Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

10775_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին:
Վարչապետը, ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների համատեքստում, անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին:
«Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում աշխարհում և մեր ծրագրերը կառուցենք դրանց համապատասխան` հաշվի առնելով նաև գլոբալ գործընթացների ազդեցությունը մեր երկրի ու տարածաշրջանի վրա: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ռեսուրսն ինտելեկտն է, այսինքն` մարդը: Եթե ցանկանում ենք ունենալ զարգացում, ապա առաջին հերթին պետք է հասարակության համար ստեղծենք ինքնադրսևորման հնարավորություններ: Դա նշանակում է, որ առաջնահերթ պետք է բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, մարդկանց պատրաստել ապրելու արագ փոփոխվող աշխարհում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին և դրան զուգահեռ Հայաստանի քայլերին: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի համար այսօր մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովումը, քանի որ, ի տարբերություն հարևան երկրների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում՝ սահմանների փակ լինելու պատճառով:
«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս:
Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ ընտրությունը դիտարկվում է նաև աշխարհաքաղաքական, մշակութային, ազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանը խորը և դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ:
Մեդիաֆորումի շրջանակներում Հայաստան են ժամանել մեծ հեղինակություն վայերող ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները կայցելեն Հայաստանի տարբեր քաղաքներ և Արցախ, կպատրաստեն հեղինակային հաղորդումներ մեր երկրի մասին:

«Բլումբերգի» ստեղծած տարածաշրջանային լարվածությունը

շահանՆյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատկանող «Բլումբերգ» կայքը  հանրաճանաչ է իր վերլուծական, մեկնաբանական, կանխատեսական հրապարակումներով, որոնք հատկապես վերաբերում են համաշխարհային մակարդակի վրա արձանագրվող տնտեսական իրադարձություններին։ Կայքը, ուրեմն համացանցային աշխարհի կարեւոր եւ նկատառելի վերլուծականներից է համարվում եւ այդ իմաստով էլ վայելում է որոշակի հեղինակություն։

Նման աշխարհահռչակ կենտրոնների վաստակած համբաւը երբեմն խնդրո առարկա է դառնում, երբ դրանց կողմից ներկայացված հարցի մասին հետեւողի իրազեկվածությունը պատճառ է դառնում, որ հիմնովին խախտի միեւնույն այդ կենտրոնի թողարկած լրատվամեկնաբանությունների հաւաստիությունը։

Այսպես.

«Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի վերաբնակեցումն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում».  խորագրի տակ «Բլումբերգի» աշխատակիցը գրում է. «Հայաստան է ժամանել քաղաքացիական պատերազմից փրկվող մոտ 10 հազար սիրիահայ, որոնք վերաբնակեցվում են Լեռնային Ղարաբաղում»:

Հոդվածի հետագա բաժինը կորցնում է արդեն իր դիտարժանությունը։ Եթե նման հաստատումով փորձ է կատարվում տպավորություն թողնել, որ Սիրիայից Հայաստան ապաստանած հայերին զանգվածային տեղափոխում են Արցախ, սա արդեն երրորդ ենթադրությամբ չի մեկնաբանվում։ Կա՜մ այն է, որ անիրազեկվածության խնդիր է, ինչը չի սազում «Բլումբերգի» վայելած վարկին, կա՜մ էլ միտումնավոր ապատեղեկատվություն է կատարվում։ Երկրորդ վարկածը ավելի համոզիչ է դառնում, երբ նայում ենք խորագրին։

Լարվածություն ստեղծելու փորձը կատարում է Ադրբեջանը։ Այդ մթնոլորտի ստեղծման համար օգտագործվում է ոչ միայն ռազմատենչ հռետորաբանությունը, այլ նաեւ դիպուկահարների անվերջ հրադադարային խախտումները, հավելելով նաեւ դիվերսիոն գործողությունները։ Լարվածության մթնոլորտի ստեղծման համար Բաքուն քանի երրորդ անգամ բողոքում է սիրիահայ ընտանիքների Արցախ հաստատման երեվույթի դեմ։ Բաքուն բողոքել էր նաեւ այն ժամանակ, երբ իրաքահայ սակաւաթիվ ընտանիքներ ապաստան էին գտել Արցախում։

Պարզ է, որ մի քանի տասնյակ սփյուռքահայ ընտանիքների Արցախում հաստատվելը չի փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը։ Խնդիրը շահարկումն է, աղմուկ բարձրացնելը եւ լարվածության իմիտացիոն քարոզչական գործողությամբ իրականության վրա ծխածածկույթի առաջացումը։

Բաքվին չէր հաջողվել ծխածածկույթի այս քաղաքականությունը։ Բաքվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի պաշտոնատարը իրենց հղված դիմումին առ ի արձագանք հայտնել էր, որ իր տեսակետով ՄԱԿ-ը այստեղ միջամտելու որեվէ հիմնավորում չուներ։

Հոդվածում մեջբերվել է նաեւ նախագահ Սահակյանի մոտեցումը այս հարցի մասին։

«Մենք չենք կարող անտեսել նրանց (սիրիահայերին): Չնայած այն հանգամանքին, որ մենք նույնպես տնտեսական դժվարություններ ենք ապրում, սակայն փորձում ենք մեղմացնել իրենց խնդիրները և որոշ հնարավորություններ տրամադրել. սիրիահայերի վերաբնակեցման ծրագիր դեռևս չի մշակվել»:

Նախագահ Սահակյանի մոտեցումը համահունչ է միջազգային ընտանիքի ճշտած օրինաչափություններին ճգնաժամային պայմաններում հայտնված երկրների քաղաքացիներին նկատմամբ  ապաստան տրամադրելու պրակտիկային։ «Սիրիահայերի վերաբնակեցման ծրագիր դեռևս չի մշակվելը» նշանակում է, որ նման ծրագրի մշակումը չի բացառվում պաշտոնական Ստեփանակերտի կողմից եւ թե դա եւս պետք է ընկալել բնական երեւույթ ապաստան, կացարաններ եւ կենցաղային դյուրություններ տրամադրելու առումով։

Թվում է, թէ «Բլումբերգի» նման այլ կենտրոններ եվս, կամա թե ակամա, պիտի ներքաշվեն նման քարոզչական գործողությունների մեջ։ Հայկական կողմից ակնկալվում է հակազդեցություն` բացահայտելու տարածաշրջանային լարվածության հեղինակի շահարկումներն ու շարժառիթները։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

«Կավե մարդը» արժանացել է ոսկե մեդալի

defaultԵրիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը” 20 րոպեանոց ֆիլմը վերջերս “Նո Ֆի” միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել: Սա ֆիլմի միակ հոջողությունը չի. հայկական թիմը հայտնվել է երրորդ տեղում, ստացել պատվոգրեր: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Համահայկական Ոչ կոմերցիոն Կինոյի Կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ    “Նո Ֆի” -ի /UNICA/ 75 համաշխարհային կինոփառատոնին, Ավստրիայում : Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն  է արձանագրվել.  ոսկե մեդալ և լավագույն տղամարդ դերակատար ռեժ. Արեն Վաթյանի “Կավե մարդ” ֆիլմին, բրոնզե մեդալ Ալիկ Սարգսյանի “Ավլոս” ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի ՛՛ Իլ Սետտիմո՛՛, Լևոն Պետրոսյանի ՛՛ Միևնույն է կուտեն՛՛ և Մարտին Ուլիխանյանի ՛՛Դուռ՛՛ ֆիլմերին: Որպես արդյունք՝ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է  3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ UNICA-իի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:

“Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն” արդեն երեք տարի մասնակցում է միջազգային “Նո Ֆի” կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:

 

 Հայաստանի ազգային կինոկենտրոն

Մարտավարական դաշտում դժբախտ պատահարից ժամկետային զինծառայող է մահացել

պնՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ., ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական ջազի երեկո Բուխարեստում

576.The concert of Armenian Jazz in Bucharest 18.10.2013Հոկտեմբերի 17-ին Բուխարեստի Ռադիոյի սրահում ջազային կատարումներով հանդես եկավ տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը: Ջազային երեկոն կազմակերպել էր TwinArts պրոդյուսերական կենտրոնը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Համերգի ընթացքում հնչած կատարումների թվում էին Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ ջազային մեկնաբանությունները, ինչպես նաև Տիգրան Համասյանի՝ հայրենի Գյումրիին նվիրված հեղինակային ստեղծագործությունը:

Ի դեպ, նախորդ օրը Բուխարեստի ջազային ակումբներից մեկում հանդես էր եկել եւս մեկ հայազգի վարպետ` հանրահայտ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը, որը նույնպես իր ստեղծագործությունների մեջ լայնորեն օգտագործում է հայկական մոտիվները:

 

Նախագահն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության և ՍԾՏՀԿ երկրների կրթության նախարարների համաժողովի մասնակիցներին

4343Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում:

Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս տարբեր ոլորտների, տվյալ դեպքում՝ կրթության և գիտության բնագավառի խնդիրները համակողմանիորեն քննարկելու և համակարգված քաղաքականություն մշակելու:

Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և համաժողովի մասնակից երկրները, նպատակ ունի ձևավորելու եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական տարածք, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս խթանելու գիտելիքահենք հասարակության ձևավորումը, առանց որի, ըստ Նախագահի, դժվար է պատկերացնել տնտեսական և սոցիալական զարգացում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ այդ առումով համաժողովը եղել է արդյունավետ: Սերժ Սարգսյանը ցանկացած պետության համար առաջնահերթ և կարևոր խնդիր է համարել կրթված ու լավ հասարակություն ունենալը, որը, նրա խոսքով, կարևոր գրավական և ամուր հիմք է այդ հասարակության բարեկեցության ու պետության զարգացման համար:

Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են իրենց երկրներում կրթության և գիտության ոլորտում առկա վիճակը, իրականացված բարեփոխումները, խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք բարձր են գնահատել Հայաստանում անցկացվող համաժողովը՝ ընդգծելով, որ մասնակիցների համար այն օգտակար է եղել կրթության և գիտության ոլորտի արդի խնդիրները քննարկելու, դրանց լուծման նկատմամբ համատեղ մոտեցումներ ձևավորելու և փորձի փոխանակման տեսանկյունից:

Նախագահը հաջողություններ է մաղթել համաժողովի մասնակից կրթության և գիտության նախարարներին, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչություններին՝ իրենց բարդ ու պատասխանատու, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր գործում:

Համատեղ գիտական ծրագրեր՝ Ռումինիայի հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով. Ա. Աշոտյան

arm-6328-SAM_3968ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մինեհա Կոսմին Կոշտոյուի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ռումինիան կրթության բարեփոխումների իրականացման ասպարազում կարևոր գործընկերներ են: Բոլոնիայի քարտուղարությունը 2012 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Ռումինիայից. “Բոլոնիայի քարտուղարության Ռումինիայի փորձը մեզ համար շատ օգտակար է եղել, մենք հույս ունենք, որ քարտուղարությունում մեր աշխատանքի երեք տարիների փորձն էլ կարևոր կլինի այն երկրի համար, որը 2015 թվականին կստանձնի քարտուղարությունը”,- հանդիպման ընթացքում, ներկայացնելով քարտուղարություն շրջանակում ՀՀ կողմից իրականացված և նախատեսված աշխատանքները, նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերն ադրադարձել են հայ-ռումինական կրթական համակագործակցությանը՝ կարևորելով միջբուհական հարաբերություններրի զարգացումը: Նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է ռումինական կողմի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնել՝ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով:
Անդրադարձ է եղել նաև ԵՊՀ-ի և Բուխարեստի համալսարանների միջբուհական ծրագրերի խորացմանը, երկկողմ ուսանողական ծրագրերին ու կրթական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերին: Անդրեաս Օրֆանիդեսը, ներկայացնելով կառույցի գործունեությունը, նշել է, որ արդյունավետ է գնահատում Հայաստանի ուսանողական միավորումների գործունեությունն ասոցիացիայի շրջանակում՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար խրախուսելի է ակտիվ համագործակցությունը նոր ծրագրերում: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ևս ներգրավել Բուհերի եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի համերգային ծրագրերում:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է նաև Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը հաջորդ տարի անցկացնել Երևանում:

Կանադայում կատաղի ցույցեր են ընթանում

canada-protests,ցույցերԻշխանությունների տեղեկություններով՝ հինգշաբթի Կանադայի Նյու Բրանսուիկ քաղաքում գազի արդյունահանման դեմ կազմակերպված ցույցի մասնակից առնվազն 40 մարդ է ձերբակալվել:

Կանադայի թագավորական ոստիկանությունից հայտնում են, որ ցուցարարները ոստիկանական հինգ մեքենա են վառել:

Նյու Բրանսուիկի Կանադայի թագավորական ոստիկանության սպան հայտնում է, որ լարվածությունը գնալով մեծանում է և լուրջ հանցագործություններ են տեղի ունենում՝ ավելացնելով, որ իրենք աշխատում են բոլոր կողմերի հետ՝ խաղաղ լուծման հասնելու համար:

Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները բողոքում են կառավարության և գազ արդյունահանող ընկերությունների դեմ, որոնք շարունակում են այդ տարածաշրջանում գազի արդյունահանման աշխատանքները:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի վայրում հայտնաբերված պայթուցիկ սարքերի կապակցությամբ:

 

Կանցկացվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ

կինոփառատոնՍ/թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 5 մարզերում կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ: 

Փառատոնների ընթացքում կցուցադրվեն միջազգային և տեղական վավերագրական ֆիլմեր ընտրված «Մեկ աշխարհ» և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոններ ֆիլմացանկից: Բոլոր ֆիլմերը հայերեն կրկնօրինակմաբ են և անդրադառնում են միգրացիայի, մարդու իրավունքների, քաղաքական վարչակարգերի և հարակից այլ թեմաների: 3-4 օր տևողությամբ փառատոնների ընթացքում ցուցադրված յուրաքանչյուր ֆիլմին կհաջորդի ֆիլմում արծարծված թեմայի շուրջ քննարկում՝ հրավիրված փորձագետների և մասնագետների ներկայացությամբ:

«Մարզային փառատոններն արդեն երկրորդ անգամ են կազմակերպվում: Գարնանն անցացված փառատոնների փորձից հասկացանք, թե որքան արդյունավետ է հեռավոր մարզերում վավերագրական ֆիլմերի ցուցադրումը, և ֆիլմին հաջորդող քննարկումների անցկացումը» – նշեց CAUCADOC ծրագրի պատասխանատու՝ Շարկա Զահրադնիկովան:

Հայաստանում մարզային փառատոնները կանցկացվեն հինգ մարզերում: Մասնավորապես Վայոց Ձորի մարզում՝ հոկտեմբերի 20-23-ը, Սյունիքում՝ հոկտեմբերի 22-24-ը, Շիրակում՝ նոյեմբերի 8-10-ը, Լոռիում՝ նոյեմբերի 12-14-ը, Տավուշում՝ նոյեմբերի 15-17-ը:

Փառատոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել www.caucadoc.com վեբ կայքը:

Վավերագրական ֆիլմերի մարզային փառատոնները նախաձեռնել է  չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տարածաշրջանային «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և «Սակդոկ» գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ:   Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության,  Չեխական զարգացման գործակալության, Հենրիխ Բելի հիմնադրամի և Սևծովյան համագործակցության հիմնադրամի կողմից:

Դոլարը սկսեց բարձրանալ

դոլարՀոկտեմբերի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 620,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

Կասպերսկուն շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

Е. Касперский - руководитель антивирусных исследований компании "Лаборатория Касперского"Հայաստանում է «Կասպերսկի լաբորատորիայի»  հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին, ով այսօր հանդիպեց լրագրողների հետ՝ ներկայացնելով կիբեր սպառնալիքների յոթ մակարդակները,  էվոլյուցիան, դրանց հետ պայքարի միջոցների զարգացումները, սկսած ֆլոպի սկավառակների ֆորմատավորումից, խոցելի ենթակառուցվածքների պաշտպանության ժամանակակից միջոցներից մինչև կիբերզենքի կիրառման հանդեպ միջազգային
վերահսկողության վերաբերյալ բացահայտումները: Այցի շրջանակներում Կասպերսկուն շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Հիշեցնենք, որ 1989-ից սկսած Կասպերսկին ուսումնասիրել է համակարգչային վիրուսների ֆենոմենը: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ նա իր համակարգչում հայտնաբերել է «Cascade» վիրուսը։ Մի քանի տարի հետո Կասպերսկին մի խումբ համախոհների հետ «ԿԱՄԻ» գիտահետազոտական կենտրոնում զբաղվել է «AVP» անտիվիրուսային ծրագրի արտադրությամբ, որ ներկայումս հայտնի է որպես «Կասպերսկի անտիվիրուս»։

ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես

մակԵրևան, հոկտեմբերի 18, 2013 թ. – Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ցուցահանդես, որը նվիրված է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին: Բացման հանդիսավոր արարողությանն ավելի քան 50 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի գրասենյակ եկած հյուրերին:
Ցուցահանդեսը ներկայացնում էր հայ գեղարվեստի երեք սերունդների՝ Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի արվեստի գործերը, որոնք գրավեցին երիտասարդության, արվեստագետների, միջազգային հանրության, քաղաքացիական ակտիվիստների, մամուլի և լայն հանրության ուշադրությունը:

Բան Կի Մունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, 2013թ. ՄԱԿ-ի օրվա իր ուղերձում ասաց. «Այս տարի ևս մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչպիսի հավաքական գործողության ենք ընդունակ: Մենք կարող ենք նույնիսկ ավելին: Մի աշխարհում, որն ավելի կապակցված է, մենք պետք է լինենք էլ ավելի միասնական: ՄԱԿ-ի այս օրը եկեք երդվենք հասնել մեր հիմնարար գաղափարներին և աշխատել միասին՝ խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների համար»:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանում ասաց. «Հայ արվեստի և դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ խաղաղությունը, կայուն զարգացումը, առողջ ապրելակերպը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և ձգտումը Հազարամյակի զարգացման նպատակներին »:

Նկարիչ Սեդա Բեքարյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում իմ արվեստը հանրության ուշադրությանը ներկայացնելու այս հնարավորությունը և կարևորում եմ այն վճռորոշ դերը, որ մենք՝ արվեստագետներս, խաղում ենք մեր հասարակության զարգացման գործում: Ինձ համար հատկապես մեծ պատիվ  է նվիրել այս ցուցադրության բացումը ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին»:

Հոկտեմբերի 24-ը նշվում է որպես ՄԱԿ-ի օր 1948թ.-ից: 1971թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից առաջարկվեց այդ օրը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշել որպես հանրային տոն:

Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն իրատեսական է, եթե…

Արա Պապյան«Մոդուս  վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով «հողային պահանջ» եզրույթի փոխարեն ցանկալի է կիրառել «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը: «Եղել է ճանաչված ՀՀ, որի սահմանները տարբեր վճիռներով, որոշումներով ժամանակին ընդունվել են միջազգային հանրության կողմից և որը խախտվել է»,- ասաց Պապյանը ԳԱԱ-ում անցկացվող «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային 2-րդ համաժողովում:  Պապյանի զեկույցի թեման էր «ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը.  հիմնախնդիրները և հեռանկարները»:

Պապյանն առաջարկում է քննարկման առարկա դարձնել 1918-23թթ. կնքված հինգ պայմանագրերը` այն է, Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի պայմանագրերը, «մանավանդ որ հայ-թուրքական արձանագրություններում հղում է կատարվում գոյություն ունեցող փաստաթղթերին, որը թուրքական կողմը մեկնաբանում է որպես Կարսի և Մոսկվայի պայմանագրեր»:

Վիեննայի 1968թ. «Պայմանագրային իրավունքի մասին»  կոնվենցիայի համաձայն պայմանագիրը գրավոր համաձայնությունն է պետությունների միջև  և կառավարվում է միջազգային իրավունքով: Ըստ Պապյանի` այս տեսանկյունից  վերլուծելով այդ հինգ պայմանագրերը, պարզ է դառնում, որ միայն Սևրի պայմանագիրն է  օրինական, քանի որ ստորագրվել է այդ ժամանակ ճանաչված պետությունների միջև` Օսմանյան կայսրության և հաղթող երկրների միջև:

«Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերն, իմ կարծիքով, օրինական չեն, քանի որ  դրանք ստորագրվել են  կնքելու պահին չճանաչված պետությունների միջև: Այսպես, Ալեքսանդրապոլի պայմանագիրը  կնքելու պահին հայկական կողմն արդեն պետություն չէր  ներկայացնում,  քեմալականները ևս դեռ պետություն չէին ներկայացնում: Մոսկվայի պայմանագրի դեպքում բոլշևիկները դեռևս ճանաչված չէին որպես օրինական իշխանություն, Կարսի պայմանագրի դեպքում Սովետական Հայաստանը երբևէ չի եղել միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ, իսկ քեմալականներն էլ պետություն  չէին ներկայացնում: Լոզանի պայմանագրի ժամանակ քեմալականները ճանաչված էին որպես կռվող կողմ, բայց ոչ պետության ներկայացուցիչ, Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է դրանից ամիսներ անց միայն»,- ասում է Պապյանը` հավելելով, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն այն պայմանագրերը, որոնք կնքման պահին  խախտել են մյուս կոնվենցիաները, այսինքն միջազգային հիմնարար դրույթները, կնքման պահից անվավեր են:

Պապյանն առաջարկում է, որ ՀՀ-ն դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան` պահանջելով հստակեցնել արդյոք Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն այժմ ուժի մեջ է: Իսկ Հաագայի  կոնվենցիայի համաձայն իրավարար վճիռներն անժամկետ են և անբեկանելի: ՄԱԿ-ի միջազգային դատարանի դրական վճռից հետո էլ ՀՀ-ն կարող է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` պահանջելով քննել անդամ մասնակցի հարցը, որի գործողությունների պատճառով տարածաշրջանում ստեղծվել է խաղաղության համար վտանգավոր իրավիճակ: Այսինքն Թուրքիայի` գործող իրավարար վճիռը չկատարելու հետևանքով Հայաստանն այսօր շրջափակնան մեջ է: Հայաստանը կարող է պահանջել ԱԽ-ից, որ վերջինս  պարտադրի Թուրքիային կատարել վճիռը:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է հողերի վերադարձ, Պապյանը նշում է, որ դա արդեն ՀՀ և Թուրքիայի Հանրապետության քննարկման հարցն է, կարող են տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Պապյանն ասում է, որ մինչև 1991-ը ՄԱԿ-ի դատարանին չենք դիմել, քանի որ անկախ պետություն չունեինք, իսկ հետագայում չդիմելու պատճառները տարբեր են:

«91-ից հետո առաջին նախագահի իշխանության օրոք  ասվում էր`  ինչ եղել է, անցյալում է, մենք երջանիկ կապրենք մեր 29 հազար քկմ-ի վրա: Պատմական փորձը ցույց տվեց, որ չենք կարող ոչ երջանիկ, ոչ էլ ապահով ապրել այդ տարածքում,- ասում է Պապյանը:- Երկրորդ և երրրոդ նախագահների օրոք ամեն ինչ կենտրոնացած է Ղարաբաղի հարցի վրա: Իմ կարծիքով շատ նեղացված է հարցը, քանի որ  Ղարաբաղի հարցը Հայաստանի իրավունքների և անվտանգության մի մասն է ընդամենը, այսինքն Հայաստանը չի կարող լինել ապահով և բարեկեցիկ, եթե չի լուծում բոլոր հարցերը: Ղարաբաղով հանդերձ Հայաստանը մնում է շրջափակելի և խիստ խոցելի: Չպիտի մոռանանք, որ հողային հարցը Հայաստանի և տնտեսական զարգացման, և ռազմական անվտանգության հարց է»:

Պապյանի կարծիքով` ճիշտ աշխատանքի դեպքում հարցի դրական լուծումն իրատեսական է, պարզապես պետք է դատարան դիմելուց առաջ նախ հարցն համապարփակ ուսումնասիրել, ապա նաև համապատասխան մթնոլորտ ստեղծել քաղաքական և քարոզչական աշխատանքների միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը

Սերժ Սարգսյան,«Արմպրոդէքսպո»,«Երևան Էքսպո»

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:

Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:

Խուզարկությամբ բնակարանում զենք-զինամթերք են հայտնաբերել

զենքեր են հանձնվելՀոկտեմբերի 17-ին ոստիկանության ծառայողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Վահան Դ.-ի՝ Սունդուկյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ATMACA 2008 LIGHT» գրառմամբ գազային ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 12 փամփուշտ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Ոստիկանները հայտնաբերել են բարձրախոսը վնասողին

Հբարձրախոսոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, որ համացանցում տեղադրվել է «Սամվել Ալեքսանյանի մարդկանց դիվերսիոն գործունեությունը» վերտառությամբ հոդված՝ տեսանյութով, որտեղ երևում է, որ դեղին գլխարկով անհայտ անձը վնասել է «Նախախորհրդարանի» բարձրախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ բարձրախոսի սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Երևանում երկու վրաերթ է գրանցվել

Վրաերթ (1)Հոկտեմբերի 17-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ:
                                                    
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հայաստանի նշանառուները` Ուկրաինայի բաց առաջնությունում

հրաձգ3996krakocՀայաստանի հրաձգության հավաքականը  Լվովում մասնակցում է Ուկրաինայի բաց առաջնությանը:

Օդամղիչ հրացանով կրակահերթերում Հրաչ Բաբայանը 595 միավորով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Սուրեն Բերյանը՝ 590 միավորով 5-րդն է ճանաչվել:

Վազող թիրախ վարժության աղջիների պայքարին մասնակցել է 10 մարզուհի: Լիլիթ Մկրտչյանը 350 միավորով զբաղեցրել է 1-ին տեղը: Նույն վարժությունում 23 տղաների պայքարում Արթուր Պետրոսյանը 545 միավորով 8-րդն է:

Օդամղիչ ատրճանակ կրակահերթերին մասնակցել է 60 մարզիկ: Զավեն Իգիթյանը 564 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և դրամանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3 և ավազակային հարձակման՝ 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: