ՀՈՎԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ – 100. շնորհանդես բռնչենու տակ

Փաթիլ-փաթիլ մաղելով

Ձյուն էր գալիս դաշտերում.

Փաթիլները խաղալով

Իջնում էին ու պարում:

 

ՀՄԱյս բանաստեղծությունը Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղական թաղամասում 1912թ. ծնված Հովիկ Մուրադյանը գրել է 14 տարեկան հասակում: 1938թ. բանասեր Արամ Շահենը (Հայրյան) տարվա եղանակներին նվիրված իր կազմած ժողովածուում դրել է այս բանաստեղծությունը Ղազարոս Աղայանի բանաստեղծության կողքին:

Օրերս Ակների մենավոր բռնչենու հովանու հերքո, որտեղ բազալտե մահարձանի տակ ամփոփված է վաղամեռ տաղանդավոր լրագրող, բանաստեղծ Հովիկ Հարությունի Մուրադյանի շիրիմը, տեղի ունեցավ նրա՝ վերջերս հրատարակված «Բերքի երգը» գրքի շնորհանդեսը:

Երիտասարդ Հովիկ Մուրադյանի երազանքն է եղել՝ «Գոնե իրենից հետո տպագրված ունենալ մի գրքույկ»:

Եվ ահա, նրա մահից 80 տարի անց, պոետի բաղձանքը իրականություն են դարձրել թատերական արվեստին նվիրյալներ, համագյուղացիներ Ռուբեն Հակոբյանն ու Ռուսլան Սադաղյանը, դրանով իսկ իրենց հոգու պարտքը կատարել 1912 թվականին ծնված և 1934 թվականին կյանքին հրաժեշտ տված պոետին:

Եվ, ինչպես մանկագիր Սուրեն Մուրադյանն է գրքի առաջաբանում գրում, «Հովիկ Մուրադյանը շնորհալի բանաստեղծ էր: Տպագրվում էր շրջանային «Պղնձի ֆրոնտ»-ում, «Պիոներ կանչ»-ում, «Պիոներ ղեկ»-ում…»: Նրան մտերիմ են եղել մեծանուն գրողներ, լրագրողներ: Երբ մահացել է, գրչակից ընկերներ Սերոբ Սարգսյանը, Արմո Հարենցը, Հայրապետ Հայրապետյանը, Նեմրութը, Էդուարդ Իսաբեկյանը, Սուրեն Հարությունյանը, Վարդգես Բաբախանյանը և Սարգիս Դարբնին են Երևանից տեղափոխել դին Ակներ ու համագյուղացիների հետ հողին հանձնել գյուղի մենավոր բռնչենու տակ:

Եվ մահարձանին փորագրված 1912-1934թթ. հետ նաև գրվել են Հովիկի՝ մահվանից երկու օր առաջ ընկերներին ասված խոսքերը. «Դուրյանն եմ ես, նա էլ այս հասակում մեռավ»:

Նրա շիրիմին միշտ այցի են գնացել ահել ու ջահել, թարմ ծաղիկներ դրել մահարձանի պատվանդանին: Գրքի շնորհանդեսի օրն էլ ծաղկեփնջեր դրվեցին, կատարվեց մոմավառություն:

…Ժողովածուն կազմողների և տպագրության ծախսերը հոգացած «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների հասցեին ջերմ խոսքեր ասաց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Սիրո և հարգանքի սրտաբուխ խոսքեր ասացին «Մանես» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավետիք Թամազյանը և Ակների դպրոցի տնօրեն Անահիտ Ծատինյանը: Շուտով Ակների կրթօջախը կունենա Հովիկ Մուրադյանին նվիրված անկյուն, որտեղ նրա կյանքը և ստեղծագործական ժառանգությունը բնութագրող նյութերի կողքին տեղ կգտնի նաև նրա «Բերքի երգը» ժողովածուն: Գրքույկում ոչ միայն նրա բանաստեղծություններն են, այլև պատմվածքները, մի փունջ նրա թղթակցություններից, ինչպես նաև նրա նամակները, նրա մասին ասված խոսքերը և հարազատների մոտ որպես սրբացած մասունքներ պահվող նրա փաստաթղթերի կրկնօրինակները:

Լրագրող Արմենուհի Սադաղյանը արտասանեց պոետին նվիրված բանաստեղծությունը:

Հովիկ Մուրադյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան «Ասմունքի թատրոն»-ի սաներ Վիկտորյա Կոնինյանը, Մարգարիտ Մուրադյանը, Լուսինե Սադաղյանը, Ալլա Ծատինյանը, Լուսինե և Ալինա Շավինյանները:

Աշուղ Ջիվանու և ժողովրդական երգերի կատարմամբ հանդես եկավ ակներցի երգիչ-երաժիշտ Ջիվան Կոնինյանը:

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Ճապոնիան և Թուրքիան` «մխիթարության կանանց» և ցեղասպանության վերաբերյալ

հուշարձանՀուլիսի 9-ին, սովորաբար հանդարտ Գլենդելը դարձավ միջազգային խոշոր բանավեճի կիզակետ, երբ քաղաքային խորհուրդը վավերացրեց մի հուշակոթող նվիրված «մխիթարության կանանց»` 200 հազար երիտասարդ աղջիկների, որոնք սեռական ստրկության էին ենթարկվել ճապոնական բանակի կողմից Կորեայի ու հարևան երկրների գրավման ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում:

Քաղաքային խորհուրդը, լսելով հակասական վկայություններ տեղական ճապոնական և կորեական համայնքների անդամների կողմից, ձայների չորս կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ հաստատեց «մխիթարության կանանց» պատվին հուշարձանի տեղադրումը Գլենդելում: Հուշարձանի բացման արարողության ժամանակ, խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Զարեհ Սինանյանը ցավակցություն հայտնեցին «մխիթարության կանանց» դժբախտ կացության համար, քանի որ իրենց հայ նախնիները նույնպես տառապել էին զանգվածային վայրագություններից Թուրքիայում:

Մտահոգված զուգահեռների անցկացումից` Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի Ցեղասպանության և ճապոնական զինվորականության կողմից «մխիթարության կանանց» սեռական ստրկացման միջև, Լոս Անջելեսում Ճապոնիայի հյուպատոսությունը հանդիպում էր խնդրել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ՝ այս հարցի վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը ներկայացնելու համար:

Փոխհյուպատոս Մասահիրո Սուգայի հետ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ունեցած հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը շատ ավելի դրական է վերաբերվել ճապոնական իմպերիալիստական բանակի կողմից կատարված ոճիրների առնչությամբ, քան Թուրքիայի կառավարությունը` Հայոց ցեղասպանության: Պարոն Սուգան հստակեցրեց, որ Ճապոնիան ընդունել է իր պատասխանատվությունը «մխիթարության կանանց» իրավունքների խախտման վերաբերյալ՝ ներողություն խնդրելով զոհերից և փոխհատուցում վճարելով նրանց:

Այնուամենայնիվ, «մխիթարության կանայք» դժգոհ են ճապոնական «քավության» քայլերից՝ մեղադրելով ճապոնացի պաշտոնատարներին այս հարցի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելու համար: «Մխիթարության կանանցից» շատերը նաև հրաժարվել են առաջարկվող ֆինանսական օգնությունից, պնդելով, որ այն մասամբ տրամադրվում է մասնավոր աղբյուրների, այլ ոչ թե Ճապոնիայի կառավարության կողմից: 2007 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը «մխիթարության կանանց» աջակցության բանաձև ընդունեց, կոչ անելով Ճապոնիայի կառավարությանը «պաշտոնապես ճանաչել, ներողություն խնդրել և պատմական պատասխանատվություն ընդունել հստակ և միանշանակ կերպով իր Կայսերական զինված ուժերի կողմից երիտասարդ կանանց սեռական ստրկություն պարտադրելու համար»:

Պարզելու համար, թե «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ Ճապոնիայի արձագանքն ինչպես է տարբերվում Հայոց ցեղասպանության հանդեպ թուրքական կառավարության ժխտողական դիրքորոշումից, ես զրուցեցի Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Հյուն Նիիմիի հետ: Նա ջերմորեն խոսեց հայերի հետ ունեցած իր «մտերմության» մասին, որ ձևավորվել է 1995-98 թվականներին Թեհրանում Ճապոնիայի դեսպանատանը ծառայելու տարիներին, և Հայաստան կատարած իր հետագա այցերի ընթացքում, երբ աշխատում էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը:

Ինչ վերաբերում է «մխիթարության կանանց» առնչությամբ Ճապոնիայի կառավարության դիրքորոշմանը, պարոն Նիիմին բացատրեց, որ 1995 թվականին Ճապոնիայի վարչապետ Տոմիիցի Մուրայաման հանդես է եկել հայտարարությամբ՝ «խոր զղջում» և «սրտագին ներողություն» հայտնելով: Ճապոնիան նաև «փոխհատուցում է տրամադրել Կանանց ասիական հիմնադրամի միջոցով»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի և «մխիթարության կանանց» բռնի շահագործման հանդեպ Ճապոնիայի արձագանքի տարբերություններին, գլխավոր հյուպատոս Նիիմին նշեց երեք կետ.

«Ճապոնիայի կառավարությունը քաջատեղյակ է անցյալ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն արտահայտել զոհերին: Մենք հաստատակամ ենք, որ նման ողբերգություններ երբեք չպետք է կրկնվեն: Երկրորդ կետը վերաբերում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Խոսքը գնում է այլ երկրի դիրքորոշման մասին: Թեև մենք տեղյակ ենք այդ վայրագության մասին, սակայն, ի վիճակի չենք մանրամասն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ այդ տարածքում: Այնպես որ, մենք չենք կարող որևէ մեկնաբանություն անել Թուրքիայի կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Բայց ես ուզում եմ կրկնել, որ մենք տեղյակ ենք այդ ողբերգության մասին և ցանկանում ենք մեր կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել: Եվ, երրորդ կետն այն է, որ անկախ թուրքական կառավարության դիրքորոշումից, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ հետևյալն է. այն ներողություն ու զղջում է հայտնել և ջանքեր է գործադրել աջակցելու նախկին «մխիթարության կանանց»:

Ես գլխավոր հյուպատոսին տեղեկացրի, որ Ճապոնիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ չի տարբերվում Թուրքիայի ունեցած դիրքորոշումից:  Պարոն Նիիմիին խնդրեցի իր երկրի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել, որ Ճապոնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայությունը ուժեղացնում է այն մարդկանց թերահավատությունը, որոնք կասկածի տակ են դնում Ճապոնիայի կառավարության անկեղծությունը «մխիթարության կանանց» հարցի արդարացի լուծման գործում:

Ի պատասխան, Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը:

 

Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հայ -չինական գործարանի հիմնումը՝ իրատեսական

գետնատանձՆախատեսվում է գետնախնձորի արտադրանքն ամբողջությամբ արտահանել

 Նախորդ համարում անդրադարձել էինք, որ գետնախնձորի արտադրությունը Հայաստանում բավական հեռանկարային կարող է լինել: Մասնագետներն ու ոլորտի պատասխանատուներն արդեն ընդգրկված են այդ մշակաբույսի արտադրության և բազմացման գյուղատնտեսական աշխատանքներում: Արդեն խոսել ենք այդ մշակաբույսի օգտակարության և նրանից ստացվող այլ նյութերի ու բաղադրությունների մասին, որոնց կիրառումը լինելու է բազմոլորտ ու տարատեսակ: Պետությունը ևս պատրաստ է աջակցելու մասնավոր հատվածին, որպեսզի գյուղատնտեսական նշանակության այս կարևորագույն ծրագիրը կյանքի կոչվի: Հաշվի առնելով, որ գետնախնձորի մշակաբույսի արտադրությունը շատ քիչ երկրներում է զարգացած, ուստի պետությունը նպատակադրված է, այս առումով, որպես հետաքրքիր տարածաշրջան, նոր ներդրողներ ներգրավել:

Շուրջ մեկ ամիս առաջ այս նպատակով կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանը գումար է տրամադրել միջազգային մամուլում հայտեր ներկայացնելու համար: Նախարարությունից տեղեկացանք, որ նրանց հանձնարարվել է ապահովել ներդրումային գործընթացը, հայտարարել մրցույթ, ամփոփել առաջարկները և իրականացնել կազմակերպչական աշխատանքներ: Նշենք, որ արդեն իրատեսական է երկրի ներսում ինուլինի արտադրություն սկսելը և նրա լայնածավալ արտահանմամբ զբաղվելը:

Նշենք, որ ծրագրով հետաքրքրված է Չինաստանը, որտեղ գետնախնձորի արտադրությունը զարգացման բավական լուրջ հիմքերի վրա է: Առաջին լուրջ ներդրողը լինելու է հենց չինական կողմը: Համատեղ գործարանի ստեղծումը կլինի նախագծի կարևորագույն բաղկացուցիչը, որի միջոցով գետնախնձորի խորքային մշակումից կստացվեն ֆրուկտոզ՝ պտղաշաքար, ինուլին, պեկտին և բիոէթանոլ, կենսագազ, կենսահումուս և այլն: Ինչքանո՞վ իրատեսական կլինի ծրագրի այս հատվածի իրականացումը, և ի՞նչ գործընթացներ են նախատեսվում համատեղ գործարանի կառուցման ուղղությամբ, զրուցեցինք «Գյուղկորպորացիա» ՓԲԸ տնօրեն Վահան Շիրխանյանի հետ:

– Պարո՛ն Շիրխանյան, ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ գործարան այնուամենայնիվ կհիմնվի:

– Գետնախնձորի արտադրությունը և՛ շահութաբեր է, և՛ հեռանկարային, որի իրականացումը կարող է քարշակ դառնալ ողջ գյուղատնտեսության համար` որոշակիորեն բարձրացնելով երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ապահովման աստիճանը:

Երկրի ներսում ունենալով ինուլինի արտադրություն` կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կավելանան հարկային մուտքերը, իրացման արդյունքում կավելանա առևտրաշրջանառությունը, իսկ ներքին շուկայում ինուլինի սպառումը որոշակիորեն կանդրադառնա այդ հումքով պատրաստված դեղատեսակների ինքնարժեքի սահմանման վրա:

Եկող տարվա աշնանն իրատեսական կդառնա ինուլինի գործարանի հիմնումը, ինչը նախապես ծրագրված է: Այն նոր շարժիչ ուժ է հաղորդելու ագրոարդյունաբերության զարգացմանը, և Հայաստանը դառնալու է տարածաշրջանում առաջին երկիրը, որը վերամշակելու և ստանալու է ինուլին, բիոէթանոլ, որը, կարծում եմ, կլինի այս դարի նորագույն վառելիքը՝ բենզինը: Երկու տարի հետո անհրաժեշտ ցանքատարածություններն ապահովելուց հետո գործարանը հնարավոր կլինի հումքով ապահովել: Իսկ առայժմ, նույնիսկ բարձր գների առաջարկի դեպքում, բերքը չի վաճառվելու:

– Այսինքն՝ տեղական շուկայում սպառումը կլինի փոքրածավալ, իսկ ինչպե՞ս է իրականացվելու արտահանումը, կա՞ն արդեն համապատասխան շուկաներ տոննաներով բերքի իրացման համար:

– Արտադրանքը հիմնականում ուղղված է լինելու արտահանմանը, և առաջին հինգ տարիների ընթացքում, ըստ ձեռք բերված համաձայնության, Չինաստանն է ամբողջությամբ իրացնելու արտադրանքը: Ծրագիրը բավական խոշոր է և արդյունավետ իրականացվելու պարագայում կարող է գյուղատնտեսությանը և գյուղերի ամրապնդման հարցում մեծ դեր ունենալ: Արտադրանքի սպառման խնդիր չի լինելու: Հողերը, որոնց վրա աճեցնում են գետնախնձորը, երկու տասնամյակ չեն մշակվել: Մենք ոչինչ չկորցնելով՝ միայն շահում ենք, վերադարձնում ենք գյուղատնտեսության մեջ շրջանառվող հողեր, ստեղծում ենք արտահանման ենթակա արտադրանք, ստեղծում ենք աշխատատեղեր:

– Որտե՞ղ է նախատեսվում ստեղծել գործարանը, այն նո՞ր, թե՞ հին հենքի վրա է կառուցվելու և, մոտավոր հաշվարկով, որքա՞ն զբաղվածություն է ապահովելու:

– Ինչ վերաբերում է գործարանի ստեղծմանը, ապա գյուղատնտեսության ոլորտում այս ծրագիրը կապահովի նաև զբաղվածություն, որի շնորհիվ աշխատանք կունենա մոտ 1800 մարդ, 300-ը` գործարանում: Այնտեղ տարեկան կվերամշակվի շուրջ 45 հազար տոննա գետնախնձոր և կապահովի 3-4 հազար տոննա բարձրարժեք արտադրանք, ինչը, ինչպես նշեցի, արդեն, հիմնականում արտահանվելու է՝ իհարկե ապահովելով նաև ներքին պահանջարկը:

Հավելեմ, որ գործարանը նախատեսվում է հիմնել Գագարինում, որտեղ պահպանված են տրանսպորտային և այլ ենթակառուցվածքները: Եվ առհասարակ, արժե նշել, որ ճանաչված և բարձրակարգ մասնագետների հետ ունեցած բազմաթիվ քննարկումները վկայում են, որ գետնախնձորը մինչև վերջերս, հիրավի, մոռացության էր մատնված:

– Բացի վերը նշվածից, ուրիշ ի՞նչ ուղղությամբ է կիրառվելու գետնախնձորից ստացված արտադրանքը:

– Արդեն ստացել ենք բավական լուրջ առաջարկներ մոտ 32 տեսակ սննդամթերքում այս մշակաբույսը կիրառելու և ներքին շուկայում սպառելու համար: Ինուլինի պարբերական կիրառումը օրգանիզմում կարգավորում է շաքարի պարունակությունը և նվազեցնում շաքարախտով հիվանդանալու վտանգը:

Տեղական արտադրանքը կվաճառվի ներմուծվող ինուլինից ավելի էժան և կլինի էկոլոգիապես ավելի մաքուր: Ինուլինից ստացված պտղաշաքարը, բացի շաքարայնությունից, ունի նաև առողջապահական և բուժիչ նշանակություն, որից հաբեր են պատրաստվում շաքարային դիաբետիկների համար և, որպես հավելում, կիրառվում նաև հյութերի մեջ: Այն օգտագործվում է նաև հացաթխման մեջ, որն օգնում է երկարացնելու հացի պահպանման ժամկետը, որակը: Ի դեպ, Չինաստանը հորդորել է բոլոր մանկական սնունդ արտադրող ընկերություններին` կերակրի, այդ թվում նաև` յոգուրտների և կաթի փոշիների մեջ որպես կենսահավելում կիրառել ինուլին, ինչի օգտագործումը բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Այդ պահանջը, ի դեպ, օրենսդրորեն գործում է Եվրոպայում:

Լ.Ն

Ջամալյանի գործը կարճվեց. բժշկի դեմ բողոքող հիվանդներն այլև չեն հավատում արդարության վերականգնմանը

Սմբատ Ջամալյան-1Պարբերաբար անդրադարձել ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում սրտի վիրահատության ենթարկված հիվանդներից մեկի՝ 64-ամյա Հովհաննես Կաթրջյանի բարձրացրած հարցին: Նրա պնդմամբ՝ կենտրոնում իրեն խաբել են՝ տեղադրելով ավելի կարճ ժամանակահատվածի համար նախատեսված սրտի խթանիչ սարք, որի դիմաց ինքը վճարել է ավելին, իսկ մեկ այլ վիրահատության ժամանակ՝ մահացած մարդու խթանիչ սարք: Վիրահատությունները կատարել է կենտրոնի հիմնադիր, վիրաբույժ Սմբատ Ջամալյանը:

2008 թ. Կաթրջյանի սրտին տեղադրված խթանիչ սարքի ժամկետը սպառվելու է 2014 թվականի հունվար ամսին, և նրա սիրտը կանգ է առնելու, մինչդեռ նա վիրահատվել է՝ իմանալով, որ սարքը ծառայելու է մոտ տասը տարի:

Կաթրջյանն արդեն չորս տարի է՝ պայքարում է, որ պաշտպանի իր իրավունքները և փոխհատուցում ստանա բժշկական կենտրոնից, քանի որ նյութապես ի վիճակի չէ 2014-ին կրկին վիրահատվելու (նախորդ վիրահատությունը կատարվել է պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ, քանի որ այդ ժամանակ Կաթրջյանի որդին ծառայել է ՀՀ զինված ուժերում):

2009 թ. հիվանդը դիմել է Երևանի գլխավոր դատախազին և հայտնել, որ կենտրոնում իրեն վիրահատել են և խաբեությամբ յուրացրել որոշակի գումար: Հարուցվել է քրեական գործ: Մեծ ջանքերի շնորհիվ Կաթրջյանը հասել է նրան, որ Ջամալյանը գործում ներգրավվի որպես մեղադրյալ, իսկ ինքը` որպես տուժող: Գործը քննվում էր Էրեբունու քննչական բաժնում քննիչ Բունիաթ Եղիազարյանի կողմից:

Ջամալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն նրան բերման ենթարկել չէին կարողանում, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չբացակայելը, մինչդեռ նա արդեն իսկ բացակայում էր երկրից՝ գտնվելով Դանիայում:

Մինչ հետաքննությունն ընթանում էր, Կաթրջյանը ևս մեկ ցնցող փաստ է բացահայտել, որը վերաբերում է 2004 թ. իր վիրահատությանը: Նա պարզել է, որ իր սրտին տեղադրված սարքը մեկ անգամ արդեն տեղադրված է եղել ԱՄՆ մի քաղաքացու, և դա է եղել պատճառը, որ այն ծառայել է ոչ թե 12 տարի, այլ 4 տարի, և 2008-ին իրեն կրկին վիրահատել են:

Նույն կենտրոնում՝ նույն Ջամալյանի կողմից վիրահատված մեկ այլ հիվանդ՝ 62-ամյա Արտյոմ Մելքումյանը, նույնպես պարզել է, որ իր սրտին օգտագործված սարք են տեղադրել: Այդ փաստերը ներկայացվել են քննիչ Եղիազարյանին՝ գործին կցելու և հետաքննելու համար:

Հիվանդները կարծում են, որ դա եղել է արտերկրի դիահերձարաններից մահացածների խթանիչները Հայաստան ներկրելու և դրանք օգտագործելու հանցավոր գործունեություն, որը կրել է շարունակական բնույթ:

Թվում էր, թե ապացույցներն այնքան ակնառու են, որ Ջամալյանը չի խուսափի պատասխանատվությունից, բայց հուլիսի 26-ին քննիչն անակնկալ որոշում է կայացնում քրեական գործի վարույթը կարճելու, Ջամալյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին:

Ի՞նչ է պարզել քննիչը: 2012 թ. հունիս ամսին Եղիազարյանը համապատասխան բժշկական փորձաքննությամբ պարզել է, որ Կաթրջյանի մարմնում տեղադրված խթանիչի աշխատունակության ժամկետը 6 տարի է, և հաստատվել է, որ նրա սարքի ժամկետին մնացել է 2 տարի, 2 ամիս, այսինքն մինչև 2014 թվականը:

Սակայն քննիչի համար առավել համոզիչ է եղել Ջամալյանի ցուցմունքը, ըստ որի` Կաթրջյանի սրտում տեղադրված խթանիչի ծառայության ժամկետը կազմում է 8-10 տարի՝ ըստ ընկերության կողմից ներկայացված տվյալների, ինչը սակայն  կրում է զուտ տեղեկատվական բնույթ, և իրավական առումով որևէ երաշխիք սրտաբանական կենտրոնի կողմից չի տրվել: Ջամալյանը նաև նշել է, որ Կաթրջյանը չի հաճախել պրոֆիլակտիկ ստուգումների, չի հետևել վարող բժշկի խորհուրդներին, որի պատճառով էլ սարքի ժամկետը կրճատվել է:

Ինչ վերաբերում է Կաթրջյանի և Մելքումյանի դիմումներին, ըստ որոնց` Ջամալյանը տեղադրել է օգտագործած սարքեր, ապա քննիչը պարզել է, որ սարքերն իսկապես օգտագործված են եղել, ինչն անթույլատրելի է:

Կենտրոնի կողմից օգտագործված սարքերը ձեռք բերելու, վիրահատության արժեքը սահմանելու և գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քննիչը գրություն է ուղարկել առողջապահության նախարարին: Ստացվել է պատասխան, ըստ որի` առողջապահության նախարարությունը տեղեկություններ չունի այդ կենտրոնի կողմից օգտագործված սարքերը ձեռք բերելու վերաբերյալ, նման սարքեր ներկրելու համար օրենսդրությամբ սահմանված կարգ կամ թույլտվություն չի պահանջվում, այն որոշվում է համապատասխան բժշկական կազմակերպության գործադիր մարմնի կողմից, հիշյալ ՍՊԸ-ն մասնավոր ընկերություն է և չի գտնվում առողջապահության նախարարության ենթակայության տակ, հետևաբար նախարարությունը չի կարող որևէ կերպ տեղեկատվություն պահանջել ընկերությունից:

Օգտագործված խթանիչներ օգտագործելու մասով հետաքննությունն այդքանով ավարտվել է:

Մի խոսքով, գրեթե երկու տարի տևած նախաքննության արդյունքում ձեռք բերված փաստերը համակցության մեջ գնահատելով՝ քննիչը գտել է, որ Ջամալյանի առնչությամբ բացակայում է խարդախության հանցակազմի  սուբյեկտիվ կողմը:

Քննիչը նաև գտել է, որ Կաթրջյանի, Մելքումյանի և «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի միջև ծագած գույքային հարաբերությունները կրում են քաղաքացիա-իրավական բնույթ և ենթակա են լուծման դատական կարգով:

2011-ին Կաթրջյանն առիթմոլոգիական կենտրոնի դեմ հայց է ներկայացրել դատարան, սակայն մինչ օրս դատական նիստերն անց են կացվում առանց պատասխանող կողմի ներկայության: Կաթրջյանը դատարանից մեծ սպասելիքներ չունի, բայց եթե անգամ նրա հայցը բավարարվի, ապա որոշումը կմնա զուտ թղթի վրա արձանագրված փաստ, և հիվանդին որևէ փոխհատուցում չի տրամադրվի: Բանն այն է, որ Հայաստանի առիթմոլոգիական կենտրոնը՝ որպես ՍՊԸ, այլևս գոյություն չունի. այս տարվա ապրիլի 23-ից կենտրոնը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն դե յուրե: Դե ֆակտո կենտրոնը գոյություն ունի, բայց գործում է «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ-ի Մալաթիա բժշկական կենտրոնի կազմում՝ որպես սրտաբանական բաժանմունք: Այսինքն` անցյալի հետ հաշիվները մաքրված են:

Ինչ վերաբերում է քննիչի որոշմանը, ապա Կաթրջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքարկել է այն, սակայն արդարության վերականգնման հույս չունի: «Ես միգուցե պարտված եմ, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ է կատարվել այդ կենտրոնում,- ասում է նա,- Ջամալյանը բժիշկ կոչվելու իրավունք չունի: Փողը տալիս ես, մաղարիչ անում ես, շնորհակալություն հայտնում ես, ջան ասում ես, քեզ հաշմանդամ է դարձնում, ուղարկում: Հիմա էլ գործը կարճեցին, Դանիայից հետ կգա, նորից կշարունակի իր հանցավոր գործունեությունը: Եվ էս տեսակի բժշկին դեռ մրցանակ են շնորհում»:

Հիշեցնենք, որ 2009 թ. Սմբատ Ջամալյանին շնորհվել է հանրապետության նախագահի մրցանակ` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:

Հովհաննես Կաթրջյանի և Արտյոմ Մելքումյանի խոսքով՝  ժամանակին իրենցից բացի Ջամալյանից տուժած ևս երկու հիվանդներ էին պայքարում արդարությունը վերականգնելու համար, սակայն նրանցից մեկն արդեն մահացել է, իսկ մյուսը, հույսը կտրած, լռել:

Արտյոմ Մելքումյանը նույնպես կարծում է, որ պայքարելն այլևս անիմաստ է. «Նորմալ երկրում կարելի էր հույս դնել արդար դատական գործընթացի վրա, բայց ինչպես տեսնում եք, իրավապահ համակարգն աշխատում է նմանների օգտին: Իմ տպավորությամբ, եթե Ջամալյանը մեղավոր ճանաչվի, կբացահայտվի մի մեծ հանցագործության կծիկ, որը շատերին ձեռնտու չէ: Դրա համար էլ գործը կոծկում են»:

 

Պեդիկուլյոզ.առանց խնդիրների` դեպի դպրոց

պեդիկուլոզՀերթական արձակուրդները մոտենում են ավարտին, ու որքան մոտենում է աշունը, այնքան արդիական է դառնում երեխայի նախապատրաստությունը դպրոցին: Ծնողների մեծամասնությունը, չգիտես ինչու, նախապատրաստություն ասելով` հասկանում է դպրոցական հագուստի ու գրենական պիտույքների գնումը: Սակայն շատ կարևոր է երեխայի զգայական  տրամադրությունը, նրա առողջական վիճակը, օրգանիզմի` ռեժիմի նկատմամբ փոփոխությանը հարմարվելն ու ծանրաբեռնվածությունը: Սովորող երեխաների ծնողների համար մեծ հոգս է  դպրոցական պարագաների գնումը: Ու այս  իրավիճակում կարևոր է ոչ միայն դրանց գինը, այլև որակը. չէ՞ որ դրանք կարող են երեխայի առողջության վրա էական ազդեցություն ունենալ:

Այս դեպքում ևս պետք է առաջնորդվել որակով ու միայն որակով: Գուցեև մի փոքր ավելի թանկ լինեն բնական նյութից պատրաստված ու կարված հագուստն ու պիտույքները, սակայն չմոռանանք, որ դրանք չպետք է անհարմարության զգացում պատճառեն, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել դասապրոցեսից շեղվելուն: Հագուստը չպետք է սահմանափակի երեխայի շարժումները: Նա պետք է կարողանա ազատ թռչկոտել, ազատ շարժել թևերը: Հագուստի հետ պետք է հարմարավետ լինի նաև պայուսակը: Ճիշտ ընտրված ուսապայուսակը պարունակության ծանրությունը  հավասարաչափ կբաշխի ողնաշարի վրա:

Կարևոր է նաև երեխայի հոգեբանական նախապատրաստվածությունը: Բնականաբար, արձակուրդի շրջանը  խիստ տարբերվում է դպրոց հաճախելուց: Ուստի հարկավոր է երեխային աստիճանաբար վարժեցնել ուսումնական ռեժիմին: Հստակ ժամանակ հատկացնել խաղին, զբոսանքին,ընթերցանությանը: Սա դժվար շրջան է տարրական դասարանից անցում կատարողների համար. նոր ծրագիր, նոր ուսուցիչներ, պատասխանատվության նոր մակարդակ: Երեխայի առաջադիմությունը տվյալ դեպքում մեծապես կախված է  այն հանգամանքից, թե ինչպես է ինքը տրամադրված նոր ուսումնական տարվան: Շատ կարևոր է երեխայի հստակ ժամին քնելը: Համակարգչի  կամ հեռուստացույցի առջև երեկոյան անցկացրած երկարատև ժամերը լուրջ խնդրի կվերածվեն առավոտյան, երբ հարկ է արթնանալ ժամանակին ու չուշանալ դասերից:

Հոգ տարեք դպրոցական երեխայի իմունիտետի մասին, որպեսզի օրգանիզմը պատրաստ լինի առաջիկա լուրջ ծանրաբեռնվածությանը:  Հետևեք, որ սնունդը լիարժեք լինի: Մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, ձուկ, կանաչի լինի, որոնք պարունակում են աճող օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ մեծ քանակությամբ հանքանյութեր ու միկրոտարրեր:

Մի խնդիր էլ, որին պետք է ուշադրություն դարձնել: Ամռանը երեխաները տարբեր վայրերում են հանգստանում, ու երբեմն  ծնողներն էլ չեն կասկածում անգամ, որ իրենց երեխան  վարակվել է պեդիկուլյոզով: Այս հիվանդության հետ կապված շատ կարևոր հոգեբանական  պահ կա. երեխաների մոտ հնարավոր է` ձևավորվի բարդույթ ու  ամոթի զգացում:  Իսկ դա բացասական ազդեցություն է ունենում երեխայի սոցիալական ընտելացման գործընթացի վրա:

Ի դեպ, գրեթե յուրաքանչյուր մարդ գեթ մեկ անգամ կանգնել է նման խնդրի առջև:

Ոջիլը  մակաբույծ է: Հասուն  էգ ոջիլները սոսնձելով ձու են դնում մազերին կամ հագուստի մազմզուկներին: Ինկուբացիոն շրջանում, որը տևում է  7-10 օր, ձվերը հասունանում են: Դրանք շատ նման են թեփի, որը շատ ամուր կպած է մազերին, կիսաթափանցիկ են ու սնվում են գլխամաշկի արյունով: Թրթուրները շատ արագ են հասունանում ու վերածվում հասուն ոջիլների, որոնք ունեն մոխրագույն կամ մուգ գույն, եթե  հատկապես լցվում են արյունով: Ոջիլները մանր միջատներ են, որոնք, կծելով մաշկը, սնվում են արյունով, որ ապրեն ու հասունան: Դրանց նկատելը շատ դժվար է, ավելի հաճախ հայտնաբերվում են ձվերը (անիծ): Հիմնական ախտանշանը մաշկի բորբոքումն է կամ քորը: Եթե ձեռքերը ակամա  ձգվում են դեպի գլուխը, որ քորեն, ու մարդուն անհանգստացնում է վազող միջատի տպավորությունը, ապա  պետք է նա մտերիմ մարդուն խնդրի` ստուգել գլուխը:

Երեխային պետք է բացատրել, որ մեզնից և ոչ մեկն ապահովագրված չէ պեդիկուլյոզից: Դրանով հնարավոր է վարակվել հասարակական տրանսպորտում, աշխատավայրում, դպրոցում, խանութում, ամենուր, որտեղ շփվում ենք մարդկանց հետ: Ընդ որում, մեկ առանձնյակը բավարար է, որ արդեն հաջորդ իսկ շաբաթ պեդիկուլյոզը անհանգստություն պատճառի:

Վարակվելու հաջորդ պատճառը հիգիենայի պակասն է: Ուշ-ուշ լողանալը` գլուխը լվանալը, հագուստը, սպիտակեղենը հազվադեպ, ոչ ժամանակին փոխելը հղի է հիվանդության տարածմամբ:

Իսկ ինչո՞ւ են երեխաներն ավելի հաճախ հիվանդանում պեդիկուլյոզով: Որովհետև նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում այլ երեխաների հետ, ընդ որում, ավելի սերտ, քան մեծերը. համատեղ խաղեր, ուսում, ընկերների հետ ժամանակ անցկացնել, մրցույթներ, հասարակական տրասնպորտով երթևեկել: Մի խոսքով, երեխաները շատ շփումներ են ունենում, ժամանակ անցկացնում ամբոխի մեջ, մանկապարտեզում, սովորելու ժամանակ: Բնականաբար, նման սոցիալական ակտիվությունը պեդիկուլյոզով վարակվելու ռիսկի հետ է կապված:

Ինչպես կարելի է վերացնել ոջիլը

Այսօր դեղատներում տարբեր միջոցներ են առաջարկվում` քսուքներ, շամպուններ: Կան միջոցներ էլ, որոնցով կարելի է մշակել ոջլոտ հագուստը: Բոլոր միջոցներն էլ օգտագործելու դեպքում խստիվ հետևեք կիրառման կանոններին, քանի որ չի բացառվում, որ դրանից ալերգիա առաջանա: Հաշվի առնելով, որ հիվանդությունն ուղեկցվում է քորով ու մաշկի բորբոքմամբ, չպետք է ռիսկի դիմել, քանի որ վնասված մաշկի համար դեղորայքը մեծ փորձություն է, իսկ եթե դեղամիջոցի կիրառումից  մաշկը ուռչի, ապա անմիջապես հարկավոր է  լվանալ պարզ  ջրով:

Երբեմն լինում է, որ դեղամիջոցները չեն օգնում: Լինում է, որ կիրառված միջոցները վերացնում են կենդանի ոջիլները, սակայն անզոր են անիծի դեմ: Եվ ստացվում է, որ բուժումը երկարում է:

Պեդիկուլյոզի դեմ կարելի է պայքարել ժողովրդական միջոցներով:

Հիվանդության սկզբնական փուլում օգնում է նույնիսկ գլուխը հաճախ` օրական մեկ անգամ լվանալը, սովորական ձևով: Երբ օճառում եք գլուխը կամ լվանում շամպունով, փորձեք փրփրացնել ու թողնել մի քանի վայրկյան, ապա նոր լվանալ:

Ահա ժողովրդական մի միջոց, որը, չգիտես ինչու, կոչվում է «ամերիկյան եղանակ»:

Ոջիլները վերացնելու համար մազերի երկայնքով առատորեն քսվում է վազելին, մայոնեզ կամ այլ քսուք: Ապա գլուխը պետք է փաթաթել պոլիէթիլենով: Թողնել բավական ժամանակ, հնարավորության դեպքում` մեկ  գիշեր, ու առավոտյան սանրելով հանել:  Այս միջոցով ասես փակում ես ոջիլների թթվածինը: Գործողությունը պետք է կատարել մի քանի անգամ ու անպայման հարկավոր է առավոտյան սանրվել մանրատամ սանրով:

Բուժումը եթերայուղերով: Սա, ի դեպ, շատ դուր կգա կանանց, քանի որ այն մի հարվածով երկու նապաստակ խփելու է նման. մի կողմից` վերացնում ենք ոջիլը, իսկ մյուսից` բարելավում մազերի վիճակը: Օգտակար է այս դեպքում թեյածառի, նուշի ու նարդոսի եթերայուղերի հավասարաչափ բաժիններով խառնուրդը, որը քսվում է մազերին ու լվացվում 2 ժամից: Այս միջոցն արևմուտքում պեդիկուլյոզի դեմ առաջինն  է համարվում: Այս դեպքում կարևորվում է բնական եթերայուղերի հայթայթումը, քանի որ կեղծ նյութեր կան շուկայում:

Սանրելը

Բժշկական ու ժողովրդական միջոցները չեն կարող վերացնել անիծը մազերից, այն պետք է հեռացվի մեխանիկական եղանակով: Եթե հիվանդությունը խորանում է, ապա ստիպված քաչալանում են, իսկ եթե ցանկանում եք պահպանել մազերը, ապա մեկ ժամ չէ, որ կպահանջվի անիծից ազատվելու համար: Մեր տատերը սանրի ատամների արանքներում թել էին փաթաթում, ինչը օգնում է մազերից դուրս բերել անիծը:

Հիվանդության կանխարգելումը

Առաջներում պեդիկուլյոզը համարվում էր աղքատների ու թշվառների հիվանդություն: Իրականում այդպես չէ, քանի որ հիվանդանում են անկախ սոցիալական կարգավիճակից: Մի խոսքով. ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Սակայն հարկ է նշել, որ հիվանդությունը խորանում է միմիայն հիգիենայի բացակայության պարագայում:

Ի դեպ, շատ կարևոր է իմանալ, թե դասարանում  կա՞ն արդյոք պեդիկուլյոզով երեխաներ: Դա չպետք է վիրավորի ո՛չ երեխային, ո՛չ էլ նրա ծնողին: Իմանալով` կարելի է պարզապես գնահատել ռիսկերը: Ժամանակ առ ժամանակ ստուգել ոջիլի առկայությունը:

Հեշտ է կանխելը, դժվար` բուժելը: Հիգիենան լավագույն կանխարգելիչ միջոցն է:

Երեխաներին  սովորեցրեք, որ խուսափեն անձնական իրեր փոխանակելուց. սանր, խոզանակ, սրբիչ, բարձ, գլխարկ:

Խուսափեք «գլուխ գլխի տալուց»: Ժամանակ առ ժամանակ ստուգեք ծոծրակի, ականջների ետևն ու գխամաշկը: Եթե տանը մեկը վարակվել է պեդիկուլյոզով, ապա բուժում պետք է կատարեն բոլորը` կանխելու մեկից մյուսին փոխանցումը:

Ի դեպ, շատ լավ միջոց է քացախի ու ջրի հավասար քանակությամբ խառնուրդը, եթե, իհարկե, մաշկը քորելուց չի վնասվել: Այդ դեպքում պարզապես հնարավոր է, որ լուծույթը մրմռացնի:  Քսել մազերին ու  ծածկել գլուխը կես ժամ, որից հետո լվանալ սովորականի պես: Այն նաև մազերի որակը բարելավող հիանալի միջոց է,  փափկեցնում է ու փայլ հաղորդում: Պարզապես զգույշ եղեք, որ լուծույթը չընկնի աչքերի մեջ, հատկապես, երբ այս մեթոդով եք բուժում երեխաներին: Լուծույթը քսելուց  կես ժամ անց հանեք գլխարկը, նորից առաջարկվում է սանրել մազերը: Որքան լավ ու երկար սանրեք, այնքան շատ ոջիլ ու անիծ կթափվի: Ապա լվացեք սովորականի պես:

Հետաքրքիր փաստեր

Գիտնականները պարզել են, որ ոջիլներ եղել են անգամ դինոզավրերի ժամանակներում, ավելի քան  44 մլն տարի  առաջ:

Ոջիլների մասին առաջին  տեղեկությունները հանդիպում են Արիստոտելի մոտ (մ.թ.ա. IV  դարում): Չորացած ոջիլներ են հայտնաբերվել եգիպտական, պերուական, հնդկացիական մումիաներում:

Հերոդոտոսն է գրել, որ եգիպտացի քրմերը սափրում էին գլուխը, «որ ոչ մի ոջիլ կամ այլ անմաքուր կենդանի չկարողանա կպչել նրանց, երբ նրանք ծառայում են աստծուն…»: Այդ նպատակով էին գլուխներն ու կզակը սափրում Հին Եգիպտոսի, Ասորեստանի ու Բաբելոնի  փարավոններն ու թագավորները:

Հիմնականում պեդիկուլյոզ  հիվանդության բռնկում է նկատվում աշնանը, երբ երեխաները ճամբարներից ու հանգստյան տներից վերադառնում են տուն:

Ծերունիները պատմում են, և գիտությունն էլ հաստատում է, որ ոջիլները բազմանում են ուժեղ սթրեսից հետո: Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում է, ոչ բոլոր վարակվածներն են հիվանդ դառնում: Եթե մենք հանգիստ ենք ու առողջ, ապա ոջիլն իր «նպատակին» չի հասնում: Իսկ մակաբույծներին ասես դուր են գալիս այն մարդիկ, որոնք կարծես «հակում» ունենան սթրեսների նկատմամբ:

Ներկայում գիտնականները տագնապած են, քանի որ ոջիլները թույների նկատմամբ դիմացկունություն են ցուցաբերում: Իռլանդիայում նույնիսկ ոջիլի նոր տարատեսակ են հայտնաբերել, որը  թույների նկատմամբ անզգա է: Այնտեղ նույնիսկ պարգևավճար են խոստանում նրան, ով կկարողանա այդ մուտանտներին բռնել ու լաբորատորիա հանձնել  հետազոտության համար:

Ասում են, որ ոջիլները «հուզիչ կապվածություն են» ցուցաբերում իրենց տերերի նկատմամբ: Մարդու գլխից հանած ոջիլը ընտրության դեպքում էլ «սովոր շան պես» վերադառնում է նրա մոտ:

Շուրջ 100 տարի առաջ շվեդներն այդ միջատի օգնությամբ բուրգոմիստր էին ընտրում: Թեկնածուները նստում էին սեղանի շուրջ ու սեղանի վրա փռում մորուքները, իսկ կենտոնում ոջիլ էին դնում: Ում մորուքի վրա բարձրանում էր այդ ոջիլը, նա էլ ընտրվում էր բուրգոմիստր:

Արցախն արդեն 22 տարեկան անկախ պետություն է

ԼՂՀՍեպտեմբերի 2-ին անկախ Արցախը կդառնա 22 տարեկան. բավական քիչ ժամանակ՝  լուրջ ու շոշափելի արդյունքներ ունենալու և բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները լուծելու համար, սակայն բավական երկար` թշնամու մշտական սպառնալիքի ներքո ժողովրդավարություն և պետականություն կերտելու համար:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին: Մի քանի օր անց` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, և մասնակցածներից շուրջ 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության:

1991 թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին: Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը: Իսկ 1992 թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը: Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը: ԼՂՀ դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով:

Իհարկե, ոչ ոքի համար նորություն չէ, թե ինչպիսի ծանր ժամանակներում ու պայմաններում է իր առաջին քայլեր սկսել հայկական երկրորդ հանրապետությունը. պատերազմ, տնտեսական շրջափակում, զրկանք և այլն: Բայց նորանկախ ու փոքրիկ պետությունն իր մեջ ուժ գտավ մեկ անգամ միջազգային հանրությանն ու պատմությանն ասելու, որ ինքն  այլևս ինքնուրույն է ցանկանում շարունակել իր ուղին: Եվ անկախությունը կերտվեց արյունով, ամրագրվեց պատերազմում տարած հաղթանակով:

Այսօր արդեն Արցախը աշխարհին է ներկայանում որպես կայացած պետականությամբ, ինքնիշխան ու ժողովրդավարական արժեքների հետևող երկիր` անկախ ճանաչումից:

22 տարիների հեռվից արդեն մի հարց է առաջանում` ի՞նչ ձեռքբերումներ ու ի՞նչ ձախողումներ ունեցավ ազատ Արցախն իր անկախության 22 տարիներին:

Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տարանք, գրեթե առաջին անգամ երկարատև պատերազմում լուրջ հաջողության հասանք` ունենալով ավելի քիչ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ, քան հակառակորդը: Եվ այդ իմաստով՝ մենք մեր  գլխավոր խնդիրը լուծել ենք: Մնում է` դիվանագիտական ասպարեզում ԼՂՀ դե ֆակտո անկախությունը հասցնենք դե յուրեի:

Այս հարցում, ներկա դրությամբ, բավականին հակասական կարծիքներ կան: Մի կողմից, ըստ էության, համաձայն Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրությունն ընդունում է, որ ղարաբաղցիներն ունեն ինքնորոշման իրավունք: Մյուս կողմից` այդ ինքնորոշման  իրավունքի հստակ տեխնոլոգիան դեռ ոչ ոք չի պատկերացնում, այդ թվում նաև` միջազգային հանրությունը: Հենց այստեղ է, որ մենք հայտնվում ենք վտանգավոր ու հակասական վիճակում, որովհետև այդ նույն  մադրիդյան սկզբունքները բավականին հեղհեղուկ են, և դրանց համաձայն` մենք կարող ենք  հաջողության հասնել և դե յուրե իրականություն դարձնել ԼՂՀ անկախությունը: Եվ ճիշտ հակառակը. եթե չկարողանանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սառը պատերազմում հասնել հաջողության, ապա կարող ենք նաև տանուլ տալ Ղարաբաղյան խնդրում:

Աշխարհի դիվանագիտական պատմության մեջ, համաձայնվենք թե ոչ, ամրագրվել է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Այդպես է նաև այսօր. Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Ասիայում և բոլոր այն տեղերում, որտեղ դեռ տաք հակամարտություններ կան: Վերջիվերջո, դիվանագիտությունն ամրագրում է այն սահմանները, որոնք զենքով ու արյունով են գծվել: Սա արդեն դարձել է անհերքելի ճշմարտություն:

Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման  ճանապարհին

Բայց Արցախյան ճակատում հաղթանակ տանելու դերն ու նշանակությունը կարևոր է ոչ միայն դիվանագիտական ասպարեզում ու ԼՂՀ-ի` միջազգային ճանաչման գործընթացում: Տևական անհաջողություններից ու պարտություններից հետո առաջին անգամ հայ ազգը, զենքով ու իր սեփական կյանքը զոհաբերելով, ապացուցեց, որ ինքն այս աշխարհում ապրելու իրավունք ունի: Հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն, որպես  անկախ պետություն ու պետականություն, կայացած է  միջազգային նորմերի տեսանկյունից: Այն վերջնականապես կայացած պետություն է թե՛ բանակի իմաստով, թե՛ պետական ինստիտուտների ու կառույցների իմաստով և, առավել ևս, ժողովրդավարության չափանիշների հաստատման իմաստով: Այս տեսանկյունից Արցախը չի զիջում ժամանակակից եվրոպական երկրներին, և նույնիսկ, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների որակով գերազանցում է եվրոպական մի շարք  երկրների:

Ճիշտ է` ԼՂՀ ցանկացած ընտրություններից երկու-երեք օր հետո սկսվում են ինչ-որ արձագանքներ, գնահատականներ: Իսկ եթե ԼՂՀ նախագահական հերթական ընտրություններն անխափան իրականացվում են, նշանակում է` մեր երկրորդ պետականությունն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, այդ թվում նաև միջազգային ասպարեզում: Ու մինչև այժմ դեռ  որևէ մեկը ԵԱՀԿ-ի կողմից երբեք դեմ չի արտահայտվել ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունների որևէ տարբերակին, և որևէ երկիր կամ պաշտոնյա երբեք չի ասել, թե ընտրությունները  կարող են խանգարել բանակցային գործընթացին:

Եվ որքան բարձր լինի Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների որակն ու աստիճանը, այնքան ավելի հեշտ կլինի անցնել այդ ճանապարհը, և օրերից մի օր ԼՂՀ-ն ՄԱԿ-ում կունենա իր ներկայացուցիչը, ինչպես Հարավային Սուդանը, Կոսովոն և այլն: Համենայն դեպս, միջազգային փորձն էլ է այդպես վկայում:

Ինչ վերաբերում է  բացթողումներին, ապա մենք խնդիրներ ունենք քարոզչության  բնագավառում, որ դեռ չենք լուծել, որովհետև այսօր էլ մեզ չի հաջողվել հակամարտության կերպարին  համարժեք կերպար արմատավորել միջազգային շրջանակներում:

Օրինակ` պատմական ցայտուն նախադեպեր էլ կան, որ ազգերի ինքնորոշման իրավունքի նորմերից ելնելով` անկախ պետություններ են ստեղծվում: Ազգերի ինքնորոշման իրավունքն առաջին անգամ ամրագրվեց հենց ԱՄՆ պետության սահմանադրության մեջ: ԱՄՆ պետությունը 200 տարի առաջ անգլիական գաղութարարների դեմ սեպարատիստական շարժման արդյունքում, բայց հիմք ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը, պետություն ստեղծեց: Ու ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, թեկուզ ցածրաձայն նշել, թե ԱՄՆ-ն օկուպացրել է Անգլիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները: ԱՄՆ-ն 200 տարի է` ինքնուրույն պետություն է կառուցում, ԼՂՀ-ն` 20, տարբերությունը տարիների քանակն է, բայց հիմքը ժողովրդական շարժումներն են` ազգերի ինքնորոշման իրավունքը:

 Ամեն դեպքում Արցախը շարունակում է կերտել իր պետականությունն ու ամրապնդել անկախությունը` զարգացնելով ժողովրդավարություն: Ու այդ ժողովրդավարությունը նախանձելի է անգամ Հայաստանի համար:

 

«Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության 70-ամյա հոբելյանը կնշվի շուքով

18547Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակահատվածում` 1943-ին, ԽՍՀՄ–ում ստեղծվեց  «Աշխատանքային հերթափոխ» մարզական ընկերությունը: Նպատակն այն էր, որ պրոֆտեխկրթության համակարգի սովորողները և աշխատողները բարեկամանան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետ, ֆիզիկական կոփվածք ձեռք բերեն` լավ վազեն, ցատկեն, նռնակ նետեն և պատրաստ լինեն  բանակում ծառայելու, երկիրը պաշտպանելու: Սպորտում մեծ նվաճումների հասնելու մասին սկզբնական շրջանում խոսք չկար: Հայաստանում էլ ստեղծվեց նույնանուն մարզական կառույց: Եվ ահա, այն դարձել է 70 տարեկան:

Եթե պատերազմական տարիներին պրոֆտեխուսումնարանները ռազմականացված հաստատություններ էին, կադրեր էին պատրաստում գործարանների համար,  նաև ունեին արտադրություններ, ապա խաղաղության հաստատումից հետո այդ կրթօջախներն արդեն հիմնականում ուսում ստանալու և մասնագիտանալու հանարավորություն էին տալիս երիտասարդներին: Սովորողների  մեծ մասը ծնողազուրկ էր կամ անապահով ընտանիքներից: Եվ ստեղծվել էին բոլոր հնարավորությունները, որպեսզի ՊՏՈւ-ների սաները լավ պայմաններում մասնագիտանան, նաև առողջությունը կոփելու, սպորտով զբաղվելու հնարավորություն ստանան: Այդ հաստատություններն ունեին  ժամանակակից խաղահրապարակներ, մարզագործիքներով կահավորված դահլիճներ: «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը ոչ միայն Երևանում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում ստեղծել էր հիանալի մարզակառույցներ: Հետագայում մեր երկրում ընդլայնվեց պրոֆտեխնիկական ուսումնարանների ցանցը: 1970-ականների կեսերին դրանց թիվը Հայաստանում հարյուրից ավելի էր: Ստեղծվել էր Պրոֆտեխկրթության պետական կոմիտե, որը գերատեսչական հզոր կառույց էր, նախարարության կարգավիճակ ուներ: Ընդ որում, Հայաստան սովորելու էին գալիս ոչ միայն խորհրդային հանրապետություններից, այլև Վիետնամից, Բանգլադեշից, արտասահմանյան այլ երկրներից:

Արմատավորված էին բռնցքամարտը, ըմբշամարտը, մարմնամարզությունը, հեծանվային սպորտը և այլն: Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում բռնցքամարտին: «Աշխատանքային հերթափոխի» ներկայացուցիչներ են օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մխիթար Մանուկյանը, մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանը և ուրիշներ:

Հայաստանի անկախացումից հետո կազմակերպության  կյանքում նոր փորձություններ ծագեցին: Նախ, համակարգի փոփոխման հետ կապված, նորամուծություններ կատարվեցին: 1989-ին կրթական համակարգը միավորվեց. լուսավորության նախարարությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտության նախարարությունները և Պրոֆտեխկրթության պետական կոմիտեն միավորվեցին   Ժողկրթության նախարարության կազմում: «Աշխատանքային հերթափոխը» մնաց որպես հասարակական կազմակերպություն, սակայն ոչ պաշտոնապես սկսեց իրականացնել նաև հանրակրթական դպրոցների սովորողների, մանկապարտեզների սաների ֆիզիկական դաստիարակության աշխատանքը: Իսկ1991-ից այդ ամենը կատարվում է արդեն պաշտոնապես:

Խորհրդային տարիներից լուսավորության նախարարության համակարգում էր  Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Այս մարզօջախին էր վստահված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆիզդաստիարակության աշխատանքների համակարգումը և իրականացումը: Դպրոցը զբաղվում էր  նաև պատանի մարզիկների մարզական վարպետության բարելավման խնդիրներով: Հաստատությունը նախապատրաստում էր մեր երկրի ներկայացուցիչներին դպրոցականների համամիութենական սպարտակիադաներին, ապահովում այդ ստուգատեսներին նրանց մասնակցությունը: Ընդ որում, սկզբում Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը, մնալով կրթական համակարգում, շարունակում էր զբաղվել դպրոցական ոլորտի ֆիզկուլտուրայի և սպորտի բոլոր  հարցերով: 1991-ից արդեն «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը սկսեց ամբողջովին զբաղվել նաև այն խնդիրներով, որոնք կատարում էր Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Վերջինս մնաց, սակայն կարգավիճակը փոխեց` զբավելով միայն պատանիներին և աղջիկներին որոշ մարզաձևերում  ընդգրկելու աշխատանքով:

«Այժմ պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններ չկան: Արտադրական ձեռնարկություններից շատերը չեն աշխատում և տարբեր մասնագիտությունների նոր կադրերի պատրաստման խնդիրներով չեն զբաղվում: Դրանց փոխարեն գործում են  մի շարք  քոլեջներ, որոնց հետ  «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը շարունակում է գործունեությունը: Դրանց թիվը Հայաստանում հասնում է շուրջ երեք տասնյակի: Անցկացվում են Հայաստանի դպրոցականների մարզական խաղեր, որոնցում ներգրավվում են նաև քոլեջների սովորողները: Ի դեպ, նախկինում քոլեջների թիվը մեծ էր, և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար առանձին  սպարտակիադա էր կազմակերպվում: Իսկ դպրոցականների մարզական խաղերն անցկացվում են անկախացման առաջին իսկ տարվանից: Արդեն կազմակերպվել է 22 ստուգատես: Դա ուշագրավ ցուցանիշ է: Այդ մրցումների ծրագրում 8 մարզաձև է: Դրանք այն մարզաձևերն են, որոնք ընդգրված են դպրոցականների աշխարհի առաջնությունների ծրագրում»,- ասաց «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արա Մեհրաբյանը:

IMG_0019 Նա 2006-ից ստանձնել է նաև Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, և «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության, Հայաստանի ԿԳ նախարարության համատեղ ջանքերով մեր երկրի պատանի մարզիկները հանդես են գալիս Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող մրցումներում, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնություններում: Այնպես որ «Աշխատանքային հերթափոխի» գործունեության ոլորտն ընդլայնվել է:

Այնուամենայնիվ, անկախացումից հետո կորուստներ եղել են, հնարավոր չի եղել պահպանել այն ամենը, ինչը ստեղծվել էր նախկինում: Խորհրդային տարիներին մարզընկերությանը մայրաքաղաքում մեծ տարածք էր հատկացվել, որպեսզի մարզահամալիր սարքավորվի: Սակայն Խորհրդային Միության փլուզման հետ այդ ծրագիրն էլ դադարեց:

«Ամենացավալին այն է, որ կորցրել ենք Կապանի մարզադաշտը: Մեր համար էլ անհասկանալի է, թե այդ ինչպես է տեղի ունեցել: Քանիցս դիմել ենք դատական  տարբեր ատյանների, բողոքել արդարությունը վերականգնելու համար, պայքարել, սակայն արդյունքի հասնել չի հաջողվել: Փաստորեն, ապօրինի քայլ է արվել: Թեև «Աշխատանքային հերթափոխի» նախկին ղեկավարությունն էր գործարք կատարել, սակայն այն օրինական ուժ չուներ, քանի որ մարզադաշտից հրաժարվելու համար կոլեգիալ որոշում էր անհրաժեշտ, որը չէր եղել: Կատարվածից մեկ շաբաթ հետո արդեն այդ մասին ահազանգ է բարձրացվել, բայց դա չի օգնել: Փաստորեն, խախտվել էր մարզական կազմակերպության կանոնադրությունը, և  նրա ղեկավարը միանձնյա վճիռ է կայացրել, որի իրավունքը չուներ»,- պարզաբանեց Մեհրաբյանը:

Այդուհանդերձ, կազմակերպության Երևանի, Գյումրիի, Վանաձորի մարզաբազաները պահպանվել են, գործում է նաև մայրաքաղաքի Էլեկտրալամպերի գործարանի հարևանությամբ գտնվող օլիմպիական պատրաստության կենտրոնը: Ի դեպ, Գյումրիի մարզաբազան 1988-ի երկրաշարժի ժամանակ փլուզվել էր, սակայն 2007-ին այն ամբողջովին վերանորոգվել է և նոր տեսք ստացել: 2006-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է «Աշխատանքային հերթափոխի» Երևանի մարզահամալիրը:

Կազմակերպության ցուցանիշներն էլ խոսուն են: «Աշխատանքային հերթափոխի» մարզիկները մեդալների են արժանանում Հայաստանի տարբեր մարզաձևերի առաջնություններում, մեր երկրի տարբեր մարզաձևերի հավաքականների կազմերում հանդես գալիս խոշորամասշտաբ ստուգատեսներում, պարգևների տիրանում: Կան օլիմպիական խաղերի մասնակիցներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների  չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Ըստ Մեհրաբյանի` չէր լինի այդ ամենը, եթե չաջակցեր Հայաստանի կրթության և գիտության նախարությունը: Եթե օգնություն չցուցաբերվեր,  իհարկե, դժվար կլիներ, սակայն կազմակերպությունը կշարունակեր իր գոյությունը: Ընդ որում, բոլոր մարզախմբերն անվճար են: Ի դեպ, նախարարությունը 23 մլն դրամ է առանձնացրել, որպեսզի նոյեմբերին առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն Բրազիլիայի Բրազիլիա քաղաքում կայանալիք Համաշխարհային գիմնազիադայի մրցումներին:

Այդուհանդերձ, «Աշխատանքային հերթափոխը» խնդիրներ ունի: Երկար ժամանակ է, ինչ մարզագույք չի ստացել: Հայաստանի սպորտի ղեկավարները տարիներ առաջ խոստացել են, որ դա կտրամադրեն: Բայց երբ բացահայտվել է, որ  «Աշխատանքային հերթափոխի» մարզաբազաների մի մասում պահպանվել է նախկինում եղած մարզագույքը, ռինգերը, այդպես էլ ոչինչ չեն հատկացրել:

«Դա անակնկալ էր, քանի որ կան այլ կազմակերպությունների այնպիսի մարզաբազաներ, որոնք 2000-ին մարզագույք էին ստացել, սակայն լավ չէին պահպանել և այժմ կրկին նորն են ստանալու: Իսկ մեր կազմակերպության կահավորումը մարզագույքով նպատակահարմար չի համարվել սոսկ այն պատճառով, որ հինը  հոգատար վերաբերմունքի շնորհիվ  մնացել է»,- ասաց Մեհրաբյանը:

Ինչևէ, սեպտեմբերին կայանալու է «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Կազմակերպության մարզերում գտնվող մասնաճյուղերում կանցկացվեն արմատավորված մարզաձևերի բաց առաջնություններ` բռնցքամարտի, ըմբշամարտի, սեղանի թենիսի, հանդբոլի և այլն: Նպատակն է` շուքով նշել հոբելյանը, նաև քարոզել սպորտը, առողջ ապրելակերպը: Ինչ խոսք, դա կնպաստի, որ նոր պարապողներ համալրեն «Աշխատանքային հերթափոխի» տարբեր մարզաձևերի խմբերը:

 

Տղամարդիկ ամոթ են համարում դիտել այս ֆիլմը

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկ ամիս է՝ վերջացել է, սակայն շատերը դեռ շարունակում են խոսել այդ մասին: Ներկայացնում ենք «Անկախի»  բացառիկ հարցազրույցը «Երկու հոգու միջև» ֆիլմի ռեժիսոր Լորանս Պերիգոյի հետ:

– Լորանս, ինչի՞ մասին է ֆիլմը:

– Այն մենեջմենթի դասախոս Քրիսի մասին է, որն իրականում իրեն ո՛չ տղամարդ է զգում, ո՛չ էլ կին, այլ ավելի շուտ զույգ սեռերի միջև: Քրիսը, 60-ը բոլորելով, կատարում է իր կյանքի ամենամեծ և պատասխանատու քայլը` սեռափոխման վիրահատություն Թաիլանդում, որի շնորհիվ դառնում է Քրիստա:

– Ինչո՞ւ ֆիլմի համար ընտրեցիր հենց այդ թեման:

– Ուսանելով մարդաբանություն, սոցիոլոգիա` ինձ հետաքրքրում էին գենդերային, սեռային հարցերը: Սովորելու տարիներին հասկացա, որ գենդերային խնդիրները, մարդիկ տարբեր երկրներում տարբեր կերպ են ընկալվում և ներկայացվում: Ուստի ֆիլմի միջոցով փորձեցի ճանաչել աշխարհն ու կոտրել կարծրատիպերը:

– Ինչպե՞ս գտար ֆիլմի հերոսին:

– Երբ դեռ ուսանող էի, հանդիպեցի հայրիկիս ընկերոջը՝ Քրիսին, որը շշուկով ինձ ասաց. «Մի քանի օրից մեկնելու եմ Բանգկոկ` սեռս փոխելու»: Ես անմիջապես դիմեցի համալսարան, որտեղ սովորում էի, գումար և տեսախցիկ ստանալու համար, և Քրիսի հետ մեկնեցի Թաիլանդ: Բացի այդ,  դա իմ մագիստրոսական թեզն էր:

– Հետաքրքիր է: Իսկ ինչպիսի՞ն էր Քրիսի/Քրիստայի արձագանքը ֆիլմում նկարահանվելուն:

– Նա ինքն էր ցանկանում ներկայացնել սեփական պատմությունը, որպեսզի աշխարհն իմանա այդ խնդրի մասին:

– Սեռափոխություն… Մի տեսակ խորթ է մեր երկրի համար: Ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը ֆիլմը դիտելուց հետո:

– Երևանում, օրինակ` մարդիկ հետաքրքրությամբ էին դիտում, սակայն շատ հաճախ, հատկապես` տղամարդիկ,  ամոթ էին համարում և հրաժարվում էին այն դիտել:

– Անգամ եթե ֆիլմի գլխավոր դերակատարը խիզախ է, այնուամենայնիվ նրա աչքերում նկատելի էր խորը քողարկված թախիծ: Նա երբևէ զղջացե՞լ է արած քայլի համար:

– Քրիստան երբեք այդպիսի բան չի ասել: Ընդհակառակը, նա միշտ ցույց է տվել, որ երջանիկ է, հատկապես` վիրահատությունից հետո:

– Ֆիլմից կարելի է դատել, որ Քրիստայի ընկերներն ու մտերիմները նրան ընդունել են:

– Իրականում մարդիկ հաճախ թաքցնում են իրենց կասկածներն ու կարծիքները: Այնպես որ, չենք կարող իմանալ՝ ինչպես են նրանք վերաբերվում այդ խնդրին և Քրիստայի արած քայլին:

– Որքանո՞վ է գեղագիտական և բարոյական նկարահանել իրական վիրահատությունը:

– Վիրահատություն նկարահանելն այդքան զզվելի չէ, որքան թվում է: Իրականում տեսախցիկը չի արտացոլում պատկերի ամբողջ ազդեցությունը՝ կարծես պաշտպանելով մեր հոգեկանը:

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց ֆիլմի նկարահանման համար:

– Քրիստի կյանքին հետևել եմ մեկ տարի, որի ընթացքում իր բժշկին նա համոզում էր վիրահատությունից հետո հորմոններ ընդունել:

– Կպատմե՞ս քո կարիերայի մասին: Ինչպե՞ս դարձար կինոռեժիսոր:

– 19 տարեկանում մեկնեցի Փարիզից` Նյոշատելի (Շվեյցարիա) համալսարանում մարդաբանություն, Rec Pruductions կինոընկերությունում նկարահանում և մոնտաժ սովորելու, այնուհետև՝ Canal Onex-ում աշխատելու համար: 2006-ին երկու ամսով ուղևորվեցի Հնդկաստան որպես Պոլ Ռոնյոնիի «Աստվածների պարը» ֆիլմի ռեժիսորի ասիստենտ, իսկ 2008-2009 թթ. նկարահանեցի Քրիստա Մութի սեռափոխման ընթացքը «Երկու հոգու միջև» վավերագրական ֆիլմում: Իսկ 2010-ին աշխատանքի անցա RTS-ում, որտեղ էլ դարձա ուղիղ եթերով հեռարձակվող շոուների և լուրերի թողարկման ռեժիսոր:

– Կարո՞ղ ես երեք բառով նկարագրել քո անձը:

– Հմմ՜, փորձեմ… Նախ և առաջ հետաքրքրասիրությունը, որի շնորհիվ ծանոթանում եմ տարբեր մարդկանց հետ, կատարելության անվերջ ձգտումը, որը երբեմն ինձ ուժասպառ է անում և, վերջապես, զգացմունքայնությունը, որի շնորհիվ կարողանում եմ ֆիլմեր նկարահանել:

– Նոր ծրագրեր կա՞ն:

– Այո: Ցանկանում եմ անկախ ծրագիր ունենալ հեռուստատեսությունում: Ապագան ցույց կտա:

– Իսկ ե՞րբ կարող են մարդիկ դիտել «Երկու հոգու միջև» ֆիլմը:

– Պետք է սպասել մոտ մեկ-երկու տարի: Այդ ընթացքում ֆիլմը պետք է վաճառեմ DVD-ի տեսքով, այնուհետև տեղադրեմ համացանցում:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 

ԷԴՎԱՐԴ ՏՈՒՆԱԿԱՆԻՁԵ. «Իմ դռները հատկապես բաց են հայերի համար»

տԷդվարդ Տունականիձեի հետ ծանոթացանք Հայաստանի սահմաններից դուրս: Նա ծնվել ու մեծացել է հենց Վրաստանի սրտում: Ասում է` սիրում է իր երկիրը ու եթե բացակայում է, ապա ամենաշատը մի շաբաթով:

Նա զրույցի հենց սկզբում խորն ակնածանքով արտահայվեց հայերի մասին: Դա պատահական չէր, նրա երակներով նաև հայի արյուն է հոսում:

 Բացի այդ, Էդվարդի կյանքի երկրորդ կեսը հայուհի է` Թամարան:

– Էդվարդ, ասում եք` Վրաստանը Ձեզ համար կյանք է: Ինչո՞վ կբացատրեք ձեր այս տեսակետը:

– Գիտեք, ապացույցը ծովն է, հետո` օդը: Վրաստանում մարդիկ հոգատար են, սիրում են օգնել միմյանց: Մեր ընտանիքում էլ է այդպես: Լուսահոգի հայրս շատ մարդասեր էր ու սիրում էր «լավություն» անել դիմացինին:

Հորս պարտադրանքով ես այս բառը երևի կասեմ չակերտների մեջ, երկու բան պետք է անեի կյանքում: Առաջինը հայուհու հետ ամուսնանալն էր, երկրորդը` ամենաքիչը 4 երեխա ունենալը (Էդվարդն այժմ երեք երեխա ունի):

Մենք հայրենադարձ չենք: Տատիկս հայ է: Պապիկի հետ ընտանիք են կազմել դեռ անցյալ դարի սկզբին ու երջանիկ ապրել: Այնպես որ` երակներումս հայի արյուն էլ կա:

– Ձեր կինը հայուհի է, Դուք` բնիկ վրացի: Հետաքրքիր է` ազգությունների բախում տեղի չի ունենում:  

– Չէ՛, երկուսս էլ հանդուրժող ենք: Շատ ենք սիրում միմյանց ու շատերի համար էլ օրինակ ենք ծառայում: Մեր ընտանիքում բախումներն ընդհանրապես բացառված են, հա, հնարավոր է, որ կենցաղային մանր-մունր հարցերով վիճենք, բայց, դե, առանց դրա էլ չի լինի: Թամարը հրաշալի հոգի ունի ու մի բառից հասկանում է ինձ: Մենք քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ ենք: Անգամ հեռուստատեսության լուրերի թողարկումներին այդքան պատրաստակամությամբ չենք հետևում, գործերը չեն թողնում:

– Հենց Ձեր գործերի մասին էլ ցանկանում եմ զրուցենք:

– Ո՞ր գործերի:

– Հյուրանոցի, սրճարանի…

– Այո՛, դա մեր ապրուստի միակ միջոցն է: Սրճարանը աշխատում է արդեն 15 տարի և ունի իր մշտական հաճախորդները: Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցին, ասեմ, որ ես այս շինությանն այնքան էլ հյուրանոց չէի անվանի: Սա առանձին շենք է` առանձին համարներով, որ զբոսաշրջիկներն օրավարձով վարձակալում են: Հյուրանոցը ենթադրում է շատ շքեղություն, սպասարկում, բայց մեզ մոտ սպասարկում չկա:

– Սեզոնայի՞ն է «հյուրանոցի» գործը:

– Պատկերացրեք` չէի ասի, թե սեզոնային է: Զբոսաշրջիկները շատ-շատ են, ու ոչ միայն ամռան տապին: Օրինակ` այս օրերին շատ են հայերը: Որ իմանում եմ հայեր են եկել, աշխատում եմ նվազագույն գներով տրամադրել համարները: Այստեղ ներքին համոզմունք կա, որ եթե մարդիկ վրացերեն չեն խոսում, ապա պետք է մի քիչ ավելի վճարեն (կեսկատակ ասում է Էդվարդը,-հեղ.): Բայց իմ դռները հատկապես բաց են հայերի համար:

– Այո՛, ես զգում եմ, որ ամեն ինչի համար վճարում եմ կրկնակի, եթե, ասենք, ապրանքներին գնապիտակներ չկան…

– Դե, այստեղ այնքան էլ թանկ չէ: Հնարավոր է` տուրիստներին մերոնք մի քիչ ավելի թանկ վաճառեն, բայց հաստատ Հայաստանի գներին չի հասնի: Դուք հարուստ եք: Մի տարի առաջ եմ եղել Հայաստանում, ընտանիքով էինք եկել, ու պատկերացրեք` բավական գումարներ ծախսեցինք: Օրինակ` նույն սրճարանների գները ձեզ մոտ կրկնակի բարձր են: Ես դեռ խոսում եմ սովորական, շարքային քաղաքացիների մասին: Շքեղություն մեզ մոտ էլ կա, ձեզ մոտ էլ կա, ուղղակի դա մեզ պես մարդկանց համար չէ:

– Հե՞շտ է հայերի հետ լեզու գտնելը: Գիտեմ, որ զբոսաշրջիկ հայերին այնքան էլ չեն սիրում:

– Գիտեք, շատ հակասական է: Հիմա միանշանակ չեմ կարող պատասխանել. դա լավ է, թե վատ է: Հայերի հատուկ տեսակ կա, որ ամեն ինչից դժգոհ է: Օրինակ` երկու տարի առաջ մի հայ ընտանիք էր եկել. օգնեցի, տեղավորեցի լավագույն համարներից մեկում, բայց գոհ չէին: Պատճառը նույն շենքում թուրք ընտանիքի ներկայությունն էր:

Հետաքրքիր է, որ թուրք ընտանիքին չէր էլ հետաքրքրում, թե ովքեր են հանգստանում, որ ազգից են, փաստորեն, հայերին դա ամենից շատ էր հետաքրքրում: Հայ ընտանիքի կինը դժգոհել էր, թե դիտավորյալ եք նման բաներ կազմակերպում, որ էլ այստեղ էլ չգանք:

– Իսկ ընդհանրապես շատ բան է փոխվել, չէ՞:

– Այո՛, անշուշտ: Հինն ու նորը խառնվել են իրար ու հետաքրքիր բան է ստացվել: Թբիլիսին, օրինակ, մնացել է իր հետաքրքիր ձևաչափով: Քաղաքում պահպանվել է հինը, որը հիշեցնում է հին ժամանակները, և կողքին կա նաև նորը, որը չի խանգարում հնին: Վրաստանի իշխանություններն ավելի մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին ու չվերացրեցին Վրաստանի սիրտը. ասեմ, որ շատ զբոսաշրջիկների հետաքրքրում է Թբիլիսիի հին տեսքը, այն, ինչ իրենք կարդում են, տեսնում հին նկարներում: Թե չէ նորը, շքեղը միշտ էլ կա: Հարուստ եվրոպացիներ կան, որոնք նախընտրում են ավելի շատ հանգստանալ համեստ տնակներում, քան շքեղ հյուրանոցներում:

Մի փողոց այն կողմ «Ջորջիա փալասն» է, որը շատ շքեղ հյուրանոց է, ու ասեմ` ամեն մեկի բանը չէ: Շատ հարուստ մարդը միայն կարող է իրեն թույլ տալ հանգստանալ «Ջորջիա փալասում»:

– Էդվարդ, մեկ–երկու հարց քաղաքականությունից: Ասում են` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեդիա բիզնես ունի:

– Հա, լսել եմ նման բան: Բայց կարծեմ իր ընտանիքին է պատկանում: Դա այստեղ հեռարձակվող «9-րդ ալիքն» է: Մի քանի օր առաջ լուրերով տեսա, թե ինչպես էր երկրի նախագահը խոսում մեդիայի մասին: Նա ասաց, որ լավ է շատ հեռուստաալիքներ ունենալը, դա հնարավորություն կտա իմանալ ճշմարտությունը: Ասում են նաև, որ Իվանիշվիլիի ընտանիքն իր մեդիա գործունեությունը պետք է դադարեցնի:

 – Առաջիկայում նախագահի ընտրություններն են, ո՞ւմ է վստահում վրացի ժողովուրդը:

– Նա, ով իրոք մտածում է ժողովրդի մասին: Գիտեք, տրամադրությունները շատ տարբեր են: Դեռ բավական ժամանակ կա մինչև ընտրությունները, իսկ մինչև այդ մենք մտածում ենք գումար վաստակելու մասին: Այս օրերին մեր քաղաքը լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով:

 

Կրթական համակարգի սեպտեմբերյան անակնկալները

Արմեն-ԱշոտյանՀայաստանում վիճակագրական տվյալներ չկան բուհ ընդունված, սակայն վարձավճարը չվճարելու պատճառով բարձրագույն կրթական համակարգից դուրս մնացած ուսանողների մասին: Այնուամենայնիվ, առանց  դրա էլ տեսանելի է, որ ցուցանիշներն այնքան էլ մխիթարական չեն: Իհարկե, արտասահմանյան երկրներում էլ այսպիսի խնդիրներ կան, սակայն այնտեղ այս  խնդիրը կարգավորվում է պետության կողմից, և բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ, այսպես թե այնպես, գործընթացից դուրս չի մնում:

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ

Ամռան տապին, երբ բոլորը վայելում էին իրենց երկար սպասված հանգիստը, հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորներ հայտարարություն տարածեցին այն մասին, որ գալիք ուսումնական տարվա մեկնարկի հետ վարձավճարները թանկանալու են: Թերևս ո՛չ ռեկտորները, ո՛չ էլ առավել ևս կրթության և գիտության նախարար Աշոտյանը չէին կարող ենթադրել հանրային արձագանքն ու վերաբերմունքը:

Protesters rally in front of the RA Government buildingԱմենուր և ամեն տեղ ուսանողները հանդես էին գալիս ուսանողական ակցիաներով՝ պահանջելով ոլորտի պատասխանատուներից հետ կանգնել այդ մտքից և չբարձրացնել ուսման վարձավճարները: Ռեկտորները, իհարկե, պատճառաբանելու շատ բան ունեին, բայց դա այնքան էլ երիտասարդների սրտով չէր: Շարժման ակտիվ մասնակիցներ էին նրանք, ովքեր բուհ են եկել ոչ թե դիպլոմ ստանալու և, մեղմ ասած, այդ դիպլոմն «օժիտ» տանելու, այլ գիտելիք ստանալու համար:

Առաջին ամենամեծ հարվածը ստացան մայր բուհի ուսանողները, որոնք արդեն իսկ բավական թանկ էին վճարում իրենց կրթության համար: Քաղաքացիական նախաձեռնությունը տեղին էր, առավել ևս, որ դրան որևէ մեկը չտվեց քաղաքական բովանդակություն:

Հետաքրքիր է, որ տարբեր բուհերի ռեկտորներ սկսեցին PR ակցիաներ անել, հարցազրույցներ տալ, «երևալ» ուսանողական շրջաններում և ամեն կերպ համոզել, որ բարձրացված գումարը ծառայելու է հենց նրանց օգտին:

Այս օրերին մայրաքաղաքում դեռ շարունակվում են համանման ակցիաները, ուստի այս պահի դրությամբ երևույթին գնահատական տալ չենք շտապում:

 ՏԻԿԻՆ ԳՐԵՏԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Տիկին Գրետան երեք զավակի մայր է, ասում է՝ երեքն էլ տղա են, Աստված թող պահապան լինի: Մի տղան այժմ բանակում է, երկուսն էլ՝ ուսանող:

– Ամուսինս շուտ է մահացել, մենակ պահել-մեծացրել եմ երեխաներիս: Դժվար է մենակ կնոջ համար երեք երեխա մեծացնելը: Բարեկամներ էլ չունեմ, որ ասեմ` օգնում են: Ես եմ իմ գլխի ճարը տեսնում,- շարունակում է տիկին Գրետան:- Երկու երեխաներս էլ ուսանող են: Արմանս գյուղինստիտուտ (Հայաստանի Ագրարային համալսարան) է ընդունվել, վճարովի, Տիգրանս էլ պետհամալսարանի կենսաբանության  ֆակուլտետում է սովորում: Ճիշտ է՝ երկուսն էլ ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում են, որ կարողանանք և՛ ապրել, և՛ ուսման վճարները տալ: Պատկերացրեք՝ էդ գումարը մի կերպ ենք տալիս, հիմա էլ որոշել են էս թանկուկրակ ամեն ինչի մեջ մի հատ էլ ուսանողների փողն ավելացնել: Չգիտեմ՝ ինչ եմ անելու: Բա կարելի՞ է, էս պետությունը չի ցանկանում հաշվի առնել, որ միջին ու ցածր խավ էլ կա, մի կերպ յոլա ենք գնում, ուղղակի գոյատևում ենք, բա սա անելո՞ւ բան է:

Տիկին Գրետայի նյարդերը տեղի են տվել, իսկ տղաները, ասում է, ավելի հանգիստ են տանում. «Մամ ջան, կաշխատենք, կտանք»:

– Բայց մեր ժամանակ էսպիսի բան չկար: Մենք նորմալ կրթություն ենք ստացել սովետի ժամանակ: Հիմա երեխաներս աշխատում են, վարձ են տալիս, բայց մի կողմից էլ կասկածում եմ՝ նորմալ մասնագետ կդառնա՞ն: Մենք միսենյականոց փոքր, խարխուլ տան մեջ ենք ապրում, որևէ հարմարություն չունենք, ախր հազիվ ծերը ծերին հասցնելով յոլա ենք գնում, էն տղես էլ` Սաքոս բանակում է, էս հարուստների լակոտների տեղն ա ծառայում, էրեխեն պրոբլեմներ ուներ, բայց մեկ ա` տարան:

Ո՞րն է ելքը: Տիկին Գրետան ասում է.

– Իմ վերջին հույսը ջահելներն են, որ էսօր կառավարության շենքի դիմաց իրենց ոտնահարված, խախտված իրավունքներն են ուզում պաշտպանել: Ուրիշ հույս ես չունեմ: Եթե մի բան կարողացան անել, հենց էս սովորող էրեխեքը կարող են անել, թե չէ հարուստների հեչ պետքն ա, պապաները կտան էլի: Հիշում եմ՝ Արմանս առաջին կուրսում էր, գիշերը ցերեկ էր արել, առավոտը գնում էր դասի, գալիս, երկու տեղ էլ աշխատում էր, հետն էլ պարապում էր, մեղքս գալիս էր, ասում էի՝ մի նորմալ երիտասարդություն էլ էրեխեքս չեն տեսնում, հետո կամաց-կամաց գործերը մի քիչ լավացան, բայց, օրինակ, մեր ընտանիքը էդքան փող չի կարողանա տալ: 

ԼՈՒՍԻՆԵՆ ԴՐՍՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ

Ակցիայի ակտիվիստ աղջիկներից Լուսինեն (սովորում է մայր բուհում), ասում է, որ այլևս իր ապագան տեսնում է Եվրոպայում: Իր պատմելով, խախտելով բոլոր օրենքները, իրեն անվճար համակարգից զրկել են, որ իրենց կուրսի տղաներից մեկին բանակից ազատեն:

– Մի հարուստի պատճառով ես այսօր նորմալ կրթություն էլ չեմ կարողանում ստանալ, սովորելուն զուգահեռ աշխատում եմ, որ ծնողներիս օգնեմ` վարձը տանք: Դե, գիտեք, դասախոսներն էլ մի տեսակ են լինում, երբ իմանում են, որ սովորելուն զուգահեռ աշխատում ենք,- ասում է Լուսինեն:- Առաջին օրը, երբ իմացանք, որ մեր հարգարժան ռեկտորը որոշել է վարձավճարները բարձրացնել, նամակով դիմեցինք իրեն: Սփոփելու համար պրոռեկտորն ասաց, թե բոլորի վրա հո չի տարածվելու սա: Բայց եթե ոչ իմ կամ իմպեսների, ապա էլ ո՞ւմ վրա պետք է տարածվի:

Լուսինեն կտրական էր տրամադրված: Անգամ ցանկանում էր դատի տալ կրթության և գիտության նախարարին և բուհի ռեկտորին: Ասում է՝ ծնողներն են հետ պահել:

– Էսօր քի՞չ են ուտում, որ ավելին են ուզում, ի՞նչն ա պակաս: Իրոք: Մի կերպ ենք վճարում էս փողը: Աղջիկ եմ, բայց տարին մի անգամ եմ շոր առնում, շորի ու կոշիկի փող չունեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ պայուսակում անգամ աղջկա համար նախատեսված պարագաներ չկան, ռոբոտացել ենք, աշխատում ենք, որ ապագա ունենանք, բայց ես արդեն հույսս կորցրել եմ ու այստեղ էլ ապագա չեմ տեսնում:

Լուսինեն, իր ասելով, հրաշալի տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին ու ցանկանում է մշտական բնակության անցնել Եվրոպայում, այնտեղ ապրել ու սովորել:

– Անկեղծ ասած, ես արդեն Հայաստանում ապագա չեմ տեսնում: Եվրոպայում էլ հեշտ չէ, բայց գոնե սովորողին տեղ են տալիս, մարդու տեղ են դնում: Չեմ կարծում` դեկանները մերոնց նման մուննաթ-զուննաթ գան, ինչ է մեզնից հավելյալ կաշառք չեն ստանում: Իմ միակ հույսը, վերջին հույսը հանրապետության նախագահն է, գոնե նա պետք է ստիպի, որ նման քայլի չգնան ռեկտորները:

«Անկախի» այն հարցին, թե որքանով է հնարավոր  Եվրոպայում ուսանելը, ասում է.

– Ընկերս անցած տարի գնաց Ֆրանսիա՝ Մարսելի համալսարաններից մեկը, ու շատ գոհ է: Ասում է՝ այստեղ ես զգում, թե ինչպիսին պետք է լինի ուսանողը: Հայկական բուհը նա համեմատեց հայկական դիսկոտեկների հետ, ասում է. «Հայաստանում սովորելը, այստեղի հետ համեմատած, ուղղակի խաղուպար է»: Ես ուզում եմ ինչ-որ բանի հասնել ու դա կանեմ Եվրոպայում: Հիմա ինձ անգամ պետք էլ չեն «Լույս» հիմնադրամի փողերը: Նման բան կա, չէ՞, ուսանողներին փող են տալիս դրսում սովորելու համար: Ամենակարևորը՝ ծնողներս արդեն համաձայն են որոշմանս:

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զարմանում է, թե ինչու են ուսանողները հենց այս օրերին բողոքի ակցիաներ անում և ոչ թե, ասենք, ապրիլ ամսին, երբ կայացվել է որոշումը: Դրան ուսանողներից մեկը պատասխանեց, որ նախաքննական շրջան է եղել, և դրա ժամանակն իրենք չեն ունեցել:

 Վերջապես օրերս նախարարության շենքում տեղի ունեցավ մի խումբ ուսանողների և նախարար Աշոտյանի սպասված հանդիպումը: Ուսանողները դժգոհում էին ուսման վարձերի բարձրացումից և հորդորում նրան միջամտել և  վեց համալսարանների ռեկտորների կայացրած որոշումն ապօրինի համարել:

 Աշոտյանը հորդորեց ուսանողներին իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնել նաև գրավոր տարբերակով, ինչին նա ևս գրավոր պատասխան կտա:

Այնուհետև ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ ուսման վարձավճարների հետ մեկտեղ մի շարք բուհերում ավելանալու է զեղչերի և պետպատվերի քանակը:

 

 

Բրոքքոլիով կրեմ-ապուր

բրոկոլիԵթե դուք սիրում եք բրոքքոլի, ապա, անշուշտ, սա ձեզ համար է:

Բաղադրությունը 4 բաժնի համար

1 միջին գլուխ սոխ

1/8 թ/գդալ մշկընկույզ (ըստ ցանկության)

1 լ հավի արգանակ

500 գ բրոքքոլի (թարմ կամ նույնիսկ սառեցված)

աղ ու սև պղպեղ

ձեթ` տապակելու համար:

Պատրաստման եղանակը 

Բրոքքոլին բաժանել ցողունների ու գլուխ սոխն էլ օղակներով կտրատել:

Ձեթով տապակել սոխն այնքան, մինչև փափկի: Ավելացնել մշկընկույզը ու խառնելով տապակել մոտ 30 վրկ, մինչև մշկընկույզի բույրը տարածվի: Ավելացնել բրոքքոլին, արգանակն ու 300 մլ ջուր: Աղով ու պղպեղով համեմել:

Մինչև արգանակի եռալը եփել ուժեղ կրակի վրա, ապա կրակը թուլացնել ու եփը շարունակել այնքան, մինչև բրոքքոլին փափկի (5-10 րոպե):

Կաթսան վերցնել կրակից ու պարունակությունը հարել, որ վերածվի խյուսի:

Ապուրը լցնել ափսեների մեջ, վրան ձեթ ցողել ու մատուցել: Կարելի է զարդարել կանաչու ցողունով:

Չինական AR1A համակարգերը լավ այլընտրանք են «Սմերչի» համար

ԱՌԻԱԱնցնող շաբաթ հայկական ու միջազգային լրատվադաշտը միանգամից հեղեղվեց «Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությամբ, թե Հայաստանը Չինաստանից նոր`  AR1A համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ է (ՀԿՌՀ)  ձեռք բերել: Այս լուրը, իհարկե, չհաստատվեց պաշտոնապես, բայց նաև չհերքվեց: Սակայն էականն այս դեպքում այլ հարց է: Անկախ այն հանգամանքից` Հայաստանն այս զինատեսակները ձեռք է բերել, թե ոչ, ձեռքբերման մասով բանակցություններ է վարում, թե սա ապատեղեկատվություն է, միևնույն է, այն շատ կարևոր քաղաքական ուղերձ է:

 Չինական համակարգ`«Սմերչի» փոխարեն ի գիտություն Ռուսաստանի

Ինչպես հիշում ենք, համազարկային կրակի ռուսական «Սմերչ» ռեակտիվ կայաններ ձեռք բերեց մեր ռազմավարական գործընկերոջից մեր հակառակորդը` Ադրբեջանը: Սա բազմապիսի հետևությունների տեղիք տվեց, ինչպես նաև ստվեր ձգեց հայ-ռուսական հարաբերությունների ավանդական պատկերացման վրա: Ռուսական կողմն իր «Սմերչի» և այլ զինտեխնիկայի վաճառքը բացատրում էր բիզնես շահերով, ինչպես նաև Ադրբեջանին իրենից կախման մեջ գցելու մղումով: Ռուս-ադրբեջանական այս գործարքը սթրեսային ընկալում առաջացրեց հայ հասարակության մեջ: Ու հենց այդ գործարքներից անմիջապես հետո հատկանշական էր հայ-չինական ռազմատեխնիկական հարաբերությունների մասին լուրը:

«Մեր երկրի համար խիստ կարևոր է նախ,  որ մեր անվտանգության համակարգը ըստ էության կախված չլինի մեկ երկրից: Որովհետև մենք ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հետո ասում ենք ՀԱՊԿ, որը, ըստ էության, նորից հայ-ռուսական հարաբերություններն են: Կենցաղում, կյանքում մենք հաճախ տեսնում ենք, որ օրինակ` վերելակը, որը 4 մարդ է տանում, բացի հիմնական ճոպանից, լրացուցիչ ճոպան ունի, դրանից բացի, անվտանգության այլ տարրեր էլ ունի, քանի որ մարդկային կյանքերի հետ է կապված: Երկիրն ավելի մեծ մոդել է, և այդտեղ միլիոնավոր մարդկային կյանքերի հետ գործ ունենք: Ու այստեղ հարց է` արդյոք ճի՞շտ է, երբ մի երկրից, այսինքն` մեկ ճոպանից ես կախում ունենում ու փորձում քո անվտանգությունն ապահովել: Կարծում եմ, որ սխալ է: Հետևաբար, մեր անվտանգության հիմնական համակարգը  համարելով Ռուսաստանը կամ մերձռուսական բլոկը, մենք պետք է հնարավորինս այլ համակարգերի կամ երկրների հետ էլ զարգացնենք ռազմական կամ երկկողմ հարաբերություններ»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Առհասարակ ցանկացած պետության համար, հատկապես` փոքր, խիստ կարևոր է մշտապես ունենալ այլընտրանքներ: Որովհետև այլընտրանքի առկայությունը հնարավորություն է տալիս  խուսափելու միակողմանի կախվածությունից: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, լինի սննդի, էներգետիկ անվտանգություն, թե ռազմական անվտանգություն: Ռուսաստանը ցույց տվեց, որ երբ իր շահը թելադրում է, հանգիստ կարող է Հայաստանի անվտանգությունը իր շահին ստորադասել: Քաղաքականության մեջ դա շատ բնական է, բայց լինելով բնական, միևնույն է, մեզ համար վտանգավոր է: Այսինքն` մենք պետք է դիտարկենք  այլընտրանքների հնարավորությանը: Այսօր  մեր արտաքին քաղաքականության վեկտորի շեղվածությունը դեպի ռուսական կողմ համեմատաբար շատ է: Ու այս համատեքստում Չինաստանից ՀԿՌՀ-ների ձեռքբերման մասին խոսակցությունները, ամեն դեպքում,  ճիշտ ուղերձ էին:

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ միայն ինքը չէ զենք մատակարարողը: Այսինքն` գոնե այս կարգի զենք չինացիներն էլ ունեն, որը, ըստ մասնագետների, իր որակով չի զիջում ռուսականին: Իսկ եթե հեռահարությամբ ենք նայում, ապա մի բան էլ գերազանցում է ռուսականին: Հետևաբար, սա ճիշտ է»,- նշեց Արա Պապյանը:

Մի օրինակ պատմեմ. ես մի ընկեր ունեի, որը Կանադայում բիզնես ուներ, և երկու մատակարարից ինչ-որ ապրանք էր առնում` նյութեր: Նա 80 տոկոսը մեկից էր գնում, 20 տոկոսը` մեկ ուրիշից: Ումից որ 20 տոկոս մասն էր առնում, շատ ավելի թանկ էր վճարում` գրեթե 1,5 անգամ թանկ: Երբ հարցրեցի, թե ինչու չես մեկից առնում, նա պարզաբանեց, թե երբ 100 տոկոսն էլ մեկից սկսի գնել, կես տարի հետո նա գինը կբարձրացնի ու մյուսի գնից կանցնի: Բայց քանի որ այդ մատակարարը գիտի, որ ես ունեմ այլընտրանք և սահմանը պարզ է, ինքը միշտ դրանից ցածր է պահելու: Դա շատ պարզ բիզնես օրենք է, որ շատերն են կիրառում: Հիմա նույնը պետք է  կիրառել նաև պետական մակարդակով:

Այսինքն` եթե մեր հիմնական զենքն ու ռազմական տեխնիկան պետք է Ռուսաստանը մատակարարի, ապա մենք գոնե պետք է  պարբերաբար գնումներ կատարենք տարբեր երկրներից, որպեսզի այդ խողովակը բաց թողնենք, բոլորը հասկանան, որ մենք այլընտրանքային ճանապարհներ էլ ունենք, ու լուրջ վերաբերվեն Հայաստանի հետ հարաբերություններին:

Տակտիկա–տեխնիկական տվյալներով էլ չինական համակարգերը չեն զիջում ռուսականին

Ինչ վերաբերում է մեր հակառակորդի ունեցած ՀԿՌՀ-ներին. մեզ համար կարևոր է ոչ թե նույնությամբ գնել այն զինտեխնիկան, ինչ գնում է Ադրբեջանը, այլ այնպիսի զինտեխնիկա ու մարտական միջոցներ, որոնք թույլ կտան չեզոքացնել հակառակորդի տեխնիկան ու զինուժը: Այսինքն` եթե Ադրբեջանը ձեռք է բերել «Սմերչ», նշանակում է, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի տարբերակներ, որոնք ոչ միայն ավելի էժան են, այլև ավելի հեռահար, ավելի օպերատիվ, ավելի քիչ ծախսեր են առաջացնում և ավելի հարմար են մեր բնակլիմայական պայմաններում օգտագործելու համար: Զուտ ռազմական տեսանկյունից դիտարկելիս նույնպես առավելությունն անցնում է չինական ՀԿՌՀ-ների կողմը: «Սմերչերը», որոնց նախագծումն ու մշակումը սկսվել է ԽՍՀՄ-ում, ու շահագործման են հանձնվել 1980-ական թթ., ըստ ռուսական գովազդային հոլովակների, համարվում էին ատոմային ռումբից հետո երկրորդ հզոր զենքը, աշխարհում հավասարը չունեցող և այլն: Հենց սա էլ հայ հասարակության մեջ խուճապ էր առաջացրել: Իրականում այդպես չէ: Իրականում համազարկային կրակի ռեակտիվ կայաններից ամենահզորը համարվում են բրազիլական ASTROS III համակարգերը, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 200-250 կիլոմետրի: Դրանով նրանք համարվում են օպերատիվ-մարտավարական: Սակայն թանկ են ու մարտական գործողությունների ժամանակ փորձված չեն: Մոտ երեք տասնյակ նման համակարգեր կան աշխարհում`տարբեր երկրների կողմից մշակված: Այդ բոլորի մեջ համեմատաբար ամենանորն ու արդիականացվածը համարվում են չինական  AR1A համակարգերը: Սրանց մշակումը սկսվել է 2009 թ., համակարգերը հավաքվել են ռուսական «Սմերչ» համակարգերի բազայի վրա` ավելի արդիականացված պարամետրերով: Այս համակարգերը նաև անհամեմատ ավելի էժան են, քան «ուռճացված» «Սմերչերը»:

Եվ քանի որ մեր հակառակորդը ձեռք է բերել ռուսական «Սմերչ» համակարգեր, ապա համեմատենք դրանք չինական համակարգերի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, աշխարհի ավելի քան 3 տասնյակ նմանատիպ համակարգերից չինականները և՛ ավելի նոր ու արդիական են, և՛ ավելի մատչելի:

Զուտ տակտիկատեխնիկական տվյալներով ևս չինական AR1A համակարգերը չեն զիջում ռուսական «Սմերչներին»: Չինական համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է, իսկ «Սմերչինը»` 43.7 տոննա: Այսինքն` չինականն ավելի թեթև է: Երկու համակարգերն էլ 8*8 անվավոր թափքի բազայի վրա են հավաքված` շարժիչների համարյա հավասար հզորությամբ: Երկու համակարգերի մարտական մեքենաներն էլ զարգացնում են 60 կմ/ժ արագություն: «Սմերչների» վառելիքի պաշարը մի քիչ ավելի երկար` 850 կիլոմետր ճանապարհի է բավականացնում, իսկ չինականների վառելիքի պաշարը` ընդամենը 65 կիլոմետրի: Սակայն դա Հայաստանի պես փոքր երկրի համար լուրջ առավելություն կամ թերություն չէ: Ինչ վերաբերում է մարտական մասին, երկու համակարգերի տրամաչափն էլ 300 միլիմետր է:  «Սմերչն» ունի հրթիռների 12 ուղղորդիչ փող, իսկ AR1A համակարգերը` 10: «Սմերչների» հեռահարությունը հասնում է 70, իսկ որոշ տեսակի հրթիռներով` առավելագույնը 90 կիլոմետրի, իսկ AR1A համակարգերի հեռահարությունը 120-130 կիլոմետրի է հասնում: Այսինքն` էականորեն ավելի հեռահար է, քան «Սմերչը», ինչը նրա հիմնական առավելություններից մեկն է:

Երկրորդ առավելությունը, որ ունեն չինական համակարգերը, վերալիցքավորման ժամանակն է: Չինական հրթիռները վերալիցքավորվում են կոնտեյների տարբերակով. միանգամից բոլոր ուղղորդիչ փողերը, որոնք գտնվում են մեկ կոնտեյներում, հանվում են, ու տեղը դրվում է նոր` լիցքավորված կոնտեյներ: Ամբողջ պրոցեսը տևում է 10-15 րոպե: Իսկ «Սմերչները» լիցքավորվում են յուրաքանչյուր ուղղորդիչը առանձին-առանձին տարբերակով: ժամանակի մասին արտադրողները չեն էլ նշում… Սա մեծացնում է «Սմերչի» վերալիցքավորման ժամանակը, ինչը մարտի ժամանակ լուրջ թերություն է: Մարտական լիցքի ամբողջական պարպումը երկու համակարգերի մոտ էլ նույնն է, երկուսն էլ աշխատում են ծովի մակերևույթից միևնույն` մինչև 3000 մետր բարձրության վրա. «Սմերչները»` -55 -+55 Co, իսկ AR1A համակարգերը`-22-+55 Co ջերմաստիճանային պայմաններում: Այս ամենով հանդերձ, չինական համակարգերն ավելի նախընտրելի են, քանի որ կարող են հարվածել հակառակորդի սահմանից ավելի հեռու, քան նրանց միջոցները: Այսինքն` եթե Հայաստանը ունենա նման համակարգեր, կարող է ավելի շուտ խոցել դեպի հայկական կողմի վրա կրակել պատրաստվող «Սմերչներին», քան նրանք կհասցնեն զբաղեցնել մեր դիրքերին հարվածելու համար անհրաժեշտ նվազագուն հեռավորությամբ կրակակետը:

Թերահավատության միակ առիթը համակարգերի չինական լինելն է: Ինչպես չինական ամեն ինչին, մեր երկրում չեն վստահում չինական արտադրության ռազմատեխնիկայի որակին ևս:

«Եթե խոսքը վերաբերում է զինտեխնիկային, ապա չի կարելի թերահավատորեն վերաբերվել և ոչ մի երկրի ստեղծած տեխնիկային,լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իսրայելը, թե նույնիսկ Հայաստանը: Ու համեմատել Չինաստանի մի ինչ-որ նկուղում, չգիտես թե ինչով պատրաստված հեռախոսները զինտեխնիկայի,առավել ևս նման զինտեխնիկայի հետ, ուղղակի ճիշտ չէ: Եվ մենք ունենք նաև չինական արտադրության ավելի հին մոդելի ՀԿՌՀ-ներ, որոնք իրենց որակով չեն զիջում նույն ռուսական զինտեխնիկային»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Այնպես որ լավ կլինի, որ Հայաստանը կարողանա ձեռք բերել չինական նորագույն AR1A համակարգերից, եթե նույնիսկ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէր, ու դեռ չունենք այդպիսի համակարգեր:

 

Կառավարությունը հնարավորություն կստանա զսպել ուսման վարձի աճը

10639_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը, այն է` առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը` առավել հասցեական և արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը: Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաև կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը, այն է` կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ։ Այսօր այդպիսի հնարավորություն մենք չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձևով և չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգել և հստակ ազդակներ հաղորդել նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաև հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ։ Դրա համար կարծում եմ, որ սա արդիական որոշում է»:
Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները:

Կենսաթոշակի վճարումը կարգավորվել է

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա իրողություններին` ապահովելով այն կենսաթոշակառուների իրավունքների իրականացումը, ովքեր կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են դիմել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություն չկա): Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է մամուլի միջոցով կենսաթոշակառուներին տեղեկացնել, թե ինչ աշխատանք է կատարվել վերջին ամիսներին, որպեսզի թոշակի ուշացում այլևս չլինի:
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգը, որով նախատեսվում է այդ տեղեկությունները փոխանակել առցանց, ինչն էապես կհեշտացնի դրանց ստացումը և ավտոմատ մշակումը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության կայքում ևս ստեղծվել է հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն և հարկ վճարողներին կոչ արել օգտվել այդ բացառիկ հնարավորությունից:
ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի իրականացման համար հատկացրել է մոտ 49 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2013 թ. ծրագիրը հաստատելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ: ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործումն ու ծրագրային ցուցանիշների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրամաշնորհների հատկացման պայմանագրեր կնքել կառավարության հիմնադրած տնտեսվարող սուբյեկտների հետ: Որոշմամբ ձեռնարկվել են ծրագրային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները հստակեցնելու քայլեր:
Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք փաստաթղթերի, պայմանագրերի, նամակների, որոնց նախագծերը քննարկվել են ՀՀ միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ: Դրանք ՀՀ կողմից ստորագրելու նպատակով համապատասխան լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Իր նիստում կառավարությունը փոփոխել և լրացրել է ՀՀ օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության` նախկին որոշումներից մեկով հաստատած կարգը, որով հստակեցվում է տեսահսկման սարքավորումների կիրառման ընթացքը և հնարավորություն ընձեռվում ավելի հուսալի դարձնել օդանավերի և օբյեկտների պահպանությունը:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը սահմանել է, որ այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված ծառայողների թվաքանակը ՀՀ ՊՆ յուրաքանչյուր զորամասում չի կարող գերազանցել տվյալ զորամասի զինծառայողների ընդհանուր թվաքանակի երեք տոկոսը:

Կվերացվեն օրենքով ամրագրված ձևակերպումների տարընթերցումները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը, օրենքից հանել «գենդեր», «գենդերային» և համանման այլ հասկացությունները: Սույն օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն, ըստ կառավարության եզրակացության, խնդրին առավել համապարփակ լուծում կտա արդեն իսկ հավանության արժանացած օրինագիծը, ուստի գործադիրը դեմ է արտահայտվել պատգամավորի առաջարկին:
Կառավարությունը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, նպատակ, որին կառավարությունը մտադիր է հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:
Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերը:
Վերը նշված օրինագծերը և կառավարության որոշումները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՊԿ ակադեմիային շենք է տրամադրվում

ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը, որի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չէ, լուծարվել է. շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմադրամին:
Մեկ այլ որոշմամբ 10 տարով երկարաձգվել է Ուկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղին հատկացված տարածքի օգտագործման պայմանագրի ժամկետը: Նախկինում անբարվոք վիճակում գտնվող տարածքն ուկրաինական կողմի հատկացրած միջոցներով բարեկարգվել է, նորոգվել են շենքի տանիքը, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը, մասնաճյուղը կահավորվել է ժամանակակից գույքով: 2004-2012 թթ. կրթօջախը տվել է 910 շրջանավարտ, որից 83-ը` անվճար հիմունքով:
Կառավարությունը որոշել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից հետ վերցնել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և 50 տարի ժամկետով ամիսը 270 հազար դրամով վարձակալության տրամադրել «Ֆորեստ պարկ» ՍՊԸ-ին, որը նշված շենք-շինություններն օգտագործելու է զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հողատարածքի վարձակալ «Մետէքսիմ» ՍՊԸ-ին` ակնկալելով, որ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման շնորհիվ կավելանան պետբյուջեի մուտքերը:
Կառավարությունը որոշել է «Վարդենիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Վ. Համբարձումյան 5/1 հասցեում գտնվող տարածքը հետ վերցնել և օտարել մրցույթով` ավելացնելով ՏԻՄ բյուջեի մուտքերը և բարեկարգելով տարածքը:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի «Գանձաքար» կինոթատրոնի շենքն ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվի Գանձաքարի համայնքին, որը մտադիր է շենքը նորոգել և օգտագործել որպես մշակութային օջախ:
Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտին հասցնելու և ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար գործադիրը հատկացրել է մոտ 9 մլն դրամ: Մոտ 30 մլն դրամ է հատկացվել մայրաքաղաքի Ա. Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոցի համար գույք և սարքավորում ձեռք բերելու նպատակով:

Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը կշնորհվի նոր ընթացակարգով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Նախագահի` Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու հրամանագրում փոփոխություններ կատարելու նախագծին, որով կկարգավորվի մրցանակի թեկնածուի ընտրության գործընթացի պատշաճ կազմակերպումը, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի լիակատար մասնակցությունը դրա աշխատանքին: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ:
Իր նիստում կառավարությունը որոշել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ակնկալվում է, որ օդանավակայանի գործարկման շնորհիվ ավելի արդյունավետ կլուծվեն արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման հարցերը:
ՀՀ կառավարությունը նոր ենթակետով է լրացրել անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձաչափերը հաստատելու իր նախկին որոշումը: Լրացումը հնարավորություն կտա դյուրացնել անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը, նպաստել անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, ընդլայնել առանց փորձաքննության գրանցվող անասնաբուժական դեղամիջոցների ցանկը:

Իրականացվում է Երևանի կառուցապատման ծրագիրը

ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ: Սույն որոշման նպատակը նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ:
Հաջորդ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5.5 մլն դրամ:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 15-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: 2001 թ. հունիսի 11-ին կնքված նամակ-համաձայնագրի և կատարված 14 լրացումների համաձայն ՀՀ կառավարությանը հատկացվել է շուրջ 18 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական աջակցություն:
Կառավարության որոշմամբ Երևանի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:

Կանխատեսելի էին ԱՄՆ ռազմաքայլերը Սիրիայի ուղղությամբ

syria-usa-mideast-plan1Արդեն տևական ժամանակ է, ինչ Արևմուտքի` հատկապես ԱՄՆ–ի կողմից շրջանառվում են մտքեր, թե իբր Սիրիայում կառավարական զորքերը գրոհայինների ու նրանց աջակցող խաղաղ ազգաբնակչության դեմ քիմիական զենք են կիրառել: Դեռևս հունիսին ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել էր, թե փաստեր ունի ապստամբ ուժերի դեմ կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

 Բաշար Ալ Ասադի վարչակարգն էլ պնդում էր, թե ապստամբ ուժերն են քիմիական զենք կիրառել կառավարական զորքերի դեմ: Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ին առաջարկել էին հանձնաժողով գործուղել Սիրիա` հետաքննելու, թե ով ու երբ է քիմիական զենք կիրառել այնտեղ: Այդ առաջարկությունը ՄԱԿ-ն ընդունել էր դեռևս հուլիսին, բայց բանակցություններ էին ընթանում ստուգումների անցկացման մանրամասների կապակցությամբ: Երկու շաբաթ տևած բանակցություններից հետո սիրիական իշխանություններն օգոստոսի սկզբին համաձայնության էին եկել ՄԱԿ-ի հետ երկրում քիմիական զենքի առկայության ուսումնասիրման հարցում: Ըստ ձեռք բերված համաձայնության` ՄԱԿ-ի աշխատակիցները Սիրիայում կարող են մնալ 14 օր` դրանք երկարացնելու հնարավորությամբ, երկու կողմերի միջև նախապես համաձայնեցնելուց հետո:

Եթե քիմիական զենքի օգտագործումը հաստատվի, ապա ԱՄՆ իշխանությունները մտադիր են ռազմական միջամտություն կիրառել Սիրիայի նկատմամբ: Այդ նպատակով, ինչպես նշվեց համաշխարհային մամուլում, Միջերկրական ծովից Սիրիայի ափերին են մոտենում ամերիկյան ռազմանավերը, Պենտագոնն էլ Սպիտակ տանն էր ներկայացրել Սիրիայի դեմ ռազմական հարված իրականացնելու տարբեր սցենարներ… Ինչպես նշվում է, Սպիտակ տունը մտադիր է բավարարվել երկօրյա հրթիռակոծմամբ, որը դաստիարակչական բնույթ է կրելու:

Այս տարբերակը միաձայն ընդունվել է Սպիտակ տան բոլոր ներկայացուցիչների կողմից, քանի որ ԱՄՆ-ն չի ցանկանում տևական պատերազմական գործողություններ ծավալել Սիրիայում, սակայն չի էլ թողնի, որ «Սիրիայի կառավարությունը կամայական գործողություններ  կատարի խաղաղ բնակչության նկատմամբ»:

Նշենք, որ չնայած ՄԱԿ-ի փորձագետները դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեն արել, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին` պնդելով, թե «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»:

Թե ինչ անհերքելի «փաստեր» կան, դեռևս անհայտ է, սակայն մեկ այլ անհերքելի փաստ կա, որին չի կարելի ուշադրություն չդարձնել: Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չէր տալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտելուն: Դա էին վկայում սոցիոլոգիական հարցումները, որոնք համատեղ իրականացրել էին Reuters-ը և Ipsos-ը ապրիլի 26-ից մայիսի 1-ը:

Հարցվածների 61%-ը դեմ էր ԱՄՆ ինտերվենցիային: Հակառակն էր ցանկանում 10%-ը: Բայց այն դեպքում, երբ Դամասկոսը քիմիական զենք կիրառի, այդ թիվը, ըստ հարցումների, կհասնի 27%-ի: Ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն հայտնեց միջամտել Սիրիայի իրադարձություններին միայն այն դեպքում, երբ անհերքելի փաստեր լինեն այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին: Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները համարյա ամեն շաբաթ հայտարարում են, թե կառավարությունը քիմիական զենք է կիրառել, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս չի ապացուցվել: 

Մեկ դար` նույն սցենարով

ԱՄՆ հայտարարությունները քիմիական զենքի կիրառման մասին և պատրաստակամությունը` «պաշտպանելու Սիրիայի  խաղաղ ազգաբնակչությանը», ինքնըստինքյան ԱՄՆ-ի պատմությանը հետադարձ հայացք ձգելու կարիք են առաջացնում:

XX դարասկզբին ԱՄՆ-ն հասցրեց մի քանի ֆինանսական համակարգեր ստեղծել ու վերացնել, որոնց հիմքում բանկիրների կողմից խորամանկորեն առաջարկված նույն ԿԲ-հիմքի վրա գործող համակարգերն էին: Վերջապես 1913 թ. ընդունվեց «Ֆեդերալ ռեզերվ» ստեղծելու մասին բանկիրների համաձայնագիր, որը ներկայացվեց կոնգրես ու հաստատվեց: Պետք է հասկանալ, որ «Ֆեդերալ ռեզերվը» մասնավոր բանկ է, որն ունի դրամ հատելու մենաշնորհ և  պետությանը տոկոսով փող է տալիս: Այս համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել փողի հետ կապված ամեն ինչ, հետևաբար նաև ամբողջ պետությունը:

Բայց մարդկանց կառավարման մեկ այլ միջոց էլ համարվում է պատերազմը: Հատկանշական է, որ 1913 թ. «Ֆեդերալ ռեզերվի» ստեղծումից հետո մի շարք խոշոր ու փոքր պատերազմներ են սանձազերծվել: Դրանցից ամենանշանակալին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն են, Վիետնամական պատերազմը և այլն:

1914 թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ամերիկացիները չէին ուզում խառնվել այդ զինված հակամարտությանը, և ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարեց չեզոքության մասին: Սակայն կուլիսների հետևում ԱՄՆ վարչախումբը փնտրում էր նույնիսկ ամենաչնչին առիթը պատերազմի մեջ մտնելու համար: Այդ ժամանակվա ԱՄն պետքարտուղար Ուիլյամ Ջենինգսն այդ իրավիճակը նկարագրել է հետևյալ կերպ. «Խոշոր բանկիրները հետաքրքրված էին պատերազմով, քանի որ այն դիտարկում էին որպես լրացուցիչ շահույթ ստանալու միջոց»:

Կարևոր է հասկանալ, որ բանկիրների համար պատերազմը  միանգամից հարստանալու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ ստիպում է պետությանը «Ֆեդերալ ռեզերվից» ավելի շատ տոկոսով փող վերցնել պատերազմական ծախսերը հոգալու համար:

Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն ու ներկայացուցիչը գնդապետ Էդուարդ Հաուսն էր: Նրա և Անգլիայի այդ ժամանակվա արտգործնախարար սըր Էդվարդ Գրեյի խոսակցության սղագրություններում, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի` պատերազմի մեջ ներքաշվելուն,  պարզ նշված է հետևյալը: Գրեյը հարցնում է Հաուսին. «Ի՞նչ կանի ԱՄՆ ղեկավարությունը, եթե գերմանական զինուժը կործանի ԱՄՆ քաղաքացիներ տեղափոխող օվկիանոսային նավ»: Հաուսը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ զայրույթի մեծ ալիք կբարձրանա ԱՄՆ-ում, ինչը բավարար պատճառ կլինի, որ ԱՄՆ-ն մտնի պատերազմի մեջ»:

Ահա 1915 թ. մայիսի 7-ին «Լուզիտանիա» նավը Էդվարդ Գրեյի ցուցումով ուղղվեց դեպի գերմանական ռազմածովային ուժերի վերահսկողության ներքո գտնվող ջրեր: Ինչպես և ակնկալվում էր, գերմանական սուզանավը տորպեդահարեց նավը, ինչի  հետևանքով զոհվեց մոտ 1200 մարդ:  Մինչդեռ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանությունը «Նյու Յորք թայմս» թերթում հայտարարություն էր հրապարակել, որ «Լուզիտանիայով» ուղևորվող քաղաքացիները մեծ ռիսկի են դիմում, քանի որ ռազմական գործողությունների վայրով անցնող ցանկացած միջոց ենթակա է կործանման զինվորականների կողմից…

«Լուզիտանիայի» կործանումը ԱՄՆ-ում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, և շուտով ԱՄՆ-ն մտավ պատերազմի մեջ: Այդ պատերազմը ԱՄՆ-ից պահանջեց մոտ 323 հազար մարդկային կյանք: Ջոն Ռոկֆելլերն աշխատեց  200 մլն դոլար` չհաշված պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 30 միլիարդանոց ծախսերը, որոնցից մեծ մասը տոկոսով վերցված էին «Ֆեդերալ ռեզերվից»` էականորեն ավելացնելով բանկիրների եկամուտները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1941 թ. դեկտեմբերի 7-ին, Ճապոնիան հարձակում գործեց Պիրլ Հարբորում տեղակայված ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի վրա, ինչը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն մտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: 60 տարվա լռությունից հետո  տեղեկատվության արտահոսք եղավ, որ Պիրլ Հարբորի վրա հարձակման մասին ոչ միայն հայտնի էր դրանից մեկ շաբաթ առաջ, այլև հենց բուն միջադեպը պրովոկացիա է եղել:

Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որի ընտանիքը Նյու-Յորքում բանկեր ուներ, իսկ հորեղբայր Ֆրեդերիկ Ռուզվելտը «Ֆեդերալ ռեզերվի» խորհրդի անդամ էր, համակրում էր բանկիրներին, իսկ պատերազմը նրանց շահերից էր բխում, քանի որ բանկիրների համար ավելի եկամտաբեր միջոց, քան պատերազմն է, չկա: Դրանից առաջ Ռուզվելտն ամեն ինչ արել է սադրելու համար ճապոնացիներին առաջինը հարվածել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ով է իրական «ագրեսորը». կրճատել, իսկ հետո արգելել է ամերիկյան նավթի մատակարարումները Ճապոնիա, սառեցրել է ԱՄՆ տնտեսության մեջ եղած ճապոնական ակտիվները, ցուցադրաբար գումարներ է փոխառել Չինաստանից և դրանք ուղարկել Անգլիա և այլն: Մինչև Պիրլ Հարբորի միջադեպն ամերիկացիների 83%-ը չի ցանկացել պատերազմի մեջ մտնել, իսկ միջադեպից անմիջապես հետո 1 մլն մարդ կամավորագրվել է բանակին:

Վիետնամական պատերազմի սցենարն էլ կարծես կրկնվում է. 1964 թ. Հյուսիսային Վիետնամին ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելու պաշտոնական մեկնաբանությամբ նշվում է, թե իբր վիետնամական սուզանավերը Տանկինի ծովածոցում հարձակվել են ամերիկյան կործանիչ նավի վրա: Այս դեպքը հայտնի է որպես «Տանկինյան միջադեպ», որը առիթ դարձավ Վիետնամում պատերազմ սկսելու համար: ԱՄՆ աղբյուրների պնդմամբ` ամերիկյան կործանիչ նավի վրա հարձակում երբեք չի եղել, այլ սադրանք է եղել, որպեսզի պատերազմ սկսելու առիթ լինի: ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան շատ տարիներ հետո հրապարակավ հայտարարեց, թե «Տանկինյան միջադեպը» սխալմունք էր, չնայած ամերիկյան մամուլում այդ միջադեպի բազմաթիվ այլ մասնակիցներ պարբերաբար հայտարարել են, որ  դա կեղծիք է, չի եղել…

Արդեն իսկ ամերիկյան իրականության մեջ բարձրաձայն ու բավականին համարձակ տեսակետներ են հնչում, որ սեպտեմբերի 11-ը նույնպես ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից երկար տարիների ընթացքում մշակված ու իրականացված օպերացիա էր: Արդյունքում ԱՄՆ-ն միանգամից երկու` ոչնչով չհիմնավորվող պատերազմներ սկսեց Իրաքում և Աֆղանստանում: Չնայած մի դեպքում ԱՄՆ-ն ասում էր, թե Իրաքում զանգվածային ոչնչացման զենք կա, իսկ Աֆղանստանում իբր Ուսամա Բեն-Լադենն էր թաքնվում:

Բայց պետք է հիշել, որ Իրաքը նախևառաջ նավթ արդյունահանող երկիր է, և երկրորդ` հիանալի ռազմաբազա նավթով հարուստ տարածաշրջանում ներկայություն ապահովելու համար, երրորդ` հենարան` Իրաքի հարևան, խոշոր նավթարդյունահանող Իրանի և Սիրիայի վրա հարձակումներ գործելու համար: Աֆղանստանն էլ միջազգային նարկոթրաֆիքի կարևորագույն ու գլխավոր հանգույցներից է:

Պատմությունը կրկնվում է

Սրանից հետո Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, նախաձեռնեցին «Արաբական գարուն» կոչվող շարժումը, որով բոլոր այն երկրներին, որոնք էներգակիրների խոշոր արդյունահանողներ են կամ կարևորագույն դերակատարություն ունեն իրենց տարածաշրջանում, բայց չեն ուզում ենթարկվել հզոր Արևմուտքի թելադրած խաղի կանոններին, հերթով չեզոքացնում են:

Շատ ենք անդրադարձել Իրանի և սիրիական ճգնաժամերին: Նշենք միայն, որ Սիրիայում, որտեղ ներկա դրությամբ ծավալվում են աշխարհաքաղաքական շահերի դիմակայության հիմնական գործողությունները, տևական ժամանակ է, ինչ «Արաբական գարունը» քնած է, ու հակամարտության ելքը դեռ չի երևում: Բազմաթիվ փորձագետներ բազմիցս նշել են, որ այս հարաբերական բալանսի վիճակը կարող է փոփոխվել միայն արտաքին միջամտությամբ: Ուստի սպասելի էր, որ մի այդպիսի միջամտություն կլինի:

Թեև, ինչպես նշեցինք, ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետքեր փնտրող հանձնաժողովականները դեռ ոչ մի լուրջ ապացույց չեն գտել, այնուամենայնիվ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները վերացնում են քիմիական հարձակման վերաբերյալ ապացույցները: «Քիմիական զենք իսկապես օգտագործվել է Սիրիայում: Եվ այն օգտագործվել է Բաշար Ասադի զորքերի կողմից: Սիրիայում գործող վարչակարգը կարող է քիմիական հարձակումներ իրականացնել`  օգտագործելով հրթիռներ»,- հավելել է պետքարտուղարը` Reuters-ի տեղեկացմամբ:

Պարզ է, որ սոցիոլոգիական հարցումների տրամաբանությանը հետևելով` ԱՄՆ ղեկավարությունը սեփական ժողովրդին նախապատրաստում է մեկ այլ պատերազմի Սիրիայում: Առավել ևս, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մոտեցել են Սիրիայի միջերկրածովյան ափերին:

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ինչպես հայտնի է, Սիրիայի արևմտյան` Միջերկրական ծովին հարող ափերը այժմ գտնվում են ռուս զինվորականների վերահսկողության ներքո, այնտեղ են գտնվում ռուսական նյութատեխնիկական ապահովման բազաները,այլ ռազմաբազաներ ևն: Այսինքն` ռուս զինվորականները, թեև անմիջական մասնակցություն չունեն սիրիական հակամարտությունում, սակայն ֆիզիկապես ներկա են Սիրիայում: Ու եթե Սիրիայում հնարավոր պատերազմական գործողությունների ընթացքում նույնիսկ մեկ ռուս զինվորի կորուստ լինի, դիտավորյալ կամ միտումնավոր ռուսական ռազմաբազային ինչ-որ կերպ վնասվի. ապա այդ հանգամանքը Ռուսաստանի ռազմական միջամտության անմիջական պատճառ կդառնա:

 

 

Կոմիտաս 5-ի պայքարն ու գայլերի վերածված կարմիր գլխարկները

Komitas st.Մեծ զգուշավորություն, բարձր վարպետություն և նիհար կազմվածք է պահանջվում Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքի արգելապատնեշի արանքով հարակից շենքի բակ մուտք գործելու համար:

Առաջին հերթին սկսում ես մտածել այդ շենքի բնակիչների մասին, թե տարիներ տևող շինարարության ժամանակ որքան անհարմարություն է ստեղծվելու նրանց համար, չհաշված ֆորսմաժորային իրավիճակները: Մի խոսքով, առաջին հայացքից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բնակիչների խնդիրներն անպակաս են:

Արգելապատնեշի անցքից երևում էր փորված հսկայական փոսը, որտեղ մի էքսկավատոր էր կանգնած` առանց էքսկավատորավարի: Օգոստոսի 24-ի իրադարձություններից հետո շինարարությունը դադարեցվել է:

Այդ պահին կողքի բակով անցնում էր Կոմիտաս 5ա-ի բնակիչներից մեկը` Միշա Գալոյանը, որն այդ հասցեում է ապրում 1966 թվականից:

Ասաց, որ օգոստոսի 27-ին մի խումբ բնակիչների հետ ինքն էլ է մասնակցել Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Արաբկիրի թաղապետը: Նրա խոսքով` հանդիպման նպատակն իրենց համոզելն էր, բայց չստացվեց: «Մեզ ասում են` շինարարությունն օրենքի սահմաններում է: Այո, իրե՛նց օրենքի սահմաններում: Իսկ մենք արդեն ոչ ոքի չենք հավատում: Լուրեր են տարածում, թե բնակիչները համաձայնել են, կոմպրոմիսի են գնացել, բայց դա այդպես չէ: Արդեն երկու տարի է` մենք դատարաններում ենք, ամեն տեղ դիմել ենք` ոչ մի արդյունք:

Բնակիչները չեն պատրաստվում զիջել և շարունակելու են պայքարը ապօրինի շինարարության դեմ` թույլ չտալով փակել իրենց արևի լույսը, վտանգել իրենց շենքերի սեյսմակայունությունն ու հանդուրժել քաղաքաշինական նորմերին հակասող, ապօրինի շինարարությունը:

Զարմանալին այն է, որ մի կողմից` Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը փորձում են սիրաշահել ժողովրդին, բանակցել, հրավիրել քննարկումների, մյուս կողմից` ոստիկանության աշխատակիցները շարունակում են բերման ենթարկել ակտիվիստներին և նույն բնակիչներին:

231349731369469747Նախախորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Խզմալյանը, որը Կոմիտաս 5-ի իրադարձությունների ամենագործուն անձանցից է, «Անկախի» հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 27-ին` առավոտյան 8:30-ի սահմաններում, նախախորհրդարանի աջակիցներից 63-ամյա Սահակ Պողոսյանը գնացել է տեսնելու, թե ինչ իրավիճակ է տարածքում, և նրան անձամբ ձերբակալել է Արաբկիրի փոխոստիկանապետ, իր սադիստական և սեքսուալ խայտառակ պահվածքով հայտնի փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը: Իսկ երբ բնակիչներից մեկը` 83-ամյա Վանիկ Հովհաննիսյանը, մոտեցել է, որ պարզի` ինչու են նրան ձերբակալում, նրան նույնպես բերման են ենթարկել: Նույն օրը տներից ձերբակալել են նաև երեք երիտասարդ ակտիվիստների: «Սա ճնշում է, ահաբեկչություն, որը ոչ մի օգուտ չի բերելու, ընդհակառակը, մարդիկ ավելի են մոբիլիզացվելու, իսկ իշխանության և հասարակության միջև անջրպետն ավելի է խորանալու»:

Ընդհանուր առմամբ Կոմիտաս 5-ի իրադարձությունները Տիգրան Խզմալյանը համարում է ընդամենը մի մանրակերտ, որտեղից երևում է շատ ավելի խորքային գործընթաց.  «Մարդիկ փոխվել են, և դա այլևս անվերադարձ է»,- համոզված է նա:

Նրա դիտարկմամբ` քաղաքացիական հասարակությունը` ժողովուրդը, գիտակցել է մի քանի կարևոր բան. ոչ ոք չի ներկայացնում ժողովրդի շահերը, և անհրաժեշտ է ինքնակազմակերպվել ու ինքնապաշտպանվել:

Իսկ ինքնակազմակերպվելն ու ինքնապաշտպանվելը Հայաստանի համար ամենևին էլ նոր փորձություն չէ, ընդհակառակը` Հայաստանն այդ առումով լուրջ փորձ ունի: «1988 թվականին` Խորհրդային Միության վերջին տարիներին, հեղափոխական և ժողովրդավարական շարժումների ներկայացուցիչները Ռուսաստանից, Ուկրաինայից, Մերձբալթիկայից Երևան էին գալիս ուսումնասիրելու դիմադրության մեր փորձը և դասեր էին քաղում: Հայաստանը ոչ միայն ժողովրդավարության կղզյակ էր, այլև փարոս բավականին մեծ տարածաշրջանի համար: Բայց, ցավոք, այդ ընդվզումից հետո 25 տարի շարունակ Հայաստանում տեղի ունեցավ նահանջ, որը նախ և առաջ վերաբերում է ժողովրդավարությանը»:

Թվում էր, թե ժողովուրդը թևաթափ է եղել, սակայն վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին հակառակը: Ըստ Խզմալյանի` այսօր վերջնականապես տապալվել է ավանդական քաղաքական ներկայացուցչության համակարգը` կուսակցական կյանքը, և հասարակությունը կորցրել է հետաքրքրությունն ու վստահությունը քաղաքական կուսակցությունների հանդեպ: Իսկ քաղաքական կոլապսը լցվել է քաղաքացիական հասարակության շարժումներով:

Ասպարեզ են եկել քաղաքացիական շարժումներ ու խմբեր, որոնք օրեցօր շատանում են, և Խզմալյանի խոսքով` առաջիկայում բողոքի ակցիաներ են սկսվելու նաև «կարմիր գծերի» (վճարովի ավտոկայանատեղիների) դեմ: «Հակաօրինական ու հակասահմանադրական է, որ տուրքի 70 տոկոսը գնա մասնավորի գրպանը: Փաստորեն, ողջ հասարակությունը դառնում է 1-2 մարդու անթաքույց հպատակը»:

Եվ կրկին, անդրադառնալով Կոմիտաս 5-ին` քաղաքացիական ակտիվիստը ևս մեկ անգամ շեշտում է, որ դա ընդամենը մի փոսի պատմություն չէ: Ինչպես բնակիչներն են ասում, այդ փոսով իշխող համակարգը փորում է իր գերեզմանը. «Մի քանի օրում բնակիչների նեղ, բակային խնդիրը վերածվեց համաքաղաքային, իսկ այսօր արդեն` համազգային խնդրի, քանի որ այդ մասին գրում են նաև սփյուռքի հայկական օջախներում: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ իշխանությունը կորցրել է իր ամենակարևոր լծակը` տեղեկատվական մենաշնորհը, և համացանցի միջոցով մեզ հաջողվում է պարտության մատնել իշխանությանը տեղեկատվական ճակատում»:

Ինչ վերաբերում է հասարակություն-ոստիկանություն հակամարտությանը, ապա նա հիշեցնում է, որ 25 տարի առաջ հայ ժողովուրդը գործ է ունեցել Սովետի պես գերտերության բանակի և ոստիկանության հետ, որը շատ ավելի դաժան էր. «Այսօր մենք գործ ունենք մեր տղաների հետ, որոնց մեջ, իհարկե, կան սադիստներ ու տականքներ, բայց ճնշող մեծամասնությունը մեր ազգի զավակներն են, որոնք բոլորովին էլ երջանիկ չեն այն սարսափելի դերից, որը իրենց վերապահված է»:

komitas_5_2Իսկ Կոմիտաս 5-ում ամեն ինչ սկսվեց հենց նրանից, որ ակտիվիստները տեսան, թե ինչպես են շինարարության դեմ պայքարում 15-16 տատիկ ու մի քանի երիտասարդ կին` փորձելով դիմակայել շինարարների, ոստիկանների բռի և կոպիտ ուժին: «Ես ո՛չ փաստաբան եմ, ո՛չ շինարար, ո՛չ ճարտարապետ և չեմ պատրաստվում մտնել բարդ, մասնագիտական վեճի մեջ, դա իմ գործը չէ: Որպես քաղաքացիական ակտիվիստի` իմ գործն է պաշտպանել քաղաքացիների, մարդու իրավունքներն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բայց աբսուրդն այն է, որ ես նրանց պաշտպանում եմ Հայաստանի ոստիկանությունից, հատուկ ջոկատայիններից, կարմիր բերետավորներից: Այսինքն` կարմիր գլխարկը դարձել է գայլ և հարձակվում է տատիկների ու աղջիկների վրա: Իմ մանկության հեքիաթում գայլը գայլ էր, կարմիր գլխարկը` կարմիր գլխարկ: Հիմա կարմիր գլխարկով գայլեր են…:

Գայլերը կհոշոտե՞ն կարմիր գլխարկին ու նրա տատին, թե՞ որսորդները նրանց կփրկեն, ցույց կտա ապագան, սակայն ակնհայտ է, որ պատմությունն այդքանով չի ավարտվի, քանի որ Կոմիտաս 5-ի իրադարձությունները շղթայական ռեակցիայի էֆեկտով զանգվածային դառնալու միտում ունեն:

Շոկոլադով բանանի կոկտեյլ

կոկտեյլԲաղադրությունը

կես լ կաթ

1թ/գդալ վանիլին

1 բանան

50 գ  սև շոկոլադ

1/4 թ/գդալ աղացած դարչին:

Պատրաստման եղանակը

Կաթը տաքացնել, ավելացնել վանիլինը:

Բանանը տրորել այնքան, որ վերածվի խյուսի, ապա լցնել կաթի մեջ ու շարունակել եփը: Սև շոկոլադը մանրացնել ու լցնել կաթով թասի մեջ ու լավ խառնել: Երբ թասի զանգվածը դառնա համասեռ, վերցնել կրակից ու լցնել համապատասխան բաժակների մեջ: Մատուցելուց առաջ վրան դարչին լցնել:

 

Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն դատապարտյալները

դատապարտյալՊատիժ կրող դատապարտյալին և հատկապես նրա բարեկամներին ու հարազատներին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե նա ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի և որ դեպքերում կարող է օգտվել դրանցից: Այդ իսկ նպատակով, ուսումնասիրելով ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, մասնավորապես` 2-րդ գլուխը, մեզ համար պարզ է դառնում հետևյալը: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը: Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալն իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

Հիշյալ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` դատապարտյալն իրավունք ունի՝

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին,

2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի,

3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.

4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու,

5) սոցիալական ապահովության,

6) իրավաբանական օգնություն ստանալու,

7) անձնական անվտանգության ապահովման,

8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության,

9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից,

10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի,

11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու,

12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ,

13) քաղաքացիա-իրավական գործարքների մասնակցելու,

14) հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու,

15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ,

16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:

             Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք հետևյալն են`

1) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատիժը կամ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կրելու կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները,

2) բարեկիրթ վերաբերմունք դրսևորել պատիժները կատարող մարմինների կամ հիմնարկների ծառայողների և աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց և մյուս դատապարտյալների նկատմամբ,

3) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները,

4) խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների գույքին,

5) կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները:

Դատապարտյալն իր պարտականությունները, ինչպես նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Դատապարտյալի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են՝ հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում նաև ուղղիչ հիմնարկի տեսակը և դրանում սահմանված ներքին կանոնակարգը:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ԲԱՍԿԵՐ.Ովքե՞ր են ծագումով

basque-spainԲասկերը Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդն են: Նրանց գոյությունը տարածաշրջանում ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի: Նրանց թվաքանակը աշխարհում հասնում է մեկ միլիոնի, և այժմ բնակվում են իսպանական Ալավա, Հիպուսկոա, Բիսկայա նահանգներում և ֆրանսիական Նավարայում:

Տեսակով, մշակույթով, լեզվով բասկ ժողովուրդն էապես տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկվո՞ր… Հարցեր, որ արդեն քանի հարյուրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին: Համենայն դեպս, նրանք Եվրոպայի մյուս ժողովուրդներից շատ առաջ զբաղվել են մետաղագործությամբ և ցորեն են աճեցրել:

Բասկերի հայկական ծագման մասին շատ է խոսվել. և դա սոսկ հայկական սնափառության դրսևորում չէ: Այդ մասին առաջինը բարձրաձայնեցին հենց օտարազգի գիտնականները: Դեռևս 1610 թ. իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր պատմության մեջ գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո ոմն Տուբալի Հայաստանից իր ընտանիքով հաստատվել է Իսպանիայի արևելքում: Ըստ Էսկոլանոյի` հենց հայերն են եղել ներկայիս Իսպանիայի առաջին բնակիչները:

Էսկոլանոյից հետո այդ մասին երկար ժամանակ այլևս ոչ ոք չխոսեց, սակայն երկու հարյուրամյակ անց բասկերի հայկական ծագման մասին մի քանի աշխատություններ հրատարակվեցին: Առաջինն այդ մասին XIX դարավերջին արտահայտվեց հանրահայտ բասկագետ, անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը: Հենց նա իր հետազոտության արդյունքում առաջ քաշեց բասկերի հայկական ծագման մասին տեսությունը: Իր տեսակետի հիմնավորման համար Դոջսոնն անգամ Փարիզի հատուկ դպրոցում հայերեն ուսումնասիրեց: Դոջսոնն իր  տեսության հիմքում դրել է հայերենի և բասկերենի շատ ընդհանրություններ: Շատ չանցած` «Էուսկերա» ամսագրում նա հրատարակեց իր սենսացիոն նյութը` «Բասկերեն բառերը հայոց լեզվում» վերնագրով: Հոդվածի մեջ Դոջսոնը բերում էր հայերենի և բասկերենի ընդհանրական հիսուն բառ:

Հոդվածի մեջ, ճիշտ է, Դոջսոնը զերծ է մնացել որևէ բացատրություն կամ եզրահանգում տալուց:

Առհասարակ հայերենի և բասկերենի հարյուրավոր բառեր են համընկնում. ելք, եթե, ժառանգ, մռնչալ, որմ, տեղ, թույլ, լայն, երեք, հաստատուն, գարի, աճել, ընկույզ, հերկել, հորթ, այծ, հոտ, մածուն…

Սակայն Դոջսոնն իր ուսումնասիրության նյութը չզարգացրեց, և թվում էր` գիտական աշխարհը մոռացավ նրա տեսության մասին:

Միայն 1920-ականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, որ Վիեննայում ֆրանսերեն լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր աղմկահարույց աշխատությունը: Ինքը՝ Լասան, իր ուսումնասիրության նյութերը քաղել է մինչ այդ Նավարայում բանահավաքչության աշխատանքներ կատարելիս և հանգել հետաքրքիր եզրահանգման:

Նա իր ուսումնասիրության մեջ շատ ավելի հեռուն գնաց և առաջ քաշեց այն տեսությունը,  որ հայերը հնում վերաբնակեցրել են Ֆրանսիայի Նավարա նահանգը, որտեղից էլ առաջացել է բասկ ժողովուրդը: Նավարայում հայերի առաջին բնակավայրը Լասան համարում է Իսաբա գյուղը: Լասան անգամ հայտնում է առաջին հայի անունը, որ հաստատվել է Նավարայում: Նա Այթորն է, որ իր յոթ զավակներով և ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Նավարա և հաստատվել Իսաբայում` այնտեղ միաժամանակ յոթ բնակավայր հիմնելով: Նա էլ համարվում է բասկ ժողովրդի նախահայրը: Համաձայն Լասայի` հենց Այթորն է Եվրոպա բերել մետաղի մշակման գաղտնիքները և Եվրոպայում մետաղագործության հիմքը դրել: Հետաքրքիր է, որ բասկերենում Իսաբա գյուղի անունը թարգմանվում է հենց «նախնյաց հետք»: Ավելին` մինչ օրս Իսաբայում Էրմինիա անունով ճանապարհ (փողոց) գոյություն ունի, և բասկերի ազգային ավանդույթը պատմում է, որ հենց այդ ճանապարհով է Այթորը եկել Հայաստանից և հաստատվել Նավարայում: Լասան իր աշխատության մեջ բերեց շուրջ 300 բառ, որոնք համընկնում են հայերենում և բասկերենում: Հենց շնորհիվ Լասայի աշխատության հետին պլան մղվեց բասկերի վրացական ծագման մասին տարածված վարկածը: Իսկ այս վարկածի ջատագովների, հիմնական խաղաքարտը բասկյան այբուբենի նմանությունն է վրացական այբուբենին. բասկյան այբուբենը, ինչպես և վրացականը, մեծատառեր չունի:

Գործին խառնվեցին նաև լեզվաբանները: Նրանց ուսումնասիրությունն առավել ցնցող էր. պարզվում է` հին բասկերենում «Այթոր» բառը թարգմանվում է` «Հայա-ից եկածներ»: Բառը կարելի է ստուգաբանել նաև հայերենով` հայի թոռ… Այս վերջին տեսակետն ավելի ուշ առաջ քաշեց գերմանացի տեսաբան և լեզվաբան Յոզեֆ Կարստը:

Բասկյան ավանդույթից պարզում է, որ վերոհիշյալ առեղծվածային Այթորն իսկապես թոռ է ունեցել Պասկամ անունով, որից էլ հնարավոր է՝ առաջացել է բասկ էթնանունը:

Բասկերենում մինչ օրս առկա է «այթորեն սէմէ» արտահայտությունը, որ նշանակում է զտարյուն բասկ: Միգուցե դա կարելի է վերծանել որպես Այթորից սերվա՞ծ, ինչը տառացի համընկնում է արտահայտության բասկերեն իմաստի հետ:

Սակայն սա դեռ հայտնագործության չնչին մասն էր: Կարստը նաև ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ բասկերն իրենց մարդաբանական տեսակով արմենոիդ են:

Առհասարակ Կարստը, որ լավ ուսումնասիրել էր հայոց լեզուն, կարծում էր, որ հենց հայերենն է հնդեվրոպական մայր լեզուն… Նրա տեսությունը, ինչ խոսք, լուրջ դիմադրության հանդիպեց եվրոպացի այլ ուսումնասիրողների կողմից, և Կարստն այդ պատճառով շատ թշնամիներ վաստակեց:

Ազգությամբ բասկ Էստեբան դե Գարիբայը և Բալթազար դե Էչավեն բասկերի հայկական ծագումը հիմնավորեցին տեղանունների նույնացման փաստերով: Մասնավորապես Բասկոնիայում կա Արաքս գետ, որը ինչպես հայերի, այնպես էլ բասկերի համար սրբազան գետ է համարվում: Բասկերն ունեն նաև իրենց Արարատ սարը` Արալարը:

Սա դեռ բոլորը չէ: Բասկոնիայում կան Աշտարակ (Ֆրանսիայի հարավում), Գորիս, Դեբա (գուցե Դեբե՞դ), Շուբրիա (հիշենք Արմենիա-Շուպրիա), Առան, Կառկառ, Կարբի բնակավայրեր… Սա, ինչ խոսք, չի կարող պատահականության արգասիք լինել:

Ուսումնասիրողներն անգամ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարագոնա քաղաքի հիմնադրումը համարում են հայերի գործը: Միգուցե Տարագոնան Տարոնն է, որը հնագույն աղբյուրներում հայտնի է Տարավնա անվամբ:

Երբ մազերն օգնության կարիք ունեն

մազերԲնությունն իմաստուն է: Նա մարդուն ստեղծել է այնպիսին ու օժտել այն որակներով, որոնք բնության ոչ մի այլ արարածի հատուկ չեն: Մեզանից  շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց օրգանիզմի թաքնված հնարավորությունների մասին: Մենք ոչ միայն կարող ենք հոգին ու մարմինը կոփել ու «դաստիարակել», այլև որոշ հուշումների դեպքում հասկանալ, թե ինչ խաթարումներ կան այս կամ այն օրգանի աշխատանքում: Իզուր չէ, որ  ժողովրդական բժիշկներն ու կենսաէներգիայի մասնագետներն ասում են, որ մարդու լավագույն բժիկն ինքն է ու իր ենթագիտակցությունը:

Հիշենք թեկուզ այն դեպքերը, երբ կոսմետոլոգն ասում է, որ փխրուն եղունգներն օրգանիզմում կալցիումի անբավարարության մասին են հուշում: Իսկ չոր մաշկը օգանիզմում A վիտամինի  անբավարարության վկայություն է:

Նույնն էլ կարելի ասել մազերի վիճակից դատելով: Մազերն առողջության  ամենաճշգրիտ բարոմետրն են, ու մազերի ամեն խնդիր ուղիղ կամ անուղղակի կապված է օրգանիզմում առկա խնդրի հետ:

  1. Փշրվող մազերը, որ մեզ թվում է, թե  վարսահարդարիչի, մազերի ներկի օգտագործման հետևանք է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եթե մազերի ծայրերը կտրում եք յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ ու չեք չարաշահում հարդարման միջոցները, սակայն միևնույն է, մազերը դեզի են նմանվում, ուրեմն պետք է մտածեք ձեր սննդահամակարգի  մասին: Այդ ժամանակ է, որ պետք է հիշել, թե ինչ են սիրում ու ինչի հանդեպ են զգայուն մեր մազերը: Հարկավոր է սննդացանկ մշակել, որտեղ մի սյունակում պետք է գրել այն մթերքների անունները, որոնք հարկավոր է օգտագործել, իսկ մյուս սյունակում` արգելված մթերքները:

Ի դեպ, փշրվող մազերը  «սիրում» են  գերչակի, նուշի, ձիթապտղի յուղ: Դրանցով պետք է տրորել մազերը, ապա փաթաթել տաք սրբիչով, իսկ մեկ ժամից լավ լվանալ ու մազերին հարած ձվի դեղնուց քսել կամ թթված կաթ: Գործողության վերջում հարկավոր է մազերը ողողել թեյի կամ երիցուկի թուրմով:

Փխրուն մազերը խոսում են աղիների  խանգարումների մասին: Որոշ դեպքերում փխրունությունը մազերի խոնավության կորստի վկայություն է:

Մազերի փխրունությունը վերացնելու համար նախ հարկավոր է մազերն ամրացնել «ժողովրդական» միջոցներով: Իսկ եթե դրանից հետո  էլ մազերի վիճակի բարելավում չի նկատվում, վազքով` թերապևտի մոտ: Բացի սննդակարգի փոփոխությունից, դրանում հարկավոր է ներառել նաև կաթնամթերք ու կիրառել դիմակներ  մազերի համար:

Ահա դրանցից մեկը: Մսաղացով մանրացրած հալվեի տերևի վրա ավելացնել մեղր ու գերչակի յուղ: Ստացվածին ավելացնել մեկ դեղնուց ու մեկ թ/գդալ կոնյակ,  խառնել ու քսել մազարմատներին:  Լվանալ մեկ ժամ հետո: Բուժման համար հարկավոր է նման 6  գործողություն կատարել` շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:

2. Խամրած մազեր. այս փաստը վկայում է մազի հարթության անբավարարության ու պիգմենտի այրման մասին: Սակայն խամրած մազերի հիմնական պատճառը հեմոգլոբինի ցածր մակարդակն է: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունությամբ: Դրան նպաստում են  դաշտանն ու ծննդաբերությունը: Խամրած մազերին հաճախ պակասում է H վիտամինը, որը բարելավում է մազերի եղջրային շերտի վիճակը: Բնության մեջ այդ վիտամինը գտնելը բավականին դժվար է:Ուստի հարկավոր է  տարեկան 2-3 անգամ H վիտամինը պարունակող դեղամիջոց ընդունել: Օրգանիզմը հարկավոր է հարստացնել տիրոզինով. դրա համար նուշ, ավոկադո, կաթնամթերք, քնջութ ու դդմի սերմ օգտագործեք:

3. Մի մոռացեք ցինկի մասին, բարակած մազերը խոսում են ցինկի անբավարարության մասին, իսկ ցինկը միայն մազերին չէ, որ հարկավոր է: Ցինկ  կա ոստրեների, խեցգետինների ու ծովախեցգետինների մեջ: Օգտակար են նաև միսը, ընտանի թռչնամիսը, վարսակափաթիլները, լոբազգիները, ձուն ու կաթը, ինչպես նաև սև հացը, արևածաղկի սերմը: Ստուգեք հեմոգլոբինի մակարդակն ու երկաթ պարունակող մթերք օգտագործեք` նուռ, միս, կարմիր գինի:

4. Երբ դրսում շոգ է, մազերն ասես էլեկտրականությանը միացած լինեն, հնարավոր չէ որևէ կերպ կարգի բերել և հակառակը, եթե դրսում մռայլ ու խոնավ եղանակ է` մազերը կախվում են սառցալուլաների նման: Խորհուրդ. փորձեք մազերը երբեմն ողողել սառը հանքային ջրով, որը նաև բնական միկրոմերսման  ազդեցություն է ունենում, խթանում արյան շրջանառությունը:

5. Չոր մազեր, դրանց նույնիսկ դիպչելն է տհաճ, դժվար է խնամելը, նույնիսկ հյուսել ու անգամ ժապավեն կապելն է  ծայրահեղ դժվար: Նման մազերը պարզապես խնդրում են, որ դիմեք մասնագետի: Մազերի չորությունը լինում է երիկամների խնդիրների դեպքում: Հնարավոր է նաև, որ ձեզ մոտ A, B, C վիտամինների ու նույնիսկ սպիտակուցների պակաս լինի:

Խորհուրդ. ուշադրություն դարձրեք, թե ինչ շամպունով եք լվանում մազերը, բարերար ազդեցություն են ունենում  բամբուկի թուրմ պարունակող միջոցները, քանի որ դրանք ամրացնում, կենդանացնում են բարակ ու խամրած, չոր մազերը և փայլ ու ծավալ են հաղորդում:

6. Եթե  ձեզ թվում է, թե մազաթափությունն աղետալի չափերի է հասնում, ապա մի խորհուրդ. խուճապի մի մատնվեք: Վերլուծեք, թե վերջին կես տարում ինչ ապրումներ եք ունեցել, գուցե ծննդաբերությունը համընկնում է այդ շրջանի հետ: Կամ էլ հակառակը` հանգամանքները ստիպել են դադարեցնել հղիությունը: Կնշանակի` ձեր խնդիրը ներզատիչ գեղձերի  խանգարումների հետ է կապված: Նման իրադարձությունները հանգեցնում են արական ու իգական հորմոնների հավասարակշռության խախտման, ինչն անդրադառնում է նաև մազերի որակի վրա:

Խորհուրդ. սպասեք 3-4 ամիս, այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա արյան անալիզ հանձնեք` իմանալու շաքարի մակարդակը: Գուցե մազաթափությունը շաքարային դիաբետի առաջին նշանն է, որի ժամանակ մազարմատները սնող մազանոթներում արյան շրջանառության խանգարում է տեղի  ունենում, իսկ եթե օրգանիզմում առանձնակի փոփոխություններ չեն նկատվում, ուրեմն մազաթափությունը կապված է ամենօրյա սթրեսների, քրոնիկ փորկապության կամ էլ պարանոցի օսթեոխոնդրիտի հետ: Խորհուրդ. սթրեսը պետք է վերացնել: Դա կարելի է անել հաճելի երաժշտության, բուրավետ յուղերի կամ էլ  բնության ձայների միջոցով:

Փորկապության դեպքում, երբ օրգանիզմն ամեն օր խցանվում է էլ ավելի շատ խարամներով, կարևոր է ճիշտ սնվելը: Շատ օգտակար են կաղամբը, գազարն ու խնձորը, ջուրն ու սպորտը: Իսկ օսթեոխոնդրիտը կարելի է բուժել մերսումով: Ի դեպ, միաժամանակ կազատվեք նաև սթրեսներից:

7. Թեփ. այս դեպքում հատուկ ուշադրություն է պահանջում ստամոքս-աղիքային տրակտը: Մեծ թեփերը խոսում են հաստ աղիքի, լեղուղիների ու նյութափոխանակության խանգարման մասին: Թեփը կարող է նաև ալերգիայի հետևանք լինել:

Խորհուրդ. սնվեք ճիշտ, առանց շաքարի, աղի, սուրճի, ու գազավորված ըմպելիքի ու հատկապես` չիփսի:

8.Եթե մազերը սպիտակում են, ապա դա նշանակում է, որ ենթաստամոքսագեղձի կամ էլ վահանաձև գեղձի խնդիր ունեք, ուստի, պետք է վերացնել հորմոնալ խախտումը: Պետք է քիչ աղ ու թթու սնունդ օգտագործել, մի հոգնեք, աշխատեք խուսափել սթրեսից:

9. Երբ մազերը բնական երանգից ավելի են մգանում, նշանակում է` կարգին վիճակում չեն լյարդն ու լեղապարկը: Լյարդից լեղու հոսքի դժվարացումը աղիքներ նպաստում է արյան մեջ նրանում առկա ներկանյութի արտանետմանը, ինչից էլ մազերը սկսում են մգանալ:

Խորհուրդ. ընդմիշտ մոռացեք տապակածի, գազավորված ըմպելիքի ու պաղպաղակի մասին: Դրանից հրաժարվելով` նաև բարակ գոտկատեղ կունենաք: Գիտնականներն ապացուցել են, որ  փարթամ մազեր ունենում ենք 30-ին մոտ: Իսկ 30-50 տարեկանում մազերի քանակը  կտրուկ նվազում է, որից հետո հնարավոր է, որ այդ քանակը մնա անփոփոխ:

Ի դեպ, բրիտանացի ոճաբան Էնդի Ուֆֆելսը, որի մոտ են հարդարվում շատ ու շատ ճանաչված անձինք, հետաքրքիր եզրակացություն է արել. այն մարդիկ, որոնց մազերը գերազանց վիճակում են, հաջողակ են աշխատանքում ու անձնական կյանքում:

Ուրեմն` խնամենք մեր մազերն ու լինենք հաջողակ:

Հայ առաջին ատոմագետը

ՎԱՀԱԳՆ ԴԵՄԻՐՃՕՂԼՅԱՆՄեզ թվում է, թե զարգացած «ատոմային դարի» հիմնադիրների անունները մենք շատ լավ գիտենք, բայց նրանց մեջ դեռ կան չճանաչվածները: Նրանցից մեկը մինչև հիմա էլ դեռ մնում է ստվերում. Վահագն Դեմիրճօղլյան (1875-1938): Թերևս նա եղել է առաջիններից մեկը, ով 40 տարի շարունակ, սկզբում Ռուսական կայսրությունում, հետո ՍՍՀՄ-ում հետևողականորեն, ինքնուրույն զբաղվել է ատոմի կառուցվածքի տեսության ուսումնասիրությամբ: Նրա անունը ոչ մի տեղ չի հիշատակվում, բացի Լուվրի տեղեկատուներից: Քանզի այնտեղ պահպանվում են Հայաստանի բոլոր թագավորների մարմարե հարթաքանդակները, որոնք նրա ձեռքի գործն են: Դժվարությունների հանդիպելով` նա դրանք վաճառել է մի հարուստի:

Վ.Դեմիրճօղլյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում 1875 թ.: Նրա հայրը հոգևորական էր: 1892 թ. նա ընդունվել է հայկական հոգևոր ակադեմիայի պատմա-աստվածաբանական բաժինը: Ինչպես հայտնի է, Վահագնը եղել է 1894 թ. Գևորգյան ճեմարանի լսարանցիների խռովության պարագլուխը: Ճեմարանից հեռանալուց հետո ավարտել է Ներսիսյան դպրոցը: Շուրջ 10 տարի որպես հոգևորական ծառայել է Արդահանում: 35 տարեկանում նա դուրս է գալիս հոգևորականությունից, տեղափոխվում  Թիֆլիս և այնտեղ 1912-1921 թթ. աշխատում է հայկական ճեմարանում և տեխնիկումում որպես քարտուղար, գրադարանավար և քիմիայի ուսուցիչ:

Երիտասարդ տարիներին նրան հետաքրքրում էին հայտնագործությունները ֆիզիկայի և քիմիայի ասպարեզում: 1912 թ. օգոստոսի 10-ին նրա գրած հոդվածը «Քիմիական էլեմենտների առաջացման մասին» ուղարկվել է Կայսերական գիտությունների ակադեմիա, որտեղից պատասխանել են, որ «ծրարը կպահպանվի մինչև ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը կկայացնի որոշում, որի մասին անմիջապես կհաղորդվի»: Այլևս ոչ մի ծանուցագիր չի ստացվել: Այդ ժամանակ նա որոշում է սեփական միջոցների հաշվին տպագրել իր «Վալենտականություն. քիմիական էլեմենտների առաջացման թեորիայի իմ տեսակետը» (Թիֆլիս, 1914) աշխատությունը: Նա նշում է, որ քիմիան  էլեմենտների ձգտումն է կատարելության, ամեն ատոմ ջանում է ազատվել իր ավելորդ բեռից կամ ձեռք բերել պակասը: Այստեղ ստույգ արտացոլված է իդեալական գազերի ատոմների նախընտրելի կոնֆիգուրացիայի վերաբերյալ միտքը: Նա ենթադրում էր, որ արգոնը և նրա անալոգները, որոնք պարբերական աղյուսակի 0-ական խմբում են, պետք է ընդգրկվեն 8-րդ խմբում: Միայն 1960-ական թվականներին իրոք 0-ական խումբը հանվեց: Ռեզերֆորդ-Բոր ատոմի մոդելի ընդունումից առաջ դա արել է Դեմիրճօղլյանը: Նրա աշխատանքը չդարձավ գիտության ձեռքբերում: Ռուսական պետությանը սպասում էին մեծագույն ցնցումներ: Նա եկավ Երևան և աշխատեց Լուսժողկոմի գրասենյակում: Վ. Դեմիրճօղլյանի նոր զբաղմունքը տարօրինակ էր թվում իր շրջապատի մարդկանց: Իր աչքերի յուրահատուկ կառուցվածքի համար նրան «ցնդած վարդապետ» էին անվանում: Նա երբեք Անդրկովկասից այն կողմ չի անցել, սակայն Թբիլիսիի, Երևանի գրադարաններում կարդում էր բոլոր տպագրությունները կապված իր նախասիրությունների հետ: Հիանալի տիրապետում էր ֆրանսերենին:

Հայրենիքում կարծես նրա աշխատանքներն արժանացան որոշ ուշադրության և կարեկցանքի, Լուսժողկոմը նրան որոշակի գումար հատկացրեց ատոմի կառուցվածքի մասին գիտական աշխատանքներ կատարելու համար: Նրան մեծ օգնություն ցույց տվեց իր բարեկամ Գ.Դ.Խախանյանը, որ քաղաքացիական պատերազմի մասնակից էր, վաշտի հրամանատար: Դեմիրճօղլյանը ցանկանում էր տպագրել իր նոր աշխատանքը` «Վալենտականությունը և ատոմի կառուցվածքը», որի վրա մի քանի տարի աշխատել էր: 1925-ին Գ.Խախանյանը նրա գործերը ներկայացրեց  Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Ա.Կ. Տիմիրյազևին և նամակով հայտնեց Դեմիրճօղլյանին. «Տիմիրյազևն ասաց, որ Ձեր աշխատանքը լուրջ է, ենթադրությունները ճիշտ են, և մինչև հիմա որոշակի ոչինչ չկա միջուկի կառուցվածքի մասին, Ռեզերֆորդը դա միայն ենթադրում էր»: Տիմիրյազևը տվել էր իր գնահատականը: Հեղինակը միանգամայն անկախ ճանապարհով հասել էր արդյունքների և ուներ շատ փաստացի նյութեր:

Երևանի համալսարանի պրոֆեսոր Լ.Ա.Ռոտինյանցը գրում էր. «Էլեմենտների կառուցվածքի ասպարեզում Դեմիրճօղլյանին հաջողվել է արտահայտվել դեռևս 1914 թ., ավելի վաղ քան գերմանացի գիտնական Կոսելը և դանիացի գիտնական Բորը: Հենց նա ճիշտ բացահայտեց իդեալական գազերի կառուցվածքը և դրանց հիմքում դրեց վալենտականությունը: Եթե նա ժամանակին ստանար կրթություն և հայտնվեր համապատասխան միջավայրում, մենք կունենայինք մեծ գիտնական»: Նրա աշխատանքը Տիմիրյազևի ներածականով տպագրվեց 1926-ին, այժմ միակ նմուշը պահպանվում է Ռուսաստանի պետական գրադարանում:

Դեմիրճօղլյանը մահացավ 1938 թ.: Նրա մասին հայտնի է, որ նաև լավ նկարում էր, գրում քնարական բանաստեղծություններ, աշխատում էր նոր հայկական այբուբեն ստեղծելու վրա: Նրա ամենամոտ ընկերը հորեղբոր տղան էր, հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը: Իր հուշերում Դ.Դեմիրճյանը նկարագրում է դրվագներ իր և Վահագնի մանկությունից: «Վահագնը ընտանեական ներկայացումներ էր կազմակերպում հարևան և այլ տղաների հետ: Բազմաթիվ սենյակներից մեկում մի փոքր բեմ էր շինած, որի երկու կողմը պահարաններ էին, մեջը լիքը անկողիններ, բեմական զգեստներ, փայտե նիզակներ, սրեր և կարտոնե վահաններ ու սաղավարտներ: Ավելի սիրով դրվում էր «Վարդան Մամիկոնյանը», որում կենտրոնական դերը խաղում էր Վահագնը: Հետագայում Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որ վիպակ էր, Ախալքալաքում մշակվեց Վահագնի ձեռքով, դարձավ ուսանողական ներկայացման պիես տեղական թատերաբեմում: Աբիսողոմ աղայի դերում Վահագն էր: Նույն պիեսը Վահագնը տարավ ճեմարան, ուր ուսանում էինք նա և ես: Հետագայում նա այլևս չզբաղվեց թատրոնով»:

Այսօր էլ Մոսկվայում ապրող նրա բարեկամները  Վահագն Դեմիրճօղլյանի ողջ արխիվը Հայաստանին նվիրելու մեծ ցանկություն ունեն, միայն թե ստեղծվի մի փոքր ցուցասրահ, որտեղ սերունդներին ներկայացվեն արդահանցի հայ առաջին ատոմագետի աշխատությունները:

   Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ