Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։

560. Minister Nalbandian met with EU High Representative 08.10.2013Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:

«Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ։ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ անցյալ դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Եվրոպական միության միջև Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում:

Քեթրին Էշթոնը նշեց, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձան Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցությանը։

ԱՄՆ-ն Բաքվին ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու կոչ է արել

2ԱՄՆ-ն Ադրբեջանին ազատ ընտրություններ անցկացնելու կոչ է արել: “Մենք շարունակում ենք կոչ անել ապահովել ազատ, արդար և թափանցիկ գործընթաց: ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանում ընտրական գործընթացին բոլոր ընտրողների խաղաղ մասնակցությունը, ինչպես նաև կոչ է անում թույլ չտալ ընտրությունների օրը և հաջորդող շրջանում բռնություններ և սպառնալիք”,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Մարի Հարֆը:

ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին ապահովել այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են ազատ արտահայտման և հավաքների իրավունքը: “Մենք մտահոգված ենք հոկտեմբերի 4-ին լրագրողների խմբի վրա հարձակմամբ: Ընտրություններից հետո ԱՄՆ-ն մինչև շաբաթվա վերջ կտա ընտրական գործընթացին իր գնահատականը”,- նշել է Հարֆը:

Հարություն Խաչատրյանը` «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

Հարություն-Խաչատրյան2013թ-ի հոկտեմբերի 10-ից 18-ը Մոսկվայում տեղի կունենա  «Երեք հարյուր վաթսուն աստիճան»  արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնն անց է կացվում Մոսկվայի կառավարության հովանու ներքո:

«Երեք հարյուր վաթսուն աստիճան»  արդի գիտական ֆիլմերի փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով  ներկայացվող իրական պատմություններ  են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ:

Հազարավոր կինոփառատոներով հարուստ ժամանակակից կինոաշխարհում` իր ուրույն ուղղվածությամբ առանձնացող այս  փառատոնն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսի լայն շրջանակներում:

Սիրով տեղեկացնում ենք, որ «Երեք հարյուր վաթսուն աստիճան»  արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրին կնախագահի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան»  և «Երեք հարյուր վաթսուն աստիճան»  միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրարգրերով ներկայանալու համար:

Ահազանգով մեկնած ոստիկանները Երևանի տարբեր հատվածներից զենք-զինամթերք են հայտնաբերել

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 7-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող թիվ 12 դպրոցի էլեկտրակայանի մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 137 փամփուշտ և 5 ազդանշանային փամփուշտ-հրթիռ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի դիմացի այգում զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 9 մմ տրամաչափի «GLOCK» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Շախմատի տան» հարակից այգու նստարաններից մեկի տակ:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ազդանշանային ատրճանակ, ազդանշանային փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 400 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:

Ոստիկանները կանխեցին փախուստը

ձերբակալելՀոկտեմբերի 8-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող Երևանի գեղարվեստի ժամացույցների գործարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս և ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել է:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ շորթման 1 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մարդիկ ժպտալու ժամանակ չունեն, բայց այդ հրաշալի օրը կգա

imagesԱբել Աբելյանը ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1996-2001 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի, այնուհետև Թատերարվեստի ռուսական ակադեմիայի դերասանական բաժնում: 2001-ից աշխատել է Մոսկվայի TV6 հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, 2003 թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Հայտնի պատմություններ» հաղորդաշարը, 2005 թ. ,Հ2 հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը, 2006 թ. եղել է «Ար» հեռուստաընկերության «Փոքր քաղաքի մեծ մարդիկ», «Ծանոթանանք, Երևան» հաղորդաշարերի վարողն ու ռեժիսորը: Նկարահանվել է «Չգրված օրենք», «Սրիկաները», «Խավարման օրը», «Մոնարխ», «Դիպուկահար» ֆիլմերում, նաև «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» հեռուստասերիալներում: 2007 թ. հիմնադրել է «Քասթինգի դպրոցը»` հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը, իսկ 2011-ից «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»:

–        Ինչո՞ւ Աբել Աբելյան:

–        Պապիկիս անունը եղել է Աբել Չալաբյան: Բայց, քանի որ նա երիտասարդ ժամանակ երգիչ է եղել, որոշել է իր համար բեմական ազգանուն ընտրել՝ Աբելյան: Եվ այդպես այն փոխանցվել է ինձ:

–        Իսկ ինչո՞ւ հենց դերասան և ռեժիսոր:

– Մայրս ռեժիսոր էր, հայրս՝ դերասան, իսկ ես բեմում էի մեծացել. խաղում էի բոլոր ներկայացումներն ու լավ գիտեի բնագավառի մթնոլորտը: Մայրս ինձ բանակից ազատելու համար ընդունեց թատերական ինստիտուտ, սակայն ես ավելի շատ ցանկանում էի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվել, ինչը, ցավոք, չստացվեց միավորները չբավականացնելու պատճառով: Թատերական հեշտությամբ ընդունվեցի, քանի որ մայրս այնտեղ էր դասավանդում և շատերն ինձ դեռ փոքրուց գիտեին: Առաջին երկու տարին չէի հասկանում՝ ինչ եմ ուզում, չէի սովորում և ավելի շատ կռիվների մեջ էի: Բայց  մեկ տարի անց մայրս իմ առջև հարց դրեց` կա՛մ սովորիր, կա՛մ գնա բանակ: Ես էլ սկսեցի լավ սովորել:

–        Չփնովելով հեռուստասերիալները՝ այնուամենայնիվ ի՞նչ եք մտածում, իրականում ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք:

images (3)–           Սերիալը կա՛մ պետք է լինի ցերեկային ժամերին, տնային տնտեսուհիների համար, կամ լինի մոտ 20-30 սերիա, այնուհետև աստիճանաբար նվազի՝ հասնելով մինչև 4-5 սերիայի, հետո՝ 3-2, ոչ թե շատանա: Փորձը ցույց է տալիս, որ սպառվում է թե՛ հեռուստադիտողը, թե՛ սցենարիստը, չէ՞ որ ամեն օր չես կարող ստեղծագործել, այն էլ` որակով: Դա ծննդաբերության պես մի բան է:

–        Կարծիք կա, որ սերիալներ նկարելու համար ավելի շատ գումար է ներդրվում, քան միջազգային մակարդակի ֆիլմերի:

–           Եթե համեմատենք համաշխարհային կամ նույնիսկ Վրաստանի կինոյի հետ, որտեղ թանկության պատճառով սերիալներ քիչ են նկարվում, մեզ մոտ կինոարտադրության այդ ճյուղի վրա կոպեկներ են ծախսվում: Այսօր կրճատվել է նաև դերասանների աշխատավարձը: Գործարարները կարող են նպաստել այդ ոլորտի զարգացմանը:

–        Բայց նրանք ունե՞ն այդ ցանկությունը:

– Ավելի շատ ստեղծագործողների շրջանում է նկատվում: Այսօր մեր հայրենակիցներից շատերը կարողանում են նույնիսկ փոքր բյուջեով ֆիլմեր նկարել: Կարևորն այն է, որ մարդիկ չեն հիասթափվել, և կարծում եմ՝ կգա մի օր, երբ պետական աջակցությունն ավելի շատ կլինի:

–        Երեք բառով նկարագրեք Ձեր անձը:

–           Ոչ վատ մարդ:

–        Ոչ վատ մարդ, որը հիմնել է սեփական կրթական ստուդիան: Ի՞նչ առանձնահատկություն ունի այն մյուս դպրոցների համեմատ:

– Առաջինը «Քասթինգի դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնն է եղել, հետո բացվեց առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, և լուրեր տարածվեցին, թե ո՞վ է ասել, որ դա առաջին ստուդիան է: Բացատրեմ. առաջին, որովհետև երբ մեր ստուդիան հիմնվում էր (2008 թ. հաղորդավարական, 2011 թ.՝ դերասանական), այդ ժամանակ նման բան չկար և՛ ՀՀ-ում,  և՛ Անդրկովկասում (8-9 առարկա՝ սուսերամարտ, կասկադիորական արվեստ, վոկալ, դերասանական վարպետություն, բեմական խոսք և այլն, գումարած` լուրջ տեխնիկա): Եվ պրոֆեսիոնալ, որովհետև այս հաստատությունում դասավանդում են միայն արհեստավարժ և հայտնի մասնագետներ: Շուտով նոր նախագիծ ենք սկսում, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել: Մեկ տարվա ընթացքում, բացի տեսականից, լինելու է հեռուստառեժիսուրայի, օպերատորական արվեստի և մոնտաժի միասնական գործնական դասընթաց:

–        Այսինքն՝ կադրեր են պատրաստվելու: Բայց արդյոք աշխատատեղերի դռները բա՞ց են այդ երիտասարդների համար:

–           Սա հենց բարդ հիմնահարցերից է: Խորհրդային ժամանակներում պետական հաստատությունները պարտավորված էին շրջանավարտներին աշխատանքի տեղավորել: Ընդունում էին այնքան թվով ուսանողներ, որքան անհրաժեշտ էր աշխատաշուկային, որովհետև նաև մարզեր էին ուղարկում: Իսկ այսօր պատկերն այլ է: Մենք մեր սաներին չենք խոստանում, որ աշխատանքի ենք տեղավորելու: Այդուհանդերձ, փառք աստծո, մեր սաների 20-22 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:

–        XXI դարն արագության և կատաղի մրցակցության դար է: Ինչպե՞ս կարող է շրջանավարտը ոլորտ մտնել:

–           Ոլորտում ներգրավվելու համար անհրաժեշտ է շատ ու շատ համառություն: Հիշում եմ, թե ինչպես էի փորձում մտնել հեռուստատեսություն: Լուրջ նախագծեր էի ներկայացնում, բայց դռները փակում էին, ժամադրում էին, բայց խույս էին տալիս:  Իսկ այսօր նույն մարդիկ իրենք են ինձ խնդրում համագործակցել իրենց հետ, սակայն մերժում եմ:

–        Որքա՞ն ժամանակ պահանջվեց հեռուստաոլորտում կայանալու համար:

– Մոտավորապես 10 տարի: Եվ հաջողվեց միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ էի այդ ոլորտի համար: Կարծում եմ՝ եթե հեշտ և արագ ստացվեր, արդյունք չէի տեսնի: Մինչդեռ այդ նահանջի, վայրէջքների ընթացքում վերանայում էի սխալներս:

–        Միայն համառությունը բավարա՞ր է:

–           Համառության հետ պետք է նաև սովորես և գնաս առաջ: Եվ չպետք է սպասես, որ քեզ փնտրեն: Բայց արի ու տես` կան մարդիկ, որոնք առանց պայքարելու շատ արագ հասնում են հաջողության:

–        Նկարահանվել եք բազմաթիվ ֆիլմերում, հեռուստասերիալներում, բայց քանի՞ ֆիլմ եք նկարել:

–           Նկարել եմ Հայաստանի մասին մեկ վավերագրական ֆիլմ, որը գլուխգործոց չէր, բայց շնորհիվ դասական մոտեցման՝ Վրաստանում արժանացավ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակի:

–        Նոր ծրագրե՞ր…

– Նոր ֆիլմ ենք նկարելու, որի սցենարը դեռ ընթացքի մեջ է: Տեսնենք՝ ինչ կստացվի:

–           Համաձա՞յն եք, որ մեզ մոտ լավ սցենարիստների պակաս կա:

–           Այո, լավ մասնագետները քիչ են: Գուցե նրանից է, որ ժամանակին լուրջ սցենարիստական դպրոց չենք ունեցել:

–       Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց…

–         Բացի մարդկային ջերմությունից: Շփումն է պակասում: Սոցկայքերը լուրջ ձեռքբերումներ են, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ սառել են, նրանց մեջ անտարբերություն կա, ինչը մեր մտածելակերպին այնքան էլ հատուկ չէ:

–           Ինչպիսի՞ն ես տեսնում Հայաստանը 10 տարի հետո:

–           Պայծառ, եթե իհարկե օգտագործենք մեր հզոր ներուժը, չնեղանանք և չլքենք երկիրը: Ես էլ եմ երբեմն ցանկացել հեռանալ հայրենիքից, բայց համբերել եմ: Շատ կուզենայի, որ մոտ ապագայում մեր երկիրը բարգավաճի և մարդկանց դեմքին առողջ ժպիտ հայտնվի: Այսօր խնդիրներն այնքան շատ են և խորը, որ ժամանակ չի էլ մնում ժպտալու: Մի դեպք հիշեցի: Մի անգամ մի մուրացիկի մեծ գումար տվեցի, բայց նա, ի զարմանս ինձ, չուրախացավ: Նրա խնդիրներն այնքան շատ էին, որ այդ գումարը դրանք չէր կարող լուծել: Մենք, քաղաքացիներս, պետք է չհիասթափվենք, նաև թույլ չտանք, որ ուրիշներին էլ հիասթափեցնեն: Հավատում եմ, որ շուտով մի լույս կբացվի, կլուծվեն մեր երկրի առջև դրված խնդիրներն ու մարդիկ նորից կժպտան:

Զրույցը վարեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ

Քաղաքաշինության ոլորտը` որպես Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության հիմնական ուղղություն

002Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երևանի ժառանգության և պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերալ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների հետ:

Շնորհանդեսին ներկա են եղել ԵՃՇՊՀ դեկան  Սարգիս Թովմասյանը, համալսարանի դասախոսներ, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Լորի Հեքիմյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, նաև` ճարտարապետներ և ուսանողներ։ Շնորհանդեսին հաջորդել է ներկայացված թեմայի վերաբերյալ քննարկում:

Ադըլին Մաղքին ընդգծել է, որ Երևանն ունի յուրօրինակ և հարուստ պատմական ժառանգություն, որn առավել շատ պետք է ներկայացվի օտարերկրյա հանրությանը: Երևանում կատարված ուսումնասիրություններին ցուցաբերած աջակցության համար նա հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

4146Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը միջպետական կապերը երկու բարեկամ պետությունների միջև զարգացնելու և ամրապնդելու գործում: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի պարբերական փոխայցելություններն ու ակտիվ շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները, և դրա լավագույն վկայությունն է Մեքսիկայում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն հիմնելու մտադրությունը:

ՀՀ Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերությունների և հեռանկարային մի շարք ոլորտներում հայ-մեքսիկական համագործակցության խորացման համար ընդգծել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և ընդլայնման կարևորությունը:

Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը ևս, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու:

Ալ Քայիդան սիրիացի որբ երեխաներից ահաբեկիչներ է պատրաստում

al kaidaԹուրքական «Զաման» թերթում տեղ գտած լուրի համաձայն՝ Սիրիայի հյուսիսում իր իշխանությունն ամրապնդող Ալ Քայիդա խմբավորմանը առընթեր գործող Իրաք-Դամասկոս իսլամական էմիրություն կազմակերպությունը շրջանում մշտական բնակություն հաստատելու նպատակով որոշ հետաքրքրական քայլեր է ձեռնարկում: Թուրքիայի սահմանից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ազեզ ավանը զավթած խմբավորումը Հալեպ և Ռաքա քաղաքներում հատուկ դպրոցներ է հիմնել: Դպրոցներում աշակերտները դաստիարակվում են Ալ Քայիդայի ծայրահեղական գաղափարներով, ինչպես նաև նրանց սովորեցնում են ինքնապայթեցման և մահափորձ իրականացնելու «արվեստը»:

Հայտնի է, որ ահաբեկիչներ պատրաստելու համար բացված տարրական և միջնակագ դպրոցներում հայտնվում են սիրիացի որբ և անտեր երեխաները: Ալ Քայիդան ներքաղաքական պատերազմից տուժած սիրիացի ընտանիքներին ֆինանսական «օգնություն» է տրամադրում՝ փոխարենը իր դպրոցներ անդամագրելով սիրիացի երեխաներին: Ալ Քայիդայի գործողություններն ու ազդեցության տարածումը անհանգստացնում է սիրիական իշխանություններին ու ընդդիմությանը:

 

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մեկնեց Լեհաստան

00oqxw0wxsrtloqt6nrtilsbkfmhԱյսօր Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը՝ գլծավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ միասին ուղևորվեց Լեհաստան, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:

Հիշենցնենք, որ մեր հավաքականն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի հավաքականի հետ:

Արամ Սարգսյան. ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին

aram
«Կարծում եմ` ՀՀԿ-ն, և ոչ թե Սերժ Սարգսյանը պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին, այլապես ամեն բան նմանվում է պրովինցիալիզմի: Խոսքը պետության հեղինակության մասին է: Ամեն մարդ կարող է ասել մի բան կամ որևէ մեկի վրա ցեխ շպրտել`իմանալով, որ չի պատժվի: Պետք չէր Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում կազինոներում խաղալու մասին հարց տալ: Ի՞նչ է, մեր ներքին խնդիրներն ուզում ենք ուրիշի տա՞նը լուծել: Ուզում ենք, որ դրսի քեռի՞ն գա ու մեր խնդիրները լուծի»,- նշեց նա` հավելելով, որ թեպետ իր ասածը կոնկրետ Փոստանջյանին չի վերաբերում, սակայն Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր որոշ գործողությունների դիմաց կոնկրետ ուժերի կողմից ֆինանսավորվում են:-«Հայաստանում կան հինգերորդ շարասյուներ, որոնք գումարներ են ստանում և դրսից պետք է արտահայտված լինեն իրենց գործունեության մեջ։ Դա չի վերաբերվում այդ անձին, ուղղակի ասում են այն, ինչ ունենք»։
Եթե Սերժ Սարգսյանը կազինոյում խաղար, համապատասխան գաղտնի ծառայություններն անպայման կիմանային այդ մասին և փաստը կօգտագործեին մեր երկրի դեմ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը:

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ մենք ճահճի մեջ ենք, որը կոչվում է խոր գավառականություն: «Ինչ վերաբերում է վերջին տարիներին իրականացվող արտաքին քաղաքականությանը, ապա կասեմ, որ նկատելի սայթաքումներ չեն եղել: Օրինակ՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն ադրբեջանցիներին բացատրեց, թե ինչ կլինի իրենց հետ պատերազմ սկսելու դեպքում»,- ասաց նա` շեշտելով, որ երկրի ղեկավարի ելույթից ինքը հավանել է հատկապես այդ հատվածը:

Ամփոփելով` Արամ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի` ԵՄ-ՄՄ անդամության թեմային` նշելով, որ ճիշտ քաղաքական գիծ իրականացնելու դեպքում լիովին հնարավոր է ընդգծել մեր երկրի դերակատարությունը երկու ծրագրերում էլ:

Ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար` Բերդում

գմեջլումյան2138961318490665Հոկտեմբերի 8-10-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար: Այն նվիրվելու է  է ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր Գնել Մեջլումյանի  հիշատակին:

Հուշամրցաշարը կազմակերպվելու է 8-րդ անգամ:

Կմասնակցեն 1997-1999 թվականին ծնված Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի, Վրաստանի, Իրանի ըմբիշները:

Աչքի ընկնողների համար սահմանված են նաև դրամական պարգևներ:

 

 

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է արել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել

UsaԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո փոխքարտուղար Մարի Հարֆը այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Ադրբեջանին կոչ անել ազատ, արդար և թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնել: «Միացյալ Նահանգները բոլոր մարդկանց կոչ են անում խաղաղ մասնակցություն ունենալ Ադրբեջանում կայանալիք ընտրակա գործընթացին, ցուցաբերել զսպվածություն և խոչընդոտել բռնության և պրովոկացիայի փորձերը ընտրություններից առաջ, դրանց ընթացքում և հետո»,-նշել է Մարի Հարֆը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել պաշտպանելու քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում ազատ արտահայտվելու, հավաքներ անցկացնելու իրավունքը:
Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ հոկտեմբերի 9-ին: Վերջին անգամ ադրբեջանցիները նախագահ էին ընտրել 2008 թվականին, քանի որ ըստ երկրում գործող օրենսգրքի՝ նախագահակական ընտրությունները անցկացվում են հինգ տարին մեկ:

.

Խաղաղ սկիզբ

լաAronianLevonԻսպանիայի Բիլբաո  քաղաքում պայքարը սկսեցին շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցակիցները կատարեցին 43 քայլ:

Խաղաղ ելք ունեցավ նաև անգլիացի Մայքլ Ադամսի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի մրցամարտը:

Արոնյանի հաջորդ մրցակիցը Մամեդյարովն է:

Մարգար Օհանյանն ազատության մեջ է

Մարգար ՕհանյանՃանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը քիչ առաջ համաներմամբ ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես փոխանցում է Օհանյանին ազատության մեջ դիմավորած Panorama.am-ի թղթակիցը, նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, շտապում է հարազատների մոտ, կարոտել է նրանց:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարվա մայիսին Մ. Օհանյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Մարգար Օհանյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:

Panorama.am

Թուրքիան ուզում է հանդիպել Մուհամադ Մուրսիի հետ

 

egiptos   Թուրքիան Եգիպտոսի կառավարությունից թույլտվություն է խնդրել, որպեսզի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հնարավորություն ունենա հանդիպելու նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի հետ: Այս մասին է հաղորդում թուրքական «Զամանը»: Տեղեկության համաձայն՝ Անկարան պատրաստ է հանդիպելու Եգիպտոսի ներկայիս իշխանությունների հետ միայն Մուրսիի հետ տեսակցության հնարավորության դեպքում: Այնուհանդերձ եգիպտական կողմը ողջունել է Դավութօղլուի հնարավոր այցը, սակայն մերժել է Մուրսիի հետ հանդիպելու Անկարայի խնդրանքը:

Նշենք, որ Թուրքիան Եգիպտեսի հետ խզեց դիվանագիտական բոլոր կապերը այն բանից հետո, երբ հուլիսի 3-ին Եգիպտոսում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում

Իրաքի դեմ դավադրություն է հասունանում. Նուրի ալ Մալիք

malikԻրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտանարել է, որ գոյություն ունեն այնպիսի ուժեր, որոնք շահագրգռված են Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը Իրաք տեղափոխելու մեջ: Վարչապետի խոսքերով՝ Իրաքի դեմ լուրջ դավադրություն է հասունանում: Մալիքը կարծում է, որ տարածաշրջանում ծագած խնդիրները կարելի է լուծել միայն բոլոր երկրների համատեղ ուժերով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն այս ամսվա սկզբին Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով 200 մարդ է զոհվել, 4900 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սա վկայում է այն մասին, որ վարչապետ Նուրի ալ Մալիքի մտավախություններն ամենևին էլ անտեղի չեն:

Սկարլետ Յոհանսոնը դարձել է 2013թ. ամենասեքսուալ կինը

Արդեն երկրորդ անգամ Esquire ամսագիրը “Վրիժառուների” աստղին ճանաչել է ամենասեքսուալ կինը: Առաջին անգամ այդ  տիտղոսին Սկարլետ Յոհանսոնն   արժանացել է  2006 թ.:  Յոթ տարի անց նա հաստատել է իր անվանումը և հայտնվել հայտնի հրատարակության կազմին:

skarlet

Esquire -ի նոյեմբերյան կազմը զարդարում է  28-ամյա  Սկարլետ Յոհանսոնը, որին հրատարակությունը ճանաչել է մոլորակի ամենասեքսուալ կինը: Դերասանուհին միակն է , որ այդ տիտղոսին արժանացել է երկու անգամ: Ինքը` Յոհանսոնը, այդ ամենն  այսպես է մեկնաբանել.”  Գիտեք, ես հիմա շտապում եմ: Ես 28-ամյա կին եմ կինոբիզնեսում,ճի՞շտ է: Շուտով ինձ կառաջարկեն մայրերի դերեր:Այդ ժամանակ ես կմտածեմ, միգուցե կանգ առնելու ժամանա՞կն է:  Ես պետք է   աշխատանքի միջոցով (թատրոնի, պրոդյուսերության և Esquire-ի համար նկարվելու) պաշտպանեմ  ինձ դրանից:

Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին նշանվել է իր սիրեցյալ, ֆրանսիական լրագրող Ռոմեյն Դորիկի հետ: Զույգը  ծանոթացել էր Փարիզի Le Salon գեղարվեստական ցուցահանդեսում  2012թ.: Դրանից հետո նրանք մի  քանի անգամ հանդիպել են և Եվրոպայում, և ԱՄՆ-ում:

Սկարլետ Յոհանսոնը հատուկ կինոնախագծում` «Ֆիլմ պրո / կինոարտադրություն» Espresso

Այժմ դերասանուհու  ապագա նախագծերում են հետևյալ ժապավենները` «Նա», «Շեֆ», «Առաջին վրիժառուն.երկրորդ պատերազմը»,«Վրիժառուները. Ալտրոնայի ժամանակաշրջանը»:

 

 

 

Հոկտեմբերի 14-ից Ագարակ գյուղի վարչական տարածքում գործարկվելու է նոր արագաչափ

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հոկտեմբերի 14-ից գործարկվելու է «Հ-20 Ագարակ-Բյուրական-Քարի լիճ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 31-րդ կմ (Ագարակ գյուղի վարչական տարածք) հատվածում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը (1 արագաչափ՝ երկու ուղղություններով): Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: