղծել և դաստիարակել երեխաներին, որոնց թողել էր հայրենիքին օգնության ձեռք մեկնելու համար:

2008-2013 թթ. ղեկավարել է «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի  Մարտունու տարածքային կառույցը, այս տարի, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, հրաժարվել է պարտականություններից: Այժմ աշխատում է  էլեկտրացանցում:

Ասում է, որ երբեք որևէ մեկից որևէ բան չի պահանջել և չի պահանջելու. «Համարել եմ, որ հայրենիքն  իմ օջախն է, ելել եմ պաշտպանելու: Գնամ իմ ընտանիքի՞ց ինչ-որ բան պահանջեմ, չէ, ընտանիքը հարգում է, չի հարգում, ինքը գիտի, ինձնից հասանելիքը ես արել եմ: Կռվող տղեն երբեք հետ չի նայել, հետագայի մասին չի մտածել, նրան  պետք է եղել, որ հողն ազատագրի ու վրեժ լուծի թշնամուց, մնացածը թող հայրենիքը մտածի»:

Ասում է, որ ազատամարտիկի համար ամենակարևորը հարգված լինելն է, երբ կա հարգանք, էլ ուրիշ ոչինչ պետք չէ. «Չեմ ասում, որ պետությունը ազատամարտիկին պիտի ամեն ինչով ապահովի, ոչ, ուղղակի հարգանք է պետք: Ափսոսում եմ, որ երիտասարդ սերունդը, տեսնելով զոհվածների  և ազատամարտիկների ընտանիքների վիճակը, կարող է հիասթափվել էս հող ու ջրից, հայրենիքից: Հատկապես զոհվածների ընտանիքներին պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի»:

Ասում է, որ հիասթափության հիմնական պատճառն անարդարությունն է, այն, ինչ չկար 1988-ին, երբ բոլորը կողք կողքի նույն բանն էին պահանջում և նույն վիճակում էին:

Այսպես, օրինակ` Աֆղանստանում ծառայությունից հետո Նազարյանը տնամերձ հողատարածք է ստացել, որը և ընտանիքով մշակել է: Սակայն պատերազմից վերադառնալուց հետո պարզել է, որ հողն այլևս իրենը չէ. այն սխալմամբ են հատկացրել, քանի որ այդտեղով պետք է ճանապարհ անցներ: Փոխարենը իրեն այլ հողատարածք են հատկացրել, բայց արդեն վարձակալական հիմունքներով: Կիլոմետրերով հայրենի հող ազատագրած ազատամարտիկն ասում է, որ մեկ-երկու անգամ պահանջել է իրեն հատկացնել հասանելիք հողը, բայց ապարդյուն, ինքն էլ այլևս չի շարունակել պայքարը:

Չնայած այս ամենին, Նազարյանը կարծում է, որ ամեն մարդ պետք է ապրի ու արարի իր հայրենիքում: Նա երիտասարդներին կոչ է անում մնալ իրենց հայրենիքում, քանի որ ուր էլ գնան, միևնույն է, հողին այնպես ամուր չեն կարողանա կանգնել, ինչպես իրենց պապերի հայրենիքում:

 

Ֆրանսահայ. «Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է»

ԹամարԹամար Անդրեասյանն իր երեք  երեխաների հետ ամառային հանգիստն անցկացնում է Հայաստանում: Շուտով նրանց կմիանա նաև ամուսինը:

Ֆրանսիայում ապրող Անդրեասյանների ընտանիքը հնարավորության դեպքում նախընտրում է ամառային հանգիստը Հայաստանում անցկացնել: Եթե նախկինում Հայաստան այցելելու որոշումը ամուսիններով էին կայացնում, ապա այժմ երեխաներն են անհամբեր սպասում, թե երբ կգա ամառային արձակուրդը, որ Հայաստան գան:

Թամար Անդրեասյանը ծնվել է Լիբանանում: 15 տարի Բեյրութում ապրելուց հետո, Լիբանանում սկսված պատերազմի պատճառով ընտանիքով Ֆրանսիա են տեղափոխվել: Այստեղ էլ Թամարը ծանոթացել է իր ապագա ամուսնու` Վազգենի հետ:  Ամուսնանալուց հետո` 1993-ին, զույգը Հայաստան է գալիս, ուր ամուսինը 1,5 տարի ծառայություն է անցնում ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատանը:

Այժմ ապրում են Ֆրանսիայի Վիրոֆլե բնակավայրում, ունեն երեք երեխա. ավագը 18, կրտսերը 14 տարեկան է: Տիկին Թամարը տեղի հայկական դպրոցում երեխաներին հայերեն է դասավանդում:

«Անկախը» զրուցել է տիկին Թամարի հետ Հայաստանի մասին նրա տպավորությունների և Ֆրանսիայում հայապահպանության խնդրի մասին:

-Տիկին Թամար, գիտեմ, որ Ձեր տանը միայն հայերեն եք խոսում: Երեխաները չե՞ն ընդդիմանում:

– Երբ որ ֆրանսերեն խոսած են, ասել ենք` հայերեն խոսեցեք: Մեր տանը միշտ բացատրել ենք, թե ինչու կուզենք, որ հայերեն խոսին: Ամեն տարիքին իրենց մակարդակին բացատրել ենք, թե ինչու մեզի համար կարևոր է, որ իրենք հայերեն խոսին: Մեր կեցվածքն  ալ  գուցե իր կարևորությունն ունեցել է: Մենք միշտ խոսել ենք հայերեն, նույնիսկ դուրսը` ֆրանսիացիների դիմաց:  Երբ երեխային դպրոց տարել եմ կամ դպրոցեն առել եմ, ես միշտ իմ երեխայիս հետ ուսուցչուհուն ալ դիմաց հայերեն եմ խոսել, երբեք չեմ ամաչել հայերեն խոսելեն: Կրնա ըլալ, որ երեխաները տեսնելով, որ ես այնքան վստահ և հանգիստ եմ թե՛ իմ ինքնությանս, թե՛ լեզվիս մեջ, իրենք էլ խոսել են:

Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է: Եթե մենք հայերեն չխոսինք, ո՞վ պիտի խոսի: Իսկ եթե չես խոսիր, ուրեմն կզիջես, ուրեմն դուն ալ պատասխանատվություն մը ունիս լեզվին նահանջին մեջ:

Հայերեն խոսելն առավելություն և հպարտություն է դիտվել:

Հայ ըլլալը միայն  լեզուն չէ, բայց առանց լեզվին էլ մշակույթը չեմ գիտեր, թե ինչպես կփոխանցենք: Եթե լեզուն հանենք, շատ բան չի մնա:

– Իսկ հայերեն խոսել պարտադրելուց  բացի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երեխաներին հայ մեծացնելու համար:

– Ֆրանսիայի մեջ դժվար է, որովհետև համայնքի դրվածքը տարբեր է հոն, քան Լիբանան: Ասում են` 400-500 հազար հայ կա Ֆրանսիա, բայց կրնանք ըսել, որ թույլ համայնք է: Այնուամենայնիվ, կարևոր էր մեզի համար, որ երեխաները հայկական միջավայր ալ ունենան:

Երեխաներս 10 տարի  շաբաթօրյա դպրոց  եմ տարել,  որ հայերեն խոսին, սորվին և հայկական շրջանակի մեջ ըլլան: Ադկե ետք, երբ այդ դպրոցը ձգեցինք,  երեխաներին խնդրեցինք, որ ըստ նախասիրության անդամակցեն հայկական միության մը: Երկու մեծերն ընտրեցին սկաուտությունը, իսկ փոքրն ուզեց  հայկական պարի երթալ:

Միշտ շեշտը դրել ենք  տարբերվելու վրա, դա հատուկ քաղաքականություն է մեր ընտանիքում: Օրինակ` եթե Ֆրանսիացիները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, մենք` հունվարի 5-ի գիշերը, չնայած որ հատուկ հավատացյալ չենք: Կաղանդ պապան  31-ին կուգար, երբ երեխաներս փոքր էին: Ֆրանսիայում այդպես չեն անում:

Տոնում ենք  Բարեկենդանը,Վարդավառը,  ամեն տոները, որոնք, եթե Հայաստանում լինեի, կարող էի չտոնել: Բայց ֆրանսիայում ըրել եմ, որ մեր տոները իմանան:

– Ձեր երեխաները չե՞ն ընդդիմանում  իրենց հասակակիցներից տարբերվելուն:

– Ոչ, որովհետև այդ տարբերությունն առավելություն է մեզի համար: Պատահած է, որ երեխաներն ըսեն` մենք ֆրանսացի ենք: Բացատրած ենք, որ ճիշտ է, Ֆրանսա ծնած եք, Ֆրանսիայի քաղաքացի եք, բայց եթե մենք հոս ենք այսօր, պատճառ մը կա, բացատրություն մը, որուն պետք է անդրադառնալ: Մեր մեծ հայրերը, մայրերը Արևմտահայաստանեն ջարդված, տեղահանված են, մեր Ֆրանսիա գտնվիլն անխուսափելիորեն կապված է այդ դեպքին:

Պզտիկ տղաս ինձի միշտ կըսե` դուն լիբանանցի ես: Կըսեմ` չէ, հայ եմ:  Ֆրանսիայի մտքերը ինձ ամենեն մոտիկն են, Ֆրանսիա ինձ լավ կզգամ, բայց ես այնուամենայնիվ  հայ եմ, ոչ ֆրանսիացի: Իմ կարծիքով, երեխաները չեն կրնար հանգիստ ըլլալ իրենց ինքնության մեջ, եթե դուրս ձգենք իրենց հայկական բաժինը, իրենց արմատները:

Պիտի ուրախանամ և կարծեմ, որ հաջողած  եմ կյանքիս մեջ, եթե երեխաներս հայու հետ ընտանիք կազմեն: Այդ պարագային  ձուլումը քիչ մը կհետաձգվի: Որովհետև, եթե օտարության մեջ կապրիս, ուզես թե չուզես, կձուլվիս:  Օտարության  մեջ  ձուլումը ժամանակի հարց է:

-Իսկ ինչո՞վ է դժվար Ֆրանսիայում երեխային հայ պահելը և մեծացնելը:

– Ֆրանսիային մեջ շատ դժվար է հայ մնալը, որովհետև ադիկա այլևս բնական վիճակ  չէ, այլ պայքար: Եթե հատուկ ջանք չթափենք հայ մնալու համար, հետզհետե հետընթաց կունենանք: Երեխաները   24 ժամ  ֆրանսիական միջավայրի մեջ են, ֆրանսիական դպրոց կերթան, ունին իրենց ֆրանսիական շրջապատը և այլն: Հարկավոր է անընդհատ հակակշռել, որպեսզի հայերենը մնա:

Ցավոք սրտի,  միջոցառումները քիչ են, ամեն ինչով պակաս է հայերենը: Նույնիսկ ամենօրյա դպրոցը  չի կարող ապահովել հայերենի լավ մակարդակ  Ֆրանսիային մեջ: Խնդիրն անիկա է, որ հայկական դպրոցներում  հայերենն այլևս միայն  նյութ մըն է, օրը մեկ կամ մեկուկես ժամ, ինչպես անգլերենը պիտի դասավանդվեր ուրիշ տեղ: Պետք է նաև ընդունինք,  որ նույնիսկ հայկական դպրոցներում երեխաները  հայերեն չեն խոսում, հայկական որևէ մեկ ամենօրյա դպրոցում ֆրանսերենն է, որ կլսեք:  Եթե բակ իջնեք, ֆրանսերեն կլսեք:

– Ո՞րն է պատճառը, որ անգամ հայկական դպրոցում ֆրանսերեն են խոսում:

– Եթե ատիկա գտնենք, եթե գտնենք ադոր պատասխանը, արդեն հարցին լուծումը  կունենանք: Շատ մտածեր եմ աս հարցին շուրջ, և մեկ պատասխան չկա, պատճառները շատ են:

Պետք է խոստովանիմ, որ անզոր կզգամ, չեմ գիտեր` ինչպես դիմադրել: Ձեզի օրինակ մը կրնամ տալ: Մանկապարտեզի դասարանս ես միայն հայերեն կխոսիմ:  Աշակերտներուն մեջ կան հայախոս երեխաներ, կան նաև ոչ հայախոս երեխաներ: Ստիպված եմ անդրադառնալ, որ երբ երեխաները իրար մեջ կխաղան, հայախոսները կսկսին ֆրանսերեն խոսիլ  և ոչ  հակառակը: Չեմ գիտեր` ինչ պետք է ընենք, որ պզտիկները իրարու  հետ հայերեն խոսին: Եթե որևէ մեկը լուծումը ունի, շատ մեծ ուրախությամբ կհետևեմ:

-Իսկ  ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հայ:

– Իրականության մեջ այս հարցին մասին երբեք  չեմ մտածած Լիբանան, հոն հայ էի, ու վերջ: Հարցն ավելի դրվեցավ Ֆրանսա, ուր հայ մնալու հարցը առաջացավ:  Հետևաբար, եթե կխոսինք  հայ մնալու մասին, ուրեմն պետք է նախ ըլլանք հայ…

Ուրեմն ինձի համար հայ ըլլալը լեզուս` հայերենը խոսիլն է, մշակույթս պահել` ինձի փոխանցված ընտանեկան արժեքները, վարքը,  մեր պատմությունը  գիտնալ և ադ ամենը կարենալ փոխանցել:

Ջարդը  հայ ըլլալը զրկեց բնական վիճակեն, հայ ըլլալը դարձուց պայքար, ամենօրյա գիտակցություն: Մեր քովը, եթե այդ հարցը չդնենք, թե ինչ է հայ ըլլալը և ինչու կխոսինք այդ լեզուն, կդառնանք ֆրանսիացի: Եվ վերջ:

– Երբևէ մտածե՞լ եք Հայաստանում հաստատվելու մասին:

– Մտածել ենք և երթալեն ավելի կմտածենք: Մեզի համար ըսած ենք` եթե Ֆրանսիայեն տեղ մը պիտի տեղափոխվինք, ապա միայն Հայաստան: Միտքը կա: Վերջը պետք է գտնենք, թե ինչ պիտի ընենք հոս: Մանեն (ավագ դուստրը-Հ.Բ.) այս տարի պիտի սկսի բժշկություն ուսանել: Երեխաների մեջ այդ միտքը կա, որ բան մը ընենք, որ եթե երթանք Հայաստան, բանի մը ծառայե մեր ուսումը:

– Առաջին անգամ Հայաստան եք եկել 1993-ին` ծանր ժամանակաշրջանում: Երբևէ զղջացե՞լ եք դրա համար և ի՞նչ հուշեր  ունեք այն տարիներից:

– 93-ին, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը բացվեց, ամուսինս դիմեց դեսպանատանը աշխատելու համար:  Ֆրանսիայում, եթե որոշակի կրթություն ունես, կարող ես բոլորի պես ծառայել բանակում  կամ որոշ կազմակերպություններում աշխատել:

Ու 1993-ին փոխադրվեցանք Հայաստան: Այդ դժվար պայմաններուն  մեջ հոս էինք, և պետք է ասել, որ շատ կարևոր շրջան էր, մանավանդ ինձի համար: Հոն էր, որ ծանոթացա Հայաստանի, երկրի հետ, մինչև այդ Հայաստանը վերացական գաղափար մըն էր: Չմնացի օտարների շրջանակին մեջ միայն, կարողացա խառնվիլ, ծանոթանալ, կրցա հայաստանցիներու հետ շաղվիլ:

Սկիզբը ծանր էր, նոր ամուսնացած էինք, Լիբանանի պատերազմեն փախեր  էինք, այստեղի  պայմանները  Լիբանանեն շատ ավելի ծանր էին, ցուրտ էր, լույս չկար, ջուր չկար, վառելանյութ գտնելու դժվարությունները կային, բայց երբևէ չեմ զղջացել: Եթե պայմանները ծանր էին, մարդկային հարաբերությունները շատ ավելի ջերմ էին, հույսերու պահ էր:

– Իսկ այն ժամանակվա և ներկայիս Հայաստանը ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

– Այն ատեն պայմանները շատ դժվար էին, հիմա էլ պայմանները շատ դժվար են, բայց տարբեր դժվարություններ են: Եթե այն ատեն հոսանք չկար, ջուր չկար, մարդիկ այդ բաներու հետևեն էին, հիմա հոսանքը կա, ջուրը կա, բայց ուրիշ շատ մեծ դժվարություններու մեջ են մարդիկ, դժգոհ մարդիկ շատ կան, աղքատությունը շատ է:

Առանց մեծ քաղաքական վերլուծումների մեջ մտնելու` ինձ կթվի,  որ  եթե  Երևանում  կյանքի  պայմանները հիմա ավելի լավ են, քան 93-ին (գյուղերում վիճակն  ավելի ծանր է),  ապա մարդիկ հիմա կորսնցուցեր են իրենց հույսը  ապագային մեջ:

ՀԽ նախագահը տրանսպորտի գնի մասին. գցել-բռնելով որոշում կայացնելը գյուղին բնորոշ մտածելակերպ է

Վազգեն-ՄանուկյանԵրևանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի և գծատերերի հիմնավորումներով մեկ ուղևորի փոխադրման արժեքը 144 դրամ է: Արժանահավա՞տ եք համարում այդ փաստարկները:

– Նրանց պնդումը ստուգել հնարավոր չէ: Առհասարակ Երևանի նման քաղաք աշխարհում չկա, որ տրանսպորտ նստես ու ոչ մագնիսական քարտ լինի, ո՜չ տոմս քեզ տան, ո՜չ կտրոն լինի: Այդպիսի վիճակ գուցե աֆրիկյան երկրների մի երկու-երեք գյուղում է մնացել: Իսկ եթե չկա տոմս տալու գաղափարը, վերահսկել ֆինանսական հոսքերն անհնար է: Այդ պայմաններում ուղղակի անիմաստ է խոսել եկամտաբերության կամ վնասի մասին:

Կառաջարկեի, որ քաղաքապետարանը նախ և առաջ պարտադրեր տոմսի գաղափարը, նոր կտեսներ, թե որն է եկամտաբեր, որը՝ ոչ:

Երկրորդը  կառուցվածքի հարցն է: Ցանկացած բիզնեսի համար, եթե ճշտում ես ֆինանսական հոսքերը, առաջանում է այն հարցը, թե ինչպես օպտիմալացնել եկամուտները, ինչպես պակասեցնել ծախսերը: Այս ժամանակ արդեն սկսում ես կառուցվածքային փոփոխություններ կատարել: Իսկ քաղաքային տրանսպորտի համար կառուցվածքային փոփոխությունը ֆունդամենտալ է, քանի որ գծեր կան, որոնք եկամտաբեր են որոշակի ճանապարհավճարի դեպքում, գծեր կան, որոնք պետք է սպասարկել, բայց մեծ եկամտաբերություն չունեն, ուստի ողջ կառուցվածքը պետք է լինի միասնական: Այսինքն՝ Երևանի ողջ տրանսպորտը պետք է վերահսկի  միասնական ընկերություն, դա կարող է լինել ԲԲԸ, որի մեջ պետությունը կամ քաղաքապետարանը մաս ունենան կամ չունենան (դա քննարկելու հարց է), կարող է լինել կոոպերացիայի հիմքի վրա ստեղծված. տարբեր գծատերերը միավորվեն և ստեղծեն կոոպերացիա: Բայց քաղաքապետարանը պետք է գործ ունենա մեկ կառույցի հետ:

Այս ամենից հետո նոր միայն կարող են առաջանալ գնի մասին խոսակցություններ` բարձրացնել, իջեցնել կամ ինչ անել:

– Քաղաքապետարանը գինը բարձրացրել է` հայտարարելով, որ բարեփոխումները հետագայում կլինեն: Դա իրատեսական ե՞ք համարում:

– Երբ ֆինանսական հոսքերը չեն վերահսկվում, անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Հիմա, երբ սակագինը դարձրեցին 150 դրամ, եթե մինչ այդ գծատերերը իրենց մի քիչ լավ չէին զգում, կսկսեն լավ զգալ, հավանական է` վիճակն այդպես կոնսերվացված էլ կմնա: Եթե բոլորը` քաղաքապետարանը, գծատերերը  գոհ մնան, ժողովուրդը համակերպվի, ինչ-որ բան փոխելու էլ  ի՞նչ  դրդապատճառներ կլինեն:

Քաղաքապետարանը նախ և առաջ պիտի ֆինանսական հոսքերը վերահսկեր, առաջարկեր քաղաքացիներին, թե ինչպիսի  կառուցվածք է ունենալու հասարակական տրանսպորտը, հարցը քննարկեր հանրության հետ, ապա սկսեր իրականացնել դա: Այ,  այդ դեպքում կառաջանար իրական վճարը, թե ինչքան պետք է լինի: Իսկ ներկա պահին օդից վերցրած գին է`  գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են  գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա:

– Շատ է խոսվում, որ այլ երկրներում հասարակական տրանսպորտը սուբսիդավորվում է, մինչդեռ մեզ մոտ շահույթի և անգամ գերշահույթի մասին են խոսում: Ծանո՞թ եք այլ երկրների փորձին:

– Երբ արդեն մտցված լինի տոմսի գաղափարը, վերահսկվեն և հավաստի լինեն ֆինանսական հոսքերը, որոշված լինի քաղաքային տրանսպորտի կառուցվածքը, հնարավոր կլինի հաշվել եկամուտ ապահովող ճանապարհավճարը: Կառաջանա հարց` արդյոք քաղաքացիներն ի վիճակի են վճարել այդ գինը: Առաջ է գալիս քաղաքական հարց` արդյոք իշխանությունը որոշ ծախսեր վերցնում է իր վրա` սուբսիդավորելով քաղաքային տրանսպորտը: Այս հարցին  պետք է պատասխանի քաղաքային իշխանությունը:

Տարբեր քաղաքաներում այս հարցը տարբեր կերպ են լուծում: Քաղաքներ կան, որտեղ չի սուբսիդավորվում, քանի որ գինը համապատասխանում է քաղաքացիների հնարավորություններին, կան քաղաքներ, որտեղ զեղչի մշտական տոմս ունեն երիտասարդները և թոշակառուները, կան նաև քաղաքներ, որտեղ սուբսիդավորում են ամբողջ տրանսպորտի աշխատանքը:  Այ,  այդտեղ են  սկսվում գնի մասին իրական խոսակցությունները:

– Իսկ տրանսպորտի հարցը ՀԽ-ում քննարկվե՞լ է:

– ՀԽ-ն տրանսպորտի հարցն առաջին անգամ քննարկեց տարիներ առաջ, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր: Բավականին կոնստրուկտիվ խոսակցություն եղավ տրանսպորտի բարեկարգման վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, ոչ մի բան էլ չի փոխվել: Գնի փոփոխությունից  մեկ շաբաթ առաջ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկում եղավ գնի վերաբերյալ, քաղաքապետարանից, տրանսպորտի և կապի նախարարությունից ներկայացուցիչներ կային և մի քանի գծատերեր: Գծատերերի մի մասը կարծում էր, որ  պետությունը պետք է սուբսիդավորի և քաղաքացիների համար գինը մնա 100 դրամ: Որոշ գծատերեր էլ հայտարարեցին, որ եթե 200 դրամ չլինի, իրենք չեն աշխատի, կսնանկանան և այլն: Ասացի, որ  խոսակցություններն առանց թվերի անիմաստ է: Գոնե պաշտոնական թվերով պետք է ուսումնասիրել, հասկանալ, եթե ուղևորափոխադրումն   իսկապես 100 դրամից թանկ է արժենում, պետք է քաղաքական հարց դնել` իշխանությունը վերցնո՞ւմ է տարբերության սուբսիդավորումն իր վրա, թե՞ ոչ: Ցավոք սրտի, մեր խոսակցությունն էլ չշարունակվեց: Մինչ հաջորդ հանդիպումը կգար, այդ ընթացքում գները բարձրացվեցին, բայց խնդիրներն էլի մնացին:

– Այսինքն , ըստ ձեզ, թե  պաշտոնական հաշվարկը, ըստ որի մեկ ուղևորի փոխադրման արժեքը  144 դրամ է, թե՜ մասնավոր հաշվարկները, ըստ որոնց իրական արժեքը 77 դրամ է,  արժանահավատ չե՞ն:

– Կարծում եմ, որ դրանք շատ մոտավոր են և հավաստի չեն,  բացի այդ, տարբեր ուղևորափոխադրումների գծեր տարբեր եկամուտներ են բերում: Ինչո՞ւ եմ ասում, որ պետք է միասնական լինի: Որպեսզի, եթե մի գիծը եկամուտով է աշխատում, մյուսը վնասով, այդ եկամուտը ծածկի մյուս գծի վնասը: Ամբողջ քաղաքով ես եկամտաբերությունը հաշվում, ոչ թե գիծ առ գիծ:

– Իսկ քաղաքացիների բողոքն արդարացի՞ եք համարում:

– Եթե Հանրային խորհրդից կարծիք հարցնեին, մենք կբացատրեինք, որ տրանսպորտի գնի բարձրացման նկատմամբ բնակչությունն ավելի զգայուն է, քան, օրինակ, մսի, հացի կամ ծխախոտի գնի բարձրացման նկատմամբ: Եթե մսի գինը բարձրանա, ես կբողոքեմ, կդժգոհեմ, բայց նաև ինձ համար որոշում կկայացնեմ, որ պետք է միս քիչ ուտեմ, եթե ծխախոտի գինը բարձրանա, էլի կբողոքեմ, բայց կսկսեմ քիչ ծխել: Բայց տրանսպորտի դեպքում տնտեսել չես կարող: Եթե քաղաքացին  պիտի գնա  համալսարան կամ աշխատանքի և վերադառնա, ուզի-չուզի, երկու անգամ պիտի օգտվի  տրանսպորտից: Այսինքն՝ անտնտեսելի է: Եվ երկրորդ՝ որոշումը  դիպչում է ամենախոցելի խավերին` երիտասարդներին, որոնք նոր են կյանք մտնում և մեծ գումար չեն կարող աշխատել, և տարեցներին, որոնք արդեն գումար չեն վաստակում:

Որոշմամբ ամենացավոտ տեղին կպան: Պետք է ասեմ, որ զարմացած եմ, ինչ-որ իմաստով նաև հիացած եմ: Ինձ թվում էր, որ ժողովրդի մեջ մահացել է իրար սիրելու, իրար կարեկցելու կարողությունը, պայքարելու ջիղը կորել է: Բայց  տեսնում եմ , որ չէ, մարդիկ կարեկցանքով են վերաբերվում նրանց, ովքեր տուժում են դրանից և ոչ միայն նրանց հետ բողոքում են, այլև օգնում են իրենց մեքենաներով: Մյուս կողմից էլ ընդդիմությունը հիմա այնպիսի վիճակում է, որ պարզ երևում է` հետևում որևէ քաղաքական ուժ չկա, որն ուզում է քաղաքական շահարկումներ անել: Քաղաքացիների բնական ինքնակազմակերպում է գնում, և դա ցույց է տալիս, որ ունենք երիտասարդություն, որի հետ կարող ենք հույսեր կապել ապագայում:

– Շարժումը շատ են նմանեցնում 88-ի շարժմանը: Դուք նմանություններ տեսնո՞ւմ եք:

– Բոլոր շարժումներն էլ իրար նման են, բայց նաև բոլորը միմյանցից տարբերվում են, որովհետև և՜ անձերն են փոխվում, և՜ նպատակները, և՜ միջավայրը, որում կատարվում է:

– Իսկ ստեղծված վիճակն արդյոք ապացուցո՞ւմ է խոսքի ճշմարտացիությունը, թե 25 տարի է հարկավոր նոր քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար:

– Ես կարծում եմ՝ այո: Ես այս ընտրություններից առաջ ասել եմ, որ այս ընտրությունները լինելու են հանդարտ, բայց հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է սպասել բավական լուրջ փոփոխությունների Հայաստանում:

– Պարոն Մանուկյան, իսկ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանը և տրանսպորտի նախարարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ ճիշտ լինի:

– Կարծում եմ, որ կառավարությունը պետք է քաղաքապետարանին հրավիրի և միասին քննարկեն անելիքները, չնայած միմյանցից  բավական անկախ կառույցներ են: Կարծում եմ` ճիշտ կլիներ՝ որոշում ընդուներ  150-ի չանցնել և կատարել այն քայլերը, որոնք արդեն թվարկեցի` անհրաժեշտության դեպքում ապահովելով որոշակի սուբսիդիա:

 

 

 

Արաբագետ. «Հայերը տեղ չունեն բորբոքված կրքերով Մերձավոր Արևելքում: Սուննի-շիա հակամարտությունը Մերձավոր Արևելքում և հայկական համայնքների ապագան

Հուլիսի սկզբին Եգիպտոսում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ. բանակը պաշտոնից հեռացրեց «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիին: Այնուհետև հայտարարեցին, որ Մուրսին ծրագրել էր սրել շիաների ու սուննիների հակասությունները` հրահրելով տարածաշրջանային պատերազմ սուննիների և շիաների միջև:

Ո՞րն է սուննիների ու շիաների տարբերությունը

սուննի-շիաՀարց է առաջանում` ի՞նչ հակասություններ կան սուննիների և շիաների միջև, որ պատրաստ են անգամ պատերազմել միմյանց դեմ: Ովքե՞ր են սուննիները և ովքե՞ր են շիաները:

Ըստ տարբեր տվյալների` աշխարհում իսլամի հետևորդների թիվը 1-1,6 մլրդ է: Նրանց ճնշող մեծամասնությունը` ավելի  քան 80%-ը, իսլամի սուննի ուղղության հետևորդ է: Շիա ուղղությունը իսլամի երկրորդ ամենազանգվածային ուղղությունն է. մահմեդականների մոտ 15 և ավելի տոկոսն այս ուղղության հետևորդ է:

Իսլամում սուննի և շիա ուղղությունը սկիզբ է առել 632 թվականից: Մուհամմեդ մարգարեի մահվանից հետո  նրա հետևորդների միջև առաջնորդի աթոռի  համար պայքար է սկսվում, և հարց է առաջանում, թե պաշտոնն  ինչ սկզբունքով պետք է փոխանցվի ժառանգորդներին: Չորրորդ խալիֆ Ալին, որ Մուհամմեդի զարմիկն ու փեսան էր, պնդում էր, որ խալիֆի պաշտոնը կարող են ժառանգել միայն Մուհամմեդի ցեղի ներկայացուցիչները, մինչդեռ Մուհամմեդի ընկեր Աբու Բակրը և նրա կողմնակիցները կարծում էին, որ իմամին պետք է ընտրեն: Ալիի, ապա նաև նրա երկու որդիների սպանությամբ իսլամում սկիզբ է դրվում երկու ուղղությունների:

Շիա թարգմանաբար նշանակում է  «Ալիի հետևորդներ»:  Նրանք Մուհամմեդին հաջորդած չորս առաջնորդներից միայն Ալիին են ճանաչում:

Սուննի բառն էլ թարգմանաբար նշանակում է «սուննայի (ճանապարհի) մարդիկ»: Սուննան Մուհամմեդ մարգարեի կյանքի ու գործունեության  պատմությունն է և մտքերի ժողովածուն`  սկսած այն պահից, ինչ նա մարգարե դարձավ:

քարտեզԸստ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի` սուննի մահմեդականների համար նրանց սուրբ գիրքը մեկնաբանությունների ենթակա չէ` նրանց ընկալումները սահմանափակված են դոգմաներով: Շիաների դեպքում Ղուրանի մեկնաբանությունը հնարավոր է: Իհարկե, դա կարող է անել միայն անձը,  որը դրա իրավունքն ունի: Բացի այդ, շիաներն  իրենց իմամին ընկալում են որպես Ալլահի ներկայացուցիչ երկրի վրա, մինչդեռ սուննիները աստծո հետ ուղղակի հաղորդակցման կողմնակից են` իմամներին համարելով ուղղակի հարգանքի  և մեծարանքի արժանի կրոնական գործիչներ:

Չնայած տարբերություններին` սուննիներն ու շիաները ունեն նաև ընդհանրություններ. բոլորի համար միակ աստվածն Ալլահն է, իսկ Մուհամմեդը` նրա առաքյալը,  երկուսն  էլ հետևում են իսլամի հինգ պատվիրաններին,  պահում  են պասի ամիս Ռամադանը և սուրբ գիրք են համարում Ղուրանը:

Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում,  Իրաքում, Բահրեյնում, Լիբանանում, ինչպես նաև Ադրբեջանում: Սիրիայում  սուննիներն են մեծամասնություն, սակայն իշխանությունները շիա ուղղության հետևորդ են:

Շիա բնակչություն`  որպես փոքրամասնություն, ունեն Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Պակիստանը, Եմենը, որտեղ շիաներին  համարում են անջատողական: Բոլոր երկրներում, որտեղ շիաները փոքրամասնություն են, սուննի իշխանությունները ճնշում են նրանց: Այդպիսի երկրներ են Պակիստանը, Աֆղանստանը, Քուվեյթը,  Սաուդյան Արաբիան:

Մահմեդական տարակարծությունները զենք` ազդեցության գոտիների համար պայքարում

բաժանումԱշխարհաքաղաքագետ Ալեքսանդր դը Վալը Ֆրանսիական Atlantico-ում տպագրված հոդվածում նշում է, որ չնայած ԶԼՄ-ներում շիաները հաճախ ներկայացվում են որպես ծայրահեղական, իսկ սուննիները` չափավոր մահմեդականներ, ըստ գաղափարախոսության` ճիշտ հակառակն է: Եթե շիաները երբևէ վերջակետ չեն դրել Ղուրանի մեկնաբանությունների առումով, ապա սուննիները X դարից արգելել են Ղուրանի որևէ մեկնաբանություն և խստիվ հետևում են դոգմաներին: Բացի այդ, պատմությանը հայտնի ծայրահեղ իսլամիստական ուղղությունները սուննիներն են հիմնադրել:

Դը Վալի կարծիքով` տարբեր շահերից բացի, Արևմուտքը մի կողմից և Ռուսաստանն ու Չինաստանը մյուս կողմից առաջնորդվում են սառը պատերազմի տրամաբանությամբ: Եթե մեկը պաշտպանում է սուննիներին, ապա մյուսը` շիաներին: Ներկայում Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են շիաներին` ի դեմս Իրանի և Սիրիայի, Արևմուտքը` սուննիներին:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը ևս համամիտ է, որ ներկայիս սրված իրավիճակն ընդամենը էներգակիրներով հարուստ տարածաշրջանում ազդեցության հաստատման պայքարի հետևանք է: ԱՄՆ-ն ցանկանում է, որ տարածաշրջանն իր համար կանխատեսելի և կառավարելի լինի: Բացի այդ, արաբական աշխարհը պառակտելով,  ԱՄՆ-ն նաև անվտանգ միջավայր է ստեղծում  իր գործընկեր Իսրայելի համար. «Ներկա վիճակում Իսրայելն իրեն ավելի անվտանգ է զգում, քան նախկինում»:

Իսկ օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Քուվեյթում չեն ուզում ժողովրդավարություն հաստատել, քանի որ այդ երկրներն անսխալ կատարում են իրենց որդեգրած պրոամերիկյան քաղաքականությունը, Իսրայելի համար էլ որևէ վտանգ չեն ներկայացնում:

Դիկտատուրան` արդյունավետ կառավարման միջոց Արևելքում

Չալըմյան ՆուբարՉալըմյանն ասում է, որ շիա-սուննի տարաձայնությունները միշտ էլ եղել են, սակայն նախկինում այդ երկրների ղեկավարությունները մշտապես ճնշել են դրանք` թույլ չտալով զարգանալ: Այսպես օրինակ` 80-ականներին Սիրիայում «Մահմեդական եղբայրները» ակտիվացան, սակայն Հաֆեզ  Ասադը արագ ճնշեց նրանց: Իհարկե, ոչ դեմոկրատական եղանակով:

Նույնը Լիբիայում,  Իրանում. կրոնական հեղափոխությունից հետո շիական համայնքը մի քանի օր  կտրուկ  ակտիվացավ, սակայն Քադաֆին անմիջապես ճնշեց, քանի որ հաջորդիվ մյուս կրոնական համայնքները կակտիվանային: Սակայն հիմա կրոնական տարաձայնությունները դարձյալ սրվել են, քանի որ չկան այն վարչակարգերը, որոնք մշտապես ճնշել են այդ տարաձայնությունները: Մարդիկ տասնամյակներ են սպասել, որպեսզի իրենց հաշիվները մաքրեն, և հիմա հարմար առիթ է ստեղծվել:

Մասնագետի խոսքով` այնպես չէ, որ  ղեկավարները, որոնցից  Արևմուտքը փորձում է ազատվել, իրենց դրածոները չեն եղել: Օրինակ` Հոսնի Մուբարաքն իշխանության գալուց ի վեր ամերիկամետ քաղաքականություն էր վարում: Պարզապես Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ցանկանում էր այդ երկրներում նոր ղեկավարներ տեսնել:

Գործընթացը սկսվեց 2003-ից, Իրաքից: Այն ժամանակ Մուամար Քադաֆին ՄԱԿ-ում, դեն նետելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, մատնացույց արեց Ասադին, Մուբարաքին ու իրեն` հայտարարելով, որ հաջորդն  իրենք են: Այդպես էլ եղավ:

«Երբ ԱՄՆ-ն Իրաք ներխուժեց,  ակնկալում էր, որ շիա-սուննի հարաբերությունները կլարվեն, ինքն էլ դրանից օգուտ կքաղի: Սկզբում այդպես էլ եղավ, շիաները ողջունեցին ԱՄՆ-ի քայլը, որ իրենց ազատեց  Սադամ Հուսեյնից: Սակայն որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ ամերիկացիներն իրենց երկրից հեռանալու մտադրություն չունեն, շիաներն ու սուննիները միավորվեցին ընդհանուր թշնամու` ամերիկացիների դեմ»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` շիաներն ու սուննիները միմյանց կողք- կողքի կարող են խաղաղ ապրել, եթե լինի դիկտատորական վարչակարգ, որը թույլ չի տա, որ տարաձայնությունները խորանան ու հակամարտության վերածվեն. «Իսլամը ուժեղ կրոն է, ավելի ուժեղ, քան քրիստոնեությունը: Իսլամը վերածվել է կենցաղավարության:  Այդ երկու գաղափարախոսություններն էլ միմյանց հանդեպ անհանդուրժող են: Մահմեդականները շատ հավատավոր են, ուստի անընդհատ խաբվում են Արևմուտքի կողմից»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Չալըմյանն ասում է, որ երկու կուսակցությունների քաղաքականությունները տարբերվում են: Հանրապետականները կողմ են ինտերվենցիային, ուժով հարցը լուծելուն: Դեմոկրատները` հանձին Օբամայի, նախընտրում են երկրի ներսի ուժերին միմյանց դեմ լարել և սպասել օգուտ քաղելու հարմար պահին: Այսպես նաև միջոցներ են խնայում, ամերիկյան զինվորներ չեն զոհվում: «Օրինակ` Եգիպտոսն արդեն հոգնած վիճակում է: Եվ ԱՄՆ-ն բառացիորեն փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր մարդուն` Մուհամմեդ  Էլ Բարադեյին: Ամեն տեղ էլ նույն վիճակն է. սպասում են, որ երկիրը հոգնի»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` «Մահմեդական եղբայրներին» իշխանությունից հեռացնելով` ԱՄՆ-ն նաև մեսիջ ուներ Իրանի ժողովրդին` ցույց տալով, որ  Եգիպտոսում կրոնական իշխանությունները  մեկ տարի շարունակ իրենց չարդարացրեցին: Նույնը և Իրանում է,  և Ժամանակն է նրանց էլ հեռացնելու:

Չալըմյանի կարծիքով` Մերձավոր Արևելքը գնում է դեպի մասնատում: Իրաքը, հնարավոր է, երեք մասի բաժանվի` սուննիական, շիական և քրդական: Չի բացառվում նաև Սիրիայի տրոհումը: Բայց մյուս կողմից էլ Թուրքիան հաստատ չի ցանկանա, որ Սիրիայում կամ Իրաքում քրդական ինքնավարություն ստեղծվի, քանի որ նույն քրդական խնդիրն ինքն էլ ունի:

Խոսելով հայկական համայնքների ապագայից` Չալըմյանն ասում է, որ հայերն  առաջիկայում տեղ և անելիք չունեն Մերձավոր Արևելքում: Նախընտրելի տարբերակը հայրենիք վերադառնալն է և Արցախը բնակեցնելը: Ստեղծված պայմաններում հայերը այդ երկրներում ո՛չ իրենց նախկին կենսամակարդակը կարող են ունենալ, ո՛չ էլ նախկին վերաբերմունքի հույսը: Տարիներ են պետք,  որ բորբոքված կրքերը հանդարտվեն: