Ահա թե ինչպես պետք է դիմահարդարվել 2014 թվականին

դիմահարդարումԴիմահարդարումն արվեստ է, և եթե կինն ունակ է, իր դեմքի առանձնահատկությունները հաշվի առնելով, կոծկել թերություններն ու ընդգծել առավելությունները, ապա այն միմիայն կնոջը դրական լիցքեր կարող է հաղորդել:

Սակայն ճիշտ դիմահարդարման համար նախ և առաջ պետք է հասնել դեմքի մաշկի հնարավորինս խնամված ու թարմ վիճակի: Ամենատհաճ բանը անխնամ դեմքի վրա հաստ դիմահարդարում անելն է:

Մասնագետները խորհուրդ են տալիս դիմահարդարումից առաջ մաշկը լավ լվանալ, քսել սնուցող և պաշտպանիչ քսուկ:

22014-ի դիմահարդարման գլխավոր միտումները.

1.    Հաստ հոնքեր

2.    Աչքերի հագեցած դիմահարդարում

3.    Վառ շրթունքներ

4.    Բնականություն

5.    Արիստոկրատ գունատություն

6.    Արևայրուք

Մասնագետներն այս տարի խորհուրդ են տալիս դիմահարդարման մեջ լայնորեն կիրառել հասած ելակի, սալորի և դեղձի գույներ: Շատ նորաձև է նաև նույն գույնի ամենաբաց երանգից մինչև ամենամուգ գույնի համադրումը:

Հոնքերի ամենաարդիական ձևը: Մի կողմ դրեք պինցետը: Հիմա դուք դրանից առավել հազվադեպ եք օգտվելու, քանի որ շատ նորաձև են հաստ հոնքերը, որոնք ձեր դեմքը կդարձնեն առավել արտահայտիչ, և ուշադրությունը կկենտրոնացնեն ձեր աչքերին:

2014-ի հոնքերի նորաձևությունն առանձնանում է բնականությամբ: Մուգ հոնքերը մակիաժի կարիք չեն զգա, իսկ եթե հոնքերը շատ բաց են, ապա անպայման դրանք մատիտով ներկեք:

Մեկ խորհուրդ. հոնքերը հանեք միայն ներքևի հատվածից և հանեք միայն այն մազիկները, որոնք խախտում են հոնքերի ուղիղ գիծը:

 

Style: "Neutral"Բնական նորաձև դիմահարդարում

Բնականության ձգտումն այս տարի առկա է նորաձևության գրեթե ոլորտներում` այդ թվում նաև դիմահարդարման մեջ: Հավատացեք, որ բնական դիմահարդարումը չի թաքցնի ձեր գեղեցկությունը, այլ ընդհակառալը` կընդգծի այն: Հատկապես երիտասարդ աղջիկները պետք է օգտվեն այս դիմահարդարումից, որն ի ցույց կդնի նրանց երիտասարդությունն ու թարմությունը: Սակայն ամենևին էլ չի նշանակում, որ տարիքով կանայք պետք  է խուսափեն բնական դիմահարդարումից. ո´չ, պարզապես դրանից առաջ պետք է բավականաչափ ուշադրություն դարձնեն դեմքի մաշկի խնամքին:

Դեմքի ոչ մեծ թերությունները բնական դիմահարդարման ժամանակ կարելի է կոծկել կորեկտորի, տոնային քսուկի կամ դիմափոշու օգնությամբ: Բնական դիմահարդարումն անիմաստ է առանց կարմրաներկի, սակայն մի դեպքում` եթե այն նուրբ է և բնական երանգ ունի:

4Վառ շուրթեր

Այս տարվա շրթներկի գույները կխենթացնեն իրենց հագեցվածությամբ ու հյութեղությամբ: Դասական կարմիրը շարունակում է նորաձև լինել: Նորաձև են նաև մուգ սալորագույնը, կորալի երանգները, մուգ կարմիրը:

Սակայն դիմահարդարները խորհուրդ են տալիս շրթներկը քսել մատներով և նրբորեն տարածել: Այդ եղանակով շրթներկն առավել հարթ է քսվում և երկար է պահպանվում:

 

5Smokey eyes (ծխացող աչքեր կամ ծխացող դիմահարդարում)

Մուգ աչքերը շարունակում են համառորեն չզիջել իրենց դիրքերը: Խորունկ, մթում թաղված հայացքը շատ կանանց է դուր գալիս: Սակայն պետք է իմանալ, թե այս տարի որ գույներն են smokey eyes-ի համար առավել նորաձև: Վառ գույներ: Այս տարի դիմահարդարներն առաջարկում են վառ ստվերաներկեր` մանուշակագույն, կապույտ, կանաչ, մուգ կարմիր:

 

strelki2Պոչիկներ

Սև սուր մատիտի կամ սուրմայի միջոցով աչքերի ծայրերին ավելացված պոչիկները` դեպի վերև թեքված, այս սեզոնին էլ կանանց հմայիչ ու նորաձև տեսք կհաղորդեն: Իսկ «կատվի աչքերը» կարող եք ստանալ երկու մուգ ստվերաներկերի համադրությամբ` օրինակ սև և մուգ շագանակագույն; Սակայն այս դեպքում մնացած դիմահարդարումը պետք է լինի հնարավորինս չեզոք, որպեսզի ձեր աչքերն իսկապես հիպնոզացնեն դիմացինին:

Խորհուրդներ. smokey eyes ստանալու համար նախ քսեք բաց երանգներ, ապա աստիճանաբար մգացրեք: Չպետք է լինեն հստակ գծեր:

Մինչ աչքերի մակիաժին անցնելը, կոպերին մի փոքր տոնային քսուկ քսեք. այդպես ստվերաներկը կպահպանվի ողջ օրվա ընթացքում:

6Սեզոնի ամենանոր տրենդը` դալուկ արիստոկրատիզմ

Այդ կերպարը կարող եք ստանալ արհեստականորեն դեմքը սիիտակեցնելով: Հիշեք, որ այդ դեպքում պետք է հրաժարվեք այտերի կարմրաներկից, շրթներկից, տուշից: Ավելին, տոնային քսուկով թեթևակի ներկեք շուրթերը:

Նման դիմահարդարումը, համաձայնե´ք, շատ քչերին դուր կգա կամ կսազի:  Առավել դուրեկան կլինի շիկահերների դեպքում: Սակայն, ինչ խոսք, այն յուրօրինակ դիմահարդարում է:

7Դեմքի արևայրուք

Արևայրուքից մգացած և մուգ շագանակագույն երանգներով դիմահարդարված դեմքն այս տարվա ամենահիթային միտումներից է: Սակայն այն առավել գեղեցիկ կդիտվի գարնանն ու ամռանը:  Դիմահարդարման այս ձևը  հատկապես շատ է սազում սևահերներին: Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել առավել նուրբ գույներով շրթներկ ու ստվերաներակ:

Ombre_hair_02Այս տարի շարունակում է նորաձև համարվել նաև 2012-ին սկիզբ առած և նախորդ տարում հաղթարշավ ապրած «օմբրե» ոճը, որն առավել կիրառելի է մազերի դեպքում (մուգ գույնի արմատներից դեպի ծայրերը բացացող երանգով):

Սակայն «օմբրեն» նորաձև է ոչ միայն մազերի դեպքում, այլև շուրթերի:

Շուրթերն այս ոճով 000-Ombre-Red-Goldներկելու համար եզրերը մուգ տոնով ընդգծեք, ապա թեթևակի տարածեք, որից հետո մի տոն բացով ներկեք շուրթերի միջին հատվածը, իսկ միջին մասը ներկեք նույն գույնի բաց երանգով: Կարող եք մատով աստիճանաբար տարածել:

 

 

Հետաքրքիր փաստ դիմահարդարման մասին

Չնայած աշխարհի գրեթե բոլոր կանայք սիրում են դիմահարդարվել, կա մի հետազոտություն, ըստ որի այդ սովորույթ լուրջ  կախվածություն է առաջացնում կանանց մոտ:

«Beurer» ապրանքանիշի աջակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ արևմուտքի միջին վիճակագրական կինը կոսմետիկայից կախում ունի և իր կյանքից շատ ժամանակ է ծախսում դիմահարդարման վրա:

561f1eb29233094e4890884eb3e93993_a1bd304181512816c9ab1e5d8cf38f59_shutterstock_127233989Կանայք սովորաբար դիմահարդարման միջոցներ են կիրառում օրվա 13 ժամվա ընթացքում ու առանց դրա անցկացնում` ընդամենը 11 ժամ: Առավոտյան դիմահարդաման վրա կանայք ծասխսում են շուրջ 11 րոպե: Կանանց 58%-ը դիմահարդարման հետքերը մաքրում է միայն երեկոյան, քանի որ միշտ էլ ինչ որ մեկն անսպասելի կարող  է այցելել: Յուրաքանչյուր 5-րդ կինը դուռը չի բացի հյուրի առջև, եթե  համապատասխան  դիմահարդարում չունենա, իսկ 38%-ը նույնիսկ պառկում է քնելու «լրիվ զինված»: Դիմահարդարման  ամենապահանջված պարագաներն են  համարվում դեմքի տոնային քսուկը, թարթիչների  տուշն ու աչքերի:

Հատուկ քննչական ծառայությունում մոտ 20%-ով աճել է քրեական գործերի թիվը

հքծՕրերս Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն և ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:

Նա դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ, որոշակի աշխատանքներ է կատարել իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ»:

Անցած տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերի ընդհանուր պատկերը հետևյալն է. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ:

«Եղել են նաև խախտումներ՝ ուղղված մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ»,- իր ելույթում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:

Նա տեղեկացրեց, որ ավարտված քրեական գործերով ձերբակալվել է 38 անձ, ձերբակալումից ազատվել են երկուսը: Նրանցից մեկը ձերբակալումից ազատվել է արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
«Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ տվյալ քրեական գործը հարուցվել է ոստիկանության տարածքային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Կարեն Հարությունյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Բակուր Ավետիկյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Նշված արարքը կատարելու կասկածանքով Կարեն Հարությունյանը ձերբակալվել է, և նկատի ունենալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր ընդունվելիս վերջինիս մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն,- ասաց Ա. Նադիրյանը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ իրականում Կարեն Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, ընդհակառակը` Բ. Ավետիկյանը նրանից կաշառք է վերցրել նրա հարևանի օգտին ակնհայտ անգործության համար, իսկ այնուհետև պահանջել է ավելացնել կաշառքի գումարը, և նրանց միջև առաջացած վիճաբանության ժամանակ Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ ու բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարությանը, թե Կ. Հարությունյանը չի ենթարկվել իր օրինական պահանջին և բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Կարեն Հարությունյանն ազատվել է ձերբակալումից, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց քննված քրեական գործերի վիճակագրությունը. «ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերի քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, փաստորեն քննված քրեական գործերի թիվը 2012-ի համեմատ աճել է 17 տոկոսով»:
ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է, և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաև հետագայում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանն էլ արձանագրեց ՀՔԾ-ում
ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Ըստ Հովհաննիսյանի` պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, իրավաբանական անձանցը՝ 154 մլն դրամ և ֆիզիկական անձանցը՝ մոտ 300 մլն դրամ: «Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 95,9 տոկոսը, իրավաբանական անձանց պատճառված վնասի` 100 տոկոսը, ֆիզիկական անձանց վնասի` 40,5 տոկոսը»,- նշեց Ա. Նադիրյանը:

Հատուկ քննչական ծառայության պետն արձանագրեց, որ իրենց վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ` կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են: 2012-ին ՀՔԾ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, հետևաբար 2013-ին նման դեպքերի բացահայտումներն ավելացել են 31-ով: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից 15-ը եղել են ոստիկանության, 5-ը` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից, 2-ը` մարզպետարանի վարչության պետ, 2-ը` ՀՀ ԱԻՆ աշխատակից` փրկարարական ծառայության վարչության բաժնի պետ և հրշեջ-հրահանգիչ, ինչպես նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայազորային քննչական բաժնի բաժանմունքի պետը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը:

Շահինյանը հատուկ ընդգծեց, որ հաշվետու տարում ՀՔԾ-ում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի աճը պայմանավորված է ոչ թե այդ բնույթի հանցագործությունների, այլ դրանց բացահայտման աճով, ինչը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքով և վերջիններիս ու հատուկ քննչական ծառայության համագործակցության ամրապնդմամբ:

Դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձ եղավ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի թերություններին ու չլուծված խնդիրներին: Ա. Նադիրյանը չլուծված խնդիրների շարքում ընդգծեց ծառայությունը փորձառու և որակյալ կադրերով համալրելու խնդիրը: «Դեռևս չի լուծվել ՀՔԾ ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին` 2013-ին, չունենալով վարչական շենք, գործել ենք անբարենպաստ պայմաններում, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ քննության որակի վրա»,- ասաց Նադիրյանը՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ գոհունակությամբ պետք է նշել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է խնդրին և ջանքեր է գործադրում հարցը լուծելու ուղղությամբ:

Արման ԲԱԲԱՅԱՆ

Անկախ

 

Հարցեր հայկական շախմատում, որոնք կարելի է վերանայել

Արմեն ՆիկողոսյանԵրևանում անցկացվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները: Հաղթողներ դարձան Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը, որոնք իրավունք ստացան 2014-ի մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում, նաև խաղալու Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Երկու առաջնություններն էլ լարված պայքարում ընթացան: Արդյունքներն էլ անսպասելի էին: Մասնավորապես, տղամարդկանց առաջնության չեմպիոնը մրցակիցների համեմատ ուներ ամենացածր վարկանիշը, նա նաև տարիքով ամենամեծն է` 33 տարեկան: Իսկ կանանց առաջնության չեմպիոնուհին անգամ վարպետության թեկնածու չէ:

– Շախմատն օբյետիվ խաղ է, առաջնության մասնակիցների ներուժի մասին են վկայում նրանց ունեցած վարկանիշերը: Ինչո՞վ եք բացատրում կատարվածը,- հարցրինք Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին:

– Առաջնությանը մասնակցում էին մեր առաջատարներին հաջորդողները: Այդ խմբում բոլորն էլ հավասար ներուժ ունեն: Չկա վառ առաջատար, որը հաղթի և շարունակ խաղա Հայաստանի հավաքականի առաջատարների կողքին: Հայաստանի տղամարդկանց առաջնությունը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ14-րդ կարգի էր: Դա Հայաստանի շախմատի տարեգրութունում ամենաբարձր ցուցանիշն է:

 – Մեր առաջատարները խուսափում են Հայաստանի առաջնություններում խաղալուց, պատճառը վարկանիշն իջեցնելու մտավախությո՞ւնն է:

– Չէի ասի, պարզապես, նրանք չեն ցանկանում խանգարել, որ առաջնությունում օբյեկտիվորեն որոշվի Հայաստանի հավաքականի թափուր մեկ տեղի թեկնածուն:

 – Կարո՞ղ են նրանք հանդես գալ հաշվարկից դուրս: Ի դեպ, վստահորեն չի կարելի ասել, որ, Լևոն Արոնյանից բացի, Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները կարող են մասնակցել առաջնությանը և հաղթել: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի անդամ, 2013-ի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն առաջնությունում բավարարվեց սոսկ 8-րդ տեղով:

Քոթանջյան և Սարգսյան– Հնարավոր է, եկել է ժամանակը, որ ինչ-որ բան այդ առումով փոխվի եղած համակարգում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ հարցը պետք է քննարկի:

 – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքով միայն մեկական մարզիկ և մարզուհի են գործուղվում հավաքականներ:

– Այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի ղելավարության, հավաքականների մարզիչների, առաջատար խաղացողների կողմից: Քանի որ հատկապես տղամարդկանց հավաքականը խնդիրներ ունի, կարելի է հարցը վերանայել:

 – Քոթանջյանը և Սարգսյանը պատահականորե՞ն չեմպիոն դարձան:

– Թեև տղամարդկանց առաջնությունում վրիպումներ թույլ տված շախմատիստներ եղան, բայց Քոթանջյանի հաջողությունն օրինաչափ է: Նա նախկինում եղել է մեր երկրի փոխչեմպիոն: Իսկ կանանց առաջնությունում Շուշաննա Սարգսյանը մյուսների համեմատ լավ էր խաղում, թեև 7-ական միավոր հավաքեցին նաև Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Մտահոգում է միայն այն, որ չկար սահմանված միջազգային վարպետի նորմ: Պետք է հանդես գար թեկուզ ևս մեկ բարձրակարգ մարզուհի, որպեսզի այդ նորմը լիներ: Միջազգային վարպետներից` 2013-ի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանից, Նարինե Գասպարյանից սպասելիքներն ավելի մեծ էին, բայց հաղթեց Վայքի ներկայացուցիչ Սարգսյանը, որն անգամ վարպետության թեկնածուի կոչում չունի:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Կառավարությունը փոխհատուցում է գազի սակագնի մի մասը, ընդունում սոցիալական ոլորտին վերաբերող այլ որոշումներ

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին 2011 թվականից ի վեր տրամադրվող աջակցությունը: Մասնավորապես, 2013թ. երկրորդ կիսամյակում և 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառված բնական գազի սակագնի մեղմացման համար կառավարությունը որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը` նախկինում սահմանված սպառված բնական գազի նույն չափաքանակի համար: Որոշումը վերաբերում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող շուրջ 65 հազար ընտանիքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մամուլի միջոցով շահառուներին ծանոթացնել նրանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերին:

Կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն կիրառումը

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական նպաստների բնագավառի ՀՀ կառավարության լիազորած մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նույն որոշմամբ հաստատվել են ընտանիքների անապահովության գնահատման, այդ համակարգում հաշվառվելու կարգերը, ՀՀ բնակավայրերի ցանկը` ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների, անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը, ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նշանակման և վճարման, այդ նպատակներով ՀՀ պետբյուջեից միջոցների հատկացման կարգերը և մի շարք այլ դրույթներ, որոնց կիրառմամբ կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն ընթացքը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն: Այս երկու որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, դրանց գործողությունը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով սահմանվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ազատ կացարաններում ընտանիքները տեղավորելու առաջարկություն ներկայացնելու առաջնահերթությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը թույլատրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել երկու արտաբյուջետային հաշիվ: Դրանով իսկ աջակցություն կցուցաբերվի երկրում վարվող Կենսաթոշակային ապահովության ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության իրականացմանը:

Պետական աջակցություն է ստանում արտահանմանը միտված արդյունաբերությունը

ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հաստատել է դրանց իրականացման 2014թ. ծրագիրը: Գործադիրը նպատակ ունի պետական աջակցության գործիքների միջոցով խթանել արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի ավելացումը, նպաստել արտահանելի հատվածի ընդլայնմանը, տեղական արտադրանքի ներկայացվածությանն արտաքին շուկաներում, ՀՀ մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացմանն ու ներդրումային ակտիվության բարձրացմանը:
ՀՀ կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում: Հաստատվել են բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունն սկսվելու է այս տարի, սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է:
Կառավարության որոշմամբ Սևանի իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 8.4 մլն դրամ:
Գործադիրը որոշել է Տրակեր 7 էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից մատակարարված տեխնիկական միջոցներն ամրացնել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմերին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը: Նշված էլեկտրոնային համակարգը հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման և ներկրման վերահսկման առաջատար միջոց է, որն ուղղված է ՀՀ ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման բարելավմանը:
Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու գործընթացի առնչությամբ Երևան ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, ներկայացուցչական այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 10 մլն դրամ:

Հետագա զարգացում կստանա հեռահաղորդակցության ոլորտը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին, որով առաջարկվում է Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունն ազատել ԱԱՀ-ից: Ակնկալվում է, որ դա կապահովի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հետագա արդյունավետ զարգացումը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է, մասնավորապես, ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից: Հարցը, ըստ վարչապետի, պետք է պատշաճ ձևով ներկայացնել զանգվածային լրատվամիջոցներին: «Սա նուրբ թեմա է և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, – շեշտել է Տիգրան Սարգսյանը: – Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:
Նիստում հավանություն է տրվել Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Փրկարար ծառայության մասին» օրենքի պահանջը:
Գործադիրը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ենթադրվում է, որ նախագծի ընդունմամբ կմեծանան «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքերը, ավելի լավ կպաշտպանվեն գնորդների իրավունքները: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քաղաքականությանը, սակայն վերախմբագրման կարիք ունի: Բացի այդ, անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել նաև մի շարք հարակից իրավական ակտերում: Այս առաջարկություններն ընդունելու դեպքում կառավարությունն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին և հանգամանորեն շարադրել իր նկատառումները:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18-ի «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (18.07.2013 – 31.12.2013թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 95 կետից 2014թ. հունվարի 29-ի դրությամբ կատարվել է 94-ը կամ 98.9 տոկոսը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում արխիվային գործի բարեփոխման հայեցակարգին և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016թթ. ծրագրին: Ակնկալվում է, որ որոշման իրականացումը կնպաստի միջազգային չափորոշիչներին համարժեք արխիվային ծառայության ստեղծմանը, կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:
Գործադիրը մինչև 2014թ. ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել քոլեջի ավարտական կուրսում սովորող չորս անձի:
Մեկ այլ որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 13 ֆուտբոլիստ մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, մեկ ֆուտբոլիստ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:

Անկախ

Շինարարությունն ավարտվեց. Օլիմպիադայի ժամանակ հայերը պետք չե՞ն

միգրացիա Օրերս ծանոթներից երկուսը` երկու եղբայր Սոչիից վերադարձան Հայաստան: Նրանք արդեն երեք տարի էր, ինչ շինարարական աշխատանքներ էին կատարում Սոչիի օլիմպիական ավանում: Չնայած սկզբում չէին նշում իրենց վերադարձի բուն պատճառը, բայց համառ ջանքերից հետո պատմեցին. Սոչիից մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան, և այդ հանգամանքը կապվում է օլիմպիական խաղերի հետ:

Բայց վտարվողները չեն սիրում պատմել, թե ինչպես են իրենց համապատասխան աշխատանքները ավարտելուց հետո «սիրով» արտաքսում Ռուսաստանից: Ամոթ են համարում: Ծանոթներս էլ համաձայնեցին խոսել իրենց անունները չնշելու պայմանով:

 Ռուսների օրենքը հայերի դեմ է՞

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն այս առումով NEWS.am-ին ասել է. «Վերջերս Ռուսաստանի  դաշնային բյուրոյի ծառայության  ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչև հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»:

Հարցի առնչությամբ նույն NEWS.am-ին Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանն ասել էր, որ ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանում, իսկ Սոչիի դեպքում օլիմպիական խաղերի նախապատրաստությունը, հավանաբար դեր է խաղում: Ներկայումս Սոչիում Օլիմպիադայից առաջ ինչ-որ հատուկ ռեժիմ է, և հիմնականում արտաքսում են ադրբեջանցիներին, ուզբեկներին ու տաջիկներին:

Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մակեյանն իր հերթին հայտարարել է, որ հայերին Սոչիից արտաքսում են օրինական փաստաթղթեր չունենալու պատճառով:

Բայց օտարերկրացի, այդ թվում նաև հայ «խոպանչիներին» Ռուսաստանում նոր փորձություններ են սպասում, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունը ներգաղթյալների, այդ թվում նաև աշխատանքային միգրանտների  նկատմամբ հետևողականորեն խստացվում է: Նախորդ տարեվերջին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին  Ռոմոդանովսկին հայտարարել է. «Ռուսաստանին պետք են միայն այն այցելուները, որոնք բավարարում են որոշակի չափանիշների»:

2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով`  Ռուսաստան ոչ վիզային ռեժիմով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 90 օր` 3 ամիս: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը:

Այս պայմանը, սակայն, ունի բացառություններ: Ըստ առաջին բացառության` այդ պայմանը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, քանի որ նրանք կարող են 90 օրից ավելի ժամկետով գտնվել Ռուսաստանի տարածքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր և այդ պայմանագրով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում  կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում: Ընդ որում, դա տարածվում է ոչ միայն այդ մասնագետների, այլև նրանց ընտանիքների անդամների վրա:

Փաստաբան Լիլիթ Ներսիսյանի պարզաբանմամբ` բարձր որակավորում ունեցող մասնագետներ են համարվում հիմնականում գիտամանկավարժական, գիտահետազոտական գործունեություն իրականացնող անձինք, որոնք մեկնում են ՌԴ համապատասխան աշխատանքներ կատարելու, և նրանց աշխատավարձը ամսական կազմում է նվազագույնը 1 միլիոն ՌԴ ռուբլի, որը հստակ սահմանվում է օրենքով:

Երկրորդ կատեգորիայի մեջ են մտնում արտադրական ոլորտում ամսական նվազագույնը 700 հազար ռուբլի աշխատավարձ ստացող անձինք:

Եվ երրորդ կատեգորիան այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, որոնք ստանում են 2 և ավելի միլիոն ռուբլի աշխատավարձ:

Հաջորդ բացառությամբ` 90-օրյա ժամկետից ավելի  Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի և իրենց գործատուների հետ կնքում են աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բայց այս դեպքում նրանք Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 1 տարի` սկսած ՌԴ տարածք մուտք գործելու օրվանից:

միգրացիա (1)Սակայն, եթե անգամ արտագնա աշխատանքի մեկնածը կնքել է, օրինակ, 2 տարվա աշխատանքային պայմանագիր, միևնույն է, նա 1 տարին լրանալուց հետո պետք է լքի ՌԴ սահմանը և հետ վերադառնա միայն 3 ամիս անց: Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողի հետ Ռուսաստանում նրա գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի, ապա նա ստիպված պետք է լքի ՌԴ սահմաններն 90-օրյա ժամկետը լրանալուն պես:

Երրորդ բացառությունն էլ տարածվում է օտարերկրյա այն քաղաքացիների վրա, որոնք ՌԴ են մեկնել կրթություն ստանալու:

Այս դեպքում ՌԴ-ում նրանց 90 օրից ավելի գտնվելու ժամկետը սահմանվում է կրթական հաստատությունում կրթություն ստանալու ժամկետով:

Հայաստանի հայաթափման հարցով  ռուսներն են «անհանգստանում»

2013 թ. առաջին 9 ամիսների  ընթացքում Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը կազմում էր մոտ 108 հազար մարդ: Հիմնական նպատակակետ երկրների շարքում, ուր մեկնում են հայ միգրանտները, առաջինը Ռուսաստանի Դաշնությունն է` 73,1 տոկոս: Նրանցից մոտ 80 տոկոսից ավելին կազմում են բուն աշխատանքային միգրանտները: Իսկ ընդհանուր աշխատանքային միգրանտների 90 տոկոսից ավելին մեկնում են հենց Ռուսաստան:

Հայ միգրանտները նախընտրում են Ռուսաստանը, որովհետև վիզային ռեժիմ չկա, հեշտ է հաղորդակցվել, ծանոթ-բարեկամներ կան, և աշխատանք գտնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հիմնականում միջնակարգ կրթությամբ մարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի, որոնք կազմում են մեր աշխատանքային միգրանտների 43,3 տոկոսը: Միջին մասնագիտական կրթությամբ միգրանտները կազմում են 33 տոկոսը և բարձրագույն կրթությամբ` մոտ 20 տոկոսը:

Այս 20 տոկոսի մեջ ոչ բոլորն են,  որ իրենց կրթությանը համապատասխան աշխատանքի են մեկնում: Նրանց մի ստվար հատվածը մեկնում է այլ` հաճախ ծանր աշխատանքներ կատարելու:  Փաստորեն, Հայաստանից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների  ճնշող մեծամասնության վրա չեն տարածվում ՌԴ մուտքի ու ելքի և կացության օրենքների արտոնությունները:

Աշխատանքային միգրացիայի խնդիրներից  է միգրանտների հարստահարումը աշխատանքային պայմանագրեր չունենալու հետևանքով: Լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում իրենց գումարները ստանալ ու չեն կարողանում որևէ կերպ ապացուցել, որ իրենք աշխատել են տվյալ գործատուի մոտ, հաճախ անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունենում, ինչի հետևանքով ենթարկվում են ռուս իրավապահների քմահաճ վերաբերմունքին և այլն: Սակայն այս ամենի մասին նրանք լռում են, որովհետև աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ նրանք ամաչում են իրենց խնդիրներից խոսել:

«Մի քանի դեպք կա, որ մեր գրասենյակներ դիմել են նման հարցերով,- ասում է «Մարդը կարիքի մեջ» ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ  Բեժանյանը:- Մեր աշխատանքային միգրանտների 77 տոկոսը տղամարդիկ են, և հիմնական մասը մեկնում են ՌԴ աշխատելու: Այս մարդիկ վերադառնալուց հետո, եթե անգամ շահագործվել են, շատ քչերն են համարձակվում դիմել ու ասել դրա մասին: Որովհետև կա մենթալիտետի խնդիր. շատ ամոթ է, որ հայ տղամարդը դրսում շահագործվել է»:

Թեև հենց ռուս փորձագետներն են ընդունում, որ տեղացի աշխատողները դժվարությամբ են կատարում ծանր ֆիզիկական աշխատանքը, առավել ևս, որ այն քիչ է վարձատրվում, այնուամենայնիվ, եթե այդ ծանր աշխատանքն ավարտվում է, անցանկալի զանգվածից ազատվելու խնդիր է առաջանում: Ու ամենևին էլ պատահական չէ, որ այս օրերին հաճախակիացել էին Ռուսաստանից, հատկապես Սոչիից հայ աշխատանքային միգրանտների արտաքսումները: Սրանով Ռուսաստանը նաև մեկ այլ հարց է լուծում` չի թողնում, որ մարդաթափվի իր ռազմավարական ֆորպոստը…

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Հերթական «ծիտիկը» դրեցինք բանակցային գործընթացի օրագրում, հետո՞…

նալբանդյան-մամեդյարովՀունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ԼՂՀ հետ շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական ուժերի կողմից դիվերսիոն հարձակումների փորձեր եղան, որոնք ավարտվեցին սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվամբ, դրանից հետո էլ շուրջ երկու օր չէին դադարում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծությունները: Ու այս դիվերսիոն գործողությունների ֆոնին Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: 

Ի սկզբանե հարց էր` հանդիպման ցանկություն կունենա՞ արդյոք հայկական կողմը, մյուս կողմի ագրեսիվ գործողություններից հետո, առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները ադրբեջանական դիվերսիան գնահատել են սադրիչ և բանակցային գործընթացը խաթարելու փորձ: Բայց արտգործնախարարներն այնուամենայնիվ հանդիպեցին:

Ու ենթադրվում էր, որ հանդիպման դեպքում անգամ Էդվարդ Նալբանդյանի կեցվածքն ու հայտարարությունները պետք է խիստ կոշտ լինեն:

Հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, նշվում է, որ հիմնվելով նոյեմբերի 19-ին Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ և այլն:

Ուշադիր լինենք` «քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը» արտահայտությունն արվում է այն ժամանակ, երբ ընդամենը 3-4 օր առաջ Ադրբեջանը դիվերսիա կազմակերպեց ու սկսեց հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը: Միգուցե սա դիվանագիտական չոր արարողակարգին բնորոշ ձևակերպում է: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է. «Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին…»:

Բնական հարց է առաջանում. անպայման պետք էր հասնել Փարիզ ու նո՞ր այդ հայտարարությունն անել, թե՞ բանակցություններից հրաժարվելու հստակ ու վճռական դիրքորոշմամբ ստիպել, որ հասկանան:

 Դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կենսագործումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

Հերթական զավեշտալի հայտարարությունը տարածեցին համանախագահները: Նրանց հայտարարությունում նշվում է. «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպրչիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները…»:

Հերթական անգամ Ադրբեջանը կրակում է մեզ վրա, սպանում մեր զինվորին, իսկ համանախագահները ոչ թե հրադադարի ռեժիմը խախտողին, այլ երկուսին միասին են կոչ անում հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները… Հերիք չեղա՞վ մեզ կոչ անեն պահպանել մի պայման, որը մենք չեն խախտել, իսկ մենք պատրաստակամորեն վազենք բանակցության: Ինչպես լրագրողներին ասել էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, համանախագահները, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս Ադրբեջանի սադրիչ դիվերսիոն գործողություններին հայ-ադրբեջանական սահմանին և ինչ-որ չափով խրախուսելով` մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում:

«ԼՂ բանակցություններն այս ձևով հեռուն չեն կարող գնալ: Վաղուց ժամանակն է, որ ԼՂ-ն, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր այդ վարքագծով չի կարող երկար գործել»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա` շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգային հանրությանը ցույց տա, որ ՄԽ համանախագահների «հավասարակշիռ» վերաբերմունքը կողմերի նկատմամբ պարզապես անընդունելի է, որ միջնորդներն էլ հասկանան` պետք է օբյեկտիվ գնահատական տան Ադրբեջանի կեցվածքին, այլապես նման «հավասարակշիռ» վերաբերմունքով մեղսակից են դառնում Ադրբեջանի սադրանքների քաղաքականությանը:

Իսկ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն, կարծես ոգևորվելով, որ իր արարքների համար պատասխան չի տալիս, սկսեց քարոզչամիջոցների մակարդակով ակնարկել, թե իբր բանակցություններն ընթացել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությայն տրամաբանությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:

Ահա թե ինչ է նշանակում, երբ քեզ վրա կրակում են, խախտում խաղաղ ազգաբնակչությանդ անդորրը, սպանում զինվորիդ, բայց նորից վազում ես «բանակցությունների», նորից այդ բանակցությունների մանրամասները սեփական ժողովրդիդ չես ներկայացնում: Արդեն քանիերորդ անգամ նույն սցենարն է կրկնվում: Իհարկե, ադրբեջանական կողմն ակնհայտորեն ստում է: Բայց ուշագրավ է նաև մեր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը ֆեյսբուքով.

«Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն…»,- իր էջում գրել է Բալայանը:

Այսպիսով,  ամենևին հստակ չէ, թե ինչ տվեց այդ հանդիպումը հայկական կողմին: Այնինչ վաղուց արդեն ժամանակն է, որ  Հայաստանի դիվանագիտությունը լինի նախաձեռնողական,  ոչ թե բավարարվի միայն բանակցային գործընթացով, այլ քայլեր ձեռնարկի ԼՂ միջազգային ճանաչման ուղղությամբ, միջազգային հանրությանը սկսի ստիպել ճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը մնացած սկզբունքների նկատմամբ և այլն: Այդ դեպքում սայլը տեղից կշարժվի: Թե չէ դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Նյոկի (իտալական խոհանոց)

nokki-92359Իտալական խոհանոցում ամեն ինչ  նպատակաուղղված է արագ ու համեղ ուտեստներ պատրաստելուն: Նյոկին հենց այդպիսի ուտեստ է: Այն կարելի է նաև ավելացնել ապուրներին: Սա արագ է պատրաստվում ու կզարմացնի տան անդամներին, քանի որ շատ անսովոր է:  Կարելի է նաև սառնարանում պահել, խինկալու նման:

Բաղադրությունը

1-1,5 կգ կարտոֆիլ

2 ձու

3 բ. ալյուր

1 թ. գդալ աղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել, ապա կեղևը մաքրել ու ճզմել կամ  մսաղացով անցկացնել: Ավելացնել ձուն ու խառնել, ապա ավելացնել ալյուր ու հունցել, համեմել աղով ու պղպեղով: Ստացված զանգվածից երշիկ ձևավորել ու կտրատել մանր կտորներով:

Եփել աղաջրում, այնքան ժամանակ, մինչև դրանք ջրի երես դուրս գան, մոտ 10 րոպե, ոչ ավելի:

Նյոկին պետք է մատուցել թթվասերով կամ էլ ցանկացած թանձրահյութով: Կարելի է կարագ դնել վրան  (խինկալու նման):

Անկախ

Որո՞նք են պետական սահմանի հատման կանոնները

սահմանակետՆախ պետք է նշել, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին կետի համաձայն,  Հայաստանի Հանրապետության պետական սահմանը գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

            Ինչ վերաբերում է պետական սահմանի հատման կանոններին, ապա պետական սահմանի անցման կետերում ստեղծվում են սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետեր: Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային հսկողության գոտի, որտեղ հսկողություն են իրականացնում բացառապես մաքսային մարմինները:

Սահմանապահ զորքերի զինծառայողներին և պետական սահմանի պահպանության պարտականություններ կատարող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համաձայնությամբ, իրավունք է տրվում օգտվելու պետական սահմանը հատելու այլ կարգից:

Օդանավերը կամ թռչող այլ սարքերը պետական սահմանը հատում են և Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչք են կատարում թռիչքների համար հատկացված օդային միջանցքներով` «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, այլ օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան: Պետական սահմանի հատումը Հայաստանի Հանրապետության օդային միջանցքներից դուրս թռիչքը թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի կամ թռչող այլ սարքերի թռիչքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո դրանց վայրէջքն իրականացվում են միջազգային թռիչքների համար բաց օդանավակայաններում: Թռիչքի և վայրէջքի այլ կարգ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օդանավերի կամ թռչող այլ սարքերի համար բաց օդանավակայանների ցանկը, դրանցում գտնվելու, թռիչքի և վայրէջքի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ թռիչքի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության օդային տարածք ու օդանավակայաններ մուտք գործող կամ այնտեղ գտնվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս մեկնող օդանավերը և թռչող այլ սարքերը պարտավոր են պահպանել թռիչքի, մաքսային, սանիտարական և այլ կանոնները:

Օտարերկրյա պետությունների օդանավերը և թռչող այլ սարքերը Հայաստանի Հանրապետության օդային տարածք հարկադրաբար մուտք գործելու կամ այդ տարածքում թռիչքային, ինչպես նաև օդանավակայաններում գտնվելու կանոնները հարկադրաբար չպահպանելու դեպքում պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության մոտակա օդանավակայանի ղեկավարությանը և հետագայում թռիչքը շարունակել վերջինիս կամ այն օդանավի հրամանատարի կարգադրությունների համաձայն, որը ժամանել է օգնության կամ իրավիճակի պարզաբանման համար:

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

«Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, աշխարհում ընդունված ձև է». Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի մասին

Vazgen_ManukyanՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց «Գրիբոյեդով» ակումբի, դրա մասնակիցների, քննարկման ձևաչափի, ինչպես նաև այդ քննարկումներին իր մասնակցության վերաբերյալ՝ անդրադառնալով ակումբի մասին մամուլում շրջանառվող հակասական լուրերին, թե իբր այն գործում է «կիսագաղտնի» և դրա անդամ է նաև Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են մասնակցելու ակումբի քննարկումներին անցյալ տարի, և տարվա ընթացքում մասնակցել է մի քանի հանդիպումների:

«Բանավիճային ակումբ է, ոչ ֆորմալ, ազատ ձևաչափով՝ ճաշի սեղանի շուրջ: Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, պարզապես այդ հանդիպումները լրատվամիջոցներով չլուսաբանելու ներքին պայմանավորվածություն կա, որպեսզի մարդիկ ավելի ազատ արտահայտեն իրենց տեսակետները, լինեն ավելի անկաշկանդ, բաց բանավեճ ծավալեն»,- ասաց նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ, թե երբվանից է ակումբը գործում:

Մանուկյանն ասում է, որ մասնակիցների մեջ հիմնականում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են, գործարարներ, քաղաքագետներ, սակայն կազմն անընդհատ փոփոխվում է: «Ես, օրինակ, մի քանի հանդիպումների մասնակցել եմ,  շատերի ժամանակ էլ զբաղված եմ եղել և հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու: Կան մարդիկ, որոնց միշտ ես տեսնում: Բացի այդ, մասնակիցներն էլ իրենց հերթին կարող են որևէ մեկին հրավիրել: Ունեմ ծանոթներ, որոնք երկու տարի առաջ մասնակցել են, հետո որոշ դադար են տվել, դուրս են մնացել հրավիրյալների ցանկից, բայց եթե ուզենան` կարող են նորից մասնակցել: Այսինքն` ազատ, ճկուն ակումբ է, հատուկ անդամներ չկան»:

Վազգեն Մանուկյանը, օրինակ, մասնակցել է քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հետ հանդիպմանը, որի հետ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ ընթացքում սուր բանավեճեր են ծավալվել իր ու Կուրղինյանի միջև: Մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը, որը բավականին հետաքրքիր է անցել: Ըստ Մանուկյանի` երիտասարդ նախարարը բավական լավ տպավորություն է թողել որպես ոչ սովորական չինովնիկ, որպես իսկական մշակույթի մարդ, մտածող մարդ:

Սովորաբար, քննարկումները վարում է ակումբի հիմնադիր, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, սակայն նա քննարկումներից մեկին մասնակցել է նաև գլխավոր հրավիրյալի կարգավիճակով, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար։ Մանուկյանն այդ հանդիպմանը նույնպես մասնակցել է:

ՀԽ նախագահը բավականին հետաքրքիր ու կարևոր է համարում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ հանդիպումը: Նշենք, որ այդ ինստիտուտը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Այն տասնյակ տարիներ քաղաքագետներ ու դիվանագետներ է պատրաստել Խորհրդային միության երկրների համար, այժմ էլ Ռուսաստանի համար է պատրաստում: Ի դեպ, Փենսիլվանիայի համալսարանի կողմից այդ հաստատությունը համարվել է 2013 թվականի աշխարհի տասը լավագույն համալսարանական գիտավերլուծական կենտրոններից մեկը:

Այդ հանդիպումներն ու քննարկումները Վազգեն Մանուկյանը կարևոր և օգտակար է համարում, մանավանդ որ շատ հարցեր քննարկվում են այնպիսի մարդկանց հետ, որոնք Ռուսաստանում բարձր դիրք են գրավում  և մեծ հեղինակություն են վայելում ՝ թե՛ իշխանությունների և թե՛ հանրության կողմից:

Նա նշում է, որ որոշ հանդիպումների ժամանակ քննարկումներ են ծավալվել նաև  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ: «Բավականին թեժ բանավեճեր են ընթացել: Մեր կողմից բարձրացվել է այն հարցը, որ դա չի տեղավորվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ: Իհարկե, այդ խոսակցությունները մնում էին որպես խոսակցություն,  բայց ռուսական կողմը գոնե հասկանում էր, թե դա ինչ մեծ դժգոհություն է առաջացրել մեր հասարակության մեջ»:

Ո՞րն է այդ ակումբների, մասնավորապես` ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված «Գրիբոյեդով» ակումբի գլխավոր նպատակը: Այս հարցին Մանուկյանը պատասխանում է. «Դրանով ռուսները փորձում են շփվել Հայաստանի՝ ինչ-որ իմաստով մտավորական շերտի հետ, իրենց մտքերը քարոզել, իմանալ դիմացինի կարծիքը»:

Մանուկյանը կարծում է` լավ կլիներ, եթե նման ակումբներ  լինեին ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ՝ հիշեցնելով, որ նման ակումբներ կան աշխարհի շատ երկրներում: «Այդ հարցերում շատ ակտիվ է հատկապես Ֆրանսիան,  որն ակումբներ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, փորձում մերձեցնել մարդկանց Ֆրանսիայի դիրքորոշմանը, իմանալ դիմացինի դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի հետ նման ակումբ ստեղծելն ավելի հեշտ է, քանի որ լեզվական խոչընդոտ չկա: «Երիտասարդները, իհարկե, բավական լավ են անգլերենին տիրապետում, բայց ավագ սերնդի ներկայացուցիչներից քչերն են այդ լեզվով ազատ շփվում: Ռուսաստանի հետ այդ խնդիրը չկա, և ավելի հեշտ է քննարկումներ ծավալել»:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեր հասարակության զարգացման հետ մեկտեղ այդպիսի ակումբների թիվն էապես աճելու է. «Ժամանակակից աշխարհում ժողովուրդներն իրար հետ շփվում են ոչ միայն կառավարական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի հետ զուգահեռ՝ մշակութային, տնտեսական, գիտական, գաղափարական և այլն: Հենց դրանով է պայմանավորված ժամանակակից աշխարհի միահյուսվածությունը»,- ամփոփեց նա:

Անկախ

Մտավոր ունակություններն ու ծերությունը

ծերությունՀամակարգելով հոգեբանական ու սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, կարելի է ասել, որ մարդու  մտավոր ունակությունների զարգացումը հասուն տարիքում պայմանավորված է նրա բնածին ունակություններով, կրթությունով, մասնագիտական որակավորման մակարդակով, կենսափորձով, ինտելեկտուալ ունակությունները հասուն տարիքում կիրառելու հնարավորությամբ:

Նշված գործոններից մի քանիսի առկայության դեպքում նույնիսկ հնարավոր է, որ հասուն տարիքում մարդու ինտելեկտուալ հնարավորությունները մեծանան: Մյուս կողմից` եթե նշվածների մեծ մասը բացակայում է, ապա ինտելեկտի անբավարար մարզումը կարող է ինտելեկտուալ մակարդակը ծերության հասակում նվազեցնել ավելի արագ:

Նշանակում է` ծերության տարիքում ինտելեկտուալ հնարավորությունները սովորաբար չեն նվազում: Ու` «այդ տարիքում արդեն դժվար թե կարողանա մտածել» արտահայտությունը վստահաբար սխալական կարելի է համարել:

Ինչպե՞ս է ծերության տարիքում նոր տեղեկությունը պահպանվում ու յուրացվում

Ասում են` ծեր մարդիկ ամեն  նորին հակադրվում են, քանի որ այլևս չեն կարողանում ընկալել նոր տեղեկությունը: Դա իրականությանը չի համապատասխանում: Ժամանակակից հոգեբանական սոցիոլոգիական հետազոտություններն ասում են, որ մարդն ունակ է սովորելու մինչև խոր ծերություն: Նոր գիտելիքներ յուրացնելն ու հինը խորացնելը ոչ թե տարիքի, այլ բոլորովին այլ գործոնների հետ են կապված:

Որոշ մասնագետներ, որոնք աշխատում են այս ոլորտում, հանգել են այն եզրակացության, որ ծերության տարիքում սովորելու ունակությունը որոշ փոփոխությունների է ենթարկվում. խոսքը ոչ թե այդ ունակության կորստի, այլ որակական որոշ տեղաշարժի մասին է` ուսուցման միջոցի տեսակափոխության: Դասատուների մի խումբ պարզեց, որ ծեր մարդը նոր գիտելիքներն այնքան էլ հեշտ չէ ընկալում, որքան երիտասարդը, սակայն նա ավելի ինտենսիվ, համառ ու մանրակրկիտ է զբաղվում դրանով:

Հետևաբար, այդ ունակությունը ակտիվ պահելու նպատակով մարդը ողջ կյանքում ինտելեկտուալ ունակությունների մարզում պետք է կատարի, եթե ցանկանում է արթուն միտք ունենալ:

Մի  խոսք կա, որն այնքան էլ հեռու չէ իրականությունից. ով  դադարել է սովորել 25 տարեկանում, արդեն ինտելեկտուալ իմաստով ծերացած է: Իսկ նա, ով անընդհատ ինքնակրթվում է, անընդհատ սովորում, հոգեպես ու ինտելեկտուալ իմաստով երիտասարդ է մնում մինչև խոր ծերություն:

Տեղեկությունների հոսքը վերջին տասնամյակում ստիպում է տարբեր բնագավառներում աշխատող մարդկանց համակարգված ձևով լրացնել ու կատարելագործել գիտելիքները: Սովորաբար միջին, հաճախ նաև բարձրագույն կրթությունը բավարար չէ. մարդը պետք է սովորի ու սովորի նաև հասուն տարիքում:

Ու քանի որ  նոր երևույթներն ու բացահայտումները, տեխնոլոգիական նոր պրոցեսները  աճում են, այսօր նաև անընդհատ ինքնակրթվելու լայն հնարավորություն է ստեղծվել:

Ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք  երջանկության ու բավականության  զգացում են ունենում, որ կարողանում են ինչ-որ նոր բան սովորել, խորացնել գիտելիքները: Նման բավականություն է պատճառում հոգևոր արժեքների գիտակցումը, ինչի համար  ավելի երիտասարդ տարիներին ժամանակ չունենք (շատերը սկսում են հոգևոր բովանդակությամբ գրքեր, նոր լեզուներ ուսումնասիրել):

Կրթությունը ոչ միայն ապագայի նախապատրաստություն է, այլև նպաստում է  լիարժեք կյանքին  հենց ներկայում: Շատ տարեցներ ինքնակրթությունը հաճելի ու օգտակար զբաղմունք են համարում, ինչը հարստացնում է ներքնաշխարհը: Դա ապացուցում է, որ մարդը երբեք այնքան ծեր չի լինում, որ ինչ-որ նոր բան չսովորի: Ինտելեկտի մարզումը ծերությունը հետաձգելու լավագույն դեղամիջոցն է: Դրանից հետևում է, որ եթե մարդը զբաղվում է ինտելեկտուալ աշխատանքով, սովորում է ողջ կյանքում, ձգտում ինքնակատարելագործման, ապա ավելի ուշ` ծերացման ու ծերության շրջանում, ուղեղն ավելի լավ է աշխատում:

Կա նաև հակառակ կախվածությունը: Ինչպես ֆիզիկական գործառույթների անբավարար կիրառումը հանգեցնում է ֆիզիկական ունակությունների նվազման (ատրոֆիա), այնպես էլ ուղեղի շահագործման անբավարարությունը, ուղեղի բջիջների ոչ լիարժեք բեռնվածությունը կարող է հանգեցնել հիշողության վատթարացման:

Մտավոր աշխատանքը շատ էներգածախս է, շատ տարեցներ չգիտեն, որ հոգեկան լարվածությունն  առաջվանից ավելի շատ ու շուտ  է հոգնեցնում, ու նման ակտիվությունից հետո տևական հանգստի  կարիք ունեն: Ուստի, տարեց մարդիկ աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ կարճատև հանգիստ  պետք է ունենան, ինչն էլ ավելի կբարելավի ուղեղի աշխատանքը, կհարստացնի ուղեղն արյունով ու կվերալիցքավորի :

ծերՀետաքրքիր փաստեր ուղեղի մասին

Ուղեղը մարդու մարմնի ամենահանելուկային ու կարևոր օրգանն է: Այն շատ բարդ կառույց ունի, որի ուսումնասիրման վրա  գիտնականները բազում տարիներ են ծախսել ու շարունակում են զբաղվել դրանով: Ահա մի քանի կարևոր փաստ ուղեղի մասին:

  1. Մարդու ուղեղն ավելի շատ էներգիա է պահանջում, քան մյուս օրգանները` առանձին վերցրած: Չնայած ուղեղը մարդու մարմնի զանգվածի 2%-ն է կազմում, պահանջում է  թոքեր մտնող թթվածնի 20%-ը: Թթվածնի անբավարարության դեպքում սկսում ենք հորանջել, այդպիսով  ուղեղին ավելի շատ թթվածին է մատակարարվում:
  2. Մարդու ուղեղը  զարգանում է մինչև 7 տարեկանը, իսկ վերջնականապես դադարում է աճել 18 տարեկանում: Այդ է պատճառը, որ երեխաներն ավելի հեշտ են լեզուներ սովորում, քան  հասուն մարդիկ:
  3. Տղամարդկանց ուղեղն ավելի մեծ է, քան կանանցը: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կանանց ու տղամարդկանց ուղեղները տարբեր կերպ են արձագանքում ցավին:
  4. Ուղեղը ցավի ռեցեպտորներ չունի, բայց ցավ զգում է: Ռեցեպտորներ կան ուղեղի թաղանթում,  ահա ինչու տարբեր գլխացավեր ենք զգում:
  5. Գլխուղեղի նյարդային բջիջները վերակագնվում են:
  6. Ուժեղ սթրեսը կարող է փոխել ուղեղի բջիջների ֆունկցիան ու կառուցվածքը:
  7. Ինտելեկտուալ մարդիկ ավելի հազվադեպ են գլխուղեղի հիվանդություններ ունենում, քան ցածր ինտելեկտ ունեցողները:
  8. Կարևորագույն հայտնագործություն. աղոթքն օգնում է մարդկանց քիչ հիվանդանալ ու արագ կազդուրվել: Դա բացատրվում է նրանով, որ աղոթող մարդու մեջ նվազում է շնչառության հաճախությունն ու կարգավորվում են  գլխուղեղի դելտա ալիքները:
  9. 3-ամյա երեխայի նյարդային բջիջները 3 անգամ ավելի են, քան հասուն մարդունը: Եթե փոքրիկի ներուժը լիարժեք չօգտագործվի, «չզբաղեցված» բջիջները մահանում են:  Հետևաբար մանկուց պետք է ակտիվորեն մարզել երեխայի մտավոր հնարավորությունները:
  10. Ապացուցված է, որ օրգանիզմում հայտնված սնունդը ազդեցություն է ունենում           գլխուղեղի աշխատանքի վրա: Ուստի պետք է  այնպիսի սնունդ ընդունել, որի մեջ պահածոյացնող, հոտավետ ու ներկանյութեր չկան:
  11. Մարդու ուղեղը 75%-ով ջրից է կազմված: Ուղեղի նորմալ աշխատանքի համար նրան բավարար քանակությամբ ջուր է հարկավոր:
  12. Ալոկոհոլի օգտագործման հետ թուլանում է կապը նեյրոնների միջև:

13.  Սովորական ծիծաղն ուղեղի 5 տարբեր հատվածների աշխատանք է պահանջում:

14.Առանց թթվածնի մարդու ուղեղն աշխատում է ընդամենը 6 րոպե, ապա սկսվում  են     անդառնալի գործընթացները. մահանում են նյարդային բջիջները:

Անկախ

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին

Արամ-մանուկյան-21«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսե՛ք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:

Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:

Աղբալյանի խոսքերն ուղղված են նրանց, որոնց ձեռքերում է երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Ցավոք, մերօրյա գործիչներից շատերն անգամ չեն էլ գիտակցում այդ խոսքերի իմաստը, որովհետև դա գիտակցելու համար նախ և առաջ պետք է բացահայտեն ու արժևորեն Արամին: Իսկ դրա համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պահանջարկ: Մերօրյա գործիչներին Արամներ պետք չեն, որովհետև նրանք անհամատեղելի են այսօրվա արժեհամակարգի հետ:

Ո՞վ է Արամը

1879 թ. Սյունյաց լեռներում ծնված Սարգիս Հովհաննիսյանն ապրեց ընդամենը 40 տարի և դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության և հայոց անկախության կերտման դարբինը: 1904-ին նա կնքեց իր հեղափոխական անունը` Արամ Մանուկյան և այդպես էլ մնաց պատմության մեջ:

Մի մարդ, որի համար «ես» գոյություն չուներ, կար միայն «մենք»: Մի գործիչ, որն իր երկիրն ու ժողովրդին դիտում էր  իբրև բարձրագույն արժեք և նրանց անվտանգությունն ու ապահովությունը դարձնում ամենագլխավոր խնդիրը:

Արամ

Ձախից աջ` Հարությունյան, Արամ Մանուկյան, Իշխան, Սողո

Այդ նվիրումուվ էր, որ նվաճեց Վասպուրականը: 1915-ին, կազմակերպելով  և ղեկավարելով Վանի ինքնապաշտպանությունը, մեծ հաղթանակ տարավ` նշանակվելով Վասպուրականի նահանգապետ: Ցավոք, նահանգապետությունը գոյատևեց ընդամենը 70 օր, քանի որ ռուսական զորքերն անակնկալ հեռացան:

1916-17 թթ. Մանուկյանը Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ էր և զբաղվում էր արևմտահայ գաղթականության հարցերով: 1917-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանում է Երևան, գլխավորում նորաստեղծ Հատուկ կոմիտեն, իսկ 1918-ին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվում դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ):

Դիկտատոր, սակայն ոչ ընդունված կարծրատիպերով, դիկտատոր, որն ամեն օր ժողովրդի հետ էր, ժողովրդի կողքին, կարիքավորներին ու հիվանդներին նեցուկ:

Նրա կոչերը՝ կազմակերպված պայքար մղել, սեփական ուժերին ապավինել, օտարի օգնության վրա հույս չդնել, տալիս էին դրական արդյունք երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար: Առջևում  1918 թ. Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերն էին, որոնց ժամանակ Արամն ապահովում էր թիկունքի անվտանգությունը:

800px-Armenian_army_1918թ

Վեհափառ կաթողիկոսը օրհնում է կամավորներին։ 1918 թվական

1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Մինչ Թիֆլիսում ստեղծված կառավարության ժամանումը` հուլիսի 23-ը, նա Երևանում էր և ղեկավարում էր երկիրը: Նոր կառավարության մեջ Արամը ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը:

Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվում է հայոց պետականությանը վտանգ սպառնացող մահմեդականներից: Նրա ջանքերով մեղմվում է հանրապետությունում պարենային ճգնաժամը, գրագրությունը հայացվում է, հնարավորինս բարելավվում հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը:

Պատահական չէր, որ 1919 թ. հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացավ բծավոր տիֆից. նա անձամբ էր հոգ տանում գաղթական հիվանդների մասին, շփվում նրանց հետ՝ վտանգելով իր կյանքը…

«Նա այն կերպարն է, որը մեզ համար օրինակ է»

IMG_2931ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը, երբ տարիներ առաջ անցել է երիտասարդ դաշնակցականների շարքերը, ոգեշնչվել է Արամ Մանուկյանից՝ կարդալով դաշնակցական մեկ այլ գործչի` Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերն իր մտերիմ ընկերոջ՝ Արամի մասին:

«Ռուբենի հուշերում մի հատված կա իր և Արամի զրույցից: Արամը Սյունիքի ծնունդ էր, սակայն դպրոցական տարիներն անց էր կացրել Շուշիում, իսկ Ռուբենը կենտրոնական շրջաններից էր` Կարս, Գյումրի: Այդ զրույցի ժամանակ Ռուբենն Արամին ասում է, թե նա ավելի երջանիկ է, քանի որ երկրի հեռավոր լեռնային շրջաններից է, որտեղից ծնունդ առած հայորդիներն ավելի ուժեղ են, պայքարող, քան դաշտավայրերում ապրողները: Ռուբենը բերում է ընկույզի օրինակը` լեռնցիներին համեմատելով ընկույզի կեղևի հետ, որն իր ամրությամբ պաշտպանում է միջուկը: Սակայն Արամը նկատում է, որ երբեմն ամուր կեղևով ընկույզի միջուկն էլ է փչացած լինում»:

Անիի համար անձնազոհության վառ օրինակ է Արամ Մանուկյանի մահը. «Երբ նրան առաջարկում են հիվանդության դեմ պատվաստանյութ, նա հրաժարվում է` ասելով, որ քանի դեռ Հայաստանում կա մի երեխա, որը դրա կարիքն ունի, ինքը չի կարող այն ընդունել: Նա անձամբ էր գնում հիվանդանոց և սանիտարի դեր կատարում: Ես այսօր չեմ պատկերացնում, որ մեր որևէ պետական-քաղաքական գործիչ պատրաստ լինի նման անձնազոհության: Արամն ինձ  համար իդեալ է, նման կերպարների մասին մենք միշտ կարդացել ենք արտասահմանյան գրականության մեջ, այնինչ մենք ունենք Արամ` չարժևորված Արամ…»:

ՀՅԴ երիտասարդական կառույցը տարիներ առաջ բողոքի ակցիա է իրականացրել` պահանջելով Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Հանրապետության հրապարակում` որպես Հայաստանի Առաջին  Հանրապետության հիմնադրի: Պահանջը չի ընդունվել, փոխարենը 2009 թ. Արամ Մանուկյանի կիսանդրին տեղադրվել է ՀՀ ոստիկանության շենքի դիմաց: Նույն տարում Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում նույնպես տեղադրվել է Մանուկյանի կիսանդրին: Երիտասարդ դաշնակցականը, սակայն, դա բավարար չի համարում` նշելով, որ  դա արժևորման մի ձև է, բայց ոչ լիարժեք:

tun-1 Արամ Մանուկյանի կիսավեր, աղբանոցի վերածված տունը

Արամի 9 հասցեում գտնվող հանրապետական նշանակության շենքում Արամ Մանուկյանն ապրել է  1917-1919 թթ., և այդ կիսաքանդ կառույցն այսօր նրանից մնացած միակ ամենաառարկայական հիշողությունն է:

tun-2Շենքը կառուցվել է 1910 թ.  ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն պատկանել է Ֆադեյ Քալանթարյանին:

Ի դեպ, 1837-ից Արամի փողոցը կոչվել է Ցարական՝  ի պատիվ Երևան ժամանած Նիկոլայ Առաջինի: Առաջին Հանրապետության ժամանակ այն վերանվանվել է Ազատության, սակայն Արամ Մանուկյանի մահից հետո՝  Արամ Մանուկյանի փողոց: Բոլշևիկները 1922 թ. փոխել են փողոցի անունը՝ դարձնելով Սպանդարյան: Խորհրդային իշխանության փլուզումից հետո փողոցը կրկին վերանվանվել է Արամի:

Ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է, որ դեռևս 1990-ականների կեսերին այն արդեն համարվում էր վթարային, և այդ ժամանակ ինքը շենքի վերակառուցման նախագիծ է ներկայացրել իշխանություններին, որն այդպես էլ չի իրականացել:

Levon VardanyanԱյսօր շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը նույնպես Լևոն Վարդանյանն է: «Մի շրջան կար, երբ քաղաքի տարբեր հատվածներում հուշարձան-շենքերը քանդում էին՝ անունը դնելով ապամոնտաժում-տեղափոխում, և ոչ ոք պատասխան չէր տալիս դրա համար»,- ասում է նա՝ պատմելով, որ 2005 թ. իր կողմից առաջարկվել է ապամոնտաժված շենքերը Երևանի մի հատվածում վերակառուցել՝ վերակենդանացնելով հին Երևանի մի հատվածը, որը կլինի նաև սիրված վայր երևանցիների համար: Ծրագրի համար նա առաջարկել է Արամի փողոցից մինչև Մաշտոցի  այգի ընկած հատվածը, որի երկարությունն  ընդհանուր առմամբ մոտ 320 մետր է:

Գաղափարը հավանության է արժանացել, և մշակվել է «Հին Երևան» ծրագիրը: Տարածքը բաժանվել է հինգ հողակտորի՝ լոտերի և հանվել աճուրդի: Հայտնվել են գնորդներ՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն և «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են Երևան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Տարածքի հինգ հողակտորից չորսը գնել է «Գլենդել Հիլզը»: Գնորդներին ներկայացված գլխավոր պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է իրականացնեն ծրագիրը՝ կատարելով համապատասխան ներդրումներ:

maket

Լևոն Վարդանյանի հեղինակած “Հին Երևան” ծրագրի նախագծային մակետը

Սակայն ծրագիրը կանգ է առել. քաղաքապետներ են փոխվել, երկրի նախագահ է փոխվել, վրա է հասել ֆինանսական ճգնաժամը և այլն: Ծրագիրը կենդանության նշույլներ է ցույց տվել 2010-ին: Վերանայվել ու թարմացվել են բոլոր որոշումներն ու նախագծերը, սակայն`  նորից դադար:

Լևոն Վարդանյանի խոսքով՝ օրեր առաջ իր արվեստանոց են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները, դիտել իր կողմից տարիների ընթացքում  կառուցված մանրակերտը և հավանության արժանացրել: Շուտով պետք է ճշտվեն նաև ծրագրի իրավական կողմերը: Ճարտարապետը հույս ունի, որ վերջապես այս տարի շինարարությունը կմեկնարկի, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա «Հին Երևանը» կյանքի կկոչվի 3-5 տարվա ընթացքում:

Ըստ նրա՝ ծրագրի իրականացման համար մոտ 100-150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ:

Tun-maketԻնչ վերաբերում է Արամ Մանուկյանի տանը, եթե անգամ ծրագրի իրականացման շրջանակներում  տունը վերակառուցվի, ապա ճարտարապետը չի կարող ասել, թե դա որքանով կդիտարկվի որպես Արամ Մանուկյանի տուն. «Կարող է ընդամենը Արամ Մանուկյանի հուշատախտակը մնա, կարող է տուն-թանգարան դառնա, դժվարանում եմ ասել, դա պետք է պատկան մարմինները որոշեն»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տարի առաջ իրենք հանդիպել են «Գլենդել Հիլզի» սեփականատիրոջ հետ, որը խոստացել է շենքը վերակառուցելուց հետո մի հարկը տուն-թանգարանի համար տրամադրել և շեշտել է, որ ինքը նույնպես բարձր է գնահատում Արամ Մանուկյանին:

Սակայն «Անկախի» տեղեկություններով՝ «Գլենդել Հիլզը» պատրաստվում է վաճառել իր գնած տարածքները: Նոր գնորդը մոսկվաբնակ հայտնի գործարար Սերգեյ Համբարձումյանն է, որի միջոցներով կառուցվել է նաև Մատենադարանի նոր մասնաշենքը: Առքուվաճառքը բանավոր մակարդակում կայացել է, մնում է, որ այն վերածվի փաստաթղթային տարբերակի:

Իսկ թե նոր սեփականատերն ինչ մոտեցում կունենա Արամ Մանուկյանի տան հարցում, ցույց կտա ապագան: Փաստորեն, ամեն ինչ կախված է սեփականատիրոջ ցանկությունից:

Մինչ ծրագիրը կյանքի կկոչվի և վերակառուցման հերթը կհասնի Արամ Մանուկյանի տանը, մեծ հայորդու հիշատակն ամփոփող կիսավեր տանը կգիշերեն թափառական շները, և այն կծառայի իբրև աղբանոց ու անպետք իրերի հանգրվան:

Aram ManukyanՀունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակն է: Հիշատակի ղողանջներ թերևս հնչեն, սակայն այնքան թույլ, որ անգամ չեն տարածվի քաղաքով մեկ ու չեն հասնի մարդկանց ականջին ու հոգուն:

«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»: Այս խոսքերը գրվել են  մի ժամանակահատվածում, երբ պետական քարոզչամեքենայի կողմից Մանուկյանի անունը հետևողականորեն մոռացության էր տրվում, հեղինակը խորհրդային պատմաբան, գրող Հարություն Թուրշյանն է:

Այսօր ոչ միայն  իրավիճակն է բարենպաստ, այլև ժամանակի հեռավորությունն է բավարար տեսնելու նրա մեծությունը: Ընդամենը գիտակցում ու ցանկություն է պետք:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Սիրիայի նախագահը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

հարութԱնցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Ասադը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համեմատել է օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ. «Ահաբեկիչների դրսևորած վայրագության ու անմարդկայնության աստիճանը մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ միջնադարյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները: Առավել մոտ ժամանակաշրջանում դրանք մեզ հիշեցնում են օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ջարդերը, երբ Սիրիայում և Թուրքիայի տարածքում սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր ու կես միլիոն ուղղափառ ասորիներ»:

Զարմանալի չէ, որ երկու օր անց Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպությունում,  Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հանդես եկավ նման մի հայտարարությամբ. «Իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղ 1.5 միլիոն մարդ է սպանվել»:

Միակ այլ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Աբդ ալ-Քադեր Քադուրան, երբ հուզիչ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշարձանի և թանգարանի հուշամատյանում, 2001 թվականի հուլիսի 16-ին, Երևանում. «Երբ այցելեցինք հուշարձանն ու թանգարանը Հայոց ցեղասպանության, որ զոհ գնաց հայ ժողովուրդը 1915 թվականին, մենք խորին հիացմունքով և հարգանքով կանգնեցինք այն հերոսների առջև, որոնք մահն ընդունել են խիզախությամբ ու հերոսությամբ: Նրանց զավակներն ու թոռները շարունակում են անմահացնել իրենց նախնիների խիզախությունն ու պայքարը… Մեծ հարգանքով մեր գլուխը խոնարհում ենք հայ ժողովրդի՝ մեր ընկերների նահատակների հիշատակի առջև, և ողջունում վճռականության ու հաղթանակի համար նրանց կարողությունը: Մենք կաշխատենք միասին, որպեսզի բոլոր մարդկանց ազատագրենք ճնշումներից և կեղեքումից»:

Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որի գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:

Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ չէ, որ թշնամական են եղել: Մինչև 2011 թվականի սիրիական ճգնաժամի սկիզբը, այդ երկու երկրներն այնպիսի քաղաքական և տնտեսական սերտ դաշնակիցներ էին, որ Ասադի վարչակարգն արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը երկրում և թույլ չէր տվել օտարերկրյա ֆիլմ նկարահանող խմբերին այցելել Դեր Զոր՝ Ցեղասպանության բազմահազար զոհերի սպանդանոցը: Մտահոգված Թուրքիայի հնարավոր դժգոհությունից, նախագահ Ասադի աշխատակազմը 2009 թվականին չեղյալ համարեց իմ հանդիպումը Նախագահի հետ, այն բանից հետ, երբ նրանք համացանցում հայտնաբերեցին իմ բազմաթիվ քննադատական հոդվածները Թուրքիայի վերաբերյալ: Ավելին, Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների միջև մեղրամիսի ժամանակ, նախագահ Ասադը Սիրիա այցելող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին խորհուրդ էր տվել, որ հայերը պետք է դրական հարաբերություններ մշակեն Թուրքիայի հետ և չապրեն անցյալում:

Նախագահ Ասադը, France Presse գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում նաև բողոքել է արևմտյան ղեկավարներից, որոնք չեն հասկանում ծավալվող զարգացումները Մերձավոր Արևելքում. «Նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն, միայն այն ժամանակ, երբ իրողությունն արդեն բոլորովին փոխվել է»: Անկեղծ ասած, կարելի է միևնույն քննադատությանը ենթարկել նախագահ Ասադին՝ Թուրքիայի ղեկավարության նենգությունն ու երկերեսանիությունը ի վնաս իրեն շատ ուշ գիտակցելու համար:

Ցավոք, Սիրիայի նախագահը միակ պետականն ղեկավարը չէ, որ չէր կարողացել ըմբռնել Թուրքիայի իշխանավորների դավադիր մտածելակերպը: Մերձավորարևելյան, եվրոպական և ամերիկյան բազմաթիվ ղեկավարներ միևնույն սխալն են գործում վստահելով Թուրքիայի կեղծ բարեկամությանը՝ նեղ դրության մեջ ընկնելով, երբ Թուրքիան չի հարգում իր խոստումները:

Վերջին ամիսներին վարչապետ Էրդողանի բռնապետական քաղաքականության և ռազմատենչ հայտարարությունների պատճառով միջազգային հանրության աճող հիասթափությունից ակնհայտ է դառնում, որ ոչ ոք Թուրքիայի իրական դեմքն այնքան լավ չի ճանաչում, որքան հայերը, ասորիները, հույները և քուրդերը, որոնք տառապել են անթիվ ու անհամար դաժանություններից, ջարդերից և անգամ ցեղասպանությունից թուրքական բռնապետական իշխանության տակ:

Չնայած նախագահ Ասադի քաղաքական դրդապատճառներին՝ հայ ժողովուրդը պետք է ողջունի նրա ուշացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանության ճանաչումից այսքան երկար ժամանակ անընդունելի պատճառներով ձեռնպահ մնալուց հետո, գոնե հիմա Սիրիայի նախագահը պաշտոնապես ասում է ճշմարտությունը անցյալի և ներկայիս թուրքական վայրագությունների մասին:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Անկախ

 

Ազատագրելը հեշտ է, պահել այդ հաղթանակը` առավել դժվար. Վազգեն Մանուկյան

վազգեն մանուկյան,պաշտպանության նախարար1988թ.-ի փետրվարին, միաժամանակ դրվեց և հանուն Արցախի պայքարի, և անկախ պետականության վերականգնման, և Ազգային բանակի ստեղծման սկիզբը : Հունվարի 28-ին Հայաստանի երրորդ հանրապետության բանակի տարեդարձն է : Չափահասության սահմանը հատած մեր բանակն իր կայացման ճանապարհին, մի քանի դժվարագույն և առանցքային փուլ է հաղթահարել: Մասնագետները բանակի անցած ուղին բաժանում են երեք փուլի` առաջին. 1988-ի փետրվարից 1992 թվականի մայիս, երկրորդ. 1992 թ.-ի հունիսից 1994 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանը և երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ այժմ: Իհարկե, որոշ փորձագետներ գտնում են, որ թևակոխել ենք արդեն 4-րդ փուլ:Հարցազրույց Վազգեն Մանուկյանի հետ է, որը 1992-93 թթ-երը եղել է պաշտպանության նախարար:

-Դուք պաշտպանության նախարար նշանակվեցիք թե բանակաշինության, և թե պատերազմական գործողությունների դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում, այդ ընթացքում ճակատագրական ի՞նչ լավ ու վատ որոշումներ են կայացվել, ինչու չէ նաև, նախքան ձեր պաշտպանության նախարար դառնալը:

-Նախ չմոռանանք, որ ազգային բանակի կայացման սկիզբը դրվեց, Սումգայիթի դեպքերից հետո, երբ այն հույսերը, որ կապել էինք խորհրդային բանակի հետ, չարդարացան: Պետք էր ունենալ պաշտպանական սեփական միջոցներ և սկսեցին ձևավորվել առաջին ջոկատները, դրանց հիմնական կառավարողը «Ղարաբաղ» կոմիտեն էր, հետո արդեն, ՀԱԲ-ը և այլ ջոկատներ: Ի՞նչ ունեցանք . անկանոն, իրար հետ միավորվել չցանկացող ջոկատներ և 1918 թվականի խմբապետերի մասին վատ հիշողություններ: Այդ պատկերն ինձ համար, որպես վարչապետի, լուրջ հիմք էր անկանոնից կանոնավոր ջոկատների անցման համար. առաջին հրամանը կառավարության եղավ 1990 թվականի սեպտեմբերին, ՄՀՕՋ-ի կազմում ստեղծել բանակատիպ մի ստորաբաժանում, բանակ կոչել այն չէինք կարող, քանի որ դեռ Խորհրդային միությունում էինք : Կոչ եղավ `հավաքագրել մարդկանց և պահանջ` զինաթափել նրանց, ով չէր ընդգրկվի այս ստոաբաժանման կազմում, անկեղծ ասած, մի քիչ շտապել էի, քանի որ, պոտենցիալ անդամներն այդ պահին դրսում էին: Արդեն 1991 թ.- մայիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն: Ես առաջարկեցի, որ այն, Վազգեն Սարգսյանը ղեկավարի, ընդ որում, վարչապետ դառնալուց հետո, «Ղարաբաղ» կոմիտեի ջոկատների կառավարման լիազորություններս հանձնել էի Վազգենին, բայց նա հակառակվեց, քանի որ այդ ժամանակ նա Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը զինվորականների հետ խոսելու պետական կարգավիճակ էր տալիս, իսկ կոմիտեն, թեև ստեղծվել էր կառավարության կողմից, բայց ԽՍՀՄ օրենքների տրամաբանության շրջանակում համարվում էր անօրինական, և ես այդ պաշտոնն առաջարկեցի Վահան Շիրխանյանին: Երբ արդեն 92-ին, պառլամենտականից անցանք նախագահական իշխանության, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, սակայն դեռ կանոնավոր բանակ չունեինք. Շուշիի ազատագրմանը միայն ջոկատներ են մասնակցել, Շուշիի հաղթանակից հետո, ըստ էության, ունեցանք կանոնավոր զինուժ. որոշվեց ստեղծել միաժամանակ 2 կանոնավոր բանակ` ռազմական փորձ ունեցող տղամարդկանց բրիգադաների կազմավորմամբ, ընդ որում` պրոֆեսիոնալ բանակին զինվորագրվածները աշխատավարձ էին ստանում, վերջ ի վերջո, տարիներ շարունակ կամավոր լինելով և հայրենասիրությամբ ընտանիք պահել չես կարող, ավելին ասեմ, մենք Ռուսաստանի համեմատությամբ, 1,5 անգամ բարձրացրեցինք, այսպես ասած` աստղի դիմաց տրվող գումարը, որովհետև ՌԴ-ում 400 կադրային զինվորական ունեինք, որոնք պատրաստ էին գալ Հայաստան և մասնակցել բանակաշինության գործին, եթե ընտանիքը պահելու խնդիր չլիներ, արդյունքում`շատերը եկան, բայց հիմա էլ այլ խնդրի առջև կանգնեցինք. կադրային զինվորականների և ֆիդայիների միջև «հակամարտություն» սկսվեց, սրա մեջ շատ չեմ խորանա, բայց մեզ հաջողվեց հարթել տարաձայնությունը: Փաստորեն, պատերազմական դժվարին իրավիճակում, մեզ միաժամանակ հաջողվեց ունենալ և ապագայի բանակ,և ազատագրական պայքար մղող կանոնավոր զինուժ, ի դեպ, 18 տարեկան զինվորները մարտի չէին ուղարկվում, միայն ծայրահեղ դեպքերում, հիմնական ողջ ծանրությունը պրոֆեսիոնալների ուսերին էր: Ինչ վերաբերում է իմ պաշտոնավարման ընթացքում` պատերազմի դաշտում, մեր ունեցած հաղթանակներին, ապա պիտի ասեմ, որ ճակատագրական լուրջ հաջողություններ ենք ունեցել. Կապանի օպերացիան, որի արդյունքում, մեզ հաջողվեց առաջ գալ և 140 կմ-ով լայնացնել տարածքը` լեզվակը վերցրեցինք, Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրումը, Մարտակերտի հետգրավումը, եթե չլիներ Քելբաջարի հաղթանակը, մենք չէինք կարող պահել Մարտակերտը, Քելբաջարի ազատագրումը, ոչ միայն հնարավորություն տվեց պաշտպանել Մարտակերտը, այլև` կրճատել ռազմաճակատի գիծը . մի ամբողջ տարածքի փոխարեն, մենք վերևում մի փոքր տարածք էինք պաշտպանում, սա նաև կոտրեց ադրբեջանական բանակի ողնաշարը. նրանք բարոյալքված էին և մենք ինչքան ուզես, կարող էինք առաջ գնալ: Այս հաղթանակը կերտեցինք Արցախի ջոկատների հետ միասին, ես երբեք չեմ տարանջատել Հայաստանի և Արցախի ջոկատները: Սա բոլորիս հաղթանակն էր:

-Պարոն Մանուկյան, իսկ ի՞նչ կասեք կորուստների մասին, որ ունեցանք Շուշիի, Լաչինի (Քաշաթաղ) հաղթանակներից հետո և ինչպես արցախյան պատերազմի մասնակիցներից ոմանք պնդում են.«Մեր մեղքով»:

-Այո’, Շուշիի, Լաչինի փայլուն ու անհավանական հաղթանակներից հետո կորցրեցինք Շահումյան, Մարտակերտ. թշնամին առաջ էր գալիս, Վազգենը մահապարտների ջոկատ հավաքելու կոչ արեց, հուսահատված պահի կոչ, այն, իհարկե, դեր խաղաց. մի քանի օր հնարավոր եղավ պահել հակառակորդի հարձակումն ու առաջխաղացումը: Արծվաշենը, որի կորստի համար, հետո Վազգեն Սարգսյանին էին մեղադրում, մենք, իրոք, պաշտպանելու հնարավորություն չունեինք, այլ հարց էր, որ պետք էր լինել առավել ազնիվ և արծվաշենցիներին ասել.«Մենք ձեզ չենք կարող պաշտպանել» և ժողովրդին տարհանեին, որպեսզի մարդկային և նյութական կորուստներ չունենայինք: Արծվաշենը հետո կարող էինք վերցնել, բայց պահել` ոչ, դրա համար մենք ստիպված պիտի լինեինք առաջ գնայինք, մտնեինք, հակառակորդի կողմից էլի որոշ տարածքներ վերցնեինք, ահնար էր: Առհասարակ, ազատագրելը հեշտ է, պահելն այդ հաղթանակը` առավել դժվար, ուստի ազատագրման ժամանակ, սա է հաշվի առնվում : Օրինակ` Մարտունին, որտեղ հրամանատարը Մոնթեն էր, դաշտավայր էր, կարող էինք առաջ գնալ, բայց պաշտպանել դա` ոչ: Հիշում եմ, Մոնթեն միշտ իր տղաների առջից էր գնում, ես ասում էի. «Մոնթե՛, առջևից մի գնա, գիտենք, որ խիզախ ես», իսկ նա պատասխանում էր.

«Ամեն վայրկյան պիտի ապացուցես խիզախությունդ, թե չէ, ինչպես պիտի լինի, ինչպես պիտի ոգևորես զինվորիդ»:

Ես դա ասում էի, որովհետև գիտեի, որ Մոնթեն զոհվի, ամեն հաջողություն կորցնելու ենք և այդպես էլ եղավ. մենք մի քանի կմ առաջ էինք գնացել և բարձրունքի վրա պաշտպանական գիծ կառուցել, Մոնթեն խփվեց և մենք րոպեների ընթացքում կորցրեցինք այդ առավելությունը: Իսկ Գետաշենը կորցնելու ժամանակ ես վարչապետ էի, իսկ երկիրը` ԽՍՀՄ-ի տիրապետության տակ, Գետաշենին հարվածեց ոչ թե Ադրբեջանը, այլ` խորհրդային բանակը, իսկ նրանց դեմ զինված պայքարն անհեթեթ կլիներ: Գետաշենի կորուստը ռազմական հարց չէր, այլ` քաղաքական:

-Խոսեցինք կորուստներից, երբեմն կարծիքներ ենք լսում, որ ՀՀ առաջին նախագահի մեղքով, մենք տարածքներ կորցրեցինք, թե որոշ տարածքներ էլ Լևոն Տեր Պետրոսյանից գաղտնի են ազատագրվել, ի՞ նչ կասեք այս մասին:

-Ես հիմա, չեմ ուզում ասել, գնահատականներ տալ այս կամ այն տարածքի ազատագրման հետ կապված, բայց մի բան կասեմ` Լևոն Տեր-Պետրոսյանը ներքին համոզմունք ուներ, որ ադրբեջանցիներին չենք կարող հաղթել. խորհրդային բանակից Հայաստանում մնացել էր 500 վագոն զենք, Ադրբեջանում` 10.000 և սա հիմք էր տալիս Լևոն Տեր Պետրոսյանին մտածելու, որ մենք պարտվելու ենք, իր շրջապատի մարդիկ սրան հավատում էին, ես` հակառակում էի համոզված: Ընդհանրապես, բանակի ուժը չափվում է 2 գործոնով`1. ազգային եկամուտ, ռազմական բյուջե, զինամթերքի և բնակչության քանակ, 2. բնակչության համախմբվածություն, վստահություն դեպի հաղթանակը, հոգեբանական պատրաստվածությունն ու տրամադրվածությունը: Առաջին նախագահը, հիմք էր վերցնում առաջին գործոնը, ես` երկրորդ և պարզվեց չէի սխալվում: Ի՞նչ էր առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանը. «Դադարեցնել պայքարը, բանակցությունների միջոցով լուծել հարցը», սա ճիշտ չէր, որովհետև հակառակորդը մեզ հանգիստ չէր թողնելու. հիշենք Ալիևի հայտարարությունը, թե կնոջ հետ գալու է ու Սևանում լողանա: Խաղ կա, որ չարժի խաղալ, բայց եթե մտել ես խաղի մեջ, չպետք է հետ քաշվել, մինչև չհաղթես, եթե մենք կես ճանապարհից հետ գնայինք, մենք ՀՀ տարածքներ էինք կորցնելու:

-Պարոն Մանուկյան, նորից անդրադառնանք բանակաշինությանը, այսօր շատ է խոսվում, թե պետք է հրաժարվենք ռուսական բանակի «կնիքից», որ մեր բանակը ազգային մենթալիտետին համահունչ չէ և որ , ի սկզբանե, պետք էր ազգային բանակ ստեղծվեր: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Մենք քննարկումներ արեցինք. ստեղծել ՆԱՏՕ-ական, թե՞ ռուսական բանակ: Որոշվեց երկրորդ տարբերակը, և հակառակը հնարավոր էլ չէր, ի վերջո մեր սպաները խորհրդային բանակի փորձն ու գիտելիքն ունեին, և մենք ստեղծեցինք ռուսական կամ խորհրդային բանակի կառուցվածքով ազգային բանակ, պատերազմի ժամանակ ու երբ դու ինքդ չես պատրաստում «ազգային սպաներ», խոսել այլ համակարգային տարբերակի մասին անիմաստ էր: Չեմ կարող ասել, որ ռուսական դպրոցն անցած սպաները պակաս հայրենասեր էին, Արցախի պատերազմն անցած ֆիդայիներից՝ սովետական մտածողություն ունեին, բայց քարոզչություն տարվում էր: Պիտի ասեմ, որ մենք մեծ իմաստով չենք տուժել, ընդօրինակելով ռուսական բանակի կառուցվածքային սխեման: Հիշում եմ , ըստ այդ սխեմայի, պիտի ունենայինք խողոկաշար անցկացնող բատալիոն, սկզբում մտածում էինք, ինչներիս է պետք, բայց հետո, այդ ստորաբաժանումն օգնեց նավթ տեղափոխել: Ինչ վերաբերում է, թե խորհրդային բանակից ժառանգել ենք չգրված օրենքներ` կաշառակերություն, «դեդավշինա», համաձայն չեմ, այդ երևույթները բոլոր բանակներում էլ կան, սա անհատի ներքին համոզմունքների, դաստիարակության հարց է, դրա դեմ իհարկե պետք է պայքարել: Ավելին ասեմ` ես միշտ կողմ եմ եղել և հիմա էլ պնդում եմ, որ 18 տարեկանը լրանալուց հետո, բոլորը զորակոչվեն, ծառայեն 1,5 տարի, բանակում նրանց լավ կրթեն, ծառայությունից հետո, նրանց համար պիտի ապահովվի բարձրագույն անվճար կրթություն, այլապես այսօր, կրթական համակարգը վնասում է բանակին. պետպատվերի տեղերը կրճատում են, «փողի», ոչ թե մտքի ընտրյալները անվճար ԲՈՒՀ են ընդունվում, իսկ ապագա գիտնականները դուրս են մնում, որոշ բացառություն կարող է լինել երաժիշտների, մաթեմատիկոսների և ֆիզիկոսների համար, այն էլ, եթե ինչ-որ գյուտի ստեղծմամբ է զբաղված:

Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Հայոց բանակը

հայոց բանակՀայ ժողովրդի պատմությունը պայքարի ու պատերազմի պատմություն է: Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտեց հայկյան աղեղից դիպուկ արձակած նետով: Եվ Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկը գետնեց Բելին, համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ նկարագրված հնագույն ճակատամարտն է:

Պատմությունը մեզ շիտակ դաս է տվել. երբ թուլացել է հայկյան աղեղը, երբ թուլացել է հայորդու բազուկը, թշնամու սուրն է կախվել մեր գլխին:

Հայը դեռ հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ երկաթի կիրառությունը, երկաթյա զենք ու զրահի առաջին կիրառությունը մեր նախնիներին է պատկանում, առաջին հեծելազորի ստեղծման և ձին որպես ռազմի գործիք կիրառելու պատիվը նույնպես  մեր նախնիներինն է:

Շատ տերություններ կորան, փոշիացան պատմության քառուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ:

Որտեղ ասես որ արյուն չի թափել հայ զինվորը: Դեռ հեռավոր մ.թ.ա. 612 թվականին Բաբելոնն ու Մարաստանը իրենց թշնամի Նինվեն կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը, և Պարույր Հայկազնը իր հեծյալներին առաջնորդեց Միջագետք` կործանելու Նինվեն` հանուն իր ազգի գոյատևման:

Մ.թ.ա. 331 թվականին եվրոպական մայրցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առջև և դարձյալ երաշխիքը եղան Հայաստանի անկախության: Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին ու սպանեց նրանց զորավար Մենոնին:

Մ.թ.ա. II դարում հզոր Հռոմի հիմքերը ցնցած կարթագենցի Հաննիբալը հայ զինվորի բազկին միայն վստահեց և ապաստան գտավ Հայոց երկրում:

Տիգրան Մեծ արքան հայ հեծելազորի ոտքերի տակ փոշիացրեց ողջ արևելքը: Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիք… Տասնյակի չափ մեծ ու փոքր երկրներ հպատակեցրեց: Բազմիցս ջարդեց հռոմեական լեգեոնները և աստվածացվեց սեփական ժողովրդի կողմից:

62 թվականին հայոց զորքերը կարողացան ջարդել հռոմեական անպարտ բանակը: Հռոմը դեռ երկար պիտի հիշեր այդ նվաստացումը: Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ մի բանակի, ոչ մի զորավարի չի հաջողվել այդպես նվաստացնել Հռոմին: Եվ այդ հաղթանակով Տրդատ Ա Արշակունին նվաճեց Հայաստանում թագավորելու իրավունքը:

III դարում Խոսրով Գ Մեծ հայոց արքան հայոց հեծելազորով հրի ու սրի ճարակ դարձրեց Սասանյան դարձած Պարսկաստանը, և պարսից արքան միայն Անանկ Պարթևի դավաճանությամբ կարողացավ կանգնեցնել հայոց հաղթարշավը:

IV դարից Մամիկոնյան պայազատները ղեկավարեցին հայոց զինուժն ու իրենց արյամբ օծեցին հայոց հաղթանակները: Վասակ Մամիկոնյան սպարապետը սասանեց պարսից և բյուզանդական զորությունը, Մուշեղ Մամիկոնյան զորավարը Ձիրավի դաշտում իր քաջությամբ ու մեծահոգությամբ արժանացավ անգամ իր  ոսոխի` Շապուհի հիացմունքին, Մանվել Մամիկոնյան սպարապետն օր ծերության մահվան մահճում անիծում է իր բախտը, որ չի նահատակվում ռազմի դաշտում, այլ վախճանվում է անկողնում… Ահա հայ զինվորի, նվիրյալ հրամանատարի կերպարը:

VII դարից հայոց այրուձին կանգնեցրեց իսլամի կանաչ դրոշի շարժը դեպ Եվրոպա: Եվ արաբական հորդաները, չկարողանալով տիրանալ հայոց հողին, դեպի Եվրոպա իրենց ուղին հարթեցին` նվաճելով ողջ Հյուսիսային Աֆրիկան, որտեղից էլ անցնելով Ջիբրալթարը` ոտք դրեցին եվրոպական մայրցամաք:

Եվ IX դարում Բագրատունի ասպետները սուր բարձրացրին իսլամի դեմ ու առաջնորդեցին հային դեպ ազատություն: Բագրատունյաց խոնարհված դրոշը փառքով պսակեցին Զաքարյան հսկաները, որ ազատության հաղթարշավ սկսելով Լոռուց` կարճ ժամանակում թոթափեցին ստրկության շղթաներն ու թագով զարդարեցին իրենց լուսավոր ճակատները:

Անգամ օտար հողում` Կիլիկիո երկրում հայոց զինվորը հայրենիք կերտեց ու պետականություն ստեղծեց:

Եվ որտեղ ասես, որ հայ զինվորը  իր կեցվածքով չսրբագրեց մեր պատմությունը:Շարունակություը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Սևանի իշխանի վերականգնման ծրագրի շուրջ «կռիվը» դեռ նոր է սկսվում

ձուկՎերջին շրջանում բավականին ակտիվացան բնապահպանները, այս անգամ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ծկնաբուծության զարգացման ծրագրի շուրջ:

 Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի` սեպտեմբերի 7-ին, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության ցանցավանդակային մեթոդի կիրառման պիլոտային ծրագիրը հոկտեմբերին կներկայացվի կառավարության հաստատմանը:  Եվ շեշտել էր, որ ծրագրով նախատեսվում է մինչև 2021 թ. 50 հազար տոննա իշխան տեսակի ձուկ բուծել, դանիական կազմակերպությունների հետ համատեղ այդ ծրագիրը փորձարկվել է, ինչի արդյունքում պարզվել է, որ այն չի խախտում լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Այն ժամանակ ոչ մի արձագանք չեղավ: Հետո Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն ստորագրեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին: Նախագահն այդ ժամանակ խորհրդին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

 Ըստ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի»` ուսանելի համարվեց լճերի մակերևույթներին էկոլոգիապես մաքուր ձկան արտադրության միջազգային փորձը, մասնավորապես` ձկնաբուծություն լճերում, ծովերում կամ ջրամբարներում տեղադրվող ցանցավանդակներում, որոնք պատրաստված են էկոլոգիապես անվնաս նյութերից և չեն վնասում լճի էկոհամակարգը:

«Միայն Սևանա լճում, որի մակերեսը ներկայումս շուրջ 127 720 հա է, օգտագործելով լճի մակերևույթի առավելագույնը 0.1տոկոսը, հնարավոր է տարեկան արտադրել 50 000 տ ձուկ: Եվս 50 000 տ հնարավոր է աճեցնել ՀՀ արհեստական ջրամբարներում, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 930 021 հա է, և Արմաշի լճակային ձկնաբուծական տնտեսությունում` մոտ 1200 հա ջրային մակերեսով: Արդյունքում միայն ցանցավանդակային եղանակով Հայաստանում հնարավոր է արտադրել շուրջ 100 000 տ ձուկ»,- նշվում է ծրագրում:

Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման արտադրական և բնապահպանական արդյունավետությունը գնահատելու համար իրականացվում է փորձնական փուլ (15.08.2012-15.08.2014): Ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2011 թ. հոկտեմբերին, իսկ ցանցավանդակները Սևանա լճում տեղադրվել են 2012 թ. օգոստոսին: Փորձնական փուլն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն, որը նաև ներդրողն է: Փորձնական ծրագրի իրականացման նպատակով Սևանա լճում` Շորժա գյուղին հարող տարածքում, տեղադրվել է 4 ցանցավանդակ, յուրաքանչյուրը` 16 մ տրամագծով և 8 մ խորությամբ: Ցանցավանդակների գումարային ծավալը շուրջ 6400 խմ է, տնտեսության հզորությունը` շուրջ 50 տ: Սարքավորումների հիմնական մասը ներմուծվել է Դանիայից: Տնտեսության ստեղծման և շահագործման համար ներդրվել է շուրջ 290 մլն դրամ` 1 տ հզորության համար` շուրջ 6 մլն դրամ:

Ծրագրով նախատեսվում է 2015 թ. կառուցել 4 ցանցավանդակային տնտեսություն, 2016-ին` 10, 2017-ին` 18, 2018-ին` 20 և 2019-ին` 22: Արդյունքում ցանցավանդակային տնտեսությունների թիվը հասցվելու է 74-ի` յուրաքանչյուրը տարեկան մոտ 668 տ արտադրողականությամբ: Ցանցավանդակային տնտեսությունները պարտավորված կլինեն ձեռք բերել միայն մանրաձկան տնտեսության բուծած մանրաձուկը:

Ծրագրի բնապահպանական արդյունքներից մեկն էլ պետք է լինի Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պաշարների վերականգնման ինքնաշխատ համակարգի ստեղծումը և վերականգնման կայուն ու արագ ընթացքի ապահովումը: Ամեն տարի նախատեսվում է լիճ բաց թողնել արտադրվող ձկան 1.5%-ը, ինչը ծրագրված հզորության ապահովման պարագայում կկազմի տարեկան 750 տ:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստին որոշեց  «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագիծը ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության: Նշենք, որ կառավարությունը հաստատել է նախագիծը, ըստ որի` նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023 թ. հասցնել տարեկան մինչև 50.000 տ-ի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի 50.000 տ արհեստական կեր, որն էլ կապահովի ձկան արագ աճը:

Կերի հարցը լուծվել է . Յու Ջավադյան

Ու ահա այդ ժամանակ բնապահպանները սկսեցին բարձրացնել խնդիրները: Դեկտեմբերի 21-ին Էկոլոգիական հասարակական դաշինքը քաղաքական ու հասարակական գործիչներին, գործարարներին, քաղաքացիական նախաձեռնություններին, ստեղծագործական միություններին, երկրի քաղաքացիներին ուղղեց բաց նամակ, որով կոչ էր  անում փրկել Սևանը էկոհամակարգին սպառնացող և չվերահսկվող ծրագրերից: «Բոլորին, բոլորին, բոլորին` Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի»,- այս խոսքերով էր սկսվում բաց նամակը, որում բնապահպանների հիմնական մտահոգությունը կապված էր առաջարկվող ծրագրով նախատեսված  ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրության հետ: Ինչպես նշում էին բնապահպանները, տարեկան լիճ պետք է լցվի նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր, որոնց շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը:

«Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի և ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն` հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորն այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը»,- ասված էր բնապահպանների հայտարարության մեջ:

Դիմեցինք «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահին, որպեսզի գոնե նա պարզաբանի, թե ինչ է տեղի ունենում կերակրումից հետո: Սակայն «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ կարեն Աթոյանն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի զբաղվում Սևանի հարցով: Ձկնաբուծության ոլորտում էլ ոչ թե տեխնոլոգիական ու մասնագիտական հարցերով է զբաղվում, այլ իրավական-կազմակերպչական: Իսկ Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման ծրագրի մասին որևէ հայտարարություն անել չի կարող, քանի որ միավորումը դեռ բավարար տվյալներ չունի համապատասխան հայտարարությամբ հանդես գալու համար:

Մի խոսքով` ոլորտը ներկայացնող միավորման ներկայացուցիչը չգիտեր, թե ինչ կպատահի, բնապահպանները` ևս: Ուստի նորից դիմեցինք բուն ծրագրի` ռիսկերի գնահատման հատվածին: Այնտեղ նշված էր, որ ծրագրի ռիսկերը բաժանվում են երկու խմբի` բնապահպանական և տնտեսական:

Մի կողմ թողնելով տնտեսականը, ասենք, որ համաձայն ծրագրի` բնապահպանական ռիսկերը, ինչպես և փորձնական փուլում, հիմնականում կապված են արհեստական կերի օգտագործման հետ (ֆոսֆորի, ազոտի և օրգանական նյութի արտանետում և կուտակում ցանցավանդակների տակ, որն առաջանում է լճի հատակին ավելցուկային կերի և ձկան արտաթորանքի կուտակումից): Բայց և կան այդ կուտակումները նվազագույնի հասցնելու մի շարք հնարավորություններ. լճում ցանցավանդակների թիվը և ձկան արտադրության ծավալներն ավելացնել աստիճանաբար, ձևավորել հատուկ մոնիթորինգի հանձնաժողով, ցանցավանդակների տեղադրման համար օգտագործել լճի տարածքի անվտանգ օգտագործման 1.5 տոկոսի սահմանից 50 անգամ քիչ, օգտագործել օրգանական ձկնաբուծության համար նախատեսված ձկան կեր, զբաղվել բացառապես օրգանական ձկնաբուծությամբ, օպտիմալացնել կերակրման նորմերը և վերահսկել կերակրման գործընթացը, ցանցավանդակների տակ` լճի հատակին, աճեցնել խեցգետիններ, որոնք կյուրացնեն կերի մնացորդները, անհրաժեշտության դեպքում ցանցավանդակների տակ ամրացնել կոնաձև ափսեներ, որոնց մեջ կկուտակվեն կերի մնացորդները և ձկան արտաթորանքը, որոնք էլ պարբերաբար կմաքրվեն պոմպերի միջոցով, ցանցավանդակների տակ տեղադրել թթվածին մղող սարքավորումներ, ինչը կնպաստի օրգանական նյութի քայքայմանը, հնարավորության դեպքում օգտագործել լողացող կեր, որը չի սուզվում, հետևաբար` չի կարող կուտակվել լճի հատակին, և այլն:

Այս խնդրին տեղյակ է նաև «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը, որ մեզ հետ զրույցում նշեց, թե հիմանական խնդիրը կերն էր, ուրիշ խնդիր չկար, իսկ կերի խնդիրն էլ արդեն լուծվել է. հիմա օրգանական կերեր են բերելու ու դրանով կերակրելու բուծվող ձկներին: «Դե չգիտեմ, թե ինչ կերեր էր այն ժամանակ բերում, համենայն դեպս, բավարար չէր, իսկ հիմա արդեն բավարար է բերում, ու ոչ մի բնապահպանական խնդիր չկա: Բնապահպանները մեկ բաժակ ջրում փոթորիկ էին բարձրացնում, 120 հազար հեկտարի մեջ ընդամենը 34 հեկտարի մասին է խոսքը»,- նշեց Յուրի Ջավադյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը,տեսանյութ

հայոց բանակ

1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե:
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած  այդ թիվ 325 որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե:
Երբ Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս Սովետական Միության կազմում էր: Կոմիտեն ստեղծվեց «Կոլցո» գործողությունը սկսվելուց չորս օր անց:  Մոսկվայի ձեռնարկած «Կոլցո» գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին  ներքին պատերազմն էր: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները:
Դեռ 1990 թ.սեպտեմբերի վերջին, Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, Նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդը: Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր: 1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: (Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանն  իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:)
ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992 թ. հունվարի 28-ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:

 

 

 

ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
«Հուզումնալից է այս պահը: Մենք ճանաչում ենք միմյանց: Շատերիդ հետ ենք հանդիպել ևʹ Կոռնիձորում, ևʹ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Փոխվել են ժամանակները: Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին, և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլ նաև ներքին: Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական անկախության, տնտեսական անկախության: Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այսօրվա պայմաններում չեն  կարողանում գտնել իրենց տեղը կյանքում: Դուք գտաք այդ տեղը` ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն` ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով: Ես ողջունում եմ և կուզենայի ձեզ ներշնչել այդ բարձր ոգին, երազանքի ոգին: Երազանքի, որ մենք նորից պիտի դառնանք մի հզոր ազգ` արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին, և սա մեր առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը:Ողջույն ձեզ»:
«Հայք», թիվ 34, 9 հոկտեմբերի, 1990 թ.
Վազգեն Մանուկյանը հետագայում` պատերազմի տարիներին` 1992 թ. սեպտեմբերից մինչև  1993 թ. օգոստոսը, Հայաստանի պաշտպանության նախարարն էր:

Անկախ

Շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է

տարոն մարգարյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Երևանի շախմատի ֆեդերացիան գլխավորելու փաստը զանգվածային լրատվամիջոցներում, նաև սոցցանցերում բուռն արձագանք ունեցավ: Ընդ որում, հատկապես սոցցանցերի օգտատերերի մեծ մասը հեռու էր նրբանկատությունից: Մասնավորապես հիշվում էր, որ Մարգարյանի` Անաստասիա Վոլոչկովայի հետ լուսանկարվելը, մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու, տնտեսագիտության թեկնածուի գաղտնի գիտական թեզ պաշտպանելու անհաջող փորձերից հետո, նրա համար Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը,  անլիարժեքության բարդույթ է, կասկած  էր հայտնվել նաև, որ հնարավոր է իմաստուն խաղի Երևանի ֆեդերացիայի նախագահ դարձած Մարգարյանն անգամ շախմատ խաղալ չգիտի, մի բան, որն այնքան էլ չկարևորվելով, այդպես էլ չի հստակեցվել, և այլն: Այդուհանդերձ, այս իրողություններն իշխանություններին ոչ ձեռնտու են, ծաղր, քանի որ նպաստել են, որպեսզի Տարոնը հասարակության աչքից է ավելի ընկնի:

Ինչևէ, փորձենք պարզել, թե Մարգարյանը որևէ կապ ունի՞ շախմատի հետ, ին՞չ դրդապատճառներ են թելադրել, որ նա գլխավորել է այդ կազմակերպությունը, ինչպիսի՞ հետևանքներ են հղի, ի վերջո, ինչպե՞ս է ընդունվում կատարվածը շախմատի ներկայացուցիչների շրջանում:

Տարոն Մարգարյանի հայրը` Հայաստանի վաղամեռիկ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին օգնել էր, որպեսզի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հիմնի  Հայաստանի շախմատի ակադեմիան, Երևանի կենտրոնում ունենա իր կենտրոնը: Այժմ ակադեմիան  Շենգավիթի համայնքում հսկայական համալիր է զբաղեցնում: Հետագայում էլ նրա որդին, երբ Ավանի համայնքն էր ղեկավարում, որոշակի քայլեր էր ձեռնարկել, որ համայնքի մարզօջախներում շախմատը զարգանա:

Ի դեպ, քիչ չեն խոսակցությունները, որ Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ դառնալու գործում ազդեցություն է ունեցել շախմատի ներկայացուցիչը, միջնորդելով, որ եթե, ի տարբերություն մյուս թեկնածուների, Տարոնը դառնա քաղաքապետ, շախմատային խնդիրներն ավելի հեշտորեն կլուծվեն: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Ինքնին հարց կարող է առաջանալ`արդյո՞ք Մարգարյանի մինչև շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ դառնալն այդ պաշտոնը թափուր է եղել: Պարզվում է, որ ոչ, այն զբաղեցրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային ճանաչված մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը որպես մրցավար սպասարկել է շախմատային խոշորամասշտաբ մի շարք ստուգատեսներ, մասնավորապես, եղել է շախմատի աշխահի չեմպիոնի կոչման համար վերջին երկու մրցամարտերի` Վիշվանաթհան Անանդ – Բորիս Գելֆանդ, Անանդ – Մագնուս Կառլսեն, գլխավոր մրցավարը: Այդպիսի բան մեր երկրի ոչ մի մարզաձևի տարեգրությունում չկա, թերևս, աշխարհում` նույնպես: Ի դեպ, իր գործը հիանալի իմացող, աշխարհի տարբեր երկրներում ՖԻԴԵ-ի մրցավարների որակավորման սեմինարներ անցկացնող, օտար լեզուների փայլուն տիրապետող մասնագետի աշխատանքը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչների կողմից այդպես էլ ոչ մի վերաբերմունքի, գնահատականի չի արժանացել, էլ չենք ասում խրախուսանքի մասին: Մի տեսակ, աշխատանքը ստվերում է թողնվել: Թերևս, ներկայացնելու խնդիր է, որը չի արվել…

Թվում է, թե նոր կատարվածն էլ պատահական է: Բայց այն հանգամանքը, որ Վարդապետյանն ընդհանրապես խաղից դուրս է թողնվել, կասկած է ծնում, որ նաև որշակի միտում է առկա,  և հարցը միայն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի գլուխ կարգելը չէ: Ընդ որում, անկախ այն բանից, թե դա  ում է ձեռնտու, առաջին հերթին Երևանի քաղաքապետի  դեմ է, առավել ևս, որ բանիմաց ֆեդերացիայի նախկին նախագահն անգամ նրա տեղակալների թվում չէ:

Թերևս, գաղտնիք չէ, որ ֆեդերացիան թեև Մարգարյանն է գլխավորելու, սակայն հիմնական աշխատանքն այլ մարդիկ են օգնելու, որպեսզի նա իրականացնի: Իսկ նախագահի տեղակալներ են նշանակվել թեև շախմատի ներկայացուցիչներ, բայց այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում այս ոլորտում չեն աշխատել: Այդ պարտականությունը վստահվել է միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանին և առաջին  կարգային Արմեն Գևորգյանին: Առաջինը եղել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, վերջին տարիներին բախտ է որոնել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է, իսկ երկրորդը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարն է:

Իսկ Վարդապետյանը 1991-ից Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Այդ ընթացքում երկու տարի ֆեդերացան գլխավորել է «Դվին» կոնցեռնի փոխտնօրեն Ալիկ Կարապետյանը, նույնքան էլ` «Միկայի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: Վարդապետյանը երկու նախագահների օրոք փոխնախագահ է աշխատել, փաստորեն, կազմակերպել է ամբողջ աշխատանքը:

Երևանի շախմատի ֆեդերացիան երբեք ձևական կազմակերպություն չի եղել, ունեցել է  նախագահություն, որի կազում ընդգրկվել են նաև մայրաքաղաքի շախմատային կենտրոնների ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ և այլն: Տարեկան շուրջ մեկուկես տասնյակ միջոցառում է կազմակերպվել, այդ թվում նաև` Երևանի տղամարդկանց և կանանց առաջնություններ: Այդ ստուգատեսների բովով են անցել մեր երկրի բոլոր բարձրակարգ շախմատիստները, այդ թվում` գրոսմայստերները: Ընդ որում, հասարակական կազմակերպությունը ֆինանսական աջակցություն չի ստացել, հովանավորներից զուրկ է եղել, ինքնուրույն է փորձել միջոցներ հայթայթել և իրականացնել պլանավորված միջոցառումները: Եղել են տարիներ, որ թեև հովանավորներ գտնվել են, բայց դարձյալ ոչ բոլոր մրցաշարերի կազմակերպման համար է փող հատկացվել:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, ապա այն քիչ դեպքերում է որևէ ներդրում ունեցել, օգնել, անգամ երբ խոսքը վերաբերել է Երևանի առաջնությունների կազմակերպմանը: Իսկ 2013-ին Երևանի շախմատի ֆեդերացիան և Երևանի  քաղաքապետարանը համատեղ անցկացրել են մայրաքաղաքի շախմատի առաջնությունը:

Փաստն այն է, որ ֆեդերացիան ֆինանսների պակաս ունեցել է և Երևանի  քաղաքապետարանը միշտ չէ, որ թեկուզ մասամբ օգնել է: Մասնավորապես, շախմատային երկիր համարվելով, 2012-ին, ֆինանսների պակասի պատճառով, ստիպված բաց ենք թողել քաղաքների  շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:

Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված, որ տարբեր խնդիրներով հասարակության դժգոհությանն արժանացած Տարոն Մարգարյանը ևս մեկ պարտականություն է ստանձնել և գլխավորել է Երևանի շախմատի ֆեդերացիան:

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը շախմատի զարգացման ծրագիր է կազմել, ըստ որի, մայրաքաղաքի բոլոր համայնքներում պետք է քաղաքային ենթակայության շախմատի նոր մարզօջախներ ստեղծվեն և գործեն քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Նախորդ տարի արդեն շախմատի  մարզօջախներ են հիմնվել Աջափնյակում և Դավիթաշենում: 2014-ի այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: Եթե Երևանի քաղաքապետն է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահը, ապա կարելի է ենթադրել, որ շախմատի կենտրոնների տարածքների, կառուցման, կահավորման, նաև մասնագետների վճարման հարցերը կարող են անարգել լուծվել:

Ի դեպ, նախկինում Երևանի շախմատի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանին բազմիցս դիմել է` աջակցություն ստանալու տարբեր հարցերով, և դա տրամաբանական է, սակայն իրականում էական աջակցություն, որպես այդպիսին, կարելի է ասել, որ չի էլ եղել: Այժմ քանի որ քաղաքապետը նաև ֆեդերացիայի նախագահ է, հարցը դարձել է հրատապ, ուրեմն իր գործի համար Մարգարյանը պետք է շախմատի զարգացման որոշակի աշխատանքներ իրականացնի, այսինքն կատարելու է ոչ թե օգնելու, այլ` իր անվան համար:

Ի դեպ, դեռ խորհրդային տարիներին Երևանի տարբեր շրջաններում կային շախմատի ակումբներ, կենտրոններ, որոնք հետագայում, աստիճանաբար փոշիացան, տարածքներն էլ այլ սեփականատերեր ունեցան, վաճառվեցին: Վերջիններից մեկը Շենգավիթի համայնքում էր: Մասնավորապես, Նժդեհի փողոցում, նախկին ծածկած շուկայի հարևանությամբ շախմատի կենտրոն կար, որը պատկանում էր Երևանի շախմատի և մարզատրամաբանական խաղերի դպրոցին, բայց դա էլ չօգնեց, այն խլվեց: Այդ տարածքում ներկայումս խանութների շարք է: Երաշխիք չկա, որ նոր մարզօջախներն էլ նույն ճակատագրին չեն արժանանա` երբ Տարոն Մարգարյանը չի լինի քաղաքապետ, Սերժ Սարգսյանն էլ` նախագահ:

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն անցկացվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, որի տնօրենը Երևանի ավագանու անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է: Նա նստած է եղել Մարգարյանի կողքին և տեղյակ է եղել դեպքերի զարգացման սցենարին:

Համաժողովի մասնակիցներից միայն մեկն է Տարոն Մարգարյանին դեմ քվեարկել, մի քանի ձեռնպահ է եղել:

Ինչ վերաբերում է Մարգարյանի նոր պաշտոն զբաղեցնելուն, ապա ոչ թե քաղաքապետն է եկել շախմատ, այլ ձևավորվել է նոր ֆեդերացիա, ղեկավարության նոր կազմ է ստեղծվել: Ինքնին հասկանալի է, որ Երևանի քաղաքապետին, մեղմ ասած, օգնելու են աշխատանքը կատարել: Նախկին նախագահը, որի ներկայությունը կարող էր խանգարել, այդ թիմում չէ: Փոխարենը մարդիկ են, ովքեր թերևս ավելի նախընտրելի են այս փոփոխությունը նախապատրաստողի համար:

Քանի որ նախագահության կազմն անտրամաբանականորեն մեծացված է` 34 մարդ է ընդգրկվել, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր հարցերը լուծվելու են նեղ «կրուգում»,

Այժմ արդեն Երևանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ այդպիսի շրջադարձն իր համար անսպասելի չէր, միայն վիրավորականն այն է, որ ամեն բան կատարվել է գաղտնիության պայմաններում, ցանկալի կլիներ, որ իր կատարած աշխատանքը գնահատվեր բնագավառի մարդկանց կողմից, մինչդեռ ամեն բան սոսկ անձնական վերաբերմունքի արդյունք է:

Ցավալի է, որովհետև Հայաստանում շախմատային ընտանիքը, թեկուզ առերևույթ, միշտ միասնական է համարվել, իսկ թե ինչու այս ոլորտում ևս պետք է կամայականության դրսևորումներ լինեն` անհասկանալի է:

Ընդ որում, խոսվում է այն մասին, որ այդպես է տասնամյակներ շարունակ:  Ինչևէ, ձևափոխելով հայտնի ասացվածքը, կարելի է միայն նշել, որ շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է…

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

 

Հայաստանի ծանրորդներին 2014-ին լուրջ փորձություն է սպասում

փաշիկ ալավերդյանՀայաստանում ծանրամարտը սիրված է: Աջակցության կարգով ամեն տարի պատկառելի ֆինանսներ հենց այս մարզաձևի ներկայացուցիչներին է տրամադրվում: Եվ ահա, զարմանալի է, որ Հայաստանի ոչ մի ծանրորդ և ծանրորդուհի անգամ չէր հավակնում 2013-ի մրցաշրջանում տեղ զբաղեցնելու Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակում: Այն որոշվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով: Պատճառի մասին հարցրինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին:

– Հավաքականի կազմը թարմացվում էր, ավելի երիտասարդ մարզիկների ենք փորձում ընդգրկել թիմում: Մեր երկրի փորձառու մարզիկները բաց թողեցին Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Պատճառները տարբեր էին: Մեծ մասը բուժվում էին, ապաքինում վնասվածքները: Խոսքը Մելինե Դալուզյանի, Արա Խաչատրյանի, Ռուբեն Ալեքսանյանի մասին է: Մարզչական խորհուրդը որոշել էր նրանց չծանրաբեռնել, քանի որ երկաթախաղի մեր վարպետների համար 2014-ի մրցաշրջանը հագեցած է լինելու: Մասնավորապես, նոյեմբերի 1-8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Իսկ 2013-ին մեր ծանրորդները տարբեր ստուգատեսներում նվաճել են 36 մեդալ: Դրանք բաժին են հասել 13 մարզիկների: Ուրախալի է, որ ունեցել ենք պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Փաստը վկայում է, որ հուսալի հերթափոխ է աճում:

– 2013-ին արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար Հայաստանի 10 ծանրորդ որակազրկվել է: Այդ առումով խնդիրներ չկա՞ն:

 – 240 հազար դոլար տուգանք է վճարվել: Մինչև սեպտեմբեր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ կվճարի ևս շուրջ 200 հազար դոլար, որպեսզի մերոնց թույլատրեն մասնակցել աշխարհի առաջնությանը:

ծանրամարտ – Մայր դառնալուց հետո որոշել է մրցահարթակ վերադառնալ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հնարավո՞ր է, որ նա կրկին ուրախացնի մեր մարզասերներին:

 – Ինչ խոսք, դա լավ է, սակայն ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել նրա մրցահարթակ դուրս գալուց հետո: Փետրվարի 18-23-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ կհստակեցվի հավաքականի կազմը: Ապրիլի 1-6-ը Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: 5-6-ական մարզիկ-մարզուհի դուրս կբերենք մրցահարթակ: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են գլխավորել մարզիչներ Պողոս Պողոսյանը և Արտաշես Ներսիսյանը: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել ենք դեռ 2013-ի դեկտեմբերից: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում Հայաստանի առաջնությունից առաջ, նաև հետո:

 

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Արևելյան երկարակեցության գաղտնիքները

DolgoletieԱրևելյան բժշկության համաձայն` մարդու երջանիկ գոյությունը 5 դրսևորում ունի. առաջինը երկարակեցությունն է, երկրորդը` հարստությունը, երրորդը` մարմնի առողջությունն ու հոգու հանգստությունը, չորրորդը`  սերն անարատության հանդեպ, 5-րդը` հանգիստ վախճանը: Երկարակեցությունն անսովոր մի բան չէ արևելյան ժողովուրդների համար, ավելի շուտ` կյանքի նորմ:

Եթե արևմուտքի բժշկությունը մեծ նշանակություն է տալիս դեղորայքային թերապիային, որը ստեղծում է արագ ու արդյունավետ բուժման տպավորություն, իսկ իրականում հիվանդության պատճառը մնում է, ապա արևելյան բժշկությունն այդ հարցում արմատապես տարբերվում է:

Եթե մարդու մարմինը դիտարկվի որպես բարդ համակարգ, որը կարողանում է ինքնակարգավորվել, ապա արևելյան բժշկության մեջ առաջին տեղում մարդու կենսակերպն է. «Մենք այն ենք, ինչ ընտրում ենք»: Մարդու հիվանդությունների մեծ մասի  առաջացման պատճառը մարդն ինքն է:

Բուժման մեջ մեծ կարևորություն ունի հիվանդության կանխարգելումն ու առողջ կենսակերպը. շարժողական ակտիվությունը, սնունդը, հոգեկան վիճակը ևն:

Արևելյան շատ բժիշկներ ու փիլիսոփաներ իրենց գրություններում երկարակեցության գաղտնիքներ են գրառել: Կայսր Ցյանլունը, որը կառավարել է Ցին դինաստիայի դարաշրջանում ու ապրել է մինչև 88 տարի, իր երկարակեցության մասին տրակտատ է թողել:

«Ատամները պետք է անընդհատ մի բան ծամեն, իսկ կոկորդը պետք է անընդհատ թրջվի. պետք է մի քիչ ալկոհոլ խմել, սակայն չհարբել:

– ոտքերը միշտ պետք է շարժման մեջ լինեն,

– պարբերաբար ոտնաթաթերի մերսում է հարկավոր անել,

– մարզել փորն ու գոտկատեղը,

– չի կարելի խոսել ուտելու ժամանակ,

– մարդը պետք է ժամանակ առ ժամանակ զբաղվի սեռական կյանքով, սակայն` ոչ հաճախ,

– սրտին հանգստություն, իսկ հոգուն բերկրանք է հարկավոր:

Յանշեն անունով գյուղացին 98 տարեկան հասակում էլ անսովոր ուժ ուներ ու ֆիզիկապես ակտիվ էր: Նա սերունդներին է փոխանցել երկարակեցության իր գաղտնիքը. «Սրտում պետք է հանգստություն լինի, իսկ մկաններում ու ոսկրերում` ուժ, ոտքերում` արագություն, փորում` ոչ մի գրամ յուղ: Ողնաշարը պետք է ուղիղ լինի, տեսողությունն ու լսողությունը` սուր:  Գիտակցությունը պետք է պարզ լինի, իսկ հոգին` զվարթ»:

Ասվածն ընդհանրացնելով` կարելի է «երկարակեցության  մի քանի հասարակ կանոն» առանձնացնել:

1.Քնի  ու արթուն ժամանակ ճիշտ ռեժիմ պետք է լինի. հարկավոր է գարնանն ու ամռանը վաղ պառկել քնելու և վաղ էլ արթնանալ:

2.Չափավորություն սննդում. ոչ մի դեպքում չի կարելի է չափից ավելի ուտել:

3.Ոտքերը պետք է տաք պահել: Գլխում էներգիայի հոսքը կարող է բարձր ճնշման հանգեցնել: Ճնշումն իջեցնելու համար հարկավոր է  էներգիան ոտնանթաթերն ուղղել, ուստի ոտքերը պետք է  տաք լինեն:

4. Ձեզ ազատեք անհանգստությունից: Ավելի շատ շարժվեք:

5. Հետևեք, թե ինչ եք խոսում. հնարավորինս քիչ խոսեք` ընտրելով յուրաքանչյուր բառն ու ասելու ժամանակը:

6. Ամեն ինչում չափավոր եղեք, ավելորդ, չափազանց շատ զգացմունքները վնասում են:

7. Անկեղծ ժպտացեք ու սիրտը լցրեք գթասրտությամբ: Դա  ամեն տեսակի բուժումներից էլ լավ է:

8. Զարգացրեք խելքը: Կատարելագործելով միտքը` կատարելագործում եք սիրտը:

Առողջ եղեք

Անկախ

 

 

 

Չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության. Արտավազդ Սահակյանը` բժիշկներին

արտավազդ սահակյանՄիկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հայաստանյան հանրությունը ճանաչում է որպես հրաշագործ բժշկի. նրա առօրյան է բնականոն կյանքի վերադարձնել ավտովթարից կամ այլ  պատահարներից  ու հիվանդություններից անդամախեղված անձանց: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող էր չունենալ իր գլխավոր միկրովիրաբույժին, եթե ժամանակին չլիներ ճակատագրի նախախնամությունը կամ էլ պատահական դիպվածը:

Սահակյանը դպրոցական տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: 1969-ին, սակայն, հոր պնդմամբ քննություն է հանձնում` բժշկական համալսարան ընդունվելու համար: «Բժշկականում մի քննություն հանձնեցի հույսով, որ «երկու» կստանամ ու կպրծնեմ հորս բաղձանքներից, բայց 5 ստացա»,- հիշում է Սահակյանը: Ավարտելուց հետո Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ  քաղաքում աշխատանքի է անցնում որպես ընդհանուր վիրաբույժ, մեծ փորձ կուտակում ու լայն ճանաչում ձեռք բերում: 1982-ին, սակայն, ամուսնանալուց հետո որոշում է հաստատվել Հայաստանում: «Դիմեցի Միքայելյան  ինստիտուտի տնօրենին: Նա համաձայնեց ընդունել ինձ պայմանով, որ զբաղվեմ պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությամբ: Չէի  պատկերացնում իմ կյանքն առանց ընդհանուր վիրաբուժության.  որովայնի խոռոչում  և կրծքավանդակում վիրահատություն էի  կատարում, ինչպես ձուկը ջրում է լողում: Բայց այլ ելք չկար, ստիպված համաձայնեցի, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և ամեն ինչ զրոյից սկսեցի»,- պատմում է Սահակյանը`  հավելելով, որ չի զղջում իր անցած ուղու համար:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը ԵրՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարն է, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ: Սահակյանը Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրն է,  ՀՀ «Հերացու անվան», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալակիր է, նաև Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի:

1985-ին Սահակյանը կատարում է առաջին տրանսպլանտացիան` ոտքի մատը տեղափոխում է ձեռքին, սակայն մինչ վիրահատությունը` մեկ տարի պայքարում է այդ իրավունքի համար: Երբ ԽՄ գլխավոր միկրովիրաբույժը կշտամբում է Սահակյանին, թե ինչու տրանսպլանտացիոն վիրահատություններ չի կատարում, պատասխանում է`  ե՞րբ թույլ տվեցին, որ չկատարեցի: Երկու ամիս անց արդեն համապատասխան թույլտվությամբ պատրաստվում էր  առաջին վիրահատությանը, սակայն խնդիր էր օգնականներ գտնելը. ոչ ոք չէր համարձակվում:

«Առաջին 8 ժամը Սուլթանյան Տիգրանն օգնեց, վերջին 4 ժամը` ԳյուլումյանԴերենիկը,  և 12 ժամ հետո վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Դարձա հերոս, ինչպես Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը հաղթանակից հետո: Այդ տարի 12 հաջող տրանսպլանտացիա արեցինք, 86-ին մեր կենտրոնում 40 տրանսպլանտացիա կատարվեց, որոնցից հաջողությամբ` 39-ը: Մոսկվայի կենտրոնը 33 վիրահատություն կատարեց, հաջողությամբ պսակվեցին 17-ը»:

1990-ին Սահակյանը 6 ամսով վերապատրաստվում է Ֆրանսիայում, որից հետո Հայաստանում դնում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմքերը, դրան գումարվում է նաև պատերազմական փորձը:

«Մինչ պատերազմը միութենական մակարդակով  միկրովիրաբուժության ոլորտում առաջիններից էինք: Բայց պատերազմը նույնպես շատ նպաստեց մեր փորձի կուտակմանը, որպեսզի  ծայրահեղ իրավիճակներում կարողանանք  լավագույն արդյունքի հասնել»,- ասում է նա:

Սահակյանը հիշում է, որ պատերազմի տարիներին վիրահատության հազիվ նվազագույն պայմաններ կային, ռազմական  հոսպիտալներում  կարողանում էին անոթավորված մաշկալաթեր տեղափոխել` բաց մնացած ոսկորներին սնուցում ապահովելու համար:

Պատմում է, որ պատերազմի տարիներին բուժական հարցերում ազգային պատկանելությունը հաշվի չի առել, բոլորին հավասարապես որակյալ օգնություն է ցույց տվել: Անգամ մի ադրբեջանցի աղջկա է վիրահատել` վերականգնելով կուրծքը: Վերջինս Քարվաճառի ազատագրումից հետո  վիրավոր վիճակում  մոր հետ գերի էր ընկել: Աղջիկը հայտարարել էր, որ նահանջելիս իր վրա ադրբեջանցիներն են կրակել: «15 տարեկան աղջիկ էր: Ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմ է»,- բացատրում է Սահակյանը:

Խոսելով իր հաջողության հիմքերի մասին`  ասում է. «Միշտ դատել եմ սթափ ուղեղով, ծայրահեղ ռիսկի գնալիս անգամ  իմ հաշվարկով ակնկալիք հաջողության շանսն ավելի շատ է եղել, քան անհաջողության: Երբեք չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության»:

Հաջող վիրահատության նախապայմաններից խոսելով` Սահակյանը նշում է, որ ինչքան կարևոր է բուն վիրահատությունը, նույնքան էլ` նախավիրահատական ճիշտ պատրաստությունը և հետվիրահատական ճիշտ խնամքը:

Ներկայացնելով միկրովիրաբուժությունը` Սահակյանն ասում է, որ սա շատ ավելի լուրջ գիտություն է, քան ընդունված է ժողովրդի մեջ. «Հասարակ ժողովրդական զանգվածը սա ընկալում է որպես ինչ-որ կոսմետոլոգիական միջամտություն` քթի ռինոպլաստիկա, դեմքի գեղեցկացում, իրականում այս գիտությունը ներառում է համարյա բոլոր վիրաբուժական մասնագիտությունները, նաև որոշակի թերապևտիկ միջամտություններ, այն հետապնդում է մարմնի կորսված մասերը վերականգնելու նպատակ ` կիրառելով արհեստական իմպլանտներ, կիրառելով անոթավորված մաշկա-ոսկրա-մկանալաթ, որը նպատակ ունի վերականգնելու ոչ միայն անատոմիական ամբողջականությունը, այլև ֆունկցիան»:

Իսկ էսթետիկ բժշկությունը շատ ավելի լայն տարածում ունի, այն առողջ մարդուն երիտասարդացնելու կամ առավել գեղեցկացնելու նպատակ է հետապնդում:

Սահակյանն ասում է, որ  Կովկասի մասշտաբով էսթետիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի պլաստիկան է: Հայաստանում երիտասարդները  պլաստիկ վիրահատության դիմում են   նաև  լոշտակության  կամ բնածին արատների դեպքում, օրինակ` գայլի երախ, նապաստակի շուրթ և այլն: Դիմում են նաև ճարպի և մաշկի ավելցուկ ունեցողները,  ճաղատության հարցերով: Շատ են  կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ֆիքսման հարցերով դիմումները: Ավելի հասակավոր տարիքում դեմքի կնճիռների վերացումն է պահանջված:

«Էսթետիկ վիրաբուժությունն ավելի շատ շոուբիզնես է հիշեցնում, սա  ավելի շուկայական, ավելի ագրեսիվ, բավականին վուլգար մասն է, երբ հակամարտող տարբեր կենտրոններ սկսում են և՛ գովազդի գնալ, և՛ դիմացինին վատաբանել, բայց սա չէ հիմնական պլաստիկ վիրաբուժությունը, սա պլաստիկ վիրաբուժության երևացող շահավետ մասն է,- ասում է Սահակյանը:- Բուն պլաստիկ վիրաբուժությունը  վերականգնողական ծանրագույն վիրաբուժությունն է` ընդգրկելով միկրովիրաբուժական բոլոր տրանսպլանտացիաները, անդամահատված վերջույթների վերականգնումը: Այստեղ է, որ իրոք շատ դժվարին և անձնվեր աշխատանք պետք է կատարել»:

Ասում է, որ ավարտող յուրաքանչյուր նոր սկսնակ պլաստիկ վիրաբույժ  ձգտում է քթեր կամ կուրծք վիրահատել,  որ գումար աշխատի, ինչի հետևանքով  «լուրջ պլաստիկ վիրաբուժությամբ, հատկապես միկրովիրաբուժությամբ զբաղվող մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել»:

Անդրադառնալով Հայաստանում միկրովիրաբուժության ներկայիս վիճակին` Սահակյանն ասում է, որ բժշկությունն առանձին օազիս չէ, որ ինքնուրույն աճի, ամեն ինչ փոխկապակցված է երկրի գիտատեխնիկական բազայի հետ. «Վատ չենք, բայց չենք կարող պարծենալով ասել, որ Ամերիկային հավասար ենք, կարծում եմ` ուղեղներով չենք զիջում, ինտերնետն էլ  թույլ է տալիս, որ մեզ մոտ ուսուցման գործընթացը չզիջի»:

Խոսելով դիակից մարմնամասերի փոխպատվաստման մասին, որը փորձարկվում է զարգացած երկրներում` աղմուկ առաջացնելով ԶԼՄ-ներում,  ասում է, որ նման վիրահատություններ կատարելու համար մեզ մոտ համապատասխան օրենսդրական դաշտ չկա. «Հայաստանի պայմաններում, եթե նույնիսկ դիակից երիկամ չենք կարող տեղափոխել, էլ ուր մնաց խոսք լինի մարմնամաս, քիթ, դեմք տեղափոխելու մասին. կգան աչքներս կհանեն»: Հարցին, թե կա արդյոք  օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասում է, որ սա որոշակի վտանգ է ներկայացնում նմանատիպ ասիական երկրներում. շատ դժվար է վերահսկել գործընթացը (օրինակ, եթե  որևէ մեծահարուստ կամ մաֆիոզ որևէ մարմնամասի կարիք ունենա):

Ապագա բժիշկներին Սահակյանը խորհուրդ է տալիս տոկուն լինել. «Եթե աշխատում են, ապա աշխատեն խղճով, չարությամբ չլցվեն և երբեք չմտածեն միայն գրպանի մասին: Ճիշտ է, իրենց ընտանիքին պիտի ապահովեն, բայց պետք է հիշեն, որ ապրում են մի երկրում, որտեղ ազգաբնակչության մեծ մասն աղքատ է: Եթե կայանան արտասահմանում, ապա երբեք չմոռանան, որ այս երկրից են և ամեն ինչով աջակցեն հայրենիքի բարգավաճմանը և հզորացմանը: Ու իհարկե զինվեն գիտելիքներով,  ամբողջ կյանքը պիտի լինի ուսման գործընթաց, լճացումը տանում է կործանման»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ