«Թող մասնակցեին և ապացուցեին, որ մենք սխալ ենք, իրենք ճիշտ». Արամ Մանուկյան

imagesՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ նախ լրագրողներին տեղեկացրեց, որ խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստը բոյկոտվել է. «Չորս խմբակցությունները կան, Հանրապետականի տեղը` մաք-մաքուր»,-ասաց նա:

Արամ Մանուկյանի համար որոշումը սպասելի էր, որովհետև կարծում է, որ եթե օրենքն անգամ մեկ տարով հետաձգեին, ապա բյուջեն կքանդվեր, քանի որ այն կառուցված է մարդկանցից զոռով գումար պոկելու վրա:

Պատգամավորը  պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը համարում է մարդու իրավունքնրեի կոպիտ ոտնահարում և ուրախ է, որ դրա դեմ  ստեղծվել է քաղաքացիական նախաձեռնությունն, որի շուրջ կարող է մեծ շարժում սկսվել:

Վարաչպետ Տիգրան Սարգսյանի դիտարկմանը, թե այս օրենքով մարդը 30 տարի հետո ապահով ծերություն է ունենալու, ամենևին էլ համամիտ չէ. «Իսկ եթե ես չեմ ուզում դրանից օգտվե՞լ կամ որոշել եմ Հայաստանից գնա՞լ։ Ո՞վ իրավունք ունի իմ տեղը որոշել` ես ուզում եմ թոշակ ստանալ, թե ոչ կամ ինչքան ստանալ»:

Արամ Մանուկյանի կարծիքով, եթե հանրապետական գործընկերները համաձայնեին իրենց առաջարկությանը` գոնե մեկ տարով  time out վերցնելու առումով, ապա ժողովրդի լարումը չէր սրվի: «Հարկավոր է իշխանությունների խելք սովորեցնել,-ասաց նա,- ի՞նչն էր խանգարում իրենց, թող գային, մասնակցեին և ապացուցեին, որ մենք սխալ ենք, իրենք ճիշտ են»:

Իրենք արդեն պետք է հասկացած լինեին, որ վախի գործոնը մեզնից շատ հեռու հասկացություն է. Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներին հայտնեց, թե կոալիցիոն խմբակցությունները նախապես որոշել էին չտապալել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, քանի որ կարծքում էին, թե ընդդիմությունը ընդամենը առաջարկում է պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը հետաձգել մեկ տարով, սակայն, երբ տեսան, որ խոսքը վերաբերում է բովանդակային քննարկումներին, հասկացան, որ անիմաստ է արդեն քննարկած հարցերը նորից քննարկելը:

Թեև այս պահին ժողովրդի մի ստվար խումբ բողոքի ցույց է իրականացնում հենց միայն այն պատճառով, որ չի հասկանում, թե այդ ինչ 50 տոկոս գանձում է իրեն պարտադրվելու, Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրականում օդում կախված հարցեր չկան. ՛՛Քաղաքական թիմը մեկ տարի իրականացրել է քննարկումներ, և օդում կախված հարցեր պարզապես մնալ չէին կարող՛՛, – հայտարարեց նա և լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ այդ դեպքում իրենք, ինչպես ասում են ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, վախեցան մասնակցել բովանդակային քննարկմանը, պատասխանեց. ՛՛Դե դա էլ կարծիք է՝ թող լինի, բայց իրենք արդեն պետք է հասկացած լինեին, որ վախի գործոնը մեզնից շատ հեռու հասկացություն է՛՛:

Քաղաքական մեծամասնությունը բոյկոտել է արտահերթ նիստը, քանի որ, ըստ երևույթին, չունի որևէ հակափաստարկ. Ստեփան Մարգարյան

ստեփան մարգարյանԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը գտնում է, որ ՛՛քաղաքական մեծամասնությունը բոյկոտել է ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, քանի որ, ըստ երևույթին, չունի որևէ հակափաստարկ՛՛: Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին՝ ընդգծելով, որ ՛՛ծիծաղելի է, երբ նման քայլն անում է մեծամասնությունը՛՛:
Ստեփան Մարգարյանը պարտադիր կուտակային բաղադրիչի անցումը համարում է կոպիտ սխալ մի քանի տեսանկյունից. ՛՛Նախ կառավարությունն ասում է, թե այդ 5 տոկոս կուտակումները թոշակի տեսքով վերադարձվելու են մարդուն, ուստի դա հարկ չէ, բայց չէ՞ որ դեռ պարզ չէ, թե 20-40 տարի հետո ինչ արժեք կունենա այդ գումարը, ինչ ինֆլյացիա կգնա Հայաստանում: Բացի սա, այդ մարդիկ դեռ պետք է ապրեն 40 և ավել տարի, որ ստանան գումարի վերադարձը: Մյուս կողմից բախվում ենք աշխատավարձերի բարձրացմանը. ոչ մի բարձրացում էլ չի լինում, եթե նկատի ենք առնում հենց այս կուտակային բաղադրիչը՛՛, – իր խոսքում նշեց Ստեփան Մարգարյանը՝ շեշտելով, որ աշխատավարձերի բարձրացումն իր մեջ ունի դրական միտում, սակայն հենց այն, որ իրենք, այնուամենայնիվ, դեմ են քվեարկել օրենքին, նշանակում է, որ իրենց խմբակցությունում հստակ տեսնում են՝ սխալներ են առկա օրենքի գործակիցների և մեթոդաբանության մեջ:

Անահիտ Բախշյանն առաջարկում է լսել հաշմանդամների առաջարկները

Անահիտ-ԲախշյանՀաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի  մատչելիությունն ապահովելը: Երևանի զարգացման քառամյա ծրագրում (2014-2017թթ.) ներառված են հաշմանդամներին վերաբերող որոշ դրույթներ:  Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մտահոգ լինելով այդ խնդիրների լուծմամբ, նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետին կից գոյություն ունի հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հանձնաժողով: Առաջարկում եմ հաշմանդամների համար Երևանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երևանի 2014-2017թ.թ. քառամյա զարգացման ծրագրի  իրենց վերաբերող հատվածը  քննարկել այդ հանձնաժողովում և լսել նրանց առաջարկները: Ակնկալում եմ տեղեկանալ այդ հանձնաժողովի մոտակա նիստի մասին՝ առաջարկված օրակարգով:

Շնորհակալություն համագործակցության համար»,-ասած է նամակում:

Կառավարության թիրախը միջին խավի ձևավորումն է

EE58F6C3-73EC-4D0D-868F-6FA611D86A54_mw1024_n_sԱԺ արտահերթ նիստում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումն ավարտվեց` ընդմիջվելով չորս օրով: Պատգամավորները հնարավորություն ունեն 24 ժամվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները:

Արտահերթ նիստի քննարկումն ամփոփվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթով:

Ինչպես նշեց վարչապետը, քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը,  իսկ ներկայացվող առաջարկությունները` ավելի հստակ պատկերացնել, թե ինչ խնդիրներ են այսօր կարևորում պատգամավորները, որոնք են նրանց համար առաջնահերթ, և այս ամենը հնարավորություն է տալիս կառավարությանը ճշգրտել և ուղղումներ մտցնել իրականացվող ծրագրի մեջ:

Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով Հայաստանի հիմնական խնդիրներին` գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում երկրի համար և խոչընդոտում բնականոն զարգացումը, ասաց. «Այն, որ մեր քաղաքական թիմն արձանագրում է այս խնդիրները, դժվարություններ է ստեղծում մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն երևույթներ, որոնք շատ հաճախ լինում են անհիմն և չեն նպաստում երկխոսությանը»:

Նա հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստ է մասնագիտական քննարկումների, պատրաստ է մասնակցել լսումների, ցանկացած հարցի տալ գնահատական` մանրակրկիտ ներկայացնելով տվյալներ, մոտեցումներ: Միաժամանակ կառավարությունը պատրաստ է ընդդիմախոսների հետ բանավիճել, թե արդյոք այն ճանապարհները, որ նրանք են առաջարկում, արդյունավետ են: Կառավարության ղեկավարի համոզմամբ` այդ ձևաչափի մեջ երկխոսությունը օգտակար կլինի նաև հասարակության համար, որովհետև հանրությունը կներքաշվի պոզիտիվ դաշտ: «Իսկ այստեղ անել ամպագոռգոռ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ և անհիմն մեղադրանքներ կառավարության հասցեին, ոչ մի լավ բանի չեն բերի: Դա ճիշտ ճանապարհ չէ: Ավելին, մեր երիտասարդ պետության փորձը ցույց է տվել, որ այդպիսի ռազմավարություն ընտրող ընդիդմախոսները ձախողվում են, իսկ հաջողության հասնում են նրանք, ովքեր ասելիք ունեն, հանդես են գալիս առաջարկներով: Սա այն դասն է, որ մենք բոլորս պետք է քաղենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն ընդունում է քննադատությունները, սակայն գտնում է, որ դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ կառավարության և ընդդիմախոսների պատկերացումները տարբեր են: «Մեր թիրախը հետևյալն է` միջին խավի ձևավորում, որի հիմքի վրա միայն  կարող է ձևավորվել քաղաքացիական հասարակություն, ինչը, ցավոք, ես չնկատեցի ձեր քննադատություններում»:

Վարչապետը կարծում է, որ վերջին տարիներին այս բնագավառում հաջողություն կա: «Հենց մեր ընդիմախոսներն են փաստում, որ մասնավորապես քաղաքացիական հասարակության ձևավորման առումով ունենք լուրջ ձեռքբերումներ: Առաց միջին խավի, առանց քաղաքացիական հասարակության հնարավոր չէ բացահայտել մեր երկրի տնտեսական պոտենցիալը»:

Այդ առումով վարչապետը Ազգային ժողովին առաջարկում է կազմակերպել լսումներ փոքր և միջին բիզնեսի խնդիրների վերաբերյալ, քանի որ համոզված է, որ պետության ապագան պայմանավորված է հենց այս բնագավառում ունեցած հաջողություններով:

Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի առանձնահատկություններին` նա նշեց այն լրջագույն փոփոխությունները, որ տեղի են ունեցել այս բյուջեում. Ներկայացվել է արտահանմանը միտված քաղաքականության համալիր ծրագիր, ինչն արմատական փոփոխություն է մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ: Երկրորդ  լրջագույն փոփոխությունը վարչապետը համարում է սոցիալական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունները: «Սոցիալական պաշտպանվածության ռազմավարությունը, որ իրականացվում էր, արդյունավետ չէր, և մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ փոփոխությունները: Արդեն մի քանի անգամ բոլոր պաշտոնատար անձիք հնարավորություն ունեցան ներկայացնելու դա, բայց հեշտ պոպուլիստական ընկալում կա, թե զբաղվածության նպաստները վերացնում են, որով մեր հանրությունը թյուրիմացության մեջ է ընկնում: Չկա նման բան: Մեք ասում ենք` անարդյունավետ ծրագրերից անցնում ենք արդյունավետ ծրագրերի, շատ ավելի բարդ քաղաքականության, որի նպատակը սոցիալապես անմրցունակ խավերին աշխատատեղով ապահովելն է»,-ասաց Սարգսյանը:

Նա հարցրեց` արդյոք ճի՞շտ է 32,5  տոկոս աղքատություն ունեցող երկրում գործազրկության նպաստ ստանա, ասենք, բանկի կառավարիչը, որը ազատվել է աշխատանքից: «Այժմ մենք անցնում ենք սոցիալապես անմրցունակ խավերին ավելի շատ միջոցներ տրամադրելուն: Այս մոտեցումն ավելի ճիշտ է»,-պարզաբանեց նա:

Բյուջեի հաջորդ առանձնահատկությունը նա համարում է աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը` հիշեցնելով, որ ամեն անգամ ընդդիմությունը կառավարությանը քննադատում էր, որ այդ հարցն ուշացնում է. «238 հազար մարդու աշխատավարձ ենք մենք բարձրացնելու այս ռեֆորմի շնորհիվ»,-նշեց նա:

Բյուջեի մեկ այլ առանձնահատկություն էլ վարչապետը համարում է այն, որ ավելանալու են ծախսերը կրթության և առողջապահության ոլորտում, որտեղ կոռուպցիայի մակարդակը բարձր է:

Սոցիական փաթեթի ներդրումը վարչապետը համարում է հաջողված ծրագիր և նշում, որ դա ընդլայնվելու է:

Ինչ վերաբերում է ապահովագրական փաթեթին, ապա այն արդյունավետ չի եղել, որի պատճառով էլ հրաժարվելու են մասնավոր ընկերությունների ծառայություննրեից, փոխարենը այդ գործառույթն իրականացվելու է պետական գործակալության միջոցով, որի շնորհիվ տնտեսվելու են բավականին լուրջ ֆինանսական միջոցներ:

«Այս տարվա պետբյուջեն լինելու է բավականին ծանր, որովհետև այն ցուցանիշները, որ մենք դրել ենք, շատ համարձակ են, բայց մենք գիտակցաբար գնում ենք դրան: Եվ հաջողություն կունենանք այն դեպքում, եթե լինի համագործակցություն»,-ամփոփեց Տիգրան Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով խորհրդարանին շահարգիռ քննարկումների համար:

«Հասկացե՛ք, ձեր հեռանալու օրերը եկել են». Զարուհի Փոստանջյանը` կառավարությանը

images«Այս կառավարությունը պետք է հեռանա Հայաստանի Հանրապետության իշխանությունից և այլևս որպես գործադիր իշխանություն չպետք է ներկայացնի  Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,-այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը` ասելով, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու:

Նրա խոսքով` ներկայացված նախագիծը ոչ թե պետական բյուջ է, այլ որոշ անձանց շահերի բաշխում: «Հարյուր հազարը հատած արտագաղթի պայմաններում ումի՞ց պետք է հավաքագրեք այդ եկամուտները, որ ծախսեք: Ակնհայտ է, որ ձեզ չի հաջողվելու, հետևաբար ինչքան շուտ հեռանաք, այնքան կօգնեք մեր ժողովրդին»,-ասաց նա:

Մաքսային միությանը միանալու հետևանքով մաքսային դրույքաչափերի բարձրացումը, ըստ պատգամավորի, հաշվարկված չէ բյուջեի նախագծում: Բացի ֆինանսական տեսանկյունից, սակայն Փոստանջյանը հիշեցրեց, որ Մաքսային Միությանն անդամակցելը նշանակում է անդամակցել որոշակի արժեհամակարգի` Ռուսաստանին, Բելառուսիային, Ղազախստանին, որոնց հասարակությունները խեղդվում են կոռուպցիայի մեջ: «Ավտորիտար ռեժիմի խորհրդանիշ Լուկաշենկոյի հետ ցանկանանում եք ավելի խեղդել մեր երկրի որոշ ժողովրդական պրոցեսներ: Եվ եթե մենք ձեզ չհեռացնենք, դեռ մեզ ինչե˜ր են սպասվում, շատ հետաքրքի օրեր»:

Փոստանջյանը այս բյուջեն համարում է աղքատների բյուջե, քանի որ թոշակն ու աշխատավարձը շարունակելու են մնալ նվաստացուցիչ, իսկ չնչին բարձրացումների հետ արձանագրված գնաճը, նրա կարծիքով, ավելի է խորանալու Մաքսային Միությանն անդամակցելու դեպքում: «Այս բյուջեով ՀՀ բազմաթիվ համայնքերի ֆինանսավորումը կրճատվելու է, ավելանալու է նոր հարկատեսակ` կուտակային հիմնադրամների փոխանցումով: Տնտեսության ստվերային մասը շարունակելուէ մնալ նույն չափաբաժնով: Իսկ Ձեր կողմից սպասված դոնորների կոնֆերանսը, որ պետք է հրավիրվեր, դա էլ ձախողեցիք, հետևաբար այդ գումարները նույնպես չեն մուտքագրվելու մեր բյուջե»:

Վերջում Փոստանջյանը հորդորեց. «Հասկացե՛ք, ձեր հեռանալու օրերը եկել են»:

 

Խոսրով Հարությունյանը հավատում է կառավարության պրոֆեսիոնալիզմին

arm1326796386712014 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումներն այսօր խորհրդարանում կշարունակվեն նաև արտահերթ նիստում: Իսկ մինչ այդ 2014-ի պետբյուջեի քննարկումն ավարտվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի` կառավարության, ՀՀԿ-ի և նախագծի  վերաբերյալ բավականին ջերմ ելույթով:

Թվարկելով երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները` գործազրկություն, աղքատություն և արտագաղթ,  պատգամավորը նշեց, որ սրանք այն հիմնական թիրախներն ու գերակայություններն են, որոնց պետք է միտված լինի ցանկացած կառավարության ուղղությունը: «Արդյոք այս փաստաթուղթն իր առջև դրե՞լ է այդ հիմնական թիրախները, արդյոք այս փաստաթութղը հնարավորություն տալիս՞ է այդ թիրախների նկատմամբ նպատակադրված քաղաքականություն իրականացնել,-հարց բարձրացրեց Խոսրով Հարությունյանը` ինքն էլ իր հարցին պատասխանելով,-աներկբա` այո»:

Նրա խոսքով` բյուջեում ամրագրված աշխատավարձերի բարձրացումը սպառնալիքները մեղմելու երաշխիքներից մեկն է: Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ քննադատություններին, ապա հանրապետական պատգամավորը դրական օրինակներ է առաջ բերում. արդեն երրորդ տարին է` ունենք արտահանման դինամիկա ներմուծման նկատմամբ, ունենք արդյունաբերության ոլորտում լուրջ տեղաշարժ: «Դրական է, բայց անկասկած` ոչ բավարար,-ասաց Խոսրով Հարությունյանը` միաժամանակ նշելով, որ անիմաստ է և ոչ կոռեկտ քննադատել կառավարությանը, թե այդ ուղղությամբ սխալ է եղել»:

Պատգամավորը վստահ է, որ այն կուրսը, որ որդեգրել է կառավարությունը, արդարացված է, ակայն կառավարության գործունեությունն անշուշտ անթերի չէ: Թերություններ կան, օրինակ` ներդրումների նվազումը: Հարությունյանը կարծում է, որ մեր տնտեսկան միջավայրն ավելի գրավիչ դարձնելու գործիքներ կան, որ պետք է կիրառվեն, այդ առումով ռեսուրսները բավարար չեն օգտագործվում, և կառավարությունը բավականին պատասխանատու պետք է վերաբերի այս ամբիոնից հնճող բոլոր քաղաքական հարցադրումներին:

Այնուամենայնիվ, նա կարող է վստահ հայտարարել, որ կառավարության պրոֆեսիոնալիզմը բավարար է, իսկ քաղաքական մեծամասնությունը` պատրաստակամ ստանձնելու պատասխանատվություն և դա առաջ տանելու:

Արամ Մանուկյանը` իշխանության կոռումպացված և փողասեր բնույթի մասին

g_image10ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ գործող իշխանությունն այս փաստաթղթով հերթական անգամ հաստատում է իր անկարողությունը երկրում աղքատությունը վերացնելու, տնտեսությունը կարգավորելու հարցում: Պատգամավորը կարծում է, որ բյուջեն իր մեջ մեծ ռիսկեր է և հարցեր է պարունակում, որոնց պատասխանները չկան: «Օրինակ, նախագծում նշված է, որ հարկային մուտքերը կախված են տնտեսական աճից: Բայց ի՞նչ հիմքեր կան տնտեսական աճի համար, հայտնի չէ»:

Նա համոզված է, որ անգամ այս համեստ բյուջեն չի կատարվելու, քանի որ առկա են մի շարք մարտահրավերներ` արտագաղթ, կոռուպցիա, ներդրումների խիստ նվազում, ներկրումների բարձր, արտահանման ցածր տոկոսներ, էլեկտրաէներգիայի և գազի գնի բարձրացում և այլն:

Խոսելով արտագաղթի մասին` պատգամավորը մեջբերեց 125 000 արտագաղթյալների պաշտոնական թիվը: Նաև ներկայացրեց ԱՄՆ դեսպանատան կողմից ստացված տվյալները, ըստ որի տարեցտարի Գրին քարտի դիմումատուների թիվն ավելանում է, և որ անցյալ տարվա տվյալներով դիմումատուների թիվը եղել է հարյուր հազար, մինչդեռ յուրաքանչյուր գնացող մարդկային ռեսուրս է, որի կորուստը տնտեսության համար լրջագույն մարտահրավեր է:

Խոսելով ներդրումների մասին` պատգամավորը հիշեցրեց, որ կառավարությունը ժամանակին տարեկան տվազագույնը տասը տոկոս ներդրումների աճ էր խոստացել, իսկ այսօր արձանագրում է, որ 60 տոկոսով նվազել են ներդրումները: “Այս թիվը դուք եք ասում, ոչ թե ընդդիմությունը: Սա վկայում է, որ Հայաստանը որպես վստահելի գործընկեր չի դիտարկում: Անգամ ներքին ներդրողը չի վստահում”:

Մանուկյանը մեջբերեց նաև միջազգային տվյալներ ՀԱյաստանի մասին` նշելով, որ դրանցից մեկի համաձայն, Հայաստանի տնտեսությունը վատագույն տասնյակի մեջ է, իսկ ներքին մրցակցության բացակայության առումով 133-րդը` 155-ի մեջ, ինչը վկայում է մենաշնորհի բարձր մակարդակի մասին:

Նա բաց չթողեց նաև հարկերի հավաքագրման գործընթացը` դա էլ որակելով անարդյունավետ և նշելով, որ այս մեթոդներով և իրավիճակում հնարավոր չէ բյուջե լցնել:

“Ձեզ փրկում են տրանսֆերները: Բոլոր ձեր փող հավաքելու միջոցներն անարդարացի են, ձեր կոռումպացված և փողասեր բնույթը չի կարող առաջընթաց ապահովել էս երկրում”,-ամփոփեց Արամ Մանուկյանը:

 

Հայաստանի Կոմկուսի ղեկավարը հրաժարական է տվել

Ռուբեն ԹովմասյանՀայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի նիստում հրաժարական է տվել:

NEWS.am-ի թղթակցին Կոմունիստական կուսակցությունից հայտնել են, որ մինչեւ նոյեմբերի 23-ին նշանակված պլենումը կուսակցության ղեկավարի պարտականությունները կկատարի  Կենտկոմի  երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Ռուբեն Թովմասյանը փետրվարին կդառնա 77 տարեկան: Նրա հրաժարականի պատճառների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում:

«Բյուջեն թոփալ է, ո՞ւր են եկամուտները». Հրանտ Բագրատյանը տարակուսած է

Hrant-Bagratyan-e1352712024254Ազգային ժողովում տեղի են ունենում «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ամփոփիչ քննարկումները:

Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական դիրքորոշումը, պատասխանում է պատգամավորների հարցերին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարակից զեկուցողի հետաքրքրվեց. «Ո՞ւր են բյուջեի եկամուտները»:

Բագրատյանը նախագծում բյուջեի եկամուտների մասով ընդամենը վեց տող է նկատել, այնինչ, Սահմանադրությունն ասում է, որ բյուջեի եկամուտները պետք է հաստատել, բայց եթե չկան, ի՞նչը պետք է հաստատել: «959 էջի մեջ, եթե այլ տող կա եկամուտների մասին, ասեք, իմանամ: Դուք մեղավոր եք սրանում, բյուջեն թոփալ է, միայն ծախսերն են ներկայացված»,-ասաց Բագրատյանը:

Գագիկ Մինասյան պատասխանեց, որ բյուջեի եկամուտների մասով քննարկումներ են եղել նախնական համատեղ նիստերում, և եթե այդ քննարկումներին Բագրատյանը մասնակցած լիներ, ապա այդ հարցերի վերաբերյալ հանգամանալի տեղեկություններ կստանար:

«Ես որևէ պրոբլեմ այդ նախագծում չեմ գտել: Եթե դուք գտնում եք, որ կան խնդիրներ, ես պատրաստ եմ ձեզ հետ դրանք քննարկել՝ հրավիրելով նաև բյուջեի կառուցվածքը մշակողներին»,-ասաց Մինասյանը:

Իսկ եթե Շա՞նթը չլիներ…

nstacucarar-aktivistnerՆոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կազմակերպած «հեղափոխությունը», որքան էլ շատերի համար անհասկանալի ու անբացատրելի էր, նույնքան էլ բնական իրողություն էր, որ մի վատ միտումի մասին է ահազանգում:

ՀՀ քաղաքական ղեկավարությունը վերջին շրջանում` համապետական ընտրություններից հետո, չափից ավելի սկսեց ընդգծել ընդդիմության «անաշխատունակությունը»:

 Ընդունենք, թե ոչ, ուզենք, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ քաղաքական պայքարում քաղաքական մեծամասնությանը հաջողվեց հաղթել ու չեզոքացնել ընդդիմությանը: Եվ ընդդիմությունն այժմ, բացի հատուկենտ հուսահատ ճիչերից, որևէ լուրջ գործընթաց չի նախաձեռնում: Բայց դրանից հետո իշխանություններն իրենց դրեցին բարդ իրավիճակում:

Խոսքը հասարակական ակտիվության բարձրացման մասին է: Առհասարակ բնության մեջ ու կյանքում ամեն ինչ  միտված է հավասարակշռության մեջ, այդ թվում նաև քաղաքական գործընթացները: Գաղտնիք չէ` աշխարհում չկա գոնե մի երկիր, որի իշխանությունները բավարարեն տվյալ երկրի բոլոր քաղաքացիների պահանջները: Բացառված է: Ու եթե կան դժգոհներ, պետք է  նրանց տեսակետներն էլ հնչեն, ներկայացվեն: Այսինքն` քաղաքական գործընթացներում պետք է լինի իշխանությունների ներկայացրած ծրագրերի, քաղաքականության, գործընթացների նկատմամբ հակառակ տրամադրված ուժ կամ սուբյեկտներ, որոնք կներկայացնեն հակառակ տեսակետը:

Հայաստանում ընդդիմությունը խաղից, ճիշտ է, դուրս եկավ, բայց միամտություն կլինի կարծել, որ իշխանությունների համար եկել են «ոսկե ժամանակներ»: Սովորաբար, երբ ընդդիմությունը սկսում է իր դերը չկատարել, ակտիվանում են հասարակական շարժումները: Հայաստանը ևս բացառություն չէ, ինչպես տեսանք: Եվ իշխանություններն այս առումով մտածելու շատ բան ունեն: Հասարակական շարժումները կարող են առաջանալ ամենաչնչին մանրուքից, բորբոքվել, զարգանալ ու դառնալ լուրջ «գլխացավանք»:

Իսկ Հայաստանում իրադրությունն առավել քան  բարենպաստ է: Նախ` միայն պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանում ապրում է մոտ 1 մլն 400 հազար աղքատ: Այս մարդիկ, բնականաբար, դժգոհ են իշխանություններից: Այս պայմաններում իշխանություններն էլ իրենց քայլերով կարծես պարարտ հող են ստեղծում հասարակական ընդվզումների համար:

Նայենք վերջին շրջանի իրադարձություններին. կառավարությունը որոշեց, որ ինչ-որ  պահից սկսած` Հայաստանում պետք է տեղադրվեն արագաչափ ու տեսադիտման համակարգեր: Այդ համակարգերը պետք է տեղադրի, խախտումների համար վարորդներին տուգանի ինչ-որ մասնավոր ընկերություն,  և այդ տուգանքներից հավաքված միջոցների 70 տոկոսը պետք է հոսի նրա գրպանը: Հիմա մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տուգանելու իրավասությունը բացառապես պատկանում է երկրի իշխանության համապատասխան ճյուղերին և ոչ մի դեպքում չի կարող կիրառվել մասնավորի կողմից: Հարցն այն է, որ հազարավոր վարորդներ դժգոհ են այս որոշումից, բայց ոչ ոք այդ դժգոհությունը բանի տեղ չի դնում:

Կամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին սպանեց մարդու, վիրավորեց բանակի սպայի, բայց վերջում «պարզվեց», որ մեղավորը սպանվողն ու տուժողն են, իսկ Խաչատրյանի որդին ազատ արձակվեց: Սա, բացի հասարակական դժգոհության ալիք բարձրացնելուց, բնականաբար, մարդկանց մեջ առաջացնում է անապահովության զգացում, քանի որ ոչ ոք վստահ չի կարող ասել, որ իրեն չի սպանի մեկ այլ իշխանավորի որդի ու  չի շրջի ազատության մեջ: Դրանով խաթարվում է նաև վստահությունը արդարադատության նկատմամբ: Իսկ երբ դրանից հետո հայտնի դերասանին, որն ուղղակի դժբախտ պատահարի կիզակետում է հայտնվել, որի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել, ուզում են ազատազրկել` հիմնավորելով, թե ամեն դեպքում` մարդ է մահացել:

Մի օր էլ քաղաքապետարանը որոշեց, որ պետք է ամբողջ քաղաքում հանրային սեփականություն հանդիսացող փողոցները պատվեն կարմիր գծանշումներով` վերածվելով ավտոկայանատեղերի, և դա պետք է իրականացնի էլի մի ընկերություն, և ստացված ամբողջ միջոցները դարձյալ պետք է հոսեն մասնավոր ընկերության գրպանը: Սա ևս դժգոհություն առաջացրեց, որը, սակայն, սուր դրսևորումներ չունեցավ:

Հիմա «եփվում է» Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» վերակառուցման հարցը, որը ինչպես գիտենք, Աժ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քանդեց ու իր ուզած ձևով վերափոխեց: Շինությունը համարվում է մշակութային հուշարձան, որի  հետ կապված յուրաքանչյուր գործողություն պետք է համապատասխան ընթացակարգերով իրականացվեր: Թե՛ համապատասխան պետական կառույցը` մշակույթի նախարարությունը, թե՛ համապատասխան մարմինները արձանագրեցին, որ այդ շինարարությունն ու ձևափոխումն անթույլատրելի են, ապօրինի, բայց դա չխանգարեց, ու Սամվել Ալեքսանյանը հասներ իր ուզածին: Նա  շատ համոզիչ ապացուցեց, որ Հայաստանում  կան անձինք, որոնք վեր են թե՛ օրենքից, թե՛ պետությունից: Սա ևս մի կաթիլ էր հասարակության համբերության բաժակում:

Դա էլ քիչ էր, մեր կառավարությունը որոշեց, նախաձեռնեց ու իրագործեց նոր ՀԴՄ-ներ ներդնելու ծրագիրը, սահմանեց պետական մենաշնորհ, սկզբում այդ ՀԴՄ-ների համար սահմանեց մոտ հազար դոլար գին, որը գերազանցում էր սարքերի ինքնարժեքը: Եվ այն մարդիկ, որոնք պետք է այդ ՀԴՄ-ներից ունենան, եթե մինչ այդ չէին էլ հարում, ապա հիմա համալրեցին դժգոհների շարքերը: Իսկ նրանք, ինչպես հասկանում ենք, այս երկրի տնտեսապես ակտիվ հատվածն են ` տարբեր չափի ու տրամաչափի գործարարների ու ձեռնարկատերերի բանակը:

Այս ամենին զուգընթաց` ծավալվում են բողոքի ցույցեր մարդկանց ունեցվածքը հանրային գերակա շահ հռչակելու և քանդելու, նրանց անտուն ու անտեր թողնելու, տարբեր բակերում ու փողոցներում անհասկանալի շինարարություններ սկսելու գործընթացները, ինչպես, օրինակ` Կոմիտաս 5, Սայաթ-Նովա 10 և 12 հասցեներում: Այսինքն` մարդիկ արդեն դուրս են եկել պաշտպանելու իրենց բակը, տարածքը, երեխայի խաղահրապարակը, տունն ու ունեցվածքը:

Դեռ չենք նշում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացման փորձերը, որոնք եղան ու դեռ հաստատ կլինեն, գազի, էլեկտրաէներգիայի թանկացումները և այլն: Մնացած փոքր ու մեծ իրադարձությունների մասին չենք էլ խոսում, մանավանդ չենք խոսում այն մասին, որ մի ամբողջ երկրի ապագան վճռեց մեկ մարդ, մի գիշերում:

Ամենացավալին այն է, որ ոստիկաններն էլ միշտ նման իրադրություններում «կենդանի պատով» ապահովում են հերթական անարդարության, օրենքի խախտման կամ կամայականության ազատ ու անկաշկանդ իրականացումը:

Մի խոսքով, ամեն մի թեկուզ փոքր առիթ մարդկանց արդեն փողոց է հանում ու պայքարի մղում իրենց տարրական իրավունքների, արժանապատվության, կյանքի ու գույքի համար: Եվ այսպիսի պայմաններում ամենևին էլ պատահական չէ, որ Շանթ Հարությունյանը կարողացավ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում բախումնային իրավիճակ ստեղծել,  հետևորդներ ունենալ և որակվել որպես քաղբանտարկյալ:

Այսպիսի իրադրություններում, երբ մարդկանց մի փոքր խմբի կողմից անընդհատ ոտնահարվում են մեծամասնության իրավունքները, արժանապատվությունը, երբ անգամ բողոքի ակցիաների են դուրս գալիս երկիր ու հայրենիք պաշտպանած ազատամարտիկները, ավելի վատ բաներ էլ են լինում: Միշտ գտնվում է մեկը, որ դիմում է ամենածայրահեղ քայլի: 1999 թ. հոկտեմբերի 27-ն էլ ձեզ օրինակ: Այն ժամանակ էլ նույն իրավիճակն էր` որոշ տարբերություններով, իհարկե:

Եվ կարևոր չէ` Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ, ինչպես պնդում են ոմանք: Անշուտ, իրավացի են այն մարդիկ, որոնք նշում են, որ եթե անգամ հոգեկան խնդիրներ ունեցողներն են կարողանում այդպիսի վիճակ ստեղծել, իշխանությունները փառք պետք է տան Աստծուն, որ մի այլ ավելի ծանրակշիռ, հանրահայտ ու վստահելի լիդեր չի դիմում վճռական քայլերի:

Արամ Մանուկյանը ցանկություն ունի մասնավոր հարկային տեսչություն ստեղծել, կառավարությանն էլ հորդորում է ընդառաջել

anc-Aram-ManukyanԽորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ տասքու վարորդների կողմից վերջին շրջանում բողոքի նոր ալիքի բարձրացմանը. «Բողոքները շատանում են, և սա ըմբոստության է վերածվելու, որովհետև բեռը, որի մասին իրենք խոսում են, գնալով ավելանում է»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը պարզաբանեց, որ խնդիրը վերաբերում է վերջին 4 տարիների ընթացքում չորս նոր ֆինանսական բեռի ավելացմանը` ԱՊՊԱ, արագաչափեր, խաչմերուկները նկարահանող սարքեր: Եթե պատգամավորն այդ ամենին գումարում է նաև վարորդների մյուս հազար ու  մի ծախսերը, ապա ստացվում է, որ նրանց բեռը նվազագույնը 150 հազար դրամով ավելանում է, իսկ տաքսու վարորդները, ինչպես գիտենք,  հիմնականում աղքատ խավի ներկայացուցիչներ են:

Եթե կառավարությունն ու քաղաքապետարանը հսկայական արտոնություններ են կարողանում տալ մասնավոր ընկերություններին, որոնք հսկայական գումարներ են աշխատում բյուջեի այս սուղ պայմաններում, ապա ինչո՞ւ հանդես չգալ առաջարկությամբ` նաև մասնավոր հարկային տեսչություն ստեղծելու վերաբերյալ: Արամ Մանուկյանն աառաջին քայլն անում է և վստահեցնում է, որ ինքը կառաջարկի ոչ թե 30 տոկոսը պետբյուջե, 70-ը` ընկերությանը հարաբերակցություն, այլ 80 տոկոսը` պետբյուջե: Նա իր առաջարկը աբսուրդ չի համարում, ավելին. գիտի օրինակներ, որ աշխարհի տարբեր երկրներում, երբ ոլորտում խառնաշփոթ վիճակներ են առաջացել, նման առաջարկներ եղել են, անգամ եղել են դեպքեր, երբ գողական և հանցագործ աշխարհն է այս հարցը կարգավորել. «Հիմա էլ է համարյա էդպես կարգավորվում, և ես ամենևին ազնիվ չեմ համարում էն մարդկանց, որ 9 ամսում հետ բերեցին իրենց գումարները և  գերշահույթ են ստանում միլիարդավոր դրամներով»,-ասաց Մանուկյանը` խոստանալով իր առաջարկն ընդունելու դեպքում կրկնակի անգամ ավելացնել բյուջեի մուտքերը և 7 անգամ պակասացնել իր շահույթը` ի տարբերություն այն երկու մասնավոր կառույցների, որոնց հետ այժմ պետությունն աշխատում է:

Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն Արամ Մանուկյանի առաջարկում հետաքրքիր բաներ տեսնելով` առաջարկեց վերջինիս օրենքի նախագիծ պատրաստել` իհարկե ոչ լուրջ:

Ինչ վերաբերում է տաքսու վարորդների բողոքին, ապա Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ է մտնելու խորհրդարան, որը շատ հարցեր իր տեղը կդնի:

Եթե Բեգլարյան Գագիկը ուզենար մոնոպոլիա ստեղծել, այսքան չէր պարզեցնի տաքսու ոլորտը

загруженноеԶարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամին  հարց հղեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին` խնդրելով պատասխանել, թե այդ ի՞նչ մոնոպոլիա է պատրաստվում նա ստեղծել տաքսու ոլորտում, քանի որ պատգամավորը նկատել է, որ “Տաքսու ոլորտը վերածվել է գրդոնի”:

Գագիկ Բեգլարյանը իրոնիայով ընդունեց պատգամավորի հարցը. “Եթե Բեգլարյան Գագիկն ուզենար մոնոպոլիա ստեղծել, այսքան չէր պարզեցնի տաքսու ոլորտը, պարզեցնելով մոնոպոլիա չեն սարքում, այդպես չի լինում: Դա հասկանալու համար սովորական տրամաբանություն է պետք ունենալ: Եթե մեկ անգամ նստեք տաքսի, ինքներդ էլ կհասկանաք Ձեր ասածի տարօրինակությունը”:

Իրոնիայով պատասխանը լուրջ ընդունեց Զարուհի Փոստանջյանը.  “Հենց այսօր եմ նստել տաքսի, և բոլոր տաքսու վարորդների մոտ էլ կա տեսակետ, թե դուք ունեք միայն մեկ  նպատակ, որ ոլորտը մոնոպոլիզացվի”:

Գագիկ Բեգլարյանը, օգտվելով առիթից, որ պատգամավորը երկրորդ արձագանքի իրավունք չունի, պատասխանեց. “Հիմա ես բացատրեցի, և դուք հասկացաք չէ՞, որ այդ տաքսիստները սխալ գիտեն: Ինձ թվում է, որ դուք, որպես պատգամավոր, հաջորդ անգամ նման տաքսիստի հանդիպելիս պետք է համոզեք նրան հակառակում, որի համար շատ շնորհակալ եմ”:

Ինչու՞ է ՀԴՄ-ների ոլորտում ստեղծվել նման մոնոպոլիա. Լևոն Զուրաբյան

Լևոն ԶուրաբյանԼևոն Զուրաբյանը այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին կրկին հարց հղեց ՀԴՄ-ների վիճահարույց խնդրի մասին. “ՀԴՄ-ի նոր բազմաֆունկցիոնալ մոդելը վեց ամսվա ընթացքում պետք է ձեռք բերեն բոլորը: Այն ձեռներեցները, ովքեր փորձել են ձեռք բերել սարքը հենց արտադրողից, պարզել են, որ տվյալ ընկերություն սարքի հիշյալ սերիայից արտադրել է Հայաստանի մի առեղծվածային ընկերության էքսկլյուզիվ պատվերով և այժմ կոնկրետ մոդելից որևէ այլ մեկը ձեռք բերել չի կարող: Ակնհայտ է նաև, որ այլ մոդելի, բայց այդ սարքի բոլոր ֆունկցիաները կատարող նման ՀԴՄ կարելի է գնել Չինաստանից  30 դոլարով: Ինչու՞ է այս ոլորտում ստեղծվել նման մոնոպոլիա: Սա ակնհայտ կոռուպցիոն գործարք է, որ ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունը փորձում է հարստացնել որոշ առանձին ձեռներեցների”:

Դավիթ Սարգսյանը շեշտեց, որ որևէ առեղծվածային ընկերություն չկա, այդ պատվերը հղել է պետական հիմնարկ: Նա լրջորեն արձանագրեց, որ որևէ սահմանափակում չկա. “Եթե հնարավոր է ձեռք բերել ավելի էժան սարք, որևէ մեկը սահմանափակում չի կարող սահմանել”:

Փաստաթղթում առկա են այնպիսի տվյալներ, որ տպավորություն է, թե դրա հրապարակումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տար. Արծվիկ Մինասյան

մինասյանՊատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին հարց հղեց վարչապետին. “Կառավարության պատվիրած վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքներից ակնհայտ է, որ ժողովրդի զգալի մասը բացասական է վերաբերում մի շարք ոլորտների բարեփոխումների, առանձին գործիչների: Հարցվածների 60 տոկոսից ավելին բազմաթիվ հարցերի մասին բացասական դիրքորոշում ունեն, նախագահի գործունեության մասին` բացասական, կառավարության գործունեության մասին` բացասական: Այդքանց հետո ակնհայտ է, որ ստրատեգիական փոփոխությունների կարիք կա: Ի՞նչ հետևություն եք արել:  Փաստաթղթում առկա են այնպիսի տվյալներ, որ տպավորություն է, թե դրա հրապարակումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տար”:

Վարչապետ  Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց` ասելով, որ պատգամավորն աղավաղում է փաստաթղթի նշանակությունը. “Սա մեր հրապարակային գործիքն է, որ հնարավորություն է տալիս մշակել ծրագրեր ու կատարել շտկումներ: Սա միջազգային մեթոդաբանությամբ իրականացվող հարցում է, և դուք աղավաղում եք դրա նշանակությունը: Դժվար է գտնել անցումային մի երկիր, որտեղ չլինեն նման նեգատիվ գնահատականներ: Մենք համեմատում ենք նաև հարևան երկրների հետ, և նման գնահատականներն օրինաչափ են”:

ԶԼՄ-ներրը սխալ էին հասկացել նախագահի հայտարարությունը և մեկնաբանել էին այն իբրև Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջ. Հրայր Թովմասյան

հրայր-թովմասյանԹևան Պողոսյանը այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ի՞նչ նորություններ կան Վարդան Պետրոսյանի հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցի հետագա զարգացումներից:

Հրայր Թովմասյանը նախ անդրադարձավ ԶԼՄ-ներում տեղ գտած խեղաթյուրումներին. “Ցավոք, ԶԼՄ-ներրը սխալ էին հասկացել նախագահի հայտարարությունը և մեկնաբանել էին այն իբրև Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջ: Իրականում հայտարարության սկզբում նշված էր, որ նախագահի լիազորություններից դուրս է համապատասխան մարմնին ցուցումներ տալը, իսկ երկրորդ մասում, ըստ էության, նախագահը բարձրաձայնում էր առկա խնդիրների մասին, հենց դա էլ վերագրել ու մեկնաբանել էին իբրև ցուցում, մինչդեռ ցուցում իրականում չէր եղել”:
Հրայր Թովմասյանը նաև շեշտեց, որ ստորագրությամբ բաց թողնելը կամ այլ` կալանքին փոխարինող միջոցները իրավունքների սահմանափակման տեսանկյունից նվազ հնարավորություններ են տալիս:

Պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

 Խաչիկ Հարությունյան
Ինչպես տեղեկացնում է Hetq.am կայքը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին` պատճառաբանելով, որ անցնում է այլ աշխատանքի:
Այդ մասին այսօրվա ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե առաջիկայում ինչ պաշտոն է զբաղեցնելու Խաչիկ Հարությունյանը, առայժմ պարզ չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չընդունվեց. քվերակությանը մասնակցեց ընդամենը 11 պատգամավոր

photo.php_4

Խորհրդարանում քվեարկության դրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհ Փոստանջյանի կողմի ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Մինչ քվեարկությունը ելույթի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, սակայն Հովիկ աբրահամյանը նրան նախապես զգուշացրեց, որ եթե խոսի ոչ թե վարման կարգի վերաբերյալ, այլ նախագծի բովանդակությունից, ապա խոսափողը կանջատի:

Երբ Փոստանջյանը ելույթը սկսեց նախօրեին խորհրդարանում օրինագծի շուրջ ծավալված քննարկումից, և հայտարարեց, որ բանակցային գործընթացը ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե խաթարված է, նրա խոսափողն անջատվեց:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս հարցի քննարկմանը ոչ թե նրա համար, որ դեմ են գործընթացին (նա հիշեցրեց, որ իրենք քաղաքական դաշտ ենք եկել հենց Ղարաբաղի հարցով), այլ որովհետև դրանով իրենց տհաճությունն են ցուցաբերում քվեարկության նկատմամբ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ ԲՀԿ-ի համար Արցախի հարցը լրջագույն խնդիր է և չի կարող դառնալ քաղաքական խաղերի մանրադրամ:

ՀԱԿ տեսակետը ներկայացրեց Լևոն Զուրաբյան` նշելով, որ իրենք էլ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ վաղաժամ են համարում հարցը խորհրդարանում քննարկելն ու քվեարկելը:

Խոսել ցանկացավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտը Բագրատյանը, սակայն մի քանի բառ ասելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ անջատեն նրա խոսափողը. Բագրատյանն ինչ որ տնտեսական հաշվարկներ էր ուզում ներկայացնել…

«Ժառանգություն» խմբակցության անդամ, բայց «Ժառանգություն»-ը չներկայացնող Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ԼՂՀ հիմնախնդիրն ամենազգայուն փուլում է, և այսօր այն խորհրդարանում քննարկման առաջկա դարձնելը ճիշտ չէ, ուստի նա նույնպես չմասնակցեց քվեարկությանը:

Խմբակցության տեսակետները չկիսող «Ժառանգության» մեկ այլ անդամ` Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարեց, որ քվեարկելու է ձեռնպահ` չնայած որ երեկ հայտարարել էր քվեարկությանը չմասնակցելու մասին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես ասաց, որ չի մասնակցելու քվեարկությանը, որպեսզի վտանգի տակ չդնի սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը:

Արդյունքում օրինագծի քվեարկությանը դահլիճում ներկա 109 պատգամավորներից մասնակցեց ընդամենը 11-ը, որից տասը կողմ արտահայտվեց օրինագծին, իսկ մեկը` ձեռնպահ:

ԼՂՀ հարցի անվանարկումով էժանագին շոուներ սարքելը ուղղակի անթույլատրելի արկածախնդրություն է. Նաիրա Զոհրաբյան

նաիրա զոհրաբյան «Այս ամբիոնը հայրենասիրության մրցավազքի հարթակ չէ: Պատգամավորներս շատ հարցերի շուրջ տարաձայնություններ ունենք, բայց մի հարցում, փառք աստծո, միակամ ենք: Դա ԼՂՀ հարցն է: Դա այն հարցն է, որի անվանարկումով  էժանագին շոուներ սարքելը, քաղաքական  դիվիդենտներ շահելն ու մի խումբ մարդկանց մոտ հերոս կարգվելը ուղղակի անթույլատրելի արկածախնդրություն է: Այդ արկածախնդրության արդյուքնում մենք անվերադարձ կկորցնենք միջազգային հանրությանը` որպես մեր դաշնակից», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ անունից իր ելույթում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Էդուարդ ՇարմազանովՀարգելի խորհրդարան,

Հարկ է նշել, որ վերջին շրջանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր: Մինսկում նախագահների հայտնի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական հայտարարությունը դրվել է գործնական ռելսերի վրա: Մասնավորապես, հայտարարվեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամացությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:
Ավելին` ինչպես նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ԼՂ հիմնախնդիրը չի բարդացնի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, իսկ Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա:

Հարգելի խորհրդարան,
Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները ստիպել են մեր որոշ “հարեւաններին” հանդես գալ հին ու նոր նախաձեռնություններով:
Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ առաջիկա տարիներին հնարավոր է հայ-թուրքական սահմանի վերաբացումը, եթե հայկական ուժերը դուրս գան ազատագրված տարածքներից:
Կարծում եմ` ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր “հեղինակությունն” օգտագործեր` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ԼՂՀ  գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից, ինչպես նաեւ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացիան եւ, ի վերջո, գիտակցեր, որ հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն Արցախում այն պարզ պատճառով, որ այն մեր սուրբ հայրենիքի անբաժան մասն է:

Շնորհակալություն ուշադրության համար