Պուտինը եկավ ու… գնաց

պուտինի այցը հայաստանՊուտինը եկավ Հայաստան ու գնաց, բայց այդ այցի հետ կապված մանրամասները դեռ երկար կքննարկվեն հայ իրականության մեջ: Ըստ պաշտոնական  տեղեկությունների` ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերի վերաբերյալ:

 Մասնավորապես` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին,  միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին, զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:

Հաստատվեց ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2014-2015 թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ստորագրվեց կրթության և գիտության նախարարությունների միջև 2014-2015 թթ. միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Կայացան նաև 2014-2018 թթ. «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ բնական գազ ներմուծելու գործարքն ու «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:

«Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան 2 հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում  ունեցած իր ելույթում, բացի նման հարցերի ժամանակ նշվող ընդհանրական ու ոչինչ չասող «հաշվետվություններից», մի ուշագրավ ակնարկ էլ արեց. «Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում` արտահանմանն ուղղված»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այս արտահայտությունն ուշագրավ է այնքանով, որ դեռևս շաբաթներ առաջ նման միտք էր արտահայտել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն  Երևան-Մոսկվա- Մինսկ տեսակամուրջի ժամանակ` նշելով, որ Հայաստանն էլ ՄՄ-ին կարող է դեպի Իրան ամենակարճ ու հուսալի ճանապարհն ապահովել: Այս միտքը, ինչպես արդեն տեսանք, շրջաբառվել է նախագահականում ու դառնում է ՄՄ մյուս անդամների այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է տալ Հայաստանը ՄՄ-ին:

Դիվանագիտության մեջ չասված խոսքերն ավելի կարևոր են

Սա գրեթե այն ամենն էր, ինչ վերաբերում էր այցի պաշտոնական կողմին: Բայց սովորաբար նման այցերի դեպքում կարևոր է ոչ միայն պաշտոնական` արարողակարգային ընթացքը, այլև` մանրուքները:

Եվ այսպես, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Երևանի կոնտրոնում բացվեց հայ-ռուսական բարեկամության «Միասնության խաչ» հուշարձանը: Թեև նախապես նշվում էր, որ հուշարձանը պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, բացեցին ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը, որոնք նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ընդ որում, հուշարձանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ միասին: Բացման հանդիսության ժամանակ էլ ՀՀ վարչապետը ռուսերեն ելույթ ունեցավ: Այս երևույթը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կանադայում ՀՀ-ի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ընդունելի չէր, որովհետև ելույթ ունեցողը ՀՀ վարչապետն էր:

«Այդ պրոտոկոլ կոչվածում, որը դարերով ձևավորվել է, իրավահավասարության խնդիր կա, սեփական լեզվի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Այսինքն` մեր վարչապետը ուզում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի: Ռուսերեն ելույթ ունենալը ընդունելի չէ, որովհետեւ այդ հուշարձանի բացումն արարողակարգային իրադարձություն էր, ուստի արարողակարգային բոլոր նորմերը պետք է պահպանվեին: Խորը սիմվոլիզմ կա այդ ամենի մեջ»,- նշեց Արա Պապյանը:

Բայց այդ դիվանագիտական «ապտակը» դեռ վերջինը չէր դիվանագիտական օրակարգով գերհագեցած օրվա ընթացքում: Երկրորդ «ապտակը» Հայաստանը ստացավ Պուտինի այցի բուն օրակարգից: ՌԴ նախագահը, ինչպես և հայտարարվել էր, Հայաստանում էր պետական այցով: Բայց այդ այցը սկսվեց ոչ թե Երևանից, այլ Գյումրիից: Ու տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե պետական այց է, այլ աշխատանքային:

«Ես սովորել եմ տարբեր դիվանագիտական ակադեմիաներում, նաև Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում, ու կան պետական արարողակարգի համապատասխան դասագրքեր: Այն, ինչ  ինձ սովորեցրել են ռուսները, այն է, որ պետական` պաշտոնական այցերն ունեն որոշակի արարողակարգ: Այն է` այցելություն մայրաքաղաք, դիմավորում` տարբեր զորատեսակների շքերթով, նաև մայրաքաղաքում հատուկ նստավայրի հատկացում և այլն: Այսինքն` կան որոշակի բաներ, որ պետք է պահպանվեն: Այդ ամբողջից պրոտոկոլային որևէ նորմ չի պահպանվել»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ բնավ գեղեցիկ չէր, երբ մեր նախագահը Ռուսաստանի ինչ-որ տրանսպորտի նախարարի հետ միասին բացում էր այդ արձանը ու շեշտեց, որ եթե նախագահը ներկա էր այդ արարողությանը, ուրեմն Հայաստանը ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով:

Այս փաստն առավել ցցուն է դառնում, երբ հիշում ենք հատկապես,  որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացման ժամանակ ներկա չէին ՌԴ նախագահն ու վարչապետը, նույնիսկ` Մոսկվայի քաղաքապետը:

Մի խոսքով, դիվանագիտական այսպիսի նվաստացումներից հետո Պուտինը Գյումրիում` «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությանը, հայտարարեց, որ «դա հայ ժողովրդի, իշխանությունների սուվերեն ընտրություն էր», ու հավելեց, որ Ռուսաստանը կօգնի ՀՀ-ին ՄՄ-ին առավելագույնս արագ անդամակցելու հարցում:

Այս «մանրուքին» իր երեկվա համարում անդրադարձել է նաև ռուսական թերթերից մեկը`նշելով, թե այդ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը ժպտում էր:

Իր ելույթում Վլադիմիր Պուտինը մի նուրբ «կատակ» էլ արեց. «Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: Ընդհակառակը` Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում` հիմնվելով տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Այս ակնարկի կապակցությամբ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, թե երբեք գաղտնիք չի եղել, որ 1803 թվականից սկսած` Ռուսաստանը համաձայն չէ և չի ուզեցել հեռանալ Հարավային Կովկասից: Իսկ այն, որ չի ուզում հեռանալ, ամենևին չի նշանակում, թե ուզում է մեզ տիրել:

«Ես դա հասկանում եմ աշխարհաքաղաքական իմաստով: Այդ իմաստով Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից: Համենայն դեպս, պետք է հիշել 1993 թվականը, երբ թուրքական զորքերը մոտեցել էին մեր սահմանին, և միայն Ռուսաստանի հայտարարությունն ու ՌԴ պաշտպանության նախարարի դիրքորոշումը կասեցրեցին Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Այսօր էլ Ռուսաստանն ինչ-որ չափով, ես կասեի` մեծապես, մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նմանատիպ արտահայտությունները սովորաբար ունենում են նաև հասցեատեր կամ հասցեատերեր: Այս դեպքում հասցեատերերի մասին կարելի է կռահել: Նախ` առաջին հասցեատերը հենց Հայաստանն է, որը մինչև սեպտեմբերի 3-ն իր հայացքը համառորեն հառել էր Արևմուտքի ուղղությամբ: Երկրորդ, ինչպես նշեց լևոն Մելիք-Շահնազարյանը, ընդունված երևույթ է, որ պետությունների առաջին դեմքերն օգտվում են այն հանգամանքից, թե որ տարածքում են խոսում ու այդ տարածքի հարևան պետություններին կամ իշխանություններին ինչ ազդանշաններ են ուղարկում: Իսկ այս դեպքում թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Պուտինի Գյումրի գալուն և նմանատիպ հայտարարություններին  ու նշել, որ դրանք ավելի շատ ուղղված են Թուրքիային և Ադրբեջանին:

«Պուտինը չէր կարող ոչինչ չասել, ոչ մի ազդանշան չուղղել այն երկրներին ու երկրների ղեկավարություններին, որոնք Ռուսաստանի հետ, համենայն դեպս, գաղափարախոսական հակառակորդներ են: Այսինքն` առաջին հերթին ուղղված էր նրանց: Բայց, մյուս կողմից, ուղղված էր նաև մեզ: Հարցն այն է, թե ինչ իմաստով ենք ուզում հասկանալ այդ հայտարարությունը, փոխգործակցության ու դաշնակիցներ լինելու կոնտեքստո՞ւմ, թե՞ Հայաստանի դեմ, որը տվյալ դեպքում ես կհամարեի սխալ»,- տեսակետ հայտնեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

«Մեզ մաքսային միությունում էլ վատ չեն կերակրում…»

վիլնյուսՆախորդ շաբաթ Հայաստանի համար մի կարևորագույն իրադարձություն եղավ, որը սկզբում առկայծեց հայկական քաղաքական երկնակամարում, բայց հետո խամրեց «Մեծն Ռուսիո ծագող արևի» շողերի ներքո:

Նոյեմբերի 28-29-ը կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության եզրափակիչ գագաթнաժողովը: Այդ գագաթнաժողում, երևի հիշում է երկրագնդի ցանկացած անկյունում ապրող ամեն մի հայ, պետք է Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրեր:  Սակայն սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո, բնականաբար, չեղյալ է հայտարարվել: Չնայած իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռ սին հույսեր էին ներշնչում, թե գուցե նման համաձայնագրեր կստորագրվեն:

Հայկական վերլուծական շրջանակներում էլ, մինչև բուն գագաթнաժողովի նախօրեն, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի դրան, տարբեր տեսակետներ էին շրջանառվում, որ եթե Սերժ Սարգսյանը գնա, ուրեմն ինչ-որ փաստաթուղթ իրոք պետք է ստորագրվի, իսկ եթե չգնա, ապա ոչ մի փաստաթղթի ստորագրում էլ նախատեսված չի եղել:

Վիլնյուսյան գագաթнաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն միայն այս կապակցությամբ լրագրողներին հայտնեց, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները դեռևս քննարկում են, թե Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ Եվրամիությունն ինչ փաստաթուղթ է ստորագրելու:

Նա նշեց, որ Հայաստանը հստակ հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մասին իր ցանկությունը, Եվրամիությունն էլ իր բաժին  պատրաստակամությունն է հայտնել, այն է` Հայաստանի հետ շարունակել համագործակցել և խորացնել այդ համագործակցությունը: Որպես դիվանագետ` նա ավելին ասել չէր էլ կարող: Բայց արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ԵՄ-ն Հայաստանի հետ որևէ լուրջ կամ ՀՀ իշխանություններին հաճո փաստաթուղթ կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետագա եվրաինտեգրման առումով թեկուզ չնչին հույսեր ունենա:

Գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը Հայաստանի  գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:

«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք, մի կողմից, արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն` բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ: Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են: Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես Եվրոպայի միության հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Մի խոսքով` ոչ մի լուրջ ու կշիռ ունեցող փաստաթուղթ էլ չստորագրվեց Վիլնյուսում, այլ ընդամենը` պրոտոկոլային` գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական միություն հռչակագիրը, որոնք նման նշանակություն չունեն:

Բնականաբար կյանքը շարունակվում է, առավել ևս, որ Ռուսաստանն էլ այդ ամբողջ ընթացքում լուռ ու հանգիստ դիտորդի կարգավիճակում չէր, որ հետևում էր մեր երկրի շուրջ զարգացող գործընթացներին:

Գևորգ Ավչյան

Անկախ

Ձեզ մեկնված ձեռքը բռունցք մի արեք, որովհետև հակադարձ բռունցքը շատ ավելի կոպիտ կլինի. Հրայր Թովմասյան

ԱԺ,Լևոն զուրաբյան, Հրայր ԹովմասյանԱԺ ՀԱԿ խմբակցությունը այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ «համատարած կոռուպցիա»-ի մասին հարցապնդմամբ : Հարցապնդումը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը: Նա շեշտեց, որ կոռուպցիան այսօր ընկած է մեր հասարակությունում առկա բոլոր չարիքների ու դժբախտությունների հիմքում, այն պրոբլեմն է, որի պատճառով ՀՀ քաղաքացին դիմում է խուճապահար արտագաղթի կամ գտնվում է չքավոր վիճակում: Լևոն Զուրաբյանը իր խոսքում նշեց, որ կառավարությունից ստացած գրավոր պատասխանը լի է եղել անգրագետ, անհեթեթ կետերով:

Հարցապնդմանն արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Անգրագիտությունից խոսեցիք, դե ուրեմն այդքանանգրագետ չլինեիք ու չգրեիք այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը չի մտնում կառավարության իրավասության մեջ: Մի բանում համաձայնենք Ձեզ հետ` իրոք կոռուպցիան այսօր առաջնահերթ խնդիր է, բայց դուք խտացնում եք գույները: Անհեթեթություն ասեցիք, բայց դրանից Ձեր գրածիարժեքը չբարձրացավ: Մի արեք դա: Եթե քաղաքական երկխոսություն եք ուզում, Ձեզ մեկնված ձեռքը բռունցք մի արեք, որովհետև հակադարձ բռունցքը շատ ավելի կոպիտ կլինի», – վրդովված ասաց Հրայր Թովմասյանը:

 

Խորհրդարանական մեծամասնությունն անդրդվելի է. ընդդիմադիրների առաջարկը մերժվեց

459245138605654946 կողմ, 54 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասաց, որ նրանք չընտրեցին քաղաքացիական հանդուրժողականության, կոնստրուկտիվ, խորհրդարանական տարբերակը, ուստի իրենք էլ կընտրեն պայքարի այլ տարբերակ:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ տվեց փող գտնել, գործուղվել Չիլի ու տեսնել, որ այնտեղ չկա նման բան՝ նկատի ունենալով, որ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնում է՝ հիմնվելով Չիլիի օրինակի վրա:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ մեծամասնությանը՝ մասնավորապես Գալուստ Սահակյանին, առաջարկեց ավելի կարճատև գործուղում. դուրս գալ փողոց և բացատրություններ տալ այն բազմահազար քաղաքացիներին, որոնք հավաքված են Ազգային ժողովի դիմաց:

Հիշեցնենք, որ մինչ քվեարկությունը ՀՀԿ խծմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հայտարարելով, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկելու օրինագծին, հայտնել էր, որ բացատրություններ կտա լրագրողներին:

ՀՅԴ-ն քսան րոպե ընդմիջում խնդրեց

ՀՅԴ-խմբակցությունԽորհրդարանում մինչ ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, որ կոալիցիան դեմ է քվեարկելու:

Նա ասաց, որ դեմ քվեարկելու վերաբերյալ պարզաբանումներ կտա լրագրողներին՝ միաժամանակ նշելով, որ արդեն տևական ժամանակ է՝ բացատրություններ տրվում են:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խմբակցության կողմից քսան րոպե ընդմիջում խնդրեց:

Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց բազմամարդ ցույց է՝ ի պաշտպանություն չորս խմբակցությունների կողմից ներկայացված օրինագծի և ընդդեմ կենսաթոշակային «բարեփոխումների»:

 

Սա դրակա՞ն է , թե՞ ոչ. Շարմազանովը թվարկում է Պուտինի այցի դրական արդյունքները

eduard-sharmazanov_0_1-e1348321114264ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջին օրերին երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցած երկու նշանակալի իրադարձություն.

«Վիլնյուսում Հայաստանն ամենաբարձր մակարդակով ներկայացվեց ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որտեղ նշվեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն ու ժողովրդավարական բարեփոխումները մեր երկրում այլեւս անշրջելի են, եւ եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը եղել է մեր պետության գիտակցված ընտրությունը»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Վիլնյուսում ազդակ հղվեց, որ հայկական կողմերը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ եւ քաղաքական կարգավորման կողմնակից են, եւ անհնար է հասնել հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը՝ առանց Արցախի ուղղակի մասնակցությանը բանակցություններին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի պետական այցին Հայաստան, ապա Շարմազանովը դա աննախադեպ համարեց իր արդյունքներով և նշեց, որ այն նոր էջ բացեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում:

«Մեր ընդդիմախոսները պարբերաբար փորձում էին կասկածի ենթարկել որեւէ լուրջ դրական փոփոխության հնարավորությունը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքում: Զերծ մնալով քաղաքական պոպուլիզմից` խոսեմ փաստերով: Դատեք ինքներդ: Նախ, հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարեւորագույն փաստաթուղթ, ամրապնդվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչն ինքնին հավելյալ երաշխիք է մեր անվտանգության եւ խաղաղության համար: Սա լա՞վ է, թե՞ վատ: Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար: Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար: Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսատանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ռուսական զենք եւ զինամթերք կգնի ներռուսաստանյան գներով: Սա դրակա՞ն է , թե՞ ոչ»,-թվարկեց Շարմազանովը` եզրակացնելով, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները: Իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչներ դրանից կարող են տխրել, Շարմազանովի խոսքով` դա իրենց համար էական չէ:

 

Պուտինի այցից հետո նրա նկատմամբ ատելություն առաջացավ. Ալ. Արզումանյան

g_imageԽորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ու բերման ենթարկված ակտիվիստներին: Դատապարտելով տեղի ունեցածը, նա նշեց, որ դեկտեմբերի երկուսին իրավապահների գործողությունները, կաթվածահար եղած տրանսպորտը հանրությանը միավորել էր մեկ մտահոգության շուրջ` պուտինյան այցի, որից բոլորն ուզում էին շտապ ազատվել:

Պատգամավորի գնահատմամբ` այդ այցը էլ ավելի վարկաբեկեց և ատելություն առաջացրեց Ռուսաստանի նախագահի նկատմամբ` նրան ուղղելով հազարավոր քաղաքացիների զայրույթն ու անեծքները:

 

Փոստանջյանը կանխատեսում է Ռուսաստանի մասնատում

Zaruhi-Postanjyan

Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին` նշելով, որ կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշևիկյան սահման:

Փոստանջյանի կարծիքով` փաստացի` Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու  կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը:

«Ռուսաստանը, Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով արատավոր և ի սկզբանե դատապարտված համակարգի շահագործումից, շարունակեց շահագործել այն ՌԴ-ում, որի տնտեսությունը բնութագրվում է երեք բառով`  «խողովակ և այն սպասարկող մարդկանց» տնտեսություն»,-ասաց պատգամավորը` կանխատեսելով, որ եթե ՌԴ-ում  ընթացող բոլոր պրոցեսները շարունակվեն նույն մակարդակով մոտակա 10 տարիների ընթացքում, ապա ՌԴ-ի տեղի կունենա աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն և  Ռուսաստանի մասնատում:

Փոստանջյանը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրական» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝  Մոսկվան  Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր:

 

«Անքննելի են որոշումներ կայացնելու` մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները». Աղվան Վարդանյան

1349099106_axvan«2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները

»,-խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հիշեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով` երկրի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ իշծանությունների մոտեցումը համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ. «Անքննելի են որոշումներ կայացնելու` մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները»,-նկատեց պատգամավորը:

Պատմության համար ամփոփելու և արձանագրելու համար կատարվածը` նա թվարկեց, թե ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:

1. Ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն` և’ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և’ բարոյահոգեբանական առումներով:

2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի` բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով:

3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է:

4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:

5. Շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:

6. 2014 թվականի հունվարից և’ պետական, և’ մասնավոր հատվածում, աշխատողների աշխատավարձն ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին:

7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ:

Արձանագրելով այս ամենը Աղվան Վարդանյանը վերահաստատեց 3 բան. առաջին` վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը, երկրորդ` կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են, և իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով, երրորդ` ՀՅԴ-ն շարունակելու է սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու է նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով:

Վերջում դիմելով քաղաքական մեծամասնությանը` նա ասաց. «Դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը…»:

Արամ Մանուկյանը չհասցրեց ներկայացնել հանրությունից գաղտնի պահված պայմանագրի տվյալները

Արամ ՄանուկյանԱրամ Մանուկյանն այսօր Աժ հայտարարությունների ժամին որոշել էր տալ պարզաբանումներ գազի գնի վերաբերյալ կնքված 2009-ի պայմանագրից, որ ինքը ստացել էր վաղուց, սակայն հանրությանը այդ պայամնագրի որոշ կետեր մինչ օրս անհայտ էին: Արամ Մանուկյանը, սակայն, չէր հաշվարկել իրեն հատկացված ժամանակը: Երեք րոպեում նա միայն հասցրեց նշել, որ , ըստ այդ պայամանգրի, գազի գինը կարող է փոփոխվել գազի նվազագույն ջերմատվության ցուցանիշի փոփոխության համաձայն: Այնուհետև նա սկսեց մեջբերել թվեր. «2011 թվականի առաջին եռամսյանկին գազի գինը եղել է 180 դոլար, երկրորդ եռամսյակին՝ 180 դոլար, երրորդ եռամսյակին՝  205 դոլար, չորրորդ եռամսյակին՝ 217 դոլար: Ամենահետաքրքիրը 2012 թվականի տվյալներն են. առաջին եռամսյակ՝ 219 դոլար, երկրորդ եռամսյակ՝ 219 դոլար, երրորդ եռամսյակին՝  244 դոլար, չորորդ եռամսյակին՝ 255 դոլար…»: Այս պահին Արամ Մանուկյանի խոսափողն անջատվեց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միայն արձանագրեց. «Ի՞նչ անեմ»:

Հրանտ Բագրատյանը դեմ է խաղատների բիզնեսի հանդեպ խտրական մոտեցմանը

arm135305742678

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում խորհրդարանում ներկայացրեց իր հեղինակած «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խաղատները տեղափոխել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան 7 Մեղրիի շրջան, ինչը սակայն չի վերաբերում օրենքով նախատեսված 40 մլրդ դրամի ներդրումները գերազանցող խաղատներին դա չի վերաբերում:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը սա համարում է կազինոների բիզնեսի խոշորացման, բիզնեսը վերահսկելի դարձնելու քայլ և նկատում, որ եթե կառավարությունը հատուկ մոտեցում է ցուցաբերում խաղատների նկատմամբ, ապա պետք է թողնի փոքրերն էլ աշխատե կա ինչո՞ւ պետք է 40 մլրդ ներդրման դեպքում թույլ տան Երևանում գործել: «Եթե կա սկզբունք, պետք է պահպանվի մինչև վերջ: Կա´մ սա բիզնես է, անկախ նրանից, կազինո է, ինչ է, եթե օրենքով թույլատրված է, չպետք է լինի սելեկցիա կամ էլ բարոյական հիմքեր ենք դնում, որի դեպքում  ընդհանրապես չենք անդրադառնում նման օրենսդրության փոփոխությանը»,- ասաց նա:

Վարդան Այվազյանն էլ կարծում է, որ ոլորտը խոշորացման և «ցիվիլ» դարձնելու խնդիր ունի, բացի այդ, դրանով լուծվում է կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությունը, իսկ փոքր, համասփռված խաղատներին, որտեղ ամեն անկյունում քսան ապարատ է, Այվազյանը դեմ է, ուստի հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:

Վերցնում եք գումար նրանցից, ովքեր երկար տարիներ աշխատել են, իսկ մյուսներին գրեթե ոչինչ չեք տալիս. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր Աժ-ում ներկայացրեց Կենսաթոշակների մասին օրենքում հերթական փոփոխության նախագիծը: Նա իր զեկույցում հստակ նշեց, որ կենսաթոշակները կբարձրանան` ըստ աշխատանքային ստաժի չափի,ընդ որում, որքան մեծ է ստաժը, այնքան քիչ տոկոսով կբարելավվի կենսաթոշակառուի գումարի քանակը: Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին` որքանո՞վ է արդար, որ 80 տարուց ավել աշխատած անձի կենսաթոշակը  չի բարձրանա առհասարակ, իսկ բավական փոքր ստաժ ունեցող անձի աշխատավարձը կբարձրանա, ասենք, 40 տոկոսով: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ այդ 40 տոկոս ասվածն էլ է իրականում չնչին մի բան. «40 տոկո~ս, 40տոկո~ս, բայց ստացվում , որ 20000 թոշակ ստացողի կենսաթոշակը ընդամնեը կդառնա 24000 դրամ, էդ ո՞նց է ստացվում, որ 30000 մարդ, ըստ Ձեր տվյալների,  դուրս կգա աղքատության շեմից: Իրականում Ձեր այս բարեփոխումից երկրում ստեղծված տխուր վիճակը չի պայծառանալու: Ստացվում է, որ դուք վերցնում եք գումար նրանցից, ովքեր երկար տարիներ աշխատել են,  իսկ մյուսներին գրեթե ոչինչ չեք տալիս», – շեշտեց  Նիկոլ Փաշինյանը: Նրա հարցին ի պատասխան պարզվեց, որ 10 տարվա ստաժ ունեցող անձի կենսաթոշակը կավելանա 6200 դրամով: Այդ թիվը հատուկ շեշտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավանբար մտածելով, որ6200 դրամը մարդկանց ծայրահեղ աղքատությունից դուրս բերելու իրական շանս կտա:

Արծվիկ Մինասյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը լուծել հանրաքվեի միջոցով

big_dae1910784a9882d23d494c549d0dece

Խորհրդարանում սկսվեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցն օրակարգ մտցնելու մասին ընդդիմության առաջարկի քննարկումը։ Ընդդիմադիր խմբակցությունների և ԲՀԿ պատգամավորների կողմից այդ հարցըԱԺօրակարգ մտցնելու համար հավաքվել էր 49 ստորագրություն:

Իբրև հիմնական զեկուցող հանդես եկավ Արծվիկ Մինասյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրի բարձրացումը պայմանավորված է մի շարք հիմնավոր փաստարկներով՝ առ այն, որ սոցիալական համերաշխության, իրավական և մի-քանի այլ տեսակետներից հունվարի մեկից կուտակային բաղադրիչի ներդրումը չի համապատասխանում երկրի վիճակին. «Չնայած սրան՝ կառավարությունը անցկացրեց իր որոշումը: Հիմնական պատճառաբանությունն այն էր, որ պարզվեց, թե շատ շուտով ծերության մակարդակը կաճի, դեմոգրաֆիական վիճակը կվատանա: Այսպիսով՝ կառավորությունն ընդունեց, որ անճարակ է փոխելու ստեղծված իրավիճակը և հայտարարեց, թե կուտակային բաղադրիչի ներդրումը կլուծի խնդիրը: Բայց եկեք հասկանանք՝ արդյոք կլուծի՞, թե՞ ոչ: Կարծում ենք, որ այն ոչ միայն չի լուծում առկա խնդիրը, այլև հնարավորություն չի տալիս հետագայում համապատասխան սոցիալական քաղաքականություն վարել: Հնարավո՞ր է մարդուն պարտադրել, որ նա խնայողություն կատարի, եթե նա ստանում է 50000 աշխատավարձ: Սա մարդկայի՞ն մոտեցում է, ակնհայտորեն` ոչ: Արդյունքում մենք կունենանք հերթական ձախողված փորձ ու կխրախուսենք ստվերային տնտեսությունը: Գլոբալ իմաստով մենք դեմ չենք պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, սակայն դա կարելի կլիներ քննարկել, եթե սոված մարդ չլիներ երկրում: Մեր աղքատության պայմաններում սա չի աշխատի: Չի կարելի ընդունել մի բան, որ արտագաղթի նոր ալիքի պատճառ կարող է դառնալ: Հարգելի քաղաքական մեծամասնություն, դիմում ենք Ձեզ, խնդրում ենք Ձեզանից, որ համաձայնեք հետաձգել այս համակարգի ներդրումն առնվազն մեկ տարով, ապա կազմակերպել քննարկումներ ու հանրաքվե», – ասաց Արծվիկ Մինասյանը:

Եկեք թույլ տանք քաղաքացուն՝ որոշի՝ վստահու՞մ է Տիգրան Սարգսյանի բարեփոխումներին, թե՞՝ ոչ. Նաիրա Զոհրաբյան

200613.3_0_0«Ընդհանուր առմամբ ԲՀԿ խմբակցությունը  դեմ չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, բայց եթե այն ներդրվի բացառապես կամավորության սկզբունքով: Մարդն ինքը պետք է որոշի՝ ուզու՞մ է ստանալ այդ բարեկեցիկ ապագան, թե՞ ոչ: Իսկ փաստն այն է, որ այսօր ունենք  արտագաղթի խայտառակ տեմպ, աճող աղքատություն, այնպիսի կառավարություն, որին՝ իր իսկ հարցումներով, բնակչության 70 տոկոսից ավելին չի վստահում: Ուրեմն, եկեք թույլ տանք քաղաքացուն՝ որոշի՝ վստահու՞մ է Տիգրան Սարգսյանի բարեփոխումներին, թե՞ ոչ: Տարիներ առաջ մենք այստեղ որոշեցինք հանրաքվեների մասին օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի հանրության համար կենսական հարցերը որոշվեն հենց այդ ճանապարհով: Եվ ի՞նչ. Մաքսային միության անդամակցելու հարցը կենսական էր՝ հարցրեցի՞նք մարդկանց կարծիքը: Օրենքը փոխել ենք, բայց որևէ հարցի մասին հանրության կարծիք չի հարցվել: Եկեք գոնե այս հարցը դնենք հանրաքվեի և, եթե կստանանք արդյուքն այն մասին, որ մարդիկ ուզում եմ վճարել այդ պարտադիր բաղադրիչը, ապա ես ինքս կպաշտպանանեմ Տիգրան Սարգսյանի  այս հերթական ավանտյուրան», – այս տեքստով այսօր ԱԺ-ում հանդես եկավ ԱԺ ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Տխուր կլիներ, եթե այսքան ծիծաղելի չլիներ…». Նիկոլ Փաշինյան

imagesԽորհրդարանում Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մի քանի միլիոնանոց առանձնատանը: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է` ինքը բարձրացնում է այն հարցը, թե որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդքան փող` նման դղյակ կառուցելու համար: Պատգամավորը կարծում է, որ սառույցն ի վերջո տեղից շարժվում է, քանի որ Իշխան Զաքարյանը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին, որտեղ սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է` նա լիազորագիր ունի ԱՄՆ քաղաքացի Ալբերտ Բոյաջյանից` նրա բանկային հաշիվը բանկում տնօրինելու համար:

Ըստ այդ հարցազրույցի` Բոյաջյանն իր 15 տարվա ընկերն է:

Միաժամանակ մեկ այլ թերթի հարցազրույց է տվել Ալբերտ Բոյաջյանը, որը լրագրողի հարցին, թե արդյոք չի ցանկանում վերադառնալ Հայաստան, պատասխանել է, որ շատ է ուզում, սակայն որոշակի խնդիրներ ունի: Բոյաջյանը, սակայն, նշել է, որ ինքը Հայաստանում հողակտոր է գնել և առանձնատուն է կառուցում Իշխան Զաքարյանի հետ միասին:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատում է, որ փաստրեն Իշխան Զաքարյանը փոխանակ Ալբերտ Բոյաջյանի համար տուն կառուցելու, նրա գումարներով իր համար է տուն կառուցել. «Տխուր կլիներ, եթե այսքան ծիծաղելի չլիներ…»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորը կարծում է, որ այս հարցին պետք է արձագանքի գլխավոր դատախազությունը, որովհետև այստեղ ոչ միայն էթիկայի հանձնաժողովի քննարկման հարց կա, այլ քրեական օրենսգրքի: «Ես դեմ եմ քվեարկելու Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրին` որպես անվստահություն այդ կառույցի և նրա ղեկավարի նկատմամբ»,-ասաց նա:

 

 

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ բերման ենթարկված ակտիվիստները 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն

g_imageԱյսօր առավոտյան ընդդեմ պուտինյան այցի պաստառներ փակցնելու ժամանակ բերման են ենթարկվել մի շարք ակտիվիստներ, ինչը քննարկման առարկա դարձավ խորհրդարանում:

Հարցը նախ բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`ԱԺ նախագահին կոչ անելով գնահատական տալ կատարվածին և հարցը քննարկել խորհրդարանում:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելն ապօրինի է և հորդորեց Հովիկ Աբրահամյանին միջոցներ ձեռնարկել նրանց շուտափույթ ազատ արձակման համար:

Տեղի ունեցածը դատապարտեցին նաև պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, որը դա համարեց քաղաքացիների սահմանադրական իրավունքների զանգվածային խախտում և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Արզումանյանի խոսքով` անկախ նրանից` Հայաստանում է գտնվում Ղազախստանի արտգործնախարարը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում:

Այնուհետև ընդդիմադիր գործիչների կոչին միացավ ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը` նշելով, որ այդ «փոքր հարցը» կարող է ուռճացվել, ինչն ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից, ուստի խնդիրը պետք է կարգավորել:

Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով վերջին ելույթին, ցավով նկատեց, որ ոմանք երևույթը դիտարկում են որպես փոքր հարց:

Պատգամավորների մտահոգությանն ի պատասխան` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն էլ է դատապարտում ցանկացած անօրինություն և տեղեկացրեց, որ խորհրդարանին դիմելու դեպքում իրենք հարցը կքննարկեն:

Ավելի ուշ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ինքը զրուցել է համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ` վստահեցնելով, որ 3 ժամվա ընթացքում ակտիվիստներին ազատ կարձակեն:

 

 

Հանրահավաք` ընդդեմ Պուտինի հայաստանյան այցի. Ուղիղ միացում

YouTube«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանրահավաք և երթ են կազմակերպել ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի Հայաստան: Հետևեք հանրահավաքին Civilnet.am-ի ուղիղ հեռարձակմամբ

Խորհրդարանում կքննարկվի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը

ubZBF9IO5BSByUPr32VNvB9FxeԱզգային ժողովն այսօր սկսեց նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը:

Խորհրդարանում այսօր կքննարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցը։ Այս մասին ԱԺ օրակարգի հաստատման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների և ԲՀԿ պատգամավորների կողմից այդ հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար հավաքվել է 49 ստորագրություն:

“Անկախ”-ի հետ զրույցում ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ քաղաքական կուրսը 2010 թվականից է ընդունված է, և իրենք 3 տարի ժամանակ են տվել հասարակությանը մտածելու, քննարկելու,  խնդիրները առաջ բերելու, կառավարությանը` պատրաստվելու.

«Այդ երեք տարին անցել է, և հանկարծ, երբ որ հունվարի 1-ին պետք է մտնի ուժի մեջ… կարծում եմ` ճիշտ չի, առավել ևս, որ մենք արդեն բանակցություններն  ավարտել ենք և արդեն հստակ ունենք կառավարիչներ, որոնց հետ պետք է ծրագիրն առաջ տանենք»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով` եթե օրենքի կիրառումը հետաձգվի, ապա մեր պետությունը լուրջ չի դիտարկվի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց հետ  աշխատանք է կատարվում:

Պատգամավորի խոսքով` 2009-10 թվականներին օրենքի նախագիծը քննարկվում էր.

«Որտե՞ղ էիք դուք, որտե՞ղ էին էդ պատգամավորները»,-հարցրեց Հակոբյանը Հակոբյանը

Նշենք նաև, որ Ազգային ժողովի դիմաց հավաքված են բազմաթիվ երիտասարդներ, որոնք պահանջում են հարցը ներառել արտահերթ կամ ընթացիկ նիստերի օրակարգ և քննարկել այն` հաշվի առնելով հանրության պահանջները:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստը

ազատ դեմոկրատներԱյսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը սակայն կոպտորերն խախտում է ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը:

Քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը իրականում միտված է Հայաստանի ինքնիշխանության ու սահմանադրական իրավունքի պաշտպանությանը և կրում է խաղաղ բնույթ:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության հակաօրինական գործողությունները և կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և վերջ տալ անհամաչափ միջոցառումներին ու քաղաքական հետապնդումներին:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն