Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, թիվ 27 երթուղու ավտոբուսի վարորդը Աթենքի փողոցում` «Դալմա» հանրախանութի դիմաց, կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 23-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Daily Archives: October 2, 2013
Արեւմտյան Եւրոպայի ճանապարհի ընտրությունը
Քաղաքական այն տեսաբանությունը, որ Հայաստանի եւրաինտեգրման ճանապարհը ուզում է բացառապես տեսնել ուղղակի արեւմտաեւրոպական քաղաքներ տանող, թվում է որ գործնականության բաղադրիչներ է պարունակում։
Այս տեսությունը հիմնաւորվում է, երբ նկատի ենք առնում Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների միջնախագահական հանդիպման վերաբերյալ լրատվությունների, հատկապես ՀՀ-ԵՄ համագործակցության հատկացված բաժինը։
«Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:
Փորձենք մանրադիտակի տակ առնել այս բաժինը։ Նախ, իհարկե, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին պիտի վերաբերեր երկու նախագահների խորհրդակացության առաջին բաժինը։ Կարգն էլ այդպէս էր պահանջում, որովհետեւ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ներառված միջպետական հարաբերությունների սերտացումը առաջադրող այս հանդիպումը, ի վերջո, երկու երկրների նախագահների հանդիպման առանցքային բաժինը պիտի կազմեր։ Բայց նույնքան ակնկալելի էր, որ քննարկումը կենտրոնանար հրատապ խնդրի՝ Հայաստանի եւրաինտեգրման այսօրվա իրավիճակի վրա։ Այստեղ պաշտոնական լրահոսը ուղղակի չի անդրադառնում ՀՀ-ի ՄՄ-ի մաս կազմելու որոշման իբրեւ հետեւանք ստեղծված կացությանը։ Հասկանալի է, որ այդ մասին նշում չկա։ Բայց այս բաժնի ներկայացման համար օգտագործված պաշարը ընդգծում է ստեղծված կացության լռելյայնությունը։
Պետք է առաւելագոյն ջանքեր գործադրել պահպանելու համար համագործակցության տեմպն ու որակը։ Պահպանելը այստեղ ինքնին հուշում է, որ ինչ որ վտանգի դիմաց կայացած տեմպն ու որակը պահպանելու խնդիր ունեն կողմերը։ Կողմերը, որովհետեւ խոսվում է համագործակցության մասին եւ այդ համագործակցության տեմպն ու որակը պահպանելու խնդիր կա այսօր երկկողմանիորեն։
Շարունակել Հայաստանի բարեփոխումների գործընթացը։ Այս հաստատումը ինքնին նշանակում է, որ Եւրաինտեգրման իր ուղղվածության մեջ Հայաստանը պիտի շարունակի այն բարեփոխումների քաղաքականությունը, որ որդեգրել էր եւրոպական չափանիշերին ընդառաջ։ Որի համար էլ Հայաստանի նախագահը վերահաստատել է Երեւանի ստանձնած հանձնառությունը։
Իսկ այժմ այս բաժնի եզրակացությունը, որ նախագահ Օլանդի հանձնառության մասին է։ «Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»: Սա շատ ընդհանուր կարգախոս է։ Այստեղ այսուհետ բառը պահպանելու նման մատնում է ինչ որ խնդրի գոյությունը։ Այսուհետը նշանակում է, թե մինչ այդ ինչ որ հարց գոյություն է ունեցել. պարզ է, որ ակնարկությունը Հայաստանի որոշումն է միանալու ՄՄ-ին։
Այս հանդիպման ընթացքում գուցե ՄՄ-ի անդամակցության եւ ԵՄ-ի ասոցացման (ան)համատեղելիության հարցը առանքային օրակարգ է եղել։ Այսուհանդերձ քաղաքական երկու եզրերն էլ չեն հիշատակվում պաշտոնական լրահոսում։
Ֆրանսիան Արեւմտյան Եւրոպայի առաջատար երկրներից է։ Զգացվում է տոնայնության եւ շեշտադրումների տարբերությունը Արեւմտյան Եւրոպայի առաջատարի եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի պաշտոնատարների միջեւ։ Կոնկրետ այս հարցում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
“Արթնացրել” են անպտուղ կնոջ ձվարանները
Ճապոնիայում 2012-ի դեկտեմբերին անհուսալի ամուլ կինը տղա է լույս աշխարհ բերել: Դա ամենևին էլ հրաշք չէ, այլ գիտնականների ջանքերի արդյունք, գենետիկայի ու բժշկության նոր ձեռքբերում: Մասնագետներն անպտղությունը վերացնելու նոր մեթոդ են ներկայացրել, որը փաստացի, արթնացնում է քնած ձվարանները: Նոր տեխնոլոգիայի հեղինակների գործընկերները երկյուղ են հայտնել այն առումով, որ կամավորների վրա փորձերը շատ վաղ են սկսել:
Կանայք լույս աշխարհ են գալիս միլիոնավոր չհասունացած ձվաբջիջներով` ձվարանների ֆոլիկուլներով, որոնք պատված են էպիթելային բջիջներով: Ու այդ մի քանի մլն-ից միայն 400-ն են ֆալլոսյան փողեր մտնում, ապա դրանցից մի քանիսը սպերմատոզոիդներով բեղմնավորվում: Սակայն մեծ մասը մնում է կնոջ օրգանիզմում, եթե անգամ դաշտանադադար է սկսվում:
Գիտնականները գտել են այդ ձվաբջիջներն արթնացնելու ու դրանք բեղմնավորման համար պիտանի դարձնելու միջոցը: Նրանց առաջին փորձը հաջողությամբ է պսակվել:
Ուսումնասիրության արդյունքները տպագրվել են PNAS-ում:
«ԲՄՎ»-ն բախվել է գովազդային վահանակի հենասյանը
«Աուդի»-ի սրահում գտնվող 5 անձինք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Բրիտանացիները` այլասերված սեքսի դասընթացների դեմ
Բրիտանական Թամփինգթոն քաղաքի բնակիչները սարսափահար են եղել, երբ տեղի հասարակական կենտրոնում սեքս խաղալիքների կիրառման, էրոտիկ հիպնոսի դասընթացներ են բացվել: Դրանից առաջ 108-ամյա շինությունն օգտագործվել է բացառապես բոյսքաութների ու բինգոյի սիրահարների հավաքների անցկացման համար:
Տվյալ էրոտիկ դասընթացի տոմսն արժե ընդամենը 16 դոլար: Կազմակերպիչները խոստացել են իրենց հաճախորդներին սովորեցնել “անկողնում ոչ ավանդական շփման” ,տեր ու ծառա խաղերը, ինչպես նաև` կիրառել սադոմազոխիստական հարմարանքներ: Տեղի իշխանությունները ցնցվել են, իմանալով, թե ովքեր են վարձակալել շենքը:
180 հազար BMW արգելակների խնդիր ունի
2012-2014-ին արտադրված BMW ավտոմեքենաների արգելակային համակարգում խնդիրներ են հայտնաբերվել: Մասնավորապես, դա կարող է արգելակի ուժեղացուցչի հզորության կորուստ լինել, ինչը վարորդին կստիպի ավելի ուժգին սեղմել արգելակը:
Ընկերությունը մտադիր է հետ կանչել ավտոմեքենաները: Դրանք 3-րդ և 5-րդ սերիայի սեդաններ են, Х1 արտաճանապարհային ու Z4 սպորտային մոդելներ:
Մեքենաների տերերին ընկերությունն էլեկտրոնային փոստով կտեղեկացնի անհրաժեշտ նորոգման մասին:
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում. 2 տուր
Մարզասերներին տեղյակ ենք պահել, թե ինչպես են ավարտվել ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի երկրորդ տուրի F խմբի հանդիպումները:
Այժ տեղեկացնենք մյուս խմբերի խաղերի արդյունքներին.
E խումբ
«Բազել» – «Շալկե 04», (0:1)
Գոլերը՝ – Դեքսլեր (55)
Զգուշացումներ՝ Դելգադո (89) – Աոգո (37), Ֆաոֆան (39), Հոգեր (65)
«Ստյաուա» – «Չելսի», (0:4 )
Գոլերը՝ – Ռամիրես (20, 55), Գեորգևսկի (ինքնագոլ 44), Լեմպարդ (89)
Զգուշացումներ՝ Լեմպարդ (33), Կոուլ (50)
G խումբ
«Զենիթ»-«Աուստրիա», (0:0)
Զգուշացումներ՝ Սմոլնիկով (4), Համբոքան (72) – Ռոյեր (23), Լեովաչ (70), Ռամսեբներ (73), Մուրգ (88)
Հեռացում՝ Վիտսել (44)
«Պորտո»-«Ատլետիկո», (1:2 )
Գոլերը՝ Մարտինես (16) – Գոդին (58), Թուրան (86)
Զգուշացումներ՝ Մանգալա (85)- Խեսու (29), Տիագո (55), Խուանֆրան (62)
H խումբ
«Այաքս»-«Միլան», (1:1)
Գոլերը`Դենսվիլ (90) – Բալոտելի (94)
Զգուշացումներ՝ – Կոնստանտ (42) Բալետելի, (60)
«Սելթիկ»-«Բարսելոնա», ( 0:1)
Գոլերը՝ – Ֆաբրեգաս (76)
Զգուշացումներ՝ Լուսթինգ (44), Սամարաս (77), Իզագուիրի (86) – Ֆաբրեգաս (55), Սանչես (90) Հեռացում՝ Բրոուն (59)
Ֆինանսավորման դադարեցման պատճառով Միշել Օբաման խոստացել է քիչ օգտագործել Twitter-ը
ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է սոցցանցերում իր ակտիվությունը նվազեցնելու մասին:
Երեկ հայտնի դարձավ, որ ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել է պետհիմնարկների գործունեությունը:
“Կոնգրեսի` կառավարությունը ֆինանսավորելու օրենք ընդունելու անկարողությունից, նոր գրառումներն այս ակաունթում կսահմանափակվեն”,-տեղեկացրել է Միշել Օբաման իր բաժանորդներին, որոնց թիվը գերազանցել է 500 հազարը:
Անգլիայում ստուգումներից հետո մահմեդական դպրոց է փակվել
Անգլիական Դերբի քաղաքի դպրոցը չափազանց խիստ կրոնական կարգի համար փակվել է:
Տեսուչները նախկին աշխատակիցների հայտարարություններով, դպրոցում կիրառվող խտրականության մասնավոր դեպքերի ստուգումներ են անցկացրել ու պարզել, որ բոլոր կին-դասատուներին, անկախ կրոնական պատկանելությունից, ստիպել են հիջաբ կրել: Իսկ աշակերտուհիներին պարտադիր ստիպել են վերջին շարքերում նստել, աշակերտների թիկունքում: Հանձնաժողովի որոշմամբ, դպրոցը փակվել է, սակայն ուսումնական հաստատության ղեկավարությունը հույս ունի, որ շուտով աշխատանքը կվերսկսի:
Պրոֆեսիոնալ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հեռանում է մեծ սպորտից
Արգենտինահայ թենիսիստ, աշխարհի նախկին 3-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը վճռել է հեռանալ մեծ սպորտից: Պրոֆեսիոնալ 31-ամյա թենիսիստը վնասվածքի պատճառով երկար ժամանակ է չի մասնակցում խաղերի: Նա պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակում ներկայումս 231-րդն է:
Նալբանդյանը անցկացրել է 575 հանդիպում, որից 383-ը ավարտել է հաղթանակով: Նու ուժեղագույն է ճանաչվել 11 խոշոր միջազգային մրցաշարում:
“Greenpeace”-ի ակտիվիստները դադարեցրել են ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղը
“Կանաչների” ակցիան 5 րոպեով դադարեցրել է “Բազելի” ու “Շալկե-04”-ի հանդիպումը: Խաղի 4-րդ րոպեում կազմակերպության ներկայացուցիչները հատուկ ճոպաններով իջել են “Սենտ-Յակոբ Պարկ” ստադիոնի տանիքից, որտեղ հատուկ պաստառ են տարածել “Մի վնասեք Արկտիկան “ կոչով: Ավելի ուշ խաղը շարունակվել է:
“Greenpeace”-ի ակցիան ռուսական “Գազպրոմին” է ուղղված եղել, որը գերմանական “Շալկե”-ի տիտղոսակիր հովանավորն է հանդիսանում:
Ավելի վաղ այս շարժման ակտիվիստները փորձել էին բարձրանալ Պեչորյան ծովում գտնվող “Գազպրոմնեֆտ” ընկերության “Պրիռազլոմնայա” նավթահարթակ` Արկտիկայում իրականացվող նավթարդյունահանման դեմ ակցիայի նպատակով:
Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց խոշոր հաշվով
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դրոտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ:
Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց խաղավարտից մի փոքր առաջ` 85-րդ րեպեին:
F խմբի մյուս խաղում անգլիական «Արսենալը» 2:0 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»:
Առաջատարը «Արսենալն» է` 6 միավոր: «Բորուսիան» ու «Նապոլին» ունեն 3-ական միավոր: «Մարսելը» միավոր չի վաստակել:
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) – «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3:0
Ռոբերտ Լևանդովսկի, 19, 80 (11մ), Մարկո Ռոյս, 52
«Արսենալ» (Անգլիա) – «Նապոլի» (Իտալիա)՝ 2:0
Մեսուտ Օզիլ, 8, Օլիվյե Ժիրու, 15
Չիլիում հակամանրէ հատկությամբ գնացք է գործարկվել
Երեկ չիլիական Վալպարասիո քաղաքի մետրոյում անսովոր գնացք է հայտնվել: Վագոնի ներսի մակերեսները հակամանրէ համաձուլվածքից են, ինչն օգնում է խուսափել զանազան հիվանդությունների տարածումից:
Բռնակները պատված են պղնձի հիմքով բաղադրությունուվ: Հետազոտությունները ցույց տվեցին, որ պղինձը կարող է ոչնչացնել մանրէ ների, սնկերի ու վարակների 99,9%-ը:
Իշխանությունները վստահ են, որ պղնձի կիրառումը կօգնի այդ մետաղի պահանջարկն ավելացնել մինչև 500 հազար տ տարեկան:
Չիլին պղնձի արտադրությամբ համաշխարհային առաջատար է համարվում:
Դիտարկումներ հայ, ադրբեջանական և թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ
Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ.
— Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է: Մինչև այժմ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման որպես թեկնածու խոսում էր դրա մասին. «եթե ես ստանձնեմ նախագահի պաշտոնը` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ դառնալուց հետո նա ամբողջովին անտեսեց դա: Այնպես որ, առկա է դինամիկ քաղաքական խաղ, որը մի քիչ կեղծավոր է», հավաստիացրեց Կիրակոսը:
— Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած ընտրություններում գերմանական Բունդեստագում` երկրի խորհրդարանի ստորին պալատում ընտրվել են թուրքական ծագում ունեցող տասնմեկ օրենսդիրներ՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ օրենսդիր մարմնում ունեցած իրենց թվաքանակը: Հայերը չպետք է կուրորեն քննադատեն այս տասնմեկ պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք` լինեն թուրք կամ քուրդ, հնարավոր է համակիր լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
— Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային տուգանել է ավելի քան 200 հազար դոլարով` մի թուրք ընտանիքի տունն առանց փոխհատուցման օտարելու համար: Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է ընտանիքի սեփականության իրավունքը: Այս ընտանիքը սպառել էր թուրքական դատարաններում իր բոլոր բողոքարկումները՝ մինչ ՄԻԵԴ դիմելը: Մի ընթերցող հետևյալ հեգնական դիտողությունն է տեղադրել Turkish Daily News-ի կայքէջում. «Թվում է, թե քրիստոնյա Եվրոպայի դատարանն ավելի հարգանքով է վերաբերվում մահմեդական թուրք ժողովրդին, քան մահմեդական դատարանները Թուրքիայում»:
— Եվրամիության հետ կապերի գծով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «Թուրքիան, հավանաբար, երբեք չի դառնա Եվրոպական Միության անդամ` այդ դաշինքի ներկայիս անդամների կոշտ դիմադրության և կանխակալ վերաբերմունքի պատճառով»: Ինչպես միշտ, Բաղիշը սխալվում է: Թուրքիային չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ, ոչ թե արևմտյան նախապաշարումների, այլ` իր երկրի օրենքները եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելուց հրաժարվելու համար:
— Սիրիայում «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների կողմից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում հայեր, առևանգվել, սպանվել կամ խեղվել են, սակայն մինչև օրս եվրոպական կամ ամերիկյան որևէ պաշտոնյայի կողմից դատապարտման ոչ մի խոսք չի հնչել: Դեռ ավելին, արևմտյան ղեկավարները մահաբեր զենք են մատակարարում ծայրահեղականներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի շատ անմեղ մարդկանց կյանք խլել: Վաղուց ժամանակն է, որ արևմտյան աշխարհի հանրությունն իր զայրույթն արտահայտի զանգվածային բողոքի ցույցերով և սուր հանդիմանություններով: Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է արգելի զենքի մատակարարումը Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա զինյալներին: Անցյալ շաբաթ Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիները պղծվել և կողոպտվել էին: Ջիհադականներն անամոթաբար մագլցել էին հայկական եկեղեցու գմբեթի վրա և խաչի փոխարեն տեղադրել իրենց սև դրոշը:
— Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևն անընդհատ և ակամա աջակցում է Հայ դատին` ատելի հայտարարություններ անելով, որը բացասական տպավորություն է ստեղծում միջազգային հանրության մոտ նրա երկրի մասին: Ալիևի վիրավորական հայտարարությունը, թե «Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են» և «կգա ժամանակը ու մենք այնտեղ կապրենք», մտային խանգարում ունեցող մարդու զառանցանք է: Սպասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ալիևը երրորդ անգամ նախագահ կընտրվի, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել նրա «օգտակար» հայտարարություններից ևս մի քանի տարի:
— Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճը սրվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան միմյանց հակասող հայտարարություններով: Ստորեւ ներկայացված են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատվածներ, որոնցում նա մեղադրում է Ադրբեջանի հետևյալ գործողությունները.
ա/ «ռազմատենչ և հակահայ ատելություն սերմանող հռետորաբանության օրեցօր ավելացում»,
բ/ «լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակում»,
գ/ «տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների օգտագործում»,
դ/ «կացնահարող մարդասպան Սաֆարովի փառաբանում Ադրբեջանի ղեկավարության կողմից»:
Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին… Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ


