Ձյունը ծածկեց կարմիր գծանշումները, իսկ տուգանքը մնաց բաց

snow2Հերթական ընկերությունը` առանց լուրջ պարտավորությունների

 Այս ամսվա առատ տեղումները հուսալի շերտով ծածկեցին հանրապետության տարածքի «կեղտն ու փոշին», բայց նաև բացահայտեցին մի բավականին ուշագրավ խնդիր: Ավելի ստույգ` բացահայտեցին մեր չինովնիկների կամայականության հաշվին մի նոր խիստ նեղ պարտավորություններով, բայց լայն իրավունքներով օժտված ընկերություն ևս:

 Փողոցները «Փարքինգ սիթի սերվիսի» տարածքը չե՞ն

Խոսքը «Փարքինգ սիթի սերվիսի» մասին է` այն նույն ընկերության, որը Երևանի քաղաքապետարանի  հերթական  «խելամիտ» որոշման հետևանքով ստացավ բոլորիս փողոցները կարմիր գծանշումներով պատկերազարդելու ու դրանցից ներս մեքենայով կայանողներից գումար  գանձելու իրավունք: Ու հիմա, երբ առատ ձյան հետևանքները դեռ փողոցներից ու մայթերից քաղաքապետարանը չի հասցրել վերացնել, երբ հատկապես փողոցների մայթամերձ հատվածները ձյան կամ սառույցի տակ են, կարմիր գծանշումները չեն երևում: Ու այդ դեպքում, եթե վարորդները չեն տեսնում կարմիր գծանշումներն ու կայանում են ձյան տակ «թաքնված» կարմիր գծանշման տիրույթում ու կայանելու համար չեն վճարում, պե՞տք է տուգանվեն, թե՞ ոչ:

Պարզվում է` ձյան տեղումների պատճառով Երևանում վճարովի կայանատեղիների գծանշանների չերևալը վարորդներին չի ազատի տուգանքից, քանի որ կան նաև ճանապարհային նշաններ և ցուցանակներ, որոնք վարորդին հուշում են, որ նա հայտնվել է կարմիր գծանշման «տիրույթում»: Համենայն դեպս, այս մասին Tert.am-ին ասել է կայանատեղիների վերահսկողություն իրականացող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը` հղում անելով օրենքին :

Նա շեշտել է, որ բոլոր ավտոկայանատեղիները, որոնց կահավորումն ավարտվել է, գծանշումից բացի, ունեն նաև տեղեկատվական ցուցանակ և ճանապարհային նշան: Ու եթե որևէ  մեքենա կարմիր գծերից ներս է կանգնել և տուրքի վճար չունի, քաղաքապետարանը համապատասխան տույժի կենթարկի վարորդին:

Այդպիսի տուգանքներ արդեն եղել են: Ընդ որում` տուգանել են վարորդի, որն, իբր, առանց վճարելու կայանել է իքս փողոցում, բայց իրականում նա կայանած է եղել իգրեկ փողոցում… Բայց դե վարորդի ճարն ինչ, որ տուգանքը չտա: Ինչպես «1 րոպե Նարեկ Դուրյանի հետ» մանրապատումներում ասում է Դուրյանը` «տանք, էլի տանք` գազի փող, լույսի փող, հույսի փող», այս դեպքում նաև` կայանելու փող, բայց չիմանա՞նք, թե դրա դիմաց «Փարքինգ սիթի սերվիսն» ինչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում, թեկուզ իր գծանշած տարածքների սպասարկման իմաստով:

Պարզվում է` այս հարցում ընկերությունն անելիք չունի: Որովհետև նրա տնօրենն ասել է, թե ձյան մաքրման հետ իրենք չեն առնչվում. «Մեր պայմանագրային պարտավորությունների մեջ դա չկա: Դա մեր տարածքը չի համարվում, մենք միայն կահավորումն ու վերահսկողությունն ենք իրականացնում»,- ասել է նա:

Մասնավոր ուղևորափոխադրողները,  արագաչափեր կամ տեսախցիկներ տեղադրող ու տուգանող ընկերությունը, պարտադրված ԱՊՊԱ-ն, մարդկանց աշխատավարձերից 5 տոկոս «կսմթող»  անհասկանալի ու կիսատ պարտավորություններով ընկերությունները քիչ էին, հիմա որոշել են, որ քաղաքում իրենց մուծած հարկերից գոյացած միջոցներով կառուցված ճանապարհին կանգնելու համար վարորդները պետք է կայանատեղի վճար տան ինչ-որ «Փարքինգ սիթի սերվիսի»: Իսկ վերջինս պարտավոր չէ իր շահագործած տարածքի ձյունը մաքրել: Դա նույնն է, որ խանութպանը մայթի` իր խանութի առջևի հատվածը չմաքրի ու ասի, թե դա իր պարտավորությունների մեջ չի մտնում, քանի որ քաղաքապետարանը պետք է մաքրի, կամ այգում տեղադրված սրճարանի տնօրենը իր սրճարանի տարածքը չմաքրի` պատճառաբանելով,  որ «Կենտրոն կանաչապատումը» պետք է այգիների խնամքով զբաղվի: Այսինքն` «Փարքինգ սիթի սերվիսի» պարտավորությունների մեջ մտնում է միայն կարմիր գծանշումների տարածքում կայանողներից փող «քերթելը», իսկ չտվողներին տուգանե՞լը:

Եթե տրամաբանությունն այս է, ապա հնարավոր է, որ մի գեղեցիկ օր էլ պարտադիր կամ  պարտադրված կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն էլ ասի, որ պարտավոր չէ կուտակված թոշակները վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին, դա պետության պարտավորությունն է:

Մի խոսքով` միայն Հայաստանի շարքային քաղաքացիներն են, որ պարտավոր են, պարտադրված են ու ստիպված ինչ-որ բան անել` առանց արտոնությունների ու իրավունքների: Այնինչ, պետական կառույցների իրավասությունը, բացի փողոցներն ու մայթերը, ուղեգծերն ու փողերը, ամեն ինչ  սրան-նրան տալուց, նաև քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Սիրիայի նկատմամբ նախկինի պես խիստ չեն

սիրիաԸստ  ՄԱԿ–ի վերջերս հրապարակած տվյալների` Սիրիայում իսկական հումանիտար աղետ է, որի հաղթահարման համար տասնամյակներ կպահանջվեն: Սիրիացի փախստականների թիվն այս պահին հասնում է 9.5 միլիոնի, իսկ հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 100.000-ը: Իսկ բրիտանական «Oxford Research Group» կազմակերպության հրապակած տվյալներով` սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 11.420 երեխա:

Ինչպես գիտենք, Սիրիայում այս պահին ընթացող դաժան մարտերին անմիջական ու միջնորդավորված մասնակցություն են  ունեցել ինչպես տարածաշրջանի մի շարք երկրներ, այնպես էլ համաշխարհային քաղաքականության «խաղացողները»:

Արևմուտքը փորձում է տապալել նախագահ Բաշար Ասադին` օգտագործելով իր տարածաշրջանային դաշնակիցներին` Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Քաթարին և այլն: Վերջիններս, զինելով և աջակցելով Ասադի դեմ պայքարող «Սիրիայի ազատ բանակին», իսլամիստական ու ահաբեկչական տարբեր խմբավորումներին, փորձում են թուլացնել Իրանի տարածաշրջանային դիրքերը Մերձավոր Արևելքում: Փաստորեն, բոլորն աջակցում և օգնում են Սիրիայում կռվող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին, օրինակ` «Ալ-Քաիդա»-ն է:

Բայց վերջին շրջանում  նկատվում է Արևմուտքի դիրքորոշումների կտրուկ փոփոխություն: ԱՄՆ-ի լրատվամիջոցներն այլևս խիստ ու կտրուկ  կարծիքներ չեն հայտնում սիրիական հակամարտության ու Սիրիայի կառավարական ուժերի մասին, քննարկվում են հարցեր, որոնք հակամարտության նախորդ 2.5 տարիներին չէին քննարկվում և այլն: ԱՄՆ ղեկավարությունն էլ կարծես սկսել է շատ խիստ չարտահայտվել Ասադի ռեժիմի մասին: Նույն «ձնհալն» է նկատվում նաև Եվրամիության կողմից:

Բազմիցս նշվել է, որ ԵՄ-ն էլ սիրիական հակամարտությունից իր  բաժին վնասներն է ստանալու, որովհետև, ըստ հրապարակված տվյալների, Սիրիայում իսլամիստական դրոշի ներքո նախագահ Բաշար Ասադի դեմ պատերազմում են ԵՄ-ի 11 երկրների ներկայացուցիչներ:  Եվ հիմնավոր մտավախություն կա, որ Սիրիայում պատերազմի ավարտից հետո նրանք վերադառնալու են ԵՄ, ինչը ահաբեկչությունների, իսլամիստական ծայրահեղականության աճի  լրացուցիչ հնարավորություն է ստեղծում:

Եվրոպական մի շարք լրատվամիջոցներում էլ արդեն նկատվում է, որ Սիրիայի նկատմամբ դիրքորոշումներում «սառույցը հալվել է»:

«Գարդիան» թերթը, օրինակ, վերջերս հրապարակեց մի հոդված, որը պատում էր, թե ինչպես է նախկինում Սիրիայի ապստամբների կողմից կռվող զինյալը հիասթափվել իր երկրում ծայրահեղ իսլամիստական կազմակերպություների գործողություններից: Այժմ նա հանդես է գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի զորքի կազմում ու կռվում է իր նախկին զինակիցների` ապստամբերի դեմ:

Պարբերականը հարց է բարձրացնում, որ հնարավոր է` Սիրիայի հարցում Արևմուտքը սխալվել է, քանի որ ամբողջ աշխարհից տարբեր ահաբեկչական, իսլամիստ ծայրահեղական խմբավորումներ են ժամանում Սիրիա, որոնց օգնում է ոչ ավելի, ոչ պակաս, Արևմուտքը` ԱՄՆ-ի և Եվրամիության առաջատար պետությունների գլխավորությամբ:

Բայց միայն «Գարդիան»-ում չէ, որ նման հարց է բարձրացվում: Այդպիսի տեսակետներ, որոնք, ի դեպ, նախկինում միշտ էլ հնչում էին Ասադի կողմնակիցների կողմից, արդեն սկսել են ավելի հաճախակի հնչել: Օրինակ` հետաքրքիր է, թե այն նույն ԱՄՆ-ն, որ «Ալ Քաիդային» հայտարարել էր որպես իր համար մեկ թշնամի, ինչու է սիրիական հակամարտության առաջին իսկ օրվանից այդ ահաբեկչական ցանցի անդամներին զենք-զինամթերք, միջոցներ մատակարարում` Ասադի դեմ հանդես գալու համար:

Այս մտահոգություններն արդեն Եվրոպայում էլ են ակնհայտ: Օրինակ`այս տարվա հոկտեմբերին տեղեկություն հրապարակվեց, թե մոտավորապես  200 իսլամիստներ Գերմանիայից մեկնել են Սիրիա` ապստամբների կողմից պատերազմին մասնակցելու համար: Այդ մասին էլ, հղում անելով Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության գաղտնի տվյալներին, տեղեկացնում էր Spiegel-ը: Եվ հնչում են մտահոգություններ, թե սիրիական հակամարտության ավարտից հետո ինչով պետք է զբաղվեն այդ մարդիկ ու կազմակերպությունները:

Սիրիայի պատերազմին մասնակցելու համար եվրոպական երկրներից այդ երկիր ժամանած իսլամիստների ընդհանուր թիվը մոտավորապես  1000 է: 2012 թ. վերջերի տվյալներով` նրանցից 120-ը ժամանել է Բելգիայից, 90-ը` Մեծ Բրիտանիայից, 50-ը` Դանիայից, 150-ը` Կոսովոյից: Նշվում է նաև Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը, մասնավորապես`       Հյուսիսային Կովկասից: Սա, իրոք, լուրջ վտանգներ է պարունակում առաջին հերթին հենց այս «խմորը հունցողների» համար:

Նմանօրինակ հետաքրքիր հոդված էր հրապարակել նաև «Ինդիփենդիդ»-ը: Պարբերականը նշում էր, թե ինչ պայմաններում են ապրում 1915 թ. Մեծ եղեռնից հետո մազապուրծ ու Սիրիայում ապաստանած հայերի ժառանգները, որոնք մեկ դարի ընթացքում երկրորդ անգամ են ենթարկվում ցեղասպանության:

«Ինդիփենդիդ»-ի հրապարկման մեջ նշվում է, մասնավորապես, թե ինչպես են թուրքերը կանխամտածված ուղղորդում սիրիացի ապստամբներին, մասնավորապես` «Ալ Քաիդայի» զինյալներին, վնասել ու ավերել Դեր-Զորի հայկական եկեղեցին, ուղղորդում են սպանել հայերին և այլն: Եվ դա, նշում է պարբերականը, անում է «Նոր Թուրքիան» ` համագործակցեով ծայրահեղական իսլամիստների հետ:

Այսինքն`այն լրատվամիջոցները, որոնք էական ազդեցություն ունեն Արևմուտքի քաղաքական ու հասարակական գործընթացների վրա, արդեն սկսել են այլ տեսանկյունից դիտարկել սիրիական հակամարտության խնդիրը:

Միգուցե վախեցան ռուսական արջի «փնթփնթոցից»

Բայց այս «ջերմացումը» մեկ այլ պատճառ էլ կարող է ունենալ: Ինչպես գիտենք, Սիրիան իր դեմ հանդես եկող աշխարհաքաղաքական խաղացողների  առջև միայնակ չէ: Նախ` Սիրիան հանդիսանում է Իրանի տարածաշրջանային դաշնակիցը և Լիբանանում գործող «Հզբոլահ» շիական կազմակերպության ու Թեհրանի միջև կապող օղակ է` օգտվելով նաև  Իրանի ռազմաքաղաքական աջակցությունից: Այս առումով Իրանը մեծ դեր ունեցավ` դրդելով «Հզբոլահին» ներգրավվել Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններում, որի արդյունքում հակամարտության մի որոշակի փուլում Ասադի կառավարական ուժերը առավելություն ստացան:

Բայց առավել կարևոր են տարածաշրջանից դուրս գտնվող Սիրիայի երկու «բարեկամները»`Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք հակամարտության հենց ամենաառաջին օրվանից ամեն կերպ փորձում էին խոչընդոտել Սիրիայի դեմ ավելի կոշտ քայլերի կիրառումը, և արդարության համար նշենք, որ մինչ օրս հաջողել են իրենց այդ կեցվածքով:

Այս հարցում հատկապես անուրանանալի է Ռուսաստանի դերը, որը նախաձեռնեց «Ժնև-1»-ը, իսկ այժմ էլ ակտիվորեն կառուցում է «Ժնև-2» բանակցային գործընթացները` Սիրիայի հարցում որոշակի տեղաշարժեր կատարելու ակնկալիքով: Անհրաժեշտ է հիշել նաև, որ հենց ռուսական զինուժի ներկայությամբ էր պայմանավորված, որ Սիրիայի արևմուտքում` ծովափնյա շրջաններում, հարաբերական անդորր է:

Արևմուտքի  նորահայտ զիջողականությունն էլ, ամենայն հավանականությամբ, հենց պայմանավորված է Ռուսաստանի ջանքերով, որը վերջին շրջանում բավականին ակտիվ, կարելի է ասել նաև`ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում: Իսկ Արևմուտքը լավ գիտի, թե ինչ է պատահում այն որսորդին, որը ձմռան կեսին փորձում է մտնել քնած արջի որջը:

Այնպես որ, ստեղծված իրավիճակը կարծես ձեռնտու է միայն Ռուսաստանին, որը Սիրիայում դուրս էր եկել, ինչպես բազմիցս նշում էին  որոշ հայ փորձագետներ, իր վերջին կենաց ու մահու կռվին: Եվ այդ կռվում Ռուսաստանը չի ցանկանում պարտվել: Ուստի դեռ երկար ու անկանխատեսելի իրադաձություններ են սպասվում Սիրիայի հակամարտության առնչությամբ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

Հայկական պլանշետներ ու սմարթֆոններ էլ կլինեն

պլանշետ22Մոտ 7 տարի Technology and Science Dynamics Inc. ընկերության նախագահ Վահան Շաքարյանի ամերիկացի ընկեր, իսկ այժմ արդեն նաև գործընկեր Էրիկ Ռայընը նրան համոզում է փոքրիկ ներդրում կատարել իր վարած էլեկտրոնիկայի բիզնեսում:  Սկզբնական մի փոքրիկ ներդրում կատարելուց ու շատ կարճ ժամանակում բավականին լավ արդյունք ստանալուց հետո, Շաքարյանը սկսում է ավելի շատ ներգրավվել այդ աշխատանքում որպես ներդրող: Հետո միտք է ծագում: Քանի որ Հայաստանում կան բավականին լավ ծրագրավորող երիտասարդներ, ընկերություններ, մասնագետներ, նա իր ամերիկացի ընկերոջը   համոզում է, որ իրենց աշխատանքի մի մասը կարելի է անել Հայաստանում: Որոշ ժամանակ անց Էրիկ Ռայընը մի փոքր ծրագիր, որը ԱՄՆ-ում դժվարանում են անել, փորձնական ուղարկում է Հայաստան` տեսնելու կարո՞ղ են հայ մասնագետներն իրագործել այն, թե՞ ոչ:

«Նա  ասում էր` եթե մի 6 ամսվա ընթացքում կարողանան անել, մի չտեսնված բան կլինի: Մեր տղաներն այստեղ դա արեցին մոտ մեկուկես ամսվա ընթացքում, և նա մնաց հիացած: Ու դրանից հետո սկսեցինք աշխատել խելացի հայ տղաների հետ: Բայց ես նրան  հենց սկզբում ասացի, որ պայմանը պետք է լինի այն, որ մեր տղաները չպետք է վարձատրվեն, ինչպես չինացի մասնագետները, որովհետև սրանք բարձր որակի մասնագետներ են, և ընդհանրապես  մարդը պետք է խթան ունենա, պետք է լավ աշխատավարձ ստանա: Ու սկսեցինք աշխատել»,- պատմում է Վահան Շաքարյանը:

Դրանից հետո սկսվում է աշխարհում IPad-ի  իրարանցումը: ԵվՎահան Շաքարյանը նկատում է, որ դպրոցների, ուսումնական հաստատությունների համար դա բավական թանկ հաճույք է. ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ գնել պլանշետային համակարգիչ իր դպրոցահասակ երեխաների համար, բացի այդ, նմանատիպ պլանշետային  համակարգիչները հատուկ դպրոցական ուղղվածության ծրագրեր չունեին: Ու երկու ընկերները գաղափար են հղանում սկսել նոր ծրագիր` արտադրել այդպիսի համակարգիչներ դպրոցների և ուսումնական հաստատությունների համար, որոնք ունենան հատուկ ծրագրեր` կրթական հաստատությունների համար:

Նրանք կապ են հաստատում  չորս տարբեր համալսարանների դասախոսական կազմերի և դոկտորանտուրայում սովորողների հետ ու կազմում գիտահետազոտական խումբ` ուսումնասիրելու, թե ինչպիսի ծրագրեր կարելի է պատրաստել, ինչն է կարևոր ամերիկյան դպրոցների համար այսօր: Ավելի քան երկու տարի ուսումնասիրելու ընթացքում նրանք նաև փորձում են գտնել համապատասխան արտադրական միջոցներ` բաղադրիչները որտեղից կարելի է գնել, ով կարող է հավաքել, որտեղ պետք է հավաքվի` Չինաստանո՞ւմ, Հոնկոնգո՞ւմ, թե՞ Թայվանում և այլն, մասնակցում են տարբեր շոուների, գնում հարյուրավոր առաջարկներ և օրինակներ, ուսումնասիրում դրանք և այլն:

Այս ամենի արդյունքում ծնվեց ամերիկյան շուկայում հայտնի ապրանքանիշ` «Minno» պլանշետային համակարգիչը: «Minno»-ն վերջին երեք տարում բավականին մեծ  հռչակ ձեռք բերեց ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, և այսօր ընկերներն արդեն  նպատակահարմար են գտնում տեղափոխվել եվրոպական մայրցամաք: Եվ քանի որ իրենց արտադրած պլանշետների ծրագրային ու գործիքային համակարգերը, դիզայնը մշակվում էին Հայաստանում, որոշում են  արտադրությունը տեղափոխել Հայաստան և ունենալ « Minno»-յի զավակը` «Արմթաբը»:

Այսպիսով, որոշում են Հայաստանում արտադրել հայկական առաջին պլանշետային համակարգիչներն ու սմարթֆոնը:

Վահան Շաքարյանի համար ամենակարևորը մեր ժողովրդի վերաբերմունքն է «Արմթաբի» նկատմամբ, այն ոգևորությունը, որն անսպասելի էր իր համար, և որն  ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը:

Այսօր Technology and Science Dynamics Inc. ընկերությունը  փորձնական հավաքված տարբերակով ունի 7.8 դյույմանոց` wi-fi -ով, 7.85 դյույմանոց` 3G-ով և հեռախոսով, 9 դյույմանոց, 9.7 դյույմանոց և  նաև 10.1 դյույմանոց պլանշետներ: Ընկերությունը փորձնական հավաքել է նաև մեկ սմարթֆոն` հեռախոս: Այս տարբերակը փորձնական էր ոչ միայն «Արմթաբի», այլև «Միննո»-ի համար, քանի որ ընկերությունը երբեք հեռախոսների արտադրությամբ չի  զբաղվել. «Ուղղակի Երևանի տղաներն անընդհատ ասում էին` հեռախոս հավաքենք, բերել ենք, հավաքել ենք, հիմա ընկել ենք կրակը, բոլորն ուզում են: Մենք հեռախոսներով ընդհանրապես չենք զբաղվել, սա առաջին ու առայժմ միակ օրինակն է, »,- նշեց Վահան Շաքարյանը:

Հայկական պլանշետների գներն էլ բավականին գրավիչ են` երկու անգամ ավելի էժան նմանատիպ հռչակավոր բրենդներից, սակայն որակով չզիջելով նրանց:

«Այսպիսի գները,- բացատրում է «Արմթաբի» ղեկավարը,- պայմանավորված են ոչ թե բրենդի հայտնիությամբ կամ որակով, այլ ուղղակի IPad-ն ունի ինվեստորների մեծ խումբ: Նրանք պետք է շատ փող աշխատեն, իսկ «Արմթաբը» դրա կարիքը չունի` փորձում է բավարարվել եղածով և քիչ է ավելացնում եկամուտը: Իսկ բաղադրամասերը թե՛ հայկական պլանշետների, թե՛ միջազգային հայտնի բրենդների համար գնվում են միևնույն ընկերություններից:

Արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան 40 հազար պլանշետ արտադրել

Այն հարցին, թե արտադրության որ փուլերն են Հայաստանում լինելու, որոնք`

Հոնկոնգում ու ԱՄՆ-ում, պրն Շաքարյանը պատասխանեց. գործնականում ոչ մի փուլ Հոնկոնգում կամ ԱՄՆ-ում չի լինելու: Այսինքն` հավաքման պրոցեսն ամբողջովին կատարվելու է Հայաստանում: Հոնկոնգում լինելու է մայր պլատաների արտադրությունը, որոշ անտենաների արտադրությունը, Թայվանից իրաններն ենք առնում և այլն: Բացի մայր պլատայից, բացի դրայվերներից ու չիպերից, այլ բան դրսում չի հավաքվում: Այսօր ուղղակի Հայաստանն ի վիճակի չէ այդ ամենն այստեղ անելու: Մենք հույս ունենք, որ մի երկու տարի հետո հնարավոր կլինի դա էլ այստեղ անել: Մենք համագործակցում ենք հայկական համապատասխան տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի սկսենք աշխատանքները մայր պլատաների ձևավորման, դիզայնի և այլնի համար, բայց դեռևս դրանց արտադրությունը Հայաստանում չունենք»:

Նա նշեց նաև, որ Հայաստանում այսօր կարող են տարեկան արտադրել 40 հազար և ավելի պլանշետներ: «Բայց եթե վաղը մենք պատվեր ունենանք 100 հազարի, ուրեմն կարող ենք 2000 մարդու էլ ընդունել աշխատանքի, սովորեցնել հավաքման պրոցեսը և ավելին արտադրել»:

Ընկերությունն առայժմ   տարածք չունի, սպասում է կառավարության որոշմանը, քանի որ նախնական պայմանավորվածություն ունի «Մարս» գործարանի հետ, որտեղ համապատասխան արտադրատարածք կա:

Բացվելիք աշխատատեղերի մասին Վահան Շաքարյանը նշեց, թե բավականին մեծ թվով աշխատատեղեր կբացվեն: Նույնիսկ, ինչպես ասաց նա, այնքան աշխատատեղ կարող է ստեղծվել, որ կոնկրետ թվեր ասել ինքը վախենում է:

Ամբողջությամբ Հայաստանում հավաքված ու վրան «Արմթաբի» տարբերանշանով «Ա» տառով պլանշետներն էլ շուտով կհայտնվեն վաճառքում: Չնայած արդեն վաճառքում է «Մինո» պլանշետը, որն «Արմթաբի», այսպես ասած, «ծնողն» է: «Արմթաբում» հույս ունեն, որ մի օր հնարավոր կլինի նաև հայկական օպերացիոն համակարգերն էլ տեղադրել պլանշետների վրա:

 

Գևորգ Ավչյան

Անկախ

 

Աղքատության ճիրաններում

աղքատությունԱզգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) վերջերս հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որում ներկայացված է 2008-2012 թթ. Հայաստանի աղքատության պատկերը:

Ըստ այդմ` 2012 թ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը կազմել է 32.4 տոկոս. այսինքն` Հայաստանի ազգաբնակչության ամեն երրորդ մարդը եղել է աղքատ: Նրանցից 13.5 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: 2012-ին աղքատների թիվը կազմել է մոտ 980 հազար, շատ աղքատների թիվը` 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` մոտ 85 հազար մարդ:

Ընդ որում` 2008 թ. հետ համեմատած` աղքատության մակարդակն աստիճանաբար աճել է: Այսինքն` 2008 թ. աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվել 17 հազար 644 դրամը, ստորին ընդհանուր գիծ` 24 հազար  388 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 29 հազար 903 դրամը:

Այդ զեկույցի թվերը համեմատելիս պարզ է դառնում, որ սկսած 2008-ից` Հայաստանում աղքատության մակարդակը բարձրացել է մինչև 2011 թ. (ըստ ԱՎԾ թվերի): Աղքատության մակարդակը 2008 թ. եղել է 27,6 տոկոս, այնինչ արդեն 2009 թ. կազմել է 34,1 տոկոս ու շարունակել է աճել` 2010 թ. հասնելով 35,8 տոկոսի: 2011-ին աղքատության մակարդակը նվազել է` կազմելով 35 տոկոս:

Աղքատության մակարդակի աճը ԱՎԾ-ում պայմանավորում են տնտեսության խորը` 14,1 տոկոսանոց անկմամբ:

2008 թ. նկատմամբ 2012 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը բարձրացել է ` 1.8 անգամ: Շատ աղքատների  թիվն այդ ընթացքում ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատության թիվը` 17.4 տոկոսով:

2008-ից հետո` մինչև 2011 թ., աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում աճել է  շուրջ 250 000 հոգով`  2011 թ. կազմելով մոտ 1.1 միլիոն մարդ: Իսկ 2012 թ., ինչպես նշում է ՀՀ ԱՎԾ-ն, աղքատների թվաքանակը նվազել է շուրջ 30 000-ով` կազմելով մոտ 980 000 մարդ: ԱՎԾ-ն այս երևույթը փորձում է պարզաբանել տնտեսական աճով:

2012 թ. աղքատության խորությունը գնահատվել է 5.6 տոկոս`  2008 թ. 5.1 տոկոսի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6 տոկոս`  2008-ի 1.4 տոկոսի համեմատ:

Ըստ ԱՎԾ զեկույցի` Հայաստանում աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվում 21 հազար 732 դրամը, աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամը: Այսինքն` աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ` նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

Ահա առաջ են գալիս մի շարք ուշագրավ հանգամանքներ: Նույն ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներով` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2012 թ., միջին ընթացիկ քաղաքային գներով, մեկ շնչի համար ամսական կտրվածքով, կազմել է 45 հազար 212,5 դրամ, որից միայն նվազագույն պարենային զամբյուղը` ամսական կտրվածքով, կազմել է 25 հազար 548 դրամ: Այսինքն` այն նվազագույն գումարը, որ պետք է մարդը ծախսի մեկ ամսում սնվելու համար` եղել է 25 հազար 548 դրամ, իսկ ընդհանուր նվազագույն ծախսերը` 45 հազար 212 դրամ: Եթե համեմատում ենք  նվազագույն սպառողական զամբյուղը` աղքատության վերին շեմի հետ, ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր. այսինքն` ըստ պաշտոնական մոտեցման, այն մարդը, որը ամսվա կտրվածքով ծախսում է, օրինակ, 37 հազար 50 դրամ կամ ունի այդքան եկամուտ, այլևս աղքատ չի համարվում: Ու հարց է ծագում` եթե նվազագույն ծախսերը 45 հազար են, ապա ամսական 37 հազար 44 դրամից մինչև 45 հազար դրամ ծախսող քաղաքացին աղքա՞տ է, թե՞ ոչ: ԱՎԾ-ն ասում է` ո՛չ: Բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդն ի վիճակի չէ կատարելու իր համար նվազագույն հաշվարկված ծախսերը, ուրեմն աղքատ է: Համենայն դեպս, նորմալ երկրներում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկում են նաև հասկանալու համար, թե քանի մարդ ի վիճակի չէ այդ զամբյուղին համապատասխ ծախսեր կատարել, ու այդ մարդիկ համարվում են աղքատ:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Ըստ նույն ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակման` Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են 2 մլն 260 հազար 800 մարդ: Այիսնքն` այդքան մարդ աշխատունակ տարիքում է` դեռահասությունից մինչև կենսաթոշակային տարիք: Չնայած այդ ցուցանիշը 2010 թ. համեմատ էլի անկում է ապրել շուրջ 130 հազար հոգով, բայց նույնիսկ այդ պայմաններում այդ 2 մլն 260 հազար մարդուց միայն 1 մլն 418 հազար 300 հոգին են տնտեսապես ակտիվ, որից 1 մլն 172 հազարը  տնտեսությունում զբաղվածներն են, իսկ 2456 հազար 500 հոգին` գործազուրկները: Աշխատանքային ռեսուրսների մնացյալ հատվածի վերաբերյալ, բացի զբաղվածներից ու գործազուրկներից, մնացած 842 հազար մարդու մասին  տվյալներ չկան:

Այստեղ էլ բավականին ուշագրավ իրողություն Է արձանագրվում.  պաշտոնապես գործազուրկների թիվը մոտ 3-4 անգամ ավելի փոքր է, քան աղքատների թիվը: Այս դեպքում ստացվում է, որ մարդիկ աշխատում են, բնականաբար` դրա դիմաց ստանում որոշակի աշխատավարձ, եկամուտ և այլն, բայց միևնույն է, չեն կարողանում հաղթահարել աղքատությունը:  Սա դեռ միայն պաշտոնական թվերով: Իսկ իրականում ոչ ոք հստակ չգիտի, թե Հայաստանում այդ թվերի իրական մեծությունը որն է:

Բայց խնդիրը նույնիսկ սա էլ չէ, այլ այն, որ իրեն սոցիալական երկիր հռչակած ցանկացած պետություն, ինչպիսին  նաև Հայաստանն է, նման պատկերից, մեղմ ասած, պետք է ամաչի: Ու եթե մի որևէ նորմալ երկրում, նույնիսկ պաշտոնական թվերով, մարդիկ աշխատում են, սակայն չեն կարողանում հաղթահարել աղքատությունը, հիանալի առիթ, որ այդ երկրում որևէ մեկը գոնե կառավարության հրաժարականը պահանջի, այն դեպքում, երբ կառավարությունն ինքնուրույն հրաժարական չի տալիս:

Իսկ մեր կառավարությունը հրաժարական չի տալիս: Նույնիսկ ավելին` հաջորդ տարվա բյուջեի նախագիծ է ներկայացնում, որում մեծացնում է բյուջետային մուտքերի չափը, սակայն ոչ ստվերի կրճատման հաշվին: Դրա համար, ինչպես գիտենք, նշում են, թե մուտքերի ավելացումը նախատեսվում է ապահովել տնտեսական աճի միջոցով: Սակայն ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք լինել, եթե ընդամենը 3 միլիոնանոց (սա էլ խիստ վերապահումով,էլի պաշտոնական թվերով) շուկայի մեկ երրորդը աղքատ է:

 

 Գևորգ Ավչյան

Անկախ

 

Պուտինը եկավ ու… գնաց

պուտինի այցը հայաստանՊուտինը եկավ Հայաստան ու գնաց, բայց այդ այցի հետ կապված մանրամասները դեռ երկար կքննարկվեն հայ իրականության մեջ: Ըստ պաշտոնական  տեղեկությունների` ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերի վերաբերյալ:

 Մասնավորապես` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին,  միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին, զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:

Հաստատվեց ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2014-2015 թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ստորագրվեց կրթության և գիտության նախարարությունների միջև 2014-2015 թթ. միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Կայացան նաև 2014-2018 թթ. «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ բնական գազ ներմուծելու գործարքն ու «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:

«Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան 2 հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում  ունեցած իր ելույթում, բացի նման հարցերի ժամանակ նշվող ընդհանրական ու ոչինչ չասող «հաշվետվություններից», մի ուշագրավ ակնարկ էլ արեց. «Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում` արտահանմանն ուղղված»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այս արտահայտությունն ուշագրավ է այնքանով, որ դեռևս շաբաթներ առաջ նման միտք էր արտահայտել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն  Երևան-Մոսկվա- Մինսկ տեսակամուրջի ժամանակ` նշելով, որ Հայաստանն էլ ՄՄ-ին կարող է դեպի Իրան ամենակարճ ու հուսալի ճանապարհն ապահովել: Այս միտքը, ինչպես արդեն տեսանք, շրջաբառվել է նախագահականում ու դառնում է ՄՄ մյուս անդամների այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է տալ Հայաստանը ՄՄ-ին:

Դիվանագիտության մեջ չասված խոսքերն ավելի կարևոր են

Սա գրեթե այն ամենն էր, ինչ վերաբերում էր այցի պաշտոնական կողմին: Բայց սովորաբար նման այցերի դեպքում կարևոր է ոչ միայն պաշտոնական` արարողակարգային ընթացքը, այլև` մանրուքները:

Եվ այսպես, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Երևանի կոնտրոնում բացվեց հայ-ռուսական բարեկամության «Միասնության խաչ» հուշարձանը: Թեև նախապես նշվում էր, որ հուշարձանը պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, բացեցին ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը, որոնք նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ընդ որում, հուշարձանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ միասին: Բացման հանդիսության ժամանակ էլ ՀՀ վարչապետը ռուսերեն ելույթ ունեցավ: Այս երևույթը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կանադայում ՀՀ-ի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ընդունելի չէր, որովհետև ելույթ ունեցողը ՀՀ վարչապետն էր:

«Այդ պրոտոկոլ կոչվածում, որը դարերով ձևավորվել է, իրավահավասարության խնդիր կա, սեփական լեզվի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Այսինքն` մեր վարչապետը ուզում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի: Ռուսերեն ելույթ ունենալը ընդունելի չէ, որովհետեւ այդ հուշարձանի բացումն արարողակարգային իրադարձություն էր, ուստի արարողակարգային բոլոր նորմերը պետք է պահպանվեին: Խորը սիմվոլիզմ կա այդ ամենի մեջ»,- նշեց Արա Պապյանը:

Բայց այդ դիվանագիտական «ապտակը» դեռ վերջինը չէր դիվանագիտական օրակարգով գերհագեցած օրվա ընթացքում: Երկրորդ «ապտակը» Հայաստանը ստացավ Պուտինի այցի բուն օրակարգից: ՌԴ նախագահը, ինչպես և հայտարարվել էր, Հայաստանում էր պետական այցով: Բայց այդ այցը սկսվեց ոչ թե Երևանից, այլ Գյումրիից: Ու տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե պետական այց է, այլ աշխատանքային:

«Ես սովորել եմ տարբեր դիվանագիտական ակադեմիաներում, նաև Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում, ու կան պետական արարողակարգի համապատասխան դասագրքեր: Այն, ինչ  ինձ սովորեցրել են ռուսները, այն է, որ պետական` պաշտոնական այցերն ունեն որոշակի արարողակարգ: Այն է` այցելություն մայրաքաղաք, դիմավորում` տարբեր զորատեսակների շքերթով, նաև մայրաքաղաքում հատուկ նստավայրի հատկացում և այլն: Այսինքն` կան որոշակի բաներ, որ պետք է պահպանվեն: Այդ ամբողջից պրոտոկոլային որևէ նորմ չի պահպանվել»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ բնավ գեղեցիկ չէր, երբ մեր նախագահը Ռուսաստանի ինչ-որ տրանսպորտի նախարարի հետ միասին բացում էր այդ արձանը ու շեշտեց, որ եթե նախագահը ներկա էր այդ արարողությանը, ուրեմն Հայաստանը ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով:

Այս փաստն առավել ցցուն է դառնում, երբ հիշում ենք հատկապես,  որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացման ժամանակ ներկա չէին ՌԴ նախագահն ու վարչապետը, նույնիսկ` Մոսկվայի քաղաքապետը:

Մի խոսքով, դիվանագիտական այսպիսի նվաստացումներից հետո Պուտինը Գյումրիում` «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությանը, հայտարարեց, որ «դա հայ ժողովրդի, իշխանությունների սուվերեն ընտրություն էր», ու հավելեց, որ Ռուսաստանը կօգնի ՀՀ-ին ՄՄ-ին առավելագույնս արագ անդամակցելու հարցում:

Այս «մանրուքին» իր երեկվա համարում անդրադարձել է նաև ռուսական թերթերից մեկը`նշելով, թե այդ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը ժպտում էր:

Իր ելույթում Վլադիմիր Պուտինը մի նուրբ «կատակ» էլ արեց. «Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: Ընդհակառակը` Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում` հիմնվելով տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Այս ակնարկի կապակցությամբ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, թե երբեք գաղտնիք չի եղել, որ 1803 թվականից սկսած` Ռուսաստանը համաձայն չէ և չի ուզեցել հեռանալ Հարավային Կովկասից: Իսկ այն, որ չի ուզում հեռանալ, ամենևին չի նշանակում, թե ուզում է մեզ տիրել:

«Ես դա հասկանում եմ աշխարհաքաղաքական իմաստով: Այդ իմաստով Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից: Համենայն դեպս, պետք է հիշել 1993 թվականը, երբ թուրքական զորքերը մոտեցել էին մեր սահմանին, և միայն Ռուսաստանի հայտարարությունն ու ՌԴ պաշտպանության նախարարի դիրքորոշումը կասեցրեցին Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Այսօր էլ Ռուսաստանն ինչ-որ չափով, ես կասեի` մեծապես, մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նմանատիպ արտահայտությունները սովորաբար ունենում են նաև հասցեատեր կամ հասցեատերեր: Այս դեպքում հասցեատերերի մասին կարելի է կռահել: Նախ` առաջին հասցեատերը հենց Հայաստանն է, որը մինչև սեպտեմբերի 3-ն իր հայացքը համառորեն հառել էր Արևմուտքի ուղղությամբ: Երկրորդ, ինչպես նշեց լևոն Մելիք-Շահնազարյանը, ընդունված երևույթ է, որ պետությունների առաջին դեմքերն օգտվում են այն հանգամանքից, թե որ տարածքում են խոսում ու այդ տարածքի հարևան պետություններին կամ իշխանություններին ինչ ազդանշաններ են ուղարկում: Իսկ այս դեպքում թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Պուտինի Գյումրի գալուն և նմանատիպ հայտարարություններին  ու նշել, որ դրանք ավելի շատ ուղղված են Թուրքիային և Ադրբեջանին:

«Պուտինը չէր կարող ոչինչ չասել, ոչ մի ազդանշան չուղղել այն երկրներին ու երկրների ղեկավարություններին, որոնք Ռուսաստանի հետ, համենայն դեպս, գաղափարախոսական հակառակորդներ են: Այսինքն` առաջին հերթին ուղղված էր նրանց: Բայց, մյուս կողմից, ուղղված էր նաև մեզ: Հարցն այն է, թե ինչ իմաստով ենք ուզում հասկանալ այդ հայտարարությունը, փոխգործակցության ու դաշնակիցներ լինելու կոնտեքստո՞ւմ, թե՞ Հայաստանի դեմ, որը տվյալ դեպքում ես կհամարեի սխալ»,- տեսակետ հայտնեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

«Մեզ մաքսային միությունում էլ վատ չեն կերակրում…»

վիլնյուսՆախորդ շաբաթ Հայաստանի համար մի կարևորագույն իրադարձություն եղավ, որը սկզբում առկայծեց հայկական քաղաքական երկնակամարում, բայց հետո խամրեց «Մեծն Ռուսիո ծագող արևի» շողերի ներքո:

Նոյեմբերի 28-29-ը կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության եզրափակիչ գագաթнաժողովը: Այդ գագաթнաժողում, երևի հիշում է երկրագնդի ցանկացած անկյունում ապրող ամեն մի հայ, պետք է Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրեր:  Սակայն սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո, բնականաբար, չեղյալ է հայտարարվել: Չնայած իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռ սին հույսեր էին ներշնչում, թե գուցե նման համաձայնագրեր կստորագրվեն:

Հայկական վերլուծական շրջանակներում էլ, մինչև բուն գագաթнաժողովի նախօրեն, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի դրան, տարբեր տեսակետներ էին շրջանառվում, որ եթե Սերժ Սարգսյանը գնա, ուրեմն ինչ-որ փաստաթուղթ իրոք պետք է ստորագրվի, իսկ եթե չգնա, ապա ոչ մի փաստաթղթի ստորագրում էլ նախատեսված չի եղել:

Վիլնյուսյան գագաթнաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն միայն այս կապակցությամբ լրագրողներին հայտնեց, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները դեռևս քննարկում են, թե Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ Եվրամիությունն ինչ փաստաթուղթ է ստորագրելու:

Նա նշեց, որ Հայաստանը հստակ հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մասին իր ցանկությունը, Եվրամիությունն էլ իր բաժին  պատրաստակամությունն է հայտնել, այն է` Հայաստանի հետ շարունակել համագործակցել և խորացնել այդ համագործակցությունը: Որպես դիվանագետ` նա ավելին ասել չէր էլ կարող: Բայց արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ԵՄ-ն Հայաստանի հետ որևէ լուրջ կամ ՀՀ իշխանություններին հաճո փաստաթուղթ կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետագա եվրաինտեգրման առումով թեկուզ չնչին հույսեր ունենա:

Գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը Հայաստանի  գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:

«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք, մի կողմից, արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն` բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ: Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են: Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես Եվրոպայի միության հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Մի խոսքով` ոչ մի լուրջ ու կշիռ ունեցող փաստաթուղթ էլ չստորագրվեց Վիլնյուսում, այլ ընդամենը` պրոտոկոլային` գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական միություն հռչակագիրը, որոնք նման նշանակություն չունեն:

Բնականաբար կյանքը շարունակվում է, առավել ևս, որ Ռուսաստանն էլ այդ ամբողջ ընթացքում լուռ ու հանգիստ դիտորդի կարգավիճակում չէր, որ հետևում էր մեր երկրի շուրջ զարգացող գործընթացներին:

Գևորգ Ավչյան

Անկախ

Գազը էժանացավ, բայց ոչ շարքային քաղաքացիների համար

ARMRUSGASPROMՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, ի թիվս 12 համաձայնագրերի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին, ինչպես նաև ՀՀ կառավարության ու  «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև` ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը և 2014-2018 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև  գործարքը: 

Այս ամենի արդյունքում հայտարարվեց, որ դեպի Հայաստան միակողմանի` Ռուսաստանից նավթամթերքի, գազի, ադամանդի հումքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը չեն գանձվի և Հայաստանը, օրինակ, գազ կստանա ներռուսաստանյան գներով: Այսինքն` ավելի էժան:

Այդ ուրախ լուրը սկսեցինք բերնեբերան տարածել, մի փոքր, նույնիսկ, ոգևորություն նկատվեց, թե գազը Հայաստանում կէժանանա և այլն: Ավաղ:

Առաջինն այս մասին հանրությանը հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: «Գազի առումով մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա` առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Հենց Վիգեն Սարգսյանն էլ լրագրողների միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետևանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձևով:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է` փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:

Ռուսաստանը հիշյալ համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն` Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան գազ,  սակայն Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:

Հարց է առաջանում` ինչո՞ւ: 2013 թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 270 դոլարով (1000 խմ-ի համար): 2013 թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18, իսկ խոշոր գազասպառողների համար` 14 տոկոսով: Բնակչությանը մատակարարվող գազի սակագինը դրանից հետո սահմանվեց 156 դրամ` 1 խմ-ի համար: Այդ սակագինը սահմանելիս հաշվի էր առնվել, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռք բերվող գազի գնի 30 տոկոսը: Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք ընդունվեց ոչ թե 1000 խմ գազի համար 270 դոլար, այլ 189 դոլար գինը` նախկին 180 դոլարի փոխարեն: Այսինքն` շարքային քաղաքացիների համար գազի սակագնի հաշվարկներ կատարելիս ի սկզբանե վերցված է եղել 1000 խմ-ի համար 189 դոլար գինը, քանի որ գնի մնացած մասը` 30 տոկոսը, պետք է սուբսիդավորեր կառավարությունը:

Եվ դեռ այն ժամանակ արդեն կասկածներ էին հնչում, թե որտեղից պետք է կառավարությունը գտնի համապատասխան միջոցներ գազի գնի 30 տոկոսը սուբսիդավորելու համար: Ու հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկատվությունը, որ հայկական կողմը այդ 30 տոկոս սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցները «հայթայթելու», ինչպես նաև առաջիկա 5 տարիներին գազի գինն անփոփոխ պահելու համար պետք է «Գազպրոմին» հանձնի «Հայռուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը:

Այսինքն` երբ ռուսական կողմը հայտարարում է, որ չեն գործի գազի արտահանման համար մաքսատուրքերը, որոնք կազմում են ՀՀ առաքվող գազի գնի 30 տոկոսը, դա նշանակում է ընդամենը, որ կառավարությունն իր բաժին սուբսիդավորումն այլևս չի կատարի, ոչ թե հասարակությանը մատակարարվող գազի սակագինը 30 տոկոսով կէժանանա:

Եվ այսպես` Երևանում պայմանագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Ու հետաքրքիրն այն է, որ այս լուրը ևս ՀՀ ազգաբնակչությունն իմացավ ոչ թե ՀՀ համապատասխան մարմիններից կամ պաշտոնյաներից, այլ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերից  (Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ):

Մեզ մնում է մխիթարվել, որ գազի գինը չի նվազի, բայց նաև առաջիկա 5 տարիներին չի  ավելանա, ինչպես նշում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Բայց պարզվում է, որ «չի թանկանա» եզրույթն էլ հարաբերական է: ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պլեշկինը Yerkir.am-ի հետ զրույցում այս առումով նշել է. «Ինչքան ես գիտեմ, այն գինը, որը հայտարարվեց, թե կգործի Հայաստանին մատակարարվող գազի համար, կպահպանվի և հետագայում կփոփոխվի միմիայն  ինֆլյացիայով պայմանավորված դեպքերում»:

Ռուս պաշտոնյայի կարծիքով` ամեն դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինն ավելի բարձր չի լինի, քան ներռուսաստանյան գներն են:

Գևորգ Ավչյան

Անկախ

 

Կուսակցությունները պետք է փող ծախսեն, բայց չունեն կամ ցույց չեն տալիս

կուսակցություններՆախորդ համարում «Անկախն» անդրադարձել է, թե Հայաստանում խորհրդարանական ու արտախորհրդարանական փոքրիշատե հայտնի ու հեղինակավոր կուսակցություններն ինչ միջոցներ են ունեցել 2012 թ.: Այժմ նայենք, թե որ կուսակցությունն իր ունեցած միջոցներն ինչպես է ծախսել, ինչ գործունեության համար, ինչ ուղղություններով և այլն:

 Կուսակցությունների ճնշող մեծամասնությունը փող չունի, որ ծախսի

Այսիպիսով, ՀՀԿ-ն 2012 թ., ըստ հայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 442 մլն 11 հազար դրամ հայտարարագրված ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցությունը վճարել է 150 մլն 572 հազար դրամ ֆիզիկական անձանց`աշխատավարձերի, չօգտագործված արձակուրդների փոխհատուցման և նպաստների տեսքով, 40 մլն 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն 840 հազար դրամ տարածքի վարձակալության համար է վճարել, 21 մլն 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն 101 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: Եվս 1 մլն 5 հազար դրամ ՀՀԿ-ն ծախսել է գույք ձեռք բերելու համար և 122 մլն 327 հազար դրամ` ներկայացուցչական ու անհատույց տրված ակտիվների համար: Ընդհանուր առմամբ կուսակցության ծախսերը կազմել են 354 մլն 44 հազար դրամ: Այսինքն` կուսակցության ամենամեծ հայտարարագրված ծախսերն ուղղված են եղել աշխատավարձերի ու արձակուրդների փոխհատուցմանը և ներկայացուցչական ու անհատույց ակտիվներին:

ԲՀԿ-ն 2012 թ. համար հայտարարագրել է 58 մլն 106 հազար դրամ դրամական մուտքեր: Կուսակցությունը աշխատավարձերի, ծառայությունների մատուցման վճարումների համար ծախսել է 1 մլն 892 հազար դրամ, 564 հազար դրամ սոցիալական վճարումներ է կատարել, 2 անգամ 10-ական մլն և մեկ անգամ 150 հազար  դրամով դահլիճ է վարձակալել, 4000 դրամ պետտուրք է մուծել, 40 հազար դրամ ծախսել է «Էկոնոմիկա» հանդեսի ձեռքբերման համար, 2 մլն 500 հազար դրամ` վկայականներ ձեռք բերելու և 7 մլն 286 հազար դրամ` համակարգչային տեխնիկա ձեռք բերելու համար: Կուսակցությունը 286 հազար դրամ ծախսել է հայտարարություններ հրապարակելու համար, 700 հազար` ինտերնետ կայք պատրաստելու, 218 հազար դրամ` ինտերնետի վճարումների ու էլի մի քիչ գումար` այլ մանր-մունր ծախսերի համար: Հայտարարագրված համեմատաբար խոշոր ծախսերից է 15 մլն դրամը` ընտրությունների մասնակցելու նպատակով օրենքով թույլատրված հիմնադրամի հաշվի համալրումը: Ընդհանուր առմամբ կուսակցությունը 2012 թ. ծախսել է 49 մլն 173 հազար դրամ գումար:

ՕԵԿ-ը, ըստ լրացված հայտարարագրի, 2012 թ. ունեցել է 16 մլն 710 հազար 900 դրամ: Կուսակցությունը ծախսել է 15 մլն 719 հազար 600 դրամ, որից աշխատավարձերի համար վճարել է 1 մլն 125 հազար 600 դրամ, կոմունալ վճարների և վարձակալության համար` 9 մլն 383 հազար դրամ, գործուղումների ու տրանսպորտային ծախսերի համար` 1 մլն 192 հազար դրամ և ևս 718 հազար դրամ` հարկերի, տուրքերի համար: 3 մլն 301 հազար դրամ էլ այլ ծախսեր է ունեցել:

ՀՅԴ-ն 2012 թ. ունեցել է 58 մլն 840 հազար 900 դրամ: Կուսակցության ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար 900 դրամ: Կուսակցությունը 14 մլն 958 հազար դրամ ծախսել է աշխատավարձերի համար, 3 մլն 887 հազար դրամ` սոցիալական վճարների ու կենսաթոշակների, 3 մլն 617 հազար դրամ` գույքի վարձակալության և մոտ 9 մլն 600 հազար դրամ` կոմունալ վճարումների համար: Կուսակցությունը նաև 2 մլն 700 հազար դրամի հարկեր-տուրքեր է մուծել: 9 մլն 816 հազար դրամ կուսակցությունը ծախսել է գործուղումների վրա, 11 մլն 897 հազար դրամ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի, 2 մլն 100 հազարի ամսագիր է տպել, 490 հազար դրամով կայք է պատրաստել, մոտ 200 հազար դրամի թերթ է բաժանորդագրվել և այլ մանր ծախսեր: Կուսակցության ընդհանուր ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար դրամ:

ՀԱԿ կուսակցության հայտարարագրած ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ: Կուսակցությունն աշխատավարձեր ու այս կարգի այլ ծախսեր չի ունեցել, սոցիալական կամ գույքի վարձակալության վճարումներ չի արել, 941 հազար դրամի կոմունալ վճարումներ է արել, 179 հազար 500 դրամ մուծել հարկեր-տուրքերի համար և 1 մլն 944 հազար դրամ ծախսել ներկայացուցչական, Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության անդամավճարի, ՀԺԿ-ին բյուջետային փոխանցումների ու այլ ծախսերի համար: 2012 թ. կուսակցությունն, ընդհանուր առմամբ, ծախսել է 3 մլն 65 հազար դրամ գումար:

«Ժառանգություն» կուսակցության ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն 53 հազար դրամ և 4 հազար դոլար, որից կուսակցությունը ծախսել է 26 մլն 359 հազար դրամը: Կուսակցությունը 1 մլն 326 հազար դրամ ծախսել է աշխատավարձերի և 435 հազար դրամ` սոցիալական վճարների համար, 3 մլն 183 հազար դրամ` կոմունալ վճարումների, 541 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: 4 մլն 800 հազար դրամի գույք է վարձակալել և ևս 8 մլն 467 հազար դրամի էլ գույք ձեռք բերել: Այլ ծախսերի համար էլ կուսակցության գանձարանից պակասել են ևս 7 մլն 607 հազար դրամ միջոցներ:

Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցությունն ունեցել է  6 մլն 309 հազար 600 դրամ և ևս 393 հազար 300 դրամ էլ մնացորդ է ունեցել նախորդ տարվանից: Ծախսել է 6 մլն 104 հազար 700 դրամ, որից 1 մլն 139 հազար դրամը` աշխատավարձերի վճարման, 374 հազար դրամը` սոցվճարումների, 45 հազար դրամը` գույքի վարձակալության և 120 հազար դրամը` հարկեր-տուրքերի համար: Կուսակցության կոմունալ ծախսերը կազմել են 1 մլն 525 հազար դրամ, 471 հազար դրամի գույք է ձեռք բերվել, և ևս 2 մլն 429 հազար դրամ էլ կուսակցությունն «այլ ծախսեր» է արել: Կուսակցության ընդհանուր ծախսերը կազմել են 6 մլն 104 հազար դրամ:

Մեծահարուստ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության ունեցած ամբողջ 8 մլն 550 հազար 800 դրամ միջոցներից ծախսվել է 2 մլն 895 հազար 100 դրամ, որից միայն 2 մլն 200 հազար դրամը` «այլ ծախսեր»-ի համար, 59 հազար դրամ հարկ ու տուրք է մուծվել և 636 հազար դրամ էլ տարածքի վարձակալության համար է պահանջվել:

Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն նախորդ տարի 3 մլն 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ է ունեցել, որից կուսակցությունը ծախսել է 3 մլն 322 հազար 400 դրամը: Այս գումարներից 1 մլն 573 հազար դրամը ծախսվել է աշխատավարձերի և 485 հազար դրամը` սոցվճարների համար: Կուսակցության կոմունալ վճարումները կազմել են 679 հազար դրամ, հարկեր-տուրքերը` 14 հազար 600 դրամ: Եվս 42 հազար 500 դրամ ծախսվել է տրանսպորտային ծախսերի համար և 4500 դրամ էլ` «այլ ծախսերի»:

2012 թ. «հարուստ» կուսակցություններից Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցությունը` իր հաշվին ունենալով 9 մլն 224 հազար 400 դրամ, ծախսել է  9 մլն 225 հազար 700 դրամ, որից 391 հազար դրամը ֆիզիկական անձանց մատուցած ծառայությունների համար է վճարվել, 131 հազար դրամը` սոցիալական վճարումների համար, իսկ մնացած` 8 մլն 702 հազար դրամը կուսակցությունը ծախսել է «այլ ծախսեր» տողով:

Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն էլ, 2012 թ. ունենալով  4 մլն 428 հազար դրամ միջոցներ, այդ գումարներն ամբողջությամբ ծախսել է: Ընդ որում` 587 հազար դրամի աշխատավարձեր է վճարել, 183 հազար դրամ` սոցիալական վճարներ, 2 մլն 626 հազար դրամի գույք է վարձակալել, 976 հազար դրամի կոմունալ ծախսեր կատարել, 1800 դրամ մուծել հարկեր-տուրքերի ձևով և 53 հազար 800 դրամի թերթ է գնել:

Մնացած կուսակցությունների ծախսերը չեն գերազանցել 2 մլն դրամը, ընդ որում, մեծամասնությունը չի հատել անգամ 1 մլն-ի սահմանագիծը: Ուշագրավ է, որ այնպիսի կուսակցություն, ինչպիսին  «Ազատ դեմոկրատներ»-ն է, որևէ ծախս չի հայտարարագրել: Զարմանալի է նաև, թե ինչ չնչին գումարներ են հայտարարագրում միլիոնատեր ղեկավարների կուսակցությունները:

Այսպիսով, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանում 3 կուսակցություններ են հիմնականում կուսակցական աշխատանքների համար ծախսեր կատարում` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Մնացածը գումար չունեն ծախսելու համար կամ ցույց են տալիս, թե չունեն: Կուսակցությունների ճնշող մեծամասնության հիմնական ծախսերը փոքրիկ աշխատավարձերն են, իսկ այն կուսակցությունները, որոնք չնչին գումարներ ունեն` 2 մլն-ից էլ պակաս,  անհասկանալի է, թե ինչպես են գոյատևում, առավել անհասկանալի է, թե ինչու են գոյատևում: Եվ հարց է առաջանում` ի՞նչ հարց կարող են լուծել խիստ սահմանափակ ռեսուրսներով կուսակցությունները, եթե նույնիսկ անհամեմատ ավելի «հարուստները» չեն կարողանում ինչ-որ քաղաքական, պետական հարց լուծել, ակտիվորեն մասնակցել քաղաքական որոշումների կայացման գործընթացներին:

 

Գևորգ Ավչյան

Անկախ

Զարգացումներ, որոնք ազդում են Հայաստանի վրա

Erdogan-putinԱնցած շաբաթը բավականին բուռն ու հարուստ էր քաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք այսպես թե այնպես ազդեցություն ունեն կամ ունենալու են մեր երկրի վրա: Մասնավորապես, կայացան Սարգսյան–Ալիև, Էրդողան–Պուտին հանդիպումները, Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ ձեռք բերվեց «պատմական» համաձայնություն, Ուկրաինան էլ հայտարարեց Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացները դադարեցնելու մասին:

 Հայաստանի շուրջ, երբեմն էլ մասնակցությամբ, լուրջ գործընթացներ են «եփվում»

Հայաստանին վերաբերող ամենաանմիջական իրադարձությունը, թերևս, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր Վիեննայում: Այս հանդիպումն էական էր այնքանով, որ վերջին 1.5 տարվա ընթացքում նման հանդիպումները` երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով, ուղղակի դադարել էին, և անընդհատ մատնանշվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը: Բայց ԱՄՆ-ի ակտիվ դերակատարությամբ ու անմիջական ներգործությամբ այդ հանդիպումը կայացավ, ինչը և սպասելի էր:

Նախ` այն օրվանից հետո, ինչ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, սպասվում էր Արևմուտքի, մասնավորապես` ԵՄ-ի և ԱՄՆ-ի  կողմից որոշակի ակտիվացում Հայաստանին առնչվող հարաբերություններում: Ու թեև այդ ակտիվությունը չէր դրսևորվում ԵՄ-ի կողմից, քանի որ առջևում Վիլնյուսի գագաթաժողովն էր, որի ժամանակ որոշակի գործընթացներ պետք է լինեին, ապա ԱՄՆ-ի ակտիվացումը տրամաբանական էր` թեկուզ Հայաստանին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դերի մասին հիշեցնելու և տարածաշրջանում ռուսական քաղաքական գործունեությանն ինչ-որ բան հակադրելու առումներով:

Նախագահների հանդիպումը կայացավ, դրանից անմիջապես հետո էլ Սերժ Սարգսյանն այն որակեց «նորմալ»: ՀՅԴ Հայդատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն  այս առումով նշում է, թե  չի կարծում, որ նախագահն ավելին կուզենար ասել, քանի որ այդ հանդիպման ժամանակ չէր էլ կարող ավելին լինել: Երկու նախագահները չուզենալով էին հանդիպում, ուրեմն նորմալ էր, եղավ-պրծավ, ըստ էության` ոչինչ չասող հանդիպում էր: 

Բայց մի ճշմարտություն կա` երբ խոսում են մարդիկ, լռում են զենքերը, իսկ երբ դադարում են խոսել, զենքերը բարձրացնում են իրենց ձայնը:  Եվ այս առումով, նման հանդիպումները գոնե պետք է ազդեն հրադադարի ռեժիմի պահպանման վրա, ու եթե թեկուզ մեկ օր նախագահների հանդիպման կապակցությամբ սահմանին կրակոցներ չեն  հնչում, մարդկային կյանքեր չեն խլվում, արդեն ձեռքբերում է:

Նախագահները նաև հանձնարարեցին երկու երկրների արտգործնախարարներին մեկ անգամ ևս հանդիպել, իսկ իրենք էլ նորից հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին: Այդ պատրաստակամությունը լավատեսություն է ներշնչում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին: Նա ողջունել է Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը և հայտարարել, թե ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԼՂ հակամարության կարգավորմանն ուղղված վերսկսված ջանքերին և ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում էլ նշվում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կդառնա ԼՂ հակամարտության  խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար:

ԼՂ հակամարտության հարցը, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները,  քննարկվել է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպման ժամանակ: Հանդիպման ավարտից հետո թուրք նախարարը լրագրողներին ասել է, որ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք մեխանիզմներ և հույս ունեն, որ այդ սառեցված հակամարտությունը շուտով կկարգավորվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին և ողջ տարածաշրջանին:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Անկարան, ինչպես նշում է թուրքական milliyet.com-ը,  Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն է պատրաստվում: Թուրքիան, բնականաբար, այս հարցում բավականին ակտիվություն է դրսևորում: Ու այս առումով հայերի համար պակաս հետաքրքիր չէ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ինչը, ըստ Կիրո Մանոյանի, պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, քանի որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես` տնտեսական, բավական սերտ են, մեծանում են և, ի վերջո, իրենց քաղաքական ազդեցությունը կունենան երկու երկրների հարաբերությունների,  հետևաբար նաև տարածաշրջանային զարգացումների վրա:

Անշուշտ, ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-ինչ վտանգներ պարունակել: Որովհետև տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա, ինչն էլ, իր հերթին, կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայաստանն էլ այդ հարաբերությունների վրա ազդելու որևէ հնարավորություն չունի:

Այդ հանդիպումը մեծ և էական ազդեցություն չունեցավ Հայաստանի համար, չնայած, ինչպես նշում էր Կիրո Մանոյանը, շատ լավ էր, որ այն տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո և Պուտինի` Հայաստան այցելությունից առաջ:

Առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար  եկող ամսվա սկզբին Պուտինի սպասվող այցը Հայաստան: Դրանով ինչպես ՄՄ հետ հետագա հարաբերությունների, այնպես էլ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական, քաղաքական և այլ կարգի հարաբերություների հետագա ընթացքն է պայմանավորված: Ռուսաստանը վերջին շրջանում բավականին ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը միջազգային բոլոր հնարավոր ասպարեզներում` Սիրիայի հարցում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Եվրոպայի Արևելյան գործընկերության ճակատագրի մասով և այլն: Ինչպես նշում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանն ակտիվության ու վերելքի նոր ցիկլ է սկսում, ինչը, բնականաբար, անդրադառնալու է աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա: Ռուսաստանը,  քաղաքագետի խոսքով, պատրաստվում է իր դաշնակիցների հետ նոր առանցք ստեղծել: Իսկ հարավային ուղղությամբ Ռուսաստանը քիչ դաշնակիցներ ունի, թերևս միայն` Տաջիկստանը, Սիրիան, որի ճակատագիրն էլ դեռ մշուշոտ է, և Հայաստանը:

Հայաստան այցից անմիջապես առաջ Պուտինը հայտարարեց, թե Հայաստանի հետ պետք է ՀՕՊ միասնական համակարգեր ստեղծվեն. «Հնարավոր է, որ Պուտինի այդ հայտարարությունը Հայաստան գալուց առաջ մեսիջ է ոչ միայն Հայաստանին, այլև Արևմուտքին` ընդհանրապես, որպեսզի նա տարածաշրջանային իր ծրագրերում ուշադիր լինի»,- այս առումով նշում է Կիրո Մանոյանը:

Իրանի շուրջ էլ են կրքերը հանդարտվում

Այս համատեքստում ամենևին պատահական չէր Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցյալ կիրակի ձեռք բերված «պատմական» համաձայնությունը:

Կիրակի օրը Ժնևում «վեցյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը ստորագրեցին միջանկյալ համաձայնագիր, որով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել իրանական միջուկային ծրագրում, ինչի դիմաց աստիճանաբար մեղմացվելու են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ըստ այդմ, Իրանը պարտավորվում է 6-ամսյա ժամկետում հրաժարվել ուրանը 5 տոկոսից ավելի հարստացնելու աշխատանքներից: Սրա հետ մեկտեղ, մինչև 20 տոկոս հարստացված մոտ 200 կիլոգրամ ուրանը պետք է ոչնչացվի: Բացի այդ, Իրանը պարտավորվում է Ֆորդուի և Նաթանզի միջուկային կենտրոնները դնել ՄԱԳԱՏԵ-ի  տեսուչների վերահսկողության տակ, ինչպես նաև դադարեցնել Արակում կառուցվող ռեակտորի շինարարությունը:

Այս ամենի դիմաց Վեցյակը ճանաչել է Իրանի` ցածր հարստացված ուրան արտադրելու իրավունքը: Արդյունքում Իրանի ակտիվներից մոտ 8 մլրդ դոլար, ինչպես հայտնել էր Իրանի վարչակազմի մամուլի քարտուղար Մոհամեդ Բաքեր Նոբախտը,  «հալեցվել» է ԱՄՆ-ի կողմից: Սա նշանակում է Իրանի շուրջ ստեղծված լարվածության որոշակի թուլացում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել Հայաստանի վրա թե՛ որպես Իրանի հարևան-պետության, թե՛ որպես Իրանի հետ առևտրա-տնտեսական սերտ հարաբերություններ ունեցող գործընկերոջ:

Հետագայում, համոզմունք է հայտնում քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, կստեղծվի Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմա-քաղաքական, տնտեսական առանցքը, և ստեղծված իրավիճակը նպաստավոր է Հայաստանի համար:

Այս առումով, իհարկե, հնարավոր չէ նորից չդիտարկել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության հարցը, առավել ևս, երբ նոյեմբերի 28-29-ին վերջապես կկայանա Վիլնյուսի այնքան սպասված գագաթաժողովը, որին, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա մասնակցությունը ենթադրել է տալիս, որ Վիլնյուսում Հայաստանը ԵՄ-ի հետ ինչ-որ փաստաթուղթ կստորագրի, որի մասին վերջերս շատ է խոսվում, բայց ոչ ոք այդպես էլ մանրամասները չի նշում:

Ահա ուշագրավ է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի մեկնաբանությունը, թե Վիլնյուսի գագաթաժողովում պետք է քննարկվի վերջին երկու տարիներին Հայաստան-ԵՄ աշխատանքները և հեռանկարները, որով էլ պարզ կլինի հետագա ընթացքը: Նա նշել էր, որ չնայած ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԵՄ-ն կաջակցի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, թեև այդ բարեփոխումների իրավակիրարկումը մնում է թերի:

Տրայան Հրիսթեայի խոսքով` Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ն կփորձի գտնել Հայաստանի հետ հետագա համագործակցության այնպիսի ուղիներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը: Այսինքն` ԵՄ-ն ամենևին էլ վերջնականապես չի խզում իր հարաբերություները մեր երկրի հետ, չնայած Արևելյան գործընկերության և 6 գործընկերների` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ծրագիրը կարծես տապալվում է:

Ուկրաինայի  նախարարների կաբինետը ևս նոյեմբերի 21-ին դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները:

Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ, քանի որ  Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում, ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը,  հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման ոչ մի աղբյուր չկա: Նա նշել է, որ Ուկրաինային  ոչ ոք չխոստացավ փոխհատուցել այդ վնասները: Սակայն Ազարովը հավաստիացրել էր նաև, որ Ուկրաինան վերջնականապես չի հրաժարվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից, Կիևը միայն դադար է  տալիս: Դա, ըստ Ուկրաինայի վարչապետի, չի նշանակում, որ Կիևը ցանկանում է Մաքսային միություն մտնել:

Միաժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Կիևը կշարունակի իր եվրաինտեգրման ուղին` չնայած բոլոր բարդություններին: Սա անշուշտ, նման է այն հայտարարությանը, որ անում էին հայ ղեկավարները ՄՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնելուց հետո: Ամեն դեպքում, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ հիասթափություն է հայտնվում Ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելու կապակցությամբ, սակայն Վաշինգտոնը խորհուրդ է տվել ԵՄ-ին «Ուկրաինայի համար դուռը բաց պահել»:

Եվ Ուկրաինայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում` կառավարությունից պահանջելով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց Ուկրաինայի դեպքը, որին ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության, ԱՄՆ-ը  «պատմական» նշանակություն էր տվել, գումարվելով վերոհիշյալ բոլոր գործոններին, ինքնըստինքյան ստիպում է մի պահ մտածել, որ Հայաստանի համար, անկախ նույնիսկ իր կամքից ու քաղաքական պլանավորումից, իրոք ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

 

Գևորգ Ավչյան

Անկախ

Թող Ռուսական ռազմաբազան ընդլայնվի, բայց հայի մաուզերի հսկողության ներքո

razmabazaՀայ–ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ երկու երկրների կառավարությունները պարտավորվել են միմյանց փոխանցել որոշ հողատարածքներ: Ռուսական կողմն առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսական ռազմակայանը և այդ նպատակով ծրագրել է Հայաստանին տրամադրել 18 ուղղաթիռ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման համար պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ):

 Ռուսական ռազմաբազան կընդլայնվի հայկական տարածքների հաշվին

Փաստորեն, նոյեմբերի 21-ին  ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ նախագծի` ռուսական կողմին կփոխանցվի Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` ուղղաթիռային սավառնակախմբի կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ` դրանք ներառելով ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում:

Բայց այս որոշումը հայկական հասարակական-քաղաքական որոշ շրջաններում դժգոհության ալիք բարձրացրեց: Եվ ամենաշրջանառվող դժգոհությունները, բնականաբար, կապվում էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու և կամաց-կամաց Ռուսաստանի մի մարզը դառնալու մասին եզրակացությունները:

Այսպես թե այնպես, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնումը որոշակի ռազմա-քաղաքական ու աշխարհաքաղաքական պատճառներ ունի:

Նախ, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանի վերելքի շրջափուլն է սկսվել. փորձում է դառնալ ուժային կենտրոն` իր դաշնակիցների հետ միասին, որտեղ պետք է նաև ուժերի վերադասավորություններ լինեն: «Նոր աշխարհակարգի գործընթացները շատ խորհրդավոր ու վտանգավոր են, բայց նաև կարող են շահավետ լինել մեզ համար»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ աշխարհաքաղաքական գործընթացներում զարգացումներն ու ստեղծված իրավիճակը բխում են Հայաստանի ազգային անվտանգության շահերից:

Դիտարկենք այս հարցը այլ հարթությունում` Մաքսային միությունից դուրս: Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցն ամրագրված է Հայաստանի և Ռուսաստանի 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրով: Այդ պայմանագիրը 49 տարով երկարաձգվեց 2010 թ., երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գտնվում էր Հայաստանում: Ընդ որում, ոչ միայն երկարաձգվեց ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, այլև ռազմաբազայի առջև դրված  խնդիրներին ավելացան նորերը: Եթե  1997 թ. օգոստոսի 29-ին ՀՀ և ՌԴ միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով ամրագրվել էր, որ Հայաստանի` ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների հետ սահմանների պահպանությունը կիրականացվի համատեղ ջանքերով, ապա 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրված արձանագրությամբ ՀՀ-ում ռուսական ռազմականը պատասխանատվություն ստանձնեց նաև ՀՀ զինված ուժերի հետ համատեղ իրականացնել Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական սահմանի: Այսինքն` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի պարտականությունների ու պատասխանատվության տիրույթն էլ ավելի մեծացավ:

Սակայն ռուսական ռազմակայանի 5-հազարանոց անձնակազմը մնաց անփոփոխ, որը, ինչպես նշում է հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովը,  շատ քիչ է, որպեսզի երաշխավորի Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը և կատարի իր առջև դրված խնդիրները: Այսինքն` նոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, ակնկալվում է նաև, որ ռազմակայանը պետք է ընդլայնվի: Ի դեպ, ներկայումս տարածաշրջանում ու միջազգային քաղաքական թատերաբեմում եռացող գործընթացներն ու առկա մարտահրավերները ևս ստիպում են ռուսական կողմից արդիականացնել ռազմաբազայի  ռազմական տեխնիկան ու բարձրացնել ռազմակայանի մարտունակությունը: Իսկ մարդկային ռեսուրսով ու ռազմական տեխնիկայով համալրման պարագայում, բնականաբար, նոր տարածքներ էին պետք:

Առաջնորդվելով մեր ազգային շահերով

Սա պարզ է ու հասկանալի, սակայն, ինչպես նշեց Լևոն Շիրինյանը, մեր ժողովրդի մեջ վստահություն չկա գործող իշխանությունների նկատմամբ, ինչը տարածվում է նաև ռուսական ռազմաբազային նոր տարածքներ տրամադրելու որոշման վրա: Քաղաքագետի հավաստմամբ` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պետք է հստակ ներկայացնի, թե ինչ է տալիս Ռուսաստանին և դրա դիմաց ինչ է ստանալու:

Շիրինյանը նշեց նաև, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ռուսական կողմի առջև հստակ խնդիր դնի, որ Արևելյան Հայաստանը պետք է ամբողջականանա: Նա կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունն այդ հնարավորությունը տալիս է, պարզապես հայկական կողմը պետք է զգուշավորություն դրսևորի` հաշվի առնելով նախորդ դառը փորձերը:

«Ռուսաստանը երբեք հայ ժողովրդի ճգնաժամային պահերին հայության կողքին չի եղել, սա պետք է ասվի առանց ամաչելու»,- շեշտեց քաղաքագետը:

Հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովն էլ նշում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկվի` ինչու պետք է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներն անկախ լինեն ու հաշվետու չլինեն հայկական կողմին: «Ճիշտ է, ռազմաբազայի ղեկավարը շատ բարեկիրթ անձնավորություն է, շատ լավ տիրապետում է հայ ժողովրդի պատմությանը, բայց դա չի նշանակում, որ եթե ստանա հակահայկական հրամաններ, չի կատարելու»,- ասում է հետախույզը` հավելելով, որ ռուսական զորամիավորումները պետք է գործեն համատեղ ղեկավարության ներքո, իսկ գնդերի հրամանատարների  մոտ էլ պետք է լինեն հայ կոմիսարներ, որ «մաուզերը» ձեռքներին ուշի ուշով հետևեն, որ ռուս սպաները չկարողանան ինքնագլուխ կամ հակահայկական գործողություններ իրականացնել»,- իր տեսակետները հայտնեց հետախույզը:

Առավել ևս ներկայիս զարգացումների պարագայում, երբ Հայաստանի սահմանները, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը,  մինչ սեպտեմբերի 3-ը ռազմաքաղաքական սահմաններ էին Ռուսաստանի համար, իսկ հիմա Ռուսաստանը փորձ է անում դրանց որակը փոխել` վերածելով տնտեսական, մշակութային, քաղաքակրթական սահմանների:

Այս առումով դիտարկենք Վրաստանի օրինակը`օգոստոսյան պատերազմի դառը փորձով: Այն ժամանակ Հարավային Օսիայում տեղակայված էր ռուսական մեկ գունդ, որը, փաստացի, ինքնապաշտպանության էր անցել, իսկ վրացական զինված ուժերը բնակչության հետ անում էին այն, ինչ ուզում էին: Ու մինչև ռուսական հիմնական զորքերը կրիայի պես դանդաղաքայլ մոտեցան, ռուսական գունդը հազիվ ինքնապաշտպանվեց ու չէր կարողանում ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը: Այսինքն` Հայաստանի անվտանգության շահերից է բխում, ինչը բազմիցս կրկնել, կրկնում ու դեռ էլի կրկնելու են հայ տարբեր մանր ու մեծ իշխանամետ կամ ռուսամետ «վերլուծաբանները», որ այստեղ տեղակայված ռուսական ռազմակայանն ընդլայնվի ու արդիականանա, որպեսզի անհրաժեշտության դեպքում Հարավային Օսիայում տեղակայված գնդի պես հազիվ ինքն իրեն չպաշտպանի:

Այս առումով հետաքրքիր են նաև հայկական լրատվամիջոցներով վերջերս պարբերաբար շրջանառվող «տեղեկությունները», թե ռուսական կողմը 18 նոր մարտական ուղղաթիռներ է բերելու Հայաստան, իսկ Պուտինը դեկտեմբեր ամսին սպասվող այցելության ժամանակ Հայաստանին «Սմերչ»-ների նոր հաշվարկներ կնվիրի… Բայց մյուս կողմից անցյալի դառը դասերը ևս չպետք է մոռանալ: Մասնավորապես հիշենք, որ 1988 թ. շարժումը ճնշվում էր ռուսական տանկերով ու զորքով հենց Երևանի կենտրոնում, հիշենք, թեկուզ «Կոլցո» օպերացիան, հիշեցնենք, որ 1992 թ. ԼՂՀ-ի մոտ 52 տոկոսը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հենց ռուսական 23-րդ դիվիզիայի շնորհիվ և այլն:

«Ռուսաստանը միշտ եղել է կայսրություն` ցարական կայսրություն, սովետական կայսրություն, ռուսական կայսրություն, սա ես չեմ ասում, այլ ցիտում եմ ՌԴ նախագահի խոսքերը»,- այս կապակցությամբ նշում է Դավիթ Շահնազարյանը:

Իսկ այս պայմաններում, անցյալի սխալները չկրկնելու համար, ինչպես խորհուրդ է տալիս քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը ևս պետք է հանդես գա Ռուսաստանի նկատմամբ պայմաններով` հստակ նշելով  իր ու ռուսական կողմի պարտավորությունները:

 

Գևարգ Ավչյան

Անկախ

Ինչ փողերի հետ են «խաղում» կուսակցությունները

կուսակցությունՀայաստանում գրանցված են ու գործում են մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություններ:  Սրանք նորմալ գործունեության համար պետք է ունենան որոշակի միջոցներ` դրամ, գույք, մարդկային ռեսուրս:   Եվ միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե կուսակցությունները, հատկապես` խորհրդարանականներն ու նրանք, որոնք առավել հայտնի են հասարակության շրջանում, ինչ ֆինանսական, գույքային ռեսուրսների են տիրապետում, ինչ գումարներ են ծախսում և ծախսո՞ւմ են արդյոք: 

Մոտ 7 տասնյակ կուսակցություններից շատ քչերն են բյուջետային ֆինանսավորում ստանում

Այսիպիսով` ՀՀԿ-ն 2012 թ., ըստ հայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 362 մլն 890 հազար դրամ անդամավճարներից գոյացած միջոցներ, 1 մլն 500 հազար դրամ անհատների նվիրատվություններ, 150 հազար դրամ իրավաբանական անձանց նվիրատվություններ, 29 մլն 530 հազար դրամ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում և 21 մլն 40 հազար դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից դրամական մուտքեր: Հանրագումարում ՀՀԿ-ն ունեցել է 442 մլն 11 հազար դրամ հայտարարագրված ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցությունը վճարել է 150 մլն 572 հազար դրամ ֆիզիկական անձանց աշխատավարձերի, չօգտագործված արձակուրդների փոխհատուցման և նպաստների տեսքով, 40 մլն 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն 840 հազար դրամ տարածքի վարձակալության համար է վճարել, 21 մլն 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն 101 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: Եվս 1 մլն 5 հազար դրամ ՀՀԿ-ն ծախսել է գույք ձեռք բերելու համար և 122 մլն 327 հազար դրամ` ներկայացուցչական ու անհատույց տրված ակտիվների համար: Ընդհանուր առմամբ`կուսակցության ծախսերը կազմել են 354 մլն 44 հազար դրամ: Բացի այդ, ՀՀԿ-ն ունեցել է նաև 273 մլն 364 հազար դրամ արժողությամբ անշարժ և 197 մլն 988 հազար դրամ արժողությամբ շարժական գույք, ինչպես նաև 1 մլն 5 հազար դրամ արժողությամբ օդորակիչ, ջրի սառեցման սարք, հեռախոսներ ու աթոռներ:

ԲՀԿ-ն 2012 թ. համար հայտարարագրել է 58 մլն 106 հազար դրամ դրամական մուտքեր, որից 17 մլն 511 հազար դրամ` օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը 2012 թ. կատարել է 49 մլն 173 հազար դրամի ծախսեր: Հատկանշական է, որ կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, ասել է թե` չունի: ԲՀԿ-ի շարժական գույքի արժեքն էլ, ըստ հայտարարագրի, կազմել է 7 մլն 316 հազար դրամ:

ՕԵԿ-ը, ըստ լրացված հայտարարագրի, 2012 թ. ունեցել է 16 մլն 710 հազար 900 դրամ, որից 4 մլն 33 հազար 400 դրամը ստացել է բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը ծախսել է 15 մլն 719 հազար 600 դրամ, և մնացորդը կազմել է 991 հազար 300 դրամ: ՕԵԿ-ն ունի նաև 31 մլն 302 հազար դրամի անշարժ և 2 մլն 920 հազար դրամի շարժական գույք:

ՀՅԴ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 110 հազար դրամ մնացորդ նախորդ տարվանից, ևս 48 մլն 900 հազար դրամ գոյացել է անդամավճարներից, 6 մլն 740 հազար 900 դրամ բյուջետային ֆինանսավորմամբ է ստացել և 3 մլն 200 հազար դրամ` օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Կուսակցության դրամական միջոցները, ընդհանուր առմամբ 2012 թ.կազմել են 58 մլն 840 հազար 900 դրամ: Կուսակցության ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար 900 դրամ: Կուսակցությունն ունի նաև 663 մլն 820 հազար դրամ արժողությամբ անշարժ և 35 մլն 404 հազար դրամ արժողությամբ շարժական գույք:

ՀԱԿ կուսակցությունը տարեսկզբին նախորդ տարվանից ունեցել է 13 հազար 200 դրամ մնացորդ, ստացել է 2 մլն 928 հազար 900 դրամ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում ՀԱԿ դաշինքի համար: Կուսակցության ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ` ըստ հայտարարագրի: Տարվա ընթացքում կուսակցությունը ծախսել է 3 մլն 65 հազար 900 դրամ գումար, մնացորդը կազմել է 2 մլն 207 հազար դրամ: Կուսակցությունը տիրապետում է նաև 55 մլն 848 հազար 975 դրամ արժողությամբ անշարժ գույքի, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:

«Ժառանգություն» կուսակցության մնացորդը 2012 թ. տարեսկզբին եղել է 927 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար: Տարվա ընթացքում կուսակցությունն ունեցել է 8 մլն 490 հազար դրամ ֆիզիկական անձանց նվիրատվություն, որից 1 մլն 176 հազար դրամը նվիրաբերել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բյուջեից էլ ստացել է 4 մլն 387 հազար դրամ: «Ժառանգության» ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն 53 հազար դրամ, որից կուսակցությունը ծախսել է 26 մլն 359 հազար դրամը` մնացորդում թողնելով 4 մլն 610 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար գումար: Կուսակցությունն անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ շարժական գույքի արժեքը կազմել է 8 մլն 542 հազար դրամ:

LOGONERՀետաքրքիր է, օրինակ, Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցության ներկայացրած հայտարարագիրը, ըստ որի` կուսակցությունն ունի 8163 անդամ, որոնցից գանձել է 816 հազար 300 դրամ անդամավճար: Եվս 5 մլն 100 հազար դրամ կուսակցությունը ստացել է «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից, որը հրատարակում է «Իրավունք» թերթը: Կուսակցությունն ընդամենն ունեցել է  6 մլն 309 հազար 600 դրամ և ևս 393 հազար 300 դրամ մնացորդ է ունեցել նախորդ տարվանից: Ծախսել է 6 մլն 104 հազար 700 դրամը: Կուսակցությունը հայտարարագրել է 52 մլն 400 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:

Առավել հետաքրքիր է մեծահարուստ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության հայտարարագիրը: Պարզվում է` կուսակցության ունեցած ամբողջ 8 մլն 550 հազար 800 դրամ միջոցներից 7 մլն 32 հազար 400 դրամն անցյալ տարվանից մնացած գումար է, իսկ 1 մլն 464 հազար 900 դրամը կուսակցությունը ստացել է բյուջետային ֆինանսավորմամբ: Եվ ընդամենը 53 հազար 500 դրամն է կուսակցությունը այլ` օրենքով չարգելված աղբյուրներից «հայթայթել»: Այդ ամբողջ «հարստությունից» էլ կուսակցությունը ծախսել է 2 մլն 895 հազար 100 դրամ, այնպես որ, դեռ 5 մլն 655 հազար 700 դրամ էլ մնացել է 2013 թ. համար: Հետաքրքիր է նաև, որ որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն նախորդ տարի ունեցել է 2 մլն 8 հազար 800 դրամ դրամական միջոցներ, որից 1 մլն 625 հազար դրամը գոյացել է անհատների նվիրատվություններից, իսկ մնացած 366 հազար 100 դրամը ստացել է պետբյուջեից: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 989 հազար 600 դրամ: ՀԺԿ-ն հայտարարագրել է 9 մլն 312 հազար 600 դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:

Տարվա ընթացքում 540 հազար դրամ մուտքեր է ունեցել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որից 290 հազար դրամը գոյացել է անդամավճարներից, իսկ 250 հազար դրամը` ֆիզիկական անձանց նվիրատվություններից: Իր ստացած ամբողջ գումարը կուսակցությունը ծախսել է, անշարժ կամ շարժական գույք էլ չի հայտարարագրել:

1 մլն 347 հազար դրամ ունեցել է Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը», որը նույնպես բյուջետային ֆինանսավորում չի ստացել: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 226 հազար դրամ: Ըստ հայտարարագրի, այս կուսակցությունը ևս որևէ շարժական կամ անշարժ գույք չունի:

Բյուջետային «առատ» ֆինանսավորում է ստացել Արտաշես Մամիկոնովիչի «Ազգային միաբանությունը», որի 1 մլն 569 հազար դրամ միջոցներից 1 մլն 232 հազար դրամը ստացվել է բյուջետային ֆինանսավորմամբ, 10 հազարը` այլ աղբյուրներից և 326 հազար էլ իրավաբանական անձի կողմից նվեր է ստացել: 1 մլն 236 հազար դրամը «Ազգային միաբանությունը» ծախսել է: Կուսակցությունն ունի նաև 49 մլն 822 հազար դրամի անշարժ գույք, իսկ շարժական գույք չունի:

Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն նախորդ տարի բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, 3 մլն 389 հազար դրամ միջոցների մուտք է ունեցել ֆիզիկական անձանցից, և նախորդ տարվա մնացորդի հետ միասին կուսակցության հաշվին եղել են 3 մլն 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ: Եղած միջոցներից կուսակցությունը ծախսել է 3 մլն 322 հազար 400 դրամը, իսկ 107 հազար 100 դրամ էլ մնացորդ է ունեցել: Կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, բայց ունեցել է 391 հազար 900 դրամի շարժական գույք:

Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ն էլ նախորդ տարի ունեցել է 794 հազար 800 դրամ դրամական միջոց, բյուջետային ֆինանսավորում չի ստացել, ծախսել է 637 հազար 800 դրամ, հայտարարագրել է 909 հազար դրամ արժողությամբ շարժական գույք` 500 հազար դրամանոց 1 ավտոմեքենա և 409 հազար դրամ արժողությամբ 3 համակարգիչ և 1 ֆաքս: ԱԻՄ-ը նույնպես անշարժ գույք չի հայտարարագրել:

ՀԿԿ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 284 հազար դրամ, որից 127 հազար դրամը գոյացել է անդամավճարներից և 1 մլն 25 հազարը` մուտքի վճարներից, ծախսել է 1 մլն 248 հազար դրամ: Երբեմնի միակ ու ամենահարուստ կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:

2012 թ. համեմատաբար «հարուստ» կուսակցություններից է եղել Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած դեմոկրատական կուսակցությունը` իր հաշվին ունենալով 9 մլն 224 հազար 400 դրամ: Այս կուսակցությունը բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, ծախսերն էլ կազմել են 9 մլն 225 հազար 700 դրամ: Որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:

Ընդամենը 240 հազար դրամ է հայտարարագրել ՍԴՀԿ-ն, որից ծախսել է 207 հազար դրամը: Ավանդական ու երբեմնի հարուստ այս կուսակցությունը ևս որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել:

Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն այս տարի հայտարարագրել է 4 մլն 428 հազար դրամ միջոցներ, որից միայն 108 հազար դրամն անդամավճարներից են գոյացել, իսկ 4 մլն 320 հազար դրամն իր կուսակցությանն է նվիրաբերել Խոսրով Հարությունյանը: Գումարներն ամբողջությամբ կուսակցությունը ծախսել է: Նախկին վարչապետ ու ԱԺ նախագահի ղեկավարած կուսակցությունը անշարժ կամ շարժական գույք չունի:

Ամենաուշագրավներից է, թերևս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարագիրը` զրոյական: Այսինքն` կուսակցությունը մուտքային միջոցներ չի ունեցել, որևէ գումար չի ծախսել, որևէ անշարժ կամ շարժական գույքի չի տիրապետում:

Նման «կարգավիճակում» են նաև Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական» և Դավիթ Հակոբյանի «Մարքսիստական» կուսակցությունները, որոնք որևէ եկամուտ, ծախս, անշարժ կամ շարժական գույք չեն հայտարարագրել:

Մի խոսքով` ընդհանուր եզրակացություն կարելի է անել, որ Հայաստանի կուսակցությունները հիմնականում աղքատ են, ակտիվ ծախսային ծրագրեր չեն իրականացնում: Բայց զարմանալի է այն հանգամանքը, որ նման ցածր ակտիվություն են ցուցաբերում նաև բյուջետային «չաղ» ֆինանսավորում ստացող կուսակցությունները ևս: Ու եթե «աղքատ» կուսակցությունները դեռ հասկանալի է` միջոցներ չունեն ակտիվ ծախսային ծրագրերի համար, ապա հարց է առաջանում` որտե՞ղ ու ի՞նչ ծրագրերի վրա են ծախսում իրենց միջոցները «հարուստ» կուսակցությունները: Մի անհասկանալի բան էլ կա` ինչո՞ւ են Հայաստանում գործում այսքան կուսակցություններ,  եթե նույնիսկ մեկ դրամի շարժ չեն կարողանում ապահովել:

Պետությունը կամաց-կամաց հրաժարվում է իր սոցիալական պարտավորություններից

կենսաթոշակային2014 թ. հունվարի 1-ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել: Դրանում կներառվեն 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները: Նախատեսվում է, որ 2014 թ. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնի Հայաստանի մոտ 260 հազար քաղաքացի:

 Նոր համակարգը, ինչպես հավաստիացնում են դրա «ճարտարապետները», ավելացնում է պարտադիր կուտակային  բաղադրիչը, որով ապագա կենսաթոշակառուն կձևավորի իր կենսաթոշակի չափը: Այսինքն` յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին պետք է ներդնի իր չհարկված աշխատավարձի 5%-ը, ևս 5%, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ այդ հաշվին պետք է փոխանցի նաև պետությունը:

Քաղաքացիներն իրենց կենսաթոշակային միջոցները չեն կարող տնօրինել մինչև 63 տարեկանը լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ժամկետից շուտ դառնան անաշխատունակ կամ լքեն Հայաստանը` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից և այլն:

Ինչպես արդեն գիտենք, այս «բարեփոխումները» հասարակության լայն զանգվածների մեջ առաջացրին դժգոհությունների մեծ ալիք: ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք անկախ պատգամավորներ հանդես եկան այս նոր օրենսդրական փաթեթի դեմ, իսկ քաղաքացիական հասարակությունն ինքնակազմակերպվեց ու ստեղծեց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների» նախաձեռնությունը: Բայց ինչպես երկուշաբթի օրը կառավարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը, ամեն դեպքում 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կոնսաթոշակային համակարգը կսկսի գործել:

Ինչ է սպասում մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիներին

Այն քաղաքացիները, որոնց վրա տարածվում է 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչև փետրվարի 20-ը պետք է ընտրած լինեն իրենց կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարչին: Այս պահի դրությամբ ակտիվների ընդամենը երկու այդպիսի կառավարիչներ են դիմել ԿԲ  լիցենզիա ստանալու` ֆրանսիական «Amundi»-ն ու գերմանական «Talanx»-ը:

«Բանակցություններ են վարվել ևս 5-7 ընկերությունների հետ, բայց վերջնական լիցենզիա ստանալու հայտով դիմել են հենց այս ընկերությունները: Աշխատանքային առումով այս ընկերություններն արդեն պատրաստ են աշխատանքներին, զուտ իրավական-տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք առաջիկայում կլուծվեն»,- լրագրողներին հայտնել էր Դավիթ Սարգսյանը:

Իսկ ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանը պարզաբանել է, թե ինչու  է ընտրվել փետրվարի 20 ժամկետը. որովհետև մեր վճարման ցիկլն այնպիսին է, որ հունվար ամսվա հարկային վճարումները կատարվում են մինչև փետրվարի 20-ը: Այսինքն` ՀՀ քաղաքացիները երեք ամիս ժամանակ ունեն ընտրելու կուտակային կենսաթոշակային համակարգով իրենց կուտակած միջոցների` ակտիվների կառավարչին. մինչև փետրվարի 20-ը ներառյալ: Իսկ եթե քաղաքացին մինչ այդ չկարողանա ինքնուրույն ընտրություն կատարել, ապա  նրա փոխարեն դա կանի համակարգչային ծրագիրը` նրան ընդգրկելով որևէ կառավարչի ամենացածր ռիսկեր ունեցող փաթեթի մեջ:

Այս երկու ընկերություններն ունեն 3-ական փաթեթներ` ցածր ռիսկայնությամբ, ցածր բայց կայուն եկամուտ ապահովող, միջին ռիսկայնությամբ, բայց մի քիչ ավելի բարձր եկամուտ ապահովող և բարձր ռիսկայնությամբ ու բարձր եկամուտներ ապահովող: Քաղաքացիներն էլ, ինչպես նշեց Վաչե Գաբրիելյանը, տարին մեկ անգամ անվճար կարող են փոխել իրենց կենսաթոշակային հաշվի կառավարչին ու փաթեթը:

Հայաստանում ապագա թոշակները կկազմեն աշխատավարձերի 40%-ը, ինչպես նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Այս գործակիցը  հիմնված է 30 տարվա ստաժի և 63 տարեկանում թոշակի անցնելու ենթադրության վրա: Գործող մոդելներով ձևավորվել էին և՛ կենսաթոշակային տարիքը, և՛ ապագա թոշակի չափը»,- ասել է նախարարը:

Իսկ ամենամյա կենսաթոշակային կուտակումները, ինչպես նշում է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը,  կկազմեն 100-150 մլն դոլար: Ըստ կառավարության` նոր կենսաթոշակային համակարգի գոյության առաջին 5 տարիներին կուտակումները կկազմեն 800 մլն դոլար:

Ըստ հաստատված կարգի` կենսաթոշակային ֆոնդերը կարող են իրենց կողմից կառավարվող միջոցների 40%-ը տեղադրել արտասահմանյան ակտիվներում, իսկ 60%-ը` Հայաստանի ներսում:

կենսաթոշակային (1)Սա, ինչպես ժամանակին նշում էր տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արա Նռանյանը ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանի հետ բանավեճում, նշանակում է Հայաստանից ոչ միայն մարդկային, հումքային և այլ կարևորագույն ռեսուրսների արտահանում, այլև փողի արտահանում, և Հայաստանը դառնում է կանխիկ փող արտահանող երկիր: Այն ժամանակ Վ. Արամյանը հերքում էր այդ տեսակետը: Իսկ այժմ կառավարությունն ինքն է  նշում, որ այդ փողերը կարտահանվեն, և փորձում է պարզաբանել ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի բերանով. «Դա բնական ապահովագրություն է` արժութային տատանումների նկատմամբ: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ բաժնետոմսերի շուկան պետք է դեռ զարգանա  Հայաստանում, իսկ դրսում կան բարձրակարգ բաժնետոմսեր, որոնք բարձր եկամուտներ կարող են ապահովել` այդ ակտիվների կառավարման տեսակետից»:

Կառավարությունը հավատացնում է, թե կուտակված կենսաթոշակները չեն կորչի

Բայց հարց է առաջանում` ի՞նչ կլինի, երբ ակտիվի կառավարիչը սնանկանա. «Ոչինչ. ակտիվի մեկ այլ կառավարիչ կգա, արժեթղթերը կփոխանցվեն նրան, ու նորից գործառույթները կկատարվեն»,- այս հավաստիացումն էլ տալիս է Վաչե Գաբրիելյանը:

Որպեսզի քաղաքացիների փողերը ավելի ապահով լինեն ֆինանսական շուկաներում ու չկորչեն, կան նաև սահմանափակումներ, թե մեկ թողարկողի մոտ ու մեկ երկրում որքան ակտիվներ կարող են կուտակվել. մի գործիքում այդ սահմանափակումը 10-20%-ից ավելի կուտակումն արգելելն է, իսկ մյուս գործիքում` 5%-ը:

Ի՞նչ պետք է լինի այն դեպքերում, երբ մարդը կուտակել է բավականին միջոցներ, բայց մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը վախճանվել է, կամ երկարակյաց է ու ավելի շատ փող պետք է ստանա, քան հասցրել է կուտակել իր կյանքի ընթացքում:  Չօգտագործված գումարները, նշում են կառավարության ներկայացուցիչները,  կվերադարձվեն ժառանգներին, իսկ եթե քաղաքացիները երկարակյաց լինեն, ապա կշարունակեն ապահովված ապրել, քանի որ դա համարվում է  հիմնադրամի ռիսկերից մեկը:

Բայց ամեն ինչ այդքան հեշտ, պարզ ու միանշանակ չէ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ օրերս լրագրողներին այս հարցի կապակցությամբ ներկայացրեց իր դիտարկումները:

«Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում էր, այս անգամ էլ պարտադիր ձևն ընտրվեց: Եթե պարտադիր գումար պետք է գանձեք, ապա ինչո՞ւ պետական ֆոնդեր չեք ստեղծում ու դրանցում կուտակում գումարները: Այսինքն` կառավարությունը պարտադրում է քաղաքացիներին գումարներ փոխանցել իրենց ընկերոջ գրպանը»,- նշել է Հրանտ Բագրատյանը:

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնությունն էլ է կարծում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը դրական կողմ չունի: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը հիշեցնելով, որ համակարգի ներդրումից հետո 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիները կստանան 6.6-13%-ով պակաս աշխատավարձ, նշում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը սարսափելի հետևանքներ կունենա: «Մարդիկ կստանան ցածր աշխատավարձեր, իսկ ծերության օրոք, իբր, կստանան երիտասարդ տարիներին կուտակած իրենց գումարները, բայց թե ումից և ինչպես` հայտնի չէ: Հայաստանից ավելի զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Ռուսաստանում և Արգենտինայում, կենսաթոշակային նմանատիպ օպերատորներից մեկը սառեցրել է գործընթացը, մյուսը` սնանկ հայտարարվել»,- ասել է նա լրագրողներին:

Հասկանալու համար այս հարցերի պատասխանները, հիշենք, որ կառավարության անդամների ներկայացմամբ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերի` Հայաստանին ամենամոտ տարբերակները ներդրել են Սլովակիան, Էստոնիան, Չիլին, լատինաամերիկյան էլի մի քանի երկրներ և այլն: Ընդ որում, ասում է Վաչե Գաբրիելյանը, այս բոլոր երկրներից միայն 1-2 դեպքեր են եղել, որ թոշակային ֆոնդերի ակտիվների կառավարիչներից դժգոհ են եղել, այն էլ այդ դժգոհությունները վերաբերել են ակտիվների ցածր եկամտաբերություն ունենալուն, և որպես ռիսկերի կառավարում` նման դեպքերում ազգայնացվել են այդ կենսաթոշակային ֆոնդերը:

Իսկ այն հարցին, թե  հնարավո՞ր է հետագայում հրաժարվել ներկայումս ընդունվող համակարգից, և ի՞նչ պետք է արվի համաշխարհային ճգնաժամերի դեպքում, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանում է, որ եթե աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ լինի, ապա փորձված գործիքներ կկիրառվեն ռիսկերը չեզոքացնելու համար, մասնավորապես` տնտեսական աճի վրա ուշադրություն կդարձվի, որպեսզի այդ աճով ապահովվեն կենսաթոշակային միջոցները: Բացի այդ, ակտիվները կներդրվեն ոչ թե մեկ, այլ տարբեր ոլորտներում ու տնտեսության ճյուղերում, որպեսզի մեկի տապալումից բոլոր ակտիվները չտուժեն:

«Իսկ եթե աշխարհում ամեն ինչ փլուզվի, ապա այդ դեպքում ոչինչ անել չի լինի»,- նշում էր Դավիթ Սարգսյանը:

Հրանտ Բագրատյանն իր ասպիրանտների հետ միասին ուսումնասիրել է այսպիսի կենսաթոշակային համակարգ ունեցող բոլոր երկրների փորձը, ու համոզված հայտարարում է, որ այն երկրներում, որոնց մոդելը, իբրև,  ընտրել է Հայաստանը, այդպիսի համակարգ չի գործում:

կենսաթոշակային (2)«Նշում էին Էստոնիայի մասին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Էստոնիայում նման բան չկա: Նախ` նրանց մոտ պարտադիր չէ համակարգը, այլ կամավոր, և երկրորդ` էստոնացիները Հայաստանի պես 5% գումարներ չեն գանձում, այլ ասում են` քանի որ մեր պետությունն աղքատ է, իսկ նրանք մեզնից հարուստ են, քաղաքացիների համար լուրջ բեռ կլինի 5%, ու սահմանել են 2%»,- ասում էր Բագրատյանը:

Նրան հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է այդ գումարները դուրս հանվեն Հայաստանից, ու ինչու պետք է հայկական ձեռնարկությունները չկարողանան սեփական կեսնաթոշակային ֆոնդերը տնօրինել:

Ի դեպ, ինտերնետում մի քանի րոպե փնտրելուց հետո նկատեցինք, որ աշխարհում կա այդպիսի փորձ, օրինակ` «Կրայսլեր» ընկերության բաժնետոմսերի 40%-ը պատկանում է նույն ընկերության աշխատակիցների ստեղծած կենսաթոշակային ֆոնդին: Նույնպիսի իրավիճակ է նաև «Ջեներալ էլեկտրիկս»-ում, սակայն թվերի այլ հարաբերակցությամբ: Սա, ինչպես նշում են ամերիկացի փորձագետները, նախ ավելի է ամրապնդում աշխատակիցների ու ընկերության կապը,  բացի այդ, բարձրացնում է աշխատողների մոտիվացիան ու շահագրգռվածությունը, քանի որ նրանք հասկանում են, որ իրենց աշխատանքից են կախված այն եկամուտները, որոնք պետք է ապահովեն իրենց բարեկեցիկ ծերությունը: Այդ ընկերությունների աշխատողները նաև լրացուցիչ օժանդակություն են ցուցաբերում ընկերության արտադրանքի սպառման հարցում, քանի որ անձնական շահագրգռվածություն ունենալով` համոզում են իրենց ծանոթ-բարեկամներին գնել հենց իրենց արտադրանքը:

Բագրատյանի համար հասկանալի չէ նաև, թե ինչու հենց երկու ընկերություն պետք է կառավարի այդ կենսաթոշակային ֆոնդերը, ոչ թե, օրինակ` 27 կամ 30, ինչպես Էստոնիայում է:

Այս համակարգը մի վտանգ էլ ունի. մարդիկ կսկսեն թաքցնել իրենց աշխատանքը, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերին գումարներ չմուծեն:

Նշենք նաև, որ կուտակային կենսաթոշակային կամավոր համակարգն արդեն 3 տարի է, ինչ գործում է Հայաստանում, բայց այդ համակարգում ընդգրկվելու համար, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, դիմել է 3 կամ 4 հոգի: Այս կամավոր համակարգին չեն անդամակցել անգամ կառավարության այն ներկայացուցիչները, որոնք այս համակարգի ամենաջերմեռանդ ջատագովներն են:

 

 

Ասֆալտապատում հանուն Պուտինի

ասֆալտապատում-պուտինԵրևանի կենտրոնի ասֆալտապատման մասին շատ է խոսվել, քննարկվել, քննադատության ենթարկվել: Հազվագյուտ մարդկանց կարելի է հանդիպել, որոնք չդժգոհեն Երևանի` միայն Կենտրոնի փողոցների ասֆալտապատումից, իսկ այնուհետև վերաասֆալտապատումից` կրկին ու կրկին:

 Ասֆալտապատ Երևանը  թանկ է նստում պետության վրա

Հիմա էլ Երևանի կենտրոնական փողոցներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: Ընդ որում` այդպիսի աշխատանքներ ընթանում են այն փողոցներում, որոնք ընդամենը 2-3 տարի առաջ էին հերթական անգամ ասֆալտապատվել: Ու արդարացված են մայրաքաղաքի բնակիչների, հատկապես ծայրամասերի բնակիչների դժգոհություններն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի համար Կենտրոնն է համարվում գերակա նպատակ, իսկ իրենց փողոցները տարիներով, որոշ դեպքերում անգամ տասնամյակներով մնում են ավերակ ու քանդուքարափ վիճակում:

Զայրույթն էլ ավելի է ուժգնանում, երբ հասկանում ենք` այն ժամանակներում, երբ կառավարությունն ամեն քայլափոխի բողոքում էր, թե երկիրը միջոցներ չունի այս կամ այն կարևոր հարցի հրատապ լուծումն ապահովելու համար, որքան գումարներ են հատկացվում այն փողոցների վերաասֆալտապատմանը, որոնց երթևեկելիությանն, այսպես ասած, ոչինչ չի խանգարում. ո՛չ քանդված ու ավերակ են, ո՛չ ասֆալտն է փչացած:

Առավել ևս, որ Հայաստանի կառավարությունը միայն մեկ որոշմաբ վճռում է 7 մլրդ 485 մլն դրամ հատկացնել քաղաքապետարանին` Կենտրոնի փողոցների ասֆալտապատման համար:

Իսկ ընդհանուր առմամբ Երևանում ասֆալտապատման աշխատանքների համար 2009 թ. հատկացվել է 4 մլրդ 61 մլն դրամ, 2010-ին` 4 մլրդ 208 մլն դրամ, 2011-ին` 4 մլրդ 805 մլն դրամ, 2012-ին` 5 մլրդ 550 մլն դրամ, իսկ 2013-ին արդեն երկու անգամ է գումար հատկացվում` մի անգամ 5 մլրդ 955 մլն դրամ, իսկ հետո էլ` համարյա տարեվերջին` 7 մլրդ 485 մլն դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ վերջին 5 տարում Երևանի փողոցների ասֆալտապատման համար կառավարությունը չի զլանում ծախսել 32 մլրդ 64 մլն դրամ գումար:

Սա դեռ մի կողմ: Նայենք Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար Երևանի քաղաքապետարանին տրամադրված վերջին` 7 մլրդ 485 մլն դրամ հատկացումին: Այս որոշումը կառավարությունը կայացրեց աշնանը, որպեսզի քաղաքապետարանը կարողանա 2013 թ. չորրորդ եռամսյակում ասֆալտապատում իրականացնել: Քաղաքապետարանն էլ գործի անցավ` քանդելով ու վերստին ասֆալտապատման աշխատանքներ սկսելով այդ փողոցներում: Նույնիսկ մի կողմ դնենք, որ այդ փողոցները վերջին տարիներին ասֆալտապատվել էին, ու այժմ լիովին պիտանի էին շահագործման համար: Այստեղ մի հանգամանք էլ կա:

ասֆալտապատում-պուտին (1)«Դա պրիմիտիվ հարց է, ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն սկսում աշնանը: Որովհետև նախ` աշունը կարող է անձրևառատ լինել, իսկ այդ դեպքում անձրևաջրերը վնասելու են նոր փռված ասֆալտի շերտը: Հետո` դիմացը ձմեռ է, ու ձյունն էլ նույն ազդեցությունը կունենա, դեռ չասենք, որ նոր արված ասֆալտը ձմռան եղանակային պայմաններում ցածր ջերմաստիճանի, ջրերի սառցակալման ու հալման ազդեցությամբ ևս քայքայվում է: Բացի այդ, ձմռանը Երևանում սովորաբար սառած փողոցներում տեխնիկական աղ ու ավազ են են շաղ տալիս, իսկ տեխնիկական աղը քայքայիչ ազդեցություն ունի, և ոչ միայն ասֆալտի վրա»,- պարզաբանեց ճանապարհաշինարար Արմեն Հակոբյանը:

Փաստորեն, նման ասֆալտապատումների համար պետք է ընտրվեին տարվա ավելի տաք ու չոր եղանակները:

Ձմեռնամուտի ասֆալտապատումը Պուտինով է պայմանավորված

Ու  ահա հարց է ծագում` մի՞թե քաղաքապետարանում չկար մի մտածող գլուխ, որ այս հանգամանքները հաշվի առներ ու աշնանը` ձմռանն ընդառաջ, չսկսեր երկրի առանց այն էլ սուղ միջոցներից մոտ 7,5 մլրդ դրամը քամուն տալ:

Մենք հարցում ուղարկեցինք քաղաքապետարան հասկանալու համար, թե ինչու է հենց այս եղանակն ընտրվել ասֆալտապատման համար, հաշվի առնվե՞լ  է արդյոք վերոհիշյալ խնդիրների հավանականությունը, թե ոչ, ու ինչ կարծիք ունի քաղաքապետարանն այս կապակցությամբ: Մինչ օրս պատասխան չենք ստացել:

Բայց մեր աղբյուրներն «ակնարկեցին», թե ինչու են Երևանն ասֆալտապատողները «ձմռան բերան» ձեռուոտ ընկել: Երևի բոլորն են հիշում, թե ինչ նախապատրաստական միջոցներ էին ձեռնարկվել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած նախորդ այցից առաջ: Այդ ժամանակ եռակցվել էին ոչ միայն այն փողոցների դիտահորերի կափարիչները, որոնցով պետք է անցներ Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունը, այլև հարակից: Դա, ինչպես հիշում ենք, մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների շրջանում: Ու հիմա էլ պարզ է, որ Պուտինը շուտով կգա Հայաստան: Դե նախորդ փորձն ու «վրիպումներն» էլ հաշվի առնելով` մերոնք որոշել են այս անգամ ավելի հետաքրքիր ձև հորինել Պուտինի անվտանգ երթևեկությունը Երևանում ապահովելու համար: Ռուսաստանի պես երկրի ղեկավարի այցելությանը, բնականաբար, երկար են նախապատրաստվում: Ու հիմա, քանի որ դեռ ժամանակ կա, քաղաքապետարանը ձեռնարկել է ասֆալտապատման այս աշխատանքները, որոնց ընթացքում նաև Պուտինի նախորդ այցի ժամանակ կիրառված «անվտանգության կանխարգելիչ միջոցառումներն» են կատարվում:

Թե որքանով է ճիշտ կամ սխալ այս տեսակետը, վիճելը դժվար է, քանի որ ո՛չ քաղաքապետարանն է անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնում, և ո՛չ էլ կառավարությունը:

Եթե իրոք շրջանառվող  տեսակետը ճիշտ է, միգուցե Պուտինից խնդրենք այցելել Երևանի ծայրամասային համայնքները նույնպես, որպեսզի այդ շրջանների փողոցներն էլ ասֆալտապատվեն, կամ միգուցե Պուտինը, ի սեր եղբայրական հայ ժողովրդի ու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, այցելի մարզերի հեռավոր գյուղե՞ր` Հայաստանի որդեգրած տարածքների համաչափ զարգացման ծրագրի նկատառումներից ելնելով, կամ էլ միգուցե Պուտինից խնդրենք` հաջորդ այցի համար ընտրի ավելի տաք ու չո՞ր սեզոնները, որպեսզի մերոնց վրա նրա այցելությունները ծանր չնստեն` ասֆալտի համար նախատեսված 7,5 միլիարդի  չափով:

 

Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը կանգնած է լուրջ հանգուցակետում

sargsyan-aliyevԴեռ  անկախության առաջին տարիներից պարզ էր մի շատ կարևոր ու հասարակ ճշմարտություն. Հայաստանը գտնվում է աշխարհի ուժային կենտրոնների համար անչափ կարևոր ու հետաքրքրական տարածաշրջանում, և իր արտաքին քաղաքականությունը պետք է վարի` հավասարակշռելով այդ կենտրոնների շահերը:

 Հավասարակշռված արտաքին քաղաքականությանն այլընտրանք չկար, մինչև…

Այս սկզբունքին հավատարիմ էին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, համենայն դեպս նրա թիմի անդամներից Լևոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը և այլք բազմիցս բարձրաձայնել են այս մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանի թիմն ընդհանրապես հրապարակորեն հայտարարեց կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին:

Այդ սկզբունքը խախտվեց Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո, երբ հայտարարվեց  «ակտիվ նախաձեռնողական» արտաքին քաղաքականության մասին: Դրանից հետո ՀՀ երրորդ նախագահի թիմը սկսեց Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որի արդյունքում պետք է ստորագրվեին Եվրամիության հետ ասոցացման և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը: Դա, բնականաբար, հանգեցրեց նրան, որ ռուսական կողմը  նախ գազի թանկացմամբ, ապա զենքերի վաճառքով, էլի ինչ-որ միջոցներով նեղ վիճակի մեջ դրեց ՀՀ իշխանություններին, և սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն  անդամակցելու մասին: Սա արդն ոչ թե արտաքին քաղաքականության մեջ  հավասարակշռության մի փոքր, այլ առանցքային խախտում էր:

Իսկ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո 100-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ Եվրամիության հետ ասոցացման ծրագրերը հօդս ցնդեցին: Համենայն դեպս, մամուլում արդեն լուրեր շրջանառվեցին,  թե Եվրամիության մի շարք պաշտոնյաների այցը Հայաստան չեղյալ է հայտարարվել, օրերս էլ նշվեց, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել  Հայաստանի կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել: Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ անցյալ շաբաթ` օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը: Սակայն Սերժ Սարգսյանի` դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Արևմուտքը` ի դեմս Եվրամիության ու ԱՄՆ-ի, երկաթե վարագույրների քաղաքականություն կսկսի Հայաստանի նկատմամբ: Ամենևին,  հակառակը` այժմ «բլիթի ու մտրակի» մեխանիզմները կսկսենք զգալ իրենց ողջ «հմայքով»:

Արդեն այս օրերին էլ զգացվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում ինչ-որ շիլա է եփվում:

Նախ` Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնելուց անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Եվրոպական մի շարք պաշտոնյաներ սկսեցին «միամիտ» խոսակցություններ տարածել, թե 2014 թ. ընթացքում ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ տեղաշարժեր են լինելու, որ սա վճռական ու կարևոր փուլ է և այլն: Թե խոսքն ինչի մասին է, դեռ մնում է հանելուկ: Սակայն պարզ է մի այլ բան: Վերջերս Ադրբեջան այցելեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, իսկ հետո արդեն Երևանում հայտարարեց, որ սպասվում է  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Նա նաև նշել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման  մասին համաձայնագրի ձեռքբերման պատուհան է բացվել:

Այսպիսով, ամերիկացի պաշտոնյան խոսում է համաձայնագրի մասին: Ինչպես գիտենք, բանակցությունները մինչ օրս որևէ շոշափելի առաջընթաց չեն ունեցել, քանի որ խնդրի համար չի գտնվել բոլոր կողմերին գոհացնող լուծում: Ու եթե ամերիկացի համանախագահը նշում է համաձայնագրի ստորագրման մասին, նշանակում է, որ կողմերին արվելու են այնպիսի «առաջարկություններ», որոնք ընդունելի են լինելու:

Օրեր առաջ էլ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը itar-tass.com-ի հետ հարցազրույցում նշել է, թե ԵԱՀԿ-ի` ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կան դրական փոփոխություններ: Ճիշտ է` նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական քայլ է, բայց նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ի խնդիրն այս հարցին քաղաքական լուծում տալն է, ոչ թե այլ տարբերակների քննարկումը:

Ադրբեջանի քաղաքական վերլուծությունների ու տեղեկատվության վարչության պետ Էլնուր Ասլանովն էլ ասել է, որ եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի, ապա կարելի է ինչ-որ բան ակնկալել նախագահների հանդիպումից:

Արջի հետ ընկերություն անողը արջի պես էլ կփորձի լուծել հարցերը

Այս համատեքստում հետաքրքրական էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզիցկու հայտարարությունը, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ` ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:

Սա, ինչպես նկատում է ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը, չի կարող պատահական հայտարարություն լինել:

Դրանից հետո  թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրեց, թե հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խնդրել է շվեյցարական կողմի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Նա պատրաստակամություն  է հայտնել բացել հայ-թուրքական սահմանները, վավերացնել 2009 թ. ստորագրված արձանագրությունները, եթե Շվեյցարիան կարողանա համոզել հայկական կողմին հանձնել Ադրբեջանին ԼՂ-ն շրջապատող 5 շրջանները, և իբր Ադրբեջանն էլ հայտարարել է, որ դեմ չի արտահայտվի Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացմանը, եթե Երևանն ազատի 7 շրջաններից  առնվազն 5-ը:

Այն փաստը, որ խաղի մեջ է ներքաշվել Թուրքիան, վկայում է այն մասին, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն աշխարհաքաղաքական կենտրոններն ընկալել են որպես տարածաշրջանում հաստատված  հավասարակշռությունը Ռուսաստանի օգտին շեղելու դրսևորում: Եվ Ամերիկայի նախաձեռնությամբ ԼՂ բանակցային գործընթացին «նոր շունչ» տալը ուղղված է հենց այդ հավասարակշռության խախտման դեմ: Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի մտադրությունները  չեն բխում հայկական կողմի շահերից: Առավել ևս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակին հայտարարել է, թե աննպատակ բանակցությունների այլևս չի մասնակցելու և շուրջ 2.5 տարի դադարից հետո ահա Սերժ Սարգսյանի հետ նոր հանդիպման առաջարկն ընդունել է:

Այս համատեքստում դիտարկենք ևս երկու կարևոր երևույթ: Հենց այս օրերին, երբ ԼՂՀ բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում է նկատվում, ՀՀ ԱԺ-ում նիստերի օրակարգ է բերվել ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Ընդ որում դա արվում է այն ժամանակ, երբ Հայաստանում պնդում են, որ շուտով Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է պաշտոնական այցով մեկնում ԼՂՀ:

Ճիշտ է` ԱԺ-ում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Ստեփանակերտում կայանալիք Սերժ Սարգսյան- Բակո Սահակյան հանդիպման առիթին, նշեց, որ հատուկ առիթ չկա. «Սերժ Սարգսյանը հաճախակի է գնում Ստեփանակերտ և հաճախակի է հանդիպում Բակո Սահակյանի հետ, այնպես որ պետք չէ այստեղ փնտրել հատուկ առիթ»: Բայց այս այցը պաշտոնական էր, իսկ որ Սերժ Սարգսյանը հաճախակի է պաշտոնական այցով մեկնում ԼՂՀ, իհարկե, ճիշտ չէ:

Ու այդ` «ոչ հատուկ առիթի» ժամանակ էլ Սերժ Սարգսյանը պետք է այցելի զորամասեր, շփման գիծ և ստուգի պաշտպանության բանակի մարտունակությունը:

ԼՂՀ ՊԲ զինվորներն էլ «պատահաբար» այդ ժամանակ կոտրում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների պատկերներով քարեր, և այդ տեսանյութն էլ ուղղակի «պատահաբար» հայտնվում է համացանցում: Այդպես ժամանակին անում էր ԽՍՀՄ-ը, հետո` Ռուսաստանը դիվանագիտական ասպարեզում նեղ վիճակում հայտնվելիս: Այսինքն` դժվարին պահերին  ցույց էին տալիս երկաթե ատամները` բանակը:

Այսքան շատ պատահական համընկնումներ` բոլորն էլ նույն հարթությունում, համաձայնվենք, չեն լինում:

ՊԵԿ ներկայացուցիչները մտահոգվելու տեղ ունեն

msp-taxesԵկող տարվա բյուջեի նախագիծը, պարզվեց, ՀՀ տնտեսության համար իսկական սթրես–թեստ է լինելու: Ինչպես հիշում ենք, Աժ–ին 2014-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից և 2014-ի ընթացքում  հարկային վարչարարության խստացում ու հարկային բեռի ավելացում չի նախատեսում: «2013 թ. հարկային վարչարարությունը խստացել է, և դա բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել»,- նշել էր վարչապետը:

 Առհասարակ երկրների բյուջեների եկամուտներն ապահովվում են երկու ճանապարհով` հարկերի միջոցով և տնտեսական գործունեությամբ: Առաջին տարբերակը պարզ է. պետությունը հարկեր, տուրքեր, վճարներ, մաքսեր է հավաքում: Իսկ երկրորդ դեպքում պետությունն ինքն է տնտեսական նախաձեռնություններով հանդես գալիս, օրինակ` գործարան է կառուցում ու շահագործում կամ պետական ընկերություններ է հիմնադրում ու աշխատացնում ու դրանցից ստացված եկամուտներն օգտագործում է իր կարիքները հոգալու համար:

Անկախացումից հետո Հայաստանն ազատականացրեց իր տնտեսությունը և աստիճանաբար պետական հիմնարկ-ձեռնարկությունները, արտադրությունը, հողը հանձնեց մասնավոր հատվածին ու սկսեց հարկեր հավաքելով` բյուջեն կազմավորել: ՀՀ պետբյուջեի մուտքերն այժմ հիմնականում ձևավորվում են հարկերից, տուրքերից ու վճարներից: Այսինքն` որքան շատ հարկեր հավաքվեն, այնքան բյուջեն մեծ կլինի, պետությունը շատ փող կունենա ու ավելի շատ ու մեծ ծրագրեր կկարողանա իրականացնել: Մի խոսքով, հարուստ կլինի: Որպեսզի այդ հարկեր-տուրքերի հավաքումը նորմալ ընթանա, առանց խնդիրների, տվյալ պետությանը ծառայի և դեռ շատանա,  երկու պայման է պետք` տնտեսական աճ և հարկային վարչարարության անընդհատ կատարելագործում: Առաջին դեպքում տնտեսությունը զարգանում ու հզորանում է, ավելի մեծ շրջանառություն է սկսում ունենալ, հետևաբար նաև ավելի շատ հարկեր է մուծում: Իսկ երկրորդ դեպքում հարկային վարչարարության գործիքներով հարկահավաքման գործընթացն այնպես է կազմակերպվում, որ տնտեսվարողները չկարողանան թաքցնել իրենց տնտեսությունների իրական վիճակն ու ավելի քիչ հարկեր չմուծեն, քան պահանջվում է: Կամ ստվերային տնտեսություն  չվարեն: Դրա համար պետությունն անընդհատ  նոր գործիքներ է օգտագործում, նոր միջոցներ ձեռնարկում ու միջոցառումներ է իրականացնում, որպեսզի տնտեսվարողները չհասցնեն նախորդ գործիքի թերություններն ու բացերը յուրացնել ու քիչ հարկեր տալ: Դա կոչվում է պայքար ստվերային տնտեսության դեմ:

Մարտահրավեր ՊԵԿ–ին

Հենց այստեղ առաջանում են հիմնական հարցերը: ՊԵԿ-ում 2014 թ. բյուջեն ռիսկային են համարում, քանի որ դեռևս լուրջ մարտահրավերներ կան հենց հարկերի ճիշտ հավաքման առումով. հարկային արտոնությունները, որոնք տրվում են ՓՄՁ-ին,  պարզվում է` դուր չեն գալիս խոշորներին: Նրանք անմիջապես փորձում են փոխել տնտեսվարողի կարգավիճակը: Արմեն Ալավերդյանն այդ առնչությամբ էր ԱԺ-ում ասում. «Մենք հիմա կիրառում ենք վարչարարության նախկին գործիքները: Եթե մեկ օր, մեկ ժամ վարչարարությունը թուլանա և դա զգա խոշոր հարկատուն, միանգամից եկամուտների ու հարկերի թերհայտարարագրում է լինելու, որովհետև շուկան փոքր է, իսկ մրցակցությունը` մեծ: Խոշոր հարկատուներն անպայման պետք է զգան վարչարարության շունչը»:

Բայց փաստն այն է, որ 2014 թ. հարկային վարչարարության փոփոխություն չի լինելու, տնտեսվարողներն աշխատելու են խաղի նախկին կանոններով թեպետ   նախատեսվում է ևս 100 մլրդ դրամով ավելացնել հավաքվող հարկերի ծավալը:  Կրկնում ենք, դա կարող է կատարվել երկու եղանակով` տնտեսական աճի և ստվերի կրճատման: Սակայն  ստվերի կրճատման համար նոր գործիքներ նախատեսված չեն:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այս առումով նշում է, որ տարիների ընթացքում փորձ է արվել բարձրացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, որը ստվերի տոկոսն է:

«Վաղուց միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում իրականացնում էինք հարկեր -ՀՆԱ հարաբերակցության աճ 0.3-0.4 տոկոսի չափով, իսկ դա այլ բան չի նշանակում, քան ստվերի տոկոսը. վերջին տարիներին մենք իջեցնում էինք ստվերի մակարդակը: Վերջին 1-2 տարվա ընթացքում այդ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճը չափազանց բարձր մակարդակի է, և այս տարվա ավարտին մենք կունենանք 23.1-23.6 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն: Եվ այս իրողությունը մեզ ստիպել է հաջորդ տարի այն 0.3-0.4 տոկոսի աճը չպլանավորել»,- նշում է Գագիկ Մինասյանը

Այսինքն`  եկող տարի տնտեսական զարգացման տեսանկյունից շատ ավելի լավ պայմաններ պետք է լինեն և այդ 100 մլրդ դրամով հարկային եկամուտների աճը պայմանավորված է լինելու դեֆլյատորի և տնտեսական աճի մակարդակներով:

«Մենք ասում ենք, որ տնտեսական աճ ենք ապահովելու և բյուջետային եկամուտներն ապահովելու ենք հիմնականում տնտեսական աճի հաշվին: Պարոն Ալավերդյանն այն միտքը հայտնեց, որ եթե տնտեսական աճ չապահովվի, ապա նշանակում է, որ և՛ հարկ վճարողները, և՛ հարկային մարմինները հայտնվելու են շատ վատ վիճակում»,- լրագրողներին ասել է  ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Ըստ Միրումյանի` եթե տնտեսական աճի հաշվին չապահովվեն եկամուտները, նշանակում է ճնշում կլինի հարկ վճարողների` բիզնեսի նկատմամբ: Այսինքն` եթե  տնտեսական աճի դանդաղում կա, նշանակում է հարկային մարմինները պետք է շատ ավելի ջանքեր գործադրեն, որպեսզի ստվերից շատ ավելի մեծ գումարներ դուրս հանեն:

Ուրեմն հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է այդքան մտահոգված ՊԵԿ-ը: Հիշեցնենք` նախորդ տարի կառավարության կանխատեսումները տնտեսական աճի մասով չիրականացան: Բյուջեն ԱԺ-ին ներկայացնելու ժամանակ Տիգրան Սարգսյանը դա բացատրում էր գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմամբ, շինարարության ոլորտի անկմամբ` պայմանավորված արտաքին ներդրումների նվազեցմամբ:

Եվ ՊԵԿ-ն այս առումով մտահոգվելու տեղ ունի: Որովհետև ՊԵԿ-ում քաջ գիտակցում են, որ ճիշտ ու վստահելի կանխատեսումներ անելու համար հարկավոր են ճիշտ տվյալներ` ճիշտ վիճակագրություն: Քանի որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպես է մեր երկրում վարվում վիճակագրությունը և ինչպես են «ծնվում» թվերը, ապա հարց է առաջանում, թե ինչպես է ապահովվելու տնտեսական աճը և ապահովվելո՞ւ է արդյոք…

Ինչպես երևում է, եկող տարվա պետբյուջեն հարկային եկամուտների հավաքման առումով իսկական սթրես-թեստ է դառնում կառավարության համար, քանի որ եթե կառավարության կողմից ներկայացված բոլոր թվերը «նկարված» լինեն, ապա տնտեսական աճը, եթե լինի էլ, ապա չի լինի այն մակարդակի, որ նախանշված գործընթացներն ամբողջությամբ կյանքի կոչվեն, հարկային վարչարարության նոր գործիքներ էլ չկան, որ ստվերի հաշվին հարկային եկամուտների ավելացման նախանշված թիվն ապահովվի, ու այդ դեպքում թե՛ ՊԵԿ-ը, թե՛ կառավարությունը հայտնվելու են, իրոք, վատ վիճակում:

 

 

Իսկ եթե Շա՞նթը չլիներ…

nstacucarar-aktivistnerՆոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կազմակերպած «հեղափոխությունը», որքան էլ շատերի համար անհասկանալի ու անբացատրելի էր, նույնքան էլ բնական իրողություն էր, որ մի վատ միտումի մասին է ահազանգում:

ՀՀ քաղաքական ղեկավարությունը վերջին շրջանում` համապետական ընտրություններից հետո, չափից ավելի սկսեց ընդգծել ընդդիմության «անաշխատունակությունը»:

 Ընդունենք, թե ոչ, ուզենք, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ քաղաքական պայքարում քաղաքական մեծամասնությանը հաջողվեց հաղթել ու չեզոքացնել ընդդիմությանը: Եվ ընդդիմությունն այժմ, բացի հատուկենտ հուսահատ ճիչերից, որևէ լուրջ գործընթաց չի նախաձեռնում: Բայց դրանից հետո իշխանություններն իրենց դրեցին բարդ իրավիճակում:

Խոսքը հասարակական ակտիվության բարձրացման մասին է: Առհասարակ բնության մեջ ու կյանքում ամեն ինչ  միտված է հավասարակշռության մեջ, այդ թվում նաև քաղաքական գործընթացները: Գաղտնիք չէ` աշխարհում չկա գոնե մի երկիր, որի իշխանությունները բավարարեն տվյալ երկրի բոլոր քաղաքացիների պահանջները: Բացառված է: Ու եթե կան դժգոհներ, պետք է  նրանց տեսակետներն էլ հնչեն, ներկայացվեն: Այսինքն` քաղաքական գործընթացներում պետք է լինի իշխանությունների ներկայացրած ծրագրերի, քաղաքականության, գործընթացների նկատմամբ հակառակ տրամադրված ուժ կամ սուբյեկտներ, որոնք կներկայացնեն հակառակ տեսակետը:

Հայաստանում ընդդիմությունը խաղից, ճիշտ է, դուրս եկավ, բայց միամտություն կլինի կարծել, որ իշխանությունների համար եկել են «ոսկե ժամանակներ»: Սովորաբար, երբ ընդդիմությունը սկսում է իր դերը չկատարել, ակտիվանում են հասարակական շարժումները: Հայաստանը ևս բացառություն չէ, ինչպես տեսանք: Եվ իշխանություններն այս առումով մտածելու շատ բան ունեն: Հասարակական շարժումները կարող են առաջանալ ամենաչնչին մանրուքից, բորբոքվել, զարգանալ ու դառնալ լուրջ «գլխացավանք»:

Իսկ Հայաստանում իրադրությունն առավել քան  բարենպաստ է: Նախ` միայն պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանում ապրում է մոտ 1 մլն 400 հազար աղքատ: Այս մարդիկ, բնականաբար, դժգոհ են իշխանություններից: Այս պայմաններում իշխանություններն էլ իրենց քայլերով կարծես պարարտ հող են ստեղծում հասարակական ընդվզումների համար:

Նայենք վերջին շրջանի իրադարձություններին. կառավարությունը որոշեց, որ ինչ-որ  պահից սկսած` Հայաստանում պետք է տեղադրվեն արագաչափ ու տեսադիտման համակարգեր: Այդ համակարգերը պետք է տեղադրի, խախտումների համար վարորդներին տուգանի ինչ-որ մասնավոր ընկերություն,  և այդ տուգանքներից հավաքված միջոցների 70 տոկոսը պետք է հոսի նրա գրպանը: Հիմա մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տուգանելու իրավասությունը բացառապես պատկանում է երկրի իշխանության համապատասխան ճյուղերին և ոչ մի դեպքում չի կարող կիրառվել մասնավորի կողմից: Հարցն այն է, որ հազարավոր վարորդներ դժգոհ են այս որոշումից, բայց ոչ ոք այդ դժգոհությունը բանի տեղ չի դնում:

Կամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին սպանեց մարդու, վիրավորեց բանակի սպայի, բայց վերջում «պարզվեց», որ մեղավորը սպանվողն ու տուժողն են, իսկ Խաչատրյանի որդին ազատ արձակվեց: Սա, բացի հասարակական դժգոհության ալիք բարձրացնելուց, բնականաբար, մարդկանց մեջ առաջացնում է անապահովության զգացում, քանի որ ոչ ոք վստահ չի կարող ասել, որ իրեն չի սպանի մեկ այլ իշխանավորի որդի ու  չի շրջի ազատության մեջ: Դրանով խաթարվում է նաև վստահությունը արդարադատության նկատմամբ: Իսկ երբ դրանից հետո հայտնի դերասանին, որն ուղղակի դժբախտ պատահարի կիզակետում է հայտնվել, որի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել, ուզում են ազատազրկել` հիմնավորելով, թե ամեն դեպքում` մարդ է մահացել:

Մի օր էլ քաղաքապետարանը որոշեց, որ պետք է ամբողջ քաղաքում հանրային սեփականություն հանդիսացող փողոցները պատվեն կարմիր գծանշումներով` վերածվելով ավտոկայանատեղերի, և դա պետք է իրականացնի էլի մի ընկերություն, և ստացված ամբողջ միջոցները դարձյալ պետք է հոսեն մասնավոր ընկերության գրպանը: Սա ևս դժգոհություն առաջացրեց, որը, սակայն, սուր դրսևորումներ չունեցավ:

Հիմա «եփվում է» Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» վերակառուցման հարցը, որը ինչպես գիտենք, Աժ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քանդեց ու իր ուզած ձևով վերափոխեց: Շինությունը համարվում է մշակութային հուշարձան, որի  հետ կապված յուրաքանչյուր գործողություն պետք է համապատասխան ընթացակարգերով իրականացվեր: Թե՛ համապատասխան պետական կառույցը` մշակույթի նախարարությունը, թե՛ համապատասխան մարմինները արձանագրեցին, որ այդ շինարարությունն ու ձևափոխումն անթույլատրելի են, ապօրինի, բայց դա չխանգարեց, ու Սամվել Ալեքսանյանը հասներ իր ուզածին: Նա  շատ համոզիչ ապացուցեց, որ Հայաստանում  կան անձինք, որոնք վեր են թե՛ օրենքից, թե՛ պետությունից: Սա ևս մի կաթիլ էր հասարակության համբերության բաժակում:

Դա էլ քիչ էր, մեր կառավարությունը որոշեց, նախաձեռնեց ու իրագործեց նոր ՀԴՄ-ներ ներդնելու ծրագիրը, սահմանեց պետական մենաշնորհ, սկզբում այդ ՀԴՄ-ների համար սահմանեց մոտ հազար դոլար գին, որը գերազանցում էր սարքերի ինքնարժեքը: Եվ այն մարդիկ, որոնք պետք է այդ ՀԴՄ-ներից ունենան, եթե մինչ այդ չէին էլ հարում, ապա հիմա համալրեցին դժգոհների շարքերը: Իսկ նրանք, ինչպես հասկանում ենք, այս երկրի տնտեսապես ակտիվ հատվածն են ` տարբեր չափի ու տրամաչափի գործարարների ու ձեռնարկատերերի բանակը:

Այս ամենին զուգընթաց` ծավալվում են բողոքի ցույցեր մարդկանց ունեցվածքը հանրային գերակա շահ հռչակելու և քանդելու, նրանց անտուն ու անտեր թողնելու, տարբեր բակերում ու փողոցներում անհասկանալի շինարարություններ սկսելու գործընթացները, ինչպես, օրինակ` Կոմիտաս 5, Սայաթ-Նովա 10 և 12 հասցեներում: Այսինքն` մարդիկ արդեն դուրս են եկել պաշտպանելու իրենց բակը, տարածքը, երեխայի խաղահրապարակը, տունն ու ունեցվածքը:

Դեռ չենք նշում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացման փորձերը, որոնք եղան ու դեռ հաստատ կլինեն, գազի, էլեկտրաէներգիայի թանկացումները և այլն: Մնացած փոքր ու մեծ իրադարձությունների մասին չենք էլ խոսում, մանավանդ չենք խոսում այն մասին, որ մի ամբողջ երկրի ապագան վճռեց մեկ մարդ, մի գիշերում:

Ամենացավալին այն է, որ ոստիկաններն էլ միշտ նման իրադրություններում «կենդանի պատով» ապահովում են հերթական անարդարության, օրենքի խախտման կամ կամայականության ազատ ու անկաշկանդ իրականացումը:

Մի խոսքով, ամեն մի թեկուզ փոքր առիթ մարդկանց արդեն փողոց է հանում ու պայքարի մղում իրենց տարրական իրավունքների, արժանապատվության, կյանքի ու գույքի համար: Եվ այսպիսի պայմաններում ամենևին էլ պատահական չէ, որ Շանթ Հարությունյանը կարողացավ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում բախումնային իրավիճակ ստեղծել,  հետևորդներ ունենալ և որակվել որպես քաղբանտարկյալ:

Այսպիսի իրադրություններում, երբ մարդկանց մի փոքր խմբի կողմից անընդհատ ոտնահարվում են մեծամասնության իրավունքները, արժանապատվությունը, երբ անգամ բողոքի ակցիաների են դուրս գալիս երկիր ու հայրենիք պաշտպանած ազատամարտիկները, ավելի վատ բաներ էլ են լինում: Միշտ գտնվում է մեկը, որ դիմում է ամենածայրահեղ քայլի: 1999 թ. հոկտեմբերի 27-ն էլ ձեզ օրինակ: Այն ժամանակ էլ նույն իրավիճակն էր` որոշ տարբերություններով, իհարկե:

Եվ կարևոր չէ` Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ, ինչպես պնդում են ոմանք: Անշուտ, իրավացի են այն մարդիկ, որոնք նշում են, որ եթե անգամ հոգեկան խնդիրներ ունեցողներն են կարողանում այդպիսի վիճակ ստեղծել, իշխանությունները փառք պետք է տան Աստծուն, որ մի այլ ավելի ծանրակշիռ, հանրահայտ ու վստահելի լիդեր չի դիմում վճռական քայլերի:

«Բաց երկնքի տակ»` ոչ միայն թանգարան

 ավանեսյան վահրամԵրբ Հայաստանի միակ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու և սնանկացման ընթացակարգ սկսելու մասին, բավական տևական քննարկումներ սկսվեցին Հայաստանում` մեզ, այնուամենայնիվ, պե՞տք է ունենալ ազգային ավիափոխադրող, թե՞ ոչ, պե՞տք է հայկական ավիաընկերություններ լինեն, թե՞ պարտադիր չէ: Այդ ժամանակ ամենաքննարկվող հարցերից մեկը «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելուն էր վերաբերում:

Դրանից հետո, ինչպես հիշում ենք, հուլիսի 18-ին կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության և ՀՀ կառավարության միջև մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ: Համաձայնագրի շրջանակներում ընկերությունն առաջարկություններ պետք է ներկայացներ համակարգն առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ: Դրանից հետո կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը: Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերության գործունեություն: 

Կառավարությունը որոշեց ազատականացնել ավիացիայի ոլորտը

Եվ արդեն հոկտեմբերի 23-ին կառավարությունը  Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում  ընդունեց` հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»:

Դա, ինչպես այդ օրը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ,  կարող է հանգեցնել ավիատոմսերի 10-տոկոսանոց էժանացման: Միջազգային փորձագետների գնահատականներով` կարող է 18-23 հազար նոր աշխատատեղ ստեղծվել, ինչպես նաև ավիափոխադրումների 20-25 տոկոսի աճ ապահովել:

Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը, ինչպես համոզված են կառավարությունում, տնտեսության 1-2  տոկոսի աճ կապահովի:

Ինչպես այդ ժամանակ  նշեց նախարար Ավանեսյանը, աճը կապահովվի նաև զբոսաշրջության և հարակից ծառայությունների հաշվին, քանի որ ավիացիայի ազատականացումը նպաստում է ավիափոխադրումների որակի բարձրացմանը, ինչպես նաև թռիչքների արժեքի նվազմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից մեզ տեղեկացրին, որ «բաց երկնքի քաղաքականություն» նշանակում է, որ ցանկացած ավիաընկերություն կարող է համապատասխան հայց ներկայացնել վարչություն, ու եթե ընկերությունը համապատասխանում է պահանջներին ու չափանիշներին, ապա հայցը բավարարվում է, և նրան տրվում է ավիափոխադրումներ իրականացնելու թույլտվություն:

ՀՀ կառավարության այս որոշումը ողջունեց նաև Հայաստանում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆերնը, որ նոյեմբերի 1-ին շնորհավորեց ՀՀ վարչապետին` ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային  սահմաններն ազատականացնելու կապակցությամբ:

Դեսպանը  նշեց, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման համար, և ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի իրականացմանը:

օդանավՄի խոսքով` արդեն Հայաստանի երկինքն էլ է «բաց»: Եվ այն օրվանից, ինչ կառավարությունը հայտարարեց «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելու մասին, մինչ օրս, ինչպես հայտնեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը, միայն հայկական «Էյր Արմենիա» ավիաընկերությունն է ավիաթռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու հայց ներկայացրել:

Նշենք, որ «Էյր Արմենիա» ընկերությունը շուկա մտավ «Բոինգ 737-500» օդանավով: Այնուհետեև օրերս իր հավաքակայանը համալրեց ևս մեկ` «Ա-320» տիպի աերոբուսով: Չվերթներ է իրականացնում դեպի ՌԴ քաղաքներ, բայց նախատեսում է եկող տարի օդանավերի թիվը հասցնել 5-6-ի ու չվերթներ իրականացնել նաև դեպի Մերձավոր Արևելք ու հակառակ ուղղություններով, իսկ հետագայում նաև եվրոպական քաղաքների ուղղությամբ:

Ընդհանրապես, ըստ ավիատորների, փոքր ավիապարկ ունեցող ավիաընկերությունները պետք է իրենց պարկը համալրեն հիմնականում մեկ տեսակի ինքնաթիռներով, քանի որ նախ` տարբեր մոդելների ինքնաթիռների համար պահանջվում են տարբեր պատրաստվածություն ունեցող օդաչուներ ու տեխնիկական սպասարկման անձնակազմեր, երկրորդ` նույն մոդելի օդանավի համար նախատեսված ավելի մեծ քանակի պահեստամասերն ավելի էժան են լինում և այլն: «Էյր Արմենիան» 2 օդանավ ունի, երկուսն էլ տարբեր ֆիրմաների ու մոդելների: Բայց դա, ինչպես նշում է ընկերության 50 տոկոս համասեփականատեր Արսեն Ավետիսյանը, օբյեկտիվ պատճառներ ունի.

«Արմավիա»-ի սնանկացման պատճառով որևէ լուրջ լիզինգային ավիաընկերություն որևէ հայկական կազմակերպության լիզինգով օդանավ տրամադրելու ցանկություն չուներ: Այսինքն` մենք մեծ ընտրություն կատարելու հնարավորություն չենք ունեցել: Ուստի առաջին օդանավը ներմուծեցինք «Բոինգ 737-500» մոդելի, որից հետո մյուս լիզինգային ընկերությունների մոտ արդեն վստահություն ներշնչեցինք, ու դռները բացվեցին: Ինչ վերաբերում է տարբեր տեսակի օդանավային պարկին, այո, եթե խոսքը վերաբերում է 5-6 օդանավով ավիաընկերությանը, հաստատ միատեսակ պետք է լինեն օդանավերը: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանում մենք արդեն ունեինք օդաչուներ թե՛ «Բոինգ 737»-ի, թե՛ «Ա-320»-ի համար, ինչպես նաև տեխնիկական անձնակազմ, մեր ծախսերն ավելի նվազ եղան: Ճիշտ է, պահեստամասերի հարցում ստիպված ենք լինում տարբեր տեսակի պահեստամասեր ձեռք բերել, սակայն հաշվի առնելով մեր հեռանկարային ծրագրերը, որ չենք սահմանափակվելու 5 օդանավով, կարծում եմ` մոտ 5 տարուց արդեն կունենանք մոտ 5 «Բոինգ 737» և 5 «Ա-320» կամ այլ մոդելի էյրբաս, ինչը հնարավորություն է տալիս մեզ ավելի հաջող բանակցել` «Էյրբասին» վախեցնելով, որ «Բոինգ» կվերցնենք, «Բոինգին» վախեցնելով, որ «Էյրբաս» կվերցնենք»,- ներկայացրեց Արսեն Ավետիսյանը:

Երբ «Արմավիան» Հայաստանի միակ ավիափոխադրողն էր, անընդհատ նշում  էր, որ հայկական ավիաընկերությունները չեն կարող դիմանալ այս ոլորտի մրցակցությանը, քանի որ օտարերկրյա ընկերությունները շատ ուժեղ են: Արտաքին մրցակցությունը հետզհետե ավելի է ուժեղանում, քանի որ Հայաստանը որդեգրում է «բաց երկնքի» քաղաքականություն: Այդ մրցակցության պայմաններում ևս, պարզվում է, «Էյր Արմենիան» չի վախենում աշխատելուց: Ընկերությունը, ինչպես տեղեկացրեց գործադիր տնօրենը, կիրառելու է ոչ սովորական մոտեցումներ:

«Օրինակ` Հայաստանից արդեն մեկնեցին 25 ռուսական խոշորագույն տուրիստական ընկերությունների տնօրենները, որոնց 1 շաբաթով մեր հաշվին բերել էինք Հայաստան և փորձում էինք գովազդել մեր Ծաղկաձորը` որպես դահուկային հանգստավայր, և Ջերմուկը` որպես առողջարան: Հուսով ենք, որ ձմեռային ծանր ամիսներին, երբ օդանավերը գրեթե դատարկ են լինում, կգան տուրիստներ, որոնք էլ կհամալրեն մեր դատարկ նստատեղերը: Բնականաբար, տալու ենք խոշոր զեղչեր: Այսինքն` վաճառելու ենք ոչ թե ավիատոմս, այլ փաթեթ, որը կներառի թե՛ ավիատոմսը, թե՛ տրանսպորտը և թե՛ հյուրանոցն ու սնունդը: Ու այդպիսի ոչ ստանդարտ մոտեցումներ շատ են լինելու»,- ասաց «Էյր Արմենիայի» սեփականատերը:

Մյուս լուծումը, որ կարող է հաջողություն բերել ընկերությանը, Երևանի միջոցով տարանցիկ փոխադրումներն են, ինչի փորձն ընկերությունն արդեն ունի, քանի որ վերջին 10 տարիներին այս մեթոդով ավիաբեռնափոխադրումներ է իրականացրել: Ամենակարևոր հանգամանքը, որի վրա հույս են դնում ընկերության սեփականատերերը, թիմն է, որը նախորդ 10 տարիներին կարողացել է համախմբված ու միասնական ջանքերով այնպիսի աշխատանք կազմակերպել, որ հայկական ավիաբեռնափոխադրող ընկերությունը կուլ չի գնացել միջազգային խոշորագույն նման ընկերությունների հետ մրցավազքում:

Ինչ վերաբերում է սեփականատերերին, ապա ընկերության 50 տոկոս բաժնեմասը, ըստ քաղավիացիայի գլխավոր վարչության կայքի հրապարակման,  պատկանում է Արսեն Ավետիսյանին, իսկ մյուս մասը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը` Վահան Հարությունյանին:

Առաջին հայկական ավիաընկերության մուտքը Հայաստանի «բաց երկինք» արդեն կայացել է, ու հանուն արդարության  էլ նշենք, որ այն պահից, երբ ընկերությունը հայտարարեց չվերթներ սկսելու մասին, նույն ուղղություններով չվերթներ անող ռուսական ընկերություններն անմիջապես իջեցրին իրենց ավիատոմսերի ու ծառայությունների գները:

 

2014 թ. բյուջեի մեծ մասը կկազմեն սոցիալական նշանակության ծախսերը

 բյուջե2Ազգային Ժողովում ավարտվեցին ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված նախագծով` 2014 թ. բյուջեում եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 134 միլիարդ 415 միլիոն 568 հազար  դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 244 միլիարդ 945 միլիոն 143 հազար դրամ, և բյուջեի պակասուրդը կկազմի 110 միլիարդ, 534 միլիոն 580 հազար դրամ:

ՀՀ  2013 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 59 միլիարդ դրամ, իսկ ծախսերի գծով` 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, պակասուրդը` 124 միլիարդ դրամ: Այսինքն` նախորդ տարվա բյուջեի համեմատ մոտ 75 միլիարդ դրամով ավելացել են բյուջետային մուտքերը և մոտ 61 միլիարդով` ծախսերը: 

Տնտեսական առումով` զսպողական, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական բյուջե

Նախագիծն ԱԺ ներկայացնելու ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունն առաջին անգամ ներկայացնում է ծրագրային պետբյուջեի նախագիծ:

«Սա նոր մոտեցում է, ինչը, բնականաբար, լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև, ուստի խնդրում եմ այս առումով շատ խիստ չդատել մեզ: Մեր գնահատականներով` առնվազն երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի ներդնենք ծրագրային մի համակարգ, որը հնարավորություն կտա ավելի որակական հատկանիշներ դնել իրականացվող ծրագրերի մեջ»,- ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ 2013-ի տնտեսական աճի տեմպը դանդաղում է, որը պայմանավորված է բիզնես միջավայրի բարելավման առումով չլուծված խնդիրներով և վերջին հինգ տարիներին ներդրումների կայուն նվազմամբ, մասնավորապես` շինոլորտում: Տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդել է բարձր գնաճային միջավայրը, որը պայմանավորված է 2013 թ. գազի և էլեկտրաէներգիայի շեշտակիորեն բարձրացած գներով, ինչպես նաև պետբյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակը, որը պայմանավորված է ճանապարհաշինարարական  ծրագրերի դանդաղեցմամբ:

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ 2014թ. պետբյուջեի առանձնահատկությունն  այն է, որ այն չի նախատեսում հարկային բեռի ավելացում, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվելու:

Պատասխանատուների ներկայացմամբ` 2014 թ. բյուջեով նախատեսվում է պետական կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացում, սոցիալական քաղաքականության փոփոխություն, թոշակների բարձրացում, ինչի շնորհիվ մոտ 32 հազար մարդ դուրս կգա աղքատության խմբից, ուժային կառույցների և քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում և այլն:

Կառավարության ղեկավարի հավաստմամբ` հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, որովհետև հատկացումներն ավելացվում են կրթության,  առողջապահության և սոցիալական ոլորտում:

Ընդհանուր առմամբ` բյուջեից  սոցիալական պաշտպանության համար կծախսվի բյուջեի 29.08%-ը, տնտեսական հարաբերությունների համար` 9.3%-ը, կրթության համար` 9.8%-ը, պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 15.6%-ը, առողջապահությունը` 6.45%-ը, հասարակական կարգի պահպանման ծախսերը` 6.6%-ը, կոմունալ-շինարարությունը` 2.5%-ը, մշակույթին ու հանգստին կհատկացվի բյուջեի 1.7%-ը, շրջակա միջավայրի պաշտպանությանը`  0.4%-ը: Ընդհանուր բնույթի հանրային ծախսերը կկազմեն բյուջեի 16.97%-ը և պահուստային ֆոնդերի համար նախատեսված է 1.6%-ը:

բյուջեԵկող տարվա համար կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2%-ի աճ, ինչն, ի դեպ, համապատասխանում է  նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել էր, որ 2014-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի շուրջ 5,3%:

Անդրադառնալով  2014 թ. բյուջեի նախագծին` տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ  տնտեսական նշանակության առումով բյուջեն ունենալու է զսպողական ազդեցություն, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական:

«Սոցիալական ուղղություններով կառավարությունը ծախսերն ընդլայնել է, սակայն մարդկանց եկամուտների վրա հարկումը խստացրել է և հնարավոր է, որ որոշ խավեր ոչ թե բարելավում, այլ ընդհակառակը` վատթարացում զգան: Ընդհանուր առմամբ կառավարությունը նախատեսում է մեկ տոկոսով ՀՆԱ-ում ավելացնել  հարկային կշիռը, ինչը նշանակում է հարկային քաղաքականության խստացում և՛ քաղաքացիների, և՛ բիզնեսի նկատմամբ: Չնայած վարչապետը հայտարարում էր, որ խստացումներ չեն լինի, սակայն եթե ուշադիր կարդանք բյուջեի նախագիծը, կտեսնենք, որ իրականում հարկային առումով խստացումներ կան»,- ասաց Սամվել Ավագյանը:

 Ավելի լավատեսական բյուջեներ էլ են եղել` «տխուր» ճակատագրով

Ինչպես հիշում ենք, 2013 թ. գազի գինը բարձրացավ, և ընդամենը օրեր առաջ կառավարությունը որոշեց 2014-ից գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները կտրել: Անդրադառնալով գործազրկության նպաստների վերացմանը` վարչապետն ԱԺ-ում ասել էր, որ այդ համակարգը խիստ անարդյունավետ էր. «Ֆինանսական միջոցների 94 տոկոսը չէին հասնում շահառուին: Այս համակարգն աղքատ երկրների համար անարդյունավետ է: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 18 հազար նպաստները ստանում էին ապահով մարդիկ: Մեր խնդիրն է` բացահայտել աշատանք փնտրողներին և աջակցել նրանց»,- ընդգծեց նա:

Մի խոսքով` բյուջեից արդեն պետք է միջոցներ հատկացվեն ոչ թե գործազուրկներին նպաստ ապահովելու ծրագրին, այլ տնտեսությունը զարգացնելու, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն ու բազմաթիվ գործազուրկները կարողանան աշխատանք գտնել: Եվ ի սկզբանե ամենահետաքրքիր հարցերից էին, թե բյուջեում ինչպես կարտացոլվեն այդպիսի ծրագրերը: Փաստորեն` 2014 թ. բյուջեով նախատեսվում է ընդամենը մոտ 2.4 մլրդ դրամ ուղղել տնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծախսերին:

«Փոքր ու միջին  բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, անկախ հայտարարություններից, քանի որ կոռուպցիան ու հավասար մրցակցության պայմանները ամենևին էլ չեն փոխվում և ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունենք վատացման միտումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով 2014 թ. բյուջեին:

Երկրորդ հետաքրքրող հարցը. գազի գնի բարձրացման ժամանակ կառավարությունը նշում էր, թե գնի 20%-ը կսուբսիդավորվի: Եվ այժմ հետաքրքիր է, թե գազի գնի սուբսիդավորման համար կառավարությունը որքան միջոցներ է նախատեսել: Սակայն պարզվեց, որ 2014 թ. պետբյուջեով գազի գնի սուբսիդավորում նախատեսված չէ, քանի որ, ինչպես ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այս հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ համատեղ և ռուսական կողմը պատրաստ է թեթևացնել Հայաստան ներկրվող բնական գազի 30% մաքսատուրքը:

Բյուջեն «լոմբարդային» է համարում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա տպավորությունն այնպիսին է, որ ամբողջ  գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, վարկերի, բրոքերների և այլն:

«Միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013 թ. բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, ու իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7%-ը չապահովելը: Ես հարց ունեմ` ի՞նչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ և առհասարակ` դրա նախորդ տարիներին: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով ու ճնշումներով` հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումներն ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են, և ի՞նչ երաշխիք կա, որ 2014-ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ինքն անձամբ լավատես չէ, որ այս բյուջեն կատարվելու է և նախանշված ցուցանիշները չեն արժանանալու 2011, 2012 և 2013 թթ. ցուցանիշների ճակատագրին:

Խոսում է միայն ռուս գեներալը, իսկ պաշտոնական Մոսկվան լռում է

 հապկՀայաստանը Ռուսաստանին դիտարկում է, որպես իր անվտանգության երաշխավորի ու մեծ հույսեր է կապում նրա հետ: Բայց արդյո՞ք այդպես է:

Դե յուրե, Հայաստանը հանդիսանում է  ՀԱՊԿ անդամ: Իսկ ՀԱՊԿ–ի, որպես ռազմա–քաղաքական միավորման, կանոնադրության ու հայտարարությունների մեջ շատ պարզ ու հասկանալի նշվում է, որ ՀԱՊԿ որևէ անդամի դեմ ռազմական հարձակման դեպքում բոլոր մյուս անդամներն այդ հարձակումը դիտարկելու են որպես հարձակում իրենց դեմ: Բայց ինչպես ռազմա–քաղաքական յուրաքանչյուր դաշինք, ՀԱՊԿ–ը ևս ունի իր առանցքային խաղացողը`առաջնորդը, որի որոշումներն ու տեսակետները դիտարկվում են առաջին հերթին: ՀԱՊԿ–ի դեպքում, այդ առանցքը Ռուսաստանն է:

Բացի ՀԱՊԿ–ի շրջանակներում ռազմա–քաղաքական գործակցությունից, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկկողմ ռազմա–տեխնիկական համագործակցություն ու ռազմավարական դաշնակցության մասին համաձայնագիր: Այսինքն` սկսած 2008-ից, երբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև  ստորագրվեց ՌԴ–ՀՀ ռազմավարական դաշնակցության նոր համաձայնագիրը, ՌԴ–ն համաձայնեց ապահովել ՀՀ անվտանգությունը` մեր երկրի սահմանի ողջ երկայնքով: Այսինքն` միջազգային հարաբերությունների տեսանկյունից կա միջազգային իրավական այնպիսի պարտավորություն, որ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում ՌԴ–ն պետք է Հայաստանին որոշակի աջակցություն ցուցաբերի:

 «Я свое мужское слово скажу! А то, как же!»…

Այս ամենով հանդերձ, սակայն, ոչ ոք չի կարող 100-տոկոսանոց վստահությամբ պնդել, թե Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական աջակցություն ցույց կտան, եթե ԼՂ հակամարտությունը սառը փուլից անցնի ռազմական գործողությունների, ու Հայաստանը հանդես գա որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, քանի որ թե՛ ՀԱՊԿ-ը և թե՛ Ռուսաստանը որևէ պարտավորություն չունեն ԼՂՀ-ի հանդեպ:

Հատկապես Ադրբեջանին բավականին մեծ խմբաքանակի զենք ու սպառազինություններ վաճառելուց հետո այս կասկածն էլ ավելի ամրապնդվեց:

Այս համատեքստում հատկանշական էր վերջերս` հոկտեմբերի 10-ին, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու սենսացիոն հարցազրույցը, որը նա տվել էր ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթրին:

«Ռազմաբազայի պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը մնում է անհանգիստ ու բնորոշվում է  ապակայունացնող մի շարք գործոնների առկայությամբ` կապված տարածաշրջանում առկա հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր էսկալացիայի հետ: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմաբազան կարող է մտնել զինված հակամարտության մեջ»,- հարցազրույցում ասել է Ռոզինսկին:

հապկ (1)Ռուս գեներալի այսպիսի դիտարկումը որոշ լույս կարող է սփռել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության դեռևս մութ անկյունների վրա: Ահա տեսակետներ են հայտնել ռուս քաղաքագետներ Էդուարդ Պոպովն ու  Ալեքսանդր Ցիգանովը, որ եթե ռազմական գործողությունները սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով, ապա Գյումրու ռուսական ռազմաբազան չի միջամտի, իսկ եթե Ադրբեջանը հարվածի ՀՀ տարածքին, ապա ռազմաբազան կմիջամտի ռազմական գործողություններին:

Իսկ ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ամենօրյա հանդես» պարբերականի հոդվածագիր Ալեքսանդր Գոլցը, անդրադառնալով Ռոզինսկիի հայտարարությանը, «Ժամանակ» օրաթերթին ասել է, թե որևէ մեկն իրականում չի հասկանում, թե ինչպես կգործի ՌԴ-ն ԼՂ ռազմական գործողությունների դեպքում, և ռազմակայանը կներգրավվի ռազմական գործողություններում, եթե Ադրբեջանը որոշի զենքով լուծել Ղարաբաղն իրեն ենթարկեցնելու հարցը:

Հայաստանում  էլ, ինչպես հայտնում են ՊՆ մեր աղբյուրները, դեռևս վտահություն չկա, թե ինչ վարքագիծ կդրսևորեն Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն ԼՂՀ հակամարտության ակտիվացման դեպքում:

Այս առումով հետաքրքրական էր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամների այցը Հայաստան` հանձնաժողովի նախագահ, գեներալ Անատոլի Վիբորնու գլխավորությամբ: Աշխատանքային խումբը, ինչպես տեղեկացրեց Վիբորնին,  Հայաստանում քննարկել է  Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների ռազմա-քաղաքական բաղադրիչին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու ռազմական արկածախնդրությունն ինչ-որ կերպ կանխելու խնդրին` նա նշեց, որ այդ ուղղությամբ բազմաթիվ առաջարկներ են եղել:

«Առաջարկ է եղել, և մենք այսօր ակտիվորեն քննարկում ենք այդ հարցը` ԽՎ առաջիկա նիստի ժամանակ հանդես գալ ամեն տեսակի խնդիրների խաղաղ կարգավորման մասին հայտարարությամբ, որովհետև գլխավոր խնդիրը, որ մենք տեսնում ենք, ամեն տեսակի մեխանիզմներն ու հնարավորություններն օգտագործելով` ռազմական բոլոր հնարավոր պրովոկացիաները կանխելն է, որոնք մարդկային կյանքեր են արժենում»,- նշեց Ա. Վիբորնին:

Իսկ այդ հանձնաժողովում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշեց, որ երեկ աշխատանքային խումբը մանրակրկիտ քննարկել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը` հարցին մոտենալով այն սպառնալիքների ու մարտահրավերների տեսանկյունից, որոնք այսօր գոյություն ունեն ՀՀ ազգային անվտանգության համար: Առաջին հերթին, ինչպես տեղեկացրեց Խոսրով Հարությունյանը, ուշադրություն է դարձվել տարածաշրջանի, մասնավորապես` Ադրբեջանի ռազմականացմանը:

«Այդ առումով` հատկապես ուշադրություն ենք դարձրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, որոնց հետևանքով մենք զոհեր ենք ունենում ոչ միայն զինվորականներից, այլև խաղաղ ազգաբնակչությունից: Խորհրդարանական վեհաժողովի հայտարարություն մշակելու միտք ծնվեց, որ անընդունելի է կոնֆլիկտների լուծումը ռազմական` ուժի գործադրման կամ ռազմական առավելության հասնելու ճանապարհով: Այսինքն` մենք կարծում ենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կարող է հանդես գալ առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխող հայտարարությամբ: Երկրորդ` մենք մտածում ենք, որ պետք է մշակվեն  օրենսդրա-քաղաքական այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում կարող են, ՀԱՊԿ անդամ պետությունների ակտիվ մասնակցությամբ, կասեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը»,- նշեց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ արդեն բոլորն էլ համոզվեցին, որ դրանք ուղղակի բանավոր վտանգներ չեն ու դրանց մասին չի կարելի միայն խոսել, այլ արդեն պետք է կանխելու կոնկրետ քայլեր ձեռնարկվեն` օգտագործելով ՀԱՊԿ բոլոր անդամների  ռազմա-քաղաքական ամբողջ զինանոցը:

Հետաքրքիր է, թե ինչպես է դիտարկում ՀԱՊԿ-ն ԼՂ հակամարտությունն ու ինչ դեր ունի Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ օրակարգում:

ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության պետ և ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչի պատասխանատու, պահեստազորի գեներալ  Ալեքսանդր Վինիդիկտովն էլ, լինելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համակարգողը և ներկա գտնվելով ՀԱՊԿ շրջանակներում ընթացող բոլոր գործընթացներին, ներկայացրեց ՀԱՊԿ ներկայիս հարցերը` նշելով, որ գլխավոր հարցերից մեկը ՀԱՊԿ ազդեցության տիրույթում գտնվող տարածքների հարավային սահմանների ամրապնդումն է` կապված Աֆղանստանից միջազգային խաղաղապահ ուժերի դուրսբերման, Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ և այլն:

Հենց այստեղ է սկսվում մեզ համար հետաքրքիր մասը: Ինչպես տեղեկացնում են ՊՆ մեր աղբյուրները, ՀԱՊԿ-ում, երբ խոսք է բացվում Հայաստանի անվտանգության ապահովման մասին, մատնանշվում է Աֆղանստանից միջազգային խաղաղապահ զորքերի դուրսբերումը, և Հայաստանի առջև պայմաններ են դնում` հայկական կողմը խաղաղապահներ կուղարկի՞ պաշտպանելու ՀԱՊԿ միջինասիական սահմանները: Հայկական կողմը, մեր տեղեկություններով, տվել է իր համաձայնությունը: Նույնիսկ ավելին` Հայաստանից պահանջվել է խաղաղապահ ջոկատ, իսկ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մի ամբողջ խաղաղապահ գունդ ուղարկել Միջին Ասիա`պայմանով, որ ԼՂ հակամարտության դեպքում ՀԱՊԿ միասնական ուժերը պետք է ապահովեն հայկական կողմի անվտանգությունը: Բայց անգամ այդպիսի դիրքորոշումից հետո դեռ հստակ հայտնի չէ Ռուսաստանի վերջնական կեցվածքն այս հարցում, որը ոչ մի կերպ իր վճռական «ДА»-ն չի ասում այս հարցում, ինչը, առավել ևս մեր թշնամուն զենքի մեծ խմբաքանակ վաճառելու պայմաններում, շատ կարևոր է:

Իսկ մինչ այդ ամենանշանավոր, կարևոր ու հետաքրքիր հավաստիացումը մնում է 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու հայտարարությունը:

Ինչո՞ւ բիզնեսը լավ չի զարգանում

HDMՆոյեմբերի 1-ից Հայաստանի հարկատուների մի մեծ խումբ ստիպված է լինելու ներդնել նոր ՀԴՄ–ներ:  Խոսքը 369 600 դրամով վաճառվող ՀԴՄ–ների մասին է, որ կառավարությունը , նոր բեռի տեսքով, դրեց հայաստանյան տնտեսվարողների ուսերին:

Այս տարվա սեպտեմբերի 5-ին կառավարության կայացրած 968-Ն որոշման համաձայն` նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ–ով պետք է աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող, ըստ էության, բոլոր տնտեսվարողները, ինչպես նաև այն ներկրողները, որոնց շրջանառությունն ամսական միջինը 10 մլն դրամ է: Հուլիսի 1-ից, երբ այդ ՀԴՄ–ները նոր էին ներդրվում, կառավարությունը խոստանում էր, որ խոշոր տնտեսվարողները դրանք կգնեն 369 600 դրամով, փոքրերը` ավելի Էժան: Բայց կա՛մ փոքր տնտեսվարող «չկա» Հայաստանում, կա՛մ կառավարությունը նրանց վրա «թքած ունի» , քանի որ փոքր տնտեսվարողները, որոնց թիվը հասնում Է 4000-ի, ՀԴՄ–ն ձեռք են բերում նույն 369 600 դրամով:

 «Որովհետև սև ոչխարներն իմն են»: «Իսկ սպիտակնե՞րը»: «Սպիտակներն էլ են իմը»

Դեռևս անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն` հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն էր դրվել մինչև 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով և տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն:  Նոր ՀԴՄ-ներ պետք է  տեղադրեին նախ` խոշոր հարկատուները, ապա` միջին (500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող) և մանր:

Արդեն այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ  կառավարությունը սահմանել է 500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառքի առավելագույն գինը` 369 600 դրամ:

Ընդ որում, կառավարության որոշման համաձայն, 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվեր այլ հարկ վճարողների (500 միլիոնից ցածր իրացում ունեցող տնտեսվարողների) կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Պարզ ասած` ավելի խոշոր հարկատուները պետք է օգնեին ավելի փոքր հարկատուներին ավելի էժան գնով ձեռք բերելու նոր ՀԴՄ-ները:

ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ դրամարկղային մեքենենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ը:

ՀԴՄ-ների ձեռքբերման համար մրցույթ չի հայտարարվել, ու ոչ ոք չի կարող վստահ ասել, որ գնման համար առաջարկվել է նվազագույն գին: Այս առումով «Հետք» պարբերականին տված պարզաբանման մեջ ՊԵԿ-ը նշել է. «Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 1-ի «Հuկիչ դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար oգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաuտատելու մաuին» N 946-Ն որոշմամբ սահմանված ծրագրային ապահովվածության բարձր պահանջները և այն, որ նման պահանջներին բավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերումը հնարավոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցութային կարգով, այդ մեքենաների գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության» գնման ձևով, որի դեպքում մրցույթի հայտարարում օրենքը չի նախատեսում»:

Այդ պատասխանի մեջ  նշում կա նաև, որ նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ծրագրային ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը, կազմում է 203 հազար դրամ: Սակայն ներկայումս խոշոր բիզնեսին այն  վաճառվում է ավելի բարձր գնով, որպեսզի հասույթի մի մասն ուղղվի մինչև 2015 թ. հունվարի 1-ը ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռքբերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Նոր ՀԴՄ-ների կիրառման հետ կապված ծրագրային ապահովման մշակումն իրականացվում է «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով, սպասարկումը պետք է իրականացնեն  նույն «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ընտրված  4 կազմակերպություններ:

«Առաջին անգամ ներդրվող» ծանր բեռ` տնտեսվարողների համար

Սեպտեմբերի 23-ին` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց տվեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանում շրջանառության մեջ դրված նոր հսկիչ դրամարկղային մեքենաների բարձր արժեքը, մեքենաներ ներմուծող ՊՈԱԿ-ը որտեղի՞ց է դրանք ներմուծում, և ինչո՞ւ թույլ չի տրվում ներկրել նաև սովորական քաղաքացիներին:

«Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է ներդրվում մեկ միասնական համակարգ: Հսկիչ դրամարկղերի միջոցով միասնական բազա է ստեղծվում, և առաջին փուլում մեքենաների համար ավելի բարձր գին է սահմանված, քան նախկինների համար, քանի որ սրանք բազմաֆունկցիոնալ են, իսկ նախկինները նման հնարավորություն չունեին»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց, որ այդ հսկիչ մեքենաներով հնարավոր է կապ հաստատել կենտրոնական սերվերի հետ, բացի այդ, դա նաև տնտեսվարող սուբյեկտի համար նոր լրացուցիչ ծառայություններ է նշանակում: Նրանք կարողանում են հաշվարկները ծրագրային ձևով իրականացնել, սարքերը նաև հզոր հիշողություն ունեն: Մի խոսքով, ինչպես բառացի նշեց վարչապետը` «սա շատ առաջադիմական համակարգ է»:

Իսկ թե ինչու է առաջին փուլում այսքան թանկ, վարչապետն ասաց, որ այդ փուլում հիմնական սպառողը խոշոր ձեռնարկություններն են: Վարչապետը նաև նշեց, որ հաշվիչ մեքենաներ ներկրել կարող են նաև այլ ընկերություններ, սակայն իրենց կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում:

Զրուցեցինք մի քանի տնտեսվարողների հետ, որոնք չեն ցանկանում` իրենց անունները նշվեն ՊԵԿ-ի հետ խնդիրներից խուսափելու համար: Բոլորի մտահոգությունները գրեթե նույնն են, իսկ առաջինը հենց այն է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը բոլոր տնտեսվարողներին, անկախ շրջանառության ծավալներից, պարտադրում է ՀԴՄ-ներ ձեռք բերել միևնույն` 369 հազար դրամով: Բացի այդ, ինչպես նշում էին բոլոր զրուցակիցները, իրենց պարտադրվում է, որ նոր ՀԴՄ-ները ձեռք բերվեն անպայման ՊՈԱԿ-ից: Իհարկե, ոչ ուղղակիորեն: Բայց երևույթը նույնն է, քանի որ կառավարության որոշումը թույլ չի տալիս առանձին տնտեսվարողների ՀԴՄ-ները այլընտրանքային գներով ձեռք բերել, քանի որ, եթե համապատասխան օրենքում նշված են բազմաֆունկցիոնալ սարքերի  չափորոշիչները, ապա կառավարության հիշյալ որոշումն արդեն սահմանել է դրանց մոդելը`«ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության արտադրած` MS-2351 մակնիշի:

Տնտեսվարողներից Վ.Գ-ն պատմեց, որ դեռևս անցյալ տարի էր ձեռք բերել 100 հազար դրամ արժողությամբ 4 ՀԴՄ, ու այս տարի իրեն պարտադրում են նոր` 4 անգամ ավելի թանկ ՀԴՄ-ներ գնել:

«Ուզենք-չուզենք` պիտի գնենք, բայց մենակ արժեքը չի: Դրան գումարվում են նաև սպասարկման ծախսերը, ինտերնետի գինը և այլն: Ու այնպես է ստացվել, որ սպասարկումն էլ են իրենք անում, ասում են, թե ով պետք է սպասարկումն իրականացնի, թե եղած ամենանորմալ ինտերնետ կապն էլ, գիտենք, թե ումն է: Ու եթե սպասարկման գումարն էլ չմուծենք, ուղղակի չեն թողնի, որ ՀԴՄ-ն օգտագործենք, այսինքն` առևտուր էլ չենք կարող անել»,- նշեց Վ.Գ.-ն:

Մեկ այլ տնտեսվարողի` Ա.Ա-ի ներկայացմամբ էլ, ընդամենը նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի իր միջին բիզնեսի ընդհանուր շրջանառությունը նվազել է մոտ 2.5-3 անգամ: Բնականաբար` նաև եկամուտները. «Անցյալ տարի այս սեզոնին արդեն մոտ 240-250 տոննա թիթեղ էի իրացրել: Երեկ հաշվեցինք ու տեսանք, որ այս տարի ընդամենը մոտ 105 տոննա ենք կարողացել իրացնել: Եկամուտները, բնականաբար, պակասում են, ու ես արդեն ֆինանսական խնդիրներ ունեմ նոր ՀԴՄ-ների ձեռքբերման հարցում»,- նշեց նա:

Ստացվում է, որ այսպիսով կառավարության հերթական մենաշնորհն է սահմանվել, այս անգամ` պետական ոչ առևտրային կազմակերպության համար, որը պարտադրելու է շուրջ 60 հազար տնտեսվարողների` միևնույն տեղից ու նույն 369 600 դրամ գնով ձեռք բերել միևնույն ապրանքը: Իսկ այդ բացը բիզնեսի ներկայացուցիչները ծածկելու են, բնականաբար, սպառողների հաշվին` գների բարձրացմամբ:

Հ.Գ. 

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ խմբագրությունը կառավարությունից տեղեկացավ, որ վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել ,նոր սերնդիե ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը